Ամառ առանց այգաբացի - Գլուխ 10

Գրապահարան-ից
12:12, 21 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ամառ առանց այգաբացի
◀ Ամառ առանց այգաբացի - Գլուխ 9 Ամառ առանց այգաբացի - Գլուխ 11 ▶


— Ես, դու, նա... Մենք, դուք, նրանք։

Առաջին հարկի սենյակներից մեկում, որը վերածվել էր դասասենյակի, Մարոյի վեց աշակերտները կրկնում էին անձնական դերանունները և ձեռքի շարժումով ցույց էին տալիս համապատասխան անձին։ Ռըզա բեյի խնդրանքով Մարոն, հոկտեմբերից սկսած, արդեն մոտ երկու ամիս էր, ինչ ֆրանսերեն էր դասավանդում նրա երեխաներին, որոնց միացել էր նաև Թովմասը։ Դասերին չէր մասնակցում միայն տասներեք տարեկան Ալթանը, որը գերմաներեն էր սովորում դասատուի հետ և ազատվել էր երկրորդ լեզվի ուսումնասիրությունից։ Մարոն գոհ էր դրանից, քանի որ Ալթանը հակակրանք և ոչ պակաս բացահայտ արհամարհանք էր ցուցաբերում իր և Թովմասի նկատմամբ։

Նա կանգնած էր խամրած գույներով քարտեզի առջև ու գլուխը թեքած նայում էր բարձերի վրա նստած երեխաներին։ Թովմասը նրանց հետ էր՝ Էմելի ու Քենանի միջև, և վերջինիս երբեմն հուշում էր ճիշտ պատասխանները։ Նա ժպտում էր, քանի որ հպարտ էր մորով, որին գիտուն էին համարում։ Բացի դրանից, նա վերագտել էր այն հաճույքը, որ ստանում էր այդ դասերից դեռևս Սվասում՝ ընկերակցելով այլ աշակերտների։ Երեխաների հետևում, բազկաթոռներին տեղավորվել էին Սաֆիյեն, նրա դուստր Շահանեն ու Էմինեն։ Դայակը ձեռագործ էր անում օրորելով Զեհրային՝ երրորդ կնոջ փոքր դստերը, որը կծկված քնել էր նրա գոգին։ Շահանեն չէր լսում և մտածում էր իր նշանածի մասին, որը կռվում էր Միջագետքում և որից արդեն մի քանի շաբաթ լուր չուներ։

Սաֆիյեն, բազկաթոռի ծայրին նստած, հետևում էր դասին մեծ հետաքրքրությամբ և երեխաների հետ միասին կրկնում էր դերանունները։ Գիտելիքների ծարավով տոգորված առաջին կինը ոչ մի դաս բաց չէր թողնում, լիներ դա ֆրանսերենի, թվաբանության, թե աշխարհագրության դաս։ Վերջին երկու առարկաները Մարոն իր նախաձեռնությամբ դասավանդում էր աղջիկներին և Թովմասին այն ժամանակ, երբ տղաները հաճախում էին հոգևոր դպրոց։ Բույուկ խանումը դեմ էր այդ դասերին, որոնք նրա կարծիքով աղջիկներին միայն վնաս կարող էին պատճառել, սակայն Սաֆիյեի դրդմամբ Ռըզա բեյը հակադրվելով մորը թույլ էր տվել։

— Ես եմ, դու ես, նա է... Մենք ենք, դուք եք, նրանք են։

Դասերը լցնում էին Մարոյի օրերը, որոնք հակառակ դեպքում երկար ու անիմաստ կթվային։ Այդուհանդերձ, նա ափսոսում էր, որ համաձայնել էր դասավանդել, քանի որ ուշ էր հասկացել, որ այժմ որոշակի պարտականություն էր ստանձնել Ռըզա բեյի տանը և կորցրել էր ժամանակավոր հյուրի կարգավիճակը։

Դասն ավարտվելուց հետո երեխաները ցրվեցին, և Սաֆիյեն նշան անելով դայակին, որը տանում էր քնած երեխային, Մարոյին տարավ դեպի այգին։

— Մինչև ճաշը դեռևս երեք ժամ կա։

Մարոն գիտեր, թե ինչ էր առաջին կնոջ մտքին, և թեթևակիորեն ժպտաց՝ թևանցուկ անելով նրան։ Նրա մռայլ տեսքը չվրիպեց Սաֆիյեի ուշադրությունից, որը մտահոգ հարցրեց.

— Ինչ-որ բան քեզ մտահոգո՞ւմ է։ Հոգնած ես երևում, քույրիկ։

Նրանք այգի դուրս եկան, ուր երկու այգեպան հարդարում էին ծառուղին։ Քողը դեմքին քաշելով՝ առաջին կինը հրամայեց հեռանալ և երբ նրանք գնացին, փարաջայի եզրը իջեցրեց կրծքին։

— Դու կարող ես ինձ վստահել,— շշնջաց նա՝ ընկերուհու մեջքը գրկելով։

— Կուզենայի Կոստանդնուպոլիս գնալ և միանալ իմ ընտանիքին,— ասաց Մարոն՝ աղերսող հայացքով նայելով առաջին կնոջը։

Սաֆիյեի այտերը շիկնեցին, նա գլուխը դարձրեց և շարունակեց լուռ քայլել։ Նա մտացրիվ նայում էր վարդի թփերին, որոնք զարթոնք էին ապրում վերջերս տեղացած անձրևներից հետո։ Առաջին կնոջ այս արձագանքը Մարոյին ստիպեց համոզվել, որ ինքն հիրավի չէր կարող հուսալ իր մեկնելու օգտին Սաֆիյեի միջնորդության վրա։ Հակառակը, առաջին կնոջ անկեղծ բարեկամությունը ևս մեկ կապանք էր, որը նրան գամում էր այդ տանը։ Եվ այդուհանդերձ, Մարոն չէր կարող այդ պատճառով քեն պահել Սաֆիյեի դեմ։

Նրանք ավազանին մոտեցան։ Ջուրը ճահճանում էր փտող տերևներից։ Օդը մեղմ էր՝ տոգորված թափված տերևների հոտով։

Համոզվելով, որ տաղավարում ոչ ոք չկար և չէր լսում իրենց խոսակցությունը, առաջին կինը հարցրեց.

— Կարո՞ղ է Ռըզան կոպիտ կամ անարդարացի է վարվել քեզ հետ։

— Ոչ;

— Պակա՞ս քնքուշ է, պակա՞ս ջերմ։

Մարոն իր հերթին կարմրեց ու գլխով ժխտական շարժում արեց։ Սաֆիյեն կարծես հանգստացավ.

— Ես կզարմանայի, քանի որ նա քեզ շատ է սիրում։

— Բայց ես նրան չե՛մ սիրում,— բացականչեց Մարոն։

—— Իսկապե՞ս,— զարմանալով հարցրեց կինը՝ նրան մի քանի վայրկյան զննելուց հետո։— Ոչինչ, կսիրես։

— Չե՛մ ուզում։ Ես արդեն ամուսնացա՛ծ եմ։

Սաֆիյեն թփթփացրեց նրա ձեռքին։ Նա չէր հասկանում հայուհու պահվածքը, քանի որ եղած տվյալներով նրա ամուսինր մահացել էր, ինչպես և չէր հասկանում Ռըզա բեյի զգացմունքին դիմադրելու նրա համառությունը։ Նա համարում էր, որ Ռըզա բեյը արժանի էր սիրո։ Քանի որ Մարոն նյարդայնացած էր, նա երկար ժամանակ լուռ մնաց, մինչև որ հանդարտվեր։ Նրանք մտան տաղավար և նստեցին նստարանին։ Մարոն փորձում էր ընկերուհուն բացատրել իր դիրքորոշումը։ Դա միակ միջոցն էր նրան դրդելու, որպեսզի օգներ նրան մեկնել։

— Ասա, Սաֆիյե, դու սիրո՞ւմ ես Ռըզային։

— Իհա՜րկե։ Ամբո՜ղջ սրտով։

— Ինչպե՞ս ես այդ դեպքում համաձայնում կիսել նրան երկու այլ կանանց հետ։ Նույնիսկ երեք...

Սաֆիյեն ժպտաց.

— Այդ հարցը կարող էր Լեյլան տալ, որը սեփականատեր է և խանդոտ։

— Ես նման եմ նրան և չեմ կարող հանդուրժել, որ իմ սիրած մարդը կարող է պատկանել նաև այլ կանանց։

Սաֆիյեն մտածմունքի մեջ ընկավ և ճակատից հեռացրեց մազափունջը։ Նա չգիտեր ինչպես բացատրել ամուսնական հարաբերությունների իր ընկալումը։ Նա ուսերը թոթվեց.

— Ես երբեք այս հարցին չեմ անդրադարձել այդ տեսանկյունից։ Մի կինը չի կարող հավակնել բավարարելու տղամարդու բոլոր պահանջները։

— Կարծում ես, որ հակառակը հնարավո՞ր է։

— Անկասկած, կինը այլ էակ է,— պատասխանեց Սաֆիյեն, անհարմար զգալով, քանի որ վախենում էր Մարոյի աչքից ընկնել այդ խոսակցության պատճառով։

Մարոն նկատեց ընկերուհու շփոթմունքը և նրան հանգստացրեց.

— Ես չեմ դատապարտում քո վարքագիծը, Սաֆիյե։ Գիտեմ, որ ավանդույթն ու օրենքը պարտադրում են կնոջը ենթարկվել ամուսնու կամքին և որ օրենքի դեմ գնալն անհնարին է։ Ես պատկանում եմ մի հավատքի, որն արգելում է մեկից ավելի կողակից ունենալ, և կուզենայի իմանալ, թե դու ի՞նչ ես զգում ներքուստ։

Այս ջերմ տոնը հանդարտեցրեց Սաֆիյեին, և նա ասաց.

— Այն փաստը, որ Ռըզան ևս երկու կին ունի, ինձ ոչ մի բանից չի զրկել և չի նվազեցրել նրա սերն իմ նկատմամբ։

— Դու այդպես ես մտածում այսօր, բայց ի՞նչ էիր մտածում, երբ հայտնվեց Մակբուլեն, իսկ հետո Լեյլան։

— Հենց սկզբից գիտեի, որ դա մի օր տեղի էր ունենալու և ամեն անգամ երջանիկ էի լինում, հույս ունենալով, որ հանձին նոր կնոջ ես քույր կամ ընկերուհի ձեռք կբերեի։ Դժբախտաբար ո՛չ Մակբուլեի, ո՛չ էլ Լեյլայի դեպքում այդ բանը տեղի չունեցավ։ Սակայն քո դեպքում...

Մարոն չհասցրեց բողոքել և ասել, որ ինքը չորրորդ կինը չէր, քանի որ դայակր նրանց կողմն էր վազում բղավելով և ինչ-որ շարժումներ անելով։ Սաֆիյեն ոտքի կանգնեց՝ ձեռքր կրծքին սեղմելով։

— Ինչ-որ դժբախտություն է պատահել,— բացականչեց նա, Էմինեին դիմելուց առաջ։– Երեխաների՞ն է բան պատահել։ Ռըզա բեյի՞ն։

Շնչակտուր դայակը ժխտական շարժումներ արեց և վազքը կասեցրեց։ Մարոն ձեռքը դրեց Սաֆիյեի ուսին.

— Հանգստացիր։ Չգիտե՞ս, նա միշտ ամեն ինչ չափազանցված է ներկայացնում։

Էմինեն ուժասպառ նստեց նստարանին։ Նրա շունչը կտրվում էր, և նա իրեն հով էր անում ձեռքով։

— Ի՞նչ է պատահել,— հարցրեց առաջին կինը անհանգստացած։

— Գիրքը,— պատասխանեց դայակր հևալով։

Բարկանալով, որ չնչին բանի համար այդքան աղմուկ էր բարձրացվել, Սաֆիյեն ավելացրեց մի քիչ կտրուկ.

— Հետո՞։ Գիրքը... ի՞նչ։

— Անհայտացել է։

— Անհնար է, իմ սենյակում էր։ Ամեն տեղ նայե՞լ ես։

— Այո։ Ես գնացի... Ռըզա բեյի գրադարանում էլ նայեցի։

Դա այն գիրքն էր, որի նկարազարդումները տարիներ շարունակ կախարդում էին Սաֆիյեին։ Դա Դանտեի «Աստվածային կատակերգությունն» էր Գուստավ Դորեի նկարազարդումներով, որը հրատարակվել էր Փարիզում 1868 թ.։ Արդեն մի քանի շաբաթ էր, ինչ Մարոն այն կարդում և ընթացքում թուրքերեն էր թարգմանում Սաֆիյեի ու Էմինեի համար՝ մանրամասն բացատրելով նկարազարդումներր։

— Ի՞նչ է, թև է առել ու թռե՞լ,— հայտարարեց Մարոն։— Մի անհանգստացիր, Էմինե, մենք այն կգտնենք։

Առաջին կինն այդ իրադարձությունն ավելի լուրջ ընկալեց։

— Ես գիրքր թերթել եմ այս առավոտ և շատ լավ հիշում եմ, որ դրել եմ մահճակալիս մոտ գտնվող գիշերային սեղանին։ Ո՞վ կարող էր մտնել իմ սենյակը։

Մարոն փորձեց նվազեցնել միջադեպի կարևորությունը.

— Միգուցե Մակբուլեն կամ Լեյլա՞ն են վերցրել։ Կամ էլ աղախինն է ուրիշ տեղ դրել սենյակը մաքրելիս։

Ծառուղու խճի վրա ոտնաձայներ լսվեցին։ Երիտասարդ աղախինը վազելով կանանց կողմն էր գալիս, և նրա գլխի բազմաթիվ բարակ հյուսերը պարում էին դեմքի շուրջը։ Մարոն ճանաչեց Վարդուհուն։ Տաղավար մտնելով՝ նա խոնարհվեց առաջին կնոջ առջև, հետո դայակի, վերջապես կանգնեց Մարոյի առաջ։ Նրա թուրքերենն ավելի վարժ էր դարձել։

— Տանտիրուհին։ Նա ուզում է ձեզ հետ խոսել։ Իր բնակարանում։

— Բույուկ խանո՞ւմը,— հարցրեց Մարոն։

— Այո, խանում։

Սաֆիյեն չկարողացավ զսպել իր անհանգստությունը։

— Սովորաբար նա չի կանչում իր հարսներին։

— Վատ նշան է,— ավելացրեց Էմինեն։

Մարոն հանգիստ էր։ Նա սպասում էր այդ ընդհարմանը։

— Ես դեմ չեմ նրան մի երկու խոսք ասելու։

— Նա շատ...— սկսեց Էմինեն, բայց իսկույն ձայնը կտրեց և փոքրիկ աղախնին նշան արեց տուն գնալու։— Ես ասում էի, որ Բույուկ խանումը շատ զգայուն է։ Խնայիր նրա ինքնասիրությունը, քաղաքավարի և հարգալից եղիր։

— Գի՜րքը,— բացականչեց Սաֆիյեն, ձեռքերն իրար խփելով։– Գրազ գանք, որ նրա մոտ է։

— Դեռ կտեսնենք,— պատասխանեց Մարոն չեզոք տոնով ու հեռացավ։

✻    ✻



Այլան սպասում էր Բույուկ խանումի հյուրասենյակի դռան մոտ և հայտնեց Մարոյի գալու մասին։ Ծեր կինը նստած էր կանաչ բազկաթոռին, իսկ ոտքերը դրել էր բարձիկի վրա։ Մարոն, տուրք տալով սովորույթին, համբուրեց նրա ձեռքը։

— Մեզ համար թեյ բեր,— ասաց Ռըզա բեյի մայրը աղախնին, ապա Մարոյին հրավիրեց նստել իր առջև դրված ծաղկազարդ կարպետով ծածկված աթոռին։

Ոսկյա ծխատուփից նա մի պտղունց քթախոտ վերցրեց, մոտեցրեց քթին, փռշտաց ժանյակով երիզված թաշկինակի մեջ, և դա հուզեց Մարոյին, հիշեցնելով մորը՝ Ազնիվ խանումին, որը նույնպես սիրում էր քթախոտից հոտ քաշել։

— Առողջություն,— մաղթեց նա ծեր կնոջը։

— Շնորհակալություն։ Իսկ դու ինչպե՞ս ես։

— Շատ լավ, Բույուկ խանում։

— Դու այստեղ ես արդեն չորս ամիս, այդպես չէ՞։

— Այո, և օգտվելով հանգամանքից, երախտագիտությունս եմ հայտնում, որ ինձ և որդուս օթևանել եք ձեր տանը։

Բույուկ խանումը գլխով արեց։ Նրանք բարեկրթորեն մի քանի նախադասություն փոխանակեցին՝ հնարավորություն ունենալով միմյանց ուսումնասիրելու և գնահատելու։ Այդ խաղը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև հայտնվեց Այլան սկուտեղով և թեյ մատուցեց։ Բաժակը բերանին տանելով՝ Բույուկ խանումն ուշադիր նայեց Մարոյին.

— Դու իսկապես շատ գեղեցիկ ես,— արձանագրեց նա անտարբեր ձայնով։

— Դուք ինձ ստիպում եք կարմրել,— ասաց Մարոն։

Ծեր կնոջ կնճռոտ դեմքի վրա կիսաբաց կոպերի տակ թաքնված աչքերը նմանվում էին գիշատիչների, որոնք հետևում էին իրենց զոհին հարձակման անցնելուց առաջ։ Այս հայուհու բնավորության շատ գծեր անհասկանալի էին նրան, հատկապես ինքնավստահությունն ու անմիջականությունը, որ նրա ցուցադրական համեստությունն ու զսպվածությունը չէին կարողանում քողարկել։ Այս երիտասարդ կինը, որի անցյալ կյանքն ինքը նույնիսկ չէր կարող պատկերացնել, հավանաբար շատ ազատ էր ապրել և, նմանվելով երկար ժամանակ առանց կապանքների ազատ ապրած զամբիկի, չէր ընտելանում սանձին։

Քաղաքավարությունը պահանջում էր, որ առաջինը Բույուկ խանումը խոսեր։ Ուստի Մարոն քննության էր ենթարկվում առանց աչքը թարթելու՝ իմանալով, որ իրեն ոչինչ չէր Սպառնում այս տանը, քանի դեռ պաշտպանված էր Ռըզա բեյի սիրով։ Նա գիտեր, որ Բույուկ խանումն իրեն չէր հավանում իր պահվածքի և վարքագծի պատճառով։ Ինքը խախտել էր կալվածքում ծեր կնոջ հաստատած կարգը, խախտում էր որոշ սովորույթներ, հաճախ առանց գիտակցելու այդ, իսկ երբեմն էլ գիտակցաբար։ Ոչ այնքան անհնազանդությունից, որքան նրանցից իր տարբեր լինելն ընդգծելու համար, ընդգծելու համար իր օտարի կարգավիճակը և Ռըզա բեյին դիմադրելու համար, որը կարծում էր, թե արդեն նվաճել էր իրեն։

Մարոյի հանգստությունը և հատկապես հայացքը, որը նա անամոթաբար չէր հեռացնում իրենից՝ մեծ կնոջ դեմքից, մինչդեռ պետք է աչքերը հակեր, բարկացրեցին Բույուկ խանումին և նա հիշեց, որ իր համբերությունը հատել էր։ Նա մտածում էր, թե ինչից սկսեր խոսակցությունը։ Որևէ որոշակի բանից։ Նա վերցրեց Դանտեի գիրքը, որը թաքցրել էր լուսանկարների բաց ալբոմի տակ և ցույց տվեց երիտասարդ կնոջը։

— Իմացա, որ դու կարդում ես այս գիրքը քո ընկերուհիների և Էմինեի համար։

— Այո,— պատասխանեց Մարոն առանց շփոթվելու։– Կուզենայի՞ք, որ ձեզ համար էլ կարդայի։

Մարոյի հարգալից տոնը չխաբեց Բույուկ խանումին։ Այս հայուհին անամոթաբար դեմ էր դուրս գալիս իրեն։ Նա ձեռքի ափով հարվածեց կազմին և ձայնը բարձրացրեց.

— Սա անհավատի՛ գիրք է։

— Մենք այն վերցրել ենք Ռըզա բեյի գրադարանից,— պատասխանեց Մարոն քաղցր ձայնով։

— Նշանակություն չունի։ Իմ տղան միշտ չէ, որ շրջահայաց է եղել։ Դու քո հավատքն ես քարոզում Ռըզա բեյի կանանց ու դայակին։

— Չնայած ձեր հանդեպ տածած իմ հարգանքին, թույլ տվեք ասել, Բույուկ խանում, որ դուք սխալվում եք։

— Ահա՜,— բացականչեց զայրացած ծեր կինը՝ բացելով գիրքը մի էջի վրա, որը նա նախօրոք նշել էր։– Սա ի՞նչ է, քրիստոնեական պատկեր չէ՞։

Նա ցույց էր տալիս խաչված Քրիստոսին, որը շրջապատված էր բազմաթիվ հրեշտակներով։ Այդ պատկերը լուսաբանում էր Դրախտի տասնչորսերորդ էջը։

— Այո,— համաձայնեց Մարոն,— սակայն սա կրոնական, կամ աղոթքների գիրք չէ։ Սա պոեմ է, հեքիաթ, եթե կուզեք։ Երևակայական ճանապարհորդություն է այն աշխարհ, որը կատարել է բանաստեղծը...

— Բավական է,— նրա խոսքր կտրեց Բույուկ Խանումը։– Ես չեմ ուզում ոչինչ իմանալ։

Մարոն գլխով արեց և աչքերն իջեցրեց ի նշան հնազանդության։

— Մենք կայրենք այս սատանայական աշխատությունը։

— Ոչ,— ընդվզեց Մարոն իրենից անկախ, որի համար հետո ափսոսաց։– Սա շատ արժեքավոր գիրք է, որն այսօր հազվադեպ է պատահում։

Բույուկ խանումն այնպես նայեց Մարոյին, կարծես մտրակեր։ Համբերությունից դուրս գալով նա ծանր էր շնչում։ Նրա ռունգերին մնացած ծխախոտի փոշին ներս գնաց, նա փռշտաց և դրանից հանգստացավ։ Նա գիրքը գետնին դրեց։

— Ես կխորհրդակցեմ Ռըզայի հետ, և նա կվճռի այս գրքի ճակատագիրը։ Սակայն բացառվում է, որ դու այն կարդաս Սաֆիյեի համար, կամ նույնիսկ նրա հետ այս գրքի մասին խոսես։ Հասկացա՞ր։

— Այո, խանում, ես կանեմ այն, ինչ կվճռի Ռըզա բեյը։

— Հույս ունեմ, որ դու չես քարոզում քո հավատքը երեխաներին, երբ նրանց դաս ես տափս։

— Երբեք,— ասաց Մարոն։– Սաֆիյեն կարող է վկայել, նա միշտ ներկա է լինում դասերին։

— Սաֆիյե՜ն...— բացականչեց Բույուկ խանումը՝ ծամածռությամբ ցույց տալով, որ նրան չէր վստահում։– Նրա խելքն իրենը չէ նոր բաների համար։

— Ես վստահեցնում եմ, Բույուկ խանում, որ դասավանդում եմ միայն արաբական այբուբենն ու խոսակցական ֆրանսերենը։

— Դու մոռացար թվաբանությունն ու աշխարհագրությունը... Աղջիկների՜ն։ Գերադասելի կլիներ, որ նրանք կար ու ձև ու ձեռագործ սովորեին։

— Բոլոր այդ գիտելիքները կարող են օգտակար լինել։ Թվաբանություն իմանալով՝ նրանք ավելի լավ կվարեն իրենց ամուսնու տան տնտեսությունը։

Տեսնելով, որ ինքն այդ հարցում տանուլ էր տալիս, Բույուկ խանումը ձեռքի շարժումով ցույց տվեց, որ հարցը փակված է։ Նա մեկնեց բաժակը.

— Թեյ տուր ինձ։

Այդ անցումը Մարոյին հիշեցրեց մորը, որը նույնպես փոխում էր խոսակցությունը, երբ այն հօգուտ իրեն չէր ընթանում։ Իրենց որոշ գծերով երկու կանայք նմանվում էին, և Մարոն զգում էր, որ ինքը, կամքից անկախ, հակված էր ներողամտորեն վերաբերվել Բույուկ խանումին։ Նա նրա համար թեյ լցրեց, իրեն նույնպես, և նրանք լուռ խմեցին։ Աչքի պոչով Մարոն ուսումնասիրում էր սենյակը և զարմացած էր այնտեղ պահվող լուսանկարչական ալբոմների քանակից։

— Իսկ այդ անիծված դաշնամու՜րը,— ասաց Բույուկ խանումը՝ վայր դնելով բաժակը։

— Ես չեմ հասկանում,— ասաց Մարոն։

— Կարելի է դիմանալ, երբ դու նվագում ես Ռըզա բեյի կամ քո ընկերուհիների համար երեկոյան, սակայն քո այդ փորձերը նախաճաշից հետո, երբ ես հանգստանում եմ։

— Ձեր հանգստի ժամի՞ն,— զարմացավ Մարոն, որը գերադասեց չպաշտպանվել և չասել, որ ինքը փորձ չէր անում, այլ պարապում էր Լեյլայի հետ նրա խնդրանքով։

— Այո։ Ես շատ վատ եմ քնում գիշերը և կեսօրից հետո քնում եմ, որը շատ կարևոր է ինքնազգացողության համար։ Տանը բոլորը գիտեն դրա մասին։

— Ինձ չեն զգուշացրել, կներեք։

Մարոն հասկացավ, որ Լեյլան, ում դաշնամուր նվազելու ցանկությունը զարմացրել էր իրեն, հատուկ էր այդ ժամն ընտրել դասերի համար։ Նրա բարյացակամությունը կեղծ էր։ Անկասկած նա էր, որ սկեսուրին էր տվել «Աստվածային կատակերգության» օրինակը։ Հարկավոր էր նրանից զգուշանալ։

— Իսկապես ցավում եմ, որ անհանգստացրել եմ ձեզ հանգստանալիս, Բույուկ խանում։ Այլևս չի կրկնվի։ Ի դեպ, փորձեր այսուհետ չեն լինի։

— Շատ ուրախ եմ,— պատասխանեց ծեր կինը՝ հիանալով պատրաստակամության այդ վկայությունից։– Համոզված էի, որ դու հատուկ չէիր անում, այլ անգիտակցաբար, այս տան սովորույթները չիմանալու պատճառով։ Նույնն էլ, երբ զսպվածության պակաս ես դրսևորում։

— Զսպվածության պակա՞ս,— հարցրեց Մարոն զարմացած ձևանալով։

— Դու հաճախ մոռանում ես քողդ գցել առաջին հարկում և չափից ավելի մտերմիկ ես ծառայողների հետ։ Նույնիսկ երկու անգամ խոսել ես ուսուցիչ հեռ Մյուլլերի հետ։ Ի՞նչ ես ասել այդ տղամարդուն։

— Քաղաքավարությունից դրդված պարզապես բարևել եմ, Բույուկ խանում։

Իրականում նա փորձել էր տեղյակ պահել իր վիճակին, սակայն գերմանացին չէր ցանկացել որևէ բան լսել։

— Այդպես չի կարելի անել։ Սա մահմեդականների տուն է, այս տան կանայք չեն խոսում օտարների հետ և մանավանդ բաց դեմքով։

Մարոն խորը շունչ քաշեց, կարծես պատրաստվում էր ջուրը գցվել։ Այն, ինչ նա պատրաստվում էր ասել, լրջորեն կշռադատել էր և պատկերացրել հետևանքները։ Հրաժարվելով խոնարհ տեսքից, որ նա ընդունել էր զրույցի հենց սկզբից, նա վճռական ձայնով հայտարարեց.

