Մարտին Իդեն, Գլուխ XVII
Մարտին Իդեն | |
◀ Մարտին Իդեն, Գլուխ XVI | Մարտին Իդեն, Գլուխ XVIII ▶ |
Մարտինը բազմաթիվ նոր գիտելիքներ ձեռք բերեց։ Առաջին շաբաթվա մի օր նա և Ջոն թողարկեցին երկու հարյուր սպիտակ շապիկ։ Ջոն շարժում էր մեքենայի լծակը, որի ձողից կախված էր արդուկը՝ ճնշումը կանոնավորող պողպատյա զսպանակի վրա։ Այդ կերպով արդուկում էր շապկի օսլայած մասերը, հետո դա նետում Մարտինին, որը և արդուկում էր մնացածը։
Դա ծանր, ուժասպառող աշխատանք էր, որը շարունակվում էր անընդհատ, ժամ առ ժամ։ Հյուրանոցի բաց պատշգամբներում տղամարդիկ ու սպիտակազգեստ կանայք ման էին գալիս կամ փոքր սեղանների առաջ նստած, զովացուցիչ ըմպելիքներ էին խմում, իսկ լվացքատանն անտանելի հեղձուցիչ օդ էր կանգնած։ Շիկացած սալօջախը անընդհատ շոգ էր արձակում, իսկ թաց սպիտակեղենին դիպչող արդուկների տակից գոլորշի էր բարձրանում։ Արդուկներն ավելի էին տաքանում, քան նրանց սովորաբար տաքացնում են տանտիկինները։ Այն արդուկը, որը փորձում են մատը թքոտելով, Մարտինին ու Ջոյին կթվար բոլորովին սառը։ Նրանք արդուկի տաքանալու աստիճանը որոշում էին պարզապես իրենց այտին մոտեցնելով և գուշակելով ջերմաստիճանը ինչ֊որ առանձնահատուկ զգայարանով, որը միանգամայն անբացատրելի էր թվում Մարտինին։ Եթե արդուկը չափազանց տաք էր լինում, սուզում էին սառը ջրի մեջ։ Դա նույնպես պահանջում էր մեծ ունակություն և ճարպկություն։ Բավական էր արդուկը մի վայրկյան ավելի պահել ջրի մեջ, և դա ավելի կպաղեր, քան հարկավոր էր. և Մարտինը ինքն էլ էր զարմանում իր ճշտության՝ ավտոմատիկ ճշտության վրա, որով նա կատարում էր այդ դժվարին մանյովրը։
Սակայն նա ժամանակ չուներ զարմանալու։ Մարտինն ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց աշխատանքի վրա։ Նա առանց կանգ առնելու աշխատում էր գլխով ու ձեռքերով, որպես խելացի մեքենա, և աշխատանքը կլանում էր նրանում այն ամենը, ինչ մարդկային է։ Նրա գլխում տեղ չէր մնում աշխարհի և նրա առեղծվածների մասին խորհրդածելու համար։ Նրա ուղեղի բոլոր լայն, ընդարձակ հարկաբաժինները փակված ու կնքված էին։ Նրա գիտակցությունը տեղափոխվեց մի նեղ սենյակ՝ ղեկապետի մենախցիկը, որտեղից նա հրամաններ էր արձակում իր ձեռքերին ու մատներին, թե ինչպես բռնել արդուկը, ինչպես արդուկել անհատնում թևերը, կռնակները, փեշերը, կողքերը՝ առանց մի մատնաչափ շեղվելու, ինչպես դեն գցել արդուկված շապիկը՝ առանց ճմռթելու։ Եվ հենց որ նրա գլուխը դադարում էր մի շապկի մասին հոգալուց, նա պիտի մտածեր արդեն մյուսի մասին։ Եվ այդպես անցնում էին ժամեր շարունակ, մինչև որ դրսում Կալիֆորնիայի