Թող աստված պահպանի միշտ քեզ․․․
</poem>
===XXI===
Հորդուբալն իր հանգիստը կորցրեց։ Ծեգը֊ծեգին տնից դուրս է գալիս։ Տնտեսությունը թողնում է աստծու կամքին ու թրև գալիս չգիտես որ տեղերում։ Նույնիսկ Տիբավայում եղավ։
― Հելետեյ, քեզ մարդ պետք չի՞ դաշտում աշխատելու կամ անասուններին նայելու համար։
― Մարդն ինչ եմ անում, Հորդուբալ, ես երկու տղա ունեմ։ Իսկ ո՞ւմ համար ես հարցնում, եղբայր։
Հետո եղավ Տատինսկի անտառապետությունում։
― Աշխատանք չկա՞։ Ծառ կտրել։
― Չկա, եղբայր, փայտերն անտառում հազարավոր մետրերով փտում են։
― Դե, աստուծով մնաք։ Իսկ մոտերքում երկաթուղի կամ խճուղի չե՞ն կառուցում։ Ժայռեր չե՞ն պայթեցնում դինամիտով։
― Ո՞րտեղից հարևան, ո՞րտեղից։ Բոլորը մտահան են արել մեզ, և հետո, ո՞ւմ համար շինեն։
Ինչ արած, մի տեղ կնստեմ կսպասեմ, մինչև մութն ընկնի։ Հեռվից զնգզնգոց է լսվում՝ նախիրն է գալիս․ նախրապանը շրխկացնում է մտրակը, ասես կրակում է, և ինչ֊որ տեղ շունն է հաչում։ Հանդում երգում են։ Ի՞նչ անել։ Յուրայը նստել ու ականջ է դնում, թե ճանճերն ինչպես են տզտզում։ Աչքերը փակած, նա կարող է այդպես ժամերով ականջ դնել։ Ախր երբեք լռություն չի լինում, միշտ էլ լսելի է կյանքի աղմուկը․ մեկ տեսար բզեզ տզզաց, մեկ սկյուռը խշրտացրեց։ Եվ բոժոժների խաղաղ ղողանջը ամեն կողմից երկինք է բարձրանում՝ այդ հոտերն են արածում։
Հորդուբալը երեկոյան դեմ գողեգող տուն է մտնում։ Հաֆյան ուտելու բան է բերում՝ էհ, ի՜նչ ուտելիք։ Շունը որ շուն է, նա էլ բերանը չի առնի։ Ասենք միևնույն է։ Պատառը կոկորդով ցած չի իջնում։
Գիշեր է։ Ամբողջ գյուղը քնած է, իսկ Հորդուբալը շրջում է լապտերը ձեռքին, անում, ինչ կարող է, մաքրում է գոմը, աղբը քերում, ջուր բերում։ Յուրայը կամացուկ կատարում է տղամարդկային ողջ աշխատանը, որպեսզի ոչ ոքի չարթնացնի։
<poem>
․․․ Ժամը տասնմեկն է հրես,
Տեր աստված, պահպանիր դու մեզ։
</poem>
Եվ Յուրայը կամացուկ քաշվում է գոմ։
Դե, կովեր, վաղվա համար որոշ բաներ արեցի Պոլանայի փոխարեն։
Իսկ առավոտյան նորից Եզան Դաշտը։ Աշխատանք փնտրելու։
― Է՛յ, Հարչար, օգնական պետք չի՞ քեզ։
― Այդ ինչ է, բարեկամ, խելքդ թռցրե՞լ ես, թե նոր ես դուրս եկել բանտից։ Հնձից հետո աշխատա՜նք է փնտրում։
«Չսնանկանաս, ― մտածում է Հորդուբլը։ ― Քսակումս այնքան փող կա, որ կհերիքի քո կես տնտեսությունն առնելու։ Կարիք չկա քիթը վեր տնկել։ Եվ Յուրայը, մռայլվելով, քարշ է գալիս դեպի տուն։ Իսկ ինչո՞ւ։ Հենց այնպես, որպեսզի անցնի սարերով, հո օտար տեղում չի մնա։
Յուրայը նստել է անտառեզրին, Վարվարինովի հանդի մոտ։ Հոտերի զանգակների ձայնը այստեղ էլ է հասնում, երևի Լեհոտսկի ավանից։ Տեսնես այնտեղ, վերևի մարգագետիններում, ի՞նչ է անում Միշան․․․
Ներքևում առուն է, իսկ առվի ափին կանգնել է մի կին։ Յուրայն աչքերը կկոցում է, որ ավելի լավ տեսնի։ Հո Պոլանան չի՞։ Պոլանան ինչ գործ ունի այստեղ։ Ամեն մի կին էլ հեռվից նման է Պոլանային։
Ահա անտառից դուրս թռավ մի թուխ ջահել։ «Չէ, դա Մանյան չի, ― առկայծում է Յուրայի մտքում, ― նա ինչո՞ւ պիտի այդ կողմից գա»։ Թխադեմ տղան կանգնում է կնոջ կողքին։ «Տեսնես այդքան երկար ինչի՞ մասին են խոսում, ― զարմանում է Հորդուբալը։ ― Երևի ինչ֊որ աղջիկ է ու լեհոտցի կամ եզանդաշտեցի իր սիրածը։ Թաքուն հանդիպում են, որ մեր տղաները չթակեն նրան»։