— Բույուկ խանում, ես այս տան կանանցից չեմ։ Ես այլ հավատք ունեմ, այլ ավանդույթներ, ես պատկանում եմ այլ աշխարհի և կուզենայի վերադառնալ այդ աշխարհը։

Ծեր կինը ապշեց այդ խոսքերից և կարողացավ միայն մրմնջալ.

— Սակայն... Սակայն...

— Ձեր որդին այնքան բարի էր, որ փրկեց իմ և տղայիս կյանքը, մեզ ապաստան տվեց իր ընտանիքի ծոցում։ Դա գթասիրտ արարք էր, որն անկասկած հաճո էր Ալլահին։ Հիմա ես կուզենայի գնալ ազգականներիս մոտ՝ մայրաքաղաք, իսկ Ռըզա բեյը ոչինչ չի անում իմ մեկնելը հնարավոր դարձնելու համար։ Ձեր առարկությունները, որոնք հենց հիմա ներկայացրիք, ցույց են տալիս, որ դուք՝ այս տան տիկինը, ինձ չեք համարում այս տան անդամ և որ ես այդպիսին երբեք չեմ դառնա: Ուստի աղերսում եմ, Բույուկ խանում, համոզեք ձեր որդուն ինձ մայրաքաղաք ուղարկել։

Իր պաշտպանական ճառը Մարոն կրքոտ ձայնով արտասանեց։ Նա խաչել էր ձեռքերը, որպեսզի դրանց դողը նկատելի չլիներ, և նայում էր Բույուկ խանումին հույսով լի աչքերով։ Սպասումը նրան անվերջ թվաց, քանի որ ծեր կինը բացեց ծխատուփը և քթախոտից հոտ քաշեց, մտածելու ժամանակ ունենալու համար։ Բույուկ խանումը ցույց տվեց մի ալբոմ, որը դրված էր ցածր սեղանի վրա.

— Բեր այն ալբոմը։

Վերցնելով ալբոմը՝ նա մի լուսանկար հանեց, որը դրված էր կազմի և առաջին էջի միջև, և այն մեկնեց Մարոյին։ Վերջինս ճանաչեց այն լուսանկարը, որն արել էր Նաիմ Սարֆատին, Այնթապ իրենց ժամանելու օրը։

— Աջ կողմը նայիր, այնտեղ դու կտեսնես քեզ և քո որդի Թովմասին։

— Այո,— պատասխանեց Մարոն, որը չէր հասկանում, թե ինչ էր ուզում ասել ծեր կինը։

— Սա,— շարունակեց Բույուկ խանումը, հետ վերցնելով պատկերը,— Ռըզա բեյի ընտանիքի լուսանկարն է։ Դու և քո որդին նրա մասն եք կազմում։

— Ոչ,— բացականչեց Մարոն։— Ես ամուսնացած եմ, ես ուրիշ տղամարդու եմ պատկանում։

Բույուկ խանումը, ձեռքում լուսանկարը պահելուց հետո, վճռեց այն տեղադրել ալբոմի էջերից մեկին։ Նա խրատական տոնով եզրափակեց.

— Յուրաքանչյուր կին, որը տիրանում է Ռըզա բեյի սրտին, պատկանում է նրա ընտանիքին։

Աչքերը թաց, Մարոն գլուխը կախեց... Նրա հիասթափությունն անսահման էր։

— Եթե կարելի է, ես գնամ։

Բույուկ խանումն ասաց մեղմ ձայնով.

— Ես դեռ բան ունեմ ասելու... աղջիկս։ Ցանկալի կլիներ, որ դու դավանափոխ լինեիր և որ Թովմասը հաճախեր հոգևոր դպրոց Ռըզայի մյուս որդիների հետ։

Մարոն արագ գլուխր բարձրացրեց և պատասխանեց կտրուկ տոնով.

— Դրա մասին խոսք անգամ լինել չի կարող։

— Դեռ ժամանակ կա,— անվրդով պատասխանեց Բույուկ խանումը։– Այս պահին կուզենայի, որ դու զուսպ լինես խոսելիս, որ մնացած կանանց չըմբոստացնես ավանդույթների դեմ և նրանց գլուխը չլցնես անհավատների երկրից եկած խելահեղ գաղափարներով։

Առանց պատասխանելու, Մարոն վեր կացավ, գլխով հրաժեշտ տվեց և արագ քայլերով դեպի դուռը գնաց։

— Կարող ես գնալ,— նետեց նրա հետևից Բույուկ խանումը կտրուկ ձայնով։

✻    ✻



Երբ Ռըզա բեյը Մարոյին հրավիրեց իր բնակարանում ճաշից հետո սուրճ խմելու, նա հասկացավ, որ Բույուկ խանումը նրան տեղյակ էր պահել իրենց խոսակցության մասին։ Ավելի լավ, այսուհետ ինքը կիմանար, թե ինչ էր իրեն սպասում։ Ամեն անգամ, երբ Մարոն փորձում էր խոսել մայրաքաղաք մեկնելու մասին, Ռըզան ճարպկորեն խուսափում էր այդ թեմայից, կամ էլ ձևանում էր, որ չէր լսում Մարոյի փաստարկները։ Պետք էր ավելի շուտ առաջ քաշել այդ հարցր, ինքը չափից ավելի համբերատար էր եղել, և Ռըզան այդ զսպությունը մեկնաբանել էր որպես իրավիճակի հետ լուռ համակերպում։

Այլ կանանց ընկերակցությամբ ճաշելուց հետո Մարոն բարձրացավ իր սենյակը, ուր մենության մեջ հայտնվեց, քանի որ թույլ էր տվել Թովմասին այդ գիշեր քնել Քենանի հետ։ Կանաչ զգեստի փոխարեն սև, ավելի խիստ զգեստ հագավ և հանեց զարդերը։ Հայելու միջից իրեն էր նայում լարված մի դեմք, որի ալ շուրթերը և սուրմայով ընդգծված աչքերը ավելի ակնառու էին դարձնում գունատությունը։ Նշված ժամին սպասելով՝ նա տենդագին քայլում էր սենյակում և հոգեպես նախապատրաստվում էր վեճի, որն իր կանխազգացմամբ պետք է որ բուռն լիներ։ Նա պատրաստ էր նույնիսկ հակառակվել իր հովանավորին, նույնիսկ նրան նեղացնել, քանի որ համոզված էր, որ նա իրեն չափից ավելի էր սիրում տեղահանվածների քարավան հետ վերադարձնելու համար։

Նա դուրս եկավ պատշգամբ և նայեց ադամամութի մեջ ընկղմված այգուն։ Հյուսիսից փչող քամին օրորում էր նիվենիների սաղարթը և այդ աղմուկը Մարոյին հանկարծ հիշեցրեց եզներով լծած սայլերի անդադար աղմուկը։ Նրա աչքերի առաջ կայծակնային արագությամբ անցան որոշ տեսարաններ, արևից այրված սարահարթը, ծարավը, Արմենի մարմինը խոտի վրա, իր գրկում մեռնող մայրը։ Փակելով աչքերը՝ նա իրեն տեսավ Վարդանի հետ Սվասի իրենց տան ննջարանում։ Իրանը մերկ՝ նա սափրվում էր և երբեմն ընդհատում էր ձեռքի շարժումը Մարոյին հայելու մեջ նայելու համար։ Նա ջանում էր ժպտալ և հանգստացնում էր Մարոյին իրենց ապագայի վերաբերյալ... Նույն երեկո նրան ձերբակալեցին։ Վարդան... Ի՞նչ էր պատահել նրան։ Այդ առավոտ Սվասում Մարոն մտածում էր, որ չէր կարող ապրել առանց նրա։ Արդեն անցել էր հինգ ամիս, իսկ ինքը շարունակում էր ապրել։

Մարոն դողաց, և նրա աչքերն արցունքով լցվեցին։ Սակայն դրա ժամանակը չէր։ Պատշգամբի բազրիքի սառը մետաղը սեղմելով, նա խորը շունչ քաշեց ինքնատիրապետումը վերականգնելու համար։ Աղախինը դուռը թակեց։ ժամը եկել էր։ Դուրս գալուց առաջ Մարոն կանգ առավ հայելու դիմաց և սրբեց արցունքներից լուծված սուրման։ Նրան թվաց, որ իր շուրթերը չափից ավելի ալ են, և նա թաշկինակով մաքրեց շրթներկը։

Ռըզա բեյի բնակարանը, որին Մարոն քաջ ծանոթ էր, գտնվում էր միջանցքի վերջում և զբաղեցնում էր տան երկրորդ հարկի հյուսիսային թևը։ Այնտեղ կարելի էր մուտք գործել նախասրահից, որը կահավորված էր ոսկեզօծ բռնակներով գրասեղանով և ապակեպատ գրադարակներով, ուր շարված էին գրքեր, գլանափաթեթներ, նախագծեր և քարտեզներ։

Ռըզա բեյը Մարոյին դիմավորեց գայթակղիչ ժպիտով, որից չէր կարելի ենթադրել, որ նա բարկացած էր։ Նրա սպիտակ շապիկի վիզը կոճկած չէր և ազատ էր թողնում նրա պարանոցը՝ դուրս ցցված ադամախնձորով, իսկ մինչև արմունկները ծալված թևքերը բաց էին թողել նրա արտահայտված երակներով մկանուտ բազուկները։ Նկատելով Մարոյի շփոթված տեսքը՝ նա զսպեց կնոջը գրկելու ցանկությունը և բավարարվեց ձեռքը համբուրելով։

— Հոգի՜ս,— շշնջաց նա։

Մարոն գլուխը խոնարհեց և պատասխանեց քաղաքավարի ձայնով.

— Բարի երեկո, Ռըզա բեյ։

Վերցնելով Մարոյի ձեռքը՝ Ռըզա բեյը նրան տարավ կողքի սենյակը։ Դժգոհ մնալով, որ Մարոն չէր պճնվել, նա, այնուամենայնիվ, դա ցույց չտվեց և նրա առողջությամբ հետաքրքրվեց.

— Դու հիվանդ չե՞ս։

— Ոչ։

— Մտահո՞գ ես։

— Այո։

Ռըզան չէր սպասում այդքան անկեղծ պատասխան, որը հակասում էր օսմանյան քաղաքավարության կանոններին, և չիմացավ ինչ պատասխանել։ Նա ճանապարհ տվեց Մարոյին, որը մտավ հյուրասենյակ։ Դա մեծ, ուղղանկյուն սենյակ էր, ուր ժողովված էր զանազան ոճերի արժեքավոր կահույքի տարաբնույթ հավաքածու։ Շքեղ գորգերի առատությունը և թաղարների մեջ աճող ձարխոտը հանդարտ մթնոլորտ էին ստեղծում։ Մի անկյունում իրար կողքի դրված էին հոյակապ արծաթյա կրակարանը, որը ծածկված էր կոնաձև կափարիչով և Շոպենի «Նոկտյուրնը» նվագող մի գրամոֆոն, որի սկավառակն այնքան մաշված էր, որ մեղեդին գրեթե չէր լսվում։ Տեղական արտադրության պղնձե և արծաթե հաստափոր սկահակները գտնվում էին Եվրոպայից բերված ճենապակյա և բյուրեղապակե իրերի կողքին։

Ամպիր ոճի սեղանիկի վրա դրված էին սպիրտայրոցը և սուրճ պատրաստելու պարագաները։ Ռըզան նստեց կարմիր թավշով պատված բազմոցին, որի դիմաց դրված էր սադափով դրվագանախշված սեղանը քաղցրավենիքով։ Իմանալով իր պարտականությունը, Մարոն սուրճ եփեց և լցրեց գավաթների մեջ։ Երբ Մարոն մատուցեց սուրճը, Ռըզա բեյը մի կողմ քաշվեց բազմոցի վրա, որպեսզի նա նստեր իր կողքին։ Սակայն Մարոն ընտրեց բազկաթոռը։

Չնայած Ռըզա բեյը ցուցադրաբար ժպտում էր, սակայն հոնքերի միջև հազիվ նկատելի կնճիռը վկայում էր նրա դժգոհության մասին։ Եվս մեկ անգամ խախտելով ընդունված կարգը, Մարոն սկսեց խոսել.

— Կեսօրին ես զրույց եմ ունեցել ձեր մոր հետ։

— Գիտեմ։

— Ինձ թվում է, որ ես նրան այնքան էլ դուր չեմ գալիս։

— Նա ինձ այդպես չի ներկայացրեց իրավիճակը,— ասաց նա բաժակը վայր դնելով։

Ձայնապնակի վերջում գրամոֆոնի ասեղը լռվեց վերջին ակոսի վրա և Ռըզա բեյի նշանով Մարոն անջատեց սարքը։

— Իմ մայրը շատ պահպանողական է,— շարունակեց նա, երբ Մարոն նստեց իր դիմաց,- և ես ցանկանում եմ, որ նրա սովորությունները չխախտվեն։

— Եթե ես խախտել եմ, ապա կամքիցս անկախ։

— Հույս ունեմ։

— Բացի դրանից, ես չեմ կարող լիովին փոխվել։

— Ոչ ոք քեզնից դա չի պահանջում,— ասաց նա հանդարտ տոնով։– Բավական է, որ դու ավելի զուսպ լինես, որ չարտահայտես որոշ մտքեր, որոնք քո տեսակետից անմեղ լինելով, անհանգստացնում են իմ մորր, որը մտածում է, որ դու վատ ազդեցություն ես թողնում այս տան մնացած կանանց վրա։

— Դանտեի պոեմո՞վ և աշխարհագրության դասերո՞վ,— հարցրեց Մարոն հեգնական տոնով։

— Խոսքը դրա մասին չէ,— ասաց Ռըզան անհամբեր տոնով։— Ես այս տան տերն եմ և միայն ես եմ որոշում, ինչը թույլ տալ, իսկ ինչն արգելել իմ տանիքի տակ։ Ես թույլատրել եմ այդ դասերը, և դրանք կշարունակվեն։

Ռըզա բեյը դադար առավ մի կում սուրճ խմելու համար, հետո հաշտվողաբար շարունակեց.

