Changes
Նոր էջ «= Մասն երրորդ = == Գիրք յոթերորդ։ Ալյոշա == === I։ Ապականության շունչը === Ննջեցյալ սքեմազգյաց աբեղա ս...»:
= Մասն երրորդ =
== Գիրք յոթերորդ։ Ալյոշա ==
=== I։ Ապականության շունչը ===
Ննջեցյալ սքեմազգյաց աբեղա սրբահայր Զոսիմայի մարմինը թաղման պատրաստեցին ըստ սահմանված կարգի։ Մահացած վանականներին և սքեմազգյացներին, ինչպես հայտնի է, չեն լվանում։ «Հորժամ ոմն ի վանականաց հանգչի ի տեր (ասված է մեծ ծիսարանում), ապա սահմանյալ վանականը (այսինքն՝ այդ բանի համար նշանակվածը) տաք ջրով սրբում է մարմինը նորա, նախապես սպունգով խաչակնքելով ճակատը վախճանյալի, կուրծքը, ձեռքերը և ոտքերն ու ծնկները, և ոչինչ առավել»։ Այդ բոլորը հայր Պաիսին կատարեց անձամբ։ Սրբումից հետո վանական զգեստ հագցրեց ննջեցյալին և պարուրեց պատմուճանով, որ փոքր-ինչ կտրատեց ըստ կանոնի, որպեսզի պարուրի խաչաձև. գլխին ութանկյուն խաչով մի փեղույր դրեց։ Ննջեցյալի դեմքը ծածկեցին սև շուշփայով, իսկ փեղույրը բաց մնաց։ Ձեռքերի մեջ փրկչի սրբապատկերը դրեցին։ Եվ այդ հանդերձանքով էլ առավոտյան դեմ փոխադրեցին դագաղի մեջ, որն արդեն վաղուց էր նախապատրաստված։ Եվ որոշեցին դագաղն ամբողջ օրը թողնել խուցում (այն մեծ սենյակում, ուր հանգուցյալ սրբահայրն ընդունում էր միաբաններին ու աշխարհականներին)։ Քանի որ ննջեցյալը սքեմազգյաց աբեղա էր իր հոգևորական կարգով, վանական աբեղաներն ու սարկավագները պարտավոր էին նրա աճյունի վրա ոչ թե սաղմոս, այլ ավետարան կարդալ։ Ընթերցումն սկսեց հայր Իոսիֆը, հոգեհանգսայան արարողությունից անմիջապես հետո, Իսկ հայր Պաիսին, որ կամենում էր հետո անձամբ կարդալ ամբողջ օր ու գիշեր, առայժմ դեռ շատ զբաղված ու մտահոգ էր, ինչպես և մենաստանի մեծավորը, որովհետև հանկարծ անսովոր մի բան սկսել էր ի հայտ գալ թե՛ վանքի միաբանության, թե՛ աշխարհականների մեջ, որոնք խումբ֊խումբ գալիս էին վանքի հյուրանոցներից ու քաղաքից. անլուր ու նույնիսկ «անպատշաճ» մի հուզմունք էր դա, անհամբեր մի ակնկալություն, որ հետզհետե ավելի ու ավելի ակնբախ էր դաոնում։ Թե՛ մեծավորը, թե հայր Պաիսին ամեն ջանք ի գործ էին դնում, որ հնարավորին չափ հանդարտեցնեն խռովահույզ մարդկանց այդպիսի իրարանցումը։ Երբ արդեն օրը բավական լուսացավ, քաղաքից սկսեցին ժամանել նույնիսկ մի քանի այնպիսի մարդիկ, որոնք բերել էին նաև իրենց հիվանդներին, մանավանդ երեխաներին, կարծես թե դիտմամբ այս րոպեին էին սպասել դրա համար, երևի ապավինելով բուժման անմիջական զորությանը, որ ննջեցյալի աճյունը պետք է շուտով ի հայտ բերեր, ըստ նրանց հավատի։ Եվ ահա այս առթիվ միայն պարզվեց, թե մեր քաղաքում բոլորն էլ ի՜նչ աստիճան վարժվել էին անտարակուսելի ու մեծագործ մի սուրբ նկատելու ննջեցյալ սրբահորը՝ դեռ իր կենդանության օրոք։ Եվ միայն հասարակ խավի մարդիկ չէին եկողները։
Հավատացյալների այդ մեծ ակնկալությունը, որ արտահայտվում էր այնքան հապճեպորեն ու բացեիբաց, նույնիսկ անհամբերությամբ ու գրեթե պահանջկոտությամբ, աներկբայելի գայթակղություն էր թվում հայր Պաիսիին. ու թեև նա վաղուց նախազգացել էր այդ, բայց իրականությունը գերազանցեց նրա սպասածը։ Վանականների մեջ հանդիպելով այդպիսի հուզվողների, հայր Պաիսին սկսեց նույնիսկ հանդիմանել նրանց. «Այս կերպ և այսքան անմիջականորեն ակնկալել մի մեծ բան,— ասում էր նա,— թեթևամտություն է, աշխարհականների համար կարելի, բայց մեզ համար՝ անվայելուչ»։ Սակայն քիչ էին լսում նրան, և հայր Պաիսին անհանգստությամբ էր նկատում այդ, հակառակ որ ինքն էլ նույնիսկ (եթե ամեն ինչ ճշմարտորեն վերհիշենք), իր հոգու խորքում, գաղտնորեն, գրեթե նույն բանն էր սպասում և չէր կարող ինքն իրեն չխոստովանել այդ, թեև վրդովվում էր չափազանց անհամբեր ակնկալություններից ու դրանց մեջ թեթևամտություն և ունայնություն էր տեսնում։ Այնուամենայնիվ, նրա համար հատկապես տհաճ էր հանդիպել որոշ մարդկանց, որոնք իր մեջ, ինչ-որ նախազգացման թելադրանքով, մեծ տարակուսանք էին հարուցում։ Ննջեցյալի խուցում խռնված բազմության մեջ նա հոգեկան զզվանքով նկատեց (և անմիջապես էլ ինքն իրեն հանդիմանեց այդ զզվանքի համար), օրինակ, Ռակիտինի ներկայությունը, և կամ էլ օրդորսկցի վանականի, որ դեռ հյուր էր մնում վանքում. և հանկարծ այդ երկուսին էլ, չգիտես ինչու, հայր Պաիսին կասկածելի համարեց, թեև այդ նույն առումով կարող էր նկատել ոչ միայն նրանց, այլև ուրիշներին։ Օբդորսկցի վանականը այդ հուզված բազմության մեջ աչքի էր ընկնում որպես մի մարդ, որ ամենից ավելի էր իրար անցել. նրան կարելի էր նկատել ամենուրեք, բոլոր անկյուններում։ Ամեն տեղ նա հարցուփորձ էր անում, ամեն տեղ ականջ էր դնում, ամեն տեղ փսփսում էր մի առանձնահատուկ, խորհրդավոր տեսքով։ Խիստ անհամբեր մի արտահայտություն կար դեմքին և կարծես արդեն նյարդայնացել էր, որ ակնկալվածը չի կատարվում այդքան երկար ժամանակ։ Իսկ գալով Ռակիտինին, նա, ինչպես պարզվեց հետո, մենաստանում այդքան կանուխ հայտնվել էր տիկին Խոխլակովայի հատուկ հանձնարարությամբ։ Այս բարեսիրտ, բայց փոփոխամիտ կինը, որ չէր կարող անձամբ մուտք գործել մենաստան, հենց որ զարթնեց ու իմացավ հանգուցյալի մասին՝ հանկարծ այնպիսի սաստիկ մի հետաքրքրությամբ տոգորվեց, որ անմիջապես Ռակիտինին մենաստան ուղարկեց իր փոխարեն, որպեսզի նա աչալուրջ դիտի և անհապաղ, մոտավորապես կես ժամը մեկ, գրավոր հաղորդի իրեն ''ամեն ինչ, որ կատարվում է''։ Տիկին Խոխլակովան խիստ բարեպաշտ ու հավատացյալ մի երիտասարդ էր համարում Ռակիտինին, որն ահա ա՜յդ աստիճան ընդունակ էր հաճոյանալ բոլորին և ամեն մեկի ցանկության համաձայն ներկայացնել իր անձը, եթե դրա մեջ նվազագույն մի շահ տեսներ իր համար։
Ջինջ, լուսապայծառ օր էր, և ուխտավորներից շատերը խմբվել էին դամբարանների մոտ, որոնք հատկապես խիտ էին տաճարի շուրջ ու նաև տարտղնված՝ մենաստանի ամբողջ շրջափակում։ Շրջելով մենաստանում, հայր Պաիսին հանկարծ հիշեց Ալյոշային և անդրադարձավ, որ վաղուց չէր տեսել նըան, համարյա թե գիշերվանից։ Եվ հենց որ հիշեց, իսկույն ևեթ նկարեց նրան մենաստանի ամենահեռավոր անկյունում, պարսպի մոտ՝ ի հնուց հանգուցյալ և իր սրբագործությամբ նշանավոր մի վանականի շիրմաքարի վրա նստած։ Թիկունքը դարձրել էր մենաստանին, երեսը՝ պարսպին, և կարծես թաքնվում էր հուշարձանի ետև։ Ընդհուպ մոտենալով, հայր Պաիսին տեսավ, որ նա, երկու ափով դեմքը ծաձկած, արտասվում է անձայն, բայց դառնագին, ամբողջ մարմնով ցնցվելով հեծկլտանքներից։ Հայր Պաիսին մի պահ կանգնեց կողքին։
— Բավական է, որդյակ սիրելի, բավական է, սրտակից իմ,— ասաց նա ի վերջո զգացված,— ինչո՞ւ այդպես։ Ուրախացի՞ր, այլ ոչ թե արտասվիր։ Եվ կամ թե չգիտե՞ս, որ այս օրը մեծագույնն է նոր օրերից։ Հապա հիշիր լոկ այն, թե ոըտե՜ղ է նա հիմա, սույն րոպեիս։
Ալյոշան հայացքը բարձրացրեց ու նայեց նրան, բացելով իր դեմքը, որ արցունքից ուռել էր փոքրիկ երեխայի դեմքի նման, բայց և անմիջապես շրջվեց, առանց մի բառ ասելու, և նորից երեսը ծածկեց ափերով։
— Բայց թերևս այդպես է պետք,— ասաց հայր Պաիսին մտախոհ,— գուցե լավ է, որ արտասվես, Քրիստոս է ուղարկէլ քեզ այդ արտասուքը։ «Այս քո սրտառուչ արտասուքը հանգիստ է լոկ հոգեկան և զվարթություն կտա քո անուշ սրտին»,— ավելացրեց նա իր մտքում, հեռանալով Ալյոշայից և գորովահույզ մտածելով նրա մասին։ Բայց և փութով հեռացավ, որովհետև զգաց, թե ինքն էլ կարող էր արտասվել՝ նրան նայելով։ Իսկ ժամանակն անցնում էր, ննջեցյալի համար վանական արարողություններն ու հոգեհանգիստները շարունակվում էին ըստ կարգի։ Հայր Պաիսին դագաղի մոտ նորից փոխարինեց հայր Իոսիֆին և նորից ինքը շարունակեց ավետարանի ընթերցումը։ Բայց դեռ հետմիջօրեի ժամը երեքը չէր անցել, երբ կատարվեց մի բան, որին ակնարկել եմ դեռ նախորդ գրքի վերջում. դա այնքան անսպասելի էր բոլորիս համար և այնքան ներհակ էր համընդհանուր ակնկալության, որ, կրկնում եմ, այդ դեպքը մինչև օրս էլ ունայնամտորեն ու չափազանց կենդանի մանրամասներով հիշվում էր մեր քաղաքում և մեր ամբողջ շրջակայքում։ Այստեղ մի անգամ ևս անձնապես իմ կողմից ավելացնեմ, թե ինձ համար գրեթե խորշելի է հիշել այդ սին ու գայթակղիչ դեպքը, որ ըստ էության շատ անիմաստ մի բան էր, բնական մի երևույթ, և ես, անշուշտ, առանց որևէ հիշատակության զանց կառնեի այդ պատահարը, եթե դա շատ ուժեղ ու որոշակի կերպով չներգործեր իմ այս պատմության գլխավոր, թեև ապագա հերոսի՝ Ալյոշայի հոգու և սրտի վրա, մի տեսակ բեկում ու շրջադարձ առաջ բերելով նրա հոգեկան աշխարհում, ցնցելով, բայց և արդեն վերջնականապես, ցկյանս ամրացնելով նրա բանականությունը և պարզորոշ նպատակի ծառայելով։
Եվ արդ, վերադառնանք պատմության։ Երբ դեռ լուսածագից առաջ սրբահոր պատանված մարմինը դրել էին դագաղի մեջ ու բերել առաջին սենյակը՝ նրա նախկին ընդունարանը, դագաղի մոտ գտնվողների մեջ հարց էր ծագել, թե պե՞տք է արդյոք սենյակի լուսամուտները բանալ։ Սակայն այդ հարցը, որ ներկաներից մեկը դրել էր ի միջի այլոց և հարևանցիորեն, անպատասխան ու գրեթե աննկատելի մնաց. գուցե միայն ներկաներից ոմանք նկատեցին, այն էլ իրենց մտքում, և լոկ այն իմաստով, թե կատարյալ անհեթեթություն է այդպիսի հանգուցյալի մարմնից նեխում և ապականության շունչ սպասել, և թե նույնիսկ ցավալի բան է (եթե ոչ ծիծաղելի) այդ հարցը դնող մարդու թերահավատությունն ու թեթևամտությունը։ Վասնզի ճիշտ հակառակն էին սպասում։ Եվ ահա, կեսօրն հազիվ էր անցել, երբ սկսվեց մի բան, որ սենյակ մտնող ու ելնողներն սկզբում ընկալում էին լռելյայն ու մտովի, և նույնիսկ յուրաքանչյուր ոք հայտնապես վախենում էր որևէ մեկին հաղորղել իր մեջ ծագող միտքը։ Բայց ժամը երեքի մոտ էր, երբ արդեն այդ բանն այնքան պարզ ու անհերքելիորեն ի հայտ եկավ, որ լուրը վայրկենապես տարածվեց մենաստանում և բոլոր ուխտավոր այցելուների մեջ, իսկույն թափանցեց նաև վանք և զարմանքի մատնեց բոլոր վանականներին, ու վերջապես, ամենակարճ ժամանակում, հասավ քաղաք և ալեկոծեց բոլորին, թե՛ հավատացյալներին, թե՛ անհավատներին։ Անհավատներն ուրախացան, իսկ ինչ վերաբերում է հավատացյալներին՝ նրանց մեջ գտնվեցին ոմանք, որ նույնիսկ ավելի ուրախացան, քան բուն իսկ անհավատները, որովհետև «մարդիկ սիրում են արդարի անկումն ու նվաստացումը», ինչպես հանգուցյալ սրբահայրը ինքն էր ասել իր հորդորներից մեկում։
Խնդիրն այն է, որ դագաղից ապականության շոչկն սկսեց դուրս գալ կամաց-կամաց, բայց հետզհետե ավելի ու ավելի նկատելիորեն, իսկ ժամը երեքին արդեն չափազանց որոշակիորեն ի հայտ եկավ ու աստիճանաբար սաստկացավ։ Նման մի գայթակղություն, ինչպիսին այդ դեպքից անմիջապես հետո երևան եկավ բուն իսկ վանականների մեջ, վաղուց չէր եղել ու նույնիսկ չէր էլ կարելի հիշել մեր վանքի ամբողջ անցյալ կյանքում. այդպիսի կոպտորեն սանձարձակ գայթակղությունը հնարավոր էլ չէր որևէ այլ դեպքում։ Հետագայում արդեն, և նույնիսկ շատ տարիներ հետո, որոշ խելամիտ վանականներ, մանրամասն վերհիշելով ամբողջ այդ օրը, զարմանում էին ու զարհուրում, թե ինչպե՛ս այն ժամանակ գայթակղությունը կարող էր այդ աստիճանին հասնել։ Որովհետև առաջ էլ պատահում էր, որ մահանում էին հույժ արդարակյաց վանականներ՝ ծերունիներ աստվածավախ, որոնց սրբակեցությունը ակնհայտ էր բոլորի համար, այնինչ նրանց դագաղներից ևս ելնում էր ապականության շունչը, հայտնվելով բնականորեն, ինչպես բոլոր մեռյալներից, բայց դա գայթակղություն առաջ չէր բերում, ոչ էլ նույնիսկ որևէ դույզն խռովք։ Իհարկե, մեզ մոտ եղել էին նաև ի հնուց հանգուցյալ հայրեր, որոնց հիշատակը դեռ վառ պահվում էր վանքում և որոնց աճյունները, ըստ ավանդության, նեխման նշաններ չէին ցուցաբերել, այդ երևույթը սրտառուչ ու խորհրդավոր էր թվացել միաբանությանը, հիշվելով պահպանվել էր որպես բարեզարդ ու հրաշալի մի բան, նաև իբրև խոստում, որ ապագային ավելի ևս մեծ փառք է ակնկալվում նրանց դամբարաններից, եթե միայն, կամոքն աստծո, հասնի դրա ժամանակը։ Այդպիսիներից էր հարյուր հինգ տարի ապրած վանական հոբը՝ նշանավոր մոնադն, մեծանուն ծոմապահ ու լռակյաց, որ արդեն վաղուց, ներկա դարի տասական թվականներին հանգել էր ի տեր և որի հիշատակը պահպանվում էր առանձին գուրգուրանքով. նրա շիրիմը հատուկ և բացառիկ հարգանքով էին ցույց տալիս առաջին անգամ եկող բոլոր ուխտավորներին, ըստ որում խորհրդավոր ակնարկություններ անելով ինչ-որ մեծ հույսերի մասին։ (Դա այն նույն շիրիմն էր, որի վրա Ալյոշան նստել էր առավոտյան, երբ հայր Պաիսին գտավ նրան)։ Ի հնուց անտի հանգուցյալ այս վանականից բացի, նույնպիսի կենդանի հիշատակ էր մնում նաև համեմատաբար ոչ շատ վաղուց հանգուցյալ սքեմ ազգյաց աբեղա, մեծանուն սրբահայր Վարսոնոֆիից. սա հենց այն սրբահայրն էր, որին հաջորդել էր հայր Զոսիման և որին, իր կենդանության օրոք, վանք այցելող բոլոր ուխտավորները ուղղակի կրոնախև էին համարում։ Այս երկուսի մասին պահպանվել էր ավանդությունը, թե նրանք իրենց դագաղներում պառկած էին կենդանի մարդու նման և թաղվել էին առանց դույզն ինչ նեխած լինելու, և թե նրանց դեմքերը կարծես պայծառացել էին դագաղի մեջ։ Իսկ ոմանք էլ նույնիսկ հիշում էին ու պնդում, թե նրանց մարմիններից անուշ բուրմունք էր ելնում հայտնապես։ Բայց, համենայն դեպս, նույնիսկ չնայած այս հույժ պատկառելի հիշատակներին, դժվար կլիներ բացատրել այն անմիջական պատճառը, որ կարող էր այնքան թեթևամիտ, անհեթեթ ու չարախինդ մի երևույթի առիթ տալ սրբահայր Զոսիմայի դագաղի առաջ։ Ես անձնապես կարծում եմ, որ այստեղ շատ բաներ զուգադիպել են՝ այլազան պատճառներ ազդել են միաժամանակ։ Այդպիսի պատճառներից մեկն է, օրինակ, այն արմատացած թշնամությանը սրբահայրության կարգի դեմ, որպես չարաղետ մի նորության, այն ընդդիմությունը, որ վանքում դեռ խորապես պահպանվել էր բազմաթիվ վանականների մտայնության մեջ։ Իսկ հետո, անշուշտ և գլխավորը, նախանձն էր ննջեցյալի սրբության նկատմամբ՝ նրա կենդանության օրոք այնքա՜ն հաստատապես նվիրագործված սրբության, որի դեմ առարկելն իսկ արգելված էր կարծես թե։ Քանզի թեև հանգուցյալ սրբահայրը շատերին էր առինքնել ոչ այնքան հրաշքներով, որքան սիրով, և կարծես սիրավետ հոգիների մի ամբողջ աշխարհ էր կերտել իր շուրջ, բայց այնուամենայնիվ ու առավել ևս այդ իսկ պատճառով նախանձ էր հարուցել իր դեմ, ուստի և վաստակել էր անողոք թշնամիներ՝ թե՛ բացահայտ, թե՛ թաքուն, և ոչ միայն վանականների մեջ, այլև նույնիսկ աշխարհականների։ Ոչ ոքի, օրինակ, վնաս չէր տվել, բայց թե՝ «Ինչո՞ւ այնքան սուրբ են համարում նրան»։ Եվ այս մեկ հարցը միայն, տակավ առ տակավ կրկնվելով, ի վերջո անհագուրդ քինախնդրության մի ամբողջ անդունդ էր ստեղծել։ Ահա թե ինչու կարծում եմ, որ շատերը, ապականության հոտն առնելով նրա մարմնից, և այն էլ այդքա՜ն շուտ — որովհետև դեռ մի օր էլ չէր անցել նրա մահից հետո — անսահմանորեն ուրախացան. ու նմանապես՝ մինչ այժմ սրբահորը հարգող ու նրան նվիրված մարդկանց մեջ էլ իսկույն գտնվեցին այնպիսիներ, որոնք գրեթե անձնապես վիրավորված ու անարգված զգացին այդ դեպքից։ Իսկ դեպքի աստիճանական ընթացքը հետևյալ կերպ եղավ։
Հազիվ էր սկսել ի հայտ գալ նեխումը, և արդեն ննջեցյալի խուցը մտնող վանականների տեսքից միայն կարելի էր կռահել, թե ինչու են նրանք գալիս։ Մտնում էին, մի քիչ կանգնում, հետո շտապում էին դուրս գալ՝ հաստատելու համար լուրը ուրիշների առաջ, որոնք խուռներամ սպասում էին դրսում։ Այս սպասոներից ոմանք իրենց գլուխներն էին շարժում վշտահար, բայց ուրիշներն արդեն չէին էլ ուզում թաքցնել իրենց ուրախությունը, որ բացահայտորեն փայլում էր նրանց չարախինդ հայացքների մեջ։ Եվ այլևս ոչ ոք չէր կշտամբում նրանց, ոչ ոք մի արդար ձայն չէր բարձրացնում, և դա նույնիսկ տարօրինակ էր, որովհետև ննջեցյալ սրբահորը նվիրված մարդիկ այնուամենայնիվ մեծամասնությունն էին վանքում. բայց դե երևի նույնինքն աստված թույլ էր տվել, որ այս անգամ փոքրամասնությունը ժամանակավորապես հաղթանակ տաներ։ Շուտով խուցում երևացին նաև աշխարհականներ՝ առավելաբար զարգացած այցելուներից, նույնպես լրտեսելու մտադրությամբ։ Իսկ հասարակ մարդիկ քիչ էին մտնում, թեև այդ խավի մի մեծ բազմություն հավաքվել էր մենաստանի դարպասի առաջ։ Կարելի է հաստատ ասել, որ հատկապես ժամը երեքից հետո խիստ մեծացավ աշխարհական այցելուների հոսանքը, և հենց գայթակղիչ լուրի հետևանքով։ Մարդիկ, որոնք գուցե բոլորովին էլ չէին գալու այդ օրը և միտք էլ չունեին գալու, այժմ եկել էին դիտմամբ, և նրանց մեջ կային մի քանի բարձրաստիճան անձինք։ Սակայն պատշաճությունը դեռ արտաքնապես չէր խախտվում, և հայր Պաիսին, խստադեմ, շարունակում էր ընթերցել ավետարանը բարձրաձայն, անվարան ու հստակ արտասանելով, կարծես չնկատելով այն, ինչ կատարվում էր, թեև վաղուց էր արդեն անսովոր մի բան նկատել։ Բայց ահա նրա ականջին էլ սկսեցին հասնել ձայներ, որոնք սկզբում շատ մեղմ էին, բայց աստիճանաբար ուժեղանում էին ու քաջալերվում։ «Երևո՜ւմ է, որ աստվածային դատաստանն ա՛յլ է, քան մարդկայինը»,— լսեց հանկարծ հայր Պաիսին։ Առաջինը, որ այդ խոսքն արտասանեց, մի աշխարհական էր՝ քաղաքաբնակ պաշտոնյա, արդեն տարեց և, ինչպես ասում էին, շատ աստվածավախ մի մարդ. բայց նա, բարձրաձայն արտասանելով, պարզապես կրկնեց այն, ինչ վանականները վաղուց էին փսփսում իրար ականջին։ Նրանք վաղուց արդեն ասել էին այդ անբարեհույս խոսքը, և ամենավատթարն այն էր, որ այդ խոսքի հետ հաղթական մի տրամադրություն էր ի հայտ գալիս ու զարգանում րոպե առ րոպե։ Սակայն շուտով արտաքին պատշաճությունն էլ սկսեց խախտվել, և ահա բոլորը կարծես զգացին, թե նույնիսկ մի տեսակ իրավունք ունեն խախտելու, «Եվ ինչպե՞ս կարող էր պատահել ''այս բանը'',— ասում էին վանականներից ոմանք, սկզբում կարծես նույնիսկ ցավ զգալով,— մարմինը փոքր էր, չորուկ, ոսկորներին կպած, որտեղի՞ց կարող էր լինել ապականության շունչը»։— «Ուրեմն աստված ուզում էր հատկապես մատնացույց անել»,— շտապում էին ավելացնել ուրիշները, և նրանց կարծիքն անմիջապես ընդունվում էր անվիճելիորեն, քանզի նշում էին դարձյալ, որ եթե նույնիսկ բնականորեն գոյանար ապականության շունչը, ինչպես որևէ մեղավոր ննջեցյալի մարմնից, պետք է համենայն դեպս ավելի ուշ ի հայտ գար, գոնե մի օր հետո, այլ ոչ թե այսքան ակնհայտորեն շուտափույթ. իսկ «այս մեկը բնությունն էլ կանխեց», ուրեմն այստեղ գործում է աստված ու դիտավորյալ մատը նրա։ Ուզում էր մատնացույց անել։ Այս դատողությունը ներգործում էր անդիմադրելիորեն։ Հեզահամբույր հայր Իոսիֆ աբեղան, մատենադարանապետը, որ հանգուցյալի սիրելին էր, փորձեց առարկել չարախոսներից ոմանց, թե «ամեն տեղ չէ, որ այդպես է», և թե արդարակյաց մարդկանց մարմինների անապականությունը դավանաբանական անհրաժեշտ մի դրույթ չէ ուղղափառ եկեղեցվո մեջ, այլ լոկ մի կարծիք, նույնիսկ ամենաուղղափառ երկրներում, օրինակ Աթոսում, ապականության շունչն այնքան էլ շփոթության առիթ չի տալիս, և փրկյալների փառավորման գլխավոր նշանը համարվում է ոչ թե մարմնի անապականությունը, այլ գույնը նրանց ոսկորների, երբ նրանց մարմինները բազում տարիներ մնացել են հողի մեջ ու նույնիսկ փտել են այնտեղ։ «Եվ եթե ոսկրերն ի հայտ գան մեղրամոմի նման դեղնագույն՝ ահա ուրեմն մեծամեծ նշանը, որ աստված փառավորել է ննջեցյալ արդարակյացին. իսկ եթե ի հայտ գան ոչ թե դեղնագույն, այլ սևացած, ուրեմն աստված այդպիսի մարդուն չի արժանացրել փառավորման, ահա ա՛յս է նշանը Աթոսում՝ մեծ սրբավայրում, ուր ուղղափառ հավատքն ի հնուց անտի պահպանվում է անխախտ ու պայծառագույն մաքրությամբ», եզրակացրեց հայր Իոսիֆը։ Սակայն խոնարհասիրտ հոր խոսքերը մնացին ապարդյուն և նույնիսկ հեգնական ընդդիմություն առաջ բերեցին։ «Այդ բոլորը գիտություն են ու նոր֊նոր բաներ, լսել անգամ չարժեյ»,- որոշեցին վանականները։ «Մենք հին ձևով ենք հավատում. քի՞չ նորություններ են մեջտեղ հանում հիմա, պետք այդ բոլորին հետևե՞նք»,— ավելացնում էին ուրիշները։ «Մենք էլ ունեցել ենք սուրբ հայրեր, և ոչ նրանցից պակաս։ Նրանք այնտեղ նստել են թուրքի լծի տակ և ամեն ինչ մոռացել են, նրանց ուղղափառությունն էլ վաղուց պղտորվել է, և նույնիսկ զանգեր չունեն»,— հարում էին ամենից ավելի ծաղրասերները։
Հայր Իոսիֆը մի կողմ քաշվեց վշտաբեկ, մանավանդ որ շատ վստահորեն չէր հայտնել իր կարծիքը, ինքն էլ ասես քիչ հավատալով դրան։ Այլև շփոթահար կանխատեսեց, որ շատ անվայելուչ մի բան է սկիզբ առնում, և որ մինչև անգամ գլուխ է բարձրացնում բուն իսկ անհնազանդությունը։ Հայր Իոսիֆից հետո բոլոր խելամիտ ձայները լռեցին հետզհետե։ Եվ մի տեսակ այնպես պատահեց, որ բոլոր նրանք, ովքեր սիրում էին հանգուցյալ սրբահորը և գորովագին հնազանդությամբ ընդունել էին սրբահայրության կարգի հաստատումը, հանկարծ սոսկալի վախեցան մի բանից և, երբ հանդիպում էին իրար, երկչոտ նայում էին միմյանց երեսին։ Իսկ նրանք, ովքեր թշնամի էին սրբահայրության կարգին՝ որպես նորամուծության, հպարտորեն բարձրացրին իրենց գլուխները։ «Հանգուցյալ սրբահայր Վարսոնոֆիից ոչ միայն ապականության շունչ ի հայտ չեկավ, այլև անուշ բուրմունք արտահոսեց,— հիշեցնում էին նրանք չարախնդորեն,— բայց նա ոչ թե սրբահայր լինելով արժանացավ դրան, այլ որովհետև ինքն էր սրբակյաց»։ Ու հետայդու արդեն պարսավանքներ ու մինչև իսկ բուն մեղադրանքներ թափվեցին նորոգ հանգուցյալ սրբահայր Զոսիմայի վրա։ «Սխալական էր ուսուցանում, ուսուցանում էր, թե կյանքը մեծ ուրախություն է, այլ ոչ թե արտասվալից խոնարհություն»,— ասում էին հույժ անմիտներից ոմանք։ «Հավատում էր ըստ նորույթի, չէր ընդունում, որ դժոխքի հուրը նյութական է»,— ավելացնում էին առավել ևս անմիտները։ «Ծոմապահության նկատմամբ խստապահանջ չէր, քաղցրավենիք էր թույլատրում իրեն, բալի անուշ էր ուտում թեյի հետ. շատ էր սիրում այդ անուշը, տիկիններն էին ուղարկում նրան։ Սքեմազգյաց վանականը թե՞յ կխմի»,— լսվում էր որոշ նախանձորդներից։ «Հպարտացած նստում էր,— դաժանամտորեն հիշում էին ամենից ավելի չարախինդները,— սուրբ էր համարում իրեն. ծնկի էին ընկնում նրա առաջ և իբրև պատշաճ էր ընդունում այդ»։— «Խոստովանանքի խորհուրդն էր չարաշահում»,— քինոտ փսփսուքով ավելացնում էին սրբահայրության ամենակատաղի հակառակորդները։ Եվ սրանց մեջ նույնիսկ կային երիցագույն ու խստակրոն վանականներ ճշմարիտ ծոմապահներ ու լռակյացներ, որոնք լուռ էին մնացել ննջեցյալի կենդանության օրոք, բայց այժմ հանկարծ բացել էին իրենց շրթները. և դա արդեն սոսկալի էր, որովհետև նրանց խոսքերը մեծապես ազդում էին երիտասարդ ու դեռ չկազմավորված վանականների վրա։ Սուրբ Սիլվեստրից եկած օբդորսկցի հյուրն էլ մեծ հետաքրքրությամբ ականջ էր դնում ասվածներին, խոր հառաչանքներ արձակելով ու գլուխը շարժելով։ «Չէ՜, երևում է, որ հայր Ֆերապոնտը երեկ ճշմարիտ էր դատում»,— մտածում էր նա, և մեկ էլ ահա երևաց հայր Ֆերապոնտը. կարծես հենց խռովությունը սաստկացնելու համար էր նա դուրս եկել իր խուցից։
Արդեն հիշել եմ նախօրոք, որ նա հազվադեպ էր դուրս գալիս փեթականոցում գտնվող իր փայտաշեն խուցից, նույնիսկ եկեղեցվո մեջ շատ հազվադեպ էր երևում, և որ նրան, որպես կրոնախևի, թույլ էին տալիս այդ բանը, ազատ կացուցանելով ընդհանուրի համար պարտադիր կարգ ու կանոնից։ Բայց եթե ամբողջ ճշմարտությունն ասենք, այդ բոլորը նրան թույլ էին տալիս որոշ անհրաժեշտությունից ելնելով։ Որովհետև՝ նույնիսկ մի տեսակ ամոթալի կլիներ, եթե ընդհանուր կանոնագրությամբ ծանրաբեռնեին այդքան մեծ ծոմապահին ու լռակյացին, որ ՚ աղոթում էր օր ու գիշեր (նույնիսկ նիրհում էր ծնրադիր)։ Եթե ինքը չէր ուզում ենթարկվել, բայց պարտադրեին, վանականները կարող էին ասել. «Նա մեր բոլորից էլ ավելի սուրբ է և դժվարագույնն է կատարում, ավելին, քան կանոնադրությունը. և եթե եկեղեցի չի գնում, ուրեմն ի նքը գիտե, թե երբ պետք է գնա, իր սեփական կանոնադրությունը ունի»։ Հենց այս հավանական տրտունջքին ու գայթակղության տեղի չտալու համար է, որ հանգիստ էին թողնում հայր Ֆերապոնտին։ Ինչպես բոլորին հայտնի էր արդեն, հայր Ֆերապոնտը սաստիկ չէր սիրում սրբահայր Զոսիմային։ Եվ ահա հանկարծ նրա խուցն էլ հասավ այն լուրը, թե «աստվածային դատաստանն ուրեմն այլ է, քան մարդկայինը, և թե նույնիսկ բնությունն էլ կանխեց»։ Պետք է ենթադրել, որ լուրը տանելու համար նրա մոտ վազող առաջին մարդկանցից մեկը օբդորսկցի հյուրն էր, որ երեկ այցելել էր հայր Ֆերապոնտին և սարսափած հեռացել նրանից։ Ինչպես արդեն ասացի, հայր Պաիսին հաստատակամ ու անհողդողդ կանգնած ընթերցում էր դագաղի վրա, ու թեև չէր կարող լսել ու տեսնել, թե ինչ է կատարվում խուցից դուրս, բայց սրտի խորքում անսխալականորեն կռահեց տիրող տրամադրությունը, որովհետև շատ լավ գիտեր իր միջավայրը։ Ու չշփոթվեց, այլ առանց վախի սպասեց, թե ինչ դեպքեր կարող են կատարվել տակավին. թափանցող հայացքով հետամուտ էր լինում այդ խռովության հնարավոր վախճանին, որն արդեն պատկերացնում էր մտովի։ Եվ հանկարծ միջանցքում բարձրացած մի արտասովոր աղմուկ, որ արդեն ակնհայտորեն խախտում էր պատշաճությունը, նրա ականջը ծակեց։ Դուռը լայն բացվեց մեկեն, և շեմքին երևաց հայր Ֆերապոնտը։ Նրա ետևում, ինչպես պարզ երևում էր խուցից, անդաստակի առաջ խռնվել էին բազում վանականներ, որոնք ընկերակցում էին նրան, և աշխարհականներ էլ կային խմբի մեջ։ Սակայն ընկերակցողները ներս չմտան և անդաստակ էլ չբարձրացան, այլ մնացին ներքևում և սպասեցին, թե ինչ է ասելու հայր Ֆերապոնտը և ինչ է անելու հետո, որովհետև նրանք, հակառակ իրենց ամբողջ հանդգնության, մինչև իսկ որոշ վախով նախազգում էին, որ նա իզուր չի եկել։ Կանգնելով շեմքին, հայր Ֆերապոնտը ձեռքերը վեր նետեց, և նրա աջ թևի տակից սուր ու խուզարկու հայացքով նայեցին օբդորսկցի հյուրի փոքրիկ աչքերը. նա միակն էր, որ չէր համբերել և հայր Ֆերապոնտի ետևից վազել ու բարձրացել էր սանդուղքով, իր ահռելի հետաքրքրասիրությունից մղված։ Իսկ մյուսները, ընդհակառակն, ավելի ևս ընկրկել էին անակնկալ վախից, երբ դուռը բացվել էր այդպիսի շռնդալի աղմուկով։ Համբառնալով զձեռս ի լերինս, հայր Ֆերապոնտը հանկարծ գռռաց.
— Հրաժարելո՜վ հրաժարիմ,— և անմիջապես սկսեց ձեռքով խաչակնքել խուցի պատերն ու չորս անկյունները, մեկ կողմից մյուսը դառնալով հաջորդաբար։ Ընկերակցողներն անմիջապես հասկացան հայր Ֆերապոնտի այդ արարմունքը, քանզի գիտեին, որ նա միշտ, ուր էլ մտներ, այդպես էր անում, և որ չէր նստի ու մի բառ անգամ չէր ասի, մինչև չվտարեր չար ոգիներին։
* Ե՛լ աստի, սատանա, ե՛լ աստի, սատանա,— կրկնում էր նա յուրաքանչյուր խաչակնքման հետ։— Հրաժարելո՜վ հրաժարիմ,— գոռաց նա նորից։
իր կոշտ պարեգոտն էր հագել, մեջքին պարան կապած։ Կանեփե շապկի տակից երևում էր սպիտակ մազերով ծածկված մերկ կուրծքը, Իսկ ոտքերը բոլորովին բոբիկ էին, հենց որ սկսեց ձեռքերը թափահարել, պարեգոտի տակ դղրդացին ու զնգզնգացին այն դաժան շղթաները, որ կրում էր իր մարմնի վրա։ Հայր Պաիսին ընդհատեց ընթերցումը, առաջ եկավ ու կանգնեց նրա դիմաց, սպասելով։
— Զիա՞րդ եկար, պատվական հայր։ Ընդէ՞ր պատշաճությունն ես խախտում։ Ընդէ՞ր խռովում ես հոտը խոնարհ,— ասաց նա վերջապես, խստահայաց նայելով նրան։
— Վասն է՞ր եմ եկյալ։ Զի՞նչ հայցեմ։ Որպե՞ս հավատաս,— գոռաց հայր Ֆերապոնտը խևորեն։— Եկա վտարելու ձեր այստեղի հյուրերին՝ պիղծ դևերին։ Եկա նայելու՝ շա՞տ եք ժողովել դրանց իմ բացակայության ժամանակ։ Ցարասենու ավելով ավլել-հանել եմ ուզում դրանց։
— Չար ոգուն ես վտարում, բայց գուցե ինքդ էլ ծառայում ես դրան,— աներկյուղ շարունակեց հայր Պաիսին։— Եվ ո՞վ կարող է ասել ինքն իր մասին՝ «սուրբ եմ ես»։ Արդյոք դո՞ւ, հայր պատվական։
— Պիղծ եմ ես, այլ ոչ սուրբ։ Չեմ նստի բազկաթոռին ու չե՛մ տենչա, որ երկիր պագանեն իմ առաջ՝ իբրև կուռքի,— որոտաց հայր Ֆերապոնտը։— Այժմ մարդիկ սուրբ հավատքն են կործանում։ Հանգուցյալը, ձեր սո՜ւրբ մարդը,— դարձավ նա ամբոխին, մատով ցույց տալով դագաղը,— ժխտում էր դևերին։ Լուծողական էր տալիս դևերի դեմ։ Ահա և նրանք աճել ու բազմացել են ձեր մեջ, ինչպես սարդերն անկյուններում։ Իսկ այժմ ինքն էլ նեխեց։ Ի սմա տեսնում ենք մեծամեծ նշանն աստուծո։
Իսկ նրա ակնարկած դեպքն իրոք պատահել էր մի անգամ հայր Զոսիմայի կենդանության օրոք։ Վանականներից ոմն սկսել էր երազում, տեսնել չար ոգուն, և ի վերջո նաև արթուն վիճակում սատանան պատկերանում էր նրա աչքին։ Եվ երբ նա, սաստիկ վախեցած, այդ բանը հայտնեց սրբահորը, հայր Զոսիման խորհուրդ տվեց անընդհատ աղոթել ու խստագույն ծոմ պահել։ Բայց երբ այդ էլ չօգնեց, սրբահայրը խորհուրդ տվեց նրան, որ շարունակելով հանդերձ ծոմն ու աղոթքը, նաև մի որոշ դեղ ընդունի։ Այն ժամանակ շատերը գայթակղվեցին և գլուխները շարժելով խոսում էին այդ մասին և ամենից ավելի՝ հայր Ֆերապոնտը. որոշ բանսարկուներ շտապել էին իսկույն հաղորդել նրան այդ «արտառոց» հորդորի մասին, որ սրբահայրը տվել էր այդպիսի յուրահատուկ դեպքի առթիվ։
― Ե՛լ աստի, հայր սուրբ,— հրամայականորեն ասաց հայր Պաիսին,― ոչ թե մարդիկ են դատում, այլ աստված։ Գուցե այստեղ տեսնում ենք այնպիսի մի «նշան», որ ո՛չ ես, ո՛չ դու և ո՛չ ոք ի զորու չէ հասկանալու։ Ե՛լ աստի, հայր սուրբ, և մի խռովիր հոտն հավատացելոց,— կրկնեց նա պնդորեն։
— Պահոց կանոնները չէր պահպանում ըստ իր նվիրապետական կարգի, ուստի և եղև նշան։ Ակներև է այս, և թաքուցանելն՝ մեղանչա՜նք,— չէր հանգստանում մոլագարը, որ անմտանալու չափ տարվել էր իր մոլեռանդությամբ։— Շաքարեղենով էր հրապուրվում, տիկիններն էին բերում նրան լի գրպաններով, թեյ էր ճաշակում, որկորն էր պաշտում, քաղցրավենիքով լցնելով զայն, իսկ միտքը՝ գոռոզությամբ... Ահա և այս պատճառով նախատինք կրեց...