Իսկ այն երկուսը կանգնել ու կանգնել են։ Ինչքան կուզեք՝ ղունղունացեք, ես չեմ նայում։ Արեգակն արդեն Մենչույի վրա է, շուտով իրիկուն կլինի, իսկ այն երկու հոգին դեռ կանգնած են ու խոսելուց չեն կշտանում։ Էլ ուրիշ որտե՞ղ աշխատանք փնտրել։ Տեսնես, աղի հանքերում մայներ պետք չի՞։ Ճիշտ է, հանքերը հեռու են, բայց ոչինչ․․․ Իսկ այն երկուսը դեռ կանգնած են։ Չէ, հանքերում կարիք չկա հարցնել, միևնույն է գործ չկա․․․
Նայիր, այն երկուսն արդեն չկան։ Կանգնած է միայն մեկը և ասես օրորվում է․․․ Է՛, ոչ մեկը չի օրորվում, այլ երկուսը, կարծես կռվում են։ Այնքան քիպ են սեղմվել իրար, որ ասես մի մարդ լինի։
Հորդուբալի սիրտը նվաղում է։ Վազել այնտեղ, ներքև։ Ոչ, վազել տուն, նայել՝ Պոլանան տա՞նն է։ Իհարկե, տանն է, ուրիշ որտե՞ղ կարող է լինել։ Տեր աստված, ի՞նչ պատահեց ոտքերիս։ Ասես արճիճ լինեն։ Հորդուբալը վեր է թռչում տեղից ու վազում։ Անտառի մոտով, դաշտային կածանով, ամբողջ թափով դեպի գյուղ։ Օ՛հ, օ՛հ, կողքը ծակում է, ասես այն մախաթով, որով զամբյուղ են գործում։ Հորդուբալի շունչը կտրվում է, բայց շտապում է ամբողջ ուժով։ Փառք քեզ տեր, ահա և գյուղը։ Հորդուբալը քայլերն ավելի է արագացնում։ Օ՛հ, կողքը ոնց է ծակում։ Տեր աստված, ե՞րբ կերևա տունը։ Դե, մի քիչ էլ։ Ահա դարպասը։ Հարկավոր է ձեռքը պինդ սեղմել կողքին, այդ ժամանակ այդքան չի ցավի։
Հորդուբալը շնչակտուր վազում է դեպի դարբասը և ուժասպառ հենվում սյնաը․ գլուխը պտտվում է, շունչը դուրս է պրծնում սուլոցով։
Բակը դատարկ է։ Երևի Պոլանան մառանում է կամ մի ուրիշ տեղ։ Եվ հանկարծ Յուրային համակում է անասելի մի անտարբերություն։ Միևնույնը չէ՝ որտե՞ղ է նա։ Ինչո՞ւ գնալ մառան, ինչ֊որ բան ասել։ Հորդուբալը շնչում է խզխզոցով ու, հենված սյունին, հազիվ է ոտքի վրա մնում։
Դռնակը բացվում է, և հուզված, կարմրատակած Պոլանան հանդարտ ներս է մտնում բակ։ Յուրային տեսնելով, նա շփոթված կանգ է առնում ու աճապարանքով արդարանում․
― Հարևանուհու մոտից եմ գալիս։ Հարևանուհու մոտից, Յուրայ, Հերպակովայի․ գնացի աղջկան տեսնելու։
Յուրայն ուղղվում է հասակով մեկ, հոնքերը բարձրացնում։
― Ես քեզ չհարցրի, Պոլանա։
===XXII===
Սովորության համաձայն Յուրայն ուզում է ուղղվել դեպի ամբարի ետևը։ Բայց սիրտն այնպես է ծակում, որ գնալու ուժ չունի։ Յուրայը ցույց է տալիս, իբրև թե ուզում է նստել այստեղ, դարբասի մոտի քարին, ու աչք ածել բակին։
Հանկարծ պարզվում է, որ Պոլանան ահագին գործեր ունի․ նա կուտ է շաղ տալիս հավերի առաջ, ավլում է արտասանդուղքը, ― մի խոսքով, հասնում է ամեն տեղ։
Հերպակովան աղջիկ է բերել, ― մտերմաբար հայտնում է նա։
Է՛խ, Պոլանա, ինչպե՞ս եղավ, որ դու հանկարծ այդպես զրուցասեր դարձար։
― Մ ― մ, ― ցրված մռմռում է Հորդուբալը։
Մթնում է։ Պոլանան լայն բաց է անում դարբասը, շուտով կովերն արոտատեղից կվերադառնան։
― Հիշո՞ւմ ես, Յուրայ, ― անվճռականորեն սկսում է նա, ― դու ասում էիր, որ․․․ ուզում ես էլի կովեր առնել։
― Ոչ, հարկավոր չի, ― փնթփնթում է Հորդուբալը։
Կովերը գլուխներն օրորելով գնում են դեպի գոմ։ Բի՜մ֊բա՛մ։ Յուրայը վեր է կենում տեղից։ Փառք աստծու, ցավը թեթևացավ։
― Բարի գիշեր, Պոլանա, ― ասում է նա։
― Դու չե՞ս ընթրելու։
― Ոչ, չեմ ընթրելու։
Պոլանան փակում է նրա ճանապարհը։
― Յուրայ, անկողինդ կգցեմ խրճիթում։ Մարդիկ ի՞նչ կասեն։ Տան տերը դու ես, բայց քնում ես կովերի հետ։
― Մարդկանց հանգիստ թող, ― խուլ ձայնով պատասխանում է Հորդուբալը։ ― Շատ բան են ասում, հետո՞ ինչ։
Յուրայը հեռանում է։ Պոլանան մռայլ նայում է նրա ետևից։ Յուրայի մեջքը ծերունական մեջք է։
