|աղբյուր = Կարել Չապեկ
}}
Այսպես ահա, կար֊չկար մի աղքատ մարդ կար։ Նրա անունը, ճիշտն ասած, Ֆրանտիշեկ Կարոլ էր, բայց նրան այդպես էին կոչում միայն այն ժամանակ, երբ պահապանը շրջմոլիկության համար բռնում էր ու տանում ոստիկանատուն։ Այնտեղ նրան գրանցում էին մի հաստ գրքի մեջ ու քնեցնում տախտակամածին, իսկ առավոտյան նորից վռնդում էին։ Հենց այդ ժամանակ էլ ոստիկանները նրան անվանել էին Ֆրանտիշեկ Կարոլ, իսկ մյուս մարդիկ բոլորովին այլ կերպ էին կոչում․ այդ շրջմոլիկը, անբանը, ձրիակերը, քրջոտը, այդ անտունը, այդ ծույլը, այդ կասկածելի անձնավորությունը․ կանչում էին նրան կորած աղքատ, մուրացիկ, տիպ, տկլոր, ինդիվիդ, սուբյեկտ, քնձռոտ, ստահակ, և դեռ էլի շատ ուրիշ անուններով։ Եթե յուրաքանչյուր այդպիսի անվան դիմաց նրան մեկական կրոն տային, վաղուց նա իր համար դեղին կոշիկներ գնած կլիներ, միգուցե հետն էլ նաև գլխարկ։ Բայց առայժմ նա ոչինչ չէր գնել իր համար, և ուներ միայն այն, ինչ մարդիկ տալիս էին։
Ինչպես տեսնում եք, հիշյալ Ֆրանտիշեկ Կարոլը առանձնապես լավ համբավ չուներ, և իսկապես էլ ընդամենը շրջմոլիկի մեկն էր, որն իզուր օդ է կեղտոտում, և բացի աղիքների վրա նվագելուց, ուրիշ ոչինչ չգիտեր։ Իսկ գիտե՞ք, թե աղիքների վրա ինչպես են նվագում։ Այ, այսպես․ եթե մարդ առավոտյան կակաչի ցող անգամ չի դրել բերանը, ճաշել է միայն դես ու դեն նայելով և երեկոյան ատամները դրել է թարեքին, ապա քաղցից փորն սկսում է խլթխլթալ։ Հենց այդ ժամանակ էլ ասում են, որ նա նվագում է աղիքների վրա։
Ֆրանտիշեկ Կարոլն այնպես էր վարպետացել դրանում, որ կարող էր թեկուզ ամբողջ համերգներ տալ և ընդհանրապես, ինչպես ասում են, նա երաժշտական ջիղ ուներ։ Ճշմարիտ է, միայն ջիղ, այլապես խեղճը միս որտեղի՞ց վերցներ։ Մի կտոր հաց էին նետում՝ ուտում էր այն․ վիրավորական խոսք էին նետում՝ նույնպես կուլ էր տալիս, այնքան որ խիստ քաղցած էր։ Իսկ երբ ոչինչ չէր ճարում, պառկում էր որևէ ցանկապատի տակ, ծածկվում գիշերային խավարով և խնդրում էր աստղերին հետևել, որպեսզի քնած ժամանակ ոչ ոք գլխարկը չգողանա։
Այդպիսի շրջմոլիկը որոշ բաներ գիտի կյանքի մասին, գիտի, թե որտեղ կկերակրեն իրեն, իսկ որտեղ կհյուրասիրեն միայն հայհոյանքով, գիտի, թե որտեղ կատաղած շներ կան, որոնք ոստիկաններից էլ լավ են ատամ սրում շրջմոլիկների վրա։ Բայց ահա պատմեմ ձեզ մի շան մասին, ո՞նց էր անունը․․․ հա, Ֆոքսլ։ Հիմի այդ խեղճն արդեն այն աշխարհում է։ Այսպես, ուրեմն, այդ Ֆոքսլը ծառայում էր Խիժի ամրոցում և այնպիսի տարօրինակ սովորություն ուներ, որ հենց մի շրջմոլիկ էր տեսնում, ուրախությունից ճղղում էր, պարում նրա շուրջը և առաջնորդում ուղիղ տերերի խոհանոցը։ Բայց ահա, երբ ամրոց էր գալիս մի ծանրակշիռ աղա, ― ասենք բարոն, կոմս, իշխան կամ թեկուզ և Պրագայի արքեպիսկոպոսը, ― ապա այդ Ֆոքսլը հաչում էր նրա վրա, ոնց որ կատաղած, և անպայման խածում, թե որ կառապանը նրան փակած չէր լինում ախոռում․․․ Ինչպես տեսնում եք, շներն էլ մարդկանց նման տարբեր տեսակ են լինում։
Ի դեպ, քանի որ արդեն խոսք բացվեց շների մասին, տղաներ, գիտե՞ք արդյոք, թե ինչու է շունը պոչը շարժում։
