«Դեմիուրգների խաղերը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
Տող 2. Տող 2.
 
|վերնագիր = Դեմիուրգների խաղերը
 
|վերնագիր = Դեմիուրգների խաղերը
 
|հեղինակ = [[Պյոտր Բորմոր]]
 
|հեղինակ = [[Պյոտր Բորմոր]]
|թարգմանիչ = Արմինե Բեքարյան (ռուսերենից)
+
|թարգմանիչ = Ա․ Բեքարյան (ռուսերենից)
 
|աղբյուր = [[«Դեմիուրգների խաղերը»]]
 
|աղբյուր = [[«Դեմիուրգների խաղերը»]]
 
}}
 
}}

Ընթացիկ տարբերակը 00:56, 14 Դեկտեմբերի 2019-ի դրությամբ

Դեմիուրգների խաղերը

հեղինակ՝ Պյոտր Բորմոր
թարգմանիչ՝ Ա․ Բեքարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Դեմիուրգների խաղերը»

***

― Ալո՛։ Տեխնիկական օգնության ծառայությո՞ւնն է։

― Այո։

― Դեմիուրգ Շամբամբուկլին է։ Ես խնդիրներ ունեմ։

― Բոլորն էլ ունեն։ Ավելի մանրամասն պատմեք։

― Ես ձեզ մոտից գիրք եմ գնել։ "Creation, Professional Edition": Ինչ֊որ ինձ մոտ նրանով չի ստացվում․․․

― Ի՞նչը չի ստացվում։

― Ոչ մի բան էլ չի ստացվում։ Հենց առաջին քայլից։

― Ի՞նչ եք դուք արել։

― Ամեն ինչ, ինչպես գրված է։ Առաջին քայլ․ «եղիցի լույս»։ Առաջ դա միշտ աշխատում էր, իսկ հիմա․․․

― Ինչո՞վ էիք դուք առաջնորդվում առաջ։

― "Creation, Second Edition"։

― Հապա, պատմեք շարունակությունը։ «Եղիցի լույս», բա հետո՞։

― Հետո ոչ մի բան։ Առաջ լույս էր վառվում։ Իսկ հիմա ի պատասխան Ձայնը հարցնում է․ «նշեք հիմնական բնութագրերը»։

― Դա նշանակում է, որ դուք պետք է որոշեք ճառագայթման սպեկտրն ու հաճախականությունը։

― Ես գլխի ընկա։ Ամեն ինչ սահմանեցի, իսկ ստացվում է ինչ֊որ խայտաբղետ խժբժոց։

― Ինչպիսի՞ն է ձեր Տիեզերքի ծավալումը։

― 600-800 ստանդարտ միավոր։

― Իսկ մեր ձեռնարկը օպտիմալացված է 1024֊ի համար։ Նշեք ձեր կարգավորումներում։

― Ահա, հասկացա։ Մի վայրկյան․․․

(լսվում է բզբզոց, ձայն․ «Եղիցի լույս, բ․ժ4,ուա 1024, հա, հա, չէ, օքեյ»)

― Ահա, լույս կա։ Հիմա մի ուրիշ հարց։

― Հարցրեք։

― Ինձնից այստեղ ուզում են, որ հաստատեմ հաջորդ փուլի անցումը։ Ի՞նչ ասեմ։

― Ասեք, որ լավ է։

― Լավ է։ Օքեյ։

― Ստացվե՞ց։

― Հա։ Իսկ հիմա պետք է տարանջատել ջո՞ւրը։

― Դա տեղի կունենա ավտոմատ կերպով։ Թուլացեք, հետ ընկեք բազկաթոռի հենակին․․․

― Էլի հաստատում են պահանջում։ Լա՞վ է։

― Լավ է։

― Լավ է։ Օքեյ։ Ահա, երրորդ փուլը։ Խոտի ու ծառերի հետ։

― Հարցեր կա՞ն։

― Հա։ Ինձ խնդրում են նշել բույսերի բոլոր տեսակները, որոնք ես ուզում եմ տեսնել իմ աշխարհում։

― Եվ, ի՞նչն է խնդիրը։

― Ես չգիտեմ, չի խախտվի արդյոք բնական հավասարակշռությունը, եթե ես չներառեմ եղինջը և սողացող փուշը։

― Բնական հավասարակշռությունը չի խախտվի, դրանց գործառույթները ավտոմատ կերպով կիրականացնի արմավենին։

― Այսինքն, այն կսկսի ծակծկե՞լ։

― Այո։

― Այդ դեպքում ավել լավ է ոչինչ չփոխեմ․․․ Լավ է։ Օքեյ։

― Էլի հարցեր կա՞ն։

― Հա։ Հաջորդ փուլը։ Ես այստեղ ասացի․ «թող վխտի երկիրը սողուններով», իսկ Ձայնը ինձ՝ «դուք վստա՞հ եք»։

― Իսկ դուք վստա՞հ եք։

― Հմմմ․․․ չէ։

― Այդ դեպքում բաց թողեք փուլը։

― Լավ է։ Օքեյ։

― Էլի՞ որևէ բան։

― Դեռևս ոչ, շնորհակալություն։

― Մի մոռացեք, որ վերջնական փուլից հետո պետք է ասել․ «շատ լավ»։

― Ոչ թե ուղղակի լավ, այլ շա՞տ։

― Այո։ Դա արված է պատահականություններից խուսափելու համար։

― Շնորհակալություն։

(հնչում է տիեզերական երաժշտություն, հաճելի կանացի ձայնը խնդրում է սպասել միացման)

