Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 36 700 բայտ, 17:43, 13 Փետրվարի 2015
/* Թ․ գլուխ */
միայն այս տապանագրով՝ Ուիլկինս Միկաբր»։
 
 
==Ժ․ գլուխ==
 
Մր․ Պեգգոտիի երազը կատարվում է
 
 
Մարթայի ու մեր տեսակցությունից հետո, որ ունեցել էինք գետափին, արդեն անցել էր մի քանի ամիս։ Այնուհետև ոչ մի անգամ չէի տեսել նրան, իսկ նա մի քանի անգամ պատահել էր մր․ Պեգգոտիին։ Նրա եռանդուն ջանքերը զուր էին անցել․ մր․ Պեգգոտիի խոսքերից երևում էր, որ Էմլիի հետքն անգամ չի հայտնվել։ Խոստովանում եմ, որ այդ աղջկան գտնելու հույսս արդեն կտրվելու վրա էր․ ես օրեցօր հակվում էի կարծելու, թե նա մեռած կլինի։
 
Մր․ Պեգգոտիի համոզմունքն անխախտ էր։ Որքան գիտեի, ― և կարծեմ այդ մարդու ազնիվ սիրտը պարզ էի տեսնում, ― նա իր թոռնիկին գտնելու հանդիսավոր վստահության մեջ ոչ մի անգամ չթուլացավ։ Նրա համբերությունն անսպառ էր։ Եվ թեպետ ես զարհուրում էի մտածելիս, թե նրա համար ինչ սոսկալի հարված կլինի, եթե մի օր այդ զորեղ վստահությունը չքանա, բայց նրա հավատն այնպես սուրբ էր, այնքան խոր արմատացած նրա մաքուր սրտի մեջ, որ ես օրեցօր ավելի էի սիրում ու գնահատում այդ մարդուն։
 
Միայն հուսալով պարապ նստող մարդ չէր նա։ Ամբողջ իր կյանքը գործի էր նվիրել և քաջ գիտեր, որ պարտավոր է ամեն բան ինքն անել, ուրիշի օգնությանը չապավինել։ Ինձ հայտնի էր, որ երբեմն կես֊գիշերին ոտքով է գնում Յարմաութ, կասկածելով, թե գուցե ճրագ դրած չլինի հին նավատան պատուհանում։ Ինձ հայտնի էր, որ երբ լրագիր կարդալիս կարծում էր, թե Էմլիի հետ մի կապ ունեցող բան է գտել, գավազանը վերցնում էր ու քառասուն կամ վաթսուն մղոն ճանապարհ կտրում։ Հենց որ այդ ամենը նրան պատմեցի, ինչ որ իմացել էի միս Դարտլի ներկայությամբ, նա ծովով Նեապոլ գնաց ու ետ եկավ։ Այս բոլոր ուղևորությունները ամենախիստ չարքաշությամբ էր կատարվում, և հավաստի լինելով, թե Էմլիին վաղ թե ուշ պիտի գտնի, իր փողը նրա համար էր պահում։ Ոչ մի ժամանակ չլսեցի, որ այդ երկար երթևեկություններից գեթ մի անգամ գանգատվեր, մի անգամ ասեր, թե հոգնած է կամ վհատված։
 
Մեր հարսանիքից հետո Դորան շատ անգամ էր տեսել նրան ու սիրել։ Այսօր էլ աչքիս առջև պատկերացնում եմ, թե ինչպես այդ ձկնորսն իր կոպիտ գլխարկը բռնած՝ գալիս կանգնում էր երեխա֊կնոջս բազմոցի մոտ, և Դորան նրա կապուտակ աչքերով հիացած՝ մտիկ էր անում դեմքին։ Երբեմն, երբ երեկոյան դեմ էր գալիս, նրան մեր պարտեզն էի տանում, որ իր չիբուխն ազատ ծխի, և մենք ման գալով՝ իրար հետ հանգիստ խոսում էինք։ Այն ժամանակ մտքիս մեջ ակներև արթնանում էին նրա ամայի տան պատկերը և մանկական աչքերս այնքան հրապուրող գիշերային հավաքումները վառարանի կրակի առջև, մինչ քամին մռնչում էր տան շուրջը։
 
Մի երեկո մր․ Պեգգոտին ինձ պատմեց, թե մի օր առաջ Մարթային տեսել է իր բնակարանի դռան մոտ սպասելիս, և թե աղջիկը նրան խնդրել է ամենևին չհեռանալ Լոնդոնից, մինչև որ դարձյալ մի անգամ նրան չտեսնի։
 
