«Զրույցներ»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
 
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 
[[Կատեգորիա:Արձակ]]
 +
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
 +
[[Կատեգորիա:Ոչ գեղարվեստական]]
  
 
{{անավարտ}}
 
{{անավարտ}}

Ընթացիկ տարբերակը 21:53, 3 Ապրիլի 2016-ի դրությամբ

Զրույցներ

հեղինակ՝ Կոնֆուցիոս
թարգմանիչ՝ Արա Առաքելյան (գերմաներենից)


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գլուխ առաջին

1.1. Կոնֆուցիոսն ասաց.

― Մի՞թե մեծ բավականություն չէ այն, երբ սովորում ես մի բան և հետո մշտապես վարժվում սովորածիդ մեջ[1]։

― Մի՞թե ուրախանալու պատճառ չէ այն, որ դիմավորում ես հեռվից եկող բարեկամներիդ։

Մի՞թե ազնվականի նշաններ չունի այն մարդը, որը թեև չի ճանաչվում մարդկանցից, սակայն դրա համար երբեք ու երբեք չի դառնանում։

1.2. Յոու-ցզին[2]՝ Կոնֆուցիոսի աշակերտներից մեկն, ասաց.

― Հազվագյուտ մարդիկ կարող են լինել, որ ծնողների նկատմամբ պատկառանք և եղբայրների նկատմամբ հարգանք[3] ունենալով հանդերձ՝ ձգտեն ըմբոստանալ ավագների դեմ։ Եվ առհասարակ չեն կարող լինել այնպիսիք, որ ավագների նկատմամբ ըմբոստությանը դեմ լինելով, այնուամենայնիվ անկարգություն և խռովություն սերմանեն։

Ազնվական մարդը ամենից առաջ նա է, ով իր ուժերը նվիրաբերում է կյանքի հիմքերը ամրապնդելուն, քանզի եթե ամուր են հիմքերը, ապա կգտնվի նաև ճիշտ ճանապարհը։

Պատկառանք ծնողների հանդեպ և սեր եղբայրների (նկատմամբ՝ սրանք են բարոյականության արմատները[4]։

1.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Շողոքորթ խոսքեր և կեղծավոր դեմք՝ ինչպե՞ս կարելի է դրանք համատեղել լավ բնավորության հետ։

1.4. Ցզեն-ցզին՝ Կոնֆուցիոսի աշակերտներից մեկն, ասաց.

— Ամեն օր ես ինձ ստուգում եմ երեք բանում։ Արդյո՞ք ուրիշների հանդեպ եղել եմ անկեղծ ու վստահելի, շիտա՞կ եմ վարվել ընկերներիս հետ, և վերջապես՝ ըմբռնե՞լ եմ այն, ինչ կարդացել եմ։

1.5. Կոնֆուցիոսն ասաց.

— Ընդամենը հազար մարտակառք[5] ունեցող պետության թագավորը պարտավոր է ուշադիր և իմաստուն լինել իր բոլոր արարքների մեջ։ Նա պետք է կարողանա չափը պահպանել և սիրել մարդկանց։ ժողովրդի նկատմամբ նրա պահանջները չպետք է կամայական լինեն։

1.6. Կոնֆուցիոսն ասաց.

— Երիտասարդ մարդը տանը լսող ու հարգալից պետք է լինի ծնողների հանդեպ, իսկ դրսում իրեն պահի ճիշտ այնպես, ինչպես կրտսեր եղբայրը ավագի մոտ, այսինքն՝ ակնածանքով և ուշադրությամբ։ Նա պետք է ամենքի հանդեպ համակված լինի սիրով ու բարությամբ։

Այս ամենից հետո, եթե նրա մեջ դեռ ուժ կմնա, թող է նվիրվի գրքերին։

1.7. Աշակերտը՝ Ցզի-սյան, ասաց.

Ով մեծապես գնահատում է բնավորությունը, խիզախությունը և իմաստությունը, բայց ոչ՝ ձևականությունը, Ով պատրաստակամ է ծնողների համար և անձնվիրաբար ծառայում է իր թագավորին, ով հարգանքով է վարվում ընկերների հետ, եթե անգամ ինձ առարկեն, ես կասեի, որ այդ մարդը կրթված է։

1.8. Կոնֆուցիոսն ասաց.

― Եթե ազնվականն իրեն չպահի լուրջ ու արժանապատվորեն, ապա հարգանք չի վայելի, եթե անգամ կրթված լինի, ուրեմն նրա կրթությունը հիմնավոր չէ։

Պետք է միշտ հավատարիմ լինել, անկեղծ ու վստահելի։ Մի ունեցիր բարեկամներ, որոնք արժանի չեն քեզ։

Եթե սխալ ես գործել, երբեք մի վախեցիր ուղղելուց։

1.9. Ցզեն-ցզին ասաց.

— Եթե մարդիկ ծնողների մահվան ժամանակ իրենց պահեն պատշաճ, ինչպես պահանջում է ծեսը, և հետևեն նախնիների խորհուրդներին, ապա դրանից ավելի կամրանա ժողովրդի բարոյականությունը։

1.10. Ցզի-ցին հարցրեց Ցզի-գունին.

— Եթե իմաստունը մի որևէ երկիր է գնում և ցանկանում է իմանալ, թե ինչպես են այնտեղ մարդիկ կառավարվում, ապա այդ մասին նա՞ է հարցնում, թե՞ նրան լուր են տալիս։

Ցզի-գունը պատասխանեց.

— Իմաստունը պարտավոր է լինել սիրալիր, բարեհամբույր, քաղաքավարի, զուսպ և մեղմ։ Նման պահվածքի դեպյքում նա արժանի է ամեն ծառայության։ Եվ մի՞թե դրանով նա չի տարբերվում մյուսներից։

1.11. Կոնֆուցիոսն ասաց․

— Քանի դեռ ողջ է հայրդ, ենթարկվիր նրա կամքին։

Նրա մահվանից հետո կողմնորոշվիր այն գործերով, որ կատարել է նա։ Եվ եթե երկար ժամանակ չշեղվես հորդ ճանապարհից, կարելի է ասել, որ քեզ պահում ես արժանապատվորեն ու հարգանքով։

1.12. Յոու-ցզին ասաց.

— Ծեսերի կատարման և զոհաբերությունների ժամանակ ամենից առաջ մեծ ուշադրություն է դարձվում ներդաշնակությանը։

Հին թագավորների ճանապարհը աչքի էր ընկնում նրանով, որ կյանքի մեծ ու փոքր գործերում նրանք այդպես էին վարվում։ Մարդը ձգտում է ներդաշնակության՝ նկատի ունենալով դժվարությունները, և հասկանում է, որ այդ նպատակին կարող է հասնել միայն այն ժամանակ, երբ իր կենցաղը ենթարկի ժամանակի համար պատշաճ ծեսերին ու արարողություններին։

1.13. Յոու-ցզին ասաց.

— Ով հավատարմորեն կատարում է իր պարտականությունները, պետք է կատարի նաև այն, ինչ խոստանում է։ Ով հոգ է տանում վարքի ու պատշաճության ընդհանուր օրենքների պահպանության մասին, կարող է խուսափել ամոթից ու անպատվությունից։ Հույսդ դիր մերձավորներիդ վրա և կունենաս հուսալի հենարան։

1.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականը ուտելիս պահպանում է չափը և կյանքում չի ձգտում հարմարավետության։ Նրա արարքները միշտ խելոք են, խոսքերը՝ մտածված։ Նա իր անձը նվիրում է այն ամենին, ինչը ճշմարիտ է ու արդար։

Նման մարդու մասին կարելի է ասել, որ դրանով նա ձգտում է սովորել։

1.15. Աշակերտը՝ Ցզի-գունն, ասաց.

— Ի՞նչ կասեք այն մարդու մասին, որն աղքատության օրերին ստորաքարշ և հարստության օրերին մեծամիտ չէ։

Ուսուցիչը նկատեց.

— Դա շատ լավ է, բայց ավելի լավ է աղքատության մեջ ուրախ լինել, իսկ հարստության մեջ՝ չմոռանալ բարեկրթության, քաղաքավարության ու վայելչության օրենքների նկատմամբ սերը։

Ցզի-գունն ասաց.

— «Երգերի գրքում»[6] գրված է.

Կտրել ու փայլեցնել փղոսկրի նման,
Հղկել ու հարթել
Ինչպես թանկագին քար[7]։

Ի՞նչ է նշանակում դա։

Ուսուցիչը պատասխանեց.

— Ցզի-գուն, այժմ քեզ հետ կարելի է խոսել «Երգերի գրքի» մասին։ Ես քեզ միայն մեկ օրինակ տվեցի, բայց դա անմիջապես հասկացար, թե խոսքն ինչի մասին է։

1.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Ինձ չի վշտացնում այն միտքը, որ մարդիկ ինձ չեն ճանաչում, այլ այն, որ ես նրանց չեմ ճանաչում։


Գլուխ երկրորդ

2.1. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով ղեկավարվում է բարոյականության օրենքներով, նրան կարելի է նմանեցնել բևեռային աստղին, որ մշտապես իր տեղում է, իսկ մյուսները խոնարհաբար շրջապատում են նրան։

2.2. Կոնֆուցիոսն ասաց.

— «Երգերի գիրքը» թեև բաղկացած է երեք հարյուր մասից, բայց եթե կամենանք այդ ամենը արտահայտել մեկ նախադասությամբ, ապա կստացվի այսպես՝ չար ու վնասակար մտքեր այստեղ չեն բարբառում[8]։

2.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե հնազանդությունը ամրապնդվի օրենքներով և կարգապահությունը՝ պատիժներով, ապա ժողովուրդը կաշխատի շրջանցել օրենքներն ու պատիժները և խիղճն ամբողջովին կկորցնի։

Իսկ, ընդհակառակն, եթե ժողովուրդը ղեկավարվի բարոյականության օրենքներով և կարգապահությունն ամրապնդվի ընդունված ծեսերի ու արորողությունների պահպանության ճանապարհով, ապա նա ոչ միայն խիղճը չի կորցնի, այլև կունենա ամոթի զգացում և կարգը կպահի գիտակցաբար[9]։

2.4. Կոնֆուցիոսն ասաց.

— Երբ դարձա տասնհինգ տարեկան, ամբողջովին տրվեցի ուսմանը։

Երեսուն տարեկանում ձևավորվեցի վերջնականապես։ Քառասուն տարեկանում այլևս կասկածներ չունեի։

Հիսուն տարեկանում ես ճանաչեցի երկնքի կամքը։

Երբ դարձա վաթսուն տարեկան, նուրբ լսողությամբ կարողացա տարբերել Բարին ու Չարը, Ճշմարիտն ու Կեղծը։

Յոթանասուն տարեկանում հնազանդվեցի սրտիս կամքին՝ առանց խախտելու Չափը։

2.5. Մենգ-ի-ցզին հարցրեց, թե ինչպես պետք է իրեն պահել ծնողների մոտ։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

― Չպետք է մոռանալ հարգանքի և հնազանդության օրենքները։

Եվ երբ Ուսուցիչը աշակերտի՝ Ֆան Չիի հետ ճանապարհ էր գնում, և սա սայլն էր վարում, ասաց.

― Մեն Սուն (Մենգ-ի-ցզին) ինձ հարցրեց, թե ինչպե՞ս պետք է իրեն պահել ծնողների մոտ և ես պատասխանեցի՝ չպետք է մոռանալ հարգանքի և հնազանդության օրենքները։

Դրան Ֆան Չին պատասխանեց.

— Ի՞նչ է նշանակում դա։

Ուսուցիչն ասաց.

— Քանի դեռ նրանք ողջ են, պետք է այնպես ծառայել, ինչպես վայել է նրանց։ Իսկ երբ մահանում են, պետք է թաղել ծեսի համաձայն և նրանց արժանի զռհեր մատուցել[10]։

2.6. Մեն-ու-բոն հարցրեց, թե ի՞նչ պարտականություններ ունեն որդիները ծնողների հանդեպ։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

Որդիները պետք է լինեն այնպիսին, որ ծնողներին հոգս պատճառեն միմիայն հիվանդանալիս։

2.7. Ցզի-յոուն՝ աշակերտը, հարցրեց, թե ինչպե՞ս պետք է իրեն պահել ծնողների մոտ։

Կոնֆուցիոսն ասաց.

— Առհասարակ այն, ինչ մենք հասկանում ենք ծնկների նկատմամբ պարտականություն ասելով, ամենից առաջ սրանց կերակրելու պատրաստակամությունն է։

Բայց մարդիկ կերակրում են նաև իրենց շներին ու ձիերին։

Ուրեմն եթե մարդ ծնողների նկատմամբ հարգանք չունենա, էլ ի՞նչ տարբերություն կարող է լինել նրանց ապրուստի մասին հոգ տանելու և շուն ու ձի պահելու մեջ։

2.8. Ցզի-սյան՝ աշակերտը, հարցրեց, թե ինչպես պետք է իրեն պահել ծնողների աոաջ։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Միշտ էլ դժվար է ծնողների առաջ խոնարհ կանգնել և քաղաքավարի լինել, հետն էլ ուրախ տեսք պահպանել։ Բայց իսկական մեծարանքը այն է, երբ զավակները թեթևացնում են իրենց ծնողների աշխատանքը և նրանց առաջ գինի ու հաց են դնում։

2.9. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես ամբողջ օրը խոսում եմ Հուի[11] հետ, և նա ոչ մի անգամ ինձ չի առարկում։ Կարծես հիմար լինի։ Բայց երբ մնում է մենակ, քննում է ինքն իրեն այնքան, մինչև ի վիճակի է լինում հասկանալու այն, ինչ ուսուցանել եմ նրան։ Հուին ամենևին էլ հիմար չէ։

2.10. Կոնֆուցիոսն ասաց.

Եթե մենք հետևենք, թե որքան հնարքներ է բանեցնում մարդը իր նպատակներին հասնելու համար, եթե քննենք այն բոլոր շարժառիթները, որ որոշում են նրա արարքները, եթե ստուգենք, թե ինչի մեջ է նրա հոգին հանգիստ գտնում և թե ինչն է հուզում նրան, այդ դեպքում մարդն ինչպե՞ս կարող է մնալ գաղտնիք։ Այդ դեպքում ինչպես կարող է նա իր էությունը թաքցնել։

2.11. Կոնֆուցիոսն ասաց.

― Ով պահպանում է հինը և դրա հետ մեկտեղ յուրացնում նոր գիտելիքներ և իմաստություններ, կարող է դառնալ մարդկանց ուսուցիչ և օրինակ։

2.12. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականը թույլ չի տալիս իրեն վերաբերվել այնպես, ինչպես գործիքի։

2.13. Ցզի-գունն հարցրեց, թե ինչ է նշանակում լինել ազնվական։ Ուսացիչը պատասխանեց.

— Դա նշանակում է՝ գործել այնպես, ինչպես մտածել ես և ապա՝ խոսել այնպես, ինչպես գործել ես։

2.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդը իրեն պահում է բոլորին հավասար և բոլորի նման։ Դրան հակառակ՝ հասարակ մարդիկ սիրում են ընկերակցություն և խմբակցություններ կազմել։

2.15. Կոնֆուցիոսն ասաց.

Անօգուտ է սովորելն առանց խորհրդածելու, իսկ խորհրդածելն առանց որևէ բան սովորած լինելու՝ վնասակար։

2.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Օտար և կեղծ ուսմունքներով տարվելը միայն վնասակար է։

2.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Ցզի-լու, հիմա ես քեզ կասեմ գիտելիքների ճշմարիտ բանալին։

Քեզ խելոք համարիր նրանով, ինչ որ գիտես։
Եվ ընդհակառակն՝ ինչ չգիտես, խոստովանիր։
Ահա սա է գիտելիքների ճշմարիտ բանալին։

2.18. Ցզի-շանը՝ աշակերտը, ուզում էր սովորել՝ պաշտոնյա դաոնալու համար։

Ուսուցիչն ասաց.

— Շատ լսիր, խուսափիր այն գործերից, որոնց հանդեպ կասկածներ ունես, զգույշ եղիր բառերիդ ընտրության մեջ և այդ դեպքում քիչ կարժանանաս պարսավանքների։

Շուրջդ նայիր, խուսափիր այն ամենից, ինչը վտանգավոր է և առհասարակ եղիր խոհեմ ու խելացի։ Այդ դեպքում չես զղջա։

Հասարակական պաշտոն կարող է զբաղեցնել նա, ով խոսելիս պարսավանքների առիթ չի տալիս իր հասցեին և քիչ առիթներ է ունենում զղջալու։

2.19. Աի-գունը՝ Լու երկրի տիրակալը, հարցրեց.

— Ի՞նչ պետք է անել, որ ժողովուրդը հնազանդ լինի։ Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Եթե բարձրացնեք արդարներին, իսկ անազնիվներից հեոու մնաք, ժողովուրդը հնազանդ կլինի։ Եվ ընդհակսռակն, եթե անազնիվները պատվի արժանանան, իսկ արդարները՝ մերժվեն, ժողովուրդը հնազանդ չի լինի։

2.20. Հի Կան-ցզին հարցրեց.

― Ինչպես անել, որ ժողովուրդը լինի հնազանդ ու հավատարիմ, իսկ մարդիկ միմիայն բարի գործեր կատարեն։

Ուսուցիչը պատասխան տվեց.

― Կառավարեք ժողովրդին արժանապատվությամբ, և նա կլինի հնազանդ։ Երբ դուք ինքներդ դրա օրինակը տաք, ապա նա կլինի հավատարիմ։ Խրախուսեք նրանց, ովքեր արժանի են, խրատներ տվեք նրանց, ովքեր ոչինչ չգիտեն, և մարդիկ կձգտեն միմիայն բարի գործեր կատարել։

2.21. Մեկը հարցրեց Կոնֆուցիոսին.

— Ինչպես է, որ պաշտոն չունեք և չեք մասնակցում երկրի կառավարմանը։

Ուսուցիչը պատասխանեց.

— «Պատմաթյանց գրքում»[12] ասված է՝ հարգանք ունեցեք ծնողների նկատմամբ, ծնողների նկատմամբ հարգանքը և եղբայրական սերը, որ առաքինություններ են, ազդում են քաղաքականության վրա։ Ուրեմն դրանց մասին հոգ տանելով, կարելի է նպաստել պետական և հասարակական կարգապահության բարելավմանը։ Ինչու միայն հայտնի պաշտոններ զբաղեցնելը համարենք ծառայություն։

2.22. Կոնֆուցիոսն ասաց.

― Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մարդն ապրել առանց անկեղծության։ Դա նույնն է, թե սայլն ունենա առեղ, բայց առանց լծի՝ եզներ լծելու համար։ Ինչպես կարող է այդ սայլն առհասարակ շարժվել։

2.23. Ցզի-շանը հարց տվեց.

― Կարելի՞ է իմանալ, թե տաս սերունդ հետո ինչ կլինի։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

― Ցիա[13] հարստությանը, նրա բարքերին ու օրենքներին հաջորդեց Ին հարստությունը[14]։ Թե ինչը նրանք այդ ամենից պահպանեցին և ինչը, որպես արատավոր, մի կողմ նետեցին, մենք գիտենք։

Ին հարստությանը, նրա բարդերին և օրենքներին հաջորդեց Չժոու[15] հարստությունը։ Թե ինչ են նրանք պահպանել և ինչ են դեն նետել, նույնպես գիտենք։

Եթե Չժոու հարստությանը փոխարինեն նորերը, ապա կարելի է ենթադրել, թե ինչ է լինելու հարյուր տարի հետո։

2.24. Կոնֆուցիոսն ասաց.

Ով զոհ է մատուցում այն աստվածներին, որ իր նախահայրերինը չեն, շողոքորթ է։

Ով իր պարտականությունը գիտի, բայց խույս է տալիս նրանցից, վախկոտ է։


Գլուխ երրորդ

3.1. Հի ընտանիքի ավագի մասին Կոնֆուցիոսն ասաց.

― Ծիսական երաժշտության և պարերի համար նա պահում է ութ երգչախումբ։

Եթե նա ուժ ունի այդ բանն անելու, ուրեմն էլ ի՞նչ չի կարող անել[16]։

3.2. Լու պետության ազնվական երեք տոհմեր, իրենց նախնիներին զոհ մատուցելուց հետո, երգեր կատարեցին «Ներբողների գրքից», որ Չժոու հարստության տիրակալների մենաշնորհն էր։

Այդ մասին Կոնֆուցիոսն ասաց.

― Չէ որ «Ներբողների գրքում» ասված է՝ «Զոհաբերման ծեսը ղեկավարում է ինքը՝ թագավորը, երկնքի որդին, լուրջ ու տոնական, շրջապատված իշխաններով»։ Ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի այդ երգերը հնչեցնել երեք տոհմերի զոհարանում։

3.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով չգիտի իր պարտականությունները մարդկանց հանդեպ, ինչպես կարող է ծիսական օրենքներն ու վարվելաձևերը պահպանել։

Ով չգիտի իր պարտականությունները մարդկանց հանդեպ, ինչպես կարող է հասկանալ երաժշտությունը։

3.4. Լին Ֆանգը հարցրեց տոնական սովորությունների և ծեսերի օրենքների մասին։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Դա շատ կարևոր է իմանալ։ Տոնական ծեսերն ավելի շատ անպաճույճ պետք է լինեն, քան շքեղ։ Իսկ թաղման ժամանակ ավելի կարևոր է վիշտը, քան արարողության օրենքները բծախնդրորեն կատարելը։

3.5. Կոնֆուցիոսն ասաց.

― Եթե բարբարոսները թագավոր ունենան, ապա միևնույն է, նրանք ոչնչով չեն կարող համեմատվել մեր մեծ պետության հետ, եթե անգամ նա թագավոր չունենա։

3.6. Հի ընտանիքի ավագը, հավակնելով չափվել Չժոու հարստության տիրակալների հետ, կամեցավ զոհ մատուցել Թաի լեռան[17] ոգուն։ Ուսուցիչն ասաց Ռան Յուին.

— Դու դա չե՞ս կարող խափանել։

Ռան Յան պատասխանեց.

— Ոչ, չեմ կարող։

Այդ Ժամանակ Կոնֆուցիոսն ասաց.

— Ափսոս Թաի լեռան ոգուն, հակառակ բարոյականությանը, նա ինչպե՞ս պետք է ընդունի այդ զոհաբերությունը։

3.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդիկ ոչ մեկի հետ մրցման մեջ չեն մտնում, բայց եթե դա անհրաժեշտ է, ապա միայն նետաձգությամբ։ Սակայն այստեղ էլ մրցողները սկզբում միմյանց գլուխ են տալիս, իսկ նետաձգությունից հետո նստում և խոնարհ ողջույնների ներքո գինի են խմում։ Այդպես մրցելը պատշաճ է միայն ազնվականներին։

3.8. Ցզի-սյան՝ աշակերտը, հարցրեց.

— Ի՞նչ են նշանակում «Երգերի գրքի» այս տողերը.

«Կախարդանք է նրա ժպիտը գեղեցիկ,
Հրապուրիչ է փայլը աչքերի,
Որ զարդեր են կարծես ճերմակ հիմնաներկի վրա»։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Նախ ճերմակ հիմնաներկն է ստեղծվում, հետո միայն գույնզգույն զարդերը։

Ցզի-սյան դրան պատասխանեց.

— Ուրեմն վարվելակերպի կանոններն ու վարքի օրենքները նո՞ւյնպես հետո են ստեղծվում։

Ուսուցիչն ասաց.

— Ցզի-սյան արտահայտում է իմ մտքերը։ Ես արդեն կարող եմ նրա հետ խոսել «Երգերի գրքի» մասին։

3.9. Կոնֆուցիոսն ասաց.

― Ես կարող էի խոսել Սյա հարստության բարքերի, սովորույթների մասին, սակայն նրանց հետնորդները Հի պետության մեջ դրա համար բավարար տեղեկություններ չեն թողել։

Կարող էի խոսել նաև Ին հարստության բարքերի և սովորույթների մասին, բայց Շան պետության մեջ նրանց հետնորդները նույնպես շատ քիչ տեղեկություններ են թողել։ Նրանք շատ քիչ փաստաթղթեր ու տեղեկություններ են թողել, այլապես ես դրանք որպես ապացույցներ կօգտագործեի։

3.10. Կոնֆուցիոսն ասաց.

— Մեծ զոհաբերությունների ժամանակ գինու հեղումից հետո ինձ համար այլևս հաճելի չէ նայել մյուս արարողությունները։

3.11. Մեկը խնդրեց Կոնֆուցիոսին մեկնաբանել մեծ զոհաբերությունը։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Ես դա չեմ կարող անել, իսկ նա, ով հասկանա մեծ զոհաբերության իմաստը, նույնքան հեշտությամբ կկառավարի երկիրը, որքան և այս բանն անելը,— և նա ցույց տվեց ձեռքի ափը։

3.12. Կոնֆուցիոսը զոհ էր մատուցում իր նախնիներին այնպես, ասես թե նրանք կանգնած են իր առաջ։

Նա ոգիներին զոհ էր մատուցում այնպես, ասես թե նրանք մասնակից են զոհաբերությանը։

Կոնֆուցիոսն ասում էր. «Եթե ես չմասնակցեմ գոհաբերությանը անձամբ, ապա կնշանակի, որ ես ոչ մի զոհաբերություն էլ չեմ կատարել։ Չի կարելի թույլ տալ, որ մեր փոխարեն ուրիշ որևէ մեկը ներկա լինի արարողությանը։

3.13. Վան-սու Ցզյան՝ վայ պետության մի բարձրաստիճան ծառայող, հարցրեց.

― Ի՞նչ են նշանակում այս բառերը՝ «Ավելի լավ է օջախի ոգու համակրանքը վայելել, քան թե տան ներսի ոգու»։ Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Այդ բառերը կեղծ են։ Նա, ով մեղանչել է երկնքի կամքի դեմ, չունի այլևս որևէ մեկը, որին կարողանա աղոթել։

3.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Չժոու հարստությունն հաջորդեց նախորդ երկու հարստություններին՝ Սիա և Շան։ Բայց տեսեք, թե ինչ մշակված ու ազնիվ օրենքներ ունի։ Ես Չժոու հարստության հետնորդն եմ։

3.15. Մտնելով նախնիների մեծ տաճար, Կոնֆուցիոսը բոլորից մեկ աո մեկ հետաքրքրվեց, թե ի՞նչ ծես և արարողություն է կատարվում։ Ինչ-որ մեկը նկատեց.

— Ինչպե՞ս կարելի է ասել, որ ցզոուցի[18] մարդու որդին լավ գիտի ծեսերն ու արարողությունները։ Նա մեծ տաճար է մտնում և ամեն մեկից հարցնում այդ մասին։

Ուսացիչը լսեց այդ և պատասխանեց.

— Դա նույնպես ծեսի օրենքներից մեկն է։

3.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Նետաձգության ժամանակ կարևորն այն չէ, որ խփեն ծակեն նշանակետը, քանի որ մարդկանց ուժերն անհավասար են։ Այնուամենայնիվ դա պահպանվել է հին ժամանակներից։

9.17. Ցզի-գունը ցանկանում էր վերացնել այն ծիսակատարությունը, որի համաձայն յուրաքանչյուր ամսի առաջին օրը նախնիներին պետք է զոհաբերվեր մի խոյ։

Կոնֆուցիոսն ասաց.

― Դու խղճում ես խոյին, իսկ ես՝ ծիսական օրենքը։

3.18. Կոնֆուցիոսն ասաց.

― Երբ մեկը ծառայում է թագավորին և խստորեն պահպանում ծառայության օրենքները, չգիտես ինչու մարդիկ նրան անվանում են շողոքորթ։

3.19. Դին-գունը՝ Լու պետության տիրակալներից մեկը, հարցրեց Կոնֆուցիոսին․

— Ինչպե՞ս պետք է թագավորը ծառայի իր հպատակներին, իսկ նրանք էլ ինչպես պետք է ծառայեն իրենց թագավորին։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Թագավորը պետք է իր հպատակներին վերաբերվի վայելչորեն և քաղաքավարի։

Պաշտոնյաները պետք է ծառայեն իրենց թագավորին հավատարիմ հնազանդությամբ։

3.20. Կոնֆուցիոսն ասաց.

«Երգերի գրքից» «Գուան Յու» երգը արտահայտում է ուրախության առանց սանձարձակության և հավատարմության՝ առանց ստորաքարշության։

3.21. Աի-գունը՝ Լու պետության տիրակալը, Ցզաի Վոին հարցրեց այն զոհասեղանի մասին, որը նվիրված է հայրենիքի պահպանությանը։ Ցզաի Վոն պատասխանեց.

— Ժողովրդին սարսափի մեջ պահելու համար Սիա հարստության թագավորները այնտեղ սոճի տնկեցին, Ինյան արքաները՝ կիպարիսներ, իսկ Չժոուները՝ շագանակենի։

Կոնֆուցիոսը լսեց այդ և ասաց.

— Կարիք չկա բողոքել այն գործերից, որոնք արդեն կատարվել են։ Պետք չէ անցյալի մեջ մեղքեր որոնել։

3.22. Կոնֆուցիոսն ասաց.

— Գուան Չժունը՝ Քյուի երկրի կառավարիչը, միայն զզվելի ընդունակություններ ուներ։

— Բայց չէ՞ որ նա ժուժկալ էր,— հարցրեց ինչ-որ մեկը։

Կոնֆուցիոսը նկատեց.

— Ինչպես կարելի է նրան ժուժկալ համարել, երբ երեք կին ուներ և յուրաքանչյուր պաշտոնում՝ մի քանի ծառայող։

— Այնուամենայնիվ նա գլուխ հանո՞ւմ էր վարվելակերպի և ծեսերի օրենքներից։

Ուսուցիչը պատասխանեց.

— Միայն իշխաններին էր իրավունք տրված իրենց պալատների դարպասների վրա շքոցներ կառուցել, բայց Գուան Չժունը, չափվելով իշխանների հետ, իր դարպասի դասն վրա նույնպես կառուցեց այդպիսի շքոց։

Իշխանները իրավունք ունեին առանձնահատուկ սեղաններ ունենալ, որ օգտագործում էին հավաքույթների ժամանակ գինի խմելու համար։ Գուան Չժունը նույնպես ունեցավ այդպիսի սեղան, հանդգնելով անել այն, ինչի իրավունքը չուներ։ Եթե Գուան Չժունը այդպես էր հասկանում վարվելակերպի և ծեսերի օրենքների իմաստը, ապա ո՞վ կարող էր նրան չընդունել։

3.23. Կոնֆուցիոսը Լա պետության պալատական երաժշտի հետ խոսում էր երաժշտության մասին։ Նա ասաց.

― Ձայնամուտդ համաչափ արա։ Այնուհետև հնչեցրու բոլոր ձայները ներդաշնակորեն, պարզ ու հասկանալի և այդպես անդադար մինչև երգի ավարտը։

3.24. Յիից մի սահմանապահ խնդրում էր, որ իրեն թայլատրեն տեսակցելու և զրուցելու Կոնֆուցիոսի հետ։

― Երբ որպես ազնվական ես այստեղ եմ եկել, ոչ մի անգամ ինձ չեն մերժել նրան տեսնելու համար,– ասաց նա։ Եվ նրան տարան Կոնֆուցիոսի մոտ։

Դուրս գալով, ասաց Կոնֆուցիոսի աշակերտներին.

― Ինչու եքտխրել, ձեր ուսուցիչը կորցրել է իր պաշտոնը։ Վաղուց ի վեր աշխարհն անտեղյակ էր ճշմարտության ձայնին։ Հիմա երկնքի կամքն է՝ արթնացնել այն Ձեր ուսուցչի ձայնով՝ ինչպես զանգի։

3.25. Շուն հարստության ծեր կայսեր երաժշտության մասին Կոնֆուցիոսն ասաց.

— Այն կատարելապես բարեհնչուն է և միաժամանակ ազնիվ բանականության իսկական արտահայտություն։

Պատերազմասեր թագավոր Վուի երաժշտության մասին նկատեց.

― Այն նույնպես շատ բարեհնչուն է, սակայն բարձրագույն չափով չի արտահայտում ազնիվ բանականություն։

3.26. Կոնֆուցիոսն ասաց.

Բարձր դիրք ունենալ և չլինել մեծահոգի, ծիսական օրենքները կատարել առանց ակնածանքի, թաղման և վշտի արարողությունը կատարել առանց ներքին ցավի՝ ես անկարող եմ նման բաները հասկանալ։

Գլուխ չորրորդ

4.1. Կոնֆուցիոսն ասաց.

— Կյանքը գեղեցիկ է այն գյուղում, որտեղ իշխում է սերը։ Եթե մենք գտնենք նման բնակավայր, որտեղ մարդիկ բարի են իրար նկատմամբ և բնակություն չհաստատենք, էլ որտե՞ղ կարող ենք սովորել իմաստություն։

4.2. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով բարոյականություն չունի, աղքատության մեջ երկար ապրել չի կարող։ Նա նաև չի կարող ուրախության մեջ երկար ապրել։

Ընդհակառակը, ով բարի է մարդկանց նկատմամբ, դրա մեջ բավականություն է գտնում։ Ահա թե ինչու իմաստունները ձգտում են միշտ այդպիսին լինել։

4.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Միմիայն նա, ով բարի է, ունի մյուսներին սիրելու և ատելու ճշմարիտ չափը։

4.4. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե բոլորը ձգտեին Բարուն, ապա Չարը ոչինչ չէր ունենա անելու։

4.5. Կոնֆուցիոսն ասաց.

— Հարստություն և պատիվ՝ ահա թե ինչի են մշտապես ձգտում մարդիկ։ Բայց եթե չեն կարող հասնել դրանց վայելուչ ճանապարհով, ապա չպետք է տանջել իրեն ոչ մեկի, ոչ էլ մյուսի համար։

Աղքատություն և ստորադաս դիրք՝ ահա թե ինչից են խորշում մարդիկ մշտապես։ Բայց եթե դրանք բնական ճանապարհով են ստեղծվել, ապա դրանցից չպետք է ընկճվել։

Եթե ազնվականը հեռանա բարոյական վարքի օրենքներից, ինչպե՞ս կարող է ծառայել նրանց։ Նա դրանք չի մոռանում նույնիսկ ուտելու ժամանակ և կրում է իր մեջ որքան կարող է։

4.6. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես դեռ չեմ տեսել մեկին, որն իրոք սիրի բարին և չեմ տեսել մեկին, որն իրոք ատի չարը։

Ով իրոք սիրում է բարին, իրեն բարձր է զգամ բոլորից։ Ով իրոք ատում է չարը, գործում է բարոյականության և վարքի օրենքներով, այսինքն հեռու է պահում իրեն այն ամենից, ինչ հակառակ է այդ օրենքներին։

Սակայն ես չեմ տեսել մեկին, որի ուժը չբավարարի գոնե մեկ օր տևողությամբ պայքարելու բարու համար։ Երևի կան այդպիսի մարդիկ, բայց ես այդպիսիք չեմ տեսել։

4.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Մոլորությունները, որոնք կատարվում են, համապատասխան են այն մարդկանց, որոնք կատարում են դրանք։ Սխալների վրա կարելի է ճանաչել մարդկանց։

4.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով առավոտյան կարողանա ճանաչել ճշմարտությունը, երեկոյան կարող է հանգիստ խղճով մեռնել։

4.9. Կոնֆուցիոսն ասաց.

— Բավականություն չի կարող պատճաոել զրույցը այն մարդու հետ, որը թեև ճիշտ ճանապարհի ձգտում ունի, սակայն ամաչում է իր վատ հագուստներից և հասարակ ուտելիքներից։

4.10. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդը անաչառորեն կանգնած է այս աշխարհի հետ դեմ առ դեմ։ Միայն իրավունքն է նրա կողմը։

4.11. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականի համար կարևորը ներքին, հոգևոր արժեքն է, իսկ հասարակ մարդը բավարարվում է նաև նյութականով։

Ազնվականը մշտապես ձգտում է ճշմարտության, հասարակ մարդը՝ օգտակարության։

4.12. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով մշտապես սեփական շահն է որոնում, կհանդիպի անախորժությունների։

4.13. Կոնֆուցիոսն ասաց.

— Անհնար է դժվարությունները հաղթահարել այն երկրում, որտեղ կառավարվում ու մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես ձեռնտու է։

Այն տիրակալը, ով չի հասկանում սա, ուրեմն էլ նրա ինչին են պետք պատշաճությունը, քաղաքավարությունը, և ընդունված վարքի օրենքները։

4.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Ինձ չի վշտացնում այն, որ ոչ պաշտոն ունեմ, ոչ էլ աստիճան։

Ավելի շուտ ինձ մտահոգում է այն, որ ընդունակությունների ու սեփական աժի պակաս եմ զգում։

Չեմ վշտանում նաև անհայտ մնալուց։

Մտածում եմ միայն այնպիսին լինել, որ մարդիկ ինձ ճանաչեն։

4.15. Կոնֆուցիոսն ասաց.

— Ցզեն Շեն, մի միտք կա, որ կարմիր թելի պես անցնում է իմ ուսմունքի միջով։

Ցզեն Շենը համաձայնվեց։ Երբ ուսուցիչն հեռացավ, աշակերտներն հարցրեցին.

— Ո՞րն է դա։

Ցզեն Շենը պատասխանեց.

— Հավատարիմ լինել և ճշմարտասեր։ Սա է Ուսուցչի ճանապարհը։

4.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդը հավատարիմ է իր պարտքին, մինչդեռ հասարակ մարդը տեսնում է միայն սեփական շահը։

4.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Արժանավոր մարդու հանդիպելիս ձգտիր նմանվել նրան։ Իսկ եթե հանդիպել ես անարժան մեկին, ապա հույսդ դիր քեզ վրա և քննիր ինքդ քեզ։

4.18. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե հնազանդորեն ծառայում ես ծնողներիդ, ապա կարող ես անհրաժեշտ զսպվածությամբ նաև առարկել նրանց։ Բայց իմացիր, որ նրանք կարող են համաձայն չլինել քեզ հետ։ Այդ դեպքում նույնպես եղիր հարգալից և մի հակառակվիր։

Ծառայիր նրանց առանց տրտնջալու։

4.10. Կոնֆուցիոսն ասաց.

— Քանի դեռ ողջ են ծնողներդ, չպետք է հեռանաս նրանցից։ Բայց եթե, կյանք է, հեռացել ես, ապա աշխատիր ապրելու համար շատ տեղից տեղ չփոխվել։

4.20. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով երկար ժամանակ հայրական ճանապարհից չի շեղվում, կարելի է ասել, որ նա իրեն պահում է հարգալից և մարդավայել։

4.21. Կոնֆուցիոսն ասաց.

— Ծնողների տարիքը մշտապես պետք է հիշեն զավակները։ Դա մի կողմից հիմք է ուրախության, մյուս կողմից՝ շարժառիթ հոգատարության։

4.22. Կոնֆուցիոսն ասաց.

— Հին ժամանակներում մարդիկ անխոհեմ չէին վարվում բառերի հետ, որովհետև կասկած ունեին, թե կարող են չկատարել այն, ինչ պահանջում է արտասանված բառը։

4.23. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով կարողանում է ինքն իրեն տիրապետել, հազվադեպ է սխալվում։

4.24. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվական մարդը խոսքի մեջ խոհուն է ու դանդաղ, իսկ գործի մեջ՝ արագ և խելացի։

4.25. Կոնֆուցիոսն ասաց.

― Առաքինությունը երբեք միայնակ չի կարող լինել։ Ով արդար բան է անում, անպայման բարեկամներ կգտնի։

4.26. Ցզի–յուն ասաց.

― Ով թագավորին հանդիմանի, կշնորհազրկվի։

Ով իր ընկերներին մշտապես կշտամբանքներ տա, կմնա միայնակ։

Գլուխ հինգերորդ

5.1. Կոնֆուցիոսն ասաց իր աշակերտ Գուն-յե Չանգի մասին.

― Նա պիտանի Է ամուսնության համար։ Թեև բանտում եղել է, բայց ոչ իր մեղքով։

Եվ իր դստերը տվեց նրան կնության։

5.2. Կոնֆուցիոսն ասաց իր աշակերտ Նան Ռունի մասին.

— Եթե մի երկիր լավ կառավարչության տակ է, նրանից հրաժարվել պետք չէ։

Վատ կառավարչությունից է, որ նա ամեն կերպ ձգտում է խուսափել հայածանքից։

Եվ նա իր ավագ եղբոր դստերը տվեց նրան կնության։

5.3. Կոնֆուցիոսն ասաց իր աշակերտ Ցզի-յանի մասին.

— Նա իսկապես ազնվական մարդ է։ Երբ Լու պետության մեջ այլևս ազնվականներ չլինեն, ինչ է անելու նա։

5.4. Աշակերտ Ցզի-գունը հարցրեց.

― Մարդիկ ի՞նչ կարծիքի են իմ մասին։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Դու անոթ ես։

— Ի՞նչ անոթ,— ցանկացավ իմանալ Ցզի-գունը։

— Թանկարաժեք անոթ՝ զոհաբերման համար,— պատասխանեց Կոնֆացիոսը։

5.5. Ինչ-որ մեկն ասաց.

― Աշակերտ Ռան Յուն թեև լավ մարդ է, բայց պերճախոս չէ։

Կոնֆուցիոսը նկատեց.

— Ինչի՞ է պետք մարդուն լեզվական ճարտարությունը։ Ով շատ է խոսում, դառնում է անտանելի։ Ով ոչինչ չգիտի բարոյականության և վարքի օրենքներից, բոլորովին էլ պետք չի, որ պերճախոս լինի։

5.6. Կոնֆուցիոսը ցանկանում էր, որ իր աշակերտ Ցի-դիաո Կայը մի հասարակական պաշտոն ունենա։

— Ես այդ բանի համար դես պատրաստ չեմ,— ընդդիմացավ աշակերտը։

Կոնֆուցիոսը շատ ուրախացավ այս պատասխանից։

5.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Աշխարհը ճիշտ ճանապարհով չի գնում։ Երանի հիմա մի լաստ ունենայի և դուրս գայի բաց ծով։ Այդ ժամանակ Ցզի-լուն միակր կլիներ, որ կուղեկցեր ինձ։

Լսելով այդ՝ Ցզի-լուն շատ ուրախացավ։ Բայց Կոնֆուցիոսը նկատեց.

— Չնայած նա ինձ գերազանցում է քաջությամբ, բայց դեռ չի կարող մարդկանց համար օրինակ ծառայել։

5.8. Մեն Ու-բոն հարցրեց Կոնֆուցիոսին, թե արդյոք մարդասե՞ր է Ցզի-լուն։ Ուսուցիչը պատասխանեց․

― Չգիտեմ։

Քիչ անց Մեն Ու֊բոն կրկնեց հարցը։ Կոնֆուցիոսն ասաց․

― Նրան կարելի է վստահել հագար մարտակառք ունեցող մի պետության ռազմական գործը։ Բայց մարդասեր է, թե ո՞չ՝ չգիտեմ։

Մեն Ու-բոն շարունակեց հարցնել.

― Իսկ ինչպիսի՞ն է Ռան ՉԻն։

― Ռան Չիին կարելի է հազար ընտանիք ունեցող մի բնակավայրի կառավարիչ կարգել կամ մի պետության ղեկավար, որն ունի հարյուր մարտակառք, բայց մարդասեր է, թե ո՞չ՝ չգիտեմ։

― Իսկ Ցզի-հուա՞ն։

Կոնֆացիոսը պատասխանեց.

— Եթե Ցզի-հուան հագնի գոտի և կանգնի պալատում, ապա նրան կարելի է վստահել օտարերկրյա մարդկանց զբաղեցնելու գործը, բայց մարդասե՞ր է, թե ո՞չ՝ չգիտեմ։

5.8. Կոնֆուցիոսն ասաց աշակերտ Ցզի-գունին.

— Յան Հուին և դու՝ ո՞վ է ձեզանից ավելի լավը։

Ցզի-գունը պատասխանեց.

— Ինչպե՞ս կարող եմ ես համեմատվել Հուիի հետ։ Հուին, երբ լսում է մի բան որևէ առարկայի մասին, կարող է հասկանալ ամբողջությամբ։ Ես, ընդհակառակը, կարող եմ սոսկ մի տեսակետից հանգել մեկ այլ տեսակետի։

Դրան Ուասցիչը պատասխանեց.

― Դու նրան հավասար չես։ Ես համաձայն եմ քեզ հետ, դու նրան չես հասնի։

5.10. Ցզաի Վոն քնում էր օրը ցերեկով։ Կոնֆուցիոսն ասաց.

— Փտած ծառը չեն կտրատում։ Կեղտածեփ ու աղբաշեն պատը չեն հարդարում։ Ինչ իմաստ ունի Ցզաի Վոին կշտամբել։

Եվ ապա շարունակեց.

— Նախկինում ես մտերմանում էի այն մարդկանց հետ, որոնց լսում էի։ Հիմա, ընդհակառակն, ես լսում եմ մարդկանց, բայց նաև դիտում եմ նրանց արարքները։ Ցզաի Վոն ինձ առիթ տվեց փոխվելու։

5.11. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես դեռ չեմ հանդիպել մի մարդու, որն իրոք լիներ կայուն և անդրդվելի։

— Իսկ Շեն Չե՞նը,— հարցրեց ինչ-որ մեկը։

— Չենը իր կրքերի զոհն է, ինչպե՞ս կարող է նա կայուն և անդրդվելի մարդ համարվել։

5.12. Ցզի֊գունն ասաց.

― Այն ինչ ուրիշները ինձ չպետք է պատճառեն, ես չպետք է պատճառեմ ուրիշներին։

Կոնֆուցիոսը նկատեց.

— Բայց այդպես վարվել դու դեռ չես կարող։

5.13. Ցզի-գունն ասաց.

— Մենք սովորում ենք Ուսուցչի արտաքին բարեմասնություններից։ Բայց նա դեռ ոչինչ չի ասել մեզ մարդու բնության և երկնքի օրենքների մասին։

5.14. Ցզի-լուն մշտապես երկյուղ ուներ, որ նոր գիտելիքներ ստանալով, հները այլևս չի կարող գործածել։

5.15․ Ցզի-գունը հարցրեց.

― Ինչո՞ւ էին Կուն Վեն-ցզիին անվանում կիրթ։

Ուսուցիչը պատասխանեց.

― Նա արագ էր մտածում և սիրում էր ուսումը։ Նա չէր խորշում ցածր խավի մարդկանցից խորհուրդ հարցնել։ Ահա թե ինչու էին անվանում կիրթ։

5.16. Ցզի-չանի մասին Կոնֆուցիոսն ասաց.

― Նա ուներ ազնվականի չորս հատկանիշ. նրա վերաբերմունքը քաղաքավարի էր, հավատարմորեն ծառայում էր իր թագավորին, պատրաստ էր կյանքը տալու իր ժողովրդի համար, արարքների մեջ շիտակ էր ու ազնիվ։

5.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Յան Պին-չժունը շատ հաշտ ու խաղաղասեր մարդ էր։ Եթե նույնիսկ մեկին ճանաչում էր վաղուց, ապա միևնույն է, անտեղի բաներ չէր անում նրա ներկայությամբ։

Նա միշտ մնում էր քաղաքավարի։

5.18. Կոնֆուցիոսն ասաց.

— Ցզյուն վեն-չժանը մի մեծ կրիա ուներ։ Եվ այս կրիայի համար նա կառուցել էր սեփական տուն՝ շքեղ սյուներով և շատ ճարտար զարդարանքներով։ Ինչ եք կարծում, դա խելո՞ք մարդու արարք է։

5.19. Աշակերտ Ցզի-չժանը հարցրեց.

— Ցզի-վենը երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը առանց ուրախանալու և երեք անգամ էլ թողել է այն՝ առանց դժգոհության։ Ընդ որում, ամեն անգամ իր պարտքն է համարել փոխարինողին աշխատանքի մասին բացատրություններ տալ։ Ի՞նչ կարելի է ասել այդ մարդու մասին։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Նա լի էր հնազանդությամբ։

— Նա բարոյակա՞ն մարդ էր,— հարցը շարունակեց Ցզի-չժանը։

Դրան Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Չգիտեմ, ինչո՞ւ պետք Է մենք նրան համարենք բարոյական մարդ։

Ցզի-չժանը շարունակեց.

— Երբ Ցույ-ցզին սպանեց Ցիի իշխանին, նրա ծառայող Շին Վեն-ցզին թողեց այն ամենը, ինչ աներ և հեռացավ Ցի երկրից։ Գալով մի ուրիշ երկիր, նա ասաց. «Այստեղ էլ մարդիկ իրենց պահում են այնպես, ինչպես մեզ մոտ՝ Ցույ-ցզին»։ Ապա գնալով հարևան երկիրը, նա նորից ասաց. «Այստեղ Էլ մարդիկ նույնն են, ինչ մեզ մոտ՝ Ցույ-ցզին»։ Ու նա հեռացավ նաև այս երկրից։ Ի՞նչ կարծիք ունեք այս Շին Վեն-ցզիի մասին։

Ուսուցիչը պատասխանեց.

— Նա ուզում Էր մաքուր մնալ։

— Իսկ նա բարոյակա՞ն մարդ Էր։

— Չգիտեմ,— ասաց իմաստասերը,— մենք կարո՞ղ ենք նրան բարոյական համարել։

5.20. Լա պետության բարձրաստիճան ծառայող Հի Վեն-ցզին որևէ բան ձեռնարկելիս երեք անգամ նախապես կշռադատում էր անելիքը։ Կոնֆուցիոսը լսեց այդ մասին և ասաց.

— Երկու անգամն էլ լիուլի բավական է։

5.21. Կոնֆուցիոսն ասաց.

― Քանի դեռ երկրի գործերը լավ էին գնում, նախարար, Նին Վու-ցզին ամենախելոքն էր, բայց երբ երկրում սկսվեցին անարգությունները, նա հիմարացավ։ Իմաստության մեջ ուրիշները կարողանում էին հավաստվել նրան։ Հիմարության մեջ նա մնաց անհասանելի։

5.22. Երբ Կոնֆուցիոսը Շեն պետության մեջ էր, ասաց.

― Պետք է վերադառնալ, պետք է վերադառնալ։ Իմ աշակերտները թեև լի են եռանդով ու ոգևորությամբ, ինչպես և դաստիարակված են, սակայն իրենք իրենց չեն կարող բարեկրթության դասեր տալ։

5.23. Կոնֆուցիոսն ասաց.

― Շան հարստության երկու իշխանները՝ Բո-ին և Շու-ցին հիշաչար չէին և մոռացել էին հին թշնամանքը, այդ պատճառով էլ մարդիկ նրանց դիմավորում էին ուրախությամբ։

5.24. Կոնֆուցիոսն ասաց.

— Ո՞վ կպնդի, որ Վայ-շեն Գաոն անկեղծ է։ Երբ մեկը նրանից քացախ է խնդրում, նա նախ դիմում է հարևանին և ետ վերադարձնելու պայմանով քացախ է փոխ առնում նրանից, ասես թե իր սեփականը լինի։

5.25. Կոնֆուցիոսն ասաց.

— Չժուո Ցյու-մինի համար գեղեցիկ խոսքեը, շողոքորթ դեմքն ու քծնանքը անհաճո էին։ Ինձ համար՝ նույնպես։

Չժուո Ցյու-մինը մերժում էր հակակրանքը որևէ մեկի նկատմամբ թաքցնելը և այնպես ձևացնելը, կարծես թե նա քո բարեկամն է։ Ինձ մոտ էլ այդպես է։

5.26. Երբ աշակերտներ Ցան Հուին և Ցզի-լուն մոտն էին, ասաց Կոնֆուցիոսը.

— Ձեզանից ո՞վ ինչ ցանկություններ ունի։

Ցզի-լուն պատասխանեց.

— Ես շատ կուզենայի կառք ունենալ, ձիեր և նուրբ մորթիներ՝ հագնելու համար։ Ես կկիսեի դրանք իմ բարեկամների հետ, և եթե նույնիսկ այդ պատճառով դրանք կիսով չափ պակասեին, չէի վշտանա։

Ցան Հուին այսպես պատասխանեց Ուսուցչի հարցին.

— Կցանկանայի, որ ինքս ինձ երբեք չգովեի և չպարծենայի ինքս ինձնով ու իմ ծառայություններով։

Ապա ասաց Ցզի-լուն.

— Մենք էլ հաճույքով կուզենայինք իմանալ Ուսուցչի ցանկությունները։

Կոնֆուցիոսն ասաց.

— Ծերերին հանգիստ և խաղաղ կյանք շնորհել, անկեղծ և մտերիմ լինել բարեկամներիս հետ և պահպանել իմաստության՝ պատանիներին սովորեցնելու համար՝ ահա իմ ցանկությունները[19]։

5.27. Կոնֆուցիոսն ասաց.

— Սուտ է ըմբռնողությունը։ Ես դեռ չեմ հանդիպել մեկին, որ տեսնի իր սեփական սխալները և դրանց համար մեղադրի իրեն։

5.28. Կոնֆուցիոսն ասաց.

— Փոքրիկ գյուղերում, որտեղ անգամ տաս ընտանիք են ապրում, անպայման կգտնվեն մարդիկ հավատարմությամբ և անկեղծությամբ ինձ հավասար։ Սակայն նրանցից ոչ մեկը այնպես չի ցանկանա սովորել, ինչպես ես։

Գլուխ վեցերորդ

6.1. Կոնֆուցիոսն ասաց.

― Ռան Յունին կարելի է երկիր վստահել։

6.2. Աշակերտ Ռան Յունը հարցրեց Ցզի-սան Բո-ցզիի մասին։ Կոնֆուցիոսը պատասխանեց.

― Նա շատ բարի է, սակայն չափից դուրս ներողամիտ է։

Ռան Յունը նկատեց.

― Եթե մեկը երկիր կառավարի ներողամտությամբ, որն իր ներքին բնությունից է և դրանով իսկ հարգի օրենքներն ու սկզբունքները, ապա դա թույլատրելի է։

Բայց համոզմունքների մեջ լայնախոհ և միաժամանակ արարքների մեջ ներողամիտ լինել՝ մի՞թե դա ավելորդ լայնախոհություն չէ։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Դու իրավացի ես։

6.3. Աի-գունը՝ Լու պետության տերը, հարցրեց, թե աշակերտներից ո՞վ է ավելի ուսումնասեր։

Ուսուցիչը պատասխանեց.

— Ուսումնասեր էր Յան Հուին։ Նա չէր բարկանում ուրիշների վրա։ Ոչ մի սխալ երկրորդ անգամ չէր կրկնում։ Միայն ափսոս, որ շուտ մահացավ։ Ես այլևս չեմ հանդիպել այնպիսի մեկին, որ լիներ այնքան ուսումնասեր, որքան նա էր։

6.4. Կոնֆուցիոսի աշակերտ Ցզի-հուան դեսպան էր նշանակվել Ցի երկրում։ Ուսուցչի աշակերտներից մեկ ուրիշը՝ Ռան Ցզին եկավ հաց խնդրելու Ցզի֊հուանի մոր համար։

— Տուր նրան մեկ ֆու,— ասաց Կոնֆուցիոսը։

Ռան ցզին խնդրեց ավելացնել։

— Տուր նրան մեկ յա,— ասաց Կոնֆուցիոսը;

Բայց Ռան Ցզին խնդրեց հինգ բին[20]։

Դրան Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Երբ Ցզի-հուան մեկնում էր Ցի երկիր, մի գեր ձի ուներ լծած իր կառքին և հագին էլ շքեղ մորթե վերարկու էր։ Ես թեև լսել էի, որ ազնվական մարդը կարիքավորին է օգնում, բայց պարզվում է, որ նա նաև հարուստին է ավելի հարստացնում։

6.5. Աշակերտ Յուան Սինը դարձավ ոստիկանապետ, և դրա համար պետք է ստանար ինն հարյուր չափ ցորեն, բայց որոշել էր մերժել։ Դրա վրա Կոնֆուցիոսն ասաց.

— Մի մերժիր։ Եթե դու շատ ունես, ապա տուր ուրիշներին, քո հարևաններին և գյուղացիներին։

6.6. Ուսուցիչը եկավ իր աշակերտ Չժուն-գունի մասին բարեխոսելու, որի հայրը մի վատ մարդ էր։

— Ընդունենք,— ասաց նա,— որ հորթը կարմրաթուխ գույն և հավսաարաչափ եղջյուրներ ունի, բայց մարդիկ չեն ուզում զոհ մատուցել, քանի որ հորթը խայտաբղետ կովից է։ Բայց մի՞թե դրա համար լեռների և գետերի ոգիները կմերժեն նման զոհաբերությունը[21]։

6.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Յան հուին ի վիճակի էր երեք ամիս շարունակ ոչ մի սխալ թույլ չտալ։ Մինչդեռ մյուսներին սխալվելու համար մեկ օրն էլ բավական է, կամ ամենաշատը մեկ ամիսը։

6.8. Հի Կան-ցզին հարցրեց, արդյոք կարելի՞ է վստահել Ցզի-լուին մասնակցելու երկրի կառավարմանը։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Ցզի-լուն վճռական մարդ է։ Ի՞նչ մի դժվար բան է նրա համար երկրի կառավարմանը մասնակցելը։

— Իսկ Ցզի-գո՞ւնը,— շարունակեց հարցնել Հի Կան-ցզին,— կարելի՞ է նրան վստահել մասնակցելու երկրի կառավարմանը։

Դրան Ուսուցիչը պատասխանեց.

— Ցզի-գունը փայլում է իր գործերով, ուրեմն չի՞ կարող այդպիսին լինել նաև երկրի կառավարման մեջ։

Հի Կան-ցզին նորից հարցրեց.

— Իսկ Ռան Չի՞ն։

Ուսուցիչը պատասխանեց.

— Ռան Չին տաղանդավոր մարդ է։ Նա անպայման պետք կգա կառավարման գործերում։

6.9. Հի տոհմի ավագը սուրհանդակ ուղարկեց աշակերտ Մին Ցզի-ցիանի մոտ՝ առաջարկելով նրան Բի նահանգի ոստիկանապետի պաշտոնը։ Մին Ցզի–ցիանը չհամաձայնվեց։

— Ձեռք քաշեք ինձնից, խնդրում եմ։ Իսկ եթե որևէ մեկը մի անգամ էլ փորձի ինձ անհանգստացնել այդ գործով, ապա կթողնեմ, կգնամ ուրիշ երկիր։

6.10. Աշակերտ Բո-նյուն հիվանդ էր։ Կոնֆուցիոսն ուզում էր տեղեկանալ նրա հիվանդության մասին, բռնելով պատուհանից նրա դուրս հանված ձեռքը, ասաց.

— Նրա վերջը եկել է։ Դա ճակատագրի կամքն է, որ մարդ ունենա այսպիսի հիվանդություն, այսպիսի հիվանդության[22]։

6.11. Կոնֆուցիոսն ասաց.

— Բայց ի՜նչ իմաստուն մարդ էր Յան Հուին։ Նա բավարարվում էր մի պնակ բրնձով և մի դդմակեղև ջրով՝ չունենալով ապրուստի ուրիշ ոչ մի միջոց։ Այսպիսի տխուր կյանքը ուրիշները դժվար թե տանեին, իսկ նա դեռ պահպանում էր իր զվարթությունը։ Ի՜նչ իմաստուն մարդ էր Յան Հուին։

6.12. Ռան Չին ասաց.

— Ուսուցչի ուսմունքից բավականություն չստանալուս պատճառը այն չէ՞, որ ուժերս չեն բավարարում այն հասկանալու համար։

Լսելով այդ, Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե ուժերը չեն բավարարում, ապա կանգ են առնում կես ճանապարհին։ Բայց չէ՞ որ դա նոր միայն սկսում ես։

6.13. Դիմելով Ցզի-սյաին, Կոնֆուցիոսն ասաց.

— Եղիր իմաստուն և ազնվական։ Մի հետևիր հասարակ մարդկանց ցածր հակումներին։

6.14. Երբ Ցզի-յոուն Վա-շեն նահանգի կառավարիչն էր, Կոնֆուցիոսը հարցրեց.

— Գտե՞լ ես այդտեղ քեզ համար պիտանի մարդիկ։

— Մեկը կա այստեղ Թան-թաի Մի֊մին անունով,— պատասխանեց Ցզի-յոուն,— որ հեռու է պալատական մեքենայություններից։ Իմ տուն եկել է առայժմ միայն ծառայական գործերով։

6.15. Կոնֆացիոսն ասաց.

— Մեն Չժի-ֆանը պարծենկոտ չէր։ Երբ մեր զորքերը մի տանուլ տված ճակատամարտում ստիպված էին նահանջել, նա գնում էր վերջից։ Երբ զորքերը քաղաքային դարպասից ներս մտան, նա առաջ եկավ և ասաց. «Ես վերջինը չեմ գալիս նրա համար, որ ամենաքաջն եմ։ Պարզապես ձիս էր հոգնած»։

6.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Առանց պերճախոսության և միայն գեղեցկությամբ հազիվ թե կարողանա մարդ գոյության ունենալ մեր ժամանակներում։

6.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Ո՞վ կարող է առանց դռնից դարս գալու տնից դուրս գալ։ Բայց ինչու մարդիկ այդ ճիշտ ճանապարհով չեն գնում։

6.18. Կոնֆուցիոսն ասաց.

— Երբ մարդ ավելի շատ բնական է, քան կրթված, ուրեմն անբարեկիրթ է։

Երբ կրթվածությունը ավելին է, քան բնականությունը, ուրեմն փոքրոգի է։

Կրթվածության և բնականության համամասնությունից է միայն, որ ստեղծվում է ազնվական մարդը։

6.19. Կոնֆուցիոսն ասաց.

— Մարդու կյանքը հիմնվում է անկեղծության և շիտակության վրա։ Առանց դրանց այն կախված է երջանիկ պատահականություններից։

6.20. Կոնֆուցիոսն ասաց.

― Ավելի լավ է մի բան կամենալ, քան այդ բանը սոսկ ճանաչել։

Առավել ևս լավ է, երբ ճանաչման մեջ հաճույք ես տեսնում։

6.21. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով բարձր է կանգնած միջակությունից, նրա հետ կարելի է խոսել բարձր երևույթների մասին։ Նման բաների մասին ինչպե՞ս խոսես մի մարդու հետ, որի ընդունակությունները միջինից ցածր են։

6.22. Աշակերտ Ֆան Չին հարցրեց, թե ի՞նչ բան է իմաստությունը։ Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Գիտակցել այն պարտականությունները, որ մարդ ունի իր ժողովրդի հանդեպ, և ապա հարգել ոգիներին՝ հեոու մնալով նրանցից՝ սա է իմաստնությանը։

Հետո հարցրեց Ֆան Չին, թե ո՞րն է բարոյական վարքը։

— Նախ տառապանքը, հետո միայն օգուտը՝ ահա թե որն է բարոյական վարքը,— պատասխանեց Կոնֆուցիոսը։

6.23. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով ձգտում է արտաքին աշխարհի ճանաչման, սիրում է հանգստանալ ջրերի ափին։

Ով ձգտում է բարոյական կատարելության, իրեն լավ է զգամ լեռներում։

Առաջինը մշտապես շարժուն է, երկրորդը լի է ներքին խաղաղությամբ:

Մեկը զվարճություններ է գտնում, մյուսին բաժին է ընկնում երկար կյանքը։

6.24. Կոնֆուցիոսն ասաց.

― Եթե մի քայլ էլ Ցի պետությունը առաջ գնար, ապա կհավասարվեր Լա պետությանը։

Եթե Լա պետությունս մի քայլ ևս առաջ ընթանար, ապա կկանգներ ճշմարիտ ճանապարհի վրա։

6.25. Կոնֆուցիոսն ասաց.

― Ասում ենք՝ քառանկյուն աման, բայց չէ՞ որ այն արդեն չորս անկյուններ չունի[23]։

6.26. Աշակերտ Ցզաի Վոն հարցրեց.

― Մեկին, որ ձգտում է բարոյական մաքրության, եթե ասեն, թե քո իդեալը ահա այստեղ է, ջրհորում, ուրեմն նա պետք է անմիջապես իրեն նետի ջրհո՞րը։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Ինչո՞ւ պետք է նետվի ջրհորը։ Ազնվականին կարելի է այնպիսի տեղ ուղարկել, որ նա այլևս չվերադառնա։ Բայց նրա դեմ որոգայթ լարել՝ չի կարելի։ Թեև նրան կարելի է խաբել, բայց հիմարացնել՝ երբեք։

6.27. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականը, եթե լավ կրթություն ունի և ենթարկվում է ծեսի ու վարքի օրենքներին, ի վիճակի է նաև խուսափելու սխալներից։

6.28. Կոնֆուցիոսն այցելեց վեյ նահանգի իշխանուհուն՝ Նան-ցզիին։ Նրա աշակերտ Ցզի-լուն դժգոհ էր դրանից և ընկել էր ուժեղ մտածմունքի մեջ։

Ուսուցիչն ասաց.

— Եթե ես սխալ արարք եմ կատարել, թող երկինքը պատժի ինձ, թող երկինքը պատժի ինձ[24]։

6.20. Կոնֆուցիոսն ասաց.

— Չափն ու միջավայրը պահպանել՝ ահա ամենաբարձր առաքինությունը:

Այդ հատկությունները հազվադեպ են ծնվում և արդեն վաղուց չկան մարդկանց մեջ։

6.30. Աշակերտ Ցզի-գունը հարցրեց.

— Ընդունենք՝ կա մի մարդ, որը շատ բարի գործեր է կատարում իր ժողովրդի համար և բոլորին ցալց տալիս իր օգնությունը։ Ինչպիսի՞ն է նա։ Կարելի՞ է նրան համարել մարդասեր։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Ինչո՞ւ միայն մարդասեր։ Չե՞նք կարող ասել, որ նա բարոյական կատարելության ամենաբարձր աստիճանն է։ Մի աստիճան, որին չհասան անգամ իրենք՝ հնամենի կայսրեր Յաոն և Շունը։

Ով հետևում է բարոյական վարքի հիմնական օրենքներին, ձգտում է դրանցով ոգևորել իրեն էլ, մյուսներին էլ։ Նա ձգտում է, որ այդ օրենքները հասանելի լինեն ոչ միայն իրեն, այլև ուրիշներին։

Նման մարդիկ կարող են արարքներ գործել և օրինակ լինել ուրիշների համար՝ հենց դա է ճշմարիտ վարքը։

Գլուխ յոթերորդ

7.1. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես միջնորդ եմ հնի ու նորի միջև, բայց ես անձամբ ոչ մի նոր բան չեմ ստեղծում։ Ես հավատում եմ հնին և սիրում եմ այն։ Դրանով ես նման եմ մեր Լաո Պենին։

7.2. Կոնֆուցիոսն ասաց.

― Ներքին խաղաղությամբ լի՝ պահապան լինել գիտությանը, սովորել՝ առանց ձանձրույթ զգալու, լույս տալ ուրիշներին՝ առանց հոգնության, հետաքրքիր է իմանալ՝ սրանցից ո՛ր մեկն է ինձ արդեն հաջողվել։

7.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Բարոյականությունը և բնավորությունը արհամարվում են։ Անհասկանալի է մնում այն, ինչ սովորում ենք։ Գիտակցում ենք պարտականությունները, բայց արհամարում ենք դրանք։ Երբ մեկի թերությունը մատնացույց ես անում, նա բոլորովին էլ չի աշխատում փոխվել։

Սրանք մտահոգում են ինձ։

7.4. Ազատ ժամերին Ուսուցիչը ներգործում էր հանգստությամբ և զվարթությամբ։

7.5. Կոնֆուցիոսն ասաց.

— Սարսափելի ընկճված եմ։ Վաղուց է, ինչ երազումս չեմ տեսնում Չժոու-Գունին[25]։

7.6. Կոնֆուցիոսն ասաց.

— Ձգտեք ճշմարտությանը, եղհք մարդասեր, բարիք գործեցեք Ա զբաղվեք արվեստներով։

7.7. Կոնֆուցիոսն ասաց.

— Երբևիցե ես չեմ հրաժարվել որևէ մեկին ուսուցանելուց, եթե անգամ նա իր հետ բերել է ամենացածր վարձը[26]։

7.8. Կոնֆուցիոսն ասաց.

— Ով ձգտում չունի, ես նրա առաջ չեմ կարող բացել ճշմարտությունը։ Ով ինքն անձամբ չի փնտրում ճշմարտությունը, ես չեմ կարող ուսուցանել նրան։ Ասենք, եթե ես մեկին ցույց եմ տալիս մի անկյուն, իսկ նա դրա հիման վրա չի կարողանում դատել նաև մյուս անկյունների մասին, այդ դեպքում ես այդ բանը նրա համար այլևս չեմ կրկնում։

7.9. Երբ սգավոր մարդ էր լինում կողքին նստած, Ուսուցիչը ոչ մի անգամ կուշտ չէր ուտում։

7.10. Եթե պատահում էր, որ արտասվում էր, ապա նույն օրն այլևս չէր երգում։

7.11. Կոնֆուցիոսն ասաց Ցան Հուին.

— Հասարակության նկատմամբ պարտքը կարելի է կատարել միայն այն դեպքում, երբ պիտանի ես որևէ բանում։ Եթե ոչ մի տեղ քո կարիքը չկա, ավելի լավ է՝ թողնես, հեռանաս։ Բայց այդպես վարվել կարող ենք միայն ես և դու։

Ցզի-լուն հարցրեց.

— Ուսուցիչ, եթե ունենայիք մի մեծ բանակ, ո՞ւմ կուզենայիք, որ Ձեր կողքին լիներ։

— Չէի ուզենա իմ կողքին լիներ նա, ով մերկ ձեռքերով նետվում է վագրի վրա, և նա, ով առանց նավակ ունենալու, փորձում է գետն անցնել, բայց խեղդվում է։

Դա պետք է լիներ այնպիսի մեկը, որ գործում է զգույշ, խնամքով կանխատեսելով ամեն ինչ և վերջապես հասնում է այն նպատակին, որը ծրագրել է։

7.12. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե հնարավոր լիներ արդար ճանապարհով հասնել հարստության, ապա ես ինքս էլ դա կուզենայի, անգամ որպես ձիապան ծառայելու պայմանով։ Բայց քանի որ դա հնարավոր չէ, ուրեմն ես կզբաղվեմ այն հետաքրքրություններով, որոնք ունեմ։

7.13. Ծիսական օրենքների, պատերազմների և հիվանդության նկատմամբ Ուսուցիչն առանձնահատուկ վերաբերմունք ուներ։

7.14. Այն բանից հետո, երբ Ցի պետության մեջ Ուսուցիչը լսել Էր հին կայսր Շունի երաժշտությունը, երեք ամիս շարունակ չէր կարողանում զգալ մսի համը։

— Ես չէի կանխատեսել, որ երաժշտությունը կարող է այդքան ազդել ինձ վրա[27]։

7.15. Աշակերտ Ռան Սյուն հարցրեց.

— Ուսուցիչը հավանո՞ւմ է Վեյի իշխանին։

Ցզի-գունը խոստացավ հարցնել Ուսուցչին և մտնելով նրա մոտ, ասաց.

— Ի՞նչ մարդիկ էին Բո-ին և Շու-ցին։

— Հնադարյան երկու իմաստուններ,— եղավ պատասխանը։

Ցզի-գունը շարունակեց.

— Չէ՞ որ նրանք երկուսն էլ հրաժարվեցին իշխանությունից։ Եվ այդ պատճառով էլ դժգոհ էին իրենց ճակատագրից։

Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Նրանք ձգտեցին ճշմարտության և հասան նրան։ Ուրեմն ինչո՞ւ պետք է դժգոհ լինեին իրենց ճակատագրից։

Ցզի-գունը դուրս եկավ Ուսուցչի մոտից և ասաց.

— Նա Վեյի իշխանին չի հավանում։

7.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Մի կտոր հաց՝ ուտելու համար, մի պատ ջուր՝ խմելու և որպես բարձ՝ քո սեփական թևը՝ գլխատակիդ դրված, ահա դրանցով էլ կարող է մարդ բավարարվել և երջանիկ զգալ իրեն։ Դրան հակառակ շատ բարիքներ ու շնորհներ, որ ձեռք են բերվում անարդար ճանապարհով, ինձ վրա սոսկ ամպի տպավորություն են թողնում, որ անցնում են երկնքով։

7.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե կյանքս երկարեր ևս մի քանի տարով, ապա ես հիսուն անգամ ևս կկարդայի «Թափառումների գիրքը»՝ մեծ սխալներից խուսափելու համար։

7.18. Ինչի՞ մասին էր ավելի հաճախ խոսում Ուսուցիչը՝ երգերի, պատմական դեպքերի և ծեսերի մասին։ Դրանք նրա սիրած թեմաներն էին։

7.19. Շեի կառավարիչը հարցրեց աշակերտ Ցզի-լուին, թե ինչպիսի մարդ է Կոնֆուցիոսը։ Սակայն Ցզի-լուն ոչ մի պատասխան չտվեց։

Դրա վրա Ուսուցիչն ասաց Ցզի-լուին.

— Ինչու նրան ուղղակի չասացիր՝ «Նա մի մարդ է, որ տարերքի մեջ մոռանում է քաղցը, իսկ ուրախության մեջ՝ հոգսերը. մի մարդ է նա, որ չի նկատում, թե ինչպես է մոտենում ծերությունը»։

7.20. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես իմաստուն չեմ ծնվել, բայց ես սիրում եմ անցյալը և եռանդագին ուսումնասիրում եմ այն։

7.21. Ինչի՞ մասին չէր ուզում խոսել Ուսուցիչը՝ հմայությունների, ֆիզիկական ուժի, խռովությունների և ոգիների։

7.22. Կոնֆուցիոսն ասաց.

— Յուրաքանչյուր երեք մարդու մեջ կա մեկը, որից ես կարող եմ սովորել։ Ես նկատում եմ լավ հատկանիշները և հետևում դրանց։ Ես նկատում եմ նաև վատ հատկանիշները և ձգտում դրանք լավացնել։

7.23. Կոնֆուցիոսն ասաց.

— Երկինքն արդեն ինձ շնորհել է բարոյական ուժ, ուրեմն էլ ի՞նչ կարող են ինձ հետ անել թշնամիները։

7.24. Կոնֆուցիոսն ասաց.

— Զավակներս, կարծում եք, թե ես ձեզանից որևէ բա՞ն եմ թաքցնում։ Ես ձեզանից ոչ մի գաղտնիք չունեմ։ Այն ամենը, ինչ ես կատարում եմ, կատարում եմ Ձեր աչքերի առաջ։ Դա է իմ վարվելակերպը։

7.25. Չորս բան էր սովորեցնում Ուսուցիչը՝ ճանաչել հին այբուբենը, ճիշտ գործել, հավատարիմ և կայուն լինել, լինել արդարացի և հավատացյալ։

7.20. Կոնֆուցիոսն ասաց.

— Մինչև օրս ինձ չի վիճակվել տեսնելու իմաստունի։ Ուրախ կլինեի նաև, եթե երբևիցե հանդիպեի մի ազնվականի։

Ապա շարունակեց.

— Մինչև օրս ինձ չի վիճակվել տեսնելու իրոք մի բարի մարդ։ Եթե գտնեի մեկին, որն համառորեն ձգտում է բարուն, ապա արդեն երջանիկ կլինեի։

Բայց ինչպես կարող է մարդը հաստատակամորեն դեպի բարին ձգտել, եթե ոչինչ չունի, բայց ներկայանում է, թե ամեն ինչ անի, եթե լիքն է ներկայացնում այն, ինչ ամբողջովին դատարկ է, եթե աղքատ է, բայց ձևացնում է, թե հարուստ է։

7.27. Ուսուցիչը ձուկը որսում էր ոչ թե ցանցով, այլ կարթով։ Թոչուններ նույնպես որսում էր, բայց ոչ նրանց, որ արդեն իջել են գետնին։

7.28. Կոնֆուցիոսն ասաց.

— Հավանաբար կան մարդիկ, որ գործեր են անում, չիմանալով ինչի համար։ Ես այդպիսին չեմ։

Շատ լսել, ընտրել դրանցից բարին և հետևել դրան, շատ տեսնել և տեսածը պահել հիշողության մեջ՝ ահա թե որն է գիտելիքներ ձեռք բերելու բանալին։

7.29. Հու-սիանցիների հետ դժվար էր զրույցի բռնվել, քանի որ քչախոս մարդիկ էին։ Այդ պատճառով էլ Ուսուցչի աշակերտները զարմացան, երբ այդ կողմերից մի տղա ցանկացավ տեսնել Կոնֆուցիոսին։

Բայց Ուսուցիչն ասաց.

— Թողեք թող ներս գա, մի մերժեք նրան։ Ինչո՞ւ դաժան լինել։ Եթե նա ինձ մոտ է գալիս հոգեպես մաքրվելու համար, ուրեմն պետք է օգնել նրան։ Նման դեպքերում ավելի լավ է մոռանալ, թե նա ինչպիսին է եղել նախկինում։

7.30. Կոնֆուցիոսն ասաց.

— Մի՞թե մարդասիրությունն այդքան հեոու է մեզնից։ Բայց մենք անպայման կհասնենք նրան, եթե իսկապես ցանկանանք։

7.31. Չեն պետության արդարադատության նախարարը հետաքրքրվեց, թե արդյոք Լուի իշխան Չժաո-գունը գիտե՞ պատշաճության և վարքի օրենքները։ Կոնֆուցիոսը դրական պատասխան տվեց։

Երբ Ուսուցիչը հեռացավ, նախարարը խոնարհվեց աշակերտ Ու-մա Ցիին և հրավիրեց իր մոտ։ Ապա նա պատմեց աշակերտին. «Ես լսել եմ, որ ազնվականը անաչառ և անկողմնակալ է լինում։ Բայց միթե նրանք էլ իրենց վճիռների մեջ երբեմն սխալվում են։ Լուի իշխանը ամուսնացավ մի աղջկա հետ, որ Վու պետությունից էր և պատկանում էր նույն տոհմին։ Ընդդեմ օրենքների կատարված այդ զանցանքը ծածկելու և ամուսնությունը գլուխ բերելու համար նա պարզապես փոխեց աղջկա անունը։

Ուրեմն էլ ինչպե՞ս կարոդ է Չժաո-գունը պատշաճության և վարքի օրենքներն իմանալ։

Ու-մա Ցին այդ մասին պատմեց Կոնֆուցիոսին։ Ուսուցիչն ասաց.

— Երբ ես սխալներ եմ կատարում, ապա դրանք նկատում են բոլորը։ Դա իմ երջանկությունն է։

7.32. Երբ Ուսուցիչը լինում էր մեկի հետ, որը լավ երգում էր, ապա խնդրում էր նրան երգել նորից և ինքն էլ երգում էր հետը։

7.33. Կոնֆուցիոսն ասաց.

― Ճիշտ է, կրթվածությամբ և գիտելիքներով ես մյուսներից ետ չեմ մնում։ Բայց ես դեռ չեմ հասել նրան, որ մարդկանց մեջ ինձ պահեմ այնպես, ինչպես ազնվականը։

7.34. Կոնֆուցիոսն ասաց.

― Ինչ վերաբերվում է կատարելությանն ու ճշմարիտ բարոյականությանը, ապա ես ինչպե՞ս կարող եմ համարձակվի դրանցով պարծենալ։ Ես ձգտում եմ դրանց՝ առանց ընկճվելու։ Ես սովորեցնում եմ ուրիշներին՝ առանց հոգնելու։ Այսպես կարելի է ասել իմ մասին, բայց ոչ ավելին։

Գուն-ցի Հուան նկատեց.

— Այսինքն դա հենց այն է, ինչ մենք՝ աշակերտներս ի վիճակի չենք տովորել։

7.35. Ուսուցիչը ծանր հիվանդ էր։ Աշակերտ Ցզի-լուն ցանկանում էր աղոթել նրա համար։

Կոնֆուցիոսը հարցրեց.

— Ի՞նչ իմաստ ունի դա անել։

— Ունի,— ասաց Ցզի-լուն,— աղոթքի մեջ ասվում է. «Դիմում ենք ձեզ՝ երկնքի և երկրի ոգիներ...»։

Կոնֆուցիոսն ասաց.

— Եթե այդպես է, ուրեմն ես աղոթում եմ ի սկզբանե։

7.36. Կոնֆուցիոսն ասաց.

— Շռայլությունը ծնում է անհնազանդություն, իսկ ժուժկալությունը տանում է պարզության։ Ուստի պարզությունն ավելի լավ է, քան անհնազանդությունը։

7.37. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականը հավասարակշռված է և հոգեպես հանգիստ։ Ընդհակառակը, հասարակ մարդը հոգեպես անհանգիստ է և մշտապես ապրում է կարիքի ու վախի մեջ։

7.38. Ուսուցիչը սիրալիր էր, բայց լի արժանապատվությամբ, պատկառանք ներշնչող էր, բայց ոչ դաժան, նա քաղաքավարի էր, բայց ներքուստ հավասարակշռված:

Գլուխ ութերորդ

8.1. Կոնֆուցիոսն ասաց.

— Թաի-բոի մասին կարելի է ասել, որ նրա վարքը բարձրագույն բարոյականության օրինակ է։ Երեք անգամ նա հնարավորություն ունեցավ իշխանություն ձեռք բերելու, սակայն երեք անգամ էլ հրաժարվեց։ Եվ քանի որ նա իր վեհանձն գործերի մասին բարձրաձայն չէր խոսում, ուստի դրանք մնացին անհայտ, և նա իր մասին գովասանքի պտուղներ չճաշակեց։

8.2. Կոնֆուցիոսն ասաց.

— Անտանելի է այն քաղաքավարությունը, որ ոչ չափ և ոչ էլ սահմաններ է ճանաչում։

Չափից դուրս զգուշավորությունը կարող է վերածվել վախի, արիությունը՝ ըմբոստության և անհնազանդության։

Արդարացիությանը կարող է դառնալ վիրավորական, եթե անցնի պատշաճության սահմանը։

Եթե իշխանը իր մարդկանց հետ վարվի այնպես, ինչպես պատշաճ է, ապա նրանից օրինակ կվերցնի ժողովուրդը և բարի գործեր կկատարի։ Եթե իշխանը բարի սովորությունները չմերժի և հին բարեկամներին չմոռանա, ապա ժողովրդին նույնպես խորթ կլինի ստորությանն ու անարգ վարքը։

8.3. Հիվանդանալով, Ցզեն-ցզին իր մոտ կանչեց աշակերտներին և ասաց.

― Նայեք իմ ոտքերին ու ձեռքերին, տեսեք, թե ինչ անվնաս են դրանք։ «Երգերի գրքում» գրված է՝ «Զգույշ և ուշադիր եղեք, երբ կանգնած եք խոր անդունդի առաջ, երբ քայլում եք բարակ սառույցի վրայով»։ Ես միայն հիմա եմ հասկանում, թե որքան կարևոր է իրեն փորձանքներից պահպանելը[28]։

8.4. Երբ Ցզեն-ցզին հիվանդ էր, նրան այցի եկավ Մեն Յին-ցզին՝ առողջության մասին հարցնելու։

Ցզեն-ցզին ասաց նրան.

― Տխուր է լինում մեռնող թռչունի երգը։ Երբ մարդը մոտ է մահվանը, ասում է իր վերջին խոսքերը։ Եվ ահա ես ասում եմ՝ աստիճան և արժանապատվություն ունեցող մարդիկ պետք է ուշադիր լինեն երեք բանում.

Իրենց վարքի մեջ նրանք երբեք չպետք է լինեն անզգույշ և կոպիտ։

Նրանց դիմախաղերը պետք է լինեն ներդաշնակ և վստահություն արթնացնող։

Նրանց խոսքի և ձայնի մեջ չպետք է զգացվի թաքուն ու անպատեհ ոչ մի բան։

Եվ այդ ամենի հետ մեկտեղ նրանք չպետք է առանձնահատուկ ուշադրության դարձնեն ամեն տեսակ մանրուքների վրա։

8.5. Ցեն-ցզին ասաց.

— Տարիներ առաջ ես մի այսպիսի բարեկամ ունեի, մեծ ընդունակություններ ունենալով հանդերձ՝ սովորության ուներ հարցնել նրանցից, ովքեր քիչ բան գիտեին։ Նա շատ բան գիտենալով, սովորում էր նաև նրանցից, ովքեր ավելի քիչ գիտեին։ Նա միշտ պահպանում էր չափը։ Լիքը լինելով գիտելիքներով, նա իրեն սովորական մարդու պես էր պահում։ Եվ շատ վիրավորվում էր, երբ փոքր-ինչ նեղացնում էին։

8.6. Ցեն-ցզին ասաց.

― Ազնվակա՞ն է արդյոք այն մարդը, որին պետությունը կարելի է վստահել ճիշտ այնպես, ինչպես որբ երեխան են վստահում, և որը բռնության դեպքում անգամ հետ չի կանգնում իր համոզմունքներից։

Այո՛, այդպիսի մարդը ազնվական է։

8.7. Ցեն-ցզին ասաց.

— Գիտնական մարդը չի կարող սահմանափակ լինել։ Նրան անհրաժեշտ են հաստատակամության և քաջություն։ Նրա հոգսը ծանր է և ճանապարհը՝ երկար։

Մի՞թե ծանր հոգս չէ նվիրվել աշխարհում մարդասիրության տարածման դժվարին պարտականությանը։

Եվ մի՞թե երկար ճանապարհ չէ այն, երբ լոկ մահվամբ են ընդհատվում երազներդ։

8.8. Կոնֆուցիոսն ասաց.

— Բանաստեղծությունը վեհացնում է մարդուն։

Ծեսերը պարգևում են անդորրություն։

Երաժշտությունը նրան դարձնում է կատարյալ։

8.9. Կոնֆուցիոսն ասաց.

— Ժողովրդին կարելի է հնազանդ դարձնել, բայց իմաստուն՝ երբեք։

8.10. Կոնֆուցիոսն ասաց.

— Խռովության աղբյուր է քաջությունն ու խիզախությանը սիրելը և աղքատությունն արհամարհելը։

Խռովության աղբյուր է նաև այն, երբ սաստիկ ատում ես նրանց, ովքեր անարդար բան են կատարել։

8.11. Կոնֆուցիոսն ասաց.

— Ձժոու-գունի զարմանալի ընդունակությունները և տաղանդն ունեցող մարդն անգամ, եթե գոռոզ է ու ժլատ, ապա նրա բոլոր առաքինությունները ոչ մի արժեք չունեն։

8.12. Դժվար թե հնարավոր լինի հանդիպել մեկին, որը երեք տարի սովորելուց հետո չմտածի պաշտոն ստանալու մասին։

8.13. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվորեն սովորիր քայլել ճշմարիտ ճանապարհով և հավատարիմ մնալ նրան մինչև քո կյանքի վերջը։

Մի գնա այն երկիրը, որտեղ անհաստատ կարգեր են իշխում։

Մի մնա այն պետության մեջ, որտեղ խառնակություն կա։ Աչքի ընկիր այն ժամանակ, երբ պետության մեջ կարգուկանոն կա, հակառակ դեպքում զուսպ պահիր քեզ։

Եթե մի երկիր գնում է ճշմարիտ ճանապարհով և իշխում է կարգ ու կանոնը, ապա ամոթ է, որ մարդ այնտեղ ապրի աղքատ և ամենացածր դիրք անգամ չունենա։

Ընդհակառակը, եթե մի երկիր ճշմարիտ ճանապարհի վրա չէ, ապա ամոթ է այնտեղ հարուստ ապրելն ու պատիվներ ունենալը։

8.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Ամեն մի գործի մասին հետաքրքրվում է նա, ով այդ գործից բան է հասկանում։

8.15. Կոնֆուցիոսն ասաց.

— Երբ մեծ երաժիշտ Չժին անցավ ծառայության, Խուան-Յու-Լիդի վերջին օրերը լցրեց երաժշտությամբ:

8.16. Կոնֆուցիուսն ասաց.

― Ես չեմ կարող ընդունել, երբ վճռականությունը ցուցադրում են, իսկ անկեղծությանը՝ թաքցնում։

Երբ հիմար են լինում և դրա հետ էլ ոչնչով չեն հետաքրքրվում։

Չեմ կարող ընդունել այն, երբ մեկն անձամբ ոչինչ չգիտի, բայց չի հավատում նաև ուրիշներին։

8.17. Կոնֆուցիոսն ասաց.

— Սովորեք այնպես, ասես վախենալով, որ ոչնչի չեք հասնի, որ կկորցնեք այն ամենը, ինչ սովորել եք։

8.18. Կոնֆուցիոսն ասաց.

— Ի՜նչ մեծ ու բարձր էին Շուն ու Յու հարստության հին կայսրերը։

Նրանք կառավարում էին աշխարհը, առանց մտածելու իրենց անձի մասին, առանց իշխանատենչության ու շահի։

8.19. Կոնֆուցիոսն ասաց.

— Ի՜նչ մեծ էր Յաոն որպես տիրակալ, ինչ բարձր։

Մեծ է միայն երկինքը, և միայն Յաոն է համապատասխանում նրան։ Նրա մեծությունն այնքան անչափելի է, որ ժողովուրդը չի կարողացել գտնել նրա ճիշտ անունը։

Անհասանելիորեն բարձր է այն ամենը, ինչ կատարել է նա, և վսեմ են այն օրենքները, որոնցով նա կյանքի մեջ կարգ ու կանոն էր մտցնում։

8.20. Ծեր կայսր Շունը ուներ հինգ պաշտոնյա, և երկնքի տակ իշխում էր կարգուկանոնը։

Արքա Վուն ասում էր. «Ես տաս գործիմաց պաշտոնյաներ ունեմ»։

Կոնֆուցիոսն ասաց.

― Այսինքն, ընդունակ մարդիկ դժվար են գտնվում, այնպէս չէ՞։ Բայց երբ ապրում էին Յաո և Շուն կայսրերը, զարգանում էին ընդունակությունները, ծաղկում էին տաղանդները։ Ինչ վերաբերում է Վու արքայի տաս պաշտոնյաներին ապա նրանցից մեկը կին էր, այնպես որ միայն ինն էին գործիմաց տղամարդիկ։ Չժուի արքա Վենը թեև արդեն տիրում էր աշխարհի երկու երրորդին, բայց շարունակում էր հավատարմորեն ծառայել Ին հարստությանը։

Չժոու հարստության արքաների առաքինությունը իսկական բարոյականության է։

8.21. Կոնֆուցիոսն ասաց.

— Հին կայսր Յույի մոտ ես չեմ տեսնում ոչ մի թերություն։ Ուտելու և խմելու մեջ նա շատ չափավոր էր, դրան հակառակ ոգիներին առատորեն զոհ էր մատուցում։ Նրա հագուստը պարզ էր, իսկ զոհաբերման զգեստները՝ թանկարժեք։ Նա ինքն անձամբ ապրում էր մի հասարակ տան մեջ, քանզի նա իր բոլոր ջանքերը գործադրում էր ընդհանուրի բարօրության համար։

Իրոք, Յուի մոտ ես չեմ կարողանում ոչ մի արատ գտնել։

Գլուխ իններորդ

9.1. Շահի, ճակատագրի և մարդկային սիրո մասին Ուսուցիչը խոսում էր ամենից հազվադեպ։

9.2. Դա-սյան գյուղից մի մարդ ասաց․

― Ուսուցիչը հիրավի նշանավոր մարդ է։ Նա մեծ խելք ունի, բայց դժբախտաբար չունի այն շնորհքը, որով կարող է հռչակավոր դառնալ։

Այս բանը լսեց Կոնֆուցիոսը և ասաց աշակերտներին․

― Հիմա Ի՞նչ անեմ ես։ Զբաղվեմ նետաձգությա՞մբ, թե՞ դառնամ կառապան։

Ինձ թվում է, պետք է զբաղվեմ կառապանությամբ[29]։

9.3. Կոնֆուցիոսն ասաց.

― Ծիսակատարությունների ժամանակ ամենաճիշտը գլխին կտավե ապարոշ կրելն է։ Բայց հիմա օգտագործում են սև մետաքս։ Այդպես ավելի հարմար է, և ես հետևում եմ ընդհանուրին։

Ծիսակատարական կարգի համաձայն իշխանին հարգալից խոնարհումով պետք է դիմավորեն նախնիների տաճարի աստիճանների մոտ, սակայն այսօր նրան դիմավորում են այն բանից հետո, երբ արդեն մտնում է տաճար։ Սա հանդգնություն է։ Եվ եթե ես այդ դեպքում ընդհանուրին հակառակ եմ գնում, ապա խստորեն հետևում եմ ավանդույթին։

9.4. Ուսուցիչը բոլորովին հեռու էր կանխակալությունից, կասկածի տեղիք տալուց, կասկածներ չընդունող անառարկելիությունից, թանձրամիտ համառությունից և եսասիրությունից։

9.5. Երբ մի անգամ Կուանգ նահանգում վտանգվեց Ուսուցչի կյանքը, նա ասաց.

— Արքա Վենը այլևս չկա, մի՞թե ես չեմ ժառանգելու բարոյականության և կարգուկանոնի սկզբունքները։ Եթե երկինքը ցանկանա, որ խորտակվեն դրանք, ուրեմն ես չեմ կարող դրանք ժառանգել, իսկ եթե երկինքը չկամենա, ի՞նչ կարող են ինձ անել Կուանգ Նահանգի մարդիկ։

9.6. Վարչապետը Ցզի-գունին հարցրեց.

— Ձեր ուսուցիչը չէ՞, որ այդքան իմաստուն ու կատարյալ է։ Ինչպե՞ս է, որ միայն նա այդքան ընդունակություններ ու տաղանդ ունի։

Ցզի-գունը պատասխանեց.

— Անքննելի է երկնքի կամքը, որ նրան դարձրել է այդպես իմաստուն ու կատարյալ։ Ահա թե որտեղից են նրա ընդունակությունները։

Այդ մասին լսելով՝ Ուսուցիչը նկատեց.

— Ուրեմն ինձ ճանաչո՞ւմ է վարչապետը։ Ես ծանր երիտասարդություն եմ ունեցել։ Այդ պատճառով ստիպված եմ եղել շատ սովորական բաներ իմանալ, որ բնավ էլ հիացմունքի արժանի չեն։ Սակայն պարտադի՞ր է ազնվականի համար ամեն ինչ իմանալ։ Բանն էլ հենց այդ է, որ՝ ոչ։

9.7. Աշակերտ Լաոն ասաց.

— Ուսուցիչն այսպես խոսեց մի անգամ իր մասին. «Քանի որ ես պետական ծառայության համար պետք չեկա, ուստի ինձ նվիրեցի այլ հմտություններ յուրացնելուն։

9.8. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես շա՞տ գիտեմ։ Ոչ, բոլորովին ոչ։ Պատահում Է, հասարակ գյուղացի մարդը ինձ որևէ բան է հարցնում, և ես նրա հարցին պատասխանելու համար ինձ բոլորովին կորցնում եմ։ Հետո միայն, երբ խնդիրը քննում եմ բոլոր կողմերից, և կարողանում եմ պատասխանել նրան, ինձ լավ եմ զգում։

9.9. Կոնֆայիոսն ասաց.

― Փյունիկ թռչունը[30] չի գալիս, գետն էլ նշաններ չի ուղարկում[31]։ Վախենամ թե՝ վերջս եկել է[32]։

9.10. Տեսնելով սգո կամ տոնական զգեստներ հագած մի մարդու և կամ կույրի, Ուսուցիչը վեր էր կենում տեղից և կանգնում։ Ճանապարհին նրանց հանդիպելիս նույնպես դառնում էր ուշադիր ու հարգալից։

9.11. Խոր հառաչելով՝ Ցան Հուին ասաց.

— Որքան վերև եմ նայում, այնքան ավելի նա վեր է բարձրանում։ Որքան ավելի շատ եմ ձգտում թափանցել ներսը այնքան ավելի անթափանց է դառնում։ Պարզ տեսնում ես, որ առջևդ է, բայց մեկ էլ հանկարծ հայտնվում է հետևումդ։ Թեև Ուսուցչի ուսմունքը դժվարամատչ է, այնուամենայնիվ նա կարողանում է մարդկանց ինչ-որ կախարդանքով իր կողմը ձգել ու քայլ առ քայլ առաջ տանել։

Կրթելով՝ նա ընդլայնում է իմ գիտելիքները, ուսուցանելով՝ մշակում իմ վարքը ծիսակատարությունների ու պատշաճության օրենքների համաձայն։

Դա իմ սրտով է, և այլևս չեմ կարող չխորանալ նրա ուսմունքի մեջ։

Ես լարում եմ իմ բոլոր ուժերը, և ինձ մի պահ թվում է, թե ամեն ինչ պարզ է արդեն։ Բայց որքան էլ ձգտում եմ հասնել նրան, չեմ կարողանում։

9.12. Երբ Ուսուցիչը ծանր հիվանդացավ, Ցզի-լուն ասաց, որ աշակերտները պետք է սպասավորի ու ծառայողի պաշտոն կատարեն, որ նրանք պետք է հոգ տանեն թաղման արարողության ու ընթացքի մասին՝ ի նշան մեծ հարգանքի։

Եվ երբ հիվանդությունն անցավ և Ուսուցիչն արդեն լավանում էր, ասաց.

— Ես վաղուց արդեն գիտեի, որ Ցզի-լուն կեղծ մարդ է։ Չունենալով ծառայողներ պահելու իրավունք, ես պետք է ցույց տափ, թե իբր ունե՞մ այդպիսիք։ Ո՞ւմ էինք խաբելու դրանով, երկնքի՞ն։

Բացի դրանից, ավելի լավ չէ՞ մեռնել աշակերտներիս թևերի վրա, քան սպասավորների։ Եվ եթե նույնիսկ ճոխ թաղման չարժանանայի, միևնույն է, ինձ հո փողոցում չէի՞ն թաղելու։

9.13. Ցզի-գունն ասաց.

— Մի գեղեցիկ ադամանդ ունեմ։ Ի՞նչ անեմ այն։ Դնեմ սնդուկը ու լավ պահպանե՞մ, թե՞ մի վաճառական գտնեմ ու լավ գնով վաճառեմ։

— Կոնֆուցիոսը պատասխանեց.

— Վաճառի՛ր, վաճառի՛ր, գնորդ ես կգտնեմ[33]։

9.14. Ուսուցիչն ուզում էր գնալ բարբարոսների մեջ ապրելու։ Ինչ-որ մեկն ասաց.

— Ինչպե՞ս կարելի է, չէ՞ որ նրանք անկիրթ են։

Բայց Կոնֆուցիոսը նկատեց.

— Երբ այնտեղ մի ազնվական կա, ինչպե՞ս կարող են նրանք անկիրթ լինել։

9.15. Կոնֆուցիոսն ասաց.

— Վեյ երկրից Լwu երկիր իմ վերադառնալուց հետո երաժշտությունը կարգավորվել է, նորից իրենց ճիշտ տեղում են հնչում տոնական երգերը և ներբողները[34]։

9.16. Կոնֆուցիոսն ասաց.

― Դրսում հպատակվել իշխանատանը, իսկ ընտանիքում՝ հորը և ավագ եղբայրներին։

Բարեխիղճ լինել հանգուցյալների հանդեպ և թաղման ու սգի ժամանակ կատարել բոլոր պարտականությունները։

Հեռու մնալ գինուց։

Այս ամենից հիմա ինձ ո՞ր մեկն է հաջողվել։

9.17. Մի անգամ, երբ կանգնած էր գետի ափին ասաց.

— Այս ջրերի նման ամեն ինչ հոսում է ու կորչում։ Անկասելի է շարժումը գիշեր ու ցերեկ։ Եվ այսպես անվերջ անցնում է ժամանակը։

9.18. Կոնֆուցիոսն ասաց.

— Ես դեռ չեմ տեսել մեկին, որ ներքին գեղեցկություն սիրի այնպես, ինչպես արտաքին սիրունությունը։

9.19. Կոնֆուցիոսն ասաց.

— Սովորելը նման է հողը մի տեղ կուտակելուն։ Երբ բլուրն արդեն պատրաստ է, բացի մի զամբյուղ հողից, զարմանքով տեսնում ես, որ պակասողը հենց այն տեղի հողն է, որտեղ դու՝ մեղավորդ, կանգնած ես։ Եվ որպեսզի այդ մի զամբյուղ հողը տեղ հասցնես, քայլ ես անում մի կողմ։ Իսկ դա հենց առաջընթացն է։ Չէ՞ որ դու ինքդ քեզ ես առաջ տանում[35]։

9.20. Կոնֆուցիոսն ասւսց.

— Երբ զրուցում էր մարդկանց հետ, շատ ուշադիր լսում էր նրանց։ Երբեք չէր հոգնում կամ մտացրիվ չէր լինում։ Այդպիսին էր Յան Հուին։

9.21. Ուսուցիչը եկավ Յան Հուիի մասին խոսելու և ասաց.

— Ցավալի է, որ նա մեռավ։ Ես տեսնում էի, որ նա միշտ ու միմիայն առաւ է գնում։ Ոչ մի անգամ չտեսա նրան, որ իր ձեռքբերածով մնար բավարարված։

9.22. Կոնֆուցիոսն ասաց.

— Բույսեր կան, որ ծլարձակում են, աճում, բայց չեն ծաղկում։

Կան նաև, որ ծաղկում են, բայց պտուղ չեն տալիս։

9.23. Կոնֆուցիոսն ասաց.

— Երիտասարդներին պետք է վերաբերվել զգույշ ու խելամիտ։ Ինչ իմանաս, ապագայում նրանք չե՞ն գերազանցի մեզ։ Բայց նրանցից, ովքեր արդեն քաոասուն, հիսուն տարեկան են և ոչ մի բանով աչքի չեն ընկել, երկյուղ կրել պետք չէ։

9.24. Կոնֆուցիոսն ասաց.

— Ո՞վ կարող է չընդունել խելոք խրատները։ Բայց միայն ընդունելը բավական չէ։ Սեփական վարքը խրատների համաձայն բարեփոխել և ճշտել սխալները՝ դա է կարևորը։

Ո՞վ չի ուրախանում հաճելի խոսքերից։ Բայց պետք է նրանց ներքին իմաստը հասկանալ՝ դա Է կարևորը։ Ինչպե՞ս կարելի Է գործ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր ուրախանամ են հաճելի խոսքերից՝ առանց հասկանալու դրանց իմաստը և ընդունում են խրատները՝ առանց իրենց վարքը բարեփոխելու։

9.25. Կոնֆուցիոսն ասաց.

— Եղիր միշտ հավատարիմ, վստահելի և անկեղծ։ Քեզ անարժան բարեկամներ մի ունեցիր։ Եթե սխալ ես թույլ տվել, ապա մի ամաչիր այն ուղղելուց։

9.26. Կոնֆուցիոսն ասաց.

— Հրամանատարին կարելի է հեռացնել իր բանակից բայց անհնար է որևէ սովորական մարդուց խլել նրա կամքը։

9.27. Կոնֆուցիոսն ասաց.

— Ցզի-լուն ասում է. «Նա չի ամաչում կանգնել թանկարժեք մուշտակ հագած մարդու կողքին, երբ իր վրա միայն աղքատիկ ու հնամաշ շորեր են։ Երգերի գրքում ասված է՝ «Ով նախանձ ու ագահ չէ, ինչպե՞ս կարող է անարդարություն գործել»։

Այս խոսքերը Ցզի–լուն միշտ կրկնում է։

Եվ ապա նկատեց.

— Միայն այս բառերով բարի ու առաքինի դառնալ չի կարելի։

9.28. Կոնֆուցիոսն ասաց.

— Միայն ձմռանն ենք նկատում, որ սոճին ու կիպարիսը կանաչ են մնացել։

9.29. Կոնֆուցիոսն ասաց.

— Իմաստունը չի կասկածում, բարոյական մարդը չի հուսահատվում, քաջարին՝ չի վախենում։

8.30. Կոնֆուցիոսն ասաց.

— Ում հետ սովորում ես, դեռ այն մարդը չէ, որի հետ կարելի է գտնել նաև ճշմարիտ ճանապարհը։

Ուղեկիցդ, որ առաջնորդվում է բարոյական սկզբունքներով, դեռ այն մարդը չէ, որ կարող է նաև պայքարել այդ սկզբունքների համար։

9.31. Մի հին երգի մեջ ասված է.

«Տեսնում եմ ոնց է ծաղիկը թեքվում,
Կարո՞ղ եմ արդյոք ես քեզ մոռանալ,
Բայց հեռու ես դու»։

Կոնֆուցիոսն այդ մասին ասաց.

— Դա ճիշտ գաղափար չէ, և ոչ էլ ճշմարիտ թախիծ։ Քանզի սերը հեռավորության չի ճանաչում։

Գլուխ տասներորդ

10.1. Հայրենի գյուղում Կոնֆուցիոսը իրեն պահում էր այնքան քաղաքավարի ու զուսպ, ասես խոսել չէր կարող։ Նախնիների տաճարում և արքունիքում նա խոսում էր անպաճույճ բառերով, բայց մեկ առ մեկ ընտրելով դրանք։

10.2. Պալատում, ընդունելության ժամանակ, ցածր դասի ծառայողների հետ Կոնֆուցիոսը խոսում էր անկաշկանդ տոնով։ Բարձր դասի ծառայողների հետ նա խոսում էր ընդգծված քաղաքավարությամբ։ Իշխանի ներկայությամբ նա լի էր պատկառանքով և անթաքույց արժանապատվությամբ։

10.3. Ամեն անգամ, երբ թագավորի հրավերով Կոնֆուցիոսը արքունիքում ընդունում էր օտարերկրյա հյուրերի, փոխվում էր նրա դեմքի արտահայտությանը, դեմքը դառնում էր լուրջ, քայլերը՝ փաթկոտ։ Նա խոնարհում էր նրանց, ովքեր կանգնած էին իր շուրջը, իրար մոտեցրած ձեռնափերով ողջունելով աջ ու ձախ կողմում կանգնածներին։ Այդ ամենի հետ նաև հոգում էր, որ զգեստը կարգին լինի։

Նա շարժվում էր ասես այն թռչունի նման, որ պատրաստվում է թռչելու։

Եվ ամեն անգամ, երբ ավարտվում էր ընդունելությունը, Կոնֆուցիոսը զեկուցում էր. «Հյուրերը բավարարված են»։

10.4. Երբ նա պալատի դարպասներից մտնում էր ներս, քայլում էր արագ, փոքր ինչ թեքված, ասես վախենում էր ինչ-որ անպատշաճությունից։

Նա չէր մնում դարպասի մեջտեղում կանգնած և սեմի վրա ոտք չէր դնում ոչ մի անգամ։

Երբ անցնում էր գահի մոտով, փոխվում էր դեմքի արտահայտությունը, լրջանում էր, քայլերը դաոնում էին փութկոտ։ Ձայնը դառնում էր մեղմ, ասես կորցնում էր խոսելու ուժը։

Երբ բարձրանում էր ընդունելության դահլիճ, խնամքով վեր էր բարձրացնում զգեստը։ Քայլում էր ուշադրությամբ, առաջ թեքված, սիրտ չէր անում անգամ շնչել։ Եվ երբ ընդունելության դահլիճից կրկին դուրս էր գալիս և իջնում էր աստիճաններով, նրա դեմքն արտահայտում էր հանգստություն։ Նա թողնում էր ուրախ և գոհ տպավորություն։ Հեռանում էր արագ քայլերով։ Նա կարծես լողում էր թռչունի նման, որ թռիչքից առաջ քիչ-քիչ բացում է թևերը։ Եվ արժանապատվությամբ լի՝ կրկին վերադառնում էր իր տեղը։

10.5. Երբ որպես դեսպան պատրաստվում էր որևէ երկիր մեկնել, ապա վերցնում էր իշխանի գայիսոնը։ Այդ պահին նա խոնարհաբար, փոքր-ինչ առաջ թեքված կերպարանք էր ընդունում, ասես չափից դուրս հոգնած լիներ։

Գայիսոնը նա պահում էր ձեռքերի բարձրությամբ այն դիրքով, երբ խոնարհվելիս իրար են մոտեցնում ձեռքերը, և ոչ երբեք ավելի վեր, և չէր իջեցնում ավելի ցած այն դիրքից, որի մեջ գտնվում են ձեոքերը նվեր ընդունելիս։

Նրա դեմքն արտահայտում էր պատկառանք, քայլերը դառնում էին դանդաղ ու չափված։

Նա իր հետ վերցրած նվերներդ հանձնում էր բարի ժպիտով։

Եթե թույլ էին տալիս ընդունելու մասնավոր անձանց, ապա ընդունում էր սիրով և ուրախությամբ։

10.6. Վառ, աչքի ընկնող գույներով հագուստներ չէր հագնում։ Տնային հագուստների համար երբեք չէր օգտագործում բաց կարմիր կամ ծիրանագույն երանգի կտորներ։ Երբ շոգ եղանակ էր լինում, հագնում էր առանց աստառի հագուստ՝ կարված նուրբ կամ կոպիտ կտավից։ Սև գառան մորթի հագնում էր սև զգեստների հետ, այծյամի մորթի՝ սպիտակ զգեստների հետ և աղվեսի մորթի՝ դեղին զգեստների հետ։

Նա տանը ուներ մորթե երկար հանդերձներ, որոնց աջ թևքերը փոքր-ինչ կարճ էին։ Քնելիս ծածկվում էր իր մարմնից կիսով չափ երկար ծածկոցով։ Նստելու համար օգտագործած էր աղվեսի կամ փորսուղի փափուկ մորթիներ։ Կարող էր կրել ամեն տեսակ զարդարանքներ՝ բացի սգի օրերից։ Սովորական զգեստի համար ավելի քիչ կտոր էր վերցնում, քան տոնականի, որն ավելի լայն էր։ Ցավակցական այցելության ժամանակ չէր հագնում սև գառան մորթի և ոչ էլ մուգ գույնի ծածկոց էր դնում գլխին։

Յուրաքանչյուր ամսի աոաջին օրը նա հագնում էր իր տոնական զգեստները և այցելության էր գնում պալատ։

10.7. Պասի օրերին հատկապես նա իրեն պահում էր մաքուր։ Հագնում էր կտավե վայելուչ զգեստներ։

Չէր ուտում այն, ինչ սովորականի պես վերցնում էր իր հետ։ Այդ օրերին նաև չէր քնում իր կնոջ մոտ։

10.8. Չէր խորշում շատ նուրբ բրնձից և մանր կտրտված մսից։ Նա երբեք չէր ուտում այնպիսի բրինձ, որը վատ համ ուներ կամ դառնացած էր կամ հին, և միս, որը փչացած էր։ Եթէ ուտելիքը իր բնական տեսքը կորցնում էր, ապա այլևս չէր ուտում, և երբ գեշ հոտ էր ունենում կամ լավ եփված չէր լինում, նույնպես չէր ուտում։ Նա ուտում էր միայն այն, ինչ համապատասխան էր տարվա եղանակին։ Կենդանիների մսից պատրաստված որևէ բան, եթե այն ճիշտ մորթված և կտրատված չէր, չէր ուտում։ Զէր ուտում նաև այն ուտելիքները, որ չէին մատուցվում իրենց համապատասխան արգանակի մեջ։ Նա երբեք ավելի շատ միս չէր ուտում, քան բրինձ։ Միայն գինի խմելիս որոշակի չափ չուներ, թեև երբեք չէր անցնում այն սահմանը, երբ ոգին սկսում էր աշխուժանալ։ Երբեք չէր ճաշակում շուկայից բերված գինի և ապխտած միս։ Միշտ պղպեղ էր ունենում ճաշին օգտագործելու համար, բայց դրանից ուտում էր շատ քիչ։

10.9. Թագավորի համար արված Մեծ Զոհաբերման միսը նա երբեք թույլ չէր տալիս պահ տալ գիշերը։ Զոհաբերման մյուս արարողությունների ժամանակ երեք օրից ավելի չէր թույլատրում միսը պահել։ Երեք օրն անցած ուտելիքն առհասարակ չէր ուտում։

10.10. Ուտելիս բոլորովին չէր խոսում։ Չէր խոսում նաև անկողնում պառկած։

10.11. Եթե անգամ հասարակ բրնձից կամ բանջարեղենից ապուր էր ունենում, ապա անպայման մի քիչ վերցնում էր դրանից ընծա մատուցելու՝ ի նշան պասի։

10.12. Եթե խսիրը հարթ և ուղիղ փռոված չէր լինում, չէր նստում վրան։

10.13. Երբ հարևանների հետ նստում էր ճաշի, սպասում էր, մինչև որ ծերերը վեր էին կենում ու դուրս գալիս, հետո միայն ինքը դուրս էր գնում։

10.14. Երբ չար ոգիներին և դևերին քշելու համար հավաքվում էին հարևանները, նա տոնական հագնված կանգնում էր իր տան աստիճանների արևելյան կողմում և բարի գալուստ էր մաղթում նրանց։

10.15. Երբ սուրհանդակի միջոցով մեկին լուր էր ուզում ուղարկել, նրան ճանապարհ դնելիս երկու անգամ խոնարհվում էր։

10.16. Երբ մի անգամ Հի Կան-ցզին Կոնֆուցիոսին դեղ ուղարկեց, նա խոնարհվելով ընդունեց այն և ապա ասաց.

— Ես ճշգրիտ չգիտեմ, թե ինչ դեղ է սա, ուստի չեմ համարձակվում այն ընդունել։

10.17. Երբ մի անգամ Կոնֆուցիոսը պալատում էր, նրա ձիանոցն այրվեց։

Տուն հասնելով՝ հարցրեց.

— Ի՞նչ է եղել մարդկանց։

Իսկ ձիերի մասին ոչինչ չհարցրեց։

10.18. Եթե իշխանը նրան արդեն պատրաստ որևէ ուտելիք էր ուղարկում, ապա անմիջապես խսիրը փռում էր և սկսում ճաշակել։ Եթե ուղարկում էր հում միս, ապա այն եփում էր և զոհ մատուցում նախնիներին։ Եթե իշխանը որևէ կենդանի էր ուղարկում, ապա պահ էր տալիս այն և խնամում։

Իսկ եթե իշխանը նրան հրավիրում էր միասին ճաշելու ապա շատ ուշադիր էր դառնում՝ վարվելակարգը պահպանելու համար։

10.19. Երբ մի անգամ Կոնֆուցիոսը հիվանդ էր և իշխանը այցելության էր եկել նրան, նա պառկել էր գլուխը դեպի արևելք, պալատական հագուստն ու գոտին վրան[36]։

10.20. Երբ իշխանը կանչում էր նրան, չէր սպասում՝ մինչև ձիերը կլծեն, այլ անմիջապես ճանապարհ էր ընկնում։

10.21. Երբ մտնում էր նախնիների տաճարը, ապա ամեն մեկից և բոլորից հարցնում էր, թե ի՞նչ ծիսակատարություն է և ո՞վ է կատարում։

10.22. Երբ մահացավ ընկերներից մեկը, որ ոչ մի մերձավոր չուներ, Կոնֆացիոսն ասաց.

— Ես կթաղեմ նրան։

10.23. Եթե նրան որևէ մեկը ձի կամ կառք էր նվիրում, ապա չէր խոնարհվում։ Այդ անում էր միայն զոհի միս ընդունելիս։

10.24. Անկողնում նա չէր պառկում անշարժ մեռածի պես։ Տանը իրեն պահում էր բոլորովին ոչ այնպես, ինչպես հյուր ընդունելիս կամ երբ ինքն էր հյուր լինում։

10.25. Սգո զգեստներ հագած մեկին հանդիպելիս իրեն պահում էր արժանապատվորեն և հանդիսավոր։ Այդպես էր իրեն պահում նաև այն ժամանակ, երբ խոսում էին մեկի մասին, որին ինքը շատ մտերիմ էր։

Եթե հանդիպում էր կույրի կամ պալատական գլխարկ կրող մեկին, դառնում էր շատ քաղաքավարի։ Այդպես էր իրեն պահում նաև այն մարդու հետ, որին ցերեկը մի անգամ արդեն հանդիպել էր։

Կառքով անցնելիս երբ տեսնում էր սգո զգեստներ հագած մարդկանց, խոր խոնարհվում էր լայնակի կառափայտի վրա, որ ցավակցությունը տպավորիչ լինի։

Այդպես էր վարվում այն այն դեպքում, երբ կառքից նկատում էր պետական դրոշմ կրող որևէ բեռնակրի։

Ճոխ սեղանի մոտ նրա դեմքի արտահայտությունը փոխվում էր, և նա շուտ վեր էր կենում։

Դեմքի արտահայտությունը փոխվում էր նաև այն ժամանակ, երբ հանկարծակի կայծակ էր խփում, կամ փչում էր սաստիկ քամի[37]։

10.26. Կառք բարձրանալուց առաջ նախ կանգնում էր ուղիղ ու ձգված, սանձը ձեռքին, հետո միայն բարձրանում էր կառք։

Կառքի մեջ կանգնած նա շուրջը չէր նայում, արագ չէր խոսում, ոչ էլ մատնացույց էր անում որևէ բան։

10.27. Կոնֆուցիոսը զբոսնում էր։ Մոտերքում վայրի թռչունների մի երամ տեսավ։ Երամը բարձրացավ օդ, պտտվեց մի շրջան ու էլի ցած իջավ։ Ուսուցիչը նկատեց.

— Սրանք վայրի փասիանների թխսամայրեր են, հիմա նրանց ժամանակն է, նրանց ժամանակն է։

Ցզի-լուն ձեռքերով ծափ տվեց։ Թռչունները թևին տվեցին, բարձրացան օդ և թռան, հեռացան[38]։



  1. Այս արտահայտության տակ հասկացվում են և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր արժեքները։
  2. Բառացի նշանակում է՝ ուսուցիչ Յոուն։
  3. Այս երկուսը՝ պատկառանքը և հարգանքը, կոնֆուցիականության մեջ հիմնական հանդիսացող «ցիաո» և «թի» հասկացություններն են։
  4. Հստակորեն ընդգծված է Կոնֆուցիոսի և հետագայում նաև կոնֆուցիականության համար շատ կարևոր ընտանիքի և պետության ընդհանրության գաղափարը։
  5. Մարտակառքերի թվով որոշվում էր պետության հզորությունը։ Հազար մարտակառք ունեցող պետությունը համարվում էր թույլ և զորությամբ պակաս։
  6. Հին չինաստանի հինգ կանոնիկ գրքերից մեկն է, որտեղ ժողովված են մ․ թ․ ա․ 11-7-րդ դարերի ներբողներ և երգեր։
  7. Այսինքն՝ մարդուն պետք է կրթել և դաստիարակել այնպես, ինչպես հղկում են թանկագին քարը։
  8. «երգերի գիրքը» Կոնֆուցիոսի համար, ամենից առաջ, բարոյականության գիրք էր և արժեքավոր էր նրանով, որ կարող էր օգնել ազնվացնելու մարդկանց։
  9. Հավանաբար կանխատեսել է Ցին հարստության խորտակումը մ․ թ․ ա․ 206 թվականին։
  10. Ըստ Կոնֆուցիոսի, նախնիների մեծարանքը այն միջոցն է, որով մեռածները իշխանություն են պահպանում ողջերի վրա։
  11. Կոնֆուցիոսի ամենասիրված աշակերտն է՝ Յան Հուին։
  12. Հին Չինաստանի հինգ կանոնիկ գրքերից մեկն է։
  13. Ցիա հարստությունը գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ 21-16-րդ դարերում։
  14. Նկատի ունի Շան հարստությունը (16-11-րդ դդ․ մ․ թ․ ա․)։
  15. Գոյություն է ունեցել Արևելյան Չժոու՝ մ․ թ․ ա․ 11-րդ դարից մինչև 771 թվականը և Արևելյան Չժոու՝ մ․ թ․ ա․ 770-221 թթ․։
  16. Ութ երգչախումբ պահելու իրավունք ուներ միայն Լու երկրի թագավորը։
  17. Հին Չինաստանի հինգ սուրբ լեռներից մեկն է։
  18. Խոսքը Կոնֆուցիոսի հոր մասին է։
  19. Ցզի-լուի համար կարևոր են նյութական պայմանները, իսկ Յան Հուի համար՝ մարդկային բարձր հատկանիշները։ Ինչ վերաբերվում է Կոնֆուցիոսին, ապա նա ձգտում է օգտակար լինել ուրիշներին։
  20. Հացահատիկ չափելու միավորներ են Հին Չինաստանում։ Մեկ ֆուն հավասար է մոտ 32 լիտրի, մեկ յուն՝ մոտ 80 լիտրի, մեկ բին՝ մոտ 800 լիտրի։
  21. Չժոու հարստության օրենքների համաձայն զոհաբերվող հորթը պետք է կարմրաթուխ գույն ունենար։
  22. Հավանաբար աշակերտ Բո-նյուն վարակիչ հիվանդություն է ունեցել։
  23. Նկատի ունի զոհաբերման անոթներից մեկը, որ ժամանակին եղել է քառանկյուն, սակայն հետո փոխել է իր տեսքը։
  24. Վեյ նահանգի իշխանուհին է, որ արատավորված կնոջ համարում ուներ։
  25. Չժոու-գունը Լու պետության թագավորն էր։ Կոնֆուցիոսը շատ բարձր է գնահատում նրան։
  26. Պետք է նկատի ունենալ, որ Հին Չինաստանում ուսման վարձը ավելի շատ քաղաքավարական ժեստ էր, քան իսկական վարձատրություն։
  27. Շուն կայսեր երաժշտությունը, որ հետնորդն էր առասպելական Յաո կայսրի, աչքի էր ընկնում բարոյական կատարելությամբ ու գեղեցկությամբ ըստ Կոնֆուցիուսի։
  28. Փոքր-ինչ դժվար է մեկնաբանվում այս զրույցը։ Հավանաբար նկատի ունի այն, որ ծնողների նկատմամբ պարտականությունները պահանջում են զավակներից, որ սրանք անվնաս պահեն իրենց մարմինները, քանի որ դրանք գոյացել են ծնողներից։
  29. Կոնֆուցիոսի պատասխանը հեգնական շեշտ ունի։
  30. Փյունիկ թռչունը խաղաղության, երջանկության և ուրախության նշան էր։ Նրա երևալը նշանակում էր, որ շուտով գալու է մի իմաստուն թագավոր և աշխարհը կարգավորվելու է։
  31. Ակնարկում է չինական մի հին հավատալիք։
  32. Կոնֆուցիոսը կասկածում է, որ ինքը չի կարող գտնել այն թագավորին, որը պատրաստ լինի իր ուսմունքին տեր կանգնելու։
  33. Այստեղ «թանկագին քար» արտահայտությունը պետք է հասկանալ իբրև ընդունակություններ։ Կոնֆուցիոսը այն կարծիքին է, որ «վաճառելով» ընդունակությունները, մարդը կարող է օգուտ բերել հասարակությանը։
  34. Սրանք «Երգերի գրքի» մասերն են։
  35. Ակնարկում է անհատի բարոյական պատասխանատվության մասին։
  36. Այդպես վարվելը ընդունված էր Հին Չինաստանում։
  37. Քամին և կայծակը երկնքի նշաններն էին։
  38. Անհասկանալի է, թե ինչ է ակնարկում։