Changes
/* Գլուխ վեցերորդ. Պյոտր Ստեպանովիչը հոգսերի մեջ */
== Գլուխ վեցերորդ. Պյոտր Ստեպանովիչը հոգսերի մեջ ==
=== I ===
Տոնախմբության օրը նշանակվեց վերջնական, իսկ ֆոն Լեմբկեն դառնում էր էլ ավելի տխուր ու մտազբաղ։ Նա լի էր տարօրինակ և չարագույժ կանխազգացումներով, և դա սաստիկ անհանգստացնում էր Յուլիա Միխայլովնային։ Ճիշտ է, ոչ ամեն ինչ էր բարեհաջող։ Մեր նախկին փափկասիրտ նահանգապետը կառավարումն այնքան էլ բարվոք վիճակում չէր թողել։ Տվյալ պահին վրա էր հասնում ժանտախտը, տեղ-տեղ ի հայտ էր եկել անասունների ուժեղ համաճարակ, ամբողջ ամռանը քաղաքներում և գյուղերում հրդեհներ էին մոլեգնել, իսկ ժողովրդի մեջ ավելի ու ավելի էր արմատավորվում անմիտ փսփսուքը հրկիզումների մասին։ Նախկինի համեմատությամբ, կողոպուտներն աճեցին կրկնակի։ Սակայն այդ ամենը, հարկավ, ավելի քան սովորական կլիներ, եթե ընդսմին չլինեին առավել ծանրակշիռ պատճառներ, որոնք խռովել էին մինչ այժմ երջանիկ Անդրեյ Անտոնովիչի անդորրը։
Ամենից ավելի Յուլիա Միխայլովնային զարմացնում էր, որ օրըստօրե նա դառնում էր ավելի լռակյաց, և տարօրինակ բան՝ ավելի ծածկամիտ։ Եվ թվում է, թե ի՞նչ պիտի թաքցներ։ Ճիշտ է, նա հազվադեպ էր առարկում կնոջը և մեծ մասամբ կատարելապես ենթարկվում էր։ Կնոջ պահանջով, օրինակ, երկու թե երեք միջոցներ ձեռնարկվեցին՝ չափազանց վտանգավոր և համարյա թե ապօրինի, նահանգապետական իշխանությունն ուժեղացնելու տեսակետից։ Մի քանի չարագույժ խրախուսումներ արվեցին նույն նպատակով։ Ասենք, դատ ու Սիբիրի արժանի մարդիկ, միմիայն նրա պնդումներով, ներկայացվեցին պարգևատրման։ Մի քանի բողոքների և հարցումների որոշվեց պարբերաբար չպատասխանել։ Այդ ամենն ի հայտ եկավ ապագայում։ Լեմբկեն ոչ միայն ամեն ինչ ստորագրում էր, այլ անգամ չէր քննարկում սեփական պարտականությունները կատարելու մեջ իր տիկնոջ մասնակցության չափը։ Փոխարենը՝ ժամանակ առ ժամանակ հանկարծակի ծառս էր լինում «կատարյալ մանրուքների» պատճառով և զարմացնում Յուլիա Միխայլովնային։ Հարկավ, հնազանդության օրերին նա պահանջ էր զգում իրեն պարգևել ապստամբման աննշան պահեր։ Ցավոք սրտի, Յուլիա Միխայլովնան, իր համակ խորաթափանցությամբ հանդերձ, չէր կարողանում հասկանալ այդ ազնիվ նրբությունը՝ նրա ազնիվ բնավորության մեջ։ Ավաղ, դրա ժամանակը չուներ, և դրանից շատ տարակարծություններ եղան։
Հարկ չէ, ոչ էլ կկարողանամ պատմել որոշ բաների մասին։ Վարչական սխալների վերաբերյալ դատողություններ անելն էլ իմ գործը չէ, նաև վարչական այդ կողմն էլ ես բացառում եմ լիովին։ Սկսելով ժամանակագրությունը, ուրիշ խնդիրներ եմ առաջադրել։ Բացի դրանից, շատ բան կբացահայտվի ներկայումս մեր նահանգում նշանակված հետաքննությամբ, բավական է լոկ սպասել մի քիչ։ Սակայն, այդուհանդերձ, չի կարելի շրջանցել որոշ բացատրություններ։
Բայց շարունակեմ Յուլիա Միխայլովնայի մասին։ Խեղճ կինը (ես շատ եմ ափսոսում նրան) կարող էր ձեռք բերել այն ամենը, ինչ այնպես գրավում ու ձգում էր նրան (փառք և այլն), բոլորովին էլ առանց կտրուկ և արտառոց այն շարժումների, որոնցով մեզ մոտ սկսեց նա՝ հենց առաջին քայլից։ Սակայն գուցե թե պոեզիան չափազանցելուց կամ առաջին երիտասարդության տևական և անուրախ անհաջողություններից նա հանկարծ, ճակատագրի փոփոխությամբ, իրեն զգաց մի տեսակ չափից ավելի առանձնահատուկ ընտրյալ, համարյա թե օծյալ, «ում գլխին սույն բոցը բռնկվեց», իսկ փորձանքը հենց այդ բոցի մեջ էր ի վերջո, դա հո վարսադիր չէ, որ կարող է ծածկել ամեն կանացի գլուխ։ Սակայն այդ ճշմարտությունն ամենադժվարն է հավատացնել կնոջը։ Ընդհակառակն, ով կամեցավ հավանություն տալ, նա էլ կհաջողի, իսկ նրան հավանություն էին տալիս՝ միմյանց առաջ կտրելով։ Խեղճը միանգամից խաղալիք դարձավ ամենատարբեր ազդեցությունների ձեռքին, միաժամանակ լիովին երևակայելով իրեն որպես ինքնօրինակ։ Շատ վարպետներ ձեռքեր տաքացրին նրա կողքին՝ նահանգապետության կարճ ընթացքում օգտվելով նրա պարզահոգությունից։ Եվ ինչ շիլաշփոթ առաջացավ այստեղ՝ ինքնուրույնության քողի տակ։ Նրան դուր էր գալիս թե՛ խոշոր հողատիրությունը, թե՛ արիստոկրատական տարրը, թե՛ նահանգապետական իշխանության ուժեղացումը, թե՛ ժողովրդավարական տարրը, թե՛ նոր հաստատությունները, թե՛ կարգուկանոնը, թե՛ ազատամտությունը, թե՛ սոցիալական մանրիկ գաղափարները, թե՛ արիստոկրատական սալոնի խիստ տոնը, թե՛ իրեն շրջապատած երիտասարդության համարյա պանդոկային սանձազերծությունը։ Նա երազում էր ''երջանկություն պարգևել'' և հաշտեցնել անհաշտելին, իսկ ավելի ստույգ՝ բոլորին և ամեն ինչ միացնել՝ իր սեփական անձը երկրպագելու համար։ Ուներ նաև սիրելիներ։ Պյոտր Ստեպանովիչը, որ ի դեպ, գործում էր ամենակոպիտ քծնանքով, շատ էր դուր գալիս նրան։ Սակայն նա դուր էր գալիս նաև մի ուրիշ ամենաարտառոց պատճառով՝ խեղճ կնոջն ամենաբնորոշական նկարագրելու պատճառով. Յուլիա Սիխայլովնան շարունակ հուսադրվում էր, որ Պյոտր Ստեպանովիչն իրեն է ներկայացնելու մի ամբողջ պետական դավադրություն։ Վերջինս որոշ դեպքերում իր լռությամբ, այլ հանգամանքներում էլ ակնարկումներով նպաստում էր նրա արտասովոր գաղափարի արմատավորմանը։ Իսկ Յուլիա Միխայլովնան պատկերացնում էր նրան կապերի մեջ այն ամենի հետ, ինչ հեղափոխական էր Ոուսաստանում, բայց միաժամանակ նաև իրեն նվիրված՝ աստվածացման աստիճան։ Դավադրության բացահայտումը, շնորհակալությունը Պետերբուրգից, կարիերան առջևում էին, երիտասարդության վրա «քնքշությամբ» ներազդելը, նրան եզրին պահելու նպատակով՝ այս ամենը լիովին համատեղվում էր նրա ֆանտաստիկ գլխում։ Չէ որ ինքն է փրկել, ինքն է նվաճել Պյոտր Ստեպանովիչին (այս հարցում, չգիտես ինչու, վստահ էր աներկբա), կփրկի նաև մյուսներին։ Ոչ ոք, ոչ ոք չի զոհվի նրանցից, ինքը կփրկի բոլորին։ Նա կտեսակավորի նրանց, այդպես կզեկուցի նրանց մասին, հանդես կգա վերին արդարության նկատառումներով և գուցե նույնիսկ պատմությունը և համայն ռուսական ազատականությունը կօրհնեն նրա անունը, իսկ դավադրությունը, այնուամենայնիվ, կբացվի։ Բոլոր օգուտները՝ միանգամից։
Բայց և այնպես պահանջվում էր, որ գոնե տոնախմբությանն Անդրեյ Անտոնովիչն ավելի պայծառանա։ Հարկ էր անպայման զվարճացնել նրան և հանգստացնել։ Այդ նպատակով նա ամուսնու մոտ ուղարկեց Պյոտր Ստեպանովիչին՝ հուսալով ներազդել նրան՝ հայտնի հանգստացուցիչ եղանակով։ Թերևս նույնիսկ մի որևէ լուրով, այսպես ասած, առաջին բերանից։ Պյոտր Ստեպանովիչի ճարպկության վրա միանգամայն վստահ էր։ Պյոտր Ստեպանովիչը վաղուց արդեն չէր եղել պարոն ֆոն Լեմբկեի աշխատասենյակում։ Թևին տալով նրա սենյակը մտավ հենց այն պահին, երբ խնամարկյալն առանձնապես ծանր տրամադրության մեջ էր։
=== II ===
Կատարվել էր մի գործողություն, որը պարոն ֆոն Լեմբկեն ոչ մի կերպ չէր կարողանում կարգավորել։ Գավառներից մեկում (այնտեղ, ուր վերջերս կերուխում էր արել Պյոտր Ստեպանովիչը) մի փոխպորուչիկ բանավոր նկատողություն էր ստացել իր անմիջական հրամանատարից։ (Դա արվել էր ամբողջ վաշտի առաջ)։ Փոխպորուչիկը դեռևս երիտասարդ էր, վերջերս եկած Պետերբուրգից, միշտ լռակյաց ու խոժոռված, արտաքնապես պատկառելի, թեև դրա հետ մեկտեղ փոքրամարմին էր, գիրուկ և կարմրայտ։ Նա չէր հանդուրժել նկատողությունը և հանկարծ նետվել էր հրամանատարի վրա՝ անսպասելի ծղրտոցով, ինչ զարմացրել էր ամբողջ վաշտին, մի տեսակ վայրենավարի թեքած գլուխը, խփել էր և ամբողջ ուժով կծել նրա ուսը, հազիվ էին կարողացել պոկել։ Կասկած չկար, որ խելագարվել է, ծայրահեղ դեպքում պարզվել էր, որ վերջին ժամանակներս ամենաանհնար տարօրինակություններ է դրսևորել։ Օրինակ, իր բնակարանից դուրս էր շպրտել տանտիրոջ երկու սրբապատկերները և դրանցից մեկը կտոր-կտոր արել կացնով։ Իսկ իր սենյակում, երեք տակդիրների վրա, որպես երեք գրակալ, շարել էր Ֆոխտի, Մոլեշոտտի և Բյուխների գրքերը և ամեն մի գրակալի առաջ եկեղեցական մոմաճրագ վառել։ Նրա մոտ գտնված գրքերի քանակից կարելի էր եզրակացնել, որ կարդացած մարդ է։ Եթե նա հիսուն հազար ֆրանկ ունենար, ապա գուցեև նավով կմեկներ Մարքիզյան կղզիներ, ինչպես այն «կադետը», ում մասին այնքան զվարթ հումորով հիշատակում է պարոն Գերցենն իր գործերից մեկում։ Նրան բռնելիս գրպաններում և բնակարանում գտել էին ամենաթունդ թռուցիկների մի ամբողջ տրցակ։
Թռուցիկները, ինքնըստինքյան, նույնպես փուչ բան էին և իմ կարծիքով, ամենևին էլ ոչ հոգսաշատ։ Ինչքան ասես, տեսել էինք։ Ըստ որում, նոր էլ չէին, ճիշտ այդպիսիք, ասում էին հետագայում, վերջերս ցրվել էին Խ. գավառում, իսկ մեկուկես ամիս առաջ գավառ և հարևան նահանգ գնացած Լիպուտինը հավատացնում էր, որ այն ժամանակ արդեն տեսել է այնտեղ հենց այդպիսի թերթիկներ։ Բայց Անդրեյ Անտոնովիչին զարմացրել էր գլխավորապես այն, որ Շպիգուլինների ֆաբրիկայի կառավարիչը հենց նույն ժամանակ ոստիկանություն էր բերել երկու թե երեք կապուկ ճիշտ նույնպիսի թերթիկներ՝ փոխպորուչիկի ունեցածի պես, որոնք գիշերով էին գցել ֆաբիկա։ Կապուկները դեռևս քանդված չէին, և բանվորներից ոչ ոք ոչ մեկը չէր կարդացել։ Փաստը տխմարավուն էր, սակայն Անդրեյ Անտոնովիչը խիստ մտահոգվեց։ Գործը նրան պատկերվեց տհաճորեն բարդ տեսքով։
Շպիգուլինների այդ ֆաբրիկայում այն ժամանակ հենց նոր էր ծայր առել հենց այն «շպիգուլինյան պատմությունը», որի մասին մեզ մոտ այնքան շատ աղաղակեցին և որն այս ու այն տարբերակներով տեղափոխվեց նաև մայրաքաղաքային մամուլի էջեր։ Երեք շաբաթ առաջ այնտեղ մի բանվոր էր հիվանդացել ու մահացել ասիական ժանտախտից, հետո մի քանիսն էլ հիվանդացան։ Քաղաքում բոլորը վախեցան, որովհետև ժանտախտը տարածվում էր հարևան գավառից։ Նշեմ, որ մեզ մոտ հնարավորին չափ բավարար սանիտարական միջոցներ ձեռնարկվեցին՝ անկոչ հյուրին դիմավորելու համար։ Բայց Շպիգուլինների ֆաբրիկան, միլիոնատերերին և կապեր ունեցող մարդկանց մի տեսակ աչքաթող արին։ Եվ ահա բոլորը միանգամից սկսեցին բղավել, որ հենց այնտեղ է հիվանդության արմատն ու օջախը, որ բուն ֆաբրիկայում և հատկապես բանվորների կացարաններում այնպիսի հիմնավոր անմաքրություն է տիրում, որ եթե ամենևին էլ չլիներ ժանտախտը, ապա պիտի առաջանար այնտեղ։ Անշուշտ, միջոցներ ձեռնարկվեցին տեղնուտեղը, և Անդրեյ Անտոնովիչը եռանդագին պնդեց դրանց անհապաղ կատարումը։ Ֆաբրիկան մաքրեցին երեք շաբաթում, բայց Շպիգուլինները, հայտնի չէ, թե ինչու, դա փակեցին։ Շպիգուլին եղբայրներից մեկը մշտապես ապրում էր Պետերբուրգում, իսկ մյուսը, մաքրելու մասին ղեկավարության կարգադրությունից հետո, մեկնեց Մոսկվա։ Կառավարիչն անցավ աշխատողների վերջնահաշիվները փակելուն և, ինչպես հիմա է պարզվում, լկտի խարդախումներով։ Աշխատողները սկսեցին տրտնջալ, արդարացի վերջնահաշիվ էին ուզում, հիմարաբար գնացել էին ոստիկանություն, ըստ որում, առանց մեծ աղմուկի և ամենևին էլ անչափ հուզված չէին։ Ահա հենց այդ ժամանակ էլ Անդրեյ Անտոնովիչին էին ներկայացրել թռուցիկները կառավարչից։
Պյոտր Ստեպանովիչն աշխատասենյակ ընկավ առանց զեկուցելու, որպես լավ բարեկամ ու յուրային, ավելին՝ Յուլիա Միխայլովնայի հանձնարարությամբ։ Տեսնելով նրան, ֆոն Լեմբկեն մռայլված խոժոռեց հոնքերը և անբարեհամբույր կանգնեց սեղանի մոտ։ Մինչ այդ նա գնում-գալիս էր սենյակում և ինչ-որ բան քննարկում իր գրասենյակի աստիճանավոր Բլյումի հետ՝ դեմ դիմաց։ Վերջինս արտակարգ անճոռնի և մռայլադեմ գերմանացի էր, որին նահանգապետն իր հետ էր բերել Պետերբուրգից, չնայած Յուլիա Միխայլովնայի շատ ուժեղ դիմադրությանը։ Պյոտր Ստեպանովիչի մտնելուն պես աստիճանավորը ետ գնաց դեպի դուռը, բայց դուրս չեկավ։ Պյոտր Ստեպանովիչին թվաց նույնիսկ, որ նա մի տեսակ նշանակալի հայացք փոխանակեց իր պետի հետ։
― Օյ, բայց և այնպես բռնեցի ձեզ, գաղտնապահ քաղաքապետ,― ծիծաղելով գոռաց Պյոտր Ստեպանովիչը և ափով ծածկեց սեղանին դրված թռուցիկը։― Սա կլրացնի՞ ձեր հավաքածուն, հը՞։
Անդրեյ Անտոնովիչը բորբոքվեց։ Ինչ-որ բան կարծես հանկարծ այլայլեց նրա դեմքը։
― Թողեք, թողեք հիմա,― բղավեց նա, զայրույթից ցնցվելով,― և չհամարձակվեք... պարոն...
― Ինչո՞ւ այդպես։ Կարծես թե, դուք բարկանո՞ւմ եք։
― Թույլ տվեք նկատել, ողորմած պարոն, որ ես ամենևին մտադիր չեմ հետայսու հանդուրժելձեր sans fason<ref>Անպատշաճություն (ֆրանս.)։</ref>-ը, և խնդրում եմ հիշել...
― Փո՛ւհ, գրողը տանի, նա իսկապես էլ...
― Լռեցեք, դե, լռեք,― ոտքերը գորգին խփեց ֆոն Լեմբկեն,― և չհամարձակվեք...
