Changes
— Ինչու եմ փսփսու՞մ։ Թո՛ւհ, գրողը տանի,— գոռաց հանկարծ Դմիտրի Ֆյոդորովիչն իր ամբողջ ձայնով,— իսկապես, ինչո՞ւ եմ փսփսում։ Ահա՛ խնդրեմ, ինքդ ես տեսնում, թե ինչպես հանկարծ բնությունն ամեն ինչ խառնում է իրար։ Ես այստեղ թաքուն եմ նստած և աչք եմ պահում մի գաղտնիքի վրա։ Հետո՛ կբացատրեմ, բայց տե՛ս, իմանալով, որ դա գաղտնիք է, հանկարծ սկսեցի գաղտնի-գաղտնի էլ խոսել ու հիմարի նման փսփսալ, այնինչ կարիք չկա։ Գնանք։ Ահա այնտե՛ղ։ Մինչ այդ՝ լուռ մնա։ Համբուրե՜լ եմ ուզում քեզ։
<poem>Փա՜ռք բարձրյալին տիեզերաց,

Փա՜ռք բարձրյալին իմ հոգու...
</poem>
Հենց նոր, քո գալուց առաջ, այստեղ նստած կրկնում էի այս տողերը...
— Կոնյա՜կ է,— սկսեց ծիծաղել Միտյան։— Հիմա նայում ես ու մտածում. «Խմո՞ւմ է նորից»։ Մի՛ հավատա պատրանքին.
<poem>Մի՛ հավատար սին ու ստող ամբոխին,

Կասկածներդ մոռացիր...
</poem>
Ես չեմ խմում, այլ պարզապես «ըմբոշխնում եմ», ինչպես ասում է քո այդ խոզ Ռակիտինը, որ պետական խորհրդական է դառնալու և անընդհատ ասելու է «ըմբոշխնում եմ»։ Նստի՛ր։ Հիմա կգրկեի՜ քեզ, Ալյոշկա, կսեղմեի կրծքիս, այնպե՜ս կսեղմեի՝ ոսկորներդ կոտրելու՛ չափ, որովհետև ամբողջ աշխարհում... ճշմարտապես... ճըշ-մար-տա-պես... (ասածիս խո՜րքը թափանցիր, խո՜րքը) միմիայն քե՛զ եմ սիրում։
— Լյոշա,— ասաց Միտյան,— դո՛ւ միայն չես ծիծաղի։ Կուզենայի սկսել... իմ խոստովանանքը... Շիլլերի «Տաղ առ ցնծություն» օրհներգով։ An die Freude!<ref>Առ ցնծություն (գերմ.)</ref> օրհներգով։ Բայց ես գերմաներեն չգիտեմ, միայն գիտեմ, որ այդպես է կոչվում՝ An die Freude»։ Եվ մի՛ կարծիր, թե հարբած շաղակրատում եմ։ Բոլորովին հարբած չեմ։ Կոնյակը կոնյակ է, բայց ես երկու շիշ պետք է խմեմ, որ հարբեմ՝
<poem>Ու Սիլենը կարմրամռութ

Իր սայթաքած իշու վրա,
</poem>
բայց ես քառորդ շիշ էլ չեմ խմել և Սիլեն չեմ։ Սիլեն չեմ, բայց ուժեղ եմ, որովհետև վերջնական որոշում եմ ընդունել՝ առհավե՜տ։ Դու ներիր իմ բառախաղը։ Այսօր ոչ թե միայն բառախաղ, այլև շատ բան պետք է ներես ինձ։ Մի՛ անհանգստանա, ջուր չեմ ծեծում, այլ բան եմ ասում և ա՛յս րոպեիս բուն խնդրին կհասնեմ։ Հոգիդ չեմ հանի։ Սպասիր, ինչպե՞ս էր...
Նա գլուխը բարձրացրեց, մտածեց մի պահ և հանկարծ սկսեց ոգեշնչված.
<poem>Թաքնվում էր ծերպերի մեջ
Նախամարդը դեռ երկչոտ,
Անապատ էր դարձնում անվերջ
Հովիվը դաշտ և արոտ,
Տեգ ու աղեղ որսորդն առած՝
Թափառում էր երկրով մեկ,
Վա՜յ պանդուխտին, թե հոսքն ալյաց

Նետեր ցավի ծովեզերք։
Ողջունելով ափերը գոսն,
Չորացած դաշտ ու այգի,
Ցերերան էր շրջում անհույս
Հետքերով իր զավակի։
Նրան ոչ ոք չէր ընդունում
Վստահությամբ առլեցուն,
Հարգը աստծո չէր ցուցանում

