Changes
/* Քառասունհինգերորդ գլուխ */
― Բոլթեր, ― ասաց Ֆեգինը՝ աթոռը մոտեցնելով և նստելով Մորրիս Բոլթերի դիմաց։
― Ես այստեղ եմ, ― պատասխանեց Նոան։ ― Ի՞նչ է պատահել։ Ինձնից ոչինչ չպահանջես, մինչև ուտելը չպրծնեմ։ Ի միջի այլոց, սա աչք ծակող թերություն է այս վայրում։ Մարդ երերբեք ժամանակ չի գտնում ժաշելու համար։ ― Մի՞թե չես կարող և՝ ուտել, և՛ խոսել միաժամանակ, ― ասաց Ֆեգինը, իր սիրելի փոքրիկ բարեկամի որկրամոլությունը ամբողջ սրտով անիծելով։ ― Այդ մեկը կարող եմ։ Խոսելով գործը ավելի լավ է ընթանում, ― ասաց Նոան, հացի մի ահագին շերտ կտրելով։ ― Շառլոթն ո՞ւր է։ ― Տանը չէ, ― ասաց Ֆեգինը։ ― Մյուս երիտասարդ կնոջ հետ նրան դուրս եմ ուղարկել այս առավոտ, որովհետև հարկավոր էր առանձին լինել քեզ հետ։ ― Օ՜հ, ― ասսաց Նոան։ ― Երանի թե նախքան ուղարկելդ կարգադրեիր, որ կարագով կարմրացրած հաց պատրաստեր ինձ համար։ Համենայն դեպս, խոսի՛ր։ Ինձ չես խանգարի։ Արդարև, այնպես էր երևում, թե որևէ բան չէր կարող խանգարել նրան, քանի որ նա ակնհայտորեն նստել էր մեծ գործ կատարելու որոշումով։ ― Քո երեկվա աշխատանքը լավ էր սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը։ Հիանալի էր։ Հենց առաջին օրը վեց շիլլինգ և ինն ու կես պենս։ Ճտերի թալանումով մեծ հարստություն ես դիզելու։ ― Մի մոռանար դրան ավելացնել նաև երեք թասերը և մեկ կաթնամանը, ― ասաց միստր Բոլթերը։ ― Ո՛չ, ո՛չ, սիրելիս։ Ինչ վերաբերում է թասերին, դա հանճարեղ մտքի արդյունք էր, իսկ կաթնամանը՝ կատարյալ գլուխգործոց։ ― Կարծում եմ՝ բավականին գոհացուցիչ էր մի սկսնակի համար, ― նկատեց միստր Բոլթերը ինքնագոհությամբ։ ― Թասերը ես վերցրի մի ցանկապատի վրայից, իսկ կանթնամանը դրված էր գինետան մուտքի առաջ։ Մտածեցի, որ գուցե անձրևից կժանգոտվեր կամ մրսելով կհիվանդանար։ Հա՛, հա՛, հա՛։ Ֆեգինը այնպես ձևացրեց իբրև թե սրտանց ծիծաղում է, իսկ միստր Բոլթերը, կուշտ ծիծաղելուց հետո, մի քանի խոշոր պատառներ խժռեց ու կարագով հացի առաջին կտորը վերջացնելով՝ անցավ երկրորդին։ ― Բո՛լթեր, ― ասաց Ֆեգինը սեղանի վրա թեքվելով, ― ուզում եմ մի հանձնարարություն անել քեզ, որը պահանջում է մեծ զգուշություն և շրջահայացություն։ ― Լսի՛ր, ― վրա բերեց Բոլթերը, ― երևի նորից վտանգի ես մղում ինձ․ կամ ուզում ես նորից ուղարկել ձեր այդ անիծված ոստիկանատները։ Դա բոլորովին համապատսխան գործ չէ ինձ համար, բոլորովի՛ն։ Ես այդ պարզ ասում եմ։ ― Այս գործում ոչ մի վտանգ չկա, նվազագույն վտանգ անգամ, ― ասաց Հրեան, ― հարկավոր է միայն դարանել մի ինչ֊որ կնոջ։ ― Պառա՞վ կնոջ, ― հարցրեց միստր Բոլթերը։ ― Երիտասարդ կնոջ, ― պատասխանեց Հրեան։ ― Ես այդ գործը կարող եմ հրաշալի կատարել, ― ասաց Բոլթերը։ ― Ժամանակին, դպրոցում, ես մի ճարպիկ, խորամանկ մատնիչ էի։ Ի՞նչ բանի համար եմ դարանելու նրան։ Անշուշտ ո՞չ․․․ ― Ոչինչ չես անելու, դու միայն ինձ հայտնելու ես, թե այդ կինը ո՛ւր է գնում, ո՛ւմ հետ է տեսակցում և, եթե հնարավոր է իմանալ, ի՛նչ է ասում։ Դու հիշելու ես փողոցը, եթե դա փողոց է, կամ տունը, եթե դա տուն է, և ինձ բերելու ես որքան հնարավոր է, շատ տեղեկություն։ ― Իսկ ի՞նչ է լինելու իմ վարձատրությունը, ― հարցրեց Նոան՝ թեյի բաժակը դնելով սեղանին և հետաքրքրությամբ տիրոջ դեմքին նայելով։ ― Եթե աշխատանքը լավ կատարես, մեկ ֆունտ, ― ասաց Ֆեգինը, ցանկանալով որքան կարելի է մեծ հետաքրքրություն արթնացնել նրա մեջ գործի նկատմամբ։ ― Ւսկ այսպիսի գումար ես դեռ ոչ մի գործի կամ ձեռնարկի համար տված չկամ, եթե այդ գործը կամ ձեռնարկը խիստ շահաբեր չի եղել։ ― Ո՞վ է այդ կինը, ― հարցրեց Նոան։ ― Մեզնից մեկը։ ― Օ՜հ, աստվա՜ծ իմ, ― գոչեց Նոան