«Գառնիում»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
չ
Տող 2. Տող 2.
 
|վերնագիր = Գառնիում
 
|վերնագիր = Գառնիում
 
|հեղինակ = [[Վաղինակ Բեքարյան]]
 
|հեղինակ = [[Վաղինակ Բեքարյան]]
|թարգմանիչ =
 
 
|աղբյուր = [[«Գառնիում»]]
 
|աղբյուր = [[«Գառնիում»]]
 
}}
 
}}

02:16, 2 Հունվարի 2019-ի տարբերակ

Գառնիում

հեղինակ՝ Վաղինակ Բեքարյան
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ «Գառնիում»

I

Ուղևորներով լիքը ավտոմեքենան դուրս գալով Երևանից և կտրելով արվարձանների շղթան, շարժվում է դեպի Գառնի, բլուրների վրա ձգված ոլորապտույտ ուղիներով։

Շրջապատն ամայի է, միայն տեղ֊տեղ բլուրների ուսերի վրայով տներ են երևում, ծաղկած ծառեր և ցորենի կանաչ արտեր։

Փոքրիկ գյուղեր են, որոնց անունները բոլոր ուղևորներից լավ գիտի իմ կողքին, լուսամուտի մոտ նստած մի ծերունի, որ շարունակ ծխում է։

Ճանապարհի երկու կողմերում հողը՝ վայրի թփերից ազատ, փխրուն տեսք ունի։ Տրակտորի խոփը ակոսներ է բացել այնտեղ, և հեռվից իջնող բարակ առուն կյանք է տալիս ակոսներում ծիլ տվող տնկիներին։

― Այս ամայի տարածությունները շուտով կծածկվեն անտառային ծառերով,― ասում է ծերունին, որին ուղևորները պրոֆեսոր են անվանում։

Նա խոսքն ինձ է ուղղում։ Զգում եմ, որ ցանկանում է հետս զրույց անել։ Յոթանասունն անց կլինի, մազերը ձյունասպիտակ են, բայց աչքերն արտահայտիչ, դեմը մանկական բարության հետ իմաստուն մտքի դրոշմն ունի։

― Դուք գյուղատնտե՞ս եք,― հարցրի։

― Գյուղատնտե՞ս․․․ Օ՜, ոչ, բայց ես սիրում եմ բուսականությունը և ուրախանում եմ այն մտքով, որ մի քանի տարուց այս բլուրները այսպես մերկ չեն լինի և ճանապարհը դեպի Գառնի ձգված կլինի անտառների միջով։

Հետո նկատելով նկարչատուփս, որ կողքիս էր․

― Իսկ Դուք անշուշտ նկարիչ եք,― ասաց։

― Այո՛։

― Եվ անտարակույս Գառնի եք գնում նկարչական էտյուդներ անելու։

Իմ հաստատական պատասխանի վրա․

― Գովում եմ ձեր մտադրությունը,― ասաց,― Գառնիում աննման տեսարաններ կան, նրանցով դուք շուտով առիթ կունենաք հիանալու․․․ երկա՞ր եք մնալու։

― Մի ամիս։

― Մի ամի՞ս․․․ Բայց գրազ կգամ, որ դուք Գառնիում ավելի երկար կմնաք։

Պրոֆեսորը վառեց հանգած ծխամորճը։

Մեքենան շարժվում էր բարձրադիր բլուրի լանջով, որի վրա տարածված էր մի մեծ գյուղ։

Մի ուղևոր, ինձ նման վայրին անծանոթ, ուզեց պրոֆեսորից իմանալ գյուղի անունը։

― Ողջաբերդ,― ասաց պրոֆեսորը,― Մենք Գառնու կես ճանապարհին ենք։

Ապա դառնալով ինձ և ձեռքը պարզելով դեպի հարավի հորիզոնը․

― Մի նայեք, է՜,― ասաց,― աստված իմ, ի՜նչ վեհություն․․․― Չի՞ ոգևորում ձեզ այդ կախարդ հսկան․․․ Եթե մի օր ուզենաք նկարել այդ լեռը, եկեք Ողջաբերդ և ընտրեցեք արևածագի պահը․․․

Հետո ինձ ոգևորելու նպատակով կարծես իր պակաս թողածը լրացնելու համար․

― Մեր Հայրենիքի սրբազան կատարն է դա,― ասաց,― աշխարհում նրա նման գեղեցիկ մի ուրիշը չկա։

Պրոֆեսորը լռեց։ Ու երբ հայացքս ուղղեցի իրեն, նա իր արագ թարթող աչքերը հեռացրեց ինձանից։

Ողջաբերդի բարձրությունից դաշտավայրը երևում էր ինչպես իմ ափի մեջ։ Աչքերիս առաջ պարզվող համայնապատկերը ընդգրկում էր լայնատարած հարթությունն ու հեռավոր լեռների շղթան, հորիզոնի վրա սրբազան լեռան պսակումով։

Դաշտավայրում ինչքա՜ն գյուղեր, կապտավուն թափանցիկ մշուշով պարուրված․․․ այգիների ծով, ծիրանիների պարտեզներ ու ցորենի կանաչ արտեր։

Քիչ հետո դաշտավայրն ու հարավի լեռնաշղթան ծածկվեցին բլուրների ետև, և մեքենան սկսեց իր արագ վայրէջքը։

Ու մեղմորեն ցածրացող բլուրների շղթայի վերջում երևաց մի ընդարձակ օազիս։

― Ահա և Գառնին,― ասաց պրոֆեսորը, ցույց տալով ինձ բարդիների և ընկուզենիների պուրակները հեռվում, ուր երևում էին տների կղմինդրածածկ կտուրները։


Գյուղում ծերունին ու ես բանվեցինք իրարից արդեն որպես ծանոթներ։ Իմ ուղեկիցը Գառնու հնագիտական պեղումների ղեկավար պրոֆեսոր Տիգրան Արամյանն էր։

II

Գյուղում սենյակ վարձեցի, համեստ կահավորված մի ընդարձակ սենյակ, ձորի վրա բացվող լայն պատշգամբով, որին առանձին գրավչություն են տալիս նրա սյուները զարդարող դալար ճյուղերը։

Տան առջևի փոքրիկ պարտեզում ծիրանի և ընկույզի ծառեր կան, շուրջը հաստաբուն և բարձրուղեշ բարդիներ։ Իմ բնակարանի կանաչազարդ պատշգամբը, որ ձգվում է դեպի ձորը, հեռվից դիտողի վրա առկախ պարտեզի տպավորություն է թողնում։


Իմ բնակարանից ոչ հեռու, դեպի ձորը երկարող զառիվայրի գլխին ցիրուցան տներ կան, շուրջը տնամերձ հողամասերով, որոնց մեջ ծիրանենու հետ հասակ է նետում ավանդական բարդին։

Այնտեղ սպիտակ ներկած փոքրիկ երկհարկանի մի տուն իմ ուշադրությունն է գրավում։ Պատնիվեր մագլցող որթատունկի դալար ճյուղերը ստվերում են երկրորդ հարկի պատշգամբը, որի բազրիքին իրիկնապահերին գալիս հենվում է երիտասարդ մի կին։

Այսօր առավոտյան իմ տան պատշգամբից նկատեցի տների այդ խումբը, սպիտակ տան հետ միասին, մի սիրուն գյուղանկար, արևի ոսկի շողերով և ծառերի խնդուն կանաչով զարդարուն։

III

Ամեն օր լինում եմ Գառնում պատմական բերդում։ Սարավանդի հարթթությունը, որի վրա տարածված է բերդը, արևելյան կողմում դանակով կտրվածի պես ընդհատվում է հանկարծ, տեղի տալով մի անդնդավոր ձորի, որի խորքից լեռնային գետակն է հոսում։

Ամրոցի բարձրությունից դեպի ձորը նայող գլխի պտույտ է ունենում, գետակի փրփրոտ ժապավենը գալարվում է անդնդային խորության մեջ, մերթ կորչելով խիտ բուսած ծառերի արանքում, մերթ հայտնվելով արևի շողերի տակ։

Ջրի ճերմակ փրփուրը խփում է առափնյա ժայռերին, և լսվում է անհանգիստ ալիքների աղմկոտ նվագը։

Վերևում հինավուրց բրեդի ավերակներն են, տաճարի գետնախարիսխը կիսափուլ սյուներով, շուրջը ցիրուցան քանդակազարդ քարաբեկորներ, ինչպես նաև իշխանական պալատի ու քարակերտ պարսպի փլատակները։

Ժամանակը խլել է այս հինավուրց բերդից նրա անցյալի փառքն ու վեհությունը․ խորտակվել են աշտարակները, արձանները փշրվել և արքայական դաստակերտը փուլ է եկել։

Այս ձորում, այս բլուրների վրա, այս պատմական սարահարթակի հողի շերտերում և տաճարի մամռոտ քարերի վրա անցնող դարերը իրենց պատմությունն են գրել։

Բերդը թագավորական մի ամրոց է եղել, պաշտպանական մի միջնաբերդ։ Անցել են դարերը, դեպքերն ու անցքերը հաջորդել են իրար, և տների ու հոխորտ իշխողների զենքներից, պողպատյա զրահներից, հաղթության դափնիներից ու կամարներից փոշի է մնացել ու մրուր միայն։

Ես ամեն օր բրեդ եմ գնում էտյուդի համար։

IV

Իմ կյանքում ժամանակը երբեք ավելի արդյունավետ չեմ օգտագործել, քան այս վերջին երկու շաբաթվա ընթացքում՝ Գառնի գյուղում։

Ամեն օր էտյուդի եմ գնում, երբեմն գյուղից դուրս, հաճախ զրույցի եմ նստում հողի մշակների հետ, ֆիգուրաներ եմ նկարում, բնության տեսարաններ ու ճեպանկարներ եմ անում։

Արդեն որոշել եմ ավելի երկար մնալ Գառնիում, քան նախատեսել էի։


Սիրում եմ Գառնին։

Հնօրա այս գյուղը, որի անցյալ փառքը մեր հայրերի թողած ուժի ու հավատքի հուշարձաններն են պատմում իրենց քարե շրթներով, և մերօրյա Գառնին իր ծաղկուն պարտեզներով ու աշխատանքի ուրախ երգերով միահյուսվում են իմ մտքում, կազմելով մի գեղեցիկ հեքիաթ։

Ամեն օր ես այն կարդում եմ բերդի մամռոտ քարերի և տների կղմինդրածածկ կտուրների վրա, հողի ժիր մշակների ուրախ աչքերում և երկնքի կապույտ խորության մեջ։

Երեկոները ինքս իմ մեջ ամփոփված, ունկնդիր գետի ալիքների հավերժական երգին, դիտելով երկնքի աստղերը, ես շարունակ մտածում եմ այդ հեքիաթի մասին, որին երազում եմ մարմին ու շունչ տալ գույների լեզվով։

V

Առավոտից մինչև երեկո հողի մշակների հետի էի, այգեգործների ու քահանվորների ոտ, պարտեզներում, հորդացող առուների եզերքին և ընկուզենիների պուրակներում, որոնցով այնքան հարուստ է Գառնու գեղեցիկ օազիսը։

Բոլորը մերկ սրունքներով են, թեզանիքներն ու քղանցքները հանգրիճած։ Մկաններն ուռչում են, ջղերը պրկվում, երբ բացում են առուն, քանդում թումբը, հնձում են խոտը կամ քաղհանում արտը։

Առավոտյան էտյուդի գնալիս միացա մշակների խմբին։ Առաջին անգամը չէր, որ այդպես էի անում, և ուրախ զրուցելով, շնչելով ծաղիկների ու ցողաթարմ կանաչի բույրը, գնացինք արտ ու այգի։

Կեսօրին մեր հացի ծրարները միասին բացվեցին գետնի կանաչ գորգի վրա։

Նրանցից ես հողի մաքուր հոտն եմ առնում և հրճվում եմ, երբ նկարում եմ մարդ ու բնություն, արտերի ու այգիների արևոտ խաղաղության մեջ։

VI

Գյուղից դուրս, լայն խճուղու վրա մի ավտո հասավ իմ ետևից և կանգ առավ։ Մեկը մեքենայի միջից ձայն տվեց ինձ՝ հրավիրելով բարձրանալ իր մոտ։ Պրոֆեսոր Արամյանն էր։ Մի քանի օր առաջ գնացել էր Երևան ու հիմա վերադառնում էր Գառնի։

