Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 216 808 բայտ, 20:21, 13 Հուլիսի 2013
:   Ես չպիտի հոգնեցնեմ ընթերցողին այդ ճանապարհորդության մանրամասն նկարագրությամբ, որ ըստ մեծի մասին հաջող անցավ։ Մենք 1702 թվի ապրիլի 13֊ին հասանք Դաունս։ Ճանապարհին միայն մի դժբախտ դեպք պատահեց․ նավի առնետները տարան իմ ոչխարներից մեկին․ մի ճեղքի մեջ ես նրա կրծոտած ոակորները միայն գտա։ Իսկ մյուս անասունները ես անփորձ կերպով ափը հասցրի և արածացնելու համար Գրինվիչում դրի մի կանաչ, թմբի վրա, որի դալար նրբությունն ավելի ախորժելի էր դարձնում նրանց կերը, թեև ես միշտ երկյուղ ունեի, թե ընհակառակը կլինի։ Թերևս երբեք չպիտի ողջ֊ողջ բերեի նրանց մի այդպիսի երկար ճանապարհորդությունից հետո, եթե կապիտանն ինձ չտար մի աննման պաքսիմատից, որ ևս փոշի էի դարձնում ու, ջրի մեջ շաղախելով, տալիս էի նրանց։ Անգլիայուն եղած ժամանակ, կարճ միջոցում, իմ անասունները շատ բարձրաստիճան և այլ մարդկանց ցույց տալով, ես պատկառելի դրամ վաատակեցի։ Ու նախքան իմ երկրորդ ճանապարհորդուցյունն սկսելը, այդ անասունները ծախեցի 500 ֆունտ ստեռլինգով։ Իմ վերջին վերադարձին այդ ցեղը սաստիկ բազմացել էր, մանավանդ ոչխարները, որոնց բրդի նրբության շնորհիվ մեր մանվածքային արդյունաբերությունը, ես հավատացած եմ, շատ պիտի շահի։
:   Կնոջս և ընտանիքիս հետ ես մնացի երկու ամիս, որովհետև անհագուրդ ցանկությունս՝ տեսնելու օտար երկրներ, ինձ հանգիստ չէր տալիս ավելի երկար մնալու։ Կնոջո թողի հազար հինգ հարյուր ֆունտ ստեռլինգ ու Ռիդրիֆֆում մի բնակարան՝ մի լավ տամ մեջ։ Մնացած կարողությունս մասամբ դրամ, մասամբ կայք, վերցրի հետս՝ բախտս նորից փորձելու համար։ Իմ ավագ հորեղբայրը՝ Ջոնը, Էպպինգի մոտերքը կտակել էր ինձ մի կալվածք, որ տարեկան մոտ երեսուն ֆունտ ստեռլինգ եկամուտ էր բերում․ իսկ Ֆիտտըր֊Լեյում , երկար պայմանաժամով, ես վարձել էի Սև Ցուլ պանդոկը, որ կրկին նույնքան եկամուտ էր բերում, այնպես որ ոչ մի վտանգ չունեի, որ իմ ընտանիքը ծխականների բեռը դառնա։ Իմ որդին Ջոննը, որ կրում էր իր հորեղբոր անունը, հաճախում էր նախակրթարան ու մի առաջադեմ աշակերտ էր։ Բետտի աղջիկս (որ ամուսնացել է և երեխաներ ունի), ասեղնագործություն էր սովորում։ Հրաժեշտ տալով կնոջս, տղայիս ու աղջկաս և երկուստեք արտասուք թափելով նստեցի երեք հարյուր տաննանոց մի առևտրական նավ՝ «Էդվենչըր» անունով, որ մեկնում էր դեպի Սյուրատ։ Նրա կապիտանն էր Նիկոլասը՝ Լիվերպուլ քաղաքից։ Սակայն իմ այս ճանապարհորդության հաշվետվությունը պիտի կազմի իմ երկասիրության երկրորդ մասը։
 
 
==Երկրորդ մաս — Ճանապարհորդություն դեպի Բրոբդինգնեգ==
 
==Գլուխ առաջին==
:   Մի մեծ փոթորկի նկարագրություն։ Խմելու ջուր բերելու համար բարկաս են ուղարկում։ Հեղինակն այդ նավով գնում է ուսումնասիրելու երկիրը։ Նրան թողնում են ծովափին։ Բնիկներից մեկը բռնում է նրան և տանում մի ֆերմերի տուն։ Նրան այնտեղ ցույց տված ընդունելությունը և այլ արկածներ, որոնց ենթակա է լինում նա։ Ազգաբնակության նկարագրությունը։
 
