ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ
Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է արդարանամ՝ այդ մեծահասակ մարդը իմ ամենալավ բարեկամն է: Բացի դա, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենը ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ՝
ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ
Երբ նա փոքրիկ տղա էր
== XII ==
Հետևյալ մոլորակի վրա հարբեցողն էր ապրում:
Փոքրիկ իշխանը նրա մոտ շատ քիչ մնաց, բայց անչափ տխրեց:
Երբ նա հայտնվեց այդ մոլորակի վրա, հարբեցողը լուռ նստել ու նայում էր առջևում շարված դատարկ ու լիքը շշերի բանակին:
– Այդ ի՞նչ ես անում, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Խմում եմ, – մռայլ պատասխանեց հարբեցողը:
– Ինչո՞ւ:
– Որպեսզի մոռանամ:
– Ի՞նչը մոռանաս, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
Նա սկսել էր խղճալ հարբեցողին:
– Ուզում եմ մոռանալ, որ ամոթ է, – խոստովանեց հարբեցողը ու գլուխը խոնարհեց:
– Իսկ ինչո՞ւ է ամոթ, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Ամոթ է, որ խմում եմ, – բացատրեց հարբեցողն, ու այլևս նրանից հնարավոր չէր ոչ մի խոսք կորզել:
Եվ Փոքրիկ իշխանը շիվար ու տարակուսանքով լի շարունակեց իր ճամփան:
«Այո՛, անկասկած, մեծահասակները շա՜տ, շա՜տ տարօրինակ մարդիկ են», – մտածեց նա:
== XIII ==
Չորրորդ մոլորակը պատկանում էր մի գործարար մարդու: Նա այնքան զբաղված էր, որ երբ Փոքրիկ իշխանը հայտնվեց, գլուխն անգամ չբարձրացրեց:
– Բարի օր, – ասաց Փոքրիկ իշխանը, – ձեր ծխախոտը հանգել է:
– Երեքին գումարած երկու՝ հինգ: Հինգին գումարած յոթ՝ տասներկու: Բարի օր: Տասնհինգ, յոթ էլ՝ քսաներկու: Քսաներկու, վեց էլ, հավասար է քսանութի: Ժամանակ չունեմ լուցկի վառելու: Քսանվեցին գումարած հինգ հավասար է երեսունմեկի: Ո՜ւֆ... այսպիսով, ընդամենը հինգ հարյուր միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ:
– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ...
– Ի՞նչ... Դու այստե՞ղ ես: Հինգ հարյուր միլիոն... արդեն չեմ հիշում, թե ինչ... Ես այնքան գործ ունեմ... ես լուրջ մարդ եմ, շաղարատելու ժամանակ չունեմ... երկուս, հինգ էլ՝ յոթ...
– Հինգ հարյուր միլիոն ի՞նչ... – կրկնեց Փոքրիկ իշխանը: Մի բան որ հարցներ, նա այլևս չէր հանգստանա, մինչև պատասխանը չստանար: Գործարար մարդը գլուխը բարձրացրեց.
– Արդեն հիսունչորս տարի է, ինչ ես ապրում եմ այս մոլորակի վրա, և այդ ընթացքում ինձ միայն երեք անգամ են խանգարել: Առաջին անգամ՝ քսաներկու տարի սրանից առաջ, չգիտես որտեղից հայտնվեց մի մայիսյան բզեզ: Նա սարսափելի աղմուկ բարձրացրեց, և ես գումարման ժամանակ չորս սխալ արեցի: Երկրորդ անգամ՝ տասնմեկ տարի առաջ, ռևմատիզմի նոպա ունեցա՝ նստակյաց կյանքից: Ես ման գալու ժամանակ չունեմ: Ես լուրջ մարդ եմ: Երրորդ անգամ... ահա սա... Այսպես, ուրեմն, հինգ հարյուր միլիոն...
– Միլիոն ի՞նչ...
Գործարար մարդը գլխի ընկավ, որ պետք է պատասխանի, թե չէ հանգիստ չի ունենա:
– Հինգ հարյուր միլիոն էն բաներից... որ օդում մեկ-մեկ երևում են...
– Դրանք ի՞նչ են, ճանճե՞ր...
– Դե չէ... փոքրիկ, փայլուն բաներ են...
– Մեղունե՞ր...
