Գառնիում
հեղինակ՝ Վաղինակ Բեքարյան |
I
Ուղևորներով լիքը ավտոմեքենան դուրս գալով Երևանից և կտրելով արվարձանների շղթան, շարժվում է դեպի Գառնի, բլուրների վրա ձգված ոլորապտույտ ուղիներով։
Շրջապատն ամայի է, միայն տեղ֊տեղ բլուրների ուսերի վրայով տներ են երևում, ծաղկած ծառեր և ցորենի կանաչ արտեր։
Փոքրիկ գյուղեր են, որոնց անունները բոլոր ուղևորներից լավ գիտի իմ կողքին, լուսամուտի մոտ նստած մի ծերունի, որ շարունակ ծխում է։
Ճանապարհի երկու կողմերում հողը՝ վայրի թփերից ազատ, փխրուն տեսք ունի։ Տրակտորի խոփը ակոսներ է բացել այնտեղ, և հեռվից իջնող բարակ առուն կյանք է տալիս ակոսներում ծիլ տվող տնկիներին։
― Այս ամայի տարածությունները շուտով կծածկվեն անտառային ծառերով,― ասում է ծերունին, որին ուղևորները պրոֆեսոր են անվանում։
Նա խոսքն ինձ է ուղղում։ Զգում եմ, որ ցանկանում է հետս զրույց անել։ Յոթանասունն անց կլինի, մազերը ձյունասպիտակ են, բայց աչքերն արտահայտիչ, դեմը մանկական բարության հետ իմաստուն մտքի դրոշմն ունի։
― Դուք գյուղատնտե՞ս եք,― հարցրի։
― Գյուղատնտե՞ս․․․ Օ՜, ոչ, բայց ես սիրում եմ բուսականությունը և ուրախանում եմ այն մտքով, որ մի քանի տարուց այս բլուրները այսպես մերկ չեն լինի և ճանապարհը դեպի Գառնի ձգված կլինի անտառների միջով։
Հետո նկատելով նկարչատուփս, որ կողքիս էր․
― Իսկ Դուք անշուշտ նկարիչ եք,― ասաց։
― Այո՛։
― Եվ անտարակույս Գառնի եք գնում նկարչական էտյուդներ անելու։
Իմ հաստատական պատասխանի վրա․
― Գովում եմ ձեր մտադրությունը,― ասաց,― Գառնիում աննման տեսարաններ կան, նրանցով դուք շուտով առիթ կունենաք հիանալու․․․ երկա՞ր եք մնալու։
― Մի ամիս։
― Մի ամի՞ս․․․ Բայց գրազ կգամ, որ դուք Գառնիում ավելի երկար կմնաք։
Պրոֆեսորը վառեց հանգած ծխամորճը։
Մեքենան շարժվում էր բարձրադիր բլուրի լանջով, որի վրա տարածված էր մի մեծ գյուղ։
Մի ուղևոր, ինձ նման վայրին անծանոթ, ուզեց պրոֆեսորից իմանալ գյուղի անունը։
― Ողջաբերդ,― ասաց պրոֆեսորը,― Մենք Գառնու կես ճանապարհին ենք։
Ապա դառնալով ինձ և ձեռքը պարզելով դեպի հարավի հորիզոնը․
― Մի նայեք, է՜,― ասաց,― աստված իմ, ի՜նչ վեհություն․․․― Չի՞ ոգևորում ձեզ այդ կախարդ հսկան․․․ Եթե մի օր ուզենաք նկարել այդ լեռը, եկեք Ողջաբերդ և ընտրեցեք արևածագի պահը․․․
Հետո ինձ ոգևորելու նպատակով կարծես իր պակաս թողածը լրացնելու համար․
― Մեր Հայրենիքի սրբազան կատարն է դա,― ասաց,― աշխարհում նրա նման գեղեցիկ մի ուրիշը չկա։
Պրոֆեսորը լռեց։ Ու երբ հայացքս ուղղեցի իրեն, նա իր արագ թարթող աչքերը հեռացրեց ինձանից։
Ողջաբերդի բարձրությունից դաշտավայրը երևում էր ինչպես իմ ափի մեջ։ Աչքերիս առաջ պարզվող համայնապատկերը ընդգրկում էր լայնատարած հարթությունն ու հեռավոր լեռների շղթան, հորիզոնի վրա սրբազան լեռան պսակումով։
Դաշտավայրում ինչքա՜ն գյուղեր, կապտավուն թափանցիկ մշուշով պարուրված․․․ այգիների ծով, ծիրանիների պարտեզներ ու ցորենի կանաչ արտեր։
Քիչ հետո դաշտավայրն ու հարավի լեռնաշղթան ծածկվեցին բլուրների ետև, և մեքենան սկսեց իր արագ վայրէջքը։
Ու մեղմորեն ցածրացող բլուրների շղթայի վերջում երևաց մի ընդարձակ օազիս։
― Ահա և Գառնին,― ասաց պրոֆեսորը, ցույց տալով ինձ բարդիների և ընկուզենիների պուրակները հեռվում, ուր երևում էին տների կղմինդրածածկ կտուրները։
Գյուղում ծերունին ու ես բանվեցինք իրարից արդեն որպես ծանոթներ։ Իմ ուղեկիցը Գառնու հնագիտական պեղումների ղեկավար պրոֆեսոր Տիգրան Արամյանն էր։
II
Գյուղում սենյակ վարձեցի, համեստ կահավորված մի ընդարձակ սենյակ, ձորի վրա բացվող լայն պատշգամբով, որին առանձին գրավչություն են տալիս նրա սյուները զարդարող դալար ճյուղերը։
Տան առջևի փոքրիկ պարտեզում ծիրանի և ընկույզի ծառեր կան, շուրջը հաստաբուն և բարձրուղեշ բարդիներ։ Իմ բնակարանի կանաչազարդ պատշգամբը, որ ձգվում է դեպի ձորը, հեռվից դիտողի վրա առկախ պարտեզի տպավորություն է թողնում։
Իմ բնակարանից ոչ հեռու, դեպի ձորը երկարող զառիվայրի գլխին ցիրուցան տներ կան, շուրջը տնամերձ հողամասերով, որոնց մեջ ծիրանենու հետ հասակ է նետում ավանդական բարդին։
Այնտեղ սպիտակ ներկած փոքրիկ երկհարկանի մի տուն իմ ուշադրությունն է գրավում։ Պատնիվեր մագլցող որթատունկի դալար ճյուղերը ստվերում են երկրորդ հարկի պատշգամբը, որի բազրիքին իրիկնապահերին գալիս հենվում է երիտասարդ մի կին։
Այսօր առավոտյան իմ տան պատշգամբից նկատեցի տների այդ խումբը, սպիտակ տան հետ միասին, մի սիրուն գյուղանկար, արևի ոսկի շողերով և ծառերի խնդուն կանաչով զարդարուն։
III
Ամեն օր լինում եմ Գառնում պատմական բերդում։ Սարավանդի հարթթությունը, որի վրա տարածված է բերդը, արևելյան կողմում դանակով կտրվածի պես ընդհատվում է հանկարծ, տեղի տալով մի անդնդավոր ձորի, որի խորքից լեռնային գետակն է հոսում։
Ամրոցի բարձրությունից դեպի ձորը նայող գլխի պտույտ է ունենում, գետակի փրփրոտ ժապավենը գալարվում է անդնդային խորության մեջ, մերթ կորչելով խիտ բուսած ծառերի արանքում, մերթ հայտնվելով արևի շողերի տակ։
Ջրի ճերմակ փրփուրը խփում է առափնյա ժայռերին, և լսվում է անհանգիստ ալիքների աղմկոտ նվագը։
Վերևում հինավուրց բրեդի ավերակներն են, տաճարի գետնախարիսխը կիսափուլ սյուներով, շուրջը ցիրուցան քանդակազարդ քարաբեկորներ, ինչպես նաև իշխանական պալատի ու քարակերտ պարսպի փլատակները։
