Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 34 371 բայտ, 15:34, 3 Դեկտեմբերի 2013
/* Հիսունմեկերորդ գլուխ */
Խեզճ Դիկը մեռած էր։
 
 
==Հիսուներկուերորդ գլուխ==
 
Ֆեգինի վերջին գիշերը
 
 
Դատարանի դահլիճը լեփ֊լեցուն էր մարդկանցով։ Ամեն կողմից փայլփլում էին անձկությունից վառվող աչքեր։ Ամբաստանյալների համար հատկացված տեղը անջատող բազիրքներից սկսած մինչև պատշգամբների ամենահեռավոր անկյունները, բոլորի հայացքները սևեռված էին մի մարդու՝ Ֆեգինի վրա։ Նրա առաջ ու հետև, վերև ու ներքև, աջ ու ձախ, ասես, նրան շրջապատում էր պսպսղուն աչքերով շողացող մի երկնակամար։
 
Նա կանգնած էր այնտեղ, այդ կենդանի լույսերի շլացուցիչ փայլի տակ, մի ձեռքը հենած բազիրքին, մյուսը դրած ականջի հետև, և գլուխը դեպի առաջ երկարած՝ լարված ուշադրությամբ ունկնդրում էր նախագահող դատավորի արտասանած յուրաքանչյուր բառը, որ ուղղված էր երդվայլների կազմին։ Երբեմն նա խստությամբ նայում էր այս վերջիններին, տեսնելու, թե նրանց վրա ինչպիսի ազդեցություն էին թողնում դատավորի թված մեղադրանքները, թե արդյոք գեթ մի մազաչափ իր օգտին չէ՞ր հակվում, և երբ իր դեմ եղած ամբաստանությունները սարսափելի հստակությամբ հնչում էին դահլիճով մեկ, նա լուռ աղերսանքով դիմում էր իր դատապաշտպանին, որպեսզի նա, այդ ամենով հանդերձ, աշխատեր գոնե որոշ չափով թեթևացնել վճիռը։ Այս տագնապալի արտահայտություններից բացի, նա ոտքի կամ ձեռքի, ոչ մի շարժում չէր կատարում։ Դատավարությունն սկսելուց ի վեր նա գրեթե չէր շարժվել, և այժմ, երբ դատավորը իր խոսքն ավարտեց, նա սևեռուն հայացքը չհեռացրեց նրանից․ մնաց նույն դիրքում ինչպես առաջ, և նույն լարված ուշադրությամբ ականջ էր դնում, ասես դատավորը դեռ շարունակում էր խոսել։
 
Ինչ֊որ թեթև խլրտում դահլիճում սթափեցրեց նրան։ Շուռ գալով տեսավ, որ դատական խորհուրդը հավաքվել էր դատավճիռը կայացնելու։ Երբ աչքերը բարձրացրեց վերև, նկատեց, որ պատշգամբում մարդիկ գլուխները մեկը մյուսի հետևից երկարում էին իր դեմքը տեսնելու, մի մասը ակնոցները շտապ դնելով աչքերին, իսկ ուրիշները՝ զզվանքի արտահայտությամբ խոսելով իրենց կողքի նստածների հետ։ Կային և այնպիսիները, որոնք ասես անտարբեր էին իր նկատմամբ և անտարբեր նայում էին դատական խորհրդին, զարմանալով, թե ինչպես կարելի էր դատավճիռն ուշացնել։ Բայց չկար ոչ մի դեմք, անգամ կանանց մեջ, որոնք մեծ թիվ էին կազմում, որի վրա կարեկցության գեթ մեկ նշույլ երևար։ Բոլորը, բոլորը համակված էին բուռն ու վայրագ մի ցանկությամբ՝ նրան տեսնել դատապարտված։
 
Երբ նա այս ամենը դիտում էր շփոթ ու հպանցիկ հայացքով, նորից մեռելային լռություն տիրեց, և ետ նայելով, նա տեսավ, որ խորհրդի անդամները շուռ էին եկել դեպի դատավորը։ Լռությո՜ւն։ Տեսնենք ի՞նչ կասեն։
 
Նրանք միայն առանձնանալու համար թույլտվություն խնդրեցին։
 
Երբ դուրս էին գալիս, նա որոնող հայացքներով նայեց նրանց դեմքնեին, յուրաքանչյուրին առանձին֊առանձին, ասես տեսնելու, թե մեծամասնությունը ո՛ր կողմ էր հակվում, բայց ապարդյուն անցավ։ Բանտապահը հրեց նրա ուսը։ Նա մեքենաբար գնաց դեպի ամբաստանյալների բեմահարթակի հեռավոր ծայրը և նստեց մի աթոռի։ Աթոռը մատնացույց արեց բանտապահը, կարծես նա չէր տեսնում։
 
Նա նորից նայեց դեպի պատշգամբը։ Ներկաներից ոմանք ինչ֊որ բան էին ուտում, ուրիշները թաշկինակներով հովհարում էին իրենց, որովհետև խճողված սրահի օդը հեղձուձիչ էր։ Այնտեղ մի երիտասարդ փոքրիկ ծոցատետրում նրա դեմքն էր ուրվագծում։ Նա իրեն հարց տվեց, թե արդյո՞ք նմանություն կա, և երբ արվեստագետի մատիտի ծայրը կոտրվեց ու գրչահատով նորից սրեց, նա դեռևս դիտում էր իր նկարչին ճիշտ այնպես, ինչպես դիտած կլիներ որևէ անտարբեր հանդիսատես։
 
Երբ հայացքն ընկավ դատավորի վրա, նրա միտքը սկսեց նույն անտարբերությամբ զբաղվել նրա հագուստի ձևով, ապա այն բանով, թե ինչքան կարժենար այդ հագուստը և թե դատավորը ինչպես էր հագնում այն։ Երդվայլների կազմում կար մի ծերունի, գեր ջենթլմեն, որը մոտավորապես կես ժամ առաջ դուրս էր եկել և այժմ վերադարձել էր։ Նա ինքն իրեն հարց տվեց, թե այդ մարդը արդո՞ք նախաճաշելու էր գնացել, ի՞նչ էր կերել և որտե՞ղ էր ճաշել։ Ու այսպես նա շարունակեց անփութորեն մտածել, մինչև նրա ուշադրությունը գրավեց մի ուրիշ բան, և նրա գլխում սկսեց տողանցել մտքերի մի նոր շարան։
 
Այնուամենայնիվ, այդ ամբողջ ժամանակ նա ոչ մի րոպե չազատվեց այն տագնապալի զգացողությունից, թե ինքը մահվան շեմքին էր գտնվում, թեև այդ զգացողությունը առկա էր տարտամ և ընդհանրական ձևով, և նա չէր կարող կենտրոնանալ։ Այսպես, նույնիսկ այն միջոցին, երբ մոտալուտ մահվան սարսափից այրվում ու դողում էր, նա սկսեց հաշվել իր առջևում գտնվող երկաթյա ձողերը, խորհրդածելով, թե ինչպես էր, որ այդ ձողերից մեկի գլուխը ջարդվել էր․ արդյոք շինելո՞ւ էին այն, թե թողնելու էին այդպես ջարդված։ Ապա սկսեց մտածել կախաղանի և կառափնարանի սարսափների մասին և, հանկարծ շեղվելով այդ մտքերից, սկսեց դիտել մի մարդու, որ դահլիճը հովացնելու համար հատակին ջուր էր շաղ տալիս, և ապա նորից սկսեց մտածել։
 
Վերջապես, լսվեց մի կանչ, որ լռություն տիրի, և բոլորը շունչները պահած՝ հայացքներ ուղղեցին դեպի դուռը։ Դատավորները վերադարձան և անցան նրա կողքով։ Նրանց դեմքի արտահայտությունից նա ոչինչ չկարողացավ կռահել, ասես նրանք քարի արձաններ լինեին։ Խոր լռություն տիրեց․․․ Ոչ մի շշուկ, ոչ մի հեք։ Մեղապարտ է։
 
Շենքը դղրդաց ահավոր աղաղակից, որ նորից ու նորից կրկնվեց սաստիկ ուժգնությամբ։ Ապա լսվեց բարձրագոչ ձայների արձագանքը, որ զայրացած ամպրոպի նման ավելի ու ավելի մոլեգնեց։ Դրսում գտնվող ամբոխի հրճվանքի արտահայտությունն էր այդ, որ ցնծությամբ ողջունում էր այն լուրը, թե նա կախաղան է բարձրանալու երկուշաբթի օրը։
 
