«Ալքիմիկոսը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Վերջաբան)
(Մաս երկրորդ)
 
Տող 1185. Տող 1185.
  
Սկզբում փորձեցին փնտրել առանձին-առանձին։ Պետք էր ենթադրել, որ Ալքիմիկոսն ապրում է ոչ այնպես, ինչպես ուրիշները, որ երևի թե նրա վրանում միշտ կրակ է վառվում։ Նրանք օազիսը ծայրից ծայր չափչփեցին, մինչև հասկացան, որ այն ավելի մեծ է, քան թվացել էր նախապես. այնտեղ մի քանի հարյուր վրան կար։
 
 +
 +
 +
— Ամբողջ օրն անիմաստ կորցրինք,— ասաց Անգլիացին՝ տղայի հետ նստելով ջրհորներից մեկի մոտ։
 +
 +
— Գուցե ավելի լավ է նրա մասին հարցուփորձ անել,— ասաց Սանտյագոն։
 +
 +
Սակայն Անգլիացին տատանվում էր. չէր ուզում օազիսում իր գոյությունը մատնել։ Բայց, ի վերջո, համաձայնեց և խնդրեց Սանտյագոյին, որն արաբերեն ավելի լավ գիտեր, Ալքիմիկոսի վերաբերյալ տեղեկություններ հավաքել։ Պատանին մոտեցավ մի կնոջ, որը եկել էր ջրհորից ոչխարի տիկով ջուր տանելու։
 +
 +
— Բարի օր, տիկին։ Չգիտէ՞ք, թե այս օազիսում որտեղ է ապրում Ալքիմիկոսը,— հարցրեց նա։
 +
 +
Կինը պատասխանեց, որ նման անուն երբեք չի լսել և շտապեց հեռանալ։ Մինչ այդ նա Սանտյագոյին զգուշացրեց, որ պետք է հարգել սովորույթները և չխոսել սև հագած՝ այսինքն, ամուսնացած կանանց հետ։
 +
 +
Անգլիացու հիասթափությունը սահման չուներ։ Հաղթահարել այդպիսի ճանապարհ, և ամեն ինչ՝ իզուր։ Պատանին էլ էր իր ուղեկցի համար վշտացած՝ չէ՞ որ նա էլ է փնտրում իր Սեփական Առասպելը։
 +
 +
Իսկ այդ ժամանակ, ըստ Մելքիսեդեկի, Տիեզերքն օգնության է գալիս մարդուն՝ անելով ամեն ինչ, որպեսզի նրա գործը հաջողի։ Մի՞թե ծեր արքան սխալվել է։
 +
 +
— Ես նախկինում ալքիմիկոսների մասին երբեք չեմ լսել,— ասաց նա,— թե չէ՝ կփորձեի օգնել ձեզ։
 +
 +
Անգլիացու աչքերը փայլեցին։
 +
 +
— Դե, իհարկե,— բացականչեց նա։— Այստեղ ոչ ոք չգիտի, որ նա Ալքիմիկոս է։ Պետք է հարցնել այն մարդուն, որը կարողանում է բուժել ամեն ինչ։
 +
 +
Ջրհորին մոտեցան մի քանի սևազգեստ կանայք, բայց Անգլիացին որքան էլ խնդրեց, Սանտյագոն նրանց ոչ մի հարց չտվեց։ Վերջապես մի տղամարդ հայտնվեց։
 +
 +
— Դուք ճանաչո՞ւմ եք այն մարդուն, որն այստեղ բուժում է բոլոր հիվանդությունները,— հարցրեց պատանին։
 +
 +
— Բոլոր հիվանդությունները բուժում է միայն Ալլահը,— ասաց նա՝ վախեցած հայացքով նայելով օտարերկրացիներին։— Դուք կախա՞րդ եք փնտրում։
 +
 +
Նա Ղուրանից մի քանի սուրահ արտասանեց ու գնաց։
 +
 +
Որոշ ժամանակ անց մեկ ուրիշը հայտնվեց, ավելի տարիքովը, փոքրիկ դույլը ձեռքին։ Սանտյագոն նույն հարցը սրան էլ տվեց։
 +
 +
— Ի՞նչ եք անում այդ մարդուն,— հարցին հարցով պատասխանեց նա։
 +
 +
— Իմ ընկերը նրան գտնելու համար երկար ամիսներ ճանապարհ է անցել։
 +
 +
— Եթե մեր օազիսում այդպիսի մեկը կա, ապա նա պետք է որ շատ հզոր մարդ լինի,— մտածելով ասաց ծերունին։— Նույնիսկ ցեղերի առաջնորդները չեն կարող նրան տեսնել ուզած ժամանակ։ Նրանք հանդիպում են, երբ նա է ցանկանում։ Սպասեք պատերազմն ավարտվի՝ գնացեք։ Պետք չէ խառնվել մեր օազիսի կյանքին,— և հեռացավ։
 +
 +
Սակայն Անգլիացին, զգալով, որ հետքի վրա է ընկել, շատ ուրախացավ։
 +
 +
Իսկ ջրհորին, ի վերջո, մոտեցավ ոչ թե սևազգեստ ամուսնացած կին, այլ կուժն ուսին մի աղջիկ։ Նրա գլխին գլխաշոր կար, բայց դեմքը բաց էր։ Սանտյագոն որոշեց նրան հարցուփորձ անել Ալքիմիկոսի մասին և մոտ գնաց։
 +
 +
Եվ այստեղ կարծես թե ժամանակը կանգ առավ, և Աշխարհի հոգին հայտնվեց նրա առաջ՝ իր ամբողջ հզորությամբ։ Նայելով նրա սևուկ աչքերին, նրա շրթունքներին, որոնք կարծես չգիտեին ինչ անեին՝ մնային փա՞կ, թե՞ բացվեին հմայիչ ժպիտով, Սանտյագոն հասկացավ ամենակարևոր, ամենաիմաստուն մասն այն լեզվի, որով խոսում է Տիեզերքը, և որին բոլոր մարդիկ հասնում են սրտով։ Դա Սեր է կոչվում, նա ավելի հին է, քան մարդը, քան այս անապատը։ Եվ նա միշտ միևնույն ուժգնությամբ հայտնվում է, երբ որևէ տեղ հանդիպում են տղամարդու և կնոջ հայացքները։ Այդպես եղավ նաև հիմա, այդ ջրհորի մոտ։
 +
 +
Աղջկա շուրթերը վերջապես որոշեցին ժպտալ, և դա նշան էր, հենց այն նշանը, որին Սանտյագոն, ինքն էլ չիմանալով, սպասում էր իր կյանքում այդքան երկար, որը փնտրում էր իր ոչխարների մեջ և գրքերում, բուրեղապակու մեջ ու համր անապատում։
 +
 +
Դա Աշխարհի լեզուն էր՝ մաքուր և հստակ առանց բացատրության, քանի որ Տիեզերքը բացատրությունների կարիքը չունի՝ շարունակելու անհունի մեջ իր ուղին։ Միակ բանը, որ Սանտյագոն հասկացավ, այն էր, որ կանգնած է իր հարսնացուի առաջ, և որ նա էլ անխոս պետք է հասկանար նույն բանը։ Նա դրանում ավելի շատ էր համոզված, քան աշխարհում որևէ այլ բանում, թեկուզ եթե իր ծնողները և ծնողների ծնողներն ասեին, թե նախ պետք է սիրահարվել, նշանվել, ճանաչել հարսնացուին ինչպես հարկն է, փող կուտակել, նոր միայն ամուսնանալ։
 +
 +
Բայց նա, ով այդպիսի խորհուրդ է տալիս, գուցե երբեք չի տիրապետել Համընդհանուր լեզվին, քանզի երբ սուզվում ես նրա մեջ, պարզ է դառնում, որ աշխարհում միշտ մի մարդ սպասում և փնտրում է մի այլ մարդու. լինի դա անապատում, թե մեծ քաղաքում։ Եվ երբ այդ երկուսի ճանապարհները հատվում են, երբ նրանց հայացքները հանդիպում են՝ և՛ անցյալը, և՛ ապագան կորցնում են իրենց իմաստը։ Մնում է միայն այդ պահը և անհավատալի վստահությունը, որ աշխարհում ամեն ինչ գրված է միևնույն ձեռքով։ Մի ձեռք, որը սեր է բորբոքում և ամեն մի աշխատող, հանգստացող կամ հողի ընդերքում գանձ որոնող մարդու համար փնտրում-գտնում է նրա հոգի-երկվորյակին։ Այլապես երազանքը, որով համակված է մարդկային ցեղը, ոչ մի իմաստ չէր ունենա։
 +
 +
«Մակտուբ»,— մտածեց պատանին։
 +
 +
Անգլիացին վեր թռավ տեղից և ցնցեց Սանտյագոյի ուսը։
 +
 +
— Դե՛, հարցրո՛ւ։
 +
 +
Սանտյագոն մոտեցավ աղջկան։ Նա կրկին ժպտաց, ժպտաց նաև պատանին։
 +
 +
— Անունդ ի՞նչ է, - հարցրեց։
 +
 +
— Ֆաթիմա,— ամոթխած պատասխանեց աղջիկը։
 +
 +
— Իմ ապրած երկրում էլ շատ կանայք այդ անունն են կրում։
 +
 +
— Այդպես էր Առաքյալի դստեր անունը,— պատասխանեց Ֆաթիման։— Մեր ռազմիկներն այդ անունն իրենց հետ հեռու երկրներ են տարել։
 +
 +
Այդ փխրուն և նուրբ աղջկա ձայնի մեջ հպարտություն էր հնչում։ Անգլիացին անհամբեր հրում էր Սանտյագոյին, և սա հարցրեց՝ չի՞ ճանաչում, արդյոք, ոմն մեկին, որ բուժում է բոլոր հիվանդությունները։
 +
 +
— Դա մի մարդ է, որ տիրապետում է աշխարհի բոլոր գաղտնիքներին,— ասաց աղջիկը։— Նա խոսում է անապատի ոգիների հետ։
 +
 +
Ոգին Դևն է։ Աղջիկը ցույց տվեց դեպի հարավ, այդ կողմերում էլ ապրում է այն մարդը, որին փնտրում էին։ Հետո աղջիկը կուժը ջուր լցրեց ու գնաց։
 +
 +
Անգլիացին գնաց փնտրելու Ալքիմիկոսին։ Իսկ Սանտյագոն դեռ երկար նստեց ջրհորի մոտ և մտածում էր, որ դեռ շատ շուտ, դեռևս հայրենիքում, արևելյան քամին իրեն էր հասցրել այս աղջկա անուշ բույրը, որ ինքը սիրում էր նրան առանց նրա գոյությունն իմանալու, և որ այդ սիրո համար նա պատրաստ է գտնել աշխարհի բոլոր գանձերը։
 +
 +
Հաջորդ օրը նա կրկին եկավ ջրհորի մոտ և սկսեց սպասել աղջկան։ Սակայն, ի զարմանս տեսավ Անգլիացուն, որն առաջին անգամ նայում էր անապատին։
 +
 +
— Ես ամբողջ երեկո, մինչև մութն ընկնելն սպասեցի,— ասաց նա։— Երբ առաջին աստղերը ծագեցին, հայտնվեց նա։ Նրան պատմեցի, թե ինչ եմ փնտրում։ Իսկ նա հարցրեց, թե կարողացել եմ արդեն արճիճից ոսկի ստանալ։ Պատասխանեցի, որ հենց այդ էլ ուզում եմ սովորել։ Նա հրահանգեց նորից փորձել։ Այդպես էլ ասաց. «Գնա և փորձիր»։
 +
 +
Սանտյագոն լուռ էր։ Դրա համար է Անգլիացին աշխարհեաշխարհ թափառել, որ իմանա այն, ինչ գիտե՞ր։ Եվ այստեղ հիշեց, որ երբ ինքը Մելքիսեդեկին տվեց իր ոչխարները, փոխարենն ավելին չստացավ։
 +
 +
— Ուրեմն փորձիր,— ասաց պատանին։
 +
 +
— Դրան եմ պատրաստվում։ Սկսելու եմ հենց հիմա։
 +
 +
Անգլիացին գնաց։ Շուտով եկավ Ֆաթիման՝ իր կժով ջուր տանելու։
 +
 +
— Եկել եմ քեզ լոկ մի բան ասելու,— պատանին դիմեց նրան,— ուզում եմ, որ դու իմ կինը դառնաս։ Ես քեզ սիրում եմ։
 +
 +
Աղջկա ձեռքին կուժը շրջվեց, և ջուրը թափվեց։
 +
 +
— Ես քեզ ամեն օր կսպասեմ այստեղ։ Ես անապատը կտրել եմ գանձի համար, որ թաքնված է բուրգերի մոտ՝ մի տեղ։ Բայց սկսվեց այս պատերազմը։ Սկզբում ես անիծեցի այն։ Իսկ հիմա օրհնում եմ, քանի որ ինձ քեզ մոտ բերեց։
 +
 +
— Պատերազմը երբևէ կավարտվի,— պատասխանեց աղջիկը։
 +
 +
Սանտյագոն նայեց արմավենիներին։ Ինքը մի ժամանակ հովիվ է եղել, իսկ այս օազիսում շատ ոչխար կա։ Ֆաթիման թանկ է ամեն գանձից։ Բայց աղջիկը, կարծես կարդալով նրա միտքը, շարունակեց.
 +
 +
— Մարտիկները գանձ են փնտրում, իսկ անապատի կանայք հպարտանում են նրանցով։
 +
 +
Հետո լցրեց կուժն ու գնաց։
 +
 +
Սանտյագոն ամեն օր գալիս էր ջրհորի մոտ։ Նա արդեն Ֆաթիմային պատմել էր, թե ինչպես է ոչխար պահել, ինչպես է հանդիպել Մելքիսեդեկին, ինչպես է բյուրեղապակու առևտուր արել։ Հետզհետե նրանք բարեկամացան։ Բացառությամբ այն տասնհինգ րոպեների, որ պատանին անց էր կացնում աղջկա հետ, օրվա մնացած ժամանակը անվերջանալի երկար էր թվում։
 +
 +
Երբ համարյա մեկ ամիս անցավ, Առաջնորդը ժողովի կանչեց բոլոր ճանապարհորդներին։
 +
 +
— Հայտնի չէ՝ պատերազմը երբ կվերջանա,— ասաց նա,— իսկ ճանապարհը շարունակել չենք կարող։ Մարտերը դեռ երկար կընթանան, գուցե կձգվեն տարիներ։ Թշնամի ցեղերից յուրաքանչյուրում խիզախ և ուժեղ մարտիկներ կան, յուրաքանչյուրն իր պատիվն է պահում և կռվից խույս չի տալիս։ Այստեղ լավերը չեն կռվում վատերի դեմ, սա մի պատերազմ է երկու ուժերի միջև, որոնք կռվում են միևնույն իշխանության համար, իսկ այդպիսի պատերազմները մի անգամ սկսվելով՝ արագ չեն ավարտվում, քանի որ Ալլահը և՛ սրանց հետ է, և՛ նրանց։
 +
 +
Մարդիկ ցրվեցին։ Սանտյագոն Ֆաթիմային տեսնելով, պատմեց Առաջնորդի ասածը։
 +
 +
— Մեր հանդիպման արդեն երկրորդ օրը դու ինձ սեր խոստովանեցիր,— ասաց աղջիկը,— իսկ հետո խոսեցիր շատ գեղեցիկ բաներից՝ Համընդհանուր լեզվից և Աշխարհի հոգուց, այնպես որ, ես դարձա քո մի մասնիկը։
 +
 +
Սանտյագոն լսում էր նրա ձայնը, որ տղային ավելի թաղցրալուր էր թվում, թան քամու սոսափյունը արմավենիների սաղարթների մեջ։
 +
 +
— Ես վաղուց այս ջրհորի մոտ եմ։ Մոռացել եմ իմ անցյալը, մեր սովորույթները, մեր տղամարդկանց պատկերացումները անապատում ապրող աղջիկների վարքուբարքի մասին։ Մանկությունից երազել եմ, որ մի օր տափաստանն ինձ պիտի տա իմ կյանքի ամենամեծ նվերը։ Ահա և ստացա իմ նվերը։ Դո՛ւ ես։
 +
Սանտյագոն ցանկացավ բռնել աղջկա ձեռքերը, բայց դրանք շարունակում էին մնալ կժի ունկի վրա։
 +
 +
—Դու ինձ պատմել ես քո երազների մասին, ծեր արքա Մելթիսեդեկի, գանձի մասին։ Նախանշանների մասին։ Այդ պատճառով ես ոչ մի բանից չեմ վախենում, քանի որ
 +
հենց նրանք քեզ բերեցին ինձ մոտ։ Հիմա ես քո երազանքի, քո Առասպելի մասն եմ։ Դրա համար էլ ուզում եմ, որ դու կանգ չառնես, այլ շարունակես փնտրել այն, ինչ որոնում ես։ Եթե ստիպված ես սպասել պատերազմի ավարտին՝ սպասիր։ Եթե պիտի ավելի շուտ գնաս՝ գնա ուրեմն փնտրելու քո Առասպելը։ Քամին փոխում է ավազաթմբերի ձևը, բայց անապատը նույնն է մնում։ Նույնը կմնա նաև մեր սերը։
 +
 +
«Մակտուբ,— ասաց նա։— Եթե ես քո Առասպելի մի մասն եմ, դու մի օր կվերադառնաս ինձ մոտ»։
 +
 +
 +
Սանտյագոյին վշտացրեց այդ խոսակցությունը։ Նա հիշեց իր ծանոթներից շատերին, այդ թվում հովիվներին, որոնք մեծ ջանքեր էին թափում իրենց կանանց համոզելու, որ չեն կարող յոլա գնալ առանց հեռավոր արոտավայրերի։ Սերը պահանջում էր լինել նրա կողքին, ում սիրում ես։
 +
 +
Հաջորդ օրը նա Ֆաթիմային պատմեց այդ մասին։
 +
 +
— Անապատը տանում է մեր ամուսիններին և միշտ չէ, որ վերադարձնում է,— պատասխանեց աղջիկը,— մենք դրան հարմարվել ենք։ Նրանք մեզ համար դառնում են չանձրևող ամպ, քարերի արանքում թաքնված գազան, հողի կողմից ողորմածություն տրված ջուր։ Դառնում են ամեն ինչի մի մասնիկը... Նրանք լցվում են Աշխարհի հոգու մեջ։
 +
 +
Ոմանք վերադառնում են։ Եվ այդժամ երջանիկ տոն է բոլոր կանանց համար, քանզի նրանց ամուսինները, որոնց սպասում են, նույնպես մի օր կարող են տուն գալ։ Առաջ նայում էի այդ կանանց և նախանձում նրանց երջանկությանը։ Այժմ ես էլ սպասելու բան ունեմ։
 +
 +
Ես անապատի կին եմ և հպարտանում եմ դրանով։ Ես ուզում եմ, որ իմ ամուսինն էլ ազատ լինի, ինչպես անապատի ավազը շարժող քամին։ Ուզում եմ, որ նա էլ անբաժան լինի ամպերից, գազաններից ու ջրից։
 +
 +
Սանտյագոն գնաց փնտրելու Անգլիացուն։ Ուզում էր պատմել Ֆաթիմայի մասին և զարմացավ՝ տեսնելով, որ նա վրանի մոտ մի փոքրիկ վառարան է սարքել և վրան դրել թափանցիկ թորանոթը։ Անգլիացին կրակին ցախ էր ավելացնում ու նայում անապատին։ Նրա աչքերում մի փայլ էր հայտնվել, որը չկար այն ժամանակ, երբ գիշեր-ցերեկ իր գրքերն էր կարդում։
 +
 +
— Սա աշխատանքի առաջին փուլն է,— բացատրեց Սանտյագոյին։— Հարկավոր է զատել կեղտոտ նյութը։ Կարևորը՝ չպետք է վախենալ, թե ոչինչ չի ստացվի։ Ահա ես վախենում էի ու մինչ օրս չէի ձեռնարկում Մեծ արարումը։ Դեռ տասը տարի առաջ կարելի էր անել այն, ինչ անում եմ հիմա։ Բարեբախտություն է, որ տասը տարի եմ սպասել, ոչ թե՝ քսան։
 +
 +
Եվ նա շարունակեց կրակը թեժացնել ու նայել անապատին։ Սանտյագոն նրա մոտ նստեց այնքան ժամանակ, մինչ մայրամուտի արևն ավազը ներկեց վարդագույն։ Նա դեպի անապատը գնալու անհագուրդ ցանկություն զգաց, որպեսզի ստուգի՝ նրա համր լռության մեջ չի գտնվի իր հարցերին պատասխան։
 +
 +
 +
Նա որոշ ժամանակ աննպատակ թափառում էր, միշտ աչքի առաջ պահելով օազիսի արմավենիները։ Ականջ էր դնում քամու ձայնին, ոտքերի տակ զգում քարերի կոշտությունը։ Երբեմն խեցիներ էր տեսնում, որոնք նրան հուշում էին, թե անհիշելի ժամանակներում այդ անապատի տեղը ծով է եղել։ Հետո նստեց քարին ու դյութված հայացքը հառեց դեմը փռված հորիզոնին։ Նա սերը չէր պատկերացնում առանց տիրելու, բայց Ֆաթիման անապատում էր ծնվել, և եթե որևէ մեկը նրան կարողանար սովորեցնել այդ բանը, ապա դա կարող էր միայն անապատը լինել։
 +
 +
Նա այդպես նստեց՝ ոչ մի բան չմտածելով, մինչև գլխավերևում մի շարժում զգաց։ Հայացքը բարձրացրեց և երկնքում բարձր ճախրող երկու բազե տեսավ։ Սանտյագոն երկար նայեց նրանց՝ հետևելով նրանց գեղատեսիլ թռիչքին։ Թվում էր, թե անկանոն մի թռիչք է, բայց պատանին դրա մեջ իմաստ էր զգում, միայն թե չէր կարող ասել՝ ինչ իմաստ։ Նա որոշեց հետևել նրանց յուրաքանչյուր շարժմանը. գուցե դրանցում կարողանա մի բան կարդալ։ Գուցե անապատն իրեն բացատրի, թե ինչ է սերն առանց տիրելու։
 +
 +
Անսպասելիորեն քունը տարավ։ Սիրտը դիմադրում էր, կարծես ասելով՝ «Դու մոտ ես Համընդհանուր լեզուն հասկանալուն, իսկ երկրի վրա ամեն ինչ, նույնիսկ բազեների թռիչքը, իմաստ ունի»։ Սանտյագոն մտքում շնորհակալություն հայտնեց ճակատագրին, որ իրեն սեր է տվել։
 +
«Երբ սիրում ես, ամեն ինչ ավելի է իմաստավորվում»,— մտածեց նա։
 +
 +
Այդ պահին բազեներից մեկը կտրուկ խոյացավ մյուսի վրա, և այդ ակնթարթին պատանու աչքին տեսիլք երևաց. սրամերկ զինվորները մտնում էին օազիս։ Տեսիլքը երևաց ու չքվեց՝ թողնելով տագնապ և հույզ։ Նա շատ էր լսել միրաժների մասին և անձամբ մի քանի անգամ տեսել էր, թե ինչպես է անապատում մարդու ցանկությունը անապատի ավազների մեջ մարմին առնում։ Բայց չէր ցանկանում, որ զինվորները օազիս ներխուժեն։
 +
 +
Սանտյագոն փորձեց այդ մտքերը վանել գլխից և սևեռվել վարդագունող ավազի ու քարերի վրա, բայց ինչ-որ բան խանգարում էր կենտրոնանալ, և սիրտը շարունակում էր տագնապալից ճմլվել։
 +
 +
«Միշտ հետևիր նշաններին»,— ուսուցանում էր արքա Մելքիսեդեկը։ Պատանին մտածեց Ֆաթիմայի մասին։ Հիշեց իր տեսիլքն ու նախազգաց, որ շուտով ինչ-որ բան է պատահելու։
 +
 +
Դժվարությամբ դուրս եկավ սևեռումից։ Վեր կացավ և շարժվեց արմավենիների ուղղությամբ։ Եվս մեկ անգամ համոզվեց, որ աշխարհը խոսում է տարբեր լեզուներով. հիմա անապատն էր դարձել ապահով, իսկ օազիսը վերածվել էր վտանգի գոտու։
 +
 +
 +
Ուղտապանը, մեջքն արմավենու բնին հենած, նստել էր և նայում էր արևամուտին։ Այդ պահին մի ավազաբլրի ետևից հայտնվեց Սանտյագոն։
 +
 +
— Զորքն այստեղ է գալիս,— ասաց պատանին։— Ես տեսիլք տեսա։
 +
 +
— Անապատը տղամարդկանց սիրտը լցնում է տեսիլքներով,— պատասխանեց ուղտապանը։
 +
 +
Բայց պատանին պատմեց բազեների մասին, թե ինչպես էր հետևել նրանց թռիչքին և հանկարծ ընկղմվել Աշխարհի հոգու մեջ։
 +
 +
Ուղտապանը չզարմացավ, նա հասկանում էր, թե ինչի մասին է խոսում տղան։ Նա գիտեր, որ աշխարհում յուրաքանչյուր առարկա ընդունակ է պատմել ողջ աշխարհի պատմությունը։ Բացիր գրքի որևէ էջ, նայիր մարդու ձեռքին, հանիր որևէ խաղաքարտ, հետևիր բազեների թռիչքին, կամ ցանկացած այլ բանի՝ անպայման կապ կգտնես նրա հետ, ինչով այդ պահին ապրում ես։ Եվ բանն այստեղ ոչ այնքան առարկաներն են, որքան այն, որ մարդիկ նրանց նայելով՝ իրենց համար բացահայտում են Աշխարհի հոգու մեջ թափանցելու միջոցը։
 +
 +
Անապատը լի էր մարդկանցով, որոնք իրենց ապրուստը վաստակում էին նրանով, որ կարողանում էին հեշտությամբ թափանցել Աշխարհի հոգու մեջ։ Նրանց անվանում էին գուշակներ, կանայք ու երեխաները նրանցից վախենում էին։ Զորականները հազվադեպ էին դիմում նրանց, քանի որ հնարավոր չէր ճակատամարտի գնալ՝ նախօրոք իմանալով, թե երբ պիտի մեռնես։ Նրանք նախընտրում էին ճակատամարտի բովը և անհայտության գրավչությունը։ Ապագան գրված էր Բարձրյալի ձեռքով, և ինչ էլ որ նրա կողմից գրված էր, գրված էր ի շահ մարդու։
 +
 +
Այսպիսով, զինվորներն ապրում էին միայն ներկայով, քանի որ այն լի էր անակնկալներով, և անհրաժեշտ էր ուշադրություն դարձնել տարբեր շատ բաների՝ թե ուր է թշնամու սուրը, ուր է նրա ձին, ուր է այն հարվածը, որը ետ պիտի մղես, եթե ուզում ես պահպանել կյանքդ։
 +
 +
Բայց ուղտապանը զինվորական չէր և այդ պատճառով էլ արդեն շատ անգամ էր գուշակին դիմել. ոմանք գուշակել էին անսխալ, մյուսներին դա չէր հաջողվել։ Իսկ մի անգամ նրանցից ամենածերը (հենց նրանից էլ բոլորը վախենում էին) հարցրեց, թե ինչո՞ւ է այդքան շատ ուզում իմանալ իր ապագան։
 +
 +
— Ուզում եմ իմանալ,— պատասխանեց,— որպեսզի կարողանամ կանխել այն, ինչը չէի ուզենա, որ ինձ հետ կատարվեր։
 +
 +
— Այդ դեպքում դա չէր լինի քո ապագան,— պատասխանեց գուշակը։
 +
 +
— Այդ դեպքում գուցե ուզում եմ իմանալ, որպեսզի պատրաստ լինեմ նրան, ինչ սպասվում է ինձ։
 +
 +
— Եթե մի լավ բան պատահի՝ դա կլինի հաճելի անակնկալ։ Իսկ եթե վատ բան լինի՝ կզգաս պատահելուց շատ առաջ։
 +
 +
— Ես ուզում եմ իմանալ, թե ինձ ինչ է պատահելու, քանի որ ես մարդ եմ,— ի պատասխան ասաց ուղտապանը։— Իսկ մարդիկ ապրում են, կախված լինելով իրենց ապագայից։
 +
 +
Գուշակը բավական երկար լռեց։ Նա ճակատագիրը գուշակում էր ձողիկների միջոցով. նետում էր և նայում, թե ինչ դիրքով են ընկնում։ Այդ օրը նա որոշեց չգուշակել։ Ձողիկները փաթաթեց լաթի մեջ ու դրեց գրպանը։
 +
 +
— Ես իմ հացը վաստակում եմ գուշակելով մարդկանց ապագան,— վերջապես պատասխանեց նա։— Ես գիտեմ՝ ինչպես պետք է նետեմ ձողիկները, որ ընկնեմ այն տարածքը, ուր ամեն ինչ գրված է։ Իսկ այնտեղ ես կարող եմ կարդալ անցյալը, բացահայտել այն, ինչն արդեն մոռացված է, և հասկանալ ներկայի նշանները։
 +
Ապագան չեմ կարդում, ապագան գուշակում եմ, քանի որ այն պատկանում է Բարձրյալին, և Նա միայն բացառիկ դեպքերում է բարձրացնում ապագայի վարագույրը։ Իսկ ինչպե՞ս եմ գուշակում ապագան։ Ներկայի նշաններով։ Հենց նրա մեջ է գաղտնիքը։ Ներկային պատշաճ ուշադրություն դարձնես՝ կարող ես բարելավել այն։ Իսկ ներկադ բարելավելով՝ կբարելավես նաև այն, ինչը քեզ պիտի պատահի ապագայում։ Մոռացիր ապագայի մասին, և կյանքիդ ամեն մի օրն ապրիր այնպես, ինչպես ավանդված է Օրենքով և հավատա, որ Բարձրյալը հոգում է իր զավակների մասին։ Ամեն օրն իր մեջ հավերժության մասնիկ է կրում։
 +
 +
Այդժամ ուղտապանը ցանկացավ իմանալ, թե այդ ինչ բացառիկ հանգամանքներ են, որոնց դեպքում Տերը թույլ է տալիս տեսնել ապագան։
 +
 +
— Եթե միայն Ինքն Անձամբ է բացահայտում։ Իսկ Բարձրյալը ապագան բացահայտում է շատ հազվադեպ։ Եվ երբ Նա այդ բանն անում է, ապա միայն մի պատճառով՝ այդ ճակատագիրը գրվել է, որ հետո փոխվի։
 +
 +
«Այս պատանու ապագան Բարձրյալը բացահայտել է,— մտածեց ուղտապանը։— Նա սրան ընտրել է որպես իր գործիք»։
 +
 +
— Գնա առաջնորդների մոտ,— հանձնարարեց նա Սանտյագոյին։— Նրանց պատմիր, որ զորքը մոտենում է մեզ։
 +
 +
— Նրանք ինձ ծիծաղի առարկա կդարձնեն։
 +
 +
— Ո՛չ։ Նրանք անապատի մարդիկ են, և սովոր են նախանշաններին։
 +
 +
— Այդ դեպքում նրանք արդեն ամեն ինչ գիտեն։
 +
 +
— Նրանք այդ մասին չեն հոգում, քանի որ հավատացած են, որ եթե Ալլահի կամքով իրենց պետք լինի ինչ-որ բան իմանալ, ապա որևէ մեկը կգա ու կպատմի։ Նախկինում այդպես շատ է եղել։ Իսկ հիմա այդ որևէ մեկը կլինես դու։
 +
 +
Սանտյագոն մտածեց Ֆաթիմայի մասին և որոշեց գնալ ցեղային առաջնորդների մոտ։
 +
 +
 +
— Ինձ առաջնորդների մոտ տարեք,— ասաց Սանտյագոն հսկա սպիտակ վրանի առաջ կանգնած մարդուն։— Ես անապատում նախանշաններ եմ տեսել։
 +
Զորականը լուռ վրան մտավ և բավական ժամանակ դուրս չէր գալիս։ Հետո դուրս եկավ ոսկեկար սպիտակ բուռնուս հագած մի ջահել արաբի հետ։ Սանտյագոն նրան պատմեց իր տեսիլքը։ Վերջինս խնդրեց սպասել ու կրկին վրան մտավ։
 +
 +
Գիշերն իջավ։ Մտնում ու դուրս էին գալիս արաբներ ու օտարերկրացի վաճառականներ։ Շուտով խարույկները հանգան, և օազիսը հետզհետե համրացավ անապատի պես։ Միայն մեծ վրանում էր լույս վառվում։ Այդ ամբողջ ընթացքում Սանտյագոն Ֆաթիմայի մասին էր մտածում, դեռևս չկարողանալով բացահայտել նրա հետ խոսակցության իմաստը:
 +
 +
Երկար ժամեր սպասելուց հետո վերջապես ժամապահը նրան կարգադրեց ներս մտնել։
 +
 +
Այն, ինչ տեսավ, հիացրեց նրան։ Երբեք չէր կարող պատկերացնել, թե անապատի մեջ այդպիսի շքեղ վրան կտեսնի։ Ոտքերի տակ հոյակապ գորգեր էին, վերևում՝ քանդակազարդ ոսկեգույն ջահերի մեջ վառվում էին մոմեր։ Վրանի խորքում ցեղային առաջնորդները կիսաշրջան ընկողմանել էին մետաքսյա նուրբ, ասեղնագործ բարձերին։ Ծառաները արծաթյա սկուտեղներով թեյ ու քաղցրավենիք էին մատուցում։ Այլոք հետևում էին, որ նարգիլեները չմարեն, և օդը հագեցած էր ծխախոտի ծխի նուրբ բույրով։
 +
 +
Սանտյագոյի առջև ութ հոգի էին, բայց նա անմիջապես հասկացավ, որ գլխավորը մեջտեղում նստածն է՝ ոսկեկար սպիտակ բուռնուսով։
 +
 +
Նրա կողքին նստած էր այն երիտասարդ արաբը, որը դուրս էր եկել վրանից։
 +
 +
— Ո՞վ է այն օտարերկրացին, որ մեկնում է կանխանշանները,— հարցրեց առաջնորդներից մեկը։
 +
 +
— Ես եմ,— պատասխանեց Սանտյագոն ու պատմեց իր տեսածը։
 +
 +
— Իսկ անապատն ինչո՞ւ է որոշել այդ ամենը պատմել մի օտարի, երբ գիտի, որ մենք սերնդեսերունդ այստեղ ենք ապրում,— հարցրեց մի ուրիշ առաջնորդ։
 +
— Քանի որ իմ աչքը դեռ չի վարժվել անապատին և տեսնում է այն, ինչ արդեն չեն նկատում տեղացիների աչքերը,— ասաց Սանտյագոն՝ մտքում ավելցնելով. «Եվ քանի որ ինձ համար բաց է Աշխարհի հոգին»։
 +
 +
Նա այդ բարձրաձայն չասաց. արաբները այդպիսի բաների չէին հավատում։
 +
 +
— Օազիսը չեզոք տարածք է։ Ոչ ոք չի համարձակվի ներխուժել այստեղ,— ասաց երրորդ առաջնորդը։
 +
 +
— Ես պատմում եմ այն, ինչ տեսել եմ։ Չե՞ք հավատում՝ թողեք ամեն ինչ նախկինի պես։
 +
 +
Վրանում լարված լռություն տիրեց, ապա առաջնորդներն սկսեցին տաք-տաք վիճել։ Նրանք այնպիսի բարբառով էին խոսում, որն ինքը չէր հասկանում, բայց երբ քայլ արեց դուրս գալու՝ պահնորդները զսպեցին նրան։ Պատանին սկսեց վախենալ։ Նշաններն ինչ-որ սխալ բան էին ցուցանում, և նա ափսոսաց, որ սիրտը բացել է ուղտապանին։
 +
 +
Բայց ահա կենտրոնում նստած ծերունին հազիվ նկատելի ժպտաց, և Սանտյագոն անմիջապես սրտապնդվեց։ Առայժմ ծերունին ոչ մի խոսք չէր ասել, չէր մասնակցել վեճին։ Բայց պատանին, որին արդեն հասկանալի էր Աշխարհի լեզուն, զգաց, թե ինչպես է խաղաղության ալիքը տարածվում վրանի մի ծայրից մյուսը, և հասկացավ, որ այստեղ գալով ճիշտ է վարվել։
 +
 +
Բոլորը պապանձվեցին և ուշադիր լսում էին ծերունուն։ Իսկ սա շրջվեց դեպի Սանտյագոն, ու այս անգամ պատանին նրա դեմքին օտար, սառը արտահայտություն տեսավ։
 +
 +
— Երկու հազար տարի առաջ այստեղից հեռո՜ւ-հեռու մի տեղ ջրհորն են նետել, իսկ հետո ստրկության վաճառել մի մարդու, որը հավատում էր երազներին,— ասաց ծերունին։— Մեր վաճառականները նրան գնել ու Եգիպտոս էին բերել։ Մենք բոլորս գիտենք, որ նա, ով հավատում է երազներին, կարողանում է նաև բացատրել դրանց իմաստը։
 +
 +
«Չնայած միշտ չէ, որ կարող է կյանքի կոչել»,— մտածեց Սանտյագոն՝ հիշելով պառավ գնչուհուն։
 +
 +
— Այդ մարդը, կարողանալով բացատրել փարավոնի տեսած երազը՝ յոթ չաղ ու յոթ նիհար կովերի մասին, Եգիպտոսը փրկեց սովից։ Նրա անունը Հովսեփ էր։ Նա էլ քեզ նման օտարերկրացի էր ու մոտավորապես նույն տարիքին էր, ինչ դու։
 +
 +
Նա լռեց։ Աչքերն առաջվա պես սառն էին։
 +
 +
— Մենք միշտ հետևում ենք սովորույթին։ Սովորույթը Եգիպտոսը փրկեց սովից, նրա ժողովրդին դարձրեց աշխարհում ամենահարուստը։ Սովորույթն ուսուցանում է, թե մարդն ինչպես պետք է հաղթահարի անապատն ու ամուսնացնի իր դուստրերին։ Սովորույթը հռչակում է, որ օազիսը չեզոք հող է, քանզի երկու հակամարտող կողմերն էլ օազիսներ ունեն, որոնք հավասարապես խոցելի են։
 +
 +
Ոչ ոք բառ չէր արտաբերում։
 +
 +
— Բայց սովորույթը նաև մեզ ուսուցանում է հավատալ անապատի լրաբերին։ Այն ամենը, ինչ գիտենք՝ մեզ անապատն է սովորեցրել։
 +
 +
Նրա նշանով բոլոր արաբները ոտքի ելան։ Խորհուրդն ավարտված էր։ Նարգիլեները հանգցրին։ Պահակախումբը ձգվեց։ Սանտյագոն պատրաստվում էր գնալու, բայց ծերունին նորից խոսեց.
 +
 +
— Վաղը մենք կխախտենք օրենքը, ըստ որի՝ օազիսում ոչ ոք իրավունք չունի զենք կրելու։ Ամբողջ օրը կսպասենք թշնամուն, իսկ երբ արևը իջնի հորիզոնին, մարդիկ կրկին կհանձնեն զենքերը։ Յուրաքանչյուր տասը սպանված թշնամու դիմաց դու կստանաս մեկ ոսկեդրամ։ Բայց վերցված զենքը հենց այնպես չի կարելի դնել տեղը՝ այն պետք է կռվի համն առնի։ Նա անապատի պես կամակոր է, հաջորդ անգամ կարող է ծուլանալ գործել։ Եթե վաղը դրանցից ոչ մեկը չօգտագործվի, ապա գոնե մեկը կուղղվի քո դեմ։
 +
 +
Երբ պատանին դուրս ելավ, օազիսը լուսավորվում էր միայն լիալուսնի լույսով։ Մինչև իր վրանը քսան րոպեի ճանապարհ էր, ու նա քայլեց այդ ուղղությամբ։
 +
Տագնապած էր պատահածից։ Նրան հաջողվել էր մտնել Աշխարհի հոգու մեջ, և նրան վստահելու գինը իր կյանքը պիտի լիներ։ Շատ թանկ չէ՞։ Բայց նա ինքն էր այդ գինը դրել, երբ ոչխարները ծախելով՝ ճամփա էր ընկել փնտրելու Սեփական Առասպելը։ Եվ, ինչպես ուղտապանն էր ասում, երկու մահ չի լինում... Մեկ չէ՞, երբ է լինելու՝ վաղը, թե՞ մի ուրիշ օր։ Ամեն մի օր ստեղծված է նրա համար, որ լինի ապրելու օր կամ վերջին օր։ Ամեն ինչ կախված է մի բառից՝ Մակտուբ։
 +
 +
 +
Սանտյագոն լուռ քայլում էր։ Նա ոչ մի բանի համար չէր զղջում։ Եթե վաղը մեռնելու է, ուրեմն Տերը չի ուզում փոխել իր ապագան։ Բայց նա կմեռնի արդեն նեղուցը հաղթահարած, բյուրեղապակու խանութում աշխատած, անապատի լռությունն ընկալած և Ֆաթիմայի աչքերը տեսած։ Տնից հեռանալուց հետո ոչ մի օր անիմաստ չի կորսվել։ Եվ եթե վաղն աչքերը հավերժորեն փակվեն, համենայնդեպս նրանք հասցրել են շատ ավելին տեսնել, քան մյուս հովիվների աչքերը։
 +
 +
Սանտյագոն դրանով հպարտանում էր։
 +
 +
Հանկարծ մի անսպասելի դղրդյուն լսեց, և աներևույթ քամու ուժեղ պոռթկումը նրան գլորեց գետին։ Փոշու ամպերը ծածկեցին լուսինը։ Իր առջև պատանին մի հսկա սպիտակ ձի տեսավ. նժույգը ծառս էր եղել ու վրնջում էր խլացուցիչ։
 +
 +
Երբ փոշին ցրվեց, Սանտյագոն մի աննախադեպ սարսափ զգաց։ Սպիտակ ձիու վրա նստել էր ամբողջովին սևազգեստ մի հեծյալ՝ ձախ ուսին բազե։ Գլխին չալմա էր, իսկ երեսը փաթաթված էր թաշկինակով, որից միայն աչքերն էին երևում։ Նման էր անապատի բեդվիններին, բայց այնպիսի ահեղ տեսք ուներ, ինչպիսին տղան երբեք չէր տեսել կյանքում։
 +
 +
Լուսնի լույսը փայլեց կեռ շեղբի վրա. հեծյալն էր ձիու թամբից կախված պատյանից դուրս քաշել հսկա թուրը։ Ամպրոպաձայն, որին կարծես խուլ արձագանքեցին Էլ Ֆայում օազիսի բոլոր հիսուն հազար արմավենիները, գոչեց.
 +
 +
— Ո՞վ է համարձակվել բացել բազեների թռիչքի իմաստը։
 +
 +
— Ես,— պատասխանեց Սանտյագոն։
 +
 +
Ակնթարթորեն նրա աչքի առաջ եկավ մավրերին հաղթող, սպիտակ ձին հեծած, անհավատներին սմբակների տակ տվող Սուրբ Հակոբի պատկերը։ Ամեն ինչ ճիշտ էր, միայն այստեղ պատկերը հակառակն էր։
 +
 +
— Ե՛ս,— կրկնեց նա և գլուխը կախեց՝ պատրաստ ընդունելու մահացու հարվածը։
 +
 +
— Դրանով շատ կյանքեր կփրկվեն, քանի որ դուք հաշվի չէիք առել Աշխարհի հոգու գոյությունը։
 +
 +
Բայց շեղբը, չգիտես ինչու, դանդաղ էր իջնում, նրա սայրը կպավ պատանու ճակատին։ Այնքան սուր էր, որ արյան մի կաթիլ ցայտեցրեց։
 +
 +
Հեծյալը քարացել էր անշարժության մեջ։ Սանտյագոն նույնպես։ Նա նույնիսկ մեկ վայրկյան չմտածեց փախուստի մասին։ Նրա սրտում մի տարօրինակ հրճվանք էր կուտակվում. նա կզոհվեր հանուն Սեփական Առասպելի։ Եվ՝ հանուն Ֆաթիմայի։ Ի վերջո, նշանները չէին խաբում։ Ահա իր դեմ թշնամին է, և մահը նրան չի սարսափեցնում, քանի որ Աշխարհի հոգին գոյություն ունի, և մի վայրկյան անց ինքը կդառնա նրա մի մասնիկը։ Իսկ վաղը նրա մասնիկը կդառնա նաև Թշնամին։
 +
Այդ ընթացքում հեծյալը դեռ չէր հարվածում։
 +
 +
— Ինչո՞ւ կարդացիր բազեների թռիչքը։
 +
 +
— Կարդացի միայն այն, ինչը բազեներն ուզում էին ասել։ Նրանք ուզում են օազիսը փրկել։ Նրա պաշտպանները ձեզ կկոտորեն, նրանք ձեզնից շատ են։
 +
Սայրը դեռ միայն քսվում էր նրա ճակատին։
 +
 +
— Ո՞վ ես դու, որ փորձում ես փոխել Ալլահի գծած ճակատագիրը։
 +
 +
— Ալլահը արարել է ոչ միայն զորքը, այլև թռչուններին։ Ալլահն ինձ հասկանալի դարձրեց նրանց լեզուն։ Ամեն ինչ գրված է մի ձեռքով,— պատասխանեց պատանին՝ հիշելով ուղտապանի խոսքը։
 +
 +
Հեծյալը վերջապես սուրը ետ քաշեց։ Սանտյագոն թեթևություն զգաց։ Բայց փախչել չէր կարող։
 +
 +
— Զգույշ եղիր գուշակություններից,— ասաց հեծյալը։— Երբ կատարվելիքն արդեն գրված է, նրանից խույս տալու ոչ մի միջոց չկա։
 +
 +
— Ես միայն զորքն եմ տեսել,— ասաց պատանին,— ճակատամարտի ելքը ինձ հայտնի չէ։
 +
 +
Հեծյալին պատասխանը կարծես դուր եկավ, բայց նա հապաղեց սուրը պատյանը դնել։
 +
 +
— Իսկ ի՞նչ է անում այստեղ օտարերկրացին։
 +
 +
— Ես փնտրում եմ իմ Սեփական Առասպելը։ Մի բան, որը դու երբեք չես հասկանա։
 +
 +
Հեծյալը սուրը պատյանը դրեց։ Նրա ուսի բազեն մի տարօրինակ ճիչ արձակեց։ Սանտյագոյին պաշարած լարումը սկսեց թուլանալ։
 +
 +
— Ես ուզում էի ստուգել քո խիզախությունը։ Աշխարհի լեզուն փնտրողի համար դրանից կարևոր բան չկա։
 +
 +
Պատանին զարմացավ։ Հեծյալն այնպիսի բաների մասին էր խոսում, որը շատ քչերը գիտեին։
 +
 +
— Դրանից զատ, ոչ մի վայրկյան չի կարելի թուլանալ, նույնիսկ եթե երկար ճանապարհ ես հաղթահարել,— շարունակեց նա։— Պետք է սիրել անապատը, բայց նրան ամբողջովին վստահել չի կարելի։ Չէ՞ որ անապատը մարդու համար փորձություն է. հսկում է նրա ամեն մի քայլը, ու եթե մի վայրկյան իսկ շեղվես՝ կործանում է։
 +
 +
Նրա խոսքերը հիշեցնում էին ծեր Մելքիսեդեկին։
 +
 +
— Զորքերի գալուց հետո մինչև արևամուտ եթե գլուխդ վզիդ վրա մնացած լինի՝ փնտրիր ինձ,— ասաց հեծյալը։
 +
 +
Եվ այն ձեռքով, որը քիչ առաջ սրի դաստակն էր սեղմում, ճանկեց մտրակը։ Ձին կրկին ծառս եղավ ետևի ոտքերի վրա՝ փոշու ամպ բարձրացնելով։
 +
 +
— Որտե՞ղ ես ապրում,— գոչեց Սանտյագոն։
 +
 +
Հեծյալն ընթացքից մտրակի կոթով ցույց տվեց դեպի հարավ։
 +
 +
Պատանին հանդիպել Էր Ալքիմիկոսին։
 +
 +
 +
Հաջորդ առավոտ Էլ Ֆայում օազիսի արմավենիկների տակ երկու հազար հեծյալ կար կանգնած։ Արևը դեռ նոր էր ծագում, երբ հորիզոնում հինգ հարյուր ռազմիկներ երևացին։ Նրանք հյուսիսային կողմից թափանցեցին օազիս՝ ձևացնելով, թե եկել են խաղաղությամբ՝ զենքերը թաքցնելով սպիտակ բուռնուսների տակ։ Միայն այն ժամանակ, երբ մոտեցան Էլ Ֆայումի կենտրոնի մեծ վրանին, դուրս քաշեցին կեռ թրերն ու հրացանները։ Բայց վրանը դատարկ էր։
 +
 +
Օազիսի բնակիչները շրջապատեցին անապատի հեծյալներին, ու կես ժամ անց ավազի վրա չորս հարյուր ինսունինը դիակ էր փռված։ Երեխաներին տարել էին արմավենիների պուրակի մյուս ծայրը, և նրանք ոչինչ չտեսան, ինչպես նաև կանայք, որոնք մնացել էին վրաններում և աղոթում էին իրենց տղամարդկանց համար։ Եթե փռված դիակները չլինեին, օազիսը նույնն էր, ինչպես միշտ։
 +
 +
Ողջ էր մնացել միայն Էլ Ֆայումի վրա հարձակվողների հրամանատարը։ Նրան բերեցին առաջնորդների մոտ, և սրանք հարցրին, թե ինչու են համարձակվել խախտել սովորույթը։ Նա պատասխանեց, որ բազմօրյա մարտերից, սովից ու ծարավից տանջված մարտիկները որոշել էին գրավել օազիսը, որ հետո նորից կարողանան կռիվը շարունակել։
 +
 +
Առաջնորդն ասաց, որ ցավում է մեռած զինվորների համար, բայց սովորույթը երբեք չի կարող փոխվել։ Միակ բանը, որ անապատում կարող է փոխվել, այն էլ քամու ազդեցությամբ՝ ավազաթումբն է։
 +
 +
Հրամանատարին դատապարտեցին անփառունակ մահվան. չարժանացնելով ո՛չ գնդակի, ո՛չ սրի հարվածի՝ կախեցին չորացած արմավենուց, ու երկար ժամանակ անապատի քամին ճոճում էր նրա դին։
 +
 +
Առաջնորդը կանչեց օտարերկրացուն ու նրան հանձնեց հիսուն ոսկեդրամ։ Հետո կրկին պատմեց Հովսեփի պատմությունը և խնդրեց դառնալ իր խորհրդականը։
 +
 +
 +
Երբ արևը մայր մտավ և երկնքում թույլ փայլեցին աստղերը (քանզի լիալուսինը դեռ շարունակվում էր), Սանտյագոն գնաց դեպի հարավ։ Այնտեղ միայն մի վրան կար, և հանդիպող արաբներն ասացին, որ այդ վայրը ոգիների սիրած տեղն է։ Սակայն պատանին նստեց վրանի մոտ ու սկսեց սպասել։
 +
 +
Ալքիմիկոսը շուտ չեկավ՝ լուսինն արդեն բարձունքում էր։ Նրա ուսից կախված էին երկու սպանված բազե։
 +
 +
— Ես այստեղ եմ,— ասաց Սանտյագոն։
 +
 +
— Պետք չէ, որ այստեղ լինեիր։ Մի՞թե քո Սեփական Առասպելի նպատակն այստեղ գալն էր։
 +
 +
— Պատերազմ է։ Ես անապատը հաղթահարել չեմ կարող։
 +
 +
Ալքիմիկոսը իջավ ձիուց և Սանտյագոյին նշան արեց մտնել վրան, որը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին օազիսի բոլոր բնակիչներինը, եթե չհաշվենք առաջնորդների՝ հեքիաթային շքեղությամբ զարդարված վրանը։ Սանտյագոն հայացքով հնոց ու հալոց, ալքիմիայի ապակյա փորձանոթներ փնտրեց, բայց մի քանի մաշված գրքերից և օջախից բացի, ոչինչ չգտավ։ Հատակը ծածկված էր խորհրդավոր նախշերով զարդարուն գորգերով։
 +
 +
— Նստիր, ես թեյ կպատրաստեմ,— ասաց Ալքիմիկոսը,— այս բազեներով ընթրիք կանենք։
 +
 +
Պատանին մտածեց, որ դրանք այն թռչուններն են, որոնց ինքը նախօրեին տեսել էր, բայց բան չասաց։
 +
 +
Ալքիմիկոսը կրակ վառեց, և շուտով վրանը լցվեց տապակած որսի բուրմունքով։ Այն նարգիլեի ծխից բուրումնավետ էր։
 +
 +
— Դու ինձ ինչո՞ւ էիր ուզում տեսնել։
 +
 +
— Նախանշանների պատճառով։ Քամին ինձ պատմել էր, որ դու կգաս և որ կունենաս իմ օգնության կարիքը։
 +
 +
— Ո՛չ, այդ ես չեմ, այլ մի ուրիշ ճամփորդ՝ Անգլիացին։ Նա էր քեզ փնտրում։
 +
 +
— Նախքան ինձ գտնելը նա դեռ շատ ուրիշ բաներ պիտի գտնի։ Բայց նա ուղիղ ճամփի վրա է։ Նա հիմա սկսել է անապատին նայել։
 +
 +
— Իսկ ե՞ս։
 +
 +
— Եթե դու որևէ բան ուզես, ամբողջ տիեզերքը կնպաստի, որ քո ցանկությունը կատարվի,— Ալքիմիկոսը կրկնեց ծեր Մելքիսեդեկի խոսքը, և պատանին հասկացավ, որ հանդիպել է ևս մի մարդու, որն իրեն կօգնի հասնելու Սեփական Առասպելին։
 +
 +
— Դու ինձ կուսուցանե՞ս,— հարցրեց նա։
 +
 +
— Ո՛չ։ Դու արդեն գիտես այն ամենը, ինչ պետք է։ Ես միայն ցույց կտամ այն ուղղությունը, ուր քո գանձն է գտնվում։
 +
 +
— Բայց ցեղերի միջև պատերազմ է մղվում,— կրկնեց Սանտյագոն։
 +
 +
— Ես ճանաչում եմ անապատը։
 +
 +
— Ես արդեն գտել եմ իմ գանձը։ Ես ուղտ ունեմ, ունեմ փող, որը վաստակել եմ բյուրեղապակի վաճառելով, ու նաև՝ հիսուն ոսկեդրամ։ Հայրենիքում ես կարող եմ հարուստ մարդ դառնալ։
 +
 +
— Բայց այդ ամենը քեզ ոչ մի քայլ չի մոտեցնում բուրգերին,— հիշեցրեց Ալքիմիկոսը։
 +
 +
— Ես ունեմ Ֆաթիմա։ Այդ գանձն արժե մնացած ամեն ինչին։
 +
 +
— Նրանից մինչև բուրգերը նույնպես հեռու է։
 +
 +
Նրանք լռեցին և սկսեցին ուտել։ Ալքիմիկոսը շշի խցանը հանեց և բաժակի մեջ ինչ-որ կարմիր հեղուկ լցրեց։ Պարզվեց՝ գինի է, որի նմանը պատանին իր կյանքում երբեք չէր փորձել։ Բայց օրենքն արգելում էր գինի խմել։
 +
 +
— Չարիքն այն չէ, ինչ մտնում է մարդու շրթունքներից, այլ այն, ինչ դուրս է գալիս նրանցից,— ասաց Ալքիմիկոսը։
 +
 +
Սանտյագոն գինուց կենսախինդ դարձավ։ Բայց տանտերը առաջվա պես նրան վախ էր ներշնչում։ Նրանք նստել էին վրանի մուտքի մոտ և նայում էին լուսնի լույսին, որից աստղերի փայլը մթագնում էր։
 +
 +
— Էլի խմիր, կհանգստացնի քեզ,— ասաց Ալքիմիկոսը՝ նկատելով, որ գինու ազդեցության տակ պատանին ավելի ու ավելի ուրախ է դառնում։— Ուժ հավաքիր՝ որպես մարտի գնացող զինվոր։ Բայց մի՛ մոռացիր, որ քո սիրտն այնտեղ է, որտեղ գանձն է։ Իսկ գանձը պետք է գտնել, քանզի այն բոլորը, ինչ հասկացել ու զգացել ես դեպի գանձը տանող ճանապարհին, միայն այդ դեպքում իմաստ ձեռք կբերի։
 +
 +
Վաղը ծախիր ուղտդ և ձի գնիր։ Ուղտերը խարդախ բնույթ ունեն. նրանք քայլում ու քայլում են առանց հոգնության նշան ցույց տալու։ Իսկ հետո հանկարծ ծունկի են իջնում ու մեռնում։ Իսկ ձին ուժահատ է լինում աստիճանաբար։ Եվ դու միշտ կարող ես իմանալ, թե ինչ կարելի է նրանից պահանջել, և թե երբ նա կմեռնի։
 +
 +
 +
Հաջորդ երեկոյան Սանտյագոն ձին հեծած հայտնվեց Ալքիմիկոսի վրանի մոտ։Շուտով երևաց նաև նա, ձիու վրա, բազեն՝ ձախ ուսին։
 +
 +
— Ինձ ցույց տուր անապատի կյանքը,— ասաց Ալքիմիկոսը։— Միայն նա, ով այնտեղ կյանք գտնի, կկարողանա գտնել գանձը։
 +
 +
Նրանք ճամփա ընկան լուսնի լույսով լուսավորված ավազների միջով։ «Չգիտեմ, ինձ կհաջողվի արդյոք կյանք գտնել անապատում,— մտածեց Սանտյագոն,— ես բոլորովին չեմ ճանաչում անապատը»։ Նա կուզենար շրջվել դեպի Ալքիմիկոսը և հայտնել այդ միտքը, բայց երկյուղում էր։ Այդ ընթացքում մոտեցան այն քարերին, որոնց մոտից պատանին դիտել էր բազեների թռիչքը։
 +
 +
— Վախենամ ոչինչ չստացվի,— ասաց Սանտյագոն,— գիտեմ, որ անապատում կյանք կա, բայց գտնել չեմ կարող։
 +
 +
— Կյանքը կյանքի է ձգտում,— ի պատասխան ասաց Ալքիմիկոսը։
 +
 +
Պատանին հասկացավ, անմիջապես բաց թողեց սանձը, և նրա ձին ինքն սկսեց ավազների ու քարերի մեջ ճանապարհ ընտրել։ Ալքիմիկոսը գնում էր ետևից։ Այդպես անցավ կես ժամ։ Արդեն հեռվում անտեսանելի էին դարձել արմավենիների պուրակները, բացի հսկա լուսնի լույսի տակ արծաթին տվող ժայռերից՝ չքացել էր ամեն ինչ։ Վերջապես Սանտյագոյի ձին կանգ առավ. պատանին նախկինում երբեք այստեղ չէր եղել։
 +
 +
— Այստեղ կյանք կա,— ասաց նա։— Ես անապատի լեզուն չեմ հասկանում, բայց իմ ձին գիտե կյանքի լեզուն։
 +
 +
Ձիերից ցած իջան։ Ալքիմիկոսը լռություն էր պահպանում։ Քարերը դիտելով՝ նա դանդաղ առաջ էր շարժվում։ Հետո հանկարծ կանգնեց, զգուշորեն կռացավ։ Քարերի միջև մի անցք սևին էր տալիս։ Նա մատները խոթեց այնտեղ, հետո մինչև ուսը մտցրեց նաև ձեռքը։ Մի բան շարժվեց խոռոչի ներսում, և Ալքիմիկոսի աչքերը լարումից նեղացան. նա կարծես ինչ-որ բանի դեմ պայքարում էր։ Ապա կտրուկ, այնպես, որ Սանտյագոն ցնցվեց անակնկալից, ձեռքը դուրս քաշեց խոռոչից ու ոտքի ցատկեց։ Նա պոչից մի օձ էր բռնել։
 +
 +
Սանտյագոն նույնպես վեր թռավ ու ետ քաշվեց։ Օձը Ալքիմիկոսի ձեռքերի մեջ գալարվում էր առանց դադարի՝ իր ֆշշոցով ու սուլոցով խախտելով անապատի լռությունը։ Դա կոբրա էր, որի խայթոցը հաշված րոպեների ընթացքում սպանում է։
 +
 +
«Զգույշ դրա թույնից»,— կայծկլտաց պատանու ուղեղում։
 +
 +
Բայց Ալքիմիկոսը ձեռքը մտցրել էր օձի բույնը և արդեն խայթված պիտի լիներ։ «Նա երկու հարյուր տարեկան է»,— ասել էր Անգլիացին։ Երևի թե գիտեր՝ ինչպես վարվել անապատի օձերի հետ։
 +
 +
Ահա նա մոտեցավ ձիուն և մերկացրեց թամբից կապված իր երկար կեռ թուրը։ Դրանով նա ավազի վրա շրջագիծ քաշեց և օձին դրեց կենտրոնում։ Սա վայրկենապես հանդարտվեց։
 +
 +
— Մի՛ վախեցիր,– ասաց Ալքիմիկոսը Սանտյագոյին,— նա շրջագծից դուրս չի գա։ Իսկ դու անապատում կյանք հայտնաբերեցիր։ Հենց այդ նշանն էլ ինձ պետք էր։
 +
 +
— Մի՞թե դա այդքան կարևոր է։
 +
 +
— Շատ կարևոր է։ Բուրգերն անապատով են շրջապատված։
 +
 +
Սանտյագոն չէր ուզում բուրգերի մասին լսել։ Դեռ երեկվանից նրա սրտին քար էր նստած. գանձի ետևից գնալ՝ նշանակում է կորցնել Ֆաթիմային։
 +
 +
— Ես քեզ կուղեկցեմ անապատում,— ասաց Ալքիմիկոսը։
 +
 +
— Ուզում եմ մնալ օազիսում,— պատասխանեց Սանտյագոն։— Ես արդեն հանդիպել եմ Ֆաթիմային, իսկ նա ինձ համար ավելի թանկ է, քան աշխարհի բոլոր գանձերը։
 +
 +
— Ֆաթիման անապատի դուստրն է։ Նա գիտի, որ տղամարդիկ հեռանում են, որպեսզի հետո վերադառնան։ Նա նույնպես գտել է իր գանձը՝ քեզ, իսկ այժմ հույս ունի, որ դու կգտնես այն, ինչ փնտրում ես։
 +
 +
— Իսկ եթե ես որոշեմ մնա՞լ։
 +
 +
— Այդժամ դու կդառնաս Առաջնորդի խորհրդականը։ Դու այնքան ոսկի ունես, որ կարող ես շատ ոչխար և ուղտ գնել։ Կամուսնանաս Ֆաթիմայի հետ և առաջին տարին նրա հետ երջանիկ կապրես։ Դու կսովորես սիրել անապատը և կճանաչես հիսուն հազար փյունիկյան արմավենիներից յուրաքանչյուրը։ Կհասկանաս, թե նրանք ինչպես են աճում՝ ցույց տալով, որ աշխարհն անընդհատ փոփոխվում է։ Ամեն օրվա հետ դու ավելի լավ կհասկանաս նշանների լեզուն, քանի որ չկա ավելի լավ ուսուցիչ, քան անապատը։
 +
 +
Բայց կանցնի մի տարի, ու դու կհիշես գանձը։ Նշանները կսկսեն համառորեն հիշեցնել նրա մասին, բայց դու կջանաս դրանց ուշադրություն չդարձնել։ Դու քո գիտելիքները կօգտագործես ի բարօրություն օազիսի և նրա բնակիչների։ Ցեղերի առաջնորդները գոհ կլինեն քեզնից, իսկ ուղտերը քեզ հարստություն կբերեն ու կամրապնդեն քո իշխանությունը։
 +
 +
Կանցնի ևս մի տարի։ Նշանները առաջվա պես քեզ կհիշեցնեն գանձը և Սեփական Առասպելդ։ Գիշերներ շարունակ կթափառես օազիսում, իսկ Ֆաթիման վշտի կմատնվի, քանզի կհասկանա, որ քո ճանապարհն ընդհատվել է իր պատճառով։ Բայց դու նախկինի պես կսիրես Ֆաթիմային, և նա փոխադարձաբար՝ քեզ։ Կհիշես, որ նա քեզ ոչ մի անգամ չի խնդրել մնալ, քանի որ անապատի կինը կարողանում է սպասել իր տղամարդուն։ Եվ դու նրան մեղադրելու պատճառ չես ունենա, բայց շատ գիշերներ կթափառես անապատի ավազուտներում ու արմավենիների տակ՝ մտածելով, որ եթե ավելի հավատայիր Ֆաթիմայի հանդեպ տածած քո սիրուն, երևի թե վճռած լինեիր գնալ։ Քանի որ օազիսում քեզ այն վախն է պահել, որ այլևս այստեղ երբեք չես վերադառնա։ Հենց այդ ժամանակ էլ քեզ նշանները կհուշեն, որ քո գանձը ընդմիշտ թաղված է մնալու հողի տակ։
 +
 +
Վրա կհասնի չորրորդ տարին, և նշանները կանհետանան, քանի որ դու չցանկացար տեսնել դրանք։ Առաջնորդներն այդ բանը կհասկանան և քեզ դուրս կհանեն խորհրդի կազմից, բայց այդ ընթացքում դու դարձած կլինես հարուստ վաճառական, շատ խանութներ կունենաս և ուղտերի բազում երամակներ։ Եվ մինչև կյանքիդ վերջը կթափառես անապատի ու արմավենիների միջև՝ իմանալով, որ չիրականացրեցիր քո Սեփական Առասպելը, և որ դրա համար այժմ այլևս ժամանակ չկա։
 +
 +
Եվ այդպես երբեք էլ չես հասկանա, որ սերը մարդուն չի կարող խանգարել հետևելու սեփական ճակատագրին։ Իսկ եթե այդպես է պատահում, ուրեմն այդ սերն իսկական չէ, որը խոսում է Համընդհանուր լեզվով,— ավարտեց Ալքիմիկոսը։
 +
 +
Նա ջնջեց ավազին գծած շրջագիծը, և կոբրան սողալով անհետացավ քարերի արանքում։ Սանտյագոն հիշեց ամբողջ կյանքում Մեքքա երազող վաճառականին, հիշեց Ալքիմիկոսին փնտրող Անգլիացուն։ Հիշեց նաև այն կնոջը, որը հավատում էր անապատին, և մի օր անապատն իրեն բերեց այն տղամարդուն, որին սիրում էր։
 +
Նրանք հեծան ձիերը։ Այս անգամ առջևից գնում էր Ալքիմիկոսը։ Քամին նրանց էր հասցնում օազիսի աղմուկը, և պատանին փորձեց նրանից զատել Ֆաթիմայի ձայնը։ Նախօրյակին ճակատամարտի պատճառով նրան չէր տեսել ջրհորի մոտ։ Բայց այս գիշեր տեսել էր շրջագիծը հատել չհամարձակվող օձին, այս խորհրդավոր, բազեն ուսին հեծյալին, որը նրա հետ խոսել էր սիրո և գանձերի, անապատի կանանց ու իր ճակատագրի մասին։
 +
 +
— Ես գալիս եմ քեզ հետ,— ասաց Սանտյագոն և անմիջապես էլ զգաց, որ հոգում խաղաղություն տիրեց։
 +
 +
— Մենք ճամփա կընկնենք վաղը, լուսադեմին,— պատասխանեց Ալքիմիկոսը։
 +
 +
 +
Գիշերը աչք չփակեց։ Արևածագից երկու ժամ առաջ արթնացրեց նույն վրանում քնած պատանիներից մեկին և խնդրեց ցույց տալ, թե որտեղ է ապրում Ֆաթիման։ Նրանք դուրս եկան միասին, և ի նշան շնորհակալության Սանտյագոն նրան փող տվեց, որ իր համար ոչխար առնի։
 +
 +
Հետո խնդրեց արթնացնել աղջկան ու ասել, որ ինքն սպասում է նրան։ Արաբ պատանին կատարեց նաև այդ ցանկությունը և մի ոչխարի փող էլ ստացավ։
 +
 +
— Իսկ այժմ մեզ առանձին թող,— ասաց Սանտյագոն, և պատանին՝ հպարտ, որ օգնել է Առաջնորդի խորհրդականին, և ուրախ, որ ոչխար գնելու փող ունի, վերադարձավ վրան ու պառկեց քնելու։
 +
 +
Երևաց Ֆաթիման։ Նրանք մտան արմավենիների պուրակը։ Սանտյագոն գիտեր, որ խախտում է ավանդույթը, բայց այժմ դա ոչ մի նշանակություն չուներ։
 +
 +
— Ես գնում եմ,— ասաց նա,— բայց ուզում եմ, որ իմանաս՝ ես կվերադառնամ։ Ես քեզ սիրում եմ, քանի որ...
 +
 +
— Ոչինչ մի ասա,— ընդհատեց նրան աղջիկը։— Սիրում են, որովհետև սիրում են։ Սիրելու համար որևէ պատճառ չի լինում։
 +
 +
Բայց Սանտյագոն շարունակեց.
 +
 +
— ... քանի որ երազ տեսա, հանդիպեցի Մելքիսեդեկ արքային, բյուրեղապակի վաճառեցի, կտրեցի֊անցա անապատը, հայտնվեցի օազիսում, երբ սկսվեց պատերազմը, և ջրհորի մոտ քեզ հարցրի, թե որտե՞ղ է ապրում Ալքիմիկոսը։ Ես քեզ սիրում եմ, քանզի ամբողջ տիեզերքը նպաստել է մեր հանդիպմանը։
 +
Նրանք գրկախառնվեցին, և նրանց մարմիններն առաջին անգամ հպվեցին իրար։
 +
 +
— Ես կվերադառնամ,— կրկնեց Սանտյագոն։
 +
 +
— Մինչ այժմ անապատին նայում էի ցանկությամբ, հետայսու նայելու եմ հավատով։ Իմ հայրը մեկ անգամ գնաց, բայց վերադարձավ մորս մոտ և դրանից հետո միշտ վերադառնում է:
 +
 +
Այլևս ոչ մի խոսք չասվեց։ Նրանք մի փոքր էլ զբոսնեցին արմավենիների տակ, ապա Սանտյագոն Ֆաթիմային ուղեկցեց իր վրանը։
 +
 +
— Ես կվերադառնամ, ինչպես քո հայրն է վերադարձել։
 +
 +
Պատանին աղջկա աչքերում արցունք նկատեց։
 +
 +
— Դու լա՞ց ես լինում։
 +
 +
— Ես անապատի կին եմ,— պատասխանեց Ֆաթիման՝ աչքերը թաքցնելով։— Բայց նախևառաջ ես պարզապես կին եմ։
 +
 +
Նա մտավ վրան։ Լուսանում էր։ Երբ օրը բացվի, Ֆաթիման դուրս կգա և կզբաղվի նրանով, ինչով զբաղվել է այդքան տարիներ, բայց հիմա ամեն ինչ այլ է լինելու։ Սանտյագոն օազիսում չէ, և օազիսը նրա համար կորցնում է իր նախկին նշանակությունը։ Այն այլևս չի լինի մի վայր, ուր հիսուն հազար արմավենիներ են աճում, ուր երեք հարյուր ջրհոր կա, ուր ուրախությամբ գալիս են երկար ճանապարհից հոգնատանջ ճամփորդները։ Հետայսու օազիսը նրա համար ամայի է։
 +
 +
Այսօրվանից ավելի կարևոր է դառնալու անապատը։ Ֆաթիման ամեն օր նայելու է նրան՝ փորձելով կռահել, թե Սանտյագոն որ աստղի ուղղությամբ է գնում իր գանձի ետևից։ Նրան համբույրներ է ուղարկելու քամու միջոցով՝ հուսալով, որ կքսվի նրա դեմքին և կպատմի, որ աղջիկը ողջ է և սպասում է տղային ինչպես մի կին, որը սպասում է գանձերի ու երազանքների ետևից քայլող իր քաջարի տղամարդուն։ Այսօրվանից անապատը Ֆաթիմայի համար միայն մի բան է նշանակելու՝ վերադարձի հույս։
 +
 +
 +
— Մի՛ մտածիր այն մասին, ինչ ետևում է մնացել,— ասաց Ալքիմիկոսը, երբ նրանք ճամփա էին ընկել անապատի ավազուտներով։— Ամեն ինչ գրանցված է Աշխարհի հոգում և այնտեղ մնալու է հավերժ։
 +
 +
— Մարդիկ ավելի շատ երազում են վերադառնալու մասին, քան մեկնելու,— պատասխանեց Սանտյագոն, որը կրկին սկսել էր ընտելանալ անապատի համրությանը։
 +
 +
— Եթե քո գտածը պատրաստված է մաքուր նյութից՝ երբեք չի փչանա, և դու մի օր կարող ես վերադառնալ։ Իսկ եթե եղել է լոկ վայրկենական բռնկում՝ աստղի ծննդի նման, ապա վերադառնալով՝ ոչինչ չես գտնի։ Համենայնդեպս, դու լույսի մի բռնկում ես տեսել։ Դա արդեն մի բան արժե։
 +
 +
Նա կարծես թե խոսում էր ալքիմիայի մասին, բայց Սանտյագոն հասկանում էր, որ նկատի ունի Ֆաթիմային։
 +
 +
Դժվար էր չմտածել այն բանի մասին, ինչը մնացել էր ետևում. անապատն իր համարյա անփոփոխ բնապատկերով երազային տեսիլներ էր ոգեկոչում։ Սանտյագոյի աչքերը շարունակում էին պարզորոշ տեսնել փյունիկյան արմավենիները, ջրհորներն ու սիրած կնոջ դեմքը։ Տեսնում էին Անգլիացուն՝ իր անոթ-սրվակներով, ուղտապանին՝ իսկական մի իմաստունի, որը չէր գիտակցում իր իմաստությունը։ «Հավանաբար Ալքիմիկոսը երբեք որևէ մեկին չի սիրել»,— մտածեց նա։
 +
 +
Իսկ նա վարգում էր առջևից՝ բազեն ուսին թառած։ Բազեն լավ էր ճանաչում անապատը, և երբ կանգ էին առնում, պոկվում էր Ալքիմիկոսի ուսից և թռչում որս փնտրելու։ Առաջին օրը նա վերադարձավ՝ ճիրանների մեջ բերելով մի նապաստակ։ Երկրորդ օրը՝ երկու թռչուն։
 +
 +
Գիշերը փռում էին ծածկոցները և խարույկ չէին վառում՝ չնայած գիշերներն անապատում ցուրտ էին ու գնալով՝ լուսնի փոքրանալուն զուգահեռ, ավելի մութ էին դառնում։ Ամբողջ առաջին շաբաթվա ընթացքում, եթե նրանք խոսում էլ էին, ապա միայն այն մասին, թե ինչպես անեն, որ չհանդիպեն պատերազմող ցեղերին։ Պատերազմը շարունակվում էր՝ քամին երբեմն բերում էր արյան քաղցրավուն հոտը։ Մոտակայքում մի տեղ մարտ էր ընթանում, և քամին պատանուն հիշեցնում էր, որ գոյություն ունի Նշանների լեզուն՝ միշտ պատրաստ պատմելու այն, ինչ չի կարող տեսնել աչքը։
 +
 +
Ճանապարհվելու ութերորդ օրը Ալքիմիկոսը որոշեց դադար առնել սովորականից ավելի շուտ։ Բազեն երկինք թռավ որս որոնելու։ Ալքիմիկոսը Սանտյագոյին մեկնեց ջրի տափաշիշը։
 +
 +
— Քո ճամփորդությունը մոտենում է ավարտին,— ասաց նա։— Շնորհավորում եմ։ Դու չշեղվեցիր քո Առասպելից։
 +
 +
— Իսկ դու ամբողջ ճանապարհին լռեցիր։ Իսկ ես մտածում էի, թե ինձ կսովորեցնես այն ամենը, ինչ գիտես։ Ես արդեն բախտ եմ ունեցել անապատով ճամփորդել մի մարդու հետ, որ ալքիմիայի գրքեր ուներ։ Բայց ես նրանցից ոչինչ չհասկացա։
 +
 +
— Հասկանալու միայն մի ճանապարհ կա,— պատասխանեց Ալքիմիկոսը.— գործե՛լ։ Ինչ֊որ պետք էր իմանալ՝ ճամփորդությունը քեզ սովորեցրել է։ Մնացել է միայն մի բան։
 +
 +
Սանտյագոն կուզեր իմանալ, թե ինչ է մնացել սովորելու, բայց Ալքիմիկոսն աչքը հորիզոնից չէր կտրում՝ սպասելով բազեի վերադարձին։
 +
 +
— Իսկ քեզ ինչո՞ւ են Ալքիմիկոս կոչում։
 +
 +
— Քանի որ ես Ալքիմիկոսն եմ։
 +
 +
— Իսկ որն է մյուս ալքիմիկոսների սխալը, որոնք փնտրել, բայց չեն գտել ոսկին։
 +
 +
— Սխալն այն է, որ նրանք միայն ոսկի են փնտրել։ Փնտրել են իրենց Սեփական Առասպեփ ոսկին, առանց ցանկանալու ապրել այդ Առասպելը։
 +
 +
— Ուրեմն ինձ ի՞նչն է պակասում իմանալ,— իր հարցը կրկնեց պատանին։
 +
 +
Բայց Ալքիմիկոսը շարունակում էր հորիզոնին նայել։ Շուտով վերադարձավ բազեն՝ որսով։ Նրանք ավազի մեջ փոս փորեցին, այնտեղ խարույկ վառեցին, որպեսզի հեռվից կրակն անտեսանելի լինի։
 +
 +
— Ես Ալքիմիկոսն եմ, որովհետև ալիքիմիկոս եմ,— շարունակեց նա։— Այդ գիտության գաղտնիքն ինձ է փոխանցվել իմ պապից, իսկ նրան՝ իր պապից, և այդպես շարունակ՝ մինչ աշխարհի սկիզբը։ Այն ժամանակ Մեծ արարման ողջ բովանդակությունը կարող էր գրվել ընդամենը զմրուխտի մի նիստի վրա։ Սակայն մարդիկ այդ պարզ բանին կարևորություն չտվեցին ու սկսեցին տրակտատներ, մեկնաբանությաններ և իմաստասիրական աշխատություններ գրել։ Սկսեցին հայտարարել նաև, թե Արարմանը հասնելու ճանապարհն ավելի լավ գիտեն, քան մյուսները։ Իսկ Զմրուխտը այսօր էլ գոյություն ունի։