Էտյուդից էի վերադառնում և հոգնած էի։ Հրավերն ընդունեցի սիրով։

Պրոֆեսորը հետաքրքրվեց իմ աշխատանքով և խոստացավ մի օր գալ ինձ մոտ կտավներս դիտելու։

Շատ ուրախացա։

Հետո խոսեց բերդի այս տարվա պեղումների մասին, որոնք սկսելու էին մի քանի օրից։

― Դո՞ւք եք ղեկավարելու աշխատանքը,― հարցրի։

― Ո՛չ,― ասաց,― արդեն շատ ծեր եմ, առողջական վիճակս էլ թույլ չի տա, որ մշտապես հսկեմ պեղումներին։ Իմ ուսանողուհիներից մեկը այստեղացի է, իմ ձեռքի տակ աճած մի խելոք ու ժիր աղջիկ, որ ի վիճակի է աշխատանքը գլխավորելու։

Հետո պրոֆեսորը խոսեց անցյալ տարվա պեղումների մասին, որոնք այնքան արդյունավետ էին եղել։ Հայտնաբերվել էր արքայական բաղանիսը, ինչպես նաև մի ընդարձակ սենյակ, իշխանական ընդունելության սրահ ակներևաբար, հատակը մոզայիկով պատած։

― Ժողովուրդների կյանքի ստույգ պատմությունը,― ասում էր նա,― գրքերից ավելի բերդերի և կործանված քաղաքների մամռոտ քարերի վրա է գրված, պետք է իմանալ նրանց լեզուն, փլատակների համր բարբառը, ճանաչելու համար մեռած սերունդների կյանքը, ստրկության ու ջանտալից գոյության շղթաներում հեծող մարդկանց կյանքի պատմությունը, որ ժամանակն ու մատյանները թաքցրել են հետագա սերունդներից։

― Այս իմաստով,― շարունակեց պրոֆեսորը,― Մենք հնագետներս պատմաբաններ ենք, ինչպես և դուք նկարիչներդ։

Ու զարմանքս նկատելով,

― Այո, ասաց,― դուք էլ հնագետներիս նման ծառայում եք պատմությանը։ Հիշեցեք,― շարունակեց,― Պոմպեի որմնանկարները, որոնք տաղանդավոր նկարիչների գործեր են։ Պատմությունը Պոմպեի դարաշրջանի հռոմեական կյանքի և արվեստի մասին անկատար կլիներ, եթե չլինեին լավայի շերտերում թաղված քաղաքի հասարակական շենքերի պատերը զարդարող որմնանկարները։

Հետո իմ ծերունի բարեկամը հույս հայտնեց, որ Գառնու հինավուրց բերդն ու պատմական ձորը, ինչպես նաև գյուղի մեր չարքաշ նախնիք, իրենց կյանքով ու աշխատանքով ազնիվ ներշնչման աղբյուր կլինեն ինձ համար, որպեսզի ստեղմեծ հետարքիր ու գեղեցիկ կտավներ։

VII

Մի երեկո, երբ պրոֆեսորն ու ես շրջում էինք գյուղի զբոսայգում, մի դեռատի աղջիկ, հազիվ տասը տարեկան, ընկերուհիների հետ մեր մոտով անցնելիս, քայլերն ուղղեց դեպի մեզ, բարևեց ծանոթի պես ու գնաց։

― Այս գյուղում մինչև իսկ երեխաներն են Ձեզ ճանաչում,― ասացի պրոֆեսորին։

― Իմ օգնականի քույրն է,― ասաց,― անունը Ծովիկ է, և իր անվանը վայել աչքեր ունի, նկատեցի՞ք․․․


Մի ամբողջ օր եղա Գեղարդում, նկարեցի ժայռափոր եկեղեցին ու մենակյացների քարանձավները, որոնց մութ երախները բացվում էին ձորի բարձրադիր լանջերի վրա։

Մարդը, մտածում էի ես, մուրճի համբերատար զարկերով վիթխարի խոռոչներ է բացել ձորի լանջերի վրա կախ ընկած ժայռերի սրտում, և այդ սրբազան փապարաներում, ի խնդիր իր մեղավոր հոգու փրկության, հառաչանք ու մաղթանք է ուղղել առ աստված։

Նկարելիս մտածում էի մեր խորամանկ ու հնարիմաց հայրերի մասին, որոնք որպես աղոթքի ու կրոնական մեկուսացման վայր ընտրել էին վեհատեսիլ այս ձորը, գնահատելով սրբավայրի դիրքի խորհրդավորության կախարդող ուժը միստիկ վերացումների համար։

Օրը կիրակի էր և գյուղում շատ այցելուներ կային։ Ես իսկույն նկատեցի, որ նրանք գիտական շահագրգռություն ունեցող այցելուներ չէին, ակներևաբար կրոնական ջերմեռանդությունն էլ չէր նրանց հրապուրել դեպի Գեղարդ։ Նրանց դեպի այս պատմական ձորն էր փգել պարզասիրտ հետաքրքրությունը դեպի մեր հայրերի միամիտ հավատքը, որով նրանք անխոնջ եռանդով փորփրել էին ժայռերը, խորհրդավոր այդ տաճարներում սփոփանք որոնելու։

Եթե, մտածում էի ես, ներկա լիներ իմ ծերունի բարեկամը, իսկույն այցելուներին մի ամբողջ դասախոսություն կկարդար Ուրարտուի մեր նախահայրերի քարակոփության արվեստի մասին, որ ժառանգել էին միջնադարյան մեր հայրերը և կրոնական ջերմեռանդությամբ կիրառել Գեղարդի ձորի անձավներում։

Զրույցելով այցելուների հետ, ես նորից համոզվեցի, որ շատերը դեպի կրոնը հարգանք չունենալով հանդերձ, անկեղծորեն հիանում էին կրոնապատմական հուշարձաններով, որոնք միստիկ ներշնչումների արդյունք լինելով՝ արվեստի գեղեցիկ ստեղծագործություններ են։

Այդպես եղավ նաև ինձ հետ։

Նկարում էի ժայռափոր եկեղեցին ու մտածում․ «Կրոնը չէ, որ նվիրական է, այլ մարդ էակի ներսում ապրող այն ազնիվ հուրը, որով նա վառ է պահում իր մեջ գեղեցիկն ու վսեմը որոնելու ձգտումը և որով նա հաճախ կուրորեն իր համար պաշտամունքի խորաններ է կառուցում»։

VIII

Գետակի աջափնյա բլուրը ծածկված է ընկուզենու և ծիրանի ծառերով, որոնց խիտ սաղարթների արանքից կղմինդրածածկ կտուրներ են երևում։

Բլուրի լանջի վրա ճանապարհի նեղ ժապավեն է երևում, որ մերթ կորչում է թավ սաղարթների ետև և մերթ հայտնվում, երբ այն ձգվում է արևով ողողված բացատի միջով։

Բլուրի կածանով գյուղացիներ են անցնում իշուկներին խոտի խուրձեր բարձած, և երեխաներ՝ ճիպոտները ձեռներին ուլեր քշելիս։

Ծառերից կախ արած ճոճքեր տեսա և ջահել մայրեր նստած նրանց մոտ, ճոճքի պարանը ձեռներին, հսկելով երեխաների նիրհը սաղարթների ստվերում։

Ձորում անայլայլ խաղաղություն էր։ Երբեմն միայն ծառին կապած շունը, օտար ոտնաձայնից վրդովված, ձգում է պարանը թափով, կանգնում ետևի ոտքերի վրա և ձորը լցնում կատաղի հաչոցով։

Ամբողջ օրը շրջեցի ձորում, այգու մշակների հետ զրույցի նստեցի, շատ ճեպանկարներ արեցի։


Հաջորդ օրը այգիներից վերադառնալիս ձորով անցա։ Մոլորվել էի։ Տարաժամ էր արդեն և ես հոգնած ու համրաքայլ գնում էի գետի կողքով, չգտնելով իմ տան ճանապարհը, երբ հանկարծ տեսա մի դեռատի աղջիկ գետափին ընկած ծառի կոճղին նստած։

Նրա մոտ թփուտներում արածում էր մի ճերմակ ուլ։

Աղջկա վարսերին կարմիր ժապավեն կար, ուլի վզին կապույտ հուլունքե մանյակ։

Ճանաչեցի․ ծառի կոճղին նստած աղջիկը Ծովիկն էր։

Քամուց տարուբեր նրա խոպոպներում փայլող վառ ժապավենը ինձ թվաց կիսաստվերում բացված պայծառ կակաչի մի լայն բաժակ։

― Այս ժամին,― ասացի մոտենալով աղջկան,― ձորում մենակ չե՞ս վախենում։

Ծիծաղեց։

― Մեր պարտեզն է այս,― ասաց։

Ու ձեռքը երկարելով դեպի երկհարկանի սպիտակ ներկած բնակարանը, որ երևում էր պարտեզի վերևում․

― Էն սպիտակ պատերով տունն էլ մերն է։

― Ծովիկ,― ասացի,― կուզենայի՞ր, որ մի օր քեզ նկարեի։

― Իմ ուլի հետ,― ասաց ուրախացած։

― Հենց վաղը։

― Այո՛, դասերից հետո, ժամը երկուսին։

Ես խոստացա։

Հետո արձակեց ուլի պարանը և ինձ առաջնորդեց իրենց պարտեզի մոտով ձգված արահետով։

Սպիտակ տան լուսամուտները լուսավորվեցին և պատշգամբը ողողվեց լույսի հորդ ալիքներով, ուր երևաց երիտասարդ մի կին։

Ինձ թվաց, թե այդ կինը գեղեցիկ է ու վարսագեղ։

― «Ծովի՜իի՜կ․․․»։

― Գալի՛ս եմ, գալի՛ս եմ։

Ու դառնալով ինձ․

― Քույրս է կանչում,― ասաց Ծովիկը։

Հետո ուլի հետ ցածրիկ քարե ցանկապատից ներս ցատկեց, հրաժեշտ տալով ինձ։

Սպիտակ տան պատշգամբին շարունակում էր հենված մնալ երիտասարդ կինը։

IX

Տաճարի հրապարակում կիրակնօրյա սովորական այցելուներից բացի օտարազգի հյուրեր էին խմբվել իմ ծերունի բարեկամի մոտ։

Պրոֆեսորը խոսում էր բերդի շինության մոտավոր թվականի, նրա անառիկ դիրքի, մեր նախահայրերի պաշտպանական ոգու ու եռանդի, կրոնական նախանձահուզության և նրանց կույր տիրասիրության մասին։

Մի քանի կանայք տաճարի գետնախարիսխի բարձրությունից հեռադիտակն աչքներին դիտում էին շրջակա տեսարանները։

Նրանց մեջ ուշադրությունս գրավեց վարդագույն հովանոցով մի կին։ Ինձ թվաց, որ ես տեսել եմ այդ կնոջը։ Գաղտնաբար ու սիրով ուշադիր եղա նրան։ «Ահա մի գեղեցիկ ու երիտասարդ կին,― մտածեցի ես,― որին կնկարեի մեծ սիրով»։

Նրա աղեղնաձև հոնքերի ստվերում ծվարած աչքերում տեսա խոհ ու թախիծ։ Իմ հոգուն հարազատ այդ արտահայտությունը վկայում էր նրա ազգության մասին․ նա հայի աչքեր ուներ։

Քայլերս ուղղեցի դեպի սարավանդի ծայրը։ Այնտեղ քարաժայռի տափարակ մասում կանգնած, ուզում էի նկարել հանդիպակաց կողմի լերկ բլուրները, նրանց վրա ոտնահետքերի բացած նրբուղիներով։

Բայց քայլերս դանդաղեցին, և զգացի որ նկարչատուփը ուսս ճնշում է։ Այս անծանոթ գեղեցկուհու տեսքը գրավել էր ինձ։

Մերկ բլուրներն այլևս հրապույր չունեին։ Կանգ առա ու ետ դարձա։ Վարդագույն հովանոցով կինը ինձ էր նայում։

Քիչ հետո քարաժայռի տափարակում կանգնած, նկարեցի գետի ձախափնյա բլուրները, նրանց կողնիվեր փաթաթվող նրբուղիներով։

Երբեք այսպիսի անհաջող էտյուդ չէի արել։

Տանը կտավն իսկույն քերեցի։ Հիմա նրա վրա ներկի հետքեր կան միայն, խառնիխուռն, այլանդակ հետքեր, որոնք կտավից ինձ են նայում կույր աչքերի պես։


X

Նկարում էի հեթանոսական կիսաքանդ տաճարը։ Նրա մեծղի ու մռայլ սիլվիտը երևում է հանդիպակաց բլուրների ֆոնի վրա, ինչպես շարժապատկերի լուսապաստանում։

