Changes

Անտեսանելի Մարդը

Ավելացվել է 6891 բայտ, 06:35, 4 Մարտի 2016
/* Գլուխ տասներեքերորդ։ Պարոն Մարվըլը ուզում է հրաժարական տալ */
== Գլուխ տասներեքերորդ։ Պարոն Մարվըլը ուզում է հրաժարական տալ ==
 
Երբ մութն ընկնում էր, և Այպինգի բնակիչներն սկսում էին վախվխելով հայտնվել իրենց տոնական օրվա գզգզված ծվենների մեջ, մետաքսե քրքրված գլխարկով՝ կարճլիկ ու հաստլիկ մի մարդ մթնշաղում, տաժանքով քայլում էր Բրեմբըլհըրստ տանող ճանապարհի ծառերի ետևով։ Նա տանում էր երեք գիրք, որոնք կապված էին ինչ֊որ առաձգական ժապավենով, ինչպես նաև սեղանի կապույտ ծածկոցի մեջ փաթաթված մի կապոց։ Նրա վարդագույն դեմքը սահմըռկած էր ու հոգնած։ Թվում էր՝ քայլվածքում ինչ֊որ ջղաձգական աճապարանք կար։ Նրան ուղեկցում էր մի Ձայն, որ իր ձայնից տարբեր էր. նա մերթ ընդ մերթ կուչ էր գալիս, երբ իրեն դիպչում էին անտեսանելի ձեռքեր։
 
― Եթե մեկ էլ ծլկե՜ս,— ասաց Ձայնը։― Եթե մեկ էլ փորձես ծլկե՜լ...
 
— Աստվա՜ծ իմ,— գոչեց պարոն Մարվըլը։— Առանց այդ էլ ուսս ամբողջովին կապտած է։
 
— Ազնիվ խոսք,— շարունակեց Ձայնը,— կսպանե՛մ քեզ։
 
— Ես չփորձեցի ծլկել,— ասաց Մարվըլը այնպիսի մի ձայնով, որ ուր որ է կփղձկար։— Երդվում եմ՝ չփորձեցի։ Այդ անիծած ոլորանը չգիտեի, ուրիշ ոչինչ։ Գրողը տանի, ո՞նց կարող էի գիտենալ անիծած ոլորանը։ Առանց այդ էլ կարգին ծեծ կերա։
 
— Դեռ շատ կուտես, եթե խելքդ գլուխդ չհավաքես,— ասաց Ձայնը, և պարոն Մարվըլն իսկույն լռեց։ Նա ուռեցրեց այտերը, աչքերը ամենայն պերճախոսությամբ պատմում էին հուսահատությունը։
 
― Հերիք չէր այդ հաստագլուխ գեղջուկները բացեցին իմ գաղտնիքը, խելքիդ փչեg գրքերս էլ վերցնել ու չքվել։ Այդ մի քանիսը բախտավոր էին, որ ժամանակին փախան֊չքվեցին։ Թե չէ... Ոչ մի մարդ չգիտեր, թե անտեսանելի եմ։ Իսկ հիմա ես ի՞նչ անեմ։
 
— Հապա ե՞ս ինչ անեմ,— հարց տվեց Մարվըլը sotto voce։
 
— Ամեն ինչ իմացվեց։ Բանը կհասնի թերթերին։ Ամեն մարդ ինձ կփնտրի, ամեն մարդ զգույշ կլինի։
 
Ձայնը բուռն հայհոյեց ու լռեց։
 
Պարոն Մարվըլի դեմքին հուսահատությունը խորացավ ու նրա քայլվածքը դանդաղեց։
 
― Շարժվի՛ր,— գոչեց Ձայնը։
 
Պարոն Մարվըլի դեմքը գորշ երանգ ստացավ կարմիր պեպենների միջև։
 
― Մի՛ գցիր այդ գրքերը, տխմարի մեկը,― ասաց Ձայնը բարկաճայթ, հասնելով Մարվըլի ետևից։
 