քիթը կնճռոտելով։ ― Կասկածում ես նրա վրա, հա՞։ ― Նա գտել է ինչ֊որ նոր բարեկամներ, սիրելի՛ս, և ես պետք է իմանամ, թե ովքեր են, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Հասկանում եմ, ― ասաց Նոան։ ― Պարզապես ուզում ես իմանալ, թե արդո՞ք նրանք հարգարժան մարդիկ են, հա՛, հա՛, հա՛, ես իսկ և իսկ քո ուզած մարդն եմ։ ― Ես գիտեի, որ այդպես է, ― գոչեց Ֆեգինը, ձեռնարկած գործի հաջողությունից ուրախացած։ ― Անշուշտ, անշուշտ, ― պատասխանեց Նոան։ ― Այդ կինը որտե՞ղ է։ Որտե՞ղ եմ սպասելու նրան։ Ո՞ւր եմ գնալու։ ― Այդ բոլորը, սիրելիս, ես քեզ կասեմ։ Երբ ժամանակը գա ես քեզ ցույց կտամ նրան, ― ասաց Ֆեգինը։ Դու միշտ պատրաստ վիճակում սպասիր, մնացածը ինձ թող։ Այդ և հաջորդ գիշերը և դարձյալ երրորդ գիշերը լրտեսը, իր սայլապանի տարազը հագած և կազմ ու պատրաստ նստած, Ֆեգինի հրամանին էր սպասում։ Վեց գիշերներ անցան, վեց երկար, ձանձրալի գիշերներ և ամեն անգամ Ֆեգինը հիասթափված վերադառնում էր տուն ու մի քանի խոսքով հայտնում էր, որ դեռ ժամանակը չի եկել։ Սակայն յոթերորդ օրը նա վերադարձավ մյուս օրերից ավելի շուտ և այնպիսի բարձր տրամադրությամբ, որ թաքցնել չէր կարող։ Կիրակի էր։ ― Այս գիշեր նա գնում է, ― ասաց Ֆեգինը, և վստահաբար հենց այն գործով, որ ենթադրում եմ։ Նա ամբողջ օրը մենակ է եղել, և այն մարդը, որից վախենում է, հազիվ թե լուսաբացից առաջ վերադառնա։ Եկ ինձ հետ։ Շտապի՛ր։ Նոան առանց մի բառ ասելու վեր թռավ տեղից, քանի որ Հրեայի սաստիկ հուզումը նրան ևս վարակել էր, և նրանք գաղտագողի դուրս եկան տանից։ Շտապ անցնելով լաբիրինթոսանման փողոցներով, նրանք վերջապես հասան մի գինետուն, որը, ինչպես Նոան նկատեց, այն միևնույն գինետունն էր, որ գիշերել էր Լոնդոն եկած առաջին օրը։ Ժամը տասնմեկն անց էր, և դուռը՝ փակ։ Ֆեգինի ցածրաձայն սուլոցի վրա դուռը կամացուկ բացվեց։ Երբ նրանք անշշուկ ներս մտան, դուռը նորից փակվեց նրանց հետևից։ Վախենալով նույնիսկ շշուկներով խոսել, Ֆեգինը և նրանց ներս ընդունող երիտասարդ հրեան մատնացույց արեցին գաղտնի լուսանցույցը և զանազան շարժումներով հասկացրին Նոային նայել հարևան սենյակում գտնվող անձնավորությանը։ ― Ա՞յդ է այն կինը, ― հարցրեց Նոան հազիվ լսելի շշուկով։ Ֆեգինը գլխով դրական պատասխան տվեց։― Դեմքը չեմ կարող լավ տեսնել, ― շշնջաց Նոան։ ― Գլուխը հակած է սեղանին, իսկ մոմը հետևում է գտնվում։ ― Սպասի՛ր այնտեղ, ― շշնջաց Ֆեգինը և Բարնին գլխով արավ։ Վերջինս անհետացավ։ Մի րոպե անց տղան մտավ հարևան սենյակը և, մոմի պատրույգը մաքրելու պատրվակով մի քիչ առաջ քաշեց, խոսեց աղջկա հետ ու այնպես արեց, որ աղջիկը վեր նայեց։ ― Այժմ տեսնում եմ նրան, ― շշնջաց լրտեսը։ ― Որոշակի։ ― Հազարավորների մեջ կարող եմ ճանաչել նրան։ Երբ աղջիկը ուղղվեց դեպի դուռը, նա արագորեն իջավ ցած։ Ֆեգինը նրան խցկեց վարագույրով անջատված ինչ֊որ միջանցք, որտեղ իրենց շունչը պահած սպասեցին մինչև նա դուրս եկավ այն դռնից, որտեղից նրանք մուտք էին գործել։ ― Հե՜յ, ― գոչեց տղան, որ դուռն էր պահում։ ― Ժաբադա՛կդ է։ Նոան Ֆեգինի հետ մի ակնարկ փոխանակեց և դուրս թռավ թաքստոցից։ ― Դեպի ձախ, ― շշնջաց տղան, ― ձախ թեքվիր և ընթացիր փողոցի հադդիպակաց կողբով։ Նա այդպես էլ արեց և լապտերների լույսի տակ տեսավ աղջկա հեռացող կերպարանքը։ Նա մոտեցավ աղջկան այնքան, որքան թույլ կտար խոհեմությունը և բռնեց փողոցի հանդիպակաց կողմը՝ նրա շարժումները ավելի լավ դիտելու համար։ Աղջիկը մի քանի անգամ անհանգստությամբ շուրջը նայեց, մեկ անգամ նույնիսկ կանգ առավ, որ իր հետևից եկող անցորդները իրենից առաջ անցնեն, բայց հետզհետե վստահություն ձեռք բերեց, քայլվածքը դարձավ համեմատաբար ավելի հաստատ ու վճռական։ Լրտեսը պահպանեց նույն հարաբերական տարածությունը իրենց միջև և հետևեց աղջկան, աչքը բոլորովին չհեռացնելով նրանից։ ==Քառասունվեցերորդ գլուխ== Տեսակցությունը տեղի է ունենում Եկեղեցիների զանգակները հնչեցրին ժամը տասնմեկն անց քառասունհինգ րոպե, երբ Լոնդոնի կամրջի վրա հայտնվեցին երկու կերպարանք։ Մեկը, որ ճկուն ու արագ քայլերով ընթանում էր առջևից, մի կանացի կերպարանք էր, և նա մտահոգությամբ շուրջն էր նայում, ասես սպասելով կամ որոնելով ինչ֊որ մեկին․ երկրորդը կերպարանքն էր մի տղամարդու, որը թաքնվելով ամենաթանձր ստվերների մեջ, որոշ հեռավորությունից հետևում էր կնոջը, կանգ առնելով, երբ նա կանգ էր առնում, և գաղտագողի քարշ գալով, երբ նա առաջ էր շարժվում, բայց իրեն երբեք թույլ չտալով պետք եղածից ավելի մոտենալ։ Այսպես նրանք անցան կամուրջը Միդլսեքսից դեպի Սերրեյի ափը։ Այստեղ կինը հետիոտն անցորդների դեմքերը վրդովմունքով զննելուվ հետո, ըստ երևույթին հուսախաբ, շուռ եկավ։ Շարժումը հանկարծակի էր, բայց լրտեսը իրեն չկորցրեց․ նա կծկվեց կամուրջը եզերող որմնախորշերից մեկի մեջ և դեմքը ավելի լավ թաքցնելու համար թեքվեց փայտորմին ու սպասեց, որ նա հեռանա։ Երբ աղջիկը հասավ հանդիպակաց մայթը և այնքան առաջացավ, որ գտնվեց նախկին հեռավորության վրա, նա կամաց դուրս սահեց իր թաքստոցից և դարձյալ հետևեց նրան։ Կամրջի համարյա կենտրոնում կինը կանգ առավ։ Կանգ առավ նաև տղամարդը։ Շատ խավար գիշեր էր։ Ցերեկը եղանակը աննպաստ լինելու պատճառով այդ ժամին և այդ վայրում քիչ մարդիկ էին երթևեկում։ Այդ քչերն էլ արագ անցնում գնում էին, շատ հավանաբար չտեսնելով ո՛չ կնոջ և ո՛չ էլ այն տղամարդուն, որն ուշադիր հետևում էր նրան։ Այդ կերպարանքները որևէ մեկի ուշադրությունը չգրավեցին, և Լոնդոնի աղքատ բնակիչներից նրանք, ովքեր կամրջի վրայով պատահաբար անցնում էին այդ ժամանակ, որոնելով որևէ ցուրտ որմնախորշ, կամ անդուռ սայլատուն, ուր կարելի լիներ գիշերել, բոլորովին չնկատեցին նրանց։ Հետևաբար երկուսն էլ լուռ կանգ առան։ Գետի վրա կախվել էր մառախուղը և խորացնում էր կարմիր փայլը այն կրակների, որ վառվում էին զանազան նավամատույցներում խարսխած փոքր նավերի վրա, առափնյա գորշ շենքերը դարձնում ավելի սև ու անորոշ։ Գետի երկու կողմը եզերող ծխապատ ու մռայլ շտեմարանները զատորոշվում էին խռնված տանիքների ու որմնածայրերի զանգվածից և խոժոռ նայում այն թանաքանման ջրի մեջ, որ նույնիսկ նրանց խարխուլ կերպարանքը չէր կարողանում արտացոլել։ Հինավուրց Ս․ Փրկիչ եկեղեցու աշտարակի և Ս․ Մագնուսի սրածայր զանգակատան ուրվագծերը նշմարվում էին մթության մեջ, բայց անթիվ փոխադրանավերի կայմերը ներքևում ու բազմաթիվ եկեղեցիների սրածայր զանգակատները վերևում վարագուրված էին մշուշով և համարյա բոլորն էլ անտեսանելի էին։ Աղջիկը մի քանի անհանգիստ պտույտներ էր կատարել ետ ու առաջ (մինչդեռ ամբողջ ժամանակ թաքնված դիտողը շատ ուշադիր դարանել էր նրան), երբ Ս․ Պողոսի խորահունչ զանգակը ազդարարեց մի օրվա մահ ևս։ Կեսգիշերը իջել էր բազմաբնակ քաղաքի վրա։ Իջել էր ծնունդի և մահվան, առողջության և հիվանդության առանձնասենյակների վրա, դիակի անկենդան դեմքի և մանկան անվրդով քնի վրա։ Կեսգիշերը իջել էր բոլորի, բոլորի վրա։ Ժամը տասներկուսից երկու րոպե չէր անցել, երբ մի դեռատի լեդի, որին ընկերակցում էր ալեխառն մազերով մի ջենթլմեն, կամրջից քիչ այն կողմ ցած իջան ինչ֊որ կառքից և, այն ազատ արձակելով, ուղղվեցին դեպի կամուրջը։ Հազիվ էին կամրջի մայթը բարձրացել, երբ աղջիկը ցնցվեց և անմիջապես շտապեց նրանց ընդառաջ։ Նրանք քայլում էին շուրջը նայելով, բայց ասես շատ քիչ հուսալով, թե իրենց ցանկությունը կիրագործվի, երբ հանկարծ աղջիկը միացավ նրանց։ Երկուսն էլ արագ կանգ առան զարմանքի բացականչությամբ, բայց իսկույն զսպեցին իրենց, քանի որ ճիշտ այդ միջոցին գավառացու տարազով մի տղամարդ շատ մոտիկ եկավ և համարյա թե բախվեց նրանց։ ― Ոչ այստեղ, ― շտապով ասաց Նենսին։ ― Այստեղ վախենում եմ խոսել ձեզ հետ։ Եկե՛ք կենտրոնական պողոտայից հեռու, այդ աստիճաններով իջնենք ցած։ Երբ այս բառերը ասաց և ձեռքով մատնացույց արեց այն ուղղությունը, ուր ցանկանում էր առաջնորդել նրանց, գավառացին շուրջը նայեց և կոպտորեն հարցնելով, թե ինչու են ամբողջ մայթը գրավել հեռացավ։ Աստիճանները, որոնք աղջիկը մատնացույց էր արել, Սերրեյի ափին էին և կամրջի հենց այն կողմը, ուր Ս․ Փրկիչ եկեղեցին էր գտնվում։ Գյուղացու կերպարանքով մարդը շտապ ու աննկատ դիմեց դեպի այն վայրը և, մի րոպե շուրջը զննելուց հետո, սկսեց իջնել ցած։ Այս աստիճանները կամրջի մի մասն են կազմում և բաղկացած են երեք հարթակներից։ Ճիշտ երկրորդ հարթակի վերջում, վայր իջնելիս, քարե պատը ավարտվում էր դեպի Թեմզան նայող քառանկյունի զարդարուն մի սյունով։ Այս կետի վրա ներքևի աստիճանները լայնանում են, այնպես որ որևէ մեկը պատի այդ անկյունից թեքվելով բնականաբար չէր նկատվի աստիճանների վրա գտնվողներից, անգամ եթե նրանք կանգնած լինեն մի սանդղամատ վերև։ Գավառացին այստեղ հասնելուց հետո հապճեպ շուրջը նայեց և տեսնելով, որ ավելի հարմար թաքնվելու տեղ չկար, մանավանդ, որ ջրի տեղատվության պատճառով էլ բավական մեծ էր ազատ տարածությունը, անցավ այն կողմ և, մեջքը տալով սյանը, սպասեց։ Նա համարյա վստահ էր, որ նրանք ավելի ցած չէին իջնի, և նույնիսկ եթե չկարողանար նրանց խոսակցությունը լսել, համենայն դեպս կարող էր ապահով կերպով դարձյալ հետևել նրանց։ Ժամանակը այնքան դանդաղ էր անցնում այս ամայի վայրում, և լրտեսը այնքան անհամբեր էր թափանցելու այս տեսակցության շարժառիթների խորքը, տեսակցություն, որի բնույթը այնքան տարբեր դուրս եկավ, որ նա սկսեց մտածել, թե նրանք երևի շատ ավելի վերևում էին կանգ առել և կամ իրենց խորհրդավոր զրույցի համար ապաստանել էին բոլորովին տարբեր մի վայրում։ Այս մտքերից թելադրված, նա արդեն պատրաստվում էր դուրս գալ իր թաքստոցից և նորից վեր բարձրանալ, որից անմիջապես հետո՝ խոսակցության ձայներ իր ականջին շատ մոտիկ։ Նա ձգվելով պինդ կպավ պատին և շունչը պահելով ուշադիր ականջ դրեց։ ― Բավական է, ― լսվեց մի ձայն, որը ակնհայտորեն ջենթլմենինն էր։ ― Էլ թույլ չեմ տա, որ դեռատի լեդին ավելի ցած իջնի։ Շատերը, վրազ կասկածելով, նույնիսկ այսքան տեղ գալ չէին համաձայնվի, բայց ինչպես տեսնում ես, ես կամենում եմ կատարել քո քմահաճույքները։ ― Իմ քմահաճույքնե՜րը, ― բացականչեց աղջիկը։ ― Արդարև շատ փափկանկատն եք, սը՛ր, շատ փափկանկատ։ Կատարել իմ քմահաճույքնե՜րը։ Լավ, լավ, ոչի՛նչ։ ― Ուրեմն ինչո՞ւ, ի՞նչ պատճառով, ― ասաց ջենթլմենը ավելի մեղմ տոնով, ― ի՞նչ նպատակի համար կարող ես մեզ այստեղ բերած լինել։ Փոխանակ մեզ այս մութ և սարսափելի որջը բերելու, ինչո՞ւ չթողեցիր, որ քեզ հետ խոսեինք վերևում, ուր լուսավոր է և որոշ չափով կենդանություն կա։ ― Ձեզ նախօրոք էլ ասացի, ― պատասխանեց Նենսին, ― որ այդտեղ վախենում էի խոսել։ Չգիտեմ ինչու, ― ասաց աղջիկը սարսռալով, ― բայց այնպիսի ահ ու սարսափ է համակել ինձ այս գիշեր, որ տանել չեմ կարող։ ― Ինչի՞ց ես սարսափում, ― հարցրեց ջենթլմենը, կարծես խղճալով նրան։ ― Ինքս էլ չգիտեմ, ― պատասխանեց աղջիկը։ ― Երանի թե իմանայի։ Ամբողջ օրը ինձ պաշարել են զարհուրելի մտքեր մահվան և արնաներկ պատանքների մասին, և ես զգացել եմ այնպիսի սարսափ, որից