Հաղթական կամար - XXV գլուխ
Հաղթական կամար | |
◀ Հաղթական կամար - XXIV գլուխ | Հաղթական կամար - XXVI գլուխ ▶ |
Վեբերը մտավ վիրակապարան և գլխով նշան արեց Ռավիկին։ Նրանք դուրս եկան միջանցք։
— Դյուրանն է զանգում։ Ուզում է, որ դուք անմիջապես գնաք։ Ինչ֊որ բարդ դեպք է, հանգամանքները` արտակարգ։
Ռավիկը նայեց նրան։
― Դա նշանակում է, Դյուրանը անհաջող վիրահատություն է արել և հիմա ուզում է, որ ես իրեն դուրս բերեմ այդ վիճակից, ճի՞շտ է։
― Չգիտեմ։ Խիստ հուզված էր։ Ինչպես երևում էր, գլուխը կորցրել է։
Ռավիկը գլուխն օրորեց։ Վեբերը լուռ էր։
— Իսկ առհասարակ նա որտեղի՞ց գիտե, որ ես վերադարձել եմ,— հարցրեց Ռավիկը։
Վեբերն ուսերը թոթվեց։
— Գաղափար չունեմ։ Երևի որևէ բուժքրոջից։
— Ինչո՞ւ չի զանգահարել Բինոյին։ Նա շատ լավ վիրաբույժ է։
— Ես դա ասացի, բայց նա բացատրեց, որ խոսքը շատ բարդ դեպքի մասին է։ Ձեր մասնագիտության գծով։
— Հիմար բան է ասում։ Փարիզում ուզածդ մասնագիտության գծով հիանալի բժիշկներ կան։ Ինչո՞ւ չի դիմում Մարտելին, որը աշխարհի լավագույն վիրաբույժներից մեկն է։
— Դուք չգիտե՞ք, ինչ է։
— Ես գիտեմ։ Չի ուզում կոլեգաների առաջ խայտառակվել։ Ուրիշ բան է անձնագիր չունեցող փախստական բժիշկը։ Նրա լեզուն կարճ է։
Վեբերը նայեց Ռավիկին։
— Հիմա ի՞նչ եք ասում։ Գնո՞ւմ եք թե չէ։ Ուշացնել չի կարելի։
Ռավիկը խալաթի կապերն արձակեց։
— Իհարկե, գնում եմ,— վրդովված ասաց նա։— Բա ի՞նչ պետք է անեմ, որ չգնամ։ Բայց դուք պետք է ինձ հետ գաք։
— Եղավ։ Իմ մեքենայով կգնանք։
Վեբերն ու Ռավիկը աստիճաններով իջան ներքև։ Վեբերի մեքենան կլինիկայի առաջ կանգնած փայլփլում էր արևի տակ։ Նրանք նստեցին մեքենան։
— Ես աշխատելու եմ միայն ձեր ներկայությամբ,— ասաց Ռավիկը։— Թե չէ, աստված գիտե, մեկ էլ տեսաք մեր եղբայրը որևէ փորձանք բերեց գլխիս։
— Ես չեմ կարծում, թե այս րոպեին նրա մտքով այդպիսի բան կարող է անցնել։
Մեքենան շարժվեց։
— Ես շատ ուրիշ բաներ եմ տեսել,— ասաց Ռավիկը։— Բեռլինում ես գիտեի մի երիտասարդ ասիստենտի, որը բոլոր անհրաժեշտ տվյալներն ուներ լավ վիրաբույժ դառնալու։ Մի անգամ նրա պրոֆեսորը կիսահարբած վիճակում վիրահատելով, կտրվածքր կատարել էր սխալ և, առանց որևէ բան ասելու, ասիստենտին առաջարկել էր շարունակել։ Վերջինս ոչինչ չէր նկատել, իսկ կես ժամից հետո պրոֆեսորը աղմուկ էր բարձրացրել և սխալ կտրվածքը գցել ասիստենտի վրա։ Պացիենտը մնաց սեղանին։ Երիտասարդը մահացավ մի օր հետո։ Ինքնասպան եղավ։ Իսկ պրոֆեսորը շարունակում էր խմել ու վիրահատել։
Ավենյու Մարկոյի վրա նրանք կանգ առան։ Գալիլեյի փողոցով անցնում էր բեռնատար մեքենաների մի շարասյուն։ Մեքենայի ապակիների միջով արևն այրում էր։ Վեբերը սեղմեց գործիքային պանելի կոճակին և մեքենայի վերնածածկը դանդաղորեն սահեց դեպի ետ։ Նա հպարտությամբ նայեց Ռավիկին։
Մի քանի օր է, ինչ պատրաստել եմ տվել։ Էլեկտրականությամբ է բարձրանում իջնում։ Հոյակապ բան է։ Ի՜նչ ասես, որ մարդը չի հնարում։
Քամին խուժում էր մեքենայի բացած ծածկի վրայով։ Ռավիկը գլխով արեց։
— Այո, հոյակապ է։ Ամենավերջին նորությունները մագնիսային ականներն են և տորպեդները։ Ես դա երեկ ինչ-որ տեղ կարդացի։ Եթե այդպիսի տորպեդները հանկարծ նպատակակետից անցնում են, ապա իսկույն պտույտ են տալիս և նորից գնում դեպի նպատակը։ Շա՜տ հնարամիտ ժողովուրդ ենք։
Վեբերը նրա կողմը շրջեց իր կարմիր երեսը, որտեղ բարեհոգի մի ժպիտ էր շողշողում։
— Հը, Ռավիկ, դուք նորի՞ց պատերազմին անդրադարձաք։ Պատերազմը մեզանից ավելի է հեռու, քան լուսինը։ Բոլոր այդ խոսակցությունները պատերազմի մասին քաղաքական ճնշման միջոցներ են, ուրիշ ոչինչ, հավատացեք ինձ։
Վիրահատվող կնոջ մաշկը սադափի կապտավուն երանգ ուներ, իսկ դեմքը մոխրագույն էր։ Փարթամ շեկլիկ մազերը վիրահատական սեղանի լույսերի տակ կարծես ոսկեղեն բոցեր արձակելիս լինեին։ Մոխրագույն երեսի շուրջը սփռված մազերի այդ հուրհրատանքում կանչող ինչ֊որ մի բան կար։ Թվում էր, թե կյանքը ամբողջովին հեռացել է այդ մարմնի միջից, և միայն մազերի այդ կայծկլտանքն է, որ դեռ մնացել է կենդանի և օգնության է կանչում։
Վիրահատական սեղանին պառկած կինը անսահման գեղեցիկ էր. սլացիկ, նրբակերտ, իսկ դեմքն այնպիսին էր, որ նույնիսկ ամենաուժեղ ուշագնացությունը ի վիճակի չէր զրկել նրան հմայքից։ Դա մի կին էր՝ ստեղծված պերճությունների և սիրո համար։
Արնահոսությունը շատ քիչ էր, գրեթե չկար։
— Արգանդը բացե՞լ եք,— հարցրեց Ռավիկը Դյուրանին։
— Այո։
— Հետո՞։
Դյուրանը լուռ էր։ Ռավիկը հայացքը բարձրացրեց և տեսավ, որ նա իրեն է նայում։
— Լավ,— ասաց Ռավիկը։— Առայժմ քույրեր մեղ պետք չեն։ Մենք երեք բժիշկ ենք, դա բավական է։
Դյուրանը գլխով համաձայնության նշան արեց։ Քույրերը և ասիստենտը հեռացան։
— Հետո՞,— նորից հարցրեց Ռավիկը նրանց գնալուց հետո։
— Դուք ինքներդ եք տեսնում, բանն ինչումն է։
— Ոչ, ես չեմ տեսնում։
Ռավիկն, իհարկե, տեսնում էր, թե որն է Դյուրանի սխալը, բայց ուզում էր, որ նա ինքը դա հաստատի Վեբերի ներկայությամբ։ Այդպես ավելի ապահով կլիներ։