Փոթորիկը ավարտվեց, և նրան հարցրին, թե արդյոք ո՞ւներ որևէ հիմնավորված պատճառ առարկելու մահվան դատավճռի դեմ։ Նա ընդունել էր իր նախկին դիրքը և ակնապիշ նայում էր այդ հարցը տվողին։ Բայց երկու անգամ կրկնվելուց հետո հազիվ հասավ նրա գիտակցությանը, և այն ժամանակ միայն նա քրթմնջաց, որ ինքը մի ծերունի է, ծերունի է, ծերունի է․․․ և այսպես ձայնը ավելի ու ավելի ցածրացնելով, նորից լռեց։
 
Դատավորը դարձյալ սև թասակը դրեց գլխին։ Բանտարկյալը դեռևս կանգանած էր նույն տեսքով ու դիրքով։ Սրահի պատշգամբից ինչ֊որ կին, այդ ահարկու հանդիսավորությունից խորապես ազդված, մի ճիչ արձակեց․ նա ընդոստ վեր նայեց, ասես զայրացած այդ ընդհատման համար, և լարված ուշադրությամբ թեքվեց առաջ։ Ուղերձը ծանր էր ու տպավորիչ, դատավճիռը՝ սարսափելի։ Բայց նա կանգնած էր որպես մարմարյա արձան․ ոչ մի մկան չէր շարժվում։ Նրա հյուծված դեմքը տակավին ձգված էր առաջ, ներքևի ծնոտը կախ էր ընկած, և լայն բացված աչքերը անքթիթ նայում էին դատարկության մեջ, երբ բանտապահը ձեռքը դրեց նրա թևին ու նշանացի հասկացրեց հետևել իրեն։ Նա մի րոպե ապուշի պես շուրջը նայեց ու ենթարկվեց հրամանին։
 
Նրան առաջնորդեցին դատական դահլիճի ներքևում գտնվող սալահատակված սենյակի միջով, որտեղ մի խումբ բանտարկյալներ իրենց հերթին էին սպասում, իսկ ուրիշները խոսում էին իրենց բարեկամների հետ, որոնք խռնված էին բակի վրա բացվող լուսամուտի երկաթյա վանդակորմի շուրջը։ Նրա հետ խոսելու համար ոչ ոք չկար այնտեղ, բայց անցնելիս բանտարկյալները ետ քաշվեցին, որպեսզի ձողերի առաջ խռնված բազմությունը ավելի լավ տեսներ․ մարդիկ նախատական խոսքերով անպատվեցին նրան, բղավեցին ու սուլեցին։ Նա սպառնագին բռունքը թափահարեց և ուզում էր թքել նրանց վրա, բայց հսկիչները նրան շտապով տարան աղոտ լապտերներով լուսավորված միջանցքով ու մտցրին բանտի խորքը։
 
Այստեղ նրան խուզարկեցին․ չլինի՞ թե հանկարծ նրա մոտ գտնվի օրենքի վճիռը կանխող որևէ միջոց։ Այս արարողությունը ավարտելուց հետո նրան առաջնորդեցին մահապարտներին հատկացված խուցերից մեկը և այնտեղ թողեցին միայնակ։
 
Նա նստեց դռան դիմաց գտնվող քարե նստարանին, որ ծառայում էր նաև որպես ներքնակ, և, արյունալի աչքերը հառելով հատակին, աշխատեց կենտրոնանալ։ Քիչ անց, նա սկսեց դատավորի ճառից վերհիշել կցկտուր նախադասություններ, թեև այն ժամանակ նրան թվացել էր, թե ոչինչ չի լսում։ Աստիճանաբար, յուրաքանչյուր բառ ու արտահայտություն գտավ իր պատշաճ տեղը, այնպես որ մի քանի րոպե հետո նրա մտքում վերականգնվեց ամբողջ ճառը ճիշտ այնպես, ինչպես արտասանվել էր։ Պարանոցից կախել մինչև մեռնի․ այդ էր վերջը։ Պարանոցից կախել մինչև մեռնի։
 
