Հինգերորդ Բաժին: Բացարձակ Եվ Հարաբերական Հավելյալ Արժեքի Արտադրությունը

Գրապահարան-ից
14:01, 14 Հունիսի 2014 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՑԱՐՁԱԿ ԵՎ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔ

Վերը (տե՛ս հինգերորդ գլուխը) մենք աշխատանքի պրոցեսը քննեցինք — վերացականորեն, անկախ նրա պատմական ձևերից, որպես մարդու և բնության միջև կատարվող պրոցես։ Այնտեղ մենք ասել ենք. «Եթե ամբողջ պրոցեսը քննենք նրա հետևանքի տեսակետից, ապա թե՛ աշխատանքի միջոցը է թե՛ աշխատանքի առարկան, երկուսն էլ հանդես են գալիս որպես արտադրամիջոցներ, իսկ ինքը՝ աշխատանքը՝ որպես արտադրողական աշխատանք»։ 7-րդ ծանոթագրության մեջ ավելացված է. «Արտադրողական աշխատանքի այս սահմանումը, որ ստացվում է աշխատանքի պարզ պրոցեսի տեսակետից, բոլորովին անբավարար է արտադրության կապիտալիստական պրոցեսի համար»։ Այս էլ հենց ենթակա է այստեղ հետագա հետազոտման։

Քանի դեռ աշխատանքի պրոցեսը զուտ անհատական է, միևնույն բանվորը միավորում է այն բոլոր ֆունկցիաները, որոնք հետագայում անջատվում են։ Բնության առարկաներն իր կենսական նպատակների համար անհատորեն յուրացնելիս նա ինքն է վերահսկում իրեն։ Հետագայում նրան են վերահսկում։ Առանձին մարդը չի կարող բնության վրա ներգործել, եթե իր սեփական մկանները գործի չդնի իր սեփական ուղեղի վերահսկողության տակ։ Ինչպես բնության մեջ գլուխն ու ձեռքը միևնույն օրգանիզմին են պատկանում, այնպես էլ աշխատանքի պրոցեսում միանում են մտավոր ու ֆիզիկական աշխատանքը։ Հետագայում նրանք անջատվում և թշնամական հակադրության են հասնում։ Արդյունքը անհատական արտադրողի ընդհանրապես անմիջական արդյունքից դառնում է հասարակական արդյունք, հավաքական բանվորի ընդհանուր արդյունք, այսինքն՝ այնպիսի կոմբինացված է բանվորական անձնակազմի արդյունք, որի անդամներն ավելի մոտ կամ ավելի հեռու են կանգնած աշխատանքի առարկայի վրա անմիջաբար ներգործելուց։ Ուստի աշխատանքի պրոցեսի կոոպերատիվ բնույթն արդեն անհրաժեշտորեն ընդլայնում է այն հասկացողությունը, որով ընդգրկվում են արտադրողական աշխատանքն ու նրա կրողը — արտադրողական բանվորը։ Արտադրողաբար աշխատելու համար հիմա հարկավոր չէ անձամբ գործի դնել իր ձեռքերը, բավական է հավաքական բանվորի օրգանը լինել, նրա ենթաֆունկցիաներից մեկը կատարել։ Արտադրողական աշխատանքի վերը բերված նախասկզբնական սահմանումը, որ հանվեց հենց նյութական արտադրության բնությունից, միշտ պահպանում է իր նշանակությունը հավաքական բանվորի նկատմամբ, որը քննության է առնվում որպես մեկ ամբողջություն։ Բայց այդ սահմանումն այլևս չի համապատասխանում հավաքական բանվորի ամեն մի անդամին՝ առանձին վերցրած։

Սակայն, մյուս կողմից, նեղանում է «արտադրողական աշխատանք» հասկացողությունը։ Կապիտալիստական արտադրությունը ոչ միայն ապրանքի արտադրություն է, այլև իր բուն էությամբ հավելյալ արժեքի արտադրություն։ Բանվորը ոչ թե իրեն համար է արտադրում, այլ կապիտալի համար։ Ուստի այլևս բավական չէ այն, որ նա ընդհանրապես արտադրում է։ Նա պետք է հավելյալ արժեք արտադրի։ Միայն այն բանվորն է արտադրողական, որը հավելյալ արժեք է արտադրում կապիտալիստի համար կամ ծառայում է կապիտալի արժեքի ինքնաճմանը։ Այսպես, օրինակ,— եթե թույլատրելի է մի օրինակ վերցնել նյութական արտադրության ոլորտից դուրս,— դպրոցական ուսուցիչը արտադրողական բանվոր է, եթե նա ոչ միայն երեխաների գլուխներն է մշակում, այլև ուժասպառ է լինում ձեռնարկատիրոջը հարստացնելու համար։ Վերջինն իր կապիտալը ուսուցման գործարանի մեջ կդնի թե երշիկագործարանի մեջ,— դրանից քննարկվող հարաբերությունն ամենևին չի փոխվում։ Ուստի «արտադրողական բանվոր» հասկացողությունն ամենևին չի սպառվում այն հարաբերությամբ, որ կա գործունեության ու նրա օգտակար էֆեկտի միջև, բանվորի ու նրա աշխատանքի արդյունքի միջև, այդ հասկացողությունը պարունակում է նաև առանձնահատուկ հասարակական, պատմականորեն առաջացած արտադրական հարաբերություն, որը բանվորին դարձնում է կապիտալի աճման անմիջական գործիք։ Հետևապես, արտադրողական բանվոր լինելը ամենևին բախտավորություն չէ, այլ մի անեծք է։ Այս աշխատության չորրորդ գրքում, որտեղ խոսվում է թեորիայի պատմության մասին, հանգամանորեն ցույց կտրվի, որ կլասիկ քաղաքատնտեսությունը վաղուց ի վեր հավելյալ արժեքի արտադրությունը նկատել է որպես արտադրողական բանվորին բնորոշող հատկանիշ։ Ուստի հավելյալ արժեքի բնույթի մասին քաղաքատնտեսության ունեցած հայացքների փոփոխման հետ փոխվում է նաև արտադրողական բանվորի սահմանումը նրա կողմից։ Այսպես, ըստ ֆիզիոկրատների հայտարարության, միայն հողագործական աշխատանքն է արտադրական, որովհետև միայն նա է հավելյալ արժեք տալիս։ Ֆիզիոկրատների համար հավելյալ արժեքը գոյություն ունի բացառապես հողային ռենտայի ձևով։