Ժամանակը խլել է այս հինավուրց բերդից նրա անցյալի փառքն ու վեհությունը․ խորտակվել են աշտարակները, արձանները փշրվել և արքայական դաստակերտը փուլ է եկել։
Այս ձորում, այս բլուրների վրա, այս պատմական սարահարթակի հողի շերտերում և տաճարի մամռոտ քարերի վրա անցնող դարերը իրենց պատմությունն են գրել։
Բերդը թագավորական մի ամրոց է եղել, պաշտպանական մի միջնաբերդ։ Անցել են դարերը, դեպքերն ու անցքերը հաջորդել են իրար, և տների ու հոխորտ իշխողների զենքներից, պողպատյա զրահներից, հաղթության դափնիներից ու կամարներից փոշի է մնացել ու մրուր միայն։
Ես ամեն օր բրեդ եմ գնում էտյուդի համար։
IV
Իմ կյանքում ժամանակը երբեք ավելի արդյունավետ չեմ օգտագործել, քան այս վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ Գառնի գյուղում։
Ամեն օր էտյուդի եմ գնում, երբեմն գյուղից դուրս, հաճախ զրույցի եմ նստում հողի մշակների հետ, ֆիգուրաներ եմ նկարում, բնության տեսարաններ ու ճեպանկարներ եմ անում։
Արդեն որոշել եմ ավելի երկար մնալ Գառնիում, քան նախատեսել էի։
Սիրում եմ Գառնին։
Հնօրա այս գյուղը, որի անցյալ փառքը մեր հայրերի թողած ուժի ու հավատքի հուշարձաններն են պատմում իրենց քարե շրթներով, և մերօրյա Գառնին իր ծաղկուն պարտեզներով ու աշխատանքի ուրախ երգերով միահյուսվում են իմ մտքում, կազմելով մի գեղեցիկ հեքիաթ։
Ամեն օր ես այն կարդում եմ բերդի մամռոտ քարերի և տների կղմինդրածածկ կտուրների վրա, հողի ժիր մշակների ուրախ աչքերում և երկնքի կապույտ խորության մեջ։
Երեկոները ինքս իմ մեջ ամփոփված, ունկնդիր գետի ալիքների հավերժական երգին, դիտելով երկնքի աստղերը, ես շարունակ մտածում եմ այդ հեքիաթի մասին, որին երազում եմ մարմին ու շունչ տալ գույների լեզվով։
V
Առավոտից մինչև երեկո հողի մշակների հետի էի, այգեգործների ու քահանվորների ոտ, պարտեզներում, հորդացող առուների եզերքին և ընկուզենիների պուրակներում, որոնցով այնքան հարուստ է Գառնու գեղեցիկ օազիսը։
Բոլորը մերկ սրունքներով են, թեզանիքներն ու քղանցքները հանգրիճած։ Մկաններն ուռչում են, ջղերը պրկվում, երբ բացում են առուն, քանդում թումբը, հնձում են խոտը կամ քաղհանում արտը։
Առավոտյան էտյուդի գնալիս միացա մշակների խմբին։ Առաջին անգամը չէր, որ այդպես էի անում, և ուրախ զրուցելով, շնչելով ծաղիկների ու ցողաթարմ կանաչի բույրը, գնացինք արտ ու այգի։
Կեսօրին մեր հացի ծրարները միասին բացվեցին գետնի կանաչ գորգի վրա։
Նրանցից ես հողի մաքուր հոտն եմ առնում և հրճվում եմ, երբ նկարում եմ մարդ ու բնություն, արտերի ու այգիների արևոտ խաղաղության մեջ։
VI
Գյուղից դուրս, լայն խճուղու վրա մի ավտո հասավ իմ ետևից և կանգ առավ։ Մեկը մեքենայի միջից ձայն տվեց ինձ՝ հրավիրելով բարձրանալ իր մոտ։ Պրոֆեսոր Արամյանն էր։ Մի քանի օր առաջ գնացել էր Երևան ու հիմա վերադառնում էր Գառնի։
Էտյուդից էի վերադառնում և հոգնած էի։ Հրավերն ընդունեցի սիրով։
Պրոֆեսորը հետաքրքրվեց իմ աշխատանքով և խոստացավ մի օր գալ ինձ մոտ կտավներս դիտելու։
Շատ ուրախացա։
Հետո խոսեց բերդի այս տարվա պեղումների մասին, որոնք սկսելու էին մի քանի օրից։
― Դո՞ւք եք ղեկավարելու աշխատանքը,― հարցրի։
― Ո՛չ,― ասաց,― արդեն շատ ծեր եմ, առողջական վիճակս էլ թույլ չի տա, որ մշտապես հսկեմ պեղումներին։ Իմ ուսանողուհիներից մեկը այստեղացի է, իմ ձեռքի տակ աճած մի խելոք ու ժիր աղջիկ, որ ի վիճակի է աշխատանքը գլխավորելու։
Հետո պրոֆեսորը խոսեց անցյալ տարվա պեղումների մասին, որոնք այնքան արդյունավետ էին եղել։ Հայտնաբերվել էր արքայական բաղանիսը, ինչպես նաև մի ընդարձակ սենյակ, իշխանական ընդունելության սրահ ակներևաբար, հատակը մոզայիկով պատած։
― Ժողովուրդների կյանքի ստույգ պատմությունը,― ասում էր նա,― գրքերից ավելի բերդերի և կործանված քաղաքների մամռոտ քարերի վրա է գրված, պետք է իմանալ նրանց լեզուն, փլատակների համր բարբառը, ճանաչելու համար մեռած սերունդների կյանքը, ստրկության ու ջանտալից գոյության շղթաներում հեծող մարդկանց կյանքի պատմությունը, որ ժամանակն ու մատյանները թաքցրել են հետագա սերունդներից։
― Այս իմաստով,― շարունակեց պրոֆեսորը,― Մենք հնագետներս պատմաբաններ ենք, ինչպես և դուք նկարիչներդ։
Ու զարմանքս նկատելով,
― Այո, ասաց,― դուք էլ հնագետներիս նման ծառայում եք պատմությանը։ Հիշեցեք,― շարունակեց,― Պոմպեի որմնանկարները, որոնք տաղանդավոր նկարիչների գործեր են։ Պատմությունը Պոմպեի դարաշրջանի հռոմեական կյանքի և արվեստի մասին անկատար կլիներ, եթե չլինեին լավայի շերտերում թաղված քաղաքի հասարակական շենքերի պատերը զարդարող որմնանկարները։
Հետո իմ ծերունի բարեկամը հույս հայտնեց, որ Գառնու հինավուրց բերդն ու պատմական ձորը, ինչպես նաև գյուղի մեր չարքաշ նախնիք, իրենց կյանքով ու աշխատանքով ազնիվ ներշնչման աղբյուր կլինեն ինձ համար, որպեսզի ստեղմեծ հետարքիր ու գեղեցիկ կտավներ։
VII
Մի երեկո, երբ պրոֆեսորն ու ես շրջում էինք գյուղի զբոսայգում, մի դեռատի աղջիկ, հազիվ տասը տարեկան, ընկերուհիների հետ մեր մոտով անցնելիս, քայլերն ուղղեց դեպի մեզ, բարևեց ծանոթի պես ու գնաց։
― Այս գյուղում մինչև իսկ երեխաներն են Ձեզ ճանաչում,― ասացի պրոֆեսորին։
― Իմ օգնականի քույրն է,― ասաց,― անունը Ծովիկ է, և իր անվանը վայել աչքեր ունի, նկատեցի՞ք․․․
Մի ամբողջ օր եղա Գեղարդում, նկարեցի ժայռափոր եկեղեցին ու մենակյացների քարանձավները, որոնց մութ երախները բացվում էին ձորի բարձրադիր լանջերի վրա։
Մարդը, մտածում էի ես, մուրճի համբերատար զարկերով վիթխարի խոռոչներ է բացել ձորի լանջերի վրա կախ ընկած ժայռերի սրտում, և այդ սրբազան փապարաներում, ի խնդիր իր մեղավոր հոգու փրկության, հառաչանք ու մաղթանք է ուղղել առ աստված։
Նկարելիս մտածում էի մեր խորամանկ ու հնարիմաց հայրերի մասին, որոնք որպես աղոթքի ու կրոնական մեկուսացման վայր ընտրել էին վեհատեսիլ այս ձորը, գնահատելով սրբավայրի դիրքի խորհրդավորության կախարդող ուժը միստիկ վերացումների համար։
Օրը կիրակի էր և գյուղում շատ այցելուներ կային։ Ես իսկույն նկատեցի, որ նրանք գիտական շահագրգռություն ունեցող այցելուներ չէին, ակներևաբար կրոնական ջերմեռանդությունն էլ չէր նրանց հրապուրել դեպի Գեղարդ։ Նրանց դեպի այս պատմական ձորն էր փգել պարզասիրտ հետաքրքրությունը դեպի մեր հայրերի միամիտ հավատքը, որով նրանք անխոնջ եռանդով փորփրել էին ժայռերը, խորհրդավոր այդ տաճարներում սփոփանք որոնելու։
Եթե, մտածում էի ես, ներկա լիներ իմ ծերունի բարեկամը, իսկույն այցելուներին մի ամբողջ դասախոսություն կկարդար Ուրարտուի մեր նախահայրերի քարակոփության արվեստի մասին, որ ժառանգել էին միջնադարյան մեր հայրերը և կրոնական ջերմեռանդությամբ կիրառել Գեղարդի ձորի անձավներում։
Զրույցելով այցելուների հետ, ես նորից համոզվեցի, որ շատերը դեպի կրոնը հարգանք չունենալով հանդերձ, անկեղծորեն հիանում էին կրոնապատմական հուշարձաններով, որոնք միստիկ ներշնչումների արդյունք լինելով՝ արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ են։
Այդպես եղավ նաև ինձ հետ։
Նկարում էի ժայռափոր եկեղեցին ու մտածում․ «Կրոնը չէ, որ նվիրական է, այլ մարդ էակի ներսում ապրող այն ազնիվ հուրը, որով նա վառ է պահում իր մեջ գեղեցիկն ու վսեմը որոնելու ձգտումը և որով նա հաճախ կուրորեն իր համար պաշտամունքի խորաններ է կառուցում»։
VIII
Գետակի աջափնյա բլուրը ծածկված է ընկուզենու և ծիրանի ծառերով, որոնց խիտ սաղարթների արանքից կղմինդրածածկ կտուրներ են երևում։
Բլուրի լանջի վրա ճանապարհի նեղ ժապավեն է երևում, որ մերթ կորչում է թավ սաղարթների ետև և մերթ հայտնվում, երբ այն ձգվում է արևով ողողված բացատի միջով։
Բլուրի կածանով գյուղացիներ են անցնում իշուկներին խոտի խուրձեր բարձած, և երեխաներ՝ ճիպոտները ձեռներին ուլեր քշելիս։
Ծառերից կախ արած ճոճքեր տեսա և ջահել մայրեր նստած նրանց մոտ, ճոճքի պարանը ձեռներին, հսկելով երեխաների նիրհը սաղարթների ստվերում։
Ձորում անայլայլ խաղաղություն էր։ Երբեմն միայն ծառին կապած շունը, օտար ոտնաձայնից վրդովված, ձգում է պարանը թափով, կանգնում ետևի ոտքերի վրա և ձորը լցնում կատաղի հաչոցով։
Ամբողջ օրը շրջեցի ձորում, այգու մշակների հետ զրույցի նստեցի, շատ ճեպանկարներ արեցի։
Հաջորդ օրը այգիներից վերադառնալիս ձորով անցա։ Մոլորվել էի։ Տարաժամ էր արդեն և ես հոգնած ու համրաքայլ գնում էի գետի կողքով, չգտնելով իմ տան ճանապարհը, երբ հանկարծ տեսա մի դեռատի աղջիկ գետափին ընկած ծառի կոճղին նստած։
Նրա մոտ թփուտներում արածում էր մի ճերմակ ուլ։
Աղջկա վարսերին կարմիր ժապավեն կար, ուլի վզին կապույտ հուլունքե մանյակ։
Ճանաչեցի․ ծառի կոճղին նստած աղջիկը Ծովիկն էր։
Քամուց տարուբեր նրա խոպոպներում փայլող վառ ժապավենը ինձ թվաց կիսաստվերում բացված պայծառ կակաչի մի լայն բաժակ։
― Այս ժամին,― ասացի մոտենալով աղջկան,― ձորում մենակ չե՞ս վախենում։
Ծիծաղեց։
― Մեր պարտեզն է այս,― ասաց։
Ու ձեռքը երկարելով դեպի երկհարկանի սպիտակ ներկած բնակարանը, որ երևում էր պարտեզի վերևում․
― Էն սպիտակ պատերով տունն էլ մերն է։
― Ծովիկ,― ասացի,― կուզենայի՞ր, որ մի օր քեզ նկարեի։
― Իմ ուլի հետ,― ասաց ուրախացած։
― Հենց վաղը։
― Այո՛, դասերից հետո, ժամը երկուսին։
Ես խոստացա։
Հետո արձակեց ուլի պարանը և ինձ առաջնորդեց իրենց պարտեզի մոտով ձգված արահետով։
Սպիտակ տան լուսամուտները լուսավորվեցին և պատշգամբը ողողվեց լույսի հորդ ալիքներով, ուր երևաց երիտասարդ մի կին։
Ինձ թվաց, թե այդ կինը գեղեցիկ է ու վարսագեղ։
― «Ծովի՜իի՜կ․․․»։
― Գալի՛ս եմ, գալի՛ս եմ։
Ու դառնալով ինձ․
― Քույրս է կանչում,― ասաց Ծովիկը։
Հետո ուլի հետ ցածրիկ քարե ցանկապատից ներս ցատկեց, հրաժեշտ տալով ինձ։
Սպիտակ տան պատշգամբին շարունակում էր հենված մնալ երիտասարդ կինը։
IX
Տաճարի հրապարակում կիրակնօրյա սովորական այցելուներից բացի օտարազգի հյուրեր էին խմբվել իմ ծերունի բարեկամի մոտ։
Պրոֆեսորը խոսում էր բերդի շինության մոտավոր թվականի, նրա անառիկ դիրքի, մեր նախահայրերի պաշտպանական ոգու ու եռանդի, կրոնական նախանձահուզության և նրանց կույր տիրասիրության մասին։
Մի քանի կանայք տաճարի գետնախարիսխի բարձրությունից հեռադիտակն աչքներին դիտում էին շրջակա տեսարանները։
Նրանց մեջ ուշադրությունս գրավեց վարդագույն հովանոցով մի կին։ Ինձ թվաց, որ ես տեսել եմ այդ կնոջը։ Գաղտնաբար ու սիրով ուշադիր եղա նրան։ «Ահա մի գեղեցիկ ու երիտասարդ կին,― մտածեցի ես,― որին կնկարեի մեծ սիրով»։