— Մի քիչ նրբանկատություն ցուցաբերելով կարելի է Բույուկ խանումին համոզել որոշ նորամուծություններ ընդունելու։ Մայրս զգայուն է արտաքին դրսևորումների նկատմամբ։ Ուշադրություն դարձրու այնպիսի մանրուքների վրա, ինչպիսիք են քող կրելը, աղախինների հետ մտերմիկ չլինելը և օտարների հետ չշփվելը։

Նա ուզում էր այդ պատմությանը նշանակություն չտալ, սակայն դժվար իրավիճակում էր հայտնվել։ Եթե հոգու խորքում նա Մարոյի կողմից էր, այդուհանդերձ նա համաձայն էր մոր հետ, որ սիրուհին իր վարքագծով խախտում էր կամ գոնե հարցականի տակ էր առնում այն կանոնները, որոնցով կառավարվում էր կալվածքի կյանքը։ Մարոյի ազատամտությունը, նրա անկեղծությունը և իր տեսակետները պաշտպանելու հակումը, որոնք կարող էին ընկալվել որպես արհամարհանք ավանդույթների նկատմամբ, գալիս էին նրա արևմտյան դաստիարակությունից։ Իսկ այդ առանձնահատկությունները, որոնք երբեմն նյարդայնացնում էին Ռըզա բեյին, միևնույն ժամանակ երիտասարդ կնոջ հմայքի մասն էին կազմում։

Մարոն ոչ մի ցանկություն չուներ վիճելու ճղճիմ բաների մասին, ուստի նա ուղղակիորեն հարցրեց.

— Ձեր մայրը հայտնե՞լ է, որ ես ուզում եմ մեկնել։

Ռըզա բեյի դեմքը լարվեց և նա պատասխանեց չոր տոնով.

— Այո։ Ես կուզենայի, որ դրա մասին նախ խոսեիր ինձ հետ։

Մարոն փռթկաց.

— Որ ես ձեզ հետ խոսեի՞ դրա մասին, Ռըզա բեյ։ Ինչպե՜ս։ Ես անդադար փորձում եմ այդ անել, բայց դուք ինձ չեք լսում։

Ռըզա բեյը նրան նայեց խիստ հայացքով, սակայն պատասխանելու փոխարեն Մարոյին մեկնեց դատարկ բաժակը և սուրճ խնդրեց։

— Տեսնո՛ւմ եք,— ասաց նա։– Դարձյալ նույն բանը։

Ռըզա բեյը հառաչեց, և նրա դեմքը տխրեց.

— Արդյոք ամեն ինչ չե՞մ արել քո կյանքն այստեղ հաճելի դարձնելու համար։

— Այո,— համաձայնեց Մարոն։

— Արդյոք քո որդուն չե՞մ վերաբերվում այնպես, ինչպես իմ հարազատ որդիներին։

— Այո։

Ռըզան ձեռքերը դեպի երկինք պարզեց և ձևացավ, թե շփոթված է.

— Ապա ի՞նչ։ Դու ապրում ես պալատում, ես քեզ այնպես եմ սիրում, ինչպես չէր սիրի մեկ ուրիշը։ էլ ի՞նչ է քեզ պետք։

— Ազատությո՛ւն,— բացականչեց Մարոն։– Ազատություն, Ռըզա բեյ։ Ձեր պալատը ոսկե ճաղերով վանդակ է։

— Դու ինձ զարմացնում ես... Սակայն դու նույն իրավունքներն ունես, ինչ իմ կանայք։

Մարոն ոտքի կանգնեց և ձեռքերը շփեց, բարկանալով՝ տղամարդու չհասկանալու տալու ակնհայտ ցանկությունից։

— Դե լավ, խոսենք ձեր ազատության մասին, այս պատերից դուրս ոտք դնել միայն բաղնիք գնալու համար, այն էլ փակ կառքով և հսկողության տակ։ Եկեք իրողությանը շիտակ նայենք, Ռըզա բեյ, ես ձեր բանտարկյալն եմ։

Մարոն սպասում էր, որ Ռըզա բեյը բուռն կարձագանքեր, կբարկանար, սակայն նա ավելի շուտ ընկճված էր և տրտնջաց.

— Այդ խոսքերն ինձ ցավ են պատճառում, ինձ, որ սիրում եմ քեզ ամենից շատ։

Մարոն կտրուկ պատասխանեց.

— Եթե դուք ինձ սիրեիք այնքան, որքան ասում եք, վաղուց կապված կլինեիք իմ ընտանիքի հետ Կոստանդնուպոլսում։

— Ես չեմ կարողացել։

Մարոն մեղմացավ.

— Սակայն դուք ինձ խոստացել էիք մայրաքաղաք ուղարկել։

Ռըզան կտրուկ պատասխանեց.

— Ո՛չ։ Ես ասել եմ, որ կտեսնեմ, թե ինչ է հնարավոր անել։ Քո մեկնելն անհնար է։

— Ի՞նչն է պատճառը։

— Երկրում տիֆի համաճարակ է։ Պատերազմ է, և տեղաշարժերը սահմանափակված են։ Ամեն ինչ վերահսկվում է և միևնույն ժամանակ անարխիա է տիրում։ Քո ազգականներին գրելը կարող է վտանգի տակ դնել իմ սեփական անվտանգությունը։

— Չե՛մ հավատում։ Դուք շատ ազդեցիկ եք, Ռըզա բեյ։ Ես գիտեմ, որ դուք վերահսկում եք հարևան գավառների գավառապետներին։

Մարոն այդ ամենն իմացել էր քաղաքի կանանց խոսակցություններից բաղնիքում։ Շփոթվելով՝ Ռըզա բեյը կարմրեց և բռունցքը սեղանին խփելով ասաց հրամայական ձայնով.

— Ես քեզ արգելում եմ իմ խոսքերը կասկածի տակ առնել։

Չնայած վախին, Մարոն փորձեց հակաճառել.

— Իսկ ինչո՞ւ պետք է այլ կերպ լիներ։ Ամեն ինչ հաստատում է, որ...

Տեսնելով, որ նա էլ ավելի էր բարկանում, Մարոն փոխեց մարտավարությունր և ձեռքերը պարզելով աղերսեց.

— Թույլ տվեք ես գնամ, Ռըզա բեյ։

— Քեզ կորցնելո՞ւ համար։ Երբեք,— բացականչեց նա։

Մարոն ընկճված տեսքով նստեց բազկաթոռին.

— Ահա և ճշմարտությունը։

Գլխահակ, նա ցրված նայում էր ծնկներին դրված իր ձեռքերին։ Ռըզան ոտքի կանգնեց և, շրջանցելով սեղանը, մոտեցավ Մարոյին։ Նա մեղմորեն ասաց.

— Ինչպե՞ս կարող է քո պես խելացի կինը մտածել, որ ամբողջ հոգով սիրող տղամարդը կհամաձայներ կորցնել իր սիրո առարկան։

Մարոն լուռ էր և չէր արձագանքում։ Ռըզան ձեռքը դրեց նրա ուսին.

— Ես սիրում եմ քեզ, Մարո։ Դու ամեն ինչ ես ինձ համար։

— Իսկ եթե ես ձեզ չեմ սիրում,— ասաց նա դիրքը չփոխելով։

— Այն հետաքրքրությունը, որ դու ցուցաբերում ես իմ արածների նկատմամբ, սեր չէ՞։

— Քաղաքավարություն է։

— Իսկ ջերմությո՞ւնը, որ ես զգում եմ իմ նկատմամբ։

— Երախտագիտություն և բարեկամություն։

— Իսկ հիմա էլ դու ես ստում, Մարո։ Կան նշաններ, որոնք չեն խաբում։

Մարոն ուսերը թոթվեց.

— Ի՞նչ գիտեք դուք կանանց մասին։ Նրանց մարմինը։

Ռըզան էլ ավելի ուժգին սեղմեց Մարոյի ուսը.

— Դու անարդարացի ու դաժան ես իմ նկատմամբ, սակայն ես քեն չեմ պահում։ Դու ինձ կսիրես այնպես, ինչպես ես արժանի եմ։

Մարոն հոգոց հանեց։ Ռըզան բռնեց նրա կզակից, ստիպեց գլուխը բարձրացնել և իրեն նայել։ Նա լաց էր լինում։

— Ես ուզում եմ, որ կինս դառնաս, իսկ Թովմասը՝ որդիս։ Ես քեզ ապահովություն, հարստություն ու բարեկեցություն կպարգևեմ։

— Ո՛չ,– պատասխանեց Մարոն խզված ձայնով։– Ես ձեզ հետ չեմ ամուսնանա, և իմ որդին ձերը չի դառնա։ Ես կլինեմ գավառապետ Ռըզա բեյի սիրուհին, քանի որ ընտրության հնարավորություն չունեմ, սակայն ավելին ինձնից չսպասեք։

Ռրզան Մարոյին բարձրացրեց բազկաթոռից, կանգնեցրեց և իրեն սեղմեց։

— Այս պահին դա ինձ բավական է,– մրմնջաց նա։– Մնացածը ժամանակի հետ կգա։

Ռըզան գրկեց Մարոյի մեջքն իր ուժեղ ձեռքով և նրան ձգեց դեպի վարագույրը, որը թաքցնում էր ննջարանի դուռը։

— Ոչ այս երեկո, խնդրում եմ,– ասաց Մարոն։

Ռըզան ավելի ուժգին սեղմեց նրան։

— Մենք քրոջ և եղբոր պես կքնենք։ Ես քո ներկայության կարիքն ունեմ, աղունիկս։

✻    ✻



Գերմանական արտադրության սև մոտոցիկլետին նստած, Պետրին լսում էր Սուլեյման և Նազիմ եղբայրներին, որոնք օթևանել ու բուժել էին մի զինվորականի, որը ներկայացել էր որպես լեյտենանտ Ակդար։ Բազմաթիվ երեխաները շրջապատել էին նրանց և զմայլված նայում էին եռանիվ այդ մեքենային, որ նրանք առաջին անգամ էին տեսնում։ Քողածածկ կանայք հետևում էին նրանց ճաղապատ լուսամուտներից։ Պետրիին ուղեկցող մոտ քսան զինվորներից կազմված մի գունդ սպասում էր գոմի մոտ։

Այն պահից ի վեր, ինչ Սուլեյմանը ճանաչել էր ապստամբի դեմքը ոստիկանների ցույց տված հայտարարության վրա, նա արդեն տասնյակ անգամներ պատմել էր իր պատմությունը։ Սկզբում՝ բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք հատկապես եկել էին Կեսարիայից նրան հարցաքննելու, հետո՝ հարևաններին և գյուղի բնակիչներին։ Նա չէր սպասում, որ իրեն խնդրեին, պատմում էր գոռոզանալով և ամեն անգամ փոքր մանրամասներ ավելացնելով, որոնք ավելի զվարճալի էին դարձնում նրա պատմությունը։ Այդ արկածն իրեն հայտնի էր դարձնում շրջանում։

Նազիմը շարունակեց իր խոսքը, և Պետրին ծիծաղելով լսում էր ապստամբի թլփատման պատմությունը։ Վարդանին ձերբակալած ենթասպան անհանգիստ էր և, Պետրիի թիկունքում կանգնած, նյարդայնացած խաղում էր իր գոտու ճարմանդով։ Նա խիստ հայացքով նայում էր երկու տղամարդկանց, որոնց բերել էր, որպեսզի նրանք հաստատեին իր ցուցմունքները, և հույս ուներ, որ նրանք կհիշեին այն, ինչ ինքը իրենց սովորեցրել էր։ Նա պատվի առավ, երբ Պետրին դարձավ իր կողմը և զննեց սառն ու կասկածամիտ հայացքով։

— Երբ այս մարդիկ քեզ հանձնեցին ապստամբին, դու գիտեի՞ր, որ նա հետախուզման մեջ էր։

— Ոչ, էֆենդի։ Ես դեռ չէի տեսել հայտարարությունը։

— Բայց գիտեիր, որ նա գյաուր էր։ Եվ տեսել էիր նրա զինվորական գրքույկը Շաքիր Իսմայելի անունով, մինչդեռ նա ասում էր, որ իր անունն էր Ակդար։

— Այո, էֆենդի։ Ձերբակալվածը խոստովանեց, որ ինքը հայ էր և որ ինքը գողացել էր համազգեստն ու փաստաթղթերը։ Այդ ամենն ինձ տարօրինակ թվաց, և այդ պատճառով որոշեցի նրան տանել ոստիկանության բաժանմունք, որպեսզի գնդապետը նրան հարցաքններ։

— Սակայն նա չի հասել ոստիկանության բաժանմունք...

Սերժանտը կարմրեց և մեղավոր տեսքով գլուխը կախեց։

— Ոչ։

— Ինչո՞ւ։

— Գիտե՞ք, նա հազիվ էր քայլում։ Իմ մարդիկ նրան քարշ տալով տարան այստեղից։ Ճանապարհին հասնելով, մենք արդեն հոգնել էինք և դադար առանք թեթևանալու համար։ Քանի մենք թիկունքով էինք նրան կանգնած, նա փորձ արեց փախչելու։

— Փորձ արեց փախչելո՞ւ,– բացականչեց Պետրին խորամանկ ժպիտով։– Մարդը, որին դուք ստիպված էիք քարշ տալո՞ւ։

Սերժանտը կոշիկի ծայրով հողն էր փորփրում։

— Դե լավ, ասենք, նա փորձում էր սողալով թաքնվել ժայռերի հետևում։

— Ենթադրենք... Հետո՞։

— Մենք դրանից զայրացանք, բռնեցինք և ջարդը տվեցինք մեր հրացանների կոթերով։

Նա լռեց մեղավոր տեսքով և ուսերը թոթվեց՝ խոր ափսոսանք արտահայտելով.