― Բայց չասա՞ց, թե ինչի համար, ― հարցրի ես։
 
― Փորձեցի իմանալ, մաստր Դեվի, ― պատասխանեց բարեկամս, ― բայց Մարթան շատ խոսել չի սիրում․ խոսք առավ ինձնից ու հեռացավ։
 
― Եվ հայտնե՞ց, թե երբ նորից կտեսնեք նրան։
 
― Ոչ, մաստր Դեվի, ― ասաց մր․ Պեգգոտին լրջությամբ, իր ճակատը շփելով։ ― Այդ էլ հարցրի, բայց ասաց, թե չի կարող պատասխանել։
 
Վաղուց արդեն դադարած լինելով քաջալերել բարեկամիս մազի վրա կախված հույսերը, ես այն իրիկուն ոչ մի կարծիք չհայտնեցի, այլ միայն նկատեցի, թե հավանական է, որ շուտով կտեսնի Մարթային։ Լավ էի համարում նրա հաղորդած լուրի առթիվ իմ մեջ ծագած մտքերը նրան չհայտնել, որովհետև շատ կարեևոր բաներ չէին։
 
Մի երկու շաբաթ հետո, երեկոյան դեմ, ես մեր պարտեզում մենակ զբոսնում էի։ Լավ եմ հիշում այդ երեկոն։ Դա մր․ Միկաբրի ժամադրած շաբաթվա երկրորդ երեկոն էր։ Ամբողջ օրն անձրև էր եկել, օդի մեջ խոնավություն կար։ Թրջված տերևները, ճյուղերի վրա ծանրանալով՝ անշարժ էին․ երկինքը դեռ ամպոտ էր, բայց երգեցիկ թռչուններն արդեն սկսել էին ուրախ֊ուրախ ծվծվալ։ Վերջալույսը մթության էր տեղի տալիս, ծիտիկները քիչ֊քիչ հանդարտվեցին և իմ շուրջը մի խորին լռություն տիրեց․ միայն տերևներից մեկ֊մեկ սահող կաթիլների չփչփալն էր լսվում։
 
Մեր տնակի կողքին պատատուկով պատսպարված փոքրիկ ճեմլիք կար, որտեղից երևում էր դրսի մեծ ճանապարհը։ Շատ բաներ մտածելով աչքս այդ կողմ դարձնելիս՝ հասարակ շալի մեջ փաթաթված մի կին տեսա, որ կարծես ինձ էր նշան անում աչք ու ձեռքով։
 
― Մա՞րթա, ― ասացի ես, երբ որ ավելի մոտեցա նրան։
 
― Կարո՞ղ եք արդյոք ինձ հետ գալ, ― հարցրեց նա մի դողդոջուն մրմունջով։ ― Ծերունու մոտ էի, բայց տանը չէր։
 
Գրեցի այն տեղի անունը, ուր կարող է գտնել մեզ, և իմ ձեռքով սեղանի վրա դրի։ Ասացին, թե շուտով տուն կգա։ Նրան ասելու բաներ ունեմ։ Կարո՞ղ եք իսկույն հետս գալ։
 
Փոխանակ պատախան տալու նույն վայրկյանին պարտեզի դռնով դուրս եկա։ Մարթան ձեռքի արագ շարժումով նշան արեց, որ լռեմ, և շտապեց դեպի Լոնդոն, որտեղից, ինչպես որ շորերը վկայում էին, ոտքով պիտի աճապարած լիներ։
 
Հարցրի, թե որտե՞ղ ենք գնում, և նրա այո֊ի արագ նշանը տեսնելուն պես՝ մի պարապ կառք կանգնեցրի, և իսկույն նստեցինք։
 
― Ո՞ւր պատվիրեմ, որ տանի, ― հարցրի Մարթային։
 
― Դեպի Գոլդն Սքուեյրի, միայն թե շուտ, ― ասաց Մարթան։
 
Հետո անկյունում կուչ եկավ, մի ձեռքով երեսը ծածկեց ու մյուսով առաջվա նշանն արեց՝ հասկացնելու, թե չի կարող մարդու ձայն լսել։
 
Հուսո ու երկյուղի մեջ տատանվելով՝ շվարած մտիկ էի անում ուղեկցիս ու սպասում, թե մի բացտրություն կլսեմ, սակայն տեսնելով, որ վճռել է լուռ մնալ և զգալով որ ես ինքս էլ խոսելու տրամադիր չեմ, չուզեցի լռությունը խանգարել։ Գնում էինք առանց մի խոսք ասելու։ Երբեմն֊երբեմն նա լուսամուտից դուրս էր նայում, կարծես կառքի ընթացքը դանդաղ համարելով, այնինչ իրոք արագ էր,― և լուռ ու մունջ մնում։
 