 +
 +
— Իսկ ի՞նչ է գրված այնտեղ,— հետաքրքրվեց պատանին։
 +
 +
Ալքիմիկոսը մի հինգ րոպե ավազի վրա ինչ-որ բան էր գծում, իսկ այդ ընթացքում Սանտյագոն հիշեց, թե ինչպես էր մի օր հրապարակում հանդիպել ծեր արքային, ու նրան թվաց, թե այդ ժամանակից երկար տարիներ են անցել։
 +
 +
— Ահա թե ինչ է գրված այնտեղ,— ասաց Ալքիմիկոսը՝ վերջացնելով գծագիրը։
 +
 +
Սանտյագոն մոտեցավ և կարդաց։
 +
 +
— Բայց սա մի ծածկագիր է,— փոքր֊ինչ հիասթափված ասաց պատանին։— Սա նման է Անգլիացու գրքերին։
 +
 +
— Ո՛չ։ Դա նույնն է, ինչ բազեների ճախրանքը երկնքում. խելքով չես հասնի։ Զմրուխտի տախտակը դեպի Աշխարհի հոգին տանող ուղիղ ճանապարհն է։ Իմաստունները վաղուց են հասկացել, որ մեր այս բնական աշխարհը լոկ Դրախտի մեկ պատկերն է, նրա մեկ պատճենը։ Այս աշխարհի գոյության փաստը երաշխիք է, որ կա մի ուրիշ, ավելի կատարյալ աշխարհ։ Բարձրյալն այն ստեղծել է, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ իր հոգևոր պատգամները և իր իմաստության հրաշքները։ Հենց դա էլ ես կոչում եմ Գործողություն։
 +
 +
— Եվ ես պետք է հասկանամ Զմրուխտե սալիկի վրա գրվա՞ծը։
 +
 +
— Եթե դու հիմա ալքիմիկոսի լաբորատորիայում լինեիր, կարող էիր սովորել այն կարդալու ամենահեշտ ձևը։ Բայց դու անապատում ես, ուրեմն մերվիր անապատին։ Նա, ինչպես աշխարհի վրա գոյություն ունեցող ամեն ինչ, քեզ կօգնի հասկանալ աշխարհը։ Իմաստ չունի հասկանալ ամբողջ անապատը, մի ավազահատիկը բավարար է, որպեսզի տեսնես Արարման ողջ հրաշքը։
 +
 +
— Իսկ ես ինչպե՞ս մերվեմ անապատին։
 +
 +
— Լսի՛ր սրտիդ։ Նա գիտի աշխարհում ամեն ինչ, քանի որ եկել է Աշխարհի հոգուց և մի օր նրան պիտի վերադառնա։
 +
 +
 +
Նրանք լուռ գնացին ևս երկու օր։ Ալքիմիկոսը շատ ավելի զգոն էր դարձել. նրանք մոտենում էին կատաղի ճակատամարտերի վայրին։ Իսկ պատանին անընդհատ փորձում էր լսել իր սրտի ձայնը։
 +
 +
Բայց սիրտը քմահաճ էր. նախկինում նա անընդհատ ինչ-որ տեղ էր ձգտում գնալ, իսկ հիմա ամեն գնով ցանկանում էր վերադառնալ։ Երբեմն սիրտը ժամերով նրան պայծառ կարոտով համակված պատմություններ էր անում, իսկ երբեմն էլ անապատում ծագող արևից այնպես էր ցնծում, որ Սանտյագոն լուռումունջ լալիս էր։ Սրտի զարկերը հաճախանում էին, երբ խոսք էր գնում գանձերի մասին, և պաղում էին, երբ պատանու աչքերը նայում էին անծայրածիր անապատին։
 +
 +
— Իսկ մենք ինչո՞ւ պետք է լսենք սրտին,— ասաց նա, երբ հերթական դադարն էին անում։
 +
 +
— Որտեղ սիրտը՝ այնտեղ էլ գանձը։
 +
 +
— Իմ սիրտը խռովված է,— ասաց Սանտյագոն։— Երազներ է տեսնում, հուզվում է, և սիրահարված է անապատի մի կնոջ։ Նա ինչ-որ բաներ է խնդրում, և շատ ու շատ գիշերներ չի թողնում քնեմ, հենց այդ կինը միտս է գալիս։
 +
 +
— Շատ լավ է, նշանակում է՝ ապրում է։ Շարունակի՛ր լսել նրան։
 +
 +
Հաջորդ երեք օրերին նրանք ռազմիկների էին հանդիպում, այլոց նկատում էին հորիզոնի վրա։
 +
 +
Սանտյագոյի սիրտը սկսեց խոսել վախի մասին։ Սկսեց դեպքեր պատմել, որ լսել էր Աշխարհի հոգուց. Դեպքեր՝ գանձերի որոնման գնացած, բայց այդպես էլ դրանք չգտած մարդկանց մասին։ Երբեմն նա պատանուն վախեցնում էր այն մտքով, որ նրան բախտ չի վիճակվի գտնել գանձը, իսկ գուցե նաև մահանա անապատում։ Երբեմն գլխի էր գցում, որ բարիք ունեցողը բարիք չի որոնի. նա առանց այդ էլ սիրած ունի և շատ ոսկեդրամ։
 +
 +
— Սիրտս դավաճանում է ինձ,— ասաց նա Ալքիմիկոսին, երբ կանգնել էին ձիերին հանգիստ տալու։— Չի ուզում, որ ես շարունակեմ ճանապարհս։
 +
 +
— Դա լավ է,— կրկնեց նա։— Նշանակում է՝ սիրտդ չի քարացել։ Միանգամայն բնական է, որ նա վախենում է երազանքի հետ փոխել այն ամենը, ինչն արդեն ձեռք է բերված։
 +
 +
— Ուրեմն ինչո՞ւ լսեմ նրան։
 +
 +
— Որովհետև դու նրան երբեք չես ստիպի լռել։ Եթե նույնիսկ ձևացնես, թե չես լսում, նա մնալու է քո կրծքի տակ և կրկնելու է այն, ինչ մտածում է կյանքի ու աշխարհի մասին։
 +
 +
— Նույնիսկ եթե նա մատնի՞չ է։
 +
 +
— Մատնությունը հարված է, որին չես սպասում։ Եթե դու լավ ճանաչես սիրտդ, նրան երբեք այդ բանը չի հաջողվի անել, քանի որ կիմանաս նրա բոլոր երազանքները, բոլոր ցանկությունները և կկարողանաս կառավարել նրան։ Իսկ սեփական սրտից ոչ մեկին չի հաջողվում փախչել։ Այնպես որ, ավելի լավ է լսես, թե նա ինչ է ասում, որպեսզի երբեք անսպասելի հարված չստանաս։
 +
 +
Սանտյագոն շարունակեց ունկնդրել իր սրտի ձայնը, քանի դեռ ուղին ձգվում էր անապատով։ Շուտով նա արդեն անգիր գիտեր սրտի բոլոր քմահաճույքները, բոլոր խորամանկությունները և դրանք ընդունում էր այնպես, ինչպես կային։ Պատանին դադարեց վախ զգալ և այլևս չէր ուզում վերադառնալ, որովհետև արդեն ուշ էր, և սիրտն էլ նրան ասում էր, որ ամեն ինչ կարգին է։
 +
 +
«Իսկ եթե երբեմն բողոքում եմ՝ ինչ արած, չէ՞ որ մարդկային սիրտ եմ, դա ինձ յուրահատուկ է։ Մենք վախենում ենք իրականացնել մեր ամենանվիրական փափագները, քանզի մեզ թվում է, թե դրանց արժանի չենք կամ, միևնույն է, չենք կարող դրանք իրականացնել։ Մենք՝ սրտերս, սարսափից պաղում ենք արդեն իսկ այն մտքից, որ սերերը գնացել են անվերադարձ, այն պահերի համար, որոնք կարող էին դառնալ երջանիկ, բայց չդարձան, այն գանձերի համար, որոնք կարող էին գտնվել, բայց հավերժ կմնան ավազուտներում թաղված։ Եվ երբ այդպես է պատահում, մենք խորապես տառապում ենք»։
 +
 +
— Իմ սիրտը վախենում է տառապանքից,— մի գիշեր նայելով մութ, անլուսին երկնքին՝ ասաց նա Ալքիմիկոսին։
 +
 +
— Իսկ դու նրան ասա, որ տառապանքի սարսափն ավելի վատ է, քան բուն տառապանքը։ Եվ ոչ մի սիրտ երբեք չի տառապել, երբ ճամփա է ընկել սեփական երազանքը որոնելու, քանզի այդ որոնման յուրաքանչյուր պահը մի հանդիպում է Աստծո և Հավերժության հետ։
 +
 +
«Յուրաքանչյուր պահ հանդիպում է,— ասաց Սանտյագոն իր սրտին։— Քանի դեռ ես փնտրում էի իմ գանձը՝ բոլոր օրերը ողողված էին լույսով, քանի որ գիտեի՝ ամեն ժամն ինձ ավելի է մոտեցնում իմ երազանքի կատարմանը։ Քանի դեռ փնտրում էի իմ գանձը՝ ճանապարհին հանդիպեցի այնպիսի բաների, որոնց մասին չէի էլ կարող երազել, եթե քաջությունը չունենայի ձեռնարկել հովիվների համար անհնարին այդ գործը»։
 +
 +
Այդժամ նրա սիրտը հանգիստ էր մի ամբողջ երեկո։ Գիշերը Սանտյագոն քնեց անվրդով, իսկ երբ զարթնեց, սիրտն սկսեց նրան պատմել Աշխարհի հոգու մասին։ Ասաց, այն մարդն է երջանիկ, ով իր մեջ կրում է Աստծուն։ Եվ որ երջանկությունը կարելի է գտնել սովորական ավազահատիկի մեջ՝ ինչպես ասել էր Ալքիմիկոսը, քանի որ այդ ավազահատիկը արարման մի պահ է, և նրան ստեղծելու համար Տիեզերքին պետք են եղել հարյուր միլիոնավոր տարիներ։ «Աշխարհի վրա յուրաքանչյուր ապրողի սպասում է իր գանձը,— ասաց տղայի սիրտը,— բայց մենք՝ սրտերս, այդ մասին քիչ ենք խոսում, քանզի մարդիկ այլևս չեն ուզում դրանք գտնել։ Միայն երեխաներին ենք ասում այդ բանը, ապա նայում ենք, թե կյանքն ինչպես է յուրաքանչյուրին ուղարկում իր ճակատագրին ընդառաջ։ Բայց, դժբախտաբար, քչերն են հետևում իրենց համար կանխատեսված Առասպելին և երջանկությանը։ Նրանց թվում է, թե աշխարհը լեցուն է սպառնալիքներով և այդ պատճառով էլ այն իսկապես սպառնալի է դառնում։
 +
 +
Եվ այդժամ մենք՝ սրտերս, խոսում ենք ավելի ու ավելի ցածր, բայց երբեք չենք լռում։ Եվ ջանում ենք, որ մեր խոսքերը լսելի չլինեն, մենք չենք ուզում մարդիկ տառապեն այն պատճառով, որ չեն անսացել իրենց սրտի ձայնին»։
 +
 +
— Իսկ ինչո՞ւ սիրտը մարդուն չի հուշում, որ նա պետք է գնա դեպի իր երազանքների կատարումը,— հարցրեց Սանտյագոն։
 +
 +
— Որովհետև այդ դեպքում սիրտն է, որ ամենից շատ կտառապի, իսկ սիրտը չի սիրում տառապել։
 +
 +
Այդ օրվանից սկսած պատանին սկսեց հասկանալ իր սրտին և խնդրեց, որ իրեն երբեք չլքի։ Խնդրեց, որ եթե այսուհետ հեռանա իր երազանքից, սիրտն իր կրծքում սկսի սեղմվել ու ցավալ՝ տագնապի ազդանշան հնչեցնելով։ Եվ երդվեց, որ ամեն անգամ այդ ազդանշանը լսելուն պես՝ կհետևի նրան։
 +
Այդ գիշեր նա ամեն ինչ պատմեց Ալքիմիկոսին։ Եվ նա հասկացավ, որ Սանտյագոյի սիրտը վերադարձել է դեպի Աշխարհի հոգին։
 +
 +
— Իսկ այժմ ի՞նչ անեմ։
 +
 +
— Շարունակիր ճանապարհդ դեպի բուրգերը և նախանշանները մի անտեսիր։ Քո սիրտն արդեն ընդունակ է հուշելու գանձի տեղը։
 +
 +
— Ուրեմն ինձ միայն ա՞յդ բանն իմանալն էր պակասում։
 +
 +
— Ո՛չ։ Ահա թե քեզ ինչ է պակասում իմանալ,— պատասխանեց Ալքիմիկոսը և սկսեց պատմել։— Մինչ երազանքներն իրականություն դարձնելը Աշխարհի հոգին ստուգում է, թե յուրացվա՞ծ է այն, ինչը սովորեցրել է ճանապարհին: Եվ դա անում է ոչ թե նրա համար, որ չար է, այլ նրա համար, որպեսզի կարողանանք մեր երազանքի հետ միասին ստանալ նաև դրան հասնելու ընթացքում մեզ տրված բոլոր դասերը։ Ահա հենց այստեղ էլ մարդկանց մեծ մասն ընկրկում է։ Անապատի լեզվով դա կոչվում է՝ «Մեռնել ծարավից, երբ հորիզոնի վրա արդեն օազիսն է երևում»։ Սկսնակի համար որոնումները միշտ բարենպաստ սկիզբ են ունենում և միշտ ավարտվում են ահա այս Փորձությամբ։
 +
 +
Սանտյագոն հիշեց հայրենիքում լսած մի ասացվածք. «Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»։
 +
 +
 +
Հաջորդ օրն ի հայտ եկան իրական վտանգի առաջին նշանները։ Ճամփորդներին երեք զորական մոտեցան և հարցրին, թե ինչ են անում այստեղ։
 +
 +
— Բազեով որս եմ անում,— պատասխանեց Ալքիմիկոսը։
 +
 +
— Մենք պարտավոր ենք հավաստիանալ, որ դուք զենք չունեք,— ասաց երեքից մեկը։
 +
 +
Ալքիմիկոսն անշտապ իջավ ձիուց։ Պատանին հետևեց նրա օրինակին։
 +
 +
— Ինչո՞ւ ես այդքան փող պահում,— պատանու մախաղն ստուգելով՝ հարցրեց զինվորը։
 +
 +
— Որպեսզի Եգիպտոս հասնեմ։
 +
 +
Ալքիմիկոսին ստուգող արաբը ինչ-որ հեղուկով լի մի փոքրիկ սրվակ գտավ և հավի ձվից քիչ մեծ մի դեղնավուն ապակյա ձու։
 +
 +
— Սրանք ինչե՞ր են,— հարցրեց նա։
 +
 +
— Իմաստության քար և Անմահական ջուր՝ Ալքիմիկոսների մեծ արարչագործությունը։ Նա, ով խմի Անմահական ջուրը, երբեք չի հիվանդանա։ Իսկ այս քարի մի փշուրը ցանկացած մետաղ կվերածի ոսկու։
 +
 +
Հեծյալները մի կուշտ ծիծաղեցին։ Նրանց միացավ նաև Ալքիմիկոսը, որի պատասխանը զորականներին շատ սրամիտ էր թվացել, և սրանք, առանց երկար քաշքշուքի, ճամփորդներին իրենց ունեցվածքի հետ ազատ արձակեցին։
 +
 +
— Խելքդ թռցրե՞լ ես,— հարցրեց Սանտյագոն, երբ զորականներն արդեն բավարար հեռավորության վրա էին։— Ինչու այդպես արեցիր։
 +
 +
— Ինչո՞ւ։ Որպեսզի քեզ մի հասարակ օրինաչափություն ցույց տամ,— պատասխանեց Ալքիմիկոսը։— Մենք երբեք չենք հասկանում, թե ինչ մեծագույն գանձեր կան մեր առջև։ Գիտե՞ս ինչու։ Քանի որ մարդիկ չեն հավատում գանձերի գոյությանը։
 +
 +
Նրանք շարունակեցին ճանապարհը։ Օրեցօր Սանտյագոյի սիրտն ավելի լռակյաց էր դառնում։ Նրան արդեն չէր հետաքրքրում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։ Նա բավարարվում էր նրանով, որ դիտում էր անապատը և պատանու հետ միասին խմում Աշխարհի հոգու ակնաղբյուրից։ Նրանք մեծ բարեկամներ էին դարձել, և այժմ նրանցից ոչ մեկը չէր դավաճանի մյուսին։
 +
 +
Իսկ երբ սիրտը խոսում էր՝ միայն այն պատճառով, որպեսզի վստահություն և ուժ ներշնչի Սանտյագոյին, որին երբեմն կեղեքում էր համր լռությունը։ Սիրտն առաջին անգամ պատմեց տղային նրա հրաշալի հատկանիշների մասին. խիզախություն, որով նա թողել էր իր ոչխարներին, որով ապրել էր իր Սեփական Առասպելը, ջանադրություն, որով աշխատել էր բյուրեղապակու կրպակում։
 +
 +
Պատմեց նաև այն, ինչը Սանտյագոն երբեք չէր նկատել. բազմիցս նրան դարանակալած վտանգների մասին։ Սիրտն ասաց, որ ինքը մի անգամ թաքցրել էր այն ատրճանակը, որը տղան թռցրել էր հորից և որով կարող էր իրեն վիրավորել կամ նույնիսկ ինքնասպան լինել։ Հիշեցրեց, թե ինչպես նա մի օր բաց դաշտում վատ էր զգացել, սիրտ թափել ու հետո երկար քուն մտել հոտի մոտ, և չէր գնացել նախատեսված ճանապարհով, ուր նրան դարանակալ սպասում էին ավազակները, որպեսզի սպանեն ու գողանան հոտը։ Եվ քանի որ Սանտյագոն չէր երևացել, մտածել էին, թե այլ ճանապարհով է հոտը տարել, ու հեռացել էին։
 +
 +
— Սիրտը միշտ օգնո՞ւմ է մարդուն,— հարցրեց նա։
 +
 +
— Ոչ բոլորին, միայն նրանց, ովքեր հետևում են իրենց Առասպելին։ Իսկ ավելի շատ՝ երեխաներին, հարբածներին ու ծերերին։
 +
 +
— Դա նշանակում է, որ նրանք զե՞րծ են վտանգից։
 +
 +
— Դա նշանակում է միայն, որ նրանց սրտերը լարում են իրենց ամբողջ ուժերը։
 +
 +
Մի անգամ նրանք անցնում էին պատերազմող ցեղերից մեկի ճամբարի մոտով։ Ամենուր զինված մարդիկ էին՝ սպիտակ բուռնուսներով։ Նրանք նարգիլե էին ծխում և խոսում մարտերի մասին։ Սանտյագոյին և Ալքիմիկոսին ոչ ոք դույզն-ինչ ուշադրություն չդարձրեց։
 +
 +
— Որևէ վտանգ չկա,— ասաց պատանին, երբ մի փոքր հեռացել էին զորքի գիշերակացից։
 +
 +
Ալքիմիկոսը կատաղեց։
 +
 +
— Վստահիր սրտիդ, բայց երբեք մի մոռացիր, որ անապատում ես։ Երբ մարդիկ պատերազմում են, Աշխարհի հոգուն է հասնում ճակատամարտի աղմուկը։ Ոչ ոքի չի հաջողվի խուսափել նրա հետևանքներից, ինչ արևի տակ տեղի է ունենում։
 +
 +
«Ամեն ինչ միասնական է»,— մտածեց Սանտյագոն։ Եվ այդ պահին, ասես անապատը ցանկացավ հաստատել ծեր Ալքիմիկոսի խոսքերը, երկու ձիավոր հասան նրանց ետևից։
 +
 +
— Ձեզ առաջ գնալ այլևս չի կարելի,— ասաց զինվորներից մեկը,— այնտեղ մարտեր են։
 +
 +
— Մենք շատ հեռու չենք գնում,— պատասխանեց Ալքիմիկոսը՝ սևեռուն նայելով նրանց աչքերի մեջ։
 +
 +
Զինվորները մի պահ քարացան, ապա բաց թողեցին ճամփորդներին։ Սանտյագոն ցնցված էր։
 +
 +
— Դու նրանց հայացքով հնազանդեցրի՛ր։
 +
 +
— Հայացքը ցույց է տալիս հոգու ուժը,— պատասխանեց Ալքիմիկոսը։
 +
 +
«Այդպես է»,— մտածեց պատանին՝ հիշելով, որ ճամբարում, զինվորականների բազմության միջից մեկը ակնդետ իրենց էր նայում։ Նա այնքան հեռու էր, որ դեմքն անգամ կարգին չէր երևում, բայց Սանտյագոն վստահ էր, որ նրա հայացքը ուղղված էր իրենց։
 +
 +
Եվ ահա, երբ նրանք բարձրանում էին ամբողջ հորիզոնը փակող սարի լանջով, Ալքիմիկոսն ասաց, որ մինչև բուրգերը երկու օրվա ճանապարհ է մնացել։
 +
 +
— Եթե մենք շուտով բաժանվելու ենք՝ ինձ ալքիմիա սովորեցրու։
 +
 +
— Քեզ այլևս սովորեցնելու բան չկա։ Պետք է թափանցել Աշխարհի հոգու մեջ և այնտեղ գտնել մեզ համար նախատեսված գանձերը։
 +
 +
— Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ուզում եմ իմանալ՝ ինչպես արճիճը դարձնել ոսկի։
 +
 +
Ալքիմիկոսը չընդհատեց անապատի լռությունը և պատասխանեց միայն այն ժամանակ, երբ նստել էին ճաշի։
 +
 +
— Տիեզերքում ամեն ինչ զարգանում, մի բանից փոխարկվում է մի այլ բանի,— պատասխանեց նա։— Եվ իմաստունների կարծիքով ոսկին այն մետաղն է, որի զարգացումն ավելի առաջ է անցել մյուսներից։ Մի հարցրու, թե ինչու՝ չգիտեմ։ Ինձ միայն հայտնի է, որ աշխարհն այդպես է կառուցված։ Բայց մարդիկ սխալ են հասկացել իմաստունների խոսքը։ Եվ ոսկին փոխանակ դառնա զարգացման խորհրդանիշ՝ դարձել է գժտությունների առարկա։
 +
 +
— Մեր շրջակա աշխարհը խոսում է շատ լեզուներով,— ասաց պատանին,— նախկինում ուղտի մնչոցն ինձ համար մնչոց էր։ Հետո դարձավ տագնապի ազդանշան։ Եվ վերջապես կրկին դարձավ մնչոց։— Այստեղ Սանտյագոն լռեց՝ հասկանալով, որ առանց իրեն էլ Ալքիմիկոսն այդ ամենը գիտի։
 +
 +
— Ես ճանաչել եմ իսկական ալքիմիկոսների,— շարունակեց վերջինս։— Նրանք փորձասենյակներում փակված փորձում էին կատարելագործվել՝ ոսկու նման, և հայտնագործեցին Իմաստության քարը։ Քանի որ հասկացան, որ եթե մի բան զարգանում է՝ զարգանում է նաև նրա շուրջ գտնվող ամեն ինչ։
 +
 +
Մյուսները Քարը պատահաբար գտան։ Նրանք օժտված էին շնորհով, և նրանց հոգիներն ավելի արթուն էին, քան մյուսներինը։ Բայց այդպիսի դեպքերը հաշիվ չեն. դրանք շատ քիչ են։
 +
 +
Եվ վերջապես երրորդները միայն ոսկի էին փնտրում։ Նրանց այդպես էլ չհաջողվեց բացել դրա գաղտնիքը։ Նրանք մոռացել էին, որ արճիճը, պղինձը, երկաթը նույնպես պետք է անցնեն իրենց Սեփական Առասպելի ճանապարհը։ Իսկ նա, ով խառնվում է ուրիշի Առասպելին, երբեք չի հասնում իր սեփականին։
 +
Ալքիմիկոսի այս խոսքերը հնչեցին անեծքի նման։ Հետո կռացավ ու ավազների միջից մի խեցի վերցրեց։
 +
 +
— Ինչ֊որ ժամանակ այստեղ ծով է եղել,— ասաց նա։
 +
 +
— Այո, ես կռահեցի,— պատասխանեց պատանին։
 +
 +
Ալքիմիկոսը նրան առաջարկեց խեցին ականջին դնել։ Սանտյագոն երեխա ժամանակ շատ էր այդպես արել ու հիմա կրկին լսեց ծովի աղմուկը։
 +
 +
— Ծովը առաջվա պես այս խեցու մեջ է, քանի որ դա նրա Առասպելն է և չի լքի նրան այնքան ժամանակ, մինչև անապատում կրկին չծփա ծովը։
 +
 +
Նրանք հեծան ձիերը և շարժվեցին եգիպտական բուրգերի ուղղությամբ։
 +
 +
 +
Արևն արդեն սկսել էր թեքվել դեպի արևմուտք, երբ Սանտյագոյի սիրտը տագնապի ազդանշան հնչեցրեց։ Այդ պահին նրանք գտնվում էին հսկա ավազաթմբերի արանքում։ Սանտյագոն հայացք նետեց Ալքիմիկոսին, բայց վերջինս կարծես ոչինչ չէր նկատում։ Հինգ րոպե անց պատանին հստակ տեսավ երկու հեծյալի։ Նախքան կհասցներ թեկուզ մի բառ արտաբերել՝ երկուսը դարձան տասը, տասը՝ հարյուր, և, ի վերջո, ավազաթմբերը ծածկվեցին զորքով։
 +
 +
Հեծյալները կապույտ տարազով էին։ Նրանց չալմաները երիզված էին սև ժապավենով, իսկ դեմքերը մինչև աչքերը ծածկված էին կապույտ գործվածքով։
 +
 +
Նույնիսկ հեռվից նկատելի էին նրանց հոգու ուժ ցուցանող աչքերը։ Եվ այդ աչքերը մահ էին ազդարարում։
 +
 +
 +
Սանտյագոյին ու Ալքիմիկոսին բերեցին մոտակայքում տեղակայված զինվորական ճամբար։ Զինվորներից մեկը նրանց խցկեց մի վրան, որը խիստ տարբերվում էր օազիսում պատանու տեսածներից։ Ներսում հրամանատարը խորհրդի էր նստած իր գլխավոր շտաբի հետ։
 +
 +
— Լրտեսներ են,— զեկուցեց գերիներին ուղեկցողներից մեկը։
 +
 +
— Ոչ։ Մենք ընդամենը ճամփորդներ ենք։
 +
 +
— Երեք օր առաջ ձեզ տեսել են մեր թշնամու ճամբարում։ Դուք նրանց զինվորներից մեկի հետ ինչ-որ բան եք խոսել։
 +
 +
— Ես անապատի ճամփորդ եմ և հասկանում եմ աստղերի լեզուն,— ի պատասխան ասաց Ալքիմիկոսը։— Իսկ թե որքան է զորքերի քանակը և ուր են շարժվում ցեղախմբերը՝ ինձ հայտնի չէ։ Ես իմ բարեկամին ընդամենն ուղեկցել եմ մինչև այս տեղերը։
 +
 +
— Իսկ ո՞վ է քո բարեկամը,— հարցրեց առաջնորդը։
 +
 +
— Ալքիմիկոս,— պատասխանեց Ալքիմիկոսը։— Նա ծանոթ է բնության ուժերին և ուզում է իր արտասովոր կարողությունները ցույց տալ առաջնորդին։
 +
 +
Սանտյագոն լուռ ու վախեցած լսում էր։
 +
 +
— Օտարերկրացին ի՞նչ է անում մեր կողմերում,— հարցրեց մեկ ուրիշը:
 +
 +
— Նա փող է բերել ձեր ցեղախմբին հանձնելու համար,— պատասխանեց Ալքիմիկոսը և մինչ պատանին կհասցներ որևէ բան ասել, վերցրեց նրա դրամապանակն ու մեկնեց առաջնորդին։
 +
 +
Վերջինս լռությամբ ընդունեց ոսկին՝ դրանով կարելի էր ահագին զենք գնել։
 +
 +
— Իսկ ի՞նչ է նշանակում «ալքիմիկոս»,— հարցրեց նա:
 +
 +
— Դա այն մարդն է, որ ճանաչում է բնությունն ու աշխարհը։ Եթե ցանկանա՝ կարող է միայն քամու ուժով ոչնչացնել այս ճամբարը։
 +
 +
Արաբները ծիծաղեցին։ Նրանք վարժվել էին լոկ պատերազմի ուժին և չէին հավատում, որ քամին կարող է մահացու լինել։ Այնուհանդերձ նրանց սրտերը ահից սեղմվեցին։ Նրանք բոլորը անապատի ժողովուրդ էին ու վախենում էին կախարդներից։
 +
 +
— Ես ուզում եմ տեսնել, թե դա նրան ինչպես է հաջողվում,— ասաց առաջնորդը։
 +
 +
— Մեզ երեք օր տվեք։ Իմ ուղեկիցն իր ուժը ցուցադրելու համար պետք է քամի դառնա։ Եթե այդ բանը նրան չհաջողվի, մենք անտրտունջ ձեզ կտանք մեր կյանքը՝ իբրև հարգանքի տուրք ձեր ցեղին։
 +
 +
— Հնարավոր չէ տալ մի բան, որն առանց այդ էլ արդեն ինձ է պատկանում,— ամբարտավան ասաց առաջնորդը։
 +
 +
Բայց համաձայնեց սպասել երեք օր։
 +
 +
Սանտյագոն վախից համրացել էր։ Ալքիմիկոսն ստիպված էր ձեռքը բռնած նրան դուրս տանել վրանից։
 +
 +
— Ցույց մի՛ տուր, որ վախենում ես։ Նրանք խիզախ մարդիկ են ու արհամարհում են վախկոտներին։
 +
 +
Սակայն Սանտյագոյի խոսելու ունակությունը միանգամից չվերականգնվեց։ Նրան հաջողվեց խոսել միայն որոշ ժամանակ անց, երբ քայլում էին ճամբարի միջով։ Օտարականներին բանտարկելու կարիքը արաբները չէին տեսել, միայն ձիերն էին խլել։ Եվ աշխարհը կրկին ցույց տվեց, որ խոսում է տարբեր լեզուներով. անապատը, որ նախկինում անսահման էր ու ազատ, այժմ անանցանելի պատ էր դարձել։
 +
 +
— Դու իմ ամբողջ ունեցածը նրանց տվեցիր,— ասաց Սանտյագոն,— այն ամենը, ինչ վաստակել էի ողջ կյանքում։
 +
 +
— Եթե պիտի մեռնեիր, ինչի՞դ էր պետք։ Քո փողերը քեզ արդեն երեք օրվա հավելյալ կյանք են նվիրել։ Սովորաբար փողը մի վայրկյանով իսկ չի կարող հետաձգել մահը։
 +
 +
Բայց Սանտյագոն իմաստուն խոսքեր լսելու համար շատ էր վախեցած։ Նա չգիտեր, թե ինչպես է քամի դառնալու՝ նա ալքիմիկոս չէր։
 +
 +
Իսկ Ալքիմիկոսը մի զինվորի խնդրեց թեյ բերել ու, ինչ-որ անհասկանալի խոսքեր շշնջալով, մի քանի կաթիլ լցրեց տղայի դաստակին։ Եվ սա միանգամից զգաց, թե ինչպես է մարմնով մեկ տարածվում հանգստության ալիքը։
 +
 +
— Հուսահատության մի մատնվիր,— անսովոր փաղաքուշ ձայնով ասաց Ալքիմիկոսը։— Սա նրա համար է, որ չկարողանաս խոսել սրտիդ հետ։
 +
 +
— Բայց չէ՞ որ ես չգիտեմ՝ ինչպես քամի դառնալ։
 +
 +
— Նա, ով հետևում է իր Առասպելին, գիտի այն ամենը, ինչ պետք է անել։ Միայն մի բան է երազանքի կատարումը խափանում՝ անհաջողության սարսափը։
 +
 +
— Բայց ես անհաջողությունից չեմ վախենում։ Պարզապես չգիտեմ ինչպես քամի դառնալ։
 +
 +
— Ստիպված ես սովորել։ Քո կյանքը դրանից է կախված։
 +
 +
— Իսկ եթե չկարողանա՞մ։
 +
 +
— Այդժամ կմեռնես։ Բայց մեռնել, հետևելով Սեփական Առասպելին՝ դա շատ ավելի լավ է, քան մահն ընդունել, ինչպես հազարավոր մարդիկ, ովքեր նույնիսկ չեն էլ պատկերացնում Սեփական Առասպելի գոյությունը։ Ինչևէ, մի անհանգստացիր։ Մահը ստիպում է մարդկանց ավելի զգայուն դառնալ կյանքի նկատմամբ։
 +
 +
 +
Առաջին օրն անցավ։ Անապատում խոշոր մարտ տեղի ունեցավ, վիրավորներ բերեցին ճամբար։ «Մահով ոչինչ չի փոխվում»,— մտածեց Սանտյագոն։ Ընկածների փոխարեն ուրիշները ելան, և կյանքը շարունակվեց։
 +
 +
— Դու կարող էիր ավելի ուշ մեռնել, բարեկա՛մս,— ասում էր մի զինվոր իր զոհված ընկերոջը։— Ո՛չ հիմա, պատերազմից հետո։ Բայց այսպես թե այնպես՝ մահից չէիր փախչի։
 +
 +
Երեկոյան կողմ պատանին գնաց գտնելու Ալքիմիկոսին։
 +
 +
— Ես չեմ կարող քամի դառնալ,— ասաց նրան։
 +
 +
— Հիշիր, թե ինչ եմ ասել քեզ. աշխարհը Աստծո լոկ երևացող մասն է։ Իսկ ալքիմիայի խնդիրն է նյութական հարթության մեջ հոգևոր կատարելություն դնել։
 +
 +
— Իսկ դու ի՞նչ ես անում,— հարցրեց Սանտյագոն։
 +
 +
— Կերակրում եմ բազեիս։
 +
 +
— Ինչո՞ւ։ Եթե ես չկարողանամ քամի դառնալ՝ մեզ կսպանեն։
 +
 +
— Ոչ թե մեզ, այլ՝ քեզ,— պատասխանեց Ալքիմիկոսը։— Ես կարող եմ քամի դառնալ։
 +
 +
 +
Երկրորդ օրը պատանին բարձրացավ ճամբարի մոտ գտնվող ժայռի գագաթը. ժամապահները նրան չէին խոչընդոտում։ Նրանք արդեն լսել էին, որ քամու փոխակերպվելու ընդունակ կախարդ է հայտնվել և ջանում էին նրանից հեռու մնալ։ Բացի այդ, անապատը ինքնին մի մեծ ու անանցանելի պատ էր:
 +
 +
Եվ ամբողջ օրը, մինչ երեկո Սանտյագոն դիտում էր անապատը։ Ունկնդրում էր սեփական սրտին։ Իսկ անապատը անսում էր նրա վախին։
 +
Նրանք խոսում էին միևնույն լեզվով։
 +
 +
 +
Երբ երրորդ օրը վրա հասավ, առաջնորդը հավաքեց իր զորահրամանատարներին։
 +
 +
— Տեսնենք, թե այս պատանին ո՞նց է քամի դառնում,— ասաց նա։
 +
 +
— Տեսնենք,— պատասխանեց Ալքիմիկոսը։
 +
 +
Սանտյագոն նրանց տարավ այն ժայռի մոտ, ուր երեկ եղել էր ամբողջ օրը։ Ապա բոլորին խնդրեց նստել։
 +
 +
— Պետք է մի փոքր սպասել,— ասաց նա։
 +
 +
— Շտապելու տեղ չունենք,— պատասխանեց առաջնորդը,— մենք անապատի մարդիկ ենք։
 +
 +
Սանտյագոն նայեց հորիզոնին։ Հեռվում սարեր էին, ավազաթմբեր, ժայռաբեկորներ, սողացող բույսեր, որոնք շարունակում էին կառչած մնալ կյանքին այնտեղ, ուր կյանքն անհնարին էր։ Նրա առջև անապատն էր փռված, որի անծայրածիր ամայության միջով քայլել էր երկար ամիսներ և, չնայած դրան, լոկ նրա մի շատ փոքրիկ մասն էր ճանաչել։ Եվ այդ շատ փոքրիկ մասում նա հանդիպել էր Անգլիացուն, քարավանների, միջցեղային պատերազմների, օազիսն էր տեսել, ուր հիսուն հազար արմավենի կա և երեք հարյուր ջրհոր։
 +
 +
— Հը՞,— հարցրեց անապատը,— էլ ինչ ես ուզում։ Մի՞թե երեկ մենք բավարար չճանաչեցինք իրար։
 +
 +
— Քո ավազների մեջ մի տեղ ապրում է նա, որին սիրում եմ,— պատասխանեց Սանտյագոն։— Եվ երբ նայում եմ քեզ, տեսնում եմ նաև նրան։ Ուզում եմ վերադառնալ նրա մոտ, իսկ դրա համար պետք է քո օգնությունը։ Ես պետք է քամի դառնամ։
 +
 +
— Իսկ ի՞նչ է «սերը»,— հարցրեց անապատը։
 +
 +
— Սերն այն է, երբ քո ավազուտների վրայով թռչում է բազեն։ Նրա համար դու կանաչ դաշտ ես։ Նա երբեք չի վերադառնում առանց որսի։ Նա ճանաչում է քո ժայռերը, քո ավազաթմբերը, քո սարերը։ Եվ դու մեծահոգի ես նրա նկատմաբ։
 +
 +
— Բազեի կտուցը ծվատում է ինձ,— պատասխանեց անապատը... Տարիներով աճեցնում եմ այն, ինչը նրա համար որս է դառնում, տալիս եմ իմ աղքատիկ ջուրը, ցույց եմ տալիս, թե որտեղ կարելի է քաղցը հագեցնել։ Իսկ հետո երկնքից իջնում է բազեն, և հենց ուզում եմ ուրախանալ, որ իմ ավազուտների մեջ կյանքը չի ընդհատվել, նա տանում է իմ ստեղծածը։
 +
 +
— Բայց դու հենց նրա համար էլ ստեղծել ես որսը։ Ստեղծել ես, որ կերակրես բազեին։ Իսկ բազեն կերակրում է մարդուն։ Իսկ մարդը երբևիցե կեր կդառնա քո ավազուտներին, ու այնտեղ կրկին կհառնի կյանքը և բազեն որս կանի։ Աշխարհն այդպես է շարժվում։
 +
 +
— Սերը հենց դա՞ է։
 +
 +
— Հենց դա է սերը։ Դա այն է, ինչը որսը բազե է դարձնում, բազեին՝ մարդ, իսկ մարդուն՝ անապատ։ Դա այն է՝ ինչը արճիճը դարձնում է ոսկի, իսկ ոսկին կրկին թաքցնում երկրի ընդերքում։
 +
 +
— Ես քո խոսքերի իմաստը չեմ հասկանում,— պատասխանեց անապատը։
 +
 +
— Ուրեմն հասկացիր մի բան՝ քո ավազուտների մեջ ինձ մի կին է սպասում։ Այդ պատճառով էլ ես պետք է քամի դաոնամ։
 +
 +
Անապատը որոշ ժամանակ լռում էր։
 +
 +
— Ես քեզ իմ ավազն եմ տալիս, որպեսզի քամին կարողանա հողմ բարձրացնել։ Բայց դա քիչ է։ Ես միայնակ ոչինչ չեմ կարող անել։ Քամուց օգնություն խնդրիր։
 +
 +
Թեթև քամի բարձրացավ։ Զորահրամանատարները հեռվից հետևում էին, թե պատանին ինչպես է ինչ-որ մեկի հետ խոսում իրենց անհասկանալի լեզվով։
 +
 +
Ալքիմիկոսը ժպտում էր։
 +
 +
Քամին մոտեցավ Սանտյագոյին, հպվեց նրա դեմքին։ Լսել էր նրա խոսակցությունը անապատի հետ. ընդհանրապես քամիներն ամեն ինչ գիտեն։ Նրանք ամբողջ աշխարհով մեկ սուրում են ու չկա մի տեղ, որտեղ նրանք ծնված լինեն կամ մեռնեն։
 +
 +
— Օգնի՛ր ինձ,— ասաց պատանին։— Ես մի անգամ քո մեջ լսել եմ իմ սիրածի ձայնը։
 +
 +
— Քեզ ո՞վ է սովորեցրել խոսել անապատի ու քամու լեզվով։
 +
 +
— Իմ սիրտը,— պատասխանեց Սանտյագոն։
 +
 +
Քամին շատ անուններ ուներ։ Նրան այստեղ անվանում էին «սիրոկո», քանի որ արաբները կարծում էին, թե նրանք գալիս են այնտեղից, ուր հողը ծածկված է ջրով և որտեղ սևամորթ մարդիկ են ապրում։ Սանտյագոյի հայրենիքում նրան կոչում են «լևանտ», քանի որ համոզված են, թե նա բերում է անապատի փոշին և մավրերի ռազմի աղաղակները։ Գուցե ոչխարի արոտավայրերից հեռու մի տեղ մտածում են, թե քամին ծնվում է Անդալուզիայում։ Բայց քամին ոչ մի տեղից չէր գալիս, ոչ մի տեղ չէր գնում, այդ պատճառով էլ ավելի հզոր էր, քան անապատը։ Մարդիկ մի օր կարող են անապատում ծառ տնկել, կարող են նույնիսկ ոչխար պահել, բայց քամին իրենց ենթարկեցնել նրանք ի զորու չեն։
 +
 +
— Դու չես կարող քամի դառնալ,— ասաց քամին,— մեր էությունները տարբեր են։
 +
 +
— Ճիշտ չէ,— պատասխանեց Սանտյագոն։— Քեզ հետ թափառել եմ աշխարհով մեկ, և ինձ համար բացվել են ալքիմիայի գաղտնիքները։ Իմ մեջ այժմ ամփոփված են և՛ քամիները, և՛ անապատները, և՛ օվկիանոսները, և՛ աստղերը ու Տիեզերքի ստեղծած ամեն ինչը։ Ինձ ու քեզ նույն ձեռքն է արարել և մեր հոգիները նույնն են։ Ես ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին դու ես, ուզում եմ թափանցել ցանկացած ճեղք, թռչել ծովերի վրայով, բարձրացնել այն ավազը, որը փակել է իմ գանձը, ինձ մոտիկ բերել իմ սիրածի ձայնը։
 +
 +
— Ես մի անգամ լսել եմ քո և Ալքիմիկոսի խոսակցությունը,— ասաց քամին։— Նա ասում էր, որ յուրաքանչյուրն իր Սեփական Առասպելն ունի։ Մարդուն վիճակված չէ քամի դառնալ։
 +
 +
— Սովորեցրու՝ ինչպես թեկուզ մի քանի ակնթարթ քամի դառնամ, այն ժամանակ էլ կքննարկենք մարդու և քամու անսահմանափակ հնարավորությունները։
 +
 +
Քամին հետաքրքրասեր էր՝ այդպիսի մեկին դեռևս չէր հանդիպել։ Նա կուզենար այդ մասին մանրամասն խոսել, բայց չգիտեր՝ ինչպես մարդուն քամի դարձնել։ Ու տես, որ ինքը շատ բան գիտեր անել։ Անապատ էր սարքում, նավեր էր խորտակում, տապալում էր հարյուրամյա ծառեր, թռչում էր հսկա քաղաքների վրայով՝ լեցուն երաժշտությամբ ու տարօրինակ աղմուկներով։
 +
 +
Նա կարծում էր, թե իր հնարավորություններն անսահմանափակ են, բայց ահա հայտնվել է մի տղա, որը հայտարարում է, թե դեռևս շատ բաներ կան, որ քամին չի արել։
 +
 +
— Դա «Սեր» է կոչվում,— ասաց Սանտյագոն՝ տեսնելով, որ քամին համարյա պատրաստ է կատարել իր խնդրանքը։— Երբ սիրում ես, կարող ես դաոնալ ամեն ինչ։ Երբ սիրում ես, բոլորովին պարտադիր չէ հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում մեր ներսում, և մարդը նաև ընդունակ է դառնում վերափոխվել քամու։ Իհարկե, եթե քամին նրան օգնի։
 +
 +
Քամին շատ ինքնասեր էր, այդ պատճառով էլ Սանտյագոյի խոսքերը վրդովեցրին նրան։ Նա սկսեց ուժգին փչել՝ անապատի ավազը օդ հանելով։ Բայց վերջիվերջո ստիպված էր ընդունել, որ, չնայած անցել է ողջ աշխարհը, բայց մարդուն քամի դարձնել չի կարող։ Նաև Սիրուն է անհաղորդ։
 +
 +
— Աշխարհի վրա շրջելով ես շատ անգամ եմ տեսել, թե ինչպես մարդիկ սիրո մասին խոսելիս երկինք են նայում,— ասաց քամին՝ կատաղած, որ ստիպված էր խոստովանել իր անզորությունը։— Գուցե արժե, որ դու էլ երկնքին դիմես, հը՞։
 +
 +
— Այդ դեպքում օգնի՛ր ինձ,— ասաց պատանին.— փոշի՛ բարձրացրու, որպեսզի ես արևին նայելով՝ չկուրանամ։
 +
 +
Քամին է՛լ ավելի ուժեղ փչեց, ամբողջ երկինքը պատեց ավազափոշով, արևը վերածվեց մի ոսկեգույն սկավառակի։
 +
 +
Գնալով ճամբարից ավելի դժվար էր դառնում հետևել դեպքերի ընթացքին։ Անապատի մարդիկ այդ քամուն ծանոթ էին և կոչում էին «սամում»։ Դա նրանց համար ավելի սարսափելի էր, քան փոթորիկը ծովում, քանի որ նրանք ծովին ծանոթ չէին։ Ձիերը վրնջում էին, զենքերը սկսեցին ծածկվել ավազով։
 +
 +
Զորահրամանատարներից մեկը շրջվեց դեպի առաջնորդն ու ասաց.
 +
 +
— Գուցե լավ կլինի, որ վերջ տանք այս բանին։
 +
 +
Նրանք արդեն համարյա չէին տեսնում պատանուն: Դեմքերը ծածկված էին կապույտ թաշկինակներով, իսկ աչքերը սառել էին սարսափից։
 +
 +
— Եկեք վերջ տանք սրան,— պնդեց մի ուրիշ հրամանատար։
 +
 +
— Ուզում եմ տեսնել Ալլահի ողջ մեծությունը,— ակնածանքով պատասխանեց առաջնորդը։— Ուզում եմ տեսնել, թե մարդն ինչպես է քամի դառնում։
 +
 +
Սակայն մտքում պահեց այն երկու մարդկանց անունները, որոնք վախ էին արտահայտել։ Եվ որոշեց քամին դադարելուն պես նրանց ազատել պաշտոններից, քանի որ անապատի մարդը անհաղորդ է վախին։
 +
 +
— Քամին ինձ ասաց, որ դու ճանաչում ես Սերը,— արևին դիմեց Սանտյագոն,— իսկ եթե այդպես է՝ ուրեմն պետք է ճանաչես նաև Աշխարհի հոգին, չէ՞ որ նա սիրուց է ստեղծված։
 +
 +
— Այստեղից ինձ տեսանելի է Աշխարհի հոգին,— պատասխանեց արևը։— Նա դիմում է իմ հոգուն, և մենք միասին խոտին ստիպում ենք աճել, իսկ ոչխարներին՝ տեղից տեղ փոխադրվելով ստվեր փնտրել։ Այստեղից՝ իսկ դա ձեր աշխարհից շա՜տ հեռու է՝ ես սովորել եմ սիրել։ Ես գիտեմ, որ եթե դույզն-ինչ մոտենամ Երկրագնդին, այնտեղ ապրող ամեն կենդանի բան կմեռնի, նաև Աշխարհի հոգին կդադարի գոյություն ունենալ։ Ու մենք հեռվից հեռու ենք նայում իրար ու հեռվից հեռու սիրում միմյանց։ Ես Երկրագնդին կյանք ու ջերմություն եմ տալիս, իսկ նա ինձ՝ գոյության իմաստ։
 +
 +
— Դու ճանաչում ես Սերը,— ասաց Սանտյագոն։
 +
 +
— Ես ճանաչում եմ Աշխարհի հոգին, քանզի այս անվախճան տիեզերական շրջապտույտի մեջ նրա հետ շատ եմ զրուցում։ Նա ինձ պատմում է, թե որն է իր ամենամեծ դժվարությունը. մինչև հիմա միայն քարերն ու բույսերն են հասկացել, որ աշխարհում ամեն ինչ միասնական է։ Այդ պատճառով էլ պետք չէ, որ երկաթը նման լինի պղնձին, իսկ պղինձը ոչնչով չտարբերվի ոսկուց։ Յուրաքանչյուրն իր ճշգրիտ առաքելությունն ունի այս միասնական աշխարհում, և այդ ամենը խաղաղության մի սիմֆոնիա կդառնար, եթե այն Ձեռքը, որ այս ամենն ստեղծել է, Արարման հինգերորդ օրը կանգ առներ։ Սակայն եղավ նաև վեցերորդ օրը։
 +
 +
— Դու իմաստուն ես, քանի որ ամեն ինչ տեսնում ես հեռվից,— պատասխանեց պատանին։— Բայց դու չգիտես ինչ է Սերը։ Եթե չլիներ Արարման վեցերորդ օրը, չէր լինի մարդը։ Եվ պղինձն այդպես էլ պղինձ կմնար, իսկ արճիճը՝ արճիճ։ Ճիշտ է, ամեն ոք իր Սեփական Առասպելն ունի և մի օր այդ Առասպելը կիրականանա։ Բայց դրա համար պետք է ինչ-որ ավելի լավ բանի վերափոխվել, և սկսել մի նոր Առասպել, մինչև որ Աշխարհի հոգին իսկապես դառնա միասնական։
 +
 +
Արևը մտքերի մեջ ընկավ և սկսեց ավելի թեժ ճառագայթել։ Քամին, որ բավականությամբ լսում էր նրանց խոսակցությունը, նույնպես ավելի ուժեղ փչեց, որ արևը չկուրացնի պատանուն։
 +
 +
— Դրա համար էլ գոյություն ունի ալքիմիան,— շարունակեց Սանտյագոն,— որպեսզի յուրաքանչյուրը փնտրի և գտնի իր գանձը ու դրանից հետո ցանկանա ավելի լավը լինել, քան առաջ։ Կապարը իր կոչումն իրականացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ պետք է աշխարհին, իսկ հետո ստիպված է լինելու ոսկու փոխվել։ Այդպես են անում ալքիմիկոսները։ Ցույց են տալիս, որ երբ ուզում ենք դառնալ ավելի լավը, քան էինք, շրջապատում ամեն ինչ նույնպես ավելի լավն է դառնում։
 +
 +
— Իսկ դու ինչո՞ւ ասացիր, թե ես Սերը չեմ ճանաչում,— հարցրեց արևը։
 +
 +
— Չէ՞ որ երբ սիրում ես, չի կարելի կանգնել տեղում՝ ինչպես անապատը, սլանալ աշխարհով մեկ՝ ինչպես քամին, նայել ամեն ինչին հեռվից՝ ինչպես դու։ Սերը այն ուժն է, որը բարեփոխում է Աշխարհի հոգին։ Երբ ես առաջին անգամ թափանցեցի այնտեղ, ինձ կատարյալ թվաց։ Բայց հետո տեսա, որ նա մեր բոլորի արտացոլումն է, այնտեղ էլ են կրքերը եռում, պատերազմներ մղվում։ Այդ մենք ենք նրան սնում, և երկիրը, որի վրա մենք ապրում ենք, ավելի լավը կամ վատը կդառնա կախված նրանից՝ վատը թե լավն ենք դառնում մենք։ Ահա այստեղ էլ խառնվում է սիրո ուժը, քանզի եթե սիրում ես, ջանում ես դառնալ լավը։
 +
 +
— Իսկ դու ինձնից ի՞նչ ես ուզում։
 +
 +
— Օգնի՛ր ինձ քամի դառնալ։
 +
 +
— Բնությունը գիտի, որ ինձնից իմաստուն ոչինչ չկա աշխարհում,— պատասխանեց արևը,— բայց ես էլ չգիտեմ, թե ինչպես քեզ քամի դարձնեմ։
 +
 +
— Այդ դեպքում ես ո՞ւմ դիմեմ։
 +
 +
Արևը մի պահ մտածեց. քամին, որ լսում էր նրանց խոսակցությունը, նույն պահին աշխարհով մեկ կտարածեր, որ լուսատուի իմաստությունը անսահման չէ։ Ուրեմն որևէ ձևով չէր կարող խույս տալ այս պատանուց, որը խոսում էր Համընդհանուր լեզվով։
 +
 +
— Հարցրու Ձեռքին, որ գրել է ամեն ինչ,— ասաց արևը։
 +
 +
Քամին ցնծագին սուլեց ու փչեց աներևակայելի ուժով։ Մի քանի վրան տեղահան եղան, կտրվեցին ձիերի կապերը, մարդիկ կառչեցին իրարից, որ քամին չքշի։
 +
Սանտյագոն դարձավ դեպի Ամենագիր Ձեռքը և զգաց, որ որևիցե բան ասելու փոխարեն Տիեզերքն ընկղմվել է լռության մեջ։ Եվ ինքն էլ համրացավ։
 +
 +
Ապա Սիրո ուժը դուրս հորդաց նրա սրտից, և պատանին սկսեց աղոթել։ Աղոթք էր, որը ոչ մի անգամ չէր արտասանել, քանի որ նրա մեջ ո՛չ բառ կար, ո՛չ խնդրանք։ Շնորհակալություն չէր հայտնում, որ ոչխարներն արոտ են գտել, չէր խնդրում, որ ավելի շատ բյուրեղապակի վաճառի, որ անապատում իրեն հանդիպած կինը սպասի իրեն։ Տիրած լռության մեջ նա հասկացավ, որ անապատը, քամին և արևը նույնպես փնտրում են այն նախանշանները, որ գրել է այդ Ձեռքը, նույնպես ջանում են անցնել իրենց ճանապարհը և ըմբռնել այն, ինչը գրված է մի պարզ զմրուխտի նիստի վրա։ Պատանին գիտեր, որ այդ նշանները սփռված են ողջ Աշխարհում ու Տիեզերքում և արտաքուստ ոչ մի իմաստ կամ նշանակություն չունեն։ Ո՛չ անապատը, ո՛չ քամին, ո՛չ արևը, ո՛չ մարդիկ չգիտեն, թե դրանք ինչու են ստեղծված։ Դրա ստեղծման պատճառը ունեցել է միայն Ամենաստեղծ Ձեռքը և միայն նա է ընդունակ հրաշքներ գործել՝ օվկիանոսն անապատ դարձնել և մարդուն՝ քամի։ Քանի որ միայն նա է հասկանում, որ ինչ-որ ավելի մեծ մի կոչում հրում է Տիեզերքը այնտեղ, ուր Արարման վեց օրերը կվերածվեին Մեծ Արարման։
 +
 +
Եվ պատանին ընկղմվեց Աշխարհի Հոգու մեջ ու տեսավ, որ Աշխարհի Հոգին Աստծո Հոգու մի մասն է, իսկ Աստծո Հոգին՝ իր սեփական հոգին է։ Եվ որ ինքը կարող է, ուրեմն, հրաշքներ գործել։
 +
 +
 +
Այդ օրը սամումը փչեց այնպես, ինչպես՝ երբեք։ Արաբները սերնդեսերունդ իրար էին փոխանցում պատանու մասին առասպելը, որը քամի դարձավ և գրեթե ավերեց ամբողջ ճամբարը՝ մարտահրավեր նետելով անապատի ամենահզոր զորահրամանատարին։
 +
 +
Երբ քամին դադարեց, բոլորը նայեցին այնտեղ, ուր պատանին պետք է լիներ, բայց նա այլևս այնտեղ չէր։ Նա գտնվում էր ճամբարի մյուս ծայրում, ավազով կիսածածկ մի ժամապահական կետում, որը հսկում էր ճամբարի մուտքը։
 +
 +
Մարդիկ վախեցած էին կատարված հրաշքից։ Միայն երկու հոգի էին ժպտում՝ Ալքիմիկոսը, որը գտել էր իր իսկական աշակերտին և ցեղի առաջնորդը, քանի որ այդ աշակերտը գիտակցել էր Բարձրյալի փառքը։
 +
 +
Հաջորդ օրը նա հրաժեշտ տվեց Սանտյագոյին ու Ալքիմիկոսին և կարգադրեց, որ իր զինյալներից մեկը նրանց ուղեկցի այնտեղ, ուր կցանկանային։
 +
 +
 +
Նրանք գնացին ամբողջ օրը, և, երբ սկսեց մթնել, դուրս եկան մի ղպտիական վանքի առաջ։ Ալքիմիկոսը զինվորին ետ ուղարկեց ու իջավ ձիուց։
 +
 +
— Այստեղից սկսած մենակ կգնաս,— ասաց նա Սանտյագոյին։— Մինչև բուրգերը հազիվ երեք ժամվա ճանապարհ է։
 +
 +
— Շնորհակալությո՛ւն,— պատասխանեց պատանին,— դու ինձ սովորեցրիր Համընդհանուր լեզուն։
 +
 +
— Ես պարզապես քեզ հիշեցրի այն, ինչ դու առանց ինձ էլ գիտեիր։
 +
 +
Ալքիմիկոսը ծեծեց վանքի դուռը։ Ընդառաջ եկավ սև հագած մի վանական, նրանք ղպտիերեն ինչ որ բան խոսեցին և Ալքիմիկոսը Սանտյագոյին ներս հրավիրեց։
 +
 +
— Ես խնդրեցի, որ նա մեզ տրամադրի իր խոհանոցը,— ասաց նա։
 +
 +
Վանքի խոհանոցում Ալքիմիկոսը վառեց օջախը։ Վանականը մի կտոր արճիճ բերեց, ու Ալքիմիկոսը, այն գցելով երկաթե թասի մեջ, դրեց կրակին։ Երբ արճիճը հալվեց, նա պարկից հանեց ապակյա այն տարօրինակ դեղին ձուն, նրանից մազի չափ բարակ մի շերտ կտրեց, մոմ քսեց ու նետեց հալված կապարի մեջ։
 +
 +
Հեղուկը արյան պես կարմիր դարձավ։ Ալքիմիկոսը կաթսան վերցրեց կրակից, դրեց կողքի՝ սառելու, այդ ընթացքում վանականի հետ զրուցելով ցեղախմբերի միջև ընթացող պատերազմի մասին։
 +
 +
— Վախենամ, թե երկար տևի,— ասաց նա։
 +
 +
Վանականը սրտնեղած էր. արդեն երկար ժամանակ քարավանները կանգնած էին Գիզայում, սպասելով պատերազմի ավարտին։ «Բայց,— ավելացրեց նա,— ամեն ինչ Աստծո կամքով է»։
 +
 +
— Ճիշտ է,— ասաց Ալքիմիկոսը։
 +
 +
Երբ վերջապես կաթսան հովացավ, Սանտյագոն ու վանականը շլացած աչքերով դրան նայեցին։ Կապարն ընդունելով ամանի կլոր ձևը, սառել էր, բայց նա այլևս կապար չէր. նա դարձել էր ոսկի։
 +
 +
— Մի՞թե ես երբևէ կսովորեմ այդ բանը,— հարցրեց պատանին։
 +
 +
— Դա իմ Սեփական Առասպելն է եղել, ի՛մ, ոչ թե քո։ Ես պարզապես ցանկացա քեզ ցույց տալ, որ դա հնարավոր է։
 +
 +
Նրանք կրկին վերադարձան վանքի պարիսպների մոտ, և այնտեղ Ալքիմիկոսը ոսկու սկավառակը չորս մասի բաժանեց։
 +
 +
— Սա՝ քեզ,— ասաց նա՝ մի կտոր մեկնելով վանականին,— նրա համար, որ սրտանց ընդունեցիր ուխտավորներին։
 +
 +
— Իմ վերաբերմունքի դիմաց շատ բարձր վարձ եմ ստանում,— պատասխանեց վանականը։
 +
 +
— Երբեք այլևս այդպես չխոսես։ Կյանքը կարող է լսել և հաջորդ անգամ քեզ ավելի քիչ տալ։
 +
 +
Հետո մոտեցավ պատանուն։
 +
 +
— Իսկ սա՝ քեզ, քո այն փողի դիմաց, որ բաժին հասավ առաջնորդին։
 +
 +
Պատանին նույնպես ուզում էր ասել, թե այդ ոսկին շատ ավելին է, քան իր տվածը, բայց լռեց, հիշելով Ալքիմիկոսի՝ վանականին արած դիտողությունը։
 +
 +
— Իսկ սա՝ էլ ինձ,— շարունակեց Ալքիմիկոսը, պահելով երրորդ կտորը,— ես պետք է տուն դառնամ, իսկ անապատում պատերազմ է ընթանում։
 +
 +
Չորրորդ կտորը նա նույնպես վանականին մեկնեց։
 +
 +
— Սա՝ նույնպես պատանու համար է, եթե մի օր պետք ունենա։
 +
 +
— Բայց չէ՞ որ ես գանձի ետևից եմ գնում,— բացականչեց վերջինս։— Եվ արդեն շատ մոտ եմ նրան։
 +
 +
— Ես էլ եմ վստահ, որ դու այն կգտնես,— ասաց Ալքիմիկոսը։
 +
 +
— Այդ դեպքում սա ինչի՞ համար է։
 +
 +
— Քանի որ դու արդեն երկու անգամ կորցրել ես գումարը, որ աշխատել էիր քո ճանապարհին։ Առաջին անգամ քեզ թալանել է գողը, երկրորդ անգամ՝ ցեղի առաջնորդը։ Ես ծեր, սնահավատ արաբ եմ և հավատում եմ մեր ասացվածքի ճշմարտացիությանը, իսկ նա ասում է. «Ինչ մեկ անգամ կատարվել է՝ կարող է էլ երբեք չկրկնվել։ Բայց այն, ինչ կատարվել է երկու անգամ՝ անպայման կկրկնվի նաև երրորդ անգամ»։
 +
 +
Նրանք հեծան ձիերը։
 +
 +
— Ուզում եմ քեզ երազների մասին մի պատմություն պատմել,— շշնջաց Ալքիմիկոսը,— մոտեցիր ինձ։
 +
 +
Պատանին հնազանդվեց։
 +
 +
— Ահա, ուրեմն Հին Հռոմում, Տիբերյանոս կայսեր օրոք մի բարի մարդ է լինում, նա երկու որդի է ունենում՝ մեկը զինվորական, որը բանակ մտնելուց հետո ուղարկվում է ծառայելու կայսրության ամենահեռավոր ծայրամասերից մեկը, իսկ երկրորդը պոետ, որը ողջ Հռոմը ցնցող բանաստեղծություններ էր գրում։
 +
 +
Մի անգամ ծերունին երազ է տեսնում՝ իբր երկնային հրեշտակը երևում և գուշակում է, որ իր որդիներից մեկի խոսքը տարածվելու է ամբողջ աշխարհով մեկ, և կրկնվելու է եկող բոլոր սերունդների ժամանակ։ Ծերունին արթնանում և ուրախությունից լաց է լինում, ճակատագիրը նրա հանդեպ բարեհաճ ու շռայլ էր, քանզի պարգևում էր ամենամեծ ուրախությունը, որ միայն կարող է զգալ հայրը։
 +
 +
Շուտով նա զոհվում է՝ փորձելով փրկել կառքի տակ ընկնող երեխային՝ ինքն է ընկնում անիվի տակ։ Քանի որ նա իր ողջ կյանքն արդար և ճիշտ էր ապրել, անմիջապես երկինք է համբառնում, որտեղ հանդիպում է երազի մեջ լուր բերած հրեշտակին։
 +
 +
— Դու լավ, բարի մարդ ես եղել,— ասում է ծերունուն։— Քո կյանքը լի է եղել սիրով, իսկ մահդ եղավ արժանապատիվ։ Ես հիմա կարող եմ քո ցանկացած կամքը կատարել։
 +
 +
— Կյանքը նույնպես բարեհաճ էր իմ նկատմամբ,— պատասխանեց ծերունին։— Երբ դու հայտնվեցիր երազում, զգացի, որ իմ ջանքերն իզուր չեն անցել։ Քանի որ իմ որդու բանաստեղծությունները մարդկանց հետ կմնան եկող դարերում։ Ինձ համար խնդրելու ոչինչ չունեմ, բայց յուրաքանչյուր հայր կհպարտանար նրա փառքով, ում ստեղծել, կրթել ու դաստիարակել է։ Այդ պատճառով էլ կուզենայի լսել իմ որդու խոսքը հեռավոր ապագայում։
 +
 +
Հրեշտակը հպվեց նրա ուսին, ու նրանք մի ակնթարթում հայտնվեցին հեռավոր ապագայում՝ մի հսկա քաղաքում, անհասկանալի լեզվով խոսող հազարավոր մարդկանց շրջապատում։
 +
 +
Ծերունին ուրախությունից արտասվեց։
 +
 +
— Ես գիտեի, որ որդուս բանաստեղծությունները լավն են ու անմահ,— արցունքի միջից ասաց նա։— Ասա ինձ, նրա ո՞ր խոսքերն են կրկնում այս մարդիկ։
 +
Հրեշտակը քնքշանքով ծերունուն նստեցրեց նստարանին և ինքն էլ նստեց կողքին։
 +
 +
— Բանաստեղծությունները, որոնց մասին խոսում ես, փառաբանվել են Հռոմով մեկ, բոլորը սիրել ու հաճույք են ստացել դրանցից։ Բայց երբ Տիբերիոսի կայսրությունն ավարտվեց, մոռացվեցին նաև նրա բանաստեղծությունները։ Մարդիկ կրկնում են քո մյուս որդու խոսքը, նրա, որը զորական դարձավ։
 +
 +
Ծերունին զարմանքով աչքերը հառեց հրեշտակին։
 +
 +
— Նա ծառայում էր մի հեռավոր գավառում և հարյուրապետ դարձավ,— շարունակեց հրեշտակը։— Նա նույնպես արդարամիտ ու բարի էր։ Մի անգամ նրա ստրուկներից մեկը հիվանդացավ մերձիմահ։ Քո որդին, լսելով, որ մի ռաբին կա, որը բուժում է մարդկանց, ճամփա ընկավ ու երկար օրեր քայլեց, որ գտնի նրան։ Իսկ ճանապարհին իմացավ, որ այդ մարդը Աստծո որդին է։ Հանդիպեց մարդկանց, որոնց բուժել էր նա, լսեց նրա ուսմունքը և, չնայած հռոմեական հայրուրապետ էր, անցավ նրա հավատքին։ Մինչև որ մի առավոտ հասավ ռաբինի մոտ ու պատմեց, որ իր ստրուկը հիվանդ է։ Ուսուցիչը պատրաստվեց գնալ նրա ետևից։ Բայց հարյուրապետը հավատի մարդ էր ու, նայելով Ուսուցչի աչքերի խորքը և տեսնելով, թե ինչպես իրենց շուրջ գտնվող մարդիկ ոտքի կանգնեցին, հասկացավ, որ իր առջև կանգնած է Աստծո որդին։ Ահա այդ ժամանակ էլ քո որդին արտասանեց այն բառերը, որ դարեդար չեն մոռացվում։ Նա ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ Դու մտնես իմ հարկի տակ։ Բայց միայն մի բառ ասա, և իմ ստրուկը կապաքինվի»։
 +
 +
***
 +
Ալքիմիկոսը խթանեց ձիուն։
 +
 +
— Աշխարհում ամեն մարդ, ինչով էլ որ զբաղվելիս լինի, կատարում է աշխարհի պատմության գլխավոր դերը։ Եվ սովորաբար չի իմանում այդ բանը։
 +
Պատանին ժպտաց։ Նա երբեք չէր պատկերացրել, թե կյանքն այդքան կարևոր կարող է լինել մի հովվի համար։
 +
 +
— Գնաս բարո՛վ,— ասաց Ալքիմիկոսը։
 +
 +
— Գնաս բարով,— պատասխանեց տղան։
 +
 +
 +
Երկուսուկես ժամ պատանին գնաց անապատով, ուշադիր ունկնդրելով, թե ինչ է ասում սիրտը։ Նա է, որ պետք է ցույց տար այն ճշգրիտ տեղը, ուր թաքցված էր գանձը։
 +
 +
«Որտեղ գանձն է՝ այնտեղ էլ քո սիրտն է լինելու»,— ասել էր Ալքիմիկոսը։
 +
 +
Բայց սիրտն ուրիշ բաներից էր խոսում։ Հպարտությամբ պատմում էր հովվի պատմությունը, որը թողել էր իր ոչխարները, որպեսզի իրականություն դարձնի երկու անգամ տեսած երազը։ Պատմում էր Սեփական Առասպելի և այն մարդկանց մասին, ովքեր իրականացրել էին այն, ովքեր ճամփա էին ընկել հեռավոր երկրներ կամ գեղեցկուհիներ փնտրելու՝ ընդդիմանալով մարդկանց նախապաշարումներին և ըմբռնումներին։ Նա խոսում էր բոլոր ժամանակների ճանապարհորդություններից, հայտնագործություններից, գրքերից, մեծ վերափոխումներից։
 +
 +
Եվ միայն այն ժամանակ, երբ Սանտյագոն սկսեց բարձրանալ ավազաթմբի լանջով, սիրտը շշնջաց նրա ականջին. «Ուշադի՛ր եղիր։ Այնտեղ, ուր դու լաս՝ կլինեմ նաև ես, ուրեմն նաև քո գանձը»։
 +
 +
Պատանին բարձրանում էր դանդաղ։ Աստղապատ երկնքում կրկին հայտնվեց լիալուսինը՝ մի ամբողջ ամիս ընթացել էին անապատով։ Լուսինը լուսավորեց ավազաթումբը, և ստվերներն այնպես զարմանահրաշ էին խաղում, որ անապատը ալեկոծ ծով էր թվում, և Սանտյագոն հիշեց այն օրը, երբ Ալքիմիկոսին հրաժեշտ տալով՝ արձակեց ձիու սանձերը, ազատություն տալով նրան։ Լուսինը լուսավորում էր համր անապատը և գանձ որոնողների անցած ուղին։
 +
 +
Երբ մի քանի րոպե հետո հայտնվեց ավազաթմբի գագաթին, նրա սիրտը անզուսպ թպրտաց։ Նրա առջև, լիալուսնից և ճերմակ ավազից լուսավորված, վեհ ու կախարդական հառնում էին Եգիպտոսի բուրգերը։
 +
 +
Սանտյագոն չոքեց և սկսեց լաց լինել։ Նա շնորհակալություն էր հայտնում Աստծուն, որ հավատացել էր իր Սեփական Առասպելին, որ մի օր հանդիպել էր Մելքիսեդեկին, բյուրեղապակու առևտրականին, Անգլիացուն, Ալքիմիկոսին և՝ հատկապես՝ անապատի այն կնոջը, որը նրան ստիպել էր հավատալ, որ սերը երբեք մարդուն չի բաժանում իր Սեփական Առասպելից։
 +
 +
Հազարամյակների բարձունքից պատանուն էին նայում բուրգերը։ Հիմա ինքը, եթե ուզենա, կարող է վերադառնալ օազիս, ամուսնանալ Ֆաթիմայի հետ և ապրել որպես մի սովորական խաշնարած։ Չէ՞ որ անապատում է ապրում Ալքիմիկոսը, որը գիտի Համընդհանուր լեզուն և կարողանում է կապարը ոսկի դարձնել։ Չկա մեկը, որին Սանտյագոն ցույց տա իր գիտելիքներն ու արվեստը. հետևելով իր Առասպելին ՝ նա սովորել է այն ամենը, ինչ իրեն պետք է, ճաշակել է այն ամենը, ինչ երազել է։
 +
 +
Բայց հիմա նա հասել էր իր գանձին, իսկ ամեն մի գործ ավարտվում է միայն այն ժամանակ, երբ հասել ես նպատակիդ։ Պատանին կանգնել էր բարձունքում և լալիս էր, ու երբ գետնին նայեց՝ տեսավ՝ այնտեղ, ուր ընկնում են իր արցունքները, մի բզեզ է սողում։ Անապատում թափառումների ընթացքում Սանտյագոն իմացել էր, որ Եգիպտոսում բզեզները Աստծո խորհրդանիշն են համարվում։
 +
 +
Ահա ևս մի նախանշան, ու պատանին սկսեց փորել, բայց նախ հիշեց բյուրեղապակու առևտրականին ու հասկացավ, որ նա ճիշտ չէր. ոչ ոքի չի հաջողվի իր բակում բուրգ կառուցել, եթե նույնիսկ ողջ կյանքում քարը քարի վրա դնի։
 +
 +
Նա ողջ գիշեր փորեց ավազը, բայց ոչինչ չգտավ։ Բուրգերի բարձունքից համր լռությամբ իրեն էին նայում դարերը։ Բայց նա չէր հուսահատվում, փորում էր ու փորում՝ պայքարելով անընդհատ փոսը լցնող քամու դեմ։ Սանտյագոն ուժասպառ եղավ, վնասեց ձեռքերը, բայց չէր դադարում հավատալ իր սրտին, որը հանձնարարել էր փնտրել այնտեղ, ուր կընկնեն արցունքի կաթիլները։
 +
 +
Եվ հանկարծ այն պահին, երբ փորձում էր փոսում հայտնված մի քար հանել, քայլերի ձայն լսեց։ Սանտյագոն շրջվեց ու տեսավ մարդկանց, որոնք կանգնել էին թիկունքով դեպի լուսինը, այնպես, որ չէր կարող զանազանել ոչ նրանց աչքերը, ոչ էլ դեմքը։
 +
 +
— Դու այստեղ ինչ ես անում,— հարցրեց նրանցից մեկը։
 +
 +
Պատանին ոչինչ չպատասխանեց։ Սարսափ էր պատել նրան, քանի որ հիմա կորցնելու բան ուներ։
 +
 +
— Մենք պատերազմից ենք փախել,— ասաց մի ուրիշը,— մեզ փող է պետք։ Դու ի՞նչ ես թաքցրել այստեղ։
 +
 +
— Ոչինչ չեմ թաքցրել,— պատասխանեց Սանտյագոն։
 +
 +
Փախստակներից մեկը նրան դուրս քաշեց փոսից, ստուգեց գրպանները և գտավ ոսկու կտորը։
 +
 +
— Ոսկի՛,— գոչեց նա։
 +
 +
Այժմ լուսինը լուսավորում էր նրա դեմքը, և կողոպտչի աչքերում Սանտյագոն տեսավ իր մահը։
 +
 +
— Այնտեղ պետք է, որ էլի լինի,— ասաց երկրորդը։
 +
 +
Նրանք Սանտյագոյին ստիպեցին փորել, և նա հարկադրված ենթարկվեց։ Բայց գանձ չկար, ու ավազակներն սկսեցին ծեծել նրան։ Ծեծեցին այնքան ժամանակ՝ մինչև երևաց արևի առաջին ճառագայթը։ Նրա հագուստը ծվենների էր վերածվել, և զգաց, որ մահն արդեն մոտ է։
 +
 +
Հիշեց Ալքիմիկոսի խոսքը. «Փողն ինչի՞դ է պետք, երբ պետք է մեռնես։ Փողը մի վայրկյանով էլ չի վարող հետաձգել մահը»։
 +
 +
— Ես գա՛նձ եմ փնտրում,— գոչեց Սանտյագոն։
 +
 +
Դժվարությամբ շարժելով ջարդված ու արյունոտված շրթունքները, նա ավազակներին պատմեց, որ երազում երկու անգամ տեսել է եգիպտական բուրգերի ստորոտում թաղված գանձը։
 +
 +
Նա, ով հրոսակապետ էր երևում, երկար լռեց, իսկ հետո դարձավ ենթականերից մեկին։
 +
 +
— Բաց թող նրան։ Նա այլևս ոչինչ չունի, իսկ ոսկու կտորը ինչ-որ տեղից թռցրել է։
 +
 +
Սանտյագոն երեսնիվայր ընկավ ավազին։ Հրոսակապետը փորձեց նայել նրա աչքերի մեջ, բայց պատանու հայացքը բուրգերին էր հառված։
 +
 +
— Գնանք այստեղից,— ասաց հրոսակապետը, հետո դարձավ Սանտյագոյին։— Ես քեզ ողջ եմ թողնում. դու պիտի ապրես, որ հասկանաս, թե չի կարելի այդքան հիմար լինել։ Հենց այդ տեղը, ուր հիմա կանգնած ես, ես ինքս մի երազ տեսա, որը հետո երկու տարի շարունակ կրկնվում էր։ Երազն ասում էր, որ պետք է գնամ Իսպանիա, այնտեղ գտնեմ քանդված եկեղեցին, ուր գիշերում են հովիվներն իրենց ոչխարներով և որտեղ ժանտախոտի թփեր են աճում։ Դրանց արմատների տակ գանձ է թաքցված։ Բայց ես այնքան հիմար չեմ, որ միայն նրա համար, որ երազ եմ տեսել, կտրեմ-անցնեմ անապատը։
 +
 +
Այս խոսքերից հետո ավազակները հեռացան։
 +
 +
Սանտյագոն դժվարությամբ ոտքի ելավ, վերջին անգամ նայեց բուրգերին։ Նրանք ժպտում էին տղային, ու նա ժպտաց ի պատասխան, զգալով, որ սիրտը լի է երջանկությամբ։
 +
 +
Նա գտել էր իր գանձը։
  
