Changes
/* ԺԱ․ գլուխ */
Մրս․ Գըմիջը մր․ Պեգգոտիի աջը բռնեց և երախտագիտության ջերմ եռանդով ու ջերմ սիրով համբուրեց, որին նա իրոք արժանի էր։
Սնդուկը հանեցինք, ճրագը մարեցինք, դռները դրսից գոցեցինք և թողինք հին նավատունը, ― իբրև մի սև բիծ ամպամած գիշերվա մեջ։ Հետևյալ օրը, երբ դիլիժանսի կտրին նստած՝ դեպի Լոնդոն էինք վերադառնում, մրս․ Գըմիջն էլ իր կողովով մեր կառքում նստած էր և երջանիկ էր։ ==ԺԲ․ գլուխ== Ներկա եմ մի պայթման Երբ մր․ Միկաբրի խորհրդավոր ժամադրությունն այնքան մոտեցավ, որ միչև նրա լրանալը միայն քսանչորս ժամ մնաց, ես ու տատս մտածեցինք, թե ինչպե՞ս վարվենք, որովհետև տատս չէր ուզում Դորային մենակ թողնել։ Ա՛հ, որքան այժմ ինձ հեշտ էր սանդուղքի վրայով վերև տանել ու իջեցնել Դորային։ Չնայելով մր․ Միկաբրի պայմանին տատիս ներկա լինելու մասին, որոշեցինք, որ նա տանը մնա, իսկ մր․ Դիկն ու ես նրան փոխարինենք։ Բայց Դորան մեր որոշումը տակնուվրա արեց և հաստատ հայտնեց, որ երբեք ո՛չ իրեն, ո՛չ էլ իր հիմար տղին թույլ չի տա, որ տատս որևէ պատրվակով տանը մնա։ ― Ձեզ հետ ամենևին չեմ խոսի, ― ասաց Դորան տատիկին, յուր գանգուրները թոթվելով։ ― Միշտ ձեզ հակառակ կլինեմ․ Ջիպին էլ միշտ կգրգռեմ, որ ձեր դեմ հաչի։ Եվ եթե չգնաք, միշտ կկարծեմ, թե չար պառավ եք։ ― Սսս՜․․․ հոգյակ իմ, ― ասաց տատս ծիծաղելով։ ― Մի՞թե չգիտես, որ չես կարող առանց ինձ մնալ։ ― Շատ էլ կարող եմ, ― պատասխանեց Դորան։ ― Դուք ինձ ամենևին հարկավոր չեք։ Ե՞րբ եք ինձ տեսնելու համար բարձրացել, ե՞րբ եք իմ կողքին նստել ու Դոդիի մասին բաներ պատմել․ ե՞րբ եք պատմել, թե ինչպես նա մի ժամանակ պատառոտած կոշիկներով էր ման գալիս ու բոլորովին փոշոտ էր․․․ խեղճ տղան։ Չէ՞ որ երբեք սրտիս ուզածը չեք անում․ այդպես չէ՞, սիրելի տատիկ։ Դորան իսկույն տատիս համբուրեց, ասես թե վախենալով, որ տատս իրոք այդ խոսքերին նշանակություն կտա, և գոչեց․ ― Ո՛չ, ոչ, միշտ անում եք․ ասածս միայն հանաք էր։ Բայց, տատիկ, ― հարեց Դորան քնքշանքով, ― լսեցեք, ինչ եմ ասում։ Պետք է որ գնաք, անպատճառ գնաք։ Ես ամեն օր ձեզ կտանջեմ, եթե չգնաք․ այս չար տղին էլ հանգիստ չեմ թողնի, մինչև ձեզ չհամոզի, որ գնաք։ Անտանելի կդառնամ, Ջիպն էլ անտանելի կդառնա։ Ես ձեզ այնքան կնեղեմ, որ ինքներդ հետո կափսոսաք, թե ինչո՞ւ չգնացիք։ Բացի այդ, ― ավելացրեց Դորան, իր մազերը ետ քաշելով և ապշությամբ մերթ ինձ ու մերթ տատիս նայելով, ― ինչո՞ւ երկուսդ էլ միասին չգնաք․․․ Ես հո այնքան հիվանդ չեմ։ Մի՞թե հիվանդ եմ։ ― Այդ ի՞նչ հարցմունք է, ― գոչեց տատս։ ― Ո՞վ գիտի, էլ ի՞նչ բաներ կհնարես, ― հարեցի ես։ ― Այո՛, գիտեմ, որ խենթուլիկ եմ, ― ասաց Դորան, երկուսիս էլ մեկ֊մեկ մտիկ անելով, երկուսիս էլ համբուրելու համար իր շուրթերն ամփոփելով։ Ուրեմն երկուսդ էլ պիտի գնաք ու կերթաք․ եթե ոչ՝ էլ ոչ մեկիդ չեմ հավատա և անդադար լաց կլինեմ։ Տատիս դեմքից նշմարեցի, որ նա արդեն տեղի տալու պատրաստ է․ Դորան էլ այդ նկատեց ու զվարթացավ։ ― Եվ երբ որ ետ գաք, ― շարունակեց Դորան, ― այնքան նորություններ կբերեք, որ գոնե մի շաբաթ պետք կլինի՝ այդ բոլորն ինձ հասկացնելու համար։ Եթե նորությունների մեջ մի կարևոր բան գտնվի, հո շուտով չեմ հասկանա․ և անպատճառ կգտնվի։ Իսկ եթե հաշվելու բաներ էլ պատահեն, էլ չգիտեմ քանի շաբաթ հարկավոր կլինի, որ խելք հասցնեմ։ Թող այն ժամանակ այս չար տղան ինձ սպասի, քիթն ու պռունգը ծռելով։ Այ ձե՛զ։ Այժմ հո կերթա՞ք։ Շատ֊շատ՝ մի֊մի գիշեր միայն բացակա կլինեք․ այդ միջոցին Ջիպն ինձ կպահպանի։ Գնալուց առաջ Դոդին ինձ վերև կտանի, և մինչև որ վերադառնաք, ներքև չեմ իջնի։ Ես ձեզ մի սարսափելի նամակ կտամ, որ Ագնեսին հասցնեք․ չարաչար պիտի կշտամբեմ նրամ, որ ամենևին ինձ տեսնելու չի գալիս։ Առանց երկար մտմտալու որոշեցինք, թե մեզ երկուսիս էլ պետք է գնալ, և թե Դորան մի չարաճճի մանկիկ է, որ հիվանդ է ձևանում, որպեսզի իրեն ավելի երես տանք ու փայփայենք։ Նա շատ ուրախացավ ու գոհ մնաց։ Միևնույն երեկոյան չորսս միասին, այսինքն՝ տատս, մր․ Դիկը, Տրեդլսն ու ես Դուվրի մեյլկոչը<ref>Mailcoch ― փոստի կառք</ref> նստելով, ճանապարհ ընկանք դեպի Կենտըրբրի։ Մր․ Միկաբրի նշանակած հյուրանոցում, ուր կես֊գիշերին իջանք, ես մի նամակ գտա, որով նա հայտնում էր, թե առավոտյան ճիշտ իննուկեսին մեզ տեսնելու կգա։ Այդ իմանալուց հետո մեզնից ամեն մեկը գիշերվա ցրտից դողալով, իր սենյակը քաշվեց․ մեր անցած ոլոր֊մոլոր նրբանցքներից մի այնպիսի հոտ էր փչում, որ հենց իմանաս դարերից ի վեր լուծվող թանի ու թրիքի մեջ էին դրված եղել։ Առավոտյան վաղ դուրս ելա հին քաղաքի աննշուկ փողոցներում զբոսնելու ու դարձյալ մի քանի պտույտ արի հինավուրց կամարների ու տաճարների ստվերի մեջ։ Առաջվա պես որորները մայր տաճարի աշտարակների շուրջը սավառնում էին և միևնույն աշտարակները, միևնույն ճոխ շրջակայքին ու գեղաժպիտ գետակներին վերևից մտիկ անելով, հանգիստ֊հանգիստ կանգնած էին առավոտյան ջինջ օդի մեջ, կարծես թե փոփոխություն ասված բանը երկրիս վրա գոյություն անգամ չունենար։ Բայց և այնպես զանգակների տխրահնչյուն մեղեդին տիրաբար ինձ հիշեցնում էր, որ ամեն բան փոփոխական է․ այդ մեղեդին հիշեցնում էր նույնիսկ զանգակների ծերություը և Դորայիս մատաղ հասակը․ նա պատմում էր, որ հազարավոր ջահել մարդիկ, միևնույն հնչյունը լսելով, ապրել, սիրել, մեռել են և ապա համատարած օդում կորել, ինչպես ջրի երեսին անհետացող շրջաններ։ Փողոցի անկյունից հին տանը մտիկ արի, բայց նրան չմոտեցա, որպեսզի աչքի չընկնեմ և ակամա չվնասեմ այն գործին, որի հաջողվելուն նպաստելու էի եկել։ Առավոտյան արեգակը իր պայծառ ճառագայթներով շողշողում էր հինավուրց տան պատուհանների ու կտուրի վրա, և կարծես թե դրա նախկին խաղաղության նշույլներից մի քանիսը սրտիս մեջ էին կաթկթում։ Շրջակայքումն էլ մի ժամի չափ ման եկա և հետո վերադարձա մեր փողոցը, որ արդեն գիշերվա քունը թոթափել էր։ Կրպակներում շարժվող մարդկանց միջև աչքիս ընկավ հին թշնամիս՝ մսագործը, որ այժմ երկարավիզ կոշիկ ուներ և մի որդի։ Նա կերակրում էր իր մանկան և հասարակության հաշտ անդամի նման էր։ Նախաճաշի նստելիս շատ անհանգիստ դրության մեջ էինք․ և քանի իննուկեսը մոտենում էր, այնքան էլ մեր տագնապը, որով սպասում էինք մր․ Միկաբրի գալուն, սաստկանում էր։ Վերջապես բոլորս էլ, բացի մր․ Դիկից, անտես թողինք նախաճաշը, որ միայն ձևի համար էինք պատվիրել, և տատս սկսեց ման գալ սենյակում։ Տրեդլսը բազմոցի վրա նստեց, իբր թե լրագիր կարդալու, մինչդեռ աչքերն առաստաղին էին մտիկ անում․ իսկ ես պատուհանի մոտ նստեցի, որ մր․ Միկաբրի ժամանելը նկատելուս պես՝ մյուսներին իմաց տամ։ Եվ երկար չսպասեցի, որովհետև նա իսկ և իսկ իննուկեսին դրսի դռան մոտ հայտնվեց։ ― Գալիս է, գալիս, ― գոչեցի ես, ― բայց պաշտոնական զգեստով չի։ Տատս իր գլխանոցի կապերն ամրացրեց (նախաճաշին գլխարկը չէր հանել) և շալի մեջ ամուր փաթաթվեց, ասես թե մի ծանրակշիռ ու վճռական գործի համար պատրաստվելով։ Տրեդլսն իր զգեստի բոլոր կոճակները արագ֊արագ կապեց։ Այդ ահեղ երևույթներից վրդովված՝ մր․ Դիկն էլ հարկ համարեց իր գլխարկն ուժով հագնել, որ և սակայն իսկույն հանեց ներս մտնող մր․ Միկաբրին ողջունելու։ ― Պարոնայք և տիկին, ― ասաց մր․ Միկաբրը, ― բարի լույս։ Սիրելի սըր, ― հարեց նա մր․ Դիկին, նրա աջը սաստիկ թոթվելով, ― անչափ բարի եք։ ― Արդյոք նախաճաշե՞լ եք, սըր, ― հարցրեց մր․ Դիկը։ ― Չէի՞ք կամենա մի կոտլետ անուշ անել։ ― Բնավ երբեք, սըր, ― գոչեց մր․ Միկաբրը, արգելելով նրան զանգակը հնչեցնել։ ― Ախորժակն ու ես արդեն վաղուց օտարացել ենք իրարուց, մր․ Դիքսըն։ Մր․ Դիքսընն այն աստիճան ուրախացավ իր նոր անունից, որ նորից մր․ Միկաբրի աջը սեղմեց և երեխայի պես ծիծաղեց։ ― Դիկ, զգուշություն, ― ասաց տատս։ Մր․ Դիկը կարմրելով ուշքի եկավ։ ― Դե, սըր, ― ասաց տատս մր․ Միկաբրին, ձեռնոցները հագնելով, ― պատրաստ ենք թեկուզ Վեզուվ սարի գագաթը ելնել և կամ էլ ուր հրամայեք։ ― Հուսով եմ, տիկին, ― ասաց մր․ Միկաբրը, ― որ շուտով մի հրավիժման ականատես կլինեք։ Մր․ Տրեդլս, հավաստի եմ՝ թույլ կտաք ինձ այստեղ հայտնել, որ դուք ու ես փոքր֊ինչ համերաշխ ենք։ ― Իրավ այդպես է, Կոպպերֆիլդ, ― ասաց Տրեդլսը, որին ապշած մտիկ էի անում։ ― Մր․ Միկաբրն իր անելիքի մասին խորհուրդ էր հարցրել ինձնից, և ես արդեն նրան հայտնել եմ իմ խոնարհ կարծիքը։ ― Եթե չեմ սխալվում, մր․ Տրեդլս, ― շարունակեց մր․ Միկաբրը, ― դուք կհաստատեք, որ իմ անելու հայտնությունը արդարև մի կարևոր բան է։ ― Անչափ կարևոր, ― պատասխանեց Տրեդլսը։ ― Հավաստի եմ, տիկին և պարոնայք, ― ասաց մր․ Միկաբրը, ― որ շնորհ կանեք, առժամանակ, մի մարդու առաջնորդության տակ մտնել, մի մարդու, որ որքան էլ անարժան լինի մի ուրիշ բան համարվելու, բայց եթե անողոք կյանքի ալիքներով դուրս վիժված մի անպետք իր, այնուամենայնիվ դարձյալ ձեր մերձավորն է, թեև անձնական սխալների ու բազմազան դիպվածների հավաքական զորությամբ իր առաջին պատկերից զրկված։ ― Լիովին վստահ ենք ձեր վրա, մր․ Միկաբր, և ինչ որ ասեք, այն էլ կանենք, ― ասացի ես։ ― Մր․ Կոպպերֆիլդ, ― պատասխանեց մր․ Միկաբրը, ― ձեր վստահությունը զուր չի լինի այս դեպքում։ Խնդրում եմ միայն, որ ինձ թույլ տաք հինգ րոպե ձեզնից առաջ դուրս գնալ, որպեսզի պատիվ ունենամ միս Ուիկֆիլդի մոտ ընդունելու ձեզ, Ուիկֆիլդի ու Հիպի գրասենյակում, ուր խոնարհս թոշակավոր գրագիր եմ։ Տատս ու ես մտիկ արինք Տրեդլսին, և նա հավանության նշան արեց։ ― Էլ ասելու բան չունեմ, առժամանակ, ― նկատեց մր․ Միկաբրը։ Ասաց և ինձ սաստիկ զարմացնելով՝ մեզ ամենքիս մի ընդհանուր ողջույն տվեց և անհետացավ։ Նրա ձևերը զգուշավոր էին և դեմքը շատ գունատ։ Երբ Տրեդլսին նայեցի՝ իմանալու, թե այդ բոլորն ի՞նչ է նշանակում, նա ժպտաց ու գլուխը շարժեց (գագաթին ցցված մազերով): Այն ժամանակ ժամացույցս հանեցի ու սկսեցի հինգ րոպեի լրանալուն սպասել․ տատս էլ նույնն արեց, իր ժամացույցին նայելով։ Վերջապես Տրեդլսն իր թևն առաջարկեց նրան, և բոլորս միասին դեպի հին տունը գնացինք՝ առանց մի բառ ասելու։ Մր․ Միկաբրին գտանք աշտարակի ցածի գրասենյակում, սեղանի առջև նստած, ուր փութաջան մի բան գրելու վրա էր։ Նրա բաճկոնի գոգին մի ահագին քանոն էր խոթված, որի ծայրը մի ոտնաչափից ավելի դուրս էր նայում, մի նորատեսիլ ժաբոյի պես։ Նկատելով, որ խոսելու սկիզբն ինձնից են սպասում, ― Ինչպե՞ս եք, մր․ Միկաբր, ― ասացի ես բարձրաձայն։ ― Ողջ֊առո՞ղջ։ ― Հուսամ, դուք էլ ողջ֊առողջ եք, մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մր․ Միկաբրը լրջությամբ։ ― Տա՞նն է միս Ուիկֆիլդը, ― հարցրի ես։ ― Մր․ Ուիկֆիլդը հիվանդ պառկած է անկողնում, սըր, ― պատասխանեց նա, ― իսկ միս Ուիկֆիլդը անտարակույս ուրախ կլինի իր հին բարեկամների տեսության։ Խնդրեմ ներս հրամեցեք, սըր։ Նա մեզ դեպի սեղանատուն առաջնորդեց (իմ առաջին ոտք դրած սենյակն այդ տան մեջ) և մր․ Ուիկֆիլդի նախկին գրասենյակի դուռը բանալով, բարձր ձայնով ասաց․ ― Միս Տրոտուդ, մր․ Դավիթ Կոպպերֆիլդ, մր․ Թոմաս Տրեդլսը և մր․ Դիքսընը։ Ապտակից ի վեր չէի տեսել Ուրիաս Հիպին։ Մեր այցելությունը նրան ապշեցրեց, թերևս այն պատճառով, որ ինքներս էլ ապշած էինք։ Նա հոնքերը չկիտեց, որովհետև այլևս հոնքեր չուներ, այլ նրանց մեջտեղն այնպես պռստեց, որ փոքրիկ աչքերը համարյա թե գոցվեցին, մինչդեռ զզվելի ձեռքի արագ դիպչումը կզակին հայտնի դարձրեց, որ նա շփոթված ու տագնապած է։ Այս բոլորը, սակայն, մեր ներս մտնելու րոպեին միայն նկատեցի, երբ մտիկ էի անում տատիս ուսի հետևից։ Մի վայրկյան անցնելուց հետո Ուրիասը դարձյալ քծնում ու սողում էր, ինչպես միշտ։ ― Այս ինչ անակնկալ ուրախություն է, ― գոչեց նա։ ― Բոլոր բարեկամներիս այսպես միասին խմբված տեսնել․․․ ճշմարիտ, որ սա ինձ համար մի տոն է։ Մր․ Կոպպերֆիլդ, անշուշտ առողջ եք և․․․ եթե ներեք խոնարհաբար հարցնելու․․․ միշտ ձեր նախկին բարեկամներին անձնվեր։ Հուսով եմ, որ մրս․ Կոպպերֆիլդը կազդուրվելու վրա է։ Հավատացեք, սըր, անցյալ օր մենք բոլորս տրտմեցինք, լսելով, որ նա հիվանդ է։ Ամաչում էի նրան թույլ տալ, որ ձեռքս բռնի, բայց ինչպե՞ս արգելեի։ ― Այն օրից ի վեր, միս Տրոտուդ, ― ասաց Ուրիասը կեղծ ժպիտով, ― երբ ձեր պոննիի սանձն էի բռնել, ինչպես մի խոնարհ գրագիր, այս տան գործերը փակված են, չէ՞։ Բայց ես բնավ չեմ փոխված, միս Տրոտուդ։ ― Ուղիղն ասեմ, ― պատասխանեց տատս, ― դուք լիովին արդարացրիք, ինչ որ կարելի էր ձեզնից սպասել․․․ եթե խոսքերս ձեզ ախորժելի չթվան։ ― Շնորհակալ եմ, միս Տրոտուդ, ձեր բարի կարծիքի համար, ― ասաց Ուրիասն իր սովորական գալարումով։ ― Միկաբր, ասացեք, որ իմաց տան միս Ագնեսին․․․ և մորս։ Մայրս անշուշտ կուրախանա, երբ տեսնի, թե ինչ հյուրեր են շնորհ բերել մեզ, ― հարեց Ուրիասը, աթոռները շարելով։ ― Երևի թե շա՞տ եք զբաղված, մր․ Հիպ, ― ասաց Տրեդլսը, նրա խորամանք հայացքը նկատելով, որ միանգամայն և՛ քննում էր մեզ, և՛ խույս տալիս մեզնից։ ― Ոչ, մր․ Տրեդլս, ― պատասխանեց Ուրիասը, իր պաշտոնական տեղը նստելով ու ոսկրոտ ձեռքերը ոսկրոտ ծնկերի մեջ սեղմելով, ― ոչ այնքան, ինչքան որ կցանկանայի։ Սակայն գիտեք, փաստաբանները, շնաձկներն ու տզրուկները միշտ անհագ են։ Բայց և այնպես Միկաբրն ու ես բավական զբաղված ենք, որովհետև մր․ Ուիկֆիլդը այլևս գործի ընդունակ չէ, սըր։ Նրա փոխարեն աշխատելը ոչ միայն պարտք է, այլև իսկական զվարճություն։ Դուք, մր․ Տրեդլս, կարծեմ մր․ Ուիկֆիլդի հետ ոչ մի հարաբերություն չունեք։ Ես էլ կարծեմ միայն մեկ անգամ եմ ձեզ տեսնելու պատիվ ունեցել։ ― Այո, մր․ Ուիկֆիլդի և իմ միջև հարաբերություն չի եղել, ― պատասխանեց Տրեդլսը, ― եթե ո՛չ արդեն վաղուց պատիվ կունենայի ձեզ ներկայացնելու, մր․ Հիպ։ Ուրիասն այդ խոսքերը լսելով, դարձյալ մի չար ու կասկածոտ ակնարկ նետեց Տրեդլսի վրա, սակայն նրա բարի երեսը, պարզ ձևերն ու տնկված մազերը տեսնելուն պես՝ կասկածանքը դեն ձգեց և ամբողջ մարմինը և մանավանդ կզակը ցնցելով, համարձակ ասաց․ ― Շատ ցավում եմ, մր․ Տրեդլս։ Եթե մր․ Ուիկֆիլդին մոտիկից ճանաչեիք, դուք էլ մեզ պես նրա վրա կհիանայիք։ Նրա փոքրիկ թերություններն անգամ ձեզ սիրելի կերևային։ Սակայն եթե կամենաք ճարտար գովասանքներ լսել ընկերոջս մասին, մր․ Կոպպերֆիլդին դիմեցեք։ Մր․ Կոպպերֆիլդը շատ կորովի պերճաբան է այս գերդաստանի մասին խոսելիս։ Եթե ուզենայի էլ այդ կոմպլիմենտը մերժել, ժամանակ չկար․ այդ րոպեին Ագնեսը ներս մտավ, հետն էլ մր․ Միկաբրը։ Ագնեսը կարծես առաջվա նման ինքնավստահ ու հանգիստ չէր․ երևում էր, որ շատ հոգսեր ու վշտեր է կրել։ Սակայն հենց այդ պատճառով նրա բարեհամբյուր հեզությունն ու պարկեշտ գեղեցկությունն ավելի էին փայլում։ Նկատեցի, որ մինչ Ագնեսը մեզ ողջունում էր, Ուրաիսն ուշի֊ուշով դիտում էր նրան։ Այդ միջոցին նա հրեշտակ լրտեսող չարանենգ դև երևաց ինձ։ Միևնույն ժամանակ մր․ Միկաբրն ու Տրեդլսը իրար հետ մի թեթև ակնարկ փոխանակեցին, և ես միայն տեսա, որ Տրեդլսը դուրս գնաց։ ― Միկաբր, այստեղ մնալու պետք չունեք, ― ասաց Ուրիասը։ Մր․ Միկաբրը ձեռքը բաճկոնի տակից դուրս նայող քանոնին դրած՝ դռան մոտ ուղիղ կանգնել էր, համարձակ մեկին նայելով, և այդ մեկը իր գործատերն էր։ ― Էլ ի՞նչ եք սպասում, ― ասաց Ուրիասը։ ― Մի՞թե չլսեցիք, Միկաբր, որ ձեր ներկայությունն ավելորդ է։ ― Լսեցի, ―պատասխանեց մր․ Միկաբրն առանց իր տեղից շարժվելու։ ― Ուրեմն էլ ինչո՞ւ եք մնում, ― հարցրեց Ուրիասը։ ― Որովհետև, կարճ ասած՝ այսպես եմ ուզում, ― պատասխանեց մր․ Միկաբրը բռնկվելով։ Ուրիասը երեսի գույնը նետեց․ նրա այտերը վատառողջ դալուկով ծածկվեցին, որի տակից կարմիր բծեր երևացին։ Սրտի ուժգին թնդյունից համարյա թե ուժասպառ՝ նա անքթիթ մտիկ էր անում մր․ Միկաբրին։ ― Դուք մի անշնորհք արարած եք, ինչպես որ ամենքն էլ գիտեն, ― ասաց նա, ջանալով ժպտալ, ― և ես, կարծեմ, ստիպված կլինեմ վռնդել ձեզ։ Հեռացեք։ Իսկույն ձեզ հետ կխոսեմ։ ― Եթե կա աշխարհիս երեսին մի սրիկա, որի հետ արդեն չափից շատ եմ խոսել, ― գոչեց մր․ Միկաբրը փոթորկալի բարկությամբ, ― այդ սրիկայի անունը․․․ Հիպ է։ Կարծես զարկեցին կամ խայթեցին Ուրիասին․ նա ետ թռավ ու չար աչքերը շուրջը պտտեցնելով, կամացուկ ասաց․ ― Հը՜մ։ Այս ի՞նչ է։ Դավադրությո՞ւն։ Ժամադի՞ր եք եղել այստեղ։ Միաբանվե՞լ եք գրագրիս հետ։ Այո՞, մր․ Կոպպերֆիլդ։ Զգուշացեք։ Դրանով ոչինչ չեք անի։ Ես և դուք իրար լավ ենք ճանաչում։ Սեր չկա մեր միջև։ Հենց այն օրից, որ առաջին անգամ այս տունը ոտք դրիք, դուք հպարտ տղա էիք, և այժմ իմ բարձրանալը տեսնելով ձեր նախանձին չեք դիմանում, այդպես չէ՞։ Սակայն իմ դեմ դավ մի դնեք․ ես ձեր տակը մի այնպիսի ական կփորեմ, որ ինքներդ զարմանաք։ Միկաբր, դուրս կորեք։ Այս րոպեիս կխոսեմ ձեզ հետ։ ― Մր․ Միկաբր, ― ասացի ես, ― այս մարդը հանկարծ փոխվել է։ Գոնե մի ճշմարիտ բան ասաց։ Այդ ապացույց է, որ թակարդն է ընկել։ Ցույց տվեք դրան, թե ի՞նչ բանի է արժանի։ ― Լավ մարդիկ եք, խոսք չկա, ― ասաց Ուրիասն առաջվա պես, ճակատի մածուցիկ քրտինքը սրբելով, ― կաշառել եք իմ գրագրին, որ հասարակության նույն տականքն է, ինչ որ մի ժամանակ դուք էիք, Կոպպերֆիլդ․․․ հիշո՞ւմ եք, քանի դեռ մի տիկին ձեզ չէր գթացել․․․ և ուզում եք այդ թշվառի խաբեբա լեզվով զրպարտե՞լ ինձ։ Միս Տրոտուդ, աշխատեցեք, որ այդ բանին վերջ դրվի, եթե ոչ ես ձեր մարդուն այն տեղը կդնեմ, որ դուք ինքներդ էլ չուրախանաք։ Զուր չէ, որ ձեր պատմությանը լավ տեղյակ եմ, արգո լեդի։ Միս Ուիկֆիլդ, եթե ձեր հորը փոքր ի շատե սիրում եք, այս խմբակի հետ մի՛ ընկերանաք։ Նա կկորչի, եթե ինձ ականջ չդնեք։ Դե՛, հեռացեք։ Ձեզնից մի քանիսն արդեն տափանիս տակն ընկած են։ Լավ միտք արեք, քանի դեռ ձեզ չեմ ջարդել։ Աչքերդ բաց, Միկաբր, եթե չես ուզում, որ քեզ ջախջախեմ։ Խորհուրդ եմ տալիս, որ հեռանաս և ինձ սպասես, ա՜յ դու հիմար։ Որտե՞ղ է մայրս, ― աղաղակեց Ուրիասը, հանկարծ Տրեդլսի բացակայությունը նկատելով ու զանգակի լարից քաշելով։ ― Ահա մի ազնիվ վարմունք, այն էլ իմ սեփակա՜ն տանը։ ― Մրս․ Հիպն այստեղ է, սըր, ― ասաց Տրեդլսը, պատվական որդու պատվական մոր հետ հայտնվելով։ ― Համարձակություն առա ինքս անձամբ ծանոթանալ նրա հետ։ ― Ո՞վ եք դուք, որ նրա հետ ծանոթանաք, ― գոչեց Ոիրիասը։ ― Եվ ինչո՞ւ եք այստեղ եկել։ ― Ես մր․ Ուիկֆիլդի գործակալն եմ և բարեկամը, սըր, ― պատասխանեց Տրեդլսը մի գործնական մարդու հանդարտ ու սառը եղանակով։ ― Եվ գրպանումս նրա հավատարմագիրն ունեմ՝ բոլոր գործերում իր փոխարեն վարվելու ձեզ հետ։ ― Ծեր էշն արդեն այնքան է խմել, որ խելքի մնացորդ էլ կորցրել է, ― ասաց Ուրիասը, ավելի չարանալով։ ― Այդ թուղթը դուք նենգությամբ եք կորզել նրանից։ ― Այո՛, գիտեմ, որ մի քանի բան նենգությամբ նրանից կորզված է, ― ասաց Տրեդլսը հանգիստ։ ― Այդ դուք էլ գիտեք, մր․ Հիպ։ Թողնենք, որ այդ հանգամանքը ձեր հաճությամբ մր․ Միկաբրը լուսաբանի։ ― Ուրիա՜ս․․․ ― ասաց մրս․ Հիպը տագնապալից շարժումով։ ― Սո՛ւս կաց, մայրիկ, ― սաստեց որդին։ ― Լեզուդ բռնիր, որ չսխալվես։ ― Բայց Ուրիկ իմ․․․ ― Լեզուդ բռնիր, ասում եմ քեզ․ ես կխոսեմ։ Թեև ես վաղուց գիտեի, որ Ուրիասի քծնությունը շինծու է և վարմունքը խաբեական, բայց և այնպես նրա կեղծավորության չափի մասին ճիշտ գաղափար չունեի, մինչև որ նա ինքն իր դիմակը չհանեց։ Այն արագությունը, որով նա դեն ձգեց դիմակը, երբ տեսավ, որ անօգուտ է․ այն զայրույթը, ատելությունն ու լրբությունը, որ երևան հանեց, այն դիվային խնդությունը, որ մինչև անգամ այդ րոպեին իր իսկ գործած չարիքներից զգաց, թեև վհատված էր, որ չէր կարող մեզ նորից խաբել, ― այդ բոլորը տեսնելով ես անգամ զարմացա, ես, որ այնքան ճանաչում էի նրան ու նրանից գարշում։ Չեմ հիշի այն հայացքը, որ իմ վրա նետեց, մինչ մի առ մի մեզ դիտում էր, լավ գիտեի, որ ինձ ատում է, և չէի մոռացել ապտակիս հետքը նրա այտի վրա։ Բայց երբ նրա հայացքն Ագնեսի վրա կանգ առավ, և երբ տեսա, թե ինչ կատաղություն զգաց, որ այլևս նրա վրա իշխանություն չպիտի ունենա, երբ այն գարշելի տռփանքը տեսա, որով հետամուտ է օրիորդին, որի առաքինությունը բնավ չէր կարող գնահատել, ― այն ժամանակ ես սոսկացի, որ Ագնեսը դատապարտված էր գեթ մի ժամ այդ զզվելի մարդու հետ միևնույն օդը շնչել։ Ուրիասը կզակը շփեց ու մեր վրա չար֊չար նայելուց հետո՝ դարձյալ մի անգամ ինձ դիմեց մասամբ քծնի, մասամբ ժպիրհ եղանակով։ ― Ուրեմն, Կոպպերֆիլդ, դուք, որ ձեր ազնվությամբ ու դրա բոլոր մասերով այնքան փքվում եք, ― ի՞նչ եք կարծում՝ իրավացի՞ է, որ գողի նման ներս եք սպրդնում իմ տունը և գրագրիս հետ ինձ լրտեսում։ Չէի զարմանա, եթե ես անեի այդ բանը․ ես հո ջենտլմեն ձևանալու հավակնություն չունեմ (թեև երբեք ձեզ նման փողոցներում չեմ քարշ եկել, Միկաբրի ասելով)․ բայց դուք ինչպե՞ս չեք էլ մտածում, որ ես կարող եմ վրեժխնդիր լինել ձեզնից, օրինակ ձեզ հալածել դավադրության ոճրի համար և այլն։ Շատ լավ, կտեսնե՜նք․․․ Մր․ Այսինչ, ինչպե՞ս է ձեր անունը, դուք կարծեմ մտադիր էիք մի բան հարցնել Միկաբրին։ Ահա կանգնած է։ Ինչո՞ւ չեք հրամայում, որ խոսի։ Տեսնում եմ, որ նա իր դասն անգիր գիտի։ Նկատելով որ իր խոսքերը մեզ վրա ամենևին չազդեցին, նա սեղաի ծայրին նստեց, ձեռքերը գրպանների մեջ խոթեց, ոտքերն իրար վրա դրեց ու համառությամբ սկսեց սպասել, թե ի՞նչ կլինի։ Մր․ Միկաբրը, որի եռանդը մինչև այժմ ես հազիվհազ զսպել էի, և որ Ուրիասի ճառն անդադար ընդհատել էր «սրիկա» բառի առաջին վանկով՝ առանց արտասանելու երկրորդը, ― վերջապես բռնկվեց, քանոնը ծոցից դուրս քաշեց (որպես մի պաշտպանիչ զենք) և դիվանական թղթի պես ծալած մի մեծ թերթ հանեց գրպանից։ Իր նախկին վայելչությամբ այդ թերթը բանալուց հետո՝ բովանդակությունը լավ դիտեց, կարծեմ թե շարադրության ոճից զմայլվելով, և ապա հետևյալը կարդաց․ ― «Գերարգո միս Տրոտուդ և պարոնայք․․․» ― Աստված փրկի այդ մարդուն, ― ասաց տատս կիսաձայն։ ― Եթե գանգատը մի էական ոճրի դեմ է, դրա բողոքին մի օզմա թուղթ չի բավի։ Մր․ Միկաբրն այդ չլսեց և շարունակեց․ «Աշխատելով ձեր առջև՝ ամբաստանելու մի անզգամ սրիկա, որի նմանը դեռ աշխարհում չի տեսնված (մր Միկաբրը շարունակ թղթին նայելով քանոնը դեպի Ուրիաս Հիպը մեկնեց, ինչպես մի կախարդական փայտ), ― աղաչում եմ, որ իմ անձը նկատի չառնեք։ Մանկությանս օրերից դրամական տագնապների զոհ եղած մի մարդ եմ ես։ Նախատինք, կարիք, հուսահատույթուն, խելագարություն ― սրանք են ահա ամբողջ կյանիքս ընկերները, թե՛ ամբողջությամբ, թե՛ ջոկ֊ջոկ։ (Ոչ մի բան չէր կարող հավասարվել այն զվարճության, որ մր․ Միկաբրն զգում էր, իր անձն այդ աղետների զոհ լինելը նկարագրլեիս, ― բայց եթե նամակը կարդալուց վայելած հաճույքը և այն մեծարանքը, որ նա ինքը գլուխը շարժելով նվիրում էր իր գրության, երբ նկատում էր, որ իր միտքը կրտուկ է արտահայտված)։ Մի օր, երբ խայտառակությունը, կարիքը, վհատությունն ու խելագարությունը գլխիս վրա միահամուռ կուտակվեցին, ես մի գրասենյակ մտա և կամ մեր ֆրանսիական հարևանների ասությամբ, մի բյուրո, ― Ուիկֆիլդ․․․ և Հի՛պ կոչված բյուրոն, որ սակայն միայն մեկի, և հատկապես․․․ Հիպի՛ ձեռքով է կառավարվում, միայն Հիպի՛։ Հի՛պն է, Հի՛պն է միայն այդ մեքենան պտույտ բերում։ Միայն Հի՛պն է բուն խաբեբան, բուն սրիկան»։ Գունատ Ուրին այդ խոսքերը լսելուն պես կապտելով տեղից թռավ՝ նամակը շորթելու և կտոր֊կտոր պատռելու համար։ Մր․ Միկաբրը մի զարմանալի վարպետությամբ կամ թե անգիտաբար նրա մատներին քանոնով խփեց և աջ ձեռքը թուլացրեց։ Ուրիասի դաստակը կոտրածի նման կախ ընկավ, հարվածն այնպես շաչեց, որ հենց իմանաս չոր փայտի էր դիպել։ ― Գրողը քեզ տանի, ― գոռաց Ուրիասը, սաստիկ ցավից կծկվելով։ ― Սպասի՜ր, իմ ձեռքից չես պրծնի։ ― Հապա՜, էլի մոտեցիր, դու․․․ դու․․․ դու գարշելի Հիպ, ― գոչեց մր․ Միկաբրը, ― և եթե գլուխդ մի չոր գանգ չէ, ես դրան կջարդեմ։ Մոտեցի՛ր տեսնեմ, մոտեցի՛ր։ Այդ տեսարանի պես ծիծաղելի բան չէի տեսել։ Մր․Միկաբրը իր քանոնը զինվորական սրի նման ճոճելով, շարունակում էր «Մոտեցի՛ր, մոտեցի՛ր» գոռալ, մինչ ես ու Տրեդլսը ճգնում էինք դեպի անկյունը հետ քաշել նրան, որտեղից անդադար դուրս էր նետվում։ Նրա թշնամին, ինքն իրեն քրթմնջալով, ձեռքը տրորեց, թաշկինակով կապեց ու նորից սեղանի մոտ նստեց, դաժան աչքերը գետնին հառած։ Մր․ Միկաբրը փոքր֊ինչ հովանալուց հետո շարունակեց կարդալ։ «Շաբաթական քսաներկու շիլինգ ու վեց պենսի չնչին գումարից ավելի չէր այն թոշակը, որի հույսով ստիպված էի մտնել․․․ Հիպի բյուրոն (այս անվան առջև նա կանգ էր առնում և ապա սաստիկ թափով արտասանում): Մնցածը պիտի պաշտոնական վարպետությանս չափով որոշվեր, և կամ ավելի ճիշտ ասած՝ անբարոյական նմանության իմ և․․․ Հիպի միջև։ Պե՞տք է արդյոք հիշատակել, որ շատ չանցած՝ ինձ հարկ եղավ դրամական նպաստ խնդրել․․․ Հիպից՝ մրս․ Միկաբրի և մեր անբախտ, բայց միշտ աճող ընտանիքի պես֊պես կարիքները հոգալու համար։ Պե՞տք է արդյոք հիշատակել, որ այդ հարկը նախատեսված էր․․․ Հիպի կողմից, որ այդ ավանսներն օրենքով, մուրհակներով, պետության սահմանած ամեն տեսակ կարգերով ապահովված էին, և որ ես վերջ ի վեջո այդ խորամանկ սարդի ոստայնի մեջ կապված մնացի, ոստայնի, որ ի կորուստ իմ․․․ Հիպն էր հյուսել»։ Մր․ Միկաբրը այնքան էր ախորժում իր թշվառությունը նկարագրող նամակի ոճից, որ իր կրած իրական վիշտն ու տառապանքը կարծեմ իսպառ մոռացել էր։ Նա շարունկեց․ Այնուհետև էր որ․․․ Հիպն սկսեց այնքան ինձ հավատալ, որքան պետք էր իր դիվային գործերը հոգալու համար։ Այնուհետև էր, որ ես սկսեցի, ― եթե ինձ ներվի Շեքսպիրի պես հայտնել միտքս, ― հյուծվել, մաշվել, դալկանալ։ Ես նկատեցի, որ իմ օգնությունը միշտ այնտեղ է պահանջվում, ուր պետք էր մի թուղթ նենգել և կամ թե մի մարդ խաբել, որին ես մր․ Ո․ կանվանեմ։ Նկատեցի, որ մր․ Ո֊ին չարաչար գռփում, կողոպտում են, թեպետև անզգամ․․․ Հիպը չէր դադարում նրա անձնվեր ու շնորհապարտ բարեկամը ձևանալուց։ Այս բոլորը հարկավ վատ է, բայց ինչպես որ ասում է Դանիայի փիլիսոփա արքայորդին մի մեծահռչակ երկրի մեջ, որի հեղինակը եղիասբեթյան դարի պարծանքն էր, ― «վատագույնը դեռ պիտի գա՜»։ Մր․ Միկաբրը այնպես էր հրճված իր պարբերությունը լավ բոլորող վկայությամբ, որ ինքն իրեն և մեզ բավականություն տալու համար միևնույնը նորից կարդաց, պատճառաբանելով, թե վերջակետի տեղը կորցրել է։ «Մտադիր չեմ, ― շարունակեց նա, ― սույն նամակի սահմանների մեջ մի առ մի թվել (այդ արել եմ մի այլ տեղում) հիշյալ մր․ Ո֊ին վնասելու համար մեքենայացած այն բազմաթիվ մանր֊մունր խարդավանքները․․․ որոնց ես էլ մասնակից էի լռելայն։ Երբ մի անգամ ես վերջ դրի թոշակ առնելու կամ մերժելու, հաց ուտելու կամ չուտելու, ապրելու կամ մեռնելու ներքին պայքարիս, նպատակս եղավ մերկացնել ու հրապարակ հանել այն գլխավոր չարիքները, որ․․․ Հիպն արել էր ջենտլմենին վնասելու համար։ Քաջալերվելով մի ներքին լուռ ազդարարից և մի արտաքին համակրելի ու սրտաշարժ հուշարարից, որին միս Ո․ կանվանեմ, ես ձեռնամուխ եղա մի ծածուկ ու դժվար հետազոտության, որ խղճիս ու մտքիս վկայությամբ ոչ պակաս, քան տասներկու ամիս տևեց՝ ըստ տոմարի»։ Մր․ Միկաբրն այդ կտորը Պառլամենտի գործերից քաղված մի պատճենի պես կարդաց։ Նա հափշտակված էր իր իսկ խոսքերի