Բուն

Գրապահարան-ից
Բուն

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Լևոն Խեչոյան Պատմվածքներ»

Երբ Բենոն պատերազմից հինգ օրով արձակուրդ եկավ ու գնում էր Գառնիկենց տուն, մենք էլ նրա ետեւից էինք գնում եւ ամբողջ թաղով մտածում, որ նրա հաջորդ գործը լինելու է Վալերի Բաղդասարովին սպանելը։ Ինչքան էլ Վալերի Բաղդասարովը շտապել ու լուսադեմին ավտոտնակից հանել էր ժիգուլին ու Ալիսի հետ հեռացել քաղաքից, մենք գիտեինք, որ հատուկ նշանակության ջոկատում ծառայող Բենոյի համար մոտոցիկլետը նստելն ու մի րոպեում նրա ճանապարհը կտրելը մեկ է լինելու։ Մենք դռանը սպասում էինք, նրա հետ չմտանք Գառնիկենց տուն։ Տասներորդ դասարանցի՝ թաղի ամենագեղեցիկ աղջիկը թույն խմեց, քիմիայի ուսուցիչը կախվեց, նրանց տուն էլ չգնացինք։ Դռանը բալենու տակ սպասում էինք, բայց Գառնիկի՝ Բենոյի հետ խոսակցությունը, բառ առ բառ գիտեինք։ «…Գոտկատեղից ներքեւ մարմինը, որ չաշխատի՝ ձեռնասայլակի վրա ընկած մնալ, դրանից վատ բան չկա… անճարությունը ավելի վատ է, թախիծը՝ առավել, դրանից վատ բան չկա, ավելի անտանելի է, երբ թախիծ էլ չկա, բայց գիշերները բուն վայում է… Տունը լքած կնոջ բնակարանում խորհրդավոր ձայներ կան։ Ճանճն է ընկնում թանով ամանի մեջ։ Պահարանում կախված վերնաշապիկի կոճակն է կտրվում։ Մոմն է հանգչում, երբ աներեւույթ թռչունների ստվերները, աքաղաղի առաջին կանչից վախեցած, հեռանալու ժամանակ թեւերն են թափահարում…»։

Բենոն դուրս եկավ։ Գնում էր տուն։ Մենք դարձյալ նրանից ետ էինք, նայում էինք կարճ խուզած գլխի՝ գագաթի երկու մազապտույտներին, գայթում էինք ինչի վրա պատահեր ու մտածում էինք, որ գնում է զենքը կապելու եւ մոտոցիկլետը հանելու։ Փողոց դուրս եկած, լվացքաջուր թափող կանայք նրա դեմքի վրա տեսածից ազդված՝ գոգնոցները սեղմում ու անձայն, արցունքոտ լացում էին։ Նրան դեմ հանդիման եկող տղամարդիկ աչքերի մեջ էին նայում, իրենց բարեւի պատասխանը չակնկալելով, հայացքները հողին, գլուխները կախ, անցնում էին։ Հինգ րոպեում մեր ամբողջ քաղաքն արդեն գիտեր, որ Բենոն վերադարձել է ու Գառնիկի տնից գնում է իր տուն։ Նա ներս մտավ, մենք բակում սպասում էինք։ Երկար կանգնել էինք, Բենոն մոտոցիկլետը չէր հանում։ Նրա եղբոր տղային՝ Սահակին ասացինք, «Գնա տես՝ ի՞նչ է անում»։ Սահակը վերադար ձավ, ասաց․ «Ուզում է բվին սպանել»։ Մենք շփոթվեցինք, չէինք խոսում, հետո հարցրի․ «Ի՞նչ բու»։ Ասացինք․ «Այդ ի՞նչ բու է, որ ոչ ձայնն ենք լսել, ոչ էլ տեսել ենք»։ Սահակն ասաց․ «Թխկիների պուրակում, ծառի վրա է ապրում, գիշերները կանչում է»։ Փորձեցինք հիշել, մեզանից ոչ ոք նրա ձայնը չէր լսել։

