Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն չորրորդ: Փառահեղ քոթակի շարունակությունը

Գրապահարան-ից

Քաջարի զինվոր Շվեյկի արկածները
◀ Քաջարի զինվոր Շվեյկի արկածները, Մասն երրորդ: Փառահեղ քոթակ


Շվեյկը ռուս գերիների էշելոնում

Այն ժամանակ, երբ Շվեյկը,— որին ռուսական շինելի և գլխարկի պատճառով Ֆելդշտայնի մոտ գտնվող գյուղից փախած ռուս գերու տեղ էին դրել,— պատի վրա անձողով շարադրում էր իր հոգու հուսահատական ճիչերը, ոչ ոք դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Իսկ երբ Խիրովի հանգրվանային կայանում, գերիներին եգիպտացորենի քարթու հաց բաժանելու ժամանակ, նա փորձեց իր մոտով անցնող հունգարացի զինվորին հանգամանորեն բացատրել եղելությունը, էշելոնի պահակներից մեկը հրացանի խզակոթով խփեց նրա ուսին, չզլանալով ավելացնել․ «Baszom az élet[1], Շա՛րք մտիր, ռուսական խոզ»։

Այդօրինակ վերաբերմունքը ռուս գերիների նկատմամբ, որոնց լեզուն հունգարացիները չէին հասկանում, սովորական բան էր։ Շվեյկը նորից շարք մտավ և դիմեց իր կողքին կանգնած գերուն․

— Այդ մարդն իր պարտքն է կատարում, բայց իրեն մեծ վտանգի է ենթարկում։ Իսկ եթե հանկարծ նրա հրացանը լցված լինի և ոտքը քաշա՞ծ։ Չէ՞ որ այդ դեպքում շատ հեշտ կարող է այնպես պատահել, որ մի ուրիշին խզակոթով դնքստելիս՝ հրացանի ոտքը բացվի, ամբողջ լիցը լցվի բուկը և նա մեռնի իր պարտականությունները կատարելու ժամանակ։ Շումավայի քարահանքներից մեկում բանվորները գողանում էին դինամիտի լիցերը, որպեսզի ձմեռը ծառերի կոճղերն հեշտ արմատահան անեն։ Քարահանքի պահակը հրաման ստացավ՝ քարահանքից դուրս գալիս բոլորին անխտիր խուզարկել, և եռանդով գործի անցավ։ Չամփելով առաջին իսկ պատահած բանվորին, նա այնպես թափով թփթփացրեց նրա գրպանները, որ դինամիտի լիցերը պայթեցին և նրանք երկուսն էլ հօդս թռան։ Երբ պահակն ու քարահանքի բանվորը հօդս թռան, թվում էր, թե նրանք այդ վերջին պահին գրկախառնվել են։

Ռուսին գերին, որի համար Շվեյկն անում էր այդ պատմությունը, շվարած նայում էր նրան, և պարզ երևում էր, որ նրա ասածից ոչ մի բառ չէր հասկացել։

— Չհասկանալ, ես Ղրիմի թաթար․ ալլահ աքբեր։

Թաթարը ծալապատիկ նստեց գետնին և, ձեռքերը կրծքին ծալելով, սկսեց աղոթել, «Ալլահ աքպեր — Ալլահ աքպեր — բեզմիլլա արահման-արահիմ — մալինկին մուստաֆիր»։

— Ուրեմն դու, ասել կուզե, թաթա՞ր ես,— կարեկցանքով ձիգ տվեց Շվեյկր։— Բախտդ բանել է։ Քանի որ թաթար ես, դու ինձ պետք է հասկանաս, ես էլ քեզ։ Բա՛։ Շտերնբերգցի Յարոսլավին ճանաչո՞ւմ ես։ Անո՞ւնն էլ չես լսել, թաթարի ծնունդ։ Նա Գոստինի մոտ ձեզ լավ ջարդեց։ Դուք, թաթարներդ, այն ժամանակ լեղապատառ փախաք Մորավիայից։ Երևի ձեր դպրոցներում այդ բանը չեն սովորեցնում, իսկ մեզ մոտ սովորեցնում են։ Գոստինի աստվածածնին ճանաչո՞ւմ ես։ Պարզ է, որ չես ճանաչում։ Այն կռվում նա էլ է եղել։ Ասենք, միևնույն է, հիմա գերության մեջ թոլոր թաթարներիդ կմկրտեն։

Շվեյկը դիմեց մի այլ գերու․

— Դո՞ւ էլ ես թաթար։

Գերին «թաթար» բառը հասկացավ և գլուխը բացասաբար շարժեց․

— Ոչ թաթար, չերքեզ, իմ ծնող չերքեզ, սեքիմ բա չկա։

Շվեյկի բախտը մեծապես բանել էր։ Նա գտնվում էր արևելյան այլևայլ ժողովուրդների ներկայացուցիչների ընկերակցության մեջ։ Էշելոնում կային թաթարներ, վրացիներ, օսեր, մորդվիններ ու կալմիկներ։

Դժբախտաբար, Շվեյկը չէր կարող նրանցից ոչ մեկի հետ լեզու գտնել, և նրան էլ նրանց հետ քարշ տվին Դոբրոմիլ, որտեղ սկսվելու էր Պերեմիշլի վկայով Նիժանկովիչի տանող երկաթուղագծի նորոգումը։

Դոբոմիլի հանգրվանային վարչությունում նրանց ցուցակագրեցին, մի բան, որ շատ դժվարին գործ էր, քանի որ Դոբրոմիլ քշված երեքհարյուր գերիներից ոչ մեկը չէր հասկանում այն ռուսերենը, որով բացատրվում էր սեղանի առաջ նստած գրագիրը։ Այդ ֆելդֆեբել-գրագիրը իր ժամանակին հայտնել էր, թե ռուսերեն գիտե, և հիմա Արևելյան Գալիցիայում հանդես էր գալիս որպես թարգմանիչ։ Մի երեք շաբաթ առաջ նա գերմաներեն-ռուսերեն բառարան և մի զրուցագիրք էր պատվիրել, բայց այդ գրքերը մինչև հիմա չէին ստացվել։ Այնպես որ ռուսերենի փոխարեն նա բացատրվում էր կոտրատված սլովակերենով, որ կիսատ-պռատ սովորել էր դեռևս այն ժամանակ, երբ, որպես վիեննական ֆիրմաներից մեկի ներկայացուցիչ, Սլովակիայում սբ․ Ստեփանոսի պատկերներ, ցողամաններ ու տերողորմյաներ էր վաճառել։

Նա այդ տարօրինակ անձնավորություններին խոսք հասկացնել չէր կարողանում և գլուխը կորցրել էր։ Գրագիր-թարգմանիչը դուրս եկավ գրասենյակից և գերիների վրա գոռաց․ Wer kann deutsch sprechen?[2]

Բազմության միջից դուրս եկավ Շվեյկը և ուրախ ուրախ նետվեց դեպի ֆելդֆեբելը, որը նրան հրամայեց իր հետևից անհապաղ մտնել գրասենյակ։

Ֆելդֆեբելը նստեց սեղանի վրա կիտված ցուցակների ու բլանկների հետևում, որոնց մեջ նշվում էին գերու ազգանունը, ծագումը, հպատակությունը, և այդ ժամանակ տեղի ունեցավ մի զվարճալի գերմաներեն խոսակցություն․

— Հրեա ես, չէ՞,— հարցրեց նա Շվեյկին։

Շվեյկը բացասաբար գլուխը թոթվեց։

— Մի՛ ժխտիր։ Գերմաներեն իմացող գերիներիցդ յուրաքանչյուրը հրեա է եղել,— համոզված շարունակեց գրագիր-թարգմանիչը։― Եվ վե՛րջ։ Ազգանունդ ի՞նչ է։ Շվե՞յխ։ Տեսնո՞ւմ ես, էլ ինչի ես ժխտում, քանի որ այդպիսի հրեական ազգանուն ունես։ Դու մեզ մոտ վախենալու պատճառ չունես, կարող ես խոստովանել, որ հրեա ես։ Մեր Ավստրիայում հրեական ջարդեր չեն սարքում։ Որտեղացի՞ ես։ Հա՛, Պրագա, գիտեմ-գիտեմ, դա Վարշավայի մոտ է։ Մի շաբաթ առաջ մոտս երկու հրեաներ կային՝ Վարշավայի մոտի Պրագայից։ Իսկ գնդիդ համարը ո՞րն է։ Իննսունմեկերո՞րդ։

Ավագ գրագիրը վերցրեց զինվորական տեղեկագիրքը և սկսեց թերթել․ «Իննսունմեկերորդ գունդ, Երևանյան, Կովկաս, կադրերը գտնվում են Թիֆլիսում»։

— Զարմանում ես, չէ՞, որ մենք այստեղ այդ բոլորը գիտենք։

Շվեյկին այդ ամենն իսկապես զարմացրեց, իսկ գրագիրը, իր կիսածխած սիգարետը տալով նրան, լուրջ-լուրջ շարունակեց․

— Այս ծխախոտը ձեր մախորկայից լավն է։ Այստեղ, ջհուդի՛կ, ես ամենաբարձր իշխանությունն եմ։ Բավական է մի խոսք ասեմ, որ բոլորը դողան ու ծակը մտնեն։ Մեր բանակում կարգապահությունն այնպես չէ, ինչպես ձեզ մոտ։ Ձեր ցարը շան որդի է, իսկ մերը գլուխ է, գլո՜ւխ։ Ես հիմա քեզ մի բան ցույց կտամ, որպեսզի տեսնես, թե մեզ մոտ ինչպիսի կարգապահություն կա։

Նա բացեց հարևան սենյակի դուռը և ձայն տվեց․ «Հանս Լե՛ֆլեր»։

— Hier!— Լսվեց պատասխանը, և ներս մտավ խպիպավոր, կրետինի լացակումած դեմքով մի շտիրիացի։ Հանգրվանային վարչությունում նա ամեն ինչ անող սպասավորի դեր էր կատարում։

— Հանս Լեֆլեր,— հրամայեց գրագիրր,— վերցրու ծխամորճս, ատամներովդ բռնիր բան տանող շան պես և չորեքթաթ վազիր սեղանի շուրջը, մինչև որ ասեմ․ «Halt!»։ Միաժամանակ հաչա, բայց այնպես, որ ծխամորճը բերանիցդ չընկնի, թե չէ կհրամայեմ կապել։

Խպիպավոր շտիրիացին սկսեց չորեքթաթ տալ ու հաչել։

Ավագ գրագիրը հաղթականորեն նայեց Շվեյկին․

— Ասում էի, չէ՞։ Տեսնո՞ւմ ես, ջհուդիկ, մեզ մոտ ինչպիսի կարգապահություն կա։

Եվ գրագիրը գոհունակությամբ նայեց ալպյան հովիվի հոլիկից եկած այդ անբան զինվոր անասունին։

— Halt!— վերջապես ասաց նա,— իսկ հիմա կանգնիր թաթերիդ վրա և ծխամորճս ինձ տուր։ Լա՛վ, իսկ հիմա տիրոլացու պես երգիր։

Սենյակում լսվեց մի ոռնոց, «Հոլարիո՜, հոլարիո՜․․․»։

Երբ ներկայացումը վերջացավ, գրագիրը սեղանի արկղից հանեց «Սպորտ» տեսակի չորս սիգարետ և մեծահոգաբար նվիրեց Հանսին, և այդ ժամանակ Շվեյկն սկսեց կոտրատված գերմաներենով պատմել, թե գնդերից մեկում մի սպա ճիշտ այդպիսի մի հնազանդ սպասյակ ուներ։ Ինչ որ տերը ցանկանար՝ անում էր։ Երբ մի անգամ նրան հարցրին, թե արդյոք կարո՞ղ է իր սպայի հրամանով նրա կղկղանքից մի գդալ ուտել, նա պատասխանեց․ «Եթե պարոն լեյտենանտը հրամայի՝ կուտեմ, միայն թե մեջը մազ չլնի, թե չէ շատ զզվող եմ, վայ թե սիրտս խառնի»։

Գրագիրը սկսեց ծիծաղել․ «Դուք, հրեաներդ, շատ սրամիտ անեկդոտներ ունեք, բայց ես կարող եմ գրազ գալ, որ ձեր բանակում այնպիսի կարգապահություն չկա, ինչպես մեզ մոտ։ Դե՛հ, անցնենք գլխավորին։ Քեզ նշանակում եմ էշելոնի ավագ։ Մինչև իրիկուն ինձ համար կգրես մնացածների ազգանունները։ Գերիների համար սնունդ կստանաս, նրանց կբաժանես խմբերի՝ յուրաքանչյուրում տասը մարդ։ Ամեն մեկի համար գլխովդ պատասխանատու ես։ Եթե մեկն ու մեկը փախչի, ջհուդիկ, քեզ կգնդակահարենք։

— Կուզեի ձեզ հետ խոսել, պարոն գրագիր,— ասաց Շվեյկը։

— Միայն թե ոչ մի գործարք,— կտրուկ պատասխանեց գրագիրը։— Ես այդպիսի բան չեմ սիրում։ Չափից շատ ես մեր Ավստրիայում կլիմայափոխվել։ Արդեն ուզում ես ինձ հետ մասնավոր կարգով խոսել․․․ Մարդ ինչքան գերիներիդ հետ լավ վարվի, այնքան վատ․․․ Իսկ հիմա ռադ եղիր․ ահա քեզ թուղթ ու մատիտ և գնա ցուցակը կազմիր․․․ Հը՛, է՞լ ինչ կա։

― Ich melde gehorsam, Herr Feldwebl![3]

— Դո՛ւրս կորիր։ Տեսնում ես ինչքան գործ ունեմ։— Գրագիրը չափազանց հոգնած մարդու դեմք ընդունեց։

Շվեյկը պատիվ տվեց և դիմեց դեպի գերիները, ճանապարհին մտածելով, թե կայսեր համար կրած իր տառապանքներն արդյունք են տալիս։

Շատ ավելի դժվար էր ցուցակ կազմելու գործը։ Գերիները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, որ պարտավոր են ասել իրենց ազգանունները։ Շվեյկն իր կյանքում շատ բան էր տեսել, բայց, այնուամենայնիվ, այդ թաթարական, վրացական ու մորդվինական անունները նրա գլուխը չէին մտնում։ «Ոչ ոք ինձ չի հավատա,— մտածում էր Շվեյկը,— թե աշխարհում կարող են այնպիսի ազգանուններ լինել, ինչպես այդ թաթարներինը՝ Աբդրահմանով, Բեյմուրատ Ալլահալի, Ջերեդջե Չերեդջե, Դավլաթբալեյ Նուրդագալեև և այլն։ Մեր ազդանունները, այնուամենայնիվ, ավելի լավ են։ Օրինակ, Ժիդոհոշտիի տերտերի ազգանունն է Վոբեյդա»[4]։

Նա նորից անցավ շարքերի միջով, և գերիներն իրար հետևից բղավում էին իրենց անուն-ազգանունները՝ Ջիդրալեյ Հանեմալեյ, Բամբամուլեյ Միրզագալի և այլն։

— Այդ ինչպե՞ս է, որ լեզուդ չես կծում,— բարեհոգաբար ժպտալով ասաց Շվեյկը։— Մեր անուն-ազգանունները շատ ավելի լավ են՝ Բոգուսլավ Շտեպանեկ, Յարոսլավ Մատուշեկ կամ Ռուժենա Սվոբոդովա։

Երբ ահավոր տառապանքներից հետո Շվեյկը, վերջապես, գրեց-պրծավ այդ բոլոր Բաբուլյա Հալեյներն ու Խուջի Մուջիները, որոշեց թարգմանիչ-գրագրին մի անգամ էլ բացատրել, որ ինքը թյուրիմացության զոհ է, որ դեռևս, ճանապարհին, երբ իրեն գերիների հետ քշում էին, մի քանի անգամ ապարդյուն ջանացել է արդարության հասնել։

Գրագիր-թարգմանիչը դեռևս առավոտվանից սթափ չէր, իսկ հիմա առողջ դատելու ընդունակությունն իսպառ կորցրել էր։ Նրա առաջ փռված էր ինչ-որ գերմանական թերթի հայտարարությունների մի էջ, և նա Ռադեցկու քայլերգի եղանակով երգում էր․ «Գրամաֆոնս փոխում եմ մանկասայլակի հետ», «Գնում եմ սպիտակ ու կանաչ ապակու ջարդոտվածք», «Ամեն մարդ կարող է սովորել հաշիվներ ու բալանսներ կազմելու գործը, եթե ավարտի մեր հեռակա հաշվապահական դասընթացները» և այլն։

Մի քանի հայտարարությունների համար քայլերգի եղանակն հարմար չէր գալիս։ Սակայն գրագիրն ամեն ջանք գործադրում էր այդ արգելքը հաղթահարելու համար, ուստի և, չափ տալով, բռունցքով թխթխկացնում էր սեղանը և ոտքերը գետնին խփում։ Կոնտուշօղիից կպած-պնդացած նրա բեղերը տնկվել էին դեպի դեմքի այս ու այն կողմը, կարծես ինչ-որ մեկը նրա յուրաքանչյուր այտի մեջ մի չորացած սոսնձավրձին էր խրել։ Ճիշտ է, նրա ուռած աչքերը Շվեյկին նկատեցին, սակայն նրանց տերը ոչ մի կերպ չանդրադարձավ այդ հայտնագործությանը։ Գրագիրը միայն այն արեց, որ դադարեց բռունցքով ու ոտքելով թխթխկացնելուց, բայց փոխարենը սկսեց տկտկացնել սեղանը, այս անգամ «Ich weiß nicht, was soll es bedeuten»[5] երգի եղանակով երգելով մի նոր հայտարարություն․ «Տատմայր Կարոլինա Դրեգերը իր ծառայություններն է առաջարկում հարգարժան տիկնանց բոլոր պարագաներում»։

Նա երգում էր հետզհետե ավելի ու ավելի կամաց, հետո՝ հազիվ լսելի, ի վերջո բոլորովին պապանձվեց՝ անշարժացած հաչացքը հառած հայտարարությունների մեծածավալ էջին, և դրանով Շվեյկին հնարավորություն ընձեռնեց պատմելու իր ձախորդությունները, թեև այդ անելու համար գերմաներենի իր համեստ գիտելիքները նրան հազիվ էին բավականացնում։

Շվեյկն սկսեց այն բանից, թե նա, այնուամենայնիվ, իրավացի էր եղել՝ ընտրելով գետակի երկայնքով Ֆելդշտայն տանող ճանապարհը, և մեղավոր չէ, որ մի անհայտ ռուս զինվոր կարողացել է գերությունից փախչել և լողանալ այն լճակում, որի մոտով պետք է անցներ նա, Շվեյկը, որը, որպես զորաբնակարանապետ, պարտավոր էր գտնել Ֆելդշտայնի ամենակարճ ճանապարհը։ Ռուսը նրան տեսնելուն պես փախավ, իր համազգեստը թողնելով թփերի մեջ։ Նա, Շվեյկը, շատ անգամ էր լսել, որ նույնիսկ առաջավոր դիրքերում, օրինակ հետախուզության նպատակներով, հաճախ օգտագործում են զոհված հակառակորդի համազգեստը, այդ պատճառով էլ լքված համազգեստը չափսափորձ արեց, որպեսզի տեսներ, թե համանման հանգամանքներում իրեն ինչպես կզգա ուրիշի համազգեստի մեջ։

Իր այդ սխալը բացատրելուց հետո Շվեյկը տեսավ, որ բոլորովին իզուր է խոսել, գրագիրը քնել էր ավելի վաղ, քան ճանապարհը Շվեյկին կհասցներ լճակը։ Շվեյկը մոտեցավ նրան և ձեռքը կամացուկ դիպցրեց ուսին, իսկ դա միանգամայն բավական էր, որպեսզի գրագիր-ֆելդֆեբելը աթոռի վրայից գլորվեր գետին և շարունակեր հանգիստ քնել։

— Կներեք, պարոն գրագիր,— ասաց Շվեյկը, պատիվ տվեց և դուրս եկավ։

Վաղ առավոտյան ռազմա-ինժեներական վարչությունը դիսպոզիցիան փոխեց, և որոշվեց գերիների այն խմբին, որի մեջ գտնվում էր Շվեյկը, ուղարկել ուղղակի Պերեմիշլ՝ Պերեմիշլ — Լյուբաչուվ երկաթուղագիծը վերականգնելու։

Ամեն ինչ մնաց առաջվա պես։ Շվեյկը ռուս գերիների մեջ շարունակում էր իր ոդիսականը։ Հունգարացի ուղեկցորդ պահակներն ավելի ու ավելի արագ տեմպով բոլորին առաջ էին քշում։

Գյուղերից մեկում դադար առնելիս գերիները պատահեցին մի գումակային զորաբաժնի։ Մի սպա, սայլերի մոտ կանգնած, նայում էր գերիներին, Շվեյկը դուրս պրծավ շարքից, ձիգ եկավ սպայի առաջ և գոռաց․ «Herr Leutnant, ich melde gehorsam!»։

Սակայն ավելին ասել չկարողացավ, քանի որ հենց այդ ժամանակ երկու հունգարացի զինվորներ նետվեցին նրա վրա և, մեջքին հարվածներ տեղալով, ետ շպրտեցին դեպի գերիների խումբը։

Սպան նրա հետևից շպրտեց սիգարետի ծխուկը, որը վերցրեց մի ուրիշ գերի և սկսեց ծխել։ Դրանից հետո սպան իր կողքին կանգնած կապրալին սկսեց բացատրել, թե Ռուսաստանում գաղութաբնակ գերմանացիներ կան և թե նրանք ևս պարտավոր են կռվել։

Այնուհետև մինչև Պերեմիշլ հասնելը Շվեյկը ոչ մի հարմար առիթ չունեցավ բողոքելու և պատմելու, որ ինքը, իսկապես ասած, Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ վաշտի հանձնակատարն է։ Այդպիսի առիթ ներկայացավ միայն Պերեմիշլում, երբ երեկոյան նրանց քշեցին բերդի ներքին գոտու ավերված ամրոցը, որտեղ գտնվում էին բերդի հրետանու ձիերի ախոռները։

Այնտեղ գետնին փռած ծղոտի մեջ այնքան ոջիլներ կային, որ հեշտությամբ բարձրացնում էին նրա կարճլիկ ցողունները։ Թվում էր, թե դրանք ոջիլներ չեն, այլ մրջյուններ, որոնք շինանյութ են կրում իրենց մրջնանոցի կառուցման համար։

Այնտեղ գերիներին միայն ցիկորիից պատրաստած մի քիչ սև խառնաջուր և մի-մի կտոր եգիպտացորենի քարթու հաց տվին։

Այնուհետև նրանց ընդունեց մայոր Վոլֆը, որն այն ժամանակ Պերեմիշլի բերդում և նրա շրջակայքում վերականգնողական աշխատանքով զբաղված բոլոր գերիների տերն ու տիրականն էր։ Վոլֆը հույժ ծանրաբարո մարդ էր։ Նա ուներ թարգմանիչների մի ամբողջ շտաբ, որոնք գերիների միջից շինարար մասնագետներ էին ընտրում ըստ նրանց ընդունակությունների և կրթության։

Մայոր Վոլֆը հաստատ համոզված էր, թե ռուս գերիները դիտմամբ իրենց հիմարի տեղ են դնում, քանզի լինում էին դեպքեր, երբ նրա այն հարցին, թե՝ «Կարողանո՞ւմ ես երկաթուղագիծ կառուցել», բոլոր գերիները տալիս էին հետևյալ նույնանման պատասխանը․ «Ոչինչ չգիտեմ, ոչ մի այդպիսի բան չեմ լսել, ապրել եմ ազնվաբար»։

Երբ գերիները շարք կանգնեցին մայոր Վոլֆի և նրա ամբողջ շտաբի առաջ, մայորը գերմաներեն հարցրեց, թե նրանցից ով գիտե գերմաներեն լեզուն։

Շվեյկը համարձակ առաջ եկավ, ձիգ կանգնեց մայորի առաջ, պատիվ տվեց և զեկուցեց, թե գերմաներեն խոսել գիտե։

Մայոր Վոլֆը, ակնհայտորեն գոհ, իսկույն Շվեյկին հարցրեց, թե հո ինժեներ չէ։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր,— պատասխանեց Շվեյկը,— ես ինժեներ չեմ, բայց Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատարն եմ։ Գերի եմ ընկել մերոնց ձեռքը։ Դա, պարոն մայոր, այսպես եղավ․․․

— Ի՞նչ,— ծղրտաց Վոլֆը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, դեպքն այսպես պատահեց․․․

— Դուք չե՞խ եք,— չէր հանդարտվում մայոր Վոլֆը,— Դուք ձեր հագուստը փոխել, ռուսական համազգե՞ստ եք հագել։

— Ճիշտ այդպես, պարոն մայոր, հենց այդպես է եղել։ Սրտանց ուրախ եմ, որ պարոն մայորն իսկույն մտավ իմ դրության մեջ։ Գուցե մերոնք արդեն որևէ տեղ կռվում են, իսկ ես այստեղ ամբողջ պատերազմի ընթացքում պետք է իզուր ժամանակ վատնեմ։ Թույլ տվեք, պարոն մայոր, մի անգամ էլ կարգով բացատրել, թե բանն ինչպես եղավ։

— Բավական է,— կտրուկ վրա բերեց մայոր Վոլֆը, կանչեց երկու զինվորների և հրամայեց՝ անմիջապես նրան հաուպտվախտ տանել։ Իսկ ինքը մի սպայի հետ դանդաղ քայլում էր Շվեյկի հետևից և խոսելիս կատաղաբար ձեռքերը թափահարում։ Յուրաքանչյուր ֆրազի մեջ նա հիշատակում էր «չեխ շներին»։ Երկրորդ սպան զգում էր, որ մայորն իրեն անասելի երջանիկ է համարում, որ իր խորաթափանցության շնորհիվ հաջողվել է այդ սրիկաներից մեկին բռնել։ Արդեն շատ ամիսներ շարունակ զորամասերի հրամանատարներին գաղտնի շրջաբերականներ էին ուղարկվում չեխական գնդերից թշնամու կողմն անցած մի քանի անձանց արտասահմանյան դավաճանական գործունեության մասին։ Հաստատված էր, որ այդ փախստականները, իրենց երդումը մոռացած, մտնում են ռուսաց բանակի շարքերը և ծառայում թշնամուն, նրան շատ արժեքավոր, հատկապես լրտեսական, ծառայություններ մատուցելով։

Այն հարցում, թե որտեղ է գտնվում փախստականների մարտական կազմակերպությունից որևէ մեկը, Ավստրիայի ներքին գործոց մինիստրությունը գործում էր խարխափելով։ Նա դեռ ոչ մի որոշակի բան չգիտեր արտասահմանում գործող հեղափոխական կազմակերպությունների մասին, և միայն օգոստոս ամսին, գտնվելով Սոկալ-Միլյատին-Բուբնովո գծում, գումարտակների հրամանատարները գաղտնի շրջաբերականներ էին ստացել, թե նախկին ավստրիացի պրոֆեսոր Մասարիկը փախել է արտասահման և այնտեղ Ավստրիայի դեմ պրոպագանդ է մղում։ Դիվիզիայի շտաբում ինչ-որ ապուշ շրջաբերականը լրացրել էր հետևյալ հրամանով․ «Բռնելու դեպքում անհապաղ բերել շտաբ»։

Մայոր Վոլֆն այն ժամանակ դեռ գաղափար չուներ, թե Ավստրիայի դեմ ինչ են նյութում փախստականները, որոնք հետագայում Կիևում և այլ վայրերում իրար հանդիպելիս այն հարցին, թե՝ «Այստեղ ի՞նչ ես անում», ուրախ-ուրախ պատասխանում էին․ «Դավաճանում եմ թագավոր կայսրին»։

Այդ շրջաբերականներից Վոլֆը տեղեկություն ուներ միայն փախստակ-լրտեսների մասին, որոնցից մեկը, այսինքն նա, ում հաուպտվախտ են տանում, այնպես հեշտ ընկավ իր ծուղակը։ Մայոր Վոլֆը փոքր ինչ փառամոլ էր և դյուրավ պատկերացնսւմ էր, թե ինչպես բարձր հրամանատարությունից շնորհակալության և պարգև կստանա իր զգոնության, զգուշության և ընդունակությունների համար։

Նախքան հաուպտվախտ հասնելը նա ինքն իրեն հավատացրեց, թե «ո՞վ գիտե գերմաներեն լեզուն» հարցն ինքը դիտմամբ տվեց, քանզի գերիներին նայելուն պես այդ տիպն իրեն կասկածելի էր թվացել։

Մայորին ուղեկցող սպան գլխով արեց և այն միտքը հայտնեց, թե կալանավորման մասին անհրաժեշտ է հաղորդել կայազորի հրամանատարությանը՝ գործի հետագա քննության և դատապարտյալին բարձր ինստանցիայի ռազմական դատարանին հանձնելու համար։ Իսկ վարվել այնպես, ինչպես առաջարկում է մայորը, այսինքն՝ հանցագործին հարցաքննել հաուպտվախտում և անհապաղ կախել հաուպտվախտի հետևում, բնավ չի կարելի։ Նրան, իհարկե, կկախեն, սակայն օրինական ձևով, ռազմադատական օրենսգրքի համաձայն։ Կախելուց առաջ կատարվելիք հանգամանալից հարցաքննությունը թույլ կտա բացահայտել նրա կապերն իր նման այլ հանցագործների հետ։ Ո՞վ գիտե, թե այդ ժամանակ դեռ ինչեր կպարզվեն։

Հանկարծ մայոր Վոլֆի համառությունը բռնեց, նրան համակեց իր հոգու գաղտնարաններում մինչ այդ թաքնված գազանային դաժանությունը։ Նա ասաց, թե ինքը հարցաքննությունից հետո փախստակ լրտեսին անհապաղ կկախի իր պատասխանատվությամբ ու ռիսկով։ Նա կարող է այդպիսի բան անել, քանի որ բորձր ոլորտներում ծանոթություններ ունի և առհասարակ իր համար ամեն ինչ միևնույն է։ Այստեղ ռազմաճակատի պես է։ Եթե լրտեսին բռնեին և մերկացնեին ուղղակի ռազմի դաշտի մոտ, անմիջապես կհարցաքննեին ու կկախեին, և նրա նկատմամբ ավելորդ նրբանկատություն չէին ցուցաբերի։ Ի դեպ, պարոն կապիտանին հայտնի է, որ մերձռազմաճակատային գոտում յուրաքանչյուր հրամանատար, սկսած կապիտանի աստիճան ունեցողից, իրավունք ունի կախելու բոլոր կասկածելի մարդկանց։

Սակայն զինվորական աստիճանավորների լիազորություններրի հարցում մայոր Վոլֆը փոքր ինչ սխալվում էր։

Արևելյան Գալիցիայում որքան մոտենում էին ռազմաճակատին, այնքան այդ լիազորություններն անցնում էին ստորին աստիճանավորներին, և եղել էին դեպքեր, երբ, օրինակ, պահակախմբի պետ կապրալը հրամայել էր կախել տասներկու տարեկան մի տղայի, որը նրան կասկածելի էր թվացել միայն այն պատճառով, որ բնակիչներից լքված ու թալանված գյուղի մի ավերակ խրճիթում իր համար կարտոֆիլ էր խաշել։

Կապիտանի և մայորի միջև վեճը սրվում էր։

— Դուք ոչ մի իրավունք չունեք այդպիսի բան անելու,— գրգռված գոռում էր կապիտանը։— Նրան կկախեն ռազմական դատարանի վճռի հիման վրա։

