«Թիթեղյա թմբուկը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Ցուցափեղկ)
(Հրաշք չի լինի)
Տող 1054. Տող 1054.
  
 
Մինչ մայրիկս ձեռքերի վրա ինձ դուրս էր բերում եկեղեցուց, ես մատներիս վրա հաշվում էի․ այսօր՝ երկուշաբթի է, վաղը՝ Չարչարանաց երեքշաբթին, չորեքշաբթի, Մաքուր հինգշաբթի, հետո Չարչարանաց ուրբաթը՝ այստեղ էլ նրա վերջը կգա։ Նրա, ով չի կարողանում նույնիսկ թմբկահարել, որն ինձ համար նույնիսկ բեկորները ափսոսաց, որը նման է ինձ և, սակայն, իսկական չէ, որը պետք է իջնի գերեզման, իսկ ես կարող եմ շարունակ թմբկահարել ու թմբկահարել, սակայն այլևս երբեք հրաշք չեմ կամենա։
 
Մինչ մայրիկս ձեռքերի վրա ինձ դուրս էր բերում եկեղեցուց, ես մատներիս վրա հաշվում էի․ այսօր՝ երկուշաբթի է, վաղը՝ Չարչարանաց երեքշաբթին, չորեքշաբթի, Մաքուր հինգշաբթի, հետո Չարչարանաց ուրբաթը՝ այստեղ էլ նրա վերջը կգա։ Նրա, ով չի կարողանում նույնիսկ թմբկահարել, որն ինձ համար նույնիսկ բեկորները ափսոսաց, որը նման է ինձ և, սակայն, իսկական չէ, որը պետք է իջնի գերեզման, իսկ ես կարող եմ շարունակ թմբկահարել ու թմբկահարել, սակայն այլևս երբեք հրաշք չեմ կամենա։
 +
 +
 +
===Հյուրասիրություն չարչարանց ուրբաթ օրը===
 +
 +
 +
Երկակի՝ ահա սա է հարմար բառը, որով կարելի է նշանակել Չարչարանաց երկուշաբթու և Չարչարանաց ուրբաթի միջև ընկած ժամանակահատվածում իմ զգացմունքները։ Մի կողմից ես զայրանում էի գիպսից պատրաստված մանուկ Հիսուսի վրա, որը չէր ցանկանում թմբկահարել, մյուս կողմից, այնուամենայնիվ, թմբուկը մնաց ինձ մոտ։ Եթե մի կողմից իմ ձայնը եկեղեցու պատուհանների դեմ անզոր գտնվեց, ապա մյուս կողմից Օսկարը, տեսնելով անվնաս ու խայտաբղետ ապակիները, պահպանեց կաթոլիկական հավատի այն մնացորդները, որոնք դեռ պետք է բավական մեծ թվով հուսահատ սրբապղծությունների դրդեին։
 +
 +
Շարունակենք, սակայն, այդ երկակիության մասին խոսակցությունը, թեկուզ և ինձ մի կողմից բախտ էր վիճակվել եկեղեցուց վերադրձի ճանապարհին փորձի համար երգելով կտրտել մի ինչ֊որ ձեղնահարկի պատուհանը, իմ ձայնի հաջողությունները առօրյայի հանդեպ սաստկացնում էր սրբազան ոլորտում ձախողման դառը գիտակցումը։ Երկակի՝ այսպես ես արտահայտվեցի։ Եվ այդ կոտրվածքը, որը ենթակա չէր բուժման, պահպանվեց և խորը բացված է նաև այսօր, երբ ես այլևս չեմ պատկանում ոչ սրբազանությանը, ոչ առօրեականությանը, այլ հակառակը, մշտապես կենում եմ ինչ֊որ տեղ մի կողմում, հատուկ բժշկական հաստատությունում։
 +
 +
Մայրիկս վճարեց աջ զոհասեղանին հասցված վնասը։ Զատկական առևտուրը բավականաչափ հաջող էր ընթանում՝ չնայած Չարչարանաց ուրբաթ օրը Մացերատը, լինելով բողոքական հավատքի տեր անձ, հրամայեց կրպակը փակել։ Մայրիկը, որը սովորաբար կարողանում էր իր ասածի վրա պնդել, ամեն անգամ Չարչարանաց ուրբաթ օրերին զիջում էր, կրպակը փակում, սակայն փոխարենը, արդեն որպես կաթոլիկ, պնդում էր Քրիստոսի մարմնի տոնի ժամանակ գաղութային ապրանքների կրպակը փակելու։ Նաև պնդում էր պերսիլի, Հաագ սուրճի տուփերը փոխարինել Կույս Մարիամի լուսավորված խայտաբղետ պատկերով, ինչպես նաև Օլիվա շքերթին մասնակցել։
 +
 +
Գոյություն ուներ մի նկար, որի մի կողմում կարելի է ընթերցել․ «Փակ է Չարչարանած ուրբաթ օրվա առիթով»։ Նկարի մյուս կողմը հայտնում էր․ «Փակ է Քրիստոսի մարմնի տոնի առիթով»։ Այն Չարչարանաց ուրբաթ օրը, Չարչարանաց երկուշաբթուն հաջորդած առանց թմբուկի և առանց ձայնի մեջ ալմաստի առաջին ուրբաթը։ Մացերատը ցուցափեղկում կախեց «Փակ է Չարչարանաց ուրբաթ օրվա առիթով» նկարը, և մենք տրամվայով մեկնեցինք Բյորզեն։ Վերը օգտագործած խոսքին ևս մեկ անգամ վերադառնալու նպատակով Լաբեսվիգը ևս երկակի տեսք ուներ․ բողոքականները գնում էին եկեղեցի, իսկ կաթոլիկները նույն ժամանակ լվանում էին պատուհանները և ետին բակերում թափ էին տալիս, թեկուզ մասնակիորեն գորգի նմանվող, ամեն ինչը այնպիսի ուժով և այնպիսի դղրդյունով, որ կարելի էր մտածել, թե եկամտային տների բոլոր բակերով մեկ աստվածաշնչյան ստրուկները միաժամանակ բազմակի անգամ բազմացած Փրկչին մեխում էին բազմակի անգամ բազմացած խաչին։
 +
 +
Իսկ մենք, գորգերի ետևում թողնելով գորգեր թափ տալը, որը տեղեկացնում էր Տերունական կրքերի մոտեցման մասին, սովորական կազմով՝ մայրիկս, Մացերատը, Յան Բրոնսկին ու Օսկարը, նստեցինք 9֊րդ համարի տրամվայը և մեկնեցինք Բրոյզեներվեգի երկայնքով, օդանավակայանի կողքով, հին և նոր բանակային հրապարակի կողքով։ Զասպե գերեզմանատան ուղեփոխ սլաքի մոտ սպասեցինք Նյորֆարվասեր֊Բրյոզենի հանդիպակաց տրամվային։ Մայրիկը սլաքի մոտ սպասումը օգտագործեց, որպեսզի մեզ տեղյակ պահի իր մի շարք նկատառումների մասին, որոնք չնայած արտահայտվեցին ժպիտով, սակայն այնպիսի ոճով, որը վկայում էր կյանքից հայտնի հոգնածության մասին։ Լքված փոքրիկ գերեզմանաքարերը, որտեղ հանգուցանման սոճիների տակ լայնքով ու երկայնքով տարածվել էին անցյալ դարի մամռապատ, քարե սալերը, մայրս անվանեց չքնաղ, ռոմանտիկական և հմայքով լի։
 +
 +
― Ահա թե որտեղ ես կցանկանայի պառկել, եթե մինչ այդ այն չփակեն, ― երազանքներին անձնատուր եղավ մայրս։ Մացերատը սակայն գտավ, որ հողը չափից դուրս ավազոտ է, բացասաբար արտահայտվեց մնացած ողջ բուսականությանը սպանած խուլ վարսակի և կաթնբեկի մասին։ Յան Բրոնսկին իր կողմից ավելացրեց, որ օդակայանից եկող աղմուկը և գերեզմանատան մոտ հանգուցավոր սլաքի վրա բաժանվող տրամվայները անխուսափելիորեն կխանգարեն հովվերգական այս վայրի հանգիստը։
 +
 +
Հանդիպակաց տրամվայն անցավ մեր մոտով, մեքենավարը երկու անգամ զանգ տվեց, և մենք, ետևում թողնելով Զասպեն ու զասպենյան գերեզմանատունը, շարժվեցինք Բրյոզենի ծովային առողջարանի կողմը, որն այդ եղանակին, մարտի վերջին մի տեսակ տկարացած և վհատ տեսք ուներ։ Կրպակները խփված են մեխերով, հավաքասրահում մեխված են պատուհանները, կամրջակների վրայից հանված են դրոշակները, լողարանում թվով քսանհինգ դատարկ խցիկներն են։ Ջերմաստիճանը ցույց տվող տախտակի վրա դեռ անցյալ տարվա կավճի հետքերն են․ օդը՝ քսան, ջուրը՝ տասնյոթ, քամին՝ հյուսիս֊արևելյան, կանխատեսումը՝ փոփոխական ամպամածություն։
 +
 +
Սկզբում մենք մտածում էինք ոտքով հասնել մինչև Գլետկաու, սակայն հետո, առանց որևէ քննարկումների, հանկարծ գնացինք ուղիղ հակառակ ուղղությամբ, դեպի ծովապատնեշ, Բալթիկ ծովը լայնորեն ափ էր գլորում ծուլորեն լպստած ավազը։ Մինչև նավահանգստի մուտքը, որտեղ մի կողմում սպիտակ փարոսն էր, իսկ մյուսում՝ նավավարական դիտանցքը, ոչ մի մարդ չէր երևում։ Նախորդ օրը տեղացած անձրևը ավազի վրա հարթ նախշ էր նկարել, և շատ հաճելի էր այն խախտելը՝ նրա վրա բոբիկ որքերի հետքերը թողնելով։ Մացերատը հավաքում էր ծովի կողմից լպստած մետաղադրամի մեծության աղյուսի բեկորները, դրանք նետում, որպեսզի թռչեն կանաչ ջրի վրայով՝ ընդ որում բավական մեծ փառամոլություն ցուցաբերելով։ Յան Բրոնսկին, որն այդչափ հմուտ նետող չէր, նետումների միջև ընկած ժամանակահատվածներում սաթ էր որոնում, գտավ պատահած մի քանի կտորներ, մեկը նույնիսկ բալի կորիզի չափ, ինչը և մատուցեց մայրիկիս, որն ինձ պես ոտաբոբիկ վազում էր կարծես իր հետքերի հանդեպ սիրուց՝ մերթընդմերթ ետ նայելով։ Արևը բավական զուսպ էր տաքացնում։ Եղանակը զով էր, առանց քամու և պարզ, այնպես, որ կարելի էր հորիզոնում տեսնել երիզը, որը նշում էր Հելա թերակղզին, և էլի երկու֊երեք անհետացող ծխի պոչիկներն ու տախտակամածային կառույցները, առևտրական շոգենավը, որը թռչկոտելով հաղթահարում էր հորիզոնի գիծը։
 +
 +
Հերթականությամբ, անհավասարաչափ ժամանակահատվածների ընդմիջումներով, մենք մոտեցանք առաջին գրանիտե մեծաբեկորներին, որոնք ընկած էին ծովապատնեշի լայն հիմքի մեջ։ Մայրիկը և ես կրկին հագանք գուլպաներն ու կոշիկները։ Մայրիկս օգնեց ինձ կապիչները ամրացնել, իսկ Յանը և Մացերատը, արդեն ծովապատնեշի անհարթ մակերեսի վրայով քարից քար թռչելով, գնում էին ծովի ուղղությամբ։ Ջրիմուռների քերված մորուքները անկանոն դուրս էին ցցվել ծովապատնեշի հիմքի վրայի  քարերի արանքից։ Օսկարը կցանկանար դրանք սանրել։ Սակայն մայրիկս բռնեց իմ ձեռքը, և մենք վազեցինք տղամարդկանց հասնելու համար, որոնք գնում էին առջևից և աշակերտների պես թռչկոտում էին։ Ամեն քայլափոխին թմբուկը հարվածում էր իմ ծնկին, սակայն նույնիսկ այստեղ ես չէի ցանկանում, որպեսզի այն ինձանից խլեն։ Մայրիկի հագին կար երկնագույն գարնանային վերարկու արքայամորու գույնի թևքածալերով։ Գրանիտե մեծաբեկորները նրա բարձրակրունկ կոշիկների համար բազմաթիվ դժվարություններ էին առաջացնում։ Ինչպես միշտ կիրակի ու տոն օրերին, ես դես ու դեն էի գնում ոսկե խարսխաձև կոճակներով իմ նավաստու վերարկուով։ Գրեթխեն Շեֆլերի հուշանվերների պահուստից «Զայդլից» գրությամբ հին ժապավենը պաստառում էր իմ անհովհար գլխարկը և քամու տակ կկրթկրթար, եթե, իհարկե, գոնե ինչ֊որ չափ քամի լիներ։ Մացերատը արձակեց շագանակագույն վերարկուն։ Յանը, ինչպես միշտ, պերճաշուք էր իր երփներանգ թավշե օձիքով, ուլստերը հագին։
 +
 +
Մենք գրեթե հասանք ծովապատնեշի ամենավերջում գտնվող նավավարական դիտանոցին։ Դիտանոցի տակ նստած էր բեռնակրի գլխարկով ու բամբակե շալվարով մի ծեր տղամարդ։ Նրա կողքին ընկած էր մի պարկ, որն անընդհատ ցնցվում ու շարժվում էր։ Իսկ մարդը, որն ամենայն հավանականությամբ Բրյոզենից կամ Նոյֆարվասերից էր, բռնել էր սպիտակեղենի պարանի ծայրը։ Ծովային խոտով պատված պարանը հեռանում էր դեպի Մոտլաուի նեխահոտ ջուրը, որը դեռ վճիտանալ չհասցրած և առանց ծովի ալիքների օգնության, գետաբերանի մոտ խփվում էր ծովապատնեշին։
 +
 +
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է այդ մարդը ձուկ բռնում սովորական սպիտակեղենի պարանի օգնությամբ և ակնհայտորեն առանց լողանի։ Մայրիկս այդ հարցը տվեց բարեհոգի հեգնանքի տոնով և նրան հորեղբայր անվանեց։ Հորեղբայրը՝ թութունից դեղնած ատամները ցույց տալով, խեժով պատված գրանիտե սալիկների ուղղությամբ, ուր փրփուրի տեսքով խաղում էին ալիքները և դրանց գրեթե դիպչելով՝ ճախրում էին ճայերը։
 +
 +
Մենք արդեն պատրաստվում էինք հեռանալ, քանի որ ծովապատնեշի վրա ցուրտ էր, և արևն էլ ամենևին չէր տաքացնում, սակայն այդ պահին բեռնակիրի գլխարկով մարդը սկսեց քիչ֊քիչ դուրս քաշել պարանը։ Միևնույն է, մայրիկս ուզում էր հեռանալ, սակայն Մացերատին հնարավոր չէր տեղից շարժել։ Ինչպես և Յանը, որը սովորաբար ենթարկվում էր մորս բարձրաձայն ասված բոլոր ցանկություններին, այս անգամ համառություն ցուցաբերեց, դե իսկ Օսկարի համար միևնույն էր, կգնա՞նք մենք, թե՞ կմնանք։ Բայց քանի որ մենք դեռ մնում էինք, ես դիտում էի։ Մինչ բեռնակիրը հավասարաչափ ձգումներով դուրս էր բերում պարանը և ամեն անգամ ձգելիս, ծնկների միջև սեղմելով, այն մաքրում էր ջրիմուռներից, ես համոզվեցի, որ առևտրական բեռնանավը, որի վերնակառույցները ընդամենը մի կես ժամ առաջ հազիվ էին երևում հորիզոնի այն կողմից, փոխել էր ընթացքը և այժմ մտնում էր նավահանգիստ։ Քանի որ նա այդպիսի թաղվածք ունի, նշանակում է, հանքաքարով բարձված շվեդ է, կռահեց Օսկարը։
 +
 +
Սակայն, երբ բեռնակիրը դանդաղ վեր բարձրացավ քարերի վրայից, ես շվեդից շեղվեցի։
 +
 +
― Հլը մի նայեք, ինչ է դրա հետ։
 +
 +
Նա դա ասաց Մացերատին, որը չնայած ոչինչ չէր հասկանում, սակայն պատրաստականությամբ համաձայնվեց։ Անընդհատ այդ բառերը կրկնելով՝ բեռնակիրը շարունակում էր դուրս քաշել պարանը՝ չնայած այժմ արդեն ճիգ թափելով, այնուհետև նա քարերի վրայով, իջավ ներքև, դեպի պարանը։ Ոտքերը լայնակի տեղադրելով, ձեռքերը գրանիտե մեծաբեկորների արանքով մտցրեց (մայրիկս չհասցրեց ժամանակին շրջվել) ծովախորշի խլթխլթացող ջրի մեջ։ Փնտրեց, շոշափեց, գտավ, բռնեց ու բարձրաձայն պահանջելով մի կողմ քաշվել, ինչ֊որ մի թաց ու ծանր բան նետեց, կյանքով փոթորկվող ինչ֊որ բան մեր դիմաց՝ գետնին․ ձիու գլուխ, թարմ, բացարձակապես իրականի պես, սևաթույր նժույգի գլուխ, այսինքն՝ սևաբաշ ձիու, որը դեռ երեկ չէ առաջին օրը, հնարավոր է, բարձրաձայն խրխնջում էր, որովհետև նա, այդ գլուխը, ամենևին չէր քայքայվել, և գարշահոտ չէր արձակում։ Նրանից թերևս միայն գետաջրի հոտ էր գալիս, սակայն ծովապատնեշի վրա այդ հոտը գալիս էր ամեն ինչից։
 +
 +
Եվ ահա արդեն գլխարկով մարդը կանգնած է՝ լայն բացված ոտքերը դրած ձիու մնացորդների կողքերին, որից մոլեգին դուրս են պրծնում բաց կանաչ փոքրիկ օձաձկները։ Բեռնակիրը ոչ առանց դժվարության բռնում է դրանք, որովհետև օձաձկները արագ ու ճարպկորեն սահում էին ողորկ ու դեռ թաց քարերի վրայով։ Դրան գումարած՝ անմիջապես նրանց գլխավերևում էին հայտնվում ճայերը՝ իրենց սովորական ճիչով։ Նրանք թեթևորեն, երեք֊երեք, չորս֊չորս վրա էին պրծնում, ճանկում էին փոքր կամ միջին չափի օձաձկանը, և նրանց դեն քշելու ոչ մի հնարավորություն չկար, որովհետև ծովապատնեշը նրանց էր պատկանում։ Սակայն բեռնակրին, որը նետվեց ճայերի արանքը, հաջողվեց մոտ 20֊25 օձաձուկ գցել իր պարկի մեջ Մացերատի օգնությամբ, որը սիրում էր ցույց տալ, թե պատրաստ է օգնության հասնել։ Եվ այդ իսկ պատճառով Մացերատը չէր կարող տեսնել, որ մայրիկիս դեմքը հանկարծ դարձավ դեղնասպիտակավուն, որ նա նախ ձեռքը, և հետո ընդհանրապես գլուխը դրեց Յանի թավշյա օձիքի վրա։
 +
 +
Սակայն երբ բոլոր մանր ու միջին օձաձկները իրար ետևից հայտնվեցին պարկի մեջ, իսկ բեռնակիրը, որի գլխից այդ արարողակարգի ընթացքում մի կողմ էր ընկել գլխարկը, սկսեց սատկած գլխի միջից սեղմելով դուրս բերել ավելի մեծ, մգոտ օձաձկների, մայրիկը վերջնականապես ստիպված եղավ նստել։ Յանը նույնիսկ ուզում էր մի կողմ շրջել նրա դեմքը, սակայն նա չընկրկեց, նա շարունակեց անշարժ ու բութ հայացքով աչքերը չռած դիտել այդ օձերի հետ բեռնակրի եռուզեռը։
 +
 +
― Հլը տես, ― տնքում էր նա ժամանակ առ ժամանակ։ ― Հլը ― մի, հլը ― մի։ ― Եվ իր ձկնորսական երկարաճիտք կոշիկի օգնությամբ լայն բաց արեց ձիու բերանը, փայտը դրեց ծնոտների միջև, այնպես, որ կարող էր թվալ, թե իբր ձին է քմծիծաղելով ցույց տալիս անվնաս դեղին ատամները։ Սակայն երբ բեռնակիրը իր երկու ձեռքերը խորը մտցրեց ձիու երախի մեջ և այնտեղից դուրս բերեց առնվազն ձեռքի հաստության, ինչպես նաև երկարության երկու օձաձուկ, միայն այժմ նկատելի դարձավ, որ նրա գլուխը ճաղատ է ու նման ձվի։ Մայրիկս ևս իրարից անջատեց իր ծնոտները, և նա իր միջից դուրս մղեց ողջ նախաճաշը․ հացի կտորների հետ խառնված գնդակերպ սպտակուցն ու դեղնուցի թելիկները կաթով սուրճի շիթի հետ մեկտեղ թափվեցին ծովապատնեշի քարերի վրա։ Դեռ կար ետ տալու ցանկությունը, սակայն նրա միջից այլևս ոչինչ դուրս չեկավ։ Այդքան էլ վատ չէր կերել նա նախաճաշին, քանի որ ուզում էր անպատճառ նիհարել ու հանուն դրա բազմաթիվ դիետաներ էր փորձարկել։ Չնայած դրանցից ոչ մեկը մինչև վերջ չէր պահպանել՝ նա իհարկե թաքուն էր ուտում և միայն մի բանից ոչ մի կերպ չէր կարողանում հրաժարվել՝ կանանց միավորումներում երեքշաբթի օրերի մարմնամարզությունից։ Չնայած Յանը և նույնիսկ Մացերատը ծիծաղում էին նրա վրա, երբ թղթե փաթեթի մեջ դրված մարզահագուստը հետը վերցնելով, հեռանում էր այդ կապույտ, փայլուն հագուստներով ծիծաղելի մորաքույրների մոտ և լախտով վարժություններ էր կատարում, միևնույն է չէր նիհարում։
 +
 +
Ահա այդ անգամ ևս մայրս ծովապատնեշի քարերի վրա ետ տվեց ոչ ավելի քան կես ֆունտ, սակայն ավելի նիհարել նրան չհաջողվեց։ Կանաչ մաղձից բացի, նրա ներսից ոչ մի այլ բան դուրս չէր թռչում, իսկ այդ պահին հայտնվեցին ճայերը, երբ նա նոր էր սկսել խեղդվել։ Ճարպոտ, ողորկ ճայերը պտտվում էին ավելի ու ավելի ցած, ընկնում էին ներքև, կռվում էին մայրիկի նախաճաշի համար, թույլ չէին տալիս իրենց քշել, սակայն ո՞վ պիտի նրանց քշեր, եթե Յան Բրոնսկին ինքն էր նրանցից վախենում և նույնիսկ ձեռքերով փակել էր իր գեղեցիկ երկնագույն աչքերը։
 +
 +
Սակայն Օսկարին ևս, երբ նա փորձեց ընդդեմ ճայերի առաջ քաշել իր թմբուկը, երբ սպիտակ լաքի վրա թմբկահարելով սկսեց ճերմակության դեմ իր պատերազմը, նրանք չենթարկվեցին, նրա թմբուկը իսկի չօգնեց, առավելագույնը այն ճայերին դարձրեց ավելի ճերմակ։ Դե իսկ Մացերատը, նա ընդհանրապես հոգ չէր տանում մայրիկիս մասին։ Նա ծիծաղում էր, քծնում բեռնակրին, իրեն որպես ամուր նյարդերի տեր մարդ էր ներկայացնում, իսկ բեռնակիրը իր գործը գրեթե ավարտեց և վերջում ձիու ականջի միջից մի մեծ օձաձուկ հանեց։ Օձաձկան հետ մեկտեղ դուրս թողեց ձիու ուղեղի սպիտակ շիլան։ Չնայած Մացերատն ինքը սրտախառնոցից դարձավ կանաչավուն, սակայն չդադարեց հոխորտալ և բեռնակրից գրեթե ձրի ետ գնեց երկու օձաձուկ և հետն էլ փորձում էր գինն իջեցնել։
 +
 +
Այստեղ ես չէի կարող Յան Բրոնսկուն չգովել։ Թեև նա ինքը այնպիսի տեսք ուներ, կարծես ուր որ է պետք է լաց լինի, սակայն օգնեց, որ մայրիկս ուղղվի՝ մի ձեռքով գրկելով նրա թիկունքից, մյուսով՝ դիմացից ու տարավ մի կողմ։ Դա կողքից ծիծաղելի էր դիտվում, քանզի մայրիկս իր բարձր կրունկների վրա ծովափի ուղղությամբ ոտքերը քարշ էր տալիս քարից քար, ամեն քայլին նրա ոտքերը ծալվում էին, սակայն նրան հաջողվեց իր ոչ մի տեղը չկոտրել։
 +
 +
Օսկարը մնաց բեռնակրի ու Մացերատի հետ, քանի որ բեռնակիրը, քիչ ավելի շուտ իր գլխարկը երկրորդ անգամ գլխին բարձրացնելով, մեզ մանրամասն բացատրեց, թե ինչու է կարտոֆիլի պարկը լցված կիսով չափ կոպիտ աղացած աղով։ Այսպիսով պարկի միջի աղը ծառայում էր նրան, որ իր մեջ ներծծեր օձաձկների մաշկի լորձը։ Քանի որ աղի մեջ ընկնելիս օձաձկներն անդադար շարժվում են, ողջ լորձը փոխանցվում է աղին այնքան ժամանակ, մինչև իրենք չքնեն։ Այդպես են վարվում, երբ պատրաստվում են հետագայում դրանք ապխտել։ Ճիշտ է, դա արգելում է ոստիկանությունը, և կենդանիների պաշտպանության միությունըը՝ նույնպես, սակայն առանց աղի գործը գլուխ չի գա։ Այլ կերպ ինչպես մաքրել օձաձկները արտաքին ու նաև ներքին լորձից։ Հետո մահացած օձաձկներին, չոր տորֆով տրորելով, ամբողջությամբ մաքրում են և կախում ապուխտի տակառի մեջ այրվող հաճարենու փայտերի վրա։
 +
 +
Այն, որ օձաձկներին խցկում են աղի մեջ, Մացերատը համարեց շատ խելամիտ։
 +
 +
― Չէ՞ որ նրանք ինքներն են ներս մտնում ձիու գլխի մեջ, ― ասաց նա։
 +
 +
― Նաև հանգուցյալների մեջ, ― լրացրեց բեռնակիրը։ ― Աում են, որ Սկագերակի ճակատամարտից հետո օձաձկները առանձնահատուկ յուղոտ դարձան։
 +
 +
Իսկ իմ հատուկ բժշկական հիմնարկության բժիշկը հենղ մոտ օրերս պատմում էր մի ամուսնացած կնոջ մասին, որը մտադրվել էր ժամանակ անցկացնել կենդանի օձաձկան հետ, իսկ օձաձուկը այնպես էր ատամներով նրանից կառչել, որ ստիպված էին կնոջը ուղարկել հիվանդանոց, և նա այլևս երեխաներ չի ունենա։
 +
 +
Բեռնակիրը պինդ կապեց օձաձկներով ու աղով պարկը և այն գցեց ուսին՝ չնայած պարկի մեջ անընդհատ ինչ֊որ բան էր շարժվում։ Նա իր պարանոցի շուրջը փաթաթեց գործածությունից դուրս մնացած պարանը և քայլեց Նոյֆարվասերի ուղղությամբ։ Այդ պահին էլ առևվտրական նավը մոտեցավ։ Այն ուներ մոտավորապես 1800 տոննա ջրատարողություն, և պարզվեց, որ շվեդական չէր, այլ նույնիսկ լավ էլ ֆիննական, և ոչ թե հանքաքար, այլ անտառանյութ էր բերել։ Պետք է ենթադրել, որ պարկով բեռնակիրը «ֆիննի» վրա ծանոթներ ուներ, նա թափահարեց այդ ժանգոտ տաշտակի ուղղությամբ, և ինչ֊որ բան բղավեց։ «Ֆիննից» նույնպես թափահարեցին և բղավեցին ի պատասխան։ Իսկ թե ինչու Մացերատը թափահարեց և թե ինչո՞ւ բղավեց այնպիսի հիմարություն, ինչպես «Հեյ նավի վրա, ախոյան», ես այդպես էլ չկարողացա հասկանալ։ Չէ՞ որ ծնունդով Ռայնլանդից լինելով, նա ընդհանրապես ոչինչ չէր հասկանում ծովային գործից, և ֆինների շրջանում ոչ մի ծանոթ չուներ։ Սակայն հենց այդպիսին էր նրա սովորությունը․ թափահարել, եթե ուրիշներն են թափահարում, գոռալ, ծիծաղել, ծափ տալ, եթե գոռում են, ծիծաղում են, ծափ են տալիս ուրիշները։ Հենց այդ պատճառով էլ նա համեմատաբար շուտ մտավ կուսակցության մեջ, այն ժամանակ երբ դրա համար առանձնակի անհրաժեշտություն չկար, երբ դա դեռ ոչինչ չէր տալիս, միայն կիրակի առավոտներն էր նրանից խլում։
 +
 +
Օսկարը դանդաղ քայլեց Մացերատի, Նոյֆարվասերից բեռնակրի ետևից՝ հայացքով ճանապարհելով չափից ավելի բարձված նավը։ Ժամանակ առ ժամանակ շրջվում էր, որովհետև բեռնակիրը ձիու գլուխը այդպես էլ գցել էր նավագնացության դիտանոցի տակ։ Սակայն բուն գլուխը այլևս չէր երևում, որովհետև ճայերը բոլոր կողմերից կպել էին նրան։ Սպիտակ, հազիվ նշմարելի մի անցք, որը շրջապատված էր շշականաչավուն ծովով։ Թարմ լվացված ամպիկ, որը պատրաստ է ամեն րոպե խնամքով երկինք խոյանալ, բարձր ճիչերով ծածկելով ձիու գլուխը, որն այժմ ոչ թե խրխնջոց, այլ ճիչ էր արձակում։
 +
 +
Կուշտ նայելուց հետո ես փախա և՛ Մացերատից, և՛ ճայերից, և՛ ընթացքի ժամանակ բռունցքով հարվածում էի իմ թմբուկի թիթեղին, հասա֊անցա բեռնակրին, որն այդ ընթացքում ծովապատնեշի սկզբին մոտ հասել էր Յան Բրոնսկուն և մայրիկիս։ Յանը, ինչպես և դրանից առաջ, գրկել էր մայրիկիս, միայն թե նրա ձեռքերից մեկը այժմ գտնվում էր նրա ծոցից ներքև։ Սակայն Մացերատը չէր կարող տեսնել ո՛չ դա և ո՛չ էլ այն, որ մայրիկս ձեռքը մտցրել էր Յանի շալվարի՝ իր կողմի գրպանը․ նա չափից դուրս հեռու էր մեզանից, և հենց այդ ժամանակ քարերի արանքից վերցրած թերթի մեջ փաթաթում էր չորս օձաձուկ, որոնց նրա խնդրանքով բեռնակիրը նախապես քարով ուշաթափ էր արել։ Մեզ հասած Մացերատը թափահարում էր օձաձկներով փաթեթը և պարծենում էր․
 +
 +
― Մեկ ու կես էր ուզում, սակայն ես նրան մեկ գուլդեն տվեցի, դա էլ շատ էր նրան։
 +
 +
Մայրիկն արդեն ավելի լավ տեսք ուներ, և նրա երկու ձեռքերն էլ աչքի առաջ էին, և նա Մացերատին պատասխանեց․
 +
 +
― Միայն մի երևակայիր, որ ես քո օձաձուկը կուտեմ։ Ես ընդհանրապես կյանքումս այլևս ոչ մի կտոր ձուկ չեմ ուտի, իսկ օձաձկների մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։
 +
 +
Մացերատը ծիծաղեց․
 +
 +
― Հերիք է խոսես, աղջիկ։ Չէ՞ որ դու նախկինում էլ գիտեիր, թե ուր են խցկվում օձաձկները, իսկ ինքդ դրանք միշտ ուտում էիր, թարմերը՝ նույնպես։ Այ կտեսնենք, թե դու ինչ կասես, երբ քո խոնարհ ծառան դրանք լավագույնս պատրաստի ընտիր ձևավորման բոլոր կանոններով՝ մի քիչ էլ կանաչեղեն ավելացնելով։
 +
 +
Յան Բրոնսկին, որը ժամանակին էր ձեռքը ետ քաշել մայրիկիս ծոցատակից, ոչինչ չասաց։ Ես սկսեցի թմբկահարել, որպեսզի նրանք չսկսեն կրկին խոսել իրենց օձաձկների մասին և թմբկահարեցի մինչև հասանք Բրյոզեն։ Տրամվայի կանգառում և հետո կցորդ վագոնում ես թույլ չէի տալիս, որ երեք մեծահասակները խոսեն։ Օձաձկները իրենց բավականին հանգիստ էին պահում։ Չասպեի ուղեբաժանքի վրա կանգնելու հարկ չեղավ, որովհետև հանդիպակացն արդեն անցել էր։ Օդանավակայանից անմիջապես հետո Մացերատը, չնայած իմ թմբուկին, սկսեց պատմել, թե ինչ աստիճան է ինքը սովածացել։ Մայրիկս չարձագանքեց և նայում էր մեր կողքով ինչ֊որ տեղ, մինչև որ Յանը իր «Ռեգատ»֊ներից մեկը նրան չառաջարկեց։ Երբ նա նրան կրակ տվեց, մայրիկս ծխախոտի ոսկե մուշտուկը շուրթերով սեղմելով, Մացրատին ժպտաց, քանզի գիտեր, որ նա չի սիրում, երբ ինքը մարդկանց ներկայությամբ ծխում է։
 +
 +
Մենք տրամվայից իջանք Մաքս֊Հալբե֊պլացում, և մայրիկս, հակառակ իմ սպասումների, թևանցուկ արեց ոչ թե Յանին, այլ Մացերատին, Յանը քայլեց իմ կողքով․ նա, ձեռքիցս բռնած, տանում էր ինձ և ծխում մորս կիսատ թողած սիգարետը։
 +
 +
Կաթոլիկական հավատքի տնտեսուհիները Լաբեսվիգ փողոցում դեռ էլի թափ էին տալիս իրենց գորգերը։ Մինչ Մացերատը զբաղված էր կողպեքով, ես տեսա ֆրաու Քատերին, որն ապրում էր ծխնելույզ մաքրող Մայնի հարևանությամբ։ Նա կապտա֊կարմրագույն հզոր ձեռքերով փաթաթված, դարչնագույն գորգը պահում էր ուսի վրա։ Նրա թևատակերին փայլում էին աղի քրտինքից իրար կպած շիկահեր մազերը։ Գորգը կախվել էր առջևից ու ետևից։ Այդ նույն հաջողությամբ նա կարող էր ուսի վրայով գցել, տանել հարբած ամուսնուն, սակայն նրա ամուսինը վաղուց էր մահացել։ Երբ նա իմ կողքով փայլուն նրբադիտակից պատրաստված սև շրջազգեստի տակ տանում էր իր պարարտամարմնությունը, իմ քթին հարվածեցին նրա մարմնի գոլորշիները․ անուշադր, վարունգ, կարբոլաթթու՝ հավանաբար նրա մոտ դաշտան էր։
 +
 +
Շուտով բակից լսվեց գորգերի վրա փայտերով հարվածների այն համաչափ ձայնը, որն ինձ վազեցնում էր բնակարանում, այնպես էր ինձ հետապնդում, որ, ի վերջո, ես ստիպված էի թաքնվել մեր ննջասենյակի հագուստի պահարանի մեջ, քանի որ այնտեղ կախված ձմեռային վերարկուները խլացնում էին նախազատիկյան աղմուկների մեծ մասը։ Սակայն ես պահարանի մեջ միայն գորգեր թափ տվող ֆրաու Քատերից չէ, որ թաքնվում էի։ Դեռ չէին հասցրել Մայրիկը, Յանը և Մացերատը վրաներից դեն նետել իրենց վերարկուները, երբ արդեն վեճ սկսվեց Չարչարանաց ուրբաթ օրվա ճաշի առիթով։ Թեման միմիայն օձաձկներով չէր սահմանափակվում, գործին միացավ նաև իմ հանրահայտ աստիճաններով գլորվելը․ «Դու ես մեղավոր, դու ես ամեն ինչում մեղավոր, այ ես հենց հիմա օձաձկներից ապուր կեփեմ, և բավական է կոտրատվել, կարող ես եփել ինչ ուզես, միայն ոչ օձաձկները, կարծես թե մառանի պահածոները չեն բավարարում, դուրս բեր շիկասունկերով պահածոն, միայն թե հետո կափարիչը փակիր, որպեսզի կրկին դժբախտություն չպատահի։ Դե, հերիք եղավ միապաղաղ նույն  բանը խոսես, ճաշին օձաձկներ են լինելու, և վերջ՝ կաթով, մանանեխով, կարտոֆիլով, և՛ դափնու տերև կդնենք այնտեղ, և՛ մեխակ, ոչ, բավական է, Ալֆրեդ, եթե նա չի ուզում, իսկ դու իմիջիայլոց, մի խառնվիր, մի՞թե ես իզուր եմ օձաձկները գնել։ Ես ինչպես հարկն է, դրանց փորոտիքը կհանեմ և ջրի մեջ կպահեմ, ոչ֊ոչ֊ոչ, այ այն ժամանակ, երբ ես դրանք սեղանի վրա կմատուցեմ, այն ժամանակ էլ մենք կտեսնենք՝ ով կուտի, իսկ ով՝ ոչ»։
 +
 +
Մացերատը իր ետևից շրխկացրեց հյուրասենյակի դուռը, անհետացավ խոհանոցում, և մենք լսեցինք, թե զարմանալիորեն որքան բարձր էր նա այնտեղ եփում֊թափում։ Օձաձկներին նա սպանում էր գլխի ետևում լայնակի կտրվածքի միջոցով, իսկ մայրիկս, որը չափից դուրս մեծ երևակայությամբ էր օժտված, իջավ թախտի վրա, ինչը նրանից հետո արեց նաև Յանը։ Եվ ահա նրանք արդեն բռնեցին իրար և սկսեցին կաշուբյան բարբառով շշնջալ։
 +
 +
Երբ մեծահասակները բնակարանում այդ կերպ տեղավորվեցին, ես դեռ պահարանի մեջ չէի նստել, այլ, ինչպես նրանք, նստել էի հյուրասենյակում։ Հաղճաղյուսե վառարանի մոտ դրված էր մանկական աթոռակ։ Ես թափ տվեցի ոտքերս՝ ինձ դնելով Յանի ուշադիր հայացքի տակ ու գերազանց հասկանալով, թե ինչ աստիճան եմ խանգարում երկուսին, չնայած հազիվ թե նրանք կարողանային զբաղվել որևէ լուրջ բանով, երբ թեկուզ այստեղից անտեսանելի, սակայն պատի ետևում լիովին իրական Մացերատը սպառնում էր կիսասատկած օձաձկով, որը թափ տալով վրա էր բերում, ինչպես մտրակը։ Նրանք փաթաթվեցին ձեռքերով, հոդերի մասում ճտտոցի աստիճան սեղմեցին իրենց բոլոր քսան մատները և այդ ճտտոցով ինձ վերջնականապես հանեցին համբերությունից։ Մի՞թե բավական չէին գորգին հասցրած Քաթերիխայի հարվածները։ Մի՞թե դրանք պատերի միջով բակից ներս չէին ներթափանցում, մի՞թե չէին մոտենում՝ չնայած դրանից ավելի բարձր չէին դառնում։
 +
 +
Օսկարը ցած սահեց իր աթոռակից, մի պահ վառարանի մոտ հապաղեց, որպեսզի իր հեռացումը չափից դուրս ցուցադրական չդիտվեր, այնուհետև, ամբողջապես իր թմբուկով զբաղված, անհետացավ ննջարանում։
 +
 +
Ցանկացած կարգի ձայներից խուսափելու նպատակով ես նույնիսկ ննջասենյակի դուռը կիսաբաց թողեցի և հաճույքով արձանագրեցի, որ ոչ ոք ինձ այդպես էլ ձայն չտվեց։ Ես դեռ որոշում էի, թե որտեղ ավելի լավ կլինի, որ Օսկարը մտնի՝ միգուցե մահճակալի տա՞կ կամ գուցե հագուստի պահարանի մե՞ջ։ Ես նախընտրեցի պահարանը, որովհետև մահճակալի տակ կարող էի կեղտոտել իմ կապույտ և շուտ կեղտոտվող կոստյումը։ Ես նաև կարողացա ձգվել֊հասնել բանալուն, այն պտտեցի, իրարից հեռացրեցի հայելու փեղկերը և թմբուկի փայտիկի օգնությամբ մի կողմ շարժեցի վերնաձողից կախված վերարկուներով և այլ ձմեռային հագուստներով կախիչները։ Ծանր կտորին դիպչելու և առավել ևս շարժելու համար ստիպված եղա ոտքերով կանգնել թմբուկի վրա։ Պահարանի մեջտեղում առաջացած խոռատը թեև մեծ չէր, սակայն բայց և այնպես բավականաչափ ընդարձակ էր, որպեսզի կարողանար ընդունել այնտեղ մտած ու պպզած֊նստած Օսկարին։ Ճիշտ է, ոչ առանց դժվարության, ինձ նույնիսկ հաջողվեց իմ ետևից փակել հայելապատ դռները, և փեղկերի միջև այնպես մտցնել շալը, որը հայտնաբերեցի պահարանի հատակին, որ առաջացավ մեկ մատի հաստությամբ ճեղք, որն ապահովում էր ինչպես դիտելու հնարավորությունը, այնպես էլ թարմ օդի հոսքը։ Թմբուկը ես դրեցի ծնկներիս, սակայն չսկսեցի թմբկահարել, նույնիսկ կամաց ձայնով՝ դա էլ չարեցի, այլ հակառակը, ձմեռային վերարկուների գոլորշիներին թույլ տվեցի պարուրելու ինձ և ներթափանցելու իմ մեջ։ Որքան լավ է, որ մենք ունեինք այդ պահարանը և ծանր, կարծես շնչող կտորները, որոնք թույլ էին տալիս գործի դնել իմ ողջ երևակայությունը։ Երևակայական պատկերների հարստությունը մի մեծ պարգև էր, որը ես աշխատում էի ընդունել զուսպ, հազիվ նկատելի ուրախությամբ։
 +
 +
Ինչպես յուրաքանչյուր անգամ, երբ ինձ հաջողվում էր կենտրոնանալ և ապրել իմ հնարավորությունների հետ խաղաղության մեջ, ես մտքերով տեղափոխվում էի բժիշկ Հոլլացի Բրունեհյոֆերվեգ փողոցում գտնվող ընդունարանը և նորովի էի վերապրում ամեն շաբաթվա չորեքշաբթի օրերի այցելությունների այն մասը, որն ինձ հրապուրում էր։ Այդ իսկ պատճառով իմ մտքերը սլանում էին ոչ այնքան դեպի բժիշկը, որքան դեպի նրա օգնականը՝ բուժքույր Ինգան։ Նրան էր թույլ տրվում ինձ հանվեցնել ու հագցնել, միայն նրան՝ չափել, կշռել, զննել ինձ, մի խոսքով բոլոր այն փորձառությունները, որոնք իմ գլխին սարքում էր բժիշկ Հոլլացը, քույր Ինգան կատարում էր շատ ճշգրիտ՝ չնայած ոչ առանց ափսոսանքի։ Դրանից հետո չարախինդ երանգավորումով զեկուցում էր հաջողությունների բացակայության մասին, ինչը բժիշկ Հոլլացն իր հերթին հայտնի հաջողություններ էր անվանում։ Քույրի հագուստի մաքուր օսլայված սպիտակության վրա, քույրական շորագլխարկի որակով, քաշից զուրկ կառուցվածքի վրա, համեստ, կարմիր խաչով զարդարված զարդի վրա հաճախ էր հանգստանում իմ հայացքը և մեկ֊մեկ թունավորվող թմբկահարի իմ սիրտը։ Որքան ուրախալի էր նրա քույրական հանդերձանքի դարսվածքների նոր ու նոր դասավորվածություններին հետևելը։ Իսկ կա՞ր, արդյոք, այդ դարսվածքների տակ մարմին։ Նրա ծերացող դեմքը, նրա կոպիտ ձեռքերը, չնայած փութաջան խնամքին, թույլ էին տալիս կռահել, որ քույր Ինգան, այնուամենայնիվ կին է։ Սակայն նրա մարմնական էությունը հաստատող հոտեր, հոտեր, որոնք օրինակ, ներկայացնու էր իմ մայրիկը, երբ Յանը կամ Մացերատը իմ աչքերի առաջ օգնում էին նրան հանել հագուստները, նման տիպի բուրմունքներ քույր Ինգան չէր արձակում։ Իսկ նրանից գալիս էր օճառի և հոգնածություն առաջ բերող դեղորայքի հոտ։ Քանի անգամ, մինչ նա զննում էր իմ փոքրիկ և ինչպես բոլորն էին կարծում, հիվանդ մարմինը, կարող էր ինձ ուժասպառ անել թեթև քունը, որը ծնվել էր սպիտակ կտորի դարսվածքներից, կարբոլաթթվի հոտով համակված քունը։ Քունը առանց երազների, այդ քնի մեջ գուցե միայն նրա զարդն էր, որ գնալով մեծանում էր Աստված գիտե, թե ինչ աստիճան՝ մինչև դրոշակների ծովի, մինչև Ալպերի ձյունածածկ բարձունքների վրա արևածագի արտացոլքի, մինչև վայրի կակաչի դաշտերի աստիճան։ Պատրաստվելով, Աստված գիտե, թե ինչի դեմ ապստամբության․ ընդդեմ հնդիկների, բալերի, քթից եկող արյունահոսությունների, աքլորի կատարների, արյան կարմիր գնդիկների կուտակման, մինչև որ տեսադաշտը լցվում էր կարմրությամբ, արժանի ֆոն ի հայտ բերելով ինչ֊որ մի կրքի համար, որն այն ժամանակ, հավասարապես ինչպես և այսօր, ինձ ներկայանում էր և ներկայանում է լիովին բնական, չնայած նրան անուն տալը շատ դժվար է, քանզի «կարմիր» բառը ինքնուրույնաբար ոչինչ չի նշանակում, քթից հոսող արյունը այստեղ ոչնչով չի օգնի։ Դրոշակների ալ կարմիրը ևս ժամանակի ընթացքում խամրում է, և եթե այնուամենայնիվ ասում եմ «կարմիր», այդ կարմրությունը ինձ չի ընդունում, կարմրությունն իր ծածկույթները շրջել է հակառակ երեսով։ Դեղին գույնը ինձ վախեցնում է, կապույտը՝ խաբում, ես կապույտին չեն հավատում, ինձ չի խաբում ու չի կանաչեցնում կանաչը, կանաչ է դագաղը, որի մեջ ես արածում եմ, կանաչն է ինձ ծածկում, կանաչի հետ ես ինքս սպիտակ եմ։ Դա ինձ կնքում է սև գույնով, իսկ սևը վախեցնում է ինձ դեղինով, իսկ դեղինը խաբում է կապույտի հետ, իսկ կապույտին ես չեմ հավատում, կանաչին, իսկ կանաչը ծաղկում է կարմրով, իսկ Ինգայի զարդը կարմիր գույնի էր։ Նա կրում էր կարմիր խաչ, ավելի ստույգ՝ կրում էր քույրական խալաթի հանովի օձիքի վրա, սակայն նույնիսկ հագուստի պահարանում ինձ հազվադեպ էր հաջողվում կանգ առնել բոլոր տպավորություններից այդ ամենամիագույնի վրա։
 +
 +
Հյուրասենյակից ներթափանցելով, բազմագույն աղմուկը խփվում էր իմ պահարանի դռներին և ինձ արթնացնում արդեն սկսված և քույր Ինգային ձոնված կիսաքնից։ Ես նստել էի լիովին կայտառ, ուռած լեզվով, թմբուկը ծնկներիս վրա, տարբեր գույներով ներկված վերարկուների միջև, շնչում էի մացերատյան կուսակցական համազգեստի հոտը, նստած էի կաշվե սուսերակալի գոտու, կարաբինի համար նախատեսված ծխնու հարևանությամբ։ Քույրական խալաթի սպիտակ ծալքերից այլևս ոչինչ չէի տեսնում, այստեղ վայր էր ընկնում բուրդը, այստեղ կախված էին բրդյա կտորներ, այստեղ վիլվետը ճմռթում էր ֆլանելին, իսկ իմ գլխավերևում վերջին տարիների նորաձև գլխարկների նմուշներն էին, իսկ ոտքերիս մոտ՝ կիսաերկարաճիտք կոշիկներ, կնոջ կոշիկներ, փայլեցված սրնքապաններ, պայտերով ու չպայտած կրունկեր։ Սենյակից ներս թափանցող լույսի երիզը թույլ է տալիս ինձ ամեն ինչ տեսնել․ Օսկարը ափսոսեց, որ պահարանի դռների արանքում ճեղքվածք էր թողել։ Դե, ինչ սպասեմ նրանցից, նրանցից, ովքեր նստած են հյուրասենյակում։ Ընդունենք, թե Մացերատը նրանց թախտի վրա բռնացրեց, ինչը հազիվ թե հնարավոր լինի, քանի որ Յանը միշտ, այլ ոչ միայն սկատ խաղալու ժամանակ, պահպանում էր զգուշության մնացորդները։ Հավանաբար, ինչպես դա ավելի ուշ պարզ դարձավ, Մացերատը հյուրասենյակի մեջտեղում գտնվող սեղանի վրա էր խոյացրել ապուրի մեծ կաթսան՝ օգտագործման համար պատրաստ կարտոֆիլի ապուրով, որը պատրաստված էր փորոտիքները մաքրված, խոնավահարված համեմունքներով եփված օձաձկներից։ Նա նույնիսկ թույլ էր տվել իրեն, քանի որ ոչ ոք սեղանի մոտ չէր նստել, գովաբանել իր եփած֊թափածը՝ թվարկելով բոլոր համեմունքները և բաղադրակազմի իմաստնությունները։ Մայրիկս գոռաց։ Կաշուբյան բարբառով, իսկ կաշուբյանը Մացերատը չէր հասկանում և տանել չէր կարողանում և, սակայն, ստիպված էր լսել և, հավանաբար, նաև հասկացավ, թե ինչ էր նա ասում․ խոսքը կարող էր լինել միայն օձաձկների մասին և ինչպես ամեն անգամ, երբ մայրիկս գոռում էր աստիճաններից իմ ընկնելու մասին, Մացերատը պատասխան տվեց։ Երկուսն էլ լավ էին յուրացրել իրենց դերերը։ Յանը ակնարկներ էր մատուցում։ Առանց նրա, հավանաբար, թատրոնը չէր ստացվի։ Եվ ահա, ի վերջո, երկրորդ արարը, դղրդյունով ետ է գցվում դաշնամուրի կափարիչը, առանց նոտաների, հիշողությամբ, ոտքերը զույգ ոտնակների վրա, ետ ընկնելով, առաջ վազելով, միաձուլվելով՝ «Կախարդական հրաձիգից» որսորդների երգչախմբի դրվագը՝ «Ինչը կարող է աշխարհի վրա ավելի չքնաղ լինել»։ Եվ ամենակենտրոնում, որտեղ «Էհեյ֊էհե֊հեյ»֊ն է, դղրդյունով ընկնում է դաշնամուրի կափարիչը՝ ոտքերը՝ ոտնակներից մի կողմ։ Շուռ է տված պտտվող աթոռակը, մայրիկս մոտենում է, ևս մի հայացք՝ հայելապատ դռներին, և ահա նա արդեն նետվեց, ես իմ ճեղքից ամեն ինչ կարող էի տեսնել, լայնակի նետվեց կապույտ ամպհովանու տակի ամուսնական մահճակալի վրա, հեծկլտում էր և նույնչափ բազմամատ կոտրում ձեռքերը, ինչպես դա անում էր մեղա եկող Մագթաղինացին ամուսնական  ամրոցի գլխավերևի ոսկե շրջանակով գունավոր վիմատիպ կտավի մեջ։
 +
 +
Երկար ժամանակ ես կարող էի լսել մայրիկիս հեծկլտոցը, մահճակալի թեթև ճռճռոցը, ինչպես նաև հյուրասենյակից լսվող խուլ շշնջյունը։ Յանը հանգստացնում էր Մացերատին։ Մացերատը Յանին խնդրում էր հանգստացնել մայրիկիս։ Շշնջյունը կամաց֊կամաց սպառվեց, Յանը մտավ ննջասենյակ։ Արար երրորդ․ նա մի քիչ կանգնեց մահճակալի դիմաց՝ հայացքը մայրիկիս վրայից տեղափոխելով մեղա եկող Մագթաղինացու վրա և դեպի ետ։ Զգույշ նստեց եզրին, շոյեց փորի վրա պառկած մայրիկիս թիկունքը և հետույքը, սկսեց հանգստացնող տոնով խոսել կաշուբիներեն, և քանի որ բառերը նրա վրա այլևս չէին ազդում, ձեռքը մտցրեց նրա շրջազգեստի տակ, մինչև, ի վերջո, նա դադարեց հեծկլտալ, իսկ Յանը կարողացավ հայացքը մի կողմ տանել բազմամատ Մագթաղինացուց։ Արժեր տեսնել, թե ինչպես Յանը կատարած աշխատանքից հետո վեր կացավ, թաշկինակով սրբեց մատները և բարձրաձայն, սակայն արդեն ոչ կաշուբերեն, որպեսզի հյուրասենյակում կամ խոհանոցում գտնվող Մացերատը կարողանա լսել ու հասկանալ, արտաբերեց՝ ամեն մի բառը հստակորեն ընդգծելով։
 +
 +
― Դե, Ագնես, գնանք և մոռանանք այս պատմությունը։ Ալֆրեդը արդեն վաղուց օձաձկանը տարել է դուրս և զուգարանում խեղդել։ Իսկ մենք հիմա, յուրաքանչյուրս քառորդ պֆենինգ դնելով, մի լավ սկատ կխաղանք, ես դեմ չեմ, և երբ ամեն ինչ մնա ետևում, ու մենք հանգստանանք, Ալֆրեդը քեզ համար ձվով  ու կարտոֆիլով սունկ կտապակի։
 +
 +
Մայրիկս ոչինչ չպատասխանեց, իջավ մահճակալից, ուղղեց դեղին մգդակած վերմակը, հայելապատ դռների առջև կրկին կարգի բերեց իր սանրվածքը և Յանի ետևից լքեց ննջասենյակը։ Ես աչքս ետ տարա ճեղքից և շուտով լսեցի, թե ինչպես են նրանք խառնում խաղաթղթերը։ Փոքրիկ, վախվորած ծիծաղ։ Մացերատը կիսեց խաղաթղթերը։ Յանը բաժանում է խաղաթղթերը, և սկսվեց սակարկությունը։ Իմ կարծիքով, Յանը Մացերատին առաջարկեց խաղը պատվիրել, սակայն վերջինս արդեն Յանի վրա փաս իջավ։ Այդ ժամանակ մայրիկս պատվերը բարձրացրեց մինչև երեսունվեցը, ինչից հետո երեքը ևս ստիպված եղավ անձնատուր լինել, և մայրիկս խաղարկեց գրանդը, որը քիչ էր մնում քամուն տար։ Հաջորդ խաղում հաղթեց Յանը՝ հեշտ ու հանգիստ, հասարակ ագուռի վրա, իսկ նրանից հետո մայրիկս պատվիրեց սիրտ և, չնայած դժվարությամբ, սակայն հաղթեց։ Հաստատ համոզվածություն ունենալով, որ ընտանեկան այս սկատը կշարունակվի մինչև ուշ գիշեր, սունկով ու տապակած կարտոֆիլով ձվածեղի համար մեկ անգամ շեղվելով՝ ես դադարեցի ուշադրություն դարձնել հետագա փուլերի վրա և նույնիսկ՝ առավել ևս, փորձեցի մտքերով վերադառնալ քույր Ինգային և նրա սպիտակ, քուն բերող հագուստներին։ Սակայն բժիշկ Հոլլացի մոտ իմ կատարվելիք այցերը մթագնվեցին։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ կանաչ, կապույտ, դեղին ու սև գույները մերթ ընդ մերթ ներխուժում էին կարմիր խաչի կարմիր գույնի մեջ, այլև այն պատճառով, որ անցած առավոտվա իրադարձությունները սեպի նման խրվեցին նույն տեղը։ Ամեն անգամ, երբ բացվում էր բժշկի ընդունարանի դուռը, դեպի քույր Ինգան, ինձ էր ներկայանում ոչ քույրական խալաթի մաքուր ու թեթև պատկերը․ ոչ, դա բեռնակիրն էր, որը Նոյֆարվասերի ծովապատնեշում նավարկության դիտանոցի տակ օձաձկներ էր դուրս քաշում թաց, կյանքով լի ձիու գլխից։ Իսկ այն, ինչը սպիտակ էր երևում, այն, ինչը ես կամենում էի վերագրել քույր Ինգային, պարզվեց՝ ճայերի թևերն էին, որոնք ինչ֊որ մի ակնթարթ խաբեությամբ ծածկել էին օձաձկներին՝ մինչև վերքը կրկին բացվեր։ Սակայն այն չէր արնահոսում՝ կարմիր գույն առաջացնելով, այլ հակառակը, ձին սև էր, ծովը՝ կանաչ֊շշագույն, ընդհանուր պատկերին մի քիչ ժանգագույն  էր ավելացնում անտառափայտով բարձված «ֆիննը» և ճայերը, այլևս մի ասեք ինձ աղավնիների մասին, իրենց ամպով ծածկեցին զոհին, թևերի ծայրերը թացացրին և օձաձկներից մեկը վերևից նետեցին իմ քույր Ինգային։ Իսկ Ինգան ինքը դարձավ ճայ, ընդունեց կերպարը, ոչ, ոչ աղավնու, իսկ եթե նույնիսկ Սուրբ Հոգու, ապա միևնույն է, այն արտաքինով, որը ճայ է անվանվում և ամպի տեսքով թռչում է դեպի միսը ու տոնում Երրորդությունը։
 +
 +
Հրաժարվելով ուժերի լարումից՝ ես այն ժամանակ հրաժարվեցի նաև պահարանից, ներսից տհաճությամբ բացեցի հայելապատ դռները, դուրս եկա արկղից՝ ինձ հայելու մեջ տեսնելով, գտա որ ամենևին չեմ փոխվել։ Սակայն ուրախացա, որ ֆրաու Քաթերը գորգեր թափ տալը չի դադարեցրել։ Ճիշտ է, Չարչարանաց ուրբաթը Օսկարի համար ավարտվեց, սակայն մաքառումների միջով անցումը պետք է սկսվեր միայն Զատկից հետո։
 +
  
  

18:26, 8 Հուլիսի 2014-ի տարբերակ

Թիթեղյա թմբուկը

հեղինակ՝ Գյունթեր Գրաս
թարգմանիչ՝ Կարլեն Մատինյան
աղբյուր՝ «Թիթեղյա թմբուկը»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գիրք առաջին

Ընդարձակ շրջազգեստը

Չեմ թաքցնի, ես հատուկ բժշկական հիմնարկության հիվանդ եմ, խնամողս հետևում է ինձ, գրեթե աչք չի կտրում ինձնից, քանի որ դռան վրա կա դիտանցք, իսկ իմ խնամակալի աչքն այն դարչնագույններից է, որոնք ունակ չեն միջթափանց տեսնել ինձ՝ կապուտաչյաիս։

Հետևաբար, իմ հիվանդապահը երբեք չի կարող լինել իմ թշնամին։ Ես նույնիսկ սիրեցի նրան՝ դռան ետևից աչք դնողին, և հենց նա իմ սենյակն է մտնում, նրան զանազան դրվագներ եմ պատմում իմ կյանքից, որպեսզի նա, չնայած դիտանցքի խոչընդոտին, ինձ ավելի լավ ճանաչի։ Ամեն ինչից դատելով՝ այդ բարին գնահատում է իմ պատմվածքները, քանզի հերիք է, որ ես նրան հերթական պատմությունս հորինեմ, նա, ցանկանալով արտահայտել իր երախտագիտությունը, ցուցադրում է ինձ իր ձեռքի աշխատանքի հերթական նորագույն նմուշը։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե արվեստագետ է նա, թե ոչ։ Չնայած նրա ստեղծած ցուցահանդեսը նույնիսկ հրապուրել էր մի քանի գնորդների։ Նա հանգույցներ է հյուսում սովորական առասանակից, որը հավաքում, խճճվածքից քանդում է հիվանդասենյակներում, այցեժամերից հետո դրանք վերածում բազմահանգույց հրեշների, հետո թաթախում գիպսի մեջ, թողնում, որ չորանան, և հագցնում փայտյա ձողերին ամրացված գործելու ճաղերի վրա։

Հաճախ նա տարվում է իր ստեղծագործությունները գունազարդելու գաղափարով։ Ես նրան ետ եմ պահում այդ մտքից՝ մատնացույց անելով իմ սպիտակ, լաքապատ, մետաղյա մահճակալը, և խնդրում նրան՝ այդ ամենակատարյալ մահճակալը մտովի պատկերացնել գունազարդ։ Այդ ժամանակ նա գլխավերևում սարսափով իրար է խփում խնամակալի իր ձեռքերը՝ միաժամանակ փորձելով իր փոքր֊ինչ անշարժ դեմքի վրա արտահայտել սարսափի բոլոր հնարավոր ձևերը և ձեռ է քաշում բազմագույն ծրագրերից։

Այսպիսով իմ պետական, մետաղյա, սպիտակ լաքով պատված մահճակալը ծառայում է որպես չափանիշ։ Ինձ համար այն նույնիսկ շատ ավելին է․ իմ մահճակալը՝ դա ի վերջո հասած նպատակակետ է, իմ սփոփանքը, այն կարող էր դառնալ իմ հավատքը, եթե հիմնարկության տնօրինությունը թույլ տար կատարել որոշ կատարելագործումներ․ ես բարձրացնել կտայի մահճակալի ճաղավանդակը, որպեսզի այլևս ոչ ոք ինձ չափից շատ չմոտենար։

Շաբաթը մեկ անգամ՝ այցելությունների օրը, խախտվում էր իմ սպիտակ մետաղաձողերով հյուսված լռությունը։ Այդ ժամանակ գալիս են նրանք, ովքեր ցանկանում են ինձ փրկել, ում հաճույք է պատճառում ինձ սիրելը, ովքեր կուզենային իմ մեջ գնահատել, հարգել և ճանաչել իրենք իրենց։ Որքան կույր են նրանք, նյարդային, անդաստիրակ։ Եղունգների մկրատով քերծում են ճաղավանդակի սպիտակ լաքը, գրիչներով ու կապույտ մատիտներով երկարավուն անպարկեշտ մարդուկներ են նկարում։ Իմ փաստաբանը՝ իր ողջյունով պայթեցնելով սենյակը, ամեն անգամ նեյլոնե գլխարկը ցցում է մահճակալիս որմնակողմի ձախ սյան վրա։ Եվ ճիշտ այնքան ժամանակ, որքան տևում է նրա այցը, ― իսկ փաստաբանները կարող են երկար խոսել, ― նա նման բռնի գործողությամբ խլում է իմ հավասարակշռությունը և հոգու կայտառությունը։

Այն բանից հետո, երբ իմ այցելուներն իրենց ընծաները ի ցույց դրեցին ջրաներկ հողմածաղիկների կտավի ներքևում գտնվող սպիտակ սփռոցով սեղանիկի վրա, և այն բանից հետո, երբ նրանց հաջողվեց տեղեկացնել ինձ իմ փրկությանն ուղղված՝ իրենց ընթացիկ կամ ծրագրվող գաղափարների մասին և համոզել ինձ՝ ում նրանք առանց հոգնելու ջանում են փրկել, մերձավորի հանդեպ իրենց սիրո բարձր մակարդակ ունենալու մեջ, դրանով իսկ կրկին իրենց գոյության հաճույքն են վերագտնում և լքում ինձ։ Հետո գալիս է իմ խնամողը՝ օդափոխելու և ընծաների փաթեթների ժապավենները հավաքելու։ Հաճախ նրան էլի ժամանակ է մնում, որպեսզի օդափոխելուց հետո նստի իմ մահճակալին և, խճճված ժապավենները քանդելով, իր շուրջը լռություն տարածի այնքան ժամանակ, մինչև որ ես սկսում եմ լռությունը անվանել Բրունո, իսկ Բրունոյին՝ լռություն։

Բրունո Մյունսթերբերգը, ես ի նկատի ունեմ խնամողիս և մի կողմ եմ դնում բառախաղը, իմ փողերով ինձ համար հինգ հարյուր գրելաթուղթ է գնել։ Չամուսնացած, երեխա չունեցող և արմատներով Զաուերլանդից Բրունոն պատրաստ է, եթե պահուստը չբավականացնի, կրկին գնալ գրենական պիտույքների փոքրիկ կրպակ, ուր նաև մանկական խաղալիքներ են վաճառում, որպեսզի ինձ ապահովի գծեր չունեցող անհրաժեշտ մակերեսով՝ իմ, հուսանք, ճշգրիտ հիշողությունների համար։ Ես երբեք չէի կարողանա խնդրել, որ նման ծառայություններ մատուցեն իմ այցելուները, ասենք, փաստաբանը կամ Բլեփը։ Իմ նկատմամբ հոգսաշատ սերը ընկերներիս հաստատ թույլ չէր տա իրենց հետ բերել այնպիսի վտանգավոր մի բան, ինչպիսին մաքուր թուղթն է, և այն տրամադրել հոգուց անդադար դուրս ժայթքող իմ խոսքերին։

Երբ ես ասացի Բրունոյին․ «Ախ, Բրունո, ինձ համար հինգ հարյուր թերթ անմեղ թուղթ չե՞ս գնի», նա, աչքերը բարձրացնելով դեպի առաստաղ և հայացքի ուղղությամբ տանելով ցուցամատը, պատասխանեց․ «Դուք նկատի ունեք սպիտակ թո՞ւղթ, պարոն Օսկար»։

Ես պնդեցի իմ «անմեղ» բառը և խնդրեցի, որ Բրունոն կրպակում օգտագործի հենց դա։ Վերադառնալով փաթեթով, երեկոյան մոտ, նա աշխատեց ինձ թվալ մտքերով ալեկոծված Բրունո։ Բազմաթիվ անգամ երկար հայացքը պահում էր առաստաղի վրա, որտեղից քաղում էր իր բոլոր հայտնությունները, և քիչ անց արտահայտվեց․ «Դուք ինձ պատշաճ բառ առաջարկեցիք։ Ես այնտեղ անմեղ թուղթ խնդրեցի, և վաճառողուհին գույն տվեց֊գույն առավ ու միայն դրանից հետո կատարեց իմ խնդրանքը»։ Գրենական պիտույքների խանութների վաճառողուհիների մասին երկարատև զրույցից խուսափելով՝ ես զղջացի, որ թուղթն անմեղ եմ անվանել, իսկ հետո լռեցի՝ սպասելով մինչև Բրունոն դուրս գա սենյակից և միայն դրանից հետո բացեցի հինգ հարյուր թուղթ պարունակող փաթեթը։

Ճկուն չենթարկվող փաթեթն իմ ձեռքում երկար չպահեցի և ծանրութեթև չարեցի։ Ես հաշվեցի տասը թերթ, մնացածը թաքցրեցի մահճակալի սեղանիկի դարակում, ինքնահոսը հայտնաբերեցի արկղում՝ լուսանկարների ալբոմի կողքին։ Գրիչը լիցքավորված է, թանաքի պակասություն չի կարող լինել, բայց ինչպե՞ս սկսեմ։

Ցանկության դեպքում պատմությունը կարելի է սկսել մեջտեղից և, խիզախորեն առաջ կամ ետ շարժվելով, բոլորին շփոթեցնել։ Կարելի է աշխատել մոդեռնիստի ոճով․ մերժել բոլոր ժամանակները և տարածությունները՝ հետո հայտնաբերելու համար, որ հենց նոր ի վերջո քեզ հաջողվեց լուծել տարածության և ժամանակի խնդիրը։ Կարելի է հենց առաջին էջերից հայտարարել նաև, որ մեր օրերում ընդհանրապես հնարավոր չէ վեպ գրել, որից հետո հենց սեփական հեղինակությունդ քեզ թիկունք դարձրած՝ մի հզոր գործ ներկայացնես և արդյունքում որպես վերջին ընդունելի վիպասան հանդես գաս։ Ես թույլ կտայի ինձ նաև ասել, որ համեստ է հնչում, երբ դու, որպես սկիզբ, հայտարարում ես, թե այլևս չկան վիպային հերոսներ, քանի որ այլևս չկան անհատականություններ, քանի որ անհատականությունն անվերադարձ կորսված է, քանի որ մարդը միայնակ է, յուրաքանչյուրը հավասարապես միայնակ է և անհատական միայնակության իրավունք չունի և միախառնվում է անանուն ու հերոսականությունից զուրկ միատարր ամբոխին։ Թերևս դա այդպես էլ է և ունի իր հիմնավորումը։ Սակայն ինչ վերաբերում է ինձ՝ Օսկարիս և իմ խնամողին՝ Բրունոյին, կցանկանայի հայտարարել․ մենք երկուսս էլ հերոսներ ենք, բացարձակապես տարբեր հերոսներ ենք․ նա՝ դիտանցքի այն կողմում, ես՝ անցքի դիմաց, և նույնիսկ երբ նա բացում է դուռը, մենք երկուսս, մեր արած ընկերությամբ ու մեր միայնակությամբ հանդերձ, ամենևին էլ անանուն, հերոսականությունից զուրկ ամբոխի չենք վերածվում։

Ես սկսում եմ ավելի վաղ ժամանակից, քանի որ ոչ ոք չի համարձակվի նկարագրել իմ կյանքը, եթե բավականաչափ համբերություն չունի, որպեսզի, նախքան սեփական կեցության դարաշրջանը նախագծելը, չհիշատակի իր պապերի ու տատերի գոնե կեսին։ Դե, ուրեմն, թույլ տվեք ինձ ձեզ բոլորիդ՝ իմ ընկերներին և իմ ամենշաբաթյա այցելուներին, որ իմ բժշկական հիմնարկության պատերից դուրս գտնվելով՝ ստիպված են ապրել խառնաշփոթ կյանքով, ձեզ բոլորիդ, որ նույնիսկ կասկածներ էլ չունեք գրաթղթի վրա արված իմ գրառումների մասին, ներկայացնել Օսկարի մորական տատիկին։

Աննա Բրոնսկի անունով իմ տատը հոկտեմբերյան մի օրվա ավարտին նստած էր կարտոֆիլի դաշտի եզրին։ Հողին նստած էր հենց շրջազգեստներով։ Նախքան ճաշի ժամը կարելի էր հետևել, թե ինչպես է տատս հմտորեն փոցխում թառամած տերևները՝ խնամքով դասավորելով խմբերի, ճաշին մոտ նա կերավ օշարակի մեջ քաղցրացրած մի կտոր ճարպոտ հաց, այնուհետև վերջին անգամ քաղհանեց դաշտը և վերջապես իր շրջազգեստներով նստեց երկու գրեթե բերնեբերան լցված կողովների միջև։ Քթերով միմյանց ուղղված նրա երկարաճիտ կոշիկների ներբանների կողքին ծխում էր տերևների փոքրիկ խարույկը՝ երբեմն ասթմատիկորեն կենդանանալով և ծուխը ջանասիրաբար առաքելով հազիվ նկատելի թեքություն ունեցող երկրակեղևն ի վար։ Իննսունինը թիվն էր, իսկ տատս նստած էր Կաշուբյան երկրամասի հենց սրտում, Բիսաուից ոչ հեռու, և էլ ավելի մոտ Ռամքաուի դիմացի աղյուսի գործարանին, Ֆիրեքից այն կողմ, որտեղ Դիրշաուի և Քարթհաուսի միջև ընկած մայրուղին տանում էր դեպի Բրենթաու։ Նստած էր թիկունքով դեպի սև Հոլդքրուգ անտառը և այրված ընկուզենու այրված ճյուղի ծայրով կարտոֆիլները հրում էր տաք մոխրի տակ։