==Վերջաբան==
 
==Վերջաբան==

Ընթացիկ տարբերակը 09:49, 31 Օգոստոսի 2013-ի դրությամբ

Ալքիմիկոսը

հեղինակ՝ Պաուլո Կոելյո
թարգմանիչ՝ Արտակ Վարդազարյան, խմբագրեց և պորտուգալերեն բնագրի հետ համեմատեց Աշոտ Եղիազարյանը
աղբյուր՝ «Ալքիմիկոսը»

Մուտք

Իմ պարտքն եմ համարում ընթերցողին տեղեկացնել, որ «Ալքիմիկոսը» խորհրդանշական գիրք է, ինչով էլ տարբերվում է «Մոգի օրագրից», ուր ոչ մի հորինովի բառ չկա։

Կյանքիս տասնմեկ տարին նվիրել եմ ալքիմիայի ուսումնասիրմանը։ Հենց միայն ցանկացած մետաղ ոսկու փոխարկելու կամ Անմահական ջուրը գտնելու հնարավորությունը բավականին գայթակղիչ է բոլոր նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում մոգության ասպարեզում։ Իմ երևակայությանը, խոստովանում եմ, հատկապես տիրում էր Անմահական ջուրը, քանի որ մինչդեռ չէի գիտակցել ու զգացել Աստծո գոյությունը, այն միտքը, որ ամեն ինչ երբևիցե ընդմիշտ ավարտվում է, ինձ թվում էր անտանելի։ Ուրեմն, իմանալով որ հնարավոր է ստեղծել մի հեղուկ, որն ընդունակ է բազում տարիներ երկարացնել մեր երկրային գոյությունը, ես որոշեցի ինձ ամբողջովին նվիրել դրա պատրաստմանը։

Դա յոթանասունների սկիզբն էր, խորը վերափոխումների նախօրեին, երբ դեռևս լուրջ աշխատանքներ չկային այդ գերբնական գիտության մասին։ Այս գրքի հերոսներից մեկի նման ես իմ ամբողջ սուղ միջոցները ծախսեցի ալքիմիայի մասին արտասահմանյան հրատարակություններ ձեռք բերելու և իմ ողջ ժամանակը՝ դրանց բարդ խորհրդավոր լեզուն յուրացնելու վրա։ Ռիո դե Ժանեյրոյում ինձ հաջողվեց գտնել մի քանի գիտնականի, որոնք լրջորեն զբաղվում էին Մեծ արարմամբ, բայց նրանք խույս տվեցին հանդիպումից։ Ես ծանոթացա նաև այն հասարակության հետ, որի ներկայացուցիչներն իրենց համարում են ալքիմիկոս, որոնք համապատասխան փորձասենյակներ ունեն և պատրաստ են ամեն մեկին բացահայտել իրենց արվեստի գաղտնիքները՝ միայն թե առասպելական փողերի դիմաց՝ բնականաբար։ Այժմ ինձ համար լրիվ պարզ է, որ իրականում նրանք ոչինչ չգիտեն նրանից, ինչի գիտակ են համարում իրենց։

Իմ ջանքերն ու ձգտումները իզուր անցան։ Ինձ ոչինչ չհաջողվեց սովորել նրանից, ինչ իրենց խրթին լեզվով ապացուցում էին անընդմեջ արևի, լուսնի, վիշապների և առյուծների խորհրդանշական պատկերներով խճողված ալքիմիայի դասագրքերը։ Եվ ինձ անընդհատ թվում էր, թե սխալ ուղղությամբ եմ գնում, չէ որ խորհրդանիշների լեզուն ինքնին սխալ մեկնաբանությունների անհուն հորիզոններ է բացում։ 1973 թվին, հուսահատված, որ իմ ուսումնասիրությունները ոչ մի հյուլեի արդյունք չտվեցին, ես մի շատ թեթևամիտ արարք կատարեցի։ Այդ ժամանակ Մատա Գրոսու նահանգի կրթության վարչությունն ինձ հրավիրեց թատերական արվեստի պարապմունք անցկացնել, և ես որոշեցի ուսանողական թատերական ստուդիայում իմ սաների մասնակցությամբ «Զմրուխտե սալիկ» թեմայով մի ներկայացում բեմադրել։ Այդ փորձը իզուր չանցավ և այս փորձարությունը Մոգության փխրուն հողի վրա հաստատելու իմ մյուս փորձերի հետ հանգեցրին այն բանին, որ արդեն մեկ տարի անց կարողացա սեփական մաշկի վրա զգալ, որ ճիշտ է հետեւյալ ասացվածքը՝ «Պարանը որքան էլ երկար՝ ավարտվում է»։

Հաջորդ վեց տարին միստիկայի հետ կապ ունեցող ամեն ինչ առաջացնում է իր հոռետեսական քմծիծաղը։ Այդ ներքին աքսորում ես ինձ համար մի քանի կարևոր եզրակացություն արեցի. մենք այս կամ այն ճշմարտությունն ընդունում ենք լոկ այն ժամանակ, երբ սկզբում ամբողջ հոգով այն վանում ենք, չարժե խույս տալ սեփական ճակատագրից, միևնույն է չես փախչի, Աստված խստապահանջ է, բայց նաև նրա գութն է անսահման։

1981 թվին իմ կյանք ներխուժեց Ռոման՝ Ուսուցիչը, ում վիճակված էր ինձ վերադարձնել նախկին ուղուն։ Նրանից ստացած իմ գիտելիքները լրացնելու համար ես կրկին վճիռ կայացրի ձեռք զարկել ալքիմիային։ Մի երեկո, հեռազգացության հյուծիչ սեանսից հետո հարցրի, թե ինչու են ալքիմիկոսներն այդքան բարդ ու այդքան ճապաղ արտահայտվում։

— Երեք տիպի ալքիմիկոսներ կան,— պատասխանեց նա։— Առաջինները ձգտում են անորոշության, քանի որ չեն տիրապետում առարկային։ Մյուսները գիտեն առարկան, բայց նաև գիտեն, որ ալքիմիայի լեզուն ուղղված է սրտին և ոչ թե մտքին։

— Իսկ երրորդները,— հարցրի ես։

— Երրորդը նրանք են, ովքեր ալքիմիայի մասին չեն էլ լսել, բայց կարողացել են իրենց ամբողջ կյանքով բացահայտել Իմաստնության քարը։

Եվ դրանից հետո իմ Ուսուցիչը, որ պատկանում է երկրորդ տիպին, որոշեց ինձ ալքիմիայի դասեր տալ։ Շուտով ես հասկացա, որ ինձ այդքան բարկացնող և հոգիս հանող խորհրդանշական լեզուն Աշխարհի հոգին հասկանալու եզակի ուղին է կամ այն է, ինչ Յունգն անվանել է «կոլեկտիվ անգիտակցություն»։ Ես հւսյտնագործեցի իմ Ուղին և Աստծո նշանները, ճշմարտության այն նշանները, որոնք նախկինում իմ բանականությունը հրաժարվում էր ընդունել իրենց պարզության պատճառով։ Ես իմացա, որ Մեծ արարմանը հասնելու խնդիրը ոչ թե մի խումբ ընտրյալների մենաշնորհն է, այլ հասցեագրված է այս մոլորակը բնակեցնող ամբողջ մարդկությանը։ Բնականաբար, միշտ չէ, որ Մեծ արարումը ի հայտ է գալիս ձվի և անոթի մեջ լցված հեղուկի տեսքով, բայց մեզնից յուրաքանչյուրն, անկասկած, ընդունակ է բացահայտել Աշխարհի հոգին և մերվել նրան։

Ահա թե ինչու է «Ալքիմիկոսը» խորհրդանշական գիրք, և ես նրա էջերում շարադրել եմ ոչ միայն այն, ինչ յուրացրել եմ այդ հարցի առնչությամբ, այլև փորձել եմ արժանին հատուցել այն մեծ գրողներին, որոնք կարողացել են տիրապետել համընդհանուր լեզվին՝ Հեմինգուեյին, Բլեյկին, Բորխեսին (նրա պատմվածքներից մեկում նման մի հատված կա, որի գործողությունները կատարվում են միջնադարյան Պարսկաստանում), Մալբ Տագանին և մյուսներին։

Գուցե թե շատ ընդարձակ նախաբանիս ավարտին և որպեսզի բացատրեմ, թե իմ Ուսուցիչը ում էր դասում երրորդ խմբի ալքիմիկոսների շարքը, շարադրեմ մի պատմություն, որ հենց ինքն է պատմել։

Մի անգամ Սուրբ կույսը Մանուկ Քրիստոսին գրկած իջնում է երկրի վրա և այցելում մի վանք։ Հպարտությամբ լցված վանականները շարք են կանգնում. ամեն մեկը հերթով դուրս է գալիս և ի պատիվ Աստվածամոր ցուցադրում իր արվեստը՝ մեկը իր բանաստեղծություններն է արտասանում, երկրորդը Աստվածաշնչյան իր խորը գիտելիքները ցուցանում, երրորդը թվարկում է բոլոր սրբերի անունները։ Յուրաքանչյուրը իր ուժերի և ունակությունների չափով պատվում է Կույսին և մանուկ Քրիստոսին։ Վերջինը մի խեղճուկրակ վանական էր, ով նույնիսկ չէր կարող անգիր ասել Սուրբ գրքի տեքստերից մեկը։ Նրա ծնողները անգրագետ, շրջիկ կրկեսի դերասաններ էին եղել և որդուն հազիվ սովորեցրել էին որոշ ձեռնածություններ։

Եվ երբ հերթը նրան է հասնում, վանականները ցանկանում են հանդիսությունն ավարտել, քանի որ սա խելքը գլխին ոչինչ չէր կարող ասել, բացի վանքը խայտառակելուց։

Բայց նա ամբողջ հոգով բաղձում էր Կույսին և Մանուկին տալ իր սրտի մի մասնիկը։

Եվ ահա վանական եղբայրների պարսավական հայացքներից հուզված, նա գրպանից նարինջներ է հանում և սկսում նետել օդ ու բռնել, այսինքն՝ անել այն միակ բանը, ինչ կարող էր՝ ձեռնածություն։ Եվ միայն այդ պահին է Մանուկ Քրիստոսի շուրթերին ժպիտ հայտնվում, ու նա սկսում է թաթիկները իրար զարկել։ Եվ միայն խեղճ ձեռնածուին է պարզում Սուրբ Կույսը որդուն՝ վստահելով իր գիրկն առնել։

Հեղինակ

Բնաբան

Նվիրվում է Ժ-ին՝ Ալքիմիկոսին, ով հասու եղավ Մեծ Արարման գաղտնիքներին։

Եվ մինչ նրանք գնում էին, Հիսուս մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մեջ։ Եվ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը։ Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկավ կանգնեց նրա մոտ և ասաց. «Տե՛ր, քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել տան գործի մեջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ Հիսուս պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք. Մարիամը ընտրել է բարի մասը, որ նրանից չպիտի վերցվի»։

Ավետարան ըստ Ղուկասի, Ժ. 38֊42

Նախաբան

Ալքիմիկոսը մի գիրք վերցրեց, որ բերել էր ճամփորդներից մեկը։ Գիրքն առանց կազմի էր, սակայն կարողացավ գտնել հեղինակի անունը՝ Օսկար Ուայլդ։ Երբ թերթում էր գրքի էջերը, Նարցիսի մասին մի պատմության հանդիպեց։

Ալքիմիկոսը ծանոթ էր այդ առասպելին. մի սիրունադեմ տղա ամեն օր գնում էր մոտիկ առվի ափը՝ հիանալու իր գեղեցկությամբ։ Նա այնքան էր զմայլված իրենով, որ մի օր էլ ընկավ ջուրը ու խեղդվեց, և առվի ափին մի ծաղիկ աճեց, որին «նարցիս» (հայերեն՝ նարգիզ - Ա.Վ.) անունը տվեցին։

Բայց Օսկար Ուայլդը առասպելն այլ կերպ էր պատմում։

«Երբ Նարցիսը մեռավ, եկան անտառի աստվածները՝ ոգիները և տեսան, որ քաղցրահամ առուն արցունքից աղի է դարձել։

— Ինչու ես լալիս,— հարցրեցին ոգիները։

— Լալիս եմ Նարցիսի համար,— պատասխանեց առուն։

— Զարմանալի չէ, որ լալիս ես Նարցիսի համար,— ասացին անտառի աստվածները։— Չնայած մենք բոլորս ամեն օր վազում էինք նրա ետևից այս սիրուն անտառով, ի վերջո, դու միակն էիր, որ կարող էիր մոտիկից զմայլվել նրա գեղեցկությամբ։

—Իսկ Նարցիսը գեղեցիկ էր,— հարցրեց առուն։

— Ո՞վ կարող է այդ բանն իմանալ ավելի լավ, քան դու,— պատասխանեցին ապշած ոգիները։— Չէ՞ որ նա էր, վերջապես, որ ամեն օր խոնարհվում էր քո ջրերի վրա։ Առուն երկար ժամանակ լուռ էր։ Հետո ասաց.

— Ես լալիս եմ Նարցիսի համար, բայց երբեք մտքովս չի անցել, թե նա գեղեցիկ է։ Լալիս եմ Նարցիսի համար, որովհետև ամեն անգամ, երբ նա ծնկի էր գալիս իմ ափերին, ես նրա աչքերի խորքում տեսնում էի իմ գեղեցկության արտացոլումը»։

— Ի՜նչ սքանչելի պատմություն է,— ասաց Ալքիմիկոսը։

Մաս առաջին

Պատանուն Սանտյագո էին կոչում։ Արդեն սկսել էր մթնել, երբ նա իր ոչխարները քշեց դեպի լքված եկեղեցին, որի գմբեթը վաղուց էր նստել ու դարձել ավերակ, իսկ այնտեղ, ուր մի ժամանակ խորանն էր, աճել էր մի հսկա ժանտախոտ։

Այստեղ էլ որոշեց գիշերել Սանտյագոն։ Ոչխարներին խարխլված դռնով ներս քշեց և տախտակի կտորներով ծածկեց դուռը, որպեսզի ոչխարները դուրս չգան։ Տարածքում գայլեր չկային, բայց մի անգամ գիշերը ոչխարներից մեկը փախել էր և նա ստիպված էր եղել ամբողջ օրը վատնել մոլորված կենդանուն գտնելու համար։ Սանտյագոն հատակին փռեց թիկնոցը, գլխի տակ դրեց գիրքը, որը վերջերս էր կարդացել վերջացրել և պառկեց։ Իսկ քնելուց առաջ մտածեց. եթե ավելի հաստ գիրք վերցրած լիներ՝ երկար կկարդացվեր և որպես բարձ ավելի հարմարավետ կլիներ։ Նա զարթնեց, երբ դեռևս մութ էր, և նրա գլխավերևում, կիսավեր ծածկի ճեղքերից փայլում էին աստղերը։

«Էլի կքնեի»,— մտածեց Սանտյագոն։

Տեսավ նույն երազը, ինչ նախորդ շաբաթ և արթնացավ, կրկին չհասցնելով տեսնել մինչև վերջ։

Նա վեր կացավ, մի կում գինի խմեց։ Առավ մահակը և սկսեց հրել քնած ոչխարներին։ Սակայն նրանց մեծ մասը զարթնել էր հենց այն վայրկյանին, երբ նա բացել էր աչքերը, կարծես ինչ-որ խորհրդավոր կապ կար նրա և ոչխարների միջև, որոնց հետ արդեն երկու տարի տեղից տեղ էր թափառում կերակուրի և ջրի որոնումներով։ «Այնպես են վարժվել, որ յուրացրել են իմ բոլոր սովորույթները,— փնթփնթաց նա,— նույնիսկ իմ օրակարգը գիտեն»։

Այդ մասին մի քիչ մտածելուց հետո հասկացավ, որ գուցե ամեն ինչ հակառակն է՝ այդ ինքն է նրանց սովորույթները յուրացրել և վարժվել ապրել ոչխարային օրակարգով։

Սակայն մի քանի ոչխար չէին շտապում վեր կենալ, որքան էլ Սանտյագոն անունները մեկ առ մեկ տալով՝ մահակի ծայրով հրում էր նրանց։ Ընդհանրապես համոզված էր, որ ոչխարները փայլուն հասկանում են այն ամենը, ինչ ինքն ասում է նրանց, և այդ պատճառով էլ երբեմն գրքերից ոչխարների համար բարձրաձայն կարդում էր իրեն դուր եկած մասերը, կամ պատմում էր, թե ինչպես միայնակ է հովիվը, որքան քիչ ուրախություն կա նրա կյանքում, կամ ոչխարներին էր փոխանցում այն նորությունները, որոնք լսել էր իր անցած քաղաքներում ու գյուղերում։

Բայց պատանին վերջին ժամանակները խոսում էր միայն մի բանի մասին. քաղաքում ապրող վաճառականի աղջկա մասին, որի մոտ պետք է գնար չորս օր անց։ Պատանին նրան մի անգամ էր տեսել՝ անցյալ տարի։ Մահուդի և բրդի վաճառական կրպակատերը սիրում էր, որ ոչխարները խուզեն հենց իր աչքի առաջ, առանց խաբկանքի։ Բարեկամներից մեկը Սանտյագոյին ցույց էր տվել այդ կրպակի տեղը, ինքը իր ոչխարներին քշել էր այնտեղ։

«Ուզում եմ բուրդ ծախել»,— այն ժամանակ ասել էր կրպակատիրոջը։

Կրպակի մոտ հերթ էր, և տերը հովվին խնդրեց սպասել մինչև ճաշ։ Սանտյագոն համաձայնեց, նստեց մայթին և մախաղից հանեց գիրքը։

— Ա՜յ քեզ բան, չգիտեի, որ հովիվները գիրք են կարդում,— հանկարծ կողքին լսվեց մի կանացի ճայն։

Գլուխը բարձրացնելով՝ նա տեսավ մի աղջկա՝ տեսքից մի իսկական անդալուզուհի. վարսերը՝ երկար, սև, հարթ, իսկ աչքերը այնպիսին, ինչպիսին մի ժամանակ Իսպանիան նվաճած մավրերի աչքերն էին։

— Չեն կարդում, քանի որ ոչխարներն ավելի շատ բան են սովորեցնում, քան գրքերը,— պատասխանեց Սանտյագոն։

Այսպես խոսքը խոսք բերեց ու նրանք զրույցի բռնվեցին, և զրույցը տևեց ավելի քան երկու ժամ։ Աղջիկը պատմեց, որ կրպակատիրոջ դուստրն է, որ կյանքը ձանձրալի է, և անցնող օրերը ջրի երկու կաթիլի պես նման են իրար։ Իսկ Սանտյագոն նրան պատմեց Անդալուզիայի դաշտերի մասին, պատմեց, ինչ լսել ու տեսել էր ճանապարհին հանդիպած մեծ քաղաքներում։ Նա ուրախ էր զրուցակից ունենալու համար, ոչխարների հետ ամեն բան չես խոսի։

— Իսկ կարդալ որտե՞ղ ես սովորել,— հարցրեց աղջիկը։

— Որտեղ բոլորը՝ այնտեղ էլ ես,— պատասխանեց տղան,— դպրոցում։

— Իսկ գրագետ լինելով ինչո՞ւ ես հովվություն անում։

Պատասխանելու փոխարեն Սանտյագոն ուրիշ բանից խոսեց. վստահ էր, որ, միևնույն է, աղջիկն իրեն չի հասկանա։ Նա աղջկան պատմեց իր թափառումների մասին, և վերջինիս մավրիտանական աչքերը մերթ չռվում, մերթ կկոցվում էին զարմանքից։

Ժամանակը հոսում էր աննկատ, և Սանտյագոն ուզում էր այդ օրը երբեք չավարտվի, որպեսզի կրպակատիրոջը պաշարեն գնորդները և խուզին սպասելը տևի երեք օր։ Նախկինում երբեք այդպիսի բան չէր զգացել, ինչ այդ րոպեներին, նա ուզում էր այդտեղ մնալ ընդմիշտ։ Այդ սևահեր աղջկա հետ օրերը ջրի երկու կաթիլի պես նման չէին լինի իրար։

Բայց այդ պահին կրպակից դուրս ելավ նրա հայրը և հոտից չորս ոչխար ընտրեց խուզի համար։ Հետո վճարեց որքան հարկն է ու ասաց. — Արի մի տարի հետո։

Եվ ահա մինչև նշանակված ժամկետը մնացել էր ընդամենը չորս օր։ Պատանին ցնծում էր առաջիկա հանդիպման համար և միաժամանակ՝ տագնապում, իսկ եթե հանկարծ աղջիկն իրեն մոռացած լինի՞։ Չէ՞ որ շատ հովիվներ են իրենց ոչխարը տանում նրանց բնակավայրով։

— Թող մոռանա,— ասաց նա իր ոչխարներին,— մե՞ծ բան։ Ուրիշ քաղաքներում աղջիկ կգտնենք։

Բայց սրտի խորքում գիտեր, որ իրականում սրտատրոփ սպասում է այդ մեծ հանդիպմանը։ Ե՛վ հովիվների, և՛ նավաստիների, և՛ շրջիկ առևտրականների համար կա մի նվիրական քաղաք, որտեղ ապրում է նա, որի համար կարելի է զոհաբերել աշխարհեաշխարհ ազատ թափառելու հրճվանքը։

Օրն սկսել էր լուսանալ, և Սանտյագոն ոչխարները քշեց այն ուղղությամբ, որտեղից բարձրանում էր արևը։

«Ոչխարների համար հեշտ է,— մտածեց նա,— որոշելու բան չունեն։ Գուցե այդ պատճառով էլ ինձ են սեղմվում»։

Նրանց ընդհանրապես ոչինչ պետք չէ՝ միայն թե ջուր լինի և դեմները՝ խոտ։ Իսկ քանի դեռ Անդալուզիայի ամենալավ արոտավայրերի տեղն ինքը գիտի, ոչխարները նրա բարեկամները կլինեն։ Թեկուզ օրերն իրարից չտարբերվեն, թեկուզ ժամանակը արևածագից մինչև մայրամուտ ձգվի անվերջ, թեկուզ իրենց կարճ կյանքի ընթացքում ոչ մի գիրք կարդացած չլինեն և չիմանան մարդկանց լեզուն, որով նրանք քաղաքներում և գյուղերում իրար են փոխանցում նորությունները։ Միայն թե խոտ ու ջուր լինի՝ նրանք երջանիկ կլինեն։ Իսկ դրա դիմաց նրանք շռայլորեն մարդուն են տալիս իրենց բուրդը, իրենց ընկերակցությունը և, ժամանակ առ ժամանակ, իրենց միսը։ «Եթե ես մի հրեշ դառնայի և նրանց սպանեի մեկը մյուսի ետևից, նրանք այդ բանը գլխի կընկնեին միայն այն ժամանակ, երբ ես ոչնչացրած կլինեի հոտի կեսից ավելին,— մտածեց Սանտյագոն։— Նրանք ինձ ավելի շատ են վստահում, քան սեփական բնազդին և միայն այն պատճառով, որ ես նրանց քշում եմ այնտեղ, որտեղ կերակուր կա»։ Նա ինքն էլ էր զարմացել, թե այսօր ինչ մտքեր են լցվում գլուխը։ Գուցե եկեղեցին, իր ներսում աճած ժանտախոտով, լի էր չարագուշակ ուժերով։ Սկզբում նրանք ստիպեցին, որ տեսնի այն երազը, որն արդեն մեկ անգամ տեսել էր, իսկ հիմա, ահա, չարությամբ են լցրել իր հավատարիմ ուղեկիցների նկատմամբ։ Նա կում արեց ընթրիքից մնացած գինուց և պինդ կոճկեց թիկնոցը։ Գիտեր, որ ընդամենը մի քանի ժամ հետո, երբ արևը զենիթին հասնի, այնպիսի շոգ է սկսվելու, որ անհնար կլինի ոչխարը քշել տափաստանով։ Այդ ժամին ամբողջ Իսպանիան քնում է։ Տապն հանդարտվում է միայն երեկոյան դեմ, իսկ մինչ այդ ստիպված է լինելու ուսերին գցած քարշ տալ ծանր թիկնոցը։ Բայց ի՜նչ կարող ես անել, հենց դա՛ է փրկում լուսաբացին տիրող ցրտից։

«Պետք է պատրաստ լինել եղանակի բոլոր անակնկալներին»,— մտածեց Սանտյագոն՝ թիկնոցի նկատմամբ խանդաղատանքով, որ այդքան ծանր էր ու տաք։ Իսկ ընդհանրապես նա էլ իր առաքելությունն ունի, ինչպես Սանտյագոն՝ իր։

Իր կյանքի առաքելությունը ճամփորդությունն է, և Անդալուզիայի դաշտերով ու սարահարթերով երկու տարվա թափառումների ընթացքում ինքը եղել է նրա բոլոր քաղաքներում և բնակավայրերում։ Սանտյագոն մտադիր էր մահուդագործի աղջկան այս անգամ բացատրել, թե ինչպես է եղել, որ հասարակ հովիվը գրագետ է։ Իսկ հարցն այն է, որ մինչև տասնվեցը լրանալը ինքը սովորել էր ճեմարանում։ Ծնողները երազում էին, որ նա հոգևորական դառնա, դառնա հասարակ գեղջկական ընտանիքի պարծանքը։ Նրանք դժվար էին ապրում, աշխատում էին լոկ սնվելու համար՝ ոչխարների նման։

Ճեմարանում Սանտյագոն սովորեց լատիներեն, իսպաներեն և աստվածաբանություն։ Սակայն մանկուց մեջը հասունացող աշխարհընկալման ձգտումը հաղթեց Աստծո ճանաչման կամ մարդկային մեղքերի մանրամասն իմացության ցանկությանը։ Եվ մի անգամ, համարձակություն հավաքելով, ծնողներին ասաց, որ չի ուզում հոգևորական լինել, ուզում է ճանապարհորդել։

—Տղա՛ս,— ի պատասխան ասաց հայրը,— մեր գյուղում ով ասես եղել է։ Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ այստեղ են գալիս ինչ֊որ նոր բան իմանալու, բայց գնում են՝ մնալով այնպիսին, ինչպիսին եղել են։ Նրանք սար են բարձրանում, որ տեսնեն ամրոցը և կարծում են, թե անցյալը լավ է ներկայից։ Նրանք շեկ մազեր ունեն կամ մուգ գույնի մաշկ, բայց ոչնչով չեն տարբերվում մեր համագյուղացիներից։

— Բայց չէ՞ որ ես չգիտեմ, թե ինչ ամրոցներ կան այն երկրներում, որտեղից նրանք են գալիս,— հակաճառեց Սանտյագոն։

— Երբ այդ մարդիկ տեսնում են մեր հողն ու մեր կանանց, ասում են, թե կուզենային իրենց ամբողջ կյանքն ապրել այստեղ,— շարունակեց հայրը։

— Իսկ ես ուզում եմ ուրիշ հողեր տեսնել, տեսնել ուրիշ կանայք։ Չէ՞ որ այդ մարդկանցից ոչ մեկը չի մնում մեզ մոտ։

— Ճամփորդության համար մեծ փողեր են պետք։ Իսկ մերոնցից մի տեղ չեն նստում միայն հովիվները։

— Ի՜նչ արած, ուրեմն հոտաղ կդառնամ,— ասաց Սանտյագոն։

Հայրը ոչինչ չասաց, իսկ առավոտյան նրան մի քսակ տվեց, մեջը՝ իսպանական երեք հին ոսկի.

