Changes

Անտեսանելի Մարդը

Ավելացվել է 16 000 բայտ, 08:45, 19 Հուլիսի 2016
/* Գլուխ քսանվեցերորդ։ Ուիքսթիդի սպանությունը */
== Գլուխ քսանվեցերորդ։ Ուիքսթիդի սպանությունը ==
 
Ըստ երևույթին, Անտեսանելի Մարդը կուրորեն մոլեգնած էր, երբ դուրս խուժեց Քեմփի տնից։ Դարպասի մոտ խաղացող մի փոքրիկ տղա կատաղորեն խլվեց դետնից, դեն շպրտվեց, և սրունքը կոտրվեց։ Հետո ամբողջ մի քանի ժամ նա հեռու մնաց մարդկային զգայարանների իրավասությունից։ Ոչ ոք չգիտե՝ ո՛ւր գնաց ու ինչեր արեց։ Բայց կարելի է երևակայել, թե հունիսյան այդ շոգ առավոտյան ինչպես էր շտապում բլուրն ի վեր՝ դեպի Փորթ֊Բարդոքի ետևը փռված կավճային սարահարթը, հուսահատորեն անիծելով անտանելի բախտը և ի վերջո քրտնած ու հոգնած պատսպարվելով Հինթոնգինի թփերի մեջ, իր նմանների դեմ ի մի բերելու հողմացրիվ ծրագրերը։ Ամենայն հավանականությամբ, դա է եղել նրա ապաստարանը, որովհետև հենց այնտեղ էլ ցերեկվա ժամը երկուսի մոտերքը զգալ տվեց իր գոյությունը և դա չափազանց չարագուշակ ու ողբերգական եղանակով։
 
Հետաքրքրական է՝ այդ ժամանակ ինչպիսին էր եղել Անտեսանելի Մարդու հոգեվիճակր, ինչ ծրագրեր էր մշակել։ Անկասկած՝ կատաղորեն ջղայնացել էր Քեմփի դավաճանության դեմ ու թեև հասկանում ենք այն շարժառիթները, որոնք նրան այս խաբեության մղեցին, կարող ենք պատկերացնել և մինչև իսկ մի փոքր համակրանքով դիտել այն ցասումը, որ Անտեսանելի Մարդը զգաց իրեն հանկարծակիի բերելու փորձի դեմ։ Գուցե դարձյալ ընկավ Օքսֆորդ֊Սթրիթի դեպքերի պատճառած ապշահար շփոթության մեջ, որովհետև ակներևաբար ապավինել էր Քեմփի գործակցությանը, իրականացնելու համար աշխարհը ահաբեկելու երազը։ Համենայն դեպս, կեսօրվա դեմ այլևս ոչ ոք չնկատեց նրա գոյությունը, և ոչ մի կենդանի էակ չի կարող ասել, թե նա ինչ արեց մինչև երկուս անց կես։ Գուցե մարդկության համար բարեբաստիկ, բայց հենց իր համար ճակատագրական եղավ այդ անգործությունը։
 
Այդ ժամանակամիջոցում գործի էին լծվել ամբողջ շրջապատում ցրված մեծ թվռվ մարդիկ։ Առավոտյան նա դեռևս պարզապես սարսափազդու մի առասպել էր։ Հետմիջօրեին, Քեմփի շատ չոր, բայց ազդու ձևակերպած կոչի շնորհիվ, նա ներկայանում էր որպես շոշափելի մի հակառակորդ, որին պետք էր վիրավորել, բռնել կամ էլ անվնաս դարձնել, և ահա ամբողջ բնակչությունն սկսեց աներևակայելի արագությամբ կազմակերպվել։ Մինչև իսկ ժամը երկուսին նա դեռևս կկարողանար գնացք բարձրանալով հեռանալ շրջանից, բայց ժամը երկուսից հետո դա այլևս անհնար էր։ Սաութեմպթընի, Մանչեստրի, Բրայթընի և Հորշեմի միջև փռված ընդարձակ պարալելոգրամում, երկաթգծերի վրա բոլոր մարդատար գնացքները կողպված դռներով էին ճանապարհորդում, իսկ բեռնատար գնացքների երթևեկը գրեթե ընդհատված էր։ Դրանից զատ՝ Փորթ-Բարդոքի շուրջր փռված քսան մղոնանոց շառավիղով մի շրջանակում, հրացաններով ու մահակներով զինված մարդկանց երեք֊չորս հոգուց բաղկացած խմբեր, շներ վերցրած, չափչփում էին ճանապարհներն ու դաշտերը։
 