Հորդուբալը պառկում է խոտերի վրա։ Կողքն այլևս չի ծակում, բայց սիրտը ծանրացած է, ցավում է։ Տունը՝ խաղաղվում է մի տեսակ վարանումով։ Հաֆյան կիսաձայն բլբլում է, ասես նրան սաստել են․ իբր՝ կամաց, մի աղմկիր։ Ասես տանը ծանր հիվանդ կա։
Լռություն։ Տունը քնել է, քնել է ամբողջ գյուղը։ Հորդուբալը հեծելով բարձրանում է խոտերի վրայից, վառում է լապտերը, գնում է աչք ածի, թե որտեղ ինչ է անհրաժեշտ կարգի բերել։
Կողքը նորից ծակում է, թող գայլի բաժին դառնա․․․ Հարկավոր է մսուրները մաքրել ու ձիերի տակ խոտ փռել։ Հարկավոր է այս, հարկավոր է այն, բայց այսօր մի տեսակ անտրամադիր է։ Յուրայը նայում է հավանոցը, խոզերի ախոռը, ամբարը, սանդուղքով բարձրանում է խոտանոց՝ խոտը չվառվի։ Օ՛խ, կողքը ո՜նց է ծակում։ Յուրայը շրջում է բակում ու գնում պարտեզ։ Հենց այնպես, մի օտար մարդ ներս չմտնի։ Իսկ ո՞վ կարող է ներս մտնել։ Իհարկե, ոչ ոք, ասենք, աստված գիտե։ Իսկ չարդա՞խը։ Ախր Պոլանան չարդախում չի քնում, հիմա այնտեղ եգիպտացորեն է դարսված։ Պոլանան տեղափոխվել է մառան։ Շունչը պահելով ու տնքոցը խեղդելով, Հորդուբալը չարդախի սանդուղքով վերև է բարձրանում, փորձում է բացել դուռը, բայց այն չի բացվում, ինչ֊որ բան խանգարում է․ լսվում է, թե ինչպես մի բան խշխշում է ու ցած սորում։ Երևի, եգիպտացորենը փլվել է ու սեղմել դուռը։ Ուրեմն, չարդախում էլ ոչ ոք չկա։ Եվ ո՞վ կարող է թաքնվել այնտեղ։ Այ քեզ հիմարությո՜ւն։
Հորդուբալը կանգնել է բակի մեջտեղում, ինչպես սև սյուն, ու շփոթված ծոծրակն է քորում։ Ինչո՞ւ եմ շրջում այստեղ, ինչո՞ւ, ― զարմանում է նա։ ― Քանի տարի այդ Մանյան ապրել է այստեղ ու բակը չի հսկել, չի թափառել լապտերը ձեռքին։ Ուրեմն, ինչի՞ համար է հիմա։ Բութ անտարբերությունը համակում է Հորդուբալին։ Եթե ես արդեն պառկած լինեի գոմում ու լսեի օտար քայլերի ձայն, կվերկենայի՞ տեղիցս, թե ոչ։ Ոչ, չէի վեր կենա։ Ձայն կտայի․ «Ո՞վ կա այդտեղ»։ Չէ։ Միայն շունչս կպահեի։ Է՛խ, աստված իմ, դե մի՞թե մեծ մարդկանց կարող ես հետևել։ Այո, ահա ես հետևեցի, մեղա քեզ, տեր, բայց ձևացնում եմ, թե աշխատում եմ մթության մեջ։ Մի՞թե ուրիշի սրտին կարող ես հսկել։ Հիմար ես դու, հիմար։
Ինչ արած, թող Մանյան վերադառնա։ Ամեն ինչ միևնույնն է հիմա։ Միևնույնն է։ Ցավը եկել֊անցել է։ Կտրած գլխի մազերի համար արտասուք չեն թափում։
Հերպակովների երեխան լաց եղավ։ Այ, տեսնում ես, գուցե և ճիշտ է, որ Պոլանան գնացել է երեխային տեսնելու։ Այդտեղ ի՞նչ մի առանձին բան կա։ Չէ՞ որ կնանիք երեխաների համար հոգի են տալիս։ Հիմա, երևի, Հերպալովան ծիծ է տալիս նրան։ Պոլանա, հիշո՞ւմ ես, թե ոնց էիր կերակրում Հաֆյային․ ուսդ շարժում էիր, և կուրծքը նորից ծածկվում էր շապիկի տակ։ Տասնմեկ տարի է անցել։ Իսկ ես գնացի Ամերիկա․․․ Հիմա՜ր, հիմա՜ր։
Հորդուբալը նայում է աստղերին։ Աստված իմ, ինչքա՜ն շատ են։ Երևի, այս տարիների ընթացքում ավելացել են։ Առաջ այսքան շատ չէին․․․ Ուղղակի մարդու սարսուռ է պատում․․․ Միևնույնն է, միևնույնն է, ամեն ինչ թափվում է իրար ետևից, ինչպես կեղև։ Եղավ Ամերիկա, եղավ վերադարձ։ Եղան Հերիչ, Ֆեդելեշ, Մանյա ― շատ֊շատ բան եղավ։ Իսկ հիմա ոչինչ չկա։ Միևնունն է։ Փառք աստծու, սիրտը թեթևացավ։
Տրո՛ւ֊տո՛֊տո՜ւ, ― փոխհարում է հեռվում գիշերապահը։ Իսկ աստղերն այնքան շատ են, որ մարդու մարմինը սրսփում է․․․
Բարի գիշեր, Պոլանա, բարի գիշեր, բարի գիշեր։
===XXIII===
Վաղ առավոտ է, դեռևս ոչ ոք չի արթնացել, իսկ Յուրայն արդեն դուրս եկավ գյուղից ու քայլում է դեպի սարերը։ Տավարած Միշայի մոտ։ Ինչո՞ւ։ Հենց այնպես, մարդու հետ զրուցելու։