— Մի անգամ դաշտում եմ գտել։ Քո անունից եկեղեցուն պիտի տայի որպես նվիրատվություն։ Քեզ համար ոչխար գնիր և գնա թափառելու աշխարհեաշխարհ, մինչև համոզվես, որ մեր ամրոցը ամենագլխավորն է, իսկ մեր կանանցից սիրուն կին չկա ոչ մի տեղ։

Եվ երբ նա օրհնեց որդուն, սա նրա աչքերում կարդաց ճամփորդելու նույն անզուսպ կարոտը։ Մի կարոտ, որը դեռ կենդանի էր, չնայած տասնամյակներ շարունակ փորձել էր թաղել հաց ու ջուր վաստակելու, մշտական կտուր ունենալու հոգսերի տակ։

Հորիզոնի վրա երկինքը ներկվեց բոսորագույն, ապա ծագեց արևը։ Հիշելով հոր ասածը՝ Սանտյագոն աշխուժացավ. նա արդեն շատ ամրոցներ և շատ գեղեցկուհիներ էր տեսել, որոնցից ոչ մեկը չէր կարող համեմատվել նրա հետ, որին երկու օր անց նորից էր հանդիպելու։ Նա ոչխարի հոտ ունի, ունի թիկնոց և գիրք, որը միշտ կարելի է ուրիշով փոխարինել, իսկ ամենագլխավորը՝ ամեն օր կատարվում է նրա ամենանվիրական երազանքը՝ ճամփորդում է։ Իսկ երբ նրան ձանձրացնեն Անդալուզիայի դաշտերն ու ձորերը, կարող է վաճառել ոչխարները և դառնալ նավաստի։ Իսկ եթե մի օր էլ ծովագնացությունից ձանձրանա, արդեն հասցրած կլինի ճանաչել այլ քաղաքներ ու կանանց, երջանիկ լինելու այլ միջոցներ։

«Չգիտեմ, ճեմարանում ինձ ինչպես էր հաջողվելու հայտնագործել Աստծուն»,— մտածեց Սանտյագոն՝ նայելով ծագող արևին։ Իր թափառումների ընթացքում նա միշտ անհայտ ճամփաներ էր ընտրում։ Իսկ այդ եկեղեցում երբեք չէր գիշերել, չնայած այդ կողմերում շատ էր եղել։ Աշխարհը մեծ է ու անվերջ, և բավական է Սանտյագոն թեկուզ մի քիչ թույլ տար ոչխարներին՝ ընտրելու իրենց ճանապարհը, երբ անպատճառ ինչ-որ հետաքրքիր բանի կհանդիպեր։ Միայն թե նրանք չեն հասկանում, որ ամեն օր նոր ճամփա են գտնում, որ փոխվում են արոտավայրերն ու տարվա եղանակները. ոչխարների գլխում միայն ուտելն է։

«Գուցե մենք էլ ենք այդպես,— մտածեց հովիվը,— չէ՞ որ ես նույնպես ուրիշ կնոջ մասին չեմ մտածել այն պահից ի վեր, ինչ ծանոթացել եմ մահուդագործի աղջկա հետ»։

Նա նայեց երկնքին, հաշվեց, որ մինչև ճաշ կլինի Թարիֆում։ Այնտեղ հարկավոր է փոխել գիրքը՝ ավելի հաստով, տափաշիշը գինի լցնել, սափրվել և մազերը խուզել, որպեսզի պատրաստ լինի ինչպես հարկն է ներկայանալ մահուդագործի աղջկան։ Իսկ այն, որ իրեն կարող էր կանխել մեկ ուրիշը, Սանտյագոն փորձում էր չմտածել։ «Կյանքն էլ հենց նրանով է հետաքրքիր, որ երազները կարող են իրականություն դառնալ»,— մտածեց Սանտյագոն՝ նայելով երկնքին և արագացնելով քայլերը։ Նա հիշեց, որ Թարիֆում մի պառավ է ապրում, որը կարողանում է գուշակել երազները։ Կգնա նրա մոտ, և թող պատմի, թե ինչ է նշանակում այն երազը, որ արդեն երկու անգամ տեսնում է։

Պառավը հյուրին ուղեկցեց շերտավարագույրներով ճաշասրահից առանձնացված ետին սենյակը, ուր դրված էր մի սեղան և երկու աթոռ, իսկ պատից կախված էր «Քրիստոսի սուրբ սիրտը» նկարը։

Տանտիրուհին նստեցրեց Սանտյագոյին, և բռնելով նրա երկու ձեռքը՝ նախ կիսաձայն աղոթք արեց։

Ըստ երևույթին աղոթքը գնչուների լեզվով էր։ Հովվին գնչուներ շատ էին հանդիպել։ Նրանք, չնայած ոչխար չեն պահում, բայց նույնպես շատ են թափառում, իսկ մարդիկ ասում են, թե նրանք ապրում են խաբեությամբ, թե հոգիները սատանային են ծախել, թե երեխաներ են գողանում, որոնք թափառախմբերում դառնում են ստրուկներ։ Սանտյագոն ինքն էլ երեխա ժամանակ մահու չափ վախենում էր, թե գնչուներն իրեն կգողանան, և հիմա, երբ պառավը բռնել էր նրա ձեռքերը, վախը կրկին զարթնեց նրա մեջ։ Նա չէր կամենում, որ պառավը որևէ բան զգա։ Համարձակության համար մտքում շշնջում էր «Հայր մերը»։

— Շատ հետաքրքիր է,— աչքը նրա ձեռքերից չկտրելով՝ քրթմնջաց պառավը և կրկին խորասուզվեց լռության մեջ։

Պատանին էլ ավելի անհանգստացավ։ Ձեռքերը դողացին, և նա փութով ետ քաշեց։

— Ես չեմ եկել, որ դու ձեռքս նայելով՝ գուշակություն անես,— ասաց նա՝ ափսոսալով, որ ընդհանրապես ոտք է դրել այս տան շեմին. ճիշտ չէ՞ր լինի վճարել որքան հարկն է և արագ հեռանալ։

— Գիտեմ։ Դու եկել ես, որ ես մեկնեմ քո երազը,— պատասխանեց գնչուհին։— Երազներն այն լեզուն են, որով մեզ հետ խոսում է Տերը։ Քանի որ դա աշխարհի լեզուներից մեկն է, ուրեմն ես այն կարող եմ թարգմանել։ Իսկ եթե Տերը քեզ է դիմում քո հոգու լեզվով, միայն քեզ է հասկանալի լինում նրա ասածը։ Ւմիջիայլոց, քեզնից փող, միևնույն է, վերցնելու եմ, քանի որ եկել ես խորհրդի։

«Երևում է խրվեցինք»,— մտածեց Սանտյագոն, բայց նահանջելու տեղ չկար։ Հովվի համար համարձակությունը սովորական բան է. մեկ գայլերն են վրա տալիս հոտին, մեկ երաշտն է ամայացնում դաշտերը։ Հենց համարձակությունն էլ նրա կյանքի աղն է։

— Ես երկու անգամ տեսել եմ միևնույն երազը, իբր դաշտում ոչխար եմ արածացնում, այդտեղ հայտնվում է մի երեխա և ուզում է նրանց հետ խաղալ։ Ես չեմ սիրում, որ ուրիշը մոտենում է իմ ոչխարներին. նրանք օտարներից վախենում են։ Չգիտեմ թե ինչու, միայն երեխաներին են առանց վախի մոտ թողնում իրենց։ Չեմ հասկանում, թե այդ ոչխարները ոնց են տարիքը որոշում։

— Երազդ պատմիր,— ընդհատեց պառավը,— կաթսան կրակի վրա է։ Քո փողը քիչ է, իսկ իմ ժամանակը թանկ արժե։

— Երեխան ոչխարների հետ խաղաց, հա՜ խաղաց,— մի քիչ նեղված շարունակեց Սանտյագոն,— իսկ հետո հանկարծ ինձ իր գիրկն առավ ու տեղափոխեց եգիպտական բուրգերի մոտ։

Նա դանդաղեց՝ կասկածելով արդյոք պառավը գիտի՞, թե դրանք ինչ են, բայց գնչուհին լռում էր։

— Եգիպտական բուրգերի մոտ,— կրկնեց դանդաղ և հատու,— և այնտեղ ինձ այսպես ասաց. «Եթե նորից այստեղ ընկնես, փնտրիր թաքցված գանձը»։ Եվ հենց ինձ ուզում էր ցույց տալ, թե որտեղ է թաքցրած գանձը՝ զարթնեցի։ Եվ երկրորդ երազն էլ նույնն էր։

Պառավը երկար ժամանակ լռում էր, հետո բռնեց Սանտյագոյի ձեռքերը և ուշադիր նայեց ափերին։

— Հիմա ես քեզնից ոչինչ չեմ վերցնի,— խոսեց նա վերջապես,— բայց եթե գանձը գտնես՝ տասը տոկոսն իմն է։

Պատանին ուրախությունից ծիծաղեց՝ երազում տեսած գանձը հնարավորություն տվեց պահպանել իր խեղճուկրակ գրոշները։ Պառավը, հավանաբար, իսկապես գնչուհի է. ասում են՝ գնչուների մի ծալը պակաս է։

— Դե՛, մեկնաբանիր իմ երազը,— խնդրեց նա։

— Նախ՝ երդվիր։ Երդվիր, որ կտաս գանձի տասը տոկոսը։

Ստիպված էր երդվել։ Բայց պառավը հրահանգեց, որ երդումը կրկնի «Քրիստոսի սուրբ սիրտը» նկարի առջև։

— Այդ երազը համընդհանուր լեզվով է,— ասաց նա,— կփորձեմ բացատրել, չնայած շատ դժվար է։ Ահա այդ աշխատանքի դիմաց եմ քեզնից գանձի տասը տոկոսը խնդրում։ Դե՛, լսիր։ Դա պետք է գնաս Եգիպտոս և գտնես քո բուրգերը։ Ես ինքս էլ նման բան չեմ լսել, բայց, քանի որ երեխան քեզ ցույց է տվել, նշանակում է գանձն իրականում գոյություն ունի։ Ուրեմն գնա բուրգերի մոտ, այնտեղ կգտնես քո գանձն ու կհարստանաս։

Սանտյագոն նախ զարմացավ, ապա վիրավորվեց։ Արժե՞ր նման հիմարության համար փնտրել գտնել պառավին։ Լավ է՝ փող չառավ։

— Քեզ վրա զուր ժամանակ վատնեցի,— ասաց նա։

— Ես զգուշացրի, որ երազդ դժվարմեկնելի է. բանը որքան անսովոր է՝ այնքան արտաքուստ պարզունակ է, և միայն իմաստուններին է հասու։ Իսկ քանի որ ես իմաստությամբ աչքի չեմ ընկնում, ստիպված եմ եղել այլ արվեստներ սովորել, օրինակ՝ ձեռքի ափով գուշակությունը։

— Ես ինչպե՞ս Եգիպտոս ընկնեմ։

— Դա արդեն իմ հոգսը չէ։ Ես կարողանում եմ միայն երազները գուշակել, ոչ թե դրանք իրականություն դարձնել։ Այլապես ստիպված չէի լինի ապրել աղջիկներիս օգնությամբ։

— Իսկ Եթե Եգիպտոս չհասնե՞մ։

— Չհասնես՝ կմնամ իմ գուշակության դիմաց առանց վճարի։ Առաջին անգամ չէ։ Իսկ հիմա գնա, մենք այլևս խոսելու բան չունենք։

Սանտյագոն խիստ հիասթափված դուրս եկավ գնչուհու կացարանից և որոշեց, որ այլևս երազներին չի հավատալու։ Ու անմիջապես էլ հիշեց իր անելիքը՝ գնաց կրպակ, ուտելիք գնեց, գիրքը փոխարինեց մի այլ, ավելի հաստափոր գրքով և նստեց հրապարակի նստարանին՝ նոր գինին փորձելու։ Օրը շոգ էր և գինին կախարդանքի պես զովացրեց պատանուն։

Ոչխարներին նա թողել էր քաղաքի ծայրամասում, իր նոր բարեկամի մարագում։ Սանտյագոն ամբողջ մարզում բարեկամներ ուներ՝ դրա համար էլ սիրում էր թափառել։ Նոր ընկեր ես ձեռք բերում և պարտադիր չէ, որ նրան ամեն օր հանդիպես։ Երբ շուրջդ նույն մարդիկ են, ինչպես ճեմարանում էր, ինքնին ստացվում է, որ նրանք մխրճվում են քո կյանքի մեջ։ Իսկ այդ դեպքում նրանք որոշ ժամանակ անց ցանկանում են կյանքդ փոփոխել։ Իսկ եթե դու չես դառնում այնպիսին, ինչպիսին նրանք են ցանկանում քեզ տեսնել՝ նեղանում են։ Չէ՞ որ ամեն ոք ճշգրիտ գիտե, թե ինչպես պետք է ապրել այս աշխարհում։

Միայն թե, չգիտես ինչու, ոչ ոք չի կարողանում սեփական կյանքը կարգավորել։ Ինչպես պառավ գնչուհին, որ երազներ գուշակել գիտի, բայց դրանք իրականություն դարձնել՝ ոչ։

Սանտյագոն որոշեց սպասել մինչև արևն իջնի և նոր միայն ոչխարներին քշի արոտի։ Մինչև մահուդագործի աղջկա հետ հանդիպումը դեռ երեք օր կար։ Իսկ առայժմ նա սկսեց կարդալ տեղի հոգևորականի մոտ փոխած գիրքը։ Գիրքը հաստափոր էր, և հենց առաջին էջից նկարագրվում էր ինչ-որ մեկի հուղարկավորությունը, իսկ ի լրումն՝ հերոսների անուններն այնպիսին էին, որ լեզուդ կջարդվեր արտասանելիս։ «Եթե ես երբևէ գիրք գրեմ,— մտածեց նա,— ամեն էջում նոր հերոս կունենամ, որպեսզի ընթերցողներն ստիպված չլինեն հիշել, թե ում ինչպես են կոչում»։

Հազիվ էր խորասուզվել ընթերցանության մեջ, կլանվել հուղարկավորության նկարագրությամբ՝ թե ինչպես են հանգուցյալին թաղում ձյան մեջ (Սանտյագոյին էլ դող բռնեց, չնայած արևը վառում էր անխնա), երբ նստարանի ծայրին նստեց մի ծերունի և խոսակցություն բացեց.

— Ինչո՞վ են նրանք զբաղված, - հարցրեց ծերունին՝ ցույց տալով հրապարակի մարդկանց։

— Աշխատում են,— չոր պատասխանեց պատանին՝ ձևացնելով, թե կլանված է ընթերցանությամբ։

Իսկ իրականում մտածում էր, թե ինչպես է մահուդագործի աղջկա աչքի առաջ խուզելու չորս ոչխար, որ նա տեսնի, թե ինչի է ինքն ընդունակ։ Սանտյագոն հաճախ էր մտովի պատկերացնում այդ տեսարանը, ամեն անգամ հիացած աղջկան մտովի բացատրելով, որ ոչխարին պետք է խուզել պոչից դեպի գլուխը։ Նաև մտապահել էր տարբեր հետաքրքիր պատմություններ, որոնցով աղջկան զբաղեցնելու էր խուզի ժամանակ։ Այդ պատմությունները կարդացել էր գրքերում, բայց պատրաստվում էր այնպես մատուցել, իբր այդ ամենն իր հետ էր կատարվել։ Դժվար թե նա երբևէ գլխի ընկնի. չէ՞ որ կարդալ չգիտի։

Սակայն ծերունին համառ դուրս եկավ։ Ասելով, թե հոգնել է և խմել է ուզում, նա մի կում գինի խնդրեց։ Սանտյագոն մեկնեց տափաշիշը՝ հուսալով, որ դրանով կպրծնի։

Բայց՝ ոչ, ծերունին զրուցել էր ցանկանում։ Տափաշիշը վերադարձնելով՝ հարցրեց, թե ինչ գիրք է կարդում։ Սանտյագոն ցանկացավ պարզապես տեղափոխվել մեկ այլ նստարանի, բայց հայրը միշտ սովորեցնում էր քաղաքավարի լինել ավագների նկատմամբ և այդ պատճառով էլ գիրքը լուռ մեկնեց հարևանին։ Եթե ծերունին անգրագետ է, ձեռ կքաշի իրենից, որպեսզի անհարմար վիճակի մեջ չհայտնվի։

— Հը՜մ...— արեց ծերուկը՝ գիրքը շուռումուռ տալով, կարծես առաջին անգամ էր այդպիսի տարօրինակ առարկա տեսնում։— Լավ գիրք է, կարևոր բաներ է գրված, բայց շատ ձանձրալի է։

Սանտյագոն զարմացավ. պարզվում է՝ ծերունին ոչ միայն կարդալ գիտի, այլև կարդացել է այդ գիրքը։ Ինչ արած, եթե իսկապես ձանձրալի է՝ ժամանակ կա, կարելի է փոխել։

— Գիրքն այն մասին է, ինչ գրեթե բոլոր գրքերը,— շարունակեց ծերունին։— Այն մասին է, որ մարդն ինքը չի կարող ընտրել Սեփական Առասպելը։ Այս ամբողջ գիրքը գրված է հանուն այն բանի, որպեսզի բոլորը հավատան աշխարհի ամենամեծ ստին։

— Ո՞րն է աշխարհի այդ ամենամեծ սուտը,— զարմացավ Սանտյագոն։

— Ահա թե որը. ինչ-որ մի պահ մենք կորցնում ենք իշխանությունը մեր կյանքի նկատմամբ, և այն սկսում է կառավարել Առասպելը։ Կատարյալ սուտ է։

— Ինձ այդ բանը հասկանալը երևի դժվար է,— ասաց Սանտյագոն։— Ինձ, օրինակ, ուզում էին հոգևորական դարձնել, բայց ես հովվության գնացի։

— Շատ լավ,— նետեց ծերունին,— չէ՞ որ դու սիրում ես թափառել։

«Ոնց որ կարդա մտքերս»,— մտածեց պատանին։

Այդ ընթացքում ծերունին առանց շտապելու թերթում էր հաստ գիրքը, կարծես նպատակ չուներ վերադարձնել։ Նոր միայն Սանտյագոն նկատեց, որ ծերունին արաբական զգեստ է հագել, ընդ որում՝ դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկար։ Աֆրիկյան ափից Թւսրիֆը բաժանում էր լոկ մի նեղ պարանոց, որը կարելի էր կտրել մի քանի ժամում։ Արաբները հաճախ են լինում քաղաքում՝ ինչ-որ բան են գնում և օրվա մեջ մի քանի անգամ իրենց տարօրինակ աղոթքն են կատարում։

— Դուք որտեղացի եք,— հարցրեց պատանին ծերունուն։

— Բոլոր տեղերից։

— Այդպես չի լինում,— ընդդիմացավ պատանին։— Ոչ ոք չի կարող լինել ամեն տեղից։ Ես, օրինակ, հովիվ եմ, թափառամ եմ ամենուր, բայց ծնվել եմ մի տեղ, մի փոքրիկ քաղաքում, որտեղ սարի վրա հին ամրոց կա։

— Դե, ուրեմն, այդ դեպքում ես ծնվել եմ Սալիմում։

Սանտյագոն չգիտեր որտեղ է այդ քաղաքը, բայց չհարցրեց, որպեսզի ցույց չտա իր անգիտությունը։ Նա հայացքը հառեց հրապարակին, ուր մտախոհ տեսքով դեսուդեն էին գնում անցորդները։

— Ի՞նչ կա-չկա Սալիմում։

— Ինչպես միշտ։

Ոչ մի հուշող բան չկար։ Միայն պարզ էր, որ այդ քաղաքը Անդալուզիայում չէ, այլապես ինքը կճանաչեր։

— Իսկ Դուք այստեղ ինչով եք զբաղվում։

— Ինչով եմ զբաղվում,— ծերունին բարձրաձայն ծիծաղեց։ Ես Սալիմի թագավորն եմ։

«Երբեմն ինչ հիմարություններ են դուրս տալիս մարդիկ,— մտածեց պատանին,— արդարև, ավելի լավ է շփվես անլեզու ոչխարների հետ, որոնք ուտելուց և խմելուց զատ ոչինչ չեն ուզում։ Կամ գրքեր կարդաս՝ նրանք անհավանական պատմություններ են անում միայն այն ժամանակ, երբ ուզում ես լսել։ Իսկ մարդկանց հետ դժվար է. առանց մտածելու մի բան դուրս կտան, ու կմնաս շվարած նստած՝ չիմանալով ինչ պատասխանել»։

— Իմ անունը Մելքիսեդեկ է,— ասաց ծերունին,— քանի ոչխար ունես։

— Բավարար,— խուսանավեց Սանտյագոն։

— Իսկապե՞ս։ Ուրեմն իմ օգնությունը քեզ պետք չէ, քանի որ կարծում ես, թե քո ոչխարները բավարար են։

Պատանին իսկապես ջղայնացավ։ Նա ոչ մի օգնություն չի խնդրել։ Հենց ծերուկն ինքը նախ գինի խնդրեց, ապա գիրքը նայեց, հետո էլ զրույցի է քաշում։

— Գիրքս վերադարձրեք, իմ ճամփա ընկնելու ժամանակն է։

— Կտաս հոտիդ տասը տոկոսը՝ կասեմ ինչպես գտնես գանձը։

Պատանուն հանկարծ ամեն ինչ պարզ դարձավ։ Պառավ գնչուհին իրենից ոչինչ չվերցրեց, այնպես որ, ծերուկին, որը երևի նրա ամուսինն է, հավանաբար հատուկ ուղարկել է, որ գլուխը յուղելով՝ որքան հնարավոր է՝ շատ բան պոկի։

Բայց մինչ Սանտյագոն կհասցներ որևէ բան ասել, ծերունին մի շյուղ վերցրեց և սկսեց ավազի վրա ինչ-որ գծեր քաշել։ Երբ ծերունին կռացավ, նրա կրծքին մի բան այնպես պայծառ փայլեց, որ պատանին մի պահ կուրացավ։ Սակայն տարիքին ոչ պատշաճ արագությամբ վրա բերեց օձիքը, իսկ երբ Սանտյագոյի տեսողությունը վերականգնվեց՝ տեսավ ծերունու գծագիրը։ Փոքր քաղաքի գլխավոր հրապարակը ծածկող ավազի վրա կարդաց իր ծնողների անունները և իր ողջ կյանքի պատմությունը՝ մանկական խաղերից մինչև ճեմարանական պաղ գիշերները։ Նաև կարդաց մահուդագործի աղջկա անունը, որ առաջին անգամ էր լսում։ Կարդաց այն, ինչ ոչ ոքի երբեք չէր ասել՝ թե ինչպես մի անգամ առանց հարցնելու վերցրեց հոր հրացանը եղջերուի որս անելու համար, և թե ինչպես է առաջին ու միակ անգամ քնել կնոջ հետ։

«Ես Սալիմի թագավորն եմ»,— հիշեց ծերունու ասածը։

— Ինչու է թագավորը խոսում հովվի հետ,— հուզված և անհամարձակ հարցրեց Սանտյագոն։

— Դրա պատճառները մի քանիսն են, բայց ամենագլխավորն այն է, որ դու ընդունակ ես կերտել քո Սեփական Առասպելը։

Պատանին չգիտեր, թե ինչ բան է Սեփական Առասպելը։

— Բոլորը, քանի դեռ ջահել են, գիտեն, թե որն է իրենց Առասպելը։ Եվ կյանքի այդ շրջանում ամեն ինչ հասկանալի է, ամեն ինչ հնարավոր։ Նրանք չեն վախենում երազել և ձգտել այն ամենին, ինչ կուզենային անել կյանքում։ Բայց ժամանակի ընթացքում մի խորհրդավոր ուժ սկսում է նրանց համոզել, որ Սեփական Առասպելն իրականություն դարձնելն անհնար է։

Սանտյագոն այնքան էլ լավ չհասկացավ ծերունու խոսքերի իմաստը, բայց «խորհրդավոր ուժը» հետաքրքրեց նրան. մահուդագործի աղջկա բերանը բաց կմնա, երբ նրան պատմի։

— Այդ ուժը անբարյացակամ է թվում, բայց իրականում ցույց է տալիս այն ճանապարհը, որով կյանքի է կոչվում Առասպելը։ Նա դրան է պատրաստում մարդու ոգին ու կամքը։ Այս մոլորակում մի մեծ ճշմարտության կա՝ անկախ նրանից՝ ով ես դու և ինչ ես անում, եթե իսկապես մի բան ցանկանում ես, հասնում ես դրան, քանի որ այդ ցանկությունը հղացվել է Տիեզերքի հոգում։ Եվ հենց դա է մարդու կոչումը երկրի վրա։

— Նույնիսկ եթե ես ցանկանում եմ ընդամենը թափառել աշխարհեաշխարհ կամ ամուսնանալ կրպակատիրոջ աղջկա հե՞տ։

— Կամ գտնել գանձը։ Տիեզերքի հոգին սնվում է մարդկային երջանկությամբ։ Երջանկությամբ, բայց նաև՝ վշտով, նախանձով, խանդով։ Մարդը մեն-միակ պարտականություն ունի՝ հետևել Սեփական Առասպելին մինչև վերջ։ Ամեն ինչ մեկ ամբողջություն է։ Եվ հիշիր, եթե երբևիցե ինչ-որ բան ցանկանաս՝ ողջ Տիեզերքը նպաստելու է քո ցանկության կատարմանը։

Որոշ ժամանակ նրանք լուռ նայում էին հրապարակին և անցորդներին։ Լռությունն առաջինը ծերունին խզեց։

— Ուրեմն ինչո՞ւ ես որոշել ոչխար պահել։

— Քանի որ սիրում եմ թափառել։

Ծերունին ցույց տվեց հրապարակի անկյունում եգիպտացորենի փքած հատիկներ վաճառողին։

— Մանուկ ժամանակ նա էլ է երազել թափառել։ Հետո որոշել է եգիպտացորեն վաճառել և փող հավաքել։ Հետո, երբ ծերանա՝ մի ամիս անց է կացնելու Աֆրիկայում։ Նրան տրված չէ հասկանալ, որ մարդը միշտ ամեն ինչ ունի, որպեսզի իր երազանքն իրականություն դարձնի։

— Ավելի լավ կլիներ հովվության գնար,— ասաց Սանտյագոն։

— Նա խորհել է այդ բանը։ Բայց հետո որոշել է, որ ավելի լավ է առևտրով զբաղվի։ Վաճառականը գլխին ծածկ ունի, իսկ հովիվը գիշերում է բաց երկնքի տակ, մյուս կողմից՝ հարսնացուների ծնողները գերադասում են, որ իրենց փեսան վաճառական լինի, այլ ոչ՝ հովիվ։

Սանտյագոն հիշեց մահուդագործի աղջկան և ծակոց զգաց սրտում։ Հավանաբար նրա քաղաքում էլ սրա նման մի վաճառական է թափառում։

— Ստացվում է, որ մարդկանց կարծիքն ավելի կարևոր է, քան Սեփական Առասպելը։

Ծերունին դեռ թերթում էր գիրքն ու երևի կարդալով էր ընկել։ Սանտյագոն երկար սպասեց, հետո, համենայնդեպս, որոշեց ծերունան շեղել ընթերցանությունից, չէ՞ որ նա էլ նույնն էր արել իր հետ։

— Իսկ Դուք ինչո՞ւ եք այդ բաներն ինձ ասում։

— Քանի որ փորձում էիր հետևել քո Առասպելին։ Բայց հիմա պատրաստ ես նահանջել։

— Եվ Դուք միշտ հայտնվում եք նման պահերի՞ն։

— Մի՛շտ։ Ընդ որում, կարող եմ երևալ նաև այլ մարմնավորմամբ։ Երբեմն՝ ճիշտ որոշման տեսքով, երբեմն՝ հաջող մտքի ձևով։ Երբեմն էլ վճռական պահերին հուշում եմ դժվար կացությունից դուրս գալու ելքը։ Եվ այսպես շարունակ։ Բայց սովորաբար մարդիկ դա չեն նկատում։

Եվ ծերունին պատմեց, թե ինչպես անցյալ շաբաթ ինքը ստիպված է եղել մի հանքախույզի երևալ քարի տեսքով։ Ինչ-որ ժամանակ այդ մարդն ամեն ինչ թողնելով սկսել է զմրուխտ փնտրել։ Հինգ տարի աշխատել է գետի ափին և 999999 քար է ճեղքել՝ գոնե մի փոքր թանկարժեք հատիկ ձեռք բերելու հույսով։ Եվ ահա հուսահատվել է ու որոշել հրաժարվել իր երազանքից, իսկ նրան եղած-չեղած ընդամենը մի քար էր մնացել ճեղքել, որ գտներ իր զմրուխտը։ Եվ ահա ծերունին որոշում է օգնության հասնել գանձախույզին, որն այդպես համառորեն գնում էր իր Առասպելի ետևից։ Քարի տեսք ստանալով՝ ծերուկը գլորվում է նրա ոտքերի տակ, բայց հնգամյա անօգուտ աշխատանքից կատաղած ու հուսահատված գանձախույզը քարից երես թեքած՝ ոտքով այն մի կողմ է շպրտում։ Սակայն հարվածի մեջ այնպիսի ուժ է դնում, որ քարը թռչելով դիպչում է մի ուրիշ քարի, ջարդվում, և արևի տակ փայլատակում է աշխարհի ամենագեղեցիկ զմրուխտը։

— Մարդիկ, ինչպես իրենց է թվում, շատ շուտ են գիտակցում իրենց կյանքի իմաստը,— ասաց ծերունին, ու Սանտյագոն նրա աչքերում վիշտ նկատեց։— Գուցե հենց այդ պատճառով այդքան շուտ էլ հրաժարվում են նրանից։ Այդպես է ստեղծված աշխարհը։

Այստեղ պատանին հիշեց, որ իրենց խոսակցությունն սկսվել է գանձից։

— Գանձերը երկրի մակերևույթ են դուրս բերում գետերն ու առուները, և հենց իրենք էլ թաքցնում հողի ընդերքում,— ասաց ծերունին։— Իսկ եթե ուզում ես քո գանձի մասին ավելի մանրամասն իմանալ, ինձ տուր քո հոտի յուրաքանչյուր տասներորդ ոչխարը։

— Ավելի լավ չէ՞ գտնելիքիս տասը տոկոսը։

— Խոստանալ այն, ինչ չունես՝ նշանակում է ռիսկի ենթարկել ունենալու իրավունքը,— կշտամբանքով ասաց ծերունին։

Այդժամ Սանտյագոն ասաց, որ գնչուհուն էլ է տասներորդ մաս խոստացել։

— Գնչուները գիտեն իրենց օգուտը,— հառաչեց ծերունին։— Ինչ էլ լինի, քեզ համար օգտակար է իմանալ, որ այս աշխարհում ամեն ինչ իր գինն ունի։ Հենց դա են ջանում սովորեցնել Լույսի Զինվորները։

Նա Սանտյագոյին պարզեց գիրքը։

— Վաղն այս նույն ժամին ինձ կտաս քո հոտի տասներորդ մասը։ Այդ ժամանակ քեզ կասեմ ինչպես գտնես գանձը։

Եվ չքացավ հրապարակի անկյուններից մեկում։

Սանտյագոն փորձեց կրկին խորասուզվել գրքի մեջ, բայց չկարողացավ՝ ոչ մի կերպ չէր հաջողվում կենտրոնանալ։ Նա խռովված էր խոսակցությունից, քանի որ զգում էր՝ ծերունին ճիշտ է ասում։ Մոտեցավ վաճառականին, մի քիչ եգիպտացորեն գնեց, մտածեց՝ ասե՞լ, թե ինչ էր խոսում ծերունին նրա մասին և որոշեց, որ չարժե։ «Երբեմն լավ է ամեն ինչ թողնել ինչպես որ կա,— մտածեց նա։— Գուցե վաճառականը նույնպես, որ սովորել է իր գործին, երեք օրուգիշեր մտածելու է՝ չթողնի՞ արդյոք իր աշխատանքը։ Ազատեմ նրան այդ հոգսից»:

Եվ Սանտյագոն քայլեց ուր աչքը կտրի, մինչև որ հայտնվեց նավահանգստում, մի փոքրիկ պատուհանով շինության առաջ։ Այստեղ Աֆրիկա մեկնող շոգենավի տոմս էին վաճառում։ Չէ՞ որ հենց Աֆրիկայում է Եգիպտոսը։

— Ձեզ ի՞նչ է հարկավոր,— հարցրեց տոմսավաճառը։

— Երևի վաղը տոմս գնեմ,— պատասխանեց Սանտյագոն ու հեռացավ։

«Ընդամենը մի ոչխար վաճառես՝ արդեն նեղուցի մյուս ափին ես»։ Այդ միտքը նրան հուզեց։ Իսկ տոմսավաճառն իր օգնականին ասաց.

— Եվս մի երազող։ Ուզում է ճամփորդել, իսկ գրպանները դատարկ են։

Մինչ Սանտյագոն կանգնած էր տոմսարկղի մոտ, հիշեց իր ոչխարներին և հանկարծ նրանց մոտ վերադառնալու անզսպելի ցանկություն զգաց։ Երկու տարի անընդմեջ յուրացրել էր հովվության արհեստը և հասցրել կատարելության՝ գիտեր խուզ անել, ծնեցնել ոչխարներին ու պաշտպանել գայլերից։ Իր հինգ մատի պես ճանաչում էր Անդալուզիայի արոտավայրերը, գիտեր նաև ցանկացած ոչխարի առ ու ծախի ճշգրիտ գինը։

Դեպի ընկերոջ մարագը, ուր նրան էր սպասում իր հոտը, Սանտյագոն որոշեց գնալ ամենաերկար ճանապարհով։ Այդ քաղաքն էլ իր ամրոցն ուներ, և պատանին որոշեց բարձրանալ սալահատակ ճամփով ու նստել նրա պարսպի վրա։ Այնտեղից նա կարող էր տեսնել Աֆրիկան։ Ւնչ-որ մեկը նրան մի ժամանակ ասել էր, որ անհիշելի ժամանակներում այն կողմից ծովը կտրել և գրեթե ամբողջ Իսպանիան երկար ժամանակ հպատակեցրել են մավրերը։ Սանտյագոն մավրերին տանել չէր կարողանում. հավանաբար հենց նրանք էլ այստեղ են բերել գնչուներին։

Պարսպի վրայից, շուկայի հրապարակով հանդերձ, ուր քիչ առաջ զրուցում էր ծերունու հետ, քաղաքը երևում էր ինչպես ափի մեջ։

«Անիծվի այն ժամը, երբ նա ինձ հանդիպեց»,— մտածեց պատանին։ Ինքը փնտրել էր գնչուհուն միայն այն բանի համար, որ նա մեկնաբանի իր երազը։ Բայց ոչ ծերունին, ոչ էլ գնչուհին կարծես թե նշանակություն չէին տալիս այն պարզ փաստին, որ ինքը մի հասարակ հովիվ է։

Այդ միայնակ ու հավատը կորցրած մարդիկ երևի չեն հասկանում, որ չկա մի հոտաղ, որ հոգով կապված չլինի իր ոչխարներին։ Իսկ Սանտյագոն ամեն մեկի մասին գիտեր ամեն ինչ և ամենայն մանրամասնությամբ՝ մեկը կաղում է, մյուսը երկու ամսից սերունդ է տալու, իսկ ա՜յ էն մեկը լրիվ ծույլ է։ Նա կարողանում է և՛ խուզել, և՛ մորթել նրանց։ Եթե որոշի գնալ, ոչխարներն առանց իրեն կտխրեն և կհուսահատվեն։

Քամի բարձրացավ։ Նա ճանաչում էր այդ քամին, մարդիկ դրան «լևանտական» են ասում, քանի որ այն փքեցնում էր Լևանտից՝ միջերկրականի արևելյան կողմից եկող անհավատ հրոսակախմբերի առագաստները։

Մինչ Թարիֆ գալը պատանու մտքով չէր էլ անցնում, որ աֆրիկյան ափն այդքան մոտ է։ Վտանգավոր հարևանություն՝ մավրերը կարող են նորից ներխուժել։ Քամին ուժեղացավ։ «Հո երկու կես չե՞մ լինելու ոչխարների և գանձի արանքում»,— մտածեց Սանտյագոն։ Հարկավոր է ընտրություն կատարել այն բանի միջև, ինչին վարժվել ես և նրա՝ ինչը ձգում է։ Բայց չէ որ կա նաև մահուդագործի աղջիկը, բայց ոչխարներն ավելի կարևոր են, քանի որ իրենից կախվածության մեջ են, իսկ աղջիկը՝ ոչ։ Արդյոք նա իրեն հիշում է։ Պատանին համոզված էր՝ աղջիկը չի էլ նկատի իր բացակայությունը, եթե ինքը երկու օր հետո չհայտնվի, քանի որ նրա համար բոլոր օրերը միանման են, իսկ երբ մի օրը նման է մյուսին՝ մարդիկ դադարում են նկատել այն լավը, որ տեղի է ունենում իրենց կյանքում ամեն օր արևը ծագելուց հետո։ «Ես թողել եմ հորս, մորս և հայրենի գյուղի ամրոցը,— մտածեց նա,— նրանք վարժվել են իմ կարոտով ապրելուն, ես էլ եմ վարժվել։ Ուրեմն ոչխարներն էլ կվարժվեն իմ բացակայությանը»։

Բարձունքից նորից նայեց հրապարակին։ Եգիպտացորենի բուռն առևտուր էր գնում, իսկ այն նստարանին, ուր զրուցել էր ծերունու հետ, հիմա մի զույգ համբուրվում էր։ «Վաճառականը...»,— մտածեց Սանտյագոն, բայց չհասցրեց միտքն ավարտել, ուղիղ երեսին խփեց լևանտականի նոր պոռթկումը։

Այդ քամին, ճիշտ է, իր հետ բերել էր մավրերին, սակայն բերում էր նաև անապատի և չադրայի տակ թաքնված կանանց բույրը։ Նա իր հետ բերում էր այն մարդկանց քրտնքի և երազանքի հոտը, ովքեր մի օր ճամփա էին ընկել փնտրելու անծանոթ աշխարհներ, որոնելու արկածներ ու ոսկի, հասնելու բուրգերին։

Պատանին նախանձեց քամու ազատությանը և զգաց, որ կարող է նմանվել նրան։ Ոչ ոք կանգնած չէ իր ճանապարհին՝ իրենից բացի։ Ոչխարները, մահուդագործի աղջիկը, Անդալուզիայի դաշտերը... սրանք բոլորն իր Սեփական Առասպելի աստիճաններն են լոկ։

Հաջորդ օրը նա հրապարակ եկավ՝ բերելով վեց ոչխար։

— Զարմանալի բան,— ասաց ծերունուն,— իմ ընկերը առանց սակարկելու գնեց ամբողջ հոտը և ասաց, որ ամբողջ կյանքում երազել է հովիվ դառնալ։ Լավ նշան է։

— Միշտ այդպես է լինում,— պատասխանեց ծերունին,— դա կոչվում է Բարենպաստ սկիզբ։ Եթե դու, օրինակ, կյանքում առաջին անգամ նստեիր թղթախաղի, գրեթե անվիճելիորեն կշահեիր։ Սկսնակների բախտը բերում է։

— Իսկ ինչո՞ւ է այդպես լինում։

— Քանի որ կյանքն ուզում է, որ հետևես Սեփական Առասպելին և ախորժակդ գրգռում է հաջողության համով։

Ապա ծերունին սկսեց նայել ոչխարներին ու պարզեց, որ մեկը կաղում է։ Պատանին բացատրեց, որ դա ոչ մի նշանակություն չունի, քանի որ հոտի ամենախելոք ոչխարն է և բացի այդ, շատ բուրդ է տալիս։

— Դե ասա՛, որտե՞ղ փնտրեմ գանձը,— հարցրեց նա։

— Եգիպտոսում, բուրգերի մոտ։

Սանտյագոն ապշեց։ Նույն բանն ասաց գնչուհին, միայն թե նա ոչինչ չվերցրեց։

— Դու ճանապարհը կգտնես այն նշանով, որով Տերը նախանշում է յուրաքանչյուրի Ուղին այս աշխարհում։ Միայն պետք է կարողանաս կարդալ այն, ինչ գրված է քեզ համար։

Սանտյագոն չէր հասցրել պատասխանել, երբ նրա և ծերունու միջև մի թիթեռ հայտնվեց։ Պատանին հիշեց պապին, որը երեխա ժամանակ ասում էր, թե թիթեռները հաջողություն են բերում։ Այնպես, ինչպես լուսատտիկը, կրիան կամ քառաթերթիկ երեքնուկը։

— Այո, իսկապես,— նրա մտքերին ի պատասխան ասաց ծերունին։— Ամեն ինչ այնպես է, ինչպես ասել է պապդ։ Հենց դրանք են այն նախանշանները, որոնց շնորհիվ ճանապարհից չես շեղվի։

Այդ բառերն արտասանելով՝ ծերունին ետ գցեց կուրծքը ծածկող թիկնոցի եզրը, և ցնցված Սանտյագոն հիշեց, թե ինչպես նախորդ օրն իրեն կուրացրել էր նույն շլացուցիչ փայլը։ Զարմանալի չէր. ծերունին կրում էր ոսկուց ձուլված, թանկարժեք քարերով զարդարուն կրծքակալ։ Ուրեմն նա իսկապես թագավոր է, իսկ զգեստափոխվել է, որպեսզի պաշտպանվի ավազակների հարձակումից։

— Վերցրու,— ասաց ծերունին և կրծքակալի վրայից երկու՝ սպիտակ ու սև քար հանելով՝ մեկնեց Սանտյագոյին։— Սրանք կոչվում են Ուրիմ և Թումիմ։ Սպիտակը նշանակում է «այո», սևը՝ «ոչ»։ Երբ նախանշաններից գլուխ չհանես, նրանք քեզ կօգնեն։ Նրանց միշտ խելամիտ հարցեր տուր։ Իսկ ընդհանրապես,— շարունակեց նա,— աշխատիր որոշումներ ընդունել ինքնուրույն։ Դու արդեն գիտես, որ գանձը գտնվում է բուրգերի մոտ, իսկ վեց ոչխարը ես վերցրի նրա համար, որ քեզ օգնեցի որոշում կայացնել։

Պատանին քարերը դրեց մախաղի մեջ։ Այժմ և հետայսու նա պետք է որոշումներ ընդուներ սեփական խելքով ու մտքով։

— Մի՛ մոռացիր, որ աշխարհում ամեն ինչ մի ամբողջություն է։ Մի՛ մոռացիր նախանշանների լեզուն։ Եվ ամենագլխավորը՝ մի՛ մոռացիր, որ պետք է մինչև վերջ գնաս քո Սեփական Առասպելի ետևից։ Իսկ մինչ այդ քեզ մի կարճ պատմություն կանեմ։

«Մի վաճառական երջանկության գաղտնիքն իմանալու համար որդուն ուղարկում է Իմաստունի մոտ։ Քառասուն օր պատանին քայլում է անապատով, մինչև որ սարի վրա տեսնում է մի հրաշալի ամրոց։ Այնտեղ էլ ապրում էր նրա փնտրած Իմաստունը։

Սպասածին հակառակ՝ ամրոցը բոլորովին էլ նման չէր առաքյալի մեկուսացված կացարանի՝ մարդաշատ էր. վաճառականները ներսուդուրս էին անում, ոմանք անկյուններում կանգնած զրուցում էին, փոքր նվագախումբը նրբահունչ մեղեդիներ էր նվագում, իսկ սրահի կենտրոնում ճոխ սեղան էր բացված՝ լեցուն աշխարհի այդ շրջանին հատուկ հազվագյուտ ճաշակելիքներով։

Իմաստունը զրուցում էր բոլոր հյուրերի հետ, և պատանին ստիպված էր երկու ժամ սպասել՝ մինչև կհասներ իր հերթը։

Վերջապես նա ուշադիր լսում է տղայի ցանկությունը, սակայն ասում է, որ հիմա ժամանակ չունի բացելու երջանկության գաղտնիքը։ Թող պատանին զբոսնի ամրոցում և երկու ժամ հետո վերադառնա այդ նույն սրահը։

«Ու նաև մի խնդրանք,— ասում է Իմաստունը՝ պատանուն մեկնելով մի թեյի գդալ՝ մեջը երկու կաթիլ յուղ,— հետդ տար այս գդալը և տես՝ յուղը չթափես»։ Պատանին աչքը գդալից չկտրելով՝ բարձրանում֊իջնում է ամրոցի աստիճաններով ու երկու ժամ անց վերադառնում Իմաստունի մոտ։

«Հը՞,— հարցնում է,— քեզ դուր եկա՞ն իմ ճաշասրահի պարսկական գորգերը, պարտեզի ծառերն ու ծաղիկները, որոնք հմուտ վարպետները խնամել են ուղիղ տասը տարի։ Դուր եկա՞ն իմ գրադարանի հին պապիրուսներն ու մագաղաթները»։

Պատանին ամոթահար պատասխանում է, որ ինքը ոչ մի բան չի տեսել, քանի որ ամբողջ ուշադրությունը գամված է եղել այն երկու կաթիլ յուղին, որը նրան վստահել էր տերը։

«Ետ դարձիր և տես իմ տան բոլոր հրաշալիքները,— ասում է Իմաստունը։— Դու չես կարող վստահել մի մարդու, որի տանն ու նիստուկացին ծանոթ չես»։ Գդալը ձեռքին՝ պատանին կրկին քայլում է ապարանքի սրահներով ու միջանցքներով։ Այս անգամ նա այնքան էլ կաշկանդված չէր և կարողանում է դիտել արվեստի բոլոր այն հազվագյուտ նմուշները, որոնք կախված էին դահլիճների առաստաղներից ու պատերից։ Նա տեսնում է ծաղկանոցները և նրանց շրջապատող լեռները, հիանում ծաղիկների նրբագեղությամբ, այն կատարելությամբ, որով դասավորված էին գեղանկարներն ու արձանները։

«Իսկ ո՞ւր է այն երկու կաթիլ յուղը, որը ես խնդրել էի չթափել»,— հարցնում է Իմաստունը։

Եվ այստեղ պատանին տեսնում է, որ յուղը թափել է։

«Ահա, դա էլ միակ խորհուրդն է, որ քեզ կարող եմ տալ,— ասում է Իմաստուններից իմաստունը։— Երջանկության գաղտնիքն այն է, որ տեսնես այն ամենը, ինչով հրաշալի ու փառահեղ է աշխարհը, և այդ միջոցին երբեք չմոռանաս թեյի գդալում եղած երկու կաթիլ յուղը»։

Սանտյագոն զրույցը լսելով՝ երկար լռեց։ Նա հասկացավ, թե ինչ է ուզում ասել ծերունին։ Հովիվը սիրում է թափառել, բայց երբեք չի մոռանում իր ոչխարներին։ Սևեռուն նայելով Սանտյագոյին՝ Մելքիսեդեկ արքան ձեռքերը միացրեց իրար և նրա գլխավերևում տարօրինակ մի շարժում արեց։ Իսկ հետո ոչխարներն առնելով՝ գնաց իր ճանապարհով։

Թարիֆ փոքրիկ քաղաքի մոտ վեր է խոյանում դեռևս մավրերի կողմից կառուցված մի հին ամրոց։ Եթե բարձրանաս աշտարակ՝ այնտեղից կտեսնես քաղաքի հրապարակը, եգիպտացորեն վաճառողի սայլակը և աֆրիկյան ափի մի կտոր։ Եվ ահա այդ օրը, դեմքը քամուն պարզած, պարսպին նստել էր Մելքիսեդեկը՝ Սալիմի արքան։ Ոչխարները իրենց կյանքում կատարված այդքան փոփոխություններից տագնապած, իրար հպված մի գունդ էին դարձել նոր տիրոջից քիչ հեռու։ Գլխավորը, որ նրանց, ինչպես առաջ, հետաքրքրում էր՝ սնվելն էր։

Նայելով արդեն մեկնելու պատրաստ ոչ մեծ նավին՝ Մելքիսեդեկը մտածեց, որ այլևս երբեք չի տեսնի պատանուն, ինչպես ոչ մի անգամ չտեսավ Աբրահամին, նրանից տասանորդը գանձելուց ի վեր։

Աստվածները չպետք է ցանկություններ ունենան, քանի որ նրանք չունեն իրենց Սեփական Առասպելը։ Համենայնդեպս, Մելքիսեդեկը հոգու խորքում թաքուն ցանկանում էր, որ Սանտյագո անունով պատանուն ուղեկից լինի հաջողությունը։

«Ափսո՜ս, որ նա անմիջապես մոռանալու է իմ անունը,— մտածեց նա,— պետք է կրկնեի անունս, որպեսզի ինձ՝ անհայտ ծերուկիս անվաներ «Մելքիսեդեկ, Սալիմի արքա»։

Նա հայացքը երկինք հառեց և կեսմեղա արտաբերեց.

— Ես գիտեմ, Տե՛ր, որ իմ այս ցանկությունը ընդամենը մի «Ունայնություն է ունայնությանց», ինչպես ասել ես։ Բայց ծեր արքան էլ երբեմն կարող է հպարտանալ իրենով։

«Զարմանալի տեղ է այս Աֆրիկան»,– մտածեց Սանտյագոն։

Նա նստել էր մի փոքրիկ ճաշարանում, որոնցից շատ էին հանդիպում այդ քաղաքի նեղ փողոցներում։ Մի քանի մարդ, իրար փոխանցելով, մի հսկայական չիբուխ էին ծխում։ Այստեղ եղած ժամերի ընթացքում նա տեսել էր իրար ձեռք բռնած քայլող տղամարդկանց, երեսները ծածկած կանանց, հոգևորականների, որոնք բարձրանալով երկարաձիգ աշտարակները՝ երգեցիկ ձայնով ինչ-որ բան էին գոչում, իսկ ներքևում բոլորը չոքում էին և ճակատները խփում գետնին։ «Անհավատների սովորություն է»,— ասաց ինքն իրեն։

Մանուկ ժամանակ նա իրենց գյուղական եկեղեցում տեսել էր Սուրբ Հակոբի նկարը. մավրերին հաղթողը պատկերված էր սպիտակ ձին նստած, մերկացրած սուրը ձեռքին, իսկ նրա ոտքերի տակ երեսնիվայր փռված էին մարդիկ՝ հար ու նման այս ճաշարանում նստածներին։ Պատանին իրեն վատ էր զգում և սարսափելի մենակ։ Միաժամանակ՝ մեկնումի թոհուբոհի մեջ նա բոլորովին անտեսել էր մի հանգամանք, որը կարող էր երկար ժամանակ փակել դեպի գանձը տանող նրա ճանապարհը։ Այդ երկրում բոլորը խոսում էին արաբերեն։

Նրան մոտեցավ տերը, և Սանտյագոն խնդրեց իր համար բերել այն խմիչքից, ինչ մատուցվում էր կողքի սեղանին։ Պարզվեց՝ դառնավուն թեյ է։ Պատանին կգերադասեր գինի։

Ինչևէ, այդ ամենը նշանակություն չուներ՝ հարկավոր էր մտածել միայն գանձի և դրան հասնելու մասին։ Ոչխարների վաճառքից ահագին փող էր վաստակել, որը հիմա գրպանում էր և հասցրել էր ցույց տալ իր մոգական ուժը՝ նրանց հետ մարդ իրեն այնքան էլ միայնակ չի զգում։ Շատ շուտով, ընդամենը մի քանի օր անց, նա արդեն կլինի բուրգերի մոտ։ Ծերունին կես դյուժին ոչխարի համար դժվար թե խաբեր իրեն։

Նա նախանշաններից էր խոսում, և Սանտյագոն, մինչ անցնում էր նեղուցը, անընդհատ դրանց մասին էր մտածում։ Ինքը հասկանում էր, թե ինչի մասին է խոսքը. Անդալուզիայում թափառելով՝ պատանին սովորել էր ճանաչել այն նշանները, որոնցով կռահում էր երկրի վրա և երկնքում կատարվելիք երևույթները։ Թռչունը կարող է իրազեկել, որ ինչ-որ տեղ օձ է թաքնված, թփուտը ցույց էր տալիս, որ մոտակայքում առու կամ գետ կա։ Այդ ամենը նրան սովորեցրել էին ոչխարները։ «Եթե Տերն է նրանց առաջնորդում, ուրեմն ինձ էլ թույլ չի տա ճանապարհից շեղվել»,— մտածեց Սանտյագոն և մի քիչ հանգստացավ։ Նույնիսկ թվաց՝ թեյը այնքան էլ դառը չէ։

— Դու ո՞վ ես,— հանկարծ իսպաներեն խոսք լսեց։

Սանտյագոն թեթևացած շունչ քաշեց. նա մտածում էր նախանշանների մասին, և ահա տրված է նշանը։ Նրան ձայն տվողը մոտավորապես իր տարիքին էր, հագնված էր եվրոպական ոճով, միայն մաշկի գույնից էր երևում, որ տեղացի է։

— Դու որտեղի՞ց գիտես իսպաներեն,— հարցրեց Սանտյագոն։

— Այստեղ գրեթե բոլորը գիտեն։ Իսպանիան երկու ժամվա ճանապարհի վրա է։

— Նստիր։ Ես ուզում եմ քեզ հյուրասիրել։ Ինձ ու քեզ համար գինի պատվիրիր։ Թեյն իմ ճաշակով չէ։

— Այս երկրում գինի չեն խմում,— պատասխանեց նա։— Հավատն արգելում է։

Այդժամ Սանտյագոն հայտնեց, որ իրեն հարկավոր է հասնել բուրգերի մոտ։ Նա քիչ էր մնում շաղակրատեր գանձերի մասին, բայց ժամանակին լեզուն կծեց։ Արաբն այնտեղ հասցնելու համար որպես վճար կպահանջեր դրա մի մասը։ Նա հիշեց ծերունու խոսքը. «Չի կարելի խոստանալ այն, ինչ քեզ չի պատկանում»։

— Դու չե՞ս կարող ինձ բուրգերի մոտ հասցնել։ Ես դրա համար քեզ կվճարեմ։

— Իսկ դու գոնե հասկանո՞ւմ ես՝ որտեղ են բուրգերը։

Սանտյագոն նկատեց, որ ճաշարանի տերն ընդհուպ մոտեցել և ուշադիր ականջ է դնում խոսակցությանը։ Նրա ներկայությամբ խոսել չարժեր, բայց վախենամ էր կորցնել այդքան հաջող գտնված ուղեկցին։

— Դու ստիպված կլինես կտրել անցնել ամբողջ Սահարան,— ասաց վերջինս։— Իսկ դրա համար փող է պետք։ Ունե՞ս։

Սանտյագոյին այդ հարցը զարմացրեց։ Բայց նա հիշեց ծերունու խոսքերը՝ «Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ամբողջ Տիեզերքը նպաստում է, որ քո ցանկությունը կատարվի»։ Իր գրպանից փողը հանելով՝ ցույց տվեց արաբին։ Ճաշարանի տերը էլ ավելի մոտեցավ, իսկ հետո պատանու հետ արաբերեն մի քանի բառ փոխանակեց։ Սանտյագոյին թվաց, թե ճաշարանատերը ինչ-որ բանի վրա ջղայնանում է։

— Հեռանանք այստեղից,— ասաց պատանին։— Նա չի ուզում, որ մենք այստեղ նստենք։

Սանտյագոն ուրախությամբ ելավ և ուզում էր հաշիվը փակել, բայց ճաշարանատերը բռնեց նրա թևը և սկսեց ինչ-որ բան ասել։ Սանտյագոյի ուժը պատում էր նրա ձեռքից ազատվելու, բայց օտար երկրում էր և չգիտեր, ինչպես իրեն պահի նման դեպքերում։ Բարեբախտաբար, նոր ծանոթը հրեց նրան և Սանտյագոյին դուրս քաշեց ճաշարանից։

— Նա ուզում էր խլել փողերդ։ Թանժերը նման չէ աֆրիկյան մյուս քաղաքներին։ Սա նավահանգիստ է, իսկ այն միշտ լիքն է խաբեբաներով։

Նրան կարելի է վստահել։ Նա իրեն օգնեց կրիտիկական պահին։ Սանտյագոն նորից գրպանից հանեց փողը և սկսեց հաշվել։

— Կարող ենք հենց վաղը ճանապարհվել դեպի բուրգերը,— ասաց արաբը։— Բայց նախ հարկավոր է երկու ուղտ գնել։

Եվ նա Սանտյագոյի ձեռքից վերցրեց քսակը։ Նրանք քայլեցին Թանժերի նեղլիկ փողոցներով, որոնք խճողված էին ամեն տեսակի առևտրական կրպակներով և հայտնվեցին բազմահազար մարդկանցով լի շուկայի հրապարակում։ Այստեղ մարդիկ սակարկում էին, առնում ու ծախում, կանաչեղենի և մրգի կողքին շարված էին թրեր ու դանակներ, գորգերի վրա սփռված էին բազմատեսակ ծխամորճեր։ Սանտյագոն աչքը ուղեկցից չէր կտրում. իր ամբողջ փողը տվել էր նրան։ Կուզենար ետ վերցնել, բայց աննրբանկատություն էր համարում։ Նրա համար անհասկանալի էր այս երկրի վարքուբարքը։ «Ոչինչ, չէ՞ որ ես ուշադիր հետևում եմ նրան ու ավելի ուժեղ եմ»։ Հանկարծ ապրանքների այդ խառնիճաղանջի մեջ մի թուր նկատեց, որից գեղեցիկը չէր տեսել կյանքում. պատյանը՝ արծաթից էր, երախակալը՝ սև, զարդարված թանկարժեք քարերով։ Սանտյագոն որոշեց, որ Եգիպտոսից վերադառնալուց հետո այդ թուրն անպայման պիտի գնի։

— Հարցրու՝ ի՞նչ արժե,— չշրջվելով՝ ասաց իր ուղեկցին։

Ու այդ պահին հասկացավ, որ թրին երկու վայրկյան նայելով՝ շեղել է ուշադրությունը։ Սիրտը մարեց։ Նա վախենում էր շրջվել, քանզի գիտեր, թե ինչ է տեսնելու։ Եվս մի քանի ակնթարթ հայացքը սրին էր, ապա համարձակություն հավաքեց և շրջեց գլուխը։

Շուրջը գվվում-բվվում էր շուկան, դարս-դարս շարված էին տարատեսակ ապրանքներ, մարդիկ առնում էին ու ծախում, մուշտարի էին կանչում ու համոզում, խալին խառնվել էր ընկույզի, պղնձե սկուտեղը՝ կաղամբի հետ, կանայք՝ չադրաներով, տղամարդիկ՝ ձեռք ձեռքի անցուդարձ էին անում, անծանոթ ճաշերի բույրը բռնել էր երկինքը, ու միայն մեկն էր, որ չկար՝ իր ոչ վաղեմի ուղեկիցը, որն ասես գետնի տակ էր անցել։

Սանտյագոն սկզբում դեռևս իրեն համոզում էր, որ իրար պատահաբար են կորցրել ամբոխի մեջ և որոշեց մնալ տեղում՝ գուցե վերադառնա։ Անցավ որոշ ժամանակ, բարձր աշտարակից մեկը երգեցիկ ձայնով ինչ-որ բան գոռաց, ու բոլորը երեսնիվայր փռվեցին, գլուխները զարկեցին գետնին և նույնպես երգեցին։ Ւսկ հետո ժրաջան մեղուների պես ապրանքը հավաքեցին, խանութներն ու կրպակները փակեցին։ Շուկան դատարկվեց։

Արևը նույնպես սկսեց հեռանալ երկնքից. Սանտյագոն երկար հետևեց նրան, մինչև որ անհայտացավ շուկան բոլորող տների սպիտակ տանիքների ետևում։ Նա հիշեց, որ երբ նույն արևը ծագում էր, ինքը դեռևս այլ աշխարհամասում էր, հովիվ էր, ուներ վաթսուն ոչխար և մահուդագործի աղջկա հետ հանդիպման էր սպասում։ Ու նախապես, դեռ առավոտից, իրեն հայտնի էր, թե ինչ է լինելու ոչխարը արոտի քշելուց հետո։

Իսկ այժմ՝ նույն օրվա մայրամուտին, մի այլ երկրում է, օտար է օտարների մեջ և նույնիսկ չգիտի այն լեզուն, որով խոսում են։ Նա այլևս հովիվ չէ, ամեն ինչից զրկվել է, առաջին հերթին՝ փողից, ուրեմն՝ նաև չի կարող վերադառնալ և ամեն ինչ սկսել նորից։

«Եվ այդ ամենը տեղի ունեցավ արևածագից մայրամուտ»,— մտածեց պատանին։ Ինքն իրեն խղճաց ու դառը մորմոքեց, որ իր կյանքն այդպես անսպասելի և կտրուկ փոխվեց։

Լաց լինելն ամոթ էր։ Նա ամաչում էր նույնիսկ իր ոչխարների առաջ լացել։ Սակայն շուկան արդեն դատարկ էր, իսկ ինքը՝ մենակ ու հայրենիքից հեռու։

Եվ Սանտյագոն լացեց։ Մի՞թե Տերը այդքան դաժան է նրանց նկատմամբ, ովքեր հավատում են ընդամենը իրենց երազներին։

«Երբ ես ոչխար էի պահում՝ երջանիկ էի և երջանկություն էի սփռում շուրջս։ Մարդիկ ուրախանում էին, երբ այցելում էի իրենց և ընդունում էին թանկագին հյուրի պես։ Իսկ հիմա ես տխուր եմ ու դժբախտ։ Եվ չգիտեմ ինչ անել։ Կդառնամ մաղձոտ ու թերահավատ և բոլորին կկասկածեմ միայն այն պատճառով, որ մեկն ինձ խաբել է։ Ես կատեմ նրան, ով կկարողանա գտնել իր գանձը, քանզի ես չգտա իմը։ Ես կկառչեմ այն չնչինից՝ ինչ ունեմ, քանզի չափազանց փոքր եմ աշխարհին հասնելու համար»։ Նա բացեց իր հովվական պայուսակը՝ տեսնելու ուտելու բան մնացե՞լ է, բայց գտավ լոկ հաստափոր գիրքը, թիկնոցը և ծերունու տված երկու քարը։ Եվ քարերը տեսնելով՝ Սանտյագոն մեծագույն թեթևություն զգաց։ Չէ՞ որ նա վեց ոչխարը փոխանակել էր երկու թանկարժեք, ոսկե կրծկալից հանված քարի հետ։ Եթե դրանք ծախեր՝ կարող էր տոմս առնել ու վերադառնալ։

«Բայց այս անգամ ես ավելի խելոք կլինեմ»,— մտածեց նա՝ քարերը պայուսակից հանելով և թաքցնելով գրպանում։ Չէ՞ որ սա նավահանգիստ է, իսկ միակ ճշմարտությունը, որ ասել էր իրեն կողոպտողը այն էր, որ դրանք միշտ լիքն են գողերով։

Սանտյագոն նոր միայն հասկացավ, թե ինչու էր տաքացել ճաշարանի տերը, նա հուսահատ ճիգ էր թափում հասկացնելու, որ ինքը չվստահի ուղեկցին։

«Ես ճիշտ այնպիսին եմ, ինչպիսին բոլորը. ցանկալին իրականության տեղ եմ ընդունում և աշխարհն այնպես եմ տեսնում, ինչպիսին ուզում եմ տեսնել»։