Մտածեցինք, որ Բենոն մինչեւ բվին սպանի ու մոտոցիկլը դուրս հանի, Վալերի Բաղդասարովը Ալիսի հետ երկար տարածություն անցած կլինի, ու Բենոյի համար նրա ճանապարհը կտրելը դժվար կլինի։ Մյուս կողմից էլ լրագրերից ու հեռուստատեսությունից գիտեինք, թե թշնամու թիկունքում Բենոն ինչ էր արել, ու Վալերի Բաղդասարովը, որտեղ էլ թաքնվի, Բենոն նրան ծակից կհանի։ Ու սկսեցինք թերթերի ու հեռուստատեսության հաղորդումները, մանրամասնորեն հիշելով, վերապատմել։ Հետո մեկն ասաց․ «Էս ինչո՞ւ դուրս չի գալիս․ հիմա բժիշկն ու Ալիսը, ո՞վ գիտե, ու՞ր հասան»։ Սահակին մի անգամ էլ ուղարկեցինք տուն։ Սահակը վերադարձավ ու ասաց․ «Սպասում է արեւը լավ վեր գա ու օրը պայծառանա»։ Զարմացած ու շշմած էինք։ Հարցրի․ «Ինչո՞ւ»։ «Մեթոդ է, կռվելու այդպիսի ձեւ կա»։ Սահակին հարցեր չէինք տալիս, իրար հետ էլ չէինք խոսում։ Մեր հանկարծակի շփոթը ցրելու համար, Սահակն ինքը խոսեց․ «Լույսի մեջ է բվի տեսողության գաղտնիքը, արեւն ինչքան տաք լինի, այնքան ուժեղ կդաղի բվի աչքերն ու նրա կուրությունը կատարյալ կդարձնի»։ Մեր հայացքները դես ու դեն էին պտտվում, կոշիկի քթներով հողն էինք խազմզում։ Սահակն էլի խոսեց․ «Օրվա առաջին կեսին բվի լսողությունը դեռ սթափ է, կարողանում է ձայներով կողմնորոշվել, բայց երբ սկսվում է շոգը, տոթը խցանում է ականջներն ու մեկուսացնում աշխարհից։ Բվի միակ փրկությունը անշարժությունն է ու մագիլներով ծառի ճյուղից բռնած՝ գիշերվան սպասելը…»։ Հասկացանք, որ Բենոն սպասում է, թե երբ պիտի թեժ լույսը կտրի բվի աչքերը, ու ականջներով ծորացող շոգը այրի ուղեղը, եւ նրան ներսից խփի տենդն ու դողէրոցքը։ Մեր հարգանքը կրկնապատկվեց Բենոյի նկատմամբ, երբ կենդանաբանության ուսուցիչը հաստատեց նրա իմացության գիտական իսկությունը, ու մենք գիտեինք, որ հատուկ ծառայության ջոկատի շարքերում լինելու համար առերեւույթ այդպիսի երկրորդական, բայց կարեւոր գիտելիքներ են անհրաժեշտ։

Արեւը երկնքի կենտրոնում էր, նայել չէր լինում, ու տոթը իջավ։ Բոլորս քրտնել էինք, Բենոն տանից դուրս եկավ ու քայլեց առջեւից։ Մենք թիկունքից տեսնում էինք նրա կարճ խուզած գլխի՝ գագաթի երկու մազապտույտները։ Երբ մեղվի պարսերին սարսափեցնելով՝ արեւածաղկի դաշտերով էլ անցանք ու մոտենում էինք թխկիների պուրակին, Ռազմիկը վազելով եկավ դեպի մեզ, Բենոյին ասաց․ «Մի քիչ առաջ ես իմ աչքով եմ տեսել, այ էն ծառի վրա է»։ Մենք սինձ էինք ուտում։ Բենոն նրան մի բառով կտրեց․ «Գիտեմ»։ Ու կրկին առաջ անցավ։ Արշակը մեզ ասաց․ «Հիմա կտեսնեք, երկու կրակոց՝ դըմ, դըմ, ընդամենը երկու կրակոց, նրա ոճն է այդպիսին, երկուսից ավել չի կրակի, ու վերջ բվին…»։ Մենք հավատում էինք, որովհետեւ Բենոյի աչքերը կանաչ էին, իսկ կանաչ աչքը ամենալավ նշանառուն է։ Մի քիչ էլ ետ մնացինք, որ մեր աղմուկը չշեղի Բենոյին։ Մեզանից մեկն ասաց․ «Այս տոթն ու արեւի պայծառությունը կարող է Բենոյին էլ վնաս տա․ մարդու աչքերի առաջ սեւ կետեր են վազվզում»։ Ասացինք․ «Քեզ՝ հա, նրան՝ չէ։ Նա իր գործը գիտե»։