— Հղիության երրորդ ամիսն է։ Արնահոսություն։ Հարկադրված եղանք քերել։ Ինչպես երևում է, ներսի պատը վնասվածք է ստացել։
— Հետո՞,— նորից հարցրեց Ռավիկը։
Նա հայացքը գցեց ուղղակի Դյուրանի աչքերին, որոնք լցված էին անզոր կատաղությամբ։ Հիմա նա ինձ հավիտենապես ատելու է, մտածեց Ռավիկը։ Թեկուզև այն պատճառով, որ Վեբերը լսում է այս բոլորը։
— Պերֆորացիա է,— ասաց Դյուրանը։
— Գդալո՞վ եք արել։
— Իհարկե,— ասաց Դյուրանը փոքր֊ինչ լռելուց հետո։ — Բա էլ ինչո՞վ։
Արնահոսությունը լրիվ դադարեց։ Ռավիկը լուռ շարունակում էր հետազոտությունը։ Հետո շտկվեց։
— Դուք պերֆորացիա եք տվել և չեք նկատել այդ։ Այնուհետև բացած անցքով ներս եք քաշել մի աղեոլորք։ Չեք հասկացել, թե ինչ է կատարվում։ Եվ, ըստ երևույթին, համարելով, որ այդ աղին պտղաթաղանթն է, սկսել եք քերել և վնասել նրա պատը։ Ճի՞շտ է։
Քրտինքը հանկարծ պատեց Դյուրանի ճակատը։ Դիմակի տակ մորուքն այնպես էր շարժվում, կարծես նա փորձում էր ինչ֊որ բան ծամել և չէր կարողանում։
— Կարող է պատահել։
— Որքա՞ն ժամանակ է, ինչ վիրահատությունն սկսել եք։
— Մինչև ձեր զալն ընդամենը երեք քառորդ ժամ։
— Ներքին արյունազեղում է և բարակ աղիքի վնասվածք։ Սեպսիսի ծայրահեղ վտանգ կա։ Աղին պետք է կարել և հեռացնեք արգանդը։ Անհապաղ։
— Ի՞նչ,— հարցրեց Դյուրանը։
— Դուք դա ինքներդ հիանալի գիտեք,— ասաց Ռավիկը։
Դյուրանն սկսեց աչքերը արագ թարթել։
— Այո, գիտեմ։ Բայց ես ձեզ կանչել եմ, որպեսզի դուք․․․
— Դա այն ամենն էր, ինչ ես ձեզ կարող էի ասել։ Ներս կանչեք բոլորին և շարունակեք աշխատել։ Խորհուրդ եմ տալիս շտապել։
Դյուրանի ծնոտը նորից սկսեց շարժվել։
— Ես չափազանց հուզված եմ։ Վիրահատությունը արդյոք իմ փոխարեն չէի՞ք անի։
— Ոչ։ Ինչպես դուք գիտեք, ես գտնվում եմ Ֆրանսիայում ոչ լեգալ և վիրահատություններ անելու իրավունք չունեմ։
— Դուք...— սկսեց Դյուրանն ու լեզուն կապ ընկավ։
— Սանիտարները, թերուս ուսանողները, մասաժիստները, ասիստենտները դրանք բոլորն այստեղ իրենց գերմանական նշանավոր բժիշկներն են ներկայացնում...— Ռավիկը չէր մոռացել, թե Դյուրանն ինչ էր ասել Լևալին։— Մեսյո Լևալն ինձ որոշ բաներ այդ կապակցությամբ բացատրել է,— ասաց Ռավիկը։— Այստեղից վտարելուց առաջ։
Նա նկատեց, թե ինչպես Վեբերը բարձրացրեց գլուխը։ Դյուրանը ոչինչ չպատասխանեց։
― Վիրահատությունը ձեր փոխարեն կարող է անել բժիշկ Վեբերը,— ասաց Ռավիկը։
— Բայց չէ՞ որ դուք հաճախ եք իմ փոխարեն վիրահատություններ արել։ Եթե ձեզ հոնորարի հարցն է...
— Հոնորարը ոչ մի դեր խաղալ չի կարող։ Ես այլևս չեմ վիրահատում, ինչ վերադարձել եմ։ Հատկապես, երբ խոսքը վերաբերում է այն պացիենտներին, որոնք նախօրոք իրենց համաձայնությունը չեն տվել նման կարգի վիրահատության համար։
Դյուրանը կրկին նայեց Ռավիկին։
— Բայց հո չի՞ կարելի վիրահատվողին նարկոզից հանել նրա կարծիքը հարցնելու համար։
— Ինչո՞ւ չէ, կարելի է։ Բայց դա ռիսկի հետ է կապված։ Որովհետև բանը կարող է սեպսիսով վերջանալ։
Դյուրանի դեմքը ամբողջովին թաց էր։ Վեբերը նայեց Ռավիկին, Ռավիկը գլխով արեց։
— Ձեր բուժքույրերի վրա կարելի՞ է հույս դնել,— հարցրեց Վեբերը Դյուրանին։
— Այո, միանգամայն...
— Ասիստենտի կարիքը չկա,— ասաց Վեբերը Ռավիկին։— Մենք բավական ենք — երեք բժիշկ, երկու քույր։
— Ռավիկ... — ասաց Դյուրանն ու լեզուն նորից կապ ընկավ։
— Դուք պետք է Բինոյին կանչեիք,— բացատրեց նրան Ռավիկը։— Կամ Մալլոնին, և կամ Մարտելին։ Նրանք բոլորն էլ առաջնակարգ վիրաբույժներ են։
Դյուրանը չպատասխանեց։
— Դուք ընդունո՞ւմ եք այստեղ Վեբերի ներկայությամբ, որ թույլ եք տվել արգանդի պերֆորացիա և աղիքային օղակի վնասվածք, համարելով այդ աղիքը որպես պտղաթաղանթ։
Դյուրանը ձգձգում էր պատասխանը։
— Այո,— վերջապես ասաց նա խռպոտ ձայնով։
— Դուք վերցնո՞ւմ եք ձեզ վրա վիրահատության և նրա ելքի լրիվ պատասխանատվությունը, ինչպես և պատասխանատվությունը այն հանգամանքի, որ վիրահատությունը արվում է առանց պացիենտի գիտության ու համաձայնության։
— Այո։ Բա իհարկե,— տնքաց Դյուրանը։
— Շատ լավ։ Որ այդպես է, կանչեք բուժքույրերին։ Ասիստենտի կարիքը մենք չունենք։ Նրան բացատրեք, որ դուք Վեբերին և ինձ թույլ եք տվել որևէ բացառիկ դժվար վիրահատության ժամանակ մասնակցել որպես ասիստենտ։ Ասացեք, որ դա հին խոստում է կամ նման մի բան։ Անեսթեզիայի հետ կապված հարցերը դուք վերցրեք ձեզ վրա։ Քույրերը նորից ստերիլիզացիայի պետք է ենթարկվե՞ն, թե ոչ։
— Ոչ։ Դրա կարիքը չկա։ Այդ հարցերում վստահելի են։ Նրանք ոչ մի բանի չեն կպել։
— Ավելի լավ։
Որովայնի խոռոչը բաց էր։ Ռավիկը ծայրագույն զգուշությամբ փոքր առ փոքր քաշեց ու դուրս բերեց աղեոլորքը արգանդի մեջ գոյացած անցքից, կամաց֊կամաց փաթաթելով այն ստերիլ անձեռոցիկների մեջ, որպեսզի կանխի սեպսիսի հնարավոր վտանգը։ Հետո նույն ստերիլ անձեռոցիկներով ամբողջովին ծածկեց արգանդը։
— Արտարգանդային հղիություն է,— փնթփնթալով ասաց նա Վեբերին։— Ահա, այստեղ նայեք... պտղի կեսը արգանդում է, կեսը՝ փողի մեջ։ Փաստորեն Դյուրանին չի էլ կարելի մեղադրել։ Շատ բացառիկ դեպք է։ Բայց և այնպես...
