Կոմունիստական պարտիայի մանիֆեստը
հեղինակ՝ Կարլ Մարքս, Ֆրիդրիխ Էնգելս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Մի ուրվական է շրջում Եվրոպայում — կոմունիզմի ուրվականը։ Այդ ուրվականի դեմ սրբազան հալածանք մղելու համար միավորվել են հին Եվրոպայի բոլոր ուժերը՝ պապը և ցարը, Մետերնիխը և Գիզոն, ֆրանսիական ռադիկալներն ու գերմանական ոստիկանները։
Որտե՞ղ է այն օպոզիցիոն պարտիան, որին իշխանության գլուխ կանգնած նրա հակառակորդները չվատաբանեին որպես կոմունիստական։ Որտե՞ղ է այն օպոզիցիոն պարտիան, որը իր հերթին չշպրտեր կոմունիզմին հարելու խարանող մեղադրանքը՝ ինչպես օպոզիցիայի ավելի առաջավոր ներկայացուցիչների, այնպես էլ իր ռեակցիոն հակառակորդների երեսին։
Երկու հետևություն է բխում այս փաստից:
Կոմունիզմն արդեն ուժ է ճանաչվում եվրոպական բոլոր ուժերի կողմից։
Արդեն ժամանակն է, որ կոմունիստներն իրենց հայացքները, իրենց նպատակները, իրենց ձգտումները բացորոշ շարադրեն ամբողջ աշխարհի առջև և կոմունիզմի ուրվականի վերաբերյալ հեքիաթներին հակադրեն հենց իր՝ պարտիայի մանիֆեստը։
Այս նպատակով էլ ամենատարբեր ազգությունների կոմունիստները հավաքվեցին Լոնդոնում և կազմեցին հետևյալ «Մանիֆեստը», որը հրապարակվում է անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ֆլամանդերեն և դանիերեն լեզուներով։
I։ Բուրժուաները և պրոլետարները
Մինչև այժմ գոյություն ունեցած բոլոր հասարակությունների պատմությունը եղել է դասակարգերի պայքարի պատմություն։
Ազատն ու ստրուկը, պատրիկն ու պլեբեյը, կալվածատերն ու ճորտը, վարպետն ու ենթավարպետը, կարճ՝ ճնշողն ու ճնշվողը հավիտենական անտագոնիզմի մեջ են եղել իրար հետ, անընդհատ պայքար են մղել մերթ թաքնված, մերթ բացահայտ պայքար, որը միշտ վերջացել է ամբողջ հասարակական շենքի ռևոլուցիոն վերակառուցմամբ կամ պայքարող դասակարգերի ընդհանուր կործանմամբ։
Նախորդ պատմական դարաշրջաններում համարյա ամենուրեք մենք տեսնում ենք հասարակության լիակատար շերտավորումը զանազան դասերի՝ հասարակական զանազան դիրքերի մի ամբողջ սանդուղք։ Հին Հռոմում մենք հանդիպում ենք պատրիկների, հեծյալների, պլեբեյների, ստրուկների. միջին դարերում՝ ֆեոդալական տերերի, վասալների, համքարային վարպետների, ենթավարպետների, ճորտերի, ընդ որում, այս դասակարգերից համարյա ամեն մեկի մեջ էլ՝ հատուկ աստիճաններ։
Կործանված ֆեոդալական հասարակության ընդերքից ելած ժամանակակից բուրժուական հասարակությունը չոչնչացրեց դասակարգային հակասությունները։ Նա միայն նոր դասակարգեր, ճնշման նոր պայմաններ և պայքարի նոր ձևեր դրեց հների տեղը։
Մեր դարաշրջանը՝ բուրժուազիայի դարաշրջանը, հատկանշվում է, սակայն, նրանով, որ նա պարզեցրել է դասակարգային հակասությունները. հասարակությունն ավելի ու ավելի է պառակտվում թշնամական երկու մեծ բանակների, երկու մեծ, իրար դեմառդեմ կանգնած դասակարգերի՝ բուրժուազիայի և պրոլեատրիատի։
Միջնադարյան ճորտերից առաջ է եկել առաջին քաղաքների ազատ բնակչությունը. քաղաքացիների այս դասից առաջացել են բուրժուազիայի առաջին տարրերը։
Ամերիկայի հայտնադործումը և Աֆրիկայի շուրջը ծովային ճանապարհի հայտնադործումը բարձրացող բուրժուազիայի համար գործունեության նոր ասպարեզ ստեղծեցին։ Արևելյան Հնդկաստանի և Չինաստանի շուկաները, Ամերիկայի գաղութացումը, փոխանակությունը գաղութների հետ, փոխանակության միջոցների և առհասարակ ապրանքների քանակության ավելացումը մինչև այդ չլսված զարկ տվին առևտրին, ծովագնացությանը, արդյունաբերությանը և դրանով իսկ ռևոլուցիոն տարրի արագ զարգացում առաջացրին քայքայվող ֆեոդալական հասարակության մեջ։
Արդյունաբերության նախկին ֆեոդալական կամ համքարային կազմակերպությունը չէր կարող այլևս բավարարել նոր շուկաներին համընթաց աճող պահանջը. նրա տեղը գրավեց մանուֆակտուրան։ Համքարային վարպետները դուրս մղվեցին արդյունաբերական միջին դասի կողմից։ Աշխատանքի բաժանումը տարբեր կորպորացիաների միջև անհետացավ՝ տեղի տալով աշխատանքի բաժանմանն առանձին արհեստանոցի ներսում։
