«Անցորդը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Անցորդը |հեղինակ = Ռեյ Բրեդբերի |աղբյուր = «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» |թա...»:)
 
 
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 +
[[Կատեգորիա:Գիտաֆանտաստիկա]]
 +
[[Կատեգորիա:Պատմվածք]]
 +
  
 
Նոյեմբերյան երեկոների ադամամութին քաղաքը լցնող խաղաղության, անդորրի մեջ մտնել, քայլել բետոնե անհարթ մայթերով և տրորել սալերի արանքներից ծլած խոտը, ձեռքերը գրպանները դրած քայլել լռությա ն միջով. ահա թե աշխարհում ինչն էր ամենից ավելի սիրում Լեոնհարդ Միդը։ Սիրում էր կանգնել խաչմերուկում, նայել լուսնի լույսով ողողված փողոցներին, մտորելով, թե ուր գնա։ Մի բան, որ եթե ճիշտը խոստովանենք, այնքան էլ էական չէր։ Նա մենակ, կամ գրեթե մենակ էր 2052 թվականի այդ աշխարհում։ Եվ, վերջապես, որոշելով, թե որ ուղղությամբ է գնալու, նա քայլում էր․ ու սառած օդը, սիգարի ծխի նման քուլա-քուլա տարածվում էր նրա շրթունքներից։
 
Նոյեմբերյան երեկոների ադամամութին քաղաքը լցնող խաղաղության, անդորրի մեջ մտնել, քայլել բետոնե անհարթ մայթերով և տրորել սալերի արանքներից ծլած խոտը, ձեռքերը գրպանները դրած քայլել լռությա ն միջով. ահա թե աշխարհում ինչն էր ամենից ավելի սիրում Լեոնհարդ Միդը։ Սիրում էր կանգնել խաչմերուկում, նայել լուսնի լույսով ողողված փողոցներին, մտորելով, թե ուր գնա։ Մի բան, որ եթե ճիշտը խոստովանենք, այնքան էլ էական չէր։ Նա մենակ, կամ գրեթե մենակ էր 2052 թվականի այդ աշխարհում։ Եվ, վերջապես, որոշելով, թե որ ուղղությամբ է գնալու, նա քայլում էր․ ու սառած օդը, սիգարի ծխի նման քուլա-քուլա տարածվում էր նրա շրթունքներից։

Ընթացիկ տարբերակը 14:36, 13 Դեկտեմբերի 2015-ի դրությամբ

Անցորդը

հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի
թարգմանիչ՝ Լևոն Անանյան
աղբյուր՝ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»


Նոյեմբերյան երեկոների ադամամութին քաղաքը լցնող խաղաղության, անդորրի մեջ մտնել, քայլել բետոնե անհարթ մայթերով և տրորել սալերի արանքներից ծլած խոտը, ձեռքերը գրպանները դրած քայլել լռությա ն միջով. ահա թե աշխարհում ինչն էր ամենից ավելի սիրում Լեոնհարդ Միդը։ Սիրում էր կանգնել խաչմերուկում, նայել լուսնի լույսով ողողված փողոցներին, մտորելով, թե ուր գնա։ Մի բան, որ եթե ճիշտը խոստովանենք, այնքան էլ էական չէր։ Նա մենակ, կամ գրեթե մենակ էր 2052 թվականի այդ աշխարհում։ Եվ, վերջապես, որոշելով, թե որ ուղղությամբ է գնալու, նա քայլում էր․ ու սառած օդը, սիգարի ծխի նման քուլա-քուլա տարածվում էր նրա շրթունքներից։

Երբեմն շատ հեռուներն էր գնում նա և տուն էր վերադառնում միայն կեսգիշերին։ Զննում էր տներն ու քոթեջները, և թվում էր նրան, թե քայլում է գերեզմանատան միջով, իսկ պատուհաններից նշմարվող լույսի թույլ շողերը նման էին լուսատտիկների կայծկլտող կրակներին։ Երբեմն գորշ, խաբուսիկ ստվերներն էին հայտնվում սենյակների ներսի պատերին, եթե միայն վարագույրները դեռ չէին քաշված, և կամ անորոշ շրշյուններ էին լսվում տների բաց պատուհաններից, տներ, որոնք նման էին շիրմաքարերի։

Լեոնհարդ Միգը կանգ առավ, բարձրացրեց գլուխը, ականջ դրեց, նայեց շուրջը և շարունակեց ճանապարհը չեչոտ սալերի վրայով։ Երեկոները զբոսանքի դուրս գալիս, վաղուց ի վեր, նա ողջամտորեն հագնում էր սպորտային մաշիկներ, հակառակ դեպքում նրան կհետապնդեր շների հաչոցը, կվառվեին լույսերը, պատուհաններում մարդկանց գլուխներ կհայտնվեին, և ամբողջ փողոցը զարմացած կնայեր նոյեմբերյան երեկոյի խավարում թաղված նրա միայնակ կերպարանքին։

Այդ երեկո նա քայլեց դեպի արևմուտք, դեպի անտեսանելի ծովը։ Սառը օդը, որ կարծես սառցե բյուրեղիկներով էր հագեցված, կսկծացնում էր նրա քիթն ու թոքերն էր ծակոտում եղևնու ասեղներով: Նա հաճույքով էր լսում թափվող տերևների թույլ շրշյունը իր փափուկ ներբանների տակ և հանդարտ ու անշտապ ինչ-որ բան էր սուլում մեղմորեն: Երբեմն կռանում մի տերև էր վերցնում, հազվադեպ հանդիպող լապտերների լույսի տակ զննում էր տերևի ջիղերը և շնչում նրա դառը բույրը:

— Հե՜յ, դո՛ւք,— նա ցածրաձայն դիմեց տներին։— Ի՞նչ են հաղորդում չորրորդ ալիքով։ Իսկ յոթերորդո՞վ։ Իններորդո՞վ։ Դեպի ո՞ւր է սլանում կավբոյը։ Իսկ բլրակի վրա արդեն հայտնվե՞լ է նրան օգնության հասնող հեծելազորը։

Երկար ու դատարկ փողոցը լուռ էր։ Միայն նրա ստվերն էր սահում այդ փողոցով, ինչպես դաշտերի վրայով սահում է բազեի ստվերը։ Եթե մարդ աչքերը փակի և քարանա տեղում, ապա ինքն իրեն կարող է պատկերացնել Արիզոնայի ձմեռային հողմակարոտ անապատում, որտեղ հազար մղոն շառավղով ոչ մի տնակ չկա։ Իսկ այս փողոցները չորացած գետերի հուներ են։

— Իսկ հիմա՞,— հարցրեց նա տներին և նայեց ձեռքի ժամացույցին։— Արդեն ութն անց կե՞ս է։ ՄԻ դյուժին սպանությունների ժամանա՞կը։ Վիկտորինա՞։ Ռևյո՞ւ։ Ծաղրածուի անկումը բեմի՞ց։

Սա ի՞նչ բան էր։ Ծիծաղ լսվեց լուսնի տակ ճերմակին տվող տնից։ Նա կանգ առավ, բայց այլևս ոչինչ չէր լսվում. շարունակեց քայլել. ոտքը դիպավ ճեղքված սալին, և նա հազիվ պահեց հավասարակշռությունը։ Բետոնի մեջ առաջացած ճեղքից աճել էին խոտ ու ծաղիկների ցողուններ։ Տասը տարի շարունակ նա օր ու գիշեր քայլել էր այստեղ, անցել էր հազարավոր մղոններ և ոչ ոքի չէր հանդիպել, ոչ մի մարդու չէր հանդիպել այդ ընթացքում։ Նա մոտեցավ տերևներով ծածկված խաչմերուկին, որտեղ խաչվում էին քաղաքով անցնող երկու հիմնական մայրուղիները։ Ցերեկն այստեղ աշխատում էին գազային կայանները։ Աղմկում էր մեքենաների հազարանոց ծովը։ Խշշացող այդ հսկայական միջատները սողում էին աղբաբզեզների պես։ Դուրս մղվող գազերի թույլ հոտ արձակելով, նրանք շտապում էին դեպի իրենց տները։ Բայց գիշերով այս մայրուղիներն էլ էին նման ցամաքած գետերի․ քարե հուն և շողացող լուսին։

Նա թեքվեց դեպի իր տունը տանող նրբանցքը։ Մինչև տուն հասնելը մնացել էր մի թաղամաս, երբ հանկարծ անկյունից դուրս պրծած միայնակ մեքենան գրկեց նրան իր լապտերների լույսով։ Նա կանգ առավ և, գիշերային թիթեռի պես լույսով հմայված, քայլեց մեքենայի կողմը։

Մետաղյա ձայնը հրամայեց.

— Կա՛նգ առեք, կա՛նգ առեք։ Տեղից չշարժվե՛ք։

Նա քարացավ։

— Ձեռքերդ վե՛ր։

— Բայց...— ասաց նա։

— Ձեռքերդ վե՛ր։ Հակառակ դեպքում՝ կկրակենք։

Իհարկե, դա ոստիկանությունն էր, բայց ի՞նչ հազվագյուտ, գրեթե անհավանական երևույթ է սա։ Մոտ երեք միլիոնանոց ազգաբնակչություն ունեցող քաղաքում մնացել է միայն մեկ ոստիկանական մեքենա։ Դեռ անցյալ տարի, ընտրությունների ժամանակ ոստիկանական մեքենաները երեքից կրճատեցին մինչև մեկը։ Հանցագործությունները գնալով ավելի էին նվազում, և մնացել էր այս միակ մեքենան, որը սլանում էր քաղաքի փողոցներով։