― Ալո։ Տեխ․ օգնության ծառայություն։ Կրկին ես եմ։ Դեմիուրգ Շամբամբուկլին։

― Ինչ֊որ բա՞ն է պատահել։

― Հա, մարդկանց հետ ինչ֊որ բան այն չէ։ Նրանք ինչ֊որ հիմարներ են և ընդհանրապես ինձ չեն լսում։

― Դո՞ւք եք նրանց արարել։

― Հա։

― Ձեր պատկերով և նմանությա՞մբ։

― Դե․․․ հա։

― Այդ դեպքում բնավ զարմանալի չէ․․․ (կարճ դադար՝ լի լարված ֆսֆսոցով։ Կտտոց։ Տու֊տու֊տու)

Երկրորդ փորձ

Դեմիուրգ Շամբամբուկլին զգուշորեն բացեց զամբյուղը, հանեց այնտեղից ձվիկը (ոչ հասարակ, այլ ոսկե) և հաստատեց Մեծն Ոչնչի մեջտեղում։

― Ահա, ո՞նց է այն միանում։

Ձվիկը լրիվ հարթ էր, առանց նշանների։

Դեմիուրգ Շամբաբուկլին քորեց քիթը և նորից խորացավ զամբյուղի մեջ՝ հրահանգները փնտրելով։

― Ուղղել ձուն ապագա Տիեզերքի երկարաձիգ առանցքով, մաքսիմալ շեղումով 3 պիկովայրկյան․․․»

Դեմիուրգ Շամբամբուկլին ուղղեց ձվիկը և շարունակեց կարդալ։

― «Պտտող պահը․․․ թափ առնելու արագությունը․․․ խուսափել ցնցումներից․․․ հետևել հոսքի հավասարաչափությանը․․․»։ Բա ո՞նց է միանում։

Դրա մասին հրահանգում ոչ մի խոսք չկար։

Դեմիուրգ Շամբամբուկլին բարձրացրեց ձվիկը, պտտեց և՛ սենց, և՛ նենց, սեղմեց սուր ծայրին, ապա՝ բութ կողմին։

Ոչ մի բան չեղավ։ Դեմիուրգ Շամբամբուկլին փորձեց բացել ձվիկը։ Այն չէր բացվում։ Թքելով հրահանգի վրա՝ դեմիուրգ Շամբամբուկլին ցնցեց ձվիկը։ Անարդյունք։

Անցավ մի քանի ժամ։ Փրփռած դեմիուրգ Շամբամբուկլին կատաղի կոխրտում էր ձվիկը, շպրտում էր աշխարհաց պատերին, փորձում էր նույնիսկ կռծել․․․ Խփեց, խփեց, չջարդեց։

Մկնիկը վազեց, պոչիկով շարժեց․․․

Եվ որոտա՛ց Տիեզերական Պայթյունը։

Երրորդ փորձ

Դեմիուրգ Շամբամբուկլին սրտի տրոփյունով ներկայացրեց իր Արարածը բարձրագույն հանձնաժողովին։

― Հիմարություն ինչ֊որ,― ծռմռվեց Առաջինը։― Նայեք, թե ինչպես է նրա մոտ տարածությունը ծռված։

― Ի՞նչ կա որ, նույնիսկ սիրուն է․․․― ձգեց Երկրորդը։― Դա ձգողականությունից է, չէ՞։

Շամբամբուկլին միայն գլխով արեց։ Ձգողականության հետ իրականում ինչ֊որ անհամություն էր տեղի ունեցել։ Աշխարհը ցրիվ էր գալիս ձեռքի մեջ, և ստիպված էր նրան ամրացնել առաջին բանով, ինչ մտքին եկավ։

― Ընդհանրապես, հետաքրքիր միտք է։ Յուրօրինակ։― Երրոդը հետաքրքրությամբ հետևում էր, ինչպես են մոլորակները պտտվում ուղեծրերով։― Ուշադրություն դարձրեք, որ ամեն ինչ հստակ է աշխատում։ Իսկ, ըստ էության, չպետք է տենց լիներ․․․

― Դա կանոններով չէ,― համառորեն պնդեց Առաջինը։― Արևը պետք է պտտվի մոլորակի շուրջ, այլ ոչ հակառակը։

― Բայց սուբյեկտիվորեն հենց այդպե՛ս էլ կա։

― Իսկ խնձորնե՞րը։ Ինչո՞ւ են դրանք ընկնում ներքև, երբ պետք է թռնեն դեպի հորիզոն։

― Բայց չէ որ այստեղ հորիզոն չկա։

― Բայց սուբյեկտիվորեն, չէ որ, կա՛։

― Հլը դա հեչ, խնձորները մանրուք են։ Գետերը նույնպե՛ս ներքև են հոսում։ Այ դա խնդի՛ր է։

― Չկա ոչ մի խնդիր։ Ինքներդ նայեք, օվկիանոսները նույնպես ներքևում են։

― Իսկ ինչի՞ դրանք չեն թափվում։

― Ո՞ւր։

― Ներքև։

― Իսկ որտե՞ղ է ստեղ ներքևը։

Հանձնաժողովը սկսեց պտտել Արարվածը և՛ աջ, և՛ ձախ՝ փորձելով որոշել, թե որտեղ է վերևը, իսկ որտեղ ներքևը։

― Գիտեք ինչ, գլխի վար նույնիսկ ավելի լավ է նայվում։

― Աստղերը շատ են․․․ չեմ սիրում ես այդ փայփլիկները։

― Մի հատ էլ մեծոտ են, աչքիս։ Մոնումենտալիզմ, ընդ որում՝ փքաշուք։

― Իսկ մայրցամաքների ուրվագծե՞րը։ Աբստրակցիա է ինչ֊որ․․․

Շամբամբուկլին հայացքը հառեց գետնին։ Իրականում, սկզբնապես մայրցամաքը միայն մեկն էր, բայց հետո, չգիտես ինչի, մասնատվեց։