Եթե ես հենց նոր հատուկ հիշատակեցի իմ տատիկի շրջազգեստը, կարծում եմ՝ լիովին հստակ ասացի․ «Նա նստած էր իր շրջազգեստներով» և նաև գրքիս այս գլուխն անվանեցի «Ընդարձակ շրջազգեստ», նշանակում է՝ գիտեմ, թե ինչով եմ ես պարտական այդ հագուստին։ Իմ տատը մեկ շրջազգեստ չէր կրում, այլ՝ ամբողջ չորսը՝ մեկը մյուսի վրա։ Ընդ որում, նա ոչ թե կրում էր մեկ վերին և երեք ներքին շրջազգեստներ, ոչ, նա կրում էր չորս, այսպես կոչված, վերիններ, ամեն մի շրջազգեստ իր վրա կրում էր հաջորդին։ Տատս չորս շրջազգեստները կրում էր որոշակի համակարգով, համաձայն որի՝ դրանց հաջորդականությունն օրեցօր փոխվում էր։ Այն, ինչ երեկ հագած էր ամենավերևից, այսօր գտնվում էր այդ վերևինի անմիջապես տակը, երկրորդ շրջազգեստը դառնում էր երրորդը։ Երեկվա երրորդ շրջազգեստն այսոր անմիջականորեն հպվում էր մարմնին, իսկ շրջազգեստը, որն երեկ ամենամոտն էր մարմնին, այսօր ցուցադրում էր իր նախշերը, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը․ Աննա Բրոնսկի անունով իմ տատիկի բոլոր շրջազգեստները նախընտրում էին մեկ և միևնույն՝ կարտոֆիլի գույնը։ Այդ գույնը պետք է որ նրան սազեր։

Տատիկիս շրջազգեստները, գույնից բացի, առանձնանում էին կտորի արտառոց չափերով։ Դրանք մերթ կլորանում էին, փոնթ էին տալիս, երբ փչում էր քամին, և կախ էին ընկնում, երբ քամին բացակայում էր, ծածանվում էին, երբ այն կողքով էր անցնում, և բոլոր չորսը թիթեռների պես թռչում էին տատիկիս առջևում, երբ քամին փչում էր թիկունքից։ Իսկ նստելիս նա իր բոլոր շրջազգեստները հավաքում էր իր տակը։

Չորս մշտապես ուռած, թառամած, ծալքերով վայր իջնող կամ դատարկ ցցի պես մահճակալի կողքին կանգնած շրջազգեստներից բացի տատս ուներ նաև հինգերորդը։ Այդ հինգերորդը որոշակիորեն ոչնչով չէր տարբերվում մնացած չորս կարտոֆիլագույններից։ Ընդ որում, ոչ միշտ էր, որ որպես հինգերորդ շրջազգեստ մեկ և միևնույն շրջազգեստն էր ծառայում։ Իր եղբայրակիցների պես, քանզի շրջազգեստները օժտված են տղամարդկային բնավորությամբ, նա ևս ենթակա էր փոխարինման, մտնում էր չորս հագնվողների թվի մեջ։ Մնացած շրջազգեստների նման, երբ գալիս էր իր հերթը՝ այսինքն՝ ամեն հինգերորդ ուրբաթ գնում էր ուղիղ դեպի տաշտակը։ Շաբաթ օրերին կախվում էր խոհանոցի պատուհանի դեմի պարանին, իսկ հետո հայտնվում արդուկի տախտակի վրա։

Երբ տատս այդպիսի մաքրա֊նախապատրաստա֊արդուկային շաբաթ օրերին, կովը կթելուց ու կերակրելուց հետո, ամբողջապես խորասուզվում էր տաշտակային գործերի մեջ, օճառային ինչ֊որ բան էր հաղորդում, այնուհետև ջուրը կրկին թափում, որպեսզի ծաղկավոր սավանի մեջ պարուրված նստի անկողնու ծայրին՝ իր առջևում փռված չորս հագնվող և մեկ թարմ լվացած շրջազգեստների դիմաց։ Տատս աջ ձեռքի ցուցամատը հենում էր աջ աչքի հոնքի ներքևի մասին և ոչ մեկի խորհուրդը չէր լսում, նույնիսկ իր եղբայր Վինցենտի և այդ իսկ պատճառով արագ որոշում էր կայացնում։ Ոտաբոբիկ կանգնած, նա ոտքերի մատներով մի կողմ էր հրում այն շրջազգեստը, որը մնացածներից առավել էր կորցրել կարտոֆիլի գույնի փայլը, իսկ ազատված տեղը զբաղեցնում էր թարմ լվացածը։

Ի փառս Հիսուսի, ում մասին տատս ուներ հստակ պատկերացումներ, կիրակի առավոտյան Ռամքաուի եկեղեցի ուղևորվելու համար նա թարմացնում էր շրջազգեստների հաջորդականությունը։ Իսկ ե՞րբ էր տատս կրում լվացած շրջազգեստը։ Նա ոչ միայն մաքրասեր, այլև սնափառ կին էր, այդ իսկ պատճառով լավագույն շրջազգեստը ցուցադրաբար կրում էր լավ եղանակին, արևին։

Երկուշաբթի կեսօրից հետո էր, երբ իմ տատը նստած էր իր խարույկի մոտ, որի մեջ խորովվում էր կարտոֆիլը, կիրակնօրյա շրջազգեստը դարձել էր իրեն մեկ շերտով ավելի մոտ, իսկ այն շրջազգեստը, որը կիրակի օրը տաքանում էր նրա մաշկի ջերմությամբ, երկուշաբթի օրը՝ հավուր պատշաճի, խամրած տեսքով գրկել էր նրա ազդրերը։ Տատս ինչ֊որ բան էր սուլում, բայց ոչ երգ և միաժամանակ կաղնե ցախի մոխրի միջից դուրս էր քաշում առաջին խորովված կարտոֆիլը։ Կարտոֆիլը տատս դրեց մի կողմ, ծխացող տերևների մոտ, որպեսզի քամին կարողանա այն սառեցնել։ Այնուհետև սուր ճյուղը ծակեց փոքր֊ինչ այրված, կեղևը պայթած կարտոֆիլի պատառը, և տատս այն մոտեցրեց բերանին և դադարեց սուլել։ Դրա փոխարեն նա սկսեց փչելով մաքրել մոխիրն ու հողը ճաքճքած շուրթերի արանքում սեղմված կեղևի վրայից։ Այդ պահին տատիկս կկոցեց աչքերը։ Հետո միայն, որոշելով, որ փչել մաքրել է որքան հարկն է, նա բացեց նախ մեկ, հետո մյուս աչքը, կծեց կարտոֆիլը նոսր կտրիչներով, կրկին դադարեց ատամներով սեղմել։ Ալյուրաշատ և չափազանց տաք ու գոլորշի արձակող կարտոֆիլի կեսը պահելով բաց բերանի մեջ, տատս կլորացած աչքերով նայում էր մինչև հորիզոնն ընկած դաշտին, այն հատող հեռագրասյուներին ու աղյուսի գործարանի ծխնելույզի վերին մասին։

Հեռագրասյուների արանքում ինչ֊որ բան էր շարժվում։ Տատիկս փակեց բերանը, սեղմեց շուրթերը, կկոցեց աչքերը և ծամեց կարտոֆիլը։ Ինչ֊որ բան էր շարժվում հեռագրասյուների արանքում։ Ինչ֊որ բան ցատկեց այնտեղ։ Երեք տղամարդ ցատկեցին դեպի ծխնելույզը, հետո վազքով անցան նրա դիմացից, իսկ մեկը՝ տեսքից կարճ ու հաստլիկ, շրջվեց և արագ վազքով կրկին կտրեց անցավ դարսած աղյուսների շարքերի միջով, իսկ երկու ուրիշներ՝ նիհար ու բարձրահասակ, ոչ առանց դժվարության անցան աղյուսների միջով ու կրկին արագ վազեցին սյուների արանքով։ Հաստլիկն ու կարճլիկը նապաստակի պես ոլոր֊մոլոր վազում էր և ակնհայտորեն ավելի շատ էր շտապում, քան նիհարները, և վերջինները ստիպված էին կրկին նետվել ծխնելույզի կողմը, որովհետև կարճլիկն արդեն անցել էր նրա միջով, մինչ իրենք դեռ միայն արագություն էին հավաքում։ Հանկարծ նրանք անհետացան՝ ասես մտքափոխ եղան, և կարճլիկը, ցատկելով ծխնելույզից, ընկավ հորիզոնից այն կողմ։

Նրանք բոլորն այնտեղ մնացին և ընդմիջում տվեցին կամ, հնարավոր է, զգեստափոխվեցին, կամ սկսեցին շարել թարմ աղյուսները՝ դրա համար վճար ստանալով։

Իսկ երբ իմ տատը ցանկացավ օգտվել ընդմիջումից և ճեղքել երկրորդ կարտոֆիլը, նա վրիպեց։ Որովհետև նա, որը հաստլիկ էր ու կարճլիկ, նույն տեսքով հայտնեվեց հորիզոնի վրա՝ երևի թե երկու հետապնդողներին թողնելով ցանկապատի այն կողմում, աղյուսների կամ Բրենաու տանող կամրջի մոտ։ Նա անցավ այս կողմ, սակայն, միևնույն է, շատ էր շտապում, ուզում էր հասնել և ետևում թողնել հեռախոսասյուները, երկար, դանդաղեցված ցատկելով դաշտի միջով, այնպես որ նրա ոտքերից այս ու այն կողմ էին թռչում ցեխի կտորներ, իսկ ինքը անձամբ այդ ցեխից մի կողմ էր թռչում և ինչպես որ թափով էր թռչում, այդ նույն համառությամբ էլ անցնում էր կավի վրայով։ Երբեմն թվում էր, թե նա անշարժանում է օդի մեջ, ճիշտ այնքան, որքան ժամանակը նրան կբավարարի։ Կարճլիկը սրբեց ճակատը, նախքան մի ոտքով կրկին այդ թարմ հերկած հողին հենվելը, որն իր բոլոր ակոսների և կարտոֆիլի իր հինգ կույտերի հետ միասին գլորվեց դեպի ձորակ։

Եվ կարճլիկը հասավ ձորակին, սակայն այնտեղ էլ անհետացավ, երբ նիհար ու բարձրահասակ երկու մյուսները, որոնք հավանաբար այդ ժամանակահատվածում հասցրել էին զննել աղյուսի գործարանի ներսը, նունպես մագլցեցին և անցան հորիզոնի գիծը։ Նրանք սկսեցին խրվել կավի մեջ, ինչի պատճառով իմ տատը կրկին չկարողացավ ճեղքել կարտոֆիլը, որովհետև ամեն օր չէ, որ կարելի է տեսնել, թե ինչպես երեք չափահաս մարդիկ, տարբեր բոյերի, վազում են հեռագրասյուների միջով և քիչ է մնում կոտրեն աղյուսի գործարանի ծխնելույզը։

Հետո մեկը մյուսի հետևից՝ նույն դժվարությամբ, կրունկների վրա ավելի ու ավելի շատ կավ քարշ տալով, ցատկոտում են Վինցենտի երկու օր առաջ հերկած դաշտի միջով ու անհետանում ձորակի մեջ։

Շուտով բոլոր երեքը անհետացան, և իմ տատիկը վերջապես կարող էր շունչ քաշել և ճեղքել արդեն գրեթե սառած կարտոֆիլը։ Նա անփութորեն մաքրեց կեղևի միայն հողն ու մոխիրը, կարտոֆիլն ամբողջությամբ մտցրեց բերանը և մտածեց (եթե կարելի է այդպես ասել), որ այդ երեքը երևի թե աղյուսագործներ էին։ Տատս սկսեց շարժել ծնոտը, երբ մեկը դուրս թռավ ձորակից, սև բեղերից վեր փայլում էին վայրի աչքերը, երկու ցատկով հայտնվեց խարույկի մոտ, դես ու դեն նետվեց, հայհոյեց, վախից դողաց, չգիտեր ուր փախչի․ ետ չի կարելի, որովհետև ետևում ձորակից մոտենում էին նիհար ու բարակ այն երկուսը։ Նա ընկավ ծնկների վրա, և նրա աչքերը քիչ մնաց դուրս թռչեն բներից, և ճակատին քրտինք տվեց։ Խեղդվելով, դողացող բերանով, նա սողաց ավելի մոտ, հասավ տատիս ներբաններին, ինչպես մի փոքրիկ գազան՝ նայեց նրան, այնպես, որ տատս հոգոց հանեց, դադարեց ծամել, ներբանները իջեցրեց գետնին, այլևս չմտածելով ո՛չ գործարանի, ո՛չ աղյուսների, ո՛չ դարսողների մասին, այլ ուղղակի բարձրացրեց շրջազգեստը, ոչ, միանգամից բոլոր չորսը։ Բարձրացրեց այնքան, որ կարճլիկը կարողանար ծլկել դրանց տակ, բոլոր չորսի տակ։ Եվ նա անհետացավ իր բեղերի հետ մեկտեղ և այլևս նման չէր գազանի։ Նա Ռամքաուից չէր և ոչ էլ Ֆիրեքից, այլ՝ իր սարսափի հետ մեկտեղ, շրջազգեստի տակ էր և այլևս ծնկների վրա չէր ընկնում։ Կարճլիկը զբաղեցրեց իր տեղը, մոռացավ դողի մասին, և լռություն տիրեց։ Ինչպես նախորդ օրը թույլ քամին խաղում էր տերևուքի մեջ, հեռախոսասյուներն ասես միմյանց ձայն էին տալիս, աղյուսի գործարանի ծխնելույզները վերադարձան սկզբնական դիրքին, իսկ իմ տատը, երկրորդի վրայով խոհեմաբար հարթեց առաջին շրջազգեստը, հետո չորրորդը և նոր երրորդը և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ նոր ու զարմանալի բան է կատարվում այնտեղ՝ իր մաշկի հետ։ Դա զարմանալի էր, չնայած վերևում ամեն ինչ միանգամայն բարեվայելուչ էր։ Տատս մոխրի միջից դուրս քաշեց երկու֊երեք կարտոֆիլ, աջ արմունկի տակի զամբյուղից հանեց չորս հում կարտոֆիլ, դրանք հերթով մեկ առ մեկ, մտցրեց տաք մոխրի մեջ, վերևից էլ տաք մոխիր ավելացրեց և խառնեց, ինչից խարույկը կրկին սկսեց ծխալ՝ էլ ի՞նչ էր մնում նրան անել։

Սակայն հենց նոր էին տատիկիս շրջազգեստները հանգստացել, հենց նոր էր նա նեխած տերևների խիտ ծուխը դարձյալ ուղղել դեպի հարավ֊արևմուտք, երբ ձորակից դուրս պրծան նիհար ու բարձրահասակ այն երկուսը, որոնք հետապնդում էին կարճլիկին, որը ներկայումս կենում էր շրջազգեստների տակ։ Պարզվեց, որ նիհար ու բարձրահասակները, ըստ ծառայության պատկանելության, կրում են դաշտային ոստիկանության համազգեստ։

Նրանք փամփուշտի պես սլացան տատիս մոտով։ Կարծես նրանցից մեկը թռավ խարույկի վրայով։ Սակայն նրանք հանկարծակի ուշքի եկան, արգելակեցին իրենց երկարաճիտ կոշիկների կրունկներով, շրջվեցին, կոշիկներով դոփեցին, հետո հայտնվեցին ծխի մեջ։ Հազալով, նրանք համազգեստներն ազատեցին ծխից և, ծուխը տանելով իրենց հետևից, խոսակցություն սկսեցին իմ տատիկի հետ։ Նրանք հետաքրքրվեցին, թե չի՞ տեսել նա արդյոք, Կոլյաչեկին, քանի որ անպայման պետք է տեսած լիներ նրան՝ նստած լինելով այստեղ՝ ձորակի մոտ։ Կոլյաչեկը հենց ձորակով հեռացավ։

Իմ տատիկը ոչ մի Կոլյաչեկ չէր տեսել, որովհետև ոչ մի Կոլյաչեկի չի ճանաչում։ Նա հարցրեց, թե աղյուսի գործարանից չի՞ արդյոք նա պատահաբար, քանի որ այնտեղի աշխատողներից բացի ինքը ուրիշնեին չգիտի։ Համազգեստավորները նրան նկարագրեցին Կոլյաչեկին՝ մարդու, որն աղյուսի գործարանի հետ կապ չունի, իսկ արտաքնապես կարճ է ու հաստլիկ։ Տատս հիշեց, որ կարծես թե տեսել է, թե ինչպես այդպիսի մեկն այստեղով վազեց և սուր ոստի վրա խրած ծխացող կարտոֆիլով ցույց տվեց փախուստի ուղղությունը դեպի Բիսաու։ Եթե հավատանք կարտոֆիլին, այն ընկած էր գործարանից հաշված, վեցերորդ ու յոթերորդ սյուների միջև։ Սակայն այդ վազողը Կոլյաչեկն էր, թե ոչ՝ իմ տատիկը չգիտեր, նա ներողություն խնդրեց իր անտեղյակության համար՝ մեղքը գցելով ծխացող խարույկի վրա։ Հոգսը շատ է, խարույկն էլ հազիվ է այրվում, ահա թե ինչու նրան չեն հետաքրքրում մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում։ Նա գիտի միայն նրանց, ովքեր Բիսաուից, Ռամաքուից, Ֆիրեքից են կամ աղյուսի գործարանից, իրեն դա էլ բավարար է։

Ասելով այս խոսքերը տատս հոգոց հանեց թեթևակի, սակայն բավականաչափ բարձր, այնպես որ համազգեստավորները հետաքրքրվեցին, թե ինչն է նրա հոգոցի պատճառը։ Նա գլխի շարժումով ցույց տվեց դեպի խարույկը, իբր հոգոց է հանում թույլ կրակի համար և մի քիչ էլ՝ ծխի միջի մարդկանց համար։ Հետո նա՝ իր սակավաթիվ կտրիչներով կծելով կարտոֆիլի կեսը, ամբողջապես տրվեց ծամելուն, իսկ աչքերի խնձորակները տարավ դեպի վեր ու ձախ։

Դաշտային ոստիկանության համազգեստավորները հաստատապես չէին կարողանում հասկանալ տատիս անտարբեր հայացքը, չգիտեին՝ արժե՞, արդյոք, փնտրել հեռախոսասյուներից այն կողմ Բիսաուի ուղղությամբ և այդ պատճառով ժամանակ առ ժամանակ իրենց կարաբիններով խփում էին կողքը գտնվող դեռ չայրված տերևուքի կույտերին։ Այնուհետև՝ հետևելով հանկարծահաս մղումին, միանգամից շուռ տվեցին երկու լի կողովները, որոնք դրված էին տատի արմունկների տակ, և ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչու կողովներից իրենց ոտքերի տակ գլորվեցին բացառապես կարտոֆիլներ, և ոչ մի Կոլյաչեկ։ Անվստահությամբ լցված, նրանք անցան կարտոֆիլի ծղոտով ծածկված կույտերի միջով, կարծես Կոլյաչեկը կարող էր այդքան կարճ ժամանակահատվածում ծածկվել ձմեռվա համար նախապատրաստած ծղոտով, նրանք արդեն խփում էին նպատակաուղղված, սակայն այդպես էլ ոչ մի ճիչ չլսեցին։ Նրանց կասկածներն ուղղված էին նույնիսկ դեպի ամենախղճուկ թուփը, յուրաքանչյուր մկան բնիկը, դեպի կուղբերի թմբերը և կրկին ու կրկին՝ դեպի իմ տատը, որը նստել էր կարծես այդ տեղին սերտաճած, ախ ու վախ էր անում, պտտում էր աչքերը, սակայն այնպես, որ սպիտակուցը մնա տեսանելի, թվարկում էր կաշուբացի բոլոր սրբերի անունները, սակայն թույլ ծխացող խարույկը և շուռ տված երկու զամբյուղները հազիվ թե կարողանային բացատրել նրա չափից դուրս ողբալի և չափից դուրս բարձր հոգոցները։

Համազգեստավորները մոտ կես ժամից ոչ պակաս մնացին տատիկի կողքին կանգնած։ Երբեմն նրանք կանգնում էին քիչ հեռվում, երբեմն կրակին ավելի մոտ, աչքաչափով մոտավորապես հաշվարկում էին մինչ աղյուսի գործարանի ծխնելույզը ընկած տարածությունը, ուզում էին գրոհել նաև Բիսաուն, սակայն հետաձգեցին հարձակումը։ Նրանք կրակի վրա պահեցին կիսակապտած ձեռքերը, մինչև չստացան իմ տատիկից, որը նախկինի պես անընդհատ հոգոց էր հանում, յուրաքանչյուրը մեկական ճաքած կարտոֆիլ փայտիկի վրա։ Սակայն ծամելու գործընթացի ժամանակ համազգեստավորները մտաբերեցին, որ համազգեստներ են կրում և դաշտի միջով վազեցին ձորակի եզրի որոճի ցողունների արանքով, վախեցրին նապաստակին, որը նույնպես Կոլյաչեկ չէր։ Կրակի մոտ նրանք կրկին հայտնաբերեցին ալյուրոտ տաք գոլորշի արձակող կարտոֆիլներ և, խաղաղասիրությունից դրդված, որոշակի ներքին դիմադրությունը հաղթահարելով, որոշում ընդունեցին հում կարտոֆիլները կրկին ետ գցել կողովների մեջ, որոնց շրջելը իրենց պարտքն էր եղել։

Միայն երբ երեկոն հոկտեմբերյան երկնքից տեղաց բարակ, շեղ անձրևը, և իջավ թանաքագույն աղջամուղջը, նրանք անշտապ և առանց որևէ ցանկության հարձակում գործեցին հեռվում՝ խավարի մեջ ուրվագծվող մի ժայռաքարի վրա, սակայն այդ հարձակումից հետո հրաժարվեցին հետագա փորձերից։ Էլի մի կարճ ժամանակ ոտքից ոտք փոխվելով՝ ձեռքերը օրհնանքի շարժումով պահեցին ամեն ուղղությամբ ծուխ արձակող խարույկի վրա, էլի հազացին կանաչ ծխից, դեղին ծխից աչքերը լցվեցին արտասուքով, ապա՝ հազոցով ու արցունքներով, ճտքակոշիկներն ուղղեցին դեպի Բիսաու։ Քանի որ Կոլյաչեկը այստեղ չէ, նշանակում է Բիսաուում է։ Դաշտային ոստիկանները մշտապես գիտեն միայն երկու հնարավորություն։

Դանդաղ մահացող կրակի ծուխը պարուրեց իմ տատիկին՝ ասես որպես հինգերորդ շրջազգեստ՝ այն աստիճան ընդարձակ, որ տատը՝ հոգոցներով և բոլոր սրբերի անունները շուրթերին, նույնպես հայտնվեց իր չորս շրջազգեստների տակ, ինչպես Կոլյաչեկը։ Միայն երբ համազգեստավորները վերածվեցին հեռվում թռչկոտող կետերի, որոնք դանդաղ հեռանում են դեպի հեռախոսասյուների միջև ընկած երեկոն, տատիկը ոտքի կանգնեց։ Այն էլ այնպիսի դժվարությամբ, կարծես այդ ժամանակահատվածում հասցրել էր արմատներ գցել, իսկ այժմ իր ետևից տանելով արմատները և հողագնդերը, ասես ընդհատում էր դրանց նոր սկսած աճը։

Կոլյաչեկը սկսեց մրսել, երբ անսպասելիորեն իր ծածկոցից զրկված, հայտնվեց անձրևի տակ՝ կարճլիկ ու հաստ։ Նա շուտափույթ կոճկեց շալվարը, որի բացվելը թելադրված էր մեծ վախով և թաքստոց մտնելու անսահման պահանջով։ Շատ արագ սառչելուց զգուշանալով՝ նա մատներով հապշատապ վազեց կոճակների վրայով, քանի որ նման եղանակին հեշտից էլ հեշտ է աշնանային մրսածություն ձեռք բերել։

Իմ տատը մոխրի տակ հայտնաբերեց ևս չորս տաք կարտոֆիլ։ Դրանցից երեքը նա տվեց Կոլյաչեկին, մեկը ինքը կծեց և էլի հարցրեց՝ արդո՞ք աղյուսի գործարանից չէ այդ մարդը, թեև կարող էր արդեն հասկացած լինել, որ Կոլյաչեկը հայտնվել է ոչ աղյուսի գործարանից, այլ մեկ ուրիշ տեղից։ Հետո նա, ուշադրություն չդարձնելով վերջինի պատասխանի վրա, նրա վրա դրեց ավելի թեթև կողովը, իսկ ինքը կքվեց այն մեկի տակ, որն ավելի ծանր էր։ Տատի մի ձեռքը ազատ մնաց փոցխերի և բրիչի համար, և նա, իր չորս շրջազգեստների մեջ կողովը, կարտոֆիլը, փոցխերը և բրիչը թափ տալով, շարժվեց Բիսաու֊Աբբաուի ուղղությամբ։ Ըստ էության դա բուն Բիսաուն չէր։ Դա ավելի շուտ Ռամքաուի ուղղություն էր։ Աղյուսի գործարանը մնաց ձախ կողմում, իսկ իրենք շարժվեցին դեպի սև անտառը, որտեղ գտնվում էր Գոլդկրուգը, և հետո արդեն գալիս էր Բրենթաուն։ Սակայն անտառի դիմացի ձորակում էլ ընկած էր Բիսաու֊Աբբաուն։ Հենց այստեղ էլ իմ տատի ետևից գնաց կարճլիկ ու հաստ Յոզեֆ Կոլյաչեկը, որն այլևս չէր կարող բաժանվել չորս շրջազգեստներից։

Լաստի տակ

Ամենևին հեշտ չէ այստեղ՝ Բրունոյի աչքով զինված ապակե դիտանցքի նշանառության տակ, հատուկ բժշկական հիմնարկության՝ օճառով լվացված, մետաղյա մահճակալի վրա պառկած վերարտադրել կաշուբյան այրվող տերևների տակի ծխի երիզները և հոկտեմբերյան անձրևի ցանցը։ Եթե մոտս չլիներ իմ թմբուկը, որը, հմուտ և համբերատար վերաբերմունքի դեպքում, երկրորդական մանրուքներից կվերհիշի ամեն անհրաժեշտը՝ թղթի վրա գլխավորը արտացոլելու համար, և եթե ես չունենայի հիմնարկության թույլտվությունն առ այն, որ օրական երեքից չորս ժամ կարող եմ խոսքը տրամադրել իմ թիթեղատուփին, ես կլինեի դժբախտ մարդ՝ առանց փաստացի հաստատված տատի ու պապի։

Ամեն դեպքում իմ թմբուկն ասում է․ իննսունինը թվի այն հոկտեմբերյան օրը, երբ քեռի Կրյուգերը Հարավային Ամերիկայում խոզանակի օգնությամբ փոմփոշացնում էր թփուտների նմանվող իր անգլատյաց հոնքերը, Դիրշաուի և Կարթհաուսի մոտակայքում, Բիսաուի աղյուսի գործարանից ոչ հեռու՝ չորս միագույն շրջազգեստների տակ, խեղդող ծխի, վախերի, տնքոցների մեջ, շեղ անձրևի և սրբերի բարձրագույն հիշատակման ուղեկցությամբ, թուլամիտ հարցուփորձերի և երկու դաշտային ոստիկանների ծխով պատված հայացքների ներքո կարճլիկ, բայց հաստ Յոզեֆ Կոլյաչեկը սաղմնավորեց իմ մորը՝ Ագնեսին։ Աննա Բրոնսկին, իմ տատը, այդ գիշերվա սև ծածկոցի տակ հասցրեց նաև փոխել անունը․ նա թույլ տվեց, որպեսզի սուրբ ընծաները շռայլորեն մսխող վանականի ջանքերով իրեն վերանվանեն Աննա Կոլյաչեկ և իր Յոզեֆի հետ գնաց թող որ ոչ Եգիպտոս, բայց գավառի կենտրոնական քաղաքը՝ Մոթլաու գետի վրա, որտեղ Յոզեֆը գտավ լաստավարի աշխատանք և, որոշ ժամանակով, ապաստան ոստիկաններից։

Միայն այն միտումով, որպեսզի որոշ չափ մեծացնեմ լարումը, առայժմ չեմ տալիս Մոթլաուի գետաբերանում տեղակայված քաղաքի անունը՝ չնայած այն միանգամայն արժանի է հիշատակման՝ առնվազն որպես մի վայր, որտեղ ծնվեց իմ մայրիկը։ Երբ զրո֊զրո թվի հուլիսի վերջին մոտ՝ հենց այդ ժամանակ, ընդունվեց ռազմական նավատորմի շինարարության կայսերական ծրագիրը կրկնապատկելու որոշումը՝ Առյուծի կենդանակերպի տակ լույս աշխարհ եկավ իմ մայրիկը։ Իր հանդեպ հավատ և երազկոտություն, մեծահոգություն և փառամոլություն։ Առաջին տունը, որն անվանում էին նաև Domus vitae,[1] նախնիների կենդանակերպի տակ՝ դյուրազգաց ձկներ։

Արեգակի ընդդիմադիր լինելը Նեպտունի հանդեպ, ինչպես նաև յոթերորդ տունը՝ Somus matrimonil uxoris[2] բարդություններ էին խոստանում։ Վեներան ընդդիմության մեջ է Սատուրնի հանդեպ, որը, որքանով հայտնի է, բերում է լյարդի ու փայծաղի հիվանդություն, անվանվում է «թթու» մոլորակ, որն իշխում է Այծեղջյուրում և պարտությունը տոնում՝ Առյուծում, որը Նեպտունին օձաձկներ է հյուրասիրում, իսկ փոխարենը՝ կուղբ ստանում, որը սիրում է բալենի, սոխ, ճակնդեղ և լավա է արտանետում, իսկ գինին թթվացնում է։ Վեներայի հետ համատեղ նա կենում էր ութերորդ տանը, մահվան տանը, դժբախտության մասին մտքեր էր ներշնչում, այն ժամանակ, երբ կարտոֆիլի դաշտում բեղնավորումը խոստանում էր ազգականների տանը հանդգնության աստիճանի երջանկություն՝ Մերկուրիի հովանավորության ներքո։

Այստեղ ես պետք է ներկայացնեմ մայրիկիս բողոքը, ով բոլոր ժամանակներում վճռականորեն ժխտում էր, որ սաղմնավորվել է կարտոֆիլի դաշտում։ Ճիշտ է, նա ընդունում էր, որ իր հայրը դեռ այնտեղ նախաձեռնեց առաջին փորձերը, սակայն նրա բուն վիճակը, ինչպես նաև Աննա Բրոնսկու բռնած դիրքը, չափազանց անհաջող էին ընտրված, որպեսզի Կոլյաչեկի համար ստեղծեն բեղմնավորման համար անհրաժեշտ պայմաններ։

«Դա պետք է որ տեղի ունեցած լիներ փախուստի գիշերը կամ Վինցենտ քեռու սայլի վրա, կամ վերջապես Տրոիլում, երբ մենք ձուլագոծների մոտ ապաստան գտանք»։

Այսպիսի խոսքերով էր մայրիկս սովորաբար հիմնավորում իր ծագման թվագրումը, և տատիկս, որը դա ավելի լավ պետք է գիտենար, հեզորեն գլխով էր անում և հայտնում աշխարհին․ «Իհարկե, փոքրիկս, դու ճիշտ ես, կա֊չկա դա սայլի վրա է եղել կամ վերջապես Տրոիլում, միայն թե ոչ դաշտում․ այդ ժամանակ և՛ քամի էր փչում, և՛ անձրև էր թափվում ինչպես դույլից»։

Վինցենտը տատիկիս եղբայրն էր։ Կնոջ վաղ մահվանից հետո նա ուխտագնացություն կատարեց դեպի Չենշտոխալու և Չենշտոխովյան Մատակա Բոսկան կարգադրեց նրան՝ իրեն որպես Լեհաստանի ապագա թագուհի ճանաչել։

Այդ ժամանակից ի վեր Վինցենտը զբաղված էր միայն նրանով, որ փորփրում էր արտասովոր գրքերը՝ յուրաքանչյուր արտահայտության մեջ գտնելով Լեհական գահին Աստվածամոր իրավունքների հաստատումը՝ իր քրոջը թողնելով տնամերձի և դաշտի բոլոր հոգսերը։ Վինցենտի որդին՝ Յանը, որն այդ ժամանակ չորս տարեկան էր, թուլակազմ, լացկան երեխա, սագերին էր արածացնում, հավաքում խայտաբղետ նկարներ և, զարմանալիորեն վաղ, փոստային դրոշմանիշներ։

Ահա հենց այդ տունն էր, որն օրհնված էր Լեհաստանի երկնային թագուհու կողմից, և ուր տատիկս հասցրեց կարտոֆիլով լի զամբյուղները, և դրա հետ միասին՝ Կոլյայչեկին։ Վինցենտը ևս իմացավ, թե ինչ է տեղի ունեցել, իսկ իմանալով՝ սլացավ դեպի Ռամքաու և այնտեղ սկսեց թմբկահարել նոտարի դուռը, որպեսզի նա, զինվելոով իր սուրբ ընծաներով, դուրս գար և նշաներ կույս Աննա Յոզեֆին։ Դեռ չէր հասցրել Աստծո քնաթաթախ սպասավորն անել իր օրհնությունը, որը չափից դուրս երկարեց անսանձելի հորանջի պատճառով, և, պարգևատրվելով խոզաճարպի լավ պատառով, հանդիսատեսների կողմը շրջել իր սուրբ թիկունքը, երբ Վինցենտը լծեց իր զամբիկը և նորապսակներին տեղավորեց ծղոտի ու դատարկ պարկերի վրա։ Մրսած ու թնկթնկացող Յանին նստեցրեց իր կողքը, աթոռակի վրա, որից հետո ձիուն հասկացրեց, որ գնա՝ ոչ մի տեղ չթեքվելով, ուղիղ դեպի գիշերը․ նորապսակները շտապում էին։

Դեռևս մութ, սակայն արդեն բավականաչափ նահանջող գիշերվա միջով մեր ուղևորները հասան փայտի նավահանգիստ, որը գտնվում էր գավառի կենտրոնական քաղաքում։ Ընկերները, որոնք Կոլյայչեկի նման լաստառաքիչներ էին, ընդունեցին փախստական զույգին։ Վինցենտը կարող էր իր ձին շրջել ու քշել ետ՝ դեպի Բիսաու, կովը, այծը, խոզը՝ իր խոճկորներով, սագերը և բակի շունը սպասում էին, թե երբ կեր կհասցնեն իրենց, իսկ որդի Յանը պետք է պառկեցվեր անկողին, որովհետև ջերմություն ուներ։

Կոլյայչեկը թաքնվեց երեք շաբաթ, իսկ մազերը սովորեցրեց այլ սանրվածքի՝ մեջտեղի բացվածքով, սափրեց բեղերը, ձեռք բերեց անթերի փաստաթղթեր և Յոզեֆ Վրանկա անվամբ ստացավ լաստավարի աշխատանք։ Իսկ ինչո՞ւ Կոլյայչեկին հարկ եղավ անտառավաճառներին և փայտի սղոցարանների տերերին ներկայացնել Վրանկայի անունով գրված փաստաթղթերը՝ մարդ, որին ծեծկռտուկի ժամանակ լաստից ցած էին նետել Մոդլին բնակավայրի մոտ՝ Բուգ գետի ներքին հոսանքում, ինչից տեղյակ չէր ղեկավարությունը։ Բանն այն է, որ Կոլյայչեկը, որը որոշ ժամանակ առաջ լքել էր լաստառաքիչի գործը և աշխատում էր Շվեցից ոչ հեռու սղոցարանում, ընդհարվել էր վարպետի հետ իր՝ Կոլյայչեկի կողմից ներկված ցանկապատի սպիտակակարմրավուն գույնի համար։[3] Եվ որպեսզի որոշակի ձևով համոզվածություն հաղորդի իր թունդ հայհոյանքներին, տերը ցանկապատից պոկեց երկու տախտակ, մեկը՝ կարմիր, մյուսը՝ սպիտակ։ Զուտ լեհական տախտակներով կակղեցրեց Կոլյայչեկի կոշուբյան թիկունքը, ինչի արդյունքում առաջացան խարույկի համար պիտանի այնքան տաշեղներ, որ ծեծվածն իրեն բացարձակապես իրավասու համարեց հենց հաջորդ պարզկա աստղային գիշերը կրակ գցել նորակառույց և սպիտակեցված սղոցարան՝ ի փառս մասնատված Լեհաստանի միավորման։

Այսպիսով, Կոլյայչեկը հրձիգ էր, անգամ բազմահրձիգ, քանզի դրան հաջորդած ժամանակահատվածում Արևմտյան Պրուսիայի ողջ տարածքի սղոցարաններն ու պահեստները ազգային զգացմունքների երկերանգության համար որպես հրաշալի տաշեղներ էին օգտագործվում։ Եվ, ինչպես ամեն անգամ, երբ խոսք էր լինում Լեհաստանի ապագայի մասին, այդ երկու հրդեհների ժամանակ էլ Կույս Մարիամը լեհերի կողմն էր։ Կան նույնիսկ ականատեսներ, ընդ որում ոմանք, հնարավոր է, ողջ են մինչ օրս, ովքեր մի շարք այրվող սղոցարանների փայտամածերի վրա իրենց սեփական աչքերով տեսել են թագը գլխին Աստվածամորը։ Իսկ ամբոխը, որը մշտապես կուտակվում էր մեծ հրդեհների ժամանակ, իբր թե բազմաձայն օրհներգ էր երգում ի փառս Աստվածածնի՝ Աստծո Մոր․ սրանից դժվար չէ ենթադրություն անել, որ կոլյայչեկյան հրդեհների ժամանակ տիրում էր հանդիսավոր իրավիճակ, և երդումներ էին տրվում։

Եվ որքան ծանրացած էր անցյալը փնտրվող հրձիգ Կոլյայչեկի վրա, այնքան անարատ, անոթևան, անվնաս, փոքր֊ինչ սահմանափակ, աշխարհում ոչ մեկի կողմից չորոնվող, գրեթե բոլորին անծանոթ էր լաստավար Յոզեֆ Վրանկան, որը պարբերաբար իր ծամելու թութունը բաժանում էր ամենօրյա չափաբաժինների, այնքան ժամանակ, քանի դեռ Բուգ գետը չընդունեց նրան իր ջրերի մեջ, իսկ թութունի երեք օրական բաժինները մնացին նրա բաճկոնի գրպանում, փաստաթղթերի հետ միասին։ Քանի որ ջրում խեղդված Վրանկան ոչ մի դեպքում չէր կարող կրկին հայտնվել, և ոչ ոք ոլոր֊մոլոր հարցեր չէր տալիս նրա անհետացման կապակցությամբ, Կոլյայչեկը, որն ուներ մոտավորապես նույն կազմվածքը և նմանապես կրորագլուխ էր, ինչպես և խեղդվածը, սկզբում մտավ նրա բաճկոնի մեջ, այնուհետև, նրա պաշտոնական փասթաթղթային անբասիր անցյալով կերպարի մեջ, ետ վարժվեց ծխամորճ ծխելուց, անցավ թութուն ծամելուն, փոխ առավ նույնիսկ Վրանկայի զուտ անձնական հատկանիշները, օրինակ՝ արտասանության թերությունները, և հետագա բոլոր տարիներին ներկայացրեց հուսալի, խնայող, փոքր֊ինչ կակազող լաստավարի, որը Նեմանի, Բոբիի, Բուգի և Վայքսելի ափերից ջրով լողալու էր ուղարկում ամբողջ անտառներ։ Մնում է միայն ավելացնել, որ այդ Վրանկան Լեյբ֊հուսար թագաժառանգի մոտ, Մաքքենզիների գլխավորությամբ, ծառայելով հասավ եֆրեյտորի կոչման, քանի որ իսկական Վրանկան դեռ ծառայության մեջ չէր եղել, այն դեպքում, երբ Կոլյայչեկը, որը չորս տարով ավելի մեծ էր, քան խեղդվածը, արդեն հասցրել էր իրեն շատ վատ դրսևորել Թորնի հրետանավորների մոտ։

Բոլոր ավազակների, մարդասպանների և հրձիգների առավել վտանգավոր մասը, դեռ կողոպտելը, սպանելը և հրդեհելը չդադարեցրած, սպասում է, թե երբ հնարավորություն կընձեռվի զբաղվել առավել պատվաբեր գործով։ Եվ շատերին նման հաջողություն ներկայանում է՝ երբեմն այն, ինչ փնտրում էին, երբեմն պատահական։ Կոլյայչեկը՝ դառնալով Վրանկա, միաժամանակ դարձավ լավ և իր կրակե արատից այն աստիճան բուժված ամուսին, որ դողոցքի էր հասնում նույնիսկ սովորական լուցկու տեսքից։ Լուցկու տուփերը, որոնք ազատ ու անխռով դրված էին խոհանոցի սեղանի վրա, ոչ մի անգամ ապահովագրված չէին նրա ոտնձգություններից՝ չնայած թվում էր, թե հատկապես նա է ընդունակ լուցկի հորինել։ Նման գայթակղությունը նա դուրս էր նետում լուսամուտից։ Տատիկս ստիպված էր շատ ջանք թափել, որպեսզի տաք ճաշը ժամանակին դնի սեղանին։ Երբեմն ընտանիքը ընդհանրապես նստում էր խավարի մեջ, որովհետև կերոսինի լամպը մնում էր առանց կրակի։

Եվ, այնուամենայնիվ, Վրանկան ամենևին էլ բռնապետ չէր։ Կիրակի օրերը նա իր Աննային տանում էր եկեղեցի՝ Ներքին քաղաք, ընդ որում թույլ էր տալիս նրան, որպես պաշտոնապես նշանված, հագնել, ինչպես այն ժամանակ, կարտոֆիլի դաշտում, չորս շրջազգեստ, մեկը մյուսի վրայից։ Ձմռանը, երբ գետերը պատվել էին սառույցով, և լաստավարների համար եկել էին դժվար ժամանակներ, նա ճշտապահորեն նստում էր Տրոիլում, որտեղ ապրում էին միայն լաստավարները, բեռնակիրները և նավաշինարանի բանվորները, և խնամում էր Ագնես անունով աղջկան, որն ակնհայտորեն նման էր հորը, որովհետև եթե ասենք չէր մտնում մահճակալի տակ, ապա, գոնե հաստատ, բարձրանում էր հագուստի պահարանի վրա, իսկ երբ հյուրեր էին գալիս, մտնում էր սեղանի տակ, և նրա հետ միասին՝ նաև իր լաթե տիկնիկները։

Այսպիսով, Ագնեսը սիրում էր թաքնվել աչքերից և այդ թաքստոցում իրեն զգում էր նույնչափ հուսալի, որչափ Յոզեֆը, չնայած որ այնտեղ գտնում էր այլ ուրախություններ, քան նրանք, որոնք Յոզեֆը գտավ Աննայի շրջազգեստների տակ։ Հրձիգ Կոլյայչեկը բավականաչափ փորձառու էր, որպեսզի հասկանար թաքստոցների հանդեպ իր աղջկա ձգտումը, այդ իսկ պատճառով պատշգամբին փոխարինող ելուստի վրա, որով ավարտվում էր նրանց մեկուկես սենյականոց բնակարանը, նա ճագարների համար անկյուն էր կառուցում։ Դրա կողքին նա կառուցեց նաև բույն՝ ճիշտ նրա հասակով։ Այդ կառույցում նստում էր իմ մանուկ մայրը, խաղում էր իր տիկնիկների հետ և միևնույն ժամանակ մեծանում։ Հետագայում, արդեն աշակերտուհի, նա, ըստ պատմությունների, մի կողմ գցեց իր տիկնիկներին և զվարճանալով ապակե հուլունքներով և խայտաբղետ գնդիկներով, առաջին անգամ ձգտում զգաց դեպի փխրուն գեղեցկությունը։

Հուսով եմ, որ ինձ, որ այրվում եմ սեփական կյանքի ակունքները ներկայացնելու ցանկությամբ, թույլ կտրվի դադարեցնել Վրանկայի ընտանիքի նկարագրությունը։ Նրանց ամուսնական լաստը հանգիստ սահում է հոսանքով, ընդհուպ մինչև տասներեք թիվը, երբ Շիխաուի մոտակայքում նավարանից իջավ «Կոլումբոսը», քանի որ ոստիկանությունը, որը երբեք ոչինչ չէր մոռանում, ընկավ կեղծ Վրանկայի հետքի վրա։

Սկսվեց նրանից, որ Կոլյայչեկը՝ ինչպես ամեն ամռան ավարտին մոտ, այնպես էլ 1913 թ․ օգոստոսին, պետք է մեծ լաստը քշեր Կիևից՝ Պրիպյատի վրայով, Բուգուից մինչև Մոդլինա ձգվող ջրանցքով և արդեն դրանից հետո՝ Վայքսելով։ Տասներկու լաստանավեր դուրս եկան «Ռադաունա» նավաքարշ շոգենավի վրա, որը ծուխ էր արձակում, սկսած Արևմտյան Նոյֆերից՝ Մեռած Վայքսելով մինչև Այնլագե։ Այնուհետև Վայքսելով դեպի վեր՝ Կեզեմարկայի, Լեցկաուի, Չատկաուի, Դիրշաուի և Պիկելյայի կողքով և երեկոյան խարիսխ գցեց Թորնի ափին։ Այնտեղ նավ բարձրացավ նոր տերը, որը Կիևում պետք է հետևեր փայտանյութի գնմանը։ Երբ առավոտյան 4֊ին «Ռադաունան» մեկնեց, հայտնի դարձավ, որ տերը նավի վրա է։ Կոլյայչեկն առաջին անգամ նրան տեսավ նավի առջևի մասի տախտակամածի վրա նախաճաշելիս։ Նրանք նստել էին հենց դեմ֊դիմաց, ծամում էին և խմում գարե սուրճը։ Կոլյայչեկը անմիջապես ճանաչեց նրան։ Հաստոտ, արդեն ճաղատացած մարդը կարգադրեց օղի բերել և լցնել սուրճի դատարկ գավաթների մեջ։ Շարունակելով ծամել, երբ տախտակամածի վերջում դեռ լցնում էին օղին, նա ներկայացավ։

― Որպեսզի դուք իմանաք՝ ես նոր տերն եմ, ինձ Դյուկերհոֆ են անվանում, և ես բոլորից կարգ ու կանոն եմ պահանջում։

Տիրոջ պահանջով լաստավարները՝ այն հաջորդականությամբ, որով նստած էին սեղանի դիմաց, հայտնում էին իրենց անունները և կոնծում գավաթները այնպես, որ ադամախնձորները վեր֊վեր էին թռչում։ Իսկ Կոլյայչեկը նախ կոնծեծ, հետո ասած «Վրանկա», ինչպես կրկնում էր մյուս լաստավարների անունները։ Եվ, այնուհանդերձ, Կոլյայչեկին թվաց, թե Դյուկերհոֆը առանձնացրեց խեղդված լաստավարի անունը ոչ թե կտրուկ, այլ ավելի շուտ մտախոհ։

Միմյանց հերթափոխող նավատարների օգնությամբ, արհեստավարժորեն խուսափելով ավազոտ ծանծաղուտներից, «Ռադաունան» հաղթահարում էր պղտոր, կավոտ շիթը, որը միայն մի ուղղություն գիտեր։ Աջ ու ձախ ձեռքի ուղղությամբ հողաթմբերից այն կողմ ընկած էր հարթ կամ փոքր֊ինչ թմբավորված հողը, որի վրայից արդեն հավաքել էին բերքը։ Կենդանի ցանկապատները, ձորակները, որոճով ծածկված գոգահովիտը և գյուղակների միջև ընկած հարթավայրը, որը կարծես ստեղծված է հեծելազորի հարձակումների համար։ Ձախից ավազով լի արկղեր էին դրված՝ ուլանական դիվիզիայի համար, ցանկապատի վրայով թռչող հուսարների համար, երիտասարդ ռոտմայստրների երաղանքների համար, մենամարտի համար։ Այստեղ էին թամբակեռի մոտ եկած թաթարները, դրագունները, երազկոտ ասպետները՝ արշավելու ընթացքում ընկնող, և օրդենի մագիստրոսները՝ գունավոր թիկնոցներով։ Լանջապանակի վրայի բոլոր ճարմանդները անվնաս էին, բացի միակից՝ որը կտրել է դուքս Մազավեցկին, և ձիերը, ― ոչ մի կրկեսում նման արաբական նժույգներ չես տեսնի, ― նյարդային, հոյակապ դաստապանածոպերի տակ, բոլոր նյարդերը ձգված, ինչպես քանոնով, ռունգերը ուռած, բոսորագույն՝ դրանցից դուրս են գալիս ամպիկներ, նիզակներով խոցված։ Նիզակները իջեցված են և բաժանում են երկինքը, երեկոյի վերջալույսը, նաև թրեր, իսկ այնտեղ, ետին պլանում, ― քանի որ յուրաքանչյուր նկար ունի իր ետին պլանը, ― ամուր փարվելով հորիզոնին, խաղաղ «այրվում է» գյուղակը, ձիու ետևի ոտքերի արանքում մամուռով պատված կարճլիկ հյուղակներ՝ ծղոտով ծածկված։ Իսկ հյուղակների մեջ՝ տանկեր, գեղեցիկ, կոնսերվացված, ապագա օրերի սպասման մեջ, երբ իրենց ևս թույլ կտան հայտնվել այս կտավի վրա, այս հարթավայրում՝ Վայքսելի հողապատնեշներից այն կողմ, ինչպես թեթևոտն զամբիկներին՝ հեծելազորի մեջ։

Վլացլավեկի մոտ Դյուկերհոֆը մատով բզեց Կոլյայչեկին․ «Իսկ ասացեք ինձ, Վրանկա, դուք պատահաբար, տարիներ առաջ Շվեցի սղոցարանում չե՞ք աշխատել։ Այն ժամանակ այրվեց սղոցարանը, չէ՞»։

Կոլյայչեկը համառորեն, կարծես դիմադրությունը հաղթահարելով, գլուխը թափ տվեց և նրան հաջողվեց իր աչքերին տալ հոգնած և վշտաբեկ արտահայտություն, այնպես, որ Դյուկերհոֆը, որի վրա ընկավ այդ հայացքը, ձեռնպահ մնաց հատագա հարցուփորձերից։

Երբ Մոդլինի տակ՝ այնտեղ, որտեղ Բուգը թափվում է Վայքսելի մեջ, «Ռադաունան» շրջվեց, Կոլյայչեկը՝ առաջ թեքված, երեք անգամ թքեց, ինչպես դա ընդունված է բոլոր լաստանավերի մոտ, կողքին հայտնվեց Դյուկերհոֆը իր սիգարով և նրանից կրակ խնդրեց։ Այդ բառը, «լուցկի» բառի պես, խոցեց Կոլյայչեկին։ «Այդ ինչո՞ւ եք դուք կարմրում, երբ ես կրակ եմ խնդրում։ Աղջիկ ե՞ք, ինչ է»։

Նրանք հասցրել էին Մոդլինը թողնել շատ ետ, երբ Կոլյայչեկի երեսից ի վերջո իջավ ներկը, որն ամենևին էլ ամոթխածության ներկ չէր, այլ՝ իր կողմից այրած սղոցարանների ուշացած ցոլք։

Մոդլինի և Կիևի միջև, կարճ ասած՝ Բուգով դեպի վեր, ջրանցքի միջով, որը միացնում է Բուգը Պրիպյատին, տեղի չունեցավ ոչինչ, ինչը կարելի էր համարել Վրանկայի և Դյուկերհոֆի միջև բանակցություններ։ Հաճախ նավաքարշ շոգենավի վրա լաստանավերի միջև, հնոցապանների և լաստավարների միջև, ղեկապետերի ու նավապետի միջև, նավապետի ու մշտապես փոփոխվող նավատարների միջև ինչ֊որ բան տեղի էր ունենում, ինչպես և պետք է լիներ, իսկ հնարավոր է, ինչպես և լինում է տղամարդկանց միջև։ Ես կկարողանայի պատկերել անհաշտությունները կաշուբյան լաստավարների և նավատարի միջև, որը ծնունդով Շտետինից էր։ Հնարավոր է՝ կային նույնիսկ խռովության սաղմեր՝ ընդհանուր հավաքներ տախտակամածի ձախ կողմում։ Նրանք վիճակահանություն են անում, նշանաբան են հորինում, դանակներ են սրում։

Սակայն չխոսենք այդ մասին։ Տեղի չունեցան ո՛չ քաղաքական գործողություններ, ո՛չ լեհ֊գերմանական դանակահարություններ, ո՛չ տվյալ խմբին համապատասխանող, սոցիալական անարդարությամբ ծնված խռովություն։ Բարեխճորեն խժռելով քարածուխը՝ «Ռադաունան» գնում էր իր ուղիով, մի անգամ, իմ հիշելով դա անմիջապես Պլոկը անցնելուց հետո էր, այն նստեց ավազոտ ծանծաղուտի վրա, սակայն կարողացավ սեփական ուժերով ազատվել։ Կարճ, թունոտ ռեպլիկների փոխանակում նոյֆարվասերցի նավապետ Բարբուշի ու ուկրաինացի նավաստու միջև՝ ահա և ամբողջը։ Նույնիսկ նավամատյանը չէր կարող որևէ բան ավելացնել։

Սակայն եթե ես ունենայի Կոլյայչեկի մտքերը կամ դյուկերհոֆյան սղոցարանների կյանքի ժամանակագրությունը նավամատյանում գրանցելու պարտականություն և ցանկություն, դրանում բավականաչափ կխոսվեր փոփոխությունների և արկածների, կասկածանքների և հաստատումների, անվաստահության մասին և, գրեթե անմիջապես, այդ անվստահության շուտափույտ վերացման մասին։ Վախենալը՝ երկուսն էլ էին վախենում, իսկ Դյուկերհոֆը՝ նույնիսկ առավել, քան Կոլյայչեկը, քանի որ նրանք գտնվում էին Ռուսաստանում, և Դյուկերհոֆը հեշտությամբ կարող էր դուրս ընկնել նավից, ինչպես ժամանակներ առաջ խեղճ Վրանկան։ Մինչ այդ արդեն Կիևում ենք՝ փայտանյութի վաճառքի պահեստներից մեկում, որոնք այնքան մեծ են ու անտեսանելի, որ այդ խառնաշփոթության մեջ լիովին կարելի է կորցնել սեփական պահապան հրեշտակին, ընկնել հանկարծակի շարժում սկսած գերանների դարսակույտի տակ, և դա այլևս չես կասեցնի։ Ախ, որքան լավ կլիներ, եթե այս տեղում ես կարողնայի տեղեկացնել, թե ինչպես է կիսախեղդված և կամ գրեթե ճզմված Դյուկերհոֆը՝ դեռ ծանր շնչելով և հայացքում մահվան նշաններով, կեղծ Վրանկայի ականջին շշնջում․ «Շնորհակալություն, Կոլյայչեկ, շնորհակալություն» և, անհրաժեշտ դադարից հետո, «Այժմ ես ու դու մեր հաշիվները փակել ենք և մոռանանք ամեն ինչի մասին»։

Եվ նրանք, որպես թունդ ընկերներ, շփոթված ժպտալով, գրեթե արցունքոտ աչքերով կնայեին միմյանց, ինչպես տղամարդիկ են նայում, և կփոխանակվեին երկչոտ, սակայն կոշտուկոտ, ձեռքսեղմումներով։

Այս տեսարանը մեզ հրաշալի ծանոթ է գիտակցության մթագնեցման աստիճան վարպետությամբ նկարահանված ֆիլմերից, երբ հանկարծ ռեժիսորի գլխում ապշեցուցիչ միտք է ծագում՝ դերասանություններ անող եղբայր֊թշնամիներին վերածել ընկեր֊համախոհների, որոնք դեռ պետք է համատեղ անցնեն կրակի ու ջրի, հազարավոր արկածների միջով։

Սակայն Կոլյայչեկին այդպես էլ չվիճակվեց ո՛չ թողնել, որ Դյուկերհոֆը գնա դեպի հատակը, ո՛չ էլ՝ գլորվող գերանների տակ ընկնելու և մահվան ճիրաններից հանելու հնարավորություն։ Հարազատ ձեռնարկության շահի մասին մտածելով՝ Դյուկերհոֆը Կիևում գնեց անտառի խմբաքանակը, ուշադիր հետևեց, թե ինչպես են հյուսում և ջուրն իջեցնում ինը լաստերը, և, սովորության համաձայն, լաստավարների միջև մանր ծախսերի համար բաժանեց պատկառելի քանակությամբ ռուսական դրամներ, ինչից հետո նստեց գնացք, որը նրան Վարշավա֊Մոդլին֊Դոյչ֊Էյլաու֊Մարիենբուրգ֊Դիրշաու երթուղով հասցրեց ձեռնարկություն, որի սղոցարանները տեղակայված էին Կլավիտերի և Շիխաուի նավաշինարարների միջև ընկած փայտանյութի նավամատույցների երկայնքով։

Նախքան լաստավարներին՝ մի քանի շաբաթյա լրջագույն աշխատանքից հետո բոլոր գետերի, ջրանցքների և, ի վերջո, Վայքսելի միջով անցնելու հնարավորություն ընձեռելը, ես ինձ հարց եմ տալիս․ հաստատ համոզվա՞ծ էր, արդոյք, Դյուկերհոֆը, որ Վրանկան հենց հրձիգ Կոլյայչեկն է։ Եվ ուզում եմ ասել, որ մինչ սղոցարանի տերը նավարկում էր անվնաս, բարեհոգի և բոլորի կողմից սիրված Վրանկայի հետ, հույս ուներ, որ իր ճանապարհակիցը Կոլյայչեկը չէ, որն ունակ է կատարել որևէ հանդուգն քայլ։ Այդ հույսից նա հրաժարվեց, միայն երբ նստած էր վագոնի խցիկի բարձերի վրա։ Սակայն մինչև գնացքը հասավ մինչև վերջին կայարանը՝ մտնելով Դանցիգ քաղաքի կենտրոնական կայարանի կամարների տակ, այժմ ես ի վերջո արտաբերում եմ այդ անվանումը, Դյուկերհոֆը եկավ իր դյուկերհոֆյան եզրակացություններին, հրամայեց իր ճամպրուկները տեղափոխել կառք, իսկ կառքին՝ գնալ տուն, իսկ անձամբ ինքը առույգ, արդեն առանց ուղեբեռի, սլացավ դեպի մոտակա ոստիկանանկան նախագահություն, Վիբենվալշտրասե, այնտեղ՝ աստիճաններով թռչկոտելով հասավ գլխավոր շքամուտքին։ Կարճատև, սակայն մանրակրկիտ որոնումներից հետո նա գտավ այն սենյակը, որտեղ չափից ավելի գործարար մթնոլորտ էր տիրում, որպեսզի լսեին Դյուկերհոֆի կարճ, միայն փաստերը ներկայացնող հաշվետվությունը։ Դրանից չի հետևում, թե սղոցարանի տերը հայտարարություն արեց։ Ոչ, նա ուղղակի խնդրեց զբաղվել Կոլյայչեկ֊Վրանկայի գործով, ինչը և խոստացան անել ոստիկանները։

Վերջին շաբաթների ընթացքում, մինչ գնված փայտամթերքից պատրաստված լաստերը եղեգնի հոլիկների և լաստավարների հետ դանդաղ սահում էին գետն ի վար, բազմաթիվ վարչություններ բազմաթիվ թղթեր էին կազմում։ Վերցնենք, օրինակ, Յոզեֆ Կոլյայչեկի՝ արևմտապրուսական գնդի դաշտային հրետանու այսինչ համարի շարքային հրետանավորի զինվորական գործը։ Անկարգ հրետանավորը երեք օրը երկու անգամ մասնակի կալանքի տակ է գտնվել ալկոհոլային հարբածության, ինչպես նաև կիսագերմաներեն, կիսալեհերեն որոտաձայն անարխիստական լոզունգներ գոռալու համար։ Մի խոսքով, անպատիվ բծեր, որոնք չհաջողվեց հայտնաբերել եֆրեյտոր Վրանկայի թղթերում, որը ծառայել էր Լանգֆուրի երկրորդ լայբ֊հուսարական գնդում։ Հակառակը, եֆրեյտոր Վրանկան իրեն դրսևորել էր լավ կողմով, տակտիկական պարապմունքների ժամանակ հաճելի տպավորություն էր թողել թագաժառանգի վրա և վերջինիցս ստացել էր այդ առիթների համար գրպանում պահվող թալեր՝ թագաժառանգի թալեր։ Սակայն այդ թալերը արձանագրված չէր եֆրեյտոր Վրանկայի զինվորական թղթերում, ինչի մասին բարձր լաց ու կոծով տեղեկացրեց իմ Աննա տատը, երբ հարցաքննում էին նրան և նրա Վինցենտ անունով եղբորը։

Սակայն իմ տատը միայն այդ թալերի օգնությամբ չէ, որ ճակատամարտ էր մղում ընդդեմ «հրձիգ» բառի։ Ոչ, նա կարող էր ներկայացնել փաստաթղթեր, որոնք բազմակի անգամ հաստատում էին, որ Յոզեֆ Վրանկան արդեն1904 թ․ էր ինքնակամ դարձել Դանցիգ֊Նիդերշտադտի հրջեջ դրուժինայի անդամ և ձմեռային ամիսներին, երբ լաստավարների համար մեռած շրջան է, պայքարել է բազմաթիվ մեծ ու փոքր հրդեհների դեմ։ Այդ թղթերի մեջ կար նաև պատվոգիր, որը վկայում էր, որ հրշեջ Վրանկան Տրոիլի երկաթուղային մեծ դեպոյում 1909 թ․ ոչ թե պարզապես հրդեհներ էր հանգցնում, այլ կրակից փրկել է փականագործի երկու աշակերտներին։ Ճիշտ նույն կերպ արտահայտվեց նաև որպես վկա հրավիրված բրանդմայստեր Հեխտը։ Արձանագրության համար նա հայտնեց հետևյալը․

― Ինչպե՞ս կարող է հրձիգ լինել նա, որ ինքն է հրդեհ հանգցնում։ Ախր, ես մինչ օրս էլ տեսնում եմ, թե ինչպես էր նա կանգնած հրշեջ աստիճանի վրա, երբ այրվում էր Հոյբուդի եկեղեցին։ Փյունիկ, որը հառնում է մոխրից ու կրակից և հանգցնում ոչ միայն կրակը, այլև այս աշխարհի հրդեհը և մեր Տիրոջ, Հիսուս Քրիստոսի ծարավը։ Ճշմարիտ եմ ասում ես ձեզ, լավ է ջրաղացի քար կախել այն մարդու վզից, որ հրձիգ մականունն է տալիս այս հրաշալի Փյունիքին, հրշեջի սաղավարտով մարդուն, որն օգտվում է երթևեկելու առավելության իրավունքից, որին սիրում են ապահովագրական գործակալությունները, որը միշտ իր գրպանում է կրում մի բուռ մոխիր՝ որպես խորհրդանիշ կամ մասնագիտության նշան։

Դուք, հավանաբար, արդեն նկատեցիք, որ բրանդմայստեր Հեխտը՝ կամավոր հրշեջ դրուժինայի կապիտանը, ճարտարախոս հոգևորական էր․ նա կիրակի օրերը կանգնում էր Լանգգարտենի Սուրբ Բարբարա ծխական եկեղեցու ամբիոնի առջև և, քանի դեռ դատավարություն էր ընթանում ընդդեմ Կոլյայչեկ֊Վրանկայի, առիթը բաց չէր թողնում նմանատիպ արտահայտություններով իր հոտի գլուխը լցնել երկնային հրշեջի և դժոխքի հրձիգի մասին առակներով։

Սակայն քանի որ քրեական ոստիկանության պաշտոնյանները Սուրբ Բարբարայի եկեղեցին չէին հաճախում և, դրան գումարած, «Փյունի ք» բառի մեջ ավելի շուտ նորին Թագավորական մեծության հանդեպ վիրավորանք էին դիտում, վերջինիս գործունեությունը ինքնակամ դրուժինայում ընկալում էին որպես ծանրացուցիչ հանգամանք։

Հավաքում էին տարբեր սղոցարաններից ցուցմունքներ, տեղի համայնքներից վկայություններ․ Վրանկան լույս աշխարհ էր եկել Թուխելում, մինչ Կոլյայչեկը ծնունդով Թորնից էր։ Մի շարք փոքրիկ անհամապատասխանություններ մեծահասակ լաստավարների և նրանց հեռավոր ազգականների ցուցմունքներում։ Կուժը միշտ ձգտում է դեպի ջուրը, և նրան ուրիշ ոչինչ չի մնում, քան կոտրվել։ Քանի դեռ հարցաքննությունները ընթանում էին իրենց հունով, լաստերի քարավանը մոտենում էր պետական սահմանին և, Թորնից սկսած, գտնվում էր գաղտնի հսկողության տակ, իսկ կանգառներում առավել ևս։

Պապիկս այդ նկատեց միայն Դիրշաուից հետո, քանի որ դրան նա սպասում էր։ Սակայն այդ ժամանակ նրան տիրած պասիվությունը, որը սահմանակցում էր մելանխոլիայի հետ, հավանաբար թույլ չտվեց նրան փախուստի փորձ ձեռնարկել դեպի Լեցկաու կամ Կեզեմարկ։ Դա միանգամայն կարող էր պսակվել հաջողությամբ՝ այդ վայրերում նրան շատերը ճանաչում էին, և լաստավարները համակրանք էին տածում նրա նկատմամբ։ Այնլագեից սկսած, երբ լաստերը դանդաղ, մեկը մյուսին հրելով, մտնում էին Մեռած Վայքսել, մի ինչ֊որ ձկնորսական մոտորանավակ աննկատ սլացավ մոտիկից, բայց նկատվեց, որ այնտեղ չափից դուրս մեծաթիվ անձնակազմ կար։ Պլենենդորֆից անմիջապես հետո եղեգնուտներից աշխույժ դուրս թռան նավահանգստի ոստիկանության զույգ մոտորաբարկասները և սկսեցին լայնքով ու երկայնքով ճեղքել Մեռած Վայքսելի ջրերը, որոնք իրենց նեխահոտով ավելի ու ավելի էին վկայում նավահանգստի մոտիկության մասին։ Իսկ Հոյբուդին հաջորդած կամրջի այն կողմում արդեն սկսվում էր «կապույտ համազգեստների» արգելափակոցային շղթան։ Կլավիտետյան նավաշինարանի դիմացի անտառանյութի դարսակները, փոքրիկ նավակային նավաշինարանները, Մոթլաուի ուղղությամբ գնալով ավելի լայնացող անտառանյութի նավահանգիստները, ամենատարբեր սղոցարանների նավամատույցային կամրջակները, սեփական ձեռնարկության կամրջակը՝ այս ամենի շուրջբոլորը կային «կապույտ համազգեստավորներ»։ Նրանք կային ամենուր, միայն Շիրխաուի մոտ նրանք չկային․ այնտեղ ամեն ինչ զարդարված էր դրոշակներով, և տեղի էր ունենում ինչ֊որ այլ գործողություն, անկասկած ինչ֊որ մեկը պիտի իջներ նավասանդուղքով։ Այնտեղ բավական շատ մարդիկ էին հավաքվել, ինչն անհանգստացնում էր ճայերին, այնտեղ տոն էր նշվում՝ արդո՞ք ոչ իմ պապիկի պատվին։

Միայն երբ իմ պապիկը տեսավ փայտանյութերի նավամատույցներում կուտակված «կապույտներին», և երբ է՛լ ավելի չարաղետ սկսեց երևալ բարկասների կողմից ընտրած երթուղին, որոնցից տարածվող ալիքները արդեն մտրակում էին լաստերին, նա հասկացավ, որ բոլոր ուժերի այս կուտակումը կապված էր իր հետ։ Նրա մեջ արթնացավ հրձիգ Կոլյայչեկի սիրտը, նա իրենից բաժանեց անչար Վրանկային, ինքնակամ դուրս եկավ հրշեջ դրուժինայի կազմից, ողջ ձայնով և առանց տատանվելու հրաժարվեց կակազող Վրանկայից և վազեց լաստերի վրայով, լայնարձակ երերուն հարթությունների վրայով։ Ոտաբոբիկ վազեց չռանդած «մանրահատակի» վրայով, մի գերանից դեպի մյուսը՝ Շիխաուի ուղղությամբ, որտեղ քամու դիմաց ուրախ դրոշներ էին ծածանվում։ Նա վազեց առաջ տախտակների վրայով, այնտեղ, ուր նավարանների վրա ինչ֊որ բան էր դրված, որտեղ գեղեցիկ ելույթներ էին ունենում, որտեղ ոչ ոք ձայն չէր տալիս Վրանկային, իսկ առավել ևս Կոլյայչեկին, որտեղ ասում էին այսպես․ «Ես անվանում եմ քեզ անունով՝ Նորին Մեծության նավատորմի «Կոլումբոս» նավ, Ամերիկա, ավելի քան քառասուն հազար տոննա ջրատարողությամբ, երեսուն հազար ձիաուժ»։ Նորին Մեծության նավատորմի նավ, առաջին կարգի ծխելու սրահ, նավախելի վրա երկրորդ կարգի խոհանոց, մարմարից սպորտային դահլիճ, գրադարան, Ամերիկա, Նորին Մեծության նավատորմի նավ, թիավարող լիսեռի միջանցք, զբոսանքային տախտակամած՝ փառքի հաղթական դափնիով, հարազատ նավամատույցի տոնական դրոշ, արքայազն Հայնրիխը կանգնած է ղեկի մոտ, իսկ իմ Կոլյայչեկ պապիկը՝ ոտաբոբիկ, ոտքերով հազիվ գերաններին դիպչելով, փողային երաժշտությանը ընդառաջ։ Ժողովուրդ, որն այսպիսի իշխաններ ունի, որոնք, նավարկելով, իրենց շուրջը՝ մշտական տոնախմբություններով, փառքի հաղթական դափնիով, նավահանգստում կառանած բոլոր նավերի շչակներով մարդկանց էին հավաքում։ Նավաքարշ շոգենավեր և շոգենավեր զվարճալի զբոսանքների համար, Կոլումբոս, Ամերիկա, ազատություն և երկու բարկաս՝ ուրախությունից խելքները թռցրած․ բոլորը նրա ետևից, մի լաստից դեպի մյուսը։ Նորին Մեծության լաստերը փակում են ճանապարհը և փչացնում խաղը, այնպես, որ նա պետք է կանգ առնի, մինչդեռ այնքան լավ թափ էր հավաքել, և նա մեն֊միայնակ կանգնած է լաստի վրա և տեսնում է արդեն Ամերիկան, իսկ բարկասները մտնում են լայն կողմից․ դե ինչ, պետք է ետ հրվել՝ ահա արդեն իմ պապը լողում է, լողում դեպի լաստը, որը մտնում է Մոթլաու։ Իսկ այժմ ստիպված է սուզվել և մնալ ջրի տակ բարկասների պատճառով, իսկ լաստը շարժվեց նրա վրա, և այդ լաստին վերջ չկար․ էլի նոր լաստեր․ լաստ քո լաստից և հավիտայնս հավիտենից լաստ։

Բարկասները անջատեցին շարժիչները, և անողոք զույգ աչքերը սկսեցին զննել ջրի մակերևույթը։ Աակայն Կոլյայչեկը հրաժեշտ էր տվել մեկընդմիշտ, հեռացել էր շչակների թեթղյա ոռնոցից, նավային զանգակներից, Նորին Մեծության նավատորմի նավից և կնունքի կապակցությամբ ելույթից, որն արտասանեց արքայազն Հայնրիխը, Նորին Մեծության խելակորույս ճայերից, փառքի հաղթական դափնուց, Նորին Մեծության նավատորմի նավի նավասանդուղքի առավել սահունության համար Նորին Մեծության հեղուկ օճառից, Ամերիկայից, «Կոլումբոսից» և նաև ոստիկանական հետաքննություններից՝ հավերժ հեռացավ վերջ չունեցող լաստի տակ։

