Թըրը՜խկ…

Գրապահարան-ից
Թըրը՜խկ…

հեղինակ՝ Դոնալդ Բիսեթ
թարգմանիչ՝ Կարեն Ա․ Սիմոնյան
աղբյուր՝ «Մոռացված ծննդյան օրը»

Պատի անցքի մեջ, որը գտնվում էր այն սենյակում, որը գտնվում էր այն տանը, որը գտնվում էր այն նրբանցքում, որը գտնվում էր այն երկրում, որը գտնվում էր այն աշխարհում, որը գտնվում էր այն տիեզերքում, ապրում էր մի մկնինկ։ Անունն էլ՝ Էլիս։

Մի անգամ Էլիսը, փետուրներին պառկած՝ պանիր էր ուտում եւ նայում առաստաղի վրայի սարդին, որը ջանում էր մի գերանից ցատկել դեպի մյուսը։

Սարդը կախվել էր երկար սարդոստայնից եւ ճոճվում էր ուժերը ներածին չափ։ Մե՜կ֊դեպի առաջ, երկո՜ւ֊դեպի ետ, երե՜ք֊դեպի առաջ, թըրը՜խկ… եւ նրա գլուխը կպավ գերանին։ Նա սարդոստայնով վեր մագլցեց։ Տրամադրությունը սաստիկ ընկել էր։

Նստեց, երկար մտորեց ու վճռեց վերջին անգամ եւս փորձել։ Եվ հիմա արդեն նրան հաջողվեց մի գերանից ցատկել դեպի մյուսը։

Սարդին նայելուց ձանձրանալով, Էլիսը վազեց կենդանաբանական այգի՝ իր բարեկամ Բոբ֊կենգուրուի մոտ։

Այդ օրը Բոբը կաուչուկե ներբաններով նոր կոշիկներ էր հագել, որպեսզի ցատկելը ավելի դյուրին լինի։

Էլիսը վրա հասավ այն պահին, երբ կենգուրուն վարժվում էր նոր կոշիկներով ցատկել։

— Տես, թե որքան բարձր եմ ցատկում,— ասաց Բոբը եւ ցատկեց։

Բարձր, շա՜տ բարձր ցատկեց, նույնիսկ ցանկապատից էլ բարձր։ Իսկ հետո՝ ավելի բարձր՝ տներից էլ վեր։ Հետո ավելի բարձր, նույնիսկ աշտարակներից ու զանգակատներից էլ բարձր, իսկ հետո… բայց այդ պահին վերեւով մի ինքնաթիռ էր անցնում, եւ Բոբը ամբողջ թափով՝ թըրը՜խկ… գլուխը խփեց ինքնաթիռին։

«Մի տես է՜,— մտածեց Էլիսը։— Ճիշտ սարդի պես խփեց գլուխը»։

Բայց Բոբը մի անգամ էլ ցատկեց։ Շատ֊շա՜տ բարձր։

Հասավ գրեթե Արեւին։ Իսկ հետո գնաց կենդաբանական այգու պահակի մոտ, եւ պահակը նրա գլխին սառը թրջոց դրեց, որպեսզի ուռուցքը շուտ ապաքինվի։

Հետո Էլիսն ու Բոբը միասին ընթրեցին։

Իսկ ընթրիքից հետո Էլիսը տուն վերադարձավ եւ սառը թրջոց դրեց սարդի գլխին։

«Իսկական ընկեր է»,— մտածեց սարդը։

Նա ավելի հարմար տեղավորվեց սարդոստայնում ու քնեց։