Վերջին թարմացում 3 Ապրիլի 2016, 21:47

Գնացքից թռչելու ժամանակն է

Գնացքից թռչելու ժամանակն է

հեղինակ՝ Վազգեն Մանուկյան
աղբյուր՝ «Որն է մեր ճանապարհը», «Հայք» N 15,16,18,19, 1990 թ․

Ոչ մի ազգ, ոչ մի պետություն չի կարող իր տնտեսական և քաղաքական ծրագրերը կազմելիս ելնել միայն իր ցանկություններից, ներքին իրականությունից։ Անհրաժեշտ է ոչ միայն գնահատել հարևանների և ողջ աշխարհի իրավիճակը, այլ նաև կանխագոլշակել, թե ինչ ուղղությամբ է շարժվում աշխարհը և ըստ այդմ կառուցել ազգային ծրագրերը, որոշել խնդիրների լուծման հերթականությունը։ Ճշգրիտ հաշվարկել դեպքերի զարգացման ուղղությունը, իհարկե, հնարավոր չէ, պետք է ուղղակի քննարկել հավանական տարբերակները և գործողությունների մեջ, հարմար առիթին, ինչ-որ տեղ գնալ նաև իմաստալից ռիսկի, առանց որի հնարավոր չէ ոչ մի խնդրի իրականացում։ Եթե հաշվարկներ, կանխագուշակումներ չկան, ապա սովորաբար ընտրում են երկու հնարավոր պահվածքներից մեկը, կամ կծկված տրվում են հոսանքին, սպասելով թե ինչ կլինի (սովորաբար ինքն իրեն ոչ մի լավ բան չի լինում), կամ նյարդերը չեն դիմանում անորոշ լարվածությանը և հիստերիկ ոգևորությամբ դիմում են «մահ կամ ազատություն» կարգախոսին, որը եթե ճիշտ է անհատի համար, ապա անընդունելի է, երբ վերաբերում է ողջ ազգին։ Այդ երկու պահվածքների դրսևորումն էլ վառ արտահայտված են մեր այժմյան իրականության մեջ։

Մեր ազգը ապրում է այժմ իր համար մի բախտորոշ ժամանակաշրջանում, երբ կամաց-կամաց բոլորիս մեջ հասունանում է այն համոզվածությունը, որ դեպքերի զարգացումը կարող է հնարավոր դարձնել մեր ազգի դարավոր երազանքի իրականացումը անկախ պետականության վերականգնումը, առանց որի անլուծելի կմնան մնացած, համարյա բոլոր ազգային խնդիրները։ Շա՛տերին վախեցնում են ինքնուրույն գործելու այն հնարավորությունները, որոնք բացվել են մեր առջև։ Աշխարհում ամենածանր բեռը ինքնուրույն որոշումներ ընդունելու պատասխանատվությունն է, ստրկությունը քաղցր է նրանով, որ վերացնում է մարդու վրայից այդ ծանր բեռը, ազատելով նրան պատասխանատվության զգացումից։ Ստրկությանը սովոր մարդը վախենում է ազատությունից, պատասխանատվությունից։ Պատահական չէ, որ այժմ, երբ մեր առջև բացվել են ազգի ապագայի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ ընդունելու և իրագործելու հնարավորություններ, կան մարդիկ, որոնք հուսահատված խոսում են ինչ-որ փակուղու մասին։ Ոչ, փակուղի չկա, կա մի դժվարին ճանապարհ, որով անցել են շատ ազգեր, և որը տանում է դեպի երջանկություն։ Պետք են միայն համագործակցություն, միասնություն, խելացի հաշվարկ և վճռականություն։

Փորձենք այժմ կռահել, թե ինչ ուղղությամբ է շարժվում ԽՍՀՄ֊ը, որոնք են այդ շարժման դրդապատճառները, և ըստ դրա տեսնենք, թե ինչ է հնարավոր անել և ինչպես։ Այս հարցերի շուրջ ամենատարածված տեսակետը, որը սկզբում քարոզվում էր «Ղարաբաղ» կոմիտեի, հետագայում՝ բազմաթիվ կազմակերպությունների և անհատների կողմից, հետևյալն է՝

Խորհրդային Միությունը, գտնվելով տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամի մեջ, ստիպված դիմեց վերափոխումների, փորձելով ստեղծել դեմոկրատական հասարակություն, ազատ տնտեսություն։ Օգտվելով այդ հանգամանքից, մենք պետք է ձգտենք տնտեսական անկախության, ինքնիշխանության և հարմար պահին պատրաստ լինենք հռչակելոլ անկախություն։ Այնուամենայնիվ, անկախությունը շատերին վախեցնում է Թուրքիայի հարևանության պատճառով (հետաքրքիր է, որ այդ նույն մարդիկ անհասկանալի խիզախությամբ անընդհատ խոսում են Թուրքիայից հողերը ետ վերցնելու մասին) և այդ պատճառով առկա է նաև հետևյալ մտայնությունը, ձգտել կոնֆեդերացիայի և բավարարվել դրանով, չէ՞ որ եվրոպական երկրներն էլ, զիջելով իրենց անկախության որոշակի մի մասնիկ, ստեղծում են նոր տեսակի դաշինք, հետևաբար դա է զարգացման ուղին։ Նախ և առաջ նկատենք, որ մի բան զիջելու համար պետք է այդ բանը ունենալ, որպեսզի որոշես՝ ում և երբ զիջես, հանուն ինչի զիջես, ինչ ստանաս դրա փոխարեն, և երկրորդը, դարից դար փոխվում է անկախության բովանդակությունը, դրա իրավաբանական ստատուսը։ Եվրոպայում այժմ տեղի են ունենում պրոցեսներ, որոնց այս կամ այն ձևով մասնակից կդառնան աշխարհի գրեթե բոլոր երկրները, ստեղծելով սկզբում պետությունների մեծ փնջեր, որոնք հետագայում կձուլվեն մեկ համաշխարհային միասնության մեջ, և դրա շնորհիվ կձևակերպվի, թե ինչ է նշանակում անկախությունը 21֊րդ դարում։

Նկատենք նաև, որ պետության կազմավորման կոնֆեդերատիվ ձևը անկայուն է և պատմությանը հայտնի գրեթե բոլոր կոնֆեդերացիաները (Շվեյցարական կոնֆեդերացիան, ԱՄՆ, Գերմանական կոնֆեդերացիան և այլն անցել են նույն ուղին՝ կոնֆեդերացիա, հետո ֆեդերացիա, ի վերջո՝ դառնալով միասնական ունիտար պետություն։

Մենք առայժմ խոսենք Խորհրդային Միությունում տեղի ունեցող պրոցեսների մասին և տեսնենք՝ ճի՞շտ է արդյոք վերոհիշյալ տեսակետը, ըստ որի հնարավոր է ձեռք բերել անկախություն, հանդարտ գնալով դեպի ինքնիշխանություն։

Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում այժմ ԽՍՀՄ֊ում, ինչ ուղղությամբ է նա շարժվելու և որոնք են այդ շարժման դրդապատճառները, կատարենք մի փոքր պատմական էքսկուրս։

Ռուսաստանում դարերի ընթացքում փոխվում էին կառավարման ձևերը, բայց անփոփոխ էր մնում քաղաքականությունը ծավալապաշտությունը։ Իր այդ ծավալվելու ընթացքում նա հասավ մեզ, գրավեց մեր հողերի մի մասը։ Պետք է լավ գիտակցել, որ Ռուսաստանի այստեղ գալը ոչ մի ձևով կապված չէր մեր դիմումների կամ օրիենտացիայի հետ։ Ռուսաստանը կատարում էր իր միսիան՝ ծավալապաշտությունը (հետաքրքիր է նկատել, որ նվաճված ժողովուրդների մի մասը ապրում էր Ռուսաստանում ավելի լավ պայմաններում, քան բուն ռուսները, այդ երևույթը ունի խորը արմատներ, բայց դա առանձին խոսակցության նյութ է)։

Զավթողական քաղաքականության ներքին տրամաբանությունը պարտադրում էր Ռուսաստանին չհանդուրժել իր ճանապարհին անկախ պետությունների ստեղծում, անել ամեն ինչ, որպեսզի նվաճված ազգերը հնարավորություն չունենան ստեղծել անկախ պետություններ։ Այդ նպատակով իրագործվում էր նվաճված ազգերի ռուսականացման քաղաքականությունը ռուսականացում լեզվով, մշակույթով, խառը ամուսնությունների միջոցով և այլն։ Այն դեպքերում, երբ դա չէր հաջողվում, արվում էր ամեն ինչ, որպեսզի տվյալ ազգը մեծամասնություն չկազմի իր պատմական տարածքում։ Դրան էին ծառայում տեղահանությունները, ջարդերը, նվաճված տարածքները ռուսներով վերաբնակեցնելու քաղաքականությունը։

Այդ պատճառով, օբյեկտիվորեն, մեր դարավոր իղձի իրականացումը՝ Միացյալ Անկախ Հայաստանի ստեղծումը, հակասում էր Ռուսաստանի շահերին։ Եվ այդ է նաև պատճառներից կարևորագույնը, որ մեզ չհաջողվեց ապահովել մեր հայրենակիցների մի զգալի մասի ֆիզիկական գոյությունը անցյալ դարի վերջում, այս դարի սկզբում (Թուրքիայի շահագրգռվածությունն ու դերը այս հարցում հայտնի է, մենք այժմ խոսում ենք Ռուսաստանի մասին), խնդիր, որը մեզ հաջողվում էր իրականացնել դարերի ընթացքում, ապրելով ծանր պայմաններում Թուրքական և Պարսկական կայսրությունների տիրապետության տակ։ Այս առիթով նկատենք, որ եթե ծավալապաշտական քաղաքականություն իրագործող Ռուսաստանը մեր ազգային իղձերի իրականացման բնական թշնամին էր, ապա Ռուսաստանի հրաժարումը այդ քաղաքականությունից հնարավորություն է ստեղծում մեզ վերականգնել մեր պետականությունը, և մեր անկախ պետության բնական դաշնակիցը կարող է հանդիսանալ այդ նոր ժողովրդավարական Ռուսաստանը։ Ծավալապաշտական Ռուսաստանը օբյեկտիվորեն մեր թշնամին է։ Ոմանց կարծիքով, եթե իր ծավալապաշտության մեջ նա գրաված լիներ գոնե մինչև Վանը, հետո նոր քանդվեր, միգուցե մենք այժմ ավելի շահած լինեինք, բայց առաջինը, եթե նա այդ տարածքները գրաված լիներ, ապա մեկ է, այդտեղ այժմ հայեր չէին բնակվի (հավանաբար այդ տարածքների վրա կստեղծվեին Թուրքական և Քրդական հանրապետություններ), ապացույց 1-ին համաշխարհային պատերազմի պատմությունը, Նախիջևանը և այլն։ Երկրորդը, տեսանելի ապագայում այդպիսի բան չի սպասվում, ծավալապաշտական քաղաքականությունը այժմ հակասում է մարդկության զարգացման ուղուն, Ռուսաստանի հնարավորություններին և եթե մենք չունենալով պետականություն, անորոշ սպասենք մարդկության զարգացման այն փուլին (եթե այդպիսի փուլ գա), որ նորից հնարավոր դարձնի Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականությունը, նույն անիմաստ հույսերը կապելով դրա հետ, ապա մինչ այդ մենք կդադարենք գոյություն ունենալ որպես ազգ։

Դեմոկրատական Ռուսաստանը մեր բնական դաշնակիցը կարող է լինել, նկատենք միայն, որ անկախ պետություն ունենալու դեպքում է միայն հնարավոր ունենալ իրական դաշնակիցներ։

Պատմության, քաղաքականության ոլորտներում գործում են օրենքներ, որոնք կախված չեն այս կամ այն անհատի ցանկությունից։ Այդ օրենքներից նշենք պարզ, բայց մեր դիտարկման համար կարևոր մի կանոն՝ ամեն մի պատմական ժամանակաշրջանում գոյություն ունի մարդկության ընդհանուր զարգացման ուղի, և եթե մի որևիցե պետության արտաքին և ներքին քաղաքականության ուղղվածությունը չի համընկնում զարգացման ընդհանուր ուղուն, ապա այդ պետության ներսում առաջանում են պետությունը քանդող ուժեր, և ինչքան մեծ է շեղումը մարդկության ընդհանուր զարգացման սլաքի և տվյալ պետության կառուցվածքի և քաղաքականության ուղղվածության սլաքների միջև, այնքան մեծ է քանդող ուժերի զորությունը, այն ուժերի, որոնց շատ անգամ նույնիսկ իրենց կողմից ոչ խորը գիտակցված նպատակն է երկրի շարժման ուղղությունը հնարավորին չափ համապատասխանեցնել մարդկության զարգացման ուղղությանը։ Մեծ էներգիա, ուժ կիրառելով, իշխողները կարող են միառժամանակ դեմն առնել այդ երևույթների, կծկվել, երկիրը դատապարտելով լճացման՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, գիտական, մշակութային և բարոյական լճացման։ Ինչքան երկար տևի այդ լճացումը, այնքան մեծ կլինի պայթյունը։ Օրինակ կարող են ծառայել իրադարձությունները Ռումինիայում։

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով որոշ կայսրություններ քանդվելով վերափոխվեցին նոր պետությունների, որոնց ընթացքի ուղղության սլաքները շատ թե քիչ համապատասխանեցին մարդկության զարգացման ուղղության սլաքին։ Օրինակ՝ Թուրքիան, Ավստրո֊Հունգարիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ճանապարհով գնացին Անգլիան, Իսպանիան, Պորտուգալիան և այլն։ Եվ այժմ մնացել է վերջին խոշոր դինոզավրը՝ Ռուսաստանը։

Մարդկության զարգացման այժմյան ուղղության՝ պետությունների հզորացման, գիտության և տեխնիկայի, տնտեսության և մշակույթի զարգացման հիմքում ընկած է մեկ կախարդական բառ — ազատություն։ Դա է մարդկության զարգացման ուղին և այդ հոսանքին հակառակ գնալու բոլոր փորձերը, ինչքան էլ հզոր և վեհ գաղափարներով դրանք պատճառաբանված լինեն, դատապարտված են անհաջողության։ Օրինակ կարող են ծառայել կոմունիստական և ֆաշիստական գաղափարախոսությունները և դրանց քաղաքական իրականացման փորձի տապալումը։

Այժմ հերթը հասել է Ռուսաստանին։ Ինչպես արդեն նշել ենք, դարերի ընթացքում անշեղորեն իրագործելով ծավալապաշտական քաղաքականություն, Ռուսաստանը ժամանակի ընթացքում փոխել է իր կառավարման ձևերը։ Կառավարման վերջին ձևն է բոլշևիզմը։ Ծավալապաշտական քաղաքականության վերջին փորձը՝ Աֆղանստանի նվաճումը, տապալվեց։ Կառավարման վերջին ձևը կանգնեցրեց երկիրը խորը ճգնաժամի առջև բոլոր ասպարեզներում։ Ավելին, կայսրությանը թույլ կպած կտորները՝ Լեհաստանը, Հունգարիան սկսեցին կամաց-կամաց պոկվել։ Կայսրությունը արդեն ուժ չուներ նրանց պահելու։ Ամբողջ մարդկությունը սարսափով նայում էր քայքայվող հսկային, որի բեկորների տակ կարող էր թաղվել ողջ աշխարհը։ Աշխարհը զինվում էր, պատրաստվելով իրեն պաշտպանել հավանական արհավիրքից և լարված ուշադրությամբ հետևում էր կայսրության հոգեվարքին։ Պայթյունից խուսափելու մեկ միջոց կար, արագ փոփոխություններ կատարել երկրի արտաքին և ներքին քաղաքականության մեջ, աշխատելով փոփոխությունների ընթացքը պահել հսկողության տակ։ Դրվեց խնդիր՝ մինիմալ տարածքային կորուստներով, մինիմալ փոփոխություններով փոխել կառավարման ձևը, հարմարեցնել երկիրը աշխարհի զարգացման հոսանքի ուղղությանը, ապահովելով գիտության, տեխնիկայի, տնտեսության և ռազմական արդյունաբերության զարգացումը նոր պայմաններում։

Ռուսաստանում հայտնվեց մի մարդ, որը իր վրա վերցրեց այդ բարդ խնդրի իրականացումը, այդ մարդը Գորբաչովն է։ Եթե սկզբից թվում էր, որ վերափոխման գործը կարելի է տանել փոքր ձևափոխությունների միջոցով, ապա ընթացքում պարզվեց, որ փոփոխությունները և կորուստներր մեծ են լինելու և, որն ամենասարսափելին է, փոփոխությունների ընթացքը և արագությունը հնարավոր չի լինում պահել լրիվ հսկողության տակ։ Պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, երկրի ղեկավարման հին ձևը, կոմունիստական կուսակցության ղեկավար դերը ոչնչացնում է ինքը՝ Գորբաչովը, վարպետորեն առաջ մղելով ժողովրդին։ Այդ խնդիրը դեռ վերջնականապես լուծված չէ, բայց արդեն հասկանալի է, որ իշխանության կոմունիստական ձևը դատապարտված է։ Բնական պատճառնեըով երկրի տարբեր ռեգիոններում այդ իշխանության վերացումը կատարվում է տարբեր արագությամբ, ինքը Գորբաչովը, նպատակ ունենալով հնարավորին չափ պահպանել կայսրության ամբողջականությունը, շահագրգռված է, որ ծայրամասերում այդ պրոցեսը ավելի դանդաղ ընթանա։

Ավելին, շատ վարպետորեն փորձ է արվում Ռուսաստանի կողմից նվաճված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարր, որը բնականորեն պետք է ուղղված լիներ կայսերապաշտական քաղաքականության դեմ, ուղղել կայսրությունը ղեկավարելու ձևի դեմ, ազգային-ազատագրական պայքարը, որի բնական նպատակն է անկախությունը, փոխարինել հակակոմունիստական պայքարով։ Օգտվելով իրենց բնորոշ յուրահատուկ պայմաններից՝ որոշ հանրապետությունների, օրինակ՝ Լիտվային հաջողվեց վերցնել պայքարի ճիշտ ուղղություն, զանազանելով կայսերական քաղաքականությունը նրա իրագործման ձևից և վարպետորեն բալանս գտնելով պայքարի այդ երկու ուղղությունների միջև։ Ես չեմ խոսում ի պաշտպանություն կոմունիստական կուսակցության, դա մարդկության և մեր ազգի հանդեպ հանցագործ կազմակերպություն էր, որը պետք է իջնի քաղաքական թատերաբեմից, ես ուղղակի կոչ եմ անում սառը կշռադատել մեր քաղաքական պայքարի ուղղությունը։

Ստիպված լինելով քանդել հին ղեկավարման ձևը, տալով արդեն տարածքային կորուստներ Արևելյան Եվրոպայում, Մերձբալթիկայոլմ, Գորբաչովը ձգտում է վերափոխումներից հետո պահպանված տարածքների վրա ստեղծել մի միասնական դեմոկրատական պետություն, որի տնտեսությունը ղեկավարվում է ազատ շուկայի մեխանիզմով, ստեղծել մի կայուն միասնական երկիր, որը արդեն ենթական չէ քանդվելու, և որի զարգացման ուղղությունը հնարավորին չափ համապատասխանում է մարդկության զարգացման ուղղությանը։

Կհաջողվի՞ արդյոք Գորբաչովին լուծել այս խնդիրը, և ի՞նչ է սպասում մեզ այդ ճանապարհին։

Ինչպես մենք նշեցինք, ԽՍՀՄ֊ի բռնած ճանապարհի անհամապատասխանությունը մարդկության ընդհանուր զարգացման ուղու հետ երկրի ներսում առաջացրեց երևույթներ, որոնք սկսեցին քանդել կայսրությունը։ Տնտեսությունը կամաց-կամաց դառնում էր անկառավարելի. կենտրոնում ընդունված որոշումները հնարավոր չէր լինում իրագործել։ Պաշտոնական գաղափարախոսությունը, որը կարևոր դեր էր խաղում երկիրը ղեկավարելու գործում, կամաց-կամաց կորցնում էր իր ազդեցությունը։ Տնտեսության քայքայումը, նավթի գների իջեցումը միջազգային շուկայում հնարավորություն չէին տալիս տարբեր ներարկումների միջոցով իրեն ամուր կապված պահել սոցիալիստական երկրները։ Լեհաստանում սկսվեց ազգային֊ազատագրական պայքար։

Անհաջողություններն՝ Աֆղանստանում։ ԽՍՀՄ֊ը հետզհետե ավելի ու ավելի հետ էր մնում աշխարհի երկրների մեծ մասից տնտեսության, գիտության, նոր տեխնոլոգիաների մշակման գործում։ Այդ հետ մնալը չէր կարող չազդել ԽՍՀՄ-ի ամենակարևոր հատկանիշի՝ ռազմական արդյունաբերության, ռազմական ուժերի վրա։ Կար վտանգ, որ այն փաստի գիտակցումը, թե ժամանակը աշխատում է իր դեմ, կարող է դրդել երկրի ղեկավարությանը դիմել արկածախնդրության, սկսել իրականացնել իր ռազմական հնարավորությունները չթողնելով, որ մնացյալ աշխարհն իրենից առաջ անցնի։ Բայց երկիրը ղեկավարող «ծերակույտը» չունեցավ այնքան վճռականություն, կամ ավելի շուտ, ունեցավ խոհեմություն և չդիմեց այդ քաղաքականությանը, որը կարող էր կործանարար լինել ամբողջ մարդկության համար։ Այդ տեսակետից չափազանց մեծ էր ԱՄն֊ի և նրա այն ժամանակվա պրեզիդենտ Ռ. Ռեյգանի ցուցաբերած վճռականությունը, շանտաժի չենթարկվելը և ռազմական արդյունաբերության մեջ նորագույն տեխնոլոգիայի օգտագործման ծրագրի իրականացումը։

Այս ամենը բերեց այն բանին, որ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը դիմեց «ոտքերը վերմակի չափով մեկնելու» քաղաքականությանը և փորձեց վերափոխումների միջոցով հասնել մնացյալ աշխարհին։ Սկզբում այդ քաղաքականության մեջ կար բլեֆի ինչ-որ տարր, ցանկություն՝ փոքր վերափոխումներով լուծել խնդիրը։ Բայց իրադարձությունների ներքին տրամաբանությունը ցույց տվեց, որ փոփոխությունները պետք է լինեն շատ խորը, իսկ նախորդ ժամանակաշրջանում կայսրության կողմից նվաճված տարածքների կորուստները՝ բավական մեծ։ Սկսվեց երեւույթների մի շղթա, որոնց ուղղությունը և արագությունը կենտրոնը չի կարողանում իր հսկողության տակ պահել, զորքի և ՊԱԿ-ի օգտագործումը այդ նպատակով զգալի արդյունքներ չի տալիս։ Տնտեսությունը վարչահրամայական եղանակով ղեկավարելու մեթոդներից հրաժարվելը արագացրեց տնտեսության քայքայումը, որ կարող է բերել և տնտեսական, և քաղաքական քաոսի։

Մյուս կողմից՝ անընդհատ հետաձգվում են մասնավոր սեփականության և ազատ շուկայի անցնելու տնտեսական բարեփոխումները, որոնց իրագործման առաջին փուլը բնորոշվելու է հսկայական ինֆլյացիայով ու գործազրկությամբ և որոնք այս բազմազգ կայսրությունում կբերեն անկանխագուշակելի քաղաքական հետևանքներ։ Հասկանալի է նաև, որ տնտեսական այդ բարեփոխումի իրականացման դեպքում տնտեսությունը ամբողջությամբ կդառնա անկառավարելի երկրի ղեկավարության համար՝ բերելով իր հետ նաև քաղաքական գործրնթացի անկառավարելիություն։

Այս պայմաններում ոչ միայն մենք, այլ նաև երկրի ղեկավարությունը, որը մեզնից անհամեմատ շատ ավելի մեծ հնարավորություն ունի ազդելու տեղի ունեցող գործընթացների վրա, չի կարող հաշվարկել կամ կռահել, թե ինչ ճանապարհով կընթանա երկիրը, ինչ է նրան սպասում այս կամ այն որոշումը ընդունելու դեպքում։ Կարելի է միայն նշել դեպքերի զարգացման մի քանի հնարավոր տարբերակներ։ Բայց մինչ այդ տարբերակների քննարկմանն անցնելը, խոսենք ցանկությունների մասին։ Մ. Գորբաչովի վարած քաղաքականությունից կարելի է կռահել, որ նրա ցանկությունն է ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում կառուցել մի միասնական պետություն, որը հարմարեցված լինելով մարդկության զարգացման հոսանքի ուղղությանը, իր կառուցվածքով նման լինի ԱՄն֊ին։

Երկիրը բաժանված լինի մասերի (հանրապետություններ, ինքնավար միավորումներ, Ռուսաստանի երկրամասեր), որոնցից յուրաքանչյուրը ունենա մոտավորապես այնպիսի ազատություն և իրավունքներ, որպիսիք ունի ԱՄն֊ի յուրաքանչյուր նահանգ։