Կանգնեց ծառի տակ, ատրճանակը հանեց ու ընդամենը երկու անգամ կրակեց։ Կարծես առանց նշանառության, կարծես պատահական տեղի վրա, արագ ու միանգամից։ Ծառի բարձր գագաթից, ճյուղերին զարնվելով, մարմին էր ընկնում։ Կեն դա նա բա նության ուսուցիչն ասաց․ «Երաշտահավ է, հանրապետությունում նստակյաց թռչուն է, թեւերը եւ պոչը՝ կապտամոխրագույն, մեջքը՝ կանաչավուն, քաշը տասնութից քսանմեկ գրամ է, թեւերի երկարությունը…»։ Բենոն ասաց․ «Տեղը փոխել էր…»։ Ետ էինք գալիս, տների կարմիր ու կանաչ շիկացած թիթեղյա կտուրների վրա՝ տոթի մեջ, օդը կտրտվում, դողում էր։ Բենոն առջեւից էր գնում, մտածում էինք, որ բուն չկա գուցե հիմա նա մոտոցիկլը դուրս բերի։ Մտավ տուն, Սահակին միանգամից ուղարկեցինք լուրերի։ Սահակը վերադարձավ, ասաց․ «Մոտոցիկլը չի հանելու, գիշերն անձամբ ինքն է ճշտելու բվի տեղը»։ Ասացինք․ «Էս ի՞նչ բան է։ Բուն է կարեւո՞ր, թե՞ բժիշկ Վալերի Բաղդասարովը։ Եթե այսօր էլ չհետապնդի նրան, բժշկին էլ արհամարհել պետք չէ, ո՞վ գիտե՝ մի օրվա ընթացքում ուր կհասնի…»։

Մեկն էլ ասաց․ «Ալիսը շատ է գեղեցիկ»։ Մութն իջավ, արդեն գիշերային թիթեռներն էին թռչում։ Վարդանի կինն էր հղիացել ամուսնությունից տասնհինգ տարի հետո՝ առաջին անգամ, գնացինք նրանց տուն՝ Վարդանի հետ աչքալուսանք խմելու։

Առավոտյան, երբ կրկին եկանք Բենոյենց բակը, չկար մեկը, որ ամբողջ գիշեր լսած չլիներ բվի կանչը։ Որպեսզի անիմաստ վեճ չստացվի, որոշեցինք, որ նրա գտնվելու տեղի եւ տարբեր ուղղություններից կանչը լսելու վերաբերյալ մեր տարակարծության պատճառը տների ու պատուհանների տարբեր դիրքերն են եւ քամու փոփոխական անցումները։ Ռազմիկենց կտուրին աքիս կար՝ խոտի դեզի մեջ։ Ռազմիկն ասաց, «Շուն եկած լիներ, շան շնչառությունը լավ գիտեմ, որ օտար մարմնից հոտ է քաշում, սվսվացնում է ու փռշտում, միանգամից կիմանայի։ Սա ուրիշ էր, կտուրին թեւաբախությունից թափվող պաղ մի բան կար։ Դուրս եկա, տեսնեմ երկնքից կորագիծ, երեք աստղեր են իջնում։ Մի աստղ, երկու աստղ տեսել եմ, այս տարիքի մարդ եմ՝ միանգամից երեք աստղերի ընկնել չէի տեսել։ Հիմա ներսս հո մի ուրախություն չի բռնել, սիրտս պատռվում էր, խնդությունը մեջիցս դուրս էր թափվում։ Իջա տեսնեմ՝ կրակի վրա դրված, երեխու կաթը վառվել էր…»։ Ասացինք․ «Անիմաստ խոսակցություն է, բվի թաքստոցի մասին ոչ Ռազմիկը, ոչ էլ մենք, միայն Բենոն կիմանա, քանի որ ամբողջ գիշեր դարան է նստել ու հետեւել նրան»։

Սահակը տանից դուրս եկավ, ասաց․ «Բենոն նրա տեղը հաստատ գիտե, սպասում է տժտժացնող արեւին ու շոգի՝ աչքի մեջ արյուն կաթեցնելուն»։