Բայց շուկաները շարունակ աճում էին, պահանջը շարունակ մեծանում էր։ Մանուֆակտուրան այլևս չէր կարողանում բավարարել այդ պահանջը։ Այն ժամանակ շոգին ու մեքենան ռևոլուցիա առաջացրին արդյունաբերության մեջ։ Մանուֆակտուրայի տեղը գրավեց ժամանակակից խոշոր արդյունաբերությունը, արդյունաբերական միջին դասի տեղը գրավեցին արդյունաբերող միլիոնատերերը, արդյունաբերական ամբողջ բանակների պարագլուխները՝ ժամանակակից բուրժուաները։
Խոշոր արդյունաբերությունն ստեղծեց համաշխարհային շուկա, որը նախապատրաստվել էր Ամերիկայի հայտնագործումով։ Համաշխարհային շուկան առաջ բերեց առևտրի, ծովագնացության և ցամաքային հաղորդակցության միջոցների հսկայական զարգացում։ Սա իր հերթին ազդեցություն գործեց արդյունաբերության ծավալման վրա, և ինչ չափով որ զարգանում էին արդյունաբերությանը, առևտուրը, ծովագնացությունը, երկաթուղիները, նույն չափով զարգանում էր բուրժուազիան, նա մեծացնում էր իր կապիտալները և հետին պլանն էր մղում միջնադարից ժառանգություն մնացած բոլոր դասակարգերին։
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ ժամանակակից բուրժուազիան ինքը հանդիսանում է զարգացման երկարատև պրոցեսի, արտադրության և փոխանակության եղանակների մի շարք հեղաշրջումների արդյունք։
Բուրժուազիայի զարգացման այս աստիճաններից ամեն մեկին ուղեկցում էր համապատասխան քաղաքական հաջողություն։ Ճնշված դաս ֆեոդալների տիրապետության օրով, զինված և ինքնավար ասոցիացիա կոմունայում, այստեղ քաղաքային անկախ ռեսպուբլիկա, այնտեղ միապետության երրորդ հարկատու դաս, այնուհետև, մանուֆակտուրայի ժամանակաշրջանում, դասային կամ բացարձակ միապետության մեջ ազնվականությանը հակակշիռ և առհասարակ խոշոր միապետությունների գլխավոր հիմքը, վերջապես, խոշոր արդյունաբերության ամրապնդումից և համաշխարհային շուկայի հաստատումից սկսած՝ բուրժուազիան ժամանակակից ներկայացուցչական պետության մեջ բացառիկ քաղաքական տիրապետություն նվաճեց։ ժամանակակից պետական իշխանությունը բուրժուազիայի ամբողջ դասակարգի ընդհանուր գործերը կառավարող լոկ մի կոմիտե է։
Բուրժուազիան պատմության մեջ վերին աստիճանի ռևոլուցիոն դեր է խաղացել։
Բուրժուազիան ամենուրեք, որտեղ տիրապետության հասավ, խորտակեց բոլոր ֆեոդալական, նահապետական, իդիլիական հարաբերությունները։ Նա անողոքաբար կտրատեց այն խայտաբղետ ֆեոդալական կապերը, որոնք ամրացնում էին մարդուն նրա «բնական տերերին», և մարդկանց միջև ոչ մի այլ կապ չթողեց, բացի մերկ շահից, անսիրտ «կանխիկ հաշվից»։ Եսամոլ հաշվի սառցաջրի մեջ նա խեղդեց կրոնական էքստազի, ասպետական խանդավառության, քաղքենիական սենտիմենտալության սրբազան սարսուռը։ Նա մարդու անձնական արժանապատվությունը վերածեց փոխանակային արժեքի և շնորհված ու սեփական վաստակով ձեռք բերված անթիվ ազատությունների տեղը դրեց միայն առևտրի անխիղճ ազատությունը։ Մի խոսքով՝ կրոնական ու քաղաքական պատրանքներով քողարկված շահագործումը նա փոխարինեց բացահայտ, լկտի, ուղղակի, կոշտ ու կոպիտ շահագործումով։
Բուրժուազիան սրբության լուսապսակից զրկեց բոլոր այնտեսակ գործունեությունները, որոնք մինչև այդ պատվավոր էին համարվում և որոնց վրա նայում էին ակնածությամբ լի սարսուռով։ Նա բժշկին, իրավաբանին, քահանային, բանաստեղծին, գիտության մարդուն իր վճարովի վարձկան գործավորները դարձրեց։
Բուրժուազիան պատռեց սրտաշարժ-սենտիմենտալ քողը ընտանեկան հարաբերություններից և դրանք վերածեց զուտ դրամական հարաբերությունների։
Բուրժուազիան ցույց տվեց, որ ռեակցիոներներին այնքան հիացմունք պատճառող ուժի կոպիտ արտահայտությունը միջնադարում իր բնական լրացումն էր գտնում ծուլության և անշարժության մեջ։ Առաջին անգամ նա՛ ցույց տվեց, թե ինչի կարող է հասնել մարդկային գործունեությունը։ Նա ստեղծեց արվեստի հրաշալիքներ, բայց բոլորովին այլ տեսակի, քան եգիպտական բուրգերը, հռոմեական ջրմուղները և գոթական տաճարները․ նա բոլորովին այլ արշավանքներ է կատարել, քան ժողովուրդների գաղթը և խաչակրաց արշավանքները։