Տաճարի հիմքը մեր նախահայրերն էին դրել վաղնջական դարերում, երբ հավատում էին հեթանոս աստվածներին, և չնայած անցած բազում դարերին, այս քարեղեն հիշատակարանը դեռ պահում էր հեթանոսական ճարտարապետության իր հմայքը ժամանակակից մարդու համար։

Չգիտեմ, դարեր առաջ իմ հայրերի արվեստագետ զավակաները ի՛նչ նվիրական խոհերով էին ոգեշնչվել, տաճարի ամեն մի քարն ու խոյակը քանդակելիս․․․ Բայց դարեր հետո նրանց ու նրանց որդիներին բախտ վիճակվեց տաճարում պաշտվող քարե աստվածների ողբը լսել, երբ նրանք շառաչյունով ընկան հրեա աստծու գարշապարի տակ։

Նկարելիս աշխատում էի, որ իմ կտավը փայլի հեթանոս արվեստի այն շնչով, որով ոգևորվել էին իմ պապերի ժամանակվա անհայտ արվեստագետները այս սրբավայրը կառուցելիս։

Ու մտածում էի բազմահազար ստրուկների մասին, որոնց իրենց մեջքերի վրա կրել էին այս մեծազանգված քարաբեկորները և տնքացել փշրվող ոսկորների ցավից․․․ Հետո նաև այն զինյալ խաժամուժ ամբոխների մասին, որոնք հեռուներից գրոհելով եկել բախվել էին բերդի հաստակուռ պարիսպներին և գուպարային կատաղությամբ ժայռերը չանգռելով, գահավիժորեն գլորվել անդունդ ի վար։

Բայց անցել են դարերը և սերունդնեը նրանց հետ։ Ու փառքի և հզորության կոթողներից փշուրներ են մնացել։ Հիմա տրակտորի խոփը պատռում է այս հինավուրց հողը, որի շերտերը շաղախված էին ստրուկների արյունով և երբեմնի գոռոզ իշխանների ու տերերի աճյունով։

Մի ժամանակ բերդի լայնափեղկ դռնից թագակիրներ էին միայն ել ու մուտ անում, վահանավոր զինվորներով շրջապատված, ռազմական շեփորի գոռ հնչյունների տակ։

Հիմա պարսպի մայր դուռը կիսաքանդ էր ու նրանից ամեն օր ել ու մուտ էին անում պիոներական տան ժիր պատանիները, բերդի երբեմնի գոռոզ տերերի աճյունը ծածկող հողերի վրա փողեր հնչեցնելով։

Եվ մեր ժամանակի հաղթական մարդը գիտության լույսով որոնում էր այնտեղ, հողի շերտերում և մամուռ կապած քարերի վրա, ինչ որ անվթար ու անեղծ էր մնացել պատմության համար։

Բերդը պարփակող քարե պարիսպը փուլ էր եկել և Նոր Գառնին, կյանքով ու խնդությամբ լի, անարգել գրոհել էր բերդը։

Պարսպի մոտ իմ ընտրած դիրքից նկատում էի կիսաքանդ տաճարը և միտք անում այդ բոլորի մասին և հուզվում ու ոգևորվում միաժամանակ։



Փողոցում տեսա վարդագույն հովանոցով մի կին։ Նրան թևանցիկ էր արել Ծովիկը։

Իմ փոքրիկ բարեկամուհին, որին նկարել էի մի քանի օր առաջ, քայլերն ուղղեց իմ կողմը, իր հետ ձգելով երիտասարդ կնոջը․

― Քույրս է,― ասաց։

― Անահիտ Վահանյան,― ասաց Ծովիկի քույրը,― սեղմելով իրեն երկարած ձեռքս։

― Պրոֆեսոր Արամյանի օգնակա՞նը, այո՞, ուրախ եմ ծանոթանալուս։

Նրա դեմքի վրա շողաց մի հմայիչ ժպիտ։

Զգացի, որ ինձ ուղղված նրա հայացքի ջերմությունը ծավալվում է իմ կրծքի տակ կտրուկի բույրի պես։

Ուշադիր եղա նրան և համոզվեցի, որ չեմ տեսել մի ուրիշ կնոջ, ավելի գեղեցիկ աչքերով։

Գիտեր Գառնի այցելությանս նպատակը, պրոֆեսորից էր լսել։

― Աչքաթող մի անեք բերդը,― ասաց,― այնտեղ դուք հետաքրքիր բաներ կգտնեք նկարելու։ Անցցյալ օր տաճարն էիք նկարում, շատ ուրախացա, որ հնամենի այս մեհյանը սկսել է մեր նկարիչ արվեստագետների ուշադրությունը գրավել Մի ուրիշ օր էլ եմ տեսել Ձեզ, նկարչատուփն ուսից կախ գնում էիք դեպի․․․

― Հիշում եմ այդ օրը,― ընդհատեցի նրան,― Դուք օտարազգի կանանց հետ գետնախարսխի վրա էիք և ես գնում էի նկարելու գետի ձախափնյա բլուրները։ Այդ օրը ես չեմ մոռանա, շատ անհաջող էտյուդ արեցի։

Ծիծաղեց։ Գուցե նրա համար, որ մերկ բլուրներն էին իմ ուշադրությունը գրավել, երբ այնքան շատ հրապուրիչ բան կար բերդում նկարչի համար, գուցե և հիշեց այն րոպեն, երբ ամեն մեկս շուռ եկանք իրար նայելու համար։

Չգիտեմ։

Բայց նրա հետաքրքրությունը դեպի իմ գործն ու անձը, նրա խոսքի տաք շունչն ու հայացքի ջերմությունը այնպես էին ոգևորել ինձ, որ քիչ էր մնում ասեի․ «Այդ ձախողման օրից էլ սիրում եմ քեզ»։

XI

Էտյուդի գնալիս բերդում տեսա Անահիտին, աշխատանքային խալաթը հագին, գլխին ծղոտե լայնեզր գլխարկ։

Ուրախացա։

«Այսուհետև նրան հաճախ բերդում տեսնելու առիթ պիտի ունենամ»,― մտածեցի։

Այս ուրախ միտքը ամբողջ օրը չհեռացավ գլխիցս, իսկ խալաթ հագած կնոջ սիլուետը՝ աչքերիս առաջից։

Պատից կախ արած կտավներս դիտելիս հայացքս ընկավ Ծովիկի դիմանկարին։

Դիտեցի այն երկա՜ր, ուշադիր․․․

Հանկարծ նկարի վրա գույներն աղոտացան, աղջկա վարսերում բացվող ժապավենը քանդվեց, դարձավ վարդագույն հովանոց մի կնոջ գլխին, որին թևանցուկ էր արել Ծովիկը։

«Քույրս է»։

Նորից ականջիս հասան այս բառերը։

Սպիտակ տան լուսամուտներն այս գիշեր մութ են, իմ հոգում անանդորր է, կարծես թանկագին մի բան, երջանկության հազվադեպ մի առիթ, որ պետք է տրվեր ինձ, խլել են ինձնից, և ես թախծում եմ։

XII

Ամեն օր էտյուդի գնալիս բերդի մոտով եմ անցնում և ուրախանում այնտեղ տեսնելով Անահիտին։

Բանվորների աշխատանքային ժամին, տաճարի հարթության վրա բարձրացող մանրամաղ փոշու միջից ես որոշում եմ նրա գեղեցիկ հասակն ու հրճվում։

Երբեմն էլ բերդ եմ գնում ու քայլերս ուղղում դեպի տաճարը, որի սանդուղքի աստիճանների մոտ կանգնած զրուցում են պրոֆեսորն ու օգնականը։

Իմ այցելությունը ես ճգնում եմ հիմնավորել իբր հնագիտական պեղումների մասին բուռն հետաքրքրությամբ։

Ծերունի բարեկամս գովում է իմ հետաքրքրասիրությունը։ Ուրեմն անկեղծորե՞ն հավատում է ինձ․․․ չգիտեմ։ Բայց Անահիտը գիտե իմ այցելության պատճառը, նա զգում է, որ ինքն է իմ հետաքրքրության առարկան։

Ինձ տեսնելիս նրա գեղեցիկ աչքերը փայլում են։ Դեմքի վրա կարդում եմ նրա հոգու թաքուն խնդությունը։ Շրթունքների անկյունում ուրվագծվող ժպիտը զուր է աշխատում թաքցնել ինձանից։ Ես զգում եմ նրա սրտի ուրախ թրթիռը իմ այցի առթիվ․․․

Պրոֆեսորի բացակայությամբ Անահիտը առանձին մտերմություն է ցուցաբերում իմ նկատմամբ։ Աչքերի թավիշ հայացքը հառած ինձ, խոսում է արագ, հևիհև, և խոսքը զարմանալի ջերմ է։

Հոգիս շլանում է նրա գեղեցկությամբ։ Նրան նայելիս հարբում եմ, շունչս բռնվում է և լեզուս կապ ընկնում։

Երեկ զրույցի ժամանակ հարցրեց․

― Հավանո՞ւմ եք Գառնին։

― Գեղեցիկ է Գառնին,― ասացի։― Այս գյուղը իր պատմական բերդով, բնությունը իր աննման տեսարաններով այնպես են գրավել ինձ, որ ես որոշել եմ ավելի երկար մնալ, քան նախատեսել էի։

Անահիտը իմաստավոր նայեց ինձ ու ծիծաղեց։


Մի օր դիտող աչքերը պիտի նկատեն, որ իմ հաճախակի այցելությունը բերդ գիտական հետաքրքրությունից չի բխում։

Ինչպիսի պերճախոսությամբ էլ որ ուզենամ հիմնավորել հետաքրքրությունս հնագիտական մասունքների հանդեպ, իմ հաճախակի այցը հոգեբանորեն ու անսխալ մեկնաբանող մեկը պիտի լինի այնտեղ, և դա անշուշտ պրոֆեսորն է լինելու։

Այս միտքն է ահա, որ հաճախ ստիպում է ինձ հրաժարվել բերդ այցելելուց, երբ այնտեղ Անահիտի մոտ տեսնում եմ պրոֆեսորին։

Բերդում պրոֆեսորի ներկայությամբ Անահիտն ինձ ընդունեց որպես պատահական այցելու։

Ես նույնիսկ նկատեցի, որ նա զգուշորեն հեռացավ ինձնից և բավարարվեց միայն հեռվից գաղտագողի հայացք ուղղելով իմ կողմը։

Իմ ծերունի բարեկամը գիտի՞ արդյոք, թե ինչպիսի մեծ երջանկությունից է զրկում ինձ․․․

Լուսաբացին աքաղաղի ժիր կանչն է հասնում ականջիս․ զարթնում եմ։ Գյուղի փողոցներում երկարաձգվում է արոտի շտապող կովերի բառաչը։

Մթնշաղը փարատվել է արդեն, և առավոտյան լույսի աղոտ պայծառության մեջ երևում են դիմացի սարավանդի վրա ցիրուցան տներ։

Այնտեղ երկհարկանի փոքրիկ տունն է սպիտակ ներկած պատերով։

Հիմա, ուր որ է Անահիտը կերևա պատշգամբում, կբարևի ինձ հեռվից, մերկ բազուկը գլխից վեր՝ օդի մեջ շարժելով։

Ես գիտեմ նրա բարևի իմաստը։

Քիչ անց կգնամ բերդ։ Անահիտը այնտեղ կլինի։ Մինչև կիրակնօրյա այցելուների ժամանումը կզրուցենք տափարակ քարի վրա իրար կողքի նստած։

Այդ մեծղի տափարակ քարը մեր ժամադրավայրն է։

XIII

Էտյուդի գնացի հարավի այգիները, որ գյուղացիք ծիրանանոց են անվանում։

Արև֊արեգակ օր էր, երկինքը պայծառ, ջինջ ու թափանցիկ։ Շուրջս տեսանելի աշխարհը լողում էր լույսի հորդ ալիքներում։ Ես տոգորված էի պարզի, գեղեցիկի և վսեմի զգայությամբ, որ մեծ բնությունն էր ինձ ներշնչում։

Ծառերի զով սաղարթներում թռչունները ճռվողում էին աշխուժորեն, չգիտես, արևի՞ց, թե՞ ծիրանի բույրից հարբած։

Ծիրանանոցից ներքև, ձորի խորքում գետն էր գալարվում։ Ջրից դուրս եկած պատանիները ուրախ աղմկում էին պառկած ավազի վրա, հունիսի այրող արևի տակ։ Նրանց մերկ մարմինները շողում էին էբենոսի փայլով, հրապուրելով հեռվից իմ նկարչի աչքը։