Սարերը դեռ չեն երևում, օդում մշուշ է կախվել։ Յուրայը փոքր֊ինչ մրսում է, բայց կողքի ցավն անցել է։ Միայն շնչելն է դժվար, երևի մշուշից։ Յուրայն անցնում է իր նախկին արտի կողքով ու կանգ առնում, որ շունչը ետ բերի։ Արտը արդեն վարել են ― ահա քեզ և միայն քարեր։ Երևում է, չարչարանքն արժե։
Հորդուբալը ծանր շնչելով շարունակում է ճամփան։ Մշուշը վեր բարձրացավ ու անցավ անտառի վրայով։ Շուտով աշուն կլինի։ Հորդուբալը բարձրանում է սարերը, ձեռքն կրծքին սեղմած։ Այ, նորից է ծակում․ հիմա ծակում է անընդհատ՝ վերև ես գնում, թե ներքև։ Մի փոքր բարձրում նորից մառախուղ է։ Բայց դա արդեն մառախուղ չի, այլ ամպեր, հոտոտելով կարելի է զգալ, թե ինչպես են հագեցած խոնավությամբ։ Զգույշ, գլուխդ չթրխկացնես նրանց։ Ահա ճամփան անցավ լեռնաշղթայի վրայով․ այժմ Հորդուբալը քայլում է ամպերի մեջ․ երեք քայլի վրա ոչինչ չի երևում։ Ստիպված ես շոշափելով անցնել թանձր մառախուղի միջով, առանց իմանալու, թե որտեղ ես։ Եվ Հորդուբալը, խռպոտ շնչելով, դանդաղ, դժվարությամբ բարձրանում է դեպի ամպերը։
Սկսեց սառը, մանրամաղ անձրև գալ։ Վերևում տավարած Միշան պարկը գցել էր գլխին ու, մտրակը շրխկացնելով, եզներին դեպի հոլիկն էր քշում։ Այդ ի՞նչ է նրա կողքին։ Հնարավոր չի ջոկել՝ գազան է, թուփ է, թե քար։ Ա՜, խելոք շնիկն է, Չուվայը։ Նա վազվզում է նախրի շուրջը ու եզներին քշում։ Մառախուղի միջից լսվում է զանգակների ձայնը։
Միշան նստել է տավարածի տնակի շեմքին ու նայում է մշուշի մեջ։ Մառախուղը երբեմն նոսրանում է, և այն ժամանակ երևում է, թե եզներն ինչպես են իրար սեղմվում։ Հետո նորից ամեն ինչ թաղվում է ամպերի մեջ, լսվում է միայն անձրևի խշշոցը։ Հիմա ժամը քանի՞սը կլինի։ Երևի, կեսօրին մոտ է։ Չուվայը վեր է թռչում տեղից, ականջները սրում ու կամացուկ վնգստում է։ Մշուշի միջից մի ստվեր է հայտնվում։
― Դու այստե՞ղ ես, Միշա, ― կանչում է խռպոտ մի ձայն։
― Էստեղ եմ։
― Դե, փառք աստոծու։
Հորդուբալն է։ Նա ոտից գլուխ ջուր է կտրել, զընգր֊զընգր դողում է։ Գլխարկից ջրի առվակներ են հոսում։
― Ի՞նչ ես թրև գալիս անձրևի տակ, ― բարկացած հարցնում է Միշան։
― Առավոտյան․․․․ անձրև չկար, ― խզզացնում է Հորդուբալը։ ― Գիշերը պարզ էր։ Լավ է, որ անձրև է․․․ հողին անձրև է հարկավոր։
Միշան մտքերի մեջ աչքերն է թարթում։
― Կաց, կրակ ունեմ։
Հորդուբալը, խոտերի վրա նստած, նայում է կրակին։ Փայտերը ճթճթում են, ծխում։ Տաքությունը տարածվում է Յուրայի մարմնով, դեռ Միշան էլ պարկը գցել է մեջքին։ Ո՜ւֆ, նույնիսկ շոգ է։ Ինչպես մայնում։ Յուրայը կափկափում է ատամներով ու շոյում թաց, գարշահոտ Չուվային։ Է֊է, ինչ ասել կուզի, ես ինքս էլ հոտում եմ, ինչպես թրջված շուն։
― Միշա, ― կակազելով, ասում է Յուրայը, ― իսկ ինչպե՞ս է․․․ այնտեղ․․․ անտառ հատելու գործը։
Միշան կաթսայիկով ջուր է եռացնում ու ինչ֊որ խոտեր գցում մեջը։
―Ես գիտեմ, դու քեզ լավ չես զգում, ― մռթմռթում է նա, ― և ի՞նչ ես թրև գալիս անձրևի տակ, խելառ․․․
― Մեզ մոտ, մայնում, բովանցք կար, ― շտապ֊շտապ պատմում է Յուրայը։ ― Այնտեղ միշտ ջուր էր կաթում, Միշա։ Տը՛կ֊տը՛կ֊տը՛կ, ոնց որ ժամացույցը տկտկա․․․ Գիտե՞ս, Հերպակովան երեխա է ունեցել։ Պոլանան գնացել էր տեսնելու․․․ Ոչ մի տեղ աշխատանք չկա, Միշա, մարդիկ ոչ ոքի պետք չեն։
― Մի գլուխ նորերն են ծնվում, ― փնթփնթում է Միշան։