Բուրժուազիան չի կարող գոյություն ունենալ առանց անընդհատ հեղաշրջումներ առաջացնելու արտադրության գործիքների մեջ, հետևաբար և առանց ռևոլուցիոնացնելու արտադրական հարաբերությունները, ուրեմն և հասարակական հարաբերությունների ամբողջությունը։ Ընդհակառակը, բոլոր նախկին արդյունաբերական դասակարգերի գոյության առաջին պայմանը կազմում էր արտադրության հին եղանակի անփոփոխ պահպանումը։ Արտադրության անընդհատ հեղաշրջումները, հասարակական բոլոր հարաբերությունների անընդհատ ցնցումները, հավիտենական անվստահությունն ու շարժումը տարբերում են բուրժուական դարաշրջանը բոլոր նախորդ դարաշրջաններից։ Բոլոր քարացած, ժանգոտած հարաբերությունները նրանց ուղեկցող դարերով սրբագործված պատկերացումների և հայացքների հետ միասին կործանվում են, իսկ նոր առաջացողները տակավին չոսկրացած, դարձյալ հնացած են դուրս գալիս։ Ամեն դասային և քարացած բան չքանում է, ամեն սրբազան բան պղծվում, և մարդիկ վերջ ի վերջո հանգում են իրենց կենսական դրության և իրենց փոխադարձ հարաբերությունների վրա զգաստ աչքերով նայելու անհրաժեշտությանը։
Արտադրանքների հարաճուն վաճառահանման պահանջը բուրժուազիային քշում է ամբողջ երկրագնդով մեկ։ Ամենուրեք նա պետք է բուն դնի, ամենուրեք պետք է հիմնավորվի, ամենուրեք պետք է կապեր հաստատի։
Համաշխարհային շուկայի շահագործման միջոցով բուրժուազիան բոլոր երկրների արտադրությունն ու սպառումը դարձրել է կոսմոպոլիտական։ Ի մեծ ցավ ռեակցիոներների՝ նա արդյունաբերության ոտքի տակից խլեց ազգային հողը։ Արդյունաբերության հնամենի ազգային ճյուղերը ոչնչացված են և շարունակվում են օրեցօր ոչնչացվել։ Դրանց դուրս են մղում արդյունաբերական այն նոր ճյուղերը, որոնց մուծումը կյանքի հարց է դառնում բոլոր քաղաքակիրթ ազգերի համար, ճյուղեր, որոնք վերամշակում են արդեն ո՛չ թե տեղական հումքը, այլ երկրագնդի ամենահեռավոր մարզերից բերվող հումքը, և որոնց մշակած գործարանային արտադրանքները սպառվում են ո՛չ միայն տվյալ երկրի ներսում, այլ նաև աշխարհի բոլոր մասերում։ Հին պահանջների փոխարեն, որոնք բավարարվում էին հայրենի արտադրանքներով, ծնունդ են առնում նորերը, որոնց բավարարման համար պահանջվում են ամենահեռավոր երկրների ու ամենատարբեր կլիմաների արտադրանքներ։ Հին տեղական և ազգային կղզիացածության և սեփական արաադրության արդյունքների հաշվին գոյությունը պահպանելուն փոխարինելու է գալիս ազգերի փոխադարձ բազմակողմանի կապն ու բազմակողմանի կախումը։ Սա հավասարապես վերաբերում է ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր արտադրությանը։ Առանձին ազգերի հոգևոր գործունեության արգասիքը դառնում է ընդհանուր սեփականություն։ Ազգային միակողմանիությունն ու սահմանափակությունն ավելի ու ավելի անհնար են դառնում, և բազմաթիվ ազգային ու տեղական գրականություններից գոյանում է մի համաշխարհային գրականություն։
Արտադրության բոլոր գործիքների արագ կատարելագործմամբ և հաղորդակցության միջոցների անսահման դյուրացմամբ բուրժուազիան քաղաքակրթության մեջ է ներգրավում բոլոր, նույնիսկ ամենաբարբարոս ազգերին։ Նրա ապրանքների էժան գները — ահա այն ծանր հրետանին, որի օգնությամբ նա խորտակում է բոլոր չինական պարիսպները և կապիտուլացիայի է հարկադրում բարբարոսների՝ դեպի օտարերկրացիները տածած ամենահամառ ատելությունը։ Նա կործանման սարսափի տակ բոլոր ազգերին ստիպում է ընդունել արտադրության բուրժուական եղանակը, նրանց հարկադրում է իրենց մոտ այսպես կոչված քաղաքակրթություն մուծել, այսինքն՝ դառնալ բուրժուա։ Մի խոսքով՝ նա իր համար մի աշխարհ է ստեղծում ըստ իր պատկերի և նմանության։
Բուրժուազիան գյուղը ենթարկել է քաղաքի տիրապետությանը։ Նա ստեղծել է վիթխարի քաղաքներ, վերին աստիճանի մեծացրել է քաղաքային բնակչության թիվը՝ համեմատած գյուղական բնակչության հետ և այդպիսով բնակչության զգալի մասը պոկել է գյուղական կյանքի իդիոտիզմից։ Եվ ինչպես որ նա գյուղն է կախման մեջ դրել քաղաքից, այնպես էլ նա կախման մեջ է դրել բարբարոս և կիսաբարբարոս երկրները քաղաքակիրթ երկրներից, գյուղացիական ժողովուրդներին՝ բուրժուական ժողովուրդներից, Արևելքը՝ Արևմուտքից։
Բուրժուազիան ավելի ու ավելի է ոչնչացնում արտադրության միջոցների, սեփականության և բնակչության մասնատվածությունը։ Նա խտացրել է բնակչությունը, կենտրոնացրել է արտադրության միջոցները, համակենտրոնացրել է սեփականությունը սակավաթիվ ձեռքերում։ Դրա անհրաժեշտ հետևանքը եղավ քաղաքական կենտրոնացումը։ Անկախ, իրար հետ գրեթե միայն դաշնակցային հարաբերություններ ունեցող մարզեր՝ տարբեր շահերով, օրենքներով, կառավարություններով ու մաքսային տուրքերով, համախմբվեցին մեկ ազգի մեջ մեկ կառավարությամբ, մեկ օրենսդրությամբ, մեկ ազգային դասակարգային շահով, մեկ մաքսային սահմանով։
