Քաջարի զինվոր Շվեյկի արկածները

Գրապահարան-ից
13:01, 10 Սեպտեմբերի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ

հեղինակ՝ Յարոսլավ Հաշեկ
թարգմանիչ՝ Սուրեն Վահունի (ռուսերենից)
աղբյուր՝ «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները»

Նախաբան

Մեծ դարաշրջանին հարկավոր են մեծ մարդիկ: Աշխարհում կան չճանաչված համեստ հերոսներ, որոնք իրենց համար Նապոլեոնի փառք չեն նվաճել: Պատմությունը նրանց մասին ոչինչ չի ասում: Սակայն ուշադիր վերլուծության դեպքում նրանք իրենց փառքով կմթագնեին նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու փառքը: Մեր օրերում դուք Պրագայի փողոցներում կարող եք հանդիպել անշուք հագնված մի մարդու, որն ինքն էլ չի կռահում, թե որքան մեծ է իր նշանակությունը նոր, մեծ դարաշրջանի պատմության մեջ: Նա համեստորեն քայլում է իր ճանապարհով, ոչ ոքի չի կպչում աներեսաբար, բայց ժուռնալիստներն էլ նրան չեն կպչում ինտերվյու ստանալու խնդրանքով։ Եթե դուք նրան հարցնելու լինեք իր ազգանունը, նա պարզասրտորեն ու համեստաբար կպատասխանի. «Շվեյկ»:

Եվ իսկապես, այդ հանգիստ, հնամաշ հագուստով համեստ մարդը ոչ այլ ոք է, եթե ոչ քաջարի հին զինվոր Շվեյկը, այն անվեհեր հերոսը, որի անունը դեռևս Ավստրո-Հունգարիայի օրոք չեխական թագավորության բոլոր քաղաքացիների շուրթերին էր և որի փառքը չի խամրելու նաև հանրապետությունում:

Ես սրտանց սիրում եմ քաջարի զինվոր Շվեյկին և, ընթերցողների ուշադրությանը ներկայացնելով համաշխարհային պատերազմի ժամանակվա նրա արկածները, համոզված եմ, որ նրանք բոլորը կհամակրեն այդ չճանաչված հերոսին: Նա չի այրել Եփեսոսի աստվածուհու տաճարը, ինչպես այդ բանն արել է հիմար Հերոստրատը՝ թերթերի ու դպրոցական քրեստոմատիաների մեջ ընկնելու համար:

Եվ դա իսկ բավական է:

Հեղինակ