— Ձեր անո՞ւնը,— հարցրեց ոստիկանական մեքենան մետաղե շշուկով։ Պայծառ, աչք ծակող լույսի տակ նա չէր կարողանում տեսնել այնտեղ նստածներին։

— Լեոնհարդ Միդ,— պատասխանեց նա։

— Բա՛րձր։

— Լեոնհարդ Միդ։

— Զբաղմո՞ւնքը։

— Կարծում եմ, որ ինձ կարելի է գրող կոչել։

— Դա զբաղմունք չէ,— ասաց ոստիկանական մեքենան, կարծես ինքն իր հետ խոսելիս լիներ։ Լույսը նրան գամել էր տեղում, և նա կանգնած էր անշարժ, գնդասեղով ամրացրաձ թիթեռնիկի պես։

— Ճիշտ է,— ասաց Լեոնհարդ Միդը։ Տարիներ շարունակ նա չէր գրում այլևս։ Ամսագրերն ու գրքերը վաղուց արդեն չէին վաճառվում։ «Հիմա ամեն բան տեղի է ունենում երեկոները, շիրմաքարերի նմանվող տներում,— մտածում էր նա։— Այդ շիրմաքարերը ներսից աղոտ կերպով լուսավորված են հեռուստացույցների լույսով, այնտեղ մարդիկ են նստած, որոնք մեռելների են նման. մոխրագույն կամ բազմերանգ լույսերի ճառագայթները շոյում են նրանց դեմքերը, բայց երբեք չեն հուզում նրանց»։

— Դա զբաղմունք չէ,— կրկնեց շրշացող գրամոֆոնային ձայնը։— Այստեղ ի՞նչ եք անում։

— Ջբոսնում եմ,— ասաց Լեոնհարդ Միդը։

— Զբոսնո՞ւմ եք։

— Այո՛, զբոսնում եմ,— ասաց նա անկաշկանդ, բայց դեմքը սարսռաց։

— Զբոսնո՞ւմ եք, ուղղակի զբոսնո՞ւմ եք, զբոսնո՞ւմ եք։

— Այո, սը՚ր։

— Որտե՞ղ եք զբոսնում։ Ինչո՞ւ եք զբոսնում։

— Որպեսզի մաքուր օդ շնչեմ, որպեսզի տեսնեմ...

— Ձեր հասցե՞ն...

— Սուրբ Ջեյմսի հարավային փողոց, տասնմեկ։

— Մի՞թե ձեր տանը օդ չկա։ Դուք օդափոխման հարմարանք ունե՞ք։

— Այո՛։

— Իսկ ձեր տանը հեռուստացույցային էկրան կա՞։

— Չկա՛։

— Չկա՞,— լսվեց թույլ մի ճռռոց, որը հնչեց որպես ինքնամեղադրանք։

— Նստե՛ք մեքենա։

Նա սեղմեց դռան բռնակը և նայեց մեքենայի ներսը։ Դա մի փոքրիկ խուց էր։ Մի փոքրիկ, մութ բանտախցիկ՝ վանդակավոր պատուհանով։ Պողպատահամ էր գալիս և կար ախտահանման հոտ։

Անառողջ մաքրության և մետաղի հոտն էր դա։ Այնտեղ ոչ մի փափուկ բան չկար։

— Եթե դուք կին ունենայիք, որը կարողանար հաստատել ձեր ալիբին,— ասաց մետաղյա ձայնը։— Բայց...

— Դուք ինձ ո՞ւր եք տանելու։

Մեքենան երկմտեց, նրա էլեկտրական աչքերը կարծես յուրովի կարդում էին ինֆորմացիան։— Հետադիմական տենդենցների հետազոտման հոգեբուժական կենտրոն։

Նա ներս մտավ։ Դուռը փակվեց մեղմ շրխկոցով։ Աղոտ լապտերներով լուսավորելով ճանապարհը, մեքենան սահեց գիշերային փողոցներով։

Քիչ հետո նրանք անցան քաղաքում եղած միակ տան առջևով, որի պատուհանները ողողված էին էլեկտրական լույսերով։ Ցուրտ խավարի մեջ ամեն մի պատուհանը դեղին և տաք մի քառակուսի էր։

— Դա իմ տունն է,— ասաց Լեոնհարդ Միդը։

Նրան ոչ ոք չպատասխանեց։

Մեքենան սլացավ դատարկ փողոցներով, այդ ցամաքած գետերի հուներով, իր ետևում թողնելով դատարկ մայթերով դատարկ փողոցները... Եվ այդ նոյեմբերյան ցուրտ գիշերվա մեջ չէր լսվում ոչ մի ձայն, և ոչ մի շարժում նկատելի չէր։