Այսպես է եղել։ Աշխարհն ստեղծելուց հետո, արարիչն իր ստեղծած մի էակից անցնում է մյուսին ու հարցնում, թե լա՞վ է աշխարհում ապրելը, ամեն ինչից գո՞հ է և ուրիշ այսպիսի բաներ։ Դե, հերթը հասնում է նաև առաջին շանը։ Արարիչը հարցնում է նրան, թե արդյոք ամեն ինչից գո՞հ է և ուրիշ բան չի՞ ուզում։ Շունն ուզում է գլուխը շարժել, իբրև թե՝ տերն ընդ ձեզ, ինձ ոչինչ էլ հարկավոր չէ, բայց քանի որ հենց այդ ժամին ինչ֊որ խիստ հետաքրքրական բան էր լսում, ապա սխալմամբ պոչն է շարժում։ Այդ օրվանից շունը շարժում է պոչը, չնայած մյուս կենդանիները, ― ասենք ձին և կովը, մարդու նման կարողանում են գլխով անել։ Միայն խոզը չի կարողանում ոչ օրորել գլուխը, ոչ էլ շարժել, և այդ այն պատճառով, որ երբ տերը նրան հարցնում է, թե արդյոք ամեն ինչից գո՞հ է լույս աշխարհում, նա շարունակում է դնչով գետինը փորել, խոզակաղին ուտել և միայն անհամբերությամբ պոչիկն է ցնցում, ասես կամենալով ասել․ «Ներեցեք, մի րոպե, հիմի ես ժամանակ չունեմ»։ Այդ օրվանից խոզը շարունակ ցնցում է պոչիկը, և ի պատիժ այդ բանի մինչև հիմա էլ նրա պոչիկն ուտում են մանանեխով կամ ծովաբողկով, որպեսզի մահվանից հետո էլ խոզը դաղվի։ Աշխարհի ստեղծումից ի վեր այդպես է կարգը․․․
Բայց ախր ես այսօր ուզում էի պատմել ոչ այդ մասին, այլ այն շրջմոլիկի, որի անունն է Ֆրանտիշեկ Կարոլ։ Դե, մեր շրջմոլիկը համարյա ամբողջ աշխարհը ոտքի տակ տվեց, եղավ նույնիսկ Տրուտնովում, Կրալով Հրադցում, Սկալիցեում, իսկ վերջում նույնիսկ Վոգոլովում, Մարշովում և ուրիշ հեռու երկրներում․․․ Մի ժամանակ նա աշխատում էր պապիս մոտ, Ժեռնովցեում, բայց հո գիտեք, շրջմոլիկը շրջմոլիկ է․ շուտով նա առավ իր մաղախն ու շարունակեց ճամփան ոչ այն է դեպի Ստարկոչե, ոչ այն է դեպի աշխարհի ծայրը, և նորից նրա հետքը չքացավ։ Այդպես էր նա, խիստ անհանգիստ բնավորություն ուներ։
Ես արդեն ասել եմ ձեզ, որ մարդիկ նրան կոչում էին թափառաշրջիկ, փուչ և ուրիշ ամեն տեսակ խոսքերով, իսկ ուրիշները՝ նույնիսկ գող, խարդախ կամ ավազակ, բայց իզուր էին վիրավորում նրան․ Ֆրանտիշեկ Կարոլը երբեք որևէ մեկից մի բան չէր վերցրել, չէր գողացել ու չէր թռցրել։ Հավատացեք ինձ, նույնիսկ կոճի թել չէր թռցրել։ Եվ քանի որ նա այդպես ազնիվ էր, վերջ ի վերջո մեծ պատվի արժանացավ։ Ահա հենց այդ մասին էլ ուզում եմ պատմել ձեզ։
Մի անգամ այդ շրջմոլիկ Ֆրանտիշեկը կանգնել էր Պոդմեստեչկայի մոտ, խաչմերուկում, և մտածում էր՝ գնալ Վիլչեկների մոտ բուլկի խնդրելու, թե՞ ծեր պան Պրոուզի մոտ՝ պոզաբուլկի։ Մեկ էլ այդ րոպեին նրա մոտով անցավ կոտելոկ ծածկած ինչ֊որ պարոն, տեսքից դատելով՝ իսկը օտարերկրյա տուրիստ, չափազանց ծանրակշիռ, ձեռքին մի փոքրիկ ճամպրուկ։ Հանկարծ որտեղից որտեղ քամի բարձրացավ, այդ պանի գլխից կոտելոկը թռցրեց ու սկսեց գլորել ճամփով։
― Մի րոպե պահես, եղբայր, ― ձայն տվեց պարոնը և ճամպրուկը հանձնեց շրջմոլիկ Ֆրանտիշեկին։
Ֆրանտիշեկը բերանն էլ չէր բացել, իսկ անծանոթն արդեն սլանում էր իր կոտելոկի ետևից, այնպես որ փոշին երկինք էր բարձրանում։
Կանգնել էր Ֆրանտիշեկ Կարոլը ճամպրուկը ձեռքին ու սպասում էր, թե տերը երբ կվերադառնա։ Սպասեց կես ժամ, մեկ ժամ, իսկ տերը չկար ու չկար։ Ֆրանտիշեկը վախենում էր նույնիսկ վազել հացի․ մեկ էլ տեսար իրար չպատահեցին, երբ անծանոթը վերադառնալիս լինի ճամպրուկի հետևից։ Սպասեց երկու ժամ, երեք ժամ, և որպեսզի չձանձրանա, սկսեց աղիքների վրա նվագել։
