Changes
}}
[[Category: Արձակ]]
:::<i>Եթե աստղերը գիշերային երկնքում առկայծեին միայն հազար տարին մեկ անգամ, որպիսի՜ ջերմ հավատով կհամակվեին մարդիկ՝ սերնդեսերունդ պահպանելով հիշողությունը աստծո քաղաքի մասին։</i>
— Հենց դրանում է ամբողջ հմայքը։ Դա շատ արդյունավետ մեխանիզմ է արհեստական լույս ստանալու համար։ Մենք դրանցից մի քանի հարյուր հատ պատրաստել ենք, սակայն մեծ մասը, իհարկե, գտնվում է Ապաստարանում։— Այստեղ Շիրինը շրջվեց եւ մրոտ ձեռքերը սրբեց թաշկինակով։— Սկզբունքը սա է․ վերցնում ենք եղեգնի սպունգանման միջուկը, չորացնում ենք եւ ներծծում կենդանական ճարպով։ Հետո վառում ենք, եւ ճարպը աստիճանաբար այրդվում է։ Այս ջահերը առանց դադարելու կվառվեն գրեթե կես ժամ։ Սրամիտ է, չէ՞։ Սա Սարոյի հեմալսարանի երիտասարդ գիտնականներից մեկի գյուտն է։
Շուտով գմբեթում տիրող աշխուժությունը մարեց։ Լատիմերը իր աթոռը դրեց ուղիղ ջահի տակ եւ, շրթունքները շարժելով, շարունակեցմիալար կարդալ Աստղերին ուղղված աղոթքները։ Բինին դարձյալ գնաց իր խցիկների մոտ, իսկ Տերեմոնը օգտվեց առիթից՝ լրացնելու իր նշումները այն հոդվածի համար, որ պատրաստվում էր մյուս օրը գրել «Խրոնիկայի» պատվերով։ Վերջին երկու ժամը նա խնամքով, ջանադիր, եւ ինչպես շատ լավ հասկանում էր ինքը, անօգուտ զբաղվում էր այդ գործով։ Սակայն (դա, թերեւս, նկատեց նաեւ Շիրինը, որը քմծիծաղով նայում էր լրագրողին) այդ զբաղմունքը օգնում էր նրան չմտածել այն մասին, որ երկնակամարը հետզհետե ստանում է նոր մաքրած տհաճ կարմրակապույտ գույնը, եւ այդպիսով արդարացնում էր իրեն։ Թվում էր, թե օդն ավելի է թանձրացել։ Մթնշաղը, ինչպես շոշափելի նյութ, սողում էր սենյակի մեջ, եւ դեղին լույսի պարող շրջանը ավելի ու ավելի էր առանձնանում խտացող մթության մեջ։ Ծխի հոտ էր գալիս, ջահերը ճտճտում էին, ինչ֊որ մեկը ոտքի թաթերի վրա զգուշորեն անցավ սեղանի մոտով, որտեղ աշխատում էին մյուսները, մերթ ընդ մերթ որեւէ մեկը զուսպ հառաչում էր, ճգնելով հանգստություն պահպանել այս աշխարհում, որ գնում էր դեպի ստվերը։ Առաջինը աղմուկը լսեց Տերեմոնը։ Նա նույնիսկ չլսեց, այլ աղոտ զգաց ինչ֊որ ձայներ, որոնք ոչ ոք չէր զգա, եթե գմբեթում մեռյալ լռություն չտիրեր։ Ժուռնալիստն ուղղվեց տեղում եւ թաքցրեց նոթատետրը։ Շունչը պահելով նա ունկնդրեց, իսկ հետո, անցնելով սոլարոսկոպի եւ Բինիի խցիկներից մեկի արանքով, դժկամորեն մոտեցավ պատուհանին։ Լռությունը հատեց նրա հանկարծակի ճիչը․ — Շիրի՜ն։ Բոլորը թողեցին աշխատանքը։ Մի ակնթարթում հոգեբանը հայտնվեց ժուռնալիստի կողքին։ Այնուհանդերձ նրանց մոտեցավ Ատոնը։ Նույնիսկ Յիմոտ 70֊ը, որը տեղավորվել էր բարձր աթոռակի վրա՝ օդի մեջ, վիթխարի սոլարոսկոպի ակնապակու մոտ, գլուխն իջեցրեց եւ ցած նայեց։ Բետայից մնացել էր միայն մի մարող բեկոր, որն իր վերջին հուսակտուր հայացքն էր նետում Լագաշի վրա։ Արեւելքում, որտեղ գտնվում էր քաղաքը, հորիզոնը պարուրված էր Խավարով, իսկ Սարոյից աստղադիտարան ձգվող ճանապարհը դարձել էր դժգույն կարմիր մի շերտ, որը երկու կողմերից եզերված էր պուրակներով։ Առանձին ծառերն արդեն չէին երեւում, նրանք ձուլվել էին մի ընդհանուր մուգ զանգվածի մեջ։ Բայց հենց ճանապա՛րհն էր իր վրա գամել բոլորի ուշադրությունը, որովհետեւ այնտեղ սպառնալից եռում էր մի ուրիշ մուգ զանգված։ — Խելագարնե՜ր քաղաքից։ Նրանք արդեն մոտ են,— բեկբեկուն ձայնով գոռաց Ատոնը։ — Ինչքա՞ն է մնացել մինչեւ լրիվ խավարումը,— հարցրեց Շիրինը։ — Տասնհինգ րոպե, բայց… բայց… նրանք այստեղ կլինեն հինգ րոպե հետո։ — Կարեւոր չէ։ Հետեւեք, որպեսզի բոլորը շարունակեն աշխատել։ Մենք նրանց ներս չենք թողնի։ Այս շենքի պատերը բերդի պարիսպների պես ամուր են։ Ատոն, համենայն դեպս աչքներդ մի՛ կտրեք մեր անկոչ հյուրից։ Տերեմոն, եկեք ինձ հետ։ Տերեմոնը Շիրինի ետեւից դուրս վազեց սենյակից։ Սանդուղքը պարուրաձեւ իջնում էր ներքեւ, դեպի խոնավ ու դժնի մութը։ Ոչ մի րոպե չհապաղելով՝ նրանք իներցիայով իջան եւս մի հարյուր աստիճան, սակայն գմբեթի դռներից ընկնող աղոտ դեղին լույսը անհետացավ, եւ ամեն կողմից նրանց պարուրեց չարագույժ թանձր ստվերը։ Շիրինը կանգ առավ եւ թմբլիկ ձեռքով բռնեց կուրծքը։ Նրա աչքերը դուրս պրծան, իսկ ձայնը նմանվեց չոր հազի։ — Ես չեմ կարող… շնչել… Իջեք ներքեւ… մենակ։ Փակեք բոլոր դռները… Տերեմոնը մի քանի աստիճան էլ իջավ եւ շրջվեց։ — Սպասեք։ Դուք կարո՞ղ եք մի րոպե դիմանալ,— գոռաց նա։ Տերեմոնը ինքն էլ էր շնչահեղձ լինում։ Օդը թոքերն էր լցնում շատ դանդաղորեն եւ այնքան թանձր ր, ասես մրգահյութ լիներ, եւ այն մտքից, որ մենակ պիտի իջնի դեպի խորհրդավոր Խավարը, նա անմեկնելի սարսափ էր զգում։ Ուրեմն, մթությունն այնուամենայնիվ իրե՞նլ էլ է սարսափով համակում։ — Կանգնեք այստեղ,— ասաց նա։— Ես հիմա կգամ։ Թռչելով աստիճանների վրայից՝ նա սլացավ գմբեթ։ Սիրտը մոլեգնաբար թպրտում էր կրծքում, եւ ո՛չ միայն ֆիզիկական ջանքերից։ Նա խուժեց գմբեթ եւ պահիչից արագ վերցրեց վառվող ջահը։ Ջահից գարշահոտություն էր փչում, ծուխը ծածկում էր աչքերը, բայց Տերեմոնը, հրճվալից սեղմելով ձեռքում, արդեն ներքեւ էր սլանում աստիճաններով։ Երբ Տերեմոնը կռացավ Շիրինի վրա, նա բացեց աչքերն ու տնքաց։ Տերեմոնը ամբողջ ուժով ցնցեց նրան։ — Դե՛, ուշքի եկեք։ Մենք լույս ունենք։ Նա որքան հնարավոր է վեր բարձրացրեց ջահը, եւ, բռնելով սայթաքող հոգեբանի արմունկը, ուղղվեց ներքեւ, աշխատելով մնալ լույսի փրկարար օղակի մեջտեղում։ Դրսի աղոտ լույսը դեռեւս թափանցում էր առաջին հարկի աշխատասենյակները, եւ Տերեմոնը իրեն ավելի լավ զգաց։ — Պահե՛ք,— կոպիտ ասաց նա եւ ջահը մտցրեց Շիրինի ձեռքը։— Լսո՞ւմ եք նրանց ձայները։ Նրանք ականջ դրեցին եւ անկապ, խռպոտ ճիչ ու վայնասուն լսեցին։ Շիրինը իրավացի էր․ աստղադիտարանը նման էր ամրոցի։ Կառուցված լինելով անցյալ դարում, երբ այլանդակ նեոգավոտյան ոճը իր բուռն ծաղկումն էր ապրում, շենքը աչքի էր զարնում ոչ թե իր գեղեցկությամբ, այլ ամրությամբ եւ պատկառելիությամբ։ Պատուհանները ունեին երկաթե ճաղեր, որոնց ծայրերը խոր մտած էին բետոնե երեսապատման մեջ։ Քարե պատերն այնքան հաստ էին, որ նույնիսկ երկրաշարժը չէր կարող տապալել դրանք, իսկ մուտքի դուռը ամուր կաղնեփայտից էր եւ երկաթապատված։ Տերեմոնը նիգերով փակեց դուռը։ Միջանցքի մյուս ծայրին կամացուկ հայհոյում էր Շիրինը։ Նա ցույց տվեց ետնամուտքի դուռը, որի կողպեքը խնամքով կոտրված էր։ — Այ թե ոնց է Լատիմերը ներս մտել,— ասաց նա։ — Դե ի՞նչ եք փայտի պես ցցվել,— անհամբեր գոռաց Տերեմոնը։— Օգնեք կահույքը քարշ տանք… Եվ ջահն էլ մի կողմ տարեք։ Այս ծուխը կխեղդի ինձ։ Այդ ասելով, ժուռնալիստը ծանր սեղանը աղմուկով քշեց դեպի դուռը։ Երկու րոպեի ընթացքում նա մի այնպիսի բարիկադ կառուցեց, որ թեեւ զուրկ էր գեղեցկությունից եւ համաչափությունից, սակայն լիովին ամուր էր ու դիմացկուն։ Հեռվից լսվեցին մուտքի դռանը զարնվող բռունցքների խուլ հարվածներ, գոռում֊գոչյուն, վայնասուն, բայց այս ամենը կարծես նրանք լսում էին կիսարթուն վիճակում։ Սարոյից այստեղ հասած ամբոխը բռնված էր աստղադիտարանը կործանելու ցանկությամբ, որպեսզի հոգու անմահություն ստանա, ինչպես խոստանում էր Պաշտամունքը։ Խելահեղ սարսափը մարդկանց զրկել էր բանականությունից։ Նրանք անզեն ձեռքերով հարձակվեցին աստղադիտարանի վրա եւ փորձեցին ջարդել դռները։ Այդ ժամանակ արդեն Բետան նվազել, դարձել էր արնակարմիր բոցի մի կաթիլ, որը թույլ առկայծում էր համապարփակ սարսափով բռնված մարդության գլխավերեւում… — Վերադառնանք գմբեթ,— հառաչելով ասաց Տերեմոնը։ Գմբեթում միայն Յիմոտն էր շարունակում նստած մնալ իր տեղում, սոլարոսկսպի մոտ։ Մնացածները խմբվել էին լուսանկարչական ապարատների մոտ։ Լարվածությունից խռպոտած ձայնով վերջին ցուցմունքն էր տալիս Բինին։ — Յուրաքանչյուրը թող իր համար պարզի… Ես լուսանկարում եմ Բետան լրիվ խավարման պահին եւ փոխում եմ թիթեղը։ Ձեզնից յուրաքանչյուրին մի խցիկ է հանձնարարվում։ Դուք բոլորդ գիտեք, թե որքան պիտի պահեք… Մյուսները կիսաձայն հաստատեցին նրա ասածները, Բինին ձեռքով տրորեց աչքերը։ — Ջահերը դեռ վառվո՞ւմ են… Ասենք, ինքս էլ եմ տեսնում։ Նա ամուր հենվեց աթոռի թիկնակին։ — Հիշեք, մի՛… մի ջանացեք լավ նկարներ ստանալ։ Ժամանակ մի կորցրեք, մի փորձեք միաժամանակ երկու աստղ լուսանկարել։ Մեկն էլ հերիք է… Եվ… եւ եթե մեկնումեկը կզգա, որ իր մոտ սկսվել է… Թող անմիջապես հեռանա խցիկից։ — Տարեք ինձ Ատոնի մոտ։ Ես նրան չեմ տեսնում,— շշնջաց Շիրինը Տերեմոնին։ Ժուռնալիստն իսկույն չարձագանքեց։ Նա արդեն տեսնում էր ոչ թե մարդկանց, այլ նրանց աղոտ, տարտամ ստվերները, ջահերի դեղին բծերը գրեթե լույս չէին տալիս։ — Մութ է,— տրտնջաց նա։ Շիրինը առաջ պարզեց ձեռքերը եւ ասաց․ — Ատո՜ն։ Ու երերալով առաջ գնաց։ Տերեմոնը բռնեց նրա արմունկից։ — Սպասեք, ես ձեզ կտանեմ։ Նրան մի կերպ հաջողվեց անցնել սենյակի մյուս ծայրը։ Նա կկոցեց աչքերը, հրաժարվելով տեսնել Խավարը, հրաժարվելով հավատալ, որ խուճապը համակում է իրեն։ Ոչ ոք չլսեց նրանց ոտնաձայները, ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց վրա։ Շիրինը դեմ առավ պատին։ — Ատո՜ն։ — Հոգեբանն զգաց իրեն կպչող ձեռքերի դողը եւ լսեց շշնջոցը։ — Այդ դո՞ւք եք, Շիրին։ — Ատոն,— ասաց Շիրինը, ճգնելով հանգիստ շնչել։— Ամբոխից մի վախեցեք։ Նրանք այստեղ չեն մտնի։ Լատիմերը՝ Պաշտամունքի պահապանը, վեր կացավ տեղից․ նրա դեմքը այլայլվել էր հուսահատությունից։ Նա խոսք էր տվել, եւ եթե այն խախտեր, ապա մահացու վտանգի կենթարկեր իր հոգին։ Բայց չէ որ նրան ստիպել էին, եւ ինքը կամավոր չէր երդվել։ Շուտով կհայտնվեն Աստղերը, նա չի կարող հանգիստ կանգնել ու թույլ տալ… Եվ այնուամենայնիվ… խոսք էր տվել։ Բետայի վերջին ճառագայթի տակ Բինիի դեմքը թվում էր բոսորագույն, եւ Լատիմերը, տեսնելով, որ նա կռացավ լուսանկարչական ապարատի վրա, վճիռն ընդունեց։ Հուզմունքից նրա եղունգները խրվեցին փափուկ ափերի մեջ։ Օրորվելով, նա առաջ նետվեց։ Նրա դիմաց ոչինչ չկար, բացի ստվերներից, նույնիսկ հատակը թվում էր աննյութեղեն։ Իսկ հետո ինչ֊որ մեկը հարձակվեց նրա վրա, գետին գցեց եւ կառչեց կոկորդից։ Լատիմերը որքան ուժ ուներ ծնկով հարվածեց ախոյանին․ — Թողե՛ք ինձ, թե չէ կսպանեմ ձեզ։ Տերեմոնը գոռաց, հետո, հաղթահարելով սոսկալի ցավը, մռթմռթաց․ — Ախ, դու, ստո՛ր առնետ։ Նրա գիտակցությունը, թվում է, ամեն ինչ միանգամից էր ընկալում։ Նա լսեց Բինիի խռպոտ ձայնը․ «Սկսեցինք։ Բոլորդ մոտեցեք խցիկներին», եւ նույն պահին էլ ինչ֊որ կերպ գիտակցեց, որ արեգակնային լույսի վերջին ճառագայթը մարեց ու չքացավ։ Միաժամանակ նա լսեց, թե ինչպես կտրվեց Բինիի շունչը, ինչպես տարօրինակ ճչաց Շիրինը, ինչպես ընդհատվեց մեկի հիստերիկ ծիծաղը… եւ ինչպես դրսում