Տյուկե Մամուն եզը

Գրապահարան-ից
13:03, 23 Հուլիսի 2015 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տյուկե Մամուն եզը

հեղինակ՝ Հակոբ Մնձուրի
աղբյուր՝ «Երկեր»

Քորճայենց Նախունթը, կամ Նախունթ հարսիկը, ինչպես կկանչեին իր տարեկիցները, կամ իրմե տարիքով փոքրերը, իրենց գետափը վարունգ ու տաղդեղ՝ պղպեղ կտնկեր։ Ընդարձակ տեղ մը չէր այգիին այդ վերջամասը։ Ամենքը կալի մը չափ կար ու չկար։ Գետին վախեն՝ սել մը կուգար, իրենց տնկածները կքանդեր՝ ըսելով, թափուր ձգեր էին։ Բայց քանի՜ տարիե ի վեր գետը իրենց կողմեն ալ չէր երթար։ Սելը դեմի կապույտ քռաներուն դին դարձուցեր էր, անոնց տակեն՝ Գողուն ձորեն, Մասուր ձորին այգիներուն քսվելով, կհոսեր, զիրենք ազատեր էր։ Անկե ի վեր մոշիները, փշատիները մեծցեր, գոցեր էին իրենց առաջքը։ Ըլլար, որ նորեն սել մը գար ու գետը նորեն իրենց կողմը դարձներ։ Թող ըներ։ Թող ավազով ծածկեր իրենց տնկածները։ Ատոր համար չմշակե՞ին, թափո՞ւր ձգեին գետինը։

Այս տարի Նախունթը ձմեռվընե միտքը դրեր էր։ Գարուն եղավ, Զատիկն որ անցավ՝ ալ չսպասեց, ներոջը՝ Մխրոնց Աղջկանը հետ բահեցին, գուղձ, քար, խոտ չթողին, մաքրեցին, հարդարեցին, երեք խոշոր մաշըրա ածու եղավ։ Քառակուսեցին, բաշերով բաշեցին, երկու ծրար բերեր էին՝ մեկը վարունգի, մյուսը՝ տաղդեղի հունտով։ Վարունգինը քակեց, գոգնոցը լեցուց, տնկել սկսավ, շիշուրագին ծայրովը հողը փորելով, երկուական հունտ դնելով, վրան ծածկելով ու առաջանալով։ Հողերն ալ անանկ մանրվեր էին, որ հինա դարձեր էին։ Հեղ մը վարունգը լմնցներ, որ տաղդեղին սկսեր։ Արևը կայրեր գետինները։ Ճյուպպեն, սալթան հաներ էր, էնթարիով մը, գոտիով մըն էր, նորեն ալ լաչակին տակ մազերը քրտնեցան։ Հողերը մայրության պատրաստվող վիճակ մը առեր էին։ Տնկելը վերջացներ, ջուր մրն ալ տար, մինչև բաշերը ողողեին. մեկ մը հողերը ջուրը ծծեին՝ երեք օրեն առաջին ծիլերը վարունգներուն, տաղդեղներուն ածուներուն արգանդեն պիտի արձակվեին։

Ականջին ձայն մը եղավ։ Մարդո՞ւ էր, թե գետին ձայնն էր։ Գետը չէր թողուր, որ հասկնար։ Փորելը կեցուց, շիշուրագը ձեռքը՝ ականջները լարեց ու սպասեց։ Գետին ձայնը կար, բայց մեկն ալ գիտես, թե.

— Նախո հարսի՜կ, Նախո հարսի՜կ,— կկանչեր։

Գլուխը վերցուց ու շտկվեցավ։ Գետին դիմացը նայեցավ։ Լուսնիկանց հարսը՝ Եղիկանց Աղջիկն էր։ Կապույտ քռաներուն բարձունքը կեցեր էր, իրեն կպոռար.

— Ի՞նչ է, ի՞նչ է, ի՞նչ կա,— պատասխանեց, նույնպես պոռալով, գետին ձայնը գերազանցելու ճիգով մը։

— Տյուկե Մամուն եզը մեռեր է՜, Տյուկե Մամուն եզը մեռեր է՜... Եզնոցը չոպանին տղաքը լուրը բերի՜ն, եզնոցը չոպանին տղաքը լուրը բերի՜ն...

— Ղափլան Ղայա՜ն, Ղափլան Ղայա՜ն...

— Ինըսունըիննին ձորը՜, Ինըսունըիննին ձորը՜...

— Տոստալցոնց եզնոցը խառնվեր է... Տոստալցոնց եզնոցը խառնվեր է...

— Ղոչվտեր ձորը ձգեր ե՜ն... Ղոչվտեր ձորը ձգեր ե՜ն...

— Ես գետեն չեմ կրնար անցնի՜լ... Ես գետեն չեմ կրնար անցնի՜լ...

— Ջուրերը շատ ե՜ն... Ջուրերր շատ ե՜ն...

— Հասկցա՞ր, դուն լուր մը ղրկե՜... Հասկցա՞ր, դուն լուր մը ղրկե՜...

— Ի՞նչ կըսես, ի՞նչ կըսես... չհասկցա՜... չհասկցա ... չհասկցա՜...— պատասխանեց իր բոլոր ուժովը պոռալով։— Ամա՜ն, սա գետիկ ձայնն ալ՝ չթողուր, որ բան մը հասկնաս, Տյուկե Մամային կըսե, ի՞նչ կըսե՝ չի հասկցվիր որ։

Լուսնիկանց հարսը, որ նույնպես էնթարիով, գոտիով մրն էր, բարձունքեն նորեն սկսավ պոռալ.

— Կըսեմ քի՜... Կըսեմ քի՜...

— Տյուկե Մամուն եզը մեռե՜ր է... Տյուկե Մամուն եզը մեռեր է՜...

— Ղոչվտեր ե՜ն... Ղոչվտեր ե՜ն...

— Ինըսունըիննին ձորը՜, Իննրսունըիննին ձորը՜...

— Կըսե՜մ... Կըսե՜մ...— պատասխանեց։

— Ի՞նչ կա, ի՞նչ եղեր է,— հարցուց Մկըրչենց Զարմանր,— դեմե դեմ կպոռայիք իրարու, եզի մը վրա կըսեիք.— իր էգիեն լսեր էր, բայց լավ մը չէր հասկցեր։

— Կոչենց եզը։ Տյուկեին եզը մեռեր է, «գեղ գնա, լուր տուր» կըսե, մեղք են, թեք եզ մը ունեին, ան ալ ձեռքերնեն ելավ, տուն մը մարդը ադ մեկ եզով էին, ես ինտո՞ր երթամ։

— Դուն ինչո՞ւ երթաս, քուրը Անծեզկա է,— ըսավ Զարմանը,— իրենց էգին են, առտուն աղջիկն ալ, մարն ալ հետս եկան, գնա, ըսե, թող լուր մը ղրկեն։

— Ադ աղեկ ըսիր,— հարեց Նախունթր,— երթամ՝ ըսեմ, թող իմացնեն։

Գործը ձգեց, գետն ի վեր, էգիե էգի, էգիե էգի անցնելով՝ Խաշմանին էգիին հավասարությանը եկավ, ջուրին ափը կեցավ: Գետը հոդ նեղ ու խորունկ էր։ Հանդին բոլոր էգիներուն պես բարտիներով, փշատիներով ցանկապատված էր։ Երկու ափերը իրարու դիմաց շատ մոտ էին, երեք կանգուն կային֊չկային։ Բայց գետը իր ահավոր ձայնովը կլեցներ միջոցը, պետք էր՝ ինչքան կրնար՝ պոռալ, որպեսզի հաղթեր գետին կատաղությանը։

— Խաշմա՜ն... Խաշմա՜ն...— կանչեց:

Փշատիներուն, բարտիներուն արանքեն աղջիկը եկավ, ետևեն՝ մայրը։

— Ի՞նչ է... Ի՞նչ է,— պատասխանեցին երկուքը միասին։

— Կոչենց քրոջդ եզը մեռեր է... Կոչենց քրոջդ եզը մեռեր է՜...

— Ղափլան Ղայա՜ն... Ղափլան Ղայա՜ն...

— Իննըսունըիննին ձորը՜... Ինըսունըիննին ձորը՜...

— Ղոչվտե՜ր են... Ղոչվտե՜ր են...