Ոչ մի տաճար, ոչ մի սյուն։
Չճաշակեց աստվածուհին
Ոչ մի պտուղ քաղցրացած,
Զոհարաններ սոսկ մարդկային
Ոսկորներով լեփլցված։
Նա իր ճամփին տեսնում էր լոկ
Թշվառություն ամենուր,
Եվ ողբում էր իր մեջ անօգ

Մարդու անկումը տխուր։
</poem>
Հանկարծ հեկեկանքը ժայթքեց Միտյայի կրծքից։ նա բռնեց Ալյոշայի ձեռքը։
— Սիրելիս, սիրելի՜ս, հիմա էլ նույն անկումն է, անկո՜ւմը։ Այս երկրի վրա սոսկալի՜ շատ տանջանքներ են վիճակված մարդուն, սոսկալի շա՜տ են աղետները նրա գլխին։ Մի՛ կարծիր, թե ես սպայի կոչում ունեցող անտաշի մեկն եմ միայն, որ կոնյակ է խմում և անառակություններ է անում։ Ես, եղբայր իմ, գրեթե միայն դրա՛ մասին եմ մտածում, անկում ապրած այդ մարդու մասին, եթե անշուշտ չեմ ստում։ Տա աստված՝ չստեմ հիմա և ինքս ինձ չգովեմ։ Մտածում եմ այդ մարդու մասին, որովհետև ինքս եմ այդպիսի մարդ։
<poem>Որ մարդ դառնա մարդը անկամ՝
Հավետ դաշինք պիտ կնքի
Հեգ հողի հետ իր մայրական,

Այս երկրի հետ հավատքի։
</poem>
Սակայն խնդիրն այն է, թե ես ինչպե՞ս դաշինք կնքեմ հեգ հողի հետ իմ մայրական։ Ես չեմ համբուրում հողը, չեմ ճեղքում նրա կուրծքը։ Ինչ է, գյուղացի՞ դառնամ, և կամ թե հովի՞վ։ Ես գնում եմ իմ ճանապարհով ու չգիտեմ՝ կեղտի ու խայտառակության մե՞ջ եմ ընկել, թե լույսի և ուրախության։ Ա՛յս է ահա ցավը, որովհետև աշխարհում ամե՜ն ինչ առեղծված է։ Եվ երբ պատահում էր, որ ես սուզվում էի անառակության ամենախոր, ամենախոր անդունդը (և միայն այդ է պատահել իմ կյանքում), միշտ էլ այդ բանաստեղծությունն էի կարդում Ցերերայի ու մարդու մասին։ Ուղղո՞ւմ էր դա ինձ։ Երբե՛ք։ Որովհետև՝ ես Կարամազով եմ։ Որովհետև՝ եթե անդունդ եմ գլորվում արդեն, ապա հենց ուղղակի ընկնում եմ գլխիվայր ու կրունկներս վեր, և նույնիսկ գոհ եմ լինում, որ ընկնում եմ հենց այդ ստորացուցիչ դիրքով, և ինձ համար դա գեղեցիկ բան եմ համարում։ Եվ ահա, հենց այդ անդունդի խորքում հանկարծ սկսում եմ օրհներգությունը։ Թո՛ղ անիծյալ լինեմ, թո՛ղ ստոր լինեմ ու անարգ, բայց և համբուրե՜մ քղանցքն այն շուրջառի, որով իմ աստվածն է զգեստավորվում։ Թո՛ղ միաժամանակ հետևեմ սատանային, բայց և այնուամենայնիվ քո՛ զավակն եմ ես, ո՜վ տեր, ու սիրում եմ քեզ և զգում այն բերկրանքը, առանց որի աշխարհը չի կարող կանգուն մնալ ու տևել։
<poem>Զսպանակն է մայր բնության,
Բերկրանքն անվակն է հզոր,
Որ շարժում է հավերժության
Ժամացույցը ամեն օր։
Սաղմից հանում ծաղիկ ու ծիլ,
Ձգում աստղերը վերին,
Ոլորտներն է շարժում անծիր,

Որ հասու չեն աչքերին։
Բերկրանք է լոկ ամեն էակ
Քամում կրծքից աշխարհի,
Եվ վարդեր են բուրում համակ
Ճամփին բարու և չարի։
Շնորհել է նա բարեկամ,
Համբույր, գինի կարմրագույն,
Հեշտանքի մեջ է ո՜րդն անգամ,