Բուրժուազիան իր դասակարգային տիրապետության ավելի պակաս քան հարյուր տարվա ընթացքում ավելի բազմաթիվ և ավելի վիթխարի արտադրողական ուժեր է ստեղծել, քան նախորդ բոլոր սերունդները միասին վերցրած։ Բնության ուժերի հպատակեցում, մեքենայական արտադրություն, քիմիայի կիրառում արդյունաբերության և հողագործության մեջ, շոգենավագնացություն, երկաթուղիներ, էլեկտրական հեռագիր, ամբողջ աշխարհամասերի յուրացում հողագործության համար, գետերի հարմարեցում նավարկության համար, կարծես գետնի տակից դուրս կոչված բնակչության ամբողջ մասսաներ — նախկին դարերից ո՞րը կարող էր կռահել, թե այդպիսի արտադրողական ուժեր են նիրհում հասարակական աշխատանքի ընդերքում։
Այսպես ուրեմն, մենք տեսանք, որ արտադրության ու փոխանակության այն միջոցները, որոնց հիման վրա առաջ է եկել բուրժուազիան, ստեղծվել են ֆեոդալական հասարակության մեջ։ Արտադրության և փոխանակության այս միջոցների զարգացման որոշ աստիճանում՝ այն հարաբերությունները, որոնց մեջ տեղի էին ունենում ֆեոդալական հասարակության արտադրությունն ու փոխանակությունը, հողագործության և արդյունաբերության ֆեոդալական կազմակերպությունը, մի խոսքով՝ ֆեոդալական սեփականատիրական հարաբերությունները,— այլևս չէին համապատասխանում ավելի զարգացած արտադրողական ուժերին։ Նրանք արգելակում էին արտադրությունը, փոխանակ այն զարգացնելու։ Նրանք վերածվել էին այդ արտադրության կապանքների։ Անհրաժեշտ էր նրանց ջախջախել, և նրանք ջախջախվեցին։
Նրանց տեղը բռնեց ազատ կոնկուրենցիան՝ իրեն համապատասխան հասարակական և քաղաքական իրավակարգով, բուրժուազիայի դասակարգի տնտեսական ու քաղաքական տիրապետությամբ։
Նման մի շարժում էլ կատարվում է մեր աչքերի առաջ։ Արդի բուրժուական հասարակությունն արտադրության ու փոխանակության իր բուրժուական հարաբերություններով, սեփականության բուրժուական հարաբերություններով, որը կարծես հրաշքով արտադրության ու փոխանակության այդքան հզոր միջոցներ է ստեղծել, նմանվում է այն կախարդին, որն անկարող է այլևս իշխել իր ոգեկոչած ստորերկրյա ուժերին։ Ահա արդեն մի քանի տասնյակ տարիներից ի վեր արդյունաբերության ու առևտրի պատմությունը իրենից ներկայացնում է լոկ ժամանակակից արտադրողական ուժերի ըմբոստության պատմությունը ժամանակակից արտադրական հարաբերությունների դեմ, սեփականության այն հարաբերությունների դեմ, որոնք բուրժուազիայի գոյության և նրա տիրապետության պայմանն են։ Բավական է մատնանշել առևտրական ճգնաժամերը, որոնք պարբերաբար կրկնվելով՝ ավելի ու ավելի սպառնալից կերպով են հարցականի տակ դնում ամբողջ բուրժուական հասարակության գոյությունը։ Առևտրական ճգնաժամերի ժամանակ ամեն անգամ ոչնչանում է ո՛չ միայն պատրաստված արտադրանքների, այլ նույնիսկ արդեն ստեղծված արտադրողական ուժերի զգալի մասը։ Ճգնաժամերի ժամանակ բռնկվում է հասարակական մի համաճարակ՝ գերարտադրության համաճարակը, որը բոլոր նախորդ դարաշրջաններին անհեթեթ կթվար։ Հասարակությունը մի ակնթարթում ետ է շպրտվում դեպի հանկարծակի վրա հասած բարբարոսական դրությունը, կարծես սովը, ընդհանուր ավերիչ պատերազմը զրկել են նրան իր կենսական բոլոր միջոցներից. արդյունաբերությունը, առևտուրը կարծես ոչնչացած լինեն, և ինչո՞ւ։ Որովհետև հասարակությունը չափազանց քաղաքակրթված է, չափազանց շատ կենսական միջոցներ ունի, չափից մեծ արդյունաբերություն ու առևտուր ունի։ Նրա տնօրինության տակ գտնվող արտադրողական ուժերն այլևս չեն ծառայում բույրժուական քաղաքակրթության և բուրժուական սեփականության հարաբերությունների զարգացմանը. ընդհակառակը, նրանք չափազանց մեծ են դարձել այդ հարաբերությունների համար, բուրժուական հարաբերությունները կասեցնում են նրանց զարգացումը. և երբ արտադրողական ուժերը սկսում են հաղթահարել այդ խոչընդոտները, նրանք ամբողջ բուրժուական հասարակությունը կազմալուծման են հասցնում, սպառնալիքի տակ են դնում բուրժուական սեփականության գոյությունը։ Բուրժուական հարաբերությունները չափազանց նեղ են դարձել իրենց ստեղծած հարստությունը պարփակելու համար։— Ինչո՞վ է բուրժուազիան հաղթահարում ճգնաժամերը։ Մի կողմից արտադրողական ուժերի մի ամբողջ մասսայի հարկադրական ոչնչացումով, մյուս կողմից՝ նոր շուկաներ նվաճելով և հներն ավելի հիմնավոր շահագործելով։ Ինչո՞վ, ուրեմն։ Նրանով, որ նա ավելի բազմակողմանի և ավելի խորտակիչ ճգնաժամեր է նախապատրաստում և նվազեցնում է նրանց հակազդելու միջոցները։
