«Անոթությունը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
Տող 41. Տող 41.
 
Բայց երբ ձմեռը գար՝ լեռները հյուր չէին ընդուներ, իր փորը չէին
 
Բայց երբ ձմեռը գար՝ լեռները հյուր չէին ընդուներ, իր փորը չէին
 
կշտացներ այլևս։ Բոլոր սոված կենդանիներուն նման՝ ինքն ալ կմոտենար գյուղերուն։ Արդեն որևէ գյուղի մեջ չկար տուն մը, որ ծանոթ չըլլար իրեն։ Կվերցներ դուռներուն սողնակը կամ շխիկը, կմտներ ներս, ուր թոնիրին վրա քյուրսին դրեր, այր, կին, երախաներ բոլորվեր՝ կտաքնային։ Տրեխները կհաներ, կդներ բիրին հետ նույն անկյունը ու տանտիկինին ուղղելով․
 
կշտացներ այլևս։ Բոլոր սոված կենդանիներուն նման՝ ինքն ալ կմոտենար գյուղերուն։ Արդեն որևէ գյուղի մեջ չկար տուն մը, որ ծանոթ չըլլար իրեն։ Կվերցներ դուռներուն սողնակը կամ շխիկը, կմտներ ներս, ուր թոնիրին վրա քյուրսին դրեր, այր, կին, երախաներ բոլորվեր՝ կտաքնային։ Տրեխները կհաներ, կդներ բիրին հետ նույն անկյունը ու տանտիկինին ուղղելով․
Մսեցա, քիչ մը տաքնամ, խաթուն,— ըսելով կառաջանար, ծնկածալիկ կնստեր քյուրսիին վարի եզերքը, թեերը կոխելով թոնիրին գոլին մեջ, ու կսպասեր։
+
Մրսեցա, քիչ մը տաքնամ, խաթուն,— ըսելով կառաջանար, ծնկածալիկ կնստեր քյուրսիին վարի եզերքը, թեերը կոխելով թոնիրին գոլին մեջ, ու կսպասեր։
  
 
Տնեցիները կհարցնեին ձյուներուն, ճամբաներու անցքերուն վրա։ Կակքո կպատասխաներ թեև, բայց խելքը ճաշին վրա էր։
 
Տնեցիները կհարցնեին ձյուներուն, ճամբաներու անցքերուն վրա։ Կակքո կպատասխաներ թեև, բայց խելքը ճաշին վրա էր։

Ընթացիկ տարբերակը 12:26, 1 Սեպտեմբերի 2017-ի դրությամբ

Անոթությունը

հեղինակ՝ Հակոբ Մնձուրի
աղբյուր՝ «Կապույտ լույս»

Օր մը օրանց Կակքո տունը նստած ու ժում մը հաց կերած մարդ չէր։

Արդեն, տանը մեջ ի՞նչ կար, որ ուտեր։ Եթե իր կինը՝ Ղընեն, լեռներեն վայրի բանջարներ քաղեր ու բերեր, կամ, ասոր֊անոր ըռղատ երթալով, խնոց մը թան, կոտ մը ալյուր առներ ու հաց շիներ՝ ատոնք ալ երախաներուն չէր բավեր, անոնք չէին կշտանար, իրեն ո՞վ բաժին թողուր։

Աշխարհի ամենեն ընչազուրկն էր Կակքո։ Կթան չէ, հավ մը անգամ չուներ, որովհետև պետք էր, որ մեկ֊մեկ հեղ բուռ մը ցորեն, գարի նետեին առաջքը, իսկ Ղընեն ցորեն գտնելու, ալ ըլլար, նույնիսկ անոր հավկուտը, մախըրջուքը ալյուր կըներ ու իր երախաներուն կկերցներ։

Գյուղեն դուրս, կալերուն մյուս կողմը, կամուրջով ձորին եզերքն էր անոր խրճիթը։ Բոլորովին մերկ ու պարապ էր, ներսը բան մը չկար, ոչ իսկ՝ մազի չուլ մը։ Պզտիկները չելլեին ու դռանը առաջքը շարժելով՝ ձորն ի վար չնայեին, չաղմկեին, Ղընեն ներսն որ չերևեր, մարդ չբնակիր այս խրճիթին մեջ պիտի խորհեր հոնկե անցնողը։

