Ամերիկյան հնդիկների լեգենդներն ու հեքիաթները

Գրապահարան-ից
Ամերիկյան հնդիկների լեգենդներն ու հեքիաթները

հեղինակ՝ Վլադիմիր Հուլպաչ
թարգմանիչ՝ Լուսիկ Հովհաննիսյան (անգլերենից)
աղբյուր՝ «Ամերիկյան հնդիկների լեգենդներն ու հեքիաթները»


Նախաբանի փոխարեն

Վաղուց, շատ վաղուց, մեր նախահայրերի ժամանակ, երբ հնդիկների երկրում խաղաղություն էր տիրում, և սպիտակամորթների նավերը դեռ չէին հայտնվել Մեծ Ջրերի հեռավոր հորիզոնում, Մեծ Ոգին խարույկի շուրջը հրավիրեց բոլոր հզոր ցեղապետներին։ Հետո բոլոր կենդանիներին հրամայեց ճամբարի տեղ պատրաստել և խարույկի համար փայտ բերել։

Արջը և բիզոնը կրում էին ամենածանր կոճղերը, կարիբուն ջարդում էր սրածայր եղջյուրներով, իսկ վարազը դիզում էր իրար վրա։ Նույնիսկ սկյուռը ջանք չէր խնայում, նա անտառ էր վազում և ամենափոքր ոստն անգամ հավաքում էր։ Պրերիայից չոր խոտ կրող նապաստակն ուղղակի ծիծաղելի էր․ բերանի երկու կողմերից ցցվում էր խոտը, և նա նմանվում էր թափառական սամույր ալագուսային։ Երբեմն խոտը թույլ֊թույլ կախվում էր դնչից խոժոռադեմ քարածի մորուքի նման։

Ամենակարևոր գործը իր վրա էր վերցրել Մեծ Ոգին․ նստած իր վիգվամում, ամպերից վեր, նա ուշադիր զննում էր այն քարերը և կավը, որ իր մոտ էին բերում հնդիկների երկրի բոլոր անկյուններից։ Միմասը նա դեն էր նետում, մյուսը՝ պահում։ Վերջապես նա խոր շունչ քաշեց և փչեց։ Կավը և քարերը վերածվեցին մանր փոշու։ Մի քանի անգամ մատները թրջելով գետերում ու լճերում՝ Մեծ Ոգին սկսեց ինչ֊որ հնչյուններ արձակել և նրա ձեռքի տակ մանր փոշին կախարդական չիբուխի ձև ստացավ։

Մեծ ոգին արագ վերջացրեց աշխատանքը և իջավ Երկիր։ Հենց այդ ժամանակ էլ եկավ դաքորդացիների քաջ առաջնորդը։ Նա ճանաչեց Մեծ Ոգուն և ահաբեկված անշարժացավ։

― Մի՛ վախենա, խիզախ ժողովրդի առաջնորդ, մոտեցիր ինձ,― ասաց Մեծ Ոգին,― ես բերել եմ այս կապխարդական ծխամորճը։ Սա ձեզ կհիշեցնի այն, ինչ որ ասվելու է այստեղ, և ինչքան ժամանակ էլ անցած լինի, կարող է կրկնել նույնը, երբ նրան հարցնեն։ Ուստի ցանկանում եմ, որ դուք ձեր հոգիները լցնեք ամենայն իաստությամբ աշխարհի, նրա ուղիների, կենդանիների, մարդկանց և նրանց գործերի վերաբերյալ։ Իսկ այժմ վերցրեք սրբազան չիբուխը։

Առաջնորդը չիբուխը վերցերց թե չէ, Մեծ Ոգին անհետացավ, ինչպես ծուխը, որին քշում է իրիկնային քամին։

Արևը գնաց քնելու, իր տեղը զիջտելով քրոջը՝ Լուսնին։ Երբ Լուսինը գեղափայլ շղարշը սփռեց դաշտի վրա, որտեղ լեռները միանում են պրերիային, և ձյունածածկ անտառները ձուլվում են անջրդի տափաստանին, մի խարույկ սկսեց վառվել։ Կրակը բոցկլտում էր և ոսկեշող ցոլքով լուսավորում հնդիկների հպարտ, խելացի դեմքերը։

Դա, անկասկած, ամենամեծ խարույկն էր, որ երբևէ վառվել էր հնդիկների երկրում։ Բոցը թռչում էր բարձր, ծառերի կատարներից էլ վեր ու թվում էր, թե երկինք էր հասնում։ Բոլոր ցեղերի առաջնորդները մեծ շրջան կազմած նստել էին կրակի շուրջը․ ովքեր եկել էին հավերժական ձյունով ծածկված անտառներից՝ մուշտակներ էին հագել, պրերիայի որսորդները ցուցադրում էին իրենց փետրավոր գլխազարդը, իսկ հարավից եկած ռազմիկների մաշկը արևակեզ էր, պղնձագույն։

Մինչ Լուսինը իր փափուկ մոքասիններով սահում էր գիշերային երկնքում, չիբուխը անցնում էր բերանից բերան և անգիր անում ամեն մի բառ այն հնօրյա լեգենդների, որ պատմում էին հավաքված հնդիկները։

Նոր օրը ծնվեց։ Խարույկը մարմրում էր, առաջնորդները ցրվեցին իրենց տները։ Միայն չիբուխը մնաց։

Այն ժամանակվանից սկսած՝ գետերով շատ սառույցներ հոսեցին, պրերիան բազմաթիվ անգամ ծաղկեց ու թոշնեց։ Շատ պատերազմներ եղան ու անցան և վերջում սպիտակամորթները հնդիկներին քշեցին իրենց վաղեմի որսատեղերից։

Կախարդական չիբուխը բոլորովին մոռացվեց։ Չիբուխն ընկած էր ճամփեզրին՝ ծռծռված ու փոշեթաթխ, և չէր գրավում ոչ մեկի ուշադրությունը։

Մի օր այնպես պատահեց, որ մի փոքր տղա այնտեղ խաղալիս գտավ չիբուխը։ Այդ տարօրինակ առարկան այնպես հետաքրքրեց տղային, որ նա վերցրեց և տուն տարավ։

Երեկոն իջավ։ Տղայի հայրը բուխարին վառեց մայրու ճյուղերով։ Սենյակը լցվեց ծխի հոտով, և պատերին տարօրինակ հեքիաթային ստվերներ խաղացին։ Չիբուխը դրված էր սեղանին, և տղան չէր կարողանում հայացքը կտրել դրանից։ Նա զգում էր, որ դա սովորական ծխամորճ չէ։ Եվ իսկապես, չիբուխը շարժվեց, կարծես արթնացավ խորունկ քնից, համարյա աննշմար ծուխ արձակեց և խոսեց մեղմ ու փաղաքշական։

Առաջին երեկո

Առաջին լույսը

Նույնիսկ ամենահին լեգենդներից էլ առաջ, մի լեգենդ կար, որը ինձ պատմել են կենդանիները։ Մայր երկիրը գտնվում էր Մեծ Քնի շրջանում։ Աշխարհը կորած էր մթության մեջ, կարծեք թե մի մեծ սև ալիք իր տակովն էր արել։ ոչ մի հնչյուն չէր ընդհատում խոր լռությունը։

Գուցե երկիրը բոլորովին չարթնանար, եթե սպիտակ ամպը պաճառ չդառնար։ Հանկարծ սպիտակ ամպը բացեց աչքերը և ոչինչ չտեսնելով, բացի մթությունից, թողեց հյուսիսի իր տունը և զգույշ փնտրելով իր ուղին, դանդաղ ճամփա ընկավ արևելքի ուղղությամբ։

Շուտով վտանգ պատահեց։ Մի ահավոր սև ամպ սլացավ դեպի արևելք։ Դա Մեծ Քնի պահապանն էր, միակը, որ կարող էր թափանցել մթության մեջ և մնալ արթուն, որպեսզի հսկի օտար ոտնձգություններից։ Հենց նկատեց սպիտակ ամպին, որ խարխափելով ու մաքառելով անցնում էր երկնքով, կատաղեց ինչպես վայրի կատու և առաջ նետվեց հանցագործին պատժելու։

Նրանք ընդհարվեցին ուղիղ հնդիկների երկրի վրա։ Սև ամպը ոստնեց իր սպիտակ եղբոր վրա և սկսեց հարվածների տարափ տեղալ։ Սպիտակ ամպը տեղի չտվեց, ինքն էլ հարձակվեց նրա վրա։

Միայն Մտնիտուին էր հայնտնի, թե ինչով կվերջանար կռիվը, եթե այդ պահին մի տարօրինակ, անսպասելի բան չպատահեր։ Երբ ամպերն ընդհարվեցին, նրանցից քրտինք ծորաց, քրտինքի կաթիլները մեկը մյուսին միանալով՝ դարձան անձրև ու թափվեցին ներքև։

Անձրևը կյանք բերեց հնդիկների երկրին։ Կենդանիները դուրս թափվեցին հողի ընդերքից, ուր բանտարկվել էր նրանց Մեծ Քունը։ Ջուրը, որ ցած էր թափվում երկնքից, փոս էր առաջացրել երկրի վրա, բոլոր մագլցելով հազիվ դուրս եկան այնտեղից։