Այն զենքը, որով բուրժուազիան տապալեց ֆեոդաւիզմը, այժմ ուղղված է հենց իր՝ բուրժուազիայի դեմ։
Բայց բուրժուազիան ո՛չ միայն իր համար մահաբեր զենք է կռել, այլև ծնունդ է տվել այն մարդկանց, որոնք այդ զենքն ուղղելու են նրա դեմ,— ժամանակակից բանվորներին, *պրոլետարներին*:
Այն չափով, ինչ չափով զարգանում է բուրժուազիան, այսինքն՝ կապիտալը, նույն չափով էլ զարգանում է պրոլետարիատը, ժամանակակից բանվորների դասակարգը, որոնք միայն այն ժամանակ կարող են գոյություն ունենալ, երբ աշխատանք են գտնում, իսկ աշխատանք գտնում են այնքան ժամանակ միայն, որքան նրանց աշխատանքն ավելացնում է կապիտալը։ Այդ բանվորները, որոնք ստիպված են իրենց հատավաճառով ծախել, իրենցից նույնպիսի ապրանք են ներկայացնում, ինչպես և առևտրի ամեն մի այլ առարկա, ուստի և հավասար չափով էլ ենթակա են կոնկուրենցիայի բոլոր պատահականություններին, շուկայի բոլոր տատանումներին։
Մեքենաների աճող կիրառման և աշխատանքի բաժանման հետևանքով պրոլետարների աշխատանքը կորցրել է ամեն մի ինքնուրույն բնույթ և դրանով իսկ՝ նաև ամեն մի հրապույր բանվորի համար։ Բանվորը դառնում է մեքենայի հասարակ կցորդը, նրանից պահանջվում են միայն ամենապարզ, ամենամիօրինակ, ամենից ավելի դյուրությամբ յուրացվող պրիոմներ։ Այդ պատճառով էլ բանվորի վրա կատարվող ծախսերը հանգում են գրեթե բացառապես այն կենսամիջոցներին, որոնք անհրաժեշտ են նրա պահպանման և նրա սերնդի շարունակման համար։ Բայց ամեն մի ապրանքի, հետևաբար նաև աշխատանքի գինը հավասար է նրա արտադրության ծախքերին։ Ուստի և որչափով աճում է աշխատանքի անհրապույր լինելը, այնչափով էլ նվազում է աշխատավարձը։ Ավելին. որքան աճում է մեքենաների կիրառումն ու աշխատանքի բաժանումը, այնքան էլ աճում է աշխատանքի քանակը, լինի դա աշխատաժամերի շատացման հետևանքով, թե այն բանի հետևանքով, որ յուրաքանչյուր տվյալ ժամանակամիջոցում պահանջվող աշխատանքի քանակն ավելացվում է, մեքենաների շարժումն արագացվում է և այլն։
ժամանակակից արդյունաբերությունը նահապետական վարպետի փոքրիկ արհեստանոցը դարձրել է արդյունաբերող կապիտալիստի խոշոր գործարան։ Գործարանում կուտակված բանվորական մասսաները կազմակերպվում են զինվորական ձևով։ Որպես արդյունաբերական բանակի շարքայիններ, նրանք դրվում են ենթասպաների և սպաների մի ամբողջ հիերարխիայի հսկողության տակ։ Նրանք ոչ միայն բուրժուազիայի դասակարգի, բուրժուական պետության ստրուկն են. ամեն օր և ամեն ժամ նրանց ստրկացնում է մեքենան, վերակացուն և ամենից առաջ ինքը՝ առանձին բուրժուա-գործարանատերը։ Այս բռնակալությունն այնքան ավելի գծուծ է, ատելի և այնքան ավելի զայրույթ է պատճառում, որքան բացահայտ կերպով է շահը նրա վերջնական նպատակ հռչակվում։
Որքան ձեռքի աշխատանքը քիչ հմտություն և ուժ է պահանջում, այսինքն՝ որքան ժամանակակից արդյունաբերությունն ավելի է զարգանում, այնքան ավելի է տղամարդու աշխատանքը դուրս մղվում կանանց և երեխաների աշխատանքով։ Բանվոր դասակարգի նկատմամբ սեռի և տարիքի տարբերությունը կորցնում է հասարակական ամեն մի նշանակություն։ Գոյություն ունեն միայն աշխատանքի գործիքներ, որոնք տարբեր ծախք են պահանջում՝ նայած տարիքին ու սեռին։
Երբ բանվորի շահագործումը գործարանատիրոջ կողմից ավարտվում է, և բանվորը, վերջապես, կանխիկ ստանում է իր աչխատավարձը, այն ժամանակ նրա վրա են հարձակվում բուրժուազիայի մյուս մասերը՝ տնատերը, խանութպանը, վաշխառուն և այլն։
Միջին դասի ներքնախավերը՝ մանր արդյունաբերողները, մանր առևտրականները և ռանտյեները, արհեստավորներն ու գյուղացիները, բոլոր այս դասակարգերն ընկնում են պրոլետարիատի շարքերը՝ մասամբ այն պատճառով, որ նրանց փոքր կապիտալը բավական չէ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ վարելու համար և նա չի դիմանում ավելի խոշոր կապիտալիստների կոնկուրենցիային, մասամբ էլ այն պատճառով, որ նրանց պրոֆեսիոնալ վարպետությունը արժեքազրկվում է շնորհիվ արտադրության նոր եղանակների։ Այսպես է հավաքագրվում պրոլետարիատը բնակչության բոլոր դասակարգերից։