Կպատմեին, թե վերի լեռան զույգ գագաթներու մեջտեղի տարածությունը Կակքոյենց է․ այդ տեղվանքը անոնց արտերն են։ Ամենուն պես՝ Կակքոն ալ գիտեր ատիկա, բայց իր պապը անգամ չէր տեսեր անոնց արտ ըլլալը։ Դարուփոս տեղեր էին, փոսե մը ջուր մը կբխեր, լեղի ջուր մը, ամեն կողմ կնյուններ, դաղձեր բուսած էին, արտի ամենևին նմանություն չունեին, հոն ոչ արոր, ոչ իսկ փետատ կբաներ։

Կարգված էր, Ղընեն առած, զավակներու հայր եղած էր, երբ անգամ մը գյուղե մը մշակ ուզեցին զինքը։ Խոյի ամիսեն մինչև մյուս տարի Խոյի ամիսը, տարեկան հարյուր հիսուն ղրուշ պիտի տային իրեն։ Գեշ չէր, մանավանդ որ՝ այդ տարի ձմեռը կանուխ սկսավ, ավարայի ամիսեն սկսած՝ դուրսի աշխատանքը կանգ առավ․ Ղարա Ղըշը զեմհերին,մինչև կոճուկի ամիսը համարե անգործ նստելով անցուց, բայց երբ ամառ եկավ, կեռասի ամիսը հասավ ու հերկերը սկսան, բախտը փոխվեցավ։ Կակքո ամեն օր արոր կկոտրեր։ Այն կողմի արտերուն հողերը կաղճինուտ ըլլալուն, եզերը ուժով, ինքն ալ ուժով, մաճը չկրնալով լավ գործածել, օր մը արորին առատամեն, ուրիշ անգամ մը՝ վզիկեն, օր մը բարձիկին տեղեն, օրը մը արորձողեն՝ կճաթեցներ։ Օր մը երկու անգամ արոր կոտրեց։ Գյուղ գալով, ամեն անգամուն, նորը կտաներ, աղան ալ միշտ կբարկանար։ Օրին մեկն ալ ակոսգլուխը դարձած տեղը քիչ մնաց խոփով, եզանը սրունքը պիտի խոփեր, սկրթեց ու արյունեց արդեն։ Հետո, ատկեց զատ, արորն ալ կոտրեցավ, ատոր վրա՝ ա՛լ տուն չդարձավ Կակքո։ Աղային վախեն՝ եզերը հերկին դարը թողուց ու փախավ, առանց նույնիսկ իր վեց ամսվան մշակի իրավունքը փնտրելու։

*  *  *



Եվ որովհետև տունը ուտելու հաց չկար, բիրը առավ ու դուրս ինկավ այդ օրեն սկսած։

Ապրուստ ճարելու համար, քանի որ՝ մարդ պետք է բան մը ընե, իր գործն ալ այս եղավ՝ ման գալ։ Ո՞ւր, ո՞ր կողմերը․ ատիկա կարևոր չէր, պետք էր միայն քալել, երթալ։ Ու ան կքալեր։

Տեղ մը երթալու համար, իհարկե, մարդիկ իրենք կընտրեն ճամբան․ Կակքոյի համար այնպես չէր, սակայն։ Ճամբան էր, որ կառաջնորդեր զինքը։

Ըսենք՝ հասավ կետ մը, ուր ճամբան երկու֊երեքի կբաժնվի, ո՞ր կողմը պետք է թեքվիլ։ Կնայեր պահ մը, հանկարծ ճամբաներեն մեկը, կարծես, կհրավիրեր զինքը, ու կսկսեր քալել անկե։ Ու կերթա՜ր․ դաշտ, ձոր, հովիտ, կապան՝ ճամբան ուր որ տաներ։ Հոգնելու որ ըլլար՝ բիրը գետինը կդներ, ինքն ալ կընկողմաներ քովն ի վեր, մինչև որ հանգչէր, նորեն ոտքի կելլեր։