հնչյունով։ «Սրանք են ահա ամբաստանությանս կետերը, որ առաջ եմ բերում․․․ Հիպի դեմ», ― կարդաց նա Հիպին նայելով և քանոնը, որ կարող էր պետք գալ իրեն, ձախ թևի տակ ուղղելով։ Մեր շունչը կարծեմ բռնված էր․ Հիպինը՝ անշուշտ։ «Առաջին, ― կարդաց մր․ Միկաբրը, ― երբ զանազան պատճառներով, որոնց մասին երկարաբանելու հարկ չեմ տեսնում, մր․ Ո֊ի հոգու և մտքի կարողությունները սկսեցին շփոթվել ու թուլանալ․․․ Հիպը գիտությամբ գրասենյակի բոլոր գործերը խառնեց։ Հենց որ մր․ Ո֊ն իր գործերով պարապելու ուժը կորցնում էր․․․ Հիպը նրան հարկադրում էր պարապել, և այդ միջոցին շատ կարևոր փաստատղթեր ստորագրել տալիս, ասելով թե դրանք անպետք, չնչին թղթեր են։ Այս ձևով․․․ չար Հիպը տասներկու հազար վեց հարյուր տասնչորս ստեռլինգ երկու շիլինգ և ինը պենսի հավատարմագիր որսաց նրանից, պատճառաբանելով, թե այդ գումարն անհրաժեշտ է բյուրոյի պետքերը հոգալու և պարտքերը վճարելու համար, մինչդեռ դրանք արդեն վճարված և կամ բնավ գոյություն չունեցող բաներ էին։ Եվ այդ անելիս աշխատում էր ցույց տալ, թե պարտքերը նույնիսկ մր․ Ո֊ի անազնիվ ձգտումներից, նրա անարգ գործերից են առաջ եկել, որպեսզի նրան ավելի չարչարի ու ճնշի»։ ― Դուք պարտավոր կլինեք ապացուցել այդ, Միկաբր, ― գոչեց Ուրիասը սպառնական ձայնով։ ― Ամեն բանի ժամանակը կգա։ ― Հարցրեք․․․ Հիպին, մր․ Տրեդլս, թե իրենից հետո ո՞վ էր ապրում նրա տանը, ― ասաց մր․ Միկաբրը, ընթերցումը ընդհատելով։ ― Խնդրեմ հարցրեք։ ― Մի ավանակ, որ այժմ էլ այնտեղ է ապրում, ― ասաց Ուրիասն արհամարհանքով։ ― Հարցրեք․․․ Հիպին, ― ասաց մր․ Միկաբրը, ― արդյոք այդ տանը նա մի հուշատետր չէ՞ր պահում։ Խնդրեմ հարցրեք։ Նկատեցի, որ Ուրիասը հանկարծ կզակը շփելուց դադարեց։ ― Կամ թե հարցրեք, նա այնտեղ մի հուշատետր չի՞ այրել, ― շարունակեց մր․ Միկաբրը։ ― Եթե ասի, թե այո, և հարցնի, թե մոխիրը որտե՞ղ է, ասացեք, որ Ուիլկինս Միկաբրին դիմի։ Այն ժամանակ նա կլսի մի քանի բան, որ իրեն շատ ախորժելի չեն թվա։ Այդ խոսքերի արտասանության հաղթական եղանակից Հիպի մայրը զարհուրեց ու շփոթվելով աղաղակեց․ ― Ուրի՛, Ուրի՛։ Խոնարհվիր, որդյակ, և հաշտությամբ վերջացրու այդ գործը։ ― Մայրիկ, լռի՛ր, ― գոչեց Ուրիասը։ ― Վախենալուց ինքդ էլ չգիտես՝ ի՞նչ ես ասում։ Խոնարհվել, ― կրկնեց նա, խոժոռ֊խոժոռ վրաս նայելով։ ― Իմ խոնարհությունով ես արդեն վաղուց ստորացրել եմ դրանց նման շատերին։ Մր․ Միկաբրը վաելչաբար շապկի օձիքը շտկեց ու շարունակեց կարդալ։ «Երկրորդ։ Հիպը շատ անգամ, ինչպես որ հավաստի գիտեմ, քաջ տեղյակ եմ ու համոզված․․․» ― Այդ բոլորը մի գրոշի արժեք չունի, ― մռմռաց Ուրիասը։ ― Մայրիկ, դինջ կաց։ ― Կաշխատենք, սըր, որ ունենա՝ ձեր բերանը փակելու համար, ― պատասխանեց մր․ Միկաբրը։ «Երկրորդ։ Հիպը շատ անգամ, ինչպես որ հավաստի գիտեմ, քաջ տեղյակ եմ ու համոզված, կեղծել է մր․ Ո֊ի ստորագրությունը զանազան թղթերում, գրքերում ու հաշիվներում․ և այդ արել է մանավանդ մի գործի մեջ, որ ես կարող եմ հայտ առենլ, ապացուցել ու հաստատել, օրինակի համար, հետևյալ կերպ, այսինքն․․․» Մր․ Միկաբրը սիրում էր իր ասելիքն ավելորդ ու ծիծաղելի բառերով խճողել, և պիտի ասեմ՝ այդպես անողը միայն նա չէ։ Կյանքիս ընթացքում տեսել եմ, որ այդ սովորությունն ուրիշ շատերին էլ հատուկ է, և կարելի է ասել մի ընդհանուր կանոն է։ Երդման ժամանակ, օրինակ, մարդիկ միևնույն միտքը հայտնելու համար կարծես հաճույք են զգում մի քանի բառեր իրար հետևից շարելուց։ Ես հրաժարվելով հրաժարվում եմ, կասեն նրանք, երես եմ դարձնում, խույս եմ տալիս, գարշում, խորշում եմ այսինչ բանից և այլն։ Հին բանադրանքներն էլ, ինչպիսիք են՝ դատապարտեմ, անիծեմ, նզովեմ, մերժեմ, պարսավեմ և այլն, այդ իսկ սկզբունքով են շարադրված։ Խոսում ենք բառերի բռնության մասին, և սակայն, ինքներս նրանց բռնահարում ենք․ ուրախ ենք, որ բառերի ահագին պաշար ունենք հանդիսավոր դիպվածներում բանեցնելու համար, և մեզ թվում է, թե նրանք հնչուն ու վայելուչ են։ Ինչպես որ մեծ ցույցերի ժամանակ մեզ փույթ չի թե մեր սպասավորների լիվռեներն ի՞նչ որակի են, միայն թե շքեղ ու բազմաթիվ լինեն, ― այնպես էլ մեր գործածած բառերի բուն իմաստին երկրորդական արժեք ենք տալիս, միայն թե կարողանանք նրանցով փքանալ և մարդիկ շլացնել։ Եվ ինչպես որ այդ լիվռեների պերճության շնորհիվ ջոկ֊ջոկ անձինք պարտքերի մեջ են թաղվում, և կամ ինչպես ստրուկները, եթե մեծաթիվ լինեն, տերերի դեմ ապստամբում են, ― այնպես էլ, կարող եմ ցույց տալ, մի ազգ կա, որ անթիվ փորձանքներ է կրել ու պիտի կրի բառերի կուտակում սիրելուց։ Մր․ Միկաբրը շարունակեց կարդալ, գրեթե բերանը լիզելով․ «․․․ որ ես կարող եմ հայտ առնել, ապացուցել ու հաստատել, օրինակի համար, հետևյալ կերպով, այսինքն՝ այսպես որովհետև մր․ Ո֊ն տկար էր և հավանական էր թվում, թե նրա մահը մի քանի բան երևան կհանի և կկործանի․․․ Հիպի իշխանությունը մր․ Ո֊ի ընտանիքի վրա․․․ ինչպես որ ես, ներքո ստորագրյալ Ուիլկինս Միկաբարըս, ստույգ գիտեմ․․․ եթե Ո֊ի դստեր որդիական սիրուց օգուտ քաղելով օրիորդին չդրդեն ընդդիմանալ բյուրոյի հին գործերի քննության․․․ ուստի այդ․․․ Հիպն անհրաժեշտ դատեց մր․ Ո֊ի ստորագրությունը կրող մի պարտամուրհակ ունենալ վերոհիշյալ տասներկու հազար վեց հարյուր տասնչորս ստեռլինգ, երկու շիլինգ և ինը պենս գումարի՝ տոկոսներով հանդերձ, ուր ասված է, թե այդ գումարը․․․ Հիպն է տվել մր․ Ո֊ին՝ նրան անարգանքից փրկելու համար, ― մինչդեռ երբեք այդպիսի գումար ո՛չ տրվել է, ո՛չ էլ ստացվել։ Այդ մուրհակի ստորագրությունը, որ իբր թե մր․ Ո֊ի ձեռքով է գրված և Ուիլկինս Միկաբրի գրչով վավերացված․․․ Հիպն է կեղծել։ Ես ունեմ մի հուշատետր, որի մեջ մր․ Ո֊ի ատորագրության բազմաթիվ նմանություններ կան․․․ այո՛, կրակից փոքր֊ինչ վնասված, սակայն լիովին դյուրընթեռնելի։ Մի այդպիսի փաստաթուղթ ես երբեք չեմ վավերացնի, և այժմ այդ փաստաթուղթն իմ մոտ է։ Ուրիաս Հիպը տեղից թռավ, գրպանից բանալիների մի կապոց հանեց ու սեղանի աչքը բաց արեց․ սակայն հանկարծ միտքը փոխեց և առանց սեղանի մեջ նայելու նորից դեպի մեզ շուռ եկավ։ « Եվ այժմ այդ փաստաթուղթը, ― կրկին կարդաց մր․Միկաբրը, քարոզի բնաբանը կարդացողի պես շուրջը նայելով, ― իմ մոտ է, այսինքն՝ իմ մոտ էր այս առավոտ, երբ արդեն սույն տողերը գրված էին, բայց հետո մր․ Տրեդլիսն հանձնեցի»։ ― Ճշմարիտ է, ― հաստատեց Տրեդլսը։ ― Ուրիաս, Ուրիաս, հնազանդ եղիր ու հաշտվիր, ― գոչեց մայրը։ ― Գիտեմ, որդիս կխոնարհվի, պարոններ, եթե նրան մտածելու ժամանակ տաք։ Մր․ Կոպպերֆիլդ, դուք հո գիտեք, որ իմ որդին միշտ խոնարհ էր։ Զարմանալի էր, որ մայրը դեռ շարունակում էր իր հին խաղը բանեցնել, մինչդեռ որդին այն վաղուց արդեն դեն էր ձգել, իբրև մի անպետք բան։ ― Մայրի՛կ, ― ասաց Ուրիասը, զայրույթից ձեռքին փաթաթված թաշկինակը կրծելով, ― լավ կանես, եթե մի լցված հրացան վերցնես ու գլխիս կրակես։ ― Բայց չէ՞ որ ես սիրում եմ քեզ, ― ճչաց մրս․ Հիպը։ Հավատում եմ, որ այդ ճշմարիտ է․ հավաստի եմ, որ Ուրիասն էլ մորը սիրում էր, որքան էլ այդ տարօրինակ թվա։ Իրար պատշաճ զույգ էին նրանք։ ― Չեմ համբերի, ― շարունակեց մայրը, ― որ այդ ջենտլմենին կռվի կանչես և քեզ ավելի վնասես։ Ես ինքս ասացի նրան․․․ երբ նա այս առավոտ ինձ հայտնեց, թե ամեն բան բացված է․․․ ես ինքս խոսք տվի, որ դու կխոնարհվես և հանցանքդ իսկույն կուղղես։ Օ՜հ, տեսեք, պարոններ, թե ես որքան խոնարհ եմ, և մի՛ նայեք դրան։ ― Դե, բավ է, մայրիկ, ― զայրացած նկատեց Ուրիասը ոսկրոտ ցուցամատը դեպի ինձ ուղղելով։ ― Կոպպերֆիլդը հարյուր ստեռլինգ կընծայեր քեզ այն բոլորի կեսը լսելու համար, ինչ որ դու ձրի ես տալիս։ Ուրիասը հատկապես իմ դեմ էր զայրացած․ կարծում էր, թե գլխավոր դավադիրը ես եմ, ― մի մոլորություն, որ ամենևին չուզեցի հերքել։ ― Ի՞նչ անեմ, Ուրի, ― աղաղակեց պառավը։ ― Ես չեմ կարող տեսնել, որ այդքան հպարտանալով ինքդ քեզ վնասես։ Լավ է՝ զիջիր ու խոնարհվիր, ինչպես որ միշտ արել ես։ Ուրիասը մի քանի վայրկյան լուռ մնաց, թաշկինակը կծոտելով, հետո իմ վրա մի բարկացայտ ակնարկ նետեց ու ասաց․ ― Էլ ի՞նչ ունեք ասելու։ Դուրս թափեցեք, ինչ որ ունեք։ Ի՞նչ եք այդպես վրաս նայում։ Մր․ Միկաբրն իսկույն իր թղթին դարձավ, նա սիրով պատրաստ էր իր դերը շարունակել, որ այնքան զվարճություն էր պատճառում իրեն։ «Երրորդ։ Վերջապես կարող եմ ապացուցել․․․ Հիպի խարդախած գրքերով և․․․ Հիպի իսկական հիշատակարանով (որ մրս․ Միկաբրը պատահմամբ գտել էր մեր այժմյան բնակարանի վառարանից հանված մոխրակույտում), ― կարող եմ հաստատել, որ չարաբաստիկ մր․ Ո֊ի տկարությունը, սխալները, թերությունները, նույնիսկ առաքինի հատկությունները, մինչև անգամ հայրական սերն ու պատվի զգացումը տարիներից ի վեր հարստանալու գործիք են եղել այդ ընչաքաղց, այդ նենգամիտ, այդ գարշելի․․․ Հիպի ձեռքում, որ տարիներից ի վեր այդ․․․ Հիպը խաբում, գռփում, կողոպտում էր մր․ Ո֊ին․ որ ագահությունից զատ այդ․․․ Հիպի գլխավոր նպատակն էր իսպառ նվաճել, ստրկացնել մր․ Ո֊ին և միս Ո֊ին (լռության եմ տալիս նրա վերջին չար մտքերն օրիորդի նկատմամբ)։ Ես պատրաստ եմ ապացուցել և․․․ Հիպի նորագույն, դեռ երեք ամիս առաջ գլուխ բերած ստորությունը։ Նա հարկադրեց մր․ Ո֊ին մի թուղթ գրել, թե մր․ Ո֊ն իր ամբողջ մասն ընկերության գործերի մեջ և նույնիսկ իր տան ամբողջ կարասիքը․․․ Հիպին է թողնում՝ այն պայմանով, որ․․․ Հիպը նրան տարին չորս անգամ․․․ եռամյա թոշակ վճարի։ Եվ հենց այդ միջոցին, երբ մր․ Ո֊ն մի քանի անզգույշ առևտուր արած լինելով, իրոք դրամի կարոտ էր իր օրինական ու բարոյական պարտավորությունները կատարելու համար․․․ Հիպը սկսեց նրա գործերի վիճակը վատ գույներով ներկայացնող տագնապիչ և շինծու լուրեր տարածել և ապա նրան զարհուրելի տոկոսներով փող առաջարկել, որ իբր թե․․․ Հիպը իր կողմից էր նրան տալիս․ այն, ինչ իրոք նույն ինքը մր․ Ո֊ից թռցրել էր և խարդախությամբ ուրիշ գործերում շահեցրել։ Ահա այսպիսի խաբեպատիր ու չարամիտ հնարներով պարավանդեցին, կաշկանդեցին, կապեցին, թակարդեցին թշվառ մր․ Ո֊ին։ Մր․ Ո֊ն էլ վերջ ի վերջո կարծելով, թե անունն ու պատիվը վտանգված են, թե սնանկությունը մոտալուտ է, իր միակ հույսն այդ մարդակերպ հրեշի վրա դրեց (մր․ Միկաբրը մի առանձին հաճույքով մարդակերպ հրեշ խոսքերը շեշտեց, իբրև մի նոր ասացված)․․․ որ իրեն անհրաժեշտ էր դարձրել՝ նրա կործանումը լրացնելու համար։ Ես հանձն եմ առնում այդ ամենն ապացուցել․ հավանորեն և դեռ ուրիշ շատ բաներ»։ Ես մի քանի խոսք շշնջացի Ագնեսին, որ, տրտմության ու սփոփանքի արտասուք թափելով, իմ կողքին լուռ նստած էր, և ունկնդիրների մեջ շարժում ընկավ․ կարծեցին, թե մր․ Միկաբրն ավարտել է։ Բայց նա հանդիսաբար ասաց․ «Կներեք ինձ, և մի խորին վհատության ու բուռն ցնծության խառն թափով ընթերցումը շարունակեց։ «Արդ վերջացրի։ Կմնա միայն, որ իմ ամբաստանության ճշմարտությունը հաստատեմ և ապա թե թշվառության դատապարտված գերդաստանի հետ միասին այս միջավայրից անհետանամ, ուր մենք կարծես մի բեռ ենք։ Եվ այդ շուտով կկատարվի։ Իրավամբ կարելի է ենթադրել, թե մեր ստնտու մանուկը, որ գերդաստանիս ամենաքնքուշ անդամն է, ամենից առաջ շունչը կփչի անոթի մնալուց, և թե երկվորյակ եղբայրներն էլ նրա օրինակին կհետևեն։ Եղիցե կամք տյառն օրհնյալ։ Ինձ գալո, Կենտըրբրին արդեն բավական տրորեց ինձ․ մնացածը բանտն ու սովը կլրացնեն։ Հույս ունեմ, սակայն, որ այս տաժանելի ու մեծաջան հետազոտությունը, որ անդուլ տոկունությամբ սովամահ լինելու վտանգով, հսկելով ու տքնելով կատարել եմ արշալույսի, վերջալույսի և մութ գիշերվա լռիկ ժամերինմ ― այն էլ մի արթուն լրտեսի աչքերի տակ, որին Դև անվանելը քիչ կլիներ․․․ ավելացրեք՝ ծնողական կարիքների դեմ մաքառելով, ― հույս ունեմ, որ այս հետազոտությունը իմ մահվան խարույկի վրա գեթ մի շիթ քաղցրության ցող կկաթեցնի։ Եվ ինձ համար դա հերիք է։ Ես գոհ կլինեմ, եթե իրավամբ իմ մասին ասեն, ինչ որ երբեմն ասվել է մի ծովային քաջ հերոսի մասին, որի հետ, սակայն, համեմատվելու լրբություն չունեմ, ― թե այս բոլորը ես արել եմ ոչ թե շահամոլ ու եսական հաշիվներից դրդվելով, այլ միայն հանուն Անգլիայի, հայրենաց և գեղեցկության։ Կամ և մնամ և այլն, և այլն․ Ուիլկինս Միկաբր»։ Մր․ Միկաբրը սաստիկ հուզված, բայց և անչափ գոհ սրտով նամակը ծալեց, գլուխ տալով՝ տատիս հանձնեց, իբրև մի բան, որ նա գուցե պահել կուզենար։ Այդ սենյակում մի երկաթե պահարան կար, որ դեռ իմ առաջին այցելության ժամանակ էի նկատել։ Բանալին փականքի վրա էր։ Հանկարծ Ուրիասի միտքը կասկած ընկավ․ նա մր․ Միկաբրի վրա մի արագ հայացք նետեց, շտապով պահարանին մոտեցավ ու շառաչմամբ դուռը բացեց։ Դատարկ էր։ ― Գրքերը որտե՞ղ են, ― աղաղակեց նա սոսկալով։ ― Ո՞վ է գողացել գրքերը։ Մր․ Միկաբրը իր կրծքին քանոնով խփեց և ասաց․ ― Ես եմ արել, և արել եմ այս առավոտ, երբ ինքներդ բանալին ինձ հանձնեցիք։ ― Միամիտ կացեք, ― ասաց Տրեդլսը։ ― Գրքերն ինձ մոտ են, և ես նրանց կպահեմ արդեն հիշված իրավունքիս զորությամբ։ ― Ուրեմն դուք գողացված բաներ թաքցնո՞ղ եք, ― գոչեց Ուրիասը։ ― Այպիսի դեպքերում՝ անշուշտ, ― պատասխանեց Տրեդլսը։ Որքան զարմացա, երբ տատս, որ մինչև այժմ շատ ուշադիր ու հանգիստ էր, հանկարծ Ուրիասի վրա ընկավ և երկու ձեռքով նրա օձիքից բռնեց։ ― Գիտե՞ս, ի՞նչ եմ պահանջում, ― ասաց տատս։ ― Մի խելագարի շապիկ, ― դուրս տվեց Ուրիասը։ ― Ո՛չ։ Իմ ստացվածքն եմ պահանջում, ― ասաց տատս։ ― Հոգյակ իմ, Ագնես, քանի կարծում էի, թե իմ կայքը հայրդ է կորցրել, մի խոսք անգամ չէի ասում, թե այդ կայքը նրան եմ հանձնել․․․ Տրոտին անգամ չէի ասում։ Բայց այժմ, երբ գիտեմ, որ պատասխանատուն այս անզգամն է, ետ եմ պահանջում իմ կայքը։ Տրոտ, եկ, վերցրու, խլի՜ր սրանից։ Արդյոք Տատս այս րոպեին ի՞նչ էր մտածում՝ չգիտեմ, բայց այնպես էր քաշքշում Ուրիաս Հիպի օձիքը, որ առիթ էր տալիս ենդադրելու, թե իր փողերն այդ «օձիքի» մեջ է տեսնում։ Ես փութացի բաժանել նրանց և տատիս խոսք տվի, թե կստիպենք Ուրիասին ամեն բան վերադարձնել, ինչ որ նա իրոք յուրացրել է։ Տատս մի վայրկյան մտածելուց հետո հանգստացավ ու նստեց՝ առանց վրդովման նշան անգամ ցույց տալու (ինչ որ, սակայն, չէր կարելի ասել նրա գլխանոցի մասին)։ Մրս․ Հիպը չէր դադարում որդուն լալով աղաչել, որ «խոնարհվի», բոլորիս առջև ջոկ֊ջոկ չոքում էր և հիմար֊հիմար խոստումներ տալիս։ Վերջապես որդին նրան նստեցրեց, կողքին կանգնեց և նրա ձեռքը բռնելով ու ծուռ֊ծուռ վրաս նայելով, ասաց․ ― Ի՞նչ եք ուզում, որ անեմ։ ― Ես կասեմ ձեզ, թե ինչ պիտի անեք, ― ասաց Տրեդլսը։ ― Մի՞թե այդ Կոպպերֆիլդը լեզու չունի, ― քրթմնջաց Ուրիասը։ ― Ես ձեզ մի լավ բան կտայի, եթե առանց ստելու ասեիք, թե նրա լեզուն կտրել են։ ― Ուրիասն անպատճառ կխոնարհվի, ― ճչաց մայրը։ ― Խոսքերին ականջ մի՛ դնեք, ով ազնիվ պարոններ։ ― Ահա թե ինչ պիտի անեք, ― ասաց Տրեդլսը։ ― Նախ և առաջ, և այս րոպեիս, դուք ինձ կտաք մր․ Ուիկֆիլդի այն փոխանցման գիրը, որով իր կայքը ձեզ է թողնում։ ― Դիցուկ թե մի այդպիսի գիր չեմ ստացել, ― ընդհատեց Ուրիասը։ ― Սակայն ստացել եք, ― ասաց Տրեդլսը, ― հետևաբար հարկ էլ չկա այդ ենթադրությունն անելու։ Խոստովանում եմ, որ իմ նախկին դպրոցական դասընկերոջ կորովի, առողջ, համբերատար ու պարզ միտքն առաջին անգամ այդ րոպեին հարգեցի։ ― Հետո, ― շարունակեց Տրեդլսը, ― կպատրաստվեք այն բոլորը ետ դարձնել, ինչ որ չարաչար հափշտակել եք, և ետ դարձնել մինչև վերջին ֆարթինգը։<ref>Farthing ― մեկ քարրորդ պեննի</ref> Գրասենյակի բոլոր գրքերն ու գործերը մեզ մոտ կմնան․ նմանապես և ձեր թղթերն ու տետրերը, ձեր հաշիվներն ու մաուրհակները․ մի խոսքով՝ այստեղ եղած ամեն բան։ ― Իրա՞վ, ― պատասխանեց Ուրիասը։ ― Չէի իմացել, որ անհրաժեշտ է այդպես անել։ Ինձ ժամանակ է պետք մտածելու համար։ ― Անշուշտ, ― ասաց Տրեդլսը, ― բայց առժամանակ, մինչև որ պահանջը կատարվի, այս բոլորը մեզ մոտ կպահենք ու ձեզ կխնդրենք կամ պարզ ասած․․․ կստիպենք ձեր սենյակում նստած մնալ և ոչ ոքի հետ հաղորդակցություն չունենալ։ ― Այդ չեմ անի, ― ասաց Ուրիասը երդվելով։ ― Այն ժամանակ բանտում կնստեք, ուր ավելի ապահով կլինեք, ― ասաց Տրեդլսը։ ― Եվ թեպետ օրենքը մեզ ավելի ուշ բավարարություն կտա, և մեր պահանջն այնպես լրիվ չի կատարի, ինչպես որ դուք կանեիք, բայց այնուամենայնիվ կասկած չկա, որ նա սաստիկ կպատժի ձեզ։ Սակայն, դուք ինքներդ էլ այդ լավ գիտեք։ Կոպպերֆիլդ, խնդրեմ Դիլգհոլ գնացեք և մի երկու ոստիկան բերեք։ Մրս․ Հիպը նորից արտասվալից աղաչանքով Ագնեսի ոտքն ընկավ, որ նա բարեխոս լինի, և կրկնեց, թե իր որդին խոնարհ է, և եթե մեր պահանջը չկատարի, նա ինքը՝ մայրը որդու փոխարեն ամեն բան կանի։ Սիրասուն որդուն սպառնացող վտանգից պառավը գրեթե խելագարվել էր։ Հարցնել, թե այդ որդին ի՞նչ կաներ, եթե գեթ փոքր֊ինչ արիություն ունենար, միևնույն է, թե հարցնել ― ի՞նչ կաներ մի անպիտան շուն, եթե վագրի ոգի ունենար։ Նա ոտքով֊գլխով մի վատասիրտ երկչոտ էր և իր տագնապած տեսքով և հուսահատ դաժանությամբ այժմ լիովին իր բնության ստրկությունը ցույց տվեց։ ― Կա՛ց, ― մռնչաց նա դեպի ինձ և իր քրտնած երեսը սրբեց։ ― Մայրիկ, հերիք է ճվաս։ Թող վերցնեն այն թուղթը։ Գնա բե՛ր։ ― Խնդրեմ այդ կնոջն օգնեցեք, մր․ Դիկ, ― ասաց Տրեդլսը։ Մր․ Դիկը այդ պատվերն իրեն պարծանք համարեց և պառավի հետ այնպես գնաց, ինչպես որ մի հովվի գամփռ կերթար ոչխարի հետ։ Բայց մրս․ Հիպը նրան շատ նեղություն չտվեց, որովհետև իսկույն ևեթ ետ եկավ՝ ոչ միայն պահանջված պայմանագիրը բերելով, այլև դրա տուփը, որի մեջ մի հաշվեմատյան և ուրիշ թղթեր էլ կային, որոնք հետո պիտանի եղան։ ― Շատ լավ, ― ասաց Տրեդլսն այդ ամենը ստանալուց հետո։ ― Այժմ, մր․ Հիպ, կարող եք մտածելու համար հեռանալ։ Լավ մտածեք․ այս ասում եմ բոլորիս կողմից․․․ որ ձեզ մի բան միայն կմնա անել, որը արդեն հայտնել եմ, և անհապաղ անել։ Ուրիասն ակնկոր ու ձեռքը կզակին դրած դանդաղ դեպի դուռը գնաց և շեմքի մոտ կանգնելով ասաց․ ― Կոպպերֆիլդ, ես ձեզ միշտ ատել եմ։ Դուք ինձ միշտ խոչընդոտ եք հանդիսացել, ինձ հակառակ էիք։ ― Կարծեմ մի անգամ ձեզ ասվեց, ― պատասխանեցի ես, ― որ դուք էիք ամենքի դեմ չարիք նյութում ձեր ագահ ու խորամանկ բնավորությամբ։ Իմացած եղեք, գեթ ապագայի համար, աշխարհիս երեսին դեռ տեսնված չէ, որ ագահությունն ու խորամանկությունը չափ ու սահմանից չանցնեն և իրենք իրենց չվնասեն։ Սա մի ստույգ բան է, ինչպես ստույգ է, որ բոլորս էլ վաղ թե ուշ մեռնելու ենք։ ― Ինչպես ստույգ է և այն բանը, որ քարոզում էին մեզ դպրոցում (ուր սովորել եմ այսքան խոնարհ լինել), ― ասաց Ուրիասը չար հեգնությամբ։ ― Առավոտյան ժամը իննից մինչև տասնմեկը մեզ ասում էին, թե աշխատանքն անեծք է․ իսկ տասնմեկից մինչև մեկը՝ թե օրհնություն է, զվարթություն է, բարիք է և էլ չգիտեմ, թե ինչ բան։ Դուք էլ այնպես տրամաբանորեն եք վարդապետում, ինչպես և մեր վարժապետները։ Ի՞նչ շահ տեսա խոնարհությունից։ Սակայն ես ինչպե՞ս ընկերակցիս ձեռքն ու ոտքը կկապեի, եթե խոնարհ չլինեի։ Միկաբր, ծեր ավանակ, ես դեռ քո հախիցը կգամ։ Մր․ Միկաբրը արհամարհոտ վեհությամբ Հիպի սպառնական չոր մատին նայեց և նրա հեռանալուց հետո ինձ դառնալով առաջարկեց՝ «վկա լինել և իր և մրս․ Միկաբրի լիակատար հաշտության»։ Այնուհետև բոլորիս էլ հրավիրեց գնալ այդ սրտաշարժ հանդեսը տեսնելու։ ― Ինձ ու նրան բաժանող վարագույրը վերջապես պատռված է, ― ասաց նա։ ― Զավակներս և նրանց գոյության հեղինակը այժմ կարող ենք իրար պարզերես մոտենալ։ Մենք բոլորս նրանից շնորհակալ էինք, բոլորս կցանկանայինք, ինչքան որ մեր այն հուզված ու շփոթ դրության մեջ կարելի էր, ցույց տալ նրան, որ իրոք շնորհակալ ենք․ ուստի բոլորս էլ միասին կգնայինք, եթե Ագնեսն ստիպված չլիներ հոր մոտ վերադառնալ, ― որին մինչև այժմ չեն համարձակվել մի ուրիշ բան ներշնչել, բացի միայն մի տկար հույսից, և եթե մեզնից մեկն էլ պարտավոր չլիներ Ուրաիսի մոտ պահապան մնալ։ Այդ պաշտոնը Տրեդլսին վիճակվեց, որից հետո մր․ Դիկը պիտի փոխարիներ, և այսպես մր․ Միկաբրի հետ մր․ Դիկը, տատս ու ես գնացինք։ Իմ երախտավոր սիրելի Ագնեսից շտապով հրաժեշտ առնելիս՝ հիշեցի այն սոսկալի վտանգը, որից նրան․․․ չնայելով իր վեհանձն արիության․․․ գուցե այդ առավոտ փրկեցինք, և սրտանց շնորհակալ եղա իմ մանկության աղետներից, որոնց շնորհիվ ծանոթացել էի մր․ Ուիլկինս Միկաբրի հետ։ Նրա տունը հեռու չէր․ դրսի դուռն ուղղակի դեպի դահլիճն էր բացվում։ Մր․ Միկաբրը միայն իրեն հատուկ արագությամբ ներս վազեց, և մենք իսկույն նրա ընտանիքի գիրկն ընկանք։ ― Էմմա, աչքիս լույս, ― գոչեց մր․ Միկաբրը իր ամուսնուն փարվելով։ Մրս․ Միկաբրն աղաղակեց և ամուսնու վզին փաթաթվեց։ Մրս․ Միկաբրը, որ մր․ Միկաբրի վերջին նամակում հիշատակված նորեկին էր որոնում, սաստիկ հուզվեց։ Նորեկը խայտաց։ Երկվորյակները մի քանի անվայել, բայց և անմեղ ցույցերով ցնծում հայտնեցին։ Մաստր Միկաբրը, որի սիրտը վաղաժամ հուսախաբումների պատճառով դառնացել ու երեսը խոժոռել էր, այժմ գորովանքից մեղմացավ ու հեծկլտաց։ ― Էմմա, ― ասաց մր․ Միկաբրը, ― սիրտ ճնշող մութ ամպերը փարատված են։ Այնքան տարիներ մեր միջև թագավորող մտերմությունը նորոգված է, և ընդմիշտ։ Արդ, ողջույն քեզ, ով չքավորություն․ բարով գաս, տնանկություն, օրհնյալ լինեք մուրացկանի գավազան, ցուրտ ու սով, ցնցոտիներ ու փոթորիկ։ Փոխադարձ մտերմությունը մինչև վերջը զորավիգ կլինի մեզ։ Այս ճառն ասելուն պես մր․ Միկաբրն մրս․ Միկաբրին աթոռի վրա նստեցրեց և իր գերդաստանի բոլոր անդամներին համբուրեց, ապագա աղետների մի անվերջ շարք ողջունելով, որ շատ սփոփիչ չերևաց նրանց, և հրավիրելով նրանց դուրս գնալ Կենտըրբրիի փողոցներն ու երգել, որովհետև էլ հաց ճարելու ուրիշ հնար չկար։ Բայց որովհետև ուժգին հուզումից ջլատված մրս․ Միկաբրն այդ րոպեին ուշաթափվել էր, հետևաբար ամենից առաջ, մինչև անգամ երգեցիկ խումբը կազմելուց առաջ, պետք եղավ նրան ուշքի բերել։ Այդ մասին տատս ու ինքը մր․ Միկաբրը հոգ տարան։ Հետո տատս ներկայացավ, և մրս․ Միկաբրը ինձ ճանաչեց։ ― Ներեցեք, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց խեղճ կինը, ձեռքն ինձ մեկնելով։ ― Ես տկար եմ, և չէի կարող դիմանալ այն ցնծության, որ մր․ Միկաբրի ու իմ մեջ ծագած վերջին թյուրիամցության չիք դառնալու առթիվ զգացի։ ― Ա՞յս է ձեր բոլոր ընտանիքը, տիկին, ― հարցրեց տատս։ ― Առայժմ այս է, ― պատասխանեց մրս․ Միկաբրը։ ― Տեր ողորմյա, միտքս այդ չէր, ― ասաց տատս։ ― Ուզում էի միայն իմանալ, թե բոլորն էլ ձե՞րն են։ ― Տիկին, բոլորն էլ մերն են ուղիղ հաշվով, ― հաստատեց մր․ Միկաբրը։ ― Իսկ այդ հասուն ջենտլմենը ի՞նչ բանի է պատրաստված, ― շարունակեց տատս։ ― Այս քաղաքը որ եկա, ― պատասխանեց մր․ Միկաբրը, ― մտադիր էի եկեղեցու պաշտոնյա անել Ուիլկինսին և կամ ավելի ճիշտն ասած՝ երգեցիկ խմբի անդամ․ բայց որովհետև պատկառելի տաճարում, որ իրավամբ այս քաղաքի պարծանքն է, մի վերնաբամբ երգչի համար տեղ չկար, Ուիլկինսը սկսեց․․․ մի խոսքով սովորություն դարձրեց՝ փոխանակ այդ սրբավայրի․․․ պանդոկներում երգելու։ ― Սակայն միտքը բարի է, ― նկատեց մրս․ Միկաբրը գորովանքով։ ― Անտարակույս, սիրելիս, ― ասաց մր․ Միկաբրը, ― սակայն նրա բարի մտքերի բարի պտուղը դեռ չեմ տեսել։ Մաստր Միկաբրը դարձյալ դեմքը կնճռեց ու տաք֊տաք հարցրեց, թե ի՞նչ կհրամայեն, որ անի։ Արդյոք հյո՞ւսն դառնալ, թե կառապա՞ն, կամ դարբի՞ն։ Միևնույն է, թե պահանջեն թռչուն դառնալ, քանի որ ինքն այդ կոչումների համար չի ծնված։ Արդյոք հենց առաջին փողոցը գնա և դեղատո՞ւն բանա, վազելով հենց առաջին դատարանը մտնի ու փաստաբա՞ն հանդիսանա․ թե՞ օպերայի բեմը բռնի դուրս գա ու բռնաբար հաջողություն ձեռք բերի։ Արդյոք կարո՞ղ է այդ բոլորից գեթ մեկն անել, քանի որ ոչինչ չի սովորել։ Տատս փոքր֊ինչ խորհեց և ապա ասաց․ ― Մր․ Միկաբր, զարմանում եմ, որ մինչև այժմ չեք մտածել գաղթելու։ ― Տիկին, ― գոչեց մր․ Միկաբրը, ― դա իմ պատանեկության երազանքն էր և հասուն հասակիս խաբուսիկ հույսը։ Հավաստի եմ, որ այդ մասին նա իր օրում չէր մտածել։ ― Իրա՞վ, ― ասաց տատս, իմ վրա ակնարկ նետելով։ ― Ի՞նչ կլիներ, մր․ Միկաբր, եթե իրոք վճռեիք գաղթել։ ― Իսկ արծաթը, տիկին, արծաթը, ― նկատեց մր․ Միկաբրը ողբագին ձայնով։ ― Դա է գլխավոր և կարող եմ ասել միակ արգելքը, սիրելի մր․ Կոպպերֆիլդ, ― ասաց մրս․ Միկաբրը։ ― Արծա՞թ, ― գոչեց տատս։ ― Բայց դուք միշտ բոլորիս այնքան լավություն եք անում և կամ արդեն արել եք, որ ձեր բորբոքած կրակի տակից անշուշտ շատ բան դուրս կգա։ Այն ժամանակ ինչո՞վ պիտի երախտահատույց լինենք ձեզ, եթե ոչ՝ ձեզ հարկավոր դրամագլուխը ճարելով։ ― Չէի կամենա իբրև պարգև ընդունել այդ, ― ասաց մր․ Միկաբրը ջերմությամբ։ ― Սակայն ուրիշ բան է, եթե հնար լիներ փոխարինաբար մի բավարար գումար տալ ինձ հինգ տոկոսով և իմ անձնական պատասխանատվությամբ, օրինակի համար՝ տասներկու, տասնութ և կամ քսանչորս ամիս անցնելուց հետո հատուցելու պայմանով, մինչև որ գործերս հաջող ընթացք ընդունեն․․․ այն ժամանակ․․․ ― Հնար լինե՞ր, ― գոչեց տատս։ ― Խոսք չկա, որ կլինի, և ձեր ուզածին պես կլինի։ Այս բանը լավ կշռեցեք։ Ահա Դավթի բարեկամներից մի քանիսը շուտով Ավստրալիա պիտի գնան։ Եթե դուք էլ որոշեք գնալ, ինչո՞ւ միևնույն նավով չգնաք։ Դուք կարող եք օգնել միմյանց։ Լավ մտածեցեք այս մասին, մր․ և մրս․ Միկաբր։ Ժամանկ գտեք և այս բանը լավ կշռեցեք։ ― Մի բան միայն կցանկանայի իմանալ, մեծարգո տիկին, ― ասաց մրս․ Միկաբրը։ ― Արդյոք այնտեղի կլիման առողջարա՞ր է։ ― Սքանչելի՜ կլիմա է, ― պատասխանեց տատս։ ― Շատ լավ, ― ասաց մրս․ Միկաբրը։ ― Երկրորդ հարց․ Արդյոք այն երկրի պայմաններն այնպե՞ս են, որ մր․ Միկաբրի նման մի ճարտար մարդ հասարակության սանդուղքի վրա մի վայելուչ դիրք բռնելու հույս ունենար։ Չեմ ասում ― արդյոք կարո՞ղ էր գավառապետի, նահանգապետի և կամ այս տեսակ մի պաշտոն ունենար․ այլ կուզեի միայն իմանալ, արդյոք նրա առջև մի պատշաճավոր ասպարեզ կբացվի՞, ուր նա իր ձիրքերը գործ դնի ու հետզհետե ազատորեն զարգացնելու հնար գտնի։ ― Ոչ մի տեղ ավելի արձակ ասպարեզ չկա մի ջանասեր ու բարեբարո մարդու համար, ― ասաց տատս։ ― Ջանասեր և բարեբարո, ― կրկնեց մրս․ Միակբրը լրջությամբ։ ― Ճշմարիտ է։ Պարզ տեսնում եմ, որ Ավստրալիան է մր․ Միկաբրի գործունեության արժանավոր ասպարեզը։ ― Ես էլ համոզված եմ, արգո տիկին, ― ասաց մր․ Միկաբրը, ― որ ներկա հանգամանքներում միայն դա է ինձ ու գերդաստանիս համար պատշաճավոր երկիրը, և որ անշուշտ մեր բախտը այդ երկրի սահմաններում պիտի ժպտա։ Հեռու էլ չէ․․․ համեմատաբար․ և թեպետ ձեր սիրալիր առաջարկը լուրջ քննության արժանի է, բայց հավատացեք, դա միայն մի ձևական բան է, երկար մտածելու հարկ չկա։ Մի՞թե կարող եմ մոռանալ, թե ինչպես նա մի վայրկյանում ամենահուսալից մարդը դարձավ, իր ապագա երջանկության մասին ցնորելով, և կամ ինչպե՞ս մրս․ Միկաբրը կենգուրուների բարքի մասին սկսեց ճառել։ Կարո՞ղ եմ արդյոք Կենտըրբրիի շուկան մտաբերել՝ առանց հիշելու, թե ինչպես մր․ Միկաբրը, մեզ հետ շուկայով անցնելիս, հեռավոր երկրից եկած քաջ ու կոպիտ օտարական ձևացավ և ավստրալիական մշակի աչքով սկսեց դիտել վաճառքի բերված անասունները։