Երբ խավարը թանձրացավ, նա սկսեց մտածել այն բոլոր ծանոթ մարդկանց մասին, որ մեռել էին կառափնարանում․ շատերը հենց իր իսկ պատճառով։ Նրանք այնպիսի արագ հերթականությամբ շարժվեցին նրա աչքերի առաջ, որ նա չկարողացավ հաշվել, թե քանիսն են։ Ինքը ականատես էր եղել մի քանիսի մահվան և նույնիսկ ծիծաղել, որ նրանք մեռել էին աղոթքը շրթներին։ Ինչպիսի շառաչուն աղմուկով էր կափուլը սահում ցած, և առողջ ու զորեղ տղամարդիկի ինչպես էին վերածվում ճոճվող շորերի կույտի։
 
Գուցե նրանցից ոմանք մահից առաջ զբաղեցրել էին հենց այդ խուցը, նստել հենց այս միևնույն տեղում։ Որքան մութ էր սակայն․ ինչո՞ւ մի ճրագ չէին բերում։ Այդ խուցը կառուցվել էր շատ տարիներ առաջ։ Տասնյակներով մարդիկ անշուշտ իրենց կյանքի վերջին ժամերը այդտեղ էին անցկացրել։ Թվում էր, թե մարդ նստած է դիակներով լցված մի նկուղում․ թասակ, կախաղանի օղակ, շխթայված ձեռքեր, դեմքեր, որոնք նա կարող էր ճանաչել նույնիսկ այդ զարհուրելի քողի տակից։ Լո՜ւյս, լո՜ւյս։
 
Վերջապես, երբ նրա ձեռքերը ջարդվել էին ծանր դռանը ու պատերին հարվածելուց, երկու մարդ հայտնվեցին։ Մեկի ձեռքում մի մոմ կար, որ նա խրեց պատին ամրացված երկաթյա մոմակալի մեջ, իսկ մյուսը քարշ էր տալիս մի ներքնակ, որ գիշերը վրան պառկեր, քանի որ բանտարկյալին այլևս մենակ չէին թողնելու։
 
Ապա եկավ գիշերը՝ մթին, մռայլ ու խուլ գիշերը։ Ուրիշ սպասողների համար հաճելի է լսել եկեղեցու ժամացույցի զարկերը, որովհետև դրանք խոսում են կյանքի ու գալիք օրվա մասին։ Բայց նրան այդ զանգերը հուսահատություն բերեցին։ Երկաթյա զանգի յուրաքանչյուր խուլ խողոնջ արձագանքում էր միայն մի բառ՝ Մահ։ Ի՞նչ իմաստ ուներ ուրախ առավոտվա շարժումն ու ժխորը, որ անգամ բանտի պատերից ներս թափանցելով՝ իրեն էր հասնում։ Դա մահազանգի մի ուրիշ ձևն էր, որի մեջ ազդարարությանը ավելացված էր նաև հեգնանք։
 
Ցերեկն անցավ։ Ցերե՞կ։ Ոչ մի ցերեկ գոյություն չուներ։ Այն դեռ չսկսած վերջանում էր, ապա նորից վրա էր հանում գիշերը։ Այնքա՜ն երկար և միաժամանակ այնքա՜ն կարճ գիշերը․ երկար՝ իր զարհուրելի լռությամբ և կարճ՝ իր արագահաս ժամերով։ Նա մերթ մոլեգնում էր ու անիծում և մերթ աղաղակում էր ու մազերը փետում։ Իր դավանանքին պատկանող հարգարժան մարդիկ եկել էին նրա մոտ աղոթելու, բայց նա անեծքներով հեռացրել էր նրանց։ Նրանք կրկին ու կրկին ի գործ էին դրել իրենց մարդասիրական ջանքերը, բայց իզուր։
 
Շաբաթ գիշեր։ Նրան մնում էր ապրելու միայն մեկ գիշեր։ Մինչդեռ նա մտածում էր այդ մասին, առավոտը բացվեց՝ եկավ կիրակին։
 
Միայն այս վերջին սարսափելի օրվա գիշերը իր անօգնական, հուսահատական վիճակի գիտակցությունը համակեց նրա արատավոր հոգին իր ամբողջ ուժգնությամբ։ Ոչ թե նրա համար, որ որոշ կամ հաստատուն հույս էր փայփայել իրեն ներում շնորհելու մասին, այլ որովհետև իր մոտալուտ մահվան հավանականությունը նա պատկերացրել էր միայն աղոտ կերպով։ Նա շատ քիչ էր խոսել այն երկու մարդկանց հետ, որոնք հերթականությամբ հսկում էին նրան։ Պահակները նույնպես որևէ ճիգ չէին գործադրել սթափեցնելու նրան։ Նա նստել էր այնտեղ արթուն վիճակում, բայց անուրջի մեջ։ Այժմ նա ամեն րոպե ցնցվում էր, կարծես մարմինը բոցերի մեջ լիներ։ Նա հևասպառ ետ ու առաջ էր քայլում, սարսափի ու զայրույթի այնպիսի նոպայի մեջ, որ նույնիսկ այդ մարդիկ, որ այնքան սովոր էին նման տեսարանների, ահաբեկված ընկրկում էին նրանից։ Նա ի վերջո, այնքան անտանելի դարձավ իր անազնիվ խճմտանքի տանջանքնեից, որ մեկ պահակը առանձին չէր կարող նստել այնտեղ և այդ բոլորը մենակ դիտել․ ուստի սկսեցին երկուսով հսկել նրան։ Նա կծկվեց իր քարե անկողնու վրա և մտածեց անցյալի մասին։ Ձերբակալման օրը ամբոխի միջից ինչ֊որ սուր առարկաներ նետելով՝ վիրավորել էին նրան։ Գլուխը փաթաթված էր բամբակյա կտավով։ Կարմրավուն մազերը կախ էին ընկած դեմքի վրա, որ սարսափից գրեթե սպիտակել էր, մորուքը գզգզված էր ու թնճկոտված, աչքերը փայլում էին մի ահռելի փայլով, անլվա դեմքի մաշկը ճաքճքել էր հրկիզող ջերմից։ Ութ, ինը, տասը։ Եթե դա հնարովի բան չէր նրան սարսափեցնելու համար, և դրանք իրական ժամերն էին, որ կրնկակոխ հետևում էին իրար, ապա ո՞ւր կլիներ նա, երբ դրանք ևս մի շրջան կատարեին։ Տասնմեկ։ Նախորդ ժամի հնչյունները դեռևս թրթռում էին օդում, երբ լսվեց ևս մի զարկ։ Ութին նա կլիներ իր հուղարկավորության թափորի միակ սգավորը, տասնմեկին․․․
 
Նյուգեթյան բանտի այդ ահավոր պատերը, որ թաքցրել էին այդքան դժբախտություն և այնքան աննկարագրելի տվայտանք՝ ոչ միայն մարդկանց աչքերից, այլև ավելի հաճախ և ավելի երկար ժամանակ նրանց մտքերից, չէին տեսել նման սարսափելի բան։ Անցորդներից ոմանք, որ դանդաղեցնում էին քայլերը և իրենց հարց էին տալիս, թե ինչ է անում այն մարդը, որ առավոտյան կախաղան է բարձրանալու, շատ անհանգիստ կքնեին այդ գիշեր, եթե կարողանային տեսնել նրան։
 
Վաղ երեկոյից համարյա մինչև ուշ գիշեր, երկու֊երեք հոգուց բաղկացած փոքր խմբեր հայտնվում էին գլխավոր մուտքի առաջ և անձկությամբ հարցնում, թե արդյոք չէ՞ր եղել դատավճիռը հետաձգող որևէ հրաման։ Երբ բացասական պատասխան էին ստանում, ուրախալի լուրը հարղորդում էին փողոցում գտնվող մյսուս խմբերին և, իրար մատնացույց անելով այն դուռը, որտեղից նա պետք է դուրս գար, և այն վայրը, ուր պետք է կառափնարանը շինվեր, դժկամությամբ հեռանում էին, միաժամանակ ետ էին նայում և մտովի պատկերացնում կախելու տեսարանը։ Աստիճանաբար բոլորը գնացին, և խուլ գիշերին, մի ժամով փողոցը մնաց ամայի ու խավար։
 