Աստված գիտե, թե ուր կհասներ։ Ավաղ, ամեն ինչից զատ, մի հանգամանք էլ կար, բոլորովին անհայտ թե Պյոտր Ստեպանովիչին, թե նույնիսկ Յուլիա Սիխայլովնային։ Դժբախտ Անդրեյ Անտոնովիչը հասել էր այնպիսի վրդովմունքի, որ վերջին օրերս ինքն իրեն սկսել էր խանդել կնոջը՝ Պյոտր Ստեպանովիչի հանդեպ։ Միայնության մեջ, հատկապես գիշերները, նա տհաճագույն րոպեներ էր ապրում։
― Իսկ ես կարծում էի, եթե մեկը երկու օրուգիշեր մենակ կարդում է իր վեպը և ուզում ձեր կարծիքն իմանալ, ապա և ինքը համենայն դեպս դուրս է այդ պաշտոնականություններից... Յուլիա Սիխայլովնան ինձ ընդունում է մտերմաբար, ինչպե՞ս այստեղ ըմբռնել ձեզ,― նույնիսկ որոշ արժանապատվությամբ արտասանեց Պյոտր Ստեպանովիչը։― Ի դեպ, ահա և ձեր վեպը,― նա սեղանին դրեց խոշոր, ծանր, գլանաձև ոլորած տետրը՝ փաթաթված կապույտ թղթով։
Լեմբկեն կարմրեց ու կարկամեց։
― Իսկ որտեղի՞ց գտաք,― զգուշորեն հարցրեց նա ուրախության հորձանք զգալով, որը զսպել չէր կարող, սակայն զսպեց ամբողջ ուժով։
― Պատկերացրեք, ինչպես ոլորված կար, այդպես էլ գլորվել էր պահարանի ետևը։ Երևի, տուն մտնելիս, անհարմար գցել եմ պահարանի վրա։ Երեք օր առաջ գտան միայն, հատակը լվանալիս։ Բայց ի՜նչ գործ տվեցիք ինձ։
Լեմբկեն խստորեն իջեցրեց աչքերը։
― Երկու գիշեր չեմ քնել ձեր պատճառով։ Երեք օր է, գտել են, իսկ ես պահեցի, շարունակ կարդում էի, ցերեկը ժամանակ չկա, ուրեմն՝ գիշերները։ Է՛հ, և՝ դժգոհ եմ. միտքն իմը չէ։ Ասենք, թքած, քննադատ երբեք չեմ եղել, բայց կտրվել չկարողացա, հարգելիս, թեև դժգոհ եմ։ Չորրորդ և հինգերորդ գլուխները, դա... դա... դա... սատանան գիտե, թե ինչ է։ Եվ ինչքան հումոր եք խցկել, քրքջում էի։ Այնուամենայնիվ, ինպես եք կարողանում ծաղրուծանակել, sans que cela para isse<ref>Առանց երևցնելու (ֆրանս.)։</ref>։ Է, հետո, իններորդ, տասներորդ գլուխներում ամեն ինչ սիրո մասին է, իմ գործը չէ, բայց տպավորիչ է։ Իգրենյովի նամակի վրա համարյա արտասվում էի, թեև նրան այնքան նրբորեն եք ներկայացրել... Գիտեք, նամակը զգայական է, միաժամանակ դուք ուզում եք դա մի տեսակ կեղծ կողմով ներկայացնել, այդպես չէ՞։ Կռահե՞լ եմ, թե՝ ոչ։ է, իսկ ավարտի համար պարզապես կծեծեի ձեզ։ Այդ ի՞նչ միտք եք անցկացնում։ Չէ որ դա այն նույն նախկին աստվածացումն է ընտանեկան երջանկության, զավակների, կապիտալի ավելացման, և սկսեցին իրենց համար ապրել գոհ ու երջանիկ, ողորմացեք։ Ընթերցողին կհմայեք, որովհետև նույնիսկ ես կտրվել չէի կարողանում, ուստի շատ ավելի վատ։ Ընթերցողն անխելք է առաջվա պես, ուրեմն պետք է, որ խելոք մարդիկ նրան ցնցեն, իսկ դուք... Լավ, բավական է, և մնաք բարով։ Մյուս անգամ չբարկանաք, ես եկել էի ձեզ հարկավոր մի երկու բան ասելու, բայց դուք մի տեսակ այն չեք...
Այդ ընթացքում Անդրեյ Անտոնովիչը վերցրեց իր վեպը և դրեց կաղնեփայտե գրապահարանը, բանալիով կողպեց, իմիջիայլոց, հասցնելով աչքով անել Բլյումին, որ վերջինս չքվի։ Բլյումն անհետացավ՝ ձգված և տրտում դեմքով։
― Ես ոչ թե մի տեսակ այն չեմ, պարզապես... անվերջ անախորժություններ են,― մրթմրթաց նա խոժոռված, բայց արդեն առանց զայրույթի նստելով սեղանի մոտ,― նստեք և ասեք ձեր երկու բանը։ Վաղուց ձեզ չեմ տեսել, Պյոտր Ստեպանովիչ, միայն թե այսուհետև ներս մի ընկեք ձեր ձևով... երբեմն գործերի մեջ...
― Իմ ձևերը նույնն են...
― Գիտեմ և հավատում եմ, որ առանց դիտավորության եք անում, բայց մեկ-մեկ հոգսերի մեջ թաղված ես լինում... Դե, նստեք։
Պյոտր Ստեպանովիչը փռվեց բազմոցին և ակնթարթորեն իրեն քաշեց ոտքերը։
=== III ===
― Այդ ի՞նչ հոգսերի մեջ եք, չլինի՞ այս փուչ բաները,― գլխով արեց թռուցիկի կողմը։― Այդ թերթիկներից ինչքան ուզեք, կբերեմ, դեռևս Խ. նահանգում եմ ծանոթացել։
― Այսինքն, այն ժամանակ, երբ այնտե՞ղ էիք ապրում։
― Դե, իհարկե, ոչ իմ բացակայության ընթացքում։ Զարդաշրջանակովն էլ կա, վերևում կացին է նկարած։ Թույլ տվեք (նա վերցրեց թռուցիկը), այո, այստեղ էլ կացին կա, նույնն է, ճիշտ-ճիշտ։
― Այո, կացին։ Տեսնում եք՝ կացին։
― Իսկ ինչ է, կացնի՞ց եք վախեցել։
― Կացնից չէ... ու չեմ էլ վախեցել, բայց այս գործը... այնպիսի գործ է, հանգամանքներ կան։
― Ինչպիսի՞։ Որ ֆաբրիկայի՞ց են բերել։ Հե-հե։ Իսկ գիտեք, ձեր այդ ֆաբրիկայում բանվորները շուտով իրենք են թռուցիկներ գրելու։
― Ինչպե՞ս թե,― խստորեն նայեց ֆոն Լեմբկեն։
― Այդպես հենց։ Լավ նայեք դրանց։ Շատ փափկասիրտ եք, Անդրեյ Անտոնովիչ, վեպեր եք գրում։ Իսկ այստեղ պետք էր հնի պես։
― Ի՞նչ ասել է հնի պես, այդ ի՞նչ խորհուրդներ են։ Ֆաբրիկան մաքրել են, ես հրամայեցի և մաքրեցին։
― Իսկ բանվորների մեջ խռովություն կա։ Պետք է ծեծուջարդ տալ բոլորին, ու վերջ։
― Խռովությո՞ւն։ Փուչ բան էր, հրամայեցի ու սրբեցին։
― Էհ, Անդրեյ Անտոնովիչ, փափկասիրտ մարդ եք։
― Նախ և առաջ, ամենևին էլ այդքան փափկասիրտ չեմ, իսկ երկրորդը,― նորից էր սայթաքելու ֆոն Լեմբկեն։ Երիտասարդի հետ նա խոսում էր՝ իրեն ստիպելով, հետաքրքրությունից, թե մի նոր բան չի՞ ասի։
― Ա՜, նորից մեր հին ծանոթը,― ընդհատեց Պյոտր Ստեպանովիչը՝ հայացքը պարզած պրեսպապյեի տակ դրված մեկ ուրիշ թերթիկի, նույնպես կարծես թռուցիկ էր, երևում է՝ արտասահմանյան տպագրության, բայց չափածո։― Է՛, այս մեկն անգիր գիտեմ. «Լուսավոր անհատը»։ Տեսնենք, այդպես է, «Լուսավոր անհատն» է որ կա։ Ծանոթ եմ այս անհատին դեռևս արտասահմանից։ Որտեղի՞ց եք գտել։
― Ասում եք, թե տեսել եք արտասահմանո՞ւմ,― ցնցվեց ֆոն Լեբկեն։
― Իհարկե, չորս ամիս առաջ, կամ նույնիսկ հինգ։
― Բայց և ինչքան շատ բան եք տեսել արտասահմանում,― նրբորեն նայեց ֆոն Լեմբկեն։ Պյոտր Ստեպանովիչը, նրան լսելով, բացեց թերթիկը և բարձրաձայն կարդաց ոտանավորը.
<poem>
::::ԼՈՒՍԱՎՈՐ ԱՆՀԱՏԸ
::::Ազնվական տոհմից նա չէր,
::::ժողովրդի մեջ էր աճել,
::::Քշված ցարի վրեժ-բոցից,
::::Բոյարական չար նախանձից,
::::Մատնեg իրեն տառապանքի,
::::Մահապատժի ու կտտանքի
::::Եվ տարփողեց ամենեցուն
::::Եղբայրություն, ազատություն։
::::Ու բոլորին ոտքի հանած՝
::::Ուսանողն այդ փախավ-գնաց
::::Բանտախցի այդ տիրույթից,
::::Դահիճ, մտրակ, ծեծ ու ջարդից։
::::Մարդիկ՝ պատրաստ ընդվզելու,
::::Դաժան բախտից ազատվելու,
::::Սմոլենսկից Տաշքենդ հուզվում,
::::Նրան էին հա սպասում։
::::Սպասում էին հաստատ ու լուռ՝
::::Գրոհ տալու միահամուռ,
::::Բոյարության վերջը տալու,
::::Ցարի զահր տապալելու,
::::Դարձնելու ողջն ընդհանուր,
::::Հար հանձնելու վրեժին հուր
::::Եկեղեցի, պսակ, տեղ-տուն՝
::::Հնի որջերն այդ չարաթույն։
</poem>
― Պետք է որ այն սպայի մոտից վերցրած լինեք, հը՞,― հարցրեց Պյոտր Ստեպանովիչը։
― Իսկ դուք այդ սպայի՞ն էլ եք բարեհաճում ճանաչել։
― Հապա ի՜նչ, ես այնտեղ նրանց հետ երկու օր քեֆ եմ արել։ Նա պետք է որ խելագարվեր։
― Գուցեև չի խելագարվել։
― Ո՞չ արդյոք, որովհետև սկսեց կծոտել։
― Բայց ներեցեք, եթե դուք այդ ոտանավորը տեսել եք արտասահմանում և հետո, պարզվում է, այստեղ, այդ սպայի մոտ...
― Ի՞նչ է, խրթի՞ն բան է։ Անդրեյ Անտոնովիչ, ինչպես տեսնում եմ, դուք ինձ քննո՞ւմ եք։ Գիտեք ինչ,― սկսեց նա հանկարծ անսովոր ծանրակշռությամբ,― այն մասին, թե ինչ եմ տեսել արտասահմանում, վերադառնալուց հետո արդեն ինչ-որ մարդկանց բացատրել եմ և իմ բացատրությունները բավարար են գտնվել, այլապես իմ ներկայությամբ չէի երջանկացնի տեղիս քաղաքը։ Գտնում եմ, որ իմ գործերն այդ իմաստով ավարտված են, ոչ մեկին պարտավոր չեմ հաշվետու լինել։ Եվ ավարտված են ոչ այն պատճառով, որ ես մատնիչ եմ, այլ որովհետև չէի կարող այլ կերպ վարվել։ Նրանք, ովքեր գրել են Յուլիա Միխայլովնային, իմանալով գործը, իմ մասին գրել են որպես ազնիվ մարդու... Այդամենը սակայն գրողի ծոցը, իսկ ես եկել եմ ձեզ մի լուրջ բան ասելու և լավ է, որ ձեր այդ ծխնելույզ մաքրողին դուրս արեցիք։ Գործն ինձ համար կարևոր է, Անդրեյ Անտոնովիչ, մի արտակարզ խնդիրք ունեմ ձեզ։
― Խնդիրք։ Հը՛մ, պատիվ արեք, ես սպասում եմ, խոստովանեմ, որ հետաքրքրությամբ։ Եվ ընդհանրապես ավելացնեմ, որ դուք ինձ բավականին զարմացնում եք, Պյոտր Ստեպանովիչ։
Ֆոն Լեմբկեն որոշ չափով հուզված էր։ Պյոտր Ստեպանովիչը ոտքը գցեց ոտքին։
― Պետերբուրգում,― սկսեց նա,― շատ բաների մասին ես բացսիրտ էի, բայց ուրիշ-ուրիշ կամ հենց այս բաների մասին (նա մատով խփեց «Լուսավոր անձին») լռել եմ, նախ, որովհետև չարժեր խոսել, երկրորդը, որովհետև հայտնում էի այն, ինչ հարցնում էին։ Չեմ սիրում այդ իմաստով ինքս առաջ ընկնել, դրա մեջ եմ տեսնում տարբերությունը ստոր և ազնիվ մարդու միջև, ում պարզապես ստիպել են հանգամանքները... Է՛, մի խոսքով, թողնենք դա։ Լավ, իսկ հիմա... հիմա, երբ այդ տխմարները... Է՛, երբ սա լույս աշխարհ եկավ և արդեն ձեր ձեռքին է ու տեսնում եմ, ձեզնից չի թաքնվի, որովհետև դուք աչք ունեք և ձեզ նախապես հասկանալ չի լինի, իսկ այդ տխմարներն առաջվա պես շարունակում են, ես... ես... Է՛, այո, մի խոսքով, եկել եմ ձեզ խնդրելու՝ փրկել մարդու, նույնպես մի հիմարի, թերևս ցնդածի, հանուն նրա երիտասարդության, դժբախտությունների, հանուն ձեր մարդասիրության... Միայն սեփական հորինվածքի վեպերում հո չեք այդքան մարդասեր,― կոպիտ սարկազմով ու անհամբեր կտրեց իր խոսքը նա հանկարծ։
Մի խոսքով, երևում էր, որ ուղղամիտ, սակայն ոչ ճարպիկ և ապաքաղաքական մարդ է, մարդասիրական ավելորդ զգացմունքներից և գուցե ավելորդ փափկանկատությունից գլխավորապես սահմանափակ, ինչպես իսկույն արտակարգ նրբամտությամբ գնահատեց ֆոն Լեմբկեն, ինչպես վաղուց արդեն նրա մասին ենթադրում էր, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, երբ իր աշխատասենյակում մեն-մենակ, հատկապես գիշերները հայհոյում էր նրան ամբողջ ուժով՝ Յուլիա Միխայլովնայի մոտ նրա անբացատրելի հաջողությունների պատճառով։
― Իսկ ո՞ւմ համար եք խնդրում և ի՞նչ է այս ամենը նշանակում,― բարձրաստիճանի վեհապանծ տեսքով տեղեկացավ նա՝ ջանալով կոծկել հետաքրքրասիությունը։
― Դա... դա.... գրողը տանի... Չէ որ մեղավոր չեմ, որ հավատում եմ ձեզ։ Ինչով եմ մեղավոր, որ ձեզ ազնվագույն մարդ եմ համարում և գլխավորը՝ խելացի... այսինքն, ի վիճակի հասկանալ... գրողը տանի...
Երևում է, խեղճը չէր կարողանում իրեն տիրապետել։
― Հասկացեք, վերջապես,― շարունակեց նա,― հասկացեք, որ նրա անունը ձեզ հայտնելով, չէ որ դավաճանում եմ նրան, դավաճանում եմ, այդպես չէ՞։ Այդպես չէ՞։
― Բայց և այնպես, ինչպե՞ս կարող եմ կռահել, եթե սիրտ չեք անում հայտնել։
― Հենց դա է որ կա, դուք միշտ տապալում եք ձեր այդ տրամաբանությամբ, գրողը տանի... Էհ, գրողը տանի... այդ «լուսավոր անձը», այդ «ուսանողը» Շատովն է... ահա և վերջ։
― Շատո՞վը։ Այսինքն, ինչպե՞ս թե Շատովը։
― Շատովը «ուսանողն» է, ում մասին այստեղ հիշատակվում է։ Նա այստեղ է ապրում, նախկին ճորտ է, է՛հ, ապտակ էլ հասցրեց։
― Գիտեմ, գիտեմ,― աչքերը կկոցեց Լեմբկեն։― Բայց ներեցեք, ինչո՞ւմ է նա մեղադրվում, և ամենագլխավորը՝ ինչի՞ համար եք միջնորդում։
― Խնդրում եմ նրան փրկել, հասկանում եք։ Չէ որ ես ութ տարի առաջ եմ նրան ճանաչել, գուցեև ընկեր եմ եղել,― իրեն կորցնում էր Պյոտր Ստեպանովիչը։― Լավ, ես պարտավոր չեմ ձեզ հաշվետու լինել նախկին կյանքի մասին,― ձեռքը թափ տվեց նա,― այդ ամենը չնչին բան է, այդ ամենը երեքուկես մարդ է, արտասահմանյանների հետ տասը հոգու էլ չեն հասնի, իսկ գլխավորը՝ հույսս ձեր մարդասիրության, ձեր խելքի վրա է։ Դուք կհասկանաք և ինքներդ գործը ցույց կտաք իսկական տեսքով, այլ ոչ թե Աստված գիտե՝ ինչպես, որպես ցնորված մարդու հիմար երազանք... դժբախտություններից, նկատի առեք, երկարատև դժբախտություններից, այլ ոչ թե սատանան գիտե, ի՜նչ մի չտեսնված պետական դավադրություն...