կիզիչ արևի տակ ամեն ինչ անզգայանում էր։ Բայց լվացքատան աշխատանքը չէր դադարում։ Հյուրանոցի պճնասեր կենվորները շարունակ մաքուր սպիտակեղեն էին պահանջում։ Մարտինից հեղեղի պես քրտինք էր թափվում։ Նա անհավատալի քանակությամբ ջուր էր խմում, բայց տոթն այնքան ուժեղ էր, որ ջուրը չէր մնում մարմնում, այլ արտաթորվում էր բոլոր ծակոտիներից։ Նավագնացությունների ժամանակ ամենադժվարին աշխատանքը նրան չէր խանգարում անձնատուր լինել իր մտքերին։ Այն նավատերը, որի համար աշխատում էր Մարտինը, միայն նրա ժամանակի վրա էր իշխում, իսկ այստեղ հյուրանոցի տերը իշխում էր նրա և նրա մտքերի վրա։ Նա չէր կարողանում մտածել այլ բանի մասին, բացի աշխատանքից, որը հավասարապես մաշեցնում է և՛ մարմինը, և՛ միտքը։ Նա այլ մտքեր չուներ։ Նա մինչև անգամ չգիտեր, թե սիրո՞ւմ է արդյոք Ռութին, որը կարծես դադարել էր գոյություն ունենալուց, որովհետև Մարտինի խոշտանգված հոգին ժամանակ չուներ հիշելու նրան։ Միայն երեկոյան, երբ նա մտնում էր անկողին կամ առավոտյան՝ նախաճաշելիս, Ռութը, որպես մառախլապատ մի տեսիլք, մի պահ փայլում էր նրա աչքին և անհետանում։
— Ավելի վատ է, քան դժոխքում, այնպես չէ՞,— հարցրեց Ջոն մի օր։
Մարտինը գլխով արեց, բայց հանկարծ զգաց ջղայնության նոպա։ Դա պարզ էր և առանց հիշեցնելու։ Առհասարակ նրանք երբեք չէին խոսում աշխատանքի ժամանակ։ Խոսակցությունը խախտում էր աշխատանքի ռիթմը, և հիմա ուշադրությունը շեղելով Ջոյի հարցումից, Մարտինը արդուկով երկու ավելորդ շարժում արեց։
Ուրբաթ առավոտյան սկսեցին աշխատեցնել լվացքի մեքենան։ Կարիք էր լինում շաբաթը երկու անգամ լվանալ հյուրանոցի սպիտակեղենը՝ սփռոցները, անձեռոցիկները, սավաններն ու բարձի երեսները։ Վերջացնելով այդ բոլորը՝ նրանք ձեռնարկում էին նուրբ սպիտակեղենին։ Դա չափազանց հոգեմաշ և հոգնեցուցիչ աշխատանք էր, որ պետք էր կատարել մեծ զգուշությամբ, և Մարտինը այնքան էլ հեշտ չէր սովորում դա։ Բացի այդ, նա վախենում էր սխալներից, որոնք այս դեպքում կորստաբեր կլինեին։
— Տեսնո՞ւմ ես,— ասաց Ջոն՝ ցույց տալով կրծքակալը, այնքան նուրբ էր, որ կարելի էր բռի մեջ թաքցնել։— Հենց որ այրեցիր, քեզանից քսան դոլլար կգանձեն։
Բայց Մարտինը ոչինչ չայրեց․ նա կարողացավ թուլացնել մկանների պրկումը՝ ջղերի ավելի մեծ լարվածության գնով և, աշխատելով հանդերձ, բավականությամբ էր լսում Ջոյի հայհոյանքը նուրբ սպիտակեղեն հագնող կանանց հասցեին, իհարկե, միայն նրա համար, որ իրենք ստիպված են լվանալու այն։ Նուրբ սպիտակեղենը մղձավանջ էր Մարտինի, ինչպես և Ջոյի համար։ Այդ նուրբ սպիտակեղենը գողանում էր նրանցից թանկագին րոպեներ։ Նրանք ամբողջ օրը վատնում էին դրա վրա։ Ժամը յոթին նրանք ընդհատեցին լվացքը, որպեսզի արդուկեն սավանները, սփռոցներն ու անձեռոցիկները, իսկ ժամը տասին, երբ հյուրանոցում բոլորը քնած էին, նորից ձեռնարկեցին նուրբ սպիտակեղենի, և քրտնաթոր աշխատեցին մինչև կեսգիշերի ժամը մեկը, երկուսը։ Նրանք գործը վերջացրին ժամը երկուսն անց կեսին։