— Թեթևամիտ են խոսքերը քո, հայր սուրբ,— իր ձայնը բարձրացրեց հայր Պաիսին։— Հիանում եմ քո ծոմապահությամբ ու խստակրոնությամբ, բայց թեթևամիտ են խոսքերը քո, կարծես թե ասած լինի աշխարհական մի պատանի՝ անկայուն ու մանկամիտ։ Օ՜ն, ե՛լ աստի, հայր սուրբ, հրամայո՛ւմ եմ քեզ,— որոտընդոստ եզրափակեց հայր Պաիսին։
— Ե՛ս ինքս ելանիցեմ աստի,— ասաց հայր Ֆերապոնտը, կարծես թե փոքր֊ինչ շփոթված, սակայն չհրաժարելով իր գազազումից,— գիտուննե՜ր եք դուք։ Մեծ խելք ունեք և գոռոզությամբ եք նայում իմ ոչնչությանը։ Թերուս եկի այստեղ, և իմացածս էլ այստեղ մոռացա, ինքն աստված ձեր գերիմաստությունից պաշտպանեց ինձ՝ տկարիս...
Հայր Պաիսին կանգնել էր նրա առաջ և սպասում էր անդրդվելի։ Հայր Ֆերապոնտը լռեց և հանկարծ, վշտաբեկ, աջ ափը դրեց այտին ու սկսեց խոսել լացակումած ձայնով, նայելով ննջեցյալ սրբահոր դագաղին.
— Վաղն առավոտ «Պահապան և օգնական» պիտի երգեն նրա վրա՝ այդ փառավո՜ր կանոնը, իսկ երբ ես սատակեմ՝ ընդամենը «Որպիսի՜ քաղցրություն կենաց» են երգելու, փոքրիկ մի տաղ<ref>Հասարակ վանականի և սքեմազգյաց մոնազի հուղարկավորության ժամանակ (երբ աճյունը խուցից տանում են եկեղեցի և, հոգեհանգստյան արարողությունից հետո, եկեղեցուց գերեզմանատուն) երգվում է «Որպիսի՜ քաղցրություն կենաց...» տաղաշարը։ Իսկ եթե ննջեցյալը սքեմազգյաց աբեղա է, երգում են «Պահապան և օգնական» կանոնը։
</ref>,- ասաց նա արտասվագին ափսոսանքով։— Հպարտացել եք ու գոռոզացե՜լ, ունա՜յն մի վայր է սա,գոռաց նա հանկարծ խելագարի նման և, ձեռքը թափ տալով, արագորեն շրջվեց ու արագորեն վար իջավ անդաստակի սանդուղքից։ Ներքևում սպասող բազմությունը տատանվեց. ոմանք անմիջապես հետևեցին նրան, բայց ոմանք էլ համեցան, որովհետև խուցի դուռը դեռ բաց էր և հայր Պաիսին, անդաստակ ելնելով հայր Ֆերապոնտի ետևից, կանգնած դիտում էր։ Սակայն մոլեգնած ծերունին դեռ ամեն ինչ չէր վերջացրել, հեռանալով քսան քայլ, նա հանկարծ դարձավ վերջալույսի արևին, ձեռքերը գլխից վեր նետեց ու արմատախիլ ծառի նման փռվեց գետին՝ ահռելի մի գոռոցով։
— Տե՜րն իմ հ՜աղթանակեց։ Քրիստոս հաղթե՜ց մայր մտնող արևին,— գոռաց նա խելահեղորեն, ձեռքերը մեկնելով դեպի արևը, և երեսնիվայր գետին ընկնելով հեկեկաց բարձրաձայն, փոքրիկ երեխայի նման, ոտքից մինչև գլուխ ցնցվելով ու թևերը տարածելով գետնի վրա։ Այս անգամ արդեն բոլորը վազեցին նրա մոտ, բացականչություններ լսվեցին, արձագանքող հեծկլտոցներ... Մի տեսակ մոլագարություն պատեց բոլորին։
— Ահա՜ թե ով է սուրբ։ Ահա՜ թե ով է արդարակյաց,— բացականչում էին ոմանք՝ արդեն աներկյուղ։— Ահա թե ով պետք է սրբահայր լինի,— ավելացնում էին ուրիշներ՝ արդեն չարասիրությամբ։
— Նա սրբահայրություն չի անի... Ինքը կմերժի... չի ծառայի անիծյալ նորույթին... չի հետևի նրանց հիմարություններին,— անմիջապես վրա բերեցին ուրիշ ձայներ։ Եվ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ո՛ւր կհասներ այս ամբողջը, բայց հենց այդ րոպեին զանգը ղողանջեց, կանչելով ժամերգության։ Բոլորը հանկարծ սկսեցին խաչակնքել։ Վեր կացավ նաև հայր Ֆերապոնտը և, նշանավ խաչի պահպանելով իրեն, առանց ետ նայելու գնաց դեպի իր խուցը, դեռ շարունակելով բացականչություններ արձակել, բայց նրա ասածն արդեն բոլորովին անկապակից մի բան էր։ Մի քանի հոգի, սակավաթիվ մի խումբ, հետևեցին նրան, սակայն մեծամասնությունն սկսեց ցրվել, շտապելով ժամերգության։ Հայր Պաիսին ընթերցումը հանձնեց հայր Իոսիֆին և իջավ ներքև։ Մոլեռանդների խելահեղ գոռում-գոչյունները չէին կարող սասանել նրան, բայց նրա սիրտը հանկարծ տրտմեց ու վշտագին զգացումով լցվեց, և նա զգաց, թե որոշակի մի բան էր դրա պատճառը։ Կանգ առավ ու հանկարծ հարց տվեց ինքն իրեն. «Ինչո՞ւ տրտում է անձն իմ՝ նույնիսկ վհատության չափ»։ Եվ զարմանքով կռահեց իսկույն, թե իր այդ անակնկալ տրտմությունն ըստ երևույթին հետևանք էր մի շատ փոքր ու մասնակի պատճառի. խուցի դռան առաջ խռնված տագնապահույզ ամբոխի մեջ նկատել էր նաև Ալյոշային, և հիմա հիշեց, որ այդ պահին, տեսնելով նրան, իր սրտոսմ մի տեսակ ցավ էր զգացել անմիջապես։ «Բայց մի՞թե այդ մանուկն այսքա՜ն մեծ նշանակություն ունի այժմ իմ սրտում»,— հանկարծ զարմանքով հարցրեց նա ինքն իրեն։ Եվ հենց այդ րոպեին էլ Ալյոշան անցնում էր նրա մոտից, կարծես շտապելով մի տեղ, բայց ոչ դեպի եկեղեցի։ Նրանց աչքերը հանդիպեցին։ Ալյոշան արագորեն շրջեց հայացքը և խոնարհեց գետին, և արդեն պատանու տեսքից միայն հայր Պաիսին կռահեց, թե այդ րոպեին ինչպիսի՜ մեծ փոփոխություն է կատարվում նրա մեջ։
— Գուցե դո՞ւ ևս գայթակղվեցիր,— գոչեց հանկարծ հայր Պաիսին։— Բայց միթե դո՞ւ ևս թերահավատների հետ ես,-ավելացրեց նա վշտագին։
Ալյոշան կանգ առավ և մի տեսակ անորոշ նայեց հայր Պաիսիին, բայց նորից արագորեն շրջեց հայացքը և խոնարհեց գետին։ Կանգնած էր կողքով և դեմքը չդարձրեց նրա կողմը, ով հարց էր տվել իրեն։ Հայր Պաիսին դիտում էր ուշադիր։
— Իսկ ո՞ւր ես աճապարում։ Զանգը հրավիրում է ժամերգության,— ասաց նա կրկին, բայց Ալյոշան դարձյալ պատասխան չտվեց։
— Գուցե հեռանո՞ւմ ես մենաստանից։ Բայց ինչպե՞ս թե. առանց թողություն խնդրելո՞ւ, առանց օգնություն ստանաո՞ւ։
Ալյոշան հանկարծ ծուռ ժպտաց, մի տարօրինակ, շատ տարօրինակ հայացք նետեց հայր սուրբի վրա, որ իրեն հարց էր տալիս, այն հայր սուրբի, որի խնամքին էր հանձնել իրեն իր նախկին առաջնորդը, իր սրտի ու մտքի նախկին տերը, իր սիրելի սրբահայրը՝ մեռնելու պահին։ Եվ հանկարծ, նորից առանց պատասխան տալու, ձեռքը թափ տվեց, կարծես նույնիսկ հոգ չանելով ակնածանքի մասին, և արագ քայլերով գնաց դեպի դարպասը՝ դուրս մենաստանից։
— Դեռ կվերադառնա՜ս,— շշնջաց հայր Պաիսին, վշտագին զարմանքով նայեյով նրա ետևից։
=== II։ Բախտորոշ մի պահ ===
Հայր Պաիսին չսխալվեց անշուշտ, երբ որոշեց, թե իր «սիրելի տղան» կվերադառնա նորից, և գուցե նույնիսկ կռահեց (թեկուզ ոչ լրիվ, բայց այնուամենայնիվ խորաթափանցորեն) Ալյոշայի հոգեվիճակի բուն իմաստը։ Եվ սակայն խոստովանում եմ անկեղծորեն, որ ինձ համար էվ շատ դժվար կլիներ հիմա որոշապես բացահայտել բուն իմաստը այդ տարօրինակ ու տարտամ պահի, որ հասել էր իմ այնքա՜ն սիրած ու դեռ այնքա՜ն երիտասարդ հերոսի կյանքում։ Հայր Պաիսիի տված վշտագին հարցին՝ «Միթե դո՞ւ ևս թերահավատների հետ ես», կարող էի անշուշտ վստահորեն պատասխանել Աշյոշայի փոխարեն. «Ոչ, նա թերահավատների հետ չէ»։ Նույնիսկ ավելին. ճիշտ հակառակն էր տեղի ունեցել՝ նրա շփոթմունքն առաջացել էր հենց այն պատճառով, որ նա շատ էր հավատում։ Բայց համենայն դեպս շփոթմունքն առաջացել էր ու կար, և այնքա՜ն տանջալից էր, որ նույնիսկ հետագայում, երկար ժամանակ անցնելուց հետո, Ալյոշան իր կյանքի ամենածանր ու ճակատագրական օրերից մեկն էր համարում այդ վշտալի օրը։ Իսկ եթե ուղղակի հարցնեն՝ «Բայց մի՞թե այդ ամբողջ վիշտն ու այդպիսի տագնապը կարող էին նրա մեջ առաջ գալ պարզ այն պատճառով, որ նրա սրբահոր մարմինը, փոխանակ անմիջապես բուժական զորություն ի հայտ բերելու, ընդհակառակն, այդպիսի կանխահաս նեխման ենթարկվեց», ես կպատասխանեմ առանց երկմտության. «Այո, իրոք այդպես էր»։ Միայն թե կխնդրեի ընթերցողից, որ դեռ չշտապի ծիծաղի առարկա դարձնել իմ պատանի հերոսի մաքուր սիրտը։ Իսկ ինքս ոչ միայն մտադիր չեմ ներողամտություն խնդրելու նրա նկատմամբ և կամ նրա պարզամիտ հավատքն արդարացնելու, օրինակ, պատանեկան տարիքի թերություններով կամ էլ ուսման մեջ նրա ունեցած նվազ առաջադիմությամբ և այլն, և այլն, ընդհակառակն, նույնիսկ հայտարարում եմ անվարան, որ անկեղծ հարգանք եմ զգում նրա սրտի այդ բնատուր հատկության հանդեպ։ Իհարկե, մի ուրիշ պատանի, որ զգուշությամբ է ընկալում սրտաշարժ տպավորությունները և որ արդեն կարող է սիրել ոչ թե խանդակաթ ջերմությամբ, այլ պարզապես գաղջորեն, թեկուզ և ուղղակշիռ, բայց տարիքի համեմատ չափազանց խոհեմ (ուստի և էժանագին) խելքով, այդպիսի պատանին, ասում եմ, կխուսափեր այն բանից, որ պատահեց իմ նորատի հերոսին։ Բայց որոշ դեպքերում, ճիշտն ասած, ավելի պատվաբեր է անձնատուր լինել թեկուզ անխոհեմ, բայց այնուամենայնիվ մեծ սիրուց ծնված զգացմունքի, քան բոլորովին չենթարկվել դրան։ Եվ առավել ևս՝ պատանեկան տարիքում, որովհետև անբարեհույս է այն պատանին, որ չափից դուրս հարատևորեն խոհեմություն է անում, և չի կարելի մի մեծ արժեք տալ նրան. ահա՛ իմ կարծիքը։ «Բայց,— գուցե բացականչեն հիմա խելամիտ մարդիկ,— չի կարող ամեն մի պատանի այդպիսի նախապաշարմունքի հավատալ, և ձեր պատանի հերոսը օրինակ չէ մնացյալների համար». Դրան ես դարձյալ կպատասխանեմ՝ այո , իմ պատանի հերոսը հավատում էր, հավատում էր սրբանվեր ու անսասան, բայց այնուամենայնիվ ես ներողամտություն չեմ խնդրում նրա նկատմամբ։
Գիտե՞ք ինչ. թեև ես քիչ առաջ հայտարարեցի (և գուցե շատ հապճեպորեն), որ չեմ սկսի բացատրություններ տալ ու արդարացնել իմ հերոսին, բայց տեսնում եմ, որ համենայն դեպս անհրաժեշտ է պարզել մի որոշ բան, որպեսզի հասկանալի լինի պատմության հետագա ընթացքը։ Ուրեմն ասեմ ահա. խնդիրն այստեղ հրաշքը չէ։ Թեթևամիտ անհամբերությամբ չէ, որ Ալյոշան հրաշքի էր սպասում։ Եվ ոչ թե ինչ֊որ համոզմունքների հաղթանակի համար էր, որ հրաշք էր պետք նրան այն ժամանակ (այդ արդեն բոլորովին բացառված է), ոչ թե ինչ֊որ կանխակալ գաղափարի համար, որ մի ուրիշ գաղափարի վրա հաղթանակ տաներ շուտով, ո՜չ, ամենևին ոչ. այդ բոլորի մեջ ամենից առաջ տեսնում էր մի դեմք, ու միայն մի դեմք՝ դեմքն իր սիրեցյալ սրբահոր, դեմքն այն արդարակյաց մարդու, որին նա այդպես պաշտելու չափ մեծարում էր։ Հենց այս է խնդիրը, «բոլորի և ամեն ինչի» նկատմամբ այն սերը, որ պահված էր նրա պատանեկան մաքուր սրտում, այդ օրերին ու նախորդող ամոբողջ տարվա ընթացքում կարծես լիովին կենտրոնանում էր (և գուցե նույնիսկ սխալ կերպով) լոկ մի էակի վրա առավելապես, գոնե իր սրտի ուժեղագույն մղումների դբսևորման պահին. և այդ էակը իր սիրեցյալ սրբահայրն էր՝ այժմ արդեն հանգուցյալ, ճիշտ է, այդ էակն այնքա՜ն երկար ժամանակ նրա առաջ կանգնել էր որպես անվիճելի իդեալ, որ նրա սրտի բոլոր թարմ ուժերը չէին կարող արդեն չձգտել բացառապես դեպի այդ իդեալը, մերթ ընդ մերթ «բոլորին և ամեն ինչ» մոռանալու աստիճան։ (Հետագայում ինքն էր հիշում, որ այդ ծանր օրվա ընթացքում բոլորովին մոռացավ իր եղբայր Դմիտրիին, որի մասին այնքա՜ն մտահոգվել ու տրտմել էր նախորդ օրը. մոռացավ նաև երկու հարյուր ռուբլին տանել Իլուշայի հայրիկին, մի բան, որ այնպիսի եռանդով մտադրել էր կատարել նույնպես նախորդ օրը)։ Սակայն դարձյալ՝ ոչ թե հրաշք էր պետք նրան, այլ լոկ «գերագույն արդարություն», որ խախտվել էր ի հեճուկս իր հավատքի, որով և այնքա՜ն դաժանորեն ու անակնկալորեն վիրավորվել էր իր սիրտը։ Եվ ի՜նչ փույթ, թե այդ «արդարությունը», իրերի իսկ բերումով, հրաշքի ձև էր ստացել Ալյոշայի ակնկալությունների մեջ, այն հրաշքի, որ անմիջականորեն սպասվում էր իր պաշտած առաջնորդի աճյունից։ Չէ՞ որ վանքում բոլորն էլ այդպես էին մտածում ու ակնկալում, նույնիսկ նրանք, որոնց խելքի առաջ խոնարհվում էր Ալյոշան. հենց հայր Պաիսին, օրինակ։ Եվ ահա Ալյոշան, առանց տարակույսներով խռովելու ինքն իրեն, իր իղձերին էլ տվեց այն նույն ձևը, որ բոլորն էին տվել։ Եվ վաղուց արդեն նրա սիրտն այդ կերտվածքն էր ստացել, մի ամբողջ տարվա վանական կյանքի սովորությամբ, և նա արդեն վարժվել էր այդպես ակնկալելու։ Բայց նա ծարավի էր արդարության, արդարությա՜ն, և ոչ թե լոկ հրաշքի։ Եվ ահա այն մարդը, որ, ըստ Ալյոշայի ակնկալության, պետք է բոլորից վեր դասվեր ամբողջ աշխարհում, այդ նո՜ւյն մարդն ահա, փոխանակ իրեն արժանի փառքով փառավորվելու, հանկարծ տապալվել ու անարգվել էր։ Վասն ինչի՞։ Ո՞վ էր դատել։ Ո՞վ կարող էր այդպիսի վճիռ արձակել։ Ահա այն հարցերը, որ անմիջապես տանջեցին նրա անփորձ ու կուսական սիրտը։ Չէր կարող նա առանց վիրավորանք կրելու, առանց սրտակտուր ցասման հանդուրժել, որ արդարների մեջ արդարագույնը մատնվի ամբոխի չարախինդ ծաղրուծանակին, այնքա՜ն թեթևամիտ և նրանից այնքա՜ն ցածր կանգնած ամբոխի։ Դե լավ, թող բոլորովին էլ հրաշք չպատահեր, թող ոչ մի հրաշակերպ բան չհայտնվեր ու չարդարանային անմիջական ակնկալությունները, բայց ինչո՞ւ այս անփառունակությո՜ւնը հայտնվեց, ինչո՞ւ թույլատրվեց այս նախատի՜նքը, ինչո՞ւ եղավ այս շուտափույթ նեխո՜ւմը, «որ բնությունը կանխեց», ինչպես չարամիտ վանականներն էին ասում։ Ինչո՞ւ այս «նշանը», որ նրանք այնպես հաղթականորեն հետևցնում են հայր Ֆերապոնտի հետ միասին, և ինչո՞ւ նրանք հավատում են, թե նույնիսկ իրավունք են ստացել այդպես հետևցնելու։ Իսկ ո՞ւր է նախախնամությունը և մատը նրա։ Ինչո՞ւ նախախնամությունը թաքցրեց իր մատը «ամենակարևոր րոպեին» (մտածում էր Ալյոշան) և կարծես ինքն իսկ ուզեց ենթարկվել բնության կույր, համր, անողոք օրենքներին։
Ահա թե ինչու արյուն էր կաթում Ալյոշայի սրտից, և անշուշտ, ինչպես ասացի արղեն, նրա վշտի բուն շարժառիթը այն մա՛րդն էր, որին ամենից ավելի էր սիրում աշխարհում, և որ «նախատինք» էր կրել, «փառազրկվել» էր։ Ասենք թե իմ պատանի հերոսի այս տրտունջքը թեթևամիտ ու անխոհեմ բան էր, սակայն դարձյալ ու երրորդ անգամ կրկնում եմ (և նախօրոք համաձայն եմ, որ գուցե նույնպես թեթևամտություն եմ անում)— ուրախ եմ, որ իմ պատանի հերոսը այդքան խոհեմություն չցուցաբերեց այդպիսի պահին, որովհետև խելացի մարդու համար միշտ էվ կգա խոհեմության ժամանակը, բայց եթե այդպիսի բացառիկ պահին անգամ սե՜րը չտիրի պատանու սրտում, այլևս ե՞րբ է տիրելու։ Եվ սակայն չեմ ուզում այս առթիվ լռության մատնել մի տարօրինակ երևույթ, որ թեև հարևանցիորեն, բայց այնուամենայնիվ ի հայտ եկավ Ալյոշայի մտքում՝ նրա համար ճակատագրական ու անստույգ այդ պահին։ Վայրկենաբար առկայծած այդ նոր ''բանը'' տանջալի մի տպավորություն էր՝ Իվանի հետ ունեցած երեկվա խոսակցությունից, որ հիմա Ալյոշայի միտքն էր գալիս անդադար։ Այո, հենց հիմա, այս պահին։ Օ՜, ոչ թե որևէ բան խախտվել էր նրա հոգու հիմնական, այսպես ասած տարերային հավատից, ո՜չ։ Նա սիրում ու անսասան հավատում էր իր աստծուն, թեև անակնկալորեն տրտնջացել էր նրա դեմ։ Բայց, համենայն դեպս, Իվանի հետ երեկվա խոսակցության վերհիշումից ծնվող տարտամ, բայց տանջալից ու հոռի տպավորությունը հիմա հանկարծ վերստին սկսել էր խլրտալ նրա հոգում և ավելի ու ավելի համառորեն պահանջում էր մակերես բարձրանալ։
Մութն իջնում էր արդեն, երբ Ռակիտինը, որ մենաստանից վանք գնալիս անցնում էր սոճու պուրակով, հանկարծ նկատեց Ավյոշային ծառի տակ երեսնիվայր պառկած, անշարժ ու ասես քնած։ Նա մոտեցավ ու ձայն տփեց։
— Դու... այստե՞ղ ես, Ալեքսեյ։ Բայց մի՞թե գոլ...-սկսեց նա զարմացած, սակայն խոսքը կես թողեց։ Ուզում էր ասել՝ «Մի՞թե դու այս ''բանին հասար''»։ Ալյոշան չնայեց, բայց նրա մի տարտամ շարժումից Ռակիտինն անմիջապես իմացավ, որ նա լսում է իրեն ու հասկանում։
— Իսկ ի՞նչ է պատահել քեզ,— շարունակում էր նա զարմանալ, բայց նրա դեմքին զարմանքն սկսում էր փոխվել Ժպիտի, որն ավելի ու ավելի հեգնական էր դառնում։
— Լսի՛ր, ախր երկու ժամից ավելի է՝ քեզ եմ փնտրում։ Հանկարծ կորար այնտեզից։ Բայց ի՞նչ ես անում այստեղ։ Ի՞նչ հիմարաբանություն է մտել գվուխդ։ Դե գոնե նայի՜ր ինձ...
Ալյոշան գլուխը բարձրացրեց, նստեց ու մեջքով հենվեց ծառին։ Չէր արտասվում, բայց դեմքին տառապանքի արտահայտություն կար, իսկ աչքերի մեջ ջղայնություն էր երևում։ Սակայն նայում էր ոչ թե Ռակիտինին, այլ մի ուրիշ կողմ։
— Գիտե՞ս, դեմքդ բոլորովին փոխվել է։ Քո այն նախկին նշանավո՜ր հեզությունից բան չի մնացել։ Բարկացե՞լ ես որևէ մեկի վրա, ինչ է։ Անպատվե՞լ են քեզ։
—Հանգի՛ստ թող ինձ,— ասաց հանկարծ Ալյոշան, դեռ շարունակելով ուրիշ կողմ նայել և ձեռքի հոգնած մի շարժում անելով։
— Օհո՜, դրա՞ն հասանք։ Սկսեցինք բոռբռա՞լ, իսկ և իսկ ուրիշ մահկանացուների նման։ Եվ սա երկնքի՜ց իջած հրեշտակ է, հա՜։ Է՜, Ալյոշկա, զարմացրիր ինձ, գիտե՞ս, անկեղծ եմ ասում։ Այստեղ վաղուց չէի զարմացել որևէ բանի վրա։ Բայց, համենայն դեպս, քեզ զարգացած մարդ էի համարում...
Ալյոշան վերջապես նայեց նրան, բայց մի տեսակ մտացիր, կարծես դեռ լավ չհասկանալով նրա ասածը։
— Բայց մի՞թե իսկապես պատճառը քո ծերուկի հոտելն է միայն։ Ինչ է, լրջորեն հավատո՞ւմ էիր, որ նա կսկսի հրաշքներ թափել,— գոչեց Ռակիտինը, նորից շատ անկեղծորեն զարմանալով։
— Հավատում էի, հավատում եմ, ուզո՛ւմ եմ հավատալ և պիտի հավատա՛մ, դե էլ ի՛նչ ես ուզում ինձնից,— գոռաց Ավյոշան ջղայնորեն։
— Ոչինչ չեմ ուզում, սիրելիս։ Թո՛ւհ, գրողը տանի, ախր տասներեք տարեկան դպրոցականն էլ հիմա չի հավատում դրան։ Բայց դե հերն անիծած... Է՛հ, ուրեմն հիմա դու զայրացել ես քո աստծո դեմ, ըմբոստացել ես, հա՞. այսինքն թե՝ աստիճանի բարձրացո՜ւմն աչքաթող արեցին, տոնի առթիվ շքանշա՜ն չտվեցին։ Էխ, տիպեր եք, հա՜։
Ալյոշան մի երկար հայացք նետեց Ռակիտինի վրա, աչքերը մի տեսակ կկոցած, և հանկարծ մի բան փայլատակեց նրա աչքերում... բայց դա ոչ թե զայրույթ էր Ռակիտինի հանդեպ։
— Ես իմ աստծո դեմ չեմ ըմբոստանում. պարզապես «չեմ ընդանում նրա աշխարհը»,— ծուռ ժպտաց հանկարծ Ալյոշան։
— Ինչպե՞ս թե չես ընդունում աշխարհը,— մի քիչ մտածեց Ռակիտինը նրա պատասխանի վրա։— Ա՞յդ ինչ ցնդաբանություն է։
Ալյոշան չպատասխանեց։
— Դե բավական է քրքրենք այղդ դատարկ բաները։ Գործի անցնենք. մի բան կերե՞լ ես այսօր։
— Չեմ հիշում... կարծեմ կերել եմ։
— Քեզ կազդուրվել է պետք, դատելով դեմքիցդ։ Մարդ որ երեսիդ նայի, մեղքանալը կգա։ Գիշերն էլ ախր չես քնել, լսում էի, ժողով ունեիք այնտեղ։ Եվ հետո՝ այս ամբողջ քաշկռտուքն ու խծբծանքը... Կա֊չկա՝ նշխարի մի կտոր ես կերել։ Գրպանումս երշիկ ունեմ, ցերեկը համենայն դեպս վերցրել էի քաղաքից, երբ այստեղ էի գալիս։ Միայն թե դու երշիկ չես ուտի...
— Դե տո՛ւր, երշիկ տուր։
— Էհե՜։ Ուրեմն ա՜յ թե ինչ։ Դե ասա՝ կատարյալ ապստամբությո՜ւն է, բարիկադներո՜վ։ Է՜, ախպերս, չի կարելի այսպիսի բանը աչքաթող անել։ Գնանք իմ սենյակը... հիմա ինքս էլ մի քիչ օղի կկոնծեի, մեռնում եմ հոգնությունից։ Բայց երևի օղին չես համարձակվի... թե՞ կխմես, հա՞։
— Տո՛ւր, օղի էլ տուր։
* Բահո՜, շշմեցնում ես, ախպերս,— աչքերը լայն բացեց Ռակիտինը։— Դե լավ, այսպես թե այնպես, օղի լինի թե երշիկ՝ հոյակա՜պ բան է, լավ առիթ է, չի կարելի բաց թողնել։ Գնա՛նք։
Ալյոշան լուռ վեր կացավ գետնից ու հետևեց Ռակիտինին։
* Իվան եղբայրդ տեսնե՜ր այս բանը, ա՜յ թե կզարմանար, հա՜։ Ի դեպ, Իվան Ֆյոդորովիչդ այս առավոտ թռավ-գնաց Մոսկվա, գիտե՞ս, թե չէ։
* Գիտեմ,— անտարբեր ասաց Ալյոշան, և հանկարծ նրա մտքում առկայծեց Դմիտրիի դեմքը, բայց միայն առկայծեց մի վայրկյան, ու թեև մի բան հիշեցրեց, շտապ մի գործ, որն արդեն ոչ մի րոպե չէր կարելի հետաձգել, ինչ-որ մի պարտականություն, ահավոր մի անհրաժեշտություն, սակայն այդ հիշեցումն էլ ոչ մի տպավորություն չգործեց նրա վրա, չհասավ սրտին, հենց նույն վայրկյանին դուրս թռավ հիշողությունից ու մոռացվեց։ Բայց Ալյոշան հետագայում երկար ժամանակ չկարողացավ մոռանալ այդ վայրկյանը։
— Քո եղբայր Վանյան մի անգամ բարբառն՜ց իմ մասին, թե ես մի «անշնորհք, լիբերալ տոպրակ» եմ։ Եվ դու էլ մի անգամ չդիմացար ու իմ կտուրը քար գցեցիր, թե «անազնիվ» եմ ես... Լա՜վ, թող այդպես լինի։ Դե հիմա կտեսնեմ ձեր շնորհքն ու ազնվությունը։ (Այս վերջինը քթի տակ ասաց Ռակիտինը, փսփսալով)։ Թո՛ւհ, լսի՛ր,— սկսեց նա նորից բարձրաձայն,— վանքը մի կողմ թողնենք, ուղղակի քաղաք գնանք արահետով... հը՜մ։ Պետք է, ի դեպ, Խոխլակովային հանդիպեմ։ Երևակայիր, ես նրան գրավոր տեղեկացրի ամբողջ պատահածը, և, պատկերացնո՞ւմ ես, նա իսկույն ինձ պատասխանեց մատիտով գրած մի երկտողով (այդ տիկինը սոսկալի սիրում է երկտողներ գրել)։ «Ոչ մի կերպ,— ասում է,— ''այդպիսի՜ արարք'' չէի սպասում այնքան պատկառելի մի սրբահայրից, ինչպիսին հայր Զոսիման է»։ Հենց այդպես էլ գրել է՝ «արա՜րք»։ Նույնպես զայրացել է ախր։ է՜խ, բոլորդ էլ տիպե՜ր եք։ Սպասի՛ր,— հանկարծ գոռաց նա նորից, մեկեն կանգ առավ և, բռնելով Ալյոշայի ուսը, նրան էլ կանգնեցրեց։
— Գիտե՞ս, Ալյոշկա,— խուզարկու հայացքով նայեց Ռակիտինը նրա աչքերի մեջ, ամբողջովին տարված մի նոր մտքով, որ հանկարծ ծագել էր իր գլխում. ու թեև ծիծաղում էր արտաքուստ, բայց ըստ երևույթին վախենում էր բարձրաձայն ասել այդ իր նոր միտքը, որովհետև Ալյոշայի ներկա տրամադրությունը ա՜յն աստիճան տարօրինակ ու անսպասելի էր թվում, որ դեռ չէր կարողանում հավատալ դրան։— Ամենալավը, Ալյոշկա... գիտե՞ս ուր գնայինք հիմա,— ասաց նա վերջապես վարանոտ ու շողոմ մի շեշտով։
— Միևնույն է... ուր որ ուզես։
— Գնանք Գրուշենկայի մոտ, հը՞։ Կգա՞ս,— ասաց ի, վերջո Ռակիտինը, մինչև իսկ դողալով վարանոտ սպասումից։
— Գնանք Գրուշենկայի մոտ,— հանգիստ պատասխանեց Ալյոշան իսկույն ևեթ, և այդպիսի անմիջական ու հանգիստ պատասխանը այնքան անսպասելի էր Ռակիտինի համար, որ քիչ մնաց նա ետ ցատկեր։
— Դե՜... գե լա՛վ... Այ ահա՜,— սկսել էր գոռալ նա շշմած, բայց հանկարծ պինդ թևանցուկ արեց Ալյոշային և արագորեն տարավ նրան արահետով, դեռ սաստիկ երկյուղ կրելով, որ նրա այդ խիզախությունը հանկարծ հօդս կցնդի։ Լուռ քայլում էին, Ռակիտինը նույնիսկ վախենում էր խոսել։
— Ինչպե՜ս կուրախանա հիմա Գրուշենկան, ինչպե՜ս կուրախանա... — սկսեց մրթմրթալ նա, բայց նորից բերանը փակեց։ Եվ արդեն բնավ էլ Գրուշենկային ուրախացնելու համար չէր, որ Ալյոշային տանում էր նրա մոտ. լուրջ մարդ էր Ռակիտինը և առանց իր համար շահաբեր մի նպատակ ունենալու ոչինչ չէր ձեռնարկում։ Իսկ հիմա նա երկակի նպատակ ուներ. նախ՝ ուզում էր վրեժ առնել, այսինքն տեսնել «արդարակյացի խայտառակվելը»՝ Ալյոշայի «անկումը սրբությունից դեպի մեղսագործություն», որն արդեն նախօրոք ըմբոշխնում էր մտովի, և երկրորդ աչքի առաջ ուներ նաև նյութական մի որոշ շահագրգռություն, իր համար շատ օգտաբեր, որի մասին խոսք կլինի ստորև։
«Ուրեմն այսպիսի բախտորոշ մի պահ ստացվեց,— մտածում էր նա ինքնիրեն չարախինդ զվարթությամբ,— այ ուրեմն հիմա կբռնենք սրա շլնքից, այսինքն այս պահի, որովհետև շատ ձեռնտու է մեզ համար»։
=== III։ Մի կանաչ սոխ ===
Գրուշենկան ապրում էր քաղաքի ամենաբանուկ մասում, Մայր եկեղեցու հրապարակի մոտ. վարձել էր փայտե փոքր մի շենք վաճառականի այրի Մորոզովայի տան բակում։ Մորոզովայի տունը մեծ էր, քարաշեն, երկհարկանի, հին ու շատ անբարետես. այնտեղ մեկուսացած ապրում էր պառավ տանտիրուհին իր երկու զարմուհիների հետ, որոնք նույնպես տարեց օրիորդներ էին։ Նա կարիք չուներ բակի շենքը վարձով տալու, բայց բոլորը գիտեին, թե Գրուշենկային վարձակալ էր ընդունել (դեռ չորս տարի առաջ) միմիայն ի հաճույս իր ազգականի՝ վաճառական Սամսոնովի, որ Գրուշենկայի բացահայտ հովանավորն էր։ Ասում էին, թե խանդոտ ծերունին երբ իր «սիրեցյալին» տեղավորում էր Մորոզովայի տանը սկզբում նկատի ուներ այն, որ պառավն իր սուր աչքով կհետևի նոր վարձակալի վարքուբարքին։ Բայց շուտով պարզվեց, որ սուր աչքն ավելորդ է, Մորոզովան սկսեց նույնիսկ հազվադեպորեն հանդիպել Գրուշենկային և ի վերջո բոլորովին չէր ձանձրացնում նրան որևէ տեսակի հսկողությամբ։ Ճիշտ է, արդեն չորս տարի էր անցել այն օրից, երբ ծերունին նահանգային կենտրոնական քաղաքից այս տունն էր բերել տասնութամյա երկչոտ, ամոթխած, նրբագեղ, նիհարիկ, մտածկոտ ու տխուր աղջկան, և շատ ջրեր էին հոսել դրանից հետո։ Եվ սակայն մեր քաղաքում քիչ բան գիտեին այս աղջկա կենսագրությունւից, այն էլ տարտամորեն. վերջին ժամանակներս էլ որևէ նոր բան չիմացան՝ նույնիսկ երբ շատ֊շատերն սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել Ագրաֆենա Ալեքսանդրովնայի նկատմամբ, որ չորս տարվա ընթացքում «չքնաղ գեղեցկուհի» էր դարձել։ Միայն լուր էր պտտվում, թե մարդու մեկը, իբրև թե մի սպա, խաբել ու հետո անմիջապես լքել է Գրուշենկային, երբ նա դեռ տասնյոթ տարեկան մի աղջընակ էր։ Սպան թողել-գնացել է ու հետո ամուսնացել է մի տեղ, իսկ Գրուշենկան մնացել է աղքատության մեջ, պատիվը կորցրած։ Եվ սակայն ասում էին, որ թեև ծերունին իսկապես աղքատությունից է հանել Գրուշենկային, բայց աղջիկը սերում է հոգևորական դասին պատկանող մի պատվավոր ընտանիքից՝ ինչ-որ անպաշտոն սարկավագի կամ նման մի մարդու դուստրն է։
Եվ ահա ուրեմն, չորս տարվա ընթացքում, խղճուկ, անարգված ու զգայուն որբուհին դարձել էր վարդագեղ ու լիամարմին ռուս գեղեցկուհի, համարձակ ու վճռական բնավորության տեր մի կին, որ հպարտ էր ու աներես, գիտեր փողի արժեքը, ժլատ էր, զգուշավոր, ամեն ինչ ձեռք էր բերում արդար կամ անարդար միջոցներով և արդեն կարողացել էր, ինչպես ասում էին, իր սեփական փոքր դրամագլուխը դիզել։ Միայն մի բան կար, որին բոլորը հաստատ համոզված էին. դժվարամատչելի էր Գրուշենկան, և բացի նրա ծերունի հովանավորից՝ չորս տարվա ընթացքում չէր եղել մի մարդ, որ կարողանար պարծենալ, թե նրա բարեհաճությունն է վայելել։ Դա անտարակուսելի փաստ էր, որովհետև այդ բարեհաճությունը ձեռք բերելու համար բավականա չափ հավակնորդներ էին մեջտեղ ընկել, հատկապես վերջին երկու տարիներին։ Սակայն բոլոր փորձերն իզուր էին անցել, իսկ դարպասողներից ոմանք, հանդիպելով հաստատակամ պարմանուհու անհոզդոզդ ու հեգնական ընդդիմության, ստիպված էին եղել մինչև իսկ զավեշտական ու ամոթալի նահանջի դիմել։ Հայտնի էր նաև, որ այս պարմանուհին, հատկապես վերջին տարվա ընթացքում, սկսել էր այսպես կոչված «ձեռնտու գործերով» զբաղվել և այդ ուղղությամբ ցուցաբերել էր արտակարգ ընդունակություններ, այնպես որ շատերն ի վերջո իսկական ջհուդ էին կոչել նրան։ Ոչ թե վաշխառուական տոկոսներով փող էր պարտք տալիս, այլ ուրիշ գործարքներ էր անում, հայտնի էր դարձել, օրինակ, որ մի որոշ ժամանակից ի վեր ընկերացել է Ֆյոդոր Պավլովիչ Կարամազովի հետ և, իրոք, մուրհակներ գնելով է զբաղվում. առնում է չնչին գնով՝ ռուբլու դիմաց տասը կոպեկով, իսկ հետո որոշ մուրհակներից տասնապատիկ օգուտ է անում՝ տասը կոպեկի դիմաց մի ռուբլի ձեռք բերելով։
Այրի ու հիվանդ Սամսոնովյը, որի ոտքերն ուռել էին և վերջին տարում մատնվել անշարժության, ժլատ ու անողոք մի մեծահարուստ էր, իր հասուն որդիների բռնակալը, սակայն ընկել էր իր պաշտպանյալի ուժեղ ազդեցության տակ, թեև սկզբում նրան իր բռի մեջ էր պահում ու ամեն կերպ ճնշում էր, ստիպում էր «ծոմ բռնել», ինչպես ծաղրասեր մարդիկ ասում էին այն ժամանակ։ Բայց Գրուշենկան կարողացել էր ազատագրվել, միաժամանակ իր հավատարմության նկատմամբ անսահման վստահություն ներշնչելով ծերունուն։ Այս ծերունին (այժմ արդեն վաղուց հանգուցյալ) խիստ գործարար մարդ էր և նույնպես աչքի էր ընկնում իր բնավորությամբ, մանավանդ շատ կծծի էր ու կայծքարի նման անկոտրում, ու թեև Գրուշենկան այնպես էր նվաճել նրան, որ ծերունին չէր էլ կարող ապրել առանց իր պաշտպանյալի (մանավանդ վերջին երկու տարիներին հենց այդպես էր), բայց ժլատ վաճառականը այնուամենայնիվ մի մեծ դրամագլուխ չհատկացրեց Գրուշենկային, և եթե վերջինս նույնիսկ սպառնար բոլորովին լքել նրան, նորից էլ ծերունին անդրդվելի կմնար։ Բայց, համենայն դեպս, մի փոքր դրամագլուխ հատկացրել էր, և նույնիսկ այդ էլ զարմացրեց բոլորին, երբ հայտնի դարձավ։ «Դու ինքդ էլ հաշիվդ իմացող կնիկ ես,— ասաց նա Գրուշենկային, ութ հազար ռուբլի տալով,— և ինքդ էլ գործ արա, բայց իմացիր, որ այլևս ինձից ոչինչ չես ստանա մինչև մեռնելս, բացի առաջվա նման քո տարեկան ապրուստի փողից, կտակիս մեջ էլ ոչինչ չեմ հատկացնելու քեզ»։ Եվ նա իր խոսքը կատարեց, մեռավ ու ամեն ինչ թողեց իր որդիներին, որոնց, կանանց ու երեխաների հետ, ծառաների պես էր պահել իր ամբողջ կյանքում, իսկ Գրուշենկային իր կտակում, բոլորովին չհիշատակեց նույնիսկ։ Այս ամբողջը հայտնի դարձավ հետագայում։ Բայց նա Գրուշենկային շատ էր օգնում իր խորհուրդներով, թե ինչպես պետք է գործի դնել «սեփական դրամագլուխը», և շահաբեր «գործեր» էր ցույց տալիս նրան։ Երբ Ֆյողոր Պավլովիչ Կարամազովը, որ սկզբում մի պատահական «ձեռնտու գործի» առիթով էր կապվել Գրուշենկայի հետ, վերջ ի վերջո իր համար բոլորովին անսպասելիորեն սիրահարվեց նրան և այն էլ խելքը թռցնելու աստիճան, ծերունի Սամսոնովը, մահամերձ հիվանդ լինելով հանդերձ, սկսեց կուշտ ու կուռ ծիծաղել նրա վրա։ Ուշագրավ է այն, որ Գրուշենկան լիովին ու նույնիսկ սրտանց անկեղծ էր իր ծերունու հանդեպ՝ իրենց ամբողջ ծանոթության ընթացքում, և կարծես թե ծերունին աշխարհում միակ մարդն էր, որին նա այդպես էր վերաբերվում։ Վերջերս, երբ Դմիտրի Ֆյոդորովիչն էլ հանդես էր եկել իր բուռն սիրով, Սամսոնովը դադարեց ծիծաղելուց։ Ընդհակառակն, մի անգամ անժպիտ լրջությամբ խորհուրդ տվեց Գրուշենկային, «Եթե պետք լինի ընտրել երկուսից մեկին՝ հորը կամ որդուն, դու ծերուկին ընտրիր, բայց այն պայմանով, որ պառավ սրիկան անպատճառ ամուսնանա քեզ հետ և նախապես գոնե մի որոշ դրամագլուխ փոխանցի քո անվանը։ Իսկ կապիտանի հետ գչուխ մի դնիր, խեր չկա նրանից»։ Ահա հենց այս խոսքերն ասաց ծերունի հեշտասերը, որ այն ժամանակ արդեն նախազգում էր իր մոտալուտ մահը և, իսկապես էլ, Գրուշենկային այս խորհուրդը տալուց հինգ ամիս հետո մեռավ։ Հարևանցիորեն նշեմ նաև, որ թեպետ այդ ժամանակ մեր քաղաքում շատերը գիտեին հայր և որդի Կարամազովների անհեթեթ ու անճոռնի մրցակցության մասին, որի առարկան էր Գրուշենկան, բայց հազիվ թե որևէ մեկը հասկանում էր այդ երկուսի հանդեպ նրա վերաբերմունքի բուն իմաստը։ Նույնիսկ Գրուշենկայի երկու սպասուհիները հետագայում վկայություն տվեցին դատարանում (երբ արդեն կատարվել էր այն աղետը, որի մասին խոսելու եմ տակավին), թե Ագրաֆենա Ալեքսանդրովնան պարզապես վախից դրդված ընդունում էր Դմիտրի Ֆյոդորովիչին՝ իբր թե այն պատճառով, որ նա «սպառնում էր արյուն թափել»։ Ընդամենը երկու սպասուհի ուներ Գրուշենկան, դեռ իր ծնողներից մնացած մի պառավ խոհարարուհի, որ հիվանդ էր ու համարյա խուլ, և նրա թոռը՝ քսանամյա ժիր, նորատի մի աղջիկ, որ Գրուշենկայի աղախինն էր։ Իսկ Գրուշենկան շատ ժլատ էր ապրում և տան կահավորումը բնավ էլ շքեղ չէր։ Նրա վարձած շենքում ընդամենը երեք սենյակ կար՝ քսանական թվականների հին, կարմիր փայտե կահ-կարասիով, որ պատկանում էր տանտիրուհուն։
Երբ Ռակիտինն ու Ալյոշան նրա տունը մտան, արդեն մութն ընկել էր համարյա, բայց սենյակները դեռլուսավորված չէին։ Գրուշենկան պառկել էր իր հյուրասենյակի խոշոր, անճոռնի, կոշտ բազմոցի վրա, որ կարմիր փայտե թիկնակ ուներ ու երեսապատված էր վաղուց մաշված ու ծակծկուն կաշվով։ Անկողնից բերված երկու սպիտակ, փետրալից բարձեր կային գլխի տակ։ Մեջքի վրա մեկնվել էր անշարժ, երկու ձեռքերը գլխի ետևը դրած։ Զուգվեվ֊զարդարվել էր, կարծես հատուկ մի մարդու էր սպասում, մետաքսյա սև շրջազգեստ էր հագել ու դրել էր ժանյակե թեթև մի գլիազարդ, որ վայելուչ էր. ուսերին ժանեկահյուս մի վարշամակ էր դրել՝ ոսկե մեծղի զարդասեղով ամրացրած։ Նա հենց մի հատուկ մարդու էր սպասում, պառկել էր ասես անձկությամբ լի ու անհամբեր, դեմքը մի քիչ գունատված, շրթունքներն ու աչքերը վառվում էին, աչ ոտքի ծայրով անհանգիստ թխթխկացնում էր բազմոցի արմունկին։ Հազիվ էին երևացել Ռակիտինն ու Ալյոշան, երբ մի թեթև իրարանցում տեղի ունեցավ, նախասենյակից լսվեց, թե ինչպես Գրուշենկան արագորեն վեր թռավ բազմոցից և հանկարծ վախեցած գոչեց, «Այդ ո՞վ է»։ Բայց հյուրերին դիմավորեց աղախինը և անմիջապես պատասխանեց իր տիրուհուն.
