Վերջին թարմացում 17 Դեկտեմբերի 2014, 15:28

Գայլի որդին



Գայլի որդին

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վահան Վարդանյան

Տղամարդը հազվադեպ է հասկանում թե որքան մեծ բան է իր համար մտերիմ կինը․ համենայն դեպս, նա կնոջը ինչպես հարկն է չի գնահատում, մինչև որ չի զրկվում ընտանիքից։ Նա չի նկատում այն նուրբ, անտեսանելի ջերմությունը, որ կնոջ ներկայությամբ ստեղծվում է տանը․ բայց հենց որ այն անհետանում է՝ նրա կյանքում դատարկություն է առաջանում, և նա անորոշ թախծում է ինչ-որ բանի համար, ինքն էլ չիմանալով, թե ինչի պակաս է զգում։ Եթե նրա ընկերները ավելի փորձառու չեն, քան ինքը, ապա նրանք կասկածանքով գլուխները կօրորեն ու կսկսեն նրա որովայնը լցնել ուժեղ ներգործող դեղերով։ Բայց քաղցը չի անցնում, ընդհակառակը, ավելի սաստիկ է տանջում, մարդ կորցնում է ճաշակը սովորական, առօրյա գոյության նկատմամբ, դառնում է խոժոռ ու մռայլ, և ահա մի գեղեցիկ օր, երբ ներսը կրծող դատարկությունը անտանելի է դառնում, նա վերջապես կռահում է։

Երբ Յուքոնում է այդպիսի բան պատահում մարդու հետ, նա սովորաբար նավակն է գործի դնում, եթե դա տեղի է ունենում ամռանը, իսկ ձմռանը լծում է իր շները և սլանում դեպի հարավ։ Մի քանի ամիս անց, եթե նա սիրահարված է Հյուսիսին, այստեղ է վերադառնում կնոջ հետ, որը ստիպված է նրա հետ կիսել այդ ցուրտ երկրամասի նկատմամբ տածած սերը, ինչպես նաև բոլոր դժվարություններն ու չարչարանքները։ Ահա զուտ տղամարդկային եսասիրության մի ավելորդ ապացույց։ Եվ այստեղ ակամայից հիշում ես մի դեպք, որը կատարվել է Բիրյուկ Մաքենզիի հետ այն հեռավոր ժամանակներում, երբ Քլոնդայկը դեռ ոսկու տենդ ու չեչակոների[1] ասպատակություն չէր տեսել և հայտնի էր միայն որպես մի վայր, որտեղ կարելի էր հիանալի կերպով սաղմոն որսալ։

Բիրյուկ Մաքենզիի մեջ առաջին հայացքից կարելի էր տեսնել ռահվիրայի, հողեր յուրացնողի։ Նրա դեմքի վրա իրենց դրոշմն էին դրել բնության ահեղ ուժերի դեմ մղած անդուլ պայքարի քսանհինգ տարիները․ և ամենածանրը եղել էին վերջին երկու տարիները, որ նա անցկացրել էր Բևեռային շրջագծի ծածկոցի տակ թաքնված ոսկին որոնելով։ Երբ դատարկության կրծող զգացումը տիրեց Բիրյուկին, նա չզարմացավ, քանի որ գործնական մարդ էր և իր կյանքում արդեն հանդիպել էր նույն ցավով տառապող մարդկանց։ Բայց նա ոչնչով ցույց չտվեց իր հիվանդությունը, այլ միայն սկսեց ավելի կատաղորեն աշխատել։ Նա ամբողջ ամառ կռվեց մլակների դեմ և ապագա հանույթին համապատասխան հանդերձանք ձեռք բերելով, ոսկեբեր ավազի լվացումով զբաղվեց Սթյուարտ գետի ստորին հոսանքում։ Հետո մեծ գերաններից լաստ սարքեց, Յուքոնով իջավ մինչև Քառասուներորդ Մղոնը և մի հիանալի տնակ կառուցեց իր համար։ Դա այնքան ամուր ու հաճելի տուն էր, որ շատերը ցանկացան այն բաժանել Բիրյուկի հետ։ Բայց նա զարմանալիորեն հակիրճ ու արտահայտիչ մի քանի խոսքով փշրեց նրանց հույսերը և մոտակա ֆակտորիայում պարենամթերքի կրկնակի պաշար գնեց։

Ինչպես արդեն ասացինք, Մաքենզին գործնական մարդ էր։ Սովորաբար, որևէ բան ցանկանալիս, նա հասնում էր իր ուզածին, ընդ որում, հնարավորության սահմաններում, չէր դավաճանում իր սովորություններին ու չէր շեղվում իր ճանապարհից։ Ծանր աշխատանքն ու վարձությունները նորություն չէին Բիրյուկի համար, սակայն բոլորովին էլ հաճելի չէր շնասահնակով վեց հարյուր մղոն անցնել սառցի վրայով, այնուհետև երկու հազար մղոն կտրել օվկիանոսով և, վերջապես, էլի մի հազար մղոն գնալ մինչև այն վայրերը, ուր ինքը նախկինում ապրել էր, և այդ բոլորը սոսկ հանուն այն բանի, որ կին գտնի իր համար։ Կյանքը շատ կարճատև է։ Այդ պատճառով էլ նա լծեց իր շներին, մի փոքր անսովոր բեռ կապեց սահնակին և շարժվեց այն լեռնաշղթայի ուղղությամբ, որի արևմտյան լանջերից սկիզբ է առնում Թանանա գետը։

Նա չէր հոգնում ճանապարհին, իսկ նրա շները Յուքոնում համարվում էին ամենատոկուն, ամենաարագավազ և սակավապահանջ լծվածքը։ Եվ երեք շաբաթ անց նա հայտնվեց Թանանայի վերին հոսանքում ապրող սթիքս ցեղի բնակատեղում։ Նրան տեսնելով՝ ամբողջ ցեղը զարմացավ։ Թանանայի վերին հոսանքի սթիքսերի մասին վատ լուրեր էին պտտվում․ նրանք մեկ անգամ չէ, որ սպիտակամորթի էին սպանել այնպիսի դատարկ բանի համար, ինչպիսին են սուր կացինը կամ կոտրված հրացանը։ Բայց Բիրյուկ Մաքենզին նրանց մոտ եկավ մենակ, ու նրա ամբողջ վարվեցողության մեջ հեզության, անբոնազբոսիկության, սառնասրտության և անպատկառության հմայիչ խառնուրդ կար։ Հարկավոր է մեծ արվեստ և վայրենու հոգեբանության խոր իմացություն ունենալ այդքան բազմազան զենքից հաջողությամբ օգտվելու համար, բայց Մաքենզին այդ գործերում մեծ վարպետ էր ու լավ գիտեր, թե երբ պետք է հաճոյանալ և երբ շանթ ու որոտ արձակել։

Ամենից առաջ նա իր հարգանքը հավաստեց ցեղի առաջնորդ Թլինգ-Թինեհին, մի քանի ֆունտ սև թեյ ու ծխախոտ մատուցեց նրան և այդպիսով նվաճեց նրա բարյացակամությունը։ Այնուհետև ծանոթություն հաստատեց ցեղի տղամարդկանց ու աղջիկների հետ և նույն երեկոյան փոթլաչ[2] տվեց նրանց համար։ Դոփդոփումով մոտ հարյուր ոտնաչափ երկարությամբ ու քսանհինգ ոտնաչափ լայնությամբ մի ձվաձև հրապարակ բացվեց ձյան մեջ։ Մեջտեղում մի հսկայական խարույկ վառեցին, իսկ շուրջը փռեցին եղևնաճյուղեր։ Ամբողջ ցեղը դուրս թափվեց վիգվամներից, և մի հարյուր կոկորդ հնդկացիական երգ երգեց ի պատիվ հյուրի։