:   Բնությունից ու ճակատագրից դատապարտված լինելով գործոն ու անհանգիստ կյանք վարելու, իմ վերադարձից երկու ամիս հետո, ես կրկին թողի իմ հայրենի երկիրն ու 1702 թվի հունիսի 20֊ին նստեցի «Էդվենչըր» նավը, որի կապիտանն էր կոռնիշեցի Ջոն Նիկոլասը և որը մեկնում էր դեպի Սյուրատ։ Քամին, մինչև Բարեհուստ հրվանդանը, հաջողակ էր․ այստեղ մենք խմելու ջրի համար ափ իջանք․ սակայն մեր նավը ջուր էր դուրս գցում ու մենք ստիպված էինք ափը հանելու մեր իրերն ու ձմեռելու այդտեղ, որովհետև կապիտանը տենդով հիվանդացավ ու մինչև մարտի վերջը չկարողացանք հեռանալ հրվանդանից։ Ապա մենք պարզեցինք առագաստները և անփորձ շարունակեցինք մեր ճանապարհորդուցյունը մինչև Մադագասկարի նեղուցն անցնելը։ Սակայն երբ դուրս եկանք այդ կղզուց դեպի հյուսիս, մոտավորապես հարավային լայնության 5 աստիճանը, ուր քամիներն այդ ծովում, ինչպես նկատված էր, դեկտեմբերի սկզբից մինչև մայիսի սկիզբը եղել էին միշտ հանդարտ, ապրիլի 19֊ին սկսեցին ավելի սաստկանալ ու սովորականից ավելի՝ փչեց արևմտյան քամին, որ անընդհատ շարունակվեց քսան օր․ այդ ժամանակ քամին մեզ տարավ Մոլուկկա կղզուց դեպի արևելք, հասարակած գծից երեք աստիճան դեպի հյուսիս, ինչպես որոշեց մեր կապիտանը մայիսի 2֊ին արած դիտեղությունների հիման վրա, երբ քամին դադրեց, ծովը խաղախվեց, մի բան որ ինձ շատ ուրախացրեց։ Իսկ կապիտանը, որ այդ ծովերի վրա մարզված նավաստի էր, մեզ հրամայեց պատրաստություն տեսնել փոթորկի դեմ, որ իսկապես պայթեց հետևյալ օրը, որովհետև սկսվեց մի հարավային քամի, որն հայտնի է մուսոն անունով։
:   Նկատելով, որ փոթորիկը սաստկանում է, մենք իջեցրինք ցռուկի առագաստը ու պատրաստեցինք առաջի առագաստը․ իսկ երբ եղանակը վատթարացավ, մենք ստուգեցինք, թե արդյոք թնդանոթներն ամու՞ր են իրենց տեղերում թե ոչ, և իջեցրինք հետևի առագաստը։ Նավը գտնվում էր բաց ծովում, ուստի մենք որոշեցինք ավելի շուտ առաջ վարել, քան մնալ անշարժ։ Մենք ծալեցինք առաջի առագաստը, մի կողմ դրինք ու քաշեցինք փոկերը։ Ղեկը մնացել էր զորավոր քամուն․ նավն արիաբար դիմադրում էր ալիքներին․ սակայն հանկարծ առագաստը պատռվեց, այն ժամանակ մենք իջեցրինք առագաստաձոցը, հանեցինք վրայի առագաստը․ դրինք նավի մեջ, նմանապես և մյուս սարքն ու կարգը։ Փոթորիկը կատաղի էր․ ծովն ալեկոծվում էր ահավոր կերպով։ Մենք քաշեցինք ղեկի առասանները և օգնության հասանք ղեկավարին։ Վերնակայմը չէինք ուզում իջեցնել, այլ թողինք, որ կանգուն մնա, որովհետև նավը քամիներից տարվում էր, և մենք գիտեինք, որ կանգուն վերնակայմը նպաստում է նավի ընթացքին ջրերի վրա, մանավանդ որ առաջներիս բաց ծով էր։ Երբ փոթորիկը դադարեց, մենք հանեցինք առաջավոր ու մեծ առագաստները և հանձնվեցինք ալիքներին։ Մի փոքր հետո պարզեցինք հետին, գլխավոր ու առաջին առագաստը։ Մենք ընթանում էինք դեպի հյուսիս֊արևելք՝ հարավ֊արևմտյան քամու ուժով։ Մեծ պարաններն ամրացրինք նավի աջ կողմից․ թուլացրինք առագաստաձողի փոկերը, ամուր կերպով քաշեցինք քամու դեմ պարզած առագաստի թոկերն ու կապեցինք նավից, հետին առագաստը քամու կողմը դարձրինք, աշխատելով բռնել քամին ու պարզեցինք այնքան առագաստ, որքան կարող էին պահել կայմերը։
:   Այդ փոթորկի ժամանակ, որին զուգադիպեց արևմտա֊հարավ֊արևմտյան մի զորեղ քամի, մենք տարվեցինք, իմ հաշվով, մոտ 500 լիգ դեպի արևելք, այնպես որ ամենահասակավոր նավաստիներն անգամ չկարողացան ասել, թե աշխարհի ո՞ր մասումն ենք գտնվում։ Մենք ունեինք առատ պաշար, մեր նավը լավ վիճակի մեջ էր և նավաստիները ողջ ու առողջ էին, միայն խմելու ջրի պակասն էր մեզ տագնապ պատճառում։ Մեզ թվաց, թե ավելի լավ է նույն ուղղությունը բռնենք, քան թե թեքվենք դեպի հյուսիս, որովհետև այդպես մենք կարող էինք գնալ մինչև Մեծ Թաթարստանի հյուսիս֊արևմտյան մասերը կամ Սառուցյալ օվկիանոսը։
:   1703 թվի հունիսի 16֊ին մի տղա վերնակայմից տեսավ մի երկիր։ 17֊ին մենք մոտեցանք մի մեծ կղզու թե երկրամասի (այդ մեկը մենք չիմացանք), որի հյուսիսային կողմում կար դեպի ծովը դուրս ցցված մի նեղ պարանոց ու մի ծովախորշ, որ ծանծաղ լինելով՝ հազիվ թե կարողանար ընդունել հարյուր տոննանաոց նավը։ Այդ ծովախորշից մի լիգ հեռավորության վրա մենք խարիսխ նետեցինք ու մեր կապիտանը բարկասով տասներկու զինված մարդ ուղարկեց, տալով նրանց ջրի ամաններ, եթե բան է՝ խմելու ջուր գտնեն։ Ես նրանից թույլատրություն խնդրեցի, որ ես էլ գնամ տեսնելու երկիրը և գյուտեր անեմ, եթե միայն կարողանամ։ Եվ մենք ափ իջանք, սակայն ոչ գետ տեսանք, ոչ առվակ ու ոչ էլ ազգաբնակության մի որևէ հետք։ Մերոնք սկսեցին ափերը պտտել՝ խմելու ջուր գտնելու համար, իսկ ես մենակ, մոտ կես մղոն, թափառելու գնացի հակառակ կողմը, ուր նույն անբերի և ապառաժառ ցամաքն էր։ Արդեն սկսել էի հոգնել, և հետաքրքիր բան չգտնելով, առանց շտապելու, սկսեցի վերադառնալ դեպի ծովախորշը․ ծովն ամբողջովին բացվում էր առաջս և ես տեսա հանկարծ, որ մերոնք, մակույկը նստած, ամբողջ ուժով թիավարում են։ Ես ուզեցի նրանց հետևից կանչել, սակայն իզուր, որովհետև հանկարծ նկատեցի, որ մի հսկա արարած ծովի մեջ, ամբոջ թափով, նրանց հետապնդում է։ Ջուրը հասնում էր մինչև նրա ծնկները, ու նա ծովի մեջ վիթխարի քայլեր էր անում։ Բայց որովհետև արդեն կես լիգ նրանից հեռացել էին և ծովն էլ այդ կողմերը լիքն էր սրածայր ապառաժներով, հրեշը չէր կարողանում հասնել մակույկին։ Այդ ամենի մասին ինձ հետո պատմեցին, որովհետև ես անկարող էի կանգնել ու դիտել այդ հետապնդման ելքը, այլ ամբողջ ուժով ծլկեցի։ Խիստ հևալով ես մագլցեցի մի ժայռի վրա, որտեղից կարող էի գաղափար կազմել շրջակայքի մասին։ Հողը կանոնավոր մշակված էր, սակայն մի բան, որ ինձ զարմացրեց ամենից առաջ, դա մարգագետինների խոտն էր, որի բարձրությունը մոտ քսան ոտնաչափ էր։
:   Այդտեղից ես դուրս եկա մի լայն ճանապարհ, գոնե ինձ այդպես թվաց, թեև տեղացիների համար դա գարու դաշտի միջև անցնող լոկ մի արահետ էր։ Այդտեղ ես մի պահ կանգ առա, որովհետև հնձի ժամանակ լինելով, հասկերը քառասուն ոտնաչափ բարձրություն ունեին և մյուս կողմը ոչինչ չէր երևում։ Մի քանի ժամ քայլելուց հետո, ես հասա դաշտի ծայրին, որ պատած եր առնվազն հարյուր քսան ոտնաչափ բարձրություն ունեցող ցանկապատով, իսկ ծառերն այնքան վիթխարի էին, որ ես չկարողացա որոշել նրանց բարձրությունը։ Մի դաշտից մյուսն ընկնելու համար պետք էր բարձրանալ չորս աստիճան ու անցնել մի մեծ քարի վրայից։ Իմ ուժերից վեր էր բարձրանալ այդ սանդուղքով, որովհետև ամեն մի աստիճանի բարձրությունը վեց ոտնաչափ էր, իսկ վերի քարինը՝ մոտ քսան ոտնաչափ։ Ցանկապատի արանքում ես ուզում էի մի ճեղք գտնել անցնելու, երբ հանկարծ հարևան դաշտում նկատեցի տեղացիներից մեկին, որ գալիս էր իմ առաջ ու նույն չափի էր, ինչպես այն մեկը, որին ես տեսա ծովի մեջ՝ մեր մակույկը հետապնդելիս։ Նրա հասակը զանգակատան չափ էր և ամեն մի քայլ անելիս, որքան կռահեցի մոտ տասը յարդ։ Անհուն վախից ու զարմանքից ես փախա ու թաքնվեցի վարսակի հասկերի մեջ, որտեղից տեսա, թե ինչպես նա բարձրացավ սանդուղքի ծայրը, նայեց աջ կողմի դաշտը ու սկսեց մեկին կանչել այնպիսի ձայնով, որ մի քանի անգամ ուժեղ էր, քան բարձրախոս փողի ձայնը, և այդ օդի մեջ հնչեց այնքան ուժգին, որ ես սկզբում կարծեցի, թե ամպի որոտ է։ Նրա ձայնի վրա մոտեցան չորս հրեշներ, մանգաղները ձեռներին, ամեն մի մանգաղը՝ մեր վեց գերանդու չափ։ Այդ մարդիք այնքան էլ լավ չէին հագնված, ինչպես առաջինը, և երևվում էր, որ նրանք վերջինի ծառաները կամ բանվորներն էին, որովհետև նրա ասած մի քանի խոսքերից հետո իսկույն գնացին հունձի այն դաշտը, ուր ես թաքնվել էի։ Ես աշխատում էի կարողացածի չափ հեռու մնալ նրանցից, սակայն տեղիցս շարժվում էի մեծ դժվարությամբ, որովհետև հասկերի հեռավորությունը միմյանցից հաճախ մի ոտնաչափ էլ չկար, այնպես որ իմ մարմինը դժվարությամբ էր անցնում նրանց արանքից։ Բայց և այնպես ես մի հնարքով առաջ շարժվեցի մինչև դաշտի այն մասը, ուր հասկերն անձրևից ու քամուց պառկել էին։ Այդտեղ անհանրին էր մի քայլ անգամ անել, որովհետև հասկերն այնքան խճճվախ էին, որ չէի կարողանում միջիցը անցնել, և ընկած հասկերի քիստերն ամուր ու սրածայր էին, որ թափանցելով հագուստս՝ խրվում էին մսիս մեջ։ Մինչդեռ ես լսում էի, որ հնձվորները գտնվում են ինձնից հարյուր յարդից ոչ հեռու։ Հոգնությունից ջարդված, տառապանքից ու վհատությունից ընկճված, ես պառկեցի երկու ակոսի մեջ և սրտանց ուզեցի մեռնել։ Ես հեծեծում էի իմ տնանկ կնոջ ու որբացած երեխաների համար։ Ես ողբում էի իմ անմտության ու կամակորության վրա, որի հետևանքով ես ձեռնարկեցի իմ երկրորդ ճանապարհորդությունը, հակառակ իմ բարեկամների և ազգականների խորհրդին։ Այս սոսկալի մտահոգության մեջ ես ակամա հիշեցի Լիլիպուտիան, որի բնակիչները նայում էին ինձ վրա, իբրև աշխարհում չեղած մի հրաշքի․ այնտեղ՝ ուր ես կարող էի կայսերական մի ամբողջ նավատորմիղ մի ձեռքով քաշել իմ հետևից ու կատարել այլ գործեր, որոնք արձանագրված են այդ կայսրության ժամանակագրության մեջ մինչև հավիտյան և որոնց հետագա սերունդը դժվարությամբ պիտի հավատա, թեև այդ ամենը վկայված է միլիոնավոր մարդկանց կողմից։ Ես երևակայեցի, թե որքան ստորացուցիչ պիտի լինի ինձ համար այդ ժողովրդի մեջ երևալ, որտեղ ես մի այնպիսի աննշան էակ էի, ինչպիսիսն է լիլիպուտը մեր մեջ։ Բայց դա, անկասկած, իմ դժբախտությունների մեջ վերջինը չէր, որովհետև եթե մարդկանց վայրենությունն ու դաժանությունը, ինչպես նկատված է, ավելանում են իրենց զանգվածի համապատասխան, ապա ինչ էր մնում ինձ, եթե ոչ դառնալ բերանի մի պատառ այդ վիթխարի բարբարոսներից առաջինի համար, որ կարող էր բռնել ինձ։ Անկասկած փիլիսոփաներն իրավունք ունեն, երբ ասում են, թե առանց բաղդատության ոչ մի բան մեծ կամ փոքր չէ։ Բախտը կարող է այնպես անել, որ լիլիպուտներն էլ գտնեն այնպիսի երկիր, ուր մարդիկ նույնքան փոքր են իրենց համեմատությամբ ինչպես նրանք՝ իմ համեմատությամբ։ Եվ ով գիտե, գուցե աշխարհիս մի հեռավոր մասում, որ անհայտ է մեզ, կան մարդիկ, որոնք իրենց հասակով գերազանցում են մահկանացուների այս վիթխարի ցեղին ևս։
:   Չնայած ինձ պատած սարսափին և վարանմանը, ես անձնատուր էի եղել այդպիսի փիլիսոփայակն խորհրդածություններին։ Մեկ էլ տեսնեմ հնձվորներից մեկը տասը յարդ հեռավորության վրա է գտնվում այն ակոսից, ուր ես էի պառկել․ ես սարսափեցի, թե միգուցե մի քայլ էլ անի և իր ոտների տակ ինձ ճզմի, կամ թե չէ իր մանգաղով կես անի ինձ։ Ու երբ մեկ էլ շարժվեց դեպի ինձ, ես սոսկալի գոռացի։ Հսկան կանգ առավ ու չորս կողմը նայելով, վերջապես նկատեց ինձ գետնի վրա պառկած։ Նա զգուշությամբ մի պահ դիտեց ինձ, նման մի մարդու, որն ուզում է բռնել մի փոքրիկ վտանգավոր կենդանու այնպես, որ նա չկարողանա ոչ չանգռել և ոչ կծել իրեն, ինչպես ես ինքս արել եմ Անգլիայում՝ աքիս բռնելու ժամանակ։ Վերջապես նա խիզախություն ունեցավ բռնել ինձ իմ իրանից իր բութով և ցուցամատով, ու մոտ երեք յարդ մոտեցնել իր աչքերին՝ ավելի լավ դիտելու։ Ես գուշակեցի նրա մտադրությունը և բախտս ինձ մի այնպիսի քաջություն տվեց, որ ես որոշեցի չդիմադրել նրան, երբ նա բռնել էր ինձ օդի մեջ, գետնից վաթսուն ոտնաչափ բարձրության վրա, թեև նա սոսկալի կերպով հուպ էր տալիս իմ կողերը, վախենալով, թե միգուցե ես դուրս պրծնեմ նրա մատների միջից։ Միակ բանը, որ ես համարձակվեցի անել, այն էր, որ բարձրացրի իմ աչքերը դեպի արևը, աղերսական ձևով ձեռքերս ծալեցի ու մելամաղձոտ ձայնով մի քանի խոսք ասացի, պատշաճ այն կացության, որի մեջ ես գտնվում էի։ Ամեն րոպե ես վախենում էի, որ նա կարող է ինձ շպրտել գետին, ինչպես մենք սովորաբար անում ենք, երբ մի զզվելի կենդանի ուզում ենք ոչնչացնել։ Բայց իմ բախտից իմ ձայնն ու շարժուձևը հաճելի թվացին նրան և նա սկասեց նայել ինձ վրա իբրև մի արտասովոր բանի, զարմանալով իմ հստակ կերպով արտասանած խոսքերին, որոնցից նա ոչինչ չէր հասկանում։ Միևնույն ժամանակ ես ակարող էի զսպել իմ տնքողներն ու արտասուքները, և գլուխս դեպի կողերս թեքելով, կարողացածիս չափ, հասկացրի նրան, որ իր սեղմած մատները ցավ են պատճառում ինձ։ Նա կարծես թե ինձ հասկացավ, որովհետև բռնեց իր վերարկուի փեշը, զգուշությամբ դրեց ինձ վրան և իսկույն վազեց դեպի տերը, որ մի ունևոր ֆերմեր էր և հենց այն մարդն էր, որին ես առաջին անգամ դաշտում տեսա։
:   Ֆերմերն ստանալով որոշ տեղեկություններ իմ մասին (ինչպես ես կռահեցի իրենց խոսակցությունից), որքան որ իր ծառան կարողացավ տալ, վերցրեց մի փոքրիկ հարդ, որ մոտավորապես մի ձեռնափայտի չափ էր, ու դրանով սկսեց բարձրացնել վերարկուիս փեշերը, որ նրան թվում էին իբրև բնությունից տված մի տեսակ ծածկոց։ Նա փչեց իմ մազերը մի կողմ՝ դեմքս ավելի լավ տեսնելու համար։ Ապա նա իր մոտ կանչեց ծառաներին ու հարցրեց (ինչպես ես հետո իմացա), թե արդյոք նրանք դաշտի մեջ չե՞ն տեսել ինձ նման որևէ այլ փոքրիկ արարածներ։ Ապա նա զգուշությամբ, չորեքթաթ կերպով, դրեց ինձ գետնի վրա, իսկ ես անմիջապես ոտքի կանգնեցի ու հանդարտ սկսեցի ետ ու առաջ քայլել, այդ մարդկանց ցույց տալու, որ փախչելու մտադրություն չունեմ։ Նրանք ամենքն էլ շուրջբոլորս նստեցին՝ ավելի լավ դիտելու համար իմ շարժումները։ Ես հանեցի իմ գլխարկը և ֆերմերին խորը գլուխ տվի։ Ձեռքերս և աչքերս բարձրացնելով, չոքեցի ու բարձր ձայնով մի քանի խոսք ասացի․ հանեցի ոսկով լի իմ քսակը և հլու առաջարկեցի նրան։ Նա քսակն առավ իր ափի վրա, կիպ մոտեցրեց իր աչքերին, տեսնելու համար, թե դա ինչ բան է, ապա իր թևքից հանեց մի գնդասեղ ու ծայրով մի քանի անգամ շուռումուռ արեց, սակայն բան չհասկացավ։ Այնուհետև ես նրան նշան արի, որ իր ձեռքը դնի գետնին։ Ես վերցրի քսակն ու, բանալով ամբողջ ոսկին, թափեցի նրա ափի մեջ։ Այդտեղ վեց իսպանական ոսկի կար, ամեն մի ոսկին չորս պիստոլ, ու քսան թե երեսուն հատ մանր դրամ։ Ես տեսա, թե ինչպես նա լեզվով թրջեց իր ճկույթի ծայրն ու վերցեց ամենախոշոր դրամը, ապա մյուսը, սակայն երևաց, որ նա չիմացավ, թե դա ինչ բան է։ Նա ինձ նշան արեց, որ ոսկիները կրկին հավաքեմ իմ քսակն ու դնեմ գրպանս, որ և արի՝ մի քանի անգամ նրան առաջարկելուց հետո։
:   Ֆերմերը կամաց֊կամաց գլխի ընկավ, որ ես մի բնական արարած եմ։ Նա հաճախ խոսում էր իմ հետ, սակայն նրա ձայնը խլացնում էր իմ ականջը, ինչպես ջրաղացի աղմուկը, թեև նրա խոսքերը հնչում էին բավականին հստակ։ Ես պատասխանում էի նրան որքան կարելի է բարձրաձայն, տարբեր լեզուներով, իսկ նա իր ականջը մինչև երկու յարդ մոտեցնում էր ինձ, սակայն իզուր, որովհետև մենք իրար չէինք կարողանում հասկանալ։ Ապա նա ծառաներին ուղարկեց իրենց բանին ու գրպանից հանելով թաշկինակը, երկու տակ ծալեց, փռեց իր ձախ ձեռքին, որ դրել էր գետնի վրա՝ ափը դեպի վեր, ու նշան արավ, որ բարձրանամ վրան, մի բան, որ ես հեշտությամբ արի, որովհետև նրա ձեռքի հաստությունը մեկ ոտնաչափից ավելի չէր։ Իմ կողմից ես լավագույնը համարեցի հնազանդվել նրան, և ընկնելուց վախենալով ամբողջ երկարությամբ պառկեցի թաշկինակի վրա, որով նա, ապահովության համար փաթաթեց ինձ մինչև իմ գլուխն ու այդպես տարավ ինձ իր տունը։ Այդտեղ նա կանչեց իր կնոջն ու ինձ ցույց տվեց նրան․ իսկ նա ճչալով ետ փախավ, ինչպես Անգլիայում կանայք, երբ գորտ կամ սարդ են տեսնում։ Սակայն երբ նա տեսավ իմ բարի վարքն ու նկատեց, թե ինչպես նրա ամուսնու նշաններին համաձայն ամեն ինչ կատարում եմ, շուտով հաշտվեց և սկսեց դեպի ինձ մեծ քնքշությամբ վերաբերվել։
:   Կեսօրվա ժամը տասներկուսն էր, ծառաներից մեկը բերեց ճաշը։ Դա միայն մսի սովորական կերակուր էր (պատրաստած հողագործի պարզ պայմաններին համաձայն), մի ամանի մեջ լցրած, որ մոտ քսանչորս ոտնաչափ տրամագիծ ուներ։ Սեղանին նստեցին՝ ֆերմերը, իր կինը, երեք զավակներն ու պառավ տատը։ Նստելուց հետո ֆերմերը դրեց ինձ իր մոտ, սեղանի վրա, որ հատակից երեսուն ոտնաչափ բարձր էր։ Ես սաստիկ վախենում էի, որ վայր կընկնեմ այդ բարձրությունից, դրա համար էլ բավականին հեռացա սեղանի եզրից։ Ամուսինը կտրեց մի կտոր միս ու հաց և դրեց իմ առաջ։ Ես նրան խորը գլուխ տվի, հանեցի դանակս ու պատառաքաղս և սկսեցի ուտել, որ նրանց մեծ հաճույք պատճառեց։ Տանտիրուհին ուղարկեց աղախնին մի փոքրիկ սրվակ բերելու, որ մոտ երեք գալլոն՝ կտեղավորեր ու լցրեց խմիչքով․ երկու ձեռքով, մեծ դժվարությամբ, ես վերցրի այդ ամանը և ամենայն մեծարանքով խմեցի հարգելի տիկնոջ կենացը, բարձրաձայն արտասանելով իմ խոսքերն անգլերեն, որի համար նրանք սրտանց ծիծաղեցին, խլացնելով իմ ականջն իրենց ձայնով։ Այդ խմիչքի համը նման էր թեթև սայդրի՝ և բավականին անուշ էր։ Ապա տանտերն ինձ նշան արավ, որ գնամ իր պնակի մոտ․ բայց երբ քայլում էի սեղանի վրա, հացի կտորը ոտքերիս տակ ընկավ ու երեսնիվայր փռվեցի սեղանին, սակայն անվանս։ Ներողամիտ ընթերցողը հեշտությամբ կհասկանա ինձ ու կների, որովհետև ամբողջ ժամանակ ապշանքի մեջ էի։ Ես անմիջապես ոտքի կանգնեցի ու նկատելով, որ այդ բարի մարդկանց մտահոգություն պատճառեցի, առա իմ գլխարկը (որ ըստ վայելչության դրել էի իմ կռան տակ) ու գլխիս վրա թափահարելով երեք անգամ «կեցցե» կանչեցի, ցույց տալու համար, որ ընկնելուց չեմ վնասվել։ Իսկ երբ մոտեցա իմ տիրոջը (այդպես պետք է անվանեմ նրան այսուհետև), նրա կողքին նստած փոքրիկ որդին, որ մի տասը տարեկան չարաճճի տղա էր, բռնեց իմ ազդրերից և բարձրացրեց օդի մեջ այնքան բարձր, որ շունչս կտրվեց․ բայց հայրը խլեց ինձ նրա ձեռքից ու նրա ձախ ականջին մի այնպիսի ապտակ զարկեց, որից երևի եվրոպական մի ամբողջ զորագունդ ձիերից վայր կընկներ, ու հրամայեց նրան, որ սեղանից հեռանա։ Բայց վախենալով, թե միգուցե տղան վրեժը պահի և լավ հիշելով, թե երեխաները մեզ մոտ սովորաբար ինչքան խստասիրտ են լինում դեպի ճնճղուկները, ճագարները, կատվի ձագերն ու շնիկները, իսկույն չոքեցի և տղային ցույց տալով, իմ տիրոջը հասկացրի, որքան կարող էի, որ ես ցանկանում եմ, որ նա իր տղային ների։ Հայրը մեղմացավ և տղան նորից նստեց իր տեղը․ դրա վրա ես մոտեցա նրան ու համբուրեցի նրա ձեռքը․ իմ տերը բռնեց նրա ձեռն ու նրանով քնքուշ կերպով շոյեց ինձ։
:   Ճաշի միջոցին իմ տիրոջ սիրած կատուն ցատկեց նրա գոգը։ Հետևից լսեցի մի աղմուկ, ասես թե տասնյակ գուլպայագործներ են աշխատում ոստայնի վրա․ ետ նայելով տեսա, որ դա կատուն է մռռում, որին կերակրում ու շոյում էր տանտիրուհին․ Նայած գլխին ու թաթերին, թվում էր, որ նա երեք անգամ խոշոր էր , քան եզը։ Այդ արարածի կատաղի տեսքը միանգամայն հուզեց ինձ, չնայած որ ես կանգնել էի սեղանի հեռավոր ծայրին, մոտ հիսուն ոտնաչափ հեռու, ու տանտիրուհին էլ ամուր կերպով բռնել էր կատվին, որ մի գուցե ցատկեր ու բռներ ինձ իր ճանկերով։ Սակայն ոչ մի վտանգ չպատահեց, որովհետև երբ իմ տերն ինձ մինչև երեք յարդ մոտեցրեց նրան, նա ոչ մի ուշադրություն չդարձրեց ինձ վրա։ Եվ քանի որ հաճախ ինձ պատմել էին ու ես էլ իմ ճանապարհորդուցյան փորձով գիտեի, որ գիշատիչ կենդանիների առաջ փախչելը կամ վախ ցույց տալը ամենալավ միջոցն է, որպեսզի նրանք հետապնդեն կամ հարձակվեն քեզ վրա, ուստի ես որոշեցի այս վտանգավոր կացության մեջ անհանգստության ոչ մի նշան ցույց չտալ․ հինգ թե վեց անգամ անվեհեր մոտեցա կատվի դնչին մինչև կես յարդ հեռավորությամբ, իսկ նա ետ֊ետ գնաց, կարծես ինձնից ավելի վախեցած, քան ես՝ նրանից։ Նույն ճաշի ժամանակ նկատեցի, որ սենյակ մտան երեք թե չորս շուն, ինչպես ընդունված է գյուղական տներում, բայց նրանք ինձ շատ քիչ վախեցրին, դրանցից մեկը բակի շուն էր, չորս փղի մեծության, իսկ մյուսը՝ մի գորշ շուն, ավելի բարձրահասակ, քան առաջինը, բայց ավելի բարակ։
:   Երբ ճաշը համարյա թե վերջացել էր, ներս մտավ դայակը՝ ձեռքին մի տարեկան երեխա, որ անմիջապես նկատեց ինձ և ըստ մանկական պերճախոսության, մի այնպիսի գոռում֊գոչում բարձրացրեց, որ Լոնդոնի կամրջից կլսվեր Չըլսիում․ նա ինձ իբրև խաղալիք էր ուզում։ Ներողամիտ մայրը վերցրեց ինձ ու դրեց երեխայի առաջ․ երեխան իսկույն բռնեց իմ իրանից և իմ գլուխը տարավ իր բերանը, ես մի այնպիսի գոռոց բարձրացրի, որ չարաճճին վախեցած ինձ դեն շպրտեց․ և անկասկած ես կկոտրեի վիզս, եթե մայրը գոգնոցը չփռեր իմ տակ։ Երեխային հանգստացնելու համար դայակը տվեց նրա խաղալիքը, որ ամուր պարանով կապած էր նրան գոտուց․ դա մի դատարկ աման էր, քարերով լի։ Բայց այդ չօգնեց, այնպես որ մնացել էր վերջին միջոցը՝ ծիծ տալ։ Պիտի խոստովանեմ, որ կյանքումս երբեք ոչ մի բան այդքան զզվանք չէր պատճառել ինձ, ինչպես այդ հրեշային կուրծքը․ չկա մի այնպիսի առարկա, որի հետ ես կարողանայի համեմատել, որպեսզի հետաքրքիր ընթերցողին մի փոքրիկ գաղափար տամ նրա մեծության, ձևի և գույնի մասին։ Կասեմ միայն, որ դա մի կլոր բան էր, վեց ոտնաչափ բարձրությամբ և տասնվեց ոտնաչափից ոչ պակաս շրջագծով։ Ծծի պտուկն իմ գլխի կիսու չափ էր․ նրա մակերևույթը, ինչպես և ամբողջ ծծի մակերևույթն այն աստիճան ծածկված էր բծերով ու բշտիկներով, որից ավելի նողկալի տեսարան անկարելի է երևակայել։ Ես դիտում էի մոտիկից, որովհետև դայակը, ծիծ տալիս, հարմարության համար, հենց կողքիս էր նստել։ Նկարագրածս տեսարանը խորհրդածության որոշ առարկա դառավ ինձ համար, երբ հիշեցի Անգլիայի մեր տիկինների մաշկի քնքշությունն ու ճերմակությունը․ թվում է, որ այդ տիկինները մեզ այնքան գեղեցիկ են երևում, որովհետև նրանք մեզ նման միևնույն հասակն ունեն ու նրանց թերությունները մենք կարող ենք տեսնել միայն մանրադիտակով, որը մեզ պարզ կերպով ցույց կտա, թե որքան կոպիտ, հաստ ու տգեղ գույնի է ամենաքնքուշ և ճերմակ մաշկը։
:   Երբ ես Լիլիպուտիա էի, ինձ թվաց, թե աշխարհումս նրանց պես դեմքի սքանչելի գույն ունեցող մարդիկ չկան, մի բան որով բնությունը պարգևատրել է այդ մանր արարածներին։ Երբ այդ նյութի մասին խոսում էի իմ մի փոքրիկ բարեկամ գիտնական լիլիպուտի հետ, նա ասաց, որ իմ երեսն ավելի հաճելի տպավորություն է թողնում հեռվից, երբ նա նայում է ինձ գետնի վրայից, քան թե մոտիկից, և անկեղծորեն խոստովանեց, որ երբ առաջին անգամ ձեռքովս վերցրել եմ նրան ու մոտեցրել երեսիս՝ իմ տեսքը նրան սարսափ է ազդել։ Նրա ասելով իմ կաշվի վրա կարելի է տեսնել մեծ֊մեծ խոռոչներ, կաշվիս գույնը տարբեր ներկերի մի ամհաճո խառնուրդ է, իսկ մորուքիս մազերը վայրի խոզի մազերից տասն անգամ հաստ են երևում․ սակայն թույլ եմ տալիս ինձ ասելու, որ ես իմ շատ հայրենակիցներից ավելի տգեղ չեմ և, չնայած իմ երկար ճանապարհորդուցյուններին, դեմքս շատ քիչ է այրվել։ Մյուս կողմից, խոսելով տեղական պալատական տիկինների մասին, այդ գիտնականն ասում էր ինձ, թե մեկի դեմքը բծեր ունի, մյուսի բերանը մեծ է, երրորդի քիթն է մեծ, իսկ ես ոչ մի բան չէի նկատում։ Իհարկե այս խորհրդածությունները բավականին անհամ են, բայց ես ինձ չկարողացա զսպել, որպեսզի ընթերցողը չկարծի թե հսկաները, որոնց աշխարհը ես ընկա իսկապես շատ տգեղ են։ Ընդհակառակը, արդարության համար պիտի ասեմ, որ նրանց ցեղը գեղեցիկ է․ մասնավորապես իմ տիրոջ դիմագծերը, չնայած նա հասարակ գյուղացի է, ինձ թվացին շատ կանոնավոր, երբ ես նրան տեսա վաթսուն ոտնաչափ բարձրությունից։
:   Ճաշից հետո, իմ տերը գնաց իր մշակների մոտ, և որքան կարելի էր նրա ձայնից ու շարժումներից եզրակացնել, կնոջը խստիվ պատվիրեց, որ ինձ խնամեն։ Ես շատ հոգնել էի ու քնել էի ուզում, տանտիրուհիս նկատելով, դրեց ինձ իր սեփական անկողնու վրա ու ծածկեց մի մաքուր սպիտակ թաշկինակով, որ ավելի մեծ ու հաստ էր, քան թե զինվորական նավի գլխավոր առագաստը։
:   Ես քնեցի մոտ երկու ժամ ու երազիս տեսա, իբր թե իմ կնոջ ու երեխաների հետ եմ․ դա ավելի խորացրեց իմ վիշտը, մանավանդ երբ արթնացա և տեսա, որ մի ընդարձակ սենկալում եմ, որի լայնությունը երկու թե երեք հարյուր ոտնաչափ էր, բարձրությունը մոտ երկու հարյուր, ու պառկած եմ մի անկողնու մեջ, որի լայնությունը քսան յարդ է։ Տնտիրուհին գնացել էր իր տնային գործերն անելու ու թողել էր ինձ մենակ։ Մահիճն ութ յարդ հատակից բարձր էր, մինչդեռ որոշ բնական պիտույքներս ստիպում էին ինձ, որ իջնեմ մահճակալից։ Օգնություն կանչել չէի համարձակվում, միևնույն ժամանակ դա ապարդյուն էր, որովհետև իմ տկար ձայնը չէր լսվի այն հսկայական հեռավորությունից, որով սենյակը բաժանված էր խոհանոցից, ուր գտնվում էր ամբողջ ընտանիքը։ Այդ կացուցյան մեջ էի, երբ երկու առնետ, վարագույրից բարձրանալով, սկսեցին ետ ու առաջ վազել անկողնու վրա։ Դրանցից մեկը բոլորովին մոտեցավ իմ դեմքին, ես սարսափած վեր թռա և հանեցի թուրս, որ ինձ պաշտպանեմ։ Այդ սոսկալի կենդանիները համարձակություն ունեցան հարձակվելու ինձ վրա երկու կողմից, իսկ նրանցից մեկն իր առաջին թաթերը դրեց իմ փողկապի վրա․ բայց իմ բախտից, նախքան ինձ վնաս տալը, ես պատռեցի նրա փորը։ Նա ընկավ իմ ոտքի տակ, իսկ մյուսը տեսնելով իր ընկերոջ վիճակը, փախուստի դիմեց՝ ունենալով մեջքին մի մեծ վերք, որ ես հասցրի նրան․ արյան կաթիլները հոսում էին նրա վերքից։ Այդ քաջագործությունից հետո ես սկսեցի ետ ու առաջ քայլել մահիճի վրա, որպեսզի մի փոքր շունչ առնեմ և հանգստանամ։ Այդ արարածները բակի շների չափ մեծ էին, բայց անհամեմատ ավելի ճկուն ու կատաղի, այնպես որ, եթե քնելուց առաջ թուրս հանած լինեի, անկասկած ինձ պիտի պատառ֊պատառ անեին ոի լափեին։ Սատկած առնետի պոչը ես չափեցի և տեսա, որ երկարությունը երկու յարդից մի մատնաչափ պակաս է։ Սակայն ես սիրտ չառա նրա դիակը ցած գլորելու մահճակալից, առնետից դեռ արյուն էր գնում․ ես նկատեցի, որ նա դեռ շունչ է քաշում, ուստի մի ուժեղ հարվածով կտրեցի նրա վիզն ու վերջնականապես այն աշխարհն ուղարկեցի։
:   Շուտով իմ տանտիրուհին ներս մտավ սենյակն ու տեսնելով որ ես արյունաթաթախ եմ, վազեց ու ինձ վերցրեց իր ձեռքի վրա։ Ես ցույց տվի սատկած առնետը, ծիծաղելով ու այլ նշաններով հասկացրի, որ ես վիրավորված չեմ, որի համար նա անչափ ուրախցավ, և կանչելով աղախնին հրամայեց, որ նա ունելիքով սատկած առնետը պատուհանից դեն ձգի։ Ապա ինձ դրեց սեղանի վրա, ու ես նրան ցույց տվի իմ արյունաթաթախ թուրը, որ վերարկուիս փեշերով սրբելով դրի պատյանի մեջ։
:   Բայց ես հրամայական պահանջ էի զգում կատարել այն, ինչ ոչ ոք որ իմ փոխարեն չէր կարող անել, և հետևապես ամեն կերպ աշխատում էի հասկացնել տանտիրուհուս, որ ուզում են իջնել ցած։ Երբ իմ այդ ցանկությունն արդեն կատարված էր, ես ամաչեցի ավելի ակնհայտ կերպով բացատրել, և բավարարվեցի նրանով, որ դուռը մատով ցույց տվի և մի քանի անգամ խոնարհվեցի։ Մեծ դժվարությամբ բարեսիրտ կինը վերջապես հասկացավ իմ միտքը։ Վերցնելով իր ձեռքը նա ինձ տարավ այգի և ցած իջեցրեց։ Հեռանալով մոտ երկու հարյուր ոտնաչափ, ես նշան արի, որ նա ինձ չնայի․ թաքնվեցի թրթնջուկի երկու տերևների արանքում ու կատարեցի իմ բնական պահանջը։
:   Հույս ունեմ, ազնիվ ընթերցողը կների, որ ես կանգ եմ առնում այս և նման մանրամասնությունների վրա, որոնք որքան էլ աննշան թվան ստոր և գռեհիկ խելքի տեր մարդկանց, այնուամենայնիվ անկասկած մի որևէ փիլիսոփայի կնպաստեն հարստացնելու իր միտքն ու երևակայությունը և կիռարելու հոգուտ հասարակական և անհատական կյանքի բարօրության, որ իմ միակ նպատակն է, երբ ես լույս եմ ընծայում այս և մյուս ճանապարհորդուցյուններիս տեղեկագրությունները, ըստ որում ես գլխավորապես ճշմարտության ուսումնասեր եմ և չեմ ուզում փայլել գիտության որևէ պճրանքով կամ ոճով։ Այս ճանապարհորդուցյան բոլոր դեպքերն ինձ վրա այնպիսի խիստ տպավորություն են թողել և այնքան խոր արմատ ձգել իմ հիշողության մեջ, որ թղթին հանձնելուց ես չեմ կարող դուրս ձգել որևէ կարևոր հանգամանք։ Այնուամենայնիվ, ուշադրությամբ աչքի անցկացնելուց հետո այս իմ երկասիրությունը, ես ջնջեցի այլ և այլ անցքերի մանրամասնությունները, որոնք կային իմ առաջին ձեռագրում, վախենալով կշտամբանքից, որ ես տաղտկալի ու սնամեջ եմ, որոնց համար, թերևս արդարացի կերպով, հաճախ մեղադրում են ճանապարհորդներին։
 
==Գլուխ երկրորդ==
:   Ֆերմերի աղջկա նկարագիրը։ Հեղինակին տանում են մի վաճառաշահ քաղաք, ապա մայրաքաղաքը։ Նրա ուղևորության մանրամասնությունները։
 