Նրա աղեղնաձև հոնքերի ստվերում ծվարած աչքերում տեսա խոհ ու թախիծ։ Իմ հոգուն հարազատ այդ արտահայտությունը վկայում էր նրա ազգության մասին․ նա հայի աչքեր ուներ։
Քայլերս ուղղեցի դեպի սարավանդի ծայրը։ Այնտեղ քարաժայռի տափարակ մասում կանգնած, ուզում էի նկարել հանդիպակաց կողմի լերկ բլուրները, նրանց վրա ոտնահետքերի բացած նրբուղիներով։
Բայց քայլերս դանդաղեցին, և զգացի որ նկարչատուփը ուսս ճնշում է։ Այս անծանոթ գեղեցկուհու տեսքը գրավել էր ինձ։
Մերկ բլուրներն այլևս հրապույր չունեին։ Կանգ առա ու ետ դարձա։ Վարդագույն հովանոցով կինը ինձ էր նայում։
Քիչ հետո քարաժայռի տափարակում կանգնած, նկարեցի գետի ձախափնյա բլուրները, նրանց կողնիվեր փաթաթվող նրբուղիներով։
Երբեք այսպիսի անհաջող էտյուդ չէի արել։
Տանը կտավն իսկույն քերեցի։ Հիմա նրա վրա ներկի հետքեր կան միայն, խառնիխուռն, այլանդակ հետքեր, որոնք կտավից ինձ են նայում կույր աչքերի պես։
X
Նկարում էի հեթանոսական կիսաքանդ տաճարը։ Նրա մեծղի ու մռայլ սիլվիտը երևում է հանդիպակաց բլուրների ֆոնի վրա, ինչպես շարժապատկերի լուսապաստանում։
Տաճարի հիմքը մեր նախահայրերն էին դրել վաղնջական դարերում, երբ հավատում էին հեթանոս աստվածներին, և չնայած անցած բազում դարերին, այս քարեղեն հիշատակարանը դեռ պահում էր հեթանոսական ճարտարապետության իր հմայքը ժամանակակից մարդու համար։
Չգիտեմ, դարեր առաջ իմ հայրերի արվեստագետ զավակաները ի՛նչ նվիրական խոհերով էին ոգեշնչվել, տաճարի ամեն մի քարն ու խոյակը քանդակելիս․․․ Բայց դարեր հետո նրանց ու նրանց որդիներին բախտ վիճակվեց տաճարում պաշտվող քարե աստվածների ողբը լսել, երբ նրանք շառաչյունով ընկան հրեա աստծու գարշապարի տակ։
Նկարելիս աշխատում էի, որ իմ կտավը փայլի հեթանոս արվեստի այն շնչով, որով ոգևորվել էին իմ պապերի ժամանակվա անհայտ արվեստագետները այս սրբավայրը կառուցելիս։
Ու մտածում էի բազմահազար ստրուկների մասին, որոնց իրենց մեջքերի վրա կրել էին այս մեծազանգված քարաբեկորները և տնքացել փշրվող ոսկորների ցավից․․․ Հետո նաև այն զինյալ խաժամուժ ամբոխների մասին, որոնք հեռուներից գրոհելով եկել բախվել էին բերդի հաստակուռ պարիսպներին և գուպարային կատաղությամբ ժայռերը չանգռելով, գահավիժորեն գլորվել անդունդ ի վար։
Բայց անցել են դարերը և սերունդնեը նրանց հետ։ Ու փառքի և հզորության կոթողներից փշուրներ են մնացել։ Հիմա տրակտորի խոփը պատռում է այս հինավուրց հողը, որի շերտերը շաղախված էին ստրուկների արյունով և երբեմնի գոռոզ իշխանների ու տերերի աճյունով։
Մի ժամանակ բերդի լայնափեղկ դռնից թագակիրներ էին միայն ել ու մուտ անում, վահանավոր զինվորներով շրջապատված, ռազմական շեփորի գոռ հնչյունների տակ։