— Նա կկախվի առանց դատավճռի,— ֆշշում էր մայոր Վոլֆը։

Շվեյկը, որին տանում էին առջևից և որը սկզբից մինչև վերջ լսեց այդ հետաքրքիր խոսակցությունը, իրեն ուղեկցող պահակներին ասաց․

— Երկուսն էլ մի բան է։ Մի անգամ Լիբնեի պանդոկներից մեկում մենք չէինք կարողանում որոշել, թե այնտեղից երբ դուրս շպրտենք գլխարկակար Վաշակին, որը պարերեկույթների ժամանակ միշտ խուլիգանություն էր անում․ արդյոք հենց միանգամի՞ց, դռանը երևալուն պես, թե՞ այն բանից հետո, երբ գարեջուր պատվիրի, վճարի ու խմի․ կամ գուցե, մտածում էինք, առաջին պարադարձն անելուց հետո բռնենք ու կոշիկները հանենք։ Պանդոկապետն առաջարկում էր դուրս նետել ոչ թե երեկույթի սկզբին, այլ երբ նա լավ կերած ու խմած կլինի, թող լրիվ վճարի և իսկույն դուրս թռչի, ասում էր նա։ Իսկ գիտե՞ք այդ սրիկան ինչ օյին խաղաց մեր գլխին։ Չեկավ։ Հը՛, ի՞նչ կասեք դրան։

Երկու զինվորներն էլ, որ Տիրոլի կողմերից էին, միաբերան պատասխանեցին․ «Nix böhmisch»[6]։

— Verstehen sie deutsch?[7],— հանգիստ հարցրեց Շվեյկը։

— Jawohl![8],— պատասխանեցին նրանք երկուսով։

— Դա լավ է։— ասաց Շվեյկը,— համենայն դեպս ձերոնց մեջ չեք կորչի։

Այդպես մտերմաբար զրուցելով հասան հաուպտվախտ, որտեղ մայոր Վոլֆր շարունակեց վիճաբանությունները, թե Շվեյկին ինչ է սպասում, իսկ Շվեյկը նրանց հետևում համեստաբար նստել էր նստարանին։

Մայոր Վոլֆն ի վերջո համաձայնեց կապիտանի կարծիքին, թե այդ մարդուն պետք է կախել միայն այն երկարատև պրոցեդուրայից հետո, որն այնպես գեղեցիկ կերպով կոչվում է «օրինական ճանապարհ»։

Եթե նրանք Շվեյկին հարցնելու լինեին, թե այդ մասին նա ինքն ինչ է մտածում, ապա կասեր․ «Ես շատ եմ ափսոսում, պարոն մայոր, որ թեև դուք պարոն կապիտանից աստիճանով բարձր եք, բայց, այնուամենայնիվ, իրավացի է պարոն կապիտանը։ Ամեն մի շտապողականություն վնասակար է։ Մի անգամ Պրագայի շրջանային դատարաններից մեկում դատավորը խելագարվեց։ Երկար ժամանակ այդ բանը ոչ ոք չէր նկատում, բայց անձնական վիրավորանքի գործով վարվող մի դատաքննության ժամանակ դա ի հայտ եկավ։ Ոմն Զնամենաչեկ փողոցում հանդիպելով կապելլան Հորտիկին, որը կրոնի դասի ժամանակ նրա տղային մի ապտակ էր տվել, ասել էր․ «Ա՛խ դու, էշ, ա՛խ դու, սև հրեշ, կրոնավոր ապուշ, սև խոզ, տերտերի այծ։ Քրիստոսի ուսմունքը պղծող, երկերեսանի և փարաջավոր շառլատան»։ Խելագարված դատավորը շատ աստվածավախ մարդ էր։ Նրա երեք քույրերը տերտերների մոտ խոհարարություն էին անում, իսկ նա նրանց զավակներին կնքում էր։ Նա այնքան հուզվեց, որ հանկարծ խելքը կորցրեց ու մեղադրյալի վրա գոռաց․ «Հանուն նորին մեծություն կայսեր և թագավորի ձեզ դատապարտում եմ մահապատժի՝ կախաղանի միջոցով։ Դատավճիռը բեկման ենթակա չէ։ Պան Հորաչեկ,— դիմեց նա դատական վերակացուին,— տարեք այս պարոնին և կախեցեք այնտեղ, դե գիտեք էլի, այնտեղ, ուր գորգեր են թափ տալիս, իսկ հետո անցեք այստեղ, ստացեք ձեր ընծայափողը»։ Ինքնին հասկանալի է, պան Զնամենաչեկն ու վերակացուն զարմանքից քար կտրեցին, բայց դատավորը ոտքը խփեց գետնին ու գոռաց․ «Պիտի ենթարկվե՞ք թե ոչ»։

Այդ ժամանակ վերակացուն այնպես վախեցավ, որ պան Զնամենաչեկին քարշ տվեց ներքև, և եթե չլիներ փաստաբանը, որը մեջ ընկավ ու շտապ օգնություն կանչեց, չգիտեմ Զնամենաչեկիս վերջն ինչ կլիներ։ Դատավորին արդեն մտցրել էին շտապ օգնության կառեթի մեջ, բայց նա դեռ գոռում էր․ «Եթե պարան չգտնենք, կախեցեք սավանով, որի արժեքը հետո հաշվի կառնենք կիսամյակային հաշվետվության մեջ»։

Շվեյկին պահակախմբի հսկողությամբ տարան կայազորի պարեկատուն։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նա ստորագրեց մայոր Վոլֆի կազմած արձանագրությունը, թե նա, ավստրիական բանակի զինվորը, գիտակցաբար և առանց որևէ մեկի ճնշման ռուսական համազգեստ է հագել և ռուսների նահանջից հետո դաշտային ժանդարմերիայի կողմից բռնվել ռազմաճակատային գծի այս կողմում։

Այդ բոլորն իրոք ճշմարիտ էր, և Շվեյկը, որպես ազնիվ մարդ, չէր կարող առարկել։ Արձանագրությունը կազմելիս նա բազմիցս փորձեց ավելացնել մի ծանոթություն, որը, թերևս, դրությունը կպարզեր, բայց ամեն անգամ լսվում էր մայորի հրամայական գոռոցը․ «Լռե՛լ։ Ես ձեզ այդ մասին չեմ հարցնում։ Գործը միանգամայն պարզ է»։

Եվ Շվեյկին այլևս ոչինչ չէր մնում, քան միայն պատիվ տալ և համաձայնել․ «Ճիշտ այդպես, լռում եմ, գործը միանգամայն պարզ է»։

Այնուհետև, երբ Շվեյկին հասցրին կայազորի պարետատուն, նրան մտցրին մի ծակ, որն առաջ եղել էր բրնձի պահեստ և միաժամանակ մկների հանրակացարան։ Ամենուրեք բրինձ էր թափված, և մկները, Շվեյկից բնավ չվախենալով, ուրախ-ուրախ վազվզում էին շուրջը և հատիկներն անուշ անում։ Շվեյկը ստիպված եղավ իր համար ծղոտե ներքնակ ճարել, բայց երբ նրա աչքերը խավարին ընտելացան՝ տեսավ, որ իր ներքնակի մեջ վերաբնակություն է հաստատում մկների մի ամբողջ ընտանիք։ Ոչ մի կասկած չկար, որ նրանք մտադիր էին իրենց նոր բույնը հյուսել ավստրիական քրքրված ներքնակի փառապանծ ավերակների վրա։ Շվեյկը սկսեց դուռը թակել։ Մոտ եկավ մի լեհ կապրալ, և Շվեյկը նրան խնդրեց իրեն տեղափոխել մի այլ շենք, քանի որ քնի մեջ կարող է ներքնակի միջի մկներին ճխլել և դրանով գանձարանին վնաս պատճառել, որովհետև այն ամենը, ինչ պահվում է զինվորական պահեստներում, պետական ունեցվածք է։

Լեհը մասամբ հասկացավ, փակ դռան առաջ բռունցքով սպառնաց Շվեյկին, չմոռանալով «հոտած դուպե»[9] հայհոյանքը, և թողեց գնաց, զայրացած ինչ-որ բան քրթմնջարվ խոլերայի մասին, կարծես թե Շվեյկը նրան անասելի վիրավորել էր։

Շվեյկը գիշերն անցակցրեց հանգիստ, քանի որ մկները նրան մեծ պահանջներ չներկայացրին։ Ըստ երևույթին, նրանք գիշերային աշխատանքի ծրագիր ունեին, որը կենսագործում էին զինվորական շինելների և գդակների հարևան պահեստում, որտեղ գործում էին հանգիստ և միանգամայն անվտանգ, քանի որ ինտենդանտությունն ուշքի եկավ միայն մեկ տարի հետո և սկսեց զինվորական պահեստներում պետական կատուներ պահել՝ առանց կենսաթոշակ ստանալու իրավունքի։ Ինտենդանտություններում այդ հատուները նշվում էին «K․ u․ Militärmagazinkatze»[10] խորագրի տակ։ Այդ կատվային պաշտոնը, իսկապես ասած, վաթսունվեց թվի պատերազմից հետո վերացված մի հին ինստիտուտի վերականգնումն էր միայն։

Հնում, դեռևս Մարիա Թերեզայի օրոք, պատերազմի ժամանակ զինվորական պահեստներում նույնպես կատուներ էին, պահում, երբ ինտենդանտության պարոնները ջանում էին հագուստեղենի գլխին խաղացած իրենց բոլոր օյինները բարդել դժբախտ մկների վրա։

Սակայն կայսրական-թագավորական կատուները շատ հաճախ իրենց պարտքը չէին կատարում, և բանը այնտեղ հասավ, որ մի անգամ, Լեոպոլդ կայսեր թագավորության օրոք, Պոհորելցի զինվորական պահեստում նշանակված վեց կատուներ ռազմական դատարանի վճռով կախաղան հանվեցին։ Պատկերացնում եմ, թե ինչպես են իրենց քթի տակ ծիծաղել բոլոր նրանք, ովքեր այդ պահեստի հետ առնչություն են ունեցել․․․

* * *

Առավոտվա սուրճի հետ միասին Շվեյկի որջը խոթեցին ռուսական շինելով և ռուսական գդակով մի մարդու։

Այդ մարդը խոսում էր չեխերեն՝ լեհական առոգանությամբ։ Դա մեկն էր այն սրիկաներից, որոնք ծառայում էին բանակային կորպուսի հակահետախուզությունում, որի շտաբը գտնվում էր Պերեմիշլում։ Զինվորական գաղտնի ոստիկանության գործակալը նույնիսկ իրեն նեղություն չտվեց փոքր-ինչ խորամանկորեն կորզելու Շվեյկի գաղտնիքները։ Նա սկսեց ուղղակի․

— Ես փորձանքի մեջ ընկա անզգուշությանս պատճառով։ Ծառայում էի Քսանութերորդ գնդում և միանգամից ծառայության անցա ռուսների մոտ և ահա այդպես հիմարաբար փորձանքի մեջ ընկա։ Ռուսների մոտ ես հանձն առա հետախուզության գնալ․․․ Ծառայում էի Վեցերորդ կիևյան դիվիզիայում։ Իսկ դու, ընկեր, ո՞ր ռուսական գնդումն էիր ծառայում։ Ինձ թվում է, որ մենք մի տեղ հանդիպել ենք։ Կիևում ես չեխ ծանոթներ ունեի, որոնք մեզ հետ ռազմաճակատ էին գնացել և ռուսական բանակի կողմն անցել։ Հիմա ազգանունները մոռացել եմ, չեմ հիշում որտեղացի էին, իսկ դու երևի հիշում ես, թե այնտեղ ում հետ էիր ծառայում։ Կուզեի իմանալ, թե մեր Քսանութերորդ դիվիզիայից ով է մնացել։

Պատասխանելու փոխարեն Շվեյկը ձեռքը դրեց անծանոթի ճակատին, հետո շոշափեց զարկերակը և, ի վերջո, նրան մոտեցնելով փոքրիկ լուսամատին, խնդրեց, որ լեզուն հանի։ Այդ ամբողջ պրոցեդուրային սրիկան չդիմադրեց, կարծելով, թե Շվեյկը նրա հետ բացատրվում է դավադրական գաղտնի նշաններով։ Այնուհետև Շվեյկը սկսեց դուռը ծեծել, և երբ վերակացուն եկավ հարցնելու, թե ինչու է այդպես աղմկում, նա չեխերեն և գերմաներեն պահանջեց, որ անհապաղ բժիշկ կանչեն, քանի որ այն մարդը, որին այդտեղ տեղավորել են, զառանցում է։

Բայց դա պատշաճ տպավորություն չգործեց, ոչ ոք չեկավ հիվանդին նայելու։ Նա մնաց խցիկում հանգիստ նստած և շարունակ ինչ-որ բաներ էր դուրս տալիս Կիևի, ինչպես և Շվեյկի մասին, որին, իր ասելով, անկասկած տեսել էր ռուս զինվորների հետ շարքով անցնելիս։

— Դուք հավանաբար ճահճաջուր եք խմել,— ասաց Շվեյկր,— ինչպես մեր ջահել Տինեցկին, որն ընդհանրապես հիմար մարդ չէր։ Մի անգամ նա գնաց ճանապարհորդելու և հասավ մինչև Իտալիա։ Դրանից հետո նա մի գլուխ այդ Իտալիայի մասին էր խոսում, թե իբր այնտեղ ճահճաջրերից բացի ոչ մի տեսարժան բան չկա և թե ինքն էլ հենց այդ ճահճաջրերից է տենդացավ կպել։ Նրա տենդը բռնում էր տարեկան չորս անգամ՝ ամենայն սրբոց տոնին, սուրբ Հովսեփի, Պողոս-Պետրոսի և Վերափոխման տոներին։ Տենդը բռնելիս նա էլ ձեզ նման սկսում էր օտար ու անծանոթ մարդկանց ճանաչել։ Օրինակ, տրամվայի մեջ կբռներ որևէ անծանոթ մարդու և կասեր, թե նրան տեսել է Վիեննայի կայարանում։ Փողոցում ում էլ որ հանդիպեր, պիտի ասեր, թե նրան տեսել է Միլանի կայարանում կամ հետը խմել Շտիրիայի Գրացի քաղաքապետարանի մոտ գտնվող գինետանը։ Պանդոկում նստած ժամանակ սկսում էր այցելուներին ճանաչել և ասում էր, թե նրանց հետ միասին Վենետիկ է գնացել։ Այդ հիվանդության դեմ ոչ մի ճար չկա, բացի մեկից, որ հնարել է Կատերժինկայի նոր սանիտարը։ Սանիտարին պատվիրել էին խնամել մի խելագարի, որն ամբողջ օրը միայն այն էր անում, որ նստում էր մի անկյունում ու համրում․ «Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց», և նորից՝ «մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց»։ Պրոֆեսոր մարդ էր։ Սանիտարը քիչ էր մնում բարկությունից տրաքեր, երբ տեսնում էր, որ խելագարը չի կարողանում վեցից դենն անցնել։ Սկզբում սանիտարը նրան խաթրով խնդրում էր համրել «յոթ, ութ, ինն, տասը»։ Բայց ի՜նչ։ Պրոֆեսորի հոգը չէր։ Իր համար նստում էր անկյունում և համրում․ «Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց»։ Վերջապես սանիտարը չդիմացավ, նետվեց դեպի իր խնամարկյալը և, երբ նա ասաց՝ «վեց», բռունցքով հարվածեց վզակոթին․ «Ահա ձեզ, ասաց, յոթ, սա էլ ձեզ ութ, ինն, տասը»։ Եվ ամեն մի թվի վրա՝ մի հարված։ Հիվանդը գլուխը բռնեց ու հարցրեց, թե որտեղ է գտնվում։ Երբ սանիտարը բացատրեց, թե նա որտեղ է գտնվում, պրոֆեսորն իսկույն մտաբերեց, որ գժանոց է ընկել ինչ-որ գիսաստղի պատճառով։ Նա հաշվել էր, որ այդ գիսաստղը երևալու է մի տարի հետո, հունիսի տասնութին, առավոտվա ժամը վեցին, իսկ նրան ապացուցում էին, թե այդ գիսաստղը դեռևս մի քանի միլիոն տարի առաջ այրվել է։ Ես այդ սանիտարի հետ ծանոթ էի։ Երբ պրոֆեսորը բոլորովին ապաքինվեց ու դուրս գրվեց, սանիտարին իր տանը ծառա վերցրեց։ Սրա միակ պարտականությունն այն էր, որ օրը չորս անգամ պրոֆեսորի վզակոթին տար, մի բան, որ անում էր բարեխղճորեն և կանոնավոր կերպով։

— Ես Կիևի ձեր բոլոր ծանոթներին ճանաչում էի,— անվհատ շարունակեց հակահետախուզության գործակալը։— Ձեզ հե՞տ չէր այն չաղ զինվորը և այն մեկը, որ այնպես լղար էր։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել նրանց ազգանունները և թե որ գնդից էին։

— Թող դա ձեզ անհանգստություն չպատճառի,— մխիթարեց նրան Շվեյկը,— այդ բանը կարող է ամեն մարդու էլ պատահել։ Մարդ հո չի կարող բոլոր չաղերի ու լղարների ազգանունները հիշել։ Լղարների ազգանուններն, իհարկե, ավելի դժվար է հիշել, որովհետև աշխարհում նրանք ավելի շատ են։ Նրանք, ինչպես ասում են, մեծամասնություն են կազմում։

— Ընկեր,— նվնվաց կայսրական-թագավորական սրիկան,— դու ինձ չես հավատում։ Բայց չէ՞ որ երկուսիս էլ նույն բախտն է վիճակված։

— Հենց դրա համար էլ մենք զինվոր ենք,— անվրդով պատասխանեց Շվեյկը,— մեր մայրերը մեզ հենց նրա համար են աշխարհ բերել, որ պատերազմում, մունդիր հագնելուց հետո, ծվեն-ծվեն լինենք։ Եվ մենք այդ բանն անում ենք ուրախությամբ, քանի որ գիտենք, որ մեր ոսկորներն իզուր չեն փտելու։ Մենք կընկնենք հանուն թագավոր կայսր և նրա օգոստոսափառ ընտանիքի, որի սիրույն նվաճեցինք Հերցոգովինան։ Մեր ոսկորներից շաքարի գործարանների համար ոսկրածուխ կպատրաստեն։ Դեռևս մի քանի տարի առաջ պարոն լեյտենանտ Ցիմմերը մեզ այդ բանը բացատրեց․ «Հե՛յ, խոզերի բանդա,— ասաց նա,— անկիրթ վարազներ, անպետք արարածներ, ծույլ կապիկներ, դուք ձեր ոտքերը չեք խնայում, կարծես թե դրանք ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Երբ դուք ռազմի դաշտում զոհվեք, ձեր ամեն մի ոտքից կես կիլո ոսկրածուխ կպատրաստեն, իսկ մեկ ամբողջական զինվորից,— ձեռքերի ու ոտքերի բոլոր ոսկորները հաշված,— երկու կիլոյից ավելի։ Ձեզնով, ապուշներ, շաքարի գործարաններում շաքար կզտեն։ Դուք գաղափար անգամ չունեք, թե հետո որքան օգտակար կլինեք սերունդներին։ Ձեր զավակները սուրճ կխմեն այն շաքարով, որ զտված կլինի ձեր ոսկորներով, անասուննե՛ր»։ Ես մտքի մեջ ընկա, իսկ նա ինձ ասաց․ «Այդ ի՞նչ ես մտածում»։— «Համարձակվում եմ զեկուցել,— ասացի,— ես կարծում եմ, որ պարոն սպաների ոսկրածուխը զգալիորեն ավելի թանկ կլինի, քան հասարակ զինվորներինը»։ Դրա համար ինձ երեք օր մենախուց նստեցրին։

Շվեյկի ընկերակիցը դուռը ծեծեց և սկսեց ինչ-որ բան պայմանավորվել ժամապահի հետ, որն և նրա ասածը զեկուցեց գրասենյակին։

Շատ չանցած շտաբի գրագիրը եկավ ընկերակցին տանելու, և Շվեյկը նորից մենակ մնաց։

Խցից դուրս գալիս այն փուչ արարածը, Շվեյկին մատնացույց անելով, շտաբի գրագրին ի լուր ամենքի ասաց․

— Սա Կիևի հին ընկերս է։

Ամբողջ քսանչորս ժամ Շվեյկը մենակ մնաց, եթե չհաշվենք այն մի քանի րոպեները, երբ նրան ուտելիք էին բերում։

Գիշերը նա համոզվեց, որ ռուսական շինելը ավստրիականից ավելի տաք է և ավելի մեծ ու բնավ էլ անախորժ չէ, որ գիշեր ժամանակ մուկը քնածի ականջն հոտոտում է։ Շվեյկը դա ընկալում էր իբրև մի մեղմ շշուկ, որը լուսադեմին ընդհատեցին ուղեկցորդները, որոնք եկել էին կալանավորներին տանելու։

Շվեյկը մինչև հիմա էլ չի կարողանում ճշտիվ որոշել, թե իսկապես այն ինչ դատարան էր, ուր նրան տարան այդ տխուր առավոտը։ Բայց որ դա զինվորական դատարան էր, ոչ մի կասկած չէր կարող լինել։ Այնտեղ նիստին մասնակցում էին մի գեներալ, մի գնդապետ, մի մայոր, մի պորուչիկ, մի պոդպորուչիկ, մի գրագիր և ինչ-որ հետևակ զինվոր, որն, իսկապես ասած, ծխողներին լուցկի մատուցելուց բացի ոչինչ չէր անում։

Շվեյկին շատ չհարցաքննեցին։

Նրա նկատմամբ մյուսներից փոքր ինչ ավելի հետաքրքրություն ցուցաբերեց մայորը, որը խոսում էր չեխերեն։

— Դուք դավաճանել եք թագավոր կայսրին,— մռլտաց նա։

— Հհիսո՜ւս Քրիստոս, այդ ե՞րբ,— գոչեց Շվեյկը։― Ես դավաճանեմ թագավոր կայսրի՞ն, մեր ամենապայծառափայլ միապեստի՞ն, որի համար այնքան տանջվել եմ։

— Վերջ տվեք այդ հիմարություններին,— ասաց մայորը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, թագավոր կայսրին դավաճանելը հիմարություն չէ։ Մենք զինվոր մարդիկ ենք և թագավոր-կայսրին հավատարմության երդում ենք ավել, իսկ այդ երդումը, ինչպես թատրոնում երգում էին, ես կատարել եմ որպես հավատարիմ ամուսին։

— Ահա՛,— ասաց մայորը,— ահա ձեր հանցանքի ապացույցները և ահա որտե՛ղ է ճշմարտությունը։― Նա մատով ցույց տվեց թղթերի ծավալուն մի կապոց։

Հիմնական փաստերը դատարանին տվել էր այն անձնավորությունը, որին նստեցրել էին Շվեյկի հետ։

— Հիմա՞ էլ չեք ուզում խոստովանել,— հարցրեց մայորը։— Բայց չէ՞ որ դուք ինքներդ պնդում էիք, որ գտնվելով ավստրիական բանակում՝ ձեր հոժար կամքով ռուսական համազգեստ եք հագել։ Վերջին անգամ եմ հարցնում․ որևէ մեկը ձեզ ստիպե՞լ է այդ բանն անել։

— Ես դա արել եմ առանց որևէ ստիպման։

— Ձեր հոժար կամքո՞վ։

— Իմ հոժար կամքով։

— Առանց ճնշմա՞ն։

— Առանց ճնշման։

— Իսկ գիտե՞ք, որ կորած եք։

— Գիտեմ։ Իննսունմեկերորդ գնդում անպայման ինձ արդեն սպասում են։ Բայց թույլ տվեք, պարոն մայոր, մի փոքրիկ ծանոթություն տալ, թե մարդիկ ինչպես են իրենց հոժար կամքով ուրիշի զգեստ հագնում։ 1908 թվի հուլիս ամսին Զբրասլավում Բերոունկայի հին գետաբազուկի մեջ լողանում էր Պրագայի Պրիչնա փողոցի բնակիչ կազմարար Բnժետեխը։ Նա իր շորերը կախել էր ուռենու ճյուղերից և շատ ուրախացավ, երբ փոքր ինչ հետո ջուրը մտավ մի պարոն ևս։ Նրանք դեսից-դենից զրուցեցին, խաղ արին, իրար վրա ջուր ցանեցին, սկեցին ու դուրս եկան մինչև երեկո։ Հետո անծանոթ պարոնը առաջինը դուրս եկավ ջրից, թե իբր իր ընթրելու ժամանակն է։ Պան Բոժետեխը մի քիչ էլ մնաց ջրի մեջ նստած, իսկ երբ գնաց ուռիների մոտ հագնվելու, այնտեղ իր շորերի փոխարեն գտավ բոսյակի քուրջեր և հետևյալ գրությունը․ «Ես շատ մտածեցի՝ վերցնե՞լ թե չվերցնել, չէ՞ որ մենք միասին ջրի մեջ այնքան լավ ժամանակ անցկացրինք։ Վերջապես մի երիցուկ քաղեցի, սկսեցի թերթիկները պոկել, և վերջին թերթիկը պոկելիս դուրս եկավ «վերցնե՛լ»։ Ուստի քուրջերս փոխեցի ձեր հագուստի հետ։ Մի վախենաք հագնել, քանի որ մի շաբաթ առաջ Դոբրժիլիի շրջանային բանտում ոջիլներից մաքրված են։ Մյուս անգամ ավելի ուշադիր նայեցեք, թե ում հետ եք լողանում։ Ջրի մեջ ամեն մարդ նման է դեպուտատի, եթե նույնիսկ մարդասպան լինի։ Դուք նույնիսկ չգիտեք, թե ում հետ էիք լողանում։ Այս լողանալը թող ձեզ խրատ լինի։ Իրիկնադեմին ջուրը շատ դուրեկան է, մի անգամ էլ մտեք մեջը, որպեսզի ուշքի գաք»։

Պան Բոժետեխին մնում էր անել ոչ այլ ինչ, եթե ոչ սպասել մութն ընկնելուն։ Հետո փաթաթվեց բոսյակի քուրջերով և դիմեց դեպի Պրագա։ Նա աշխատում էր խճուղին շրջանցել, քայլում էր մարգագետիններով, զարտուղի արահետներով և հանդիպեց Խուխլիի ժանդարմական պարեկին, որը շրջմոլիկին ձերբակալեց և մյուս օրը առավոտյան տարավ Զբրասլավի շրջանային դատարանը, քանի որ ամեն մարդ կարող էր իրեն անվանել կազմարար Յոզեֆ Բոժետեխ, Պրագայի Պրիչնա փողոցի № 16 տան բնակիչ։

Քարտուղարը, որ չեխերենն այնքան էլ փայլուն կերպով չգիտեր, ենթադրեց, թե մեղադրյալը իր մեղսակցի հասցեն է հայտնում, և վերստին հարցրեց․

— Ist das genau Prag, № 16, Josef Bozetech?[11]

— Թե հիմա էլ է այնտեղ ապրում, չգիտեմ,— պատասխանեք Շվեյկը,— բայց այն ժամանակ, 1908 թվին, ապրում էր։ Նա գրքերը շատ գեղեցիկ էր կազմում, բայց երկար էր պահում, որովհետև նախ կարդում էր, իսկ հետո կազմում բովանդակությանը համստպատասխան։ Եթե գրքին սև երիզ էր կպցնում, ապա այդ գիրքը չարժեր կարդալ։ Յուրաքանչյուրն իսկույն հասկանում էր, որ վեպը վատ է վերջանում։ Գուցե ցանկանում եք ավելի մանրամասն տեղեկություններ իմանալ։ Հա՛, չմոռանամ ասել, որ նա ամեն օր նստում էր «Ֆլեկների մոտ» ռեստորանում և պատմում այն գրքերի բովանդակությունը, որ մինչ այդ նրան տվել էին կազմելու։

Մայորը մոտեցավ քարտուղարին և նրա ականջին ինչ-որ բան փսփսաց։ Քարտուղարը արձանագրությունից ջնջեց նորագյուտ կարծեցյալ դավադրի, ռազմական վտանգավոր հանցագործ Յոզեֆ Բոժետեխի հասցեն։

Այդ տարօրինակ դատական նիստը տեղի էր ունենում գեներալ Ֆինկ ֆոն Ֆինկելշտայնի նախագահությամբ, որն այդ դատարանը դարձրել էր դաշտային դատարանի տիպի մի բան։

Կան մարդիկ, որ լուցկու տուփեր հավաքելու մոլուցք ունեն, իսկ այդ գեներալը տառապում էր դաշտային դատարաններ կազմակերպելու մոլուցքով, թեև նրա արածը մեծավ մասամբ հակասում էր զինվորական կանոնադրությանը։

Այդ գեներալը հայտարարում էր, թե իրեն պետք չէ ոչ մի աուդիտոր, թե նա ինքը կգումարի դատական նիստը, ըստ որում երեք ժամից հետո մեղադրյալը պետք է կախված լինի։ Քանի դեռ գեներալը գտնվում էր ռազմաճակատում, նրա մոտ դաշտային դատարանների պակաս չէր զգացվում։

Ինչպես մի ուրիշը ամեն օր պետք է մի պարտիա շախմատ, բիլիարդ կամ թուղթ խաղա, այդպես էլ այդ հռչակավոր գեներալը ամեն օր պետք է դաշտային դատարանների շտապ նիստեր նշանակեր, որոնց նա նախագահում էր ու մեծագույն լրջությամբ և ուրախությամբ մեղադրյալին մատ հայտարարում։

Մարդ գերզգայուն լինելու դեպքում թերևս գրեր, թե այդ գեներալի խղճի վրա տասնյակ մարդկանց կյանք էր ծանրացած, մանավանդ արևելքում լինելուց հետո, որտեղ նա, իր ասելով, գալիցիական ուկրաինացիների մեջ պայքարել էր վելիկոռուսական ագիտացիայի դեմ։ Սակայն մենք չենք կարող ասել, թե առհասարակ նրա խղճի վրա կարող էր որևէ բան ծանրանալ, քանի որ խիղճ չուներ։

Հրամայելով իր դաշտային դատարանի վճռի հիման վրա կախել որևէ ուսուցչի, ուսուցչուհու, ուղղափառ քահանայի կամ մի ամբողջ ընտանիք, նա այնպես էր վերադառնում իր բնակարանը, ինչպես պանդոկից վերադառնում է խաղամոլը, գոհունակությամբ հիշելով, թե ինչպես էր խփում սրա կամ նրա թուղթը և տանում։

Կախելը նա համարում էր միանգամայն սովորական և բնական բան, յուրատեսակ հանապազօրյա հաց, և դատավճիռ արձակելիս շատ հաճախ թագավոր կայսրին մոռանում էր և փոխանակ ասելու, «Հանուն նորին կայսրական մեծության դուք դատապարտվում եք մահապատժի կախաղանի միջոցով», պարզապես հայտարարում էր․ «Ես ձեզ դատապարտում եմ․․․»։

Երբեմն նա կարողանում էր կախելու մեջ կոմիկական կողմ գտնել, որի մասին մի անգամ գրել էր Վիեննայում ապրող իր կնոջը, «․․․Դու, օրինակ, չես կարող պատկերացնել, ջանիկս, թե վերջերս ես ինչպես էի ծիծաղում։ Մի քանի օր առաջ մի ուսուցչի մահվան էի դատապարտել լրտեսության համար։ Այստեղ ես մի վարձված գրագիր ունեմ, որը կախելու մեծ պրակտիկա ունի։ Նրա համար դա յուրատեսակ սպորտ է։ Ես իմ վրանումն էի, երբ ասածս գրագիրը դատավճիռն ի կատար ածելու համար եկավ ինձ մոտ և հարցրեց․ «Որտե՞ղ կհրամայեիք ուսուցչին կախել»։ Ասում եմ․ «Կախել ամենամոտիկ ծառից»։ Եվ դու դրության կոմիզմը տես։ Չորս կողմը տափաստան է, խոտից բացի ոչինչ չի երևում, մեկ մղոն տարածության վրա ոչ մի ծառ չկա։ Բայց հրամանը հրաման է, ուստի գրագիրս վերցրեց ուսուցչին ու մի քանի պահակների հետ գնաց ծառ գտնելու։ Վերադարձան միայն երեկոյան, ուսուցիչն էլ հետները։ Գրագիրը եկավ մոտս և նորից հարցրեց․ «Ինչի՞ց կախեմ այդ ղոչիին»։ Հայհոյեցի նրան և հիշեցրի, որ արդեն հրամայել եմ կախել ամենամոտիկ ծառից։ Նա ասաց, թե առավոտյան կփորձի այդ բանն անել, իսկ առավոտյան եկավ բոլորովին սփրթնած, թե, գիտե՞ք, գիշերը ուսուցիչն անհետացել է։ Դա ծիծաղս այնպես շարժեց, որ ես ներեցի բոլոր նրանց, ովքեր ուսուցչի վրա հսկում էին։ Եվ դեռ կատակով ասացի, թե երևի ուսուցիչն ինքն է գնացել ծառ գտնելու։ Ինչպես տեսնում ես, ջանիկս, մենք այստեղ չենք ձանձրանում։ Պստլիկ Վիլլիին ասա, որ պապան համբուրում է նրան և շուտով նրա համար մի կենդանի ռուս կուղարկի։ Վիլլին նրան կհեծնի ու ձիուկի պես կքշի։ Հետո մի այսպիսի ծիծաղելի դեպք էլ եմ հիշում, ջանիկս։ Մի անգամ մի հրեայի կախել էինք լրտեսության համար։ Այդ սրիկային մենք պատահել էինք ճանապարհին, թեև նա այնտեղ անելու բան չուներ, արդարանում էր, թե սիգարետ էի ծխում։ Եվ ահա, նրան արդեն կախել էինք, բայց նա կախված մնաց ընդամենը մի քանի վայրկյան։ Հանկարծ պարանը կտրվեց, և նա ցած ընկավ, սակայն իսկույն ուշքի եկավ և ճչալով դիմեց ինձ․ «Պարոն գեներալ, ես գնում եմ տուն։ Դուք ինձ արդեն կախել եք, իսկ ըստ օրենքի միևնույն բանի համար երկու անգամ կախել չեք կարող»։ Ես սկսեցի քահ-քահ ծիծաղել, և հրեային բաց թողինք։ Մեզ մոտ, ջանիկս, կյանքն ուրախ է․․․»։

Երբ գեներալ Ֆինկին նշանակեցին Պերեմիշլի բերդի պարետ, նա այլևս այնքան էլ հաճախ չէր հնարավորություն ունենում այդպիսի կրկեսային ներկայացումներ սարքելու, ուստի և մեծ ուրախությամբ կպավ Շվեյկի գործին։

Հիմա Շվեյկը կանգնած էր այդ վագրի առաջ, որն երկար սեղանի հետևը, առաջին շարքում նստած, սիգարետ սիգարետի հետևից էր ծխում և հրամայում թարգմանել Շվեյկի պատասխանները, իսկ թարգմանելուց հետո խրախուսաբար գլուխը շարժում։

Մայորն առաջարկեց հեռագրով բրիգադին հարցում անել, թե ներկայումս որտե՞ղ է գտնվում Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ երթային վաշտը, որին պատկանում է մեղադրյալն ըստ նրա ցուցմունքների։

Գեներալը դեմ արտահայտվեց և ասաց, թե դրանով դատավճիռ արձակելու գործը կձգձգվի, մի բան, որ հակասում է տվյալ միջոցառման ոգուն։ Արդեն առկա է մեղադրյալի լրիվ խոստովանությունը, թե նա ռուսական համազգեստ է հագել, այնուհետև կա վկայի մի կարևոր ցուցմունք, ըստ որի մեղադրյալը խոստովանվել է, թե գտնվել է Կիևում։ Նա, գեներալը, առաջարկում է անհապաղ առանձնանալ խորհրդակցության, վճիռ կայացնել և անհապաղ ի կատար ածել։

Մայորն, այնուամենայնիվ, պնդում էր, թե անհրաժեշտ է պարզել մեղադրյալի անձնավորությունը, քանի որ դա քաղաքական բացառիկ նշանակություն ունեցող գործ է։ Պարզելով այդ զինվորի անձնավորությունը, կարելի կլինի բացահայտել նաև մեղադրյալի կապը իր նախկին ընկերների հետ այն զորամասում, որին նա պատկանել է։

Մայորը ռոմանտիկ երազող էր։ Նա ասում էր, թե պետք է ինչ-որ թելեր գտնել, թե մի մարդու դատապարտելը բավական չէ։ Դատավճիռը, ասում էր նա, հանդիսանում է լոկ հետևանք որոշակի հետաքննության, որն իր մեջ պարունակում է թելեր, իսկ այդ թելերը․․․ Նա վերջնականապես խճճվեց իր թելերի մեջ, բայց բոլորը նրան հասկացան և խրախուսաբար գլուխները շարժեցին, մինչև անգամ գեներալն ինքը, որին այդ թելերը շատ դուր եկան, քանզի պատկերացրեց, թե ինչպես մայորի թելերից կախվում են նոր դաշտային դատարաններ։ Այդ պատճառով նա այլևս չէր առարկում այն բանի դեմ, որ հարկավոր է բրիգադին հարցում անել և ստույգն պարզել, թե իսկապե՞ս Շվեյկը պատկանում է Իննսունմեկերորդ գնդին և արդյոք ե՞րբ, տասնմեկերորդ երթային վաշտի ո՞ր օպերացիայի ժամանակ է անցել ռուսների կողմը։

Շվեյկը վիճաբանությունների ընթացքում գտնվում էր միջանցքում, երկու սվինավոր զինվորների հսկողության տակ։ Հետո նրան նորից տարան դատարանի դահլիճը, կանգնեցրին դատավորների դեմ-դիմաց և մի անգամ էլ հարցրին, թե ո՞ր գնդից է։ Այնուհետև Շվեյկին տեղափոխեցին կայազորի բանտը։

Ձախողված դաշտային դատավարությունից տուն վերադառնալով, գեներալ Ֆինկը պառկեց դիվանի վրա և սկսեց խորհել, թե ինչպես արագացնի այդ պրոցեդուրան։

Նա հաստատ համոզված էր, որ պատասխանը շուտ կստանան, բայց, այնուամենայնիվ, դա այն արագությունը չէր, որով աչքի էին ընկնում նրա դատերը, քանի որ դատավճիռ արձակելուն դեռ հետևելու էր դատապարտյալին հոգևոր մխիթարություն տալու արարողությունը, որի պատճառով դատավճիռն ի կատար ածելը երկու ավելորդ ժամ պիտի ուշանար։

— Ասենք, միևնույն է,— որոշեց գեներալ Ֆինկը։— Մենք կարող ենք նրան հոգևոր մխիթարություն տալ դեռևս վճիռ կայացնելուց առաջ, նախքան բրիգադից տեղեկություն ստանալը։ Մի բան որ կախվելու է։

Գեներալ Ֆինկը հրամայեց իր մոտ կանչել ֆելդկուրատ Մարտինեցին։ Սա մի դժբախտ կրոնուսույց էր, կապելլան, Մորավիայի ինչ-որ տեղից եկած։ Առաջ նա ծառայել էր մի այնպիսի անբարո ֆարարի ձեռքի տակ, որ գերադասել էր բանակ գնալ։ Այս նոր ֆելդկուրատը իսկական կրոնասեր մարդ էր, սրտի դառնությամբ էր հիշում իր ֆարարին, որը դանդաղորեն, բայց հաստատապես գնում էր դեպի կործանում։ Նա հիշում էր, թե ինչպես իր ֆարարը սալորօղին խմում էր մինչև գիտակցությունդ կորցնելը և մի գիշեր զոռով ուզում էր նրա անկողինը խոթել մի թափառական գնչուհու, որին գտել էր գյուղից դուրս, երբ օրորվելով վերադառնալիս էր եղել օղեգործարանից։

Ֆելդկուրատ Մարտինեցը հույս ուներ, որ ռազմի դաշտում վիրավորներին ու մեկնողներին մխիթարելով՝ կկարողանա քավել մեղքերն իր կնամոլ ֆարարի, որն ուշ գիշերին տուն վերադառնալով՝ բազմիցս նրան արթնացրել ու ասել էր․

― Ենիչեկ, Ենիչեկ, մի թմբլիկ աղջիկ լիներ՝ էլ բան չէի ուզի։

Նրա հույսերը չէին արդարանում։ Նրան շարունակ մի կայազորից մի այլ կայազոր էին քշում, որտեղ նա, ընդամենը երկու շաբաթը մի անգամ, կայազորի եկեղեցում պատարագից առաջ պետք է կայազորի զինվորներին քարոզ տար և պայքարեր սպայական ժողովարանից ծայր առնող գայթակղությունների դեմ, իսկ այդ ժողովարանում այնպիսի բաներ էին խոսում, որոնց համեմատությամբ նրա ֆարարի «չաղլիկ աղջիկներ»-ը պահապան-հրեշտակին ուղղված անմեղ աղոթք էր թվում։

Սովորաբար նրան գեներալ Ֆինկի մոտ կանչում էին ռազմաճակատում տեղի ունեցող մեծ օպերացիաների ժամանակ, երբ հարկավոր էր հանդիսավորապես տոնել ավստրիական բանակի հերթական հաղթանակը։ Գեներալ Ֆինկը դաշտային հանդիսավոր պատարագներ էր կազմակերպում նույն այն բավականությամբ, որով և դաշտային դատավարություններ սարքում։

Այդ սատանա Ֆինկն այնքան թունդ էր նվիրված Ավսարիային, որ գերմանական կամ թուրքական զենքի հաղթանակի համար չէր աղոթում։ Երբ գերմանացիները ֆրանսիացիների կամ անգլիացիների վրա հաղթանակ էին տանում, եկեղեցու բեմը լռում էր։

Ռուսական ավանպոստի հետ ավստրիական հետախուզական պարեկի ամենաաննշան, թեկուզ և հաջող ընդհարումը շտաբն ուռեցնում էր օճառի վիթխարի պղպջակի պես, այն դարձնելով ռուսական մի ամբողջ կորպուսի պարտություն, և դա գեներալ Ֆինկին հանդիսավոր ժամերգություններ սարքելու առիթ էր ընծայում։ Եվ տարաբախտ ֆելդկուրատ Մարտինեցն այնպիսի տպավորության էր ստացել, թե գեներալ-բերդակալ Ֆինկը միաժամանակ Պերեմիշլի կաթոլիկ եկեղեցու գլուխն է։

Գեներալ Ֆինկն անձամբ ինքն էր տնօրինում ժամերգության ծիսակարգը, որպեսզի ամեն անգամ այդ ժամերգությունը կատարվեր «տիրոջ մարմնո և արյան» տոնի նմանությամբ։

Բացի դրանից, գեներալ Ֆինկը սովորություն ուներ սուրբ մասունքները օրհնաբանելուց հետո ձիով քառատրոփ մոտենալ զոհասեղանին և երիցս գոչել․ «Ուռա՜, ուռռա՜, ուռռա՜»։

Ֆելդկուրատ Մարտինեցը, լինելով բարեպաշտ ու առաքինի, մեկն այն քչերից, որոնք դեռևս աստծուն հավատում էին, չէր սիրում գեներալ Ֆինկի մոտ գնալ։

Բերդի գեներալ Ֆինկը ֆելդկուրատին անհրաժեշտ հրահանգներ էր տալիս, ապա հրամայում նրա բաժակը որևէ թունդ խմիչք լցնել, հետո սկսում էր Մարտինեցին պատմել այն նորագույն անեկդոտները, որ քաղում էր «Lustige Blätter» ժուռնալի՝ հատկապես բանակի համար հրատարակած տխմարագույն ժողովածուներից։

Այդ գրքույկները, որոնցից գեներալը մի ամբողջ գրադարան էր կազմել, ունեին այսպիսի տխմար վերնագրեր․ «Հումոր աչքի և ականջի համար՝ զինվորի պայուսակի մեջ», «Հինդենբուրգի անեկդոտները», «Հինդենբուրգը հումորի հայելու մեջ», «Հումորի երկրորդ պայուսակ, որ լցրել է Ֆելիքս Շլեմպերը», «Մեր գուլյաշային թնդանոթից», «Խրամատներից հանված հյութեղ նռնակաբեկորներ» կամ, օրինակ, այսպիսի անհեթեթ անուններ․ «Երկգլխանի արծվի տակ», «Թագավորական կայսրական դաշտային խոհանոցում պատրաստված վիեննական շնիցելը տաքացրեց Արթուր Լոկեշը»։

Երբեմն գեներալը երգում էր «Wir müssen siegen»[12] ժողովածուից քաղած զինվորի ուրախ երգեր, ընդ որում անվերջ որևէ թունդ բան էր լցնում բաժակները, ֆելդկուրատին ստիպելով խմել և իր հետ միասին բղբղալ։ Այնուհետև սկսում էր անպարկեշտ բաներ խոսել, որի ընթացքում ֆելդկուրատ Մարտինեցը կարոտով հիշում էր իր ֆարարին, որն իր լկտիախոսությամբ գեներալ Ֆինկին բնավ չէր զիջում։

Ֆելդկուրատ Մարտինեցը սարսափով նկատում էր, որ ինչքան հաճախ է հյուր գնում գեներալ Ֆինկին, այնքան ավելի է բարոյապես ընկնում։

Այդ դժբախտ մարդուն սկսել էին դուր գալ այն լիկյորները, որ խմում էր գեներալի տանը։ Նա հետզհետե սկսել էր գեներալի ասածներից հաճույք ստանալ։ Նրա երևակայությանը ներկայանում էին անբարո տեսարաններ, և ոստայնապատ շշերում հանգչող գիհօղու, սնձօղու և հին գինու սիրույն, որոնցով նրան հյուրասիրում էր գեներալ Ֆինկը, ֆելդկուրատն աստծուն մոռանում էր։ Հիմա նրա աղոթագրքի տողերի արանքում պարում էին գեներալի անեկդոտների «աղջիկները»։ Նվազում էր այն նողկանքը, որ նա զգում էր գեներալին այցելելիս։

Գեներալը սիրեց ֆելդկուրատ Մարտինեցին, որը սկզբում նրա մոտ եկել էր սուրբ Իգնատիոս Լոուոլի պես մաքուր, իսկ հետո համակերպվել գեներալի շրջապատին։

Մի անգամ գեներալը իր մոտ էր կանչել դաշտային հոսպիտալի երկու գթության քույրերի։ Սրանք, իսկապես ասած, հոսպիտալում չէին ծառայում, այլ միայն կցագրված էին նրան, որպեսզի ռոճիկ ստանային, և միաժամանակ, ինչպես հաճախ պատահում էր այն ծանր ժամանակներում, փող վաստակեին պոռնկությամբ։ Գեներալը հրամայել էր կանչել ֆելդկուրատ Մարտինեցին, որն այնպես խճճվեց սատանայի լարած որոգայթի մեջ, որ կեսժամյա սիրախաղից հետո փոխեց երկու դամաներին էլ, ըստ որում այնպես կրակ կտրեց, որ դիվանի վրայի բարձը թքի մեջ կորցրեց։ Դրանից հետո նա երկար ժամանակ ինքն իրեն կշտամբում էր իր այդ անբարոյական վարմունքի համար։ Նա իր մեղքը չկարողացվ քավել նույնիսկ նրանով, որ այդ գիշեր տուն վերադառնալիս զբոսայգում սխալմամբ ծունկ չոքեց ճարտարապետ և քաղաքագլուխ՝ մեկենաս պան Գրաբովսկու արձանի առաջ, այն Գրաբովսկու, որը ութսունական թվականներին Պերեմիշլին մեծ ծառայություններ էր մատուցել։

Այդ ժամանակ զինվորական պարեկի ոտնաձայները միացել էին նրա այս ջերմեռանդ խոսքերին․

«— Խիստ մի դատիր ծառային քո, քանզի դատաստանիդ առաջ չի լինի ոչ մի անմեղ, եթե ներում չտաս մեղքերին նոցա։ Եվ թող խիստ լինի վճիռը քո։ Օգնություն եմ հայցում ես քեզնից, տեր, և քեզ հանձնում հոգին իմ»։

Այդ օրից ի վեր, երբ նրան կանչում էին գեներալ Ֆինկի մոտ, նա հաճախ փորձում էր երկրային բոլոր հաճույքներից հրաժարվել, պատճառաբանելով, թե ստամոքսն հիվանդ է։ Նա հավատում էր, որ փրկության համար ասած այդ սուտը իր հոգին կազատի դժոխքի տանջանքներից, բայց միաժամանակ գտնում էր, թե իրեն խմել պարտավորեցնում է զինվորական կարգապահությունը․ եթե գեներալը նրան առաջարկում է, թե՝ «Խմիր, ընկեր», ապա պետք է խմել, թեկուզ հենց պետին հարգած լինելու համար։

Ասենք, միշտ չէր, որ նրան հաջողվում էր գայթակղությունից խուսափել, մանավանդ հանդիսավոր դաշտային ժամերգությունհերից հետո, երբ գեներալը կայազորի դրամարկղի հաշվին առավել հանդիսավոր խնջույքներ էր սարքում, որոնց ծախքերը հետո ֆինանսական բաժնում միասնաբար կոծկում էին, որպեսզի իրենք էլ մի բան չանթեին։ Այդպիսի հանդիսույթներից հետո ֆելդկուրատին թվում էր, թե ինքը աստծո առաջ բարոյապես թաղված է, և դա նրան սարսուռ էր պատճառում։

Նա քայլում էր ասես անզգայորեն և, այդ քաոսի մեջ չկորցնելով հավատն առ աստված, միանգամայն լրջորեն սկսել էր մտածել, թե արդյոք անհրաժե՞շտ չէ, որ ամեն օր սիստեմատիկորեն ինքն իրեն ձաղկի։

Այդպիսի տրամադրության մեջ էլ նա գնաց գեներալի մոտ։

Գեներալը, ուրախ և շողշողուն, դուրս եկավ նրան ընդառաջ և ասաց․

— Լսե՞լ եք իմ դաշտային դատի մասին։ Կախելու ենք ձեր հայրենակիցներից մեկին։

Լսելով «հայրենակից» բառը, ֆելդկուրատը մի տառապալի հայացք նետեց գեներալի վրա։ Նա արդեն մի քանի անգամ հերքել էր այն վիրավորական ենթադրությունը, թե իբր ինքը չեխ է, և բազմիցս բացատրել, որ իրենց մորավիական ծխի մեջ մտնում է երկու գյուղ մեկը չեխական, մչուսը՝ գերմանական, և որ ինքը հաճախ ստիպված է լինում մի շաբաթ քարոզ կարդալ չեխերի, մի շաբաթ գերմանացիների համար, բայց քանի որ չեխական գյուղում ոչ մի չեխական դպրոց չկա, այլ կա միայն գերմանական, ապա երկու գյուղերում էլ ինքը կրոնը պետք է դասավանդի գերմաներեն և, հետևապես, բնավ չեխ չէ։ Մի անգամ այդ համոզիչ փաստարկը ճաշասեղանի մոտ նստած մայորին առիթ տվեց ասելու, թե այդ մորավիացի ֆելդկուրատը պարզապես մանրավաճառի կրպակ է։

— Պարդոն,— ներողություն խնդրեց գեներալը,— մոռացել էի, նա ձեր հայրենակիցը չէ։ Չեխ փախստակ է, դավաճան, ծառայել է ռուսներին և պետք է կախվի։ Սակայն առայժմ սոսկ ձևականության համար պարզում ենք նրա անձնավորությունը։ Բայց դա կարևոր չէ, նա կկախվի անհապաղ, հենց որ հեռագրով պատասխան գա։

Ֆելդկուրատին դիվանի վրա նստեցնելով իր կողքին, գեներալը աշխուժորեն շարունակեց․

— Եթե ինձ մոտ դաշտային դատարան է, ապա ամեն ինչ պետք է կատարվի արագ, ինչպես դաշտային դատարանում։ Արագություն — ահա իմ սկզբունքը։ Պատերազմի սկզբում ես գտնվում, էի Լվովից դենը և այնպիսի արագության էի հասել, որ մի սրիկայի կախեցինք վճիռն արձակելուց երեք րոպե հետո։ Ի դեպ, նա հրեա էր, իսկ մի ռուսինի կախեցինք խորհրդակցությունից հինգ րոպե հետո։

Գեներալը բարեսրտորեն ծիծաղեց․

— Պատահմունքի բերումով երկուսն էլ հոգևոր մխիթարության կարիք չունեին։ Հրեան ռաբբի էր, իսկ ոուսինը՝ քահանա։ Հիմա բանն ուրիշ է․ կաթոլիկ ենք կախելու։ Եվ ես մի հիանալի միտք եմ հղացել։ Հետո հապաղած չլինելու համար դուք նրան հոգևոր մխիթարություն կտաք նախապես, որպեսզի, ինչպես հենց նոր ձեզ բացատրեցի, չհապաղենք։

Գեներալը զանգը հնչեցրեց ու սպասյակին հրամայեց․ «Բեր երեկվա մարտկոցից երկուսը»։

Մի րոպե հետո ֆելդկուրատի համար մի լիքը բաժակ գինի լցնելով, նա քաղցրաբար ասաց․

— Խմեցեք հոգևոր մխիթարության գնալուց առաջ։

Այդ ահեղ ժամին այն վանդակապատ լուսամուտից, որի հետևում մահճակի վրա նստած էր Շվեյկը, լսվեց նրա երգը․

Մենք զինվոր ենք, քաջ ենք մենք,
Ինչքան ասես փող ունենք,
Սիրուներն են մեզ սիրում,
Ամեն տեղ լավ ընդունում։
Ցա-րա-րա․․․ Ein-zwei!

Հոգևոր մխիթարություն

Ֆելդկուրատ Մարտինեցը ոչ թե մտավ, այլ բառիս իսկական իմաստով ներս ճախրեց Շվեյկի մոտ, ինչպես պարուհին բեմ մտնելիս։ Այդ սրտաշարժ րոպեին երկնային բարյաց փափագը և մի շիշ հին «Հումպոլդսկիրհենը» նրան դարձրել էին փետուրի պես թեթև։ Նրան թվում էր, թե այդ սրբազան պահին մոտենում է աստծուն, մինչդեռ մոտենում էր Շվեյկին։

Նրա հետևից դուռը կողպեցին և նրանց մենակ թողին։ Ֆելդկուրատը խանդավառությամբ դիմեց մահճակի վրա նստած Շվեյկին.

― Սիրեցյալ որդիդ իմ, ես ֆելդկուրատ Մարտինեցն եմ։

Ամբողջ ճանապարհին նրան թվացել էր, թե դիմելու այդ ձևը տվյալ պահի համար ամենից հարմարն է և հայրականորեն սրտառուչ։

Շվեյկը վեր կացավ իր մահճակի վրայից, ֆելդկուրատի ձեռքն ամուր սեղմեց ու ասաց․

— Շատ ուրախ եմ, ես էլ Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ վաշտի հանձնակատար Շվեյկն եմ։ Մեր զորամասը վերջերս տեղափոխեցին Լեյտի Բրուկ։ Նստեցեք, պարոն ֆելդկուրատ, և պատմեցեք, թե ձեզ ինչի համար են նստեցրել։ Դուք, ինչքան չլինի, սպայի աստիճան ունեք, և պետք է նստեիք կայազորի բանտում, և ոչ թե այստեղ, ուր մահճակները ոջլոտ են։ Ճիշտն ասած, երբեմն մարդ ինքն էլ չի իմանում, թե որտեղ պետք է նստի։ Պատահում է, որ գրասենյակում շփոթում են կամ պատահմամբ է այդպես լինում։ Մի անգամ, պարոն ֆելդկուրատ, կալանքի տակ էի Բուդեյովիցիում, գնդի բանտում, և ինձ մոտ մի դերակալ-կադետ բերին։ Այդ դերակալ-կադետ ասածը ֆելդկուրատի պես բան է. ո՛չ սպա է, ո՛չ զինվոր, զինվորների վրա սպայի պես բղավում է, բայց երբ նրան մի բան է պատահում՝ նստեցնում են հասարակ զինվորների հետ։ Դրանք, ճիշտ ասած, պարոն ֆելդկուրատ, ընկեցիկների վիճակում էին. սնվելու համար նրանց ենթասպաների խոհանոցին չէին կցում, զինվորների խոհանոցից էլ կերակրվելու իրավունք չունեին, քանի որ աստիճանով բարձր էին, սպայական սնունդ էլ չէին ստանում։ Այդ ժամանակ նրանք հինգ հոգի էին։ Սկզբում զինվորների կանտինայում[13] միայն շոռ-մոռ էին ուտում, քանի որ նրանց համար այնտեղ սննդաբաժին չէր ստացվում։ Հետո այդ գործին խառնվեց ավագ-լեյտենանտ Վուրմը և նրանց արգելեց զինվորների կանտինան գնալ, թե իբր դա անհամատեղելի է դերակալ-կադետի պատվի հետ։ Է՛, ի՞նչ պիտի անեին, քանի որ չէին թողնում նաև սպայական կանտինան մտնել։ Այդպես կախված էին երկնքի և երկրի արանքում և մի քանի օրվա մեջ այնքան էին հոգեմաշ եղել, որ նրանցից մեկը իրեն գցեց Մալշա գետը, իսկ մի ուրիշը գնդից փախավ և երկու ամիս անց մի նամակ ուղարկեց զորանոց, որով հայտնում էր, թե Մարոկկոյում զինվորական մինիստր է դարձել։ Մնացել էին չորսը։ Մալշայի մեջ նետված դերակալ-կադետին փրկել էին։ Իրեն ջուրը գցելիս նա հուզմունքից մոռացել էր, որ լողալ գիտե և որ լողի քննությունը գերազանց է հանձնել։ Նրան պառկեցրին հիվանդանոցում, բայց այնտեղ էլ չգիտեին, թե ինչպես վարվեն. սպայակա՞ն վերմակ գցեն վրան թե հասարակ։ Ի վերջո այսպիսի ելք գտան։ Ոչ մի վերմակ չտվին և փաթաթեցին թաց սավանի մեջ, այնպես որ կես ժամ հետո նա խնդրեց, որ թույլ տան նորից գնալ զորանոց։ Ա՛յ հենց դրան, դեռ բոլորովին թաց-թաց, նստացրին ինձ հետ։ Նստեց մի չորս օր և երանության մեջ էր, քանի որ սնունդ էր ստանում, ճիշտ է՝ կալանավորի, բայց և այնպես սնունդ։ Նա, ինչպես ասում են, իր ոտքերի տակ ամուր հող էր զգում։ Հինգերորդ օրն եկան նրան տանելու, իսկ տանելուց կես ժամ անց նա վերադարձավ գլխարկը վերցնելու և ուրախությունից լաց էր լինում։ Եվ ինձ ասաց. «Վերջապես մեր մասին, որոշում եկավ։ Այսօրվանից դերակալ-կադետներիս հաուպտվախտ կնստեցնեն սպաների հետ։ Սնունդի համար արժեքից ավելի կվճարենք սպայական խոհանոցին, իսկ մեզ կկերակրեն այն բանից հետո, երբ սպաները կուշտ ուտեն-պրծնեն։ Կքնենք ստորին աստիճանավորների հետ, սուրճ կստանանք սպայական խոհանոցից, իսկ թութուն՝ զինվորների հետ»։

Ֆելդկուրատ Մարտինեցը միայն հիմա ուշքի եկավ և Շվեյկի խոսքն ընդհատեց մի ֆրազով, որի բովանդակությունը ոչ մի առնչություն չուներ մինչ այդ տեղի ունեցած խոսակցության հետ.