— Ի՞նչ,— հարցրեց Ռյուրանը վիրաբուժական սեղանի էկրանի հետևից։— Ինչ ասացի՞ք։
— Ոչինչ։
Ռավիկը սեղմիչներ դրեց աղիքի վրա և կատարեց ռեզեկցիան։ Հետո անմիջապես կարեց բացված ծայրերը և կողային անաստոմոզ արեց։
Վիրահատությունը կլանել էր Ռավիկին։ Նա Դյուրանին մոռացել էր։ Կապելով փողերը և նրանց սնող անոթները, Ռավիկը փողի ծայրը կտրեց։ Հետո անցավ արգանդի հեռացմանը։ Ինչո՞ւ է արյունն այսքան քիչ, մտածեց նա։ Ինչո՞ւ արյունն այնպիսի առատությամբ չի հոսում, ինչպես սրտից։ Չէ՞ որ ես կտրում եմ կյանքի ամենամեծ հրաշքը, որն ընդունակ է հենց այդ նույն կյանքը շարունակել։
Նրա դեմ պառկած սքանչելի կինը մահացած էր։ Նա կարող էր դեռ ապրել, բայց փաստորեն մեռած է։ Սերունդների ծառի չորացած մի ճյուղ է նա։ Ծաղկող, բայց արդեն կորցրած պտղաբերության գաղտնիքը։ Նախնադարյան անանցանելի անտառներում ապրում էին հսկայական մարդանման կապիկներ։ Նրանք հազարավոր սերունդների գոյության ընթացքում անցել են պայքարի և զարգացման բարդ ճանապարհ։ Եգիպտացիները տաճարներ էին կառուցում, ծաղկում էր Հելլադան, անընդմեջ շարունակվել է արյան խորհրդավոր հոսքը, անվերջ ու անընդհատ բարձրանալով դեպի վեր, մինչև որ հայտնվել է ահա այս կինը։ Հիմա նա անպտուղ է, ինչպես դատարկ հասկը, և այլևս չի կարող շարունակել իրեն, նրա արյունը չի մարմնավորվի ոչ իր տղայի և ոչ էլ աղջկա մեջ։ Դյուրանի կոպիտ ձեռքը կտրել է արդեն հաջորդականության հազարամյակներով շարունակվող շղթան։ Բայց մի՞թե հենց ինքը Դյուրանը նույնպես հազարավոր սերունդների կյանքի արդյունքը չէ։ Մի՞թե նաև Դյուրանի և նրա գարշելի մորուքի համար չեն ծաղկել Հելլադան ու Վերածննդի դարաշրջանը։
— Ինչքա՜ն է այս ամենը նողկալի,— ասաց Ռավիկը։
— Ի՞նչ,— հարցրեց Վեբերը։
— Հենց այնպես... ոչինչ։
Ռավիկը շտկվեց։
— Վերջացավ։ Վիրահատությունն ավարտված է։
Նա նայեց կնոջ շողշողուն մազերով երիզված գունաթափ ու հաճելի դեմքին։ Նայեց դույլին, որի մեջ արնաշաղախ ընկած էր այն, ինչն այս դեմքն այսքան գեղեցիկ ու հմայիչ էր դարձնում։
Հետո նայեց Դյուրանին։
— Վիրահատությունն ավարտված է,— կրկնեց նա։
Դյուրանը դադարեցրեց նարկոզը։ Նա Ռավիկի կողմը չէր նայում։ Սպասում էր, մինչև որ քույրերը հիվանդին սայլակով դուրս տանեն, հետո առանց որևէ բան ասելու, գնաց նրանց հետևից։
― Վաղը նա վիրահատության համար հինգ հազար ֆրանկ ավելի կպահանջի,— ասաց Ռավիկը Վեբերին։— Եվ կբացատրի նաև, որ կնոջ կյանքը փրկել է։
— Հազիվ թե։ Արդեն լրիվ խեղճացած է։
— Մի օրը ահագին ժամանակ է։ Իսկ զղջումը կարող է կարճ տևել։ Մանավանդ եթե շրջես քո օգտին։
Ռավիկը լվացվեց։ Ապակու միջով նա տեսով, որ դիմացի տան լուսամուտի գոգին թաղարներով կարմիր խորդենիներ են դրված։ Ծաղիկների տակ նստած էր մոխրագույն մի կատու։
Գիշերվա ժամը մեկին նա «Շեհերազադեից» զանգ տվեց Դյուրանի կլինիկան։ Գիշերային հիվանդապահն ասաց, որ վիրահատված կինը քնած է, որ երկու ժամ առաջ խիստ անհանգիստ էր, բայց Վեբերը եկավ և ցավերը հանգստացնող ինչ֊որ դեղ տվեց։ Հիմա կարծես թե արդեն լավ է։
Ռավիկը դուրս եկավ հեռախոսային խցիկից։ Նրա քիթն ընկավ դուխու շատ սուր մի հոտ։ Ներկած, բայց փոքր֊ինչ արդեն խունացած շեկ մազերով մի կին, խշխշացնելով շորը, հպարտ ու գրգռիչ տեսքով մտավ կանացի զուգարան։ Այդ կինը, որ Ռավիկի նախկին պացիենտներից էր, հիվանդանոցում եղած ժամանակ բնական ոսկեգույն մազեր ուներ, որոնք փոքր֊ինչ կարմրին էին տալիս ու փայլփլում։ Ռավիկը մի սիգարետ վառեց ու վերադարձավ սրահ։ Ռուսական նույն և մշտական երգչախումբը նորից էր երգում իր նույն և մշտական «Սև աչերը»։ Արդեն քսան տարի էր, ինչ այդ երգչախումբը «Սև աչերը» կատարում էր ամբողջ աշխարհում։ Քսան տարի շարունակվող ողբերգությունը ծիծաղելի դառնալու վտանգ ունի իր մեջ, մտածեց Ռավիկը։ Իսկական ողբերգությունը պետք է կարճ լինի։
— Խնդրում եմ, ինձ ներեք,— ասաց նա Կետ Հեգստրեմին։— Ես անպայման պետք է զանգեի։
― Ամեն ինչ կարգին է։
— Մինչև հիմա՝ այո։
Ինչո՞ւ է նա հարցնում այդ,— մի տեսակ շփոթված, մտածեց Ռավիկը։— Չէ՞ որ իր մոտ որոշակիորեն ամեն ինչ չէ, որ կարգին է։
— Արդեն գո՞հ եք։ Ձեր ուզածն այստեղ է,— ասաց նա, ցույց տալով օղու գրաֆինը։
— Ոչ, գոհ չեմ,— պատասխանեց Հեգստրեմը։
— Գոհ չե՞ք։
Կետ Հեգստրեմը գլուխն օրորեց։
— Հիմա ամառ է, Ռավիկ։ Ամառը պետք է ոչ թե գիշերային ակումբում նստել, այլ տերրասում։ Եվ այն էլ այնպես, որ կողքիդ գոնե մի քոնձռոտ ծառ լինի, թեկուզև ցանցով շրջապատված։
Ռավիկը հայացքը բարձրացրեց ու հանդիպեց ուղիղ ժոանի աչքերին։ Ըստ երևույթին, նա եկել էր այն ժամանակ, երբ ինքը գնացել էր հեռախոսով զանգելու։ Որովհետև մինչ այդ նա այստեղ չէր։ Ժոանը նստած էր դիմացի անկյունում։
— Ուզո՞ւմ եք գնանք ուրիշ ռեստորան,— հարցրեց նա Կետ Հեգստրեմին։
Կետ Հեգստրեմը գլուխն օրորեց։
— Ոչ։ Իսկ դո՞ւք։ Ուզո՞ւմ եք, որևէ քոնձռոտ ծառի մոտ նստել։
— Քոնձռոտ ծառի տակ օղին մեծ մասամբ նույնպես քոնձռոտ համ է ունենում։ Իսկ այստեղ լավ է։
Երգչախումբը լոեց։ Հիմա արդեն բարձրացավ նվագախմբի ձայնը, որն սկսեց բլյուզ նվագել։ ժոանը տեղից վեր կացավ և գնաց դեպի պարի հրապարակը։ Ռավիկը չէր կարողանում տեսնել, թե նա ում հետ է։ Միայն այն ժամանակ, երբ լուսարձակի բաց֊երկնագույն լույսը սահում էր պարահրապարակի վրայով, ժոանն ընդամենը մի վայրկյան հայտնվում էր ու նորից սուզվում սրահի կիսախավարի մեջ։
— Դուք այսօր վիրահատո՞ւմ էիք,— հարցրեց Կետ Հեգստրեմը։
— Այո...
