― Թող կամակոր լինի։ Տղերք, մի թամբ տվեք ու սանձ։ Տեսնենք, կարո՞ղ է Տոնիկին ցած գցել։
Հորդուբալը դեռ աչքն էլ չէր թարթել, որ սպաներից մեկն արդեն ձիու մեջքին էր։ Հովատակը վեր֊վեր ցատկեց, ծառս եղավ ետևի ոտքերի վրա ու հեծյալին շպրտեց գետնին։ Վերջինս ճարպկորեն ընկավ մեջքի վրա ու ծիծաղեց։
― Հապա, տղերք, որսացեք ձիուն։
Հաստլիկ հրամանատարը այնպես էր քրքջում, որ նույնիսկ փորը գնում֊գալիս էր։
― Դե, պարոն, ձեր ձին երևելի ձի է։ Առայժմ նրան պահեք տանը, իսկ մենք զեկուցագիր կգրենք, որ գնելու թույլտվություն տան։
Հորդուբալը մթագնելով լծում է ձիուն։
― Ինչ արած, պարոն, կծախեմ գնչուին կամ մաշկահանին։
Հրամանատարը ծոծրակն է քորում։
― Լսեցեք, ախր հովատակն ափսոս է․․․ Դուք ինչ է, անպայման ուզում եք սաղացնե՞լ սրան։
― Այո, ― մռթմռթում է Հորդուբալը, ― սա իմ սրտովը չի։
Դե, թողեք մեզ մոտ, ― վճռում է հրամանատարը, ― իսկ մենք ստացական կտանք ձեզ, որ ձին մեզ մոտ է, հետո կգրենք, թե ինչ է հասնում ձեզ դրա դիմաց։ Եղա՞վ։
― Ինչ կա որ, եղավ, ― համաձայնում է Յուրայը։ ― Լավ ձի է, պարոն, գլուխը բարձր է պահում։ Ութ հազար են տվել սրան․․․
― Այդ դեպքում ետ վերցրեք, ― արագ միջամտում է հրամանատարը։
― Հինգով էլ կարելի է ծախել, ― սակարկում է Հորդուբալը։
Հրամանատարի մոտ կանգնած ինչ֊որ հաստլիկ զինվորական թեթևակի գլխով է անում։
― Հինգ հազարը ուրիշ բան, ― համաձայնում է հրամանատարը։ ― Ուրեմն, մենք ձեզ կգրենք։ Իսկ եթե փոշմանեք, ետ կվերցնեք ձիուն։ Եղա՞վ։ Տեղեկանքն ստացեք։
Հորդուբալը վերադառնում է տուն։ Ծոցում կնքված ստացականն է ու դոլարների քսակը։ Մալած ձին գլուխը ճոճելով սնգսնգում է։ Իսկ հովատակը արդեն չկա։ Շտեպանն ասես երկրորդ անգամ հեռացավ։ Ավելի լավ կլիներ հովատակի հետ միասին զամբիկին էլ ծախել։ Նո֊ո՜, ձիուկ։ Սանձերը չշարժած, սկսում ես վազել։ Այդ ինչպես թե՝ ձիերի հետ չխոսել։ Խոսում ես նրա հետ, և ձին շուռ է տալիս գլուխն ու պոչը թափահարում։ Իսկույն երևում է, որ հասկանում է քեզ։ Գլուխն էլ ճոճում է՝ կնշանակի մտածում է։ Սիրելիս, տեղ հասնելուն դեռ շատ կա, բայց ախր սարն ի վեր վազելը հաճելի է։ Դե֊դե, մի վախենա, այդ առուն է միայն մեր ճամփան կտրում։ Բոռին հանգիստ թող, ես ինքս նրան կքշեմ։ Հե՜յ։ Եվ Յուրայն սկսում է մեղմ ու ծորուն մի երգ։
Ձին խոշոր աչքը շլում է տիրոջ վրա․ դու այդ ինչո՞ւ ես աղմկում։ Իսկ Հորդուբալը գլուխն օրորում է ու երգում․
<poem>
Է՜խ, Պոլանա, չարագործ Պոլանա,
Թող աստված պահպանի միշտ քեզ․․․
</poem>