Մարդը չկար ու չկար, մինչդեռ գիշերն արդեն վրա էր հասնում։ Երկնքում թարթում էին աստղերը։ Ամբողջ քաղաքը քնել էր, կոլոլված, ինչպես կատուն վառարանի վրա, միայն չէր մռմռում՝ այնքան որ քաղցր քնի մեջ էր։ Իսկ խեղճ շրջմոլիկ Ֆրանտիշեկը դեռ ցցվել էր սյան պես, մրսում էր, նայում աստղերին ու սպասում, թե անծանոթը երբ պիտի վերադառնար։
Ուղիղ կեսգիշերը զարկեց, երբ նա հանկարծ լսեց մի զարհուրելի ձայն․
― Դուք այստեղ ի՞նչ եք անում։
― Սպասում եմ մի անծանոթի, ― ասաց Ֆրանտիշեկը։
― Իսկ ձեռքիդ ի՞նչ է, ― հետաքրքրվեց զարհուրելի ձայնը։
― Սա այն մարդու ճամպրուկն է, ― ասաց շրջմոլիկը։ ― Նա պատվիրեց պահել, մինչև որ ինքը վերադառնա։
― Իսկ ո՞ւր է այդ մարդը, ― երրորդ անգամ հարցրեց զարհուրելի ձայնը։
― Նա վազեց իր գլխարկի ետևից, ― պատասխանեց Ֆրանտիշեկը։
― Օհո՜, ― ասաց ձայնը։ ― Դա կասկածելի է, հետևեցեք ինձ։
― Ոնց կարելի է, ― փորձեց առարկել շրջմոլիկը։ ― Ես պիտի այստեղ սպասեմ։
― Օրենքի անունով դուք ձեբակալված եք, ― թնդաց ահեղ ձայնը, և այստեղ միայն Ֆրանտիշեկ Կարոլը հասկացավ, որ դա ինքը պան Բոուրան էր, պահապանը, և նրա հետ վիճելն ավելորդ էր։
Նա ծոծրակը քորեց, հառաչեց ու պան Բոուրայի ետևից գնաց ոստիկանատուն։ Այնտեղ նրան արձանագրեցին հաստ գրքի մեջ ու փակեցին ցուրտ սենյակում, ճամպրուկն էլ ձեռքից առան, մինչև պան դատավորի գալը։
Առավոտյան շրջմոլիկին բերին կանգնեցրին պան դատավորի առաջ։ Իսկ դա, եթե չեմ սխալվում, պան խորհրդական Շուլցն էր։ Հիմի արդեն նա ևս այն աշխարհում է, որտեղ ոչ մի վիշտ ու դառնություն չկա։
― Ա՛խ դու, անբան, անպետք, ձրիակեր, ― ասաց դատավորը, ― դու նորի՞ց այստեղ ես։ Ախր ընդամենը մեկ ամիս էլ չկա, որ մենք քեզ նստեցրել էինք շրջմոլիկության համար։ Աստված իմ, համա՜ թե փորձանք ես գլխիս, եղբայր։ Դե, իսկ հիմա՞ ինչի համար են քեզ վերցրել։ Թրևելո՞ւ համար։
― Դե ոչ, պան դատավոր, ― պատասխանեց շրջմոլիկ Ֆրանտիշեկը։ ― Հիմի էլ պան Բոուրան ինձ վերցրեց մի տեղում կանգնած լինելու համար։
― Այ, տեսնո՞ւմ ես, շրջմոլիկի մեկը, ― ասաց պան դատավորը, ― իսկ ինչո՞ւ էիր կանգնում։ Եթե չկանգնեիր, չէին էլ վերցնի։ Բայց ես լսել եմ, որ քեզ մոտ ինչ֊որ ճամպրուկ են գտել։ Այդ ճի՞շտ է։
― Ներեցեք, ձերդ ողորմածություն, ― ասաց շրջմոլիկը, ― այդ ճամպրուկն ինձ տվեց մի անծանոթ մարդ։
― Հո՛֊հո՛, ― բացականչեց պան դատավորը։ ― Ես գիտեմ այդ անծանոթ մարդուն։ Երբ դուք, գողերդ, մի բան եք թռցնում, միշտ էլ ասում եք, թե դա մի անծանոթ մարդ է տվել ձեզ։ Մեզ, եղբայրս, խաբել չես կարող։ Իսկ ճամպրուկի մեջ ի՞նչ կա։
― Գետինը մտնեմ, թե գիտեմ, ― ասաց շրջմոլիկ Ֆրանտիշեկը։
― Ախ դու, ստահակ, ― ասաց դատավորը։ ― Այդ դեպքում հիմա մենք ինքներս կտեսնենք։
Պան դատավորը բաց արավ ճամպրուկը և զարմանքից վեր թռավ։ Ճամպրուկը բերնեբերան ճխտված էր դրամով։ Եվ երբ դատավորը հաշվեց այն, պարզվեց, որ այնտեղ կար մեկ միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր տասնհինգ կրոն, իննսուներկու գելլեր, դրան ավելացրած նաև մի ատամի խոզանակ։
― Գրո՛ղը քեզ տանի, ― բղավեց պան դատավորը, ― որտեղի՞ց ես դու այս բոլորը գողացել։
― Ի սեր աստծու, պան դատավոր, ― պատասխանեց Ֆրանտիշեկ Կարոլը։ ― Ճամպրուկն ինձ տվեց պահելու մի անծանոթ մարդ, որը վազում էր իր գլխարկի ետևից։ Գլխարկը քամին էր նրա գլխից թռցրել։