Իմ պապի մարմինը այդպես էլ երբեք չհայտնաբերվեց։ Ես հաստատ համոզված եմ նրանում, որ նա իր մահը գտավ լաստերի տակ, պետք է, սակայն, չսասանձեմ ասվածի հանդեպ վստահությունը, ինձ վրա ծանրություն վերցնեմ և շարադրեմ հրաշալի փրկությունների բոլոր տարբերակները։ Այսպիսով, մարդիկ պատմում էին, որ նրան հաջողվել է լաստի տակ, գերանների արանքում ճեղք հայտնաբերել, ներքևից բավականաչափ լայն, որպեսզի քիթն ու բերանը պահի ջրից դուրս, իսկ դեպի վեր այդ ճեղքը այնքան էր նեղանում, որ անտեսանելի էր մնում ոստիկանների համար, որոնք մինչև ուշ գիշեր խուզարկում էին լաստերը և նույնիսկ նրանց վրայի եղեգե հոլիկները։ Այնուհետև մթության քողի տակ, այդպես էր ասվում, պապս տրվեց ալիքների կամքին և, չնայած կորցրել էր ուժերը, բախտի որոշակի բերումով հասավ Շիխաուի նավաշինարանի տարածքի՝ Մոթլաուի հակառակ ափը, այնտեղ թաքնվեց թափոնների սարի մեջ, իսկ ավելի ուշ, հնարավոր է հույն նավաստիների օգնությամբ, հայտնվեց այն կեղտոտ բեռնատար նավերից մեկի վրա, որոնք ըստ ասեկոսների, մեկ փախստականի չէ, որ ապաստան էին տվել։

Ուրիշները խոսում են այսպես․ Կոլյայչեկը նաև լողորդ էր, իսկ նրա թոքերը առավել լավն էին, և նա լողաց անցավ ոչ միայն լաստի տակով, ոչ, նա ջրի տակով անցավ նաև մնացած, Մոթլաուի բավականին լայն մասը, բարեհաջող ափ հասաց Շիրխաուի նավաշինարանի տարածքում, այնտեղ, որ իր վրա ուշադրություն չգրավելով, խառնվեց բանվորների խմբին, իսկ ավելի ուշ՝ նաև ցնծացող մարդկանց և ժողովրդի հետ մեկտեղ երգեց «Փառք քեզ՝ հաղթանակած դափնիով», Նորին Մեծության նավատորմի «Կոլումբիա» նավն օծելու ժամանակ արքայազն Հայնրիխի ելույթից հետո, ծափահարեց՝ նավը նավարանից բարեհաջող ջուրն իջեցնելուց հետո և ամբոխի հետ միասին՝ կիսով չափ չորացած հագուստով լքեց տոնախմբությունը և արդեն հատորդ օրը, ― ասյտեղ առաջին վարկածը միանում է երկրորդին, ― որպես անվճար ուղևոր՝ նա բարձրացավ հռչակ ձեռք բերած հունական բեռնանավ։

Պատկերի ամբողջականության համար հարկ է վերհիշել նաև երրորդ անիմաստ վարկածը, համաձայն որի՝ իմ պապը՝ որպես լողարկվող անտառանյութ, դուրս բերվեց բաց ծով, որտեղ նրան անհապաղ որսացին Բոնզակի ձկնորսները և, երեք միլիոնանոց գոտու սահմաններից դուրս, փոխանցեցին օվկիանոսային նավագնացությանը հարմարեցված շվեդական մոտորանավակին։ Վարկածը հրաշալի ձևով թույլ էր տալիս, որ շվեդական մոտորանավակի վրա նա դանդաղ վերականգներ ուժերը և հասներ մինչև Մալմյե կամ նման որևէ մի տեղ։

Այս ամենը անհեթեթություն է և ձկնորսական փչոցներ։ Ճիշտ նույն կերպ ես ոչ մի արժեք չեմ տալիս բացարձակապես նավահանգստային քաղաքների ականատեսների անարժանահավատ տարբեր պատմություններին, ովքեր իբր իմ պապին տեսել են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից քիչ անց Բուֆալոյում (ԱՄՆ)։ Նրան կարծես անվանում էին Ջո Կոլչիկ, և որ նա, ըստ պատմողների խոսքերի, զբաղված էր Կանադայի հետ անտառանյութի առևտրով։ Լուցկու ձեռնարկությունների բաժնետոմսեր։ Ապահովագրական գործակալության հիմնադիր՝ ապահովագրում է հրդեհից։ Նրան նկարագրում էին որպես չափից դուրս հարուստ մի մարդու․ իբր նա նստած էր երկնաքերի հսկայական գրասեղանի մոտ, բոլոր մատներին՝ փայլող քարերով մատանիներ, զինավարժանք է անցկացնում իր թիկնապահների հետ, որոնք կրում են հրշեջի համազգեստ, կարողանում են երգել լեհերեն և անվանվում են Փյունիկի Գվարդիա։

«Թիթեռնիկը և լամպը»

Մի մարդ թողեց իր ունեցած ամեն ինչը, անցավ օվկիանոսը, հասավ Ամերիկա և հարստացավ՝ սրանով ես կամենում եմ ավարտել իմ պապի մասին բոլոր խոսակցությունները, ինչպես էլ որ նա իրեն անվաներ․ լեհերեն՝ Գոլյաչեկ, կաշուբյան ձևով՝ Կոլյայչեկ կամ ամերիկյան ձևով՝ Ջո Կոլչիկ։

Բավական բարդ է թիթեղյա թմբուկի շնորհիվ, որպիսիք վաճառում են խաղալիքների խանութներում և հանրախանութներում, թմբկահարելով վեր հանել փայտի՝ գրեթե հորիզոնի այն կողմ հեռացող լաստերը։ Եվ, այնուհանդերձ, ինձ հաջողվեց թմբկահարել փայտանյութի նավահանգիստը, ողջ ջրաբեր փայտը, որը գետի ոլորաններում օրորվում է ջրի վրա, քրքրվում է եղեգնուտներում, փոքր֊ինչ ավելի հեշտությամբ ինձ հաջողվեց թմբկահարել շիխաույան և կլավիտերյան նավաշինարարների անգարները, բազմաթիվ՝ մեծ մասամբ նավակների մանր վերանորոգմամբ զբաղվող, նավաշինարանները, վագոնաշինական գործարանին կից մետաղական ջարդոնի կույտը, մարգարինի ֆաբրիկային կից դառնահամ կոկոսների պահեստները, Շպայխեր կղզու՝ ինձ հայտնի բոլոր ետնախորշերը։ Պապս մահացավ, նա ինձ պատասխան չի տա, հետաքրքրություն չի դրսևորի նավաշինարանից ջուրն իջեցրած կայզերական նավի հանդեպ, երբեմն տասնամյակներ ձգձգվող, սակայն ջուրն իջնելու պահից սկսած մահվանն ընդառաջ ընթացող, որին մեր դեպքում տվել էին «Կոլումբոս» անվանումը, անվանում էին նաև նավատորմի հպարտություն։ Այն, բնականորեն, ուղղություն վերցրեց դեպի Ամերիկա, իսկ ավելի ուշ կամ խորտակեցին, կամ ինքը խորտակվեց։ Հնարավոր է, որ այն վեր հանեցին հատակից, վերափոխեցին, վերանվանեցին կամ օգտագործեցին որպես ջարդոն։ Հնարավոր է նաև, որ «Կոլումբոսը» ուղղակի հեռացավ ջրի հատակ, ինչպես ժամանակին վարվեց իմ պապը, գուցե նա մինչ այսօր հոսընթաց տարվում է իր ողջ քառասուն հազարանոց ջրատարությամբ, ծխելու համար նախատեսված սրահով, մարմարյա սպորտային դահլիճով, լողավազանով և մերսման առանձնասենյակներով, խորքում է, ասենք 6000 մ, ինչ֊որ տեղ ֆիլիպպինյան իջվածքում կամ Էմենդի ուղղությամբ․ դրա մասին կարելի է ընթերցել «Վեյերում» կամ ծովային օրացույցներում՝ հիշում եմ, ոչ այն է առաջին, ոչ այն է երկրորդ «Կոլումբոսը» ինքնակամ իջավ հատակ, որովհետև նավապետը չկարողացավ տանել պատերազմի հետ կապված մի ինչ֊որ խայտառակություն։

Լաստային պատմության մի մասը ես բարձրաձայն կարդացի Բրունոյին, որից հետո տվեցի իմ հարցը՝ պնդելով, որ պատասխանը լինի օբյեկտիվ։

― Հրաշալի մահ, ― երազկոտությամբ արտասանեց Բրունոն և անմիջապես սկսեց կապել խեղդված պապիս իր ընդունված լար֊կապերով։ Ես ստիպված էի բավարարվել նման պատասխանով և իմ մտքերի հանդուգն թռիչքը չուղղել դեպի Ամերիկա, որպեսզի չարչարանքով դառնայի ժառանգության տեր։ Ինձ այցի եկան Վիթլար և Կլեփ անունով ընկերներս։ Կլեփը բերեց ձայնասկավառակ, որի երկու կողմերում էլ Քինգ Օլիվերն էր, իսկ Վիթլարը կոտրատվելով ինձ մեկնեց շոկոլադե սիրտ՝ վարդագույն ժապավենի վրա։ Նրանք տարբեր հիմարություններ էին անում, ծաղրանմանակում էին տեսարաններ իմ դատավարությունից։ Իսկ ես նրանց հաճույք պատճառելու համար պատկերում էի, թե ինչպես են բոլոր այցելության օրերին մաքրություն անում, հրաշալի տրամադրություն էի ցուցաբերում և նույնիսկ՝ ամենահիմար կատակների վրա ծիծաղելու ունակություն։ Աննկատ ձևով, նախքան Կլեփը կհասցներ սկսել իր դասախոսությունը ջազի և մարքսիզմի փոխադարձ կապերի մասին, ես ներկայացրեցի իմ պատմությունը մի մարդու մասին, որը տասներեք թվին, ոչ շատ առաջ այն ժամանակից, երբ այդ ամենը բռնկվեց, ընկավ մի անսահման, կարելի է ասել, իրոք, վերջ չունեցող լաստի տակ և այլևս դուրս չպրծավ նրա տակից, նույնիսկ նրա մարմինը այդպես էլ չգտնվեց։ Ի պատասխան իմ այն հարցին, որը տվեցի անբռնազբոսիկ, կարծես թե ձանձրալի տոնով՝ Կլեփը տհաճությամբ շարժեց հաստ վզի վրա գտնվող գլուխը, արձակեց բոլոր կոճակները, հետո կրկին կոճկեց, լողորդի մի քանի շարժումներ արեց՝ մի խոսքով իրեն պահեց այնպես, կարծես հենց ինքն էր գտնվում լաստի տակ։ Վերջի ի վերջո նա խուսափեց իմ հարցից՝ պատասխանի բացակայության համար մեղքը գցելով չափազանց վաղ մփնշաղի վրա։

Վիթլարը նստած էր լուռ, ոտքը ոտքի վրա գցած և միևնույն ժամանակ չմոռանալով շալվարի ծալքերի մասին, նստել և ցուցադրում էր այն նրբաճաշակ, գծավոր, արտասովոր ինքնահավանությունը, որը հատուկ է թերևս միայն երկնային հրեշտակներին։

― Ես գտնվում եմ լաստի վրա։ Լաստի վրա գտնվելը հրաշալի է։ Ինձ կծում են մոծակները։ Դա տհաճ է։ Ես գտնվում եմ լաստի տակ։ Լաստի տակ հրաշալի է։ Մոծակները այլևս ինձ չեն կծում։ Դա հաճելի է։ Կարծում եմ, որ միանգամայն հնարավոր է ապրել լաստի տակ, եթե, իհարկե, դու մտադրություն չունես միաժամանակ գտնվել նաև լաստի վրա և թույլ տալ, որ մոծակները քեզ կծեն։

Հենց այդտեղ Վիթլարն արեց իր փորձված դադարը և ուշադիր նայեց ինձ, հետո, ինչպես ամեն անգամ, երբ ուզում էր նմանվել բվի, բարձրացրեց իր առանց այն էլ բարձր հոնքերը և դերասանական արտասանությամբ արտաբերեց․

― Ինձ թվում է, որ այդ խեղդվածի հետ կապված, լաստերի տակ հայտնված մարդու դեպքում, խոսքը քո ազգականի և կամ քո հարազատ պապի մասին է։ Քանի որ նա, լինելով քո ազգականը, կամ առավել ևս՝ քո հարազատ պապը, գիտակցում էր իր պարտականությունները քո հանդեպ, և նա հենց գտավ իր մահը, քանզի աշխարհում ոչ մի բան քեզ համար այնքան տանջալից լինել չէր կարող, քան պապիդ կենդանի լինելը։ Այսպիսով, դու ոչ թե պարզապես սպանողն ես քո ազգականի, այլ դրան ավելացրած նաև սպանողն ես քո հարազատ պապի։ Սակայն, քանի որ վերջինս, իսկ դա ընդհանրապես ընդունված է պապիկների մոտ, կցանկանար քեզ պատժել, զրկեց քեզ այն հաճույքից, որն ապրում է թոռը՝ հպարտորեն մատնացույց անելով ջրի մեջ ուռած դիակը և ասելով հետևյալ խոսքերը․ «Նայեք իմ մեռած պապին։ Նա հերոս է եղել։ Նա ջուրը նետվեց, երբ տեսավ, որ իրեն հետապնդում են»։ Քո պապն աշխարհին և իր թոռանը զրկեց իր մարմինը սեփական աչքերով տեսնելու հնարավորությունից, որի միակ նպատակն էր՝ ստիպել մնացողներին, այդ թվում նաև թոռանը, դեռ երկար զբաղվել իրենով։

Այնուհետև, մի խանդավառությունից մուսին անցնելով, խորամանկ, փոքր֊ինչ առաջ թեքված և հաշտության կնիքը դեմքին՝ Վիթլարն ասաց․

― Ամերիկա։ Ուրախացի՛ր, Օսկար։ Դու ունես նպատակ և ունես խնդիր։ Այստեղ քեզ բնականաբար կարդարացնեն և բաց կթողնեն։ Էլ ո՞ւր գնաս, եթե ոչ Ամերիկա, որտեղ կրկին կարելի է գտնել ամենը, նույնիսկ կորած պապին։

Որքան էլ խայթող ու վիրավորական էր Վիթլարի պատասխանը, նա իմ մեջ ավելի մեծ վստահություն սերմանեց, քան կյանքի ու մահվան միջև տարբերությունը գրեթե չբաժանող իմ ընկերոջ՝ Կլեփի դատարկախոսությունը կամ հիվանդապահ Բրունոյի պատասխանը, որն իմ պապի մահը հրաշալի անվանեց միայն այն պատճառով, որ դրանից անմիջապես հետո, բացելով ալիքները, նավաշինարանից իջավ «ՆՄՆ Կոլումբոսը»։ Այդ իսկ պատճառով ես փառաբանմամբ եմ հատուցում վիթլարյան Ամերիկային, որը պահածոյացնում է պապերին նախատեսված նշանակետը, նմուշը։ Երբ ես, ձանձրացած Եվրոպայից, ցանկանում եմ մի կողմ դնել թմբուկս ու գրիչս, ասացի ինքս ինձ․ «Շարունակիր գրել, Օսկար, արա դա հանուն քո չլսված հարստության տեր, սակայն հոգնած Կոլյայչեկ պապի, որը Բուֆալոյում զբաղված է փայտանյութերի վաճառքով, իսկ իր երկնաքերի ընդերքներում խաղում է լուցկիների հետ»։

Երբ Կլեփը և Վիթլարը ի վերջո հաջողություն մաղթեցին և հեռացան, Բրունոն վճռականորեն օդափոխելով, սենյակից հեռացրեց իմ ընկերների կպչուն հոտը։ Դրանից հետո ես կրկին վերցրեցի իմ թմբուկը, սակայն սկսեցի թմբկահարել ոչ թե մահը ծածկող լաստերի գերանները, այլ այն արագ, թռվռան ռիթմը, որին պետք է ենթարկվեին բոլոր մարդիկ 1914 թվի օգոստոսից հետո։ Այդ իսկ պատճառով իմ տեքստը ընդհուպ մինչև իմ ծննդյան ժամը, կարող է միայն ընդհանուր գծերով ուրվագծել սգո թափորի ուղին, որն իմ պապը թողեց Եվրոպայում։

Երբ Կոլյայչեկն անհետացավ լաստերի տակ, նրանց միջից, սղոցարանի խարսխակայանների կամրջակների վրա սպասում էին անհանգստացած իմ տատիկը՝ իր Ագնես աղջկա հետ, Վինցենտ Բրոնսկին և նրա տասնյոթամյա որդի Յանը։ Մի փոքր այն կողմ կանգնած էր իր ավագ եղբայր Յոզեֆ Գրեգոր Կոլյայչեկը, որին հարցաքննությունների համար կանչել էին քաղաք։ Գրեգորը ոստիկանությանը անփոփոխ տալիս էր մեկ և միևնույն պատասխանը․

― Ես իմ եղբորը գրեթե չեմ էլ ճանաչում։ Ճիշտն ասած, գիտեմ միայն, որ նրան Յոզեֆ են անվանում, իսկ երբ ես նրան տեսա վերջին անգամ, նա մոտ տասը կամ ասենք տասներկու տարեկան էր։ Նա մաքրում էր իմ ճտքավոր կոշիկները և վազում գարեջուր բերելու, երբ մենք մորս հետ գարեջուր էինք ուզում։

Չնայած միաժամանակ պարզվեց, որ իմ նախատատը սիրել է գարեջուր՝ ոստիկանությանը նման պատասխանը օգուտ չէր տալիս։ Դրա փոխարեն ավագ Կոլյայչեկի ներկայությունից օգուտ ուներ իմ Աննա տատիկը։ Գրեգորը, որը երկար տարիներ ապրել էր Շտետինում, Բեռլինում, այնուհետև Շնայդեմյուլում, այժմ բնակություն էր հաստատել Դանցիգում, աշխատանք էր գտել «Ճագար» ամրոցի վառոդի աղացում և երբ լրացավ սգո՝ ընդունված մեկ տարին, և բոլոր բարդությունները օրինակ, կեղծ֊Վրանկայի հետ ամուսնանալու պատմությունը, հարթվել էին, պարզաբանվել և հանձնվել արխիվ, ամուսնացավ իմ տատիկի հետ, որը չէր ցանկանում բաժանվել Կոլյայչեկներից և եթե ոչ երբեք, ապա, ծայրահեղ դեպքում, այդքան արագ չէր ամուսնանա Գրեգորի հետ, եթե նա Կոլյայչեկ չլիներ։ Վառոդի աղացում աշխատանքը Գրեգորին ազատում էր խայտաբղետ, իսկ վրայից անմիջապես մոխրագույն հագնելու անհրաժեշտությունից։ Նրանք երեքով բնակվում էին էլի այդ նույն մեկևկես սենյականոց բնակարանում, որը երկար տարիներ ապաստան էր հանդիսանում հրձիգի համար։ Սակայն շուտով պարզվեց, որ բոլոր Կոլյայչեկները իրար նման չեն, քանզի չէր անցել մեկ տարի, ինչ նրանք ամուսնացել էին, իսկ իմ տատիկն արդեն ստիպված էր վարձակալել Տրոիլի եկամտային տներից մեկի նկուղը։ Վաճառելով ամեն կարգի մանրուք՝ սկսած անգլիական քորոցից, վերջացրած կաղամբի կողբով՝ փոքր֊ինչ փող էր ետ գցում, որովհետև Գրեգորը, չնայած որ մի կույտ փող էր ստանում իր աղացում, տուն չէր բերում նույնիսկ ամենաանհրաժեշտը, իսկ փողերը ծախսում էր հարբեցողության վրա։ Գրեգորը, որը երևի իմ նախատատին էր նմանվել, հարբեցող էր, մինչդեռ իմ Յոզեֆ պապը հազվադեպ հաճույքով խմում էր միայն մի բաժակ։ Գրեգորը վատ տրամադրությունից էր, որ խմում էր։ Նույնիսկ այն ժամանակ, երբ նրա մոտ, թվում էր, թե լավ տրամադրություն է, իսկ դա հաճախ չէր պատահում, քանի որ նա հակում ուներ դեպի մելանխոլիան, նա խմում էր ոչ թե ուրախանալու համար, այլ այն պատճառով, որ ցանկանում էր հասնել յուրաքանչյուր առարկայի էութայնը, այդ թվում՝ նաև ալկոհոլի էությանը։ Քանի դեռ Գրեգորը ողջ էր, ոչ մեկը ոչ մի անգամ չի տեսել, որ նա գիհիի թրմօղու բաժակը կիսխմել թողներ։

Մայրիկս, այդ ժամանակ կլորիկ տասնհինգամյա աղջիկ, ևս ձեռքերը ծալած չէր նստում, նա օգնում էր կրպակում, նախնական կտրոններ էր սոսնձում, կիրակի օրերին առաքում էր ապրանքները և, չնայած ոչ այնքան սահուն, սակայն հարուստ երևակայությամբ թելադրված նամակ֊հիշոցներ էր գրում պարտապաններին։ Ցավոք, ինձ մոտ չի պահպանվել այդ նամակներից ոչ մեկը։ Որքան լավ կլիներ այստեղ մեջ բերել կիսամանկական֊կիսաաղջկական այդ կոչերից մի քանիսը, որոնք գրված էին կիսաորբի կողմից, որովհետև Կոլյայչեկը դրսևորեց իրեն որպես ոչ այնքան հուսալի խորթ հայր։ Ավելին, իմ տատիկից և նրա աղջկանից մեծ ջանքեր էին պահանջվում իրենց պղնձով և փոքր քանակով արծաթով դրամարկղը, որը բաղկացած էր երկու՝ մեկը մյուսի վրա շրջած թիթեղյա ափսեներից, թաքցնելու Կոլյայչեկյան՝ մշտապես ծարավից տանջվող այդ վառոդագործի, մելանխոլիկ հայացքներից։ Միայն երբ Գրեգորը 1917 թվին մահացավ հարբուխից, նրանց եկամուտները մեծացան, թեև ոչ չափազանց շատ, որովհետև ի՞նչ կարելի էր վաճառել տասնյոթ թվին։

Մեկուկես սենյականոց բնակարանի ննջարանում, որը վառոդագործի մահից հետո դատարկ էր մնացել, որովհետև իմ մայրիկը դժոխքի տանջանքներից վախենալու պատճառով չցանկացավ այնտեղ տեղափոխվել, տեղավորվեց Յան Բրոնսկին՝ այդ ժամանակ մոտավորապես քսանամյա նրա զարմիկը, որը լքել էր հայրենի Բիսաու քաղաքը և իր հորը՝ Վինցենտին, որպեսզի Քարտհաուսի միջնակարգ դպրոցի լավ ավարտավկայականը ձեռքին՝ վերջ տալով շրջանային քաղաքի փոստում աշակերտությանը, այժմ Դանցիգի գլխավոր փոստատանն սկսի միջին դասի ծառայողի կարիերան։ Ճամպրուկից բացի Յանը իր հորաքրոջ բնակարան էր բերել նամականիշների բավականին ծավալուն իր հավաքածուն։ Նամականիշներ հավաքելը նա սկսել էր վաղ մանկական հասակից, այդ իսկ պատճառով փոստի հանդեպ ուներ ոչ միայն ծառայողական, այլև զուտ անձնական, շատ հոգատար վերաբերմունք։ Մանրակազմ, մեջքը փոքր֊ինչ կոր երիտասարդը աշխարհին էր ներկայանում հաճելի, ձվաձև, գուցե քիչ քաղցր դեմքով և երկնագույն աչքերով, մի խոսքով, լիովին բավարար, որպեսզի իմ մայրը, որի տանսյոթ տարին նոր էր լրացել, նրան սիրահարվեր։ Յանին արդեն երեք անգամ զորակոչել էին զինվորական զննման և ամեն անգամ խոտանել հիվանդության պատճառով։ Իսկ այն ժամանակներում բոլոր քիչ թե շատ բարեկազմները ուղիղ ճանապարհով ուղարկվում էին դեպի Վերդեն, որպեսզի հետո ֆրանսիական հողի վրա հավերժ հորիզոնական դիրք ընդունեն, ինչպես սահմանադրության հույժ պերճախոս լեզվով ասում էր Յան Բրոնսկին։

Սիրավեպը, անկեղծ ասած, պետք է սկսվեր արդեն նամականիշների համատեղ ուսումնասիրությունից, գլուխ գլխի տված առավել արժեքավոր նմուշների ատամիկների զննումից։ Սակայն այն սկսվեց կամ ասենք, պոռթկաց, միայն երբ Յանին կանչեցին չորրորդ զննման։ Մայրիկս ուղեկցում էր նրան, որովհետև, միևնույն է, նրան պետք էր գնալ քաղաք, և այնտեղ սպասում էր պահակակետ պահակախցիկի մոտ, որը հսկում էր պահեստները։ Յանի հետ որոշեցին, որ այս անգամ արդեն իրենք պետք է ուղևորվեն Ֆրանսիա, որպեսզի այդ երկրի երկաթով ու արճիճով հարուստ օդը բուժի Յանի թույլ կրծքավանդակը։ Հնարավոր է, որ մայրս բազմիցս վերահաշվեց աշխարհազորային համազգեստի կոճակները և ամեն անգամ՝ տարբեր արդյունքներով։ Ես միանգամայն կարող եմ պատկերացնել, որ ցանկացած համազգեստի վրա կոճակները տեղակայված են այնպես, որ թվով վերջին կոճակը խորհրդանշում է Վոգեզովի բազմաթիվ բարձրունքներից մեկը, կամ գետակը՝ Զոմեն, կամ Մարնեն։

Երբ չորրորդ անգամ զննման եկած տղան գրեթե մեկ ժամ անց դուրս թռավ շրջանային պարետատան շքամուտքից, ցած գլորվեց աստիճաններից և ընկավ Ագնեսի՝ այսինքն՝ իմ մոր, պարանոցը, նրա ականջին շշնջաց այն ժամանակ շատ տարածված ասացվածքը․ «Ոչ կաշի, ոչ մռութ, մի տարի կհետաձգենք»։ Մայրիկս առաջին անգամ գրկեց Յան Բրոնսկուն, և ես վստահ չեմ, թե նրան ապագայում ևս վիճակված էր նույնչափ երջանիկ լինել, երբ նա գրկում էր Յանին։ Ռազմական տարիների այս պատանեկան սիրո մանրամասներն ինձ հայտնի չեն։ Յանը վաճառեց իր նամականիշների հավաքածուի մի մասը, որպեսզի համապատասխանի մայրիկիս հավակնություններին, որը ցայտուն արտահայտած՝ հակում ուներ ամեն գեղեցիկի, մոդայիկի և թանկարժեքի հանդեպ, բացի այդ, նա հենց այդ ժամանակ օրագիր էր պահում, որը հետագայում դժբախտաբար կորավ։ Տատիկս, ամեն ինչից դատելով, ներողամտորեն էր վերաբերվում երիտասարդների կապին՝ դժվար չէր կռահել, որ այդ կապը դուրս էր գալիս զուտ բարեկամականի շրջանակներից, քանի որ Յան Բրոնսկին շարունակում էր կենալ Տրոիլի նեղ բնակարանում։ Նա դուրս եկավ միայն պատերազմի ավարտից քիչ անց և այն էլ այն ժամանակ, երբ արդեն հնարավոր չէր չնկատել ոմն պարոն Մացերատի գոյությունը և, հետևաբար, հարկ եղավ դա խոստովանել։ Մայրս, պետք է կարծել, վերոհիշյալ պարոնի հետ ծանոթացավ տասնութ թվի ամռանը, երբ բուժքրոջ օգնականուհի էր Օլիվայից ոչ հեռու Զիլբերհամեր լազարեթում։ Ալֆրեդ Մացերատը, որը ծնունդով Ռայնլանդից էր, պառկած էր այնտեղ ազդրի փափուկ մկանների միջացիկ վնասվածքով և, շնորհիվ իր ռայնլանդական կենսախնդության, շուտով դարձավ բոլոր քույրերի սիրելին՝ չբացառելով քույր Ագնեսին։ Նա ոլոր֊մոլոր քայլում էր միջանցքով, քույրերից որևէ մեկի թևը մտած և օգնում էր Քույրիկ Ագնեսային խոհանոցում, որովհետև չափազանց շատ էր նրա կլորիկ դեմքին սազում քույրական գլխաշորը՝ դրան գումարած այն հանգամանքը, որ նա կրքոտ կլանված էր եփել֊թափելով և կարողանում էր իր զգացմունքները ներդնել ապուրների մեջ։

Առողջանալուց հետո Ալֆրեդ Մացերատը մնաց Դանցիգում և անմիջապես աշխատանք գտավ թղթարդյունաբերության խոշոր ձեռնարկությունում՝ որպես իր ռայնյան ձեռնարկության ներկայացուցիչ։ Պատերազմը գնում էր դեպի ավարտը և, առիթ ստեղծելով ապագա պատերազմների համար, ժողովուրդը նստեց խաղաղ պայմանագրեր կազմելու, Վայքսելի[4] գետաբերանն ընդգրկող շրջանից ակասծ Ֆոգելզանգից, որը Նեհրունգ գետակի վրա է, մոտավորապես Նոգատ գետի երկայնքով մինչև Պիկելը, այնտեղ գնալով Վայքսելի հոսանքով ներքև, մինչև Չատկաու, այնուհետև ուղիղ անկյան տակ դեպի ձախ՝ մինչև Շյոնֆլիս, այնտեղ, աղեղնաձև ծռվելով Զասկոշինսկյան փշատերև անտառի շուրջ մինչև Օտոմինյան լիճը, մի կողմ թողնելով Մատերնը, Ռամքաուն և իմ տատիկի Բիսաուն և դուրս գալով դեպի Բալթիկ ծով Կլյայն֊Կացի մոտ՝ այդ շրջանը հռչակվեց Ազատ Դանցիգ քաղաք և վերաենթարկվեց Ազգերի Լիգային։ Լեհաստանը քաղաքի տարածքում ստացավ ազատ նավահանգիստ՝ Վեստերպլատեն իր զինանոցով, երկաթգծի տնօրինությամբ և Հևելիուս֊պլացի վրայի սեփական փոստատնով։

Այն ժամանակ, երբ Ազատ քաղաքի նամականիշները նամակների համար առաջարկվում էին կարմրաոսկեգույն հանզայական ճոխության գերբի վրա առևտրականի պատկերով, լեհերը նամակների վրա կպցնում էին աչքի զարնող մանուշակագույն նկարներ, որոնք պատկերում էին պատմություններ Կազիմիրի և Բատորիի մասին։

Յան Բրոնսկին ծառայության տեղափոխվեց Լեհական փոստատուն։ Նրա տեղափոխությունը հավասարապես նրա լեհական քաղաքացիությունը, անսպասելի էր դիտվում։ Որպես պատճառներից մեկը, որի դրդմամբ նա լեհական քաղաքացիություն ընդունեց, շատերը համարեցին իմ տատիկի վարքագիծը։ Քսան թվին, երբ մարշալ Պիլսուդսկին Վարշավայի տակ ջախջախեց Կարմիր բանակը, և այդ հրաշքի համար Վայքսելի վրա մարդիկ, Վինցենտ Բրոնսկու պես, շնորհակալություն էին հայտնում Կույս Մարիամին, իսկ ռազմական գործի գիտակները բոլոր ձեռքբերումները վերագրում էին գեներալ Սիկորսկուն կամ գեներալ Վեյգանդին՝ մի խոսքով այդ բուն լեհական տարեթվին իմ մայրիկը նշանվեց կայսերական գերմանացի Մացերատի հետ։ Ես ուզում եմ մտածել, որ Աննա տատիկս նույնչափ հավանություն տվեց այդ նշանդրեքին, որչափ և Յանը։ Նա աղջկան զիջեց Տրոիլի վրայի նկուղային կրպակը, որն այդ ընթացքում նշանակալի ծաղկման էր հասել, ինքը տեղափոխվեց Բիսաու, իր Վինցենտ եղբոր մոտ, կարճ ասած՝ լեհական հողերի վրա և, ինչպես մինչկոլյայչեկան ժամանակներում, իր վրա վերցրեց բակը, ճակնդեղի ու կարտոֆիլի դաշտերը, երջանկությամբ համակված իր եղբորը ընձեռելով առավել շատ ժամանակ Լեհաստանի կույս թագուհու հետ շփման ու երկխոսության համար, իսկ ինքը բավարարվեց իր չորս շրջազգեստներով այրվող տերևուքով աշնանային խարույկի մոտ նստելու և առաջվա պես հեռախոսասյուներով անդամահատված հորիզոնի ուղղությամբ նայելու հնարավորությամբ։

Միայն երբ Յան Բրոնսկին գտավ իր Հեդվիգին՝ կաշուբացի աղջկան, որը թեև քաղաքաբնակ էր, բայց Ռամքաուի տակ վարելահող ուներ և գտնելով իր կեսին՝ ամուսնացավ, Յանի և իմ մոր միջև հարաբերությունները փոքր֊ինչ լավացան։ Վոյկե սրճարանում պարահանդեդի ժամանակ, որտեղ նրանք պատահմամբ հանդիպեցին, մայրս Յանին ներկայացրեց Մացերատին։ Իրարից այդքան տարբեր, սակայն իմ մայրիկի հանդեպ վերաբերմունքով այդքան միաբան մարդիկ հավանեցին միմյանց՝ չնայած Մացերատն իր ռայնյան դիալեկտով Յանի՝ Լեհական փոստատուն տեղափոխվելը վիրավորական ձևով անվանեց հիմար երանություն։ Յանը պարում էր մայրիկիս հետ, Մացերատը՝ հաստոսկր Հեդվինի, որն օժտված էր խորհրդավոր կովային հայացքով, ինչը շրջապատին դրդում էր մշտապես նրան համարել հղի։ Նրանք դեռ շատ պարեցին միամյանց հետ ու խաչաձև և ամեն մի նոր պարի ժամանակ արդեն մտածում էին հաջորդի մասին՝ պարի ձայները լսելուն պես միմյանցից առաջ անցնելով, իսկ անգլիական վալսի ձայների ներքո իրենց ազատագրված զգալով և, ի վերջո, չարլստոնի ժամանակ իրենց նկատմամբ հավատ ձեռք բերելով, իսկ դանդաղ ֆոկստրոտի ժամանակ՝ զգացմունքայնություն, որը մոտենում էր կրոնական էքստազին։

Երբ Ալֆրեդ Մացերատը քսաներեք թվին, ― իսկ այդ թվին մեկ տուփ լուցկու գնով կարելի էր ողջ ննջասենյակը պաստառապատել, ― ամուսնացավ մայրիկիս հետ, վկաներից մեկը Յանն էր, իսկ մյուսը՝ գաղութային ապրանքների կրպակի տնօրեն Մյուլենը։ Վկա Մյուլենի մասին ես շատ բան չեմ կարող հաղորդել։ Սակայն հիշատակել նրան պետք է այն պատճառով, որ մայրիկս և Մացերատը վերագնեցին նրա՝ անպարտաճանաչ պարտապանների պատճառով սնանկացած Լանգֆուր արվարձանի կրպակը ճիշտ այն պահին, երբ մտցրին հողային տուրքը։ Կարճ ժամանակահատվածում մայրիկս, որը Տրոիլի նկուղային կրպակում յուրացրել էր ամեն տեսակի պարտքով ապրանքներ վերցնող գնորդների հետ վարվեցողության արվեստը և, դրան գումարած, բնությունից օժտված էր գործարար ջիղով, հումորի զգացումով և խոսակցության ժամանակ աշխուժությամբ, կարողացավ այն աստիճան ոտքի հանել հալիծ ընկած կրպակը, որ Մացերատը ստիպված էր թողնել թղթարդյունաբերության ճյուղում ներկայացուցչի իր տեղը և օգնել կրպակում։

Նրանք հրաշալիորեն լրացնում էին մեկը մյուսին։ Այն, ինչին հասավ մայրիկս՝ վաճառասեղանի ետևից շփվելով գնորդների հետ, ռայնլանդացուն հաջողվեց ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ շփման մեջ և մեծաքանակ ապրանք գնելիս։ Գումարեք նաև Մացերատի հակումը դեպի խոհանոցային գոգնոցը, դեպի խոհանոցի աշխատանքը, որն իր մեջ ներառում էր ամանների լվանալը, ինչը էապես հոգսաթափում էր մայրիկիս, որը նախընտրում էր արագ պատրաստվող կերակրատեսակներ։

Չնայած կրպակին կից բնակարանում նեղվածք էր և իրերով լի, եթե այն համեմատենք Տրոիլի բնակարանի հետ, որն այնուամենայնիվ ինձ հայտնի է միայն պատմածներից, բավականաչափ քաղքենիական էր, որպեսզի մայրս, համենայն դեպս ամուսնության առաջին տարիներին, բախտավորություն ունենար Լաբեսվեգում։

Բացի երկար և մի փոքր էլ կոր միջանցքից, որի մեծ մասում վեր էին խոյանում լվացքի փոշու տուփերը, գոյություն ուներ նաև ընդարձակ խոհանոց, որը, սակայն, նույնպես կիսով չափ ապրանքներով էր լցված․ պահածոյի բանկաներ, պարկով ալյուր և տուփերով վարսակի փաթիլներ։ Այդ բնակարանի հիմքը, սակայն, առաջին հարկում կազմում էր հյուրասենյակը՝ երկու պատուհաններով, որոնք նայում էին ամռանը բալթիական խխունջներով շարված փոքրիկ պարտեզին և փողոցին։ Եթե պաստառների մեջ գերակշռում էր գինեկարմիր գույնը, ապա շեզլոնգները երեսպատված էին գրեթե ծիրանագույնով։ Շարժական, կլորացված անկյուններով ճաշասեղանը, չորս սև կաշեպատ աթոռները և կլոր ծխասեղանիկը, որը պարբերաբար փոխում էր տեղը, սև ոտքերով հենվում էին խալուն։ Սև ոսկեպատ հատակին կանգնած ժամացույցը միջնորմում էր։ Սև, ծիրանագույն շեզլոնգին հպված դաշնամուրը սկզբում վերցնում էին վարձակալությամբ, սակայն աստիճանաբար ետ գնեցին, պտտվող աթոռակը դեղնասպիտակ մորթու վրա էր, դաշնամուրի դիմաց։ Սև բուֆետի՝ հղկված ապակիներով, շարժական դռները շրջանակված էին սև գոգավոր սյունիկներով, ներքևի ամանեղենը և ճաշասենյակի սպիտակեղենը թաքցնող դռները պատված էին զանգվածային֊սև մրգապատկեր հարթաքանդակով, սև թաթոտքերով, սև, փորագրված գլխադիրով, իսկ հախճապակյա, թղթե միրգ֊խաղալիքներով լի սկահակի և վիճակախաղով շահած կանաչ գավաթի միջև՝ հենց այն որմնախորշը, որը մորս ակտիվ առևտրական գործունեության շնորհիվ քիչ ժամանակ անց ամբողջապես զբաղեցրեց բաց շագանակագույն ռադիոընդունիչը։

Ննջասենյակը, որտեղ գերակշռողը դեղին երանգներն էին, պատուհաններով նայում էր չորսհարկանի վարձով տրվող տան բակին։ Եվ, խնդրում եմ, հավատացեք խոսքիս, լայն ամուսնական մահճակալի վերևի ամպհովանին նուրբ֊երկնագույն գույնի էր, որի գլխավերևում, այդ նուրբ երկնագույնի մեջտեղում, շրջանակի մեջ և ապակու տակ դրված էր քարանձավում ապաշխարող մարմնագույն Մագթաղինացին՝ իր հառաչանքները առաքելով դեպի կտավի վերին աջ անկյունը և կրծքի առաջ ձեռքերն այնպես կոտրատելով, որ ասես մատների թիվը տասից ավելի են․ համենայն դեպս ցանկություն էր առաջանում կրկին դրանք հաշվել։ Ամուսնական մահճակալի դիմացը՝ հայելապատ դռներով, սպիտակ լաքով պատած զգեստապահարանն էր, ձախից՝ զարդասեղանիկը, աջից՝ մարմարե կափարիչով կոմոդը, առաստաղից կախված է լամպ՝ մեծ, վարդագույն ճենապակյա լուսամփոփներով, այնպես որ երևում է լամպի ճառագայթող լույսը, ննջասենյակի ջահը։

Այսօր ես թմբկահարեցի օրվա ողջ երկար առաջին կեսը՝ իմ թմբուկին հարցեր տալով․ հարցնում էի, թե ինչպիսի լամպեր են եղել մեր ննջասենյակում․ քառասո՞ւն մոմանոց, թե վաթսուն։ Ես արդեն առաջին անգամը չէ, որ ինձ և իմ թմբուկին տալիս եմ այդ կարևոր հարցը։ Երբեմն ժամեր են անցնում, նախքան ես կարողանում եմ գտնել դեպի այդ լամպերը տանող ուղին։ Քանզի մի՞թե պետք չէ ամեն անգամ կանխապես մոռանալ լույսի հազարավոր ակունքների մասին, որոնք ես, հաճախելով կամ լքելով հազարավոր բնակարանները, կենդանացնում կամ քնեցնում էի համապատասխան անջատիչների օգնությամբ, որպեսզի հետո արդեն առանց սայթաքելու, թմբկահարելով գտնեի ճանապարհը անտառից դեպի Լաբեսվեգի մեր ննջարանի լուսամփոփները։

Մայրս ծննդաբերեց տանը։ Երբ սկսվեցին կծկումները, նա դեռ կանգնած էր կրպակում, շաքարավազ էր լցնում ֆունտանոց և կեսֆունտանոց կապույտ տոպրակների մեջ։ Երբ արդեն ուշ էր նրան տանել կլինիկա, հարկ եղավ վազել հարևան Գերտշտրասեում ապրող ծեր տատմոր ետևից, որը դեռևս ժամանակ առ ժամանակ ձեռքն էր վերցնում գործիքներով ճամպրուկը։ Ննջասենյակում նա օգնում էր ինձ և մայրիկիս բաժանվել։

Այսպիսով, ես առաջին անգամ տեսա լույսը երկու վաթսունվատանոց լամպերի կերպարով։ Իսկ այդ պատճառով նաև մինչ օրս աստվածաշնչյան «Եղիցի լույս, և եղավ լույս» տեքստը ինձ ներկայանում է որպես Օսրամ ձեռնարկության՝ չափից դուրս հաջողված գովազդային լոզունգ։ Եթե չհաշվենք շեքերի անխուսափելի ճեղքումը, իմ ծնունդը անցավ հարթ։ Ես առանց որևիցե դժվարության դուրս եկա գլխով առաջ՝ վիճակ, որն այդքան բարձր է գնահատվում ծննդկանների, սաղմերի և մանկաբարձուհիների կողմից։

Անմիջապես տեղյակ պահած լինելու համար ասեմ, որ ես պատկանում եմ այն դյուրընկալ մանուկների թվին, որոնց հոգևոր զարգացումը լույս աշխարհ գալու պահից ավարտվում է, իսկ հետագայում արդեն պետք է ընդամենը այն հաստատել։ Երբ սաղմնային զարգացման փուլում էի, ես ունկնդրում էի միայն ինքս ինձ և արտացոլվելով պտղին հարակից ջրերում, զգալով ինքնահարգանք, նույնքան քննադատաբար էի ունկնդրում ծնողներիս առաջին ինքնաբուխ ռեպլիկները՝ հիշատակված երկու լամպերի լույսի ներքո։ Իմ ականջը հազվագյուտ սուր լսողություն էր դրսևորում։ Թող որ այն փոքր էր, տափակեցված և կպչուն, համենայն դեպս արժանի էր «սքանչելի» անվանմանը։ Այն պահպանել էր ինձ համար այնքան կարևոր, ինչպես առաջին տպավորությունը, բոլոր արտահայտություններից յուրաքանչյուրը։ Ավելին, ականջովս ողջ ընկալածն ես անմիջապես գնահատում էի իմ փոքրիկ ուղեղով և, արժանի կերպով վերլուծելով լսածս, որոշում էի սա անպայման անել, իսկ այն անկասկած թողնել։

«Տղա է, ― ասաց այն պարոն Մացերատը, որին ես համարում էի ինձ հայր, ― ինչ֊որ ժամանակ հետո կրպակը կդառնա նրանը։ Այժմ մենք վերջապես գիտենք, թե հանուն ինչի ենք այդպես կոտորվում»։

Մայրիկս կրպակի մասին մտածում էր քիչ, իսկ շատ էր մտածում իր որդու հանդերձանքի մասին․ «Ես այդպես էլ գիտեի, որ տղա է ծնվելու չնայած, որ բազմիցս ասել եմ, թե կծնվի Մարիելա»։

Այդպես ես ժամանակից շուտ ծանոթացա կանացի հոգեբանությանը, ինչից հետո լսեցի նաև այսպիսի բառեր․ «Երբ լրանա փոքրիկ Օսկարի երեք տարին, նա մեզնից թիթեղյա թմբուկ կստանա»։

Երկար ժամանակ համեմատելով մայրական ու հայրական խոստումները, ես՝ Օսկարս, հետևում էի գիշերային թիթեռնիկին, որը պատահմամբ հայտնվել էր սենյակում։ Ոչ այնքան խոշոր, խավոտ, նա պտտվում էր զույգ վաթսունմոմանոց լամպերի շուրջ՝ նետելով ստվերներ, որոնք էապես գերազանցում էին նրա թևերի իրական չափերը։ Դրանք իրենց թրթռումով ծածկում էին ողջ սենյակը, լցնում էին այն, լայնացնում։ Սակայն ես ավելի հիշեցի ոչ այնքան լույսի ու ստվերի խաղը, որքան այն ձայնը, որն առաջանում էր թիթեռնիկի ու լամպի միջև։ Թիթեռնիկը ճթճթացնում էր, կարծես շտապում էր ազատվել իր գիտելիքից, կարծես ապագայում նրան ժամանակ չէր մնալու լույսի աղբյուրի հետ զրույցների համար, կարծես թիթեռնիկի ու լամպի միջև զրույցը բոլոր դեպքերում թիթեռնիկի վերջին խոստովանանքն էր։ Մի յուրօրինակ թողություն ստանալով, որն ի վիճակի են պարգևել միայն շիկացման լամպերը, նա այլևս երբեք արժանի չի լինի ո՛չ մեղք գործելու, ո՛չ գայթակղվելու։

Ներկայումս Օսկարը ուղղակի ասում է՝ թիթեռնիկը թմբկահարում էր։ Ես լսել եմ, թե ինչպես են թմբկահարում ճագարները և աղվեսները։ Գորտերը կարող են վատ եղանակ թմբկահարել։ Փյատփորիկի մասին բամբասում են, թե իբր թմբկահարելով՝ ճիճուներին քշում է ծառից։ Վերջիվերջո, մարդն էլ է թմբկահարում մեծ թմբուկների կամ կաթսաների վրա։ Նա խոսում է թմբկագլանով ատրճանակների, կրակոցների թմբուկային կոտորակի մասին, թմբուկի հարվածով մարդկանց ժողովում են, թմբուկի հարվածով ուղեկցում են գերեզման։ Դա անում են թմբկահարները, փոքրիկ թմբկահարները։ Կան երգահաններ, որոնք համերգներ են գրում լարային և հարվածային գործիքների համար։ Ես ինձ իրավունք կվերապահեմ ձեզ հիշեցնել նաև երեկոյան մայրամուտի մասին՝ սովորկան և հանդիսավոր, Օսկարի ձեռք բերած փորձի մասին, սակայն բոլոր թվարկածները ոչ մի դեպքում չեն կարող համեմատվել այն թմբուկային զեխության հետ, որը թիթեռնիկը սարքեց իմ ծննդյան պատվին երկու ամենապարզագույն վաթսուն վատանոց լամպերի հետ։ Հնարավոր է, որ մութ Աֆրիկայում հանդիպում են սևամորթներ, ինչպես Ամերիկայում են հանդիպում այն սևամորթները, որոնք դեռ չեն մոռացել Աֆրիկան։ Հնարավոր է այդ մարդկանց, որոնք բնությունից օժտված են ռիթմի զգացումով, տրված է նույն կերպ, ինչպես և իմ՝ կամ աֆրիկյան թիթեռնիկներին, կարգապահ և միաժամանակ թմբկահարել։ Աֆրիկական թիթեռնիկները, ինչպես հայտնի է, շատ ավելի խոշոր են ու շքեղ, քան Արևելյան Եվրոպայի թիթեռնիկները։ Ես, սակայն, պահպանում եմ միջին չափերը իմ ծննդյան ժամի գիշերային թիթեռնիկի շագանակագույն փոշու հետ և անվամում նրան «Օսկարի դաստիարակը»։

Այս ամենը տեղի էր ունենում սեպտեմբերի առաջին օրերին։ Արևը գտնվում էր Կույս նշանի տակ։ Հեռու գիշերվա միջից մոտ էր սողում ուշացած ամպրոպը՝ տեղաշարժելով արկղերն ու պահարանները։ Մերկուրին ինձ քննադատական տրամադրություն էր պարգևում։ Ուրանը դարձրեց հորինումների շատ ունակ։ Վեներան թույլ տվեց ինձ հավատալ, իր փոքրիկ հաջողությանը, իսկ Մարսը՝ իր փառասիրությանը։ Արևածագին էր մոտենում Կշեռքը, ինչը ինձ օժտում էր զգացմունքայնությամբ և դրդում դեպի չափազանցությունները։ Նեպտունը հասավ տասներորդ տանը, կյանքի կեսին և ինձ դրեց հրաշքի ու հիասթափության մեջտեղում։ Իսկ Սատուրնը, երրորդ տանը դիմակայելով Յուպիտերին, կասկածի տակ դրեց իմ գոյությունը։ Սակայն ո՞վ գխիս բերեց թիթեռնիկին, ո՞վ թույլ տվեց նրան, ինչպես և ամռան վերջի ամպրոպի դաստիարակչական որոտին, իմ մեջ հզորացնել սերը դեպի մայրիկիս խոստացած թիթեղյա թմբուկը՝ դարձնելով այդ գործիքը ինձ համար ավելի ու ավելի հարմար ու ցանկալի։

Ուշադրություն շեղելու համար, գոռալով և մանուշակագույն նորածին պատկերելով, ես որոշում ընդունեցի՝ կտրականապես մերժել իմ հոր առաջարկը, այսինքն՝ այն ամենը, ինչ կապված էր գաղութային ապրանքների կրպակի հետ։

Իմ ապագայի վերաբերյալ այս բոլոր մտորումների արդյունքում ես համոզվեցի․ մայրիկիս, ինչպես և Մացերատին, տրված չէ ընկալել իմ առարկություններն ու հետևությունները, և անհրաժեշտության դեպքում դրանց հանդեպ հարգալից վերաբերմունքը։ Միայնակ, ոչ մեկի կողմից չհասկացված Օսկարը պառկած էր լամպերի տակ և իր համար հետևություն էր անում, որ ամեն ինչ այսպես էլ կմնա այնքան ժամանակ, մինչև վաթսուն֊յոթանասուն տարի անց կցամաքեցնի լույսի բոլոր աղբյուրները և այդ իսկ պատճառով կորցրեց ապրելու ցանկությունը ավելի վաղ, քան սկսվեց նրա կյանքը լամպերի տակ․ միայն խոստացված թմբուկը այն ժամանակ ինձ խանգարեց առավել ակտիվորեն արտահայտելու սաղմի՝ գլխով ներքև, նորմալ վիճակին վերադառնալու իմ ցանկությանը։ Դրան գումարած՝ տատմերը արդեն կտրել էր իմ պորտը, այնպես որ այլևս ոչինչ հնարավոր չէր անել։

Լուսանկարչական ալբոմ

Ես գանձ եմ պահպանում։ Բոլոր այս ծանր, միմիայն օրացույցային ամսաթվերից բաղկացած երկար ու ձիգ տարիներին ես պահպանել եմ այն, թաքցրել, կրկին դուրս հանել։ Բեռնատար վագոնով ուղևորության ժամանակ ես, որպես թանկարժեք իր, սեղմել էի այն իմ կրծքին, իսկ, երբ քնում էի, Օսկարը քնում էր իր գանձի՝ լուսանկարչական ալբոմի վրա։

Ինչ պետք է անեի ես առանց ամեն ինչ պարզաբանող, բաց ու մատչելի այդ տոհնական դամբարանի։ Այն քսան էջ ունի։ Եվ ամեն մի էջի վրա մեկը մյուսի կողքին, մեկը մյուսի տակ, ուղղանկյուն, մանրակրկիտ բաշխված՝ մեկ պահպանելով համաչափությունը, մեկ հակառակը՝ խախտելով այն, սոսնձված են չորսական, վեցական, իսկ երբեմն երկուական լուսանկար։ Ալբոմի կազմը կաշեպատ է, և որքան մեծանում է նրա տարիքը, այնքան ուժեղ է գալիս կաշվի հոտը։ Կային ժամանակներ, երբ ալբոմին շատ էին վնասում քամին և վատ եղանակը։ Լուսանկարները պոկվում էին էջերից և իրենց անօգնական տեսքով ստպիպում էին ինձ փնտրլ հանգիստ ու հարմար առիթ, որպեսզի սոսնձի օգնությամբ լուսանկարին ապահովեի իր գրեթե կորցրած վաղընջական տեղը։

Կա՞, արդյոք, այս աշխարհում մի որևէ բան, մի որևէ վեպ, որն ունենար լուսանկարչական ալբոմի էպիկական ընդարձակությունը։ Մեր բարեսիրտ Արարիչը, որը ջանասեր ֆոտոսիրողի պես ամեն կիրակի լուսանկարում է մեզ վերևից, այսինքն՝ ծայրաստիճան կարճացված, բայց շատ թե քիչ հաջող լուսավորության պայմաններում, ինչից հետո լուսանկարը սոսնձում է իր ալբոմի մեջ։ Նա հատկապես կարող էր անպարկեշտության աստիճան երկար, կայուն ձեռքով ինձ անցկացնել ալբոմիս միջով՝ հող չստեղծելով Օսկարի՝ ամեն կարգի լաբիրինթոսների հանդեպ հակման համար, իսկ ես իմ կողմից կգերադասեի առկա լուսանկարները մատակարարել բնօրինակով։

Զուգահեռաբար նկատենք, որ այդտեղ հանդիպում են տարատեսակ համազգեստներ, փոխվում են նորաձևություններն ու սանրվածքները, մայրիկս դառնում է ավելի գեր, Յանը՝ առավել հյուծված, մի տեղ կարելի է միայն գուշակել, թե ով է արել լուսանկարը, այնուհետև ամեն ինչ այլասերվում է ու վեր ածվում մեր օրերի կենցաղային նկարի։ Վերցնենք թեկուզ իմ Կոլյայչեկ պապիկի այն հուշարձանը և իմ ընկեր Կլեփի այն անձնագրային լուսանկարը։ Եթե նույնիսկ կողք կողքի դրվի պապիկիս կանաչ գույնով ռետուշավորված դիմանկարը և հարթ կնիքի սպասող Կլեփի լուսանկարը, անմիջապես պարզ կդառնա, թե ուր է մեզ հասցրել լուսանկարչական ոլորտի առաջընթացը՝ մասնավորապես րոպեական լուսանկարչության բոլոր այդ աճապարությունները։ Ընդ որում ես ինձ պիտի շատ հանդիմանեմ, քանի դա անում են Կլեփի հետ, քանզի ալբոմի տիրոջ իրավունքով ես պարտավոր էի հոգ տանել ալբոմի մակարդակի պահպանման համար։ Եթե մի հրաշալի օր մեր առջև բացվի դժոխքի երախը, ապա ամենանրբաճաշակ տանջանքներից մեկը այպիսի տեսք կունենա՝ մերկ մարդուն բանտարկում են իր լուսանկարների հետ միմիևնույն տեղում։ Արագորեն մի քիչ պաթոս ավելացնենք։ «Օ՜, դու, մարդ՝ ընկած րոպեական լուսանկարների, շտապ լուսանկարների, անձնագրի համար դիմանկարների միջև։ Օ՜, մարդ, որ լուսավորված ես փայլատակող լամպով, մարդ, որ ուղղվել ես Պիզայի ծուռ աշտարակի առջև, մարդ՝ լուսանկարչական արվեստանոցի խցից, ով պետք է լույսին ուղղի իր ականջը, որպեսզի լուսանկարը պիտանի լինի անձնագրի համար»։ Իսկ հիմա դեն նետենք պատոսը․ հնարավոր է, որ այդ դժոխքը լինի միանգամայն տանելի, քանզի ամենագարշելի լուսանկարները գոյություն ունեն միայն երևակայության մեջ, և երբեք չեն նկարահանվել կամ, եթե նույնիսկ նկարահանվել են, ապա չեն երևակվել։

Կլեփը և ես՝ մենք երկուսս Յուլիխերշտրասեում մեր վաղ օրերին երբ, սպագետի ուտելով, սկսեցինք ընկերություն անել, ոչ միայն թույլ էինք տալիս մեզ լուսանկարել, այլև թույլ էինք տալիս երևակել։ Այդ ժամանակներում ես ճամբորդության ծրագրեր էի մշակում։ Այլ խոսքերով, ես այնքան էի ձանձրանում, որ մտադրվեցի ճամբորդություն կատարել, իսկ այդ նպատակի համար պիտի անձնագիր պատվիրեի։ Սակայն, քանի որ ինձ, միևնույն է, փողը չէր բավականանցնի Հռոմ, Նեապոլ կամ, վատագույն դեպքում Փարիզ կատարելիք լիարժեք ճամբորդության համար, ես ակամա ուրախացա կանխիկ գումարի բացակայության համար, քանզի չկա ավելի տխուր բան, քան նման ճնշված տրամադրությամբ մեկնելը։ Իսկ քանի որ մյուս կողմից մեր եկրուսի մոտ փողը բավարար էր կինո գնալու համար, մենք Կլեփի հետ սկսեցինք այցելել կինոթատրոններ, որտեղ, հաշվի առնելով Կլեփի ճաշակը, դիտում էինք վեսթերններ, իսկ հետևելով իմ կարիքներին՝ ֆիլմեր, որոնցում արցունքներ էր թափում Մարիա Շելլը՝ գթության քույրը, իսկ Բորշեն, որպես գկխավոր բժիշկ, բարդ վիրահատությունը նոր ավարտած՝ պատշգամբի դռան մոտ նվագում էր Բեթհավենի սոնատները և պատասխանատվության զգացում էր դրսևորում։ Մենք շատ էինք տառապում այն բանից, որ սեանսը տևում էր ընդամենը երկու ժամ, քանզի որոշ ծրագրեր լիովին կարելի էր երկու անգամ դիտել։ Հաճախ ավարտից հետո մենք վեր էինք կենում և գնում ուղիղ դեպի դրամարկղ, որպեսզի կրկին տոմս վերցնենք նույն այդ ցուցադրության համար։ Սակայն, երբ դահլիճից դուրս գալով՝ մենք դրամարկղի դիմաց հերթ էինք տեսնում, երբեմն մեծ, երբեմն ավելի փոքր, մեր մեջ անմիջապես անհետանում էր ցանկությունը։ Մենք չափից դուրս անհարմար էինք զգում ոչ միայն տոմսավաճառից, այլև բացահայտ անամոթությամբ մեր տեսքերն ուսումնասիրող բոլորովին անծանոթ տիպերից, որպեսզի ռիսկի դիմենինք և ավելացնեինք պատուհանիկի դիմացի հերթը։

Ահա թե ինչու մենք գրեթե ամեն մի սեանսից հետո գնում էինք Կոմս Ադոլֆի հրապարակից ոչ հեռու գտնվող լուսանկարչական արվեստանոց, որպեսզի անձնագրի համար լուսանկար պատվիրենք։ Մեզ այնտեղ արդեն գիտեին, ժպտում էին, երբ մտնում էինք ներս, հնազանդորեն խնդրում էին նստել․ մենք հաճախորդներ էինք, ինչը նշանակում է, որ հարգանք էինք վայելում։ Եվ խցիկը հազիվ ազատված՝ մեզ հերթով այնտեղ էր հրում օրիորդը, որի մասին ես միայն հիշում եմ այն, որ նա հաճելի արտաքին ուներ։ Նախ և առաջ նա ուղղում էր և մի քանի շարժումներով կարգի բերում ինձ, հետո Կլեփին, կարգադրում էր նայել որոշակի կետի՝ մինչև լուսային փայլատակումները և դրանց հետ կապված զանգը տեղեկացնեն, որ մենք իրար ետևից վեց անգամ պատկերվել էինք երիզի վրա։

Հենց նոր լուսանկարված շրթունքների արանքում դեռ թեթև թմրածություն զգալով, մեզ, նույն օրիորդի ուղեկցությամբ, նստեցնում էին հյուսված հարմարավետ բազկաթոռների մեջ, իսկ շատ հաճելի հագնված օրիորդը մեզ սիրալիր խնդրում էր հինգ րոպե սպսասել։ Մենք սիրով համաձայնում էինք սպասել։ Վերջիվերջո սպասելու բան ունեինք․ անձնագրի համար լուսանկարները, որոնք մեզ մոտ կենդանի հետաքրքրություն առաջ բերեցին։ Ամենաշատը յոթ րոպե անց նույնքան հաճելի, իսկ մնացածում դժվար նկարագրելի օրիորդը մեզ մեկնեց երկու ծրարիկ, և մենք վճարեցինք դրանց համար։

Օ՜, այդ հրճվանքի զգացումը Կլեփի փոքր֊ինչ չռված աչքերում․․․ Ծրարիկը նոր վերցված՝ մենք միաժամանակ առիթ էինք ստանում ուղղվելու դեպի մոտակա գարեջրատուն, քանի որ ոչ ոք չէր ցանկանա սեփական լուսանկարները ուսումնասիրել աղմկոտ ու փոշոտ փողոցի մեջտեղում՝ խանգարելով հետիոտների անցուդարձին։ Եվ նույն կերպ, ինչպես մենք պահպանում էինք մեկ և նույն լուսանկարչական արվեստանոցի հանդեպ հավատարմությունը, մշտապես այցելում էինք մեկ և նույն Ֆրիդրիխշտասեի գարեջրատունը։ Պատվիրում էինք գարեջուր, սոխով և սև հացով արյունոտ երշիկ։ Մինչ պատվեր բերելը շարում էինք մի քիչ խոնավ լուսանկարները ողջ սեղանի շրջանագծով մեկ և առանց ուշացման մատուցված երշիկից ու գարեջրից հետո խորանում սեփական դեմքի լարված արտահայտության մեջ։

Ընդհանրապես մենք մեզ մոտ մշտապես ունենում էինք լուսանկարներ, որոնք արված էին լինում վերջին կինոարշավի կապակցությամբ և դրանով իսկ համեմատելու հնարավորություն էինք ստանում։ Իսկ այնտեղ, որտեղ կա հաեմատության հնարավորություն, կա նաև երկրորդ, երրորդ, չորրորդ, գարեջրով գավաթը պատվիրելու օրինական իրավունք, որպեսզի զվարճանաս կամ, ինչպես ասում են ռայնլանդացիները, տրամադրության գաս։ Սակայն դրանից ամենևին էլ չի բխում, թե թախծոտ մարդը սեփական անձնագրի համար լուսանկարի օգնությամբ կարող է թախիծը դարձնել անառարկայական, քանզի իրական թախիծը արդեն ինքնըստինքյան անառարկայական է, համենայն դեպս՝ իմը։ Կլեփի թախծի համար չէր գտնվում մի շատ թե քիչ ընկալելի բացատրություն, և իր, այսպես ասած, առույգ և ուրախ անառարկայականությամբ այն ոչնչով չթուլացնող ուժ էր ներկայանում։ Եթե նույնիսկ սեփական թախծի հետ հարմարվելու հնարավորություն կար, ապա միայն լուսանկարների օգնությամբ, քանի որ սերիական պատրաստվող րոպեական նկարներում մենք մեզ տեսնում էինք ոչ այնքան պարզորոշ, ավելի շուտ՝ պասիվ և չեզոքացված։ Մենք կարող էինք մեզ վերաբերվել այնպես, ինչպես կամենայինք․ միաժամանակ խմել գարեջուր, տանջել արյունոտ երշիկը, գալ տրամադրության և խաղալ։ Մենք պատռում էինք լուսանկարները, դարսում դրանք, կտրում մկրատով, ինչը մշտապես պահում էինք մեզ մոտ այդ նպատակի համար։ Մենք համատեղում էինք ավելի մեծ ու փոքր պատկերները, մեզ դարձնում միաչքանի, երեքաչքանի, ականջների փոխարեն կպցնում էինք քթեր, լռում էինք կամ գուշակություն անում աջ ականջով և դունչներս փոխարինում էինք ճակատով։ Նման մոնտաժը կատարվում էր ոչ միայն սեփական դիմանկարի հիմքի վրա․ Կլեփը հաճախ էր փոխ առնում իմ մոտի դետալները իր դեմքի համար, ես բնորոշիչը վերցնում էի նրա մոտից․ մեզ հաջողվում էր ստեղծել նոր և, ինչպես մենք էինք կարծում, առավել երջանիկ արարածներ, ժամանակ առ ժամանակ մենք մեկնումեկին նվիրում էինք մի լուսանկար։

Մեզ մոտ, ես սահմանափակվում եմ ինձանով ու Կլեփով, իսկ մոնտաժված կերպարանքները թողնում եմ մի կողմ, մեզ մոտ սովորություն դարձավ ամեն այցելության ժամանակ, իսկ այդ գարեջրատունը մեզ տեսնում էր ոչ պակաս, քան շաբաթը մեկ, նվիրել մատուցողին, որին մենք Ռուդի էինք անվանում, մեկակական լուսանկար։ Ռուդին մի մարդ էր, որն արժանի էր ունենալու տասներկու սեփական երեխա և խնամել ևս ութին։ Նա մտնում էր մեր դրության մեջ և, ունենալով արդեն տասներկու կիսադեմ լուսանկար, իսկ դրանից ավելի՝ դիմահայաց, այնուհանդերձ ամեն անգամ, երբ երկար քննարկումներից և լարված փնտրտուքներից մենք նրան էինք հանձնում հերթական լուսանկարը՝ դեմքին կարեկցանք պատկերելով շնորհակալություն էր հայտնում։

Բուֆետապանուհուն և գոտիով ամրացված սիգարետներով լի մատուցարանով շեկ մազերով աղջկան Օսկարը իր լուսանկարներից ոչ մեկը չէր նվիրել․ կանանց չի կարելի լուսանկարներ նվիրել, նրանք քո նվերը օգտագործում են չար նպատակով։ Այնինչ Կլեփը, որն իր ողջ ազատ պահվածքով հանդերձ կանանց հետ հարաբերություններում երբեք չէր կարողանում ժամանակին կանգ առնել, հաղորդասեր էր խելագարության աստիճան և պատրաստ էր հանուն յուրաքանչյուր կնոջ փոխել վերնաշապիկը։ Մի գեղեցիկ օր նա, առանց ինձ տեղեկացնելու, սիգարետ վաճառող աղջկան նվիրեց իր լուսանկարը, քանզի նշանվել էր այդ տաքարյուն փսլնքոտի հետ, իսկ ավելի ուշ նույնիսկ ամուսնացավ նրա հետ, որպեսզի նրա մոտից հետ վերցնի իր լուսանկարը։

Սակայն ես առաջ ընկա և չափից ավելի խոսքեր նվիրեցի ալբոմի վերջին էջերին։ Տխմար րոպեական լուսանկարները նման ուշադրության արժանի են միայն որպես համեստության առարկա և կոչված են ավելորդ անգամ ցույց տալու, թե որքան մեծ ու անհասանելի, գեղարվեստական իմաստով որքան բարձր է մինչ օրս ինձ ներկայանում ալբոմի առաջին էջում գտնվող իմ պապիկի՝ Կոլյայչեկի դիմանկարը։

Կարճլիկ և լայն՝ նա կանգնած է ձևավոր սեղանիկի կողքին։ Դժբախտաբար, նա նկարվել էր ոչ թե հրձիգ, այլ որպես Վրանկա անունով ինքնակամ հրշեջ դրուժինայի անդամ և, հետևաբար, բեղեր չունի՝ չնայած փրկության համար շքանշանով ճարպկորեն հարմարեցված հրշեջ համազգեստը և սաղավարտը, որոնք սեղանիկը վեր են ածում զոհասեղանի, որոշ չափով փոխարինում են հրձիգի բեղերին։ Կանխատեսելով դարերի սահմանագծի ապագա ողբերը՝ որքան լուրջ է նա կարողանում նայել լուսախցիկին։ Այս հպարտ հայացքը հավանաբար շատ սիրված ու տարածված էր երկրորդ կայսրության ժամանակաշրջանում, չնայած ողջ ողբերգականությանը, պատահական չէ, որ մենք այն տեսնում ենք նաև Գրեգոր Կոլյայչեկի՝ վառոդի ջրաղացի հարբեցողի մոտ, որը լուսանկարում լիովին սթափ տեսք ունի։ Ավելի շատ միստիկ, քանզի լուսանկարել էին Չենստոհայում, ապարատը Վինցենտ Բրոնսկուն պատկերել է այրվող մոմը ձեռքերի մեջ։ Պատանի և հիվանդոտ Յան Բրոնսկուն, անկասկած, կարելի է վերագրել լուսանկարչության սկզբնական շրջանի միջոցներով ձեռք բերած մելանխոլիկ հասունություն։

Նման հայացքը համապատսխան կեցվածքով հանդերձ այն ժամանակվա կանանց տրվում էր ավելի հազվադեպ։ Նույնիսկ իմ Աննա տատիկը, դե իսկ նա, տեսնում է Աստված, անհատականություն էր, Առաջի համաշխարհային պատերազմի սկզբին մոտ լուսանկարներում զարդարում է իրեն հիմարավուն և անբնական ժպիտով ու ոչ մի պատկերացում չի տալիս իր չորս՝ մեկը մյուսի վրա ընկնող շրջազգեստների լայնության մասին։

Անգամ պատերազմի տարիներին էին նրանք ժպտում լուսանկարչին, որը դես ու դեն շարժվելով՝ պարում էր իր սև գլխաշորի տակ։ Ես ունեմ նաև երկու փոստային բացիկների չափով ամուր ստվարաթղթի վրա քսաներեք փոխվորած գթության քույրեր (նրանց մեջ՝ իմ մայրը) որպես Զիլբերհամմեր հոսպիտալի օժանդակ անձնակազմ, որտեղ բոլորը սեղմված են որպես հուսալի հենարան դիտվող շտաբսբուժակի շուրջ։ Դիմակահանդեսի ներկայացման տեսարանում, որում հանդես են գալիս նաև գրեթե առողջացած իր հիվանդները, փոքր֊ինչ ավելի անբռնազբոս են իրենց պահում հոսպիտալային տիկինները։ Մայրիկս իրեն թույլ է տալիս կկոցել աչքերը և դուրս ցցել շուրթերը, ինչպես համբյուրի համար, ինչը, չնայած մորս հրեշտակային թևերին և մետաքսաթել֊ոսկեգույն մազերին, պետք է նշանակի՝ հրեշտակները ևս ունեն սեռ։ Նրա դիմաց ծնկների վրա կանգնած Մացերատը ընտրել է կոստյում, որը մեծագույն հաճույքով կդարձներ իր ամենօրյան․ օսլայված թասակը գլխին՝ նա թափահարում է քափքաշը։ Մինչդեռ համազգեստով, երկրորդ աստիճանի երկաթյա խաչով՝ նա Կոլյայչեկի և զույգ Բրոնսկիների նման ողբերգական ինքնագիտակցությամբ նայում է իր դիմաց և բոլոր լուսանկարներում գերազանցում է կանանց։

Պատերազմից հետո այլ դեմքեր են մոդայիկ դառնում։ Խցիկին նայող տղամարդիկ զարդակաղապարված տեսք ունեն, այժմ արդեն հատկապես կանայք են կարողանում նկարի վրա իրենց մատուցել, նրանք լրջորեն օբյեկտիվին նայելու պատճառ ունեն, հենց նրանք են, որ նույնիսկ ժպտալով ունակ չեն դեն նետելու զգացած ցավի կնիքը։ Այն նրանց շատ էր սազում, քսանական թվերի կանանց վիշտը։ Մի՞թե նրանք, նստած, կանգնած, քունքերին ոլորված սև մազերով, կիսապառկած, չեն կարողանա ներդաշնակություն գտնել Տիրամոր և մարնավաճառ կնոջ միջև։