Նա համարյա շնչակտուր էր։
― Հը՛մ։ Տեսնում եմ, որ նա մեղավոր է կացնով թռուցիկների խնդրում,― համարյա թե վեհապանծ՝ եզրակացրեց Լեմբկեն,― սակայն ներեցեք, եթե մենակ է, ապա ինչպե՞ս կարող էր դրանք ցրել թե այստեղ, թե նահանգներում, նույնիսկ Խ. գավառում և... և վերջապես, ամենագլխավորը՝ որտեղի՞ց է վերցրել։
― Ձեզ ասում եմ, չէ՞, որ ընդամենը մի հինգ հոգի են նրանք, ըստ երևույթին, լավ, տասը, ի՞նչ գիտենամ։
― Դուք չգիտե՞ք։
― Իսկ ինչու պիտի գիտենամ, գրողը տանի։
― Բայց և այնպես, իմացե՞լ եք, որ Շատովը համախոհներից մեկն է։
― Էհ,― ձեռքը թափ տվեց Պյոտր Ստեպանովիչը՝ ասես ետ մղվելով հարցնողի ճնշիչ խորաթափանցությունից,― լավ, լսեք, կասեմ ձեզ ամբողջ ճշմարտությունը։ Թռուցիկների մասին ոչինչ չգիտեմ, այսինքն՝ ամենևին ոչինչ, գրողը տանի, հասկանո՞ւմ եք, ինչ է նշանակում ոչինչ... Է, իհարկե, այն փոխպորուչիկը, էլի ինչ-որ մեկը, մեկ ուրիշն էլ այստեղ... Է, հնարավոր է՝ Շատովը, էլի ինչ-որ մեկը, ահա և բոլորը, աղբ ու մանրուք... բայց ես եկել եմ Շատովի համար խնդրելու, նրան փրկել է պետք, որովհետև այս ոտանավորը նրանն է, նրա սեփական ստեղծագործությունը և արտասահմանում նրա միջոցով է տպագրվել։ Ահա, ինչ գիտեմ ես հաստատ, իսկ թռուցիկների մասին ամենևին ոչինչ չգիտեմ։
― Եթե ոտանավորը նրանն է, ապա, հավանաբար, թռուցիկներն էլ։ Սակայն ի՞նչ տվյալներ են ստիպում ձեզ՝ կասկածել պարոն Շատովին։
Պյոտր Ստեպանովիչը, համբերությունը վերջնականապես հատած մարդու տեսքով, գրպանից քաշեց-հանեց դրամապանակը, դրա միջից էլ մի երկտող։
― Ահա տվյալները,― բղավեց նա՝ գցելով դա սեղանին։ Լեմբկեն բացեց, պարզվեց, որ երկտողը գրված է կես տարի առաջ, այստեղից ուղարկված ինչ-որ տեղ՝ արտասահման, հակիրճ, երկու խոսքով.
«Լուսավոր անձն» այստեղ տպագրել չեմ կարող, ուրիշ ոչինչ էլ չեմ կարող անել, տպագրեք արտասահմանում։ ''Իվ. Շատով''»։
Լեմբկեն հայացքն ակնապիշ հառեց Պյոտր Ստեպանովիչի վրա։ Վարվառա Պետրովնան ճիշտ էր նկատել, որ փոքր-ինչ ոչխարային հայացք ունի նա, երբեմն՝ հատկապես։
― Այսինքն, ահա թե ինչ է սա,― պոռթկաց Պյոտր Ստեպանովիչը,― ուրեմն, գրել է այստեղ, կես տարի առաջ, այս ոտանավորը, բայց այստեղ չի կարողացել տպագրել մի որևէ գաղտնի տպարանում, դրա համար էլ խնդրում է տպագրել արտասահմանում... Կարծեմ, պա՞րզ է։
― Այո, պարզ է, իսկ ո՞ւմ է խնդրում, այդ մեկը դեռևս պարզ չէ,― շատ խորամանկ հեգնականությամբ նկատեց Լեմբկեն։
― Է՜, Կիրիլլովին, վերջապես։ Երկտողը գրված է Կիրիլլովին, արտասահման... Չգիտե՞ք, ինչ է։ Ցավալին այն է, որ դուք, գուցեև, իմ առաջ միայն ձևացնում եք, թե չգիտեք, իսկ շատ վաղուց գիտեք արդեն, գիտեք դրա մասին, ու վերջ։ Ինչպե՞ս է հայտնվել դա ձեր սեղանին։ Ինքն իրեն կարողացել է հայտնվել։ Իսկ ինչի՞ համար եք ինձ այսպես չարչարում, եթե այդպես է։
Նա ջղաձգորեն թաշկինակով սրբեց քրտինքը ճակատից։
― Գուցեև ինձ հայտնի է որոշ բան...― ճարպկորեն խույս տվեց Լեմբկեն,― իսկ ո՞վ է այդ Կիրիլլովը։
― Ինչ ասեմ, եկվոր ինժեներ է, Ստավրոգինի մարտավկան էր, մոլագար-խելագար։ Ձեր փոխպորուչիկը կարող էր իսկապես էլ սպիտակ տենդի մեջ լինել, իսկ սա լրիվ խելագար է՝ լրիվ, երաշխավորում եմ։ Էհ, Անդրեյ Անտոնովիչ, եթե կառավարությունն իմանար, թե ինչ մարդիկ են այդ բոլորը, նրանց վրա ձեռք չէր բարձրանա։ Բոլորին, ինչպես կան, ուղարկել յոթերորդ վերստի վրա։ Դեռևս Շվեյցարիայում ու կոնգրեսներին եմ շատ տեսել։
― Այնտեղ, որտեղից կառավարո՞ւմ են այստեղի շարժումը։
― Իսկ այդ ո՞վ է կառավարում, երեք հոգի ու մի կես-մարդ։ Ախր, նրանց նայելիս, միայն տաղտուկ ես զգում։ Եվ ի՞նչ այստեղի շարժում։ Թռուցիկնե՞րը միթե։ Եվ հավաքագրվածներն ովքեր են. սպիտակ տենդով փոխպորուչիկներ ու երկու-երեք ուսանող։ Դուք խելացի մարդ եք, ահա ձեզ մի հարց, ինչո՞ւ նրանց մոտ չեն հավաքագրվում երևելի մարդիկ, ինչո՞ւ բոլորն ուսանող են կամ քսան-քսաներկու տարեկան տհասներ։ Եվ շա՞տ են արդյոք։ Վայ թե մի միլիոն շուն փնտրում են, իսկ միասին շա՞տ են գտել։ Յոթը հոգի։ Ասում եմ ձեզ, տաղտուկն է պատում։
Լեմբկեն լսում էր ուշադրությամբ, բայց մի արտահայտությամբ, որն ասում էր. «Փչոցդ պահիր ուրիշ տեղի համար»։
― Սակայն ներեցեք, ահա բարեհաճում եք պնդել, որ երկտողը հասցեագրված է արտասահման, բայց այստեղ հասցե չկա։ Ինչո՞ւ է ձեզ հայտնի դարձել, որ երկտողն ուղղված է պարոն Կիրիլլովին և վերջապես, արտասահման և... և... որ իրոք պարոն Շատովի ձեռքով է գրված։
― Ուրեմն, հիմա գտեք Շատովի ձեռագիրը և համեմատեք։ Ձեր գրասենյակում անպայման պիտի լինի նրա որևէ ստորագրությունը։ Իսկ որ Կիրիլլովին է ուղղված, հենց Կիրիլլովն է այն ժամանակ ինձ ցույց տվել։
― Նշանակում է, դուք ինքներդ էլ...
― Այո, իհարկե, ուրեմն, ինքս էլ։ Ինչ ասես, ինձ չեն ցույց տվել այնտեղ։ Իսկ ինչ վերաբերում է ոտանավորին, իբր հանգուցյալ Գերցենն է գրել Շատովին, երբ դեռ արտասահմանում էր թափառում, իբր ի հիշատակ հանդիպման, ի գովասանք, ի երաշխավորություն, էհ, գրողը տանի... Շատովն էլ տարածում է երիտասարդության մեջ։ Իբր, անձամբ Գերցենի կարծիքն է իմ մասին։
― Ծը, ծը, ծը,― ի վերջո, լրիվ հասկացավ Լեմբկեն,― ես էլ եմ մտածում, թռուցիկը՝ հասկացանք, իսկ ոտանավո՞րն ինչի համար է։
― Հապա ինչպե՜ս չհասկանայիք։ Ու սատանան գիտե, թե ինչի համար շատախոսեցի։ Լսեք, Շատովին ինձ տվեք, իսկ մնացած բոլորին սատանան տանի, նույնիսկ Կիրիլլովին, որը հիմա փակվել է Ֆիլիպպովի տանը, ուր և Շատովն է ապրում, և թաքնվում է։ Նրանք ինձ չեն սիրում, որովհետև երես եմ դարձրել... բայց խոստացեք ինձ Շատովին, ես բոլորին մի մատուցարանով կտամ ձեզ։ Պետք կգամ, Անդրեյ Անտոնովիչ։ Այդ ամբողջ ողորմելի խմբակը, կարծում եմ, ինը-տասը հոգի կլինեն։ Ես ինքս եմ նրանց հետևում, իմ կողմից։ Երեքը մեզ հայտնի են արդեն՝ Շատովը, Կիրիլլովը և այն փոխպորուչիկը։ Մնացածներին ես միայն դեռ ''տնտղում'' եմ... Ի դեպ, այնքան էլ կարճատես չեմ։ Ինչպես Խ.-յան գավառում եղավ, այնտեղ թռուցիկներով բռնվել են երկու ուսանող, մի գիմնազիստ, երկու քսանամյա ազնվական, մի ուսուցիչ և մի պաշտոնաթող մայոր, վաթսուն տարեկան կլինի, հարբեցողությունից ցնդած, ահա և բոլորը, ու հավատացեք, որ բոլորը նույնիսկ զարմացել էին, որ եղած-չեղածը դա է։ Բայց պետք է վեց օր։ Ես արդեն հաշվիչով գցել եմ, վեց օր և ոչ ավելի շուտ, եթե որևէ արդյունք եք ուզում, նրանց մի ցնցեք ևս վեց օր, և ես նրանց մի հանգույցով կկապեմ ձեզ համար, իսկ եթե ավելի շուտ ձեռք տաք, բունը ցրիվ կգա։ Բայց տվեք Շատովին... Ես Շատովի համար... իսկ ամենից լավը կլինի կանչել նրան գաղտնի, թեկուզ այստեղ՝ աշխատասենյակ և բարեկամաբար քննել, վարագույրը բացելով նրա առաջ... Ու նա, հավանաբար, ինքը կընկնի ձեր ոտքերն ու կարտասվի։ Նյարդային, դժբախտ մարդ է, նրա կինը Ստավրոգինի հետ է կապված։ Փաղաքշեք նրան, ու նա ամեն ինչ ձեզ կբացահայտի, բայց պետք է վեց օր... Իսկ գլխավորը, գլխավորը՝ կես խոսք էլ չասեք Յուլիա Միխայլովնային։ Գաղտնիք է։ Կարո՞ղ եք գաղտնիքը պահել։
― Ինչպե՞ս,― աչքերը չռեց Լեմբկեն,― և մի՞թե դուք Յուլիա Միխայլովնային ոչինչ չեք... հայտնել։
― Նրա՞ն։ Աստված մի արասցե։ Է-է՜խ, Անդրեյ Անտոնովիչ։ Գիտեք ինչ. ես չափազանց գնահատում եմ նրա բարեկամությունը և շատ, շատ եմ հարգում... ու նման բաներ... բայց ես չեմ վրիպի։ Ես նրան չեմ հակաճառում, որովհետև նրան հակաճառելը, ինքներդ գիտեք, վտանգավոր է։ Գուցեև նրա համար մի երկու բան թռցրել եմ բերանիցս, որովհետև նա դա սիրում է, բայց որ հայտնեի նրան, ինչպես հիմա ձեզ, անուններ կամ ուրիշ-ուրիշ բաներ, է-է՜խ, հարգելիս։ Եվ ինչի՞ համար եմ հիմա ձեզ դիմում։ Որովհետև բոլոր դեպքերում տղամարդ եք, լուրջ մարդ, ծառայողական հնամենի կայուն փորձառությամբ։ Ձեր գլխով շատ բան է անցել։ Նման գործերում, կարծում եմ, յուրաքանչյուր քայլ ձեզ անգիր հայտնի է դեռևս պետերբուրգյան օրինակներից։ Իսկ եթե ես այդ երկու անունները նրան հայտնեի, օրինակ, այնպես կթմբկահարեր որ... Չէ որ նա այստեղից կամենում է Պետերբուրգը զարմացնել։ Չէ, չափից ավելի է տաքարյուն, ահա թե ինչ։
― Այո, այդ մի բանից ունի մի քիչ,― ոչ առանց հաճույքի մրթմրթաց Անդրեյ Անտոնովիչը՝ միաժամանակ խիստ ափսոսելով, որ այս թերուսը կարծես թե համարձակվում է փոքր-ինչ ազատ արտահայտվել Յուլիա Միխայլովնայի մասին։ իսկ Պյոտր Ստեպանովիչին, հավանաբար, թվաց, թե դա դեռ քիչ է ու էլի պիտի հուպ տալ «Լեմբկային» հաճոյանալու և լիովին ձեռնասուն դարձնելու համար։
― Այո, հենց դրանից,― հարեց նա,― թող որ նա գուցեև հանճարեղ կին է, գրական, բայց կվախեցնի ճնճղուկներին։ Վեց ժամ չի դիմանա, ուր մնաց վեց օր։ Է֊էխ, Անդրեյ Անտոնովիչ, վեց օր ժամկետով հույս մի դրեք կնոջ վրա։ Չէ որ իմ որոշ փորձառությունն ընդունում եք, այսինքն այս գործերում, չէ որ ինչ-որ բաներ գիտեմ և ինքներդ էլ եք իմանում, որ կարող եմ իմանալ ինչ-որ բաներ։ Ես խաղուպարի համար չեմ վեց օր խնդրում ձեզնից, այլ գործի համար։
― Ես լսել եմ... ― սիրտ չէր անում իր միտքն արտահայտել Լեմբկեն,― լսել եմ, որ արտասահմանից վերադառնալուց հետո հայտնե՞լ եք ուր հարկն է... զղջման նման մի բան։
― Էհ, ինչ եղել, եղել է։
― Ես նաև, անշուշտ, չեմ ցանկանում մուտք գործել... բայց ինձ շարունակ թվում էր, թե այստեղ մինչև հիմա խոսում էիք բոլորովին այլ ոճով, քրիստոնեական հավատքի մասին, օրինակ, հասարակական հիմնարկների և, վերջապես, կառավարության մասին...
― Ինչի մասին ասես չեմ խոսել։ Ես հիմա էլ նույնն եմ ասում, միայն թե այդ մտքերը հարկ չէ ընկալել այնպես, ինչպես այդ հիմարները, ահա թե բանն ինչ է։ Թե չէ ի՞նչ, որ ուսն է կծել։ Ինքներդ համաձայնեցիք ինձ հետ, ասացիք միայն, որ վաղ է։
― Ճիշտն ասած, այդ մասին չէ, որ համաձայնեցի ու ասացի, թե վաղ է։
― Բայց և այնպես, ձեր ամեն մի բառը կախ է կեռից, հե՛-հե՛, զգուշավոր մարդեք,― հանկարծ ուրախ-ուրախ նկատեց Պյոտր Ստեպանովիչը։― Լսեք, հայր իմ հարազատ, պետք էր, չէ՞, ձեզ հետ ծանոթանալ, ահա այդ պատճառով էլ իմ ոճով էի խոսում։ Միայն ձեզ հետ չէ, ես շատերի հետ եմ այդպես ծանոթանում։ Կարող է պատահել, ինձ հարկավոր էր ձեր բնավորությունը ճանաչել։
― Ձեր ինչի՞ն է պետք իմ բնավորությունը։
― Ի՞նչ իմանամ ինչի համար (նա նորից ծիծաղեց)։ Գիտեք ինչ, թանկագին և մեծարգո Անդրեյ Անտոնովիչ, դուք խորամանկ եք, բայց բանը դեռ չի հասել ''դրան'', և, հավանաբար, չի էլ հասնի, հասկանո՞ւմ եք։ Ես ուր որ հարկն է, արտասահմանից վերադառնալով, թեև բացատրություններ տվել եմ, և ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչու հայտնի համոզմունքների տեր մարդը չի կարող գործել հօգուտ իր անկեղծ համոզմունքների... բայց ինձ ոչ ոք ''այնտեղ'' չի պատվիրել ձեր բնավորությունը և նման ոչ մի պատվեր ''այնտեղից'' դեռ չեմ ստանձնել։ Կռահեք ինքներդ, չէ որ կարող էի առաջինը ոչ թե ձեզ բացահայտել մի երկու անուն, այլ ուղղակի հասնել ''այնտեղ'', այսինքն այն տեղը, ուր նախասկզբնական բացատրություններն եմ տվել։ Եվ եթե ես ջանայի ֆինանսների կամ շահի պատճառով, ապա, իհարկե, իմ կողմից սխալ հաշվարկ կլիներ, որովհետև հիմա շնորհակալ կլինեն ձեզ, և ոչ ինձ։ Ես միայն Շատովի համար,― ազնվաբարո ավելացրեց Պյոտր Ստեպանովիչը,― միայն Շատովի համար, նախկին բարեկամությունից ելնելով... Դե, իսկ հետո, թերևս, երբ գրիչ վերցնեք ''այնտեղ'' գրելու համար, գովեք ինձ, եթե կուզեք... դեմ չեմ լինի, հե-հե։ Adieu, սակայն, շատ նստեցի, ու պետք չէր այսքան շատ խոսել,― ավելացրեց նա ոչ առանց բավականության ու վեր կացավ բազմոցից։
― Ընդհակառակն, ես շատ ուրախ եմ, որ գործը, այսպես ասած, որոշակիանում է,― վեր կացավ և ֆոն Լեմբկեն նույնպես սիրալիր տեսքով, երևում է վերջին բառերի ազդեցության տակ։― Ես երախտագիտությամբ ընդունում եմ ձեր ծառայությունները և, հավատացած եղեք, այն ամենն, ինչ իմ կողմից կարելի է ձեր ջանադրության մասին կարծիքին...
― Վեց-օր, գլխավորը վեց օր ժամանակ, և որ այդ ընթացքում տեղից չշարժվեք, ահա թե ինչ է ինձ պետք։
― Թող լինի։
― Անշուշտ, ես ձեր ձեռքերը չեմ կապում, չեմ էլ համարձակվի։ Հո չեք կարող չհետևել, միայն թե բույնը չվախեցնեք ժամանակից շուտ, ձեր խելքի և փորձառության վրա հույս ունեմ ահա այստեղ։ Իսկ պետք է, որ ձեր որսաշներից ու զանազան լրտեսներից շատ լինեն, հե՛-հե՛,― ուրախ և թեթևամտորեն (երիտասարդի պես) դուրս տվեց Պյոտր Ստեպանովիչը։
― Այնքան էլ այդպես չէ,― հաճելիությամբ խույս տվեց Լեմբկեն։― Դա երիտասարդության նախապաշարմունքն է, թե չափազանց շատ են հավաքել... Բայց, ի դեպ, թույլ տվեք մի բան էլ. բայց եթե այդ Կիրիլլովը Ստավրոգինի մարտավկան է եղել, ապա պարոն Ատավրոգինն էլ այդ դեպքում...
― Ստավրոգինը ի՞նչ։
― Այսինքն, եթե նրանք այդպիսի բարեկամնե՞ր են։
― Է՜, ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Այստեղ ահա վրիպեցիք, թեև խորամանկ եք։ Եվ նույնիսկ զարմացնում եք ինձ։ Ես էլ մտածում էի, որ այդ մասին անտեղյակ չեք... Հըմ, Ստավրոգինը՝ միանգամայն հակառակն է դա, այսինքն, միանգամայն... Avis au lecteur<ref>Գիտություն ընթերցողի (ֆրանս.)։ Այստեղ «դուք զգուշացված եք» իմաստով։</ref>։
― Մի՞թե, և հնարավո՞ր է արդյոք,― անվստահությամբ ասաց Լեմբկեն։― Յուլիա Միխայլովնան ինձ հայտնել է, որ Պետերբուրգից ստացած իր տեղեկություններով, նա որոշ, այսպես ասած, հանձնարարականներ ունեցող մեկն է...
― Ես ոչինչ չգիտեմ, ոչինչ չգիտեմ, ոչնչից ոչինչ։ Adieu. Avis au tecteur.― հանկարծակի ու բացահայտ խույս տվեց Պյոտր Ստեպանովիչը։
Նա թռավ դեպի դուռը։
― Ներեցեք, Պյոտր Ստեպանովիչ, ներեցեք,― բղավեց Լեմբկեն,― մի պստիկ գործ էլ կա, ու ես ձեզ չեմ սպասեցնի։
Նա մի ծրար հանեց սեղանի դարակից։
― Ահ-հա մի փոքր նմուշ, նույն կարգի, և դրանով իսկ ձեզ ապացուցում եմ, որ ծայրաստիճան վստահում եմ ձեզ։ Ահ-հա, և ի՞նչ է ձեր կարծիքը։
Ծրարի մեջ նամակ կար, տարօրինակ, անստորագիր նամակ էր, հասցեագրված Լեմբկեին և հենց երեկ ստացված։ Պյոտր Ստեպանովիչը, չափազանց բարկացած, կարդաց հետևյալը.
«Ձերդ գերազանցություն։
Քանզի ձեր աստիճանով եք այդպես։ Սույնով հայտարարում եմ գեներալ անձանց կյանքի և հայրենիքի վրա մահափորձի մասին, քանի որ ուղղակի դրան է հանգում։ Ինքս եմ տարածել անընդմեջ շատ ու շատ տարիներ։ Նմանապես և անաստվածություն։ Նախապատրաստվում է խռովություն, իսկ թռուցիկ մի քանի հազար հատ կա, և ամեն մեկի ետևից հարյուր հոգի կվազի լեզուները հանած, եթե վաղօրոք չխլի ղեկավարությունը, քանզի շատ բան է խոստացված որպես պարգև, իսկ հասարակ ժողովուրդն անխելք է, գումարած և օղին։ ժողովուրդը, համարելով մեղավոր, կկործանի մեկին էլ, մյուսին էլ, և վախենալով երկու կողմերից, զղջացել եմ, ինչի չեմ մասնակցել, քանզի իմ հանգամանքներն են այդպիսին։ Եթե ուզում եք, որպեսզի մատնությունը հայրենիքի, ինչպես նաև եկեղեցիների և սրբապատկերների փրկության համար լինի, ապա միայն ես կարող եմ։ Բայց պայմանով, որ ինձ ներում լինի Երրորդ բաժանմունքից հեռագրով, անհապաղ, բոլորից մենակ ինձ, իսկ մյուսները թող պատասխան տան։ Բարապանի պատուհանին ազդանշանի համար ամեն երեկո, ժամը յոթին մոմ դրեք։ Տեսնելով, կհավատամ ու կգամ համբուրելու մայրաքաղաքից եկած բարեսիրտ աջը, բայց պայմանով, որ թոշակը լինի, թե չէ ինչո՞վ եմ ապրելու։ Իսկ դուք չեք զղջա, որովհետև ձեզ աստղ կհասնի։ Պետք է անաղմուկ, թե չէ գլուխս կպոկեն։
Ձերդ գերազանցության անվախ մի մարդ։<br/>
::::Ձեր ոտքերն է ընկնում<br/>
::::զղջացած ազատամիտ Incognito»։
Լեմբկեն բացատրեց, որ նամակը հայտնվել է երեկ, բարապանի սենյակում, երբ այնտեղ ոչ ոք չի եղել։
― Իսկ դուք ի՞նչ եք մտածում այդպիսով,― համարյա կոպտաբար հարցրեց Պյոտր Ստեպանովիչը։
― Ես կենթադրեի, որ անանուն պաշկվիլ է, ձեռառնոցի։
― Ամենահավանականը հենց դա է որ կա։ Ձեզ խաբել չի լինի։
― Գլխավորապես, որովհետև այդքան հիմար է։
― Իսկ դուք այստեղ էլի որևէ պաշկվիլ ստացե՞լ եք։
― Ստացել եմ երկու անգամ, անանուն։
― Է, ինչ խոսք, որ չեն ստորագրի։ Ոճը տարբե՞ր։ Ձեռագիրը տարբե՞ր։
― Տարբեր ոճով ու տարբեր ձեռագրերով։
― Ծաղրածուակա՞ն են եղել, սրա նման։
― Ծաղրածուական էլ, և գիտեք... շատ նողկալի։
― Դե, եթե եղել են, ուրեմն, հավանաբար, հիմա էլ է նույնը։
― Գլխավորը, որ այդքան հիմար։ Քանի որ դրանք կրթված մարդիկ են, և հավանաբար, այսպես հիմար չեն գրի։
― Է, այո, այո։
― Իսկ ի՞նչ, եթե ինչ-որ մեկն իսկապես ուզում է մատնել։
― Անհավանական է,― չոր կտրեց Պյոտր Ստեպանովիչը։
― Ի՞նչ է նշանակում հեռագիր Երրորդ բաժանմունքից և թոշակ։ Ակնհայտ պաշկվիլ է։
― Այո, այո,― ամաչեց Լեմբկեն։
― Գիտեք ինչ, թողեք սա ինձ մոտ։ Հավանաբար, ես կգտնեմ ձեզ համար։ Ավելի շուտ, քան նրանց, կգտնեմ։
― Վերցրեք,― համաձայնեց ֆոն Լեմբկեն, ի դեպ, որոշ երկմտանքով։
― Որևէ մեկին ցույց տվե՞լ եք։
― Ոչ, ինչպես կարելի է, ոչ ոքի։
― Այսինքն, Յուլիա Միխայլովնայի՞ն էլ։
― Ահ, Աստված չանի, և ի սեր Աստծո, դուք էլ ցույց չտաք,― վախեցած բղավեց Լեմբկեն։― Նա անչափ կցնցվի... և ահավոր կբարկանա վրաս։
― Այո, առաջինը հենց ձեզ կհասնի, կասի, թե ինքներդ եք արժանի, եթե այդպես են գրում ձեզ։ Գիտենք կնոջ տրամադրությունը։ Դե, մնաք բարով։ Գուցե թե մի երեք օր հետո ձեզ ներկայացնեմ սրա հորինողին։ Գլխավորը, ինչպես պայմանավորվեցինք։
=== IV ===
Գուցեև անխելք մարդ չէր Պյոտր Ստեպանովիչը, բայց Տաժանապարտ Ֆեդկան ճիշտ էր արտահայտվել նրա մասին, թե նա «մարդուն ինքը հորինում, ինքն էլ դրա հետ ապրում է»։ Ֆոն Լեմբկեի մոտից նա հեռացավ լիովին համոզված, որ ծայրահեղ դեպքում վեց օրով նրան հանգստացրել է, իսկ այդ ժամկետն անչափ հարկավոր էր նրան։ Սակայն գաղափարը շինծու էր, և ամեն ինչ հիմնված էր սոսկ Անդրեյ Անտոնովիչի մասին սկզբից և մեկընդմիշտ հորինած կարծիքի վրա, թե նա ամենակատարյալ պարզամիտի մեկն է։
Ինչպեսև յուրաքանչյուր տառապագին կասկածամիտ մարդ, Անդրեյ Անտոնովիչն ամեն անգամ արտակարգ և բերկրալի վստահող էր լինում անհայտությունից ելնելու առաջին պահերին։ Իրերի նոր դրվածքը սկզբից նրան էր ներկայանում անչափ հաճելի ձևով, չնայած կրկին վրա հասած հոգսաշատ որոշ բարդություններին։ Ծայրահեղ դեպքում, հին կասկածներն ի դերև էին ելնում։ Բացի դրանից, վերջին օրերին նա այնպես էր հոգնել, այնքան տանջահար և անօգնական էր զգում իրեն, որ հոգին ակամա ծարավի էր անդորրի։ Բայց ավաղ, նա արդեն վերստին անհանգիստ էր։ Պետերբուրգում ապրած երկար տարիները նրա հոգում անջնջելի հետքեր էին թողել, «Նոր սերնդի» պաշտոնական և անգամ գաղտնի պատմությունը բավականաչափ հայտնի էր նրան քննախույզ մարդ էր ու թռուցիկներ էր հավաքում, սակայն երբեք չէր հասկացել դա, առաջին իսկ բառից։ Իսկ հիմա կարծես անտառում լիներ, իր բոլոր բնազդներով նա կանխազգում էր, որ Պյոտր Ստեպանովիչի ասածները մի տեսակ լիովին անհարիր, ամեն կարգի ձև ու պայմանից դուրս բան են բովանդակում, թեև «սատանան գիտե, ինչ կարող է կատարվել այդ «նոր սերնդի» մեջ և սատանան գիտե, թե ինչպես է դա կատարվում»,― մտորում էր նա կռահումների մեջ մոլորված։
Այդ պահին, կարծես դիտավորյալ, նորից գլուխը ներս մտցրեց Բլյումը։ Պյոտր Ստեպանովիչի ամբողջ այցելության ընթացքում նա սպասում էր մոտերքում։ Այս Բլյումը նույնիսկ ազգական էր գալիս Անդրեյ Անտոնովիչին, հեռավոր, սակայն ամբողջ կյանքում վեհերոտ ու բծախնդրորեն թաքցվող։ Ընթերցողից ներողություն եմ խնդրում, որ այդ աննշան անձին այստեղ թեկուզ մի քանի բառ եմ հատկացնելու։ Բլյումը «տարաբախտ» գերմանցիների տարօրինակ ցեղից էր, ամենևին էլ ոչ իր ծայրաստիճան անշնորհքությունից, այլ հենց հայտնի չէ, ինչու։ «Տարաբախտ» գերմանացիներն առասպել չեն, այլ իսկապես գոյություն ունեն, անգամ Ռուսաստանում, և ունեն իրենց ուրույն կերպը։ Անդրեյ Անտոնովիչն ամբողջ կյանքում նրա հանդեպ տածում էր ամենահուզիչ կարեկցանք և ամենուր, ըստ կարելվույն, ծառայության մեջ իր հաջողություններին համապատասխան, իրեն ենթակա, ստորադաս տեղ էր նշանակում։ Սակայն Բլյումի բախտը ոչ մի տեղչէր բերում։ Կամ տեղն էր դուրս մնում հաստիքացուցակից, կամ ղեկավարությունն էր փոխվում, մի անգամ էլ քիչ էր մնացել դատի տային նրան, ուրիշների հետ։ Նա ճշտակատար էր, բայց մի տեսակ չափազանց, անհարկի և ի վնաս իրեն, մռայլադեմ։ Շիկամազ էր, բարձրահասակ, կորամեջք, թախծոտ, նույնիսկ դյուրազգաց, ու իր համակ նվաստացածությամբ հանդերձ, համառ ու հետևողական՝ եզան պես, թեև մշտապես անպատեհ։ Անդրեյ Անտոնովիչի նկատմամբ, կնոջ և բազմաթիվ երեխաների հետ, բազմամյա և երկյուղած կապվածություն ուներ։ Անդրեյ Անտոնովիչից բացի, ոչ ոք ու երբեք չէր սիրել նրան։ Յուլիա Միխայլովնան միանգամից խոտանել էր նրան, բայց ամուսնու համառությունը չէր կարողացել կոտրել։ Դա նրանց ամուսնական առաջին վեճն էր, ու կատարվեց հարսանիքից անմիջապես հետո, մեղրամսի հենց առաջին օրերին, երբ նրա առաջ հանկարծակի հայտնվեց մինչ այդ նրանից խնամքով թաքցվող Բլյումը՝ իր հետ ունեցած ազգականության վիրավորական գաղտնիքով։ Անդրեյ Անտոնովիչն աղաչում էր ձեռքերը խաչած, զգայացունց պատմեց Բլյումի և մանկուց իրենց բարեկամության ամբողջ պատմությունը, բայց Յուլիա Միխայլովնան իրեն համարում էր հավերժ խայտառակված և անգամ ուշագնացություններ գործի դրեց։ Ֆոն Լեմբկեն ոչ մի քայլ չզիջեց նրան և հայտարարեց, որ չի լքելու Բլյումին՝ հանուն և ոչնչի աշխարհում ու չի հեռացնելու իրենից, այնպես որ Յուլիա Միխայլովնան ի վերջո զարմացավ ու հարկադրված էր թույլատրել Բլյումին։ Վճռվեց միայն, որ ազգականությունը պիտի թաքցվի առավել բծախնդրորեն, քան մինչև հիմա, եթե միայն հնարավոր է դա և որ Բլյումի անուն հայրանունը պիտի փոխվեն, որովհետև նրան նույնպես, չգիտես ինչու, կոչում էին Անդրեյ Անտոնովիչ։ Մեզ մոտ նա ոչ մեկի հետ չծանոթացավ, բացի միայն գերմանացի-դեդագործից, ոչ մեկի տուն չէր գնում և իր սովորության համաձայն՝ ապրում էր ժլատ ու մեկուսի։ Վաղուց արդեն նրան հայտնի էին նաև Անդրեյ Անտոնովիչի գրական մանրիկ մեղքերը։ Նա գերազանցապես հանձն էր առնում ունկնդրել նրա վեպը՝ համատեղ գաղտնի ընթերցումներին, հինգ-վեց ժամ շարունակ նստում գերանի պես, քրտնում, ամբողջ ուժերն էր լարում, որ չքնի և չժպտա։ Տուն գալով, հառաչում էր երկարոտն ու չորչորուկ կնոջ հետ՝ ռուս գրականության հանդեպ իրենց բարերարի դժբախտ թուլությունից։
Անդրեյ Անտոնովիչը տառապանքով նայեց ներս եկած Բլյումին։
― Բլյում, ես քեզ խնդրում եմ, հանգիստ թող ինձ,― սկսեց նա տագնապալի շուտասելուկով, ակնհայտորեն ցանկանալով մերժել քիչ առաջվա խոսակցության շարունակությունը, ընդհատված Պյոտր Ստեպանովիչի հայտնվելով։
― Բայց և այնպես, դա կարող է արվել շատ նրբանկատորեն, բացարձակապես գաղտնի, չէ որ դուք բոլոր լիազորություններն ունեք,― հարգալիր, բայց համառորեն իրենն էր պնդում Բլյումը՝ մեջքը ծռած և մանրիկ քայլերով ավելի ու ավելի մոտենալով Անդրեյ Անտոնովիչին։
― Բլյում, դու այն աստիճան ես ինձ նվիրված ու պատրաստակամ, որ ամեն անգամ քեզ եմ նայում սարսափահար։
― Դուք միշտ սուր բաներ եք ասում և ասվածից գոհացած, քնում եք հանգիստ, բայց դրանով իսկ ձեզ եք վնասում։
― Բլյում, ես նոր համոզվեցի, որ դա ամենևին էլ այն չէ, այն չէ։
― Ո՞չ արդյոք այդ կեղծ, անբարոյական երիտասարդի խոսքերից, ում հենց ինքներդ եք կասկածում։ Նա ձեզ հաղթել է գրական ձեր տաղանդի հասցեին շողոքորթ գովասանքներով։
― Բլյում, դու ոչինչ չես հասկանում, քո նախագիծն անհեթեթություն է, ասում եմ քեզ։ մենք չենք գտնի ոչինչ, իսկ աղաղակ կբարձրանա ահավոր, հետո՝ ծիծաղ, իսկ հետո՝ Յուլիա Միխայլովնան...
― Մենք անկասկած կգտնենք այն ամենը, ինչ փնտրում ենք,― Բլյումը հաստատ քայլ գցեց դեպի նա՝ աջ ձեռքը սեղմած կրծքին,― խուզարկումը կանենք հանկարծակի, վաղ առավոտյան՝ պահպանելով լրիվ նրբանկատությունն անձի նկատմամբ և օրենքով նախատեսված բոլոր խիստ ձևերը։ Երիտասարդները՝ Լյամշինը և Տելյատնիկովը, չափից ավելի են հավատացնում, որ կգտնենք մեր ամբողջ ուզածը։ Նրանք այնտեղ եղել են բազմիցս։ Պարոն Վերխովենսկու նկատմամբ ոչ ոք ուշադրությամբ տրամադրված չէ։ Գեներալի այրի Ստավրոգինան հստակորեն մերժել է նրան՝ իր բարերարությունը, և ամեն մի ազնիվ մարդ, եթե միայն այդպիսիք կան այս կոպիտ քաղաքում, համոզված է, որ այնտեղ է միշտ թաքնված եղել անհավատության և սոցիալական ուսմունքի աղբյուրը։ Նրա մոտ են բոլոր արգելված գրքերը, Ռըյլեևի «Խոհերը», Գերցենի բոլոր ստեղծագործությունները... Ես, համենայն դեպս, ունեմ մոտավոր ցուցակը...