Հեծյալ ոստիկաններ շրջում էին չորս կողմի գյուղերի շավիղներում, կանգ առնելով յուրաքանչյուր տնակի առաջ և բնակիչներին զգուշացնելով, որ կողպեն դռներն ու անզեն դուրս չգան։ Ժամը երեքի մոտերքը բոլոր տարրական դպրոցները դադարեցրել էին պարապմունքները և վախեցած երեխաները իրարից անբաժան խմբերով տուն էին շտապում։ Քեմվի գրած և Էդայի ստորադրած կոչը ժամը չորսի մոտերքը փակցվել էր ամբողջ շրջանում։ Կոչը շատ հակիրճ, բայց հստակ, թվում էր պայքարի բոլոր պայմանները, թե պետք էր անքուն և անսնունդ պահել Անտեսանելի Մարդուն, և առանց դուլ ու դադարի հսկել, որպեսզի ուշադրությունից չվրիպեր նրա շարժումների որևէ ապացույցը։ Իշխանությունների գործողություններն այնքան արագ ու վճռական էին, այս արտասովոր էակի շուրջը, հավատքն այնքան անմիջական և ընդհանուր էր, որ դեռևս մութը չընկած՝ մի քանի հարյուր քառակուսի մղոն տարածության վրա շատ խիստ պաշարողական դրություն հաստատվեց։ Նմանապես, մութը չընկած՝ լուրջ ու ջղագրգիռ շրջանը սարսափի դողով բռնվեց։ Կոմսության լայնքով ու երկայնքով մեկ, շշունջներով, բայց սրընթաց ու հաստատ՝ բերնե֊բերան անցավ պարոն Ուիքսթիդի սպանության լուրը։
 
Եթե Անտեսանելի Մարդու՝ Հինթոնդինի թփուտներում ապաստանած լինելու մասին մեր ենթադրությունը ճիշտ էր, պետք է հետևցնել, թե հետմիջօրեին նա արշավանքի ելավ այնպիսի մի նպատակադրումով, որը առանց զենքի գլուխ չէր գա։ Չգիտենք՝ ինչ էր ծրագրում նա, բայց Ուիքսթիդին չպատահած՝ ձեռքում երկաթե ձող ունենալու փաստն ինքնին ամեն ինչ ասում է։
 
Իհարկե, ոչինչ հայտնի չէ այս ընդհարման մանրամասների մասին։ Դա պատահեց մի խճահանքի եզրին, լորդ Բարդոքի դարպասից մի երկու հարյուր յարդ հեռու։ Ամեն ինչ ասում է՝ թե պայքարը հուսահատական է եղել— տրորված խոտերը, պարոն Ուիքսթիդի ստացած բազմաթիվ վերքերը, նրա ջարդուփշուր եղած ձեռնափայտը։ Բայց անհնար է պատկերացնել, թե սպանության մոլուցքից բացի էլ ուրիշ ի՞նչը Անտեսանելի Մարդուն մղեց կատարել այս հարձակումը։ Եվ իրոք՝ նրա խելագարված լինելու տեսակետն անխուսափելի է։ Պարոն Ուիքսթիդը քառասունհինգ֊քառասունվեց տարեկան մարդ էր, լորդ Բարդոքի տնտեսը։ Ե՛վ սովորություններով, և՛ արտաքինով ոչ ոքի տհաճություն չէր պատճառի․ ողջ աշխարհում վերջին մարդն էր, որ կարող էր ջղայնացնել այդպիսի մի ահարկու հակառակորդի։ Ըստ երևույթին Անտեսանելի Մարդը վրան է հարձակվել խարխլած մի ցանկապատից քաշված ձողով։ Երևի կանգնեցրել է այս հանդարտ մարդուն, որ սուսուփուս տուն էր գնում, որպեսզի ճաշեր, նետվել է վրան, ընկճել է թույլ դիմադրությունր, կոտրել է բազուկը, գետին է գլորել նրան և ճզմել անտեր գլուխը։
 
Հավանաբար ձողը ցանկապատից քաշել էր նախքան զոհին հանդիպելը և ըստ երևույթին, կազմ ու պատրաստ, ձեռքում էր պահել։ Մինչև հիմա տրվածներից զատ, միայն երկու մանրամասնություններ լույս էին սփռում այդ փաստի վրա։ Նախ՝ խճահանքը պարոն Ուիքսթիդի տան ճանապարհին չէր․ այլ մոտավորապես երկու հարյուր յարդ հեռու էր ընկած։ Երկրորդ՝ մի փոքրիկ աղջիկ վկայում էր, թե կեսօրվա ճաշից հետո դպրոց գնալիս տեսել էր, որ սպանված մարդը շատ տարօրինակ ձևով դաշտի միջով վարգում էր դեպի խճահանքը։ Աղջնակի՝ պարոն Ուիքսթիդի շարժումները նմանեցնող մնջախաղից երևում էր, որ մարդը հետապնդելիս է եղել գետնի վրա գտնվող ինչ֊որ բան և հաճախակի զարկել է դրան իր ձեռնափայտով։ Վերջին անգամ այս փոքրիկ աղջիկն էր տեսել պարոն Ուիքսթիդին, որ նրա տեսողությունից չքացել էր և մահվան ընդառաջ էր գնացել։ Կռիվը տեղի էր ունեցել մի խումբ հաճարենիների ետևը, դաշտի գոգավորության մեջ։
 
Իսկ դա, այս տողերը գրողի կարծիքով, ցույց է տալիս, թե բացարձակապես չարամիտ ու ստոր չի եղել պարոն Ուիքսթիդի սպանությունը։ Կարող ենք պատկերացնել, թե Գրիֆինն իսկապես որպես զենք էր վերցրել ձողը, բայց առանց մարդ սպանելու դիտավորության։ Երեի հենց այդ պահին էլ վրա է հասել Ուիքսթիդը և նկատել այս ձողը, որ բոլորովին անհասկանալի կերպով շարժվում էր օդի միջով։ Բնավ չմտածելով Անտեսանելի Մարդու մասին, քանի որ Փորթ֊Բարդոքը այնտեղից տասը մղոն հեռու էր, նա, ըստ երևույթին, հետապնդել է ձողը։ Հավանաբար, նա չէր էլ լսել Անտեսանելի Մարդու մասին։ Կարելի է պատկերացնել, թե Անտեսանելի Մարդն ինչպես է փորձել սուսուփուս հեռանալ, որպեսզի շրջապատում չհայտնաբերվեր իր ներկայությունը, իսկ Ուիքսթիդը, որի հետաքրքրությունը բորբոքվել էր, հետապնդել է անբացատրելիորեն ինքն իրեն շարժվող այս իրը և ի վերջո հարվածել․․․
 
Անկասկած՝ սովորական հանգամանքներում Անտեսանելի Մարդը կարող էր իր տարեց հետապնդողից առաջ անցնել, բայց Ուիքսթիդի դիակն այնպիսի մի տեղում էր, որ պարզ երևում էր՝ նա դժբախտությունն էր ունեցել իր որսին քշելու խայթող եղինջների թփուտի և խճահանքի միջև։ Ովքեր հասկացել են, թե որքան դյուրագրգիռ էր Անտեսանելի Մարդը, շատ հեշտ կպատկերացնեն, թե հետո ինչ պատահեց։
 
