Changes
Որքան ավելի փոքր է բացարձակորեն բավարարելի բնական պահանջմանքների թիվը, որքան ավելի մեծ է հողի բնական պտղաբերությունը և որքան ավելի բարենպաստ է կլիման, այնքան ավելի փոքր է այն աշխատաժամանակը, որն անհրաժեշտ է արտադրողի կյանքի պահպանման ու վերարտադրման համար։ Հետևաբար, այնքան ավելի մեծ կարող է լինել նրա աշխատանքի ավելցուկն ուրիշների օգտին՝ իր վրա գործադրվող աշխատանքի համեմատությամբ։ Այսպես, դեռևս Դիոդորը նկատում է հին եգիպտացիների մասին. «Բոլորովին աներևակայելի է, թե նրանց երեխաներին պահելը որքան քիչ նեղություն ու ծախսեր է պատճառում նրանց։ Նրանք երեխաների համար եփում են առաջին պատահած հասարակ կերակուրը. նրանց տալիս են ուտելու նաև պապիրուսի թփի ներքևի մասը, որը կարելի է կրակի վրա խորովել, բացի դրանից, ճահճաբույսերի արմատներն ու ցողունները՝ մասամբ հում, մասամբ խաշած կամ խորոված։ Երեխաների մեծ մասը ման է գալիս առանց ոտնամանների ու հագուստի, որովհետև կլիման շատ մեղմ է։ Ուստի երեխային մեծացնելը ծնողների վրա նստում է ընդհանրապես քսան դրախմից ոչ ավելի։ Սրանով է գլխավորապես բացատրվում Եգիպտոսի բնակչության շատությունը, որը հնարավորություն է տվել այնքան մեծ թվով վիթխարի կառուցումներ ստեղծելու»<ref>«Diodor's von Sicilien Historische Bibliothek», գիրք 1, գլ. 80 [էջ 126]։</ref>։ Սակայն հին Եգիպտոսի հսկա շենքերն իրենց ծագումով իրոք պարտական են ոչ այնքան նրա բնակչության շատությանը, որքան այն հանգամանքին, որ բնակչության զգալի մասը կարող էր գործադրվել այդ գործի համար։ Անհատական բանվորն այնքան ավելի շատ հավելյալ արժեք կարող է տալ, որքան ավելի փոքր է նրա անհրաժեշտ աշխատաժամանակը. նույնը վերաբերում է նաև բանվորական բնակչությանը՝ ամբողջովին վերցրած. որքան նրա ավելի փոքր մասն է պահանջվում անհրաժեշտ կենսամիջոցների արտադրության համար, այնքան ավելի մեծ է մնացած մասը, որը կարելի է գործադրել որևէ ուրիշ գործի վրա։
Երբ տրված է կապիտալիստական արտադրությունը, ապա, մյուս հավասար պայմաններում ու աշխատանքային օրվա տվյալ տևողության շրջանակներում, հավելյալ աշխատանքի մեծությունը փոփոխվում է՝ նայած աշխատանքի բնական պայմաններին և, հատկապես, հողի պտղաբերությանը։ Սակայն այստեղից ամենևին չի հետևում հակառակ դրույթը, թե ամենապտղաբեր հողն ամենահարմարն է արտադրության կապիտալիստական եղանակի աճման համար։ Այս վերջինը ենթադրում է մարդու տիրապետությունը բնության վրա։ Չափազանց շռայլ բնությունը «մարդուն՝ երեխայի պես ձեռքից բռնած է ման ածում»։ Բնությունը մարդու սեփական զարգացումը չի դարձնում բնական անհրաժեշտություն<ref>«Առաջինը (բնական հարստությունը), ավելի բարենպաստ ու ձեռնտու լինելով,... ժողովրդին դարձնում է անհոգ, ամբարտավան ու ամեն տեսակ սանձարձակությունների անձնատուր եղած, այնինչ երկրորդը նպաստում է զգոնության, գիտությունների, արվեստների ու քաղաքական հաստատությունների զարգացմանը» («Englands Treasure by Foreign