Իմ քսաներեքամյա մոր լուսանկարը, որը հավանաբար արվել է մինչև նրա հղիությունը, մեզ ցույց է տալիս երիտասարդ կնոջ, որը թեթևակի խոնարհում է կլոր, հարթ վզի վրա հենված, կանոնավոր գլուխը, սակայն նայում է ուղիղ հնարավոր հանդիսատեսի վրա, ինչը մեղմացնում է թիմագծերի զգացմունքայնությունը արդեն հիշատակված վշտաբեկ ժպիտով և ավելի շուտ մոխրագույն, քան կապույտ զույգ աչքերով, որոնք ամեն ինչից դատելով, սովոր են դիտահայել մարդկանց և իր սեփական սիրտը, ինչպես զննում են որոշակի կոշտ առարկան, ասենք՝ սուրճի գավաթը կամ սիգարետի ծայրը։ «Ներթափանցող բառը, եթե ես ցանկանամ մորս հայացքը նկարագրել համապտասխան ածականով, դժվար թե բավարար լինի։

Ոչ առավել հետաքրքրիր, սակայն առավել մատչելի են գնահատման համար և այդ իսկ պատճառով առավել ուսուցողական են այդ տարիների խմբակային լուսանկարները։ Ուղղակի ապշում ես, թե որչափ ավելի գեղեցիկ ու նորամուսնական տեսք ունեին հարսանեկան զգեստները, երբ ստորագրվեց Ռապպալոյի համաձայնագիրը։ Հարսանեկան լուսանկարի մեջ Մացերատը ունի կոշտ օձիգ, լավ, պճնագեղ, գրեթե մտավորականի տեսք։ Աջ ոտքը դրված է առաջ, հնարավոր է, որ դա իր ժամանակի հայտնի դերասաններից ինչ֊որ մեկին, օրինակ՝ Հարրի Լիդկեին, նմանվելու ցանկությունից է։ Այն ժամանակ կարճ շրջազգեստներ էին կրում։ Իմ պսակվող մայրիկի պսակազգեստը՝ սպիտակ, հազար մանրածալվածքներով կիսաշրջազգեստը, հազիվ է ծնկներին հասնում՝ բացելով նրա սլացիկ ոտքերը և սպիտակ կոշիկների միջի նրբագեղ կրունկները։ Մնացած լուսանկարների մեջ հավաքվել են բոլոր հարսանեկան հյուրերը։ Հագնավածների ու քաղաքաբնակի դիրք ընդունածների մեջ է իմ Աննա տատիկը, իսկ նրա՝ Աստծո ողորմածությամբ տուժած եղբայր Վինցենտը անփոփոխ կերպով առանձնանում է իր գավառական խստությամբ և հավատ ներշնչող շփոթվածությամբ։ Յան Բրոնսկին, որն իմ տատիկի պես ծնունդով այն նույն կարտոֆիլի դաշտից է, ինչպես և նրա հորաքույր Աննան, և նրա՝ Երկնային Կույսին հավատարիմ հայրը, կարողնաում է թաքցնել իր գյուղական, կաշունինյան ծագումը Լեհական փոստատան քարտուղարի թափանցիկ պճնագեղության տակ։ Թեև նա փոքրիկ ու փխրուն տեսք ունի՝ կանգնած է տեղ զբաղեցնող հաղթանդամների կողքին։ Նրա անսովոր աչքերը, նրա դեմքի գրեթե կանացի համաչափությունը, նույնիսկ երբ նա կանգնում է վերջում, դառնում են ցանկացած լուսանկարի կենտրոնը։

Արդեն երկար ժամանակ է, ինչ ես զննում եմ որոշակի մի խումբ, որը լուսանկարվել է հարսանիքից քիչ ժամանակ անց։ Ես պետք է ձեռքս վերցնեմ թմբուկը և, փայլատակող շագանակագույն քառանկյանը նայելով, փորձեմ լաքապատ թիթեղի վրա փայտիկների դյութանքներով կենդանացնել ստվարաթղթի վրայի եռաստղայնությունը։

Այս լուսանկարը կատարելու հնարավորությունը ընձեռվել է Մագդեբուրգ և Հերեսանգեր փողոցների անկյունում լեհ ուսանողների հանրակացարանի մոտ՝ այլ խոսքերով, Բրոնսկիների ընտանիքի բնակարանում, քանզի այն ցուցադրում է արևով լի, կիսով չափ փակ այն մոդելի պատշգամբը, որպիսիք շինարարները սիրում էին ծեփակերտել լեհական գյուղարվարձանների բնակարանների վրա։ Մայրիկս նստած է, Մացերատը և Յան Բրոնսկին կանգնած են։ Սակայն հետաքրքիր է նայել, թե ինչպես է նա նստած և ինչպես են նրանք կանգնած։ Կար ժամանակ, երբ ես միամտորեն փորձում էի կարկինի, որը գնելու համար Բրունոյին կրպակ էի ուղարկում, քանոնի ու անկյունաչափի օգնությամբ չափել այդ եռապետության մեջ ուժերի տեղաբաշխումը․ այո, այո, եռապետության մեջ, քանզի մայրս լիովին փոխարինում էր տղամարդուն։ Վզի խոնարհման անկյունը անհավասար եռանկյունի է, որը բերեց զուգահեռների տեղաշարժման, իրար արհեստական համապասխանացմանը, կարկինի այնպիսի շրջապտույտների, որոնք ճակատագրաբար հանդիպում են արդեն եռանկյունու սահմաններից դուրս, այսինքն՝ սիսեռի կանաչ տնկիների ֆոնի վրա՝ գոյացնելով հատման կետ, իսկ ես էլ հենց փնտրում էի կետը՝ հավատով լցված կետի հանդեպ, հենակետերի հանդեպ ձգտմամբ, դեպի ելակետերը և կամ ընդհանրապես տեսակետները։

Այդ դիլետանտական չափումները չհանգեցրին ոչ մի բանի, բացի հազիվ նշմարելի և միաժամանակ զայրացնող անցքերի, որոնք թողեց կարկինը նման անձի լուսանկարի կարևորագույն տեղերի վրա։ Ի՞նչ առանձնահատուկ բան կա այդ լուսանկարի մեջ։ Ի՞նչը դրդեց ինձ փնտրել մաթեմատիկական և ավելին՝ տիեզերական զուգորդությունները, ոչ միայն փնտրել, այլև գտնել, եթե կուզեք իմանալ։ Երեք մարդ, նստած կինը, երկու կանգնած տղամարդիկ։ Նա ունի հարդարված սև մազեր։ Մացերատը՝ բաց գույնի, գանգուր մազեր, իսկ Յանի շագանակագույն խարտյաշ մազերը հարթ սանրված են դեպի ետ։ Երեքն էլ ժպտում են։ Մացերատը ավելի շատ, քան Յան Բրոնսկին, երկուսը միասին բացում են վերևի ատամները հինգ անգամ ավելի շատ, քան մայրս, որի մոտ միայն բերանի անկյուններում ծպտված ժպիտի ստվերն է, իսկ աչքերում ժպիտի հետքն էլ չկա։ Մացերատը ձախ ձեռքը իջեցրել է մայրիկիս աջ ուսի վրա։ Իսկ Յանը բավարարվում է աջ ձեռքը աթոռի թիկնակի վրա դնելով։ Նա, ամբողջապես ուղիղ նստած, ծնկները թեքել է աջ, ծնկների վրա պահում է ինչ֊որ տետր, որը ես երկար ժամանակ ընդունում էի Յանի նամականիշների ալբոմի տեղը, ավելի ուշ՝ որպես մոդայի ամսագիր, ի վերջո, սիգարետի տուփերի վրայից հանված նշանավոր դերասանների դիմանկարների հավաքածու։ Մայրիկիս ձեռքերն այնպիսի ձև էին ընդունել, կարծես որոշել էին թերթել էջը, հենց որ պատկերը հայտնվի լուսանկարչական երիզի վրա և նկարահանումը ավարտվի։ Բոլոր երեքը միանգամայն երջանիկ տեսք ունեն՝ սատարելով մեկը մյուսին, որպեսզի անխոցելի լինեն անսպասելիությունների ժամանակ, որոնք կարող են ծագել, եթե եռամիության անդամներից որևէ մեկը ծրագրի սեփական գաղտնիքները կամ արդեն ամենասկզբից թաքցնում է դրանք։ Լինելով մինյանց հետ կապված, նրանք չեն կարող ապրել առանց չորրորդ մասնակցի, հատկապես՝ առանց Յանի կնոջ՝ Հեդվիգ Բրոնսկու, ծնված Լեկմե, որն այդ ժամանակահատվածում արդեն, հնարավոր է, որ սպասում էր ավելի ուշ ծնված Շտեֆանին։ Չեն կարող այն իմաստով, որ նա պետք է իրենց կողմը ուղղի ֆոտոխցիկը՝ դրանով նրանց ուղղի դեպի երջանկությունը, որպեսզի այդ եռակի երջանկությունը պահպանվի ծայրահեղ դեպքում լուսանկարի միջոցով։

Ես ալբոմից դուրս էի բերում նաև այլ քառանկյունիներ և դրանք դնում այս մեկի կողքին։ Լուսանկարներ, որոնց վրա կարելի է ճանաչել մեկ մայրիկիս՝ Մացերատի հետ, մեկ մայրիկիս՝ Յան Բրոնսկու հետ։ Սակայն լուսանկարներից ոչ մեկի վրա այդքան պարզորոշ չի կարդացվում այն միակ անխուսափելի որոշումը, ինչպես այս «պատշգամբային» լուսանկարում։ Յանը և մայրս նույն պատկերում․ այստեղ ողբերգականի, ոսկեխուզության, ծայրահեղության հոտ է փչում, որը վեր է ածվում գերհագեցման, հանգեցնում ծայրահեղության։ Մացերատը մայրիկիս կողքին՝ այստեղ կաթիլ առ կաթիլ հոսում է կիրակիների հնարավորությունը, որտեղ ճտճտում է վիեննական շնիցելը, այստեղ կա մի քիչ փնթփնթոց նախքան ճաշելը, այստեղ կա մի քիչ հետճաշյա հորանջ, այստեղ կա քնելուց առաջ մեկը մյուսին անեկդոտ պատմելու կամ հայտարարագրի մասին հիշեցման անհրաժեշտություն, որպեսզի ամուսնությունը հոգևոր հիմք ձեռք բերի։ Եվ, այնուհանդերձ, ես լուսանկարի վրա պատկերված ձանձրույթը գերադասում եմ առավել ուշ տարիների զզվելի րոպեական լուսանկարից, որը պատկերել է մորս Ֆրոնդենթալից ոչ հեռու Օլիվյան անտառի ֆոնի վրա Յան Բրոնսկու ծնկներին նստած։ Սա անպարկեշտություն է՝ Յանը ձեռքը մտցրել է մորս հագուստի տակ՝ արտահայտում է միայն խելահեղ կիրքը դժբախտ կնոջ, որը Մացերատի հետ ամուսնության առաջին իսկ օրվանից անհավատարիմ զույգ էր դարձել, որի համար էլ, ինչպես ես եմ ենթադրում, Մացերատը հանդես էր գալիս անտարբեր լուսանկարչի դերում։ Չկա նույնիսկ հետքը այն հանգստության, այն գիտակցության զգույշ ժեստերի, որոնք մենք տեսնում ենք «պատշգամբային» լուսանկարի վրա և որոնք, հավանաբար, հնարավոր են միայն այն ժամանակ, երբ երկու տղամարդ կանգնած են մայրիկիս ետևում, նրա կողքին կամ պառկած են նրա ոտքերի մոտ, ինչպես Հոյբուդի ծովափին՝ տե՛ս լուսանկարը։

Կա ևս մի քառանկյունի, որն ինձ ցույց է տալիս իմ առաջին տարիների երեք ամենագլխավոր մարդկանց, որոնք կազմում են եռանկյունի։ Թող որ այստեղ չի հաջողվել հասնել խտացման այն աստիճանին, ինչ «պատշգամբային» լուսանկարի վրա, այն այնուհանդերձ ճառագայթում է նույն այն լարվածությամբ հղի հաշտությունը, որը, թերևս, չի կարելի կնքել կամ ստորագրել այլ կերպ, քան երեք մասնակիցների միջև։ Կարելի է որքան ասես հայհոյել սիրված թատերական եռանկյունու թեմայի առթիվ, սակայն եթե բեմի վրա երկու մարդ են, ապա ինչ կհրամայեք նրանց անել, քան մեռնելու աստիճան բանավիճել կամ գաղտնի երազել երրորդի մասին։ Եվ այսպես, իմ նկարի վրա նրանք երեքն են։ Նրանք զբաղված են սկատ թղթախաղով։ Ավելի ճիշտ ասած, նրանք բռնել են իրենց խաղաթղթերը, ինչպես լավ ընտրված հովհարներ, սակայն նայում են ոչ թե իրենց հաղթաթղթին, ինչպես կարգն է, որպեսզի նշանակեն խաղը, այլ օբյեկտիվին։ Յանի ձեռքը, եթե չհաշվենք վեր գցած ցուցամատը, հարթ դրված է սեղանի վրա, մանրադրամի կողքին։ Մացերատը եղունգները խրել է սփռոցի մեջ։ Մայրիկը իրեն թույլ է տալիս անել փոքր և, ինչպես ես եմ կարծում, լիովին հաջող կատակ․ նա կիսով չափ բացել է խաղաթղթերից մեկը և ցույց տվել լուսանկարչին, սակայն այնպես, որ մյուս խաղացողները չեն կարող այն տեսնել։ Պարզվում է, որքան հեշտ է մեկ ժեստով, միմիայն կիսաբացված «սրտի դամայով» վերականգնել հին խորհրդավոր խորհրդանիշը․ մեզնից ո՞վ չի երդվել իր սրտի դամային։ Սկատը, իսկ այն, ինչպես հայտնի է, կարելի է խաղալ միայն երեքով, մայրիկիս և նրա երկու խաղընկերների համար կլիներ ամենահարմար խաղը, ինչպես և ապաստանը, հենց այն խաղաղ նավահանգիստը, որում նրանք թաքնվում էին ամեն անգամ, երբ կյանքը նրանց գայթակղում էր ի վերջո զույգ ստեղծել, միևնույն է, թե ինչպիսի զուգակցումով, և խաղալ «վաթսունվեց» կամ «հարբեցող» տիպի հիմար խաղեր։ Սակայն այժմ թողնենք այն երեքին, որոնք ինձ լույս աշխարհ են բերել, չնայած նրանց մոտ այնպես էլ ամեն ինչ կար բավարար քանակով։ Նախքան անձամբ ինձ անցնելը, մի քանի խոսք Գրեթխեն Շեֆլերի՝ մայրիկի ընկերուհու մասին և նրա հացթուխի՝ Ալեքսնդր Շեֆլերի մասին, որը նաև նրա օրինական ամուսինն է։ Նա ճաղատ է, նրա կինը ծիծաղելիս ցուցադրում է իր ձիու ծնոտը, որը բաղկացած է առավելապես ոսկե ատամներից։ Նա կարճոտն է և աթոռի վրա նստած, երբեք ոտքերը գորգին չեն հասնում։ Կինը հագնում է իե ձեռքով գործած շրջազգեստներ, որոնց վրա միշտ չափից դուրս շատ նախշ կա։ Ավելի ուշ զույգ Շեֆլերների լուսանկարները՝ հյուսված բազկաթոռների մեջ կամ «Ուժ՝ սթափության միջոցով» միությանը պատկանող «Վիլհելմ Գուստոլֆ» շոգենավի փրկարար նավակների ֆոնի վրա, կամ Արևելյան Պրուսիայի ծովային նավագնացությանը պատկանող «Թաննենբերգ» զբոսանավի տախտակամածի վրա։ Ամեն տարի նրանք շոգենավով ճամբորդություն էին կատարում և Փիլաուից, Նորվեգիայից, Ազորյան կղզիներից, Իտալիայից տուն և Կլայնհամմերվեգ էին բերում խնամքով պահպանված հուշանվերներ, որտեղ նա բլիթներ էր թխում, իսկ կինը բարձի երեսները ասեղնագործում էր «մկների ատամիկներ» կոչվող նախշերով։ Երբ Ալեքսանդր Շեֆլերը լուռ էր, նա անդադար լեզվի ծայրով խոնավացնում էր վերին շրթունքը, իսկ Մացերատի ընկեր Գրեֆը, որն ապրում էր մեր տնից առիշեղ, դատապարտում էր նման պահվածքը՝ համարելով այն անպարկեշտություն։ Չնայած Գրեֆը ամուսնացած էր, նա ավելի շուտ սկաուտների առաջնորդ էր, քան ամուսին։ Լուսանկարը ցուցադրում է նրան՝ լայնաթիկունք, արևահարված, առողջ մարդուն, կարճ շալվարով համազգեստը հագին, ժապավեններով, ինչպես պատշաճ է առաջնորդին, և սկաուտի գլխարկով։ Այդ նույն հանդերձանքով նրա կողքին կանգնած է սպիտակահեր, թեևս չափից դուրս մեծ աչքերով մի տասներեքամյա տղա։ Գրեֆը ձեռքը դրել է նրա ուսին և, ի նշան շնորհակալության, սեղմում է իրեն։ Ես չգիտեի այդ տղային, Գրեֆին, դեռ հետո պետք է ճանաչեի և հասկանայի նրա կնոջ՝ Լինայի միջոցով։

Ես մոլորվեցի զբոսաշրջիկների լուսանկարների մեջ, որոնք ճամբորդում էին «Ուժ՝ ուրախության միջոցով» կազմակերպության օգնությամբ և վկայում էին սկաուտներին բնորոշ քնքուշ էրոտիկայի մասին։ Ուզում եմ արագ մի քանի էջ շրջել և անդրադառնալ ինձ, իմ առաջին լուսանկարչական պատկերին։

Ես գեզեցիկ երեխա էի։ Լուսանկարն արվել է քսանհինգ թվին, Երրորդության տոնի ժամանակ։ Այդ ժամանակ լրացել էր իմ ութ ամիսը, երկու ամսով պակաս, քան կար Շտեֆան Բրոնսկին, որը պատկերված է հարևան էջում, նույն չափերի լուսանկարի վրա և անհեթեթ ու դատարկ միջակություն է ճառագում։ Լուսանկարն ունի ալիքաձև, կարծես արհեստավարժորեն կտրված անկյուն, հակառակ կողմը տողագծված է հասցեի համար․ այն հավանաբար բազմացված է շատ օրինաներով ընտանեկան օգտագործման համար։ Ալբոմի էջի բացվածքը թույլ է տալիս հորիզոնական տեղադրված ուղղանկյան մեջտեղում տեսնել ձվի համաչափ կորությունը։ Ես մերկ՝ հավանաբար դեղնուց խորհրդանշող տեսքով, պառկած եմ փորիս վրա, սպիտակ գույնի մորթու վրա, որն ինչ֊որ մի սպիտակ արջ, հավանաբար, պարտքով է տվել ինչ֊որ մի արևելաեվրոպացի արհեստավարժ լուսանկարչի, որը մասնագիտանում էր մանկական լուսանկարների ուղղությամբ։ Ինչպես իմ առաջին, այնպես էլ այդ նույն ժամանակահատվածում արված շատ ու շատ այլ լուսանկարների համար շագանակագույն նրբերանգը անսխալ էր ընտրված․ այն հնարավոր չէ շփոթել ուրիշ ոչ մեկի հետ, և ես այն կցանկանայի անվանել մարդկային, ի տարբերություն մեր օրերի հարթ սև֊սպիտակ անմարդկային լուսանկարների։ Անորոշ֊պղտոր, հավանաբար որոշակի գծիկներով նկարված սաղարթը ստեղծում է մուգ, տեղ֊տեղ լույսի ցոլքերով տարանջատված ետին պլան։ Մինչ իմ հարթ, առողջ ու փոքրիկ մարմինը հարթ հանգստությամբ և փոքր֊ինչ թեքությամբ պառկած է մորթու վրա՝ ենթարկվելով սպիտակ արջի հասարակածային հայրենիքի ազդեցությանը, ես ինքս ճգնելով բարձրացնում եմ իմ կլորիկ, գնդի նմանվող մանկական գլուխը և փայլող աչիկներով նայում եմ հնարավոր դիտողին։

Կարելի է ասել՝ նկար է, ինչպես բոլոր մանկական լուսանկարները։ Սակայն, նայեք խնդրեմ իմ ձեռքերին և ստիպված կլինեք խոստովանել, որ իմ առաջին լուսանկարը էապես տարբերվում է անթիվ ուրիշ պատկերներից, որոնք տարբեր այլ ալբոմներում նույն կերպ են ցուցադրում մանկության հմայքը․ ես պառկած եմ՝ ձեռքերս բռունցք արած։ Ոչ թե թոթոլիկ մատիկներ, որոնք ինքնամոռաց, բռնողական բնազդին ենթարկվելով, խաղում են արջի մորթու բրդերի հետ, այլ լրջորեն սեղմված փոքրիկ բռնիչներ, որոնք սավառնում են գլխի երկու կողմերում հավերժ պատրաստ ամեն րոպե իջնել ցած և ասել իրենց խոսքը։ Հարց է ծագում՝ ինչպե՞ս ասել։ Դե իհարկե թմբկահարելով։

Քանի դեռ նա տեսադաշտում չէ, նրան, ինչը ինձ խոստացվել էր լամպերի լույսի ներքո, ծննդյանս երրորդ օրվա կապակցությամբ, սակայն լուսանկարիչ֊մասնագետի համար ամենևին դժվար չէր համապատասխանը ներկայացնելը, այսինքն՝ մանկական թմբուկը փոքրացած պատկերելը՝ իմ դիրքը փոխելու որևէ քայլ չձեռնարկելով։ Թերևս միայն հարկ լիներ հանել այս հիմար ու անպետք կտորե գազանին։ Առանց այն էլ նա որպես օտար մասնիկ է դիտվում այս, ընդհանուր առմամբ հաջողված, կոմպոզիցիայի մեջ, որի թեման այն ներթափանց, լուսաշատ տարիքն է, երբ փորձում են դուրս գալ առաջին ատամները։

Հետագայում ինձ այլևս սպիտակ արջի մորթու վրա չէին պառկեցնում։ Հավանաբար, ես մեկուկես տարեկան էի, երբ ինձ բարձր անիվներով մանկասայլակի մեջ դրած՝ կանգնեցրին ամառանոցային ցանկապատի ֆոնի առջև, որի ցցերը և տրամագիծը այնքան ճշգրիտ են կրկնօրինակված ձյան ծածկույթի վրա, որ ինձ թույլ են տալիս լուսանկարը համարել քսանվեց թվի հունվարին արված։ Ցանկապատի ձյութաց տախտակի հոտ արձակող, ուշադիր նայելիս, նկատելի, կոպիտ կառուցվածքը, իմ գիտակցության մեջ հիշեցնում է Հոխշտրիսի արվարձանը, որի լայնարձակ զորանոցներում սկզբնական շրջանում բնակվում էին մաքքենզյան հուսարները, իսկ իմ ժամանակներում արդեն՝ Ազատ պետության ոստիկանությունը։ Սակայն քանի որ իմ հիշողությունը այդ արվարձանի հետ կապված ոչ մի անուն չի մտապահել, մնում է ենթադրել, որ լուսանկարը արված է այդ մարդկանց մոտ իմ ծնողների միանգամյա այցելության ժամանակ, որոնց ես հետագայում չեմ տեսել կամ տեսել եմ հպանցիկ։

Ո՛չ մայրիկը, ո՛չ էլ Մացերատը, որոնք մանկասայլակը կանգնեցրել էին իրենց արանքում, չնայած տարվա ցուրտ եղանակին, ձմեռային վերարկուներ չէին հագել։ Ընդհակառակը, մորս հագին երկար թևքերով ու ասեղնագործ նախշերով ռուսական բլուզ էր, ինչը ձմեռային լուսանկարին տալիս էր հետևյալ տեսքը․ սրանք Ռուսաստանի խորքերում նկարահանվող ցարական ընտանիքի անդամներն են։ Ռասպուտինը բռնել է լուսանկարչական խցիկը, ես արքայորդի եմ, իսկ ցանկապատի տակ թաքնված են մենշևիկներն ու բոլշևիկները և, ինքնաշեն ռումբեր պատրաստելով, որոշում են ընդունում վերացնել իմ արքայական ընտանիքը։ Մացերատի բարեկիրթ, միջինեվրոպական և, ինչպես հետագայում պարզ կդառնա, ճակատագրական քաղքենիությունը կթուլացնեն լուսանկարի մեջ թաքնված չարաղետ բալլադի ամբողջ սրությունը։ Մարդիկ այցելեցին խաղաղ Հոխշտրիս, նույնիսկ ձմեռային վերարկու չհագնելով, դուրս եկան կարճ ժամանակով հյուրասեր բնակարանից, և տանտիրոջը խնդրեցին իրենց լուսանկարել ուրախ, ինչպես և հարկն է, իրենց միջև գտնվող Օսկարի հետ, որպեսզի դրանից անմիջապես հետո վերադառնան դեպի քաղցրահամության և կյանքի այլ հաճույքներին, որոնք սպսասում են կարկանդակի, սուրճի և հարված սերուցքի սեղանի մոտ։

Կարելի է գտնել մոտ մեկ դյուժին լուսանկարներ, որտեղ պատկերված է նստած, սողացող, վազող մեկամյա, երկամյա, երկուսուկեսամյա Օսկարը։ Բոլոր այդ լուսանկարները շատ թե քիչ հաջողված են և իրենցից ներկայացնում են այն նախնական փուլը, որը տանում է դեպի հասակով մեկ արված լուսանկարը, որը պատվիրել էին ծննդյանս երրորդ տարելիցի կապակցությամբ։

Այստեղ, այս նկարում, ես արդեն ստացել եմ այն՝ իմ թմբուկը։ Այստեղ դա սպիտակ ու կարմիր ատամներով կախված է իմ փորին, և ես սեփական արժանապատվության զգացումով և դեմքի լուրջ վճռականությամբ թիթեղի վրա խաչում եմ փայտե ձողիկները։ Այստեղ իմ հագին գծավոր սվիտեր է։ Այստեղ ես պճնազարդված եմ փայլուն լաքապատ կոշիկներով։ Այստեղ իմ մազերը ցցված են ինչ֊որ բան մաքրել ցանկացող խոզանակի պես, իսկ իմ կապույտ աչքերի մեջ, նրանցից յուրաքանչյուրի մեջ ճառագում է իշխանության ծարավը՝ չցանկանալով այն որևէ մեկի հետ կիսել։ Այստեղ ինձ հաջողվեց զբաղեցնել մի դիրք, որը փոխելու փոքրագույն առիթ անգամ չունեմ։ Այստեղ ես ասացի, այստեղ ես համարձակվեցի, այստեղ ես որոշում ընդունեցի ոչ մի կերպ քաղաքական գործիչ չդառնալ և առավել ևս գաղութային ապրանքների վաճառքով չզվաղվել, վերջակետ դնել և ընդմիշտ մնալ այդպիսին՝ ահա այսպիսին էլ մնացել եմ, կանգ առել այդ չափերի մեջ և այդ հանդերձանքի մեջ կմնամ ապագայում։

Մեծ մարդիկ և փոքր մարդիկ, մեծ տառեր և փոքր տառեր, թզուկներ և Կարլոս Մեծ, Դավիթ և Գողիաթ, Մատնաչափիկ տղա և գվարդիական հսկաներ։ Իսկ ես մնացի երեքամյա, թզուկ, պստիկ֊ճստլիկ, հավերժ չափապակաս, որպեսզի ինձ չստիպեն գլուխ հանել մեծ և փոքր կատեխեզիսից, որպեսզի ես մեծ չդառնամ ու հասնեմ մեկ մետր յոթանասուներկուսի, չդառնամ այսպես կոչված մեծահասակ և չընկնեմ այն մարդու ձեռքը, որը հայելու առջև սափրվելով, ինքն իրեն իմ հայրն անվանի, որպեսզի իմ վրա չբարդեմ կրպակի համար պատասխանատվությունը, որը Մացերատի կամքով, գաղութային ապրանքների կրպակի կարգավիճակով նախատեսված էր Օսկարի համար․ երբ նրա տարիքը անցնի քսանմեկից, պետք է մուտք գործի մեծահասակների աշխարհ։ Ես կառչեցի թմբուկից, որպեսզի ստիպված չլինեմ չխկչխկացնել դրամարկղը և իմ երրորդ տարեդարձից սկսած չաճեցի ոչ մի դյույմ, մնացի երեք տարեկան, սակայն առնվազն երեք անգամ ավելի իմաստուն, որին բոլոր չափահասները գերազանցել են հասակով, և որը բոլոր չափահասներին գերազանցել է խելքով, որը չի կամեցել իր ստվերը համեմատել նրանց ստվերների հետ, որն ավարտել է իր ներքին և թե արտաքին զարգացումը, այն դեպքում, երբ մեծահասակները նաև խոր ծերության հասակում շարունակում են բլբլալ զարգացման մասին։ Նա, որ առանց մեծ ջանքերի ընկալեց այն, ինչը ուրիշներին տրվում էր մեծ ջանքերով, իսկ երբեմն նաև տանջանքի միջոցով, որը կարիք չուներ ամեն տարի հագնել ավելի ու ավելի մեծ չափերի վարտիքներ ու կոշիկներ՝ հետապնդելով գեթ մի նպատակ՝ հաստատել աճի գործընթացը։

Այնուհանդերձ՝ այստեղ նույնիսկ ինքը Օսկարը չի կարող ժխտել զարգացման գործընթացը, նրա մոտ, այնուամենայնիվ, ինչ֊որ բան աճում էր և՝ ոչ միշտ ի հօգուտ ինձ, աճեց և վերջ ի վերջո հասավ Մեսիական չափերի, սակայն մեծահասակներից ո՞վ էր իմ ժամանակ աչքը վրան պահում, ո՞վ էր լսում անփոփոխ երեքամյա թմբկահար Օսկարին։


Ապակի, բաժակ, ըմպանակ

Եթե ես հենց նոր տվեցի լուսանկարի նկարագրությունը, որտեղ իր ողջ հասակով ներկայացված է Օսկարը, նրա թմբուկը և թմբուկի փայտիկները և դրան զուգահեռ ձեզ հայտնեցի, թե ինչպիսի, վաղուց հասունացած, որոշումներ Օսկարը ընդունեց վերջնականապես, մինչ նրան լուսանկարում էին և մինչ նա դիտահայում էր երեք մոմերով կարկանդակի շուրջ կերուխումը, երբ ալբոմը արդեն լուռ ու մունջ գտնվում է իմ կողքին՝ բաց տեքստով, ես իմ պարտքն եմ համարում հիշատակել այն հանգամանքների մասին, որոնք թեև չեն բացատրում իմ երկար տևած երեքամյա լինելը, բայց և այնպես վկայում են, որ իմ կողմից են հրահրված եղել։

Առաջին իսկ րոպեից ինձ համար պարզ էր՝ մեծահասակներն ինձ չեն հասկանա, և, եթե չաճես այնպես, որպեսզի նրանք կարողանան դա տեսնել, դա կընկալեն որպես քո աճի կանգառ և փողերն ու քեզ կսկսեն քարշ տալ մի բժշկից դեպի մյուսը՝ փնտրելով եթե ոչ քո առողջացումը, ապա ծայրահեղ դեպքում գոնե քո հիվանդության բացատրությունը։ Հետևաբար, խորհրդատվությունները տանելի նվազագույնի հասցնելու համար ինձանից պահանջվում էր նախքան բժշկի բացատրությունը, իմ կողմից իմ աճի կանգի հարգելի որևէ պատճառ բերելը։

Իմ երրորդ ծննդյան տարեդարձը սեպտեմբերի արևոտ օր է։ Ուշ ամառվա քնքուշ ապակե պղպջակները, նույնիսկ Գրեթխեն Շեֆլերի ծիծաղն է հնչում ոչ այնքան կտրուկ։ Մայրիկս դաշնամուրի վրա ինքն իր համար նվագում է հատված «Գնչուների բարոնից», պտտվող աթոռակի ետևում, մայրիկիս թիկունքում նստած է Յանը՝ հպվելով նրա ուսին և իբր թե ուսումնասիրելով նոտաները։ Մացերատը խոհանոցում արդեն հավաքում է ընթրիքը։ Աննա տատիկս թիկնում է Հեդվիգ Բրոնսկուն և Ալեքսանդր Շեֆլերը՝ կանաչի վաճառող Գրեֆին, քանզի վերջինս շատ պատմություններ գիտի՝ սկաուտական պատմություններ, որոնց ընթացքի ժամանակ անփոփոխ բացահայտվում են հոգու ուժն ու հավատարմությունը։ Դրան գումարեք հատակի կանգնովի ժամացույցը, որը սեպտեմբերյան նրբագույն հյուսագրի մեջ ոչ մի քառորդ ժամ չի անտեսում։ Իսկ քանի որ բոլորը ժամացույցի նման զբաղված են գործով՝ սկսած հունգարական հողից, որտեղ անդաստանել էր գնչուական բարոնը և Գրեֆ Վոգեզների սկաուտներից՝ անտեսանելի գիծը ձգվում էր Մացերատի խոհանոցի կողքով, որտեղ թավայի վրա սպառնացող ձայնով թշշում էին ձվով և սալով պատրաստվող կաշուբյան շիկասունկերը։ Միջանցքով դեպի կրպակ ես շարժվեցի այդ նույն կողմով՝ իմ թմբուկի վրա ցածրաձայն թմբթմբացնելով և հայտնվեցի վաճառասեղանի ետևում, դաշնամուրից, շիկասնկերից հեռու՝ նկատելով, որ քաղցրավենիքի սեղանի համար կոմպոտ դուրս բերելու նպատակով նկուղ մտած Մացերատը մոռացել է այն փակել, և նկուղի կափարիչը մնացել է բաց։

Բայց և այնպես մի ամբողջ րոպե հարկ եղավ, մինչև ես հասկացա, թե ինչ է ինձանից պահանջում մեր նկուղի չփակված կափարիչը։ Ոչ ինքնասպանություն։ Աստված մի արասցե։ Դա չափից դուրս պարզունակ կլիներ։ Սակայն մյուս տարբերակը դժվար էր, ցավ պատճառող, ինձանից զոհաբերություն էր պահանջում և արդեն հենց այդ օրը, ինչպես և հետագայում ամեն անգամ, երբ ինձանից պահանջվում էր հերթական զոհաբերությունը, իմ ճակատը պատվում էր գոլորշիով։ Այստեղ ամենագլխավորը այն էր, որ չվնասվեր թմբուկը, այդ իսկ պատճառով որպես սկիզբ այն պետք էր իջեցնել տասնվեց խորդուբորդ աստիճաններով ներքև և տեղավորել այն ալյուրով լի պարկերի միջև՝ դրանով իսկ հետագայում բացատրելով, թե ինչու է թմբուկը մնացել անվնաս։ Հետո կրկին բարձրանալ մինչև ութերորդ աստիճանը, ոչ, թերևս մեկ աստիճանով ներքև կամ մինչև հինգերորդը։ Սակայն ընկնելով այդ աստիճանից, դժվար է հուսալիությունը համատեղել վնասվածքների համոզչականության հետ։ Լավ է բարձրանանք վեր, ոչ, սա չափից դուրս բարձր է՝ ներքևից տասներորդ աստիճանն է, և ի վերջո ես ցած ընկա իններորդից, գլխով առաջ, մառանի ցեմենտապատ հատակին՝ ինձ հետ տանելով ազնվամորու օշարակով լի շշերով մի ողջ մարտկոց։

Նախքան վարագույրը մի կողմ քաշելը, որով փակում էի իմ գիտակցությունը, ես կարող էի համոզվել իմ փորձարարության հաջողության մեջ․ միտումնավոր ցած նետված ազնվամորու օշարակով լցված շշերը աղմուկ հանեցին, որը բավարար էր այն բանի համար, որ Մացերատին դուրս բերեր խոհանոցից, մայրիկիս՝ դաշնամուրի մոտից, իսկ հասարակության մնացած մասին՝ Վեգենզերից ուղղեր դեպի նկուղը։

Սակայն ավելի շուտ, քան նրանք տեղ հասան, ես ինքս հասցրեցի ընտելանալ թափված օշարակի հոտին, համոզվել, որ իմ գլխից արյուն է հոսում և, դրան գումարած, երբ նրանք արդեն ոտք դրեցին աստիճանի վրա, խորհել այն հարցի շուրջ, թե ի՞նչն է ինձ վրա այդքան արագ հոգնածություն բերում․ Օսկարի արյո՞ւնը, թե՞ քաղցր օշարակը։ Այնուհանդերձ մեծագույն ուրախության զգացում կարողացա ապրել, քանի որ ամեն ինչ անհավանականության աստիճան լավ էր հաջողվել, իսկ թմբուկը, իմ ձեռնարկած նախազգուշական քայլերի շնորհիվ, մնաց ամբողջական ու անվանս։

Հիշում եմ, Գրեֆը ինձ գրկած բարձրացրեց վերև։ Միայն հյուրասենյակում Օսկարը դուրս լողաց այն ամպի միջից, որը, հավանաբար, կիսով չափ բաղկացած էր ազնվամորու օշարակից և կիսով չափ՝ մանկական արյունից։ Բժիշկը դեռ տեղ չէր հասել, մայրիկս գոռում էր՝ ապտակներ հասցնելով իրեն հանգստացնելու փորձեր անող Մացերատին, իսկ հետո նաև ձեռքի ետևի մասով հարվածելով նրա դեմքին և նրան մարդասպան անվանելով։

Այսպիսով, չնայած ոչ անվտանգ, սակայն լավ հաշվարկված, աստիճաններից միակ անգամ ցած ընկնելու շնորհիվ բժիշկները կրկին ու կրկին հաստատեցին, որ ես ստացա ոչ միայն մեծահասակների համար իմ աճի կանգի վերաբերյալ այդքան կարևոր բացատրությունը, այլև, դրան գումարած, բարի ու անմեղ Մացերատին դարձրեցի մեղավոր Մացերատ։ Դա նա էր, որ չէր փակել մառանի կափարիչը, նրա վրա էր, որ մայրիկս բարդեց ողջ մեղքը։ Այդ մեղքի գիտակցումը, որի մեջ մայրս չնայած ոչ շատ հաճախ, սակայն անհողդողդ մեղադրում էր նրան, նա տարավ իր հետ տարիների շարանների միջով։

Իսկ ինձ այդ ընկնելն ապահովեց չորս շաբաթվա «հանգիստ» հիվանդասենյակի մահճակալի վրա, իսկ հետո, չհաշված չորեքշաբթի օրերին Հոլլացի մոտ այցելությունները, բժիշկներից հարաբերական ազատություն․ արդեն իմ առաջին իսկ թմբուկային օրը ինձ հաջողվեց աշխարհին նշան անել։ Ինձ հետ կատարված դեպքը մեկնաբանվեց ավելի վաղ, քան մեծահասակները կարողացան հասկանալ, իրերի իրական, իմ կողմից կանխորոշված վիճակը։ Հետագայում խոսվում էր այսպես՝ հենց իր ծննդյան տարեդարձի օրը մեր փոքրիկ երեքամյա Օսկարը ցած ընկավ աստիճաններից և չնայած իր ոչ մի տեղը չկոտրեց, սակայն դրանից հետո դադարեց աճել։

Եվ ես սկսեցի թմբկահարել։ Մեր վարձակալած տունը բաղկացած էր հինգ հարկից, և առաջինից սկսած մինչև չորրոդի ետնախորշերում ես թմբկահարում էի աստիճաններով վեր ու վար։ Լաբեսվեգից մինչև Մաքս֊Հալբե֊պլաց, իսկ այնտեղից դեպի Նոյշոթլանդ, Անտոն Մյուլլերվեգ, Մարիենշթրասե, Քլայնհամմերպարկ, Բաժնետիրական գարեջրի գործարան, Բաժնետիրական արհեստական լճակ, Ֆրեբելվյան մարգագետին, Պեստալոցցիի դպրոց, Նոր շուկա և դեպի ետ՝ Լաբեսվեգ։ Իմ թմբուկը դրան շատ լավ էր դիմանում, մեծահասակները՝ ավելի վատ, նրանք ցանկանում էին փակել իմ թմբուկի բերանը, ցանկանում էին ոտք գցել իմ փայտիկներին, բայց ինձ բնությունն էր խնամում։

Մանկական թմբուկի օգնությամբ իմ և մեծահասակների միջև անհրաժեշտ տարածություն թմբկահարելու ունակությունը հասունացավ աստիճաններից իմ ընկնելուց քիչ ժամանակ անց, և գրեթե անմիջապես էլ բացվեցին ձայնիս կապանքները, ինչը ինձ հնարավորություն տվեց այնքան բարձր նոտաների վրա վիբրատո երգել կամ գոռալ, կամ երգել գոռալով, որ ոչ մեկը չէր համարձակվում այլևս իմ ձեռքից խլել թմբուկը, որից խլանում էին ականջները, քանզի, եթե ինչ֊որ մեկը փորձում էր այն ճանկել, ես սկսում էի գոռալ։ Իսկ երբ ես գոռում էի, արժեքավոր իրերը կտոր֊կտոր լինելով դես ու դեն էին թռչում, իմ գոռոցը սպանում էր ծաղկամանները, իմ երգը ջարդուխուրդ էր անում պատուհանների ապակիները, ալմաստի ցուցափեղկերը՝ չկորցնելով իր բարոյականությունը, ներթափանցում ներդաշնակ, ազնվաբար կորացված, սիրող ձեռքով նվիրված և փոշու բարակ շերտով պատված լիկյորի բաժակները։

Մի քիչ ժամանակ անցավ, և իմ ընդունակությունները լայնորեն հայտնի դարձան մեր փողոցում, Բյոզենբերգից մինչև օդանավակայանին կից ավանը՝ մի խոսքով ողջ թաղամասում։

Բավական էր, որ հարևան երեխաները, որոնց խաղերը ինձ չէին գրավում, տեսնեին ինձ, անմիջապես անլվա մռութների մի ողջ երգչախումբ սկսում էր գոռալ․

Ապակի, բաժակ, ըմպանակ,

Գարեջուր՝ առանց շաքարի,

Տիկին ձյունահողմը կբացի պատուհանը

Եվ դաշնամուրի առաջ կնստի։

Կասկածից վեր է, որ դրանք հիմարավուն, իմաստազուրկ կատակերգեր էին։ Սակայն ինձ դրանք չէին շփոթեցնում, երբ ես իմ թմբուկի հետ քայլում էի «Տիկին Ձյունահողմի» միջով՝ փոխառելով պարզունակ, սակայն հմայքից ոչ զուրկ ռիթմը, թմբկահարում էի «Ապակի, բաժակ, ըմպանակը», և, ամենևին առնետ որսացող չլինելով, երեխաներին տանում էի իմ ետևից։

Այնուամենայնիվ այսօր էլ, երբ Բրունոն լվանում է իմ սենյակի պատուհանը, ես իմ թմբուկի վրա վերհիշում եմ այդ երգն ու ռիթմը։

Հարևանի երեխայի չարաճճիություններից շատ ավելի անտանելի, շատ ավելի տխրություն պատճառող էր, նամանավանդ իմ ծնողների համար, այն թանկ արժեցող փաստը, որ իմ ձայնին էին սկսել վերագրել մեղավորությունը մեր թաղամասի ցինիկ, անդաստիարակ խուլիգանների կողմից կոտրված բոլոր ապակիների համար։ Սկզբնական շրջանում մայրիկս առաքինաբար վճարում էր բոլոր, մեծ մասամբ պարսատիկների օգնությամբ կոտրված, խոհանոցային ապակիների գինը։ Այնուհետև, ի վերջո հասկանալով իմ ձայնի առանձնահատկությունները, նախքան տույժերի փոխհատուցումը, նա սկսեց պահանջել ապացույցներ, և այդ անելիս նրա աչքերը դառնում էին սառը և գորշ։ Իսկ մեր հարևանությամբ ապրող մարդիկ իսկապես որ անարդարացի էին իմ հանդեպ։ Այդ ժամանակաշրջանում ոչինչ չէր կարող առավել անարդար լինել, քան այն փաստարկը, թե իբր ամեն ինչում մեղավորը իմ մեջ նստած ավերիչ մանկական հոգին է, որ ես ոչնչով չբացատրվող ատելության զգացում ունեմ ապակու և ապակուց պատրաստված իրերի հանդեպ, և ինչպես մնացած երեխաները, երբեմն կատաղության բռնկումների ժամանակ ազատություն եմ տալիս իմ մութ ու անիմաստ հակումներին։ Միայն նա է դիտավորյալ ավերում, ով զբաղված է խաղով։ Սակայն ես երբեք չէի խաղում, ես իմ թմբուկի վրա աշխատում էի, իսկ ինչ վերաբերում է ձայնիս, ապա սկզբնական շրջանում ես այն գործածում էի միմիայն անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում։ Միայն թմբուկի վրա աշխատելու իմ մտահոգություններն էին ինձ ստիպում նպատակասլաց գործի դենլ իմ ձայնալարերը։ Եթե ես օժտված լինեի այդ նույն ոճով և այդ հնչյուններով Գրեթխեն Շեֆլերի գեղարվեստական երևակայությամբ ծնված և ամբողջապես նախշերով պատված սփրոցները կտրտելու կամ դաշնամուրի մակերեսի վրայից սև լաքի շերտը հանելու ունակությամբ, ապա ես մեծ հաճույքով հանգիստ կթողնեի ապակե իրերը։ Սակայն սփռոցներն ու լաքը անտարբեր էին իմ ձայնի հանդեպ։ Ճիշտ այդ նույն կերպ ես նույնիսկ անվերջ գոռոցի օգնությամբ չէի կարող ջնջել պաստառների վրայի նախշերը։ Ինչպես որ չէի կարող երկու երկարաձիգ ձայնաստիճանների օգնությամբ ստանալ ջերմություն և, ի վերջո, կայծ, որն անհրաժեշտ էր հյուրասենյակի երկու պատուհանների վարագույրները բոցով բռնկվելու համար։ Աթոռներից, որոնց վրա նստում էին Ալեքսանդր Շեֆլերը և Մացերատը, ոչ մեկի ոտքը ես չէի կարող իմ ձայնի օգնությամբ «երգել֊ջարդել»։ Ճիշտն ասած, ես կնախնտրեի պաշտպանվել ոչ թե հրաշալի, այլ անվնաս միջոցներով, սակայն իմ տրամադրության տակ անվնաս միջոցներ չկային, միայն ապակին էր, որ հնազանդվում էր ինձ և տանում իր խաչը։

Իմ այդ ընդունակության առաջին հաջող ցուցադրումը ես իրականացրեցի ծննդյանս տարեդարձից քիչ հետո։ Չորս շաբաթից քիչ ավելի էր, ինչ թմբուկն ինձ էր պատկանում, և այդ ողջ ժամանակահատվածում գործադրած իմ ջանքերի շնորհիվ ես այն թմբկահարեցի մինչև կծակվեր։ Ճիշտ է, թմբուկի կողապատի սպիտակ֊կարմիր ատամները դեռ իրենց տեղերում էին պահում վերևն ու ներքևը, սակայն հնչող կողմի կենտրոնի անցքը արդեն դժվար կլիներ չփոխել։ Եվ քանի որ ես արհամարհում էի ներքևի կողմը՝ այդ անցքը գնալով ավելի էր մեծանում, կողքերին հայտնվեցին քերծվածքներ։ Նվագելուց մաշված թիթեղի մասնիկները փշրվում և թափվում էին թմբուկի ներսը, որտեղ դժգոհ զնգում էին յուրաքանչյուր հարվածից և ամենուր, ճաշասենյակի և ննջասենյակի կարմրադարչնագույն հատակի վրա, փայլատակում էին լաքի սպիտակ մասնիկները, որոնք չէին ցանկացել այլևս պահպանվել իմ թմբուկի բզկտված թիթեղի վրա։

Ծնողներս վախենում էին, որ ես, դիպչելով սպառնալի սուր թիթեղյա կողերին, կարող եմ անզգուշորեն ձեռքերս վնասել։ Հատկապես վախենում էր Մացերատը, որն աստիճանների վրայից իմ ընկնելուց հետո նախազգուշական միջոցները դարսում էր մեկը մյուսի վրա։ Քանի որ ես իսկապես կարող էի դիպչել սուր կողերին, որովհետև ակտիվորեն թափ էի տալիս ձեռքերս, և Մացերատի երկյուղները թեև չափազանցված էին, սակայն ոչ հիմնազուրկ։ Ճիշտ է, նոր թմբուկի օգնությամբ կարելի էր խուսափել ինձ սպառնացող վտանգներից, սակայն նրանք ամենևին էլ նոր թմբուկի մասին չէին մտածում, այլ ուզում էին ուղղակի ձեռքիցս խլել իմ հին ու բարի թիթեղիկը, որն ինձ հետ միասին ընկնում էր, պառկում հիվանդանոցում և այնտեղից էլ դուրս գրվեց։ Միասին աստիճաններով վերև֊ներքև, միասին՝ գլաքարով շարված կամուրջի վրա և մայթի վրա, միասին՝ խաղերի միջով։ Խայծի դերում պետք է հանդես գար ապուշ շոկոլադը։ Մայրիկս այն ուղղում էր դեպի ինձ՝ դրան զուգահեռ ժապավենակապի տեսքով դարսելով շուրթերը։ Հենց Մացերատն էր, որ ձևական խստությամբ կառչեց իմ վիրավոր գործիքից, իսկ ես կառչեցի իմ հաշմանդամից։ Մացերատը այն իր կողմ քաշեց, սակայն իմ ուժերը, որոնք բավարար էին միայն նրա համար, որպեսզի թմբկահարեի, արդեն վերջանալու վրա էին։ Մեկը մյուսի ետևից իմ ձեռքից դուրս էին պրծնում կրակի կարմիր լեզվակները, ահա և կլոր կողապատն էր պատրաստվում լքել ինձ, սակայն այստեղ Օսկարին, որը մինչ այդ օրը միանգամայն հանգիստ, կարելի է ասել, բարի վարքի տեր երեխայի համբավ էր վայելում, հաջողվեց առաջին կործանարար ու գործուն գոռոցը։ Մեր գետնի ժամացույցի մեղրադեղին թվահարթակը՝ փոշուց և մահացող ճանճերից պաշտպանող կլոր ապակին, կտոր֊կտոր լինելով, թռավ տարբեր կողմերն ու ընկավ, ընդ որում կտորներից մի քանիսը կրկին կոտրվեցին՝ այս անգամ՝ ընկնելով կարմրաշագանակագույն հատակի վրա, քանի որ գորգի երկարությունը մինչև ժամացույցի տակը չէր հասնում։ Այնուամենայնիվ, թանկարժեք սարքավորման ներքին կառուցվածքը ամենևին չտուժեց։ Հանգիստ իր ուղին էր շարունակում ճոճանակը, եթե, իհարկե, ճոճանակի մասին կարելի է այսպես ասել։ Նույն էին անում նաև սլաքները։ Եվ նույնիսկ զարկի սարքը, որը սովորաբար չափից դուրս զգայուն և հիստերիկ ձևով է արձագանքում ցանկացած ցնցումի։ Նույնիսկ կողքից անցնող գարեջրատար բեռնատարը ոչ մի կերպ չընդունեց իմ գոռոցը․ միայն ապակին դես ու դեն թռավ, բայց ջարդ ու փշուր եղավ հիմնովին։

«Ժամացույցը ջարդ ու փշուր եղավ», ― գոռաց Մացերատը և ձեռքից բաց թողեց թմբուկը։ Թռուցիկ հայացք գցելով՝ ես համոզվեցի, որ իմ գոռոցը բուն ժամացույցին որևէ վնաս չի հասցրել, որ միայն ապակին է փշրվել։ Սակայն ինչպես մորս, այնպես էլ Մացերատի և քեռի Յանի համար, որն այդ օրը կիրակնօրյա այցի էր եկել մեզ մոտ, նրանց բոլորի պահվածքից դատելով, վարի էր գնացել ոչ թե հասարակ ապակին, այլ ինչ֊որ ավելի մեծ բան։ Նրանք սփրթնած, անօգնական և շփոթված հայացքով նայում էին միմյանց, բռնվել էին բուֆետից և դաշնամուրից, շոշափում էին հաղճասալիկե վառարանը, վախենում էին շարժվել իրենց տեղերից։ Յան Բրոնսկին, աղաչանքով աչքերը փակելով, բացուխուփ էր անում չորացած շուրթերը, այնպես որ ես մինչև օրս էլ կարծում եմ, որ Յան մորեղբորս ճիգերը ուղղված էին աղոթքին, որով նա օգնություն, կարեկցանք ու գթասրտություն էր հայցում, ինչպես օրինակ, «Օ, Աստծու գառնուկ, դու աշխարհի մեղքերն ես քավում, արդ գթա դու մեզ», ― և սա երեք անգամ անընդհատ և հետո էլի․ «Տեր, արժանի չեմ ես, որպեսզի դու մտնես տանիքի տակ, սակայն ասա գեթ մի խոսք․․․»։

Բնական է, որ Տեր Աստվածը չասաց ոչ մի խոսք, և, բացի այդ, ապակին էր միայն կոտրվել, այլ ոչ թե ժամացույցը։ Սակայն մեծահասակները շատ տարօրինակ են վերաբերվում իրենց ժամացույցներին, այն իմաստով տարօրինակ ու մանկան պես, որ իմաստով, որ ես երբեք մանուկ չեմ եղել։ Չնայած հնարավոր է, որ ժամացույցը մեծահասակների ամենահոյակապ արարումն է, սակայն այստեղ իրավիճակը այսպիսին է․ նույն այն չափով, որչափով որ մեծահասակները ունակ են լինել արարիչներ և, փութաջանության, փառասիրության և որոշակի չափով բախտի բերման դեպքում, դառնում են այդպիսին, նրանք, ինչ֊որ բան հենց նոր արարելով, իրենք են վերածվում իրենց հայտնագործությունների արարմանը։

Ընդ որում, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, առանց մեծահասակ մարդու, ժամացույցը ոչինչ չարժե։ Նա դա լարում է, տանում է իր հետ, գցում առաջ, տանում ժամագործի մոտ, որպեսզի վերջինս ստուգի ընթացքի ճշտությունը, մաքրի և, անհրաժեշտության դեպքում, վերանորոգի։ Ժամացույցին և այն բանին, ինչը կանգնած է նրա ետևում, մեծահասակները վերագրում են առավել մեծ իմաստ, քան իրականում ունի ժամացույցը, այն նույն կերպ, ինչպես կկվի կանչին, որը չափից դուրս շատ է ընդհատվում, շուռ եկած աղամանին, առավոտյան սարդին, սև կատուներին, որոնք հատում են ճանապարհը ձախից աջ, յուղաներկով նկարված հորեղբոր դիմանկարին, որն ընկնում է պատից, որովհետև սվաղի մեջ մեխած կախիչը թուլացել էր, կոտրված հայելուն։

Չնայած իր որոշ երազկոտ, ռոմանտիկական հատկանիշներին, մայրիկս օժտված է սթափ դատողությամբ և, հակում ունենալով դեպի թեթևամտությունը, կարողանալով ցանկացած կասկածի նշան մեկնաբանել իր համար դրական իմաստով, գտավ փրկարար խոսքը։

«Ապակու կոտրվելը երջանկության նշան է», ― բացականչեց նա՝ ճտճտացնելով իր մատները, իսկ հետո բերեց գոգաթիակն ու ավելը և ավլեց բոլոր բեկորներն ու ողջ երջանկությունը։

Եթե հավատալու լինենք մայրիկիս, ապա ես իմ ծնողներին, բարեկամներին, ծանոթներին, ինչպես նաև անծանոթ մարդկանց, անչափ մեծ երջանկություն եմ պարգևել, քանզի յուրաքանչյուր անձի վրա, որ փորձում էր ինձանից խլել թմբուկս, ես գոռում էի, երգում, պատուհանների ապակիներն էի կոտրում, գարեջրի դատարկ շշեր, գարնան չնչով լի օծանելիքի սրվակեր, արհեստական մրգերով լի հախճապակյա սկահաքներ։ Կարճ ասած, այն ամենը, ինչ ապակուց էր պատրաստված, ինչ արտադրված էր ապակու գործարաններում, ապակի փչող բանվորի շնչով, ինչը երբեմն ուներ հասարակ ապակու գին, երբեմն սակայն գնահատվում էր որպես արվեստի ստեղծագործություն։

Երբ երեկոյան ցանկանցում էին ինձնից խլել թմբուկս, չնայած նրան, թմբուկին, անհրաժեշտ էր գիշերը ինձ հետ միասին պառկել մահճակալին, ես, որպեսզի շատ չարիքներ չգործեմ, քանզի թե՝ դեռ այն ժամանակ և թե՛ մինչ օրս դուր են եկել ու դուր են գալիս նրբաճաշակ ապակուց պատրաստված իրերը, ավերում էի մեր առաստաղի տակ կախած ջահի քառակի լույս սփռող լամպերից մեկը կամ մի քանիսը։ Քսանութ թվի սեպտեմբերի սկզբին, իմ ծննդյան չորրորդ տարեդարձի օրը, ես հատկապես այդ ձևով ջախջախեցի ողջ տոնական հասարակությունը՝ ծնողներիս, Բրոնսկի ամուսիններին, Կոլյայչեկ տատիկիս, Շեֆլերներին ու Գրեֆներին, որոնք քարշ տալով, ինձ բերել էին ամեն տեսակ խաղալիքների մի ողջ կույտ նվերներ, անագե զինվորիկներ, առագաստանավակ, հրշեջ մեքենա, միայն թե ոչ թմբուկ, մի խոսքով ջախջախեցի բոլոր նրանց, ովքեր գերադասում էին, որպեսզի ես զվարճանամ անագե զինվորիկներով, որպեսզի ես արժանի համարեմ անիմաստ հրշեջ մեքենայով խաղերը։ Ընդ որում, չցանկանալով ինձ թողնել հին, ծակ, սակայն հավատարիմ թմբուկի հետ։ Ջախջախեցի ինձանից թիթեղը խլողներին, որոնք դրա փոխարեն իմ ձեռքերի մեջ էին խցկում նավակը, որը, դեռ ամեն ինչը մի կողմ, մասնագիտորեն սարքավորված էլ չէր, բոլորին, որոնց աչքերը տրված էին միայն նրա համար, որպեսզի չտեսնեն իմ ցանկությունները։ Նրանց բոլորին ես ջախջախեցի իմ գոռոցով, որը, պտույտով մի շրջան վազելով, սպանեց մեր կախովի լուսամփոփի չորս լամպերը՝ մեզ թողնելով անդրջրհեղեղյա խավարի մեջ։

Դե իսկ նրանք՝ մեծահասակները, այդպիսին են․ առաջին վախեցած գոռոցներից հետո, լույսը վերադարձնելու բթացած ցանկությունից հետո նրանք հարմարվեցին մթությանը, և երբ իմ Կոլյայչեկ տատիկը, միակը, եթե չհաշվենք փոքրիկ Ստեֆանին, ով չգիտեր, թե իր ինչին է պետք այս մթությունը, թնկթնկացող Ստեֆանի հետ, որը բռնել էր նրա փեշից, գնաց կրպակ՝ լույսի ետևից։ Իսկ մնացածը՝ խմբի բավական շատ խմած հատվածը, կանգնած էր՝ տարօրինակ զույգերի բաժանվելով։

Դե, իմ մայրիկը, ինչպես և պետք էր սպասել, գզգզված բլուզով նստել էր Յան Բրոնսկու ծնկներին։ Ծայրաստիճան անախորժելի տեսարան էր ներկայացնում կարճոտն հացթուխը, որը գրեթե անհետացել էր Գրեֆուհու մեջ, Մացերատը լպստում էր Գրեթխեն Շեֆլերի ձիու ոսկյա ատամները։ Միայն Հեդվիգ Բրոնսկին էր, որը հավատացյալի հայացքով ձեռքերը ծնկներին դրած՝ նստել էր մոմի կրակի դիմաց, նստած էր մոտ, սակայն ամենևին էլ ոչ շատ մոտ կանաչավաճառ Գրեֆին, որը չնայած չէր խմել, սակայն, այնուամենայնիվ, երգում էր, երգում էր քաղցր ձայնով, երգում էր տխրություն և մելանխոլիկություն տարածելով, երգում էր Հեդվիգ Բրոնսկուն դրդելով ձայնակցել իրեն։ Նրանք երկձայն երգում էին սկաուտների երգը, որում ոմն Ռյուբեցալ ստիպված էր թափառել Իսպանական լեռներում։

Իսկ իմ մասին մոռացել էին։ Օսկարը նստել էր սեղանի տակ իր թմբուկի մնացորդների հետ։ Նա ևս մի քանի ռիթմ դուրս հանեց իր ծակ թիթեղից և լիովին հնարավոր է, որ նաև դժբախտությունը, սակայն թմբուկի համաչափ ձայները զուրկ էին որոշակի հաճելիությունից նրանց համար, ովքեր շարժվում էին արբեցման մեջ, նստած էր սենյակում կամ պառկած։ Քանզի թմբուկի ձայնը կարծես թե որպես պաշտպանիչ ծածկույթ էր հանդես գալիս նրանց ակամա արձակվող, քչփչոցի ու լպստոցի նմանվող ձայների համար, ջանքերի լարվածության ու տագնապի համար։

Ես դեռ սեղանի տակ էի, մոմերով վերադարձած տատիկս բարկացող հրեշտակապետի նման բոցավառ մոմի ներքո տեսավ Սոդոմը, մոմի բոցի մեջ ճանաչեց Գոմորը և իր ձեռքերի մեջ դողացող մոմերով գոռոց բարձրացրեց, կռիվ սարքեց, և, այս ամենը խոզություն անվանելով, վերջ տվեց այն հովվերգությանը, որում պատմվում էր, թե ինչպես է Ռյուբեցալը զբոսնում Իսպանական լեռներում։ Այնուհետև, մոմերը ափսեիկների վրա տեղաբաշխելով, բուֆետից հանեց խաղաթղթերը, դրանք նետեց սեղանի վրա և, թնկթնկացնող Ստեֆանին սփոփելով, ազդարարեց տոնի երկրորդ մասը։ Շուտով Մացերատը մեր կախովի լուսամփոփի հին կոթառների մեջ նոր լամպեր պտտեց, ինչի հետևանքով վերևում սկսեցին շարժվել աթոռները՝ թռչկոտելով շրխկացին գարեջրի շշերի խցանները և իմ գլխավերևում սկսեցին սեղանին ծեփվել խաղաթղթերը․ սկատ՝ մեկ տասներորդական պֆենինգով։ Մայրիկս սկզբում առաջարկեց քառորդական, սակայն Յան մորեղբորս դա չափից դուրս վտանգավոր թվաց։ Եվ եթե չլինեին հերթական խաղափուլերը, ինչպես նաև չորսով շահումի դեպքում ժամանակ առ ժամանակ զգալիորեն չբարձրացնեին խաղագումարները, ամեն ինչ այդպես էլ կմնար մեկ տասներորդի սահմաններում։

Սեղանածածկի տակ, միջանցիկ քամիներից կախ ընկած սփռոցներով ծածկված՝ ես ինձ վատ չէի զգում և բռունցքներին, որոնք իմ գլխավերևում դրմփացնում էին սեղանին, պատասխանում էի թմբուկի թեթև զարկով։ Ես ենթարկվեցի խաղի ընթացքին և դուրս եկա մոտավորապես մեկ ժամ անց։ Յան Բրոնսկին պարտվեց։ Նրան լավ խաղաթղթեր էին բաժին ընկնում, սակայն նա պարտվեց։ Եվ չէի ասի, թե նա շատ ցրված է, նրա գլուխը զբաղված չէր երկուսը պակաս ագուռներով։ Չէ՞ որ խաղի սկզբում, դեռևս զրուցելով իր հորաքրոջ հետ և ձգտելով ինչ֊որ կերպ արդարացնել իրենց խոսակցությանը նախորդած փոքրիկ զեխությունը, նա ձախ ոտքից հանեց կոշիկը, և իմ գլխի վրայով իր մոխրագույն գուլպայով ձախ ոտքով սկսեց փնտրել իմ մոր ծունկը, որը հենց նրա դիմաց էր նստած, և այն գտավ։ Յանի ձախ ոտքի հպումից հետո մայրիկս նստեց սեղանին ավելի մոտ, այնպես, որ Յանը, որին հենց նոր Մացերատը դրդեց, և որը որոշեց երեսուներեք նիշի առկայությամբ դուրս գալ խաղից, փոքր ինչ բարձրացրեց մորս շրջազգեստի փեշը սկզբից մատներով, այնուհետև ողջ ոտքի թաթով (իսկ գուլպան, տեղին է ասել, գրեթե մաքուր էր, հագնված էր ոչ ուշ, քան այսօր) սլացավ դեպի նրա ոտքերի արանքը։ Կարելի է միայն հիանալ իմ մայրիկով, որը, չնայած սեղանի տակի բրդյա հպումին, հաղթում էր սեղանի վերևում, հաղթում էր վերևի իսկապես որ վտանգավոր խաղում, այդ թվում նաև՝ առանց չորսի խաչի, հաղթում էր վստահ և հումորիստական մեկնաբանություններով, այն դեպքում, երբ Յանը ներքևում ավելի ու ավելի գործարար դառնալով, վերևում պարտվեց մի քանի խաղափուլ և այն էլ այնպիսիները, որոնք նույնիսկ Օսկարը պայծառատեսի վստահությամբ կհասցներ հաղթական ավարտի։ Ավելի ուշ հոգնած Ստեֆանը ևս տեղափոխվեց սեղանի տակ, որտեղ էլ շուտով քնեց՝ քնելուց առաջ այդպես էլ չհասկանալով, թե իր հոր շալվարի կեսը այդ ինչ է անում իմ մոր շրջազգեստի տակ։

Պարզկա, ժամանակ առ ժամանակ ամպամածություն։ Օրվա երկրորդ կեսին՝ աննշան տեղումներ։ Հաջորդ օրը Յան Բրոնսկին կրկին եկավ, վերցրեց ու տարավ ինձ համար նախատեսված նվերը՝ փոքրիկ առագաստանավը, այդ մռայլ խաղալիքը Յոգհաուս֊պասսաժում Սիգիզմունդ Մարկուսի մոտ փոխեց թիթեղյա թմբուկի հետ։ Նա հայտնվեց երեկոյին մոտ, թեթևակի թրջված, հենց այն նույն, իմ սրտին այդքան սիրելի թմբուկով, այն մեկնեց ինձ և միաժամանակ ճանկեց իմ բարի ու հին թիթեղիկը, որի վրա միայն սպիտակակարմիր լաքի թեփուկներն էին պահպանվել։ Եվ քանի որ Յանը ճանկում էր իր ծառայությունն ավարտած թիթեղը, իսկ ես կառչում էի նորից, նրանք բոլորը՝ Յանը, մայրիկս, Մացերատը, աչքերը չէին կտրում Օսկարից, ես նույնիսկ ակամա ժպիտս չկարողացա զսպել, մի՞թե նրանք կարծում են, թե ես կարչում եմ հնացածից, թե ես իմ հոգում ինչ֊որ սկզբունքներ եմ թաքցնում։

Ես տվեցի հին թմբուկը՝ չարտաբերելով բոլորի կողմից սպասվող գոռոցը, չվախեցնելով բարձր, ապակի կտրող երգով և անմիջապես երկու ձեռքերով բռնեցի իմ նոր գործիքը։ Երկժամյա մանրազնին աշխատանքից հետո ես ամբողջապես հարմարվեցի նրան։

Սակայն իմ շրջապատի բոլոր մեծահասակները չէ՞ որ նույնչափ ըմբռնողություն էին ցուցաբերում, ինչպես Յան Բրոնսկին։ Քսանինը թվին, իմ հինգերորդ ծննդյան տարեդարձից քիչ անց, դեռ շատ խոսակցություններ էին գնում նյու֊յորքյան բորսայում սկսված խուճապի մասին, և ես մտորում էի այն մասին, թե վնասներ կրե՞լ է, արդյոք, հեռավոր Բուֆալոյում անտառի վաճառքով զբաղվող իմ պապիկը։ Մայրիկս այլևս անկարող էր չնկատել իմ աճի նշանների բացակայությունը և այդ հանգամանքով անհանգստացած, սկսեց չորեքշաբթի օրերը ձեռքիցս բռնած ինձ տանել Բրունսհյոֆերվեգի փողոց, բժիշկ Հոլլացի մոտ։ Ես համբերատարությամբ տարա այդ բոլոր ծայրաստիճան ձանձրալի և անսահման երկար հետազոտումները, որովհետև ինձ դեռ այն ժամանակ էր դուր գալիս սպիտակ, աչք շոյող այն համազգեստը, որը հագնում էր քույր Ինգան։ Նա կանգնում էր Հոլլացի կողքին և օգնում էր նրան՝ ինձ հիշեցնելով լուսանկարների վրա պատկերված իմ մայրիկի պատերազմական ժամանակի քույրական անցյալի մասին։ Նաև այն պատճառով, որ ամեն անգամ նոր ձևով իրար վրա դարսված խալաթի ծալքերի լարված դիտումը օգնում էր ինձ շեղվել բժշկի շուրթերից դուրս եկող դղրդաձայն, ընդգծված եռանդուն և այդ իսկ պատճառով տհաճ հովանավորչական բառաժայթքումից։

Ապակե ակնոցի մեջ արտացոլելով իր աշխատասենյակի կահավորանքը, իսկ այնտեղ քրոմ, նիկել ու լաք կար, դրան գումարած՝ շատ էին դարակներն ու ցուցափեղկերը, որոնց մեջ դրված էին երեսներին խնամքով գրված ապակե անոթներ օձերով, մողեսներով, դոդոշներով, խոզերով, մարդկային և կապկային սաղմերով, բոլոր այդ սպիրտացված մրգերը իր ակնոցի ապակիների միջով ընտրելով, բժիշկ Հոլլացը հետազոտությունից հետո մտասույզ շարժում էր գլուխը, թերթում իմ հիվանդության պատմությունը, կրկին և կրկին ստիպում էր մորս պատմել այն մասին, թե ինչպես ես ընկա աստիճաններից և հանգստացնում նրան, եթե նա սկսում էր անխնա մեղադրել Մացերատին, ասում էր, որ թող նա անիծված լինի բոլոր ժամանակներում։

Երբ մի քանի ամիս անց չորեքշաբթի օրերի հերթական կոնսուլտացիայի ժամանակ, ցանկանալով ոչ այն է իրեն, աչ այն է քույր Ինգային, ցույց տալ իր կողմից անցկացվող բուժման հաջողությունը, բժիշկն ուզեց վերցնել իմ թմբուկը, ես ոչնչացրեցի նրա դոդոշների ու օձերի հավաքծուի մեծ մասը, ինչպես նաև նրա կողմից հավաքված տարբեր ծագումներով բոլոր սաղմերը։

Եթե չհաշվենք լի, սակայն չփակված գարեջրի գավաթները և մայրիկիս օծանելիքի սրվակը, Օսկարը դեռ ոչ մի անգամ իր ուժերը չէր փորձել նման քանակությամբ լի և մանրակրկիտ փակված ապակե անոթների վրա։ Հաջողությունը եզակի էր, և բոլոր մասնակիցների, նույնիսկ իմ մոր համար, որն արդեն գիտեր ապակու հետ իմ հարաբերության մասին, ցնցող ու համոզիչ։ Նախ ողջ ուժով առաջին իսկ ձայնով ես լայնքով ու երկայնքով կտրեցի ցուցափեղկը, որտեղ Հոլլացը պահում էր իր գարշելի ցուցանմուշները, այնուհետև գրեթե քառանկյունի ապակուն դրսի կողմից ստիպեցի ընկնել լինոլեումապատ հատակին, որտեղ նա պառկեց և, չկորցնելով իր քառանկյունի ձևը, հազար կտոր եղավ։ Այնուհետև ես իմ գոռոցին առավել արտահայտիչ գծեր և գրեթե չափից դուրս համառություն հաղորդեցի և այդչափ շռայլորեն ձևավորված ձայնով ես անցա ճամփան մի սրվակից դեպի մյուսը։