Ու քալելով հանդերձ, ինչպես՝ գայլին թափառումները որսի համար են, ան կքններ հեռուները։ Տեսողությունը շատ զորավոր ըլլալով, ամենեն հեռավոր կետը, ստվերը կրնար որոշել՝ մարդ էր, թե՞ ծառ։ Ու եթե մարդ ըլլալը նշմարեր, քայլերը արագացնելով կմոտենար անոր ու, բիրը մեկ ձեռքին մեջ պահելով, կբարևեր ու կըսեր․ — Անոթի եմ, բան մը կերած չեմ՝ երեկվընե ի վեր, քիչ մը հաց կուտա՞ս, աղա։

Մարդը անպատճառ էր, որ ճամբու հաց կունենար միասին, կբանար իր կապոցը, ողորմելով կբաժներ իր պաշարը, կշտանալու մը չափ, երբեմն ալ ավելի տալով։

Հացը առնելուն պես՝ մերկ ծոցը կամ գոտին կկոխեր ու շիտակ աղբյուր մը կերթար, ուր կնստեր ու կուտեր մեկ անգամեն, ինչքան որ տված էին, հետո ջուր կխմեր, ու կպառկեր ամբողջ հասակովը։

Գարնանե մինչև ձմեռ այսպես կանցըներ ան, գյուղերը բնավ ոտք չէր կոխեր։ Ճամբաներուն վրա թափառելով հաց ճարելեն զատ, դաշտերն ալ կիջնար հերկի, խոտ֊հունձի, արտքաղի եղանակներուն։ Կսպասեր, որ ցերեկվան ճաշի ժամանակ ըլլա ու հնձվորները բոլորվին։ Այն ատեն, մանր֊մանր քալելով, կմոտենար անոնց, ու թեև կհրավիրեին, բայց առանց սպասելու ալ հաճախ ինք անոնց կարգին կնստեր, ու կուտեր միասին։ Հետո, բան մըն ալ ավելնալու ըլլար՝ իրեն կուտային, կառներ ու կհեռանար։

Բայց երբ ձմեռը գար՝ լեռները հյուր չէին ընդուներ, իր փորը չէին կշտացներ այլևս։ Բոլոր սոված կենդանիներուն նման՝ ինքն ալ կմոտենար գյուղերուն։ Արդեն որևէ գյուղի մեջ չկար տուն մը, որ ծանոթ չըլլար իրեն։ Կվերցներ դուռներուն սողնակը կամ շխիկը, կմտներ ներս, ուր թոնիրին վրա քյուրսին դրեր, այր, կին, երախաներ բոլորվեր՝ կտաքնային։ Տրեխները կհաներ, կդներ բիրին հետ նույն անկյունը ու տանտիկինին ուղղելով․ — Մրսեցա, քիչ մը տաքնամ, խաթուն,— ըսելով կառաջանար, ծնկածալիկ կնստեր քյուրսիին վարի եզերքը, թեերը կոխելով թոնիրին գոլին մեջ, ու կսպասեր։

Տնեցիները կհարցնեին ձյուներուն, ճամբաներու անցքերուն վրա։ Կակքո կպատասխաներ թեև, բայց խելքը ճաշին վրա էր։

Վերջապես ճաշի պահը կըլլար, տան հարսը սինին կբերեր, կզետեղեր քյուրսիին վրա, ու անխուսափելի բասկթան ապուրը կուգար կոնքի չափ խոշոր ամանով մը։ Յուրաքանչյուրին առաջքը հաց կդնեին, փայտե դգալները կբաժնվեին, ամեն ոք կսկսեր իր հացը մանրել։ Կակքո, տան անդամի մը պես, ինքն ալ իր հացը կմանրեր ընդհանուրին ամանին մեջ,ու երբ ապուրին հեղուկը չերևալու աստիճան կլեցվեր հացերով, այն ատեն կսկսեին դգալելը, ամենքն ալ նույն ամանեն։

Եթե պատահեր, որ ճաշած ըլլային արդեն, տնեցիները կըսեին․ — Կակքո, անոթի ես հիմա դուն, հաց բերենք։

— Այո, — կըսեր աչքին ներքևեն նայելով,— դուք գիտեք։

Այս անգամ սինին չէին բերեր։ Վալային մեկ մասը կտարածեին, դգալը, ապուրը, հացը կդնեին առաջքը, ան կուտեր, իրենք ալ կնայեին։