— Այո՛, այո՛, սիրեցյալ որդիդ իմ, երկնքի և երկրի միջև կան բաներ, որոնց մասին պետք է խորհել բոցավառ սրտով և կատարյալ հավատով առ ողորմածն աստված։ Քեզ եմ գալիս, սիրեցյալ որդիդ իմ, հոգևոր մխիթարությամբ։

Նա լռեց, քանի որ իր մխիթարությունը մի տեսակ գլուխ չէր գալիս։ Ճանապարհին նա խորհել ու կազմել էր պլանն իր ճառի, որը հանցագործին պետք է մտածել տար իր կյանքի մասին և այն համոզմունքը ներշնչեր, թե նրա բոլոր մեղքերին երկնքում թողություն կտրվի, եթե զղջա և դրանց համար անկեղծորեն վշտանա։

Մինչ նա մտածում էր, թե ինչպես անցնի հիմնական թեմային, Շվեյկը նրան կանխեց, հարցնելով, թե արդյոք սիգարետ չունի՞։

Ֆելդկուրատ Մարտինեցը մինչև հիմա ծխել չէր սովորել։ Դա այն վերջին բանն էր, որ նա պահպանել էր իր նախկին ապրելակերպից։ Մի անգամ, երբ գեներալ Ֆինկի մոտ հյուր եղած ժամանակ գլուխը սկսել էր դժժալ, փորձել էր մի սիգար ծխել, բայց իսկույն փսխել էր և այդ ժամանակ նրան թվացել էր, թե պահապան-հրեշտակն էր նախազգուշաբար իր կոկորդը խուտուտ ավել։

— Չեմ ծխում, սիրեցյալ որդիդ իմ,— արտակարգ արժանապատվությամբ պատասխանեց նա Շվեյկին։

— Զարմանում եմ,— ասաց Շվեյկը,— ես ծանոթ եմ շատ ֆելդկուրատների, իսկ նրանք ծուխն այնպես էին փչում, որ Զլիհովի օղեգործարանը ձեզ օրինակ։ Առհասարակ չեմ պատկերացնում, թե ֆելդկուրատն ինչպես կարող է չծխել ու չխմել։ Մեկին գիտեի, որ չէր ծխում, բայց փոխարենը թութուն էր ծամում և քարոզ կարդալիս ամբողջ ամբիոնը թուք դարձնում։ Դուք որտեղացի՞ եք, պարոն ֆելդկուրատ։

— Յիչինցի,― կոտրված ձայնով պատասխանեց կայսրական թագավորական տեր հայր Մարտինեցը։

— Որ այդպես է, պարոն ֆելդկուրատ, երևի Ռուժենա Գաուդրսովային կճանաչեք։ Նախանցյալ տարի նա ծառայում էր Պրագայի գինետներից մեկում, որ գտնվում է Պլանտերսկա փողոցի վրա, և միանգամից տասնութ մարդու դատի տվեց ու ալիմենտ պահանջեց, որովհետև ջուխտակ էր ծնել։ Երկվորյակներից մեկի մի աչքը կապույտ էր, մյուսը՝ շագանակագույն, իսկ երկրորդի մի աչքը գորշ, մյուսը սև։ Այդ պատճառով նա ենթադրում էր, թե գործին խառն են այդպիսի աչքեր ունեցող չորս պարոններ։ Այդ պարոններն այցելում էին ասածս գինետունը և նրա հետ գործ-մործ էին ունեցել։ Բացի դրանից, երկվորյակներից մեկի մի ոտքը ծուռ էր քաղաքապետարանի խորհրդականներից մեկի ոտքի պես,— այդ խորհրդականն էլ էր այցերում գինետունը,— իսկ երկրորդի ոտքը վեց մատ ուներ, ինչպես գինետան մշտական հաճախորդ դեպուտատի ոտքը։ Հիմա պատկերացրեք, պարոն ֆելդկուրատ, որ նրա հետ հյուրանոցներ ու մասնավոր բնակարաններ էին գնացել տասնութ այդպիսի այցելուներ և երկվորյակների վրա յուրաքանչյուրից որևէ նշան էր մնացել։ Դատարանը վճռեց, որ այդպիսի խառնակության պայմաններում դժվար է որոշել, թե հայրն ով է։ Այն ժամանակ Ռուժենան ամբողջ մեղքը բարդեց գինետան տիրոջ վրա, որի մոտ ծառայում էր, և նրա դեմ հայց ներկայացրեց։ Սակայն գինետան տերն ապացուցեց, որ ինքն արդեն քսան տարուց ավելի, ներքին վերջավորությունների բորբոքման պատճառով արված վիրահատությունից հետո, սեռապես անկար է։ Ի վերջո Ռուժենային, պարոն ֆելդկուրատ, քշեցին ձեզ մոտ՝ Նովի Յիչին։ Եվ այստեղից խրատ. շատի հետևից վազողի ձեռքը բան չի ընկնի։ Նա պետք է մեկի օձիքից բռներ և դատարանի առաջ չպնդեր, թե երկվորյակներից մեկը դեպուտատից է, մյուսը քաղաքապետարանի խորհրդականից։ Պետք է ասեր, թե դրանցից մեկից է, և վերջ։ Երեխայի ծնվելու ժամանակը հեշտ է հաշվել, ամսի այսինչ օրը այս մարդու հետ եղել եմ հյուրանոցում, իսկ այսինչ ամսի այսինչ օրը երեխա ծնել։ Իհարկե, եթե ծնունդը նորմալ է եղել, պարոն ֆելդկուրատ։ Այդպիսի հյուրանոցներում մի հնգանոցով միշտ էլ կարելի է վկա գտնել, օրինակ, մի դռնապան կամ աղախին, որոնք ձեզ կերդվեն, թե այն գիշերը այն մարդն իսկապես նրա հետ եղել է և դեռ աստիճաններից իջնելիս Ռոժենան նրան ասել է. «Բա որ բան-ման լինի՞», իսկ նա պատասխանել է. «Մի վախենա, իմ կանիմուրա, երեխայի մասին ես հոգ կտանեմ»։

Ֆելդկուրատը մտածմունքի մեջ ընկավ։ Հիմա հոգևոր մխիթարությունը նրան այնքան էլ հեշտ գործ չէր թվում, թեև նախապես պլանավորել էր, թե ինչպես և ինչի մասին պետք է խոսեր սիրեցյալ որդու հետ. նա պետք է խոսեր այն անսահման ողորմածության մասին, որ կցուցաբերվի ահեղ դատաստանի օրը, երբ բոլոր զինվորական հանցագործները գերեզմաններից դուրս կգան պարանները վզներին։ Եթե նրանք զղջացած լինեն, ապա բոլորը ներում կստանան, ինչպես նոր Կտակարանի «խոհեմ ավազակը»։

Նա պատրաստել էր, թերևս, ամենասրտառուչ հոգևոր մխիթարություններից մեկը, որը պետք է կազմված լիներ երեք մասից։ Նախ պիտի զրուցեր այն մասին, թե կախաղանի միջոցով մեռնելը թեթև կթվա, եթե մարդ աստծո հետ լիովին հաշտ լինի։ Ռազմական օրենքը պատժում է թագավոր կայսրին դավաճանելու համար, որը բոլոր զինվորների հայրն է, այնպես որ զինվորի ամենաաննշան զանցանքը պետք է դիտվի որպես հայրասպանություն, որպես հոր դեմ ուղղված վիրավորանք։ Այնուհետև նա ցանկանում էր զարգացնել իր այն տեսությունը, թե թագավոր կայսրը աստծո օծյալն է, որ ինքն աստված նրան նշանակել է աշխարհիկ գործերր վարելու համար, ինչպես հռոմի պապը նշանակված է հոգևոր գործերի համար։ Կայսրին դավաճանելը նշանակում է դավաճանել հենց աստծուն։ Այդպիսով, զինվորական հանցագործին, բացի կախաղանից, սպասում են հավիտենական տանջանքներ և հավիտենական նզովք։ Սակայն եթե աշխարհիկ արդարադատությունը, զինվորական կարգապահության բերումով, չի կարող վճիռը չեղյալ հայտարարել, ապա ինչ վերաբերվում է մյուս պատժին, այսինքն հավիտենական տանջանքներին, այդտեղ դեռ ամեն ինչ կորած չէ։ Այս դեպքում մարդ կարող է պատժից խուսափել մի փայլուն քայլով՝ ապաշխարհությամբ։

Ֆելդկուրատը պատկերացնում էր այն հուզիչ տեսարանը, որից հետո այնտեղ, երկնքում, կջնջեն բոլոր այն նշումները, որ արվել են՝ Պերեմիշլում գեներալ Ֆինկի բնակարանում նրա գործած մեղքերի և արարքների համար։

Նա պատկերացնում էր, թե ինչպես վերջում դատապարտյալի վրա կգոռա. «Զղջա՛, որդյակդ իմ, ինձ հետ միասին ծունր դիր։ Կրկնիր ինձ հետ, որդյակդ իմ»։ Իսկ հետո այդ գարշահոտ ու ոջլոտ խցիկում կհնչի սույն աղոթքը. «Տե՛ր, միայն քեզ է վայել ողորմալ ու ներել մեղսավորին։ Աղերսանոք թախանձում եմ քեզ զինվոր այսինչի (տալիս է անունը) հոգու համար, որին դու հրամայել ես լքել այս աշխարհը համաձայն Պերեմիշլի ռազմադաշտային դատարանի վճռի։ Ներում պարգևիր այս զինվորին, որը քո ոտքն է ընկել, ազատիր նրան դժոխքի տանջանքներից և թույլ տուր ճաշակել հավիտենական խնդությունը քո»։

— Թույլ տվեք ասել, պարոն ֆելդկուրատ, դուք արդեն հինգ րոպե լուռ եք, կարծես ձեր բերանը ջուր եք առել, խոսելու սիրտ չունեք։ Իսկույն երևում է, որ առաջին անգամ եք կալանքի տակ առնվել։

— Ես եկել եմ,— լրջորեն ասաց ֆելդկուրատը,— հոգևոր մխիթարության համար։

— Զարմանում եմ, պարոն ֆելդկուրատ, թե ինչու եք մի գլուխ այդ հոգևոր մխիթարությունից խոսում։ Ես, պարոն ֆելդկուրատ, ի վիճակի չեմ ձեզ որևէ մխիթարություն տալու։ Դուք ոչ առաջին, ոչ էլ վերջին ֆելդկուրատն եք, որ բանտ է ընկնում։ Բացի դրանից, պարոն ֆելդկուրատ, ես, ճիշտն ասած, խոսելու այնպիսի ձիրք չունեմ, որ կարողանամ ծանր պահին մարդ մխիթարել։ Մի անգամ փորձեցի, բայց այնքան էլ սահուն դուրս չեկավ։ Հապա մոտ նստեցեք, ձեզ մի բան պատմեմ։ Երբ ես ապրում էի Օպատովսկա փողոցում, Ֆաուստին անունով մի բարեկամ ունեի, հյուրանոցի բարապան էր, շատ պատվական անձնավորություն։ Ազնիվ, ջանասեր մարդ էր։ Բոլոր փողոցային աղջիկներին իր հինգ մատի պես գիտեր։ Ցերեկվա ու գիշերվա որ ժամին էլ ուզեիք, պարոն ֆելդկուրատ, կարող էիք գնալ նրա մոտ՝ հյուրանոց, և բավական էր ասեինք. «Պան Ֆաուստին, ինձ աղջիկ է պետք»։ Նա հանգամանորեն ձեզ հարցուփորձ կաներ, թե ինչպիսի կին եք ուզում՝ շիկահե՞ր թե սևահեր, կարճահասա՞կ թե բարձրահասակ, լղա՞ր թե չաղ, գերմանուհի՞, լեհուհի՞ թե հրեուհի, մարդաթո՞ղ, չամուսնացա՞ծ թե ամուսնացած, կրթվա՞ծ թե անկիրթ։

Շվեյկը մտերմավարի հպվեց ֆելդկուրատին և, նրա իրանը գրկելով շարունակեց․

— Ենթադրենք, պարոն ֆելդկուրատ, թե ասել եք, որ կցանկանայիք կինը լիներ շիկահեր, երկար ոտքերով, այրի, անկիրթ։ Տասը րոպե հետո այդ կինը կլիներ ձեր անկողնում, ծննդականն էլ ձեռքին։

Ֆելդկուրատն անհարմարությունից քրտնել էր, իսկ Շվեյկը, մայրական գորովանքով նրան իր կրծքին սեղմելով, շարունակում էր.

— Դուք չեք կարող պատկերացնել, պարոն ֆելդկուրատ, թե այդ Ֆաուստինը որքան խոր հասկացողություն ուներ բարոյականության և ազնվության մասին։ Այն կանանցից, որոնց մարդու էր տալիս և տանում համարները, նա ոչ մի կրեյցեր ընծայափող չէր վերցնում։ Իսկ երբ պատահում էր, որ այդ ընկած կանանցից մեկն ու մեկը մոռանում և ուզում էր նրա ձեռքը մանր դրամ խոթել, այն ժամանակ պետք էր տեսնել, թե նա ինչպես էր բարկանում և գոռում, «Խոզի մեկը խոզ, եթե դու վաճառում ես մարմինդ և մահացու մեղք գործում, ապա մի կարծիր, թե քո տասը հելլերը ինձ մի օգուտ կտա։ Ես քեզ համար կավատ չեմ, անամո՛թ բոզ։ Ես դա անում եմ միայն քեզ խղճալով, որպեսզի այդքան ընկնելուց հետո քո խայտառակությունը հրապարակ չհանես, որպեսզի գիշերը պարեկը քեզ չբռնի և որպեսզի հետո ստիպված չլինես ոստիկանատանը երեք օր նստել։ Այստեղ գոնե տաք տեղում ես և ոչ ոք չի տեսնում, թե դու մինչև ուր ես հասել»։ Նրանցից բան վերցնել չէր ցանկանում և չվերցրած փողը ետ էր բերում պատվիրատուների հաշվին։ Նա իր սակագինն ուներ, կապույտ աչքերն արժեին տասը կրեյցեր, սևերը՝ տասնհինգ։ Մի թղթի կտորի վրա ամեն ինչ գրում-հաշվում էր ամենայն մանրամասնությամբ և այցելուին ներկայացնում որպես հաշիվ։ Միջնորդության համար դրանք շատ մատչելի գներ էին։ Անկիրթ կնոջ համար նա գնի վրա տասը կրեյցեր հավելում էր անում, ելնելով իր այն սկզբունքից, թե հասարակ կնիկն ավելի շատ հաճույք կպատճառի, քան որևէ կրթված կին։ Մի երեկո պան Ֆաուստինը եկավ ինձ մոտ, Օպատովսկա փողոցը, եկավ չափազանց հուզված, գլուխը կորցրած, կարծես հենց նոր հանել էին տրամվայի պահպանական ցանցի տակից և այդ ժամանակ ժամացույցն էլ գողացել։ Սկզբում ոչինչ չասաց, միայն գրպանից մի շիշ ռոմ հանեց, խմեց, հետո շիշը տվեց ինձ, թե․ «Խմի՛ր»։ Այդպես երկուսս էլ լուռ էինք, իսկ երբ ամբողջ շիշը խմեցինք-պրծանք, հանկարծ ասաց. «Բարեկամս, եկ ինձ մի լավություն արա։ Բաց արա փողոցի կողմի լուսամուտը, թող ես նստեմ լուսամատի գոգին, իսկ դու բռնիր ոտքերիցս ու չորրորդ հարկից ցած նետիր։ Այլևս կյանքից սպասելիք չունեմ։ Միակ մխիթարությունս այն է, որ մի հավատարիմ բարեկամ գտնվեց, որն ինձ այս աշխարհից ճանապարհ կդնի։ Այլևս այս աշխարհում ապրել չեմ կարող։ Ինձ, ազնիվ մարդուս, դատի են տվել հրեական թաղամասի ամենահետին միջնորդի պես։ Մեր հյուրանոցը առաջնակարգ է։ Բոլոր երեք աղախիններն ու կինս դեղին տոմսեր ունեն և բժշկին ոչ մի կրեյցեր պարտք չեն այցելության համար։ Եթե ինձ մի քիչ սիրում ես, ցած հրիր չորրորդ հարկից, պարգևիր ինձ վերջին մխիթարությունը, մխիթարիր ինձ»։ Ես նրան պատվիրեցի բարձրանալ լուսամուտը և հրեցի-գցեցի փողոց։ Մի վախենաք, պարոն ֆելդկուրատ։

Շվեյկը կանգնեց նարի վրա և ֆելդկուրատին էլ քաշեց-բարձրացրեց այնտեղ։

— Տեսեք, պարոն ֆելդկուրատ, ես նրան բռնեցի, ա՛յ, այսպես․․․ և, թրը՛մփ, ցած գցեցի։

Շվեյկը բարձրացրեց ֆելդկուրատին և նետեց հատակին։ Մինչ ահաբեկված ֆելդկուրատը ոտքի կկանգներ, Շվեյկն ավարտեց իր պատմությունը. «Տեսա՞ք, պարոն ֆելդկուրատ, ձեզ բան չպատահեց։ Պան Ֆաուստինին էլ ճիշտ այդպես բան չեղավ։ Միայն թե այն լուսամուտը այս մահճակից երեք անգամ ավելի բարձր էր։ Ախր, պան Ֆաուստինը թունդ հարբած էր և մոռացել էր, որ Օպատովսկա փողոցում ես ապրում էի առաջին հարկում, և ոչ թե չորրորդ։ Չորրորդ հարկում ես ապրում էի դրանից մի տարի առաջ Կրշեմենցկա փողոցում, որտեղ նույնպես նա ինձ հյուր էր գալիս»։

Ֆելդկուրատը հատակի վրայից սարսափահար նայում էր Շվեյկին, որը նրա գլխավերևում կանգնած՝ թափահարում էր ձեռքերը։

Ֆելդկուրատը համոզվեց, որ գործ ունի խելագարի հետ, և կակազելով ասաց․ «Այո՛, այո՛, սիրեցյալ որդյակ իմ, նույնիսկ ավելի պակաս, քան երեք անգամ»։ Ապա զգուշաբար հասավ դռանը և սկսեց թխթխկացնել ինչքան ձեռքերում ուժ կար։ Նա այնպես զարհուրելի էր բղավում, որ դուռն իսկույն բացեցին։

Շվեյկը լուսամուտի վանդակացանցի միջով տեսավ, թե ինչպես ֆելդկուրատը, ձեռքերը եռանդագին շարժելով, բակով արագ անցնում էր պահակների ուղեկցությամբ։

— Ըստ երևույթին նրան գժանոց կտանեն,— եզրակացրեց Շվեյկը, ցած թռավ նարի վրայից և, զինվորավարի ետ ու առաջ քայլելով, սկսեց երգել.

Քո տված այն մատանին
Ես չեմ դնում իմ մատին։
Ինչի՞ս է պետք, որ դնեմ:
Մատանիքով քո տված
Հրացանն իմ կլցնեմ։

Այդ դեպքից շատ չանցած գեներալ Ֆինկին զեկուցեցին, թէ ֆելդկուրատն եկել է։

Գեներալի մոտ արդեն մեծ հասարակություն էր հավաքվել, ուր գլխավոր դերերը կատարում էին երկու սիրունիկ դամաներ, գինին ու լիկյորները։

Ռազմադաշտային դատարանի նիստին մասնակցած սպաները ներկա էին ամբողջ կազմով։ Բացակայում էր միայն այն հետևակ զինվորը, որն առավոտյան բոլոր ծխողներին վառած լուցկիներ էր մատուցում։

Ֆելդկուրատը հեքիաթի ուրվականի պես աննկատ միացավ այդ ընկերակցությանը։ Նա գունատ էր, հուզված, բայց արժանապատվությամբ լի, հանիրավի ապտակ ստացած մարդու պես։

Գեներալ Ֆինկը, որը վերջերս ֆելդկուրատի հետ շատ ընտանեվարի էր վարվում, նրան քաշեց ու բազմոցի վրա նստեցրեց իր կողքին և հարբածի ձայնով հարցրեց. «Ի՞նչ է պատահել քեզ, իմ հոգևոր մխիթարություն»։

Այդ միջոցին ուրախ դամաներից մեկը ֆելդկուրատի վրա «Մեմֆիս» տեսակի մի սիգարետ նետեց։

— Խմեցեք, հոգևոր մխիթարությո՛ւն,— առաջարկեց գեներալ Ֆինկը, ֆելդկուրատի համար գինի լցնելով մի մեծ ու կանաչ գավաթի մեջ։ Բայց քանի որ ֆելդկուրատը միանգամից չխմեց, գեներալն սկսեց նրան իր ձեռքով խմեցնել, և եթե ֆելդկուրատը կուլ չտար ինչպես հարկն է, ապա նա նրան ոտից գլուխ կթրջեր։

Եվ միայն դրանից հետո սկսեցին հարցնել,թե հոգևոր մխիթարության ժամանակ դատապարտյալն իրեն ինչպես էր պահում։ Ֆելդկուրատը ոտքի կանգնեց և ողբերգական ձայնով ասաց․

— Խելագարվե՛ց։

— Ուրեմն, հիանալի մխիթարություն է եղել,— ուրախ քրքջաց գեներալը, և բոլորն ի պատասխան հռհռացին, իսկ դամաները նորից սկսեցին ֆելդկուրատի վրա սիգարետներ նետել։

Սեղանի ծայրին նիրհում էր մայորը, որը չափից ավելի էր խմել։ Նոր մարդ տեսնելուն պես նա աշխուժացավ, շտապով երկու գավաթ լիկյոր լցրեց, աթոռների արանքով իր համար ճանապարհ բացեց և բժժած հոգևոր հովվին ստիպեց իր հետո բրուդերշաֆտ խմել, ապա նորից փլվեց բազկաթոռի վրա և շարունակեց նիրհել։

Այդ գավաթը ֆելդկուրատին խճճեց սատանայի ցանցի մեջ։ Սատանան գրկաբաց մոտենում էր նրան սեղանին դրված ամեն մի շշի միջից, այն ուրախ դամաների հայացքների ու ժպիտների միջից, որոնք իրենց ոտքերն այնպես էին դրել սեղանին, որ ժանյակների միջից նրան նայում էր Բեհեղզեբուղը։

Մինչև վերջին պահը ֆելդկուրատը համոզված էր, որ բանը վերաբերվում է իր իսկ հոգու փրկությանը, որ նա ինքն է նահատակ։

Այդ համոզմունքը նա արտահայտեց այն խոսքերով, որոնցով դիմեց գեներալի երկու սպասյակներին, որոնք նրան տարան ու պառկեցրին հարևան սենյակի բազմոցի վրա.

— Տխրալի, բայց և միաժամանակ վսեմ տեսարան կբացվի ձեր առաջ, երբ դուք անկանխակալ կերպով և մաքուր մտոք հիշեք այնքան փառաբանված նահատակներին, որոնք իրենց զոհեցին հանուն հավատի և սուրբ մարտիրոսների դասը կարգվեցին։ Ինձ նայելով, դուք տեսնում եք, թե ինչպես մարդ բարձր է կանգնում բոլոր տառապանքներից, եթե նրա սրտում ապրում են ճշմարտությունն ու առաքինությունը, որոնք նրան ուժ են տալիս փառավոր հաղթանակ տանելու ամենասոսկալի տառապանքի դեմ։

Այդ ժամանակ աստծո ծառայի դեմքը շուռ տվին դեպի պատը, և նա իսկույն քնեց։

Նրա քունն անհանգիստ էր։

Երազում տեսավ, թե ցերեկը ֆելդկուրատի պարտականություն է կատարում, իսկ երեկոյան հյուրանոցում աշխատում այն բարապան Ֆաուստինի փոխարեն, որին Շվեյկը չորրորդ հարկից ցած էր նետել։

Ամեն կողմից նրա վրա բողոքներ էին ուղարկում գեներալին, թե նա պատվիրատուի մոտ շիկահերի փոխարեն սևահեր կին է բերել, իսկ մարդաթող կրթված տիկնոջ փոխարեն՝ անկիրթ այրի։

Առավոտյան նա արթնացավ մկան պես քրտնած։ Ստամոքսը խանգարվել էր, իսկ ուղեղն այն միտքն էր ծակում, թե Մորավիայի իր ֆարարն իր համեմատությամբ կատարյալ հրեշտակ է։

Շվեյկը նորից իր երթային վաշտում

Դատարանի երեկվա առավոտյան նիստում Շվեյկի գործով աուդիտորի պարտականություն կատարող մայորը նույն այն մարյորն էր, որն երեկոյան գեներալի տանը ֆելդկուրատի հետ բրուդերշաֆտ էր խմում և նիրհում։

Ոչ ոք չգիտեր, թե երբ և ինչպես մայորը հեռացավ գեներալի մոտից։ Բոլորն այնպիսի վճակի մեջ էին, որ նրա բացակայությունը ոք չնկատեց, իսկ ինքը գեներալը նույնիսկ չէր կարողանում որոշել, թե իր հետ հյուրերից որն է խոսում։ Արդեն երկու ժամից ավելի մայորը հյուրերի մեջ չէր, իսկ գեներալը բեղերը ոլորելով և հիմարավարի ժպտալով՝ գոռում էր․

― Լա՛վ ասացիք, պարոն մայոր։

Առավոտյան մայորին ոչ մի տեղ գտնել չկարողացան։ Նրա շինելը, ինչպես և թուրը, միջանցքում կախարանից կախված էր, չկար միայն սպայական գլխարկը։ Ենթադրեցին, թե երևի արտաքնոցներից մեկում քնած կլինի։ Խուզարկեցին բոլոր արտաքնոցները, բայց մայորին չհայտնաբերեցին։ Նրա փոխարեն երրորդ հարկում գտան մի քնած պորուչիկ, որը նույնպես գեներալի հյուրերից էր։ Նա քնած էր ծնկաչոք, ունիտազի վրա կռացած, քանզի քունը տարել էր փսխելու ժամանակ։

Մայորը կարծես ջրի տակն էր անցել։ Բայց եթե մեկն ու մեկը ներս նայեր այն խուցի վանդակապատ լուսամուտից, որտեղ կալանված էր Շվեյկը, ապա կտեսներ, որ մի մահճակի վրա ռուսական շինելի տակ քնած են երկու հոգի։ Շինելի տակից երևում էին երկու զույգ սապոգներ, խթանավոր սապոգները մայորինն էին, անխթանները՝ Շվեյկինը։

Նրանք պառկած էին կատվի ձագերի պես իրար կպած։ Շվեյկի թաթը հանգչում էր մայորի գլխի տակ, իսկ մայորը գրկել էր Շվեյկի իրանը, հպվելով նրան, ինչպես լակոտը քած շանը։

Դրա մեջ ոչ մի հանելուկային բան չկար, իսկ ինչ վերաբերվում է մայորին, ապա նրա արածը պարզապես հանդիսանում էր ծառայողական պարտքի գիտակցման արգասիք։

Հավանաբար պատահել է, որ դուք մեկն ու մեկի հետ նստել եք մինչև լուսաբաց, և հանկարծ ձեր բաժակակիցը բռնել է գլուխը, տեղից վեր թռել և գոռացել․ «Հիսո՜ւս Քրիստոս, ես ժամը ութին պետք է պաշտոնավայրում լինեի»։ Դա այսպես կոչված ծառայողական պարտքի գիտակցման նոպա է, որ մարդու բռնում է խղճի խայթի ներգործության հետևանքով։ Այդ ազնիվ նոպայով բռնված մարդուն ոչինչ չի կարող հետ կանգնեցնել սրբազան համոզմունքից, թե նա պարտավոր է անհապաղ լրացնել այն բացը, որ թույլ է տվել իր ծառայության մեջ։ Հենց դրանք են այն անգլխարկ ուրվականները, որոնց բարապանները հիմնարկությունների միջանցքներում բռնում և իրենց խցիկներում պառկեցնում են թախտի վրա, որ մի լավ քնեն։

Ճիշտ այդպիսի նոպա էր բռնել մայորին այդ գիշեր։ Երբ նա արթնացել էր բազկաթոռի մեջ, հանկարծ մտքովն անցել էր, թե պետք է անմիջապես Շվեյկին հարցաքննի։ Ծառայողական պարտքի գիտակցման այդ նոպան վրա էր հասել այնպես հանկարծակի, իսկ մայորն էլ նրան ենթարկել էր այնպիսի արագությամբ ու վճռականությամբ, որ նրա անհետանալն ու բացակայությունը ոչ ոք չնկատեց։ Բայց դրա փոխարեն շատ ավելի զգալի եղավ նրա ներկայությունը զինվորական բանտի պահակատանը, ուր նա ներս ընկավ ռումբի նման։

Հերթապահ ֆելդֆեբելը քնած էր սեղանի հետևում նստած, իսկ նրա շուրջը բազմապիսի պոզաներով ննջում էին ժամապահները։

Մայորը, գլխարկը թեք դրած, սկսեց այնպես հայհոյել, որ հորանջողներն այդպես էլ մնացին բերանները բաց, բոլորի դեմքերն այլայլվեցին։ Վհատված և մի տեսակ ծամածռվելով, մայորին նայում էր ոչ թե զինվորների ջոկատ, այլ սեպերը բացած կապիկների մի ոհմակ։

Մայորը բռունցքը խփեց սեղանին և ֆելդֆեբելի վրա բղավեց.

— Հե՛յ, բռի գեղացի, հազար անգամ ձեզ ասել եմ, որ ձեր զինվորները հոտած խոզերի բանդա են։— Դիմելով քարացած զինվորներին, նա գոռաց.— Զինվորնե՛ր, ձեր աչքերից ապուշություն է թափվում նույնիսկ այն ժամանակ, երբ քնած եք, իսկ երբ արթնանում եք, անասուննե՛ր, դեմքներդ այնպես եք ծամածռում, որ կարծես ամեն մեկդ մի վագոն դինամիտ եք խժռել։

Դրան հետևեց մի երկար ու հանգամանալից քարոզ ժամապահների պարտականությունների մասին, և ի վերջո մայորը պահանջեց անհապաղ բացել այն խուցը, որտեղ գտնվում է Շվեյկը, քանի որ ցանկանում է հանցագործին նոր հարցաքննության ենթարկել։

Ահա այդպես մայորը գիշերն ընկավ Շվեյկի մոտ։

Նա Շվեյկի խուցը մտավ այն ժամանակ, երբ, ինչպես ասում են, այլևս գլխին խելք չկար։

Նրա վերջին պոռթկումն այն եղավ, որ հրամայեց բանտի բանալիներն իրեն հանձնել։

Ֆելդֆեբելը մայորի այդ պահանջից իրեն կորցրեց, բայց, հիշելով իր պարտականությունները, հրաժարվեց բանալիները հանձնել, մի բան, որ անսպասելիորեն մայորի վրա շատ լավ տպավորություն գործեց։

— Հե՛յ, հոտած խոզերի բանդա,— գոռաց նա բակում,— եթե բանալիներն հանձնեիք, ես ձեզ ցույց կտայի։

— Համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց ֆելդֆեբել, — ստիպված եմ ձեզ վրա դուռը փակել և ձեր անվտանգության համար կալանավորի մոտ պահակ նշանակել։ Եթե կցանկանաք դուրս գալ, պարոն մայոր, բարի եղեք դուռը ծեծել։

— Հե՛յ, ապուշ,— ասաց մայորը,— կապի՛կ, ուղտի՛ մեկը, կարծում ես ինչ-որ կալանավորից վախենո՞ւմ եմ, որ ուզում ես նրան հարցաքննելիս պահակ կանգնեցնել։ Գրո՛ղը տանի ձեզ, դուռը կողպեցեք վրաս և ռադ եղեք։

Դռան վերևի փոքրիկ լուսամուտում ցանցապատ լապտերի մեջ ամփոփված և պատրույգն իջեցրած նավթի լամպն այնքան աղոտ լույս էր արձակում, որ մայորը դժվարությամբ գտավ քնից արթնացած Շվեյկին, որը, իր նարի մոտ ձիգ կանգնած, համբերությամբ սպասում էր, թե այդ այցելությունն ինչով է վերջանալու։

Շվեյկը որոշեց, թե ամենաճիշտն այն կլինի, որ ներկայանա պարոն մայորին, ուստի եռանդագին զեկուցեց․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր, առկա է մեկ կալանավոր, ուրիշ դեպքեր չեն պատահել։

Մայորն հանկարծ մոռացավ, թե ինչի համար է եկել այդտեղ, և ասաց.

— Ազա՛տ։ Ո՞ւր է քո այդ կալանավորը։

— Կալանավորը, համարձակվում եմ զեկուցել, ես ինքս եմ,— հպարտ պատասխանեց Շվեյկը։

Սակայն մայորն այդ պատասխանի վրա ուշադրություն չդարձրեց, քանի որ գեներալի գինին ու լիկյորները նրա ուղեղի մեջ հարուցեցին վերջին ալկոհոլային ռեակցիան, և նա հորանջեց այնպես զարհուրելի, որ եթե նույնն աներ մի ոչ զինվորական, անպայման ծնոտը դուրս կընկներ։ Մայորի այդ հորանջը նրա մտքերն ուղղեց դեպի ուղեղի այն գալարները, որտեղ պահվում է երգելու ձիրքը։ Նա անկաշկանդ ընկավ Շվեյկի նարին փռված ներքնակի վրա և այնպիսի ձայնով, որով իր վախճանից առաջ ճղղում է կիսամորթ խոզի ճուտը, զլեց.

Oh Tannenbaum, oհ Tannenbaum!
Wie schön sind deine Blätterr![14]

Նա այդ ֆրազն իրար հետևից կրկնեց մի քանի անգամ, մեղեդին հարստացնելով անհոդաբաշխ կաղկանձյուններով։ Ապա արջը քոթոթի պես ընկավ մեջքի վրա, կուչ եկավ ու տեղնուտեղը խռմփաց։

— Պարո՛ն մայոր,— փորձեց նրան արթնացնել Շվեյկը,― համարձակվում եմ զեկուցել, ձեզ վրա ոջիլ կքաշվի։

Բայց դա անօգուտ եղավ։ Մայորը մեռելի պես քնած էր։

Շվեյկը խանդաղատանքով նայեք նրան և ասաց․ «Որ այդպես է քնիր, նանի՜կ, նանի՜կ, հարբեցողի մեկը»,— և նրան ծածկեց շինելով։ Առավոտյան նրանց գտան իրար ամուր հպված։

Ժամը իննի մոտ, անհետացած մայորին որոնելու ամենաթունդ պահին, Շվեյկը նարից ցած իջավ և անհրաժեշտ համարեց պարոն պետին արթնացնել․ վրայից քաշեց ռուսական շինելը և սկսեց եռանդով ցնցել, մինչև որ, վերջապես, մայորը բարձրացավ ու նստեց նարի վրա։ Նա բութ հայացքով նայեց Շվեյկին, կարծես նրա մեջ որոնելով այն հարցի լուծումը, թե իրեն ինչ է պատահել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն մայոր,— ասաց Շվեյկը,— արդեն մի քանի անգամ պահակատնից եկել են այստեղ տեսնելու, թե արդյոք դեռ կենդանի՞ եք։ Այդ պատճառով հիմա ես ինձ թույլ տվի ձեզ արթնացնել, քանի որ չգիտեմ, թե դուք որ ժամին եք վեր կենում։ Ուգրժինևեսի գարեջրագործարանում մի տակառագործ էր աշխատում։ Նա սովորաբար քնում էր մինչև առավոտվա ժամը վեցը, բայց եթե նույնիսկ մի քառորդ ժամ ավելի քներ, այսինքն մինչև վեցն անց տասնհինգ րոպե, դրանից հետո կմրափեր մինչև կեսօր. այդպես արեց այնքան ժամանակ, մինչև որ գործարանից վռնդեցին։ Հետո նա բարկությունից վիրավորական խոսքեր ասաց եկեղեցու և կայսրական գերդաստանի անդամներից մեկի հասցեին։

— Դու հիմա՞լ ես։ Այո՛,— գոռաց մայորը ոչ առանց փոքր ինչ վհատվելու, քանի որ երեկվա դեպքից հետո նրա գլուխը նման էր ջարդված պուտուկի, և նրա համար դեռ հասկանալի չէր, թե ինչու է այդտեղ նստած, թե ինչու է պահակատնից մարդ եկել և թե ինչու իր առջև կանգնած այդ տղան այնպիսի անմտություններ է դուրս տալիս, որ մարդ ոչ սկիզբը կհասկանա, ոչ վերջը։ Նրան ամեն ինչ թվում էր շատ տարօրինակ։ Աղոտ կերպով հիշում էր, որ գիշերն արդեն մի անգամ այդտեղ եղել է։ Բայց ինչո՞ւ։

— Ես գիշերն արդեն մի անգամ այստեղ եղե՞լ եմ,— հարցրեց նա ոչ այնքան համոզված։

— Համաձայն հրամանի, պարոն մայոր,— պատասխանեց Շվեյկը,— որքան ես հասկացա պարոն մայորի խոսքերից, համարձակվում եմ զեկուցել, դուք, պարոն մայոր, եկել էիք ինձ հարgաքննելու։

Այդտեղ մայորի միտքը պայծառացավ, նա նայեց իրեն, ապա աչք ածեց շուրջը, ասես մի բան փնտրելով։

— Բարեհաճեցեք ոչ մի բանի համար չանհանգստանալ, պարոն մայոր,— հանգստացրեց նրան Շվեյկը։— Դուք արթնացաք ճիշտ այն տեսքով, որով եկաք։ Դուք այստեղ եկաք առանց շինելի, առանց թրի, բայց գլխարկով։ Գլխարկն ահա այնտեղ է։ Ստիպված էի ձեր ձեռքից վերցնել, քանի որ ուզում էիք դնել ձեր գլխի տակ։ Շքերթային սպայական գլխարկը ցիլինդրի պես բան է։ Ցիլինդրի վրա քնել կարողանում էր միայն Լոդինեցում ապրող պան Կարդերազը։ Պատահում էր, գինետանը պառկում էր նստարանի վրա, ցիլինդրը դնում գլխի տակ (ախր նա թաղումների ժամանակ երգում էր և թաղման էր գնում ցիլինդրով) ինքն իրեն ներշնչում, թե ցիլինդրը չպետք է տրորի։ Ամբողջ գիշերը իր քաշի աննշան մի մասով ճախրում էր ցիլինդրի վրա, այնպես որ դա ցիլինդրին ոչ մի վնաս չէր պատճառում, դեռ ընդհակառակը՝ օգուտ էր տալիս։ Քնի մեջ կողքից-կողք շուռ գալով, Կարդերազը իր մազերով ցիլինդրն այնպես էր փայլեցնում, որ միշտ նոր հարդուկածի նման էր լինում։

Մայորը, որ հիմա արդեն հասկանում էր, թե բանն ինչ է, առաջվա պես բութ հայացքով նայելով Շվեյկին՝ ասաց․

— Դու հիմարանա ՞լ։ Այո՞։ Ես լինել այստեղ, ես գնալ այստեղից...— Նա վեր կացավ, մոտեցավ դռանը և սկսեց ամբողջ թափով ծեծել։

Մինչ կգային դուռը բացելու, նա կարողացավ Շվեյկին ասել․

— Եթե հեռագիր չգալ, թե դու՝ դու ինքդ, ապա լինես կախված։

— Սրտանց շնորհակալ եմ,— պատասխանեց Շվեյկը,— ես գիտեմ, պարոն մայոր, որ դուք իմ մասին շատ եք մտածում, բայց եթե, պարո՛ն մայոր, ներքնակից ձեզ վրա միայն մի հատ է քաշվել, և եթե փոքր է ու մեջքը կարմրավուն, ապա համոզված եղեք, որ որձ է։ Եթե ձեզ վրա չեք գտնի մի ուրիշը, որ այդպես երկարավուն ու գորշ լինի և փորի վրա կարմրավուն զոլեր ունենա, ապա դա լավ է, թե չէ զույգ կկազմեին, իսկ այդ անզգամները շատ արագ են բազմանում, ավելի արագ, քան ճագարները։

— Lassen Sie das![15]― ասաց մայորը նվաղուն ձայնով, երբ դուռը բացեցին նրա առաջ։

Պահակատանը մայորն այլևս ոչ մի տեսարան չսարքեց։ Նա շատ զուսպ պատվիրեց կառք կանչել և, Պերեմիշլի զզվելի սալարկի վրա կառքի մեջ դխդխկալով, շարունակ մտածում էր, թե հանցագործն առաջնակարգ ապուշ է, բայց, այնուամենայնիվ, անմեղ անասուն է երևում, իսկ իրեն, մայորին, մնում է անել երկուսից մեկը, կամ տուն վերադառնալուն պես ինքնասպանություն գործել, կամ մարդ ուղարկել գեներալի մոտից շինելն ու թուրը բերելու և գնալ քաղաքային բաղնիք լողանալու, լողանալուց հետո մտնել Ֆոլգրուբերի մոտի գինետունը, այնտեղ մի լավ կազդուրվել և հեռախոսով քաղաքային թատրոնի տոմս պատվիրել։

Իր բնակարանին չհասած, նա որոշեց անել վերջինը։

Բնակարանում նրան սպասում էր մի փոքրիկ անակնկալ։ Նա վրա էր հասել ճիշտ ժամանակին...

Բնակարանի միջանցքում կանգնած էր գեներալ Ֆինկը, որը բռնել էր սպասյակի օձիքից և, նրան ուժով մեկ թափահարելով, բղավում էր․ «Ո՞ւր է մայորդ, անասուն, պատասխանիր, գազա՛ն»։

Բայց գազանը չէր պատասխանում։ Նրա դեմքը կապտել էր, քանզի գեներալը կոկորդը շատ ամուր էր սեղմել։

Ժամանակին վրա հասած մայորը նկատեց, որ դժբախտ սպասյակը թևի տակ ամուր պահում է նրա շինելն ու թուրը, որ ակներևաբար բերել էր գեներալի տան միջանցքից։

Այդ տեսարանը մայորին զվարճալի թվաց, ուստի նա կանգ առավ կիսաբաց դռան առաջ և սկսեց անխոս դիտել տառապանքներն իր հավատարիմ ծառայի, որն իր գողություններով նրան արդեն վաղուց զզվեցրել էր։

Գեներալը մի պահ բաց թողեց կապտած սպասյակին, բայց միայն նրա համար, որ գրպանից մի հեռագիր հանի, որով սկսեց հարվածել սպասյակի դեմքին ու շրթունքներին, միաժամանակ գռռալով․ «Ի՞նչ ես արել քո մայորին, անասո՛ւն, ո՞ւր է քո մայոր-աուդիտորը, անասո՛ւն։ Ես կարո՞ղ եմ նրան պաշտոնական հեռագիր հանձնել»։

— Ես այստեղ եմ,— ձայն ավեց մայոր Դերվոտան, որին «մայոր-աուդիտոր» և «հեռագիր» բառերը նորից հիշեցրին նրա ուղղակի պարտականությունները։

— Վա՛հ,— բացականչեց գեներալ Ֆինկը,— դու վերադարձա՞ր։

Նրա ձայնի տոնի մեջ այնքան թույն կար, որ մայորը ոչինչ չպատասխանեց և անվճռականորեն շարունակեց կանգնած մնալ դռան առաջ։

Գեներալը նրան հրամայեց իր հետևից մտնել սենյակ, և երբ նրանք նստեցին, նա սպասյակի դեմքի վրա քրքրված հեռագիրը նետեց սեղանին և ողբերգական ձայնով ասաց.

— Կարդա՛, սա քո արածն է։

Մինչ մայորը կկարդար հեռագիրը, գեներալը հետ ու առաջ էր վազվզում սենյակում, աթոռներն ու աթոռակները շուռ տալով և գոռալով.

— Եվ այնուամենայնիվ ես նրան կախել կտամ։

Հեռագրի բովանդակությունն այս էր․

«Տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար Յոզեֆ Շվեյկը, գործուղված լինելով որպես զորաբնակարանապետ, սույն ամսի 16-ին անհետ կորել է Խիրով—Ֆելդշտայն անցումի ժամանակ։ Անհապաղ հետևակ զինվոր Շվեյկին ուղարկել Վոյայլիչ՝ բրիգադի շտաբ»։

Մայորը բացեց սեղանի արկղը, հանեց քարտեզը և սկսեց միտք անել. քանի որ Ֆելդշտայնը գտնվում է Պերեմիշլից քառասուն կիլոմետր դեպի հարավ-արևելք, ապա անլուծելի հանելուկ է, թե ինչպե՛ս է Շվեյկը ռուսական համազգեստ ձեռք բերել մի վայրում, որը հարյուրհիսուն կիլոմետր ռազմաճակատից հեռու է, քանի որ խրամատները ձգվում են Սոկալ — Տուրզե — Կոզլով գծով։

Երբ մայորը գեներալին այդ բանն ասաց և քարտեզի վրա ցույց տվեց այն վայրը, որտեղ ըստ հեռագրի Շվեյկը կորել էր մի քանի օր առաջ, գեներալը եզան պես բառաչեց, զգալով, որ դաշտային դատարանի վրա դրած իր բոլոր հույսերն ի դերև եղան։ Նա մոտեցավ հեռախոսին, զանգահարեց պահակատուն և հրամայեց անհապաղ կալանավոր Շվեյկին բերել իր մոտ՝ մայորի բնակարանը։ Սպասելով այդ հրամանի կատարմանը, գեներալը անասելի նզովքներով իր ափսոսանքն էր հայտնում, որ չի կարգադրել Շվեյկին կախել անհապաղ, իր անձնական ռիսկով, առանց որևէ հարցաքննության։

Մայորն առարկում և մի գլուխ ինչ-որ բան էր պնդում օրենքի և արդարության մասին, որոնք քայլում են ձեռք-ձեռքի տված, ճոռոմ պարբերություններով ճառախոսում էր արդար դատի, դատական ճակատագրական սխալների և առհասարակ այն ամենի մասին, ինչ գլուխն էր գալիս, որովհետև խումարից գլուխը սաստիկ ցավում էր, և նա խոսակցությամբ մտքերը ցրելու կարիք էր զգում։

Երբ, վերջապես, Շվեյկին բերին, մայորը նրան հրամայեց բացատրել թե Ֆելդշտայնի մոտ ի՛նչ է պատահել և առհասարակ ինչպես է լույս ընկել այդ ռուսական համազզեստը։

Շվեյկն հանգամանորեն ամեն ինչ բացատրեց, իր դրույթները հիմնավորելով մարդկային ձախորդությունների պատմությունից բերած օրինակներով։ Երբ մայորը հարցրեց, թե հապա ինչո՞ւ նա այդ մասին հարցաքննության ժամանակ չի հայտնել, Շվեյկը պատասխանեց, թե, ճիշտն ասած, այդ ժամանակ ոչ ոք նրան այդ մասին չի հարցրել, թե բոլոր հարցերը հանգում էին միայն մի բանի. «Ընդունո՞ւմ եք, որ թշնամու համազգեստը հագել եք ձեր հոժար կամքով և առանց որևէ ճնշման»։— Քանի որ դա ճիշտ էր, ապա նա ուրիշ ոչինչ չէր կարող ասել, բացի հետևյալից․ «Անպայման, այո, իսկապես, ճիշտ այդպես, անկասկած»։ Իսկ մյուս կողմից նա դատարանում ժխտել է իրեն ներկայացված այն մեղադրանքը, թե իբր թագավոր կայսրին դավաճանել է։

— Այս մարդը պարզապես ապուշ է,— ասաց գեներալը մայորին։— Շորերը հանել լճակի ամբարտակի վրա և հագնել ռուսական համազգեստ, որ աստված գիտե ով է թողել այնտեղ, թույլ տալ, որ իրեն մտցնեն ռուս գերիների խմբի մեջ,— այդպիսի բանի ընդունակ է միայն ապուշը։

― համարձակվում եմ զեկուցել,— պատասխանեց Շվեյկը,— ես ինքս էլ հաճախ նկատում եմ, որ տկարամիտ եմ, մանավանդ իրիկնադեմին...

— Ձա՛յնդ, ավանակ,— գոռաց նրա վրա մայորը և գեներալին հարցրեց, թե հիմա Շվեյկին ինչ պետք է անել։

― Թող նրան բրիգադում կախեն,— վճռեց գեներալը։

Մի ժամ անց Շվեյկին պահակախմբի հսկողությամբ տարան կայարան, որպեսզի հասցնեն Վոյալիչ՝ բրիգադի շտաբը։

Բանտում Շվեյկը իրենից հետո մի փոքրիկ հիշատակ թողեց․ պատի վրա մի տաշեղի կտորով երեք սյունակների մեշ խզբզեց այն բոլոր սուպերի, սոուսների և ակրատների ցուցակը, որ կերել էր նախքան պատերազմը։ Դա յուրահատուկ բողոք էր այն բանի դեմ, որ քսանչորս ժամվա ընթացքում բերանը բան չէր դրել։

Շվեյկի հետ միասին բրիգադ ուղարկվեց հետևյալ գրությունը. «№ 469 հեռագրի հիման վրա հետևակ զինվոր Յոզեֆ Շվեյկը, որ փախել է տասնմեկերորդ երթային վաշտից, հետագա հետաքննության համար հանձնվում է բրիգադի շտաբին»։

Պահակախումբը, որ բաղկացած էր չորս հոգուց, իրենից ներկայացնում էր տարբեր ազգությունների մի խառնուրդ։ Նրա մեջ կար լեհ, հունգարացի, գերմանացի և մի չեխ, որին, եֆրեյտորի աստիճան ունենալու համար, պահակախմբի պետ էին նշանակել և որն իր հայրենակից կալանավորի առաջ լոպպազանում էր, ցուցադրելով նրա նկատմամբ ունեցած իր անսահմանափակ իշխանությունը։ Երբ Շվեյկը կայարանում միզելու թույլտվություն խնդրեց, եֆրեյտորը շատ կոպիտ պատասխանեց, թե նա կարող է միզել բրիգադ հասնելուց հետո։

— Լա՛վ,— համաձայնեց Շվեյկը,— միայն թե այդ հրամանը ինձ տվեք գրավոր, որպեսզի, երբ միզափամփուշտս պայթի՝ բոլորն իմանան, թե մեղավորն ով է եղել։ Դրա համար օրենք կա, պարոն եֆրեյտոր։

Եֆրեյտորը, որ բռի գեղացի էր, այդ միզափամփուշտից վախեցավ, և ամբողջ պահակախումբը Շվեյկին կայարանի միջով հանդիսավորապես տարավ արտաքնոց։

Առհասարակ եֆրեյտորը ճանապարհորդության ընթացքում մոլեգնած մարդու տպավորություն էր գործում և իրեն այնպես գոռոզ էր պահում, որ կարծես հենց հաջորդ օրը առնվազն կորպուսի հրամանատարի կոչում պիտի ստանար։

Երբ նրանք նստեցին Պերեմիշլ — Խիրով ուղղությամբ մեկնող գնացքը, Շվեյկը նրան ասաց.

— Պարոն եֆրեյտոր, երբ նայում եմ ձեզ, միտս է գալիս եֆրեյտոր Բոզբը, որ ծառայում էր Տրենտոյում։ Երբ Բոզբին եֆրեյտոր դարձրին, առաջին իսկ օրվանից նրա ծավալն սկսեց մեծանալ։ Թշերն սկսեցին ուռել, իսկ փորն այնպես փքվեց, որ հետևյալ օրը նույնիսկ պետական շալվարը վրան չէր կոճկվում։ Բայց ամենից վատն այն էր, որ ականջներն սկսեցին երկարել։ Նրան ուղարկեցին լազարեթ, և գնդի բժիշկն ասաց, թե բոլոր եֆրեյտորներին այդպիսի բան է պատահում։ Սկզբում նրանք ուռչում են, բայց ոմանց մոտ դա արագ է անցնում, իսկ տվյալ հիվանդի վիճակը շատ ծանր է և նա կարող է պայթել, քանի որ հիվանդությունը եֆրեյտորական աստղանիշից անցել է պորտին։ Նրան փրկելու համար ստիպված եղան աստղանիշը կտրել, և անմիշապես փուքն անցավ։

Այդ պահից ի վեր Շվեյկն իզուր էր ջանում եֆրեյտորի հետ զրույցի բռնվել և նրան բարեկամաբար բացատրել, թե զինվորներն ինչու են ասում, որ եֆրեյտոր կոչվածը վաշտի պատիժն է։

Եֆրեյտորը ոչինչ չէր պատասխանում, միայն մռայլա դեմ սպառնում էր, որ դեռ հետո կերևա, թե նրանց երկուսից որը կծիծաղի, երբ հասնեն բրիգադ։ Կարճ ատած, հայրենակիցը չէր արդարացնում Շվեյկի հույսերը։ Իսկ երբ Շվեյկը եֆրեյտորին հարցրեց, թե նա որտեղացի է, վերջինս պատասխանեց․ «Քո գործը չի»։

Շվեյկն ամեն կերպ փորձում էր եֆրեյտորին խոսեցնել։ Պատմեց, թե առաջին անգամ չէ, որ իրեն տանում են պակահախմբի հսկողությամբ, թե նա միշտ էլ իրեն ուղեկցողների հետ լավ ժամանակ է անցկացրել։

Բայց եֆրեյտորը շարունակում էր լռել, իսկ Շվեյկն էլ չէր սսկվում․

— Ինձ թվում է, պարոն եֆրեյտոր, որ ձեզ մեծ դժբախտություն է պատահել, քանի որ խոսելու ընդունակությունը կորցրել եք։ Ես դարդոտ եֆրեյտորներ շատ եմ տեսել, բայց ձեզ պես վշտից իրեն կորցրած եֆրեյտորի, ներեցեք և մի բարկանաք, պարոն եֆրեյտոր, դեռ չեմ հանդիպել։ Վստահեցեք ինձ, ասացեք ինչն է ձեզ այդպես տանջում։ Գուցե կկարողանամ ձեզ մի խորհուրդ տալ, քանի որ այն զինվորը, որին տանում են պահակախմբի հսկողությամբ, միշտ էլ ավելի շատ փորձ է ունենում, քան նրա վրա հսկողը։ Կամ մի բան պատմեցեք, պարոն եֆրեյտոր, որպեսզի ժամանակն արագ անցնի։ Պատմեցեք։ օրինակ, թե ձեր ծնննդավայրի շրջակայքում ինչ կա, արդյոք լճակներ կամ բերդի ավերանկեր կան։ Կարող եք մեզ այն էլ հայտնել, թե այդ ավերակների հետ ինչ ավանդություն է կապված։

― Հերիք է,— գոռաց հանկարծ եֆրեյտորը։

— Բախտավոր մարդ եք,— ուրախացավ Շվեյկը,— իսկ ուրիշներին միշտ որևէ բան հերիք չի անում։

— Բրիգադում քեզ խելքի կբերեն, իսկ ես չեմ ուզում քեզ հետ գլուխ դնել,— դա եղավ եֆրեյտորի վերջին խոսքը, որից հետո նա խորասուզվեց կատարյալ լռության մեջ։

Պահակներն առհասարակ քիչ էին զվարճանում։ Հունգարացին գերմանացու հետ զրուցում էր մի հատուկ եղանակով, քանի որ գիտեր միայն գերմաներեն «jawohl»[16] և «was»[17] բառերը։ Երբ գերմանացին նրան մի բան էր պատմում, հունգարացին գլխով էր անում և շարունակ կրկնում «jawohl», իսկ երբ գերմանացին լռում էր, ասում էր․ «ոաս՞» և գերմանացին նորից էր սկսում։ Պահակ չեխն իրեն պահում էր արիստոկրատավարի, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում և զվարճանում էր նրանով, որ խնչում էր հատակին, շատ հմտորեն օգտագործելով աջ ձեռքի բութ մատը, ապա, մտազբաղ, հրացանի կոթով խլինքը դեսուդեն էր քսմսում, հետո կեղտոտված կոթը մաքրում շալվարին քսելով, միաժամանակ անդադար քրթմնջալով, «Սո՜ւրբ կույս»։

— Քեզ մի տեսակ չի հաջողվում,— ասաց նրան Շվեյկը։— Բոիշչեում, նկուղային բնակարանում, մի ավլող էր ապրում, անունը Միխաչեկ։ Նա մեկ-մեկ խնչում էր լուսամուտի ապակու վրա և այնպես վարպետորեն քսմսում, որ uտացվում էր այն պատկերը, թե ինչպես Լիբուշան Պրագային փառք է գուշակում։ Ամեն մի պատկերի համար նա կնոջից այնպիսի պետական թոշակ էր սատանում, որ շարունակ ման էր գալիս քիթ ու մռութն ուռած։ Սակայն այդ զբաղմունքից նա ձեռք չքաշեց և շարունակում էր կատարելագործվել։ Ճիշտ է, դա նրա միակ զվարճությունն էր։

Լեհը ոչինչ չպատասխանեց, և ի վերջո ամբողջ պահակախումբը խորասուզվեց կատարյալ չռության մեջ, կարծես թաղման էին գնում և բարեպաշտորեն խորհում ննջեցյալի մասին։

Այդպես մոտենում էին Վոյալիչին, որտեղ գտնվում էր բրիգադի շտաբը։

* * *

Այդ միջոցին բրիգադի շտաբում տեղի էին ունեցել էական փոփոխություններ։

Շտաբի պետ էր նշանակվել գնդապետ Հերբիխը։ Նա ռազմական մեծ ընդունակություններ ուներ, որոնք արտահայտվում էին պոդագրայի նոպան բռնելիս։ Սակայն մինիստրությունում նա շատ ազդեցիկ մարդիկ ուներ, որոնց շնորհիվ թոշակի չէր գնում, այլ քարշ էր գալիս զանազան խոշոր զինվորական միավորումների շտաբներում, ստանում բարձր ռոճիկներ՝ պատերազմական ժամանակի ամենաբազմատեսակ հավելումներով, և պաշտոնում մնում էր այնքան Ժամանակ, մինչև որ պոդագրայի հերթական նոպայի պահին որևէ հիմարություն էր անում։ Դրանից հետո նրան փոխադրում էին մի այլ տեղ, սովորաբար պաշտոնի բարձրացումով։ Ճաշի ժամանակ նա սպաների հետ խոսում էր բացառապես իր ոտքի այտուցավորված բութ մատի մասին, որն երբեմն այնպես էր ուռչում, որ գնդապետը ստիպված էր լինում հատուկ չափսի սապոգ հագնել։

Ուտելու ժամանակ նրա ամենահաճելի զվարճությունն էր՝ բոլորին պատմել, թե այդ մատը անդադար քրտնում է, թե շարունակ հարկ է լինում բամբակով փաթաթել և թե մատի քրտինքից թթված մսասուպի հոտ է գալիս։

Հասկանալի է, թե ինչու ամթողջ սպայական կազմը անկեղծ ուրախությամբ էր Հերբիխին հրաժեշտ տալիս, երբ նրան որևէ այլ աեղ էին փոխադրում։ Բայց ընդհանուր առմամբ նա սիրալիր պարոն էր։ Կրտսեր սպաների հետ վարվում էր մտերմաբար և նրանց պատմում, թե մի ժամանակ ինչքա՛ն էր խմում և ինչպիսի համեղ բաներ ուտում, քանի դեռ այդ ցավն իրեն չէր բռնել։

Երբ Շվեյկին հասցրին բրիգադ և հերթապահ սպայի հրամանով նրան համապատասխան գրություններով հանդերձ բերին գնդապետ Հերբիխի մոտ, վերջինիս սենյակում նստած էր պոդպորուչիկ Դուբը։

Սանոկ-Սամբոր ռազմերթից մի քանի օր անց պոդպորուչիկ Դուբին մի նոր փորձանք էր պատահել։

Ֆելդշտայնը անցնելուց հետո տասնմեկերորդ երթային վաշտը պատահել էր ձիերի մի գումակի, որին քշում էին դեպի Սուդովա-Վիշնյայիում գտնվող դրագունական գունդը։ Պոդպորուչիկ Դուբը ինքն էլ չէր իմանում, թե ինչպես հանկարծ խելքին փչեց պորուչիկ Լակաշին ցույց տալ իր ձիավարական վարպետությունը և թե ինչպես ցատկեց ձիու վրա և նրա հետ միասին անհետացավ մի գետահովտում, որտեղ հետո պոդպորուչիկ Դուբին գտան մի փոքրիկ ճահճի մեջ այնպես պինդ խրված, որ ամենահմուտ այգեպանն էլ չէր կարող նրան այդպես տնկել։ Երբ օղապարանով նրան այնտեղից դուրս քաշեցին, պոդպորուչիկ Դուբը ոչ մի բանից չէր գանգատվում, միայն մահամերձի պես տնքում էր։ Այդ վիճակում նրան տարել էին բրիգադի շտաբ, որի մոտով անցնում էին, և պառկեցրել մի փոքրիկ լազարեթում։ Մի քանի օր հետո ուշքը տեղն էր եկել, և բժիշկը ասել էր, թե մի երկու-երեք անգամ մեջքին ու փորին յոդ կքսեն, որից հետո նա համարձակ կարող է գնալ ու հասնել իր վաշտին։

Հիմա պոդպորուչիկ Դուբը նստած էր գնդապետ Հերբիխի մոտ և նրա հետ զրուցում էր զանազան հիվանդությունների մասին։

Տեսնելով Շվեյկին, Դուբը, որին հայտնի էր հանձնակատարի հանելուկային անհետացումը, բարձրաձայն գոռաց.

— Ուրեմն, դու նորից այստե՞ղ ես։ Շատ սրիկաներ են անհետանում սատանան գիտե թե ուր, բայց վերադառնում են որպես ավելի թունդ սրիկաներ, և դու նրանցից մեկն ես։

Պատկերն ավելի լրացնելու համար հարկ է ասել, որ ձիուն պատահած արկածի հետևանքով պոդպորուչիկ Դուբն ուղեղի թեթև ցնցում էր ստացել։ Ուստի չպետք է զարմանանք, որ, հարձակվելով Շվեյկի վրա, նա աստծուն պայքարի կոչեց ընդդեմ Շվեյկի և չափածո գոռաց.

— Տե՛ր իմ երկնային, քեզ եմ դիմում ես։ Թնդանոթներն են թնդում ծխացող, սուլում գնդակներ թեժ ու սուրացող։ Անհաղթ զորավար, տե՛ր իմ երկնային, օգնիր հաղթելու այս սրիկային։ Ո՞ւր էիր կորել, անզգա՛մ, այսքան ժամանակ։ Այդ ո՞ւմ համազգեստն ես հագել։

Հարկ է ավելացնել նաև, որ պոդագրայով տառապող գնդապետի գրասենյակում հույժ դեմոկրատական կարգեր կային, թեկուզ և միայն պոդագրայի նոպաների միջև ընկած պահերին։ Այստեղ լինում էին բոլոր բարձրաստիճան զինվորականները, որպեսզի լսեին գնդապետի դատողությունները թթված մսասուպի հոտ արձակող ուռած մատի մասին։

Երբ գնդապետ Հերբիխը նոպա չէր ունենում, նրա գրասենյակր լեփ-լեցուն էր լինում ամենատարբեր աստիճաններ ունեցող զինվորականներով, քանզի այդ հազվադեպ րոպեներին նա շատ ուրախ և զրուցասեր մարդ էր դառնում, սիրում էր շուրջն ունկնդիրներ հավաքել և նրանց անպարկեշտ անեկդոտներ պատմել, մի բան, որ նրա վրա շատ լավ ներգործություն էր ունենում, իսկ մնացածներին բավականություն ընձեռում բռնազբոսիկ կերպով ծիծաղելու դեռևս գեներալ Լաուդոնի ժամանակվա հին անեկդոտների վրա։

Այդ օրերին Հերբիխի մոտ ծառայելը շատ հեշտ էր։ Յուրաքանչյուրն անում էր, ինչ խելքին կփչեր, և կարելի է վստահորեն ասել, որ ամեն տեղ, ուր շտաբը գլխավորում էր գնդապետ Հերբիխը, մարդիկ ամբողջ ուժով գողանում և ամեն տեսակ հիմարություններ էին անում։

Այդպես և այսօր։ Շվեյկի հետ միասին գնդապետի գրասենյակը խուժեցին զանազան զինվորական աստիճանավորներ։ Մինչ գնդապետը կկարդար շտաբին հասցեագրված և Պերեմիշլի մայորի ձեռքով կազմված հղագիրը, նրանք լուռ սպասում էին, թե հետո ինչ է լինելու։

Պոդպորուչիկ Դուբը, սակայն, շարունակում էր Շվեյկի հետ սկսած խոսակցությունը իր համար սովորական հաճելի ձևով․

— Դու ինձ դեռ չես ճանաչում, բայց երբ ճանաչես, վախից կսատկես։

Գնդապետը շշմել էր մայորի հղած գրությունից, քանզի վերջինս այդ թուղթը թելադրելիս, տակավին գտնվել էր ալկոհոլային թեթև թունավորման ազդեցության տակ։

Չնայած դրան, գնդապետ Հերբիխը լավ տրամադրության մեջ էր, քանի որ երեկվանից ցավերը դադարել էին, և նրա բութ մատն իրեն գառան պես հանգիստ էր պահում։

— Ուրեմն, իսկապես ասած, ի՞նչ եք արել դուք,— հարցրեց նա Շվեյկին այնպես սիրալիր, որ նախանձից պոդպորուչիկ Դուբի սիրտը կծկվեց, և նա շտապեց պատասխանել Շվեյկի փոխարեն.