Շաբաթ օրը առավոտից դարձյալ գործ ունեցան նուրբ սպիտակեղենի և ամեն տեսակ մանր իրերի հետ և, վերջապես, ժամը երեքին վերջացրին շաբաթվա աշխատանքը։
— Հուսամ, որ այս անգամ դու հեծանիվով յոթանասուն մղոն չես գնա մինչև Օքլենդ,— ասաց Ջոն, երբ նրանք տեղավորվեցին աստիճանների վրա և սկսեցին բավականությամբ ծխել։
— Ո՛չ, կգնամ,— պատասխանեց Մարտինը։
— Ինչո՞ւ ես գնում, աղջկա համա՞ր։
— Ոչ, ուզում եմ մի քանի գիրք փոխել գրադարանում։ Որպեսզի երկուսուկես դոլլար երկաթուղու տոմսի փող խնայեմ, ես գնում եմ հեծանիվով։
— Ինչո՞ւ այդ գրքերը փոստով չես ուղարկում։ Դա միայն մի քառորդ դոլլար կարժենա։
Մարտինը մտածեց։
— Ավելի լավ կլինի, որ դու վաղը հանգստանաս,— շարունակեց Ջոն,— դա անհրաժեշտ է քեզ։ Ես ինձանով եմ դատում։ Ոտքից գլուխ ջարդված եմ։
Հենց այդպես էլ երևում էր։ Րոպեների և վայրկյանների այդ անխոնջ որսորդը, հապաղումների թշնամին և արգելքների խորտակիչը, էներգիայի անսպառ աղբյուրը, առավելագույն կարողության մարդկային շարժիչը, այդ դևը, և ոչ թե մարդը, հիմա, շաբաթվա աշխատանքը վերջացնելուց հետո, կատարյալ ուժասպառ վիճակում էր։ Նա մռայլ և խոշտանգված էր, և նրա գեղեցիկ դեմքը նիհարել էր։ Նա մտացրիվ ծխում էր գլանակը, և նրա ձայնը հնչում էր նսեմ և միօրինակ։ Նրանում արդեն չկար ոչ նախկին հուրը, ոչ եռանդը, և մինչև անգամ վաստակած հանգիստը չէր ուրախացնում նրան։
— Իսկ երկուշաբթի օրվանից դարձյալ կսկսենք այդ ամենը,— ասաց նա չարացած,— վերջ ի վերջո ինչի՞ համար են այդ բոլորը, հը՞։ Խոստովանում եմ, որ երբեմն ես նախանձում եմ թափառաշրջիկներին։ Նրանք չեն աշխատում, բայց այսպես թե այնպես ապրում են։ Օ՜ֆ, օ՜ֆ․․․ Ես ուրախությամբ կխմեի մի բաժակ գարեջուր, բայց դրա համար պիտի քարշ գալ մինչև գյուղը։ Հիմար չլինես. գրքերդ փոստով ուղարկիր, իսկ ինքդ մնա այստեղ։
— Ի՞նչ եմ անելու այստեղ ամբողջ օրը,— հարցրեց Մարտինը։
— Հանգստացիր. դու ինքդ էլ չես հասկանում, թե որքան ես հոգնել։ Օրինակ երբ կիրակին գալիս է, ես այնպես եմ հոգնած լինում, որ մինչև անգամ թերթ չեմ կարողանում կարդալ։ Մի անգամ տիֆով հիվանդացա։ Երկուսուկես ամիս պառկած էի հիվանդանոցում, և ոչ մի գործ չէի անում այդ ամբողջ ժամանակամիջոցում։ Ա՛յ, թե լա՜վ էր, հա...