— Հետաքրքիր է, մարդ ինչպե՞ս է զգում իրեն, երբ վիրահատությունից հետո գիշերային ակումբ է գալիս։ Դա նույնը չէ՞, երբ մարդ ճակատամարտից հետո որևէ խաղաղ քաղաք է վերադառնում։ Կամ էլ, երբ ծանր հիվանդությունից հետո ապաքինվում է։
— Ոչ միշտ։ Երբեմն մարդ իրեն դատարկված է զգում։ Բայց միայն այդքան։
Լուսարձակի պայծառ շողերի տակ Ժոանի աչքերը թափանցիկ էին թվում։ Նրա հայացքը ուղղված էր Ռավիկի կողմը։ Ոչ, դա սիրտս չէր, որ զգացնել տվեց, սիրտս հանգիստ է, մտածեց Ռավիկը։ Ստամոքսս էր։ Դա արևային հյուսակին հասցրած հարված էր։ Հազարավոր բանաստեղծություններ կան այդ մասին գրած։ Եվ այդ հարվածը գալիս է ոչ թե քեզանից, թեթևակի քրտնած, գեղեցիկ, պարող մարմնի կտոր, այլ իմ ուղեղի մթին ծալքերից։ Իսկ երբ իմ ներքին ցնցումն ավելի ուժեղ է լինում այն ժամանակ, երբ ես տեսնում եմ, թե դու ինչպես ես սահում ծածանվող լույսի տակ, ուրեմն, դա պատահականորեն թուլացած կոնտակտի հետևանք է։
— Դա այն կի՞նը չէ, որը մի ժամանակ այստեղ երգում էր,— հարցրեց Կետ Հեգստրեմը։
— Այո։
— Նա այլևս այստեղ չի՞ երգում։
— Կարծեմ ոչ։
— Գեղեցիկ կին է։
— Մի՞թե։
— Այո։ Նույնիսկ ավելի, քան գեղեցիկ։ Կյանքը ուղղակի շողշողում է երեսին։
— Հնարավոր է։
Կետ Հեգստրեմը կկոցած աչքի պոչով նայեց Ռավիկին։ Նայում էր և ժպտում։ Բայց դա այն ժպիտներից էր, որոնք արցունքով են վերջանում։
— Ինձ մի օղի էլ տվեք, ու գնանք այստեղից,— ասաց Կետ Հեգստրեմը։
Տեղից կանգնելով, Ռավիկն զգաց, որ ժոանն իրեն է նայում։ Նա թևանցուկ արեց Կետին, թեև դրա կարիքը չկար։ Կետը կարող էր նաև առանց նրա օգնության գնալ։ Բայց ուզեց, որ ժոանը տեսնի։ Դա նրան չի խանգարի, մտածեց Ռավիկը։
— Դուք բարի չե՞ք լինի մի բանում ընդառաջել ինձ,— ասաց Կետ Հեգստրեմը, երբ նրանք արդեն «Լանկաստեր» հյուրանոցի իր սենյակում էին։
— Ինչ խոսք դրանում։ Եթե ես կարողանամ։
— Եկեք ինձ հետ գնանք պարահանդես Մոնֆորների մոտ։
— Դա ի՞նչ բան է, Կետ։ Ես բոլորովին գաղափար չունեմ։
Կետ Հեգստրեմը նստեց բազկաթոռներից մեկին։ Բազկաթոռը նրա համար չափազանց մեծ էր, որի մեջ Կետն այնքան նրբին էր թվում, կարծես չինական պարուհու արձանիկ լիներ։ Նրա աչքերի վերևում ճակատի մաշկը հիմա ավելի էր պրկված, քան առաջ։
— Փարիզի բարձրաշխարհիկ հասարակության համար Մոնֆորների մոտ տեղի ունեցող պարահանդեսը ամառային սեզոնի գլխավոր իրադարձությունն է,— բացատրեց Կետ Հեգստրեմը։— Այդ պարահանդեսը տեղի է ունենալու եկող ուրբաթ օրը, Լուի Մոնֆորի տանը և պարտեզում։ Այդ անունը ձեզ որևէ բան չի՞ ասում ։
— Ոչ մի բան։
— Դուք ինձ հետ չե՞ք գա այնտեղ։
— Բայց դա կթույլատրվի՞ ինձ։ Չէ՞ որ ինձ ոչ ոք չի հրավիրել։
— Ես ինքս ձեզ համար հրավիրատոմս կվերցնեմ։
Ռավիկը նայեց Կետ Հեգստրեմին։
— Իսկ ինչո՞ւ, Կետ։
— Ես կուզեի գնալ, բայց ոչ մենակ։
— Մի՞թե մարդ չկա։
— Ես կուզեի ձեզ հետ գնալ։ Եվ ոչ թե իմ նախկին ծանոթներից մեկնումեկի հետ։ Ես նրանց հիմա տանել չեմ կարողանում։ Հասկանո՞ւմ եք։
— Այո, հասկանում եմ։
— Դա ամենագեղեցիկ, բացօթյա տունն է Փարիզում, գուցե և վերջինը։ Ես այս չորս տարվա րնթացքում այդ պարահանդեսներից ոչ մեկը բաց չեմ թողել։ Կկատարե՞ք իմ խնդրանքը։
Ռավիկը գիտեր, թե նա ինչու է ուզում անպայման իր հետ գնալ։ Ռավիկի հետ Կետն իրեն ազատ էր զգում և վստահ։ Եվ նա չէր կարող մերժել Կետին։
— Լավ, Կետ,— ասաց նա։— Բայց դուք կարող եք ինձ համար հատուկ հրավիրատոմս չխնդրել։ Իմ կարծիքով, պարզապես ասեք տանտերերին, որ դուք մենակ չեք լինելու։ Այսքանը բավական է։
Կետ Հեգստրեմը գլխով արեց։
— Ինքնըստինքյան հասկանալի է, շնորհակալ եմ, Ռավիկ։ Ես հենց հիմա կզանգահարեմ Սոֆի Մոնֆորին։
Ռավիկը տեղից կանգնեց։
— Ուրեմն, ուրբաթ օրը ես կգամ ձեզ վերցնելու։ Իսկ ի՞նչ եք հագնելու, որոշե՞լ եք արդեն։
Կետ Հեգստրեմը աչքի տակով նայեց Ռավիկին։ Նրա կոկիկ սանրած մազերի վրա արտացոլվում էին լույսի շողերը։ Մողեսի գլուխ է, մտածեց Ռավիկը։ Անպտուղ կատարելիության ճկուն, չոր և կոշտ նրբագեղություն, որը բնորոշ չէ առողջ մարդուն։
— Սա հենց այն հարցն է, որի մասին ես մինչև հիմա ձեզ ոչինչ չեմ ասել,— վրա բերեց Կետ Հեգստրեմը, փոքր֊ինչ հապաղելով։— Դա զգեստավորված պարահանդես է, Ռավիկ։ Պարահանդես, որը տեղի է ունենալու Լյուդովիկոս XIV֊ի արքունական այգում։
— Աստվա՜ծ իմ,— Ռավիկը նորից նստեց։
Կետ Հեգստրեմը ծիծաղեց։ Դա ինքնաբուխ, անկաշկանդ, մանկական ծիծաղ էր։
— Ահա սա հին, լավ կոնյակ է,— ասաց Կետը,— ուզո՞ւմ եք մի բաժակ։
Ռավիկը գլուխն օրորեց։
— Ինչե՜ր ասես, որ մարդիկ չեն հնարում։
— Նրանք ամեն տարի են այսպիսի մի բան կազմակերպում։
— Ուրեմն, ես պետք է...