— Այս զինվորը, պարոն գնդապետ,— ներկայացրեց նա Շվեյկին,— հիմար է ձևանում, որպեսզի ապուշությամբ իր հանցագործությունները քողարկի։ Ճիշտ է, ես ծանոթ չեմ նրա հետ ուղարկված թղթի բովանդակությանը, բայց, այնուհանդերձ, կռահում եմ, որ այս սրիկան դարձյալ ինչ-որ բան է արել, այն էլ մեծ մասշտաբի։ Եթե ինձ թույլ կտաք, պարոն գնդապետ, ծանոթանալ այդ թղթի բովանդակությանը, ապա ես անպայման կարող կլինեմ ձեզ որոշ ցուցումներ տալ, թե սրա հետ ինչպես պետք է վարվել։

Դիմելով Շվեյկին, նա չեխերեն ասաց․

— Դու խմում ես իմ արյունը։ Զգո՞ւմ ես։

— Խմում եմ,— արժանապատվորեն պատասխանեց Շվեյկը։

— Ահա տեսնում եք ինչ տիպ է, պարոն գնդապետ,— շարունակեց պոդպորուչիկ Դուբը արդեն գերմաներեն։— Դուք ոչինչ չեք կարող նրան հարցնել, առհասարակ հետը խոսել չի լինի։ Բայց վերջիվերջո խոփը դեմ կառնի քարին։ Անհրաժեշտ է նրան մի լավ պատժել։ Թույլ տվեք, պարոն գնդապետ...

Պոդպորուչիկ Դուբը խորասուզվեց Պերեմիշլի մայորի թղթի ընթերցման մեջ և, մինչև վերջ կարդալուց հետո, հաղթականորեն գոչեց.

— Հիմա Շվեյկ, բանդ պրծած է։ Որտե՞ղ ես թողել պետական համազգեստդ։

— Թողել եմ լճակի ամբարտակի վրա, երբ վրաս փորձում էի այս լաթերը, որ իմանայի, թե դրանց մեջ ռուս զինվորն իրեն ինչպես է զգում,— պատասխանեց Շվեյկը։— Դա պարզապես թյուրիմացություն է։

Շվեյկը պոդպորուչիկ Դուբին հանգամանորեն պատմեց, թե ինչ է պատահել այդ թյուրիմացության պատճառով։ Երբ նա վերջացրեց իր պատմությունը, պոդպորուչիկ Դուբը նրա վրա գոռաց.

— Ա՛յ, հիմա արդեն դու ինձ կճանաչես։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ կնշանակե պետական գույքը կորցնել։ Գիտե՞ս, սրիկա, թե ինչ կնշանակե պատերազմի ժամանակ համազգեստը կորցնել։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ,— պատասխանեց Շվեյկը,— գիտեմ։ Երբ զինվորը զրկվում է համազգեստից, պետք է նորը ստանա։

— Տե՛ր աստված,— գոռաց պոդպորուչիկ Դուբը,— ավանա՛կ, անասո՛ւն, եթե մեկ էլ փորձես ինձ հետ այդպիսի կատակ անել, ապա պատերազմից հետո էլ դեռ մի հարյուր տարի կծառայես բանակում։

Գնդապետ Հերբիխը, որ մինչ այդ հանգիստ ու գործարար տեսքով նստած էր սեղանի հետևում, հանկարծ դեմքը սաստիկ ծամածռեց, քանզի նրա մատը, որ մինչ այդ իրեն հանգիստ էր պահել, հանկարծ հեզ ու հլու գառան փոխարեն դարձավ մռնչացող վագր, վեցհարյուր վոլտանոց էլեկտրական հոսանք, այնպիսի մի մատ, որի ամեն մի ոսկրիկը մուրճով դանդաղորեն փշրում և խիճ են դարձնում։ Գնդապետ Հերբիխը ձեռքը թափ տվեց և ոռնաց շամփուրի վրա խորովվող մարդու ահավոր ձայնով.

— Դո՛ւրս կորեք։ Մի ատրճանակ տվեք ինձ։

Դա ծանոթ բան էր, ուստի բոլորը դուրս թռան Շվեյկի հետ միասին, որին պահակները հրեցին դեպի միջանցք։ Մնաց միայն պոդպորուչիկ Դուբը, որը ցանկացավ այդ՝ իր կարծիքով հարմար պահն օգտագործել Շվեյկին վնասելու համար և լաց լինելու պատրաստ գնդապետին ասաց․

― Պարոն գնդապետ, թույլ տվեք ինձ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այդ զինվորը․․․

Գնդապեհտը մլավեց և թանաքամանը շպրտեց պոդպորուչիկի վրա, որից հետո պոդպորուչիկը սարսափահար պատիվ տվեց և թոթովելով․ «Իհարկե, պարոն գնդապետ», անհետացավ դռան հետևում։

Դրանից հետո գնդապետի գրասենյակից դեռ երկար ժամանակ մռնչոց ու ոռնոց էր լսվում։ Ի վերջո ճիչերը դադարեցին։ Գնդապետի մատն անսպասելիորեն նորից գառնուկ դարձավ, պոդագրայի նոպան անցավ։ Գնդապետը զանգահարեց և վերստին հրամայեց Շվեյկին իր մոտ բերել։

— Իսկապես քեզ ի՞նչ է պատահել,— առաջվա պես սիրալիր հարցրեց գնդապետը Շվեյկին։ Ամեն անախորժություն արդեն անցել էր։ Նա նորից իրեն շատ լավ էր զգում և այնպիսի երանության մեջ էր, որ կարծես գրգվում էր ծովափնյա պլյաժում պառկած։

Մտերմաբար ժպտալով գնդապետին, Շվեյկը սկզբից մինչև վերջ պատմեց իր ոդիսականը, զեկուցեց, որ ինքը Իննսունմեկերորդ գնդի տասնմեկեորդ վաշտի հանձնակատարն է և չգիտե, թե առանց իրեն այնտեղ ինչպես են յոլա գնալու։

Գնդապետը նույնպես ժպտաց, ապա արձակեց հետևյալ հրամանը․ «Շվեյկի համար դուրս գրել զինվորական լիտեր Լվովի վրայով մինչև Զոլտանեց կայարանը, ուր վաղը ժամանելու է նրա երթային գունդը, և պահեստից նրան տալ պետական մունդիր և վեց կրոն ութսուներկու հելլեր՝ ճանապարհապարենի փոխարեն»։

Երբ Շվեյկը ավստրիական նոր մունդիրը հագած հեռանում էր բրիգադի շտաբից, դեմ առավ պոդպորուչիկ Դուբին։ Սա շատ զարմացավ, երբ Շվեյկը ըստ բոլոր կանոնների զեկուցեց նրան, ցույց տվեց իր փաստաթղթերը և հոգատար կերպով հարցրեց, թե ինչ հաղորդի պորուչիկ Լուկաշին։

Պոդպորուչիկ Դուբը ոչինչ չգտավ ասելու, բացի «Abtreten!»-ից և, նայելով հեռացող Շվեյկի հետևից, ինքն իրեն քրթմնջաց․ «Դու ինձ դեռ կճանաչես, աստվա՛ծ վկա, դեռ կճանաչես»։

* * *

Զոլտանեց կայարանում հավաքվել էր կապիտան Սագների ամբողջ գումարտակը, բացի վերջապահից` տասնչորսերորդ վաշտից, որը Լվովը թևանցելիս ինչ-որ տեղ կորել էր։

Մտնելով այդ գյուղաքաղաքը, Շվեյկն իրեն գտավ բոլորովին նոր իրադրության մեջ։ Ընդհանուր աշխուժությունից երևում էր, որ հեռու չէր ռազմաճակատը, որտեղ կոտորած էր տեղի ունենում։ Ամենուրեք կանգնած էին թնդանոթներ ու գումակներ, բոլոր տներրց դուրս էին գալիս զանազան գնդերի զինվորներ, որոնց մեջ առանձնապես աչքի էին ընկնում գերմանացիները, որոնք, արիստոկրատների պես, ավստրիացի զինվորներին սիգարետներ էին բաժանում իրենց հարուստ պաշարից։ Հրապարակում տեղ բռնած գերմանական խոհանոցների մոտ նույնիսկ գարեջրի տակառներ էին դրված։ Գերմանացի զինվորներին ճաշի և ընթրիքի ժամանակ գարեջուր էին տալիս, իսկ նրանց շուրջը, քաղցած կատուների պես, ցիկորիի կեղտոտ եփուկից ուռած փորերով, թափառում էին լքյալ ավստրիացի զինվորները։

Երկար կապաներով պեյսավոր հրեաները, խումբ-խումբ հավաքված, ձեռքները թափահարելով ցույց էին տալիս արևելքում երևացող ծխի ամպերը։ Ամենուրեք գոռում էին, թե Բուգ գետի ափին վառվում են Ուտիշկուվը, Բուսկը և Դերևյանին։

Պարզ լսվում էր թնդանոթների որոտը։ Նորից սկսեցին գոռգոռալ, թև ռուսները Գրարբովի կողմից ռմբակոծում են Կամյոնկա Ստրումիլովան և թե մարտեր են մղվում Բուգի երկայնքով մեկ, թե զինվորները կանգնեցնում են փախստականներին, որոնք արդեն պատրաստվել էին վերադառնալ Բուգի այն ափը՝ իրենց տները։

Ամենուրեք իրարանցում էր, և ոչ ոք ստույգ չգիտեր, թե ինչ են անում ռուսներր, արդյոք նորից հարձակմա՞ն են անցել թե շարունակում են իրենց անվերջանալի նահանջը ամբողջ ռազմաճակատով։

Դաշտային ժանդարմերիայի պարեկները րոպեն մեկ գյուղաքաղաքի գլխավոր պարետանոց էին բերում որևէ ահաբեկված հրեայի։ Սուտ ու սխալ լուրեր տարածելու համար այդ դժբախտ հրեաներին այնտեղ ծեծելով արյունլվիկ էին անում և ապա բաց թողնում ճիպոտահարությունից կապտած հետույքներով։

Եվ այդպես Շվեյկն ընկավ այդ իրարանցման մեջ և փորձեց գտնել իր երթային վաշտը։ Դեռևս կայարանում մազ մնաց, որ նա ընդհարվեր հանգրվանային վարչության հետ։ Երբ նա մոտեցավ այն սեղանին, ուր տեղեկություններ էին տալիս իրենց զորամասերը փնտրող զինվորներին, ինչ-որ կապրալ սկսեց Շվեյկի վրա գոռալ, թե արդյոք չէ՞ր ցանկանա, որ նրա փոխարեն ինքը գտներ նրա երթային վաշտը։ Շվեյկն ասաց, թե ուզում է միայն այն իմանալ, թե այս գյուղաքաղաքում որտեղ է տեղավորված այսինչ երթային գումարտակի Իննսունմեկերորդ գնդի տասնմեկերորդ վաշտը։

— Ինձ համար շատ կարևոր է իմանալ,— ընդգծեց Շվեյկը,— թե որտեղ է տասնմեկերորդ երթային վաշտը, քանի որ ես այդ վաշտի հանձնակատարն եմ։

Դժբախտաբար, հարևան սեղանի մոտ նստած էր ինչ-որ շտաբի գրագիր, որը վագրի պես տեղից վեր ցատկեց և նույնպես սկսեց Շվեյկի վրա գոռալ․

― Նզովյա՛լ խոզ, հանձնակատար ես և չե՞ս իմանում, թե որտեղ է քո երթային վաշտը։

Շվեյկը դեռ բերանը չէր բացել, երբ շտաբի գրագիրն անհետացավ գրասենյակում և այնտեղից բերեց մի չաղ պորուչիկի, որն այնպիսի պատկառելի տեսք ուներ, որ կարծես մսի խոշոր ֆիրմայի տեր լիներ։

Հանգրվանային վարչությունները միաժամանակ ծուղակի դեր էին խաղում այն թափառական, վայրենացած զինվորների համար, որոնք, հավանաբար, դեմ չէին լինի ամբողջ պատերազմի ընթացքում փնտրել իրենց զորամասերը և թրև գալ հանգրվաններում, և որոնք հանգրվանային վարչություններում մի առանձին բավականությամբ էին հերթի կանգնում այն սեղանների մոտ, որոնց վերևում կախված էր «Miliagegeld»[18] ազդատախտակը։

Երբ չաղ պորուչիկը ներս մտավ, ավագ գրագիրը գոչեց․

— Habt Acht[19],— և պորուչիկը Շվեյկին հարցրեց․

— Փաստաթղթերդ ո՞ւր են։

Շվեյկը ներկայացրեց փաստաթղթերը, և պորուչիկը հավաստիանալով Շվեյկի՝ շտաբից-վաշտ մարշրուտի ճշտությանը, թղթերը վերադարձրեց և սեղանի մոտ նստած կապրալին բարյացակամորեն ասաց․ «Իրազեկ դարձրեք նրան»,— և նորից մտավ իր գրասենյակը։

Երբ դուռը նրա հետևից շրխկալով փակվեց, շտաբային գրագիր-ֆելդֆեբելը բռնեց Շվեյկի ուսից և, նրան մոտեցնելով դռանը, իրազեկ դարձրեց հետևյալ կերպ․

— Կորիր այստեղից, հոտածի՛ մեկը։

Այդպիսով Շվեյկը նորից ընկավ այդ իրարանցման մեջ։ Հուսալով գումարտակից որևէ ծանոթի հանդիպել, նա երկար թափառեց փողոցներում, մինչև որ, վերջապես, ամեն ինչ բախտախաղի դրեց։ Կանգնեցնելով մի գնդապետի, նա կոտրատված գերմաներենով նրան հարցրեց, թե արդյոք պարոն գնդապետը չգիտե՞ որտեղ է տեղավորված նրա՝ Շվեյկի գումարտակն ու երթային վաշտը։

— Դու կարող ես ինձ հետ չեխերեն խոսել,— ասաց գնդապետը,— ես էլ չեխ եմ։ Քո գումարտակը տեղավորված է շատ մոտիկ, Կլիմոնտովո գյուղում, որ երկաթգծի այն կողմում է, բայց ավելի լավ կլինի այնտեղ չգնաս, որովհետև Կլիմոնտովո մտնելիս ձեր վաշտերից մեկի զինվորները հրապարակում բավարացիների հետ կռիվ են սարքել։

Շվեյկը դիմեց դեպի Կլիմոնտովո։

Գնդապետը հետ կանչեց Շվեյկին, ձեռքը տարավ գրպանը և նրան հինգ կրոն տվեց սիգարետ գնելու համար, ապա մի անգամ էլ քնքշաբար հրաժեշտ տալով, թողեց հեռացավ, ինքն իրեն միտք անելով․ «Ի՜նչ համակրելի զինվոր է»։

Շվեյկը շարունակեց իր ճանապարհը դեպի գյուղ։ Մտածելով գնդապետի մասին, նա հիշեց համանման մի դեպք, տասներկու տարի առաջ Տրենտոյում Հեբերման անունով մի գնդապետ կար, որը զինվորների հետ նույնպես քնքշաբար էր վարվում։ Բայց ի վերջո պարզվեց, որ նա արվամոլ է և Ադիջեի մոտի կուրորտում ցանկացել է բռնաբարել մի կադետի, նրան սպառնալով կարգապահական տույժ տալ։

Այդպիսի մռայլ մտքերով Շվեյկն հասավ մոտակա գյուղը։ Նա առանց դժվարության գտավ գումարտակի շտաբը։ Չնայած որ գյուղը մեծ էր, այնտեղ միայն մի կարգին շինություն կար՝ գյուղական մեծ դպրոցը, որր Գալիցիայի երկրամասային վարչությունը այդ զուտ ուկրաինական երկրամասում կառուցել էր գյուղի լեհականացումն արագացնելու համար։

Պատերազմի ժամանակ այդ դպրոցը մի քանի փուլեր էր անցել։ Այդտեղ տեղավորված էին եղել ռուսական և ավստրիական շտաբները, իսկ Լվովի բախտը որոշող մեծ մարտերի ժամանակ մարզադահլիճը դարձրել էին վիրահատարան, որտեղ ոտքեր ու ձեռքեր էին կտրում և գանգեր շաղափում։

Դպրոցի հետևում, դպրոցական պարտեզում, մեծ տրամաչափի արկի պայթյունից մի մեծ փոս էր գոյացել։ Պարտեզի անկյունում մի հաստաբուն տանձենի կար, որի ճյուղից կախ ընկած տարուբերվում էր այն պարանի կտորը, որով վերջերս կախել էին տեղիս հունակաթոլիկ քահանային։ Նրան կախել էին տեղիս դպրոցի լեհ դիրեկտորի մատնությամբ և այն մեղադրանքով, թե ստարոռուսների կուսակցության անդամ է եղել և ռուսական օկուպացիայի ժամանակ եկեղեցում պատարագ է մատուցել հանուն ռուսաց ուղղափառ ցարի զենքի հաղթանակի։ Դա ճիշտ չէր, քանի որ մեղադրյալն այդ ժամանակ առհասարակ այդտեղ չէր եղել։ Այդ ժամանակ նա գտնվում էր մի փոքրիկ կուրորտում, որին պատերազմը չէր դիպել,— Բnխնա-Զամուրովանում, որտեղ բուժվում էր լեղապարկի քարերի պատճառով։

Հունակաթոլիկ քահանայի կախվելու մեջ դեր էին կատարել մի քանի գործոններ՝ ազգությունը, կրոնական երկպառակությունը և մի հավ։ Բանն այն է, որ դժբախտ քահանան պատերազմն սկսվելուց քիչ առաջ իր բանջարանոցում սպանել էր դիրեկտորի հավերից մեկին, քանզի այդ հավերը կտցահարում էին նրա ցանած սեխի սերմերը։

Հանգուցյալ հունակաթոլիկ քահանայի տունը անտեր էր մնացել, և, կարելի է ասել, ամեն մեկը մի բան էր վերցրել իբրև քահանայից մնացած հիշատակ։

Մի լեհ գյուղացի տուն էր տարել նույնիսկ հին դաշնամուրը, որի կափարիչը օգտագործել էր խոզանոցը նորոգելու համար։ Կահույքի մի մասը, ինչպես ընդունված է, զինվորները ջարդել ու վառել էին փայտի փոխարեն, և միայն երջանիկ պատահականությամբ խոհանոցում անվնաս էր մնացել խոշոր վառարանը իր նշանավոր պլիտայով, քանզի հունակաթոլիկ քահանան ոչնչով չէր տարբերվում իր հռոմեակաթոլիկ կոլեգաներից․ սիրում էր ուտել, ինչպես և սիրում էր, որ պլիտայի վրա ու ջեռոցի մեջ շատ պուտուկներ ու թավաներ լինեն։

Ավանդություն էր դարձել այդ խոհանոցում պատրաստել բոլոր եկող-գնացող զորամասերի սպաների ճաշը։ Վերին մեծ սենյակում սպայական ժողովարանի պես մի բան էին սարքել, որի սեղաններն ու աթոռները հավաքել էին գյուղի բնակիչներից։

Հենց այսօր գումարտակի սպաները հանդիսավոր ընթրիք էին կազմակերպել։ Բաժնեդրանքով մի խոզ էին առել, և խոհարար Յուրայդան այդ առիթով սպաների համար փառահեղ խնջույք էր պատրաստում։ Յուրայդան շրջապատված էր սպասյակների թվին պատկանող զանազան պնակալեզներով, որոնց մեջ աչքի էր ընկնում ավագ գրագիր Վանեկը, որը նրան խորհուրդ էր տալիս խոզի գլուխն այնպես հատել, որ դնչի կտորը մնա իր համար։

Ամենից շատ Բալոունն էր չռել աչքերը։ Հավանաբար ճիշտ այդպիսի ագահությամբ և ցանկասիրությամբ են մարդակերները նայում այն միսիոներին, որին խորովում են շամփուրի վրա և որից ծորում է ճարպն ու շուրջը տարածում խորխոզիի հաճելի բույրը։ Բալոունը իրեն զգում էր կաթնավաճառի սայլին լծված շան պես, որի մոտով երշիկագործի աշակերտը գլխին դրած տանում է թարմ սոսիսկիների զամբյուղը։ Սոսիսկիները կախվել են շղթայի պես, խփվում են տանողի մեջքին։ Դժվար չէ ցատկել ու բռնել, եթե չլիներ լծասարքի զզվելի փոկն ու այդ նողկալի դնչակալը։

Իսկ լյարդաթոքի ֆարշը, լյարդաթոքի երշիկի այդ վիթխարի սաղմը, իր գոյացման առաջին փուլում դրված էր տախտակի վրա և պղպեղի, ճարպի, լյարդի անուշ հոտ էր արձակում։

Թևերը քշտած Յուրայդան այնքան պատկառելի էր, որ նրան նայելով կարելի էր նկարել, թե աստված ինչպես է քաոսից արարում երկիրը։

Բալոունը չդիմացավ և սկսեց հեծեծալ, իսկ հեծեծանքն աստիճանաբար վերածվեց վայնասունի։

— Ի՞նչ ես եզան պես բառաչում,— հարցրեց նրան խոհարար Յուրայդան։

— Միտս ընկավ հայրենի տունս,— հեկեկալով պատասխանեց Բալոունը,— երբ տանը երշիկ էին պատրաստում, ոտս մի րոպե դուրս չէի դնում։ Նույնիսկ ամենալավ հարևանիս երբեք բաժին չէի հանում, ուզում էի բոլորը մենակ ինքս լափեմ․․․ և լափում էի։ Մի անգամ չափից շատ լյարդաթոքի երշիկ, արնաերշիկ ու բուժենինա լափեցի, և բոլորը կարծում էին, թե պիտի տրաքեմ ու սկսեցին ինձ մտրակելով բակում վազեցնել յոնջայից ուռած կովի պես։

— Պան Յուրայդա, թույլ տվեք այդ ֆարշի համը տեսնել, որից հետո թող ինձ կապեն։ Թե չէ այս տանջանքներին չեմ դիմանա։

Բալոունը վեր կացավ նստարանից և, հարբածի նման օրորվելով, մոտեցավ սեղանին ու թաթը պարզեց ֆարշի կույտին։

Համառ պայքար սկսվեց։ Ներկա գտնվողներին դժվարությամբ հաջողվեց թույլ չտալ Բալոունին, որ հարձակվի ֆարշի վրա։ Բայց երբ նրան խոհանոցից դուրս էին նետում, նա կատաղաբար հափշտակեց լյարդաթոքի երշիկի համար կճուճի մեջ ջուր դրած աղիքները, և այդ բանում նրան խանգարել չկարողացան։

Խոհարար Յուրայդան այնպես կատաղեց, որ փախչող Բալոունի հետևից մի կապ փայտյա ձողիկներ շպրտեց ու բղավեց․

— Ա՛ռ, լափիր, շուն շանորդի։

Այդ միջոցին գումարտակի սպաներն արդեն հավաքվել էին վերևում և հանդիսավորապես սպասելով այն բանին, ինչ ծնունդ էր առնում ներքևում՝ խոհանոցում, ուրիշ ալկոհոլ չունենալով, հասարակ հացօղի էին խմում, որին սոխի խաշույով դեղին գույն էր տրված։ Հրեա խանութպանն ասել էր, թե դա ամենալավ տեսակի, իսկական ֆրանսիական կոնյակ է, որն ինքը ժառանգել է հորից, սա էլ իր հերթին՝ նրա պապից։

— Հե՛յ, լսիր,— կոպտաբար նրան ընդհատել էր կապիտան Սագները,— եթե մեկ էլ կրկնես, թե քո պապն այս կոնյակը գնել է ֆրանսիացիներից, երբ նրանք փախչում էին Մոսկվայից, կհրամայեմ քեզ բռնել ու այնքան պահել, մինչև որ քո գերդաստանի ամենակրտսերը դառնա ամենաավագ։

Մինչ նրանք ամեն մի կումից հետո նզովում էին ձեռներեց հրեային, Շվեյկը նստած էր գումարտակի գրասենյակում, որտեղ հոժարական Մարեկից բացի ոչ ոք չկար։ Մարեկը օգտվում էր Զոլտանցում գումարտակի ուշանալու հանգամանքից, որպեսզի առաջուց նկարագրեր մի քանի հաղթական ճակատամարտեր, որոնք ամենայն հավանականությամբ ապագայում պիտի տեղի ունենային։

Մարեկն առայժմ ուրվագրումներ էր անում։ Մինչև Շվեյկի գալը նա կարողացել էր գրել միայն այսքանը․ «Եթե մեր հոգու աչքի առջև կանգնեն այն բոլոր հերոսները, որ մասնակցել են N գյուղի մոտ տեղի ունեցած մարտերին, ուր մեր գումարտակի հետ կողք-կողքի մարտնչում էին N գնդի գումարտակներից մեկը և N գնդի մի այլ գումարտակ, ապա կտեսնենք, որ մեր N գումարտակը ցուցաբերեց ստրատեգիական փայլուն կարողություններ և անկասկած նպաստեց N դիվիզիայի հաղթանակին, այն դիվիզիայի, որի խնդիրն էր վերջնականապես ամրացնել մեր դիրքերը N շրջանում»։

— Այ, տեսնում ես,— ասաց Շվեյկը հոժարականին,— նորից այստեղ եմ։

— Թույլ տուր քեզ հոտոտել,— ասաց զգացված հոժարական Մարեկը։— Հը՛մ, իրոք որ քեզնից բանտի հոտ է գալիս։

— Ինչպես միշտ, պատճառը մի փոքրիկ թյուրիմացություն էր,— ասաց Շվեյկը։— Իսկ դու ի՞նչ ես անում։

— Ինչպես տեսնում ես,— պատասխանեց Մարեկը,— թդթի վրա պատկերում եմ Ավստրիայի հերոս պաշտպաններին, բայց դա ինձ ոչ մի կերպ չի հաջողվում։ Առկա է միայն «N»-ը։ Ընդգծում եմ, այդ տառը ներկայումս հասել է արտակարգ կատարելության և ավելի մեծ կատարելության կհասնի ապագայում։ Կապիտան Սագները, բացի իմ արդեն հայտնի ընդունակություններից, իմ մեջ հայտնաբերել է մաթեմատիկական բացառիկ տաղանդ։ Ես հիմա պետք է ստուգեմ գումարտակի հաշիվներր և առայժմ հանգել եմ այն եզրակացության, որ գումարտակր միանգամայն պասիվ է և միայն առիթի է սպասում որևէ կերպ համաձայնության գալու իր ռուս վարկատուների հետ, քանի որ և պարտությունից, և հաղթանակից հետո ամբողջ թափով գողանում են։ Ի դեպ, դա կարևոր չէ։ Եթե նույնիսկ մեզ գլխովին ջախջախեն,— ահավասիկ մեր հաղթանակի փաստաթուղթը, քանի որ ինձ, որպես մեր գումարտակի պատմաբանի, պատվավոր առաջադրանք է տրված գրելու․ «Գամարտակը նորից գրոհի նետվեց թշնամու վրա, որն արդեն կարծում էր, թե հաղթանակն իր կողմն է։ Մեր զինվորների հարձակումը և սվինագրոհը մի րոպեի գործ եղան։ Թշնամին գլխապատառ փախչում է, թափվում իր իսկ խրամատների մեջ, մենք նրան սվիններով անխնա խոցոտում ենք, այնպես որ նա անկանոն կերպով լքում է խրամատները, մեր ձեռքում թողնելով վիրավորված ու չվիրավորված գերիներ։ Դա ամենափառապանծ պահերից մեկն է։ Ով մարտից հետո ողջ կմնա, դաշտային փոստով մի այսպսի նամակ կուղարկի տուն․ «Քամակին տվին, թանկագի՛ն կընիկ։ Ես ողջ և առողջ եմ։ Մեր չարաճճիկին ծծից կտրե՞լ ես։ Միայն թե նրան մի սովորեցրու ուրիշներին պապա ասել, դա ինձ համար հաճելի չի լինի»։ Հետո գրաքննությունը նամակից կջնջի «քամակին տվին»-ը, քանի որ հայտնի չէ, թե ում քամակին են տվել, դա կարելի է տարբեր կերպ հասկանալ, որովհետև պարզ չի արտահայտված։

— Գլխավորը պարզ արտահայտվելն է,— ասաց Շվեյկը։— Երբ 1912 թվին Պրագայի սուրբ Իգնատիոս եկեղեցում միսիոներներն էին սպասարկում, նրանց մեջ մի քարոզիչ կար, որն ամբիոնից ասաց, թե հավանաբար ինքը երկնքում ոչ ոքի չի հանդիպի։ Այդ իրիկնային ժամերգությանը ներկա էր թիթեղագործ Կուլիշեկը։ Ժամերգությունից հետո նա եկավ գինետուն և այն միտքը հայտնեց, թե երևի միսիոները շատ վատ բաներ է արել, եթե եկեղեցում ի լուր ամենքի հայտարարում է, թե երկնքում ոչ ոքի չի հանդիպի։ Եվ ինչո՞ւ են թողնում, որ այդպիսի մարդիկ ամբիոն բարձրանան։ Պետք է միշտ պարզ ու հասկանալի խոսել, և ոչ թե երկիմաստ բաներ ասել։ Բրեյշկների մոտ շատ տարիներ առաջ մի կառավարիչ կար։ Սա մի վատ սովորություն ուներ, աշխատանքից վերադառնալով կատարը տաք, միշտ մտնում էր մի սրճարան, այնտեղ անծանոթ այցելուների հետ բաժակ-բաժակի տալիս և մի գլուխ կրկնում․ «Մենք ձեզ վրա, դուք մեզ վրա․․․»։ Մի անգամ Հիհլավում ապրող մի հարգարժան պան այդ խոսքի համար այնպես հասցրեց նրա ատամներին, որ երբ առավոտյան ատամներն ավլում էին, սրճարանատերը կանչեց իր աղջկան, որ հինգերորդ դասարանի աշակերտուհի էր, և հարցրեց, թե տարեց մարդը քանի ատամ է ունենում։ Աղջիկն այդ բանը չգիտեր, որի պատճառով հայրը տվեց-հանեց նրա երկու ատամը, իսկ հաջորդ օրը կառավարչից մի նամակ ստացավ, որով նա ներողություն էր խնդրում իր պատճառած անախորժությունների համար և բացատրում, թե իբր ինքը չի ցանկացել որևէ անպարկեշտ բան ասել, թե հասարակությունը իրեն չի հասկացել, որովհետև «մենք ձեզ վրա, դուք մեզ վրա»-ն պարզապես նշանակում է․ «Մենք ձեզ վրա, դուք մեզ չպետք է բարկանանք»։ Ով երկիմաստ բաներ է ասում, պարտավոր է ասելիքը կշռադատել։ Անկեղծ մարդը, որ ինչ մտածում, այն էլ ասում է, հազվադեպ է ծեծ ուտում։ Իսկ եթե մի քանի անգամ ուտի էլ, առհասարակ կգերադասի մարդկանց մոտ լեզուն իրեն քաշել։ Ճիշտ է, այդպիսի մարդու մասին մտածում են, թե նենգ է ու չգիտեմ էլ ինչ է, և նրան էլ շատ անգամ կդնքստեն ինչպես հարկն է, բայց այդ ամենը կախված է նրա խոհեմությունից ու ինքնազսպումից։ Այստեղ արդեն նա պետք է հաշվի առնի, որ ինքը մենակ է, իսկ իր դեմ շատերը կան, որ իրենց վիրավորված են զգում, և եթե սկսի նրանց հետ կռվել, ապա երկու-երեք անգամ ավելի ծեծ կուտի։ Այդպիսի մարդը պետք է համեստ ու համբերող լինի։ Նուսլիում մի պան է ապրում, անունը Հաուբեր։ Մի կիրակի օր նա վերադառնում էր քաղաքից դուրս՝ Բարդունկովոյի ջրաղացի մոտ կատարած զբոսանքից, և Կուդրատիցիի խճուղու վրա սխալմամբ նրա մեջքը դանակ խրեցին։ Եվ այդպես էլ դանակը մեջքին տուն եկավ։ Կինը նրա պիջակը հանելիս խնամքով դանակը դուրս քաշեց, իսկ ցերեկը դրանով գյուլյաշի համար միս էր կտրտում, քանի որ հիանալի դանակ էր, զոլինգենյան մետաղից շինած և շատ լավ սրած, իսկ նրանց տան բոլոր դանակներն այնքան բութ էին, որ բանի պետք չէին գալիս։ Հետո կինը ցանկացավ տնտեսության մեջ այդպիսի դանակների մի ամբողջ կոմպլեկտ ունենալ, և ամեն կիրակի ամուսնուն ուղարկում էր Կունդրատիցիում զբոսնելու։ Բայց ամուսինն այնքան համեստ էր, որ գնում էր միայն Բանգետների մոտ։ Նա լավ գիտեր, որ եթե գտնվում է նրանց խոհանոցում, ապա ավելի շուտ Բանգետը նրան դուրս կշպրտի, քան մի ուրիշը ձեռք կտա։