ամբողջ մարմինս այրվել է, ասես կրակի մեջ եմ կանգնած եղել։ Ժամանակը անցկացնելու համար մի գիրք էի կարդում այս գիշեր, և ճիշտ նույն բաները երևացին տողերի արանքում։ ― Երևակայություն է, ― ասաց ջենթլմենը՝ հանդարտեցնելով նրան։ ― Ո՛չ, երևակայություն չէ, ― պատասխանեց աղջիկը խռպոտ ձայնով։ ― Երդվում եմ, որ «դագաղ» բառը հսկա, սև տառերով գրված տեսա ամեն մի էջում․ ավելին, փողոցով քայլելիս հենց իմ կողքով մի դագաղ տարան։ ― Այդտեղ արտասովոր ոչինչ չկա, ― ասաց ջենթլմենը։ ― Իմ կողքով հաճախ են դագաղներ անցել։ ― Իրական դագաղներ, ― վրա բերեց աղջիկը։ ― Այդ ոչի՜նչ։ Այս մեկը իրական չէր։ Նրա վարմունքի մեջ կար այնպիսի արտասովոր բան, որ թաքնված ունկնդրողի մարմինը փշաքաղվեց, և արյունը սառեց երակներում աղջկա արտասանած այս բառերից։ Կյանքում երբեք չէր զգացել այնպիսի թեթևություն, ինչպիսին նա զգաց, երբ լսեց դեռատի լեդիի քաղցրահունչ ձայնը, որ թախանձալից խնդրում էր նրան հանդարտվել և զոհ չգնալ նման սարսափազդու երևակայությունների։ ― Նրա հետ քնքշությամբ խոսեք, ― ասաց դեռատի լեդին իր ուղեկցին։ ― Խե՜ղճ աղջիկ։ Երևում է, շատ է կարոտ քնքշանքի։ ― Ձեր գոռոզ հավատացյալները ինձ այս վիճակում տեսնելով իրենց գլուխը բարձր կպահեին և կքարոզեին դժոխքի բոցերի ու վրեժխնդրության մասին, ― արտասվեց աղջիկը։ ― Օ՜հ, սիրելի լեդի, արդյոք ինչո՞ւ նրանք, ովքեր հավակնություն ունեն աստծո հարազատ զավակները լինելու, մեզ պես խեղճ թշվառների հետ չեն վերաբերվում այնպես մեղմ ու քնքուշ, ինչպես դուք եք վերաբերվում։ Դուք, որ լինելով այդքան բարի ու այդքան գեղեցիկ և ունենալով այն բոլորը, որ մենք կորցրել ենք, կարող էիր շատ հպարտ լինել, փոխանակ այդքան խոնարհ լինելու։ ― Ա՜հ, ― ասաց ջենթլմենը։ ― Թուրքը իր երեսը լավ լվանալուց հետո, աղոթելու ժամանակ, դեմքով շրջվում է դեպի արևելք։ Այս բարի մարդիկ, իրենց դեմքից անհետացնելով ժպիտը, նույնպես անխախտ կերպով դարձնում են այն դեպի երկրի ամենամութ կողմը։ Մահմեդականի և փարիսեցու միջև բաղդատություն անելիս ես նախընտրում եմ առաջինը։ Այս բառերը երևի ուղղվել էին դեռատի լեդիին և գուցե ասվել էին, որպեսզի Նենսին ժամանակ գտնի հանդարտվելու։ ― Անցյալ կիրակի գիշեր այստեղ չէիր, ― շարունակեց նա։ ― Չկարողացա գալ, ― ասաց աղջիկը։ ― Բռնությամբ ինձ պահեցին տանը։ ― Ո՞վ պահեց։ ― Այն մարդը, որի մասին ասել եմ դեռատի լեդիին։ ― Անշուշտ քեզ վրա չեն կասկածել, որ դու հաղորդակցության մեջ ես որևէ մեկի հետ այն հարցի շուրջը, որ այս գիշեր մեզ այստեղ է բերել, ― հարցրեց ծերունի ջենթլմենը։ ― Ոչ, ― պատասխանեց աղջիկը, գլուխը թափահարելով։ ― Ինձ համար հեշտ չէ տանից դուրս գալ մինչև նա չիմանա, թե ես ուր եմ գնում, և ինձ անցայլ անգամ երբեք չէր հաջողվի գնալ լեդիի մոտ, եթե քնաբեր դեղով անզգայության ենթարկած չլինեի նրան։ ― Իսկ նա զարթնե՞լ է քո տուն վերադառնալուց առաջ, ― հարցրեց ջենթլմենը։ ― Ոչ։ Ո՛չ նա, ո՛չ էլ նրանցից որևէ մեկը չի կասկածում ինձ վրա։ ― Շատ լավ, ― ասաց ջենթլմենը։ ― Այժմ լսի՛ր ինձ։ ― Պատրաստ եմ, ― պատասխանեց աղջիկը, երբ նա մի րոպե կանգ առավ։ ― Այս դեռատի լեդին, ― սկսեց ջենթլմենը, ― ինձ և մի քանի որիշ վստահելի բարեկամների հայտնել է այն ամենը, որ դու նրան ասել ես սրանից մոտավորապես տասնհինգ օր առաջ։ Պետք է խոստովանեմ, որ սկզբում երկմտում էի քեզ ամբողջովին վստահելու, բայց այժմ հավատացած եմ, որ կարելի է։ ― Այո, ― ասաց աղջիկը անձկությամբ։ ― Կարելի է։ ― Ուրեմն, նորից եմ կրկնում, քեզ լիովին վստահում եմ։ Եվ որպես ապացույց քո հանդեպ ունեցած իմ հավատքի, այժմ առանց վերապահության կասեմ, որ մենք որոշել ենք այդ գաղտնիքը, ինչպիսին