— Մենք չափից ավելի ոգևորվեցինք։ Բանտարկյալը մեռավ։

— Համոզվա՞ծ ես։

— Դե... կարծես թե։ Նրա գլուխը ջարդված էր, և արյուն էր գալիս։ Մենք գնացինք գյուղ սայլ բերելու։

— Եվ մարդ չթողեցիք նրան հսկելու համար։

Պետրին կարծես չէր հավատում ենթասպայի խոսքերին, և դա վերջինիս անվստահություն էր ներշնչում և նա ավելի վատ էր պաշտպանվում։

— Մենք կարծում էինք, որ նա մահացել էր, բեյ էֆենդի։

— Իսկ զինվորական գրքո՞ւյկը, որը գտել էր մի վաճառական։

— Վերցրել էի գնդապետին ցույց տալու համար։ Գյուղ հասնելուց առաջ նկատեցի, որ կորցրել էի։ Այդ ժամանակ մենք հետ եկանք, որ գրքույկը գտնենք։ Գրքույկը չգտանք, իսկ ձերբակալվածի մարմինը անհայտացել էր։

Պետրին հոնքերը կիտեց.

— Ինչո՞ւ ոչինչ չասացիր, երբ պարզվեց, որ քո... կորցրած ձերբակալվածը այն մարդն էր, որը հետախուզման մեջ էր։ Հարկ եղավ, որ Սուլեյմանը քո անունը տար։

Սերժանտի ուսերը հակվեցին, և նա մեղավոր տեսքով ասաց.

— Չէի կարծում, որ դա այդքան կարևոր էր։

— Դու արժանի ես զրկվելու կոչումիցդ,– փրփրեց Պետրին։

Նա հարցաքննեց երկու ոստիկաններին, որոնք կրկնեցին այն ամենը, ինչ ասել էր իրենց ենթասպան, հետո վայր իջավ մոտոցիկլետից, մի քանի քայլ արեց ձեռքերը մեջքին, մտածելով։ Սերժանտը մի քիչ հանգստացավ, զգալով, որ հարցաքննողը հավատում էր իր զեկույցին։ Նա մի կերպ դուրս կպրծներ այս պատմությունից, իր գնդապետից մի բոլ հայհոյանք ուտելով։

Կայծակի պես արագաշարժ Պետրին հանկարծ բռնեց սերժանտի օձիքից ու նրան գրեթե պոկեց գետնից։

— Դու ինձ ապուշի տեղ ես դրե՞լ,– բղավեց նա։

Այս կտրուկ շրջադարձը սերժանտին հանկարծակիի բերեց, և նա համրացավ։ Պետրին ցնցում էր նրան.

— Ես քո պատմության ոչ մի խոսքին չեմ հավատում

— Սակայն... ճշմարտությունը դա է։

Սերժանտը ստել չգիտեր։ Պետրին նրան վայր գցեց գետնին և կանգնեց նրա գլխավերևում, մատը թափ տալով.

— Սա քո վերջին հնարավորությունն է։ Պատմիր ամեն ինչ, հակառակ դեպքում քեզ կտանեմ գլխավոր շտաբ հարցաքննության։ Ես գիտեմ, թե ինչ վիճակում կվերադառնաս այնտեղից... Եթե, իհարկե, վերադառնաս։

Սերժանտը, ամբողջ մարմնով դողալով, խոստովանեց, որ իրենք ուզում էին նրան սպանել թալանելու համար և որ իրենք հետո դեն էին նետել նրա զինվորական գրքույկը։ Նա, իհարկե, թաքցրեց, որ այդ պահին ինքը գիտեր, որ ձերբակալվածը հետախուզման մեջ էր։

— Դուք հասկանում եք, բեյ էֆենդի,— եզրափակեց նա,— որ ես կուզենայի պարգևը ստանալ։

Այս փաստարկն ու լացակումած ձայնը համոզեցին Պետրիին, որ այս անգամ այդ մարդը ճշմարտությունն էր ասում։ Նա իրեն ուղեկցել տվեց դեպի այն վայրը, ուր Շաքիը Իամայելին՝ իրականում Վարդան Պալյանին, թողել էին ոստիկանները, կարծելով, որ նա մեռած էր։ Անձրևը լվացել էր արյունն ու ոտնահետքերը։

— Այստեղ,– ցույց տվեց սերժանտը։— Նա այստեղ էր պառկած։ Եթե մեռած չէր, ապա նա չէր կարող հեռու գնալ սատկելուց առաջ։ Միգուցե գիշակերնե՞րը...

— Ոսկորներ կմնային,– փնթփնթաց Պետրին։

Նա հետախուզել տվեց հովիտն ու սարերը հինգ կիլոմետր տրամագծով, որը երկու օր պահանջեց և ոչ մի արդյունք չտվեց։ Երրորդ օրը Պետրին վերադարձավ այդ վայրը, այս անգամ մենակ։ Նա դանդաղ քշում էր իր մոտոցիկլետը ճանապարհով և միևնույն ժամանակ ուսումնասիրում էր շրջակայքը, որին սառն անձրևն ավելի տխուր տեսք էր հաղորդում։ Պալյանն այստեղ չէր, նա դրանում համոզված էր։ Մահացե՞լ էր։ Սակայն շրջակայքում գերեզմանի ոչ մի հետք չկար։ Ո՞վ պետք է իրեն նեղություն տված լիներ տանելու դիակը, եթե ոչ պարգևատրում ստանալու համար։ Քանի որ Պալյանը չէր կարող ինքնուրույն հեռանալ, ուրեմն մեկն ու մեկը պետք է նրան տարած լիներ։ Ո՞ւր։ Ինչո՞ւ։ Ո՞վ կարող էր այնքան անշահախնդիր գտնվել, որպեսզի օգներ վիրավորի, որը ոչինչ չուներ։ Որևէ մահմեդական հոգևորակա՞ն։ Քրիստոնյա միսիոնե՞ր։ Հարկավոր էր ուսումնասիրել այդ հետքը։ Քանի որ նա կիսամեռ վիճակում էր, ապա նրան չէին կարող շատ, հեռու տանել և, բացի դրանից, պետք կլիներ բժիշկ կանչել նրան բուժելու համար։ Սա նույնպես հետք էր, որը պետք չէր անտեսել։

Անձրևը լցվում էր Պետրիի ծոցը, նա դողում էր և ուզում էր կոնյակ խմել տաքանալու համար։ Սակայն շիշը դատարկ էր։ Կատաղի շարժումով նա շիշը մի կողմ նետեց։ Այս պատմությունը նրան հոգնեցրել էր և ինքը կուզեր Այնթապ վերադառնալ և հաստատել, որ Պալյանը մահացել էր ու թաղվել։ Ոչ։ Եթե, հակառակ դեպքում, այդ մարդը մի օր հանկարծ հայտնվեր, ապա Ռըզա բեյն իրեն երբեք չէր ների խաբեությունը։ Սակայն ինչո՞ւ էր իր տերը այդպիսի նշանակություն տալիս այդ մարդու ձերբակալությանը։ Փախստական հայեր ու ապստամբներ շատ կային երկրում, և դրանից պատմություն չէին սարքում։

Նա բացեց գլխավոր շտաբի քարտեզը և կռացավ այն անձրևից պաշտպանելու համար։ Ցուցամատով հետևեց ճանապարհին, շուրջ հիսուն կիլոմետր երկարությամբ։ Ահա թե ինչ էր պետք անել բոլոր ուղղություններով, առանց անտեսելու ոչ մի ճյուղավորում, ոչ մի արահետ։ Կանգ առնել յուրաքանչյուր ագարակում, խուզարկել տները, գոմերը և փարախները, որոնք արդեն երկու անգամ խուզարկվել էին, հարցաքննել բնակիչներին, նույնիսկ երեխաներին։ Պալյանը չէր կարող անէացած լինել։ Ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ, ինչ-որ բան գիտեր.

Պետրին ծալեց խոնավ քարտեզը և դրեց իր կաշվե բաճկոնի գրպանը, իսկ բաճկոնը կոճկեց մինչև կզակը։ Պաշտպանիչ ակնոցը աչքերին իջեցնելուց առաջ նա երկնքին նայեց։ Միայն թե ցրտերը չընկնեին։ Ոչ մի ցանկություն չուներ, որ ձյունն իրեն բանտարկեր Այնթապից այդքան հեռու։

Վարդանը փայտյա եղանով խոտ էր տալիս ոչխարներին ու այծերին, մինչդեռ Հալիդեն, կամ ավելի շուտ Արուսյակը, ինչպես Վարդանը գերադասում էր նրան անվանել, կուտ էր տալիս հավերին։ Չնայած երիտասարդ կինը պահանջում էր, որ Վարդանն իրեն խնայեր, նա առիթը բաց չէր թողնում հիվանդության և երկար անգործության պատճառով թուլացած մկանները մարզելու։

Ոստիկանների այցելությունից հետո Վարդանը դուրս էր եկել գոմի խորքում գտնվող թաքստոցից և վերադարձել էր տուն, սակայն մեկ շաբաթ անց տեղի էր ունեցել երկրորդ խուզարկությունը, որից հազիվ էր խույս տվել։ Այդ դեպքից հետո նա լքում էր գոմը միայն մութն ընկնելուց հետո և այնտեղ էր վերադառնում լուսաբացից առաջ։ Հակառակ Արուսյակի լավատեսությանը, որը համարում էր, որ դա անհավանական էր, այսինքն անհնարին, Վարդանը տհաճ զգացողություն ուներ, որ օղակն իր շուրջ սեղմվում էր։

— Դու չափից ավելի կասկածամիտ ես,— ասում էր երիտասարդ կինը սեղմելով նրա ձեռքը,— դու չես հավատում նախախնամությանը։

— Կասկածամտության շնորհիվ է, որ ես դեռևս ողջ եմ։

— Այն բարեկամները, որոնք քեզ փրկել են կախաղանից, այն միսիոներուհին, որը քեզ ապաստանել է, Քերիմն ու ես, որ քեզ գտել ենք փոսում, այդ ամենը քո կասկածամտության հետևա՞նքն է։

Ինչ-որ չափով նա իրավացի էր, և Վարդանը ժպտալով համաձայնեց։ Կինը նույն դիրքորոշումն ուներ ձմեռվա կապակցությամբ։

— Երբ ձյուն է գալիս, մենք օրերով կտրված ենք լինում աշխարհից։ Այստեղի բնակիչները սարսափով են սպասում ձմռանը և համոզված չեն լինում, որ մինչև գարուն կձգեն ցրտի և սովի վտանգի պայմաններում։

Սակայն Արուսյակը կարծես չէր կիսում նրանց վախը։ Ձմեռվա մեկուսացման և փորձությունների մասին նա ուրախ ձայնով էր խոսում, և Վարդանը մտածում էր, որ դա ինչ-որ չափով կապված էր իր ներկայության հետ։ Երիտասարդ կինը կապվել էր իրեն, և նրա հոգատարությունն ու ջերմությունն ավելի ու ավելի բացահայտ էին դառնում, չնայած Վարդանը նրան չէր քաջալերում, ջանալով հեռավորություն պահել։ Այդուհանդերձ, նա չէր կարող արգելել Արուսյակին ջերմ լինել իր հետ և երբեմն էլ մտերմիկ, և դա նրանց հարաբերություններին որոշակի երանգ էր տալիս։ Նա չէր կարող թաքցնել իր համակրանքն այդ կնոջ նկատմամբ, որն այդքան բան էր արել իր համար։

Վարդանը հանկարծ եղանը վայր դրեց, մոտեցավ գոմի դռանը և Արուսյակին նշան արեց դադարեցնել փոցխել հատակի հարդը։

— Լսի՛ր։

Հեռվում շարժիչի ձայն լսվեց։ Արուսյակը նրան մոտեցավ, մի պահ ականջը լարեց և բացականչեց.

— Մեքենա՞։ Այստե՞ղ։

Նրանք մտահոգ հայացք փոխանակեցին։ Պայթյուններով ուղեկցվող շարժիչի ձայնը մոտենում էր։

— Զգույշ լինենք,– ասաց Վարդանը դեպի թաքստոցը գնալով։

Արուսյակը մսուրքը տեղը դրեց, իսկ ավանակին կացոցում կապեց։ Նա դռան մոտ վերադարձավ, քողը դեմքին գցեց և Կուրտին կանչեց, որը եկավ ու նստեց նրա ոտքերի մոտ։ Ցեխոտ ճանապարհին սահելով մի մոտոցիկլետ մոտեցավ, դանդաղեցրեց ընթացքը և թեքվեց դեպի տունը տանող արահետով։ Բռնելով հաչող և դեպի անծանոթը ձգող շան վզնոցից, Արուսյակը գլուխը դուրս հանեց և նշան արեց վարորդին։ Նա եկավ գոմի մոտ, անջատեց շարժիչը և վայր իջավ։ Գլխին ու ականջներին կիպ նստող կաշվե գլխարկով, կլոր ապակիներով մեծ ակնոցով, որը կարծես նստած էր փարթամ բեղերի վրա, տղամարդը ծիծաղելի տեսք ուներ։ Սակայն Արուսյակը չափից ավելի անհանգստացած էր այդ մանրամասներին ուշադրություն դարձնելու համար։

— Ես հարցում եմ անցկացնում կառավարության համար,— հայտարարեց նա վստահ ձայնով։— Ես հարցեր ունեմ ձեզ տալու։

Առանց հուզմունքը ցույց տալու, կինը պատասխանեց մի քիչ շինծու քաղաքավարությամբ.

— Անձրևի տակ մի մնացեք, բեյ էֆենդի։ Ձեր մեքենան ծածկի տակ դրեք։

Նա մի կողմ քաշվեց, որպեսզի տղամարդն իր մոտոցիկլետը գոմը մտցներ։ Այրված բենզինի տհաճ հոտը ծածկեց թրիքի հոտը։ Ատամները ցույց տալով, Կուրտը հետևում էր մարդու յուրաքանչյուր շարժմանը և խուլ մռնչում էր։

— Շատ սիրալիր եք,— խռպոտ ձայնով ասաց այցելուն՝ հանելով քրտնած ակնոցը։

Նա առանց շտապելու արձակեց իր անթափանց վերարկուն, ուշադիր ուսումնասիրելով գոմը, հետո մի հայտարարություն հանեց և բացեց.

— Այս մարդուն տեսե՞լ եք։

Արասյակը հպանցիկ հայացք գցեց նկարին և անտարբեր ասաց.