Այդ երկու տարվա ընթացքում Բիրյուկ Մաքենզին սովորել էր հնդկացիների լեզուն՝ հիշողության մեջ պահել էր մի քանի հարյուր բառ, հաղթահարել կոկորդային հնչյունները, արտասովոր ձևերն ու դարձվածքները, մեծարանքի արտահայտությունները, մասնիկներն ու նախածանցները։ Եվ ահա նա սկսեց ճառ ասել, նմանեցնելով նրանց նախնադարյան պոեզիայով հարուստ լեզվին, շռայլորեն օգտագործելով գռեհիկ գեղեցկություններ, կոպիտ այլաբանություններ։ Թլինգ-Թինեհը և շամանը նրան պատասխանեցին նույն ոճով, հետո նա փոքրիկ նվերներ տվեց տղամարդկանց, նրանց հետ միասին երգեց և իրեն որպես հմուտ խաղացող դրսևորեց նրանց սիրելի «հիսուներկու» մոլի խաղում։

Եվ այսպես, հնդկացիները ծխում էին նրա ծխախոտն ու շատ գոհ էին։ Սակայն ցեղի երիտասարդությունը իրեն ուրիշ կերպ էր պահում, այստեղ զգացվում էր և մարտակոչ, և պարծենկոտություն։ Եվ դժվար չէր հասկանալ, թե բանն ինչումն է․ բավական էր լսել ջահել աղջիկների քմծիծաղը և անատամ պառավների կոպիտ ակնարկները։ Ճիշտ է, նրանք այնքան էլ շատ սպիտակամորթների՝ Գայլորդիների չէին տեսել, բայց այդ քչերն էլ որոշ դաս տվել էին նրանց։

Բիրյուկ Մաքենզին, իր կարծեցյալ անհոգությամբ հանդերձ, շատ լավ նկատում էր այդ բանը։ Ճիշտն ասած, գիշերը, քնապարկի մեջ մտնելով, նա մեկ անգամ ևս ամեն ինչ ծանր ու թեթև արեց, կշռադատեց մեծագույն լրջությամբ և շատ անգամ լցրեց ծխամորճը՝ անելիքների պլանը մշակելով։ Բոլոր աղջիկներից միայն մեկը գրավեց նրա ուշադրությունը, և ոչ թե պատահական մեկը, այլ ինքը Զարինկան՝ առաջնորդի դուստրը։ Նա խիստ աչքի էր ընկնում իր ցեղի աղջիկների մեջ. նրա դիմագծերը, կազմվածքը, կեցվածքը շատ էին համապատասխանում սպիտակամորթի՝ գեղեցկության պատկերացումներին։ Ինքը ձեռք կբերի այդ աղջկան, նրան կդարձնի իր կինր և կանվանի… այո, կանվանի Գերտրուդ։ Այս որոշմանը հանգելով, Մաքենզին՝ հաղթողների տոհմի իսկական որդին, շրջվեց կողքի վրա ու քնեց։

Դա դժվարին խնդիր էր և ժամանակ ու ջանք էր պահանջում, բայց Բիրյուկ Մաքենզին գործում էր խորամանկորեն, ընդ որում այնքան անվրդով տեսքով, որ բոլորովին շփոթեցնում էր հնդկացիներին։ Նա աշխատեց տղամարդկանց ապացուցել, որ ինքը հրաշալի հրաձիգ է ու աննման որսորդ, և բոլոր բնակիչները ծափահարեցին նրան, երբ նա վեց հարյուր յարդ հեռավորությունից արձակած գնդակով ցած գցեց իշայծյամին։ Մի անգամ երեկոյան նա առաջնորդ Թլինգ-Թինեհին այցելեց իշայծյամի ու եղջերվի մորթիներից պատրաստված նրա վիգվամում, շատ պարծեցավ ու ծխախոտ չխնայեց։ Նա առիթը բաց չթողեց նույն պատիվը տալու նաև շամանին. Մաքենզին շատ լավ գիտեր, թե ցեղն ինչպես է հաշվի նստում կախարդի խոսքի հետ, և անպայման ուզում էր նրա աջակցությունր ստանալ։ Բայց այս պատկառելի մարդը չափազանց գոռոզ պահեց իրեն, չկամեցավ զայրույթը փոխել գթասրտության, և Մաքենզին նրան հաստատապես մտցրեց ապագա հակառակորդների ցուցակի մեջ։

Զարինկայի հետ խոսելու առիթ չէր ներկայանում, բայց Մաքենզին անընդհատ նայում էր նրան, հասկացնել տալով, թե ինչ մտադրություն ունի ինքը։ Եվ աղջիկը, իհարկե, շատ լավ հասկացավ նրան, բայց երբ տղամարդիկ հեռու էին լինում, և Բիրյուկը, առիթից օգտվելով, կարող էր մոտենալ նրան, աղջիկը, կոկետություն անելով, իրեն շրջապատում էր կանանց խմբով, Բիրյուկը չէր շտապում, ըստ որում նա գիտեր, որ աղջիկն ակամա իր մասին է մտածում. թող ուրեմն մի երկու օր էլ մտածի, դա միայն իր օգտին է։

Վերջապես մի օր երեկոյան նա որոշեց, որ արդեն գործի անցնելու ժամանակն է։ Հանկարծ վեր կենալով, նա դուրս եկավ առաջնորդի խեղդուկ, ծխով լցված տնից և արագ քայլերով մտավ հարևան վիգվամը։ Զարինկան սովորականի նման շրջապատված էր կանանցով ու ջահել աղջիկներով: Նրանք բոլորն էլ զբաղված էին գործով․ մոքասիններ էին կարում կամ ուլունքներ շարում հագուստի վրա։ Մաքենզիին դիմավորեցին պոռթկացող ծիծաղով, նրան և Զարինկային ուղղված կատակներ արեցին, բայց Մաքենզին առանց քաշվելու կանանց իրար հետևից դուրս շպրտեց վիգվամից ուղղակի ձյան վրա, ու նրանք ցրվեցին բնակատեղիով մեկ, որպեսզի բոլորին պատմեն միջադեպի մասին։

Մաքենզին իր ասելիքը շատ համոզիչ կերպով շարադրեց Զարինկային՝ նրա մայրենի լեզվով (աղջիկը Մաքենզիի լեզուն չգիտեր) և մի երկու ժամ հետո պատրաստվեց գնալու։

– Ուրեմն, Զարինկան կգնա՞ ապրելու սպիտակամորթի վիգվամը։ Լավ։ Հիմա ես կխոսեմ հորդ հետ, միգուցե նա չի համաձայնվի։ Ես շատ նվերներ կտամ նրան, բայց թող ավելին չուզի։ Ասում ես՝ եթե հանկարծ «չէ» ասի՞։ Ի՜նչ արած, լավ։ Միևնույն է, Զարինկան կգնա սպիտակամորթի վիգվամը։

Նա արդեն բարձրացրել էր մորթին, որով վարագուրված էր մուտքը, բայց այդ պահին աղջիկը ցածր ձայնով կանչեց նրան, և նա անմիջապես ետ դարձավ։ Աղջիկը չոքեց հատակին փռված արջամորթու վրա. նրա դեմքը շողում էր այն լույսով, որով լուսավորվում են Եվայի իսկական դուստրերի դեմքերը. նա երկչոտությամբ քանդեց Մաքենզիի ծանր գոտին։ Բիրյուկը տարակուսանքով նայում էր նրան, երկյուղով ունկնդրելով դրսից լսվող ամեն մի շրշյունի։ Բայց աղջկա հաջորդ շարժումը ցրեց նրա կասկածանքները, և նա, իրեն շոյված զգալով, ժպտաց։ Աղջիկը իր ձեռագործների տոպրակից հանեց իշայծյամի մորթուց կարված մի պատյան, որի վրա ուլունքով ասեղնագործված էին երևակայական վառ զարդանախշեր։ Դուրս քաշեց Մաքենզիի որսորդական մեծ գանակը, արժանապատվությամբ նայեց սուր սայրին ու դրեց նոր պատյանի մեջ։ Հետո այն հագցրեց գոտու վրա և քաշեց իր սովորական տեղը՝ ձախ ազդրի մոտ։

Դա, իսկապես, նման էր հնադարյան տեսարանի՝ աղջիկն ու նրա ասպետը։ Մաքենզին աղջկան կանգնեցրեց ու բեղերը հպեց նրա ալ շուրթերին․ դա աղջկա համար անծանոթ, խորթ փաղաքշանք էր, Գայլի փաղաքշանք։ Այսպես քարե դարը հանդիպեց պողպատե դարին։


Երբ Բիրյուկ Մաքենզին, մեծ կապոցը թևի տակ դրած, նորից հայտնվեց Թլինգ-Թինեհի վրանի շեմքին, շուրջը արտասովոր աշխուժություն էր զգացվում։ Երեխաները վազվզում էին բնակատեղիով մեկ, ցախ ու խռիվ բերում փոթլաչի համար․ կանանց խոսակցությունը դարձավ բարձրաձայն, երիտասարդ որսորդները խումբ-խումբ հավաքվում էին ու մռայլադեմ խոսք փոխանակում, իսկ շամանի տնից կախարդանքի չարագուշակ ձայներ էին լսվում։

Առաջնորդը նստած էր կնոջ հետ, որն անկենդան, սառած աչքերով նայում էր ուղիղ իր առջև, բայց Մաքենզին անմիջապես հասկացավ, որ այն, ինչ ինքն ուզում էր ասել, այստեղ արդեն հայտնի է։ Նա ուլունքներով ասեղնագործված պատյանը փոխադրեց ամենաաչքի ընկնող տեղը՝ ի նշան այն բանի, որ նշանադրությունն արդեն ավարտվել է, և անմիջապես գործի անցավ։

– Ով Թլինգ-Թինեհ, հզոր տիրակալ սթիքսերի ցեղի և ամենայն Թանանա երկրի, իշխան սաղմոնի ու արջի, իշայծյամի ու եղջերվի։ Սպիտակ մարդուն քեզ մոտ բերել է մեծ նպատակը։ Արդեն շատ լուսիններ նրա տունը դատարկ է, և նա մենակ է։ Նրա սիրտը թախծում է լռության մեջ ու տանջվում կնոջ համար. թող կինը տան մեջ նստի նրա կողքին, թող դիմավորի նրան որսից վերադառնալիս, կրակ վառի օջախում ու կերակուր պատրաստի։ Սպիտակ մարդուն տարօրինակ բաներ են թվացել, նա փոքրիկ մոքասինների թփթփոց ու երեխաների ձայներ է լսել։ Ու մի գիշեր էլ տեսիլք է երևացել նրան։ Ագռավը՝ քո նախահայրը, մեծն Ագռավը, սթիքսերի ցեղի հայրը հայտնվեց նրան ու խոսեց հետը։ Ահա թե ինչ ասաց Ագռավը միայնակ սպիտակ մարդուն… «Հագիր մոքասիններդ ու կանգնիր դահուկների վրա, ու սահնակդ բեռնիր երկար ճամփաների համար անհրաժեշտ մթերքով և առաջնորդ Թլինգ-Թինեհի համար նախատեսված ճոխ նվերներով, քանի որ դու պետք է դեմքդ դարձնես այն կողմը, որտեղ աշխարհի եզրին թաքնված է գարնանային արևը, ու ճանապարհ ընկնես այն երկիրը, որտեղ որս է անում մեծն Թլինգ-Թինեհը։ Այնտեղ կտանես առատ նվերներ, և իմ որդին՝ Թլինգ-Թինեհը, քեզ համար հայր կդառնա։ Նրա վիգվամում կա մի աղջիկ, որին ես կյանքի շունչ եմ ներարկել քեզ համար։ Այդ աղջկան կնության կառնես»։ Օ՜ առաջնորդ, այսպես ասաց մեծն Ագռավը։ Ահա թե ինչու ես այս նվերները դնում եմ քո ոտքերի տակ։ Ահա թե ինչու եկել եմ կնության առնելու քո դստերը։

Ծեր առաջնորդը արքայական շարժումով ավելի կիպ փաթաթվեց իր մորթեղեն հագուստի մեջ, բայց ուշացնում էր պատասխանը։ Այդ միջոցին վրան մտավ մի փոքրիկ տղա, հաղորդեց, որ ցեղի խորհուրդը սպասում է առաջնորդին, և անմիջապես անհետացավ։

– Ով սպիտակ մարդ, որին մենք անվանեցինք Իշայծյամի Սարսափ, որը հայտնի է նաև Գայլ կամ Գայլի որդի անունով։ Գիտենք, դու սերում ես մեծ ցեղից. մենք հպարտ ենք, որ մեր հյուրը եղար, բայց կետան[3] հարմար զույգ չէ սաղմոնի համար։ Այդպես էլ Գայլը հարմար զույգ չէ Ագռավի համար։

– Ճիշտ չէ՛,– բացականչեց Մաքենզին։– Ես Ագռավի դուստրերին հանդիպել եմ Գայլի ճամբարներում՝ Մորթիմերի, Տրեժիդգոյի, Բերնեբի մոտ. նրա տունը սքվո[4] մտավ երկու սառցահոսք առաջ։ Եվ ես լսել եմ, որ ուրիշներ էլ կան, թեև նրանց սեփական աչքով չեմ տեսել։

– Դու ճիշտ ես ասում, որդիս, բայց դրանք վատ ամուսնություններ են․ նույնն է թե՝ ջրի ամուսնությունը ավազի հետ, ձյունափաթիլինը՝ արևի հետ։ Իսկ դու հանդիպե՞լ ես Մեյսոն անունով մարդու և նրա սքվոյին։ Ո՞չ։ Նա Գայլերից առաջինն էր, որ այստեղ եկավ տասը սառցահոսք առաջ։ Նրա հետ եկել էր մի հսկա, գրիզլի արջի պես ուժեղ և ուռենու շիվի պես սլացիկ, սիրտը ոնց որ լիալուսինը ամռանը։ Այ հենց նրան․․․

– Դա Մեյլմյութ Քիդն է,– ընդհատեց Մաքենզին, նկարագրությունից ճանաչելով Հյուսիսում բոլորին քաջ հայտնի անձնավորությանը։

– Հսկան հենց նա է։ Բայց դու երբևէ տեսե՞լ ես Մեյսոնի սքվոյին։ Նա Զարինկայի հարազատ քույրն է։

– Ոչ, առաջնորդ, ես նրան չեմ տեսել, բայց նրա մասին լսել եմ։ Հեռու-հեռավոր Հյուսիսում տարիների ծանրության տակ տապալվել է դարավոր սոճին և, ընկնելիս, սպանել Մեյսոնին։ Բայց նրա սերը մեծ է եղել, և շատ ոսկի է ունեցել նա։ Կինը վերցրել է ոսկին, վերցրել է որդուն, որ Մեյսոնն է թողել նրան, ու ճանապարհ ընկել, և անհամար չվերթներից հետո հասել է այն երկիրը, որտեղ ձմռանն էլ արև է շողում… Այնտեղ էլ նա ապրում է մինչև հիմա, այնտեղ չկան դաժան սառնամանիքներ, չկա ձյուն, ամռան կեսգիշերներին արևը չի լուսավորում, իսկ ձմռանը կեսօրին խավարը չի տիրում։