— Բոլորովին չես փոխվել,— ասաց Շվեյկին հոժարականը։

— Չեմ փոխվել,— հենց այնպես պատասխանեց Շվեյկը։— Փոխվելու ժամանակ չունեի։ Նրանք ուզում էին ինձ նույնիսկ գնդակահարել, բայց ամենից վատը դա չէ․ գլխավորն այն է, որ ամսույս տասներկուսից ոչ մի տեղ ռոճիկ չեմ ստացել։

— Հիմա մեզ մոտ դու ռոճիկ չես ստանա, որովհետև գնում ենք Սոկալի վրա և ռոճիկ վճարելու են միայն կռվից հետո, քանի որ հարկավոր է խնայողություն անել։ Եթե ընդունենք, որ այնտեղ երկու շաբաթվա ընթացքում որևէ բան կպատահի, ապա յուրաքանչյուր ընկած զինվորի հաշվին, հավելումներն էլ հետը, կտնտեսենք չորս կրոն յոթանասուներկու հելլեր։

— Էլ ի՞նչ նորություն կա ձեզ մոտ։

— Նախ, կորել է մեր վերջապահը, հետո մի խոզ են մորթել և այդ առիթով սպաները քահանայի տանը խնջույք են սարքել, իսկ զինվորները ցրվել են գյուղում և տեղիս կանացի բնակչության հետ շնություն են անում։ Ճաշից առաջ ձեր վաշտից մի զինվորի կապեցին, որովհետև մի յոթանասուն տարեկան կնկա հետևից բարձրացել, մտել էր ձեղնահարկը։ Նա մեղավոր չէ, քանի որ այսօրվա հրամանի մեջ չի ասված, թե մինչև որ տարիքն է թույլատրվում այդպիսի բան անել։

— Ինձ էլ է թվում,— իր կարծիքն արտահայտեց Շվեյկը,— որ մեղավոր չէ, որովհետև, երբ պառավը սանդուղքով վեր է բարձրանում՝ մարդ երեսը չի տեսնում։ Ճիշտ այդպիսի մի դեպք պատահեց Թաբորի զորավարժությունների ժամանակ։ Մեր դասակներից մեկը տեղավորված էր մի գինետնում, որի միջանցքում մի կին հատակն էր լվանում։ Զինվոր Խրամոստան թաքուն մոտենում է նրան ու մի հատ շրմփացնում, ինչպես քեզ ասեմ, յուբկային թե չգիտեմ ինչին, քանի որ կինը յուբկան շատ էր վեր քաշել։ Շպպացնում է մի անգամ, կնոջ հոգը չի։ Շպպացնում է երկրորդ, երրորդ անգամ, դարձյալ հոգը չի, կարծես դա իրեն չի վերաբերվում։ Այն ժամանակ զինվորը համարձակ գործի է անցնում։ Կինը հանգիստ շարունակում է հատակը լվանալ, իսկ հետո շուռ է գալիս ու նրան ասում․ «Ահա թե ինչպես ձեզ բռնեցի, զինվոր ջան»։ Այդ տատիկը, ոը յոթանասունն անց էր, հետո սկսեց այդ մասին գյուղով մեկ պատմել։ Հիմա թույլ տվեք ձեզ մի հարց տալ, բացակայությանս ժամանակ կալանքի տակ եղե՞լ եք։

— Ուղղակի բախտս չբանեց,— արդարացավ Մարեկը,— իսկ ինչ վերաբերվում է քեզ, ապա պետք է ասեմ, որ գումարտակին հրաման է տրված քեզ կալանավորել։

— Դա կարևոր չէ,— հանգիստ ասաց Շվեյկը,— նրանք միանգամայն ճիշտ են վարվել։ Գումարտակը պետք է այդ բանն աներ, գումարտակը պետք է ինձ կալանավորելու հրաման տար, դա նրանց պարտականությունն էր․ չէ՞ որ այսքան ժամանակ իմ մասին, ոչ մի տեղեկություն չէին ստացել։ Գումարտակն անմիտ բան չի արել։ Ուրեմն, ասում ես, խոզ մորթելու առիթով բոլոր սպաները քահանայի տանը քեֆ են անում։ Որ այդպես է, պետք է գնամ այնտեղ և զեկուցեմ, որ նորից այստեղ եմ։ Առանց այն էլ պարոն օբեր-լեյտենանտ Լուկաշն իմ պատճառով շատ գլխացավանք է ունեցել։

Շվեյկը զինվորի հաստատուն քայլվածքով դիմեց դեպի քահանայի տունը, երգելով․

Հապա նայիր, նայիր տես,
Ինձ նայիր դու, սիրելի՛ս,
Տե՛ս ինչպես եմ քայլում ես,
Տղայի պես ման գալիս․․․

Շվեյկը մտավ քահանայի տունը և բարձրացավ վեր, որտեղից լսվում էին սպաների ձայները։

Խոսում էին այն ամենի մասին, ինչ խելքներին փչում էր, և հենց այդ պահին քննադատում էին բրիգադին և այնտեղի շտաբում տիրող անկարգությունները, իսկ բրիգադի համհարզը կրքերն ավելի բորբոքելու համար ասաց․

― Մենք, այնուամենայնիվ, այդ Շվեյկի մասին հեռագրել ենք։

— Hier!,— կիսաբաց դռան հետևից գոչեց Շվեյկը և, մտնելով սենյակ, կրկնեց․― Hier! Meide gehorsam, Infanterist Svejk, Kumpanienordonanz 11 Marschkumpanie![20]

Տեսնելով կապիտան Սագների և պորուչիկ Լուկաշի զարմանքը, որոնց դեմքերն անսահման հուսահատություն էին արտահայտում, նա, առանց որևէ հարցի սպասելու, պարզաբանեց․

— Համարձակվում եմ զեկուցել, ինձ ուզում էին գնդակահարել այն բանի համար, որ թագավոր կայսրին դավաճանել եմ։

— Աստվա՜ծ իմ, այդ ի՞նչ եք ասում, Շվեյկ,— դառնացած բացականչեց սփրթնած պորուչիկ Լուկաշը։

— Համարձակվում եմ զեկուցել, բանն այսպես եղավ, պարոն օբեր-լեյտենանտ․․․

Եվ Շվեյկն սկսեց հանգամանորեն նկարագրել, թե բանն ինչպես էր եղել։

Բոլորը նայում էին նրան և իրենց աչքներին չէին հավատում, իսկ նա ամենայն մանրամասնությամբ պատմեց ամեն ինչ, նույնիսկ չմոռանալով հիշատակել, թե լճակի ամբարտակի վրա, որտեղ նրան այդ փորձանքը պատահել էր, անմոռուկներ էին աճել։ Իսկ երբ սկսեց թվել այն թաթարների ազգանունները, որոնց հետ ծանոթացել էր իր թափառումների ժամանակ, և երբ Հալիմուլաբալիբեյի պես ինչ-որ ազգանուն ասաց, իսկ հետո ավելացրեց իրենից հնարած մի ամբողջ շարք ազգանուններ, ինչպես, օրինակ, Վալիվոլավալիվեյ, Մալիմուլամալիմեյ, պորուչիկ Լուկաշը չդիմացավ և սպառնաց․

— Ես ձեզ դուրս կշպրտեմ, անասո՛ւն։ Շարունակեցեք կարճ, բայց կապակցված։

Եվ Շվեյկը շարունակեց իրեն հատուկ հետևողականությամբ։ Հասնելով դաշտային դատարանին, նա մանրամասն նկարագրեց գեներալին ու մայորին, հիշատակեց, որ գեներալի աջ աչքը շիլ էր, իսկ մայորի աչքերը կապույտ էին և խիստ։

― Մի տեսակ անհանգիստ,— ավելացրեց նա հանգավորելով։

Այդ ժամանակ տասներկուերորդ վաշտի հրամանատար Ցիմերմանը Շվեյկի վրա շպրտեց այն կավե գավաթը, որով խմում էր հրեայի թունդ օղին։

Շվեյկն հանգիստ շարունակեց պատմել հոգևոր մխիթարության, ինչպես և այն մայորի մասին, որը մինչև լույս քնել էր նրա գրկում։ Այնուհետև հանդես եկավ այն բրիգադի փայլուն պաշտպանությամբ, որտեղ նրան ուղարկել էին, երբ գումարտակը պահանջել էր Շվեյկին վերադարձնել իբրև անհետ կորածի։ Ի վերջո կապիտան Սագներին ներկայացնելով իր փաստաթղթերը, որոնցից երևում էր, որ բարձրագույն ինստանցիան նրա վրայից ամեն մի կասկած վերացրել է, նա հիշեց․

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ Դուբը գտնվում է բրիգադում, ուղեղի ցնցում ունի, խնդրեց ձեզ բոլորիդ շատ բարով անել։ Խնդրում եմ տալ իմ ռոճիկը և թութունի փողը։

Կապիտան Սագները և պորուչիկ Լուկաշը հարցական հայացքներով իրար նայեցին, բայց այդ պահին դուռը բացվեց և փայտյա չանով ներս բերին խոզի փորոտիքի գոլորշապատ սուպը։

Դա սկիզբն էր այն հաճույքների, որոնց բոլորն սպասում էին։

— Թշվառակա՛ն,— քրթմնջաց կապիտան Սագները, որի տրամադրությունը մոտալուտ երանության կանխավայելումից լավացել էր,— ձեզ փրկեց միայն մորթված խոզի պատվին սարքված խնջույքը։

— Շվե՛յկ,— ավելացրեց պորուչիկ Լուկաշը,— եթե մեկ էլ ձեզ այդպիսի բան պատահի, բաններդ վատ կլինի։

— Համարձակվում եմ զեկուցել, իմ բանը պետք է վատ լինի,— հաստատեց Շվեյկը, պատիվ տալով։— Երբ մարդ գտնվում է զինվորական ծառայության մեջ, պետք է իմանա և հասկանա․․․

— Չքվեցե՛ք,— գոռաց կապիտան Սագները։

Շվեյկը չքվեց և իջավ խոհանոց։

Վշտահար Բալոունը վերադարձել էր նույն այդ տեղը և խնջույքում պորուչիկ Լուկաշին սպասարկելու թույլտվության էր խնդրում։

Շվեյկը ներս մտավ խոհարար Յուրայդայի և Բալոունի վեճի ամենաթունդ պահին։

Յուրայդան գործ էր ածում ոչ այնքան հասկանալի արտահայտություններ․

— Դու անկշտում էակ ես,— ասում էր նա Բալոունին,— դու կարող ես լափել մինչև յոթերորդ քրտինք։ Պատկերացնում եմ, թե ինչ օրհասային տանջանքներ կապրեիր, եթե թույլ տայի, որ լյարդաթոքի երշիկը վերև տանեիր։

Խոհանոցն հիմա բոլորովին այլ տեսք ուներ։ Գումարտակների և վաշտերի ավագ գրագիրներն անուշ էին անում ըստ խոհարար Յուրայդայի մշակած պլանի։ Գումարտակային գրագիրները, վաշտային հեռախոսավարները և մի քանի ենթասպաներ լվացարանի ժանգոտած կոնքի միջից ագահորեն խփշտում էին խոզի փորոտիքի սուպը, որին եռացրած ջուր էին խառնել, որպեսզի բոլորին բավականացներ։

— Բարև՛,— ողջունեց Շվեյկին ավագ գրագիր Վանեկը մի տոտիկ կրծելով։— Հենց նոր հոժարական Մարեկն այստեղ էր և հայտնեց, որ դուք նորից վաշտումն եք և ձեզ վրա նոր մունդիր կա։ Լա՜վ փորձանքի մեջ ընկա ձեր երեսից։ Մարեկն ինձ վախեցնում է, որ ձեր համազգեստի պատճառով մենք երբեք չենք կարողանա բրիգադի հետ հաշիվները փակել։ Ձեր մունդիրը գտել են լճակի ամբարտակի վրա, և մենք գումարտակի գրասենյակի միջոցով այդ մասին հայտնել ենք բրիգադին։ Ինձ մոտ դուք համարվում եք լողանալու ժամանակ խեղդված։ Պարզապես պետք է չվերադառնայիք և կրկնակի մունդիրով մեզ անախորժություններ չպատճառեիք։ Դուք գաղափար իսկ չունեք, թե բրիգադի գլխին ինչ խաղ եք խաղացել։ Ձեր համազգեստի ամեն մի մասը մուտք է արված։ Վաշտի առկա համազգեստների իմ ցուցակներում այդ համազգեստը նշված է որպես ավելցուկ, այսինքն վաշտում մի ձեռք համազգեստ ավելի է։ Այդ մասին ես արդեն գումարտակին հայտնել եմ։ Հիմա մեզ բրիգադից հայտագիր կուղարկեն, թե դուք նոր համազգեստ եք ստացել, այնինչ գումարտակն առկա համազգեստների ցուցակում նշել է, թե մի ձեռք ավելի համազգեստ կա։ Ես գիտեմ, թե դա ինչով կվերջանա, դրա պատճառով կարող են ռևիզիա նշանակել։ Իսկ երբ գործը այդպիսի չնչին բանի է վերաբերվում, անպայման կգան հենց ինտենդանտությունից։ Թեև երբ երկու հազար զույգ սապոգ է կորչում, ոչ ոք չի հետաքրքրվում։

— Բայց մեզ մոտ ձեր համազգեստը կորել է,— ողբերգականորեն հայտնեց Վանեկը, ծծելով ձեռքն ընկած ոսկորի ծուծը, ապա մնացածը քչփորելով լուցկիով, որը նրա համար նաև ատամնափորիչի դեր էր կատարում։— Այդ դատարկ բանի համար անպայման մեզ մոտ տեսչություն կգա։ Երբ ես ծառայում էի Կարպատներում, այնտեղ տեսչություն եկավ այն բանի համար, որ վատ էինք կատարում սառած զինվորների ոտքերից սապոգները խնամքով հանելու կարգադրությունը։ Քաշում էինք, քաշում, և երկուսի ոտքերին սապոգները պատռվեցին։ Ճիշտ է, մեկի սապոգները քրքրվել էին դեռևս իր կենդանության օրոք։ Եվ փորձանքն եկավ անսպասելի։ Ինտենդանտությունից մի գնդապետ ժամանեց, և եթե գալուն պես ռուսական գնդակը չդիպչեր գլխին և նա չգլորվեր ձորը, չգիտեմ այդ ամենը ինչով կվերջանար։

— Նրա սապոգնե՞րն էլ հանեցին,— հետաքրքրվեց Շվեյկը։

— Հանեցին,— մտախոհ պատասխանեց Վանեկը,— Բայց հայտնի չէ, թե ով հանեց, այնպես որ գնդապետի սապոգները հաշվետվության մեջ ցույց տալ չկարողացանք։

Խոհարար Յուրայդան նորից վերադարձավ վերևից, և նրա հայացքը հանդիպեց դարդոտած Բալոունին, որը տխուր և ընկճված նստած էր վառարանի մոտ դրված նստարանի վրա և անասելի վշտով դիտում էր իր ներս ընկած փորը։

— Դու պետք է գեզիխաստների աղանդի մեջ լինեիր,— կարեկցանքով ասաց ուսյալ խոհարար Յուրայդան,— այդ գեզիխաստները օրերով նայում էին իրենց պորտին, մինչև որ նրանց սկսում էր թվալ, թե պորտի շուրջը լուսապսակ է հայտնվել։ Դրանից հետո գտնում էին, թե հասել են կատարելության երրորդ աստիճանին։

Յուրայդան բացեց ջեռոցը և այնտեղից մի արնաերշիկ հանեց։

— Լափիր, Բալոուն,— ասաց նա քնքշաբար,— լափիր, մինչև որ տրաքես, զխկրտվիր, անկշտում։

Բալոունի աչքերին արցունքներ երևացին։

— Տանը, երբ խոզ էինք մորթում,— սկսեց պատմել Բալոունը, խժռելով փոքրիկ արնաերշիկը,— նախ ուտում էի մի կտոր բուժենինա, ամբողջ դունչը, սիրտը, ականջը, մի կտոր լյարդ, երիկամները, փայծախը, մի կտոր զիստ, լեզուն, իսկ հետո․․․— Եվ հանգիստ ձայնով, ասես հեքիաթ էր պատմում, ավելացրեց․— Իսկ հետո գալիս էին լյարդաթոքի երշիկները, վեց հատ, տասը հատ, տռուզ արնաերշիկները, կորկոտի, փռնչորի երշիկները, այնպես որ մարդ չէր իմանում որից սկսի, կորկոտի՞ թե փռնչորի երշիկներից։ Ամեն ինչ հալվում էր լեզվիդ վրա, անո՜ւշ բուրում, և ուտում ես, ուտում․․․

— Ես կարծում եմ,— շարունակեց Բալոունը,— գնդակն ինձ կխնայի, բայց ահա սովը հոգիս հանում է, և կյանքումս այլևս չեմ տեսնի այնպիսի արյունի ֆարշ, որ մեր տանն էր լինում։ Ճիշտ է ղոնդողը այնքան էլ չէի սիրում, միայն դողդողում է ու փորը չի կշտացնում։ Բայց, կնիկս, ընդհակառակը, դոնդողի համար հոգի էր տալիս։ Իսկ ես այս դոնդողն ու մի կտոր ականջն էլ էի ափսոսում, ցանկանում էի բոլորն ինքս ուտեմ և ուտեմ սրտիս ուզածին պես։ Չէի գնահատում ես դա, այդ բոլոր սքանչելիքները, այդ ամբողջ բարեկեցությունը։ Մի անգամ աներոջս համար, որ իր զավակների խնամքի տակ էր ապրում, մի խոզ մորթեցի։ Մորթեցի և ամբողջը մենակ կերա, ափսոսեցի խեղճ ծերունուն գոնե մի քիչ բաժին ուղարկել։ Հետո նա գուշակեց, թե ես սովից կսատկեմ, քանի որ ուտելու բան չեմ ունենա։

― Ինչպես տեսնում եմ, ճիշտ է ասել նա,— ասաց Շվեյկը,— որի բերանից այդ օրն ինքնաբերաբար հանգեր էին թափվում։

Խոհարար Յուրայդան, որը հենց քիչ առաջ Բալոունին մեղքացել էր, միանգամայն անկարեկից դարձավ նրա նկատմամբ, քանի որ Բալոունը արագ ու գաղտագողի մոտեցավ պլիտային, գրպանից մի մեծ կտոր հաց հանեց և փորձեց թաթախել սոուսի մեջ, որի կենտրոնում խոշոր թավայի վրա հանգչում էր տապակած խոզի մի մեծ կույտ։ Յուրայդան այնպես ուժգին հարվածեց Բալոունի ձեռքին, որ հացի կտորն ընկավ սոուսի մեջ, ինչպես լողորդը կամրջակի վրայից ցատկում է գետը։

Եվ թույլ չտալով, որ Բալոունը թավայի միջից դուրս քաշի այդ համեղ պատառը, Յուրայդան նրան խտտեց ու դռնից դուրս նետեց։

Շշմած Բալոունը լուսամուտից տեսավ, թե ինչպես Յուրայդան պատառաքաղով հանեց նրա հացի կտորը, որը սոուսով այնպես էր հագեցել, որ բոլորովին դարչնագույն էր դարձել, ապա տապակած մսի ամենավերին շերտից կտրեց մի պատառ, դրեց հացի վրա, տվեց Շվեյկին և ասաց․

— Կերեք, իմ համեստ բարեկամ։

— Մեղա՜ քեզ, տեր,— մղկտաց Բալոունը լուսամուտի հետևում։— Կորա՛վ իմ հացը։— Եվ երկար ձեռքերը թափահարելով, քայլերն ուղղեց դեպի գյուղ, որ գոնե այնտեղ մի բան ձեռք գցի։

Ծամելով Յուրայդայի մեծահոգի պարգևը, Շվեյկը խոսում էր լիքը բերանով․

— Ես, ճիշտն ասած, ուրախ եմ, որ նորից մերոնց մեջ եմ։ Շատ կվշտանայի, եթե այսուհետև չկարողանայի մեր վաշտին օգտակար լինել։— Սրբելով կզակին քսված սոուսն ու ճարպը, նա այսպես ավարտեց իր խոսքր։— Չգիտեմ, չգիտեմ ինչ պիտի անեիք դուք այստեղ, եթե ինձ մի տեղ բռնեին, իսկ պատերազմը դեռ մի քանի տարի շարունակվեր։

Ավագ գրագիր Վանեկը հետաքրքրությամբ հարցրեց․

— Ի՞նչ եք կարծում, Շվեյկ, պատերազմը երկա՞ր կտևի։

— Տասնհինգ տարի,— պատասխանեց Շվեյկը։— Պարզ բան է։ Քանի որ արդեն երեսունամյա պատերազմ եղել է և մենք էլ հիմա կիսով չափ ավելի խելոք ենք, ապա երեսունը բաժանած երկուսի՝ կլինի տասնհինգ։

— Մեր կապիտանի սպասյակը,— մեջ մտավ Յուրայդան,— ասում էր, թե իբր իր ականջով լսել է, որ հենց որ Գալիցիայի սահմանը գրավենք՝ էլ առաջ չենք գնա, դրանից հետո ռուսները հաշտության բանակցություններ կսկսեն։

— Այդ դեպքում բնավ չարժեր պատերազմել,— ասաց Շվեյկը համոզված։— Պատերազմը պետք է պատերազմի պես լինի։ Ես վճռականորեն հրաժարվում եմ հաշտության մասին խոսել ավելի վաղ, քան մենք կլինենք Մոսկվայում ու Պետրոգրադում։ Քանի որ համաշխարհային պատերազմ է, ապա մի՞թե մենք միայն սահմանների մոտերքում պիտի թքենք։ Վերցնենք, օրինակ, շվեդներին երեսունամյա պատերազմի ժամանակ։ Որտեղից եկան, հա՜, բայց հասան մինչև գերմանական Բրոդ ու Լիպնիկ, որտեղ այնպիսի կոտորած սարքեցին, որ մինչև հիմա էլ այնտեղի գինետներում կեսգիշերից հետո շվեդերեն են խոսում և իրար չեն հասկանում։ Կամ, օրինակ, պրուսացիները։ Նրանք էլ, կարծեմ, հարևան գյուղից չէին եկել, բայց նրանց գնալուց հետո Լիպնիկում շնից շատ պրուսացի կա։ Նույնիսկ մինչև Եդոուխով, մինչև Ամերիկա հասան, իսկ հետո ետ եկան։

— Ի մեջի այլոց,— ասաց Յուրայդան որին այսօրվա խնջքույքը բոլորովին հունից հանել էր ու խելքը շաղել,— բոլոր մարդիկ առաջացել են ծածաններից։ Վերցնենք, բարեկամներ, Դարվինի էվոլյուցիոն տեսությունը․․․

Նրա հետագա դատողություններն ընդհատվեցին հոժարական Մարեկի ներխուժմամբ։

— Գլուխներդ ազատեցե՛ք,— բղավեց Մարեկը,— հենց նոր պոդպորուչիկ Դուբն ավտոմոբիլով եկավ գումարտակի շտաբ և իր հետ բերել է այն հոտած կադետ Բիգլերին։

— Դուբին ճանաչել չի լինի,— հաղորդեց այնուհետև Մարեկը։— Բիգլերի հետ ավտոմոբիլից դուրս գալուն պես խուժեց գրասենյակ։ Երևի հիշում եք, որ այստեղից գնալիս, ես ասացի, թե մի քիչ պիտի քնեմ։ Մեկնվեցի, ուրեմն, գրասենյակում նստարանի վրա և հենց նոր էր աչքս կպել։ երբ նա նետվեց ինձ վրա։ Կադետ Բիգլերը բղավեց․ «Habacht!»[21]։ Պոդպորուչիկ Դուբն ինձ վեր կացրեց և հարձակվեց վրաս․ «Ըհը՛։ Զարմանում եք, հա՞, որ ձեզ բռնել եմ գրասենյակում ձեր պարտականությունները չկատարելու ժամանակ։ Քնել թույլատրվում է միայն ավարտի ազդանշանից հետո»։ Իսկ Բիգլերը ճշգրտեց․ «Զորանոցային կանոնագրքի տասնվեցերորդ բաժնի իններորդ պարագրաֆ»։ Այդ Ժամանակ Դուբը բռունցքը խփեց սեղանին ու ծղրտաց․ «Երևում է, գումարտակում ուզում էին ինձնից ազատվել։ Չկարծեք, թե դա ուղեղի ցնցում էր, իմ գանգը կդիմանա»։ Կադետ Բիգլերն այդ ժամանակ թերթում էր սեղանի վրայի թղթերը և իր համար բարձրաձայն մի քաղվծք կարդաց․ «Հրաման դիվիզիային № 280» գրությունից։ Պոդպորուչիկ Դուբը, կարծելով, թե կադետը ծաղրում է նրա վերջին ֆրազը, որ վերաբերվում էր ամուր գանգին, սկսեց նրան շշպռել ավագ սպայի նկատմամբ ցուցաբերած անվայելուչ և հանդուգն վերաբերմսւնքի համար, և հիմա Բիգլերին բերում է այստեղ, կապիտանի մոտ, նրա դեմ բողոքելու։

Մի քանի րոպե անց Դուբն ու Բիգլերը մտան խոհանոց, որի միջով պետք էր անցնել վեր բարձրանալու համար, որտեղ գտնվում էր սպայական կազմը և որտեղ տապակած խոզի միսը կուշտ ուտելուց հետո ցմփոր պրապորշչիկ Մալին արիաներ էր երգում «Տրավիատա» օպերայից և միաժամանակ զկռտում։

Երբ պոդպորուչիկ Դուբը ներս մտավ, Շվեյկը գոռաց․

— Habacht! Բոլորդ ոտքի՛։

Պոդպորուչիկ Դուբը կիպ մոտեցավ Շվեյկին և բղավեց ուղդակի նրա երեսին․

— Հիմա ուրախացիր, հիմա վերջդ եկավ։ Ես կհրամայեմ քեզնից խրտվիլակ սարքել ի հիշատակ Իննսունմեկերորդ գնդի։

— Zum Befehl[22], պարոն լեյտենանտ,— պատիվ տվեց Շվեյկը,— մի անգամ ես կարդացել եմ, համարձակվում եմ զեկուցեl, որ ժամանակով մի մեծ կռիվ է եղեl, որի ժամանակ շվեդական թագավորը զոհվել է իր հավատարիմ ձիու հետ։ Երկու զոհվածներին էլ ուղարկել են Շվեդիա և դիակներից խրտվիլակներ պատրաստել, և հիմա այd խրտվիլակները դրված են Ստոկհոլմի թանգարանում։

— Որտեղի՞ց ես ձեռք բերել քո այդ գիտելիքները, անտաշի մեկը,— ծղրտաց պոդպորուչիկ Դուբը։

— Համարձակվում եմ զեկուցել, պարոն լեյտենանտ, իմ այն եղբորից, որ գիմնազիայի դասատու էր։

Պոդպորուչիկ Դուբը կտրուկ շուռ եկավ, թքեց և, կադետ Բիգլերին առաջ հրելով, դիմեց դեպի վերևի դահլիճը։ Սակայն դռնից դուրս գալիս նա, այնուամենայնիվ, առիթը բաց չթողեց շրջվելու դեպի Շվեյկը և, կրկեսում վիրավորված գլադիատորի բախտը որոշող հռոմեական Կեսարի անողոք խստությամբ, աջ ձեռքի բութ մատով մի շարժում արեց և գոչեց․

— Բութ մատը դեպի վա՛ր։

— Համարձակվում եմ զեկուցել,— նրա հետևեց գոռաց Շվեյկը,— բոլոր մատներս են դեպի վար։

* * *

Կադետ Բիգլերը ճանճի պես նվաղուն էր։ Այդ ժամանակաընթացքում նա արդեն կարողացել էր լինել մի քանի խոլերային կետերում, և այն բոլոր ձեռնածություններից հետո, որ կատարել էին նրա վրա, նրան համարելով խոլերայի բացիլակիր, բնականաբար սովորել էր միանգամայն ակամա կեղտոտել շալվարի մեջ, մինչև որ, վերջապես, այդ կետերից մեկում ընկավ մասնագետի ձեռք։ Վերջինս կադետ Բիգլերի կղկղանքի մեջ խոլերայի բացիլներ չգտավ, փորոտիքը պնդացրեց տանինով, ինչպես կոշկակարը պատռված կոշիկները՝ մոմաթելով, և ուղարկեց մոտակա հանգրվանային վարչությունը, նրան համարելով «Frontdiensttauglich»[23]։

Բժիշկը սրտացավ մարդ էր։

Երբ կադետ Բիգլերը նրա ուշադրությունր հրավիրեց այն բանի վրա, որ ինքն իրեն շատ թույլ է զգում, բժիշկը ժպտալով պատասխանեց․ «Դուք դեռ ուժ կունենաք կրելու «Քաջության համար» ոսկե մեդալը։ Չէ՞ որ դուք ձեր հոժար կամքով եք գնացել պատերազմ»։

Եվ այդպես, կադետ Բիգլերը գնաց ոսկե մեդալ ձեռք բերելու։

Նրա պնդացված փորոտիքն այլևս շալվարի մեշ հեղուկ չէր արտադրում, բայց հաճախակի արտահայտվող բնական ցանկությունը դեռ տանջում էր նրան, այնպես որ կադետ Բիգլերի ամբողջ ճանապարհը, վերջին հանգրվանային կետից սկսած մինչև բրիդադի շտաբը,— որտեղ նա հանդիպեց պոդպորուչիկ Դուբին,— հիրավի մի հաղթական երթ էր ամեն տեսակ արտաքնոցների միջով։ Նա մի քանի անգամ ուշացել էր գնացքից, քանզի այնքան երկար էր նստել կայարանային արտաքնոցում, որ գնացքը մեկնել էր։ Մի քանի անգամ չէր կարողացել գնացքից գնացք տեղափոխվել, որովհետև չէր հասցրել վագոնի արտաքնոցից դուրս գալ։

Եվ, այնուամենայնիվ, չնայած դրան, չնայած իր ճանապարհին կանգնած բոլոր արտաքնոցներին, կադետ Բիգլերը մոտենում էր բրիգադին։

Պոդպորուչիկ Դուբը բրիգադում դեռ մի որոշ ժամանակ պետք է մնար բժշկի հսկողության տակ։ Սակայն այն օրը, երբ Շվեյկը պետք է գնար գումարտակ, շտաբի բժիշկը միտքը փոխեց, տեղեկանալով, որ ճաշից հետո մի սանիտարական ավտոմեքենա մեկնելու է Իննսունմեկերորդ գնդի դասավորության վայրը։

Բժիշկը շատ ուրախ կլիներ ազատվել պոդպորուչիկ Դուբից, որն իր զանազան պնդումները լավագույնս հիմնավորելու համար մեջ էր բերում այս միակ փաստարկը․ «Դեռևս պատերազմից առաջ ես այդ մասին խոսում էի նահանգական վարչության պարոն պետի հետ»։