Շոգը տանձենուն էլ խփեց, ծառից տանձն ընկավ։ Բենոն դուրս եկավ։

Ինքն էլ էր քրտնած, մենք էլ։ Նրա ներբանների կարմիր հողից, տաբատի փողքերին կպած փշերից ու թախծոտ աչքերից հասկացանք, որ ամբողջ գիշեր քայլել է ու չի քնել։ Բայց մեր առաջն ընկած՝ նրա վստահ քայլվածքից, գուշակում էինք, որ գիշերը դարանել ու հաստատ ճշտել է բվի տեղը։ Երկաթգծի կայարանի թարթող, գունավոր լույսերի մոտով էլ անցանք ու մտանք բարդիների ու եղեւնիների անտառը։ Չնայած մենք լավ գիտեինք, որ օրվա այդ պահին արեւն ու տոթը բվի հետ արդեն արել են իրենց գործը, ու ոչ մեր մոտենալը կտեսնի, ոչ էլ մեր ձայները կլսի, բայց ապահովության համար, Բենոյից ավելի ետ մնացինք։ Նա բարդու ծառի տակ ոտքերն իրարից հեռու դրեց, ու իր ոճի երկու կրակոց իրար ետեւից գնացին՝ մի ակնթարթում հայացքով շոշափած նշանակետի վրա։ Հետո մարմինն ընկավ, մեզ հետ եկած շունը վրա վազեց, մենք էլ վազեցինք։ Կենդանաբանության ուսուցիչն ասաց․ «Կեռնեխ է։ Արուն լրիվ սեւ է, էգը՝ մոխրագույն։ Բնակվում է առավելապես սաղար թավոր անտառներում։ Քաշը լինում է յոթանասունհինգից հարյուր գրամ, թեւերի երկարությունը…»։ Կեռնեխն ընկել էր, բայց մի փետուր դեռ օդի մեջ, ոլորապտույտ սահելով, իջնում էր։

Բենոն ասաց․ «Տեղը փոխել էր…»։ Բենոն առջեւից էր գնում։ Թիկունքից տեսնում էինք կիսաճտքավոր կոշիկների ներբաններին կպած կարմիր հողն ու կարճ խուզած գլխի գագաթի երկու մազապտույտները եւ մտածում էինք, որ բու չկա, գոնե հիմա դուրս կհանի մոտոցիկլետն ու կգնա բժիշկ Վալերի Բաղդասարովի ետեւից։

Սահակին ուղարկեցինք լուրերի։ Ռազմիկն ասաց․ «Բենոն այդ տղան չէ, որ թողնի բժիշկն իր ընկերոջ կնոջը տանի»։ Սաշիկը ցան կա պատի վրայից նայեց եւ եկավ, թե․ «Ես տեսա, Բենոն բենզին է լցնում, էսա մոտոցիկլը դուրս կքաշի»։ Չգիտեմ՝ ով էր՝ ասաց․ «Գառնիկի պորտից ներքեւ ոչ մի տեղը չի աշխատում, Ալիսը չէ, մեր կանանցից որն էլ լիներ, կգնար բժիշկի հետ։ Գնդակը էնպես պինդ է նստած ողնաշարի մեջ»։ Դերոն էր։ Չխոսեցինք, բայց հեգնախառն նայում էինք նրան։ Մտածում էի՝ սրան ասե՞մ, թե՞ չասեմ։ «Իսկ դու, ինքդ քեզ հարցրե՞լ ես՝ շաբաթվա երեք օրը որտե՞ղ է քո կինը։ Թե՞ այդ մի քանի օրվա համար Վալոդին հարցնենք»։ Տղաներից մեկը բարձրաձայն ասաց․ «Դերո, դու թող, այստեղից գնա, վրայիցդ անդուր հոտ է գալիս։ Գնա ու ետ չնայես»։ Դերոն ձայն չհանեց, բայց չէր գնում։ Ետ քաշվեց պատի տակ, նստեց քարին, ուզում էր ծխել։ Նրա վառած լուցկու հատիկը փչեցինք մատների արանքում, ասա ցինք․ «Գնա, չծխես»։ Նա թե․ «Ես էլ եմ լսել բվի կանչը, նրան տեսել եմ էլ»։