:   Իմ տանտիրուհին ինը տարեկան մի աղջիկ ուներ, որ իր տարիքի համեմատ առաջադեմ երեխա էր, ասեղ բանեցնելու մեջ հմուտ և տիկիններ հագցնելու գործում ճարտար։ Նա մոր հետ միասին ինձ համար գիշերային անկողին պատրաստեց տիկնիկի օրորոցում, որ դրել էին գզրոցի մի փոքրիկ արկղում և, առնետներից վախենալով, կախել առաստաղից։ Դա էր իմ անկողինն այդ մարդկանց մոտ եղած ամբողջ ժամանակ, թեև հետզհետե իմ հարմարություններն ավելանում էին, երբ ես սկսեցի սովորել նրանց լեզուն և արտահայտել իմ ցանկությունները։ Այդ աղջիկն այն աստիճան սիրալիր էր, որ երբ մի քանի անգամ նրա մոտ հանեցի շորերս ու հագա, նույնը սկսեց ինքն անել, թեև ես երբեք նեղություն չէի տալիս նրան և գերադասում էի, որ այդ աշխատանքը թողնի ինձ։ Նա ինձ համար յոթ շապիկ կարեց և այլ սպիտակեղեն՝ եղած ամենանուրբ կտավից, որն այնուամենայնիվ ավելի կոշտ էր, քան պարկի կտավը․ և այդ ամենը միշտ ինքն էր լվանում իր սեփական ձեռքերով։ Նա միևնույն ժամանակ լեզվի դասվանդության իմ վարժուհին էր․ երբ ես մի որևէ բան էի ցույց տալիս, նա անմիջապես իրենց լեզվով տալիս էր այդ առարկայի անունը, այնպես որ կարճ ժամանակում ես կարողացա խնդրել, այն ամենը, ինչ ես ուզում էի։ Նա հիանալի բնավորություն ուներ և, նայած իր տարիքին, կարճահասակ էր՝ քառասուն ոտնաչափից ոչ վելի։ Նա ինձ անվանում էր Գրիլդրիգ․ և այդ անունն այդպես էլ մնաց այդ ընտանիքի և ապա ամբողջ թագավորության մեջ։ Այդ բառը նույն իմաստն ունի, ինչ որ լատիներենի homunkulus֊ը, իտալերենի homunceletino֊ն և անգլերենի mannikin֊ը։ Այդ երկրում իմ կյնաքը ես գլխավորապես այդ աղջկան եմ պարտական։ Մենք երբեք, իմ այնտեղ եղած ժամանակ, չբաժանվեցինք միմյանցից։ Ես նրան անվանում էի Գլյումդալկլիչ, այսինքն՝ փոքրիկ դայակ։ Ես մեղավոր կլինեի, իբրև ապերախտ, նրա առաջ, եթե չհիշատակեի այստեղ նրա իմ հանդեպ ունեցած խնամքի ու խանդաղատանքի մասին, որ սրտանց կուզեյի ըստ արժանվույն հատուցանել, փոխանակ դառնալու նրա կրած անպատվության անմեղ, բայց ապերախտ գործիքը, որի համար ես առիթ ունեմ վախենալու։
:   Հարևանների մեջ շուտով սկսեցին տարածվել լուրեր, որ իմ տերը դաշտում մի օտարոտի կենդանի է գտել՝ մոտավորապես մի սպլեկնըկ֊ի մեծության, իսկ ըստ ամենայնի մի կատարյալ մարդկային արարած, թե այդ արարածն իր բոլոր գործողություններով ընդօրինակում է մարդուն, որ նա նույնիսկ խոսում է իր լեզվով ու կարծես թե արդեն սովորել է մի քանի խոսք նրանց լեզվով, թե քայլում է երկու ոտքով և ընտանի է, հլու, մոտենում է, երբ կանչում ես, անում է այն, ինչ ուզում ես, թե կազմավածքով շատ քնքուշ է․ իսկ երեսի գույնով ավելի ճերմակ, քան ազնվական երեք տարեկան աղջիկը։ Մի այլ ֆերմեր, որ դրկից էր և իմ տիրոջ մտերիմ բարեկամը, նրա մոտ այցելության եկավ՝ իմանալու համար այդ պատմությունների իսկական եղելությունը։ Ինձ անմիջապես բերին ու դրին սեղանի վրա, ուր ես տիրոջս հրամանով ետ ու առաջ քայլեցի, պատյանից հանեցի իմ թուրն ու կրկին դրի իր տեղը, իմ տիրոջ հյուրին ողջույն տվի, նրանց լեզվով հարցրի նրա առողջությունն ու բարի գալուստ մաղթեցի, ճիշտ այնպես, ինչպես սովորեցրել էր ինձ իմ փոքրիկ դայակը։ Այդ ֆերմերը, որ մի ծեր ու կարճատես մարդ էր, դրեց իր ակնոցները՝ ինձ ավելի լավ տեսնելու համար, որի համար ես չկարողացա զսպել իմ ծիծաղը, որովհետև նրա աչքերը թվում էին երկու պատուհաններից սենյակը լուսավորող լիալուսին։ Մերոնք հասկանալով իմ ցանկության պատճառը, ինձ հետ միասին ծիծաղեցին, որի վրա ծերուկը այնքան հիմար գտնվեց, որ բարկացավ ու իմ դեմ իր սրտում ոխ պահեց։ Նա բնավորությամբ շատ կծծի մարդ էր և իմ բախտը այդ համբավին արժանի, որովհետև մի անիծյալ խորհուրդ տվեց իմ տիրոջը՝ իբրև մի չտեսնաված իր, շուկայի օրը տանի և ցույց տա ինձ մոտակա քաղաքում, որ գտնվում էր կես ժամվա , և մեր տնից մոտ քսաներկու մղոն հեռավորության վրա։ Ես կռահեցի, որ ինչ֊որ մի վատ բան է ծրագրվում, մանավանդ երբ նկատեցի իմ տիրոջն իր բարեկամի հետ շշուկով խոսելիս, որոնք երբեմն մատով ցույց էին տալիս ինձ․ վախիցս մինչև անգամ թվաց ինձ, թե որ ականջիս հասան ու հասկացա մի քանի խոսք։ Իսկ մյուս օրն առավոտյան Գլյումդալկլիչը, իմ փոքրիկ դայակը, պատմեց ինձ ամեն բան, որ նա խորամանկությամբ տեղեկացել էր իր մորից։ Խեղճ աղջիկն առավ ինձ իր գիրկը և ամթից ու վշտից լաց եղավ։ Նա վախենում էր, թե միգուցե ես որևէ վնաս կրեմ այդ անտաշ ու ռամիկ մարդկանցից, որոնք կարող էին ճզմել ինձ մեռցնելու չափ կամ ձեռքով բռնելիս կոտրել իմ մարմնի անդամներից մեկը։ Միևնույն ժամանակ նա նկատել էր, թե բնությամբ որքան համեստ մարդ եմ և պատվի խնդրում որքա՜ն նրբազգաց, և գիտեր, որ ես անարգանք պիտի համարեի, երբ ինձ դրամի համար ցույց տային ամբոխին, իբրև մի ժողովրդական զվաճալիք։ Նա ասում էր, թե հայրիկն ու մայրիկը խոստացել են, որ Գրիլդրիգը պիտի պատկանի իրեն, իսկ այժմ նա գտնում է, որ նրանք ուզում են անել այնպես, ինչպես անցյալ տարի, երբ նրան նվիրեցին մի գառ ու վերջը տեսան, որ արդեն չաղացել է՝ ծախեցին մսավաճառին։ Ճշմարիտն ասած, ինքս դրան ավելի քիչ կարևորություն էի տալիս, քան իմ դայակը։ Ես հաստատ հույս ունեի, և հույսս երբեք չէի կտրում, որ մի օր ես կստանամ իմ ազատությունը․ իսկ ինչ վերաբերում է այն անարգանքին, որ ինձ պիտի ցույց տան իբրև մի ճիվաղ, գտնում էի, որ ես մի կատարյալ օտարական եմ այս երկրում և մի այդպիսի դժբխտության համար ոչ ոք ինձ չպիտի հանդիմաներ, եթե անգամ ես վերադառնայի Անգլիա․ նույնիսկ ինքը, Մեծ Բրիտանիայի թագավորը, եթե իմ վիճակի մեջ գտնվեր, պիտի ենթարկվեր նույն նվաստացումներին։
:   Իմ տերը, հետևելով իր բարեկամի խորհդին, առաջիկա շուկայի օրը մի արկղի մեջ ինձ տարավ մոտակա քաղաքը, հետը վերցնելով նաև իր փոքրիկ աղջկան՝ իմ դայակին, նրան նստեցնելով թամբի հետևը։ Արկղն ամեն կողմից փակ էր, ուներ միայն մի փոքրիկ դուռ, որպեսզի ես կարողանամ մտնել ու դուրս գալ և մի քանի ծակոտիներ՝ օդի համար։ Աղջիկն այնքան ուշադիր էր դեպի ինձ, որ արկղի մեջ դրել էր իր տիկնիկի մկդակած անկողինը, որպեսզի ես վրան պառկեմ։ Սակայն այդ ճանապարհորդուցյունն ինձ սոսկալի ցնցեց ու նեղացրեց, թեև տևեց ընդամենը կես ժամ։ Ձին ամեն քայլափոխին մոտ քառասուն ոտնաչափ էր անում և վազում էր այնպես արագ, որ կարծես փոթորկի ժամանակ շարժվելիս լինեի մի նավի մեջ, որն ալիքների վրա վեր ու վար է անում, միայն այն տարբերուցյամբ, որ այդ շարժումներն ավելի հախուռն էին։ Մեր կտրած ճանապարհը մոտավորապես այն հեռավորությունն ուներ, ինչ որ Լոնդոնից մինչև Սենտ֊Ալբըն ճանապարհը։ Իմ տերն իջավ մի պանդոկ, ուր նա սովորաբար կանգ էր առնում, պանդոկապետի հետ խորհրդակցելուց և մի շարք պատրաստություններ տեսնելուց հետո նա վարձեց մի գրուլտրըդ, այսինքն մի մունետիկ՝ քաղաքում հայտնելու, որ Կանաչ Արծվի դրոշի տակ ցույց պիտի տրվի մի օտարոտի արարած, որ մեծությամբ սպլեկնըկի չափ է (մի նուրբ կենդանի այդ երկրում՝ մոտ վեց ոտնաչափ երկարության) և ըստ ամենայնի մարդ արարածի է նման, կարողանում է արտասանել մի քանի խոսսք և բազմաթիվ զվարճալի աճապարարություններ է անում։
:   Ինձ դրին սեղանի վրա, մոտ երեք հարյուր ոտնաչափ տարածություն բռնող պանդոկի ընդարձակ սենյակում։ Իմ փոքրիկ դայակը կանգնել էր սեղանի մոտ, մի կարճլիկ աթոռի վրա, որպեսզի կարողանա հսկել ինձ և ցույց տալ, թե ինչ պիտի անեմ։ Իրարանցումից զգուշանալով իմ տերը թույլ տվեց, որ ինձ տեսնելու համար միայն երեսուն մարդ մտնի։ Աղջկա հրամանով ես ետ ու առաջ էի քայլում սեղանի վրա․ նա ինձ հարցեր էր տալիս այնչափ, որչափ ծանոթ էր իմ գիտությունը նրանց լեզվին, և ես պատասխանում էի կարողացածի չափ, բարձր ձայնով։ Մի քանի անգամ ես դարձա դեպի ներկա եղողները, հայտնեցի իմ խորին հարգանքները, բարի գալուստ մաղթեցի և արտասանեցի մի քանի նախադասություններ, որ ես սովորել էի։ Ես վերցրի խմիչքով լիքը մի մատնոց, որ Գլյումդալկլիչը տվեց ինձ բաժակի փոխարեն, ու խմեցի նրանց առողջությանը։ Ես հանեցի իմ թուրն ու ճոճեցի օդի մեջ, ինչպես Անգլիայում սուսերամարտիկներն են անում։ Իմ դայակը տվեց ինձ մի հարդ, իբրև տեգ, որով ես մարզանքներ կատարեցի, երիտասարդությունից սովորած լինելով այդ արվեստին։ Այդ օրը, հերթով տասներկու անգամ ցույց տվին ինձ և ամեն անգամ ստիպված էի կրկնելու նույն հիմարությունները, այնպես որ հոգնությունից ու նեղությունից կիսամեռ վիճակում էի։ Նրանք, ովքեր տեսել էին ինձ, այնպիսի զարմանալի բաներ էին պատմում, որ ժողովուրդը քիչ էր մնում դռները կոտրատեր՝ ներս մտնելու համար։ Իմ տերը սեփական շահից դրդված, բացի աղջկանից, ոչ ոքի թույլ չէր տալիս ձեռք տալու ինձ․ և, վտանգի առաջն առնելու համար, նստարանները տեղավորել էր այնպիսի հեռավորության վրա, որ ոչ ոքի ձեռն ինձ չհասնի։ Սակայն մի չարաբաստիկ դպրոցական նշանի բռնեց իմ գլուխն ընկույզով, որն սակայն չկպավ․ այնինչ ընկույզը, որ դդումի չափ էր, նետել էր մի այնպիսի ուժով, որ եթե կպչեր՝ անշուշտ ջարդուփշուր պիտի աներ իմ գանգը։ Բայց ես բավականությամբ տեսա, թե ինչպես այդ անզգամ լակոտին մի լավ ծեծեցին ու սենյակից դուրս վռնդեցին։
:   Իմ տերը հայտարարեց ամբողջ քաղաքին, որ հետևյալ շուկայի օրն ինձ կրկին պիտի ցույց տա ժողովրդին, և միևնույն ժամանակ ինձ համար նա պատրաստեց ավելի հարմար սայլ, որ անհրաժեշտ էր ինձ, որովհետև իմ առաջին ճանապարհորդուցյան ժամանակ և ութ ժամ անընդհատ ցուցադրելուց հետո այնքան հոգնել էի, որ ես հազիվ էի կարողանում ոտիս վրա մնալ ու խոսել։ Առնվազն երեք օր ժամանակ էր պետք, մինչև որ ես հավաքեի իմ ուժերը․ միևնույն ժամանակ ես տանը հանգիստ չունեի, որովհետև հարևան բոլոր ազնվականները, հարյուր մղոն հեռավորության վրա լսելով իմ համբավը, գալիս էին իմ տիրոջ տունը՝ ինձ տեսնելու համար։ Օրական առնվազն երեսուն մարդ էր գալիս՝ իրենց կանանց ու երեխաների հետ միասին (որովհետև այդ երկիրը խիտ ազգաբնակչություն ուներ). և իմ տերը, երբ ցույց էր տալիս ինձ իր տանը՝ պահանջում էր ամբողջ սենյակի վճարը, թեկուզ այդ սենյակում միայն մի ընտանիք լիներ․ այնպես որ մի առժամանակ շաբաթվա մեջ ոչ մի օր հանգստուցյուն չունեի (բացի չորեքշաբթի օրերից, որ նրանց տոն օրն էր), չնայած նրան, որ ինձ քաղաք չէին տանում։
:   Իմ տերը մտադրություն ուներ ճանապարհի բոլոր քաղաքներում ցույց տալ ինձ, բացի այդ, նա հաճախ թեքվում էր ճանապարհից հիսուն կամ հարյուր մղոն այս ու այն կողմ, դեպի մի որևէ գյուղ կամ մի որևէ նշանավոր մարդու տուն, ուր նա կարող էր շահ ունենալ։ Մենք օրական հարյուր քառասուն կամ հարյուր վաթսուն մղոնից ավելի ճանապարհ չէինք գնում, որովհետև Գլյումդալկլիչը, խնայելով ինձ, տրտնջում էր, թե ձիով գնալուց հոգնել է։ Հաճախ նա իմ ցանկության համեմատ, հանում էր ինձ արկղից մաքուր օդի և շրջակայքը ցույց տալու համար, բայց միևնույն ժամանակ ամուր կերպով բռնում էր ինձնից։ Մենք անցանք հինգ թե վեց գետ, մի քանի անգամ ավելի լայն ու խոր, քան Նեղոսն ու Գանգեսը․ և համարյա թե չպատահեց մի որևէ վտակ, որ իր փոքրությամբ նման լինի Թեմզային, երբ նա հոսում է Լոնդոնի կամրջի տակով։ Մեր ճանապարհորդությունը տևեց տասը շաբաթ, և այդ ժամանակի ընթացքում ինձ ցուցադրեցին տասնութ քաղաքում, հաշվի չառած բազմաթիվ գյուղերն ու մասնավոր ընտանիքները։
:   Հոկտեմերի 26֊ին մենք հասանք մայրաքաղաքը, որ իրենց լեզվով կոչվում է Լորբրուլդրուդ, այսինքն՝ Տիեզերքի պարծանք։ Իմ տերն իջևանեց քաղաքի գլխավոր փողոցի վրա, թագավորական պալատից ոչ հեռու, և ընդունված ծանուցգրով մանրամսն կերպով տվեց իմ անձնավորության ու իմ կատարած դերի նկարագրությունը։ Նա երեքից չորս հարյուր ոտնաչափ տարածությամբ մի սրահ վարձեց։ Մեջը դրեց վաթսուն ոտնաչափ շրջագծով մի սեղան, որի վրա ես պիտի կատարեի իմ դերը, ու սեղանի չորս կողմը, եզրերից երեք ոտնաչափ բարձր մի ցանկապատ քաշեց, որպեսզի ես վայր չընկնեմ։ Ինձ ցույց էին տալիս օրեկան տասն անգամ՝ ամենքին պատճառելով բավականություն և զարմանք։ Ես արդեն բավականին տանելի կերպով խոսում էի նրանց լեզվով և հիանալի կերպով հասկանում էի ամեն մի խոսք, որ ուղղում էին ինձ։ Բացի այդ, ես սովորեցի նրանց այբուբենն ու մի քիչ գրաճանաչ դարձա շնորհիվ Գլյումդալկլիչի, որ ինձ հետ պարապում էր տանը և մեր ճանապարհորդուցյան հանգստի ժամերին։ Նա գրպանում ուներ մի փոքրիկ գրքույկ, որը Մանսոնի ատլասից մի փոքր մեծ էր, և պարունակում էր հավատո հանգանակը, աղջիկների համար համառոտած։ Այդ գրքով նա սովորեցրեց ինձ այբուբենն ու վարժեցրեց կարդալ։
 
==Գլուխ երրորդ==
:   Հեղինակին կանչում են արքունիք։ Թագուհին գնում է նրան ֆերմերից ու նվիրում թագավորին։ Նա վեճի է բռնվում նորին մեծության խոշոր գիտնականների հետ։ Պալատի մեջ հեղինակի համար օթևան են պատրաստում։ Թագուհին մեծ բայրացկամություն է ցույց տալիս դեպի հեղինակը։ Նա պաշտպանում է իր սեփական հայրենիքի պատիվը։ Նա կռվում է թագուհու թզուկի հետ։
 