― Չէ, նա չէ, ուրիշ մարդիկ են, բան չկա։
«Ի՞նչ կարող է պատահած լինել»,— մրթմրթաց Ռակիտինը, Ալյոշային ձեռքից բռնած տանելով հյուրասենյակ։ Գրուշենկան կանգնել էր բազմոցի մոտ, կարծես դեռ վախեցած։ Նրա մուգ շագանակագույն ծամերից մի հաստ փունջ, հանկարծ դուրս սահելով գլխազարդի տակից, ընկավ աջ ուսին, բայց նա չնկատեց այդ ու չուղղեց, քանի դեռ ուշադիր նայում էր հյուրերին, ջանալով ճանաչել նրանց։
― Ախ, դո՞ւ ես, Ռակիտկա։ Քիչ մնաց վախեցնեիր ինձ։ Ո՞ւ հետ ես եկել։ Այդ ո՞վ է կողքիդ։ Տե՜ր աստված, ա՜յ թե ումն է բերել,— բացականչեց նա, ճանաչելով Ալյոշային։
— Դե ասա, որ մոմեր բերեն,— խոսեց Ռակիտինը ամենամոտիկ ծանոթի և մտերիմ մարդու ազատ վարվելակերպով, մի մարդու, որ նույնիսկ իրավունք ունի կարգադրություններ անելու տան մեջ։
— Մոմե՜ր... իհարկե մոմեր... Ֆենյա, մի մոմ բեր սրան... է՜հ, ժամանակ գտար մարդուն հետդ բերելու,— բացականչեց նա նորից՝ գլխով ցույց տալով Ալյոշային, և դեպի հայելին դարձավ ու սկսեց արագորեն ուղղել մազերը երկու ձեռքով։ Կարծես թե դժգոհ էր։
— Ի՞նչ է, չկարողացա՞ սրտիդ յուղ քսել,— հարցրեց Ռակիտինը, գրեթե նեղանալով իսկույն։
— Վախեցրիր ինձ, Ռակիտկա, հասկանո՞ւմ ես,— դարձավ Գրուշենկան, ժպտալով Ալյոշային։— Մի՛ վախենար ինձնից, Ալյոշա, ջանիկս, սոսկալի ուրախ եմ, որ տեսնում եմ քեզ, իմ անսպասելի՜ հյուրս։ Իսկ դու, Ռակիտկա, վախեցրիր ինձ. կարծեցի, որ Միտյան է ներս խուժում։ Հասկանո՞ւմ ես, քիչ առաջ խաբեցի նրան, ստիպեցի երդվել, որ հավատում է ինձ, բայց ինքս սուտ խոսեցի։ Ասացի, որ Կուզմա Կուզմիչի մոտ եմ գնում, իմ ծերուկի մոտ, ամբողջ երեկոն այնտեղ եմ լինելու և մինչև ոսշ գիշեր փող եմ հաշվելու հետը։ Չէ՞ որ ամեն շաբաթ գնում եմ նրա մոտ, ամբողջ երեկոն նստում ենք ու հաշիվները նայում։ Դուռը կողպում ենք, նա շրխկացնում է համրիչի վյրա, իսկ ես նստում եմ՝ գրանցում գրքի մեշ, ի՛նձ է վստահում միայն։ Եվ Միտյան հավատաց, որ ես այնտեղ եմ, բայց ահա փակվել եմ իմ տանը, նստել եմ՝ մի լուր եմ սպասում։ Ինչպե՞ս եղավ, որ Ֆենյան ձեզ ներս թողեց։ Ֆե՜նյա, Ֆե՜նյա։ Վազի՛ր դարպասի մոտ, բաց արա և նայիր չորս կողմը, կապիտանը չի՞ երևոսմ որևէ տեղ։ Թաքնվել է գուցե և աչք է պահում, մեռնում եմ վախից։
— Ոչ ոք չկա, Ագրաֆենա Ալեքսանդրովնա, հենց նոր ամեն կողմ նայեցի. րոպեն մեկ գնում ու ճեղքից էլ եմ նայում, ինքս էլ դողում եմ վախից։
— Փեղկերը փա՞կ են, Ֆենյա։ Վարագույրն էլ իջեցնենք, ա՜յ այսպես։— Նա ինքը իջեցրեց ծանր վարագույրները։— Թե չէ՝ հենց լույսը տեսնելով ներս կխուժի։ Միտյայից, քո եղբայր Միտյայից եմ վախենում այսօր, Ալյոշա։— Գրուշենկան բարձր էր խոսում՝ թեև տագնապած, բայց և համարյա ցնծությամբ լի։
* Ինչո՞ւ այդպես վախենում ես այսօր Միտյայից,— ուզեց, իմանալ Ռակիտինը։— Կարծեմ նրանից վախեցողը չէիր, քո ծափով է նա պար գալիս։
— Ասում եմ քեզ, լուր եմ սպասում, մի ոսկի՜ լուր, այնպես որ Միտյան հիմա բոլորովին ավելորդ է։ Եվ չհավատաց էլ նա, զգում եմ, չհավատաց, որ Կուզմա Կուզմիչի մոտ գնացի։ Երևի նստել է հիմա այնտեղ, այգում, Ֆյոդոր Պավլովիչի տան ետևը, ինձ վրա է աչք պահում։ Իսկ եթե այնտեղ է թաքնվել, ուրեմն այստեղ չի գա, դե ավելի՛ լավ։ Բայց ես իրոք գնացի Կուզմա Կազմիչի մոտ, հենց Միտյան էլ ինձ ուղեկցեց, ասացի՝ մինչև կեսգիշերը նստելու եմ, և խնդրեցի, որ ինքն էլ անպայման գա կեսգիշերին, տուն բերի ինձ։ Թողեց գնաց, իսկ ես մի տասը րոպե նստեցի ծերուկի մոտ, ու նորից եկա այստեղ։ Ո՜ւյ, ինչպես էի վախենո՜ւմ՝ վազում էի, որ նրան չհանդիպեմ։
— Իսկ ինչո՞ւ ես զուգվել-զարդարվել, ո՞ւր ես գնում։ Այդ ի՜նչ հետաքրքիր զարդ ես դրել գլխիդ։
— Բայց թե ի՛նքդ ինչ հետաքրքիր մարդ ես, հա՜, Ռակիտին։ Ասում եմ քեզ, մի լավ լուր եմ սպասում։ Լուրը եկավ թե չէ՝ ցատկում եմ տեղիցս ու թռնում, էլ ինձ չե՜ք տեսնի։ Հենց զոլգվել֊զարդարվել եմ, որ պատրաստ լինեմ։
— Իսկ ո՞ւր ես թռնում։
— Շատ իմանաս, շուտ կծերանաս։
— Մի տես, է՜։ Փայլում է ուրախությունից... Քեզ երբեք այսպես չէի տեսել մինչև հիմա։ Հագվել-շքվել ես՝ ոնց որ պարահանդես ես գնալու։
— Շա՝տ բան ես հասկանում պարահանդեսներից։
— Իսկ դու շա՞տ ես հասկանում։
— Ես տեսել եմ պարահանդես։ Նախանցյալ տարի Կուզմա Կոլզմիչն իր տղային էր ամուսնացնում, ես էլ նայում էի վերնահարկից։ Ինչ է, Ռակիտկա, հիմա ևս քեզ հետ խոսեմ, երբ այսպիսի մի իշխան է կանգնած այստեղ։ Այսպիսի հյո՜ւր։ Ալյոշա, սիրելիս, նայում եմ քեզ ու չևմ հավատում. աստվա՜ծ իմ, ինչպե՜ս եղավ որ դու հայտնվեցիր իմ տանը։ Ճիշտն ասեմ քեզ՝ չէի սպասում, մտքովս էլ չէր անցնում, և առաջ էլ երբեք չեմ հավատացել, որ դու կարող էիր գալ։ Թեև հիմա այն հարմար րոպեն չէ, բայց սոսկալի ուրախ եմ, որ եկել ես։ Նստիր բազմոցին, ահա այստեղ, ա՛յ այսպես, լուսնյա՜կ իմ նորելուկ։ Ճի՜շտ, կարծես դեռ աչքերիս չեմ հավատում... է՜հ, Ռակիտկա, եթե երե՜կ բերած լինեիր նրան, կամ էլ անցյալ օրը... Բայց այսպես էլ ուրախ եմ։ Գուցե ավելի լավ է, որ հիմա եկավ, այսպիսի րոպեին, և ոչ թե անցյալ օրը...
Նա ժիր ու զվարթ նստեց Ալյոշայի կողքին, բազմոցի վրա, և ուղղակի զմայլանքով նայեց նրան։ Եվ իսկապես ուրախ էր, չէր ստում այդպես ասելով։ Աչքերը վառվում էին, շրթունքները ծիծաղում, բայց ծիծաղում էին ուրախ, բարեսրտորեն։ Ալյոշան նույնիսկ չէր սպասում, որ այդպիսի բարի արտահայտություն կտեսնի նրա դեմքին... Մինչև երեկ նա քիչ էր հանդիպել Գրուշենկային, ահաբեկող մի կարծիք էր կազմել նրա մասին, իսկ երեկ Կատերինա Իվանովնայի գլխին նրա խաղացած չարախինդ ու նենգ խաղից այնպես էր ցնցվել, որ հիմա շատ զարմացավ, երբ հանկարծ ասես բոլորովին տարբեր, անսպասելի մի անձնավորություն տեսավ իր առաջ։ Եվ որքան էլ հիմա ընկճված էր իր սեփական վշտից, այնուամենայնիվ աչքերն ակամա կանգ առան Գրուշենկայի վրա և ուշադիր նայեցին։ Նրա ամբողջ վարվելակերպն էլ կարծես իսպառ բարեփոխվել էր երեկվանից հետո, գրեթե բոլորովին չկար երեկվա այն քաղցրավունությունը խոսվածքի մեջ, չկային այն փափկասուն ու սեթևեթ շարժումները... Նրա մեջ ամեն ինչ պարզ էր, սրտաբաց, շարժումներն արագ էին, շիտակ, դյուրավստահ, բայց նա շատ էր հուզված։
— Տե՜ր աստված, ինչե՜ր են կատարվում այսօր իրար ետևից, ճի՜շտ որ,— սկսեց նորից ճլվլալ։— Եվ ինչո՞ւ այսքան ուրախ եմ քեզ տեսնելով, ինքս էլ չգիտեմ, Ալյոշա։ Հարցնես էլ՝ չգիտեմ։
— Դե լա՜վ, չգիտե՞ս, թե ինչու ես ուրախ,— քմծիծաղ տվեց Ռակիտինը։— Մի բան կար երևի, որ միշտ էլ կպել էիր օձիքիցս բե՜ր նրան, բե՜ր նրան։ Մի նպատակ ունեիր անշուշտ։
— Առաջ ուրիշ նպատակ ունեի, իսկ հիմա անցավ դա, հիմա այն րոպեն չէ։ Այ ասեմ, ուզում եմ հարգ ու պատիվ տալ ձեզ։ Հիմա ես բարի եմ դարձել, Ռակիտկա։ Բայց դու էլ նստիր, Ռակիտկա, ինչո՞ւ ես կանգնել։ Ինչ է, նստե՞լ ես արդեն։ Չվախենա՜ք, Ռակիտուշկան իր անձը մոռացողը չէ։ Այ հիմա նստել է մեր դիմաց, Ալյոշա, և նեղանում է՝ ինչո՞ւ քեզնից առաջ նրա՛ն չհրավիրեցի, որ նստի։ Ո՜ւյ, խռովկան է մեր Ռակիտկան, այնքան շո՜ւտ է նեղանում,— ծիծաղեց Գրուշենկան։— Մի՛ բարկանա, Ռակիտկա, ես բարի եմ այսօր։ Բայց ինչո՞ւ այսպես տխուր նստել ես, Ալյոշկա, գուցե ինձնի՞ց ես վախենում զվարթ հեգնանքով նայեց Ալյոշայի աչքերի մեջ։
— Վիշտ ունի։ Աստիճանի բարձրացում չտվեցին,— բամբեց Ռակիտինը։
— Ի՞նչ աստիճանի բարձրացում։
— Նրա սրբահայրը հոտեց։
— Ինչպե՞ս թե հոտեց։ Հիմար֊հիմար դուրս ես տալիս, երևի ուզում ես մի որևէ գարշելի բան ասել։ Ձայնդ կտրի՛ր, խելքի տոպրակ։ Ալյոշա, թույլ կտա՞ս, որ ծնկներիդ նստեմ, ա՛յ այսպես։— Եվ հանկարծ նա մոտ թռավ, ծիծաղելով նստեց Ալյոշայի ծնկներին, փաղաքուշ կատվի նման, և աջ թևով նրա վիզը գրկեց քնքշորեն։— Կուրախացնեմ քեզ, իմ բարեպա՜շտ մանչուկս։ Չէ, իսկապես, թույլ կտա՞ս, որ ծնկներիդ նստեմ, չե՞ս բարկանա։ Ուզում ես՝ վեր կենամ։
Ալյոշան լուռ մնաց։ Նստել էր ու վախենում էր շարժվել. լսեց նրա վերջին ասածը— «Ուզում ես՝ վեր կենամ», բայց չպատասխանեց, կարծես ընդարմացել էր։ Բայց նրա զգացածն այն չէր, ինչ կարող էր ակնկալել կամ երևակայել հիմա թեկուզ Ռակիտինը, օրինակ, որ ցանկասիրաբար դիտում էր նրան իր նստած տեղից։ Ալյոշայի հոգին լցնող մեծ վիշտը կլանում էր բոլոր այն զգացողությունները, որոնք կարող էին ծնվել նրա սրտում, և եթե այս րոպեիս ի վիճակի լիներ լիուլի հաշիվ տալու իրեն, ինքն էլ պիտի գիտակցեր, որ հիմա շատ ամուր զրահով է պաշտպանված ամեն մի գայթակղության ու փորձության դեմ։ Բայց այնուամենայնիվ, չնայած իր հոգեվիճակի անխոս շփոթահարության և ընկճող վշտին, նա ակամա զարմանքսվ նկատում էր, որ մի նոր ու տարօրինակ զգացողություն է ծնվում իր սրտի մեջ։ Այս կինը, այս «սարսափելի» կինը նախկին վախը չէր պատճառում հիմա իրեն, այն վախը, որ առաջ զգում էր, երբ կին արարածի մասին որևէ մի անուրջ խռովում էր իր հոգին մերթ ընդ մերթ։ Ընդհակառակը, այս կինը, որից ամենից ավելի էր վախենում, հիմա իր ծնկներին նստած ու իրեն գրկած՝ բոլորովին տարբեր մի զգացում էր հարուցում հանկարծ իր մեջ, անսպասելի ու յուրահատուկ մի զգացում՝ մի տեսակ անսովոր, մեծագույն և ամենապարկեշտ հետաքրքրություն նրա նկատմամբ, և արդեն առանց որևէ երկյուղի, մինչև իսկ հետք չէր մնացել իր նախկին սարսափից։ Ահա ա՛յս էր գլխավորը, և ա՛յս էր, որ ակամա զարմացնում էր իրեն։
— Դե բավական է հիմարություձներ դուրս տաք,— գոռաց Ռակիտինը,— ավելի Լավ կինի՝ շամպայն հյուրասիրես։ Պարտքդ է, գիտե՜ս ինչու։
— Իրոք որ պարտքս է։ Ախր ես նրան, Ալյոշա, շամպայն էլ էԻ խոստացել ամեն բանի վրա, եթե քեզ այստեղ բերեր։ Դե հա՛, թող շամպայն լինի, ե՛ս էլ կխմեմ։ Ֆե՛նյա, Ֆե՜նյա, մեզ շամպայն բեր, այն շիշը, որ Միտյան թողեց, շո՛ւտ արա։ Ես թեև ժլատ եմ, բայց մի շիշ կդնեմ սեղանին, ո՜չ թե քեզ համար Ռակիտկա, դու սունկ ես, իսկ նա՝ իշխան։ Ու թեև հիմա իմ հոգին ուրիշ բանով է լցված, բայց թո՛ղ այդպես լինի, ես էլ կխմեմ ձեզ հետ, սիրտս խրախճա՜նք է ուզում։
— Բայց այդ ի՞նչ հատուկ րոպեի մասին ես խոսում, ի՞նչ «լուր» է, որ սպասում ես, կարելի է հարցնել, թե գաղտնիք է,— նորից մեջ բերեց Ռակիտինը հետաքրքրված, միաժամանակ գերագույն ճիգ անելով, որպեսզի ձևացնի, թե կարևորություն անգամ չի տալիս անընդհատ իրեն հասցեագրվող խայթոցներին։
— է՜խ, գաղտնիք չէ, և ինքդ էլ գիտես արդեն,— հանկարծ մտահոգ շեշտով ասաց Գրուշենկան, գլուխը դարձնելով Ռակիտինի կողմը և մի քիչ ետ թեքվելով Ալյոշայից, թեև շարունակում էր նստած մնալ նրա ծնկներին, թևով նրա վիզը գրկած,— սպան է գալիս, Ռակիտին, իմ սպա՜ն է գալիս։
— Լսել եմ, որ գալիս է, բայց այսքան մո՞տ է արդեն։
— Մոկրոեում է հիմա, այնտեղից սուրհանդակ է ուղարկելու այստեղ. ինքն է այդպես գրել, այսօր նամակ ստացա։ Նստել ու սպասում եմ սուրհանդակին։
― Այ քեզ բա՜ն։ Ինչո՞ւ Մոկրոեում։
― Երկար պատմություն է, և էլ բավական է հարցնես։
― Ըհը՜, հիմա Միտենկան... օհո-հո՜։ Իսկ նա գիտի՞ թե ոչ։
— Ո՞նց թե գիտի։ Բոլորովին չգիտի։ Որ իմանար, կսպաներ։ Բայց ես հիմա բնավ էլ չեմ վախենում դրանից, չեմ վախենում նրա դանակից։ Լռի՛ր, Ռակիտկա, մի՛ հիշեցրու ինձ Դմիտրի Ֆյոդորովիչի մասին, նա իմ սիրտը ջարդուփշուր արեց։ Եվ ոչ մի այդպիսի բանի մասին չեմ էլ ուզում մտածել այս րոպեիս։ Ա՜յ, Ալյոշկայի մասին կարող եմ մտածել, Ալյոշկայի՜ն եմ նայում ես... Դե ժպտա՛ ինձ, սիրելիս, զվարճացի՜րէ խնդա՛ իմ հիմարության, իմ ուրախության վրա... Օ՜, ժպտաց ահա, ժպտա՜ց։ Տես, ի՜նչ սիրալիր է նայում։ Գիտե՞ս, Ալյոշա, անընդհատ մտածում էի, որ դու իձձ վրա բարկանում ես անցյալ օրվա համար, այդ օրիորդի համար... Շուն էի այդ օրը, այ ասեմ ահա... Բայց համենայն դեպս լավ էր, որ այդպես եղավ։ Ե՛վ վատ էր, և՛ լավ,— մտածկոտ ժպտաց հանկարծ Գրուշենկան, և մի դաժան նշույլ կայծկլտաց նրա ժպիտի մեջ։ — Միտյան ասում էր, որ նա գոռացել է՝ «Մտրակո՜վ պետք է ծեծել նրան»։ Այո, շատ խիստ վիրավորեցի օրիորդին։ Կանչել էր ինձ, հաղթել էր ուզում, ուզում էր իր շոկոլադով հրապուրել... Չէ՜, լավ էր, որ այդպես եղավ,— ժպտաց նորից Գրուշենկան։— Բայց այ վախենում եմ, որ դո՛ւ բարկացած լինես...