— Այդ հոգսը թողեք ինձ վրա,— ընդհատեց իսկույն Ռավիկին Կետ Հեգստրեմը։— Մի անհանգստացեք։ Ես ինքս կգտնեմ այդ կոստյումը։ Որևէ հարմար բան։ Նույնիսկ ձեր վրա փորձելու կարիք էլ չի լինի։ Միայն ձեր չափերը տվեք ինձ։
— Ես կարծում եմ, որ հիմա ինձ մի բաժակ կոնյակ է պետք,— ասաց Ռավիկը։
Կետ Հեգստրեմը նրա կողմը հրեց կոնյակի շիշը։
— Հիմա արդեն չէ չասեք։
Ռավիկը կոնյակը խմեց։ Տասներկու օր, մտածեց նա։ Տասներկու օր — և Հաակեն կրկին Փարիզում կլինի։ Տասներկու օր, որ մի կերպ պետք է անցկացնել։ Տասներկու օր,— ահա թե ինչի է հանգում նրա ամբողջ կյանքը, և նա դրանից դուրս ոչ մի բանի մասին չէր կարողանում մտածել։ Տասներկու օր — որոնց հետևում անդունդի մի երախ կա բացված։ Նրա համար միևնույն էր, թե ժամանակն ինչպես է անցկացնելու։ Զգեստավորված պարահանդե՜ս... էլ ի՞նչը կարող էր ավելի ծիծաղելի լինել այս անորոշ ու երերուն երկու շաբաթվա մեջ։
— Լավ, Կետ։
Նա մի անգամ էլ գնաց Դյուրանի կլինիկան։ Կարմրին տվող ոսկեգույն մազերով կինը քնած էր։ Նրա ճակատին քրտինքի կաթիլներ էին։ Երեսին փոքր֊ինչ գույն էր եկել, շուրթերը թեթևակի բացված էին։
— Ջերմությո՞ւն ունի,— հարցրեց Ռավիկը բուժքրոջը։
— Երեսունյոթ և ութ։
— Դա վատ չէ։
Նա կռացավ կնոջ քրտնած դեմքի վրա։ Շնչառությունից այլևս էֆիրի հոտ չէր գալիս։ Դա մաքուր, ծոթորի թարմություն ունեցող շնչառություն էր։ Ծոթոր, հիշեց Ռավիկը։ Լեռնային արոտավայր Շվարցվալդում։ Շունչը կտրվելով սողում է այրող արևի տակ, ներքևից լսվում են հետապնդողների ձայները — և այդ բոլորի հետ միասին ծոթորի արբեցուցիչ բուրմունքր։ Տարօրինակ է, թե որքա՜ն շուտ է ամեն ինչ մոռացվում, բացի հոտից։ Ծոթոր... նույնիսկ քսան տարուց հետո էլ լինի, այդ բուրմունքը նորից է վերակենդանացնելու փախուստի օրվա պատկերը Շվարցվալդում, և հիշողությանս հեռավոր անկյուններից այնպես կհայտնվեն բոլոր մանրամասնությունները, որ կթվա, թե այդ բոլորը երեկ է եղել։ Ասենք, ինչո՞ւ քսան տարի հետո, մտածեց Ռավիկը։ Տասներկու օրից հետո։
Ռավիկը վերադարձավ հյուրանոց։ Շոգ էր։ Ժամը մոտ երեքն էր։ Աստիճաններով վերև բարձրացավ։ Սենյակի դռան առջև սպիտակ մի ծրար կար։ Վերցրեց, կարդաց մակագրությունը։ Իրեն էր գրված, բայց ծրարի վրա ոչ փոստանիշ կար և ոչ էլ կնիք։ Երևի Ժոանից է, մտածեց նա և բացեց։ Միջից մի չեկ ընկավ։ Դյուրանն էր։ Ռավիկն անտարբեր աչք գցեց թվին, հետո նայեց ավելի ուշադիր։ Աչքերին չհավատաց։ Ոչ թե երկու հարյուր ֆրանկ էր, ինչպես սովորաբար, այլ՝ երկու հազար։ Ըստ երևույթին, լավ է վախեցել, մտածեց Ռավիկը։ Երկու հազար ֆրանկ Դյուրանից, այն էլ կամավոր։ Դա աշխարհի ութերորդ հրաշքն է։
Չեկը խրելով դրամապանակը, նա մի դարս գիրք վերցրեց և դրեց մահճակալի մոտ գտնվող փոքրիկ սեղանի վրա։ Այդ գրքերը նա գնել էր երկու օր առաջ, որպեսզի անքնությամբ տառապելիս կարդա։ Նրա հետ տարօրինակ բան էր կատարվում — գրքերը գնալով ավելի ու ավելի մեծ նշանակություն էին ձեռք բերում նրա համար։ Ճիշտ է, ամեն ինչի չէր, որ նրանք փոխարինում էին, բայց կար իր մեջ գտնվող մի ոլորտ, որտեղ, բացի գրքերից ուրիշ ոչինչ թափանցել չէր կարող։ Նա հիշեց, որ օտարության մեջ գտնվելու իր առաջին տարիներին երբեք ձեռքը գիրք չէր վերցնում։ Այն ամենը, ինչ ասվում էր նրանց մեջ, իրականում կատարվածի համեմատությամբ չափազանց աննշան էր։ Իսկ այժմ գրքերը նրա համար կարծես դարձել էին պաշտպանական պատնեշ, ու թեև նրանք կոնկրետորեն չէին պաշտպանում, բայց և այնպես նրանց մեջ կարելի էր ինչ֊որ հենարան գտնել։ Նրանք ապրելու հարցերում չէին օգնում, բայց մի դարաշրջանում, երբ աշխարհը գլորվում էր դեպի խավար անդունդը, փրկում էին հուսաբեկությունից։ Եվ այդքան բավական էր։ Մի ժամանակ մարդկանց գլխում այնպիսի մտքեր էին ծնվել, որ այսօր արհամարհվում և ծաղրուծանակի են ենթարկվում, բայց, չնայած դրան, այդ մտքերր ծնվել են և հավիտենապես կմնան։ Եվ դա բավական է։
Ռավիկը դեռ կարդալը չէր սկսել, երբ հանկարծ հեռախոսը զանգեց։ Նա լսափողը չվերցրեց։ Իսկ հեռախոսը երկար ու երկար զանգահարում էր։ Մի քանի րոպե հետո, երբ զանգերն արդեն դադարել էին, Ռավիկը վերցրեց լսափողը և դռնապանին հարցրեց, թե ով էր զանգում։
― Մի կին էր, բայց անունը չասաց,— պատասխանեց դռնապանը։
Ռավիկը լսում էր, թե նա ինչպես է ուտում։
— Կի՞ն էր։
— Այո։
— Ակցենտո՞վ էր խոսում։
— Ես դա չգիտեմ,— ասաց դռնապանը և շարունակեց իր չփչփալով ուտելը։
Ռավիկը խոսեց Վեբերի կլինիկայի հետ։ Պարզվեց, որ այնտեղից ոչ ոք չի զանգահարել։ Չէին զանգահարել նաև Դյուրանի հիվանդանոցից։ Մնում էր միայն զանգել «Լանկաստեր» հյուրանոց։ Բայց այնտեղից էլ հեռախոսավարուհին ասաց, որ այդ անունով հյուրանոցից զանգ չի եղել։ Ուրեմն, Ժոանն է։ Եվ, ըստ երևույթին, զանգահարել է «Շեհերազադեից»։
Մի ժամից հետո հեռախոսը նորից զանգեց։ Ռավիկը ձեռքի գիրքը մի կողմ դրեց, տեղից վեր կացավ, մոտեցավ լուսամուտին և, հենվելով նրա գոգին, սկսեց սպասել։ Թեթև քամին ներքևից շուշանների բուրմունք էր բերում։ Էմիգրանտ Վիզենհոֆը իր լուսամուտի թառամած մեխակները դրանցով էր փոխարինել։ Տաք գիշերներին հիմա սենյակից գերեզմանային մատուռի կամ վանքի այգու հոտ էր գալիս։ Ռավիկն այդպես էլ չէր հասկանում, թե ինչու Վիզենհոֆը մեխակներից շուշաններին անցավ — հանգուցյալ Գոլդբերգի հիշատակը հարգելու համա՞ր, թե՞ այն պատճառով, որ տախտակե արկղերի մեջ շուշաններն, ավելի լավ են աճում։
Հեռախոսի զանգերը դադարեցին։ Այս գիշեր ես երևի քնեմ, մտածեց Ռավիկը և նորից մտավ անկողին։
Ժոանը հայտնվեց, երբ Ռավիկը քնած էր։ Նա իսկույն վառեց առաստաղի լույսը և մնաց շեմքին կանգնած։ Ռավիկն աչքերը բացեց։
— Դու մենա՞կ ես,— հարցրեց ժոանը։
— Ոչ։ Լույսը հանգցրու և գնա։
Ժոանը մի պահ ոտքը կախ գցեց։ Հետո գնաց դեպի լոգասենյակ և դուռը բացեց։
— Սուտ է,— ասաց նա և ժպտաց։
— Թող ու գնա այստեղից։ Հոգնած եմ։
— Հոգնա՞ծ։ Ինչի՞ց ես հոգնել։
— Հոգնած եմ։ Ցտեսություն։
Ժոանը մոտեցավ նրան։
— Դու հենց նոր ես տուն եկել։ Ես յուրաքանչյուր տասը րոպեն մի անգամ զանգել եմ։
Ռավիկը գիտեր, որ դա սուտ է, բայց ոչինչ չասաց։ Շորերը փոխել է, մտածեց նա։ Սիրեկանի հետ քնել է, հետո նրան տուն է ուղարկել, իսկ ինքը ափալթափալ իրեն գցել է այստեղ, որպեսզի Կետ Հեգստրեմին բռնացնի ինձ մոտ և ապացուցի, որ ես բոզարածի մեկն եմ, որի մոտ գիշերներր կանայք ազատ ելումուտ ունեն և որից պետք է զգուշանալ։ Ռավիկն ակամայից ժպտաց։
Որքան էլ տարօրինակ թվա, բայց խորամանկ մտածված ինտրիգները նրան հիացմունք էին պատճառում, եթե անգամ դրանք ուղղված էին լինում իր դեմ։
— Ի՞նչ ես ծիծաղում,— բռնկվելով հարցրեց Ժոանը։
— Չի՞ կարելի, ինչ է։ Լույսը հանգցրու, դու սարսափելի տեսք ունես։ Եվ հեռացիր։
Ժոանը ուշադրություն չդարձրեց։
― Ո՞վ էր այն պոռնիկը, որի հետ քեզ տեսա։
Ռավիկը կիսով չափ շտկվեց։
— Դո՛ւրս այստեղից, թե չէ ձեռքս ընկածը կխփեմ գլխիդ։
― Ահա թե ինչ...— Ժոանը աչքերով չափեց Ռավիկին։— Ուրեմն, ամեն ինչ այդքան հեռու է գնացել։
Ռավիկը մի սիգարետ վերցրեց։
— Դիտե՞ս ինչ... քեզ ծիծաղելի դրության մեջ մի դիր։ Ինքդ ուրիշի հետ ապրում ես, հետո գալիս ես այստեղ խանդի տեսարաններ սարքում։ Գնա քո դերասանի մոտ և ինձ հանգիստ թող։
― Դա բոլորովին ուրիշ բան է,— վրա բերեց Ժոանը։
— Բա իհարկե՜։
― Այո, ուրիշ բան է,— հանկարծ պոռթկաց Ժոանը։— Դու ինքդ էլ գիտես, որ դա ուրիշ է։ Դա ինձանից կախված չէ։ Ես ինքս էլ ուրախ չեմ, որ այդպես է։ Պատահել է, ինքս էլ չգիտեմ ինչպես...