Բանտի առջև գտնվող տարածությունը մաքրվել էր և անհամբեր ամբոխի հորձանքը կասեցնելու համար մի քանի սև ներկված ամուր պատվարներ արդեն դրվել էին փողոցի երկայնքով, երբ միստր Բրաունլոն և Օլիվերը հայտնվեցին դարպասի փոքր դռնակի առաջ և բանտարկյալի մոտ ազատ մուտք գործելու համար մի հրամանագիր ներկայացրին՝ շերիֆներից մեկի ստորագրությամբ։ Նրանք անմիջապես ներս ընդունվեցին։
 
― Փոքրիկ ջենթլմե՞նն էլ է գալու, սը՛ր, ― հարցրեց այն մարդը, որի պարտականությունն էր նրանց առաջնորդել։ ― Այդ տեսարանը երեխաների համար չէ, սը՛ր։
 
― Դուք ճիշտ եք, բարեկամ, ― ասաց միստր Բրաունլոն, ― բայց դրդապատճառը, որ ինձ բերել է այդ մարդու մոտ, սերտորեն կապված է նրա հետ, և քանի որ այս երեխան նրան տեսել է իր հաջողությունների ու սրիկայությունների գագաթնակետին, ես կարծում եմ, որ նա պետք է տեսնի նաև այժմ, նույնիսկ ի գին այն բանի, որ այդ կարող է թե՛ ցավ և թե՛ վախ պատճառել նրան։
 
Այս մի քանի բառերը ասվեցին մեկուսի, որպեսզի Օլիվերը չլսեր։ Մարդը գլուխ տվեց, և հետաքրքրությամբ Օլիվերին նայելով, բացեց մի այլ դուռ ճիշտ այն մեկի դիմաց, որտեղից մուտք էին գործել, և մթին ու օձագալար միջանցքներով նրանդ առաջնորդեց դեպի խուցերը։
 
― Սա, ― ասաց մարդը կանգ առնելով խավար միջանցքում, որտեղ երկու բանվոր չարագուշակ լռությամբ ինչ֊որ պատրաստություններ էին տեսնում, ― սա այն տեղն է, որտեղով պիտի անցնի։ Եթե մի քիչ այն կողմ կանգնեք, կտեսնեք այն դուռը, որի միջով նա պետք է դուրս գա։ ― Նա նրանց առաջնորդեց մի քարահատակ խոհանոց, ուր զանազան կաթսաներ կային, որոնց մեջ եփում էին բանտի ճաշը, և մատնացույց արեց մի դուռ։ Դռան վերևի մասում կար երկաթյա մի վանդակորմ, որտեղից լսվում էին մարդկանց ձայներ՝ միախառնված մուրճերի հարվածների և վայր ընկնող տախտակների աղմուկի հետ։ Կառափնարանն էին շինում։
 
Ապա նրանք անցան մի քանի ամուր պաշտպանված դարպասների միջով, որ ներսից բացվում էին այլ բանտապահների կողմից, և մտնելով մի անծածկ բակ, բարձրացան ինչ֊որ նեղ աստիճաններով ու մտան մի միջանց, որի ձախ կողմում կային մի շարք ամրացված դռներ։ Նշանացի հասկացնելով, որ իրենց տեղում մնան, բանտապահը ձեռքում գտնվող բանալիների տրցակով ծեծեց այդ դռներից մեկը։ Երկու պահակները, իրար հետ փոքր֊ինչ փսփսալուց հետո, միջանցք դուրս եկան, ասես ուրախացած այդ կարճատև դադրից, և առաջարկեցին այցելուներին բանտապահի հետևից խուց մտնել։ Նրանք ներս մտան։
 
Մահապարտ եղեռնագործը նստած էր իր քարե անկողնու վրա և մի կողմից մյուսն էր ճոճվում։ Դեմքը ավելի շուտ նման էր ծուղակն ընկած գազանի դեմքի, քան թե մարդկային կերպարանքի։ Ըստ երևույթին, նրա միտքը զբաղված էր անցյալով, քանի որ նա շարունակեց մրթմրթալ այնպես, ասես այցելուների ներկայությունը ևս համարում էր իր տեսիլքի մի մասը։
 