Trade. Or the Balance of our Foreign Trade is the Rule of our Treasure. Written by Thomas Mun, of London, Merchant, and now published for the common good by his son John Mun». London 1669, էջ 181, 182 «Եվ ես չեմ կարող ժողովրդի համար ավելի մեծ անեծք պատկերացնել, քան նետված լինել մի կտոր հողի վրա, որտեղ բնությունն ինքն է առատորեն արտադրում կենսամիջոցներ և ուտելիք, իսկ կլիման չի պահանջում կամ թե չի թույլատրում հագուստի և. վատ եղանակից պաշտպանվելու մասին շատ հոգալ... հնարավոր է նաև. հակառակ ծայրահեղությունը։ Այն հողը, որ անընդունակ է իր մեջ ներդրված աշխատանքի օգնությամբ արտադրելու, բոլորովին նույն կերպ վատ է, ինչպես այն հողը, որ առատորեն արտադրում է առանց որևէ աշխատանք կիրառելու» («An Incuiry Inquiry on the Causes of the Present High Price of Provisions». London 1767, էջ 10)։</ref>։ Ո՛չ թե արևադարձային կլիման իր փարթամ բուսականությամբ, այլ բարեխառն գոտին է եղել կապիտալի ծննդավայրը։ Ո՛չ թե հողի բացարձակ պտղաբերությունը, այլ նրա բաժանվածությունը տարբեր տեսակների, նրա բնական արդյունքների բազմազանությունն է կազմում աշխատանքի հասարակական բաժանման բնական հիմքը. շնորհիվ բնական այն պայմանների փոփոխության, որոնց մեջ մարդը ստիպված է վարելու իր տնտեսությունը, այդ բազմազանությունը նպաստում է նրա սեփական պահանջմունքների, ընդունակությունների, աշխատանքի միջոցների ու աշխատանքի եղանակների բազմացմանը։ Բնության որևէ ուժ տնտեսության շահերի տեսակետից հասարակական վերահսկողության ենթարկելու անհրաժեշտությունը, այդ ուժը մարդու ձեռքով շինված խոշոր մասշտաբի կառուցումների միջոցով օգտագործելու կամ իրեն ենթարկելու անհրաժեշտությունը վճռողական դեր է խաղում արդյունաբերության պատմության մեջ։ Օրինակ կարող է ծառայել ջրի կարգավորումը Եգիպտոսում<ref>Նեղոսի հեղեղումների ժամանակաշրջանները հաշվելու անհրաժեշտությունը ստեղծեց եգիպտական աստղաբաշխությունը, իսկ դրա հետ միասին քրմերին որպես հողագործությունը ղեկավարողների կաստայի տիրապետությունը։ «Արևադարձը տարվա մեջ այն մոմենտն է, երբ սկսվում է Նեղոսի ջրերի վարարումը. եգիպտացիները արևադարձը պետք է դիտեին առանձին ուշադրությամբ... Նրանց համար կարևոր էր տարվա այդ շրջանը որոշել, որպեսզի կարգավորեին իրենց գյուղատնտեսական միջոցառումները։ Այգ պատճառով էլ նրանք պետք է երկնքում որոնեին այն նշանը, որը ցույց էր տալիս այդ շրջանի վերադարձը» (Cuvier: «Discours sur les révolutions du globe». հրատ. Hoefer. Paris 1863, էջ 141)։</ref>, Լոմբարդիայում, Հոլանդիայում և այլն, կամ Հնդկաստանում, Պարսկաստանում ու այլ երկրներում, որտեղ արհեստական ջրանցքներով ոռոգումը ո՛չ միայն բույսերի համար անհրաժեշտ ջուր է մատակարարում հողին, այլև միաժամանակ տիղմի հետ հանքային պարարտանյութեր է բերում լեռներից։ Արաբների տիրապետության ժամանակ Իսպանիայի ու Սիցիլիայի տնտեսական ծաղկման գաղտնիքը արհեստական ոռոգումն էր<ref>Հնդկաստանի՝ իրար հետ չկապված արտադրական մանր օրգանիզմների վրա տարածվող պետական իշխանության նյութական հիմքերից մեկը ջրամատակարարման կարգավորումն էր։ Հնդկաստանի մահմեդական իշխողներն այդ ավելի լավ էին հասկանում, քան նրանց անգլիացի հաջորդները։ Հիշեցնենք միայն 1866 թվականի սովը, որ Բենգալիայի պրեզիդենտության Օրիսսայի օկրուգում մեկ միլիոնից ավելի հնդիկի կյանք նստեց։</ref>։