:   Անընդհատ աշխատանքը, որ տևեց մի քանի շաբաթ և ամեն օր, վերին աստիճանի քայքայեց իմ առողջությունը, և որքան շատ էր վաստակում իմ տերը, այնքան ավելի անհագուրդ էր դառնում։ Ախորժակս իսպառ կորել էր և ես կմախք էի դառել։ Նկատելով այդ՝ ֆերմերն այն եզրակացության եկավ, որ ես շուտով կմեռնեմ, ուստի որոշեց յուղս քամի։ Երբ նա այդ համոզմանը հանգավ, արքունիքից նրա մոտ եկավ մի սլարդրալ, այսինքն՝ մի նվիրակ ու հրամայեց իմ տիրոջը, որ նա անմիջապես ինձ տանի արքունիք՝ թագուհուն և պալատական տիկիններին զվարճացնելու համար։ Վերջիններից մի քանիսն արդեն տեսել էին ինձ ու զարմանալի բաներ պատմել իմ գեղեցկության, վարմունքի ու խելքի մասին։ Օգոստափառ թագուհին և իր շքախումբը հիացան իմ վերաբերմունքից։ Ես չոքեցի ու խնդրեցի, որ պատիվ անեն ինձ ու թույլ տան համբուրելու օգոստափառ թագուհու ոտքը․ իսկ բարեշնորհ թագուհին մեկնեց իր ճկույթը (երբ ինձ արդեն սեղանի վրա էին դրել), որը ես երկու ափի մեջ առա ու համբուրեցի մատի ծայրն ամենայն հարգանքով իմ շրթունքներին մոտեցնելով։ Նա ինձ մի քանի սովորական հարցեր ուղղեց իմ երկրի ու ճանապարհորդուցյան վերաբերյալ, որոնց ես կարճ ու որոշակի պատասխան տվի։ Ապա նա հարցրեց, թե արդյոք ես գո՞հ կլինեի, եթե ապրեի արքունիքում։ Մինչև սեղանի երեսը խոր գլուխ տվի ու խոնարհաբար պատասխանեցի, թե ես իմ տիրոջ ստրուկն եմ, սակայն եթե իմ բախտի տնօրենը լինեի, հպարտություն կհամարեի նվիրելու իմ կյանքն օգոստափառ թագուհու ծառայության։ Այն ժամանակ նա հարցրեց իմ տիրոջը, թե արդյոք կցանկանա՞ր ինձ վաճառել լավ գնով։ Իմ տերը, ենթադրելով, որ մի ամսից ավել չպիտի ապրեմ, բավական ուրախացավ, որ ինձանից պիտի ազատվի, ու խնդրեվ հազար ոսկի, որ անմիջապես տվին նրան․ ոսկիներից ամեն մեկի մեծությունը հավասար էր ութ հարյուրերորդ մոյդորի, սակայն եթե ի նկատի առնենք այդ երկրի և Եվրոպայի մեջ եղած բոլոր իրերի հարաբերություններն ու ոսկու բարձր արժեքը նրանց մոտ, հազիվ թե դա ավելի լիներ, քան հազար գուինը Անգլիայում։ Այնուհետև թագուհուն ասի, քանի որ ես այսուհետ նորին մեծության ամենանվաստ ծառան եմ և ճորտը, խոնարհաբար պիտի խնդրեմ, որ Գլյումդալկլիչը, որ միշտ խնամել է ինձ այնպիսի՜ հոգատարությամբ և ազնվությամբ, ընդունվի իբրև ծառա և շարունակի մնալ իմ դայակն ու վարժուհին։ Օգոստափառ թագուհին հավանություն տվեց իմ խնդրին ու հեշտությամբ ստացավ ֆերմերի համաձայնությունը, որովհետև վերջինս վերին աստիճանի գոհ էր, որ իր աղջիկը ապրի արքունիքում։ Իսկ ինչ վերաբերում է Գլյումդալկլիչին, խեղճ աղջիկը չկարողացավ զսպել իր ուրախությունը։ Իմ նախկին տերը հեռացավ, մնաս բարով ասելով և հիշեցնելով, որ ինձ թողնում է լավ ծառայության մեջ․ ես նրան ոչ մի խոսք չասի, այլ միայն թեթև գլուխ տվի։ Թագուհին նկատեց իմ սառնությունը, և երբ ֆերմերը դուրս եկավ սենյակից, հարցրեց պատճառը։ Ես խիզախություն ունեցա պատասխանելու օգոստափառ թագուհուն, թե իմ նախկին տիրոջը պարտական եմ միայն նրանով, որ նա իր դաշտում պատահմամբ գտած մի խեղճ, անվնաս արարածի գանգը ջարդուփշուր չի արել, թե այդ պարտականությունը ես հատուցել եմ այն վաստակով, որ նա ստացել է թագավորության գրեթե կես մասի մեջ ինձ ցույց տալով ու այն վճարով, որ նա ստացավ այժմ ինձ վաճառելով․ թե իմ մինչայժմյան կյանքը եղել է այնքան տաժանելի, որին չէր դիմանա ինձնից տասն անգամ ուժեղ արարածը, թե իմ առողջությունն ավելի վատթարացավ օրվա մեջ ամեն ժամ ամբոխին զվարճացնելու մշտական աշխատանքով և, վերջապես, եթե իմ տերը վտանգված չհամարեր իմ կյանքը, թերևս օգոստափառ թագուհին առանց սակարկության այսքան աժան գնով ինձ չառներ։ Բայց քանի որ ես այլևս վատ վերաբերմունքի վախ չունեմ մի այնպիսի մեծ և ազնիվ թագուհու հովանավորության ներքո, որ բնության զարդն է, տիեզերքի սիրելին, իր հպատակների բերկրանքը, ստեղծագործության փյունիկը, ուստի ես հուսով եմ, որ իմ նախկին տիրոջ վախն անհիմն կլինի, որովհետև ես զգում եմ, որ նորին ամենաօգոստափառ թագուհու ներկայությամբ հոգեպես արդեն վերակենդանանում եմ։
:   Այդ էր իմ ճառի ընդհանուր իմաստը, որ ես արտահայտեցի մեծ դժվարությամբ ու վարանումով․ ճառիս վերջին մասի մեջ ամբողջապես պահեցի այդ ժողովրդի ինքնահատուկ ոճը, որից մի քանի դարձվածքներ սովորել էի Գլյումդալկլիչից, երբ ինձ բերում էր արքունիք։
:   Թագուհին ներողամիտ գտնվելով իմ խոսելու թերությունների հանդեպ, միևնույն ժամանակ զարմացավ, որ մի այսպիսի փոքրիկ արարած այդչափ խելք ու իմաստություն ունի։ Նա վերցրեց ինձ իր ձեռքն ու տարավ թագավորի մոտ, որ առանձնացել էր իր սենյակում։ Նորին մեծությունը, այդ ծանրաբարո ու խոժոռադեմ արքան, առաջին հայացքից ինձ լավ չդիտած՝ անտարբեր դեմքով հարցրեց թագուհուն, թե այդ ո՞ր օրվանից է նա սիրահարվել սպելկնըկների վրա, որովհետև, ըստ երևույթին, այդ կենդանու տեղ էր ընդունել ինձ, երբ ես կրծքիս վրա պառկել էի օգոստափառ թագուհու աջ ձեռքի վրա, իսկ թագուհին, որ սուր մտքի և զվարթ խառնավածքի տեր մի կին էր, զգուշությամբ ինձ դրեց գրասեղանի վրա ու հրամայեց, որ ես նորին մեծությանը պատմեմ իմ մասին, որը և կատարեցի մի քանի խոսքով։ Գլյումդալկլիչը, որ սպասում էր սենյակի դռան առաջ, ― նա ինձ ոչ մի րոպե աչքաթող չէր անում, ― ներս մտնելու թույլտվություն ստանալով՝ հաստատեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել նրա հոր տունը գալուց հետո։
:   Թագավորը, թեև իր թագավորության մեջ ամենագիտուն մարդն էր և իր կրթությունն ստացել էր փիլիսոփայության և մասնավորապես մաթեմատիկայի դպրոցներում, սակայն, երբ մանրազնին կերպով դիտեց ինձ և տեսավ իմ ուղղահայաց քայլվածքը, նախքան իմ խոսելը՝ կարծեց, թե ես ժամացույցի պես լարված մի մեքենա եմ (մի բան, որ այդ երկրում շատ կատարելագործված է), մի որևէ հնարագետ վարպետի կողմից սարքված։ Բայց երբ լսեց իմ ձայնը և տեսավ, որ ես խոսում եմ կանոնավոր կերպով ու խելացի, չկարողացավ թաքցնել իր զարմանքը։ Իմ պատմությունը, թե ինչպես ես եկա նրա թագավորությունը, նրան ամենևին չբավարարեց․ նրան թվաց, թե դա Գլկումգալկլիչի և իր հոր կողմից սարքած մի պատմություն է, որոնք ինձ սովորեցրել են այդպես ասելու, որպեսզի ինձ թանկ գնով ծախեն։
:   Այդ ենթադրությամբ էլ նա ինձ մի քանի այլ հարցեր տվեց, բայց ստացավ խելացի պատասխաններ, որոնք այլ պակասություն չունեին, բացի այն, որ ես օտարերկրացու առոգանություն ունեի, իրենց լեզվին կատարելապես չէի տիրապետում ու գործ էի ածում մի շարք ռամկական դարձվածքներ, որ ես սովորել էի ֆերմերի տանը և որ պատշաճ չէր արքունիքի հղկած ոճին։
:   Նորին մեծությունն ուղարկեց երեք խոշոր գիտնականների հետևից, որոնք այդ ժամանակ, երկրի սովորության համաձայն, պալատի շաբաթական հերթապահներ էին։ Այդ ջենտլմենները, մանրազնին կերպով քննեցին իմ արտաքինը, իմ նկատմամբ տարբեր կարծիքների հանգան։ Նրանք ամենքն էլ համաձայնության եկան, որ ես չեմ կարող ծնված լինել բնության բնական օրենքների հիման վրա, որովհրտև ես օժտված չեմ ինքնապաշտպանության ընդունակություններով, և ոչ էլ սրընթացությամբ ու ծառերի վրա մագլցելու, կամ գետնի մեջ հոր փորելու կարողություններով։ Նրանք մանրամասն քննեցին իմ ատամներն ու գտան, որ ես մսակեր կենդանի եմ․ բայց քանի որ չորքոտանիների մեծագույն մասն ավելի զորավոր է, քան ես, իսկ դաշտային մկները և ուրիշ շատերն ավելի արագաշարժ, ուստի նրանք չկարողացան հասկանալ, թե ինչպես եմ հոգում իմ ապրուստը․ մի գուցե ես խխունջներ և այլ միջատներ եմ ուտում․ բայց այդ էլ մի շարք գիտական փաստերով հաստատեցին, թե դա անկարելի բան է։ Նրանցից մեկն այն կարծիքը հայտնեց, թե ես լոկ սաղմ եմ, կամ մի վաղածին մանուկ։ Սակայն այդ կարծիքը մերժեցին մյուս երկուսը, որոնք նշեցին այն հանգամանքը, որ իմ մարմնի անդամները կանոնավոր զարգացած և հասունացած են և որ ես ապրում եմ երկար տարիներ, մի բան, որի լավագույն ապացույցն է իմ մորուքը, որի փոքրիկ մազերը նրանք որոշակի կերպով տեսան խոշորացույցի տակ։ Նրանք նույնիսկ թզուկի տեղ չընդունեցին ինձ, որովհետև իմ մարմնի փոքրությունը ոչ մի համեմատության չէր դիմանում, քանի որ թագավորի սիրեցյալ թզուկը, որ ամենակարճլիկն էր այդ երկրում, մոտ երեսուն ոտնաչափ բարձրություն ուներ։ Երկար վիճաբանություններից հետո նրանք հանգան այն միաձայն կարծիքին, որ ես լոկ րելպլյում սկալկաթ եմ, որ բառացի կերպով թարգմանվում է lusus nature. մի որոշում, որ միանգամայն հաճելի է Եվրոպայի ժամանակակից փիլիսոփայությանը, որի պրոֆեսորներն արհամարանքով occult causes֊ի հին վկայությունը (որի օգնությամբ Արիստոտելի հետևորդներն անտեղի կերպով քողարկում են իրենց տգիտությունը), հնարել են դժվարությունների այս սքանչելի լուծումը, ի փաստ մարդկային գիտության անասելի առաջադիմության։
:   Այդ վճռական որոշումից հետո ես խնդրեցի, որ մի քանի խոսք էլ ես ասեմ։ Դառնալով դեպի թագավորը ես հավատացրի նորին մեծությանը, որ գալիս եմ մի երկրից, ուր ապրում է մի քանի միլիոն իմ հասակի, երկսեռ ժողովուրդ․ ուր կենդանիները, ծառերն ու տները նույն համեմատական չափն ունեն և ուր, հետևապես, ես կարող եմ նույնչափ պաշտպանել ինձ ու հայթաթել իմ պրուստը, որչափ նորին մեծության հպատակներից յուրաքանչյուրը՝ այստեղ։ Ահա իմ պատասխանը պարոն փիլիսոփաների բերած բոլոր պնդումներին։ Դրա վրա նրանք միայն արհամարանքով ժպտացին՝ ասելով, թե ֆերմերն իր տված դասը լավ է սերտել տվել։ Թագավորը, որ ավելի հասկացող էր, արձակելով իր գիտնականներին, մարդ ուղարկեց ֆերմերի հետևից, որ բարեբախտաբար, դեռ չէր հեռացել քաղաքից։ Սկզբում նորին մեծությունը հարցաքննության ենթարկեց նրան առանձին, ապա երես առ երես՝ ինձ ու փոքրիկ աղջկա հետ, որից հետո սկսեց մտածել, որ մեր պատմածը ճշմարտության մոտ բան է։ Նա ցանկություն հայտնեց, որ թագուհին կարգադրի, որ առանձին ուշադրություն դարձնեն ինձ վրա, և այն կարծիքին էր, թե Գլյումդալկլիչը պիտի մնա ինձ հետ՝ ինձ խնամելու, որովհետև նա նկատել էր մեր միմյանց հանդեպ ունեցած խանդաղատանքը։ Պալատի մեջ աղջկա համար մի հարմար սենյակ հատկացրին․ նրան դաստիարակելու համար մի վարժուհի նշանակեցին, մի սպասուհի, որ նրան հագցնի և երկու այլ նաժիշտներ՝ մանր ծառայությունների համար․ սակայն ինձ խնամելու ամբողջ հոգսը վերապահված էր Գլյումդալկլիչին։ Թագուհին հրամայեց իր պալատական հյուսնին, որ ինձ հարմար ննջարան պատրաստի, որի մոդելին Գլյունդալկլիչն ու ես նախորոք հավանություն պիտի տայինք։ Այդ մարդը մի զարմանալի վարպետ էր․ ըստ իմ ցուցմունքների նա երկու շաբաթվա ընթացքում փայտից մի սենյակ պտրաստեց, որ ուներ տասնվեց ոտնաչափ երկարություն, տասներկու ոտնաչափ բարձրություն, բացվող պատուհաններ, դուռ և երկու պատուհան, ճիշտ այնպես, ինչպես Լոնդոնի ննջարաններն են։ Այն տախտակը, որ ծառայում էր առաստաղի տեղ, երկու օղակների միջոցով բարձրանում ու իջնում էր, որպեսզի կարելի լինի ներս դնել նորին մեծության կահագործի ձեռքով շինած մահճակալը, որ Գլյումդալկլիչն ամեն օր դուրս էր բերում մաքուր օդ, իր ձեռքով անկողին պատրաստում և գիշերները կրկին տեղը դնում, իմ գլխավերև իջեցնելով առաստաղը։ Մի ընտիր արհեստավոր, որ հայտնի մանրագործ էր, փղոսկրի պես մի նյութից ինձ համար շինեց երկու աթոռ՝ իրենց թիկունքներով ու բազկակալներով հանդերձ, երկու սեղան ու մի պահարան՝ իրերս դնելու։ Սենյակն ամեն կողմից պատած էր փափուկ կտորներով, ինչպես և հատակն ու առաստաղը, որպեսզի ինձ որևէ տեղ տանելու ժամանակ անզգուշության հետևանքով եղած դժբախտ դեպքի առաջն առնեն կամ կառքով գնալու ժամանակ, ցնցումների ուժը մեղմացնեն։ Ես խնդրեցի, որ իմ դռանը փական դնեն՝ մկների կամ առնետների առաջն առնելու համար․ փականագոծը մի քանի փորձից հետո, շինեց մի այնպիսի փոքրիկ կողպեք, որի նմանը տեսնված չէր այդտեղ, սակայն որից ավելի մեծը ես տեսել էի Անգլիայում՝ մի ազնվականի տան դարբասի վրա։ Բանալին միշտ ես պահում էի իմ գրպանում՝ վախենալով թե մի գուցե Գլյումդալկլիչը կորցնի։ Միևնույն ժամանակ թագուհին հրամայեց, որ այդ երկրում եղած ամենաբարակ մետաքսից ինձ համար հագուստ կարեն, սակայն այդ մետակսն ավելի բարակ չէր, քան անգլիական բրդի վերմակը, որը մինչև իմ վարժվելը, սաստիկ նեղում էր ինձ։ Այդ հագուստը կարած էր թագավարության մեջ ընդունված տարազով, որ մասամբ հիշեցնում էր պարսկական, մասամբ՝ չինական տարազը և շատ համեստ ու վայելչաձև էր։
:   Թագուհին այնքան սիրում էր իմ ընկերակցությունը, որ առանց ինձ ճաշի չէր նստում։ Այն սեղանի վրա, ուր ճաշում էր օգոստափառ թագուհին, ուղիղ նրա ձախ արմունկի մոտ, դնում էին իմ սեղանն ու աթոռը՝ նստելու համար։ Գլյումդալկլիչը կանգնում էր հատակին դրած մի նստարանի վրա, իմ սեղանի մոտ՝ ինձ օգնելու և սպասավորելու համար։ Առաջս դրած էր պնակների, ափսեների և այլ ամանների արծաթե սերվիզ, որ թագուհու ամանների հետ համեմատած ավելի խոշոր չէր, քան Լոնդոնի խաղալիքների խանութներում ծախվող տիկնիկների ամանեղենը։ Իմ փոքրիկ դայակն այդ ամանները պահում էր իր գրպանում մի արծաթե արկղի մեջ ու ճաշին, ուզածիս պես, տալիս էր ինձ և ճաշից հետո ինքն էլ միշտ լվանում։ Թագուհու հետ ոչ ոք ճաշի չէր նստում բացի թագավորի երկու ազջիկներից, որոնցից ավագը տասնվեց տարեկան էր, իսկ կրտսերը տասներեք և մեկ ամսեկան։ Օգոստափառ թագուհին սովորաբար իմ ափսեներից մեկի մեջ դնում էր մի կտոր միս, որ ինքս անձամբ կտրատում էի, և նրան մեծ զվարճություն էր պատճառում, երբ տեսնում էր, թե ինչպես եմ մանր֊մանր ուտում։ Ինքը՝ թագուհին, չնայած իր մեղմ ախորժակին, այնպիսի խոշոր պատառներ էր վերցնում, որոնցից ամեն մեկը կարող էր կերակրել տասներկու անգլիացի ֆերմերի․ այդ տեսարանը մի քանի ժամանակից հետո ինձ սաստիկ զզվանք պատճառեց։ Թագուհին ատամներով կրծոտում և ոսկորների հետ միասին կուլ էր տալիս արտույտի թևը, չնայած, որ դա ինն անգամ ավելի խոշոր էր, քան հնդկահավի թևը, իր բերանն էր դնում հացի մի այնպիսի կտոր, որ երկու հատ տասներկու պեննիանոց՝ հացի չափ էր։ Խմելու համար նա ուներ ոսկե գավաթ, որ մի տակառի չափ էր։ Նրա դանակները՝ կոթից բերանը՝ ուղիղ երկու գերանդու չափ էին։ Նույն համեմատության էին նաև գդալները, պատարաքաղներն ու մյուս պարագաները։ Հիշում եմ, երբ Գլյումդալկլիչը հետաքրքրության համար տարավ ինձ պալատում ցույց տալու մի սեղանատուն, ուր միմյանց վրա տասը թե տասներկու այդպիսի վիթխարի դանակներ ու պատարաքաղներ էին դարսած՝ ինձ թվաց, թե երբեք մի այդպիսի ահռելի տեսարան չէի տեսել։
:   Սովորոյթյուն էր, ամեն չորեքշաբթի (որը, ինչպես մի փոքր առաջ հիշեցի, նրանց հանգստյան օրն էր) թագավորը, թագուհին, և նրանց երեխաները միասին ճաշում էին նորին մեծության օթևանում, որի սիրելին էի այժմ․ ճաշին իմ փոքրիկ սեղանն ու աթոռը դնում էին նրա ձախ ձեռքի մոտ, աղամաններից մեկի կողքին։ Թագավորը մեծ հաճույքով զրույց էր անում ինձ հետ և հարցեր տալիս՝ Եվրոպայի սովորությունների, կրոնի, օրենքների, պետականության ու գիտության մասին, և ես, կարողացածի չափ, տալիս էի մանրամասն տեղեկություններ։ Նրա իմացականությունն այնքան հստակ էր, դատողությունը՝ այնքան պարզ, որ իմ ասածների առիթով վերին աստիճանի խելացի խորհրդածություններ ու դիտողությունն էր անում։ Խոստովանում եմ, երբ չափից մի փոքր ավելի կանգ առա իմ սիրեցյալ հայրենիքի վրա ու պատմեցի մեր առևտրի ծովային և ցամաքային պատերազմների, կրոնական պառակտումների ու քաղաքական պարտիաների մասին, նրա դաստիարակության նախապաշարմունքներն այնքան հաղթահարեցին նրան, որ ինձ վերցրեց իր ձեռքի վրա և ձախ ձեռքով փաղաքշելով ինձ ու սրտանց ծիծաղելով հարցրեց, թե ես վիդ եմ, թե տորի։ Ապա դառնալով իր առաջին մինիստրին, ― որը կանգնել էր այդտեղ՝ ձեռքին մի սպիտակ գավազան, որ «Օգօստափառ Միապետ» անգլիական նավի մեծ կայմի չափ երկար էր, ― ասաց՝ ի՜նչ արհամարելի բան է մարդկային մեծությունը, եթե նրան ընդօրինակել են ուզում այնպիսի չնչին միջատներ, ինչպիսին ես եմ։ Բացի այդ, ասաց նա, ես գրազ եմ գալիս, որ այս արարածներն ունեն տիտղոսներ և պատվի նշաններ, որ նրանք հնարում են փոքրիկ բներ ու որջեր, որոնց անվանում են տներ ու քաղաքներ․ նրանք շլացնում են մարդկանց իրենց հագուստներով ու կառքերով․ նրանք սիրահարվում են, զայրանում, վիճում, խարդախում, դավաճանում։ Եվ այսպես շարունակեց նա․ իմ արյունը գլխիս է խփում, երբ տեսնում եմ մի այդպիսի արհամարական վերաբերում դեպի իմ ազնիվ հայրենիքը, որ արվեստի ու զենքի պահապանն եր, Ֆրանսիյի պատիժը, Եվրոպայի արավարարը, առաքինության, բարեպաշտության, պատվի ու ճշմարտության անոթը, տիեզերքի պարծանքն ու նախանձը։
:   Բայց քանի որ ես այն վիճակի մեջ չէի, որպեսզի զայրանամ նախատինքի համար, ուստի ողջամտությամբ սկսեցի կասկածել, արդյոք իրավունք ունե՞մ ինձ վիրավորված համարելու թե ոչ։ Եվ իրավ, մի քանի ամսվա ընթացքում այդ ժողովրդի տեսքին ու խոսակցություններին վարժվելուց հետո նկատեցի, որ աչքիս ընկած ամեն մի իր հարաբերական մեծություն ունի․ ուստի կորցրի նրանց մարմինների և տեսքի թողած սկզբնական վախը և ինձ թվաց, թե գտնվում եմ անգլիական լորդերի ու լեդիների շրջանում, որոնք հագել են իրենց զարդարանքի և տոնական հագուստները և մեծ շնորհքով կատարում են իրենց դերերը՝ սիգաճեմ քայլվածքով, գլխիկոր ողջյուններով ու շաղակրատանքով, ճիշտն ասած՝ իմ մեջ էլ առաջացավ խիստ ցանկություն ծիծաղելու նրանց վրա այնպես, ինչպես թագավորն ու իր ավագանին ինձ վրա։ Եվ ոչ էլ կարողացա զսպել իմ ժպիտը, երբ թագուհին դրեց ինձ իր ձեռքի վրա ու մոտեցավ հայելուն, ուր ես տեսա մեր երկուսին, մեր ամբողջ հասակով․ ավելի ծիծաղելի բան, քան այն համեմատությունը, չէր կարող լինել, ու ես սկսեցի իրոք երևակայել, որ իմ իսկական հասակից ավելի թզուկ եմ։
:   Ոչ ոք ինձ այնպես չէր զայրացնում ու վիրավորում, ինչպես թագուհու թզուկը, որն ամբողջ երկրում ամենակարճահասակ մարդը լինելով (իմ կարծիքով նրա բարձրությունը երեսուն ոտնաչափ էլ չկար), իրենից ավելի կարճ արարած տեսած ժամանակն ամբարտավան էր դառնում, ուստի, ամեն անգամ, երբ անցնում էր թագուհու նախասենյակը, գոռոզանում և բարձրից էր նայում, իսկ երբ տեսնում էր ինձ սեղանի վրա կանգնած և արքունիքի լորդերի և լեդիների հետ խոսելիս՝ միշտ առիթը բաց չէր թողնում իմ պստիկության վերաբերյալ մի քանի կծու խոսք ասելու։ Այնինչ՝ նրանից վրեժս կարող էի միայն լուծել՝ նրան իմ եղբայրս անվանելով, ըմբշամարտի հրավիրելով և սրամիտ պատասխաններ տալով, մի բան, որ սովորաբար անում են պալատական մանկլավիկները։ Մի օր, ճաշին, այդ չար արջի ձագը, իմ մի ինչ֊որ նկատողությունից այնպես խայթվեց, որ վեր թռավ նորին մեծության աթոռի բազկակալի վրայից, բռնեց իմ մեջքից, երբ ինձ համար միամիտ նստել էի տեղս, նետեց սերով լիքն արծաթե մի մեծ գավաթի մեջ և պուկ փախավ։ Ես մինչև ականջներիս բլթակը խրվեցի կաթի մեջ և եթե լավ լողացող չլինեի, բանս բուրդ էր լինելու, որովհետև Գլույմդալկլիչն այդ րոպեին գտնվում էր սենյակի մյուս ծայրում, իսկ թագուհին սաստիկ վախից ռիսկ չարավ ինձ օգնելու։ Սակայն շուտով իմ փոքրիկ դայակն ինձ օգնութայն հասավ և դուրս հանեց, երբ ես արդեն մեկ քուարտի չափ սեր էի կուլ տվել։ Ինձ դրին անկողին, բարեբախտաբար ոչ մի վնաս չստացա, կորցրի միայն հագուստս, որ կարգին փչացել էր։ Թզուկին մի լավ ծեծեցին և իբրև պատիժ ստիպեցին խմել լիքը բաժակով սերը, որի մեջ նա ինձ ձգել էր․ նա այլևս չվերականգնեց իրեն հանդեպ ունեցած շնորհը, և շուտով թագուհին նրան նվիրեց մի անվանի տիկնոջ, այնպես որ ես այլևս թզուկին չտեսա, մի բան, որ ինձ մեծ բավականություն պատճառեց, որովհետև չեմ կարող ասել, թե ինչ ծայրահեղության էր հասել այդ այլանդակ արարածի չարակամությունը։
:   Դրանից առաջ նա իմ գլխին մի ստոր կատակ խաղաց, որի վրա թագուհին շատ ծիծաղեց, բայց միևնույն ժամանակ սաստիկ բարկացավ և անմիջապես դուրս պիտի վռնդեր նրան, եթե ես վեհանձնորեն չմիջամտեի։ Թագուհին մի անգամ դրել էր իր սենյակում մի ծուծոսկր, որից ուղեղը հանելով, ոսկորը կրկին դրել էր պնակի մեջ, ծայրը դեպի վեր․ թզուկը, օգտվելով պատեհությունից, այն ժամանակ, երբ Գլյումդալկլիչը բուֆետ էր գնացել, բարձրացավ այն նստարանը, որի վրա կանգնած աղջիկը ճաշին ինձ սպասարկում էր, բռնեց իմ երկու ձեռքից, ոտներս միմյանց սեղմեց և ինձ մինչև գոտիս ներս կոխեց դատարկ ոսկրը, ուր ես միառժամանակ մնացի շատ ծիծաղելի կացության մեջ։ Թերևս մի րոպե ժամանակ անցավ, նախքան կնկատեին, թե ինչ պատահեց, քանի որ ես չէի ուզում գոռալով ինձ նվաստացնել։ Որովհետև հազիվ է պատահում, որ թագավորները տաք կերակուր ուտեն, ուստի ես իմ ոտները չքաշեցի, այլ միայն իմ գուլպաներն ու անդրավարտիկը թշվառ վիճալի մեջ ընկան։ Թզուկը, շնորհիվ իմ միջամտության, ծեծից բացի, ուրիշ պատիժ չկրեց։
:   Թագուհին հաճախ ծաղրում էր իմ վախկոտությունը և սովորաբար հարցնում, թե արդյոք իմ բոլոր հայրենակիցներն էլ այդպես երկչո՞տ են, ինչպես ես։ Առիթը, ահա, այս էր։ Այդ թագավորության մեջ ամառը շատ ճանճ է լինում, այդ զզվելի միջատները, որոնցից ամեն մեկը Դընստեբլի արտույտի մեծություն ունի, իրենց անընդհատ բզզոցներով ու թռիչքներով ականջիս տակ, ճաշի ժամանակ, ինձ ամենևին հանգիստ չէին տալիս։ Հաճախ նրանք գալիս ու նստում էին իմ կերակրի վրա, թողնելով այնտեղ իրենց գարշելի կղանքներն ու ձվերը․ այդ ամենը ես որոշակի կերպով տեսնում էի, ինչ որ մնում էր անտեսանելի տեղացիների համար, որոնց աչքերն այնքան սուր չէին մանր առարկների նկատմամբ։ Երբեմն էլ այդ ճանաճերը նստում էին իմ քթի ու ճակատի վրա՝ սաստիկ կծում և զզվելի հոտ տարածում․ և ես ամենայն հեշտությամբ նրանց թաթերի վրա տեսնում էի հետքերն այն մածուցիկ նյութի, որի օգնությամբ, ինչպես մեր բնագետներն են ասում, այդ արարածները կարողանում են գլխիվայր քայլել առաստաղի վրա։ Մեծ ուժ էր հարկավոր, որպեսզի ինձ պաշտպանեմ այդ գարշելի անասուններից՝ մանավանդ, որ առանց նողկանքի չէի կարողանում տեսնել, թե ինչպես են նրանք մոտենում ինձ։ Թզուկը սովորություն ուներ իր ափի մեջ առնել այն միջատներից մի քանիսը, ինչպես մեզ մոտ դպրոցական տղաներն են անում, և հանկարծակի բաց թողնել իմ քթի տակ՝ ինձ վախեցնելու և թագուհուն զվարճություն պատճառելու համար։ Ճարս կտրած դանակովս մաս֊մաս էի անում նրանց, երբ նրանք թռչում էին օդում, և իմ ճարպկությամբ մեծ հիացմունք պատճառում ամենքին։
:   Հիշում եմ, մի առավոտ Գլյումդալկլինչն արկղի մեջ ինձ դուրս էր բերել պատուհանի առաջ, մաքուր օդ ծծելու ինչպես նա սովորաբար անում էր լավ եղանակներին (որովհետև ես երբեք չէի համաձայնվում, որ իմ արկղը կախեն, պատուհանի հետևին, մեխից, ինչպես մենք Անգլիայում կախում ենք թռչունների վանդակները)։ Ես բաց էի արել իմ պատուհանը, նստել սեղանի առաջ նախաճաշի փոխարեն ուտելու մի կտոր քաղցր կարկանդակ, երբ քսանի չափ բոռեր, բուրմունքից հրապուրված, ներս թռան սենյակը մի այնպիսի բզզոցով, որ ավելի բարձր էր, քան քսան փքափողի ձայնը։ Նրանցից մի քանիսը գրավեցիմ իմ կարկնդակն ու կտոր֊կտոր արին, մյուսները թռան իմ գլխի և երեսի շուրջը՝ խլացնելով ինձ իրենց աղմուկով ու սարսափ ազդելով իրենց ահռելի խայթոցներով։ Սակայն ես խիզախություն ունեցա վեր կենալու, հանելու իմ թուրն ու հարձակվելու նրանց վրա։ Չորսին ես սատկեցրի, իսկ մյուսները փախան․ ապա անմիջապես ես փակեցի պատուհանս։ Այդ միջատները կաքավի չափ մեծ էին։ Ես հանեցի նրանց խայթոցները և տեսա, որ մեկ ու կես մատնաչափ երկարություն ունեն և ասեղի պես սուր են։ Ամենայն խնամքով ես այդ ամենը պահեցի և հետագայում մյուս հազվագյուտ իրերի հետ միասին, Եվրոպայի զանազան մասերում ցույց տվի, իսկ Անգլիա վերադառնալուց հետո, երեքը տվի Գրիշեմ Կոլեջին, իսկ չորրորդը պահեցի ինձ համար։
 
==Գլուխ չորրորդ==
:   Երկրի նկարագրությունը։ Ներկա աշխարհագրական քարտեզի սրբագրության մի առաջարկ։ Թագավորի պալատն ու մի քանի տեղեկություն մայրաքաղաքի մասին։ Հեղինակի ճանապարհորդության միջոցները։ Գլխավոր տաճարի նկարգրությունը։
 