— Այդպիսի բաները միշտ այնպես են պատահում, որ չես իմանում, ինչպես պատահեց։
Ժոանը նայեց Ռավիկի երեսին։
— Իսկ դու... Դու քեզ միշտ ինքնավստահ էիր պահում...
Այնքան ինքնավստահ, որ մարդ կարող է խելագարվել։ Եվ ոչինչ չէր կարող քո այդ ինքնավստահությունը կոտրել։ Ես ատում էի քո առավելությունը։ Եթե դու իմանայիր, թե ինչքա՜ն էի ատում։ Ես ուզում էի, որ ինձանով խանդավառվեն։ Ուզում էի լիներ մեկը, որ ինձ համար խելքը թռցներ։ Ուզում էի, որ այդ մեկը առանց ինձ ապրել չկարողանա։ Մինչդեռ դու կարողանում ես ապրել առանց ինձ։ Միշտ ես կարողացել։ Ես քեզ պետք չեմ։ Դու իմ հանդեպ սոսկալի սառն ես, դատարկ։ Նույնիսկ չգիտես էլ, թե սերն ինչ է։ Դու ինձ համար երբեք էլ գոյություն չես ունեցել։ Ես քեզ այն ժամանակ խաբում էի, երբ ասացի, որ դա պատահել է, որովհետև դու երկու ամիս բացակայում էիր։ Դա միևնույն է պետք է լիներ, եթե դու ոչ մի տեղ ոտքդ դուրս էլ չդնեիր, եթե անգամ մնայիր այստեղ։ Մի՛ ծիծաղիր։ Ես հիանալի կերպով հասկանում եմ քո և նրա միջև եղած տարբերությունը։ Ես ամեն ինչ գիտեմ, գիտեմ, որ այն մյուսը խելացի չէ և բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին դու ես, բայց նա կարող է ամեն ինչ զոհել ինձ համար։ Աշխարհում ինձանից բացի նրա համար ոչինչ գոյություն չունի։ Նա անվերջ իմ մասին է մտածում, նրա ուզածը միայն ես եմ, նա միայն ինձ է ճանաչում։ Իսկ ինձ հենց դրանք են պետք։
Ծանր շնչելով, նա կանգնած էր Ռավիկի մահճակալի առաջ, Ռավիկը ձեռքը մեկնեց կալվադոսի շշին։
— Այդ դեպքում ի՞նչ գործ ունես այստեղ,— հարցրեց նրան Ռավիկը։
Ժոանն անմիջապես չպատասխանեց։
— Դու այդ ինքդ էլ գիտես,— կամաց ասաց Ժոանը։— Ինչո՞ւ ես հարցնում։
Ռավիկը մի բաժակ լիքը կալվադոս լցրեց ու մեկնեց Ժոանին։
— Ես չեմ ուզում,— ասաց Ժոանը։— Այդ ի՞նչ կին էր քեզ հետ։
— Իմ պացիենտներից էր։— Ռավիկը ստելու տրամադրություն չուներ։— Հիվանդ կին է։
― Ճիշտ չէ։ Եթե ստում ես, լավ ստիր։ Հիվանդ կինը հիվանդանոցում է լինում։ Եվ ոչ թե գիշերային ակումբում։
Ռավիկը բաժակը ետ դրեց սեղանին։ Որքան հաճախ է ճշմարտությունը անճշմարիտ թվում, մտածեց Ռավիկը։
— Ճիշտ է,— ասաց Ռավիկը։
— Դու սիրո՞ւմ ես նրան։
— Դա քո ի՞նչ գործն է։
— Սիրո՞ւմ ես նրան։
— Բայց, իսկապես, դա քո ի՞նչ գործն է, Ժոան։
— Դա իմ գործն է։ Քանի դեռ դու ոչ ոքի չես սիրում․․․― Ժոանի լեզուն կապ ընկավ։
― Քիչ առաջ դու այդ կնոջԸ պոռնիկ անվանեցիր։ Ուրեմն, էլ ինչպե՞ս կարող է սիրո մասին խոսք լինել։
— Ես դա հենց այնպես ասացի։ ես տեսա, որ նա պոռնիկ չէ։ Հենց դրա համար էլ եկա։ Պոռնիկի համար ես չէի գա։ Սիրո՞ւմ ես նրան։
— Լույսը հանգցրու և գնա։
Ժոանը ավելի մոտեցավ։
— Ես այդպես էլ գիտեի։ Դա իսկույն երևաց։
— Հեռացիր այստեղից,— ասաց Ռավիկը։— Ես հոգնած եմ։ Հեռացիր քո էժանագին ենթադրություններով, որոնք քեզ մեծ հայտնագործություններ են թվում։ Մի տեսեք, թե ինչե՜ր է ուզում... Մեկը սրան պետք է արբեցումների, փոթորկուն սիրո և կարեկցանքի համար, իսկ մյուսը, որին, ինչպես ինքն է բացատրում, սիրում է ավելի խոր և բոլորովին ուրիշ տեսակ, պետք է որպես միջանկյալ ժամանակի նավահանգիստ, հենց այնպես, կարիքն զգացվելու դեպքերի համար, եթե, իհարկե, այդ մեկը համաձայնի էշի դեր կատարել։ Հեռացիր այստեղից, ինչպես տեսնում եմ, քո սիրո տեսակները չափազանց շատ են։
— Դա ճիշտ չէ։ Ամենևին էլ այնպես չէ, ինչպես դու ներկայացրիր։ Բոլորովին ուրիշ է։ Այո, ուրիշ է։ Ես ուզում եմ վերադառնալ քեզ մոտ։ Ես պետք է վերադառնամ։
Ռավիկը նորից լցրեց իր բաժակը։
— Հնարավոր է, որ ուզում ես վերադառնալ։ Բայց դա ինքնախաբեություն կլինի։ Մի ինքնախաբեություն, որը դու թույլ ես տալիս, գժբախտաբար, որպեսզի արդարացնես այն մյուսից հեռանալու քո ցանկությունը։ Դու երբեք այլևս ինձ մոտ չես վերադառնա։
— Կվերադառնամ։
— Ոչ, չես վերադառնա։ Իսկ եթե հանկարծ նույնիսկ վերադառնաս էլ, ապա դա կլինի շատ կարճ ժամանակով։ Որովհետև այն ժամանակ էլ մի ուրիշը կհայտնվի, որը ամբողջ աշխարհում միայն ու միայն քեզ է սիրելու, միայն ու միայն քեզնով է ապրելու և այդպես շարունակ։ Այնպես որ, ինձ սքանչելի ապագա է սպասում։
— Օ ոչ, ոչ, ես պետք է քեզ հետ մնամ։
Ռավիկը ծիծաղեց։
— Սիրելիս,— ասաց նա գրեթե քնքշորեն։— Դու ինձ հետ չես մնա։ Չի կարելի բանտարկել քամուն։ Ջուրը նույնպես չի բանտարկվի։ Իսկ եթե դա նույնիսկ արվի էլ, ապա նրանք կգարշահոտեն։ Բանտարկված քամին կդառնա ծանր, տհաճ շնչելի օդ։ Դու ծնված չես մեկնումեկին սիրելու համար։
— Դու նույնպես այդպիսին չես։
— Ե՞ս։
Ռավիկը խմեց իր բաժակը։ Առավոտյան կարմրին տվող ոսկեգույն մազերով կինը, մտածեց նա, հետո Կետ Հեգստրեմը՝ մահը որովայնում և մետաքսի նման բարալիկ ու նուրբ մաշկով, և, վերջապես, սա, որ այստեղ է, այս անխնա, կյանքի ծարավով լեցուն, դեռ ինքն իրեն օտար, դեռ ինքն իրեն չճանաչած, բայց միևնույն ժամանակ ինքն իրենով այնքան կլանված, որ տղամարդու համար հազիվ թե հասկանալի լինի, նայիվ և հրապուրվող, իր ձևով հավատարիմ ու անհավատարիմ, ինչպես իր մայրը՝ բնությունը, հետապնդող ու հետապնդվող, պահելու կրքով լեցուն և լքող միաժամանակ։