Իջա ձորն ի վար դեպի գետը։ Սաղարթներից թափանցող արևի լույսը կաքավում էր գետի վրա, երբ ստվերները փոխառփոխ պատռվում էին ու կարվում իմ քայլերի առաջ։

Ծիրանանոցի բոլոր կողմերից հողի մշակները խմբվեցին սաղարթաշատ չինարի ստվերում։ Հանգստյան ժամ էր։

Ես թաքուն ուշադիր եղա մի աղջկա շարժումների։ Նա դանդաղում էր թփուտներում։ Միջահասակ էր, սևահեր ու նրբամարմին, քայլում էր եղնիկի վեհերոտ քայլքով և աչքերն անհանգիստ թարթում։

Գաղտնաբար ու սիրով դիտեցի նրա մերկ սրունքների լիքը բումբերը և զիստերի զգլխիչ կլորությունը քամուց տարուբեր շորի ծալքերում։

Մի մեղմ սուլոց լսվեց, և սուլոցի հետ մի կայտառ պատանի դուրս եկավ թփուտներից։ Աղջիկը ցնցվեց, տեսավ պատանուն, ժպտաց խելահեղորեն և․․․ ճառագայթի նման թրթռաց տղայի բազուկների մեջ։

Աչքերս շլացան․․․ երբեք ավելի հմայիչ պատկեր չէի տեսել։

Գետափում ավազի վրա երևում էին պատանիների մերկ մարմինները արևի շողերի տակ։

XIV

Նստել ենք տափարակ քարին ու զրուցում ենք։ Մեզ չեն խանգարում ժիր պատանի պիոներները, որոնք պարսպի մոտ փղեր են հնչեցնում։

Անահիտը ուրախ է, խոսում է արագ, հևիհև, և ջերմություն կա նրա բառերում․․․ Նոր է իմացել իմ մասին հաճելի նորությունը, երեկ երեկո միայն, և հիմա ուզում է ինձ հայտնել իր մեծ ուրախությունը այդ առթիվ․․․ Շտապում է․ արևն արդեն բարձրացել է հորիզոնի վրա և հիմա ուր որ է կերևան տաճարի կիրակնօրյա այցելուները, պրոֆեսորը քաղաք մեկնեց, ու նրանք տասնյակներով կշրջապատեն իրեն, խնդրելով պատմել տաճարի մասին, բերդի մասին, և կընդհատվի մեր զրույցը։

Անահիտը պրոֆեսորի մոտ գտել է արվեստի մի ժուռնալ, ուր դրվատական տողեր են եղել իմ հասցեին։

― Կարդա,― ասել է ծերունին,― տես թե ինչ բարձր գնահատական է տրված մեր սիրելի նկարչին։

Ու Անահիտը կարդացել է և ուրախացել։ Նրա համար սակայն ամենաուրախալին այն է եղել, որ քննադատը տաղանդավոր է կոչել նկարչին։

― Հիմա դու կհասկանաս անշուշտ, թե ինչու եմ ուրախ․․․ պարզ ասեմ, իմ հպարտությունը շոյվում է, երբ գովում են քեզ․․․

Այս բառերն արտասանելիս Անահիտի աչքերը բացկլտում են և արագ֊արագ թրաթում։

― Քննադատներն,― ասում եմ,― հաճախ սխալվում են իրենց գնահատություններում և հեղինակների նկատմամբ ոչ ճիշտ եզրակացությունների են հանգում։

Բողոքում է իմ առարկության դեմ և պնդում, թե իմ քննադատի գնահատությունը ճիշտ է․․․ Ժուռնալում անցյալ տարվա իմ կտավներից հինգ նկար է տպագրված եղել, որոնք իր ասելով համոզում են ամեն մի դիտողի։

Բացի այդ, ավելացնում է,― պրոֆեսորն էլ է համաձայն հոդվածագրի հայտնած մտքերին։

Անահիտի համար պրոֆեսորը աներկբայելի հեղինակություն է, և նրա կարծիքը մի անխաբ վկայություն իր սիրածին տրված գնահատականին։

― Հոդվածագիր մի կետում իրավացի է,― ասացի։

Անահիտի աչքերում զարմանք երևաց։

― Ի՞նչ, ուրեմն դու հոդվածը կարդացե՞լ էիր․․․

― Այո, ավելի քան երկու ամիս առաջ։

Անահիտը դժգոհեց ինձանից, որ հոդվածի մասին լռել եմ։

Հետո ուզեց իմանալ, թե հոդվածագրի եզրակացությունների որ կետն եմ ակնարկում։

― Հեղինակի այն եզրակացությունն,― ասացի,― որ ես իմ կտավներով հայ նկարիչ և Հայաստանի նկարիչ եմ։

― Իսկ դու կուզենայի՞ր այդպիսին լինել։

― Դա իմ երազն էր։

― Սակայն ինչ տարբերություն,― ասաց,― դու կարող էիր Սիբիրցի նկարիչ լինել և նույնքան տաղանդավոր։

― Այո,― ասացի,― եթե միայն Սիբիրում ծնված լինեի, բայց այն ժամանակ իմ կտավները ոչ թե հայկական լեռնաշխարհի, այլ սիբիրյան աշխարհի գույնն ու հրապույրը կունենային․․․ Եվ հիմա, որ իմ կտավներով իմ աշխարհն եմ պատկերում իր արևով, լույսով, բույրով ու թույնով, դա ինձ շատ է ուրախացնում։

Պարսպի մեծ դռան կողմից երևացին կիրակնօրյա այցելուներ։ Նրանք մոտեցան մեզ և շրջապատեցին Անահիտին։

Իրիկնադեմին Ծովիկն եկավ իմ բնակարանը և ինձ թեյի հրավիրեց։

― Քույրս խնդրեց չմերժել,― ասաց։ Եվ ուրախ հեռացավ համաձայնությունս առնելով։

Ժամը յոթին սպիտակ տանն էի, ուր ինձ ընդունեցին հարազատների ջերմությամբ։

― Մեր տանը,― ասաց մայրը,― Անահիտն ու պրոֆեսորը, նույնիսկ Ծովիկը, այնքան հաճախ են խոսել Ձեր մասին, որ շատ էի ցանկանում ծանոթանալ Ձեզ, և ահա վերջապես․․․ լավ է ուշ, քան երբեք, ուրախ եմ ծանոթանալուս համար, ես սիրում եմ արվեստագետներին։

Քիչ հետո տիկին Շողիկի հետ,― այդպես էր Ծովիկի մոր անունը,― նստեցինք զրույցի, մինչդեռ երկու քույրերը թեյասեղանի պատրաստություն էին տեսնում։

Վերջալույսի խաղաղ պահն էր, գյուղական երեկոյի անրջային անդորրության պահը։ Ծառերի բարձր կատարները դեռ լողում էին մայրամուտի արևի շողերում, ստվերները լայն շերտերով բարձրանում էին բլուրների կողնիվեր, և մութը տակավ խտանում էր երկրի վրա։

Ես լսում էի Ծովիկի մորը։

Հիսունի մոտ միջահասակ կին էր, վաղաժամ այրիացած և տանջված կնոջ տրտում աչքերով։

Տասը տարի առաջ ամուսինը զոհվել էր ռազմաճակատում և այդ տարին ծնվել էր Ծովիկը։

― Նա հայր չի տեսել,― ասաց,― և զարմանալի նման է ամուսնուս, այնպես որ Ծովիկին տեսած՝ հորը տեսած։

Դժվարությամբ էր մեծացրել որբերին։ Ամուսնու մահվան տարին Անահիտը հազիվ տասնյոթ տարեկան, քնքուշ ու նիհար աղջիկ էր, անընդունակ դաշտային աշխատանքի։

― Անհայր երեխա մեծացնելուց դժվար բան չկա աշխարհում,― ասաց,― դառը և դժվար տարիներ էին։ Ծովիկը մեծացավ դաշտային մսուրներում, բայց Անահիտիս մի օր էլ չկտրեցի դասերից Տասը տարի է անցել, տասի տարի, միան ասելն է հեշտ, մինչև որ Անահիտը մեծացավ, զորացավ մարմնով ու աճեց խելքով, գիտությամբ պրոֆեսորի ձեռքի տակ։― Պրոֆեսորն Անահիտին ուղղակի հայրություն արեց․․․― եզրակացրեց տիկին Շողիկը, մենք երախտապարտ ենք նրան։

Հետո մայրական հպարտությամբ ասաց․

― Շուտով դիսերտացիա կպաշտպանի և կմոռացվի անցյալի դառնությունները։

Թեյի ժամանակ Անահիտը, փոքրիկ աղջկա քմահաճությամբ պահանջեց, որ ինքը մենակ սպասարկի սեղանը։

― Ես ուզում եմ,― ասաց,― սիրելի նկարչին ցույց տալ իմ ամբողջ տնարարական շնորհքը։

Ու հենց այդ րոպեին խմորեղենով լիքը ափսեն շուռ եկավ սեղանի վրա։

Բարձրացավ ընդհանուր քրքիջ։

― Այ քեզ տնարարական շնորհք,― ասաց մայրը ներողամտաբար ժպտալով։

Թեյից հետո Ծովիկը քնեց և մայրը նրան ննջասենյակ տարավ։

Մենք սկսեցինք զրուցել պրոֆեսորի գիտական աշխատությունների, բերդի պեղումների և Անահիտի դիսերտացիայի պաշտպանության մասին, որ տեղի էր ունենալու շուտով։

Անահիտը առանձին ոգևորությամբ էր խոսում պրոֆեսորի հմտության մասին որպես գիտնականի, ինչպես նաև նրա հայրենասիրական զգացումների մասին, որպես քաղաքացու։

Գիշերը ժամեր շարունակ երազեցի Անահիտին և քունը մոտ չեկավ աչքերիս։ Առավոտյան անհամբեր սպասում էի, թե երբ պիտի տեսնեմ նրան։ Հիշում էի նախորդ օրվա երեկոն և հարբել էի նրանով։

Գետի եզերքին նստել էինք ընկած ծառի կոճղի վրա, այնտեղ, ուր մի օր տեսել էի Ծովիկին իր ուլի հետ։

Ձորի կածաններում իմ մոլորված օրվա վերհուշը, Ծովիկը և նրա ուլը անասելի ուրախություն պատճառեցին մեզ․ և մենք երեխաների նման, որ չնչին բաներով ոգևորվելու գաղտնիքն ունեն, նստեցինք ընկած ծառի կոճղին ու երջանկորեն ծիծաղեցինք։

Արևը վաղուց մայր էր մտել, երկնքում փայլում էին աստղերը և իրիկնային հովաշունչ քամին խաղում էր սաղարթների հետ։

Գյուղից ոչ մի ձայն չէր հասնում մեզ։ Մենք տեսնում էինք հեռվի լույսերը, իսկ վերևից, սարավանդի բարձրությունից մեզ վրա հսկում էր տաճարի խորհրդավոր ու մռայլ ուրվագիծը։

Ձորի գաղտնապահ առանձնության մեջ, սաղարթների գգվող սոսափի ներքո մենք մեզ զգում էինք ժամանակից ու տարածությունից դուրս և գինով էինք սիրով։

Գիշերը քունը մոտ չեկավ աչքերից․․․

XV

Պրոֆեսոր Արամյանը եկավ նկարներս դիտելու։ Հուլիսյան շոգ կեսօր էր, և ես պատշգամբում աշխատում էի կիսավարտ մի նկարի վրա։ Նրա գալն ինձ շատ ուրախացրե, ես նրան ցույց տվի իմ կտավները։ Այդ կտավներից քչերն էին ավարտված, շատերը էտյուդներ էին, ապագա կոմպոզիցիոն աշխատանքի համար ընտրված տեսարաններ։

Պրոֆեսորը դիտեց կտավներս, հարցեր տվեց ու բացատրություններ լսեց։ Սրտի թրթիռով նայում էի նրան, դեմքի արտահայտությունից գուշակելու համար նրա ստացած տպավորությունը։

― Ես արվեստի քննադատ չեմ,― ասաց,― դա դժվար գործ է, և ես դրա շնորհքը չունեմ, ես սոսկ դիտող եմ, մի մարդ, որ սակայն սիրում է նկարչությունը։ Ամեն մի ընթերցող,― շարունակեց նա,― առանց քննադատ լինելու տպավորություններ է ստանում իր կարդացած գրքից և ըստ այնմ գնահատում գործը։ Ահա պատշգամբի ճաղերին հենած Ձեր գեղեցիկ կտավները ինձ համար բաց գիրք են, բնությունը պատկերող մի խորհրդավոր գիրք, որի ընթերցողն եմ ես հիմա և ուզում եմ ահյտնել հեղինակին, ընթերցողի, բայց ոչ քննադատի իմ տպավորությունները։

Հետո պրոֆեսորը մի քանի նկարների մասին առանձին դիտողություններ անելով, ասաց իմ կտավներում նկատելի է այն յուրահատուկը, որ տիպական է դարձնում իմ վրձինը։

― Ես համաձայն եմ,― ասաց,― քո քննադատի հետ, որի հոդվածը կարդացել եմ ամիսներ առաջ արվեստի ժուռնալում։ Նա քեզ անվանում է Հայաստանի նկարիչ։ Այո, դու Հայաստանի նկարիչ ես։ Նույնիսկ այս կտավները, որոնք դեռ ամբողջական գործեր չեն, մեր արևի փայլն ու ջերմությունն ունեն։ Ահա այս է, որ ուրախացրել է քո քննադատին և ուրախացնում է ինձ ու բոլոր նրանց, որոնք սիրում են արվեստը։

Վերջում մի խորհուրդ եմ ուզում տալ քեզ․

― Դու հարավի արվեստագետ ես, պահպանիր քո վրձինը ապագա բոլոր հրապուրիչ փորձություններից, որոնք կարող են խլել նրանից նրա ջերմությունն ու հրապույրը։

Պրոֆեսորը մեկնեց։ Նրա խորհուրդը ինձ խորհրդավոր, բայց իմաստուն թվաց։

XVI

Երեկ գիշեր, ուշ ժամին, ես նկարեցի Անահիտին, և նա չիմացավ, որ ես նրան նկարեցի։

Գյուղում վաղուց ճրագները հանգել էին։ Գիշերային լռության մեջ գետն էր աղմկում, ու ծղրինդներն էին ծղրտում։

Ինչպես միշտ, այս գիշեր էլ ես տեսա Անահիտին իմ սրտի աչքերով, այնքան պարզ, ինչպես որ կտեսնեի բաց աչքերով, եթե նա կանգնած լիներ ինձ մոտ, արևի լույսի տակ։

Նույն քաղցր աղջիկն էր, ինչպես միշտ նրբամարմին ու ծիծաղկոտ Անահիտը, հայացքը ջինջ, ճակատը պայծառ, իմաստության և խոհականության կնիքը վրան։

Մուգ շագանակագույն վարսերը թրթռան ալիքներով իջնում էին քունքերն ի վար, շեշտելով դեմքի վարդագույն թափանցիկությունը։

Նա կանգնեց իմ դեմ, ժպիտը երեսին, իրանը ուղիղ, կուրծքը բարձր․․․ Եվ լուսաշող աչքերը, որոնք ինձ էին հառած, խելահեղ արեցին ինձ իրենց անուշ թախիծով։

― «Նկարիր ինձ,― ասաց,― դու որ գույների ազնիվ ճաշակն ունես, նկարիր ինձ այնպես, որ դեմքիս վրա և աչքերիս մեջ ցցոլան հոգուս թաքուն խինդն ու երազանքը»։

Եվ ես նկարեցի նրան, ու նա չիմացավ այդ։

Նկարում էի և հետը զրույց անում։

«Այսօր իրիկնադեմին,― ասացի նրան,― էտյուդից վերադառնալիս տեսա քեզ, երբ դու դուրս էիր գալիս պարիսպի դռնից պրոֆեսորի հետ, որին թևանցուկ էիր արել»։

«Դուք երկուսով չնկատեցիք ինձ, իսկ ես աշխատեցի չերևալ ձեզ, չնայած առիթն այնքան պատեհ էր հանդիպելու քեզ, և ես բուռն կերպով ցանկանում էի այդ»։

«Կարող էի քայլերս արագացնել և հասնել ձեզ, բայց չարեցի, և դուք անցաք իմ նախանձավառ հայացքի առջևով»։

«Ներիր ինձ․․․ Բայց ես չեմ կարող չխոստովանել, որ նախանձում էի պրոֆեսորի երջանկությանը»։

Ես լռեցի, նա ծիծաղեց իմ խոսքերի վրա, ես ամաչեցի, և ափսոսանքի ու զղջման տանջող մի զգացում համակեց ինձ։

Հետո նորից շարունակեցի նկարել․․․

«Գլուխդ աջ թեքիր,― ասացի,― այդպես կիսադեմ վարսերդ ավելի հորդ ալիքներով են իջնում քունքերդ ի վար․․․―

«Ես սիրում եմ դիտել դեմքդ գանգուրների ալիքների մեջ»։

Լուսացել էր։ Ճրագը հանգցրի։ Ես մատիտով արված նկարն ավարտել էի։

Անահիտը ժպտում էր ինձ արևի առաջին ճառագայթների տակ։

XVII

Առավոտից մինչև երեկո հնձվորների մոտ էի։

Չհագեցող ուրախությամբ դիտեցի հասուն հասկերի ալեկոծումն արտերում և հատիկների դեղին հոսքը կոմբայններից։

Ձորում, ուր իջել էի ճեպանկարներ անելու, մի երիտասարդ կոմբայնավար տեսա։ Հովանալու համար լողացել էր գետում և ավազի վրա կանգնած խոնավ մարմինն էր չորացնում։

Նրա գեղեցիկ մարմինն արևի ճառագայթների տակ շողշողում էր մաքուր պղնձի փայլով։

Հասակը նուրբ էր, սլացիկ, բազուկներն ու սրունքները ջլապինդ, զիստերը մկանուտ և կուրծքը թեթևակի մազոտ։

Անկարելի էր տեսնել նրա գեղեցիկ հասակը, լայն ուսերը լիքը իրանի ներդաշնակ կաղապարումով և անտարբեր հանդիսատես լինել այդ շքեղ պատկերի։

«Եթե ճիշտ է, որ արվեստի իսկական առարկան մարդկային մարմինն է,― մտածեցի ես,― ապա պետք է, որ այս գեղեցիկ կազմվածքի առջև գլուխս երկյուղածությամբ խոնարհեմ»։

Մոտեցա կոմբայնավարին և ողջունեցի։

Երիտասարդ կոմբայնավարի գեղեցկությունն իր մերկությամբ գայթակղեցրել էր ինձ և ես առաջարկեցի նրան նկարել։

― Թույլ կտա՞ս նկարեմ քեզ այս վիճակում, ինչպես որ կաս,― ասացի։

― Այսպես մե՞րկ,― հարցրեց զարմացած։

― Այո,― ասացի,― հենց այսպես մերկ, ինչ կա որ։ Գեղեցիկ կառուցվածքը, որ դու ունես, իմացիր, աստվածային պարգև է, պետք է այն ցուցադրել մարդկանց և ոչ թե թաքցնել։ Դու բնության երջանիկ պարգևն ես, քեզ նման շքեղ մարմնական կառուցվածք ունեցող երիտասարդը իր նմանների մոտ հպարտանալու իրավունք ունի, անմիտ բան է ճանաչվելու երկյուղը, որ քեզ շփոթության և վարանումի է մատնում։

Համաձայնեց։

Ուրախությանս չափ չկար։ Գառնիում առաջին անգամն էր ինձ հաջողվում մերկ բնորդ ունենալ։

Կոմբայնավարի մարմնի արձանային կառուցվածքը հմայել էր ինձ, և ես կախարդված էի նրանով, ինչպես արիսպագոսյան հույները անառակ ու աստվածային ֆրինեի մերկությունը դիտելիս։

Նկարում էի, հափշտակությամբ էի նկարում և կտավի վրա գույները երգում էին։

Երեկոյան գյուղ վերադարձա հետիոտն։ Մերժեցի վարորդների հրավերը։ Հով երեկո էր, բեռս էլ ինչ էր որ, մի կտավ միայն։ Ինձ հաճելի էր մտքերիս հետ առանձին լինել։

Ուրախությունից չէի զգում ոչ հոգնածություն, ոչ քաղց։

Արևը մայր էր մտել։ Արևմուտքի հորիզոնում ցիրուցան ամպեր էին բոցավառվում։ Դաշտերից դեպի գյուղ էին շարժվում ցորեն բարձած մեքենաները, նրանց հանդարտ աղմուկը խաղաղության երգի պես էր հնչում իմ հոգում։

Ստվերներն իջնում էին հանդարտորեն։ Շուտով երկնքում երևալու էին առաջին աստղերը, ճամփի վրա թափթփված հարդը փայլում էր իրիկնային կիսալույսի մեջ, ինձ հիշեցնելով հարդագողի ճամփան երկնքում։

Կտավը, որ կախ էի տվել ուսիցս, ամեն քայլափոխի խփում էր կողքիս, ինձ հիշեցնելով օրվա իմ հաղթանակը։ Գյուղը հեռու չէր։

XVIII

Ամբողջ օրը տանը աշխատեցի էտյուդների վրա։ Երեկոյան գնացի գյուղի զբոսայգին, ուր նվագախումբը ուրախ ողանակներ էր նվագում։

Զով երեկո էր։ Մի անկյունում առնձնացած դիտում էի երեխաներին, որոնք խաղում էին ծառուղիներում, ծիծաղում էինք, քրքջում երջանկորեն։

Այգում երկար մանցի։ Երեխաները գնացին ծնողների հետ, և նվագախումբը լռեց։ Մնացին փոքր թվով ծերունիներ միայն։

Ես մտադրվեցի դուրս գալ այգուց, երբ հանկարծ տեսա Անահիտին, ինձանից ոչ հեռու, ծառի բնին հենված։ Նրան երեք օրից ի վեր չէի տեսել։

Աչքի պատրանք կարծեցի։ Բայց նա էր, լսեցի ձայնը, որ իմ անունն է տալիս։

― Շավա՛րշ․․․

Շտապեցի մոտը և ձեռքերն առա ափերիս մեջ։

Այս կիսախավարը անկյունում ինձ գտնելու համար պետք է երկար շրջված լիներ այգում։

Տանտիրուհուցս էր իմացել, որ զբոսայգում եմ և եկել էր ինձ գտնելու։

― Այսօր շատ էի ուզում տեսնել քեզ,― ասաց,― որովհետև․․․

Շունչը կտրվեց և շրթունքները փակվեցին հանկարծ, իրենց արանքում պահելով բառեր, որոնց միտքը կռահեցի իսկույն ձայնի թրթռուն շեշտից և աչքերի փայլատակող արտահայտությունից։

Ես իմ մտքում լրացրի նրա չարտասանած բառերը․

«Որովհետև կարոտել էի քեզ․․․»

Դուրս եկանք այգուց և թևանցուկ քայլեցինք կիսախավար փողոցներով։

Իրիկնային մեղմ քամին խաղում էր ծառերի սաղարթների հետ, որոնց բացվածքից երևացող երկնքի լուսակապույտ պաստառի վրա քթթում էին ամառային գիշերվա աստղերը՝ սիրող աչքերիս պես։

Գյուղում ճրագները հագնել էին, փողոցներում երթևեկությունը դադարել։

Տներից երբեմն լսվում էին զարթնող մանկան սուր ճիչը, որ դանակի պես կտրում էր գիշերային լռությունը, և ուր ընդհատաբար որոտագին պայթում էր հեռավոր գամփռի բամբ հաչոցը։

Երբեք այնպես երջանիկ չէի եղել, ինչպես այդ երեկո․ ինձ թվում էր, որ շուրջս ամեն ինչ դրախտային էր․ տերևների մեղմ սոսափը, մթան մեջ փայլող ծաղիկների արբեցնող բույրը, երեկոյի հովաշունչ քաղցրությունը և աստղերի արծաթ ժպիտը, որ խաղաղության պես մեղմ ու քնքուշ ցոլում էր երկնքում։

Այդ երեկո ես խելագարի պես սիրահար էի։ Իմ եսը ձուլվել էր Անահիտի էության հետ, նա էր ակունքը իմ բոլոր ուրախ և արբեցնող զգայությունների։

Իմ բնակարանի մոտ էինք, երբ Անահիտն սկսեց ոգևորութամբ պատմել այն տպավորությունների մասին, որ պրոֆեսորը ստացել էր իմ կտավներից։

Միասին բարձրացանք իմ բնակարանը։

Սենյակում բոլոր կտավներս փակ էին, միայն կոմբայնավարի կտավն էր բաց, որ հենել էի պատին, որպեսզի չորանա։

Անահիտի հայացքն իսկույն ընկավ այդ կտավին։

Դիտում էր լուռ ու երկար։ Հիացական արտահայտություն կար աչքերում։

― Դու գույների իսկական կախարդ ես,― առանց հայացքը կտավից հեռացնելու ասաց նա․․․

Հետո հանկարծ դառնալով ինձ․

― Իսկ ինձ ե՞րբ ես նկարելու։

Վարանեցի․ ասե՞լ արդյոք․․․

Դժգոհ իմ լռությունից հարցը կրկնեց։

― Ես քեզ նկարել եմ,― ասացի։

― Ի՞նչ,― ասաց սիրուն աչքերը մթնեցնելով,― կատա՞կ ես անում։

― Ես քեզ շարունակ տեսել եմ հոգուս աչքերով և նկարել եմ, զարմանո՞ւմ ես։

― Բանաստեղծական է, բայց․․․

― Չէ՞ որ,― կտրեցի նրա խոսքը,― հոգին աչքեր ունի, որով սիրողներն են միայն տեսնում։

Անահիտը մոտեցավ ինձ, գլուխը հենեց ուսիս և ուրախ ասաց․

― Այո,― հոգու աչքերով միայն սիրողներն են տեսնում։

Հետո մի քայլ ետ գնաց ու եռանդով ասաց․

― Բայց ես ուզում եմ տեսնել իմ նկարը կտավի վրա, քո հոգու աչքերով պատկերված։

― Մոտեցիր սեղանին,― ասացի,― և բաց արա պատին հենած մեծ ալբոմի առաջին էջը։

Անահիտը վարանումով մոտեցավ սեղանին, բաց արեց ալբոմի առաջին էջը, դիտեց նկարը և հանկարծ ուրախության ճիչով ետ դարձավ, թևերը լայն բացած եկավ դեպի ինձ և բազուկները պինդ փաթաթեց վզիս։

XIX

Երեկոյան երկար սպասեցի Անահիտին և նա չեկավ։ Ես դուրս եկա այգուց և վերջին մարդու հետ տխուր ու դառնացած վերադարձա տուն։

Տարակույսի ու կասկածանքի րոպեներ ունեցա։ Անսպասելի հյուրե՞ր են ունեցել, թե՞ անակնկալ հիվանդություն․․․

Գիշերը երկար ժամանակ զանազան ենթադրությունների ու կասկածների մեջ էի և քունը մոտ չեկավ աչքերիս։

Առավոտ շուտ փողոց իջա, չգիտենալով ուր գնալ։ Որոշել էի նույնիսկ չանցնել բերդի մոտով, ներս մտնելու փորձությունը չունենալու համար։

Պարզպաես վշտացել էի Անահիտից։

Սակայն սրտիս խորքում զգում էի, որ խիստ եմ դատում։ Եվ քանի մտածում էի այդ մասին, այնքան ավելի էր բորբոքվում իմ մեջ նրան տեսնելու ցանկությունը։

Եվ քայլերս ուղղեցի դեպի բերդ։

Պիոներական տան մոտ տեսա պրոֆեսորին։ Նախորդ երեք օրերին նա Գառնիում չէր, իսկ այսօր առավոտյան այդպես շուտ Երևանից եկած չէր կարող լինել․

Շտապեցի նրա մոտ։

― Այս առավո՞տ եք եկել,― հարցրի։

― Ոչ,― ասաց,― երեկ երեկոյան։

Եվ խնդրեց իրեն ուղեկցել մինչև բերդ։

Տաճարի մոտ հավաքված բանավորներն սպասում էին պրոֆեսորին։ Անահիտը բերդում չէր․

Պրոֆեսորը հագավ վերնաշապիկը և նստեց աթոռակին, որ նրա համար միշտ հետներն ունեին բանվորները։ Հետո բրիգադիրին հրահանգելով պեղումը շարունակեց տաճարի հյուսիս֊արևելյան կողմի ուղղությամբ և ապա դառնալով ինձ ասաց․

― Անահիտի մասին ուրախ լուր ունեմ քեզ հաղորդելու։

Ես, որ մտահոգված էի Անահիտի բացակայությամբ, մեծ հետաքրքրությամբ սպասեցի պրոֆեսորի ուրախ լուրին։

― Շուտով,― ասաց,― Անահիտը կմեկնի Մոսկվա, դիսերտացիա պաշտպանելու։

Նրա անակնկալ մեկնումի լուրը այնպես հուզեց ինձ, որ չկարողացա լսել հետագա բացատրությունների մանրամասնությունները։

― Այդ ե՞րբ է լինելու,― հարցրի,― չիմանալով ինչպես ընդունել լուրը։

Հետո առանց պատասխանի սպասելու․

― Նա ինձ չի ասել, որ պաշտպանությունը տեղի է ունենալու Մոսկվայում։

Ձայնս այնպես կերկերուն էր և հուսահատորեն նվազ, որ պրոֆեսորը փոխանակ ուղղակի պատասխանելու, մի պահ ուշադիր նայեց ինձ և ապա ասաց․

― Անահիտը չէր կարող վաղօրոք ասել քեզ, որովհետև ինքն էլ չգիտեր, թե որտեղ է լինելու պաշտպանությունը, Երևանո՞ւմ, թե՞ Մոսկվայում։ Ամիսներ շարունակ ակադեմիան բանակցությունների մեջ էր Մոսկվայի հետ, աշխատում էինք, որ պաշտպանությունը լինի Մոսկվայում, այդ և՛ իմ, և՛ Անահիտի ցանկությունն էր, դժվարություններ կային, որոնք նոր միայն հարթվեցին։

― Ե՞րբ է մեկնելու,― հարցրի ես։

― Պաշտպանությունը նշանակված է սեպտեմբերի չորսին, երկուշաբթի օր,― ասաց պրոֆեսորը,― այնպես որ Անահիտը կմեկնի օգոստոսի վերջերին։

― Իսկ ե՞րբ կվերադառնա։

― Վերադառնալու մասին չգիտեմ։ Վստահ եմ, որ մեծ հաջողություն է ունենալու, պաշտպանությունից հետո գուցե անհրաժեշտ լինի ևս մի քանի ամիս մնալ նոր ուսումնասիրությունների համար, ինչ որ ես կարևոր եմ համարում, գուցե և պահեն նրան Մոսկվայում, այնպես որ ես դժվարանում եմ ասել, թե երբ կվերադառնա։

Ոտքի ելա։

― Պետք է շտապեմ շնորհավորելու Անահիտին,― ասացի,― և հրաժեշտ տվի պրոֆեսորին։


XX

Պրոֆեսոր Արամյանի վերջին բառերը ինձ սաստիկ հուզել էին․ «Գուցե նրան պահեն Մոսկվայում․․․»

Ես գիտեի, որ Անահիտը պատրաստվում էր գիտական աստիճան ստանալ, և հաճախ ուրախությամբ էի մտածել այն օրվա մասին, երբ ներկա պիտի լինեի նրա դիսերտացիայի պաշտպանությանը Երևանում։

Եվ այդ օրվա հուզումնալից արարողությունների հետ կապված քաղցր պատկերները տոգորել էին երևակայությունս։

Իսկ հիմա, պաշտպանությունն, ահա, փոխադրվում է հեռու, և սահմանված ժամկետից էլ մի քանի օր առաջ․․․ իսկ վերադա՞րձը, քանի՞ օրից, ե՞րբ, արդյո՞ք․․․

Տիկին Շողիկը բաց արեց դուռը և ինձ դիմավորեց խնդության ժպիտը երեսին։

― Իմացե՞լ եք։

― Իմացել եմ,― ասացի,― որ շուտով կորցնելու ենք Անահիտին։

― Կորցնելո՞ւ, ինչո՞ւ․․․

― Չէ՞ որ Մոսկվա է գնալու շուտով։

― Հա, այդ իմաստո՞վ եք ասում, ճիշտ է շուտով, երեկ պրոֆեսորի հետ որոշեցին, որ Անահիտը մեկնի օգոստոսի 25֊ին։

― Դրա համար,― ասացի,― նախ շնորհավորում եմ ձեզ,― և համբուրելով ձեռքը, շարունակեցի․― ես եկել եմ շնորհավորելու Անահիտին, տա՞նն է։

― Տանն է,― ասաց,― քնել է, ուրախությամբ կարթնացնեի, բայց խստիվ պատվիրել է հանգիստ թողնել իրեն, ողջ գիշեր չի քնել։

― Ուրախությունի՞ց․․․

― Էդ էլ կա, իհարկե, բայց երեկ երեկոյան շատ անհանգիստ էր, գլխացավ ուներ, ուզում էր զբոսայգի գնալ հովանալու, բայց որ պրոֆեսորը մեր տանն էր, անհարմար էր տնից դուրս գալ։

Ես հրաժեշտ տվի տիկին Շողիկին։


Առավոտյան գնացի բերդ և շնորհավորեցի Անահիտին մոտալուտ պաշտպանության համար։

Ուրախացավ։ Սակայն նրա սրատես աչքերից չվրիպեց իմ անտրամադիր լինելը։ Նա զգաց, որ ուրախ երևալու իմ ճիգերը բռնազբոսիկ են։

― Ես նկատում եմ,― ասաց,― որ դու սպասածս ոգևորությամբ չես դիմավորում պաշտպանության համար ինձ եղած հրավերը։

― Երկա՞ր ես մնալու Մոսկվայում,― հարցրի,― առանց պատասխան տալու իր դիտողությանը։

Դեմքին զարմանքի արտահայտություն երևաց, ծիծաղեց․ գուշակել էր միտքը։

― Ոչ,― ասաց։

― Հուսով եմ, որ դա երկար չի տևի և մինչև վերադարձդ կլինեմ Գառնիում։ Բայց եթե հանկարծ ընդմիշտ մնաս Մոսվկայում․․․

Անահիտը մի րոպե շփոթվեց։

― Ո՞վ է քեզ այդպիսի միտք ներշնչել․․․

― Ոչ թե միտք, այլ կասկած,― ընդհատեցի նրան։

― Իսկ ո՞վ, ասա ինձ ո՞վ․․․

― Այդպիսի կասկած իմ մեջ զարթեցրել է պրոֆեսորը։ Անահիտը ծիծաղեց։


XXI

Ամբողջ օրը շրջել էի այգիներում և դաշտերում, ուր օգոստոսի բարկ արևի տակ հասունանում էին մրգերը։

Արտերում ու այգիներում մշակների հետ զրուցել էի ուրախ սրտով, ճեպանկար և էտյուդ էի արել, ընդկողմանել էի ծառերի շվաքին, լուռ ու թաքուն ըմբոշխնելով ուրախությունը, որ պարգևել էր ինձ նրա խորհրդավոր ակնարկը սիրո զույգ շղթաների մասին։

Ամբողջ օրը Անահիտը երևացել էր ինձ բոլոր անկյուններից, ուր եղել էի, մոտեցել էր ինձ ստվերի պես թեթև ու անձայն, շշնջալով ականջիս խոստում՝ ինձնից անբաժան մնալու։

Մի քանի օր առաջ, երբ նրան կորցնելու կասկածն ունեի, շուրջս աշխարհը մթնել էր։ Հիմա Գառնին նրա հետ նորից վերադառնում էր ինձ, նրա չափ սիրելի, նրա պես քաղցր ու հմայիչ և նրանով անմոռանալի։

Հիմա նորից այս հնադարյան ոստանը, իր անցյալով ու ներկայով իմն էր, իմ սիրելին, իմ հարազատը։ Ինձ թվում էր, որ ես ծնված օրից տեսել եմ այս ձորը, փրփրուն գետակի հավերժական տրտում վեհությամբ, այս դրախտ օազիսը իր զմրուխտ այգիներով, նրանց մեջ Անահիտը՝ գեղեցիկ, թեթև ու թռվռուն․․․

Հարավի այգիներից նայում էի գյուղին և հրճվում։ Այս այն գյուղն էր, ուր ծնվել էր իմ սիրելին, կղմինդրե կտուրներով այն գյուղը, որի անցյալը իր ժողովրդի վաղեմի զավակների սխրագործություններով հմտորեն ու ճշտորեն շուտով նա պատմելու էր աշխարհին։

Ու այս բոլոր մտքերը ծնվում էր իմ սրտում մի ջերմ ու բուռն զգացմունք, արբնքահասի գորովների չափ քաղցր ու վարար մի հույզ, ինձնից անբաժան մնալու հույս ներշնչող Անահիտի հանդեպ։

Իրիկնադեմին գյուղ վերադարձա հոգնած, բայց ուրախ և հոգով զվարթ։ Անձնատուր քաղցր մտքերի, ընկողմանեցի թախտին և սկսեցի դիտել Անահիտի դիմանկարը։

Մութն ընկել էր արդեն, երբ հանկարծ դռան մոտ, պատշգամբում ոտնաձայն լսեցի, և երբ հայացքս դարձրի դեպի դուռը, շեմի վրա կանգնած տեսա Անահիտին։

Սիրտս բաբախեց կուրծքս պատռելու չափ ուժգին։ Խելահեղորեն ուրախ գնացի դեպի դուռը և նրան առա բազուկներիս մեջ։

Երկու օր առաջ բերդում դադարեց բանվորների աշխատանքը։ Այս առավոտ պրոֆեսոր Արամյանը մեկնեց Գառնիից։ Անահիտն ու ես նրան ճանապարհեցինք դեպի Երևան։

Անահիտը երեք օրից մեկնելու է Մոսկվա։ Ես թախծում եմ այն մտքից, որ շուտով միառժամանակ նրան չեմ տեսնելու։

― Այս երեք օրը էտյուդի չես գնալու,― ասաց նաինձ այսօր հրամայաբար։

Հուզված էր։ Երբ հայացքն ուղղեց ինձ, տամկություն տեսա աչքերում։

XXII

Այսօր առավոտյան ժամը տասին Երևանի օդանավակայանից դեպի Մոսկվա ֊անապարհեցի Անահիտին։ Նրա հետ գնում էր նաև պրոֆեսոր Արամյանը, որպես դիսերտանտի ղեկավար։

Բաժանման պահին պրոֆեսորի աչքի առաջ Անահիտը ողջագուրվեց ինձ հետ և հուզված շշնջաց ականջիս․

― Շատ պիտի կարոտեմ քեզ․․․

Բաժանվեցինք։

Օդանավի աստիճաններով բարձրանալիս Անահիտը վերջին անգամ նայեց ինձ հեռվից և ձեռքով արեց։

Հետո այլևս չտեսա նրան։

Զգացի, որ կոպերս թրջվեցին և ծիրանագեղ լույսի օղակներ գծվեցին աչքերիս առաջ։

Օդանավը աղմկեց երկա՜ր, երկա՜ր և ապա հանդարտ սահելով գետնի վրա, կտրվեց հողից, բարձրացավ երկինք, հեռացավ, պտույտ գործեց, փոքրացավ, փաթաթվեց ամպի թույլ շղարշով և անհետ կորավ բարձր եթերում։


ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

I

Անահիտը բարեհաջող կերպով Մոսկվա հասնելը հաղորդել էր մորը։ Չնայած դրան մայրը անհամբեր սպասում էր իմ վերադարձին, աղջկա մեկնումի մասին ականատեսի կենդանի խոսք լսելու համար։

Թեյից հետո տիկին Շողիկն ու ես մինչև ուշ երեկո զրուցեցինք Անահիտին սպասող հաջողության մասին։

Մայրը ոչ մի տագնապ ու անհանգստություն չուներ։

― Ձեռովս դրածի պես գիտեմ, որ կհաջողի,― ասում էր,― դուք հո տեսում էիք, թե նա ինչ գործ էր կատարում։ Երեք տարի ի վեր Անահիտը պատրաստվում է պաշտպանության, այն էլ պրոֆեսորի պես մարդու ղեկավարությամբ, այնպես որ ես չեմ կասկածում հաջողության մասին։

Հետո հանկարծ խոսքն ընդհատելով, մայրը ոտքի ելավ և ուղղվելով դեպի գրքի պահարանը, բացեց այն և հեռագրի թերթիկը ձեռքին մոտեցավ ինձ․

― Ինչ մտքամոլորն եմ,― ասաց,― քիչ էր մնում մոռանայի։ Անահիտը առանձին ողջույն է ուղարկել Ձեզ, տեսեք «հատուկ ողջույն Շավարշին»։

Ու հեռագրի թերթիկը պարզեց ինձ։

Անահիտից հեռու ես թախծում եմ։ Շուրջս ամեն ինչ նրան է հիշեցնում։ Այս գյուղի բնությունն ու մարդիկ, որոնք ամիսներով իմ մաքուր ներշնչումների աղբոյրը եղան, հիմա նրա բացակայությամբ ավելի մոտ են իմ սրտին։

Ու նորից առաջվա պես ամեն առավոտ գյուղից դուրս էտյուդի եմ գնում և էտյուդի գնալիս այցելում եմ բերդ, թեև գիտեմ, որ իմ սիրելուն չեմ գտնելու այնտեղ։

Այս առավոտ երկար մնացի բերդում, նստեցի տափարակ քարին, ուր սովորաբար Անահիտի հետ կիրակի օրերը նստած զրուցում էինք։

Տափարակ քարի մոտ կանացի կոշիկների խորը կրնկափոսեր տեսա։ Իմ բախտից նրանք անաղարտ էին մնացել։

Բերդում ամեն ինչ առաջվանն էր․ պեղումի օրերից մնացած փոսեր և հողաբլուրներ, վերևում անամպ երկինք և բորբ արև, իսկ օդի մեջ պիոներական թմբուկների ալիքն֊ալիք տարածվող ուրախ աղմուկ․․․

Ինձ թվում էր, որ Անահիտը նստած է կողքիս և ես զգում եմ նրա սրտի ուրախ թրթիռը։

Վաղը Անահիտի դիսերտացիայի պաշտպանության օրն է։ Առավոտից մտքերս նրա հետ են։ Օրվա ժամերը մաշել եմ պատշգամբում ետ ու առաջ շրջվելով։

Վաղը նրա և ինձ համար ճակատագրական օր է․ հուզված եմ։ Ինչ լավ է, որ երեկոյան Ծովիկն եկավ ինձ թեյի հրավիրելու։

II

Տանտիրուհիս ինձ է հանձնում իմ անունով ստացված հեռագիր Մոսկվայից։

Թերթիկը չկարդացած բովանդակությունը գիտեմ։

«Շավարշ Սիսակյանին․ պաշտպանեցի գերազանց, համբուրում եմ։

Անահիտ»

Ուրախությունս անսահման է, շտապում եմ Շողիկ մայրիկի մոտ։ Շողիկ մայրիկը, որ նույն բովանդակությամբ հեռագիր է ստացել Անահիտից, ուրախադեմ դիմավորում է ինձ պարտեզի դռանը։

Հիմա ժամեժամ սպասում եմ նրա երկրորդ հեռագրին, որով անշուշտ հայտնելու է ինձ, որպեսզի դիմավորեմ իրեն Երևանի օդանավակայանում։

Սպասման այս օրերը ծանր են անցնում։ Քիչ եմ էտյուդի գնում և լուրջ աշխատանքի փոխարեն փոքր ճեպանկարներ եմ անում։

Ծրագրեր ունեմ, որոնց իրագործման համար անհրաժեշտ տրամադրությունն իձն պակասում է։ Անձկագին սպասում եմ Անահիտի վերադարձին։

III

Ուրախալի հեռագրից արդեն անցել է տասն օր և Անահիտից լուր չկա։

Հաճախ գնում եմ խաղողի այգիները, որոնք աշնանամերձ այս օրերին թնդում են հողի մշակների զվարթ աղմուկով, և մշակների զվարթ աղմուկի մեջ, ուր գինու ուրախությունը կա, ես աշխատում եմ մոռանալ իմ համր վիշտը։

Երեկոները մշակների հետ վերադառնում եմ գյուղ կտավս ճերմակ և սիրտս ճմլված։

Հետո սակայն սկսում եմ մխիթարել ինքս ինձ, հապաղուկը արդարացնող պատճառներ ստեղծելով իմ մտքում․ գիտական վիթխարի կենտրոն, թանգարաններ, նոր ծանոթություններ, դասախոսություններ, գուցե և վեճեր, այցելություններ և դեռ չգիտեմ ինչեր․․․

Բայց․․․ սակայն էլ ինչ բայց․․․ տասն օրն ի՞նչ է Մոսկվայի նման կենտրոնում շրջագայությունների և գիտական այլ հետաքրքրությունների համար։

Անահիտը շարունակում է լուռ մնալ, իսկ ես մխիթարում եմ ինքս ինձ ենթադրություններով։

Երբեմն սակայն միտքս սարսափով կանգ է առնում մի մութ ենթադրության վրա, և ես ցնցվում եմ հոգևին․ «Անահիտը մնաց Մոսկվայում, մտածում եմ, մոռանալով սիրո զույգ շղթաները, որոնք նրան իբր կապում էին Գառնիին»։

Հետո սակայն իսկույն զղջումով դատապարտում եմ ինքս ինձ այս տխուր ենթադրության համար, որ իմ մեղավոր միտքը ստեղծում է Անահիտի պայծառ անվան շուրջ։

Ու նրա սիրելի դեմքը, որ մի րոպե կասկածանքի սևով էր մթնել, նորից շողում է իմ դեմ նախկին մաքրությամբ ու պայծառությամբ։

Իմ հեռավոր սիրելին շարունակում է լուռ մնալ։ Ամեն օր այցելում եմ Շողիկ մայրիկին մի ուրախ լուր իմանալու հույսով, բայց ապարդյուն։

Անահիտի մայրը չի տագնապում ինձ նման, նա մինչև իսկ ուրախ է․

― Տարիներով չի հանգստացել,― ասում է,― թող մի քանի օր ման գա մայրաքաղաքում ու թարմանա, ես գիտեմ վերադարձին նորից գլուխը վեր չի առնելու գրքերից։


IV

Ավելի քան քսան օրվա լռությունից հետո ահա վերջապես նամակ Անահիտից։

Կարդացի այն մի քանի անգամ։ Ուրա՞խ եմ, թե՞ տխուր, դժվարանում եմ ինձ պարզ հաշիվ տալ, մտքերս խառն են․ ես պարզապես շփոթված եմ։

Պաշտպանությունը անցել է հաջող, այնքան հաջող, որ պրոֆեսորները խորհուրդ են տվել մնալ Մոսկվայում և աշխատել դոկտորական դիսերտացիայի վրա։

Անահիտի համար, ինչպես ինքն է գրում, դժվար է եղել իսկույն որոշակի պատասխան տալ «այս այնքան հրապուրիչ առաջարկությանը»։

«Սիրտս կտրատվում էր,― գրում է,― երբ մտածում էի քո մասին, երբ մտաբերում էի մանավանդ վերադարձի խոստումս, որ ահա հարկադրված պիտի չկատարեի, Մոսկվայում մնալու համաձայնություն տալով»։

«Իմ բարի պրոֆեսորները չգիտեին անշուշտ, թե սրտի հետ կապված ինչ զորավոր պատճառներ ունեի վարանելու համար»։

Պրոֆեսոր Արամյանի թելադրությունն ու խորհուրդն անգամ բավական չեն եղել, որ իսկույն ընդունի Մոսկվայում մնալու առաջարկությունը, և միայն ինձ իր մոտ հրավիրելու միտքն է, որ ցրել է վարանումները։

«Գիտեի,― գրում է,― որ դու լինելով ազատ ստեղծագործող և զերծ լինելով ընտանեկան և այլ կաշկանդումներից կարող ես տեղափոխվել Մոսկվա, մշտապես հյուսիսում ապրելու և ստեղծագործելու համար»։

Այս տողերից հետո Անահիտը առաջարկում է ինձ թողնել Հայաստանը և գնալ հյուսիս, ուր, իր ասելով աշխատանքի և առաջադիմության լավագույն պայմաններ կան ինձ համար։

Անահիտը գրում է նաև, որ ուզեցել է մի քանի շաբաթով գալ հայրենիք յուրայիններին տեսության, բայց ստիպված է ևս երկու ամիս մնալ Մոսկվայում, լսելու ուրարտագետ հայտնի մի պրոֆեսորի դասախոսությունները, որոնք խիստ անհրաժեշտ են իր հետագա աշխատանքների համար։

V

Երեք օր է անցել, և ես դեռ չեմ պատասխանել Անահիտի նամակին։ Տխուր եմ և ընկճված։ Մտքերս չեն դասավորվում, դժվարանում եմ կողմնորոշվել։ Սիրտս չի ենթարկվում մտքիս։ Հոգեկան նման վիճակներումն է երևի, որ մարդ հիմարություններ է անում։

