Աստղային կարուսել

Գրապահարան-ից
00:36, 20 Հունվարի 2014 տարբերակ, Շրյոդինգերի կատու (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Աստղային կարուսել

հեղինակ՝ Ֆրեդերիկ Բրաուն
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Աստղային կարուսել»

Ռոջեր Ջերոմ Պֆլյուգերը, որի անհեթեթ ազգանունը ես կարող եմ արդարացնել սոսկ նրանով, որ իսկական է, նկարագրվող իրադարձությունների ժամանակ Կոուլի աստղադիտարանի աշխատակիցն էր։

Չնայած ջահելությանը, նա չէր փայլում տաղանդով, թեեւ իր պարտականությունները լավ էր կատարում եւ ամեն երեկո տանը մեկ ժամ ջանասիրությամբ զբաղվում էր դիֆերենցիալ ինտեգրալ հաշվումներով եւ երազում էր անորոշ ապագայում դառնալ մի որեւէ հայտնի աստղադիտարանի դիրեկտոր։

Եվ, այնուամենայնիվ, 1987 թվականի մարտի վերջերին տեղի ունեցած իրադարձությունների մասին մեր պատմությունը պիտի սկսենք Ռոջեր Պֆլյուգերից՝ այն ծանրակշիռ պատճառով, որ ամբողջ աշխարհում նա առաջինը նկատեց աստղերի տեղաշարժը։

Եվ այդ իսկ պատճառով թույլ տվեք ներկայացնել Ռոջեր Պֆլյուգերին։

Հասակը՝ բարձր, դեմքը՝ ալրագույն, որպես հետեւանք նստակյաց ապրելակերպի, կրիայի ոսկրից ակնոց՝ հաստ ոսպնյակներով, թուխ մազեր, որ կտրված են մեր դարի ութսունական թվականների երկրորդ կեսի մոդայով, հագնված է ոչ լավ, եւ ոչ էլ վատ, ծխում է ավելի շատ, քան պետք է…

Այն օրը, որից սկսվում է մեր պատմությունը, հինգից քառորդ պակաս Ռոջերը զբաղված էր միանգամից երկու գործով։ Նախ, նա բլինկ֊մանրադիտակով դիտում էր Երկվորյակների համաստեղության մեջ Երկնքի պատկերով ֆոտոթիթեղները, որոնք ստացվել էին հենց լուսաբացից առաջ, եւ երկրորդը՝ ծանրութեթեւ էր անում՝ կարելի՞ է զանգահարել Էլսիին եւ մի որեւէ տեղ հրավիրել, երբ գրպանում ընդամենը երեք դոլար կա եւ որոնցով դեռ պիտի ապրի մինչեւ շաբաթվա վերջը։

Կասկած չկա, որ ամեն մի նորմալ երիտասարդ մեկ անգամ չէ, որ կանգնել է այդպիսի երկընտրանքի առջեւ, բայց այ թե ի՞նչ բան է բլինկ֊մանրադիտակը եւ ինչպես է գործում, ոչ բոլոր ընթերցողները գիտեն։ Դրա համար էլ մեր հայացքն ուղղենք ոչ թե Էլսիի, այլ Երկվորյակների համաստեղության կողմը։

Բլինկ֊մանրադիտակի մեջ դնում են երկնքի նույն տեղամասի երկու լուսանկարները, որոնք տարբեր ժամանակ են նկարահանվել։ Լուսանկարները դնում են խիստ սիմետրիկ եւ օգտվելով հատուկ փակաղակից, դիտողը ակնապակու տակ տեսնում է մերթ մեկը, մերթ մյուսը։ Եթե նրանք բացարձակապես միանման են, ապա դիտողը նույնիսկ չի նկատում փոխարկումը, բայց եթե երկրորդ լուսանկարի որեւէ մի դիրքը տարբերվում է առաջին լուսանկարում նրա դիրքից, դիտողին կթվա, թե այդ կետը ետուառաջ է ցատկոտում։

Ռոջերը սեղմեց փակաղակը, եւ կետերից մեկը տեղից ցատկեց, ինչպես եւ ինքը Ռոջերը։ Նա կրկնեց գործողությունը, մի պահ բոլորովին մոռանալով (ինչպես եւ մենք ձեզ հետ միասին) Էլսիի մասին, եւ կետը նորից ցատկոտեց։ Մոտավորապես աղեղնային վայրկյանի մեկ տասնորդական մասով։ Ռոջերը մեջքը շտկեց եւ քորեց ծոծրակը։ Նա վառեց սիգարեթը, իսկույն եւեթ գցեց մոխրամանի մեջ ու նորից կռացավ մանրադիտակի վրա։

Կետը նորից ցատկոտեց։

Հարրի Վեսոնը, գիշերային հերթապահը, ներս մտավ սենյակ ու սկսեց հանել վերարկուն։

— Հարրի՜, — ձայն տվեց նրան Ռոջերը։— Այս գրողի տարած բլինկը ոնց որ փչացել է։

— Հը՞— ասաց Հարրին։

— Այո։ Պոլուքսը տեղից շարժել է վայրկյանի տասնորարդական մասով։

— Ըհը,— ասաց Հարրին։— Հետո ինչ, դա լրիվ համապատասխանում է պարալաքսին։ Երեսուներկու լուսային տարի։— Պոլուքսի պարալաքսը զրո մեկ… հա, զրո մեկ է։ Շատ քիչ է մեծ վայրկյանի տասնորդական մասից։ Այդպես էլ պետք է լինի, եթե քո առաջին լուսանկարը կես տարի առաջ է լուսանկարված, երբ Երկիրը գտնվում էր իր ուղեծրի հակադիր կետում։

— Ախր չէ, Հարրի։ Անցյալ գիշեր են լուսանկարել։ Դրանց միջեւ ընկած ժամանակամիջոցը մեկ օր է։

— Դու ցնդել ես։

— Ինքդ նայիր։

Մինչեւ ժամը հինգը մնացել էր ընդամենը մի քանի րոպե, բայց Հարրին մեծահոգաբար հաշվի չառավ այդ եւ նստեց մանրադիտակի առջեւ։ Նա սեղմեց փակաղակի կոճակը, եւ Պոլուքսը խոնարհաբար ցատկոտեց։

Այն, որ տեղից ցատկում էր հատկապես Պոլուքսը, կասկած չկար, քանի որ թիթեղի վրա այդ կետն իր պայծառությամբ զգալիորեն գերազանցում էր մյուսներին։ Պոլուքսի տեսանելի մեծությունը՝ 1,2 է, նա մտնում է երկնակամարի ամենապայծառ տասներկու աստղերի թվի մեջ, ու Երկվորյակների համաստեղությունում ուրիշ այդպիսին չկա պարզապես։ Եվ Պոլուքսը շրջապատող ավելի թույլ աստղերից եւ ոչ մեկը նույնիսկ չցնցվեց։

— Հըմ,— ասաց Հարրի Վեսոնը։ Նա մռայլվեց եւ մեկ անգամ էլ նայեց։— Թիթեղներից մեկը ճիշտ չի թվագրված, եւ ուրիշ ոչինչ։ Ես հիմա կստուգեմ։

— Երկուսն էլ ճիշտ են թվագրված,— համառորեն առարկեց Ռոջերը։

— Ես ինքս եմ գրանցել։

— Հենց այդ է որ կա։ Դու գնա տուն։ Արդեն հինգն է։ Եթե անցյալ օրվա ընթացքում Պոլուքսը քեզ մոտ մեկ տասնորդական վայրկայանով շարժվել է տեղից, ես, իմացած եղիր, նրան նորից տեղը կտանեմ։

Եվ Ռոջերը գնաց։

Նրան ճնշում էր մի ինչ֊որ տհաճ կանխազգացում, ասես պետք չէր տուն գնալ։ Նա չէր կարողանում հասկանալ, թե հատկապես ինչն է իրեն շփոթեցնում, բայց զգում էր, որ ինչ֊որ բան այնպես չէր։ Եվ որոշեց ոտքով գնալ տուն ու չսպասել ավտոբուսին։

Պոլուքսը անշարժ աստղ էր։ Օրվա ընթացքում նա չէր կարող տեղաշարժվել աղեղնային վայրկյանի մեկ տասնորդական մասով։ «Երեսուներկու լուսային տարի,— մտքում հաշվում էր Ռոջերը,— մեկ տասնորդական վայրկյան։ Բայց չէ որ դա մի քանի անգամ մեծ է լույսի արագությունից։ Լրիվ անհեթեթ բան է ստացվում։

Ճիշտ չէ՞ արդյոք։

Ռոջերը զգում էր, որ ոչ պարապել է ուզում, ոչ էլ կարդալ։ Արդյոք երեք դոլարը կհերիքի՞, եթե ինքը, այնուամենայնիվ, զանգ տա Էլսիին։

Առջեւում փայլփլեց լոմբարդի ցուցանակը, եւ Ռոջերը չդիմացավ գայթակղությանը։ Նա գրավ դրեց ժամացույցը եւ զանգահարեց Էլսիին։

— Ճաշե՞նք ու գնանք ռեւյու։

— Հաճույքով։

Ու մինչեւ գիշերվա երկուսը, երբ Ռոջերը տուն էր ճանապարհում Էլսիին, նա չհիշեց աստղագիտության մասին։ Եվ դա զարմանալի չէ։ Զարմանալի կլիներ, եթե հիշեր։

Բայց հենց որ բաժանվեց Էլսիից, տագնապալի զգացումը նորից համակեց նրան։ Սկզբում չհասկացավ ինչու։ Բայց տուն գնալ չէր ուզում։

Անկյունի բարը դեռեւս բաց էր, եւ Ռոջերը թեքվեց այնտեղ։ Երկրորդ բաժակից հետո հասկացավ, թե ինչ է իրեն ճնշում։ Եվ պատվիրեց երրորդը։

— Հենք, դու Պոլուքսը գիտե՞ս,— հարցրեց նա բարմենին։

— Ի՞նչ Պոլուքս։

— Կարեւոր չէ,— պատասխանեց Ռոջերը։ Նա դատարկեց բաժակը եւ եկավ այն եզրակացության, որ ինչ֊որ բան շփոթել է։ Պոլուքսը չէր կարող տեղաշարժվել։

Դուրս գալով բարից, Ռոջերը վճռականորեն քայլեց դեպի տուն։ Բայց հենց դռան մոտ հանկարծ ուզեց նայել Պոլուքսին։ Ճիշտ է, անզեն աչքով չես նկատի վայրկյանի մեկ տասնորդական չափով տեղաշարժը, բայց դե…

Նա գլուխը վեր տնկեց եւ, կողմնորոշվելով Առյուծի մահիկով, գտավ Երկվորյակներին․ ամբողջ համաստեղությունից երեւում էին միայն Կաստորը եւ Պոլուքսը, որովհետեւ երկինքը պարուրված էր թեթեւակի մշուշով։ Ահա նրանք, աղավնյակներս։ Եվ այստեղ Ռոջերին թվաց, թե նրանց միջեւ եղած տարածությունը մեծացել է։ Ինչը անկասկած անհեթեթություն էր։ Դա կնշանակեր, որ խոսքն արդեն վերաբերում է ոչ թե վայրկյաններին ու րոպեներին, այլ աստիճաններին։

Ռոջերը մի անգամ էլ նայեց նրանց, հայացքը փոխադրեց Մեծ Արջի շերեփին եւ քարացած կանգ առավ։ Նա կկոցեց աչքերը, հետո զգուշորեն բաց արեց։

Շերեփը փոխվել էր։ Այն մի քիչ ծռվել էր։ Շերեփի բռնակի մասում Աքլորի եւ Միցարի միջեւ եղած հեռավորությունը կարծես ավելի էր, քան Միցարի եւ Ալքաիդի հեռավորությունը։ Շերեփի հատակում Ֆեքդան եւ Մերակը մոտեցել էին, ու նրա քթիկը ավելի էր սրվել։ Զգալիորեն ավելի էր սրվել։