Նրա ցուցումով կանգ առանք ու իջանք Գոլդն Սքուեյրի մուտքի առաջ, ուր ես կառապանին պատվիրեցի, որ մեր վերադարձին սպասի։ Մարթան թևիցս բռնեց ու շտապով տարավ մի մռայլ փողոց, որի նման շատերը կային այդ թաղում, ուր մի ժամանակ տները ջոկ ընտանիքների համար շինված սիրուն֊սիրուն շենքեր էին, իսկ այժմ չքավորներին սենյակ առ սենյակ վարձու տրվող բնակարաններ։ Մարթան այդ տներից մեկի բաց դուռը մտնելով, թևս արձակեց ու նշան արեց, որ իրեն հետևեմ դեպի վեր տանող սանդուղքը։ Դա փողոցի հետ միացած մի ընդհանուր միջանց էր։
 
Տունը բնակիչներով լիքն էր։ Մեր բարձրանալու միջոցին սենյակների դռներն ամեն վայրկյան բացվում էին ու անդադար զանազան գլուխներ դուրս նայում․ պատահում էին և ներքև իջնող մարդիկ։ Դեռ դրսից վերև նայելիս նկատել էի, որ մի քանի կանայք, պատուհանների մոտ նստած ծաղկե փարչերի հետևից ներքև էին նայում։ Ակներև էր, որ մենք նրանց ուշադրությունը գրավել էինք, որովհետև հենց նրանք էին կիսաբաց դռների միջով մեզ դիտում։ Սանդուղքը լայն էր, սալահատակ և մթագույն սև փայտե ստվար բազիրքով եզերված, դռների պսակները պտուղներ ու ծաղիկներ պատկերող զարդեր ունեին, պատուհանները՝ լայն նիստեր։ Սակայն անցած շքեղության այդ բոլոր նշաններն ամենաթշվառ անկման մեջ էին գտնվում և կեղտոտ էին․ խոնավության, փտության ու հնության պատճառով հատակն արդեն մաշվել էր և վտանգավոր դարձել։ Նկատեցի, որ տեղ֊տեղ փորձել են այդ զառամ մարմնի մեջ մի նոր արյուն հոսեցնել և վաղեմի նուրբ քանդակներն անշահ նյութերով նորոգել․ սակայն այդ գծուծ կարկատանը նման էր մի սնանկացած հին իշխանի ամուսնության՝ մի գռեհիկ աղջկա հետ ― երկու կողմն էլ իրարից դժգոհ։ Սանդուղքի պատուհաններից շատերը կամ փակված և կամ բոլորովին խցված էին․ իսկ մյուսների մեջ գրեթե ոչ մի ողջ ապակի չէր մնացել։ Խարխուլ շրջանակների միջով, որոնք միայն նեխած օդ էին ներս քաշում, այլ ոչ թե դուրս թողնում, ուրիշ ամայի պատուհաններ էի նշմարում, ուրիշ կիսավեր շինություններ, և սոսկալով տեսնում ոտքերիս ներքև մի խոր բակ, մի գարշելի փոս, որ ամբողջ տան աղբանոցն էր։
 
Ամենավերին դստիկոնն էինք բարձրանում։ Ստվերների միջով անցնելիս ես մի երկու անգամ կարծես թե մի կանացի պատկեր նշմարեցի, որ մեր առջևից էր գնում, և երբ մենք վերջին պտույտն անելով սանդուղքի գավթին պիտի հասնեինք, ուր արդեն կտուրն էր, պարզ տեսա, որ միևնույն կինը մի դռան առջև կանգ առավ։ Նա բանալին շարժեց ու ներս մտավ։
 
― Այդ ի՞նչ բան է, ― շշնջաց Մարթան։ ― Իմ սենյակն է մտնում, և ես չգիտեմ, թե ով է։
 
Իսկ ես գիտեի, թե ով է։ Զարմանալով ճանաչել էի միս Դարտլին։
 
Շտապով ասացի ողեկցիս, թե այդ լեդին ինձ հայտնի է, և դեռ խոսքս չէի ավարտել, երբ սենյակից նրա ձայնը հնչեց, բայց թե ինչ էր ասում չհասկացանք։ Մարթան շվարած վրաս նայեց, առաջվա պես ինձ լուռ մնալու նշան արեց ու հանդարտ մինչև գավիթ հասցրեց։ Այնտեղ նա, թեթև հրելով, մի հետևի դռնակ բաց արեց, որ կարծես թե փականք չուներ, և մենք մտանք մի նեղ առաստաղով ամայի խցիկ, որ փայտաշեն դարանի չափ մի բան էր։ Խցիկի և այն սենյակի միջև, որ Մարթան իրենն էր անվանել, մի կիսաբաց, փոքրիկ դուռ էր գտնվում։ Այդ դռան մոտ կանգ առանք՝ վեր ելնելուց գրեթե շնչասպառ, և Մարթան ձեռքով բերանս փակեց։ Ես կարողացա միայն տեսնել, որ կից սենյակը բավական լայն է, որ մեջը մի մահճակալ կա, իսկ պատերի վրա՝ մի քանի հասարակ նավի պատկեր։ Միս Դարտլին չէի տեսնում, ոչ էլ այն անձին, որին նա դիմում էր։ Մարթան էլ հարկավ չէր տեսնում, որովհետև իր կանգնած տեղն իմից ավելի անհարմար էր։
 