— Այո՜, շատ լավ էր,— կրկնեց Մարտինը երազկոտ, մի րոպե անց։
Մարտինը գնաց լոգանք ընդունելու և վերադարձին տեսավ, որ Ջոն անհետացել է ինչ-որ տեղ։ Մարտինը վճռեց, որ նա, հավանաբար, գնացել է մի բաժակ գարեջուր խմելու, բայց սիրտ չարեց գնալ մինչև գյուղը՝ նրան փնտրելու։ Մարտինը պառկեց մահճակալին առանց կոշիկները հանելու և փորձեց կենտրոնանալ։ Նա այնպես էլ ձեռք չտվեց գրքերին․ չափազանց հոգնած՝ պառկել էր կիսամոռացության մեջ, առանց մտածելու որևէ բանի մասին, մինչև որ ընթրիքի ժամանակը եկավ։ Ջոն չեկավ ընթրիքի։ Պատասխանելով Մարտինի հարցումին՝ այգեպանն ասաց, որ Ջոն երևի գինետան վաճառասեղանի առաջ մեխված մնացել է։ Ընթրիքից հետո Մարտինն իսկույն պառկեց քնելու և հետևյալ առավոտ զարթնեց միանգամայն հանգստացած, ինչպես թվաց իրեն։ Ջոն դարձյալ չկար։ Մարտինը բացեց կիրակնօրա թերթը և պառկեց ծառերի տակ, ստվերում։ Նա չնկատեց էլ, թե ինչպես անցավ առավոտը։ Նրան ոչ ոք չէր խանգարում, քնած չէր, բայց և այնպես չկարողացավ վերջացնել թերթի ընթերցումը։ Ճաշից հետո նա նորից սկսեց կարդալ, սակայն շատ շուտով քունը տարավ։
Այդպես անցավ կիրակին, իսկ երկուշաբթի առավոտյան նա արդեն ջոկջկում էր սպիտակեղենը, մինչ Ջոն, գլուխը սրբիչով կապած ու անիծելով, օճառաջուր էր պատրաստում և լվացքի մեքենան գործի գցում։
— Այլ կերպ չեմ կարող,— բացատրեց նա,— երբ շաբաթ օրը գալիս է, ես պետք է հարբեմ։
Մի շաբաթ էլ անցավ անընդհատ աշխատանքում, ընդ որում դարձյալ աշխատում էին գիշերները՝ էլեկտրական ուժեղ լույսի տակ, իսկ շաբաթ օրը, ժամը երեքին, Ջոն առանց խանդավառության դիմավորելով անհամբեր սպասված հանգիստը, նորից գյուղ գնաց, որպեսզի հոգսերը մոռանա։ Այդ կիրակին էլ Մարտինն անցկացրեց այնպես, ինչպես նախորդը։ Նա պառկած էր ծառերի ստվերում՝ աչքի ացնկացնելով թերթերի սյունակները, նա այդպես պառկած մնաց ամբողջ օրը, առանց ոչինչ անելու, առանց որևէ բանի մասին մտածելու։ Նա այնքան էր հոգնել, որ չէր կարողանում մտածել, և արդեն սկսել էր զզվանք զգալ դեպի իր անձը, կարծես ինչ-որ ամոթալի և անուղղելի բան արած լիներ։ Նրանում ամեն վսեմ բան ընկճված էր, նրա պատվասիրությունը բթացել էր, իսկ կենսական ուժն այնքան էր թուլացել, որ արդեն ոչ մի ձգտում չէր զգում իր մեջ։ Նա մեռած էր. նրա հոգին մեռած էր, նա պարզապես գրաստ էր դարձել, աշխատող գրաստ։ Արդեն ոչ մի գեղեցկություն չէր նկատում կանաչ սաղարթի միջով թափանցող արևի շողքում, և երկնքի կապույտի խորությունն արդեն չէր հուզում նրան և չէր առաջացնում խորհրդածություններ տիեզերքի մասին, որի խորհրդավոր առեղծվածները այնքան ցանկալի էր լուծել։ Կյանքը բութ և անմիտ բան