― Ա՜, Չա՜րլի, հրաշալի տղա, ապրես, մրթմրթաց նա։ ― Օլիվերը նույնպես, հա՛, հա՛, հա՛․․․ պա՛հ, այժմ կարգին ջենթլմեն է դարձել, այժմ կարգին․․․ անկողի՛ն դրեք այդ տղային։
 
Բանտապահը բռնեց Օլիվերի ազատ ձեռքից, և նրա ականջին շշնջալով, որ չվախենա, լռությամբ դիտեց։
 
― Անկողի՜ն դրեք նրան, ― գոչեց Ֆեգինը։ ― Որևէ մեկը ձեզանից լսո՞ւմ է։ Նա է, նա եղել է այս բոլորի պատճառը։ Արժե դրամ ծախսել նրան գող դարձնելու համար․․․ Բոլթերի վիզը, Բիլլ․․․ աղջկան թող հիմա․․․ նախ Բոլթերի վիզը, և ինչան կարող ես խոր կտրիր։ Սղոցի՛ր նրա գլուխը ու դեն գցիր։
 
― Ֆե՛գին, ― ասաց բանտապահը։
 
― Այդ ես եմ, ― գոչեց Հրեան, անմիջապես լարված ուշադրությամբ ունկնդրողի դիրք ընդունելով, ինչպես արել էր դատավարության ժամանակ։ ― Ես մի ծերունի եմ, տեր իմ, մի խե՜ղճ ծերունի, մի խե՜ղճ ծերունի։
 
― Լսի՛ր, ― ասաց բանտապահը, ձեռքը դնելով նրա կրծքին, որպեսզի վեր չկենա։ ― Ինչ֊որ մեկն ուզում է տեսնել քեզ․ կարծեմ ուզում է որոշ հարցեր տալ։ Ֆե՜գին, Ֆե՜գին։ Արդյո՞ք դու մարդ ես։
 
― Շուտով դադարելու եմ մարդ լինելուց, ― պատասխանեց նա, վեր նայելով դեմքի այնպիսի արտահայտությամբ, որ բացի զայրույթից ու սարսափից մարդկային ուրիշ ոչ մի արտահայտություն չուներ։ ― Սպանի՛ր բոլորին։ Նրանք ի՞նչ իրավունք ունեն ինձ մորթելու։
 
Խոսելու ժամանակ նրա աչքը դիպավ Օլիվերին և միստր Բրաունլոյին։ Կծկվելով նստարանի ամենահեռավոր անկյունում, նա խստորեն հարցրեց, թե նրանք ի՛նչ գործ ունեն այստեղ։
 
― Հանգիստ նստի՛ր, ― ասաց բանտապահը՝ շարունակելով բռնի ուժով պահել նրան։ ― Այժմ, սը՛ր, ինչ֊որ ունեք նրան ասելու, ասացեք և շտապեցե՛ք, եթե կարելի է, որովհետև նրա վիճակը գնալով վատթարանում է։
 
― Քեզ մոտ ինչ֊որ թղթեր կան, ― ասաց միստր Բրաունլոն նրան մոտենալով, ― որ ավելի մեծ ապահովության համար հանձնել է Մոնքս անունով մի մարդ։
 
― Բոլորը սուտ է, բոլորը, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Ոչ մի թուղթ չկա ինձ մոտ, ոչ իսկ մի կտոր։
 
― Ի սեր աստծո, ― ասաց միստր Բրաունլոն հանդիսավոր կերպով, ― այդպես մի՛ խոսիր, մանավանդ այժմ, երբ մահվան անդունդի եզրին ես գտնվում․ ասա ինձ, թե որտեղ են։ Գիտես, որ Սայքսը մեռած է, որ Մոնքսը ամեն ինչ խոստովանել է, որ ամեն հույս կորած է։ Ոտրե՞ղ են այդ թղթերը։
 
― Օլիվե՛ր, ― ձայն տվեց Ֆեգինը, տղային կանչելով իր մոտ։ ― Այստե՛ղ եկ, այստե՛ղ եկ, ականջիդ բան ունեմ ասելու։
 