― Օ, Աստված իմ, այդ գրքերն ամենքն էլ ունեն, ի՜նչ պարզամիտն ես, իմ խեղճ Բլյում։
― Եվ բազմաթիվ թռուցիկներ,― շարունակեց Բլյումը՝ չլսելով դիտողությունը,― մենք կավարտենք նրանով, որ կբռնենք այստեղի իսկական թռուցիկների հետքը։ Այդ երիտասարդ Վերխովենսկին ինձ անչափ կասկածելի է թվում, անչափ։
― Բայց դու խառնում ես հորը և տղային։ Նրանք հաշտ չեն, որդին հոր վրա բացահայտ ծիծաղում է։
― Դա միայն և միայն դիմակ է։
― Բլյում, դու երդվել ես տանջել ինձ։ Մտածիր, այնուամենայնիվ, նա այստեղ նկատելի դեմք է։ Պրոֆեսոր է եղել, հայտնի մարդ է, աղմուկ կբարձրացնի, և անմիջապես ծաղրուծանակ կսկսվի քաղաքում, լավ, ամեն ինչ կարհամարհենք... և մտածիր, ինչ կլինի Յուլիա Միխայլովնայի հետ։
Բլյումն առաջանում էր ու չէր լսում։
― Նա ընդամենը դոցենտ է եղել, աստիճանով էլ սոսկ կոլեգիական ասեսոր է, պաշտոնաթող,― ձեռքը խփում էր կրծքին Բլյումը,― շքանշաններ չունի, ծառայությունից ազատված է կառավարության դեմ ունեցած մտադրությունների կասկածով։ Նա գաղտնի հսկողության տակ է եղել և, անկասկած, դեռևս հսկվում է։ Եվ հիմա, բացահայտված անկարգությունների բերումով դուք, անշուշտ, պարտավոր եք ի պաշտոնե։ Իսկ դուք հակառակը, բաց եք թողնում ձեր առավելությունը՝ ներողամիտ գտնվելով իսկական մեղավորի նկատմամբ։
― Յուլիա Միխայլովնա՜ն։ Չըք-քվի ր, Բլյում,― հանկարծ բղավեց Ֆոն Լեմբկեն՝ լսելով իր կնոջ ձայնը հարևան սենյակից։
Բլյումը ցնցվեց, բայց չենթարկվեց։
― Թույլ տվեք, թույլ տվեք,― առաջ էր գալիս՝ ավելի ամուր սեղմելով երկու ձեռքը կրծքին։
― Չըք-քվի՛ր,― ատամները կրճտացրեց Անդրեյ Անտոնովիչը։― Արա, ինչ ուզում ես... հետո... Օ՜, տեր իմ Աստված։
Վարագույրը քաշվեց, ու հայտնվեց Յուլիա Միխայլովնան։ Նա վեհապանծորեն հապաղեց, ի տես Բլյումի, գոռոզ ու նեղացկոտ չափեց նրան ոտից գլուխ, կարծես այդ մարդու լոկ ներկայությունն այստեղ վիրավորանք էր իր համար։ Բլյումը լուռ և հարգալիր խոնարհվեց նրան և, հարգանքից երկտակված, ոտնաթաթերի վրա ուղղվեց դեպի դուռը՝ ձեռքերը չռած դեսուդեն։
Ոչ այն պատճառով արդյոք, որ Անդրեյ Անտոնովիչի վերջին հիստերիկ բղավոցը նա իսկապես հասկացավ որպես ուղղակի թույլտվություն՝ վարվել իր հարցրածի պես, կամ կեղծեց այս դեպքում իր բարերարի ուղղակի օգտի համար՝ չափից դուրս վստահ, որ ավարտն է պսակում գործը, բայց ինչպես կտեսնենք ստորև, իր ենթակայի հետ պետի այդ խոսակցությանը հետևեց խիստ անսպասելի մի դեպք, որը շատերին խնդացրեց՝ տարածվելով, հարուցելով Յուլիա Միխայլովնայի անխնա զայրույթը, այդ ամենով կատարելապես շվարեցնելով Անդրեյ Անտոնովիչին ամենաեռուն շրջանում՝ նրան ձգելով ամենաաղետալի անվճռականության մեջ։
=== V ===
Պյոտր Ստեպանովիչի համար օրը հոգսառատ եղավ։ Ֆոն Լեմբկեի մոտից նա շտապ վազեց Բոգոյավլենսկայա փողոց, բայց անցնելով Բըյկովսկայա փողոցով, այն տան կողքով, ուր բնակարան էր վարձում Կարմազինովը, կանգ առավ հանկարծ, քթի տակ ծիծաղեց ու ներս մտավ։ Նրան պատասխանեցին. «Սպասում են», ինչ շատ հետաքրքրեց նրան, որովհետև ամենևին չէր զգուշացրել, որ գալու է։
Սակայն մեծ գրողն իսկապես սպասում էր նրան, նույնիսկ երեկ և նախանցյալ օրը։ Չորս օր առաջ նրան էր տվել իր «Merci» ձեռագիրը (որ ուզում էր կարդալ Յուլիա Միխայլովնայի տոնախմբության գրական առավոտին) և արել էր դա սիրալիրությունից, միանգամայն վստահ, որ հաճելիորեն կշոյի երիտասարդի ինքնասիրությունը՝ նախապես ծանոթանալու տալով մեծ ստեղծագործությունը։ Պյոտր Ստեպանովիչը վաղուց արդեն նկատել էր, որ սնափառ, երեսառած և ոչ-ընտրյալների համար վիրավորական-անմատչելի այդ պարոնը, այդ «համարյա պետական ուղեղը» պարզապես և ուղղակի հաճոյանում է իրեն, նույնիսկ անհագորեն։ Ինձ թվում է, երիտասարդը վերջապես կռահել էր, որ եթե Ռուսաստանով մեկ եղած համակ գաղտնի-հեղափոխականության կառապանը չի համարում նա իրեն, ապա ծայրահեղ դեպքում, ռուսական հեղափոխության գաղտնիքներին ամենաիրազեկներից մեկն է կարծում, որն անառարկելի ազդեցություն ունի երիտասարդության վրա։ «Ռուսաստանում ամենախելացի մարդու» մտքերի տրամադրվածությունը հետաքրքրում էր Պյոտր Ստեպանովիչին, բայց մինչև հիմա, մի քանի պատճառներով, խուսափում էր բացատրություններից։
Մեծ գրողը բնակվում էր իր քրոջ՝ կամերգերի կնոջ և կալվածատիրուհու տանը։ Երկուսն էլ՝ ամուսին և կին, խորին ակնածանքով էին վերաբերվում իրենց նշանավոր ազգականին, սակայն այս գալստյանը երկուսն էլ գտնվում էին Մոսկվայում, ի մեծ ափսոսանք իրենց, այնպես որ նրան ընդունելու պատիվն ունեցավ պառավը՝ կամերգերի շատ հեռավոր ու չքավոր ազգականուհին, որն ապրում էր նրանց տանն ու վաղուց արդեն տնային ամբողջ տնտեսության տերուտիրականն էր։ Ամբողջ տունը ոտնաթաթերի վրա էր ման գալիս պարոն Կարմազինովի գալուն պես։ Պառավը համարյա ամեն օր հայտնում էր Մոսկվա, թե նա ինչպես է քնել և ինչ է բարեհաճել ճաշակել, իսկ մի անգամ էլ հեռագիր ուղարկեց, հայտնելով, որ քաղաքագլխի մոտ հրավերք ճաշկերույթից հետո նա ստիպված է եղել մի գդալ հայտնի դեղ խմել։ Պառավը հազվադեպ էր համարձակվում մտնել Կարմազինովի սենյակը, թեև վերջինս նրան վերաբերվում էր քաղաքավարի, իմիջիայլոց, չոր և նրա հետ խոսում սոսկ այս կամ այն կարիքի դեպքում։ Երբ ներս մտավ Պյոտր Ստեպանովիչը, նա ուտում էր իր սովորական կոտլետը, կես բաժակ կարմիր գինով։ Պյոտր Ստեպանովիչն առաջներում էլ էր եղել նրա մոտ և միշտ հանդիպել՝ առավոտյան այդ կոտլետն ուտելիս՝ իր ներկայությամբ, բայց ոչ մի անգամ չէր առաջարկել հյուրին։ Դրանից հետո մատուցվում էր մի փոքր բաժակ սուրճ։ Ուտելիքը բերող սպասավորը ֆրակով էր, փափուկ, անձայն սապոգներով և ձեռնոց հագած։
― Ա-ա՜,― բազմոցից ելավ Կարմազինովը՝ սրբվելով անձեռոցիկով, և ամենամաքուր բերկրանքի տեսքով մոտեցավ համբուրվելու՝ ռուս մարդկանց բնորոշ հատկանիշը, եթե նրանք չափից ավելի են նշանավոր։ Սակայն Պյոտր Ստեպանովիչը նախորդ փորձից գիտեր արդեն, որ Կարմազինովը մոտենում է համբուրվելու, բայց դեմ է անում այտը, դրա համար էլ այս անգամ նույնն արեց ինքը՝ այտը հպվեց այտին։ Կարմազինովը, ցույց չտալով, որ նկատեց դա, թիկնեց բազմոցին և հաճույքով ցույց տվեց դիմացի բազկաթոռը, որին էլ փռվեց Պյոտր Ստեպանովիչը։
― Չէ որ դուք... Չե՞ք ցանկանա նախաճաշել,― հարցրեց տանտերը, այս անգամ խախտեց սովորույթը, բայց, անշուշտ, այնպիսի տեսքով, որը հստակորեն հուշում էր քաղաքավարի մերժողական պատասխան։ Պյոտր Ստեպանովիչն իսկույն ցանկացավ նախաճաշել։ Զայրացկոտ զարմանքի ստվերը մռայլեց տանտիրոջ դեմքը, բայց սոսկ մի ակնթարթ։ Նյարդայնացած զանգ զարկեց սպասավորին և, չնայած իր ամբողջ դաստիարակվածությանը, խորշանքով բարձրացրեց ձայնը՝ կարգադրելով ևս մի նախաճաշ մատուցել։
― Ձեզ ի՞նչ կոտլե՞տ, թե՝ սուրճ,― մի անգամ էլ հարցրեց։
― Կոտլետ էլ, սուրճ էլ, հրամայեք գինի էլ ավելացնել, ես սովածացել եմ,― պատասխանեց Պյոտր Ստեպանովիչը հանգիստ՝ ուշադրությամբ զննելով տանտիրոջ հագուստը։ Կարմազինովի հագին մի տեսակ տնական, բամբակած բաճկոնակ էր, նման կարճլիկ ժակետի, սադափե կոճակներով, բայց չափից ավելի կարճ, որ արդեն ամենևին չէր բռնում նրա բավական գիրուկ փորին և ոտքերի վերին ծայրերի լավ հաստլիկացած մասերին։ Սակայն ճաշակները տարբեր են լինում։ Ծնկներին բրդյա վանդականախշ ծածկոց էր գցած, որը հասնում էր հատակին, թեև սենյակը տաք էր։
― Չլինի՞ հիվանդ եք,― նկատեց Պյոտր Ստեպանովիչը։
― Չէ, հիվանդ չեմ, բայց վախենում եմ հիվանդանալ այս եղանակին,― պատասխանեց գրողն իր ճղճղան ձայնով, ըստ որում քնքշորեն վանկարկելով ամեն մի բառը և դուրեկան, մեծավորավարի սվսվացնելով,― ես ձեզ դեռ երեկ էի սպասում։
― Իսկ ինչո՞ւ, ես չէի խոստացել։
― Այո, բայց ձեզ մոտ է իմ ձեռագիրը։ Դուք... կարդացի՞ք։
― Ձեռագի՞ր, ի՞նչ ձեռագիր։
Կարմազինովն անչափ զարմացավ։
― Բայց դուք բերե՞լ եք ձեզ հետ, չէ՞,― անհանգստացավ նա հանկարծ այն աստիճան, որ նույնիսկ ուտելը թողեց, և Պյոտր Ատեպանովիչին էր նայում վախեցած։
― Ահ, այն «Bonjour»-ի մասի՞ն եք ասում...
― «Merci»։
― Դե, լավ։ Լրիվ մոռացել էի, ու չեմ կարդացել, ժամանակ չկա։ Իրոք, չգիտեմ, գրպաններումս չէ... պիտի որ սեղանիս լինի։ Մի անհանգստացեք, կգտնվի։
― Չէ, ավելի լավ է, հիմա մարդ ուղարկեմ ձեզ մոտ։ Կարող է կորչել, և վերջապես, կարող են գողանալ։
― Է, ո՞ւմ է պետք։ Իսկ ինչո՞ւ այդպես վախեցաք, չէ որ դուք, Յուլիա Միխայլովնան է ասել, միշտ մի քանի օրինակ եք պատրաստում, մեկը՝ արտասահման, նոտարի մոտ, մյուսը՝ Պետերբուրգ, երրորդը՝ Մոսկվա, հետո էլ կարծեմ, բանկ եք ուղարկում։
― Բայց չէ որ Մոսկվան էլ կարող է հրդեհվել, ձեռագիրս՝ հետը։ Չէ, ավելի լավ է, հիմա մարդ ուղարկեմ։
― Սպասեք, ահա,― Պյոտր Ստեպանովիչը մի քանի նամակաթուղթ հանեց ետևի գրպանից։― Մի քիչ ճմռթվել է։ Պատկերացրեք, ինչպես այն օրը ձեզնից վերցրել եմ, այդպես էլ միշտ գրպանումս է եղել թաշկինակի հետ, մոռացել էի։
Կարմազինովն ագահաբար խլեց ձեռագիրը, խնամքով զննեց, հաշվեց թերթիկները և պատկառանքով դրեց առայժմ իր կողքին՝ հատուկ սեղանիկի վրա, բայց այնպես, որ ամեն վայրկյան աչքի առաջ լինի։
― Կարծես դուք այնքա՞ն էլ շատ չեք կարդում,― թշշացրեց նա՝ չդիմանալով։
― Ոչ, ոչ շատ։
― Իսկ ռուսական արձակի տեսակետից՝ ոչի՞նչ։
― Ոուսական արձակի տեսակետի՞ց։ Ներեցեք, ինչ-որ բան կարդացել եմ... «Ճանապարհին»... կամ՝ «Ճանապարհ»... կամ «Ճամփաբաժա՞ն» էր, ինչ էր, չեմ հիշում։ Վաղուց եմ կարդացել, հինգ տարի կլինի։ ժամանակ չկա։
Որոշ լռություն տիրեց։
― Ես հենց եկա այստեղ, հավատացրի նրանց բոլորին, որ դուք չափազանց խելացի մարդ եք, և հիմա, կարծեմ, բոլորի ուշքը գնում է ձեզ համար։
― Շնորհակալ եմ,― հանգիստ պատասխանեց Պյոտր Ստեպանովիչը։
Բերեցին նախաճաշը։ Պյոտր Ստեպանովիչը մեծ ախորժակով վրա պրծավ կոտլետին, ակնթարթորեն կլլեց, գինի խմեց ու մի կում սուրճ։
«Այս թերուսը,― մտազբաղ և շեղակի նրան էր զննում Կարմազինովը՝ ծամելով վերջին պատառը և կուլ տալով վերջին կումը,― այս թերուսը, հավանաբար, հիմա հասկացավ իմ ասածի ամբողջ խայթոցը... ձեռագիրն էլ, անշուշտ, կարդացել է ագահությամբ, միայն թե ստում է՝ նկատառումներով։ Բայց կարող է պատահել նաև, որ չի ստում, այլ միանգամայն անկեղծորեն հիմար է։ Հանճարեղ մարդուն ես սիրում եմ, որ փոքր-ինչ հիմար լինի։ Իրականում հո հանճար չէ՞ նա նրանց համար, ի դեպ, սատանան դրան տանի»։
Նա ելավ բազմոցից և սկսեց քայլել սենյակում, անկյունից անկյուն, որպես զբոսանք, ինչ անում էր ամեն անգամ նախաճաշից հետո։
― Շուտո՞վ եք գնալու այստեղից,― բազկաթոռից հարցրեց Պյոտր Ստեպանովիչը՝ գլանակ վառելով։
― Ճշմարիտն ասած, ես եկել էի կալվածքը վաճառելու և հիմա կախված եմ իմ կառավարչից։
― Կարծեմ թե, դուք եկել եք այն պատճառով, որ այնտեղ համաճարա՞կ էին սպասում պատերազմից հետո։
― Ո-ո՜չ, ոչ լրիվ այդ պատճառով,― շարունակեց պարոն Կարմազինովը՝ բարեհոգությամբ վանկարկելով իր դարձվածքները և ամեն անգամ, անկյունից անկյուն շրջվելիս, կայտառորեն ցատկելով աջ ոտքով, ճիշտ է մի քիչ։― Ես, իսկապես,― քթի տակ ծիծաղեց նա, ոչ առանց թունալիության,― մտադիր եմ ապրել հնարավորին չափ երկար։ Ռուս ազնվականության մեջ արտակարգ շուտ մաշվող մի բան կա, բոլոր առումներով։ Բայց ես ուզում եմ մաշվել որքան հնարավոր է ավելի ուշ և հիմա պատրաստվում եմ արտասահման գնալ ընդմիշտ, այնտեղ եղանակն էլ է ավելի լավ, շինություններն էլ են քարե, ամեն ինչ ավելի ամուր է։ Ես կարծում եմ, Եվրոպան կբավականացնի մինչև կյանքիս վերջը։ Դո՞ւք ինչ եք կարծում։
― Ինչ իմանամ։