― Ախ դու, սրիկա՛, ― աղաղակեց պան դատավորը։ ― Կարծում ես, թե մենք քեզ կհավատա՞նք։ Կուզենայի տեսնել, թե ով քեզ նման քնձռոտին մեկ միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր տասնհինգ կրոն, իննսուներկու գելլերի մի գումար կվստահի, դրան ավելացրած նաև մի ատամի խոզանակ․․․ Մա՛րշ դեպի ցուրտ առանձնախուցը։ Հանգիստ կաց, մենք կպարզենք, թե դու այդ ճամպրուկն ումից ես գողացել։
Այդպես պատահեց, որ խեղճ Ֆրանտիշեկին երկա՜ր֊երկար ժամանակով փակեցին ցուրտ առանձնախցում։
Անցավ ձմեռը, գարունն էլ անցավ, բայց դեռ ոչ ոքի չգտան, որը հայտարարեր այդ փողերը կորցնելու մասին։ Եվ ահա պան խորհրդական Շուլցը, պան պահապան Բոուրան և դատարանի ու ոստիկանության մյուս պաները սկսեցին արդեն մտածել, որ Ֆրանտիշեկ Կարոլը, առանց որոշակի զբաղմունքի ու մշտական բնակավայրի մի շրջմոլիկ, որը բազմաթիվ անգամներ ենթարկվել է դատական պատասխանատվության և ընդհանրապես տկլորի մեկն է, որևէ տեղ սպանել ու թաղել է մի անհայտ մարդու, հափշտակելով նրանից դրամով լի ճամպրուկը։
Եվ այսպես, երբ անցավ ուղիղ մեկ տարի ու մի օր, Ֆրանտիշեկ Կարոլը նորից կանգնեց դատարանի առաջ, մեղադրվելով անծանոթ մարդու սպանութնայն և մեկ միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր տասնհինգ կրոն, իննսուներկու գելլեր ու մի ատամի խոզանակ հափշտակելու մեջ։
Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, տղաներ, փորձանք է․ ախր այդպիսի բանի համար պարան է նախատեսվում։
Է՛յ, դո՜ւ, սրիկա՛, չարագո՛րծ, ավազա՛կ, ― ասաց պան դատավորը մեղադրյալին, ― ավելի լալ է՝ ամեն ինչ խոստովանես, քեզ համար կախվելն ավելի հեշտ կլինի։
― Բայց ախր ես նրան չեմ սպանել, ― պաշտպանվում էր խեղճ Ֆրանտիշեկը։ ― Նա միայն վազեց գլխարկի ետևից, ու մեկ էլ տեսնեմ՝ հետքը կորավ։ Նա թռչում էր, ոնց որ դերձակը դեպի տոնավաճառ գնալիս, իսկ այդ ճամպրուկը ինքը տվեց իմ ձեռքը։
― Դե, ― հառաչեց պան դատավորը, ― եթե դու այդպես ես ուզում, մենք քեզ կկախենք նաև առանց խոստովանության․․․ Պան Բոուրա, հապա, աստծու օգնությամբ կախեցեք այս մոլի չարագործին։
Նա դեռ խոսքը չէր ավարտել, երբ դռները կրնկի վրա բացվեցին ու նրանց միջև երևաց ինչ֊որ անծանոթ պարոն, որ ամբողջովին կորել էր փոշու մեջ և շնչասպառ էր լինում։
― Վերջապե՛ս, գտնվե՜ց, ― վրա տվեց նա։
― Ո՞վ գտնվեց, ― խիստ ձայնով հարցրեց դատավորը։
― Իմ կոտելոկը, ― ասաց անծանոթը։ ― Համա՜ թե իրարանցում եղավ, բարի մարդիկ․․․ Պատկերացնո՞ւմ եք, մի տարի սրանից առաջ անցնում էի Պոդմեստեչկայի մոտով ու մեկ էլ հանկարծ քամին կոտելոկը գլխիցս թռցրեց։ Ճամպրուկս նետեցի չգիտեմ ում և սլացա կոտելոկիս ետևից։ Իսկ այդ սրիկան կամուրջով գլորվեց դեպի Սիխրով, Սիխրովից՝ Զալեսյե, էնտեղից՝ Ոտինյա, անցավ Կոստելցեի միջով դեպի Զբենչիկ, անցավ ամբողջ Հրոնովի և Նահոդայի միջով, իսկ էնտեղից՝ ուղիղ դեպի սահմանը։ Ես քայլ առ քայլ հետապնդում էի նրան, էն է հա՜ պիտի բռնեի, բայց սահմանի վրա, մաքսային ծառայողը ուշացրեց ինձ՝ իբրև թե՝ այդպես ո՞ւր եմ շտապում․․․ Ասացի՝ գլխարկիս ետևից։ Դեռ ինչպես հարկն է ամեն ինչ չէի բացատրել նրան, որ կոտելոկիս հետքը կորավ։ Դե, գիշերեցի այնտեղ և առավոտյան վառվածի պես նորից ընկա կոտելոկի ետևից դեպի Լևին և Հուդոբա, որտեց էդ հոտած ջուրն է․․․