:   Այժմ ես մտադիր եմ ընթերցողին տալ այդ երկրի համառոտ նկարագրությունը, գոնե այն չափով, որչափով ես ճանապարհորդեցի այդտեղ, նրանց մայրաքաղաք Լորբրուլդրուդից մոտ երկու հազար մղոն շրջագծով։ Թագուհին, որին ես ուղեկցում էի, երբեք այնքան հեռու չէր գնում, երբ նա ընկերակցում էր թագավորին նրա ճանապարհորդությունների ժամանակ, այլ կանգ էր առնում մի որևէ տեղ և սպասում, մինչև որ նորին մեծությունն իր երկրի սահմանները վերադառնա։ Այդ արքայի հողերի տարածությունը մոտ վեց հազար մղոն երկարություն ունի ու երեքից մինչև հինգ հազար մղոն լայնություն։ Այդ հանգամանքը բերում է ինձ այն եզրակացության, որ մեր աշխարհագետները մեծ սխալ են գործում, երբ ենթադրում են, թե Ճապոնիայի և Կալիֆորնիայի մեջտեղը համատարած օվկիանոս է․ ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ այդտեղ Թաթարիստանի խոշոր ցամաքին հակակշիռ մի երկիր պիտի լինի․ ուստի նրանք պետք է իրենց աշխարհագրական քարտեզների մեջ ուղղում մտցնեն, միացնելով այդ ընդարձակ հողերն Ամերիկայի հյուսիս֊արևմտյան մասերին, մի բան, որին ես պատրաստ եմ իմ աջակցությունը ցույց տալու։
:   Այս թագավորությունը մի թերակզղի է՝ եզերված հյուսիս֊արևելքից երեսուն մղոն բարձրության մի լեռնաշղթայով, որ գագաթների հրաբուխների պատճառով միանգամայն անանցանելի է։ Ամենախոշոր գիտնականներն անգամ չգիտեին, թե այդ լեռների հետեն ի՞նչ տեսակ մահկանացուներ են ապրում, և կամ առհասարակ այնտեղ բնակիչներ կա՞ն, թե ոչ։ Թերակղզին մյուս երեք կողմերից շրջապատված է օվկիանոսով։ Ամբողջ թագավորության մեջ մի հատիկ նավահանգիստ չկա, և ափերի այն մասերը, ուր գետերը թափվում են ծովը, այնքան լիքն են սրածայր ժայռերով, ու ծովն էլ սովորաբար այնքան փոթորկալից է, որ ոչ ոք չի խիզախում մտնել ծովն՝ անգամ փոքրիկ նավակով, այնպես որ այդ մարդիկ աշխարհի մյուս մասի հետ հարաբերություն ունենալուց միանգամայն զրկված են։ Սակայն նրանց լայն գետերը լիքն են նավերով և հիանալի ձկներով առատ․ Նրանք ծովից ոչ մի ձուկ չեն բերում, որովհետև ծովային ձկները նույն մեծությունն ունեն, ինչ որ Եվրոպայում, հետևապես և արժեք չունեն նրանց համար․ այստեղից պարզ է, որ բնությունն արտադրելով այնպիսի վիթխարի մեծության կենդանիներ ու բուսականություն, սահմանափակել է նրանց գույությունն այդ երկրամասում, մի հանգամանք, որի պատճառները թողնում ենք փիլիսոփաներին լուծելու։ Սակայն երբեմն նրանք բռնում են և ապառաժներին զարկված կետ ձկները, որոնց միսը հասարակ ժողովուրդը սիրով գործ է ածում կերակրի տեղ։ Ես տեսա այնպիսի մեծության կետեր, որ մի մարդ իր ուսին դժվարությամբ էր կարողանում տանել․ երբեմն հետաքրքրության համար այդ ձկներից զամբյուղի մեջ բերում են Լորբրուլդրուդ։ Դրանցից մեկը ես տեսա թագավորի սեղանի վրա, մի ափսեի մեջ․ այդ ձուկը, ճիշտ է, համարվում է իբրև հազվագյուտ կերակուր, բայց ես չնկատեցի, որ թագավորը սիրեր, որովհետև ինձ թվաց նույնիսկ, որ նրա մեծությունը զզվանք պատճառեց թագավորին, թեև ես Գրենլանդիայում ավելի խոշորներն եմ տեսել։
:   Այդ երկիրը շատ խիտ բնակչություն ունի և պարունակում է հիսուն մեկ ավան, մոտ հարյուր պարսպապատ քաղաք ու բազմաթիվ գյուղեր։ Իմ հարցասեր ընթերցողին բավարարելու համար բավական է, եթե ես նկարագրեմ Լորբրուլդրուդը։ Քաղաքը երկու հավասար մասի է բաժանված և գտնվում է նրա միջով անցնող գետի ափին։ Նա ունի մոտ ութսուն հազար տուն և վեց հարյուր հազար բնակիչ։ Երկարությամբ մոտ երեք գլոնգլունգ է (որ անում է մոտ հիսունչորս անգլիական մղոն), իսկ լայնությամբ՝ երկու և կես գլոնգլունգ․ ես անձամբ հաշվեցի այդ տարածությունը թագավորի հրամանով պատրաստած քարտեզի վրա, որ փռել էին գետնին և հարյուր ոտնաչափ տեղ էր բռնում։ Ոտաբոբիկ մի քանի անգամ անցա նրա տրամագծի և շրջագծի վրայով և հաշվելով իմ քայլերը, ըստ մասշտաբի, ճիշտ կերպով որոշեցի քաղաքի տարածությունը։
:   Թագավորի պալատը մի համաչափ կառուցվածք չէր, այլ շինությունների մի կույտ՝ մոտ յոթ մղոն շրջագծով․ գլխավոր սենյակները սովորաբար ունեն երկու հարյուր քառասուն ոտնաչափ բարձրություն և դրա համեմատ էլ՝ երկարություն ու լայնություն։ Գլյումդալկլիչի և ինձ համար հատկացրել էին մի կառք, որով նա իր վարժուհու հետ հաճախ գնում էր շրջագայելու կամ թե չէ գնում էին խանութները․ իսկ ես միշտ մասնակցում էի նրանց զբոսանքներին՝ իմ արկղում նստած․ սակայն աղջիկը հաճախ, ցանկությանս համաձայն, հանում էր ինձ այնտեղից և ձեռքի մեջ պահում, որպեսզի փողոցներով անցնելիս ինձ համար ավելի հարմար լինի տեսնել տներն ոը մարդկանց։ Իմ հաշվով մեր կառքը Վեստմինստրի սրահի չափ էր, բայց ոչ նրա չափ բարձր, թեև շատ դժվար է ստույգն ասել։ Մի օր վարժուհին հրամայեց մեր կառապանին, որ մի խանութի առաջ կանգ առնի, ուր մուրացկանները, առիթից օգտվելով, շրջապատեցին կառքը, և իմ արջև բացվեց սոսկալի, անգլիացու աչքին միանգամայն անսովոր, տեսարան։ Նրանց մեջ մի կին կար, որ քաղցկեղ ուներ․ նրա կուրցքն ահռելի կերպով ուռել էր ու վրան երևում էին այնպիսի մեծության վերքեր, որ նրանցից երկուսի կամ երեքի մեջ հեշտությամբ կարող էի ներս մտնել և ամբողջ մարմնով թաքնվել։ Մի ուրիշ մուրացկանի վզից կախված էր մի ուռուցք, որ բրդով լիքը հինգ հակի չափ էր։ Երրորդը կանգնած էր փայտե ոտների վրա, յուրաքանչյուրը 20 ոտնաչափ բարձրությամբ։ Բայց ամենանողկալի բանը նրանց հագութտների վրա սողացեղ ոջիլներն էին։ Հասարակ աչքով ես այդ պարազիտների թաթերն ավելի լավ էի տեսնում, քան խոշորացույցով, երբ մենք դիտում ենք մեր եվրոպական ոջիլները․ նույնքան պարզ կերպով ես տեսնում էի նրանց դնչերը, որոնցով նրանք խոզի պես, կեր էին որոնում։ Նման կենդանիներ կյանքիս մեջ ես առաջին անգամն էի տեսնում, և մեծ հետաքրքրությամբ անդամահատության կենթարկեի նրանցից մեկն ու մեկին, թեև նրանց զզվելի տեսքից սիրտս խառնում էր․ ափսոս միայն, որ անդամահատական գործիքներս հետս չէին (դժբախտաբար մնացին նավի մեջ)։
:   Բացի այն արկղը, որի մեջ ինձ սովորաբար տանում էին, թագուհին պատվիրեց մի տասներկու ոտնաչափ երկարությամբ ու տասը ոտնաչափ բարձրությամբ ավելի փոքր արկղ, հատկապես ճանապարհորդությունների համար, որովհետև մյուսը շատ մեծ էր Գլյումդալկլիչի ծնկներին դնելու, և կառքի մեջ ավելի շատ տեղ էր բռնում։ Այդ արկղը շինեց միևնույն արհեստավորը, ըստ իմ ցուցմունքների։ Դա ամբողջովին քառակուսի ձև ուներ, երեք կողմից, ամեն պատի մեջտեղը, մի֊մի պատուհան՝ երկաթե ճաղերով վանդակապատած՝ երկար ճանապարհորդուցյունների ժամանակ դժբախտ պատահարներից ինձ պաշտպանելու համար։ Չորրորդ կողմից, ուր պատուհան չկար, երկու օղակ էր ամրացված, որոնց միջով ինձ տանող մարդը, երբ ես ուզում էի ձիով ճանապարհ գնալ, անց էր կացնում մի կաշվե փոկ ու կապում իր գոտուն։ Այդ մարդու դերը միշտ կատարում էր ամենահավատարիմ և ընդունակ ծառաներից մեկը, որին ես կարող էի վստահել, երբ ես ուղեկցում էի թագավորին ու թագուհուն, կամ ցանկություն էի հայտնում այգիները տեսնելու և կամ երբ Գլյումդալկլիչը հիվանդության պատճառով չէր լինում, իսկ ես այցելության էի գնում պալատական մի որևէ նշանավոր տիկնոջ կամ մինիստրի, որովհետև արդեն մեծ պաշտոնայների շրջանում ծանոթություն ու համարում էի ձեռք բերել, թեև իմ կարծիքով ոչ այնքան իմ սեփական արժանիքների շնորհիվ, որքան նորին մեծության և օգոստափառ թագուհու բարյացակամության հետևանքով։ Ճանապարհորդուցյունների ժամանակ, երբ ես հոգնածություն էի զգում կառքի մեջ, ձիավոր ծառաներից մեկն վերցնում էր արկղն ու դնում իր առաջը՝ բարձի վրա և երեք կողմի պատուհաններից դիմացս բացվում էր բնության ողջ տեսարանը։ Արկղի մեջ ես ունեի մի ճանապարհորդական մահճակալ, առաստաղից կախված մի ճոճք, երկու աթոռ ու մի սեղան՝ հատակին ամուր կպցրած, որպեսզի կառքի և ձիու ցնցումներից վայր չընկնեն։ Ծովային ճանապարհորդուցյուններին վաղուց վարժված՝ այդ ցնցումները, որքան էլ երբեմն ուժեղ լինեին, առանձնապես չէին խանգարում ինձ։
:   Երբ ես ցանկություն էի հայտնում քաղաքը տեսնելու մտնում էի ճանապարհորդական տնակը, որ Գլյումդալկլիչը դնում էր իր ծնկների վրա ու նստում պատգարակի մեջ, որ, ըստ երկրի սովորության, տանում էին չորս հոգի՝ թագավորական երկու ուրիշ սպասավորների ուղեկցությամբ։ Ժողովուրդը, որ հաճախ լսել էր իմ մասին, մեծ հետաքրքրությամբ շրջապատում էր մեզ, և աղջիկը սիրահոժար կերպով հրամայում էր պատգարակի սպասավորներին կանգ առնելու, ապա վերցնում էր ինձ իր ձեռքի վրա, որպեսզի հարմարություն տա նրանց՝ ինձ տեսնելու։
:   Ես մեծ ցանկություն ունեի տեսնելու գլխավոր տաճարը և մասնավորապես նրա վրա բարձրացող աշտարակը, որ թագավորության մեջ համարվում էր ամենից բարձրը։ Վերջապես մի օր իմ դայակը տարավ ինձ այնտեղ, բայց ճիշտն ասած, ես հետ դարձա հուսախաբված, որովհետև աշտարակի բարձրությունը երեք հազար ոտնաչափից ավելի չէր՝ հաշված գետնից մինչև վերին, սրածայր կատարը․ իսկ եթե վերցնելու լինենք այդ ժողովրդի և եվրոպացիների մեջ եղած տարբերությունը՝ զարմնալու մի առանձին բան չկար, և ոչ էլ այդ աշտարակը հարաբերաբար հավասար էր (եթե չեմ մոռացել) Սալիսբըրի զանգակատան բարձրթյան։ Սակայն չնվաստացնելու համար այդ ժողովրդին, որի հանդեպ իմ ամբողջ կյանքում չափազանց երախտապարտ պիտի լինեմ, հարկավոր է խոստովանել, որ այդ նշանավոր աշտարակի բարձրության պակասը լիովին լրացնում են նրա գեղեցկությունն ու ամրությունը։ Նրա պատերը մոտ հարյուր ոտնաչափ հաստ են, տաշած քարերից շինած, ամեն մի քարը քառասուն քառակուսի ոտնաչափ, և ամեն կողմից զարդարված աստվածների և կայսրերի իրենց իսկական հասակներից ավելի բարձր արձաններով, որոնք կերտված են մարմարից և զետեղված շինության խորշերում։ Այդ արձաններից մեկի կոտրած ճկույթը, որ ընկած էր աղբակույտի մեջ, ես չափեցի և տեսա, որ ուղղակի չորս ոտնաչափ և մեկ մատնաչափ երկարություն ունի։ Գլյումդալկլիչը փաթաթեց այն մատն թաշկինակի մեջ և գրպանում տարավ տուն, խառնելու իր մյուս խաղալիքներին, որոնց շատ սիրահար են աղջիկները, ինչպես սովորաբար նրա հասակի ամեն մի երեխա։
:   Թագավորի խոհանոցն իրոք մի ազնիվ, կամարակապ շենք է և մոտ վեց հարյուր ոտնաչափ բարձությամբ։ Գլխավոր հնոցի լայնությունը տասը քայլ ավելի նեղ է, քան Սուրբ Պողոսի գմբեթը, որ հետագայում, Լոնդոն վերադառնալուց հետո, դիտմամբ չափեցի։ Թերևս դժվարությամբ պիտի հավատային ինձ, եթե ես սկսեի նկարագրել այդ խոհանոցի միս խորովելու երկաթե ցանցերը, վիթխարի ամաններն ու կաթսաները, շամփուրի վրա քաշած մսերի ահագին կտորները և ուրիշ շատ մանրամասնություններ․ վերջապես խիստ քննադատները կարող եմ մտածել, թե ես մի փոքր չափազանցնում եմ, ինչպես սովորաբար անում են ճանապարհորդները։ Սակայն այդ քննադատությունից խուսափելու ցանկությունը, ես վախենում եմ, որ ինձ բերի մի ուրիշ չափազանցության․ եթե այս բնագրությունը պատահմամբ թարգմանվի բրոբդինգնեգցիների լեզվով (Բրոդինգնեգն այդ թագավորության ընդհանուր անունն է) ու հրատարակվի այնտեղ, այն ժամանալ թագավորը և իր ժողովուրդն իրավունք կունենան գանգատվելու այն վիրավորանքի համար, որ ես հասցրել եմ նրանց, տալով սխալ և նվազեցուցիչ տեղեկուցյուն նրանց մասին։
:   Նորին մեծությունն իր գոմում պահում է հազիվ վեց հարյուր ձի․ այդ ձիերը սովորաբար հիսունչորսից մինչև վաթսուն ոտնաչափ բարձրություն ունեն։ Իսկ երբ տոն օրերին թագավորը մի հեռու տեղ է գնում, նրան ուղեկցում է հինգ հարյուր ձիուց բաղկացած պահակախումբ, որ սկզբում ինձ եղածների մեջ թվաց ամենից հոյակապը, մինչև որ չտեսա նրա ռազմի պատրաստ բանակը, որի մասին ես ուրիշ տեղ առիթ կունենամ խոսելու։
 
==Գլուխ հինգերորդ==
:   Հեղինակի զանազան արկածները։ Մի ոճրագործի գլխատումը։ Հեղինակը ցույց է տալիս իր վարպետությունը ծովագնացության մեջ։
 