Դատելով Արևմուտքի քաղաքական գործիչների հայտարարություններից և նրանց կողմից վարվող քաղաքականությունից, Արևմուտքը շահագրգռված է, որ Գորբաչովի այս ծրագիրը իրականանա։ Այգ շահագրգռվածության արմատները պարզ են՝ ագրեսիվ, մեծ ռազմական ուժ ունեցող, բայց փակ և չզարգացող տնտեսության տեր կայսրության կամ նրա քայքայումից հետո առաջացած փոքր, տնտեսապես թույլ, ազգամոլությամբ տառապող և իրար դեմ պատերազմող պետությունների փոխարեն Արևմուտքը կցանկանար ունենալ մի հարևան, որի դեմոկրատական կառուցվածքը և բաց տնտեսական համակարգը երաշխավորում են Արևմուտքի ռազմական ապահովաթյունը, միևնույն ժամանակ բացելով նրա առջև հսկայական շուկա։ Այնպես, որ, Արևմուտքը իր պրագմատիկ նպատակներից ելնելով տվյալ ժամանակաշրջանում, ի տարբերություն նախորդ փուլի, չի խրախուսում ԽՍՀՄ֊ի կազմում գտնվող որոշ հանրապետությունների անջատողական քաղաքականությունը։ Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ, հաշվի առնելով համաշխարհային հասարակական կարծիքը, Արևմուտքն ստիպված անում է որոշակի հայտարարություններ, կամ նույնիսկ որոշ քայլեր հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են ազատությունը, ազգերի ինքնորոշման սկզբունքը և այլն։ Արևմուտքի քաղաքականության մեջ շատ մեծ դեր է կատարում նաև նրա այն մտավախությունը, որ հանրապետությունների կենտրոնախույս շարժումը կարող Է ԽՍՀՄ-ում հանգեցնել քաոսի, անկանխագուշակելի վտանգավոր հետևանքներով ոչ միայն կայսրության, այլ նաև իր՝ Արևմուտքի համար։ Մտավախություն կա նաև, որ այդ շարժումը կարող Է ստիպել ԽՍՀՄ-ին վերադառնալ իր նախորդ վիճակին։

Այսպիսով, Մ, Գորբաչովի և Արևմուտքի ցանկությունները այս հարցերի շուրջ համընկնում են։ Բայց միևնույնն Է, այգ ցանկությունները լրիվ իրագործվել չեն կարող։ Կայսրությունը ստիպված Է կրել տարածքային կորուստներ։ Օրինակ կարող Է ծառայել Մերձբալթյան հանրապետությունների անխուսափելի անջատումը կայսրությունից։ Այդ մտքի հետ արդեն ստիպված հաշտվել է համարյա ամբողջ Ռուսաստանը։ Գոյություն ունի երկու կարևոր հանգամանք, որոնք թույլ չեն տա ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում ստեղծել ԱՄն֊ի նման մի պետություն։ Առաջին՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, ԽՍՀՄ֊ի կազմում գտնվող շատ ժողովուրդներ մտցվել են կայսրության կազմի մեջ իրենց պատմական հայրենիքով, և շատ մեծ է նրանց ցանկությունը նորից ինքնուրույն կերտել սեփական պատմության ուղին։ Երկրորդ այն տնտեսական վերափոխումները, որոնք, անխուսափելիորեն պետք է իրագործվեն ԽՍՀՄ֊ում և որոնք, գոնե սկզբնական շրջանում կուղեկցվեն ժողովրդի կենսամակարդակի կտրուկ իջեցումով, կնպաստեն կենտրոնախույս ուժերի հզորացմանը։ Յուաքանչյուր հանրապետություն բնականորեն ելնելով իր շահերից կաշխատի իր տնտեսության զարգացումը կատարել ուրիշների հաշվին, հարուստը չի ցանկանա կիսվել աղքատի հետ։ Բնական է նաև, որ տնտեսական վերափոխումները ավելի հեշտ է իրագործել կայսրության առանձին մասերում տարբեր ձևերով և տարբեր արագություններով, քան մեծածավալ կայսրության ամբողջ տարածքում միաժամանակ և միևնույն եղանակով։ Այս հանգամանքը ևս կնպաստի կենտրոնախույս ուժերի հզորացմանը։

Այժմ տեսնենք՝ մենք ինչ ենք ուզում։

Հասկանալի Է, որ Ռուսաստանը չի վերանա աշխարհի երեսից և վաղ թե ուշ կայսրությունից մնացած ամենամեծ բեկորի վրա կկառուցվի միասնական Ռուսաստան։ Մի կողմ թողնենք, թե քանի փուլում կիրականացվի այդ խնդիրը, ինչ զոհեր կպահանջվեն, ինչ արհավիրքներ կհանդիպեն ճանապարհին։ Ենթադրենք համարյա ֆանտաստիկ մի բան մեզ հաջողվեց անցնել բոլոր արհավիրքների միջով և մասը կազմել ստեղծվելիք միասնական դեմոկրատական Ռուսաստանի։ Արդյոք դա մեզ ձեռք է տալիս, թե՞ ոչ։ Ըստ իս՝ ոչ։ Եթե այդ գրեթե անհավանական տարբերակը իրագործվի և մենք մասւ կազմենք միասնական դեմոկրատական Ռուսաստանի, ապա դրանով կվերջանա հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, ինչպես որ, օրինակ, վերջացած է Շոտլանդիայի և Ուելսի ազգային պատմությունը, երկրներ, որոնցում կան, իհարկե, անկախության ձգտող կուսակցություններ, բայց այդ ժողովուրդների համատարած անգլիացոլմը, Մեծ Բրիտանիայում տիրող իրավահավասարությունը, բարձր կենսամակարդակը բերել են այն բանին, որ շոտլանդացիների ու վալիացիների ճնշող մեծամասնությունը սոսկ էկզոտիկ մի բան է դարձել, այդպիսով, այդ ժողովուրդները դուրս են մղվել մարդկության պատմության թատերաբեմից և ինչպես այժմ չկան շումերներ, արամեացիներ, դակեր, գարգարացիներ, ինչ-որ ժամանակից հետո չեն լինի նաև շոտլանդացիներ, վալիացիներ։ Մի՞թե մենք ցանկություն ունենք արժանանալ նույն բախտին։ Մենք՝ հայերս տեսել ենք ինչպես են կառուցվում եգիպտական բուրգերը, պատերազմել ենք Ասորեստանի և Հին Հռոմի դեմ, Տիգրան Մեծի ժամանակ տարածվել ենք մինչև Կարմիր ծովը, ականատես և մասնակից ենք եղել համաշխարհային կրոնների՝ քրիստոնեության ու մահմեդականության առաջացմանն ու տարածմանը, մեր աչքերի առջև ստեղծվել և քանդվել են հզորագույն կայսրություններ, շատ բան ենք տվել աշխարհին ու շատ բան վերցրել անցնելով փորձություններով լի ճանապարհ, բայց իմ խորին համոզմամբ, ամեն ինչ դեռ առջևում է, մենք դեռ չենք կատարել այն առաքելությունը, որի համար ստեղծել է մեզ Աստված և սրբապղծություն կլինի Աստծո, մարդկության և մեր նախնիների հանդեպ, եթե մենք հրաժարվենք կրել մեր խաչը, չիրագործենք անկախ պետություն վերականգնելու մեր հնարավորությունը առաջին իսկ հարմար առիթով։ Հետևաբար, դեպքերի զարգացման այն ֆանտաստիկ տարբերակը, որի իրականացման դեպքում, մենք հրաշքով անցնելով քանդվող կայսրությանը սպասող բոլոր արհավիրքների միջով, մասը կկազմենք միասնական Ռուսաստանի, մեզ ձեռք չի տալիս։ Մենք պետք է ձգտենք վերականգնել մեր անկախ պետականությունը։

Ցանկություններից և ֆանտաստիկ վարկածներից նորից գանք մեր օրերին։ ԽՍՀՄ-ը, դրդված լուրջ հանգամանքներից, մինչ այդ եղած մեկ կայուն վիճակից տեղափոխվում է մեկ այլ կայուն վիճակի։ Մենք այժմ գտնվում ենք այդ անցման ժամանակաշրջանում, անջատվելու հնարավորությունը երբեք բնութագրական չէ պետության կայուն վիճակում գտնվելիս։ Հետևաբար, անկախ պետականության վերականգնման մեր ցանկությունը մենք պետք է իրագործենք հենց այս անցման ժամանակաշրջանում, որի տևողությունը մեզ դեռ հայտնի չէ։

Դիտարկենք դեպքերի զարգացման հնարավոր տարբերակները։

1. ԱՆԳԼԻԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Սա մեզ համար ամենացանկալի, բայց և ամենաանհավանական տարբերակն է, որն իրականանալու դեպքում ԽՍՀՄ-ում կկատարվի նույնը, ինչ կատարվեց Մեծ Բրիտանիայի կայսրության հետ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այսինքն բոլոր նվաճված ժողովուրդները գրեթե առանց պայքարի հետզհետե կստեղծեն իրենց անկախ պետությունները։ Դեպքերի այսպիսի զարգացումը ամենաբարենպաստն է մեզ համար, որովհետև հնարավորություն է տալիս չշտապել, քայլ առ քայլ բարելավել տնտեսությունը, հանրապետությունում ստեղծել առողջ բարոյական մթնոլորտ, ազատվել յոթանասուն տարիների ընթացքում մեզ պարտադրված բարքերից, վերադառնալ ազգային արմատներին, ամրապնդել ժողովրդավարության սաղմերը, այս կամ այն ձևով վերջնականապես լուծել Ղարաբաղի հարցը և հետո, առանց մեծ պայքարի, հարմար պահին դուրս գալ ԽՍՀՄ֊ի կազմից։ Դեպքերի այսպիսի բարենպաստ զարգացումը ես գրեթե անհավանական եմ համարում հետևյալ պատճառներով։ Դրանցից մեկը արդեն նշեցի, դա ԽՍՀՄ-ի տնտեսական անկայուն վիճակն է, որից հանդարտ դուրս գալու ճանապարհը չի երևում։ Երկրորդ պատճառը հետևյալն է. Անգլիան իր կայսրությունը ստեղծելիս հիմնականում առաջնորդվում էր անգլոսաքսերին բնորոշ պրագմատիկ նպատակներով, հետապնդելով նյութական շահ, և երբ փոխվեց համաշխարհային տնտեսական համակարգը, երբ տեղի ունեցավ գիտատեխնիկական հեղափոխությունը, որը զարգացման նոր հեռանկարներ բացեց և արդեն գաղութներ ունենալով չէր պայմանավորված երկրի տնտեսության զարգացումը, Անգլիան առանց մեծ պայքարի ազատություն տվեց իր կողմից նվաճված ժողովուրդներին։ Ռուսաստանի դեպքում քիչ այլ է պարագան։ Այս երկրի զավթողական քաղաքականությունը ուներ մի կարևոր յուրահատկություն. Ռուսաստանն, իհարկե, տնտեսապես օգտվում էր իր կողմից նվաճված երկրների բնական հարստություններից, բայց դա չէր նրան առաջ մղող հիմնական պատճառը։ Ռուս ժողովրդի մեջ շատ խորն է մտել այն գիտակցությունը, որ նվաճողական քաղաքականություն վարելով և տարածվելով, ինքը կատարում է իրեն Աստծո կողմից պարտադրված առաքելություն և, որ երջանկացնում է այն ժողովոլրդներին, որոնց նվաճում է իր տարածվելու ճանապարհին ու ռուսացնում։ Ռուսաստանին հեշտ չի լինի հրաժարվել այդ համարյա միստիկ բնույթ կրող ազգային փիլիսոփայությունից։ Կա մի այլ հանգամանք, նույնիսկ Անգլիան հեշտությամբ չհրաժարվեց իր նվաճած այն տարածքներից, որոնք կազմում էին իր ազգային տարածքի անմիջական շարունակությունը։ Շատ մեծ դժվարությամբ նա ազատություն տվեց Հարավային Իռլանդիային, իսկ Հյուսիսայինը դեռ պայքարի մեջ է, ապա չազատագրվեցին Շոտլանդիան և Ուելսը։ Իսկ Ռուսաստանի կողմից նվաճված բոլոր տարածքները իր տարածքի անմիջական շարունակությունն են կազմում, և պարզ Է, որ այդ տարածքներին նա հեշտությամբ ազատություն չի տալու։

Անգլիական տարբերակը քննարկելիս հարկ եմ համարում նշել նաև, որ նույնիսկ Անգլիայից ամենաթեթև եղանակով ազատագրված գաղութները, որպես կանոն, նախապես հռչակում էին անկախ պետություն ստեղծելու իրենց նպատակը, հետո գնում էին բանակցությունների Անգլիայի կառավարության հետ, ընդ որում նշվում էր անցման շրջանի ժամկետը, որի ընթացքում միայն հնարավոր էր լինում քայլ առ քայլ գնալ դեպի ինքնուրույնություն։ Հետևաբար, փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե դեպքերը զարգանան այս գրեթե անհավանական տարբերակի համաձայն, անհրաժեշտ կլինի մի պահ վճռականություն ցուցաբերել և պաշտոնապես հայտարարել անկախ պետականություն վերականգնելու մեր նպատակի մասին, որից հետո է կենտրոնի հետ վարվելիք բանակցություեների դրական արդյունքի դեպքում հնարավոր կլինի զարգացնել անկախ տնտեսություն։

2. ԿԱՆԳԱՌՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Դիտարկենք դեպքերի զարգացման ավելի հավանական այս տարբերակր։ Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի ճանապարհը դեպի միասնական դեմոկրատական պետության ստեղծումը բաղկացած կլինի մի քանի փուլից, Եթե ԽՍՀՄ֊ին հաջողվի գոնե մի քիչ դուրս գալ ներկայիս ծանր ճգնաժամից, գոնե մի քիչ իր զարգացումը հարմարացնել համաշխարհային զարգացման ուղղությանը, բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը, հնարավորություն ունենալ մոտենալ ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա կառաջանան ուժեր (ամենայն հավանականությամբ դա կլինի հենց ինքը՝ Գորբաչովը), որոնք շահագրգռված կլինեն չշարունակել ընթացքը այդ վերափոխումների ուղղությամբ և բավարարվել արդեն ձեռք բերածով։ Նորից դռները կփակվեն այն ժողովուրդների առջև, որոնք մինչ այդ անջատված չեն լինի կայսրությունից և կստեղծվի կիսադեմոկրստտական մի պետություն, որն այդ վիճակում կմնա մինչև իր հաջորդ հարմարեցումը համաշխարհային զարգացման հոսանքին։ Եվ այսպես, փուլ առ փուլ, յուրաքանչյուր վազն իր անկանխագուշակելի արհավիրքներով, իսկ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցներում՝ մեզ սպասող ազգային ուծացում։ Պայթյուն պայթյունի ետևից, որոնցից յուրաքանչյուրը կարող Է մեր ազգի գոյատևման վերջակետը դնել։ Այս պայմաններում անկախ պետականության վերականգնումը ոչ միայն հետապնդում է ազգային վեհ նպատակներ, ոչ միայն ազատագրում ստրկությունից, բարեկեցիկ կյանքի հնարավորություն ընձեռում, այլ նաև դառնում է մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունը պահպանելու միակ հնարավորությունը։

3. ՔԱՆԴՎԵԼՈԻ ՏԱՐԲԵՐԱԿ

Ինչպես արդեն նշեցինք ԽՍՀՄ֊ի այժմյան վիճակը նկարագրելիս, երկրի տնտեսությունը անելանելի վիճակում Է, մեծացել են կենտրոնախույս ուժերը, տեղի են ունենում անկառավարելի գործընթացներ, որոնք կարող են բերել կայսրության փլուզմանը։

Եթե փորձ արվի կոպիտ միջամտությամբ կանգնեցնել երկրում տեղի ունեցող գործընթացը, ապա կարճատև դադարից հետո դա անխուսափելիորեն կբերի քաոսի, պայթյունի, և կայսրությունը կսկսի քանդվել ավելի մեծ արագությամբ։ Այդ դեպքում մեզ սպառնում է կայսրության փլատակների տակ մնալու վտանգը։ Ցանկալի Է ոչ թե այդ պայթյունի շնորհիվ ստանալ մեր անկախությունը, այլ այդ քայքայումը դիմավորել որպես արդեն անկախ պետություն՝ ճանաչված աշխարհի այլ պետությունների կողմից։ Բացի մնացած ակնհայտ առավելություններից, նշենք նաև հետևյալը՝ չնայած մեր հարևան Թուրքիան ջանքեր Է թափում գնալ աշխարհի ընդհանուր զարգացման ուղղությամբ, արտաքին նվաճողականությունից անցնել ներքին զարգացման քաղաքականությանը, դառնալով զարգացած ժամանակակից երկիր (և պետք է խոստովանել, որ բավականին առաջադիմել է այդ ճանապարհին), բայց ԽՍՀՄ֊ի անղեկավարելի քայքայման դեպքում շատ հավանական է, որ Թուրքիայում գլուխ բարձրացնեն առայժմ քաղաքական մեծ կշիռ չունեցող ուժերը, և այդ երկիրը մի պահ շեղվի իր ընտրած վերոհիշյալ ճանապարհից, կլանի ԽՍՀՄ֊ի առավել հեշտությամբ մարսվող բեկորները ու հետո նորից վերադառնա իր ճանապարհին։

Դեպքերի նշված զարգացման պարագայում նման վտանգ կարող են ներկայացնել ԽՍՀՄ֊ի մյուս հարևանները՝ ջանալով կլանել քայքայվող կայսրության ուրիշ հատվածներ։ Հասկանալի է, որ եթե մինչ այդ մենք անկախացած լինենք, կունենանք մեծ առավելություններ՝ ինչպես Հայաստանի պաշտպանության, այնպես էլ մեր որոշ ազգային հարցերի լուծման գործում։

Այսպիսի զարգացումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե, չնայած ԽՍՀՄ֊ի ղեկավարության ջանքերին և Արևմուտքի ցանկությանը, հնարավոր չլինի ազդել անղեկավարելի գործընթացների վրա և կանխել երկրի՝ պայթյունով ու քաոսով քանդվելու հեռանկարը։ Այդ գործում շատ մեծ նշանակություն ունի ԽՍՀՄ– ում գործող ուժերի զսպվածությունը, հանուն ընդհանուր շահի հրաժարումը եսամոլական ձգտումներից։ Լուսաբանելու համար ասածս՝ բերեմ Մերձբալթյան հանրապետությունների օրինակը, օգտվելով հարմար առիթից, իմ կարծիքով, ճիշտ հաշվարկ անելով, նրանք կատարեցին վճռական քայլ, միմյանցից տարբեր ձևերով հռչակելով անկախություն։ Եվ չնայած նրանք անկախություն դեռևս չեն ստացել և այդ գործընթացը կարող է տևել տարիներ, բայց գլխավորն արված է, նրանք ապահովել են իրենց մի կողմ կանգնելը ԽՍՀՄ֊ի փլուզման դեպքում, իրագործել են իրենց ժողովուրդների փափագը, ստացել ինքնուրույն զարգացման հնարավորություն։ Թեև այդ գործողություններով նրանք դժվարին կացության մեջ դրեցին ԽՍՀՄ-ի մյուս ժողովուրդներին, ավելացրին լարվածության աստիճանը երկրում, պոկեցին մի կարևոր օղակ ազատագրվող ժողովուրգների շղթայից, ժողովուրդներ, որոնք ջանում են ուս-ուսի տված, քայլ առ քայլ ազատագրվել կայսրությունից։ Կարելի է արդյոք մեղադրել Մերձբալթյան հանրապետություններին եսամոլության մեջ։ Կարելի է մեղադրել, կարելի է և չմեղադրել, դա չէ էականը։ Կարևորն այն է, որ քաղաքական պարզագույն օրենքը ասում է եթե ունես ազգային որևէ ծրագիր իրականացնելու հնարավորություն, ապա պարտավոր ես այն անմիջապես օգտագործել, չզոհաբերել ազգային շահը հանուն ուրիշների։ Հետո կարող է ուշ լինել։ Ով չի օգտվում իրեն ընձեռած այսպիսի հնարավորությունից, պատմությունը նրան չի ներում։ Այդպիսիք են քաղաքականության դաժան օրենքները, և կամա թե ակամա մենք էլ պետք է ենթարկվենք այդ օրենքներին։

Այս տարբերակի քննությունը ցույց է տալիս, որ դրա իրականանալու հնարավորությունը շատ հավանական է։

  • * *

Նախորդ մասում մենք նշեցինք մի կարևոր դիտողություն ԽՍՀՄ-ը, դրդված լուրջ հանգամանքներից, մինչ այդ եղած մեկ կայուն վիճակից փոխադրվում է մեկ այլ կայուն վիճակի։ Մենք այժմ գտնվում ենք այդ անցման ժամանակաշրջանում։ Կարևոր է նկատել, որ անջատվել հնարավոր է միայն անցման ժամանակաշրջանում, անջատվելու հնարավորությունը երբեք բնութագրական չէ պետության կայուն վիճակին։ Այդ տեսանկյունից ելնելով, մենք քննեցինք դեպքերի զարգացման տեսականորեն հնարավոր երեք տարբերակ։ Բացի առաջին տարբերակից, որի իրականանալու հնարավորությունը չնչին է, մնացած տարբերակների քննությունը ցույց է տալիս, որ պետք է անջատվել հնարավորին չափ շուտ, քանի որ դանդաղելը ուղղակի վտանգավոր կարող է լինել ազգի գոյության համար։

Շտապել պետք է նաև այլ պատճառով։ Բանն այն է, որ այն մտայնությունը, թե մնալով ԽՍՀՄ-ի կազմի մեջ հնարավոր է զարգացնել մեր տնտեսությունը և հետո նոր դուրս գալ, անհիմն է։ Դա այն խայծերից մեկն է, որով աշխատում են մեզ պահել կայսրության մեջ, մինչև իրենք կկարգավորեն իրենց հարցերը, այսինքն անցման շրջանի խայծ։ Իրականությունը այն է, որ մեզ տալիս են ինչ-որ քանակությամբ մթերք ու հումք, որոնց դիմաց պահանջելու են ավելի ու ավելի մեծ վճար, մյուս կողմից բազմաթիվ օրենքների միջոցով մեզ արգելում են ինքնուրույն զարգացնել մեր տնտեսությունը։

Իհարկե, մեծ պայքար ծավալելով մենք կկարողանանք շրջանցել խոչընդոտների մի մասը, բայց միշտ կառաջանան նորերը և մեր Գերագույն խորհրդի հիմնական աշխատանքը դարձյալ կլինի բողոքի նոտաներ կազմելը, կենտրոնի հետ անընդհատ առճակատման մեջ մտնելը և միշտ չնչին արդյունքներով։

Ոչ մի բան այնքան չնպաստեց Մերձբալթյան հանրապետություններին շտապելու անկախության ճանապարհն ընտրել, որքան վերջին ժամանակաշրջանի իրենց փորձից եկած աչն գիտակցությունը, որ հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը, շարունակելով մնալ ԽՍՀՄ֊ի կազմի մեջ։ ԽՍՀՄ-ի տնտեսությունը դեռ երկար ժամանակ շարունակելու է գլորվել այդ տնտեսական անդունդի մեջ, իր հետ քաշելով նաև մեզ՝ չտալով զարգացման ոչ մի հեռանկար։ Մենակ մնալով՝ մենք սկզբում, հնարավոր է, ավելի մեծ արագությամբ ընկնենք այդ տնտեսական անդունդի մեջ, բայց կապված չլինելով հսկայական երկրի քայքայված տնտեսությանը, անհամեմատ ավելի արագ կսկսենք նաև դուրս գալ անդունդից։ Այս հարցում մեծ նշանակություն կունենան մեր ինքնուրույն լինելը, հայ ազգին բնորոշ ձեռներեցությունը և սփյուռքի գոյությունը։

Այսպիսով, պետք է շտապել անկախանալ։ Բայց այստեղ առաջանում է այդ նպատակը իրականացնելու հնարավորության հարցը։ Ճիշտ է, որ ԽՍՀՄ֊ի կազմի մեջ մնալը մեզ ապագայում ոչ մի հեռանկար չի խոստանում, ճիշտ է, որ դանդաղելը կարող է վտանգավոր լինել մեզ համար, բայց նույնչափ ճիշտ է նաև, որ վտանգավոր կարող է լինել նաև չմտածված շտապ քայլեր անելը։ Մենք արդեն դառը պատմական փորձ ունենք, թե ինչքան վտանգավոր է կտրուկ շարժումներ անել քայքայվող կայսրության մեջ։ Այդ տեսակետից այժմ քննենք տիրող իրավիճակը ԽՍՀՄ-ում։

Նախորդ մասում մենք նշեցինք, որ ռուս ժողովրդի համար շատ դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ նա կարող է կորցնել իր կողմից նվաճված տարածքների մի մասը (դա ինչ-որ չափով բնորոշ է բոլոր նվաճողներին)։ Այս հարցում մեծ նշանակություն ունի ինչպես ռուս ժողովրդին հատուկ հոգեբանությունը, որը նրա հոգու մեջ արմատացել է դարերի ընթացքում, այնպես էլ նրա ցանկությունը շարունակել ռազմական, քաղաքական նպատակներով օգտվել նվաճված տարածքներից։ Բայց այժմ մի զարմանալի հոգեբանական վիճակ է ստեղծվել ռուս ժողովրդի մեջ, որր նպաստավոր է մեր նպատակներին հասնելու համար։ Բանն այն է, որ Ռուսաստանի խճճվածությունը սեփական գործերի մեջ մի պահ մոռացնել է տվել իր կայսերական բնազդն ու ձգտումները։ Երկրի անմխիթար տնտեսական վիճակի համար մեղավորներ փնտրելը և այդ վիճակից դուրս գալու ձգտումը ռուսներին բերել են այն համոզման, որ նրանք մինչ այժմ ծառայում էին նվաճված ժողովոլրդներին և այժմ Ռուսաստանն ուզում է հրաժարվել նվաճված ժողովուրդներին «երջանկացնելու» մտայնությունից ու հետապնդել իր տնտեսական շահերը՝ մի քիչ նեղացած «անշնորհակալ» ժողովուրդներից և ասելով՝ գնացեք, ինքներդ պահեք ձեր գլուխը։ Բացի դրանից, վերջին երկու տարվա իրադարձությունները, հրապարակումները ռուսների մի մասի մեջ առաջացրել են նվաճված ժողովուրդների հանդեպ մեղքի զգացում, և նրանք ձգտում են ապացուցել, որ հրաժարվում են իրենց նախորդ քաղաքականությունից, համաձայն են ազատություն տալ այդ ժողովուրդներին (նույն մեղքի զգացումն էր առաջացել գերմանացիների մեջ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որն այժմ մեծ արագությամբ չքանում է նրանց հզորանալուն զուգրնթաց)։ Այս ամենը անցողիկ է և կարճատև, ճիշտ է նկատել Մ. Գորբաչովը իր ելույթներից մեկում, որ կայսերապաշտությունը նստած է իրենց գեների մեջ։ Ավելին, ես կասկածում եմ, որ այս ամենի մեջ օբյեկտիվ պատճառների հետ միասին խառն է նաև Մ. Գորբաչովի մատը։

Բանն այն է, որ ինչպես մենք նկատեցինք նախորդ մասում, Մ. Գորբաչովը փորձում է միաժամանակ լուծել երկու իրարամերժ խնդիրներ։ Մի կողմից ապահովել երկրի դեմոկրատական, տնտեսական զարգացումը, աշխատելով գնալ համաշխարհային առաջընթացի ուղղությամբ։ Մյուս կողմից, աշխատում է անհավասարաչափ զարգացման, դավադրությունների, զորքի, տնտեսական և ազգային խայծերի միջոցով անցման շրջանում պահպանել կայսրության տարածքային ամբողջությունը։

Համոզվելով, որ այդ երկու խնդիրները միաժամանակ լուծել հնարավոր չէ, նա, իմ կարծիքով, ընտրելով համաշխարհ ային առաջընթացի ուղին, ստիպված եկել է այն եզրակացության, որ պետք է համակերպվել տարածքային որոշ կորուստների մտքին։ Իհարկե, ինչքան քիչ, այնքան լավ։ Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ինքը՝ ռուս ժողովուրդը համաձայնի դրան։ Սկսվում է մի կողմից ռուս ժողովրդի մեջ զգուշությամբ մտցվել այդ գաղափարը, մյուս կողմից՝ Գորբաչովը անսպասելիորեն խոսում է «պապերի արյունով նվաճված» տարածքները չկորցնելու մասին։ Սա Մ․ Գորբաչովի սիրած քաղաքականությունն է։ Սկզբում հրում է հարցը առաջ, ստեղծում հասարակական կարծիք, հետո սկսում է զսպել, որպեսզի գործընթացը վտանգավոր արագություն և մեծ չափեր չստանա, միաժամանակ, խոսելով հակառակ ընթացքի մասին, իր համար ալիբի է ապահովում։ Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել։ Հիշենք միայն մեկը, այն, որ նա նույն ձևով վարվեց բազմակուսակցական համակարգի անցնելու գործում։ Երբ նա 1988 թ. անսպասելի սկսեց խոսել այն մասին, որ բացի կոմունիստականից, ուրիշ կուսակցություններ պետք չեն, շատերին հասկանալի դարձավ, որ կոմունիստական կուսակցության մենիշխանությունը դատապարտված է։ Գորբաչովը ինքն իրեն միշտ վերագրում է զսպող ուժի դեր, որը հարմարվում է քաղաքական հանգամանքներին։ Նույնիսկ կարևոր չէ, ինքը գիտակցում է իր այդ քաղաքականությունը, թե դա կատարվում է բնազդի մակարդակի վրա։ Կողքից նայելիս կարելի է միայն հիանալ, թե ինչքան վարպետորեն է դա արվում։ Այնպես որ, իմ կարծիքով, ռուս ժողովրդի կայսերապաշտական տրամադրությունների փոփոխման մեջ իրական պատճառների հետ միասին դեր է խազում նաև գորբաչովյան վերը հիշատակված քաղաքական խաղը։

Այժմ Ռուսաստանում տիրող տրամադրություններից վարպետորեն օգտվեց Բ. Ելցինը, ստանալով մեծ քաղաքական կշիռ և դրանով իսկ ավելացնելով ԽՍՀՄ֊ի անկայունության աստիճանը։ Վերն ասվածը չի նշանակում, որ Մ. Գորբաչովը առանց դիմադրելու կհամաձայնի Հայաստանի անկախ պետականությունը վերականգնելու գաղափարին, կամ որ ռուս ժողովուրդը հեշտությամբ կհաշտվի դրա հետ։

Իմ կարծիքով, պարզապես սկսվել է մի ժամանակաշրջան, որը նպաստավոր է մեր անկախության հարցը բարձրացնելու համար և այդ ժամանակաշրջանը կարող է երկար չտևել։ Բայց վճռական նշանակություն ունի, թե մենք ինչ կերպ կբարձրացնենք այդ հարցը։

ԽՍՀՄ-ի ղեկավարության համար անընդունելի կլինի և մեզ համար շատ վտանգավոր, եթե մենք անկախություն հռչակենք Լիտվայի օրինակով։ Դեր են խաղում մի քանի հանգամանքներ.

1) ԽՍՀՄ֊ի ստրատեգիական նպատակները տարբեր են նրա եվրոպական մասում, Կովկասում և Միջին Ասիայում։ Քանի որ երկրի զարգացման ուղղությունը համապատասխանեցնելով մարդկության ընդհանուր զարգացմանը՝ ԽՍՀՄ-ը ձգտելու է Եվրոպական շուկայի մասը կազմել, ուստի Եվրոպայում կորցրած նրա տարածքները այս կամ այն կերպ (իհարկե, նախկինից անհամեմատ թույլ չափով) կշարունակեն կապված լինել իր հետ։ Կովկասի դեպքում ազատագրված ժողովուրդների մի մասը կարող է մտնել ուրիշ երկրների տնտեսական փնջի մեջ (այս դեպքում շատ կարևոր նշանակություն կստանա ԽսՀԱ֊ի համար Թուրքիայի ընդհանուր շուկա մտնելու հարցը)։ Միջին Ասիայի հանրապետությունները կորցնելը շատ ավելի վտանգավոր է, քանի որ նրանք հաստատ կմտնեն ուրիշ երկրների տնտեսական, քաղաքական փնջի մեջ և ընդմիշտ կորսված կլինեն Ռուսաստանի համար։

2) Կովկասը շատ ավելի հին նվաճում է Ռուսաստանի համար, քան Մերձբալթյան նվաճումը։ Ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Արևմուտքը հակված է ընդունել, որ այդ տարածքները արդեն Ռուսաստանի անբաժանելի մասն են։ Բացի դրանից, Մերձբալթյան հանրապետությունների միացումը ԽՍՀՄ-ին մինչև օրս չի ճանաչվում մի շարք երկրների կողմից։ Պետք է հաշվի առնել նաև, որ զորքի միջամտությունը Մերձբալթյան երկրներում չհամապատասխանելով նրանցում եղած խաղաղ քաղաքական պայքարի ձևերին և Արևմուտքի հիշողության մեջ վառ արթնացնելով ԽՍՀՄ֊ի ռազմական միջամտությունները Եվրոպայում (Հունգարիա, Չեխոսլովակիա և այլն) մեծ դիմադրության կհանդիպի Արևմուտքի կողմից։ Դա չի կարող հաշվի չառնել Մ. Գորբաչովը, այս դեպքում առկա է նախորդ տարիներին ձեռք բերված և ԽՍՀՄ֊ի համար շատ կարևոր միավորները կորցնելու վտանգը։ Զորքի միջամտոլթյունը Անդրկովկասում դարձել է արդեն սովորական մի երևույթ և «ըմբռնողությամբ» է ընդունվում Արևմուտքի կողմից։ Այն մի փոքր անհանգստացնում է միայն անմիջական հարևաններին՝ Իրանին և Թուրքիային։ Անդրկովկասում ցանկացած րոպեին կարելի է առաջացնել զինված ընդհարումներ և զորքի օգտագործումը կլինի «պատճառաբանված» և կանցնի Արևմուտքի լռության ներքո։

Այժմ մեզ համար մեր անկախ պետականությունը վերականգնելու միայն մեկ ճանապարհ կա՝ սահմանադրական ճանապարհը , որը հնարավորություն է տալիս այդ գործն անել կենտրոնի հետ առավել փոքր առճակատումով և թույլ չի տալիս նրան գոնե բացահայտ միջոցների դիմելու մեր նկատմամբ։ Ճիշտ է, ամեն ինչ արվեց, որ մեր ժողովրդի մեջ թերահավատություն առաջանա սահմանադրական ուղու նկատմամբ, բայց ուրիշ ճանապարհ չկա։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ընդունել է միութենական հանրապետությունների անջատվելու վերաբերյալ մի բարդ օրենք, որից օգտվելով միայն երևի մենք կարող ենք դիմել սահմանադրական եղանակով ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու քայլին։ Պետք է դիմել այդ օրենքին։ Այժմ չմտնենք այդ օրենքի կիրառման մանրամասների մեջ, նկատենք միայն, որ օրենքից օգտվելուց առաչ անհրաժեշտ է մի նախապատրաստական շրջան ժողովրդի հետ բացատրական աշխատանք տանելու համար, հետո պետք է անցկացնել ոչ պաշտոնական հանրաքվե անջատվելու հարցի վերաբերյալ ժողովրդի կարծիքն իմանալու համար։ Դրանից հետո միայն Հայաստանի Գերագույն խորհուրդը իրավունք կունենա դիմելու այդ օրենքին և կատարելու վճռական քայլեր։ Հայց պետք է շտապել. մեզ տրված հնարավորությունը կարող է այլևս չկրկնվել։

Պատմությունը ուշացողներին չի ներում։ Առաջին քայլերը անելուց հետո մենք հնարավորություն կստանանք բանակցել ԽՍՀՄ իշխանությունների հետ մեր նոր, առայժմ կիսաանկախ կարգավիճակի վերաբերյալ, որում մենք, ըստ օրենքի, կարող ենք մնալ 5 տարի, իրադրության փոփոխման դեպքում այժմյանից անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ ունենալով այս կամ այն վճռական քայլին դիմելու։ Առայժմ չխոսենք, թե ինչ հակահարված կարող է տալ մեզ ԽՍՀՄ-ը մեր սահմանադրական իրավունքին դիմելու դեպքում։ Տեսնենք, թե մենք ինչ ենք ուզում ստանալ ԽՍՀՄ իշխանությունների հետ բանակցելու միջոցով, ինչ կարող է տալ մեզ այն կիսաանկախ կարգավիճակը, երբ մենք դեռ ԽՍՀՄ կազմի մեջ ենք, բայց ինչ-որ չափով արդեն ինքնուրույն ենք։ Մինչ այդ նկատենք, որ անկախությանը դիմելու մեր քայլը կնպաստի մեր հարևանների հետ հարաբերությունների կտրուկ լավացմանը, մեզ վրա կբևեռվի ամբողջ աշխարհի ուշադրությունը, որով հրապուրվելը, իհարկե, վտանգավոր է, բայց որից չօգտվելը հիմարություն է։ Իսկ կիսաանկախ վիճակին հասնելը, եթե դա մեզ հաջողվի և եթե Ռուսաստանը ստիպված լինի ընդունել այդ փաստը, մեզ միանգամից արդեն արհամարհված ստրուկի վիճակից վերածում է ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող ընկերակցի վիճակի Ռուսաստանի աչքում։ Մենք ի՞նչ ծրագրեր պետք է փորձենք իրականացնել անցման այդ կիսաանկախ ժամանակաշրջանում, տնտեսության ոլորտում կտրուկ շրջադարձ դեպի մասնավոր սեփականությունը, դեպի ազատ շուկա, հողի և արտադրամիջոցների մասնավոր֊անձնական և բաժնետիրական սեփականություն, բաց դռներ արտասահմանյան կապիտալի համար, մասնավոր սեփականության երաշխավորված անձեռնմխելիություն։ Պետք է ոչ միայն խրախուսել արտասահմանյան երկրների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, այլև հնարավորություն տալ տարբեր երկների իրենց պատկանող ձեռնարկություններ հիմնադրել մեր հանրապետության տարածքում, այժմ ամբողջ աշխարհում այդ է զարգացման ուղին։

Մենք էլ ինչ-որ ժամանակից հետո ձեռնարկություններ կունենանք ուրիշ երկրներում։

Կարևոր է մասնավոր սեփականության անցնելը և ազատ շուկայի ստեղծումը կատարել շատ արագ և կտրուկ, առաջ ընկնելով ԽՍՀՄ֊ից։ Դա մեզ հնարավորություն կտա համեմատաբար թեթև տանել պետական սեփականությունից մասնավորին անցնելու շրջանին բնորոշ ինֆլյացիան։ Սկզբնական շրջանում մեր գործողությունների պատճառով առաջացած ինֆլյացիան կտարածվի խորհրդային ամբողջ դրամի հսկայական ծավալի վրա, առաջացնելով չնչին փոփոխություն։ Բայց հետո պետք է շտապ անցնել սեփական դրամի ստեղծմանը, հակառակ դեպքում խորհրդային տնտեսության, ուստի և դրամի հիվանդ վիճակը թույլ չեն տա մեզ զարգացնել մեր տնտեսությունը։ Մի խոսքով, տնտեսական անդունդը ընկնելիս պետք է բռնել խորհրդային դրամից և դուրս գալիս օգտվել սեփական դրամից։ Կյանքը ինչ-որ ժամանակ ծանր կլինի, հետո կամաց-կամաց կլավանա։ Եթե մեկը պնդում է, թե հնարավոր է իրագործել այնպիսի տնտեսական ծրագիր, որ առանց կենսամակարդակի որոշ իջեցման միանգամից կարող է բարելավել ժողովրդի նյութական վիճակը, ապա նա ոչինչ չի հասկանում տնտեսությունից կամ ստելով աշխատում է դուր գալ ժողովրդին, վաստակել քաղաքական կապիտալ։ Դժվարություններ լինելու են, բայց ուրիշ ճանապարհ չկա (եթե մնանք ԽՍՀՄ֊ի կազմում, ավելի ծանր ու երկարատև տնտեսական դժվարություններ են լինելու)։

Պետությունը և բարեգործական ընկերությունները պետք է աշխատեն մեղմել չքավորների վիճակը։ Կարևոր է գիտակցել նաև, որ միայն տնտեսության զարգացումն է հնարավորություն տալիս հասնելու սոցիալական արդարության։ Քիչը հավասարաչափ բաժանելը բերում է միայն հավասարաչափ աղքատության և զարգացման դադարի։ Պետք է պայմաններ ստեղծել, որ մարդիկ հնարավորություն ունենան հարստանալու։ Հարստանալու ազնիվ աշխատանքի, մասնավոր առևտրական– արտադրական ձեռնարկություններ հիմնելու, ձեռներեցության շնորհիվ և ոչ թե կողոպուտի միջոցով։ Պետության պարտականությունն է հետևել, որ աղքատները շատ աղքատ չլինեն, հնարավորություն ունենան մարդավայել կյանքով ապրել, իսկ հարուստները չօգտագործեն իրենց հարստությունը տնտեսության մեջ մենիշխանության հասնելու նպատակով։

Սեփական դրամին անցնելուց հետո, երկիրը զարգացնելու համար անհրաժեշտ է Հայաստան հրավիրել միջազգային տարբեր ֆինանսական կազմակերպություններ։ Ընդհանրապես ասած, ինչքան տարբեր երկրների կապիտալներ ներդրված լինեն Հայաստանում, ինչքան շատ տնտեսական կապերի, միությունների մեջ մտնենք, այնքան ավելի շատերը շահագրգռված կլինեն մեր անկախությունը ապահովելու մեջ։ Իսկ հողի, արտադրամիջոցների մասնավոր սեփականությունը կստեղծի Հայաստանում մի խավ, որը արդեն ոչ միայն վեհ նպատակներից ելնելով, այլ նաև անձնական շահերից դրդված, շահագրգռված կլինի պահպանել մեր անկախությունը։

Տնտեսության զարգացման համար, իհարկե, շատ մեծ նշանակություն ունի նաև մեր բոլոր հարևանների հետ առևտրական կապեր ստեղծելը, հնարավորություն ունենալը օգտվելու նրանց ճանապարհներից, փոխադարձ օգուտ ստանալով այդ կապերից։ Թուրքիայի հետ առևտրական կապերը չեն հակասում մեր ազգային շահերին և ըստ որոշ տեղեկությունների, նման առևտուրը իր համար շահավետ է համարում նաև Թուրքիան։ Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ, որ նույնիսկ բարդ քաղաքական հակասությունները չեն խանգարում հարևան երկրներին իրար հետ առևտրական հարաբերությունների մեջ մտնելու։ Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի միջև քաղաքական, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա այդ նպատակով ապագայում տարվելիք բանակցություններին մեր պայմանը պետք է լինի, իհարկե, Թուրքիայի կողմից 1915 թ. ցեղասպանության փաստի ընդունումը, իր բոլոր հետևանքներով։ Պարզ է, որ Թուրքիան էլ իր կողմից կներկայացնի իր պայմանները։ Ես գիտակցում եմ, իհարկե, որ իմ այս առաջարկությունը ոգևորություն չի առաջացնում հայերիս մեջ, մանավանդ սփյուռքահայության լայն շրջանակներում։ Սփյուռքահայության մեջ տասնյակ տարիների ընթացքում ազգապահպանման գործում հակաթրքությունը կատարել է ինչ-որ դեր։ Հոգեբանորեն դժվար է վերադառնալ իրական քաղաքականությանը, երբեմն շատ ճկուն այն քաղաքականությանը Թուրքիայի հետ, որը վարում էր Հայկական հանրապետության ղեկավարությունը 1918—1920 դժվարին թվերին։ Բայց այդ իրական քաղաքականությունը պետք է, ժամանակը չի սպասում։ Հիմարություն կլինի մեր կողմից, միայն չորս հարևան ունենալու դեպքում, կամավոր հրաժարվել նրանցից մեկի հետ տնտեսական կապեր հաստատելուց և ղրանով իսկ էապես սահմանափակել մեր մանևրելու հնարավորությունները։ Առևտրական կապեր հաստատել Թուրքիայի հետ չի նշանակում մոռանալ 1915 թ, ցեղասպանությունը, չի նշանակում նաև հրաժարվել մեր պատմական հողերից։ Մենք դեռ կվերադառնանք այդ հարցին։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տնտեսությունը և, ընդհանրապես, երկիրը զարգացնելու համար ամենակարևոր հումքը մարդն է։ Այն հետամնաց երկրները, որոնք ազգային ծրագրեր էին իրականացնում կառուցելով պողպատաձուլական գործարաններ, մնացին աղքատ, իսկ այն երկրները, որոնք ուրիշներից պարտքով վերցրած դրամը ծախսեցին մասնագետներ պատրաստելու համար, այժմ մեծ քայլերով գնում են դեպի ընդհանուր բարեկեցություն։ Եվ պետք չէ խնայել ոչ մի դրամական միջոց մեր աճող սերունդը դաստիարակելու, կրթելու համար, մասնագետներ պատրաստելու գործում։ Շատ կարևոր նշանակություն ունի պարտադիր ուսուցումը ժամանակակից հայկական ազգային դպրոցում։ Բարձրագույն դպրոցը, ստանալով ինքնուրույնություն, պետք է լայն կապեր հաստատի աշխարհի առաջադեմ գիտական կենտրոնների հետ, ուսանողության մի զգալի շերտ պետք է ուսումը ստանա տարբեր երկրների լավագույն համալսարաններում։ Ազգային կապիտալի ամենաարդյոլնավետ ներդրումը մասնագետներ պատրաստելն է։


Ինչ վերաբերում է ռազմական ծրագրերին, ապա, ամենայն հավանականությամբ, անցման շրջանում, մեզ մոտ գտնվող խորհրդային բանակը կշարունակի կատարել իր ստրատեգիական խնդիրները, իսկ մենք պետք է հնարավորություն ունենանք ստեղծելու մեր ազգային բանակը։ Այդ գործում, համակերպվելով մեր անխուսափելի անջատման փաստին, մեծ դեր կարող է խաղալ նաև ԽՍՀՄ֊ը։ Հետագայում, եթե Ռուսաստանը ցանկանա պահպանել ռազմական բազաներ մեր հանրապետության տարածքում, ապա դա պետք է դառնա առանձին բանակցությունների առարկա։

Ինչ վերաբերում է րնդհանուր պետության կառուցվածքին, ապա կրկին հեծանիվ հնարել պետք չէ։ Մեր առջև է մեզնից շատ առաջ անցած ազգային այլ պետությունների փորձը։

Մենք նշեցինք, թե ինչ ծրագրեր ենք ուզում իրականացնել կիսաանկախությունից դեպի անկախություն գնալու ճանապարհին, բայց տեսնենք մեզ հնարավորություն կտրվի դառնալու կիսաանկախ։ Ինչպես արդեն նշեցինք, այժմ բարենպաստ ժամանակն է սահմանադրական ճանապարհով դեպի անկախություն գնալու և այդ կերպ անկախության գնալը թույլ չի տալիս ԽՍՀՄ֊ի ղեկավարությանը բացահայտ ճնշում գործագրել մեզ վրա։ Բայց դա չի նշանակում, որ փորձեր չեն արվի մեզ ետ պահելու այդ ճանապարհից տարբեր դավադրությունների միջոցով։ Օրինակ, փորձ կարվի արհեստականորեն սրել Ղարաբաղի հարցը, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վրա առաջացնել հայ-ադրբեջանական ընդհարումներ։ Այդ դեպքում, հաշվի առնելով կողմերի շահագրգռվածություններն ու հնարավորությունները, կարելի է ռազմական և դիվանագիտական ճանապարհով շտկել իրավիճակը։ Տնտեսական ճնշումը նույնպես մեծ արդյունքներ չի բերի, ինչպես որ այն իրեն չարդարացրեց նույնիսկ Լիտվայի դեպքում, երբ դա արվում էր բացահայտ։ Դատելով ամեն ինչից, պետք է գիտակցել, հաշվի առնելով երկրում տեղի ունեցող գործընթացները և տնտեսության արագ քայքայումը, որ այն տնտեսական ճնշումը, որը մեր դեմ կարող են կիրառել այժմ, շատ կարճ ժամանակից հետո դառնալու է սովորական երևույթ, անկախ մեր վարքից։ Իրական վտանգը մեզ սպասում է ուրիշ կողմից։

Ընդհանրապես, եթե անդրադառնանք Այսրկովկասում տիրող քաղաքական պատկերին, ապա կարելի է նկատել, որ ԽՍՀՄ֊ի ղեկավարությանը հաջողվել է Ադրբեջանի և Վրաստանի շարժումները այս կամ այն ձևով անվտանգ դարձնել իր համար։ 32 Զորքի միջոցով Ադրբեջանում շարժումը ջարդելուց հետո, ժողոժրրդին տարբեր ձևերով կաշառել են. ամենամեծ կաշառքը Արցախն է։ Արցախը և կաշառք է, և միջոց՝ Ադրբեջանին հետ պահելու կենտրոնախույս ձգտումներից։ Ադրբեջանում այժմ մեծ շարժում չկա, չնայած ոչ մեկը չի կարող կանխագուշակել, թե ինչ կլինի այնտեղ վաղը։ Վրաստանի շարժումը այնքան է տրոհված, կենտրոնը այնքան հնարավորություններ ունի խաղարկելու ազգային փոքրամասնությունների հարցը և այնտեղ գործող կազմակերպությունները այնքան հեշտ են տրվում այդ խաղին, որ Վրաստանը նույնպես շատ չի մտահոգում ԽՍՀՄ֊ի ղեկավարությանը։ Ազգային փոքրամասնությունների հարցը, Վրաստանի կազմի մեջ ինքնավար միավորումների գոյությունը հնարավորություն են տալիս կենտրոնին զսպել դեպի անկախություն գնալու Վրաստանի ձգտումը։ Վրաստանի շարժումը ունի արտաքին փայլ, բայց ոչ խորը էություն։

Այլ է պատկերը Հայաստանում։ Մեր շարժումը առաջինը լինելով ԽՍՀՄ֊ում, մինչև այժմ պահպանել է իր մի ասնությունը, չնայած վերջին ժամանակաշրջանում զգացվում են ուժերի տրոհման որոշակի երևույթներ։ Մինչև վերջին ժամանակները շարժման միասնության կարևորագույն պատճառն այն էր, որ նա հավաքված էր մի ձողի շուրջ դա Արցախի հարցն էր։ Կարևոր նշանակություն ուներ նաև շատերիս կողմից խորը չգիտակցված մեր ազգային այն զարմանալի հատկանիշը, որը մեր մեջ արմատացել է դարերի ընթացքում ցուցաբերել ուրիշ ազգերի համար անհասանելի և անհասկանալի կուռ միասնություն ազգային որևիցե հարցի շուրջ։ Այժմ Արցախի հարցը չի կարող հանդիսանալ շարժման ձող, չնայած մեր ամբողջ ժողովուրդը խորը գիտակցում է այդ հարցի վճռական նշանակությունը մեր ապագայի համար և համաձայն է գնալ բազմաթիվ զրկանքների այդ հարցը վերջնականապես լուծելու նպատակով և մի օր, երբ առաջանա դրա անհրաժեշտությունը, մեր ժողովուրդը միասնական մի պոռթկումով կկանգնի Արցախի մեր քույրերի ու եղբայրների կողքին, պաշտպանելու նրանց հնարավոր ոտնձգություններից։ Չնայած այս ամենին, Արցախի հարցը, այնուամենայնիվ, այժմ չի հանդիսանում շարժման ձող։ Այս հանգամանքը բացատրելու համար պետք չէ փնտրել դավաճաններ կամ դավադրություններ։ Կան օբյեկտիվ պատճառներ։ Ժողովրդի մեծ մասը եկել է այն համոզման, որ զանգվածային շարժումը այժմ չի կարող նպաստել Արցախի հարցի լուծմանր, անհրաժեշտ է քչերի ամենօրյա պրոֆեսիոնալ աշխատանք, պետական մոտեցում։

Շատերը արդեն հասկացել են ինչ խորր շահեր են թաքնված այդ հարցի ետևում, հասկացել են նաև, որ այն աշխատանքը, որի նպատակն է մեր ազգի, պետության հզորացումր, ոչ թե շեղում է մեզ Արցախի հարցից, այլ ընդհակառակը, էապես ավելացնում է մեր հնարավորությունները՝ լուծելու այդ հարցը։ Եթե Արցախի հարցը չի կարող այժմ հանդիսանալ շարժման ձողը, ապա ինչը կգա փոխարինելու նրան։

Դեպի անդունդը գլորվող կայսրությունում տնտեսական, սոցիալական բարեփոխումներով հրապուրվելը անիմաստ է և չի կարող միավորել մեր ողջամիտ ժողովրդին։

Կոմունիստական կուսակցությունը փոխարինել ավելի լավ, ազգային կուսակցությամբ կամ կուսակցություններով, «վատ» ղեկավարներին՝ «լավերով», միգուցե անհրաժեշտ աշխատանք է, բայց նույնպես չի կարող շատ ոգևորել մեր ժողովրդին, միավորել նրան։ Ընդհակառակը, եթե չկա վերջնական նպատակ, ապա այդ պայքարը միայն կարող է նպաստել ազգի տրոհմանը։ Այդ ուղղությամբ գնալով և մեծ ջանքեր թափելով, մենք կստանանք չնչին արդյունքներ։ Գոյություն ունի միայն մեկ խնդիր, որի լուծումը ռեալ է, որի իրականացումը իսկապես կնպաստի մեր ազգի հզորացմանը, մի նպատակ, որին հասնելու ճանապարհին իշխանության հարցը լուծվում է բնական ձևով, որպես միջոց և ոչ թե որպես նպատակ, չտրոհելով մեր ազգային միասնությունը, մի նպատակ, որը միայն կարող է համախմբել ողջ աշխարհի հայությանը և որը միայն կարող է հանդիսանալ շարժման ձող. դա անկախ պետականությունը վերականգնելու հարցն է։ Մենք դա դեռ խոր չենք գիտակցում, բայց Մոսկվան արդեն լավ հասկանում է, որ մենք ուշ թե շուտ կգանք այդ եզրակացությանը։ Այդ է պատճառը, որ մեր շարժումը այժմ կայսրության կողմից համարվում է իր համար ամենավտանգավորը Այսրկովկասում։ Մոսկվան գիտակցելով վտանգը, գերադասում է մեր հանրապետությունում իշխանությունը հանձնել իր համար այս նոր ժամ տնակներում անընդունելի, վարկաբեկված, հին ժամանակներից մնացած շահամոլ մարդկանց, միայն թե այն չանցնի ժողովրդին, շարժմանը։ Ընդունում են չարյաց փոքրագույնը։ Ժամանակավոր իշխանություն շարժումը ջարդելու լիազորություններով։ Ինչքան էլ մենք դժգոհենք մեր միասնության պակասից, բայց այն միասնությունը, որ այժմ ցուցաբերում է մեր ժողովուրդը և որի նմանը այժմ կարելի է տեսնել միայն Մերձբալթյան հանրապետույթուններում, վախեցնում է Մոսկվային։ Դրսից հարվածելը, կազմակերպելով հայ–ադրբեջանական ընդհարումներ, կամ տնտեսական ճնշման դիմելը կարող են միայն նպաստել մեր ժողովրդի միասնությանը։ Դա լավ են հասկանում Մոսկվայում, և խնդիր է դրված ամեն գնով տրոհել և ջարդել շարժումը։

Փորձ կարվի, և ես համոզված եմ մոտ ժամանակներս, նույնիսկ գուցե չսպասելով մեր կողմից վճռական քայլերի, հերյուրանքներով շփոթեցնել ժողովրդին, գոնե կարճ ժամանակով վարկաբեկել շարժումը, առաջ մղել անհասկանալի ձևով քաղաքում ստեղծված որոշ զինված ջոկատներ, բանակներ, որոնք գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, ընդհարումներ ստեղծել ջոկատների միջև, այդ ջոկատներին ուղղել շարժման ղեկավարների դեմ, գուցե նույնիսկ դիմել տեռորի։ Եթե հաջողվի զենքի միջոցով ջարդել շարժումը, ապա դրանից հետո կարճ ժամանակամիջոցում կզինաթափվեն ջոկատները (պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, խորհրդային բանակի համար դա դժվար գործ չէ)։

Այս ամենր անելու համար անհրաժեշտ կլինի ԽՍՀՄ֊ի բոլոր բոլոր ժողովոլրդների, մանավանդ ռուսների մեջ, ստեղծել հակակրանք հայ ժողովրդի նկատմամբ։ Բաքվում նույնանման նպատակի հասան, կազմակերպելով հայ բնակչության ջարդեր։ Երևանում նույն արդյունքների կհասնեն՝ կազմակերպելով նորից մայիսի 27֊ի նման դեպքեր։ Դա դժվար չէ, եթե հաշվի առնենք, թե ինչ խառնաշփոթություն է տիրում զինված ջոկատների ենթակայության և ինքնագլուխ գործելու հարցում, եթե հաշվի առնենք նաև, որ երրորդ դասարանի կրթություն ունեցող ամեն մի «խմբապետ», հավաքելով իր ենթակայության տակ 7—10 զինված տղաներ, հնարավորություն է ստանում անպատիժ բռնագրավել մեքենաներ, դրամ շորթել, ինքնուրույն որոշումներ ընդունել ազգի ապագայի վերաբերյալ և իր գործողություններով ամբողջ ազգը դնել անդունդի եզրին։ Երբ Երևանում գոյություն ունեցող և իշխանությունների կողմից փայփայված այդ ջոկատները կատարեն իրենց հատկացված դերը (նույնիսկ չգիտակցելով, թե ինչ են անում), ապա կգա նաև նրանց վերջը։

Պետք է լուրջ բացատրական, կազմակերպչական աշխատանք վարել ջոկատների հետ։ Պետք է արագ իրագործել Գերագույն խորհրդի որոշումը անվտանգության խորհուրդ ստեղծելու մասին և այն ջոկատները, որոնք չեն ենթարկվի այդ խորհրդին, պետք է հայտարարվեն օրենքից դուրս։ Բայց այս ամենը հնարավոր է իրագործել միայն այն դեպքում, երբ մեր ժողովուրդը, գիտակցելով վտանգը, կցուցաբերի վճռական անհանդուրժողականություն ամեն մի զինված մարդու նկատմամբ, որը գտնվում է սահմանամերձ գոտուց այս կողմ, նաև զինված մարդու կողմից մարդկային արժանապատվությունը վիրավորող ամեն մի ոտնձգության հանդեպ։ Պետք է նաև մեծ աշխատանք թափել ԽՍՀՄ֊ի ժողովուրդներին մեր դիրքորոշումը, խնդիրները, գործելակերպը բացատրելու համար, պետք է ստեղծել բարենպաստ հասարակական կարծիք։

Անկախության ճանապարհով գնալու համար մեզ պետք է միասնություն։ Եվ մենք կհասնենք այդ միասնությանը։ Բայց գոյություն չունի վերացական միասնություն, միասնությունը ստեղծվում է միայն մի ինչ-որ վեհ գաղափարի, իրականանալի նպատակի շուրջ։ Այդ նպատակը, այդ գաղափարը անկախությունն է։

Մեր կողմից սահմանադրական եղանակով անկախության գնալը առաջացնում է բազմաթիվ խնդիրներ, որոնցից ամենադժվարը երևի Նախիջևանի հարցն է (որը պայմանավորված է նրա կղզիացած վիճակով)։ Կանգ չառնելով այդ իսկապես բարդ հարցի հնարավոր լուծումների տարբերակների քննարկման վրա՝ անցնենք Արցախի հարցին։

Այդ հարցի հետագա ընթացքը և մեր անելիքները լավ հասկանալու համար անհրաժեշտ է, իհարկե, խոր վերլուծության ենթարկել Ղարաբաղյան շարժման նախորդ շրջանի ամբողջ քաղաքական պատմությունը։ Առերես երևացող վազվզոցի, հանրահավաքների, գործադուլների, կոտորածների, Մոսկվայում, Երեւանում ու Բաքվում ընդունված որոշումների տակ թաքնված էր բարդ, ոմանց համար անհասկանալի խաղ, շահերի բախում, երբեմն նուրբ քաղաքականություն։ Հարվածներ ու հակահարվածներ։ Բազմաթիվ հարցեր։ Հրահրվե՞լ է արդյոք Ղարաբաղյան շարժումը, թե բնական ձևով է առաջացել։ Ի՞նչ իմաստ ուներ գնալ սահմանադրական ուղիով, եթե առջևում պարզ նշմարվում էր սահմանադրության 78֊րդ հողվածով ստեղծված սահմանադրական փակուղին։ Ինչո՞ւ էր Մոսկվան պաշտպանում Ադրբեջանին։ Արդյոք մենք մեզ ճիշտ պահեցինք Սումգայիթի ողբերգությունից հետո։

Ո՞վ կազմակերպեց Սումգայիթը և ինչպո՞ս։ Ինչո՞վ բացատրել բանակի այն հսկայական դերը, որ նա կատարեց 1988 թ. նոյեմբերին Ադրբեջանից հայերին դուրս հանելու և Հայաստանից ադրբեջանցիներին տեղահանելու գործում։ Ինչո՞ւ ձերբակալվեց «Ղարաբաղ» կոմիտեն և դրանից հետո Արցախում ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե։ Ադրբեջանի կողմից Հայաստանը շրջափակման ենթարկելը արդյոք անբարոյականություն էր, թե՞ մի սրամիտ և ազդեցիկ քաղաքական քայլ։ Ինչո՞ւ նոյեմբերի 28-ի որոշումր ընդունելիս Մերձբալթյան ներկայացուցիչները մեր դեմ քվեարկեցին։ Ինչով բացատրել, որ չնայած դեռևս «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալված ժամանակ առաջարկվել էր Գերագույն խորհրդում որոշում ընդունել այն մասին, որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, բայց մենք դեմ էինք այդպիսի որոշում ընդունելուն։ Ինչո՞ւ «Ղարաբաղ» կոմիտեն դեկտեմբերի 1֊ին պարտադրեց Գերագույն խորհրդին որոշում ընդունել միացյալ հանրապետություն ստեղծելու վերաբերյալ։ Ճիշտ էր, արդյոք, այդ որոշումը, թե՞ սխալ։ Ինչո՞վ բացատրել, որ 1989 թվականի աշնանը Հայաստանի շրջկոմների քարտուղարները, գործարանների տնօրենները, Կենտկոմը աշխատում էին իրենց ձեռքը վերցնել Ղարաբաղյան շարժումը, և հաճախ այն տպավորությունն էր ստեղծվում, որ «Ղարաբաղ» կոմիտեն այլևս չի զբաղվում Ղարաբաղի հարցով։

Այս ամենը և բազմաթիվ ուրիշ հարցեր դեռ սպասում են վերլուծության, սպասում են իրենց քաղաքական մեկնաբանմանը։ Պետք չէ փնտրել բարդ դավադրություններ։ Այս բոլոր հարցերն ունեն պարզ տրամաբանական պատասխաններ, բայց կարևորն այն է, որ դրանք բոլորը կապված են իրար հետ, պատահական չեն և կազմում են մեկ քաղաքական շղթա։ Նշված հարցերի պատասխանները, երևույթների բացատրությունը մի առանձին հոդվածի նյութ կարող է լինել։ Ինչ վերաբերում է հարցի ապագա ընթացքին, ապա կարճ ասեմ՝ մենք, իհարկե, պետք է փորձենք միս ու արյուն լցնել դեկտեմբերի 1-ի որոշման մեջ, բայց այդ որոշումը դեռ երկար ժամանակ իրականացնել հնարավոր չի լինի։ Նույնիսկ ավելին, որոշ դեպքերում կօգտագործվի մեր դեմ։ Այդ որոշումը և նրա իրականացման ուղղությամբ տարվելիք հնարավոր աշխատանքները պետք է համարել առայժմ մեր ներքին գործը՝ չթմբկահարելով այն ուրիշների մոտ։ Արտաքին աշխարհին Արցախի հարցը պետք է շարունակի ներկայանալ իր բնական տեսքով, այսինքն որպես մի հարց, որի հիմքում ընկած է ազգերի ինքնորոշման սկզբունքը և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքը, առանց կապելու այդ հարցը Հայաստանի հետ։ Շատ կարևոր քաղաքական նշանակություն ունի այն հանգամանքը, որ մի քանի ամիս է արդեն, ինչ Արցախը, փաստորեն առանց Հայաստանի միջամտության, շարունակում է պայքարել իր ինքնուրույնությունը պահպանելու համար։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է ողջ աշխարհին, որ Արցախի պայքարը իսկապես ինքնուրույն պայքար է հանուն իր ազատության՝ հիմնված վերը հիշատակված միջազգային իրավունքի սկզբունքների վրա։ Միջազգային իրավունքի այդ սկզբունքները, իհարկե, սոսկ վերացական են և ինքնըստինքյան ոչ մի հարց չեն լուծում, եթե նրանց ետևում չի կանգնած շահագրգռված ու կարող մի ուժ։ Բայց դրանք ամբողջ աշխարհի կողմից ընդունված միջազգային իրավունքի այն սկզբունքներն են, որոնք անտեսել չի կարող և ոչ մի պետություն, և որոնք իրավական և բարոյական հիմք են հանդիսանում ցանկացած ազգային֊ ազատագրական պայքարի համար։ Առանց պայքարի ոչ մի հարց չի լուծվում, բայց հաղթանակին հասնելու համար միայն մերկ ուժը հաճախ բավական չի լինում, կարևոր նշանակություն է ունենում նաև բարենպաստ հասարակական կարծիքը։ Այս կապակցությամբ նկատենք, որ ճիշտ է, իհարկե, այն կարգախոսը, ըստ որի մենք հույսներս պետք է դնենք միայն մեր ուժերի վրա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է արհեստականորեն մեկուսացնենք մեզ՝ ընդունելով բոլորից նեղացածի կեցվածք։ Չարժե մի ծայրահեղութունից մյուսն ընկնել։ Հաշվի առնելով իրական հնարավորությունները, պետք է աշխատել ռազմական տեսակետից Արցախը դարձնել անմատչելի բերդ, ապահովելով նրանում ազգային կազմի գոնե ներկա վիճակը, իսկ քաղաքական, տնտեսական տեսակետից անհրաժեշտ է պահպանել և խորացնել Արցախի ինքնուրույնությունը, հաշվի առնելով, որ այն ուղղությունը, որով այժմ գնում է ԽՍՀՄ֊ը, կարող է նպաստավոր լինել այդ խնդրի իրականացման համար (զգուշությամբ կարելի է օգտվել նաև կենտրոնում առաջացող հակասություններից)։

Եվս մի բան՝ պետք չէ ենթարկվել կենտրոնի այն շանտաժին, որը մեր անկախությունը կաշխատի կապել Ղարաբաղի հարցի հետ։ Մեր կողմից անկախություն հոչակելը և կիսաանկախ վիճակում մնալը, սպասելով դեպքերի զարգացմանը, ավելացնում է մեր՝ Արցախի հարցի լուծման հնարավորությունները։ Այդ հարցը լուծելու տեսակետից ոչ մի նոր հեռանկար չի բացվի մեր առջև, եթե մենք շարունակենք մնալ ԽՍՀՄ ֊ի կազմի մեջ։

Խոսելով անկախ հայկական հանրապետության գոյության երաշխիքների մասին, բնական ձևով հիշատակվում է Թուրքիայի պես հարևան ունենալու վտանգը։ Նախորդ մասում մենք արդեն նշեցինք, որ ԽՍՀՄ֊ի հանկարծակի անկառավարելի փլուզման դեպքում կարող Է վտանգ առաջանալ, որ Թուրքիան մի պահ շեղվելով ներքին զարգացման իր ընտրած ուղուց, կարող է փորձել կլանել կայսրության դյուրամարս բեկորների մի մասը։ Դա այն կարևոր պատճառներից մեկն է, որ ստիպում է մեզ շտապել անկախություն ստանալ մինչ այդպիսի հնարավոր վտանգավոր պահի առաջ գալը։ Դատողությոլնների այն մասի հետ, որ Թուրքիան կարող է փորձել կլանել բեկորների մի մասը, բոլորը հեշտությամբ համաձայնում են, բայց շատերը համաձայն չեն այն մտքին, որ Թուրքիան ընտրել է ներքին զարգացման այնպիսի ուղի, որ խաղաղ պայմաններում հնարավոր է Թուրքիայի և Հայաստանի գոյակցությունը։ Այդպես ապացույց միշտ բերում են Կիպրոսի օրինակը։ Ես մանրամասն չեմ քննի Կիպրոսի խնդիրը, ուղղակի բերեմ հանրահայտ փաստեր, ընթերցողին թողնելով ինքնուրույն դատողություններ անելու այդ փաստերի շուրջը։ Նկատենք միայն, որ հարևան անկախ պետությունների խաղաղ գոյակցությունը երաշխավորվում Է ոչ միայն իր զարգացման ուղու վերաբերյալ նրանցից յուրաքանչյուրի ընդունած որոշումով, ոչ միայն ռազմական ուժի շնորհիվ հակառակ կողմի մեջ առաջացած զսպվածությամբ, այլև միջազգային պարտավորություններով, բազմաթիվ երկրների շահերով, հավասարակշռություն պահպանելու միտումով։ Նվաճումները հնարավոր են դառնում, երբ այս կամ այն ձևով խախտվում Է միջազգային պարտավորությունների շղթան, երբ անկայուն վիճակ է ստեղծվում ռեգիոնում, տեղի են ունենամ հեղափոխություններ և հեղաշրջումներ, երբ փոխվում է այլ երկրների շահերի ուղղվածությունր և, բացի դրանից, գոյություն են ունենում քիչ թե շատ բավարար հիմքեր ռազմական ուժի միջամտության համար։ Այդ տեսակետից նույն վիճակում են գտնվում գրեթե բոլոր անկախ պետությունները, յուրաքանչյուրի գոյությունը ապահովվում է ռազմական ուժով, վարած քաղաքականությամբ, միջազգային պարտավորություններով և ռեգիոնում տիրող կայունությամբ։ Այժմ անցնենք Կիպրոսի պատմության որոշ փաստերի շարադրմանը։

1925-ից Կիպրոսը անգլիական գաղութ էր։ 1955-ից սկսվում է ազգային֊ազատագրական պայքարը անկախ պետություն ստեղծելու նպատակով։ 1959 թ. երեք շահագրգռված երկրների՝ Անգլիայի, Թուրքիայի, Հունաստանի միջև կնքվում է Ցյուրիխ֊Լոնդոնյան պայմանագիրը, ըստ որի այդ երկրները հանդիսանում են Կիպրոսի անկախության երաշխավորներ, ճանաչելով նրա անկախության իրավունքը։ Ըստ այդ պայմանագրի, Անգլիան ստացավ կղզում ռազմական բազաներ ունենալու, իսկ Հունաստանն ու Թուրքիան զորամասեր պահելու արտոնություններ։ 1960 թ, Կիպրոսը ընդունում է սահմանադրություն, ըստ որի նրա պրեզիդենտը պետք է լինի ազգությամբ հույն, փոխ֊ պրեզիդենտը թուրք, պառլամենտի 35 դեպուտատներին ընտրում է հունական համայնքը, 15-ին՝ թուրքականը։ 1963 թ, տեղի է ունենում ընդհարում երկու համայնքների միջև, որից հետո թուրքերը հրաժարվում են մասնակցել Կիպրոսի խորհրդարանի, կառավարության և պետական այլ հաստատությունների աշխատանքներին։ 1967 թ. ստեղծվում է թուրքական գործադիր վարչություն։ 1974 թ, սրվեցին Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները Էգեյան ծովում հայտնաբերված նավթի հանքավայրերի պատկանելության հարցի կապակցությամբ։ 1974-ի հուլիսին Կիպրոսի հունական զինվորականությունը խռովություն բարձրացրեց օրինական կառավարության դեմ՝ պահանջելով կղզին միացնել Հունաստանին։ Դրան հաջորդեց Թուրքիայի զորքերի ներխուժում ը կղզի, որոնք 1974-ի հուլիս֊օգոստոսի ընթացքում զավթեցին Կիպրոսի տարածքի 40 % –ը։ ՆԱՏՕ֊ի երկրների և ԽՍՀՄ֊ի շահերի միջև առաջացել էր հազվագյուտ ներդաշնակություն այս ներխուժման շուրջը, ոչ մեկը չմիջամտեց, արվեցին սոսկ պաշտոնական հայտարարություններ հասարակական կարծիքը հանգստացնելու նպատակով։

Հունտստանում 1974-ի հուլիսին զինվորական վարչակարգը հեռացավ իշխանությունից, իշխանության գլուխ անցավ Կ. Կարամանլիսի կառավարությունը, որը և 1974-ի օգոստոսի 14-ին հայտարարեց ՆԱՏՕ֊ի ռազմական կազմակերպությունից Հունաստանի դուրս գալու մասին։ 1975-ի փետրվարին Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավարությունը միակողմանիորեն հայտարարեց Կիպրոսի Ֆեդերատիվ պետություն ստեղծելու մասին։ Այժմ Կիպրոսի հանրապետությունից զատված տարածքը միավորված չէ Թուրքիայի տարածքին, այլ ուղղակի այդ տարածքի վրա հռչակված է նոր անկախ պետություն, որը ճանաչել է միայն Թուրքիան։ Աշխույժ բանակցություններ են գնում տարբեր շահագրգռված երկրների միջև Կիպրոսի հարցի շուրջը։ ԽՍՀՄ ֊ում տեղի ունեցող գործընթացների շնորհիվ Թուրքիայի նշանակությունը ՆԱՏՕ-ի երկրների համար բնականոն ձևով իջնելու է, և շատերը հույս ունեն, որ ուշ թե շուտ կվերականգնվի Կիպրոսի միասնական անկախ պետությունը կղզու ամբողջ տարածքում։

Անկախության հետ կապված ևս մեկ հարց կա, որը շատ է հուզում մեր ժողովրդին։ Ինչպե՞ս պետք է իրականացվի Թուրքիայի կողմից զավթված և այժմ գրեթե հայկական բնակչություն չունեցող մեր պատմական հողերի վերամիավորումը Հայաստանի հանրապետությանը, չէ՞ որ անկախ պետության վերականգնումով մենք, այնուամենայնիվ, համարյա բոլոր ասպարեզներում անհամեմատ ավելի թույլ կլինենք, քան Թուրքիան։ Ես չգիտեմ, և եթե մեկը առաջարկի իրականանալի մի ծրագիր մեր հողերի միավորման նպատակին հասնելու համար, ես համոզված եմ, մենք ամբողջ ազգով կմիավորվենք, կյանք ու եռանդ չենք խնայի այդ գործի համար։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ այն հույսերը, որ Ռուսաստանը մի օր կվերադառնա իր ծավալապաշտական քաղաքականությանը, հնարավորություն կունենա խլել Թուրքիայից մեր հողերը, դրանից հետո այդ հողերը կտա մեզ և հետո կքանդվի որպես կայսրություն, հնարավորություն տալով մեզ ունենալ Միացյալ Անկախ Հայաստան, լիովին անհիմն են, մեր ժողովրդին տանում են դեպի անգործություն և ստրկություն, դատապարաելով մեզ վերանալու աշխարհի երեսից որպես ազգ։

Նույնչափ անհիմն են այն հույսերը, որ ՄԱԿ֊ի կողմից 1915 թվականի մեր ցեղասպանության ճանաչումը (որը ինքնին կարևոր նշանակություն ունի մեր ժողովրդի համար) կարող է հանգեցնել այն բանին, որ մեր հողերը վերադարձվեն մեզ։ Այժմ միակ հույսը, որ ես տեսնում եմ, դա այն է, որ պատմական անկանխագուշակելի ելևէջները, որոնք մեզ հնարավորություն կարող են տալ լուծելու մեր հողային հարցերը, պետք է դիմավորել որպես անկախ մի ազգ, պետություն և ոչ թե որպես Ռուսաստանում լուծվող մի էթնիկական միավորում։ Ասածս, ինչ խոսք, չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր հողային պահանջները, խոսքը պարզապես նրա մասին է, որ պահանջատիրությունը չի կարող մեզ համար այժմ լինել ազգային֊պետական քաղաքականություն։ Այն պետք է լինի տարբեր հասարակական կազմակերպությունների, հայրենակցական միությունների միավորող գաղափար, միշտ վառ պահվի մեր ժողովրդի հիշողության մեջ, մեր երիտասարդության երազանքը հանդիսանա, մինչև որ հնարավորություն կստեղծվի այդ խնդիրը լուծելու։ Նույն կերպ է վերաբերվում համանման հարցին հզոր Գերմանիան։

Անգլիացիներն ասում են, որ ունեն երկու հզոր զենք՝ միջուկային ռումբ և իրենց ժողովրդի պատմությունը։ Մենք չունենք առաջինը, չենք օգտվում երկրորդից։ Ժամանակն է, որ մեր պատմաբաններն ու գրողները հրաժարվեն մեր ժողովրդին թուլացնող լացկանությունից, մեր պատմության միայն դժբախտ էջերը հիշատակելոլ մորմոքից։ Մենք հզոր ազգ ենք եղել և նորից պետք է դառնանք հզոր։ Մենք համարվել ենք Արևելքի լավագույն զինվորները, աշխարհին տվել ենք մեր անզուգական ճարտարապետությունը, պետության կորստից հետո խաղաղ առևտրական միջոցներով ներխուժել և հսկայական կշիռ ենք ստացել Հնդկաստանում, Չինաստանում, անգլիական պառլամենտում է հնչել այն խոսքը, թե առանց հայերի հետ համագործակցելու հնարավոր չէ նվաճել Հնդկաստանը, մենք կանգնած ենք Ռեֆորմացիայի ակունքների մոտ, որը հեղաշրջեց Եվրոպան և հանգեցրեց ժամանակակից քաղաքակրթության առաջացմանը։ Աստված մեզ պահպանել և տարել է հազարամյակների փորձությունների միջով ոչ այն բանի համար, որ մենք այժմ մեր անգործության և անվճռականության պատճառով դատապարտենք մեր ազդը վերացման... վախկոտները, թույլերը թող հեռանան հայրենիքից, դա ազգի փոշին է, թող մնան ուժեղները, նրանք, որոնք ձգտում են իրենց հայրենիքում մարդուն արժանավայել կյանքով ապրել, նրանք, ովքեր հավատք ունեն մեր ազգի ապագայի հանդեպ, նրանք, որոնք իրենց էությամբ իսկ հայ են, հայերեն մտածող, մեր նախնիների պատմությանը, մեր հողին ու ջրին կառչած։ Եվ մենք ուս-ուսի տալով՝ նորից կվերականգնենք մեր նախկին հզորությունը, մեր պետությունը։