― Սպասեցեք, ― ընդհատեց նրան պան դատավորը։ ― Այստեղ դատավարություն է և ոչ թե աշխարհագրության ինչ֊որ դասախոսություն։
― Դե, ես ձեզ բոլորովին համառոտ կպատմեմ, ― ասաց անծանոթը։ ― Հուդոբայում իմացա, որ կոտելոկն այնտեղ խմել էր մի բաժակ ջուր, իր համար ձեռնափայտ էր գնել, հետո նստել էր գնացքը ու մեկնել Սվիդնիցե։ Դե, պարզ է, ես էլ նրա ետևից։ Սվիդնիցեում այդ խարդախ֊կոտելոկը գիշերել էր հյուրանոցում և, ոչ մի կոպեկ չվճարելով, նորից մեկնել էր անհայտ է թե ուր․․․ Հարցուփորձ արի և իմացա, որ նա զբոսնում է Կրակովում և, ― թող դափ֊դատարկ նստի, ― պատրաստվում է ամուսնանալ մի այրու հետ։ Ստիպված էի նրա ետևից Կրակով գնալ։
― Իսկ ինչո՞ւ էիր այդպես չափ ընկել նրա ետևից, ― հարցրեց պան դատավորը։
―Դե, ― ասաց անծանոթը, ― կոտելոկը դեռ ոնց որ բոլորովին նոփ֊նոր լիներ, բացի դրանից, ժապավենի տակ ես դրել էի Սվատոնովիցից մինչև Ստարկոչև վերադարձի տոմսը։ Հենց այդ տոմսն էլ պետք էր ինձ, պան խորհրդական։
― Ա֊ա՜, ― ասաց պան դատավորը, ― այդ դեպքում հասկանալի է։
― Հապա՛, ― ասաց անծանոթը, ― հո նորից տոմս չէի՜ առնելու․․․ Հա, որտե՞ղ կանգ առա։ Հիշեցի, պիտի գնայի Կրակով։ Լավ։ Ժամանեցի, ուրեմն, այնտեղ, իսկ կոտելոկը առաջին կարգի վագոնով մեկնել էր Վարշավա և ներկայացել իբրև դիվանագետ։ Դե, ի՞նչ կասեք, մի՞թե սրիկա չի սա․․․
― Խայտառակությո՛ւն, ― բացականչեց պան դատավորը։
― Ես այդպես էլ հայտնեցի ոստիկանություն, ― շարունակեց անծանոթը, ― և հեռագրեցի Վարշավա, որպեսզի նրան կալանքի տակ առնեն։ Սակայն բանից պարզվեց, որ կմ կոտելոկն իր համար մուշտակ էր գնել, ― մտնում էինք ձմեռ, ― բեղեր թողել ու մեկնել էր Արևելք։ Ես էլ, ինքնին հասկանալի է, նրա ետևից։ Իրկուտսկում աչքից կորցրի նրան։ Վերջապես Բլագովեշչենսկում հասա այդ սրիկային, բայց նա, այդ ստահակը, նորից ծլկեց ինձանից և, գլորվելով ամբողջ Մանջուրիայի միջով, հասավ Չինական ծով։ Հենց ծովափին էլ ես հասա նրան՝ նա ջրից վախենում է։
― Եվ ճանկեցի՞ք, ― հարցրեց պան դատավորը։
― Ո՜ւր, ― ասաց անծանոթը։ ― Ես արդեն ծովափով վազում էի նրա ետևից, երբ հանկարծ քամին փոխեց ուղղությունը, և կոտելոկը նորից գլորվեց, այս անգամ դեպի արևմուտք։ Ես՝ նրա ետևից։ Եվ պատկերացնում եք, մենք այդպես կտրեցինք֊անցանք ողջ Չինաստանը, հետո հետո ողջ Թուրքեստանը, մեկ՝ ոտքով, մեկ՝ պալանկինով, մեկ ձիով, մեկ՝ ուղտերով, մինչև որ, վերջապես, Տաշքենդում նա նստեց գնացք ու նորից մեկնեց Օրենբուրգ։ Այնտեղից՝ Խարկով, Օդեսա, այդտեղից էլ՝ Հունգարիա, հետո շուռ տվեց դեպի Օլոմոուց, Չեխական Տրշեբով, Տինիշոտա և, վերջապես, նորից այստեղ։ Եվ ահա այստեղ, հրապարակում, հինգ րոպե առաջ ես բռնեցի նրան, երբ նա պատրաստվում էր մտնել պանդոկ։ Սիրտը մեջը լցրած տաքդեղ էր ուզել․․․ Ահա նա, աղավնյակս։
Այդ խոսքի հետ նա ցույց տվեց իր կոտելոկը։ Ճիշտ է, կոտելոկը բոլորովին քրքրված էր, բայց ընդհանուր առմամբ ոչ ոք չէր ասի, թե այդպիսի հանդուգն զբոսասերն է։
― Իսկ հիմի տեսնենք, թե արդյոք անվնա՞ս է մնացել Սվատոնովիցիից Ստարկոչե իմ վերադարձի տոմսը, ― ասաց անծանոթը։
Նա ժապավենի ծալն ուղղեց ու հանեց տոմսը։
― Այստե՜ղ է, ― հաղթականորեն բացականչեց նա։ ― Դե, նշանակում է, հիմա ես անվճար կվերադառնամ Ստարկոչե։
― Սիրելիդ իմ, ― ասաց պան դատավորը, ― բայց ախր ձեր տոմսն արդեն կորել է։