:   Այդ երկրում ես բավական երջանիկ պիտի ապրեի, եթե իմ պստիկությունն առիթ չտար զանազան ծիծաղելի և անախորժ արկածների, որոնցից մի քանիսի մասին ուզում եմ պատմել։ Գլյումդալկլիչը հաճախ փոքրիկ արկղի մեջ տանում էր ինձ պալատի պարտեզը, երբեմն հանում ինձ այնտեղից, վերցնում էր ձեռքը կամ դնում գետնին՝ ման գալու համար։ Հիշում եմ մի օր թզուկը, երբ դեռ նա չէր հեռացել պալատից, մեր հետևից եկավ այդ պարտեզը, ուր իմ դայակն ինձ դրել էր գետնին․ թզուկն ու ես նստել էինք միասին մի կարճլիկ խնձորենու մոտ, ես չկարողացա զսպել ինձ և ցանկանալով պարծենալ իմ սրամտությամբ, նրա ու այդ ծառերի կարճության մասին մի անմիտ ակնարկ արի, որ նրանց լեզվով նույնքան լավ դուրս եկավ, որքան և մեր։ Դրանից հետո այդ չարամիտ սրիկան հարմար առիթի սպասեց, և երբ ես անցնում էի ծառերից մեկի տակով, ուղիղ իմ գլխին թափահարեց ծառը, որից տասը֊տասներկու հատ խնձոր, ամեն մեկը մոտավորապես Բրիստոլի մի տակառի չափ, թափվեցին իմ շուրջը․ ես կռացա, խնձորներից մեկը ընկավ իմ մեջքին ու ինձ երեսի վրա վայր ձգեց, սակայն ես ոչ մի վնաս չստացա, իսկ թզուկին, իմ ցանկության համեմատ, ներեցին, որովհետև ես էի նրան գրգռել։
:   Մի ուրիշ անգամ Գլյումդալկլիչն ինձ մենակ էր թողել դալար խոտի վրա, իսկ ինքը, մի փոքր հեռու ման էր գալիս իր վարժուհու հետ։ Այդ ժամանակ հանկարծակի կերպով տեղաց կարկուտի մի այնպիսի սոսկալի տարափ, որ ես նրա ուժից իսկույն փռվեցի գետնին, և երբ ես ընկած էի՝ կարկուտի հատիկները մի այնպիսի ջարդ տվին իմ ամբողջ մարմնին, որ կարծես թե ինձ ծեծել էին թենիսի գնդակներով․ չորեքթաթ տալով մի կերպ սողացի և երեսի վրա պառկած պատսպարվեցի ծոթրինի ածվի մեջ, սակայն ոտից մինչև գլուխ ես այնպես ջարդված էի, որ տասն օր պառկեցի անկողնում։ Այստեղ զարմանալու բան չկա, որովհետև բնությունն այս երկրում իր բոլոր գործողությունների մեջ ևս պահպանում է միևնույն հարաբերությունը, այդ պատճառով այստեղ կարկտի ամեն մի հատիկը հազար ութ հարյուր անգամ ավելի մեծ է, քան Եվրոպայում, որ ես կարող եմ հաստատել իմ արած փորձով, որովհետև հետաքրքրության համար այդ հատիկները կշռել և չափել եմ։
:   Բայց միևնույն պարտեզում ես ունեցա մի ավելի վտանգավոր արկած, երբ իմ դայակը թողել էր ինձ, իր կարծիքով, մի ապահով տեղ՝ մեն֊մենակ, համաձայն իմ հաճախակի խնդիրներին, որպեսզի հնարավորություն ունենամ հանձնվելու իմ սեփական մտքերին․ նա իմ փոքրիկ արկղը, իրեն նեղություն չտալու համար, թողել էր տանը, ինքն էլ, իր վարժուհու ու մի քանի ծանոթ տիկինների հետ, գնացել էր պարտեզի մյուս ծայրը։ Երբ նա գտնվում էր այնքան հեռու, որ ինձ չէր կարող լսել, հանկարծ մոտեցավ պարտիզպաններից մեկի սպիտակ, իսպանական շունը, որ պատահմամբ մտել էր պարտեզը և թափառում էր այնտեղ, ուր ես էի պառկել։ Նկատելով ինձ, շունը հարձակվեց վրաս և ինձ իր բերանի մեջ դրած՝ ուղղակի վազեց իր տիրոջ մոտ, ապա զգուշությամբ վայր դրեց գետնին ու պոչը սկսեց շարժել։ Բարեբախտաբար շունն այնպես լավ էր դաստիարակված, որ երբ ինձ տարավ իր ատամների մեջ՝ ոչ վնաս տվեց ինձ, և ոչ էլ, մինչև անգամ, շորերս պատռեց։ Խեղճ պարտիզպանը, որ ինձ լավ ճանաչում էր և շատ սիրալիր էր հետս, սոսկալի վախեցավ։ Նա զգույշ կերպով վերցրեց ինձ իր երկու ձեռքի մեջ ու հարցրեց, թե ինչպե՞ս է իմ զգացողությունը․ բայց ես այնպե՜ս ապշել էի և շունչս էլ այնպե՜ս կտրել էր, որ ոչ մի խոսք չկարողացա պատասխանել։ Մի քանի րոպեից հետո եո ուշքի եկա, և նա ինձ ողջ֊առողջ տարավ իմ փոքրիկ դայակի մոտ, որն արդեն վերադարձել էր ինձ թողած տեղն ու սրտաճաք եղել, երբ տեսել էր, որ ես չկամ և իր կանչերին էլ չեմ պատասխանում․ նա խիստ կերպով շան համար հանդիմանեց պարտիզպանին ։ Բայց այդ դեպքը մնաց գաղտնի և արքունիքում ոչ ոք չիմացավ, որովհետև աղջիկը վախենում էր թագուհու զայրույթից, իսկ ես էլ, ճիշտն ասած, մտածեցի, թե այդ պատմությունը, եթե տարածվի, կարող է վարկաբեկել ինձ։
:   Այդ դեպքից հետո Գլյումդալկլիչը որոշեց, որ այսուհետև տանից դուրս գալիս, նա ոչ մի վարկյան ինձ աչքաթող չպիտի անի։ Վաղուց ի վեր ես վախենում էի այդպիսի որոշումից ու դրա համար էլ նրանից թաքցնում էի բոլոր մանր արկածները, որ ես ունենում էի մենակ եղած ժամանակ։ Մի անգամ մի ցին, որ սավառնում էր պարտեզի վրա, հարձակվեց վրաս, և, եթե ես վճռական կերպով չհանեի թուրս ու պաշտպանվելով չմտնեի մի խիտ թփի մեջ, անշուշտ նա իր մագիլներով ինձ պիտի տաներ։ Մի ուրիշ անգամ խլուրդի քանդած թարմ հողաթմբի վրա քայլելիս ցած գլորվեցի ու մինչև իմ վիզն ընկա այդ կենդանու փորած փոսը, և հարկավոր էր հնարել հիշատակելու անարժան, մի ինչ֊որ առասպել, որպեսզի արդարանամ, թե ինչու են շորերս կեղտոտ։ Ճիշտ նունպես, երբ ես զբոսնում էի մեն֊մենակ՝ խորհելով Անգլիայի մասին, ոտիս տակ ընկավ մի խխունջի կճեպ, սայթաքեցի, վայր ընկա ու կոտրեցի աջ սրունքիս վերին մասը։
:   Չեմ կարող ասել՝ բավականությու՞ն էր ինձ համար, թե՞ նվաստացում, երբ իմ միայնակ զբոսանքների ժամանակ նկատում էի, որ փոքրիկ թռչունները ոչ միայն չէին վախենում ինձնից, այլ կես յարդ հեռավորության մոտենում էին ինձ՝ ճիճու և այլ կուտ գտնելու համար այնքան անտարբեր ու վստահ, որ կարծես թե կողքին ոչ մի արարած չկա։ Հիշում եմ՝ մի կեռնեխ հանդգնեց իր կտուցով ձեռքիցս խլել կարկանդակը, որ Գլյումդալկլիչը նոր էր բերել նախաճաշի համար։ Երբ փորձում էի այդ թռչուններից մեկին բռնել, նրանք անվախ կերպով դառնում էին դեպի ինձ, աշխատելով կծել իմ մատները, որ ես վախենում էի ցույց տալ․ ապա անհոգ կերպով հետ էին թռչում առաջվա պես ճիճու կամ խխունջ որսալու։ Բայց մի օր վերցրի մի հաստ ցուպ և ամբողջ ուժով այնպես հաջող խփեցի մի կանեփակերի, որ նա կիսամեռ վայր ընակավ․ երկու ձեռքով ես բռնեցի նրա վզից և հաղթանակով վազեցի դեպի իմ դայակը։ Սակայն թռչունը, որ հարվածից միայն անզգայացել էր, ուշքի եկավ և սկսեց իր թևերով երկու կողմից այնքան հարվածել իմ գլխին ու մարմնին, որ քսան անգամ թվաց ինձ, թե բաց պիտի թողնեմ, չնայած նրան, որ երկարած ձեռներով բռնել էի նրան և նա չէր կարողանում իր կտուցը հասցնել ինձ։ Բայց շուտով ծառաներից մեկն ինձ օգնության հասավ ու կտրեց թռչունի վիզը, իսկ մյուս օրը թագուհու հրամանով ճաշին այդ թռչունը տվին ինձ։ Այդ կանեփակերը, որքան ես հիշում եմ, ավելի մեծ թվաց, քան անգլիական կարապը։ Հաճախ պալատական կանայք հրավիրում էին Գլյումդալկլիչին իրենց սենյակը և առաջարկում, որ ինձ հետը բերի, որպեսզի ինձ տեսնելով և ձեռք տալով բավականություն ստանան։ Հաճախ մերկացնելու չափ հանում էին իմ շորերն ու դնում իրենց կրծքին, որ ինձ համար միանգամայն անհաճելի էր, որովհետև, ճշմարիտն ասած, նրանց մաշկից շատ վատ հոտ էր գալիս։ Այդ հանգամանքն այստեղ ես հիշում եմ, չունենալով ոչ մի մտադրություն վարկաբեկելու այդ չքնաղ տիկիններին, որոնց հանդեպ ես հարգանքով եմ լցված, պարզապես ինձ թվում է, որ իմ զգայարանները, իմ հասակիս համեմատ, ավելի նուրբ են, և ոչ մի հիմք չկա կարծելու, որ այդ արժանապատիվ էակներն իրենց սիրեկաններին կամ միմյամց համար պակաս հաճելի են, քան թե նույն կարգի էակները մեզ մոտ՝ Անգլիայում։ Վերջապես ես գտնում եմ, որ նրանց բնական հոտն ավելի տանելի է, քան այն անուշահոտ օծանելիքները, որ նրանք սովորաբար գործ են ածում և որոնցից ես միշտ զզվանք եմ զգում։ Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի տաք օր, երկարատև ֆիզիկական աշխատանքից հետո մի լիլիպուտ, որ իմ մտերիմ բարեկամներից մեկն էր, համարձակվեց գանգատվել, թե ինձնից վատ հոտ է գալիս, թեև ես այդ պակասությունը նույնքան քիչ ուեմ, որքան և իմ սեռի ներկայացուցիչների մեծագուն մասը․ ենթադրում եմ, որ լիլիպուտի զգայնությունը նույնքան նուրբ էր իմ հանդեպ, որքան իմը՝ այդ հսկաների հանդեպ։ Սակայն միևնույն ժամանակ արդարացի լինելու համար պիտի ասեմ, որ թագուհու և իմ դայակ Գլյումդալկլիչի մարմինները նույնքան հոտավետ են, որքան ամենաբարեկիրթ անգլիական լեդիների մարմինները։
:   Ամենաանհաճո բանն ինձ համար պալատական տիկինների (երբ իմ փոքրիկ դայակը բերում էր ինձ նրանց մոտ) անպատկառ վերաբերմունքն էր։ Կարծես թե ես նրանց համար մի անարժեք արարած լինեի։ Նրանք հանվում էին մերկանալու չափ, և իմ ներկայությամբ, երբ ես կանգնած էի լինում նրանց զուգվելու սեղանի վրա, նրանց մերկ մարմինների առաջ, նրանք փոխում էին իրենց շապիկները, բայց ես հավատացնում եմ ձեզ, որ այդ տեսարանն ամենևին չէր գայթակղեցնում ինձ և ուրիշ ոչ մի զգացմունք իմ մեջ չէր առաջացնում, բացի զզվանքից ու նողկանքից․ երբ ես մոտիկից նայում էի, նրանց կաշին սաստիկ կոպիտ էր երևում և անողորկ, խայտաբղետ ու ափսեի մեծությամբ բնական բծերով, իսկ մազերը, որոնցով ծածկված էր կաշին, հաստ պարանների էին նման․ նրանց մարմինների մյուս մասերի մասին ես լռությամբ կանցնեմ։ Ճիշտ նույնպես նրանք ամենևին չէին քաշվում իմ առաջ թափելու այն, ինչ նրանք խմել էին, որ պակասը երկու տակառի չափ էր, և մի ամանի մեջ, որ երեք տոննա տարողություն ուներ։ Այդ տիկիններից ամենագեղեցիկը, որ մի չարաճճի, տասնվեց տարեկան աղջիկ էր, երբեմն նստեցնում էր ինձ իր ծծի պտուկի վրա և ստիպում, որ ես նրա մարմնի վրա զանազան արշավանքներ կատարեմ․ սակայն ընթերցողը թույլ կտա ինձ հետագա մանրամասնությունների մեջ չմտնել։ Այդ ամենն այն աստիճանի անհաճո էր ինձ, որ ես խնդրեցի Գլյումդալկլիչին՝ մի պատճառ հնարի, որպեսզի ես այդ աղջկա հետ այլևս չտեսնվեմ։
:   Մի օր մի երիտասարդ ջենտլմեն, որ իմ դայակի վարժուհու ազգականն էր, նրանց հրավիրեց որ գան և տեսնեն մի գլխատություն։ Դատապարտյալը մի ոճրագործ էր, որ սպանել էր այդ ջենտլմենի մտերիմ ծանոթներից մեկին։ Գլյումդալկլիչին հազիվ համոզեցի, որ ընկերակցի իրենց, որովհետև նա ի բնե քնքշասիրտ էր․ իսկ ինչ վերաբերում է ինձ, թեև ես զզվում եմ նման տեսարաններից, այնուամենայնիվ իմ հետաքրքրությունը հրապուրեց տեսնելու մի բան, որ իմ կարծիքով շատ արտասովոր պիտի լիներ։ Ոճրագործին կապել էին մի աթոռից, որ դրված էր հատկապես պատրաստած կառափնատի վրա․ նրա գլուխը կտրեցին մի սրով, որ մոտ քառասուն ոտնաչափ երկարություն ուներ։ Նրա երակներից ու շնչափողից արյունը խփեց մի այնպիսի ուժով և առատությամբ, որի հետ չէր կարող մրցել Վերսալի մեծ շատրվանը, և գլուխը ընկնելիս այնպես բախվեց կառափնատի հատակին, որ ես ցնցվեցի, թեև առնվազն կես անգլիական մղոն հեռավորության վրա էի։
:   Թագուհին, որը հաճախ լսել էր իմ ծովային ճանապարհորդուցյունների մասին, և միշտ օգտվում էր առիթից զվարճացնելու ինձ, երբ ես մելամաղձոտ էի լինում, մի անգամ հարցրեց, թե ես առագաստ կամ թի գործածել գիտե՞մ, կամ թե չէ թիավարության մի փոքրիկ վարժությունն օգտակար չէ՞ր լինի իմ առողջության համար։ Ես պատասխանեցի, թե երկուսից էլ լավ հասկացողություն ունեմ։ Թեև իսկական արհեստով եղել եմ վիրաբույժ կամ նավային բժիշկ, սակայն հաճախ, երբ հարկը պահանջել է, ստիպված եմ եղել աշխատել, իբրև սովորական նավաստի։ Միայն չգիտեի, թե ինչպե՞ս կարելի էր թագուհու ցանկությունը գլուխ բերել այդ երկրում, ուր ամենափոքր մակույկը հավասար էր մեր առաջնակարգ ռազմանավին, իսկ այն նավակը, որ ես կարող էի ղեկավարել, երբեք չէր դիմանա այստեղի գետերի հորձանքներին։ Օգոստափառ թագուհին ավելացրեց, որ եթե ես կազմելու լինեմ նավի նախագիծը, նրա հյուսնը կշինի, իսկ նավարկության համար ինքն ավազան պատրաստել կտա։ Հյուսնը, որ մի հմուտ վարպետ էր, տասն օրվա ընթացքում իմ ցուցմունքով շինեց խաղալիքի պես մի նավակ՝ իր բոլոր պարագաներով, ուր հեշտությամբ կարող էր ութ եվրոպացի նստել։ Երբ նավակը շինած պատրաստ էր, թագուհին այնպես հիացավ, որ գիրկն առած այն՝ վազեց թագավորի մոտ․ թագավորը հրամայեց, որ այդ նավակը ինձ հետ միասին, փորձի համար դնեն ջրով լի մի տաշտակի մեջ, ուր տեղի պակասության պատճառով չկարողացա բանեցնել իմ զույգ թիերը։ Բայց թագուհին սկզբում այլ ծրագիր էր նախագծել։ Նա հրամայել էր իր հյուսնին շինել փայտե մի երկար տաշտ երեք հարյուր ոտնաչափ երկարությամբ, հիսուն ոտնաչափ լայնությամբ և ութ ոտնաչափ խորությամբ, որ դրված էր պալատի մյուս սենյակի հատակին, պատի տակ, և որպեսզի չկաթի՝ լավ ձյութած էր։ Հատակին մի ծորակ կար՝ հնացած ջուրը բաց թողնելու համար, և երկու ծառա հեշտությամբ կես ժամվա մեջ կարող էին կրկին ջրով լցնել։ Այդտեղ ես հաճախ թիավարում էի թե՛ իմ հաճույքի և թե՛ թագուհու և իր ֆրեյլինների, որոնց մեծ զվարճություն էր պատճառում իմ հմտությունն ու ճարպկուցյունը։ Հաճախ ես առագաստ էի պարզում, և այդ դեպքում ինձ մնում էր միայն նավը կառավարել, որովհետև պալատական կանայք քամի էին անում իրենց հովհարներով․ իսկ երբ նրանք հոգնում էին, մանկլավիկներից մի քանիսը սկսում էին փչել բերանով, և այդ ժամանակ ես ցույց էի տալիս իմ նավաստու վարպետությունը, թեքելով նավը մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ։ Վերջացնելուց հետո Գլյումդալկլիչը տանում էր իմ նավակն իր սենյակն ու չորացնելու համար կախում մեխից։
:   Այդ վարժությունների ժամանակ մի անգամ մի դեպք պատահեց, որ քիչ մնաց կյանքից զրկվեի։ Երբ մանկլավիկներից մեկը նավակը դրեց տաշտակի մեջ Գլյումդալկլիչի վարժուհին սիրալիր կերպով վերցրեց ինձ նավը նստեցնելու, այդ րոպեին ես սահեցի նրա մատների միջից, և անկասկած քառասուն ոտնաչափ բարձրությունից ցած կգլորվեի, եթե իմ բախտից ինձ չպահեր այդ ազնիվ տիկնոջ կորսաժից դուրս ցցված գնդասեղը։ Գնդասեղի գլուխը մտավ իմ շապիկի և անդրավարտիքի գոտու մեջտեղն, ու ես մնացի օդի մեջ կախված, մինչև որ Գլյումդալկլիչը վազեց և ազատեց ինձ։
:   Մի ուրիշ անգամ ծառաներից մեկը, որի պարտականությունն էր երեք օրը մի անգամ մաքուր ջուր լցնել տաշտը, անուշադրությամբ թողել է, որ լիքը դույլի միջից մի մեծ գորտ ընկնի մեջը (առանց նշմարելու)։ Մինչև ինձ նավակ նստեցնելը գորտը թաքնվել էր․ բայց երբ նստելու տեղ տեսավ, վեր ցատկեց և ծանրությամբ այնքան թեքեց նավակը մի կողքի վրա, որ ես ստիպված էի իմ ամբողջ քաշով հակառակ կողմից հավասարակշռել նրան, որպեսզի նավակըչ ընկղմի։ Երբ գորտն արդեն նավակի մեջ էր, սկսեց իմ գլխի վրայով հետ ու առաջ ցատկոտել և իր գարշելի լորձունքը քսել իմ երեսին ու շորերին։ Իր վիթխարի կերպարանքով նա ինձ թվաց ամենաայլանդակ կենդանին, որ կարելի է երևակայել։ Չնայած դրան Գլյումդալկլիչին խնդրեցի թույլ տա, որ դրա հաշիվը ես տեսնեմ։ Թիով մի քանի անգամ հասցրի նրա գլխին ու ստիպեցի, որ նավակից դուրս ցատկի։
:   Բայց այդ թագավորության մեջ պատահած ամենամեծ վտանգի պատճառը եղավ մի կապիկ, որ պատկանում էր խոհանոցի ծառաներից մեկին։ Երբ Գլյումդալկլիչը գործով, կամ այցելության համար մի որևէ տեղ էր գնում, փակում էր ինձ իր սենյակի մեջ։ Եղանակը լավ էր, և սենյակի պատուհանը բաց էր, բաց էին նաև պատուհաններն ու դուռը իմ մեծ արկղի, որի մեջ ես սիրում էի ժամանակ անց կացնել, որովհետև այդտեղ շատ հարմար էր և ընդարձակ։ Երբ ես խոհերիս անձնատուր հանգիստ նստած էի սեղանիս առաջ՝ լսեցի, որ մեկը պատուհանից ներս ցատկեց ու սկսեց մի կողմից մյուսը թռչկոտել։ Թեև սաստիկ վախեցա, բայց և այնպես, առանց տեղից շարժվելու փորձեցի դուրս նայել․ և ես տեսա մի կապիկ, որ թռչկոտում էր ու վեր ու վար ոստոստում, մինչև որ նկատեց իմ արկղն ու սկսեց մեծ հաճույքով ու հետաքրքրությամբ դիտել՝ դռնից ու ամեն մի պատուհանից դեպի ներս նայելով։ Ես քաշվեցի իմ սենյակի, այսինքն արկղի հեռավոր անկյունը, բայց ամեն կողմ նայող կապիկի հայացքը մի այնպիսի սարսափ ազդեց վրաս, որ ես կորցրի մտածելու կարողությունս և խելքս չկտրեց, մահճակալի տակը մտնել, որ հեշտությամբ կարող էի անել։ Կսպիկը մի առ ժամանակ դես ու դեն նայելուց, ճչալուց ու ծամածռություններ անելուց հետո, վերջապես գտավ ինձ, և իր թաթը դռնից ներս խցկեով, մկան հետ խաղացող կատվի պես, հակառակ նրան, որ ես հաճախ նրանից խուսափելու համար մի տեղից մյուսն էի փախչում, բռնեց իմ վերարկուի փեշից (որ կարված էր այդ երկրի ամենահաստ և ամուր կերպասից) ու դուրս հանեց ինձ։ Նա վերցրեց ինձ իր աջ թաթի մեջ ու բռնեց այնպես, ինչպես, դայակը երեխային պահում է ծիծ տալու ժամանակ, ճիշտ նույն բանը ես տեսել եմ Եվրոպայում, երբ կապիկներն այդպես վերցնում էին կատվի ձագերին։ Եվ երբ ես դիմադրության փորձ արի, նա մի այնպիսի ուժով ինձ սեղմեց, որ ես ավելի խոհեմություն համարեցի ենթարկվել։ Ըստ երևույթին նա ինձ իր սեփական ցեղի մանուկներից մեկի տեղն էր ընդունել, որովհետև իր ազատ թաթով հաճախ քնքուշ փաղակշում էր իմ երեսը։ Նրան ընդհատեց դռան աղմուկը, կարծես մեկը բաց էր անում․ կապիկն անմիջապես թռավ պատուհանի վրա, որտեղից ներս էր մտել, և երեք թաթի վրա, իսկ չորրորդով ինձ բռնած, ջրհորդաններով կողքի կտուրի վրա մագլցեց։ Ես լսեցի Գլյումդալկլիչի ճիչն այդ րոպեին, երբ արդեն նա ինձ տանում էր։ Խեղճ աղջիկը քիչ մնաց խելագարվի․ ամբողջ պալատը ոտքի կանգնեց․ ծառաները վազեցին սանդուղքներ բերելու․ բակից հարյուրավոր մարդիկ տեսնում էին կապիկին՝ տանիքի գլխին նստած նա բռնել էր ինձ, երեխայի պես, իր մի թաթի մեջ, իսկ մյուսով կերարում էր ինձ՝ բերանս կոխելով զանազան ուտելիքներ, որ հանում էր նա իր դնչին կից պարկից և դմփում ինձ, երբ ես չէի ուզում ուտել։ Ներքև կանգնած ամբոխը չէր կարողանում զսպել իր ծիծաղը․ իմ կարծիքով չէր կարելի նրանց մեղադրել, որովհետև տեսարանը, անկասկած, բավականին զվարճալի էր ամենքի համար, իհարկե, ինձանից բացի։ Ոմանք սկսեցին քարեր նետել՝ կապիկին ցած բերելու հույսով, բայց այդ խստիվ արգելեցին, որովհետև այդպիսով անկասկած իմ գլուխը ջարդ ու փշուր կանեին։
:   Սանդուխքները դրին ու մի քանի հոգի բարձրացան վեր․ կապիկը տեսնելով նրանց ու հասկանալով, որ ինքը շրջապատված է և անկարող է իր երեք ոտքով փախչել, իսկույն բաց թողեց ինձ տանիքի վրա ու պուկ եկավ։ Եվ մնացի ես այդտեղ, հինգ հարյուր յարդ բարձրության վրա, ամեն րոպե սպասելով, որ քամին ինձ կնետի, կամ գլխապտույտից ինքս կգլորվեմ ցած․ բայց մի քաջ տղա, իմ դայակի ծառաներից մեկը, վեր բարձրացավ և ինձ իր անդրավարտիքի գրպանը դնելով, ողջ առողջ իջեցրեց ցած։ Ես համարյա խեղդվում էի այն զզվելի ախտոտություններից, որ կապիկը խցկել էր իմ կոկորդը․ սակայն իմ սիրելի փոքրիկ դայակը բարակ ասեղով դուրս հանեց այդ ամենն իմ բերանից, որից հետո ես փսխեցի ու մի փոքր հանգստացա։ Բայց ես այնպես թուլացել էի ու այնպես ջարդվել այդ գարշելի կենդանու գրկի մեջ, որ ստիպված էի երկու շաբաթ պառկել անկողնու մեջ։ Թագավորը, թագուհին և ամբողջ արքունիքն ամեն օր հարցնում էին իմ առողջությունը, իսկ օգոստափառ թագուհին իմ հիվանդության ժամանակ մի քանի անգամ այցելեց ինձ։ Կապիկին սպանեցին և հրաման տրվեց, որ պալատի մեջ այդպիսի կենդանիներ այլևս չպահեն։
:   Առողջանալուց հետո, երբ ես ներկայացա թագավորին՝ հայտնելու իմ շնորհակալությունը նրա ցույց տրված շնորհի համար, նա բարեհաճեց այդ արկածի առթիվ բավականին ծիծաղել։ Նա ինձ հարցրեց, թե ի՞նչ մտքեր ու խոհեր անցան իմ գլխով, երբ ես կապիկի գրկումն էի, ինչպե՞ս հավանեցի նրա տված ուտելիքը, նրա հյուրասիրելու ձևը, և թե տանիքի մաքուր օդից արդյոք չի՞ բացվել իմ ախորժակը։ Նա ցանկացավ նաև իմանալ, թե ինչ կանեի ես նման դիպվածին իմ հայրենիքում։ Նորին մեծությանը ես պատասխանեցի, թե Եվրոպայում կապիկ չկա, բացի հետաքրքրության համար ուրիշ տեղերից բերած կապիկներից, որոնք այնքան փոքր են, որ ես հեշտությամբ տասներկուսի հախից մի անգամից կգայի, եթե նրանք փորձեին հարձակվել ինձ վրա։ Իսկ ինչ վերաբերում է այդ հրեշավոր կենդանուն, որի հետ վերջերս գործ ունեցա (իսկապես նա մի փղի չափ էր), եթե սարսափը չխլեր ինձանից թուր բանեցնելու կարողությունս (այդ խոսքերն արտասանելիս կատաղի կերպով նայեցի ու ձեռքս խփեցի թրիս դաստակին), երբ նա իր թաթը խոթեր իմ սենյակը՝ մի այնպիսի հարված կհասցնեի, որ նա ավելի շուտ ուրախ կլիներ ծլկել իմ մոտից։ Այդ խոսքերը ես արտասանեցի զորավոր շեշտով, ինչպես մի մարդ, որ բծախնդիր է, թե մի գուցե իր քաջությունը կասկածի առարկա լինի։ Այսուհանդերձ իմ ճառը ծիծաղ առաջացրեց պալատականների մեջ, որոնք չնայած նորին մեծության հանդեպ ունեցած հարգանքին, չկարողացան իրենց զսպել։ Դա առիթ տվեց խորհրդածելու, թե որքան անօգուտ է պատվի արժանանալու ջանքն այն մարդկանց կողմից, որոնք քեզ հետ ոչ հավասարվել կարող են և ոչ էլ բաղդատվել։ Եվ իմ վարմունքի բարոյական կողմը շատ հաճախ ինձ համար տեսանելի էր դառնում Անգլիա վերադառնալուց հետո, ուր մի չնչին ստահակ, որ ոչ բարձր ծագում ունի, ոչ շնորհք, ոչ խելք և ոչ էլ հասկացողություն, համարձակվում է իրեն կարևոր տեսք տալ և թագավորության մեծ մարդկանց շարքը դասել։
:   Օր չէր անցնում, որ ես պալատում ծիծաղի առարկա չդառանյի, և Գլյումդալկլիչը, չնայած իր քնքուշ վերաբերմունքին դեպի ինձ, ինքնահատուկ հեգնանքով պատմում էր իմ արկածները թագուհուն, եթե նա համարում էր, որ այդ արկածները կարող են նրան զվարճություն պատճառել։ Մի օր աղջիկն իրեն վատ էր զգում, և վարժուհին նրան իր հետ վերցրեց զբոսանքի, պալատից երեսուն մղոն հեռու՝ մաքուր օդ ծծելու համար։ Կառքը կանգ էր առել դաշտի խաչաձև մի ճանապարհի վրա․ Գլյումդալկլիչը իմ արկղը դրեց գետնին ու ես գնացի զբոսանքի։ Ճանապարհին կովի մի մեծ կույտ աղբ կար։ Ես ուզեցի ցույց տալ իմ ճարպկությունն ու փորձեցի թռչել այդ աղբի վրայից։ Ես վազեցի, սակայն թռիչքս շատ կարճ էր և ընկա ուղիղ այդ աղբի մեջտեղն ու մինչև ծնկներս խրվեցի մեջը։ Ահագին ջանք էր հարկավոր, որ ես դուրս գայի այդտեղից․ ծառաներից մեկն իր թաշկինակով լավ սրբեց իմ շորերը, իսկ Գլյումդալկլիչը մինչև տուն գալը այլևս ինձ արկղից բաց չթողեց։ Թագուհին անմիջապես իմացավ այդ արկածի մասին, իսկ սպասավորները տարածեցին ամբողջ պալատում, այնպես որ մի քանի շաբաթ ծաղրի առարկա էի ամենքի համար։
 
==Գլուխ վեցերորդ==
:   Զանազան հնարագիտություններ հեղինակի կողմից՝ թագավորին ու թագուհուն զվարճություն պատճառելու։ Նա ցույց է տալիս իր շնորհքը երաժշտության մեջ։ Թագավորը հարց ու փորձ է անում Անգլիայի պետական ձևի մասին, և հեղինակը պատմում է նրան։ Թագավորի արած դիտողությունները։
 
