Իսկ մարդակերները անհետ կորել էին ջրապտույտի մեջ։ Նրանք, պաշտպանված չլինելով շուռ եկած լաստով, անշնչացել էին խորխորատի խորքը հասնելուց առաջ, իսկ նրանց մարմինը շուտով ջարդուփշուր կլիներ՝ խփվելով ջրվեժի ստորոտին գտնվող ժայռերին։
== XX։ Վերջաբան ==
Երկու օր հետո, հուլիսի 20-ին, տիկին Ուելդոնը և նրա ուղեկիցները պատահեցին դեպի Կոնգոյի գետաբերանի Էմբոբա նավահանգիստը գնացող մի քարավանի, որը կազմված էր ոչ թե գերեվաճառներից, այլ պորտուգալացի վաճառականներից, որոնք փղոսկրի առևտրով էին զբաղվում։ Այդ մարդիկ հիանալի ընդունելություն ցույց տվին փախստականներին, և ուղևորության վերջին մասը կատարվեց տանելի պայմաններում։