Էլեգիա

Գրապահարան-ից
Էլեգիա

հեղինակ՝ Խաժակ Գյուլնազարյան
աղբյուր՝ «Գարուն», 8(128) 1977, Օգոստոս

Միայնակության ու կարոտի մասին

Եկեք պատմեմ, թե ինչպես էին միասին ապրում Շունը, Կատուն և Աքաղաղը։

Նախ ասեմ, որ ես նյութը չեմ վերցրել ժողովրդական բանահյուսությունից։ Սա «մշակում» չէ։ «Մշակումը» կամ «ըստը» ես, այնուամենայնիվ, գողություն եմ համարում հատկապես մեր օրերում, երբ այլևս կավից բանական էակ ծեփող աստվածանման արվեստագետներ չկան…

Հետո, ամեն ինչ տեղը տեղին պատմելու համար ուզում եմ տեղյակ պահել, թե ինչպես էին հանդիպել Շունը, Կատուն և Աքաղաղը և դրանից առաջ կյանքի ինչ ճանապարհներ էին անցել։ Մի խոսքով, ուզում եմ ձեզ ծանոթացնել նրանց կենսագրություններին, քանի որ կենսագրություն ասածդ սոսկ օրերի գումար չէ, թեկուզ դրա տերը Շուն, Կատու կամ Աքաղաղ լինի…

Բովանդակություն

1

Երեքի մեջ ամենատարեցը Շունն էր։ Այդ տարեցությունը, որն, իհարկե, «ոսկեզօծված» էր տարիների իմաստությամբ, նրա դժբախտության հիմնական, եթե չասեմ միակ, պատճառը եղավ։ Պարզ ասած, նա արտաքսված էր տանից, քանի որ թեր ու դեմ փաստերի համադրությունը նրա օգտին չէր։ Համարյա խլացել էր, ատամները թափվել էին, ականջները կախվել, իսկ պոչը ավլում էր գետինը։ Մինդեռ արի տես, որ ախորժակն առաջվանն էր և նա մեկ-մեկ օջախի մոտից ուտելիք էր թռցնում աննկատ…

Շներին երբեք թոշակի չեն ուղարկում։ Այդ տեսակետից «երջանիկ ծերություն» բառամիացությունը, որով մարդկային հասարակության մեջ սքողում են աշխատունակության անկումն ու մահվան սարսափը, շների հասարակությանն անծանոթ է։ «Երջանկության» ավելի ընդունված ձևերը ուտելիքի մեջ թաքցրած ասեղը, մկնդեղի որոշակի քանակը կամ դրանց նման «հասարակ» միջոցներն են, որոնք նույնպես մարդկային հասարակությունն է հնարել և ոչ թե շների։

Շանը դուր չէր եկել այդ սքանչելի միջոցներից և ոչ մեկը, դրա համար էլ նա ծածուկ հեռացել էր հայրենի օջախից իր կյանքի տասնվեցերորդ տարում։

Անցած կյանքի տարիները միանման չէին եղել։ Առաջինը վարդագույն դնչիկի, մաքուր թաթիկների, բամբակի նման սպիտակ մորթու ու ցիցի պես տնկված պոչի տարին էր, երբ նա ամեն օր կաթ և այլ համեղ ուտելիքներ էր ստանում փայփայանքներից բացի… Հետո եկան առնության տարիները, երբ նրան այլևս չէին փաղաքշում, բայց լիուլի կերակրում էին, թեև ավելի կոշտ ուտելիքներով։ Այդ տարիներին ցերեկով նրան կապում էին պարտեզի թթենուց, որ աշխարհի դեմ գազազի և տունն ու պարտեզն ավելի լավ պաշտպանի օտարներից։ Երկար տևեց կյանքի այս շրջանը։ Դա փառավոր հաղթանակների ու կոպիտ գոհունակության մի շրջան էր, երբ նրան ու տիրոջը թվում էր, թե փոխադարձ հավատարմությունն է կյանքի շարժիչ ուժը… Կարծեմ արդեն ակնարկեցի, թե ինչ եղավ դրանից հետո։ Ի վերջո շատ բան չի փոխվի, եթե ասածիս ավելացնեմ մի քանի «ցնցող» մանրամասնություն։ Օրինակ, տանը գաղտնի մի տեղ պահած խոշոր գումարի կորուստը, որը չգիտես ինչու, նրա կենսագրության ամենասև բիծը համարվեց, քանի որ բոլորը համոզված էին, թե գողը դրսից էր եկել, անցել էր Շան մոտով, մտել տուն, փնտրել, գտել թաքցրած գումարը, աննկատ դուրս եկել տնից, կրկին անցել Շան մոտով և հանգիստ հեռացել…