Չհավատալով աչքերին, Ռոջերը երեւակայական գիծ անցկացրեց Մերակի եւ Դուբգեի վրայով դեպի Բեւեռային աստղը։ Նա ստիպված էր մտովի ծռել այդ գիծը։ Առանց դրա, Բեւեռային աստղը բոլոր կանոններին հակառակ հինգ աստիճան հեռու կմնար այն գծից, որով մարդկային անհամար սերունդներ միանգամից եւ ստույգ գտնում էին նրան։

Ծանր շնչելով, Ոռջերը հանեց ակնոցը եւ սրբեց։ Հետո նորից դրեց։ Շերեփը դարձյալ թեքված էր։ Ինչպես եւ Առյուծը, որին նա նորից նայեց։ Համենայն դեպս Ռեգուլը մեկ֊երկու աստիճանով տեղաշարժվել էր։

Մեկ֊երկու աստիճան։ Եվ դա՝ մինչեւ Ռեգուլն ընկած հեռավորության դեպքում։ Կարծեմ, վաթսունհինգ լուսային տարի, չէ՞։ Այո, նման մի բան։

Այստեղ նրան օգնության եկավ մի փրկարար միտք՝ չէ որ ինքը խմած է։ Ու Ռոջերը մտավ տուն, չհամարձակվելով նորից նայել երկնքին։

Ռոջերը մտավ անկողին, բայց չկարողացավ քնել։ Նա իրեն հարբած չէր զգում։ Հուզմունքը խեղդում էր նրան, եւ քունը չէր տանում։ Գուցե զա՞նգ տա աստղադիտարան։ Բայց հանկարծ իր ձայնից երեւա, որ կոնծել է։ Է՜հ, թո՛ղ։ Ռոջերը վճռականորեն ցած թռավ մահճակալից եւ մոտեցավ հեռախոսին։

Աստղադիտարանի հեռախոսը չէր պատասխանում։ Նա զանգահարեց կայան եւ մի քիչ լեզվակռվից հետո պարզեց, որ սիրող֊աստղագետների անընդհատ զանգերը աստղադիտարանի վարչությունը ստիպել են դիմել վճռական միջոցների՝ աստղադիտարանի հեռախոսները անջատված են եւ միացվում են միայն միջքաղաքային կանչերի դեպքում, երբ ուրիշ աստղադիտարաններից են զանգ տալիս։

—Շնորհակալություն,— ասաց շփոթված Ռոջերը։— Իսկ դուք չէ՞իք կարող տաքսի կանչել ինձ համար։

Դա այնքան տարօրինակ խնդրանք էր, որ կայանի հերթապահը կատարեց այն։

Աստղադիտարանը նմանվում էր գժանոցի։

Առավոտյան լրագրերի մեծ մասը վերջին էջում տպագրված մի փոքրիկ հոդվածով ընթերցողներին հայտնեցին աստղագիտական նորության մասին։ Սակայն բոլոր փաստերը ճիշտ էին շարադրված։

Այսինքն՝ վերջին երկու օրվա ընթացքում որոշ աստղերի (որպես կանոն՝ առավել պայծառ) մոտ նկատվել է զգալի սեփական շարժում։

«Դրանից բոլորովին չի հետեւում,— չէր հապաղում բացատրել նյույորքյան «Լուսարձակը»,— որ մինչ այդ նրանք փոխառած շարժումով էին։ «Սեփական շարժում» աստղագետների լեզվով նշանակում է աստղի տեղաշարժը երկնակամարում այլ աստղերի նկատմամբ։ Մինչեւ այժմ ամենամեծ սեփական շարժում նկատվել է Օձակրի համաստեղության Բառնարդի աստղի մոտ, որը տարվա ընթացքում տեղաշարժվում է տասը եւ քառորդ աղեղնային վայրկյան։ Բառնարդի աստղը չի երեւում անզեն աչքով»։

Հավանաբար, այդ օրը երկրագնդի եւ ոչ մի աստղագետ գիշերը աչք չէր փակել։

Աստղադիտարանները փակել էին իրենց դռները, նախապես ներս թողնելով բոլոր աշխատակիցներին եւ ծառայողներին, եւ միայն շատ քիչ թղթակիցների էր հաջողվել այնտեղ մտնել։ Տեսնելով, թե ինչ է այնտեղ կատարվում, նրանք գնում էին լրիվ տարակուսանքի մեջ, բայց եւ համոզված, որ մի արտառոց բան է տեղի ունենում։

Բլինկ֊մանրադիտակները թարթում էին փակաղակների փեղկերը, իսկ աստղագետները՝ աչքերը։ Սուրճը կլանվում էր անասելի քանակությամբ։ Վեց գլխավոր աստղադիտարաններ կանչել էին ոստիկանական ջոկատներ։ Նրանցից երկուսի վրա գրոհել էին գազազած սիրող֊աստղագետների հրոսակախմբերը, իսկ մնացած չորսում աշխատակիցների վեճերը վերջացել էին ձեռնամարտով։ Լիկի աստղադիտարանի սրահներով ասես մրրկահողմ էր սուրացել, իսկ Ջեյմս Թրուվելին՝ Անգլիական թագավորական աստղագիտական ընկերության նախագահին, տարել էին Լոնդոնի հիվանդանոց՝ ուղեղի թեթեւակի ցնցումով, որովհետեւ տաքարյուն ենթական նրա ճաղակ գլխին խփելով ջարդել էր հաստ ապակուց ֆոտոթիթեղը։

Բայց այս բոլոր տխուր իրադարձությունները ավելի շուտ բացառություն էին, իսկ աստղադիտարանների մեծ մասում թագավորում էր լավ կազմապերպած գժանոցի խիստ կարգուկանոնը։

Այնտեղ ամբողջ ուշադրությունը կենտրոնացված էր դինամիկների վրա, որոնք հաղորդում էին Երկրի գիշերային կողմից (որտեղ անբացատրելի երեւույթի դիտարկումը շարունակվում էր) անընդհատ ստացվող լուրերը։

Սինգապուրի, Շանհայի եւ Սիդնեյի երկնակամարների տակ աստղագետները աշխատում էին, բառիս բուն իմաստով չկտրվելով հեռախոսային լսափողերից։

Առանձնապես հետաքրքիր էին Սիդնեյից եւ Մելբուռնից ստացվող տեղեկությունները, որոնք լուսաբանում էին վիճակը Հարավային կիսագնդի երկնքում, որը չէր երեւում ԱՄՆ֊ում եւ Եվրոպայում նույնիսկ գիշերը։ Այդ տեղեկություններից հետեւում էր, որ Հարավային Խաչը դադարել է խաչ լինելուց, որովհետեւ նրա ալֆան եւ բետան տեղաշարժվել են դեպի հյուսիս։ Կենտավրոսի, Կանոպուսի եւ Ախերնարի ալֆան ու բետան էլ էին ցույց տալիս զգալի սեփական շարժում, տեղաշարժվելով դեպի հյուսիս։ Հարավային Եռանկյունին եւ Մագելանի Ամպերը մնացել էին նույնը, իսկ Օքտանի սիգման՝ Հարավային բեւեռին մոտիկ գտնվող թույլ աստղը, բնավ չէր շարժվել տեղից։

Հարավային կիսագնդի երկնքում շարժվող աստղերի քանակը, ամբողջությամբ վերցրած, զգալիորեն ավելի քիչ էր, քան Հյուսիսայինում, դրա փոխարեն նրանց հարաբերական սեփական շարժումը զգալիորեն արագ էր։ Եվ թեպետ բոլոր աստղերն էլ տեղաշարժվում էին դեպի հյուսիս, նրանց ճանապարհները չունեին խիստ ուղղություն դեպի հյուսիս եւ չէին զուգադիպում մի որեւէ որոշակի կետում։

ԱՄՆ֊ի եւ Եվրոպայի աստղագետները մարսեցին այդ փաստերը եւ նույնիսկ վրայից էլ խմեցին մի քանի լիտր սուրճ։

Իրիկնային թերթերը, հատկապես Ամերիկայում, ավելի մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում երկնքում տեղի ունեցող արտասովոր իրադարձությունների նկատմամբ։ Թերթերի մեծ մասը առաջին էջում ամբողջ սյունակներ էր հատկացրել (թեեւ առանց ընդհանուր խորագրի)՝ շարունակությունը տանելով երրորդ էջ։ Շարունակության երկարությունը կախված էր խմբագրի գտած նշանավոր եւ ոչ շատ նշանավոր աստղագետների հայտարարությունների քանակից։

Սակայն այդ հայտարարություններում գիտնականները սահմանափակվում էին չոր փաստերով, գերադասելով ոչ մի կերպ չբացատրել դրանք։ Ըստ նրանց, փաստերն ինքնին չափազանց ապշեցուցիչ էին եւ պետք է խուսափել հապճեպ եզրակացություններից։ Սպասենք, շուտով ամեն ինչ կպարզվի։ Համենայն դեպս, այն շարժումը, որ այժմ դիտում ենք, կարելի է անվանել մեծ արագությամբ շարժում։

— Բայց ինչպիսի՞ արագությամբ,— եղավ պատասխանը։

Սակայն չի կարելի պնդել, թե հենց այդ ժամանակ ոչ մի լրագրողի չհաջողվեց գիտնականներից կորզել որոշ եզրակացություններ։ Չարլզ Ուոնգրենը՝ Չիկագոյի «Սայրի» ձեռներեց հրատարակիչը, պատկառելի գումար հատկացրեց միջքաղաքային հեռախոսային խոսակցություններին։ Վաթսունից ավելի փորձերը, այնուամենայնիվ, արդյունք տվեցին, եւ նրան հաջողվեց կապվել հինգ նշանավոր աստղադիտարանների դիրեկտորների հետ։ Եվ բոլորին էլ նա նույն հարցը տվեց․ «Այնուամենայնիվ, ձեր կարծիքով, ո՞րն է այս վերջին երկու օրը դիտվող աստղերի շարժման թեկուզեւ ամենահավանական պատճառը»։

Հետո նա կազմեց պատասխանների ամփոփումը․

«Եթե ես իմանայի՜»։— Ջ․ Ֆ․ Սթեբ, Թրիփի աստղադիտարան, Լոնգ֊Այլենդ։

«Ինչ֊որ մեկը ցնդել է կամ ինչ֊որ բան է ցնդել։ Եվ լավ կլիներ, որ դա ես լինեի»։— Հենրի Քոլիսթեր Մակ֊Ադամս, Լլոյդի աստղադիտարան, Բոստոն։

«Այն, ինչ կատարվում է, չի կարող լինել եւ, հետեւաբար, դրա համար ոչ մի պատճառ չկա։»— Լեթեր Թուշաուեր Թինի, Բուրգոյնի աստղադիտարան, Ալբուկերկ։

«Աշխատանքի եմ ուզում ընդունվել փորձված աստղագետի։ Արդյոք դուք չէի՞ք երաշխավորի»։— Պատրիկ Ուայթեքեր, Լյուքասի աստղադիտարան, Վերմոնտի նահանգ։

Տխուր հայացք գցելով այս ամփոփագրին, որն իր վրա նստել էր 187 դոլար 35 ցենտ, ներառյալ հարկերը, Չարլզ Ուոնգրենը ստորագրեց հեռախոսային խոսակցությունների վճարման չեքը եւ ամփոփագիրը զամբյուղը նետեց։ Հետո նա զանգահարեց իր գիտական բաժնի մշտական աշխատակցին։

Կարո՞ղ եք այս աստղագիտական սենսացիայի մասին գրել հոդվածների շարք՝ ամեն մեկը ութսուն մեքենագիր էջից բաղկացած։