– Չէ՛, չէ՛... Այսպիսի փոքրիկ բաներ են... ոսկեգույն, ամեն մի ծույլ մարդ հենց նայում է դրանց, սկսում է երազել: Ես լուրջ մարդ եմ, ես երազելու ժամանակ չունեմ:
– Աա՜, աստղեր:
– Ա՛յ, ա՛յ, աստղեր:
– Հինգ հարյուր միլիոն ա՞ստղ... իսկ ի՞նչ ես անում այդ աստղերը...
– Հինգ հարյուր մեկ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար յոթ հարյուր երեսունմեկ: Ես լուրջ մարդ եմ, ես սիրում եմ, որ ամեն ինչ ճշգրիտ լինի:
– Ի՞նչ ես անում դու այդ բոլոր աստղերը:
– Ինչ եմ անո՞ւմ...
– Այո՛:
– Ոչինչ էլ չեմ անում: Ես տիրում եմ դրանց:
– Տիրում ես աստղերի՞ն:
– Այո՛:
– Բայց ես արդեն մի թագավոր եմ տեսել, որը...
– Թագավորները ոչնչի չեն տիրում... նրանք միայն կառավարում են... դա բոլորովին այլ բան է:
– Իսկ ինչի՞ համար ես տիրում աստղերին:
– Որպեսզի հարուստ լինեմ:
– Իսկ ինչո՞ւ ես ուզում հարուստ լինել:
– Որպեսզի էլի նոր աստղեր առնեմ, եթե որևէ մեկը նոր աստղեր հայտնաբերի:
«Սա իսկ և իսկ այն հարբեցողի նման է դատում», – մտածեց Փոքրիկ իշխանը:
Եվ շարունակեց հարցնել.
– Իսկ աստղերին ինչպե՞ս են տիրում:
– Աստղերն ո՞ւմն են, – տհաճությամբ հարցրեց գործարարը:
– Չգիտեմ: Ոչ մեկինն էլ չեն:
– Ուրեմն իմն են, որովհետև ես առաջինն եմ այդ բանը մտածել:
– Եվ դա բավական է:
– Դե իհարկե: Եթե դու ալմաստ ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե դու մի կղզի ես գտնում, որը տեր չունի, ուրեմն քոնն է: Եթե առաջին անգամ քո գլխում մի միտք է ծագում, դու նրա համար պատենտ ես վերցնում, և այն քոնն է: Ես աստղերին տիրում եմ, որովհետև ինձանից առաջ ոչ ոք գլխի չի ընկել, որ կարելի է նրանց տիրել:
– Ա՛յ դա ճիշտ է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Եվ ի՞նչ պիտի անես դու այդ աստղերը:
– Ինչ ուզենամ՝ կանեմ, – պատասպանեց գործարարը, – հաշվում եմ ու էլի կհաշվեմ: Դա շատ դժվար բան է: Բայց ես լուրջ մարդ եմ:
Սակայն Փոքրիկ իշխանի համար դա շատ քիչ էր:
– Եթե ես մետաքսե թաշկինակ ունենամ, կարող եմ կապել վզիս ու հետս տանել, – ասաց նա: – Եթե ես մի ծաղիկ ունենամ, կարող եմ պոկել ու հետս տանել: Բայց չէ՞ որ դու չես կարող աստղերը տանել:
– Չեմ կարող, բայց ես դրանք կարող եմ բանկ դնել:
– Այդ ինչպե՞ս:
– Շատ պարզ, թղթի վրա գրում եմ, թե որքան աստղ ունեմ: Հետո այդ թուղթը դնում եմ արկղի մեջ ու բանալիով փակում:
– Այդքա՞նը:
– Դա բավական է:
«Հետաքրքիր է, – մտածեղ Փոքրիկ իշխանը: – Եվ նույնիսկ բանաստեղծական է: Բայց այնքան էլ լուրջ բան չէ»:
Թե ինչն է լուրջ բան, ինչը՝ ոչ, Փոքրիկ իշխանը յուրովի էր հասկանում, ոչ այնպես, ինչպես մեծահասակները:
– Ես մի ծաղիկ ունեմ, – ասաց նա, և ես ամեն առավոտ ջրում եմ այն: Ես երեք հրաբուխ ունեմ, ամեն շաբաթ մաքրում եմ դրանք: Բոլորն էլ մաքրում եմ, հանգածը նույնպես: Դե, ինչ ասես կարող է պատահել: Եվ իմ հրաբուխների ու իմ ծաղկի
համար օգտակար է, որ ես տիրում եմ նրանց: Իսկ աստղերը քեզանից ոչ մի օգուտ չեն ստանում...