― Բայց ձգողականությունը հետաքրքիր է մտածված․․․

― Բնա՛վ։ Ես համարում եմ, որ դա արատավոր միտք է։ Ինչպես այս նորաձև շփման ուժը։

― Բայց ինչո՞ւ։ Չէ՞ որ ամեն ինչ աշխատում է։

― Քանի որ սիրուն չէ։ Խնձորները ներքև են ընկնում։ Պատկերացրեք՝ նստած եք ծառի տակ, իսկ այն ձեր գլխին է ընկնում։

― Հա, դա, իհարկե․․․

Շամբամբուկլին հոգոց հանեց։ Հիմարություն էր նույնիսկ հույսեր կապելը, որ իր Արարածը «Աշխարհներից լավագույնը» անվանմանը կարժանանա։

***

Դեմիուրգ Շամբամբուկլին հյուր էր իր ընկեր դեմիուրգ Մազուկտայի մոտ։

― Դու լրիվ իզուր ես նեղվում,― բարբառում էր Մազուկտան՝ ափսեները սեղանի վրա դասավորելով։― Ես տեսել եմ քո վերջին աշխարհը՝ նայելու բան չկա։ Ծայրահեղ պարզություն ու ֆունկցիոնալություն, սպարտանական պայմաններ։ Չէ, դա իմը չէ։

Պատառաքաղը բռնած ձեռքը լայն պտտելով՝ Մազուկտան ցույց տվեց շրջակայքում եղածը։

― Ահա, աչքին հաճելի է։ Տարածությո՜ւն։ Մասշտաբնե՜ր։ Միայն աստղերը մեկ ու կես միլիոն են։ Կամ միլիարդ, չեմ հիշում արդեն։ Չորս հատ արև կա՛։ Սարերը՝ տաս մղոնից ոչ ցածր, իսկ իմ տափաստաննե՜րը․․․ Դու տեսե՞լ ես իմ տափաստանները։ Դրանք ա՛ն֊սա՛հ֊մա՛ն են։

― Ինչի՞ համար,― թարթեց Շամբամբուկլին։

― Ո՞ցն ինչի համար․․․։ Սիրունության։

― Բա է՞լ։

― Նաև, որպեսզի սլանալ տափաստանով ողջ օրը՝ արևածագից մինչև մայրամուտ։

― Դու սլացե՞լ ես։

― Չէ։ Բայց ասում են, որ հավես է։

Մազուկտան գինին լցրեց բաժակները և հպարտությամբ ցույց տվեց պիտակը։

― Հարյուր տարվա։ Սա ինձ լեռնային ցեղերն են բերել։ Նրանք ինձ սիրում են։

― Իսկապե՞ս,― քաղաքավարի հարցրեց Շամբամբուկլին։

― Ըհըմ։ Երևի։

Մազուկտան բացեց մեկնված կապոցը և հոտ քաշեց․

― Դե, ի՞նչ են մեզ այսօր բերել․․․ Խորոված ցլեր, այծեր, ոչխարներ․․․ օ՜, մե՛ղր։ Մեղուների՛ց։ Շամբամբուկլի, քո աշխարհում մեղուներ կա՞ն։

― Չէ։

― Լրիվ իզուր։ Ան, փորձի։ Երևելի բան է։

Մազուկտան ափսեները լցրեց զոհաբերվածով և սկսեց հացկերույթը։

― Համով է,― հաստատեց նա լիքը բերանով։― Սիրում են խորոված միս։ Քոչվորները հեչ վատ չեն պատրաստում խորոված միսը։ Սիրում են ինձ։

― Կարծո՞ւմ ես։

― Համոզված եմ։ Նրանք ինձ պաշտում են, ահա և նվիրում են ինչ պատահի։ Երբեմն նույնիսկ մատղաշ կույսեր են բերում, բայց ես նրանց չեմ ուտում։

― Իսկ ի՞նչ են այդ կապակցությամբ մտածում մատղաշ կույսերը։

― Եսիմ։

Մազուկտան լպստեց յուղոտ մատները և մաքրեց սփռոցով։

― Իսկ ինչի՞ իրանք ինձ չսիրեն։ Ես լավն եմ։ Ես իրենց համար ամբողջ մի աշխարհ եմ ստեղծել։

― Իսկ ես մտածում էի, որ աշխարհները արարվում են դեմիուրգների համար․․․

― Հե՜,― փնչացրեց Մազուկտան։― Էդ դու ես աշխարհները ստեղծում քո համար։ Եղել եմ այնտեղ, տեսել եմ։ Քո ողջ աշխարհը՝ 3X4 մետր սենյակ է, սեղան, անկողին, վառարան ու դեղձանիկ։ Նույնիսկ դա՝ լարովի։

― Ինձ հերիք է,― զգույշ ասեց Շամբամբուկլին։― Այնտեղ լուռ է, հանգիստ և հարմար։ Եվ ոչ ոք չի խանգարում։ Իսկ եթե ես ուզեմ հարյուր տարեկան գինի, ինքս էլ կարող եմ ստեղծել։