— Իհարկե, կարող եմ,— պատասխան տվեց հեղինակը։— Բայց ո՞ր սենսացիայի։

Եվ այստեղ պարզվեց, որ վերջին շաբաթը նա անց է կացրել բնության գրկում, ձուկ է բռնել, թերթ չի կարդացել եւ երկնքին չի նայել։ Ինչեւիցե, հոդվածները նա գրեց։ Եվ նույնիսկ որոշ սրություն հաղորդեց, հոդվածներին կցելով հնագույն աստղային քարտեզներ եւ ժամանակակից աղջկա լուսանկար՝ անտեսանելի լողազգեստով, բայց հեռադիտակը ուղղած զբոսնող աստղերից մեկի վրա։ «Սայրի» տպաքանակը ավելացավ 21,7 %֊ով։

Եվ նորից Կոուլի աստղադիտարանում ժամը հինգն է՝ այս խառնաշփոթը սկսվելուց անցել է ուղիղ քսանչորս ժամ տասնհինգ րոպե։ Ռոջեր Պֆլյուգերը, այո, այո, մենք նորից վերադառնում ենք նրան, հանկարծակի արթնացավ, որովհետեւ հայրական մի ձեռք իջավ նրա ուսին։

— Տուն գնացեք, Ռոջեր,— քնքուշ ասաց Մերվին Արմբրեսթերը, աստղադիտարանի դիրեկտորը։

Ռոջերը խայթվածի պես վեր թռավ։

— Ներեցեք, միսթր Արմբրեսթեր։ Ինքս էլ չեմ իմացել…

— Ոչինչ, ոչինչ։ Հո չեք կարող անվերջ նստել այստեղ։ Տուն գնացեք, գնացեք։

Ռոջեր Պֆլյուգերը տուն գնաց։ Բայց երբ նա կանգնեց ցնցուղի տակ, քունը փախավ։ Եվ ժամացույցն էլ ցույց էր տալիս ընդամենը մեվ անց քառորդ։ Նա զանգ տվեց Էլսիին։

— Ես շատ եմ ափսոսում, Ռոջեր, բայց արդեն ընկերուհուս հետ պայմանավորվել եմ։ Իսկ այս ի՞նչ է տեղի ունենում։ Ես նկատի ունեմ աստղերը։

— Նրանք շարժվում են, Էլսի։ Ու ոչ ոք չգիտի՝ ինչու։

— Իսկ ես կարծում էի, թե աստղերը միշտ են շարժվում,— առարկեց Էլսին։— Չէ՞ որ Արեւն էլ է աստղ։ Իսկ դու ինձ բացատրում էիր, որ Արեւը շարժվում է Սամսոնի մի ինչ֊որ կետի կողմը։

— Հերկուլեսի,— ուղղեց Ռոջերը։

— Հա, Հերկուլեսի։ Չէ որ դու ինքդ էիր ինձ ասում, որ բոլոր աստղերը շարժվում են։ Ուրեմն, էլ ի՞նչ է պատահել։

— Սա բոլորովին ուրիշ բան է,— ասաց Ռոջերը։— Օրինակ, վերցնենք Կանոպուսին։ Նա հանկարծ սկսեց շարժվել օրական յոթ լուսային տարի արագությամբ։ Իսկ այդպիսի բան չի կարող լինել։

— Ինչո՞ւ չի կարող։

— Ոչ մի բան չի կարող շարժվել լույսից արագ, ահա թե ինչու,— համբերատար բացատրեց Ռոջերը։

— Բայց եթե քո Կանոպուսը ավելի արագ է շարժվում, ուրեմն կարող է,— խելամտորեն նկատեց Էլսին։— Կամ էլ քո հեռադիտակն է փչացել, կամ էլ մի ուրիշ բան։ Եվ հետո նա շատ հեռու է մեզանից։

— Հարյուր վաթսուն լուսային տարի։ Այնքան հեռու է, որ հիմա նրան մենք տեսնում ենք այնպես, ինչպես եղել է հարյուր վաթսուն տարի առաջ։

— Իսկ գուցե նա բոլորովին էլ չի շարժվում,— հայտարարեց Էլսին։— Այսինքն նա շարժվում էր եւ դադարեց շարժվել հարյուր հիսուն տարի առաջ, իսկ դուք այստեղ խելքներդ թռցրել եք չեղած բանի պատճառով։ Իսկ դու դեռ ինձ սիրո՞ւմ ես։

— Շա՜տ։ Իսկ դու ոչ մի կերպ չե՞ս կարող ընկերուհուդ հետ նորից խոսել։

— Դժբախտաբար չէ, Ռոջեր։ Ես էլ եմ շատ ափսոսում։

Ռոջերը ստիպված եղավ այդքանով բավարարվել։ Նա որոշեց մի տեղ գնալ ընթրելու։

Դեռ բոլորովին լույս էր, եւ թանձր կապույտ երկնքում աստղերը չէին ցոլում։ Բայց Ռոջերը գիտեր, որ այդ գիշեր միայն հիշողություններ կմնան շատ ու շատ համաստեղություններից։

Մայթով քայլելիս նա մտքում տնտղում էր Էլսիի ասածները, եւ, աստված վկա, դրանք բոլորովին էլ ավելի հիմար չէին թվում, քան իր աստղադիտարանում լսածները։ Եվ Էլսիի ասածները նրան հանգեցրին մի մտքի, որը մինչ այդ չէր անցնում նրա գլխով՝ աստղերի վարքը շատ ավելի է անհասկանալի, քան ինքը կարծում է։ Չէ որ նրանք բոլորը սկսեցին շարժվել նույն գիշերը, եւ հենց դա էր անհեթեթությունը։ Կենտավրի ալֆան եւ բետան պետք է սկսեին շարժվել մի չորս տարի առաջ, իսկ Ռիգելը՝ հինգ հարյուր քառասուն տարի առաջ, երբ Քրիստափոր Կոլումբոսը դեռ կարճ շալվարով էր վազվում, գուցե եւ՝ առանց շալվար։ Վեգան ճանապարհ պիտի ընկներ իր՝ Ռոջերի ծննդյան տարին, քսանվեց տարի առաջ։ Այլ կերպ ասած, այդ հարյուրավոր աստղերից յուրաքանչյուրը շարժման մեջ պիտի մտներ այն պահին, որը որոհվում է Երկրից նրա հեռավորությամբ, ընդ որում, մեկ լուսային վայրկյանի ճշգրտությամբ, քանի որ նախորդ գիշերվա լուսանկարների ուսումնասիրումը ցույց տվեց, որ բոլոր աստղերի նոր շարժումը սկսվել է ըստ Գրինվիչի ժամը չորսն անց տասին։ Այ թե խճճված կծիկ է…

Իսկ գուցե լույսը օժտվա՞ծ է անսահման արագությամբ… Եթե այդպես չէ (Ռոջերի հոգեկան վիճակի մասին կարելի է դատել այն փաստով, որ իր դատողությունները նա սկսեց անհեթեթ «եթե»֊ով), ապա… ապա… ապա… ապա ի՞նչ։ Նա դարձյալ ոչինչ չէր հասկանում։ Եվ անասելի զայրանում էր՝ ի՞նչ է, դա, վերջապես։

Ռոջերը մտավ խորտկարան ու նստեց։ Ռադիոընդունիչից հորդում էին խլացուցիչ ձայներ՝ հակառիթմի բնագավառի ամենավերջին նվաճումները․ դրանք կատարվում էին լարային եւ փողային գործիքներով եւ իրար վրա դրված թմբուկներով։ Ընդմիջումների ժամանակ հաղորդավարը ինքնամոռաց փառաբանում էր այս կամ այն ապրանքը։

Ռոջերը ծամում էր բուտերբրոդը, վայելում էր հակառիթմիկան եւ իր գիտակցությունից անջատում ռեկլամը՝ նա, ինչպես եւ ութսունական թվականների բոլոր մարդիկ, կատարելապես էր տիրապետում այդ արվեստին։ Այդ պատճառով էլ վերջին լուրերը, որոնք հաջորդեցին երաժշտական ծրագրին, շարունակում էին մտնել Ռոջերի մի ականջից եւ դուրս գալ մյուսից։ Եվ բավական ժամանակ անցավ, մինչեւ նա հասկացավ, որ բաց է թողնում բնավ էլ ոչ հերթական ներբողը սննդամթերքի պահածոյի մասին։ Իսկապես ասած, նրա ուշադրությունը գրավեց ծանոթ ձայնը, եւ արդեն երկու֊երեք նախադասությունից հետո չէր կասկածում, որ լսում է Միլտոն Հեյլին՝ հռչակավոր ֆիզիկոսին, որի նոր տեսությունը ինդետերմինանտյան սկզբունքի մասին՝ բուռն փոթորիկ էր առաջացրել գիտական շրջաններում։ Ըստ երեւույթին, պրոֆեսոր Հեյլը պատասխանում էր ռադիոմեկնաբանի հարցերին։

—… եւ, հետեւաբար, երկնային մարմինը կարող է օժտված լինել դիրքով կամ արագությամբ, բայց ո՛չ միանգամից եւ մեկով եւ մյուսով ժամանակի եւ տարածության տվյալ համակարգի սահմաններում։

— Դոկտոր Հեյլ, չէիք կարող դա բացատրել ավելի հասկանալի լեզվով,— մեղրաձայն հարցրեց ռադիոմեկնաբանը։

Դա էլ հենց հասկանալի լեզու է, սըր։ Իսկ եթե դիմենք գիտական տերմինաբանությանը, ապա ելնելով սեղման հեյզենբերգյան սկզբունքից, յոթերորդ աստիճանի էն փակագծերի մեջ, որը որոշում է քվանտների դիտրիխյալ ամբողջ թվի կեղծ դիրքորոշումը, բաժանած մասսայի թեքման գործակցի վրա յոթերորդ աստիճանով…

— Շնորհակալություն, դոկտոր Հեյլ, սակայն վստահ չեմ, որ դա հասկանալի կլինի մեր ունկնդիրներին։

«Հո քեզ հասկանալի է»,— զայրացած մտածեց Ռոջեր Պֆլյուգերը։

— Ես չեմ կասկածում, դոկտոր Հեյլ, որ մեր ունկնդիրները ամենից շատ կցանկանային իմանալ, թե աստղերն իսկապե՞ս սկսել են շարժվել, թե դա սոսկ պատրանք է։

— Եվ մեկը, եւ մյուսը։ Այդ շարժումը իրական է տարածության համակարգում, բայց ոչ՝ տարածություն֊ժամանակ համակարգում։

— Դուք ավելի մանրամասն չէի՞ք կարող բացատրել, պրոֆեսոր։

— Ինչու չէ։ Դժվարությունն այստեղ զուտ իմացաբանական բնույթ ունի։ Ելնելով զուտ պատճառականությունից, մակրոսկոպիկ ազդեցությունը…

«Իսկ գայլը կամաց֊կամաց գնում էր նրա հետեւից ու…»,— մտքում ասաց Ռոջեր Պֆլյուգերը։

— … էնտրոպիայի գրադիենտի պարալելիզմի…

— Հը՜մ,— բարձրաձայն ասաց Ռոջերը։

— Դուք ինչ֊որ բա՞ն ասացիք, սըր,— հարցրեց մատուցողուհին։ Մինչ այդ Ռոջերը ոչ մի ուշադրություն չէր դարձնում նրա վրա։ Նա բավական բարալիկ եւ շատ հաճելի խարտյաշ աղջիկ էր։ Ռոջերը ժպտաց։

— Ամեն ինչ կախված է այն բանից, թե տարածություն֊ժամանակ համակարգի որ տեսանկյունից պետք է գնահատել այս պրոբլեմը,— մտախոհ պատասխանեց նա։— Այստեղ դժվարությունը իմացաբանական է։