Գործարար մարդը բերանը բաց արեց, բայց այդպես էլ չիմացավ, թե ինչ պատասխանի, և Փոքրիկ իշխանը շարունակեց իր ճամփան:
«Այո, մեծահասակներն իրոք զարմանալի մարդիկ են», – ճանապարհը շարունակելով՝ պարզամտորեն ասում էր նա ինքն իրեն:
== XIV ==
Հինգերորդ մոլորակը բոլորից փոքր էր ու զվարճալի: Նրա վրա միայն մի լապտեր ու մի լապտերավառ էր տեղավորվում: Փոքրիկ իշխանը ոչ մի կերպ չէր հասկանում, թե երկնքում մոլորված այդ տուն ու բնակիչ չունեցող մոլորակիկի ինչին են պետք լապտերն ու լապտերավառը: Բայց նա մտածեց.
– «Գուցե այս մարդն էլ տարօրինակ է, բայց ավելի տարօրինակ չէ, քան թագավորը, փառասերը, գործարարն ու հարբեցողը: Նրա աշխատանքի մեջ այնուամենայնիվ իմաստ կա: Երբ նա վառում է լապտերը, կարծես թե մի նոր աստղ կամ ծաղիկ է ծնվում: Իսկ երբ հանգցնում է լապտերը, թվում է, թե ծաղիկը կամ աստղը քուն են մտնում: Սքանչելի զբաղմունք է: Սա իսկապես օգտակար է, որովհետև գեղեցիկ է»:
Եվ երբ հավասարվեց այդ մոլորակին, նա հարգանքով տվեց լապտերավառին:
– Բարի օր, – ասաց նա: – Ինչո՞ւ դու հիմա հանգցրիր քո լապտերը:
– Պայմանն այդպես է, – պատասխանեց լապտերավառը: – Բարի օր:
– Այդ ի՞նչ պայման է:
– Լապտերն հանգցնելու պայմանը: Բարի երեկո:
Եվ նա նորից լապտերը վառեց:
– Իսկ ինչո՞ւ դու նորից վառեցիր այն:
– Պայմանն այդպես է, – կրկնեց լապտերավառը:
– Չեմ հասկանում, – խոստովանեց Փոքրիկ իշխանը:
– Հասկանալու բան չկա, – ասաց լապտերավառը: – Պայմանը պայման է:
Բարի օր:
Եվ լապտերը հանգցրեց:
Հետո կարմիր վանդակավոր թաշկինակով ճակատի քրտինքը սրբեց ու ասաց.
– Ծանր է իմ արհեստը: Մի ժամանակ իմաստ ուներ այն: Առավոտները ես հանգցնում էի, իսկ երեկոները՝ վառում: Ես մի ամբողջ օր ունենում էի հանգստանալու և մի ամբողջ գիշեր՝ քունս առնելու համար...
– Իսկ հետո պայմանը փոխվե՞ց...
– Պայմանը չի փոխվել, – ասաց լապտերավառը: – Դժբախտությունն էլ հենց այդ է: Իմ մոլորակը տարին տարու վրա ավելի արագ է պտտվում, իսկ պայմանը մնում է նույնը:
– Իսկ ինչպե՞ս պիտի անենք, – հարցրեց Փոքրիկ իշխանը:
– Այսպես էլ պիտի անեմ: Մի րոպեում մոլորակը լրիվ պտույտ է անում, և ես շունչ քաշելու համար ոչ մի վայրկյան չունեմ: Ամեն րոպե ես լապտերը հանգցնում եմ ու հետո նորից վառում:
– Այ քեզ հետաքրքիր բան... Ուրեմն քեզ մոտ օրը տևում է միայն մի րոպե՞...