Պրոլետարիատն անցնում է զարգացման զանազան աստիճաններ։ Նրա պայքարը բուրժուազիայի դեմ սկսվում է իր գոյության հետ միասին։
Սկզբում պայքար են մղում առանձին բանվորներ, ապա մի գործարանի բանվորները միասին, այնուհետև մի վայրի աշխատանքի մի ճյուղի բանվորներն առանձին բուրժուայի դեմ, որն անմիջականորեն շահագործում է նրանց։ Բանվորներն իրենց հարվածներն ուղղում են ո՛չ միայն բուրժուական արտադրական հարաբերությունների դեմ, այլև բուն արտադրության գործիքների դեմ, նրանք ոչնչացնում են մրցող օտարերկրյա ապրանքները, ջարդում են մեքենաները, հրկիզում են գործարանները, փորձում են ուժով վերականգնել միջնադարյան բանվորի կորցրած դրությունը։
Այս աստիճանի վրա բանվորները կազմում են ամբողջ երկրում ցրված և մրցության հետևանքով մասնատված մի մասսա։ Բանվորական մասսաների համախմբումը դեռևս չի հանդիսանում իրենց սեփական միավորման հետևանք, այլ լոկ բուրժուազիայի միավորման հետևանք, որն իր քաղաքական նպատակներին հասնելու համար պետք է, և քանի դեռ կարող է, ամբողջ պրոլետարիատին շարժման մեջ դնի։ Այդ աստիճանի վրա պրոլետարները պայքարում են, հետևաբար, ո՛չ թե իրենց թշնամիների դեմ, այլ իրենց թշնամիների թշնամիների դեմ՝ բացարձակ միապետության մնացորդների, հողատերերի, ոչ-արդյունաբերող բուրժուաների, մանր բուրժուաների դեմ։ Այսպիսով, ամբողջ պատմական շարժումը կենտրոնանում է բուրժուազիայի ձեռքում. այդպիսի պայմաններում տարած ամեն մի հաղթանակը հանդիսանում է բուրժուազիայի հաղթանակը։
Բայց արդյունաբերության զարգացման հետ միասին պրոլետարիատը աճում է ոչ միայն քանակապես. նա համախմբվում է մեծ մասսաների մեջ, նրա ուժն աճում է, և նա հետզհետե ավելի է այդ զգում։ Պրոլետարիատի շահերը և կյանքի պայմանները ավելի ու ավելի են հավասարվում՝ համընթաց այն բանի, որ մեքենաները ավելի ու ավելի են ջնջում աշխատանքի առանձին տեսակների տարբերությունները և համարյա ամենուրեք աշխատավարձը իջեցնում են մինչև միահավասար ցածր մակարդակի։ Բուրժուաների միջև աճող կոնկուրենցիան և սրա առաջացրած առևտրակակ ճգնաժամերր այն տեղն են հասցնում, որ բանվորների աշխատավարձը ավելի ու ավելի անկայուն է դառնում. մեքենաների ավելի ու ավելի արագ զարգացող, անընդհատ կատարելագործումը ավելի ու ավելի անապահով է դարձնում պրոլետարների կենսական դրությունը. առանձին բանվորի և առանձին բուրժուայի ընդհարումներն ավելի ու ավելի են երկու դասակարգերի միջև ընդհարումների բնույթ ընդունում։ Բանվորներն սկսում են նրանից, որ կոալիցիաներ են կազմում բուրժուաների դեմ․ նրանք հանդես են գալիս համատեղ՝ իրենց աշխատավարձը պաշտպանելու համար։ Նրանք հիմնում են նույնիսկ մշտական ասոցիացիաներ, որպեսզի հնարավոր ընդհարումների դեպքում իրենց համար միջոցներ ապահովեն։ Տեղ-տեղ պայքարը բացահայտ ապստամբության է վերածվում։
Բանվորները ժամանակ առ ժամանակ հաղթում են, բայց այդ հաղթանակները լոկ անցողիկ են։ Նրանց պայքարի իրական արդյունքը հանդիսանում է ոչ թե անմիջական հաջողությունը, այլ բանվորների ավելի ու ավելի լայն ծավալվող միավորումը։ Նրան նպաստում են հաղորդակցության անընդհատ աճող միջոցները, որոնք ստեղծում է խոշոր արդյունաբերությունը և որոնք կապ են հաստատում զանազան վայրերի բանվորների միջև։ Հենց միայն այդ կապն էլ պահանջվում է, որպեսզի ամենուրեք միատեսակ բնույթ կրող պայքարի բազմաթիվ տեղական օջախները կենարոնացվեն և միաձուլվեն մեկ ազգային, դասակարգային պայքարում։ Իսկ ամեն մի դասակարգային պայքար քաղաքական պայքար է։ Եվ այն միավորումը, որի համար միջնադարյան քաղաքացիներին իրենց միջգյուղյա ճանապարհներով հարյուրամյակներ էին պետք, ժամանակակից պրոլետարները, շնորհիվ երկաթուղիների, ձեռք են բերում քիչ տարիների ընթացքում։