Սահակը եկավ, ասաց․ «Մոտոցիկլետը չի հանելու, գիշերը դարձյալ գնալու է բվի ետեւից ու գիշերացույց հեռադիտակով հետեւելու է նրա տեղաշարժերին, վաղը հաշիվները վերջացած կլինեն»։ Մենք արդեն համաձայն էինք, թեկուզ վաղը Բենոն իր մենամարտը վերջացնի բվի հետ ու գնա բժշկի հետեւից։ Մենք չէինք ուզում, որ Գառնիկին բուժող Վալերի Բաղդասարովը նրա կնոջը տաներ։ Բենոյի թախծոտ աչքերից գուշակում էինք, որ նա էլ է այդպես մտածում, եւ նրանց հեռու կամ մոտիկ լինելը ոչ մի նշանակություն չունի, որտեղ էլ թաքնված լինեն, գտնելու է ու կանգնի գլխներին։

Առավոտյան, երբ եկանք Բենոյենց բակը, ուրիշ թաղերից էլ մարդիկ էին եկել, որ գիշերը չէին քնել գերեզմանոցից լսվող բվի կանչից։ Տեսնողներ էլ էին եղել։ Արշակն ասաց․ «Բուն մուկ է սիրում։ Մուկ, աքիս֊մաքիս սիրող կենդանի է, գիշերվա երեքն էր, չորսն էր, մեկ էլ լսեմ՝ տան վրա երկնքից շրջապտույտ, շրջապտույտ թեւերի թարթափ է իջնում։ Անցյալ տարվանից այգին մուկ էր մտել։ Փարինջը որ մաքրեցինք, մուկ ընկավ։ Ասի, ահա ուրեմն բուն եկավ մուկ տանելու, այդ պահից էլ՝ Զաբելը հո չսկսեց քնի մեջ խոսել։ Խոսում է, խոսում է, առանց դադարի, կորած մոր հետ էր խոսում։ Դուրս եկա, մսի մի կտոր հագցրի որսի թակարդին ու դրեցի այգում, ասի այ ցելողը, ով էլ որ լինի, ես նրան պիտի բռնեմ…»։ Սպասում էինք, որ Բենոն դուրս գա։ Շոգը՝ թանձր ու ծանր, կանգնել էր։ Բաց, ամայի տարածքները բովվում էին արեւի տակ։ Ցանկապատի պաղ քարերի մեջ, ճանապարհից մողեսներ անցան, գերեզմանոցի կարմիր հողի պատճառով, միայն այնտեղի մողեսներն էին այդքան կավագույն կարմիր։ Սահակը եկավ, ասաց․ «Բենիկն ընդհանրապես տուն չի եկել, լուսացրել է անտառում։ Գիշերացույց հեռադիտակով նշել է բվի տեղը, ու էլ այսօր նրան պրծում չկա»։ Մեր բազմությունը գնաց անտառ, երբ հասանք խորխորատի եզրին, աղմկողներին ու ծխողներին ասացինք․ «Վերջ, այստեղից ծպտուն չհանեք, օրը դեռ նոր է սկսվել, աշխարհի ձայների ու բուրմունքների նկատմամբ զգոնությունը դեռ չի կորցրել բուն»։ Վերին թաղերից եկած, չիմացող ներին բացատրեցինք, որ «շիկացած արեւը պիտի բռնի բվի տեսողու թյունը, ու թեժ շոգը արյուն կաթեցնի ուղեղին,– ասացինք,– իսկ հետո կտեսնենք, թե Բենիկն ինչ կանի»։

Բենոն թաքստոցից դուրս եկավ անձայն, միայն ձեռքով նշան արեց, որ կանգնած տեղներիցս էլ առաջ չգնանք։ Նրա աչքերը անհաղորդ էին ու կարմրած։ Հասկացանք, որ ամբողջ գիշեր գնացել է բվի ետեւից, գիշերացույց հեռադիտակով գտել է նրա ծառը ու այս անգամ ցրիվ է տալու։ Մեզանից մեկն ասաց, դարձյալ Դերոն էր, աննկատ եկել էր մեզ հետ, ու չէինք տեսել, ասաց․ «Բենոյի աչքերը տխուր էին, կարո՞ղ է անքնության պատճառով ձեռքը դողա ու վրիպի»։

Լավ տեղյակներս ու Սահակն էլ ասացինք․ «Չէ, հնարավոր չէ։ Նա սովոր է, նրան նշան բռնել էլ պետք չէ, միայն նկատի ու վերջ։ Կտեսնեք»։