էլ լինի դա, բռնությամբ դուրս կորզել այս Մոնքս կոչված մարդուց։ Բայց եթե, եթե, ― ասաց ջենթլմենը, ― նրան չկարողանանք ձեռք գցել, կամ ձեռք գցելուց հետո նրա վրա չկարողանանք ներգործել մեր ցանկացածի պես, դու պետք է Հրեային մեզ հանձնես։ ― Ֆեգինի՜ն, ― ճչաց աղջիկը ընկրկելով։ ― Այդ մարդուն պետք է մեզ հանձնես, ― ասաց ջենթլմենը։ ― Ես այդ չեմ անի։ Ես այդ երբեք չեմ անի, ― պատասխանեց աղջիկը։ ― Չնայած ճիվաղի մեկն է, իսկ իմ նկատմամբ ճիվաղից էլ ավելի վատ է եղել, այնուամենայնիվ, ես այդ բանը երբեք չեմ անի։ ― Չե՞ս անի, ― ասաց ջենթլմենը, որը կարծես բոլորովին պատրաստ էր այս խոսքի համար։ ― Երբե՛ք, ― պատասխանեց աղջիկը։ ― Իսկ ինչո՞ւ․․․ ― Առաջինը՝ այն պատճառով, որը լեդիին ծանոթ է, և նա ինձ կպաշտպանի, ― հաստատ պատասխանեց աղջիկը։ ― Ես վստահ եմ, որ նա ինձ կպաշտպանի, նա այդ ինձ խոստացել է․ իսկ երկրորդ պատճառն այն է, որ թեև նրա կյանքը եղել է մեղսալից, ապա իմը նույնպես եղել է մեղսալից, և մեզնից շատերը, որոնք նույն հանցավոր ուղիով են ընթացել, հակառակ իրենց հոգու ամբողջ կեղտոտությանը, չեն դավաճանել ինձ, չնայած որևէ ժամանակ կարող էին այդ անել։ ― Այդ դեպքում, ― վրա բերեց ջենթլմենը, կարծես հենց այս պատասխանին էր սպասում, ― Մոնքսին ինձ հանձնիր և նրա հետ վարվելու հարցը թող իմ հայեցուղությանը։ ― Իսկ ի՞նչ կլինի, երբ նա մյուսներին էլ մատնի։ ― Եթե կարողանանք ճշմարտությունը բռնությամբ դուրս կորզել նրանից, ես քեզ խոստանում եմ, որ այդտեղ էլ հարցը կվերջանա։ Օլիվերի կյանքի մեջ երևի կլինեն այնպիսի կետեր, որոնք հանրութայն սեփականություն դարձնելը շատ տհաճ կլիներ, իսկ ճշմարտությունը ի հայտ բերելուց հետո այդ բոլոր մարդկանց մենք բոլորովին ազատ կթողնենք։ ― Իսկ եթե ձախողվե՞ք ձեր ձեռնարկի մեջ, ― առարկեց աղջիկը։ ― Այդ դեպքում, ― շարունակեց ջենթլմենը, ― մենք այն Ֆեգին կոչեցյալին առանց քո համաձայնության դատի չենք հանձնի։ Եթե թվարկեի իմ պատճառները, ես կարծում եմ, որ դու անպայման կհամոզվեիր ու տեղի կտայիր։ ― Լեսին նույնպես խոստանո՞ւմ է, ― հարցրեց աղջիկը։ ― Այո, ― պատասխանեց Ռոզը։ ― Իմ հոգու ամբողջ անկեղծությամբ խոստանում եմ։ ― Իսկ Մոնքսը երբեք չի՞ իմանա, թե դուք որտեղից քաղեցիք այդ տեղեկությունները, ― կարճ դադարից հետո հարցրեց աղջիկը։ ― Երբե՛ք, ― պատասխանեց ջենթլմենը։ ― Այնպես կանենք, որ կասկածի նշույլ անգամ չունենա։ ― Ես եղել եմ ստախոս և իմ ամբողջ կյանքում ապրել եմ ստախոսների մեջ, ― ասաց աղջիկը կարճ լռությունից հետո, ― բայց հավատում եմ ձեր խոսքերին։ Երբ երկուսն էլ հավաստիացրին նրան, որ կարող էր անվերապահորեն հավատ ընծայել իրենց, նա սկսեց շատ ցածրաձայն նկարագրել գինետան դիրքը, որտեղից նրան հետևել էին այս գիշեր։ Դատելով այն բանից, որ նա մերթ ընդ մերթ կանգ էր առնում, այնպես էր երևում, որ ջենթլմենը աղջկա հաղորդած որոշ տեղեկությունները հապճեպով գրի էր առնում։ Երբ նա արդեն մանրամասնորեն պատմել էր, թե որտեղ է գտնվում գինետունը, հայտնել էր այն մասին, թե որտեղից կարելի էր նրան դարանել առանց կասկած հարուցելու, և թե գիշերվա ո՛ր ժամին՝ Մոնքսը սովորաբար այցելում այնտեղ, նա, ասես, մի րոպե խորհրդածեց, աշխատելով ավելի լավ մտաբերել նրա դիմագծերն ու արտաքինը։ ― Նա բարձրահասակ է, ― ասաց աղջիկը, ― պնդակազմ, բայց ոչ գեր։ Թաքնվող մարդու քայլվածք ունի և քայլելիս մերթ մեկ ուսի, մերթ մյուս ուսի վրայով ետ է նայում։ Այդ մի բանը չմոռանաք, որովհետև նրա աչքերը այնքան խորն են ընկած, որ ոչ մի մարդու մոտ տեսած չկամ, և նույնիսկ միայն դրանով կարող եք ճանաչել նրան։ Մաշկի գույնը թուխ է, ինչպես թուխ է մազերի ու աչքերի գույնը, և թեև քսանվեց