էր, որից վատ համ էր մնում մարդու բերանում։ Նրա երևակայության էկրանի վրա սև վարագույր էր գցած, իսկ երևակայությունը տառապում էր մութ խցիկում, ուր լույսի ոչ մի ճառագայթ չէր թափանցում։ Մարտինն արդեն սկսել էր նախաձել Ջոյին, որը կանոնավոր կերպով ամեն շաբաթ օր խմում էր գյուղում և արբեցման, շշմածության մեջ մոռանում էր առաջիկա շաբաթվա տանջալից աշխատանքը։
Անցավ և երրորդ շաբաթը, և Մարտինն անիծում էր իրեն, անիծում էր կյանքը։ Պարտություն կրելու միտքը ճնշում էր նրան։ Խմբագիրներն իրավացի էին, երբ մերժում էին նրա պատմվածքները, հիմա նա պարզ հասկանում էր այդ և ինքն էր ծիծաղում իր մոտիկ անցյալի երազների վրա։ Ռութը փոստով վերադարձրեց նրան «Ծովի երգերը»։ Մարտինն անտարբերությամբ կարդաց նրա նամակը։ Երևում էր, որ նա ամեն ճիգ թափել էր բանաստեղծությունների մասին իր հիացմունքն արտահայտելու համար, բայց Ռութը ստել չգիտեր, իսկ թաքցնել ճշմարտությունը Մարտինից՝ նրա համար նույնպես դժվար էր։ Ռութը չէր հավանել այդ բանաստեղծությունները, և դա պարզ երևում էր նրա նամակի ամեն մի տողից։ Եվ Ռութը, իհարկե, իրավացի էր։ Մարտինը համոզվեց դրանում վերանայելով այդ բանաստեղծությունները, նա կորցրել էր գեղեցիկի ամեն զգացում և հիմա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչն էր դրդել նրան գրելու այդ բաները։ Խոսքի համարձակ դարձվածքները հիմա ծիծաղելի թվացին նրան, բաղդատությունները՝ հրեշավոր և արտառոց, իսկ ամբողջը միատեղ՝ անմիտ և ոչ ճշմարտանման։ Նա ուրախությամբ իսկույն ևեթ կայրեր «Ծովի երգերը», բայց դրա համար պետք էր կրակ վառել, իսկ նա ուժ չուներ մեքենաների բաժանմունքը իջնելու, ամբողջ ուժը վատնել էր ուրիշների սպիտակեղենը լվանալու, և իր անձնական գործերի համար արդեն ուժ չէր մնացել։
Մարտինը վճռեց կիրակի օրը սրտապնդվել և նամակ գրել Ռութին։ Բայց շաբաթ երեկո, աշխատանքը վերջացնելուց և լոգանք ընդունելուց հետո, նա մի անհաղթահարելի ցանկություն զգաց մոռանալու իրեն։ «Գնամ, տեսնեմ, թե Ջոն ինչպես է զվարճանում այնտեղ»,— ասաց նա ինքն իրեն, և անմիջապես զգաց, որ ստում է․ բայց այնքան եռանդ չունեցավ, որ մտածի դրա մասին. եթե մինչև անգամ եռանդ էլ ունենար, չէր ուզենա մերկացնել իր սուտը, որովհետև ամեն բանից շատ նա ուզում էր ինքնամոռացության գիրկն ընկնել։ Առանց շաապելու, կարծես զբոսնելու համար, նա ուղևորվեց դեպի գյուղ, բայց մոտենալով գինետանը՝ ակամա փութացրեց քայլերը։
— Չէ՞ որ դու խմող չես,— այս խոսքերով դիմավորեց նրան Ջոն։
Մարտինը պատասխանի չարժանացրեց նրան և վիսկի պատվիրեց, լցրեց իր համար մի լիքը բաժակ և շիշը փոխանցեց Ջոյին։