— Ոչ, ես արդեն ասել եմ ոստիկաններին, որոնք երկու անգամ եկել են։ Նրանք խուզարկել են գոմն ու տունը, նույնիսկ խոտի դեզերը։

— Դու համոզվա՞ծ ես։

— Այո, էֆենդի։

Պետրին դարձավ դեպի մուտքը և ցույց տվեց ճանապարհը։

— Շա՞տ մարդ է անցնում։

— Շատ քիչ։ Գյուղացիներ, շրջիկ առևտրականներ, երբեմն խոջա, որը քարոզում է գյուղից գյուղ գնալով։

— Չե՞ս հիշում, որ մի քիչ անսովոր ճանապարհորդ տեսած լինես մի երեք ամիս առաջ։

— Դա վաղուց էր,— պատասխանեց Արուսյակը,— և լավ չեմ հասկանում, թե դուք ինչ եք ուզում ասել։

Պետրին անհամբեր շարժում արեց.

— Ես չգիտեմ։ Քրիստոնյա միսիոներնե՞ր։ Եվրոպացի ճանապարհորդնե՞ր։

— Ոչ, էֆենդի։ Դա ինձ կզարմացներ։

— Որևէ սա՞յլ, որը վիրավոր կտեղափոխեր։

— Ոչ։

Ծանր հոգոց հանելով՝ Պետրին ուշադիր անձրևին էր նայում և գլանակ էր փաթաթում։

— Դու Ուրգուպում բոլորի՞ն գիտես,— հարցրեց նա առանց դառնալու։

— Այո։

— Դու չգիտե՞ս, որևէ մեկը կենվոր պահո՞ւմ է, օտարերկրացի։ Փոքրիկ քաղաքում ամեն ինչ իմացվում է։

— Մի քանի ընտանիքներ հայ երեխաներ են վերցրել որպես ծառայող։ Դրանցից բացի, նոր դեմքեր չկան։

Պետրին թափ տվեց ծխախոտի մոխիրը։ Արուսյակը մոտեցավ նրան և հետաքրքրված ձևացավ.

— Այդ մարդը կարող է Ուրգուպո՞ւմ լինել։

Տղամարդը ուսերը թոթվեց ու պատասխանեց հոգնած տոնով.

— Այստեղ... ուրիշ տեղ։ Վերջին անգամ, որ նրան տեսել են, այստեղից տասնհինգ կիլոմետրի վրա էր։

— Երևի կարևոր մարդ է, որ զինվորներն ու ոստիկանները այդքան ուզում են նրան բռնել։

— Ոչ էլ։ Ի դեպ, ես ինձ հարցնում եմ...

Նա կանգ առավ, հասկանալով, որ քիչ էր մնում իր կասկածներն ու մտահոգությունը խոստովաներ մի գեղջկուհու, նա իրեն զսպեց և նորից դարձավ այն մարդը, որը հարցեր է տալիս.

— Ամուսինդ ո՞ւր է։

— Ծառայում է բանակում։

— Մենակ ես ապրո՞ւմ այստեղ։ Առանձնացած տեղ է։ Չե՞ս վախենում։

Կինը շանը ցույց տվեց, որը ատամներն էր բացել, և ավելացրեց.

— Ես տանը հրացան ունեմ։

Տղամարդը ժպտաց՝ զվարճանալով նրա վճռական տոնից և ձեռքը դրեց մոտոցիկլետի ղեկին։

— Դուք թրջվել եք,– ասաց Արուսյակը,– որևէ տաք բան խմել կուզե՞ք։ Ես կարող եմ թուրմ պատրաստել։

Տղամարդը ծամածռվեց.

— Հաճույքով մի բաժակ օղի կխմեի։

— Տուն եկեք, իմ ամուսինը մի շիշ օղի է թողել։

Նրանք դուրս եկան գոմից։

Վարդանը, թաքստոցի բացվածքի մոտ պպզած, հետևել էր խոսակցությանը, ջանալով տեսնել մոտոցիկլիստի դեմքը մսուրքի ճաղերի արանքից։ Ավանակը փակում էր նրա տեսադաշտը, և Վարդանը տեսնում էր միայն նրա ցեխոտ կոշիկները։ Այդ մարդու ձայնը իրեն անծանոթ չէր, բայց նա չէր կարողանում հիշել, թե որտեղ էր լսել այն։ Երևի պատահական նմանություն էր։ Նա հիացավ երտասարդ կնոջ խելքով, որն իրեն շատ բնական էր պահել։

Մի տասը րոպե անց տղամարդը վերադարձավ Արուսյակի հետ, շնորհակալություն հայտնեց ու իր մեքենան հրելով դուրս տարավ։ Շարժիչը չէր ուզում գործի անցնել, և Պետրին մի բոլ հայհոյանքներ արտաբերեց, որոնք վերջապես խլացվեցին շարժիչի պայթյուններով, որոնք վերածվեցին խլացնող աղմուկի։ Մոտոցիկլիստը հեռացավ Ուրգուպի ուղղությամբ։ Արուսյակը Վարդանին ազատ արձակեց թաքստոցից։

— Ապրես,– ասաց Վարդանը,— դու հոյակապ էիր։

Շոյված կինը ժպտաց.

— Բացի դրանից, ես շատ բան իմացա։ Ոստիկանները դադարեցրել են խուզարկությունները շրջանում։ Ոստիկանն ավարտում է իր հետաքննությունը։ Նա կարծում է, որ դու անկասկած մեռել ես, և համոզված է, որ եթե դա ողջ ես, ապա այս շրջանում չես։

— Որևէ այլ բան իմացա՞ր նրա մասին։

— Եկել է Այնթապից, ուր նա մտադիր է վերադառնալ մի քանի օրից։

Վարդանը ձեռքերն իրար խփեց և բացականչեց.

— Այնթապ... Սա այն մարդն է, որն ինձ վիրավորել էր Մալաթիայում։

Արուսյակը նրա թևը սեղմեց և ասաց գրեթե ուրախ ձայնով.

— Քանի դեռ այստեղ ես, վախենալու բան չունես։ Հատկապես, որ ձյունը շուտով կփակի բոլոր ճանապարհները։

✻    ✻



Մարոն բացել էր իրեն բաղնիքից տուն տանող կառքի վարագույրը և, ճակատն ապակուն հենած, նայում էր, թե ինչպես էին շարքով անցնում Այնթապի տները։ Նրա ընկերուհիները՝ Շահանեն, Սաֆիյեն ու դայակը լուռ էին, քանի որ հոգնել էին հասարակական բաղնիքում անցկացրած երկար օրից, գոհ էին, որ հանդիպել էին իրենց ընկերուհիներին և գրեթե արբել էին շատ խոսելուց։ Ինչպես ամեն անգամ բաղնիք այցելելուց հետո, նրանց ուրախությանը ափսոսանք էր խառնվում նրանից, որ տանից դուրս անցկացրած այդ մի քանի ժամերը արդեն անցել էին։

Մարոն այդպիսի զգացումներ չուներ։ Այդ միջոցառումը, որը սկզբում նրան փախուստ էր թվում, նրա համար դարձել էր ծանր պարտականություն, մեկ ամբողջ օր, որը անցնում էր անհետաքրքիր խոսակցությունների աղմուկի և կիսամերկ կանանց մեջ վազվզող երեխաների ճիչերի մեջ։ Բոլոր կանայք գիտեին Մարոյի ծագումը և գավառպետի սիրուհու նրա կարգավիճակը, և խույս էին տալիս նրանից որքան արհամարհանքից, նույնքան էլ անվստահությունից ու նախանձից։ Մարոն հաճույքով կհրաժարվեր բաղնիք այցելելուց, եթե չլիներ բաղնիք գնալու ու հետ գալու ճանապարհը, երբ կառքը անցնում էր քաղաքով և նա տեսնում էր այն, ինչ նրան «իսկական կյանք» էր թվում։

Կառքն անցավ Բալրկլի շուկայի մոտով, և Մարոն մի պահ տեսավ Ամերիկյան միսիայի շենքը, ուր, անկասկած, դեռևս ամերիկացիներ պետք է լինեին։ Եթե գոնե հնարավորություն ունենար նրանց նամակ փոխանցել։

Այն խոսակցությունից հետո, որի րնթացքում Ռըզա բեյն արտահայտել էր իր դիրքորոշումը, Մարոն այլևս պատրանք չուներ իր ապագայի վերաբերյալ, և նրա հոգին լի էր հուսահատությամբ, որը նա ջանում էր թաքցնել Թովմասին չփոխանցելու համար։ Այդուհանդերձ, դա նրան չէր հաջողվում։ Ոչինչ նրան չէր ուրախացնում, և նա մոռանում էր իր վիշտը միայն այն պահերին, երբ դասավանդում էր երեխաներին, դաշնամուր էր նվագում կամ էլ Սաֆիյեի համար կարդում էր «Մադամ Բովարի» վեպը, այն պարբերություն առ պարբերություն թուրքերեն թարգմանելով։

Այդ ընթերցանությունը Մարոյին հիշեցնում էր, որ կար այլ իրականություն, բացի այս կալվածքից, որը վանքի էր նմանվում։ Նա իրեն աշխարհից կտրված էր զգում, որտեղից միայն թույլ արձագանքներ էին հասնում, բաղնիքում կանանց բամբասանքները և նորությունների ծվեններ, որ Վարդուհին՝ իրեն կցված աղախինը, բերում էր շուկայից։ Տուն ոչ մի թերթ մուտք չէր գործում, և բազմաթիվ օտարերկրացիները, որոնք այցելում էին գավառապետին՝ գերմանացի զինվորականներ, միսիոներներ և դիվանագետներ, ոչ մի շփում չունեին նրա կանանց հետ, նույնիսկ եթե ճաշի էին գալիս, քանի որ այդ ընդունելությունները տեղի էին ունենում տղամարդկանց հատկացված մասում։ Երբ Մարոն հարցնում էր Ռըզա բեյին, թե ի՞նչ էր կատարվում աշխարհում և ի՞նչ ընթացք ուներ պատերազմը, միայն մեկ պատասխան էր ստանում, որ ամենուր քաոս էր տիրում և որ ինքը պետք է ապավիներ տղամարդկանց, որոնք կլուծեին իրենց խնդիրները։

Շեմին էր 1916 թ. և ոչ մի նախանշան չէր ազդարարում, որ այն տարբերվելու էր Մարոյի ապրած վերջին ամիսներից։ Նա չէր նշմարում իր բանտարկության ավարտը և ապագան նրան թվում էր նույն օրվա անվերջ կրկնությունը։

Քաղաքի գլխավոր փողոցը շրջադարձ էր կատարում, իսկ հետո ուղիղ գծով ընթանում դեպի քաղաքի ելքը և ձուլվում Քիլիս տանող ճանապարհին։ Լատին ուխտի վանքից հետո կանգնած էր Ակ Յոլ մզկիթը, որի առջև ամբոխ էր հավաքվել մի մարդու շուրջը, որը թերթ էր վաճառում՝ բարձրաձայն արտաբերելով գլխավոր խորագրերը։ Մարոն կառապանին հրամայեց կանգ առնել։

— Սա Ջիվիլի Ամին է՝ թերթ վաճառողը,— բացատրեց Սաֆիյեն, որը դուրս էր նայում լուսամուտից։

Առաջին կինը, նույնքան հետաքրքրվելով, որքան և Մարոն, «Միլի Աժանսում»՝ Իթթիհատի հրատարակած թերթում հրապարակված նորություններով, կիսաբաց արեց կառքի դուռը։

— Շանակկալեի ճակատամարտն ավարտվում է,— կոկորդն էր պատռում Ջիվիլի Ամին։– Մեր զինվորների քաջության շնորհիվ թշնամին նահանջում է։ Անգլիացիներն ու ֆրանսիացիները նորից քաշվում են իրենց նավերը՝ ծանը կորուստներ կրելուց հետո։ Մայրաքաղաքին վտանգ չի սպառնում, և Օսմանյան կայսրությունը կրկին հաղթանակ է տանում։

Հուռաներ և բացականչություններ լսվեցին։ Սաֆիյեն հրամայեց կառապանին շարունակել ճանապարհը, քանի որ առաջին կառքը, ուր նստած էին Բույուկ խանումը, մնացած կանայք ու երեխաները, կանգ էր առել որոշ հեռավորության վրա և նրանց էր սպասում։ Մարոն ինքն իրեն բարձրաձայն հարցրեց, թե արդյո՞ք դա քարոզչություն չէր։

— Իհարկե, ոչ,– ուրախ պատասխանեց Սաֆիյեն, երբ կառքը տեղից շարժվեց։— Երրորդ բանակի հրամանատար Ահմեդ Ջեմալ փաշայի կանանցից մեկը նույն բանն է ասել բաղնիքում։ Այնթապում մեծ տոնախմբություններ են սպասվում հաղթանակը նշելու համար։

Մարոն շարունակեց փողոցին նայել։ Դաշնակիցները հեռանում էին։ Նրա հավատը չէր գալիս, որ օսմանյան բանակը կարողացել էր հաջողությամբ դիմադրել Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ուժերին։ Եթե դա ճիշտ էր, ինչպես հայտնում էին պաշտոնական լրատվամիջոցները որ ռուսները շրջափակված էին իրենց սահմանի մոտ և որ բրիտանացիները կանգ էին առել Միջագետքի հարավում, ապա Օսմանյան կայսրության փլուզումը, որը բոլոր հայերի թաքուն ցանկությունն էր, այդքան շուտ տեղի չէր ունենա, և քրիստոնյաների տեղահանություններն ու ջարդերը կշարունակվեին։ Ուրեմն՝ այն հայուհիները, որոնք փակված էին հարեմներում, և նրանց երեխաները, որոնք դաստիարակվում էին որպես մահմեդականներ, պետք է Աստծուն փա՞ռք տային։ Տարագրության քառուղիներում տառապող և անապատում տեղադրված ճամբարներում մեռնող իր հայրենակցուհիների համեմատությամբ, նույնիսկ նրանց համեմատությամբ, ովքեր վերապրում էին կեղծ անունների տակ կամ էլ ձևանում էին, որ հավատափոխ էին եղել, Մարոն արտոնյալ անձի տպավորություն էր թողնում։ Հանկարծ նա ամոթ զգաց իր սև մետաքսյա զգեստի և ոսկե ապարանջանների համար։

Եվ կարծես իր մտքերին արձագանքելով, նրա հայացքը հենց այդ պահին ընկավ «Կիլիկիա» հայկական դպրոցի վրա, որը դատարկվել էր իր աշակերտներից՝ այնտեղ գերմանական զինվորներ տեղակայելու համար։ Մարոն բաց թողեց վարագույրը, գլուխը կախեց ու փակեց աչքերը։ Առաջին կինն ու դայակը հետաքրքրված հայացք փոխանակեցին, սակայն ոչինչ չասացին։ Կառքերն աջ թեքվեցին և գնացին Մարաշի ճանապարհով։ Կամուրջն անցնելուց հետո կառապանը կանչեց.