Նա կրկին սկսեց զննել քարերը, զգուշորեն շոյել. տաք էին։ Ահա իսկական գանձ, որ ինքը դեռևս ունի։ Դրանց հպումից սիրտը թեթևանում է։ Հիշեցնում են ծերունուն։ Եվ հոգու խորքում հնչում է նրա խոսքը. «Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում՝ ամբողջ Տիեզերքը նպաստում է քո ցանկության կատարմանը»։

Նա ուզում էր հասկանալ, դա ճի՞շտ է, արդյոք։ Նա առանց գրոշի կանգնել էր դատարկ շուկայի հրապարակում և այս անգամ ոչխարների գիշերակացի մասին մտածելու հարկ չկար։ Բայց թանկարժեք քարերը ապացույց էին, որ նա վերջերս հանդիպել է թագավորի, մի թագավորի, որը գիտեր նրա ամբողջ կյանքը՝ հոր հրացանից սկսած մինչև իր առաջին սեռական փորձը։

«Քարերը քեզ կօգնեն լուծելու խնդիրը։ Նրանք կոչվում են Ուրիմ և Թումիմ»,— հիշեց նա։

Սանտյագոն քարերը նորից հանեց գրպանից, դրեց պայուսակի մեջ և որոշեց ւիորձել։ Ծերունին ասել էր, որ հարցերը պետք է տալ հստակ, քանզի քարերը օգնում են լոկ նրանց, ովքեր վստահ գիտեն, թե ինչ են ուզում։ Սանտյագոն հարցրեց. «Իրեն շարունակո՞ւմ է ուղեկցել ծերունու օրհնությունը»,— և հանեց քարերից մեկը։ Դուրս եկավ «Այո»֊ն։

— Գանձը կգտնե՞մ,— հարցրեց պատանին։

Նա ձեռքը կրկին մտցրեց պայուսակի մեջ, քարերը խառնեց, և պատրաստվում էր հանել պատասխանը, երբ երկու քարն էլ ընկան պայուսակի անցքից։ Նա մինչ այդ չէր նկատել, որ պայուսակը ծակ է։ Կռացավ քարերը հավաքելու և նորից հարցնելու, բայց այստեղ նրա գլխով նոր միտք անցավ. «Սովորիր նկատել նախանշանները և հետևել նրանց»,— ասել էր ծերունին։

Նշան։ Սանտյագոն խնդաց։ Հետո հավաքեց քարերը, լցրեց պայուսակը։ Նա նույնիսկ չկարեց պատռվածքը. քարերը երբ ուզենան՝ դուրս կգան պայուսակից։

Նա հասկացավ՝ կան բաներ, որոնց մասին հարցնել պետք չէ. չի կարելի խույս տալ սեփական ճակատագրից։

«Չէ՞ որ ծերունուն խոստացել եմ. որոշումներն ինքս եմ կայացնելու»,— ասաց ինքն իրեն։

Սակայն քարերը հասկացնել տվեցին, որ առաջվա պես ծերունին իր հետ է, և դա նրան վստահություն ներշնչեց։ Նա կրկին հայացքը հառեց ամայի հրապարկին, բայց այս անգամ՝ առանց նախկին անհուսության։ Բոլորովին էլ օտար աշխարհ չէր փռված նրա առջև, այլ՝ նոր աշխարհ։

Իսկ չէ՞ որ ինքը միշտ հենց դրան էլ ձգտել է՝ ճանաչել նորանոր աշխարհներ։ Եթե նույնիսկ իրեն բախտ վիճակված չէ հասնել բուրգերին, այնուամենայնիվ, ինքը տեսել է շատ ավելին, քան որևէ հովիվ։

«Եթե միայն նրանք իմանային,— մտածեց,— որ ընդամենը երկու ժամվա հեռավորության վրա ամեն ինչ այնպե՜ս ուրիշ է»։

Նոր աշխարհը նրա առջև փռվել էր ամայի շուկայի հրապարակի տեսքով, բայց չէ՞ որ հասցրել էր տեսնել, թե ինչպես է բվվում կյանքով լի և այլևս չի մոռանա։ Հիշեց նաև թուրը, իհարկե, թանկ վճարեց այդ երկու վայրկյանի համար, բայց չէ որ կյանքում այդպիսի բան երբեք չէր տեսել։ Սանտյագոն հանկարծ հասկացավ, որ աշխարհին կարող է նայել թե՛ որպես չարագործի դժբախտ զոհ, թե՛ որպես գանձ ու արկածներ որոնող խիզախ մեկը։

— Ես խիզախ արկածներ և գանձ որոնող եմ,— փնթփնթաց նա՝ ընկղմվելով քնի մեջ։

Արթնացավ՝ զգալով, որ ինչ-որ մեկը հրում է կողը։ Շուկան, որի կենտրոնում Սանտյագոն քնել էր, այժմ նորից կյանքի էր կոչվել։

Սովորույթի համաձայն հայացքով փնտրելով ոչխարներին, Սանտյագոն վերջնականապես զարթնեց և հիշեց, որ ինքը մի նոր աշխարհում է, բայց չտխրեց, երջանիկ էր։ Այլևս չի թափառելու ուտելիքի փնտրտուքով. գանձի ետևից է գնալու։ Ինքը գրպանում մի լումա անգամ չունի, բայց դրա դիմաց հավատ ունի կյանքի նկատմամբ։ Երեկ գիշեր ընտրել էր արկածներ որոնողի ճակատագիրը, ինքը կդառնա իր կարդացած գրքերի հերոսներից մեկը։

Պատանին անշտապ քայլեց շուկայի հրապարակով։ Առևտրականները բացում էին իրենց վրաններն ու կրպակները, և նա նպարավաճառին օգնեց դասավորելու ապրանքը։

Առևտրականը երջանիկ ժպտաց. նա գոհ էր, գիտեր ինչու է ապրում և ուրախ պատրաստվում էր դիմավորելու աշխատանքային նոր օրը։

Նրա ժպիտը պատանուն հիշեցրեց ծերունու՝ խորհրդավոր Մելքիսեդեկ թագավորի ժպիտը։

«Նա թխվածք է պատրաստում ոչ թե այն պատճառով, որ ուզում է թափառել աշխարհեաշխարհ կամ էլ ամուսնանալ մահուդագործի աղջկա հետ։ Նրան դուր է գալիս այդ զբաղմունքը»,— մտածեց պատանին և զգաց, որ ծերունուց ոչ պակաս կարող է որոշել, թե մարդը որքան է մոտ կամ հեռու իր Առասպելից։

«Այդքան հասարկ բան է, և մինչև հիմա չեմ հասկացել»։

Գործն ավարտելուց հետո առևտրականը նրան մի գաթա տվեց։ Սանտյագոն հաճույքով կերավ, շնորհակալություն հայտնեց և շարունակեց ճանապարհը։ Եվ անմիջապես էլ խելքին հասավ, որ մինչ օժանդակում էր առևտրականին՝ նա խոսում էր արաբերեն, իսկ ինքը՝ իսպաներեն, բայց, պարզվում է, իրար հասկանում էին։

«Ուրեմն մի լեզու կա, որ կապ չունի բառերի հետ,— մտածեց։— Այդ լեզվով խոսում էի ոչխարներիս հետ, իսկ հիմա, ահա, փորձեցի խոսել նաև մարդու հետ»։

Ինչպես ասում էր ծերունին՝ «Ամեն ինչ մի ամբողջություն է»։ Սանտյագոն որոշեց Թանժերի փողոցներով քայլել դանդաղ, որ ոչ մի նախանշան բաց չթողնի։ Դա համբերություն էր պահանջում, իսկ համբերությունն այն առաքինությունն է, որի տիրապետումը յուրաքանչյուր հովվի առաջին գործն է։ Եվ պատանին կրկին մտածեց, որ նոր աշխարհում իրեն անհրաժեշտ կլինեն այն ամենը, ինչ սովորել է ոչխարներից։

«Ամեն ինչ մի ամբողջություն է»,— կրկին հիշեց ծերունի Մելքիսեդեկի խոսքը։

Ապակեղենի վաճառականը նայում էր բացվող օրվան, և զգում ամեն առավոտ իրեն պատող սովորական թախիծը։ Ահա արդեն երեսուն տարի ինքը նստում է զառիթափի վերի իր այս կրպակում, ուր հազվադեպ են հաճախորդներ գալիս։ Հիմա կյանքը փոխելու համար արդեն ուշ էր. մի բան գիտեր միայն՝ ապակու առևտուր անել։ Կար ժամանակ, երբ կրպակի առջև խռնվում էին արաբ առևտրականներ, անգլիացի և ֆրանսիացի երկրաբաններ, գերմանացի զինվորներ ու բոլորը՝ փողատեր։ Մի ժամանակ բյուրեղապակու առևտուրը շահավետ գործ էր, և նա երազում էր հարստանալ ու մտածում՝ ծերությունը կանցնի ապահով ու կանացի ջերմությամբ պարուրված։

Բայց ժամանակները փոխվեցին, փոխվեց նաև քաղաքը։ Թանժերի մերձակայքում գտնվող Սեուտան ավելի արագ աճեց, և առևտուրը շրջեց իր հունը։ Հարևան վաճառականները փոխադրվեցին, լեռնալանջին մի քանի խանութ մնաց, ուր ոչ մեկը չէր ուզում բարձրանալ։

Բայց վաճառականը այլընտրանք չուներ։ Երեսուն տարի ապակյա իրեր էր առել ու ծախել և հիմա շատ ուշ էր ինչ֊որ բան փոխելու համար։

Ամբողջ առավոտ նա հետևում էր հազվագյուտ անցորդներին։ Երկար տարիներ էր այդ բանն անում և գիտեր նրբանցքով անցնող յուրաքանչյուրի օրակարգը։

Բայց ճաշից մի քանի րոպե առաջ նրա ցուցափեղկի առաջ կանգնեց մի երիտասարդ օտարերկրացի։ Հագնված էր ներկայանալի, սակայն վաճառականի խորաթափանց հայացքը եզրակացրեց, որ նա փող չունի։ Համենայնդեպս, որոշեց կրկին ներս մտնել և սպասել մինչև հաճախորդի հեռանալը։

Դռանը փակցրած հայտարարությունը տեղեկացնում էր, որ այստեղ օտար լեզուներով խոսում են։ Սանտյագոն նկատեց, թե ինչպես վաճառասեղանի ետևում հայտնվեց տերը։

— Կարող եմ Ձեր բոլոր ապակեղենը լվանալ,— ասաց պատանին։— Այս տեսքով ոչ ոք չի առնի։

Տերը ոչինչ չպատասխանեց։

— Իսկ Դուք դրա դիմաց ինձ ուտելու բան տվեք։

Առևտրականը նույն լռությամբ նրան էր նայում։

Սանտյագոն հասկացավ, որ հարկավոր է որոշում կայացնել։ Թիկնոցը պայուսակի մեջ էր՝ անապատում այն պետք չէր լինելու։ Թիկնոցը հանելով՝ սկսեց դրանով սրբել բաժակները։ Կես ժամ անց ամեն ինչ փայլում էր, ու հենց այդ պահին էլ երկու մարդ մոտեցան և որոշ բաներ գնեցին։

Աշխատանքն ավարտելով, Սանտյագոն ուտելու բան խնդրեց։

— Գնանք,— ասաց տերը։

Իր ետևից կրպակի դռանը կախելով «Ճաշի ժամ է» ցուցանակը, նրան տարավ զառիվերի մի փոքրիկ բար։ Երբ նստեցին միակ սեղանի շուրջը, վաճառականը ժպտաց.

— Պետք չէր մաքրել բաժակները։ Ղուրանը պատգամում է կերակրել քաղցածներին։

— Իսկ ինչո՞ւ չընդհատեցիք ինձ։

— Քանի որ բաժակները կեղտոտ էին։ Բացի դրանից, երկուսիս էլ ժամանակ էր պետք, որ մաքրեինք ուղեղներս հնարավոր կասկածներից։

Երբ կշտացան, վաճառականը դարձավ պատանուն.

— Ուզում եմ, որ դու աշխատես իմ կրպակում։ Այսօր, բաժակները մաքրելու ընթացքում, երկու հաճախորդ եկան. բարի նշան է։

«Մարդիկ հաճախ են խոսում նշանների մասին,— մտածեց հովիվը,— բայց իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Ես ինքս էլ չեմ հասկանում, չնայած այսքան տարի առանց խոսքի զրուցել եմ ոչխարներիս հետ»։

— Հը՞,— պնդեց առևտրականը,— կաշխատես։

— Մինչ լուսաբաց կմաքրեմ ամբողջ ապրանքը, իսկ դուք ինձ Եգիպտոս հասնելու փող կտաք։

Ծերունին նորից ծիծաղեց։

— Եթե դու նույնիսկ մի ամբողջ տարի լվանաս իմ կրպակի բյուրեղապակին և այդ ընթացքում ամեն վաճառքից լավ տոկոս ստանաս, միևնույն է, ստիպված կլինես պարտք անել ճանապարհի համար։ Թանժերի և Եգիպտոսի միջև հազարավոր կիլոմետրանոց անապատ է ձգվում։

Մի պահ այնպիսի լռություն տիրեց՝ կարծես ամբողջ քաղաքը քուն էր մտել։ Չքվել էին շուկան, իրենց ապրանքը գովող առևտրականները, մինարեթներից ազան քաշող մարդիկ, քանդակազարդ երախակալներով սրերը։ Հօդս էին ցնդել հույսն ու արկածները, ծեր արքան և իր Առասպելը, գանձն ու բուրգերը։ Ամբողջ Տիեզերքում լռություն էր տիրում, քանզի համրացել էր Սանտյագոյի հոգին։ Նա ոչ ցավ էր զգում, ոչ վիշտ, ոչ հիասթափություն. սառած հայացքով նայում էր սրճարանի բաց դռանն ու տենչում միայն մահ՝ երազելով, որ ամեն ինչ անմիջապես ավարտվի։

Առևտրականը զարմանքով նայեց նրան, քիչ առաջ, առավոտյան, այնքան ուրախ էր թվում։ Իսկ հիմա ամպից մռայլ է, ուրախությունից հետք անգամ չէր մնացել։

— Տղաս, ես քեզ կարող եմ տուն վերադառնալու փող տալ,— ասաց առևտրականը։

Պատանին չպատասխանեց։ Հետո ելավ, հագուստը կարգի բերեց, վերցրեց պայուսակը։

— Ես մնում եմ ձեզ մոտ աշխատելու,— ասաց նա։

Եվ մի քիչ լռելով՝ ավելացրեց.

— Ինձ մի քանի ոչխար գնելու փող է պետք։

Մաս երկրորդ

Սանտյագոն գրեթե մի ամբողջ ամիս աշխատեց կրպակում և չի կարելի ասել, թե նոր գործը նրան շատ էր դուր գալիս։ Վաճառասեղանի ետևը նստած՝ առևտրականը ամեն Աստծո օր վռչում էր, որ տղան զգույշ վարվի ապրանքի հետ։

Սակայն բանը գործից ազատելուն չհասավ, քանի որ առևտրականը, թեև փնթփնթում էր, բայց ազնիվ մարդ էր ու իր խոսքի տերը։ Սանտյագոն ճշգրտորեն ստանում էր իրեն հասանելիք տոկոսը և նույնիսկ կարողացել էր որոշ գումար հավաքել։ Բայց մի առավոտ հաշվեց խնայողությունը և տեսավ, որ այդքան վաստակելու դեպքում ոչխարներ գնել կկարողանա մի տարուց ոչ շուտ։

— Չե՞ք ուզում ապրանքանմուշների շարժական ցուցափեղկ պատրաստենք,— մի օր ասաց կրպակի տիրոջը,— կդնենք խանութի առաջ ու կգրավենք անցորդների ուշադրությունը։

— Մինչև հիմա ո՞նց ենք ապրել առանց դրա,— պատասխանեց տերը,— մեկ էլ տեսար՝ մեկը դիպավ ու ջարդեց ապրանքը։

— Երբ ոչխարներիս արոտ էի տանում, կարող էին օձի հանդիպել և նրա խայթոցից սատկել։ Բայց ոչխարի ու հովվի համար հենց դա է կյանքը։

Այդ ընթացքում առևտրականը սպասարկում էր երեք ծաղկաման գնել ցանկացող հաճախորդին։ Այժմ առևտուրն աշխույժ էր, ինչպես երբեք, կարծես վերադարձել էին այն ժամանակները, երբ այդ նրբանցքը իրեն էր քաշում ամբողջ քաղաքի ժողովրդին։

— Գործերը վատ չեն,— ասաց նա, երբ գնորդը հեռացավ,— ես հիմա բավական վաստակում եմ և շուտով քեզ այնքան փող կտամ, որ կկարողանաս նոր հոտ գնել։ Քեզ էլ ի՞նչը չի գոհացնում։ Էլ ի՞նչ ես ուզում կյանքից։

— Պետք է հետևել նախանշաններին,— ակամա դուրս թռավ պատանու բերանից և նույն պահին էլ զղջաց. չէ՞ որ առևտրականը երբեք որևիցե արքայի չէր հանդիպել։

«Դա կոչվում է Բարենպաստ սկիզբ,— հիշեց ծերունու խոսքը,— սկսնակների բախտը բերում է։ Չէ՞ որ կյանքն ուզում է, որ մարդը հետևի իր ճակատագրին»։ Իսկ այդ ընթացքում կրպակատերը Սանտյագոյի ասածների մասին էր մտածում։ Պարզ է, որ հենց միայն նրա ներկայությունը բարի նշան է՝ փողը հոսում է դեպի դրամարկղ, և ինքն էլ չի փոշմանել, որ վարձել է այդ իսպանացի պատանուն։ Չնայած ստանում էր ավելին, քան աշխատում է,— բյուրեղապակու վաճառականը չենթադրելով, որ առևտուրն այդքան կաշխուժանա, նրան բարձր տոկոսներ էր առաջարկել։ Առևտրականի բնազդը հուշում էր, որ հեռու չէ այն պահը, երբ նա կվերադառնա իր ոչխարների մոտ։

— Քո ինչի՞ն են պետք բուրգերը,— հարցրեց նա՝ թեման փոխելու նպատակով։

— Որովհետեւ նրանց մասին ինձ շատ են պատմել,— պատասխանեց Սանտյագոն։

Գանձը դարձել էր տխուր հիշողություն, և նա ամեն կերպ փորձում էր չմտածել դրա մասին։

— Առաջին անգամ եմ տեսնում, որ մարդը կտրի-անցնի անապատը միայն նրա համար, որ տեսնի բուրգերը։ Իսկ այդ բուրգերն ընդամենը քարի կույտեր են։ Դու ինքդ էլ կարող ես սարքել քո բակում։

— Երևում է, Դուք հեռավոր ճամփորդությունների մասին երազներ չեք տեսել,— պատասխանեց Սանտյագոն և գնաց դիմավորելու հերթական գնորդին։

Երկու օր անց տերը խոսք բացեց շարժական ցուցափեղկի մասին։

— Նորամուծություններ չեմ սիրում,— ասաց նա,— ոչ ես, և ոչ էլ դու Հասանի չափ հարուստ չենք, որ չվախենանք սխալվելուց։ Եթե նա մի գործարքի մեջ սայթաքի՝ շատ բան չի կորցնի, իսկ մենք ստիպված կլինենք ամբողջ կյանքում փոխհատուցել։

«Ճիշտ է»,— մտածեց պատանին։

— Ինձ ասա տեսնեմ, թե քո ինչի՞ն է պետք այդ ցուցափեղկը,— շարունակեց տերը։

— Ուզում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնամ իմ ոչխարներին։ Քանի դեռ հաջողությունը մեզ ուղեկից է, պետք է որսալ պահը, պետք է ամեն ինչով օգնել նրան, ինչպես ինքն է մեզ օգնում։ Դա այդպես էլ կոչվում է՝ Բարեհաջող սկիզբ։ Սկսնակների բախտը բերում է։

Տերը որոշ ժամանակ լսելով՝ ասաց.

— Առաքյալը մեզ տվել է Ղուրանը և հանձնարարել հինգ պարտականություն, որոնք պետք է կատարենք ամբողջ կյանքում։ Ամենագլխավորը՝ պետք է հիշենք՝ չկա աստված Ալլահից բացի։ Մյուս չորսը՝ աղոթել օրը հինգ անգամ, պաս պահել Ռամադան ամսին, բարեգութ լինել չունևորի նկատմամբ...

Նա կրկին լռեց։ Առաքյալի անունը հիշատակելիս աչքերը տամկացել էին։ Չնայած տաքարյուն մարդ էր, բայց իր անհանգիստ բնավորությամբ հանդերձ աշխատում էր կյանքն ապրել ըստ Մուհամեդի օրենքների։

— Իսկ հինգերորդ պատվիրանը որն է,— հարցրեց Սանտյագոն։

— Նախորդ օրն ասացիր, թե ես երբեք հեռավոր ճամփորդությունների մասին երազներ չեմ տեսել։ Ուրեմն՝ լսիր. յուրաքանչյուր ուղղահավատի պարտականությունն է ուխտագնացություն կատարել։

Մեզնից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ պարտավոր է այցելել Մեքքա սուրբ քաղաքը։ Իսկ նա ավելի հեռու է, քան բուրգերը։ Երիտասարդ տարիքում, հենց որ մի քիչ փող հավաքեցի, որոշեցի խանութ առնել։ Մտածեցի՝ կհարստանամ և կուղևորվեմ Մեքքա։ Հետո փող հավաքեցի, բայց առևտուրս ոչ ոքի չէի կարող վստահել, քանի որ իմ ապրանքը յուրահատուկ է։ Եվ ամեն օր նայում էի, թե ինչպես են անցնում ուխտավորները։ Նրանց մեջ լինում էին հարուստներ, որոնց ուղեկցում էին տասնյակ ծառաներ և ուղտերի մի ամբողջ քարավան, բայց մեծամասնությունն ինձնից աղքատ էին։

Ես տեսել եմ նաև, թե ինչպես էին նրանք վերադառնում երջանիկ ու ինքնագոհ և իրենց տան դռանը դնում Մեքքայից բերած ուխտագնացության նշանը։ Նրանցից մեկը՝ կոշիկներ կարկատող մի կոշկակար, ինձ պատմել է, թե ինչպես է գրեթե մեկ տարի քայլել անապատով, բայց ավելի քիչ է հոգնել, քան Թանժերում, երբ մի թաղամասից մյուսն էր գնում կաշի բերելու։

— Իսկ ինչո՞ւ չեք ուզում հենց հիմա ճանապարհվել դեպի Մեքքա,— հարցրեց Սանտյագոն։

— Քանի որ ես ապրում եմ լոկ առ այն երազանքով։ Թե չէ՝ ես ո՞նց կտանեի այս միօրինակ, տարտամ օրերի շղթան, դարակների վրա դարսված ապակե անոթների լռությունը, կողքի զզվելի ճաշարանը։ Վախենում եմ, որ եթե երազանքս իրականություն դառնա, ապրելն այլևս կորցնի իմաստը։

Ւնչ վերաբերում է քեզ, դու նման չես ինձ, դու երազում ես տեսնել բուրգերը և ցանկանում ես իրականացնել քո երազանքը։

Ես ուզում եմ միայն երազել Մեքքայի մասին։ Հազար անգամ երևակայել եմ, թե ինչպես եմ կտրում-անցնում անապատը, ինչպես եմ հասնում այն հրապարակը, որտեղ գտնվում է սրբազան քարը և նրա շուրջը յոթ անգամ պտտվելուց հետո հպվում նրան։ Ամեն անգամ պատկերացնում եմ, թե որքան մարդ է խմբված շուրջս և թե ինչպես է ձայնս խառնվում բոլորի աղոթքի ձայնին։ Բայց ես վախենում եմ, թե վրա կհասնի մեծ հիասթափությունը։ Ու այդ պատճառով էլ գերադասում եմ միայն երազել։

Նույն օրը նա Սանտյագոյին թույլատրեց ցուցափեղկ պատրաստել։ Բոլորը չէ, որ միանման են երազում ու երազներ տեսնում։

Անցավ ևս երկու ամիս։ Նոր ցուցափեղկն իր գործն արեց՝ գնորդները հերթ չէին տալիս։ Սանտյագոն հաշվեց՝ եթե այդպես շարունակվի՝ կես տարի հետո կկարողանա վերադառնալ Իսպանիա և գնել ոչ թե վաթսուն գլուխ ոչխար, այլ՝ երկու այդքան։ Չի անցնի մի տարի, և հոտը կկրկնապատկվի ու, քանի որ արդեն լեզուն գիտի, կսկսի առևտուր անել արաբների հետ։ Շուկայի դեպքից հետո նա պայուսակից չէր հանում Ուրիմ և Թումիմ քարերը, քանի որ Եգիպտոսը նրա համար դարձել էր մի այնպիսի անիրականանալի երազանք, ինչպես Մեքքան՝ նրա տիրոջ։ Նա իր աշխատանքից գոհ էր և պատկերացնում էր, թե մի օր ինչպես է Թարիֆի մատույցներում հաղթականորեն իջնելու նավից։

«Հիշի՛ր, միշտ պետք է ճշգրիտ իմանալ, թե ինչ ես ուզում»,— ասել էր Մելքիսեդեկը։

Պատանին գիտեր։ Եվ աշխատում էր իր նպատակին հասնելու համար։ Գուցե ի ծնե ճակատագիր է, որ նա հայտնվի օտար երկրում, այստեղ հանդիպի խաբեբայի, իսկ հետո, առանց մի գրոշի, կրկնապատկի իր հոտը։

Նա հպարտ էր ինքն իրենով։ Շատ բան էր սովորել, կարողանում էր բյուրեղապակու առևտուր անել, տիրապետում էր համր լեզվին և հասկանում նախանշանները։ Մի անգամ լսեց, թե ինչպես է մեկը գանգատվում, թե այսպիսի վերելք հաղթահարելուց հետո գոնե մի նստելու, ծարավը հագեցնելու տեղ չկա։ Սանտյագոն անմիջապես հասկացավ, որ դա նախանշան է ու տիրոջն ասաց.

— Իսկ ի՞նչ կլինի, եթե թեյ տանք նրանց, ովքեր այստեղ են ելնում։

— Մե՜ծ բան,— պատասխանեց նա։

— Մենք նրանց բյուրեղապակյա բաժակով թեյ կառաջարկենք։ Մարդիկ հաճույք կստանան և կցանկանան բյուրեղապակի գնել։ Մարդը գեղեցիկի հակում ունի։ Խանութատերն առանց խոսելու՝ երկար նրան էր նայում։ Հետո, երեկոյան դեմ, աղոթելուց և կրպակը փակելուց հետո նստեց ու Սանտյագոյին առաջարկեց նարգիլե ծխել։

— Ինձ ասա տեսնեմ, թե ինչի՞ ես ձգտում,— հարցրեց պատանուն։

— Չէ՞ որ գիտեք, ուզում եմ տուն վերադառնալ և ոչխարի հոտ առնել։ Իսկ դրա համար ինձ փող է պետք։

Ծերունին նարգիլեի մեջ մի քանի ածուխ դրեց և խոր ներս քաշեց ծուխը։

— Երեսուն տարի է, ինչ այս խանութն ունեմ։ Կարողանում եմ լավ ապակին զանազանել վատից, գիտեմ առևտրի բոլոր նրբությունները։ Ես գոհ եմ իմ գործերից և ընդարձակել չեմ ուզում։ Հաճախորդներին թեյ տալով՝ մեկ էլ տեսար, իսկապես, մեր եկամուտն ավելացավ ու ստիպված կլինեմ փոխել իմ ապրելաձևը։

— Իսկ ի՞նչ վատ է։

— Ախր ես սովոր եմ ապրել այնպես, ինչպես ապրում եմ։ Մինչ քո հայտնվելը ես հաճախ եմ խորհել, որ ոնց նստել, այնպես մնացել եմ, մինչ իմ բարեկամները գնացել, եկել, տանուլ են տվել կամ հարստացել։ Խոր վշտով եմ մտածել այդ բանը։ Ւսկ հիմա հասկանում եմ, որ իմ խանութը հենց այն չափի է, ինչ որ ինձ պետք է։ Չեմ ուզում փոխվել, որովհետև չգիտեմ, թե դա ինչպես է արվում։ Շատ եմ վարժվել ինքս ինձ։

Պատանին պատասխանելու բան չէր գտնում։ Ծերունին շարունակեց.

— Քեզ կարծես Աստված է ուղարկել։ Իսկ այսօր ահա թե ինչ հասկացա, եթե Տիրոջ օրհնությունը չես ընդունում, անեծքի է վերածվում։ Ես կյանքից ավելին չեմ ուզում, իսկ դու ինձ մղում ես տեսնելու անհայտ հորիզոններ ու գանձեր։ Հիմա, երբ դրանք իմ աչքի առաջ են, և ես գիտակցում եմ իմ անսահման հնարավորությունները, ինձ ավելի վատ եմ զգում, քան առաջ։ Որովհետև գիտեմ, որ կարող եմ ձեռք բերել ամեն ինչ, բայց ցանկություն չունեմ։

«Լավ է, որ եգիպտացորեն վաճառողին բան չասացի »,— մտածեց Սանտյագոն։

Նրանք որոշ ժամանակ նարգիլե էին ծխում, մինչ արևը թաքնվում էր հորիզոնում։ Ծերն ու պատանին խոսում էին արաբերեն. Սանտյագոն շատ գոհ էր, որ տիրապետում է այդ լեզվին։ Կար մի ժամանակ, երբ նա կարծում էր, թե ոչխարներն աշխարհում ամեն ինչ կարող են սովորեցնել։ Բայց ահա արաբերեն սովորեցնելը նրանց ուժերից վեր է։

«Երևի թե էլի բաներ կան աշխարհում, որ նրանք չեն կարող սովորեցնել,— մտածեց նա՝ լուռ նայելով ծերունուն.— չէ՞ որ նրանք կարողանում են միայն կեր ու ջուր փնտրել։ Կարծում եմ, նրանք չէ, որ ինձ սովորեցնում են, այլ ուղղակի ես եմ սովորում»։

— Մակտուբ,— վերջապես արտաբերեց բյուրեղապակու առևտրականը։

— Դա ի՞նչ է նշանակում։

— Ճշգրիտ հասկանալու համար պետք է արաբ ծնված լինես,— պատասխանեց նա,— իսկ մոտավոր իմաստը հետևյալն է՝ «այդպես է գրված»։

Եվ հանգցնելով նարգիլեն՝ հավելեց, որ Սանտյագոն կարող է վաղվանից բյուրեղապակե բաժակներով թեյ վաճառել։ Կյանքի գետն անհնար է կասեցնել։

Կտրուկ վերելքը հաղթահարած մարդկանց առաջ՝ վերևում հայտնվում էր մի կրպակ, որտեղ նրանց բյուրեղապակյա գեղեցիկ բաժակներով սառը անանուխի թեյ էին հրամցնում։ Ինչպե՞ս կարելի էր հրաժարվել։

«Իմ կնոջ մտքով այդ բանը երբեք չի անցել»,— ասում էր մեկը՝ մի քանի բաժակ գնելով. այդ երեկո նա հյուրերի էր սպասում և ցանկանում էր զարմացնել հրաշալի բաժակներով։

Մի ուրիշը պնդում էր, թե թեյն ավելի բուրումնավետ է թվում այդ բաժակների մեջ և ավելի լավ է պահպանում համը։ Երրորդը հիշում էր, որ Արևելքում թեյը բյուրեղապակյա բաժակով խմելու հին ավանդույթ կա, քանի որ բյուրեղապակին մոգական հատկություն ունի։

Կարճ ժամանակում այդ նորամուծության լուրը տարածվեց, և ժողովուրդը ձգվեց զառիթափն ի վեր՝ տեսնելու այն խանութը, որտեղ մարդիկ կարողացել էին նոր միտք հղանալ ապակու ավանդական առևտրի մեջ։ Բյուրեղապակյա բաժակներով թեյ վաճառող ուրիշ խանութներ էլ բացվեցին, բայց դրանք զառիթափում չէին և այդ պատճառով էլ հաճախորդ չունեցան։

Շուտով առևտրականին հարկ եղավ երկու ծառայող ևս վարձել։ Բյուրեղապակու հետ զուգահեռ նա սկսեց հսկայական քանակությամբ թեյ ներմուծել, որոնք օրեօր սպառվում էին նորությունների ծարավ այր ու կին հաճախորդների կողմից։

Այդպես անցավ կես տարի։

Պատանին զարթնեց արևածագից առաջ։ Այն պահից, ինչ նա ոտք էր դրել աֆրիկյան մայրցամաք, անցել էր տասնմեկ ամիս և ինը օր։

Նա հագավ հատուկ այդ օրվա համար գնած սպիտակ դերձանից արաբական տարազը, նոր ոտնամանները, գլխին փաթաթեց արաբական աղլուխը, վրան դրեց ուղտի կաշուց կարված օղակը և անաղմուկ վար իջավ։ Քաղաքը դեռ քնած էր։ Մուրաբայով հաց կերավ, բյուրեղապակյա բաժակով տաք թեյ խմեց և կրպակի շեմին նստելով վառեց նարգիլեն։

Այդպես նա լիակատար մենության մեջ նստել ու ծխում էր առանց որևէ մտքի՝ լսելով տափաստանի բույրը բերող քամու անընդմեջ ու հավասարաչափ սոսափը։ Ծխելը վերջացնելով՝ նա ձեռքը գրպանը խոթեց և մի քանի րոպե նայում էր գրպանից հանած փողերի հաստ կապոցին. դրանով կարելի էր և՛ հետադարձ տոմս գնել, և՛ հարյուր քսանչորս ոչխար, և՛ Իսպանիայի ու այս երկրի միջև առևտուր կազմակերպելու թույլտվություն։

Սանտյագոն համբերատար սպասում էր, մինչ տերն արթնանա և կրպակը բացի։ Հետո միասին նորից թեյ խմեցին։

— Այսօր ես գնում եմ,— ասաց պատանին։— Այժմ ես այնքան փող ունեմ, որ կարող եմ ոչխար գնել, իսկ Դուք՝ Մեքքա մեկնել։

Տերը լռում էր։

— Խնդրում եմ ձեր օրհնությունը,— պահանջելու պես ասաց պատանին։— Դուք ինձ օգնեցիք։

Ծերունին այդպես էլ ոչ մի բառ չասելով՝ թեյ էր թրմում։ Վերջապես դարձավ պատանուն։

— Ես հպարտանում եմ քեզնով։ Դու կյանք ներարկեցիր իմ կրպակին։ Բայց իմացիր՝ ես Մեքքա չեմ գնալու։ Իմացիր նաև, որ դու ոչխար չես առնելու։

— Ձեզ ո՞վ ասաց,— վախեցած հարցրեց Սանտյագոն։

— Մակտուբ,— պատասխանեց ծեր առևտրականը։

Եվ օրհնեց պատանուն։

Դրանից հետո Սանտյագոն բարձրացավ իր սենյակն ու հավաքեց իր ունեցած չունեցածը՝ ստացվեց երեք լիքը պարկ։ Արդեն շեմին՝ անկյունում հանկարծ նկատեց իր հին հովվական մախաղը, որն այնքա՜ն վաղուց չէր տեսել և մոռացել էր գոյությունը։ Մախաղի մեջ նրա թիկնոցն ու գիրքն էին։ Դուրս քաշեց թիկնոցը՝ մտածելով նվիրել փողոցի մի երեխայի, երբ գետնին գլորվեցին քարերը՝ Ուրիմն ու Թումիմը։

Այստեղ պատանին հիշեց ծեր արքային և զարմացավ, որ այսքան ժամանակ նրա մասին չի մտածել։ Մի ամբողջ տարի առանց շունչ քաշելու աշխատել էր միակ նպատակով՝ փող հավաքել, որպեսզի Ւսպանիա չվերադառնա ձեռնունայն։

«Երբեք մի հրաժարվիր քո երազանքից,— ասել էր Մելքիսեդեկը,— հետևիր նախանշաններին»։

Պատանին հատակից վերցրեց քարերը, և այստեղ նրան կրկին մի զարմանալի զգացողություն պատեց. ծերունին կարծես կողքին էր։ Ողջ տարին անցել էր ծանր աշխատանքի մեջ, իսկ այժմ նշանները ցույց են տալիս, որ եկել է գնալու ժամանակը։

«Ես նորից կդառնամ այնպիսին, ինչպիսին եղել եմ նախկինում,— մտածեց,— իսկ ոչխարներն ինձ արաբերեն չեն սովորեցնի»։

Ոչխարները, սակայն, նրան ավելի կարևոր բան էին սովորեցրել. այսինքն, որ աշխարհում կա մի լեզու, որը հասկանալի է բոլորին։ Եվ այս ամբողջ տարին, ջանալով, որ առևտուրը ծաղկի, Սանտյագոն խոսել է բոլորին հասկանալի լեզվով։ Դա եղել է ոգեշնչման լեզուն, այն գործերի լեզուն, որոնք կատարվում են սիրով և նվիրումով, արվում են հանուն հավատի և հանուն ցանկության։ Թանժերը նրա համար այլևս օտար քաղաք չէր, և պատանին գիտակցում էր, որ այժմ կարող է նվաճել ողջ աշխարհը, ինչպես այս քաղաքը։ «Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ողջ Տիեզերքը նպաստում է, որ քո ցանկությունը կատարվի»,— այդպես էր ասում ծերուկ Մելքիսեդեկը։

Սակայն ծերունին ոչ մի բանով չէր հիշատակել ո՛չ ավազակներին, ո՛չ անծայրածիր անապատները, ո՛չ էլ այն մարդկանց, ովքեր չնայած երազներ ունեն, բայց ցանկություն չունեն դրանք իրականացնել։ Նա չէր ասել, որ բուրգերն ընդամենը քարակույտեր են, ու յուրաքանչյուր ցանկացող կարող է կիտել իր բակում։ Ծեր արքան պատանուն չէր ասել նաև, որ եթե իր ունեցած ոչխարի հոտից ավելի մեծ հոտ առնելու չափ փող հավաքվի, ապա պետք է առնի։

Սանտյագոն մախաղը դնելով մյուս իրերի հետ, վերցրեց ու իջավ աստիճաններով։ Տերն սպասարկում էր մի քանի արտասահմանցու, իսկ երկու հաճախորդ, բյուրեղապակյա բաժակներից թեյ ըմպելով, նայում էին կրպակի ապրանքը։ Այդքան վաղ ժամի համար հաճախորդները շատ էին։ Նոր միայն Սանտյագոն նկատեց, որ տիրոջ մազերը հիշեցնում են Մելքիսեդեկի մազերը։ Նա հիշեց Թանժերում իր աոաջին երեկոն, երբ գնալու տեղ չուներ և ուտելու բան չկար։ Հիշեց, թե ինչպես էր ժպտում հրուշակավաճառը, և այդ ժպիտը նույնպես հիշեցնում էր ծեր արքային։

«Կարծես Մելքիսեդեկն անցել է այստեղով և թողել իր ներկայության հետքը,— մտածեց պատանին։— Կարծես իրենց կյանքում այս մարդիկ ինչ-որ ժամանակ հանդիպել են նրան։ Բայց չէ՞ որ նա հենց այդպես էլ ասում էր, որ միշտ երևում է նրանց, ովքեր հետևում են իրենց ճակատագրին»։

Նա հեռացավ առանց հրաժեշտի՝ չէր ուզում օտարների ներկայությամբ լացել։ Նա հասկանում էր, որ կարոտելու է այստեղ գտնվող ամեն ինչ, թախծելու և հիշելու է այն ամեն հրաշալին, ինչ սովորել է այստեղ։ Նա ձեռք էր բերել ինքնավստահություն և աշխարհը նվաճելու ցանկություն։

«Չէ՞ որ վերադառնում եմ ծանոթ վայրերում ոչխար արածեցնելու»,— մտածեց նա, բայց կայացրած որոշումը մի տեսակ իրեն դուր չեկավ։ Մի ամբողջ տարի աշխատել է, որ իրականացնի երազանքը, իսկ նա րոպե առ րոպե կորցնում է իր գրավչությունը։ Իսկ գուցե դա չէր իր երազանքը։

«Ով գիտե, գուցե ավելի լավ է լինել այնպիսին, ինչպիսին բյուրեղապակու առևտրականն է։ Ամբողջ կյանքում երազել Մեքքայի մասին, բայց այդպես էլ չգնալ»,— մտածեց, բայց ափի մեջ գտնվող քարերը կարծես նրան էին փոխանցում ծեր արքայի ուժն ու վճռականությունը։

Զարմանալի զուգադիպությամբ (կամ գուցե նախանշան՞ էր) նա մտավ այն նույն խորտկարանը, ուր Թանժեր գալու առաջին օրը մտել էր։ Իհարկե, այն խաբեբան այնտեղ չէր։ Տերը մի գավաթ թեյ բերեց։

«Հովվության միշտ կարող եմ վերադառնալ,— խորհեց Սանտյագոն։— Ես կարողանում եմ ոչխար պահել ու դրանով միշտ կարող եմ ապրուստս վաստակել։ Իսկ եգիպտական բուրգերի մոտ հայտնվելու այլ առիթ գուցե թե այլևս չներկայանա։ Կրծքազարդ կրող ծերունին գիտեր իմ ամբողջ կենսագրությունը։ Ես հանդիպել եմ իսկական արքայի, ընդ որում՝ իմաստուն արքայի»։

Միայն երկու ժամվա ճանապարհ էր նրան բաժանում Անդալուզիայի դաշտավայրից, իսկ մինչև բուրգերն ընկած էր մի անսահման անապատ։ Բայց նա հասկացավ, որ դրան կարելի է նաև այլ կերպ նայել. դեպի գանձը տանող ճանապարհը կարճացավ երկու ժամով, թեև դրա վրա կորցրել էր մի ամբողջ տարի։

«Թե ինչու եմ ուզում վերադառնալ ոչխարներին՝ պարզ է. ես նրանց սիրում եմ, ու նաև նրանց հոգսը թեթև է։ Իսկ անապատը սիրել կարո՞ղ եմ։ Բայց չէ՞ որ հենց անապատն է թաքցնում իմ գանձը։ Եթե չկարողանամ գտնել, կդառնամ տուն։ Ու քանի որ ես հիմա և՛ ժամանակ ունեմ, և՛ փող՝ հարկավոր է փորձել»։

Այդ պահին նա հսկայական ուրախություն զգաց։ Դեպի հովվություն ճանապարհը միշտ բաց է։ Դրանից բացի, ուզած պահին կարող է բյուրեղապակու առևտրով զբաղվել։ Իհարկե, աշխարհում թաքնված այլ գանձեր ևս կան, բայց չէ՞ որ հենց ինքը, ոչ թե մեկ ուրիշն է երկու անգամ տեսել նույն երազը և հանդիպել ծեր արքային։

Նա խորտկարանից դուրս ելավ ինքնագոհ։ Հիշեց, որ իր տիրոջը բուրեղապակի մատակարարողներից մեկն ապրանքը բերում է քարավանով, անապատը կտրել-անցնելով։ Սանտյագոն ափերի մեջ սեղմեց Ուրիմն ու Թումիմը՝ այդ քարերի շնորհիվ նա կրկին վճռել էր գնալ իր գանձի ետևից։

«Ես միշտ նրանց հետ եմ, ով հետևում է իր Առասպելին»,— հիշեց Մելքիսեդեկի խոսքերը։

Հեշտից հեշտ է գնալ առևտրի պահեստ և հարցնել՝ ճիշտ է, որ բուրգերն այդքան հեռու են, ինչպես խոսվում է։

Տարածքը, ուր նստած էր Անգլիացին, ավելի շուտ խրճիթ էր հիշեցնում, փոշի էր նստած և քրտինքի ու տավարի հոտ էր գալիս։ «Արժե՞ր տասը տարի սովորել այսպիսի ծակուռում հայտնվելու համար»,— մտածում էր նա՝ մտացրիվ թերթելով քիմիայի մի ամսագիր։ Բայց նահանջելու տեղ չուներ։ Պետք է հետևեր նշաններին։ Իր ամբողջ ուսումն ու կյանքը նվիրել էր, որ գտներ այն եզակի լեզուն, որով խոսում է ողջ Տիեզերքը։ Նախ հրապուրվել էր էսպերանտոյով, ապա հետաքրքրվել էր աշխարհի կրոններով և վերջապես՝ ալքիմիայով։ Եվ ահա ազատ խոսում էր էսպերանտոյով, բավարար գիտեր տարբեր հավատների պատմություն, միայն դեռևս ալքիմիկոս չէր դարձել։ Այո, իհարկե, որոշ գաղտնիքներ բացահայտել էր, բայց ահա՝ հիմնավորապես խրվել էր ու այլևս ոչ մի քայլ առաջ չէր կարողանում անել իր հետազոտությունների ճանապարհին։ Ապարդյուն փորձել էր կապի մեջ մտնել մի այլ ալքիմիկոսի հետ, բայց նրանք բոլորն ինքնամփոփ ու տարօրինակ մարդիկ են, միայն իրենց մասին են մտածում, այնպես որ, նրանցից օգնություն կամ խորհուրդ սպասելն անիմաստ է։ Գուցե այդ ամենի պատճառն այն է, որ նրանք այդպես էլ չեն կարողացել բացահայտել Մեծագույն գյուտի՝ Իմաստության քարի գաղտնիքը։

Իմաստության քարի անպտուղ փնտրտուքների վրա Անգլիացին արդեն վատնել էր հայրական ժառանգության մի մասը։ Նա այցելել էր աշխարհի լավագույն գրադարանները, գնել էր ալքիմիային վերաբերող ամենաեզակի, ամենակարևոր գրքերը։ Այդ գրքերից մեկում նա կարդացել էր մի հայտնի արաբ ալքիմիկոսի մասին, որը շատ տարիներ առաջ եղել էր Եվրոպայում։ Նրա մասին խոսվում էր, թե ավելի քան երկու հարյուր տարեկան է, որ գտել է Իմաստության քարը և բացահայտել Անմահական ջուրը, որն ինքնին գուցե թե տպավորիչ էր, բայց այդպես էլ Անգլիացու համար առասպել կմնար, եթե անապատում երկրաբանական արշավանքից վերադարձած նրա բարեկամներից մեկը չպատմեր գերբնական շնորհներով օժտված մի արաբի մասին։

— Նա ապրում է Էլ Ֆայում օազիսում,— ասել էր բարեկամը։— Մարդիկ պատմում են, որ նա երկու հարյուր տարեկան է և կարողանում է ցանկացած մետաղ վերածել ոսկու։

Անգլիացին միանգամից թողել էր բանուգործ, հավաքել իր գրադարանի լավագույն գրքերը և ահա այստեղ է, այս խարխուլ, հյուղակի նման բարաքում, որի մոտ մի հսկա քարավան պատրաստություն է տեսնում կտրել֊անցնել Սահարան, իսկ նրա ճանապարհին Էլ Ֆայում օազիսն է։

«Ես պետք է իմ աչքով տեսնեմ այդ անիծյալ ալքիմիկոսին»,— մտածեց Անգլիացին և պատուհանից ներխուժող անասունների հոտը կարծես մի փոքր ավելի տանելի դարձավ։

Եվ ահա նրան մոտեցավ ճամփորդական պայուսակն ուսին մի երիտասարդ արաբ ու բարևեց։

— Ո՞ւր եք գնալու,— հարցրեց նա։

— Անապատ,— պատասխանեց Անգլիացին և շարունակեց ընթերցանությունը։

Նա խոսելու ժամանակ չուներ. հարկավոր էր տասը տարվա սովորածը թարմացնել՝ չի բացառվում, որ ալքիմիկոսը ցանկանա փորձել նրա գիտելիքները։

Այդ ընթացքում պատանին նստելով՝ մախաղից հանել էր գիրքը և բացել։ Անգլիացին նկատեց, որ գիրքը իսպաներեն է։

«Վատ չէ»,— մտածեց նա, քանի որ իսպաներեն ավելի լավ էր խոսում, քան արաբերեն։

Եթե այս պատանին էլ է ուղեւորվում Էլ Ֆայում՝ կարելի է ճանապարհին, ազատ ժամերին հետը զրուցել։

«Հետաքրքիր է,— մտածեց Սանտյագոն՝ հերթական անգամ կարդալով գրքի՝ հուղարկավորության մասին պատմող առաջին մասը։— Ահա երկու տարի է՝ ինչ ձեռքս եմ առել այս գիրքը և մինչև հիմա կարծես մեխվել մնացել եմ առաջին էջերի վրա»։

Այս անգամ նրա կողքին չէր Մելքիսեդեկ արքան, բայց, միևնույն է, պատանին չէր կարողանում կենտրոնանալ։ Նրան շեղում էր նաև այն միտքը, թե արդյոք ճիշտ որոշում է կայացրել։ Սակայն Սանտյագոն հասկացել էր գլխավորը, ցանկացած գործում որոշումը լոկ սկիզբն է։ Երբ մարդն ինչ-որ բան է վճռում, մի տեսակ սուզվում է սրընթաց ջրահոսքի մեջ, որը նրան տանում է այնտեղ, ուր չէր էլ մտածում լինել վճիռն ընդունելու պահին։

«Ճանապարհվելով գանձի որոնման՝ չէի էլ ենթադրում, որ կաշխատեմ բյուրեղապակու առևտրականի կրպակում։ Ճիշտ այդպես նաև այս քարավանը, որի հետ ճամփորդելու ընտրությունը գուցե իմն է, բայց նրա անցնելիք ուղու անակնկալներն այդպես էլ անմեկնելի կմնան»։

Կողքը նստած էր եվրոպացին և նույնպես գիրք էր կարդում։ Սանտյագոյին սա հակակրելի էր թվում. երբ պատանին մտել էր նրա կացարանը, սա արհամարանքով էր նայել։ Չէր բացառվում, որ նրանք կարող էին լավ բարեկամներ դառնալ, բայց վերջինս մեկեն ընդհատել էր խոսակցությունը։

Պատանին փակեց գիրքը. նա չէր ուզում նույնիսկ կարդալով նմանվել այս օտարերկրացուն, հետո գրպանից հանեց քարերը և սկսեց խաղալ։

— Ուրիմ և Թումիմ,— ապշեց եվրոպացին։

Սանտյագոն շտապ գրպանը դրեց քարերը։

— Չեն վաճառվում,— ասաց։

— Նրանք այնքան էլ թանկ չեն,— պատասխանեց եվրոպացին,— սովորական բյուրեղներ են, ոչինչ ավելի։ Աշխարհում միլիոնավոր այդպիսի բյուրեղներ կան, բայց իմացող մարդու համար դրանք Ուրիմ ու Թումիմ են։ Չէի կարծում, թե այս կողմերում դրանց կարելի է հանդիպել։

— Ինձ արքա է նվիրել,— պատասխանեց պատանին։

Կարծես խոսելու ունակությունից զրկված օտարերկրացին դողացող ձեռքով գրպանից երկու քար հանեց՝ հար ու նման Սանտյագոյի քարերին։

— Դու արքայի հետ խոսե՞լ ես,— հարցրեց նա։

— Իհարկե, քեզ դժվար է պատկերացնել, որ արքան կարող է խոսել հովվի հետ,— ասաց Սանտյագոն՝ ցանկանալով փակել խոսակցությունը։

— Չէ՛, չէ՛, ճիշտ հակառակը։ Հովիվներն առաջինը ճանաչեցին Արքային, երբ մնացյալ աշխարհը մերժեց այդ բանն անել։ Թերևս այդ պատճառով է, որ արքաները խոսում են հովիվների հետ, — և կարծես երկյուղելով, որ պատանին իրեն չի հասկանա՝ շարունակեց.— դա գրված է նաև Աստվածաշնչում, հենց այն գրքում, ուր կարդացել եմ Ուրիմի և Թումիմի մասին։ Գուշակություն անելու միակ ձևը, որ Աստված թույլ է տվել՝ այս քարերն են։ Կղերականները դրանք կրում էին ոսկյա լանջազարդերի վրա։

Սանտյագոն արդեն չէր ափսոսում, որ եկել էր այստեղ։

— Գուցե դա հենց Նախանշանն է,— ասես բարձրաձայն մտածելով շշնջաց Անգլիացին։

— Քեզ ո՞վ է ասել նախանշանների մասին,— Սանտյագոյի հետաքրքրասիրությունն աճում էր վայրկյան առ վայրկյան։

— Կյանքում ամեն ինչ նախանշան է,— ասաց Անգլիացին, ծալելով հանդեսը։— Տիեզերքը ստեղծվել է մեկ լեզվով, որը հասկանալի էր բոլոր մարդկանց, բայց այն արդեն մոռացվել է։ Հենց այդ Համընդհանուր լեզուն էլ, ի թիվս այլ բաների, փնտրում եմ։ Հենց դրա համար եմ այստեղ։ Ես պետք է գտնեմ այդ Համընդհանուր լեզվին տիրապետող մարդուն՝ Ալքիմիկոսին։

Նրանց խոսակցությունն ընդհատվեց մի հաստլիկ արաբի՝ պահեստի տիրոջ հայտնվելով։

— Բախտներդ բերեց,— ասաց արաբը,— այսօր կեսօրից հետո քարավան է գնալու Էլ Ֆայում։

— Բայց ես Եգիպտոս եմ գնում,— հուզված բացականչեց Սանտյագոն։

— Էլ Ֆայումը հենց Եգիպտոսում է։ Դու ինչ տեսակ արաբ ես։

Սանտյագոն պատասխանեց, որ իսպանացի է։ Անգլիացին ուրախացավ. չնայած արաբական ոճով է հագնված, բայց եվրոպացի է։

— Նա նախանշանները «հաջողություն» է անվանում,— ասաց Անգլիացին պահեստատիրոջ մասին, երբ նա դուրս եկավ։— Եթե գիրք գրեի «հաջողություն» և «զուգադիպություն» բառերի մասին, կստացվեր մի հաստափոր հանրագիտարան։ Հենց այդ բառերից է բաղկացած Համընդհանուր լեզուն։

Եվ ավելացրեց, որ իր ու Սանտյւսգոյի հանդիպումը, որը, պարզվում է, նույնպես ունի Ուրիմ և Թումիմ քարեր, հազիվ թե պարզ զուգադիպություն լինի։ Հետո փորձեց տեղեկանալ, հո Ալքիմիկոսի՞ն չի փնտրում պատանին։

— Ես գանձ եմ փնտրում,— պատասխանեց վերջինս ու կարկամելով՝ կծեց լեզուն։

Սակայն Անգլիացին կարծես թե նշանակության չտվեց նրա խոսքին և միայն ասաց.

— Որոշ իմաստով՝ ես էլ։

— Ես կարգին չգիտեմ էլ, թե ինչ է ալքիմիան,— ասաց Սանտյագոն, բայց այդ պահին լսվեց նրանց կանչող տիրոջ ձայնը։

— Քարավանի առաջնորդը ես եմ,— դրսում նրանց ասաց մի երկարամորուս թխաչ մարդ։— Իմ ձեռքին է բոլոր նրանց կյանքն ու մահը, ովքեր գալիս են ինձ հետ, քանի որ անապատը մի քմահաճ կին է և հաճախ մարդկանց խելքահան է անում։

Ուղևորության էին պատրաստվում շուրջ երկու հարյուր մարդ, իսկ անասունները՝ ուղտեր, ձիեր, ավանակներ, կրկնակիից ավելի էին։ Անգլիացին գրքերով լիքը մի քանի ճամպրուկ ուներ։ Բակում խռնվել էին կանայք, երեխաներ և թրերը գոտիներից կախ ու երկար հրացանները կռնակներին տղամարդիկ։ Այնպիսի աղմուկ էր, որ Առաջնորդը ստիպված էր խոսքը կրկնել մի քանի անգամ։

— Այստեղ տարբեր մարդիկ են հավաքվել և տարբեր կրոններ են դավանում։ Իսկ ես ծառայում եմ միայն Ալլահին ու նրա անունով երդվում եմ. հնարավոր ամեն ինչ կանեմ, որպեսզի նորից հաղթեմ անապատին։ Այժմ թող ամեն մեկը երդվի այն աստծուն, որին հավատում է, որ ինչ էլ լինի՝ կենթարկվի ինձ։ Անապատում անհնազանդությունը մահ է։

Խուլ բվվոց տարածվեց՝ յուրաքանչյուրն իր աստծուն էր դիմում։ Սանտյագոն երդվեց Քրիստոսով։ Անգլիացին լռում էր։ Բվվոցն ավելի երկար տեւեց, քան պետք էր երդվելու համար՝ մարդիկ երկնավորից պաշտպանություն և հովանավորություն էին խնդրում։

Հետո երկարատև հնչեց եղջերափողը, և ամենքը ելան թամբին։ Սանտյագոն և Անգլիացին, որոնք մի-մի ուղտ էին գնել, դժվարությամբ բարձրացան նրանց վրա։ Պատանին տեսավ, թե իր ուղեկիցն ինչպես է գրքերով լի ճամպրուկներով ծանրաբեռնել ուղտին և խղճաց դժբախտ կենդանուն։

— Ոչ մի զուգադիպություն չկա,— ընդհատված խոսակցությունը փորձեց շարունակել Անգլիացին։— Ես այստեղ եմ եկել, որովհետև իմ ընկերներից մեկը լսել էր մի արաբի մասին, որը...

Բայց նրա խոսքը խեղդվեց շարժվող քարավանի աղմուկի մեջ։ Սակայն Սանտյագոն գերազանց գիտեր, թե ինչ նկատի ուներ Անգլիացին. գոյություն ունի դեպքերն իրար կապող խորհրդավոր շղթա։ Դա է, որ իրեն ստիպել է գնալ հովվության, երկու անգամ տեսնել միևնույն երազը, հայտնվել աֆրիկյան ափի մերձակայքում, հանդիպել արքային, դառնալ խաբեբայի զոհը և վարձու աշխատանք կատարել բյուրեղապակու կրպակում ու...