― Հարկավոր է, որ ծնվեն, ― մրսածությունից դողում է Հորդուբալը, ― հենց դրա համար էլ աշխարհում կանայք կան։ Դու ամուսնացած չես, Միշա, դրա համար էլ չգիտես, ոչինչ չգիտես։ Ինչ կարող ես ասել, քանի որ ամուսնացած չես։ Հարկավոր է ամեն ինչի մասին մտածել, եղբայր։ Հարկավոր է, որ գրված լինի՝ «նրա սիրո ու ամուսնական հավատարմության համար»։ Թե չէ աստված գիտե, մարդիկ ինչեր կարող են հնարել։ Է՛խ, ափսոս երեք հազար դոլարս գողացան։ Խանումի պես կապրեր նա, հը՞։ Ճիշտ չի՞։ Դե ասա, Միշա։
― Ճիշտ է, ― փնթփնթում է Միշան, կրակը բորբոքելով։
― Այ տեսնում ես։ Իսկ ինձ ասում են՝ խելառ։ Նախանձում են, որ այդպիսի կին ունեմ։ Գլուխը բարձր է պահում, ինչպես աղայի նժույգը։ Այ թե ինչ մարդիկ են, բոլորն աշխատում են մարդուն վիրավորել։ Նա ընդամենը գնացել է հարևանուհու մոտ՝ երեխային տեսնելու, իսկ մարդիկ չգիտես ինչեր են դուրս տալիս։ Միշա, հասկացրու նրանց, որ ես ինքս իմ աչքով տեսա, թե նա ինչպես դուրս եկավ հարևանուհու մոտից։
Միշան լրջությամբ գլխով է անում։
― Կասեմ, ամեն բան կասեմ։
Յուրայը շունչը ետ է բերում։
― Ես հենց դրա համար էլ եկել եմ, իմացա՞ր։ Դու ամուսնացած չես, հարկ չունես ինձանից վրեժ առնելու։ Նրանք ինձ չեն հավատա։ Կասե՞ս նրանց, Միշա։ Թող հասկանան, որ ստիպված է եղել բատրակ վարձել, քանի որ տան տերը այստեղ չի եղել։ Պոլանան փակվել է չարդախում, կեռը այնպիսի ամուր կեռ է, ինքս եմ տեսել․․․ Իսկ Հերիչն ամեն տեսակ ցնդաբանություն է դուրս տալիս։ Իբրև, ութ տարի է և նման բաներ։ Ասա, ո՞վ նրան ավելի լավ գիտի՝ Հերի՞չը, թե ես։ Ուսն առաջ է տալիս, և կուրծքը նորից շապիկի տակ է․․․ Այն երիտասարդը, որ ներքևում էր, գետափին, մեր գյուղացի չէր, Լեհոտսկից էր, ես ինքս տեսա։ Նա այն կողմից եկավ։ Իսկ մարդիկ իսկույն սկսում են բամբասել։
Միշան գլուխն է տմբտմբացնում։
― Առ խմիր, սա օգնում է։
Յուրայը կուլ է տալիս տաք բուսաջուրն ու նայում կրակին։
― Միշա, այստեղ քեզ մոտ լավ է։ Դու ամեն ինչ պատմիր նրանց, քեզ կհավատան։ Ասում են, դու ամեն ինչ գիտես։ Ասա, որ նա լավ, հավատարիմ կին է եղել․․․ ― Ծուխը կսկծացնում է աչքերը, Հորդուբալի աչքերում արցունքներ են երևում․ քիթը բոլորովին սրվել է։ ― Ե՛ս, միայն ե՛ս գիտեմ, թե նա ինչպիսի կին է։ Է՛խ, Միշա։ Հենց թեկուզ այս րոպեին նորից Ամերիկա կգնայի, որ նրա համար փող ետ գցեմ․․․
― Միանգամից խմիր, ― ասում է Միշան։ ― Իսկույն կտաքանաս։
Հորդուբալի ճակատը ծածկվում է առատ քրտինքով։ Հաճելի թուլությունը համակում է նրան։
― Միշա, ես կարող էի շատ բան պատմել Ամերիկայի մասին, ― ասում է նա։ ― Շատ բան մոռացել եմ, բայց սպասիր, կհիշեմ․․․
Միշան անշտապ փայտ է գցում խառույկի մեջ, Հորդուբալը շնչում է ընդհատ֊ընդհատ ու ինչ֊որ մռթմռթում քնի միջից։ Անձրևը դադարեց, և միայն եղևնու վրայից ծանր կաթիլներն ընկնում էին հոլիկի տանիքին։ Իսկ մշուշը գնալով թանձրանում է։ Մերթ ընդ մերթ որևէ եզ բառաչում է, և Չուվայը վազում է աչք ածելու նախրին։
Միշան իր մեջքին զգում է Հորդուբալի լարված հայացքը։ Յուրայն արդեն մի քանի րոպե է՝ քնած չի ու փոս ընկած աչքերով նայում է Միշային։
― Միշա, ― խզխզում է Հորդուբալը։ ― Մարդն կարո՞ղ է ինքն իրեն վերջ տալ։
― Ի՞նչ։
― Մարդ կարո՞ղ է իրեն վերջ տալ։
― Ինչի՞ համար։
― Որ էլ չմտածի։ Այնպիսի մտքեր կան, Միշա, որ․․․ դե, դու ո՞րտեղից հասկանաս․․․ Մտածում ես․․․ օրինակ, որ նա սուտ է ասում․․․ որ հարևանուհու մոտ չի եղել․․․ Յուրայի շրթունքները դողում են։ ― Դրանցից ո՞նց ազատվես, Միշա։
Միշան մտասույզ լռում է։