— Սաֆիյե՜ խանում, Սաֆիյե՜ խանում։

Կինը դեմքը քողով ծածկեց գլուխը կառքից հանելուց առաջ, որպեսզի տեսներ, թե ինչի մասին էր խոսքը։ Հետո բացեց դուռը, շրջվեց դեպի մյուս ուղևորները և ուրախ հայտարարեց.

—– Տեսեք, ով է գալիս։

Խաղողի այգով իրենց ուղղությամբ սլանում էին հինգ ձիավոր։ Քենանն ու Թովմասը առջևում էին։ Նրանք մի տասը մետր առաջ էին ընկել Ռըզա բեյից և Աբդուլայից, որոնք զսպում էին իրենց ձիերին։ Ալթանը նրանց էր հետևում վարգով։ Մարոն սկզբում անհանգստացավ, տեսնելով, որ որդին այդքան արագ էր ձիավարում, սակայն շուտով հանգստացավ, տեսնելով, որ նա լիովին կառավարում էր ձիուն։ Որքա՜ն էր նա մեծացել այդ վեց ամիսների ընթացքում։ Նրա դիմագծերը ձևավորվել էին, և երբ նա մոտեցավ, Մարոն արձանագրեց, որ նա ավելի էր նմանվել հորը։ Նույն ուշադիր հայացքը, նույն արտահայտված այտոսկրերը, նույն կեցվածքը։ Նույնիսկ նրա ինքնավստահությունը հիշեցնում էր Վարդանին։

Կառքերը կանգ առան, և Ռըզա բեյը մոտեցավ առաջինին՝ Բույուկ խանումին ողջունելու համար։ Թովմասն ու Քենանը կանգ առան երկրորդ կառքի մոտ։ Նրանք երկուսն էլ քրտնած էին, ինչպես և իրենց ձիերը։

— Տեսա՞ր, մայրիկ, ինչ արագ էի քշում ձիուն,— ոգևորված հարցրեց Թովմասը։

— Այո, սիրելիս,– պատասխանեց Մարոն ժպտալով։

— Մենք երկուսս առաջինն էինք,– ավելացրեց Քենանը հպարտությամբ։

Տղաները իրար նայեցին և քահ-քահ ծիծաղեցին։ Մի պահ Մարոյի աչքի առաջ հայտնվեց ուժասպառ և հյուծված Թովմասը, շաբաթներ շարունակ անդադար քայլելուց և զրկանքներից հետո։

— Նայիր, մայրիկ,– ասաց Թովմասը, ստիպելով, որ իր ձին երկու քայլ մի կողմ անի։– Ինչպես հայրիկը Հուր Կրակի հետ։

Այդ խոսքերից Մարոյի սիրտը սեղմվեց, սակայն նա քաջալերող նշան արեց։ Թովմասը հիմա երջանիկ տեսք ուներ, և Մարոն մտածեց, որ ինքն իրավունք չուներ խաթարելու նրա անհոգ գոյությունը։ Ռըզա բեյը մոտեցավ և տղաներին նայեց հպարտությամբ լի հայացքով։

— Սրանք արդեն վարժ հեծյալներ են,– բացականչեց նա։— Նրանք ուժեղ և քաջ տղամարդ կդառնան։ Առաջնորդնե՜ր։

Այս խոսքերից շոյվելով՝ երկու տղաները փայլող դեմքերով շտկվեցին իրենց թամբերին։ Ալթանը, նրանց միանալով, դժգոհ տեսք ուներ, և դա չվրիպեց նրա մոր՝ Սաֆիյեի ուշադրությունից։

— Ես գեներալ կդառնամ,– հայտարարեց Քենանը։

— Իսկ ես մայոր, ինչպես իմ հայրիկը,– ավելացրեց Թովմասը։

Ուշադիր նայելով Ռըզա բեյին՝ Սաֆիյեն հարցրեց իր որդուն.

— Իսկ դու, Ալթան, դու ի՞նչ ես ուզում դառնալ։

Տղան, որը երկու փոքրերի հետ մրցելիս ձիուց վայր էր ընկել, գլուխը կախեց և ուսերը թոթվեց։ Հասկանալով առաջին կնոջ համր խնդրանքը, Ռըզա բեյը հայտարարեց.

— Ալթանը առաջնորդ կլինի։ Նա կկառավարի կալվածքները երկաթե ձեռքով։

Ալթանն ականջներին չէր հավատում։ Նրա աչքերը փայլեցին, ու նա ասաց.

— Դուք կտեսնեք, հայրիկ, դուք ինձնով կհպարտանաք։

Նա շրջվեց և, ձին խթանելով, սլացավ ճանապարհով՝ սուր ճիչեր արձակելով։ Քենանն ու Թովմասը նետվեցին նրա հետևից՝ նմանակելով նրա ճիչերը, իսկ կառապանները դժվարությամբ էին զսպում այդ աղմուկից վախեցած ձիերին։

— Ուղեկցիր նրանց,– հրամայեց Ռըզան երիտասարդ արաբին, որը քիչ հեռու էր կանգնած։

— Բեյ էֆենդի, կարելի՞ է ես էլ բղավեմ,— հարցրեց Աբդուլան։

Ռըզան նրան թույլ տվեց, իսկ կառապանին ասաց, որ ճանապարհ ընկներ։ Նա ուղեկցում էր կառքը, որի ապակիներն իջեցված էին մնացել։

— Շնորհակալություն Ալթանի համար,— ասաց Սաֆիյեն՝ գլխով անելով։

— Ես սիրում եմ բոլոր որդիներիս։ Ալթանն ամեն ինչ անում է սովորելու և ինձ դուր գալու համար, իսկ ես միշտ գնահատում եմ պատրաստակամությունը։

Այս խոսքերն ասելով՝ նա ուշադիր նայում էր Մարոյին, որը հասկացավ, որ այդ խոսքերը նաև իրեն էին ուղղված։

✻    ✻



Մարոն, իր սենյակի պատշգամբի բազրիքին հենված, հիանում էր հազարավոր լույսերով զարդարված այգով, որոնք վառել էր արևը նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրևից հետո ծառերի տերևներում մնացած կաթիլներում և ջրափոսերում։ Ձմեռն Այնթապում մեղմ էր ու անձրևոտ, իսկ հարավարևմտյան քամին երբեմն Միջերկրական ծովից զովություն էր բերում։ Մարոյին թվում էր, որ այդ քամին ծովի բույրն էր բերում, որը սրում էր Մարոյի մեկնելու ցանկությունը։

Դուռը ծեծեցին, և Մարոն ասաց, որ մտնեն։ Վարդուհին ներս մտավ իր արագ ու թեթև քայլվածքով և միացավ տիրուհուն պատշգամբում։ Նա ավելի ինքնավստահ էր դարձել այն պահից, երբ իրեն կցել էին Մարոյին, քանի որ մնացած ծառայողները դադարել էին նրան որպես քավության նոխազ ընկալել։

— Ի՞նչ կա, Վարդուհի... Այլա։

Մարոն հաճախ մոռանում և աղջկան էր դիմում նրա հայկական անունով, նրան անհարմար դրության մեջ դնելով։

— Էմինեի և Բույուկ խանումի հետ շուկա եմ գնում։ Կվերադառնամ կեսօրից հետո։

Մարոն բռնեց աղջկա ձեռքը և նրան սենյակ տարավ։

— Կուզեի, որ դու ինձ ծառայություն մատուցեիր։

— Այո, խանում,— պատասխանեց աղջիկը ժպտալով։

— Երբ քաղաք ես գնում, պատահո՞ւմ է, որ մենակ մնաս։

Աղջիկը չէր հասկանում և Մարոն ավելի ուղղակի ասաց.

— Կկարողանա՞ս գնալ Ամերիկյան վարժարան այնպես, որ ոչ ոք չիմանա։

Այս անգամ Այլան հասկացավ, թե ինչ էր ակնարկում Մարոն, և նրա աչքերը վախից մեծացան։

— Ոչ, խանում, ես միշտ լինում եմ Բույուկ խանումի կողքին կամ էլ ուրիշ ծառայողների հետ։

— Քեզ հանդիպած վաճառականների մեջ հայեր կամ հրեաներ կա՞ն։

— Այո,— պատասխանեց աղջիկը մի պահ վարանելուց հետո։

Մարոն բացեց պահարանի դարակներից մեկը, այնտեղից մի ծրար հանեց և ոսկե մի ապարանջան։

— Ուզում եմ, որ դու այս նամակը թաքուն հանձնես որևէ վաճառականի, որպեսզի նա ուղարկի Կոստանդնուպոլիս։ Ապարանջանը նրա նեղությունը հատուցելու համար է։

Այլան ձեռքերը թաքցրեց թիկունքում և դողացող ձայնով ասաց.

— Ես չեմ կարող, խանում։ Չե՛մ կարող։

Մարոն բռնեց նրա ուսից և մեղմորեն պնդեց.

— Եթե դու հարմար պահ գտնես, ոչ ոք չի նկատի։

— Ես չեմ կարող։

— Գիտեմ, վտանգավոր է, սակայն դա միակ մարդն ես, որին կարող եմ վստահել, Վարդուհի։

— Տիրուհի...— աղերսեց աղախինը։

— Խոստանում եմ, որ քեզ հետ ոչ մի տհաճ բան չի պատահի։ Գիտես, որ ես մեծ ազդեցություն ունեմ Ռըզա բեյի վրա։ Եթե քեզ հանկարծ բացահայտեն, ես քեզ կպաշտպանեմ։ Կասեմ, որ հրամայել եմ քեզ այդ բանն անելու, ու եթե որևէ մեկը պետք է դրա համար պատիժ կրի, ապա դա ես կլինեմ։

Այլան ժխտական շարժումներ էր անում, սակայն Մարոյի աղերսող հայացքը նրան ստիպեց զիջել։ Նա նամակն ու ապարանջանը ծոցը դրեց։ Մարոն նրա այտերը համբուրեց և ցածրաձայն ասաց.

— Երբ ես այստեղից գնամ, Վարդուհի, քեզ հետս կտանեմ։

Միջանցք դուրս գալով, աղջնակը շոշափեց նամակն ու ապարանջանը ծոցում, և նրա աչքերն արցունքով լցվեցին։ Նա առաջին հարկ իջավ և գնաց տղամարդկանց հարկաբաժինը, ուր Ռըզա բեյը գրասենյակ ուներ այցելուներ ընդունելու համար։ Մի գյուղացի, հատված ձեռքով զինվորի՝ անկասկած որդու ուղեկցությամբ, և ցածրաձայն մրթմրթացող մի ծեր կին սպասում էին նախասրահում։ Սենյակի խորքում՝ դեպի գրասենյակը տանող դռան մոտ, կալվածքի հաշիվների գրքի մեջ խորասուզված, նստած էր Պետրին։

— Ի՞նչ կա,– կոպիտ ձայնով հարցրեց նա՝ տեսնելով փոքրիկ աղախնին։

— Ուզում եմ տեսնել տիրոջը,– անվստահ ձայնով պատասխանեց նա։

— Ի՞նչ ես ուզում նրանից։

Աղջիկը կարմրեց.

— Դա... անձնական է։

— Անձնակա՞ն է,– փռթկաց Պետրին։— Դու մի տե՛ս։

Աղջնակը համառում էր.

— Պարոնն ասել է, որ շտապ գամ իր մոտ։

Մի պահ շփոթվելով՝ Պետրին նրան նայեց, հետո, փնթփնթալով, ոտքի ելավ.

— Անո՞ւնդ։

— Այլա։

Նա մտավ գրասենյակ և անմիջապես դուրս եկավ՝ նշան անելով աղջկան, որ ներս մտներ։ Շփոթված աղջիկը մտավ սենյակ, որի պատերը զարդարված էին Ղուրանի սուրահներով։ Թերթերով պատված մեծ սեղանի հետևում նստած Ռըզա բեյը բարձրացրեց աչքերն ու բարեհամբույր ասաց.

— Մոտեցիր, մի վախեցիր։

Այլան դողում էր ողջ մարմնով։ Նրա աչքերը թաց էին։

— Դու քեզ մեղավոր զգալու պատճառ չունես,– ասաց Ռըզա բեյը,– դու ընդամենը ենթարկվում ես քո տիրոջը։

Աղջիկը գլխով արեց, ձեռքը ծոցը տարավ և ծրարն ու ապարանջանը հանձնեց Ռըզա բեյին, որն ասաց.

— Շատ լավ։ Ես գիտեի, որ կարող եմ քեզ վստահել։

Իր կատարած դավաճանությունից ցնցվելով՝ Այլան աղերսեց Ռըզա բեյին լացից ընդհատվող ձայնով.

— Ես ձեզ շատ եմ խնդրում, էֆենդի, չպատժեք Մարո խանումին։

Ռըզան քթի տակ ծիծաղեց.

— Բարի աղջիկ, մի վախեցիր քո տիրուհու համար։

Ռըզա բեյն ուսումնասիրում էր ծրարը, որը հասցեագրված

էր Մեսրոպ Մեսրոպյանին՝ Ստամբուլ, Հարբիյե, Շահին բեյի փողոց 38/8։ Ինչպես ենթադրել էր, նամակը հայերենով էր գրված։ Նա այն մեկնեց աղախնին.