Սպասում էինք, հետո երբ հրե գունդը եկավ ու կանգնեց երկնքի կենտրոնում, խոտերը կծկվեցին, ու գետնից բովված հողի բուրմունքը բարձրացավ, արդեն մենք էլ էինք նվաղել, բուն էլ բացարձակ կույր էր։ Թանձր շոգն ու տոթը խցանեցին ականջները, աշխարհը փակվեց, լարվեց, մագիլները խրել էր ծառի մեջ, հոգնություն՝ չի կարողանում շարժվել, օդը չի բավարարում, երակ ները պրկվել են, խշշում է։ Թոքերը մեծացել, էլի փքվում են, խոշորա նում են, ամբողջ կուրծքն են բռնել՝ մինչեւ կոկորդը, բերանով է շնչում, բերանը բաց է, թմրություն, մարում է գիտակցությունը, բնազդը, երկաթե պաղը բարձրանում է ոտքերից, լցվում է մարմինը, մահացու ցուրտը նորից շոշափեց մարմինը, խավարը, մրսելը, տենդը, դողէրոցքը…

Բենոն պառկած տեղից ցատկեց, ու առանց նշանառության՝ երկու կրակոցներ գնացին իրար ետեւից։ Մենք վազեցինք։ Վերին թաղերից եկած մեկը կռատուկի հաստ ցողունի վրա գայթեց, ընկնել֊ելնելով ասաց․ «Ատրճանակով թռչուն խփելը այդքան էլ հեշտ չէ, որսորդա կան հրացան լիներ՝ ուրիշ բան»։ Ասացինք․ «Ինքդ կտեսնես»։ Երբ հասանք, ծառի տակ մի սեւագլուխ շահրիկ էր ընկած, թպրտում ու թեւերը խփում էր հողին։

Բենոն ասաց․ «Բուն տեղը փոխել էր»։ Տուն էր վերադառնում, մենք էլ ետեւից տեսնում էինք կարճ խուզած գլխի գագաթի երկու մազապտույտները ու կիսաճիտք կոշիկների ներբաններին կպած կարմիր հողը։ Գիտեինք, որ հիմա, հաստատ, մոտոցիկլետը դուրս կբերի։ Արտեմն ասաց․ «Արդեն երեք օր է անցել, երեք օրում բժիշկը կարող էր հանրապետության սահմաններից էլ դուրս գալ»։ Ասացինք․ «Դու հավատո՞ւմ ես քո ասածին, Բենոն կգտնի նրանց»։ Բակում սպասում էինք ու նայում ժամացույցներիս՝ խոշորացած չափերով, մեր ոսկորները լսում էին ժամացույցի ու արյան զարկերը։ Երեխա ների՝ շշերով բերած ջուրը իրար փոխանցելով՝ խմում էինք ու սպասում Սահակին, թե ինչ լուր կբերի։ Սաշիկը գնաց, դարպասի ճեղքից նայեց, գլխավերեւը պտտվող իշամեղվին օդի մեջ խփել֊խփելով ու վրիպելով եկավ, թե․ «Բենիկը մոտոցիկլը բենզին է լցնում»։ Մենք այդպես էլ գիտեինք, Բենոն ու Գառնիկը նույն ջոկա տից էին եղել, Ալիսին այդքան հեշտ վերցնել ու գնալ… Բենոն այդ գործից ձեռք չի քաշի։ Ուզում էինք, որ նա շուտ գտնի բժշկին։

Արդեն կավագույն մողեսները վերադառնում էին կարմիր հողերը, ծիծառների դարձդարձիկ չուն տանիքների բարձրությանն էր հասել, գույները ստվերներին էին խառնվում։ Բենոն տանից դուրս չէր գալիս։ Մեկը բարձրացավ ցանկապատը, նայեց, թե «Բենոն մոտոցիկլետը բենզին է լցնում»։ Երեկո դարձավ, կապույտ սարերից եկած պաղը բացեց շոգի մեջ փակված բուրմունք ների հոսքը, բոստաններից մաղադանոսն ու սխտորի հոտը թմբիր բերեցին։

Լուս ու մութ էր․ հասարակական բաղնիքի ետեւի լճակում գորտերը կռկռացին․ երկնքի սեւը՝ ճերմակով կտրող ասուպն էլ շեղակի անցավ։

Սահակը եկավ, մեզ հետ ծխեց, ասաց․ «Բենոն մոտոցիկլետը դուրս չի հանելու…»։