― Բանն այն է,— ասաց Ձայնը,— ես պիտի օգտագործ եմ քեզ։ Դու մի խղճուկ գործիք ես, բայց ինձ պետք ես։
 
― Ողորմելի դործիք եմ ես,— ասաց Մարվըլը։
 
― Այդպես է,— պատասխանեց Ձայնը։
 
― Ինձնից էլ վատ գործիք չէիք ճարի,— շարունակեց Մարվըլը։
 
— Ես ուժեղ չեմ,— հարեց նա հուսահատեցուցիչ լռություննից հետո։— Բնավ ուժեղ չեմ,— կրկնեց նա։
 
― Մի՞թե...
 
― Եվ սիրտս էլ թույլ է։ Հենց ձեր այս փոքրիկ հանձնարարությունը... Դե՛, իհարկե, գլուխ բերեցի, բայց վա՜յ այդ գլուխ բերելուս։ Քիչ էր մնում ոտերս տնկեի...
 
― Հետո՞...
 
― Ձեր ուզածն անելու համար ոչ պետք եղած ներվերն ունեմ, ոչ էլ ուժը։
 
― Ես քեզ կգոտեպնդեմ։
 
― Ավելի լավ կլինի՝ չգոտեպնդեք։ Դե՛ ես չեմ ուզում տապալել ձեր ծրագրերը։ Բայց գուցե տապալեմ, չէ՞ որ ես վախկոտ ու խեղճուկրակ մարդ եմ։
 
― Տե՛ս, որ այդ չպատահի,— ասաց Ձայնը հանդարտ գգուշացումով։
 
― Ո՜ւր էր մեռած լինեի,— հառաչեց Մարվըլը։ Ապա շարունակեց.— Սա ի՜նչ արդարություն է։ Ինձ թվում է ինքներդ էլ կընդունեք, որ ես բացարձակ իրավունք ունեմ...
 
― Դե շարժվի՛ր,— բղավեց ձայնը։
 
Պարոն Մարվըլը քայլերն արագացրեց։ Որոշ ժամանակ նրանք լուռ էին։
 
― Տաժանելի աշխատանք է,― մրթմրթաց պարոն Մարվըլը։
 
Այս խոսքն ապարդյուն անցավ։ Նա մի ուրիշ հնարքի դիմեց։
 
— Եվ հետո՝ օգուտս ինչ է,— սկսեց նա անտանելիորեն անիրավված մարդու շեշտով։
 
― Դե սսկվի՛ր,— գոչեց Ձայնը հանկարծ բորբոքվելով։― Ես քեզ կբավարարեմ։ Արա՛ ինչ ասում են քեզ։ Դու գլուխ կբերես գործը։ Հիմար ես, ամեն ինչ ես, բայց գլուխ կբերես...
 
― Ես ձեզ ասում եմ, սըր, այս գործի համար պետքական մարդ չեմ։ Հարգանացս հավաստիքը, բայց դա փաստ է...
 
― Եթե չսսկվես, էլի կոլորեմ թևդ,— ասաց Անտեսանելի Մարդը։— Ես հիմա մտածել եմ ուզում։
 
Քիչ անց ծառերի միջից երևացին դեղին լույսի երկու շերտ, և մթնշաղում հայտնվեց եկեղեցու քառակուսի աշտարակի ուրվագիծը։
 
― Գյուղամիջով գնալիս ձեռքս քո ուսին եմ պահելու։ Ուղիղ կգնաս և ոչ մի գժություն չես անի։ Թե արեցիր, ավելի վատ քեզ համար։
 
― Գիտե՛մ,― հառաչեց պարոն Մարվըլը։— Լա՛վ գիտեմ։
 
Դարն ապրած մետաքսե գլխարկով տխուր կերպարանքը իր բեռներով քայլեց գյուղակի փողոցն ի վեր և պատուհանների լույսերից հեռու, իսպառ չքացավ թանձրացող մթության մեջ։
== Գլուխ տասնչորսերորդ։ Փորթ-Սթոում ==
Վստահելի
83
edits