:   Սովորաբար շաբաթը մեկ կամ երկու անգամ ներկայանում էի թագավորին իր հարդարանքի ժամանակ, ու հաճախ տեսնում էի նրան սափրվելիս, որ սկզբում ինձ վրա մեծ սարսափ էր ազդում, որովհետև ածելին համարյա երկու անգամ մեծ էր մեր սովորական գերանդուց։ Երկրի սովորության համեմատ նորին մեծությունը շաբաթը միայն երկու անգամ էր սափրվում։ Մի անգամ սափրիչից խնդրեցի մի քիչ օճառի փրփուր, որից ես քառասուն թե հիսուն հատ մազ հանեցի։ Ապա վերցրի փայտի մի բարակ կտոր, տաշեցի այնպես, որ սանրի կողի նմանի ու վրան, մեկը մյուսից հավասար հեռավորությամբ, Գլյումդալկլիչից առած ամենաբարակ ասեղով ծակոտիներ շինեցի։ Դանակովս քերթեցի և սրեցի մազերի ծայրերն ու ամրացրի այդ ծակոտիների մեջ մի այնպիսի հմտությամբ, որ ստավբեց կարգին սանր․ Այդ սանրը շատ տեղին ու ժամանակին էր, որովհետև իմս բանի պետք չէր, ատամները կոտրվել էին, իսկ այդ երկրի մեջ չկար մի այնպիսի հմուտ վարպետ, որ կարողանար նուրբ պատրաստել։
:   Այդ բանը հիշեցրեց սարքելու մի զվարճալի ժամանց, որին ես նվիրեցի իմ պարապ ժամերի մեծ մասը։ Ես խնդրեցի թագուհու սպասուհուն, որ ինձ համար հավաքի օգոստափառ թագուհու սանրվելուց մնացած մազերը, որից մի փոքր ժամանակ հետո ահագին մազ հավաքվեց։ Ապա խորհրդակցելով իմ բարեկամ պալատական հյուսնի հետ, որ հրաման ուներ ինձ համար մանր իրեր շինելու, իմ ցուցմունքներով պատրաստել տվի երկու բազկաթոռ, իմ արկղիս մեջ ունեցածներիցս ոչ ավելի մեծ և այդ աթոռների այն մասեի շուրջը, որ հատկացված են մեջքի ու նստատեղի համար մախաթով բացել տվի ծակոտիներ։ Այդ ծակոտիների մեջ ես հյուսեցի թագուհու մազերը՝ այն ձևով, ինչպես անգլիական եղեգնյա աթոռներն են շինում։ Վերջացնելուց հետո աթոռները նվիրեցի օգոստափառ թագուհուն, որը դնելով իր առանձնասենյակում, իբրև հազվագյուտ բան, ցույց էր տալիս ամենքին․ և ով տեսնում էր, իսկապես զարմանում էր։ Թագուհին ցանկություն հայտնեց, որ ես նստեմ այդ բազկաթոռներից մեկի վրա, բայց ես կտրականապես մերժեցի կատարելու նրա հրամանը, բողոքելով, թե ես հազար անգամ կուզենայի մեռնել, քան իմ մարմինը տեղավորել այն անգին մազերի վրա, որոնք երբեմն զարդարել են օգոստափառ թագուհու գլուխը։ Բացի այդ նրա մազերից ես շինեցի մի փոքրիկ չքնաղ քսակ (արհեստների մեջ ես միշտ շնորհք եմ ունեցել), որ հինգ ոտնաչափ երկարություն ուներ, վրան ոսկով դրոշմեցի օգոստափառ թագուհու սկզբնատառերն ու թագուհու համաձայնությամբ նվիրեցի Գլյումդալկլիչին։ Ճիշտն ասած, այդ քսակն ավելի շատ ցույց տալու համար էր, քան գործադրելու, որովհետև նրանց դրամների ծանրությունը պահելու համար այս քսակն այնքան ամուր չէր, ուստի դրա մեջ նա դնում էր մանր խաղալիքներ, որոնց աղջիկները շատ սիրահար են։
:   Թագավորը երաժշտություն շատ էր սիրում․ և արքունիքում հաճախ սարքում էին համերգներ, և ինձ ևս երբեմն տանում էին լսելու, սակայն գործիքների աղմուկն այնքան ուժգին էր, որ ես չէի կարողանում ըմբռնել եղանակը։ Հավատաված եմ, որ անգլիական թագավորական բանակի բոլոր թմբկահարներն ու փողահարները, եթե միանգամից թմբակահարեին ու փողահարեին ձեր ականջի տակ, չէին կարող հավասարվել այդ երաժշտությանը։ Սովորաբար համերգի ժամանակ իմ արկղը հեռացնում էի երաժիշտներից, ապա փակում արկղիս դուռն ու պատուհանները և իջեցնում վարագույրները․ դրանից հետո միայն գտնում էի, որ նրանց երաժշտությունն այնքան էլ անհաճո չէ։
:   Երիտասարդ ժամանակ ես մի փոքր սովորել էի սպինետի վրա նվագել․ դրանից մեկը դրված էր Գլյումդալկլիչի սենյակում, ու շաբաթը երկու անգամ նրան դաս տալու համար ուսուցիչ էր գալիս։ Դրան ես անվանում էի սպինետ, որովհետև շատ նման է այն գործիքին և նվագելու ձևն էլ նույն է։ Մի անգամ մտքովս անցավ այդ գործիքի վրա անգլիական եղանակներ նվագելով զվարճացնել թագավորին ու թագուհուն։ Բայց այդ բանը շատ դժվար հաջողվեց, որովհետև սպինետը վաթսուն ոտնաչափ երկարություն ուներ, իսկ ամեն մի կլավիշը՝ պակասը երկու ոտնաչափ երկարություն, այնպես որ որքան էլ տարածեի իմ բազուկները՝ հինգ կլավիշից ավելի ձեռքս չէր հասնի, իսկ նրանց սեղմելու համար հարկավոր էր բռունցքի սաստիկ հարված, որ մեծ ջանք էր պահանջում ու նպատակին չէր հասցնում։ Իմ հնարած միջոցն այս էր։ Ես երկու հատ կլոր գավազան պատրաստեցի, սովորական ցուպի չափ, դրանց մի ծայրն ավելի հաստ էր, քան մյուսը․ հաստ ծայրերը ես փաթաթեցի մկան կաշիով, որպեսզի զարկելու ժամանակ չվնասեմ կլավիշներն ու չխանգարեմ նվագը։ Սպինետի առաջ, չորս ոտնաչափ ցածր, մի նստարան էր դրած, որի վրա դրին ինձ։ Ես սկսեցի արագ֊արագ այդ նստարանի վրա ետ ու առաջ վազել, ձեռքիս գավազաններով զարկելով հարկավոր կլավիշներին և այդպիսով նվագել մի պարի եղանակ, պատճառելով թագավորին ու թագուհուն խոշոր բավականություն։ Սակայն դա մինչև օրս ունեցած ամենադժվար մարմնամարզություններիցս մեկն էր․ և, չնայած դրան, ես ավելի քան տասնվեց կլավիշի չէի կարողանում զարկել ու հետևապես միանգամից չէի կարողանում նվագել բասի և դիսկանտի կլավիշների վրա, ինչպես անում են ուրիշ արտիստները, որից խիստ վնասվում էր եղանակի ներդաշնակությունը։
:   Թագավորը, որ, ինչպես առաջ հիշեցի, մեծ խելքի տեր արքա էր, հաճախ հրամայում էր, որ ինձ արկղի հետ բերեն ու դնեն իր կաբինետի սեղանի վրա։ Ապա հրամայում էր ինձ, որ աթոռներից մեկը արկղից հանեմ, և նստեցնում էր ինձ երեք յարդ հեռավորության պահարանի գլխին, համարյա իր երեսի դեմուդեմ։ Այս դիրքով ես նրա հետ շատ անգամ եմ զրուցել։ Մի օր ես համարձակվեցի նորին մեծության ասել, թե Եվրոպայի և աշխարհի մյուս մասի հանդեպ նրա ունեցած արհամարանքը չի համապատասխանում իր մտքի վսեմ ունակություներին․ որ այդ ունակությունների ծավալը զուգնդաց չէ մարմնի զանգվածին․ ընդհակառակը, մեր երկրում նկատված է, որ բարձրահասակ մարդիկ սովորաբար ավելի քիչ են օժտված այդ առավելությամբ․ որ մյուս կենդանիների մեջ մրջյուններն ու մեղուները ժրաջանության, ճարտարության ու խելացիության ավելի մեծ համբավ ունեն, քան խոշոր կենդանիներից շատերը, և որքան էլ ես չնչին երևամ նրան, այնուամենայնիվ հույս ունեմ, որ մի օր կարող եմ նորին մեծությանը մատուցել որևէ նշանավոր ծառայություն։ Թագավորն ուշադրությամբ լսեց և ապա սկսեց ավելի լավ կարծիք կազմել իմ մասին, քան առաջ։ Նա ցանկություն հայտնեց, որ ես կարողացածի չափ ճշգրիտ տեղեկություններ տամ նրան անգլիական կառավարության մասին, որովհետև, որքան էլ միապետները սիրահար լինեն իրենց սեփական երկրի սովորություններին (այդ եզրակացության էի եկել մյուս միապետների մասին՝ իմ նախկին զրույցներից հետո), նա երջանիկ կլինի, եթե լսի ընդօրինակության արժանի բաներ։
:   Ազնիվ ընթերցող, ինքդ երևակայիր, թե դրանից հետո քանի՜֊քանի անգամ եմ ուզել Դեմոսթենեսի կամ Կիկերոնի ճարտասանությունն ունենալ, որպեսզի կարողանայի իմ սիրելի հայրենիքի գովքն անել մի այնպիսի ոճով, որ համազոր լիներ նրա արժանիքներին և երջանկությանը։
:   Իմ ճառի սկզբում ես տեղեկություններ տվի նորին մեծությանը մեր պետության մասին, որ բաղկացած է երեք հզոր թագավորությունից, որոնք գտնվում են երկու կղզու վրա, չհաշված այն գաղութները, որ ունենք Ամերիկայում։ Ես երկար կանգ առա մեր երկրի հողերի պարարտության ու մեր եղանակների մեղմության վրա։ Ապա ես ընդարձակ կերպով պատմեցի անգլիական պառլամենտի, սահմանադրության մասին, մասնավորապես կանգ առնելով պառլամենտի մի հռչակավոր մասի վրա, որ կոչվում է լորդերի պալատ և բաղկացած է այնպիսի անձերից, որոնք ունեն ազնիվ արյուն և հնավանդ ու լայնատարած հայրենական ժառանգություն։ Ես նկարագրեցի, թե որպիսի՜ արտակարգ ու մշտական խնամքի առարկա է նրանց դաստիարակությունն արվեստի ու ռազմագիտության բնագավառում, որպեսզի թագավորի ու պետության համար նրանք դառնան կատարյալ խորհրդականներ, մասնակցեն օրենսդրության, անդամ լինեն գերագույն դատարանին, որի որոշումներն անբողոքելի են, և իրենց քաջությամբ, բարքով անփոխարինելի վարքագծով ու հավատարմությամբ միշտ պատրաստ լինեն իբրև ախոյան պաշտպանելու իրենց արքային և իրենց երկիրը։ Ես ասացի, որ այդ մարդիկ թագավորության զարդն ու պատնեշն են՝ արժանի զավակներն իրենց հռչակավոր նախահայրերի, որոնց առաքինությունը վարձատրվել է մեծարանքով և որոնց հետագա սերունդը երբեք չի շեղվել այդ առաքինություններից․ որ այդ ժողովին մասնակցում են մի քանի հոգևոր անձինք՝ եպիսկոպոսի տիտղոսով, որոնց մասնավոր պարտականությունն է հոգ տանել կրոնին և այդ ուղղութայմբ դաստիարակել ժողովուրդը, որ այդ հոգևորականներին ընտրում է ինքը արքան, իր իմաստուն խորհրդականների հետ միասին փնտրելով ամբողջ ազգության մեջ և այն հոգևորականների շարքից, որոնք ըստ արժանվույն հայտնի են իրենց սրբակրոն կյանքով, գիտության խորությամբ և որոնք կղերականների և ժողովրդի իսկական հոգևոր հայրերն են։
:   Այդ պառլամենտի մյուս մասը, շարունակեցի ես, բաղկացած է մի ժողովից, որ կոչվում է համայնքների պալատ, որի անդամներն անվանի ազնվականներ են՝ իրենց կարողության և հայրենասիրության համար ժողովրդի կողմից և իրենց դասի միջից ազատ ընտրված, որպեսզի ներկայացնեն ամբողջ ազգի իմաստությունը։ Եվ այդ երկու մարմինները Եվրոպայի մեջ հանդիսանում են այն վեհագույն ատյանները, որոնց, թագավորի հետ միասին, հանձնաված է երկրի օրենսդրությունը։
:   Այնուհետև ես անցա արդարության ատյանին ու նրա ղեկավար դատավորներին, այդ մեծահարգ իմաստուններին և օրենքի մեկնաբաններին, որոնք որոշում են խախտված իրավունքներն ու մարդկանց սեփականատիրությունը, պատժում մոլությունն ու պաշտպանում անմեղությունը։ Ես հիշատակեցի մեր պետական գանձարանի խոհեմ վարչության և ցամաքային ու ծովային ուժերի արիության ու քաջագործությունների մասին։ Ես տվի մեր ժողովրդի թիվը՝ հաշվելու՝ քանի՛ միլիոն կլինի ամեն մի կրոնական աղանդի և քաղաքական պարտիայի մեջ։ Ես չմոռացա նաև մեր սպորտները և ժամանցները և ոչ էլ մի այլ մանրամասնություն, որ իմ կարծիքով կարող էր բարձրացնել իմ հայրենիքի պատիվը։ Եվ ես վերջացրի այդ ամենը մի համառոտ պատմական ակնարկով՝ վերջին հարյուր տարվա ընթացքում Անգլիայում տեղի ունեցած գործերի և դեպքերի մասին։
:   Այս խոսակցությունը տեղի ունեցավ հինգ ունկնդրության ընթացքում և ամեն մի ունկնդրությունը տևեց մի քանի ժամ։ Թագավորը լսում էր ինձ մեծ ուշադրությամբ, հաճախ գրի առնելով իմ պատմածները և զանազան հարցեր, որ նա մտադիր էր տալ ինձ։
:   Երբ այս երկար պատմությունները վերջացան, վեցերորդ ունկնդրության միջոցին, նորին մեծությունը, կարգի բերելով իր գրած դիտողությունները, տեսավ, որ ամեն մի առարկայի վերաբերյալ ունի բազմաթիվ կասկածներ, հարցումներ և նկատողություններ։ Նա հարցրեց, թե ի՞նչ մեթոդներ են գործադրվում մեր երիտասարդ ազնվականների հոգևոր և մարմնավոր կրթության համար, առհասարակ ի՞նչ գործերի են նվիրում նրանք իրենց կյանքի առաջին և դյուրավարժ մասը։ Ի՞նչ կարգով են լրացնում ժողովը, երբ հանգչում է մի որևէ ազնվական տոհմ։ Ի՞նչ հատկություններ են հարկավոր, որպեսզի մեկը լորդ դառնա։ Արդյոք այդ առաջացումների ժամանակ չի՞ պատահում, որ դրդապատճառը լինի կամ միապետի քմահաճույքը, կամ մի որևէ պալատական տիկնոջ և առաջին մինիստրին տված գումարը, և կամ ժողովրդական շահերին հակամարտ պարտիան ուժեղացնելու ցանկությունը։ Որչա՞փ իրազեկ են այդ լորդերն իրենց երկրի օրենքներին և ընդունա՞կ են արդյոք վերջնականապես կարգադրելու իրենց հպատակների գործերը։ Մի՞թե նրանք միշտ այնքան զերծ են ագահությունից, կողմնապահությունից ու կարիքից, որ ոչ կաշառք, ոչ շողոքորթություն և ոչ էլ որևէ մի այլ խարդախ երևույթ գոյություն չունի նրանց մեջ։ Արդյոք այդ հոգևոր լորդերը, որոնց մասին ես պատմեցի, միշտ այդ պաշտոնի՞ն են արժանանում միմիայն շնորհիվ կրոնական խնդիրների մասին ունեցած իրենց ձեռնհասության ու սրբակրոն կյանքի և մի՞թե նրանք ոչ մի պակասություն չեն ունեցել այն ժամանակ, երբ եղել են հասարակ քահանա կամ ստրկորեն բռնաբարված մի կապելան որևէ ազնվականի տանը, որի կարծիքներին նրանք շարունակում են խոնարհաբար հետևել անգամ այդ ժողովը մուտք գործելուց հետո։
:   Այնուհետև նա ցանկացավ իմանալ, թե ի՞նչ կանոններ են գործադրվում, երբ ընտրում են դեպուտատներ, որոնց ես անվանեցի համայնքների պալատի անդամներ․ արդյոք մի օտար մարդ, որ ունի լիքը գրպան, չի՞ կարող ազդել ռամիկ ընտրողի վրա, որպեսզի նա իր ձայնը փոխանակ իր սեփական կալվածատիրոջ կամ մի որևէ նշանավոր հարևան ազնվականի տալու՝ իրեն տա։ Ինչպե՞ս է լինում, որ այդ մարդիկ սոսկալի կերպով ձգտում են այդ ժողովի անդամը դառնալու, թեև այդ, ինչպես ես ասացի, մի անհանգիստ և մեծածախս գործ է, որ հաճախ քայքայում է նրանց ընտամիքը և որի համար նրանք ոչ ռոճիկ են ստանում և ոչ էլ թոշակ։ Մի այդպիսի զոհողություն անելու համար այնքա՜ն առաքինություն ու ժողովրդասիրություն է պետք, որ նորին մեծությունն սկսեց կասկածել, թե ժողովրդին ծառայելու այդ ձգտումը կարող է պատահել, որ անկեղծ չլինի։ Եվ նա ցանկացավ իմանալ, թե այդ նախանձախնդիր ազնվականներն արդյոք չունե՞ն մի հետին միտք՝ հատուցանելու իրենց կրած չարչարանքներն ու անհանգստությունը նրանով, որ հասարակական գումարները տրամադրեն մի թուլակամ և անզգամ միապետի, որին ընկերակցած կլինեն և իր այլասերված մինիստրները։ Նա կրկնեց իր հարցումները, մանրազնին քննության ենթարկեց այս նյութի բոլոր կողմերը և արեց անթիվ դիտողություններ ու առարկություններ, որոնց կրկնելը, իմ կարծիքով, ոչ հարմար է և ոչ էլ խոհեմություն կլինի։
:   Արդարության ատյանի վերաբերյալ ասածներիս մի քանի կետերի նկատմամբ նորին մեծությունը ցանկացավ բացատրություն ստանալ․ այդ բանը ես կարողացա շատ հեշտությամբ անել, որովհետև առաջները մի անգամ ես համարյա թե քայքայվեցի մի երկարատև դատի ընթացքում, չնայած որ բարձրագույն դատարանը որոշել էր իմ օգտին, ինչպես և՛ դատական ծախքերը։ Թագավորը հարցրեց, թե արդարը ու մեղավորը որոշելու համար ինչքա՞ն ժամանակ է պետք և ինչքա՞ն ծախս է պահանջվում։ Թե փաստաբանները կարո՞ղ են դատ սկսել մեկի դեմ բացահայտ իմանալով, որ իրենք արդարացի չեն և խախտում են ուրիշի իրավունքը։ Արդյոք չի՞ նկատված, որ քաղաքական կամ կրոնական պարտիաները որևէ ճնշում գործեն արդարության կշռի նժարի վրա։ Հիշյալ փաստաբաններն իրավագիտական ընդհանու՞ր կրթություն են ստացել, թե՞ միայն ծանոթ են գավառական, ազգային ու տեղական այլ սովորությունների։ Այդ փաստաբանները, ինչպես և դատավորները, արդյոք չե՞ն մասնակցում այնպիսի օրենքների կազմության, որոնց լուսաբանությունն ու մեկնությունը թողնված են իրենց հայեցողության։ Արդյոք նրանք միևնույն գործի առթիվ, տարբեր ժամանակներում չե՞ն արտահայտվել և՛ թեր, և՛ դեմ և քաղվածքներ արել նախընթաց գործից, որպեսզի պաշտպանեն հակառակ տեսակետ։ Դրանք աղքա՞տ կորպորացիայի անդամներ են, թե՞ հարուստ։ Իրենց կարծիքը պաշտպանելու կամ արտահայտելու համար ստանու՞մ են նրանք որևէ դրամական վարձատրություն, թե՞ ոչ։ Մասնավորապես, իբր անդամ, նրանք ընդունվու՞մ են ստորին պալատ, թե՞ ոչ։
:   Թագավորն այնուհետև անդրադարձավ մեր գանձարանի վարչության և ասաց, թե իր կարծիքով հիշողությունս խաբում է ինձ, որովհետև մեր տարեկան եկամուտները ես հաշվեցի հինգ թե վեց միլիոն, մինչդեռ, իր խոսքերով, մեր ծախսերը երբեմն ավելի քան կրկնակի են։ Այդ կետում նրա գրի առած նկատողությունները շատ մանրամասն էին, որովհետև, իր ասելով, նա հույս ուներ, որ մեր ելևմտական գործերի մասին ստացած տեղեկուցյունները կարող են օգտակար լինել, և չի կարող պատահել, որ իր արած հաշիվները սխալ լինեն։ Բայց քանի որ իմ բերած թվերը ճիշտ էին, ապա նրա համար մնում էր առեղծված, թե կարո՞ղ է պատահել, որ մի թագավորություն վատնի իր կարողությունն այնպես, ինչպես մի մասնավոր մարդ է անում։ Նա հարցրեց, թե ո՞վ է մեզ պարտք տալիս և որտեղի՞ց ենք վճարում մեր պարտքերը։ Նա զարմացավ, երբ ես պատմեցի մեր մեծածախս և երկարատև պատերազմների մասին։ Կամ, ասաց նա, մենք կռվարար ժողովուրդ ենք, կամ մեր հարևաններն են վատ, իսկ մեր զորապետները պետք է որ ավելի հարուստ լինեն, քան մեր թագավորները։ Նա հարցրեց, թե ի՞նչ գործ ունենք մենք մեր կղզուց դուրս, բացի առևտրից ու դաշնություններից և մեր ափերը մեր նավերով պաշտպանելուց։ Մանավանդ նա զարմացավ, երբ լսեց, որ մենք իբրև ազատասեր ժողովուրդ խաղաղ ժամանակ մնայուն, վարձկան զորք ենք պահում։ Նրա ասելով, եթե մենք ունենք իքնավարություն, որին մասնակցում են մեր ներկայացուցիչները, ապա նա չի հասկանում՝ ումի՞ց է մեր վախը և ու՞մ դեմ ենք մենք պայքարում․ և հարցրեց իմ կարծիքը, թե արդյոք լավ չի՞ լինի, եթե ամեն մարդ ինքը պաշտպանի իր տունը, իր երեխաներին, իր ընտանիքը, քան թե այդ պաշտպանությունը հանձնի մի խումբ չնչին վարձով, պատահաբար փողոցից հավաքած սրիկաների, որոնք կարող են հարյուր անգամ ավելին ստանալ ու սրախողխող անել իրենց պաշտպանած մարդկանց։
:   Նա ծիծաղեց իմ ահեթեթ թվաբանության վրա (այդպես բարեհաճեց նա ասել), երբ մեր ժողովրդի թիվը ես հաշվեցի ի մի գումարելով կրոնական և քաղաքական աղանդների հետևորդների քանքկը։ Հասկանալի չէ, ասաց նա, թե ինչու՞ նրան, ով հետևում է հասարակությանն աղետ բերող կարծիքին, ստիպում են, որ փոխի իր կարծիքը և չեն թողնում, որ այն իր մեջ պահի։ Եվ եթե առաջին դեպքում պահանջը մի պետության մեջ բարբարոսություն է, ապա երկրորդ դեպքում չբռնադատելը թուլության նշան է, որովհետև մեկին կարելի է թույլ տալ, որ իր տանը ունենա թույն, բայց չի կարելի թույլ տալ, որ այդ թույնը վաճառի որպես դեղանյութ։
:   Նա նկատեց, որ մեր ազնվականների և բարձր դասակարգի զվարճությունները թվելիս՝ ես հիշեցի նաև ազարտ խաղերը։ Նա ցանկացավ իմանալ, թե ի՞նչ հասակում են նրանք այդ զբաղմունքով պարապում և ե՞րբ՝ դադարում, ինչքա՞ն ժամանակ են նրանք կորցնում․ արդյոք այդ զբաղմունքը չի՞ հասնում այն աստիճանի, որ ազդի նրանց կարողության վրա, չի՞ պատահում, որ ստորաքարշ և արատավոր մարդիկ, ձեռք բերելով այդ արվեստի մեջ ճարպկություն, մեծ հարստություն են դիզում և այդպիսով կախյալ վիճակի մեջ են դնում մեր բարձր ազնվականներին, որոնք հետևելով իրենց անարգ ընկերների սովորություններին, շեղվում են իրենց մտավոր զարգացումից և ստիպված լինում, շնորհիվ իրենց խաղի մեջ ունեցած կորուստների, սովորելու և այլ վարկաբեկ խարդախություններ ուրիշների նկատմամբ։
:   Մեր երկրի մասին իմ տված վերջին հարյուր տարիների պատմական տեղեկությունները նրան մեծ զարմանք պատճառեցին։ Նա հայտարարեց, թե դա մի պատմություն է, ուր կա դավադրություննեերի մի կույտ, խռովություններ, սպանություններ, կոտորած, ռևոլյուցիաներ և աքսորներ, որ ագահության, անհամաձայնության, կեղծավորության, դավաճանության, դաժանության, կատաղության, ատելության, նախանձի, տռփանքի, չարության ու փառասիրության ամենավատթարագույն արդյունք են։
:   Մի այլ ունկնդրության ժամանակ նորին մեծությունը ջանաց տալ իմ բոլոր ասածների ամփոփումը՝ համեմատելով իմ պատասխաններն իր տված հարցերի հետ․ ապա վերցնելով ինձ իր ձեռքի վրա և քնքուշ փաղաքշանքով ինձ՝ նա դիմեց այնպիսի խոսքերով, որ ես երբեք չեմ մոռանա, ինչպես և այն ձևը, որով նա արտասանեց այդ խոսքերը։ Իմ փոքրիկ բարեկամ Գրիլդրիգ, դուք զարմանալի կերպով գովեցիք ձեր հայրենիքը, դուք պարզ կերպով ասացիք, որ տգիտությունը, ծուլությունը և մոլությունը հատուկ են միայն օրենսդիրներին․ որ օրենքներն ամենից լավ բացատրում, լուսաբանում ու գործադրում են նրանք, որոնք ամենից ավելի շատ են շահագրգռված և ամենից ավելի ճարպիկ են այդ օրենքները խեղաթյուրելու, շփոթելու ու զանց առնելու մեջ։ Ես ձեր հիմնարկներում նկատում եմ մի գիծ, որ ընդհանուր առմամբ գուցե և տանելի է, սակայն կիսով չափ կեղծված է ու կիսով չափ արատավորված և ապականված։ Քո ասածներից չի երևում, որ որևէ դիրքի հասնելու համար պահանջվելիս լինի որևէ առաքինություն, և մանավանդ չի երևում, որ մեկն ազնվական դառնա իր առաքինությունների համար, որ հոգևորականությունը բարձր պաշտոնների հասնի իր մաքրակրոն կյանքի և գիտության համար, զինվորները՝ իրենց բարքի ու քաջության համար, դատավորները՝ իրենց անկաշառության համար, ավագանին՝ հայրենասիրության համար ու պետական խորհրդականները՝ իրենց իմաստության համար։ Իսկ ինչ վերաբերում է ձեզ (շարունակեց թագավորը), կյանքի մեծագույն մասը դուք անց եք կացրել ճանապարհորդուցյունների մեջ և ես ավելի տրամադիր եմ կարծելու, որ դուք առայժմ զերծ եք մնացել ձեր հայրենիքի մի շարք մոլություններից։ Սակայն ձեր պատմածներն ու ձեզանից այնպիսի դժվարությամբ կորզած պատասխաններն ի մի ամփոփելով կարող եմ միայն մի եզրակացության գալ, որ ձեր հայրենակիցների մեծագույն մասը զզվելի զեռունների մի ոճրագործ ցեղ է, որի նմանը երբեք չի սողացել գետնի երեսով։
 