Սրվակները զրնգոցով ցիր ու ցան եղան, կանաչավուն, փոքր ինչ թանձրացած սպիրտը, իր ետևից տանելով սեփական պատրաստուկի գունատ, թախծոտ պարունակությունը, այս ու այն կողմ էր ցայտում, հոսում էր աշխատասենյակի կարմիր լինոլեումի վրայով և սենյակը լցնում էր իր, ես նույնիսկ կասեի շոշափելի, հոտով այն աստիճան, որ մայրիկս վատ զգաց իրեն, իսկ քույր Ինգան ստիպված էր բացել Բրունսհեֆերեգ նայող պատուհանները։ Սակայն բժիշկ Հոլլացը գտավ իր հավաքածուի կորուստը նվաճում դարձնելու հնարը։ Իմ չարագործությունից մի քանի շաբաթ անց «Բժիշկն ու աշխարհը» բժշկական բանբերում հայտնվեց նրա հեղինակությամբ հոդված ապակի կոտրող Մացերատի ձայնային ֆենոմենի մասին։ Հոդվածում բժիշկ Հոլլացի ներկայացրած տեսակետը լայն արձագանք գտավ մասնագիտական շրջաններում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, իրավասու անձանց կողմից արժանացավ և՛ ընդունելության, և՛ մերժման։ Մայրիկս, որին ուղարկեցին ամսագրի միանգամից մի քանի օրինակ, հպարտության տարօրինակ զգացումի հորդում էր ապրում, ինչը ստիպեց ինձ խորհել, և նա չկարողացավ իրեն մերժել այդ հոդվածից Գրեֆներին, Շեֆլերներին և իր Յանին և, կրկին ու կրկին, ճաշից հետո իր ամուսին Մացերատին հատվածներ կարդալու հաճույքը։ Նույնիսկ կրպակ հաճախող գնորդներն էին ստիպված լինում ունկնդրել հոդվածի հատվածները, ընդ որում նրանք հիանում էին իմ մայրիկով, որը ճարպկորեն արտասանում էր տարբեր տերմիններ՝ երևակայության հարուստ խաղ ցուցադրելով։ Այն հանգամանքը, որ իմ անունը առաջին անգամ հայտնվեց մամուլի էջերում, անձամբ ինձ ամենևին չէր հուզում։ Դեռ այն ժամանակ արդեն աչալուրջ իմ հոռետեսությունը ինձ դրդեց բժիշկ Հոլլացի հոդվածը համարել մի բժշկի բազմաէջ ճամարտակություններ, որը համալսարանի ամբիոնի հեռանկարներ ունի։

Այսօր իր հատուկ բուժիչ հիմնարկությունում Օսկարը այլևս ունակ չէ տեղից շարժել նույնիսկ փոքրիկ բաժակը։ Հոլլացի նման բժիշկները իրենց այցելություններով տանջում են նրան։ Նրա վրա կատարում են զուգորդական, այսպես կոչված ռորշախյան և այլ հարցազննումներ, որպեսզի տվայլ հաստատության մեջ նրա հարկադրաբար բուժումը, ի վերջո, ստանա բարեհունչ անվանում՝ այսօր Օսկարը հաճույքով է հիշում իր ձայնի հնամենաձև, հին ժամանակները։ Եթե այդ սկզբնական շրջանում նա կվարցի ավազից պատրաստված առարկաները կտրում էր հիմնավորապես (ստիպված էր լինում դա անել), ապա հետգայում, երբ նրա արվեստը հասավ ծաղկման, իսկ հետո գնաց դեպի նվազում, նա արդեն իր ունակություններից օգտվում էր առանց որևէ արտաքին հարկադրության։ Ենթարկվելով ուշ շրջանի մաներիզմի գայթակղություններին, հանուն խաղի որպես այդպիսին, ծառայելով արվեստին հանուն արվեստի, Օսկարը իր ձայնով ներթափանցում էր ապակու կառուցվածքի մեջ և միաժամանակ հասունանում։


Դասացուցակը

Կլեփը հաճախ ժամեր շարունակ իր համար օրվա ժամանակացույց է կազմում։ Այն հանգամանքը, որ այդ կազմելու ժամանակ անընդհատ տաքացված ոսպով արյունոտ երշիկ է կլանում, միայն հաստատում է իմ դրույթը, որն ասում է․ բոլոր երազողները շատակերներ են։ Իսկ այն, որ Կլեփը լիովին ակնհայտ ջանասիրություն է դրսևորում առանձին խորագրեր լրացնելիս, հաստատում է իմ մյսւս դրույթը, միայն իրական ալարկոտներն են ունակ անել գյուտեր, որոնք աշխատանքը դարձնում են նվազ աշխատատար։

Կլեփը այս տարի ևս ահա երկու շաբաթ անընդմեջ ջանք է թափում օրվա ժամանակացույցը ժամ առ ժամ կազմելու համար։ Երեկ երեկոյան այցելելով ինձ, նա առաջին հերթին իրեն խորհրդավոր տեսք տվեց, այնուհետև կրծքագրպանից դուրս հանեց բազմակի ծալած թղթի մի կտոր և ճառագելով, նույնիսկ հպարտության արտահայտությամբ, այն մեկնեց ինձ․ նա կրկին գյուտ էր արել, որը թույլ էր տալիս աշխատանքային ժամը խնայել։

Ես աչքերով անցա նրա գրառումների վրայով, սակայն մի որևէ իրապես նոր բանի չհանդիպեցի․ ժամը տասին՝ նախաճաշ, մինչև ճաշը՝ մտքի աշխատանք, ճաշից հետո՝ խաղաղ ժամ, այնուհետև՝ սուրճ, հնարավորության դեպքում՝ անկողնում։ Անկողնուց դուրս չգալով, մեկ ժամ՝ ֆլեյտայի վրա նվագելու համար, այնուհետև վեր կենալ և մեկ ժամ շարային քայլքով քայլել սենյակով, պարկապզուկի ձայների ներքո, ևս կես ժամ բակում՝ մաքուր օդին, այնուհետև՝ յուրաքանչյուր երկու օրը մեկ փոխեփոխ կամ երկու ժամ՝ գարեջրով արյունոտ երշիկ կամ երկու ժամ՝ կինո, սակայն ամեն դեպքում կինոյից առաջ կամ գարեջրի շուրջ աննկատ քարոզել անլեգալ ԳԿԿ֊ի օգտին, ոչ ավելի, քան կես ժամ, որպեսզի չափը չանցնի։ Շաբաթական երեք երեկո՝ «Ռնգեղջյուրում» պարային երաժշտությամբ զբաղվելը։ Շաբաթ օրերին՝ հետճաշյա գարեջուրը ԳԿԿ֊ի օգտին՝ քարոզի հետ միասին տեղափոխվում է երեկոյան ժամի, քանի որ օրը տրամադրված է Գրյունշտրասե փողոցում գտնվող բաղնիքին ու մերսմանը։ Բաղնիքից հետո՝ վազք դեպի «Ու֊9», որտեղ երեք քառորդ ժամ հիգենիկ վարժություններ մի աղջկա հետ, հետո այդ նույն աղջկա և նրա ընկերուհու հետ՝ սուրճ և խմորեղեն Շվաբի մոտ։ Աշխատանքային օրվա ավարտից ոչ շատ առաջ՝ սափրվել, իսկ եթե հարկ լինի, ապա նաև մազերը խուզել, արագ լուսանկարվել ֆոտոավտոմատում, այնուհետև՝ գարեջուր, երշիկ, քարոզ ԳԿԿ֊ի օգտին և հաճելի անգործություն։

Գովելով Կլեփի կողմից մանրակրկիտ կազմված ժամանակացույցը՝ ես խնդրեցի այն պատճենահանել ինձ համար և հետաքրքրվեցի, թե ինչպես է նա հաղթահարում ուժասպառության րոպեները։ «Քնում եմ կամ ԳԿԿ֊ի մասին մտածում», ― պատասխանեց Կլեփը կարճ մտորելուց հետո։

Արդյոք պատմեցի՞ ես նրան, թե ինչպես Օսկարը առաջին անգամ բախվեց «օրվա ժամանակացույց» հասկացության հետ։

Անեն ինչ սկսվեց լիովին անվնաս կերպով, Քաուեր մորաքրոջ մոտ, մանկապարտեզում։ Ամեն առավոտ Հեդվիգ Բրոնսկին գալիս էր իմ ետևից և ինձ ու Ստեֆանին մեկտեղ տանում էր Պասադովսկիվեգ փողոց, Քաուեր մորաքրոջ մոտ, որտեղ վեց֊տասը երեխաների հետ (ոմանք հիվանդության պատճառով մշտապես բացակայում էին) մենք պետք է խաղայինք մինչ սրտխառնոցի աստիճան։

Բարեբախտաբար իմ թմբուկը խաղալիքների դասին էր պատկանում և այդ իսկ պատճառով իմ վզին այլ խաղալիքներ չէին փաթաթում, իսկ ճոճվող ձիուկը իմ տակն էին հրում միայն այն ժամանակ, երբ խաղի ընթացքում թղթե սաղավարտով ասպետ֊թմբկահարի պահանջ էր լինում։ Ինձ համար որպես ստեղնագործիք էր ծառայում Քաուեր մորաքրոջ սև մետաքսյա շրջազգեստը, որը հազարապատիկ կոճկվում էր ու արձակվում էր։ Ես բոլոր հիմքերը ունեմ հաստատելու համար, որ իմ թմբուկի օգնությամբ ինձ հաջողվում էր օրական մի քանի անգամ թուլակազմ և կնճռոտ ֆրոյլյանին հագցնել ու հանվեցնել, երբ թմբուկի հարվածներով ես կոճկում կամ արձակում էի նրա շրջազգեստը, առանց նրա մարմինը զննելու։

Շագանակենու ծառուղիներով մինչև Յեշկենթալյան անտառ, Էրբսբերգով դեպի վեր, Գութենբերգի հուշարձանի կողքով հետճաշյա զբոսանքները այնքան հաճելիորեն ձանձրալի և անհոգս էին, որ ես մինչ օրս էլ երազում եմ նման քրեստոմատիկ զբոսանքներ կատարել՝ բռնելով Քաուեր մորաքրոջ մագաղաթյա փոքրիկ ձեռքը։

Ութ հոգի էինք մենք, թե տասներկու, միևնույն է, մենք պարտավոր էինք մտնել լծի տակ։ Այդ լուծը բաղկացած էր կապույտ գործված երիզից, որը փոխարինում էր առեղին։ Բրդյա առեղից աջ ու ձախ կողմերով ետ էին ձգվում վեցական բրդյա սանձիկներ տասներկու, եթե եկել էին բոլորը, երեխաների համար։ Յուրաքանչյուր տասը սանտիմետրը մեկ սանձիկների վրա կախված էին մեկական զանգուլակ։ Քաուեր մորաքրոջ առջև, որը բռնում էր սանձերը, մենք, զնգզնգացնելով ու թնկթնկացնելով, իսկ ես համառորեն թմբկահարելով, դոփում էինք քաղաքամերձ փողոցներով։ Մորաքույր Քաուերը երբեմն սկսում էր երգել․ «Հիսուս, քեզնով եմ ապրում, Հիսուս, քեզնով ես կմեռնեմ» կամ «Ողջույն քեզ, աստղ ծովային», և անցորդների գութը շարժվում էր, երբ մենք դեպի պարզկա հոկտեմբերյան օդն էինք գոչում․ «Օ՜, օգնիր ինձ, Կույս Մարիամ» և Օ՜, քաղցրալի Աստվածամայր»։ Եթե մենք կտրում անցնում էինք գլխավոր փողոցը, տրանսպորտը կանգ էր առնում։ Կուտակվում էին տրամվայները, մեքենաները, կառքերը, մինչև մենք մեր «ծովային աստղը» սալարկուղով տանեինք։ Եվ Քաուեր մորաքույրը ամեն անգամ իր ճրթճրթան թաթիկով շնորհակալություն էր հայտնում մեզ փողոցով անցկացնող ոստիկանին։

«Տերը մեր Հիսուս կվարձատրի ձեզ», ― խոստանում էր նա և իր մետաքսե շրջազգեստի շրշյունով առաջ էր ընթանում։

Ճիշտն ասած, ես շատ ափսոսացի, երբ գարնանը, վեցերորդ ծննդյան տարեդարձից հետո, Օսկարը Ստեֆանի հետ և հատկապես Ստեֆանի պատճառով, լքեց օրիորդ Քաուերին, ում կարելի էր կոճկել ու արձակել։ Հնարավոր չեղավ խուսափել բռնի գործողություններից, ինչպես ամեն անգամ, երբ գործին խառնվում էր քաղաքականությունը։ Մենք բարձրացանք Էրսեբերգ փողոց, մորաքույր Քաուերը մեր վրայից հանեց լուծը։ Փայլփլում էին երիտասարդ փոքրիկ ծառերը, ճյուղերի մեջ ուրախ ժխոր էր տիրում։ Մորաքույր Քաուերը նստել էր մամռապատ քարի վրա, որը տարբեր ուղղություններ էր ցույց տալիս մեկժամյա և երկժամյա զբոսանքների համար։ Նա երգ էր երգում մանկահասակ աղջկա նման, որը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ քնի մեջ, նա թափ էր տալիս գլուխը, ինչպես դա անում են խայտահավերը, և միաժամանակ մեզ համար նոր լծասարք էր գործում, լծասարքը նախատեսվում էր լինել հրեշավոր կարմիր գույնի։ Ափսոս միայն, որ ինձ այդպես էլ բախտ չվիճակվեց այն կրել, թփուտների մեջ գոռոց լսվեց, օրիորդ Քաուերը վեր թևեց ու նետվեց գոռոցի ուղղությամբ դեպի թփուտներ՝ իր ետևից տանելով կարմիր թելն ու գործվածքը։ Ես գնացի նրա և թելի ետևից, առաջիկայում ես պետք է տեսնեի էլ ավելի կարմիրը․ Ստեֆանի քթից հոսում էր արյունը, իսկ խարտյաշ և քունքերի շրջանում կապույտ երակագծերով Լոտար անունով տղան նստել էր թույլիկ ու խղճուկ Ստեֆանի կրծքին և իրեն այնպես էր պահում, կարծես ուզում էր նրա քիթը մտցնել դեմքի մեջ։

«Լեհուկ, ― ֆշշացնում էր նա հարվածների արանքում։ ― Լեհուկ»։

Երբ հինգ րոպե անց Քաուեր մորաքույրը կրկին մեզ վրա հագցրեց լծասարքը՝ միայն ես էի վազում ինքնուրույնաբար, կարմիր գործվածքը քանդելով՝ նա սկսեց մեր բոլորի համար աղոթքը, որը սովորաբար արտաբերում են զոհի և մարմնավորման միջև․ «Խայտառակված եմ ես՝ զղջանքով ու ցավով լի․․․»։

Դրանից հետո՝ Էրբսբերգով ներքև և կանգառ Գութենբերգի հուշարձանի դիմաց։ Երկար մատով ցույց տալով Ստեֆանին, որը թնկթնկացնում էր ու թաշկինակը սեղմում քթին, Քաուերը մեղմ պարզաբանեց․ «Ստեֆանը մեղավոր չէ, որ ինքը փոքրիկ լեհ է»։ Մորաքույր Քաուերի խորհրդով Ստեֆանը այլևս չպետք է այցելեր մանկապարտեզ, և Օակարը, որը չնայած լեհ չէր և այնքան էլ Ստեֆանին չէր սիրում, այստեղ համերաշխություն դրսևորեց։ Երբ եկավ Զատիկը, որոշեցին ռիսկի դիմել, և բժիշկ եղջուրե շրջանակով ակնոցով Հոլլացը եզրակացրեց, որ դա չի կարող վնաս հասցնել։ Նա նույնիսկ բարձրաձայն արտահայտեց իր եզրակացությունը․ «Դա վնաս չի հասցնի փոքրիկ Օսկարին»։

Յան Բրոնսկին, որը ևս մտադիր էր Զատիկից հետո իր փոքրիկ Ստեֆանին լեհական ժողովրդական դպրոց ուղարկել, թույլ չտալով, որ իրեն ետ պահեն, մայրիկիս ու Մացերատին կրկին ու կրկին պնդում էր, որ ինքը ծառայող է լեհական պետական ծառայությունում, և որ Լեհական փոստատանը իր արժանավայել աշխատանքի դիմաց լեհական պետությունից արժանավայել վարձատրություն է ստանում։ Վերջ ի վերջո ինքը լեհ է, և Հեդվիգը նույնպես լեհուհի կդառնա, հենց որ բավարարեն նրա դիմումը։ Եվ բացի այդ, Ստեֆանի նման խելացի ու միջինից բարձր տաղանդի տեր երեխան գերմաներեն լեզուն լիովին կարող է ուսումնասիրել ընտանիքում, իսկ ինչ վերաբերում է փոքրիկ Օսկարին (ամեն անգամ «Օսկար» անունը արտասանելիս նա թեթևակի հոգոց էր հանում), ապա Օսկարը, ինչպես և Ստեֆանը, վեց տարեկան է, ճիշտ է, նա դեռ նորմալ խոսել չի կարողանում և ընդհանրապես իր տարիքի համեմատ բավականին թերզարգացած է, և աճ էլ չունի։ Այնուհանդերձ արժե փորձել․ պարտադիր ուսուցումը հենց պարտադիր ուսուցում է, եթե, իհարկե, դեմ չլինի դպրոցի ղեկավարությունը։

Սկզբում դպրոցի ղեկավարությունը կասկածեց և բժշկական եզրակացություն պահանջեց։ Հոլլացը ինձ անվանեց առողջ երեխա, որը երեք տարեկան երեխայի հասակ ունի։ Սակայն խելքով, եթե ուշադրություն չդարձնենք այն հանգամանքի վրա, որ նա դեռ չի կարողանում խոսել ինչպես հարկն է, հինգ֊վեց տարեկաններին ոչնչով չի զիջում։ Հոլլացը նաև ինչ֊որ բան էր ասում իմ վահանաձև գեղձի մասին։

Բոլոր հետազոտությունների ընթացքում, ինձ համար արդեն սովորական դարձած հարցազննման ժամանակ, ես ինձ հանգիստ էի պահում՝ սկսած «անտարբերից» վերջացրած «բարիկամեցողությամբ», նամանավանդ, որ ոչ ոք մահափորձ չէր կատարում իմ թմբուկի դեմ։ Հոլլացյան օձերի, դոդոշների ու սաղմերի հավաքածուի ոչնչացումը դեռ թարմ էր այն մարդկանց հիշողության մեջ, ովքեր ինձ հետազոտում ու հարցազննում էին, և երկյուղ ներշնչում։

Ես ստիպված էի իմ ձայնի միջի ալմաստը ցուցադրել միայն տանը և այն էլ պարապմունքների առաջին օրը, քանի որ նախկինի դառը փորձով չխրատված, Մացերատը պահանջեց, որ ես ֆրեբելևյան մարգագետնի միջով մինչև Պեստալոցցի դպրոցը ընկած ճանապարհը անցնեմ առանց թմբուկի և որ այն ինձ հետ դպրոց չտանեի։

Սակայն երբ նա ազատություն տվեց ձեռքերին, և ցանկացավ վերցնել այն, ինչն իրեն չի պատկանում, այն, ինչի հետ նա վարվելու ձևն էլ չգիտի, այն, ինչի համար նրա հասկացողությունն է բացակայում, ես գոռացի, կիսեցի մեջտեղից դատարկ ծաղկամանը, ինչի մասին ասվում էր, որ բնօրինակ է։ Երբ բնօրինակ սկահակը բնական բեկորների տեսքով հայտնվեց հատակին, Մացերատը, որն այն բարձր էր գնահատում, քիչ էր մնում ինձ խփեր։ Սակայն այդ պահին մոտ թռավ մայրիկս, Յանը, որը Ստեֆանի հետ կարճ ժամանակով այցի էր եկել մեզ, նույնպես միջամտեց։

― Ալֆրեդ, խնդրում եմ քեզ, ― արտաբերեց նա իր հանգիստ, փոքր֊ինչ մեղմ ոճով, և Յանի կապույտ և մորս մոխրագույն աչքերից խոցված Մացերատը ցած իջեցրեց արդեն վեր բարձրացրած ձեռքը և այն խոթեց գրպանը։

Պեստալոցցիի անվան դպրոցը նոր, կարմիր֊աղյուսե, ժամանակակից ոգով գրաքարերով և որմնաքարերով զարդարված, երեք հարկանի հարթ տանիքով երկարավուն շենք էր, որը մանուկներով հարուստ արվարձանում կառուցել էր սենատը՝ այն ժամանակ դեռ շատ ակտիվ սոցիալ֊դեմոկրատների աղմկոտ պահանջով։ Ինձ դուր եկավ այդ արկղը, եթե չհաշվենք հոտը և մոդեռն ոճով գրաքարերի և որմնանկարների վրա պատկերված սպորտով զբաղվող տղաներին։ Չնայած ծաղկող, սակայն անբնականորեն փոքրիկ ծառերը կանգնած էին եպիսկոպոսի գավազանի նմանվող պաշտպանական շքամուտքի դիմացի մանր խճի վրայի երկաթյա ձողերի արանքում։ Բոլոր կողմերից հոսելով՝ դեպի դպրոց էին գալիս մայրիկները՝ խայտաբղետ ձագարաձև թղթե տոպրակները բռնած և իրենց ետևից ոռնացող կամ օրինակելի տղաներին քարշ տալով։ Օսկարը դեռ ոչ մի անգամ նույն կողմը գնացող այդքան շատ մայրեր չէր տեսել։ Թվում էր, թե նրանք ուխտագնացություն են կատարում դեպի ինչ֊որ մի շուկա, որտեղ մտադիր են վաճառքի նպատակով ցուցադրել իրենց առաջնեկներին կամ ավագությամբ երկրորդներին։ Դպրոցի այդ հոտը, որը բազմիցս նկարագրված է, և որն իր խիստ հատկանշանակությամբ գերազանցում է երկրի վրա հայտնի բոլոր բուրմունքները, արդեն նախասրահում է զգացվում։ Հատակի քարե սալիկների վրա գեղատեսիլ անկարգության մեջ կանգնած էին ոչ այն է չորս, ոչ այն է հինգ գրանիտե սկահակներ, որոնցում միաժամանակ մի քանի ակունքներից ջուր էր բխում։ Երեխաներով, այդ թվում ինձ հասակակից, շրջապատված սկահակները հիշեցնում էին բիսաուցի իմ քեռի Վինցենտի խոզին։ Նա ևս երբեմն պառկում էր իր կողքի վրա և նույնչափ մոլեգին հարձակման էր ենթարկվում իր ծարաված խոճկորների կողմից։

Տղաները կռացել էին սկահակների և անփոփոխ կախ ընկած շատրվանների վրա, իրենց մազերին թույլ էին տալիս ընկնել շիթի տակ, իսկ շիթին՝ ընկնել իրենց բերանը։ Չգիտեմ էլ՝ արդյոք խմո՞ւմ էին նրանք, թե զվարճանում։ Երբեմն երկու տղա, թշերը ուռեցրած, միաժամանակ ուղղվում էին, որպեսզի անպարկեշտ բարձր ձայնով միմյանց դեմքերին պզզացնեն բերաններում տաքացրած ջուրը, որն անկասկած խառնված էր թքի ու հացի փշրանքներին։ Ես, որ անմիջապես մուտքի մոտ՝ չհասկանալով հայացք նետեցի ձախից նախասրահին հարող բաց մարզադահլիճի կողմը, այնտեղ տեսնելով կաշվե զամբիկ, ձող և ճոպաններ, ինչպես նաև սարսափելի զուգափայտ, հանկարծ իսկական, ոչնչով չնվազեցվող ծարավ զգացի, և ուրախ կլինեի ուրիշ երեխաների պես մի քիչ ջուր խմել։ Սակայն ես հո չէի կարող խնդրել մայրիկիս, որը բռնել էր իմ ձեռքը, որպեսզի նա փոքրիկ Օսկարին բարձրացնի մինչև սկահակի եզրը։ Նույնիսկ եթե կանգնեի իմ թմբուկի վրա, միևնույն է, ես չէի կարողանա ձգվել մինչև շատրվանը։ Սակայն երբ, քիչ վեր ցատկելով, ես հայացք նետեցի սկահակներից մեկի եզրից այն կողմ և նկատեցի, թե ինչպես են յուղոտ փշրանքները գրեթե փակել ջրահեռացման անցքը, ինչից սկահակը լցվել էր մի ինչ֊որ անախորժաբեր հեղուկով, ծարավը, որը՝ սպորտային անապատի մարմնամարզական գործիքների միջև թափառելիս, ես շատ շոշափելի էի զգում, անմիջապես լքեց ինձ։

Վիթխարակերտ, հսկաների համար պատրաստված աստիճաններով, դղրդյունով արձագանքող միջանցքներով մայրիկս ինձ վեր տարավ դեպի մի շինություն, որի դռան վերևում կախված էր «1Ա» գրությամբ ցուցանակ։ Շինությունում վխտում էին ինձ հասակակից տղաներ։ Այդ տղաների մայրիկները սեղմվել էին պատուհանների դիմացի պատին և խաչած ձեռքերով ավանդական, խայտաբղետ, ձագարաձև, վերևից մետաքսյա թղթով պինդ կապած իմ հասակից բարձր, ուսումնական առաջին օրվա համար նախատեսված թղթե տոպրակները սեղմել էին կրծքներին։ Մայրիկիս մոտ ևս կար այդպիսին։

Երբ ես նրա ձեռքը բռնած մտա ներս, ժողովուրդը ծիծաղեց, և այդ ժողովրդի մայրերը՝ ևս։ Չաղլիկ տղային, որն անմիջապես ցանկություն ունեցավ իմ փմբուկի վրա թմբկահարել, ես, որպեսզի ստիպված չլինեմ ձայնովս ապակի կտրել, ստիպված էի ոտքով հարվածել ճանին։ Ընդ որում հարվածել ոչ մեկ անգամ։ Տղան ընկավ՝ դպրոցական նստարանին բախման ժամանակ փչացնելով իր սանրվածքը, ինչի համար էլ ես հաջողացրի վզակոթիս մի լավ հարված ստանալ մորիցս։ Տղան ճչում էր, ես, բնական է, ոչ, ես գոռում եմ, միայն երբ ուզում են ձեռքիցս խլել թմբուկը։ Մայրիկս, որի համար մյուս մայրերի աչքի առաջ տեղի ունեցած այդ բախումը չափազանց տհաճ էր, ինձ մտցրեց պատուհանի կողմի մուտքի առաջին նստարանի մեջ։ Ինչ խոսք, նստարանը ինձ համար չափազանց մեծ էր։ Սակայն ավելի հետ գնալիս ժողովուրդը դառնում էր առավել ամուր ու պեպենոտ, իսկ նստարանները ավելի մեծ էին։ Ես ամեն ինչին հարմարվեցի, հանգիստ նստեցի, քանի որ անհանգստանալու համար պատճառներ չունեի։ Մայրիկս, որն իմ կարծիքով դեռ շփոթված էր, խառնվեց մյուս մայրերի ամբոխին։ Հնարավոր է, որ նա իր նմաններից անհարմար էր զգում իմ, այսպես ասած, աճի զարգացման կանգի պատճառով։ Իսկ նրանք, ընդհակառակը, իրենց այնպես էին պահում, կարծես ծանրակշիռ պատճառներ ունեին հպարտանալու իրենց, ըստ իս, չափից դուրս արագ մեծացած համբակներով։

Քանի որ լուսամուտագոգի բարձրությունը նույնչափ քիչ էր համապատասխանում իմ բոյին, որքան և նստարանի չափերը, ես չէի կարող պատուհանից հայացք գցել Ֆրյոբելյան մարգագետնին։ Իսկ ես շատ էի ուզում նայել մարգագետնին, որտեղ, ինչպես գիտեի, սկաուտները կանաչի վաճառող Գրեֆի առաջնորդությամբ վրաններ են տեղադրում, պատերազմ են խաղում և, ինչպես պատշաճ է սկաուտնեին, բարիք են արարում։ Բանն այն չէ, որ ես ցանկություն ունեի մասնակցել այդ չափից դուրս մեծ անուն հանած ճամբարային կյանքին, ոչ, ինձ հետաքրքրում էր բուն Գրեֆի անձը՝ կարճ շալվարով։ Վտիտ, մեծաչյա, չնայած և գունատ տղաների նկատմամբ նրա սերն այնքան մեծ էր, որ նա այն մտցրեց սկաուտային շարժման հիմնադիր Բադեն֊Փոուելի համազգեստի մեջ։

Ճարտարապետական ստորություններից պատճառով զրկված լինելով բավականին հետաքրքրաշարժ տեսարանից, ես կարող էի նայել միայն երկնքին և ի վերջո լիովին բավարարվեցի դրանով։ Անընդհատ նոր ու նոր ամպեր էին լողալով անցում հյուսիս արևմուտքից դեպի հարավ արևելք, կարծես հատկապես այդ ուղղությունն էր ամպերին ինչ֊որ անսովոր ուրախություններ խոստանում։ Իմ թմբուկը, որը մինչ այժմ գեթ մեկ հարվածով անգամ չէր ակնարկել այդ հեռացումը, ես սեղմեցի ծնկներիս և նստարանի արկղի միջև։ Թիկունքի համար նախատեսված տախտակը պաշտպանում էր Օսկարի ծոծրակը։ Իմ ետևում հռհռում, ոռնում, ծիծաղում, լաց լինում ու մոլեգնում էին իմ, այսպես կոչված, համադասարանցիները։ Ինձ վրա թղթե գնդիկներ էին նետում, սակայն ես նույնիսկ չէի շրջվում՝ նպատակսլաց ամպերի տեսքը համարելով ավելի գեղագիտական, քան ամբողջապես հիմարացած համբակների մի ողջ հորդայի ծամածռությունների տեսարանը։

Այն բանից հետո, երբ ներս մտավ «օրիորդ Շպոլլենհաուեր» ներկայացած կինը, «1Ա» դասարանը դարձավ քիչ ավելի լուռ։ Ինձ սակայն պետք չէր լինել ավելի լուռ, ես առանց այն էլ չափից դուրս լուռ էի նստած և խորասուզվելով իմ մեջ, սպասում էի ապագա իրադարձություններին։ Իսկ եթե այնուամենայնիվ միջև վերջ ազնիվ լինեմ, ապա Օսկարը ընդհանրապես անհրաժեշտ չէր համարում սպասել ապագա իրադարձություններին, նա զվարճությունների անհրաժեշտություն չէր զգում։ Իսկ դա նշանակում է, որ նա ոչինչ չէր էլ սպասում, այլ ուղղակի նստել էր նստարանին կամ, ավելի ճիշտ ասած, զատկատոնի առիթով դասասենյակի լավ լվացած պատուհանների դիմաց՝ զգալով միայն իր թմբուկի հպումը և ուրախանալով ամպերի տեսքով։

Օրիորդ Շպոլլենհաուերը կրում էր կոպիտ կարված կոստյում, որը նրա կերպարանքին տղամարդկային ինչ֊որ բան էր հաղորդում։ Այդ տպվավորությունը միայն սաստկանում էր խստաշունչ, կոճկովի և, ինչպես ինձ էր թվում, կոկորդի շրջանում ցելյուլոիդե կոճակ ունեցող օձիքի շնորհիվ, ինչից նրա վիզը դառնում էր ծալքավոր։ Զբոսաշրջիկի իր կոշիկներով հազիվ դասասենյակի շեմից ներս ոտք դնելով, նա ցանկացավ համընդհանուր սեր ձեռք բերել և այդ իսկ պատճառով հարց տվեց․

― Դե, սիրելի երեխաներ, դուք կարո՞ղ եք մի որևիցե երգ երգել։

Պատասխանը՝ համընդհանուր ոռնոց էր, ինչը նա մեկնաբանեց սակայն որպես հաստատող պատասխան, քանզի անմիջապես միտումնավոր բարձր ձայնով սկսեց երգել «Մայիսը եկավ» գարնանային երգը, չնայած գործը տեդի էր ունենում ապրիլի կեսին։ Սակայն դեռ նոր էր նա հռչակել գարնան գալուստը, իսկական դժոխք բռնկվեց։ Սկսելու նշանին չսպասելով, գոնե մոտավորապես բառերը չիմանալով, չունենալով քիչ թե շատ ռիթմի զգացում, թեկուզ այն պարզունակը, ինչպես այդ երգում, ավազակախումբը իմ թիկունքում սկսեց գոռգոռալ՝ մեկը անտառի մասին, մեկը՝ ցախի, այնպես, որ պատերից ցած էին թափվում ծեփերը։

Շպոլլենհաուերը իմ մեջ խճահարություն առաջ բերեց․ չնայած իր դեղնավուն մաշկին, տղայի նմանվող մազերի կրտվածքին և տղամարդու փողկապին, որը նկատելի էր օձիքի անկյունների արանքից։ Եվ, կտրվելով ամպերից, որոնք ակնհայտորեն այսօր պարապմունքներ չունեին, ես շունչ առա, մեկ շարժումով փայտիկները դուրս բերեցի շալվարակալի տակից և բարձրաձայն ու մատչելիորեն թմբուկի վրա թմբկահարեցի երգի ռիթմը։ Սակայն իմ թիկունքում գտնվող ավազակախումը ո՛չ լսողություն ուներ, ո՛չ հասկացողություն։ Միմիայն Շպոլլենհաուերը ինձ քաջալերելով գլուխը շարժեց, ժպտած պատի հենարան դարձած մայրերի խմբին, առանձնահատուկ հայացքով պարգևատրեց իմ մայրիկին՝ դրդելով ինձ դա ընկալել որպես թմբկահարելը հանգիստ շարունակելու, էլ ավելի բարդացնելու և իմ ողջ վարպետությունը ցուցադրելու կոչ։ Իմ թիկունքի ավազակախումբը արդեն վաղուց դադարել էր իր բարբարոսական գոռոցներով իմ թմբկահարելուն ձայնակցելը։ Ես արդեն երևակայում էի, թե իբր իմ թմբուկը հանդես է գալիս դասավանդողի դերում, սովորեցնում, իմ համադասարանցիներին վեր է ածում իմ աշակերտների, սակայն այդ պահին իմ նստարանի առաջ վեր խոյացավ Շպոլլենհաուերը, ուշադիր և ոչ թե լարված, այլ ավելի շուտ ինքնամոռաց ժպտալով նայեց իմ ձեռքին և իմ փայտիկներին, նույնիսկ փորձեց միևնույն չափը տալ։ Մի կարճ ակնթարթ ներկայացավ որպես հմայքից ոչ զուրկ ոչ երիտասարդ աղջիկ, որը մոռանալով իր մանկավարժական կոչման մասին, չընդունելով գրավոր հրամանով իրեն պարտադրված կյանքի ծաղրանկարային պատկերը, դառնում է ավելի մարդկային, այլ խոսքերով՝ երեխայական, հետաքրքրասեր, ոչ հասարակ, ոչ խրատող։

Սակայն երբ Շպոլլենհաուերին չհաջողվեց անմիջապես և ճիշտ կրկնել իմ թմբկային չափը, նա վերադարձավ իր նախկին, ուղղամիտ, հիմարավուն և, դրան գումարած, վճարովի դերին, կենտրոնացավ, ինչպես ժամանակ առ ժամանակ ստիպված են անել ուսուցիչները և ասաց․

― Դու, իհարկե, փոքրիկ Օսկարն ես, մենք արդեն շատ ենք քո մասին լսել։ Որքան գեղեցիկ ես դու թմբկահարում։ Ճի՞շտ է, երեխաներ։ Չէ՞ որ ճիշտ է, մեր Օսկարը լավ թմբկահար է։

Երեխաները սկսեցին լաց լինել, մայրերն ավելի մոտեցան իրար, Շպոլլենհաուերը այդ ընթացքում կարողացավ ամբողջապես տիրապետել իրեն։

― Իսկ այժմ, բարձր ձայնով ասած նա, ― մենք թմբուկը կդնենք մեր պահարանի մեջ, նա անկասկած արդեն հոգնել է և ուզում է հանգստանալ։ Հետո, երբ դասերը ավարտվեն, դու այն հետ կստանաս։

Դեռ արագացնելով այդ կեղծիքով լի խոսքը, նա ինձ ցուցադրեց իր կարճ կտրված ուսուչական եղունգները՝ տասն անգամ փորձելով այդ կարճ կտրված եղունգներով բռնել իմ թմբուկը, որը, տեսնում է Աստված, ո՛չ հոգնել էր, ո՛չ էլ պատրաստվում էր քնել։ Սկզբում ես դիմանում էի, պուլովերի տակ թաքնված մատներով փաթաթվեցի սպտակա֊կարմրավուն օղակին, նայեցի նրան, տեսա, որ նա անփոփոխ պահպանում է դպրոցական ուսուցչուհու վաղնջական չափանմուշային տեսքը։ Նայեցի նրա միջով, Շպոլլենհաուերի ներսում տեսա այնպիսի բաներ, որոնք բավարար են երեք ամբողջական բարոյազուրկ գլուխներում շարադրելու համար։ Սակայն քանի որ խոսքը իմ թմբուկի մասին էր, շեղվեցի նրա ներքին կայնքից, և երբ իմ հայացքը խոցեց նրան թիակների մեջտեղից, լավ պահպանված մաշկի վրա հայտնաբերեցի գուլդենի[5] չափ խալ, վրան երկար մազեր աճած։

Ոչ այն է նա զգաց, որ ես իրեն տեսնում եմ միջանցիկ հայացքով, ոչ այն է բանն իմ ձայնն էր, որն արդեն նախազգուշացնելով, սակայն դեռ վնաս չպատճառելով, քերծում էր նրա ակնոցի աջ ապակին։ Մի խոսքով, նա հրաժարվեց բիրտ ուժի կիրառումից, ինչը ստիպեց, որ նրա մատների ոսկորները ցավեն՝ հավանաբար, չդիմանալով ակնոցի քերծվելուն, ինչի պատճառով նրա մաշկը փշաքաղվեց, մրսածի դողոցով ձեռքերից բաց թողեց թմբուկը և միայն ասաց․ «Որքան չար ես դու, Օսկար», ― դատապարտող հայացք նետեց մորս վրա, որն առանց այն էլ չգիտեր, թե ուր թաքցնի աչքերը։ Նա հանգիստ թողեց իմ մեկ կաթիլ անգամ ոչ քնկոտ թմբուկը, կտկտացնելով իր ցածր ու լայն կրունկները, շրջվեց, բարձրացավ ամբիոնի վրա, իր պորտֆելից ուրիշ ակնոց հանեց, հավանաբար ընթերցանության համար, վճռական շարժումով քթի վրայից հանեց այն հարմարանքը, որը քերծել էր ձայնը, ինչպես եղունգներով են քերում պատուհանի ապակու վրայով։ Ճկույթը ցցելով՝ երկրորդ ակնոցը նստեցրեց իր քթի վրա, հետո ձգվեց, այնպես, որ ինչ֊որ բան նրա ներսում ճտտաց, և կրկին ձեռքը մտցնելով իր պորտֆելի մեջ ասած․

― Իսկ հիմա ես ձեզ կկարդամ դասացուցակը։

Խոզի կաշվից կարված տարողության միջից նա հանեց թղթի մի տրցակ, մեկը վերցրեց իրեն, մյուսները բաժանեց մայրերին, այսինքն՝ իմ մորը նույնպես և վերջապես վեցամյա երեխաներին՝ որոնք սկսել էին կորցնել համբերությունը, բացատրեց, թե ինչ բան է այդ դասացուցակը։

― Երկուշաբթի՝ Աստծո օրենք, նամակ, հաշիվ, խաղեր․ երեքշաբթի՝ հաշիվ, մաքրագրություն, երգեցողություն, բնագիտություն․ չորեքշաբթի՝ հաշիվ, նամակ, նկարչություն, նկարչություն․ հինգշաբթի՝ երկրագիտություն, հաշիվ, նամակ, Աստծո օրենք․ ուրբաթ՝ հաշիվ, նամակ, խաղեր, մաքրագրություն․ շաբաթ՝ հաշիվ, երգեցողություն, խաղեր, խաղեր։

Ահա թե ինչ ազդարարեց մեզ Շպոլլենհաուրերը՝ որպես անդրդվելի ճակատագիր։ Նա ուսուցչական կոնֆերնսի ներկաներին դիմեց իր խիստ, ոչ մի տառ կուլ չտվող ձայնով, այնուհետև հիշելով սեմինար պարապմունքները, դարձավ «քնքուշ» և վարակվեց դաստիարակչական կենսախնդությամբ։

― Դե, թանկագին երեխաներ, այժմ բոլորս միասին կկրկնենք։ Եվ այսպես, երկուշաբթի՞։

Ոհմակը գոռաց․

― Երկուշաբթի։

Նա անմիջապես․

― «Աստծո օրենք»։

Կնքված հեթանոսները գոռացին «Աստծո օրենք» բառերը։ Ես ափսոսում էի իմ ձայնը և դրա փոխարեն թմբուկի վրա թմբկահարեցի կրոնական բառեր։

Շպոլլենհաուերի ողորմածությամբ նրանք իմ թիկունքում ոռնում էին․

― «Նա֊մակ» ― (Իմ թմբուկը պատասխանում էր երկու անգամ) ― «Հաշի՛վ» ― ( Եվս մեկ հարված)։

Իմ ետևում այդպես շարունակվեց գոռոցը, Շպոլլենհաուերը այդպես երգեց՝ իմ դիմաց կանգնած, և ես համաչափ՝ ուրախ դեմք ցույց տալով, իմ թիթեղի վրա խփում էի հաշիվը մինչև Շպոլլենհաուերը՝ արդեն չգիտեմ էլ, թե ինչ ճանճ էր նրան կծել, վեր թռավ տեղից՝ բացահայտ զայրացած։ Սակայն նա ամենևին էլ այն տխմարների վրա չէր զայրացել, որոնք նստած էին նրա առջև, ոչ, դա իմ պատճառով էր, որ նրա թշերը բռնկվեցին տենդագին կարմրով։ Դա Օսկարի անշառ թմբուկն էր, որ նրա համար դարձավ փորձաքար՝ բավարար, որպեսզի զբաղվի ռիթմի զգացումով օժտված թմբկահարով։

― Իսկ հիմա լսիր ինձ, Օսկար։ Հինգշաբթի՝ երկրագիտություն։

Քամահրելով «հինգշաբթի» բառը, ես վեց անգամ հարվածեցի թմբուկիս՝ նշանավորելով «երկրագիտությունը», երկու անգամ՝ «նամակը» և մեկ անգամ «հաշիվը»։ Իսկ Աստծո օրենքը» ես նշեցի, ինչպես պետքն էր, ոչ թե չորս հարվածներով, այլ անջատ֊անջատ՝ երկու անգամ երկուական, թմբուկի բացարձակապես բարեգործական հարվածներով։

Շպոլլենհաուերը, սակայն, չգնահատեց իմ ճշտությունները։ Նրան ընդհանրապես զզվեցրեց թմբկահարությունը։ Ինչպես որ քիչ առաջ նա տասնապատիկ անգամ ցույց տվեց իր կարճ կտրած եղունգները և տասն անգամ ցանկացավ խլել թմբուկը։

Սակայն ես արդեն արձակել էի իմ ապակեկործան գոռոցը՝ նախքան նա հասցրեց դիպչել իմ թիթեղին, և այն երեք սովորական չափերը, գերազանցող դասասենյակի պատուհաններին զրկեց իրենց վերևի մասից։ Երկրորդ գոռոցիս զոհը դառնալով՝ վայր ընկան միջնամասի ապակիները։ Անարգել սենյակ ներխուժեց մեղմ գարնանային օդը։ Այն հանգամանքը, որ երրորդ գոռոցով ես ոչնչացրեցի նաև ներքևի ապակիները, դարձավ, ըստ էության, ավելորդ լկտիություն, որովհետև վերևի և մեջտեղի ապակիների ընկնելուց հետո արդեն Շպոլլենհաուերը ետ քաշեց իր եղունգները։ Արվեստի տեսանկյունից զուտ անիմաստ չարաճճիությունից դրդված ներքևի պատուհանների հախից գալու փոխարեն Օսկարը տեսնում է Աստված, որ ավելի խելացի քայլ կկատարեր, եթե հետևեր ետ նահանջած Շպոլլենհաուերին։

Թե որտեղից նա կախարդանքով ի հայտ բերեց իր եղեգնյա ձեռնափայտը, սատանան գիտե։ Սակայն ձեռնափայտը հանկարծ այդ նույն գարնան շնչի հետ միախառնված, օդում հայտնվեց։ Եվ այդ օդային խառնուրդի միջով կինը ձեռնափայտը սլացիկ թափ տվեց, դարձրեց այն ճկուն, տենչացող, մաշկին հասցվող հարվածներից բավարարվածության ձգտող։ Եվ նա ձեռնափայտով հարվածեծ իր նստարանի կափարչին, այնպես, որ թանաքն ու թանաքամանը մանուշակագույն լեզվակով թռչկոտեցին։ Եվ երբ ես չցանկացա իմ ձեռքերը դնել նրա դիմաց, նա հարվածեծ իմ թմբուկին, հարվածեծ իմ թիթեղին։ Նա, մի ինչ֊որ Շպոլլենհաուերիկ, հարվածեծ իմ թիթեղյա թմբուկին։ Նա ի՞նչ իրավունք ուներ հարվածել։ Դա դեռ ոչինչ, եթե նա այդքան շատ էր ուզում հարվածել, թող հարվածեր, բայց ինչ կապ ուներ այստեղ թմբուկը։ Մի՞թե նրան չեն բավականացնում իմ թիկունքում գտնվող մաքուր լողացած համբակները։ Հենց իմ թիթե՞ղը նրան պետք եկավ։ Նրա համար, ով ոչինչ, բացարձակապես ոչինչ չի հասկանում թմբկահարությունից, պարտադի՞ր էր, որ ձեռք բարձրացներ իմ թմբուկի վրա։ Իսկ այս ի՞նչ է փայլում նրա աչքերի մեջ։ Ինչպե՞ս է անվանվում այն գազանը, որը ցանկացավ հարվածել։ Ո՞ր գազանանոցից է նա փախել, ինչպիսի՞ սնունդ է փափագում, ի՞նչ փնտրում։ Ինչ֊որ բան Օսկարի մեջ արթնացավ, նրան հրում էր ինչ֊որ բան, որը պարզ չէ, թե ինչ խորքերում էր առաջացել։ Ներբանների միջով, կրունկների միջով վեր էր բարձրանում մի ինչ֊որ բան, որը տիրանում էր նրա ձայնալարերին, և այն Օսկարին դրդեց արձակել աղեկտուր գոռոց, ինչը միանգամայն բավարար կլիներ առանց գեթ մեկ ապակի թողնելու մի հրաշակերտ՝ լույսը ներս քաշող, գոթական տաճարի։

Կարճ ասած, ես արարեցի կրկնակի գոռոց, որը Շպոլլենհաուերիկի ակնոցի զույգ ապակիները իսկապես վեր ածեց աճյունի։ Բացարձակապես դատարկ ակնոցի շրջանակների միջով թեթևակի արյունահոսող հոնքերի տակից աչքերը թարթելով, նա նահանջեց ետ ու ի վերջո սկսեց տգեղ և ուսուցչուհու համար չափից դուրս անզուսպ հեծկլտալ, իսկ իմ թիկունքում գտնվող ավազակախումբը վախեցած, հաճախակի նստարանների տակ թաքնվելով, հաճախակի ատամներով թմբկահարելով, սսկվեց։ Ոմանք նույնիսկ սողում էին սեղանից սեղան՝ իրենց մայրերին մոտ։ Վերջիններս, սակայն, հասկանալով, թե ես ինչ եմ արել, սկսեցին փնտրել մեղավորին, ցանկանում էին նետվել մորս վրա և անպայման կնետվեին, եթե ես, վերցնելով թմբուկս, նստարանից ցած չսահեի։

Ես կիսակուրացած Շպոլլենհաուերիկի կողքով, մայրիկիս շրջապատած կռվարար կանանց միջով ճեղքեցի, մոտեցա մայրիկիս, բռնեցի նրա ձեռքը և դուրս տարա «1Ա» դասարանից, որտեղ միջանցիկ քամիներն էին զբոսնում։ Դղրդացող միջանցքներ։ Քարե աստիճաններ՝ հսկա երեխաների համար։ Հացի փշրանքներ՝ շատրվաններով գրանիտե սկահակներում։ Բաց մարզադահլիճում մարզաձողի տակ տղաներ էին թռչկոտում։ Մայրիկս մինչ այժմ թուղթը պահել էր ձեռքերում։

Պեստալոցցիի անվան դպրոցի շքամուտքի առջև ես նրա ձեռքից խլեցի թուղթը և, իմաստազուրկ դասացուցակը ճմռթելով՝ թղթե գնդիկ պատրաստեցի։

Սակայն լուսանկարչին, որը շքամուտքի սյուների արանքում դարան մտած սպասում էր մայրիկների ու թղթե տոպրակների ուղեկցությամբ անցնող առաջին դասարանցիներին, Օսկարը թույլ տվեց լուսանկարել իրեն և այդ ողջ խառնաշփոթում չկորած թղթե տոպրակը։ Արևը դուրս եկավ, մեր գլխավերևում աղմկում էին դասասենյակները։ Լուսանկարիչը Օսկարին կանգնեցրեց «Իմ առաջին օրը դպրոցում» գրությամբ գրատախտակի առջև։


Ռասպուտինը և այբբենարանը

Ականջի պոչով լսող հիվանդապահ Բրունոյին և իմ ընկեր Կլեփին, պատմելով դասացուցակի հետ Օսկարի առաջին հանդիպման մասին, ես հենց նոր ասացի․ գրատախտակին փակցված փոստային բացիկի չափով դպրոցական լուսանկարի վրա գրված էր․ «Իմ առաջին օրը դպրոցում»։

Հասկանալի է, որ այդ գրությունը կարող էին կարդալ միայն մայրիկները, որոնք կանգնած էին լուսանկարչի թիկունքում և ավելի շատ էին անհանգիստ, քան իրենց երեխաները։ Գրատախտակի ֆոնի վրա պատկերված տղաները միայն մեկ տարի անց՝ երբ նոր առաջին դասարանցիները Զատիկին մոտ սկսում էին իրենց պարապմունքները, իրենց մոտ մնացած լուսանկարներից կարող էին կռահել, որ այդ չլսված գեղեցկությամբ նկարները իրենց ուսումնական առաջին օրվա կապակցությամբ են արվել։

Զյութերլինովյան տառատեսակի տառերը կեղծ, ներսից խփված կորություններով, չարադեմ սուր ծայրերով սողում էին տախտակի վրայով, դուրս էին բերում կավճե գրությունը, որն ազդարարում էր կյանքի նոր հատվածը։ Զյութելինովյան գոթիկան իրականում պիտանի է միայն ամեն աչքի զարնող հրատապ կարգախոսների համար։ Գոյություն ունեն նաև հայտնի փաստաթղթեր, որոնք ինձ տեսնել չի վիճակվել, սակայն որոնք, այնուամենայնիվ, ես կարող եմ ինձ պատկերացնել միայն այդ տառատեսակով գրված։ Ինձ պատկերանում են պատվաստումների վերաբերյալ տեղեկանքներ, մարզական պատվոգրեր և ձեռագրով գրված մահվան դատավճիռներ։ Արդեն այն օրը, երբ ես կարողացա ներթափանցել այդ տառատեսակի էության մեջ, չնայած դեռ կարդալ չգիտեի, զյութերլինովյան գոթական «Մ»֊ի կրկնակի հանգույցը, որով սկսվում էր ձեռագիրը, դավադրորեն, կանեփաթելի հոտ արձակելով, հիշեցնում էր ինձ տառատեսակը։ Բայցևայնպես ես շատ ավելի ուրախ կլինեի ոչ միայն կռահել գրվածի մասին, այլև տառը տառի ետևից կարդալ։ Ոչ ոք թող չմտածի, թե իբր Շպոլլենհաուերի հետ իմ հանդիպումը, երբ ես երգելով ապակի էի կտրում և, ի նշան բողոքի, խռովարարորեն թմբկահարում էի ես անցկացրեցի առավելագույն դիրքերից, քանզի արդեն տիրապետում էի այբբենարանին։ Ոչ և ևս մեկ ամգամ ոչ։ Ես հրաշալի հասկանում էի, որ զյութերլինովյան տառատեսակի թաքնված իմաստի մեջ ներթափանցելով, դեռ ոչինչի չէի հասել, որ ես դպրոցական տարրական գիտելիքների պակաս եմ զգում։ Միայն ափսոս, որ Օսկարին դուր չեկավ այն մեթոդը, որի օգնությամբ ոմն Ֆ․ Մ․ որոշել էր նրան տանել դեպի այդ գիտելիքները։

Այդ իսկ պատճառով, լքելով դպրոցը, ես՝ ոչ հաստատ, բայց և այնպես որոշեցի․ իմ առաջին դպրոցական օրը թող լինի նաև վերջինը։ Գուցե օրվա վերջին ծուլանո՞ւմ ես սովորել։ Նման մի բան։ Արդեն այն ժամանակ, երբ լուսանկարիչը անմահացնում էր ինձ, ես մտածում էի․ «Ահա դու կանգնած ես դպրոցական գրատախտակի առջև, հնարավոր է, շատ կարևոր, հնարավոր է, ճակատագրական գրության տակ։ Իհարկե, գրության մասին դու կարող ես դատել նրա արտաքին տեսքից, թվարկել բոլոր մտապահումները, ասենք «մի տեղանոց բանտախուց», «նախնական կալանք», «ոստիկանության հսկողության տակ» և «մեկ֊երկու֊վերցրինք», սակայն դու ընդունակ չես բացատրել դրանք։ Դրան գումարած, չնայած ամպամած երկնքի հանդեպ քո ողջ աղաղակող տգիտությանը, դու որոշեցիր այլևս երբեք ոտքդ հաստատուն դասացուցակով այդ դպրոցի շեմից ներս չդնել։ Եվ այսպես, որտե՞ղ ես դու պատրաստվում ուսումնասիրել այբբենարանի մեծատառերն ու փոքրատառերը»։

Այն հետևությանը, որ աշխարհում գոյություն ունեն մեծ ու փոքր տառեր, ես, ում աչքերի համար բավարար կլինեն նաև միայն փոքրերը, լուռ եկա այն եզրակացության, որ գոյություն ունեն մեծ մարդիկ, որոնք իրենց անվանում են մեծահասակներ։ Մենք չենք հոգնում հաստատել մեծ ու փոքր տառերի գոյության իրավունքը, մեծ ու փոքր կատեխիզիսի, մեծ ու փոքր բազմապատկման աղյուսակի գոյությունը, իսկ պետական այցերի ժամանակ ելույթը, տոնական համազգեստով գործող դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների քանակից կախված՝ մեծ կամ փոքր երկաթուղային կայարանի մասին է։

Հետագա ամիսների ընթացքում ո՛չ Մացերատը, ո՛չ մայրիկս չէին մտածում իմ կրթության մասին։ Ծնողներս որոշեցին սահմանափակվել ինձ դպրոց ուղարկելու՝ մայրիկիս համար այդքան ծանր ու ամոթալի առաջին փորձով։ Այժմ նրանք իրենց պահում էին մորեղբայր Բրոնսկու պես, ախ էին քաշում, վերից վար ինձ նայելով, քրքրում էին հին պատմությունները, օրինակ, իմ երրորդ ծննդյան տարեդարձի օրը։ «Չփակված կափարիչը։ Դա դու էիր, որ այն չէիր փակել, ճի՞շտ է։ Դու խոհանոցում էիր, իսկ հետո իջար մառան, ճի՞շտ է։ Դու դեսերտի համար հանեցիր մրգային կոմպոտով բանկան, ճի՞շտ է։ Իսկ կափարիչը չփակեցիր քո ետևից, ճի՞շտ է»։

Այն ամենը, ինչում մայրիկս հանդիմանում էր Մացերատին, ճիշտ էր և, ինչպես մենք գիտենք, ամեն ինչ ճիշտ չէր։ Սակայն Մացերատը կրում էր մեղքի բեռը և նույնիսկ երբեմն լաց էր լինում, քանզի նրա ոգին ունակ էր մեղմանալ։ Այդ ժամանակ մայրիկս ու Յան Բրոնսկին ստիպված էին նրան մխիթարել և ինձ՝ Օսկարիս, անվանում էին խաչ, որը պետք է տանել, ճակատագիր, որի գութը չի կարելի շարժել, փորձություն, որի մասին անհնար է ասել, թե ինչի համարա է այն քեզ ի վերուստ ուղարկված։

Այլ խոսքերով ասած, այդ ծանր փորձության ենթարկվող, անողոք ճակատագրով ճզմված խաչակիրներից օգնություն պետք չէր սպասել։ Մորաքույր Հեդվիգ Բրոնսկին, որը հաճախ էր գալիս իմ ետևից, որպեսզի ես շթեֆերնյան զբոսայգու ավազուտի մեջ խաղայի իր երկու տարեկան աղջկա՝ Մարգոյի հետ, որպես ուսուցչուհի հաշվի մեջ չէր․ չնայած նա բարեհոգի կին էր, ուղղակի սրբության աստիճան հիմար էր։ Ես միաժամանակ ստիպված էի գլխիցս դեն նետել բժիշկ Հոլլացի բուժքրոջը՝ Ինգային, չնայած նա ո՛չ բարեհոգի էր և ո՛չ էլ հիմար։ Բանն այն է, որ նա խելացի էր, ոչ թե ընդամենը ընդունելության ժամերի օգնականուհի, այլ անփոխարինելի ենթակա, և այդ իսկ պատճառով նրա մոտ ինձ համար ժամանակ չէր մնում։

Օրական մի քանի անգամ ես հաղթահարում էի հինգհարկանի տան ավելի քան հարյուր աստւճանները, օգնություն փնտրելով թմբկահարում էի ամեն աստիճանահարթակի վրա, հոտոտում, թե ինչ են ուտելու այսօր ճաշին, ինչ է ուտելու մեր տասնինը ընտանիքից յուրաքանչյուրը։ Ոչ մի դուռ չէի թակում, քանի որ ապագա դաստիարակի չէի տեսնում ոչ ի դեմս ծերունի Հայլանդի, ոչ ժամագարծ Լաուբշադի, և ոչ էլ առավել ևս գերֆրաու Կուտերի կամ, ողջ համակրանքով հանդերձ, Տրուշինսկի մայրիկի։

Ճիշտ է, մեր տանիքի տակ էր կենում երաժիշտ ու շեփորահար Մայնը։ Պարոն Մայնը չորս կատու էր պահում և մշտապես հարբած էր։ Նա «Յինգլերյան բլուր» սրճարանում պարային եղանակ էր նվագում, իսկ թաթախման տոնին իր պես մի հինգ զեխ ու շվայտների հետ փողոցներում կոխկրտում էր ձյունը և փորձում բազմազան օրհներգերի օգնությամբ հաղթահարել սառնամանիքը։ Ինչ֊որ մի անգամ ես նրան հանդիպեցի ձեղնահարկում․ սև շալվարով և զարդարուն վերնաշապիկով նա պառկած էր մեջքի վրա՝ կոշկեզուրկ ոտքերով գիհիի օղու դատարկ շիշը դես ու դեն գլորելով և հմայված շեփորի վրա նվագելով։ Մետաղը շուրթերից չկտրելով ու միայն իմ կողմը նայելու համար աչքերը մի փոքր վեր հառելով, իսկ ես կանգնած էի հենց նրա ետևում, նա ինձ ընդունեց միանգամայն հարգալից՝ որպես նվագակցող թմբկահարի։ Իր մետաղը նրա համար առավել թանկ չէր, քան իմը։ Մեր զուգանվագը տանիք քշեց նրա չորս կատուներին և ստիպեց, որ կղմինդրը թեթևակի թրթռա։

Երբ մենք ավարտեցինք նվագը և ցած իջեցրինք թիթեղները, ես իմ պուլովերի տակից հանեցի «Նորագույն լուրեր» թերթի հին համարը, թուղթը հարթեցի, ծնկաչոք նստեցի շեփորահարի դիմաց, նրա քթի տակ մտցրեցի այդ անորակ գիրը և պահանջեցի ինձ դասավանդել մեծատառերն ու փոքրատառերը։

Սակայն հազիվ շեփորի հետ ավարտած, պարոն Մայնը խորասուզվեց քնի մեջ։ Նրա կյանքում գոյություն ունեին միայն երեք ճշմարտացի իրավիճակներ՝ գիհիով շիշը, շեփորն ու քունը։ Ընդհուպ մինչև այն ժամանակները, երբ նա երաժշտի կարգավիճակով աշխատանքի անցավ ՍԱ֊ի ձիավորների մոտ և մի քանի տարով գիհիի օղուց հրաժարվեց, մենք նրա հետ շատ անգամ ձեղնահարկում, առանց նախնական փորձերի, կատարեցինք մեր զուգանվագը, կատարեցինք շեփորների, կղմինդրերի, աղունիկների ու կատուների համար, սակայն այդ դերում նա որևէ կերպ պիտանի չէր։

Այդ ժամանակ ես իմ բախտը փորձեցի Գրեֆի մոտ։ Առանց թմբուկի, քանի որ Գրեֆը թմբուկ չէր սիրում, ես բազմիցս այցելեցի նկուղային կրպակ, որը տեղավորված էր շեղությամբ մերի դիմաց։ Թվում էր, թե այստեղ առկա են բոլոր նախադրայլները խորացված պարապմունքների համար, պատահական չէ, որ ողջ երկսենյականոց բնակարանով մեկ և կրպակում, վաճառասեղանի տակ, նույնիսկ կարտոֆիլ պահելու համար նախատեսված համեմատաբար չոր մառանում գրքեր էին դրված՝ արկածային գրքեր, երգարաններ, «Քերովբեական օտարականը», Վալտեր Ֆլեկսի գործերը, Վրիխերթի «Սովորական կյանքը», «Դափնին ու Քլոյան» նկարիչների մասին մենագրություններ, մարզական ամսագրերի տրցակներ։ Պատկերազարդ հատորներ, որոնցում պատկերված էին կիսամերկ տղաներ, ովքեր, Աստված գիտե թե ինչու, վազում էին գնդակի ետևից, առավել հաճախ ծովափին, ավազաբլուրների միջև՝ ցուցադրելով իրենց յուղած մկանունքը։

Գրեֆի մոտ դեռ այն ժամանակներում կրպակի հետ կապված անախորժություններ կային։ Հարգորոշիչ պալատի հսկիչները կշռաքարերի ստուգման ժամանակ ինչ֊որ թերություններ էին հայտնաբերել։ Հնչում էր «թերակշռում» բառը։ Գրեֆը ստիպված էր տուգանք մուծել և նոր կշեռքներ ձեռք բերել։ Նման վշտալի վիճակում Գրեֆին կարող էին ուրախացնել միայն գրքերը և մեկ էլ սկաուտականների հետ յերեկոյան հանդիպումերը, մեկ էլ հանգստյան օրերին նրանց հետ արշավները։

Իմ այցին նա գրեթե ուշադրություն չդարձրեց և շարունակեց լրացնել գնապիտակները, իսկ ես, օգտագործելով բարենպաստ իրավիճակը, վերցրեցի կարմիր մատիտ ու սպիտակ գույնի ստվարաթղթի չորս կտոր։ Դրանից հետո, որպես հիմք ընդունելով արդեն վրան գրոտած ստվարաթուղթը, ուշադրություն գրավելու նպատակով մեծագույն ջանասիրությամբ սկսեցի նրա վրա պատկերված տառատեսակը եռանդուն կերպով նմանակել։

Նրա կարծիքով, հավանաբար Օսկարը չափից դուրս փոքր էր, մեծաչք ու սփրթնած չէր։ Այդ ժամանակ ես մի կողմ դրեցի կարմիր մատիտը, Գրեֆի աչքին ընկնող՝ մերկ տղաներով լի, մի գիրք ընտրեցի, փորձեցի նրա ուշադրությունը գրավել խոնարհվող ու ձգվող տղաների, որոնք ինչպես թվաց, Գրեֆի համար հրապուրիչ են, լուսանկարները բռնելով թեքությամբ, որպեսզի նա դրանք կարողանա տեսնել։

Իսկ քանի որ կանաչի վաճառողը չափից դուրս ջանասիրաբար էր արտագրում թվերը գնապիտակների վրա, երբ կրապակում չկային ճակնդեղ գնել ցանկացող գնորդներ, ես ստիպված եղա առավել լսելի շրխկացնել կազմերը կամ աղմկոտ և արագ թերթել էջերը, որպեսզի նա ի վերջո դուրս գար իր գնապիտակների միջից և մասնակից դառնար իմ՝ կարդալ չիամցողիս գործին։

Պարզ ասեմ՝ Գրեֆը այդպես էլ ինձ չհասկացավ։ Երբ կրպակում էր գտնվում իր սկաուտներից որևէ մեկը (իսկ ճաշից հետո միշտ էլ այնտեղ կուտակվում էին երկու֊երեք կրտսեր հրամանատարներ), նա ընդհանրապես Օսկարին այլևս չէր նկատում։ Իսկ երբ Գրեֆը մենակ էր լինում, զայրանալով այն բանի վրա, որ իրեն խանգարում են զբաղվել գնապիտակներով, կարող էր նյարդային բարկությամբ ցատկել ոտքի ու կարգադրել։

Օսկար։ Հանգիստ թող գիրքը։ Միևնույն է, դու նրա հետ անելիք չունես։ Նրա համար դու չափից դուրս փոքր և չափից դուրս հիմար ես։ Կարող ես փչացնել։ Այն վեց գուլդենից թանկ է արժեցել։ Եթե ուզում ես խաղալ, այստեղ կարտոֆիլ ու կաղամբ շատ կա։

Այնուհետև նա իմ ձեռքից խլեց գիրքը, դեմքի արտահայտությունը չփոխելով՝ այն թերթեց, իսկ ինձ գցեց կաղամբի ու ճակնդեղի հետ, բրուսելյան կաղամբի, կարմիր ճակնդեղի, սպիտակ գլուխ կաղամբի՝ թողնելով, որ շաղգամի ու կարտոֆիլի միջև միայնակ հալումաշ լիներ․ չէ՞ որ թմբուկը Օսկարի մոտ չէր։ Ճիշտ է, գոյություն ուներ նաև ֆրաու Գրեֆը, և կանաչավաճառի կողմից մերժված, ես առավել հաճախ գաղտագողի մտնում էի ամուսինների ննջասենյակը։ Այդ ժամանակաշրջանում ֆրաու Գրեֆը արդեն մի քանի շաբաթ էր, ինչ վեր չէր կենում անկողնուց, հիվանդ տեսք ուներ, նրա վրայից նեխած գիշերային վերնաշապիկի հոտ էր գալիս և, չնայած նա ինչ ասես ձեռքը չէր վերցնում, գրքերը, որոնցով ես կարող էի սովորել, նա ընդհանրապես չէր վերցնում։

Օսկարը նախանձի թեթև զգացումով էր նայում իր հասակակիցների ուսած դպրոցական պայուսակներին, որոնց կողքից կախ ընկած տարուբերվում էին գրատախտակի համար նախատեսված սպունգներ և ջնջոցներ։ Սակայն նա որևէ դեպք չէր հիշում, որ իր մոտ նմանատիպ միտք առկայծեր․ «Դու ինքդ ես եփել այս շիլան, Օսկար։ Կարող էիր, չէ՞, լավ դիրք ընդունել դպրոցական խաղի ժամանակ։ Կարող էիր հավերժ դարերով հարաբերություններդ չփչացնել Շպոլլենհաուերիկի հետ։ Այդ համբակները վազելով հասնում֊անցնում են քեզանից։ Նրանք արդեն ողջ այբբենարանը գիտեն անգիր, իսկ դու նույնիսկ նորագույն լուրերը ձեռքումդ ճիշտ բռնել չգիտես»։

Ինչպես արդեն ասացի, թեթևակի նախանձ, սակայն ոչ ավելին։ Քանզի փորձառության համար հոտ քաշելու տարրական փորձը բավական էր, որպեսզի ընդմիշտ մերժեի նույն այդ դպրոցը։ Գոնե մեկ անգամ վիճակվե՞լ է քեզ հոտ քաշերլ անկյուններում դեղնած, պլոկված, գրատախտակի վատ լվացված ու քրքրված սպունգներից ու ջնջոցներից, որոնք դպրոցական պայուսակների ամեն էժանագին կաշվի վրա պահպանվում են ամենատարբեր վայելչագրությունների գոլորշիները։ Բազմապատկման փոքր ու մեծ աղյուսակների հոտը, թքով խոնավացված, ձեռքից դուրս սահող կավճիկների լպրծությունը։ Ժամանակ առ ժամանակ, երբ դպրոցից տուն վերադառնալիս աշակերտները ինձանից ոչ հեռու, ուսերից ցած էին դնում պայուսակները, որպեսզի ֆուտբոլ կամ ուղղակի գնդակ խաղան, ես կռանում էի արևի տակ չորացող սպունգների վրա և պատկերացնում, որ եթե աշխարհում սատանա գոյություն ունի, ուրեմն հենց նրա թևատակում է, որ հասունանում է նման բան։

Կարճ ասած, շերտաքարե գրատախտակներով դպրոցը ամենևին իմ ճաշակով չէր։ Չնայած Օսկարը չէր համարձակվի ասել, որ Գրեթխեն Շեֆլերը, որին ոչ հեռու ապագայում վիճակված էր իր վրա վերցնել նրա կրթության հոգսը, մարմնավորում էր լավ ճաշակի մասին նրա պատկերացումները։

Քլյայնհամմերվեգ փողոցի փռին կից շեֆլերյան բնակարանի ողջ կահավորանքը վիրավորում էր ինձ։ Այդ անձեռոցիկները, այդ զինանշաններով բարձիկները, բազմոցի անկյուններում ծպտված այդ տիկնիկները, ամենուր աչքի զարնող այդ շորե գազանիկները, այդ ճենապակին, որի տեսքից ցանկություն էր առաջանում ճանաչել փղին, ամենուր զբոսաշրջիկների հուշանվերներ են, կեռիկով, ձողերով ձեռագործ ասեղնագործություններ, հյուսվածքներ, մաքրամե, ժանյակներ, ժանյակազարդ եզրավորումներ։ Այդ շատ անուշ, հմայող, հարմարավետ, խեղդող նեղվածքի, ձմռանը չափից դուրս տաքացվող, ամռանը ծաղիկներով թունավորված բնակարանի առիթով ես ընդամենը մեկ բացատրություն եմ գտնում․ Գրեթխեն Շեֆլերը երեխաներ չուներ, սակայն չափից դուրս ուրախ կլիներ ունենալ, որպեսզի կարեր ու գործեր։ Շատ ուրախ կլիներ, ով էլ որ լիներ դրա պատճառը՝ անձամբ Շեֆլերը, թե ինքը, ախ որքան նա կուրախանար՝ հենց այդպես կբռներ ու կուտեր, փոքրիկ բալիկ փաթաթելու համար, ուլունքով զարդարելու համար, եզրակարերի համար, փոքրիկ խաչով ասեղնագործության համար։

Եվ ես այստեղ հայտնվեցի, որպեսզի ուսումնասիրեմ մեծատառերն ու փոքրատառերը։ Ես ամեն կերպ ջանում էի չվնասել որևէ հուշանվեր, մի որևէ ճենապակյա իր։ Իմ ապակեսպան ձայնը ես, այսպես ասած, թողեցի տանը և կարծես ականջիս կողքով բաց թողեցի Գրեթխենի այն հայտարարությունը, որ արդեն բավական է թմբկահարել, ինչից հետո՝ ծիծաղելով ձիու ոսկե ատամներով, նա ծնկներիս վրայից վերցրեց թմբուկը և իմ թիթեղիկը դրեց շորե արջուկների միջև։

Ես ընկերացա երկու տիկնիկների հետ, նրանց սեղմեցի ինձ, սիրահարի պես մատներս հերթով կպցրեցի այդ մշտապես զարմանքով նայող տիկնիկային թերթերունքներին, որպեսզի իմ կեղծ, սակայն, դրանով հանդերձ, առավել իրական դիտվող տիկնիկների հետ ընկերությունը կարողանա որևէ կերպ շարժել նաև Գրեթխենի սիրտը։