Այստեղ նրանց ընդհատեց երկրորդ սուրհանդակը և ասաց, որ խորհուրդը պահանջում է առաջնորդին։ Նրան դուրս շպրտելով ձյան մեջ, Մաքենզին թռուցիկ կերպով նկատեց, որ մարդիկ են շարժվում կրակի շուրջը, որտեղ ցեղի խորհուրդն էր հավաքվել, լսեց տղամարդկանց ցածրաձայն համաչափ երգը ու հասկացավ, որ շամանը զայրույթ է բորբոքում ցեղի մարդկանց մեջ։ Ժամանակը չէր սպասում։ Մաքենզին դարձավ դեպի առաջնորդը․

– Լսիր,– ասաց նա։– Ես ուզում եմ աղջկանդ կնության առնել։ Նայիր՝ ահա ծխախոտ, ահա թեյ, շատ աման շաքար, ահա տաք վերմակներ ու մեծ, ամուր թաշկինակներ, ահա և իսկական հրացան, ու վրան էլ շատ փամփուշտ ու շատ վառոդ։

– Ոչ,– առարկեց ծերունին, աշխատելով անձնատուր չլինել իր առջև փռված հսկայական հարստության հրապուրանքին։– Հիմա իմ ցեղը հավաքվել է խորհրդի։ Նա չի կամենա, որ ես Զարինկային տամ քեզ։

– Բայց առաջնորդը դու ես։

– Այո, բայց մեր երիտասարդները խիստ զայրացած են, որովհետև Գայլերը խլում են նրանց հարսնացուներին։

– Լսի՛ր, Թլինգ-Թինեհ։ Նախքան այս գիշերը ցերեկ կդառնա, Գայլը իր շներին կքշի դեպի Արևելյան լեռները և ավելի հեռու՝ դեպի Յուքոն։ Եվ Զարինկան ճանապարհ կբացի նրա շների համար։

– Բայց գուցե նախքան այս գիշերը կհասնի իր կեսին, իմ ջահելները Գայլի միսը կգցեն շների առաջ, ու նրա ոսկորները ձյան տակ կմնան, մինչև որ ձյունը հալվի գարնան արևից։

Սպառնալիք՝ ի պատասխան սպառնալիքի։

Մաքենզիի բրոնզագույն թուխ դեմքը շառագունեց։ Նա ձայնը բարձրացրեց։ Առաջնորդի պառավ կինը, որ մինչ այդ անտարբեր դիտողի դերում էր, փորձեց նրա մոտով կամացուկ անցնել դեպի դուռը։ Երգը ընդհատվեց, լսվեց բազմաթիվ ձայների աղմուկ, Մաքենզին կոպտորեն պառավին գցեց իր մորթեղեն անկողնու վրա։

– Ես նորից եմ դիմում քեզ, լսիր, ով Թլինգ-Թինեհ։ Գայլը մեռնում է՝ ծնոտները սեղմած, և նրա հետ մեկտեղ հավիտյան կքնեն քո ցեղի տասը ամենաուժեղ տղամարդիկ, իսկ տղամարդկանց կարիք շատ կլինի, որսի շրջանը նոր է բացվում և շատ լուսին չի մնացել, մինչև ձկան որսի սկսվելը։ Եվ ի՞նչ օգուտ կստանաս դու իմ մեռնելուց։ Ես գիտեմ քո ժողովրդի սովորությունները. իմ հարստությունից քեզ քիչ բաժին կընկնի։ Տուր ինձ քո աղջկան, և ամեն ինչ կմնա միայն քեզ։ Մի բան էլ ասեմ քեզ՝ այստեղ կգան իմ եղբայրները. նրանք շատ են և անկուշտ են. և Ագռավի դուստրերը երեխաներ կծննդաբերեն Գայլի տներում։ Իմ ցեղը քոնից ուժեղ է։ Տուր ինձ աղջկադ, և այս ամբողջ հարստությունը քոնն է։

Դրսում ձյունը ճռճռաց մոքասինների տակ։ Մաքենզին ուսից ցած բերեց հրացանը և բացեց գոտկից կախված երկու ատրճանակների պատյանները։

– Տո՛ւր, ով Թլինգ-Թինեհ։

– Բայց իմ ժողովուրդը «ոչ» կասի։

– Տուր, և այս հարստությունը քոնն է։ Իսկ քո ժողովրդի հետ ես հետո կխոսեմ։

– Թող լինի, ինչպես Գայլն է կամենում։ Ես կվերցնեմ նվերները, բայց հիշիր, ես քեզ նախազգուշացրել եմ։

Մաքենզին նվերները հանձնեց նրան, չմոռանալով բարձրացնել հրացանի պահպանակը, և որպես վրադիր տվեց մի մետաքսյա կուրացուցիչ վառվռուն թաշկինակ։ Այդ պահին ներս մտավ շամանը հինգ թե վեց երիտասարդ ռազմիկների ուղեկցությամբ, բայց Մաքենզին հանդգնությամբ մի կողմ հրեց նրանց ու դուրս եկավ վրանից։

– Պատրաստվի՛ր,– ողջույնի փոխարեն հակիրճ ասաց նա Զարինկային, անցնելով նրա վիգվամի մոտով, և շտապով սկսեց շներին լծել։

Մի քանի րոպե անց նա ներկայացավ խորհուրդ, հետևից տանելով իր լծվածքը․ աղջիկը քայլում էր նրա կողքով։ Նա տեղ գրավեց դոփդոփված հրապարակի վերին ծայրում, առաջնորդի կողքին։ Նա Զարինկային ասաց, որ կանգնի իր ձախ կողմում, մի քայլ ետ, ինչպես և պատշաճ էր նրան։ Ընդ որում, այն ժամանակ, երբ կարելի է չար բան սպասել, պետք է որևէ մեկը քեզ պահպանի թիկունքից։

Աջից ու ձախից կրակի վրա էին հակվել տղամարդիկ, նրանց ձայները միահյուսվել էին մի հնագույն, կիսամոռացված երգի մեջ։ Չի կարելի ասել, թե գեղեցիկ էր այն, այդ երգը՝ կազմված հինավուրց, անսպասելի անցումներից, անակնկալ դադարներից, ձանձրալի կրկնություններից։ Թերևս ավելի ճիշտ լինի այն անվանել սարսափելի։ Հրապարակի հեռավոր ծայրում տասի չափ կանայք ծիսական պարով պտտվում էին շամանի առջև։ Եվ շամանը զայրույթով հանդիմանում էր նրանց՝ ովքեր ոչ բավականաչափ ինքնամոռացությամբ էին անձնատուր լինում ծիսակատարությանը։ Կանայք, կիսով չափ փաթաթված ագռավի թևի պես սև ու արձակ թափված մազերով, դանդաղ օրորվում էին, և նրանց մարմինները ճկվում էին՝ անընդհատ փոփոխվող ռիթմին հնազանդ։

Տարօրինակ տեսարան էր այդ, իսկական անաքրոնիզմ: Այնտեղ՝ Հարավում ավարտվելու վրա էր տասնիններորդ դարը, նրա վերջին տասնամյակի վերջին տարիներն էին անցնում, իսկ այստեղ ծաղկում էր նախնադարյան մարդը, նախապատմական քարանձավային բնակչի ստվերը, հին ժամանակների չմոռացված բեկորը։ Շիկահեր գամփռները նստել էին գազանի մորթի հագած իրենց տերերի կողքին կամ կռվում էին կրակի մոտ տեղ գրավելու համար, և խարույկի ցոլքերն էին խաղում նրանց արնակալած աչքերում, թաց ժանիքների վրա։ Հեքիաթային ձյունածածկով պարուրված խուլ անտառը քնած էր խորունկ, շուրջը կատարվածի հանդեպ անտարբեր քնով։ Սպիտակ Լռությունը, որ մի պահ շպրտվել էր դեպի բնակատեղին շրջապատող թավուտները, ասես պատրաստվում էր նորից իրենով լցնելու ամեն ինչ․ աստղերը դողդողում էին ու պարում երկնքում, ինչպես միշտ Մեծ Ցրտի ժամանակ, և Բևեռային Ոգիները իրենց հրափայլ շորերն էին փռել երկնակամարով մեկ։