― Էսպիսին՝ չես ստեղծի։ Ուժդ չի պատի։

― Դե մի քիչ վատը կստեղծեմ։ Ես գուրման չեմ, դե գիտես։

― Գիտեմ։ Դու եսամոլ ես։

― Ու ի՞նչ։ Ո՞ւմ է դրանից վատ։

― Իսկ ո՞ւմ է դրանից լավ։

― Ինձ։

― Ես էլ հենց դրա մասին եմ։ Դու ամեն ինչ անում ես քեզ համար, իսկ ես՝ մարդկանց։

― Օրինակ՝ մատղաշ կույսերի՞։

― Ի՞նչ ես կպել էդ մատղաշ կույսերին։

― Հեչ, տենց ուղղակի․․․

― Ինքդ նայի՛ր։ Ինչքան բան եմ ես մարդկանց համար արել։ Սարեր եմ կանգնեցրել՝ մեկ։ Տափաստաններ եմ փռել՝ երկու։ Անտառներ եմ տնկել՝ երեք։ Իսկ ի՜նչ կենդանիներ եմ բազմացրել։ Եվ այդ ամենը՝ նրանց հաճույքի համար։

― Իսկ մարդկանց ինչի՞ ես ստեղծել։

― Մարդկանց՝ սեփական հաճույքի համար։ Բայց մնացած ամեն ինչը՝ իրենց համար։


***

Դեմիուրգ Շամբամբուկլին զանգեց իր ընկեր դեմիուրգ Մազուկտային։

― Լսի, դու ո՞ցն ես մարդկանց ստեղծել։

― Ցեխից, ինչի՞։

― Դա առաջինին։ Իսկ հետո՞։

― Ի՞նչ «հետո»։

― Ինքը ո՞նց պետք է բազմանա։

― Խհմմ․․․ Մի մարդը չի կարա բազմանա։ Ավել է պետք։

― Երկո՞ւսը։

― Ամենաքիչը։

― Էդ ես էլ եմ արդեն հասկացել։ Դու ինձ ասա, թե երկրորդին ինչի՞ց ես արել։ Էլի՞ ցեխից։

― Չէ։ Էդ դեպքում նրանք միանման են ստացվում։

― Իսկ պե՞տք է տարբեր լինեն։

― Դե հա։

― Հապա, միգուցե՞ ես նրա մոտ էգ արջ բերեմ։

― Ավել լավ է պետք չի։

― Բա ի՞նչ անեմ։

― Սկզբի համար՝ քնացրու․․․

― Ու ամեն ինչ սկսեմ սկզբի՞ց։

― Չէ, էդ իմաստով չէ։ Ուղղակի որ քնի։

― Իսկ հետո՞։

― Իսկ հետո երկրորդ մարդուն ես անում առաջինի մի մասից։ Կլոնավորումը սովորե՞լ ես։ Այ տենց։ Մարդուց կդրում ես․․․

― Սպասի՛, մի հուշի՛։ Ես ինքս գլխի կընկնե՛մ։

― Դե, էդ դեպքում, քեզ հաջողություն։


Մի քանի հարյուրամյակ դեմիուրգ Մազուկտան հյուր գնաց դեմիուրգ Շամբամբուկլիին։

― Դե, ո՞նց են գործերդ։

― Ամեն ինչ ստացվե՛ց։

― Բազմանո՞ւմ են։

― Է՛ն էլ ոնց։ Ահա, նայի։

Մազուկտան նայեց։

― Սա․․․ ի՞նչ է։

― Սենց իրանք բազմանում են։

― Այ սե՞նց։ Սպասի, իսկ․․․ ո՞վ է սա։

― Ո՞րտեղ։

― Ո՞վ է այնտեղ մարդու հետ։ Սա, չէ որ ․․․ մարդ չի՛։

― Դե հա, սա կին է։

― Իսկ նա որտեղի՞ց առաջացավ։ Պետք է որ ստացվեր երկրորդ մարդը, իսկ սա․․․ սա ինչ֊որ անհասկանալի էակ է։

Շամբամբուկլին անհանգստացավ։

― Ես ամեն ինչ անում էին, ոնց դու ասել էիր։ Քնացրեցի մարդուն, կդրեցի նրա կողը․․․

― Կո՞ղը։ Կո՞ղը։

― Դե հա։

― Իսկ պետք էր՝ ապենդիքսը։ Դա դրա համար էլ նախատեսված է։

― Ըըը․․․ Ես էլ, մի հատ էլ, զարմացել էի, թե ինչի է մարդու մոտ մի ավելորդ մաս։

Շամբամբուկլին գորովանքով շրջվեց տղամարդու և կնոջ կողմը, ովքեր, առանց երկու դեմիուրգների վրա ուշադրություն դարձնելու, ինքնամոռաց տռփանքին էին տրվել։

― Իսկ, ըստ իս, վատ չի ստացվել։ Հեչ էլ վատ չի։ Ավելի լավ է, քան սովորաբար լինում է ցեխից։

― Դեե․․․― Մազուկտան շփեց դունչը,― կարևորը, որ աշխատում է։ Իսկ ընդհանրապես, ինչ լինում է, դեպի լավն է։ Ո՞վ գիտի, ինչ կլիներ, եթե դու կտրեիր տասներկումատնյա աղիքը։

***

Դեմիուրգ Շամբամբուկլին ինչ֊որ բան կարգավորեց ժամացույցի մեջ և գոհ ժպիտով շրջվեց դեպի մարդը․

― Երեք օր։

― Ի՞նչ։

― Ես ասում եմ՝ դու կապրես երեք օր։ Դա բավական է։

― Ինչի՞ համար է բավական։

― Որպեսզի տղա ունենաս, ծառ տնկես ու տուն սարքես։ Ամեն գործի համար՝ մեկ օր։

Մարդը մտածկոտ հաշվեց մատների վրա։

― Քիչ է։

― Ի՞նչն է քեզ քիչ։ Ծառ տնկելը մի ժամվա գործ է։ Տղայի մասին ես էլ չեմ ասում։ Դե տուն էլ, եթե լավ ջանալ, կարելի է սարքել մեկ օրում։ Քեզ հո պալատներ պետք չեն, տենց, մի հատ հյուղակ։ Որ երեք օր դիմանա։

― Չէ, տենց չի լինի։― Մարդը վճռականորեն թափ տվեց գլուխը։― Տղա անել, դե գիտես ինչ․․․ Իսկ եթե աղջիկ ստացվի։ Նորից անելու ժամանակ էլ չի մնա։

Շամբամբուկլին քորեց ծոծրակը։

― Հա, դրա մասին չէի մտածել․․․ Դե, այդ դեպքում կավելացնեմ քեզ ևս մի քանի օր, որ հաստատ լինի։

― Եվ իննական ամիս դրանց արանքում։

― Իսկ դա ինչի՞։

Մարդը կշտամբանքով նայեց դեմիուրգին։

― Իրանց հո ինձ արագի՞լը չի բերելու։

― Վայ․․․

Շամբամբուկլին խփեց ճակատին, հանեց նոթատետրը և սկսեց արագ֊արագ թերթել՝ փնտրելով կնոջ հիմնական աշխատանքային բնութագրերը։

― Հա, ճիշտ է․․․ Ինն ամիս։ Դե, թող տաս լինի, կլոր հաշվի համար։

― Էդ դեպքում՝ տարի։

― Լավ, ընդամենը՝ երեք տարի տղայի համար ու երկու օր․․․

― Տենց չեղավ,― ընդհատեց մարդը։― Կներես, որ հրահանգում եմ, բայց տղային պետք է ոչ միայն ծնել, այլև ոտքի կանգնացնել։

― Դա պարտադիր չէ։

― Բայց ցանկալի է։ Ու նաև ծառը պետք է աճեցնել։ Դա էլ հո միանգամից չի կպնի։

― Կարևորը՝ տնկելն է։

― Օրենքի տառի համաձայն՝ հա, բա՝ ըստ ոգո՞ւ։

Շամբամբուկլին քորեց քիթը։

― Ու քանի՞ օր է քեզ պետք տղայիդ դաստիարակելու համար։

― Դե, քանի դեռ ծառը չաճի։

― Իսկ ինչքա՞ն է այն աճում։

― Նայած ինչ ծառ․․․,― խուսափողական ուսերը թոթվեց մարդը։

― Դե մոտավորապես։

― Մոտ երեք հարյուր․․․

Շամբամբուկլին բացեց բերանը և միանգամից չկարողացավ փակել այն։

― Քսան տարի։ Ու ոչ ավել։

― Լավ,― զիջողաբար համաձայնեց մարդը։― Ուրեմն, քսան տարի ես մեծանում եմ, ապա քսան տարի դաստիարակում եմ տղայիս․․․

― Հե՛յ֊հե՜յ։ Իսկ շատ չի՞ լինի։

― Իսկ ես ինչ է տղայիս չափ չկա՞մ։ Եթե նա մեծանում է քսան տարի, ապա ես էլ պետք է այդքան մեծանամ։ Չէ որ մենք նույն կենսաբանական տեսակին ենք պատկանում, տե՞նց է։

― Տենցը տենց է․․․― Դեմիուրգ Շամբամբուկլին վերցրեց պտուտակահանը ու նորից խորացավ ժամացույցի մեջ։― Ուրեմն, քառասուն տարի․․․

― Տան մասին մոռացար,― հիշեցրեց մարդը։

― Հա, ճիշտ է։ Ու ևս մեկ օր հյուղակ կառուցելու համար։

― Ի՞նչ հյուղակ։― մարդը զարմացած վեր քաշեց հոնքերը։

― Սովորական հյուղակ։ Որպեսզի երեք օր․․․ վայ քո՛ւ։

Շամբամբուկլին շրջվեց դեպի մարդը և մռայլ նայեց վրան։

― Ու քանի՞ տարի է քեզ պետք, որպեսզի տուն կառուցես, որը քեզ կծառայի քառասուն տարի։

― Դեե․․․

― Էդ ամեն ինչի համար քեզ հարյուր տարի հերի՞ք է։

― Գիտե՞ս ինչ,― մարդը՝ կաշառող ժպիտը դեմքին, բռնեց դեմիուրգի արմունկից,― Արի միանգամից՝ հազար։ Կլոր հաշվի համար։

Լավագույն աշխարհ

Դեմիուրգ Շամբամբուկլին զանգեց իր ընկեր դեմիուրգ Մազուկտային։

― Մազուկտա՞։ Բարև։ Ես քեզ հարց ունեմ։

― Ասա։

― Իմ աշխարհում մարդիկ մահանում են, իսկ ես դեռ չեմ կառուցել հանգուցյալ աշխարհը։ Եվ ես նույնիկ չգտիեմ ինչից սկսել։

― Դե, դա հեշտ է։ Դու տեղ ունե՞ս։

― Ունեմ։

― Ուրեմն բաժանի երկու մասի։ Որը մեծ ստացվի՝ դժոխքն է։ Որը փոքր՝ դրախտը։

― Իսկ ինչի՞։

― Ո՞նց ինչի։ Բարեպաշտներին մահվանից հետո կուղղարկես դրախտ, մնացածին՝ դժոխք։ Դրախտում տրամադրի բոլոր բարիքները, իսկ դժոխքում առանց դրանց էլ յոլա կգնան։ Էսքանը։

― Պարզ է։ Իսկ ո՞նց տարբերեմ բարեպաշտներին մնացածից։

― Այսի՞նքն։ Շատ հեշտ։ Նա, ով հետևում է քո պատվիրաններին, բարեպաշտ է։ Իսկ, ով խախտում է, մեղսագործ է։

― Ես մարդկանց դեռ ոչ մի բան չեմ պատվիրել, նրանք ինձ սենց էլ են ձեռ տալիս։

― Հմմ․․․ դե, էդ դեպքում, նրանք, ովքեր չեն սպանում, չեն գողանում, սուտ վկայություն չեն տալիս, բարեպաշտներն են, իսկ մնացածը․․․

― Իմ մոտ ոչ ոք չի սպանում ու չի գողանում։

― Իսկ բռնացողներ կա՞ն։ Շնացողնե՞ր։ Մանկապիղծնե՞ր։ Գոնե ձիու գողե՞ր։

― Դե չկա իմ մոտ ոչ մի հանցագործություն։

― Ընդհանրապե՞ս ոչ մի։

― Դե հա։

― Դեե․․․ այդ դեպքում կարող ես առանց դժոխքի բավարարվել։ Ստեղծիր միայն դրախտը և տեղափոխիր քո մեռածներին այնտեղ։

― Իսկ ի՞նչ պետք է լինի դրախտում։

― Այն ամենը, ինչ կարելի է երազել։ Աեմնը, ինչ կհուշի քեզ քո հարուստ երևակայությունը։

― Հենց երևակայությունս իմ մոտ էն չի․․․ դե լավ, ինչ֊որ բան կհորինեմ։

― Հե՜, վաղուց է պետք,― փնչացրեց Մազուկտնա։― Քո աշխարհը հազար տարեկա՞ն է, կարծես։ Որտե՞ղ էիր դու մինչև հիմա պահում քո մեռելներին։

― Դե նստացրել էի նախասենյակում, միացրեցի նրա ողջ կյանքի տեսագրությունը, թող նայի, մինչև մենք ստեղ խոսում ենք։

― Սպասի՛։ Ո՞ւմ՝ «նրա»։

― Մարդուն։

― Չհասկացա։ Քո մոտ ի՞նչ է, հազար տարվա ընթացքում դեռ մի՞ մարդ է մեռել։

― Դե հա։ Ամենաառաջինը։ Ապրեց իր հազար տարին, ու վերջ։ Հիմա չգիտեմ, ուր իրան․․․

― Սպասի, սպասի։ Նա, ինչ է, ծերությունի՞ց է մեռել։

― Իսկ էլ ինչի՞ց կարելի է մեռնել։

― Սովից, ցրտից, հիվանդություններից․․․

― Իմ աշխարհում տաք է և ուտելիքը հերիքում է բոլորին։

― Ու հիվանդություններ էլ չկա՞ն։

― Չկան, իհարկե։ Ես սկսնակ եմ, դեռ տենց նրբությունների չեմ հասել։

― Բնական աղետնե՞ր։

― Disasters֊ը ես անջատել եմ, ինչիս են պետք ավելորդ բարդություններ։

― Վայրի գազաննե՞ր։

― Վտանգավոր չեն։

― Պատերազմնե՞ր։

― Իսկ ինչի՞ համար պատերազմել։

― Ո՞նց թե։ Նոր տարածությունների, իշխանության, կերի, էգերի․․․

― Մարդկանց էգերը կոչվում են կին։ Նրանց համար պետք չէ պատերազմել, նրանք տենց էլ շատ են, և բոլորը չքնաղ են։ Հողը հերիքում է բոլորին, սննդամթերք ինչքան ուզես կա, իսկ իշխանությունը ոչ մեկ նվեր էլ չի վերցնի։

― Իսկ ինչո՞վ են նրանք քո մոտ զբաղվում այդ դեպքում։

― Դե ոնց․․․ Ինքնակատարելագործվում են։ Զարգացնում են գիտությունը, արվեստը, արհեստները։ Վերջերս հեռադիտակն են հայտնաբերել, պատկերացնո՞ւմ ես՝ մոտակա աստղի մոտ արբանյակներ են գտել։ Ես ինքս էլ չգիտեի, որ նրանք այնտեղ կան։ Անասնապահությունը զարգացած է, հողագործությունը՝ նույնպես։ Էզոտերիկայով են խաղ անում ․․․

― Շամբամբուկլի՞․․․

― Հը՞։

― Ասում ես քո աշխարհի համարը ո՞նց է։

― D455112։ Իսկ ինչի՞դ է պետք։

― Դե տենց, ուզում եմ իմ սրբերին մահվանից հետո քո աշխարհ ուղղարկել։ Դրախտի փոխարեն։ Դեմ չե՞ս։

***

Դեմիուրգ Մազուկտան իր մոտ հրավիրեց իր ընկեր դեմիուրգ Շամբամբուկլիին։

― Օ, բարև։ Լավ է, որ եկար։ Ես քո համար Նոր տարվա նվեր ունեմ։

― Ո՞ր ժամանակագրությամբ,― հետաքրքրվեց Շամբամբուկլին։

― Կարևոր չի։ Ինչ֊որ մեկով։ Աշխարհներից ո՞ր մեկում է հիմա Նոր տարի, դրա ժամանակագրությամբ էլ նվիրում եմ։ Արի, ցույց տամ։

Մազուկտան Շամբամբուկլիին ձեռքից բռնած քաշ տվեց և տարավ փոքրիկ մի աշխարհ, նույնիսկ՝ ոչ թե աշխարհ, այլ աշխարհի հատված։ Դա հարմարավետ կանաչ դաշտ էր՝ ծածկված թափանցիկ երկնային գմբեթով։ Գմբեթի տակ կախված էր արեգակը, իսկ ներքևում թափառում էին սպիտակ գառնուկների հոտեր։

― Սքանչելի՜ է,― խանդավառվեց Շամբամբուկլին։

― Էս ամբողջը՝ քեզ,― Մազուկտան ձեռքով ցույց տվեց պստլիկ աշխարհը։― Կարող ես շրջանակի մեջ դնել կամ օգտագործել այլ աշխարհի կառուցման ժամանակ։ Մի խոսքով՝ արա ինչ ուզում ես։

Շամբամբուկլին զննեց գառնուկների հոտերը։

― Հրապուրիչ տեսք ունի․․․ իսկ սրանք ի՞նչ կենդանիներ են։

― Սրանք գառներ են,― ուսերը թոթվեց Մազուկտան։― Քո հոտը։

― Հո՞տը։

― Դե հա։ Եթե դու նրանց արածացնում ես, ուրեմն, դու նրանց հովիվն ես։ Իսկ նրանք՝ քո գառները։ Ոչխարները, էլի։

― Իսկ այ էն կենդանին՝ սև, երկար պոզերով, նա ո՞վ է։

― Ա՜, դա․․․ Այծ է։

― Իսկ ինքը ինչի՞ է պետք։

― Հասկանում ես․․․― Մազուկտան վարանեց,― գառները տենցն են։ Ինչքան էլ հովիվը նրանց ճիշտ ճանապարհը ցույց չտա, նրանք մեկ է այծին են հետևում։ Ծայրահեղ դեպքում, այծ են անվանում ամենաչաղ ոչխարին։ Այնպես որ առանց նրա, ինքդ ես հասկանում, չի լինի։

― Այսինքն, նրանք իրենց տեր են համարելու ինչ֊որ այծի՞, այլ ոչ ինձ,― տխրեց Շամբամբուկլին։

Մազուկտան ծիծաղեց։

― Հոգ չէ՛։ Կարևորը, որ ինքը՝ այծը իմնանա, թե ով է տերը։

***

Դեմիուրգ Շամբամբուկլին հագավ ձեռնոցները, խռթոցով ճկեց մատներն ու գլխով արեց․ «սկսե՛նք»։

Մարդը լարվածությամբ թուքը կուլ տվեց։

― Իսկ միգուցե, մի ուրիշ․․․

― Չհասկացա,― ունքերը կիտեց դեմիուրգը,― քեզ կին պե՞տք է, թե չէ։

― Պետք է,― հոգոց հանեց մարդը։

― Իսկ որ պետք է, ստիպված ես դիմանալ։ Երկար չի տևի։

― Ցավալո՞ւ է,― դատապարտված հետաքրքրվեց մարդը։

― Էն էլ ոնց,― նրա մտավախությունները հաստատեց դեմիուրգը։― Դե մի՛ դողա։ Ես վիրահատությունը անզգայացումով կիրականացնեմ․․․

Մարդը թուլացավ։

―․․․ տեղային,― ավարտեց դեմիուրգը։

Մարդը գլուխը ներս քաշեց ուսերի մեջ և ձեռքերը ակամա սեղմեց փորին։

― Պարկի՛ր,― դեմիուրգը վճռական էր տրամադրված։ Նա հանգամանորեն չափեց ցավազրկողի բաժինը և ներարկեց պարկած մարդու փորին։

― Ույյ,― մեկնաբանեց մարդը։

― Դիմացի։ Տղամարդ ես ,թե չէ։ Կարծում ես կնոջը ավելի հե՞շտ է լինելու ծննդաբերել։ Նույնիսկ ավելի ցավոտ։

Մարդը գլխով արեց, փակեց աչքերը և լարված մատներով կառչեց վիրահատական սեղանի եզրից։

Վիրահատությունը երկար էր և դժվար։ Մարդը հայհոյանքներ էր գոռում, կանչում էր մամային, որ ծնված օրվանից չուներ, ամենավերջին վիրավորանքներն էր հորդում դեմիուրգի, ապագա կնոջ և ողջ կանացի ցեղի վրա, անիծում էր իր դյուրահավատությունը և երդվում, որ այլևս երբեք, ոչ մի դեպքում․․․ այստեղ վիրահատությունն ավարտվեց։

Դեմիուրգ Շամբամբուկլին վերջին կարը դրեց մարդու փորին, և սկսեց արարել կնոջը ամպուտացված կողոսկրից։ Այստեղ մարդը ոչ մի բանով չէր կարող նրան օգնել, գուցե միայն ժամանակ առ ժամանակ հուշեր՝ «մազերը․․․ լավ կլինի՝ կարմրահեր․․․ և կուրծքը մեծոտ․․․ երկու կուրծքն էլ, եթե կարելի է․․․ իսկ այս ստեղ՝ խալ․․․»։

Վերջապես ամեն ինչ պատրաստ էր և դեմիուրգ Շամբամբուկլին մարդու ձեռքը խոթեց նորածին էակին։

― Շնորհավորում եմ։ Կին է։

Մարդը, ճոճվելով ծանրությունից և արյան կորստից, ձեռքերի վրա տարավ՝ իրեն կույր հավատով գրկած կնոջը նոր քարայրի շեմից ներս։


― Ու ինչի՞ համար էր այս ամենը պետք,― հետաքրքրվեց վիրահատությանը ապակու հետևից հետևող դեմիուրգ Մազուկտան։

― Դու նկատի ունե՞ս, թե ինչի էին պետք ցավը, արյունն ու տանջանքները։

― Հենց դա։ Ինչքան ես եմ հասկանում, քո համար դժվար չէր լինի ամեն ինչ արագ և անցավ գլուխ հանել։ Բա էլ ինչի՞․․․

