Եվ այդպես, այն հիշարժան օրը Պրագայի փողոցներն ականատես եղան իսկական հայրենասիրության մի սրտառուչ օրինակի։ Մի պառավ կին հրելով առաջ էր մղում մի ձեռնասայլակ, որի մեջ նստած էր պսպղուն կոկարդով համազգեստային գլխարկ դրած մի մարդ, որը թափահարում էր իր հենակները։ Նրա պիջակի կրծքին աչքի էր զարնում նորակոչիկի երփներանգ ծաղկեփնջիկը։ Այդ մարդը, շարունակելով հենակները թափահարել, փողոցով մեկ գոռում էր.
– Դեպի Բելգրա՛դ, դեպի Բելգրա՛դ։Բելդրա՛գ։
Նրա հետևից շարժվում էր մի բազմություն, որն սկսել էր գոյանալ այն տան առաջ, որտեղից Շվեյկը դուրս էր եկել պատերազմ գնալու։ Շվեյկը նկատեց, որ խաչմերուկներում կանգնած ոստիկաններից ոմանք իրեն պատիվ են տալիս։ Վացլավի հրապարակում Շվեյկի ձեռնասայլակի շուրջն ամբոխն աճելով հասավ մի քանի հարյուր մարդու, իսկ Կրակովի փողոցի անկյունում մարդիկ ծեծեցին կորպորանտի թասակ դրած մի բուրշի, որը Շվեյկի հետևից գոռացել էր.