Պրոլետարների այս կազմակերպությունը որպես դասակարգ և դրանով իսկ որպես քաղաքական պարտիա ամեն րոպե դարձյալ փլվում է հենց բանվորների փոխադարձ մրցությունից։ Բայց նա ծնունդ է առնում նորից ու նորից, ամեն անգամ դառնալով ավելի ուժեղ, ավելի ամուր, ավելի հզոր։ Նա ստիպում է օրենսդրական կարգով ընդունել բանվորների առանձին շահերը՝ այս նպատակի համար օգտագործելով բուրժուազիայի առանձին խավերի երկպառակությունները։ Օրինակ՝ տասժամյա բանվորական օրվա օրենքն Անգլիայում։
Հին հասարակության ներսում տեղի ունեցող ընդհարումներն առհասարակ շատ տեսակետներից նպաստում են պրոլետարիատի զարգացման պրոցեսին։ Բուրժուազիան անընդհատ պայքար է մղում՝ սկզբում արիստոկրատիայի դեմ, ավելի ուշ՝ հենց բուրժուազիայի այն մասերի դեմ, որոնց շահերը հակասության մեջ են ընկնում արդյունաբերության առաջադիմության հետ, և մշտապես՝ բոլոր օտար երկրների բուրժուազիայի դեմ։ Այս բոլոր ճակատամարտերում նա ստիպված է դիմել պրոլետարիատին, նրան օգնության կանչել և այդպիսով նրան ներգրավել քաղաքական շարժման մեջ։ Հետևաբար, նա ինքն է պրոլետարիատին հաղորդում իր սեփական կրթության տարրերը, այսինքն՝ զենք ընձեռնում հենց իր դեմ։
Այնուհետև, ինչպես մենք տեսանք, արդյունաբերության առաջադիմությունը պրոլետարիատի շարքերն է նետում տիրող դասակարգի ամբողջ շերտեր կամ, առնվազն, սպառնալիքի տակ է դնում նրանց կյանքի պայմանները։ Նրանք նույնպես կրթության բազմաթիվ տարրեր են բերում պրոլետարիատին։
Վերջապես, այն ժամանակաշրջաններում, երբ դասակարգային պայքարը մոտենում է իր հանգուցալուծմանը, քայքայման պրոցեսը տիրող դասակարգի ներսում, ամբողջ հին հասարակության ներսում այնպիսի փոթորկալից, այնպիսի սուր բնույթ է ընդունում, որ տիրող դասակարգի փոքրաթիվ մասը հրաժարվում է նրանից և հարում է ռևոլուցիոն դասակարգին, այն դասակարգին, որին պատկանում է ապագան։ Ահա թե ինչու, ինչպես առաջներում ազնվականության մի մասն անցնում էր բուրժուազիայի կողմը, այդպես էլ այժմ բուրժուազիայի մի մասն անցնում է պրոլետարիատի կողմը, այն է՝ բուրժուա-իդեոլոգների մի մասը, որը բարձրացել է պատմական շարժման ամբողջ ընթացքը թեորիապես ըմբռնելու աստիճանին։
Այժմ բուրժուազիայի դեմ կանգնած բոլոր դասակարգերից միայն պրոլետարիատն է իսկապես ռևոլուցիոն դասակարգ ներկայացնում։ Մյուս բոլոր դասակարգերը խոշոր արդյունաբերության զարգացմամբ հասնում են անկման և ոչնչանում են, իսկ պրոլետարիատը այդ զարգացման սեփական արդյունքն է։
Միջին դասերը՝ մանր արդյունաբերողը, մանր առևտրականը, արհեստավորն ու գյուղացին— դրանք բոլորն էլ բուրժուազիայի դեմ կռվում են նրա համար, որպեսզի կործանումից փրկեն իրենց գոյությունը որպես միջին դասերի։ Նրանք, հետևաբար, ո՛չ թե ռևոլուցիոն են, այլ կոնսերվատիվ։ Դեռ ավելին. նրանք ռեակցիոն են, նրանք ձգտում են ետ դարձնել պատմության անիվը։ Եթե նրանք ռևոլուցիոն են, ապա այն չափով, ինչ չափով նրանց սպասում է անցումը պրոլետարիատի շարքերը, ինչ չափով նրանք պաշտպանում են ո՛չ թե իրենց ներկա, այլ իրենց ապագա շահերը, ինչ չափով նրանք թողնում են իրենց սեփական տեսակետը, որպեսզի կանգնեն պրոլետարիատի տեսակետի վրա։
Լումպեն-պրոլետարիատը, հին հասարակության ամենաստորին խավերի նեխման այս պասսիվ արդյունքը, պրոլետարական ռևոլուցիայի կողմից տեղ֊տեղ շարժման մեջ է ներգրավվում, բայց նա իր ամբողջ կենսավիճակի հետևանքով շատ ավելի հակված է ծախվելու ռեակցիոն մեքենայությունների համար։
Հին հասարակության կենսապայմաններն արդեն ոչնչացված են պրոլետարիատի կենսապայմաններում։ Պրոլետարը սեփականություն չունի. նրա հարաբերությունը ղեպի կինն ու երեխաներն այլևս ընդհանուր ոչինչ չունի բուրժուական ընտանեկան հարաբերությունների հետ․ ժամանակակից արդյունաբերական աշխատանքը, կապիտալի ժամանակակից լուծը, որ միատեսակ է ինչպես Անգլիայում, այնպես էլ Ֆրանսիայում, ինչպես Ամերիկայում, այնպես էլ Գերմանիայում, նրանից ջնջել է ամեն մի ազգային բնույթ։ Օրենքները, բարոյականությունը, կրոնը — այս ամենը նրա համար ավելի չեն, քան բուրժուական նախապաշարմունքներ, որոնց հետևում թաքնված են բուրժուական շահեր։