— Միայն մի քիչ արա՛գ շարժվիր,— կոպիտ ասաց նա։
Տեսնելով, որ Ջոն դանդաղում է, Մարտինը չսպասեց նրան, միանգամից պարպեց բաժակը և նորից լցրեց։
— Հիմա կարող եմ սպասել,— մռայլ կերպով ասաց նա,— այնուամենայնիվ մի քիչ արագ շարժվիր։
Ջոն չստիպեց, որ նրան համոզեն․ և նրանք միատեղ խմեցին։
— Վերջ ի վերջո դու էլ այստեղ հասցրիր բանը, հա՞,— ասաց Ջոն։
Բայց Մարտինը չցանկացավ քննարկել այդ հարցը։
— ես քեզ ասում էի, չէ՞, որ սա դժոխք է և ոչ թե աշխատանք,— շարունակեց Ջոն։— Ճիշտն ասած, ինձ դուր չի գալիս, որ դու դիրքերդ զիջեցիր, Մարտ։ Իսկ, առհասարակ գրողը տանի․․․ Խմե՛նք։
Մարտինը խմում էր լուռ, մեջընդմեջ պատվիրում նոր շշեր և հյուրասիրում էր Ջոյին՝ սարսափեցնելով բարմենին՝ աղջկա նմանվող, բաց կապույտ աչքերով և մազերը ուղիղ մեջտեղից սանրած գեղջուկ պատանուն։
— Այդպես աշխատեցնել և ուժասպառ անել մեզ նման խեղճերին, խայտառակ բան է,— ասում էր Ջոն,— եթե ես չխմեի, վաղուց կրակի տված կլինեի այս ամբողջ շենքը։ Նրանց բախտիցն է, որ ես խմում եմ, հավատացնում եմ քեզ։
Մարաինը ոչինչ չպատասխանեց։ Մի քանի բաժակ էլ և գինովության մուժը սկսեց պատել նրա ուղեղը։ Ա՜հ, այս երեք շաբաթվա ընթացքում նա առաջին անգամ էր, որ զգաց կյանքի շունչը։ Նրա երազները վերադարձան։ Երևակայությունը դուրս թռավ մութ խցիկից ու ելավ մինչև լուսաշող բարձունքները։ Նրա երևակայության էկրանը նորից լուսավոր և արծաթափայլ դարձավ, և վառ տեսիլքները շողալով անցնում էին իրար հետևից։ Գեղեցիկն ու անսովորը գնում էին Մարտինի հետ ձեռք֊ձեռքի տված․ նա դարձյալ գիտեր ամեն բան, կարող էր ամեն բան։ Նա ուզում էր բացատրել այդ ամենը Ջոյին, բայց Ջոն իր երազներն ուներ այն մասին, թե ինչպես վերջ տա այս տաժանելի աշխատանքին և տեր դառնա մի մեծ շոգեշարժ լվացքատան։
— Այո՛, Մարտ, իմ լվացքատանը երեխաներ չպիտի աշխատեն, հավատացնում եմ քեզ. երբեք։ Իսկ երեկոյան ժամը վեցից հետո լվացքատանը ոչ մի մարդ չի լինելու, լսո՞ւմ ես։ Շատ կլինեն մեքենաները, շատ կլինեն և բանվորները, որպեսզի ամեն ինչ իր Ժամանակին վերջանա։ Իսկ քեզ, Մա՛րտ, ես կնշանակեմ իմ օգնականը։ Ահա և իմ ծրագիրը. ես թողնում եմ խմելը, սկսում եմ դրամ հավաքել և երկու տարի հետո...
Սակայն Մարտինը չէր լսում՝ թողնելով, որ Ջոն իր երազները բացատրի բարմենին, մինչև որ սրան կանչեցին նոր հաճախորդներ՝ տեղական երկու ֆերմերներ։ Մարտինը արքայական առատաձեռնությամբ հյուրասիրեց նրանց և գինետանը գտնվող բոլորին մի քանի բատրակների, պարտիզպանի օգնականին, հյուրանոցի ախոռապանին, հենց բարմենին և ինչ֊որ թափառաշրջիկի, որը ստվերի նման արագ մտավ գինետուն և կանգնած մնաց վաճառասեղանի հեռավոր ծայրում։