Պարզվեց, որ ծրագիրը վատ չէ։ Արդեն իմ առաջին այցի ժամանակ Գրեթխենը իմ առջև բացեց իր սիրտը, ավելի ճիշտ ասած, նա ազատ արձակեց այն, ինչպես արձակում են երկար գուլպաները, ցույց տվեց ինձ երկար, արդեն ոչ ամուր, մի քանի տեղերում հանգույցներով թելը, բացելով բոլոր պահարանները, սնդուկներն ու զարդատուփերը՝ իմ առջև շարեց հուլունքների հետ մեկտեղ կարված խլամը, այնքան մանկական կարճ զգեստներ, մանկական լանջապանակներ, մանկական շալվարիկներ ինձ ցույց տվեց, որ կբավարարեր ողջ հինգի համար, դրանք կպցնում էր ինձ, փորձում իմ վրա և կրկին հանում։

Այնուհետև նա ցուցադրեց Շեֆլերի շքանշանները, որոնք վերջինս ստացել էր հրաձգարանում, այնուհետև՝ լուսանկարներ, որոնք մասամբ համապատասխանում էին մեր ունեցածներին և, ի վերջո, քանի որ նա կրկին վերադարձավ մանկական իրերին, փնտրելով չոչաշորի տիպի ինչ֊որ բան և, վերջապես լույս աշխարհ եկան գրքերը։ Օսկարը այդպես էլ հաշվարկել էր, որ մանկական անպետք իրերի մեջ կգտնի գրքեր․ չէ՞ որ ինքը գիտեր, թե ինչ ակտիվությամբ են նրանք երկուսով, երբ դեռ նոր էին միայն նշանվել և գրեթե նույն ժամանակ ամուսնացան, գրքեր վերցնում կինոյի պալատին կից գրադարանից, որպեսզի կարդացածով կերակրվելով, գաղութային ապրանքներ վաճառողի և հացթուխի հետ ամուսնությանը ավելի լայն մտահորիզոն և մեծ քայլ հաղորդեն։

Գրեթխենը ինձ շատ բան առաջարկել չէր կարող։ Նա ամբողջապես դադարել էր կարդալ այն ժամանակից, ինչ սկսեց զբաղվել գործելով, հավանաբար, ինչպես և մայրիկս, որը Յան Բրոնսկու պատճառով այլևս կարդալու ժամանակ չուներ, տպավորիչ հատորներ էր նվիրաբերել գրական միությանը, որի անդամներն էին նրանք երկար ժամանակ։ Այն մարդկանց, ովքեր դեռ չէին դադարել կարդալ, քանի որ նրանք ոչ գործում և ոչ էլ իրենց մոտ Յան Բրոնսկի ունեին։

Նույնիսկ վատ գրքերը, միևնույն է, գրքեր են և այդ իսկ պատճառով սրբազան են։ Այն, ինչ ես հայտնաբերեցի, հիմնականում պարզաբանում էր կաղամբի ու շաղգամի տեսակները և ծնունդով հավանաբար նրա եղբոր՝ Լեոյի գրքային պահուստներից էր, որն իր նավաստու մահը գտավ Դեգտերյան բանկայի շրջանում։ Քյոլլերյան ծովային օրացույցի յոթ կամ ութ հատորները, որնոք լի էին վաղուց խորտակված նավերով, թագավորական նավատորմի պաշտոններ ու կոչումներ, հերոս֊նավաստի Փաուլ Բենկե․ թժվար թե դա լիներ այն սնունդը, ինչին փափագում էր Գրեթխենի սիրտը։ Դանցիգ քաղաքի պատմությունը գրված էր Էրիխ Կայզերի կողմից, և Հռոմի համար այն ճակատամարտը, որը ենթադրաբար մղել է Ֆելքս Դան անունով մեծ մարդը Տոտիլայի և Տեյի, Վելիզարիայի և Նարսեսի օգնությամբ, հավանաբար ևս կորցրել են իրենց փալը։ Գրքերից մեկը ես վերագրում էի հենց Գրեթխենի պահուստների գիրք, որը խորհում էր եկամուտ֊ծախսի շուրջ և էլի ինչ֊որ բան Գյոթեի «Ընտրովի ազգակցության» մասին, ինչպես նաև «Ռասպուտինը և կանայք» հարուստ նկարազարդումներով ցնփոր հատորը։

Ընտրությունը չափից դուրս փոքր էր, որպեսզի ես կարողանայի արագ որոշում կայացնել։ Երկար խոհեից հետո ես վերցրեցի, նույնիսկ չիմանալով էլ, թե ինչ եմ վերցնում, միայն սովորական ներքին ձայնիկիս ենթարկվելով, նախ Ռասպուտինին, իսկ հետո Գյոթեին։

Եվ այդ կրկնակի որսը կոչված էր կանխորոշել իմ կյանքը և ազդել նրա վրա, համենայն դեպս նրա այն մասի վրա, որը ես համարձակվեցի վարել թմբուկից կտրված։ Եվ մինչ օրս (քանզի Օսկարը, լցվելով կրթության հանդեպ ձգտումով, կամաց֊կամաց գայթակղվելով, իր սենյակ է բերում հատուկ բժշկական հիմնարկության գրադարանային պաշարները) ես, քամահրելով Շիլլերին և նրա համախոհներին, տատանվում է Գյոթեի ու Ռասպուտինի միջև՝ բժշկողի ու պայծառատեսի, կանանց կախարդողի և բանաստեղծների լուսավոր թագավորի միջև, որն այնքան հաճույքով կանանց թույլ էր տալիս կախարդել իրեն։ Եթե երբեմն ես համարում էի, որ առավել շատ պատկանում եմ Ռասպուտինին և սարսափում էի գյոթեական անհանդուրժողականությունից, դա բացատրվում էր անորոշ կասկածանքով․ եթե քեզ, Օսկար, բախտ վիճակվեր թմբկահարել Գյոթեի դարաշրջանում, նա քո մեջ կկռահեր միայն հակաբնականը, նա քեզ կմերժեր որպես հակաբնականի մարմնավորում։ Իսկ նրա բնությունը, որով դու միշտ հիացել ես, դեպի որը միշտ ձգտել ես, նա կկերակրեր չափից դուրս քաղցրացրած կոնֆետներով, իսկ քեզ, խճուկ չափապակասիդ, կթխկացներ եթե ոչ «Ֆաուստով», ապա հաստատ իր «Գիտություն գունի մասին» գրքի որևէ մի ցնփոր հատորով։

Սակայն վերադառնանք Ռասպուտինին։ Գրեթխեն Շեֆլերի օգնությամբ նա ինձ սովորեցրեց մեծատառերն ու փոքրատառերը, սովորեցրեց ուշադրությամբ վերաբերվել կանանց և սփոփում է ինձ, երբ ինձ անպատվում է Գյոթեն։

Կարդալ սովորելը և միաժամանակ քեզ անգետիկի տեսք տալը այնքան էլ հեշտ բան չէր։ Դա ինձ հաջողվեց ավելի մեծ դժվարությամբ, քան տարիներով գիշերները մանկական անմիզապահություն պատկերելու անհրաժեշտությունը։ Չէ որ անմիզապահությունը հանգեցնում էր նրան, որ ամեն առավոտ ցուցադրվեր արատը, առանց որի ես լիովին կարող էի ընտելանալ։ Իսկ ահա անգետիկ պատկերելը ինձ համար նշանակում էր թաքցնել իմ արագ հաջողությունները, մշտական պայքար մղել արթնացող գաղափարական փառասիրության դեմ։ Եթե մեծահասակները կարծում էին, որ ես միզում եմ անկողնուս մեջ, ես միայն ուսերս էի թափ տալիս, սակայն ահա այն, որ ես տարեցտարի պետք է նրանց դիմաց ապուշի դեր կատարեի, անպատվում էր հենց Օսկարին և նրա ուսուցչուհուն։

Բավական էր, որ ես մանկական սպիտակեղենի միջից փրկեի գրքերը, երբ Գրեթխենը անմիջապես, ուրախ ախուվախերով, գիտակցեց իր մանկավարժական կոչումը։ Ինձ հաջողվեց իրեն ոտքից մինչև գլուխ գարծած չբեր Գրեթխենին խորամանկությամբ դուրս բերել իր կծիկի միջից և դարձնել գրեթե երջանիկ։ Դե իհարկե, նա կգերադասեր, որպեսզի ես ընտրեի եկամուտի ծախսի գիրքը, սակայն ես Ռասպուտինին էի ցանկանում, իսկ երբ նա սկսեց ինձ հրամցնել ածխահատների կյանքի մասին վեպեր, «Թզուկ֊Քիթը» և «Մատնաչափիկը» տիպի հեքիաթներ, ես նույնիսկ որոշում կայացրի ի վերջո խոսել։ «Ռասպուտին, ― գոռում էի ես կամ, ― Ռաշուշին»։ Իսկ երբեմն արդեն չափից դուրս հիմար ձևով․ «Ռաշու, Ռաշու», ― բլբլում էր Օսկարը, որպեսզի Գրեթխենը մի կողմից հասկանար, թե ինչպիսի գրականությունն էր ինձ համար հաճելի, իսկ մյուս կողմից՝ ոչ մի դեպքում չկռահեր նրա արթնացած, ընթացքից տառերը կտցող հանճարեղության մասին։

Ինձ չափից դուրս մտքերով չծանրաբեռնելով, ես սովորում էի արագ։ Մեկ տարի անց ես ինձ զգում էի ինչպես տանը՝ Պետերբուրգում, բոլոր ռուսաստանցիների միապետի ընտանեկան հարկաբաժնում, մշտապես հիվանդ արքայազնի մանկական սենյակում, խռովարարներով ու տերտերներով և ոչ որպես անկարևոր հանգամանք, ռասպուտինյան խրախճանքների ականատեսով շրջապատված։ Դա ուներ ինձ պատկառանք հաղորդող երանգավորում, քանզի այստեղ, բոլորը խմբավորվում էին կենտրոնական դեմքի շուրջ։ Այդ նույնի մասին էին վկայում նաև գրքի մեջ ցաքուցրիվ ներկայացված ժամանակակից փորագրանկարները, որոնք մորուքավոր ածխագույն֊սև աչքերով Ռասպուտինին պատկերում էին սև գուլպաներ հագած մերկ կանանցով շրջապատված։ Ռասպուտինի մահը հետապնդում էր ինձ։ Նախ նրան հետապնդում էին թունավորված թխվածքաբլիթներով ու գինով, իսկ երբ նա էլի թխվածքաբլիթ պահանջեց, գնդակահարեցին ատրճանակներով, իսկ երբ կրծքում հայտնված արճիճը նրա մոտ պարելու ցանկություն առաջ բերեց, կապկապեցին ու ջրահեղձ արեցին Նևայի վրա բացած սառցանքի մեջ։ Այդ ամենը արեցին տղամարդիկ, սպաները։ Մայրաքաղաք Պետերբուրգի կանայք ոչ մի դեպքում Ռասպուտինին թունավորված թխվածքաբլիթներ չէին տա, դրա փոխարեն, եթե չհաշվենք թխվածքաբլիթները, նրան կտային այն ամենը, ինչը նա իրենցից պահանջեր։ Կանայք հավատում էին նրան, այն դեպքում, երբ սպաներին անհրաժեշտ էր սկզբում նրան հեռացնել ճանապարհից, որպեսզի կրկին կարողանային իրենք իրենց հավատալ։

Արդյո՞ք պետք է զարմանալ, որ ոչ միայն ես հետաքրքրվեցի ատլետիկ կազմվածքով այդ հեքիմի կյանքով ու մահվամբ։ Գրեթխենն ինքը ահա կրկին գտավ ամուսնական առաջին տարիների՝ դեպի ընթերցանություն տանող ճանապարհը․ բարձրաձայն կարդալով, նա ընկնում էր կրքոտ հույզերի մեջ, հանդիպելով «օրգիա» բառին, դողդողում էր, «օրգիա» կախարդական բառը արտասանում էր առանձնահատուկ հնչեղությամբ, իսկ արտասանելուց հետո դառնում էր օրգիային լիովին պատրաստ, բայցևայնպես ասելով «օրգիա» բառը, չէր կարողանում իրեն պատկերացնել օրգիան։

Երբ Քլայնհամմերվիգում հայտնվեց մայրս, որպեսզի ներկա գտնվի փռի տակ գտնվող բնակարանի իմ պարապմունքներին, վիճակը ավելի վատ եղավ։ Ահա հենց դա էր, որ երբեմն վեր էր ածվում օրգիայի, դա էր, որ դառնում էր ինքնանպատակ, այլ ոչ թե փոքրիկ Օսկարի հետ պարապմունքները, դրանից էին չորանում ու ճաքճքում շուրթերը։ Դա էր երկու ամուսնացած կանանց ստիպում, բավական էր, որ Ռասպուտինը այն կամենար, նստել միմյանց ավելի մոտ, դա էր նրանց ստիպում անհանգիստ շուռ ու մուռ գալ բազմոցի բարձիկների վրա, հուշում֊հանգեցնում էր զիստերը ավելի ամուր սեղմելու մտքին։ Սկզբնական չարաճճիությունը վեր էր ածվում ավարտական տնքոցների, ահա թե ինչ ստացվեց Ռասպուտինի տասներկու էջերի ընթերցումից հետո, ինչը, հնարավոր է, որ նրանք ամենևին էլ չէին ուզում և դժվար թե սպասում էին, սակայն ընդունում էին օրը ցերեկով անտրտունջ, և Ռասպուտինը, իհարկե, դրան չէր ընդդիմանա, այլ հավերժ կկիսեր նրանց ոգևորությունը։

Վերջին մոտ, երբ երկու կանայք արդեն ավարտել էին տնքալով «օ, Աստված, Աստված, Աստված» ասելը և շփոթված ուղղում էին գզգզված սանրվածքները, մայրիկս արտահայտեց իրեն համակած կասկածանքները․

― Փոքրիկ Օսկարը իսկապե՞ս ոչինչ չի հասկանում։

― Ախր որտեղի՞ց հասկանա, ― հանգստացրեց նրան Գրեթխենը, ― ես այսպես էլ, այնպես էլ ձգտում եմ, իսկ նա ոչինչ չի սովորում, և ես վախենում եմ, որ նա կարդալ ևս երբեք չի սովորի։

Որպեսզի մեկ ավելորդ անգամ ևս իմ ոչնչով կործանվող անտեղյակությունը ապացուցի, նա ասածին ավելացրեց․

― Ագնես, դու միայն տես, նա պոկում է մեր «Ռասպուտինի» էջերը, գնդիկների է վերածում, իսկ հետո դրանք ինչ֊որ տեղ են անհետանում։ Երբերմն ինձ մոտ այս ամենը թողնելու ցանկություն է առաջանում, սակայն հետո, երբ տեսնում եմ, թե նա ինչպես է ուրախանում այդ գրքի համար, ես չեմ խանգարում, որպեսզի նա պատռի ու փչացնի։ Ես Ալեքսին էլ եմ արդեն ասել, որ նա Ծննդյան տոներին մեզ նոր «Ռասպուտին» նվիրի։

Այսպիսով ինձ հաջողվեց (և դուք հաստատ արդեն դա նկատեցիք) կամաց֊կամաց, երեք֊չորս տարվա ընթացքում, ինչ Գրեթխենը պարապում էր ինձ հետ, «Ռասպուտինի» միջից զգուշորեն հանել էջերի կեսից ոչ պակաս, ընդ որում ափսոսանքի նշաններ ցուցադրելով, դրանք կոլոլելով գնդիկներ դարձնել, որպեսզի ավելի ուշ՝ տանը, իմ թմբուկային անկյունում, թերթերը հանեի պուլովերիս տակից, հարթեի, հերթականությամբ շարեի, իսկ արդեն ավելի ուշ, օգտագործեի գաղտնի՝ կանանց կողմից չխախտվող, ընթերցանության համար։ Ճիշտ նույն կերպ էլ ես վարվեցի Գյոթեի հետ, որը ամեն չորրորդ դասի ժամանակ «Գյոթե» գոռալով պահանջում էի Գրեթխենից։ Ես չէի ուզում հույսս միայն Ռասպուտինի վրա դնել, քանզի շատ շուտով հասկացա, որ յուրաքանչյուր Ռասպուտինի այս աշխարհում հակադրվում է իր Գյոթեն, որ Ռասպուտինը իր ետևից բերում է Գյոթեին կամ Գյոթեն՝ Ռասպուտինին և ոչ թե ուղղակի բերում, այլ՝ եթե հարկ է լինում, նաև կերտում է, որպեսզի հետո նրան պատժի ենթարկի։

Երբ Օսկարը տեղավորվում էր ինչ֊որ տեղ՝ ձեղնահարկում կամ ծեր պարոն Հայլանդի մառանում, հեծանիվների համար կառուցված սյուների ետևում, և «Ընտրովի ազգակցության» էջերը խառնում էր «Ռասպուտինի» տուփի հետ, խաղաթղթեր խառնելու նման, նա անընդհատ մեծացող, սակայն միաժամանակ ծիծաղկոտ զարմանքով կրկին անգամ ընթերցում էր նորովի առաջացած գիրքը ու տեսնում, թե ինչպես է Օթիլիան, Ռասպուտինի թևը մտած, համաչափ քայլում միջին գերմանական այգիների միջով, այն ժամանակ, երբ չլսված նրբաբարոյության տեր Գյոթեն, Օլգայի հետ սահնակների վրա նստած, սլանում է Պետերբուրգով մի օրգիայից դեպի մյուսը։

Սակայն նորից վերադառնանք Քլայնհամմերվիգ փողոցի իմ դասասենյակը։ Գրեթխենը, որպես միանգամայն երիտասարդ տիկին, ուրախ էր ինձ համար, չնայած արտաքնապես կարծես թե որևէ հաջողության չէի հասնում։ Նա նկատելիորեն փթթում էր ոչ միայն իմ ներկայությունից, այլև ռուս հրաշագործի օրհնող, անտեսանելի, թող որ մազապատ ձեռքով, վարակելով նույնիսկ տնային մատղաշ լորենիներին ու կակտուսներին։ Այ թե այդ տարիներին Շեֆլերը կռահեր գոնե մեկ անգամ ձեռքերը դուրս հանել խմորի միջից և փռի բուլկիները փոխանակեր մի բացարձակապես այլ բուլկու հետ։ Գրեթխենը հաճույքով թույլ կտար, որ նա իրեն հունցի, գրտնակի, վրձինով թրջի ու թխի։ Դե գնա ու իմացիր, թե ինչ կաթնահունց բլիթ դուրս կգար այդ վառարանից։ Միգուցե վերջ ի վերջո նաև երեխանե՞ր։ Տեսնում է Աստված, որ Գրեթխենը լիովին արժանի էր նման թխված ուրախությունների։ Իսկ ինչպես էր նա տեքստի վրա հոգնեցուցիչ աշխատանքից հետո այրվող աչքերով թեթևակի խռնված սանրվածքով, նստում ցուցադրելով իր ձիու ոսկե ատամները, շարունակ կրկնում․ «Օ, Աստված իմ, օ․ Աստված իմ», սակայն կծելու ոչինչ չուներ, և խոսքը դառնում էր առաջիկա թթխմորի շուրջ։ Մայրիկս, որի մոտ էր իր Յանը, ոչնչով օգնել չէր կարող, և այդ իսկ պատճառով պարապմունքների նշված մասից հետո եկող րոպեները կարող էին ավարտվել ամենաողբալի եղանակաով, եթե Գրեթխենը ուրախ բնավորության տեր չլիներ։

Արագ խոհանոց վազելով, նա բերում էր սրճաղացը, գրկում այն, ինչպես սիրեկանին և, աղալով սուրճը, մորս աջակցությամբ վշտալի կրքով երգում «Սև աչքերը» կամ «Կարմիր սառաֆանը»։ «Սև աչքերը» իր ետևից տանում էր խոհանոց, ջուրը դնում էր կրակի վրա, և մինչ այն տաքանում էր, վազում էր փուռ, այնտեղից վերցնում հին ու նոր թխված խմորեղեն, երբեմն Շեֆլերի բողոքների ներքո, սեղանին էր դնում ծաղկանման հավաքովի բաժակները, շաքարամանը, թխվածքաբլիթների համար նախատեսված պատառաքաղները, դրանց միջև սփռոցին շաղ էր տալիս վառ մանուշակի թերթիկները։ Այնուհետև սուրճ էր լցնում, անցում էր կատարում դեպի «Արքայազնից» վերցված մեղեդիները, էկլերներ ու մեղրաբլիթներ էր մատուցում, սկսում էր երգել «Կանգնած է զինվորը Վոլգայի ափին» մեղեդին՝ ափսեների մեջ տեղավորելով վրան քաղցր նուշի փշուրներ ցանած ֆրանկֆուրտյան ոլորաբլիթը, իսկ «Շատ կան արդյոք այնտեղ քեզ մոտ հրեշտակիկներ» երգի ներքո հարած սերուցքով շատ քաղցր, չափից դուրս քաղցր բեզե։ Ծամելով կրկին խոսակցություն էր սկսում Ռասպուտինի մասին, միայն թե այժմ արդեն անհրաժեշտ զսպվածություն պահպանելով և, թխվածքաբլիթներով փորը լցնելուց հետո, անկեղծ սրտով զայրանում այդ զարհուրելի, այդ արատավոր թագավորին փախարինողի վրա։

Իրոք, ես այդ տարիներին չափից դուրս շատ թխվածքաբլիթներ էի կլանում։ Ինչպես կարելի է դատել լուսանկարներից՝ չնայած դրանից Օսկարը ավելի բարձր չդարձավ, սակայն դրա փոխարեն դարձավ ավելի գեր ու տձև։ Հաճախ Քլայնհամմերվիգի փողոցի արդեն չափից դուրս քաղցրացված դասերից հետո նա չէր տեսնում այլ ելք, քան Լաբեսվեգի փողոցի վաճառասեղանի ետևից վերցնել, եթե իհարկե, Մացերատը մոտակայքում չէր, չոր հացի մի կտոր, այն թելով կապել, իջեցնել նորվեգական ձկով տակառիկի մեջ և դուրս հանել, երբ հացը ամբողջովին կներծծվեր աղաջրով։ Թերևս դուք չեք հավատա, որ թխվածքաբլիթների չափից դուրս օգտագործումից հետո այդ սառը խորտիկը գործում էր որպես ետ տալու միջոց։ Նիհարելու համար երբեմն Օսկարը մեր զուգարանում իր միջից դուրս էր մղում դանցինգյան գուլդենից ավելի արժեցող Շեֆլեր թխվածքաբլիթներ, իսկ այն ժամանակ դա քիչ փողեր չէին։

Եվ էլի մեկ բանով էի ես պարտական Գրեթխենի դասերին։ Նա, որ այդքան հաճույքով էր կարում ու գործում մանկական իրերը, ինձ դերձակի մանեկենի էր վերածել, ես պարտավոր էի վրաս փորձել ու կրել կոստյումներ, գլխարկներ, փոքրիկ շալվարներ, գլխանոցով ու առանց գլխանոցի վերարկուներ՝ ցանկացած ոճի ու ցանկացած գույնի։

Արդեն չգիտեմ էլ, թե հատկապես ով՝ մայրի՞կս, թե Գրեթխենը, կորոշի ութամյակիս պատվին ինձ հագցնել գնդակահարման դատապարտված փոքրիկ արքայազնի ոճով։ Երկու կանանց Ռասպուտինյան պաշտամունքը այդ ժամանակաշրջանում հասավ իր բարձրակետին։ Այն օրը արված լուսանկարը ցույց է տալիս, թե ինչպես եմ ես ութ չհալված մոմերով զարդարված տոնական թխվածքի կողքին նստել ռուսական ասեղնագործ վերնաշապիկով, կտրիճի պես թեք դրած կազակական գլխարկով, խաչաձևած փամփշտակալներով, սպիտակ գալիֆեով ու կարճ ճտքակոշիկներով։

Մեծ հաջողություն է, որ իմ թմբուկը ևս լուսանկարում հայտնվելու թույլտվություն է ստացել։ Եվս մեկ այլ հաջողություն է այն, որ Գրեթխեն Շեֆլերը, հավանաբար իմ պնդումներին տեղի տալով, կարել և ի վերջո իմ չափերին էր հարմարեցրել մի կոստյում, որը լինելով հավասարապես և՛ քաղքենիական ճաշակների վկայությունը, և՛ «Ընտրովի ազգակցականության» վկայությունը՝ մինչ օրս իր դյութանքներով իմ ալբոմի մեջ արթնացնում է Գյոթեի ոգին և վկայում այն մասին, որ իմ մեջ ապրում են երկու ոգիներ։ Մի խոսքով, ինձ հնարավորություն է տալիս գեթ մեկ֊միակ թմբուկի օգնությամբ Պետերբուրգում ու Վայմարում միաժամանակ վերից վար իջնել և տիկնանց հետ խրախճանքներ կազմակերպել։


Հեռահար երգեցողության հարկաշար աշտարակից

Բժիշկ ֆրոյլայն Հորնշտեթերը, որը գրեթե ամեն օր մտնում է ինձ մոտ, սիգարետ ծխելու, կարծես թե որպես բժիշկ պարտավոր է ինձ բուժել, սակայն դրա փոխարեն ես ինքս եմ նրան բուժում։ Նա սենյակը լքում է ավելի քիչ նյարդայնացած, և այդ բժիշկ ֆրոյլայն Հորնշտեթերը այն աստիճան վախկոտ է, որ միայն իր սիգարետների հետ է ունակ մտնել սերտ շփման մեջ և չի հոգնում կրկնել․ մանկական տարիներից ի վեր ինձ պակասում էին շփումները, ես չափից դուրս քիչ էի խաղում այլ երեխաների հետ։ Դե, ինչ վերաբերում է այլ երեխաներին, նա թերևս այնքան էլ սխալ չէ։ Սակայն Գրեթխեն Շեֆլերի հետ պարապմունքները այնքան էին կլանել, այնքան էին բզկտել Գյոթեի ու Ռասպուտինի միջև, որ ես իմ ողջ ցանկությամբ հանդերձ չէի կարողանա ժամանակ ընտրել հաշվեփայտիկների ու երգչախմբով երգելու համար։ Իսկ ամեն անգամ երբ ես, իսկական գիտնականի պես, երես էի թեքում գիտությունից, անիծում էի գրքերը որպես տառերի գերեզմանատներ և հասարակ ժողովրդի հետ շփման կետեր էի փնտրում։ Ես հանդիմանում էի մեր տան երեխաներին և այդ մարդակերների հետ մի քանի շփումներից հետո շատ ուրախ էի լինում իմ գրքերին ողջ ու անվնաս վերադառնալուս համար։

Իր ծնողների բնակարանը Օսկարը կարող էր լքել կամ կրպակի միջով, այդ դեպքում նա հայտնվում է Լաբեսվեգ փողոցում, կամ կարող էր իր ետևից շրխկացնել բնակարանի դուռը և հայտնվել մուտքում, որտեղից ձախով դուրս կգար ուղիղ փողոց կամ չորս հարկերը բարձրանալով անցնելով, հասնել ձեղնահարկ, որտեղ բնակվում էր երաժիշտ Մայնը և, վերջապես, վերջին հնարավորությունը ընձեռում էր մեր տան բակը։ Փողոցը՝ դե դա գլաքար էր․․․ Բակի տոփանված ավազի վրա թափ էին տրվում գորգեր և բազմանում էին ճագարները։ Ձեղնահարկը քեֆը լավ պարոն Մայնի հետ զուգանվագից զատ, առաջարկում էր տեսարան պատուհանից, հեռավոր բնապատկեր և ազատության այն չքնաղ, սակայն խաբուսիկ զգացումը, որը փնտրում են բոլորը, ովքեր բարձրանում են աշտարակի վրա, և որը ձեղնահարկի բնակիչներին վեր է ածում երազողների։

Եթե Օսկարի համար բակը լի էր վտանգներով, ապա ձեղնահարկը նրան խոստանում էր հուսալիություն, այնքան ժամանակ, քանի դեռ Ակսել Միշքեն իր խմբով դուրս չէր մղել նրան նաև ձեղնահարկից։ Իր լայնությամբ բակը համընկնում էր տան հետ, սակայն խորությամբ հավասար էր յոթ քայլի, ինչից հետո ցանկապատի վերևում սերտաճած սուր, ձյութապատ փշալարով դեմ էր առնում երեք այլ բակերի։ Այդ ողջ լաբիրինթոսը ձեղնահարկից դիտվում էր ինչպես ափի մեջ․ Լաբսվեգի կողքերով տներ, լայնակի հատող փողոցների վրա՝ Հերթաշթրասե և Լուիզենշթրասե և դրանից այն կողմ Մարթաշթրասեի երկայնքով, եզրափակում էր շատ լայնատարած բակերից բաղկացած քառանկյունին։Այդտեղ, ի թիվս այլոց, տեղակայված էին էլի մեկ ֆաբրիկա, որը հազի դեմ պաստեղներ էր արտադրում, և մի քանի խոտավերամշակող արտադրամասեր։ Այստեղ ու այնտեղ բակերից վեր էին բարձրանում ծառեր ու թփեր՝ նշելով տարվա եղանակը։ Չնայած բակերը տարբերվում էին իրենց մեծությամբ, սակայն ինչ վերաբերում է մնացյալին՝ ճագարներին և գորգերը թափ տալու համար սյուներին, բոլորը նման էին միմյանց։ Այնուամենայնիվ, եթե ճագարներին կարելի էր տեսնել կլոր տարի, ապա գորգերը, ընդունված կարգի համաձայն, թափ էին տալիս միայն երեքշաբթի և ուրբաթ օրերին։ Այդ օրերին բակի մեծությունը գտնում էր իր արդարացումը։ Օսկարը կարող էր այս ամենը ձեղնահարկից տեսնել ու լսել․ ավելի քան հարյուր գորգեր, ուղեգորգեր մաքրում էին խոզանակով ու թափ էին տալիս՝ ստիպելով վաղ թե ուշ ցուցադրել իրենց վաղնջական նախշերը։ Հարյուրավոր տնային տնտեսուհիներ տներից դուրս էին բերում գորգերի դիակները, ընդ որում վեր էին բարձրացնում կլոր, մերկ ձեռքերը, հանգույցով կապված գլխաշորերի օգնությամբ պաշտպանում էին մազերն ու սանրվածքները։ Գորգերը գցում էին ձողի վրայով, բռնում էին գործած տապկիչները, և չոր հարվածներով պայթեցնում էին բակերի նեղվածքը։

Օսկարը տանել չէր կարող կարգ ու կանոնին ուղղված այդ համերաշխ օրհներգը։ Նա իր թմբուկի վրա փորձում էր պայքարել աղմուկի դեմ և սակայն ստիպված էր նույնիսկ ձեղնահարկում, որը որոշակի հեռավորություն էր ապահովում, խոստովանել իր անզորությունը տնային տնտեսուհիների առջև։ Հարյուրավոր գորգեր թափ տվող կանայք կարող էին ցած գցել երկինքը, կարող էին բթացնել երիտասարդ ծիծեռնակների թևերը և մի քանի հարվածներով ստիպում էին փլվել ապրիլյան օդում թմբկահարությունից վեր խոյացած Օլիվերի փոքրիկ տաճարին։

Այն օրերին, երբ գորգեր թափ չէին տալիս, մեր տան տղաները պտտվում էին փայտե ձողերի վրա։ Ես հազվադեպ էի դուրս գալիս բակ։ Միայն պարոն Հայլանդի ցախանոցն էր, որ ինձ շատ թե քիչ հուսալի ապաստարան էր տրամադրում, քանզի ծերունին ինձ ներս էր թողնում պահեստանոց, իսկ մնացած երեխաներին թույլ չէր տալիս նույնիսկ հայացք նետել կիսաքայքայված կարի մեքենաների, սպասարկված հեծանիվների, մամլիչների, վերամբարձների, սիգարետների տուփերի մեջ պահվող ծուռ, ուղղման ենթակա մեխերի վրա։ Դա այսպիսի ուսուցում էր․ եթե նա մեխերը տախտակների միջից չէր հանում, ապա զնդանի վրա ուղղում էր մեկ օր առաջ դուրս քաշածները։ Բացի նրանից, որ նա ոչ մի մեխի թույլ չէր տալիս կորչել, նա նաև օգնում էր մարդկանց նոր բնակարաններ տեղափոխվելիս, տոներից առաջ մորթում էր ճագարներին՝ իր թութունե ծամոնը ողջ բակով մեկ դուրս թքելով, աստիճանի վրա և ձեղնահարկում։

Մի անգամ երեխաները, ինչպես դա անում են փոքրերը, նրա ցախանոցի կողքին ապուր էին եփում և Նուխի Էյկեն ծերունուն խնդրեց երեք անգամ թքել եփուկի մեջ։ Ծերունին դա արեց մեծ հեռավորությունից, որից հետո կրկին անհետացավ իր որջում, որտեղ շարունակեց հարվածել մեխերին, իսկ Ակսել Միշքեն ապուրին ավելացրեց ևս մեկ բաղադրիչ՝ ծեծված աղյուս։ Օսկարը հետաքրքրությամբ դիտում էր այդ խոհարարական գործընթացը, սակայն կանգնել էր մի կողմ։ Ակսել Միշքեն ու Հարրի Շլագերը կառուցեցին վրանին նմանվող մի բան, որպեսզի մեծահասկաներից ոչ մեկը չնայեր իրենց ապուրի մեջ։ Երբ աղյուսի փոշին եռաց, Հենսխեն Քոլլինը, դատարկելով իր գրպանները, ապուրի համար զոհեց երկու կենդանի գորտ, որոնց բռնել էր արհեստական լճակից։ Նրանց միջից միակ աղջկա՝ Սյուզի Քատերի բերանը դառը հիասթափությունից ծռվեց, և գորտերը անտրտունջ ու անաղմուկ անհետացան ապուրի մեջ՝ նույնիսկ չփորձելով կատարել վերջին ցատկը։ Այդ ժամանակ Նուխի Էյկեն արձակեց շալվարը ու միզեց եփուկի մեջ՝ հաշվի չառնելով Սյուզիի ներկայությունը, այնուհետև Ակսելը, Հարրին ու Հենսխեն Քոլլին հետևեցին նրա օրինակին։ Փոքրիկ Կեսխենը ևս ուզում էր արժանավայել դրսևորել իրեն տասնամյակների առջև, սակայն նրա պուճուրիկ ծորակից ոչինչ չհոսեց։ Այստեղ բոլորը աչքերը սևեռեցին Սյուզիի վրա, և Ակսել Միշքեն նրան մեկնեց կապույտ, էմալապատ կաթսան, որի եզրերը պոկված էին։ Օսկարը դեռ այն ժամանակ էր ուզում հեռանալ, սակայն չգիտես ինչու սպասեց, մինչև Սյուզին, որը հավանաբար քայլում էր առանց վարտիքի, պպզեց, ձեռքերով գրկելով ծնկները, կաթսան քաշեց իր տակ, դատարկ աչքերը հառեց իր առաջ, կնճռոտեց իր քիթը, և թիթեղյա զնգոցով կաթսան տեղեկացրեց, որ Սյուզին ևս ապուրի մեջ ներդրեց իր լուման։

Եվ հենց այդ ժամանակ ես վազեցի։ Ավելի լավ էր չվազեի, այլ հանգիստ հեռանայի, բայց քանի որ վազեցի, բոլորը, ովքեր մինչ այժմ կանգնել ու աչքերը չռած նայում էին փոքրիկ կաթսային, նայեցին իմ ետևից, և ես իմ թիկունքում լսեցի Սյուզիի ձայնը․ «Այդ ինչո՞ւ նա վազեց, հավանաբար նա ուզում է մեզ դավաճանել»։ Դա խոցում էր ինձ, նույնիսկ, երբ ես հաղթահարեցի բոլոր հինգ հարկերը և շունչ քաշեցի միայն ձեղնահարկում։ Այն ժամանակ ես յոթ ու կես տարեկան էի, իսկ Սյուզին տասը, փոքրիկ Կեսխենի ութը նոր էր լրացել, իսկ Ակսելը, Նուխին, Հենսխենն ու Հարրին տասը֊տասնմեկական տարեկան էին։ Մնաց նաև Մարիա Տրուչինսկին։ Նա ինձանից փոքր֊ինչ տարիքով էր, սակայն երբեք բակում չէր խաղում, այլ տիկնիկ էր խաղում իր մոր՝ ֆրաու Տրուչինսկու խոհանոցում կամ մեծահասակ քրոջ՝ Գուստայի հետ, որը աղախնություն էր անում անգելիստական մանկապարտեզում։

Պե՞տք է արդյոք զարմանալ, որ ես մինչ օրս էլ չեմ կարողանում լսել, թե ինչպես են կանայք միզում գիշերանոցի մեջ։ Երբ այն ժամանակ ձեղնահարկում Օսկարը, թմբուկի օգնությամբ իր լսողությունը հանգստացնելով, երևակայում էր իրեն այդ եփուկից փրկված, նրանք այնտեղ հայտնվեցին բազմությամբ, ոմանք ոտաբոբիկ, ոմանք կոշիկներով, բոլորը, որ իր լուման էր ներդրել ապուրի պատրաստման գործում, իսկ Նուխին բերել էր նաև ապուրը։ Բոլոր նրանք տեղավորվեցին Օսկարի շուրջը, վերջինը սողալով մոտեցավ Կեսխենը։ Նրանք հրում էին մեկը մյուսին՝ շշնջալով․ «Դե՛, սկսի՛ր», ― մինջև ի վերջո Ակսելը ետևից գրկեց Օսկարին, սեմեց նրա ձեռքերը, ստիպելով ենթարկվել, իսկ Սյուզին՝ խոնավ, հավասարաշար ատամներով, ուրախ հռհռում էր՝ տեղի ունեցողից ամենևին չշփոթվելով։ Նա Նուխիից վերցրեց գդալը, փայլելու աստիճան շփեց իր գիստերին, ընկղմեց գոլորշի արձակող փոքրիկ կաթսայի մեջ, դանդաղ խառնեց՝ հաճույքով զգալով եփուկի խտությունը և, ընդ որում, հիշեցնելով լավ տան տիրուհու, փչեց, ցանկանալով սառեցնել լի գդալը, և կերակրեց Օսկարին, կերակրեց ինձ, ես իմ կյանքում այլևս երբեք նման ոչինչ չեմ փորձել և երբեք չեմ մոռանա այդ համը։

Միայն այն բանից հետո, երբ իմ առողջական վիճակով չափից դուրս մտահոգված ժողովուրդը ինձ լքեց, որովհետև Նուխին ետ տվեց ուղիղ կաթսայի մեջ, ես սեղմվելով ձեղնահարկի անկյունին, որտեղ մի քանի սավաններ էին չորանում ես ինձնից դուրս մղեցի այդ կարմրավուն հեղուկը՝ դուրս մղվածի մետ չնկատելով գորտերի մնացորդները։ Այնուհետև ես բարձրացա պատուհանի տակի սնդուկի վրա, նայեցի հեռավոր բակերին, ատամներիս արանքից սրբելով ուղթուսի փշուրները, գործելու պահանջ զգացի։ Նայեցի մարիենշթրասեի տների ապակիներով փայլող պատուհաններին, գոռացի, երգեցի դեպի այն կողմ, և, չնայած չէի կարող դիտել արդյունքները, այնքան համոզված էի իմ ձայնի հեռահար ազդեցության վրա, որ այդ պահից սկսած բակը և բոլոր բակերը ինձ համար դարձան նեղ։ Փափագելով հեռուները, հեռաստաններն ու հեռավոր տեսարանները՝ օգտագործում էի ամեն հնարավորություն, որն ինձ կտաներ՝ ինձ միայն կամ մորս ձեռքը բռնած, դուրս Լաբեսվեգից, մեր բակի խոհարարների բոլոր խարդավանքերից։

Շաբաթվա յուրաքանչյուր հինգշաբթի օրերին մայրս քաղաքում գնումներ էր կատարում։ Առավել հաճախ նա ինձ իր հետ էր վերցնում, երբ նախատեսվում էր ածխի շուկայի Յոգհաուս֊պասաժում Սիգիզմունդ Մարկուսի մոտից թմբուկ գնել։ Այդ ժամանակներում, մոտավորապես իմ կյանքի յոթերորդ ու տասներորդ տարիների մինջև ընկած ժամանակահատվածում, ես թմբուկը ոչնչացնում էի մոտավորապես տասնչորս օրվա ընթացքում։ Տասը֊տասնչորս տարեկան հասակաում ինձնից նույնիսկ մեկ շաբաթ չէր պահանջվում, որպեսզի ծակեմ թիթեղը։ Ավելի ուշ ինձ երբեմն հաջողվում էր թմբուկը անպիտան իր դարձնել առաջին իսկ հարվածով, իսկ երբեմն, երբ հոգիս գտնվում էր հավասարակշռված վիճակում, երեք և նույնիսկ չորս ամիս խնամքով, սակայն և միաժամանակ տքնաջան թմբկահարել իմ թիթեղիկին՝ որևէ վնաս (եթե չհաշվենք լաքի վրա ոչ մեծ ճաքերը) չպատճառելով։

Սակայն խասքը այստեղ ոչ այն ժամանակահատվածի մասին է, երբ ես լքում էի մեր՝ գորգեր թափ տալու համար նախատեսված ձողափայտով, մեխեր ուղղող ծերունի Հայլանդով, ապուրներ հայտնագործող թոկից փախածների բակը, որպեսզի ամեն երկու շաբաթը մեկ մորս ուղեկցությամբ հայտնվեմ Սիգիզմունդ Մարկուսի մոտ և մանկական թմբուկների հարուստ տեսականուց ինձ համար ընտրեմ նորը։ Երբեմն մայրիկս ինձ վերցնում էր իր հետ, երբ դեռ հինը նույնպես պատշաճ տեսք ուներ, և ես այդ այցերով հաճույք էի ստանում Հին քաղաքի խայտաբղետությունից, որը միշտ թանգարան էր հիշեցնում և անպայմանորեն ղողանջեցնում իր զանգերից որևէ մեկը։

Մեր ելքերը մեծամասամբ ընթանում էին հաճելի միանմանության մեջ։ Ինչ֊որ գնումներ Լյայզերի, Շթերնֆելդի կամ Մախվիցի մոտից, այնուհետև Մարկուսի մոտ, որը որպես կանոն, քաղաքավարի նրբաճաշակ ու հաճոյախոսական խոսքեր էր ասում մորս։ Նա ակնհայտորեն սիրահետում էր նրան, սակայն, որքան հիշում եմ, երբեք իրեն թույլ չէր տալիս իր հիացմունքները ավելի կրքոտ ձևով արտահայտել, քան ջերմությամբ բռնելով ոսկե (ինչպես ինքն էր անվանում) ձեռքը, այն անձայն հմբուրելը։ Ոչ մի անգամ, եթե չհաշվենք ծնկի իջնելու այն մեկ դեպքը, որի մասին էլ այժմ կգնա խոսքը։

Կոլյայչեկ տատիկից ժառանգելով լավ ձևած բարեկազմ մարմին և հաճելի թեթևամտություն, որոնք միավորված էին բարեհոգության հետ, մայրս առավել ևս հաճույքով էր ընդունում Սիգիզմունդ Մարկուսի հիացմունքները, քանի որ վերջինս ժամանակ առ ժամանակ մորս ոչ թե մատակարարում, այլ ավելի շուտ անվճար նվիրում էր մետաքսե թելեր կամ հրաշալի գուլպաներ, որոնք նա առիթի դեպքում գնում էր հնոտիների շուկայից։ Էլ չասենք երկու շաբաթը մեկ վաճառասեղանի ետևից մատուցվող թիթեղյա թմբուկների մասին։

Եվ իր յուրաքանչյուր այցի ժամանակ մայրիկս ճիշտ ժամը չորսն անց կեսին Սիգիզմունդից թույլտվություն էր խնդրում Օսկարին նրա խնամքի տակ թողնելու համար, քանի որ ինքը պետք է ևս մի քանի շտապ գործեր կարգավորի։ Մարկուսը մի անհասկանալի քմծիծաղով խոնարհում էր գլուխը և ամենածաղկավոր արտահայտություններով խոստանում էր մորս Օսկարին պահպանել աչքի լույսի պես՝ մինչև որ նա կարգավորեր իր այդքան կարևոր գործերը։ Հազիվ նկատելի, բայց ոչ վիրավորական հեգնանքը, որը նրա խոսքերին առանձնահատուկ երանգ էր հաղորդում, երբեմն մորս ստիպում էր կարմրել ու կասկածել, որ Մարկուսը գիտի, թե ինչ գործեր են դրանք։

Սակայն, ես ևս գիտեի, թե այդ ինչ գործեր էին, որոնք այդքան ջանասիրաբար կարգավորում էր մայրս՝ դրանք կարևոր անվանելով։ Զուր չէր ու սկբզնական շրջանում ինձ թույլ էր տրվում Թիշլերգասե փողոցում գտնվող էժանագին հանրակացարան ուղեկցել մորս, որտեղ նա անհետանում էր աստիճանների մատույցներում և մոտ քառասունհինգ րոպե չէր վերադառնում՝ ինձ ստիպելով իրեն սպասել մշտապես լիկյոր կոնծող տիրուհու կողքին, առանց մի որևէ խոսքի՝ մինչև գրեթե չփոխված մայրս հայտնվում էր իմ առջև և հրաժեշտ տալով աչքերը բաժակից վեր բարձրացնող տիրուհուն, բռնում էր իմ ձեռքից՝ չկռահելով, որ նույնիսկ ձեռքի ջերմաստիճանն է մատնում իրեն։ Այնուհետև ձեռք֊ձեռքի տված մենք գնում էինք Վոլվեբերգասե փողոցի Վայցեկի սրճարանը։ Մայրս իր համար պատվիրում էր մոկկո սուտճ, Օսկարին լիմոնի պաղպաղակ և սպասում, մինչև հանկարծ և կարծես թե պատահմամբ Յանը անցեր կողքով, և նստեր մեր սեղանի մոտ և ճիշտ նույն ձևով պատվիրեր մոկկայի գավաթ և այն դներ սառը մարմարյա սեղանին։

Նրանք խոսում էին իմ ներկայությամբ առանց որևէ ամոթխածության, և նրանց խոսքերը ընդամենը հաստատում էին այն, ինչը ես արդեն վաղուց գիտեի, մայրիկը և Յան մորեղբայրը հանդիպում են գրեթե ամեն հինգշաբթի, Յանի կողմից վարձված Թիշլերգասե փողոցում գտնվող սենյակում, որպեսզի այնտեղ քառասունհինգ րոպե միմյանց հետ մեղք գործեն։ Հնարավոր է, որ Յանը ցանկություն հայտնեց այլևս ինձ Թիշլերգասե, իսկ դրանից հետո Վայցեկի սրճարան չտանել։ Երբեմն նա շատ ամոթխած էր դառնում, առավել ամոթխած, քան մայրս, որը ոչ մի արտասովոր բան չէր տեսնում նրանում, որ ես ակամայից դառնում եմ սիրո նվազող ժամվա ականատեսը, որի օրինականության մեջ նա խորապես համոզված էր նաև հետագայում։

Ահա հենց այդպես ստացվեց, որ ես գրեթե յուրաքանչյուր հինգշաբթի Յանի ցանկությամբ չորսն անց կեսից մինչև վեցին մոտ ցցված էի մնում Սիգիզմունդ Մարկուսի մոտ և կարող էի զննել նրա թմբուկների տեսականին, կարող էի փորձել, կարող էի միանգամից (իսկ էլ որտեղ էին Օսկարին այդպիսի հնարավորություններ ընձեռում) թմբկահարել մի քանի թմբուկների վրա և ընդ որում նայել Մարկուսի շան պես թախծոտ դեմքին։ Թող որ ես նույնիսկ չգիտեի, թե որտեղից են գալիս նրա մտքերը, դրա փոխարեն կռահում էի, թե ուր են դրանք գնում։ Դրանք գնում էին դեպի Թիշլերգասե, քերվում են այնտեղի համարակալված դռներին կամ աղքատ Ղազարոսի նման, կուչ եկած պառկում էին Վայցեկի սրճարանի մարմարյա սեղանի տակ, սպասելով․․․ բայց ինչի՞։ Սեղանի վրայի փշրանքների՞ն։

Սակայն մայրս ու Յանը փշրանքներ չէին թողնում։ Նրանք ինքներն էին ամեն ինչ մինչև վերջ ուտում։ Նրանք օժտված էին գերազանց ախորժակով, որը հնարավոր չէ հագեցնել, որն ինքն իր պոչն է կծում։

Նրանք այնքան զբաղված էին, որ նույնիսկ սեղանի ետևում նստած Մարկուսի մտքերը կընդունեին որպես թեթև միջանցիկ քամու հոգնեցուցիչ քնքշություն։

Այդպիսի օրերից մի օր, իմ կարծիքով դեպքը տեղի էր ունենում սեպտեմբերին, քանզի մայրիկս Մարկուսի կրպակը լքեց ժանգոտ֊կարմրավուն գույնի աշնանային կոստյումով, ինձ, քանի որ ես գիտեի, որ մառացված, վայր գցված, և հավանաբար կորած Մարկուսը նստած է վաճառասեղանի ետևում, հենց նոր ձեռք բերված թմբուկների հետ դուրս բերեց դեպի Յոյգհաուս֊պասաժ՝ սառը և զովացուցիչ մի թունել, որի երկու կողմերում գտնվող ոսկերչական, նրբահամ կերակուրների նրբաճաշակ խանութները և գրադարանները իրենց ցուցափեղկերով սեղմվել էին միմյանց։ Այնուամենայնիվ, ես չէի ձգվում դեպի ակնհայտորեն էժանագին, սակայն ինձ համար անմատչելի երեսպատված ցուցափեղկերը, ոչ, ես ձգտում էի դուրս գալ թունելից դեպի ածխի շուկա։ Դուրս գալով այդ փոշոտ լույսի տակ՝ ես անշարժացա Յոյգհաուսի ճակատային մասի դիմաց, որի բազալտային գորշությունը գիրուցված էր տարբեր չափերի թնդանոթային արկերով, տարբեր ժամանակների պաշարումներից, այն բանի համար, որպեսզի այդ երկաթյա կիսագնդերը ամեն մի անցորդի հիշողության մեջ արթնացնեն քաղաքի պատմությունը։ Ինձ այդ արկերը ոչինչ չէին ասում՝ չնայած ես գիտեի, որ դրանք պատի մեջ ինքնուրույնաբար չեն ցցված, որ այս քաղաքում կա որմնադիր, որին պահում ու վճարում է վերգետնյա շինարարության վարչությունը հուշարձանների պահպանության վարչության հետ համատեղ, որպեսզի նա անցած դարերի զենքը շարի եկեղեցիների ու քաղաքապետարանների ճակատային մասերի, ինչպես նաև Յոյգհաուսի դիմային ու ետին պատերի մեջ։

Ես ուզում էի գնալ քաղաքային թատրոն, որն իր շքամուտքը ի ցույց էր դրել աջ կողմից, որը Յոյգհաուսից բաժանվում էր նեղ, կիսախավար նրբանցքով։ Քանի որ թատրոնը, ինչպես ես հենց կարծում էի, պարզվեց, որ այդ ժամանակ փակ էր, երեկոյան դրամարկղը բացվում էր միայն ժամը յոթին, ես անվճռականորեն, արդեն իսկ մտածելով նահանջի մասին և թմբկահարելով, սկսեցի տեղափսխվել դեպի ձախ, որտեղ Օսկարը այլևս չէր գտնվի Փուլավոր աշտարակի ու Լանգասեի դարպասների միջև։ Ես չհամարձակվեցի անցենլ Լանգասեի դարպասների միջով, իսկ այնուհետև թեքվել ձախ, դեպի մեծ Վոլվեբերգրասե, որովհետև այնտեղ նստած էին մայրիկս ու Յանը։ Իսկ եթե նույնիսկ դեռ նստած չէին, ապա հնարավոր է, որ արդեն Թիշլերգրասեում գործերը հասցրել էին ավարտել, գտնվում էին դեպի մարմարյա սեղանիկի վրայի թարմացնող մոկկա սուրճի գավաթը տանող ճանապարհին։

Արդեն չեմ հիշում, թե ես ինչպես անցա Ածխի շուկայի բանուկ մասը, որտեղ մշտապես դես ու դեն վազող տրամվայները, ցանկանալով կամ հատել֊անցնել դարպասների միջով, կամ զանգեր հնչեցնելով արդեն դուրս էին գալիս նրանց միջից և շրջադարձերի ժամանակ ճռնչյունով թեքվում էին դեպի Ածխի շուկա, դեպի փայտամթերքի շուկա, Գլխավոր երկաթուղային կայարանի կողմը։ Հավաաբար ինչ֊որ մի մեծահասակ, հնարավոր է ոստիկան, ձեռքիցս բռնեց ու հոգատարությամբ անցկացրեց տրանսպորտային վտանգների միջով։

Ահա և ես կանգնած էի կտրուկ երկնքին դեմ առած աղյուսե աշտարակի դիմաց և, ճիշտ ասած, միայն զուտ պատահականության արդյունքում, ինձ հաղթահարած ձանձրույթի պատճառով թիթեղի փայտիկները մտցրեցի աղյուսների ու դեպի աշտարակը տանող երկաթյա դռան կողասյան արանքը։ Սակայն հայացքս աղյուսների վրայով տանելով դեպի վեր, ես անկարող էի նրան տանել ճակատային մասի երկայնքով, որովհետև աշտարակի ելուստներից ու հրակնատների միջից ժամանակ առ ժամանակ ցած էին թափվում աղավնիները, որպեսզի առանց հապաղելու և իրենց աղավնային ձևով մի կարճ ժամանակ հանգստանան ջրահեռացման փողրակների ու էրկերների վրա, իսկ հետո կրկին, քարի վրայից ցած նետվելով, իմ հայացքը տանեն իրենց ետևից։

Աղավնիների իրարանցումը ինձ ջղայնացնում էր։ Ես չափից դուրս խղճում էի իմ հայացքին և այն շրջեցի մի կողմ ու լրջությամբ, որպեսզի ազատվեի բարկությունից, իմ փայտիկները օգտագործեցի որպես լծակ։ Դուռը ընկրկեց, և Օսկարը, դեռ այն մինչև վերջ բացել չհասցրած, հայտնվեց աշտարակի ներսում, ոլորապտույտ աստիճանների վրա և արդեն բարձրանում էր՝ առաջ մղելով աջ ոտքն ու նրան մոտ ձգելով ձախը, հասավ առաջին ճաղապատված զնդաններին, պտտվելով բարձրացավ վեր։ Ետևում թողնելով խոշտանգումների խուցը, որտեղ տեղավորված էին խնամքով պահպանված և խրատական գրություններով մատակարարված գործիքները, բարձրացավ էլի վեր՝ այժմ քայլելով ձախ ոտքից և վեր ձգելով աջը։ Հայացք նետեց նեղ ճաղապատ պատուհանների միջով, մոտավորապես հաշվարկեց բարձրությունը, գնահատեց քարե պատի հաստությունը, վախեցրեց աղավնիներին, այդ նույն աղավնիներին հանդիպեց աստիճանի հերթական պտույտի մյուս կողմում, կրկին քայլեց աջ ոտքից՝ առաջ ձգելով ձախը և երբ հերթական անգամ փոխեց ոտքը, Օսկարը հայտնվեց վերևում և կարող էր դեռ էլի ու էլի բարձրանալ՝ չնայած թե՛ աջ և թե՛ ձախ ոտքերը զգալիորեն ծանրացել էին։ Սակայն աստիճանն ինքը ժամանակից շուտ հանձնվեց։ Եվ նա հասկացավ աշտարակային ճարտարապետության ամբողջ անիմաստությունն ու անզորությունը։

Չգիտեմ, թե ինչ բարձրություն էր ունեցել, ինչպես նաև ունի, աշտարակը, քանի որ այն վերապրել է պատերազմը։ Ես ցանկություն չունեմ խնդրել Բրունոյին՝ իմ հիվանդապահին, որպեսզի ինձ բերի արևելագերմանական աղյուսե գոթիկայի վերաբերյալ մի որևէ տեղեկատու։ Դե իսկ սրաձողի հետ միասին իր քառասունհինգ մետրերը նա թերևս ուներ։ Ես ստիպված եղա աշտարակը գոտևորող տանիքի վերնասրահի վրա հապաղել, և դրա պատճառը ժամկետից շուտ հոգեմաշ արած աստիճանն էր։ Ես նստեցի, ոտքերս խցկեցի ձևավոր ճաղաշարքի փոքրիկ սյուների միջև, թեքվեցի առաջ ու սյունի կողքով, որին ես փաթաթվեցի աջ ձեռքով, նայեցի ներքև՝ Ածխի շուկային, այն ժամանակ երբ ձախ ձեռքս հավաստիանում էր ինձ հետ ողջ բարձրունքը հաղթահարած թմբուկս տեղում լինելու մեջ։

Ես մտադիր չեմ ձանձրացնել բազմաշտարակ, զանգակներով շչացող հնագույն ու իբր թե մինչ օրս միջնադարյան շունչը պահպանած, հազարավոր լիովին վայելուչ փորագրանկարների վրա պատկերված Դանցիգ քաղաքի՝ թռչունի թռիչքի բարձրությունից արված նկարագրությամբ։ Ես չեմ զբաղվի նաև աղավնիներով, որքան էլ պնդեն, թե իբր աղավնիների մասին գրելը հեշտ է։ Աղավնին անձամբ ինձ ոչինչ չի ասում, թերևս ավելի շուտ՝ ճայը։ «Խաղաղության աղավնի» արտահայտությունը գուցե արդարացի է միայն որպես պարադոքդ։ Խաղաղության բարի լուրը ես ավելի շուտ կվստահեի շահենին կամ էլ երկնաբարձրունքի կռվասեր բնակչին, քան աղավնուն։ Կարճ ասած, Հարկաշար աշտարակի վրա գտնվում էին աղավնիներ։ Սակայն աղավնիներ վերջ ի վերջո կան ցանկացած, շատ թե քիչ կարգին, աշտարակի վրա, որը, հուշարձանների պաշտպանների աջակցությամբ, հետևում է իր արտաքին տեսքին։

Ոչ, իմ հայացքը ուղղված էր այլ բանի վրա․ Քաղաքային թատրոնի վրա, որի դռները ես, դուրս գալով Յոյգհաուզ֊պասաժից, փակ գտա։ Այդ գմբեթով պսակված շինությունը սարսափելի նման էր անհեթեթության աստիճան մեծացրած կլասիցիզմի ոճի սրճաղացի։ Թեև, իհարկե, գմբեթին պակասում էր ձեռքի բռնիչը, որն անհրաժեշտ էր, որպեսզի յուրաքանչյուր երեկո մուսաներով գերլցված տաճարուն աղացվեր հինգակտանոց դրամայի կտորները՝ միմոսների, կուլիսների, հուշարարների, բեմական կահավորանքի ու բոլոր վարագույրների հետ միասին։ Ինձ զայրացնում էր այդ շենքը, որտեղ դեպի մայրամուտ գնացող և ավելի ու ավելի բոսոր ճառագող ետկեսօրյա արևը ոչ մի կերպ չի ցանկանում լքել սյուներով երիզված պատուհանները։

Ածխի շուկայի վերևում, մոտավորապես երեսուն մետր բարձրությամբ, տրամվայների գծերի վերևում, աշխատանքային օրվա ավարտի առթիվ ուրախացած ծառայողների վերևում, Մարկուսի՝ քաղցր բուրող մանրուքի կրպակից վեր, Վայցեկի սրճարանի պաղ մարմարյա սեղանիկի վերևում, խոյանալով երկու մոկկայի գավաթների վրա, մայրիկի և Յանի վրա, ներքևում թողնելով մեր տունը, բակը, բոլոր բակերը, մեխերը՝ ծռվածներն ու ուղիղները, հարևանների երեխաներին՝ իրենց աղյուսից պատրաստված ապուրի հետ միասին, ես (ով մինչ այժմ գոռում էր միայն անհրաժեշտության դեպքում) դարձա առանց պատճառի գոռացող։ Եթե նախքան աշտարակի վրա բարձրանալը ես իմ խոցող ձայնն էի ուղղում բաժակին, լամպին, երկար չբանեցված գարեջրի շշերին, միայն այն ժամանակ, երբ ինձանից փորձում էին խլել թմբուկը, ապա այժմ ես գոռացի աշտարակից՝ չնայած իմ թմբուկն այստեղ ոչ մի կապ չուներ։

Ոչ ոք չէր պատրաստվում Օսկարի ձեռքից խլել թմբուկը, և, այնուամենայնիվ, նա գոռաց, նույնիսկ ոչ այն պատճառով, որ ինչ֊որ մի աղունիկ վերից նրա թմբուկի վրա էր ծրտել, ցանկանալով նրանից գոռոց կորզել։ Ճիշտ է, մոտակայքում պղնձյա թիթեղների վրա փառ էր բռնել, փառ, սակայն ոչ ապակի։ Բայց և այնպես Օսկարը գոռաց։ Ո՞ւր էր նա գոռում, ինչպիսի՞ հեռավորություն էր նրան հրապուրում։ Միգուցե այստեղ սպասվում էր նպատակասլաց վերականգնումը այն ամենի, ինչը ձեղնահարկում՝ աղյուսե ապուրով կերակրելուց հետո, անօգուտ թռավ֊անցավ բակերի վրայով։ Ո՞ր ապակու վրա էր նշան բռնել Օսկարը։ Ո՞ր ապակու վրա (խոսքը կարող էր միայն ապակու մասին լինել) էր ցանկանում փորձարարություն կատարել։

Դա քաղաքային թատրոնն էր, դա դրամատիկական սրճաղացն էր, որ իր մայրամուտե ապակիներով ձգում էր իր նոր ի հայտ եկած, առաջին անգամ մեր ձեղնահարկում փորձարկված, և նույնիսկ կասեի մանյերության գոռգոռոցից հետո, որը սակայն ոչնչի չհանգեցրեց, ինձ հաջողվեց արտաբերել գրեթե անձայն գոռոց, և Օսկարը ուրախությամբ ու դավաճանական հպարտությամբ կարող էր իրեն զեկուցել․ ճեմասրահի բաց պատուհանի երկու միջին ապակիները ստիպված եղան հրաժարվել արևի լույսից և նրա հայացքին ներկայացրին երկու սև, արագ ապակեպատում պահանջող քառանկյունիներ։

Հաջողությունը այժմ պետք է ամրապնդել։ Ես հանդես էի գալիս ժամանակակից նկարչի պես, որը ցուցադրում է իր՝ երկար տարիների փնտրտուկից հետո գտած ոճը՝ ապշած աշխարհին պարգևելով իր հավասարապես չքնաղ, հավասարապես հանդուգն, հավասարազոր, իսկ երբեմն նույնիսկ նաև հավասարամեծ ստեղծագործական ոճի մի ողջ սերիա։

Քառորդ ժամից քիչ ժամանակահատվածում ինձ հաջողվեց ապակիներից զրկել ճեմասրահի բոլոր պատուհանները և դռների մի մասը։ Թատրոնի դիմաց սկսեց հավաքվել անհանգստացած, ինչպես կարելի էր դատել այստեղից նայելով, ամբոխը։ Միշտ էլ բերանբացներ կգտնվեն։ Իմ արվեստի երկրպագուները ինձ այնքան էլ չէին գրավում, մինչդեռ Օսկարին նրանք դրդեցին գործել էլ ավելի խիստ ու էլ ավելի ձևական։ Նոր էի ես մտադրվել ևս մի հանդուգն փորձարարություն կատարել, մերկացնել իրերի ներքին էությունը, իսկ բաց ճեմասրահի միջով, դռների բանալու անցքով դեպի դեռևս մութ հանդիսասրահ ուղարկել մի առանձնահատուկ գոռոց՝ խոցելու համար բոլոր աբոնեմենտ պահողների հպարտությունը՝ իր, հայելային արտացոլումով լույսը բեկող, թատերական ջահը, երբ թատրոնի դիմացի ամբոխի մեջ նկատեցի ժանգակարմրավուն շորը․ դա մայրիկս էր, որը սուրճ խմելով ու Յանին լքելով, Վայցկեի սրճարանից անցնում էր հետադարձ ուղին։

Չի կարելի սակայն չխոստովանել, որ Օսկարը ճոխ ջահին հասցեագրեց իր գոռոցը։ Սակայն դատելով ամեն ինչից, նա այստեղ հաջողություն չունեցավ, քանզի հաջորդ օրը թերթերը տեղեկացրին միայն խորհրդավոր պատճառներով ճեմասրահի պատուհանների ու դռների մասին։ Մամուլի ֆելիետոնյան բաժնի կիսագիտական ու գիտական որոնումները դեռ շատ շաբաթներ սյունակները լրացնում էին անհավանական հիմարություններով։ Այսպես, «Նորագույն լուրերը» բացատրության համար օգտագործում էին տիեզերական ճառագայթների գաղափարը։ Աստղադիտարանից մարդիկ, այլ խոսքերով բարձր որակավորում ունեցող մտավոր աշխատանքի գործիչները, խորհում էին արևի վրայի բծերի մասին։

Այն ողջ արագությամբ, ինչը միայն թույլ էին տալիս իմ կարճ ոտքերը, ես ապարդյուն աստիճաններից գլորվեցի ներքև և, փոքր֊ինչ խեղդվելով, խառնվեցի թատերական շքամուտքի դիմացի ամբոխին։ Մայրիկիս ժանգակարմիր աշնանային լրակազմությունը այլևս ամբոխի միջից չէր փայլում՝ կա֊չկա նա Մարկուսի կրպակում է, հնարավոր է, որ այնտեղ պատմում է այն դժբախտությունների մասին, որոնց մեղավորը իմ ձայնն էր, իսկ Մարկուսը, որը թե՛ իմ ուշացած զարգացումը և թե՛ ձայնիս միջի ալմաստը ընդունում է որպես լիովին բնական մի բան, այժմ երևի շարժում է լեզվի ծայրով և շփում դեղնասպիտակավուն ձեռքերը։

Սակայն կրպակի շեմին իմ հայացքի առջև ներկայացավ այնպիսի տեսարան, որն անմիջապես ինձ ստիպեց մոռանալ հեռավորության վրա ապակի կտրող ձայնի մասին, քանզի Սիգիզմունդ Մարկուսը կանգնած էր մորս առջև, ծնկների վրա և բոլոր շորե գազանները, արջերը, կապիկները, շները, նույնիսկ փակվող աչքերով տիկնիկները, նույնպես և հրշեջ մեքենաները, և ճոճվող ձիուկները, և նրա կրպակը պահպանող բոլոր խեղկատակները թվում էր, թե նույնպես պատրաստ են նրա հետ ընկնել ծնկներին։ Նա երկու ձեռքով սեղմում էր մորս երկու ձեռքերը, ցուցադրելով ափի ետևի մասի շագանակագույն, բաց գույնի աղվամազով ծածկված բծերը և լաց էր լինում։

Մայրիկս ևս ուներ զայրացած իրավիճակին համապատասխանող հայացք։

― Պետք չէ, Մարկուս, ― ասում էր նա, խնդրում եմ, պետք չէ այստեղ կրպակում։

Սակայն Մարկուսը չէր հանգստանում և նրա խոսքերում հնչում էր ինձ համար անմոռանալի, կախարդող և միաժամանակ չափազանցված երանգավորում։

― Այլևս Բրոնսկու հետ դա մի արեք, չէ՞ որ նա աշխատում է Լեհական փոստատանը, Լեհական, դա լավ չի վերջանա, հավատացեք ինձ, որովհետև նա լեհերի հետ է։

Խաղագումար մի դրեք լեհերի վրա, իսկ եթե ուզում եք խաղագումար դնել, դրեք գերմանացիների վրա, քանի որ նրանք արդեն բարձրանում, նրանք արդեն երևում են, իսկ ֆրաու Ագնեսը դեռևս խաղագումար է դնում Բրոնսկու վրա։ Այդ դեպքում դրեք Մացերատի վրա, նա ձեզ մոտ կա, եթե ուզում եք անպատճառ դնել, կամ, եթե, իհարկե, ցանկանաք, դրեք Մարկուսի վրա և եղեք Մարկուսի հետ, որովհետև նա քիչ ժամանակ առաջ կնքվել է։ Կգնանք ձեզ հետ Լոնդոն, ֆրաու Ագնես, ես այնտեղ ունեմ իմ մարդիկ, և կան փաստաթղթեր, եթե միայն ցանկանաք գնալ, իսկ եթե դուք չեք ուզում Մարկուսի հետ, որովհետև նրան արհամարհում եք, դե այն ժամանակ արհամարհեք։ Միայն թե նա ողջ սրտով խնդրում է ձեզ, որպեսզի դուք խաղագումար չդնեք այդ հոգեկան Բրոնսկու վրա, որն այդպես էլ կմնա Լեհական փոստատանը կից, իսկ Լեհաստանի վերջը մոտ է, քանի որ նրանք՝ գերմանացիները շուտով կգան։

Սակայն, հենց որ հնարավորությունների ու անհնարինությունների այդ քանակությամբ ցնցված մայրս ուզում էր լաց լինել, կրպակի դռների մեջ ինձ տեսնելով, Մարկուսը, բաց թողնելով մայրիկիս ձեռքը, իր հինգ բազմանշանակ մատներով ցույց տվեց ինձ։

― Ահա խնդրեմ, նրան մենք ևս կտանենք Լոնդոն, թող այնտեղ արքայազնի պես ապրի, արքայազնի պես։

Այստեղ մայրիկս էլ նայեց ինձ և հազիվ նկատելի ժպտաց։ Միգուցե մտածեց ճեմասրահի դատարկ պատուհանների մասին, իսկ, գուցե, մեկ այլ մայրաքաղաքի՝ Լոնդոնի տեսարաններն էին նրան ուրախացրել։ Սակայն, ի մեծ զարմանք ինձ, նա շարժեց գլուխը ու անփութորեն, կարծես հրաժարվելով պարի հրավերից, ասաց․

― Շնորհակալություն ձեզ, Մարկուս, սակայն իրականում մեզ մոտ ոչինչ չի ստացվի Բրոնսկու պատճառով։

Մորեղբորս անունը որպես ազդանշան ընկալելով՝ Մարկուսը արագ վեր բարձրացավ ծնկներից, դանակի պես ծալվեց և խոնարհվելով արտաբերեց․

― Դուք եք խնդրել Մարկուսի վրա չբարկանալ, ես այդպես էլ կարծում էի, որ դուք նրա պատճառով չեք ուզում։

Երբ մենք դուրս եկանք պասաժի կրպակից, Մարկուսը, չնայած ժամանակը դեռ չէր եկել, դրսից այն փակեց և ուղեկցեց մեզ մինչև հինգերորդ տրամվայի կանգառը։ Քաղաքային թատրոնի շենքի դիմաց մինչև այժմ կանգնած էին անցորդները և մի քանի ոստիկան։ Սակայն ես չէի վախենում և գրեթե չէի հիշում ապակու հանդեպ իմ հաղթանակի մասին։ Թեքվելով իմ կողմը՝ Մարկուսը ավելի շուտ իր, քան մեզ համար շշնջաց․

― Մեր Օսկարը ամեն ինչ կարողանում է։ Թմբուկ է խփում և թատրոնի առջև աղմկոտ իրարանցում ստեղծում։

Մորս, որը բեկորներ տեսնելիս նկատելի անհանգստություն էր ցուցաբերում, նա ձեռքի շարժումով հանգստացրեց, իսկ երբ եկավ տրամվայը, և մենք նստեցինք կցորդ վագոնի մեջ, նա ցածրաձայն, կարծես օտար ականջներից վախենալով, կրկին ներողություն խնդրեց․

― Դե լավ, ինչ արած, մնացեք Մացերատի հետ, որին դուք ունեք, իսկ Լեհաստանի վրա այլևս մի դրեք․․․

Երբ այսօր իր մետաղյա մահճակալի մեջ պառկած կամ նստած, սակայն թմբուկը ևս ցանկացած այդ դիրքերից մեկում էր, Օսկարը կրկին փնտրում է դեպի Յոյգհաուս֊պասաժ տանող ուղին, դեպի Հարկաշարք աշտարակի զնդանների պատերի վրայի խզբզոցները, դեպի բուն աշտարակի՝ յուղով պատված խոշտանգումների գործիքները, դեպի քաղաքային թատրոնի ճեմասրահի սյուների ետևի երեք պատուհանները և կրկին դեպի Յոյգհաուս֊պասաժ ու Սիգիզմունդ Մարկուսի կրպակը։ Եվ որպեսզի կարողանա ճիշտ վերարտադրել այն սեպտեմբերյան օրվա առանձին դրվագները, նա ստիպված էր միաժամանակ փնտրել լեհերի երկիրը։ Չնայած ինչո՞վ է նա այն փնտրում։ Դե իհարկե, իր թմբուկի փայտիկներով։ Նա այն փնտրում է զգայության օրգաններով՝ սակայն չէ՞ որ հոգին օրգան չէ։