― Ո՞նց թե կորել է, ― վախեցած հարցրեց անծանոթը։
― Դե, ախր վերադարձի տոմսը ուժի մեջ է միայն երեք օր, իսկ ձերի վրա անցել է ամբողջ մեկ տարի ու մի օր։ Այնպես որ, սիրելիս, նա արդեն ուժի մեջ չէ։
― Թո՛ւ, գրո՜ղը տանի, ― ասաց անծանոթը, ― այդ բանն իմ մտքով անգամ չէր անցել։ Հիմա ստիպված պիտի լինեմ նոր տոմս առնել, իսկ գրպանումս մի գրոշ անգամ չունեմ․․․ ― Անծանոթը ծոծրակը քորեց։ ― Սպասեք, ախր երբ ես ընկա կոտելոկի ետևից, ճամպրուկս փողերով հանդերձ պահ տվի ինչ֊որ մարդու։
― Ինչքա՞ն փող կար նրա մեջ, ― արագ հարցրեց պան դատավորը։
― Եթե չեմ սխալվում, ― պատասխանեց անծանոթը, ― այնտեղ կար մեկ միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր տասնհինգ կրոն, իննսուներկու գելլեր և, բացի դրանից, մի ատամի խոզանակ։
― Կոպեկ առ կոպե՜կ, ― հաստատեց պան դատավորը։ ― Ահա, ուրեմն, ճամպրուկը մեզ մոտ է՝ բոլոր փողերով ու ատամի խոզանակով հանդերձ։ Իսկ ահա կանգնած է այն մարդը, որին դուք պահ էիք տվել ձեր ճամպրուկը։ Սրան կոչում են Ֆրանտիշեկ Կարոլ և, խոստովանանք լինի, ես, ինչպես և պան Բոուրան, մահվան էինք դատապարտել նրան՝ ձեզ կողոպտելու և սպանելու համար։
― Ի՜նչ եք ասում, ― զարմացավ անծանոթը։ ― Ուրեմն, դուք այս խեղճին բռնել էիք։ Դե լավ, որ գոնե փողերը պահպանվել են, թե չէ սա բոլորը ծախսած֊մսխած կլիներ։
Այստեղ պան դատավորը տեղից բարձրացավ և հանդիսավոր կերպով բարբառեց․
― Այդպես, ուրեմն, պարոնայք, դատարանի կողմից հաստատված է, որ Ֆրանտիշեկ Կարոլը իր մոտ թողնված փողերից չի գողացել, չի յուրացրել, չի գրպանել, այլև չի հափշտակել ոչ մի կոպեկ, ոչ մի գրոշ, ոչ մի քառորդ կոպեկ, այսինքն՝ ոչ մի կաթիլ, ոչ մի փշեհատիկ, և ոչ մի փշրանք, չնայած ինչպես հետո պարզվեց, ինքը փող չի ունեցել ոչ հացի, ոչ կալաչի, ոչ բուբլիկի, ոչ խտաբլիթի, հավասարապես և ամոքաբլիթի, պաքսիմատի կամ ուրիշ կերակրի ու սննդամթերքների համար, որոնք կոչվում են նաև հացաթխվածքներ, լատիներեն՝ ceralia: Ելնելով շարադրվածից, դատարանը հայտարարում է, որ Կարոլ Ֆրանտիշեկը մեղավոր չէ սպանության մեջ, լատիներեն՝ honlcide, մեղավոր չէ մեռցնելու, մահափորձ կատարելու, կողոպուտի, բռնության, գողության և ընդհանրապես մութ գործեր ձեռնարկելու մեջ։ Ընդհակառակը, նա օր ու գիշեր մեխվածի նման կանգնել է միևնույն տեղում, որպեսզի պատվով ու ազնվությամբ տիրոջը վերադարձնի մեկ միլիոն երեք հարյուր վաթսունյոթ հազար ութ հարյուր տասնհինգ կրոն իննսուներկու գելլերը և ատամի խոզանակը։ Վերևում շարադրվածի հիման վրա սույն Կարոլ Ֆրանտիշեկին հայտարարում եմ կասկածներից արդարացված և ազատ, ամե՛ն․․․ Սատանան տանի, տղե՛րք, իմ լեզուն հարմար է քաշ արած, այնպես չէ՞։
― Հիանալի է, հիանալի, ― ասաց անծանոթը։ ― Հիմա անհրաժեշտ է խոսքը տալ այս ազնիվ շրջմոլիկին։
― Իսկ ես ի՞նչ կարող եմ ասել, ― համեստորեն խոսեց Ֆրանտիշեկ Կարոլը։ ― Կյանքումս ուրիշի ապրանքը չեմ վերցրել․ նույնիսկ գետնին ընկած խնձորը վեր չեմ առել։ Էսպես է իմ բնավորությունը։
― Դե, եղբայր, ― ասաց անծանոթը, ― այդ դեպքում դու շրջմոլիկների և բոլոր մնացած մարդկանց մեջ պարզապես սպիտակ ագռավ ես։
― Ես էլ նույնը կասեմ, ― ավելացրեց պան պահապան Բոուրան, որը, ինչպես դուք էլ անշուշտ նկատեցիք, մինչև այս րոպեն բերանը չէր բացել։