Բարենպաստ բնական պայմանները միշտ միայն հավելյալ աշխատանքի հնարավորություն են ընձեռում, բայց երբեք իրենք չեն ստեղծում իսկական հավելյալ աշխատանք, հետևապես, նաև հավելյալ արժեք կամ հավելյալ արդյունք։ Աշխատանքի տարբեր բնական պայմաններն ունենում են այն հետևանքը, որ աշխատանքի նույն քանակը տարբեր երկրներում պահանջմունքների տարրեր քանակ է բավարարում<ref>«Չկա երկու երկիր, որոնք գոյության միջոցների միևնույն քանակը տային միանման առատությամբ ու աշխատանքի միևնույն ծախսումով... մարդկանց կարիքները աճում կամ պակասում են... այն կլիմայի դաժանության կամ բարեխառնության պատճառով, որի մեջ նրանք ապրում են, հետևաբար, այն չափերը, որոնցով զանազան երկրների բնակիչներն ստիպված են իրենց արդյունաբերությունը վարել, չեն կարող միանման լինել, և հիշյալ չափերի փոփոխման աստիճանը որոշելը այլ կերպ հնարավոր չէ, բացի տաքության ու ցրտի աստիճանների հետ կապելուց. այստեղ կարող է հանվել այն ընդհանուր եզրակացությունը, թե աշխատանքի այն քանակը, որ անհրաժեշտ է որոշ թվով բնակչության գոյությունը պահպանելու համար, ամենից շատ է ցուրտ երկրում, ամենից քիչ է տաք երկրում, որովհետև առաջին դեպքում ո՛չ միայն մարդիկ հագուստի ավելի շատ կարիք ունեն, այլև հողն ավելի կարիք ունի մշակվելու, քան երկրորդ դեպքում» («An Essay օո the Governing Causes of the Natural Rate of Interest». London 1750, էջ 59)։ Դարագլուխ կազմող այս անանուն գրվածքի հեղինակը Ջ. Մեսսին է։ Յումը նրանից է վերցրել տոկոսի իր թեորիան։</ref>, հետևապես, այն հետևանքը, որ մյուս պայմանների նմանության դեպքում անհրաժեշտ աշխատաժամանակը տարբեր է լինում։ Նրանք հավելյալ աշխատանքի վրա ազդում են միայն որպես բնական սահման, այսինքն՝ որոշում են այն կետը, որի սահմաններից դուրս կարող է սկսվել աշխատանքը ուրիշների համար։ Նույն այն չափով, որով զարգանում է արդյունաբերությունը, ետ է մղվում այդ բնական սահմանը։ Արևմտաեվրոպական հասարակության մեջ, որտեղ բանվորը միայն հավելյալ աշխատանքի միջոցով կարող է աշխատելու թույլտվություն գնել իր սեփական գոյությունը պահպանելու համար, հեշտությամբ առաջ է գալիս այն պատրանքը, թե հավելյալ արդյունք մատակարարելը մարդկային աշխատանքի բնածին հատկությունն է<ref>«Ամեն մի աշխատանք (թվում է, թե այս էլ է վերաբերում քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին) պետք է ավելցուկ թողնի» (Պրուդոն)։</ref>։ Բայց վերցնենք, օրինակ, ասիական արշիպելագի արևելյան այն կղզիների բնակիչներին, որտեղ սագոն