Ես էլ փնտրում եմ լեհերի երկիրը, որը «կործանվել է»։ Այստեղ՝ այս երկրում, սկսել են վարկերի, լուսանկարչական ապարատների, կողմնացույցների, ռադարների, կախարդական փայտիկների ու պատգամախմբերի, մարդասիրության, ընդդիմության առաջնորդների և արտաքսվածների միության օգնությամբ, որտեղ մինչև հարմար ժամանակների գալը, ազգային տարազները դարսել են նաֆթալինի մեջ։ Քանի որ այստեղ՝ այս երկրում, լեհերի երկիրը հոգով են փնտրում կիսով չափ Շոպենին ունենալով սրտերում, կիսով չափ փոխհատուցման գաղափարներով, քանի դեռ նրանք խաչը դնում են Լեհաստանի չորս բաժինների վրա և նույնիսկ խորհում հինգերորդը, քանի դեռ նրանք Վարշավա են թռչում «Էյր Ֆրանսի» ինքնաթիռներով և ափսոսանք են հայտնում՝ ծաղկեպսակ դնելով այն տեղում, որտեղ երբեք Վարշավան առանձնաթաղ չի եղել։ Քանի դեռ այս երկրում մտադիր են լեհերի երկիրը փնտրել ինքնաթիռների օգնությամբ, ես Լեհաստանը փնտրում եմ իմ թմբուկի վրա ու թմբկահարում եմ՝ կործանվել է, դեռ չի կործանվել, կրկին է կործանվել, հանուն ում է կործանվել, շուտով կկործանվի, արդեն կործանվել է։ Լեհաստանը կործանվել է, ամեն ինչն է կործանվել․ «Լեհաստանը դեռ չի կործանվել»։

Տրիբունա

Մեր Քաղաքային թատրոնի ճեմասրահի ապակիները երգի միջոցով կտրատելով, ես փնտրում էի և առաջին անգամ ձեռք բերեցի բեմական արվեստի հետ շփում։ Չնայած այն հանգամանքին, որ մորս ուշադրությունը ամբողջապես ուղղված էր Մարկուսին, նա ակնհայտորեն կռահեց թատրոնի հետ իմ անմիջական հարաբերության մասին, որովհետև մոտակա Ծննդյան տոներից առաջ չորս տոմս գնեց՝ Ստեֆանի, Մարգա Բրոնսկու, ինչպես նաև Օսկարի համար և Ծննդյան տոներից առաջ վերջին կիրակի օրը մեզ երեքիս տարավ ծննդյան հեքիաթի ներկայացմանը։ Երկրորդ հարկաշարք, առաջին կողային շարք։ Պարտերի վերևում կախաված ճոխ ջահը ճգնում էր ողջ կարողությամբ, և ես ուրախ էի, որ աշտարակի իմ երգով այն չեմ սղոցել։

Արդեն այն ժամանակներում երեխաները չափից դուրս շատ էին։ Հարկաշարքերի վրա նրանց թիվը ավելի մեծ էր, քան մայրերինը, այն դեպքում, երբ պարտերում, որտեղ նստած էին ունևոր ու մանկարտադրության հարցում առավել զգուշավոր մարդիկ, երեխաների ու մյուսների հարաբերությունը մոտավորապես կազմում էր մեկը մեկին։ Արի ու տես, թե երեխաները ինչ աստիճան անկարգ են իրենց պահում։ Մարգա Բրոնսկին, որը նստել էր իմ և հաեմատաբար դաստիարակված Ստեֆանի միջև, ներքև սահեց ծալովի նստարանի վրայից, ուզում էր կրկին բարձրանալ։ Այնուհետև նախընտրեց թավալ գալ ճաղաշարի դիմաց, նրա շրջազգեստի փեշը մնաց ծալովի մեխանիզմի մեջ, Մարգան ճչած՝ չնայած մեր շուրջը մնացած կոկորդ պատռողների համեմատությամբ նրա ճիչը հնչում էր լիովին տանելի և ոչ շատ երկար, որովհետև մայրիկը այդ հիմար մանկական բերանը փակեց կոնֆետներով։ Կոնֆետը ծծելով և փափուկ նստատեղի վրա շուռումուռ գալուց ուժասպառ լինելով, Ստեֆանի փոքրիկ քույրիկը ներկայացման սկզբից մի քիչ անց քնեց, իսկ յուրաքանչյուր արարից հետո անհրաժեշտ էր լինում նրան արթնացնել ծափահարությունների համար, որոնց նա տրվում էր ուրախ ջերմեռանդությամբ։

Ներկայացնում էին Մատնաչափիկի մասին հեքիաթը, որն առաջին տեսարանից ինձ գրավեց և, ինչը լիովին հասկանալի է, անձամբ ինձ էր վերաբերում։ Ամեն ինչ արված էր բավականաչափ վարպետորեն։ Մատնաչափիկին ընդհանրապես ցույց չէին տալիս, թույլ էին տալիս միայն նրա ձայնը լսել, իսկ մեծահասակներին ստիպում էին վազել չնայած անտեսանելի, սակայն բավականաչափ ակտիվ զվարճալի հերոսի ետևից։ Ահա նա նստած է ձիու ականջի մեջ, ահա նա հորը թույլ է տալիս իրեն մեծ գումարով վաճառել երկու խաբեբաների, ահա նա չարաճճություն է անում խաբեբաներից մեկի գլխարկի եզրերի վրա, այնուհետև խցկվում է մկան որջիկը, այնուհետև՝ խխունջի տնակը, այնուհետև գործում է գողերի հետ համատեղ, ընկնում խոտի մեջ, իսկ խոտի հետ՝ կովի փորը, սակայն կովը մորթում են, որովհետև նա խոսում է Մատնաչափիկի ձայնով։ Իսկ կովի մսեղիքը, կուլ տված երեխայի հետ, հայտնվում է աղբակույտի վրա, որտեղ նրան կուլ է տալիս գայլը։ Սակայն տղան գիտակից խոսքերով հրապուրելով գայլին՝ բերում է իր հոր տուն, մթերանոց, և այնտեղ, երգ գայլը դեռ միայն պատրաստվում է զբաղվել թալանով, սարսափելի աղմուկ է բարձրանում։ Դե իսկ վերջը հենց այնպիսին է, ինչպես և ընդունված է հեքիաթներում՝ հայրը սպանում է չար գայլին, իսկ մայրը դանակով բացում է բկլիկի փորը։ Մատնաչափիկը ազատ է արձակվում, այլ խոսքերով, լսելի է, թե ինչպես է նա գոռում․ «Ախ, հայրիկ, ես եղա և՛ մկան բնում, և՛ կովի ստամոքսում, և՛ գայլի փորում, իսկ այժմ էլ կմնամ ձեզ մոտ»։

Այդպիսի ավարտը ինձ հուզեց, իսկ հայացք նետելով մորս վրա՝ ես նկատեցի, որ նա դեմքը թաքցրել է թաշկինակի մեջ, որովհետև ինձ նման բեմի վրա խաղարկվող տեսարանը ընկալեց որպես խորապես անձնական ապրում։ Հետագա շաբաթներին մայրիկս դյուրությամբ հասնում է խանդաղատանքի և, քանի դեռ ընթանում էին Ծննդյան տոները, ժամանակ առ ժամանակ սեղմում էր ինձ դեպի իրեն, համբուրում և Օսկարին կես կատակ կես լուրջ անվանում էր իմ Մատնաչափիկ։ Եվ կամ իմ խեղճ Մատնաչափիկ։

Միայն երեսուներեքի ամռանը ինձ երկրորդ անգամ առաջարկեցին արշավ դեպի թատրոն։ Իմ կողմից ստեղծված որոշ թյուրիմացության պատճառով ստացվեց ոչ այնպես, ինչպես պետք է, այնուամենայնիվ նեկայացումը ինձ վրա խոր և երկարատև տպավորություն թողեց։ Դեռ մինչև օրս իմ մեջ ամեն ինչ շչում ու ծածանվում է, քանզի այն պատահեց Սոպոտի Անտառային օպերայում, որտեղ գիշերային բաց երկնքի տակ, ամառվանից ամառ բնությանն էին հաղորդում Վագների երաժշտությունը։

Ընդհանուր առմամբ մայրիկս գնահատում էր օպերաները, իսկ Մացերատը նույնիսկ օպերետներն էր դժվար տանում։ Իհարկե, Յանը կողմնորոշվում էր դեպի մայրս և պաշտում էր մեներգները՝ չնայած իր ողջ երաժշտական արտաքինով հանդերձ բացարձակապես զուրկ էր երաժշտական լսուղությունից՝ հրաշալի ձայներ ընկալելու համար։ Դրա փոխարեն նա անձամբ ծանոթ էր Ֆորմելա եղբայրների հետ, որոնք կարտահուսյան միջնակարգ դպրոցի նրա համադասարանցիներին էին և որոնք այժմ բնակվում էին Սոպոտում, ղեկավարում էին զբոսավայրի խաղատան ու հավաքասրահի շատրվանների լուսավորման գործը, ինչպես նաև լուսավորողներ էին աշխատում Սոպոտի օպերային փառատոնային տոնակատարությունների ժամանակ։

Սոպոտ տանող ճանապարհը անցնում էր Օլիվուով։ Առավոտ պալատական այգում։ Ոսկե ձկնիկներ, կարապներ, մայրիկս, Յանը հանրահայտ Շշուկների քարանձավում։ Հետո կրկին ոսկե ձկնիկներ ու կրկին կարապներ, որոնք սերտորեն համագործակցում էին լուսանկարչի հետ։ Երբ լուսավորում էին, Մացերատը ինձ նստեցրեց իր ուսերին։ Թմբուկը ես դրեցի նրա գլխին, ինչը մշտապես, նույնիսկ այն ժամանակ, երբ լուսանկարը արդեն սոսնձված էր ալբոմի մեջ, համընդհանուր ծիծաղ էր առաջ բերում։ Հրաժեշտ ձկներին, կարապներին, Շշուկների քարանձավին։ Ոչ միայն Պալատական այգում էր կիրակի, այլև պարսպի երկաթյա ճաղավանդակից այն կողմ՝ և՛ Գլետկաուի տրամվայի մեջ, և՛ Գլետկաուի հավաքասրահում, որտեղ մենք ճաշում էինք, մինչ Բալթիկ ծովը անդադար, կարծես այլ զբաղմունք չուներ, առաջարկում էր լող տալ․ հաստատապես ամենուրեք իշխում էր կիրակին։ Երբ զբոսավայրը մեզ դուրս բերեց Սոպոտի մոտ, կիրակին հանդես եկավ ընդդեմ մեզ և Մացերատը ստիպված եղավ առողջարանային հանգանակություն մուծել։

Մենք լողացանք Հարավային լողարանում, մեր ունեցած տեղեկություններով, այնտեղ ավելի ազատ էր, քան Հյուսիսայինում։ Տղամարդիկ հագուստները փոխեցին տղամարդկանց հանդերձարանում, իսկ ինձ մայրիկս մտցրեց կանանցին կից խցիկը և պնդեց, որ ես ընտանեկան լողարանում լողանամ մերկ։ Մինչդեռ ինքը, որ այդ ժամանակ արդեն բավական շուտ էր դուրս եկել իր ափերից, իր մարմնամասերը ընկղմեց ծղոտադեղին լողահագուստի մեջ։ Ես իմ թմբուկով ծածկեցի պատճառական տեղս, որպեսզի իմ մերկությամբ չափից ավելի աչք չծակեմ։ Այնուհետև փորի վրա ընկա ավազին և նախընտրեցի ոչ թե սուզվել հրավիրող ծովային ջրի մեջ, այլ ընդհակառակը, ամոթս թաքցնել ավազի տակ, դավանելով ջայլամի քաղաքականությունը։ Մացերատը, ինչպես և Յանը, երկուսն էլ նախանշվող փորիկներով, այն աստիճան ծիծաղելի և, կարելի է ասել, գրեթե խղճուկ տեսք ունեին, որ ես ուրախացա, երբ օրվա վերջին մոտ նրանք այցելեցին խցիկներ, որտեղ յուրաքանչյուրը քսուկով շփեց իր արևայրուքը, ինչից հետո, ինչպես «Նիվեայի» օծյալներ, մտան իրենց սովորական կիրակնօրյա հագուստի մեջ։

Թխվածքաբլիթով սուրճ՝ «Ծովային աստղում»։ Մայրիկս ցանկություն հայտնեց ստանալ հինգհարկանի տորթի ևս մեկ՝ երրորդ չափաբաժինը։ Մացերատը դեմ էր, Յանը միանգամից և՛ կողմ, և՛ դեմ։ Մայրս պատվիրեց, մի կտորը տվեց Մացերատին, մի փոքր կտոր բաժին հանեց Յանին՝ մի խոսքով սիրաշահեց երկու տղամարդկանց, և դրանից հետո միայն գդալ գդալլի ետևից իր ստամոքս մտցրեց չափից ավելի քաղցր սեպը։

Օ, դու, սրբազան յուղե կրեմ, դու շաքարափոշիով պատված, դու, պարզկա, ժամանակ առ ժամանակ, փոքր ամպամածությամբ, կիրակի օր։ Կապույտ արևային ակնոցով լեհական ազնվականությունը նստել էր թունդ լիմոնադի դիմաց, որին մայրս չդիպավ։ Տիկնայք մերթ֊մերթ խաղում էին մանուշակագույն նարգիզներով և ծովային քամու միջնորդությամբ հյուրասիրում էին մեզ նավթալինի հոտով, որը հասնում էր մորթե թիկնոցներից, որոնք, պետք է կարծել, վերցված էին վարձույթով՝ եղանակին համապատսխան։ Մացերատը դա համարեց հիմարավուն ծամածռություն։ Մայրս էլ թերևս չէր հրաժարվի գոնե կես օրով նման ցնցուղով թիկնոց վերցնել։ Յանը պնդում էր, թե իբր ձանձրույթը, որը տիրել էր լեհական ազնվականությանը, այժմ այնպիսի ծաղկման էր հասել, որ, չնայած պարտքերի անկասեցնելի աճին, նա այլևս ուժ չի գործադրում ֆրանսերեն խոսելու համար, և լոկ նորաձևամոլությունից դրդված է բացարձակապես լեհերեն խոսում։

Սակայն չէր կարելի այդպես նստել «Ծովային աստղում» մինչև դարի ավարտը՝ գաղտագողի դիտահայելով լեհ ազնվականության մանուշակագույն եղունգները և կապույտ ակնոցները։ Տորթով լցված մայրիկս տենչում էր շարժում, և ծովափնյա այգին մեզ իր գիրկն առավ, ես ստիպված եղա ավանակի վրա նստած շրջել և կանգ առնել հերթական նկարի համար։ Ոսկե ձկնիկներ, կարապներ, ինչ ասես որ բնությունը չի հորինի, և կրկին ոսկե ձկնիկներ ու կարապներ, որոնք արժեք են հաղորդում քաղցրահամ ջրին։

Դեղձենիի խուզված թփերի միջև, որն ամենևին էլ չէր շշնջում, ինչպես նրան վերագրում էր ասեկոսեն, մենք հանդիպեցինք Ֆորմելա եղբայրներին, խաղատուն լուսավորող Ֆորմելաներին, Անտառային օպերան լուսավորող Ֆորմելաներին։ Կրտսեր Ֆորմելան պետք է նախ իրենից դուրս մղեր բոլոր անեկդոտները, որոնք կուշտ֊կուշտ լսել է լուսավորողի պաշտոնը զբաղեցնելով։ Ավագ Ֆորմելան այդ բոլոր անեկդոտները գիտեր հինգ մատի պես, սակայն եղբայրական սիրով դրդված անհրաժեշտ տեղերում ծիծաղում էր վարակիչ ծիծաղով, ընդ որում ցուցադրելով մեկ ոսկե ատամով ավելի, քան դրանք ուներ կրտսեր եղբայրը, իսկ կրտսերն ընդամենը երեքն ուներ։ Բոլորը գնացին Շպինգերի մոտ՝ մեկ գավաթ գիհի խմելու։ Սակայն մայրիկս նախընտրեց «Կուրֆյուրստը»։ Հետո առաջվա պես իրենց պահուստների սրախոսություններ շաղ տալով, առատաձեռն կրտսեր Ֆորմելան մեզ հրավիրեց «Թութակում» ընթրելու։ «Թութակում» մենք հանդիպեցինք Տուշելին, իսկ Տուշելին պատկանում էր Սոպոտի կեսը՝ գումարած Անտառային օպերան ու հինգ կինոթատրոնները։ Դրանից զատ նա նաև երկու Ֆորմելա եղբայրների շեֆն էր և շատ ուրախ էր մեզ հետ ծոնոթանալու համար, ինչպես մենք էինք շատ ուրախ նրա հետ ծանոթանալու համար։ Տուշելը առանց հոգնելու պտտում էր իր մատի մատանին, սակայն դժվար թե դա ցանկությունների մատանի կամ կախարդական մատանի լիներ, քանի որ բացարձակապես ոչինչ տեղի չունեցավ, եթե իհարկե չհաշվենք, որ Տուշելը իր հերթին սկսեց անեկդոտներ պատմել, և ոչ թե մի ինչ֊որ, այլ հատկապես նրանք, որոնք մեզ արդեն պատմել էր Ֆորմելան, միայն թե ոսկե ատամների պատճառով ավելի մանրամասն։ Բայց և այնպես ողջ սեղանը հռհռում էր, քանի որ պատմողը Տուշելն էր։ Միայն ես էի ինձ լուրջ պահում՝ ձգտելով իմ լուրջ տեսքով չեզոքացնել անեկդոտի աղը։ Ախ, այդ անկյունում, որտեղ մենք ճաշում էինք, ինչպիսի հարմարավետություն էին ստեղծում այդ, թեկուզ և ոչ լիովին անկեղծ, ծիծաղի պայթյունները կլոր հաստացված ապակիների հետ մեկտեղ։ Եվ Տուշելը կարողացավ ապացուցել իր երախտագիտությունը․ անեկդոտ պատմելը շարունակելով՝ նա կարգադրեց «Ոսկե լիկյոր» մատուցել, իսկ ծիծաղի ալիքների ու լիկյորի փայլի մեջ լողալով, ուրախությունից հանկարծ այլ ձևով պտտեց մատանին։ Եվ հենց այստեղ իսկապես ինչ֊որ բան տեղի ունեցավ։

Տուշելը մեզ բոլորիս հրավիրեց Անտառային օպերա, դե, քանի որ նրան է պատկանում օպերայի մի մասը, ինքն անձամբ, ճիշտ է, ցավոք սրտի, չի կարող, նա հանդիպում ունի և դրա նման մի բան, սակայն նա հուսով է, որ մենք չենք խորշի նրա տեղերից, օթյակը պատված է թավշով, երեխան, եթե հոգնել է, կարող է քնել, և Տուշելը խոսքերը արծաթե մատիտով գրեց Տուշելի այցտետոմսի վրա, այն լայն կբացի ձեր առջև բոլոր դռները, բացատրեց նա՝ պարզվեց, որ նա ճիշտ էր։

Իսկ այն, ինչ եղավ հետո, կարելի է շարադրել մի քանի բառով․ ամառային տաք երեկո, օպերան ամբողջությամբ լեփ լեցուն է օտարերկրացիներով։ Դեռ նախքան ներկայացման սկիզբը, թռան֊եկան մոծակները։ Սակայն միայն վերջին մոծակը, նա ով միշտ վերջինն է թռնում֊գալիս, դա ազնվականություն համարելով, իր արնախում տզզոցով ազդարարեց իր հայտնվելու մասին, և ամեն ինչ սկսվեց միաժամանակ։ Ներկայացնում էին «Թռչող հոլանդացին»։ Այն անտառը, որն օպերային տվել էր «Անտառային» անվանումը, ներկայացվեց ավելի շուտ ոչ թե որպես ծովահենյան նավ, այլ որպես որսագողական։ Նավաստիները երգում էին՝ երգը հասցեագրելով ծառերին, ես քնեցի տուշելյան օթյակի փափուկ նստատեղի վրա, իսկ երբ արթնացա, նավաստիները դեռ շարունակում էին երգել կամ կրկին երգում էին․ «Նավավարը հերթապահության է կանգնել․․․»։ Սակայն այստեղ Օսկարը կրկին քնեց և, ընդ որում, ուրախացավ, որ իր մայրը այդքան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հոլանդացու ճակատագրում և՛ սահում է, կարծես, ալիքների վրա, և՛ արտաշնչում, և՛ ներշնչում է կատարում՝ Վագների հետ միավորվելով։ Նա ամենևին չէր նկատում, որ ձեռքերի ափերով դեմքերը ծածկած Մացերատն ու Յանը արձակում էին տարբեր հաստությունների ծառեր կտրող սղոցի ձայներ․ մեկի ձայնը ավելի ցածր էր, մյուսինը՝ ավելի բարձր։ Ես ինքս մերթ ընդ մերթ դուրս էի պլստում Վագների ձեռքից, մինչև որ քունը վերջնականապես թափ տվեց Օսկարին, քանզի անտառի մեջ կանգնած էր մի կին ու բարձր գոռում էր հավանաբար այն պատճառով, որ լուսավորողը, իսկ դա պետք է ենթադրել, որ Ֆարմելա եղբայրներից կրտսերն էր, կուրացնում ու զայրացնում էր նրան իր լուսարձակներով։ «Ո՛չ, ― գոռում էր կինը։ «Վա՜յ ինձ», ― գոռում էր կինը, և էլի․ «Ո՞վ ինձ պատճառեց այս չարիքը»։ Սակայն Ֆորմելան, որը հատկապես հենց նա էր, ով կնոջը պատճառում էր այդ չարիքը, մի կողմ չտարավ իր լուսարձակը, և միայնակ կնոջ ճչոցները, որին ավելի ուշ մայրիկս մենակատարուհի անվանեց, վերածվեցին հազվադեպ արծաթե փրփուրներով բլթբլթացող նվնվոցի, որից չնայած ժամանակից շուտ սփրթնեցին սոպոտյան անտառի տերևները, բայց որն այնուամենայնիվ ոչինչ չէր կարողանում անել Ֆորմելայի լուսարձակների հետ։ Չնայած որ զուրկ չէր ուժից, սակայն լուսարձակի դիմաց ձայնը ընկրկեց։ Պահանջվում էր Օսկարի միջամտությունը, որպեսզի նա գտներ լույսի անդաստիրակ աղբյուրը մեկ հեռավոր գոռոցի օգնությամբ (ավելի ցածր գոռոցով, քան մոծակներինը) սպաներ լուսարձակին։

Այն, որ այդ ժամանակ առաջացավ նաև կարճ միացում, խավար, կայծերի սփռում ու անտառային հրդեհ, որը հնարավոր եղավ հանգցնել, հասցրեց առաջ բերել խուճապ, ես բացարձակապես չէի կարող կանխատեսել՝ ախր, ես ինքս հրմշտոցի ժամանակ կորցրեցի ոչ միայն մորս, այլև կոպիտ ձևով արթնացված երկու պատրոններին, դեռ նաև այդ խառնաշփոթի ժամանակ իմ թմբուկը կորավ։ Թատրոնի հետ իմ այս երրորդ հանդիպումը բերեց ինձ 1934 թվին կրկեսի օդի հետ հաղորդակցվելու մտքին։

Օսկարը մտադիր չէր Բուշի կրկեսի վագրերի ու ճարպիկ փոկերի մասին ճառասանություններ անել ճոճաձողի վրայի արծաթյա տիկնանց։ Ոչ ոք գմբեթի տակից չգահավիժեց, վարժեցնողներից ոչ մեկի ոչ մի տեղը չկծեցին, չպոկեցին։ Փոկերը անում էին այն ամենը, ինչ նրանց սովորեցրել էին․ գնդակներով ձեռնածություն էին անում և որպես պարգև, օդից որսում էին կենդանի ծովատառեխներին։ Ես շնորհակալ եմ կրկեսի մանկական ուրախ ներկայացումների և ինձ համար այդչափ կարևոր հանդիպման համար Բեբրայի հետ՝ երաժշտական ծաղրածուի, որը շշերի վրա «Ջիմմի» վագր էր նվագում և ղեկավարում էր թզուկների խումբը։

Նրա հետ մենք հանդիպեցինք գազանանոցում։ Մայրիկս ու նրա երկու տղամարդիկ որոշեցին կապիկի վանդանկի դիմաց ենթարկվել անպատվության։ Հեդվիգ Բրոնսկին, որը նույնպես մտել էր մեր խմբի մեջ, իր երեխաներին ցույց էր տալիս պոնիին։ Այն բանից հետո, երբ առյուծը իմ առջև բացեց իր երախը, ես թեթևամտորեն որոշեցի զբաղվել բվով և փորձեցի հայացքով հաղթել թռչնին։ Սակայն թռչունը ինքը հաղթեց ինձ, և Օսկարը ամոթահար, կարմրած ականջներով, մինչև հոգու խորքը վիրավորված, մտավ ինչ֊որ տեղ՝ սպիտակակապույտ բնակելի բեռնասայլերի արանքը, որովհետև այնտեղ գաճաճներից բացի (դրանք էլ դեռ կապված չէին) այլ գազաններ չկային։ Նա շալվարակալով, տնային կոշիկներով անցավ իմ կողքով՝ դույլով ջուր տանելով։ Մեր հայացքները հպանցիկ հանդիպեցին, և մենք անմիջապես մեկմեկու ճանաչեցինք։ Նա դույլը դրեց գետնին, մեծ գլուխը թեքեց ուսին, մոտեցավ ինձ, և ես մոտավորապես հաշվարկեցի, որ նա մոտ ինը սանտիմետրով ինձնից բարձրահասակ է։

― Դուք միայն տեսեք, ― վերից վար ճռճռաց նա, ― հիմա նույնիսկ երեք տարեկանները չեն ուզում աճել։

Քանի որ ես չէի պատասխանում, նա ձեռնարկեց երկրորդ փորձը․

― Իմ անունը Բեբրա է, ուղիղ գծով ծագել եմ արքայազն Օյգենից, որի հայրը Լյուդովիկոս Տասնչորսերորդն էր, այլ ոչ թե ինչ֊որ սավոյար, ինչպես ասում են։

Եվ քանի որ ես շարունակում էի նույն ձևով լռել, նա երրորդ փորձն արեց․

― Աճս ընդհատեցի ծննդյանս տասներորդ տարեդարձին։ Ուշ էր, իհարկե, արդեն, բայց դե այնուամենայնիվ․․․

Քանի որ նա ինձ հետ այդպես անկեղծ էր, ես ևս ներկայացա, սակայն չսկսեցի ներկայացնել իմ տոհմածառը և պարզապես տվեցի իմ անունը՝ Օսկար։

― Ասեք ինձ, խնդրեմ, իմ թանկագին Օսկար, այժմ դուք պետք է մոտ տասնչորս֊տասնհինգ տարեկան լինեք, իսկ միգուցե և մի ամբողջ տասնվեց։ Ուղղակի հավատս չի գալիս, մի՞թե ընդամենը տասը և կես, ինչպես դուք եք ասում։

Այժմ ես էլ պետք է նրա տարիքը որոշեի և միտումնավոր նվազեցրի։

― Ախր դուք շողոքորդ եք, իմ թանկագին ընկեր։ Երեսունհինգս մնացել է անցյալում։ Օգոստոս ամսին ես տոնեցի իմ հիսուներեքերորդ ծննդայն օրը։ Ես լիովին կարող էի ձեր պապիկը լինել։

Օսկարը նրան մի քանի հարգալից խոսքեր ասաց՝ որպես ծաղրածու նրա կատարած ակրոբատիկ համարների առիթով, գնահատեց նրա երաժշտականությունը և, ենթարկվելով փառասիրության կանչին, ինքը ևս ցուցադրեց մի աճապարություն։ Կրկեսային լուսավորության երեք լամպերը դրա համոզիչ ապացույցը ծառայեցին, ինչից հետո պարոն Բեբրան բացականչեց․ «Բրավո, բրավիսիմո», պատրաստակամություն հայտնեց Օսկարին մտցնել կրկեսախմբի մեջ։

Դեռ մինչ օրս էլ ես ափսոսում եմ, որ նրա առաջակրը չընդունեցի, որ ինչ֊որ պատրվակ գտա ու ասացի․

― Հականո՞ւմ եք, պարոն Բեբրա, ես նախընտրում եմ լինել հանդիսատեսի շարքում՝ իմ համեստ արվեստին գաղտնի ծաղկելու հնարավորություն ընձեռելով, հավանության աղմկոտ ձայներից հեռու, սակայն ես երբեք չեմ լինի նրանց շարքում, ովքեր ձեր ելույթները ծափողջյուններով չեն վարձատրի։ Պարոն Բեբրան բարձրացրեց կնճռոտ ցուցամատը և ինձ կոչ արեց․

― Ամենապատվելի Օսկար, հավատացեք ձեր փորձառու գործընկերոջ խոսքին։ Մեր եղբայրը հանդիսատեսների շարքում լինելու իրավունք չունի։ Մենք պարտավոր ենք լինել բեմի վրա, բաց հարթակի վրա։ Մենք պետք է միջամտենք և որոշենք գործողության ընթացքը, ապա թե ոչ, հանդիսատեսը ինքը կներազդի քո վրա և, ավելի քան հաճույքով, քո հանդեպ ստորություն կկազմակերպի։ Գրեթե ականջիս մեջ մտնելով նա շշնջում էր՝ աչքերին հնագույն տեսք տալով․

― Նրանք կգան։ Նրանք բոլորը կնստեն պատվավոր տեղերում։ Նրանք ջահերով երթ կկազմակերպեն։ Նրանք տրիբունաներ կկանգնեցնեն, նրանք կզբաղեցնեն տրիբունաները և կդնեն ձեր մահվան սկիզբը։ Դուք դեռ կտեսնեք, իմ պատանի ընկեր, թե ինչեր կկատարվեն այդ տրիբունաների վրա։ Դե ուրեմն աշխատեք միշտ նստել նրանց մեջ, ովքեր տրիբունաների վրա են և ոչ մի անգամ նրանց դիմաց մի կանգնեք։

Սակայն այդ պահին, քանի որ ինձ ձայն տվեցին, պարոն Բեբրան վերցրեց դույլը։

― Ձեզ փնտրում են, թանկագին ընկեր։ Բայց մենք դեռ կհանդիպենք։ Մենք չափից դուրս փոքր ենք, որպեսզի կորցնենք միմյանց։

Բեբրան միշտ նույն բանն էր պնդում․ «Մեր ու ձեր նման փոքր մարդիկ տեղ կգտնեն նույնիսկ ամենալեցուն բեմի վրա։ Իսկ եթե ոչ դրա վրա, ապա, այս անգամ հաստատ, նրա տակ, սակայն ոչ մի դեպքում՝ նրա դիմաց։ Դա ձեզ Բեբրան է ասում, ով ուղիղ գծով արքայազն Օյգենից է սերում։

Մայրիկս, որը Օսկար գոռալով դուրս եկավ բեռնասայլի ետևից, դեռ հասցրեց տեսնել, թե ինչպես պարոն Բեբրան համբուրեց ճակատս, այնուհետև վերցրեց իր դույլը և, ուսերով թիավարելով, ուղղվեց դեպի բեռնասայլերը։

― Դուք միայն պատկերացրեք, ― մայրիկս փոքր֊ինչ անց այդպես էր արտահայտում իր վրդովմունքը Մացերատի ու Բրոնսկու ընտանիքի առջև։ ― Նա լիլիպուտների մոտ էր։ Եվ ինչ֊որ մի թզուկ համբուրեց նրա ճակատը։ Հույս ունենանք, որ դա ոչինչ չի նշանակում։

Սակայն Բեբրայի կողմից իմ ճակատի վրա թողած համբյուրը շատ բան էր նշանակում ինձ համար։ Մոտակա տարիների քաղաքական իրադարձությունները հաստատեցին նրա ճշմարտացիությունը․ սկսվեց ջահերով երթերի ու ամբիոնների դիմաց համաքայլ ընթացքի ժամանակը։

Ինչպես ես էի լսել պարոն Բեբրայի խորհուրդները, նույն նմանությամբ մայրիկս էր սրտին մոտ ընդունում առնվազն մի մասը այն նախազգուշացումների, որոնցով նրան ընդելուզում էր Սիգիզմունդ Մարկուսը Յոյգհաուզ֊պասաժում, և որոնք նա անփոփոխ կորցնում էր այն ժամանակվանից ի վեր հինգշաբթի օրերի նրա յուրաքանչյուր այցելության ժամանակ։ Թեկուզ և մայրիկս Մացերատի հետ Լոնդոն չգնաց, անձամբ ես դեմ չէի լինի նման տեղափոխությանը՝ սակայն նա մնաց Մացերատի հետ, իսկ Յան Բրոնսկուն տեսնում էր ոչ այնքան հաճախ՝ Յանի հաշվին Թիշլերգասեում կամ տանը սկատ խաղալիս, ինչի յուրաքանչյուր նոր անգամը Յանի վրա ավելի ու ավելի թանկ էր նստում, քանի որ նա անընդհատ պարտվում էր։ Իսկ Մացերատը, որի վրա մայրիկը խաղագումար էր դրել՝ լսելով Մացերատի խորհուրդը, և ում անունով էլ պահպանել էր իր ներդրումը այն չկրկնապատկելով, հանկարծ հազար ինը հարյուր երեսունչորս թվին, այսինքն՝ համեմատաբար շուտ ճանաչելով օրենքի ուժը, դարձավ կուսակցության անդամ՝ չնայած այնտեղ սկզբնական օղակի ղեկավարից վեր բարձրանալ չկարողացավ։ Աստիճանի բարձրացումը, որը, ինչպես և բոլոր ոչ սովորական իրադարձությունները, առիթ հանդիսացավ խաղաթղթերով հերթական երեկույթի համար։ Մացերատը առաջին անգամ շարադրեց իր նախազգուշացումները, որոնք արդեն բազմիցս արտահայտել էր Յան Բրոնսկին Լեհական փոստատանը նրա գործունեության կապակցությամբ, ավելի խիստ, ինչպես և առավել մտահոգ շեշտադրությամբ։

Իսկ մնացածում արդեն որևիցե շատ թե քիչ նկատելի փոփոխություն տեղի չունեցավ։ Դաշնամուրի վերևի մեխի վրայից հեռացվեց թխպոտ Բեթհովենը՝ Գրեֆի նվերը, և հենց այդ նույն մեխին համընդհանուր զննման համար ամրացվեց Հիտլերը՝ իր ոչ պակաս թխպոտ հայացքով։ Մացերատը, որը առանձնահատուկ սեր չէր տածում լուրջ երաժշտության հանդեպ, հաստատապես մտադրվել էր վատ լսող երգահանին դատապարտել վերջնական արտաքսման։ Սակայն մայրիկս, որը շատ էր գնահատում Բեթհովենի դանդաղկոտ սուր ելևեջները, դրանցից երկուսը կամ երեքը սերտել էր ավելի դանդաղ տեմպով, քան հարկն է։ Եվ ժամանակ առ ժամանակ դրանք կաթիլ առ կաթիլ արտաբերում էր։ Նա պնդեց, որպեսզի Բեթհովենին կախեն այլ տեղում՝ եթե ոչ թախտի վերևում, ապա ծայրահեղ դեպքում գոնե բուֆետի վերևում։ Հաղթեց հնարավոր հակադրություններից առավել մռայլը։ Հիտլերն ու հանճարը այժմ կախված էին դեմ դիմաց, ներթափանց նայում էին իրար, սակայն միմյանց ոչ մի հաճույք չէին պատճառում։

Մացերատը կամաց֊կամաց գնեց֊լրացրեց համազգեստի բոլոր բաղկացուցիչ մասերը։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, նա իր ձեռքբերումները սկսեց կուսակցական համազգեստի գլխարկից, որը կրում էր նույնիսկ պարզ եղանակին՝ դունչը հարող գոտին ներքև իջեցնելով։ Որոշ ժամանակ նա այդ գլխարկի հետ հագնում էր սև փողկապով սպիտակ վերնաշապիկ կամ թեթև շապիկ՝ թևքի վրա թևակապով։ Սակայն երբ նա ձեռք բերեց առաջին դարչնագույն վերնաշապիկը, մեկ շաբաթ անց նրա մոտ ցանկություն առաջացավ ունենալ կղանքի գույնի կիսանդրավարտիկ ու երկարաճիտք կոշիկներ։ Մայրիկս ընդդիմացավ դրան և կրկին մեկ ամսից ավելի ժամանակ անցավ, նախքան Մացերատը ի վերջո հավաքեց լրիվ համազգեստը։

Համազգեստի մեջ զուգվելու առիթը գալիս էր շաբաթը մի քանի անգամ, սակայն Մացերատը սահմանափակվում էր միայն մարզադահլիճի կողքին Մայիսյան մարգագետնում կիրակնօրյա ցույցին մասնակցությամբ։ Սակայն այս դեպքում նա կանգնում էր ինչպես ժայռը՝ նույնիսկ ամենազզվելի եղանակին հրաժարվելով վերցնել անձրևանոցը, և մեզ հաճախ էր վիճակվում նրա շուրթերից լսել այն արտահայտությունը, որը նրա համար դարձել էր մշտական․ «Ծառայությունը ծառայություն է, ― ասում էր Մացերատը, ― իսկ օղին՝ օղի», ինչից հետո տապակած միս պատրաստելով, նա ամեն կիրակի առավոտ լքում էր մայրիկիս՝ ինձ դնելով բարդ վիճակի մեջ, քանզի Յան Բրոնսկին, որը կարողանում էր ճիշտ գնահատել կիրակնօրյա քաղաքական իրավիճակը, քաղաքացիական այցելությունների էր գալիս մայրիկիս մոտ, մինչ Մացերատը կանգնած էր շարքում։

Էլ ինչ էր մնում ինձ անել, եթե ոչ անհետանալ աչքից։ Ես թախտի վրայի զույգին ո՛չ ուզում էի խանգարել և ո՛չ էլ հետևել նրանց։ Եվ հենց համազգեստով հանդերձավորված հայրը անհետանում էր տեսադաշտից, իսկ հորիզոնի վրա նշմարվում էր քաղաքացիական անձի այցը, որին ես արդեն այն ժամանակներում անվանում էի իմ ենթադրյալ հայրը, ես ու թմբուկս շարժվում էինք տնից դեպի Մայիսյան մարգագետինը։

Թերևս դուք հարց կտաք, թե ինչո՞ւ անպայման այնտեղ։ Հավատացեք իմ խոսքին, որ կիրակի օրերին նավահանգստում գրեթե ոչինչ տեղի չէր ունենում, անտառային զբոսանքներ նախաձեռնելու համար ինձ պակասում էր համարձակությունը, և Քրիստոսի Սիրտը եկեղեցու ներքին հարդարանքը այն ժամանակ դեռ իմ սրտին ոչինչ չէր ասում։ Ճիշտ է, մնում էին պարոն Գրեֆի սկաուտները, սակայն այնտեղի էրոտիկային գերադասում էի (խոստովանում եմ ազնվորեն) Մայիսյան մարգագետնի ունայնությունը, նույնիսկ եթե այդ պատճառով դուք ինձ համախոհ անվանեք։

Այնտեղ ելույթ էին ունենում կա՛մ Գրայզերը, կա՛մ գաղափարախոսության գծով հաուլայթեր[6] Լյոբզակը։ Գրայզերի վրա ես երբեք հաշտուկ ուշադրություն չէի դարձնում, նա չափից դուրս չափավոր էր, և շուտով նրան փոխարինեցին մեկ այլ առավել ճարպիկ Ֆորսթեր անունով բավարացիով, որին էլ դարձրին հաուլայթեր։ Բայց դրա փոխարեն Լյոբզակը այնպիսին էր, որ հենց ինքը կարող էր փոխարինել Ֆորսթերին։ Եթե Լյոբզակը կուզիկ չլիներ, Ֆյուրտիցա եկած այդ տիպին շատ ավելի բարդ կլիներ նավահանգստային քաղաքում հաստատվելը։ Լյոբզակին արժանի գնահատական տալով և նրա կուզի մեջ բարձրագույն զսպվածության նշան տեսնելով՝ կուսակցությունը նրան դարձրեց գաղափարախոսության գծով հաուլայթեր։ Եվ այդ մարդը իր գործը հասկանում էր։ Մինչ Ֆորսթերը կարողանում էր միայն անիմաստ բավարական շեշտադրությամբ գոռալ․ «Դեպի ռայխ», Լյոբզակը մեծ ուշադրություն էր դարձնում մանրամասներին, խոսում էր դանցինգյան հարավգերմաներենի բոլոր բարբառներով, Բոլերմանի ու Վուլսուդսկու մասին անեկդոտներ էր պատմում, գիտեր Շիխաու նավահանգստի բանվորների, Օրի հասարակ ժողովրդի, Էմաուսի, Շիդլիցի, Բյուրգերվիզենի և Պրաուստի հետ խոսելու ձևը։ Ես ուղղակի հաճույք էի զգում՝ լսելով թե ինչպես է այդ մարդը, որի կուզը հատկապես նկատելի էր դառնում զինվորական բլուզի դարչնագույն կտորի տակ, թախծոտ֊գորշ կոմունիստների ու առանձին սոցիալիստների թույլ գոռոցներին պատասխանում։

Լյոբզակը կարողանում էր սրամտել, այդ սրամտությունները նա իր կուզից էր հանում, իսկ իր կուզին անվանում էր անունով, մարդկանց դա միշտ դուր է գալիս։ Լյոբզակը պնդում էր, որ թերևս ավելի շուտ իր կուզը կանհետանա, քան կոմունիստները հաղթանակ կտոնեն։

Սակզբից ևեթ պարզ էր, որ կուզը ոչ մի տեղ չի կորչի, որ կուզը նստած է ամուր, իսկ դա նշանակում էր, որ կուզը ճիշտ է, և նրա հետ միասին ճիշտ է ողջ կուսակցությունը, ինչի հիման վրա կարելի է հետևություն անել, որ կուզը իդեալական հիմք է ցանկացած գաղափարի համար։

Երբ Գրայզերը, Լյոբզակը, իսկ ավելի ուշ՝ Ֆորսթերը, ելույթ էին ունենում, նրանք ամեն անգամ բարձրանում էին ամբիոնների վրա։ Խոսքն այն ամբիոնների մասին է, որոնք ինձ հետ խոսելիս գովաբանում էր փոքրիկ պարոն Բեբրան։ Այդ իսկ պատճառով ես բավական հաճախ, հռետոր Լյոբզակին ընդունում էի՝ տաղանդավոր ու կուզիկ Լյոբզակին, որպիսին էր նա ամբիոնների վրա, որպես Բեբրայի պատվիրակ, որը դարչնագույն համազգեստը հագած՝ պատշտպանում է իր, իսկ ըստ էության, նմանապես նաև իմ գործը։

Ի՞նչ բան են ընդհանրապես տրիբունաները։ Կարևոր չէ, ում համար և ում առջև են դրանք կառուցում, դրանք բոլոր դեպքերում պետք է լինեն համաչափ։ Ահա և մարզադպրոցի դիմացի Մայիսյան մարգագետնի տրիբունաներն էին աչքի ընկնում ընդգծված համաչափությամբ։ Վերևից ներքև կեռախաչով դրոշներ՝ մեկը մյուսի կողքին։ Ավելի ցած՝ դրոշակներ, պատվոդրոշներ ու կայսերական դրոշներ։ Այնուհետև՝ մի շարք չորս էսէսականներ լանջագոտիներով։ Հետո՝ երկու շարք կործանիչներ, որոնք երգելու ու խոսելու ժամանակ ձեռքերը պահում էին գոտու ճարմանդի վրա։ Այնուհետև նստած էին մի քանի շարք կուսակցության անդամներ՝ բոլորը համազգեստներով, ամբիոնի վրա հռետորի թիկունքում, այսինքն՝ այդ նույն պարտայգենոսներն[7] ու ֆյուրերուհիները կանանց կազմակերպությունից՝ դեմքի մայրական արտահայտությամբ, քաղաքացիական հագուստով սենատի ներկայացուցիչները, Ռայխից հյուրերը և ոստիկանապետը կամ նրա տեղակալը։

Տրիբունաների ստորոտը իրենց ներկայությամբ երիտասարդացնում էին հիտլերյուգենդը կամ, ավելի ճիշտ ասած, յունգֆոլկի տարածքային շեփորահարների դասակը։ Որոշ ցույցերի ժամանակ ձախից ու աջից, այսինքն՝ կրկին խիստ համաչափ, տեղավորվում էր խառը երգչախումբը, որը կա՛մ լոզունգներ էր վանկարկում, կա՛մ գովերգում էր այդքան սիրելի բալթյան քամին, որը, եթե հավատանք երգին, ուրիշ բոլոր քամիներից առավել լավ է հարմարեցված դրոշի կարմիր կտորը ծածանելու համար։

Բեբրան, որը համբուրեց իմ ճակատը, նաև ասաց․ «Օսկար, ոչ մի անգամ մի՛ կանգնիր բեմի դիմաց։ Մենք պետք է լինենք բեմի վրա»։

Մեծ մասամբ ինձ հաջողվում էր, կանանց կազմակերպությունների ղեկավարության միջև տեղ գտնել։ Կանայք ցույցերի ժամանակ, ցավոք, բաց չէին թողնում քարոզչական նկատառումներով գլուխս շոյելու առիթը։ Ես իմ թիթեղյա թմբուկի հետ չէի կարողանում խառնվել թմբկահարներին, շեփորահարներին և տրիբունայի ներքևի մեծ թմբկահարներին, իմ թմբուկը մերժում էր կալվածատերերի թմբկահարությունը։ Հույսերը, որոնք ես կապում էի գաղափարության գծով հաուլայթեր Լյոբզակի հետ, ևս գնացին գրողի ծոցը։ Ես դաժանորեն հիասթափվեցի այդ մարդուց։ Նա նաև Բեբրայի պատվիրակը չէր, ինչպես ես կարծում էի, և իմ տարիքի մասին նա փոքրագույն պատկերացում անգամ չուներ։

Քաղաքական կիրակիներից մեկի ժամանակ ես հայտնվել էի նրա դիմաց, հենց ամբիոնի առջև, կուսակցական ողջյունով նրան ողջունեցի, նայեցի ուղիղ նրա աչքերի մեջ, ինչից հետո, աչքով անելով, շշնջացի․ «Մեր Ֆյուրերը Բեբրան է», սակայն Լյոբզակի մոտ ոչ մի միտք չծագեց, և նա իմ գլուխը շոյեց նույն ձևով, ինչպես դա անում էին կանանց կազմակերպությունների ֆյուրերուհիները, կարգադրեց Օսկարին իջեցնել գետնի վրա (չե՞ որ նա պետք է ճառ արտասաներ), ինչից հետո գերմանացի աղջիկների միությունից երկու ֆյուրերուհիներ երկու կողմից Օսկարին սեղմեցին և ցույցի ողջ ընթացքում հորձուփորձ արեցին «հայրիկի և մայրիկի» մասին։

Այդ իսկ պատճառով ոչ մեկին պետք է չզարմացնի, որ արդեն երեսունչորս թվի ամռանը (ոչ Ռյոմի հեղաշրջման հետ կապված) կուսակցությունը կամաց֊կամաց սկսեց ինձ հիասթափեցնել։ Որքան շատ էի ես զննում տրիբունաները՝ դրանց առջև կանգնած, այնքան ավելի կասկածելի էր ինձ թվում այդ ողջ համաչափությունը, որը մեղմացնում էր միայն Լյոբզակի հետ կապը։ Դժվար չէ կռահել, որ իմ քննադատական տրամադրվածությունը բորբոքում էին թմբկահարներն ու շեփորահարները, և ահա երեսունհինգի օգոստոսին՝ հերթական ցույցի տոթ կիրակի օրը, ես, թմբկահարների ու շեփորահարների դասակով շրջապատված, տեղավորվեցի տրիբունաների ստորոտում։

Մացերատը տնից դուրս էր եկել արդեն ժամը իննին։ Ես դեռ օգնում էի նրան սրբել դարչնագույն կաշվե անդրավարտիքը, որպեսզի նա չուշանար։ Նույնիսկ այդ վաղ առավոտյան ժամին անտանելի տոթ եղանակ էր և, նախքան դրսում հայտնվելը, Մացերատը հասցրեց քրտնեցնել իր դարչնագույն վերնաշապիկի թևատակերը։ Երևացին մուգ, աստիճանաբար մեծացող կիսաշրջանակներ։ Ուղիղ ինն անց կեսին հայտնվեց Յան Բրոնսկին՝ թեթև, բաց գույնի ամառային կոստյումով, ծակոտկեն, մարգարտամոխրագույն կոշիկներով և ծղոտե գլխարկով։ Յանը մի քիչ ինձ հետ խաղաց, սակայն խաղի ժամանակ ևս աչքը չէր կտրում մայրիկից, որը հենց նախորդ օրը լվացել էր գլուխը։ Ես արագ նկատեցի, որ իմ ներկայությունը խանգարում է նրանց խոսակցությանը, նրանց վարքագիծը դարձնում է անբնական, իսկ Յանի շարժումները՝ կաշկանդված։ Ամառային թեթև շալվարը ակնհայտորեն սկսել էր Յանին նեղել։ Ես էլ տնից գլորվեցի, գնացի Մացերատի հետքերով՝ ամենևին էլ նրան չհամարելով նմանվելու պիտանի կերպար։ Զգուշության համար ես կողքից շրջանցում էի այն փողոցները, որոնք լի էին դեպի Մայիսյան փողոց սլացող համազգեստավոր մարդկանցով, և ցուցի տեղը հասա թենիսի դաշտերի կողմից, որոնք տեղակայված էին մարզադահլիճի կողքին։ Այդ շրջանաձև ճանապարհի շնորհիվ ես կարողացա ետևի կողմից դիտել ու հիանալ տրիբունաներով։

Ձեզ երբևիցե վիճակվե՞լ է ետևի կողմից նայել տրիբունաներին։ Արժեր իսկապես, որ բոլոր մարդկանց, սա ուղղակի այսպիսի առաջարկություն է, ցույց տրվեր, թե ինչ տեսք ունեն տրիբունաները նախքան հավաքելը։ Նա, որ թեկուզ մեկ անգամ ետևից նայել է դրանց և նայել է ուշադիր, նա հենց այդ ժամից ճակատագրի կողմից կպատժվի և նրան մատչելի չի լինի տրիբունաներից այս կամ այն ձևով մատուցված ոչ մի կախարդանք։ Նույնը կարելի է ասել եկեղեցական զոհասեղանների ետևի կողմի տեսքի մասին, բայց սա արդեն այլ թեմա է։

Սակայն Օսկարը, որի համար բոլոր ժամանակներում առանձնահատուկ է եղել ձգտումը հիմնավորվածության հանդեպ, չէր բավարարվում չծածկված և իր այլանդակության մեջ իրական հարթակի ուսումնասիրությամբ, նա վերհիշեց իր մագիստր Բեբրայի խոսքերը, ներս մտավ բարձրունքի կոպիտ ետնամասից, որը նախատեսված էր միայն դիմացից դիտելու համար։ Նա իր թմբուկի հետ ներս խցկվեց փայտամածների արանքով, առանց որի երբեք ոչ մի տեղ չէր գնում և, փայտից դավաճանաբար ցցված մեխին կպնելով, քերծեց ծունկը, լսեց, թե ինչպես են իր գլխավերևում քստքստացնում պարտայգենոսների երկարաճիտք կոշիկները և ֆյուրերուհիների կոշիկները, և, ի վերջո, թափանցեց այնտեղ, որտեղ օգոստոս ամսվա հետ լիակատար համապատսխանությամբ, ամենաշոգ տեղն էր․ տրիբունայի ներքին լանջի մյուս կողմում նա գտավ բավականաչափ հարմարավետ ու անվտանգ մի տեղ, որտեղ կարող էր բավականություն ստանալ քաղաքական ցույցի ձայնային գայթակղություններով՝ թույլ չտալով, որ դրոշները շեղեն իրեն, իսկ համազգեստները վիրավորեն իր հայացքը։

Այսպիսով, ես նստեցի հենց այն տեղի ներքևում, որտեղ ամբիոնն էր։ Ինձանից ձախ ու աջ ու իմ վերևում տեղավորելով ոտքերը, կանգնել էին և, ինչպես ես կռահում էի, կկոցել էին արևից կուրացած աչքերը, յունգենֆոլկից կրտսեր ու հիտլերյուգենդից առավել բարձր տարիքի թմբկահարները։ Իսկ հետո՝ ամբոխը։ Հարթակի ճեղքի միջով ես նրա հոտը քթովս էի զգում։ Այս ամենը կանգնել էր արմունկներով ու կիրակնօրյա հագուստներով միմյանց հետ շոշոփվելով, այս ամենը ժամանել էր ոտքով կամ տրամվայով, այս ամենը մասամբ արդեն մասնակցել էր առավոտյան պատարագին, սակայն լիակատար բավարարվածություն չէր ստացել։ Այս ամենը եկել էր, որպեսզի հարսնացուին թևանցուկ արած բերելով, նրան ինչ֊որ բան առաջարկի, այս ամենը ցանկանում էր ներկա գտնվել, երբ կերտվում էր պատմությունը՝ նույնիսկ դրա համար օրվա կեսը սպանելու գնով։

Ոչ, թող չթվա, թե նրանք զուր էին խփում ոտքերը, ներշնչում էր իրեն Օսկարը։ Եվ նա աչք դրեց բեմի հարթակի անցքին և անհանգիստ շարժումներ նկատեց Հինդենբուրգալեեի կողմից։ Նրանք մոտենում են։ Նրա գլխավերևում որոտացին հրամանի բառերը, թմբկահարների ու շեփորահարների դասակի պարագլուխը թափահարեց իր գավազանը, երաժիշտները թույլ շնչեցին իրեն շեփորներից ներս, հարմարվեցին պիպիչներին և ահա արդեն միանգամից, ամենավատ կալվածատերերի ոճով, փչեցին իրենց փայլեցված պղինձների մեջ՝ այնպես, որ Օսկարի ականջները ցավեցին, և նա ինքն իրեն ասաց․ «Խեղճ գրոհային Բրանդ, ― և էլի, ― խեղճ հիտլերյունգե Քվեկս, դուք զուր զոհվեցիք»։

Կարծես շարժման զոհերի վերաբերյալ ասված հրաժեշտի խոսքը հաստատելու նպատակով շեփորների ձայներին խառնվեց հորթի կաշվից պատրաստված թմբուկների ծանր որոտը։ Ամբոխի միջով դեպի բեմը տանող միջանցքը թույլ էր տալիս գուշակել համազգեստների մոտենալը, և Օսկարը շշնջաց․ «Այժմ ահա, իմ ժողովուրդ, ինձ լսիր»։ Թմբուկը արդեն դրված էր անհրաժեշտ տեղում, ես, երկրային կապանքներից ազատվելով, զույգ փայտիկներին թույլ տվեցի թմբկահարել։ Դաստակներիս նուրբ շարժումով իմ թիթեղից դուրս հանեցի վալսի չքնաղ, ուրախ տակտերը և, ավելի ու ավելի ջերմորեն աղոթելով Վեներային ու երկնագույն Դաուբին, նրանց քնքուշ հնչեղություն տվեցի, մինչև որ այնտեղ իմ գլխավերևում, լանդսքնեխտյան առաջին ու երկրորդ թմբկահարներին ևս դուր եկավ իմ վալսը, և իմ նախերգանքն առավել կամ պակաս աստիճանի վարպետությամբ միացան նաև ավագ տղաների տափակ թմբուկները։ Իհարկե, նրանց մեջ գտնվեցին նաև երաժշտական լսողությունից զուրկ չկրկնվողները, որոնք իրենց համար թմփացնում ու թմբկացնում էին, սակայն չէ՞ որ ես ժողովրդի կողմից այդքան սիրված երեք քառորդանոց ռիթմն էի առաջադրում։ Օսկարը գրեթե պատրաստ էր արդեն հասնել հուսալքության, սակայն այդ պահին շեփորների մեջ ի վերջո պայծառ միտք ծագեց, և լայնակի ֆլեյտաները ևս նվագեցին։

Սկսեցին նվագել «Օ, Դանուբ, երկնագույն Դանուբ»։ Միայն շեփորի ու թմբուկի զույգ հրամանատարները ոչ մի կերպ չէին կամենում անվերապահորեն հավատալ վալսերի արքային, և բացականչում էին իրենց ձանձրալի հրամանները։ Սակայն ես նրանց պաշտոնանկ արեցի․ այժմ գնաց իմ երաժշտությունը։ Եվ դրա համար ժողովուրդը ինձանից շնորհակալ էր։ Տրիբունայի դիմաց արդեն բարձր ծիծաղ լսվեց, ինչ֊որ մեկը սկսեց ձայնակցել․ «Օր ոսկյա, գետն է մի քիչ կայծկլտում» և ողջ հրապարակով մեկ մինչև Հինդենբուրգալեե հոսեց֊անցավ երկնագույն Դանուբը՝ այդքան երկնագույն, և մինչև երկնագույն Շթեֆենսպարկը արշավում էր նաև իմ ռիթմը, որը հզորացնում էր իմ գլխավերևում մինչև ձայնի վերջը միացրած բարձրախոսը։ Իսկ իմ անցքի միջից նայելով և այդ ընթացքում չդադարելով նվագել՝ ես նկատեցի, որ իմ վալսը մարդկանց հաճույք է պատճառում, և որ նրանք անհանգիստ ցատկոտում են։ Եվ ահա անկյունում տասը զույգեր էին պարում, և էլի մեկը, և միավորել էր նրանց վալսերի արքան։ Միայն Լյոբզակի, որը շտուրմբանֆյուրերների, Ֆորսթերի, Գրայզերի ու Ռաուշնինգի հետ, որը՝ ղեկավարող գործիչներին միացած ամբոխի հոծ զանգվածի հետ, սպառնում էր փակել դեպի բեմ տանող ճանապարհը։ Վալսը, որքան էլ տարօրինակ է, ճաշակով չէր։ Լյոբզակը արդեն սովոր էր, որ շքերթային ուղղագիծ երաժշտությունը բոլոր ջրարգելակների միջոցով իրեն դուրս էր բերում դեպի տրիբունա։ Իսկ թեթևքաշային ձայները խլեցին նրանից հավատը առ ժողովուրդ։ Անցքի միջով ես դիտում էի նրա տանջանքները։ Անցքի միջով քամի էր փչում։ Եվ չնայած նույնիսկ իմ աչքը բորբոքվեց․ Լյոբզակը, չգիտես ինչու, իմ մեջ խղճահարոթյուն էր հարուցում, և ես վալսը փոխարինեցի «Ջիմմի֊վագր» չարլսթոնով։ Ես այդ ռիթմը վերարտադրեցի, այդ ռիթմը, որը ծաղրածու Բեբրան թմբկահարում էր սելտերյան ջրի դատարկ շշերի վրա, սակայն ամբիոնի դիմացի տղաները չարլսթոնը չհասկացան, դա ուրիշ սերունդ էր, և, իհարկե, նվազ պատկերացում անգամ չունեին և ոչ էլ «Ջիմմի վագրի» մասին։ Նրանք թմբկահարում էին, օ, իմ բարի ընկեր Բեբրա, ոչ Ջիմմիին և ոչ էլ վագրին, նրանք թմբկահարում էին՝ ով ինչ պատահի։ Նրանք իրենց շեփորներից դուրս էին փչում Սոդոմն ու Գոմորը։ Լայնակի ֆլեյտաները անտարբեր էին դրա հանդեպ։ Դասակի հրամանատարը շեփորներին հայհոյում էր վերջին բառերով։ Սակայն շեփորահարների ու թմբկահարների դասակի տղաները ողջ ուժով սուլում, շեփորում, զիլ֊զիլ նվագում էին, և դա Ջիմմիի համար վերափոխվեց շոգ օգոստոսի ուրախությամբ։ Իսկ նրա հայրենկիցները, որոնք հազարներով ամբոխվել էին ամբիոնի դիմաց, ի վերջո հասկացան՝ դա Ջիմմի֊վագրն է մարդականց չարլսթոնի հրավիրում։

Եվ նրանք, որքեր Մայիսյան մարգագետնում դեռ չէին պարում, սկսեցին, քանի դեռ ուշ չէ, իրար ձեռքից խլել վերջին ազատ տիկնանց։ Միայն Լյոբզակն էր ստիպված պարել՝ որպես զուգընկեր վերցնելով իր կուզը, քանզի հարևանությամբ բոլոր կանացի շրջազգեստ կրողները արդեն շատ վաղուց հրավիրված էին։ Իսկ կանանց կազմակերպություններից այն տիկնայք, ովքեր կարող էին իրեն օգնել, միայնակ Լյոբզակից շատ հեռու, բեմի կոշտ նստարանների վրա նստած՝ անհանգիստ շարժումներ էին անում։ Բայց և այնպես, դա իհարկե նրան խորհուրդ տվեց իր կուզը, նա պարում էր՝ ցանկանալով տանուլ տված չարլսթոնի ժամանակ ուրախ դեմք ցույց տալ և փրկել այն, ինչը դեռ կարելի էր փրկել։

Սակայն այլևս ոչինչ հնարավոր չէ փրկել։ Ժողովուրդը պարելով հեռացավ մարգագետնից և այն, չնայած ամբողջապես ոտքերով տրորված, դարձավ բացարձակապես դատարկ ու կանաչ։ Ժողովուրդը միասին, ընկերովի «Ջիմմի֊վագրի» հետ միասին սփռվեց մարգագետնին հարակից այգու լայնատարած ծաղկաթմբերով մեկ։ Հատկապես այնտեղ էին բացվում այն ջունգլիները, որոնք նրանց խոստացել էր Ջիմմին։ Այնտեղ թավշյա բարձիկների վրա քնքշորեն ելույթ էին ունենում վագրերը՝ նախապատմական անտառը փոխարինելով մարդկանցով, որոնք դեռ շատ վաղուց Մայիսյան մարգագետնում սեղմվում էին միմյանց։ Օրենքը ու կարգ ու կանոնի ոգին՝ ամենը գնաց գրողի ծոցը։ Իսկ նրանք, ովքեր նախապատվությունը տալիս էին մշակույթին, լիովին կարող էին վայելել Հինդերբուրգալեեի լայնատարած խնամված ծաղկաթմբում, որն առաջին անգամ տնկված էր տասնութերորդ դարում, սղոցված՝ հազար ութ հարյուր յոթ թվին, Նապոլեոնի կողմից քաղաքի պաշարման ժամանակ և կրկին տնկված՝ հազար ինը հարյուր տասը թվին՝ այժմ արդեն Նապոլեոնի պատվին։ Կարճ ասած՝ պարողները պատմական հողերի վրա լիովին կարող էին հաճույք ստանալ իմ երաժշտությունից, որովհետև իմ գլխավերևի բարձրախոսները այդպես էլ չանջատվեցին, որովհետև ես լսելի էի մինչև Օլիվյան դասարանները, որովհետև ես չհանձնվեցի, քանի դեռ ինձ ու տրիբունաների մոտ գտնվող քաջերին չհաջողվեց, ազատություն ստացած Ջիմմիի վագրերի միջնորդությամբ Մայիսյան մարգագետինը մաքրել վճռականորեն ամեն ինչից՝ չհաշված ծաղիկները։

Եվ նույնիսկ երբ ես իմ թիթեղին իր կողմից վաստակած հանգստի հնարավորություն ընձեռնեցի, պատանի թմբկահարները դեռ էլի չէին հանգստանում։ Որոշ ժամանակ պահանջվեց՝ նախքան իմ երաժշտական ազդեցությունը կորցրեց իր ուժը։

Մնում է լրացնել, որ Օսկարը չէր կարող անմիջապես լքել ամբիոնների փորոտիքները։ Գրոհայինների ու էսէսականների խմբերը մեկ ժամից ավելի երկարաճիտք կոշիկներով դոփում էին տախտակները, կտորներ էին պոկում իրենց կապույտ ու դարչնագույն զինվորական վերնաշապիկներից՝ հաստատուն ամբիոնների կառուցվածքի մեջ ինչ֊որ բան փնտրելով՝ միգուցե սոցիալիստի, իսկ գուցե մի ողջ խումբ վնասատուների կոմունայից։ Չթվարկելով այստեղ Օսկարի բոլոր ճարպկություններն ու խորամանկությունները՝ կարճ ասենք, որ նրանք իրեն չգտան։ Իսկ չգտան նրան այն պատճառով, որ նրա մակարդակին դեռ չէին հասել։

Ի վերջո փայտե լաբիրինթոսում թագավորեցին լռությունն ու հանգստությունը՝ իրեն չափերով, թերևս, հավասար այն կետին, որի որովայնի մեջ նստել էր Յոհանը ու կերակրվում էր ձկան յուղով։ Օսկարը մարգարե չէր և ուտել ցանկացավ։ Սակայն չհայտնվեց կողքին Տեր Աստվածը, որը նրան կասեր․ «Վեր կաց ու գնա Նինվե մեծ քաղաքը ու քարոզիր այնտեղ»։ Եվ աստված թույլ չտվեց, որ բույսը աճի, որը հետո Աստծո կամքով կհեսաներ որդը։ Ես չէի ողբում ո՛չ այն աստվածաշնչյան բույսի համար, ո՛չ Նինվե քաղաքի՝ թող որ նույնիսկ այդ քաղաքը անվանվեր Դանցիգ։ Իմ թմբուկը ամենևին էլ աստվածաշնչյան չէ, ես մտցրեցի այն պուլովերիս տակ․ իմ հոգսերն էլ հերիք էին ինձ։ Ոչ մի բանի դեմ չառնելով, ոչ մի մեխից չկառչելով՝ ես դուրս պրծա տրիբունայի փորոտիքից, որը կանգնցրել էին ամեն կարգի ցույցերի համար, և միայն պատահականորեն էր իր չափերով համընկնում մարգարեին կուլ տվող կետաձկան հետ։

Եվ ոչ մեկին չէր հետաքրքրում փոքրիկ տղան, որը սուլում ու դանդաղ, ինչպես երեք տարեկանը, Մայիսյան մարգագետնի եզրով շարժվում էր մարզադահլիճի կողմը։ Թենիսի կորտերից այն կողմ թռչկոտում էին իմ երեխաները՝ նրանք, ովքեր նախկինում կանգնած էին ամբիոնների լանջերի մոտ, իրենց առջև զինվորական թմբուկները բռնած, փոքրիկ թմբուկները, լայնակի ֆլեյտաները, շեփորները։ Պատժական զինավարժություններ են, մտածեցի ես և միայն չափավոր կարեկցեցի նրանց, ովքեր ցատկոտում էին գեբիտսֆյուրերի սուլիչով։ Իր շտաբից մի կողմ էր քայլում Լյոբզակը՝ իր միայնակ կուզով։ Նպատակասլաց երթուղու վերջնակետում, ետդարձերի ժամանակ, որոնք նա կատարում էր կրունկների վրա շրջվելով, նրան հաջողվեց բնաջնջել ողջ խոտածածկույթը և բոլոր գորտնուկները։

Երբ Օսկարը վերադարձավ տուն, ճաշն արդեն դրված էր սեղանին։ Մատուցում էին մսով թխվածքաճաշ, կարտոֆիլով ու կարմիր կաղամբով, իսկ դեսերտին՝ շոկոլադե քաղցրակուտապ՝ վանիլային կերակրահյութով։ Մացերատը ճաշի ժամանակ ոչ մի խոսք չասաց, մայրիկս մտքերով ճախրում էր մի ինչ֊որ այլ տեղում, սակայն ճաշից հետո եղավ «Խանդը և Լեհական փոստատունը» թեմայով ընտանեկան գզվռտոց։ Երեկոյին մոտ ամպրոպը երկարատև ներկայացում ցուցադրեց՝ հորդառատ անձրևով ու կարկուտի հոյակապ թմբկահարությամբ։ Ուժասպառ եղած թիթեղին Օսկարը թույլ տվեց հանգստանալ և ուշադիր լսել։


Ցուցափեղկ

Երկար֊երկար ժամանակի ընթացքում, իսկ ավելի ստույգ ասած՝ մինչև երեսունութի նոյեմբերը, իմ թմբուկի հետ զանազան բեմահարթակների տակ կանգնելով, ես շատ կամ քիչ հաջողությմբ տապալում էի ցույցերը, հռետորներին ստիպում կմկմալ, վերակերպարավորում էի քայլերգները, ինչպես նաև բազմաձայն օրհներգերը, վալսերն ու ֆոքստրորները։

Ներկայումս, լինելով հատուկ բժշկական հիմնարկության մասնավոր խնամառու, երբ ողջ նկարագրվածը դարձել է պատմության սեփականությունը և չնայած ջանադրաբար, սակայն մշակվում է որպես երեկվա օրվա նորություններ, ես ի վերջո կարողացա հանսել իմ և իմ ամբիոնների տակ թմբկահարումների միջև անհրաժեշտ տարածության ստեղծմանը։ Ոչինչ առավել սխալական լինել չի կարող, քան ինձ դիմադրության մարտիկ անվանելը մի ինչ֊որ վեց կամ յոթ տապալված ցույցերի պատճառով, շարքերի անցման կամ մոտեցման ժամանակ երեք կամ չորս անգամ համաքայլ ընթացքը խախտելու համար։ Խոսում եմ Դիմադրության ոգու, Դիմադրության օջախների մասին։ Դիմադրությունը կարելի է դարձնել զուտ ներքին, և այն ժամանակ այն կոչվում է ներքին արտագաղթ։ Էլ չեմ խոսում պատվի տեր մարդկանց աստվածաշնչյան ամրության մասին, որոնք պատերազմի ժամանակ ննջասենյակի ոչ բավարար լուսամեկուսացման պատճառով դիտողություն ստացան օդուժի ղեկավարությունից և տուգանք վճարեցին, իսկ այժմ իրենց անվանում են Դիմադրության մարտիկներ, Դիմադրության գործիչներ։

Փորձենք ևս մեկ անգամ նայել Օսկարի բեմահարթակների տակ։ Արդյո՞ք Օսկարն էր առաջադրում ռիթմը իր թմբուկի վրա։ Իր դաստիարակ Բեբրայի խորհրդով վերցնո՞ւմ էր, արդյոք նա գործողությունը սեփական ձեռքերի մեջ և ստիպում ժողովրդին պարել ամբիոնների դիմաց։ Փչացրե՞ց նա, արդյոք, Լյոբզակի՝ այդքան լեզվանի, կրակի, ջրի ու պղնձե խողովակների միջով անցած գաղափարական գծով հաուլյաթերի մտադրությունը։ Արդո՞ք նա երեսունհինգ թվի օգոստոսին՝ այն կիրակի օրը, երբ սահմանված էր մեկ կերակրատեսակով ճաշ, առաջին անգամ, իսկ հետո մի քանի անգամ խափանեց դարչնագույն երանգներով ցույցերը՝ չնայած սպիտակակարմրագույն, սակայն ամենևին էլ ոչ լեհական թմբուկի օգնությամբ։

Այո, դուք ստիպված եք խոստովանել, որ այդ ամենը ես արել եմ։ Սակայն կարելի՞ է արդյոք պնդել, որ ես՝ հատուկ բժշկական հիմնարկության խնամառուս, դրա պատճառով դարձա Դիմադրության մարտիկ։ Նման հարցին ես բացասական պատասխան կտամ, խնդրում եմ նաև ձեզ, որ ամենևին էլ հատուկ բժշկական հիմնարկության խնամառուները չեք, իմ մեջ տեսնել ոչ ավելին, քան հիմարավուն մարդուն, որը միայն զուտ անձնական և գեղագիտական նկատառումներով, ինչպես նաև իմ ուսուցիչ Բեբրայի խորհուրդները սրտին մոտիկ ընդունելով, մերժեց համազգեստների գույնն ու ձևը, տրիբունաների վրա ընդունված երաժշտության ռիթմն ու տոնայնությունը և միայն այդ պատճառով իր սովորական մանկական խաղալիքի օգնությամբ մի յուրոօրինակ բողոք թմբկահարեց։