― Հը՛մ։ Եթե այնտեղ իսկապես կործանվի Բաբելոնը և այդ անկումը վիթխարի լինի (ինչում միանգամայն համաձայն եմ ձեզ հետ, թեև մտածում եմ, որ մինչև կյանքիս վերջը կմնա), ապա մեզ մոտ, Ռուսաստանում, կործանվելու բան էլ չկա, համեմատաբար ասած։ Այստեղ ոչ թե քարեր կթափվեն, այլ ամեն ինչ կթաղվի ցեխի մեջ։ Սրբազան Ռուսիան աշխարհում բոլորից քիչ կարող է հակահարված տալ որևէ բանի։ Հասարակ ժողովուրդը դեռևս մի կերպ դիմանում է ռուսական Աստծով, սակայն ռուսական Աստված, վերջին տեղեկություններով, միանգամայն անհուսալի է և նույնիսկ գյուղացիական ռեֆորմի դեմ հազիվ կանգուն մնաց, համենայն դեպս, սաստիկ երերաց։ Այստեղ էլ՝ երկաթուղիներ, այստեղ էլ՝ դուք... ռուսական Աստծուն ես որ ամենևին չեմ հավատում։
― Իսկ եվրոպականի՞ն։
― Ոչ մեկին էլ չեմ հավատում։ Ինձ զրպարտել են ռուս երիտասարդության առաջ։ Ես միշտ կարեկցել եմ նրա յուրաքանչյուր շարժումին։ Ինձ ցույց են տվել այստեղի թռուցիկները։ Դրանց նայում են տարակուսանքով, որովհետև բոլորին վախեցնում է ձևը, բայց և այնպես, բոլորը հավատացած են դրանց զորությանը, թեև չգիտակցելով դա։ Բոլորը վաղուց անկում են ապրում, և բոլորը վաղուց գիտեն, որ բռնելու տեղ չունեն։ Ես այլևս այն պատճառով եմ համոզված այդ խորհրդավոր քարոզչության հաջողության մեջ, որ Ռուսաստանը գերազանցապես հիմա այն տեղն է ամբողջ աշխարհում, ուր ինչ ասես կարող է կատարվել, առանց նվազագույն դիմադրության։ Ես անչափ լավ եմ հասկանում, թե ինչու բոլոր ունևոր ռուսները խուժեցին արտասահման, և ամեն տարի ավելի ու ավելի։ Դա պարզապես բնազդն է։ Եթե նավը պիտի խորտակվի, առնետներն առաջինն են նավից ծլկում։ Սրբազան Ոուսիան փայտաշեն երկիր է, աղքատ և... վտանգավոր, իր վերին շերտերում սնափառ մուրացկաններով երկիր է, իսկ վիթխարի մեծամասնությունն ապրում է փայտյա պստիկ խրճիթներում։ Յուրաքանչյուր ելք նրան կուրախացնի, արժե միայն գլուխը մտցնել։ Միայն կառավարությունն է դեռևս ուզում դիմադրել, բայց մահակն է ճոճում մթության մեջ ու խփում յուրայիններին։ Այստեղ ամեն ինչ դատապարտված է ու վճռված։ Ոուսաստանը, ինչպես որ կա, ապագա չունի։ Ես գերմանացի դարձա և դա պատիվ եմ համարում ինձ համար։
― Ոչ, դուք սկսեցիք թռուցիկներից, ասեք ամեն ինչ, դրանք ինչպե՞ս եք դիտում։
― Բոլորը վախենում են դրանցից, նշանակում է, դրանք զորեղ են։ Բացեիբաց մերկացնում են խաբեությունը և ապացուցում, որ մեզանում բռնելու տեղ չկա և ոչ մի հենարան չկա։ Նրանք ասում են բարձրաձայն, երբ բոլորը լռում են։ Նրանց ամենահաղթականը (չնայած ձևին) ճշմարտության ուղիղ աչքերին նայելու՝ մինչ այժմ չլսված համարձակությունն է։ Ճշմարտության ուղիղ աչքերին նայելու այդ ընդունակությունը միայն ու միայն ռուսական սերնդինն է։ Ոչ, Եվրոպայում դեռևս այդքան համարձակ չեն. այնտեղ քարեղեն թագավորություն է, այնտեղ դեռևս հենվելու բան կա։ Ինչքան տեսնում եմ և ինչքան կարող եմ դատել, ռուսական հեղափոխական գաղափարի համակ էությունը պատվի ժխտման մեջ է։ Ինձ դուր է գալիս, որ դա այդպես համարձակ ու անվախ է արտահայտված։ Ոչ, Եվրոպայում դա դեռ չեն հասկանա, իսկ մեզանում հենց դրան էլ վրա կպրծնեն։ Ոուս մարդու համար պատիվը սոսկ ավելորդ բեռ է։ Ու միշտ էլ բեռ է եղել, նրա ամբողջ պատմության ընթացքում։ Բացահայտ «անպատվության իրավունքով» նրան ամենից շուտ կարելի է հրապուրել։ Ես հին սերնդի մարդ եմ և, խոստովանում եմ, դեռևս պաշտպան եմ պատվին, բայց չէ որ դա լոկ սովորությունից է։ Ինձ սոսկ դուր են գալիս հին ձևերը, ասենք, փոքրոգության առումով։ Պետք է, չէ՞, կյանքը մի կերպ ապրել։
Նա հանկարծակի կանգ առավ։
«Սակայն ես խոսում, խոսում եմ,― մտածեց նա.― իսկ նա շարունակ լռում է և տնտղում։ Նա եկել է, որպեսզի ուղղակի հարց տամ իրեն։ Ես էլ կտամ»։
― Յուլիա Սիխայլովնան խնդրել է ինձ մի կերպ, խաբելով, ձեզնից կորզել, թե այդ ի՞նչ անակնկալ եք պատրաստում վաղը չէ մյուս օրվա պարահանդեսին,― հանկարծ հարցրեց Պյոտր Ստեպանովիչը։
― Այո, դա իսկապես անակնկալ կլինի, և ես իսկապես կապշեցնեմ...― կեցվածք ընդունեց Կարմազինովը,― բայց ես ձեզ չեմ ասի գաղտնիքը։
Պյոտր Ստեպանովիչը չպնդեց։
― Այստեղ ինչ-որ մի Շատով կա,― տեղեկացավ մեծ գրողը,― և պատկերացրեք, ես նրան չեմ տեսել։
― Շատ լավ անձնավորություն է։ Իսկ ի՞նչ կա։
― Այնպես, նա ինչ-որ բաներ է ասում։ Չէ՞ որ նա է խփել Ստավրոգինի այտին։
― Նա։
― Իսկ Ստավրոգինի՞ մասին ինչ եք կարծում։
― Չգիտեմ, կնամոլի մեկն է։
Կարմազինովն ատել էր Ստավրոգինին, որովհետև նա սովորություն էր դարձրել ամենևին չնկատել գրողին։
― Այդ կնամոլին,― ասաց նա, քրքջալով,― եթե մեզ մոտ երբևիցե իրականանա այն, ինչի մասին քարոզում են թռուցիկներում, առաջինը ցցի կհանեն։
― Գուցեև ավելի շուտ,― հանկարծ ասաց Պյոտր Ստեպանովիչը։
― Այդպես էլ պետք է,― արդեն չծիծաղելով և մի տեսակ շատ լրջորեն համաձայնեց Կարմազինովը։
― Իսկ դուք արդեն մի անգամ դա ասել եք և գիտեք, ես նրան հայտնեցի։
― Ինչպե՞ս, մի՞թե հայտնել եք,― նորից ծիծաղեց Կարմազինովը։
― Նա ասաց, որ եթե իրեն ցցի հանեն, ապա ձեզ բավական է և ճիպտել, բայց ոչ միայն պատվի համար, այլ ցավոտ, ինչպես մուժիկին են ճիպտում։
Պյոտր Ստեպանովիչը վերցրեց շլյապան ու ելավ տեղից։ Կարմազինովը երկու ձեռքը պարզեց՝ հրաժեշտ տալու։
― Իսկ ինչ է,― սվսվացրեց նա հանկարծ մեղրածոր ձայնով և մի հատուկ առոգանությամբ, դեռևս բռնած հյուրի ձեռքերը,― ի՞նչ, եթե նշված է իրականանալու այն ամենը, ինչ մտադրվում են, ապա... ե՞րբ կարող է դա կատարվել։
― Ես ի՞նչ իմանամ,― փոքր-ինչ կոպիտ պատասխանեց Պյոտր Ստեպանովիչը։ Երկուսն ակնապիշ միմյանց աչքերին նայեցին։
― Օրինակի համա՞ր, մոտավորապե՞ս,― ավելի մեղրածոր ձգեց Կարմազինովը։
― Կալվածքը վաճառել կհասցնեք և հեռանալ նույնպես կհասցնեք,― էլ ավելի կոպիտ մրթմրթաց Պյոտր Ստեպանովիչը։ Երկուսն էլ ավելի ակնապիշ միմյանց նայեցին։
Մի րոպե լռություն տիրեց։
― Հաջորդ մայիսի սկզբին կսկսվի, իսկ Աստվածածնի աշնան տոնին ամեն բան կվերջանա,― հանկարծ բերանից թռցրեց Պյոտր Ստեպանովիչը։
― Շնորհակալ եմ անկեղծորեն,― հուզախռով ասաց Կարմազինովը՝ սեղմելով նրա ձեռքերը։
«Կհասցնես դուրս պրծնել նավից, առնետի մեկը,― մտածում էր Պյոտր Ստեպանովիչը, փողոց դուրս գալով։― Դե, եթե այս համարյա «պետական ուղեղն» է այդքան վստահ տեղեկանում օրվա և ժամվա մասին և այդչափ հարգալիր շնորհակալություն է հայտնում ստացած տեղեկության համար, ապա մեզ չի կարելի դրանից հետո կասկածել մեր ուժերին (Նա քթի տակ ծիծաղեց)։ Հըմ։ Իսկ նա իսկապես հիմար չէ նրանց մեջ և... ընդամենը սոսկ տեղափոխվող առնետ է, այդպիսի մեկը չի մատնի»։
Նա վազեց Բոգոյավլենսկայա փողոց՝ Ֆիլիպպովի տուն։
=== VI ===
Պյոտր Ստեպանովիչը սկզբից մտավ Կիրիլլովի մոտ։ Վերջինս, ըստ սովորության, մենակ էր և սենյակի մեջտեղում մարմնամարզություն էր անում, այսինքն, ոտքերը չռած, մի առանձնահատուկ ձևով ձեռքերն էր պտտում գլխավերևում։ Հատակին գնդակ կար։ Սեղանին առավոտյան չհավաքած թեյի պարագաներն էին, թեյն արդեն սառած էր։ Պյոտր Ստեպանովիչը մի րոպեի չափ կանգնած մնաց շեմին։
― Բայց և այնպես, կարգին հոգ եք տանում ձեր առողջությանը,― ասաց նա բարձրաձայն ու զվարթ, սենյակ մտնելով,― ինչ էլ փառավոր գնդակ է բայց, փո՛ւհ, ոնց է թռչում, սա՞ էլ է մարմնամարզության համար։
Կիրիլլովը հագավ սերթուկը։
― Այո, մարմնամարզության համար է,― չոր-չոր փնթփնթաց նա,― նստեք։
― Մի րոպեով եմ եկել։ Ասենք, կնստեմ։ Առողջությունը՝ առողջություն, բայց ես եկել եմ հիշեցնելու պայմանավորվածության մասին։ «Որոշ իմաստով» մոտենում է մեր ժամկետը,― ավարտեց նա անհարմար մի դարձվածքով։
― Ի՞նչ պայմանավորվածություն։
― Ինչպե՞ս թե՝ ինչ պայմանավորվածություն,― իրար անցավ Պյոտր Ստեպանովիչը, նույնիսկ վախեցավ։
― Դա պայմանավորվածություն չէ և պարտականություն էլ չէ, ես ինձ ոչնչով չեմ կապել, ձեր կողմից դա սխալ է։
― Լսեք, դուք այդ ի՞նչ եք անում,― արդեն վեր թռավ Պյոտր Ստեպանովիչը։
― Իմ կամքը։
― Ո՞ր կամքը։
― Նախկին։
― Այսինքն, ինչպե՞ս հասկանալ դա։ Նշանակո՞ւմ է, արդյոք, որ դուք նախկին մտքերի մեջ եք։
― Նշանակում է։ Միայն թե պայմանավորվածություն չկա ու չի եղել, և ես ոչնչով չեմ կապվել։ Եղել է միայն իմ կամքը և հիմա էլ միայն իմ կամքն է։
Կիրիլլովը բացատրվում էր կտրուկ և խորշանքով։
― Ես համաձայն եմ, համաձայն եմ, թող կամք լինի, միայն թե այդ կամքը չփոխվի,― գոհացած տեսքով նորից նստեց Պյոտր Ստեպանովիչը։― Դուք բարկանում եք բառերի վրա։ Վերջերս մի տեսակ շատ ջղային եք դարձել, դրա համար էի գալուց խուսափում։ Իմիջիայլոց, միանգամայն վստահ էի, որ չեք դավաճանի։
― Ես ձեզ չեմ սիրում շատ, բայց միանգամայն վստահ կարող եք լինել։ Չնայած չեմ ընդունում դավաճանություն կամ չդավաճանություն։
― Սակայն գիտեք ինչ,― նորից ալեկոծվեց Պյոտր Ստեպանովիչը,― հարկ է նորից խոսել կարգին՝ չշեղվելու համար։ Գործը ճշգրտություն է պահանջում, իսկ դուք ինձ սաստիկ-սաստիկ շշկլեցնում եք։ Թույլ կտա՞ք խոսել։
― Խոսեք,― կտրեց Կիրիլլովը՝ նայելով անկյանը։
― Դուք վաղուց արդեն վճռել եք վերջ տալ ձեր կյանքին... այսինքն, այդպիսի միտք ունեիք։ Ես ճի՞շտ արտահայտվեցի։ Սխալ թույլ չտվեցի՞։
― Հիմա էլ եմ այդ մտքին։
― Շատ լավ։ Ընդ որում, նկատի առեք, որ ոչ ոք ձեզ չի հարկադրել։
― Դա էր պակաս։ Ինչքա՜ն հիմարավարի եք խոսում։
― Թեկուզ, թեկուզ, ես շատ հիմարավարի արտահայտվեցի։ Անկասկած, շատ հիմար բան կլիներ հարկադրելը։ Ես շարունակեմ, դուք Ընկերության անդամ էիք, դեռևս հին կազմակերպության ժամանակ էլ հայտնել էիք Ընկերության անդամներից մեկին։
― Ես չէի հայտնել, ուղղակի ասել էի։
― Թող այդպես լինի։ Ու ծիծաղելի կլիներ դա «հայտնել», ապաշխարանք հո չէ։ Դուք ուղղակի ասել եք, ու՝ շատ լավ։
― Չէ, շատ լավ չէ, որովհետև դուք շատ եք ծամծմում։ Ես պարտավոր չեմ ձեզ ոչ մի հաշվետվություն տալ և իմ մտքերը դուք չեք կարող հասկանալ։ Ես ուզում եմ վերջ տալ իմ կյանքին, որովհետև այդպիսի միտք ունեմ, որովհետև չեմ ուզում մահվան սարսափը, որովհետև... որովհետև սա ձեր իմանալիքը չէ... Ի՞նչ եք ուզում։ Թե՞յ եք ուզում խմել։ Սառն է։ Ուրիշ բաժակ բերեմ ձեզ։
Պյոտր Ստեպանովիչը, իրոք, ձեռքը տարել էր թեյնիկին և դատարկ բաժակ էր փնտրում։ Կիրիլլովը մոտեցավ պահարանին և մաքուր բաժակ բերեց։
― Նոր Կարմազինովի մոտ նախաճաշեցի,― նշեց հյուրը,― հետո լսում էի, թե ինչպես է նա խոսում, ու քրտնեցի, այստեղ էի շտապում՝ էլի քրտնեցի, անասելի խմել եմ ուզում։
― Խմեք։ Սառը թեյը լավ է։
Կիրիլլովը նորից նստեց աթոռին և նորից աչքերը հառեց անկյանը։
― Ընկերության մեջ միտք էր առաջացել,― շարունակեց նա միևնույն ձայնով,― որ ես կարող եմ օգտակար լինել, եթե ինքնասպան լինեմ, և որ երբ այստեղ ինչ-որ բան սարքեք ու սկսեն մեղավորներ փնտրել, ապա ես հանկարծ ինքնասպան կլինեմ և նամակ կթողնեմ, որ այդ ամենը ես եմ արել, այնպես որ ձեզ մի ամբողջ տարի կասկածել չեն կարող։
― Թեկուզ մի քանի օր, մի օրն էլ է թանկ։
― Լավ։ Այդ առումով ինձ ասին, որ ես, եթե ուզում եմ, սպասեմ։ Ես ասացի՝ կսպասեմ, մինչև որ ժամկետը կասեն Ընկերությունից, որովհետև ինձ համար մեկ է։
― Այո, բայց հիշեք, որ պայմանավորվել եք մինչ մահու նամակը հորինել միայն ու միայն ինձ հետ միասին, և Ռուսաստան գալով, կլինեք իմ... էհ, մի խոսքով, իմ տրամադրության տակ, այսինքն, միայն այդ դեպքում, անշուշտ, իսկ մնացած բոլոր դեպքերում դուք, իհարկե, ազատ եք,― համարյա սիրալիր ավելացրեց Պյոտր Ստեպանովիչը։
― Ես չեմ պարտավորվել, իսկ համաձայնել եմ, որովհետև ինձ համար մեկ է։
― Շատ լավ, շատ լավ, ամենևին մտադիր չեմ ճնշել ձեր ինքնասիրությունը, բայց...