Աշխատանքային օրվա երկարացում այն սահմաններից դուրս, որոնց շրջանակներում բանվորն ի վիճակի կլիներ միայն իր աշխատուժի արժեքի համարժեքն արտադրելու, և տվյալ հավելյալ աշխատանքի յուրացում կապիտալի կողմից,— ահա ինչ է բացարձակ հավելյալ արժեքի արտադրությունը։

Բացարձակ հավելյալ արժեքի արտադրությունը կազմում է կապիտալիստական սիստեմի ընդհանուր հիմքը և հարաբերական հավելյալ արժեքի արտադրության ելակետը։ Հարաբերական, հավելյալ արժեք արտադրելիս աշխատանքային օրը հենց սկզբից բաժանված է երկու մասի՝ անհրաժեշտ աշխատանքի և հավելյալ աշխատանքիt հավելյալ աշխատանքը երկարացնելու նպատակով անհրաժեշտ աշխատանքը կրճատվում է այնպիսի մեթոդներով, որոնք թույլ են տալիս աշխատավարձի համարժեքն արտադրել ավելի կարճ ժամանակում։ Բացարձակ հավելյալ արժեքի արտադրությունը կապված է միայն աշխատանքային օրվա երկարության հետ. հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը հիմնովին ռևոլյուցիոնացնում է ինչպես աշխատանքի տեխնիկական պրոցեսները, այնպես էլ հասարակական խմբավորումները։

Հետևապես, հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը ենթադրում է արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակ, վերջինը իրեն համար բնորոշ մեթոդներով, միջոցներով ու պայմաններով ինքը տարե-րայնորեն ծագում ու զարգանում է աշխատանքը կապիտալին ձևականորեն ենթարկելու հիմքի վրա միայն։ Ղբա հեա միասին աշխատանքի ձևական ենթարկումը կապիտալին իր տեղը զիջում է իրական ենթարկմանը։

Այստեղ բավական է սոսկ նշել այն խառնածին ձևերը, որոնց գոյության ժամանակ հավելյալ աշխատանքն արդեն արտադրողից չի քամվում ուղղակի հարկադրման միջոցով և, մյուս կողմից, դեռ հանդես չի եկել նրա ձևական ենթարկումը կապիտալին։ Կապիտալն այստեղ դեռ անմիջաբար չի տիրացել աշխատանքի պրոցեսին։ Ինքնուրույն արտադրողների կողքին, որոնք արտադրության ավանդական, պապենական եղանակների հիմքի վրա պարապում են արհեստով կամ հողագործությամբ, հրապարակ է գալիս վաշխառուն կամ վաճառականը, վաշխառուական կամ առևտրական կապիտալը, որը, ինչպես մի պարազիտ, քամում է նրանց հյութը։ Հասարակության մեջ շահագործման այդ ձևի գերակշռումը բացառում է արտադրության կապիտալիստական եղանակը, թեև, մյուս կողմից, հենց այդ ձևը կարող է կազմել անցում դեպի կապիտալիզմ, ինչպես եղավ միջին դարերի վերջերքին։ Վերջապես, ինչպես ցույց է տալիս տանը կատարվող արդի աշխատանքի օրինակը, որոշ խառնածին ձևեր խոշոր արդյունաբերության հողի վրա էլ մասնակիորեն վերարտադրվում են, ընդունելով, սակայն, բոլորովին փոփոխված կերպարանք։

Եթե, մի կողմից, բացարձակ հավելյալ արժեքի արտադրության համար լիովին բավական է աշխատանքի լոկ ձևական ենթարկումը կապիտալին, օրինակ, բավական է, որ առաջ ինքնուրույն կերպով, իրեն համար աշխատող կամ որպես համքարական վարպետի օգնական աշխատող, արհեստավորը հիմա դառնա կապիտալիստի անմիջական վերահսկողության տակ գտնվող վարձու բանվոր,— ապա, մյուս կողմից, հարաբերական հավելյալ արժեք արտադրելու մեթոդները, ինչպես տեսանք, բացարձակ հավելյալ արժեք արտադրելու մեթոդներ են միաժամանակ։ Չէ՞ որ աշխատանքային օրվա չափից դուրս երկարացումը մեզ ներկայացավ որպես խոշոր արդյունաբերության ամենաբնորոշ արդյունքը։ Ընդհանրապես, արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակը դադարում է հարաբերական հավելյալ արժեք

արտադրելու սոսկ միջոց լինելուց, երբ նա տիրացել է արտադրության մի ամբողջ ճյուղի կամ, դեռ ավելին, արտադրության բոլոր վճռական ճյուղերին։ Այն ժամանակ նա դառնում է արտադրական պրոցեսի ընդհանուր, հասարակականորեն տիրապետող ձև։ Որպես հարաբերական հավելյալ արժեքի արտադրության առանձնահատուկ մեթոդ նա այժմ գործում է այն չափով միայն, որչափով, նախ, ընդգրկում է արդյունաբերության այն ճյուղերը, որոնք մինչև այդ լոկ ձևականորեն էին ենթարկված կապիտալին, հետևապես, որչափով նա ավելի ու ավելի է տարածվում։ Երկրորդ, այն չափով միայն, որչափով արդյունաբերության այն ճյուղերը, որոնք արդեն ենթարկված են նրան, անընդհատ ռևոլյուցիոնացվում են շնորհիվ արտադրության մեթոդների փոփոխման։

