Changes
Բնականաբար անսահման հույսին հաջորդեց չափազանցված հուսահատությունը: Անտանելի էր գիտակցել, որ ինչ-որ վեցանկյունում ինչ-որ դարակ պարունակում է թանկարժեք գրքեր, և որ այդ գրքերն անմատչելի են: Մի պիղծ աղանդ առաջարկեց դադարեցնել բոլոր որոնումները և զբաղվել այդ կանոնիկ գրքերի դասակարգմամբ այնպես, որ անհավանական, բախտի քմահաճույքով միախառնված տառերն ու նշանները նոր վերադասավորում ստանան: Իշխանությունը ստիպված խիստ կարգադրությունների դիմեց: Աղանդն անհետացավ, սակայն մանկությանս օրերին արտաքնոցներում թաքնված ծերունիների եմ տեսել, որոնք արգելված սկահակներում մետաղյա խորանարդիկներով փորձում էին օրինակել աստվածային քմահաճույքը:
Ուրիշները կարծում էին, որ գլխավորը անօգուտ գործերի ոչնչացումն է: Ներխուժում էին վեցանկյունիները, ցույց տալիս ոչ միշտ կեղծ փաստաթղթեր, տաղտուկով թերթում էին մի ժողովածու ու բանադրում մի ամբողջ դարակ. միլիոնավոր գրքերի անիմաստ կորուստը նրանց մաքրասիրության, ճգնավորական մոլեգնության հետևանքն էր: Նրանց անունն անիծված է, սակայն ովքեր ողբում են նրանց ոչնչացրած «գանձերըե«գանձերը», անտեսում են երկու կարևոր հանգամանք:
Առաջին` Գրադարանն այնքան մեծ է, որ մարդու պատճառած յուրաքանչյուր վնաս անսահմանորեն փոքր է: Մյուսը` յուրաքնչյուր յուրաքանչյուր օրինակ եզակի է, անփոխարինելի, սակայն (քանի որ Գրադարանն համընդգրկուն է) գոյություն ունեն ստեղծագործությունների հարյուր-հազարավոր անկատար նմանօրինակները, որոնք միայն մի տառով կամ մի ստորակետով են իրարից տարբերվում: Ընդհանուր կարծիքի դեմ համարձակվում եմ պնդել, որ մաքրագործողների կատարած ավարառությունները չափազանցված են նրանց մոլեգնության պատճառած սարսափից: Բոսորագույն Վեցանկյունու գրքերը նվաճելու տենչանքն էր մղում նրանց. այդ գրքերը սովորականից փոքր, սակայն ամենակարող էին, պատկերազարդ և մոգական:
Հայտնի է նաև այդ ժամանակներում տարածված մի այլ սնոտիապաշտություն` Գրքի Մարդը: Ինչ-որ վեցանկյունու ինչ-որ դարակում (կարծեցին մարդիկ) պետք է գոյություն ունենա մի գիրք, որ բոլոր մնացածների բուն էություն ու համառոտագրությունը կլինի, ինչ-որ գրադարանավար կարդացել է այդ գիրքը, և նա հավասարվել է Աստծուն: Այս շրջանի լեզվում պահպանվում են այդ հնագույն աշխատողի պաշտամունքի հետքերը: Շատերը ճամփա ելան Նրան որոնելու: Մի դարի չափ զուր չափչփեցին ամենատարբեր տեղեր: Ինչպե՞ս գտնել Նրա բնակավայրը հանդիսացող սրբազան և գաղտնի վեցանկյունին: Մեկը հետադիմական մի մեթոդ առաջարկեց. A գիրքը գտնելու համար պետք է այն որոնել B գրքում, որը ցույց կտա A-ի տեղը,B գիրքը գտնելու համար դիմել մի C գրքի, և այդպես մինչև անվերջություն... Այդպիսի պարապ խաղերում եմ շռայլել ու վատնել կյանքս: Ինձ հավանական է թվում, որ տիեզերքի դարակներից որևէ մեկում գոյություն կունենա համընդգրկուն մի գիրք <ref>Կրկնում եմ, բավական է, որ որևէ գիրք հնարավոր լինի, և այն գոյություն կունենա: Միայն անհնարինն է բացառված: Օրինակ, ոչ մի գիրք չի կարող միևնույն ժամանակ աստիճան լինել, սակայն անկասկած գոյություն ունեն գրքեր, որոնք վիճարկում, ժխտում և ապացուցում են այդ հնարավորությունը, և կան գրքեր, որոնց կառուցվածքը համապատասխանում է աստիճանի կառուցվածքին (ծան. հեղ.):</ref>: