Վերջին թարմացում 24 Ապրիլի 2014, 22:05

Ալեֆը

Ալեֆը

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

O God, I could be bounded in a nutshell
and count myself a Kind of infinite space.
«Համլետ», II, 2[1]

But they will teach us that Eternity is
the standing still of the present time
A Nunc-stans (as the Schoois call it);
which neither they, nor any else understand
no more than they would a Hic-stans
for an infinite greatness of Place...
«Լևիթան», IV, 46[2]

Փետրվարյան այն տաք առավոտը, երբ Բեատրիս Վիտերբոն սենտիմենտալիզմից կամ վախից չնվաստացած խրոխտ հոգեվարքից հետո մահացավ, նկատեցի, որ Սահմանադրության հրապարակի երկաթե ազդավահանակների վրա գովազդը նորոգված է. դա ցավալի դեպք էր քանզի հասկացա, որ անհատնում ու ընդարձակ տիեզերքն արդեն հեռանում էր նրանից, և որ այդ փոփոխությունն անվերջանալի ընթացքի սկիզբն էր միայն: Թախծոտ ունայնամտությամբ մտածեցի, որ փոխվելու է տիեզերքը, բայց ես — երբեմն, գիտեմ, անմիտ նվիրվածությունս նյարդայնացրել էր նրան — այժմ կարող էի, թեև անհույս, բայց և առանց ստորանալու նվիրվել նրա հիշատակին: Խորհեցի, որ ապրիլի երեսունին, նրա ծննդյան տոնի առթիվ, Գարայ փողոցի տունն այցելելը և նրա հորն ու Կառլոս Սրխենտինո Դաներիին նրա զարմիկին ողջունելը քաղաքավարի, անբասիր, գուցե և անխուսափելի քայլ էր: Ձողապատ սրահի նախամուտքում կսպասեի ևս մի անգամ, ևս մի անգամ կուսումնասիրեի նրա բազմաթիվ նկարների մանրամասները՝ Բեատրիս Վիտերբոն կիսադեմով, Բեատրիսը դիմակով, 1921 թվականի տոնախմբություններին Բեատրիսի մկրտությունը, Բեատրիսի հարսանիքը Ռոբերտո Ալեսանդրիի հետ Բեատրիսը բաժանվելուց հետո, ձիավարների ակումբի տված ճաշկերույթում Բեատրիսը Իլմեսում Դելիա Սան Սարկո Պորսելի և Կառլոս Արխենտինոյի հետ, Բեատրիսը Վիլլեգա Աեդոյի նվիրած շնիկի հետ, Բեատրիսը` ժպտերես, ձեռքը կզակին; Ուրիշ անգամների պես գնալս չպետք է արդարացնեի գրքերի համեստ նվերներով, գրքեր որոնց կպած թերթերը սովորեցի կտրել որպեսզի ամիսներ հետո նրանց չբացված լինելը չհաստատվեր; Բեատրիս Վիտերբոն վախճանվեց 1929-ին, դրանից հետո ամեն տարի ապրիլի երեսունին լինում էի նրանց տանը, հասնում էի մոտավորապես ժամը յոթն անց քառորդին և մնում քսան հինգ րոպեի չափ. տարեցտարի հասնում էի մի քիչ ավելի ուշ և մնում քիչ ավելի շատ: 1933 թվականին հորդ մի անձրև օգնեց ինձ. ստիպված ընթրիքի հրավիրեցին: Չէի կարող չօգտագործել այդ հաջող առիթը 1934-ին կարկանդակների տուփը թևիս տակ ժամը ութին հայտնվեցի և բնականաբար, միասին ընթրեցինք: Այդպես այդ թախծոտ և ունայն, էրոտիկ տարելիցներին լսեցի Կառլոս Արխենտինո Դաներիի մտերմիկ խոստովանությունները:

Բեատրիսը բարձրահասակ էր նուրբ, թեթևակիորեն առաջ հակված քայլվածքում (եթե օքսիմորոնը թույլատրելի է) դյութական անճարակություն կար, էքստազի սկզբնավորություն: Կառլոս Արխենտինոն կարմրադեմ և նուրբ դիմագծերով ճերմակ և պատկառազդու մազերով ձՀարավի արվարձանների մոռացված մի գրադարանում ինչ-որ երկրորդական պաշտոն է վարում, իշխանություն ունի, սակայն ոչ ազդեցիկ գիշերներն ու տոնական օրերն օգտագործում է (մինչև վերջերս) տնից դուրս չգալու համար: Երկու սերունդ է անցել սակայն, նա դեռ արտասանում է իտալերենի ս-ն և չի կորցրել իտալական շարժուձևը: Նրա մտավոր գործունեությունն անսպառ է կրքոտ, դյուրափոփոխ և ամբողջությամբ անխելահաս: Ձանձրացնում է անտեղի համեմատություններով և անմիտ կասկածներով: Մի քանի ամիս կլանվել էր Պոլ Ֆորով ոչ այնքան նրա բալլադների, որքան նրա անհասանելի փառքի գաղափարով. «Ֆրանսիացի պոետների իշխանն է»՝ կրկնում էր ամբարտավան, «Զուր ես մարտնչում նրա դեմ նրան չի հասնի: Երբեք քո ամենաթունալից նետն անգամ»: 1941 թվականի ապրիլի երեսունին կարկանդակին ավելացրի մի շիշ տեղական կոնյակ: Կառլոս Արխենտինոն փորձեց, հաճելի համարեց և մի քանի գավաթից հետո սկսեց պաշտպանել ժամանակակից մարդուն.

— Ես նրան տեսնում եմ,— ասաց անբացատրելի ոգևորությամբ, — իր առանձնասենյակում, ինչպես քաղաքը պաշտպանող պարիսպների աշտարակում շրջապատված հեռախոսներով հեռագրամեքենաներով, ձայնագրիչներով ռադիոսարքավորումներով, կինոապարատներով, կախարդական լուսասփռիչներով, բառացանկերով, չվացուցակներով, ամփոփագրերով, հաղորդագրություններով:

Նկատեց, որ այդ սարքերով զինված մարդու համար անիմաստ է ճամփորդելը. մեր 20-րդ դարը հեղափոխել է Մուհամեդի և լեռան առակը... այժմ լեռները գալիս էին դեպի ժամանակակից Մուհամեդը:

Այնքան անմիտ փառահեղ ու վերամբարձ թվացին նրա գաղափարներն ու խոսելաձևը, որ անմիջապես մտածեցի գրականության մասին. ասացի, թե ինչո՞ւ այդ ամենը գրի չի առնում: Պատասխանը կռահելի էր արդեն. գրի էր առել, այս և ոչ պակաս նորագյուտ գաղափարներ տեղ էին գտել մի պոեմի առաջաբանում, նախաբանում կամ նախերգանքում, որի վրա առանց réclame առանց խլացնող աղմուկի, որպես հիմք ընդունելով այն երկու գայիսոնները, որոնք կոչվում էին աշխատանք և մենություն, աշխատում էր արդեն մի քանի տարի: Սկզբում բացում էր երևակայության դռները, հետո օգտագործում էր խարտոցը: Պոեմը կոչվում էր երկրագունդ, մոլորակի նկարագրությունն էր ուր, իհարկե չէին պակասում ոչ գունազարդ շեղումը, ոչ էլ հախուռն հրապարակախոսությունը:

Խնդրեցի, որ կարդա, թեկուզ մի շատ համառոտ հատված: Բացեց գրադարանի դարակն ու Խուան կրիսոստոմո Լաֆինուրի անվան գրադարանի դրոշմանիշը կրող թղթերի մի հաստ կապոց, հանեց և կարդաց ձայնեղ գոհունակությամբ.

Հույնի պես տեսել եմ քաղաքները, մարդկանց
Գործերը, օրերը՝ տարբեր լույսի տակ, սովը:
Ոչ դեպքերն եմ սրբագրում, ոչ էլ անունները,
Սակայն պատմածս ճամփորդություն է, բայց ...autour de ma chambre[3]

— Ամեն տեսակետից հետաքրքրական քառյակ է,— դատեց,— Առաջին տողը կորզում է մասնագետի ակադեմիկոսի հելլենիստի ծափահարությունները, երկրորդն անցնում է Հոմերոսից Հեսիոդոսին (փառահեղ կերտվածքի ճակատին առնելով մեկ-երկու տեղ ի նշան դաստիարակչական բանաստեղծության հոր հանդեպ հարգանքի) ու միևնույն ժամանակ, թարմացնելով և բարելավելով այնպիսի մի ձև, որի ծագումնաբանությունը պետք է որոնել ս Գրոց էջերում թվարկումը, կուտակումը կամ բարդումը, երրորդը բարոկկո, անկապաշտություն նրբացած մշակույթի և ձևի ֆանատիկոսություն բաղկացած, երկու երկանդամ ոտքերից չորրորդը ուղղակի երկլեզու ինձ համար ապահովում է զգայուն հոգիների գնահատությունը, որը չեն կարող խախտել բազմաթիվ սատիրիստների գրոհներն անգամ:

Դեռ չեմ խոսում տարօրինակ հանգի և պատկերավորման մասին, որ առանց պարծենկոտության ինձ թույլ է տալիս չորս տողի մեջ զետեղել երեք գիտական ակնարկ, որոնք պարունակում են երեսուն դարերի սեղմ գրականությունը. առաջինը՝ Ոդիսականը, երկրորդը՝ Աշխատանքներն ու օրերը, Երրորդը՝ այն էժանագին անմահությունը, որ մեզ է պարգևում սաբոնացու գրչի ձանձրույթը... Եվս մի անգամ հասկանում եմ, որ ժամանակակից արվեստը պահանջում է ծիծաղի բալասանը՝ սկերցոն: Անկասկած խոսքը վերաբերում է Գոլդոնիին:

Ուրիշ քառյակներ էլ կարդաց, որոնք նույնպես արժանացան նրա գնահատանքին և խիստ մեկնաբանությանը: Նրանց մեջ հիշարժան ոչինչ չկար, նախորդներից էլ վատը չէին: Նրա գրվածքներում միահյուսվել էին նվիրումը, հանդուրժողականությունն ու բախտը: Դաներիի նշած արժանիքները արտատեքստային էին: Հասկացա, որ բանաստեղծի աշխատանքը ոչ թե բանաստեղծությունն է այլ բանաստեղծությունը հիանալի դարձնելու համար պատճառներ հնարելը. բնականաբար հետագա աշխատանքը գործը փոխում է իր, բայց ոչ ուրիշների համար: Դաներիի արտասանական արվեստն արտառոց էր. նրա ռիթմական անճարակությունը չնչին բացառությամբ թույլ չտվեց այդ արտառոցությունը բանաստեղծությանը փոխանցել: Կյանքում ընդամենը մի անգամ եմ առիթ ունեցել ուսումնասիրելու Polyolbion-ը՝ տասնհինգ հազար տասներկուվանկանիներ պարունակող տեղագրական դյուցազներգությունը, որտեղ Մայքլ Դրեյտոնը արձանագրել է Անգլիայի բուսական և կենդանական աշխարհը, գետերը լեռները և վանական ու ռազմական պատմությունը. վստահ եմ, որ այդ թեև նշանակալի բայց և սահմանափակ արտադրանքը պակաս ձանձրալի է, քան Կառլոս Արխենտինոյի գրվածքը: Սա չափածոյով ուզում էր գրավել ամբողջ երկրագունդը: 1941-ին նա արդեն հաղթահարել էր Քուինսլանդ նահանգի մի քանի հեկտարը, Օբ գետի հովտի մի քանի կիլոմետրեր, Վերակրուսի հյուսիսում գտնվող գազակայանը, Կոնսեպսիոն Եկեղեցու շուրջն ընկած առևտրական բոլոր գլխավոր աները, Բելգրանո թաղամասում Օնսե դե Սետիեմբրե փողոցի Մարիանա Կամբասերես դե Ալվեարի այգիները և Բրայտոն հանրահայտ, ակվարիումից ոչ շատ հեռու թրքական բաղնիքների մի հաստատություն: Պոեմի Ավստրալիային վերաբերող հատվածից մի քանի բարդ գլուխներ կարդաց. այդ երկար ու ալեքսանդրյան չափի հաղորդագրությունները Նախաբանի հարաբերական աշխուժությունը չունեին: Բերեմ մի քառյակ.

Իմացեք, միապաղաղ սյունից աջեաջ
Գալով, իհարկե, Հյուսիս, հյուսիս-արևմուտքից
Ձանձրանում է մի կմախք — Գու՞յնը՝ ճերմակաերկնագույն,
Որ ոչխարների գոմին տալիս է ոսկրագերեզմանի համ:

— Լսում եմ քրթմնջոցդ հաջող գտնված երկու հանդգնությունների համար,— բացականչեց ուրախացած - ընդունում եմ, ընդունում: Մեկը, միապաղաղ մակդիրն է, որ ճշգրտորեն մերկացնում է en passant[4] գյուղական աշխատանքներին բնորոշ անժխտելի ձանձրույթը, որն այս ձևով այսքան վառ չեն համարձակվել մերկացնել ոչ Գեորգիկները, ռչ էլ մեզ արդեն հայտնի Դոն Սեգունդոն: Մյուսը՝ ձանձրանում է մի կմախք. պրոզաիզմն է, որ բծախնդիր մեկը կուզենա սարսափով բանադրել, բայց տղամարդկային ճաշակ ունեցող քննադատը իր կյանքից էլ բարձր կգնահատի: Բացի այդ, ամբողջ քառյակն էլ բարձրորակ է: Երկրորդ ոտքը հետաքրքրական զրույց է բացում ընթերցողի հետ, նրա հետաքրքրասիրությունը կանխելով առաջ է ընկնում, նրա շուրթերին դնում է մի հարց և անմիջապես... բավարարում: Իսկ ի՞նչ կասես այս գյուտի մասին. ճերմակաերկնագույն այս հոյակապ նորարարությունը առաջացնում է Երկնքի պատկերը, որը ավստրալիական բնության կարևոր տարրերից է: Առանց այդ հիշատակման ուրվանկարի գույնը շատ մռայլ կլիներ, ընթերցողը հոգու խորքում վիրավորված անբուժելի սևմաղձով հարկադրված կփակեր ժողովածուն:

Կեսգիշերին հրաժեշտ տվեցի:

Երկու կիրակի անց Դաներին, իր կյանքում առաջին անգամ զանգահարեց ինձ; Առաջարկեց ժամը չորսին հանդիպել. «Միասին կաթ կխմենք մեր տան մոտի նոր բացված բար-սրահում, որը իմ տան տերերի, երևի հիշես Սունինոյի և Սունգրիի առաջադիմության հետևանքն է, հետաքրքրական կլինի քեզ համար»: Ավելի շուտ ճարահատյալ քան ոգևորված ընդունեցի հրավերը: Սեղան ճարելը դժվար եղավ «սրահ-բարը» անժխտելիորեն ժամանակակից իմ պատկերացրածի պես զազրելի էր, հարևան սեղանների շուրջը բորբոքված ժողովուրդը հիշատակում էր Սունինոյի և Սունգրիի շռայլորեն ծախսած գումարները, Կառլոս Արխենտինոն իբր թե զարմանքով ցույց տվեց ինչ որ էլեկտրական սարքեր (որ անկասկած արդեն ծանոթ էին իրեն) և բավականին խստությամբ ասաց.

— Ուզած չուզած պետք է ընդունես, որ այս սրահը կարող է մրցակցել Ֆլորեսի ամենաորակյալ սրահների հետ:

Հետո վերընթերցեց պոեմի չորս թե հինգ էջ: Սրբագրել էր, հենվելով բառապաշարային ցուցամոլության անխիղճ սկզբունքի վրա, ուր առաջ գրել էր կապտագույն, հիմա ճոխացրել էր կապ տորակով կապտավունով և նույնիսկ կապուտակով: Կաթնագույն բառը բրդի լվացքատուն նկարագրելու համար գեղեցիկ չէր համարում նախընտրում էր կաթնաթույրը կաթնորակը կաթնավունը կաթնաճերմակը... Մաղձ թափեց քննադատների հասցեին հետո, ավելի բարեհաճ նրանց համեմատեց մարդկանց հետ «որոնք ոչ անգին քարեր ունեն, ոչ շոգեմամլիչներ, ոչ հղկող հաստոցներ, ոչ էլ ծծմբաթթու դրամահատման համար, բայց այնուհանդերձ մյուսներին կարող են ցույց տալ գանձի տեղը» Անմիջապես անցավ նախաբանամոլության քննադատությանը «հիվանդություն, որով «Կիխոտը» նախաբանելիս արդեն վարակված էր հանճարների Իշխանը» Այնուամենայնիվ ընդունեց, որ Նոր գործի համար նախընտրելի է զորավոր գրիչ, ունեցողի կողմից ստորագրված ցուցադրական մի նախաբան, որ պատի պես կանգներ նոր գործի մեջքին: Այդ ժամանակ հասկացա նրա տարօրինակ հրավերը. խնդրելու էր, որ իր այդ հավակնոտ ցնդաբանության համար Նախաբան գրեի: Մտավախությունս անտեղի էր Կառլոս Արխենտինոն նախանձելի հիացմունքով նկատեց, որ ամենուր հեղինակավոր դիրք գրաված Ալվարո Մելիան Լաֆինուրի համբավը կայուն համարելը սխալ չէր լինի և որ եթե ես ցանկանայի այդ փայլուն մտավորականը կարող էր նախաբանել իր պոեմը կատարյալ վարպետությամբ: Ամենաաններելի ձախողումը կանխելու համար, ես պետք է լինեի երկու անժխտելի արժանիքների պատվարը՝ ձևական կատարելության և գիտական մանրակրկիտության «քանի որ դարձվածների պատկերների նրբամտությունների պարտեզը խստագույն ճշմարտությունը չհաստատող ոչ մի մանրամասնություն չի ընդունում»: Ավելացրեց, որ Բեատրիսն ու Ալվարոն հաճախ միասին էին զբոսնել:

Մի կերպ տվեցի համաձայնությունս: Ավելի հավաստի դարձնելու համար ասածս բացատրեցի, որ ոչ թե երկուշաբթի այլ հինգշաբթի օրը կխոսեմ Ալվարոյի հետ, օգտվելով այն համեստ ընթրիքից, որով սովորաբար ավարտվում են գրողների բոլոր հավաքույթները (նման ընթրիքներ գոյություն չունեն, սակայն անհերքելի է այն փաստը, որ հավաքույթները տեղի են ունենում հինգշաբթի օրերին և Կառլոս Արխենտինո Դաներին կարող էր այդ փաստն ստուգել թերթերով, իսկ այդ հանգամանքը որոշ իրական շեշտ էր հաղորդում ասածիս): Խոսքիս սրամիտ երանգ տալով ասացի, որ նախաբանին անցնելուց առաջ նկարագրելու եմ գործի ինքնատիպ ծրագիրը: Բաժանվեցինք Բեռնարդո դե Իրիգոժենից, թեքվելուց հետո ամենայն լրջությամբ քննեցի իմ ունեցած երկու միջոցները ա) խոսել Ալվարոյի հետ և ասել, որ Բեատրիսի հորեղբոր որդին (այդ բացատրական մեղմասածությունը ինձ թույլ կտար արտասանել նրա անունը) ստեղծել է մի պոեմ, որ անսահմանության է հասցնում տարահնչության ու քաոսի հնարավորությունները, բ) չխոսել Ալվարոյի հետ: Պայծառամտությամբ կանխագուշակեցի, որ ծուլությունս նախընտրելու էր երկրորդը:

Ուրբաթ օրն առավոտյան հեռախոսն արդեն սկսեց անհանգստացնել ինձ: Անհանդուրժելի էր ինչպես կարող էր այն սարքը, որ մի ժամանակ արտաբերել էր Բեատրիսի այսօր այլևս անկրկնելի ձայնը, նվաստանալ և դառնալ այդ խաբված Կառլոս Արխենտինո Դաներիի անօգուտ և գուցե զայրացկոտ բողոքների ընկալուչը: Բարեբախտաբար ոչինչ չպատահեց բացի այն անկանխագուշակելի զայրույթը, որ ինձ պատճառեց մի մարդ, ով հանձնարարելով նրբագույն մի գործարք մոռացել էր ինձ:

Հեռախոսը դադարեց ինձ ահաբեկել, սակայն հոկտեմբերի վերջերին Կառլոս Արխենտինոն վերստին զանգահարեց: Հուզված էր, ձայնը սկզբում չճանաչեցի: Տխուր ու զայրացած կմկմաց, որ Սունինոն և Սունգդին, իրենց անմիտ սրճարանի ապագա ծավալումը պատճառաբանելով ուզում էին քանդել իր տունը:

— Ծնողներիս տունը, իմ տունը, Դարայ փողոցի հինավուրց տունը, — կրկնեց կարծես թե բառերի մեղեդու մեջ խեղդելով իր վիշտը:

Դժվար չէր հասկանալ նրա վիշտը: Երբ լրանում է քառասունդ ամեն մի փոփոխություն դառնում է ժամանակի անցողիկության ատելի մի խորհրդանիշ թացի այդ հիշյալ տունն ինձ համար անբաժանելի էր: Բեատրիսի հիշատակից ուզում էի բացատրել այս նրբությունը. խոսակիցս չլսեց ինձ: Ասաց, որ եթե Սունինոն և Սունգրին համառ են իրենց անհեթեթ մտադրության մեջ, դոկտոր Սուննին իր փաստաբանը դիմելու է դատարան և ipso facto[5] տեղական դրամով հարյուր հազարի հատուցում է պահանջելու:

Սուննիի անունն ազդեց վրաս, նրա գրասենյակը Կասերոս և Տակուարի խաչմերուկում, լուրջ համբավ էր վայելում: Հարցրի նա արդեն սկսել էր աշխատանքները թե ոչ, Դաներին ասաց, որ հենց այդ երեկո պիտի խոսի հետը: Տատանվեց և այն միապաղաղ անդեմ ձայնով, որով խոստովանում ենք մի շատ մեծ ու ներքին գաղտնիք ասաց որ տունն անհրաժեշտ էր պոեմն ավարտելու համար քանի որ ներքնահարկի անկյուններից մեկում մի Ալեֆ կա: Բացատրեց, որ Ալեֆը տարածության մեջ ընկած այն կետերից մեկն է որ իր մեջ պարունակում է բոլոր կետերը:

— Ճաշասենյակի տակի ներքնահարկում է, — բացատրեց մոր մոքից դողացող ձայնով, — Իմն է իմը, ես եմ հայտնաբերել, երբ դեռ երեխա էի նախադպրոցական տարիքում: Ներքնահարկի սանդուղքը բարձր է ինձ արգելված էր իջնելը, բայց լսել էի, որ ներքնահարկում մի աշխարհ կա խոսքը արկղի մասին էր, հետո իմացա բայց ես բառացի էի հասկացել աշխարհը: Իջա, գլորվեցի արգելված սանդուղքով, ընկա: Երբ բացեցի աչքերս տեսա Ալեֆը:

— Ալեֆը, — կրկնեցի:

— Այո այն տեղը, ուր աշխարհի բոլոր վայրերն են դիտված բոլոր հնարավոր անկյուններից: Ոչ ոքի չպատմեցի հայտնությանս մասին, սակայն էլի ու էլի նկուղ վերադարձա: Երեխան չէր կարող հասկանալ, որ այդ արտոնությունը նրան տրված էր, որպեսզի հասուն մարդ դառնալուց հետո պոեմ ստեղծեր: Սունինոն և Սունգրին չեն կարող ինձ զրկել իմ Ալեֆից, հազար անգամ ոչ:

Օրենսգիրքը ձեռքին դոկտոր Սուննին կփաստի, որ իմ Ալեֆն անփոխանցելի է.

Փորձեցի տրամաբանել.

— Բայց ներքնահարկը շատ մութ չէ՞:

— Այո, ճշմարտությունը դժվարությամբ է ուղի հարթում դեպի կարծր միտքը: Եթե աշխարհի բոլոր վայրերը Ալեֆում են, այնտեղ կլինեն նաև բոլոր լուսատուները բոլոր լամպերը լույսի բոլոր վտակները:

— Անմիջապես գալիս եմ:

Ընկալուչն իսկույն կախեցի, որ գնալս հանկարծ չխափանվեր: Մի դեպքի ճանաչումը հաճախ բավարարում է մանրամասնությունների այնպիսի մի ամբողջություն ընկալելու, որ նախքան այդ կասկած էլ չի հարուցել. զարմանալին այն էր, որ մինչև այդ ես չէի հասկացել, թե Կառլոս Արխենտինոն պարզապես խենթ է: Բացի այդ բոլոր Վիտերբոները Բեատրիսը (նույնիսկ ես եմ հաճախ կրկնում) անողոք ողջախոհություն ունեցող կին էր, սակայն նա երբեմն ունենում էր անհոգությունների, անուշադրությունների արհամարհանքների, իսկական դաժանությունների նոպաներ, որ գուցե պաթոլոգիական բացատրություն պահանջեին: Կառլոս Արխենտինոյի խենթության գաղափարը չարախինդ երջանկություն պատճառեց ինձ. սրտի խորքում իրար տանել չէինք կարողանում:

Գարայ փողոցում սպասուհին խնդրեց սպասել: Նա ինչպես միշտ ներքնահարկում նկարներ էր երևակում: Անպետքացած դաշնամուրի վրա անծաղիկ ծաղկամանի կողքին (ավելի անժամանակային քան ժամանակավրեպ), խամրած գույների միջից ժպտում էր Բեատրիսի մեծադիր պատկերը: Մեզ ոչ ոք չէր կարող տեսնել. քնքշանքն հաղթեց ինձ, և ես մոտեցա պատկերին:

— Բեատրիս, Բեատրիս, էլենա, Բեատրիս, էլենա, Վիտերբո, սիրելի, Բեատրիս, արդեն ընդմիշտ հեռացած, Բեատրիս, ես եմ, Բորխեսը:

Կառլոսը քիչ անց ներս եկավ: Նրա խոսքերի մեջ որոշ չորություն կար, հասկացա, որ ուրիշ բանի մասին չէր կարող մտածել նրա մտքում միայն Ալեֆի կորուստի գաղափարն էր:

— Մի գավաթ կեղծ կոնյակ, — հրամայեց, — և անմիջապես կսուզվես ներքնահարկ: Պետք է մեջքի վրա պառկել: Նաև անհրաժեշտ է մթություն, անշարժություն և որոշ հարմարվածություն: Կպառկես սալահատակին և աչքերդ կհառես տասնիններորդ աստիճանին; Ես դուրս կգամ, կփակեմ անցքն ու դու մենակ կմնաս: Եթե ինչ-որ մուկ քեզ վախեցնի դատարկ բան է: Մի քանի րոպեից կտեսնես մեր տխրահռչակ բարեկամին multum in parvo[6]-ն կտեսնես:

Արդեն ճաշասենյակում ավելացրեց.

— Բնական է, որ քո չտեսնելը, քո անկարողությունը չի արժեզրկի իմ ասածը: Իջիր, շուտով կարող ես զրույցի բռնվել Բեատրիսի բոլոր պատկերների հետ:

Նրա անհեթեթ խոսքերից զզված արագ-արագ ցած իջա: Ներքնահարկը, որ սանդուղքից քիչ ավելի լայն էր, խոռոչի էր նմանվում: Նայվածքս զուր որոնեց Կառլոս Արխենտինոյի նշած արկղը: Շշերի մի սնդուկ և տոպրակների մի կույտ զբաղեցնում էին անկյունը: Կառլոսը վերցրեց տոպրակներից մեկը ծալեց և տեղադրեց նախատեսված մի կետում.

— Բարձդ փոքր է — բացատրեց, — բայց եթե փոքր ինչ բարձրացնես բացարձակապես ոչինչ չես տեսնի և ամոթով կմնաս: Այդ վիթխարի մարմինդ փռիր գետնին և տասնինն աստիճան հաշվիր:

Կատարեցի նրա անհեթեթ պահանջները, վերջապես նա դուրս եկավ: Անցքը զգուշությամբ փակեց մթությունը նույնիսկ մի ճեղքի առկայությամբ, որ հետո հայտնաբերեցի, կարող էր բացարձակ թվալ: Հանկարծ հասկացա վտանգը. թույլ էի տվել, որ մի խենթ թաղեր ինձ թույն խմեցնելուց հետո: Կառլոսի բարբաջանքներն արտացոլում էին այն ներքին սարսափը, թե ես կարող էի և չտեսնել հրաշքը: Կառլոսը իր ցնորքը պաշտպանելու իր խենթության համբավը չտարածելու համար պետք է սպաներ ինձ: Տարօրինակ մի անհանգստություն զգացի, որը ցանկացա վերագրել պահի և ոչ թե թմրադեղի ազդեցությանը: Փակեցի, աչքերս բացեցի: Այդ ժամանակ տեսա Ալեֆը:

Այժմ հասնում եմ պատմածիս հիմնական մասին, և այստեղ է սկսվում գրողիս հուսահատությունը: Յուրաքանչյուր լեզու խորհրդանիշների այբբենարան է, որի գործածությունը խոսակիցներին հայտնի մի անցյալ է ենթադրում: Բայց ինչպես փոխանցել Ալեֆը, որ իմ երկյուղած հիշողությունն հազիվ է ընդգրկում: Միստիկները համանման տրանսի մեջ աստվածայինը նշանակելու համար գործածում են խորհրդանիշներ, պարսիկը Աստված ասելու փոխարեն խոսում է մի թռչունի մասին, որն ինչ-որ ձևով բոլոր թռչուններն է միաժամանակ, Ալանուս դե Ինսուլիսը խոսում է մի շրջանակի մասին, որի կենտրոնն ամեն տեղ է իսկ շրջագիծը ոչ մի տեղ, Եզեկիելը՝ չորս երես ունեցող մի հրեշտակի մասին, որը միևնույն ժամանակ նայում է և Արևելք, և Արևմուտք և Հարավ (զուր չէ, որ հիշում եմ այդ անընմթռնելի համանմանությունները, դրանք ինչ-որ կապ ունեն Ալեֆի հետ): Գուցե աստվածներն ինձ էլ չմերժեին համանման պատկերի հայտնությունը, բայց այդ պարագայում սույն տեղեկագիրը կվարակվեր գրականությամբ, կեղծիքով: Բացի այդ կենտրոնական խնդիրը անսահման խմբի թեկուզ և մասնակի թվարկումը անլուծելի է: Այդ հսկայական պահին միլիոնավոր հաճելի և դաժան գործողություններ եմ տեսել. ոչ մեկն ինձ այնքան չզարմացրեց, որքան այն հանգամանքը, որ բոլորն էլ առանց մակադրվելու ու ներթափանցվելու իրար մեջ, նույն կետն էին զբաղեցնում: Աչքերիս տեսածը միաժամանակյա էր, փոխանցածս հաջորդական կլինի, քանի որ լեզուն է այդպիսին: Սակայն ինչ-որ բան կփորձեմ հաղորդել:

Աստիճանի ներքևի մասում աջ կողմի վրա գրեթե անդիմադրելի փայլով փողփողում էր մի փոքրիկ շրջանակ: Սկզբում ինձ թվաց, թե պտտվում է, հետո հասկացա, որ նրա մեջ արտացոլվող գլխապտույտ պատճառող դեպքերի հետևանքն էր այդ շարժումը: Ալեֆի տրամագիծը երկու կամ երեք սանտիմետր կլիներ, սակայն այնտեղ էր գտնվում, առանց հարաբերական փոքրության տիեզերական ողջ տարածությունը: Ամեն բան (ասենք հայելու մեջ լուսինը) միևնույն ժամանակ անթիվ բաներ էին, քանզի ես այն տեսնում էի տիեզերքի բոլոր կետերից: Բազմաբնակ ծովը տեսա, տեսա արշալույսն ու մայրամուտը, Ամերիկայի բազմությունները տեսա, տեսա արծաթագույն մի սարդոստայն, մի սև բուրգի կենտրոնում քանդված մի բավիղ, տեսա (Լոնդոնն էր), տեսա անհատնում անմիջական աչքեր, որ իրենք իրենց էին որոնում իմ մեջ, ինչպես հայելում մոլորակի բոլոր հայելիները, տեսա և ոչ մեկն ինձ չարտացոլեց: Սոլեր փողոցի մի միջնաբակում տեսա այն նույն սալաքարերը, որ երեսուն տարի առաջ Ֆրայ Բենտոսում գտնվող մի տան միջանցքում էի տեսել, ողկույզներ տեսա, ձյուն, ծխախոտ, մետաղի ջարդոն, ջրի գոլորշի, էկվատորյան անապատները տեսա, և նրանց ամեն մի հատիկ ավազը, Ինվերնեսսում մի կին տեսա, որին երբեք չեմ մոռանա, տեսա վարսերը փարթամ մարմինը խրոխտ կրծքին մի խոց տեսա, մայթի վրա հողե մի փոս տեսա, ուր առաջ մի ծառ էր եղել, Ադրոգեի այգին տեսա, Պլինիուսի անգլիական տարբերակից մի օրինակ տեսա, Ֆիլեմոն Հոլլանդինն էր յուրաքանչյուր էջի յուրաքանչյուր տառը տեսա (փոքր ժամանակ գիշերվա ընթացքում փակված տառերի չխառնվելն ու չկորչելը ինձ հիացմունք էր պատճառում), ժամանակակից գիշերն ու ցերեկը տեսա, Կերետարոյում մի արևմուտք տեսա, որ կարծես Բենգալիայում աճող մի վարդի գույնն էր արտացոլում անբնակ ննջասենյակս տեսա, Ալքմաարի առանձնասենյակներից մեկում երկու հայելիների մեջտեղում անվերջորեն բազմապատկված մի երկրագունդ տեսա, խառնված բաշերով ձիեր տեսա, Կասպից ծովի վաղորդայնում, մի ձեռքի նուրբ կմախք տեսա, տեսա, թե ինչպես մարտից փրկվածները բացիկներ էին ուղարկում, Միրզապուրում գտնվող մի աշտարակում իսպանական մի խաղաթուղթ տեսա, ձմեռային մի այգում ձարխոտների շեղակի ստվերները տեսա, տեսա վագրեր, բիզոններ, կոհակներ ու բանակներ, երկրագնդի բոլոր մրջյունները տեսա, տեսա պարսկական մի աստղադիտակ, գրասեղանի դարակում նամակներ տեսա (և ձեռագիրը դող պատճառեց), լպիրշ անհավատալի դիպուկ նամակներ, որ Բեատրիսն ուղղել էր Կառլոս Արխենտինոյին Ջակարտայում, տեսա պաշտամունքի մի կոթող, տեսա այն զազրելի աճյունը, որին վերածվել էր մի ժամանակվա Բեատրիս Վիտերբոյի հմայքը, իմ մուգ արյան շրջանառությունը տեսա, տեսա սիրո մեխանիզմն ու մահվան փոփոխությունը, բոլոր կետերից դիտված Ալեֆը տեսա, տեսա երկիրն Ալեֆում և երկրում նորից Ալեֆը և Ալեֆում երկիրը, դեմքս ու ջղերս տեսա, տեսա քո դեմքն ու գլխապտույտ զգացի և լաց եղա, քանի որ աչքերս տեսել էին այն, ինչ մարդկային աչքը չի տեսել, այն գաղտնի ու ենթադրական առարկան, որի անունը մարդիկ գողանում են անըմբռնելի տիեզերքը:

Անհուն պաշտամունք, անհուն խղճմտանք զգացի.

— Ապշե՞լ ես, հը՞, — ասաց ուրախ զզվելի մի ձայն, — Որքան էլ խելքիդ զոռ տաս, ողջ կյանքում չես հատուցի իմ այս հայտնությունը: Հը՞ Բորխես, ապշեցուցիչ դիտարան է, այնպես չէ՞:

Կառլոս Արխենտինոյի ոտքերն զբաղեցնում էին ամենավերին աստիճանը: Հանկարծակի լուսավորվեց, և ես հազիվ կարողացա ոտքի ելնել ու կմկմալ.

— Ապշեցուցիչ: Այո, ապշեցուցիչ:

Ձայնիս համակ անտարբերությունը զարմացրեց ինձ: Կառլոս Արխենտինոն հուզված համառում էր.

— Լա՞վ տեսար, ամեն ինչ գունավո՞ր:

Այդ պահին մեջս ծնվեց վրեժս առնելու միտք: Բարեհամբույր անթաքույց խղճմտանքով, ջղագրգիռ խուսափողական շնորհակալություն հայտնեցի Կառլոս Արխենտինո Դաներիին հյուրընկալության համար և խորհուրդ տվեցի, որ առիթից օգտվելով հեռանա վնասակար օդով քաղաքից, որ ոչ ոքի — հավատացեք - ոչ ոքի չի խնայում: Մեղմորեն հրաժարվեցի վիճել Ալեֆի շուրջ, բաժանվելիս գրկեցի նրան և կրկնեցի, որ դաշտն ու խաղաղությունը երկու մեծ բժիշկներ են:

Փողոցում, Սահմանադրության սանդուղքներին մետրոյում բոլոր դեմքերն հարազատ թվացին: Սարսափով մտածեցի, թե աշխարհում ինձ զարմացնող ոչինչ չմնաց, որ ինձ այլևս երբեք չի լքի այն զգացումը, որ ես այդ ամենը մի անգամ արդեն տեսել եմ: Բարեբախտաբար մի քանի գիշերվա անքնությունից հետո մոռացումս կրկին աշխատանքի անցավ:

1943 թվականի մարտի մեկի հետգրություն. Դարայ փողոցի շենքը քանդելուց վեց ամիս հետո «Պրոկրուստ» հրատարակչատունը վախեցավ պոեմի զգալի երկարաբանությունից և շուկա հանեց «Արգենտինյսւն պատառիկներ»-ի մի ընտրանի: Թե ինչ եղավ հետո, ավելորդ է ասել: Կառլոս Արխենտինո Դաներին դարձավ Ազգային գրականության մրցույթի երկրորդ դափնեկիր[7]: Առաջին մրցանակը տրվեց դոկտոր Աիտային, երրորդը դոկտոր Մարիո Բոնֆանտիին, իմ գործը «Թղթամոլի թղթերը», անհավատալիորեն ոչ մի քվե չստացավ: Եվս մի անգամ հաղթանակ տարան տգիտությունն ու նախանձը: Վաղուց արդեն չեմ կարողանում տեսնել Դաներիին, թերթերը գրում են, թե շուտով մեզ կընծայի մի նոր ժողովածու: Իր (Ալեֆով արդեն չխանգարված) բեղմնավոր գրիչը նվիրել է դոկտոր Ասեվեդո Դիասի ստեղծագործությունները չափածոյի վերածելու գործին:

Ուզում եմ ավելացնել երկու նկատողություն մեկը՝ Ալեֆի բնույթի, մյուսը՝ նրա անվան մասին: Սա, ինչպես հայտնի է, սուրբ Գրոց այբբենարանի առաջին տառն է: Նրա գործունեությունն իմ պատմության մեջ պատահական չէ: Կաթալիստիկայի համար այդ տառը նշանակում է En Soph անսահման ու անբիծ աստվածություն, ասված է նաև, որ նրա ձևն ունի այն մարդու պատկերը, որ ցույց է տալիս երկինքն ու երկիրը, նշելով նաև որ ստորին աշխարհը բարձրագույնի հայելին ու քարտեզն է Mengenlehre[8]-ում: Ալեֆը անհամար այն թվերի խորհրդանիշն է, որոնցում ամբողջը մասերից ավելի մեծ չէ: Ես կուզեի իմանալ, թե Կառլոս Արխենտինոն արդյո՞ք ինքն է ընտրել, թե իր տան Ալեֆի անհամար տեքստերից մեկում կարդացել է այդ անունը վերագրված մի այլ կետի, ուր միանում են բոլոր կետերը: Որքան էլ անհավատալի թվա, ես կարծում եմ, որ կա (կամ եղել է) մի այլ Ալեֆ, ես կարծում եմ, որ Գարայ փողոցում գտնվող Ալեֆը կեղծ Ա[ժլեֆ էր:

Բերեմ կռվաններս: Մինչև 1867 թվականը կապիտան Բարտոնը Բրազիլում վարում էր բրիտանական հյուպատոսի պաշտոնը: 1942-ի հուլիսին Սանթոսի գրադարաններից մեկում Պեդրո Էնրիկես Ուրենիան հայտնաբերեց նրա մի ձեռագիրը, ուր խոսվում էր Արևելքում Իսկանդար Սու ալ Կառնային կամ Մակեդոնացի Ալեքսանդր Երկեղջյուրին վերագրվող հայելու մասին: Այդ հայելին արտացոլում էր ողջ տիեզերքը: Բարտոնն այլ, կողմնակի ձևեր էլ է հիշատակում: Կաիխոսրուի յոթերորդ գավաթը, Թարիկ Բենզեյաթի մի աշտարակում հայտնաբերված հայելին («1001 գիշեր» 273), Լուսիանո Սամոսացու Լուսինը արտացոլող հայելին («ճշ մարտացի Պատմություն», I, 26), այն հրաշագեղ նիզակը, որ «Սատիրիկոնի» առաջին գրքում դե Կապելլան վերագրում է Յուպիտերին, Մերլինի տիեզերական հայելին՝ «կլոր և փոսընկած և նման ապակե աշխարհի» («Փերիների թագուհին», III 2 19) — ու ավելացնում է այս հետաքրքրական խոսքերը. «Բայց հիշյալ բոլոր հայելիները» (թացի գոյություն չունենալու թերությունից) օպտիկական սարքեր են: Կահիրեի Ամր մզկիթն այցելող հավատացյալները շատ լավ գիտեն, որ տիեզերքը գտնվում է կենտրոնական բակը շրջապատող քարե սյուներից մեկի մեջ... Ոչ ոք իհարկե չի տեսել, բայց ովքեր ականջը հպել են սյունին, պնդում են, որ կարճ ժամանակից հետո որսում են նրա մեջի շշուկը: Մզկիթը պատկանում է 7-րդ դարին, սակայն սյուները կառուցվել են նախաիսլամական շրջանում, քանի որ ինչպես գրել է Աբենխալդունը. «Քոչվորների հիմնադրած հանրապետություններում շինարարության մեջ անհրաժեշտ է օտարների մասնակցությունը»:

Գոյություն ունի՞ արդյոք այդ Ալեֆը մի քարի ներսում: Մի՞թե այն տեսել եմ ամեն ինչ տեսնելու պահին, իսկ հետո մոռացել: Մոռացումը կրծում է մեր հիշողությունը: Ես ինքս աղավաղում ու կորցնում եմ ժամանակի ողբերգական անցքի մեջ Բեատրիսի դիմագծերը:





Ծանոթագրություններ

  1. «Աստված իմ, ես կարող էի մի ընկույզի կեղևի մեջ անգամ տեղավորվել և ինքս ինձ անհուն տիեզերքի թագավորը համարել (անգլ.):
  2. «Բայց նրանք ուզում են մեզ սովորեցնել, որ հավերժությունը քարացած ներկան է, Nunc-stans (հիմա քարացած), ինչպես կոչում են այդ դպրոցները և այդ եզրաբաոը, ինչպես հենց նրանց, այնպես էլ ուրիշների համար ավելի հասկանալի չէ, քան եթե նրանք տարածութլան անվերջությունը կոչեին Hic-stans (այստեղ քարացած) բառով(անգլ.):
  3. Սեփական բնակարանի շուրջը (ֆր.)
  4. անցնելիս (ֆրանս.), այստեղ՝ իմիջի այլոց, հարևանցի (ծան. խմբ.)
  5. Փաստի զորությամր (լատ.)
  6. Շատը փոքրի մեջ (լատ.)
  7. «Ես ստացա Ձեր տանջահար շնորհավորանքները,— գրում է նա ինձ,— իմ խեղճ ընկեր, Դուք պայթում եք նախանձից, բայց դուք պետք է խոստովանեք, թեկուզ սպանեք Ձեզ, որ այս անգամ ես կարողացա պճնել իմ գլխարկը ամենավաո փետուրներով, իսկ իմ չալման սուտակների թագուհով»:
  8. Բազմությունների տեսույթուն (գերմ.)