Եվ հետո իր ասածը շտկելու համար նա շատ ավելի վճարեց մատուցողուհուն, քան թուլ էր տալիս գրպանը, եւ դուրս եկավ խորտկարանից։

Հռչակավոր ֆիզիկոսը տեղի ունեցածի մասին բացահայտորեն ավելի քիչ գիտեր, քան փողոցի մի պատահական մարդ։ Փողոցի մարդը գոնե գիտեր, որ աստղերը կամ շարժվում են կամ չեն շարժվում։ Պրոֆեսոր Հեյլը, ըստ երեւույթին, դա էլ չգիտեր։ Թաքնվելով ճարճատուն սահմանումների մշուշապատ քողի տակ, նա ակնարկեց, որ աստղերը միաժամանակ եւ շարժվում են, եւ չեն շարժվում։

Ռոջերը գլուխը վեր տնկեց, սակայն ռեկլամների գույնզգույն կրակներով ողողված երկնքում թույլ առկայծում էին երկու֊երեք աստղ։ Դեռ շատ շուտ է, մտածեց նա։

Ռոջերը թեքվեց ու մտավ բար, բայց մինչեւ վերջ չխմեց նույնիսկ երկրորդ բաժակը, քանի որ վիսկին շատ տհաճ թվաց։ Նա չէր հասկանում, որ տեւական անքնությունը իր վրա ավելի ուժեղ է ազդում, քան ակոհոլը։ Նա միայն գիտեր, որ քնել բոլորովին չի ուզում, եւ պատրաստվում էր թրեւ գալ քաղաքում, մինչեւ չզգա, թե պետք է անպայման անկողին մտնի։ Թե մեկն ու մեկը այդ րոպեին ավազով լցված ծանր պարկերով խփեր Ռոջերի գլխին, մեծ լավություն կլիներ արած, բայց այդպիսի բարերար չգտնվեց։

Ռոջերը քայլում էր ու քայլում, մինչեւ որ տեսավ սիներամայի շլացուցիչ լույսերը։ Նա տոմս առավ եւ հասավ իր տեղին այն պահին, երբ ծրագրի առաջին լիամետրաժ ֆիլմի վերջին քաղցրումեղցը կադրերն էին սահում էկրանի վրայով։ Մի քանի ռեկլամային մուլտֆիլմեր նա նայեց, այսպես ասած, աչքի պոչով, չնայած հայացքը միշտ հառած էր էկրանին։

— Իսկ այժմ,— հնչեց հաղորդավարի ձայնը,— ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Լոնդոնի գիշերային երկնքի տեսքը ժամը երեքին։

Էկրանը լցվեց հարյուրավոր պստլիկ բծերով։ Դրանք աստղեր էին։ Ռոջերը առաջ թեքվեց, որ ոչ մի բան բաց չթողնի․ վերջապես շաղակրատանքի փոխարեն կարգին բան կտեսնի ու կլսի։

— Սլաքը,— արտասանեց կադրի հետեւից ձայնը, երբ էկրանի վրա սլաք հայտնվեց,— ցույց է տալիս Բեւեռային աստղը, որ ներկայումս տեղաշարժվել է տասը աստիճան դեպի Մեծ Արջի կողմը։ Իսկ Մեծ Արջն ինքը կորցրել է շերեփի ձեւը, սակայն հիմա սլաքը ցույց կտա այն աստղերը, որոնցից նա բաղկացած էր նախկինում։

Ռոջերը, շունչը պահած, հետեւում էր սլաքին եւ ունկնդրում ձայնին։

— Ալկաիդ եւ Դուբգեր,— արտասանեց ձայնը։— Անփոփոխ աստղերը կորցրել են մշտականությունը, բայց…— էկրանի վրա հանկարծ բռնկվեց ուլտրաժամանակակից խոհանոցի պատկերը,— «Երկու աստղ» մակնիշի սալօջախները մշտապես պահպանում են իրենց բոլոր գերազանց որակները։ Սուպերվիբրացիոն եղանակով պատրաստված ճաշատեսակները առաջվա պես համեղ են։ «Երկու աստղ» մակնիշի սալօջախները չունեն իրենց հավասարը։

Ռոջեր Պֆլյուգերը դանդաղ վեր կացավ ու քայլեց դեպի էկրանը, գրպանից հանելով փոքրիկ դանակը։ Ցատկ՝ եւ նա հայտնվեց փոքրիկ բեմի վրա։ Նա էկրանը կտրտում էր առանց որեւէ մոլեգնության։ Նրա հարվածները ճշգրիտ էին եւ այնպես էին նախատեսված, որ ջանքերի նվազագույն ծախսերով որքան հնարավոր է շատ վնաս պատճառեն։

Երբ կինոթատրոնի երեք հաղթանդամ հսկիչները նրան առան իրենց ամուր գրկի մեջ, էկրանը բավական հիմնավոր էր այլանդակված։ Ռոջերը չէր դիմադրում։ Երբ հսկիչները նրան հանձնեցին ոստիկանին, նա դարձյալ բոլորովին չդիմադրեց։ Մեկ ժամ հետո ոստիկանական դատարանում նա հանգիստ լսեց իրեն ներկայացված մեղադրանքը։

— Դուք ձեզ զգո՞ւմ եք մեղավոր, թե ոչ,— հարցրեց դատավորը։

— Ձերդ մեծություն, չէ որ դա զուտ իմացաբանական հարց է,— ի սրտե պատասխանեց Ռոջերը։— Անփոփոխ աստղերը շարժվում են, բայց աշխարհում լավագույն Կորնի ընկերության պաքսիմատները դեռեւս որոշում են քավնտների դիտրիխյան ամբողջ թվի կեղծ դիրքորոշումը, բաժանված թեքման գործակցի յոթերորդ աստիճանի վրա։

Տասը րոպե հետո նա անուշ քնել էր, ճիշտ է, բանտախցում, բայց շատ անուշ էր քնել։ Ոստիկանները հանգիստ թողեցին նրան, հասկանալով, որ քնելը նրան շատ օգտակար կլինի…

Այդ գիշեր տեղի ունեցած մանր ողբերգություններից կարելի է պատմել «Ռանսագանսեթ» նավի ճակատագրի մասին, որը լողում էր Կալիֆորնիայի ափերի մոտով։ Ճիշտ ասած, այնքան էլ մոտ չէր լողում ափին։ Հանկարծահաս փոթորիկը նրան քշել տարել էր հեռու բաց ծով։ Իսկ թե որքան հեռու, նրա նավապետը հազիվ թե գլխի ընկներ։

«Ռանսագանսեթը», որ ամերիկյան նավ էր գերմանական անձնակազմով եւ վենեսուելական նավահանգստի գրանցումով, զբաղվում էր մաքսանենգային սպիրտային խմիչքների փոխադրումով Էնսենդայից (ստորին Կալիֆորնիա) դեպի Կանադա։ Դա մի հին, քայքայված չորս մոտորանոց նավ էր բավականին անհուսալի կողմնացույցով եւ 1955 թվականի հնագույն ռադիոընդունիչով, որը փոթորկի ժամանակ այնպես գժվեց, որ Գրոսը՝ ավագ օգնականը ոչինչ չկարողացավ հասկանալ։

Սակայն այդ ժամանակ արդեն թուխպ ամպերից մնացել էր միայն թեթեւ մշուշ եւ մարող քամին արագ ցրեց դա էլ։ Հանս Գրոսը սպասողական վիճակում կանգնած էր տախտակամածում՝ ձեռքում բռնած հինավուրց աստրոլյաբիան։ Չորս կողմից նրան պարուրում էր անթափանց խավարը, քանի որ «Ռանսագանսեթը» մերձափնյա պահակության ուշադրությունը չգրավելու համար լողում էր լույսերը մարած։

— Պարզվո՞ւմ է, միսթր Գրոս,— լսվեց ներքեւից նավապետի ձայնը։

— Այո, սըռ։ Արագ է պարզվում։

Նավախցում նավապետ Ռենդոլը նորից խաղաթղթերը բաժանեց երկրորդ օգնականին եւ նավի մեխանիկին։ Նավի անձնակազմը (փայտե ոտքով տարեց գերմանացին՝ Վայս ազգանունով) խաղաղ քնած էր խմելու ջրով տակառի կրամբոլին[1] — թե դա ինչ է նշանակում, բացատրել հանձն չեմ առնում։

Անցավ կես ժամ։ Հետո դարձյալ մեկ ժամ։ Նավապետը տանուլ էր տալիս Հելմշտադին՝ մեխանիկին, գնալով ավելի ու ավելի շատ։

— Միսթեր Գրո՜ս,— ձայն տվեց նա։

Պատասխան չեղավ։ Նա մեկ անգամ էլ գոռաց, բայց դարձյալ լռություն։

— Այն մոմենթ, հաջողակներ,— ասաց նա ու բարձրացավ տախտակամած։

Տախտակամածում գլուխը վեր տնկած եւ բերանը լայն բաց արած կանգնել էր Գրոսը։ Երկինքը բոլորովին մաքուր էր։

— Միսթեր Գրոս,— ձայն տվեց նավապետ Ռենդոլը։

Ավագ օգնականը չարձագանքեց։ Նավապետը հանկարծ նկատեց, որ Գրոսը դանդաղ պտտվում է իր առանցքի շուրջը։

— Հանս, — ասաց նավապես Ռենդոլը։— Քեզ ի՞նչ պատահեց։

Ու ինքն էլ նայեց վեր։

Առաջին հայացքից երկինքը սովորական էր թվում։ Այնտեղ հրեշտակներ չէին թռչում, հսկիչ ինքնաթիռներ եւս։ Շերեփը… Նավապետ Ռենդոլը դանդաղ պտտվեց իր առանցքի շուրջը, թերեւս ավելի արագ, քան Հանս Գրոսը։ Որտե՞ղ է չքվել Մեծ Արջը։

Այսինքն մյուսներն էլ։ Նա չէր տեսնում իր ծանոթ համաստեղություններից եւ ոչ մեկը։ Ոչ Քնարի եռանկյունին, ոչ Օրիոնի գոտին, ոչ էլ Խոյի եղջյուրները։

Ընդհակառակը… Սա ի՞նչ բազմանկյունի է՝ ութ աստղից բաղկացած։ Բացահայտ համաստեղություն է, բայց ոչ մի անգամ ինքը չի տեսել, թեեւ շրջանցել է եւ Հորն հրվանդանը, եւ Բարեհուստ հրդանվանը։ Իսկ եթե… Չէ, չի կարող… Հարավային խաչն էլ ոչ մի տեղ չի երեւում։ Հարբածի պես օրորվելով, նավապետ Ռենդոլը մոտեցավ սանդուղքին։

— Միսթր Վայսկո՜պֆ,— կանչեց նա— Միսթե՜ր Հելմշտադտ։ Տախտակամած բարձրացեք։

Նրանք վեր բարձրացան ու նայեցին երկնքին։ Որոշ ժամանակ բոլորը լուռ էին։

— Անջատեք շարժիչները, միսթեր Հելմշտադտ, — ասաց նավապետ Ռենդոլը։ Հելմշտադտը պատվի առավ՝ մի բան, որ նախկինում երբեք չէր անում, եւ իջավ մեքենայական բաժանմունք։

— Զարթնացնե՞մ Վայսին, նավապետ,— հարցրեց Վայսկոպֆը։

— Ինչո՞ւ։

— Չգիտեմ։

Նավապետը մի քիչ մտածեց։

— Արթնացրեք,— ասաց նա։

— Մենք, ես կարծում եմ, դեռ Մարս մոլորակի վրա ենք, ասաց Գրոսը։

Բայց նավապետն արդեն ծանրութեթեւ էր արել եւ մի կողմ էր նետել նման հնարավորությունը։

— Ոչ, կտրուկ ասաց նա։ Արեգակնային համակարգության ցանկացածդ մոլորակից համաստեղությունները գործնականում նույն տեսքը պիտի ունենան։

