Վերջին թարմացում 30 Սեպտեմբերի 2014, 13:43

Երեք ընկեր

Երեք ընկեր

հեղինակ՝ Էրիխ Մարիա Ռեմարկ
թարգմանիչ՝ Շահեն Թաթիկյան (ռուսերենից)

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


I

Արույրի նման դեղնավոսն երկինքը դեռ չէր պղտորվել ծխով և հատկապես ուժեղ էր լուսավորված ֆաբրիկայի տանիքներից այն կողմ։ Ահա ուր որ է պետք է դուրս գար արեգակը։ Ես նայեցի ժամացույցին. դեռ ութը չկար։ Քառորդ ժամ շուտ էի եկել սովորականից։

Ես բացեցի դարպասը և նախապատրաստեցի բենզինասյան պոմպը։ Այս ժամերին սովորաբար առաջին մեքենաներն արդեն մոտենում էին բենզին վերցնելու։

Մեկ էլ թիկունքիցս լսեցի մի խզխզոց ու տնքտնքոց, կարծես գետնի տակ պտտեցնում էին մի ժանգոտված պտուտակ։ Կանգ առա ու ականջ դրեցի։ Հետո բակի միջով գնացի դեպի արհեստանոցը և դուռը կիսաբաց արեցի։ Կիսախավար շենքում գայթելով թափառում էր մի ուրվական։ Ուրվականը կրում էր կեղտոտ, սպիտակ գլխաշոր, կապույտ գոգնոց, փափուկ, հաստ կոշիկներ և լայն-լայն շարժումներով ետ ու առաջ էր տանում ավելը. ուրվականը կլիներ ամենաքիչը իննսուն կիլոգրամ։ Դա մեր հավաքարարուհի Մաթիլդա Շտոսսն էր։

Մի որոշ ժամանակ ես դիտում էի նրան։ Գետաձիու նազանքով նա ետ ու առաջ էր անում ավտոմոբիլների ռադիատորների միջև և խուլ ձայնով երգում հավատարիմ հուսարին նվիրված մի երգ։ Պատուհանի մոտ սեղանին դրված էր կոնյակի երկու շիշ։ Մեկի մեջ համարյա բան չէր մնացել։ Նախորդ օրը, երեկոյան, այն լիքն էր։

— Բայց ֆրաու Շտոսս...— ասացի ես։

Երգն ընդհատվեց։ Ավելն ընկավ հատակին։ Երանավետ ժպիտը մարեց։ Հիմա արդեն ես էի ուրվականի դերում։

— Հիսուս քեզ Քրիստոս,— կակազելով մրմնջաց Մաթիլդան և վրաս չռեց կարմրած աչքերը։— Այսքան վաղ ես ձեզ չէի սպասում։

— Հասկանում եմ։ Հը, ինչպե՞ս էր։ Հավանեցի՞ք։

— Ի՜նչ խոսք, բայց ես այնքան անհարմար եմ զգում,— նա սրբեց բերանը։— Ես ուղղակի խելքս թռցրել եմ։

— Այդ արդեն չափազանցություն է։ Դուք միայն հարբած եք։ Մահու չափ հարբած։

Ֆրաու Շտոսսը դժվարությամբ էր հավասարակշռությունը պահպանում։ Նրա բեղիկները դողդողում էին, և կոպերը պառավ բուի կոպերի նման թարթվում։ Բայց աստիճանաբար նրան հաջողվեց մի քիչ ուշքի գալ։ Նա վճռականորեն առաջ եկավ։

— Պարոն Լոկամպ, մարդը ընդամենը մարդ է։ Սկզբում ես միայն հոտ քաշեցի, հետո մի կում արեցի. ախր իմ ստամոքսը կարգին չէ, իսկ հետո էլ, երևում է, սատանան ինձ գայթակղեց։ Պետք չէր պառավ կնոջը մոլորության մեջ քաշել և շշերը թողնել սեղանին։

Առաջին անգամը չէր, որ ես նրան բռնացնում էի այդ վիճակում։ Ամեն առավոտ նա երկու ժամով գալիս էր արհեստանոցը հավաքելու. ուզածիդ չափ փող թողնեիր, նա ձեռք չէր տա։ Բայց օղին նրա համար նույնն էր, ինչ որ ճարպը առնետի համար։

Ես բարձրացրի շիշը։

— Դե, իհարկե, հաճախորդների կոնյակին դուք ձեռք, չեք տվել, այլ զոռ եք տվել լավ տեսակին, որը պարոն Կեստերը պահում է իր համար։

Մաթիլդայի հողմահարված դեմքի վրա մի քմծիծաղ առկայծեց։

— Ինչ որ ճիշտ է՝ ճիշտ է, դրանից ես գլուխ հանում եմ։ Բայց, պարոն Լոկամպ, դուք հո ինձ, անօգնական այրուս, չեք մատնի։

Ես գլուխս օրորեցի։

— Այսօր՝ ոչ։

Նա շրջազգեստի վեր քաշած փեշերը ցած թողեց։

— Որ էդպես է, ծլկեմ։ Թե չէ պարոն Կեստերը կգա, և այն ժամանակ էնպես մի բան կսկսվի, որ...

Ես մոտեցա պահարանին ու բաց արեցի։

— Մաթիլդա։

Նա ոտքերը քստքստացնելով, շտապեց մի կողմ։ Ես վեր բարձրացրեցի շագանակագույն քառանկյունի շիշը։

Նա բողոքով ձեռքերը թափահարեց։

— Այդ ես չեմ, ազնվությամբ եմ երդվում։ Դրան ես ձեռք չեմ տվել։

— Գիտեմ,— պատասխանեցի ու մի չիքը գավաթ լցրեցի։— Իսկ ձեզ ծանո՞թ է այս խմիչքը։

— Այն էլ ինչպե՜ս,— նա լիզեց շրթունքները։— Ռոմ է։ Հնացրած, թունդ, յամայական։

— Ճիշտ է։ Ահա մի գավաթ խմեցեք։

— Ե՞ս,— նա, օրորվելով, ետ-ետ գնաց։— Պարոն Լոկամպ, դա արդեն չափից դուրս է։ Դուք չարչարում եք ինձ մարմանդ կրակով։ Պառավ Շտոսսը գաղտագողի լակել է ձեր կոնյակը, իսկ դուք-դեռ նրան ռոմ էլ եք հրամցնում։ Դուք պարզապես սուրբ եք, ահա թե ինչ։ Ո՛չ, ավելի Լավ է սատկեմ, քան թե խմեմ։

— Ահա թե ի՜նչ,— ասացի ես և ձևացրի, թե պատրաստվում եմ ռոմը նորից տեղը դնել։

— Դե որ այդպես է,— նա շտապեց հափշտակել գավաթը։ — Քանի որ տալիս են՝ պետք է վերցնել։ Նույնիսկ այն դեպքում, երբ կարգին չգիտես էլ, թե ինչու են տալիս։ Ձեր կենացը։ Գուցե այսօր՝ ձեր ծննդյան օ՞րն է։

— Հենց էդ է որ կա, Մաթիլդա, դուք գլխի ընկաք։

— Իսկապե՞ս։ Ճշմարի՞տ,— նա ամուր բռնեց իմ ձեռքն ու թափահարեց։— Ամբողջ սրտով երջանկություն եմ ցանկանում։ Մեկ էլ որքան կարելի է շատ փող։ Պարոն Լոկամպ,— նա այստեղ սրբեց բերանը։— Ես այնպես հուզվեցի, որ հարկավոր է մի հատ էլ գցել։ Ախր, ես ձեզ սիրում եմ, ինչպես հարազատ որդուս։

— Հիանալի է։

Ես նրա համար մի գավաթ էլ լցրեցի։ Նա մի շնչով խմեց այն և բարի ցանկություններ տեղալով, դուրս եկավ և արհեստանոցից։


Ես շշերը հավաքեցի ու նստեցի սեղանի առաջ։ Արևի մի գունատ ճառագայթ, թափանցելով պատուհանից, լուսավորում էր իմ ձեռքերը։ Համենայն դեպս մի տարօրինակ զգացում ես ունենում քո ծննդյան օրը, եթե անգամ մի առանձին նշանակություն չես տալիս դրան։ Երեսուն տարի՜... Կար մի ժամանակ, ձրբ ինձ թվում էր, թե ես ոչ մի կերպ չեմ հասնի քսան տարեկանին, այնքան էի շտապում հասուն մարդ դառնալ։ Իսկ հետո...