― Դժվար բան է։ Ավելի լավ է մտածես մինչև վերջ։
― Իսկ եթե վերջում․․․ միայն վե՞րջն է։ Մարդ կարո՞ղ է վերջ տալ իրեն։
― Հարկավոր չի, ― դանդաղորեն ասում է Միշան։ ― Ինչի՞ համար։ Այնպես էլ կմեռնես։
― Իսկ շուտո՞վ։
― Թե որ կուզես՝ շուտով։
Միշան վեր է կենում ու դուրս գնում հոլիկից։
― Հիմի քնիր, ― ասում է նա, դռների մեջ շուռ գալով, ու կորչում մառախուղի մեջ։
Հորդուբալը փորձում է տեղից վեր կենալ։ Փառք աստծու, արդեն իրեն լավ է զգում, միայն գլուխն ինչ֊որ չի կարողանում պահել ու մարմինն էլ ոնց որ քուրջերից լինի՝ թույլ է, ջլատ։
Յուրայը դուրս է գալիս հոլիկից։ Չորս կողմ մշուշ է, ոչինչ չի երևում, լսելի է միայն զանգակների ծլնգոցը․ հազարավոր եզներ արածում են ամպերում ու զնգացնում զանգակները։ Յուրայը քարշ է գալիս չգիտես ուր։ «Հարկավոր է տուն վերադառնալ», ― մտածում է նա։
Գնում է Յուրայը, ուր աչքը կկտրի։ Երբեմն նրան թվում է, թե սարնիվար՝ ասես գլորվում է անդունդ։ Երբեմն էլ ասես սարնիվեր, ― և այդ այնպես դժվար է, շունչը կտրվում է։ Է, միևնույնն է, միայն թե տուն հասնի։ Եվ Յուրայ Հորդուբալը թաղվում է մառախուղի մեջ։
===XXIV===
Հաֆյան հորը գտավ գոմում։ Կովերն անհանգիստ բառաչում էին, և Պոլանան աղջկան ուղարկեց իմանալու, թե ինչ է պատահել։ Հորդուբալը պառկել էր խոտերի վրա ու խռխռում էր։
Երբ Պոլանան նրան խրճիթ էր տանում, Հորդուբալն արդեն չէր դիմադրում, միայն հոնքերն էր բարձրացրել մի տեսակ ճիգով ու տարակուսանքով։ Կինը նրա շորերը հանեց ու դրեց անկողին։
― Յուրայ, ի՞նչ կուտես։
― Ոչինչ, ― մռմռաց նա ու նորից ընկավ ինքնամոռացության մեջ։ Ինչ֊որ երազներ էր տեսնում, ափսոս, անժամանակ արթնացրին։ Բայց այդ ինչ էր։ Չէ, Հերիչը Ամերիկայում չի եղել․․․ էլի ամեն ինչ խառնվեց, պետք է նորից սկսել։ Է՛խ, կուրծքը ո՜նց է ճնշում։ Երևի, Չուվայ շնիկն է պառկել կրծքիս։ Յուրայն անհանգիստ շոյում է մազոտ կուրծքը։ Քնիր, քնիր, բրդոտ, սիրտդ ինչպե՜ս է զարկում։ Ա՛խ, համա՜ թե ծանր ես, սրիկա։
Հորդուբալը երկար չնիրհեց, իսկ երբ արթնացավ, տեսավ Պոլանան կանգնել է դռների մեջ ու սևեռուն հայացքով նայում է նրան։
― Ո՞նց ես։
― Լավ եմ, աղավնյակս։ ― Նա սիրտ չի անում խոսել, վախենալով, որ հարազատ տունը կչքանա, և ինքը նորից կհայտնվի Ռոնսթոնի ծակուռում։ Այո, այո, այստեղ ասես քո սեփական տանն ես՝ նախշուն սնդուկ, կաղնեթայտե սեղան, աթոռներ։ Հորդուբալի սիրտն ավելի ուժգին է բաբախում։ Վերջապես տանն եմ։ Աստված իմ, ի՜նչ երկար ճանապարհ էր՝ տասնչորս օր լոուերդեկում, հետո էլ գնացքում։ Մարմինն ասես ջարդված լինի։ Միայն չպետք է շարժվել, թե չէ ամեն ինչ նորից կչքանա։ Ավելի լավ է փակել աչքերն ու մտածել՝ ահա ես այստեղ եմ, տանը։
Նորից ամեն ինչ խառնվեց․ մայներները Ջոնսթոնում, Հարչարը, ծեծկռտուքը, ― այն ժամանակ Հորդուբալին լավ տուր տվին։ Յուրայը վազում է բովանցքով, խույս է տալիս, հանքահորում թռչում է սանդուղքի վրա, մագլցում վերև։ Իսկ վերևից սրընթաց կերպով ցած է ընկնում ամբարձիչը․ ահա ուր որ է կջնջխի, էն աստված, կջնջխի։ Հորդուբալն արթնանում է սեփական տնքոցից։
Չէ, պետք չի քնել, այսպես ավելի հանգիստ է։ Հորդուբալն աչքերը չռած դիտում է սենյակի կահկարասին։ Այսպես ավելի հանգիստ է։ Հորդուբալը մատով գծագրում է օդի մեջ ու Միշային պատմում Ամերիկայի մասին։
Ես, եղբայր, միշտ էլ գնում էի ամենածանր աշխատանքին։ Բավական է ձայն տային՝ «Ալլո, Հորդուբալ, ու ես գնում էի։ Մի անգամ բովանցքում փլուզում եղավ, նույնիսկ հյուսները հրաժարվեցին ցած իջնել։ Այդ օրը ես քսան դոլար վաստակեցի։ Ինքը ինժեները ձեռքս սեղմեց։ Այո, Միշա, հենց այդպես, վերցրեց ու սեղմեց․․․