— Դուք կարծում եք, թե մենք գլորվել ենք տիեզե՞րք։ Շարժիչների աղմուկը միանգամից լռեց, եւ այժմ լսվում էր միայն նավակողերին զարնվող ջրի մեղմ ճաղփյունը։ Նավը օրորվում էր թեթեւ ալեբախությունից։

Վայսկոպֆը վերադարձավ Վայսի հետ, նրանց հետեւից տախտակամած բարձրացավ Հելմշտադտը եւ նորից պատվի առավ։

— Սպասում եմ ձեր կարգադրություններին, սըր։

Նավապետ Ռենդոլը ձեռքը թափ տվեց նավախելի կողմը, որտեղ շարված էին բրեզենտով փաթաթված տակառները։

— Բացել բեռը,— հրամայեց նա։

Այլեւս չնստեցին թղթախաղի։ Արշալույսին, ողողված արեւի առաջին ճառագայթներով (որին տեսնելու հույսը նրանք լրիվ կորցրել էին, իսկ այդ պահին իսկապես չէին տեսնում), հինգ անզգա նավորդներին դուրս բերեցին նավից եւ տարան Սան֊Ֆրանցիսկոյի նավահանգիստը։ Այդ գործուղությունը կատարեց մերձափնյա պահակության պահակախումբը։ Գիշերը հոսանքով տարվող «Ռանսանգասեթը» անցել էր Ոսկե դարպասները եւ փափուկ խփվել էր լաստանավերի նավամատույցին։

Նավն իր հետեւից քարշ էր տալիս մի մեծ բրեզենտ, որը պատռված էր հարպունի հարվածից եւ որի պարանը փաթաթված էր բիզան֊կայմին։ Թե դա ինչ էր նշանակում, այդպես էլ մնաց անբացատրելի, չնայած ավելի ուշ նավապետ Ռենդոլը աղոտ հիշեց, որ կարծես այդ գիշեր հարպունահարել էր մի կաշալոտի։ Սակայն Վայս անունով ավագ նավաստին այդպես էլ չհիշեց, թե, այնուամենայնիվ, ինչ էր եղել իր փայտե ոտքը։ Եվ գուցե հենց լավն էլ դա էր։


Միլթոն Հեյլը, գիտությունների դոկտորը, հռչակավոր ֆիզիկոսը, վերջապես լռեց եւ հեռացավ անջատված միկրոֆոնից։

— Շատ շնորհակալություն, պրոֆեսոր,— ասաց ռադիոմեկնաբանը։— Ը… ը… չեքը կարող եք ստանալ դրամարկղից։ Դուք… ը… ը… գիտեք որտեղ։

— Այո, այո, գիտեմ,— հաստատեց գիտնականը, բարեհոգի հաստլիկը։ Փարթամ ճերմակ մորուքը նրան նմանեցնում էր Ձմեռ պապիկի։ Նրա աչքերն անընդհատ ուրախ կայծակլտում էին։ Նա ծխում էր կարճլիկ ծխամորճով։

Իր հետեւից փակելով անձայնաթափանց դուռը, գիտնականը եռանդուն քայլվածքով ուղղվեց դեպի դրամարկղի պատուհանիկը։

— Բարեւ, ճստիկ,— ասաց նա հերթապահ գանձապահուհուն,— եթե չեմ սխալվում, դուք պիտի երկու չեք ունենաք պրոֆեսոր Հեյլի համար։

— Դո՞ւք եք պրոֆեսոր Հեյլը։

— Հաստատ չեմ կարող պնդել, բայց այդպես է ասված իմ անձնագրում եւ, հետեւաբար, մենք դա կարող ենք այդպես համարել։

— Երկո՞ւ չեք։

— Երկու չեք։ Երկուսն էլ մեկ հաղորդման համար, համաձայն հատուկ կարգադրության։ Ի դեպ, այսօր լավ ռեւյու կա Մաբրիում։

— Այո՞։ Ահա ձեր չեքերը, պրոֆեսոր Հեյլ։ Յոթանասունհինգ դոլարի եւ քսանհինգ դոլարի։ Ճի՞շտ է։

— Ավելի քան։ Դե, իսկ ի՞նչ կասեք ռեւյուի համար։

— Եթե ուզում եք՝ կհարցնեմ ամուսնուս։ Նա այստեղի դռնապանն է։

Պրոֆեսոր Հեյլը հոգոց հանեց, բայց նրա աչքերի ուրախ կայծերըը չմարեցին։

— Ես կարծում եմ, որ ձեր ամուսինը չի առարկի,— ասաց նա։— Ահա տոմսերը, ճստիկ։ Նրա հետ գնացեք։ Իսկ ես երեկոյան դեռ պիտի աշխատեմ։

Կինը աչքերը չռեց, բայց տոմսերը վերցրեց։

Պրոֆեսոր Հեյլը ուղղվեց ավտոմատ հեռախոսի կողմը եւ զանգ տվեց տուն։ Պրոֆեսոր Հեյլի տունը եւ նրան՝ ամուր ձեռքով ղեկավարում էր պրոֆեսորի քույրը։

— Ագաթա, ես մինչեւ գիշեր պիտի աշխատեմ լաբորատորիայում,— ասաց նա։

— Միլտոն, դու տանն էլ կարող ես հրաշալի աշխատել, քո աշխատասենյակում։ Ես լսեցի քո հաղորդումը, Միլտոն։ Դու հրաշալի էիր խոսում։

Դատարկ բաներ էի դուրս տալիս, Ագաթա։ Չտեսնված անհեթեթություն։ Իսկ ինչ էի ասում։

— Դե դու ասացիր, որ… ը… ը… աստղերը կային… այսինքն դու կայիր…

— Հենց այդպես էլ կա, Ագաթա։ Ես ինձ նպատակ էի դրել կանխել բնակչության խուճապը։ Եթե ես ճշմարտությունը ասեի, ունկնդիրները կվախենային։ Բայց իմ գիտական ինքնագոհությունը նրանց թողեց այն համոզման, որ վիճակը… ը… ը… լիովին վերահսկվում է։ Իսկ դու գիտես, Ագաթա, թե ես ինչ նկատի ունեի, խոսելով էնտրոպիայի գրադիենտի զուգահեռության մասին։

— Դե… այնքան էլ չէ։

— Այ ես նույնպես։

— Միլտոն, դու խմել ես։

— Դեռ չէ… Չէ, ինչ ես ասում։ Բայց ես այսօր չեմ կարող տանը աշխատել։ Համալսարանում ձեռքիս տակ կան բոլոր տեղեկագրքերը։ Աստղային քարտեզները նույնպես։

— Բայց, Միլտոն, իսկ քո հոնորա՞րը։ Դու հո գիտես, որ վտանգավոր է փողը մոտդ պահելը, երբ քո տրամադրությունը…

— Ես փողը առձեռն չեմ ստացել, չեք եմ ստացել։ Հիմա փոստով կուղարկեմ քեզ։ Լա՞վ։

— Էհ, ինչ արած։ Եթե այդչափ հարկավոր են տեղեկագրքերը… Ցտեսություն, Միլտոն։

Պրոֆեսոր Հեյլը մտավ փոստային բաժանմունք։ Նա մանրեց քսանհինգ դոլարի չեքը։ Իսկ երկրորդը՝ յոթանասունհինգ դոլարի չեքը, դրեց ծրարի մեջ ու գցեց փոստարկղ։ Ծրարը ճեղքից ներս գցելիս նայեց իրիկնային երկնքին, ցնցվեց ու հայացքը ցած հառեց։ Հետո ամենակարճ ճանապարհով գնաց մոտակա բարը եւ մի մեծ բաժակ վիսկի պատվիրեց։

— Վաղուց մեզ մոտ չէիք երեւացել, պրոֆեսոր,— ասաց Մայքլը, բարմենը։

— Դուք դա ճիշտ նկատեցիք, Մայք։ Էլի լցրեք։

— Հաճույքով։ Եվ մեր հաստատության հաշվին։ Մենք լսում էինք ձեզ ռադիոյով։ Լավ էիք խոսում։

— Ըհը՞

— Ես բերանս բաց լսում էի ձեզ։ Ախր տղաս օդաչու է, դե ես էլ մի քիչ վախենում եմ, տեսնես էս ինչ է, ասում եմ, երկնքում կատարվում։ Բայց դե որ դուք էնտեղ ձեր համալսարաններում ամեն ինչ գիտեք, ուրեմն անհանգստանալու կարիք չկա, լավ էիք խոսում, պրոֆեսոր։ Ես միայն մի բանի մասին կուզենայի հարցնել ձեզ։

— Հենց դրանից էլ ես վախենում էի,— ասաց պրոֆեսոր Հեյլը։

— Աստղերի մասին էի ուզում։ Ախր նրանք ինչ֊որ տեղ են շարժվում։ Իսկ այ՝ ո՞ւր։ Այսինքն, եթե նրանք իսկապես շարժվում են, ինչպես դուք էիք ասում։

— Դա ստույգ հնարավոր չէ որոշել, Մայք։

— Իսկ նրանք ուղի՞ղ գծով են շարժվում։ Այսինքն նրանցից յուրաքանչյուրը։

Անվանի գիտնականը պատասխանեց։

— Դե… եւ այո… եւ ոչ, Մայք։ Սպեկտոգրաֆիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանք բոլորն էլ պահարանում են նախկին հեռավորությունը մեզնից, բոլորն անխտիր։ Եվ հետեւաբար, նրանցից յուրաքանչյուրը, եթե նրանք իսկապես շարժվում են, մեզ հետ միասին շրջան են կատարում։ Իսկ հետո նրանք շարժվում են կարծես թե ուղիղ գծով, չմոտենալով մեզ եւ չհեռանալով։

— Իսկ դուք կարո՞ղ եք պատկերել այդ շրջանները։

— Այո։ Աստղային գլոբուսի վրա։ Դա արդեն արված է։ Տպավորությունն այնպիսին է, կարծես նրանք բոլորն ուղղվում են դեպի երկնքի որոշակի տեղամասը, բայց ոչ թե դեպի մի ինչ֊որ կետ։ Այլ կերպ ասած, նրանց ուղիները առայժմ չեն հատվում։

— Իսկ դեպի ո՞ր տեղամասը։

— Այն գտնվում է Մեծ Արջի եւ Առյուծի միջեւ ինչ֊որ տեղ։ Այն աստղերը, որոնք հեռու են, ավելի արագ են շարժվում, իսկ մոտիկները՝ ավելի դանդաղ։ Դե, գրողը տանի ձեզ, Մայք։ Ես այստեղ եմ եկել աստղերի մասին մոռանալու համար, եւ ոչ թե նրանց մասին խոսելու։ Նորից լցրեք։

— Մի րոպե, պրոֆեսոր։ Իսկ երբ նրանք այնտեղ հասնեն՝ կանգ կառնե՞ն, թե էլի առաջ կսողան։

— Իսկ ես ի՞նչ իմանամ, Մայք։ Նրանք հանկարծակի սկսեցին շարժվել միեւնույն րոպեին եւ, այսպես ասած, լրիվ արագությամբ, այսինքն՝ նրանց արագությունը առաջին իսկ պահից այնպիսին էր, ինչպիսին եւ մնում է հիմա, նրանք այդ արագությունը, այսպես ասած, չեն ավելացնում։ Եվ նշանակում է, միանգամից էլ կարող են կանգ առնել, առանց նախազգուշացնելու…

Նա ինքն էլ կանգ առավ այնպես հանկարծակի, որ կարող էր շարժել ցանկացածդ աստղի նախանձը, եւ հայացքն այնպես գամեց դիմացի հայելու մեջ իր արտացոլմանը, ասես մինչ այդ երբեք իրեն չէր տեսել։