Մի որոշ տեսակետից բացարձակ ու հարաբերական հավելյալ արժեքների տարբերուֆյունն ընդհանրապես պատրանքային է երևում։ Հարաբերական հավելյալ արժեքը բացարձակ է, որովհետև նա ենթադրում է աշխատանքային օրվա բացարձակ երկարացում բանվորի գոյության համար անհրաժեշտ աշխատաժամանակի սահմաններից այն կողմը։ Բացարձակ հավելյալ արժեքը հարաբերական է, որովհետև նա ենթադրում է աշխատանքի արտադրողականության այնպիսի զարգացում, որը թույլ է տալիս անհրաժեշտ աշխատաժամանակը սահմանափակել աշխատանքային օրվա մի մասով։ Բայց եթե ուշադրություն դարձնենք հավելյալ արժեքի շարժման վրա, ապա այդ թվացող նույնությունը կչքանա։ Քանի որ արտադրության կապիտալիստական եղանակը ծագել ու արտադրության ընդհանրական եղանակ է դարձել, բացարձակ և հարաբերական հավելյալ արժեքների տարբերությունն զգալի է դառնում, երբ գործը վերաբերում է ընդհանրապես հավելյալ արժեքի նորմայի բարձրացմանը։ Ենթադրելով, թե աշխատուժը վարձատրվում է ըստ իր արժեքի, մենք կանգնում ենք այսպիսի երկընտրանքի առջև.— եթե տրված են աշխատանքի արտադրողական ուժը և նրա ինտենսիվության նորմալ աստիճանը, ապա հավելյալ արժեքի նորման կարող է բարձրացվել աշխատանքային օրվա բացարձակ երկարացումով միայն, մյուս կողմից, աշխատանքային օրվա տվյալ սահմաններում հավելյալ արժեքի նորման կարող է բարձրացվել միայն աշխատանքային օրվա բաղկացուցիչ մասերի, այսինքն՝ անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի հարաբերական մեծության փոփոխումով, որը, իր հերթին, ենթադրում է աշխատանքի արտադրողականության կամ ինտենսիվության փոփոխում, որչափով աշխատավարձը չպետք է աշխատուժի արժեքից ցած ընկնի։

Եթե բանվորն ստիպված է իր տրամադրության տակ եղած ամբողջ ժամանակը գործադրելու իր և իր ընտանիքի գոյության համար անհրաժեշտ կենսամիջոցներն արտադրելու վրա, ապա նրան ժամանակ չի մնում, իհարկե, երրորդ անձերի համար անվճար կերպով աշխատելու։ Այսպիսով, քանի դեռ աշխատանքի արտադրողականությունը որոշ մակարդակի չի հասել, բանվորի տրամադրության տակ չկա այն ավելցուկ ժամանակը, առանց որի հնարավոր չէ հավելյալ աշխատանքը, հնարավոր չեն, հետևապես, նաև կապիտալիստները, բայց միաժամանակ հնարավոր չեն նաև ստրկատերերը, ֆեոդալ բարոնները, մի խոսքով՝ խոշոր սեփականատերերի որևէ դասակարգ[1]։

Այսպիսով, կարող է խոսք լինել հավելյալ արժեքի բնական բազիսի մասին, բայց միայն այն միանգամայն ընդհանուր իմաստով, թե բնության մեջ չկա ոչ մի այնպիսի բացարձակ արգելք, որը մեկ մարդու խանգարեր իր սեփական գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ աշխատանքն իր վրայից գցելու և ուրիշի վրա բարդելու։ Նույն այդ իրավունքով էլ կարելի է պնդել, որ, օրինակ, բնության մեջ չկա այնպիսի բացարձակ արգելք, որը մեկին խանգարեր մի ուրիշի միսը գործածելու որպես ուտելիք [Տես 1a ծանոթ.]։ Ամենևին չպետք է միստիկական պատկերացումներ կապել աշխատանքի այդ բնաճուն արտադրողականության հետ, ինչպես այդ երբեմն արվել է։ Միայն այն ժամանակ, երբ մարդիկ իրենց աշխատանքով դուրս են եկել նախնական կենդանական վիճակից, երբ, այսպիսով, նրանց աշխատանքը որոշ աստիճան արդեն հասարակականացված է, միայն այդ ժամանակ են ստեղծվում այն պայմանները, երբ մեկի հավելյալ աշխատանքը դաոնում է մյուսի գոյության պայմանը։ Կուլտուրայի սաղմնային աստիճանների վրա աշխատանքի արտադրողական ուժերը չնչին են, բայց այդպիսին են նաև պահանջմունքները, որոնք զարգանում են իրենց բավարարման միջոցների հետ և անմիջաբար կախված են վերջինների զարգացումից։ Այնուհետև, մատնանշված սկզբնական աստիճանների վրա հասարակության այն մասերի համեմատական մեծությունը, որոնք ապրում են ուրիշի աշխատանքով, չնչինության չափ փոքր է անմիջական արտադրողների մասսայի համեմատությամբ։ Աշխատանքի հասարակական արտադրողական ուժի աճման հետ այդ մասերն աճում են բացարձակորեն ու հարաբերաբար[2]։ Ասենք՝ կապիտալը, որպես հասարակական հարաբերություն, ծագում է մի այնպիսի տնտեսական հողի վրա, որը զարգացման երկարատև պրոցեսի արդյունք է։ Աշխատանքի առկա արտադրողականությունը, որից նա ելնում է որպես իր հիմքից, ո՛չ թե բնության շնորհն է, այլ հազարավոր դարեր ընդգրկող պատմության շնորհը։

Եթե վերանանք հասարակական արտադրության ավելի կամ պակաս զարգացումից, ապա աշխատանքի արտադրողականությունը կապված կլինի բնական պայմանների հետ։ Այս վերջիններն ամբողջովին կարող են հանգեցվել հենց մարդու բնությանը, նրա ռասային և այլն, և մարդուն շրջապատող բնությանը։ Արտաքին բնական պայմանները տնտեսապես տրոհվում են երկու խոշոր խմբի — կենսամիջոցների բնական հարստության, հետևապես, հողի պտղաբերության, ջրերի ձկնառատության և այլն, և աշխատանքի միջոցների բնական հարստության, ինչպես գործող ջրվեժները, նավարկելի գետերը, փայտը, մետաղները, ածուխը և այլն։ Կուլտուրայի սաղմնային դրության ժամանակ վճռական նշանակություն ունի բնական հարստության առաջին տեսակը, ավելի բարձր աստիճաններում՝ երկրորդ տեսակը։ Համեմատեցեք, օրինակ, Անգլիան Հնդկաստանի հետ կամ հնադարյան աշխարհում Աթենքն ու Կորնթոսը Սև ծովի առափնյա երկրների հետ։

Որքան ավելի փոքր է բացարձակորեն բավարարելի բնական պահանջմանքների թիվը, որքան ավելի մեծ է հողի բնական պտղաբերությունը և որքան ավելի բարենպաստ է կլիման, այնքան ավելի փոքր է այն աշխատաժամանակը, որն անհրաժեշտ է արտադրողի կյանքի պահպանման ու վերարտադրման համար։ Հետևաբար, այնքան ավելի մեծ կարող է լինել նրա աշխատանքի ավելցուկն ուրիշների օգտին՝ իր վրա գործադրվող աշխատանքի համեմատությամբ։ Այսպես, դեռևս Դիոդորը նկատում է հին եգիպտացիների մասին. «Բոլորովին աներևակայելի է, թե նրանց երեխաներին պահելը որքան քիչ նեղություն ու ծախսեր է պատճառում նրանց։ Նրանք երեխաների համար եփում են առաջին պատահած հասարակ կերակուրը. նրանց տալիս են ուտելու նաև պապիրուսի թփի ներքևի մասը, որը կարելի է կրակի վրա խորովել, բացի դրանից, ճահճաբույսերի արմատներն ու ցողունները՝ մասամբ հում, մասամբ խաշած կամ խորոված։ Երեխաների մեծ մասը ման է գալիս առանց ոտնամանների ու հագուստի, որովհետև կլիման շատ մեղմ է։ Ուստի երեխային մեծացնելը ծնողների վրա նստում է ընդհանրապես քսան դրախմից ոչ ավելի։ Սրանով է գլխավորապես բացատրվում Եգիպտոսի բնակչության շատությունը, որը հնարավորություն է տվել այնքան մեծ թվով վիթխարի կառուցումներ ստեղծելու»[3]։ Սակայն հին Եգիպտոսի հսկա շենքերն իրենց ծագումով իրոք պարտական են ոչ այնքան նրա բնակչության շատությանը, որքան այն հանգամանքին, որ բնակչության զգալի մասը կարող էր գործադրվել այդ գործի համար։ Անհատական բանվորն այնքան ավելի շատ հավելյալ արժեք կարող է տալ, որքան ավելի փոքր է նրա անհրաժեշտ աշխատաժամանակը. նույնը վերաբերում է նաև բանվորական բնակչությանը՝ ամբողջովին վերցրած. որքան նրա ավելի փոքր մասն է պահանջվում անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության համար, այնքան ավելի մեծ է մնացած մասը, որը կարելի է գործադրել որևէ ուրիշ գործի վրա։

Երբ տրված է կապիտալիստական արտադրությունը, ապա, մյուս հավասար պայմաններում ու աշխատանքային օրվա տվյալ տևողության շրջանակներում, հավելյալ աշխատանքի մեծությունը փոփոխվում է՝ նայած աշխատանքի բնական պայմաններին և, հատկապես, հողի պտղաբերությանը։ Սակայն այստեղից ամենևին չի հետևում հակառակ դրույթը, թե ամենապտղաբեր հողն ամենահարմարն է արտադրության կապիտալիստական եղանակի աճման համար։ Այս վերջինը ենթադրում է մարդու տիրապետությունը բնության վրա։ Չափազանց շռայլ բնությունը «մարդուն՝ երեխայի պես ձեռքից բռնած է ման ածում»։ Բնությունը մարդու սեփական զարգացումը չի դարձնում բնական անհրաժեշտություն[4]։ Ո՛չ թե արևադարձային կլիման իր փարթամ բուսականությամբ, այլ բարեխառն գոտին է եղել կապիտալի ծննդավայրը։ Ո՛չ թե հողի բացարձակ պտղաբերությունը, այլ նրա բաժանվածությունը տարբեր տեսակների, նրա բնական արդյունքների բազմազանությունն է կազմում աշխատանքի հասարակական բաժանման բնական հիմքը. շնորհիվ բնական այն պայմանների փոփոխության, որոնց մեջ մարդը ստիպված է վարելու իր տնտեսությունը, այդ բազմազանությունը նպաստում է նրա սեփական պահանջմունքների, ընդունակությունների, աշխատանքի միջոցների ու աշխատանքի եղանակների բազմացմանը։ Բնության որևէ ուժ տնտեսության շահերի տեսակետից հասարակական վերահսկողության ենթարկելու անհրաժեշտությունը, այդ ուժը մարդու ձեռքով շինված խոշոր մասշտաբի կառուցումների միջոցով օգտագործելու կամ իրեն ենթարկելու անհրաժեշտությունը վճռողական դեր է խաղում արդյունաբերության պատմության մեջ։ Օրինակ կարող է ծառայել ջրի կարգավորումը Եգիպտոսում[5], Լոմբարդիայում, Հոլանդիայում և այլն, կամ Հնդկաստանում, Պարսկաստանում ու այլ երկրներում, որտեղ արհեստական ջրանցքներով ոռոգումը ո՛չ միայն բույսերի համար անհրաժեշտ ջուր է մատակարարում հողին, այլև միաժամանակ տիղմի հետ հանքային պարարտանյութեր է բերում լեռներից։ Արաբների տիրապետության ժամանակ Իսպանիայի ու Սիցիլիայի տնտեսական ծաղկման գաղտնիքը արհեստական ոռոգումն էր[6]։

Բարենպաստ բնական պայմանները միշտ միայն հավելյալ աշխատանքի հնարավորություն են ընձեռում, բայց երբեք իրենք չեն ստեղծում իսկական հավելյալ աշխատանք, հետևապես, նաև հավելյալ արժեք կամ հավելյալ արդյունք։ Աշխատանքի տարբեր բնական պայմաններն ունենում են այն հետևանքը, որ աշխատանքի նույն քանակը տարբեր երկրներում պահանջմունքների տարրեր քանակ է բավարարում[7], հետևապես, այն հետևանքը, որ մյուս պայմանների նմանության դեպքում անհրաժեշտ աշխատաժամանակը տարբեր է լինում։ Նրանք հավելյալ աշխատանքի վրա ազդում են միայն որպես բնական սահման, այսինքն՝ որոշում են այն կետը, որի սահմաններից դուրս կարող է սկսվել աշխատանքը ուրիշների համար։ Նույն այն չափով, որով զարգանում է արդյունաբերությունը, ետ է մղվում այդ բնական սահմանը։ Արևմտաեվրոպական հասարակության մեջ, որտեղ բանվորը միայն հավելյալ աշխատանքի միջոցով կարող է աշխատելու թույլտվություն գնել իր սեփական գոյությունը պահպանելու համար, հեշտությամբ առաջ է գալիս այն պատրանքը, թե հավելյալ արդյունք մատակարարելը մարդկային աշխատանքի բնածին հատկությունն է[8]։ Բայց վերցնենք, օրինակ, ասիական արշիպելագի արևելյան այն կղզիների բնակիչներին, որտեղ սագոն վայրի ձևով աճում է անտառում։ «Բնակիչները, ծառի մեջ մի ծակ շաղափելով և համոզվելով, որ միջուկը հասել է, ծառը կտրում են և բաժանում մի քանի կտորների, ճանկերով հանում են միջուկը, ջրի հետ խառնում և ջուրը քամելով ստանում են գործածության համար միանգամայն պիտանի սագոյի ալյուր։ Մի ծառը սովորաբար տալիս է 300 ֆունտ և կարող է տալ 500-ից մինչև 600 ֆունտ։ Այնտեղ, այսպիսով, անտառ են գնում իրենց համար հաց կտրելու, այնպես, ինչպես մեզանում անտառ են գնում փայտ կտրելու»[9]։ Ենթադրենք, որ արևելյան-ասիացի մի այդպիսի հացահատի շաբաթական 12 աշխատաժամ է հարկավոր իր բոլոր պահանջմունքները բավարարելու համար։ Բարենպաստ բնական պայմաններն անմիջաբար միայն մի բան են տալիս նրան՝ ավելորդ ազատ ժամանակ։ Որպեսզի նա այդ ազատ ժամանակն արտադրողաբար գործադրի հենց իրեն համար, անհրաժեշտ է պատմական պայմանների մի ամբողջ շարք. որպեսզի նա այդ ազատ ժամանակը ծախսի ուրիշ անձերի համար, հավելյալ աշխատանքի ձևով, պահանջվում է արտաքին հարկադրանք։ Եթե այնտեղ կապիտալիստական արտադրություն մտցված լիներ, ապա մեր կտրիճը ստիպված կլիներ, գուցե, շաբաթվա մեջ 6 օր աշխատելու, որպեսզի մի աշխատանքային օրվա արդյունքը իր օգտին գործադրեր։ Բնության առատաձեռնությունը ամենևին չի բացատրում, թե ինչու նա հիմա շաբաթվա մեջ 6 օր է աշխատում կամ ինչու է 5 օրվա հավելյալ աշխատանք, այսինքն՝ հսկայական հավելյալ արդյունք տալիս։ Բնության առատաձեռնությունը միայն այն է բացատրում, թե ինչու է նրա անհրաժեշտ աշխատաժամանակը սահմանափակված շաբաթվա մեջ մի օրով։ Բայց նրա հավելյալ արդյունքը ոչ մի դեպքում չէր կարող առաջ գալ մարդկային աշխատանքի ինչ-որ բնածին, խորհրդավոր հատկությունից։

Աշխատանքի ինչպես պատմականորեն զարգացած, հասարակական, այնպես էլ հենց բնությամբ պայմանավորված արտադրողական ուժերը թվում են որպես կապիտալի արտադրողական ուժեր, կապիտալի, որը յուրացրել է այդ աշխատանքը։

Ռիկարդոն երբեք իրեն հարց չէր տալիս հավելյալ արժեքի ծագման մասին։ Նա հավելյալ արժեքը դիտում է որպես արտադրության կապիտալիստական եղանակին ներհատուկ մի բան, համարելով այդ եղանակը հասարակական արտադրության բնական ձև։ Որտեղ նա խոսում է աշխատանքի արտադրողականության մասին, այնտեղ նրա մեջ որոնում է ոչ թե հավելյալ արժեքի գոյության պատճառը, այլ այն պատճառը միայն, որը որոշում է հավելյալ արժեքի մեծությունը։ Այնինչ նրա դպրոցը բարձրաձայն հայտարարեց, թե աշխատանքի արտադրողական ուժն է շահույթի (կարդա՛ հավելյալ արժեքի) ծագման պատճառը։ Համենայն դեպս այդ մի առաջադիմություն է մերկանտիլիստների համեմատությամբ, որոնք, իրենց կողմից, արդյունքի գնի ավելցուկը, նրա արտադրության ծախքերի համեմատությամբ, բխեցնում են փոխանակությունից, արդյունքներն իրենց արժեքից բարձր վաճառելուց։ Սակայն Ռիկարդոյի դպրոցը ևս լոկ շրջանցեց, բայց չլուծեց պրոբլեմը։ Եվ այդ հասկանալի է. բուրժուական այդ տնտեսագետների բնազդը միանգամայն ճիշտ թելադրեց, որ շատ վտանգավոր է հավելյալ արժեքի ծագման հրատապ հարցը չափազանց խոր հետազոտել։ Բայց ի՞նչ կասես, երբ Ռիկարդոյից կես դար հետո պարոն Ջոն Ստյուարտ Միլլը վատթար ձևով կրկնում է Ռիկարդոյի առաջին վուլգարիզատորների անպետք խուսաբանությունները և այդ հիման վրա սեփական արժանապատվության զգացումով իր գերազանցությունն է հավաստում մերկանտիլիստների համեմատությամբ։

Միլլն ասում է. «Շահույթի պատճառն այն է, որ աշխատանքն ավելի է արտադրում, քան անհրաժեշտ է նրա պահպանման համար»։ Առայժմ դրանք միայն հին կրկներգեր են. բայց Միլլն ուզում է դրան ավելացնել որոշ բան իր սեփական մտքերից. «Կամ, այլ կերպ արտահայտած, այն պատճառը, որի հետևանքով կապիտալը շահույթ է բերում, այն է, որ կերակուրը, զգեստը, հումքն ու աշխատամիջոցներն ավելի երկար ժամանակ են գոյություն ունենում, քան պահանջվում է նրանց արտադրության համար»։ Միլլն այստեղ շփոթում է աշխատաժամանակի տևողությունն ու աշխատանքի արդյունքների գոյության տևողությունը։ Այդ տեսակետից հացագործը, որի արդյունքները միայն մի օր գոյություն ունեն, իր վարձու բանվորներից երբեք չէր կարող նույնքան շահույթ կորզել, որքան այն մեքենագործը, որի արդյունքները քսան տարի ու ավելի են հարատևում։ Համենայն դեպս, անկասկած է, որ եթե թռչունների բները միայն այնքան ժամանակ դիմանային, որքան պահանջվում է բներ շինելու համար, ապա թռչունները պետք է առանց բների ապրեին։

Այս հիմնական ճշմարտությունը հաստատելով, Միլլը հավաստում է այնուհետև իր գերազանցությունը մերկանտիլիստների համեմատությամբ. «Այսպիսով, մենք տեսնում ենք, որ շահույթը ծագում է ո՛չ թե փոխանակության կողմնակի փաստից, այլ աշխատանքի արտադրողական ուժից, տվյալ երկրի ընդհանուր շահույթը միշտ որոշվում է աշխատանքի արտադրողական ուժով, անկախ այն բանից՝ փոխանակություն տեղի ունի՞ թե ոչ։ Եթե չլիներ զբաղմունքների բաժանում, ոչ առք կլիներ, ո՛չ էլ վաճառք, բայց, այնուամենայնիվ, շահույթը կմնար»։ Այսպես ուրեմն, փոխանակությունը, առքն ու վաճառքը,— կապիտալիստական արտադրության այդ ընդհանուր պայմանները,— այստեղ բոլորովի՜ն կողմնակի հանգամանքներ են հայտարարվում. շահույթը մնում է նույնիսկ այն դեպքում, երբ չկա աշխատուժի ո՛չ առք, ո՛չ էլ վաճառք։

Այնուհետև. «Եթե տվյալ երկրի բանվորության ամբողջությունն իր աշխատավարձի գումարից 20% ավելի է արտադրում, ապա շահույթը կլինի 20%, ինչ էլ որ լինի ապրանքային գների դրությունը»>— Մի կողմից, այդ մի վերին աստիճանի հաջող նույնաբանություն է, որովհետև, եթե բանվորներն իրենց կապիտալիստների համար 20% հավելյալ արժեք են արտադրում, ապա ինքնին հասկանալի է, որ կապիտալիստների շահույթը կհարաբերի բանվորների հավաքական աշխատավարձին, ինչպես 20։100-ին։ Մյուս կողմից, բոլորովին սխալ է, թե շահույթը «կլինի 20%»։ Նա անխուսափելիորեն ավելի քիչ կլինի, որովհետև շահույթը հաշվվում է ավանսավորած կապի֊ տալի ամբողջ գումարի համեմատությամբ։ Ենթադրենք, օրինակ, կապիտալիստը ավանսավորել է 500 ֆնտ. ստեռլինգ, որից 400 ֆնտ. ստ.՝ արտադրության միջոցների ձևով, 100 ֆնտ. ստ.՝ աշխատավարձի ձևով։ Ենթադրենք, հավելյալ արժեքի նորման, ինչպես վերևում ընդունվեց, 20% է։ Այս դեպքում շահույթի նորման կլինի 20:500, այսինքն՝ 4%, և ոչ թե 20%։

Այնուհետև գալիս է մի փայլուն նմուշ, թե ինչպես է Միլլը վարվում հասարակական արտադրության պատմական տարբեր ձևերի հետ, «Ես ենթադրում եմ ամեն տեղ իրերի արդի դրությունը, որը, սակավ բացառություններով, իշխում է ամենուրեք, այսինքն՝ որ կապիտալիստն է կատարում բոլոր նախնական ծախսումները, հաշված նաև բանվորի վարձատրությունը»։ Զարմանալի տեսախաբություն — ամենուրեք տեսնել այնպիսի հարաբերություն-

ներ, որոնք երկրագնդի վրա մինչև այժմ գոյություն են ունեցել միայն իբրև բացառություն։ Բայց առաջ գնանք։ Միլլը բարեհաճ կերպով համաձայնում է, թե «բացարձակ անհրաժեշտություն չէ, որ այդ այդպես չինի»* [Տես 9 ծանոթ. հետո]։ Ընդհակառակը։ «Բանվորը կկարողանար իր ամբողջ աշխատավարձի վճարմանն սպասել մինչև աշխատանքի լիովին ավարտվելը, եթե նա այդ ժամանակամիջոցի համար անհրաժեշտ կենսամիջոցներ ունենար։ Բայց այս դեպքում նա մի որոշ չափով կլիներ կապիտալիստ, որը կապիտալ կդներ գործի մեջ և այդ գործը վարելու համար անհրաժեշտ ֆոնդի մի մասը կմատակարարեր»։ Նույնպիսի իրավունքով Միլլը կարող էր ասել, թե այն բանվորը, որը ո՛չ միայն կենսամիջոցներ, այլև աշխատամիջոցներ է փոխ տվել ինքն իրեն, փաստորեն իր սեփական վարձու բանվորն է։ Կամ թե՝ ամերիկյան գյուղացին իր սեփական ստրուկն է, որը սովորական ստրուկից միայն նրանով է տարբերվում, որ ո՛չ թե կալվածատիրոջ համար է կոռ անում, այլ հենց իրեն համար։

Այսպիսով, լիակատար պարզությամբ ցույց տալով, որ եթե կապիտալիստական արտադրությունը նույնիսկ գոյություն չունենար, այնուամենայնիվ, դարձյալ գոյություն կունենար, Միլլը նույնպիսի հետևողականությամբ հետո ապացուցում է, թե կապիտալիստական արտադրությունը գոյություն չունի մինչև անգամ այն դեպքում, երբ գոյություն ունի։ «Բայց նույնիսկ վերջին դեպքում (այսինքն՝ եթե կապիտալիստը վարձու բանվորին ավանսավորում է նրա գոյության բոլոր միջոցները), բանվորին կարելի է դիտել նույն այդ տեսակետից (այսինքն՝ որպես կապիտալիստի)։ Որովհետև իր աշխատանքը տալով շուկայական գնից ցած (!), նա կարծես թե իր ձեռնարկատիրոջն ավանսավորում է տարբերությունը (?) և այլն» [Տես 9a ծանոթ.] ։ Իրականում բանվորն իր աշխատանքը ձրի ավանսավորում է կապիտալիստին մի շաբաթվա ընթացքում և այլն, որպեսզի այդ աշխատանքի շուկայական գինն ստանա շաբաթվա վերջում և այլն. Միլլի կարծիքով, այդ հանգամանքը բանվորին դարձնում է կապիտալիստ։ Հարթ տափարակի վրա ամեն մի հողակոշտ բլուր է երևում, ժամանակակից բուրժուական մտքի տափակությունը ամենից լավ կերպով չափվում է նրա «մեծ մտածողների» կալիբրով։


  1. «Արդեն կապիտալիստական ձեռնարկատերերի՝ որպես հատուկ դասակարգի գոյությունը կախված է աշխատանքի արտադրողականությունից» (Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». London 1821, էջ 206)։ «Եթե յուրաքանչյուր մարդու աշխատանքը բավական լիներ միայն իր սեփական կերակուրը հայթայթելու համար, ապա սեփականությունը չէր կարող գոյություն ունենալ» (Ravenstone: «Thoughts on the Funding System». London 1824, էջ 14)։
    1a Վերջերս կատարված մի հաշվի համաձայն, միայն այն երկրներում, որոնք արդեն հետազոտված են եվրոպացիների կողմից, առնվազն չորս միլիոն մարդակեր են ապրում։
  2. «Ամերիկայի վայրենի հնդկացիների մեջ համարյա ամեն ինչ պատկանում է աշխատողին, արդյունքի 99 տոկոսը պետք է աշխատանքի բաժինը հաշվել։ Անգլիայում գուցե -ն էլ բաժին չի ընկնում բանվորին» («The Advantages of the East-India Trade etc.». London 1720, էջ 72, 73)։
  3. «Diodor's von Sicilien Historische Bibliothek», գիրք 1, գլ. 80 [էջ 126]։
  4. «Առաջինը (բնական հարստությունը), ավելի բարենպաստ ու ձեռնտու լինելով,... ժողովրդին դարձնում է անհոգ, ամբարտավան ու ամեն տեսակ սանձարձակությունների անձնատուր եղած, այնինչ երկրորդը նպաստում է զգոնության, գիտությունների, արվեստների ու քաղաքական հաստատությունների զարգացմանը» («Englands Treasure by Foreign Trade. Or the Balance of our Foreign Trade is the Rule of our Treasure. Written by Thomas Mun, of London, Merchant, and now published for the common good by his son John Mun». London 1669, էջ 181, 182 «Եվ ես չեմ կարող ժողովրդի համար ավելի մեծ անեծք պատկերացնել, քան նետված լինել մի կտոր հողի վրա, որտեղ բնությունն ինքն է առատորեն արտադրում կենսամիջոցներ և ուտելիք, իսկ կլիման չի պահանջում կամ թե չի թույլատրում հագուստի և. վատ եղանակից պաշտպանվելու մասին շատ հոգալ... հնարավոր է նաև. հակառակ ծայրահեղությունը։ Այն հողը, որ անընդունակ է իր մեջ ներդրված աշխատանքի օգնությամբ արտադրելու, բոլորովին նույն կերպ վատ է, ինչպես այն հողը, որ առատորեն արտադրում է առանց որևէ աշխատանք կիրառելու» («An Incuiry on the Causes of the Present High Price of Provisions». London 1767, էջ 10)։
  5. Նեղոսի հեղեղումների ժամանակաշրջանները հաշվելու անհրաժեշտությունը ստեղծեց եգիպտական աստղաբաշխությունը, իսկ դրա հետ միասին քրմերին որպես հողագործությունը ղեկավարողների կաստայի տիրապետությունը։ «Արևադարձը տարվա մեջ այն մոմենտն է, երբ սկսվում է Նեղոսի ջրերի վարարումը. եգիպտացիները արևադարձը պետք է դիտեին առանձին ուշադրությամբ... Նրանց համար կարևոր էր տարվա այդ շրջանը որոշել, որպեսզի կարգավորեին իրենց գյուղատնտեսական միջոցառումները։ Այգ պատճառով էլ նրանք պետք է երկնքում որոնեին այն նշանը, որը ցույց էր տալիս այդ շրջանի վերադարձը» (Cuvier: «Discours sur les révolutions du globe». հրատ. Hoefer. Paris 1863, էջ 141)։
  6. Հնդկաստանի՝ իրար հետ չկապված արտադրական մանր օրգանիզմների վրա տարածվող պետական իշխանության նյութական հիմքերից մեկը ջրամատակարարման կարգավորումն էր։ Հնդկաստանի մահմեդական իշխողներն այդ ավելի լավ էին հասկանում, քան նրանց անգլիացի հաջորդները։ Հիշեցնենք միայն 1866 թվականի սովը, որ Բենգալիայի պրեզիդենտության Օրիսսայի օկրուգում մեկ միլիոնից ավելի հնդիկի կյանք նստեց։
  7. «Չկա երկու երկիր, որոնք գոյության միջոցների միևնույն քանակը տային միանման առատությամբ ու աշխատանքի միևնույն ծախսումով... մարդկանց կարիքները աճում կամ պակասում են... այն կլիմայի դաժանության կամ բարեխառնության պատճառով, որի մեջ նրանք ապրում են, հետևաբար, այն չափերը, որոնցով զանազան երկրների բնակիչներն ստիպված են իրենց արդյունաբերությունը վարել, չեն կարող միանման լինել, և հիշյալ չափերի փոփոխման աստիճանը որոշելը այլ կերպ հնարավոր չէ, բացի տաքության ու ցրտի աստիճանների հետ կապելուց. այստեղ կարող է հանվել այն ընդհանուր եզրակացությունը, թե աշխատանքի այն քանակը, որ անհրաժեշտ է որոշ թվով բնակչության գոյությունը պահպանելու համար, ամենից շատ է ցուրտ երկրում, ամենից քիչ է տաք երկրում, որովհետև առաջին դեպքում ո՛չ միայն մարդիկ հագուստի ավելի շատ կարիք ունեն, այլև հողն ավելի կարիք ունի մշակվելու, քան երկրորդ դեպքում» («An Essay օո the Governing Causes of the Natural Rate of Interest». London 1750, էջ 59)։ Դարագլուխ կազմող այս անանուն գրվածքի հեղինակը Ջ. Մեսսին է։ Յումը նրանից է վերցրել տոկոսի իր թեորիան։
  8. «Ամեն մի աշխատանք (թվում է, թե այս էլ է վերաբերում քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին) պետք է ավելցուկ թողնի» (Պրուդոն)։
  9. F. Shouw: «Die Erde, die Pflanzen und der Mensch», 2-րդ հրատ., Leipzig 1854, էջ 148։
    * Մարքսի 1878 թ. 28/XI նամակում Ն. Ֆ. Դանիելսոնին (Ն.—ոն-ին) արած ցուցումի հիման վրա այս պարբերության սկիզբը պետք է ուղղել հետևյալ ձևով, «Այնուհետև գալիս է մի փայլուն նմուշ, թե ինչպես է Միլլը վարվում հասարակական արտադրության պատմական տարբեր ձևերի հետ. «Ես ենթադրում եմ ամեն տեղ,— ասում է նա,— իրերի արդի դրությունը, որը, սակավ բացառություններով, իշխում է ամենուրեք, որտեղ բանվորներն ու կապիտալիստներն աոանձին դասակարգեր են կազմում»։ Միլլն ուզում է հավատալ, թե «բացարձակ անհրաժեշտություն չկա, որ այդ այդպես լինի, նույնիսկ այնպիսի տնտեսական սիստեմի ժամանակ, որտեղ բանվորները և կապիտալիստները առանձին դասակարգեր են կազմում»։ Հմմտ. Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XXVII, էջ 18, ռուս. հրատ,։ Խմբ.։
    9a J. St. Mill: «Principles of Political Economy». London 1868, էջ 252, 253, զանազան տեղերում։ [Հմմտ. Дж. Милль: «Основания политической экономии». Ռուս, թարգ, խմբ. Չերնիշևսկու, 1909 թ., գիրք II, էջ 14, 395։] {Մեջ բերված հատվածները վերցված են «Կապիտալ»-ի ֆրանսերեն հրատարակությունից։— Ֆ. Է.}