Հորդուբալին թվում է, թե իջնում է հանքահոր։ Շարունակ ներքև ու ներքև։ Հաստլիկ հրեուհին և ինչ֊որ ծերուկ խստությամբ նրան են նայում։ «181 ― 182 ― 183», ― հաշվում է Հորդուբալն ու բղավում․ «Ստո՛պ, ստո՛պ»։ Այլևս տեղ չկա։ Հանքահորն այստեղ վերջանում է։ Սակայն վանդակը սլանում է ներքև ու ներքև, անտանելի շոգ է, ուժ չկա շնչելու։ Նրանք ո՞ւր են գնում։ Երևում է, ուղղակի դժոխք։ Յուրայը բերանով որսում է օդն ու արթնանում։ Լուսանում է։ Պոլանան կանգնած է դռների մեջ ու լարված դիտում է ամուսնուն։
― Ես արդեն լավ եմ, ― շշնջում է Հորդուբալը, և աչքերում քնքշություն է երևում։ ― Մի բարկանա, Պոլանա, ես շուտով վեր կկենամ։
― Պառկիր, ― ասում է Պոլանան ու մոտենում նրան։ ― Ո՞րտեղդ է ցավում։
― Ոչ մի տեղս։ Ամերիկայում էլ է ինձ հետ այսպիսի բան պատահել։ Բժիշկն ասում էր ֆլյու։<ref>flue ― գրիպ (անգլ․)</ref> Ֆլյու։ Երկու օրից կառողջանամ, ոնց որ ձուկ։ Վաղը վեր կկենամ, աղավնյակս։ Լավ հոգս պատճառեցի քեզ, հը՞։
― Բան ուզո՞ւմ ես։
Հորդուբալը գլուխն է շարժում։
― Այսօր իսկապես, թեթևացել եմ։ Այ, լավ կլիներ՝ մի բաժակ ջուր․․․ Ասենք, ես ինքս էլ կարող եմ․․․
― Հիմի կբերեմ։
Պոլանան գնում է։ Հորդուբալն ուղղում է մեջքի տակի բարձերը, շապիկի փեշերն իրար է բերում կրծքի վրա։ Թե չէ Պոլանան կտեսնի այսպիսի խրտվիլակին, մտածում է նա։ Լավ կլիներ լվացվել և սափրել այս խոզի մազը։ Երևի, Պոլանան ուր որ է կգա, ու մինչդեռ ես ջուր կխմեմ, կնստի մահճակալիս վրա։ Յուրայը ետ է քաշվում, որպեսզի մահճակալին տեղ ազատի, ու սպասում է։ Երևում է, մոռացավ ինձ, մտածում է նա։ Գոնե Շտեպանը վերադառնար։ Հենց որ հիմա գա, կասեմ․ «Պոլանա, ինչ ես ասում, միգուցե Մանյային ետ կանչենք, հ ը՞»։
Ներս է մտնում Հաֆյան՝ ջրի բաժակը ձեռքին։ Աղջիկը բերում է այն զգուշությամբ, լարվածությունից փոքրիկ լեզուն դուրս գցած։
― Շնորհակալություն, Հաֆյա, խելոք աղջիկս, ― հառաչում է Հորդուբալը։ ― Քեռի Շտեպանն այստե՞ղ է։
― Չէ։
― Իսկ մայրիկն ի՞նչ է անում։
― Կանգնել է բակում։
Հորդուբալը չգիտի՝ ինչ ասի, նույնիսկ ջուրը մոռացավ։
― Դե, գնա, ― մռմռում է նա, և Հաֆյան թափով դուրս է նետվում։ Յուրայը հանգիստ պառկել ու ականջ է դնում։ Ձիերն ախոռում սմբակներով դոփում են։ Տեսնես, Պոլանան, ջուր տվե՞ց նրանց։ Չէ, հիմա, երևի, խոզերին է ջրում՝ տես, ի՜նչ ճղճղոց են գցել։ Հապա ինչպես, օրվա ընթացքում տանտիրուհին լավ հոգնում է։ Հարկ կլինի Շտեպանին վերադարձնել․․․ Կգնամ Ռիբարի, կասեմ․ «է՛յ դու, թամբալ, գնա ձիերիդ մոտ։ Պոլանան մենակ գլուխ չի հանում։ Հենց երեկոյան էլ կգնամ», ― մտածում է Յուրայը։ Նրա աչքերը մթնում են, և ամեն ինչ չքանում է։
Հաֆյան մտնում է սենյակ, դռան մոտ կուչուձիգ անում ու դուրս է փախչում։ «Քնած է», ― շշնջում է նա մորը։ Պոլանան լռում է, լարված որոճալով իր մտքերը։
Կեսօրին նորից ոտքի մատների վրա խրճիչ է մտնում Հաֆյան։ Հորդուբալը պառկած է, ձեռքերը գլխի տակ, ու նայում է առաստաղին։
― Մայրիկը պատվիրեց հարցնել՝ բան հարկավոր չի՞, ― վրա է տալիս նա։
― Պոլանա, ― ասում է Յուրայը, ― ես կարծում եմ, հարկավոր է Մանյային վերադարձնել։
Հաֆյան տարակուսանքով բացում է բերանը։
― Իսկ ո՞նց եք, թեթևացա՞վ։
― Շնորհակալ եմ, թեթևացավ։
Հաֆյան դուրս է վազում։
― Ասում է, որ լավացել է, ― զեկուցում է նա Պոլանային։