—Ի՞նչ պատահեց ձեզ, պրոֆեսոր։

— Մայք։

— Ի՞նչ։

— Մայք, դուք հանճար եք։

— Ե՞ս։ Ի՞նչ եք ասում։

Պրոֆեսոր Հեյլը մի թույլ հառաչ արձակեց։

— Մայք, ես հենց հիմա պիտի գնամ համալսարան։ Որ տեղեկագրքերն ու աստղային քարտեզները լինեն ձեռքիս տակ։ Դուք ինձ վերադարձրիք ճշմարտության ուղին, Մայք։ Բայց մի շիշ վիսկի տվեք տանեմ հետս։

— «Տարտանի պլե՞դ»։ Մե՞ծ։

— Մեծ։ Ու արագ։ Ես պիտի մի մարդու հետ խոսեմ շան աստղի վերաբերյալ։

— Դուք դա լո՞ւրջ եք ասում, պրոֆեսոր։

Դոկտոր Հեյլը հառաչեց։

— Մեղավորը դուք եք, Մայք։ Շան աստղ անվանում են Սիրիուսին։ Ինչու ես եկա այստեղ Մայք։ Երեք ամսվա ընթացքում առաջին անգամ հաջողացրի դուրս պրծնել, ու պետք էր, որ դուք ամեն ինչ փչացնեիք։

Նա տաքսի վերցրեց, եկավ համալսարան, բացեց իր աշխատասենյակը եւ վառեց այնտեղի ու գրադարանի լույսերը։ Հետո մի լավ կում վիսկի խմեց ու նստեց աշխատելու։

Կոմուտատորի հերթապահի հետ մի քիչ վիճելուց հետո նրան հաջողվեց միանալ Կոուլի աստղադիտարանի դիրեկտորի հետ։

— Սա Հեյլն է,— ասաց նա։— Արմբրեսթեր, ես մի միտք եմ հղացել, բայց նախքան նրանով զբաղվելը, կցանկանայի ճշտել տվյալները։ Որքանով ինձ հայտնի է, նոր սեփական շարժում ցուցադրել են չորս հարյուր վաթսունութ աստղ։ Այդ թիվը առաջվա պես ստո՞ւյգ է։

— Այո, Միլտոն։ Միայն նրանք են շարժվում։

— Հրաշալի է։ Ես ունեմ նրանց ցուցակը, իսկ շարժման հեռավորությունը անփոփո՞խ է մնում։

— Այո։ Որքան էլ որ դա անհավատալի է՝ անփոփոխ է։ Իսկ որն է ձեր մտահղացումը։

— Ես նախ ուզում եմ ստուգել։ Եթե որեւէ բան ստացվի՝ ձեզ զանգ կտամ։

Բայց նա մոռացավ զանգահարել։

Դա երկար ու տանջալից աշխատանք էր։ Վերցնելով աստղային երկնքի քարտեզը՝ Մեծ Արջի ու Առյուծի միջեւ ընկած տեղամասով, նա այնտեղ անցկացրեց 468 գծեր, որոնք նշանակում էին մոլեգնած աստղերի հետագծերը։ Քարտեզի լուսանցքում ամեն գծի սկզբում դրեց յուրաքանչյուր աստղի տեսանելի արագությունը, բայց ոչ թե ժամում լուսային տարիներով, այլ ժամում աստիճաններով՝ մինչեւ հինգերորդ նշանի ճշգրտությամբ։

Հետո սկսեց դատողություններ անել։

— Ելնելով այն նախադրյալից, որ այս աստղերը սկսել են շարժվել միաժամանակ,— փնթփնթում էր նա քթի տակ,— ենթադրենք, որ միաժամանակ էլ կանգ կառնեն։ Ե՞րբ։ Ասենք վաղը, երեկոյան ժամը տասին։

Նա ստուգեց այդ ենթադրությունը, քարտեզի վրա անցկացնելով աստղերի համապատասխան դիրքերը։ Ոչ, չի ստացվում։

Գիշերվա մեկի՞ն։ Չէ, ոնց որ դարձյալ չի ստացվում։

— Կեսգիշերի՞ն։

Ճիշտ այդպես։ Համենայն դեպս, բավական մոտիկ է։ Մի քանի րոպեի տարբերությունը նշանակություն չուներ, այնպես որ ճշգրիտ հաշվարկների վրա ժամանակ կորցնելը իմաստ չուներ։ Այժմ ինքն ամեն ինչ գիտի։ Անհավանական է, բայց փաստ է։

Պրոֆեսոր Հեյլը մեկ անգամ էլ շիշը մոտեցրեց բերանին եւ մռայլ հայացքը սեւեռեց քարտեզին։ Հետո մտավ գրադարան, վերցրեց տեղեկագիրքը եւ ստացավ անհրաժեշտ տեղեկությունը։ Հասցեն։

Այս պահից սկսվում է պրոֆեսոր Հեյլի դեգերումների էպոպեան։ Ճիշտ է, ինչպես պարզվեց՝ անօգուտ, բայց եւ այնպես ինչ֊որ բանով Ոդիսեւսի թափառումներին նմանվող։ Պրոֆեսոր Հեյլը սկսեց այն բանից, որ մի կում էլ խմեց։ Հետո կողոպտեց ռեկտորի աշխատասենյակը սեյֆը (լավ է, որ թվերի կոմբինացիան հայտնի էր նրան)։ Երկտողը, որ նա թողեց սեյֆում, կարող էր ծառայել հակիրճության նմուշ։

«Փողերը վերցրել եմ։ Կբացատրեմ հետո»։

Դրանից հետո մի կում էլ խմեց, շիշը խոթեց գրպանը, դուրս եկավ փողոց ու տաքսի կանչեց։

— Ո՞ւր, սըր,— հարցրեց վարորդը, երբ ուղեւորը նստեց։ Պրոֆեսոր Հեյլը ասաց հասցեն։

— Ֆրեմոնտ֊ստրի՞թ։ Ներեցեք, սըր, բայց ես չգիտեմ որտեղ է այդ փողոցը։

— Բոստոնում,— ասաց Հեյլը։— Ախ հա։ Ես ձեզ չէի ասել։ Բոստոնում։

— Դա որ… Մասաչուսեթս նահանգո՞ւմ է։ Ոնց որ մի քիչ հեռու է այստեղից։

— Առավել եւս չարժե ժամանակ կորցնել պարապ խոսելու վրա, — խելամտորեն նկատեց պրոֆեսոր Հեյլը։

Ռեկտորի սեյֆից հանած փողերի շրշյունի տակ տեւած կարճ բանակցությունները ցրեցին վարորդի տարակուսանքը, եւ նրանք առաջ սլացան։

Գիշերը մարտ ամսի համար հազվադեպ ցուրտ էր, իսկ տաքսիի ջեռուցիչը այնքան էլ լավ չէր աշխատում։ Դրա փոխարեն «տարտանի պլեդը» հրաշալի տաքացնում էր եւ պրոֆեսորին, եւ վարորդին, այնպես որ Նյու Հեյվենով սլանալիս նրանք երգում էին հինավուրց կովբոյական երգեր։

— «Մենք սլանում ենք, մենք սլանում ենք վայրենի կապույտ հեռուն»։

Ըստ լուրերի, որոնք կարող են եւ չհամապատասխանել իրականությանը, Հարտֆորդում պրոֆեսոր Հեյլը իբր թե փայլուն ժպիտ էր պարգեւել մի տիկնոջ, որը սպասում էր վերջին տրամվային, եւ հարցրել էր, թե արդյոք Բոստո՞ն չի ուզում գնալ։ Բայց, ըստ երեւույթին, կինը Բոստոն չէր գնում, որովհետեւ առավոտյան ժամը հինգին, երբ տաքսին կանգ առավ Բոստոնում, Ֆրեմոնտ֊ստրիթի №614 տան առջեւ, այնտեղ նստած էին միասին պրոֆեսոր Հեյլը եւ վարորդը։

Պրոֆեսոր Հեյլը դուրս եկավ մեքենայից եւ նայեց տանը։ Դա միլիոնատիրոջ տիպիկ առանձնատուն էր՝ շրջապատված չուգունե ցանկապատով եւ փշալարով։ Դարպասը փակ էր, եւ, ըստ երեւույթին, զանգ չկար։

Բայց տունը մայթից հեռու էր մի քար նետելու չափ, եւ պրոֆեսոր Հեյլը որոշեց օգտվել այդ պարագայից։ Նա մի քար նետեց։ Հետո նորից։ Վերջապես նրան հաջողվեց ջարդել պատուհանի ապակին։

Առաջացած անցքի մեջ շուտով սողոսկեց մի գլուխ։ Սպասավորն է, մտածեց պրոֆեսոր Հեյլը։

— Ես պրոֆեսոր Միլտոն Հեյլն եմ, գոռաց նա։— Ես պետք է անհապաղ տեսնեմ միսթր Ռեզերֆորդ Սնիվելիին։ Հույժ կարեւոր գործով։

— Միսթր Սնիվելին քաղաքում չէ, սըր,— ասաց սպասավորը։— Իսկ այ պատուհանը…

— Գրողի ծոցը պատուհանը,— բացատրեց պրոֆեսոր Հեյլը։— Որտեղ է Սնիվելին։

— Ձուկ է բռնում։

— Որտե՞ղ։

— Ինձ կարգադրություն են արել չտալ այդ տեղեկությունները։

Գուցե պրոֆեսոր Հեյլը մի քիչ խմած էր։

— Ոչ, դուք կտաք այդ տեղեկությունները,— գոռաց նա։— Միացյալ Նահանգների պրեզիդենտի հրամանով։

Սպասավորը ծիծաղեց․

— Ես ոնց որ չեմ տեսնում նրան․

— Ուրեմն կտեսնեք, ասաց Հեյլը եւ նորից խցկվեց տաքսու մեջ։ Վարորդը քնած էր, եւ պրոֆեսորը ցնցեց նրա ուսը։

— Սպիտակ տուն,— ասաց պրոֆեսոր Հեյլը։

— Հը՞։

— Վաշինգթոն, Սպիտակ տուն, — բացատրեց պրոֆեսոր Հեյլը։ — Եվ արա՛գ։

Նա գրպանից հանեց հարյուր դոլարանոց թղթադրամը։ Վարորդը նայեց նրան եւ տնքաց։ Բայց հետո մտցրեց գրպանը եւ միացրեց շարժիչը։

Մեղմ ձյուն էր գալիս։

Երբ տաքսին թեքվեց անկյունում, Ռեզերֆորդ Ռ․ Սնվերլին քթի տակ ծիծաղեց, եւ գլուխը ներս մտցրեց։ Միսթեր Սնիվելին սպասավոր չէր պահում։

Եթե պրոֆեսոր Հեյլը ավելի լավ ծանոթ լիներ էքսցենտրիկ միսթր Սնիվելիի սովորություններին, նա կիմանար, որ Ֆրեմոնթ֊սթրիթ 614 տան բոլոր սպասավորները ցերեկվա ժամը տասներկուսին արդեն դուրս էին գալիս առանձնատնից, ուր գալիս էին ժամը տասին։ Եթե չհաշվենք այդ երկու ժամը, միսթր Սնիվելին մշտապես գտնվում էր վեհապանծ միայնության մեջ։ Նա ոչ ընկերներ ուներ, ոչ էլ բարձրաշխարհիկ ծանոթներ։ Ամբողջ ազատ ժամանակը, որ մնում էր երկրի առաջատար գալանտերիային ընկերություններից մեկի գործերը վարելուց, նա անց էր կացնում իր տնային արհեստանոցում հազար ու մի սարքեր եւ ապարատներ պատրաստելով։