==Գլուխ յոթերորդ==
:   Հեղինակի հայրենասիրությունը։ Նա մի նպաստավոր առաջարկություն է անում թագավորին, իսկ թագավորը մերժում է։ Թագավորի տգիտությունը քաղաքական հարցերում։ Այդ երկրի գիտությունը շատ անկատար ու սահմանափակ է։ Նրանց օրենքները, զինվորական գործերն ու քաղաքական պարտիաները։
 
:   Միայն իմ չափազանց սերը դեպի ճշմարտությունն արգելեց ինձ թաքցնելու պատմությանս այս մասը։
:   Ցույց տալ իմ զայրույթն անտեղի էր, որովհետև դա միայն ծիծաղ կհարուցեր․ այդպիսի անիրավ վերաբերմունքի հանդեպ դեպի իմ ազնիվ ու սիրեցյալ հայրենիքը ես ստիպված էի համբերատար լինել․ ինձ վիճակված դերի համար ես սրտանց ափսոսում էի, ինչպես կափսոսար հավանաբար ամեն մի ընթերցող, սակայն այդ միապետն այնքան հետաքրքիր էր և ամեն մի մանրամասնության նկատմամբ այնքան բծախնդիր, որ ես ոչ իմ երախտապարտությամբ և ոչ էլ իմ բարեկրթությամբ անկարող էի զրկել նրան այդ բավականությունից։ Տակավին չքմեղ լինելու համար, թող թույլ տրվի ինձ ասել, վարպետորեն խույս էի տալիս նրա շատ հարցերից և շատ կետերում էլ հարցին տալիս էի նպաստավոր լուսաբանություն, քան թույլ էր տալիս ճշմարտության խստությունը։ Եվ հաճախ ցույց էի տալիս դեպի իմ հայրենիքն այն գովելի կողմնապահությունը, որ Դիոնիսիոս Հալիկարնասցին արդարացի կերպով հանձնարարում է ամեն մի պատմաբանի։ Ես ուզում էի թաքցնել իմ հայրենիքի բոլոր անարդարություններն ու այլանդակությունները և դրանց փոխարեն ավելի նպաստավոր լույսի տակ ցույց տալ նրա առաքինի և գեղեցիկ կողմերը։ Այդ էր հզոր թագավորի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ իմ անկեղծ ջանքը, թեև այդ դժբախտաբար հաջող արդյունք չտվեց։
:   Բայց չի կարելի խստապահանջ լինել դեպի մի թագավոր, որ ամբողջովին կտրված է աշխարհի մյուս մասերից և այդ պատճառով էլ միանգամայն անծանոթ և ուրիշ ազգերի վարք ու բարքին և սովորություններին․ այդ ծանոթության պակասությունն առաջ է բերում բազմաթիվ նախապաշարումներ ու մտքի սահմանափակություն, որոնցից զերծ ենք թե՛ մենք և թե՛ Եվրոպայի լուսավոր երկրները։ Իհարկե անմիտ բան կլինի իբրև օրինակ առաջարկել մարդկությանը մի այդպիսի հեռավոր միապետի գաղափարներն առաքինության ու մոլության մասին։
:   Ասածներս հաստատելու համար, այլև սահմանափակ կրթության տխուր հետևանքները ցույց տալու նպատակով, ես այստեղ պիտի հիշեմ մի դիպված, որին դժվար է հավատալ։ Նորին մեծության շնորհին ավելի մեծ չափով արժանանալու հույսով, ես պատմեցի նրան սրանից չորս թե հինգ դար առաջ եղած մի տեսակ սև փոշու գյուտի մասին, որը եթե անգամ սարի չափ բարձրություն ունենա, մի ամենափոքր կայծից անմիջապես բոցավառվում է, օդի մեջ թռչում և որոտի նման գոռում ու երկիրը ցնցում։ Ես պատմեցի, որ այդ փոշուց որոշ քանակություն եթե լցնես պղնձի կամ երկաթի մի դատարկ խողովակի մեջ, կարող է, նայած իր մեծության, դուրս նետել երկաթի կամ արճճի գնդակը մի այնպիսի ուժով և արագությամբ, որ ոչ մի բան չի կարող նրա հարվածին դիմանալ․ որ այդպես արձակված մի մեծ գնդակ ոչ միայն կարող է ոչնչացնել զորաբանակի ամբողջ շարքեր, այլև հիմնահատակ է անում ամենաամուր պատնեշները, ծովի տակն անում հազարավոր մարդկանցով լի նավեր, իսկ երբ նրանք շղթայով միմյանց են կապված, այն ժամանակ ջարդուփշուր է անում նրանց կայմերն ու սարքավորումը, հարյուրավոր մարմիններ մաս֊մաս անում և չորս կողմն ամայություն սփռում։ Որ մենք հաճախ այդ փոշին լցնում ենք երկաթե մեծ գնդակների մեջ ու մեքենայի միջոցով արձակում դեպի պաշարած քաղաքը, ուր նրանք քարուքանդ են անում սալահատակները, կործանում տները, այրում, չորս կողմը ցրում նրանց բեկորները և ամենքի գլուխը, ով մոտիկ է կանգնած, ջարդուփշուր անում։ Որ ինձ հայտնի են այդ փոշու բաղկացուցիչ մասերը, որոնք շատ էժան են և պարզ․ որ ես գիտեմ այդ մասերն իրար խառնելու գաղտնիքը և կարող եմ բանվորներին ցույց տալ խողովակներ շինելու ձևը, որոնց չափը, իհարկե, հարաբերական պիտի լինի նորին մեծության թագավորության մեջ գոյություն ունեցող մյուս առարկաների հետ, և հարյուր ոտնաչափից ավելի երկար չպիտի լինեն․ քսան կամ երեսուն այդպիսի խողովակներ, լցված վառոդի ու գնդակի որոշ քանակությամբ, մի քանի ժամում կարող են ռմբակոծել իր տերության ամենաամուր քաղաքի պարիսպները, կամ ավերել ողջ մայրաքաղաքը, եթե այդ քաղաքը հավակնություն ունենա դիմադրելու թագավորի գերագույն իշխանության։ Այս ամենը ես հնազանդորեն առաջարկեցի նորին մեծությանն իբրև երախտագիտության մի չնչին տուրք՝ ի տրիտուր իմ ստացած արքայական բորոր շնորհների ու հովանավորության։
:   Այդ կործանարար գործիքների նկարագրության և իմ առաջարկության վրա թագավորը սարսափեց։ Նա զարմացավ, թե մի այդպիսի անկարող և չնչին միջատ (դա նրա արտահայտությունն էր) որպիսին ես եմ, ինչպե՞ս կարող եմ այդչափ տմարդի գաղափարներ ունենալ և այնքա՜ն ընտելանալ դրանց, որ անտարբեր լինեմ արյան ու ավերի տեսարաններին, որ ես նկարագրեցի, իբրև մի սովորական հետևանք այդ կործանարար մեքենաների, որոնց առաջին գյուտարարը, նրա ասելով, պետք է որ չար հանճար լինի և թշնամի ամբողջ մարդկության։ Նա հայտնեց, որ ոչ մի բան այնքան բավականություն չի պատճառել իրեն, որքան արվեստի ու բնության բնագավառում արած նոր գյուտերը, ու չնայած դրան, նա ուրախությամբ կկորցնի իր թագավորության կեսը, քան կմասնակցի այդ գաղտնիքներին, ուստի առաջարկեց ինձ, եթե թանկ է իմ կյանքը, այլևս երբեք չհիշեմ այդ մասին։
:   Նեղ սկզբունքների և սահմանափակ աշխարհայեցողության մի տարօրինա՜կ արգասիք։ Մի թագավոր, որ օժտված է բոլոր հատկություններով, որպեսզի հարգեն, սիրեն ու մեծարեն իրեն, խոշոր ընդունակությունների, մեծ իմաստության, խոր գիտության և վարչական զարմանալի տաղանդի տեր մի մարդ, իր հպատակների կողմից համարյա երկրպագության առարկա, և չնայած այդ ամենին, շնորհիվ մի անհարկի բծախնդիր խղճահարության, որից մենք Եվրոպայում ոչ մի գաղափար չունենք, իր ձեռքից բաց թողեց մի պատեհություն, որ նրան կդարձներ իր ժողովրդի կյանքի, ազատության ու բախտի լիակատար տերն ու տիրականը։ Այս ասելով ես ամենևին մտադրություն չունեմ վատաբանելու այդ վսեամափայլ թագավորի բազմաթիվ առաքինությունները և զգում եմ, որ այս տեղեկություններից հետո անգլիացի ընթերցողն ստոր կարծիք պիտի կազմի նրա մասին․ սակայն այդ պակասությունները ես համարում եմ նրանց տգիտության արդյունքը, որովհետև նրանք մինչև այժմ քաղաքականությունը չեն վերածել գիտության, ինչպես այդ արել են Եվրոպայում ավելի սուր մտքի տեր մարդիկ։ Հիշում եմ շատ լավ, որ մի օր, թագավորի հետ ունեցած զրույցների ժամանակ, երբ ես պատմեցի, թե մեր մեջ մի քանի հազար գրքեր են գրված կառավարելու արվեստի վերաբերյալ, առիթ տվի նրան (կատարելապես հակառակ իմ մտադրության), որ նա մեր հասկացողության մասին շատ ստոր կարծիք կազմի։ Նա հայտնեց, որ զզվելով ատում է ամեն մի գաղտնիք, փափկանկատություն և բանսարկություն, որոնցով շրջապատված է թագավորը կամ մինիստրը։ Նա չկարողացավ հասկանալ, թե ինչ ասել է պետական գաղտնիք, եթե այդ չի վերաբերում մի որևէ թշնամի կամ ախոյան ազգության։ Կառավարելու ամբողջ վարպետությունը նա սահմանափակում է շատ նեղ շրջանակների մեջ, որից պահանջվում է առողջ միտք և դատողություն, արդարություն և գութ, քաղաքական և քրեական գործերի շտապ որոշում և մի քանի հայտնի հատկություններ, որոնց վրա չարժե կանգ առնել։ Եվ նրա կարծիքով ով որ միևնույն հողամասի վրա կարող է այնպես անել, որ բուսնի ցորենի երկու հասկ, կամ խոտի երկու ցողուն, փոխանակ նախկին մեկի, նա մարդկությանն՝ ավելի մեծ լավություն կանի և իր երկրին ավելի էական ծառայություն կմատուցի, քան թե բոլոր քաղաքագետները միասին վերցրած։
:   Այդ ժողովրդի ուսումը շատ պակասավոր է, նա բաղկացած է միայն բարոյականությունից, պատմությունից, պոեզիայից և մաթեմատիկայից, որոնց բնագավառում, պետք է այդ ընդունել, նրանք շատ գերազանց են։ Դրանից վերջինը՝ մաթեմատիկան, նրանք ամբողջովին կիրառում են գործնական կյանքում, հողագործության բարելավման համար և մեքենայական արհեստների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է այնպիսի հասկացողությունների, ինչպես օրինակ՝ գաղափար, էություն, վերացականություն և գերզգայնություն, ես չկարողացա մի չնչին մտապատկեր անգամ մտցնել նրանց գլուխը։
:   Ոչ մի օրենք նրանց երկրի մեջ չպիտի ունենա ավելի խոսք, քան նրանց այբուբենի տառերի թիվն է, իսկ նրանց այբուբենը բաղկացած է միայն քսաներկու տառից։ Այդ երկարությանը նույնիսկ քիչ օրենքներ են հասնում։ Օրենքները գրված են շատ պարզ և սովորական դարձվածքներով, և դրանց մեջ մի քանի իմաստ գտնելու համար այդ մարդիկ այդքան խորամանկ չեն։ Որևէ օրենքի համար լուսաբանություն գրել նրանք համարում են ոճիր։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքական դատավճիռներ կայացնելուն կամ ոճրագործների դեմ դատ վարելուն՝ նրանք այնքան քիչ փորձ ունեն, որ իրենց արտակարգ հմտության համար պարծենալ առանձնապես չեն կարող։
:   Տպագրական արվեստ նրանք ունեն, ինչպես և չինացիները շատ հին ժամանակից սկսած։ Սակայն նրանց գրադարանները շատ էլ ընդաձակ չեն, այսպես, օրինակ՝ թագավորական գրադարանը, որ համարվում է ամենամեծը, հազար գրքից ավելի չունի և տեղավորված է հազար երկու հարյուր ոտնաչափ երկարություն ունեցող մի սրահում, որտեղից ես իրավունք ունեի վերցնելու ուզածս գիրքը։ Թագուհու հյուսնը Գլյումդալկլիչի սենյակներից մեկում հորինել էր քսանհինգ ոտնաչափ երկարություն ունեցող մի տեսակ փայտե մեքենա, որ նման էր կանգուն սանդուղքի․ աստիճաններից ամեն մեկի բարձրությունը հիսուն ոտնաչափ էր։ Սանդուղքը բաղկացած էր երկու շարժական թևից, որոնց ստորին մասերը գտնվում էին սենյակի պատից տասը ոտնաչափ հեռավորության վրա։ Իմ ուզած գիրքը կարդալու համար այն թեք կերպով դրվում էր պատի դիմաց։ Նախ և առաջ ես բարձրանում էի սանդուղքի վերին աստիճանը և երեսս դեպի պատը դարձնելով, սկսում էի կարդալ գրքի երեսի ամենաբարձր ծայրից՝ ութից տասը քայլ դեպի աջ և դեպի ձախ քայլելով, նայած տողի երկարությանը, մինչև որ հասնում էի իմ աչքի տեսողության սսահմանից ավելի ցածր գտնվող տողին․ այն ժամանակ ես աստիճանաբար իջնում էի ցած՝ մինչև երեսի վերջը․ այնուհետև կրկին բարձրանում էի վեր և նույն ձևով սկսում մյուս երեսը․ գրքի թերթերը շուռ էի տալիս երկու ձեռքով և բավական հեշտ, որովհետև նրանք խավաքարտի պես կարծր և հաստ էին, իսկ ամենամեծ ծավալ ունեցող թերթը տասնութից մինչև քսան ոտնաչափ երկարություն ուներ։
:   Նրանց ոճը հստակ, առնական ու հղկված, սակայն ոչ գեղազարդ, որովհետև նրանք խույս են տալիս անհարկավոր բառերի խճողումից և բազմաձև դարձվածքների գործադրությունից։ Ես նրանց գրքերից շատերը կարդացի, մանավանդ պատմական և բարոյական բովանդակություն ունեցողները։ Ի միջի այլոց ինձ մեծ բավականություն պատճառեց մի փոքրիկ , հին շարադրություն, որ միշտ կարելի էր գտնել Գլյումդակլիչի ննջարանում և պատկանում էր նրա վարժուհուն, ծանրաբարո և տարիքավոր մի տիկնոջ, որը շատ էր սիրում կարդալ բարոյականության և պաշտամունքի վերաբերյալ գրքեր։ Գրքի նյութը կազմում էր մարդկային ցեղի թուլությունը․ բացի կանանցից և ռամիկ ժողովրդից, այդ գիրքը շատ քչերն էին գնահատում։ Սակայն ես շատ հետաքրքրվում էի իմանալու, թե տեղացի հեղինակն ինչ կարող է ասել նմանօրինակ նյութի մասին։ Ու տեսա, որ այդ հեղինակը կրկնում է եվրոպական բարոյագետների սովորական խոսքերը, ցույց տալով, թե որքան չնչին, արհամարելի և անօգնական կենդանի է մարդ արարածը՝ իր ամբողջ էությամբ․ թե ո՜ր աստիճանի անկար է նա՝ պաշտպանելու իրեն օդի խստության ու վայրի գազանների կատաղության հանդեպ․ թե ինչպե՜ս կենդանիներից մեկը գերազանցում է նրան իր ուժով, մյուսը՝ իր արագությամբ, երրորդը՝ իր կանախատեսությամբ և չորրորդը իր ջանասիրությմաբ։ Նա ապացուցում է, որ աշխարհի այս վերջին անկման շրջանում բնությունն այլասերվում է և կարող է այժմ միայն արտադրել միայն չնչին վիժվածքներ՝ համեմատած այն մարդկանց հետ, որոնք ծնվում էին հին ժամանակները։ Նրա ասելով հիմք կա կարծելու, որ մարդկային ցեղի նախատիպը ոչ թե եղել է միայն ավելի խոշոր, այլև այն, որ հին ժամանակներում եղել են հսկաներ, որոնք ինչպես վկայում են պատմությունն ու ավանդուցյունը և թագավորական զանազան մասերում եղած պատահական պեղումները, ունեցել են վիթխարի ոսկորներ ու գանգեր, և որ այդ նախահայրերն իրենց մեծությամբ զգալի կերպով գերազանցում են մեր օրերի մանրացած մարդկանց։ Նա հաստատում է, որ բնության օրենքներն իսկ բացարձակ կերպով պահանջում են, որ մենք սկզբնական շրջանում ստեղծված լինենք ավելի խոշոր ու կորովի, ամեն մի չնչին դիպվածից կործանման չենթարկվող, ինչպես օրինակ՝ տանիքից ընկնող կղմինդրից, տղայի ձեռքով նետած քարից կամ փոքրիկ գետակի մեջ խեղդվելու հնարավորությունից։ Այդ մտածելակերպից հեղինակը հանում է մի շարք կենսաբանական օգտակարություն ունեցող բարոյական առբերումներ, որ չարժե այստեղ կրկնել։ Իսկ ես ակամայից անդրադարձա այն մտքին, թե որքան տարածված է այդ ընդհանուր սովորությունը՝ կարդալ բարոյականության դասեր և մանավանդ դժգոհություն հայտնել ու տրտնջալ այն պայքարից, որ մենք վարում ենք բնության դեմ։ Ես համոզված եմ, որ նման գանգատները մանրազնին քննությունից հետո, միանգամայն անհիմն պիտի երևան թե՛ մեզանում և թե այս ժողովրդի մեջ։
:   Ինչ վերաբերում է ռազմական գործերին, նրանք պարծենում են, որ թագավորական զորաբանակն ունի հարյուր յոթանասունվեց հազար հետևակ և երեսուներկու հազար ձիավոր, եթե դա կարելի է համարել զորք, որովհետև կազմված է զանազան քաղաքներում ապրող վաճառականներից, իսկ գյուղերում ֆերմերներից, որոնց հրամանատարները բարձր և միջին կարգի ազնվականներ են և ոչ մի վարձատրություն չեն ստանում։ Զինվորական վարժությունների մեջ նրանք շատ հմուտ են և վերին աստիճանի կարգապահ, որ ես չեմ համարում մի առանձին արժանիք․ և ինչպես կարող էր ուրիշ կերպ լինել այնտեղ, ուր ամեն մի ֆերմեր գտնվում է իր կալվածատիրոջ հրամանի տակ և ամեն մի քաղաքացի ենթարկվում է իր քաղաքի երևելի անձին, և ուր այդ հրամանատարները, ինչպես Վենետիկում, ընտրվում են քվեարկությամբ։
:   Ես հաճախ տեսնում էի երկրապահ զորքը, որ վարժություններ էր անում քաղաքի մոտ գտնվող քսան քառակուսի մղոն տարածություն ունեցող դաշտի վրա։ Նրանք ընդամենը քսանհինգ հազար հետևակ էին և վեց հազար ձիավոր, սակայն նրանց թիվն անկարելի էր հաշվել, որովհետև փռված էին ահագին տարածության վրա։ Վիթխարի նժույգն ու վրան նստած ձիավորը միասին հարյուր ոտնաչափ բարձրություն ունեին։ Ես տեսա, թե ինչպես այդ հեծելազորը մի հրամանով թրերը հանեց ու ճոճեց օդի մեջ։ Անկարելի է երևակայել դրանից ավելի ահեղ, զարմանալի և անակնկալ տեսարան։ Կարծես թե ամեն կողմից երկրակամարի տակ միանգամից շեշտակի կերպով փայլատակեց տասը հազար կայծակ։
:   Ինձ համար հետաքրքիր էր իմանալ, թե այդ արքան, որի տերության սահմանները չեն շփվում այլ երկրի հետ, ինչպե՞ս եղավ որ մտածեց զորք հավաքել ու իր ժողովրդին զինվորական կարգապահության վարժեցնել։ Եվ զրույցներից և նրանց պատմությունը կարդալուց ահա թե ինչ իմացա։ Նրանք ևս դարեր շարունակ տուժել են այն ախտից, որին ենթակա է եղել ամբողջ մարդկությունը․ ազնվականությունը պայքարել է իշխանության համար, ժողովուրդը՝ ազատության, իսկ թագավորը՝ գերիշխանության։ Ամենքն էլ, չնայած թագավորական օրենքների մեղմարար ազդեցության, երբեմն֊երբեմն բռնություն են գործադրել մեկը մյուսի վրա, ու հաճախ տեղի են ունեցել քաղաքացիական պատերազմներ, որոնցից վերջինը բարեբախտաբար դադարել է ներկա արքայի պապի օրով, և բոլոր պարտիաներին փոխադարձ զիջումների բերել, այնուհետև ամենքի համաձայնությամբ կազմվել է երկրային զորքը՝ ընդմիշտ խաղաղություն պահպանելու համար։
Վստահելի
593
edits