― Բոլորովի՞ն։
― Չեմ իմանում։
Կեսօրից հետո բոլորովին խաղաղվում է։ Հաֆյան չգիտի՝ ինչով զբաղվի։ Մայրը թույլ չի տվել վազվզելու՝ իբր, նստիր տանը, միգուցե տան տերը մի բան կխնդրի։ Հաֆյան արտասանդուղքում տիկնիկ է խաղում, որ Շտեպանն է շինել նրա համար։
― Ոչ մի տեղ չգնաս, ― պատվիրում է նա տիկնիկին։ ― Տան տերը պառկած է, իսկ դու բակը հսկիր։ Ու մի տզզա, թե չէ ծեծ կուտես։
Եվ Հաֆյան ոտքի մատների վրա գնում է տեսնի, թե խրճիթում ի՞նչ կա։ Հորդուբալը նստել է մահճակալին և գլուխն է օրորում։
― Հաֆյա, մայրիկն ի՞նչ է անում։
― Տեղ գնաց։
Հորդուբալը գլխով է անում։
― Ասա նրան, որ Շտեպանին ետ բերի։ Իսկ հովատակին կարող է ետ ստանալ։ Ուզո՞ւմ ես ճագարներ ունենալ։
― Ուզում եմ։
― Ես քեզ համար ճագարների այնպիսի վանդակ կպատրաստեմ, ինչպես մայներ Ենսենն ուներ։ Է՛խ, Պոլանա, Ամերիկայում շատ բաներ կան։ Ամեն ինչ կպահենք։ ― Հորդուբալը գլուխն է օրորում։ ― Հաֆյա, ուզո՞ւմ ես, քեզ տանեմ վերև, մարգագետինները։ Այնտեղ մի այնպիսի զարմանալի գերանակույտ կա, նույնիսկ Միշան չգիտի, թե ինչպես է եղել։ Գնա, գնա, մայրիկին ասա, որ Շտեպանը վերադառնում է։
Հորդուբալն ինչ֊որ բավարարվածություն է զգում։ Նա պառկում է ու աչքերը փակում։ Մութն է, ոնց որ բովանցքում։ Դո՛ւմ֊դո՛ւմ, այդ ինչ֊որ տեղ քլունգով հարվածում են քարին․․․ Ահա Շտեպանը քմծիծաղում է՝ իբր, քարեր են միայն։ Այո, քարեր են։ Հիմարի գլուխ, իսկ դու գիտե՞ս, ինչ ասել է աշխատանք։ Տղամարդու մասին դատում են աշխատանքով։ Այդ ի՞նչ փայտեր են քո բակում, աղավնյակս։ Հարթ ու հավասար ծղաններ։ Իսկ ես մի ժամանակ կոշտուկոշտ քոթուկներ էի ճղում։ Այ, դա տղամարդու գո՜րծ է՝ քոթուկներ ճղել։ Կամ հողի տակից քարեր հանել։
Հորդուբալը գոհ է։ Պոլանա, ես իմ կյանքում քիչ չեմ աշխատել, աստված վկա․ քիչ չեմ աշխատել։ Այդ լավ է։ Հորդուբալը հանգիստ քնում է, ձեռքերը ծալելով կրծքին։
Նա աչքերը բացեց արդեն երեկոյան դեմ, ծանր աղջամուղջն արթնացրեց նրան։
― Հաֆյա, ― ձայն տվեց Հորդուբալը, ― Հաֆյա, որտե՞ղ է Պոլանան։
Լռություն։ Հեռվից զնգոց է լսվում, նախիրները վերադառնում են դաշտից։ Հորդուբալը մահճակալից վեր է թռչում ու վարտիքը քաշում ոտքերը։ Հարկավոր է Կովերի առաջ դարբասը բացել։ Յուրայի գլուխը պտտվում է, ― երևում է՝ երկար պառկելուց։ Նա շոշափելով դուրս է գալիս բակ ու դարբասը բացում։ Գլուխը խշշում է, ծանր է շնչում, սակայն փառք աստծու, հաջողվեց մաքուր օդ դուրս գալ։ Զանգերի ձայնը մոտենում է, ուժեղանում, տարածվում, ինչպես գետ։ Ամեն ինչ լի է այդ զանգերի զնգոցով։ Յուրայն ուզում է ծնկի գալ, բոժոժների խողանջը նրա համար հնչում է իբրև չլսված տոնական մի զանգահարություն։ Գլուխներն օրորելով ծանրումեծ, լիքը կուրծերով բակ են մտնում երկու կով։
Յուրայը հենվում է դարբասին։ Նա իրեն լավ է զգում, հանգիստ, ինչպես աղոթելիս։
Վազելով բակ է մտնում Պոլանան, արագ քայլքից կարմրատակած։
― Յուրայ, արդեն վե՞ր ես կացել, ― բացականչում է Պոլանան։ ― Իսկ ո՞ւր է Հաֆյան։
― Այո, վեր եմ կացել, ― մեղավոր տոնով արդարանում է Հորդուբալը։ ― Ես ինձ արդեն լավ եմ զգում։
― Գնա, գնա պառկիր, ― պնդում է Պոլանան։ ― Էգուց բոլորովին կլավանաս։
― Ինչպես ուզում ես, աղավնյակս, ինչպես ուզում ես, ― հնազանդությամբ ու քաղցրությամբ պատասխանում է Հորդուբալը։ ― Ես քեզ չեմ խանգարի։
Նա փակում է դարբասը, սողնակը գցում ու դանդաղ գնում դեպի խրճիթը։
Երբ նրան ընթրիք են բերում, նա արդեն քնած է։
==Երկրորդ մաս==