— Եվ ճի՜շտ որ,— լուրջ զարմանքով վրա բերեց հանկարծ Ռակիտինը։— Ախր նա իսկապես քեզնից վախենում է, Ալյոշա, քեզ նման ճուտիկից։
— Քե՛զ համար է նա ճուտիկ, Ռակիտկա, հասկացա՞ր... որովհետև դու խիղճ չունես, հասկացա՞ր։ Տեսնում ես, հոգո՜վ եմ սիրում նրան, հասկացա՞ր։ Ալյոշա, հավատո՞ւմ ես, որ ես քեզ սիրում եմ ամրո՜ջ հոգով։
— Ա՜խ, անամոթ։ Սե՜ր է բացատրում քեզ, Ալեքսեյ։
― Ինչ կա որ, սիրում եմ, այո՛։
— Իսկ սպա՞ն։ Եվ ոսկի լո՞ւրը Մոկրոեից։
— Դա մի բան է, սա՝ ուրիշ։
— Այ քեզ կնկա տրամաբանություն։
— Մի՛ բարկացնիր ինձ, Ռակիտկա,— տաքացած վրա տվեց Գրուշենկան,— դա մի բան է, սա՝ ուրիշ բան։ Ես Ալյոշային ուրիշ ձևով եմ սիրում։ Ճիշտ է, Ալյոշա, առաջ քո նկատմամբ մի նենգ նպատակ ունեի։ Ես ախր ստոր եմ, կատաղի մի արարած, բայց թե լինում են րոպեներ, Ալյոշա, որ քեզ իմ խղճի տեղն եմ դնում։ Շարունակ մտածում եմ՝ «Այդպիսի մեկը հիմա ինչպե՜ս պետք է արհամարհի ինձ նման զզվելի արարածին»։ Անցյալ օրն էլ այդ մտածեցի, երբ օրիորդի տնից վազեցի եկա այստեղ։ Վաղուց քեզ այսպես եմ նկատել, Ալյոշա, և Միտյան գիտի, ասել եմ նրան։ Ա՜յ, Միտյան հասկանում է։ Կհավատա՞ս, Ալյոշա, ճիշտ եմ ասում, երբեմն նայում եմ քեզ և ամաչում եմ, ոտից֊գլոլխ ամաչում... Եվ ինչպե՞ս եղավ, որ քո մասին այսպես սկսեցի մտածել, երբվանի՞ց՝ չգիտեմ ու չեմ հիշում...
Ֆենյան ներս մտավ ու սեղանի վրա դրեց մատուցարանը, որի վրա բացված մի շիշ կար ու շամպայնով լեցուն երեք բաժակ։
— Շամպա՜յն բերեցին,— գոչեց Ռակիտինը։— Բռնկվել ես, Ագրաֆենա Ալեքսանդրովնա, և գլուխդ կորցել։ Մի բաժակ խմես՝ կսկսես պար գալ։ է-է՜խ, սա էլ նույնիսկ չեն կարողանում անել,— ավելացրեց նա, դիտելով շամպայնի շիշն ու բաժակները։— Պառավն է լցրել խոհանոցում, շիշն էլ առանց խցանի են բերել, և տաք։ Դե լավ, թեկուզ և այսպես լինի։
Նա մոտեցավ սեղանին, վերցրեց բաժակը, մի շնչով խմեց ու նորից լցրեց իր համար։
— Հաճախ չէ, որ շամպայն է ընկնում ձեռդ,— ասաց նա, շրթունքները լիզելով։— Դե տեսնեմ, Ալյոշա, վերցրու բաժակը, ցույց տուր շնորհքդ։ Ինչի՞ կենացը խմենք։ Դրախտի դռների՞։ Վերցրո՜ւ բաժակը, Գրուշա, դու էլ խմիր դրախտի դռների կենացը։
— Ի՞նչ դրախտի դռների։
Գրուշենկան վերցրեց բաժակը։ Ալյոշան էլ վերցրեց, խմեց մի ումպ և բաժակը ետ դրեց։
― Չէ, ավելի լավ է չխմեմ,— մեղմ ժպտաց նա։
— Հե՜, գլուխդ էիր գովում,— գոռաց Ռակիտինը։
— Դե՜հ, եթե այդպես է՝ ես էլ չեմ խմի,— վրա բերեց Գրուշենկան,— և չեմ էլ ուզում։ Խմիր, Ռակիտկա, ամբողշ շիշը մենակդ խմիր։ Եթե Ալյոշան խմի, ես էլ կխմեմ։
— Հորթային սիլիբիլին սկսվե՜ց,— ձեռ առավ Ռակիտինը։— Եվ մեկ էլ նրա ծնկների՜ն է նստել։ Ասենք թե նա վիշտ ունի, իսկ քե՞զ ինչ է պատահել։ Նա իր աստծո դեմ է ըմբոստացել, պատրաստ էր երշիկ խժռելու...
— Ինչպե՞ս թե։
— նրա սրբահայրը մեռավ այսօր, հայր Զոսիման, սուրբը։
— Ուրեմն մահացե՜լ է Զոսիման,— բացականչեց Գրուշենկան։— Աստվա՜ծ իմ, իսկ ես չգիտեի՜։— նա բարեպաշտորեն խաչակնքեց։— Մեղա՜ տեր, ի՜նչ եմ անում, նրա ծնկներին եմ նստել այսպիսի րոպեի՞ն,— վեր թռավ նա մեկեն, կարծես վախեցած, վայրկենապես իջավ նրա ծնկներից և նստեց բազկաթոռի վրա։ Ալյոշան երկար նայեց նրան զարմանքով, և կարծես մի լույս ծագեց իր դեմքին։
— Ռակի՛տին,— ասաց նա հանկարծ բարձրաձայն ու հաստատակամորեն,— մի՛ ծազրիր ինձ, թե ես ըմբոստացել եմ իմ աստծո դեմ։ Չեմ ուզում բարկանալ քեզ վրա, ուրեմն դու էլ ավելի բարի եղիր։ Կորցրել եմ այնպիսի մի գանձ, որի նմանը դու երբեք չես ունեցել, և հիմա դու չես կարող դատել ինձ։ Ավելի լավ է՝ նայիր ահա նրան, տեսա՞ր, թե ինչպես խնայեց ինձ։ Ես այստեղ եկա մի չար հոգի գտնելու, հենց ինքս ձգտում էի դրան, որովհետև ստոր էի ու չար, բայց մի անկեղծ քույր գտա, գտա մի գանձ՝ մի սիրաջերմ հոգի... Նա ինձ խնայեց հիմա... Ագրաֆենա Ալեքսանդրովնա, ես քո մասին եմ խոսում։ Դու իմ հոգին վերականգնեցիր այս րոպեիս։
Ալյոշայի շրթները դողացին, շունչը կտրվեց, ու նա կանգ առավ։
— Իբրև թե հենց ուղղակի փրկեց քեզ, հա՞,— ծիծաղեց Ռակիտինը չարախնդորեն։— Իսկ նա ուզում էր քեզ կուլ տալ, գիտե՞ս այդ բանը։
— Կա՛ց, Ռակիտկա,— վեր թռավ հանկարծ Գրուշենկան,— երկուսդ էլ լռեցեք։ Ամեն ինչ ասեմ հիմա։ Լռիր, Ալյոշա, որովհետև քո այդպիսի խոսքերից ամոթս է գալիս, որովհետև ես չար եմ, ոչ թե բարի. ահա՛ թե ինչ աղջիկ եմ ես։ Իսկ դու, Ռակիտկա, լռի՛ր, որովհետև սուտ ես խոսում։ Ունեցել եմ մի այդպիսի ստոր միտք, այո, ուզում էի կոլ տալ նրան, բայց հիմա՝ սուտ ես ասում, հիմա բոլորովին այն չէ արդեն... և էլ երբե՛ք չեմ ուզում ձայնդ լսել, Ռակիտկա։— Այս բոլորն արտասովոր հուզմունքով ասաց Գրուշենկան։
— Սրա՜նց տեսեք, երկուսն էլ ցնդել են,— թշշաց Ռակիտինը, զարմացած դիտելով նրանց,— խելագար լինեն կարծես։ Գժանո՞ց եմ ընկել, ինչ է։ Երկուսի էլ լարերը թուլացել են, հիմա՜ կսկսեն լաց լինել։
— Եվ այո՛, կսկսեմ լաց լինեի կսկսեմ, կսկսե՜մ լաց լինել,— վրա բերեց Գրուշենկան։— Նա ինձ իր քույրը կոչեց, և էլ երբե՜ք չեմ մոռանա այդ խոսքը։ Միայն թե ասեմ քեզ, Ռակիտկա, ես թեև չար եմ, բայց համենայն դեպս մի կանաչ սոխ եմ տվել։
— Ի՞նչ։ Ո՞նց թե կանաչ սոխ։ Թո՛ւհ, գրողը տանի, իսկապե՜ս որ սրանք գժվել են։
Ռակիտինը զարմանում էր նրանց ոգևորության վրա, վիրավորվում ու բորբոքվում էր, թեպետ կարող էր և կշռադատել ու հասկանալ, որ երկուսի համար էլ հասել է կյանքում հազվադեպորեն պատահող այն պահը, երբ մարդկային հոգին ցնցող բոլոր ազդակները զուգադիպում են իրար։ Բայց Ռակիտինը, որ ընդունակ էր չափազանց զգայուն կերպով ընկալել իր անձին վերաբերող ամեն ինչ, շատ կոպտորեն էր հասկանում իր մերձավորների ապրումներն ու զգացողությունները՝ մասամբ իր երիտասարդական անփորձության պատճառով, մասամբ էլ իր ահռելի եսասիրության հետևանքով։
— Գիտե՞ս, Ալյոշկա,— հանկարծ նյարդային մի ծիծաղով դարձավ նրան Գրուշենկան,— Ռակիտկայի առաջ գլուխս գովեցի, որ մի կանաչ սոխ եմ տվել, բայց քո առաջ չեմ պարծենա, ուրիշ նպատակով կասեմ այդ նույն բանը։ Դա պարզապես մի առակ է, բայց լավ առակ. դեռ երեխա էի, երբ լսեցի իմ պառավ Մատրյոնայից, որ մինչև հիմա էլ իմ խոհարարուհին է։ Լսիր, այսպես է առակը. «Լինում է, չի լինում, մի չար, շատ չար կին է լինում։ Մի օր էլ այս կինը մեռնում է։ Եվ ոչ մի բարի գործ չի մնում նրանից։ Սատանաները բռնում են նրան ու նետում հրեղեն լիճը։ Իսկ նրա պահապան հրեշտակը կանգնում ու մտածում է՝ ի՞նչ բարի գործ հիշեմ նրանից, որ ասեմ աստծուն։ Հիշում է և աստծուն ասում. նա իր պարտեզում, ասում է, մի կանաչ սոխ հանեց արմատից ու աղքատ կնոջ տվեց։ Եվ աստված պատասխանում է նրան. ա՛ռ ուրեմն այդ նույն կանաչ սոխը, ասում է, երկարիր նրան, թող բռնի ու վեր ձգվի, և եթե նրան դուրս քաշես լճից, թող գա դրախտ, իսկ եթե պոկվի կանաչ սոխը, ուրեմն կինը պետք է մնա այնտեղ, ուր որ է հիմա։ Հրեշտակը վազում է կնոջ մոտ, երկարում կանաչ սոխը, ահա՛, կնիկ, ասում է, բռնիր ու վեր ձգվիր։ Եվ սկսում է զգույշ վեր քաշել նրան, և արդեն լրիվ դուրս էր քաշել, բայց լճում եղած մյուս մեղավորները, երբ տեսնում են, որ կնոջը դուրս են քաշում, սկսում են կախ ընկնել նրանից, որպեսզի իրենց էլ դուրս քաշեն նրա հետ։ Իսկ այդ կինը չար է լինում, շատ չար, և սկսում է քացի տալ նրանց. «Ինձ են վեր քաշում, ոչ թե ձեզ, ի՛մ սոխն է, ոչ թե ձեր սոխը»։ Հենց որ ասում է այդ բանը, կանաչ սոխը պոկվում է։ Եվ ընկնում է կինը լճի մեջ ու մինչև օրս էլ այրվում է այնտեղ։ Իսկ հրեշտակը լաց է լինում ու հեռանում է»։ Այս է ահա առակը, Ալյոշա, անգիր եմ հիշում, որովհետև հենց ինքս եմ այդ նույն չար կինը։ Ռակիտկայի առաջ գլուխս գովեցի, թե մի կանաչ սոխ եմ տվել, բայց քեզ ուրիշ կերպ ասեմ. ''ընդամենը'' մի փոքրիկ կանաչ սոխ եմ տվել իմ ամբողջ կյանքում, հենց միայն այդ մի բարի գործն եմ արեր։ Եվ էլ ինձ մի գովիր դրանից հետո, Ալյոշա, մի՛ համարիր, թե ես բարի եմ. չար եմ ես, չար, շատ չար, և եթե գովես, ամոթով կթողնես ինձ։ է՜հ, արի ամեն ինչ խոստովանեմ։ Լսիր, Ալյոշա։ Ես այնքա՜ն էի ցանկանում իմ ձեռը գցել քեզ և այնքա՜ն էի կպել Ռակիտկայի օձիքից, որ նրան քսանհինգ ռուբլի խոստացա, որպեսզի քեզ բերի ինձ մոտ։ Կա՜ց, Ռակիտկա, սպասի՜ր։— Նա արագ քայլերով մոտեցավ սեղանին, բացեց դարակը, դրամապանակը վերցրեց և մի քսանհինգ ռուբլիանոց հանեց այնտեղից։
— Ա՜յ քեզ հիմարություն։ Ա՜յ քեզ հիմարություն,— բացականչում էր Ռակիտինը շլմորած։
— Վերցրո՛ւ, Ռակիտկա, պարտքս է, չե՜ս հրաժարվի, ինքդ էիր խնդրում։— Եվ շպրտեց նրան փողը։
— Ա՜յն էր պակաս, որ հրաժարվեի,— բամբեց Ռակիտինը, հայտնապես ամոթահար, սակայն կտրիճորեն քողարկելով իր զգացած ամոթը։— Սա մեզ համար շատ ձեռնտու բան է, հիմարներն էլ ստեղծվել են հենց նրա համար, որ խելոք մարդուն օգուտ բերեն։
— Իսկ հիմա սսկվիր, Ռակիտկա, հիմա ի՜նչ էլ որ ասեմ՝ քո ականջների համար չէ այլևս։ Նստիր այդ անկյունը և ձայնդ կտրիր, դու չես սիրում մեզ, ուրեմն պապանձվիր։
— Եվ ինչի՞ համար սիրեմ որ ձեզ,— դիմադարձեց Ռակիտինը, արդեն իր զայրույթը չթաքցնելով։ Քսանհինգանոց բանկնոտը գրպանը խցկեց, և ուղղակի ամոթ էր զգում, որ Ալյոշայի աչքի առաջ է անում այդ։ Հույս ուներ, որ հետո՛ կստանա վարձը և Ալյոշան չի էլ իմանա, իսկ հիմա ամոթից գազազեց։ Մինչև այս րոպեն, հակառակ Գրուշենկայի բոլոր հարվածներին, Ռակիտինը ճարտար հաշվենկատություն էր համարում շատ չհակաճառելը նրան, որովհետև պարզ էր, որ նա ինչ-որ իշխանություն ուներ իր վրա։ Բայց հիմա ինքն էլ զայրացել էր.
— Մարդ մի որևէ բանի համար է սիրում, իսկ դուք երկուսդ էլ ի՜նչ եք արել ինձ համար։
— Իսկ դու առանց որևէ բանի սիրիր, ա՜յ ինչպես Ալյոշան է սիրում։
— Ինչո՞վ է նա քեզ սիրում և ի՞նչ մի սեր ցույց տվեց, որ այդպես իրար ես անցել։
Գրուշենկան կանգնել էր սենյակի մեջտեղում, խոսում էր հրայրքով, և նրա ձայնի մեջ հիստերիկ շեշտեր լսվեցին։
— Լռի՛ր, Ռակիտկա, դու ոչինչ չես հասկանում մեզնից։ Եվ էլ սրանից հետո չհամարձակվես ինձ դու ասել, չեմ ուզում թույլ տալ քեզ և որտեղի՞ց է քո այդպիսի հանդգնությունը, հա՞։ Դե իմացի՛ր։ Նստիր անկյունը և ձայնդ կտրիր, ոնց որ իմ ծառան լինես։ Իսկ հիմա, Ալյոշա, ամբողջ ճշմարտությունն եմ ասելու քեզ, քե՛զ միայն, որպեսզի տեսնես, թե ինչպիսի՜ արարած եմ ես։ Ոչ թե Ռակիտկային, այլ քեզ եմ ասում։ Ուզում էի խորտակել քեզ, Ալյոշա, ա՛յս է բուն ճշմարտությունը, ուղղակի որոշել էի. այնքա՜ն էի ուզում, որ փողով կաշառեցի Ռակիտկային, որպեսզի քեզ բերի այստեղ։ Եվ ինչո՞ւ ուզեցի անել այդ բանը։ Դու ոչինչ չգիտեիր, Ալյոշա, երես էիր դարձնում ինձնից, երբ անցնում էիր իմ մոտով՝ աչքերդ էիր իջեցնում, բայց ես մինչև հիմա հարյուր անգամ նայել եմ քեզ, սկսել էի բոլորին հարցնել քո մասին։ Քո դեմքը դրոշմվել էր իմ սրտում։ «Արհամարհում է ինձ, մտածում էի, նույնիսկ չի էլ ուզում երեսիս նայել»։ Եվ ի վերջո ինձ այնպիսի մի զգացում տիրեց, որ ինքս էլ զարմանում էի, թե ինչո՞ւ եմ վախենում այսպիսի մի երեխայից։ Ուղղակի կուլ տամ նրան ու հետո ծիծաղեմ։ Բոլորովին գազազել էի։ Կհավատա՞ս, ո՛չ ոք այստեղ չի համարձակվի ասեղ կամ մտածել, որ կարող է այդ վատ բանի համար գալ Ագրաֆենա Ալեքսանդրովնայի մոտ. միայն ու միայն ծերուկ Կուզմայի հետ եմ, կապվել ու ծախվել եմ նրան, սատանան է մեզ պսակել, բայց ուրիշ ոչ ոքի հետ չեմ եղել։ Բայց նայելով քեզ, որոշեցի՝ պիտի կուլ տամ։ Պիտի կուլ տամ ու ծիծաղեմ։ Տեսնո՞ւմ ես ինչ կատաղի շուն եմ ես, իսկ դու ինձ քո քո՜ւյրը կոչեցիր։ Եվ ահա հիմա եկել է այն սպան, որ իմ պատիվը խորտակեց, ու ես նըստել, լուրի եմ սպասում։ Իսկ դու գիտե՞ս, թե ինչ է եղել ինձ համար այդ մարդը։ Հինգ տարի առաջ, երբ Կուզման ինձ այստեղ բերեց, օրեր էին լինում, որ մարդկանցից թաքնվում, նստում էի տանը, որպեսզի ոչ ոք չտեսնի ու չլսի ինձ. նիհարիկ ու հիմար մի աղջիկ՝ նստում ու հեկեկում էի, գիշերներ էի լուսացնում, մտածում էի. «Իսկ ո՞ւր է արդյոք նա հիմա, ինձ անպատվո՜ղը։ Երևի ծիծաղո՜ւմ է ինձ վրա մի ուրիշի հետ, ա՜խ ես նրան, մտածում էի, միայն տեսնե՜մ նրան, հանդիպեմ երբևիցե՝ այնպե՜ս մուռս կհանեմ նրանից, այնպե՜ս մուռս կհանեմ»։ Գիշերը, մթին, երեսս թաղում էի բարձի մեջ ու հեկեկում, անընդհատ որոճում էի այդ բոլորը, սիրտս դիտմամբ պատառ-պատառ էի անում, զայրույթով էի լցնում. «Այնպե՜ս մուռս կհանեմ, այնպե՜ս մուռս կհանեմ նրանից»։ Երբեմն հենց այսպես էլ գոռում էի մթան մեջ։ Բայց երբ հանկարծ հիշում էի, թե ոչինչ էլ չեմ անի նրան, իսկ նա ծիծաղո՜ւմ է ինձ վրա, գուցե և բոլորովին մոռացել է, չի էլ հիշում, է՜խ, ուղղակի անկողնից նետվում էի հատակին, անզոր արցունքներ էի թափում և մինչև առավոտ ցնցվում էի, ցնցվո՜ւմ ոտից գլուխ։ Առավոտյան վեր էի կենում շնից էլ ավելի կատաղած, ամբողջ աշխարհը տային՝ ուրախությամբ կհոշոտեի։ Իսկ հետո, ի՞նչ ես կարծում, սկսեցի դրամագլուխ դիզել, անգութ դարձա, հաստացա, և կարծում ես խելքի՞ եկա, հա՞։ Չէ՜, չկարծես, ամրողջ տիեզերքում ոչ ոք չի տեսնում ու չգիտի, բայց երբեմն, հենց որ իջնում է գիշերվա մութը, ճիշտ նույն ձևով պառկում ու ատամներս եմ կրճտացնում ինչպես հինգ տարի առաջ, հիմար աղջնակի նման, և ամբողջ գիշերը լաց եմ լինում, մտածում եմ «Ա՜խ ես նրան, ա՜խ ես նրա՜ն»։ Լսեցի՞ր այս ամբողջը։ Դե ուրեմն ի՞նչ կհասկանաս հիմա ինձնից, եթե ասեմ, որ մեկ ամիս առաջ հանկարծ եկավ այդ նամակը՝ թե գալիս է նա, այրիացել է, ուզում է ինձ տեսնել։ Շունչս կտրվեց ուղղակի, աստվա՜ծ իմ, և հանկարծ մտածեցի՝ եթե գա ու մի սուլոցով կանչի ինձ, սողալո՜վ կգնամ մոտը՝ ծեծված, մեղավոր շնիկի նման։ Մտածում էի այդպես ու չէի հավատում ինքս ինձ. «Ստո՞ր եմ, թե չէ, կվազե՞մ նրա մոտ, թե չեմ վազի»։ Եվ ինքս ինձ հանդեպ այնպիսի մի կատաղությամբ լցվեցի այս ամբողջ ամսվա ընթացքում՝ նույնիսկ ավելի՛ վատ, քան հինգ տարի առաջ։ Տեսնո՞ւմ ես հիմա, Ալյոշա, ի՜նչ գազազած աղջիկ եմ ես, ի՜նչ կատաղի աղջիկ, ամբողջ ճշմարտությունը ասացի քեզ։ Միտյայի հոգու հետ էի խաղում, որպեսզի չվազեմ մյուսի մոտ։ Լռի՛ր, Ռակիտկա, դու չես, որ պիտի դատես ինձ, քեզ համար չեն իմ ասածները։ Ձեր գալուց առաջ պառկել էի այստեղ, սպասում էի, մտածում, ամբողջ ճակատագիրս էի որոշում, և երբեք չեք կարող իմանալ, թե ինչ էր կատարվում իմ սրտի մեջ։ Չէ՜, Ալյոշա, ասա՛ քո այդ օրիորդին՝ Թող չբարկանա անցյալ օրվա համար... Եվ ամբողջ աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ է հիմա իմ վիճակը, չի էլ կարող իմանալ... Որովհետև... գուցե այսօր դանա՜կ տանեմ հետս այնտեղ, դեռ չեմ որոշել...
Եվ այս վերջին «եղերական» խոսքն ասելով, Գրուշենկան չդիմացավ, կես թողեց, երեսը ծածկեց ձեռքերով, նետվեց բազմոցի վրա՝ բարձերի մեջ, և սկսեց հեկեկալ փոքր երեխայի նման։ Ալյոշան վեր կացավ ու մոտեցավ Ռակիտինին։
― Միշա,— ասաց նա,— մի՛ բարկանար։ Նա վիրավորեց քեզ, բայց մի՛ բարկանար։ Լսեցի՞ր նրա ասածը հիմա։ Չի կարելի այսքան շատ պահանջել մարդկային հոգուց, պետք է ավելի գթասիրտ լինել..
Ալյոշան սրտի անդիմադրելի մղումով ասաց այդ։ Պետք է արտահայտեր իր զգացածը և դիմեց Ռակիտինին։ Եթե Ռակիտինը չլիներ, ինքնիրեն էր բացականչելու։ Սակայն Ռակիտինը հեգնականորեն նայեց նրան, և Ալյոշան կանգ առավ։
— Երեկ գիշեր քո սրբահոր քարոզով լցրին քեզ, և հիմա հենց այդ քարոզն էլ կրակեցիր ինձ վրա, Ալյոշենկա, ա՜յ դու աստծո մարդուկ,— ասաց Ռակիտինը ատելությամբ լի ժպիտով։
— Մի՛ ծիծաղիր, Ռակիտին, մի՛ ծաղրիր, մի խոսիր հանգուցյալի մասին. նա ավելի բարձր էր, քան որևէ մեկը աշխարհում,— գոչեց Ալյոշան արտասվալից ձայնով։— Ես ոչ թե որպես դատավոր ելա քեզ խոսելու, այլ որպես ամենաետինը մեղադրյալների մեջ։ Ո՞վ եմ ես այս կնոջ մոտ։ Ես այստեղ գալիս էի կործանվելու համար և ասում էի ինքս ինձ՝ «Թո՛ղ այդպես լինի», և դա՛ իմ փոքրոգության հետևանքով. իսկ նա, հինգ տարվա տանջանքից հետո՝ հենց որ մեկը եկավ և առաջին անգամ անկեղծ խոսք ասաց նրան, ամե՜ն ինչ ներեց, ամե՜ն ինչ մոռացավ ու արտասվում է։ Վերադարձել է այն մարդը, որ խորտակեց նրան, կանչում է հիմա, և ամեն ինչ ներում է այդ տղամարդուն, ուրախությամբ շտապում է հանդիպելու և դանակ չի տանի հետը, չի տանի։ Չէ, ես այդպիսին չեմ։ Չգիտեմ, Միշա, դու այդպիսի՞ն ես, թե չէ, բայց ես այդպիսին չեմ։ Ահա այս դասն ստացա այսօր, այս պահին... Նա ավելի բարձր է իր սիրազեղ սրտով, քան մենք... Դու առաջ լսե՞լ էիր այն, ինչ պատմեց հիմա։ Ոչ, չէիր լսել. եթե լսած լինեիր, վաղուց կհասկանայիր ամեն ինչ... և մյուս օրիորդն էլ, որ անարգվեց անցյալ օրը, թող նույնպես ների՛ նրան։ Եվ կների, եթե իմանա... և կիմանա ... Դեռ խաղաղություն չի գտել այս հոգին, պետք է կարեկցել նրան... կարող է գանձ լինել այս հոգու մեջ...
Ալյոշան լռեց, որովհետև շունչն էր կտրվել։ Ռակիտինը, հակառակ իր ամբողջ զայրույթին, զարմանքով էր նայում նրան։ Երբեք այդպիսի մի ճառ չէր սպասում մեղմաբարո Ալյոշայից։
— Այ քեզ փաստաբա՜ն։ Ինչ է, արդեն սիրահարվեցի՞ր նրան։ Ագրաֆենա Ալեքսանդրովնա, մեր ծոմապահն ախր իսկապե՜ս սիրահարվել է քեզ, հաղթեցի՜ր,— գոռաց նա ժպիրհ ծիծաղով։
Գրուշենկան գլուխը վեր առավ բարձից և Ալյոշային նայեց գորովագին մի ժպիտով, որ փայլում էր արցունքից ուռած նրա դեմքին։
— Թո՛ղ նրան, Ալյոշա, հրեշտակս, տեսնո՜ւմ ես նա ինչպիսինն է, նա այն մա՞րդն է, որին ասես քո խոսքերը։ Միխայիլ Օսիպովիչ,— դարձավ նա Ռակիտինին,— ուզում էի քեզնից ներողություն խնդրել, որ կոպտեցի քեզ, բայց հիմա չեմ ուզում այլևս։ Ալյոշա, արի ինձ մոտ, նստիր այստեղ,— կանչեց նա բերկրալի ժպիտով,— ա՛յ այսպես, նստիր ահա այստեղ, ասա ինձ (նա վերցրեց Ալյոշայի ձեռքը և ժպտալով նայեց նրա դեմքին), ասա ինձ՝ սիրո՞ւմ եմ այդ մարդուն, թե չէ։ Այն մարդուն, որ խորտակեց ինձ՝ սիրո՞ւմ եմ, թե չէ։ Ձեր գալուց առաջ պառկել էի այստեղ մթան մեջ և անընդհատ հարց էի տալիս իմ սրտին՝ սիրո՞ւմ եմ նրան, թե չէ։ Լուծիր իմ հարցը, Ալյոշա, ժամանակը եկել է, քո որոշածն է լինելու։ Ներե՞մ նրան, թե ոչ։
— Բայց ահա ներել ես արդեն,— ասաց Ալյոշան ժպտալով։
— Եվ իսկապես ներել եմ,— մտախոհ վրա բերեց Գրուշենկան։— Ա՜յս ինչ անպիտան սիրտ է։ Իմ անպիտա՛ն սրտի կենացը,— թափով վերցրեց հանկարծ բաժակը սեղանից, մի շնչով խմեց, հետո բաժակը վեր առավ ու թափով նետեց հատակին։ Բաժակը ջարդուփշուր եղավ ու ճնգաց։ Դաժան մի բիծ երևաց նրա ժպիտի մեջ։
— Բայց և գուցե դեռ չեմ ներել,— ասաց նա մի տեսակ սպառնագին, աչքերը վար առնելով, կարծես ինքն իր հետ էր խոսում։— Գուցե սիրտս դեռ միայն պատրաստվում է ներելու։ Դեռ կպայքարեմ այս սրտիս դեմ։ Հասկանո՞ւմ ես, Ալյոշա, ես սոսկալի սիրել եմ իմ հինգ տարվա արցունքները... Գուցե իմ կրած անպատվությո՜ւնն եմ սիրել միայն, ոչ թե նրան։
― Օ՜, ես չէի ուզենա այդ մարդու տեղը լինել,— թշշաց Ռակիտինը։
― Եվ չես էլ լինի, Ռակիտկա, երբեք չես լինի այդ մարդու տեղը։ Դու իմ կոշիկներն ես մաքրելու, Ռակիտկա, ա՜յ թե ինչի համար եմ քեզ օգտագործելու։ Ինձ նմանին դու երբեք չես տեսնի... Եվ այդ մարդն էլ գուցե չի տեսնի...
— Նա էլ չի տեսնի՞։ Իսկ ինչո՞ւ ես զուգվել֊զարդարվել,— թունոտ շեշտով ծաղրեց Ռակիտինը։
― Երեսովս մի՛ տա իմ զուգվել֊զարդարվելը, Ռակիտկա, դու դեռ լրիվ չես ճանաչում իմ սիրտը։ Ուզեմ՝ կպոկեմ այս արդուզարդը, հենց հիմա կպոկեմ, ա՛յս րոպեիս,— գոռաց նա զրնգուն ձայնով։— Դու չգիտե՜ս, թե ինչի համար է այս զուգվել-զարդարվելը, Ռակիտկա։ Գուցե կանգնեմ նրա առաջ ու ասեմ. «Ինձ այսպես տեսե՞լ էիր մինչև հիմա, թե չէ»։ Ախր ես տասնյոթ տարեկան բարալիկ, հյուծախտավոր, լալկան մի երեխա էի, երբ նա ինձ թողեց։ Հիմա կնստեմ կողքին, կհրապուրեմ, կբորբոքեմ նրան. «Տեսա՞ր ինչպիսինն եմ հիմա, կասեմ նրան, դե ուրեմն ախորժակդ քեզ պահիր, հարգելի պարո՛ն, բերնիդ ջրերը վազեցին, բայց փորդ քաղցած մնաց»։ Ա՜յ, գուցե սրա համար է այս զուգվել-զարդարվելը, Ռակիտկա,— վերջացրեց Գրուշենկան չարախինդ ծիծաղով։— Գազազած աղջիկ եմ ես, Ալյոշա, կատաղի։ Կպոկեմ իմ արդուզարդը, կայլանդակեմ ինքս ինձ, իմ գեղեցկությո՜ւնը, կխանձեմ իմ դեմքը և կկտրտեմ դանակով, կգնամ մուրացկան կդառնամ։ Եթե ուզեմ՝ հիմա ոչ մի տեղ էվ չեմ գնա, եթե ուզեմ՝ հենց վաղն իսկ Կուզմային ետ կուղարկեմ ամե՜ն ինչ, որ նվիրել է ինձ, և փողե՛րն էլ լրիվ ետ կտամ, իսկ ինքս կգնամ օրավարձով կաշխատեմ ամբո՜ղջ կյանքումս... Կարծում ես՝ չե՞մ անի այդ բանը, Ռակիտկա, չե՞մ հանդգնի անել։ Կանե՛մ, կանե՛մ, հենց հիմա կարող եմ անել» միայն թե մի՛ ջղայնացրեք ինձ... Իսկ այդ մարդուն կվռնդեմ, սա՛ ցույց կտամ նրան, եղունգիս ծա՛յրն էլ չի տեսնի։
Վերջին բառերը նա գոռաց հիստերիկ ձայնով, բայց նորից չդիմացավ, ձեռքերով ծածկեց երեսը, նետվեց բարձի վրա և սկսեց ցնցվել հեծկլտոցներից։ Ռակիտինը վեր կացավ։
— Գնանք,— ասաց նա,— ուշ է, վանքի դռները կփակեն, ներս չեն թողնի։
Գրուշենկան իսկույն վեր թռավ տեղից։
— Բայց մի՞թե ուզում ես գնալ, Ալյոշա,— բացականչեց նա վշտահար զարմանքով,— ի՜նչ վիճակի մեջ ես թողնում հիմա ինձ. ամբողջ իմ հոգին տակնուվրա արեցիր, և հիմա նորի՜ց այս գիշերը, նորի՜ց մենակ եմ մնալու։
— Նա հո քեզ մոտ չի գիշերելու։ Բայց դե՛հ, եթե ուզում է՝ թոզ մնա։ Ես մենա՛կ էլ կգնամ,— թունոտ կատակեց Ռակիտինը։
― Լռի՛ր, չարասիրտ,— գոռաց Գրուշենկան զայրագին,դու ինձ երբեք չես ասել այնպիսի խոսքեր, որ նա եկավ ասելու։
— Իսկ ի՞նչ ասաց որ քեզ,— ջղայնորեն քրթմնջաց Ռակիտինը։
— Չգիտեմ, չեմ իմանում, բոլորովին չեմ իմանում, թե ինչ ասաց ինձ, սի՛րտս իմացավ նրա խոսքերը, նա իմ սիրտը շուռ տվեց... Նա առաջինն էր, միակն էր, որ ինձ խղճաց, հասկանո՞ւմ ես։ Մինչև հիմա ինչո՞ւ չէիր գալիս, հրեշաա՜կ իմ,— հանկարծ նա ծնկի ընկավ Ալյոշայի առաջ, կարծես մոլեգնահար։— Ես իմ ամբողջ կյանքում սպասում էի քեզ նման մեկին, գիտեի՜, որ այսպիսի մեկը կգա ու ինձ կների։ Հավատում էի, որ ինձ էլ կսիրի մեկը, ինձ նման գարշելիին, ո՜չ միայն խայտառակության համար...
— Ի՞նչ մի առանձին բան արեցի քեզ համար,— պատասխանեց Ալյոշան գորովագին ժպտալով ու հակվեց Գրուշենկայի վրա, քնքշորեն վերցրեց նրա ձեռքերը,— մի կանաչ սոխ միայն տվեցի քեզ, մի շատ փոքրիկ կանաչ սոխ, ա՛յդ էր միայն, ուրիշ ոչինչ...
Եվ այգ ասելով՝ ինքն էլ փղձկաց։ Նույն րոպեին հանկարծ աղմուկ բարձրացավ գավիթում, ինչ-որ մեկը նախասենյակ մտավ։ Գրուշենկան վեր թռավ՝ կարծես սոսկալի վախեցած։ Գոռում-գոչումով ներս վազեց Ֆենյան։
— Տիրուհի՜ս, աղավնյա՜կ իմ, տիրուհի՜ս, սուրհանդակը եկավ,— գոչում էր նա ուրախ ու շնչակտուր։— Կառք են ուղարկել Մոկրոեից, ձեզ տանելու, Տիմոֆեյն է կառապանը, հենց իսկույն նոր ձիեր կլծեն... Նամա՜կ, նամա՜կ, տիրուհիս, ահա նամա՜կ։
Նամակը նա բռնել էր ձեռքում և գոռալու ժամանակ անընդհատ շարժում էր օդի մեջ։ Գրուշենկան նամակը խլեց նրանից ու մոտեցրեց մոմին։ Մի փոքրիկ գրություն էր միայն, մի քանի տող, և նա մի վայրկյանում կարդաց։
— Կանչո՜ւմ է,— գոռաց լիովին գունատվելով, դեմքը ախտագին մի ժպիտով այլայլված,— սուլե՜ց։ Դե սողա՛ ուրեմն, ծեծվա՛ծ շնիկ։
Բայց միայն մի վայրկյան նա կանգնած մնաց, ասես տատանվելով. հանկարծ արյունը խուժեց գլուխը և այտերը վառվեցին։
― Գնո՜ւմ եմ,— գոչեց նա մեկեն։— Իմ կյանքի հի՜նգ տարիներ։ Մնաք բարո՜վ։ Մնաս բարով, Ալյոշա, բախտս վճռվեց... հեռացե՜ք, հեռացե՜ք, հեռացե՜ք հիմա ինձնից բոլորդ, էլ չտեսնե՜մ ձեզ... Գրուշենկան թռավ դեպի նոր կյանք... Դու էլ իմ վատը մի՛ հիշիր, Ռակիտկա։ Գուցե գեպի մա՜հ եմ գնում։ Ո՜ւխ։ Հարբե՜լ եմ կարծես։
Նա հանկարծ թողեց նրանց ու վազեց իր ննջասենյակը։
— Դե՛հ, հիմա մենք ավելորդ ենք նրա համար,— քրթմնջաց Ռակիտինը։— Գնանք. թե չէ՝ մեկ էլ տեսար նորից կսկսի այդ կանացի ճվճվոցը։ Էլ գլուխս գնացել է այս լալկան գոռում ֊գոչումներից...
Ալյոշան մեքենաբար թույլ տվեց, որ նա իրեն դուրս տանի։ Բակում կանգնած էր ուղեկառքը, լծից արձակում էին ձիերին, այս ու այն կողմ էին վազվզում լապտերով։ Ձիերի մի նոր եռյակ էին ներս բերում բաց դարպասից։ Սակայն հազիվ էին Ալյոշան ու Ռակիտինը սանդուղքից բակ իջել, երբ հանկարծ Գրուշենկայի ննջասենյակի լուսամուտը բացվեց և նա հնչեղ ձայնով գոռաց Ալյռշայի ետևից.
— Ալյշկա՜, ողջույնս հաղորգիր քո եղբայր Միտենկային և ասա՛, որ իմ վատը չհիշի, չնայած ես չարիք հասցրի նրան։ Եվ մեկ էլ իմ բառերով ասա՝ «Սրիկայի՜ն բաժին ընկավ Գրուշենկան, և ոչ թե քեզ ազնիվ մարդուն»։ Եվ այս էլ ավելացրու, որ Գրուշենկան մի ժամ սիրել է նրան, միայն մի ժամ է սիրել ընդամենը, այնպես որ նա սրանից հետո իր ամբողջ կյանքում թող հիշի այդ մի ժամը. ասա՝ Գրուշենկան այդպե՜ս պատվիրեց քեզ, ամբո՜ղջ կյանքում...
նա վերջացրեց հեծեծալից ձայնով։ Լուսամուտը շրխկոցով փակվեց։
— Հը՜մ, հը՜մ,— մռլտաց Ռակիտինը ծիծաղելով,— մորթեց քո Միտենկային, և մեկ էլ հրամայում է, որ իր ամբողջ կյանքում հիշի։ Ա՜յ քեզ գիշատիչ կնիկ։
Ալյոշան ռչինչ չպատասխանեց, կարծես չէր էլ լսել։ Նա արագ քայլում էր Ռակիտինի կողքին, ասես սարսափելի շտապում էր. անզգայացել էր մի տեսակ, մեքենաբար էր նետում քայլերը։ Ռակիտինը հանկարծ մի սուր ծակոց զգաց, կարծես մատով դիպել էին իր թարմ վերքին։ Բնավ էլ այս չէր իր սպասածը, երբ Գրուշենկային ու Ալյոշային իրար մոտ բերեց մի ժամ առաջ, բոլորովին ուրիշ բան պատահեց, և ոչ թե այն, ինչ ինքը շատ էր ցանկանում։
— Լեհ է այդ մարդը՝ նրա այդ սպան,— սկսեց խոսել նորից, զսպելով իրեն,— և սպա էլ չէ հիմա, Սիբիրում մաքսատան պաշտոնյա է եղել չինական սահմանի մի անկյունում, երևի ճլորած լեհուկի մեկն է։ Ասում են՝ պաշտոնն է կորցրել։ Լսել է հիմա, որ Գրուշենկայի ձեռքին դրամագլուխ կա, և ահա վերադարձել է։ Հենց սա է ամբողջ գաղտնիքը։
Ալյոշան նորից չէր լսում կարծես։ Ռակիտինը չդիմացավ։
— Ինչ է, մեղավորին դարձի՞ բերեցիր,— չարախնդորեն ծիծաղեց նա Ալյոշայի երեսին։— Անառակ կնոջը ճշմարիտ ուղու վրա՞ դրեցիր։ Յոթը դևերը դուրս քշեցիր, հա՞։ Ա՜յ թե որտեղ կատարվեցին այն հրաշքները, որ սպասում էինք այսօր։
— Վերջ տուր, Ռակիտին,— պատասխանեց Ալյոշան տառապալից սրտով։
— Ինչ է, քիչ առաջվա քսանհինգ ռուբլու համար ինձ «արհամարհո՞ւմ ես» հիմա։ Այսինքն թե՝ ծախեցի՜ ճշմարիտ բարեկամիս։ Բայց ախր դու Քրիստոս չես, ես էլ Հուդա չեմ։
— Ախ, Ռակիտին, հավատացնում եմ քեզ, որ նույնիսկ մոռացել էի դրա մասին,— գոչեց Ալյոշան,— ինքդ հիմա հիշեցրիր...
Բայց Ռակիտինն արդեն վերջնականապես կատաղեց։
— Դե գրողի ծո՜ցը գնաք բոլորդ էլ,— բղավեց նա հանկարծ,— ի՜նչ գործ ունեի կապվեցի քեզ հետ, չոռ ու ցա՜վ։ Չեմ էլ ուզում երեսդ տեսնել սրանից հետո։ Գնա՛, մենակդ գնա, ա՜յ քո ճանապարհը։
Եվ նա շեշտակիորեն դարձավ մի ուրիշ փողոց, Ալյոշային մենակ թողնելով խավարի մեջ։ Ալյոշան քաղաքից դուրս եկավ ու դաշտի միջով գնաց դեպի վանք։
=== IV։ Կանա Գալիլիական ===
Արդեն շատ ուշ էր ըստ վանական կարգուկանոնի, երբ Ալյոշան հասավ մենաստան, դռնապանը հատուկ մի մուտքից նրան ներս թողեց։ Ժամը ինն էր եղել արդեն՝ ընդհանուր հանգստի և խաղաղության ժամը, բոլորի համար այնքա՜ն տագնապալի օրից հետո։ Ալյոշան վախվխելով դուռը բացեց և մտավ սրբահոր խուցը, ուր հիմա նրա դագաղն էր դրված։ Բացի հայր Պաիսիից, որ դագաղի առաջ ավետարանն էր կարդում մենության մեջ, և բացի պատանի նորընծա Պորֆիրիից, որ պատանեկան պինդ քնով քնել էր մյուս սենյակի հատակին՝ երեկ գիշերվա զրուցատրությունից և այսօրվա իրարանցումից հոգնած, խուցում ուրիշ ոչ ոք չկար։ Հայր Պաիսին թեև լսեց Ալյոշայի ներս մտնելը, բայց նույնիսկ չնայեց նրա կողմը։ Ալյոշան դարձավ դեպի աջ անկյունը, ծնրադրեց ու սկսեց աղոթել։ Հորդալիր էր նրա հոգին, բայց մի տեսակ խառնաշփոթ, և ոչ մի առանձին զգացողություն որոշակի դրսևորմամբ չէր զատորոշվում, այլ ընդհակառակը, ամեն մեկը դուրս էր մղում մյուսին՝ հանդարտ ու համաչափ մի հոլովույթի մեջ։ Բայց սիրտը քաղցրությամբ էր լի, և, տարօրինակ բան, Ալյոշան չէր զարմանում դրա համար։ Նորից իր առաջ տեսնում էր այդ դագաղը՝ չորս կողմից փակված այդ թանկագին մեռյալին, բայց իր հոգում չկար այն արտասվալից, մորմոքուն, տանջագին ցավը, որ զգում էր առավոտյան։ Ներս մտնելով, անմիջապես ծունկի ընկավ դագաղի առաջ՝ որպես սրբարանի, բայց ցնծություն, ցնծությո՜ւն էր շողշողում նրա մտքի մեջ ու սրտի մեջ նրա։ Խուցի պատուհաններից մեկը բաց էր, թարմ ու զովաշունչ օդ կար սենյակում։ «Ուրեմն հոտն ավելի է սաստկացել, եթե որոշել են բանալ պատուհանը»,— մտածեց Ալյոշան։ Բայց նույնիսկ ապականության շնչի այդ միտքը, որ դեռ ցերեկվա ժամերին այնքա՜ն սարսափելի ու անփառունակ էր թվում իրեն, այժմ նրա մեշ չհարուցեց անցյալ վիշտն ու վրդովմունքը։ Նա հանգիստ սկսեց աղոթել, բայց շուտով ինքն էլ զգաց, թե համարյա մեքենաբար էր աղոթում։ Մտքերի բեկորներ առկայծում էին նրա հոգու մեջ, մի պահ վառվում էին աստղերի նման և իսկույն հանգում, դրանց փոխարինում էին ուրիշ բեկորներ. սակայն և նրա հոգու մեջ տիրում էր ամբողջական, ամուր, հագեցնող մի բան, և ինքն էլ գիտակցում էր այդ։ Երբեմն մի աղոթք էր սկսում բուռն ջերմեռանդությամբ, այնքա՜ն էր ուզում զեղել իր շնորհակալությունն ու սերը... Բայց սկսելով աղոթքը, հանկարծ անցնում էր մի ուրիշ բանի, մտասուզվում էր ու մոռանում թե՛ աղոթքը, թե՛ այն բանը, որ ընդհատման պատճառն էր եղել։ Սկսեց ունկնդրել այն, ինչ ընթերցում էր հայր Պաիսին, սակայն, շատ հոգնած լինելով, հետզհետե սուզվեց մրափի մեջ...
«''Եւ յաւուրն երրորդի հարսանիք էին ի Կանա Գալիլեացւոց'',— ընթերցում էր հայր Պաիսին,— ''և անդ էր մայրն Յիսուսի։ Կոչեցաւ և Յիսուս, և աշակերտքն նորա և հարսանիսն''»։
«Հարսանի՞ք։ Ի՞նչ է դա... հարսանիք... — հողմի նման անցավ Ալյոշայի մտքով,— նա նույնպես երջանկության մեջ է հիմա, Գրուշենկան... գնաց խնջույքի... Ոչ, դանակ չտարավ հետը, դանակ չտարավ... Ղա «եղերական» մի խոսք էր միայն... է՜հ... պետք է ներել եղերական խոսքերը, անպայման ներել։ Եղերական խոսքերը թեթևացնում են հոգին... մարդկանց վիշտը չափազանց ծանր կլիներ առանց այդ խոսքերի։ Ռակիտինը կողմնակի փողոցը գնաց։ Քանի դեռ Ռակիտինը մտածում է իր կրած վիրավորանքների մասին, նա միշտ էլ կողմնակի փողոց պիտի գնա... Իսկ ճանապարհը... մեծասքա՜նչ ճանապարհը լայն է, ուղիղ, լուսապայծառ, բյուրեղյա, և արև՜ն է մյուս ծայրում... Հա... ի՞նչ են ընթերցում»։
«''...Եւ ի պակասել գինւոյն՝ ասէ մայրն ցՅիսուս. Գինի ոչ ունին...''»,— հասավ Ալյոշայի ականջին։
«Ախ այո՜, բաց էի թողնում այս համարը, իսկ չէի ուզում բաց թողնել, այս հատվածը սիրում եմ. Կանա Գալիլիականն է, առաջին հրաշքը... Ախ, այս հրա՜շքը, ախ, այս թանկագի՜ն հրաշքը։ Ոչ թե մարդկային վշտին, այլ ուրախությա՜նն իր այցելությունը բերեց Քրիստոս, մարդկային ուրախությանն աջակից եղավ՝ իր առաջին հրաշքը կատարելով... «Ով սիրում է մարդկանց՝ սիրում է նաև նրանց ուրախությունը...»։ Հանգուցյալն ամեն րոպե կրկնում էր այս խոսքը, նրա առաջնագույն մտքերից մեկն էր ղա... Առանց ուրախության չի կարելի ապրել ասում է Միտյան... Այո, Միտյան... Ամեն ինչ, որ ճշմարիտ է ու գեղեցիկ, միշտ լեցուն է համատարած ներողամտությամբ. այս բանն էլ նա էր ասում դարձյալ...»։
«''... Եւ ասէ ցնա Յիսուս. Զի՞ կայ իմ և քո, կի՛ն դու. չև է հասեալ ժամանակ իմ։ Ասէ մայրն նորա ցսպասաւորսն. Որ զինչ ասիցէ ձեզ՝ արասջիք''»։
«Արասջիք... Ուրախությունը, ուրախությո՜ւնը այդ աղքատ, շատ աղքատ մարդկանց... Անշո՜ւշտ թե աղքատ, քանի որ նույնիսկ հարսանիքի համար բավականաչափ գինի չի եղել... Ահա գրո՛ւմ են պատմաբանները, թե այդ ժամանակ Գեննեսարեթա ծովակի շուրջ և բոլոր այդ վայրերում ապրող մարդիկ չքավորագույն բնակչությունն էին, որ կարելի է երևակայել... Եվ այդ հարսանիքին ներկա եղող մյուս վսեմ էակի՝ Հիսուսի մոր մեծաշնորհ սիրտը գիտե՜ր անշուշտ, թե որդին եկել է ոչ միայն իր վեհագույն ու սարսափելի մեծագործության համար, այլ թե նրա սրտին մատչելի է նաև անկեղծ, անպաճույճ զվարճությունը ինչ֊որ անգետ, անուս ու պարզամիտ էակների, որոնք սիրալիր կանչել են նրան իրենց խեղճուկրակ հարսանիքին։ «Դեռ չի հասել իմ ժամանակը»,— ասում է նա մեղմ ժպիտով (անպայմա՜ն նա հեզորեն ժպտացել է իր մորը)... Եվ իրոք, մի թե աղքատ հարսանիքներում գինին շատացնելու համար էր, որ նա իջավ երկիր։ Բայց թե ահա գնաց ու կատարեց այդ բանը՝ իր մոր խնդրանքով... Ա՜խ, նորից է ընթերցում»։
«''... Ասէ ցնոսա Յիսուս. Լցէ՛ք զթակոյկսդ ջրով. և լցին զնոսա մինչև ի վեր։ Եւ ասէ ցնոսա. Արդ՝ առէ՛ք և բերէք տաճարապետիդ. և նոքա բերին: Եւ իբրև ճաշակեաց տաճարապետն զջուրն գինի եդեալ, և ոչ գիտէր ուստի իցէ, քայց սպասաւորքն գիտէին՝ որք արկին զջուրն, խօսի ընդ փեսային տաճարապետն և ասէ. Ամենայն մարդ զանոյշ գինին յառաչագոյն պաշտէ, և յորժամ արբենան՝ յայնժամ զյոռն. դու պահեցեր զանոյշ գինիդ մինչև ցայժմ''»։
«Բայց ի՞նչ է սա, ի՞նչ է սա։ Ինչո՞ւ է լայնանում սենյակը... Ախ այո՜... չէ՞ որ ամուսնություն է սա, հարսանիք... այո, անշուշտ։ Ահա՛ հյուրերը, ահա և երիտասարդ զույգը, և զվարթ բազմությունը և... իսկ ո՞ւր է իմաստուն տաճարապետը։ Բայց ո՞վ է սա։ Ո՞վ։ Նորից լայնանում է սենյակը... Ո՞վ է ոտքի ելնում այնտեղ մեծ սեղանի ետևից։ Ի՜նչ... Նա՞ էլ այստեղ է։ Բայց չէ՞ որ դագաղի մեջ է նա... Բայց և այստեղ է միաժամանակ... ոտքի ելավ, տեսավ ինձ, գալիս է ինձ մոտ... Տե՜ր աստված...»։
Այո, նրան, նրան՝ Ալյոշային մոտեցավ այդ փոքրամարմին, նիհարուկ ծերունին, որ մանր կնճիռներ ուներ դեմքին և ժպտում էր ուրախ ու մեղմիվ։ Դագաղ չկա արդեն, և հագել է այն նույն զգեստը, որով նստած էր երեկ իրենց հետ, երբ հյուրերը հավաքվել էին նրա մոտ։ Բաց է դեմքը լրիվ, աչքերը փայլում են։ Բայց ինչպե՞ս թե. ուրեմն նա՜ ևս մասնակցում է խնջույքին, նույնպես հրավիրվել է հարսանիքի՝ ի Կանա Գալիլիացվոց...
— Նույնպես, քաղցրիկդ իմ, նույնպես հրավիրյալ եմ, հրավիրյալ ու կոչեցյալ,— լսեց Ալյոշան այդ մեղմ ձայնը իր գլխխ վերև։— Ինչո՞ւ ես պահ մտել այստեղ ու չես երևում... գնանք, դու էլ եղիր մեզ հետ։
Նրա՜ ձայնն է, սրբահայր Զոսիմայի ձայնը... Եվ ինչպե՞ս կարող է նա՛ չլինել, երբ կանչո՜ւմ է։ Սրբահայրն իր ձեռքով բարձրացրեց ծնկադիր Ալյոշային, և Ալյոշան ոտքի ելավ։
— Զվարճանում ենք,— շարունակեց նիհարուկ ծերունին,— նոր գինի ենք խմում, նոր ուրախության, մեծ ուրախության գինին, տեսնո՞ւմ ես, որքա՜ն հյուր կա։ Ահա՛ փեսան ու հարսը, ահա և տաճարապետն իմաստուն, փորձում է նոր գինին։ Ինչո՞ւ ես զարմացած նայում ինձ։ Մի կանաչ սոխ տվեցի, և ահա ես էլ այստեղ եմ հիմա։ Եվ այս հրավիրյալներից շատերը մի կանաչ սոխ են ավել միայն, լոկ մի փոքրիկ կանաչ սոխ... Ի՞նչ են մեր արած գործերը։ Դո՛ւ ևս, մեղմիկ իմ որդյակ, դո՛ւ ևս, հեզահամբույր մանչուկ իմ, դո՛ւ ևս կարողացար այսօր մի կանաչ սոխ տալ ծարավի կնոջ։ Սկսի՛ր քո գործը, քաղցրիկդ իմ, սկսի՜ր, հեզաբարո պատանյակ... Իսկ տեսնո՞ւմ ես արևը մեր, տեսնո՞ւմ ես նրան։
— Վախենում եմ... չեմ համարձակվում նայել...— շշնջաց Ալյոշան։
— Մի՛ երկնչիր նրանից։ Մեր առջև սարսափելի է նա իր վեհությամբ, ահավոր է իր բարձրությամբ, սակայն գթառատ է անհունորեն, նա մեր կերպարանքն է զգեցել սիրո հորդորմամբ և ուրախանում է մեզ հետ, ջուրը վերածում է գինվո, որպեսզի չընդհատվի ուրախությունը հյուրերի, ու նոր հրավիրյալների է սպասում, անդադար կանչում է նորերին և արդեն հավիտյանս հավիտենից։ Ահա և նոր գինի են բերում, տեսնո՞ւմ ես, թակույկներն են բերում...»։
Հուրհրատող մի բան վառվում էր Ալյոշայի սրտում, հանկարծ մի բան լիուլի լցրեց նրա սիրտը՝ ցավեցնելու աստիճան, հափշտակության արցունքները ձգտում էին դուրս ժայթքել նրա հոգու խորքից... Նա թևերը տարածեց, մի ճիչ արձակեց ու արթնացավ...
Նորից դագաղը, բաց լուսամուտը և ավետարանի մեղմ, ծանրալուրջ, հստակաձայն ընթերցումը։ Բայց Ալյոշան արդնն չէր լսում, թն ինչ են ընթերցում։ Տարօրինակ բան, նա քնել էր ծնրադիր, իսկ հիմա կանգնած էր ոտքի, և հանկարծ, ասես պոկվելով իր կանգնած տեղից, երեք ամուր ու արագ քայլերով ընդհուպ մոտեցավ դագաղին։ Նույնիսկ ուսով դիպավ հայր Պաիսիին և չնկատեց այդ։ Հայր Պաիսին աչքերը մի վայրկյան վեր առավ գրքից ու նայեց նրան, բայց իսկույն իջեցրեց հայացքը
Նորից, հասկանալով, որ մի տարօրինակ բան է պատահել տղային։ Ալյոշան մոտ կես րոպե նայեց դագաղին՝ ծածկված ու անշարժ մեռյալին, որ պառկած էր դագաղի մեջ՝ սրբապատկերը կրծքի վրա և ութանկյուն խաչով փեղույրը գլխին։ Դեռ նոր էր լսել նրա ձայնը, և այդ ձայնը տակավին հնչում էր իր ականջներում։ Ու դեռ ունկնդրում էր, դեռ նոր հնչյունների էր սպասում...Բայց հանկարծ կտրուկ շրջվեց ու դուրս ելավ խուցից։
Կանգ չառավ նաև անդաստակում, այլ արագորեն վար իջավ։ Ցնծությամբ լցված նրա հոգին ծարավի էր ազատության, լայնարձակ տարածության։ Գլխի վերև անհունորեն խորանում էր անծայրածիր երկնակամարը՝ մեղմ ու փայլփլուն աստղերով լեցուն։ Դեռ անորոշ Ծիր Կաթինը երկճյուղվելով երկարում էր բարձրակետից մինչև հորիզոն։ Զովաշունչ ու անշարժության չափ խաղաղ գիշերը պարուրել էր երկիրը։ Մայր տաճարի սպիտակ աշտարակներն ու ոսկի գմբեթները ճաճանչում էին շափյուղա երկնքի դիմաց։ Տան շուրջը, բուրաստանների մեջ, աշնանային փարթամ ծաղիկները նիրհել էին մինչ առավոտ։ Երկրային լռությունը կարծես միաձուլվել էր երկնային լռության, երկրի խորհուրդն առնչվում էր աստղերի խորհուրդին... Ալյոշան կանգնած նայում էր և հանկարծ ամբողջ մարմնով վայր նետվեց ու երկիր պագանեց գետնատարած։
Նա չգիտեր, թե ինչու է գրկում երկիրը, չէր կշռադատում, թե ինչու այնպես անդիմադրելիորեն ուզում է համբուրել այն, համբուրել ամբողջությամբ, բայց համբուրո՜ւմ էր արտասվելով, հեկեկալով, իր արցունքներո՜վ էր ողողում երկիրը և հափշտակությամբ երդվում էր սիրել այն, սիրել հավիտյանս հավիտենից։ «Թրջիր երկիրն արցունքներով քո ուրախության ու սիրիր այդ արցունքները քո...»,— հնչեց նրա հոգում։ Վասն ինչի՞ էր արտասվում նա։ Օ՜, իր ցնծության մեջ արտասվում էր նույնիսկ այդ աստղերի վրա, որոնք փայլփլում ու նայում էին իրեն տիեզերքի անհունից, և «չէր ամաչում այդ հափշտակությունից»։ Աստուծո բոլոր այդ անհամար աշխարհներից հանկարծ թելեր էին կարծես ի մի եկել իր հոգում, և ամբողջովին թրթռում էր իր հոգին, «հաղորդակցելով այլ աշխարհների հետ»։ Տենչում էր ներել բոլորին ու ամեն ինչի համար, և ներումն խնդրել, օ՜, ո՛չ թե իր համար խնդրել, այլ բոլոր մարդկանց, ընդհանուրի և ամեն ինչի, իսկ «ինձ համար ուրիշներն էլ են խնդրում», հնչեց նորից նրա հոգու մեջ։ Բայց վայրկյան առ վայրկյան նա զգում էր հայտնաբար ու կարծես շոշափելիորեն, թե այդ երկնակամարի պես հաստատուն ու անսասան մի բան իջնում ու տիրում էր իր հոգուն։ Ասես մի գաղափար գահակալում էր իր մտքում՝ ու ցկյանս արդեն ու հավիտյանս հավիտենից։ Որպես մի տկար պատանի նետվել էր երկիր պագանելու, բայց ոտքի ելավ որպես ցկյանս հաստատակամ մի մարտիկ և այդ բանը գիտակցեի ու զգաց հանկարծ՝ իր հափշտակության այդ նույն պահին։ Ու երբեք, երբեք Ալյոշան չէր կարող մոռանալ այդ պահը իր ամբողջ հետագա կյանքում։ «Անծանոթ մեկն այցելեց իմ հոգին այդ ժամին»,— ասում էր նա հետագայում, հաստատապես հավատալով իր ասածին...
Երեք օր հետո նա հեռացավ վանքից, և այդ քայլը համապատասխանում էր նաև իր հանգուցյալ սրբահոր այն հորդորին, թե նա պետք է «աշխարհիկ կյանքը ճանաչի»։
-----
<references />