— Քրոջդ լուր տո՜ւր... Քրոջդ լուր տո՜ւր...

— Հասկցա՜... Հասկցա՜...— պատասխանեց Խաշմանը։

Գետն ի վար, նորեն եկած էգիներեն անցնելով, իր էգին հասավ, շիշուրագովը շարունակեց վարունգին հունտերը տնկել, թե եզին վրա ցավելով ու թե նույն ատեն՝ գոհունակությունովը, որ իրեն տրված պարտականությունը կատարեր էր։

Խաշմանը աղջկանը՝ Հեղնոյին դառնալով.

— Ինտո՞ր ընենք,— ըսավ,— մորքրոջդ լուր մը ղրկենք։

Թառան Մաման լայնածավալ կապույտ լաչակներով գլուխը առաջքը կախեր, իշուն ետևեն, իշուն ի՞նչ բեռցեր էր՝ հայտնի չէր, վերեն, հանդին կամուրջեն անցեր էր, գյուղ կերթար.

— Թառո Մամուն կանչենք, թող երթա, իմացնե,— ըսավ Հեղնոն:

Ու առանց սպասելու, որ մայրը խոսեր, ինք իր ձայնին բոլոր ուժովը պոռաց իրարու ետևե ու հատ֊հատ.

— Թառո Մամա՜... Թառո Մամա՜...

Թառո Մաման էշը կեցուց ու մտիկ ըրավ։

— Գեղ երթաս նը՝ ըսե՜... Գեղ երթաս նը՝ ըսե՜...

— Տյուկե Մամուն ըսե՜... Տյուկե Մամուն ըսե՜...

— Իրենց եզը մեռեր է՜... Իրենց եզը մեռեր է՜...

— Ինըսունըիննին ձորը՜, Ինըսունըիննին ձորը՜...

— Ղոչվտեր ե՜ն... Ղոչվտեր ե՜ն...

— Հասկցա՞ր... Հասկցա՞ր...

— Հասկցա՜... հասկցա՜...— պատասխանեց։

«Ըմը, ես աս իշուն ոտքովը մինչև գեղը երթամ՝ օրը կտարաժամի, ե՞րբ պիտի հասնիմ, ե՞րբ պիտի ըսեմ»,— մտածեց Թառանը։ Անունը Անթառամ էր, Թառան, Թառո կկանչեին։

— Չո՛...— պոռալով, ձեռքի մոտուլովը էշը մոտուլեց ու առաջացան։ Նույն պահուն Ջերմայի հանդին էգստանեն Խառիծակի հանդը ելան Հարոնը, կինը՝ Մարոն, աղջիկը՝ Կզտանը։

«Աս աղեկ հանդիպեցավ,— մտածեց Թառանը,— ասոնց կանչեմ, թող լուր տան»։ Ինք ալ Խառիծակի տափարակը ելավ: Գետին ձայնը չէր լսվեր այլևս, բայց նորեն պոռալ պետք էր, որովհետև անոնք Կապանները հասեր էին։

— Աղջի Կզտա՜ն, աղջի Մարո՜, Մչու Հարո՜ն...

Երեքն, ալ կեցան, ետև դարձան։

— Գեղ երթաք նը՜... Գեղ երթաք նը՜...

— Ըսեք Տյուկեի՜ն... ըսեք Տյուկեի՜ն....

— Իրենց եզր ղոչվտեր և մեռեր է՜.... Իրենց եզը ղոչվտեր և մեռեր է՜...

— Ղափլան Ղայա՜ն... Ղափլան Ղայա՜ն...

— Ինըսունըիննին ձորը՜... Ինըսունըիննին ձո՜րը...

— Հասկցա՞ք... Հասկցա՞ք...

— Կըսե՜նք, կըսե՜նք... Հասկցա՜նք, հասկցա՜նք...— պատասխանեցին։

«Թեք եզ մը ունեին, Բարիկանց Լըքին, Մանուկանց Շորին եզանը հետ կլծեին (անոնք ալ՝ մեկ֊մեկ եզ ունեին), արտերնին կվարեին, կալերնին կկամնեին, ան ալ մեռավ... Հերկն ու կալը որո՞վ պիտի ընեն»,— ըսին իրարու Մարոն ու Հարոնը. անունը Ահարոն էր, Հարոն կկանչեին, իսկ աղջկան անունը Շուշան էր, կզակը քիչ մը տձև ըլլալուն Կզտան կըսեին։ «Հիմա երթանք ըսենք, Տյուկե Մամը դուռը նստած է, պիտի փեքռտվի, պիտի ծեծկվի, ըմը՝ ի՞նչ ընենք, պիտի ըսենք»։

Շուտ հասնելու համար՝ երեքը միասին ոտքերնին արագացուցին, Կապաններեն Աղիջրակ իջան, վերելքներուն տվին ինքզինքնին։ Մամային Աղբըրնոցեն, Պարանհողքեն, Խաչքարեն, Պանտրծակեն, Սուրբ Եղու առաջքեն գյուղ մտան։ Ինչպես միշտ՝ Տյուկե Մամը դռանը շեմը նստեր էր։

— Տյուկե Մամ,— ըսին,— աղեկ լուր մը չենք բերեր, ամա՝ պիտի ըսենք, եզները Ղափլան Ղայան, Տոստալցոնց եզնոցը հետ ղոչվտեր են, ձեր եզը դարին գլուխեն գլորեր են, Իննըսունըիննին ձորը ինկեր ու մեռեր է։ Կերևա քի՝ ձորին կտումն է եղեր, ինքզինքը չէ կրցեր բռնել։

Տյուկե Մամուն դեմքը փոխվեցավ, լայնցավ, գունատեցավ, գոչեց հեծկլտալով.

— Վա՜յ գլուխս, ալ ի՞նչ ընեմ, ո՞ւր երթամ,— լաչակները քակեց, ծեր, նոսրացած մազերը թափեց աչքերուն,— աղջի հա՜րս, աղջի Գալենց Աղջի՜կ, դուրս եկուր, նայե՝ ի՞նչ սև լուր բերին մեզի։

Հարսը, որ լսած էր, եկավ փղձկելով, արձանացավ քովը, ու՝ ինչպես մահտուները եղերամայրը բոլորելով, ծունկի կուգան մահվոր կիները, լաչակները քակելով, աչքերուն թափելով, եղանակավոր բառերով մահվան բայաթիները կերգեն, մեռնողին հանցանքները կներեն, կենսագրությունը, բարեմասնությունները կգովեն, «վայլըմե՜, վայլըմե պավե, վայլըմե՜, պապո՜», քրդական հանկերգները կկրկնեն, լացավ ու ըսավ.— «Ալա ե՜զ, ալա ե՜զ, աս ի՞նչ է՝ ըրիր մեզի, ի՞նչ սև ձյուն բերիր մեր գլխուն, արևդ առիր ու գացի՜ր, ես քեզ տունես հասցուցի, հորթուկ մըն էիր, մեծցուցի, մոզի մը ըրի... Մոզի մը եղար, մեծցուցի՝ եզ մը ըրի. ուր աղվոր առվույտ մը, աղվոր խոլորձ մը, աղվոր կորճնա մը կար, փեթտեցի, քեզի բերի ու կերցուցի, գեղին եզնոցը մեջ ամենեն պոյովը եղար, կոտոշներդ լեռան եղնիկներուն կոտոշներեն ալ բարսըցան, փաշա մը դարձուցի քեզի, ալա ե՜զ, ալա ե՜զ, վայլըմե պավե՜, որո՞ւ չար աչքը դպավ քեզ. դուն ինտո՞ր թող տվիր ինքզինքդ, ես քեզ չէի թողեր, որ վարդը հոտվտայիր, ինտո՞ր հիմա սև հողին տամ ու պառկեցնեմ, ինտո՞ր լեռը ղրկեցի քեզ, լեռը գլոխդ կերավ, ես ինչո՞ւ տունը քեզ չպահեցի, մարգերուն թումբերը կտանեի, քեզ կկշտացնեի, արոտ֊արոտ կպտտեի՝ գիշերվան խոտդ կբերեի, մսուրդ կլեցնեի, ալա ե՜զ, ալա ե՜զ, վայլըմե՜, պապո՜, հիմա ի՞նչ պիտի ընենք մենք, տանը էրիկմարդը՝ Խորենս ղրկեցինք, էրիկմարդ չունինք. մենք մնացինք դռանը ետև, հարսս ու ես, երեք մանուկներով, տուն մը մարդ՝ քու հացդ կուտեինք, քու վարած արտերուդ, քու կամնած կալերուդ, ցորենին հացը, ալա ե՜զ, ալա ե՜զ, վայլըմե պավե՜, վա՜յ մեզի...»։

Լեռը փայտեն դարձող տղաքը, տուներուն կնիկները, շրջապատեցին դուռը։

— Ալ հերիք ծեծկվիս,— ըսին ամեն կողմեն,— լալով եզը կողջաննա նը՝ մենք ալ հետդ նստինք ու լանք, ի՞նչ ընենք, դուն ողջ եղիր, աստված տղադ, հարսդ, թոռներդ ողջ պահե։ Մենք մեր եզնիքը կլծենք, արտերդ ալ կվարենք, կալերդ ալ կկամնենք:

Միքայել քեռին, որ ամենեն վերջը եկավ, իր իշուն բեռը վար չառած՝ իմացավ պատահածը.

— Ես կգրեմ Խորենին, նոր գնաց, գիտեմ, վաստակի չելավ, թող պարտք ընե, եզի մը փարա ղրկե, եզ մը կառնենք քեզի,— ըսավ։

Կոստըկացի Մոլլա Էոմերը, որ թերքի մը ուսը, ամեն օր հայերուն գյուղերն էր, կով, եզ, էշ կբերեր, կծախեր, ամեն տան մեծը, պզտիկը կճանչնար, ով ի՞նչ ուներ, ի՞նչ կար֊չկարը գիտեր.

— Աղլամա, Տյուկե խաթուն. աղլամա, Մեքերթմտե իքի էոքյուզ վար, սահապը սաթիյոր, սանա ալըրըզ (Մի լա, Տյուկե խաթուն, մի լա. Մեքերթմեում երկու եզ կա, տերը ծախում է, քեզ համար կառնենք),— ըսավ։

— Նե՞ինեն ալըրըզ, Մոլլա ղարտաշ (Ինչո՞վ կառնենք, Մոլլա եղբայր),— պատասխանեց Տյուկե Մամը:

— Ճանըմ, Տյուկե խաթուն, փարասընը կյուզին վերիրըզ, թեքե ղաթըմընտա, Ավարա այընտա, օ վախըթա ղատար տա Խորեն փարա ղավուշտուրուր (Ջանըմ, Տյուկե խաթուն, դրամը աշնանը կտանք, այծերի միավորման շրջանին, Ավարայի ամսին, մինչև այդ ժամանակ էլ Խորենը դրամ կհասցնի),— ըսավ։

— Հայտի տղաք,— ըսին Դպրենց Պողոսն ու Տանձեցի մշակ Ովակը,— թող Տյուկե Մամը լա, լալով եզը չողջննար, մենք Ղարթալ Ղայա երթանք, եզը քերթենք, միսն ու կաշին առնենք, բերենք, գիշերվան մնալու ըլլա՝ գայլերը, ղարթալները եզին ոսկորները անգամ չեն ձգեր։

Ու հարսին դառնալով.

— Դուն ալ, Գալենց Աղջիկ, էշը դուրս բեր, հապիկա մը ձգե վրան, դուն ալ մեզի հետ եկուր, երթանք, ինչ կա֊չկա՝ բերենք։

— Ես ալ պիտի գամ,— ըսավ Օննոն՝ հարսին մեծ տղան։

— Դուն ի՞նչ պիտի ընես՝ գաս,— սաստեց մայրը,— հարսնի՞ք կերթանք, չլչլներովդ, կեսը կա, կեսը չկա, լեռները պիտի գաս... ճիվերդ չետուկ անգամ չունիս։

— Չէ, պիտի գամ,— պնդեց Օննոն,— թող չլչլներով ըլլամ, չլչլներս ալ կհանեմ, ձեռքս կառնեմ, բոբիկ կքալեմ:

— Կարմիր Հողերով երթանք,— ըսին իրարու,—ամենեն կարճն է, գետեն չենք կրնար անցնիլ, Անծեղկայով պիտի երթանք։

Երկու ժամեն հասան։ Ձորը չիջած, չոպանին մեծ տղան, որ քրդու գույնզգույն մինթանով, վարտիքով ու շապիկով մը կայներ էր բարձունքը, չոպանի երկայն բիր մը ձեռքը ու գյուղին տղոցը պես հայերեն կխոսեր, պոռաց.

— Ետ դարձե՜ք, ետ դարձե՜ք...

— Մի՛ գա՜ք, մի՛ գա՜ք...

— Ձեր եզը ողջ է՜, ձեր եզը ողջ է՜...

— Մեռնողը Տոստալցոնց եզն էր՜...

— Անոնք եկան, տարի՜ն... Անոնք եկան, տարի՜ն...

— Աղբարներս ձեր եզը գիտցեր ե՜ն... Աղբարներս ձեր եզը գիտցեր ե՜ն...

— Հասկցա՞ք, հասկցա՞ք...

— Աչքդ լուս, Գալենց Աղջիկ,— ըսին Պողոսն ու Ովակը,— աչքդ լուս, ձեր եզը չէ եղեր։

Գալենց Աղջիկը չհավատաց.

— Ես պիտի երթամ, աչքովս տեսնեմ մեր եզը, որ հավատամ, հեմ՝ գեղ պիտի տանիմ, որ կեսուրս ալ տեսնե ու ալ չլա։

Բարձունքը ելան։ Ինչքան եզ կար՝ ցրվեր էին, տափաստաններուն վրա կարածեին, մեծ ախորժով փրցնելով ու ուտելով խոտերը։ Ջինջ միջոցին մեջ համեմներուն բույըը կար, որ խոտերեն, արոտներեն կբարձրանար։

Գալենց Աղջիկը տեսավ աչքովը իրենց եզը, որ երկու ամսվան մեջք լեռը արածելեն, իր երևակայածեն ավելի բարձրացեր էր, հոյակապ կոտոշներով եղեր էր։ Տղոցը հայրը՝ Իպոն չկար, մայրերնին՝ Ղըճե Զուլալը ու երեք տղաքն էին, որոնք շրջապատեցին զիրենք։ Մեծ եղբայրը նորեն հանդիմանեց մյուսները՝ սխալ լուր տանելնուն, ու ըսավ.

— Ինչո՞ւ պիտի տանիք եզը, մենք ալ պիտի գանք, երեք օրեն եզնիքը պիտի բերենք, հերկը սկսելու համար։

Բայց Գալենց Աղջիկը առանց եզի չուզեց դառնալ, կեսուրը իր աչքովը տեսնելու, ուրախանալու համար։ Ու եզն ու էշը պարապ հապիկայով առջևեն, իրենք՝ ետևեն, քալեցին։ Երկու ձեռքերը չլչլներով Օննոն բոբիկ, վազեց մամուն լուրը տանելու։

Տյուկե Մամը, անունը Ռեհան էր, Տյուկե կկանչեին՝ ճակատը, երկու քունքերը, աչքերը տյուկեի՝ երինջի, շատ նմանելուն, ուրախության արցունքներով դիմավորեց եզը, ոտքի ելավ, ափերը բացավ, աստված փառաբանեց երեք անգամ, երեք անգամ խաչակնքեց, երեք անգամ եզին ճակատը, երկու երեսները համբուրեց.

— Արևդ սիրեմ, մեզ վախցուցիր, փաշա եզս,— ըսավ։

Երկու տղաքը, Օննոն ու անկե փոքրը՝ Եսոն, անունը Եսայի էր՝ Եսո կկանչեին, վազելով գացին աղբյուրին բլուրեն դեղին հոտոցիկ, քուշմաթ, եզան ճակտիկ, մկան ակռիկ, ինչքան անուշ խոտեր կային, փետտեցին, բերին՝ եզին մսուրը լեցուցին, որ ճամբա եկած էր, գիշերը ուտեր, երեք օր ալ, մինչև եզնիքը լեռնեն գյուղ գային, եզը պիտի տանեին, արածեին մոտակա Ավազանի ձորին, Մեղվընոցին բլուրները, որմե հետո հերկը պիտի սկսվեր։