– Ոչ մի հետաքրքիր բան չկա այստեղ, – առարկեց լապտերավառը:
– Արդեն մի ամբողջ ամիս է, ինչ ես ու դու խոսում ենք:
– Մի ամբողջ ամի՛ս:
– Իհարկե: Երեսուն րոպե: Երեսուն օր: Բարի երեկո:
Եվ նա նարից լապտերը վառեց:
Փոքրիկ իշխանը նայում էր լապտերավառին, որն այդքան հավատարիմ էր իր տված խոսքին: Եվ նա ավելի էր դուր գալիս Փոքրիկ իշխանին:
Փոքրիկ իշխանը հիշեց, թե ինչպես էր մի ժամանակ աթոռը տեղից տեղ շարժում վերջալույսը դիտելու համար: Եվ նա ուզեց օգնել բարեկամին:
– Լսի՛ր, – ասաց նա լապտերավառին: – Ես մի միջոց գիտեմ, դու կարող ես հանգստանալ որքան ուզես...
– Ես անընդհատ ուզում եմ հանգստանալ, – ասաց լապտերավառը:
– Չէ՞ որ կարելի է հավատարիմ մնալ տված խոսքին և միաժամանակ ծույլ լինել:
– Քո մոլորակն այնքան փոքր է, որ դու երեք քայլով կարող ես պտտվել նրա շուրջը, – շարունակեց իշխանը: – Եվ դու պարզապես պետք է շարժվես այնպիսի արագությամբ, որ միշտ մնաս արևի տակ: Երբ դու ուզենաս հանգստանալ, պարզապես պետք է գնաս ու գնաս..., և օրը կերկարի այնքան, որքան դու ուզում ես:
– Բայց դրանից ես օգուտ չեմ ստանա, – ասաց լապտերավառը: – Աշխարհում ես ամենից շատ սիրում եմ քնել:
– Որ այդպես է, վատ են քո գործերը, – ցավակցեց Փոքրիկ իշխանը:
– Վատ են գործերս, – հաստատեց լապտերավառը: – Բարի օր:
Եվ լապտերը հանգցրեց:
«Ահա մի մարդ, – ճանապարհը շարունակելով՝ ինքն իրեն ասաց Փոքրիկ իշխանը, – ահա մի մարդ, որին բոլորը՝ և՛ թագավորը, և՛ հարբեցողը, և՛ գործարարը, և՛ սնապարծը, կատեին: Իսկ իմ կարծիքով այդ բոլորից միայն նա է, որ ծիծաղելի չէ: Գուցե այն պատճառով, որ միայն իր մասին չի մտածում:
Փոքրիկ իշխանը հառաչեց:
«Ահա թե ում հետ ես կարող էի բարեկամանալ, – մտածեց նա, – բայց լապտերավառի մոլորակը շատ փոքրիկ է: Երկու հոգու տեղ չի անի»:
Նա չէր ուզում խոստովանել, որ այդ հիանալի մոլորակի համար ափսոսում է մի ուրիշ պատճառով ևս. Քսանչորս ժամում նա կարող էր վերջալույսը դիտել հազար չորս հարյուր քառասուն անգամ:
== XV ==
Վեցերորդ մոլորակը նախորդից տասն անգամ մեծ էր: Նրա վրա մի ծերունի էր ապրում, որը հաստափոր գրքեր էր գրում:
– Նայեցե՛ք... ահա և ճանապարհորդը, – Փոքրիկ իշխանին նկատելով՝ բացականչեց ծերունին:
Փոքրիկ իշխանը նստեց սեղանի վրա, որպեսզի շունչ քաշի:
Նա արդեն բավական շատ էր թափառել:
– Որտեղի՞ց ես գալիս, – հարցրեց ծերունին:
– Այդ ի՞նչ գիրք է այդքան մեծ, – հարցրեց Փոքրիկ իշխանը: – Ի՞նչ եք անում այստեղ:
– Ես աշխարհագրագետ եմ, – պատասխանեց ծերունին:
– Ի՞նչ բան է աշխարհագրագետը:
– Դա մի գիտնական է, որը գիտի, թե որտեղ են գտնվում ծովերը, քաղաքները, լեռներն ու անապատները:
– Ի՜նչ հետաքրքիր է, – ասաց Փոքրիկ իշխանը: – Ա՛յ, դա իսկական գործ է:
Եվ նա մի հայացք գցեց աշխարհագրագետի մոլորակի վրա: Փոքրիկ իշխանը երբեք այդքան փառահեղ մոլորակ չէր տեսել: