«Գլուխ I (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «== Գլուխ I == Դա պատահեց Ամերիկյան մայրցամաքի խորքում, երկու օվկիանոսներից ավելի քան հազար մղոն հեռ...»:)
 
Տող 48. Տող 48.
 
== Ծանոթագրություններ ==
 
== Ծանոթագրություններ ==
 
<references/>
 
<references/>
 
{{Նախորդ և հաջորդ գլուխներ|Սպիտակ առաջնորդը (Մայն Ռիդ)‎|Գլուխ II (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)|Սպիտակ առաջնորդը (Մայն Ռիդ)‎}}
 

16:53, 28 Հունիսի 2015-ի տարբերակ

Գլուխ I

Դա պատահեց Ամերիկյան մայրցամաքի խորքում, երկու օվկիանոսներից ավելի քան հազար մղոն հեռավորության վրա։

Բարձրացեք ինձ հետ ահա այն լեռը և նրա ձյունապատ գագաթից նայեք ձեր շուրջը։

Մենք արդեն ամենաբարձր կատարի վրա ենք։ Իսկ ի՞նչ ենք տեսնում։

Դեպի հյուսիս, մինչև հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերը, հատելով երեսուն զուգահեռականներ, ձգվում են լեռները: Նրանք անկանոն ձևով վեր են խոյանում նաև հարավում: Նրանց շղթաները մեկ իրարից հեռանում, մեկ ձուլվում են իրար։ Արևմուտքում նույնպես լեռներ են, նրանց ծուռումուռ ուրվանկարը պարզորոշ գծագրվում է երկնքում, իսկ ստորոտներում փռվել են լայնարձակ սարահարթերը։

Իսկ այժմ շրջվենք դեպի արևելք։ Ոչ մի լեռնագագաթ, ոչ մի, որքան որ կարող է տեսնել մարդու աչքը ու էլի հազար մղոն էլ այն կողմ։ Ահա հորիզոնում ցցված այն խավար գիծը. դա նույն պրերիայի մեկ այլ սարահարթի նույնպիսի ժայռոտ եզրն է, որ ծովի մակերևույթից մի փոքր ավելի բարձր է:

Որտե՞ղ ենք մենք։ Ո՞ր գագաթի վրա։ Սիերա Բլանկայի՞, որին որսորդները «Իսպանական լեռնագագաթ» են անվանում։ Մենք Մեծ հարթավայրերի արևմտյան ծայրամասում ենք։

Արևելքում քաղաքակրթության հետքեր չկան։ Կարելի է մի ամբողջ ամիս ճանապարհորդել, բայց, միևնույն է, չհանդիպել դրանց։ Հյուսիսում և հարավում՝ միայն լեռներ են ու լեռներ։

Այդպես չէ արևմուտքում։ Հեռադիտակով դուք հեռվում կտեսնեք մշակված դաշտեր, որոնք ձգվում են արևից փայլող գետի ափերի երկայնքով։ Դրանք Նոր Մեքսիկայի բնակավայրերն են, օազիսներ, որոնք սնվում են Ռիո դել Նորտեի ջրերով։ Բայց իրադարձությունները, որոնց մասին պիտի խոսվի, այստեղ չեն ծավալվել։

Նայեցեք նորից դեպի արևելք՝ և գործողությունների վայրը կտարածվի ձեր առջև։ Այն լեռան ստորոտից, որի վրա կանգնել ենք մենք, հեռու, դեպի արևելք է ձգվում մի սարահարթ։ Այստեղ նախալեռներ չկան, և սարահարթը կիպ մոտենում է լեռնաշարքին, մեկ քայլ և ձեր ոտքերի տակ ոչ թե հարթ գետին, այլ ժայռոտ, սոճիներով ծածկված լեռնալանջն է։

Իհարկե, այդ սարահարթն ամենուր միատեսակ չէ։ Որոշ տեղեր, ուր ցածրահասակ խիտ խոտ է աճել, այն վառ կանաչավուն է, բայց նրա մեծ մասը ճիշտ Սահարա անապատի նման անբերրի է։ Ահա մուգ դարչնագույն, արևից խանձված հողը, որի վրա խոտի ոչ մի ցողուն չի երևում, իսկ այնտեղ շիկակարմիր ավազներ են, ավելի հեռվում ամեն ինչ սպիտակ է, ինչպես այն գագաթին նստած ձյունը, որի վրա կանգնել ենք մենք. դա աղն է գետնի մակերես դուրս եկել։

Աղքատ բուսականությունը գետինը չի զուգել կանաչ զգեստով։ Ագավայի տերևները ծածկված են բոսորագույն պտերով, կակտուսների անգույն կանաչը առավել անկենդան է թվում այն պատճառով, որ դրանք ամբողջությամբ պատված են փշերով։ Արմավաշուշանի սրածայր տերևները փոշուց գորշ գույն են ստացել և ժանգոտված սվինների փնջեր են հիշեցնում։ Ցածրահասակ, նվազ ակացիան գրեթե ստվեր չի գցում և նրա տակ հազիվ թե կարողանան պատսպարվել սևավուն մեծ մողեսներն ու բոժոժավոր օձերը։ Այստեղ, այնտեղ միայնակ կանգնած են մերկ բներով և կատարներին տերևների փնջերով գաճաճ արմավենիները, դրանք բնապատկերին մի տեսակ աֆրիկական երանգ են տալիս։ Աչքը միշտ արագ հոգնում է այնպիսի տեսարաններից, որտեղ առարկաները անհարթ ու փշոտ են թվում, իսկ այստեղ այդպես են երևում ոչ միայն ծառերը, այլ բոլոր բույսերը, և նույնիսկ խոտի յուրաքանչյուր ցողուն իր փշերն ունի։

Ինչպիսի ուրախությամբ ես հայացքդ ուղղում սարի ստորոտից դեպի արևելք ձգվող հիասքանչ հովտին։ Այն որքա՜ն նման չէ այս անբերրի սարահարթին։ Հովիտն ամբողջությամբ ծածկված է վառ կանաչի գույնով, ուր ամենուրեք տարածված ծաղիկները թանկարժեք քարերի նման փայլփլում են բոլոր գույներով։ Այդպես հրապուրիչ են նաև ստվերաշատ պուրակները, որտեղ իրենց շյուղերն են հյուսում բարդին, չինական ծառը, կաղնին ու ուռենին։ Իջնենք նրանց ստվերի տակ։

Ահա և սարահարթի եզրին ենք, իսկ հովիտը դեռ շատ հեռու է. մինչև նրան հասնելը ամենաքիչը դեռ հազար ոտնաչափ կա, բայց նրա վրա կախված ժայռաբեկորից, մի քանի մետր հեռավորության վրա, կարելի է այն ամբողջությամբ տեսնել։ Հովիտը հարթ է, ինչպես վերևում ընկած սարահարթը, և, նայելով նրան վերևից, թվում է, թե այստեղ երկրի կեղևը ճեղքվել է և սարահարթի ցածրադիր մասը հպվել է երկրի կենսատու ուժի հենց ակունքներին, որից զուրկ է բարձրադիր սարահարթը։

Հովտի երկու կողմերով, որքան մարդու աչքը կարող է տեսնել, ձգվել են ուղղաձիգ ժայռերը, դրանք իջնում են կտրուկ, հազար ոտնաչափանոց աստիճաններով ու գրեթե անառիկ են։ Դրանց վրա բարձրանալ հնարավոր է միայն մի քանի տեղերում։ Հովտի լայնությունը տասը մղոն է, իսկ նրան շրջապատող քարե պատերը միևնույն բարձրության են և, կարծես երկվորյակներ, նման են իրար։ Մռայլ ու վայրի կախվել են նրանք գեղեցկատես, շողշողացող հովտի վրա, և այն նման է կոպիտ ու անշնորհք շրջանակում դրված հիասքանչ նկարի։

Հովիտը գետով բաժանվում է երկու մասի, արծաթափայլ օձի նման գետը քմահաճորեն գալարվում է մեկ աջ, մեկ ձախ, ասես նրան հաճելի է հոսել այդ վառվռուն ու զվարթ ափերի միջով։ Վերջ չունեցող գալարները, հանգիստ հոսանքը վկայում են այն մասին, որ նրա հունը գրեթե բոլորովին հարթ է։ Ափերին անտառներ են աճել, բայց ոչ ամենուր. այստեղ դրանք ձգվում են լայն շերտով, այնտեղ, հենց ափի եզրով, հազիվ ստվեր գցելով գետի վրա, կանգնած են միայնակ ծառերը, իսկ մեկ ուրիշ տեղ կանաչ մարգագետինն է երևում, որն ընդհուպ մոտեցել է ջրին։ Տեղտեղ փոքրիկ պուրակներ են, որոնք իրարից տարբերվում են. մի քանիսը ճիշտ շրջանաձև են, մյուսները երկարավուն կամ ձվաձև, մեկ այլ տեղում դրանք ոլորված են ինչպես առատության եղջյուրներ։ Որոշ մասերում միայնակ ծառեր կան աճած, որոնց փարթամ պսակները վկայում են այն մասին, որ բնությունը նրանց վրա ուժ ու եռանդ չի խնայել։ Այս հովիտը հիշեցնում է մարդու ձեռքով տնկած մի հիանալի այդի, և ծառերն այստեղ հենց այնքան են, որքան անհրաժեշտ է այդ այդին այնպես զուգելու համար, որ չծածկվեն նրա հրաշալիքները։

Մի՞թե այստեղ պալատ կամ դղյակ չկա, որ լրացներ այս փառավոր տեսարանը։ Ո՛չ. ո՛չ մի պալատ և ոչ էլ նույնիսկ որևէ տնակ։ Ոչ մի տեղից ծուխ չի բարձրանում դեպի երկինք։ Ոչ ոք չի երևում այս վայրի դրախտում։ Այստեղ թափառում են եղնիկների հոտերը, ստվերաշատ պուրակներում հանգիստ են առնում փառահեղ իշայծամները. բայց մարդիկ չկան։ Գուցե այստեղ երբեք մարդու ոտքը...

Բայց ոչ։ Մեր ուղեկիցը բոլորովին այլ բան է ասում։ Լսեցեք.

«Սա Սան Իլդեֆոնսո հովիտն է: Ներկայումս այն անմարդաբնակ է, բայց եղել է ժամանակ, երբ այստեղ բնակվել են քաղաքակիրթ մարդիկ։ Մոտավորապես հովտի կենտրոնում տեղտեղ երևում են ինչոր անկանոն դասավորված կույտեր։ Դրանց վրա փարթամորեն աճել են մոլախոտեր ու ծառեր։ Բայց ավելի ուշադիր նայեցեք՝ և կհամոզվեք, որ դրանք քաղաքի ավերակներ են։

Այո, մի ժամանակ այստեղ մեծ ու հարուստ քաղաք է եղել։ Եղել է և ամրոց, որի աշտարակների վրա ծածանվել է իսպանական դրոշը։ Գոյություն է ունեցել նաև հայր ճիղվիտների հիմնադրած միսիա, իսկ ամբողջ հովտով մեկ, քաղաքի շրջակայքում բնակվել են հանքահորերի ու հասիենդաների հարուստ սեփականատերեր։ Ամենուրեք այս ու այն կողմ է շարժվել գործունյա ժողովուրդը, բորբոքվել են կրքերը սերն ու ատելությունը, փառամոլությունը, ագահությունն ու վրեժխնդրությունը։ Այդ կրքերով փոթորկված սրտերը վաղուց են դադարել բաբախելուց, իսկ նրանցից ծնված գործերը ոչ մի տարեգիր չի հանձնել թղթին։ Դրանք ապրում են միայն հեքիաթներում ու առասպելներում, որոնք ավելի նման են երևակայության, քան իրողության։

Բայց, այնուամենայնիվ, այդ առասպելները հարյուր տարեկանից մեծ չեն։ Հարյուր տարի առաջ այս լեռան գագաթից կարելի էր տեսնել ոչ միայն Սան Իլդեֆոնսո բնակավայրը, այլ նաև բազմաթիվ ուրիշ քաղաքներ, ավաններ ու գյուղեր, իսկ ներկայումս նրանց տեղում չես տեսնի նույնիսկ մարդկային բնակության հետքեր։ Այդ քաղաքների անունները մոռացված են, իսկ նրանց պատմությունը թաղված է ավերակների տակ։

Հնդկացիները դաժանորեն վրեժ լուծեցին Մոնթեսումային[1] սպանողներից։ Եթե սաքսերը չխափանեին այդ պատերազմը, ապա այդ վրեժխնդրությունը կմոլեգներ դեռ հարյուր տարի... Ո՛չ, նույնիսկ հարյուր հիսուն. Կորտեսի հետնորդներից ու նրա նվաճող ռազմիկներից նույնիսկ հետք չէր մնա Անաուակայի[2] հողի վրա։

Դե լսեցեք, ուրեմն, Սան Իլդեֆոնսոյի առասպելը։

Ծանոթագրություններ

  1. Մոնթեսումա – ացտեկների առաջնորդ մեքսիկայում: Սպանվել է 1520 թվականին, երբ իսպանացիները նվաճում էին Մեքսիկան:
  2. Անաուակ – մեքսիկական բարձրավանդակի հարավային մասի շրջան, որտեղ՝ ձևավորվել է ացտեկների միությունը, ացտեկների լեզվով նշանակում է «երկիր ջրի վրա»: