Changes

Դավիթ Կոպպերֆիլդ

Ավելացվել է 20 757 բայտ, 14:17, 21 Փետրվարի 2015
/* ԺԵ․ գլուխ */
― Եվ ինձ ծանո՞թ։
Մարդը պատասխան չտվեց, այլ ինձ դեպի ծովափ տարավ։ Եվ ծովափի այն մասում, ուր մի ժամանակ Էմլին ու ես՝ երկուսս էլ դեռ մանուկ, խեցիներ էինք հավաքում, ուր ցիրուցան ընկած էին գիշերային մրրիկից ջարդված հին նավատան ավերակները, ― այդ հյուրընկալ տան, որին նա այնքա՜ն չարիք էր հասցրել․․․ տեսա նրան բեկորների միջև փռված, գլուխը թևին դեմ տված՝ ճիշտ այնպես, ինչպես որ շատ անգամ տեսել էի Սալեմ Հաուսի ննջարանում։   ==ԺԶ․ գլուխ== Մի հին վերք և մի նոր վերք  Հարկ չկար, ո՜վ Ստիրֆորթ, մեր վերջին տեսակցության ժամին, որ չէի կարծում, թե վերջին հրաժեշտի ժամը կլինի, ասել՝ «Միշտ բարով հիշիր ինձ»։ Այդպես էլ միշտ արել եմ, և մի՞թե կարող եմ այժմ փոխվել՝ այդ պատկերիդ նայելիս։ Մարդիկ մի պատգարակ բերին, մարմինը վերցրին ու վրան մի դրոշակ ծածկելով, քաղաք տարան։ Բոլոր հուղարկավորները նրան ճանաչում էին, նրա հետ շատ անգամ էին նավարկել, նրան միշտ կայտառ էին տեսել։ Քամին դեռ շաչում էր, մրրիկը որոտում։ Լուռ բազմությունը նրան դեպի այն տնակն էր տանում, ուր մահն արդեն ոտք էր դրել։ Բայց տան շեմքին հասնելուն պես՝ մարդիկ իրար մտիկ արին շշնջալով ու դեպի ինձ շուռ եկան։ Ես նրանց միտքը հասկացա․ կարծում էին, թե լավ չի լինի այդ երկու մեռելները մի հարկի տակ իրար մոտ դնել։ Քաղաք մտանք ու մեր բեռը պանդոկ տարանք։ Ուշքի գալուս պես ես Ջորեմին կանչել տվի և պատվիրեցի նրան մի դիակառք գտնել՝ հենց նույն գիշեր մարմինը Լոնդոն տանելու համար։ Գիտեի, որ իմ պարտքն է այդ գործը հոգալ և ընկերոջս մորը նախապատրաստել որդու մահվան գույժը լսելու․․․ և փութացի կատարել այդ պարտքը։ Գիտությամբ գիշերվա ժամ ընտրեցի, որպեսզի մեկնելու ժամանակ հետաքրքիր բազմությունից ազատ մնանք։ Սակայն թեև արդեն կես֊գիշեր էր, երբ կառք նստեցի դիակառքին ուղեկցելու, շատ մարդիկ էին սպասում նրան։ Փողոցներում և նույնիսկ դրսի ճամփի վրա շատ խմբեր էին հանդիպում։ Վերջապես երբ դաշտ ելանք, միայն մութ գիշերն էր ինձ ու մանկությանս ընկերի աճյունը պատում։ Պայծառ աշնան կեսօրին հասանք Հայգեթ։ Արդեն ընկած տերևների անուշ բուրմունքը գետնի երեսից բարձրանում էր, մինչդեռ չընկած տերևները դեղին, կարմիր, թուխ գույներով պսպղում էին արևի տակ։ Վերջին մղոնը ոտքով անցա անելիքս լավ կշռելու համար, իսկ կառքը կանգնեցրի, հրամայելով սպասել իմ պատվերին։ Ընկերոջս հայրենի տունն այնպես գտա, ինչպես որ էր վերջին անգամ տեսնելիս, ոչ մի վարագույր վերև չէր քաշված, սալահատակ, ամայի բակի մեջ կյանքի նշույլ չէր երևում և դեպի դուռը տանող անցքը բոլորովին լքված էր թվում։ Առաջին վայրկայնին