— Ե՞ս,— կրկնեց Ռավիկը։— Դու ինձանից ի՞նչ գիտես։ Ի՞նչ գիտես մի մարդուց, որի առանց այն էլ անհաստատ ու երերուն կյանքի մեջ հանկարծ սեր է խուժում։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում դրա դեմ քո էժանագին արբեցումներն ու հիացմունքը։ Երբ անվերջանալի անկումից մարդ հանկարծ կանգ է առնում, երբ վերջ չունեցող «ինչուն» վերջապես դառնում է որոշակի «դու», երբ լռության անապատում, ինչպես միրաժ, հեռանում է զգացմունքը և, հակառակ քո կամքին, արյան ճարպիկ խաղը մարմնավորվում ու դառնում է սքանչելի բնապատկեր, որի հանդեպ քո բոլոր երազանքները անգույն ու քաղքենիորեն չնչին են թվում... Արծաթյա բնապատկեր, վարդագույն կվարցից նրբակերտ քաղաք, որը շողշողում է ներսից, ինչպես շիկացած արյունը... Դու ի՞նչ գիտես այդ ամենի մասին։ Քեզ թվում է, թե այդ մասին իսկույն ևեթ կարելի է պատմե՞լ։ Դու կարծում ես, թե որևէ ճոռոմախոս իսկույն այդ բոլորը կարող է խոսքերի և զգացմունքների պատրաստի կլիշե՞ դարձնել։ Գիտե՞ս, արդյոք, թե ինչպես են բացվում գերեզմանները, թե որքան սարսափելի են անցյալի անդեմ գիշերները։ Այո, գերեզմանները բացվում են, բայց նրանց մեջ այլևս կմախքներ չկան, հող է միայն մնացել այդ գերեզմաններում։ Հող, պտղաբեր բողբոջներ և արդեն առաջին կանաչը։ Ի՞նչ գիտես դու դրանց մասին։ Դու սիրում ես արբենալ, սիրում ես հաղթանակ տանել ուրիշի «ես»-ի վրա, որն ուզում է տարրալուծվել քո մեջ, բայց երբեք չի տարրալուծվի, դու սիրում ես արյան փոթորկալից խաղը, բայց քո սիրտը մնում է դատարկ, քանի որ մարդ կարող է պահպանել այն, ինչը իր մեջ է աճում։ Իսկ փոթորիկի մեջ քիչ բան կարող է աճել։ Միայնակության դատարկ գիշերներին միայն կարող է մարդու մեջ ինչ-որ բան աճել, եթե նա չի սուզվել հուսահատության հատակը։ Քեզ ի՞նչ է հայտնի այդ ամենից։
Ռավիկը խոսում էր դանդաղ, առանց Ժոանին նայելու, թրվում էր, թե նա մոռացել է Ժոանի գոյությունը։ Հետո նայեց նրան։
— Այս ինչե՞ր եմ դուրս տալիս,— ասաց նա։— Այս ի՞նչ մաշված հիմարություններ են։ Երևի շատ եմ խմել։ Արի, արի մի քիչ էլ դու խմիր ու գնա։
Ժոանը նստեց մահճակալի վրա նրա կողքին և վերցրեց բաժակը։
— Ես բոլորը հասկացա,— ասաց նա։
Նրա դեմքի արտահայտությունը փոխվել էր։ Կարծես հայելի լինի, մտածեց Ռավիկը։ Միշտ արտացոլում է այն, ինչ ասվեց իր առաջ։ Հիմա այդ դեմքը կենտրոնացած էր և գեղեցիկ։
— Ես բոլորը հասկացա,— կրկնեց Ժոանը։— Երբեմն ես ինքս էլ եմ այդ զգացել։ Բայց, Ռավիկ, սիրո և կյանքի հանդեպ ունեցած քո սիրո հետևում դու ինձ հաճախ մոռացության ես տվել։ Ես քեզ համար լոկ պատրվակ եմ եղել, ղու շրջել ես միշտ քո արծաթյա քաղաքներով, գրեթե մոռացության տված ինձ ու չնկատելով։
Ռավիկը երկար նայեց Ժոանին։
— Գուցե,— ասաց նա։
— Դու այնքան շատ ես զբաղված եղել քեզանով, այնքան շատ հայտնագործություններ ես արել ինքդ քո մեջ, որ ես միշտ մնացել եմ քո կյանքի ճանապարհի եզրին ինչ֊որ տեղ կանգնած։
— Գուցե դու ճիշտ ես։ Բայց մի՞թե կարելի է քեզ հետ միասին ինչ-որ բան ստեղծել, ժոան։ Չէ՞ որ դու ինքդ էլ գիտես, որ չի կարելի։
— Իսկ դու ուզեցե՞լ ես։
— Ոչ։— ասաց Ռավիկը փոքր֊ինչ մտածելուց հետո և ժպտաց։— Երբ մարդ փախստական է, երբ նա հեռացել է իր նախկին կայուն կենցաղից, երբեմն ընկնում է տարօրինակ վիճակների մեջ։ Եվ թույլ է տալիս տարօրինակ արարքներ։ Իհարկե, ես դա չեմ ուզեցել։ Բայց երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ։
Եվ գիշերը հանկարծ լցվեց խաղաղությամբ։ Դա նորից այն հեռավոր, գրեթե արդեն մոռացված գիշերներից էր, երբ ժոանը պառկած էր նրա կողքին։ Քաղաքը միանգամից ետ գնաց, նահանջեց հեռու֊հեռու ինչ-որ տեղ, միայն անորոշ և խուլ մի աղմուկ էր, որ լսվում էր հեռավոր հորիզոնից։ ժամերի շղթան, կտրվել էր, և թվում էր, թե ժամանակը համրացած կանգնել, մնացել է իր տեղում։ Եվ նորից տեղի ունեցավ այն, ինչ աշխարհում ամենահասարակ և ամենաանըմբռնելին է — երկու մարդ խոսում էին միմյանց հետ, բայց յուրաքանչյուրը խոսում էր իր համար։ Եվ խոսքեր կոչվող այդ ձայները նրանցից յուրաքանչյուրի մեջ առաջացնում էին միևնույն պատկերներն ու զգացումները, և անբացատրելի պատասխան ռեակցիաներ առաջացնող ձայնալարերի պատահական թրթռումներից ուղեղային գորշ ծալքերի խորքից նորից հայտնվեց կյանքի երկինքը, որտեղ արտացոլվում էին ամպեր, առվակներ, անցյալ, ծաղկում, թոշնանք և հասունացած փորձ։
— Դու սիրո՞ւմ ես ինձ, Ռավիկ...— ասաց ժոանը, և դա միայն կիսով չափ էր հարց։
― Այո։ Բայց ես ամեն ինչ անում եմ, որպեսզի քեզանից ազատվեմ,— հանգիստ վրա բերեց Ռավիկը, կարծես դա ամենևին էլ իրենց չվերաբերող հարց էր։
Ժոանն առանց ուշադրություն դարձնելու նրա ասածին, շարունակեց.