*  *  *



Բայց ուր որ ալ երթար Կակքո, անպատճառ էր, որ իրիկունները տուն պիտի դառնար, ու ինչ որ ուրիշներուն տունը կըներ՝ տրեխները հանել, բիրը դռանը ետևը դնել, իր տան մեջ չէր ըներ։

Ան շիտակ խրճիթին ճակատը, օճախին քունճը կերթար, ուր կնստեր, բիրը միշտ մոտը։ Կարևորը չէր այն պարագան, թե օճախը տա՞ք էր, թե՞ պաղ․ ամառ, թե ձմեռ տանը մեջ իր տեղը հոն էր։

Գրեթե միշտ ալ իր ժամանումեն առաջ Ղընեն ու իր չորս պզտիկները ճաշած կըլլային, բայց ըլլային, կամ՝ ոչ, Ղընեն չէր հարցներ իրեն, թե՝ անոթի՞ էր։ Կակքոն բիրը բերնին դրած, կնայեր շուրջը՝ շրթները փակ ու լուռ։ Անոթի իսկ ըլլար, չէր պահանջեր կնոջմեն, որ ուտելու քիչ մը բան բերե։ Ինչ որ ուրիշներեն կուզեր, իր տունեն չէր ուզեր, ու անոթի ալ կպառկեր, մերկանալով, բոլորովին մերկ մարմինով վերմակին տակ մտնելով, ինչպես քուրդերուն սովորությունն է։

Եվ սակայն, հակառակ այս ամենուն, Կակքո ամեն տարի զավակներ կունենար․ Ղրնեն միշտ հղի էր։

*  *  *



Հիմա ատենե մը ի վեր անհաջող կերթային Կաքոյին գործերը։

Ինքն ալ չէր իմանար պատճառը։ Մարդիկ ժլա՞տ դարձած էին, արդյոք։ Որու հանդիպեր ու հաց ուզեր՝ «հաց չենք առած, հաց չունինք, չկա» կըսեին։ Բիրը ձեռքը, իզուր կքալեր։ Արտքաղը ըլլալով՝ դաշտերը ամայացած էին, բայց դեռ գյուղերը այցելելու ատենը եկած չէր իրեն համար։

Աշուն ըլլալով՝ վայրի տանձերուն, ալոճներուն եղանակն էր լեռներուն մեջ։ Տանձերը հասունցեր, սևցեր էին, ու անո՜ւշ։ Իսկ ալոճները դեղներ ու կարմրեր, այնքան առատ էին, որ ծառերուն վրա տերև անզամ չէին երևեր։

Հաց չգտնելով, Կակքո սկսավ լեռան պտուղները ուտել։ Երկու օրե ի վեր փորը հաց մտած չէր, քանի անոթենար՝ կերթար ալոճի մը, կամ տանձենիի մը ներքև, արդեն գետինը թափած էին, ինք ալ բիրովը կզարներ, կթափեր, կամ վրան կելլեր, կուտեր ու կուտեր, հետո կպառկեր, ու իրիկունները տուն կդառնար ու կքնանար։

Սկիզբները Կակքո խորհեցավ, թե այսպես ալ կարելի է ապրիլ ատեն մը, Հետո, աստված ողորմած է։ Բայց օրին մեկը քիչ մնաց, որ պիտի մեռներ։ Հայտնի է, որ ալոճը, երբ շատ ուտվի, կվնասե, նույնիսկ աղվեսները, որոնք նույնպես ալոճեն շատ կախորժին, խիթեր ունենալեն՝ գիշերը մինչև լույս, հաճախ, կկաղկանձեն լեռներու իրենց որջերուն մեջ։ Այդպես ալ այդ օրը առտուն շատ մը տանձ ուտելե ետք, երկու անգամ հաջորդաբար ալոճ կերավ ու ջուր խմեց։ Քիչ հետո խիթերը սկսան։ Կակքո կարծեց, թե պիտի մեռներ։ Կարգ մը դարմաններ լսեր էր հովիվներեն՝ խիթի համար։ Բիրը տնկեց հողին մեջ, փորը բացավ, մերկ փորով ինկավ բիրին վրա, սեղմեց ու դարձավ բիրին բոլորտիքը, քանի֊քանի անգամներ։ Անօգուտ։ Հետո, գլուխը գետինը սրունքները դարվեր օդին մեջ՝ մնաց ատեն մը, ու գլխին վրա թավալեցավ։ Ետքն ալ սալ քար մը առավ, դրավ պորտին, մատներովը դարձուց ու սեղմեց։ Բայց իզուր, խիթերը կսաստկանային։ Այն ատեն պառկեցավ կռնակի վրա, ու զարհուրելի ցավերու մեջ սպասեց։ Իրեն կթվեր, թե հույս չկար։ Ի վերջո՝ քունը տարեր էր։

Հաջորդ օրը, թեև անոթի էր, ոչ տանձերուն, ոչ ալ ալոճներուն կողմը նայեցավ։ Լեռան մը ստորոտը գուռներով աղբյուրի մը մոտ գնաց, նայեցավ վրան։ Ջուրը, փողրակեն, արծաթի պես հստակ՝ կվազեր, ու աշուն ըլլալով՝ պաղ էր։ Բայց փորը պարապ ըլլալուն՝ չկրցավ, հազիվ բերան մը խմեց ու նստավ մոտը։ Լեռն ի վեր սև այծեր կարածեին։ Հանկարծ խորհուրդ մը փայլեցավ գլխուն մեջ․ գողնալ։

Գաղտագողի մոտեցավ։ Հովիվը բարձունքի մը վրա ընկողմանած էր․ աշխատեցավ թաքնվիլ։ Ձորակի մը մեջ գիի, մարսենիի թուփեր կային, այծ մը մինակը կփրցներ, կուտեր տերևները։ Հարմար էր պատեհությունը։ Կծկվելով մոտեցավ, բռնեց կենդանին եղջյուրեն, սկսավ քաշել ձորն ի վար։ Այծը խրտչելով մայեց։ Կակքո տեսավ, որ հովիվին հասակը ցցվեցավ, կնայեր ձայնին ուղղությամբ։ Վախցավ, թե պիտի հայտնվեր, ու՝ գրեթե սողալով գետնին վրայեն, հեռացավ, ձգելով այծը։

Չհաջողեցավ, բայց անոթությունն ու անհաջողությունը նորեն գրգռեցին զինքը։ Խորհեցավ Վարի Գեղին հովիտը երթալ։ Հոն գիշերները անգամ կթողեին, որ արածին հորթերը, մոզիները։ Դյուրին էր գողնալը, կմորթեր՝ միսը կուտեր, մորթն ալ, տրեխ շինելով, կհագներ։ Ինքն ալ սքանչացավ իր այս հղացումին վրա, ու անմիջապես քայլերը ուղղեց դեպի այն կողմը։

Բլուրի մը վրա սպասեց, որ գիշեր ըլլար, ու երբ մութը կոխեց, ու գեղին բոլորտիքեն մարդիկ ներս քաշվեցան, իջավ վար։ Խումբ մը ուռիի ծառերեն վար, արտի մը եզերքը թոնիրի պես փոսի մը մեջ մոզի մը նստած գտավ, որ խելոք–խելոք կորոճար։ Մեջքի չվանե գոտին քակեց, ձգեց վիզը, սկսավ քաշել։ Մոզին ոտքի ելավ, նախ համառեցավ չերթալ, բայց հետո ետևեն քալեց։

Խավարին մեջ բլուրներուն փեշերը դեպի վար՝ ձորը կիջնային, ուրկե գետը կանցներ։ Կակքո գիտեր, որ այդ զառիթափերուն վրա շատ մը որջեր, խորունկ անդունդներ, բացվածքներ կային, ու ոչ թե գիշերը, ցերեկները անգամ մարդ չէր ըլլար այդ կողմերը։

Փոքր քարայրի մը առջև կանգ առին երկուքը։ Քայլ մը անդին խորունկ ծակ մը կբացվեր։ Մոզիին վիզեն չվանը քակեց ու սրունքները կապեց, պառկեցնել ուզեց։ Մոզին, նախազգալով վտանգը, իր բոլոր ուժովը կմաքառեր, կընդդիմանար, բայց Կակքո, վերջնուվերջը, կրցավ տապալել։ Այն ատեն ծունկը իջեցուց անասունին մարմնին վրա, քաշեց մեջքեն դանակը, դրավ պարանոցին, մորթեց։

Անջատեց գլուխը, արյունը սկսավ ժայթքիլ։ Թողուց որ վազե, հետո բացավ փորը վերեն վար, քաշեց դուրս աղիքները, ու լեռան ծակն ի վար ձգեց։

Սաստիկ անոթի էր։ Կտրեց երիկամունքները, կերավ զանոնք հում֊հում, հետո սիրտը, գրեթե առանց ծամելու, խոշոր պատառներով, արյունը պեխերեն, շրթներեն վազելով։ Ատով ալ չի բավականացավ։ Օրերե ի վեր տևող անոթությունը ուտելիք կուզեր։ Կտրեց ազդրին մեկը, զատ դրավ։ Գիտեր, որ բավական հեռուն աղբյուր մը կար․ խորհեցավ հոն երթալ ու նստիլ, ուտել։

Մոտակա մացառներեն խել մը ճյուղեր, ոստեր կտրեց, պահեց միսերը քարայրին խորքը, անկյուն մը, վրան քարեր դրավ՝ ծանր ու խոշոր, որպեսզի հոտը առնելով՝ կենդանիներ չգան, գտնեն իր բացակայության միջոցին ու, սրունքը ձեռքին մեջ բռնած, հեռացավ քարայրեն։

Աստղերը կփայլեին երկինքին երեսը։ Ձորին խորքը գետը չէր երևեր, թեև, բայց ինք կարծեց տեսնել։ Անոթի էր դեռ, չդիմացավ։ Նստավ տեղ մը, սրունքին մորթը քերթեց, նետեց հեռուն, ազդրին փափուկ, լիքը մասեն սկսավ կրծել։ Միսը տաք էր, չէր պաղած։ Ակռաները սուր էին ու ուժով։ Կմխեր մեջը, ու կքաշեր՝ երկու ձեռքովը ոսկորեն բռնած։ Փրցուցածը կուլ կուտար անմիջապես, առանց երկար ծամելու, ծնոտը, պեխերը յուղերուն, արյուններուն մեջ։

Նորեն ոտքի ելավ ու հասավ ջուրին գլուխը։ Ակ մըն էր, որ առատորեն կբխեր ու կվազեր դարվար։ Նստավ ու շարունակեց ուտել, միշտ երկու ձեռքերովը բռնած։ Միսին հումությունը չէր զգար անգամ։ Երբեմն միսը չէր փրթեր ոսկորին վրայեն, ակռաները մեջը մխած, գլուխը կցնցեր, կքաշեր, կշարժեր, մինչև որ հաջողեր փրցնել, այն ատեն ան ալ կուլ կուտար։

Ա՛լ միս չմնաց։ Բոլորովին մաքրած էր, ոսկորները միայն կային ձեռքին մեջ։ Ոտքի ելավ, նետեց, որքան ուժ ուներ՝ հեռուն, մոտեցավ աղբյուրին, պառկեցավ փորին վրա, խմեց կուշտով, հետո պեխերը ու ծնոտը լվաց, մաքրվեցավ։

Մեծ գոհունակություն մը զգաց Կակքո։ Հիմա ուզածին պես կշտացած էր։

Արշալույսը տակավ կբացվեր արևելքի լեռներու գագաթեն։ Հանդիպակաց լեռներուն գիծերը կսկսեին որոշվիլ, իրերը տարտամության մեջ կճշտեին իրենց ձևերը։ Վարը այգիներու զանազան մասերը, ու ավելի անդին՝ կամուրջը տեսավ։


*  *  *



Ա՛լ այնուհետև, շարունակաբար, շաբաթ մը այդ տեղերեն չհեռացավ Կակքո։ Ցերեկները կպառկեր, գիշերները կմտներ քարայրը, կնստեր կենդանիին մնացորդին մոտ, կկտրեր ու կուտեր՝ աոանց աղի, հում–հում։