«Mit deinem Bezirkshauptmann kannst du mir am Arsch lecken»[24],— մտածեց շտաբի բժիշկը և բախտից շնորհակալ եղավ, որ սանիտարական ավտոմեքենաները Զոլտանեցի միջով են գնում Կամյոնկա-Ստրումիլով։

Շվեյկը կադետ Բիգլերին բրիգադում չտեսավ, քանզի վերջինս արդեն երկու ժամից ավելի նստած էր սպայական արտաքնոցում։ Կարելի է համարձակ ասել, որ կադետ Բիգլերը նման տեղերում երբեք ժամանակն իզուր չէր վատնում, քանի որ մտքում կրկնում էր ավստրոհունգարական քաջարի բանակի բոլոր փառապանծ ճակատամարտերը, սկսած Նյորդլինգենի 1634 թ․ սեպտեմբերի 6-ի ճակատամարտից և վերջացրած Սարաևոյի 1888 թ, օգոստոսի 19-ի ճակատամարտով։ Արտաքնոցում բազմիցս ձգելով շղթայիկը և լսելով, թե ինչպես ջուրն աղմկելով հորդում է ունիտազի մեջ, նա աչքերը կկոցած պատկերացնում էր ճակատամարտի հռնդյունը, հեծելազորային գրոհն ու թնդանոթների որոտը։

Պոդպորուչիկ Դուբի և կադետ Բիգլերի հանդիպումը այնքան էլ հաճելի չէր և անկասկած դարձավ նրանց հետագա փոխադարձ թշնամության պատճառը, ինչպես ծառայության մեջ, այնպես էլ նրանից դուրս։

Չորրորդ անգամ ջանալով մտնել արտաքնոց, պոդպորուչիկ Դուբը զայրացած գոռաց․

— Ո՞վ է այդտեղ։

— Իննսունմեկերորդ գնդի № գումարտակի տասնմեկերորդ երթային վաշտի կադետ Բիգլերը,— հնչեց հպարտ պատասխանը։

— Այստեղ է,— ներկայացավ մրցակիցը դռան հետևից,— նույն այդ վաշտի պոդպորուչիկ Դուբը։

— Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ։

— Սպասում եմ։

Պոդպորուչիկ Դուբը անհամբեր նայում էր ժամացույցին։ Ոչ-ոք չի կարող պատկերացնել, թե մարդ որքան եռանդ ու տոկունություն պետք է ունենա, որ այդ վիճակում դռան մոտ դիմանա տասնհինգ, հետո հինգ, այնուհետև դարձյալ հինգ րոպե և ձեռքով ու ոտքերով դուռը ծեծելուց հետո ստանա միևնույն պատասխանը․ «Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ»։

Պոդպորուչիկ Դուբի տենդը բռնեց, մանավանդ երբ թղթի հուսադրող խշշոցից հետո անցավ ևս յոթ րոպե, իսկ դուռն այդպես էլ չէր բացվում։

Կադետ Բիգլերը դեռ գոնե այնքան տակտ ուներ, որ ամեն անգամ չէր ջուրը բաց թողնում։

Թեթև տենդով բռնված, պոդպորուչիկ Դուբն սկսեց մտածել, թե արդյոք չբողոքի բրիգադի հրամանատարին, որը գուցե կհրամայի դուռը ջարդել և կադետ Բիգլերին դուրս հանել։ Նրա մտքով այն էլ անցավ, թե մի գուցե կադետի արարքը հանդիսանում է ենթակարգության խախտում։

Հինգ րոպե անց պոդպորուչիկ Դուբն զգաց, որ այդտեղ, դռան հետևում, այլևս անելիք չունի, որ իր բնական ցանկությունն արդեն վաղուց անցել է։ Սակայն նա արտաքնոցի դռնից չէր հեռանում հանուն սկզբունքի, շարունակելով ոտքով թակել դուռը, որի հետևից հնչում էր միևնույն պաաասխանր․ «In einer Minute fertig, Herr Leutnant!»[25]։

Վերջապես պոդպորուչիկը լսեց, թե ինչպես Բիգլերը ջուրը բաց թողեց, և մեկ րոպե անց նրանք կանգնած էին երես առ երես։

— Կադետ Բիգլեր,— որոտաց պոդպորուչիկ Դուբը,— չկարծեք, թե ես եկել եմ այստեղ նույն նպատակով, ինչ որ դուք։ Ես եկել եմ այն պատճառով, որ դուք բրիգադի շտաբ ժամանելուց հետո ինձ չեք ներկայացել և զեկուցել։ Կարգը չգիտե՞ք, ինչ է։ Արդյոք ձեզ հայտնի՞ է, թե ում եք գերապատվություն տվել։

Կադետ Բիգլերն աշխատում էր հիշել, թե հո որևէ այնպիսի բան չի արել, որը հակասած լինի կարգապահությանը և կրտսեր ու ավագ սպաների փոխհարաբերություններին վերաբերող հրահանգներին։

Նրա գիտելիքների մեջ այդ բնագավառում մեծ բաց կար։

Դպրոցում նրանց դասախոսություններ չէին կարդացել, թե նման դեպքերում կրտսեր սպան ինչպես պետք է վարվի ավագ սպայի նկատմամբ, թե արդյոք նա պարտավո՞ր է դեռ չնստած դուրս նետվել արտաքնոցից, մի ձեռքով բռնելով շալվարը, իսկ մյուսով պատիվ տալով։

— Դե՛հ, պատասխանեցեք, կադետ Բիգլեր,— գրգռիչ տոնով բղավեց պոդպորուչիկ Դուբը։

Եվ այդ ժամանակ կադետ Բիգլերի մտքում ծագեց ամենապարզ պատասխանը․

— Պարոն պոդպորուչիկ, գալով բրիգադի շտաբը, ես տեղեկություն չունեի, որ դուք գտնվում եք այստեղ, և գրասենյակում գործերս վերջացնելուց հետո անմիջապես դիմեցի արտաքնոց, ուր և գտնվում էի ընդհուպ մինչև ձեր գալը։— Եվ հանդիսավորապես ավելացրեց։— Կադետ Բիգլերը ներկայանում է պարոն պոդպորուչիկ Դուբին։

— Տեսնո՞ւմ եք, դա դատարկ բան չէ,— դառնացած ասաց պոդպորուչիկ Դուբը,— իմ կարծիքով, կադետ Բիգլեր, դուք պարտավոր էիք բրիգադի շտաբը գալուն պես գրասենյակից տեղեկանալ, թե արդյոք ձեր գումարտակի կամ դասակի սպաներից որևէ մեկը պատահմամբ այդտե՞ղ չէ։ Ձեր վարքագծի մասին մենք որոշում կընդունենք գումարտակում։ Ես ավտոմեքենայով մեկնում եմ այնտեղ, դուք ևս կգաք ինձ հետ։ Ոչ մի «բայց»։

Կադետ Բիգլերն ուզում էր առարկել, թե բրիգադում իր համար գնացքի տոմս են ձևակերպել, թե տրանսպորտի այդ տեսակն իր համար շատ ավելի հարմար է, նկատի ունենալով Իր հաստ աղիքի թուլությունը, և թե երեխան էլ գիտե, որ ավտոմոբիլները նման դեպքերի համար հարմարեցված չեն։ Մինչև որ մարդ հարյուր ութսուն կիլոմետրն անցնի՝ շալվարը կլցնի։

Սատանան գիտե, թե ինչպես պատահեց, որ սկզբում, երբ նրանք շարժվեցին, ավտոմոբիլի ցնցումները կադետ Բիգլերի ստամոքսի վրա որևէ ներգործություն չունեցան։

Պոդպորուչիկ Դուբը բոլորովին հուսահատվել էր, որ իրեն չի հաջողվում իրագործել իր վրիժառության պլանը։

Բանն այն է, որ նրանց մեկնելու ժամանակ պոդպորուչիկ Դուբն իր մտքում ասել էր․ «Սպասիր, կադետ Բիգլեր, հիմա դու հույս ունեցիր, որ երբ փորդ զոռի՝ կհրամայեմ ավտոմեքենան կանգնեցնել»։

Հետևելով այդ պլանին, Դուբը,— որքանով որ ներում էր այն արագությունը, որով նրանք կարճում էին կիլոմետրը կիլոմետրի հետևից,— մի հաճելի զրույց սկսեց, թե որոշակի մարշրուտ ունեցող զինվորական ավտոմեքենաներն իզուր տեղը չպետք է բենզին վատնեն և կանգառումներ անեն։

Կադետ Բիգլերը միանգամայն իրավացի առարկեց, թե կանգ առնելիս առհասարակ բենզին չի ծախսվում, քանի որ վարորդը մոտորն անջատում է։

— Քանի որ,— անզիջում պնդեց պոդպորուչիկ Դուբը,— ավտոմեքենան պետք է տեղ հասնի նշանակված ժամին, ապա ոչ մի կանգառում չի թույլատրվում։

Կադետ Բիգլերն այլևս ձայն չհանեց։

Այդպես նրանք օդը ճեղքեցին ավելի քան մեկ քառորդ ժամ։ Հանկարծ պոդպորուչիկ Դուբն զգաց, որ փորը փքվում է և որ ցանկալի է ավտոմեքենան կանգնեցնել, դուրս գալ, մտնել մի փոսի մեջ ու թեթևանալ։

Նա հերոսաբար դիմացավ մինչև 126-րդ կիլոմետրը, բայց այլևս չկարողացավ դիմանալ, թափով ձիգ տվեց վարորդի շինելը և նրա ականջին գռռաց․ «Կա՛ց»։

— Կադետ Բիգլեր,— ողորմածաբար ասաց պոդպորուչիկ Դուբը, արագ դուրս թռչելով ավտոմեքենայից և իջնելով փոսը,— այժմ դուք էլ հնարավորություն ունեք․․․

— Շնորհակալ եմ,— պատասխանեց կադետ Բիգլերր,— ես չեմ ուզում մեքենան իզուր ուշացնել։

Կադետ Բիգլերը, որր նույնպես ծայրահեղ կարիք էր զգում, որոշեց, որ ավելի շուտ իր շալվարը կլցնի, քան թե ձեռքից բաց կթողնի պոդպորուչիկ Դուբին խայտառակելու այդ հիանալի առիթը։

Մինչև Զոլտանեց հասնելը պոդպորուչիկ Դուբը երկու անդամ էլ կանգնեցրեց մեքենան և վերջին կանգառին նոթոտ մռլտաց․

— Ճաշին ինձ լեհական բիկոշ տվին։ Գումարտակից հեռագրով բողոք կուղարկեմ բրիգադին։ Հոտած թթու կաղամբ և գործածության համար ոչ պիտանի խոզի միս․․․ Խոհարարների հանդգնությունն ամեն սահման անցել է։ Ով ինձ չի ճանաչում, դեռ կճանաչի։

— Ֆելդմարշալ Նոստից-Ռինեկը, պահեստի հեծելազորի այդ պարծանքը,— պատասխանեց Բիգլերը,— հրատարակել է «Was schadet dem Magen im Kriege»[26] անունով մի աշխատություն, որի մեջ առհասարակ խորհուրդ չի տալիս պատերազմական դժվարությունների ու զրկանքների ժամանակ խոզի միս ուտել։ Երթի ժամանակ ամեն մի անչափավորություն վնասակար է։

Պոդպորուչիկ Դուբը ձայն չհանեց, միայն թե ինքն իրեն ասաց․ «Ես քեզ ցույց կտամ քո այդ գիտնականությունը, լակոտի՛ մեկը», իսկ հետո, փոքր ինչ մտածելով, Բիգլերին մի այսպիսի հիմարագույն հարց տվեց․

— Ուրեմն, կադետ Բիգլեր, դուք կարծում եք, որ այն սպան, որի նկատմամբ դուք ձեզ պետք է պահեք իբրև ստորադրյալ, չափից ավելի՞ է ուտում։ Արդյոք չէի՞ք ուզում ասել, կադետ Բիգլեր, որ ես չափից շատ եմ լափել։ Շնորհակալ եմ ձեր կոպտության համար։ Համոզված եղեք, որ ես ձեզ հետ հաշիվ կտեսնեմ․ դուք ինձ դեռ չեք ճանաչում, բայց երբ պոդպորուչիկ Դուբին ճանաչեք չեք մոռանա։

Վերջին բառն ասելիս քիչ մնաց նա լեզուն կծեր, քանզի այդ ժամանակ թռչում էին մի խանդակի վրայով։

Կադետ Բիգլերը դարձյալ լռեց, մի բան, որ նորից վիրավորեց պոդպորուչիկ Դուբին, և նա կոպտաբար հարցրեց․

— Լսեցեք, կադետ Բիգլեր, կարծեմ ձեզ սովորեցրել են ձեր պետի հարցերին պատասխանել։

— Իհարկե,— ասաց կադետ Բիգլերը,— կանոնագրքում այդպիսի կետ կա։ Բայց ամենից առաջ, հարկավոր է պարզել մեր փոխհարաբերությունները։ Որքան ինձ հայտնի է, ես դեռ ոչ մի տեղ չեմ նշանակված, այնպես որ անմիջականորեն ձեզ են թարկվելուս հարցը, պարոն պոդպորուչիկ, բոլորովին վերանում է։ Սակայն ամենակարևորն այն է, որ սպայական շրջաններում ստորադրյալը պարտավոր է պետերի հարցերին պատասխանել միայն պաշտոնական գործերի առնչությամբ։ Քանի որ մենք երկուսով նստած ենք ավտոմեքենայի մեջ, ապա չենք հանդիսանում այս կամ այն ռազմական գործողությանը մասնակցող մարտական միավոր և մեր միջև որևէ պաշտոնական փոխհարաբերություն չկա։ Մենք երկուսս էլ մեկնում ենք մեր ստորաբաժանումները, և ձեր այն հարցի պատասխանը, թե արդյոք չէի՞ ուզում ասել, որ դուք, պարոն պոդպորուչիկ, չափից ավելի եք լափել, ոչ մի դեպքում չէր կարող պաշտոնական արտահայտություն համարվել։

— Դուք վերջացրի՞ք,— բղավեց նրա վրա պոդպորուչիկ Դուբը,― դուք․․․

— Այո, — ասաց սառցաշունչ ձայնով կադետ Բիգլերը,— մի՛ մոռանաք, պարոն պոդպորուչիկ, որ մեզ կդատի սպայական պատվի դատարանը։

Պոդպորուչիկ Դուբը զայրույթից ու կատաղությունից ինքն իրեն կորցրեց։ Հուզվելիս նա սովորաբար ավելի մեծ անմտություններ ու հիմարություններ էր դուրս տալիս, քան հանգիստ ժամանակ։

Այդ պատճառով էլ մռլտաց․

— Ձեր հարցը կվճռի ռազմական դատարանը։

Կադետ Բիգլերն այդ առիթն օգտագործեց Դուբին վերջնականապես ջախջախելու համար, ուստի շատ մտերմական տոնով ասաց․

― Հանաք մի՛ արա, ընկեր։

Պոդպորուչիկ Դուբը վարորդին ձայն տվեց, որ մեքենան կանգնեցնի։

— Մեզանիg մեկը պետք է ոտքով գնա,— ասաց նա կակազելով։

— Ես մեքենայով եմ գնում,— հանգիստ պատասխանեց կադետ Բիգլերը,— Իսկ դու, ընկեր, ինչ կուզես արա։

— Քշի՛ր,— կարծես տենդի մեջ վարորդի վրա գոռաց պոդպորուչիկ Դուբը և փաթաթվեց լռության, կատարյալ արժանապատվության տոգայով, ինչպես հուլիոս Կեսարը, երբ դավադիրները մոտենում էին նրան դաշունահարելու։

Այդպես հասան Զոլտանեց, որտեղ գտան իրենց գումարտակի հետքը։

Պոդպորուչիկ Դուբը և կադետ Բիգլերը սանդուղքի վրա վիճում էին, թե արդյոք ոչ մի տեղ չհաշվառված կադետն իրավունք ունի՞ բաժին պահանջելու լյարդաթոքի երշիկի այն քանակությունից, որ սահմանված է զանազան վաշտերի սպաների համար, ներքևում, խոհանոցում, արդեն կուշտ կերել էին, պառկել լայն նստարանների վրա և, դեսից-դենից զրուցելով, ամբողջ ուժով փստացնում էին ծխամորճները։

Խոհարար Յուրայդան ասում էր․

— Եվ այսպես, այսօր ես մի հիանալի գյուտ եմ արել։ Կարծում եմ, դա խոհարարական արվեստի մեջ մեծ հեղաշրջում կառաջացնի։ Դու հո գիտես, Վանեկ, որ այս նզովյալ գյուղում ես ոչ մի տեղ չկարողացա երշիկի համար սուսամբար գտնել։

— «Herba majaranae»[27],— վրա բերեց ավագ գրագիր Վանեկը, հիշելով, որ ինքը դեղատնային ապրանքներ վաճառող է։

Յուրայդան շարունակեց․

— Դեռ չի ուսումնասիրված, թե մարդկային խելքն ինչպե՞ս է կարողանում անհրաժեշտության դեպքում ամենաբազմատեսակ հնարներ գտնել, թե ինչպես են նրա առաջ բացվում նոր հորիզոններ, թե ինչպես է նա կարողանում հնարել ամեն տեսակ անհավատալի բաներ, որոնց մասին մարդկությունը մինչ օրս չի երազել․․․ Տնետուն ընկած սուսամբար էի փնտրում, վազվզում, բացատրում, թե սուսամբարն ինչ պետք է անեմ, թե ի՛նչ տեսք ունի այդ սուսամբարը։

— Դու պետք է նկարագրեիր նրա հոտը,— իր նստարանի վրայից արձագանքեց Շվեյկը,— դու պետք է ասեիր, որ սուսամբարից թանաքի սրվակի հոտ է գալիս, երբ մարդ այն հոտոտում է ծաղկած ակացիաների ծառուղում։ Պրագայի մոտ, Բոգդալիցիի բլուրի վրա մի անգամ․․․

— Լավ, Շվեյկ,— աղաչական ձայնով ընդհատեց հոժարական Մարեկը,— թող որ Յուրայդան վերջացնի։

Յուրայդան շարունակեց պատմել․

— Տներից մեկում պատահեցի Բոսնիայի և Հերցոգովինայի օկուպացիայի ժամանակվա մի պաշտոնաթող ծեր զինվորի, որը որպես ուլան ծառայել է Պարդուբիցիում և մինչև հիմա չեխերենը չի մոռացել։ Նա սկսեց ինձ հետ վիճել, թե լյարդաթոքի երշիկի մեջ ոչ թե սուսամբար են գցում, այլ երիցուկ։ Ես ճիշտն ասած, չգիտեի ինչ ասեմ, որովհետև ամեն մի խելքը գլխին ու օբյեկտիվ մարդ պարտավոր է սուսամբարը համարել այն բոլոր համեմունքների թագավորը, որ գործ են ածվում լյարդաթոքի երշիկի համար։

Հարկավոր էր գտնել մի այնպիսի փոխարինիչ, որ երշիկին բնորոշ հաճելի համուհոտ տար։ Եվ ահա տներից մեկում ես մի հարսանեկան մրտենու պսակ գտա, որ կախված էր ինչ-որ սրբի պատկերի տակ։ Այնտեղ նորապսակներ էին ապրում, և պսակի ոստերը դեռ բավական թարմ էին։ Եվ ես լյարդաթոքի երշիկի մեջ մրտենի գցեցի։ Ճիշտ է, ստիպված եղա եռման ջրով երեք անգամ խաշել, որպեսզի ոստերը փափկեին և կորցնեին չափազանց կծու համը։ Հասկանալի է, որ երբ լյարդաթոքի համար բռնագրավում էի այդ հարսանեկան մրտեպսակը, բավական շատ արցունք թափվեց․․․ Նորապսակները ինձ հրաժեշտ տալիս հավատացնում էին, թե այդ սրբապղծության համար, քանի որ պսակը օրհնված է եղել, ինձ կսպանի առաջին իսկ գնդակը։ Դուք կերաք փորոտիքից պատրաստած իմ սուպը, բայց ձեզնից ոչ ոք չնկատեց, որ մրտենու հոտ ուներ, և ոչ թե սուսամբարի։

— Յինջրիխով Հրադեցում,— հարեց Շվեյկը,— տարիներ առաջ մի երշիկագործ կար, ասունը Յոզեֆ Լիպեկ։ Նրա դարակի վրա երկու տուփ կար, մեկի մեջ՝ ամեն տեսակ համեմունքների մի խառնուրդ, որը նա գցում էր արյունի և լյարդաթոքի երշիկների մեջ, իսկ մյուսի մեջ միջատասպան փոշի, քանի որ երշիկագործը բազմիցս հավաստիացել էր, որ գնորդները երշիկն ուտելիս հաճախ ստիպված են եղել փայտոջիլ կամ տարական ծամել։ Նա միշտ ասում էր, թե փայտոջիլն իր համով շատ նման է դառնահամ նուշին, որը գցում են բաբայի մեջ, իսկ տարականները կալբասեղենի մեջ գարշելի հոտ են արձակում, ինչպես հին, բորբոսնած աստվածաշունչը։ Այդ պատճառով, նա ուշի ուշով հետևում էր իր արհեստանոցի մաքրությանը և ամեն տեղ միջատասպան փոշի շաղ տալիս։

Եվ ահա մի անգամ նա արյունի երշիկ էր պատրաստում, իսկ այդ ժամանակ հարբուխ ուներ։ Նա դարակից վերցրեց միջատասպան փոշու տուփը և փոշին լցրեց արյունի երշիկի համար պատրաստած ֆարշի մեջ։ Այդ օրվանից Յինջրիխով Հրադեցում միայն Լիպակի խանութից էին արյունի երշիկ գնում։ Նրա խանութն ընկնելու համար մարդիկ ուղղակի գլուխ էին ջարդում։ Նա հիմար մարդ չէր և գլխի էր ընկել, որ դրա պատճառը միջատասպան փոշին է։ Այդ օրվանից նա սկսեց վերադիր վճարով արկղներով միջատասպան փոշի պատվիրել, իսկ այն ֆիրմային, որից փոշին գնում էր, նախազգուշացրել էր, որ արկղերի վրա գրեն․ «Հնդկական համեմունքներ»։ Դա նրա գաղտնիքն էր, որ իր հետ էլ գերեզման տարավ․․․ Բայց ամենից հետաքրքիրն այն էր, որ այն բոլոր ընտանիքներում, որոնք նրանից երշիկ էին գնում, բոլոր տարականներն ու փայտոջիլները վերացան։ Այդ օրվանից Յինջրիխով Հրադեցը պատկանում է Չեխիայի ամենամաքուր քաղաքների թվին։

— Վերջացրի՞ր,— հարցրեց հոժարական Մարեկը, որը թերևս, նույնպես անհամբեր սպասում էր խոսակցությանը մասնակցելու։

— Այդ մեկը վերջացրի,— պատասխանեց Շվեյկը,— բայց այդպիսի մի դեպք էլ տեղի է ունեցել Բեսկիդիում։ Այդ մասին կպատմեմ կռվի գնալիս։

Հոժարական Մարեկն սկսեց․

— Խոհարարական արվեստն ամենից լավ ճանաչվում է պատերազմի ժամանակ, մանավանդ ռազմաճակատում։ Ես ինձ թույլ եմ տալիս անել մի փոքրիկ համեմատություն։ Խաղաղ ժամանակ մենք բոլորս կարդացել ու լսել ենք այսպես կոչված սառցային սուպերի մասին, որոնց մեջ սառույց են գցում։ Դրանք հյուսիսային Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում սիրված ճաշեր են։ Բայց ահա վրա հասավ պատերազմը, և այս ձմեռ Կարպատներում զինվորներն այնքան սառած սուպ ունեին, որ բերանները չէին դնում, չնայած որ ընտիր ճաշ է։

— Սառած գուլյաշ կարելի է ուտել,— առարկեց ավադ գրագիր Վանեկը,— բայց ոչ երկար ժամանակ, ամենաշատը մի շաբաթ։ Նրա պատճառով մեր իններորդ վաշտը դիրքերը թողեց։

— Դեռևս խաղաղ ժամանակ,— արտակարգ լրջությամբ ասաց Շվեյկը,― ամբողջ զինվորական ծառայությունը պտտվում էր խոհանոցի և ամեն տեսակ կերակուրների շուրջը։ Մեզ մոտ, Բուդեյովիցիում, մի օբերլեյտենանտ կար, անունր Զակրեյս։ Նա շարունակ պտտվում էր սպայական խոհանոցի շուրջը և, եթե զինվորներից մեկը որևէ զանցանք էր կատարում, հրամայում էր․ «Զգաստ»։ Եվ վրա էր պրծնում․ «Սրիկա, ես քո ռեխից իսկական ծեծած կոտլետ կպատրաստեմ, քեզ ճզմելով կարտոֆիլի պյուրե կդարձնեմ և հետո այդ բոլորը կտամ քեզ, որ ինքդ լափես։ Սագի աղիքներն ու բրինձը քամակիցդ կթափվեն և դու կնմանվես թավայի մեջ խոզաճարպով տապակվող նապաստակի։ Ա՛յ, տեսնում ես, պետք է խելքդ գլուխդ հավաքես, եթե չես ուզում, որ մարդկանց թվա, թե դու կաղամբով ֆարշած տապակա ես»։

Դրա շարունակությունը և նրանց հետաքրքիր զրույցը, թե պատերազմից առաջ մենյուն ինչպես են օգտագործել զինվորներին դաստիարակելու նպատակներով, ընդհատվեցին մի ահռելի գոռոցով, որ լսվեց վերևից, որտեղ հանդիսավոր ճաշկերույթն ավարտվելու վրա էր։

Ձայների խառնակ ղռվռոցի մեջ ջոկվում էր կադետ Բիգլերի ականջ ծակող ձայնը․

— Զինվորը դեռևս խաղաղ ժամանակ պետք է իմանա, թե պատերազմն ինչ է պահանջում, իսկ պատերազմի ժամանակ չմոռանա վարժադաշտում սովորածը։

Ապա սկսեց ֆսֆսալ պոդպորուչիկ Դուբը․

— Խնդրում եմ հավաստել, որ արդեն երրորդ անգամն են ինձ վիրավորում։

Վերևում մեծ գործեր էին կատարվում։

Պոդպորուչիկ Դուբին, որը կադետ Բիգլերի նկատմամբ մեզ արդեն հայտնի նենգ դիտավորություններ ուներ և փափագում էր հրամանատարի առաջ սիրտը բանալ, սպաները դիմավորեցին սոսկալի հարայ-հրոցով։ Հրեայի օղին բոլորի վրա հիանալի ներգործություն էր ունեցել։

Ամեն մեկը ջանում էր մյուսից բարձր գոռալ, ակնարկելով պոդպորուչիկ Դուբի ձիավարական արվեստը․ «Առանց ձիապանի յոլա չի գնա»։ «Վախեցած մուստա՜նգը»։ «Ինչքա՞ն ժամանակ ես դու, բարեկամ, կովբոյների մեջ ապրել արևմուտքում»։ «Կրկեսի ձիախաղա՜ցը»։

Կապիտան Սագները շտապով պոդպորուչիկ Դուբի ձեռքը խոթեց նզովյալ օղու գավաթը, և վիրավորված պոդպորուչիկը սեղան նստեց։ Նա ջարդված հին աթոռը քաշեց-մոտեցրեց պորուչիկ Լուկաշին, որը նրան ողջունեց հետևյալ կարեկցական բառերով․ «Մենք արդեն բոլորը կերանք, ընկե՛ր»։

Կադետ Բիգլերն ըստ կանոնագրքի կապիտան Սագներին և մյուս սպաներին զեկուցեց իր ժամանման մասին, ամեն անգամ կրկնելով․ «Կադետ Բիգլերը ժամանել է գումարտակի շտաբ»։ Թեև բոլորը դա տեսնում էին և գիտեին, այնուամենայնիվ նրա վհատ կերպարանքը մի տեսակ աննկատ էր մնում։

Բիգլերը վերցրեց լեցուն բաժակը, համեստաբար նստեց լուսամատի մոտ և հարմար պահի էր սպասում դասագրքերից քաղած իր գիտելիքները քամուն տալու։

Պոդպորուչիկ Դուբը, որի գլուխն էր խփել զարհուրելի օղին, մատով սեղանը տկտկացնելով, հանկարծ առանց որևէ առիթի դիմեց կապիտան Սագներին․

— Ես և նահանգական վարչության պետը շարունակ ասում էինք․ «Հայրենասիրություն, հավատարմություն պարտքի նկատմամբ, ինքնակատարելագործություն,— ահա իսկական զենքը պատերազմի ժամանակ»։ Ես դա ձեզ հիշեցնում եմ հատկապես հիմա, երբ շուտով մեր զորքերը կանցնեն սահմանները։

- - - - -

Մինչև այստեղ Յարոսլավ Հաշեկը, հիվանդության մահճին գամված, թելադրել է իր «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները համաշխարհային պատերազմի ժամանակ» վեպը։ Անողոք մահը, որ վրա հասավ 1923 թվի հունվարի 3-ին, ստիպեց նրան քառասուն տարեկան հասակում առընդմիշտ լռել և անավարտ թողնել առաջին համաշխարհային պատերազմի մասին գրված ամենանշանավոր և ամենից շատ կարդացվող վեպերից մեկը։


  1. Հունգարական կոպիտ հայհոյանք (հունգ․)։
  2. Ո՞վ է գերմաներեն խոսում (գերմ․)։
  3. Համարձակվում եմ զեկուցել, պարոն ֆելդֆեբել (գերմ․)։
  4. Վոբեյդա — խուլիգան։
  5. «Ես չեմ իմանում դա ինչ է նշանակում» (գերմ․)։
  6. Չեխերեն ոչ մի բառ (գերմ․)։
  7. Գերմաներեն հասկանո՞ւմ եք (գերմ․)։
  8. Այո՛ (գերմ․)։
  9. Դուպե — հետույք (լեհ․)։
  10. Զինվորական պահեստների կայսերական-թագավորական կատուներ (գերմ․)։
  11. Դա ստո՞ւյգ է, Պրագա № 16, Յոզեֆ Բոժետեխ (գերմ․)։
  12. Մենք պետք է հաղթենք (գերմ․)։
  13. Կանտինա — զորամասային թեյարան։
  14. Օ՛, եղևնի, օ՛, եղևնի, ինչ սիրուն են ասեղները քո կանաչ (գերմ․)։
  15. Վե՛րջ տվեք (գերմ․)։
  16. Այո (գերմ․)։
  17. Ի՞նչ (գերմ․)։
  18. Սննդադրամ (գերմ․)։
  19. Զգա՛ստ (գերմ․)։
  20. Ներկա։ Համարձակվում եմ զեկուցել, հետևակ զինվոր Շվեյկ, տասնմեկերորդ երթային վաշտի հանձնակատար (գերմ․)։
  21. Զգա՛ստ (գերմ․)։
  22. Լսում եմ (գերմ․)։
  23. Շարային ծառայության պիտանի (գերմ․)։
  24. Քո այդ նահանգական վարչության պետի հետ կարող ես քամակս լիզել (գերմ․)։
  25. Այս րոպեիս, պարոն պոդպորուչիկ (գերմ․)։
  26. «Ի՞նչն է վնասում ստամոքսին պատերազմի ժամանակ» (գերմ․)։
  27. Սուսամբարի լատինական անունը։