Սնիվելին ուներ մի մոխրաման, որը ամեն անգամ հնազանդորեն ծայրը վառված սիգարեթ էր տալիս նրան, հենց որ ձեռքը մեկնում էր դեպի մոխրամանը։ Սնիվելիի ռադիոկոմբայնը ավտոմատ կերպով միանում էր այն ծրագրերի ժամանակ, որոնք վճարում էր «Սնիվելի» ընկերությունը, եւ անջատվում էր, հենց որ ծրագրերը վերջանում էին։ Սնիվելիի վաննան մեղմորեն նվագակցում էր, երբ նա ջրի մեջ սկսում էր երգել, եւ հետո նա ուներ մի մեքենա, որը գիշերը, քնելուց առաջ, նրա համար կարդում էր իր մեջ դրված գիրքը։

Սնիվելիի կյանքը գուցե միօրինակ էր, բայց զուրկ չէր կոմֆորտից։ Իհարկե, նա տարօրինակ մարդ էր, սակայն տարեկան չորս միլիոն եկամուտ ունեցող մարդու համար դա միանգամայն հարմար էր։ Իսկ եթե դու կյանքդ սկսել ես որպես փոքր նավագնացության գանձապահի որդի, ապա դա արդեն բոլորովին վատ չէ։

Միսթր Սնիվելին ինքնագոհ քմծիծաղով ճանապարհ դրեց տաքսին, վերադարձավ իր անկողինը եւ քնեց առաքյալի քնով։

«Ուրեմն, ինչ֊որ մեկը գլխի է ընկել ինչ է կատարվում, ժամկետից տասնիննը ժամ առաջ,— մտածեց նա քնելիս։— Էհ, հաջողություն նրանց»։

Ոչ մի քրեական կոդեքս պատիժ չէր նախատեսում այն բանի համար, ինչ նա էր արել։

Այդ օրը գրախանութների աստղագիտական բաժինները սրընթաց դատարկվեցին։ Լայն հասարակությունը հանկարծ ջերմ հետաքրքրություն ցուցաբերեց երկնային երեւույթների նկատմամբ եւ նույնիսկ նյուտոնյան «Principia»֊ի հին, փոշոտ հատորները ձեռքից ձեռք էին խլում անհավատալի գներով։

Եթերը լցրել էին երկնային հրաշքների վերաբերյալ հաղորդումներով։ Սակայն դրանց մեջ ոչ միայն շատ քիչ գիտություն կար, այլեւ հասարակ առողջ դատողություն, քանզի գրեթե բոլոր աստղագետները այդ օրը խոր քնած էին։ Երկու օր նրանք աչք չէին փակել, բայց երրորդ օրը՝ հոգեպես ու մարմնապես տանջված, ձեռքերը թափ տվին աստղերի վրա, համարելով, որ իրենց (աստղագետներին, եւ ոչ թե աստղերին) հարկավոր է մի քիչ քնել, իսկ երկնային լուսատունները թող իրենց հոգսը իրենք հոգան։

Առասպելական հոնորարները, որ առաջարկում էին հեռուստատեսային եւ ռադիո ընկերությունները, գայթակղեցին նրանցից երկուսին֊երեքին, եւ նրանք փորձեցին դասախություններով հանդես գալ, բայց ինչքան քիչ ասենք այդ տխուր փորձերի մասին, այնքան՝ լավ։ Պրոֆեսոր Կարվեր Բլեյքը, բազմաթիվ հեռուստադիտողներին բացատրելով ապոգեյի եւ պերիգեյի տարբերությունը, ընկավ կատալեպտիկ վիճակի մեջ։

Մեծ պահանջարկ կար նաեւ ֆիզիկոսների նկատմամբ։ Սակայն նրանցից ամենահռչակավորի հետ կապվելու ջանքերը օգուտ չտվին։ Կարճ երկտողը՝ «Փողը վերցրի։ Կբացատրեմ հետո»,— պրոֆեսոր Միլտոն Հեյլի անհետացման միակ բանալին, ոչինչ չտվեց։ Նրա քույրը՝ Ագաթան, վախենում էր վատթարագույնից։

Մարդկության պատմության մեջ առաջին անգամ աստղագիտական նորությունները լրագրերում տպագրվում էին արշինանոց վերնագրերով։

Ատլանտիական ափում առավոտյան սկսած ձյունը ավելի ու ավելի էր սաստկանում։ Ուոտերբերի (Կոնեկտիկուտ նահանգ) մտնելուց առաջ պրոֆեսոր Հեյլի վարորդը զգաց, որ ամեն ինչ իր սահմանն ունի։ Ինչ է, ինքը հո երկաթից չի, որ առանց շունչ առնելու քշի մեկ Բոստոն, մեկ Վաշինգտոն։ Միթե թեկուզ հարյուր դոլարով կարելի է այդպիիսի բան պահանջել մարդուց։

Գոնե այնպիսի բուք չլիներ։ Ոչ մի բան չի երեւում, նույնիսկ երբ հնարավոր է լինում կոպերը իրարից անջատել։ Իսկ հետեւում նստած ուղեւորը խռմփացնում է իր համար։ Ինչու ինքը չքշի ճանապարհի եզրը ու մի ժամ քնի։ Ընդամենը մի ժամ։ Չէ որ ուղեւորը ոչ մի բան չի զգա։ Եվ ընդհանրապես, նա իսկապես խենթ է, հո կարող էր գնացք կամ ինքնաթիռ նստել։

Կասկած չկա, որ պրոֆեսոր Հեյլը կարող էր օգտվել տրանսպորտի այդ տեսակներից, եթե հիշեր դրանց մասին։ Բայց նա շատ քիչ էր ճանապարհորդում, եւ հետո «Տարտանի պլեդն» էլ էր իր գործը արել։ Պրոֆեսոր Հեյլը սովոր էր տաքսիից օգտվելուն, ոչ տոմս ես առնում, ոչ էլ տեղդ ես փոխում։ Նա փողի պակաս չէր զգում, «Տարտանի պլեդով» պարուրված նրա գլուխը չէր աշխատում եւ չէր մտածում այն մասին, որ տաքսիով երկար ճանապարհորդելիս գործ ունի մարդկային գործոնի հետ։

Բայց երբ լրիվ սառած արթնացավ անշարժ մեքենայի մեջ, ստիպված եղավ, այնուամենայնիվ, մտածել այդ մասին։ Վարորդը խոր քնած էր, եւ ինչքան էլ գիտնականը արթնացնում էր նրան՝ շարունակում էր խռմփացնել։ Ի լրումն ամենի՝ պրոֆեսոր Հեյլի ժամացույցը կանգ էր առել, եւ նա ոչ մի պատկերացում չուներ ոչ ժամանակի մասին, ոչ էլ իրենց գտնվելու տեղի մասին։

Դժբախտաբար, նա այդպես էլ չէր սովորել մեքենա վարել, ու եռանդով մի կում անելուց հետո, որ մի քիչ տաքանա, նա դուրս եկավ տաքսիից, բայց հենց այդ ժամանակ նրա կողքը կանգ առավ մի ուրիշ մեքենա։

Դա ոստիկանական մեքենա էր, իսկ ղեկի մոտ նստած էր մի հրաշալի ոստիկան՝ միլիոնավոր ոստիկանների մեջ հազիվ գտնվեր այդպիսի մեկը։

Հեյլը թափահարեց ձեռքերը։

— Ես պրոֆեսոր Հեյլն եմ,— ասաց նա, խլացնելով քամու ոռնոցը,— Մենք մոլորվել ենք։ Ես որտեղ եմ գտնվում։

— Շուտ մտեք իմ մեքենան, քանի դեռ լրիվ չեք սառել,— կարգադրեց ոստիկանը։— Դուք հո պրոֆեսոր Միլտոն Հեյլը չե՞ք։

— Այո։

— Ես կարդացել եմ ձեր բոլոր գրքերը, պրոֆեսոր,— ասաց ոստիկանը։— Պաշտում եմ ֆիզիկան եւ միշտ երազել եմ ծանոթանալ ձեզ հետ։ Ես կուզենայի ձեր կարծիքն իմանալ քվանտի վերանայված մեծության մասին։

— Խոսքը վերաբերում է կենաց ու մահուն,— ասաց պրոֆեսոր Հեյլը։— Դուք չէի՞ք կարող ինձ հասցնել մոտակա օդանավակայանը։

— Իհարկե, պրոֆեսոր։

— Բայց լսեք… իսկ ինչ կլինի տաքսիի վարորդը, եթե մենք միջոցներ չձեռնարկենք, նա կսառչի։

— Ես նրան քարշ կտամ իմ մեքենայի թափքի մեջ, իսկ տաքսին ճանապարհից կհեռացնեմ։ Իսկ մնացածը հետո կարելի է անել։

— Շտապեք, եթե դժվար չի։

Բարյացակամ ոստիկանը շտապեց։ Հետո նստեց ղեկի առաջ, ու նրանք առաջ սլացան։

— Այսպես, ուրեմն, քվանտի մեծության մասին, պրոֆեսոր,— սկսեց նա ու պապանձվեց։ Պրոֆեսոր Հեյլը խոր քնած էր։

Ոստիկանը մոտեցավ Ուոտերբերիի օդանավակայանին։ Կանգ առնելով տոմսարկղերի մոտ, նա զգուշորեն արթնացրեց պրոֆեսորին։

— Օդանավակայանն է, սըր։

Նա չհասցրեց խոսքը վերջացնել, երբ պրոֆեսորն արդեն դուրս թռավ մեքենայից եւ, սայթաքելով, մտավ տոմսարկղների սրահը։ Նա ուսի վրայից գոռաց «շնորհակալություն» եւ քիչ մնաց փռվեր շեմին։

Սուպերստրատոլայների տաքացող շարժիչների ոռնոցը զգոնացրեց նրան, ոտքերին ասես թեւեր բուսնեցին, եւ նա մի ակնթարթում հայտնվեց տոմսարկղի առաջ։

— Սա ինչ ինքնաթիռ է։

— Ուղիղ վաշինգտոնյան երթուղի։ Թռիչքը մեկ վայրկյան հետո։ Վախենում եմ, որ դուք չեք հասցնի։

Պրոֆեսոր Հեյլը տոմսավաճառին մեկնեց հարյուր դոլարանոց թղթադրամը։

— Տո՛մս,— խռպոտ գոռաց նա։— Մանրը ձեզ պահեք։ Հափշտակելով տոմսը, պրոֆեսորը սանդուղքով վեր սլացավ դեպի ստրատոլայների դուռը հենց այն պահին, երբ այն արդեն փակվում էր։ Նա ընկավ բազկաթոռին, հազիվ շունչը տեղը բերելով։ Երբ ստուարդեսան մոտեցավ տոմսը վերցնելու, նա քնած էր մեռելի պես, եւ աղջիկը ստիպված եղավ ինքը կապելու նրա գոտիները։

Շուտով նա արթնացրեց պրոֆեսորին․ գրեթե բոլոր ուղեւորները իջել էին։

Պրոֆեսոր Հեյլը գլխապատառ ցած գցեց իրեն եւ դաշտի միջով վազեց դեպի օդանավակայան։ Նա մի հայացք գցեց վիթխարի ժամացույցին։ Ժամը դեռ ինն էր եւ, մի քիչ հանգստանալով, պրոֆեսոր Հեյլը ներս մտավ «Տաքսի» ցուցանակով դռնից։

— Սպիտակ տուն,— ասաց նա վարորդին։— Շա՞տ պիտի գնանք։

— Տասը րոպե։

Պրոֆեսոր Հեյլը գոհ փնչացրեց եւ ետ ընկավ նստատեղին։ Այս անգամ չքնեց։ Քնել բոլորովին չէր ուզում։ Բայց նա աչքերը փակեց, որ մտածի թե ինչպես ավելի լավ բացատրի պրեզիդենտին իրադրությունը։