սիրտ չարի դռան հնչակը քաշելու, իսկ երբ քաշեցի, նա կարծես թե բերած գույժս հնչեցրեց։ Ջահել աղախինը դուրս եկավ և դրսի դուռը բաց անելով՝ վրաս ակնապիշ նայեց ու ասաց․ ― Ներեցեք, սը՛ր։ Հիվանդ հո չե՞ք։ ― Փույթ չէ, փույթ չէ։ Շատ հոգնած էի ու հոգնած եմ։ ― Ի՞նչ է պատահել․․․ չլինի թե մր․ Ջեյմսը․․․ ― Հանդարտ, ― ասացի ես։ ― Այո, մի բան է պատահել, որ մրս․ Ստիրֆորթին պիտի հայտնեմ։ Արդյոք տա՞նն է։ Աղջիկը շվարելով ասաց, թե այժմ տիկինը շատ սակավ է դուրս գնում, կառքով անգամ չի զբոսնում, ոչ մի հյուր չի ընդունում, սակայն ինձ կընդունի։ Այժմ վերևն է միս Դարտլի հետ։ Ի՞նչ կհրամայեմ ասել նրան։ Պատվիրեցի զգույշ լինել, բան չասել ու միայն իմ այցետոմսը տանել․ իսկ ինքս դահլիճում նստեցի պատասխանի սպասելով։ Դահլիճի նախկին զվարթ տեսքը կորերլ էր․ պատուհանների փեղկերը կիսով չափ փակված էին։ Քնարը վաղուց չէր գործածված։ Այդտեղ էր մանուկ որդու լուսանկարը, նմանապես և գրասեղանը, որի մեջ մայրը սովորաբար նրա նամակներն էր պահում։ Հարցնում էի ինձ ― արդյոք հիմի էլ կարդո՞ւմ է և կամ նորից կկարդա՞։ Շուրջս այնպիսի լռություն էր տիրում, որ սանդուղքով իջնող աղախնի քայլերը լսեցի։ Նա պատասխան բերեց, թե մրս․ Ստիրֆորթը հիվանդ լինելով, չի կարող իջնել, սակայն ուրախ կլինի տեսնել ինձ, եթե ես հաճեմ վերև բարձրանալ։ Մի քանի վայրկյան անցնելուց հետո՝ արդեն կանգնած էի լեդիի առջև։ Լեդին որդու սենյակումն էր, ոչ թե իր առանձին սենյակում։ Պարզ էր, որ մայրն ի հիշատակ որդու այդ սենյակն է տեղափոխվել և նույն պատճառով նրա ճաշակի ու հաճույքի առարկաներն անշարժ թողել։ Սակայն ինձ ընդունելու րոպեին անգամ նա մրմնջաց, թե նրա համար է որդու սենյակը քաշվել, որ իր սենյակի պատուհանից երևացող տեսարանը շատ միակերպ է․ և այս ասաց հպարտ դեմքով, որպեսզի կասկածի նշույլ անգամ մտքովս չանցնի։ Ռոզա Դարտլը նրա բազկաթոռի մոտ էր կանգնած։ Օրիորդի սև աչքերը տեսնելուս պես իմացա, որ գուժաբեր լինելս իրեն հայտնի է։ Նույն րոպեին նրա բերանի սպին կարմրեց։ Մրս․ Ստիրֆորթի ուշադրությունից խորշելու համար նա մի քայլ ետ նահանջեց և սկսեց սուր նայվածքով ինձ դիտել, այն նայվածքով, որ ոչ մի բանից չէր շփոթվում կամ վախենում։ ― Ցավում եմ, սը՛ր, որ սև եք հագել, ― ասաց մրս․ Ստիրֆորթը։ ― Դժբախտաբար այժմ այրի եմ, ― պատասխանեցի։ ― Այդքան ջահել և այդպիսի մեծ կորուստ, ― շարունակեց նա։ ― Շատ ցավում եմ, շատ ցավում։ Հույսով եմ, որ ժամանակը սփոփանք կբերի ձեր վշտին։ ― Հուսանք, որ ժամանակը բոլորիս էլ կսփոփի, ― ասացի ես նրանց նայելով։ ― Մեր պարտքն է, տիկին, ամենադառն փորձանքների մեջ անգամ այդ հույսն ունենալ։ Ձայնիս հնչույնն ու աչքերիս արտասուքը վրդովեցին նրան, նրա մտքերի ամբողջ ընթացքն ասես թե հանկարծ կանգ առավ ու փոխվեց։ Աշխատում էի որդու անունն արտասանելիս հուզումս զսպել, սակայն ձայնս դողդողաց։ Տիկինը մի երկու անգամ այդ անունն ինքն իրեն մեղմիկ կրկնեց, հետո բռնի հանգստությամբ հարցրեց ինձ․ ― Որդիս հիվա՞նդ է։ ― Շատ հիվանդ։ ― Տեսե՞լ եք նրան։ ― Տեսել եմ։ ― Հաշտվե՞լ եք։ Չէի կարող ոչ այո ասել, ոչ էլ՝ ոչ։ Լեդին դեպի Ռոզան շուռ եկավ։ Այդ վայրկյանին հազիվ շուրթերս շարժելով շշնջացի օրիորդին․ «Նա մեռել է»։ Որպեսզի մրս․ Ստիրֆորթը երկրորդ անգամ ետ չնայի և Ռոզայի դեմքից չիմանա, ինչ որ դեռ իմանալու պատրաստ չէր, ես փութացի նրա հայացքին հանդիպել։ Ռոզան ձեռքերը հուսահատ սոսկումով բարձրացրեց և հետո երեսը ծածկեց։ Գեցեցիկ լեդին․․․ օ՜հ, որքան որդուն նման էր․․․ աչքերը վրաս բևեռեց ու ճակատը շփեց։ Խնդրեցի նրան հանգիստ լինել, ասելիքս քաջությամբ լսել, սակայն լավ կանեի, եթե աղաչեի լաց լինել, որովհետև նա արձանի պես անշարժ էր։ ― Վերջին այցելությանս միջոցին, ― ասացի ես կակազելով, ― միս Դարտլը պատմել էր ինձ, թե ձեր որդին երբեմն նավարկում է։ Երեկ չէ մյուս գիշեր ծովը սաստիկ մրրկված էր։ Եթե այդ գիշեր նա ծովի վրա էր և վտանգավոր ափի մոտերքում․․․ ինչպես որ լսել եմ․․․ և եթե տեսնված նավը այն իսկ նավն է․․․ որ․․․ ― Ռոզա՛, ե՛կ, ― ասաց մրս Ստիրֆորթը։ Ռոզան մոտեցավ, բայց առանց կարեկցության կամ սիրո։ Նրա աչքերը կրակ էին շանթում, մինչ ինքը զարհուրելի ծիծաղով մտիկ էր անում մոր երեսին։ ― Դե՜, ― ասաց նա, ― ձեր գոռոզությունը վերջապես հագուրդ ստացավ, ո՜վ անմիտ կին։ Նա ձեզ գոհացրեց իր մահով․․․ Այո՛, լսում եք, մահով։ Մրս․ Ստիրֆորթը, որ փայտի պես ետ էր ընկել բազկաթոռում, միայն երկար հառաչեց ու պշնած աչքերը Ռոզայի վրա սևեռեց։ ― Ալո, ― գոչեց Ռոզան, կուրծքը սաստիկ ծեծելով, ― ինձ նայեցեք։ Հեկեկացեք, ողբացեք ու նայեցեք ինձ։ Տեսեք, ― հարեց նա, իր սպին ցույց տալով, ― ահա ձեր մեռած որդու սիրո՜ւն գործը։ Մոր հառաչանքներից սիրտս կեղեքվում էր։ Նրանք միակերպ էին, միշտ խեղդուկ։ Հեծեծալիս գլուխը թույլ շարժում էր, բայց երեսը մնում էր անփոփոխ։ Շուրթերն անշարժ էին, ատամները սեղմված, ծնոտը փակ, դեմքի գծերը սառած։ ― Հիշո՞ւմ եք, թե ե՞րբ արեց այս բանը, ― շարունակեց Ռոզան։ ― Հիշո՞ւմ եք, երբ ձեզնից ժառանգած քարե գոռոզությամբ լրբանալով, այս վերքն ինձ հասցրեց և երեսս ընդմիշտ այլանդակեց։ Նայեցեք վրաս, տեսեք նրա բարկության կնիքը, որ մինչը մահս պիտի կրեմ, և ողբացեք ձեր կրթած որդուն։ ― Միս Դարտլ, ― մեջ մտա ես, ― աստծու սիրուն․․․ ― Լռեցեք, ես եմ ուզում խոսել այժմ, ― գոչեց նա, հրացայտ աչքերը վրաս ուղղելով։ ― Մտիկ արեք ինձ, ասում եմ, ո՜վ ամբարտավան և խարդախ որդու հպարտ մայր։ Լացեք, որ այդպիսի զավակ մեծացրիք․ կոծեցեք, որ նրան փչացրիք, ողբացեք, որ նրան կորցրիք, ե՜ս էլ նրան կորցրի։ Ռոզան ձեռքն ամուր սեղմեց, և նրա ամբողջ վտիտ մարմինը դողդողաց, կարծես թե իրեն լափող ամեհի կրքից քիչ֊քիչ ճարակվելով։ ― Դուք, որ զայրացած եք նրա կամապաշտ համառության վրա, ― գոչեց նա, ― դուք, որ վիրավորված եք նրա մեծամիտ հպարտությամբ, դուք, որ այդ ալևոր հասակում ոտքի ելաք ձեր իսկ ծնած կրքերի դեմ, դուք, որ նրա մեջ այդ ախտերն օրորոցից սկսած զորացրիք և հետո կամեցաք նրանց աճումը ճնշել, խեղդել․․․ գո՞հ եք այժմ ձեր բազմամյա փույթ ու ջանքի արդյունքից։ ― Ամաչեցե՛ք, միս Դարտլ․․․ այդ ի՞նչ անգթություն է։ ― Ձեզ ասված է, որ ես եմ ուզում խոսել դրա հետ, ― պատասխանեց նա։ ― Աշխարհիս երեսին զորություն չկա, որ լեզուս կապեր, քանի որ այստեղ եմ կանգնած։ Մի՞թե նրա համար այսքան տարի լուռ մնացի, որ այսօր էլ սուս կենամ։ Ես ձեզնից ավելի էի սիրում նրան, ― շարունակեց նա, գազանաբար մորը դիմելով։ ― Ես գիտեի նրան սիրել առանց փոխարենը պահանջելու։ Եթե ես նրա կինը լինեի նրա հաճույքների գերին կդառնայի, միայն թե նա ինձ գեթ մի հատիկ սիրո խոսք շնորհեր՝ գոնե տարին մի անգամ։ Այո՛, գերին կդառնայի։ Ո՞վ էր նրան ինձնից լավ ճանաչում։ Դուք խստապահանջ էիք, գոռոզ, մանրակրկիտ, ինքնասեր։ Իմ սերն անձնվեր էր․․․ և ոտնակոխ կաներ ձեր գծուծ փնթփնթոցն ու լացը։ Ռոզան, աչքերից կրակ շանթելով, ոտքը հատակին խփեց, ասես թե իրոք մի ինչ֊որ բան էր կոխկրտում։ ― Տեսե՛ք, ― ասաց նա ու վերստին շուրթերի սպին ցույց տվեց։ ― Հետզհետե հասակ առնելով՝ նա իր արարքը հասկացավ և զգաց։ Այնուհետև ես նրա համար սկսեցի երգել, նրա հետ խոսել և ցույց տալ, թե որքան եմ նրա գործերին համակրում, անդուլ ջանքով այն բոլորը սովորեցի, ինչ որ նրան սիրելի էր, և նրան հրապուրեցի, գրավեցի։ Այո, սիրեց ինձ։ Շատ անգամ նա գոհանում էր ձեզ մի չնչին խոսք ասելով և հետո գալիս ինձ իր սրտին սեղմելու։ Այս բոլորը Ռոզան ասաց մի հեգնական և գրեթե մոլեգին խրոխտանքով, բայց և ջերմ հիշատակով այն սիրո, որի մարած մոխրի միջից մերթ֊մերթ մի ավելի քնքուշ զգացման կայծ էր ցայտում։ ― Ես զիջեցի․․․ ինչ որ չպիտի անեի, եթե նրա տղայայան սիրով հափշտակված չլինեի․․․ մի խաղալիք դառնալու, մի զվարճալիք, որի հետ կարելի է մի պարապ ժամ անցկացնել, հետո դեն գցել և ապա նորից վերցնել, նայելով րոպեի բերմունքին։ Երբ նա հափրացավ, ես էլ հափրացա։ Երբ նրա թռուցիկ սերը հանգավ, ես չուզեցի, թեև կարող էի, նորից նրան դեպի ինձ քաշել, ինչպես և չէի ուզի նրա կինը դառնալ, եթե նա ստիպվեր պսակվել ինձ հետ։ Մենք իրարից զատվեցինք առանց մի բառ ասելու։ Դուք թերևս այդ տեսաք, և գոհ էիք։ Այնուհետև ես երկուսիդ միջև ոչինչ էի, մի հին կարասի, մի առարկա, որ ոչ աչք ունի, ոչ ականջ, ոչ զգացում, ոչ էլ բնավ հիշողություն։ Հառաչո՞ւմ եք։ Հառաչեցեք և ձեր դաստիարակության հետևանքը ողբացեք, այլ ոչ թե ձեր սերը։ Ասում եմ ձեզ՝ մի ժամանակ այնպես ջերմ եմ սիրել նրան, ինչպես որ դուք ձեր օրումը չեք սիրել։ Բարկացայտ աչքերով Ռոզան կանգնած էր ակնապիշ, անշարժ լեդիի առջև, որի հեծեծանքը նույնքան էր նրա սիրտը հուզում, ինչքան կհուզեր մի անշունչ քար։ ― Միս Դարտլ, ― ասացի ես, ― եթե այնքան անգութ եք, որ չեք կարող կարեկից լինել այս թշվառ մոր վշտերին․․․ ― Իմ վշտերին ո՞վ կարեկից եղավ, ― ճշաց Դարտլը զայրույթով։ ― Դա՞ չէր միթե, որ այս բոլորը սերմանեց։ Թող այժմ իր սերմանածը լալով հնձի։ Եվ եթե որդու սխալները․․․ ― շարունակեցի ես։ ― Սխալնե՜րը, ― գոչեց օրիորդը, հանկարծ փղձկալով։ ― Ո՞վ կհամարձակվի բամբասել նրան։ Նա միլիո՜ն անգամ ավելի արժի, քան թե այն էակները, որոնց զիջում էր բարեկամություն ընծայել։ ― Ոչ ոք ավելի չի սիրել նրան, ոչ ոք էլ ավելի նրա հիշատակը չի հարգի, քան թե ես, ― պատասխանեցի ես։ ― Ասելիքս միայն սա է, որ եթե դուք մոր վշտերին չեք կարեկցում և կամ եթե որդու թերությունները ձեզ գրգռել են․․․ ― Այդ սո՛ւտ է, ― աղաղակեց նա, իր սև մազերը փետելով, ― ես սիրում էի նրան։ ― Եթե այս րոպեին անգամ անկարող եք նրա պակասությունները չհիշել, ― շարունակեցի ես, ― գոնե մի օտար կին համարեցեք այս կնոջը, մի անծանոթ արարած և գեթ փո՜քր֊ինչ օգնեցեք։ ― Անիծվե՜ք դուք, ― ասաց նա ինձ և՛ կատաղի, և՛ վշտահար ձայնով։ ― Անիծված լինի ձեր այստեղ գալու առաջին ժամը։ Անե՜ծք ձեր գլխին։ Կորե՜ք։ Դուրս եկա սենյակից, բայց և իսկույն ետ դարձա՝ զանգակը հնչեցնելու, որ սպասավորներին ոտքի հանեմ։ Միս Դարտլը դեռ չոքած՝ գրկել էր մրս․ Ստիրֆորդի անղգա մարմինը, արտասվագին համբուրում էր նրան, անունը տալիս, երեխայի պես կրծքին սեղմում, փայփայում ու շոյում նորից նրան ուշքի բերելու համար։ Արդեն վստահ էի, որ նրանք մենակ չեն մնա, և անշշուկ դուրս գալով, ծառաներին պատվիրեցի, որ շտապեն։ Երեկոյան դեմ նորից եկա և ննջեցյալի դին սպասավորների օգնությամբ մոր սենյակը դրի։ Ասացին, թե մայրը միևնույն դրության մեջ է, թե միս Դարտլը ոչ մի րոպե չի թողնում նրան, թե բժիշկերն ամեն դարման գործ են դրել, բայց լեդին արձանի պես անշարժ է և միայն աղիողորմ հեծեծանքներ է արձակում։ Անցա այդ սգավոր տան միջով ու բոլոր պատուհանների վարագույրները ներքև քաշեցի ամենից առաջ այն սենյակում, ուր դրված էր ննջեցյալը։ Հետո նրա կապարի պես ծանր աջը բռնեցի ու սեղմեցի սրտիս։ Ամբողջ աշխարհը լուռ ու մեռած թվաց ինձ․ միայն մոր հեկեկանքն էր մերթընդմերթ հասնում ականջիս։
Ադմին, Վստահելի
1876
edits