Բիրյուկ Մաքենզին, աղոտ կերպով գիտակցելով այդ տեսարանի վայրի վեհությունր, հայացքը սահեցրեց մորթեղեն հագուստով անշարժ կեցվածքների շարքերի վրայով, նայելով, թե ով է բացակա։ Մի ակնթարթ նրա աչքերը կանգ առան մի նորածին մանկիկի վրա, որը հանգիստ իր մոր բաց ստինքն էր ծծում։ Ավելի քան յոթանասուն աստիճանի սառնամանիք էր։ Մաքենզին մտածեց իր ժողովրդի քնքուշ կանանց մասին ու մռայլ ժպտաց։ Եվ այնուամենայնիվ, ինքը, որին այդ քնքուշ մայրերից մեկն է ծնել, ժառանգել էր այն, ինչը իրեն և իր ազգակիցներին տալիս էր իշխանություն ցամաքի ու ծովի վրա, կենդանիների ու մարդկանց վրա՝ հողագնդի բոլոր մասերում։ Մենակ՝ հարյուրի դեմ, արկտիկական ձմռան խորքերում, հարազատ վայրերից հեռու, նա զգում էր այդ ժառանգության կանչը՝ տիրելու կամք, խելացնոր սեր վտանգի հանդեպ, մարտական կիրք, հաղթելու կամ մեռնելու վճռականություն։

Երգն ու պարը դադարեցին, և շամանը սկսեց ճառել։ Հնդկացիների հարուստ դիցաբանությունից վերցրած բարդ ու խճողված օրինակներով նա հմտորեն ներգործում էր դյուրահավատ ունկնդիրների վրա։ Նա խոսում էր ուժեղ ու համոզիչ։ Խաղաղ ստեղծարար սկզբնավորության մարմնացմանը՝ Ագռավին, նա հակադրեց Մաքենզի Գայլին, նշավակելով նրբան որպես ռազմատենչ ու կործանիչ սկզբնավորության մարմնացում։ Այդ սկզբնավորությունների կռիվը միայն հոգևոր չէ։ Կռվում են նաև մարդիկ՝ յուրաքանչյուրը հանուն իր տոտեմի[5]։ Սթիքսերը Պրոմեթևսի կրակատար Ջելկսի՝ Ագռավի զավակներն են, Մաքենզին՝ Գայլի, այլ խոսքով, սատանայի որդի է։ Երկու սկզբնավորությունների այդ դարավոր կռիվը կասեցնելու փորձը, ցեղի դուստրերին երդվյալ թշնամուն կնության տալը նշանակում է մեծագույն դավաճանություն և սրբապղծություն։ Ամենախիստ խոսքերը, ամենանողկալի վիրավորանքներն անգամ չափազանց մեղմ են Մաքենզիի՝ թունավոր օձի, հենց սատանայի առաքյալի համար, որ նենգորեն փորձում է իրենց վստահությունը շահել։ Այդ Ժամանակ ունկնդիրները խուլ ու ահեղ մրթմրթացին, իսկ շամանը շարունակեց.

– Եղբայրնե՜ր իմ, Ջելկսը ամենազոր է։ Նա չէ՞ր, որ երկնային կրակը երկիր բերեց, և մենք կարողացանք տաքանալ։ Նա չէ՞ր, որ արևը, լուսինն ու աստղերը հանեց երկնախորշերից, ու մենք կարողացանք տեսնել։ Նա չէ՞ր, որ մեզ սովորեցրեց կռվել Սովի ու Սառնամանիքի ոգիների դեմ։ Իսկ այժմ Ջելկսը զայրացել է իր զավակների վրա, ու ցեղից մի խղճուկ բուռ է մնացել, և Ջելկսը նրանց չի օգնի։ Որովհետև նրանք մոռացել են նրան, նրանք վատ են վարվում ու վատ ճանապարհով են գնում, և նրա թշնամիներին բերում են իրենց վիգվամներն ու նստեցնում իրենց օջախի մոտ։ Եվ Ագռավը վշտանում է իր զավակների վատ վարք ու բարքի համար։ Բայց երբ նրանք հասկանան իրենց անկման խորությունը և ապացուցեն, որ իրենք Ջելկսի գիրկն են վերադարձել, նա խավարից դուրս կգա նրանց օգնելու համար։ Օ՜ եղբայրներ։ Կրակաբերը իր կամքն է հաղորդել շամանին. հիմա այն լսեցեք դուք։ Թող երիտասարդները աղջիկներին տանեն իրենց վիգվամները, իսկ իրենք հարձակվեն Գայլի վրա, ու թող նրանց ատելությունը չթուլանա։ Այն ժամանակ կանայք երեխաներ կծնեն, և Ագռավի ժողովուրդը կշատանա ու կհզորանա։ Եվ Ագռավը կաճեցնի նրանց Հյուսիսային հայրերի ու պապերի մեծ ցեղերը, և նրանք կկռվեն Գայլերի դեմ, մինչև որ ի չիք դարձնեն նրանց, դարձնեն անցյալ տարվա խարույկի մոխիր, իսկ իրենք նորից կդառնան ամբողջ երկրի տերը։

Ա՛յս է ասել Ջելկսը՝ Ագռավը։

Փրկչի մոտալուտ գալստյան այս լուրն առնելով՝ սթիքսերը խռպոտ վայնասունով ոտքի ելան։ Մաքենզին բութ մատները հանել էր թաթմաններից ու սպասում էր։ Լսվեցին աղաղակներ՝ «Աղվե՜ս։ Աղվե՜ս»։ Դրանք ավելի ու ավելի բարձրագոչ էին դառնում։ Ի վերջո երիտասարդ որսորդներից մեկն առաջ եկավ ու խոսեց․

– Եղբայրնե՜ր։ Շամանը իմաստուն խոսքեր ասաց։ Գայլերը խլում են մեր կանանց, և մեզ համար երեխա ծնող չի մնում։ Մենք մի բուռ ենք մնացել։ Գայլերը մեզնից խլում են տաք մուշտակները և փոխարենը մեզ տալիս շշի մեջ ապրող չար ոգի, և կուղբի կամ լուսանի մորթուց կարված հագուստի փոխարեն՝ խոտից պատրաստված հագուստ։ Եվ այդ հագուստները տաք չեն պահում, ու մեր մարդիկ մեռնում են անհասկանալի հիվանդություններից։ Ես՝ Աղվեսս, կին չունեմ։ Իսկ ինչո՞ւ։ Երկու անգամ էլ այն աղջիկները, որ դուր են եկել ինձ, գնացել են Գայլի բնակատեղին։ Եվ հիմա էլ կուղբի, իշայծյամի, եղջերվի մորթիներ եմ կուտակել, որպեսզի Թլինգ-Թինեհի բարեհաճությունը նվաճեմ և կնության առնեմ նրա աղջկան՝ Զարինկային։ Եվ տեսեք, նա դահուկներ է կապել և պատրաստ է ճանապարհ բացել Գայլի շների համար։ Եվ ես միայն ինձ համար չեմ ասում։ Նույնը կարող էր ասել Արջը։ Նա նույնպես կամեցել է դառնալ Զարինկայի երեխաների հայրը և նույնպես շատ մորթիներ է պատրաստել Թլինգ-Թինեհին տալու համար։ Ես խոսում եմ այն բոլոր երիտասարդ որսորդների անունից, ովքեր կին չունեն։ Գայլերը միշտ սոված են։ Եվ նրանք միշտ էլ վերցնում են լավագույն պատառները, Ագռավներին թողնելով խղճուկ թերմացքներ։

– Նայեցե՛ք, ահա Գուկլան,– և Աղվեսը առանց քաշվելու մատնացույց արեց կանանցից մեկին․ նա կաղ էր։– Նրա ոտքերը ծռվել են նավակի եզրերի նման։ Նա չի կարող փայտ ու խռիվ հավաքել, չի կարող սպանված որսը քարշ տալ որսորդների հետևից։ Գայլերը ուզե՞լ են նրան։

– Օ՜, օ՜,– գոռգոռացին Աղվեսի եղբայրակիցները։

– Ահա Մոյրին,– շարունակեց նա։– Չար ոգին ծռել է նրա աչքերը։ Նույնիսկ ծծկերները վախենում են նրան նայելիս, և ասում են, որ արջն ինքն է նրան ճանապարհ տալիս։ Գայլերը ուզե՞լ են նրան։

Եվ նորից հավանության ահեղ բվվոց։

– Ա՛յ, նստած է Պիսչեթը։ Նա իմ խոսքերը չի լսում։ Նա երբեք չի լսել ոչ ուրախ զրույց, ոչ իր ամուսնու ձայնը, ոչ էլ իր երեխայի թոթովանքը։ Նա ապրում է Սպիտակ Լռության մեջ։ Գայլերը նույնիսկ մի հայացք գցե՞լ են նրա վրա։ Ո՛չ։ Նրանց բաժին է ընկնում ընտիրը, իսկ մեզ մնացորդը։ Եղբայրներ, այլևս այսպես չպետք է լինի։ Բավական է Գայլերը վխտան մեր խարույկների շուրջը։ Ժամը հասել է։

Հյուսիսափայլի վիթխարի հրապաստառը՝ բոսոր, կանաչ, դեղին բոցը, թրթռաց երկնքում, բռնելով այն ծայրից-ծայր։ Եվ Աղվեսը գլուխը ետ գցելով ու ձեռքերը դեպի երկինք կարկառելով, բացականչեց.

– Տեսե՜ք։ Մեր նախահայրերի ոգիները ապստամբել են։ Մեծ գործեր պիտի կատարվեն այս գիշեր։

Նա ետ գնաց, և մեկ ուրիշ երիտասարդ որսորդ, ընկերների դրդումով, անհամարձակ առաջ եկավ։ Նա մի գլխով բարձր էր մյուսներից, լայն կուրծքը բաց էր, ասես ի հեճուկս սառնամանիքի։ Նա մի ոտքից մյուսի վրա էր կանգնում, բառերը դուրս չէին գալիս բերանից, նա ամաչկոտ էր, անհամարձակ։ Սարսափելի էր նրա դեմքին նայելը․ ըստ երևույթին ինչ-որ ժամանակ ինչ-որ հրեշավոր ուժի հարված պատառոտել, այլանդակել էր այն։ Վերջապես նա բռունցքը թնդյունով խփեց իր կրծքին, ասես թե թմբուկ էր զարկում, ու խոսեց․ նրա ձայնը հնչում էր խուլ, ինչպես ալեկոծության աղմուկը օվկիանոսի ափին գտնվող քարանձավում։

– Ես Արջն եմ, Արծաթե նիզակը և Արծաթե նիզակի որդին։ Այն ժամանակ, երբ իմ ձայնը դեռ զրնգուն էր աղջկա ձայնի պես, ես լուսան, իշայծյամ ու եղջերու էի որսում․ երբ այն հնչեց ինչպես կուղխի ճիչը թակարդում, ես կտրեցի անցա Հարավային Լեռները և Սպիտակ գետի ցեղից երեք հոգու սպանեցի, երբ այն Չինուկի մռնչյունի նմանվեց, ես հանդիպեցի գրիզլի արջին ու փակեցի նրա ճանապարհը։

Նա դանդաղեց, ափով բազմանշանակալից շփեց դեմքի ահավոր սպիները։ Հետո շարունակեց.

– Ես Աղվեսը չեմ։ Լեզուս սառել է գետի պես։ Ես գեղեցիկ խոսել չգիտեմ։ Բառապաշարս մեծ չէ։ Աղվեսն ասում է՝ «Մեծ գործեր պիտի կատարվեն այս գիշեր»։ Լա՛վ։ Բառերը հոսում են նրա բերանից վարար գետի պես, բայց գործի մեջ նա այնքան էլ առատաձեռն չէ։ Այսօր գիշեր ես կկռվեմ Գայլի հետ։ Ես կսպանեմ նրան, և Զարինկան կնստի իմ օջախի մոտ։ Ես՝ Արջս ասացի։

Իսկական դժոխքն էր մոլեգնում շուրջը, բայց Մաքենզին հաստատ էր իր վճռին։ Լավ իմանալով, որ այդքան մոտ տարածության վրա հրացանն անօգուտ է, նա աննկատելիորեն առաջ բերեց գոտկից կախված երկու պատյանները, պատրաստվելով գործի դնել ատրճանակները, և թաթմաններն այնքան ցած իջեցրեց, որ այժմ դրանք կախված էին նրա մատներից։ Նա գիտեր, որ եթե բոլորը միանգամից հարձակվեն իր վրա, ինքը ոչ մի բանի վրա հույս դնել չի կարող, բայց հավատարիմ մնալով քիչ առաջ ցուցաբերած իր պարծենկոտությանը, մտադրվել էր մեռնել՝ ծնոտները թշնամու կոկորդին սեղմած։ Բայց Արջը զսպեց իր եղբայրակիցներին, ահավոր բռունցքի հարվածներով ետ մղեց ամենատաքարյուններին։ Փոթորիկն սկսեց հանդարտվել, և Մաքենզին մի թռուցիկ հայացք գցեց Զարինկայի վրա։ Դա մի հոյակապ տեսարան էր։ Դահուկների վրա կանգնած՝ աղջիկն ամբողջ մարմնով թեքվել էր առաջ, շուրթերը կիսով չափ բացվել և ռունգները թրթռում էին. ճիշտ և ճիշտ էգ վագրը՝ ոստյունից առաջ։ Սարսափ ու մարտահրավեր կար նրա սև ու խոշոր աչքնրում, որոնք սևեռվել էին իր ցեղակիցների վրա։ Նա ամբողջ մարմնով լարվել էր աղեղնալարի պես, շնչելն անգամ մոռացել էր։ Նա արձանացել էր՝ մի ձեռքը ջղաձգորեն դրած կրծքին, մյուսի մեջ սեղմած երկար մտրակը։ Բայց հենց որ Մաքենզին նայեց նրան, Զարինկային ասես թե ազատ արձակեցին։ Լարված մկանները թուլացան, նա խոր շունչ քաշեց, ուղղվեց և նրան պատասխանեց անսահման նվիրվածությամբ լի հայացքով։

Թլինգ-Թինեհը փորձեց խոսել, բայց նրա ձայնը խլացավ ընդհանուր գոռգոռոցի մեջ։ Եվ այստեղ Մաքենզին առաջ եկավ։ Աղվեսն ուզում էր բերանը բացել, բայց նույն պահին ետ շպրտվեց ու սուր ճիչը մնաց կոկորդում, այդ Մաքենզին կատաղությամբ շրջվեց դեպի նա։ Աղվեսի պարտությունը դիմավորեցին պոռթկացող հռհռոցներով. այժմ նրա ցեղակիցները պատրաստ էին լսելու։