— Հասանք, սըր։

Պրոֆեսոր Հեյլը վճարեց վարորդին, շտապ֊շտապ դուրս եկավ տաքսիից ու վեր վազեց աստիճաններով։ Շենքը բոլորովին այնպիսին չէր, ինչպիսին նա պատկերացնում էր, սակայն պարապ մտքերի վրա ժամանակ կորցնելու տեղը չէր։ Նա տեսավ մի դուռ եւ նետվեց այդ կողմը։

— Ես պետք է անհապաղ տեսնեմ պրեզիդենտին։ Պետական կարեւորության գործ է։

Այնտեղ նստած մարդը մռայլվեց։

— Ո՞ր պրեզիդենտին։

Պրոֆեսոր Հեյլի աչքերը թռան ճակատին։

— Միացյալ Նա… Լսեք, սա ինչ շենք է։ Եվ ո՞ր քաղաքն է։

Մարդն ավելի խոժոռվեց՞

— Սա «Սպիտակ տուն» հյուրանոցն է,— պատասխանեց նա։— Վաշինգթոնի նահանգի Սիեթլ քաղաքում։

Հեյլն ուշակորույս վայր ընկավ։ Նա ուշքի եկավ միայն երեք ժամ հետո, հիվանդանոցում։ Կես գիշեր էր՝ Խաղաղ օվկիանոսյան ժամանակով։ Հետեւաբար երկրի ատլանտիկական ափում առավոտյան ժամը չորսն էր։ Այլ կերպ ասած, երբ նա դուրս էր գալիս ինքնաթիռից Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում, Վաշինգտոն քաղաքում, Երկրի մայրաքաղաքում, եւ Բոստոնում հենց կեսգիշեր էր։

Պրոֆեսոր Հեյլը նետվեց դեպի պատուհանը եւ բռունցքը սպառնալից թափահարեց երկնքի վրա։ Անօգուտ արարք։

Սակայն ատլանտիկական ափում երեկոյան դեմ բուքը հանդարտվեց, ու օդում կախված էր միայն թեթեւ մշուշ։ Օդերեւութաբանական բյուրոների հեռախոսները անդադար զնգում էին, բոլորին, ով տենչում էր նայել աստղազարդ երկնքին, հետաքրքրում էր՝ արդյոք մառախուղը կցրվի՞։

— Օվկիանոսային քամի է բարձրանում,— պատասխանում էին նրանց։— Քամին արդեն բավական ուժեղ է եւ մի֊երկու ժամվա ընթացքում կցրի մառախուղը։

Տասնմեկն անց տասնհինգ Բոստոնի երկինքը լրիվ պարզվեց։ Չնայած սոսկալի ցրտին, փողոցները լեփ֊լեցուն էին մարդկանց բազմությամբ, որոնք, գլուխները վեր տնկած, հետեւում էին աստղային կարուսելին։ Եվ ոչ մեկը չէր ուզում հավատալ իր աչքերին։ Չի՛ կարող պատահել։

Քաղաքում տարածվում էր հարաճուն խուլ գվվոց։ Տասներկուսից քառորդ պակաս արդեն ոչ մի կասկած չկար, եւ գվվոցը հանկարծակի դադարեց․ միայն նրա համար, որ կեսգիշերին նախորդող վերջին րոպեներին վերածվի խլացուցիչ հռնդյունի։ Տարբեր մարդիկ տարբեր կերպ էին ընկալում տեղի ունեցածը․ մեկը զայրանում էր, մյուսը՝ ծիծաղում, մեկը քարանում էր սարսափից, իսկ մյուսն էլ արհամարհանքով ծռում շրթունքները։ Իսկ ոմանք էլ նույնիսկ հիանում էին։

Շուտով քաղաքի բոլոր կողմերից մարդիկ շարժվեցին դեպի Ֆրեմոնթ֊ստրիթ։ Նրանք գնում էին ոտքով, մեքենաներով եւ քաղաքային տրանսպորտով, եւ նրանց բոլորի երթուղին վերջանում էր մի կետում։

Տասներկուսից հինգ րոպե պակաս Ռեզերֆորդ Սնիվելին դեռեւս նստած էր իր աշխատասենյակում, որի վարագույրները փակ էին։ Նա այդպես էլ չենթարկվեց պատուհանին մոտենալու եւ երկնքին նայելու գայթակղությանը։ Ոչ, նա կնայի, երբ ամեն ինչ ավարտած լինի։

Ըստ երեւույթին, ամեն ինչ հրաշալի էր գնում։ Այդ մասին էր վկայում ձայների, անկասկած, զայրացած ձայները բվվոցը, որն հետզհետե ուժգնանում էր նրա տան շուրջը։ Նա լսում էր, որ ամբոխը գոռում է իր ազգանունը։

Եվ այնուամենայնիվ, նա սպասեց մինչեւ ժամացույցի վերջին զարկը եւ միայն այդ ժամանակ դուրս եկավ պատշգամբ։ Որքան էլ որ ուզում էր նայել վեր, երկնքին, նա իրեն ստիպեց նախ նայել ցած, փողոցին։ Այնտեղ ալեկոծվում էր ամբոխը, կատաղած ամբոխը։ Բայց նա արհամարհում էր ամբոխին։

Բազմությունը ճեղքելով տանն էին մոտենում ավտոմեքենաները։ Նրանցից դուրս եկավ Բոստոնի քաղաքագլուխը՝ քաղաքի ոստիկանության պետի ուղեկցությամբ։ Հետո ի՞՜նչ։ Ինքը ոչ մի օրենք չի խախտել։

Եվ ահա հասավ բաղձալի պահը։ Նրա հաղթանակի պահը։ Սնիվելին աչքերը բարձրացրեց դեպի անմռունչ երկինքը եւ տեսավ… չորս հարյուր վաթսունութ ամենապայծառ աստղերը լռելյայն գոռում էին․

«Լվացվեք Սնիվլիի օժառով»։

Հրճվանքը տեւեց ուղիղ չորս վայրկյան։ Հետո նրա դեմքը կապտեց, աչքերը չռվեցին։

— Աստվա՜ծ իմ,— խռպոտ մրմնջաց Սնիվելին։— Ազգանունս աղավաղվել է։

Նրա դեքմն արդեն լրիվ մանուշակագույն էր դարձել։ Արմատից կտրված ծառի պես նա փլվեց պատշգամբի բազրիքին եւ գլորվեց ներքեւ։

Շտապ օգնության մեքենան անշունչ միլիոնատիրոջը իսկույն հասցրեց մոտակա հիվանդանոցը, որտեղ բժիշկը հավաստեց ուղեղի արյունազեղումից առաջացած մահ։

Բայց նրա ազգանունը, թեեւ աղավաղված, շարունակում էր փայլել երկնքում։ Աստղերը դադարել էին շարժվելուց, նրանք դարձյալ քարացել էին անփոփոխ դիրքով, որպեսզի ավետեն՝

«Լվացվեք Սնիվլիի օճառով»։

Աստղագիտության կամ ֆիզիկայի (ինչպես նաեւ սեւ մոգության) ասպարեզում քիչ թե շատ իրեն գիտակ համարող մարդկանց անհամար բացատրություններից առավել պարզ ու տրամաբանական (եւ ճշմարտությանը մոտ) բացատրությունը եղավ Ուենդել Մեյնի՝ Նյու Յորքի աստղագիտական ընկերության պատվավոր նախագահի առաջադրածը։

— Միանգամայն ակնհայտ է,— հայտարարեց պրոֆեսոր Մեյենը,— որ դա լուսաբեկման միջոցով ստեղծած օպտիկական պատրանք է։ Հասկանալի է, մարդուն ենթակա եւ ոչ մի ուժ չի կարող ազդել աստղի վրա։ Հետեւաբար, իրականում բոլոր աստղերը երկնակամարում զբաղեցնում են իրենց նախկին դիրքերը։ Ես համոզված եմ, որ Սնիվելին գտել է մթնոլորտի վերին շերտերում աստղերի լույսը բեկելու այնպիսի եղանակ, որ տպավորություն ստեղծվի, թե աստղերը տեղաշարժվում են։ Ինչ֊որ տեղ հիմա էլ աշխատում են նրա հաղորդիչները, ուղարկելով որոշակի հաճախականության ալիքներ։ Թեեւ մենք առայժմ չգիտենք, թե ինչպես է նա դրան հասել, բայց եւ այնպես դաշտի ստեղծման գաղափարը, որը ընդունակ է ոսպնյակի կամ ձգողության ուժի պես լուսային ալիքները շեղել իրենց ուղուց՝ ինքնին վերցրած անհնարին բան չէ։

Նա խոսում էր շատ երկար, բայց բավական է բերել միայն նրա ելույթի վերջին մասը։

— Այդ էֆեկտը չի կարող հավերժական լինել, ինչպես հավերժական չէ այն ստեղծող հաղորդիչը։ Վաղ թե ուշ Սնիվելիի մեքենան կգտնվի ու կանջատվի, կամ էլ ինքն իրեն կփչանա, մի որեւէ մասը շարքից դուրս կգա…

Պրոֆեսոր Մեյենի եզրակացությունների ճշտությունը հաստատվեց, երբ այս իրադարձություններից երկու ամիս եւ ութ օր հետո Բոստոնի էլեկտրական ընկերությունը էլեկտրական վարձը չվճարելու համար դադարեց հոսանք մատուցել Ուեսթ֊Ռոջերստրիթի 901 տանը, որը գտնվում էր տասը թաղամաս հեռու Սնիվելիի առանձնատնից։

Հետաքննությունը ցույց տվեց, որ կես տարի առաջ այս տունը գնած Էլմեր Սմիթը ջրի երկու կաթիլի պես նման է եղել Ռեզերֆորդ Սնիվելիին, եւ կարելի էր բնավ չկասկածել, որ Էլմերը եւ Սնիվելին՝ միեւնույն անձնավորությունն են։

Տան տանիքում հայտնաբերեցին մի բարդ լաբիրինթոս, որը բաղկացած էր տարբեր կողմեր ուղղված եւ տարբեր երկարության չորս հարյուր վաթսունութ անտենաներից։ Հաղորդիչը, որին նրանք միացված էին, իր չափերով մեծ չէր սովորական ռադիոհաղորդիչից։ Զարմանալի է, բայց փաստ է։ Եվ, համաձայն էլեկտոաընկերության տվյալների, հոսանք էլ շատ չէր ծախսում։ Սակայն երբ փորձեցին բացել՝ այն վերածվեց փոշու։

Որքան էլ որ տարօրինակ թվա, կատարվածը գրեթե ոչ մի լուրջ հետեւանք չունեցավ։

Մարդիկ ավելի քնքշորեն էին վերաբերվոում աստղերին, բայց ավելի քիչ էին վստահում։

Ռոջեր Պֆլյուգերը դուրս եկավ բանտից եւ ամուսնացավ Էլսիի հետ, Սիեթլը պրոֆեսոր Միլտոն Հեյլի վրա թողեց չափազանց լավ տպավորություն, եւ նա ընդմիշտ բնակվեց այնտեղ։ Երկու հազար մղոն հեռավորությունից նա առաջին անգամ սիրտ արեց լեզու ցույց տալ իր ավագ քույր Ագաթային։ Նրա կյանքը դարձավ շատ ավելի հաճելի, բայց վտանգ կա, որ նրա նոր գրքերը այժմ ավելի ուշ֊ուշ լույս աշխարհ կգան։

Մնում է հիշատակել մի վշտալի փաստի մասին, որը տխուր խորհրդածությունների է մղում։ Այդ փաստը նույնքան նվաստացուցիչ է մեր հպարտության համար, որքան եւ բազմանշանակ։

Այն երկու ամիս եւ ութ օրվա ընթացքում, երբ գործում էր Սնիվելի հաղորդիչը, Սնիվելի օճառի պահանջարկը աճեց 915 տոկոսով։

  1. «Կրամբոլ» — նշանակում է «նավաքթի աջից կամ ձախից» (ծանոթ․ թարգմ․)։