Գառ-ախպերիկ

Գրապահարան-ից
16:27, 28 Օգոստոսի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գառ-ախպերիկ

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Ծանր լույս»

Ցերեկը՝ էլի ոչինչ, ցերեկը իրենն առնում էր։ Թեև տունը կարեկցանքով մեկուսացված էր գյուղի գործնական անցուդարձից, կյանքի աղմուկն իր գործն անում էր. աքլորները բացում էին վերահաս օրվա ձայների դուռը, շները զարթնում էին վաղորդայնի անչար հաչոցով, նախիր քշվող անասունը մռնգում էր քնատ ձագերին ականջալուր, հայրիկը ամեն օրվա պես հայհոյում էր անհասկացող անասունին, հաշտի դուռը ճռնչում էր առօրեական, քույրիկները ինչքան էլ հուշիկ քայլեին՝ աման֊չամանը զրնգում էր, դաշտից դարձած հոտի ու նախրի բերածը կաթից շատ իրարանցում էր…

Բայց գիշերը անտանելի էր։ Տունը սուզված էր վշտի հատակը, և քնելն ինչ է՝ շնչել չէր լինում։ Տղան գիշերը արթնանում էր զարհուրելի լռությունից։ Տատը չէր տնքում քնածի սրտանց տնքոցով, հայրիկը չէր խռմփացնում ուրախ օրերի խռմփոցով, քույրիկները չէին բլբլացնում երազի մեջ, մայրիկը անակնկալ հեծկլտոցը կանխել էր՝ վերմակը գլխին քաշելով,— ամեն մեկը խնայում էր մյուսների քունը, բայց հարկի տակից քունը փախել էր։ Իսկ ընդամենը մի շաբաթ առաջ գիշերը տունը շնչում էր կյանքով։

Քույրիկները շարունակում էին ցերեկվա լեզվակռիվը, տատը թախտի չորության հետ էր կռիվ տալիս, հայրիկի զորեղ շնչառությունից մկները պապանձվում էին, օրորոցը թկթկում էր քնած մայրիկի արթուն ձեռքի տակ, հաշտում դրած գիշերանոթի մոտից անկողին դարձող տղան այդ ձայները լսում էր կարծես երազում և քուն էր մտնում` կոպերը երանելիորեն լրիվ չբացած։

Արթուն ժամանակ ավելի հեշտ էր․ գիտակցության մեջ չկան կար հաստատ, և կսկիծը անակնկալի չէր բերում նրան: Միգուցե տղան քնած ժամանակ զգոնությունը չկորցներ, եթե երազը չխաբեր նրան։ Բայց գիտակցության մեջ կորուստը այնքան տեղ չէր արել, որ երազում եթե տեսներ, ասեր` երազ է։ Կորուստը նոր էր և երազով միամտանում, արթնանալով դիվոտում էր։ Եվ քնելուց սարսափում էր։ Բայց հոգնությունը ծանր նստում էր կոպերի վրա, և երբ քնած լինելու վախից վեր էր թռչում, ուշ էր լինում։

Մայրիկը ընտանիքին խորթացել էր։ Կիթ էր անում, ճաշ էր եփում, սեղան էր դնում, անկողին գցում, բայց հարևանի կնոջ նման – արագ անի թողնի գնա։ Բայց քանի որ անում֊չէր գնում, տան շունչը տասնապատիկ ծանրանում էր։

Հետո մայրիկի կրծքերը ուռան։ Կաթը չէր կտրում։ Մայրիկի վիշտը կաթի ակունքին լուր չէր տանում, կաթը գալիս ու երեխային չէր գտնում կյանքում։ Պիտի որ այդպես չլիներ, եթե կաթին սպասող չկար, կաթը պիտի իր ակունքը ինքը կապեր։

Բայց մի մեծ անհամաձայնություն կար կյանքի ու մահվան միջև, կսկիծ բերող ընդվզում կար կաթի հոսքի մեջ, և մայրիկը ցավից մղկտում, վշտից մեռնում էր։

Քանի՞ օր էր մայրիկը ցավն իր ներսում պահել, ոչ ոք չգիտեր։ Ցավը վիշտը վարկաբեկում էր, նաև՝ սուրբ հիշատակի դեմ պղծություն էր տնեցիներին վշտից շեղելը, և մայրիկը ոտքի վրա ձեռից գնում էր։

Երեխաների դպրոցում եղած ժամանակ հայրիկը տուն էր բերել գյուղ հարս եկած բուժակուհուն։ Սրա ձեռքին նշտարը թպրտացել էր, հայրիկն ասում էր, գլխից բռնած ձկան նման։ Բուժակուհուն պաղ ջուր էին ավել, նա խնդրել էր ևս մի բաժակ, հետո յոդով ախտահանել էր հատելու դաշտը, խաչաձև երկու խազ քաշել` թողել փախել էր։

Նույն իրիկուն հայրիկը նստած էր վառարանի մոտ, կողքն էր դրել բամբակ ու օղի, սրոցաքարով հեսանում էր իր գրպանի սուրշեղբ դանակը և ծխախոտի թանձր ծուխը նրան պարուրել` զբաղմունքին չարագուշակ կախարդության տեսք էր տվել… Այստեղ ներս մտավ հորեղբայրը և բաճկոնի փեշի տակից սև տոտիկներով մի ճերմակ գառնուկ դուրս բերեց։ Ինքն էլ նստեց վառարանի մոտ, գառնուկին սրունքների արանքը առավ, ծխախոտ վառեց, երեխաները աշխուժացան, բայց հայրիկը ուշադրություն չէր դարձրել գառան վրա՝ նրանք սառան։ Գառը՝ նորածին, անհաստատ ոտիկները հավասարակշռության համար չռած՝ երերում էր, դունչը մեկնում էր վառարանին՝ տաքը ռունգերին դուր էր գալիս, բայց հորեղբոր ափն էր գտնում… Մայրիկը նորահարսի անմռունչությամբ ցավը քաշում էր ոտքի վրա, տատը դանթում էր՝ կարկատվող գուլպան ծնկներին դրած, հայրիկը ծխախոտը մոխրացնում էր այնպիսի ջանադրությամբ, ասես մայրիկի ցավի ճարը դրա վերջին էր:

Հայրիկը, հաստատ, դանակի վրա հույս չէր դնում։ Երկար-բարակ քսում էր սրոցաքարին, օղիով ախտահանում էր, փորձում էր բթի կոշտուկի վրա, նորից էր քսում… սպասում էր, ասես, հրաշքի: Ինչի՞, որ վերքը ներսի՞ց պայթի, որ բուժակուհու մակերեսային կտրվածքը խո՞րը գնա… Այնինչ հորեղբոր անհանգիստ մտքում վճռական բան կար: Նրա դեմքը իր իսկ մտքերից վառվում-մարում էր, թաքուն հայրիկի հայացքն էր փնտրում, բայց հայրիկը, իբր թե, տարված էր գործով։ Հետո, գառնուկի անօգնականությունը հիշեցնում էր… Ո՞վ սիրտ ուներ նրանով զբաղվելու: Հորեղբայրը այդ էլ էր զգում, բայց ի՞նչ աներ խեղճ հորեղբայրը: Եվ թողեց, որ գառան դնչիկը մի քիչ առնի վառարանին։ Առաջին ցավից գառնուկը շշմեց֊մայեց և հայրիկի սիրտը շարժվեց.

— Զգույշ, այ ախպեր…

Հորեղբայրը, գլուխը կախ, քրթմնջալով վրա բերեց. — Գառը թող… ծծի… մեր չունի…

Մայրիկը պահարանի մոտից շուռ եկավ, երեխաները ականջները խլշեցին, հայրիկը նայեց եղբորը՝ խոսքի իմաստը նրան չէր հասել:

— Համ գառը կապրի, համ… կլավանա, — այս անգամ հորեղբայրը նայեց հայրիկին:

Հասկանալով՝ հայրիկը նայեց մայրիկին, մայրիկը հեծկլտաց՝ կրծքերը բռնած, դանթող տատը շտկվեց տեղում… Երեխաները հիացմունքով նայում էին հորեղբորը, հայրիկին, գառանը, լացող մայրիկին…

Հետո մայրիկը շուռ էր եկել պատի կողմը, հայրիկը գառանն առել էր մի թևի տակ, մյուսով գրկել էր մայրիկի ուսը, խրախուսում էր մեկ գառանը, երկու` մայրիկին, մայրիկը անզուսպ լալիս էր, տատը վառարանին ջուր էր դնում համենայնդեպս, հորեղբայրը դրսում ծխում էր, երեխաները զմայլված էին հայրիկի անութի տակ խլրտացող գառան պոչով։ Հետո գործը առաջ գնաց առանց հայրիկի։ Երեխաները հավաքվում էին մայրիկի շուրջը և գառը կուրծքը առնում էր։

Մայրիկի արտասվելը կարծես ցավից էր։ Ցավը, ոնց որ, շատ երկարեց։ Ոնց որ՝ գառը փրկություն չէր: Բայց մայրիկը կամաց֊կամաց երեխաների ուրախությանը տեղի տվեց։ Պատահում էր, որ ժպտում էլ էր, երբ գառը կուրծքը դնչահարում էր։

Գառը մայրիկին սգից հանեց։ Մայրիկը՝ ջրի, գառը ետևվից կըտկըտ գնում էր, մայրիկը՝ խանութ, գառը վաճառասեղանի առաջ կանգնած էր, մայրիկը հաց էր թխում, գառը թոնրատան ծխից խեղդվում, բայց չէր հեռանում, երեկոյան հա՛ պտտվում էր մայրիկի շուրջը և քուն էր մտնում մայրիկի մահճակալի մոտ, գլխակողմը:

Մայրիկը տղայի հետ գառները բակից դուրս էր անում, հարմար մի տեղ ձեռնասունին խաբս էր տալիս, դառնում էր տուն,գառը դես ու դեն էր նետվում, խրտնչում էր խոտի սուր հոտից, վերջը՝ գառների օրինակով, արածում էր, բայց չմակեր երեխայի պես։ Համենայն դեպս, տղան տան ճանապարհը կտրած էր լինում։

«Ախպերիկ ջան, – տղան գառանը գիրկն էր առնում, պաչում էր դունչը, նայում էր աչքերի մեջ, – ախպերիկ ջան, չմեծանաս»։

Այնինչ գառան պստլիկ գլխին կոտոշ էր ծլում։ Վիզը պնդվում էր, ոտքերը ուժով էին լցվում, մայրիկը ժպտում էր թեև, բայց չէր դիմանում դնչահարելուն և որոշեցին կրծքից կտրեն փորձված միջոցով` աղուպղպեղով։ Երեք֊չորս օրից կրծքից կտրվեց, բայց մայրիկից չհեռացավ։ Պատահում էր, մոռանում դառը փորձը, դունչը մեկնում էր ակնկալիքով, մայրիկը մատների ծայրով դնչին խփում էր՝ գառը հիշում էր: Հետո փորձն էլ, կուրծքն էլ մոռացավ, բայց մեծանամ էր մայրիկի կողքին։ Արդեն խոյ էր՝ կպած էր մայրիկի փեշից։

Խոյը կամ մատաղացու է, կամ մսացու, եթե չի պահվել հոտի համար։ Բայց հայրիկի ձեռքը չէր գնա գառան վրա, մայրիկը դեմ էր մինչև անգամ վաճառելուն, իսկ ձեռնասունը աշնան վրա անհանգիստ էր, տակնուվրա էր անում տունը և հովիվը համաձայնեց երկու օրով թողնել աշնան արոտի ելած ոչխարի մեջ:

Մշուշը իջավ սահուն ու արագ, հոտը սեղմվեց, մեկ էլ պատռվեց մշուշի փեշը` ոհմակը խփեց։ Խոյը՝ ձեռնասուն, խոյը` ջահել, մեղկացել էր կիտված էգերի տաք շնչի մեջ, ուշքի չէր եկել, դիրք չէր բռնել՝ ոչխարը ցրվեց ոսպի նման և նա մնաց անակնկալ երախի դեմ։ — Էս էլ էսպե՜ս,— լուրը առնելով հառաչեց հայրիկը։

Մայրիկը լուռ էր: Նա իրեն այնպես էր պահում, ասես սկզբից վախճանը գիտեր։

Խոտանոցում տղան լալիս էր։ Այդ օրը նա վերջապես մտաբերել էր եղբոր դեմքը։ Երեք օրից մոռանալու էր հավիտյանս։