– Եղբայրնե՜ր,– սկսեց Մաքենզին։– Սպիտակ մարդը, որին դուք Գայլ եք անվանում, ձեզ մոտ եկել է բաց սրտով։ Նա չի ստի իննուիտի պես։ Նա եկել է որպես բարեկամ, որպես մեկը, որն ուզում է ձեր եղբայրը դառնալ։ Բայց ձեր տղամարդիկ իրենց խոսքն ասացին, ու խաղաղ զրույցների ժամանակն անցավ։ Ուրեմն լսեցեք. ամենից առաջ ձեր շամանը չար շաղակրատ է և սուտ մարգարե, և այն կամքը, որ նա ձեզ հաղորդեց, Կրակաբերի կամքը չէ։ Նրա ականջները խուլ են Ագռավի ձայնի հանդեպ, նա ինքն է հորինում խարդախ առասպելներ, նա ձեզ խաբել է։ Նա անզոր է։ Երբ դուք ստիպված էիք սպանել և ուտել ձեր շներին, ու ձեր ստամոքսը ծանրացել էր մոքասինների հում կաշվից, երբ մեռնում էին ծերունիները, մեռնում էին պառավները, և ծծկերներն էին մեռնում մոր ցամաքած կրծքի վրա, երբ ձեր երկիրը պարուրված էր խավարով և ամեն մի կենդանի շունչ ոչնչանում էր, ինչպես սաղմոնը աշնանը, այո, երբ սովն իջավ ձեր գլխին, մի՞թե ձեր շամանը հաջողություն բերեց որսորդներին։ Մի՞թե նա մսով լցրեց ձեր ստամոքսները։ Նորից կասեմ ձեզ շամանն անզոր է։ Ահա, ես թքո՜ւմ եմ նրա երեսին։

Բոլորն ապշել էին այդ սրբապղծությունից, բայց ոչ ոք ձայն չհանեց։ Որոշ կանայք վախեցան, իսկ տղամարդիկ հուզմունքով հրաշքի էին սպասում։ Բոլոր հայացքներն ուղղվեցին իրադարձության երկու գլխավոր հերոսների վրա։ Քուրմը հասկացավ, որ հասել է վճռական պահը, զգաց, որ իր իշխանությունը երերում է, և արդեն պատրաստ էր սպառնալիքներ տեղալ, բայց միտքը փոխեց․ Մաքենզին բռունցքը բարձրացրեց և փայլատակող աչքերով, կատաղած քայլեց դեպի նա։ Շամանը չարախնդաց և ընկրկեց։

– Ի՞նչ, անակնկալ մա՞հը ինձ շշմեցրեց։ Շա՞նթը այրեց ինձ։ Միգուցե աստղե՞ր ընկան երկնքից ու ճզմեցին ինձ։ Թյու։ Ես հաշիվներս մաքրեցի այդ շան հետ։ Այժմ ես ձեզ կպատմեմ ցեղերից ամենահզորի՝ իմ ցեղի մասին, որը իշխում է բոլոր հողերում։ Սկզբում մենք որս ենք անում մենակ, ինչպես ես։ Հետո որս ենք անում երամներով և, վերջապես, ինչպես եղջերուների հոտերը, տարածվում ենք երկրով մեկ։ Նրանք, որոնց մենք վերցնում ենք մեր վիգվամները, կեն դանի են մնում, մնացածներին մահն է սպասում։ Զարինկան գեղեցիկ աղջիկ է, պնդակազմ և ուժեղ, նա Գայլերի լավ մայր կլինի։ Դուք կարող եք ինձ սպանել, բայց, միևնույն է, նա Գայլերի մայր կլինի, որովհետև իմ եղբայրները անհամար են, և նրանք կգան իմ շների հետքով։ Լսեցեք, ահա Գայլերի Օրենքը․ եթե դու մի Գայլի կյանք խլես, դրա դիմաց քո ցեղից տասը հոգի իրենց կյանքը կվճարեն։ Այդ գինն արդեն շատ հողերում են վճարել, շատ հողերում էլ այն դեռ վճարելու են։

Այժմ ես կխոսեմ Աղվեսի և Արջի հետ։ Երևում է՝ նրանց դուր է եկել այդ աղջիկր։ Ճի՞շտ է։ Բայց, տեսեք, ես գնել եմ նրան։ Թլինգ-Թինեհը հենվել է իմ հրացանի վրա, բացի այդ, աղջկա դիմաց տվել եմ ուրիշ ապրանքներ, որոնք այժմ նրա օջախում են։ Բայց, այնուամենայնիվ, ես արդարամիտ կլինեմ երիտասարդ որսորդների նկատմամբ։ Աղվեսին, որի լեզուն չորացել է երկար խոսելուց, ծխախոտ կտամ՝ հինգ մեծ տուփ։ Թող նրա բերանը նորից թրջվի, որ նա կարողանա ուզածի չափ աղմկել խորհրդում։ Իսկ Արջին,– ես հպարտ եմ նրա հետ ծանոթանալու համար,– կտամ երկու վերմակ, քսան աման ալյուր, կրկնակի շատ ծխախոտ, քան Աղվեսին։ Իսկ եթե նա ինձ հետ գա դեպի Արևելյան Լեռները, ես հրացան էլ կտամ նրան, այնպիսին, ինչպիսին Թլինգ-Թինեհինն է։ Իսկ եթե նա չի ուզում։ Լավ։ Գայլը հոգնեց խոսելուց։ Բայց նա մեկ անգամ էլ ձեզ կասի օրենքը՝ եթե դու մի Գայլի կյանք խլես, դրա դիմաց քո ցեղից տասը հոգի իրենց կյանքը կվճարեն։

Մաքենզին ժպտաց ու նորից կանգնեց իր նախկին տեղը, բայց նրա հոգին անհանգիստ էր։ Գիշերը դեռ բոլորովին խավար էր։ Աղջիկը կանգնել էր Մաքենզիի կողքին և աճապարանքով պատմում էր, թե Արջը ինչ հնարքներ է բանեցնում դանակով կռվելիս, և Մաքենզին ուշադիր լսում էր։

Ուրեմն, վճռված է․ նրանք մենամարտելու են։ Մի ակնթարթում տասնյակ մոքասիններ դոփդոփելով ընդարձակեցին կրակի շուրջն ընկած հրապարակը։ Այստեղ քիչ չէին նաև խոսակցությունները այն պարտության մասին, որ բոլորի աչքի առաջ կրեց շամանը։ Ոմանք հավատացնում էին, թե նա դեռ ցույց կտա իր ուժը, մի քանիսն էլ վերհիշում էին անցյալի զանազան դեպքեր ու համաձայն էին Գայլի հետ։ Արջը առաջ եկավ՝ ռուսական որսորդական մերկացված դանակը ձեռքին։ Աղվեսն ընդհանուրի ուշադրությունը հրավիրեց Մաքենզիի ատրճանակների վրա, և սա, գոտին արձակելով, այն կապեց Զարինկայի մեջքին ու նրան հանձնեց հրացանը։ Աղջիկը գլուխն օրորեց, հասկացնելով, թե կրակել չգիտե․ կինը որտեղից իմանա, թե ինչպես պետք է վարվել այսքան թանկարժեք զենքի հետ։

– Այն ժամտնակ, երբ վտանգ լինի թիկունքից, բարձրաձայն կանչիր՝ «Ամուսի՜նս»։ Ոչ, այսպես՝ «Ամուսի՜նս»։

Նա ծիծաղեց, երբ Զարինկան կրկնեց անգլերեն անծանոթ բառը, կսմթեց նրա այտը ու վերադարձավ բոլորաշրջան։ Արջը նրան գերազանցում էր ոչ միայն հասակով, նրա և՛ ձեռքերն էին երկար, և՛ դանակը՝ գրեթե երկու դյույմով։ Բիրյուկ Մաքենզին առաջներում ևս նայել էր հակառակորդի աչքերի մեջ, և նա անմիջապես հասկացավ, որ իսկական տղամարդ է կանգնած իր առջև, այնուամենայնիվ, նա խիստ աշխուժացավ՝ տեսնելով փայլատակող պողպատը և, նախահայրերի կանչին հնազանդ, արյունն ավելի արագ հոսեց նրա երակներում։

Հակառակորդը նորից ու նորից նրան շպրտում էր մերթ խարույկի մոտ, մերթ խոր ձյան մեջ, բայց նորից ու նորից, քայլ առ քայլ, հմուտ բռնցքամարտիկի պես, Մաքենզին նրան սեղմում էր դեպի կենտրոնը։ Ոչ ոք հավանության ոչ մի խոսք չասաց նրան, այն դեպքում, երբ նրա հակառակորդին քաջալերում էին գովեստներով, խորհուրդ էին տալիս, նախազգուշացնում։ Բայց Մաքենզին միայն ատամներն էր ամուր սեղմում, երբ դանակները զնգոցով կպչում էին իրար, և հարձակվում կամ նահանջում էր սառնասրտորեն, որը ծնվում էր սեփական ուժի գիտակցումից։ Սկզբում նա ակամա համակրանք էր տածում հակառակորդի նկատմամբ, բայց այդ զգացումը չքացավ ինքնապահպանության բնազդի հանդեպ, որը, իր հերթին, տեղը զիջեց սպանության տենչին։ Քաղաքակրթության տասը հազար տարիները դուրս թռան Մաքենզիի միջից, և նա պարզապես դարձավ էգի համար մարտնչող քարանձավային բնակիչ։

Նա երկու անգամ դանակը հասցրեց Արջին և անվնաս դուրս պրծավ, բայց երրորդ անգամ հարվածից խուսափելու համար նա ստիպված եղավ ամուր գրկել Արջին. յուրաքանչյուրը ազատ ձեռքավ սեղմեց մյուսի՝ դանակով զինված ձեռքը։ Եվ այստեղ Մաքենզին զգաց հակառակորդի ահավոր ուժը։ Նրա մկանները տանջալից կծկվեցին, բոլոր կապաններն ու ջլերը պատրաստ էին պայթելու լարվածությունից․․․ իսկ ռուսական պողպատի սուր սայրը ավելի ու ավելի էր մոտենում… Նա փորձեց պոկվել հակառակորդից, բայց միայն թուլացրեց իր դիրքը։ Մորթեղեն հագուստով մարդկանց օղակը ավելի սեղմվեց. ոչ ոք չէր կասկածում, որ մոտ է վերջին հարվածը, և բոլորը անհամ բեր սպասում էին դրան։ Բայց Մաքենզին փորձառու ըմբիշի պես դուրս պրծավ ու գլխով հարվածեց հակառակորդին։ Արջն ակամա ետ-ետ գնաց, կորցրեց հավասարակշռությունը։ Մաքենզին վայրկենաբար օգտվեց դրանից և, ամբողջ ծանրությամբ ընկնելով Արջի վրա, նրան շպրտեց դիտողների շրջագծից դուրս, խոր, չտրորված ձյան մեջ։ Արջը դժվարությամբ դուրս եկավ այնտեղից ու, նետվեց Մաքենզիի վրա։

– Օ՜ ամուսի՜նս,– զրնգաց Զարինկայի ձայնը՝ նախազգուշացնելով մոտալուտ վտանգի մասին։

Վնգաց աղեղնալարը, բայց Մաքենզին արդեն հասցրել էր կորանալ. ոսկրե ծայրակալով նետը, անցնելով նրա գլխավերևով, խրվեց Արջի կուրծքը, և նա ծանրորեն ընկավ, հակառակորդին սեղմելով իր տակ։ Մի վայրկյան անց Մաքենզին նորից ոտքի վրա էր։ Արջն ընկած էր անշարժ, բայց խարույկի մյուս կողմից շամանը պատրաստվում էր արձակելու երկրորդ նետը։

Մաքենզին բռնեց ծանր դանակի ծայրից ու թափով նետեց։ Կայծակի պես փայլատակելով՝ դանակն անցավ խարույկի վրայով։ Սուր սայրը մինչև կոթը խրՎեց շամանի կոկորդը, նա օրորվեց ու փլվեց բոցկլտացող ածուխների վրա։

Չը՜խկ։ Չըրը՜խկ,– Աղվեսը թռցրել էր Թլինգ-Թինեհի հրացանը և ապարդյուն փորձում էր փամփուշտը դնել փողի մեջ, բայց Բիրյուկի հռհռոցը լսելուն պես հրացանը ձեռքից ցած գցեց։

– Այդպես, ուրեմն, Աղվեսը դեռ չի սովորել վարվել այդ խաղալիքի հետ։ Ուրեմն, Աղվեսը դեռևս կի՞ն է։ Եկ այստեղ։ Տուր հրացանը, ես քեզ ցույց կտամ, թե ինչ պետք է անել։

Աղվեսը տատանվում էր։

– Քեզ ասում եմ՝ այստեղ եկ։

Եվ Աղվեսը մոտեցավ ծեծված շան նման։

– Տե՛ս, մեկ․․․ երկու․․․ և ամեն ինչ կարգին է։

Փամփուշտը սահեց իր տեղը, ձգանը ճրթաց, Մաքենզին հրացանը ուսը գցեց։

– Աղվեսն ասաց, որ մեծ գործեր են կատարվելու այս գիշեր, և նա ճիշտ էր ասում։ Մեծ գործեր կատարվեցին, բայց դրանք Աղվեսը չկատարեց։ Ի՞նչ է, նա դեռ մտադիր է Զարինկային իր վիգվա՞մը տանել։ Նա ուզում է գնալ այն արահետով, որը բացել են շամանն ու Ա՞րջը։ Ո՞չ։ Լա՛վ։

Մաքենզին արհամարհանքով շրջվեց և իր դանակը դուրս քաշեց շամանի կոկորդից։

– Գուցե երիտասարդ որսորդներից մեկ ուրի՞շն է այդ բանն ուզում։ Եթե այդպես է, Գայլը նրանց կուղարկի նույն ճանապարհով՝ երկու-երկու, երեք-երեք, մինչև որ ոչ մեկը չի մնա։ Ոչ ոք չի՞ ուզում։ Լավ։ Թլինգ-Թինեհ, այս հրացանը քեզ հանձնում եմ երկրորդ անգամ։ Եթե երբևէ Յուքոն գնաս, իմացած եղիր, Գայլի տանը միշտ տեղ կունենաս օջախի կողքին ու բավականաչափ ուտելիք։ Իսկ հիմա գիշերն անցնում է։ Ես հեռանում եմ, բայց, հնարավոր է, որ էլի վերադառնամ։ Եվ վերջին անգամ ասում եմ՝ հիշեցեք Գայլի Օրենքը։

Նա մոտեցավ Զարինկային, իսկ ժողովուրդը նրան նայում էր որպես ինչ-որ գերբնական արարածի։ Աղջիկը տեղ գրավեց լծվածքի առջևում, ու շները սլացան։ Մի քանի րոպե անց հեքիաթային ձյունածածկ անտառը կլանեց նրանց։ Եվ այն ժամանակ անշարժ կանգնած Մաքենզին նույնպես կապեց դահուկները՝ Զարինկայի հետքով շարժվելու համար։

– Մի՞թե Գայլը մոռացավ հինգ մեծ տուփ ծխախոտի մասին։

Մաքենզին զայրույթով շրջվեց դեպի Աղվեսը, բայց նույն պահին ծիծաղն եկավ։

– Ես քեզ մի փոքրիկ տուփ կտամ։

– Ինչպես որ հաճելի է Գայլին,– համեստորեն ասաց Աղվեսը և ձեռքը մեկնեց։


  1. Չեչակո – նորեկ։
  2. Փոթլաչ – խնջույք, որի ժամանակ տերը նվերներ է բաժանում հյուրերին։
  3. Ձկան տեսակ։
  4. Սքվո – կին (հյուսիս-ամերիկյան հնդկացիների լեզվով)։
  5. Որևէ կենդանի, բույս կամ բնության որևէ տարը պատկերող նշան, որը ցեղի անդամները կրոնական պաշտամունք են դարձնում։