Քերովբե՛ն է երկնքում։
</poem>
Բայց էլ բավակա՛ն են ոտանավորները։ Աչքերս արցունքով են լցված, և թույլ տուր, որ արտասվեմ։ Թող դա լինի հիմարություն, որի վրա բոլորն էլ կծիծաղեն, բայց դու չես ծիծաղի։ Ահա քո աչուկներն էլ են վառվում։ Բավական են ոտանավորները։ Ես հիմա ուզում եմ «որդերի» մասին ասել քեզ, ա՛յ հենց այն որդերի, միջատների, որոնց աստված օժտել է հեշտասիրությամբ.
<poem>
Հեշտանքի մեջ է ո՜րդն անգամ։
</poem>
Ես, եղբայր իմ, հենց այդ միջատն եմ ահա, և դա հատկապես իմ մասին է ասված։ Մենք բոլորս էլ, Կարամազովներս, նույն բանն ենք, ու թեև դու հրեշտակ ես, բայց քո մեջ ևս ապրում է այդ միջատը և փոթորիկներ է հարուցում քո արյան մեջ։ Այո՛, փոթորիկներ են դրանք, որովհետև հեշտասիրությունը փոթորի՛կ է, ավելի՛ քան փոթորիկ։ Գեղեցկությունը սարսափելի և ահավոր մի բան է։ Սարսափելի է, որովհետև անվերծանելի է, և անհնար է վերծանել, որովհետև աստված միա՛յն առեղծվածներ է դրել մեր առաջ։ Այստեղ են եզրերը հանդիպում իրար, բոլոր հակասությունները միասին են այստեղ։ Ես չափազանց թերուս մի մարդ եմ, եղբայր իմ, բայց շատ եմ մտածել դրա մասին։ Սոսկալի՜ շատ են գաղտնիքները։ Այս երկրի վրա խիստ բազմաթիվ առեղծվածներ են ճնշում մարդուն։ Լուծի՛ր ինչպես կարող ես և աշխատիր գլուխդ չկորցնել։ Գեղեցկությո՜ւն։ Այլև տանե՛լ չեմ կարող, երբ մեկն ու մեկը, նույնիսկ վեհ սրտի ու բարձր մտքի տեր մարդ լինելով, սկսում է սուրբ գեղեցկության իդեալից և հասնում սոդոմական իդեալին։ Ավելի ևս սարսափելի է, երբ մարդ սոդոմական իդեալն ունի իր հոգում և չի ժխտում նաև սուրբ գեղեցկության իդեալը, որով վառվում է նրա սիրտը և ճշմարտապես, ճշմարտապե՜ս է վառվում, ինչպես պատանեկության անարատ տարիներին։ Չէ՜, լայն է մարդը, նույնիսկ չափազանց լայն, ես ավելի նեղ կդարձնեի նրան։ է՜հ, սատանան միայն կարող է գլուխ հանել այս բոլորից։ Այն, ինչ ամոթալի է թվում խելքին, սրտի համար գեղեցկություն է ծայրեծայր։ Սոդոմակա՞նն է գեղեցիկը։ Հավատա, որ մարդկանց մեծագույն մասի համար՝ հենց այդ սոդոմականի մեջ է գեղեցկությունը։ Գիտեի՞ր այս գաղտնիքը, թե չէ։ Ահավոր է այն, որ գեղեցկությունը ոչ միայն սարսափելի, այլև խորհրդավոր բան է։ Այստեղ սատանան աստծո դեմ է պայքարում, և մարդու սիրտն է ռազմադաշտը։ Բայց է՜հ, ամեն մարդ իր ցավից է խոսում։ Լսի՛ր, հիմա գանք բուն խնդրին։
— Նշանված եմ, այո, օրինական և օրհնված փեսացու։ Մոսկվայում եղավ այդ ամբողջը, երբ նոր էի հասել այնտեղ, կատարվեց մեծ շուքով, սրբապատկերներով։ Առաջնակարգ նշանդրեք էր։ Գեներալի այրին օրհնեց և, հավատո՞ւմ ես, նույնիսկ շնորհավորեց Կատյային, ասաց՝ «Լավ ես ընտրել, նրա հոգու խորքն եմ տեսնում»։ Եվ հավատո՞ւմ ես, Իվանին չսիրեց պառավը, չողջունեց նրան։ Հենց Մոսկվայում էլ երկար խոսակցություններ ունեցա Կատյայի հետ, մանրամասն նկարագրեցի ինքս ինձ՝ ճշմարտորեն, ազնվորեն, անկեղծորեն։ Ամեն ինչ լսեց.
<poem>Պատեց քաղցր շփոթություն,

Ասվեցին քնքուշ խոսքեր...
</poem>
Դե՜հ, հպարտ խոսքեր էլ ասվեցին։ Նա Ինձ ստիպեց հանդիսավոր խոստում տալ, որ ուղղվելու եմ։ Տվեցի խոստումը։ Եվ ահա...