Գևորգ Չորրորդ կաթողիկոսի նամակը Ստալինին

Գրապահարան-ից
Գևորգ Չորրորդ կաթողիկոսի նամակը Ստալինին

հեղինակ՝ Գևորգ Չորրորդ կաթողիկոս
աղբյուր՝ «Գրիգոր Հարությունյանից մինչև Կարեն Դեմիրճյան»

N 196

Ամենայն հայոց ազգընտիր տեղակալ Գեորգ արքեպ․ Չորեքչյանի դիմումը ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ի. Ստալինին։

5 ապրիլի 1945 թ.

Մոսկվա

ԽՍՀ Միության ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինին

Հայրենական պատերազմի օրերին Հայ Եկեղեցին ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում գտնուող իր հոգեւորականութեան ու հաւատացեալների հետ միասին հետ չէր մնում Խորհրդային Միութեան միւս եկեղեցիներից։ Նա գործով ապացուցեց իր հաւատարմութիւնը ռուս մեծ ժողովրդին եւ խորհրդային պետութեանը ինչպես իր զաւակների կեանքի գնով ու նիւթական օգնութեամբ, նոյնպես եւ իր բարեացակամ վերաբերմունքով, որն անխախտ գործոն է հանդիսանում, չնայած դրսից եղած ամեն մի յարձակման։

Սուրբ Էջմիածինը, որը ղեկավարում է ողջ աշխարհով մէկ ցրուած հայ եկեղեցին, դիմում է Ձեզ, Խորհրդային Միութեան Մեծ Առաջնորդին եւ բոլոր ժողովուրդների հոգատար հօրը, խնդրելով թոյլ տալ վերականգնել Էջմիածինը, որը ինչպէս պատմական անցեալում, նույնպես եւ ներկայումս, հանդիսանում է հայ ժողովրդի նւիրական սրբավայրը։

Խորհրդային Միութեան սահմաններից դուրս ապրող հայերի հայացքները ուղղուած են սուրբ Էջմիածնի ինչպես հոգեւոր օջախի վրայ, որն անցեալում եղել է նաեւ հայ ժողովրդի կուլտուր լուսաւորական կենտրոնը եւ ֆիզիկական գոյութեան պաշտպանը։

Սուրբ Էջմիածինը վերականգնելու համար ես անհրաժեշտ կհամարէի նրան եւ Գերագոյն Պատրիարքին-Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընձեռել հետեւեալ իրաւունքներն ու արտօնութիւնները, որոնք կապահովեին նրա մեծ թափի աշխատանքը՝ յօգուտ եկեղեցու եւ հայրենիքի շահերի։

1. Վերականգնել սուրբ Էջմիածնի հոգեւոր ճեմարանը ուսուցման 6-ամեա ժամկետով, որը կունենայ 3 դասարան՝ միջնակարգ դպրոցի ծրագրով քահանաներ պատրաստելու համար եւ 3 դասընթաց՝ բարձրագույն դպրոցի ծրագրով սեւազդեստ հոգեւորականութեան կադրեր պատրաստելու համար՝ նպատակ ունենալով բավարարել հաւատացեալ հայերի կարիքները ԽՍՀՄ-ում եւ արտասահմանում։

2. Սուրբ Էջմիածնին վերադարձնել նախկին հոգեւոր ճեմարանի գրադարանը, որն այնքան անհրաժեշտ է նոր բացուելիք հոգեւոր ճեմարանին։ Ներկայումս այդ գրադարանը գտնւում է Մատենադարանում (հին ձեռագրերի պետական պահեստարան) եւ չի օգտագործում։

3. Թոյլ տալ սուրբ Էջմիածնին ունենալ իր տպարանը՝ հոգեւոր ճեմարանի դասագրքերը, եկեղեցական գրքեր, կաթողիկոսի կոնդակները, «Էջմիածին» ժուռնալը եւ եկեղեցական օրացոյցը տպագրելու համար։

4. Թոյլ տալ «Էջմիածին» ժուռնալի յատուկ բաժնում տպագրել գիտահետազոտական յօդվածներ հայագիտական հարցերի ուսումնասիրութեան բնագավառից, որովհետև առանց դրան ժուռնալն արտասահմանում յաջողութին չի ունենայ և չի կարող իրագործել իր հիմնական դերը, այն է ամրապնդել արտասահմանեան հայերի կապը Խորհրդային Հայաստանի հետ։

Հարկ է հաշուի առնել, որ սուրբ Էջմիածնի նախկին պաշտոնական օրգան «Արարատ» ժուռնալում այդպիսի յօդվաձներ տպագրում էին։ Նույնպիսի յօդվածներ ներկայումս տպագրում են Կիլիկիայի կաթողիկոսութեան և Երուսաղեմի պատրիարքութեան ժուռնալներում։

5. Որոչել սուրբ Էջմիածնի վանքի սահմաները՝ տալով նրան իսկական վանքի կերպարանք, իսկ եթե հնարավոր չէ սուրբ Էջմիածնին վերադարձնել իր նախկին տերիտորիան, ապա, հակառակ դէպքում, պետք է ընդյալնել նրա ներկայ տերիտորիան, տրամադրելով նրան արևմտեան կողմից նախկին Սինոդի շենքը, հարավային կողմից՝ Հայրիկեան թանգարանի շենքը, արևելեան կողմից՝ սուրբ Էջմիածնի նախկին տպարանի և վանքի նախկին խուցերի շենքերը, հյուսիսային կողմից՝ նախկին Մատենադարանի շենքին յարող հողային ոչ մեձ տարածութիւնը։

Ներկայումս այդ բոլոր շենքերը զբաղեցնում են զօրամասերն ու խորհրդային-կուսակցական հիմնարկութիւների աշխատողները։

6. Սուրբ Էջմիածնին վերադարձնել «Հռիփսիմէ», գտնվում է հենց Էջմիածինում, «Գեղարդ» և «Խորվիրապ» վանքերը, որպես պատմական սրբավայրեր, ուր հանգչում են սրբերի աճիւները և ուխտագնացութեան վայրեր են։ Կրօնական նկատառումներով այդ վանքերը չի կարելի օգտագործել այլ նպատակներով։

Պատմական յուշարձանների պահպանման գործերի կոմիտէն, որի տնօրինութեան տակ են գտնվում այդ սուրբ վանքերը, ոչ մի ուշադրութիւն չի դարձնում դրանց վրայ։

7. Թոյլ տալ սուրբ Էջմիածնին նորից կառուցել «Զուարթնոց» վանքը՝ ըստ ճարտարապետ Թորոս Թորամանեանի մոդելի։ Դա անհրաժեշտ է այն պատճառով, որ «Զուարթնոցը» 7-րդ դարի ճարտարապետութեան սքանչելի ունիկում է։

8. Թոյլ տալ կաթողիկոսի միջնորդութեամբ, անհրաժեշտութեան դեպքերում Խորհրդային Հայաստան (սուրբ Էջմիածին), գալ արտասահմանեան հոգևորականներին՝ եպիսկոպոս ձեռնադրուելու համար, ինչպէս նաև եկեղեցական գործերով արտասահման մեկնել սուրբ Էջմիածնի նշանակած թեմականներին և սուրբ էջմիածնի պատգամավորներին։

9. Թոյլ տալ սուրբ Էջմիածնին առաջիկայ Միռօնօրհնութեան կապակցութեամբ, 1946 թուին արտասահմանից հրավիրել եպիսկոպոսների ու թեմակալների և վերջիներիս միջոցով կազմակերպել հայ ականավոր հարուստների ժամանումը, որպես ուխտավորների, նպատակ ունենալով նրանցից ստանալ դրամական խոչոր միջոցներ սուրբ Էջմիածնի և Խորհրդային Հայաստանի շինարարական կարիքների համար։

10. Թոյլ տալ Պետբանկի Երեւանի բաժանմունքում բացել սուրբ Էջմիածնի յատուկ օտարերկրեայ վալիւտային հաշիվ և այնտեղ կենտրոնացնել սուրբ Էջմիածնի անվամբ արտասահմանյան թեմերից ստացվող դրամական միջոցները։ Իրավունք տալ Գերագույն Պատրիարքին-Ամենայն Հայոց Կաթողիկոսին դրամական փոխադրութիններ կատարել արտասահման՝ սուրբ Էջմիածնի կարիքների համար անհրաժեշտ գնումներ կատարելու նպատակով, ինչպես նաև իր պատգամավորներին արտասահման գործուղելիս թույլ տալ նրան կանխիկ օտարերկրեայ վալիւտա ստանալ Պետբանկից։

11. Թոյլ տալ Գերագույն Պատրիարքին-Ամենայն Հայոց Կաթողիկոսին վանքի ու Վեհարանի կարիքների համար արտասահմանից ստանալ ավտոմեքենաներ, գրամեքենաներ, թուղթ և այլն, ինչպես նաև ծանրոցներ Էջմիածնի միաբանութեան կարիքների համար՝ իրագործելով իր ֆունկցիաները և առանձնապես զարգացնելով իր կուլտուր-լուսավորական գործունեությունը արտասահմանյան հայերի մեջ, դրանով իսկ սուրբ Էջմիածինը կբարձրացնի իր հեղինակությունը արտասահմանյան հայերի և նրա ինտելիգենցիայի աչքում։ Օգտվելով այդ հեղինակությունից, սուրբ Էջմիածնի նկատմամբ արտասահմանյան հայերի սիրուց ու նվիրվածությունից, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կկարողանա ղեկավարել հայ ժողովրդի ազգային շահերը և տալ նրան մեր Խորհրդային Հայրենիքի համար ցանկալի ուղղություն։

Ամենայն հայոց կաթողիկոսի ազգընտիր տեղակալ Արքեպիսկոպոս Գեորգ Չորեքչեան։


Բնագրի վրա մակագրված է.

«Համաձայն եմ։ ԽՍՀ Միության ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Իոսիֆ Ստալին»։