— Դու քո լեզվով կարդալ գիտե՞ս։

— Այո, էֆենդի։

— Դե ուրեմն, կարդա։

Աղջիկը, դժկամությամբ, վերցրեց նամակը և սկսեց վերծանել Մարոյի նուրբ ձեռագիրը։

— «1916 թ., հունվարի 5։ Սիրելի Մեսրոպ քեռի, սիրելի Արփինե մորաքույր։ Ես աղոթում եմ, որպեսզի այս նամակը ձեզ հասնի և ձեզ գտնի ողջ և առողջ։ Մեզ քշեցին Սվասից հուլիսի սկզբին։ Վարդանը բանտում էր և դատապարտված էր կախաղանի և ես այդ ժամանակից ի վեր լուր չունեմ նրանից։ Սակայն չեմ կարողանում հավատալ, որ նա մահացել է, սիրտս հուշում է, որ նա ողջ է։ Դժբախտաբար մայրս վախճանվեց տեղահանության ընթացքում։ Թովմասն ու ես ողջ և առողջ ենք և ապահով վայրում ենք։ Այնթապի գավառապետ Ռըզա բեյը մեզ վերցրել է իր հովանավորության տակ։ Ես չգիտեմ, թե երբ մենք հնարավորություն կունենանք վերադառնալ Կոստանդնուպոլիս»։

«Ինչպե՞ս Եք դուք, Լուսիկ քույրիկը, Տիրան և Պարգև եղբայրները։ Լսել եմ, որ մայրաքաղաքում հայերի վիճակը տանելի է, և հույս ունեմ, որ դա համապատասխանում է իրականությանը։ Եթե հանկարծ հրաշքով Վարդանը կապվի ձեզ հետ, հանգստացրեք նրան մեր կապակցությամբ և ասացեք, թե որտեղ ենք մենք։ Չգիտեմ, թե երբ մենք հնարավորություն կունենանք ձեզ միանալու։ Թովմասն ու ես համբուրում ենք ձեզ և աղոթում ենք Տիրոջը, որ մեզ շուտով միացնի։ Մարո»։

Այլան նամակը դրեց գրասեղանի անկյունին, Ռըզա բեյն այն վերցրեց և այրեց մոխրամանի մեջ։

— Մարո խանումը չպետք է իմանա, որ դու ինձ ես հանձնել այս նամակը։ Դու այն ի՞նչ պետք է անեիր։

— Պետք է տայի որևէ վաճառականի։

— Կասես, որ նամակը հանձնել ես, հասկացա՞ր։

— Այո, էֆենդի,– ասաց շփոթված աղջիկը։

Ռըզա բեյը խղճաց աղջկան և ասաց բարեկամական տոնով.

— Դու գործում ես քո տիկնոջ շահերից ելնելով։ Այս նամակը կարող էր ոստիկանության կամ բանակի ձեռքն ընկնել և նրա բարեկամներին վնասեր։ Չհաշված այն անախորժությունները, որ մենք այստեղ կունենայինք։ Միգուցե ես նույնիսկ չկարողանայի խոչընդոտել նրա ձերբակալությանը։ Մարո խանումը չգիտի, թե ինչն է լավ իր և իր որդու համար։ Դու պետք է ինձ օգնես, որ ես նրան հետ պահեմ հիմարություններից։

Այլան ամբողջ հոգով ցանկանում էր ինքն իրեն համոզել, որ Ռըզա բեյը ճշմարտությունն էր ասում և որ ինքը ճիշտ էր վարվել, սակայն նրան այդ բանը չէր հաջողվում։ Ամեն դեպքում նա այլ ելք չուներ։ Նրան ճանապարհելիս գավառապետն ավելացրեց.

— Չէ որ դու ողջ կյանքդ աղախին չես մնալու։ Երբ ամուսնանալուդ տարիքը գա, ես քեզ համար լավ ամուսին կգտնեմ։ Իսկ հիմա շարունակիր ինձ տեղյակ պահել։

Աղջիկը խոնարհվեց և, դուրս գալով, միացավ Բույուկ խանումին, որի կառքը արդեն բակ էր դուրս եկել։

Նույն օրը Թովմասը ճաշասենյակում մոտեցավ պարտեզից վերադարձող Մարոյին։

— Մայրիկ,– ասաց նա գրգռված,— կարելի՞ է ես Քենանի հետ հոգևոր դպրոց գնամ։

Այդ դասերը կալվածքին կից մզկիթում վարում էր խոջա Պիրին՝ յոթանասուներեք տարեկան մի ծերունի, որը կատարում էր նաև մուեզզինի պարտականությունները և ղեկավարում էր ուրբաթ օրվա աղոթքը։ Քանի որ Էմինեն ու Մակբուլեն սենյակում էին, Մարոն թաքցրեց իր զարմանքն ու բարկությունը և բռնեց որդու ձեռքը.

— Արի, մենք դրա մասին կխոսենք։

Մարոն Թովմասին տարավ իր սենյակը, ուր արդեն գտնվում էր Այլան, որը կարգի էր բերում զարդասեղանը։ Մարոն շտապեց հարց ու փորձ անել աղջկան։

— Հանդիպեցի՞ր վաճառականին, որին ուզում էիր տեսնել շուկայում։

— Այո, խանում,— պատասխանեց նա՝ աչքերն իջեցնելով։

— Ամեն ինչ լա՞վ անցավ։

Այլան գլխով արեց։

— Շնորհակալություն, սիրելիս,– ասաց Մարոն թեթևացած։

Նա խնդրեց Այլային խոհանոցից ճաշ բերել և թեյ, ընդգծելով.

— Բավարար քանակությամբ քաղցրավենիք բեր երեքիս համար։

Երբ նրանք Թովմասի հետ մենակ մնացին, Մարոն նստեց մահճակալի եզրին և նրա հետ հայերեն խոսեց.

— Ի՞նչ էիր հարցնում հենց նոր։

— Կուզենայի հաճախել խոջա Պիրիի դպրոցը։

Մարոն ծամածռվեց.

— Այդ միտքը Ռըզա բե՞յն է քեզ հուշել։

— Ոչ, ես կուզեի, ինչպես Քենանը։

— Դու չես կարող,– ասաց Մարոն մեղմորեն։

Երեխան տխուր տեսք ուներ։

— Ինչո՞ւ։

Մայրը նրան գրկեց և շոյեց մազերը։

— Մզկիթում Քենանը Ղուրան է ուսումնասիրում, իր կրոնի գիրքը։ Դու այլ հավատք ունես՝ Հիսուսի հավատքը։

— Մայրիկ, ես կարող եմ Ղուրան ուսումնասիրել և շարունակել Հիսուսին սիրել։

— Ոչ,– պատասխանեց Մարոն հաստատակամորեն։– Դրանից քո գլխում ամեն ինչ կխառնվի։ Լավ է, որ ընկերություն ես անում Ռըզա բեյի երեխաների հետ, որ թուրքերեն ես սովորել, բայց չպետք է մոռանաս, որ դու հայ ես։ Այսօր ստիպված ենք ապրել այնպես, ինչպես իրենք են ապրում, սակայն կգա օրը, երբ մեր ընտանիքը կվերամիավորվի, և մենք կրկին կապրենք ըստ մեր ավանդույթների, մեր հավատքով և մեր լեզվով։

Թովմասը լրջացավ։ Նա գլխով էր անում մոր յուրաքանչյուր խոսքին։

— Քո հավատքը քո ժառանգության մասն է կազմում։ Դա հորդ, տատիդ, կնքահորդ, հորդ հոր, որի անունը կրում ես, հավատքն է։ Յուրաքանչյուր անգամ, երբ աղոթում ես, դու ասում ես այն խոսքերը, որոնք նրանք ասել են հազար անգամ, և ստացվում է այնպես, կարծես նրանք աղոթեն քո ձայնով։ Դու հիշո՞ւմ ես այն աղոթքները, որ քեզ սովորեցնում էր քո կնքահայր Արմենը։

Այդ անունների հիշատակության պես Թովմասը թուքը դժվարությամբ կուլ տվեց և ջանք գործադրեց արցունքները զսպելու։ Դե, իհարկե՜, ինքը հիշում էր։ Նա ջանում էր չմտածել Ազնիվ խանումի, Արմենի և Արաքսիի մասին, մոռանալ տեղահանվածների շարասյունը, սպանված երեխային վանքի բակում, քարանձավը, և եթե նրան հաջողվում էր, ապա նա գիտեր, որ այդ հիշողությունները հեռու չեն, իր սրտում են։

Հուզված ձայնով նա սկսեց արտասանել.

— Հա՛յր մեր, որ երկնքում ես...

Մարոն նրան միացավ, և նրանք մրմնջացին Տերունական աղոթքը։ Նրանք վերջացնում էին աղոթել, երբ եկավ Այլան մեկ այլ աղախնի՝ գանգուր մազերով մի երեսուն տարեկան կնոջ հետ, որը նույնպես սկուտեղ էր բերում։ Նրանք ուտելիքը դրեցին լուսամատի մոտ գտնվող ցածր սեղանի վրա, հետո աղախինը հեռացավ։

— Դու մեզ կմիանա՞ս, Վարդուհի,— ասաց Մարոն հայերեն։— Այսօր տոն է՝ հունվարի 5-ը։

Վարդուհին, որը տեսել էր այդ ամսաթիվը Մարոյի նամակում, շփոթվեց։ Նա իրեն մեղավոր էր զգում և մտովի երդվում էր այլևս երբեք չդավաճանել իրեն մայրաբար վերաբերվող այս կնոջը և նրա գաղտնիքները պահել։ Նրանք նստեցին սեղանի շուրջը, գետնին։ Թովմասը հետաքրքրվեց.

— Ի՞նչ տոն, մայրիկ։

— Այսօր Ծննդյան տոնի նախօրեն է։

— Ծնո՞ւնդ...— կրկնեց երեխան չհավատալով, որի համար այդ բառը կախարդական հնչեղության ուներ։

— Հիշիր նախորդ տարվա Ամանորը։

Թովմասը հիշում էր այն նվերները, որ ինքը ստացել էր դեկտեմբերի երեսունմեկին, սակայն Ծննդյան տոնի հիշողությունն ավելի աղոտ էր և գլխում խառնվում էր մյուս եկեղեցական տոների հետ։ Նրա անվստահությունը ակնհայտ էր։

— Իսկ դո՞ւ, Վարդուհի, դու հիշո՞ւմ ես։

— Այո,— մրմնջաց աղախինը խուլ ձայնով։

Նա տեսնում էր իր ծնողներին, քույրերին, եղբայրներին, հորեղբայրներին, նրանց կանանց և երեխաներին, որ հավաքվել էին նախորդ տարի Ամանորը ուրախ տոնելու համար։ Ավելի քան քառասուն հոգի էին, իրար գլխի հավաքված իր ծնողների տանը, որը կանգնած էր գյուղի եկեղեցու կողքին։ Այսօր ողջ էր մնացել միայն ինքը։

— Երբ փոքր էի,— պատմում էր Մարոն,— Ամանորի նախօրեն ինձ շատ երկար էր թվում, քանի որ ողջ օրը պետք էր ծոմ պահել երեկոյան անվերջանալի պատարագի ընթացքում հաղորդվելու համար։ Անցյալ տարի, Թովմաս, դու քնել էիր պատարագի ժամանակ։

— Այս տարի ես ավելի մեծ եմ։ Արթուն կմնայի։

— Անկասկած։ Եվ ծոմ կպահեիր մեծի պես, և հայրդ շատ հպարտ կլիներ։

Մարոն հոգոցը զսպեց և շարունակեց ոգեկոչել իր մանկության հիշողությունները։

— Պատարագից հետո մենք գնում էինք պապիս տուն, ուր ճաշկերույթի պատրաստություն էին տեսնում։ Նա ցածրահասակ մարդ էր, աչքերը շրջապատող կնճիռներից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ նա միշտ ծիծաղում էր։ Մենք, իմ եղբայրների ու քույրերի հետ, մոմեր պահած շրջում էինք հարևանների տները ու երգում էինք։

— Ես էլ եմ այդպես արել, բացականչեց Վարդուհին, որը թաքուն հայացք գցեց դռանը և սկսեց երգել. «Հիսուս ծնավ ու հայտնեցավ, ձեզ և մեզ մեծ ավետիս...»։ Հետո մենք ծեծում էինք մարդկանց դռները, որոնք մեզ մանր դրամ, միրգ ու նվերներ էին տալիս։

— Ճիշտ է,— հաստատեց Մարոն։

— Դա երևի զվարճալի էր,— ասաց Թովմասը,— որն ափսոսում էր, որ ինքն այդ փորձը չուներ։

— Մենք անուշ ապուր էինք ուտում Ամանորին,— ասաց Վարդուհին երազկոտ տեսքով։

— Քաղցր ապո՞ւր,— զարմացավ Թովմասը։— Ի՞նչ է դա։

— Ալրից ու չրեղենից պատրաստված ուտեստ է,— պատասխանեց Մարոն։— Տատդ եփում էր ամեն տարի, և դու շատ էիր սիրում։

Թովմասը կարծես թե ազդվեց, որ մոռացել էր։ Մարոն սկսեց պատմել երկու երեխաներին, որոնք նրան լսում էին շունչները պահած, մսուրքում Քրիստոսի ծնվելու պատմությունը։ Նրանք երեքն էլ կռացել էին սեղանի վրա և նման էին դավադիրների։ Հետո Մարոն նրանց մի շարական սովորեցրեց, որը նա երգեց ցածրաձայն՝ ձեռքերը խաչած և գլուխն օրորելով իրեն չափ տալու համար։

Խորհուրդ մեծ և սքանչելի

Որ այսօր հայտնեցավ

Հովիվքն երգեն ինչ հրեշտակ

Տան ավետիս աշխարհի

Ծնավ նոր արքան

Ի Բեթղեհեմ քաղաքի։

Թովմասն ու Վարդուհին, խորասուզվելով Մարոյի երգեցողության մեջ, մոռացել էին քաղցրավենիքի մասին։ Թեյն էլ վաղուց սառել էր։