Մի որոշ ժամանակ գերեզմանային լռություն տիրեց։ Մարթան մի ձեռքը շուրթերիս դրած, մյուսը մեկնեց՝ ուշադրություն արտահայտելով։
 
― Ի՞նձ ինչ, որ նա տանը չէ, ― գոռոզաբար ասաց Ռոզա Դարտլը։ ― Ես նրան չեմ ճանաչում, չեմ էլ ուզում ճանաչել։ Ես եկել եմ քեզ տեսնելու։
 
― Ի՞նձ, ― պատասխանեց մի քնքուշ ձայն։
 
Այդ ձայնի հնչյունը լսելուս պես, մարմնիս միջով սարսուռ անցավ։ Էմլիի ձայնիկն էր այն։
 
― Այո, ― ասաց միս Դարտլը, ― հատուկ եկել եմ քեզ տեսնելու։ Ի՞նչ։ Չե՞ս ամաչում ցույց տալ ինձ այդ խայտառակ երեսդ։
 
Այդ սառն ու սուր ձայնի մեջ միս Դարտլի անհագ, անգութ ատելությունը, նրա զսպված կատաղությունն այնպես պարզ արտահայտվեց, որ ասես թե իմ առջև տեսա նրան իր հրացայտ աչքերով, զայրույթից սփրթնաց երեսով, շրթունքի վրա դողացող սպիտակ սպիով։
 
― Եկել եմ տեսնելու, ― ասաց նա, ― տեսնելու, Ջեյմս Ստիրֆորթի խելքը թռցնող փերիին, այն աղջկան, որ նրա հետ փախել էր և խոսակցությունների առարկա դարձել իր բնագավառի ռամիկների շրջանում․ տեսնել Ջեյմս Ստիրֆորթի պես մի մարդու հանդուգն, վարպետ, լիրբ ու լկտի տարփածուին։ Վաղուց կցանկանայի իմանալ, թե ինչի՞ է նման մի այդպիսի արարած։
 
Մի դղրդյուն լսվեց, ու թշվառ աղջիկը, որի գլխին այդ թշնամանքը թափվել էր, հենց իմանաս փախչելու փորձ արեց, իսկ թշնամացողը նրա ճանապարհն արագ կտրեց։ Այնուհետև մի կարճ լռություն հաջորդեց։
 
― Կա՛ց, ― գոչեց միս Դարտլը, ատամները կրճտելով ու հատակը դոփելով, ― կա՛ց, եթե ոչ այս տան բոլոր բնակիչների առջև դիմակազերծ կանեմ քեզ։ Մի հուսա փախչել իմ ձեռքից․ մազերդ փետելով քեզ կբռնեմ ու քարերն անգամ քո դեմ ոտքի կհանեմ։
 
Միայն մի սարսափելի ճիչ լսելի եղավ՝ այդ նախատինքին ի պատասխան։ Հետո լռություն հաջորդեց։ Ես չգիտեի՝ ի՞նչ անեմ։ Փափագով կփափագեի վերջ դնել այդ տեսակցությանը, բայց զգում էի, որ իրավունք չունեմ ներկայանալու աղջկան․ միայն մր․ Պեգգոտին իրավունք ուներ նրան տեսնելու ու պաշտպանելու։ Սակայն ինչո՞ւ չէր գալիս։
 
― Ահա՛, ― ասաց Ռոզա Դարտլն արհամարհոտ ծիծաղով, ― վերջապես տեսնում եմ սրան։ Եվ ինչպե՞ս նա կարողացավ այս սուտ պարկեշտի թակարդն ընկնել։
 
― Օ՜հ, աստծու սիրուն գթացեք ինձ, ― գոչեց Էմլին։ ― Օվ էլ լինեք, ձեզ հայտնի է ողորմելի պատմությունս։ Աստծու սիրուն գթացեք ինձ, եթե ուզում եք, որ ձեզ էլ գթան։
 
― Ինձ գթան, ― գոռաց միս Դարտլը մոլեգնաբար։ ― Ի՞նչ կա իմ ու քո միջև, որ ընդհանուր լիներ։
 
― Ոչինչ, միայն մեր սեռը, ― ասաց Էմլին սաստիկ լալով։
 
― Սե՜ռը, ― գոչեց միս Դարտլը։ ― Եվ քեզ նման մի խայտառակ արարած համարձակվում է մեր սեռին դիմում անել։ Գիտե՞ս արդյոք, որ եթե ատելությունից ու գարշանքից զատ ուրիշ զգացում չունենայի էլ դեպի քեզ, արդեն այդ միակ բառը բավական էր սառույց դարձնելու իմ սիրտը։ Մեր սեռը։ Պարծանք ես բերում մեր սեռին։
 
― Արժանի եմ այդ հանդիմանության, ― ասաց Էմլին հեկեկալով, ― բայց սարսափում եմ լսելուց։ Օ՜հ, տիկին, ազնիվ տիկին, վեհանձն եղեք․ մտածեցեք, թե որքան եմ չարչարվել ու ի՞նչ պատճառով այսպես ընկել։ Օ՜հ, Մարթա, շուտով հասիր։ Օ՜հ, մեր տունը, մեր տո՜ւնը։
 
Միս Դարտլը կիսաբաց դռան դեմուդեմ աթոռի վրա նստեց և ներքև նայեց, ասես թե իր ոտներն ընկած Էմլիին դիտելով։ Այդ րոպեին ես նրա դողդոջ շուրթերն ու անագորյուն աչքերը պարզ տեսա․ դրանք վայրագ խնդությամբ մի կետի էին սևեռված։
 
― Լսիր, ինչ եմ ասում, ― հրամայեց նա, ― և այդ կեղծ քնքշաքդ քո խաբած հիմարների համար պահիր։ Իսկ ինձ ոչ արտասուքովդ կշարժես, ոչ էլ ժպիտովդ կհրապուրես, այ դու ծախու գերուհի։
 
― Օ՜հ, գոնե փոքր֊ինչ ողորմած եղեք դեպի ինձ, ― գոչեց Էմլին։ ― Գեթ փոքր֊ինչ կարեկից եղեք թշվառիս, եթե ոչ, խելագարված կմեռնեմ։
 
― Դա մի թեթև ապաշխարանք կլիներ ոճիրներիդ փոխարեն, ― ասաց Ռոզա Դարտլը։ ― Արդյոք գիտե՞ս, ինչեր ես արել։ Մտածե՞լ ես այն տան մասին, որ քո պատճառով քանդվել է։
 
― Օր չի անցել, գիշեր չի անցել, որ մտածած չլինեմ նրա մասին, ― աղաղակեց Էմլին։
 
Այժմ տեսա, որ նա չոքած է՝ հերարձակ գլուխը ետ ձգած, գունատ երեսը վերև ուղղած և մեկնած ձեռքերը վհատությամբ իրար կցած։
 
― Օ՜հ, մի րոպե անգամ չի եղել, թե արթուն լինեի, թե քնած, որ այդ սիրելի տունը ճիշտ այնպես չներկայանար աչքիս առջև, ինչպես էր այն օրը, երբ ես ընդմիշտ, ընդմիշտ թողի նրան։ Օ՜հ, անձկալի տուն, հայրենի տուն։ Օ՜հ, իմ անգին, իմ սիրելի հորեղբայր, եթե գեթ մի վայրկյան գուշակած լինեիր այն տանջանքը, որ ուղիղ ճամփից շեղվելուցս ի վեր հասցնելու էր ինձ քո սերը, առատասեր չէիր լինի դեպի ինձ․ գոնե մի անգամ կյանքիս ընթացքում կսաստեիր ինձ, և ինձ համար դա մի սփոփանք կլիներ։ Ո՛չ, ո՛չ, երկրիս վրա ինձ համար ոչ մի սփոփանք չի մնացել, որովհետև նրանք բոլորն էլ ինձ անչափ էին սիրում։
 
Էմլին երեսի վրա ընկավ աթոռի վրա նստած գոռոզամիտ կնոջ առջև և ուզեց աղերսական հառաչանքով նրա զգեստի քղանցքը համբուրել։
 
Ռոզա Դարտլը պղնձե արձանի պես անշարժ նայում էր աղջկան։ Նա շուրթերը պինդ սեղմել էր և (գրում եմ, ինչ որ իրոք ճշմարիտ եմ համարում) կարծես սաստիկ զսպում էր իրեն, որ իր առջև տարածված չքնաղ մարմինը ոտնահար չաներ։ Ես նրան հայտանպես տեսա․ ակներև էր, որ իր կամքի ամբողջ ուժը գործ էր դնում ինքն իրեն սանձելու համար։
 
Ե՞րբ կհասնի ծերունին։
 
― Այս գետնաքարշ սողունն էլ իր տնով է պարծեում, ― գոչեց միս Դարտլը, երբ իր կրծքում ալեկոծվող ցասումը այնքան ընկճվեց, որ նորից խոսելու հնարավորություն ստացավ։ ― Քո տունը։ ― Մի՞թե երևակայում ես, թե երբևէ դրա մասին մտածած լինեմ, կամ ենթադրեմ, թե կարող ես մի որևէ զրկանք հասցնել այդ որջին, ուր կարելի է արծաթի գնով ամեն պղծություն կատարել։ Քո տունը։ Բայց դու այդ տանը ապրանք էիր, որ ձերոնք վաճառում էին, ինչպես ամեն ծախու բան։
 
― Օ՜հ, ո՛չ, ո՛չ, ― գոչեց Էմլին։ ― Իմ մասին ինչ ուզում եք ասացեք, բայց իմ խայտառակության մասնակից մի՛ անեք այն մարդկանց, որոնք նույնքան պատվարժան են, որքան և դուք։ Անգութ եղեք դեպի ինձ, բայց գոնե նրանց հարգեցեք, որովհետև լեդի եք։
 
― Ես խոսում եմ նրա տան մասին, ― ասաց միս Դարտլը առանց Էմլիի աղերսանքներին որևէ ուշք դարձնելու և իր զգեստը ետ քաշելով, որը կարծես պղծվել էր նրա շոշափումից, ― լսո՞ւմ ես, նրա տան մասին, ուր ինքս էլ ապրում եմ։ Եվ ահա, ― գոչեց միս Դարտլը, մի արհամարհոտ հեգնությամբ մտիկ անելով գետնատարած աղջկան, ― ահա մի մեծարգո մոր և ջենտլմեն որդու երկպառակտության երևելի պատճառը, այն աղջիկը, որ դառնություն, վիշտ ու ցավ, վեճ ու կռիվ է ձգել մի տան մեջ, ուր ինքը մինչև անգամ խոհանոցում ծառայելու անարժան էր։ Անարգ արարած, որին մի վայրկյան տիղմից հանել են՝ դարձյալ տիղմը նետելու համար։
 
― Ո՛չ, ո՛չ, ― աղաղակեց Էմլին, ձեռքերը կտրտելով։ ― Երբ նա առաջին անգամ ճամփիս վրա պատահեց, օ՜հ, երանի թե ինձ համար այն օրը բնավ լուսացած չլիներ, ես առաքինության կանոններով էի դաստիարակված, ինչպես և դուք կամ թե մի ուրիշ ազնիվ կին, և հարսնացու էի մի այնպիսի լավ մարդու, որի հետ ամեն մի ձեզ նման լեդի պատիվ կհամարեր ամուսնանալ։ Եթե դուք նրա տանն եք ապրում, եթե նրան լավ եք ճանաչում, ուրեմն գուցե գիտենաք, թե ինչ սոսկալի ազդեցություն կարող էր անել ինձ նման անզոր ու սնոտի աղջկա վրա։ Ինքս ինձ պաշտպանել, արդարացնել չեմ ուզում, բայց հաստատ գիտեմ, նա էլ գիտի, կամ թե իր հոգեվարքի րոպեին, երբ որ խղճի տագնապ զգա, կիմանա, որ ամեն հնարք գործ դրեց ինձ խաբելու, մինչ ես նրան հոգով սրտով հավատում ու սիրում էի։
 
Ռոզա Դարտլը տեղից թռավ, ետ ցատկեց և կատաղած ետ ցատլելիս մի սոսկալի հարված տվեց, բայց դա նպատակից վրիպելով, օդի մեջ կորավ։ Միս Դարտլը դիվահարի պես դողդողում ու հևում էր և աչքերից ծայրագույն ատելության, բարկության ու մոլեգնության կրակ թափելով՝ մտիկ էր անում աղջկան։ Օրումս այդպիսի պատկեր չէի տեսել և երանի թե ուրիշ անգամ չտեսնեմ։
 
― Դու նրան սիրո՞ւմ էիր, դո՞ւ, ― գոռաց նա, բռունցքը սեղմելով ու ցնցվելով, ասես թե միայն մի զենք էր ուզում, որ իր ատելության առարկայի սիրտը մխի։
 
Էնլին անհետացավ իմ աչքից։ Էլ ոչ մի պատասխան չլսեցի։
 
― Եվ ի՞նձ ես ասում այդ բանը ապականված շուրթերովդ, ― շարունակեց միս Դարտլը։ ― Օ՜հ, ինչո՞ւ չեն գանակոծում այս գարշելի էակներին։ Եթե հնար լիներ, ես այս աղջկան մինչև մահ խարազանով ծեծել կտայի։
 
Եվ հավաստի եմ, որ նա այդ կաներ։ Տանջանք չկա, որ միս Դարտլը գործ չդներ, գոնե այդ րոպեին, երբ նրա դիվային հայացքը չարություն էր շնչում։
 
Այժմ նա սկսեց քիչ֊քիչ ծիծաղել ու մատնացույց անել Էմլիին, իբրև աստծու և մարդկանց առջև նշվակելի առարկա։
 
― Եվ սա սիրում է, ո՜վ երկինք, ― ասաց Ռոզա Դարտլը։ ― Այս դիակը, այս լեշը։ Եվ ջենտլմենը սիրաբանել է սրա՞ հետ։ Եվ սա ինքն է ասում։ Հա՛, հա՛, հա՛։ Որքան ստախոս են այս վարձկան կանայք։
 
Ռոզա Դարտլի ծաղրը բացահայտ կատաղությունից էլ վատթար էր։ Եթե ինձ վիճակվեր այդ երկուսից մեկի զոհը լինել, ես երկրորդը կընտրեի։ Սակայն նա իր կատաղության վիժմունքը վայրկենաբար էր դուրս ժայթքում և իսկույն իր կրծքի մեջ շղթայում, չնայելով որ դա պայթելու վրա էր։
 
― Եկել եմ այստեղ, ով դու սիրո վճիտ աղբյուր, ― շարունակեց նա, ― եկել եմ, ինչպես որ սկզբից ասացի, տեսնելու, թե ինչի՞ ես նման։ Տեսա և գոհ եմ։ Եկել եմ նաև քեզ ասելու, որ իսկույն ևեթ այստեղից կորչես, գնաս ձերոնց մոտ թաքնվես․ պատվական ազգականներդ արդեն վաղուց քեզ սպասում են, և անշուշտ բերած փողովդ կսփոփվեն։ Երբ այդ բոլորը ծախսվի, դու մեկ ուրիշին կճանկես, նորից կհավատաս, նորից կսիրես։ Կարծում էի, թե արդեն մի մաշված, մի կոտրված խաղալիք ես, մի անպետք ու դեն ձգելու շրջանակ։<ref>Srangle, ֆրանսերեն՝ elinguent ոսկեզօծ կամ արծաթազօծ պղնձե թիթեղ, փուլ</ref> Բայց այժմ տեսնելով, որ զուտ ու մաքուր ոսկի ես, մի իսկական լեդի ես, մի հալածված անմեղություն, որի սիրտը դեռ թարմ ու ջերմ է և հավատով ու սիրով լի, ― չէ՞ որ պետք է այդպես կարծել, և այդ բոլորը շատ հարմար է պաշտոնիդ, ― դարձյալ քեզ մի բան կասեմ։ Լսո՞ւմ ես ինձ, չքնաղ փերի։ Ինչ որ կասեմ այն էլ կանեմ։
 
Ռոզա Դարտլի կատաղությունը դարձյալ մի անգամ կապակտոր դուրս պրծավ, բայց միայն մի վայրկյան, և նրա դեմքը կծկվելով, մի նոր ժպիտի տեղի տվեց։
 
― Գնա թաքնվի՛ր, ― շարունակեց նա, ― եթե ոչ ձեր տանը, գոնե մի ուրիշ տեղ, մի հեռավոր տեղ։ Գնա ապրիր, ավելի լավ է՝ գնա մի անհայտ ու խավար անյունում մեռիր։ Եթե սիրող սիրտդ մինչև այսօր չի խորտակվել, զարմանում եմ, թե ինչպե՞ս դու ինքդ նրան լռեցնելու հնար չես գտել։ Մի այդպիսի հնար գտնելը, լսել եմ, որ դժվար չի։
 
Էմլիի հեկեկանք ընդհատեց նրան։ Ռոզա Դարտլը կանգ առավ, ասես թե մի զմայլական երաժշտություն լսելով։
 
― Իմ բնավորությունը գուցե քեզ տարօրինակ երևա, ― սկսեց նորից միս Դարտլը, ― բայց ես չեմ կարող ազատ շնչել այն օդը, որ դու ես շնչում։ Դա ինձ համար թունավոր է։ Այս պատճառով կամենում եմ քո ժանտահոտ ներկայությունից մաքրել օդը։ Եթե մինչև վաղը չանհետանաս, կյանքիդ ամբողջ պատմությունն այս տան բնակիչների առջև հռչակել կտամ։ Լսել եմ, որ այստեղ պարկեշտ կանայք են ապրում․ ափսոս կլինի, եթե քեզ նման մի լույս նրանց աչքից ծածկված մնա։ Իսկ եթե բնակարանդ թողնելով կամենաս այս քաղաքի մի ուրիշ մասում պատսպարվել մի ազնիվ կնոջ դիմակի տակ, այլ ոչ թե քո իսկական նկարագրով (միամիտ կաց, ոչ ոք քեզ չի արգելի այդ նկարագրով երևալ), այն ժամանակ՝ ուր էլ լինես, քեզ կգտնեմ ու համբավդ կտարածեմ։ Եվ այդ կանեմ մի ջենտլմենի օգնությամբ, որ դեռ նոր էր թեկնածել ամուսինդ դառնալու մեծ պատվին։
 
Մի՞թե ծերունին երբեք չի գա, երբե՜ք։ Մինչև ե՞րբ այս բոլորը լսեմ։ Մինչև ե՞րբ դիմանամ։
 
― Վա՜յ, վա՜յ ինձ, ― ողբաց թշվառ Էմլին այնպիսի ձանով, որից ամենակարծր սիրտն անգամ կհուզվեր։ Բայց Ռոզա Դարտլի ժպիտի մեջ ոչ մի գութ չերևաց։ ― Ի՞նչ անեմ ես, ի՞նչ անեմ։
 
Ի՞նչ անես, ― կրկնեց մյուսը։ ― Կերթաս կապրես երջաիկ անցյալիդ հիշատակների մեջ թաղված։ Կմտաբերես գորովալից Ջեյմս Ստիֆորթին․․․ չէ՞ որ նա կամեցել էր իր սպասավորի հետ նշանել քեզ․․․ և կամ երախտագետ սրտով կհիշես այդ ազնիվ սպասավորին, որ հոժար էր իբրև ընծա ընդունել քեզ նրա ձեռքից։ Կապրես այդ փառավոր հիշատակներով, կսփոփվես քո հազվագյուտ առաքինություններով, կպարծենաս այն պատվավոր դիրքով, որ ստացել ես բոլոր մարդակերպ էակների աչքում։ Իսկ եթե այդ բոլորը քեզ քիչ թվա, այն բարի մարդու հետ կամուսնանաս և նրա ներողամիտ զիջողության շնորհիվ երջանիկ կլինես։ Իսկ եթե այդ էլ քեզ չօգնի, կմեռնես։ Քեզ նման արարածների համար անթիվ աղբանոցներ ու փոսեր կան․ մեկը կգտնես, մեջը կընկնես․․․ և այնտեղից դեպի երկինք կսլանաս։
 
Սանդուղքի կողմից հեռավոր քայլերի ձայն լսեցի։ Իմացա, թե մոտեցողն ով է։ Փառք աստծու, եկողը մր․ Պեգգոտին էր։
 
Ռոզա Դարտլը վերջին խոսքերն ասելուն պես տեղից հեռացավ և իմ աչքերից չքացավ։
 
― Չմոռանաս ասածներս, ― հարեց նա խիստ եղանակով և մյուս դուռը բաց արեց, որ դուրս գա։ ― Ինձ հայտնի պատճառներով և անձնական ատելությունից դրդված ես վճռել եմ հալածել քեզ, մինչև որ իմ ազդեցության շրջանից անհետանաս և կամ թե այդ անմտության սիրուն դիմակը դեն ձգես։ Այս էր ասելիքս, և ինչ որ ասացի, այն էլ կանեմ։
 
Քայլերն ավելի մոտեցան, մոտեցան․․․ մինչ Ռոզա Դարտլը հեռանում էր․․․ և մեկը շտապով ներս ընկավ։
 
― Հորեղբա՜ր։
 
Մի զարհուրելի ճիչ հաջորդեց այդ խոսքին։ Ես մի րոպե սպասեցի և ներս նայելով մր․ Պեգգոտիին տեսա, որը գրկել էր ուշաթափ եղբոր աղջկան։ Նա մի քանի վայրկյան աղջկա երեսն անքթիթ դիտեց․ հետո կռացավ, համբուրեց նրան ― օ՜հ, ինչպես ջերմ էր այդ համբյուրը ― և թաշկինակով ծածկեց նրան։
 
― Մաստր Դեվի, ― ասաց նա հուզումից դողացող ձայնով։ ― Գոհանամ մեր երկնավոր հորից, իմ երազը կատարվեց։ Փառք քեզ տեր, փառք քեզ, որ անքննելի կամքովդ սիրասուն զավակիս հասցրիր ինձ։
 
Այդ ասաց, և անզգա Էմլիին գրկելով ու իր երեսը նրա ծածկված երեսին սեղմելով, հանդարտաքայլ ներքև տարավ նրան։
 
Ադմին, Վստահելի
1876
edits