Բայց դա պարզապես վարկած է։ Միակ անառարկելի փաստը — քանի որ երեխաների պատմածներին այնքան էլ վստահել չի լինի — սպանված Ուիքսթիդի մարմնի և եղինջների մեջ շպրտված երկաթե արյունոտ ձողի հայտնաբերումն է։ Ձողը դեն շպրտելուց պարզվում է, թե դեպքից խիստ վրդովված՝ Գրիֆինը հրաժարվել է այն նպատակից, որի համար վերցրել էր զենքը, եթե վերջին հաշվով եղել էր այդպիսի մի նպատակ։ Իհարկե չափազանց եսամոլ ու անզգա մարդ էր, բայց զոհի տեսքը, իր առաջին զոհի, որ արյունլվա ու խղճալի փռվել էր ոտքերի առաջ, երևի ժայթքեցրել էր խղճի խայթի երկար ժամանակ զսպված աղբյուրը, որ առժամապես խեղդել էին իր չարամիտ դիտավորությունները։
 
Պարոն Ուիքսթիդի սպանությունից հետո, ըստ երևույթին նա փախել էր դեպի սարահարթը։ Պատմում են, թե երկու տղամարդ Ֆըրն Բաթըմի մոտակա դաշտում, մայրամուտի ժամանակ լսել են ինչ֊որ ձայն։ Զայնը հեկեկում էր ու ծիծաղում, հեծեծում էր ու տնքում և մերթ ընդ մերթ աղաղակում։ Ինչ խոսք, որ դա ահուդող էր պատճառել լսողներին։ Ապա ձայնն անցել էր առվույտի դաշտի միջով և բլուրների մոտերքում հանգել։
 
Երեկոյան դեմ Անտեսանելի Մարդը հավանաբար որոշ չափով իմացել էր, թե Քեմփն ինչքան արագ էր օգտվել իր անկեղծությունից։ Անպայման նա բոլոր դռները կողպված ու ամրացված էր գտել։ Երևի թափառել էր երկաթուղու կայարաններում ու գաղտագողի մոտեցել պանդոկներին և անկասկած կարդացել էր կոչերը ու գլխի ընկել, թե ինչպիսի արշավանք է շղթայազերծված իր դեմ։
 
Իսկ երբ երեկոն իջավ, դաշտերում դես ու դեն երևացին երեք֊չորս հոգուց կազմված խմբեր և ամեն կողմից լսվում էր շների հաչոցը։ Այդ մարդորսները հատուկ հրահանգներ էին ստացել, թե ինչպես պետք է օգնեին մեկմեկու՝ հենց որ պատահեին թշնամուն։ Նա խուսափեց այդ բոլորից։ Մենք կարող ենք որոշ չափով հասկանալ նրա ջղագրգռությունը, որ է՛լ ավելի էր սաստկանում, երբ հիշում էր, թե հենց ինքն էր հայթայթել այն տեղեկությունները, որոնք այնքան անխղճորեն օգտագործվում էին իր դեմ։ Գեթ այդ օրը ընկճվեց նա։ Մոտավորապես քսանչորս ժամ, չհաշված Ուիքսթիդի հետ ընդհարումը, հալածական մարդ էր։ Ըստ երևույթին գիշերը կերավ ու խմեց, որովհետև առավոտյան առաջվա մարդն էր, գործունյա՛, ուժե՛ղ, չարագո՛րծ և կազմ ու պատրա՛ստ ամբողջ աշխարհի դեմ իր վերջին մեծ մարտին։
== Գլուխ քսանյոթերորդ։ Քեմփի տունը պաշարման վիճակում ==
Վստահելի
83
edits