կամ քսանյոթ տարեկանից ավելի չի կարող լինել, այնուամենայնիվ հյուծված ու թառամած տեսք ունի։ Շուրթերը հաճախ գունատ են և այնպես կծված, որ այլանդակված են ուռուցքներով, քանի որ նա ջղային սաստիկ նոպաներ ունի և երբեմն նույնիսկ ձեևքերն է կծում ու ծածկում վերքերով․ ինչո՞ւ ցնցվեցիք, ― ասաց աղջիկը՝ հանկարծ կանգ առնելով։ Ջենթլմենը շտապով պատասխանեց, որ ինքը այդպիսի բան չի զգացել, և խնդրեց, որ շարունակի։ ― Այս տեղեկությունների մի մասը, ― ասաց աղջիկը, ― ես կորզել եմ այդ գինետան ուրիշ մարդկանցից, քանի որ ես նրան տեսել եմ ընդամենը երկու անգամ, այն էլ լայն վերարկուով փաթաթված։ Ահա այն ամենը, իմ կարծիքով, որ կարող եմ ասել նրա մասին։ Բայց, սպասեցեք, ― ավելացրեց նա, ― նրա կոկորդի վրա, շատ վերևը, այնպես որ կարելի է մի մասը տեսնել փողկապի տակից, երբ նա գլուխը շուռ է տալիս, կա․․․ ― Մի լայն կարմիր նշան, որ նման է այրվածքի, կամ խանձվածքի, ― գոչեց ջենթլմենը։ ― Ինչպե՞ս, ― ասաց աղջիկը։ ― Դուք ճանաչո՞ւմ եք նրան։ Դեռատի լեդին զարմանք արտահայտող մի ճիչ արձակեց, և մի քանի րոպե նրանք այնքան լուռ էին, որ լրտեսը որոշակի լսում էր նրանց շնչառությունը։ ― Կարծեմ ճանաչում եմ, ― ասաց ջենթլմենը, լռությունը խզելով։ ― Ըստ քո նկարագրությունների, պետք է որ ճանաչեմ։ Մենք դեռ կխոսենք։ Մարդիկ հաճախ զարմանալիորեն նման էր իրար։ Գուցե սխալվում եմ։ Այսպես ձևական անտարբերությամբ խոսելիս ջենթլմենը մեկ երկու քայլ առաջ գնաց, ավելի մոտենալով թաքնված լրտեսին, վերջինս այդ կռահեց, որովհետև նա շատ որոշակի լսեց, թե ինչպես նա մրմնջաց․ «Այդ անկասկած նա է»։ ― Այժմ, ― ասաց ծերունի ջենթլմենը, վերադառնալով իր նախկին տեղը (այդպես թվաց նրա ձայնից), ― դու մեզ տվել ես շատ կարևոր տեղեկություն։ Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ։ ― Ոչնչով, ― պատասխանեց Նենսին։ ― Դու չպետք է այդ բանի վրա պնդես, ― ասաց ջենթլմենը, այնպիսի կարեկցանքով ու բարությամբ, որ կարող էր հուզել շատ ավելի համառ ու կարծրասիրտ մարդկանց։ ― Մտածի՛ր։ Ասա՛ ինձ։ ― Ոչնչով, սը՛ր, ― ասաց աղջիկը արտասվելով։ ― Դուք ոչնչով չեք կարող օգնել ինձ։ Իմ վիճակը բոլորովին անհուսալի է։ ― Դու ինքդ ես քո փրկությանը արգելք հանդիսանում, ― ասաց ջենթլմենը։ ― Քո անցյալը եղել է ապարդյուն վատնումը պատանեկան ուժերի և շռայլումը այն անգին գանձերի, որ արարիչը մեկ անգամ է շնորհում մարդուն։ Բայց ապագայի համար կարող ես հուսալ։ Ես չեմ ասում, թե մեր հնարավորության սահմաններում է քեզ մտքի ու հոգու անդորություն պարգևել, որովհետև այդ անդորությունը կգա, եթե դու նրան որոնես․ բայց մենք կարող ենք քեզ ուղարկել Անգլիայի խաղաղ վայրերից մեկը կամ, եթե վախենում ես մնալ այստեղ, որևէ օտար երկիր, իսկ դա ոչ միայն մեր հնարավորության սահմաններում է, այլև մեր ամենաջերմ ցանկությունը։ Լուսաբացից առաջ, նախքան այս գետը կողջունե արևի առաջին շողերը, դու կլինես այնքան անհասանելի քո նախկին գործակիցների համար, որքան եթե այս րոպեին աշխարհի երեսից չքանայիր։ Ես ոչ մի դեպքում չէի ցանկանա, որ դու անգամ մի բառ փոխանակեիր քո վաղեմի ընկերներից որևէ մեկի հետ, կամ մի հայացք նետեիր քո նախկին հաճախավայրերից որևէ մեկի վրա, և կամ շնչեիր այն թունավոր օդը, որ կործանիչ ու մահաբեր է քեզ համար։ Հրաժարվի՛ր այդ բոլորից, քանի դեռ ուշ չէ։ ― Այժմ նա անշուշտ կընդունի մեր առաջարկը, ― արտասվեց դեռատի լեդին։ ― Երևի տատանվում է։ ― Չեմ կարծում, սիրելիս, ― ասաց ջենթլմենը։ ― Ո՛չ, սըր, չեմ տատանվում, ― կարճ պայքարից հետո պատասխանեց աղջիկը։ ― Ես շղթայված եմ իմ հին կյանքին։ Ես այժմ զզվում և ատելով ատում եմ այդ կյանքը, բայց