Շունը լեզու չուներ։ Ասենք եթե մի հրաշքով նա խոսելու շնորհ էլ ձեռք բերեր, ապա դժվար թե կարողանար հավատացնել, որ թաքցրած գումարը օտարը չի տարել, այլ տան փեսացու տղան` թղթախաղի իր պարտքերը մարելու, քանի որ ազնվության ու պարտքի զգացման մասին միանգամայն տարածված և ընդունելի այն կարծիքն ուներ, թե օրինավոր մարդը հո չի՞ կարող խայտառակ լինել իր ազնիվ ընկերների առաջ…


2

Տարիքով երկրորդը Կատուն էր։ Սովորական կատվային կենսագրություն էր նրանը. Մառան, ուրեմն և մկներ, սակայն նաև կճուճներով պանիր, յուղ, ապխտած միս, աղը դրած կողակ ձուկ… Ես ինչ գիտեմ, հազար ու մի համեղ ուտելիք, ինչ ընդունված է Հայկական լեռնաշխարհում։ Մարդիկ զարմանալի սովորություն ունեն իրենց օրենքներն ուրիշներին պարտադրելու։

Եթե կատու ես, ապա բարի եղիր մուկ բռնել։ Եթե կատու ես, ապա մառանի ապխտած միսն ու աղ դրած կողակը պաշտպանիր առնետներից և ոչ թե ինքդ թռցրու անամոթաբար։ Եթե կատու ես, ապա թույլ տուր, որ տանը բոլորը շոյեն բուրդդ ու պոչդ քաշեն անկախ այն բանից, թե ինչպես է տրամադրությունդ… Եվ չհամարձակվես ֆռթացնել տան փոքրիկի վրա, կամ չանգռել որևէ մեկին…

Հետո, փաստորեն արգելվում է սերն ու մանկածնությունը։ Իսկ եթե ձագերդ, այնուամենայնիվ, ծնվում են, ապա աչքիդ առաջ նրանց խեղդում են գետում, իսկ դու ծպտուն հանելու իրավունք էլ չունես…

Էլ ինչու պիտի տանը մնար Կատուն, մանավանդ որ մի անիմանալի ձայն նրան անընդհատ կանչում էր անտառից…

3

Աքաղաղի կեսագրությունն ամենակարճն ու ամենապարզն էր։

Ձու։ Հետո տասնութ ճուտի մեջ հինգ աքլորաճուտ։ Լավ էր, որ դրանցից երկուսին ցինը տարավ, իսկ մեկը խեղդվեց առվում։ Մնացին ինքն ու եղբայրներից մեկը։ նա եղբորից ուժեղ էր, հաղթեց, ու եղբայրը տաբակա դարձավ կանաչ երիտասարդության սեմին, երբ դեռ դիսկանտով էր հայտարարում իր աքաղաղությունը…

Ինքը մնաց բակի բոլոր հավերի ամուսինը։ Իր սիրած տիկիններն ուներ, որոնք վայելում էին աղբակույտում նրա գտած ամենահամեղ հատիկներն ու ճիճուները… Մյուսները մնում էին փայփայանքի կարոտ ու, բնականաբար, ձու չէին ածում, թուխս չէին նստում և աստիճանաբար անհետանում էին բակից… Ամեն տանը բարձեր կան, իսկ եթե տանը սագեր չեն պահում, ապա բարձերը լցնում են հավի փետուրով…

Աքաղաղը երկու տարի լիուլի վայելում էր կյանքն ու քմահաճորեն կառավարում իր կանանոցը առանց ներքինիների, մինչև որ հենց իր սիրած տիկնոջ ճուտերը մեծացան ու դրանց մեջ հասակ առավ արտակարգ ուժեղ ու գեղեցիկ մի թագաժառանգ…

Չգիտեմ Աքաղաղին ով հայտնեց չխրթմա ուտելու տիրոջ ստոր ցանկությունը։ Մի բան հայտնի է. Նա չէր կարող փրկվել Բրուտոսի դավաճանական հարվածից, եթե մի գիշեր աննկատ չիջներ թառից…

4

Հիմա ժամանակն է, որ ձեզ պատմեմ Շան, Կատվի և Աքաղաղի կացարանի մասին։

Այդ կացարանն անտառի խորքում էր, մի հաստաբուն վայրի ընկուզենու փչակում։ Կացարանից ինչի հոտ ասես, որ չէր գալիս։ Անկասկած այդտեղ հերթովապրել էին և’ Գայլը, և’Աղվեսը, և’ Կզաքիսն ու Սկյուռը… Ինչպես երևում էր, ստեպ-ստեպ այցելել էին Նապաստակը, Ոզնին և, նույնիսկ, Վայրի կատուն, որը, հավանաբար, եկել էր Սկյուռին ուտելու…

Բացի դրանից փչակից Բուի, Փայտփորիկի, Կկվի, Կաչաղակի և այլ թևավորների հոտեր էին գալիս։ Եթե աքաղաղը դրանք իրարից չէր ջոկում, ապա Կատուն, առավել ևս Շունը` չջոկել չէին կարող։

Այս բոլորն ասում եմ ասելու համար, որ կացարանը հին էր ու հիմնավոր։ Դրանից լավը, ճիշտն ասած, նույնիսկ երազել չէր կարելի, թեև սա, իհարկե, ազնիվ սպեկուլյանտի արդար վաստակով կառուցված առանձնատուն չէր…

5

Հիմա ասեմ, թե ինչպես էին ապրում։

Շունը ծանր էր, մսեղ ու քնկոտ, դրա համար էլ տնպահ էր, ասենք նա ի բնե էլ պարտավոր էր տնպահ լինել։

Կատուն հիմնական մատակարարն էր և, ինչպես բոլոր մատակարարները, նախ և առաջ ինքն էրլափում տրաքվելու չափ։

Աքաղաղը քուջուջ էր անում անցյալ տարվա խաշամի մեջ ու ինչ ասես չէր գտնում, սկսած սպիտակուցներից, ճարպերից ու ածխաջրատներից մինչև A, B, C և բոլոր մյուս վիտամինները` լատինական այբուբենի տառակարգով…

6

Ձեզ պետք է որ հետաքրքրի նաև մտերմության աստիճանն ու ապրելու նպատակը։

Մտերմությունն ամենասերտերից չէր, թեև Շունն ու Կատուն իրար հետ շուն ու կատու չէին… Պարզապես Շունը չէր զգում Կատվին, ինչպես և Կատուն չէր ոլորում Աքաղաղի վիզը նրա քնած ժամանակ։ Քաղաքակրթության դարում այսքանը փոքր բան չէ և ավելին պահանջելու իրավունք էլ չունենք…

Ինչ վերաբերում է ապրելու նպատակին, ապա դա անհնարին է բացատրել, քանի որ նույնիսկ սերունդ աճեցնելու հարցն այլևս մեջտեղում չկար։ Բայց ես կարծում եմ բացատրելու հարկ էլ չկա։ Ասացե’ք խնդրեմ, մարդկային հասարակության մեջ մինչև հիմաայդ ո՞ր շարքայինն է, որից պահանջվել է և նա կարողացել է բացատրել, թե ինչու է ապրում։ Իսկ Շունը, Կատուն, նույնիսկ բազմակնության սիրահար Աքաղաղը շարքայիններ էին, ուրիշ ոչինչ։ Նրանցից ոչ մեկը երկնային միգամածություններ չէր հայտնաբերել, դեղին արտեր, կանաչ սարեր ու ծաղկած ծառեր չէր նկարել կամ բալետ չէր հորինել հանրահայտ մեղեդիներն օգտագործելով։

Հիմա էլ ասեմ, թե ինչ եղավ հետո։

Նախ այցի եկավ Էշը։ Էշը հենց նրանով է էշ, որ մոլորվում է, ընկնում անտառ, որպեսզի Գայլը հնարավորություն ունենա օժանդակելու կենդանական աշխարհի բնական զարգացմանը, երբ կենդանական յուրաքանչյուր տեսակի մեջ ոչնչանում են թույլերն ու հիմարները և տեսակը գնալով ուժեղ ու խելամիտ է դառնում…

Սակայն այս անգամ Գայլը չկարողացավ կատարել իր սուրբ գործը, քանի որ էշը Մարկոսինն էր, իսկ Մարկոսն իր էշը Գայլին զիջելու մտադրություն չուներ։ Նա գնաց Էշին որոնելու` նախ և առաջ նրան մի լավ թակելու համար։

Եվ գտավ։

Գտավ հաստաբուն ընկուզենու տակ` Շան կողքին, որսից վերադարձած Կատվի հարևանությամբ, քուջուջ անող Աքաղաղի ընկերակցությամբ….

Մինչև Մարկոսի հայտնվելը Էշն արդեն պատմել էր վերջին ժամանակներս գյուղում տեղի ունեցած անցքերը։ Ասել էր, որ մաթոսի երինջն ընկել էր քարագլխից և միանգամից վեր ածվել քուֆթայի, որ հավերի չումա կոչված հիվանդությունը համարյա հավազրկել էր գյուղը, որ Աբգարանց Մանասի ծեր շանը տերը ասեղ էր տվել, որ Սաթոյի կատվի ձագերին Սաթոյի թոռները, հենց նրա հանձնարարությամբ, խեղդել էին գետում, որ Եղսոյի էշին գարնանն անտառում գայլերը ճղել էին… Մի խոսքով, համարյա ոչ մի հաճելի բան չասաց պատվարժան ավանակը, սակայն երեք փախստականները լալիս էին կարոտի դառն արցունքներով, մինչև հայտնվեց Մարկոսը…

Մնաց, որ պատմեմ, թե երբ և ինչպես մեռան Շունը, Կատուն և Աքաղաղը։

Առաջինը Աքաղաղը մեռավ, քանի որ գեր էր, համեղ ու դյուրահավատ։ Նա կարոտի արցունքներն աչքերին թույլ տվեց, որ Մարկոսն իրեն բռնի, հետո Մարկոսի հետ միասին բազմեց Էշի վրա ու երեկոյան հասավ գյուղ… Հենց նույն երեկոյան էլ Մարկոսը նրան մորթեց, քանի որ համոզված չէր, թե Աքաղաղի տերը չի գտնվի…

Չխրթման ոչինչ, բայց Աքաղաղի միսը կոշտ դուրս եկավ, երևի ծերությունից…

Սովի տարի չէր և Շունն ու Կատուն ուտելու համար հարմար չէին և, մեկ է, Մարկոսը նրանց իր հետ գյուղ չէր տանի։ Այնպես որ նրանք իզուր փախան ու թաքնվեցին անտառի թավուտոում… Մինչև ուշ երեկո սարսափից դողում էին, հետո կամաց – կամաց դուրս սողացին անտառից…

Լուսնյակ գիշեր էր։ Սարերում շնկշնկում էր սարերի հովը, սեզերն ու ծաղիկները հեքիաթ էին շշնջում։ Հեռվում երևում էին գյուղի տները, որոնք երջանկություն խոստացող անձեռակերտ պալատներ էին թվում` որքան մոտիկ, նույնքան և անհասանելի…

Շունն ու Կատուն նստեցին դունչները դեպի գյուղ և անձայն լաց եղան։ Բազումքը բարձրացավ, աստղալից գիշերը ցրտեց։ Կատուն վեր կացավ և առանց Շանը հրաժեշտ տալու գնաց։ Ուր էր գնում, ինքն էլ չգիտեր։ Նրա աչքերի առաջ անցյալի վարդագույն պատկերներն էին գծվում, մառան, կճուճներով պաիր, յուղ, ապխտած միս և աղը դրած կողակ ձուկ… Հետո տաք օջախ, օջախի առաջ գառան փափուկ մորթի… Հեքիաթն օրորում էր նրան և հեքիաթի մեջ էլ կնքեց մահկանացուն, երբ անփորձ որսորդը գիշերվա կիսախավարում չհասկացավ, որ դիմացինը նապաստակ չէ…

Իսկ Շունը։

Սարալանջին, մի քարի տակ նստած նա թաց աչքերով նայում էրգյուղի երևացող տներին ու պարտեզներին ու նրա աչքերի առաջ մեկ-մեկ կենդանանում էին մարդկային սիրելի դեմքեր… Մարդկանց արած ամեն լավ բան սիրով հիշում էր նա, ամեն վատ բան մոռացվել, ջնջվել էր նրա հիշողությունից… Նրա սրտում նվում էր կարոտը ու մեկը թաքուն հուշում էր. « Չէ, բանը միայն կուշտ լինելը չի։ Ոչ ոք չի կարող ապրել մենակ։ Աշխարհում բոլորին է հարկավոր իր նմանների ու իրեն չնմանվողվերի հասարակությունը…»։

Չորս օր ու չորս գիշեր նա ոչինչ չկերավ։ Միայն անքուն ու խամրող աչքերով նայում էր գյուղին…

Չորրորդ գիշերը աչքերը փակվեցին…