Արկղիկից հանեցի փոստային թղթի մի թերթիկ ու ակսեցի մտաբերել։ Մանկություն, դպրոց... Այդ ամենն այնքա՜ն հեռու են մնացել, որ թվում է, թե բոլորովին չեն էլ եղել։ Իսկական կյանքը սկսվեց միայն 1916 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ ես դարձա նորակոչիկ։ Բարալիկ, լոլոզ, տասնութամյա պատանիս պառկում ու վեր էի թռչում զորանոցի ետևում գտնվող հին վարելահողերի վրա՝ բեղավոր մի ենթասպայի հրամանով։ Առաջին իսկ երեկոներից մեկի Ժամանակ մայրս եկավ զորանոց՝ ինձ այցելության։ Նա հարկադրված եղավ մի ամբողջ ժամ սպասել։ Ես սխալ էի կապել ուսապարկս և որպես պատիժ պարտավոր էի ազատ ժամիս մաքրել արտաքնոցը։ Մայրս ուզում էր օգնել ինձ, բայց նրան թույլ չտվեցին։ Նա լաց էր լինում, իսկ ես այնքան էի հոգնել, որ անմիջապես քնեցի, հենց որ նստեցի նրա կողքին։

1917 թվական։ Ֆլանդրիա։ Ես ու Միդենդորֆը գինու մառանից մի շիշ կարմիր գինի առանք։ Ուզում էինք մի քիչ քեֆ անել։ Բայց չստացվեց։ Լուսադեմին անգլիացիք փոթորկալից կրակ բաց արեցին։ Կեսօրին Կեստերը վիրավորվեց։ Մայերն ու Պետերսը սպանվեցին երեկոյան։ Իսկ գիշերվա դեմ, երբ հույս ունեինք հանգստանալու և այդ շիշը թացեցինք, սկսվեց գազային գրոհը։ Հեղձուցիչ ամպերը սողոսկեցին դեպի բլինդաժները։ Ճիշտ է, մենք ժամանակին հագանք մեր հակագազերը, բայց Միդենդորֆի դիմակը պատռվեց։ Երբ նա նկատեց այդ, արդեն ուշ էր։ Մինչ նա կպոկեր դիմակն ու մեկ ուրիշը կփնտրեր, ահագին գազ կուլ տվեց, ու նրա բերանից սկսեց արյուն գալ։ Նա մեռավ հաջորդ առավոտյան. դեմքը կանաչել էր ու սևացել, իսկ վիզն ամբողջապես քրքրվել էր։ Միդենդորֆն ուղղակի պատառոտել էր իր վիզը, որպեսզի շնչելու հնար ունենար։

1918։ Այդ արդեն հոսպիտալումն էր։ Երկու օր առաջ ժամանեց վիրավորների մի նոր խումբ։ Ծանր վիրավորներ էին։ Սպիտակ վիրակապերով կապված վերքեր։ Տնքոցներ։ Ամբողջ օրը գնում ու գալիս էին օպերացիոն նեղլիկ սայլակները։ Երբեմն նրանք վերադառնում էին դատարկ։ Իմ կողքին պառկած էր Իոզեֆ Շտոլը։ Նրա ոտքերն արդեն չկային, բայց ինքը դեռ չգիտեր այդ։ Նա չէր կարող այդ տեսնել, քանի որ այնտեղ, ուր ոտքերը պետք է լինեին, ցցված էր մետաղալարերից սարքված մի կարկաս, որը ծածկված էր վերմակով։ Ասենք, նա չէր էլ հավատա դրան, քանի որ նրա ոտքերը դեռ ցավում էին։ Մի գիշերում մեր հիվանդասրահում երկու հոգի մեռան։ Մեկը մեռավ շատ դժվարությամբ, երկար չարչարանքներից հետո։

1919։ Նորից տանն եմ։ Հեղափոխություն։ Քաղց։ Փողոցից ամբողջ ժամանակ լսվում է գնդացիրների տկտկոց։ Զինվորները կռվում են զինվորների դեմ։ Ընկերները՝ ընկերների դեմ։