«Որքան մոտենում ես քո երազանքին, այնքան ավելի զորավոր է դառնում Սեփական Առասպելը որպես գոյության իմաստ»,— մտածեց պատանին։

Քարավանը գնում էր դեպի արևելք։ Ճամփա էին ընկնում վաղ առավոտյան, կանգ էին առնում, երբ արևը զենիթին էր հասնում ու սպասելով. որ միջօրեի տապն անցնի, շարունակում էին ուղին։

Սանտյագոն քիչ էր խոսում Անգլիացու հետ. վերջինս մեծամասամբ գիրք էր կարդում։

Պատանին լուռ դիտում էր բազմաթիվ ուղեկիցներին։ Նրանք հիմա այն չէին, ինչ ճամփա ընկնելիս։ Այն ժամանակ իրարանցում էր տիրում՝ ձայները, մանկական լացը և ձիերի խրխինջը խառնվում էին վաճառականների և ուղեկցողների գոռոցներին։ Իսկ այստեղ՝ անապատում, լռությունը խախտում էին միայն հավերժական քամու սվվոցը եւ ավազի ղրճտոցը՝ ուղտերի ոտքերի տակ։ Նույնիսկ ուղեկցողներն էին լռություն պահպանում։

— Ես շատ անգամ եմ անցել այս ավազուտներով,— մի գիշեր ասաց ուղեկցողներից մեկը մյուսին,— բայց անապատն այնքան մեծ է ու հորիզոններն այնքան անծայրածիր, որ ստիպում են զգալ քեզ չնչին ու ամփոփվել լռության մեջ։

Սանտյագոն, չնայած առաջին անգամ էր անապատում, հասկացավ, թե ինչ են խոսում ուղեկցողները։ Նա ինքն էլ, նայելով ծովին կամ կրակին, ժամերով կարող էր ոչ մի բառ չարտաբերել, ոչ մի բան չմտածել՝ մի տեսակ հալվել-մերվելով տարերքի անսահման ուժին։

«Ես սովորել եմ ոչխարներից, սովորել եմ բյուրեղապակուց, հիմա ինձ ուսուցանելու է անապատը։ Նա ինձ թվում է ամենահինը, իմ տեսած ամեն ինչից ամենաիմաստունն է նա»։

Իսկ քամին այստեղ ոչ մի վայրկյան չէր դադարում, և Սանտյագոն հիշեց, թե ինչպես էր զգում քամու ուժը Թարիֆ քաղաքի ամրոցի աշտարակին կանգնած։ Գուցե այդ նույն քամին հիմա սուրում է Անդալուզիայի արոտավայրերում, օրորելով կեր ու ջուր փնտրող իր ոչխարների բուրդը։

«Այժմ նրանք իմը չեն,— մտածեց առանց տխրության։— Երևի ինձ մոռացել՝ նոր հոտաղին են վարժվել։ Թող այդպես լինի։ Ոչխարները, ինչպես նաև տեղից տեղ գնացող ամեն ոք, գիտեն, որ բաժանումն անխուսափելի է»։

Այստեղ նա հիշեց մահուդագործի աղջկան. երևի նա ամուսնացել է։ Ո՞ւմ հետ։ Գուցե մի եգիպտացորեն վաճառողի հե՞տ։ Կամ մի հովվի հետ, որը գրել-կարդալ գիտի՝ հո ինքը միակը չէ։ Այն, որ ինքը, չգիտես ինչու, դրանում համոզված էր, ուժեղ տպավորություն էր թողնում. գուցե ինքն էլ է տիրապետում Համընդհանուր լեզվին և այժմ աշխարհում բոլորի անցյալն ու ներկան գիտի՞։ «Նախազգացողություն»՝ այդ շնորհն այսպես էր բնորոշում մայրը։ Այժմ ինքը գիտեր, որ դա ոգու արագ միաձուլումն է կյանքի տիեզերական ընթացքին, ուր բոլորի ճակատագրերը կապված են իրար։ Մենք կոչված ենք իմանալու ամեն ինչ, քանզի ամեն ինչ արդեն գրված է։

— Մակտուբ,— շշնջաց պատանին՝ հիշելով բյուրեղապակու առևտրականին։

Անապատի ավազուտը երբեմն քամու էր փոխվում։ Եթե քարավանը ժայռի էր հանդիպում՝ շրջանցում էր, իսկ եթե դեմ էր առնում քարաբեկորների մի ամբողջ կույտի՝ պտույտ էր տալիս շուրջը։ Եթե ավազն այնքան մանր էր լինում, որ կաշկանդում էր քարավանի ընթացքը, փնտրում էին այլ ուղի։ Երբեմն աղուտների էին հանդիպում (նշանակում է՝ այդտեղ մի ժամանակ լիճ է եղել), և բեռնակիր անասունները խղճահարույց վրնջում էին։ Գրաստավարները շտապում էին փաղաքշել, հանգստացնել կենդանիներին, ապա ուսներին էին առնում նրանց բեռը և միայն ճանապարհի այդ դավաճան հատվածը հաղթահարելուց հետո էին բեռը դարձյալ բարձում գրաստներին և ուղտերին։ Եթե գրաստավարներից մեկը հիվանդանում կամ մահանում էր, վիճակահանությամբ որոշում էին, թե ով է քշելու նրա կենդանուն։

Այդ ամենը ուղղված էր միայն մեկ բանի. որքան էլ պտույտ տար քարավանը, որքան էլ փոխեր ուղղությունը, անշեղորեն գնում էր դեպի նպատակակետը։ Արգելքները հաղթահարելով՝ կրկին գնում էր այն աստղի ուղղությամբ, որը ցույց էր տալիս օազիսի տեղը։ Տեսնելով, թե նա ինչպես է փայլում առավոտվա երկնքում, գիտեին՝ աստղը իրենց տանում է այնտեղ, ուր կային կանայք, ջուր, արմավենիներ։ Միայն Անգլիացին, խորասուզված գրքերի մեջ, կարծես ոչինչ չէր նկատում։

Ճանապարհվելու առաջին օրերին Սանտյագոն նույնպես փորձում էր կարդալ։ Բայց հետո հասկացավ, որ շատ ավելի հետաքրքիր է նայել շուրջը և լսել քամու աղմուկը։ Հենց որ սկսեց հասկանալ իր ուղտին ու կապվել նրան, գիրքը դեն նետեց՝ ավելորդ ծանրություն էր։ Համենայնդեպս, նա առաջվա պես համոզված էր, որ գիրքը բացելուն պես միշտ նրա մեջ մի հետաքրքիր բան կգտնես։

Կամաց-կամաց բարեկամացավ կողքով քայլող գրաստավարի հետ։ Երեկոները, երբ հանգստի էին կանգնում և խարույկ վառում, Սանտյագոն նրան իր տափաստանային կյանքից դեպքեր էր պատմում։

Իսկ մի անգամ գրաստավարն սկսեց խոսել իրենից։

— Ես ապրում էի Էլ Կահիրումի մոտակայքի մի գյուղակում։ Ունեի այգի, երեխաներ և ապրում էի մի կյանքով, որը մինչև մահս չէի փոխի։ Մի անգամ, երբ առատ բերք էր ստացվել, ամբողջ ընտանիքով գնացինք Մեքքա. կատարեցի կյանքում ունեցած միակ պարտքս։ Արդեն կարող էի մեռնել հանգիստ սրտով և դրա համար գոհ էի։ Բայց մի անգամ հողը ցնցվեց, և Նեղոսը դուրս եկավ հունից։ Այն բանը, որ միշտ կարծում էի, թե ուրիշների հետ պիտի պատահեր, եկավ իմ գլխին։ Հարևաններս անհանգստանում էին, թե հանկարծ հեղեղը չտանի ձիթապտղի այգիները, կինս տագնապում էր երեխաների համար։ Ես էլ սարսափով նայում էի, թե ինչպես է կորչում ամբողջ ապրուստս։

Բայց փրկության ճար չկար։ Հողը դրանից հետո դադարեց բերք տալ։ Ստիպված էի ապրուստ հայթայթելու այլ ձև փնտրել։ Ու դարձա ուղտավար։ Այդ ժամանակ էլ ինձ համար պարզ դարձավ Ալլահի խոսքի իմաստը՝ թե պետք չէ վախենալ անհայտից, քանի որ ամեն ոք ընդունակ է ձեռք բերելու այն, ինչ ուզում է, ստանալ այն, ինչի կարիքն ունի։ Մենք բոլորս վախենում ենք կորցնել մեր ունեցածը՝ լինի ցանքսը, թե մեր կյանքը։ Բայց այդ վախն անցնում է, հենց հասկանում ենք, որ ամեն ինչ՝ և՛ մեր ճակատագիրը, և՛ աշխարհի պատմությունը մի ձեռքով է գրված։

Գիշերները երբեմն երկու քարավան իրար էին հանդիպում։ Եվ չկար մի դեպք, որ ճամփորդներից մեկի մոտ չգտնվեր այն, ինչի կարիքն զգում էր մյուսը։ Իսկապես որ՝ կարծես աշխարհում ամեն ինչ գրված էր նույն ձեռքով։ Ուղեկցողները իրար պատմում էին փոշեմրրիկների մասին, խարույկների շուրջ հավաքված՝ քննարկում անապատի պատմությունները։

Պատահում էր, որ խարույկներին էին մոտենում ծպտյալ մարդիկ. դրանք բեդվիններ էին, որոնք լրտեսում էին քարավանների անցնելիք ճանապարհը։ Նրանք տեղեկություններ էին տալիս ավազակների և վայրի ցեղերի մասին, իսկ հետո լուռ անհետանում էին իրենց սև զգեստների մեջ, որոնց կնգուղերից փայլատակում էին միայն նրանց աչքերը։

Մի այդպիսի երեկո գրաստավարը մոտեցավ այն խարույկին, որի շուրջ նստած էին Սանտյագոն ու Անգլիացին։

— Ցեղերի միջև ընթացող պատերազմի լուր է շրջում,— ասաց նա։

Տիրող լռության մեջ Սանտյագոն զգաց, թե ինչպես է օդում տագնապը կախվել։ Մեկ անգամ ևս համոզվեց, որ հասկանում է անհնչյուն Համընդհանուր լեզուն։

Որոշ ժամանակ անց Անգլիացին հարցրեց, թե դա որքանով կարող է վտանգավոր լինել քարավանի համար։

— Երբ անապատ ես դուրս եկել, ետդարձի ճամփա չկա,— պատասխանեց գրաստավարը։— Իսկ եթե ետդարձի ճամփա չկա, ուրեմն մնում է միայն առաջ գնալ։ Մնացյալը, այդ թվում նան վտանգը, Ալլահի գործն է։ Մակտուբ,— ավելացրեց նա խորհրդավոր բառն ու հեռացավ։

— Դուք ավելի մեծ ուշադրություն պիտի դարձնեք քարավաններին,— ասաց Սանտյագոն Անգլիացուն։— Որքան էլ որ դեգերեն, անշեղորեն շարժվում են դեպի իրենց նպատակակետը։

— Իսկ դու ավելի շատ պիտի կարդաս աշխարհի մասին,— պատասխանեց Անգլիացին։— Գրքերը նույնն են սովորեցնում, ինչ քարավանները։

Մարդկանց ու կենդանիների հսկա խումբը սկսեց քայլել ավելի արագ։ Եթե առաջ ցերեկը լռում էին, իսկ երեկոյան հավաքվելով խարույկների մոտ՝ զրուցում, հիմա լուռ էին նաև երեկոները։ Իսկ հետո Առաջնորդն արգելեց նույնիսկ խարույկ վառել. նրանք կարող էին ավազակների ուշադրությունը գրավել։ Գիշերային ցրտից պաշտպանվելու համար ուղտերին ու ձիերին պառկեցնում էին շրջանաձև, իսկ իրենք քնում էին նրանց մեջ կողք կողքի։ Առաջնորդը զինված մարդիկ նշանակեց գիշերակացքը հսկելու համար։

Մի գիշեր Անգլիացու քունը չէր տանում։ Կանչեց Սանտյագոյին, և նրանք սկսեցին քայլել հանգստացող քարավանի շուրջը։ Լիալուսին էր, ու Սանտյագոն որոշեց պատմել նրան իր պատմությունը։

Անգլիացուն դուր եկավ հատկապես այն հատվածը, որը վերաբերում էր բյուրեղապակու առևտրականի հաջողությանը՝ Սանտյագոյի՝ այնտեղ աշխատանքի անցնելուց հետո։

— Սա այն սկզբունքն է, որը շարժում է աշխարհում ամեն բան,— ասաց նա։— Ալքիմիայում դա կոչվում է Աշխարհի հոգի։ Եթե ինչ-որ բան ես ուզում ամբողջ սրտով, ապա առնչվում ես Աշխարհի հոգու հետ։ Իսկ նրա մեջ կուտակված ուժը միշտ դրական է։

Եվ ավելացրեց, որ դա միայն մարդկանց չի վերաբերում. աշխարհում ամեն ինչ հոգի ունի՝ լինի քար, թուփ, կենդանի, թե նույնիսկ մի պարզ միտք։

— Այն, ինչ գոյություն ունի աշխարհի տակ ու նրա վրա, մշտապես փոփոխվում է, քանի որ հենց ինքը երկիրն էլ կենդանի արարած է և նույնպես հոգի ունի։ Մենք բոլորս այդ Հոգու մի մասնիկն ենք, և հաճախ չենք հասկանում, որ նա միշտ գործում է հօգուտ մեզ։ Բայց դու խանութում աշխատած ժամանակ պետք է հասկացած լինես, որ նույնիսկ բյուրեղապակին է նպաստել քո հաջողությանը։

Սանտյագոն լուռ լսում էր՝ նայելով մերթ լուսնին, մերթ սպիտակ ավազին։

— Ես տեսել եմ, թե ինչպես է քարավանը գնում անապատով,— վերջապես ասաց նա,— քարավանը նրա հետ խոսում է միևնույն լեզվով, այդ պատճառով էլ անապատը բաց է պահում նրա ուղին։ Անապատը պիտի ստուգի քարավանի ամեն մի քայլը և երբ համոզվի, որ այն անթերի համահունչ է իր հետ, ճամփա կտա դեպի օազիս։ Իսկ եթե մեզնից որևէ մեկն անապատ մտներ խիզախ սրտով, բայց առանց տիրապետելու այդ լեզվին, կզոհվեր ճանապարհի առաջին իսկ օրը։

Այժմ երկուսն էլ լուսնին էին նայում։

— Հենց դա էլ նախանշանների մոգությունն է,— շարունակեց Սանտյագոն։— Ես տեսա, թե ուղեկիցներն ինչպես են կարդում անապատի նախանշանները և թե ինչպես է քարավանի հոգին խոսում անապատի հոգու հետ։

Որոշ ժամանակ անց լռությունը խզեց Անգլիացին.

— Ինձ անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել քարավանին։

— Իսկ ինձ անհրաժեշտ է կարդալ Ձեր գրքերը,— պատասխանեց պատանին։

Տարօրինակ էին այդ գրքերը։ Այնտեղ խոսքը սնդիկի ու աղի, արքաների ու վիշապների մասին էր, բայց Սանտյագոն չէր կարողանում որևէ բան հասկանալ։ Այնուամենայնիվ կար մի միտք, որը գրեթե բոլոր գրքերում կրկնվում էր. աշխարհում ամեն ինչ միևնույն նյութի տարբեր արտահայտություններն են։

Մի գրքից իմացավ, որ ալքիմիայի մասին ամենակարևոր տեղեկությունն ընդամենը մի քանի տող է՝ գրված զմրուխտի մակերևույթին։

— Դա կոչվում է «Զմրուխտե սալիկ»,— ասաց Անգլիացին՝ հպարտ, որ կարողանում է իր ուղեկցին մի բան սովորեցնել։

— Այդ դեպքում ինչի՞ համար են այսքան գրքերը։

— Որպեսզի հասկանաս այդ մի քանի տողը,— անվստահ պատասխանեց Անգլիացին։

Սանտյագոյին ամենաշատը հետաքրքրեց նշանավոր ալքիմիկոսների մասին պատմող գիրքը։ Այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել էին լաբորատորիաներում մետաղների մաքրման աշխատանքին. նրանք հավատացած էին, որ եթե երկա՜ր-երկա՜ր տարիներ որևէ մետաղ անընդհատ եփես, ի վերջո կկորցնի իր բոլոր հատկությունները և նրանում կմնա միայն մեկ բան՝ Աշխարհի հոգին։ Եվ այդ Միակ Բանը ալքիմիկոսներին հնարավորություն կտա հասկանալ աշխարհում ցանկացած բան, քանի որ դա հենց այն լեզուն է, որով ամեն բան հարաբերակցվում է։ Նրանք այդ բացահայտումը անվանում են Մեծ արարում, որն էլ բաղկացած է երկու տարրերից՝ պինդ և հեղուկ։

— Այդ լեզվին տիրապետելու համար մի՞թե բավարար չէ մարդկանց և նախանշանները ուսումնասիրելը,— տեղեկացավ Սանտյագոն։

— Դու սիրում ես ամեն ինչ պարզեցնել,— նյարդայնացավ Անգլիացին։— Ալքիմիան լուրջ գիտություն է։ Այն պահանջում է, որ յուրաքանչյուր քայլ կատարվի իմաստունների ուսմունքին խիստ համապատասխան։

Պատանին գիտեր, որ Մեծ արարման հեղուկ մասը կոչվում է Անմահական ջուր. այն, բոլոր տեսակի հիվանդությունները բուժելուց բացի, թույլ է տալիս ալքիմիկոսներին խուսափել ծերանալուդ։ Երկրորդ բաղադրիչը կոչվում է Իմաստության քար։

— Հեշտ չէ գտնել Իմաստության քարը,— ասաց Անգլիացին։— Ալքիմիկոսները տարիներով ճգնում էին լաբորատորիաներում՝ հետևելով մետաղի մաքրման ընթացքին։ Նրանք այնքան երկար էին նայում կրակին, որ գլուխները կամաց-կամաց ազատագրվում էին աշխարհի բոլոր արատներից։ Եվ մի գեղեցիկ օր հայտնաբերում էին, որ մետաղը մաքրելով՝ մաքրվել են նաև իրենք։

Այստեղ Սանտյագոն հիշեց բյուրեղապակու առևտրականին, որն ասում էր, թե բաժակները լվանալով՝ հոգիդ էլ ես մաքրում կեղտերից։ Պատանին ավելի ու ավելի էր համոզվում, որ ալքիմիան կարելի է սովորել նաև առօրյա կյանքում։

— Դրանից բացի,— շարունակեց Անգլիացին,— Իմաստության քարը նաև մի զարմանալի հատկություն ունի. նրա մի աննշան բեկորը բավարար է ցանկացած մետաղ ցանկացած քանակի ոսկու վերածելու համար։

Այդ լսելուց հետո Սանտյագոյի հետաքրքրությունը ալքիմիայի նկատմամբ զգալիորեն աճեց։ Նա մտածեց, որ ընդամենը պետք է մի քիչ համբերություն՝ և հնարավոր կլինի ցանկացած բան վերածել ոսկու։ Չէ՞ որ կարդացել էր նրանց տարեգրությունը, ում այդ բանը հաջողվել էր. Հելվեցիուս, Էլիաս, Ֆուլկանելի, Գեբեր։ Դրանք հրապուրիչ պատմություններ էին։ Նրանց բոլորին հաջողվել էր ապրել իրենց Սեփական Առասպելը մինչև վերջ։ Նրանք թափառել էին աշխարհեաշխարհ, հանդիպել էին գիտնական իմաստունների, հրաշքներ էին գործել՝ ի հեճուկս հոռետեսների, և ամենագլխավորը՝ ի վերջո տիրացել էին Իմաստության քարին և Անմահական ջրին։ Սակայն երբ Սանտյագոն փորձեց պարզել, թե ինչպես կարելի է հասնել Մեծ արարմանը, հանդիպեց փակուղու. բազում գծագրերից, ծածկագրված հրահանգներից ու անընթեռնելի գրություններից բացի, գրքերում ոչինչ չկար։

— Ալքիմիկոսների երկերն ինչո՞ւ են այդպես խրթին,— մի երեկո հարցրեց Անգլիացուն, որն առանց իր գրքերի ակնհայտորեն ձանձրանում էր։

— Քանի որ հասկանալ տրված է միայն նրանց, ովքեր գիտակցում են դրա ամբողջ պատասխանատվությունը։ Պատկերացրու, թե ինչ կստացվի, եթե ամեն մեկը, ով չի ալարում, սկսի կապարը ոսկու վերածել։ Շատ արագ ոսկին կդառնա այն, ինչ արճիճը։ Միայն համառներին ու գիտակներին է հասու Մեծ արարման գաղտնիքը։ Ահա թե ինչու եմ ես այստեղ, այս անապատում. ինձ հարկավոր է հանդիպել իսկական ալքիմիկոսի, որը կօգնի վերծանել խորհրդավոր գրությունները։

— Իսկ այդ գրքերը ե՞րբ են գրվել։

— Շատ դարեր առաջ։

— Չէ՞ որ այն ժամանակ տպագրական մեքենա չկար։ Ուրեմն, ալքիմիային տիրապետել կարող էին շատ քչերը։ Ւնչո՞ւ են դրանք գրված այդպիսի խորհրդավոր լեզվով և պատկերներն ինչու են այդքան հանելուկային։

Անգլիացին ոչինչ չպատասխանեց։ Միայն որոշ ժամանակ լռելուց հետո ասաց, որ արդեն մի քանի օր է՝ ուշադիր հետևում է քարավանի երթին, բայց ոչ մի նոր բան չի նկատել։ Միայն միջցեղային պատերազմի մասին են սկսել ավելի հաճախ խոսել։

Մի քանի օր անց Սանտյագոն վերադարձրեց Անգլիացու գրքերը։

— Հը՛, ի՞նչ հասկացար սրանցից,— հույսով լեցուն հարցրեց վերջինս. նա ուզում էր իր թեմաներով զրուցել որևէ մեկի հետ, որպեսզի վաներ տագնապալի մտքերը։

— Հասկացա, որ աշխարհը հոգի ունի, և ով հասնի դրան՝ կհասկանա ամենայն գոյի լեզուն։ Հասկացա նաև, որ շատ ալքիմիկոսներ մինչև վերջ ապրել են իրենց Սեփական Առասպելը և բացահայտել Իմաստության քարն ու Անմահական ջուրը,— ասւսց պատանին, հետո ավելացրեց,— իսկ ամենագլխավորը՝ այդ ամենն այնքան պարզ է, որ կարող է տեղավորվել զմրուխտի մի նիստի վրա։

Անգլիացին հիասթափություն զգաց։ Ոչ իր երկար տարիների ուսումնառությունը, ոչ մոգական նշանները, ոչ իմաստուն խոսքերը, ոչ թորանոթներն ու փորձանոթները, ոչ մի բան Սանտյագոյի վրա տպավորություն չէին թողել։

«Նա շատ պարզունակ է, որ դրանք հասկանա»,— մտածեց Անգլիացին և գրքերը հավաքելով՝ դրեց ուղտին բարձած պայուսակի մեջ։

— Ուրեմն ուսումնասիրի քո քարավանը,— ասաց նա։— Ես նրանից այնքան օգուտ ստացա, որքան դու՝ իմ գրքերից։

Սանտյագոն կրկին սկսեց ունկնդրել անապատի համր լռությունը և հետեւել, թե ինչպես է կենդանիների կճղակների տակից բարձրանում ավազափոշին։ «Ամեն ոք սովորելու իր ձևն ունի,— մտածեց նա։— Իմ ձևը նրան դուր չի գալիս, իրենը՝ ինձ։ Բայց երկուսս էլ փնտրում ենք մեր Սեփական Առասպելը, ու հենց միայն դրա համար ես չեմ կարող չհարգել նրան»։

Այժմ քարավանը գնում էր նաև գիշերները։ Ամեն վայրկյան ծպտյալ սուրհանդակներ էին հայտնվում և Առաջնորդին ինչ-որ բան ասում։ Սանտյագոյի հետ բարեկամացած ուղտապանը բացատրեց, որ ցեղախմբերի միջև պատերազմն արդեն սկսվել է։ Մեծ բարեբախտություն կլինի, եթե քարավանը օազիս հասնի։

Ուղտերն ու ձիերը հալից ընկել էին։ Մարդիկ ավելի լռակյաց էին դարձել, և գիշերային լռության մեջ հնչող ձիու վրինջը կամ ուղտի խռնչոցը, որոնք նախկինում հենց այդպես էլ ընկալվում էին, այժմ վախ էին արթնացնում, քանի որ կարող էին հարձակման նշան լինել։

Ուղտապանը մոտալուտ վտանգ չէր կանխատեսում։

— Ես ապրում եմ,— մի երեկո, երբ երկնքում լուսին չկար և խարույկ չէին վառել, ասաց նա։— Ահա արմավ եմ ուտում։ Երբ ուտում եմ՝ ուտում եմ և այլ գործով չեմ զբաղվում։ Եթե քայլում եմ, ապա միայն քայլում եմ։ Եթե հարկ լինի մարտնչել, այդ օրը մահվան համար նույնքան լավ օր կլինի, որքան մյուս բոլոր օրերը։ Չէ՞ որ ես ապրում եմ ոչ անցյալում և ոչ էլ ապագայում, այլ այս պահին, և միայն այս պահն է ինձ հետաքրքրում։ Եթե միշտ կարողանաս մնալ ներկայի մեջ, կլինես մահկանացուներից ամենաերջանիկը։ Այն ժամանակ կհասկանաս, որ անապատը մեռյալ չէ, որ երկնքում շողում են աստղերը, որ զորականները մարտնչում են, քանի որ դա մարդկային ցեղին բնորոշ մի գիծ է։ Այդժամ կյանքը կդառնա խրախճանք, հավերժական մի տոն, քանզի այն միշտ և սոսկ այն պահն է, որն ապրում ենք։ Երկու օր անց, երբ պատրաստվում էր քնելու, Սանտյագոն նայեց օազիսի ճանապարհը ցուցանող աստղին։ Նրան թվաց, թե հորիզոնի գիծն իջել է. անապատի և երկնքի միացման տեղում հարյուրավոր աստղեր էին շողում։

— Օազիսն է,— ասաց ուղտապանը։

— Ուրեմն ինչո՞ւ անհապաղ այնտեղ չենք գնում։

— Քանի որ պետք է քնել։

Սանտյագոն աչքերը բացեց, երբ արևը բարձրանում էր հորիզոնից։ Իսկ այնտեղ, ուր գիշերը աստղեր էին շողում, հիմա անհամար արմավենիներ էին երևում, կարծես ամբողջ անապատը ծածկված էր ծառերով։

— Հասա՜նք,— գոչեց հենց նոր արթնացած Անգլիացին։

Սանտյագոն լռում էր։ Սովորել էր անապատից. այժմ նրա համար բավարար էր պարզապես ծառերին նայելը։ Դեռ երկար պիտի քայլեր, մինչև հասներ Բուրգերին ու հետո մի օր այս առավոտն էլ նրա համար հիշողություն պիտի դառնար։ Բայց հիմա դա այն ներկա պահն էր, այն տոնը, որի մասին ասել էր ուղտապանը։ Եվ նա պատրաստվում էր ապրել այդ պահը անցյալի դասերով և ապագայի մասին իր երազանքներով։ Այո, մի օր այս հազարավոր արմավենիները հիշողություն կդառնան, բայց այս պահին նշանակում էին զով, ջուր և անվտանգություն։ Եվ այնպես, ինչպես ուղտի գիշերային մնչոցը կնշանակեր թշնամու մերձեցում, այնպես էլ արմավենիների շարքը ավետում էր փրկություն։

«Աշխարհը խոսում է շատ լեզուներով»,— մտածեց Սանտյագոն։

«Երբ ժամանակն արագ է թռչում, քարավանը նույնպես արագացնում է քայլը»,— մտածեց Ալքիմիկոսը՝ նայելով, թե ինչպես են օազիս մտնում հարյուրավոր մարդիկ և կենդանիներ։

Իրար էին խառնվել տեղացիների ու եկվորների ձայները, փոշու ամպը ծածկել էր արևը, օտարներին տեսնելով՝ թռչկոտում և ճչում էին երեխաները։ Ալքիմիկոսը նկատեց, թե ինչպես էին ցեղերի առաջնորդները մոտենում քարավանի Առաջնորդին և նրա հետ երկա՜ր զրուցում։

Սակայն այդ ամենը նրան չէր հետաքրքրում։ Շատերն էին եկել ու գնացել, իսկ օազիսն ու անապատը հավերժ էին ու անփոփոխ։ Նա տեսել էր, թե ինչպես են այս անապատի ավազին ոտք դնում արքաներն ու աղքատները, ավազ, որ չնայած քամու կամքով փոխում է ձևը, բայց մնում է նույնը, այնպիսին, ինչպիսին մանկուց հիշում է Ալքիմիկոսը։ Համենայնդեպս, նա ուրախություն զգաց, որ ծնվում է յուրաքանչյուր ճանապարհորդի հոգում, երբ լուրթ երկնքին և դեղին ավազին փոխարինելու են գալիս արմավենիների կանաչ սաղարթները։

«Գուցե Տերը անապատը հորինել է հենց նրա համար, որպեսզի մարդիկ հրճվեն ծառեր տեսնելով»,— մտածեց նա։

Իսկ հետո որոշեց կենտրոնանալ ավելի գործնական բաների վրա։ Նա գիտեր՝ նշանները հուշել էին, որ այս քարավանի հետ մի մարդ է գալու, որին պետք է փոխանցի իր գաղտնի գիտելիքների մի մասը։

Ալքիմիկոսը չնայած չէր ճանաչում նրան, վստահ էր, որ փորձված հայացքով կկարողանա նրան զատել ամբոխից, և հուսով էր, որ սա նույնքան կարող աշակերտ կլինի, որքան իր նախորդը։

«Չեմ հասկանում՝ ինչու իմ իմացածը նրան պետք է փոխանցեմ գաղտնի,— մտածեց նա։— Ասենք՝ գաղտնի անվանել չի էլ կարելի, չէ՞ որ Աստված իր գաղտնիքները հաճույքով բացում է բոլոր արարածներին»։

Ալքիմիկոսը մի բացատրություն ուներ. այն, ինչը ենթակա է փոխանցման, Մաքուր կյանքի պտուղն է, կյանք, որը դժվար է արտացոլել բառերով կամ պատկերով։ Չէ՞ որ մարդիկ, տարվելով բառերով և պատկերներով, հակում ունեն վերջ ի վերջո մոռանալու Համընդհանուր լեզուն։

Նոր ժամանածներին անմիջապես տարան էլ Ֆայումի ցեղային առաջնորդների մոտ։ Սանտյագոն աչքերին չէր հավատում. օազիսը բոլորովին էլ մի քանի արմավենիներով շրջապատված ջրհոր չէր՝ ինչպես գրված է պատմության գրքերում, այն որոշ իսպանական գյուղերից շատ ավելի մեծ էր։ Այստեղ մի քանի հարյուր ջրհոր կար, հիսուն հազարի չափ արմավենի, իսկ նրանց արանքում սփռված էին անհամար գույնզգույն վրաններ։

«Հազար ու մի գիշեր»,— ասաց Անգլիացին, որն անհամբեր սպասում էր Ալքիմիկոսի հետ հանդիպմանը։

Նրանց անմիջապես շրջապատեցին ձիերին, ուղտերին և մարդկանց հետաքրքրասիրությամբ նայող երեխաները։ Տղամարդիկ հարցնում էին, թե ճանապարհին մարտի ականատես եղե՞լ են արդյոք, իսկ կանայք իրար մեջ քննարկում էին վաճառականների բերած գործվածքեղենն ու զարդերը։ Անապատի լռությունն այժմ հեռավոր երազ էր թվում. մարդիկ խոսում էին առանց դադարի, գոռում էին ու ծիծաղում, ասես դուրս էին եկել ոգիների աշխարհից, կրկին անգամ կենդանի մարդկանց հետ շփվելու համար։ Նրանք գոհ էին ու երջանիկ։

Ուղտապանը Սանտյագոյին բացատրեց, որ օազիսները միշտ համարվել են մի տեսակ չեզոք գոտիներ, քանի որ նրանց բնակիչները հիմնականում կանայք ու երեխաներ են։ Օազիսներ ունեն թե մեկ, թե մյուս հակառակորդ կողմերը, սակայն ռազմիկները գնում են կռվելու ավազուտներում, թողնելով օազիսները որպես ապաստարան։ Առաջնորդը դժվարությամբ հավաքեց բոլոր ժամանածներին և հայտարարեց, որ քարավանը օազիսում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ միջցեղային մարտերը չեն դադարել։ Ճամփորդները կհյուրընկալվեն տեղացիների վրաններում, որտեղ նրանց կտրամադրվեն լավագույն տեղերը, ինչպես Օրենքն է սահմանում։ Հետո խնդրեց, որ բոլորը, այդ թվում նաև քարավանի ժամապահները, իրենց զենքերը հանձնեն այն մարդկանց, որոնց կմատնանշեն ցեղային առաջնորդները։

— Այդ է պատերազմի օրենքը,— բացատրեց նա,— ըստ դրա՝ օազիսը չի կարող ապաստան տալ զորքերին կամ ֆիդայիներին։

Սանտյագոն շատ զարմացավ, երբ Անգլիացին գրպանից հանեց ատրճանակը և հանձնեց։

— Ատրճանակն ինչի՞դ էր պետք,— հարցրեց պատանին։

— Որպեսզի սովորեմ վստահել մարդկանց,— պատասխանեց Անգլիացին։

Նա շատ գոհ էր, որ շուտով գտնելու էր այն, ինչի համար ճամփա էր ընկել։

Իսկ Սանտյագոն շարունակում էր մտածել իր գանձի մասին։ Նա որքան մոտենում էր իր նպատակի կատարմանը, այնքան շատ դժվարություններ էին հառնում ճանապարհին։ Այն, ինչ ծեր արքա Մելքիսեդեկը անվանում էր «սկսնակների բախտը բերում է», դադարել էր գործել, այլ գործում էր, որքան ինքն էր հասկանում, իր Սեփական Առասպելը փնտրող մարդու համառությունը և խիզախությունը։ Այդ պատճառով էլ նա չէր կարող ոչ շտապել, ոչ էլ կորցնել համբերությունը, այլապես այն նշանները, որ Աստված դրել է նրա ճանապարհին, կարող են այդպես էլ չնկատված մնալ։

«Աստված է դրել»,— կրկնում էր նա ինքն իրեն՝ զարմանալով այդ մտքից։ Մինչ այժմ նրան թվում էր, թե այդ Նախանշանները աշխարհի մի տարրն են, այնպես, ինչպես քաղցը կամ ծարավը, սիրո կամ աշխատանքի որոնումը։ Երբեք չէր մտածել, որ դա մի լեզու է, որով իր հետ խոսում է Աստված՝ ցույց տալով նրան, թե ինչ պետք է անել։

«Մի՛ շտապիր,— ասաց ինքն իրեն,— ինչպես ասում էր ուղտապանը. ճաշի ժամին ճաշիր, ճամփա ընկնելու ժամին՝ ճանապարհվիր»։

Առաջին օրը բոլորը՝ ներառյալ Անգլիացին, ճանապարհի հոգնությունից քուններն առան։ Սանտյագոն տեղավորվել էր նրանից հեռու, մի վրանում, իր տարեկից հինգ պատանիների հետ։ Նրանք բոլորը անապատի մարդիկ էին, այդ պատճառով էլ շատ էին ուզում իմանալ, թե ինչպես են ապրում մեծ քաղաքներում։

Նա արդեն հասցրել էր պատմել, թե ինչպես է ոչխար պահել, և հենց ուզում էր անցնել բյուրեղապակու խանութի իր աշխատանքին, վրան մտավ Անգլիացին։

— Առավոտից քեզ եմ փնտրում,— ասաց նա՝ Սանտյագոյին դուրս տանելով,— ինձ պետք ես։ Օգնիր գտնել Ալքիմիկոսին։

Սկզբում փորձեցին փնտրել առանձին-առանձին։ Պետք էր ենթադրել, որ Ալքիմիկոսն ապրում է ոչ այնպես, ինչպես ուրիշները, որ երևի թե նրա վրանում միշտ կրակ է վառվում։ Նրանք օազիսը ծայրից ծայր չափչփեցին, մինչև հասկացան, որ այն ավելի մեծ է, քան թվացել էր նախապես. այնտեղ մի քանի հարյուր վրան կար։

— Ամբողջ օրն անիմաստ կորցրինք,— ասաց Անգլիացին՝ տղայի հետ նստելով ջրհորներից մեկի մոտ։

— Գուցե ավելի լավ է նրա մասին հարցուփորձ անել,— ասաց Սանտյագոն։

Սակայն Անգլիացին տատանվում էր. չէր ուզում օազիսում իր գոյությունը մատնել։ Բայց, ի վերջո, համաձայնեց և խնդրեց Սանտյագոյին, որն արաբերեն ավելի լավ գիտեր, Ալքիմիկոսի վերաբերյալ տեղեկություններ հավաքել։ Պատանին մոտեցավ մի կնոջ, որը եկել էր ջրհորից ոչխարի տիկով ջուր տանելու։

— Բարի օր, տիկին։ Չգիտէ՞ք, թե այս օազիսում որտեղ է ապրում Ալքիմիկոսը,— հարցրեց նա։

Կինը պատասխանեց, որ նման անուն երբեք չի լսել և շտապեց հեռանալ։ Մինչ այդ նա Սանտյագոյին զգուշացրեց, որ պետք է հարգել սովորույթները և չխոսել սև հագած՝ այսինքն, ամուսնացած կանանց հետ։

Անգլիացու հիասթափությունը սահման չուներ։ Հաղթահարել այդպիսի ճանապարհ, և ամեն ինչ՝ իզուր։ Պատանին էլ էր իր ուղեկցի համար վշտացած՝ չէ՞ որ նա էլ է փնտրում իր Սեփական Առասպելը։

Իսկ այդ ժամանակ, ըստ Մելքիսեդեկի, Տիեզերքն օգնության է գալիս մարդուն՝ անելով ամեն ինչ, որպեսզի նրա գործը հաջողի։ Մի՞թե ծեր արքան սխալվել է։

— Ես նախկինում ալքիմիկոսների մասին երբեք չեմ լսել,— ասաց նա,— թե չէ՝ կփորձեի օգնել ձեզ։

Անգլիացու աչքերը փայլեցին։

— Դե, իհարկե,— բացականչեց նա։— Այստեղ ոչ ոք չգիտի, որ նա Ալքիմիկոս է։ Պետք է հարցնել այն մարդուն, որը կարողանում է բուժել ամեն ինչ։

Ջրհորին մոտեցան մի քանի սևազգեստ կանայք, բայց Անգլիացին որքան էլ խնդրեց, Սանտյագոն նրանց ոչ մի հարց չտվեց։ Վերջապես մի տղամարդ հայտնվեց։

— Դուք ճանաչո՞ւմ եք այն մարդուն, որն այստեղ բուժում է բոլոր հիվանդությունները,— հարցրեց պատանին։

— Բոլոր հիվանդությունները բուժում է միայն Ալլահը,— ասաց նա՝ վախեցած հայացքով նայելով օտարերկրացիներին։— Դուք կախա՞րդ եք փնտրում։

Նա Ղուրանից մի քանի սուրահ արտասանեց ու գնաց։

Որոշ ժամանակ անց մեկ ուրիշը հայտնվեց, ավելի տարիքովը, փոքրիկ դույլը ձեռքին։ Սանտյագոն նույն հարցը սրան էլ տվեց։

— Ի՞նչ եք անում այդ մարդուն,— հարցին հարցով պատասխանեց նա։

— Իմ ընկերը նրան գտնելու համար երկար ամիսներ ճանապարհ է անցել։

— Եթե մեր օազիսում այդպիսի մեկը կա, ապա նա պետք է որ շատ հզոր մարդ լինի,— մտածելով ասաց ծերունին։— Նույնիսկ ցեղերի առաջնորդները չեն կարող նրան տեսնել ուզած ժամանակ։ Նրանք հանդիպում են, երբ նա է ցանկանում։ Սպասեք պատերազմն ավարտվի՝ գնացեք։ Պետք չէ խառնվել մեր օազիսի կյանքին,— և հեռացավ։

Սակայն Անգլիացին, զգալով, որ հետքի վրա է ընկել, շատ ուրախացավ։

Իսկ ջրհորին, ի վերջո, մոտեցավ ոչ թե սևազգեստ ամուսնացած կին, այլ կուժն ուսին մի աղջիկ։ Նրա գլխին գլխաշոր կար, բայց դեմքը բաց էր։ Սանտյագոն որոշեց նրան հարցուփորձ անել Ալքիմիկոսի մասին և մոտ գնաց։

Եվ այստեղ կարծես թե ժամանակը կանգ առավ, և Աշխարհի հոգին հայտնվեց նրա առաջ՝ իր ամբողջ հզորությամբ։ Նայելով նրա սևուկ աչքերին, նրա շրթունքներին, որոնք կարծես չգիտեին ինչ անեին՝ մնային փա՞կ, թե՞ բացվեին հմայիչ ժպիտով, Սանտյագոն հասկացավ ամենակարևոր, ամենաիմաստուն մասն այն լեզվի, որով խոսում է Տիեզերքը, և որին բոլոր մարդիկ հասնում են սրտով։ Դա Սեր է կոչվում, նա ավելի հին է, քան մարդը, քան այս անապատը։ Եվ նա միշտ միևնույն ուժգնությամբ հայտնվում է, երբ որևէ տեղ հանդիպում են տղամարդու և կնոջ հայացքները։ Այդպես եղավ նաև հիմա, այդ ջրհորի մոտ։

Աղջկա շուրթերը վերջապես որոշեցին ժպտալ, և դա նշան էր, հենց այն նշանը, որին Սանտյագոն, ինքն էլ չիմանալով, սպասում էր իր կյանքում այդքան երկար, որը փնտրում էր իր ոչխարների մեջ և գրքերում, բուրեղապակու մեջ ու համր անապատում։

Դա Աշխարհի լեզուն էր՝ մաքուր և հստակ առանց բացատրության, քանի որ Տիեզերքը բացատրությունների կարիքը չունի՝ շարունակելու անհունի մեջ իր ուղին։ Միակ բանը, որ Սանտյագոն հասկացավ, այն էր, որ կանգնած է իր հարսնացուի առաջ, և որ նա էլ անխոս պետք է հասկանար նույն բանը։ Նա դրանում ավելի շատ էր համոզված, քան աշխարհում որևէ այլ բանում, թեկուզ եթե իր ծնողները և ծնողների ծնողներն ասեին, թե նախ պետք է սիրահարվել, նշանվել, ճանաչել հարսնացուին ինչպես հարկն է, փող կուտակել, նոր միայն ամուսնանալ։

Բայց նա, ով այդպիսի խորհուրդ է տալիս, գուցե երբեք չի տիրապետել Համընդհանուր լեզվին, քանզի երբ սուզվում ես նրա մեջ, պարզ է դառնում, որ աշխարհում միշտ մի մարդ սպասում և փնտրում է մի այլ մարդու. լինի դա անապատում, թե մեծ քաղաքում։ Եվ երբ այդ երկուսի ճանապարհները հատվում են, երբ նրանց հայացքները հանդիպում են՝ և՛ անցյալը, և՛ ապագան կորցնում են իրենց իմաստը։ Մնում է միայն այդ պահը և անհավատալի վստահությունը, որ աշխարհում ամեն ինչ գրված է միևնույն ձեռքով։ Մի ձեռք, որը սեր է բորբոքում և ամեն մի աշխատող, հանգստացող կամ հողի ընդերքում գանձ որոնող մարդու համար փնտրում-գտնում է նրա հոգի-երկվորյակին։ Այլապես երազանքը, որով համակված է մարդկային ցեղը, ոչ մի իմաստ չէր ունենա։

«Մակտուբ»,— մտածեց պատանին։

Անգլիացին վեր թռավ տեղից և ցնցեց Սանտյագոյի ուսը։

— Դե՛, հարցրո՛ւ։

Սանտյագոն մոտեցավ աղջկան։ Նա կրկին ժպտաց, ժպտաց նաև պատանին։

— Անունդ ի՞նչ է, - հարցրեց։

— Ֆաթիմա,— ամոթխած պատասխանեց աղջիկը։

— Իմ ապրած երկրում էլ շատ կանայք այդ անունն են կրում։

— Այդպես էր Առաքյալի դստեր անունը,— պատասխանեց Ֆաթիման։— Մեր ռազմիկներն այդ անունն իրենց հետ հեռու երկրներ են տարել։

Այդ փխրուն և նուրբ աղջկա ձայնի մեջ հպարտություն էր հնչում։ Անգլիացին անհամբեր հրում էր Սանտյագոյին, և սա հարցրեց՝ չի՞ ճանաչում, արդյոք, ոմն մեկին, որ բուժում է բոլոր հիվանդությունները։

— Դա մի մարդ է, որ տիրապետում է աշխարհի բոլոր գաղտնիքներին,— ասաց աղջիկը։— Նա խոսում է անապատի ոգիների հետ։

Ոգին Դևն է։ Աղջիկը ցույց տվեց դեպի հարավ, այդ կողմերում էլ ապրում է այն մարդը, որին փնտրում էին։ Հետո աղջիկը կուժը ջուր լցրեց ու գնաց։

Անգլիացին գնաց փնտրելու Ալքիմիկոսին։ Իսկ Սանտյագոն դեռ երկար նստեց ջրհորի մոտ և մտածում էր, որ դեռ շատ շուտ, դեռևս հայրենիքում, արևելյան քամին իրեն էր հասցրել այս աղջկա անուշ բույրը, որ ինքը սիրում էր նրան առանց նրա գոյությունն իմանալու, և որ այդ սիրո համար նա պատրաստ է գտնել աշխարհի բոլոր գանձերը։

Հաջորդ օրը նա կրկին եկավ ջրհորի մոտ և սկսեց սպասել աղջկան։ Սակայն, ի զարմանս տեսավ Անգլիացուն, որն առաջին անգամ նայում էր անապատին։

— Ես ամբողջ երեկո, մինչև մութն ընկնելն սպասեցի,— ասաց նա։— Երբ առաջին աստղերը ծագեցին, հայտնվեց նա։ Նրան պատմեցի, թե ինչ եմ փնտրում։ Իսկ նա հարցրեց, թե կարողացել եմ արդեն արճիճից ոսկի ստանալ։ Պատասխանեցի, որ հենց այդ էլ ուզում եմ սովորել։ Նա հրահանգեց նորից փորձել։ Այդպես էլ ասաց. «Գնա և փորձիր»։

Սանտյագոն լուռ էր։ Դրա համար է Անգլիացին աշխարհեաշխարհ թափառել, որ իմանա այն, ինչ գիտե՞ր։ Եվ այստեղ հիշեց, որ երբ ինքը Մելքիսեդեկին տվեց իր ոչխարները, փոխարենն ավելին չստացավ։

— Ուրեմն փորձիր,— ասաց պատանին։

— Դրան եմ պատրաստվում։ Սկսելու եմ հենց հիմա։

Անգլիացին գնաց։ Շուտով եկավ Ֆաթիման՝ իր կժով ջուր տանելու։

— Եկել եմ քեզ լոկ մի բան ասելու,— պատանին դիմեց նրան,— ուզում եմ, որ դու իմ կինը դառնաս։ Ես քեզ սիրում եմ։

Աղջկա ձեռքին կուժը շրջվեց, և ջուրը թափվեց։

— Ես քեզ ամեն օր կսպասեմ այստեղ։ Ես անապատը կտրել եմ գանձի համար, որ թաքնված է բուրգերի մոտ՝ մի տեղ։ Բայց սկսվեց այս պատերազմը։ Սկզբում ես անիծեցի այն։ Իսկ հիմա օրհնում եմ, քանի որ ինձ քեզ մոտ բերեց։

— Պատերազմը երբևէ կավարտվի,— պատասխանեց աղջիկը։

Սանտյագոն նայեց արմավենիներին։ Ինքը մի ժամանակ հովիվ է եղել, իսկ այս օազիսում շատ ոչխար կա։ Ֆաթիման թանկ է ամեն գանձից։ Բայց աղջիկը, կարծես կարդալով նրա միտքը, շարունակեց.

— Մարտիկները գանձ են փնտրում, իսկ անապատի կանայք հպարտանում են նրանցով։

Հետո լցրեց կուժն ու գնաց։

Սանտյագոն ամեն օր գալիս էր ջրհորի մոտ։ Նա արդեն Ֆաթիմային պատմել էր, թե ինչպես է ոչխար պահել, ինչպես է հանդիպել Մելքիսեդեկին, ինչպես է բյուրեղապակու առևտուր արել։ Հետզհետե նրանք բարեկամացան։ Բացառությամբ այն տասնհինգ րոպեների, որ պատանին անց էր կացնում աղջկա հետ, օրվա մնացած ժամանակը անվերջանալի երկար էր թվում։

Երբ համարյա մեկ ամիս անցավ, Առաջնորդը ժողովի կանչեց բոլոր ճանապարհորդներին։

— Հայտնի չէ՝ պատերազմը երբ կվերջանա,— ասաց նա,— իսկ ճանապարհը շարունակել չենք կարող։ Մարտերը դեռ երկար կընթանան, գուցե կձգվեն տարիներ։ Թշնամի ցեղերից յուրաքանչյուրում խիզախ և ուժեղ մարտիկներ կան, յուրաքանչյուրն իր պատիվն է պահում և կռվից խույս չի տալիս։ Այստեղ լավերը չեն կռվում վատերի դեմ, սա մի պատերազմ է երկու ուժերի միջև, որոնք կռվում են միևնույն իշխանության համար, իսկ այդպիսի պատերազմները մի անգամ սկսվելով՝ արագ չեն ավարտվում, քանի որ Ալլահը և՛ սրանց հետ է, և՛ նրանց։

Մարդիկ ցրվեցին։ Սանտյագոն Ֆաթիմային տեսնելով, պատմեց Առաջնորդի ասածը։

— Մեր հանդիպման արդեն երկրորդ օրը դու ինձ սեր խոստովանեցիր,— ասաց աղջիկը,— իսկ հետո խոսեցիր շատ գեղեցիկ բաներից՝ Համընդհանուր լեզվից և Աշխարհի հոգուց, այնպես որ, ես դարձա քո մի մասնիկը։

Սանտյագոն լսում էր նրա ձայնը, որ տղային ավելի թաղցրալուր էր թվում, թան քամու սոսափյունը արմավենիների սաղարթների մեջ։

— Ես վաղուց այս ջրհորի մոտ եմ։ Մոռացել եմ իմ անցյալը, մեր սովորույթները, մեր տղամարդկանց պատկերացումները անապատում ապրող աղջիկների վարքուբարքի մասին։ Մանկությունից երազել եմ, որ մի օր տափաստանն ինձ պիտի տա իմ կյանքի ամենամեծ նվերը։ Ահա և ստացա իմ նվերը։ Դո՛ւ ես։ Սանտյագոն ցանկացավ բռնել աղջկա ձեռքերը, բայց դրանք շարունակում էին մնալ կժի ունկի վրա։

—Դու ինձ պատմել ես քո երազների մասին, ծեր արքա Մելթիսեդեկի, գանձի մասին։ Նախանշանների մասին։ Այդ պատճառով ես ոչ մի բանից չեմ վախենում, քանի որ հենց նրանք քեզ բերեցին ինձ մոտ։ Հիմա ես քո երազանքի, քո Առասպելի մասն եմ։ Դրա համար էլ ուզում եմ, որ դու կանգ չառնես, այլ շարունակես փնտրել այն, ինչ որոնում ես։ Եթե ստիպված ես սպասել պատերազմի ավարտին՝ սպասիր։ Եթե պիտի ավելի շուտ գնաս՝ գնա ուրեմն փնտրելու քո Առասպելը։ Քամին փոխում է ավազաթմբերի ձևը, բայց անապատը նույնն է մնում։ Նույնը կմնա նաև մեր սերը։

«Մակտուբ,— ասաց նա։— Եթե ես քո Առասպելի մի մասն եմ, դու մի օր կվերադառնաս ինձ մոտ»։

Սանտյագոյին վշտացրեց այդ խոսակցությունը։ Նա հիշեց իր ծանոթներից շատերին, այդ թվում հովիվներին, որոնք մեծ ջանքեր էին թափում իրենց կանանց համոզելու, որ չեն կարող յոլա գնալ առանց հեռավոր արոտավայրերի։ Սերը պահանջում էր լինել նրա կողքին, ում սիրում ես։

Հաջորդ օրը նա Ֆաթիմային պատմեց այդ մասին։

— Անապատը տանում է մեր ամուսիններին և միշտ չէ, որ վերադարձնում է,— պատասխանեց աղջիկը,— մենք դրան հարմարվել ենք։ Նրանք մեզ համար դառնում են չանձրևող ամպ, քարերի արանքում թաքնված գազան, հողի կողմից ողորմածություն տրված ջուր։ Դառնում են ամեն ինչի մի մասնիկը... Նրանք լցվում են Աշխարհի հոգու մեջ։

Ոմանք վերադառնում են։ Եվ այդժամ երջանիկ տոն է բոլոր կանանց համար, քանզի նրանց ամուսինները, որոնց սպասում են, նույնպես մի օր կարող են տուն գալ։ Առաջ նայում էի այդ կանանց և նախանձում նրանց երջանկությանը։ Այժմ ես էլ սպասելու բան ունեմ։

Ես անապատի կին եմ և հպարտանում եմ դրանով։ Ես ուզում եմ, որ իմ ամուսինն էլ ազատ լինի, ինչպես անապատի ավազը շարժող քամին։ Ուզում եմ, որ նա էլ անբաժան լինի ամպերից, գազաններից ու ջրից։

Սանտյագոն գնաց փնտրելու Անգլիացուն։ Ուզում էր պատմել Ֆաթիմայի մասին և զարմացավ՝ տեսնելով, որ նա վրանի մոտ մի փոքրիկ վառարան է սարքել և վրան դրել թափանցիկ թորանոթը։ Անգլիացին կրակին ցախ էր ավելացնում ու նայում անապատին։ Նրա աչքերում մի փայլ էր հայտնվել, որը չկար այն ժամանակ, երբ գիշեր-ցերեկ իր գրքերն էր կարդում։

— Սա աշխատանքի առաջին փուլն է,— բացատրեց Սանտյագոյին։— Հարկավոր է զատել կեղտոտ նյութը։ Կարևորը՝ չպետք է վախենալ, թե ոչինչ չի ստացվի։ Ահա ես վախենում էի ու մինչ օրս չէի ձեռնարկում Մեծ արարումը։ Դեռ տասը տարի առաջ կարելի էր անել այն, ինչ անում եմ հիմա։ Բարեբախտություն է, որ տասը տարի եմ սպասել, ոչ թե՝ քսան։

Եվ նա շարունակեց կրակը թեժացնել ու նայել անապատին։ Սանտյագոն նրա մոտ նստեց այնքան ժամանակ, մինչ մայրամուտի արևն ավազը ներկեց վարդագույն։ Նա դեպի անապատը գնալու անհագուրդ ցանկություն զգաց, որպեսզի ստուգի՝ նրա համր լռության մեջ չի գտնվի իր հարցերին պատասխան։

Նա որոշ ժամանակ աննպատակ թափառում էր, միշտ աչքի առաջ պահելով օազիսի արմավենիները։ Ականջ էր դնում քամու ձայնին, ոտքերի տակ զգում քարերի կոշտությունը։ Երբեմն խեցիներ էր տեսնում, որոնք նրան հուշում էին, թե անհիշելի ժամանակներում այդ անապատի տեղը ծով է եղել։ Հետո նստեց քարին ու դյութված հայացքը հառեց դեմը փռված հորիզոնին։ Նա սերը չէր պատկերացնում առանց տիրելու, բայց Ֆաթիման անապատում էր ծնվել, և եթե որևէ մեկը նրան կարողանար սովորեցնել այդ բանը, ապա դա կարող էր միայն անապատը լինել։

Նա այդպես նստեց՝ ոչ մի բան չմտածելով, մինչև գլխավերևում մի շարժում զգաց։ Հայացքը բարձրացրեց և երկնքում բարձր ճախրող երկու բազե տեսավ։ Սանտյագոն երկար նայեց նրանց՝ հետևելով նրանց գեղատեսիլ թռիչքին։ Թվում էր, թե անկանոն մի թռիչք է, բայց պատանին դրա մեջ իմաստ էր զգում, միայն թե չէր կարող ասել՝ ինչ իմաստ։ Նա որոշեց հետևել նրանց յուրաքանչյուր շարժմանը. գուցե դրանցում կարողանա մի բան կարդալ։ Գուցե անապատն իրեն բացատրի, թե ինչ է սերն առանց տիրելու։

Անսպասելիորեն քունը տարավ։ Սիրտը դիմադրում էր, կարծես ասելով՝ «Դու մոտ ես Համընդհանուր լեզուն հասկանալուն, իսկ երկրի վրա ամեն ինչ, նույնիսկ բազեների թռիչքը, իմաստ ունի»։ Սանտյագոն մտքում շնորհակալություն հայտնեց ճակատագրին, որ իրեն սեր է տվել։ «Երբ սիրում ես, ամեն ինչ ավելի է իմաստավորվում»,— մտածեց նա։

Այդ պահին բազեներից մեկը կտրուկ խոյացավ մյուսի վրա, և այդ ակնթարթին պատանու աչքին տեսիլք երևաց. սրամերկ զինվորները մտնում էին օազիս։ Տեսիլքը երևաց ու չքվեց՝ թողնելով տագնապ և հույզ։ Նա շատ էր լսել միրաժների մասին և անձամբ մի քանի անգամ տեսել էր, թե ինչպես է անապատում մարդու ցանկությունը անապատի ավազների մեջ մարմին առնում։ Բայց չէր ցանկանում, որ զինվորները օազիս ներխուժեն։

Սանտյագոն փորձեց այդ մտքերը վանել գլխից և սևեռվել վարդագունող ավազի ու քարերի վրա, բայց ինչ-որ բան խանգարում էր կենտրոնանալ, և սիրտը շարունակում էր տագնապալից ճմլվել։

«Միշտ հետևիր նշաններին»,— ուսուցանում էր արքա Մելքիսեդեկը։ Պատանին մտածեց Ֆաթիմայի մասին։ Հիշեց իր տեսիլքն ու նախազգաց, որ շուտով ինչ-որ բան է պատահելու։

Դժվարությամբ դուրս եկավ սևեռումից։ Վեր կացավ և շարժվեց արմավենիների ուղղությամբ։ Եվս մեկ անգամ համոզվեց, որ աշխարհը խոսում է տարբեր լեզուներով. հիմա անապատն էր դարձել ապահով, իսկ օազիսը վերածվել էր վտանգի գոտու։

Ուղտապանը, մեջքն արմավենու բնին հենած, նստել էր և նայում էր արևամուտին։ Այդ պահին մի ավազաբլրի ետևից հայտնվեց Սանտյագոն։

— Զորքն այստեղ է գալիս,— ասաց պատանին։— Ես տեսիլք տեսա։

— Անապատը տղամարդկանց սիրտը լցնում է տեսիլքներով,— պատասխանեց ուղտապանը։

Բայց պատանին պատմեց բազեների մասին, թե ինչպես էր հետևել նրանց թռիչքին և հանկարծ ընկղմվել Աշխարհի հոգու մեջ։

Ուղտապանը չզարմացավ, նա հասկանում էր, թե ինչի մասին է խոսում տղան։ Նա գիտեր, որ աշխարհում յուրաքանչյուր առարկա ընդունակ է պատմել ողջ աշխարհի պատմությունը։ Բացիր գրքի որևէ էջ, նայիր մարդու ձեռքին, հանիր որևէ խաղաքարտ, հետևիր բազեների թռիչքին, կամ ցանկացած այլ բանի՝ անպայման կապ կգտնես նրա հետ, ինչով այդ պահին ապրում ես։ Եվ բանն այստեղ ոչ այնքան առարկաներն են, որքան այն, որ մարդիկ նրանց նայելով՝ իրենց համար բացահայտում են Աշխարհի հոգու մեջ թափանցելու միջոցը։

Անապատը լի էր մարդկանցով, որոնք իրենց ապրուստը վաստակում էին նրանով, որ կարողանում էին հեշտությամբ թափանցել Աշխարհի հոգու մեջ։ Նրանց անվանում էին գուշակներ, կանայք ու երեխաները նրանցից վախենում էին։ Զորականները հազվադեպ էին դիմում նրանց, քանի որ հնարավոր չէր ճակատամարտի գնալ՝ նախօրոք իմանալով, թե երբ պիտի մեռնես։ Նրանք նախընտրում էին ճակատամարտի բովը և անհայտության գրավչությունը։ Ապագան գրված էր Բարձրյալի ձեռքով, և ինչ էլ որ նրա կողմից գրված էր, գրված էր ի շահ մարդու։

Այսպիսով, զինվորներն ապրում էին միայն ներկայով, քանի որ այն լի էր անակնկալներով, և անհրաժեշտ էր ուշադրություն դարձնել տարբեր շատ բաների՝ թե ուր է թշնամու սուրը, ուր է նրա ձին, ուր է այն հարվածը, որը ետ պիտի մղես, եթե ուզում ես պահպանել կյանքդ։

Բայց ուղտապանը զինվորական չէր և այդ պատճառով էլ արդեն շատ անգամ էր գուշակին դիմել. ոմանք գուշակել էին անսխալ, մյուսներին դա չէր հաջողվել։ Իսկ մի անգամ նրանցից ամենածերը (հենց նրանից էլ բոլորը վախենում էին) հարցրեց, թե ինչո՞ւ է այդքան շատ ուզում իմանալ իր ապագան։

— Ուզում եմ իմանալ,— պատասխանեց,— որպեսզի կարողանամ կանխել այն, ինչը չէի ուզենա, որ ինձ հետ կատարվեր։

— Այդ դեպքում դա չէր լինի քո ապագան,— պատասխանեց գուշակը։

— Այդ դեպքում գուցե ուզում եմ իմանալ, որպեսզի պատրաստ լինեմ նրան, ինչ սպասվում է ինձ։

— Եթե մի լավ բան պատահի՝ դա կլինի հաճելի անակնկալ։ Իսկ եթե վատ բան լինի՝ կզգաս պատահելուց շատ առաջ։

— Ես ուզում եմ իմանալ, թե ինձ ինչ է պատահելու, քանի որ ես մարդ եմ,— ի պատասխան ասաց ուղտապանը։— Իսկ մարդիկ ապրում են, կախված լինելով իրենց ապագայից։

Գուշակը բավական երկար լռեց։ Նա ճակատագիրը գուշակում էր ձողիկների միջոցով. նետում էր և նայում, թե ինչ դիրքով են ընկնում։ Այդ օրը նա որոշեց չգուշակել։ Ձողիկները փաթաթեց լաթի մեջ ու դրեց գրպանը։

— Ես իմ հացը վաստակում եմ գուշակելով մարդկանց ապագան,— վերջապես պատասխանեց նա։— Ես գիտեմ՝ ինչպես պետք է նետեմ ձողիկները, որ ընկնեմ այն տարածքը, ուր ամեն ինչ գրված է։ Իսկ այնտեղ ես կարող եմ կարդալ անցյալը, բացահայտել այն, ինչն արդեն մոռացված է, և հասկանալ ներկայի նշանները։ Ապագան չեմ կարդում, ապագան գուշակում եմ, քանի որ այն պատկանում է Բարձրյալին, և Նա միայն բացառիկ դեպքերում է բարձրացնում ապագայի վարագույրը։ Իսկ ինչպե՞ս եմ գուշակում ապագան։ Ներկայի նշաններով։ Հենց նրա մեջ է գաղտնիքը։ Ներկային պատշաճ ուշադրություն դարձնես՝ կարող ես բարելավել այն։ Իսկ ներկադ բարելավելով՝ կբարելավես նաև այն, ինչը քեզ պիտի պատահի ապագայում։ Մոռացիր ապագայի մասին, և կյանքիդ ամեն մի օրն ապրիր այնպես, ինչպես ավանդված է Օրենքով և հավատա, որ Բարձրյալը հոգում է իր զավակների մասին։ Ամեն օրն իր մեջ հավերժության մասնիկ է կրում։

Այդժամ ուղտապանը ցանկացավ իմանալ, թե այդ ինչ բացառիկ հանգամանքներ են, որոնց դեպքում Տերը թույլ է տալիս տեսնել ապագան։

— Եթե միայն Ինքն Անձամբ է բացահայտում։ Իսկ Բարձրյալը ապագան բացահայտում է շատ հազվադեպ։ Եվ երբ Նա այդ բանն անում է, ապա միայն մի պատճառով՝ այդ ճակատագիրը գրվել է, որ հետո փոխվի։

«Այս պատանու ապագան Բարձրյալը բացահայտել է,— մտածեց ուղտապանը։— Նա սրան ընտրել է որպես իր գործիք»։

— Գնա առաջնորդների մոտ,— հանձնարարեց նա Սանտյագոյին։— Նրանց պատմիր, որ զորքը մոտենում է մեզ։

— Նրանք ինձ ծիծաղի առարկա կդարձնեն։

— Ո՛չ։ Նրանք անապատի մարդիկ են, և սովոր են նախանշաններին։

— Այդ դեպքում նրանք արդեն ամեն ինչ գիտեն։

— Նրանք այդ մասին չեն հոգում, քանի որ հավատացած են, որ եթե Ալլահի կամքով իրենց պետք լինի ինչ-որ բան իմանալ, ապա որևէ մեկը կգա ու կպատմի։ Նախկինում այդպես շատ է եղել։ Իսկ հիմա այդ որևէ մեկը կլինես դու։

Սանտյագոն մտածեց Ֆաթիմայի մասին և որոշեց գնալ ցեղային առաջնորդների մոտ։

— Ինձ առաջնորդների մոտ տարեք,— ասաց Սանտյագոն հսկա սպիտակ վրանի առաջ կանգնած մարդուն։— Ես անապատում նախանշաններ եմ տեսել։ Զորականը լուռ վրան մտավ և բավական ժամանակ դուրս չէր գալիս։ Հետո դուրս եկավ ոսկեկար սպիտակ բուռնուս հագած մի ջահել արաբի հետ։ Սանտյագոն նրան պատմեց իր տեսիլքը։ Վերջինս խնդրեց սպասել ու կրկին վրան մտավ։

Գիշերն իջավ։ Մտնում ու դուրս էին գալիս արաբներ ու օտարերկրացի վաճառականներ։ Շուտով խարույկները հանգան, և օազիսը հետզհետե համրացավ անապատի պես։ Միայն մեծ վրանում էր լույս վառվում։ Այդ ամբողջ ընթացքում Սանտյագոն Ֆաթիմայի մասին էր մտածում, դեռևս չկարողանալով բացահայտել նրա հետ խոսակցության իմաստը:

Երկար ժամեր սպասելուց հետո վերջապես ժամապահը նրան կարգադրեց ներս մտնել։

Այն, ինչ տեսավ, հիացրեց նրան։ Երբեք չէր կարող պատկերացնել, թե անապատի մեջ այդպիսի շքեղ վրան կտեսնի։ Ոտքերի տակ հոյակապ գորգեր էին, վերևում՝ քանդակազարդ ոսկեգույն ջահերի մեջ վառվում էին մոմեր։ Վրանի խորքում ցեղային առաջնորդները կիսաշրջան ընկողմանել էին մետաքսյա նուրբ, ասեղնագործ բարձերին։ Ծառաները արծաթյա սկուտեղներով թեյ ու քաղցրավենիք էին մատուցում։ Այլոք հետևում էին, որ նարգիլեները չմարեն, և օդը հագեցած էր ծխախոտի ծխի նուրբ բույրով։

Սանտյագոյի առջև ութ հոգի էին, բայց նա անմիջապես հասկացավ, որ գլխավորը մեջտեղում նստածն է՝ ոսկեկար սպիտակ բուռնուսով։

Նրա կողքին նստած էր այն երիտասարդ արաբը, որը դուրս էր եկել վրանից։

— Ո՞վ է այն օտարերկրացին, որ մեկնում է կանխանշանները,— հարցրեց առաջնորդներից մեկը։

— Ես եմ,— պատասխանեց Սանտյագոն ու պատմեց իր տեսածը։

— Իսկ անապատն ինչո՞ւ է որոշել այդ ամենը պատմել մի օտարի, երբ գիտի, որ մենք սերնդեսերունդ այստեղ ենք ապրում,— հարցրեց մի ուրիշ առաջնորդ։ — Քանի որ իմ աչքը դեռ չի վարժվել անապատին և տեսնում է այն, ինչ արդեն չեն նկատում տեղացիների աչքերը,— ասաց Սանտյագոն՝ մտքում ավելցնելով. «Եվ քանի որ ինձ համար բաց է Աշխարհի հոգին»։

Նա այդ բարձրաձայն չասաց. արաբները այդպիսի բաների չէին հավատում։

— Օազիսը չեզոք տարածք է։ Ոչ ոք չի համարձակվի ներխուժել այստեղ,— ասաց երրորդ առաջնորդը։

— Ես պատմում եմ այն, ինչ տեսել եմ։ Չե՞ք հավատում՝ թողեք ամեն ինչ նախկինի պես։

Վրանում լարված լռություն տիրեց, ապա առաջնորդներն սկսեցին տաք-տաք վիճել։ Նրանք այնպիսի բարբառով էին խոսում, որն ինքը չէր հասկանում, բայց երբ քայլ արեց դուրս գալու՝ պահնորդները զսպեցին նրան։ Պատանին սկսեց վախենալ։ Նշաններն ինչ-որ սխալ բան էին ցուցանում, և նա ափսոսաց, որ սիրտը բացել է ուղտապանին։

Բայց ահա կենտրոնում նստած ծերունին հազիվ նկատելի ժպտաց, և Սանտյագոն անմիջապես սրտապնդվեց։ Առայժմ ծերունին ոչ մի խոսք չէր ասել, չէր մասնակցել վեճին։ Բայց պատանին, որին արդեն հասկանալի էր Աշխարհի լեզուն, զգաց, թե ինչպես է խաղաղության ալիքը տարածվում վրանի մի ծայրից մյուսը, և հասկացավ, որ այստեղ գալով ճիշտ է վարվել։

Բոլորը պապանձվեցին և ուշադիր լսում էին ծերունուն։ Իսկ սա շրջվեց դեպի Սանտյագոն, ու այս անգամ պատանին նրա դեմքին օտար, սառը արտահայտություն տեսավ։

— Երկու հազար տարի առաջ այստեղից հեռո՜ւ-հեռու մի տեղ ջրհորն են նետել, իսկ հետո ստրկության վաճառել մի մարդու, որը հավատում էր երազներին,— ասաց ծերունին։— Մեր վաճառականները նրան գնել ու Եգիպտոս էին բերել։ Մենք բոլորս գիտենք, որ նա, ով հավատում է երազներին, կարողանում է նաև բացատրել դրանց իմաստը։

«Չնայած միշտ չէ, որ կարող է կյանքի կոչել»,— մտածեց Սանտյագոն՝ հիշելով պառավ գնչուհուն։

— Այդ մարդը, կարողանալով բացատրել փարավոնի տեսած երազը՝ յոթ չաղ ու յոթ նիհար կովերի մասին, Եգիպտոսը փրկեց սովից։ Նրա անունը Հովսեփ էր։ Նա էլ քեզ նման օտարերկրացի էր ու մոտավորապես նույն տարիքին էր, ինչ դու։

Նա լռեց։ Աչքերն առաջվա պես սառն էին։

— Մենք միշտ հետևում ենք սովորույթին։ Սովորույթը Եգիպտոսը փրկեց սովից, նրա ժողովրդին դարձրեց աշխարհում ամենահարուստը։ Սովորույթն ուսուցանում է, թե մարդն ինչպես պետք է հաղթահարի անապատն ու ամուսնացնի իր դուստրերին։ Սովորույթը հռչակում է, որ օազիսը չեզոք հող է, քանզի երկու հակամարտող կողմերն էլ օազիսներ ունեն, որոնք հավասարապես խոցելի են։

Ոչ ոք բառ չէր արտաբերում։

— Բայց սովորույթը նաև մեզ ուսուցանում է հավատալ անապատի լրաբերին։ Այն ամենը, ինչ գիտենք՝ մեզ անապատն է սովորեցրել։

Նրա նշանով բոլոր արաբները ոտքի ելան։ Խորհուրդն ավարտված էր։ Նարգիլեները հանգցրին։ Պահակախումբը ձգվեց։ Սանտյագոն պատրաստվում էր գնալու, բայց ծերունին նորից խոսեց.