Բոլոր նախկին դասակարգերը, տիրապետություն նվաճելով իրենց համար, ձգտել են իրենց արդեն ձեռք բերած դիրքն ամրապնդել կյանքում՝ ամբողջ հասարակությունը ենթարկելով այն պայմաններին, որոնք ապահովում են դրանց յուրացման եղանակը։ Իսկ պրոլետարները կարող են նվաճել հասարակական արտաղրողական ուժերը՝ միայն ոչնչացնելով յուրացման իրենց այժմյան սեփական եղանակը և դրանով իսկ նաև յուրացման մինչև այժմ գոյություն ունեցող ամբողջ եղանակն ամբողջովին վերցրած։ Պրոլետարները սեփական ոչինչ չունեն, որ հարկ լիներ պահպանել, նրանք պետք է խորտակեն այն ամենը, ինչը մինչև այժմ պահպանում ու ապահովում էր մասնավոր սեփականությունը։
Մինչև այժմ տեղի ունեցած բոլոր շարժումները եղել են փոքրամասնության շարժումներ կամ կատարվել են փոքրամասնության օգտին։ Պրոլետարական շարժումը հսկայական մեծամասնության ինքնուրույն շարժումն է հօգուտ հսկայական մեծամասնության։ Պրոլետարիատը՝ ժամանակակից հասարակության ամենաստորին խավը, չի կարող բարձրանալ, չի կարող շտկվել առանց այն բանի, որ այդ միջոցին հօդս չցնդի պաշտոնական հասարակությունը կազմող խավերի ամբողջ վերնաշենքը։
Եթե ոչ ըստ բովանդակության, ապա ըստ ձևի պրոլետարիատի պայքարն ընդդեմ բուրժուազիայի՝ սկզբից ազգային պայքար է հանդիսանում։ Յուրաքանչյուր երկրի պրոլետարիատ պետք է, իհարկե, նախ և առաջ հաշիվ մաքրի իր սեփական բուրժուազիայի հետ։
Նկարագրելով պրոլետարիատի զարգացման ամենաընդհանուր փուլերը՝ մենք հետևում էինք գոյություն ունեցող հասարակության ներսում ավելի կամ նվազ չափով քողարկված քաղաքացիական պատերազմին ընդհուպ մինչև այն կետը, երբ այն բացահայտ ռևոլուցիայի է փոխարկվում, և պրոլետարիատը բուրժուազիայի բռնի տապալման միջոցով հիմնում է իր տիրապետությունը։
Մինչև այժմ գոյություն ունեցող բոլոր հասարակությունները, ինչպես տեսանք, հիմնված են եղել ճնշող և ճնշված դասակարգերի անտագոնիզմի վբա։ Բայց որպեսզի հնարավոր լինի ճնշել որևէ դասակարգի, անհրաժեշտ է ապահովել այն պայմանները, որոնց առկայության դեպքում այդ դասակարգը կարողանար գեթ քարշ տալ իր ստրկական գոյությունը։ Ճորտը ճորտական վիճակում բարձրացավ մինչև կոմունայի անդամի աստիճանը, ինչպես որ մանր բուրժուան ֆեոդալական աբսոլուտիզմի լծի տակ բարձրացավ մինչև բուրժուայի դրությունը։ Ընդհակառակը, ժամանակակից բանվորը արդյունաբերության առաջադիմությամբ չի բարձրանում, այլ հետզհետե ավելի ու ավելի ցած է իջնում իր սեփական դասակարգի գոյության պայմաններից։ Բանվորը դառնում է պաուպեր, և պաուպերիզմը էլ ավելի արագ է աճում, քան բնակչությունն ու հարստությունը։ Դա պարզ ցույց է տալիս, որ բուրժուազիան անընդունակ է այլևս հասարակության իշխող դասակարգը մնալու և իր դասակարգի գոյության պայմանները որպես կարգավորող օրենք ամբողջ հասարակության վզին փաթաթելու։ Նա անընդունակ է իշխելու, որովհետև անընդունակ է իր ստրուկի համար նույնիսկ գոյության ստրկական մակարդակ ապահովելու, որովհետև ստիպված է նրան թույլ տալ այն դրությանը իջնելու, երբ ինքը պետք է կերակրի նրան, փոխանակ նրա հաշվին կերակրվելու։ Հասարակությունն այլևս չի կարող նրա իշխանության տակ ապրել, այսինքն՝ նրա կյանքն այլևս անհամատեղելի է հասարակության հետ։
Բուրժուազիայի դասակարգի գոյության և տիրապետության հիմնական պայմանը հարստության կուտակումն է մասնավոր անձերի ձեռքում, կապիտալի գոյացումն ու մեծացումը: Կապիտալի գոյության պայմանը վարձու աշխատանքն է։ Վարձու աշխատանքը պահպանվում է բացառապես բանվորների միջև տեղի ունեցող մրցությամբ։ Արդյունաբերության առաջադիմությունը, որի ակամա կրողը հանդիսանում է բուրժուազիան, որն անզոր է նրան դիմադրելու, բանվորների՝ մրցությունից առաջացած բաժանվածության տեղը դնում է նրանց ռևոլուցիոն միավորումն ասոցիացիայի միջոցով։ Այսպիսով, խոշոր արդյունաբերության զարգացմամբ բուրժուազիայի ոտքի տակից պոկվում է հենց այն պատվանդանը, որի վրա նա արտադրում ու յուրացնում է արտադրանքները։ Նա արտադրում է ամենից առաջ իր սեփական գերեզմանափորներին։ Նրա կործանումը և պրոլետարիատի հաղթանակը հավասարապես անխուսափելի են։
II։ Պրոլետարները և կոմունիստները
Ի՞նչ հարաբերության մեջ են գտնվում կոմունիստները պրոլետարների նկատմամբ ընդհանրապես։
Կոմունիստները մյուս բանվորական պարտիաներին հակադրվող մի հատուկ պարտիա չեն։
Նրանք ամբողջ պրոլետարիատի շահերից դուրս ուրիշ ոչ մի առանձին շահ չունեն։
Նրանք չեն առաջադրում որևէ հատուկ սկզբունք, որին կուզենային հարմարեցնել պրոլետարական շարժումը։