հրաժարվել դրանից չեմ կարող։ Երևի շատ եմ առաջ գնացել, ու ետ դառնալը անհնարին է, և սակայն, չգիտեմ, որովհետև, եթե ինձ հետ այսպես խոսած լինեիք որոշ ժամանակ առաջ, ես ծիծաղած կլինեի ձեզ վրա։ Բայց, ― ասաց նա տագնապահար շուրջը նայելով, ― այդ երկյուղը նորից համակեց ինձ։ Ես պետք է տուն գնամ։ ― Տո՜ւն, ― կրկնեց դեռատի լեդին, այդ բառը մեծապես շեշտելով։ ― Տուն, լեդի, ― ասաց աղջիկը։ ― Այնպիսի տուն, որ ես կառուցել եմ ինձ համար իմ բովանդակ կյանքի գործերով։ Բաժանվենք իրարից։ Գուցե կդարանեն կամ կտեսնեն ինձ։ Գնացե՜ք, գնացե՜ք։ Եթե ձեզ մատուցել եմ որևէ ծառայություն, իմ միակ խնդրանքն այն է, որ հեռանաք այստեղից և թողնեք, որ ես մենակ գնամ իմ ճամփով։ ― Անօգուտ է, ― հառաչեց ջենթլմենը։ ― Այստեղ մնալով մենք գուցե և վտանգում ենք նրան։ Գուցե արդեն իսկ իր ենթադրածից շատ ավելի երկար ենք պահել նրան այստեղ։ ― Այո՛, այո՛, ― թախանձեց աղջիկը։ ― Այդպես է։ ― Ի՞նչ կարող է լինել այս խեղճ արարածի վերջը, ― գոչեց երիտասարդ լեդին։ ― Ի՜նչ, ― կրկնեց աղջիկը։ ― Նայեցե՛ք ձեր առաջ, լեդի։ Նայեցե՛ք այդ չարագուշակ գետին։ Որքա՜ն հաճախ կարդում եք իմ նմանների մասին, որոնք նետվում են հորձանքի մեջ մակընթացության ժամանակ և իրենց կորուստը ողբացող ոչ մի կենդանի էակ չեն թողնում հետևում։ Գուցե դա կլինի տարիներ անց, կամ գուցե մի քանի ամսից հետո, բայց վերջ ի վերջո այդ է իմ անխուսափելի վախճանը։ ― Այդ ձևով մի խոսի, խնդրում եմ, ― հեկեկաց դեռատի լեդին։ ― Դուք այդ մասին երբեք չեք լսի, սիրելի լեդի, և աստված չանի, որ նման սարսափազդու դեպքեր ձեր ականջներին հասնեն, ― պատասխանեց աղջիկը։ ― Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր։ Ջենթլմենը շրջվեց։ ― Գոնե, ի սեր ինձ, այս դրամապանակը վերցրու, ― խնդրեց դեռատի լեդին, ― որևէ կարիքի կամ նեղության ժամին քեզ փրկություն կլինի։ ― Ո՛չ, ― պատասխանեց աղջիկը։ ― Ես այս ծառայությունը դրամի համար չեմ մատուցել․ թողեք որ գեթ այդ մի բանով բավարարվեմ։ Եվ, սակայն, տվե՛ք ձեզ պատկերող որևէ իր։ Կցանկանայի որևէ բան ունենալ․․․ ո՛չ, ո՛չ, մատանի չեմ ուզում, ձեր ձեռնոցը, և կամ թաշկինակը, որևէ բան, որ կարող եմ պահել իբրև հիշատակ ձեզնից, քաղցրիկ լեդի։ Դե՛ աստված օրհնի ձեզ, աստված օրհնի ձեզ։ Բարի գիշե՜ր։ Բարի գիշե՜ր։ Աղջկա տագնապալի վիճակը և այն երկյուղը, թե որևէ բան հայտնաբերելով՝ նա հալածանքների կենթարկվի, հարկադրեցին ջենթլմենին ընդառաջել աղջկա խնդրանքին։ Լսվեցին հեռացող ոտնաձայներ, ապա լռություն տիրեց։ Շուտով կամրջի վրա երևացին դեռատի լեդիի և նրա ուղեկցի կերպարանքները։ Աստիճանների գլխին նրանք կանգ առան։ ― Սպասեցե՛ք, ― գոչեց դեռատի լեդին՝ ականջ դնելով։ ― Նա մեզ կանչե՞ց, ինչ է։ Կարծես նրա ձայնը լսեցի։ ― Ո՛չ, հոգյակս, ― տխրությամբ ետ նայելով պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Նա տեղից չի շարժվել և ոչ էլ կշարժվի մինչև մենք չգնանք։ Ռոզ Մեյլին համեցավ, բայց ծերունի ջենթլմենը նրան թևանցուկ անելով՝ մեղմ բռնությամբ հեռացրեց նրան այնտեղից։ Երբ նրանք անհետացան, աղջիկը ամբողջ հասակով փռվեց քարե աստիճաններից մեկի վրա և սկսեց դառնորեն հեկեկալ։ Որոշ ժամանակ հետո նա վեր կացավ և տկար ու երերուն քայլերով բարձրացավ փողոց։ Ապշած ունկնդիրը մի քանի րոպե գամված մնաց իր տեղում, ապա բազմաթիվ անգամներ շուրջը նայելով և համոզվելով, որ նորից մենակ է, թաքստոցից կամաց դուրս սահեց և բարձրացավ կամուրջը, պատի ստվերի տակով գաղտագողի գնալով, ինչպես արել էր իջնելու ժամանակ։ Այստեղ Նոա Քլեյփոլը դարձյալ ուշադիր շուրջը նայեց և, գտնելով որ ոչ ոք չի նկատել իրեն, սաստիկ արագությամբ սուրաց դեպի Հրեայի տունը։