Երկու օր է, ինչ գլխումս մեխի նման ցցված մի միտք կա, որ տանջում է ինձ, որին սակայն չեմ կարող որոշակի ձևակերպում և անուն տալ․․․ մոռացված լինելու գիտակցությո՞ւնն է այն խաբված լինելու զգացո՞ւմը, թե՞ ծաղրված լինելու զգացողություն, չգիտեմ․․․ Բայց այդ միտքը նստած է իմ ուղեղի ամենախորը ծալքերում, թեև զգում եմ, որ Անահիտի նամակը դրանցից ոչ մեկին կառչելու հիմք չի տալիս ինձ։


Այսօր ուզեցի պատասխանել Անահիտի նամակին, բայց մտքերս խառնվեցին, մրոտած թղթերս պատառ֊պատառ արեցի և փողոց իջա, չիմանալով ուր գնալ։

Ծովիկը փողոցում կտրեց առաջս և ինձ թևանցուկ անելով ասաց․

― Քույրիկից նամակ ենք ստացել։ Գրում է, որ դուք էլ եք շուտով մեկնելու Մոսկվա։

― Անահի՞տն է գրել իմ գնալու մասին,― ընդհատեցի նրան հետաքրարությամբ։

― Այո, քույրիկը ասում է, որ Շավարշն էլ շուտով կգա Մոսկվա, և իրեն համար տխուր չի լինի։ Բայց, մայրիկն ամեն օր էլ սպասում է Ձեզ, թող մի գա խոսենք,― ասում է, ինչո՞ւ չի գալիս, այսօր երեկոյան կգա՞ք։

― Այսօր չեմ գա,― ասացի, զբաղված եմ, ուրիշ օր կգամ։

Ծովիկը գոհ իմ պատասխանից հեռացավ ցատկոտելով։

Այցելությունս մի քանի օրով հետաձգեցի, պարզապես նրա համար, որպեսզի խորհելու ժամանակ ունենամ, թե ինչ եմ պատասխանելու իբր իմ մեկնումի առթիվ ինձ տրվող հարցերին․․․


Ծովիկի հետ իմ զրույցը պատճառ եղավ, որ հանդարտվեն հուզված մտքերս։ Պարզվեց, որ Անահիտը ինձ Մոսկվա հրավիրելիս այնքան վստահ է եղել իմ համաձայնությանը, որ նույնիսկ հայտնել է մորը, որպես ուրախառիթ լուր։

Ծովիկից բաժանվելիս զգացի, որ մտքերս պարզվեցին։ Երևի ճիշտ է այն տեսակետը, ըստ որի մեր հոգեկան վիճակը դատելու և տրամաբանելու որոշակի եղանակ է թելադրում մեզ։

Ես գիտեի, որ Անահիտը սիրում է ինձ, բայց իր նամակը այնպիսի շփոթ առաջացրեց իմ հոգում, որ ես դադարեցի պարզ ու հստակ դատելուց։

Հոգեկան այս վիճակում երևի պետք էր, որ մեկը հայտներ ինձ նորից այն, ինչ ես վաղուց գիտեի,― թե Անահիտը սիրում է ինձ։

VI

Այսօր Անահիտի հասցեով փոստին մի նամակ հանձնեցի։ Այդ նամակով մերժեցի իր հրավերը և հաջողություն ցանկացա նրա գիտական աշխատանքներին։

Գիտեմ պատասխան նամակս շփոթության պիտի մատնի նրան, պիտի չուզենա հավատալ աչքերին և իմ մերժումը պիտի համարի վշտից ու կարոտից թելադրվող տրամադրության արդյունք։

Այնքան էլ հեշտ չեղավ ինձ համար մերժել Անահիտի հրավերը։ Երկա՜ր, շատ երկա՜ր մտածեցի նախքան պատասխան նամակ գրելս։

Հաճախ ինքս ինձ հետ վիճում էի, հարցեր տալիս ու պատասխանում․

― «Անահիտը սիրո՞ւմ է քեզ»։

― «Այո, սիրում է»։

― «Իսկ դու սիրո՞ւմ ես Անահիտին»։

― «Այո, սիրում եմ»։

― «Հետո՞․․․ էլ ինչու ես վարանում և իսկույն չես արձագանքում նրա կոչին»։

― «Բայց․․․ աշխարհում բաներ կան, որոնք գերեվեր են, քան կնոջ սերը»։

Եվ այս միտքն էր ահա, որ պահենց ինձ և իմ հոգու մեջ տեղի ունեցող պայքարում հաղթող հանդիսացավ։

Հիմա տխուր եմ, որ հեռու եմ և երևի, ինչ իմանամ, գուցե ընդմիշտ հեռու լինեմ նրանից, բայց լքումն ու հուսահատությունը ինձ չի ընկճում, որովհետև իմ հոգին կենսական հաստատ մի հենարան ունի, հայրենի երկրի արևով ու հողով շաղախված մի հենարան, որ ինձ կանգուն է պահում տկարությունների ժամին։

Ես հարավի արվեստագետ եմ, և իմ կտավները հարավի արևով են փայլում, հայրենական դաշտերի կուրծքը զարդարող ծաղկի բաժակում, երկնքի ցողի և աշխատավորի քրտինքի մեջ ծիծաղող գեղեցկությամբ․․․

Ես մեր լեռնաշխարհում ծնված ու մեծացած երիտասարդ մի արվեստագետ եմ և իմ վրձինի կենսունակության ուժը հայրենի հողից է գալիս, այդ հողը մշակող մարդկանց ավանդություններից, նաև մեր բորբ արևից, լույսի ու գույնի գեղեցկությամբ ու պայծառությամբ բնորոշ․․․

Հիմա ես ավելի լավ եմ ըմբռնում պրոֆեսոր Արամյանի մտերմորեն ինձ տված խորհուրդի մեծ իմաստությունը,― չգայթակղվել հրապուրիչ փորձություններից և սրբությամբ պահպանել սեփական վրձնի ջերմության հրապույրը։

Երկու զգացում և երկու ուժ, մեկը մյուսից գերող ու տիրական, բախվում են իմ մեջ։

Ես սիրում եմ Անահիտին, և իմ սերը արյան բորբոքումի հիվանդագին վիճակ չէ, իմ սերը հոգեկան, և ինչու թաքցնեմ, նաև մարմնական գեղեցկության հանդեպ հիացմունքի և զմայլումի գիտակցված հոգեվիճակ է։

Բայց ես նկարիչ եմ և ի վերուստ տրված պարտ ունեմ ու կոչում, ծառայելու հայրենական գեղանկարչության, որին դավաճանելիս ես կկորչեմ որպես արվեստագետ․․․

Ես գիտեմ, հայրենական գեղանկարչությունը նման է մի փարթամ ու գունագեղ ծաղկեփնջի, մեր մեծ հայրենիքի բոլոր առանձին շրջանների բույրով ու թույրով տարբեր ծաղիկներից կազմված։

Եվ ես, որպես հարավի ծնունդ պարտք ունեմ ծառայելու հայրենական արվեստին հարավի շնչով և հարավի բույրով․․․

Իմ մերժումը Անահիտի հրավերին ես աշխատեցի հիմնավորել այս մտքերով։

VII

Մի անախորժ միտք, որտեղից որտեղ, երբեմն ծնվում է գլխումս և ինձ սարսափ է ազդում։ Չլինի թե նամակս Անահիտին հուսահատության մատնի, խորտակելով նրա աշխատանքի եռանդը․․․

Բայց․․․ ինչո՞ւ եմ տագնապում, չէ՞ որ, լավ եմ հիշում, նամակս շարադրեցի այնպես, որ իմ սիրելին տողերիս մեջ կարդա զգացումներս առաջվա պես բորբ ու մաքուր։

Այս հանգամանքն ինձ հույս է ներշնչում, թե սիրո զույգ շղթաները, որով Գառնին կապել է նրա սիրտը, պիտի մնան պինդ ու հաստատ։

Անահիտը հեռու է ինձնից և ես ուրախ եմ։ Ինչ արած, պետք է տոկալ զրկանքներին, քի՞չ զրկանք ու դժվարություն եմ կրել կյանքում․․․ ճիշտ է, այս մեկը ծանր է, բայց ջանալու եմ մխիթարություն որոնել աշխատանքի ուրախության մեջ։

Թող մենք միաժամանակ հեռու լինենք իրարից, միայն թե, աստծված իմ, չլինի թե սիրո զույգ շղթաներից մեկը հանկարծ պոկվի նրա սրտում․․․

Այն ժամանակ այդ ոչ թե սոսկ զրկանք կլինի ինձ համար, այլ դաժան ցավ, ան աստիճան դաժան, որ կպղտորվի իմ հոու պրիսմակը և վրձինս կփշրվի մատներիս մեջ։

VIII

Կտավներս դասավորեցի ըստ բաժինների, կապկպեցի և ուղարկեցի Երևան։ Երեկոյան այցելեցի Շողիկ մայրիկին։

Վաղը մեկնելու եմ գյուղից։

Առավոտյան գնացի բերդ, հրաժեշտ տալու նրա հողի ու քարերի հետ կապված իմ հուշերին։ Շրջեցի ամեն կողմ, եղա բոլոր անկյուններում և նստեցի տափարակ քարին, նրա մոտ, գետնի վրա, ափսոս կրնկափոսերը ջնջված էին։

Եթե մարդիկ գիտենային, թե նրանք ինչքան սիրելի են ինձ․․․

Բերդում այցելուների փոքրաթիվ մի խումբ երևաց․ պրոֆեսոր Արամանի խումբն էր։

Գիտնականներ էին, Գեղարդից էին եկել։ Գառնիում մնալու էին մի քանի օր, հետո հաջորդաբար այցելելու էին Դվին և Արտաշատ։

Պրոֆեսոր Արամյանն ինձ ասաց, որ խմբի անդամների հետ Ազատ գետի երկարությամբ հնագիտական պեղումների հնարավորություններ են ուսումնասիրելու։

Մի շաբաթ առաջ Մոսկվայից էր եկել և ինձ պատմեց Անահիտի հաջողությունների մասին։

Նա գիտեր Անահիտի ինձ ուղարկած հրավերի մասին, բայց տեղյակ չէր իմ մերժմանը։

Երբ ես հայտնեցի նրան իմ պատասխան նամակի բովանդակությունը, գովեց իմ քայլը․

― Նկարիչ արվեստագետի համար,― ասաց,― կենսականը հողն է ու միջավայրը։

― Ասացեք ինձ, պրոֆեսոր,― հարցրի,― Անահիտը կմնա Մոսկվայո՞ւմ, թե՞ կվերադառնա։

― Կվերադառնա,― ասաց ծիծաղելով,― անկասկած կվերադառնա, որովհետև սիրում է ձեզ, բայց կվերադառնա որպես գիտության դոկտոր։ Նա արտակարգ ընդունակությունների տեր է և ձեզ երկար սպասել չի տա։ Նկատած կլինեք նա ձգտում է բարձրին և Մոսկվան հրապուրում է նրան, բայց երբ դուք ձեր վրձնի ջերմությունն ու հրապույրը իմաստություն ունեցաք հրապուրիչ փորձությունից պահպանելու, ապա նա կապված լինելով ձեզ ջերմ սիրով, անպայման կվերադառնա։ Նա չի դավաճանի ոչ ձեզ և ոչ էլ Գառնին։ Ձեզ էլ,― շարունակեց,― որպես ձեզ սիրող ընկեր, խորհուրդ եմ տալիս կապված մնալ նրան սիրով։ Նա արժանի է դրան։

Ես հուզմունքով և ուրախությամբ լսեցի պրոֆեսորին։

Հետո հետաքրքրվեց իմ հետագա անելիքներով։

― Հենց այսօր գյուղից մեկնում եմ,― ասացի,― մի քանի օրից գնալու եմ Դվին, ուր մտադիր եմ մնալ աշնան ամիսներին։

Իրիկվա դեմ հրաժեշտ տվի Շողիկ մայրիկին և պրոֆեսորին։

Ծովիկն ինձ ճանապարհ դրեց մինչև գյուղի ծայրը։

Մեքենան սահեց, անցավ բուրումնավետ այգիների մոտով։ Շրջվեցի և վերջին անգամ տեսա Ծովիկին, որ փոքրիկ ձեռքը գլխից վեր օդի մեջ շարժում էր, ինձ բարի երթ մաղթելով։

Գառնին մնաց բլուրների ետևում։ Անասելի տխրեցի։ Ես Դվն եմ գնում աշնանային խաղաղության մեջ գույների լեզվով երգելու սրբազան դաշտավայրի մարդն ու բնությունը, թողած իմ էությունից մի թանկագին մասնիկ այստեղ, Գառնիում, ուր մնաց բլուրների ետևում։