― Սա ինքնասիրություն չէ։
― Բայց հիշեք, որ ձեզ համար հարյուրքսան թալեր են հավաքել՝ ճանապարհածախս, նշանակում է, դուք փող վերցրել եք։
― Բոլորովին ոչ,― բռնկվեց Կիրիլլովը,― փողը դրա համար չէր։ Դրա համար փող չեն վերցնում։
― Վերցնում են երբեմն։
― Սուտ եք ասում։ Ես նամակով հայտնել եմ Պետերբուրգից, իսկ Պետերբուրգում ձեզ եմ վճարել հարյուրքսան թալեր, ձեր ձեռքն եմ տվել... և փողն ուղարկված է այնտեղ, եթե միայն չեք պահել ձեզ մոտ։
― Լավ, լավ, չեմ վիճում ոչնչում, ուղարկված է։ Գլխավորը, որ դուք նույն մտքին եք, ինչ նախկինում։
― Նույն և նույն։ Երբ կգաք ու կասեք՝ «ժամանակն է», ես ամեն ինչ կկատարեմ։ Ի՞նչ է, շատ շուտո՞վ։
― Շատ օր չի մնացել... Բայց հիշեք, նամակը միասին ենք հորինում, հենց նույն գիշեր։
― Թեկուզև ցերեկը։ Դուք ասացիք, որ պիտի հանձն առնեմ թռուցիկնե՞րը։
― Էլի ինչ-որ բաներ։
― Ես ինձ վրա կվերցնեմ ոչ ամեն ինչ։
― Իսկ ի՞նչ չեք վերցնի,― նորից ալեկոծվեց Պյոտր Ստեպանովիչը։
― Ինչ չուզենամ։ Հերիք է։ Այլևս չեմ ուզում այդ մասին խոսել։
Պյոտր Ստեպանովիչն իրեն զսպեց և փոխեց խոսակցության նյութը։
― Ուրիշ բան եմ ասում,― նախազգուշացրեց նա,― այսօր երեկոյան կլինե՞ք մերոնց մոտ։ Վիրգինսկու անվանակոչությունն է, այդ պատրվակով էլ կհավաքվեն։
― Չեմ ուզում։
― Բարի եղեք, ուզեք։ Հարկավոր է։ Պետք է ներազդել թե քանակով, թե դեմքով... Ձեր դեմքը... դե, մի խոսքով, ճակատագրական դեմք ունեք։
― Դուք այդպե՞ս եք գտնում,― ծիծաղեց Կիրիլլովը։― Լավ, կգամ, միայն ոչ դեմքի համար։ Ե՞րբ։
― Օ՜, շուտ եկեք, վեցն անց կեսին։ Եվ գիտեք, դուք կարող եք ներս մտնել, նստել և ոչ ոքի հետ չխոսել, ինչքան էլ մարդ եղավ։ Միայն թե, գիտեք, չմոռանաք ձեզ հետ թուղթ ու մատիտ վերցնել։
― Ինչի՞ համար։
― Չէ որ ձեզ համար միևնույնն է, և դա իմ հատուկ խնդրանքն է։ Դուք միայն կնստեք, ոչ մեկի հետ չխոսելով, և մեկ-մեկ իբր նշումներ կանեք, թեկուզ ինչ-որ բան նկարեք։
― Ինչ հիմարություն, ինչի՞ համար։
― Դե, եթե ձեզ համար միևնույն է, չէ որ դուք շարունակ ասում եք, թե ձեզ համար միևնույն է։
― Չէ, ինչի՞ համար։
― Հենց նրա համար, որ Ընկերության այն անդամը՝ վերաքննիչը, մնացել է Մոսկվայում, իսկ ես այնտեղ ոմանց հայտարարել եմ, որ գուցեև վերաքննիչ գա։ Ու նրանք կմտածեն, որ վերաքննիչը հենց դուք եք որ կաք, իսկ քանի որ արդեն երեք շաբաթ այստեղ եք, ապա ավելի շատ կզարմանան։
― Ֆոկուսնե՜ր։ Ոչ մի վերաքննիչ էլ չունեք՝ Մոսկվայում մնացած։
― Թեկուզև չունենք, գրողը տանի դրան, ձեր ի՞նչ գործն է դա և ի՞նչ մի դժվարություն է ձեզ համար։ Ինքներդ եք Ընկերության անդամ։
― Ասացեք նրանց, որ ես եմ վերաքննիչը։ Ես կնստեմ ու կլսեմ, իսկ թուղթ ու մատիտ չեմ ուզում։
― Իսկ ինչո՞ւ։
― Չեմ ուզում։
Պյոտր Ստեպանովիչը զայրացավ, նույնիսկ կանաչեց, սակայն նորից զսպեց իրեն, վեր կացավ ու վերցրեց շլյապան։
― Էս հոգավորը ձեզ մո՞տ է,― հանկարծ ասաց նա կիսաձայն։
― Ինձ մոտ է։
― Դա լավ է։ Շուտով ես նրան կտանեմ, չանհանգստանաք։
― Չեմ անհանգստանում։ Նա միայն գիշերում է։ Պառավը հիվանդանոցում է, հարսը մեռել է, երկու օր է, մենակ եմ։ Նրան ցույց եմ տվել ցանկապատի անցքը, ուր տախտակը բարձրանում է։ Նա ներս է սողոսկում, ոչ ոք չի տեսնում։
― Շուտով ես նրան կվերցնեմ։
― Ասում է, թե գիշերելու տեղ շատ ունի։
― Ատում է, նրան որոնում են, իսկ այստեղ առայժմ աննկատ է։ Մի՞թե նրա հետ խոսքի եք բռնվում։
― Այո, ամբողջ գիշեր։ Նա ձեզ շատ է հայհոյում։ Գիշերը նրան Հայտնություն էի կարդում, ու՝ թեյ։ Ուշադիր էր լսում, նույնիսկ շատ, ամբողջ գիշեր։
― Ահ, գրողը տանի, դուք նրան քրիստոնեական հավատքին կդարձնեք։
― Առանց այդ էլ, քրիստոնեական հավատքի է։ Մի անհանգստացեք, կսպանի։ Ո՞ւմ եք ուզում սպանել։
― Չէ, նա դրա համար չէ ինձ մոտ, ուրիշ բանի համար է... Իսկ Շատովը Ֆեդկայի մասին գիտե՞։
― Ես Շատովի հետ ոչինչ չեմ խոսում ու չեմ տեսնում։
― Բարկանո՞ւմ է արդյոք։
― Չէ, բարկանալ չունենք, միայն երես ենք դարձնում։ Չափից ավելի ենք կողք-կողքի պառկել Ամերիկայում։
― Հիմա նրա մոտ եմ մտնելու։
― Ինչպես կուզեք։
― Ստավրոգինի հետ այնտեղից գուցե ձեզ մոտ անցնենք, էսպես, ժամը տասի մոտ։
― Եկեք։
― Կարևոր բան ունեմ նրա հետ... Գիտեք ինչ, ինձ նվիրեք ձեր գնդակը, ձեր ինչի՞ն է պետք հիմա։ Ինձ էլ է պետք մարմնամարզության համար։ Ես ձեզ փող էլ կտամ։
― Վերցրեք այնպես։
Պյոտր Ստեպանովիչը գնդակը դրեց ետևի գրպանը։
― Իսկ ես ձեզ չեմ տա և ոչինչ՝ Ստավրոգինի դեմ,― հյուրին դուրս թողնելիս մրթմրթաց Կիրիլլովը։ Հյուրը զարմանքով նրան նայեց, բայց չպատասխանեց։
Կիրիլլովի վերջին բառերը Պյոտր Ստեպանովիչին շփոթեցրին չափազանց։ Նա դեռ չէր հասցրել իմաստավորել, բայց Շատովի տուն տանող սանդուղքի վրա դեռ ջանաց իր դժգոհ տեսքը փոխել ու սիրալիր դարձնել։ Շատովը տանն էր ու մի քիչ տկար։ Պառկած էր անկողնու վրա, իմիջիայլոց, հագնված։
― Այ քեզ անհաջողություն,― բղավեց Պյոտր Ստեպանովիչը շեմից։― Լո՞ւրջ հիվանդ եք։
Նրա դեմքի փաղաքուշ արտահայտությունը հանկարծ չքացավ, մի չոր բան փայլատակեց աչքերի մեջ։
― Բոլորովին,― նյարդայնացած վեր թռավ Շատովը,― բոլորովին հիվանդ չեմ, գլուխս է մի քիչ...
Նա նույնիսկ կորցրել էր իրեն, այդպիսի հյուրի հանկարծակի հայտնվելը հիմնովին վախեցրել էր նրան։
― Ես հենց այնպիսի գործով եմ եկել, որ հիվանդանալ պետք չէ,― սկսեց Պյոտր Ստեպանովիչն արագ ու մի տեսակ հրամայական,― թույլ տվեք նստել (նստեց), իսկ դուք նորից նստեք ձեր մահճակալին, այդպես։ Այսօր ծննդյան օրվա պատրվակով Վիրգինսկու մոտ հավաքվելու են մերոնցից, ի դեպ, ուրիշ երանգ չի լինելու ամենևին, միջոցներ են ձեռնարկված։ Ես գալու եմ Նիկոլայ Ստավրոգինի հետ։ Իհարկե, ես ձեզ քարշ չէի տա այնտեղ, իմանալով ձեր ներկայիս մտածելակերպը... այսինքն, այն իմաստով, որ այնտեղ ձեզ չտանջեն, այլ ոչ թե որ մտածում ենք, թե կմատնեք։ Բայց այնպես ստացվեց, որ ստիպված եք գալ։ Այնտեղ կհանդիպեք հենց նրանց, ում հետ վերջնականապես կվճռենք, թե ինչ եղանակով եք թողնելու Ընկերությունը և ում եք հանձնելու ձեզ մոտ եղածը։ Աննկատ կանենք, ես ձեզ կտանեմ մի անկյուն, ժողովուրդ շատ կլինի, պետք չէ, որ բոլորն իմանան։ Խոստովանեմ, որ ստիպված եմ եղել ձեր պատճառով լեզու թափել։ Բայց հիմա, կարծես թե, նրանք էլ են համաձայն, անշուշտ, մի պայմանով, որ հանձնեք տպարանը և բոլոր թղթերը։ Այդ դեպքում, ուր ուզում եք, գնացեք։
Շատովը լսում էր խոժոռված և չարացած։ Քիչ առաջվա նյարդային երկյուղը լքել էր նրան բոլորովին։
― Ես ոչ մի պարտականություն չեմ ընդունում, սատանան գիտե, թե ում եմ հաշվետվություն տալու,― խոսեց նա կտրականապես,― ոչ ոք չի կարող ինձ ազատ արձակել։
― Ոչ լիովին։ Ձեզ շատ բան է վստահվել։ Դուք իրավունք չունեիք ուղղակի խզել։ Եվ վերջապես, դուք երբեք չեք հայտարարել այդ մասին հստակ, այնպես որ նրանց թողել եք երկիմաստ վիճակում։
― Այստեղ գալուս պես, ես հստակ հայտնել եմ նամակով։
― Չէ, հստակ չէ,― հանգիստ առարկեց Պյոտր Ստեպանովիչը,― օրինակ, ես ձեզ ուղարկել էի «Լուսավոր անձը», որ այստեղ տպագրեք և օրինակները պահեք՝ ցպահանջ, ձեզ մոտ մի տեղ։ Նաև՝ երկու թռուցիկ։ Դուք ետ եք ուղարկել երկիմաստ նամակով, որը ոչինչ չի նշանակում։
― Ես ուղղակի հրաժարվել եմ տպագրել։
― Այո, բայց ոչ ուղղակի։ Դուք գրել էիք. «Չեմ կարող», բայց չէիք բացատրել, ինչ պատճառով։ «Չեմ կարող»-ը չի նշանակում «չեմ ուզում»։ Կարելի էր մտածել, որ դուք նյութական պատճառներով չեք կարող։ Այդպես էլ հասկացան ու գտան, որ դուք, այնուամենայնիվ, համաձայն եք շարունակել կապը Միության հետ, իսկ դա նշանակում է, որ կարող էին նորից ձեզ ինչ-որ բան վստահել, հետևաբար՝ իրենց վարկաբեկել։ Այստեղ նրանք ասում են, որ դուք պարզապես ուզել եք խաբել, այն հաշվով, որ կարևոր որևէ հաղորդագրություն ստանալով, մատնեք։ Ես ձեզ պաշտպանում էի ամբողջ ուժով և ցույց տվեցի ձեր գրավոր պատասխանը երկու տողով, որպես փաստաթուղթ ձեր օգտին։ Բայց ինքս էլ պիտի խոստովանեմ, հիմա կարդալով, որ այդ երկու տողը հստակ չեն և խաբող բան ունեն։
― Իսկ ձեզ մոտ այդ նամակը խնամքով պահվե՞լ է։
― Ոչինչ, որ ինձ մոտ է պահվել, հիմա էլ է մոտս։
― Թող լինի, գրողը տանի...― մոլեգնած բղավեց Շատովը։
― Թող ձեր հիմարները մտածեն, թե ես մատնել եմ, իմ ինչ գործն է։ Ես կուզեի տեսնել, թե ի՞նչ կարող եք դուք ինձ անել։
― Ձեզ նկատի կառնեին և հեղափոխության առաջին հաջողության դեպքում կկախեին։
― Երբ դուք գրավեք բարձրագույն իշխանությունը և հպատակեցնեք Ոուսաստա՞նը։
― Դուք մի ծիծաղեք։ Կրկնում եմ, ես ձեզ պաշտպանել եմ։ Այսպես, թե այնպես, այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս այսօր ներկայանալ։ Ի՞նչ պետք են անտեղի խոսքերը՝ ինչ-որ կեղծ հպարտության պատճառով։ Ավելի լավ չէ՞ բաժանվել բարեկամաբար։ Չէ որ բոլոր դեպքերում ստիպված եք լինելու հանձնել հաստոցը, տառերն ու հին թղթերը, ահա հենց այդ մասին էլ կխոսենք։
― Կգամ,― մրթմրթաց Շատովը՝ մտազբաղ կախած գլուխը։ Պյոտր Ստեպանովիչը շեղակի նրան էր զննում իր տեղից։
― Ստավրոգինը լինելո՞ւ է,― հանկարծ հարցրեց Շատովը՝ գլուխը բարձրացնելով։
― Անպայման կլինի։
― Հե-հե՛։
Նորից մի րոպե լռեցին։ Շատովը խորշանքով ու բարկացած ժպտում էր քթի տակ։
― Իսկ ձեր այդ ստոր «Լուսավոր անձը», որը չէի ուզում այստեղ տպագրել, տպագրվե՞լ է։
― Տպագրվել է։
― Գիմնազիստներին հավատացնե՞նք, որ անձամբ Գերցենն է գրել ձեր ալբոմում։
― Գերցենն անձամբ։
Դարձյալ լռեցին մի երեք րոպե։ Շատովը վերջապես վեր կացավ անկողնու վրայից։
― Դուրս եկեք այստեղից, ես չեմ ուզում նստել ձեզ հետ միասին։
― Գնում եմ,― նույնիսկ մի տեսակ ուրախ ասաց Պյոտր Ստեպանովիչը՝ անմիջապես ոտքի ելնելով,― միայն մի խոսք. Կիրիլլովը, կարծեմ թե, հիմա մեն-մենա՞կ է կողաշենքում, առանց աղախնի՞։
― Մեն-մենակ։ Գնացեք, ես չեմ կարող մնալ ձեզ հետ մի սենյակում։
«Ըհը, շատ լավն ես հիմա,― ուրախ մտմտում էր Պյոտր Ստեպանովիչը՝ փողոց ելնելով,― լավ կլինես նաև երեկոյան, իսկ ինձ հենց այդպիսին ես պետք հիմա, ավելի լավ ուզենալ չէր կարելի, ավելի լավ չէր կարելի։ Ինքը՝ ռուսական Աստված է օգնում»։
=== VII ===
Հավանաբար, այդ օրը զանազան գործերով նա շատ վազվզեց դեսուդեն, և պետք է որ՝ բարեհաջող, ինչը դաջված էր ինքնագոհ արտաքինին, երբ երեկոյան, ճիշտ ժամը վեցին, նա հայտնվեց Նիկոլայ Վսեվոլոդովիչի մոտ։ Բայց նրան անմիջապես ներս չթողեցին, Նիկոլայ Վսեվոլոդովիչի հետ աշխատասենյակում հենց նոր փակվել էր Մավրիկիյ Նիկոլաևիչը։ Այդ լուրն ակնթարթորեն մտահոգեց նրան։ Տեղավորվեց աշխատասենյակի հենց դռան մոտ, որ սպասի հյուրի ելնելուն։ Խոսակցության ձայները գալիս էին, բայց բառերը զանազանել չէր լինի։ Կարճ տևեց այցելությունը, շուտով աղմուկ լսվեց, չափազանց բարձր ու կտրուկ ձայն հնչեց, որից հետո բացվեց դուռը և Մավրիկիյ Նիկոլաևիչը դուրս եկավ միանգամայն գունատված դեմքով։ Նա չնկատեց Պյոտր Ստեպանովիչին և արագ անցավ կողքով։ Պյոտր Ստեպանովիչն իսկույն ներս վազեց աշխատասենյակ։
Չեմ կարող շրջանցել մանրամասն հաշվետվությունը երկու «ախոյանների» այդ չափազանց կարճատև տեսակցության մասին, մի տեսակցության, որն առկա հանգամանքներում, ըստ երևույթին, անհնար էր, բայց և այնպես կայացել էր։
Այսպես էր եղել. Նիկոլայ Վսեվոլոդովիչը ննջում էր իր թախտին, ճաշից հետո, երբ Ալեքսեյ Եգորովիչը զեկուցեց անսպասելի հյուրի գալստյան մասին։ Լսելով անունը, նա նույնիսկ վեր թռավ տեղից ու չէր ուզում հավատալ։ Բայց շուտով ժպիտ խաղաց շրթունքներին՝ գոռոզ ցնծության և մի տեսակ հիմար ու անվստահ զարմանքի ժպիտ։ Ներս մտած Մավրիկիյ Նիկոլաևիչը կարծես թե ապշեց այդ արտահայտությունից, համենայն դեպս, միանգամից կանգ առավ սենյակի մեջտեղում, կարծես վճռելով, առաջ անցնի՞, թե ետ դառնա։ Տանտերն իսկույն կարողացավ փոխել դեմքի արտահայտությունը և լուրջ տարակուսանքի տեսքով քայլեց ընդառաջ։ Հյուրը չբռնեց իրեն պարզված ձեռքը, աթոռն անհարմար մոտեցրեց և, ոչ մի բառ չասելով, նստեց տանտիրոջ առաջ՝ չսպասելով հրավերի։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը շեղակի նստեց թախտին և, զննելով Մավրիկիյ Նիկոլաևիչին, լուռ սպասում էր։
― Եթե կարող եք, ապա ամուսնացեք Լիզավետա Նիկոլաևնայի հետ,― հանկարծակի ընծայեց Մավրիկիյ Նիկոլաևիչը, և ամենահետաքրքրականն այն էր, որ ձայնի ելևէջից ամենևին չէր լինի իմանալ, թե ինչ է դա. խնդիրք, երաշխավորություն, զիջում, թե հրաման։
Նիկոլայ Վսեվոլոդովիչը շարունակում էր լռել, բայց հյուրը, ակներևաբար, արդեն սպառել էր այն ամենը, ինչի համար եկել էր, ու նայում էր անքթիթ՝ սպասելով պատասխանի։
― Եթե չեմ սխալվում (ի դեպ, դա չափից ավելի ճիշտ էր), Լիզավետա Նիկոլաևնան արդեն նշանված է ձեզ հետ,― վերջապես խոսեց Ստավրոգինը։
― Նշանված է և նշանադրված,― վստահ ու հստակ հաստատեց Մավրիկիյ Նիկոլաևիչը։
― Դուք... վիճե՞լ եք.... Ներեցեք ինձ, Մավրիկիյ Նիկոլաևիչ։
― Ոչ, նա ինձ «սիրում և հարգում է»՝ նրա բառերն են։ Նրա բառերը թանկ են ամեն ինչից։
― Դրանում կասկած չկա։
― Բայց իմացեք, որ եթե նա կանգնած լինի հենց գրակալի մոտ, պսակի տակ, իսկ դուք նրան ձայն տաք, ապա կթողնի ինձ էլ, բոլորին էլ ու կգա ձեզ հետ։
― Պսակի տակի՞ց։
― Պսակից հետո էլ։
― Չե՞ք սխալվում արդյոք։
― Ոչ։ Ձեր հանդեպ ունեցած շարունակական, անկեղծ ու ամենակուլ ատելության տակից ամեն վայրկյան բոցկլտում է սերը և... խելագարությունը... ամենաանկեղծ ու անչափելի սերն ու խելագարությունը։ Ընդհակառակն, սիրո պատճառով, որ նա տածում է իմ նկատմամբ, նույնպես անկեղծորեն, ամեն վայրկյան բոցկլտում է ատելությունը՝ ամենամեծ։ Նախկինում ես երբեք չէի կարող պատկերացնել բոլոր այդ... կերպափոխությունները։
― Բայց ես զարմանում եմ, ինչպե՞ս կարող էիք սակայն գալ և տնօրինել Լիզավետա Նիկոլաևնայի ձեռքը։ Դրա իրավունքն ունե՞ք։ Թե՞՝ նա է ձեզ լիազորել։
Մավրիկիյ Նիկոլաևիչը խոժոռվեց ու մի րոպե կախեց գլուխը։
― Չէ որ դրանք սոսկ բառեր են ձեր կողմից,― խոսեց նա միանգամից,― քինոտ և ցնծացող բառեր, ես վստահ եմ, դուք հասկանում եք բառերով չասվածը, և մի՞թե պատշաճ է այստեղ մանր սնափառությունը։ Քի՞չ է ձեզ բավարարումը։ Մի՞թե պետք է ծամծմել, ամեն շեշտ տեղը դնել։ Թույլ տվեք, ես կնշեմ, եթե ձեզ այդքան պետք է իմ նսեմացումը, իրավունք չունեմ, լիազորությունն անհնար է։ Լիզավետա Նիկոլաևնան ոչինչ չգիտե, իսկ նրա փեսացուն խելքի վերջին փշուրն է կորցրել ու գժանոցի է արժանի, ի լրումն ամեն ինչի, ինքն է գալիս ձեզ զեկույց տալու այդ մասին։ Ամբողջ աշխարհում միայն դուք կարող եք նրան երջանկացնել, և միայն ես՝ դժբախտացնել։ Դուք նրան վիճարկում եք, հետապնդում եք նրան, բայց չգիտեմ ինչու, չեք ամուսնանում։ Եթե դա արտասահմանում եղած սիրային վեճ է և դա խափանելու համար պետք է ինձ զոհաբերել, զոհաբերեք։ Նա չափից ավելի դժբախտ է, և ես չեմ կարող դրան դիմանալ։ Իմ խոսքերը թույլտվություն չեն, կարգադրություն չեն, ուստիև ձեր ինքնասիրությանը վիրավորանք չկա։ Եթե դուք ուզեիք իմ տեղը բռնել գրակալի մոտ, ապա դա կարող էիք անել առանց որևէ թույլտվության իմ կողմից և անշուշտ, իմ ցնորքով ես ձեզ մոտ գալու պետք չէի ունենա։ Առավել ևս, որ մեր հարսանիքն էլ, այս քայլից հետո, միանգամայն անհնար է։ Հո չե՞մ կարող նրան եկեղեցի տանել որպես սրիկա։ Այն, ինչ ասում եմ այստեղ և այն, որ նրան հանձնում եմ ձեզ, թերևս նրա ամենաոխերիմ թշնամուն, իմ կարծիքով, այնպիսի ստորություն է, որին, անշուշտ, երբեք չեմ դիմանալու։
― Ինքնասպա՞ն եք լինելու, երբ մեզ պսակեն։
― Չէ, շատ ավելի ուշ։ Ինչի՞ համար իմ արյամբ կեղտոտեմ նրա հարսանյաց զգեստը։ Գուցեև ամենևին ինքնասպան չլինեմ, ոչ հիմա, ոչ ավելի ուշ։
― Այդ ասելով, հավանաբար, ցանկանում եք ինձ հանգստացնե՞լ։
― Ձե՞զ։ Մի ավելորդ շիթ արյունն ի՞նչ կարող է նշանակել ձեզ համար։
Նա գունատվեց, և աչքերը փայլատակեցին։ Մի պահ լռություն հետևեց։
― Ներեցեք ինձ՝ ձեզ առաջարկված հարցերի համար,―նորից սկսեց Ստավրոգինը,― դրանցից մի քանիսը ոչ մի իրավունք չունեի ձեզ տալ, բայց մի հարցի կատարյալ իրավունքը, կարծում եմ, ունեմ, ասացեք, ի՞նչ տվյալներ են ստիպել ձեզ՝ եզրակացնել Լիզավետա Նիկոլաևնայի հանդեպ իմ ունեցած զգացմունքների մասին։ Նկատի ունեմ զգացմունքների այն աստիճանը, որի վստահությունը ձեզ թույլ է տվել գալ ինձ մոտ և... սիրտ անել նման առաջարկով։
― Ինչպե՞ս թե,― նույնիսկ թեթևակի ցնցվեց Մավրիկիյ Նիկոլաևիչը,― միթե հետամուտ չե՞ք եղել։ Հետամուտ չեք և չե՞ք ուզում լինել։
― Ընդհանրապես, այս կամ այն կնոջ հանդեպ իմ զգացմունքների մասին ես չեմ կարող բարձրաձայն ասել մի երրորդ դեմքի, նաև՝ ում ասես, բացառությամբ սոսկ այդ կնոջ։ Ներեցեք, օրգանիզմի այդպիսի մի տարօրինակություն ունեմ։ Բայց փոխարենը ես ձեզ կասեմ մնացյալ ամբողջ ճշմարտությունը, ես ամուսնացած եմ և ամուսնանալ կամ «հետամուտ լինել» արդեն անհնար է ինձ համար։
Մավրիկիյ Նիկոլաևիչն այնքան էր ապշած, որ ետ ընկավ բազմոցի թիկնակին ու որոշ ժամանակ անշարժ նայում էր Ստավրոգինի դեմքին։
― Պատկերացրեք, բոլորովին չեմ մտածել այդ մասին,― մրթմրթաց նա,― այն ժամանակ դուք ասացիք, այն առավոտյան, որ ամուսնացած չեք... այդպես էլ հավատացի, որ ամուսնացած չեք...
Նա ահավոր գունատվում էր, հանկարծ բռունցքն ամբողջ ուժով խփեց սեղանին։
― Եթե այսպիսի խոստովանությունից հետո դուք չթողնեք Լիզավետա Նիկոլաևնային ու դժբախտացնեք նրան ինքներդ, ապա ես ձեզ շանսատակ կանեմ փայտով, ցանկապատի տակ։
Նա վեր թռավ ու արագ ելավ սենյակից։ Ներս խուժած Պյոտր Ստեպանովիչը տանտիրոջը տեսավ ամենաանսպասելի տրամադրության մեջ։
― Ա՜, դուք եք,― բարձրաձայն քրքջաց Ստավրոգինը։ Թվում էր, նա քրքջում է սոսկ Պյոտր Ստեպանովիչի կերպարանքի վրա, որը ներս էր ընկել այդպիսի բուռն հետաքրքրությամբ։
― Դռան տակ ակա՞նջ էիք դրել։ Սպասեք, ինչ-որ բանի՞ համար եք եկել։ Ինչ-որ բան ձեզ խոստացել եմ... Ա՜, բա՜։ Հիշեցի՝ «մերոնց» մոտ։ Գնացինք, շատ ուրախ եմ, ավելի տեղին ուրիշ ոչինչ չէիք կարող հիմա հորինել։
Նա վերցրեց շլյապան, և երկուսով, առանց հապաղելու, դուրս եկան։
― Նախապե՞ս եք ծիծաղում, որ տեսնելու եք «մերոնց»,― ուրախ-ուրախ պտույտներ էր տալիս Պյոտր Ստեպանովիչը՝ մեկ ջանալով ուղեկցի հետ քայլել կողք-կողքի, աղյուսապատ նեղ մայթով, մեկ առաջ վազելով նույնիսկ մի լրիվ փողոց, հենց ցեխի միջով, որովհետև ուղեկիցն ամենևին չէր նկատում, որ մենակ է քայլում, մայթի ճիշտ մեջտեղով, նշանակում է՝ գրավել է ամբողջ մայթը մենակ իրենով։
― Բոլորովին չեմ ծիծաղում,― բարձրաձայն և զվարթ պատասխանեց Ստավրոգինը,― ընդհակառակն, համոզված եմ, որ այնտեղ, ձեզ մոտ ամենալուրջ ժողովուրդն է հավաքվել։
― «Մռայլադեմ բթամիտներ», ինչպես մի անգամ հաճեցիք արտահայտվել։
― Ավելի ուրախ բան չկա, քան որևէ մռայլադեմ բթամիտ։
― Ա՜, այդ մեկը Մավրիկիյ Նիկոլաևիչի մասին ասացիք։ Ես համոզված եմ, որ նոր ինքն էր եկել՝ հարսնացուն ձեզ զիջելու, չէ՞։ Այդ ես եմ կողմնակիորեն դրդել նրան, կարող եք պատկերացնել։ Իսկ թե չզիջեց, ինքներս կվերցնենք նրանից, հը՞։
Պյոտր Ստեպանովիչը, հարկավ, գիտեր, որ վտանգվում է՝ մտնելով նման խաղերի մեջ, բայց երբ բորբոքված էր լինում, ավելի լավ էր համարում վտանգել ամեն ինչ, քան մնալ անհայտության մեջ։ Նիկոլայ Վսեվոլոդովիչը սոսկ ծիծաղեց։
― Իսկ դուք դեռ շարունակո՞ւմ եք հուսալ, որ ինձ կօգնեք,― հարցրեց նա։
― Եթե կանչեք։ Բայց գիտեք ինչ, ամենալավագույն ճանապարհը կա։
― Գիտեմ ձեր ճանապարհը։
― Է, չէ՜, առայժմ դա գաղտնիք է։ Հիշեք միայն, որ գաղտնիքը փող արժե։
― Գիտեմ, թե ինչքան արժե,― քթի տակ փնթփնթաց Ստավրոգինը, բայց զսպեց իրեն ու լռեց։
― Ինչքա՞ն, ինչ ասացի՞ք,― սրսփաց Պյոտր Ստեպանովիչը։
― Ես ասացի՜ գրողի ծոցը դուք էլ, ձեր գաղտնիքն էլ։ Ավելի լավ է, ասեք ինձ. ո՞վ կա այնտեղ, ձեզ մոտ։ Գիտեմ, որ անվանակոչության ենք գնում, բայց ո՞վ կա հատկապես։
― Օ՜, ծայրաստիճան խառնիխուռն մարդիկ։ Նույնիսկ Կիրիլլովն է լինելու։
― Լրիվ խմբակների անդամնե՞ր։
― Գրողը տանի, ինչքան եք շտապում։ Այստեղ մի խմբակ էլ չի կազմվել։
― Իսկ ինչպե՞ս եք ցրել այդքան թռուցիկ։
― Այնտեղ, ուր մենք գնում ենք, ընդամենը չորսն են խմբակի անդամ։ Մնացյալը՝ սպասումի մեջ, լրտեսում են միմյանց, իրար առաջ կտրելով և ինձ են դիմանում։ Հուսալի ժողովուրդ է։ Այդ ամբողջը նյութ է, որը պիտի կազմակերպել, նաև մաքրել։ Ասենք, կանոնադրությունը ինքներդ եք գրել, ձեզ ինչ բացատրեմ։
― Իսկ ի՞նչ, գործը դժվա՞ր է գնում։ Խցանվե՞լ է։
― Գնո՞ւմ։ Հարկ եղածից ավելի հեշտ։ Ծիծաղեցնեմ ձեզ. առաջինը, ինչ ահավոր ազդում է, մունդիրն է։ Մունդիրից ուժեղ ոչինչ չկա։ Ես դիտավորյալ հորինում եմ աստիճաններ ու պաշտոններ, քարտուղարներ ունեմ, գաղտնի հետևողներ, գանձապահներ, նախագահներ, մատենավարներ, նրանց օգնականներ՝ շատ է դուր գալիս ու գերազանց ընդունվեց։ Գիտեք, սոցիալիզմը մեզանում տարածվում է գերակշռորեն սենտիմենտալիզմից։ Մի փորձանք կա, այդ կծան փոխպորուչիկներն են, մեկ էլ տեսար՝ դեմ առար։ Ապա գալիս են զուտ խաբեբաները, սրանք թերևս լավ ժողովուրդ են, երբեմն շատ են օգտակար, սակայն նրանց վրա շատ ժամանակ է կորչում, անդադար հսկողություն է պահանջվում, Դե, և վերջապես, ամենագլխավոր ուժը, ամեն ինչ շաղախող ցեմենտը՝ սեփական կարծիքի ամոթն է։ Ա՜յ թե ուժ եմ ասել։ Եվ այդ ով է աշխատել, այդ որ «սիրելին» է ջանացել, որ ոչ մի հատիկ սեփական գաղափար չի մնացել և ոչ մի գլխում։ Ամոթից հարգում են։
― Իսկ թե որ էդպես է, ինչի՞ վրա եք ջանք թափում։
― Իսկ թե որ մեկնվել ու բերանն է բացել բոլորի վրա, էլ ինչպե՞ս կարող ես նրան չթռցնել։ Կարծես թե լրջորեն չե՞ք հավատում, որ հաջողությունը հնարավոր է։ Էհ, հավատը կա ու կա, մենակ ուզենալ է պետք։ Այո, հենց մենակ էդպիսիների հետ է հնարավոր հաջողությունը։ Ես ձեզ ասում եմ, ինձ մոտ նա կրակի մեջ էլ կգնա, բավական է միայն գոռալ վրան, որ բավականաչափ ազատական չէ։ Հիմարները կշտամբում են, որ այստեղ բոլորին խաբել եմ կենտրոնական կոմիտեով և «անթիվ ճյուղավորումներով»։ Ինքներդ եք մի անգամ հանդիմանել, իսկ ո՞րն է այստեղ խաբեությունը, կենտրոնական կոմիտեն ես ու դու ենք, իսկ ճյուղավորումները կլինեն, որքան ուզենաք։
― Ու բոլորը՝ կարգին սրիկաներ։
― Նյութ։ Պետք կգան դրանք էլ։
― Իսկ դուք ինձ վրա դեռևս հույս ունե՞ք։
― Դուք պետք եք. ուժ եք։ Ես միայն ձեր կողքին կլինեմ, որպես քարտուղար։ Գիտեք ինչ, մենք կնստենք նավակը... թիերը թխկենուց, առագաստները մետաքսից, խելին նստած մի սիրուն աղջիկ, լույսի կտոր Լիզավետա Նիկոլաևնան... կամ՝ ինչպես էր երգը, գրողը տանի...
― Դեմ առավ,― քրքջաց Ստավրոգինը։― Չէ, ավելի լավ է, ես ձեզ մի փոքր հեքիաթ պատմեմ։ Ահա, մատների վրա հաշվում էիք, թե ի՞նչ ուժերից են խմբակները կազմվում։ Այն ամենը, ինչ աստիճանավորություն է ու սենտիմենտալություն, լավ սոսինձ է, բայց մի ավելի լավ բան կա. խմբակի չորս անդամներին սադրեք հինգերորդի գլուխն ուտեն, այն պատրվակով, թե պիտի մատներ, և տեղնուտեղը նրանց բոլորին, թափված արյամբ, մի հանգույցով կկապեք։ Կդառնան ձեր ստրուկները, չեն համարձակվի ընդվզել ու հաշվետվություններ պահանջել։ Հա-հա-հա ։
«Բայց դու... բայց դու այդ խոսքերն ինձնից ետ պիտի գնես,― ինքն իրեն մտածում էր Պյոտր Ստեպանովիչը,― և նույնիսկ այս երեկո։ Չափից ավելին ես արդեն քեզ թույլ տալիս»։
Այսպես կամ թե համարյա այսպես պիտի մտմտար Պյոտր Ստեպանովիչը։ Ի դեպ, արդեն մոտենում էին Վիրգինսկու տանը։
― Անշուշտ, այնտեղ դուք ինձ ներկայացրել եք որպես ինչ-որ անդամ արտասահմանից, Internationale-ի հետ կապեր ունեցող, վերաքննի՞չ,― հանկարծ հարցրեց Ստավրոգինը։
― Ոչ, դուք վերաքննիչ չեք։ Վերաքննիչը դուք չեք լինի, բայց դուք հիմնադիր-անդամ եք արտասահմանում, ում հայտնի են կարևորագույն գաղտնիքներ՝ ահա ձեր դերը։ Դուք, իհարկե, պիտի խոսե՞ք։
― Այդ ինչի՞ց որոշեցիք։
― Հիմա պարտավոր եք խոսել։
Ստավրոգինը նույնիսկ զարմացած կանգ առավ փողոցի մեջտեղում, լապտերից ոչ հեռու։ Պյոտր Ստեպանովիչը հանդուգն ու հանգիստ դիմացավ նրա հայացքին։ Ստավրոգինը թքեց ու շարունակեց ճամփան;
― Իսկ դուք խոսելո՞ւ եք,― հանկարծ հարցրեց նա։
― Ոչ, արդեն ձեզ կլսեմ։
― Գրողը ձեզ տանի։ Դուք իսկապես ինձ միտք տվեցիք։
― Ի՞նչ միտք,― վրա տվեց Պյոտր Ստեպանովիչը։
― Այնտեղ թերևս ես կխոսեմ, բայց փոխարենը հետո ձեզ կթակեմ և, գիտեք, լավ տուր կտամ։
― Իմիջիայլոց, ձեր մասին օրերս ասացի Կարմազինովին, իբր նրա մասին ասել եք, թե նրան հարկ է ծեծել, և ոչ պարզապես պատվից ելնելով, այլ ինչպես մուժիկին են ծեծում, ցավալի։
― Նման բան երբեք չեմ ասել, հա-հա՛։
― Ոչինչ։ Se non e vero...<ref>Եթե ճիշտ էլ չէ (իտալ.)։</ref>
― Շնորհակալություն, անկեղծորեն երախտապարտ եմ։
― Գիտեք, թե նաև ինչ է ասում Կարմազինովը. որ ըստ էության, մեր ուսմունքը պատվո ժխտումն է և որ անպատվության բացահայտ իրավունքով ամենահեշտն է ռուս մարդուն իր ետևից տանելը։
― Սքանչելի՜ բառեր են։ Ոսկի՜ բառեր,― բղավեց Ստավրոգինը։― Ճիշտ կետին է խփել։ Անպատվության իրավունք՝ այդ դեպքում բոլորը մեզ մոտ կվազեն, ոչ մեկը չի մնա։ Բայց լսեք, Վերխովենսկի, դուք բարձրագույն ոստիկանությունից չե՞ք, հը՞։
― Բայց չէ որ մեկը, եթե նման հարցեր է պահում գլխում, բարձրաձայն չի հարցնում։
― Հասկանում եմ, բայց մենք ու մերոնք ենք։
― Ոչ, առայժմ բարձրագույն ոստիկանությունից չեմ։ Բավական է, հասանք։ Սի արտաքին հորինեք, Ստավրոգին, ես միշտ հորինում եմ, երբ մտնում եմ նրանց մոտ։ Ավելի շատ մռայլություն, ուրիշ ոչինչ պետք չէ, վերջ։ Շատ հասարակ մի բան։
== Գլուխ յոթերորդ. Մերոնց մոտ ==