― Ես չեմ վախենում, ― միստր Բրաունլոյի ձեռքը թողնելով, ցածրաձայն ասաց Օլիվերը։
 
― Այդ թղթերը, ― Օլիվերին դեպի իրեն քաշելով, ասաց Ֆեգինը, ― գտնվում են վերևի հարկում, նախասենյակի ծխնելույզից մի քիչ բարձր, ծակի մեջ, մի կտավե տոպրակում։ Ես ուզում եմ խոսել քեզ հետ։
 
Լա՛վ, լա՛վ, ― ասաց Օլիվերը։ ― Թույլ տուր աղոթեմ քեզ համար։ Խնդրում եմ, թո՛ւյլ տուր աղոթեմ։ Ծնրադրի՛ր, աղոթի՛ր ինձ հետ միասին, միայն մեկ անգամ, և մենք կխոսենք մինչև առավոտ։
 
― Դո՜ւրսը, դո՜ւրսը, ― պատասխանեց Ֆեգինը, տղային հրելով դեպի դուռը և ցնորված նայելով նրա գլխի վրայով։ ― Ասա՛, որ քնել եմ։ Նրանք քեզ անպայման կհավատան։ Ինձ կարող ես այստեղից դուրս բերել։ Դե շո՛ւտ, դե շո՛ւտ։
 
― Օ՜հ, աստվա՜ծ, դու թողություն շնորհիր այս ողորմելի մարդուն, ― գոչեց տղան փղձկալով։
 
― Ա՛յ այդպես, ա՛յ այդպես, ― ասաց Ֆեգինը։ ― Այդ կօգնի մեզ մեր ձեռնարկում։ Նախ այս դուռը։ Կախաղանի մոտով անցնելիս, եթե ցնցվեմ ու դողդողամ, դու ինձ վրա ուշադրություն մի դարձրու, այլ շտապի՛ր։ Շո՛ւտ արա, շո՛ւտ արա։
 
― Էլ ուրիշ բան չունե՞ք հարցնելու, սը՛ր, ― ասաց բանտապահը։
 
― Ոչ մի բան, ― պատասխանեց միստր Բրաունլոն։ ― Եթե հույս ունենայի, որ մենք կարող ենք նրան գիտակցության բերել և հիեցնել իր դրության․․․
 
― Այդ անհուսալի է, սը՛ր, ― պատասխանեց մարդը, գլուխը թափահարելով։ ― Լավ է հեռանաք մոտից։
 
Խցի դուռը բացվեց, և պահակները վերադարձան։
 
― Շտապի՛ր, շտապի՛ր, ― գոչեց Ֆեգինը։ ― Անաղմուկ, բայց ոչ դանդաղ։ Ավելի՛ արագ, ավելի՛ արագ։
 
Մարդիկ Օլիվերին հազիվ պոկեցին նրա ձեռքից և աշխատեցին բռնությամբ պահել նրան։ Նա մի րոպե օրհասական տագնապից մոլեգնած ուժով մաքառեց նրանց հետ, ապա այնպիսի աղաղակ բարձրացրեց, որ նույնիսկ այդ թանձր պատերից դուրս թափանցելով՝ հնչեց այցելուների ականջներին մինչև բակը։
 
Նրանք իսկույն դուրս չեկան բանտից։ Օլիվերը այդ սարսափազդու տեսարանից հետո համարյա ուշաթափվեց և այնքան թույլ էր զգում իրեն, որ մոտավորապես մեկ ժամ չկարողացավ տեղից շարժվել։
 
Օրը լուսանում էր, երբ նրանք նորից դուրս եկան։ Հոծ բազմությունը արդեն հավաքվել էր բանտի առջև․ լուսամուտները լցված էին ծխող և ժամանակն անցկացնելու համար թղթախաղով զբաղված մարդկանցով․ անբոխը հրում էր, հրմշտում, կատակում։ Ամեն ինչ խոսում էր կյանքի ու խնդության մասին, բացի կենտրոնում գտնվող չարագուշակ առարկաներից՝ սև բեմահարթակից, խաչաձև գերանից, պարանից և մահվան մյուս բոլոր զարհուրելի գործիքներից։
Ադմին, Վստահելի
1876
edits