― Հասկանում ես․․․― մտացրիվ ձգեց Շամբամբուկլին, ձեռքերը լվանալով վիրահատությունից հետո,― ո՞նց ամեն ինչը պետք է լիներ։ Ահա մարդը կին ուզեց։ Խնդրեց արարչին ստեղծել։ Արարիչը ներարկեց նրան քնաբեր, պարկեցրեց քնելու, տրախ֊տիբիդոխ; իսկ երբ մարդը արթնացավ, նրան հրամցնում են արդեն պատրաստ կին և ասում են՝ «ան, վերցրու, օգտվիր»։ Ու ո՞նց նա կվերաբերվի նրան այդ ամենից հետո։

Մազուկտան քորեց ականջի հետևը և ձգեց․ «հասկանալի֊ի է․․․»

― Այդպես։ Իսկ սենց․․․ միգուցե նա գոնե մի քիչ կգնահատի՞ նրան,― հույսով արտաբերեց Շամբամբուկլին։

***

Դեմիուրգ Շամբամբուկլիի մոտ հյուր եկավ նրա ընկեր դեմիուրգ Մազուկտան։

― Բարև։ Ի՞նչ կա֊չկա։

― Դե ինչ կկարող է լինել իմ մոտ․․․ Ձանձրալի է։

― Իսկ դու մարդկանց հետ խաղա, սովորաբար օգնում է։

― Թոբա թե։ Մարդկանց էլ է ձանձրալի։ Վերջերս նրանք հորինեցին խորանարդիկներով խաղալ, էն էլ թողեցին։

― Խորանադրիկներո՞վ։

― Դե հա։ Չգիտե՞ս այդ խաղը։ Վերցնում ես կավ, դրանից ծեփում ես խորանարդ և թրծում ես արևի տակ։ Իսկ հետո խորանարդիկներից կառուցվում է աշտարակ։

― Հմմ․․․ հետաքրքիր միտք է։ Իսկ ինչի՞ են դադարել։

― Կռվեցին։ Մեկ՝ խորանարդիկները չեն կարողանում բաժանել, մեկ՝ ուրիշ մի բան։ Մեկն ասում է, թե սենց դիր, մյուսը՝ նենց է դնում։ Մեկն ուզում է փորագրված բազրիքներ, մյուսը ոլոր֊մոլոր աշտարակներ է պահանջում։ Մի խոսքով՝ լեզու չգտան։ Հիմա նստած են ամեն մեկը իր խրճիթում ու իրար հետ չեն խոսում։

***

Դեմիուրգ Շամբամբուկլիին հյուր եկավ նրա ընկեր դեմիուրգ Մազուկտան։

― Բարև, ի՞նչ ես սենց մռայլ։

― Սենց էլի․․․ Ինքդ նայիր։

― Գիշեր է, ի՞նչ կտեսնեմ։

― Ոչինչ, այնտեղ լուսավոր է։

Իրականում էլ, ամեն ինչ լավ երևում էր, քանզի քաղաքն այրվում էր։ Փողոցներում թավալ էին տալիս պաշտպանողների և հարձակվողների դիակները, փողոցով մեկ երկու հարբած զինվոր ընկել էին ճչացող կնոջ հետևից, ևս մեկը գործնական տեսքով սրբում էր սպանված քաղաքացու գրպանները։

― Եվ ի՞նչ,― հարցրեց Մազուկտան։

― Վատ է։

― Իսկ դու ի՞նչ էիր ուզում։ Սրանք մարդիկ են, պրիմիտիվ էակներ։

― Բայց ես իրենց ստեղծել եմ իմ կերպարով և նմանությամբ։― հեկեկաց Շամբամբուկլին։― Ի՞նչ է իմ մեջ էլ կան․․․ այ սենց բաներ։

― Հիմարություններ մի՛ ասա։― Փնչացրեց Մազուկտան։― Դու իրենց ելակետ ես տվել, միայն այդքանը։ Դե, ստեղծեցիր, քո նմանությամբ։ Իսկ հետո նրանք զարգացան արդեն ինքնուրույն, այդպես չէ՞։ Ահա և․․․ զարգացան։

― Իսկ ամենավախենալին գիտես ո՞րն է,― քիթը քաշեց Շամբամբուկլին։

― Ո՞րը։

― Այ էս ամենը․․․ ամեն ինչը,― անորոշ շարժումով տեղի ունեցող անկարգությունը ցույց տվեց Շամբամբուկլին,― նրանք անում են իմ պատվի համար ու իմ անունով։

― Էդ ո՞նց։― Զարմացած աչքերը ճպճպացրեց Մազուկտան,― Դու ուզում ես ասել, որ նրանք քեզ հավատո՞ւմ են։

― Չէ։ Չեն հավատում, երկրպագում են։

― Սարսափելի է,― ջղաձգվեց Մազուկտան։

― Ուհում։ Ինչ այլանդակություն ասես կանեն՝ «սա մեզ արարիչն է այսպես պատվիրել»։ Ես չէի կարող այդպիսի բաներ պատվիրել։ Նույնիսկ խմած ժամանակ։ Դե, դու գիես ինձ, ես ընդհանրապես գրեթե չեմ խմում։ Փոխարենը՝ իրանց խիղճը մաքուր է, նույնիսկ՝ հպարտանում են իրենցով։

― Մարդկային զոհաբերություններ դեռ չե՞ն անում,― գործանական տոնով տեղեկացավ Մազուկտան։

― Դեռ չէ․․․ կարծես։

― Շուտով կսկսեն, պատրաստվիր։ Ասում եմ, չէ՞, պրիմիտիվ էակներ։