Այսպես ահա, Ֆրանտիշեկ Կարոլը նորից ազատության մեջ էր։ Այն անծանոթ մարդը, իբրև պարգև ազնվության, այնքան փող տվեց նրան, որպեսզի Ֆրանտիշեկը իր համար կարողանար գնել մի տուն, տան համար՝ սեղան, սեղանի համար՝ ափսե, ափսեի մեջ՝ մի բաժին տապակած երշիկ։
Բայց քանի որ Ֆրանտիշեկ Կարոլի գրպանը ծակ էր, նա այդ փողերը կորցրեց և նորից մնաց դափ֊դատարկ։ Եվ նորից գնաց ուր աչքը կկտրի, ճամփին նվագելով աղիքների վրա ու շարունակ միտք անելով, թե ինչո՞ւ իրեն սպիտակ ագռավ անվանեցին։
Գիշերը նա պատսպարվեց մի դատարկ պահատնակում ու քնեց արջամկան պես, իսկ երբ առավոտյան գլուխը դուրս հանեց, արևը վառ լուսավորում էր, ամբողջ աշխարհը լվացվել էր թարմ ցողով, իսկ պահատնակի առջև, ցանկապատին, նստել էր, ― ինչ եք կարծում՝ ո՞վ, ― մի սպիտակ ագռավ։ Ֆրանտիշեկն իր օրում սպիտակ ագռավ չէր տեսել, ուստի աչքերն այնպես չռեց նրա վրա, որ մոռացավ նույնիսկ շունչ քաշել։ Ագռավն ամբողջովին սպիտակ֊սպիտա՜կ էր, ինչպես նոր նստած ձյուն, աչքերը կարմիր էին, ինչպես սուտակ, իսկ ոտքերը՝ վարդագույն․ նա կանգնած, կտուցով իր փետուրներն էր մաքրում։ Ֆրանտիշեկին տեսնելով, նա թևերը բացեց, ասես պատրաստվելով թռչել, բայց մնաց տեղում և սուտակե աչքով անվստահորեն նայեց շրջմոլիկի գզգզված մազերին։
― Է՛յ, դու, ― հանկարծ խոսեց նա, ― հո քար չե՞ս նետի ինձ վրա։
― Չէ, ― ասաց Ֆրանտիշեկը և նոր միայն զարմացավ, որ ագռավը խոսում է։ ― Աստվա՜ծ իմ, էդ ինչ է, դու խոսե՞լ գիտես։
― Պա՛հ, էլ ոնց կլիներ, մեծ բա՜ն, ― ասաց ագռավը։ ― Մենք, բոլոր սպիտակ ագռավներս էլ կարողանում ենք խոսել։ Այդ գորշ ագռավներն է, որ կռավում են, իսկ ես ինչ որ ուզես՝ կասեմ։
― Ի՜նչ ես ասում, ― զարմացավ Ֆրանտիշեկը։ ― Դե, հապա մի ասա «ծորակ»։
― Ծորակ, ― ասաց ագռավը։
― Այդ դեպքում ասա «կարկուտ», ― պահանջեց Ֆրանտիշեկը։
― Կարկուտ, ― կրկնեց ագռավը։ ― Հիմա տեսնո՞ւմ ես, որ ես կարողանում եմ խոսել։ Մենք, սպիտակ ագռավներս, քեզ համար ինչ֊որ չնչին արարածներ չենք։ Սովորական ագռավը կարող է միայն մինչև հինգը հաշվել, իսկ սպիտակ ագռավը․․․ մինչև յոթը։ Ինքդ տես․ մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ։ Իսկ դու մինչև քանի՞սը կարող ես հաշվել։
― Դե, ասենք, մինչև տասը, ― պատասխանեց Ֆրանտիշեկը։
― Չի՜ կարող պատահել։ Հապա, հաշվիր։
― Թեկուզ այսպես․ ինն արհեստ, տասներորդը՝ կարիք։
― Աստվա՜ծ իմ, ― բացականչեց սպիտակ ագռավը, ― ինչպես երևում է, դու հասարակ թռչուն չես։ Մենք, սպիտակ ագռավներս, նույնպես հասարակ թռչուններ չենք։ Երևի, տեսել ես, եկեղեցիներում մեծ֊մեծ թռչուններ են նկարված լինում՝ սագի֊սպիտակ թևերով ոը մարդկային կտուցներով։
― Ա֊ա՜, ― ասաց Ֆրանտիշեկը, ― էդ դու, երևի, հրեշտակների մասին ես ասում։
― Այո, ― համաձայնեց ագռավը։ ― Հասկանում ես, դրանք ըստ էության սպիտակ ագռավներ են, միայն թե շատ քչերն են իրենց աչքով տեսել։ Մենք, սիրելիս, թվով շատ քիչ ենք։
― Քեզ ճիշտն ասեմ, ― պատասխանեց Ֆրանտիշեկը, ― ախր ես ինքս էլ եմ սպիտակ ագռավ։
― Չէ՜, ― թերահավատությամբ ծոր տվեց սպիտակ ագռավը։ ― Դու այնքան էլ սպիտակ չես։ Իսկ որտեղի՞ց գիտես, որ դու սպիտակ ագռավ ես։
― Երեկ այդ բանն ինձ ասացին դատարանի պան խորհրդական Շուլցը, մի անծանոթ մարդ և պան պահապան Բոուրան։