— Վաղը մենք կխախտենք օրենքը, ըստ որի՝ օազիսում ոչ ոք իրավունք չունի զենք կրելու։ Ամբողջ օրը կսպասենք թշնամուն, իսկ երբ արևը իջնի հորիզոնին, մարդիկ կրկին կհանձնեն զենքերը։ Յուրաքանչյուր տասը սպանված թշնամու դիմաց դու կստանաս մեկ ոսկեդրամ։ Բայց վերցված զենքը հենց այնպես չի կարելի դնել տեղը՝ այն պետք է կռվի համն առնի։ Նա անապատի պես կամակոր է, հաջորդ անգամ կարող է ծուլանալ գործել։ Եթե վաղը դրանցից ոչ մեկը չօգտագործվի, ապա գոնե մեկը կուղղվի քո դեմ։

Երբ պատանին դուրս ելավ, օազիսը լուսավորվում էր միայն լիալուսնի լույսով։ Մինչև իր վրանը քսան րոպեի ճանապարհ էր, ու նա քայլեց այդ ուղղությամբ։ Տագնապած էր պատահածից։ Նրան հաջողվել էր մտնել Աշխարհի հոգու մեջ, և նրան վստահելու գինը իր կյանքը պիտի լիներ։ Շատ թանկ չէ՞։ Բայց նա ինքն էր այդ գինը դրել, երբ ոչխարները ծախելով՝ ճամփա էր ընկել փնտրելու Սեփական Առասպելը։ Եվ, ինչպես ուղտապանն էր ասում, երկու մահ չի լինում... Մեկ չէ՞, երբ է լինելու՝ վաղը, թե՞ մի ուրիշ օր։ Ամեն մի օր ստեղծված է նրա համար, որ լինի ապրելու օր կամ վերջին օր։ Ամեն ինչ կախված է մի բառից՝ Մակտուբ։

Սանտյագոն լուռ քայլում էր։ Նա ոչ մի բանի համար չէր զղջում։ Եթե վաղը մեռնելու է, ուրեմն Տերը չի ուզում փոխել իր ապագան։ Բայց նա կմեռնի արդեն նեղուցը հաղթահարած, բյուրեղապակու խանութում աշխատած, անապատի լռությունն ընկալած և Ֆաթիմայի աչքերը տեսած։ Տնից հեռանալուց հետո ոչ մի օր անիմաստ չի կորսվել։ Եվ եթե վաղն աչքերը հավերժորեն փակվեն, համենայնդեպս նրանք հասցրել են շատ ավելին տեսնել, քան մյուս հովիվների աչքերը։

Սանտյագոն դրանով հպարտանում էր։

Հանկարծ մի անսպասելի դղրդյուն լսեց, և աներևույթ քամու ուժեղ պոռթկումը նրան գլորեց գետին։ Փոշու ամպերը ծածկեցին լուսինը։ Իր առջև պատանին մի հսկա սպիտակ ձի տեսավ. նժույգը ծառս էր եղել ու վրնջում էր խլացուցիչ։

Երբ փոշին ցրվեց, Սանտյագոն մի աննախադեպ սարսափ զգաց։ Սպիտակ ձիու վրա նստել էր ամբողջովին սևազգեստ մի հեծյալ՝ ձախ ուսին բազե։ Գլխին չալմա էր, իսկ երեսը փաթաթված էր թաշկինակով, որից միայն աչքերն էին երևում։ Նման էր անապատի բեդվիններին, բայց այնպիսի ահեղ տեսք ուներ, ինչպիսին տղան երբեք չէր տեսել կյանքում։

Լուսնի լույսը փայլեց կեռ շեղբի վրա. հեծյալն էր ձիու թամբից կախված պատյանից դուրս քաշել հսկա թուրը։ Ամպրոպաձայն, որին կարծես խուլ արձագանքեցին Էլ Ֆայում օազիսի բոլոր հիսուն հազար արմավենիները, գոչեց.

— Ո՞վ է համարձակվել բացել բազեների թռիչքի իմաստը։

— Ես,— պատասխանեց Սանտյագոն։

Ակնթարթորեն նրա աչքի առաջ եկավ մավրերին հաղթող, սպիտակ ձին հեծած, անհավատներին սմբակների տակ տվող Սուրբ Հակոբի պատկերը։ Ամեն ինչ ճիշտ էր, միայն այստեղ պատկերը հակառակն էր։

— Ե՛ս,— կրկնեց նա և գլուխը կախեց՝ պատրաստ ընդունելու մահացու հարվածը։

— Դրանով շատ կյանքեր կփրկվեն, քանի որ դուք հաշվի չէիք առել Աշխարհի հոգու գոյությունը։

Բայց շեղբը, չգիտես ինչու, դանդաղ էր իջնում, նրա սայրը կպավ պատանու ճակատին։ Այնքան սուր էր, որ արյան մի կաթիլ ցայտեցրեց։

Հեծյալը քարացել էր անշարժության մեջ։ Սանտյագոն նույնպես։ Նա նույնիսկ մեկ վայրկյան չմտածեց փախուստի մասին։ Նրա սրտում մի տարօրինակ հրճվանք էր կուտակվում. նա կզոհվեր հանուն Սեփական Առասպելի։ Եվ՝ հանուն Ֆաթիմայի։ Ի վերջո, նշանները չէին խաբում։ Ահա իր դեմ թշնամին է, և մահը նրան չի սարսափեցնում, քանի որ Աշխարհի հոգին գոյություն ունի, և մի վայրկյան անց ինքը կդառնա նրա մի մասնիկը։ Իսկ վաղը նրա մասնիկը կդառնա նաև Թշնամին։ Այդ ընթացքում հեծյալը դեռ չէր հարվածում։

— Ինչո՞ւ կարդացիր բազեների թռիչքը։

— Կարդացի միայն այն, ինչը բազեներն ուզում էին ասել։ Նրանք ուզում են օազիսը փրկել։ Նրա պաշտպանները ձեզ կկոտորեն, նրանք ձեզնից շատ են։ Սայրը դեռ միայն քսվում էր նրա ճակատին։

— Ո՞վ ես դու, որ փորձում ես փոխել Ալլահի գծած ճակատագիրը։

— Ալլահը արարել է ոչ միայն զորքը, այլև թռչուններին։ Ալլահն ինձ հասկանալի դարձրեց նրանց լեզուն։ Ամեն ինչ գրված է մի ձեռքով,— պատասխանեց պատանին՝ հիշելով ուղտապանի խոսքը։

Հեծյալը վերջապես սուրը ետ քաշեց։ Սանտյագոն թեթևություն զգաց։ Բայց փախչել չէր կարող։

— Զգույշ եղիր գուշակություններից,— ասաց հեծյալը։— Երբ կատարվելիքն արդեն գրված է, նրանից խույս տալու ոչ մի միջոց չկա։

— Ես միայն զորքն եմ տեսել,— ասաց պատանին,— ճակատամարտի ելքը ինձ հայտնի չէ։

Հեծյալին պատասխանը կարծես դուր եկավ, բայց նա հապաղեց սուրը պատյանը դնել։

— Իսկ ի՞նչ է անում այստեղ օտարերկրացին։

— Ես փնտրում եմ իմ Սեփական Առասպելը։ Մի բան, որը դու երբեք չես հասկանա։

Հեծյալը սուրը պատյանը դրեց։ Նրա ուսի բազեն մի տարօրինակ ճիչ արձակեց։ Սանտյագոյին պաշարած լարումը սկսեց թուլանալ։

— Ես ուզում էի ստուգել քո խիզախությունը։ Աշխարհի լեզուն փնտրողի համար դրանից կարևոր բան չկա։

Պատանին զարմացավ։ Հեծյալն այնպիսի բաների մասին էր խոսում, որը շատ քչերը գիտեին։

— Դրանից զատ, ոչ մի վայրկյան չի կարելի թուլանալ, նույնիսկ եթե երկար ճանապարհ ես հաղթահարել,— շարունակեց նա։— Պետք է սիրել անապատը, բայց նրան ամբողջովին վստահել չի կարելի։ Չէ՞ որ անապատը մարդու համար փորձություն է. հսկում է նրա ամեն մի քայլը, ու եթե մի վայրկյան իսկ շեղվես՝ կործանում է։

Նրա խոսքերը հիշեցնում էին ծեր Մելքիսեդեկին։

— Զորքերի գալուց հետո մինչև արևամուտ եթե գլուխդ վզիդ վրա մնացած լինի՝ փնտրիր ինձ,— ասաց հեծյալը։

Եվ այն ձեռքով, որը քիչ առաջ սրի դաստակն էր սեղմում, ճանկեց մտրակը։ Ձին կրկին ծառս եղավ ետևի ոտքերի վրա՝ փոշու ամպ բարձրացնելով։

— Որտե՞ղ ես ապրում,— գոչեց Սանտյագոն։

Հեծյալն ընթացքից մտրակի կոթով ցույց տվեց դեպի հարավ։

Պատանին հանդիպել Էր Ալքիմիկոսին։

Հաջորդ առավոտ Էլ Ֆայում օազիսի արմավենիկների տակ երկու հազար հեծյալ կար կանգնած։ Արևը դեռ նոր էր ծագում, երբ հորիզոնում հինգ հարյուր ռազմիկներ երևացին։ Նրանք հյուսիսային կողմից թափանցեցին օազիս՝ ձևացնելով, թե եկել են խաղաղությամբ՝ զենքերը թաքցնելով սպիտակ բուռնուսների տակ։ Միայն այն ժամանակ, երբ մոտեցան Էլ Ֆայումի կենտրոնի մեծ վրանին, դուրս քաշեցին կեռ թրերն ու հրացանները։ Բայց վրանը դատարկ էր։

Օազիսի բնակիչները շրջապատեցին անապատի հեծյալներին, ու կես ժամ անց ավազի վրա չորս հարյուր ինսունինը դիակ էր փռված։ Երեխաներին տարել էին արմավենիների պուրակի մյուս ծայրը, և նրանք ոչինչ չտեսան, ինչպես նաև կանայք, որոնք մնացել էին վրաններում և աղոթում էին իրենց տղամարդկանց համար։ Եթե փռված դիակները չլինեին, օազիսը նույնն էր, ինչպես միշտ։

Ողջ էր մնացել միայն Էլ Ֆայումի վրա հարձակվողների հրամանատարը։ Նրան բերեցին առաջնորդների մոտ, և սրանք հարցրին, թե ինչու են համարձակվել խախտել սովորույթը։ Նա պատասխանեց, որ բազմօրյա մարտերից, սովից ու ծարավից տանջված մարտիկները որոշել էին գրավել օազիսը, որ հետո նորից կարողանան կռիվը շարունակել։

Առաջնորդն ասաց, որ ցավում է մեռած զինվորների համար, բայց սովորույթը երբեք չի կարող փոխվել։ Միակ բանը, որ անապատում կարող է փոխվել, այն էլ քամու ազդեցությամբ՝ ավազաթումբն է։

Հրամանատարին դատապարտեցին անփառունակ մահվան. չարժանացնելով ո՛չ գնդակի, ո՛չ սրի հարվածի՝ կախեցին չորացած արմավենուց, ու երկար ժամանակ անապատի քամին ճոճում էր նրա դին։

Առաջնորդը կանչեց օտարերկրացուն ու նրան հանձնեց հիսուն ոսկեդրամ։ Հետո կրկին պատմեց Հովսեփի պատմությունը և խնդրեց դառնալ իր խորհրդականը։

Երբ արևը մայր մտավ և երկնքում թույլ փայլեցին աստղերը (քանզի լիալուսինը դեռ շարունակվում էր), Սանտյագոն գնաց դեպի հարավ։ Այնտեղ միայն մի վրան կար, և հանդիպող արաբներն ասացին, որ այդ վայրը ոգիների սիրած տեղն է։ Սակայն պատանին նստեց վրանի մոտ ու սկսեց սպասել։

Ալքիմիկոսը շուտ չեկավ՝ լուսինն արդեն բարձունքում էր։ Նրա ուսից կախված էին երկու սպանված բազե։

— Ես այստեղ եմ,— ասաց Սանտյագոն։

— Պետք չէ, որ այստեղ լինեիր։ Մի՞թե քո Սեփական Առասպելի նպատակն այստեղ գալն էր։

— Պատերազմ է։ Ես անապատը հաղթահարել չեմ կարող։

Ալքիմիկոսը իջավ ձիուց և Սանտյագոյին նշան արեց մտնել վրան, որը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին օազիսի բոլոր բնակիչներինը, եթե չհաշվենք առաջնորդների՝ հեքիաթային շքեղությամբ զարդարված վրանը։ Սանտյագոն հայացքով հնոց ու հալոց, ալքիմիայի ապակյա փորձանոթներ փնտրեց, բայց մի քանի մաշված գրքերից և օջախից բացի, ոչինչ չգտավ։ Հատակը ծածկված էր խորհրդավոր նախշերով զարդարուն գորգերով։

— Նստիր, ես թեյ կպատրաստեմ,— ասաց Ալքիմիկոսը,— այս բազեներով ընթրիք կանենք։

Պատանին մտածեց, որ դրանք այն թռչուններն են, որոնց ինքը նախօրեին տեսել էր, բայց բան չասաց։

Ալքիմիկոսը կրակ վառեց, և շուտով վրանը լցվեց տապակած որսի բուրմունքով։ Այն նարգիլեի ծխից բուրումնավետ էր։

— Դու ինձ ինչո՞ւ էիր ուզում տեսնել։

— Նախանշանների պատճառով։ Քամին ինձ պատմել էր, որ դու կգաս և որ կունենաս իմ օգնության կարիքը։

— Ո՛չ, այդ ես չեմ, այլ մի ուրիշ ճամփորդ՝ Անգլիացին։ Նա էր քեզ փնտրում։

— Նախքան ինձ գտնելը նա դեռ շատ ուրիշ բաներ պիտի գտնի։ Բայց նա ուղիղ ճամփի վրա է։ Նա հիմա սկսել է անապատին նայել։

— Իսկ ե՞ս։

— Եթե դու որևէ բան ուզես, ամբողջ տիեզերքը կնպաստի, որ քո ցանկությունը կատարվի,— Ալքիմիկոսը կրկնեց ծեր Մելքիսեդեկի խոսքը, և պատանին հասկացավ, որ հանդիպել է ևս մի մարդու, որն իրեն կօգնի հասնելու Սեփական Առասպելին։

— Դու ինձ կուսուցանե՞ս,— հարցրեց նա։

— Ո՛չ։ Դու արդեն գիտես այն ամենը, ինչ պետք է։ Ես միայն ցույց կտամ այն ուղղությունը, ուր քո գանձն է գտնվում։

— Բայց ցեղերի միջև պատերազմ է մղվում,— կրկնեց Սանտյագոն։

— Ես ճանաչում եմ անապատը։

— Ես արդեն գտել եմ իմ գանձը։ Ես ուղտ ունեմ, ունեմ փող, որը վաստակել եմ բյուրեղապակի վաճառելով, ու նաև՝ հիսուն ոսկեդրամ։ Հայրենիքում ես կարող եմ հարուստ մարդ դառնալ։

— Բայց այդ ամենը քեզ ոչ մի քայլ չի մոտեցնում բուրգերին,— հիշեցրեց Ալքիմիկոսը։

— Ես ունեմ Ֆաթիմա։ Այդ գանձն արժե մնացած ամեն ինչին։

— Նրանից մինչև բուրգերը նույնպես հեռու է։

Նրանք լռեցին և սկսեցին ուտել։ Ալքիմիկոսը շշի խցանը հանեց և բաժակի մեջ ինչ-որ կարմիր հեղուկ լցրեց։ Պարզվեց՝ գինի է, որի նմանը պատանին իր կյանքում երբեք չէր փորձել։ Բայց օրենքն արգելում էր գինի խմել։

— Չարիքն այն չէ, ինչ մտնում է մարդու շրթունքներից, այլ այն, ինչ դուրս է գալիս նրանցից,— ասաց Ալքիմիկոսը։

Սանտյագոն գինուց կենսախինդ դարձավ։ Բայց տանտերը առաջվա պես նրան վախ էր ներշնչում։ Նրանք նստել էին վրանի մուտքի մոտ և նայում էին լուսնի լույսին, որից աստղերի փայլը մթագնում էր։

— Էլի խմիր, կհանգստացնի քեզ,— ասաց Ալքիմիկոսը՝ նկատելով, որ գինու ազդեցության տակ պատանին ավելի ու ավելի ուրախ է դառնում։— Ուժ հավաքիր՝ որպես մարտի գնացող զինվոր։ Բայց մի՛ մոռացիր, որ քո սիրտն այնտեղ է, որտեղ գանձն է։ Իսկ գանձը պետք է գտնել, քանզի այն բոլորը, ինչ հասկացել ու զգացել ես դեպի գանձը տանող ճանապարհին, միայն այդ դեպքում իմաստ ձեռք կբերի։

Վաղը ծախիր ուղտդ և ձի գնիր։ Ուղտերը խարդախ բնույթ ունեն. նրանք քայլում ու քայլում են առանց հոգնության նշան ցույց տալու։ Իսկ հետո հանկարծ ծունկի են իջնում ու մեռնում։ Իսկ ձին ուժահատ է լինում աստիճանաբար։ Եվ դու միշտ կարող ես իմանալ, թե ինչ կարելի է նրանից պահանջել, և թե երբ նա կմեռնի։

Հաջորդ երեկոյան Սանտյագոն ձին հեծած հայտնվեց Ալքիմիկոսի վրանի մոտ։Շուտով երևաց նաև նա, ձիու վրա, բազեն՝ ձախ ուսին։

— Ինձ ցույց տուր անապատի կյանքը,— ասաց Ալքիմիկոսը։— Միայն նա, ով այնտեղ կյանք գտնի, կկարողանա գտնել գանձը։

Նրանք ճամփա ընկան լուսնի լույսով լուսավորված ավազների միջով։ «Չգիտեմ, ինձ կհաջողվի արդյոք կյանք գտնել անապատում,— մտածեց Սանտյագոն,— ես բոլորովին չեմ ճանաչում անապատը»։ Նա կուզենար շրջվել դեպի Ալքիմիկոսը և հայտնել այդ միտքը, բայց երկյուղում էր։ Այդ ընթացքում մոտեցան այն քարերին, որոնց մոտից պատանին դիտել էր բազեների թռիչքը։

— Վախենամ ոչինչ չստացվի,— ասաց Սանտյագոն,— գիտեմ, որ անապատում կյանք կա, բայց գտնել չեմ կարող։

— Կյանքը կյանքի է ձգտում,— ի պատասխան ասաց Ալքիմիկոսը։

Պատանին հասկացավ, անմիջապես բաց թողեց սանձը, և նրա ձին ինքն սկսեց ավազների ու քարերի մեջ ճանապարհ ընտրել։ Ալքիմիկոսը գնում էր ետևից։ Այդպես անցավ կես ժամ։ Արդեն հեռվում անտեսանելի էին դարձել արմավենիների պուրակները, բացի հսկա լուսնի լույսի տակ արծաթին տվող ժայռերից՝ չքացել էր ամեն ինչ։ Վերջապես Սանտյագոյի ձին կանգ առավ. պատանին նախկինում երբեք այստեղ չէր եղել։

— Այստեղ կյանք կա,— ասաց նա։— Ես անապատի լեզուն չեմ հասկանում, բայց իմ ձին գիտե կյանքի լեզուն։

Ձիերից ցած իջան։ Ալքիմիկոսը լռություն էր պահպանում։ Քարերը դիտելով՝ նա դանդաղ առաջ էր շարժվում։ Հետո հանկարծ կանգնեց, զգուշորեն կռացավ։ Քարերի միջև մի անցք սևին էր տալիս։ Նա մատները խոթեց այնտեղ, հետո մինչև ուսը մտցրեց նաև ձեռքը։ Մի բան շարժվեց խոռոչի ներսում, և Ալքիմիկոսի աչքերը լարումից նեղացան. նա կարծես ինչ-որ բանի դեմ պայքարում էր։ Ապա կտրուկ, այնպես, որ Սանտյագոն ցնցվեց անակնկալից, ձեռքը դուրս քաշեց խոռոչից ու ոտքի ցատկեց։ Նա պոչից մի օձ էր բռնել։

Սանտյագոն նույնպես վեր թռավ ու ետ քաշվեց։ Օձը Ալքիմիկոսի ձեռքերի մեջ գալարվում էր առանց դադարի՝ իր ֆշշոցով ու սուլոցով խախտելով անապատի լռությունը։ Դա կոբրա էր, որի խայթոցը հաշված րոպեների ընթացքում սպանում է։

«Զգույշ դրա թույնից»,— կայծկլտաց պատանու ուղեղում։

Բայց Ալքիմիկոսը ձեռքը մտցրել էր օձի բույնը և արդեն խայթված պիտի լիներ։ «Նա երկու հարյուր տարեկան է»,— ասել էր Անգլիացին։ Երևի թե գիտեր՝ ինչպես վարվել անապատի օձերի հետ։

Ահա նա մոտեցավ ձիուն և մերկացրեց թամբից կապված իր երկար կեռ թուրը։ Դրանով նա ավազի վրա շրջագիծ քաշեց և օձին դրեց կենտրոնում։ Սա վայրկենապես հանդարտվեց։

— Մի՛ վախեցիր,– ասաց Ալքիմիկոսը Սանտյագոյին,— նա շրջագծից դուրս չի գա։ Իսկ դու անապատում կյանք հայտնաբերեցիր։ Հենց այդ նշանն էլ ինձ պետք էր։

— Մի՞թե դա այդքան կարևոր է։

— Շատ կարևոր է։ Բուրգերն անապատով են շրջապատված։

Սանտյագոն չէր ուզում բուրգերի մասին լսել։ Դեռ երեկվանից նրա սրտին քար էր նստած. գանձի ետևից գնալ՝ նշանակում է կորցնել Ֆաթիմային։

— Ես քեզ կուղեկցեմ անապատում,— ասաց Ալքիմիկոսը։

— Ուզում եմ մնալ օազիսում,— պատասխանեց Սանտյագոն։— Ես արդեն հանդիպել եմ Ֆաթիմային, իսկ նա ինձ համար ավելի թանկ է, քան աշխարհի բոլոր գանձերը։

— Ֆաթիման անապատի դուստրն է։ Նա գիտի, որ տղամարդիկ հեռանում են, որպեսզի հետո վերադառնան։ Նա նույնպես գտել է իր գանձը՝ քեզ, իսկ այժմ հույս ունի, որ դու կգտնես այն, ինչ փնտրում ես։

— Իսկ եթե ես որոշեմ մնա՞լ։

— Այդժամ դու կդառնաս Առաջնորդի խորհրդականը։ Դու այնքան ոսկի ունես, որ կարող ես շատ ոչխար և ուղտ գնել։ Կամուսնանաս Ֆաթիմայի հետ և առաջին տարին նրա հետ երջանիկ կապրես։ Դու կսովորես սիրել անապատը և կճանաչես հիսուն հազար փյունիկյան արմավենիներից յուրաքանչյուրը։ Կհասկանաս, թե նրանք ինչպես են աճում՝ ցույց տալով, որ աշխարհն անընդհատ փոփոխվում է։ Ամեն օրվա հետ դու ավելի լավ կհասկանաս նշանների լեզուն, քանի որ չկա ավելի լավ ուսուցիչ, քան անապատը։

Բայց կանցնի մի տարի, ու դու կհիշես գանձը։ Նշանները կսկսեն համառորեն հիշեցնել նրա մասին, բայց դու կջանաս դրանց ուշադրություն չդարձնել։ Դու քո գիտելիքները կօգտագործես ի բարօրություն օազիսի և նրա բնակիչների։ Ցեղերի առաջնորդները գոհ կլինեն քեզնից, իսկ ուղտերը քեզ հարստություն կբերեն ու կամրապնդեն քո իշխանությունը։

Կանցնի ևս մի տարի։ Նշանները առաջվա պես քեզ կհիշեցնեն գանձը և Սեփական Առասպելդ։ Գիշերներ շարունակ կթափառես օազիսում, իսկ Ֆաթիման վշտի կմատնվի, քանզի կհասկանա, որ քո ճանապարհն ընդհատվել է իր պատճառով։ Բայց դու նախկինի պես կսիրես Ֆաթիմային, և նա փոխադարձաբար՝ քեզ։ Կհիշես, որ նա քեզ ոչ մի անգամ չի խնդրել մնալ, քանի որ անապատի կինը կարողանում է սպասել իր տղամարդուն։ Եվ դու նրան մեղադրելու պատճառ չես ունենա, բայց շատ գիշերներ կթափառես անապատի ավազուտներում ու արմավենիների տակ՝ մտածելով, որ եթե ավելի հավատայիր Ֆաթիմայի հանդեպ տածած քո սիրուն, երևի թե վճռած լինեիր գնալ։ Քանի որ օազիսում քեզ այն վախն է պահել, որ այլևս այստեղ երբեք չես վերադառնա։ Հենց այդ ժամանակ էլ քեզ նշանները կհուշեն, որ քո գանձը ընդմիշտ թաղված է մնալու հողի տակ։

Վրա կհասնի չորրորդ տարին, և նշանները կանհետանան, քանի որ դու չցանկացար տեսնել դրանք։ Առաջնորդներն այդ բանը կհասկանան և քեզ դուրս կհանեն խորհրդի կազմից, բայց այդ ընթացքում դու դարձած կլինես հարուստ վաճառական, շատ խանութներ կունենաս և ուղտերի բազում երամակներ։ Եվ մինչև կյանքիդ վերջը կթափառես անապատի ու արմավենիների միջև՝ իմանալով, որ չիրականացրեցիր քո Սեփական Առասպելը, և որ դրա համար այժմ այլևս ժամանակ չկա։

Եվ այդպես երբեք էլ չես հասկանա, որ սերը մարդուն չի կարող խանգարել հետևելու սեփական ճակատագրին։ Իսկ եթե այդպես է պատահում, ուրեմն այդ սերն իսկական չէ, որը խոսում է Համընդհանուր լեզվով,— ավարտեց Ալքիմիկոսը։

Նա ջնջեց ավազին գծած շրջագիծը, և կոբրան սողալով անհետացավ քարերի արանքում։ Սանտյագոն հիշեց ամբողջ կյանքում Մեքքա երազող վաճառականին, հիշեց Ալքիմիկոսին փնտրող Անգլիացուն։ Հիշեց նաև այն կնոջը, որը հավատում էր անապատին, և մի օր անապատն իրեն բերեց այն տղամարդուն, որին սիրում էր։ Նրանք հեծան ձիերը։ Այս անգամ առջևից գնում էր Ալքիմիկոսը։ Քամին նրանց էր հասցնում օազիսի աղմուկը, և պատանին փորձեց նրանից զատել Ֆաթիմայի ձայնը։ Նախօրյակին ճակատամարտի պատճառով նրան չէր տեսել ջրհորի մոտ։ Բայց այս գիշեր տեսել էր շրջագիծը հատել չհամարձակվող օձին, այս խորհրդավոր, բազեն ուսին հեծյալին, որը նրա հետ խոսել էր սիրո և գանձերի, անապատի կանանց ու իր ճակատագրի մասին։

— Ես գալիս եմ քեզ հետ,— ասաց Սանտյագոն և անմիջապես էլ զգաց, որ հոգում խաղաղություն տիրեց։

— Մենք ճամփա կընկնենք վաղը, լուսադեմին,— պատասխանեց Ալքիմիկոսը։

Գիշերը աչք չփակեց։ Արևածագից երկու ժամ առաջ արթնացրեց նույն վրանում քնած պատանիներից մեկին և խնդրեց ցույց տալ, թե որտեղ է ապրում Ֆաթիման։ Նրանք դուրս եկան միասին, և ի նշան շնորհակալության Սանտյագոն նրան փող տվեց, որ իր համար ոչխար առնի։

Հետո խնդրեց արթնացնել աղջկան ու ասել, որ ինքն սպասում է նրան։ Արաբ պատանին կատարեց նաև այդ ցանկությունը և մի ոչխարի փող էլ ստացավ։

— Իսկ այժմ մեզ առանձին թող,— ասաց Սանտյագոն, և պատանին՝ հպարտ, որ օգնել է Առաջնորդի խորհրդականին, և ուրախ, որ ոչխար գնելու փող ունի, վերադարձավ վրան ու պառկեց քնելու։

Երևաց Ֆաթիման։ Նրանք մտան արմավենիների պուրակը։ Սանտյագոն գիտեր, որ խախտում է ավանդույթը, բայց այժմ դա ոչ մի նշանակություն չուներ։

— Ես գնում եմ,— ասաց նա,— բայց ուզում եմ, որ իմանաս՝ ես կվերադառնամ։ Ես քեզ սիրում եմ, քանի որ...

— Ոչինչ մի ասա,— ընդհատեց նրան աղջիկը։— Սիրում են, որովհետև սիրում են։ Սիրելու համար որևէ պատճառ չի լինում։

Բայց Սանտյագոն շարունակեց.

— ... քանի որ երազ տեսա, հանդիպեցի Մելքիսեդեկ արքային, բյուրեղապակի վաճառեցի, կտրեցի֊անցա անապատը, հայտնվեցի օազիսում, երբ սկսվեց պատերազմը, և ջրհորի մոտ քեզ հարցրի, թե որտե՞ղ է ապրում Ալքիմիկոսը։ Ես քեզ սիրում եմ, քանզի ամբողջ տիեզերքը նպաստել է մեր հանդիպմանը։ Նրանք գրկախառնվեցին, և նրանց մարմիններն առաջին անգամ հպվեցին իրար։

— Ես կվերադառնամ,— կրկնեց Սանտյագոն։

— Մինչ այժմ անապատին նայում էի ցանկությամբ, հետայսու նայելու եմ հավատով։ Իմ հայրը մեկ անգամ գնաց, բայց վերադարձավ մորս մոտ և դրանից հետո միշտ վերադառնում է:

Այլևս ոչ մի խոսք չասվեց։ Նրանք մի փոքր էլ զբոսնեցին արմավենիների տակ, ապա Սանտյագոն Ֆաթիմային ուղեկցեց իր վրանը։

— Ես կվերադառնամ, ինչպես քո հայրն է վերադարձել։

Պատանին աղջկա աչքերում արցունք նկատեց։

— Դու լա՞ց ես լինում։

— Ես անապատի կին եմ,— պատասխանեց Ֆաթիման՝ աչքերը թաքցնելով։— Բայց նախևառաջ ես պարզապես կին եմ։

Նա մտավ վրան։ Լուսանում էր։ Երբ օրը բացվի, Ֆաթիման դուրս կգա և կզբաղվի նրանով, ինչով զբաղվել է այդքան տարիներ, բայց հիմա ամեն ինչ այլ է լինելու։ Սանտյագոն օազիսում չէ, և օազիսը նրա համար կորցնում է իր նախկին նշանակությունը։ Այն այլևս չի լինի մի վայր, ուր հիսուն հազար արմավենիներ են աճում, ուր երեք հարյուր ջրհոր կա, ուր ուրախությամբ գալիս են երկար ճանապարհից հոգնատանջ ճամփորդները։ Հետայսու օազիսը նրա համար ամայի է։

Այսօրվանից ավելի կարևոր է դառնալու անապատը։ Ֆաթիման ամեն օր նայելու է նրան՝ փորձելով կռահել, թե Սանտյագոն որ աստղի ուղղությամբ է գնում իր գանձի ետևից։ Նրան համբույրներ է ուղարկելու քամու միջոցով՝ հուսալով, որ կքսվի նրա դեմքին և կպատմի, որ աղջիկը ողջ է և սպասում է տղային ինչպես մի կին, որը սպասում է գանձերի ու երազանքների ետևից քայլող իր քաջարի տղամարդուն։ Այսօրվանից անապատը Ֆաթիմայի համար միայն մի բան է նշանակելու՝ վերադարձի հույս։

— Մի՛ մտածիր այն մասին, ինչ ետևում է մնացել,— ասաց Ալքիմիկոսը, երբ նրանք ճամփա էին ընկել անապատի ավազուտներով։— Ամեն ինչ գրանցված է Աշխարհի հոգում և այնտեղ մնալու է հավերժ։

— Մարդիկ ավելի շատ երազում են վերադառնալու մասին, քան մեկնելու,— պատասխանեց Սանտյագոն, որը կրկին սկսել էր ընտելանալ անապատի համրությանը։

— Եթե քո գտածը պատրաստված է մաքուր նյութից՝ երբեք չի փչանա, և դու մի օր կարող ես վերադառնալ։ Իսկ եթե եղել է լոկ վայրկենական բռնկում՝ աստղի ծննդի նման, ապա վերադառնալով՝ ոչինչ չես գտնի։ Համենայնդեպս, դու լույսի մի բռնկում ես տեսել։ Դա արդեն մի բան արժե։

Նա կարծես թե խոսում էր ալքիմիայի մասին, բայց Սանտյագոն հասկանում էր, որ նկատի ունի Ֆաթիմային։

Դժվար էր չմտածել այն բանի մասին, ինչը մնացել էր ետևում. անապատն իր համարյա անփոփոխ բնապատկերով երազային տեսիլներ էր ոգեկոչում։ Սանտյագոյի աչքերը շարունակում էին պարզորոշ տեսնել փյունիկյան արմավենիները, ջրհորներն ու սիրած կնոջ դեմքը։ Տեսնում էին Անգլիացուն՝ իր անոթ-սրվակներով, ուղտապանին՝ իսկական մի իմաստունի, որը չէր գիտակցում իր իմաստությունը։ «Հավանաբար Ալքիմիկոսը երբեք որևէ մեկին չի սիրել»,— մտածեց նա։

Իսկ նա վարգում էր առջևից՝ բազեն ուսին թառած։ Բազեն լավ էր ճանաչում անապատը, և երբ կանգ էին առնում, պոկվում էր Ալքիմիկոսի ուսից և թռչում որս փնտրելու։ Առաջին օրը նա վերադարձավ՝ ճիրանների մեջ բերելով մի նապաստակ։ Երկրորդ օրը՝ երկու թռչուն։

Գիշերը փռում էին ծածկոցները և խարույկ չէին վառում՝ չնայած գիշերներն անապատում ցուրտ էին ու գնալով՝ լուսնի փոքրանալուն զուգահեռ, ավելի մութ էին դառնում։ Ամբողջ առաջին շաբաթվա ընթացքում, եթե նրանք խոսում էլ էին, ապա միայն այն մասին, թե ինչպես անեն, որ չհանդիպեն պատերազմող ցեղերին։ Պատերազմը շարունակվում էր՝ քամին երբեմն բերում էր արյան քաղցրավուն հոտը։ Մոտակայքում մի տեղ մարտ էր ընթանում, և քամին պատանուն հիշեցնում էր, որ գոյություն ունի Նշանների լեզուն՝ միշտ պատրաստ պատմելու այն, ինչ չի կարող տեսնել աչքը։

Ճանապարհվելու ութերորդ օրը Ալքիմիկոսը որոշեց դադար առնել սովորականից ավելի շուտ։ Բազեն երկինք թռավ որս որոնելու։ Ալքիմիկոսը Սանտյագոյին մեկնեց ջրի տափաշիշը։

— Քո ճամփորդությունը մոտենում է ավարտին,— ասաց նա։— Շնորհավորում եմ։ Դու չշեղվեցիր քո Առասպելից։

— Իսկ դու ամբողջ ճանապարհին լռեցիր։ Իսկ ես մտածում էի, թե ինձ կսովորեցնես այն ամենը, ինչ գիտես։ Ես արդեն բախտ եմ ունեցել անապատով ճամփորդել մի մարդու հետ, որ ալքիմիայի գրքեր ուներ։ Բայց ես նրանցից ոչինչ չհասկացա։

— Հասկանալու միայն մի ճանապարհ կա,— պատասխանեց Ալքիմիկոսը.— գործե՛լ։ Ինչ֊որ պետք էր իմանալ՝ ճամփորդությունը քեզ սովորեցրել է։ Մնացել է միայն մի բան։

Սանտյագոն կուզեր իմանալ, թե ինչ է մնացել սովորելու, բայց Ալքիմիկոսն աչքը հորիզոնից չէր կտրում՝ սպասելով բազեի վերադարձին։

— Իսկ քեզ ինչո՞ւ են Ալքիմիկոս կոչում։

— Քանի որ ես Ալքիմիկոսն եմ։

— Իսկ որն է մյուս ալքիմիկոսների սխալը, որոնք փնտրել, բայց չեն գտել ոսկին։

— Սխալն այն է, որ նրանք միայն ոսկի են փնտրել։ Փնտրել են իրենց Սեփական Առասպեփ ոսկին, առանց ցանկանալու ապրել այդ Առասպելը։

— Ուրեմն ինձ ի՞նչն է պակասում իմանալ,— իր հարցը կրկնեց պատանին։

Բայց Ալքիմիկոսը շարունակում էր հորիզոնին նայել։ Շուտով վերադարձավ բազեն՝ որսով։ Նրանք ավազի մեջ փոս փորեցին, այնտեղ խարույկ վառեցին, որպեսզի հեռվից կրակն անտեսանելի լինի։

— Ես Ալքիմիկոսն եմ, որովհետև ալիքիմիկոս եմ,— շարունակեց նա։— Այդ գիտության գաղտնիքն ինձ է փոխանցվել իմ պապից, իսկ նրան՝ իր պապից, և այդպես շարունակ՝ մինչ աշխարհի սկիզբը։ Այն ժամանակ Մեծ արարման ողջ բովանդակությունը կարող էր գրվել ընդամենը զմրուխտի մի նիստի վրա։ Սակայն մարդիկ այդ պարզ բանին կարևորություն չտվեցին ու սկսեցին տրակտատներ, մեկնաբանությաններ և իմաստասիրական աշխատություններ գրել։ Սկսեցին հայտարարել նաև, թե Արարմանը հասնելու ճանապարհն ավելի լավ գիտեն, քան մյուսները։ Իսկ Զմրուխտը այսօր էլ գոյություն ունի։

— Իսկ ի՞նչ է գրված այնտեղ,— հետաքրքրվեց պատանին։

Ալքիմիկոսը մի հինգ րոպե ավազի վրա ինչ-որ բան էր գծում, իսկ այդ ընթացքում Սանտյագոն հիշեց, թե ինչպես էր մի օր հրապարակում հանդիպել ծեր արքային, ու նրան թվաց, թե այդ ժամանակից երկար տարիներ են անցել։

— Ահա թե ինչ է գրված այնտեղ,— ասաց Ալքիմիկոսը՝ վերջացնելով գծագիրը։

Սանտյագոն մոտեցավ և կարդաց։

— Բայց սա մի ծածկագիր է,— փոքր֊ինչ հիասթափված ասաց պատանին։— Սա նման է Անգլիացու գրքերին։

— Ո՛չ։ Դա նույնն է, ինչ բազեների ճախրանքը երկնքում. խելքով չես հասնի։ Զմրուխտի տախտակը դեպի Աշխարհի հոգին տանող ուղիղ ճանապարհն է։ Իմաստունները վաղուց են հասկացել, որ մեր այս բնական աշխարհը լոկ Դրախտի մեկ պատկերն է, նրա մեկ պատճենը։ Այս աշխարհի գոյության փաստը երաշխիք է, որ կա մի ուրիշ, ավելի կատարյալ աշխարհ։ Բարձրյալն այն ստեղծել է, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ իր հոգևոր պատգամները և իր իմաստության հրաշքները։ Հենց դա էլ ես կոչում եմ Գործողություն։

— Եվ ես պետք է հասկանամ Զմրուխտե սալիկի վրա գրվա՞ծը։

— Եթե դու հիմա ալքիմիկոսի լաբորատորիայում լինեիր, կարող էիր սովորել այն կարդալու ամենահեշտ ձևը։ Բայց դու անապատում ես, ուրեմն մերվիր անապատին։ Նա, ինչպես աշխարհի վրա գոյություն ունեցող ամեն ինչ, քեզ կօգնի հասկանալ աշխարհը։ Իմաստ չունի հասկանալ ամբողջ անապատը, մի ավազահատիկը բավարար է, որպեսզի տեսնես Արարման ողջ հրաշքը։

— Իսկ ես ինչպե՞ս մերվեմ անապատին։

— Լսի՛ր սրտիդ։ Նա գիտի աշխարհում ամեն ինչ, քանի որ եկել է Աշխարհի հոգուց և մի օր նրան պիտի վերադառնա։

Նրանք լուռ գնացին ևս երկու օր։ Ալքիմիկոսը շատ ավելի զգոն էր դարձել. նրանք մոտենում էին կատաղի ճակատամարտերի վայրին։ Իսկ պատանին անընդհատ փորձում էր լսել իր սրտի ձայնը։

Բայց սիրտը քմահաճ էր. նախկինում նա անընդհատ ինչ-որ տեղ էր ձգտում գնալ, իսկ հիմա ամեն գնով ցանկանում էր վերադառնալ։ Երբեմն սիրտը ժամերով նրան պայծառ կարոտով համակված պատմություններ էր անում, իսկ երբեմն էլ անապատում ծագող արևից այնպես էր ցնծում, որ Սանտյագոն լուռումունջ լալիս էր։ Սրտի զարկերը հաճախանում էին, երբ խոսք էր գնում գանձերի մասին, և պաղում էին, երբ պատանու աչքերը նայում էին անծայրածիր անապատին։

— Իսկ մենք ինչո՞ւ պետք է լսենք սրտին,— ասաց նա, երբ հերթական դադարն էին անում։

— Որտեղ սիրտը՝ այնտեղ էլ գանձը։

— Իմ սիրտը խռովված է,— ասաց Սանտյագոն։— Երազներ է տեսնում, հուզվում է, և սիրահարված է անապատի մի կնոջ։ Նա ինչ-որ բաներ է խնդրում, և շատ ու շատ գիշերներ չի թողնում քնեմ, հենց այդ կինը միտս է գալիս։

— Շատ լավ է, նշանակում է՝ ապրում է։ Շարունակի՛ր լսել նրան։

Հաջորդ երեք օրերին նրանք ռազմիկների էին հանդիպում, այլոց նկատում էին հորիզոնի վրա։

Սանտյագոյի սիրտը սկսեց խոսել վախի մասին։ Սկսեց դեպքեր պատմել, որ լսել էր Աշխարհի հոգուց. Դեպքեր՝ գանձերի որոնման գնացած, բայց այդպես էլ դրանք չգտած մարդկանց մասին։ Երբեմն նա պատանուն վախեցնում էր այն մտքով, որ նրան բախտ չի վիճակվի գտնել գանձը, իսկ գուցե նաև մահանա անապատում։ Երբեմն գլխի էր գցում, որ բարիք ունեցողը բարիք չի որոնի. նա առանց այդ էլ սիրած ունի և շատ ոսկեդրամ։

— Սիրտս դավաճանում է ինձ,— ասաց նա Ալքիմիկոսին, երբ կանգնել էին ձիերին հանգիստ տալու։— Չի ուզում, որ ես շարունակեմ ճանապարհս։

— Դա լավ է,— կրկնեց նա։— Նշանակում է՝ սիրտդ չի քարացել։ Միանգամայն բնական է, որ նա վախենում է երազանքի հետ փոխել այն ամենը, ինչն արդեն ձեռք է բերված։

— Ուրեմն ինչո՞ւ լսեմ նրան։

— Որովհետև դու նրան երբեք չես ստիպի լռել։ Եթե նույնիսկ ձևացնես, թե չես լսում, նա մնալու է քո կրծքի տակ և կրկնելու է այն, ինչ մտածում է կյանքի ու աշխարհի մասին։

— Նույնիսկ եթե նա մատնի՞չ է։

— Մատնությունը հարված է, որին չես սպասում։ Եթե դու լավ ճանաչես սիրտդ, նրան երբեք այդ բանը չի հաջողվի անել, քանի որ կիմանաս նրա բոլոր երազանքները, բոլոր ցանկությունները և կկարողանաս կառավարել նրան։ Իսկ սեփական սրտից ոչ մեկին չի հաջողվում փախչել։ Այնպես որ, ավելի լավ է լսես, թե նա ինչ է ասում, որպեսզի երբեք անսպասելի հարված չստանաս։

Սանտյագոն շարունակեց ունկնդրել իր սրտի ձայնը, քանի դեռ ուղին ձգվում էր անապատով։ Շուտով նա արդեն անգիր գիտեր սրտի բոլոր քմահաճույքները, բոլոր խորամանկությունները և դրանք ընդունում էր այնպես, ինչպես կային։ Պատանին դադարեց վախ զգալ և այլևս չէր ուզում վերադառնալ, որովհետև արդեն ուշ էր, և սիրտն էլ նրան ասում էր, որ ամեն ինչ կարգին է։

«Իսկ եթե երբեմն բողոքում եմ՝ ինչ արած, չէ՞ որ մարդկային սիրտ եմ, դա ինձ յուրահատուկ է։ Մենք վախենում ենք իրականացնել մեր ամենանվիրական փափագները, քանզի մեզ թվում է, թե դրանց արժանի չենք կամ, միևնույն է, չենք կարող դրանք իրականացնել։ Մենք՝ սրտերս, սարսափից պաղում ենք արդեն իսկ այն մտքից, որ սերերը գնացել են անվերադարձ, այն պահերի համար, որոնք կարող էին դառնալ երջանիկ, բայց չդարձան, այն գանձերի համար, որոնք կարող էին գտնվել, բայց հավերժ կմնան ավազուտներում թաղված։ Եվ երբ այդպես է պատահում, մենք խորապես տառապում ենք»։

— Իմ սիրտը վախենում է տառապանքից,— մի գիշեր նայելով մութ, անլուսին երկնքին՝ ասաց նա Ալքիմիկոսին։

— Իսկ դու նրան ասա, որ տառապանքի սարսափն ավելի վատ է, քան բուն տառապանքը։ Եվ ոչ մի սիրտ երբեք չի տառապել, երբ ճամփա է ընկել սեփական երազանքը որոնելու, քանզի այդ որոնման յուրաքանչյուր պահը մի հանդիպում է Աստծո և Հավերժության հետ։

«Յուրաքանչյուր պահ հանդիպում է,— ասաց Սանտյագոն իր սրտին։— Քանի դեռ ես փնտրում էի իմ գանձը՝ բոլոր օրերը ողողված էին լույսով, քանի որ գիտեի՝ ամեն ժամն ինձ ավելի է մոտեցնում իմ երազանքի կատարմանը։ Քանի դեռ փնտրում էի իմ գանձը՝ ճանապարհին հանդիպեցի այնպիսի բաների, որոնց մասին չէի էլ կարող երազել, եթե քաջությունը չունենայի ձեռնարկել հովիվների համար անհնարին այդ գործը»։

Այդժամ նրա սիրտը հանգիստ էր մի ամբողջ երեկո։ Գիշերը Սանտյագոն քնեց անվրդով, իսկ երբ զարթնեց, սիրտն սկսեց նրան պատմել Աշխարհի հոգու մասին։ Ասաց, այն մարդն է երջանիկ, ով իր մեջ կրում է Աստծուն։ Եվ որ երջանկությունը կարելի է գտնել սովորական ավազահատիկի մեջ՝ ինչպես ասել էր Ալքիմիկոսը, քանի որ այդ ավազահատիկը արարման մի պահ է, և նրան ստեղծելու համար Տիեզերքին պետք են եղել հարյուր միլիոնավոր տարիներ։ «Աշխարհի վրա յուրաքանչյուր ապրողի սպասում է իր գանձը,— ասաց տղայի սիրտը,— բայց մենք՝ սրտերս, այդ մասին քիչ ենք խոսում, քանզի մարդիկ այլևս չեն ուզում դրանք գտնել։ Միայն երեխաներին ենք ասում այդ բանը, ապա նայում ենք, թե կյանքն ինչպես է յուրաքանչյուրին ուղարկում իր ճակատագրին ընդառաջ։ Բայց, դժբախտաբար, քչերն են հետևում իրենց համար կանխատեսված Առասպելին և երջանկությանը։ Նրանց թվում է, թե աշխարհը լեցուն է սպառնալիքներով և այդ պատճառով էլ այն իսկապես սպառնալի է դառնում։

Եվ այդժամ մենք՝ սրտերս, խոսում ենք ավելի ու ավելի ցածր, բայց երբեք չենք լռում։ Եվ ջանում ենք, որ մեր խոսքերը լսելի չլինեն, մենք չենք ուզում մարդիկ տառապեն այն պատճառով, որ չեն անսացել իրենց սրտի ձայնին»։

— Իսկ ինչո՞ւ սիրտը մարդուն չի հուշում, որ նա պետք է գնա դեպի իր երազանքների կատարումը,— հարցրեց Սանտյագոն։

— Որովհետև այդ դեպքում սիրտն է, որ ամենից շատ կտառապի, իսկ սիրտը չի սիրում տառապել։

Այդ օրվանից սկսած պատանին սկսեց հասկանալ իր սրտին և խնդրեց, որ իրեն երբեք չլքի։ Խնդրեց, որ եթե այսուհետ հեռանա իր երազանքից, սիրտն իր կրծքում սկսի սեղմվել ու ցավալ՝ տագնապի ազդանշան հնչեցնելով։ Եվ երդվեց, որ ամեն անգամ այդ ազդանշանը լսելուն պես՝ կհետևի նրան։ Այդ գիշեր նա ամեն ինչ պատմեց Ալքիմիկոսին։ Եվ նա հասկացավ, որ Սանտյագոյի սիրտը վերադարձել է դեպի Աշխարհի հոգին։

— Իսկ այժմ ի՞նչ անեմ։

— Շարունակիր ճանապարհդ դեպի բուրգերը և նախանշանները մի անտեսիր։ Քո սիրտն արդեն ընդունակ է հուշելու գանձի տեղը։

— Ուրեմն ինձ միայն ա՞յդ բանն իմանալն էր պակասում։

— Ո՛չ։ Ահա թե քեզ ինչ է պակասում իմանալ,— պատասխանեց Ալքիմիկոսը և սկսեց պատմել։— Մինչ երազանքներն իրականություն դարձնելը Աշխարհի հոգին ստուգում է, թե յուրացվա՞ծ է այն, ինչը սովորեցրել է ճանապարհին: Եվ դա անում է ոչ թե նրա համար, որ չար է, այլ նրա համար, որպեսզի կարողանանք մեր երազանքի հետ միասին ստանալ նաև դրան հասնելու ընթացքում մեզ տրված բոլոր դասերը։ Ահա հենց այստեղ էլ մարդկանց մեծ մասն ընկրկում է։ Անապատի լեզվով դա կոչվում է՝ «Մեռնել ծարավից, երբ հորիզոնի վրա արդեն օազիսն է երևում»։ Սկսնակի համար որոնումները միշտ բարենպաստ սկիզբ են ունենում և միշտ ավարտվում են ահա այս Փորձությամբ։

Սանտյագոն հիշեց հայրենիքում լսած մի ասացվածք. «Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»։

Հաջորդ օրն ի հայտ եկան իրական վտանգի առաջին նշանները։ Ճամփորդներին երեք զորական մոտեցան և հարցրին, թե ինչ են անում այստեղ։

— Բազեով որս եմ անում,— պատասխանեց Ալքիմիկոսը։

— Մենք պարտավոր ենք հավաստիանալ, որ դուք զենք չունեք,— ասաց երեքից մեկը։

Ալքիմիկոսն անշտապ իջավ ձիուց։ Պատանին հետևեց նրա օրինակին։

— Ինչո՞ւ ես այդքան փող պահում,— պատանու մախաղն ստուգելով՝ հարցրեց զինվորը։

— Որպեսզի Եգիպտոս հասնեմ։

Ալքիմիկոսին ստուգող արաբը ինչ-որ հեղուկով լի մի փոքրիկ սրվակ գտավ և հավի ձվից քիչ մեծ մի դեղնավուն ապակյա ձու։

— Սրանք ինչե՞ր են,— հարցրեց նա։

— Իմաստության քար և Անմահական ջուր՝ Ալքիմիկոսների մեծ արարչագործությունը։ Նա, ով խմի Անմահական ջուրը, երբեք չի հիվանդանա։ Իսկ այս քարի մի փշուրը ցանկացած մետաղ կվերածի ոսկու։

Հեծյալները մի կուշտ ծիծաղեցին։ Նրանց միացավ նաև Ալքիմիկոսը, որի պատասխանը զորականներին շատ սրամիտ էր թվացել, և սրանք, առանց երկար քաշքշուքի, ճամփորդներին իրենց ունեցվածքի հետ ազատ արձակեցին։

— Խելքդ թռցրե՞լ ես,— հարցրեց Սանտյագոն, երբ զորականներն արդեն բավարար հեռավորության վրա էին։— Ինչու այդպես արեցիր։

— Ինչո՞ւ։ Որպեսզի քեզ մի հասարակ օրինաչափություն ցույց տամ,— պատասխանեց Ալքիմիկոսը։— Մենք երբեք չենք հասկանում, թե ինչ մեծագույն գանձեր կան մեր առջև։ Գիտե՞ս ինչու։ Քանի որ մարդիկ չեն հավատում գանձերի գոյությանը։

Նրանք շարունակեցին ճանապարհը։ Օրեցօր Սանտյագոյի սիրտն ավելի լռակյաց էր դառնում։ Նրան արդեն չէր հետաքրքրում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։ Նա բավարարվում էր նրանով, որ դիտում էր անապատը և պատանու հետ միասին խմում Աշխարհի հոգու ակնաղբյուրից։ Նրանք մեծ բարեկամներ էին դարձել, և այժմ նրանցից ոչ մեկը չէր դավաճանի մյուսին։

Իսկ երբ սիրտը խոսում էր՝ միայն այն պատճառով, որպեսզի վստահություն և ուժ ներշնչի Սանտյագոյին, որին երբեմն կեղեքում էր համր լռությունը։ Սիրտն առաջին անգամ պատմեց տղային նրա հրաշալի հատկանիշների մասին. խիզախություն, որով նա թողել էր իր ոչխարներին, որով ապրել էր իր Սեփական Առասպելը, ջանադրություն, որով աշխատել էր բյուրեղապակու կրպակում։

Պատմեց նաև այն, ինչը Սանտյագոն երբեք չէր նկատել. բազմիցս նրան դարանակալած վտանգների մասին։ Սիրտն ասաց, որ ինքը մի անգամ թաքցրել էր այն ատրճանակը, որը տղան թռցրել էր հորից և որով կարող էր իրեն վիրավորել կամ նույնիսկ ինքնասպան լինել։ Հիշեցրեց, թե ինչպես նա մի օր բաց դաշտում վատ էր զգացել, սիրտ թափել ու հետո երկար քուն մտել հոտի մոտ, և չէր գնացել նախատեսված ճանապարհով, ուր նրան դարանակալ սպասում էին ավազակները, որպեսզի սպանեն ու գողանան հոտը։ Եվ քանի որ Սանտյագոն չէր երևացել, մտածել էին, թե այլ ճանապարհով է հոտը տարել, ու հեռացել էին։