վայրի ձևով աճում է անտառում։ «Բնակիչները, ծառի մեջ մի ծակ շաղափելով և համոզվելով, որ միջուկը հասել է, ծառը կտրում են և բաժանում մի քանի կտորների, ճանկերով հանում են միջուկը, ջրի հետ խառնում և ջուրը քամելով ստանում են գործածության համար միանգամայն պիտանի սագոյի ալյուր։ Մի ծառը սովորաբար տալիս է 300 ֆունտ և կարող է տալ 500-ից մինչև 600 ֆունտ։ Այնտեղ, այսպիսով, անտառ են գնում իրենց համար հաց կտրելու, այնպես, ինչպես մեզանում անտառ են գնում փայտ կտրելու»<ref>F. Shouw: «Die Erde, die Pflanzen und der Mensch», 2-րդ հրատ., Leipzig 1854, էջ 148։<br>* Մարքսի 1878 թ. 28/XI նամակում Ն. Ֆ. Դանիելսոնին (Ն.—ոն-ին) արած ցուցումի հիման վրա այս պարբերության սկիզբը պետք է ուղղել հետևյալ ձևով, «Այնուհետև գալիս է մի փայլուն նմուշ, թե ինչպես է Միլլը վարվում հասարակական արտադրության պատմական տարբեր ձևերի հետ. «Ես ենթադրում եմ ամեն տեղ,— ասում է նա,— իրերի արդի դրությունը, որը, սակավ բացառություններով, իշխում է ամենուրեք, որտեղ բանվորներն ու կապիտալիստներն աոանձին դասակարգեր են կազմում»։ Միլլն ուզում է հավատալ, թե «բացարձակ անհրաժեշտություն չկա, որ այդ այդպես լինի, նույնիսկ այնպիսի տնտեսական սիստեմի ժամանակ, որտեղ բանվորները և կապիտալիստները առանձին դասակարգեր են կազմում»։ Հմմտ. Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XXVII, էջ 18, ռուս. հրատ,։ '''Խմբ.։'''<br>9a J. St. Mill: «Principles of Political Economy». London 1868, էջ 252, 253, զանազան տեղերում։ [Հմմտ. Дж. Милль: «Основания политической экономии». Ռուս, թարգ, խմբ. Չերնիշևսկու, 1909 թ., գիրք II, էջ 14, 395։] {Մեջ բերված հատվածները վերցված են «Կապիտալ»-ի ֆրանսերեն հրատարակությունից։— Ֆ. Է.}</ref>։ Ենթադրենք, որ արևելյան-ասիացի մի այդպիսի հացահատի շաբաթական 12 աշխատաժամ է հարկավոր իր բոլոր պահանջմունքները բավարարելու համար։ Բարենպաստ բնական պայմաններն անմիջաբար միայն մի բան են տալիս նրան՝ ավելորդ ազատ ժամանակ։ Որպեսզի նա այդ ազատ ժամանակն արտադրողաբար գործադրի հենց իրեն համար, անհրաժեշտ է պատմական պայմանների մի ամբողջ շարք. որպեսզի նա այդ ազատ ժամանակը ծախսի ուրիշ անձերի համար, հավելյալ աշխատանքի ձևով, պահանջվում է արտաքին հարկադրանք։ Եթե այնտեղ կապիտալիստական արտադրություն մտցված լիներ, ապա մեր կտրիճը ստիպված կլիներ, գուցե, շաբաթվա մեջ 6 օր աշխատելու, որպեսզի մի աշխատանքային օրվա արդյունքը իր օգտին գործադրեր։ Բնության առատաձեռնությունը ամենևին չի բացատրում, թե ինչու նա հիմա շաբաթվա մեջ 6 օր է աշխատում կամ ինչու է 5 օրվա հավելյալ աշխատանք, այսինքն՝ հսկայական հավելյալ արդյունք տալիս։ Բնության առատաձեռնությունը միայն այն է բացատրում, թե ինչու է նրա անհրաժեշտ աշխատաժամանակը սահմանափակված շաբաթվա մեջ մի օրով։ Բայց նրա հավելյալ արդյունքը ոչ մի դեպքում չէր կարող առաջ գալ մարդկային աշխատանքի ինչ-որ բնածին, խորհրդավոր հատկությունից։