— Ես չեմ կարող պատկերացնել, թե երբևէ մենք կարող ենք իրարից բաժանվել։ Որոշ ժամանակով դա հնարավոր է։ Բայց ոչ ընդմիշտ։ Միայն թե ոչ ընդմիշտ,— կրկնեց նա, և մարմինը հանկարծ փշաքաղվեց։— Ընդմիշտը սոսկալի բան է, Ռավիկ։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մենք երբեք այլևս միասին չենք լինելու։
Ռավիկը չպատասխանեց։
— Թույլ տուր, ես մնամ այստեղ,— ասաց Ժոանը։— Ես չեմ ուզում նորից ետ գնալ։ Ոչ մի դեպքում։
— Դու վաղն իսկ ետ կգնաս։ Ինքդ էլ դա գիտես,
— Ինձ համար սոսկալի է, երբ ես այստեղ եմ, և մտածում եմ, որ դու կարող ես ինձ թույլ չտալ այստեղ մնալու։
— Դա նույն բանն է։ Դարձյալ խաբում ես քեզ։ Դա նույնպես գիտես։
Եվ հանկարծ ընթացող ժամանակի մեջ կարծես մի դատարկություն գոյացավ։ Սենյակի փոքրիկ լուսավորված խցիկը նույնն էր, ինչպես և առաջ։ Նորից քեզ մոտ էր այն մարդը, որին սիրում ես, բայց միևնույն ժամանակ նաև չկար այդ մարդը, դու կարող էիր ձեռքդ մեկնել ու բռնել նրան, բայց ձեռք բերել նրան այլևս չէիր կարող։
Ռավիկը ձեռքի բաժակը ցած դրեց։
― Չէ՞ որ դու ինքդ էլ գիտես, որ նորից գնալու ես — գնալու ես վաղը, մյուս օրը, մի օր․․․— ասաց Ռավիկը։
Ժոանը գլուխը կախեց։
— Այո, գիտեմ։
— Իսկ եթե վերադառնաս, միևնույն է, դարձյալ հեռանալու ես, դարձյալ ու կրկին, ճի՞շտ է։
― Այո,— ժոանը գլուխը բարձրացրեց: Նրա երեսը ողողված էր արցունքներով։— Սա ի՞նչ է, Ռավիկ։ Ի՞նչ բան է սա։
— Ես ինքս էլ չգիտեմ, ինչ է։— Վայրկենական մի ժպիտ անցավ նրա երեսով։— Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում, ճի՞շտ է։
— Այո,— Ժոանը նայեց նրան,— Այս ի՞նչ է պատահել մեզ, Ռավիկ։
Ռավիկը ուսերը թոթվեց։
— Ես ինքս էլ դա չգիտեմ, Ժոան։ Ըստ երևույթին, այլևս ոչինչ չկա, որից մենք կարողանանք կառչել։ Առաջներում այդպես չէր, առաջ մարդ վստահ էր իր ուժերի վրա, նա իր ոտքերի տակ հող էր զգում, նրա մեջ հավատ կար, նա իր առջևում նպատակ էր տեսնում։ Եվ եթե հանկարծ սերը ցնցում էր նրան, դրանք բոլորը, ուժ էին տալիս նրան և դուրս բերում ծանր վիճակից։ Իսկ հիմա մարդ ոչինչ չունի, նրա ունեցածը միայն հուսահատությունն է, արիության ողորմելի, աննշան մնացորդներ և ամեն ինչի նկատմամբ օտարացման ներքին և արտաքին զգացողություն։ Եթե այսօր սերն այցելում է մարդուն, ապա նրան լափում է, ինչպես կրակն է լափում չոր խոտի դեզը։ Որովհետև սիրուց բացի ուրիշ ոչինչ չկա, նա դառնում է արտակարգ կերպով նշանակալից, անսանձ, կործանիչ, այրող ու մոխրացնող։— Ռավիկը լցրեց իր բաժակը։— Կարիք չկա այդ մասին այդքան մտածելու։ Մենք հիմա այն վիճակում չենք, որ դատողություններ անենք։ Այդ մտածմունքները ջլատում են մեր ուժերը։ Մինչդեռ մենք չենք ուզում կործանվել, ճի՞շտ է։
Ժոանը գլխով արեց։
— Ոչ։ Չենք ուզում։ Ո՞վ է այդ կինը, Ռավիկ։
— Իմ հիվանդներից է։ Մի անգամ ես նրա հետ արդեն եղել եմ «Շեհերազադեում»։ Այն ժամանակ, երբ դու դեռ երգում էիր այնտեղ։ Հարյուր տարի սրանից առաջ։ Դու հիմա որևէ բան անո՞ւմ ես։
— Փոքրիկ դերեր եմ կատարում՝ կինոնկարումների համար։ Իմ կարծիքով, դրանք այնքան էլ հաջող չեն։ Առանձնապես մեծ շնորհք չունեմ։ Բայց կարողանում եմ այնքան վաստակել, որ անկախ ապրեմ, և ցանկացած րոպեին կարող եմ գնալ։ Իմ մեջ փառամոլություն չկա։
Ժոանի աչքերն արդեն չորացել էին արցունքներից։ Նա խմեց իր բաժակի կալվադոսը և տեղից կանգնեց։ Նա հոգնած տեսք ուներ։
— Ինչպե՞ս կարող է մի մարդու մեջ ամեն ինչ այսքան խճճված լինել, Ռավիկ, Եվ ինչո՞ւ։ Չէ որ դա մի հիմք պետք է ունենա։ Այլապես մենք չէինք ձգտի դրա պատճառը գտնել։
Ռավիկը տխուր ժպտաց։
— Դա մարդկության ամենահնագույն հարցերից մեկն է, Ժոան։ Ինչո՞ւն մի հարց է, որին մինչև հիմա զարնվել ու փշրվել է ամբողջ տրամաբանությունը, ամբողջ փիլիսոփայությունը, ամբողջ գիտությունը։
Ժոանը գնում է։ Ժոանը գնում է։ Նա արդեն դռան մոտ է։ Ռավիկի մեջ հանկարծ ինչ֊որ բան թռավ վեր։ Ժոանը գնում էր։ Ռավիկը անկողնու մեջ շտկվեց։ Անսպասելիորեն ամեն ինչ դարձավ անհնար, ամեն ինչ դարձավ անտանելի։ Միայն մի գիշեր, ևս մի գիշեր, գոնե մի անգամ էլ տեսնել նրա քնած դեմքը ուսիս․․․ Վաղը մարդ կարող էր պայքարել... Գոնե մի անգամ էլ նորից լսել նրա շնչառությունը կողքիս, մի անգամ էլ զգալ անկման քաղցր պատրանքը, կախարդական, հաճելի խաբկանքը։ Մի՛ գնա, մի՛ գնա այստեղից, մենք մեռնում ենք տառապանքների մեջ և ապրում ենք տառապանքներում։ Օ մի՛ գնա, մի՛ գնա... էլ ի՞նչ մնաց ինձ... ինչի՞ս է պետք իմ ամբողջ արիությունը... Այս ո՞ւր ենք մենք գնում... Միայն դու ես իրական, օ լուսավոր երազ։ Ախ, ո՞ւր են ասփոդելներով պատված մոռացության դաշտերը։ Լոկ մի անգամ ևս... Գեթ մի անգամ էլ հավիտենականության մի կայծ։ Այլևս ո՞ւմ համար եմ ես պահպանում ինձ... և ինչի՞, ո՞ր անմխիթար ու մութ անհայտության համար։ Ես թաղված եմ արդեն գերեզմանում, ես կորած եմ արդեն, ինձ մնացել է ընդամենը տասներկու օրվա կյանք... Տասներկու օր և այլևս ոչինչ... Տասներկու օր և այս գիշերը... և այս մետաքսյա մաշկը... ինչո՞ւ դու եկար հենց այս գիշեր, հենց այս գիշեր, որ այնքան հեռու է և կտրված աստղերից, որ լողում է ամպերով ծածկված, լողում է հին երազների մեջ, ինչո՞ւ ճեղքեցիր իմ ամրոցները հենց այս գիշեր, որի մեջ ոչ ոք չի ապրում, մեզանից բացի։ Ալի՞ք չէ արդյոք սա, որ բարձրանում է... որ փլվելու է հիմա ու ինձ թողնելու իր տակը։
― Ժոան,— ասաց Ռավիկը։
Ժոանը շրջվեց։ Նրա դեմքը վայրկենապես ծածկվեց վայրի մի շողշողանքով, շունչը կարծես կտրվում էր։ Հագի շորերը հանելով ու մի կողմ շպրտելով, նա նետվեց Ռավիկի մոտ։