— Սիրտը միշտ օգնո՞ւմ է մարդուն,— հարցրեց նա։

— Ոչ բոլորին, միայն նրանց, ովքեր հետևում են իրենց Առասպելին։ Իսկ ավելի շատ՝ երեխաներին, հարբածներին ու ծերերին։

— Դա նշանակում է, որ նրանք զե՞րծ են վտանգից։

— Դա նշանակում է միայն, որ նրանց սրտերը լարում են իրենց ամբողջ ուժերը։

Մի անգամ նրանք անցնում էին պատերազմող ցեղերից մեկի ճամբարի մոտով։ Ամենուր զինված մարդիկ էին՝ սպիտակ բուռնուսներով։ Նրանք նարգիլե էին ծխում և խոսում մարտերի մասին։ Սանտյագոյին և Ալքիմիկոսին ոչ ոք դույզն-ինչ ուշադրություն չդարձրեց։

— Որևէ վտանգ չկա,— ասաց պատանին, երբ մի փոքր հեռացել էին զորքի գիշերակացից։

Ալքիմիկոսը կատաղեց։

— Վստահիր սրտիդ, բայց երբեք մի մոռացիր, որ անապատում ես։ Երբ մարդիկ պատերազմում են, Աշխարհի հոգուն է հասնում ճակատամարտի աղմուկը։ Ոչ ոքի չի հաջողվի խուսափել նրա հետևանքներից, ինչ արևի տակ տեղի է ունենում։

«Ամեն ինչ միասնական է»,— մտածեց Սանտյագոն։ Եվ այդ պահին, ասես անապատը ցանկացավ հաստատել ծեր Ալքիմիկոսի խոսքերը, երկու ձիավոր հասան նրանց ետևից։

— Ձեզ առաջ գնալ այլևս չի կարելի,— ասաց զինվորներից մեկը,— այնտեղ մարտեր են։

— Մենք շատ հեռու չենք գնում,— պատասխանեց Ալքիմիկոսը՝ սևեռուն նայելով նրանց աչքերի մեջ։

Զինվորները մի պահ քարացան, ապա բաց թողեցին ճամփորդներին։ Սանտյագոն ցնցված էր։

— Դու նրանց հայացքով հնազանդեցրի՛ր։

— Հայացքը ցույց է տալիս հոգու ուժը,— պատասխանեց Ալքիմիկոսը։

«Այդպես է»,— մտածեց պատանին՝ հիշելով, որ ճամբարում, զինվորականների բազմության միջից մեկը ակնդետ իրենց էր նայում։ Նա այնքան հեռու էր, որ դեմքն անգամ կարգին չէր երևում, բայց Սանտյագոն վստահ էր, որ նրա հայացքը ուղղված էր իրենց։

Եվ ահա, երբ նրանք բարձրանում էին ամբողջ հորիզոնը փակող սարի լանջով, Ալքիմիկոսն ասաց, որ մինչև բուրգերը երկու օրվա ճանապարհ է մնացել։

— Եթե մենք շուտով բաժանվելու ենք՝ ինձ ալքիմիա սովորեցրու։

— Քեզ այլևս սովորեցնելու բան չկա։ Պետք է թափանցել Աշխարհի հոգու մեջ և այնտեղ գտնել մեզ համար նախատեսված գանձերը։

— Ես ուրիշ բան եմ ասում։ Ես ուզում եմ իմանալ՝ ինչպես արճիճը դարձնել ոսկի։

Ալքիմիկոսը չընդհատեց անապատի լռությունը և պատասխանեց միայն այն ժամանակ, երբ նստել էին ճաշի։

— Տիեզերքում ամեն ինչ զարգանում, մի բանից փոխարկվում է մի այլ բանի,— պատասխանեց նա։— Եվ իմաստունների կարծիքով ոսկին այն մետաղն է, որի զարգացումն ավելի առաջ է անցել մյուսներից։ Մի հարցրու, թե ինչու՝ չգիտեմ։ Ինձ միայն հայտնի է, որ աշխարհն այդպես է կառուցված։ Բայց մարդիկ սխալ են հասկացել իմաստունների խոսքը։ Եվ ոսկին փոխանակ դառնա զարգացման խորհրդանիշ՝ դարձել է գժտությունների առարկա։

— Մեր շրջակա աշխարհը խոսում է շատ լեզուներով,— ասաց պատանին,— նախկինում ուղտի մնչոցն ինձ համար մնչոց էր։ Հետո դարձավ տագնապի ազդանշան։ Եվ վերջապես կրկին դարձավ մնչոց։— Այստեղ Սանտյագոն լռեց՝ հասկանալով, որ առանց իրեն էլ Ալքիմիկոսն այդ ամենը գիտի։

— Ես ճանաչել եմ իսկական ալքիմիկոսների,— շարունակեց վերջինս։— Նրանք փորձասենյակներում փակված փորձում էին կատարելագործվել՝ ոսկու նման, և հայտնագործեցին Իմաստության քարը։ Քանի որ հասկացան, որ եթե մի բան զարգանում է՝ զարգանում է նաև նրա շուրջ գտնվող ամեն ինչ։

Մյուսները Քարը պատահաբար գտան։ Նրանք օժտված էին շնորհով, և նրանց հոգիներն ավելի արթուն էին, քան մյուսներինը։ Բայց այդպիսի դեպքերը հաշիվ չեն. դրանք շատ քիչ են։

Եվ վերջապես երրորդները միայն ոսկի էին փնտրում։ Նրանց այդպես էլ չհաջողվեց բացել դրա գաղտնիքը։ Նրանք մոռացել էին, որ արճիճը, պղինձը, երկաթը նույնպես պետք է անցնեն իրենց Սեփական Առասպելի ճանապարհը։ Իսկ նա, ով խառնվում է ուրիշի Առասպելին, երբեք չի հասնում իր սեփականին։ Ալքիմիկոսի այս խոսքերը հնչեցին անեծքի նման։ Հետո կռացավ ու ավազների միջից մի խեցի վերցրեց։

— Ինչ֊որ ժամանակ այստեղ ծով է եղել,— ասաց նա։

— Այո, ես կռահեցի,— պատասխանեց պատանին։

Ալքիմիկոսը նրան առաջարկեց խեցին ականջին դնել։ Սանտյագոն երեխա ժամանակ շատ էր այդպես արել ու հիմա կրկին լսեց ծովի աղմուկը։

— Ծովը առաջվա պես այս խեցու մեջ է, քանի որ դա նրա Առասպելն է և չի լքի նրան այնքան ժամանակ, մինչև անապատում կրկին չծփա ծովը։

Նրանք հեծան ձիերը և շարժվեցին եգիպտական բուրգերի ուղղությամբ։

Արևն արդեն սկսել էր թեքվել դեպի արևմուտք, երբ Սանտյագոյի սիրտը տագնապի ազդանշան հնչեցրեց։ Այդ պահին նրանք գտնվում էին հսկա ավազաթմբերի արանքում։ Սանտյագոն հայացք նետեց Ալքիմիկոսին, բայց վերջինս կարծես ոչինչ չէր նկատում։ Հինգ րոպե անց պատանին հստակ տեսավ երկու հեծյալի։ Նախքան կհասցներ թեկուզ մի բառ արտաբերել՝ երկուսը դարձան տասը, տասը՝ հարյուր, և, ի վերջո, ավազաթմբերը ծածկվեցին զորքով։

Հեծյալները կապույտ տարազով էին։ Նրանց չալմաները երիզված էին սև ժապավենով, իսկ դեմքերը մինչև աչքերը ծածկված էին կապույտ գործվածքով։

Նույնիսկ հեռվից նկատելի էին նրանց հոգու ուժ ցուցանող աչքերը։ Եվ այդ աչքերը մահ էին ազդարարում։

Սանտյագոյին ու Ալքիմիկոսին բերեցին մոտակայքում տեղակայված զինվորական ճամբար։ Զինվորներից մեկը նրանց խցկեց մի վրան, որը խիստ տարբերվում էր օազիսում պատանու տեսածներից։ Ներսում հրամանատարը խորհրդի էր նստած իր գլխավոր շտաբի հետ։

— Լրտեսներ են,— զեկուցեց գերիներին ուղեկցողներից մեկը։

— Ոչ։ Մենք ընդամենը ճամփորդներ ենք։

— Երեք օր առաջ ձեզ տեսել են մեր թշնամու ճամբարում։ Դուք նրանց զինվորներից մեկի հետ ինչ-որ բան եք խոսել։

— Ես անապատի ճամփորդ եմ և հասկանում եմ աստղերի լեզուն,— ի պատասխան ասաց Ալքիմիկոսը։— Իսկ թե որքան է զորքերի քանակը և ուր են շարժվում ցեղախմբերը՝ ինձ հայտնի չէ։ Ես իմ բարեկամին ընդամենն ուղեկցել եմ մինչև այս տեղերը։

— Իսկ ո՞վ է քո բարեկամը,— հարցրեց առաջնորդը։

— Ալքիմիկոս,— պատասխանեց Ալքիմիկոսը։— Նա ծանոթ է բնության ուժերին և ուզում է իր արտասովոր կարողությունները ցույց տալ առաջնորդին։

Սանտյագոն լուռ ու վախեցած լսում էր։

— Օտարերկրացին ի՞նչ է անում մեր կողմերում,— հարցրեց մեկ ուրիշը:

— Նա փող է բերել ձեր ցեղախմբին հանձնելու համար,— պատասխանեց Ալքիմիկոսը և մինչ պատանին կհասցներ որևէ բան ասել, վերցրեց նրա դրամապանակն ու մեկնեց առաջնորդին։

Վերջինս լռությամբ ընդունեց ոսկին՝ դրանով կարելի էր ահագին զենք գնել։

— Իսկ ի՞նչ է նշանակում «ալքիմիկոս»,— հարցրեց նա:

— Դա այն մարդն է, որ ճանաչում է բնությունն ու աշխարհը։ Եթե ցանկանա՝ կարող է միայն քամու ուժով ոչնչացնել այս ճամբարը։

Արաբները ծիծաղեցին։ Նրանք վարժվել էին լոկ պատերազմի ուժին և չէին հավատում, որ քամին կարող է մահացու լինել։ Այնուհանդերձ նրանց սրտերը ահից սեղմվեցին։ Նրանք բոլորը անապատի ժողովուրդ էին ու վախենում էին կախարդներից։

— Ես ուզում եմ տեսնել, թե դա նրան ինչպես է հաջողվում,— ասաց առաջնորդը։

— Մեզ երեք օր տվեք։ Իմ ուղեկիցն իր ուժը ցուցադրելու համար պետք է քամի դառնա։ Եթե այդ բանը նրան չհաջողվի, մենք անտրտունջ ձեզ կտանք մեր կյանքը՝ իբրև հարգանքի տուրք ձեր ցեղին։

— Հնարավոր չէ տալ մի բան, որն առանց այդ էլ արդեն ինձ է պատկանում,— ամբարտավան ասաց առաջնորդը։

Բայց համաձայնեց սպասել երեք օր։

Սանտյագոն վախից համրացել էր։ Ալքիմիկոսն ստիպված էր ձեռքը բռնած նրան դուրս տանել վրանից։

— Ցույց մի՛ տուր, որ վախենում ես։ Նրանք խիզախ մարդիկ են ու արհամարհում են վախկոտներին։

Սակայն Սանտյագոյի խոսելու ունակությունը միանգամից չվերականգնվեց։ Նրան հաջողվեց խոսել միայն որոշ ժամանակ անց, երբ քայլում էին ճամբարի միջով։ Օտարականներին բանտարկելու կարիքը արաբները չէին տեսել, միայն ձիերն էին խլել։ Եվ աշխարհը կրկին ցույց տվեց, որ խոսում է տարբեր լեզուներով. անապատը, որ նախկինում անսահման էր ու ազատ, այժմ անանցանելի պատ էր դարձել։

— Դու իմ ամբողջ ունեցածը նրանց տվեցիր,— ասաց Սանտյագոն,— այն ամենը, ինչ վաստակել էի ողջ կյանքում։

— Եթե պիտի մեռնեիր, ինչի՞դ էր պետք։ Քո փողերը քեզ արդեն երեք օրվա հավելյալ կյանք են նվիրել։ Սովորաբար փողը մի վայրկյանով իսկ չի կարող հետաձգել մահը։

Բայց Սանտյագոն իմաստուն խոսքեր լսելու համար շատ էր վախեցած։ Նա չգիտեր, թե ինչպես է քամի դառնալու՝ նա ալքիմիկոս չէր։

Իսկ Ալքիմիկոսը մի զինվորի խնդրեց թեյ բերել ու, ինչ-որ անհասկանալի խոսքեր շշնջալով, մի քանի կաթիլ լցրեց տղայի դաստակին։ Եվ սա միանգամից զգաց, թե ինչպես է մարմնով մեկ տարածվում հանգստության ալիքը։

— Հուսահատության մի մատնվիր,— անսովոր փաղաքուշ ձայնով ասաց Ալքիմիկոսը։— Սա նրա համար է, որ չկարողանաս խոսել սրտիդ հետ։

— Բայց չէ՞ որ ես չգիտեմ՝ ինչպես քամի դառնալ։

— Նա, ով հետևում է իր Առասպելին, գիտի այն ամենը, ինչ պետք է անել։ Միայն մի բան է երազանքի կատարումը խափանում՝ անհաջողության սարսափը։

— Բայց ես անհաջողությունից չեմ վախենում։ Պարզապես չգիտեմ ինչպես քամի դառնալ։

— Ստիպված ես սովորել։ Քո կյանքը դրանից է կախված։

— Իսկ եթե չկարողանա՞մ։

— Այդժամ կմեռնես։ Բայց մեռնել, հետևելով Սեփական Առասպելին՝ դա շատ ավելի լավ է, քան մահն ընդունել, ինչպես հազարավոր մարդիկ, ովքեր նույնիսկ չեն էլ պատկերացնում Սեփական Առասպելի գոյությունը։ Ինչևէ, մի անհանգստացիր։ Մահը ստիպում է մարդկանց ավելի զգայուն դառնալ կյանքի նկատմամբ։

Առաջին օրն անցավ։ Անապատում խոշոր մարտ տեղի ունեցավ, վիրավորներ բերեցին ճամբար։ «Մահով ոչինչ չի փոխվում»,— մտածեց Սանտյագոն։ Ընկածների փոխարեն ուրիշները ելան, և կյանքը շարունակվեց։

— Դու կարող էիր ավելի ուշ մեռնել, բարեկա՛մս,— ասում էր մի զինվոր իր զոհված ընկերոջը։— Ո՛չ հիմա, պատերազմից հետո։ Բայց այսպես թե այնպես՝ մահից չէիր փախչի։

Երեկոյան կողմ պատանին գնաց գտնելու Ալքիմիկոսին։

— Ես չեմ կարող քամի դառնալ,— ասաց նրան։

— Հիշիր, թե ինչ եմ ասել քեզ. աշխարհը Աստծո լոկ երևացող մասն է։ Իսկ ալքիմիայի խնդիրն է նյութական հարթության մեջ հոգևոր կատարելություն դնել։

— Իսկ դու ի՞նչ ես անում,— հարցրեց Սանտյագոն։

— Կերակրում եմ բազեիս։

— Ինչո՞ւ։ Եթե ես չկարողանամ քամի դառնալ՝ մեզ կսպանեն։

— Ոչ թե մեզ, այլ՝ քեզ,— պատասխանեց Ալքիմիկոսը։— Ես կարող եմ քամի դառնալ։

Երկրորդ օրը պատանին բարձրացավ ճամբարի մոտ գտնվող ժայռի գագաթը. ժամապահները նրան չէին խոչընդոտում։ Նրանք արդեն լսել էին, որ քամու փոխակերպվելու ընդունակ կախարդ է հայտնվել և ջանում էին նրանից հեռու մնալ։ Բացի այդ, անապատը ինքնին մի մեծ ու անանցանելի պատ էր:

Եվ ամբողջ օրը, մինչ երեկո Սանտյագոն դիտում էր անապատը։ Ունկնդրում էր սեփական սրտին։ Իսկ անապատը անսում էր նրա վախին։ Նրանք խոսում էին միևնույն լեզվով։

Երբ երրորդ օրը վրա հասավ, առաջնորդը հավաքեց իր զորահրամանատարներին։

— Տեսնենք, թե այս պատանին ո՞նց է քամի դառնում,— ասաց նա։

— Տեսնենք,— պատասխանեց Ալքիմիկոսը։

Սանտյագոն նրանց տարավ այն ժայռի մոտ, ուր երեկ եղել էր ամբողջ օրը։ Ապա բոլորին խնդրեց նստել։

— Պետք է մի փոքր սպասել,— ասաց նա։

— Շտապելու տեղ չունենք,— պատասխանեց առաջնորդը,— մենք անապատի մարդիկ ենք։

Սանտյագոն նայեց հորիզոնին։ Հեռվում սարեր էին, ավազաթմբեր, ժայռաբեկորներ, սողացող բույսեր, որոնք շարունակում էին կառչած մնալ կյանքին այնտեղ, ուր կյանքն անհնարին էր։ Նրա առջև անապատն էր փռված, որի անծայրածիր ամայության միջով քայլել էր երկար ամիսներ և, չնայած դրան, լոկ նրա մի շատ փոքրիկ մասն էր ճանաչել։ Եվ այդ շատ փոքրիկ մասում նա հանդիպել էր Անգլիացուն, քարավանների, միջցեղային պատերազմների, օազիսն էր տեսել, ուր հիսուն հազար արմավենի կա և երեք հարյուր ջրհոր։

— Հը՞,— հարցրեց անապատը,— էլ ինչ ես ուզում։ Մի՞թե երեկ մենք բավարար չճանաչեցինք իրար։

— Քո ավազների մեջ մի տեղ ապրում է նա, որին սիրում եմ,— պատասխանեց Սանտյագոն։— Եվ երբ նայում եմ քեզ, տեսնում եմ նաև նրան։ Ուզում եմ վերադառնալ նրա մոտ, իսկ դրա համար պետք է քո օգնությունը։ Ես պետք է քամի դառնամ։

— Իսկ ի՞նչ է «սերը»,— հարցրեց անապատը։

— Սերն այն է, երբ քո ավազուտների վրայով թռչում է բազեն։ Նրա համար դու կանաչ դաշտ ես։ Նա երբեք չի վերադառնում առանց որսի։ Նա ճանաչում է քո ժայռերը, քո ավազաթմբերը, քո սարերը։ Եվ դու մեծահոգի ես նրա նկատմաբ։

— Բազեի կտուցը ծվատում է ինձ,— պատասխանեց անապատը... Տարիներով աճեցնում եմ այն, ինչը նրա համար որս է դառնում, տալիս եմ իմ աղքատիկ ջուրը, ցույց եմ տալիս, թե որտեղ կարելի է քաղցը հագեցնել։ Իսկ հետո երկնքից իջնում է բազեն, և հենց ուզում եմ ուրախանալ, որ իմ ավազուտների մեջ կյանքը չի ընդհատվել, նա տանում է իմ ստեղծածը։

— Բայց դու հենց նրա համար էլ ստեղծել ես որսը։ Ստեղծել ես, որ կերակրես բազեին։ Իսկ բազեն կերակրում է մարդուն։ Իսկ մարդը երբևիցե կեր կդառնա քո ավազուտներին, ու այնտեղ կրկին կհառնի կյանքը և բազեն որս կանի։ Աշխարհն այդպես է շարժվում։

— Սերը հենց դա՞ է։

— Հենց դա է սերը։ Դա այն է, ինչը որսը բազե է դարձնում, բազեին՝ մարդ, իսկ մարդուն՝ անապատ։ Դա այն է՝ ինչը արճիճը դարձնում է ոսկի, իսկ ոսկին կրկին թաքցնում երկրի ընդերքում։

— Ես քո խոսքերի իմաստը չեմ հասկանում,— պատասխանեց անապատը։

— Ուրեմն հասկացիր մի բան՝ քո ավազուտների մեջ ինձ մի կին է սպասում։ Այդ պատճառով էլ ես պետք է քամի դաոնամ։

Անապատը որոշ ժամանակ լռում էր։

— Ես քեզ իմ ավազն եմ տալիս, որպեսզի քամին կարողանա հողմ բարձրացնել։ Բայց դա քիչ է։ Ես միայնակ ոչինչ չեմ կարող անել։ Քամուց օգնություն խնդրիր։

Թեթև քամի բարձրացավ։ Զորահրամանատարները հեռվից հետևում էին, թե պատանին ինչպես է ինչ-որ մեկի հետ խոսում իրենց անհասկանալի լեզվով։

Ալքիմիկոսը ժպտում էր։

Քամին մոտեցավ Սանտյագոյին, հպվեց նրա դեմքին։ Լսել էր նրա խոսակցությունը անապատի հետ. ընդհանրապես քամիներն ամեն ինչ գիտեն։ Նրանք ամբողջ աշխարհով մեկ սուրում են ու չկա մի տեղ, որտեղ նրանք ծնված լինեն կամ մեռնեն։

— Օգնի՛ր ինձ,— ասաց պատանին։— Ես մի անգամ քո մեջ լսել եմ իմ սիրածի ձայնը։

— Քեզ ո՞վ է սովորեցրել խոսել անապատի ու քամու լեզվով։

— Իմ սիրտը,— պատասխանեց Սանտյագոն։

Քամին շատ անուններ ուներ։ Նրան այստեղ անվանում էին «սիրոկո», քանի որ արաբները կարծում էին, թե նրանք գալիս են այնտեղից, ուր հողը ծածկված է ջրով և որտեղ սևամորթ մարդիկ են ապրում։ Սանտյագոյի հայրենիքում նրան կոչում են «լևանտ», քանի որ համոզված են, թե նա բերում է անապատի փոշին և մավրերի ռազմի աղաղակները։ Գուցե ոչխարի արոտավայրերից հեռու մի տեղ մտածում են, թե քամին ծնվում է Անդալուզիայում։ Բայց քամին ոչ մի տեղից չէր գալիս, ոչ մի տեղ չէր գնում, այդ պատճառով էլ ավելի հզոր էր, քան անապատը։ Մարդիկ մի օր կարող են անապատում ծառ տնկել, կարող են նույնիսկ ոչխար պահել, բայց քամին իրենց ենթարկեցնել նրանք ի զորու չեն։

— Դու չես կարող քամի դառնալ,— ասաց քամին,— մեր էությունները տարբեր են։

— Ճիշտ չէ,— պատասխանեց Սանտյագոն։— Քեզ հետ թափառել եմ աշխարհով մեկ, և ինձ համար բացվել են ալքիմիայի գաղտնիքները։ Իմ մեջ այժմ ամփոփված են և՛ քամիները, և՛ անապատները, և՛ օվկիանոսները, և՛ աստղերը ու Տիեզերքի ստեղծած ամեն ինչը։ Ինձ ու քեզ նույն ձեռքն է արարել և մեր հոգիները նույնն են։ Ես ուզում եմ լինել այնպիսին, ինչպիսին դու ես, ուզում եմ թափանցել ցանկացած ճեղք, թռչել ծովերի վրայով, բարձրացնել այն ավազը, որը փակել է իմ գանձը, ինձ մոտիկ բերել իմ սիրածի ձայնը։

— Ես մի անգամ լսել եմ քո և Ալքիմիկոսի խոսակցությունը,— ասաց քամին։— Նա ասում էր, որ յուրաքանչյուրն իր Սեփական Առասպելն ունի։ Մարդուն վիճակված չէ քամի դառնալ։

— Սովորեցրու՝ ինչպես թեկուզ մի քանի ակնթարթ քամի դառնամ, այն ժամանակ էլ կքննարկենք մարդու և քամու անսահմանափակ հնարավորությունները։

Քամին հետաքրքրասեր էր՝ այդպիսի մեկին դեռևս չէր հանդիպել։ Նա կուզենար այդ մասին մանրամասն խոսել, բայց չգիտեր՝ ինչպես մարդուն քամի դարձնել։ Ու տես, որ ինքը շատ բան գիտեր անել։ Անապատ էր սարքում, նավեր էր խորտակում, տապալում էր հարյուրամյա ծառեր, թռչում էր հսկա քաղաքների վրայով՝ լեցուն երաժշտությամբ ու տարօրինակ աղմուկներով։

Նա կարծում էր, թե իր հնարավորություններն անսահմանափակ են, բայց ահա հայտնվել է մի տղա, որը հայտարարում է, թե դեռևս շատ բաներ կան, որ քամին չի արել։

— Դա «Սեր» է կոչվում,— ասաց Սանտյագոն՝ տեսնելով, որ քամին համարյա պատրաստ է կատարել իր խնդրանքը։— Երբ սիրում ես, կարող ես դաոնալ ամեն ինչ։ Երբ սիրում ես, բոլորովին պարտադիր չէ հասկանալ, թե ինչ է կատարվում, քանի որ ամեն ինչ տեղի է ունենում մեր ներսում, և մարդը նաև ընդունակ է դառնում վերափոխվել քամու։ Իհարկե, եթե քամին նրան օգնի։

Քամին շատ ինքնասեր էր, այդ պատճառով էլ Սանտյագոյի խոսքերը վրդովեցրին նրան։ Նա սկսեց ուժգին փչել՝ անապատի ավազը օդ հանելով։ Բայց վերջիվերջո ստիպված էր ընդունել, որ, չնայած անցել է ողջ աշխարհը, բայց մարդուն քամի դարձնել չի կարող։ Նաև Սիրուն է անհաղորդ։

— Աշխարհի վրա շրջելով ես շատ անգամ եմ տեսել, թե ինչպես մարդիկ սիրո մասին խոսելիս երկինք են նայում,— ասաց քամին՝ կատաղած, որ ստիպված էր խոստովանել իր անզորությունը։— Գուցե արժե, որ դու էլ երկնքին դիմես, հը՞։

— Այդ դեպքում օգնի՛ր ինձ,— ասաց պատանին.— փոշի՛ բարձրացրու, որպեսզի ես արևին նայելով՝ չկուրանամ։

Քամին է՛լ ավելի ուժեղ փչեց, ամբողջ երկինքը պատեց ավազափոշով, արևը վերածվեց մի ոսկեգույն սկավառակի։

Գնալով ճամբարից ավելի դժվար էր դառնում հետևել դեպքերի ընթացքին։ Անապատի մարդիկ այդ քամուն ծանոթ էին և կոչում էին «սամում»։ Դա նրանց համար ավելի սարսափելի էր, քան փոթորիկը ծովում, քանի որ նրանք ծովին ծանոթ չէին։ Ձիերը վրնջում էին, զենքերը սկսեցին ծածկվել ավազով։

Զորահրամանատարներից մեկը շրջվեց դեպի առաջնորդն ու ասաց.

— Գուցե լավ կլինի, որ վերջ տանք այս բանին։

Նրանք արդեն համարյա չէին տեսնում պատանուն: Դեմքերը ծածկված էին կապույտ թաշկինակներով, իսկ աչքերը սառել էին սարսափից։

— Եկեք վերջ տանք սրան,— պնդեց մի ուրիշ հրամանատար։

— Ուզում եմ տեսնել Ալլահի ողջ մեծությունը,— ակնածանքով պատասխանեց առաջնորդը։— Ուզում եմ տեսնել, թե մարդն ինչպես է քամի դառնում։

Սակայն մտքում պահեց այն երկու մարդկանց անունները, որոնք վախ էին արտահայտել։ Եվ որոշեց քամին դադարելուն պես նրանց ազատել պաշտոններից, քանի որ անապատի մարդը անհաղորդ է վախին։

— Քամին ինձ ասաց, որ դու ճանաչում ես Սերը,— արևին դիմեց Սանտյագոն,— իսկ եթե այդպես է՝ ուրեմն պետք է ճանաչես նաև Աշխարհի հոգին, չէ՞ որ նա սիրուց է ստեղծված։

— Այստեղից ինձ տեսանելի է Աշխարհի հոգին,— պատասխանեց արևը։— Նա դիմում է իմ հոգուն, և մենք միասին խոտին ստիպում ենք աճել, իսկ ոչխարներին՝ տեղից տեղ փոխադրվելով ստվեր փնտրել։ Այստեղից՝ իսկ դա ձեր աշխարհից շա՜տ հեռու է՝ ես սովորել եմ սիրել։ Ես գիտեմ, որ եթե դույզն-ինչ մոտենամ Երկրագնդին, այնտեղ ապրող ամեն կենդանի բան կմեռնի, նաև Աշխարհի հոգին կդադարի գոյություն ունենալ։ Ու մենք հեռվից հեռու ենք նայում իրար ու հեռվից հեռու սիրում միմյանց։ Ես Երկրագնդին կյանք ու ջերմություն եմ տալիս, իսկ նա ինձ՝ գոյության իմաստ։

— Դու ճանաչում ես Սերը,— ասաց Սանտյագոն։

— Ես ճանաչում եմ Աշխարհի հոգին, քանզի այս անվախճան տիեզերական շրջապտույտի մեջ նրա հետ շատ եմ զրուցում։ Նա ինձ պատմում է, թե որն է իր ամենամեծ դժվարությունը. մինչև հիմա միայն քարերն ու բույսերն են հասկացել, որ աշխարհում ամեն ինչ միասնական է։ Այդ պատճառով էլ պետք չէ, որ երկաթը նման լինի պղնձին, իսկ պղինձը ոչնչով չտարբերվի ոսկուց։ Յուրաքանչյուրն իր ճշգրիտ առաքելությունն ունի այս միասնական աշխարհում, և այդ ամենը խաղաղության մի սիմֆոնիա կդառնար, եթե այն Ձեռքը, որ այս ամենն ստեղծել է, Արարման հինգերորդ օրը կանգ առներ։ Սակայն եղավ նաև վեցերորդ օրը։

— Դու իմաստուն ես, քանի որ ամեն ինչ տեսնում ես հեռվից,— պատասխանեց պատանին։— Բայց դու չգիտես ինչ է Սերը։ Եթե չլիներ Արարման վեցերորդ օրը, չէր լինի մարդը։ Եվ պղինձն այդպես էլ պղինձ կմնար, իսկ արճիճը՝ արճիճ։ Ճիշտ է, ամեն ոք իր Սեփական Առասպելն ունի և մի օր այդ Առասպելը կիրականանա։ Բայց դրա համար պետք է ինչ-որ ավելի լավ բանի վերափոխվել, և սկսել մի նոր Առասպել, մինչև որ Աշխարհի հոգին իսկապես դառնա միասնական։

Արևը մտքերի մեջ ընկավ և սկսեց ավելի թեժ ճառագայթել։ Քամին, որ բավականությամբ լսում էր նրանց խոսակցությունը, նույնպես ավելի ուժեղ փչեց, որ արևը չկուրացնի պատանուն։

— Դրա համար էլ գոյություն ունի ալքիմիան,— շարունակեց Սանտյագոն,— որպեսզի յուրաքանչյուրը փնտրի և գտնի իր գանձը ու դրանից հետո ցանկանա ավելի լավը լինել, քան առաջ։ Կապարը իր կոչումն իրականացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ պետք է աշխարհին, իսկ հետո ստիպված է լինելու ոսկու փոխվել։ Այդպես են անում ալքիմիկոսները։ Ցույց են տալիս, որ երբ ուզում ենք դառնալ ավելի լավը, քան էինք, շրջապատում ամեն ինչ նույնպես ավելի լավն է դառնում։

— Իսկ դու ինչո՞ւ ասացիր, թե ես Սերը չեմ ճանաչում,— հարցրեց արևը։

— Չէ՞ որ երբ սիրում ես, չի կարելի կանգնել տեղում՝ ինչպես անապատը, սլանալ աշխարհով մեկ՝ ինչպես քամին, նայել ամեն ինչին հեռվից՝ ինչպես դու։ Սերը այն ուժն է, որը բարեփոխում է Աշխարհի հոգին։ Երբ ես առաջին անգամ թափանցեցի այնտեղ, ինձ կատարյալ թվաց։ Բայց հետո տեսա, որ նա մեր բոլորի արտացոլումն է, այնտեղ էլ են կրքերը եռում, պատերազմներ մղվում։ Այդ մենք ենք նրան սնում, և երկիրը, որի վրա մենք ապրում ենք, ավելի լավը կամ վատը կդառնա կախված նրանից՝ վատը թե լավն ենք դառնում մենք։ Ահա այստեղ էլ խառնվում է սիրո ուժը, քանզի եթե սիրում ես, ջանում ես դառնալ լավը։

— Իսկ դու ինձնից ի՞նչ ես ուզում։

— Օգնի՛ր ինձ քամի դառնալ։

— Բնությունը գիտի, որ ինձնից իմաստուն ոչինչ չկա աշխարհում,— պատասխանեց արևը,— բայց ես էլ չգիտեմ, թե ինչպես քեզ քամի դարձնեմ։

— Այդ դեպքում ես ո՞ւմ դիմեմ։

Արևը մի պահ մտածեց. քամին, որ լսում էր նրանց խոսակցությունը, նույն պահին աշխարհով մեկ կտարածեր, որ լուսատուի իմաստությունը անսահման չէ։ Ուրեմն որևէ ձևով չէր կարող խույս տալ այս պատանուց, որը խոսում էր Համընդհանուր լեզվով։

— Հարցրու Ձեռքին, որ գրել է ամեն ինչ,— ասաց արևը։

Քամին ցնծագին սուլեց ու փչեց աներևակայելի ուժով։ Մի քանի վրան տեղահան եղան, կտրվեցին ձիերի կապերը, մարդիկ կառչեցին իրարից, որ քամին չքշի։ Սանտյագոն դարձավ դեպի Ամենագիր Ձեռքը և զգաց, որ որևիցե բան ասելու փոխարեն Տիեզերքն ընկղմվել է լռության մեջ։ Եվ ինքն էլ համրացավ։

Ապա Սիրո ուժը դուրս հորդաց նրա սրտից, և պատանին սկսեց աղոթել։ Աղոթք էր, որը ոչ մի անգամ չէր արտասանել, քանի որ նրա մեջ ո՛չ բառ կար, ո՛չ խնդրանք։ Շնորհակալություն չէր հայտնում, որ ոչխարներն արոտ են գտել, չէր խնդրում, որ ավելի շատ բյուրեղապակի վաճառի, որ անապատում իրեն հանդիպած կինը սպասի իրեն։ Տիրած լռության մեջ նա հասկացավ, որ անապատը, քամին և արևը նույնպես փնտրում են այն նախանշանները, որ գրել է այդ Ձեռքը, նույնպես ջանում են անցնել իրենց ճանապարհը և ըմբռնել այն, ինչը գրված է մի պարզ զմրուխտի նիստի վրա։ Պատանին գիտեր, որ այդ նշանները սփռված են ողջ Աշխարհում ու Տիեզերքում և արտաքուստ ոչ մի իմաստ կամ նշանակություն չունեն։ Ո՛չ անապատը, ո՛չ քամին, ո՛չ արևը, ո՛չ մարդիկ չգիտեն, թե դրանք ինչու են ստեղծված։ Դրա ստեղծման պատճառը ունեցել է միայն Ամենաստեղծ Ձեռքը և միայն նա է ընդունակ հրաշքներ գործել՝ օվկիանոսն անապատ դարձնել և մարդուն՝ քամի։ Քանի որ միայն նա է հասկանում, որ ինչ-որ ավելի մեծ մի կոչում հրում է Տիեզերքը այնտեղ, ուր Արարման վեց օրերը կվերածվեին Մեծ Արարման։

Եվ պատանին ընկղմվեց Աշխարհի Հոգու մեջ ու տեսավ, որ Աշխարհի Հոգին Աստծո Հոգու մի մասն է, իսկ Աստծո Հոգին՝ իր սեփական հոգին է։ Եվ որ ինքը կարող է, ուրեմն, հրաշքներ գործել։

Այդ օրը սամումը փչեց այնպես, ինչպես՝ երբեք։ Արաբները սերնդեսերունդ իրար էին փոխանցում պատանու մասին առասպելը, որը քամի դարձավ և գրեթե ավերեց ամբողջ ճամբարը՝ մարտահրավեր նետելով անապատի ամենահզոր զորահրամանատարին։

Երբ քամին դադարեց, բոլորը նայեցին այնտեղ, ուր պատանին պետք է լիներ, բայց նա այլևս այնտեղ չէր։ Նա գտնվում էր ճամբարի մյուս ծայրում, ավազով կիսածածկ մի ժամապահական կետում, որը հսկում էր ճամբարի մուտքը։

Մարդիկ վախեցած էին կատարված հրաշքից։ Միայն երկու հոգի էին ժպտում՝ Ալքիմիկոսը, որը գտել էր իր իսկական աշակերտին և ցեղի առաջնորդը, քանի որ այդ աշակերտը գիտակցել էր Բարձրյալի փառքը։

Հաջորդ օրը նա հրաժեշտ տվեց Սանտյագոյին ու Ալքիմիկոսին և կարգադրեց, որ իր զինյալներից մեկը նրանց ուղեկցի այնտեղ, ուր կցանկանային։

Նրանք գնացին ամբողջ օրը, և, երբ սկսեց մթնել, դուրս եկան մի ղպտիական վանքի առաջ։ Ալքիմիկոսը զինվորին ետ ուղարկեց ու իջավ ձիուց։

— Այստեղից սկսած մենակ կգնաս,— ասաց նա Սանտյագոյին։— Մինչև բուրգերը հազիվ երեք ժամվա ճանապարհ է։

— Շնորհակալությո՛ւն,— պատասխանեց պատանին,— դու ինձ սովորեցրիր Համընդհանուր լեզուն։

— Ես պարզապես քեզ հիշեցրի այն, ինչ դու առանց ինձ էլ գիտեիր։

Ալքիմիկոսը ծեծեց վանքի դուռը։ Ընդառաջ եկավ սև հագած մի վանական, նրանք ղպտիերեն ինչ որ բան խոսեցին և Ալքիմիկոսը Սանտյագոյին ներս հրավիրեց։

— Ես խնդրեցի, որ նա մեզ տրամադրի իր խոհանոցը,— ասաց նա։

Վանքի խոհանոցում Ալքիմիկոսը վառեց օջախը։ Վանականը մի կտոր արճիճ բերեց, ու Ալքիմիկոսը, այն գցելով երկաթե թասի մեջ, դրեց կրակին։ Երբ արճիճը հալվեց, նա պարկից հանեց ապակյա այն տարօրինակ դեղին ձուն, նրանից մազի չափ բարակ մի շերտ կտրեց, մոմ քսեց ու նետեց հալված կապարի մեջ։

Հեղուկը արյան պես կարմիր դարձավ։ Ալքիմիկոսը կաթսան վերցրեց կրակից, դրեց կողքի՝ սառելու, այդ ընթացքում վանականի հետ զրուցելով ցեղախմբերի միջև ընթացող պատերազմի մասին։

— Վախենամ, թե երկար տևի,— ասաց նա։

Վանականը սրտնեղած էր. արդեն երկար ժամանակ քարավանները կանգնած էին Գիզայում, սպասելով պատերազմի ավարտին։ «Բայց,— ավելացրեց նա,— ամեն ինչ Աստծո կամքով է»։

— Ճիշտ է,— ասաց Ալքիմիկոսը։

Երբ վերջապես կաթսան հովացավ, Սանտյագոն ու վանականը շլացած աչքերով դրան նայեցին։ Կապարն ընդունելով ամանի կլոր ձևը, սառել էր, բայց նա այլևս կապար չէր. նա դարձել էր ոսկի։

— Մի՞թե ես երբևէ կսովորեմ այդ բանը,— հարցրեց պատանին։

— Դա իմ Սեփական Առասպելն է եղել, ի՛մ, ոչ թե քո։ Ես պարզապես ցանկացա քեզ ցույց տալ, որ դա հնարավոր է։

Նրանք կրկին վերադարձան վանքի պարիսպների մոտ, և այնտեղ Ալքիմիկոսը ոսկու սկավառակը չորս մասի բաժանեց։

— Սա՝ քեզ,— ասաց նա՝ մի կտոր մեկնելով վանականին,— նրա համար, որ սրտանց ընդունեցիր ուխտավորներին։

— Իմ վերաբերմունքի դիմաց շատ բարձր վարձ եմ ստանում,— պատասխանեց վանականը։

— Երբեք այլևս այդպես չխոսես։ Կյանքը կարող է լսել և հաջորդ անգամ քեզ ավելի քիչ տալ։

Հետո մոտեցավ պատանուն։

— Իսկ սա՝ քեզ, քո այն փողի դիմաց, որ բաժին հասավ առաջնորդին։

Պատանին նույնպես ուզում էր ասել, թե այդ ոսկին շատ ավելին է, քան իր տվածը, բայց լռեց, հիշելով Ալքիմիկոսի՝ վանականին արած դիտողությունը։

— Իսկ սա՝ էլ ինձ,— շարունակեց Ալքիմիկոսը, պահելով երրորդ կտորը,— ես պետք է տուն դառնամ, իսկ անապատում պատերազմ է ընթանում։

Չորրորդ կտորը նա նույնպես վանականին մեկնեց։

— Սա՝ նույնպես պատանու համար է, եթե մի օր պետք ունենա։

— Բայց չէ՞ որ ես գանձի ետևից եմ գնում,— բացականչեց վերջինս։— Եվ արդեն շատ մոտ եմ նրան։

— Ես էլ եմ վստահ, որ դու այն կգտնես,— ասաց Ալքիմիկոսը։

— Այդ դեպքում սա ինչի՞ համար է։

— Քանի որ դու արդեն երկու անգամ կորցրել ես գումարը, որ աշխատել էիր քո ճանապարհին։ Առաջին անգամ քեզ թալանել է գողը, երկրորդ անգամ՝ ցեղի առաջնորդը։ Ես ծեր, սնահավատ արաբ եմ և հավատում եմ մեր ասացվածքի ճշմարտացիությանը, իսկ նա ասում է. «Ինչ մեկ անգամ կատարվել է՝ կարող է էլ երբեք չկրկնվել։ Բայց այն, ինչ կատարվել է երկու անգամ՝ անպայման կկրկնվի նաև երրորդ անգամ»։

Նրանք հեծան ձիերը։

— Ուզում եմ քեզ երազների մասին մի պատմություն պատմել,— շշնջաց Ալքիմիկոսը,— մոտեցիր ինձ։

Պատանին հնազանդվեց։

— Ահա, ուրեմն Հին Հռոմում, Տիբերյանոս կայսեր օրոք մի բարի մարդ է լինում, նա երկու որդի է ունենում՝ մեկը զինվորական, որը բանակ մտնելուց հետո ուղարկվում է ծառայելու կայսրության ամենահեռավոր ծայրամասերից մեկը, իսկ երկրորդը պոետ, որը ողջ Հռոմը ցնցող բանաստեղծություններ էր գրում։

Մի անգամ ծերունին երազ է տեսնում՝ իբր երկնային հրեշտակը երևում և գուշակում է, որ իր որդիներից մեկի խոսքը տարածվելու է ամբողջ աշխարհով մեկ, և կրկնվելու է եկող բոլոր սերունդների ժամանակ։ Ծերունին արթնանում և ուրախությունից լաց է լինում, ճակատագիրը նրա հանդեպ բարեհաճ ու շռայլ էր, քանզի պարգևում էր ամենամեծ ուրախությունը, որ միայն կարող է զգալ հայրը։

Շուտով նա զոհվում է՝ փորձելով փրկել կառքի տակ ընկնող երեխային՝ ինքն է ընկնում անիվի տակ։ Քանի որ նա իր ողջ կյանքն արդար և ճիշտ էր ապրել, անմիջապես երկինք է համբառնում, որտեղ հանդիպում է երազի մեջ լուր բերած հրեշտակին։

— Դու լավ, բարի մարդ ես եղել,— ասում է ծերունուն։— Քո կյանքը լի է եղել սիրով, իսկ մահդ եղավ արժանապատիվ։ Ես հիմա կարող եմ քո ցանկացած կամքը կատարել։

— Կյանքը նույնպես բարեհաճ էր իմ նկատմամբ,— պատասխանեց ծերունին։— Երբ դու հայտնվեցիր երազում, զգացի, որ իմ ջանքերն իզուր չեն անցել։ Քանի որ իմ որդու բանաստեղծությունները մարդկանց հետ կմնան եկող դարերում։ Ինձ համար խնդրելու ոչինչ չունեմ, բայց յուրաքանչյուր հայր կհպարտանար նրա փառքով, ում ստեղծել, կրթել ու դաստիարակել է։ Այդ պատճառով էլ կուզենայի լսել իմ որդու խոսքը հեռավոր ապագայում։

Հրեշտակը հպվեց նրա ուսին, ու նրանք մի ակնթարթում հայտնվեցին հեռավոր ապագայում՝ մի հսկա քաղաքում, անհասկանալի լեզվով խոսող հազարավոր մարդկանց շրջապատում։

Ծերունին ուրախությունից արտասվեց։

— Ես գիտեի, որ որդուս բանաստեղծությունները լավն են ու անմահ,— արցունքի միջից ասաց նա։— Ասա ինձ, նրա ո՞ր խոսքերն են կրկնում այս մարդիկ։ Հրեշտակը քնքշանքով ծերունուն նստեցրեց նստարանին և ինքն էլ նստեց կողքին։

— Բանաստեղծությունները, որոնց մասին խոսում ես, փառաբանվել են Հռոմով մեկ, բոլորը սիրել ու հաճույք են ստացել դրանցից։ Բայց երբ Տիբերիոսի կայսրությունն ավարտվեց, մոռացվեցին նաև նրա բանաստեղծությունները։ Մարդիկ կրկնում են քո մյուս որդու խոսքը, նրա, որը զորական դարձավ։

Ծերունին զարմանքով աչքերը հառեց հրեշտակին։

— Նա ծառայում էր մի հեռավոր գավառում և հարյուրապետ դարձավ,— շարունակեց հրեշտակը։— Նա նույնպես արդարամիտ ու բարի էր։ Մի անգամ նրա ստրուկներից մեկը հիվանդացավ մերձիմահ։ Քո որդին, լսելով, որ մի ռաբին կա, որը բուժում է մարդկանց, ճամփա ընկավ ու երկար օրեր քայլեց, որ գտնի նրան։ Իսկ ճանապարհին իմացավ, որ այդ մարդը Աստծո որդին է։ Հանդիպեց մարդկանց, որոնց բուժել էր նա, լսեց նրա ուսմունքը և, չնայած հռոմեական հայրուրապետ էր, անցավ նրա հավատքին։ Մինչև որ մի առավոտ հասավ ռաբինի մոտ ու պատմեց, որ իր ստրուկը հիվանդ է։ Ուսուցիչը պատրաստվեց գնալ նրա ետևից։ Բայց հարյուրապետը հավատի մարդ էր ու, նայելով Ուսուցչի աչքերի խորքը և տեսնելով, թե ինչպես իրենց շուրջ գտնվող մարդիկ ոտքի կանգնեցին, հասկացավ, որ իր առջև կանգնած է Աստծո որդին։ Ահա այդ ժամանակ էլ քո որդին արտասանեց այն բառերը, որ դարեդար չեն մոռացվում։ Նա ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ Դու մտնես իմ հարկի տակ։ Բայց միայն մի բառ ասա, և իմ ստրուկը կապաքինվի»։

Ալքիմիկոսը խթանեց ձիուն։

— Աշխարհում ամեն մարդ, ինչով էլ որ զբաղվելիս լինի, կատարում է աշխարհի պատմության գլխավոր դերը։ Եվ սովորաբար չի իմանում այդ բանը։ Պատանին ժպտաց։ Նա երբեք չէր պատկերացրել, թե կյանքն այդքան կարևոր կարող է լինել մի հովվի համար։

— Գնաս բարո՛վ,— ասաց Ալքիմիկոսը։

— Գնաս բարով,— պատասխանեց տղան։

Երկուսուկես ժամ պատանին գնաց անապատով, ուշադիր ունկնդրելով, թե ինչ է ասում սիրտը։ Նա է, որ պետք է ցույց տար այն ճշգրիտ տեղը, ուր թաքցված էր գանձը։

«Որտեղ գանձն է՝ այնտեղ էլ քո սիրտն է լինելու»,— ասել էր Ալքիմիկոսը։

Բայց սիրտն ուրիշ բաներից էր խոսում։ Հպարտությամբ պատմում էր հովվի պատմությունը, որը թողել էր իր ոչխարները, որպեսզի իրականություն դարձնի երկու անգամ տեսած երազը։ Պատմում էր Սեփական Առասպելի և այն մարդկանց մասին, ովքեր իրականացրել էին այն, ովքեր ճամփա էին ընկել հեռավոր երկրներ կամ գեղեցկուհիներ փնտրելու՝ ընդդիմանալով մարդկանց նախապաշարումներին և ըմբռնումներին։ Նա խոսում էր բոլոր ժամանակների ճանապարհորդություններից, հայտնագործություններից, գրքերից, մեծ վերափոխումներից։

Եվ միայն այն ժամանակ, երբ Սանտյագոն սկսեց բարձրանալ ավազաթմբի լանջով, սիրտը շշնջաց նրա ականջին. «Ուշադի՛ր եղիր։ Այնտեղ, ուր դու լաս՝ կլինեմ նաև ես, ուրեմն նաև քո գանձը»։

Պատանին բարձրանում էր դանդաղ։ Աստղապատ երկնքում կրկին հայտնվեց լիալուսինը՝ մի ամբողջ ամիս ընթացել էին անապատով։ Լուսինը լուսավորեց ավազաթումբը, և ստվերներն այնպես զարմանահրաշ էին խաղում, որ անապատը ալեկոծ ծով էր թվում, և Սանտյագոն հիշեց այն օրը, երբ Ալքիմիկոսին հրաժեշտ տալով՝ արձակեց ձիու սանձերը, ազատություն տալով նրան։ Լուսինը լուսավորում էր համր անապատը և գանձ որոնողների անցած ուղին։

Երբ մի քանի րոպե հետո հայտնվեց ավազաթմբի գագաթին, նրա սիրտը անզուսպ թպրտաց։ Նրա առջև, լիալուսնից և ճերմակ ավազից լուսավորված, վեհ ու կախարդական հառնում էին Եգիպտոսի բուրգերը։

Սանտյագոն չոքեց և սկսեց լաց լինել։ Նա շնորհակալություն էր հայտնում Աստծուն, որ հավատացել էր իր Սեփական Առասպելին, որ մի օր հանդիպել էր Մելքիսեդեկին, բյուրեղապակու առևտրականին, Անգլիացուն, Ալքիմիկոսին և՝ հատկապես՝ անապատի այն կնոջը, որը նրան ստիպել էր հավատալ, որ սերը երբեք մարդուն չի բաժանում իր Սեփական Առասպելից։

Հազարամյակների բարձունքից պատանուն էին նայում բուրգերը։ Հիմա ինքը, եթե ուզենա, կարող է վերադառնալ օազիս, ամուսնանալ Ֆաթիմայի հետ և ապրել որպես մի սովորական խաշնարած։ Չէ՞ որ անապատում է ապրում Ալքիմիկոսը, որը գիտի Համընդհանուր լեզուն և կարողանում է կապարը ոսկի դարձնել։ Չկա մեկը, որին Սանտյագոն ցույց տա իր գիտելիքներն ու արվեստը. հետևելով իր Առասպելին ՝ նա սովորել է այն ամենը, ինչ իրեն պետք է, ճաշակել է այն ամենը, ինչ երազել է։

Բայց հիմա նա հասել էր իր գանձին, իսկ ամեն մի գործ ավարտվում է միայն այն ժամանակ, երբ հասել ես նպատակիդ։ Պատանին կանգնել էր բարձունքում և լալիս էր, ու երբ գետնին նայեց՝ տեսավ՝ այնտեղ, ուր ընկնում են իր արցունքները, մի բզեզ է սողում։ Անապատում թափառումների ընթացքում Սանտյագոն իմացել էր, որ Եգիպտոսում բզեզները Աստծո խորհրդանիշն են համարվում։

Ահա ևս մի նախանշան, ու պատանին սկսեց փորել, բայց նախ հիշեց բյուրեղապակու առևտրականին ու հասկացավ, որ նա ճիշտ չէր. ոչ ոքի չի հաջողվի իր բակում բուրգ կառուցել, եթե նույնիսկ ողջ կյանքում քարը քարի վրա դնի։

Նա ողջ գիշեր փորեց ավազը, բայց ոչինչ չգտավ։ Բուրգերի բարձունքից համր լռությամբ իրեն էին նայում դարերը։ Բայց նա չէր հուսահատվում, փորում էր ու փորում՝ պայքարելով անընդհատ փոսը լցնող քամու դեմ։ Սանտյագոն ուժասպառ եղավ, վնասեց ձեռքերը, բայց չէր դադարում հավատալ իր սրտին, որը հանձնարարել էր փնտրել այնտեղ, ուր կընկնեն արցունքի կաթիլները։

Եվ հանկարծ այն պահին, երբ փորձում էր փոսում հայտնված մի քար հանել, քայլերի ձայն լսեց։ Սանտյագոն շրջվեց ու տեսավ մարդկանց, որոնք կանգնել էին թիկունքով դեպի լուսինը, այնպես, որ չէր կարող զանազանել ոչ նրանց աչքերը, ոչ էլ դեմքը։

— Դու այստեղ ինչ ես անում,— հարցրեց նրանցից մեկը։

Պատանին ոչինչ չպատասխանեց։ Սարսափ էր պատել նրան, քանի որ հիմա կորցնելու բան ուներ։

— Մենք պատերազմից ենք փախել,— ասաց մի ուրիշը,— մեզ փող է պետք։ Դու ի՞նչ ես թաքցրել այստեղ։

— Ոչինչ չեմ թաքցրել,— պատասխանեց Սանտյագոն։

Փախստակներից մեկը նրան դուրս քաշեց փոսից, ստուգեց գրպանները և գտավ ոսկու կտորը։

— Ոսկի՛,— գոչեց նա։

Այժմ լուսինը լուսավորում էր նրա դեմքը, և կողոպտչի աչքերում Սանտյագոն տեսավ իր մահը։

— Այնտեղ պետք է, որ էլի լինի,— ասաց երկրորդը։

Նրանք Սանտյագոյին ստիպեցին փորել, և նա հարկադրված ենթարկվեց։ Բայց գանձ չկար, ու ավազակներն սկսեցին ծեծել նրան։ Ծեծեցին այնքան ժամանակ՝ մինչև երևաց արևի առաջին ճառագայթը։ Նրա հագուստը ծվենների էր վերածվել, և զգաց, որ մահն արդեն մոտ է։

Հիշեց Ալքիմիկոսի խոսքը. «Փողն ինչի՞դ է պետք, երբ պետք է մեռնես։ Փողը մի վայրկյանով էլ չի վարող հետաձգել մահը»։

— Ես գա՛նձ եմ փնտրում,— գոչեց Սանտյագոն։

Դժվարությամբ շարժելով ջարդված ու արյունոտված շրթունքները, նա ավազակներին պատմեց, որ երազում երկու անգամ տեսել է եգիպտական բուրգերի ստորոտում թաղված գանձը։

Նա, ով հրոսակապետ էր երևում, երկար լռեց, իսկ հետո դարձավ ենթականերից մեկին։

— Բաց թող նրան։ Նա այլևս ոչինչ չունի, իսկ ոսկու կտորը ինչ-որ տեղից թռցրել է։

Սանտյագոն երեսնիվայր ընկավ ավազին։ Հրոսակապետը փորձեց նայել նրա աչքերի մեջ, բայց պատանու հայացքը բուրգերին էր հառված։

— Գնանք այստեղից,— ասաց հրոսակապետը, հետո դարձավ Սանտյագոյին։— Ես քեզ ողջ եմ թողնում. դու պիտի ապրես, որ հասկանաս, թե չի կարելի այդքան հիմար լինել։ Հենց այդ տեղը, ուր հիմա կանգնած ես, ես ինքս մի երազ տեսա, որը հետո երկու տարի շարունակ կրկնվում էր։ Երազն ասում էր, որ պետք է գնամ Իսպանիա, այնտեղ գտնեմ քանդված եկեղեցին, ուր գիշերում են հովիվներն իրենց ոչխարներով և որտեղ ժանտախոտի թփեր են աճում։ Դրանց արմատների տակ գանձ է թաքցված։ Բայց ես այնքան հիմար չեմ, որ միայն նրա համար, որ երազ եմ տեսել, կտրեմ-անցնեմ անապատը։

Այս խոսքերից հետո ավազակները հեռացան։

Սանտյագոն դժվարությամբ ոտքի ելավ, վերջին անգամ նայեց բուրգերին։ Նրանք ժպտում էին տղային, ու նա ժպտաց ի պատասխան, զգալով, որ սիրտը լի է երջանկությամբ։

Նա գտել էր իր գանձը։

Վերջաբան

Պատանուն Սանտյագո էին կոչում։ Արդեն գրեթե մութ էր, երբ նա հասավ կիսավեր եկեղեցուն։ Գավիթում առաջվա պես ժանտախոտ էր աճում, իսկ խարխուլ գմբեթի միջից առաջվա պես երևում էին աստղերը։ Նա հիշեց, որ մի անգամ իր հոտի հետ եղել է այստեղ և, եթե չհաշվենք երազը, գիշերը հանգիստ էր անցել։

Հիմա նա կրկին այստեղ էր։ Բայց այս անգամ հոտը չէր բերել։ Նրա ձեռքին բահ էր։

Նա երկար նայեց երկնքին, ապա մախաղից դուրս քաշեց գինու շիշը, կում արեց։ Հիշեց, որ մի անգամ անապատում նույնպես նայել էր աստղերին ու Ալքիմիկոսի հետ գինի խմել։ Մտածեց, թե որքա՜ն ճանապարհ է անցել ու Տերը ինչ անսովոր ձևերով է իրեն ցույց տվել գանձի տեղը։

Եթե նա երազներին չհավատար, չէր հանդիպի ոչ պառավ գնչուհուն, ոչ Մելքիսեդեկին, ոչ ավազակներին, ոչ ...

«Էհ, շատ երկար է ցանկը, բայց ուղիս նշված էր նախանշաններով և շեղվել չէի կարող»,— ինքն իրեն ասաց նա։

Իր համար անսպասելի նա քնեց։ Իսկ երբ զարթնեց, արևն արդեն երկնքում էր։ Սանտյագոն սկսեց փորել ժանտախոտի արմատների տակ։

«Ծեր կախարդ,— մտածեց Ալքիմիկոսի մասին,— դու նախապես ամեն ինչ գիտեիր։ Դու նույնիսկ թողեցիր ոսկու երկրորդ կտորը, որ կարողանամ հասնել այս եկեղեցու մոտ։ Վանականը ծիծաղեց՝ երբ ինձ տեսավ ցնցոտիավոր ու ծեծված։ Մի՞թե դու չէիր կարող ինձ զերծ պահել դրանից»։

«Ո՛չ,— լսեց նա քամու ձայնը։— Եթե ես քեզ նախազգուշացնեի, դու չէիր տեսնի բուրգերը։ Բայց նրանք շա՜տ գեղեցիկ են. ճի՞շտ է»։

Դա Ալքիմիկոսի ձայնն էր։ Պատանին ժպտաց ու շարունակեց փորել։ Կես ժամ անց բահը մի պինդ մարմնի կպավ, իսկ ևս մի ժամ հետո Սանտյագոյի առաջ իսպանական հին ոսկեդրամներով լի մի սնդուկ հայտնվեց։ Այնտեղ կային նաև թանկարժեք քարեր, ոսկե դիմակներ՝ զարդարված սպիտակ և կարմիր փետուրներով, դրվագված ադամանդներով՝ մի ավար, որը վաղուց ի վեր մոռացվել էր, որի մասին կոնկիստադորը չէր պատմել իր երեխաներին։

Սանտյագոն պայուսակից հանեց Ուրիմն ու Թումիմը։ Նրանք միայն մեկ անգամ էին պետք եկել իրեն, երբ մի օր առավոտյան շրջում էր շուկայում: Առանց նրանց էլ իր կյանքն ու ճանապարհը լի էին նախանշաններով։

Նա քարերը դրեց ոսկու սնդուկի մեջ,— դրանք էլ էին իր գանձը,— նրանք կհիշեցնեն ծեր արքա Մելքիսեդեկին, որին այլևս երբեք չի հանդիպի։

«Կյանքն իսկապես շռայլ է նրա նկատմամբ, ով հետևում է իր Առասպելին,— մտածեց նա ու հիշեց, որ պետք է գնա Թարիֆ և իր այս ամբողջ ունեցվածքի տասնորդը տա պառավ գնչուհուն։ Ի՜նչ իմաստուն են գնչուները։ Գուցե նրանից է, որ այդքան թափառում են աշխարհով մեկ»։

Նա նորից զգաց քամու շունչը։ Դա «լևանտացին» էր, որ գալիս էր Աֆրիկայից, բայց այս անգամ նա չէր բերում անապատի հոտը, չէր զգուշացնում մավրերի արշավանքի մասին։ Դրա փոխարեն նա բերում էր Սանտյագոյին լավ ծանոթ մի բույր, մի սոսափ, որ դանդաղ մոտեցավ ու վերջապես համբույրի տեսքով իջավ նրա շուրթերին։

Պատանին ժպտաց՝ Ֆաթիմայի համբույրն էր

— Գալիս եմ,— ասաց նա։— Քեզ մոտ եմ գալիս, Ֆաթիմա։

ՎԵՐՋ