տիրեց լռություն, տարօրինակ մեռյալ լռություն։ Տերեմոնը զգաց, որ բաց է թողնում ձեռքերը, բայց Լատիմերի մարմինն էլ մի տեսակ թուլացավ ու կակղեց։ Նայելով Պաշտամունքի պահապանի աչքերին՝ նա այնտեղ տեսավ ապակիացած դատարկչություն, որտեղ արտացոլվում էին ջահերի դեղին օղակները։ Նա տեսավ Լատիմերի շրթունքների վրա պղպջացող փրփուրը եւ լսեց գազանային հեծեծանքը։ Վախից քարանալով, նա դանդաղ վեր կացավ՝ հենվելով մի ձեռքի վրա, եւ նայեց պատուհանի ահասարսուռ սեւությանը։ Դրսում փայլփլում էին Աստղերը։ Եվ դրանք այն խղճուկ երեք հազար վեց հարյուր աղոտ աստղերը չէին, որ անզեն աչքով երեւում էին Երկրից։ Լագաշը գտնվում էր մի վիթխարի աստղային պարսի կենտրոնում։ Երեսուն հազար հզոր արեւները շողում էին հոգեցունց վեհությամբ եւ ավելի սառն էին ու սարսափազդու իրենց զարհուրելի անտարբերությամբ, քան դաժան քամին, որ սուրում էր պաղ եւ նողկալիորեն խավար աշխարհում։ Օրորվելով՝ Տերեմոնը ոտքի կանգնեց։ Նրա կոկորդն այնպես էր սեղմվում, որ շնչել չէր կարողանում, անտանելի սարսափից ամբողջ մարմնի մկանները ջղաձգվում էին։ Նա կորցնում էր գիտակցությունը եւ գիտեր դա, իսկ գիտակցության վերջին շողերը դեռեւս տանջալիորեն դիմադրում էին, ապարդյուն ճգնելով ընդդիմանալ սեւ սարսափի հորձանքներին։ Սարսափելի է խելագարվել եւ գիտենալ, որ խելագարվում ես… գիտենալ, որ մի րոպե հետո մարմինդ առաջվա պես ողջ֊առողջ կլինի, բայց դու, դու ինքդ ընդմիշտ կանհետանաս, կընկղմվես խելագարության մթին հորձանուտը։ Քանզի դա Խավարն է… Խավարը, Ցուրտը եւ Մահը։ Փլվեցին Տիեզերքի լուսավոր պատերը, եւ նրանց զարհուրելի սեւ բեկորները թափվեցին ներքեւ, որպեսզի ճզմեն եւ ոչնչացնեն իրեն։ Տերեմոնը դիպավ հատակի վրա չորեքթաթ սողացող ինչ֊որ մեկին եւ քիչ մնաց վայր ընկներ։ Ձեռքերով սեղմելով ջղաձգվող կոկորդը, Տերեմոնը կաղալով գնաց դեպի ջահերի բոցը, որը նրա խելահեղ աչքերից փակել էր ողջ մնացյալ աշխարհը։ — Լո՜ւյս,— գոռաց Տերեմոնը։ Ինչ֊որ տեղ վախեցած մանկան պես հեծկլտում էր Ատոնը։ Աստղերը… Բոլոր աստղերը… ու մենք ոչինչ չգիտեինք։ Մենք ոչ մի բան չգիտեինք։ Մենք վեց աստղը համարում էինք Տիեզերք։ Աստղեր ու Խավար հավիտյանս հավիտենից, եւ պատերը փլվում են, իսկ մենք չգիտեինք, որ չենք կարող իմանալ, եւ բոլոր… Ինչ֊որ մեկը փորձեց վերցնել ջահը, բայց ջահն ընկավ ու մարեց։ Եվ իսկույն էլ անտարբեր Աստղերի զարհուրելի վեհությունը շարժվեց մարդկանց վրա։ Իսկ պատուհանից դուրս, հորիզոնում, այնտեղ, ուր մի ժամանակ Սարո քաղաքն էր, ավելի ու ավելի պայծառանալով, բարձրանում էր բոսորագույն հրացոլքը, բայց դա ծագող արեւի լույսը չէր։ Նորից վրա հասավ երկար գիշերը։