― Ասացե՜ք խնդրեմ, ― զարմացավ սպիտակ ագռավը։ ― Իսկ քո անունն ի՞նչ է։
― Ինձ պարզապես կանչում են Ֆրանտիշեկ Կարոլ, ― քաշվելով պատասխանեց շրջմոլիկը։
― Կարո՞լ։ Դու թագավո՞ր ես, ― բացականչեց ագռավը։ ― Հերիք փչես։ Այդպիսի քրջոտ թագավորներ չեն լինում։
― Ոզում ես հավատա, ուզում ես չէ, ― ասաց շրջմոլիկը, ― իսկ ես ճիշտ որ Կարոլ եմ։
― Իսկ ո՞ր երկրում ես թագավոր, ― հարցրեց ագռավը։
― Բոլոր տեղերում։ Այստեղ էլ ես Կարոլ եմ։ Սկալիցեում էլ, Տրուտնովում էլ․․․
― Իսկ անգլիական հողո՞ւմ։
― Անգլիայում էլ Կարոլ կլինեի։
― Իսկ ահա Ֆրանսիայում չես լինի։
― Ֆրանսիայում նույնպես։ Ամեն տեղ էլ ես Կարոլ Ֆրանտիշեկ կլինեմ։
― Այդպես չի կարող պատահել, ― չէր հավատում ագռավը։ ― Ասա՝ քոռանամ, թե սուտ եմ ասում։
― Քոռանամ, թե սուտ եմ ասում, ― երդվեց Ֆրանտիշեկը։
― Ասա՝ տեղնուտեղը գետնի տակն անցնեմ, ― պահանջեց սպիտակ ագռավը։
― Թե որ սուտ եմ ասում, տեղնուտեղը գետնի տակն անցնեմ, ― երդվեց Ֆրանտիշեկը։ ― Թող լեզուս չորանա․․․
― Դե լավ, հավատում եմ, ― ընդհատեց նրան սպիտակ ագռավը։ ― Իսկ սպիտակ ագռավների մոտ է՞լ կարող ես թագավոր լինել։
― Սպիտակ ագռավների մոտ էլ Ֆրանտիշեկ Կարոլ կլինեի, ― հավատացրեց նրան Ֆրանտիշեկ Կարոլը։
― Սպասիր, ― խոսեց ագռավը, ― հենց այսօր Կրահորկիում մեր հավաքն է, որտեղ բոլոր ագռավների թագավոր ենք ընտրելու։ Ագռավների թագավորը միշտ էլ սպիտակ ագռավ է լինում։ Իսկ քանի որ դու սպիտակ ագռավ ես, ու ամեն տեղ էլ թագավոր, ապա, միգուցե, մենք էլ հենց քեզ ընտրենք։ Գիտես ինչ, դու մինչև ճաշ այստեղ սպասիր, իսկ ես ճաշին կթռչեմ֊կգամ պատմելու, թե մեր ընտրություններն ինչպես անցան։
― Ինչ կա որ, կսպասեմ, ― համաձայնեց Ֆրանտիշեկ Կարոլը։
Սպիտակ ագռավը տարածեց իր սպիտակ թևերը և ― ֆը՜ռ, ― անհետացավ։ Նա թռավ դեպի Կիահորկի։
Ֆրանտիշեկն սկսեց սպասել նրան ու տաքանալ արևի տակ։
Տղաներ, ինչպես գիտեք, ընտրությունները շաղակրատանք շատ են սիրում, ուստի սպիտակ ագռավներն էլ Կրահորկիում, երկա՜ր֊երկար վիճում էին, դատում ու դատափետում, ոչ մի կերպ չկարողանալով համաձայնության գալ, թե ում ընտրեն, մինչև որ վերջապես Սիրհովսկու ֆաբրիկայի շչակն ազդարարեց ճաշի ժամը։ Միայն այդ ժամանակ ագռավներն անցան թագավորի ընտրության և վերջ ի վերջո միահամուռ կերպով Կարոլ Ֆրանտիշեկին ընտրեցին բոլոր սպիտակ ագռավների թագավոր։
Բայց Ֆրանտիշեկ Կարոլը ձանձրացավ սպասելուց, ավելի ևս՝ քաղցից։ Ճաշի ժամին նա վեր կացավ ու քայլերն ուղղեց դեպի Հրոնովո, իմ ջրաղացպան պապի մոտ՝ մի կտոր թարմ,համեղ հաց ստանալու համար։
Եվ երբ սպիտակ ագռավը եկավ նրան հայտնելու, որ ընտրվել է թագավոր, նա արդեն հեռու էր, սարերի ու դաշտերի ետևում։
Վշտացան ագռավները, որ իրենց թագավորը կորավ, և սպիտակ ագռավները պատվիրեցին գորշերին՝ թեկուզ ողջ աշխարհը թևի տակ տալ, բայց, ինչ ուզում է լինի, գտնել նրան, բերել ու նստեցնել ագռավային գահին, որը գտնվում է Կրահորկիի անտառում։
Այդ օրվանից ագռավները թռչում են աշխարհով մեկ ու շարունակ ձայն տալիս․
«Կառո՜լ։ Կառո՜լ։ Ղա՛ռռ։ Ղա՛ռռ»։
Եվ հատկապես ձմռանը, երբ նրանք հավաքվում են մեծ երամով, մեկ էլ տեսար հանկարծ բոլորը մեկեն հիշեցին իրենց թագավորին, օդ բարձրացան և թռան դաշտերի ու անտառների վրայով, ձայն տալով շարունակ․
«Կառո՜լ։ Կառո՜լ։ Ղա՛ռռ։ Ղա՛ռռ»։