Այն ժամանակներում ամբիոնների շարքերի դիմացը հավաքված և դրանց վրա եղած մարդականց կարելի էր հաղթահարել խղճուկ թմբուկի միջնորդությամբ, և ես ձեզ շիտակորեն կասեմ, ես իմ համարը հասցրել եմ կատարելության, ճիշտ այնպես, ինչպես և տարածության վրա ձայնի օգնությամբ ապակիների կտրտումը։ Ես թմբկահարում էի ոչ միայն ընդդեմ դարչնագույն ցույցերի։ Օսկարը նստում էր նաև կարմիրների ու սևերի, սկաուտների ու սալաթագույն վերնաշապիկներով երիտասարդ կաթոլիկների, Յեհովայի վկաների ու Կիֆհոյզեր միության, բուսակերների ու ծայրահեղ ազգայնամոլ երիտլեհերի ամբիոնների տակ։ Ինչ էլ որ նրանք պատրաստվել էին երգել, շեփորահարել, աղոթքով երկինք բարձրացնել, կանգնեցնել, աշխարհին ազդարարել՝ իմ թմբուկը ավելի լավ էր կարողանում, քան նրանք։

Այսպիսով, իմ գործը ավերողի գործ է։ Եվ այն, ինչ ես չէի կարողանում հաղթահարել թմբուկի օգնությամբ, ես սպանում էի ձայնով, ինչի համար էլ օրվա լույսի տակ անցկացրած միջոցառումների հետ մեկտեղ, որոնք ուղղված էին ընդդեմ ամբիոնային համաչափության, ես ձեռնամուխ եղա գիշերային գործունեության․ երեսունվեցին, երեսունյթի ձմռանը ես խաղում էի գայթակղիչի դեր։ Իմ հարազատներին գայթակղելու գիտության առաջին դասերը ես ստացա Աննա Կոլյայչեկ տատիկիցս, որն այդ դաժան ձմռանը կրպակ բացեց։ Այլ խոսքերով, նա իր չորս շրջազգեստներով նստում էր շուկայի վաճառասեղանի ետևում ու տոների կապակցությամբ սրտաճմլիկ ձայնով առաջարկում էր․ «Թարմ ձվեր, դեղնավուն յուղ ու սագիկներ՝ ոչ շատ ճարպոտ, ոչ էլ նիհար»։

Շուկայական օրերը երեքշաբթիներն էին։ Նա երկաթուղով գալիս էր Ֆիրկեից, անմիջապես, Լանգֆուրին չհասած, հանում էր կաճյակները, որոնք հագել էր ճանապարհ ընկնելիս, դրանք փոխում էր տձև կրկնակոշիկներով, ձեռքերը անցկացնում էր զույգ կողովների միջով և քայլում դեպի Բանհոֆշտրասե, դեպի իր վաճառասեղանը, որտեղ ցուցանակ էր կախված․ «Ա․ Կոլյայչեկ Բիսաու»։ Ախ, որքան էժան էին այն ժամանակ ձվերը։ Մեկ գուլդենով կարելի էր գնել ամբողջ տասնհինգ հատ, իսկ կաշուբյան յուղը ավելի էժան արժեր, քան մարգարինը։ Իմ տատիկը կանգնում էր երկու ձվավաճառ կանանց միջև, որոնք իրար ընդհատելով բացականչում էին․ «Իսկ ահա ում տամ տափակաձվեր» և «Ձողաձուկ֊ձողաձկնիկ․․․ Մոտեցի՜ր»։ Սառնամանիքի շնորհիվ յուղը քարանում էր, ձվերը չէին փչանում, ձկան թեփուկը վեր էր ածվում ամենաբարակ թրաշի ածելիի, իսկ Շվերդֆեգեր անունով միաչքանի մարդը աշխատանք էր ստանում և համապատասխանաբար՝ աշխատավարձ․ նա փայտե ածուխի բաց խարույկի վրա տաքացնում էր աղյուսները, ինչից հետո, դրանք թերթի թղթի մեջ փաթաթելով, վարձույթով տալիս էր շուկայի վաճառողուհիներին։ Իմ տատիկը Շվերդֆեգերին պատվիրում էր ամեն ժամ իր շրջազգեստների տակ տաք աղյուս դնել, Շվերդֆեգերը այդ գործողությունը կատարում էր երկաթե բահով։ Նա քիչ վեր բարձրացրած շրձազգեստների տակ էր մտցնում ծուխ արձակող փաթեթը՝ դատարկման շարժում, և Շվերդֆեգերի բահը լրիվ սառած աղուսի հետ դուրս էր սողում տատիկիս շրջազգեստների տակից։

Ախ, ինչպես էի ես նախանձում ջերմություն կուտակող ու բաժանող այդ աղյուսներին։ Ես այսօր էլ եմ երազում տաք աղյուսի պես պառկել իմ տատիկի շրջազգեստների տակ, որպեսզի ինձ կրկին ու կրկին փոխեին էլի ինձանով։ Դուք հավանաբար կհարցնեք, իսկ ի՞նչ էր փնտրում Օսկարը տատիկի շրջազգեստների տակ։ Արդյո՞ք նա չի ուզում, նմանակելով իր Կոլյայչեկ պապիկին, անարգանքի ենթարկել ծեր կնոջը։ Կամ գուցե նա մոռացությո՞ւն, հայրենի՞ք, վերջնական երանությո՞ւն է փնտրում։

Եվ Օսկարը պատասխանում է․ ես նրա շրջազգեստների տակ փնտրում էի Աֆրիկան, հնարավորության դեպքում՝ Նեապոլը, որն, ինչպես հայտնի է, պետք է տեսնել։ Հավանաբար այնտեղ միաձուլվում էին հեղեղները, այնտեղով էր անցնում ջրբաժանը, այնտեղ հատուկ քամիներ էին փչում, սակայն հնարավոր է նաև, որ անհողմ եղանակ էր տիրում, այնտեղ անձրևներ էին աղմկում։ Սակայն մարդն այնտեղ չոր էր մնում, այնտեղ նավերն էին խարիսխ ձգում, իսկ միգուցե և խարիսխներն էին քաշում, այնտեղ Օսկարի կողքին բազմում էր Տեր Աստվածը, որը մշտապես ջերմություն էր սիրում։ Այնտեղ սատանան իր հեռադիտակն էր մաքրում, իսկ փոքրիկ հրեշտակները պահմտոցի էին խաղում․ իմ տատիկի շրջազգեստների տակ միշտ ամառ էր, նույնիսկ երբ Ամանորի տոնածառի վրայի մոմերն էին այրվում, նույնիսկ երբ ես այգում Զատիկի ձվեր էի փնտրում կամ տոնում էի բոլոր սրբերի օրը։ Ոչ մի այլ տեղ ես չէի կարող այդքան հանգիստ և օրացույցին այդքան համապատասխան ապրել, ինչպես իմ տատիկի շրջազգեստների տակ։

Սակայն շուկայի օրերին տատիկս ինձ թույլ չէր տալիս իր մոտ գնալ և ընդհանրապես շատ հազվադեպ էր թույլ տալիս։ Ես նստում էի նրա կողքը՝ արկղի վրա։ Նրա ձեռքը ինձ համար փոխարինում էր ջերմության աղբյուրը, ես նայում էի, թե ինչպես են գալիս ու գնում աղյուսաքարերը և տատիկիցս սովորում էի գայթակղություն։ Նա տրորված ձյունով պատված մայթի վրա էր գցում Վինցենտ Բրոնսկու՝ թելից կախված պայուսակը, որը ցանված ավազից այնքան էր կեղտոտվել, որ թելը միայն ես ու տատիկս էինք տեսնում։ Տանտիրուհիները գալիս ու գնում էին՝ չցանկանալով որևէ բան գնել, չնայած ամեն ինչ էժան էր․ միգուցե նրանք ցանկանում էին ընդհանրապես դա որպես նվեր ստանալ և դրա հետ էլ լրացուցիչ ինչ֊որ բան, քանզի ահա մի տիկին կռանալով գետնին գցած Վինսենտի պայուսակի վրա՝ արդեն մատիկներով դիպել էր կաշվին։ Սակայն այստեղ տատիկս իր կողմը քաշեց կարթը՝ փոքր֊ինչ շփոթված հարգարժան տիկնոջ հետ մեկտեղ, լավ հագնված, ձկնիկին կանգնեցրեց ուղիղ իր արկղի մոտ և այդ ամենը անելիս նա բայրացակամության մարմնացում էր․ «Դե, տիկին, յուղ չէ՞իք կամենա, ոսկու պես դեղնավուն, իսկ գուցե տասնհինգ հատը մեկ գուլդենո՞վ»։

Այս եղանակով էր Աննա Կոլյայչեկը վաճառում իր բնամթերքը։ Ես ևս հասկացա գայթակղության կախարդանքը, ոչ այն գայթակղության, որը տասնչորսամյա համբակներին հրապուրում տանում էր Սյուզի Կատերի նկուղը, որպեսզի այնտեղ բժիշկ ու հիվանդ խաղային։ Դա չէր գայթակղում ինձ, դրանից ես խուսափում էի, այն բանից հետո, երբ մեր շենքի տղաները՝ Ակսել Միշքեն ու Նուխի Էլկեն, որպես պատվաստանյութ արտադրողներ։ Իսկ Սյուզի Կատերը՝ որպես բժիշկ, մի անգամ ինձ խնամառու դարձրեց և ստիպեց կուլ տալ չորս դեղ, որի մեջ թեպետ այնքան ավազ չկար, որքան աղյուսի կտորտանքներից պատրաստված ապուրի մեջ, բայց, դրա փոխարեն, այն նեխած ձկան հոտ էր արձակում։ Ոչ, իմ գայթակղությունը գրեթե անմարմնական էր և զուգընկերոջ վրա ազդում էր հեռավորությունից։

Մթնելուց շատ ժամանակ անց, մեկ կամ երկու ժամ անց այն բանից հետո, երբ փակվում են կրպակները, ես ծլկեցի մայրիկիցս ու Մացերատից։ Եվ տեղ զբաղեցրեցի գիշերվա մեջ։ Լուռ, գրեթե անմարդ փողոցներում, քամուց պաշտպանված մուտքերի մեջ ես դիտում էի իմ դիմաց տեղակայված նպարեղենի խանութների ցուցափեղկերը, որոնք ի տես էին ներկայացրել կոշիկներ, ժամացույցներ, թանկարժեք իրեր՝ մի խոսքով ամեն հարմարավետն ու ցանկալին։ Ամենևին էլ ոչ բոլոր ցուցանակներն էին լուսավորված։ Ես նույնիսկ այն կրպակներն էի նախընտրում, որոնք իրենց ապրանքը առաջարկում էին փողոցային լապտերներից հեռու, քանզի լույսը դեպի իրեն է ձգում բոլորին, նույնիսկ ամենաշարքայիններին, այն դեպքում, երբ կիսախավարը դանդաղեցնում է ընտրայլների քայլերը։

Մարդիկ, ովքեր ընթացքից հպանցիկ հայացք էին նետում լուսավորված ցուցափեղկերի վրա, ընդ որում՝ ավելի շուտ գնապիտակի, քան ապրանքի վրա, ինձ չէին հետաքրքրում, կամ նրանք, ովքեր հայելային ապակու մեջ ստուգում էին, թե արդյո՞ք թեք չի նստած գլխարկը։ Ոչ թե այն հաճախորդները, որոնք ձյան փաթիլների պարի ժամանակ, կամ պարզկա լուսնի տակ, սերտաճում էին սառնամանիքի հետ։ Իմ հաճախորդները կարծես հրամանով քարանում էին ցուցափեղկերի դիմաց և աչքերով այլևս չէին զննում դարակները, այլ հակառակը․ կարճ ժամանակ անց կամ անմիջապես հայացքները ուղղում էին մեկ առարկայի վրա։

Եվ իմ մտադրությունը որսորդի մտադրություն էր։ Այն իրականացնելու համար պահանջվում էր համբերություն, սառնասրտություն, ազատ ու սուր աչք։ Միայն այդ բոլոր նախապայմանների դեպքում էր իմ ձայնը իրավունք ստանում անարյուն ու անցավ ձևով հրացանով խփել որսաթռչնին, գայթակղել թռչունին՝ սակայն ինչի վրա։

Այժմ ինչ վերաբերում է գողությանը, քանի որ իմ գոռոցով ես հենց ապրանքների ներքին շարքի մակարդակի վրա, իսկ եթե հաջողվեր, ապա ուղղակի ցանկալի առարկայի դիմաց կտրում էի կլոր անցք, ձայնիս վերջին թռիչքով կտրածս ապակե օղակը մղում էի դեպի ցուցափեղկի ներսը, այնպես, որ կարելի էր խուլ զրնգոց լսել, որը, սակայն, կոտրված ապակու զրնգոց չէր՝ կարելի էր լսել, սակայն միայն ոչ ինձ։ Օսկարը չափազանց հեռու էր կանգնած, բայց ահա շագանակագույն օձիքի վրա շագանակագույն մորթով երիտասարդ կինը, հաստատապես արդեն շուռ տված ձմեռային վերարկուով, նա կարող էր լսել ու տեսնել կլոր կտրվածքը։ Նա իր ճագարի մորթու հետ մեկտեղ ցնցվեց, ձյան վրայով ցանկացավ հեռանալ, սակայն չհասցրեց, հնարավոր է այն պատճառով, որ ձյուն էր գալիս։ Նաև այն պատճառով, որ ձյուն տեղալու ժամանակ, եթե միայն այն բավականաչափ խիտ է, ամեն ինչ թույլատրվում է։ Եվ նա անընդհատ շուրջն էր նայում, բարկանում ձյան փաթիլների վրա։ Ետ էր նայում, և դեռ էլի ետ էր նայում՝ կարծես այդ փաթիլների ետևում այլ փաթիլներ չկային, և դեռ էլի ետ էր նայում, երբ նրա աջ ձեռքը դուրս եկավ դարձյալ ճագարի մորթուց պատրաստված ձեռնամուշտակի միջից։ Սակայն հետո նա այլևս ետ չէր նայում, այլ ուղղակի ձեռքը մտցրեց կլոր անցքի մեջ, նախ մի կողմ հրեց ապակին, որն ընկավ հենց բաղձալի առարկայի վրա, անցքի միջից դուրս հանեց անփայլ֊սև առաջին կոշիկը, հետո՝ ձախը՝ կրունկը չքերծելով, սակայն անցքի սուր կողերին դիպչելով՝ ձեռքը կտրելով։ Կոշիկները անհետացան վերարկուի աջ ու ձախ գրպաններում։ Հինգ ձյան փաթիլների տևողությամբ մեկ ակնթարթ Օսկարը կարող էր տեսնել հաճելի, սակայն ոչ այնքան արտահայտիչ կիսադեմը, արդեն ուզում էր մտածել, որ դա Շտերնֆելդ առևտրի տան կախարդական ձևով կենդանություն առած մանեկենն է, սակայն այդ պահին կինը տեղացող ձյան շղարշի մեջ լուծվեց, ևս մի անգամ հայտնվեց մոտակա լուսարձակի դեղին լույսի մեջ և լուսարձակի շրջանակից անհետացավ, ոչ այն է քիչ ժամանակ առաջ ամուսնացած երիտասարդ կինը, ոչ այն է կենդանություն առած մանեկենը։

Կատարված աշխատանքից հետո արդեն որևէ անելիք չմնաց, իսկ սպասելը, գաղտագողի հետևելը, թմբկահարելու հնարավորություն չունենալը և, ի վերջո, երգելով կտրելն ու սառած ապակին հալեցնելը աշխատանք էր և ոչ հեշտ աշխատանք՝ քան, նույն այն գող կնոջ արածը, սակայն առանց նրա ավարի և սակայն նույնչափ բորբոքված հոգով, որքան էլ մրսած, գնալ տուն։

Միշտ չէ, որ ինձ հաջողվում էր, ինչպես վերը շարադրված օրինակների դեպքում, գայթակղեցման խորամանկությունը ավարտել այդքան անկասկած հաջողությամբ։ Իմ փառամոլ մտադրությունների գագաթնակետը սիրահար զույգին գողերի զույգի վերափոխելն էր։ Երբեմն նրանք երկուսն էլ ցանկանում էին, երբեմն տղան արդեն մեկնում էր ձեռքը, իսկ աղջիկն այն ետ էր քաշում կամ հակառակը՝ աղջիկն էր անհրաժեշտ համարձակություն դրսևորում, իսկ տղան նահանջում էր ու նվնվում։ Իսկ արդյունքում աղջիկը ենթարկվում էր, սակայն հետո սկսում էր նրան արհամարհել։ Մի անգամ էլ ես օծանելիքի խանութի ցուցափեղկի դիմաց գայթակղում էի մի զույգի, որը ձյան տեղալու պատճառով չափից դուրս պատանի էր թվում, տղան հերոս էր ներկայանում և օդեկոլոնը գողացավ։ Աղջիկը նվնվում էր ու աշխարհի բոլոր բույրերից հրաժարվելու պատրաստակամություն հայտնում։ Նա, միևնույն է, ցանկանում էր, որ աղջկանից բուրումնալից հոտ գա և մինչև մոտակա լուսարձակը կարողացավ իր կամքը հաստատել։ Իսկ այնտեղ դեռատի աղջիկը վրդովեցուցիչ անկեղծությամբ, կարծես ի հեճուկս ինձ, բարձրացավ ոտքի մատների վրա և համբուրեց նրան այնքան ժամանակ, մինչև որ տղան իր սեփական հետքերով վազեց ետ, և գողացածը վերադարձրեց ցուցափեղկին։ Ճիշտ նույն կերպ էլ ինձ հաջողվեց անել տարիքով մեծ պարոնների զույգի հետ, որոնցից ես նույնիսկ ավելի մեծ արագություն էի ակնկալում, քան խոստանում էր նրանց կտրիճավարի քայլվածքը ձմռան գիշերվա մեջ։ Նրանք երկյուղածությամբ կանգ առան սիգարետի խանութի դիմաց՝ մտքերով հեռանալով ինչ֊որ տեղ՝ դեպի Հավանա, դեպի Բրազիլիա և կամ էլ Բրիսագոյի կղզիներ, և, երբ իմ ձայնը կարծես թե չափով, կատարեց կտրում, ինչից հետո կտրված հատվածը խնամքով թրմփաց «Սև իմաստության» տուփի վրա, նման պարոնների մոտ կարծես թե գործում էր գրպանահատ դանակը։ Նրանք շրջվում էին և, ձեռնափայտերը թափ տալով, կտրում անցնում էին փողոցը, վազում էին իմ կողքով և իմ թաղամասի՝ չնկատելով ինձ, և Օսկարին հնարավորություն էին տալիս քմծիծաղ տալ ծերունական դեմքի շփոթահար արտահայտության վրա, որը կարծես թե սատանայի ջանքերով էր աղավաղվել։ Սակայն այդ քմծիծաղին միախառնվում էր նաև թեթև մտահոգությունը, քանզի բոլոր այդ, առավել հաճախ զառամյալ տարիքի պարոնները սիրում էին սիգարետներ ու ողողվում էին մեկ սառը, մեկ տաք քրտինքով՝ կարճ ասած՝ խիզախում էին լրջորեն մրսել հատկապես անհաստատուն եղանակին։

Ապահովագրական գործակալությունները այդ ձմռանը ստիպված էին մեծ մասամբ կոտրելու միջոցով գողություններից ապահովագրված մեր արվարձանի խանութներին բավականին մեծ գումարներ վճարել։ Չնայած որ ես ոչ մի անգամ գործը խոշոր գումարների չհասցրեցի, որովհետև միտումնավոր այնպիսի չափսի անցքեր էի կտրում, որ ցուցափեղկից կարելի էր դուրս հանել մեկ կամ, լավագույն դեպքում, երկու առարկա։ Դեպքերը, որոնք անվանվում են «գողություն՝ կոտրելու միջոցով», այն աստիճան շատացան, որ քրեական ոստիկանությունը ուղղակի հալից ընկավ՝ չնայած մամուլը շարունակում էր նրան մեղադրել անգործության մեջ։ Երեսունվեցի նոյեմբերից մինչև երեսունյոթի մարտ ամիսը, երբ գնդապետ Յոցը Վարշավայում կազմակերպեց ազգային միասնության կառավարությունը, կուտակվեց նմանատիպ վաթսունչորս փորձ և քսանութ հաջող իրականացված գողություն։ Ճիշտ է, ոստիկանության ծառայողներին հաջողվեց այդ տարիքով կանանց, ռազմաճակատային գործակատարների, աղախինների ու թոշակի անցած ուսուցչուհիների մեծ մասի մոտից կրկին ետ խլել ավարը (քանզի նրանք գող չէին իրենց կոչումով) և մյուս օրը՝ այն բանից հետո, երբ իրենց տենչանքների առարկան ապահովում էր նրանց անքուն գիշերը, միտք էր առաջանում՝ մեղայականով գնալ ոստիկանություն․ «Ախ, ինձ ներեք, դա այլևս չի կրկնվի»։ Ուղղակի ապակու մեջ հանկարծ անցք առաջացավ, իսկ երբ ես վախից ուշքի եկա, իսկ կոտրած ապակին մնաց ինձանից երեք թաղամաս ետ, հանկարծ պարզվեց, որ իմ վերարկուի ձախ գրպանի մեջ մի զույգ հրաշալի ու հավանաբար շատ թանկարժեք, եթե չասեմ ընդհանրապես անգին, կաշվե ձեռնոցներ են հայտնվել։

Բոլոր բռնվածներին, նույնիսկ նրանց, ովքեր ներկայացել էին մեղայականով, տարան և մեկից երկու ամիս ժամկետով թաղեցին բանտում, քանի որ ոստիկանությունը հրաշքներին չի հավատում։

Այդ ժամանակներին ես ստիպված եղա նստել տնային կալանքի տակ, քանզի մայրիկս հաստատապես կարծում էր, որ իմ ուժեղ ձայնը ինչ֊որ կերպ կապ ուներ այդ հանցավոր խաղի հետ՝ չնայած այդ բանը խելամտորեն չէր խոստովանում ո՛չ իրեն, ո՛չ էլ առավել ևս ոստիկանությանը։

Իսկ ահա Մացերատը, որն ինքն իրեն որպես պատվի մարդ էր ներկայանում, գլխիս հարցաքննություն սարքեց․ ես ոչ մի բառ չասացի, ես իմ թմբուկի հետ ավելի ու ավելի մեծ ճարպկությամբ էի ծպտվում երեքամյա տհասի տեսքի տակ։

― Ամեն ինչում մեղավոր է այն լիլիպուտը, որը համբուրեց մեր փոքրիկ Օսկարի ճակատը, ― նման հարցաքննություններից հետո կրկին ու կրկին բացականչում էր մայրս, ― իմ սիրտը վկայում էր․ զուր չէր, որ նրան համբուրեց, չէ որ նախկինում Օսկարը ամենևին էլ այդպիսին չէր։

Պետք է խոստովանեմ, որ պարոն Բեբրան ողջ ժամանակ շարունակում էր ինչ֊որ չափով իմ վրա ներգործել։ Չէ՞ որ նույնիսկ տնային կալանքները չկարողացան ինձ ետ պահել նրանից, որպեսզի, հանգամանքների բարեհաջող բերումով, առանց թույլտվության մեկ ժամով բացակայեմ, ինչը ինձ հնարավորություն էր տալիս ցուցափեղկի ապակու մեջ երգել֊բացել չարաբաստիկ անցքը և երկար ժամանակ ցուցափեղկին նայող, հույսերով լի երիտասարդին դարձնել գինեկարմիր գույնի մաքուր մետաքսից պատրաստված փողկապի տերը։

Եթե դուք ինձ հարցնեք, թե հենց չարը չէ՞ր, որ Օսկարին կարգադրեց գայթակղությունը մեծացնել՝ չնայած առանց այն էլ դա ձեռքի ափի չափ մեծության անցքի օգնությամբ շլացուցից մաքուր ցուցափեղկից էր դուրս գալիս, ես ստիպված կլինեի պատասխանել, այո, ինքը չարը։ Դա չարն էր, գոնե այն պատճառով, որ ես կանգնում էի մութ մուտքերում, իսկ մուտքը, ինչպես որ պետք է ձեզ հայտնի լինի, չարի սիրած ապրելավայրն է։ Մյուս կողմից, ամենևին էլ չկամենալով նվազեցնելու իմ գայթակղությունների չարակամությունը, այսօր, երբ ես որևէ մեկին գայթակղության մեջ ներքաշելու հնարավորություն ու ցանկություն այլևս չունեմ, պարտավոր եմ ինձ ու իմ հիվանդապահ Բրունոյին ասել․

― Օսկար, դու ոչ միայն պարզապես իրենց երազանքի առարկային սիրահարված մեծ ու միջին ձմեռային դատարկաշրջիկների ցանկություններն էիր բավարարում, այլև դրան գումարած օգնում էիր, որպեսզի ցուցափեղկերի առջև կանգնած մարդիկ իրենք իրենց ճանաչեն։ Ոչ մի պատկառելի ու պճնագեղ տիկին, ոչ մի բարեկամական վարքի տեր հորեղբայր, ոչ մի ծերացած, սակայն հավատի օգնությամբ իր թարմությունը պահպանած կույս աղջիկ, ոչ մի անգամ իրենց մեջ առկա գողական հակումները չէին խոստովանի, եթե քո ձայնը նրանց չսադրեր գողության։ Ավելին՝ չազդեր քաղաքացիների վերադաստիարակման վրա, որոնք նախկինում պատրաստ էին ամեն մի փոքրիկ ու անհաջողակ գողի մեջ տեսնել ստոր ու վտանգավոր սրիկայի։

Այն բանից հետո, երբ ես երեկոյից երեկո դարանակալում էի նրան, իսկ նա երեք անգամ հրաժարվեց գողություն կատարելուց, նախքան ոստիկանության կողմից ոչ մի անգամ չբռնված գող դառնալը, Գերագույն դատարանի՝ սարսափ տարածող դատախազ դոկտոր Էրվին Շոլթիսը, ըստ լուրերի, դարձավ ներողամիտ, հեզահամբյուր և, իր դատավիճիռներով, գրեթե մարդկային իրավաբան, որովհետև զոհ մատուցեց ինձ՝ գողերի փոքրիկ կիսաստվածիս և գողացավ բնական փորսողի ցցամազերից պատրաստված սափրվելու վրձնիկը։

Երեսունյոթի հունվարին ես երկար սառչում էի ոսկերչական խանութի դիմաց, որը, չնայած մերձքաղաքային ծառուղու խնամքով տնկված թխիկների մոտ իր մեկուսի տեղակայմանը, լայնորեն ճանաչված էր և լավ համբավ ուներ։ Զարդեր ու ժամացույցներ ցուցադրող ցուցափեղկերի առջև, ճիշտ է, հայտնվում էին որոշակի քանակությամբ որսաթռչուններ, որոնց ես, առանց տատանվելու ցանկացած այլ՝ կանացի գուլպաների, թավշյա մահուդե գլխարկների, լիլկյորի շշերի ցուցափեղկի դիմաց անհապաղ կխփեի։

Սակայն զարդերը ազդեցություն են թողնում մարդու վրա․ նա դառնում է խստաբարո, դանդաղ հետևում է անվերջ շղթաների վազքին, ժամանակը չափում է ոչ թե րոպեներով, այլ մարգարիտների տարիքով, ելնելով նրանից, որ մարգարիտե փետրամանյակը վզից երկար է ապրում։ Բարակում է դաստակը, սակայն ամենևին էլ՝ ոչ ապարանջանը, երբեմն աճյունափոսերում հաջողվում էր հայտնաբերել մատանիներ, որոնց միջի մատը չէր պահպանվել․ մի խոսքով, ցուցափեղկերը դիտողներից մեկին ընկալում ես որպես պարծենկոտ, մյուսին՝ չափից դուրս խոտանախշավոր, որպեսզի նրան պատեն թանկարժեք իրերով։

Ոսկերիչ Բանզերմերի ցուցափեղկը ապրանքով գերծանրաբեռնված չէր։ Ձեռքով հավաքած մի քանի շվեյցարական նրբաճաշակ ժամացույցներ, կապույտ թավշի վրա սփռված նշանդրեքի մատանիներ, շարվածքի կենտրոնում՝ վեց կամ, ավելի ստույգ, յոթ նրբաճաշակ ցուցանմուշներ, օղակներով պտտվող, տարբեր գույների ոսկուց պատրաստված երեք օձիք, որի ցանցահյուսազարդ մշակված գլխիկը զարդարում էին տոպազիոնը, երկու ադամանդները և, աչքերի փոխարեն, երկու շափյուղները։ Ընդհանրապես, ես սև թավիշ չեմ սիրում, սակայն պարոն Բանզեմերի օձիքին կպել էր այդ ֆոնը՝ նույն կերպ, ինչպես թավիշը, որի շնորհիվ խենթացուցիչ աստիճան պարզ, իր համաչափ կառուցվածքով հրապուրող արծաթե զարդերի, նրբագրգիռ հանգստություն էր ճառագում։ Մատանին, որն իր վրա էր կրում այն աստիճան նրբաճաշակ քանդակաքարը, որ նրան նայելիս անմիջապես երևում էր, թե այն կընտրի նույնչափ նրբաճաշակ ձեռքեր, ինքը ևս կսկսի դառնալ ավելի ու ավելի նրբաճաշակ և ի վերջո կհասնի անմահության այն բարձրագույն աստիճանի, որը պարգևված էր միայն թանկարժեք քարերին։ Շղթաներ, որոնք անարգել ձևով չի կարելի կրել, շղթաներ, որոնք քամահրում են հոգնածությունը, և ի վերջո թեթևաքաշ մանյակ՝ դեղնասպիտակավուն թավշե բարձիկի վրա, որը պարզեցված ձևով կրկնում է կնոջ պարանոցի կառուցվածը։ Նրբաճաշակ մասնատում, հրաշակերպ շրջանակ՝ թափանցիկ սարդոստյան։ Ի՞նչ սարդ է իր միջից դուրս մղել այս ոսկյա թելը, որպեսզի նրա մեջ ընկնեն վեց փոքր ու մեկ մեծ սուտակները։ Եվ որտե՞ղ է նստել այդ սարդը, ինչի՞ է սպասել։ Հավանաբար, ոչ ամենևին նոր սուտակների, այլ ավելի շուտ ինչ֊որ մեկին, որի հայացքը ձգվեց դեպի ցանցի մեջ ընկած սուտակները՝ հիշեցնելով կարծրացած արյան կաթիլները, այլ խոսքով, ո՞ւմ պետք է ես հրամցնեի այդ մանյակը, առաջնորդվելով սեփական տրամադրությամբ կամ ոսկե թել հյուսող սարդի տրամադրությամբ։

Երեսունյոթ թվի հունվարի տասնութին ճռճռացող, տրորված ձյան վրա, այն գիշերին, որն ավելի շատ ձյուն էր խոստանում, այնքան ձյուն, որքան կարող էր իր համար ցանկանալ միայն նա, ով կկամենար ամեն ինչ հանձնել ձյան իշխանությանը, ես տեսա, թե ինչպես է փողոցը իմ դիտակետից քիչ աջ ու բարձր տեղով կտրում անցնում Յան Բրոնսկին, աչքերը չբարձրացնելով՝ անցնում է ոսկերչական խանութի մոտով։ Հետո ոչ այն է դանդաղեցնում է քայլերը, ոչ այն է կարծես հրամանով կանգ է առնում, շրջվում է կամ ինչ֊որ բան շրջում է նրան, և ահա արդեն Յանը կանգնած է սպիտակ բեռը կրող, անձայն թխիկների միջև ցուցափեղկերի դիմաց։

Նրբաճաշակ, միշտ փոքր֊ինչ խճահարություն առաջացնող, ծառայության ժամանակ հլու֊հնազանդ, սիրո մեջ փառամոլ, նույնչափ հիմար ու գեղեցկության վրա խանգարված Յան Բրոնսկին, որն ապրում էր իմ մոր մարմնով, ինչին մինչ օրս հավատում եմ։ Ինչում ես մինչ օրս կասկածում եմ՝ այն է, որ նա ինձ աշխարհ է բերել, Մացերատի անունից։ Յանը այժմ կանգնած էր իր պերճաշուք, կարծես վարշավյան դերձակի սրահից գնված, ձմեռային վերարկուով, կանգնած էր ցուցափեղկի դիմաց, ինքն իր հուշարձանի փոխակերպված, այնքան քարացած էր նա ինձ թվում, այնպիսի, Պարցիֆալի պես հառած հայացքով, կենդանի խորհրդանիշի, որը հենց նույն ձևով կանգնած էր ձայն մեջ ու ձյան վրա տեսնում էր ոսկե մանյակի սուտակների վրայի արյունը։

Ես կարող էի ետ կանչել, թմբկահարելով նրան վռնդել։ Չէ՞ որ թմբուկս մոտս էր։ Ես այն զգում էի վերարկուիս տակ։ Եղած֊չեղածը պետք էր ընդամենը մեկ կոճակ արձակել, և նա ինքը դուրս կթռչեր դեպի սառնամանիքը։ Հերիք է, որ ես ձեռքերս մտցնեի գրպաններս, և փոքրիկները կհայտնվեին իմ ձեռքերում։ Չէ՞ որ որսորդ Հուբեթը ևս չկրակեց, երբ նրա նշանառության տակ հայտնվեց բաձարձակապես անսովոր եղջերուն։ Եվ Սաուլոսը դարձավ Պողոս։ Աթթիլան ևս շրջվեց ետ, երբ Հռոմի պապ Լեոն կարկառեց մատանի մատը։ Սակայն ես չվերամարմնավորվեցի, ետ չդարձա, այլ կրակեցի, ես մնացի որպես որսորդ, Օսկար, ես ցանկանում էի խոցել նշանակետը, ես չքանդեցի իմ կոճակը, թմբուկս սառնամանիքին չհանեցի։ Փայտիկներս չհանեցի ձմռանը բնորոշ սպիտակ թիթեղի վրա, հունվարյան գիշերը թմբկահարայինի չվերածեցի, իսկ դրա փոխարեն անձայն գոռացի, գոռացի, ինչպես հնարավոր է, որ ամենախորքերում գոռում է աստղը կամ ձուկը։ Իմ գոռոցով սկզբում ներխուժեցի սառնամանիքի կառուցվածքի մեջ, որպեսզի ի վերջո թարմ ձյուն տեղար, և հետո միայն գոռացի ապակու վրա, հաստ ապակու վրա, թանկարժեք ապակու վրա, էժանագին ապակու, թափանցիկ ապակու վրա, Յան Բրոնսկու և սուտակե մանյակի միջև ընկած կուսական, միստիկական, ցուցափեղկի ապակու վրա։ Ես գոռացի, բացեցի Յանի ձեռնոցների չափի անցքը և թույլ տվեցի, որպեսզի ապակին ընկնի ետ ծալվող կափարիչի պես։ Եվ Յանը չնցվեց, Յանը ազատություն տվեց իր բարակ լայքայե ձեռնոցով ձեռքին և թույլ տվեց, որ այն վերարկուի գրպանից վեր բարձրանա երկինք, և ձեռնոցը լքեց դժոխքը, երկնքից՝ կամ դժոխքից խլեց մանյակը, որի սուտակները կսազեին ցանկացած հրեշտակի, նույնիսկ ընկածի։ Ինչից հետո նա բռով սուտակներն ու ոսկին իջեցրեց գրպանը՝ շարունակելով, սակայն, կանգնած մնալ ծակ ապակու դիմաց՝ չնայած դա հղի էր վտանգով, չնայած սուտակները այլևս արյունաքամ չէին լինում, որպեսզի գրավեին նրա կամ Պարցիֆալի հայացքը։

Օ, Հայր, Որդի ու Սուրբ Հոգի։ Հոգու հետ պետք է ինչ֊որ բան տեղի ունենար, ինչը պետք է չլիներ հորս՝ Յանի հետ։ Եվ այդ ժամանակ Օսկարը՝ որդին, արձակեց վերարկուն, շուտափույթ ձեռքն առավ թմբուկի փայտիկները և իր թիթեղի վրա վանկարկեց․ «Հայր, հայր», մինչև Յան Բրոնսկին շրջվեց և դանդաղ, չափից դուրս դանդաղ անցավ փողոցն ու բակամուտքի մոտ հանդիպեց ինձ՝ Օսկարիս։

Որքան հոյակապ է, որ հատկապես հենց այն պահին, երբ Յանը դեռևս առանց արտահայտության, սակայն հալոցքից ոչ շատ առաջ նայեց իմ վրա, սկսեց տեղալ ձյունը։ Նա ինձ մեկնեց ձեռքը, ձեռքը և ոչ թե ձեռնոցը, որը դիպչում էր սուտակներին և լուռ, ոչ առանց տրտմության, ուղեկցեց ինձ տուն, որտեղ մայրիկս արդեն անհանգստանում էր ինձ համար, իսկ Մացերատը իր սովորական ոճով, ընդգծված խստությամբ, չնայած հազիվ թե լրջորեն, ինձ սպառնաց ոստիկանությամբ։ Յանը ոչ մի բացատրություն չտվեց, երկար չնստեց ու չկամեցավ սկատ խաղալ՝ չնայած առավելագույնս գայթակղելու համար Մացերատը արդեն սեղանի վրա գարեջուր էր դրել։ Հեռանալիս Յանը շոյեց Օսկարին, սակայն վերջինս այդպես էլ չհասկացավ, թե նա ինչի համար է պարգևում շոյանքը՝ լռությա՞ն, թե՞ ընկերության։

Քիչ ժամանակ անց Յանը, այդ մանյակը նվեր մատուցեց մորս։ Ակնհայտորեն կռահելով մանյակի ծագման մասին, մայրս այն կրում էր կարճատև ժամանակ, երբ գնում էր Մացերատը, կամ իր համար, իսկ միգուցե և ինձ համար։

Պատերազմից քիչ անց ես Դյուսելդորֆի սև շուկայում այդ մանյակը փոխանակեցի «Լակի սթրայք» տեսակի տասներկու սիգարետների ու կաշվե թղթապանակի հետ։


Հրաշք չի լինի

Այսօր, հատուկ բժշկական հիմնարկության իմ մահճակալի վրա պառկած, ես հաճախ թախիծով եմ հիշում այն ուժի մասին, որով այն ժամանակ օժտված էի, ուժի, որը հաղթահարում էր գիշերն ու ցուրտը, ստիպում էր հալվել սառնամանիքի նախշերին, բախում էր ցուցափեղկերի ապակիները և ձեռքից բռնած դրանց էր մոտեցնում հափշտակողին։

Ախ, որքան մեծ ցանկություն ունեի ես հեռացնել իմ դռան վերին երրորդականում տեղադրված դիտանցքի ապակին, այն բանի համար, որպեսզի Բրունոն՝ իմ հիվանդապահը, առավել հեշտությամբ կարողանա ինձ հետևել։

Ախ, ինչպես էի ես այս բուժհիմնարկում բնակություն հաստատելուց մեկ տարի առաջ տանջվում իմ ձայնի ուժազրկության համար։ Երբ ես, հաջողության ձգտելով, գիշերային փողոցում հնչեցնում էի իմ ձայնը, հաջողություն, սակայն, չէի ունենում։ Պատահում էր այնպես, որ ես, ով ատում էր ցանկացած բռնություն, քար էի վերցնում ձեռքս՝ որպես թիրախ ընտրելով Դյուսելդորֆի ծայրամասային որևիցե մի խղճուկ փողոցի խոհանոցային պատուհանը։ Առանձնահատուկ հաճույքով ես Վիթլարին՝ ձևավորողին, նմանատիպ մի ինչ֊որ բան կցուցադրեի։ Երբ կես գիշերից հետո ես նկատում էի նրան, վերևից՝ ծածկված վարագույրներից, ներքևից՝ կարմրականաչ գուլպաներից, Քյոնիգսալլեեի տղամարդկանց հագուստի խանութի ապակուց այն կողմ կամ նախկին Թոնհալլեից ոչ հեռու օծանելիքի խանությում, ապա ես, չնայած նա իմ աշակերտն է, կամ կարող էր այդպիսին դառնալ, հաճույքով նրա համար կոտրում էի ցուցափեղկի ապակին, քանզի մինչև օրս չգիտեմ, թե ինչպես անվանեմ նրան՝ Հուդդա՞, թե Յոհաննես։

Վիթլարը ունի ազնվացեղ ծագում, նրա անունը Գոթֆրիդ է․ երբ ամոթալի, անօգուտ երգեցողական ճիգերից հետո ես ցուցափեղկի անվանաս ապակու վրա արված թեթև թմբկահարության միջոցով իմ վրա հրավիրեցի ձևավորողի ուշադրությունը, նա քառորդ ժամով դուրս եկավ ինձ մոտ։ Զրուցեց ինձ հետ, ծիծաղեց իմ ձևավորական որոնումների վրա, ես ստիպված էի անվանել նրան Գոթֆիդ, քանզի իմ ձայնը չէր արարել այն հրաշքը, որն ինձ իրավունք կտա նրան կոչել Հուդդա կամ Յոհաննես։

Ոսկերչական խանութի դիմաց իմ երգելը, որը Յան Բրոնսկուն դարձրեց գող, իսկ իմ մայրիկին՝ սուտակե մանյակի տեր, որոշ ժամանակով, վերջ տվեց գայթակղիչ ապրանքներով ցուցափեղկերի դիմաց իմ երգեցողական վարժություններին։ Մորս վրա բարեպաշտություն իջավ։ Իսկ այդ ի՞նչ պատճառով։ Կապը Յան Բրոնսկու հետ, անհավատարիմ կնոջ քաղցրալից չարչարանքները նրան դարձրել էին բարեպաշտ, սրբություն տենչացող։ Իսկ մեղքը կարելի է կանոնավորել լավագույն ձևով․ հինգշաբթի օրերին՝ հանդիպել քաղաքում, փոքրիկ Օսկարին թողնել Մարկուսի մոտ, որոշակի ջանքեր նախաձեռնել, որոնք կհանգեցնեն բավարարվածության Թիշլերգասե փողոցում։ Հետո Վայցեկի սրճարանում սուրճի ու թխվածքաբլիթների շուրջ հանգստանալ, երեխային հրեայի մոտից վերցնել, նրանից ստանալ մի քանի հաճոյախոսություններ և դրան գումարած մետաքսյա թելերով գործած տոպրակը, փնտրել֊գտնել իր տրամվայի համարը՝ համար հինգ։ Ժպիտով և ինչ֊որ տեղ հեռու ճախրող մտքերով հաճույք ստանալ Օլիվակյան դարպասների, Հինդենբուրգալլեի կողքով ուղևորությունից, մարզադահլիճի կողքին գրեթե չնկատել մայիսյան մարգագետինը, որտեղ Մացերատը անց է կացնում իր կիրակնօրյա առավոտները։ Ուրախանալ մարզադահլիճը շրջանաձև շրջանցելու համար՝ ինչ աստիճան այլանդակ տեսք կարող է ունենալ այդ տուփը, երբ դու ուղղակի քիչ առաջ չքնաղ ապրումներ ես ունեցել՝ ևս մի շրջադարձ, այժմ դեպի ձախ, և փոշոտ ծառերի հետևում՝ Կոնրադյան գիմնազիան իր կարմիր գլխակավոր սաներով, ― որքան գեղեցիկ է։ Ախ, եթե փոքրիկ Օսկարին էլ զարդարեր ոսկյա «Կ»֊ով հենց այդպիսի մի կարմիր գլխարկ, նա հիմա կլիներ տասներկուսուկես, կնստեր չորրորդ դասարանում և շուտով կսկսեր լատիներեն սովորել և իրեն կպահեր որպես իսկական «կոնրադիստ»՝ փոքրիկ ջանասեր, թեև հանդուգն ու մեծամիտ։

Երկաթուղային անցումից հետո դեպի Ռայխկոլոնիա և Ելենա Լանգի դպրոց տանող ճանապարհին տիկին ագնես Մացերատի՝ գիմնազիայի և նրա որդի Օսկարի համար բաց թողնված հնարավորությունների վերաբերլյալ մտքերը հօդս են ցնդում։ Եվ մեկ ձախ շրջադարձ, սոխանման գմբեթով Քրիստոսի եկեղեցու կողքով, Մաքս Հալբեի հրապարակի և Կայզերի սուրճի կրպակի կողքով։ Հետո իջնել, թռուցիկ հայացքով զննել մրցակիցների ցուցափեղկերը և հաղթահարել Լաբեսվեգ ծանր ուղին, ինչպես հաղթահարում են խաչի ուղին․ մոտեցող սրտնեղությունը, կողքը՝ թերարժեք երեխան, անմաքուր խիղճը, անկշտումությամբ, կատարյալ հագեցման մղումով, կրկնելու տարօրինակ ցանկությունով։ Մացերատի հանդեպ անբարյացականությամբ և բարեհոգի համակրանքով՝ այդպես էր մայրիկս ինձ, իմ թմբուկի և տոպրակի հետ հաղթահարում Լաբեսվեգից մինչև կրպակ ընկած ճանապարհը, մինչև տառեխով լի տակառների կողքի կերոսինը, դեպի կորթնոսյան չամիչը, դեպի քիշմիշը, քաղցր նուշը, անուշահացի համար համեմունքները։ Դեպի «Պերսիլը՝ այն ամուր Պերսիլը», դեպի «Ուրբին՝ փոշին, դեպի Մագգին ու Կնորը, դեպի կաղնու սուրճը, և Հաագի սուրճը, դեպի «Վիթելլո» և «Պամլին» քիչ յուղայնությամբ կարագը։ Դեպի Կրունեի մոտի քացախը և դեպի բազմամրգային մարմելադը, դեպի երկու տարբեր տոնայնությամբ տզզացող ճանճորսկաներն էր տանում ինձ մայրիկս, դեպի ճանճորսկաներ, որոնք մեր վաճառասեղանի վերևում մաշեցնում էին մեղրաքաղցր հոտը և որոնք ամռան ամիսներին երկու օրը մեկ ենթակա էին փոխարինման։ Իսկ շաբաթ օրերին մայրիկս, այդ նույն չափի գերքաղցր հոգով, որը և՛ ձմռանը, և՛ ամռանը, և՛ ընդհանրապես տարին բոլոր դեպի իրեն էր ձգում բարձր ու ցածր տոնայնությամբ տզզացող մեղքերին, գնում էր Քրիստոսի Սիրտը եկեղեցին, որտեղ խոստովանվում էր նորին բարեկրոնություն Վինկեի մոտ։

Ինչպես հինգշաբթի օրերին մայրիկս ինձ հետ տանում է քաղաք որպես, այսպես ասած, հանցակից, այդպես էլ նա ինձ տանում էր նաև շաբաթ օրերին, շքամուտքի միջով, դեպի սառը կաթոլիկական սալաքարերը՝ նախապես իմ թմբուկը մտցնելով իմ պուլովերի կամ վերարկուի տակ, որովհետև ես վճռականորեն առանց թիթեղի, առանց թմբուկի չէի կարող բավականանալ։ Առանց փորիս վրայի թիթեղի ես ոչ մի անգամ չէի կարողանա ինձ խաչակնքել կաթոլիկական խաչով, ճիշտ այնպես, ինչպես չէի կարողանա ծալել ծունկս, կարծես կոշիկներ հագնելուց և հանգիստ նստեի՝ եկեղեցական փայլեցված նստարանի վրա այն ժամանակ, երբ իմ քթարմատի վրա չորանում էր սուրբ ջուրը։

Քրիստոսի Սիրտը եկեղեցին ես հիշում էի դեռ իմ մկրտության ժամանակներից, երբ հեթանոսական անվանս պատճառով հասկանալի դժվարություններ առաջացան, սակայն, այնուհանդերձ, պնդեցին Օսկարի վրա, և Յանը՝ կնքահայրս, այդպես էլ այդ մասին եկեղեցական շքամուտքում հայտարարեց։ Հետո նորին բարեկրոնություն Վինկեն երեք անգամ փչեց դեմքիս, որպեսզի իմ միջից արտաքսի սատանային, խաչով խաչակնքեց, իջեցրեց ձեռքը, աղ ցանեց և էլի ինչ֊որ բաներ ձեռնարկեց ընդդեմ սատանայի։

Բուն եկեղեցում հերթական կանգառն էր սեփական մկրտությունից առաջ։ Մինչ ինձ նվեր էին մատուցում «Հայր մերն» ու հավատի խորհրդանիշը, ես ինձ հանգիստ էի պահում։ Սակայն նորին բարեկրոնությունը տեղին համարեց մեկ անգամ ևս «Չքվիր սատանա» բարձրաձայնել և կարծում էր, թե, իբր, այսուհետև Օսկարի քթին ու ականջներին դիպչելով, բացում է իմ, ով առանց այն էլ ամեն ինչ գիտեր, զգայարանները։ Այնուհետև նա ցանկություն ունեցավ այդ ամենը լսել բարձր ու հստակ և հարց տվեց․ «Կդիմակայե՞ս, արդյոք, սատանային։ Եվ գործերին նրա։ Եվ ճոխությանը նրա»։ Սակայն ավելի վաղ, քան ես հասցրեցի գլուխս բացասաբար շարժել, քանզի մտքովս էլ չէր անցնում ուրանալ, Յանը իմ փոխարեն երեք անգամ արտասանեց․ «Կդիմակայեմ»։

Եվ նորին բարեկրոնությունը կուրծքս ու թիակներիս արանքը օծեց՝ չնայած սատանայի հետ իմ հետագա հարաբերությունները ես չէի փչացրել։ Մկրտելուց առաջ ևս մեկ անգամ հավատի խորհրդանիշն են հռչակում, հետո, ի վերջո, երեք անգամ սուրբ մեռոնով օծում՝ որպես մութ օրերի համար թողություն։ Մացերատը վճարեց, և երբ Յանը շքամուտքով ինձ դուրս բերեց Քրիստոսի Սիրտը եկեղեցուց, որտեղ «պարզկա, ժամանակ առ ժամանակ ամպամածություն» եղանակին մեզ սպասում էր տաքսին, ես հարց տվեցի իմ ներսի սատանային․ «Դե ինչ, քո մոտ ամեն ինչ լա՞վ է»։ Ինչին սատանան, ի պատասխան վեր թռչելով, շշնջաց․ «Իսկ դու ուշադրություն դարձրեցի՞ր եկեղեցու պատուհանների վրա, Օսկար։ Չորս կողմը ապակի է, համատարած ապակի»։

Քրիստոսի Սիրտը եկեղեցին կառուցվել էր Հիմնադիր տարիներին և այդ իսկ պատճառով ոճի տեսանկյունից հարում էր նեոգոթիկային։ Սակայն որքանով որ այն կառուցել էին շուտ մգացող աղյուսից, իսկ պղնձակար սրաձողը մեկ֊երկուս և պատվեց ավանդական փառով, հին գոթական աղյուսե եկեղեցիների ու նոր աղյուսե գոթիկայի միջև տարբերությունները մատչելի ու տանելի էին միայն գիտակի աչքերին։ Իսկ խոստովանությունը թե՛ հին և թե՛ նոր եկեղեցիներում կատարվում էր նույն ձևով։ Նորին բարեկրոնության նման, շաբաթ օրերին գրասենյակների ու խանութների փակվելուց հետո հարյուրավոր բանաստեղծներ նստում էին խոստովանարանում և շշնջում էին՝ փայլուն ճաղավանդակին սեղմած մազակալած հովվական ականջին մեղքերի այն թելը, որի վրա փայլում էր մարգարտաշարի նման՝ սակայն էժանագին, մեղքերից կազմված զարդը։

Մինչև մայրիկս բարեկրոնության լսողական խողովակի միջով խստակարգ հաջորդականությամբ վերին ատյանների գիտակցությանն էր հասցնում, թե ինչ է ինքը արել և ինչն է բաց թողել, ինչեր են կատարվել իր մտքերում, բառերում ու գործերում, ես, ով խոստովանելու ոչինչ չուներ, ներքև էի սահում իմ ճաշակով չափից դուրս մաշված եկեղեցական նստարանի վրայից ու կանգնում էի քարե սալիկների վրա։

Չեմ թաքցնի, որ կաթոլիկ եկեղեցիների սալիկները և կաթոլիկ եկեղեցու հոտը, և ողջ կաթոլիցիզմը նույնիսկ մինչ օրս հրապուրում են ինձ, ինչպես հրապուրում է, ասենք, շեկ մազերով աղջիկը՝ չնայած, որ ես դեմ չէի լինի նրա շեկ մքազերը ներկել այլ գույնով, իսկ կաթոլիցիզմը ինձ ներշնչում է այն ամենահնարավոր աստվածանարգությունները, որոնք կրկին ու կրկին հիշեցնում են, որ ես, միգուցե և զուր, սակայն, այնուամենայնիվ, անբաժանորեն մկրտված եմ կաթոլիկ հավատքով։ Երբեմն պարզունակ զբաղմունքների ժամանակ, ասենք ատամներս մաքրելիս կամ նույնիսկ արտաթորելիս, ես ինձ բռնում եմ այն բանի մեջ, որ պատարագը մատակարարում եմ մեկնաբանություններով, օրինակ․ սուրբ պատարագի ժամանակ նորացվում է Քրիստոսի արյունահեղությունը, որպեսզի արյունը հոսի հանուն քո խղճի մաքրման։ Հենց որ թափվի Քրիստոսի արյունը, գինին դառնում է իսկական։ Քրիստոսի արյունը Տիրոջ աչքի առաջ բուրմունք է արձակում։

Հավանաբար, դուք կհամաձայնվեք, որ կաթոլիկական հայտնի իմաստով երանգավորումը պահպանեցի։ Նախկինում ես նույնիսկ ուղղակի չէի կարողանում սպասել մինչև կգար տրամվայը՝ այդ ընթացքում կույս Մարիամին չհիշատակելով։ Ես նրան անվանում էի սիրառատ, երանելի, օրհնված, բոլոր կույսերի կույս, գթասրտության մայր, կույս մայր, օ դու, որ դասված ես սրբերի շարքը, դու, որ արժանի ես ցանկացած մեծարանքի, դու, ով ծնել է նրան։ Օ, քաղցրանուշ մայր, փառապանծ կույս, թույլ տուր ինձ հաճույք ստանալ Հիսուսի անվան քաղցրությամբ, ինչպես դու ես քո մայրական սրտի խորքում հաճույք ստանում նրանից, այն հիրավի արժանի է ու բարեպաշտ, վայել է ու բուժիչ, օ, օրհնյալ Թագուհի, օրհնյալ․․․

Ժամանակ առ ժամանակ, երբ մայրիկս ու ես ամեն շաբաթ այցելում էինք Քրիստոսի Սիրտը եկեղեցին, այդ «օրհնյալ» արտահայտությունը այնքան բերկրանք էր պարգևում և թունավորում ինձ, որ ես երախտապարտ եմ սատանային, որն իմ ներսում վերացրեց մկրտման արարողությունը և հատկացրեց հակաթույն, որն ինձ հնարավորություն էր տալիս չնայած ծանր սրտով, սակայն բայցևայնպես հպարտ քայլվածքով անցնելու Քրիստոսի Սիրտը եկեղեցու սալիկների վրայով։

Հիսուսը, ում սրտի պատվին էր անվանվել եկեղեցին, բազմաթիվ անգամ հայտնվում էր՝ կերպարվեստի օգնությամբ, խաչակրաց ուղու խայտաբղետ էջերում։

Դրանցից մեկը գունազարդված գիպսից էր։ Նա կանգնած էր ոսկեջրած պատվանդանի վրա՝ երկար մազերով, պրուսական կապտավուն հագուստներով։ Նա, բնության բոլոր օրենքներին հակառակ, բզկտում էր կրծքի վրայի ու կրծքավանդակի միջնամասի հագուստները՝ լուսապսակի մեջ ցուցադրելով պոմիդորակարմիր, արտահոսող արյունով ոճավորված սիրտը, որպեսզի եկեղեցին արդարացներ իր անվանումը։ Հիսուսի մասնատաբաց կրծքի սոուսի հետ առաջին իսկ ծանոթության ժամանակ ես պարտավոր էի արձանագրել, թե որքան դժնակ կատարյալ էր Փրկչի նմանությունը իմ կնքահոր, նույն ինքը՝ մորեղբոես, նույն ինքը՝ ենթադրական հորս՝ Յան Բրոնսկու հետ։ Այդ միամիտ֊ինքնավստահ երազողի երկնագույն աչքերը։ Այդ փթթող, հավերժ լացի մեջ թաքնվելու պատրաստ համբյուրների համար բերանը, այդ հոնքերը, որոնք դարձել էին տղամարդկային ողբի կենտրոնակետ։ Կլորավուն լիարյուն այտերը, որոնք ծարավ էին անարգման։ Երկուսն էլ ունեին կանանց հիմարավուն դեմք և կանացի հոգնած, սառը և աշխատանքից սարսափող ձեռքեր, որոնք ի ցույց էին դնում իրենց խոցերը, ինչպես իշխանական արքունիքում աշխատող ոսկերիչը՝ իր գլուխգործոցները։ Ինձ հալումաշ էին անում Հիսուսի դեմքի վրա վրձինով նկարված՝ հորս պես ինձ չհասկացող Բրոնսկու աչքերը։ Չէ՞ որ ես ունեի այն նույն երկնագույն հայացքը, որը կարող էր հիացնել, սակայն չէր կարող համոզել։

Աջ կողմի նավում Քրիստոսի Սիրտը եկեղեցուց շտապելով սլանում էի խաչակրաց ուղու կայանների երկայնքով, սկսած առաջինից, որտեղ Հիսուսը խաչը իջեցնում է իր վրա, մինչև յոթերորդը, որտեղ նա խաչի ծանրության տակ երկրորդ անգամ է ընկնում․ Օսկարը հետևեց դեպի գլխավոր զոհասեղանը, որի վերևում կախված էր հերթական, ևս քանդակապատկեր Հովհաննեսը։ Ընդ որում՝ այս մեկը ոչ այն է հոգնածությունից, ոչ այն է՝ ավելի լավ կենտրոնանալու նպատակով փակել է աչքերը։ Այ թե մկաններ ուներ այդ Հովհաննեսը։ Տասնամարտիկի կազմվածքով մարզիկը անմիջապես ինձ ստիպեց մոռանալ Յան Բրոնսկու սրտի մասին և ամեն անգամ, երբ մայրիկս խոստովանվում էր Նորին բարեկեցություն Վիլկեի մոտ, ես ակնածանքով մարմնամարզիկին դիտահայելով, գլխավոր զոհասեղանի դիմաց հավաքում էի մտքերս։ Մարմնամարզության իմ քաղցրանուշ ուսուցիչ, դիմում էի ես նրան, օ, բոլոր մարմնամարզիկների մարմնամարզիկ, օ, խաչի վերակախվելու, չնայած ոչ առանց մեխերի օգնության, վարժության չեմպիոն։ Եվ սակայն նա ոչ մի անգամ չցնցվեց։ Դողում էր հավերժական լույսը, իսկ նա վարժություն էր կատարում՝ վաստակելով ամենաբարձր միավորները։ Տկտկում էին ժամանակաչափերը։ Չափում էին ժամանակը։ Ծառայողի կեղտոտ մատները խորանում արդեն փայլեցնում էին մարզիկի վաստակած ոսկե մեդալը։ Սակայն մեծարանքների համար չէ, որ Հովահաննեսը զբաղվում էր այդ սպորտաձևով։

Ես հիշեցի հավատը և որքանով թույլ էր տալիս իմ ծնկներից որևէ մեկը, ծնկի բերեցի նրան, իմ թմբուկի վրա թմբկահարելով խաչը, և փորձեցի այնպիսի բառեր, ինչպիսին էին «Օրհնվածը» և «Ողբացողը» կապել Ջեսսի Օուենի և Ռուդոլֆ Հարբիգի, նախորդ տարվա բեռլինյան Օլիմպիադայի հերոսների հետ։ Սակայն դա ինձ ոչ միշտ էր հաջողվում, որովհետև այդ ժամանակ ես ստիպված կլինեի Հիսուսի պահվածքը ավազակների նկատմամբ անվանել անազնվություն։ Այդ իսկ պատճառով ես նրան պարզապես որակազրկեցի, գլուխս շրջեցի ձախ և, նոր հույսով լցվելով, այնտեղ տեսա երկնային օլիմպիացու երրորդ քանդակապտատկերը։

«Թույլ տուր աղոթքս երկինք հասցնել ոչ շուտ, քան ես երեք անգամ կտեսնեմ քեզ», ― թոթովեցի ես, կրկին կրունկներով զգացի քարե սալիկները, հատակի շախմատի նախշերը օգտագործեցի, որպեսզի հայտնվեմ կողային կցաշինության ձախ կողմի զոհասեղանի մոտ և ամեն քայլափոխին զգում էի․ նա նայում է քո ետևից, սրբերը նայում են քո ետևից։ Պետրոսը, որին նրանք խաչել էին գլխիվայր, Անդրեասը, որին նրանք մեխել էին թեք խաչին՝ այստեղից էլ հենց Անդրեասի խաչը։ Իսկ դրանից բացի, ի թիվս լատինական կամ Չարչարանաց խաչի, գոյություն ունի նաև Հունական խաչը։ Դարձեկ խաչերը, ամեն ծայրին վերադրակներով խաչերը և սանդղավոր խաչերը պատկերում են գործվածքեղենի վրա, կտավներում ու գրքերում։ Խարիսխե խաչը, վերադրակներով խաչը և Կլևերյան խաչը ինձ վիճակվել էր տեսնել քանդակապատկերներում։ Շատ լավն է շուշաններով խաչը, շատ ցանկալի է Մալթիականը, արգելված է սվաստիկան, Դոգոլևի խաչը, Լոթարինգյան խաչը, ծովամարտերում Անտոնի խաչը անվանում են Թ․֊յի խաչումը։ Շղթայից կախված է կանթով խաչը, այլանդակ է Հենքելի խաչը, պապական ոճով է ներկայանում Պապի խաչը, իսկ ռուսական խաչը անվանում են Ղազարոսի խաչ։ Դե, կա նաև Կարմիր Խաչը։ Կապույտները դրանցից բարձր չեն դասվում։ «Երկաթյա խաչը» քեզ կթունավորի, մի հածանավը կխորտակի մյուսը, խաչակրած արշավանքները ինձ կբերեն այլ հավատի, խաչակիր սարդերը խժռում են միմյանց, խաչմերուկների վրա ես խաչակնքվում էի քո հետ, խաչխաչի, խաչաձև հարցաքննությունը, խաչբառը կոչ է անում․ գուշակիր ինձ։ Խաչաձև բարդոցիկի կաթված, ես թեքվեցի, խաչը թողեցի ետևում․ մեջք արեցի խաչված մարզիկին՝ վտանգելով, որ նա ոտքով կհարվածի իմ սրբոսկրին, քանզի ես մոտենում էի Կույս Մարիամին, որն իր աջ ծնկի վրա բռնել էր Հիսուս երեխային։

Օսկարը նստել էր ձախ կողացույցի ձախ անկյունային զոհասեղանի դիմաց։ Մացերատը ուներ դեմքի նույն արտահայտությունը, ինչ հավանաբար ունեցել էր նրա մայրը, երբ 17֊ամյա աղջիկը, օգնելով Տրոիլի մանրուքների կրպակում, կինո գնալու համար փող չուներ, սակայն դրա փոխարեն խորացված զննում էր Աստա Նիլսենի պատկերներով ազդագրերը։

Մարիամը, սակայն, Հիսուսով չէր զբաղվում, նա նայում էր իր աջ ծնկին մոտ մեկ այլ տղայի, որին ես, հետագա սխալներից խուսափելու համար, անմիջապես կանվանեմ Հովհաննես Մկրտիչ։ Երկու տղաներն էլ իմ չափ էին։ Հիսուսը, որպեսզի առավել ճշգրիտ լինեմ, մոտ երկու սանտիմետրով ավելի էր՝ չնայած, համաձայն Սուրբ Գրքի, նա ավելի փոքր էր Մկրտիչից։ Քանդակագործին ակնհայտորեն հաճույք է պատճառել երեքամյա Փրկչին մերկ ու վարդագույն ներկայացնելու հնարավորությունը։ Հովհաննեսի վրա (քանի որ նա արդյունքում հեռացավ անապատ) գցված էր շագանակագույն բրդյա մորթի, որը ծածկում էր նրա կրծքի կեսը, փորը և ցնցուղիկը։

Օսկարը կնախընտրեր գտնվել գլխավոր զոհասեղանի կողքին կամ, առանց երկար մտածելու, խոստովանարանի կողքին, այլ ոչ թե այս երկու տղաների կողքին, որոնք իրենց տարիքին անհամեմատ գիտակից են և դրան ավելացրած սարսափելի նման էին իրեն։ Իհարկե, նրանք ունեին երկնագույն աչքեր և իր շագանակագույն մազերը։ Պակասում էր միայն, որ սափրիչ֊քանդակագործը, նախապես կտրելով պարույրաձև մազափնջերը, երկուսին էլ ապահովեր կուղբի նմանությամբ սանրվածքով, ինչպիսին Օսկարինն էր։

Բայց ես չեմ ուզում առանց պահանջի հապաղել Մկրտիչի կողքին, որը ձախ ցուցամատով խեթկում է մանուկ Հիսուսին, կարծես մտադիր է սկսել համրանքախաղը․ «Մեկ֊երկու․․․ քայլում էին զինվորները․․․»։ Այդ համրանքախաղին մասնակցելու ցանկություն չունենալով՝ ես անմիջապես Հիսուսին կոչում եմ անունով և գալիս հետևության․ երկվորյակ։ Լիովին կարող էր իմ եղբայրը լինել։ Նա իմ հասակն ունի, իմ կառուցվածքը։ Նա նայում էր աշխարհին իմ կոբալտե կապտավուն աչքերով՝ Յան Բրոնսկու աչքերով և, ինչն ինձ առավել շատ էր զայրացնում, ցուցադրում էր նույնիսկ իմ ձեռքերի շարժումները։

Իմ նմանակը վեր էր բարձրացրել գույգ թաթիկները և դրանք բռունցք էր արել այնպիսի ձևով, որ այնտեղ կարելի էր հեշտությամբ ինչ֊որ բան մտցնել, օրինակ, իմ թմբուկի փայտիկները, եթե քանդակագործը կռահեր դա անել, և վարդագույն ազդրերին ամրացներ իմ կարմրասպիտակ թմբուկը՝ կստացվեի ես՝ մարմնավորված Օսկարս, որը նստած էր Աստվածամոր ծնկներին և թմբուկի զարկերով ժողովում էր համայնքը։ Աշխարհում կա շատ բան, ինչի մեջ, որքան էլ այն սուրբ է մեր պատկերացմամբ, ավելի լավ է չխորանալ։

Երեք աստիճանները, որոնք իրենց ետևից բերում էին ուղեգորգը, տանում էին դեպի Կույսի արծաթականաչավուն զգեստավորումը, դեպի Հովհաննեսի ուսերի շոկոլադագույն բրդոտ գազանի մորթին և դեպի հում֊սպիտակ ազդրի գույնի մանուկ Հիսուսը։ Այստեղ էր Մարիամի զոհասեղանը՝ խամրած մոմերով ու տարբեր արժեքի ծաղիկներով։ Կանաչ Աստվածամոր, շագանակագույն Հովհաննեսի, վարդագույն Հիսուսի ծոծրակներին կպած էին ափսեի մեծության լուսապսակներ։ Նրբաթերթ ոսկին մեծացնում էր ափսեների արժեքը։

Եթե զոհասեղանի դիմաց այդ երեք աստիճանները չլինեին, ես երբեք այնտեղ չէի բարձրանա։ Սակայն աստիճանները, սակայն դռան բռնակները, սակայն ցուցափեղկերը Օսկարին այդ ժամանակ ներս էին տանում դեպի գայթակղությունը։ Նույնիսկ այսօր ևս, երբ նա, թվում է, լիովին կարող է բավարարվել պետական մահճակալով, նրանք անտարբեր չեն թողնում նրան։

Ահա և նա, այդ ամբողջ ժամանակ ուղեգորգի վրայից մի կողմ չգնալով, թույլ էր տալիս, որպեսզի յուրաքանչյուր աստիճան գայթակղի իրեն դեպի հերթականը։ Արձանները Մարիամի զոհասեղանին շատ մոտ էին և Օսկարին հնարավորություն էին տալիս մատների ոսկրիկներով, մասամբ քամահրական, մասամբ երկյուղածությամբ տկտկացնել եռյակին։ Իսկ նրա եղունգներին հաջողվեց իրականացնել քերում, որը մերկացնում է ներկի տակի գիպսը։ Կույսին պատած դարսվածքները ոլորվում էին, իջնում մինչև նրա մատների ծայրը, ամպերի շղթայի վրա։ Կույսի փոքր֊ինչ նկատելի թողնված սրունքը հանգեցնում էր այն մտքին, որ քանդակագործը նախ ծեփակերտել է մարմինը և միայն հետո է այն երեսպատել դարսվածքներով։

Ողջ ձմեռը նրա մայրը ջանքեր էր գործադրում, որպեսզի խոստովանության միջոցով ըմբռնի Յանի հետ սեփական հարաբերությունները։ Եվ այդ իսկ պատճառով Օսկարը բավականաչափ ժամանակ և բավականաչափ շաբաթ օրեր ունեցավ, որպեսզի կշռադատի իր պլանավորված գործողությունը, նզովի այն, արդարացնի, նորից պլանավորի, բոլոր կողմերից լուսաբանի և արդյունքում մերժելով բոլոր նախորդ պլանները, պարզապես այն իրականացնի չարչարանաց երկուշաբթի օրը աղոթք֊զրույցի օգնությամբ։

Քանի որ մայրիկս ցանկություն էր հայտնել խոստովանել մինչև զատկային իրարանցման ամենաթեժ պահը՝ օրը, նա չարչարանոց երկուշաբթի երեկոյան բռնեց իմ ձեռքը և Լաբեսվեգի միջով տարավ Էլզենշտրասե փողոցի նոր առևտրի շուկայի անկյունը, այնուհետև՝ Ոլգեմուտի մսի կրպակի կողքով դեպի Մարիենշտրասե, Քլյայնհամմերպարկի մոտից թեքվեց ձախ, երկաթգծերի տակի անցումով, որտեղ մշտապես վերևից ինչ֊որ դեղին ու գարշելի բան էր ծորում դեպի Քրիստոսի Սիրտը եկեղեցին, որը տեղակայված է երկաթուղային պատնեշի դիմաց։

Մենք ուշ տեղ հասանք։ Խոստովանարանի դիմաց սպասում էին միայն երկու ծեր կին և մեկ էլ մի վեհերոտ երիտասարդ։ Եվ մինչ մայրս տրվում էր իր մեղքերի մասին մտքերին՝ նա մեղքերի ցուցակը թերթում էր այնպես, ինչպես թերթում են շտեմարանի մատյանը՝ թքոտելով բութ մատը, հարկային հայտարարագիրը լրացնելիս ես դուրս պրծա կաղնեփայտ նստարանի գրկից և, ձգտելով Քրիստոսի Սիրտը եկեղեցու և խաչի վրայի մարզիկի աչքին չընկնել, անհետացա դեպի ձախ կցաշինության միջի զոհասեղանը։ Չնայած պետք էր գործել արագ, սակայն ես գործը գլուխ չբերեցի առանց ոլորապտույտների։

Նա, ով հրաշք է ուզում, պետք է զինվի համբերությամբ։ Ահա ես էլ սպասում էի և սկզբնական շրջանում դա անում էի համբերատարությամբ, սակայն հնարավոր է, որ առանց անհրաժեշտ համբերության, քանզի որքան շատ էի կրկնում «Բոլորի աչքերը քեզ են ապավինում» բառերը, իմ մտադրություններին համապատասխան, աչքերը փոխարինելով ականջներով, այնքան իր աղոթքի նստարանի վրա նստած Օսկարը ավելի մեծ հիասթափություն էր ապրում։ Ճիշտ է, նա Աստծուն տարատեսակ հնարավորություններ են ընձեռում, փակում իր աչքերը, որպեսզի վերջինս ավելի արագ խիզախի, թող որ դեռ ոչ հմուտ, սկսի, քանի որ ոչ ոք նրան չի հետևում։ Սակայն ի վերջո երկրորդ «Հավատում եմ»֊ից հետո, հետո Հայր, Արարիչ, տեսանելի ու անտես, միածին Որդուն Հորից, իրականը իրականից, բեղնավորված, չարարված, նա և Հայրը՝ մեկ է, նրա միջով, նա իջավ հանուն ձեզ ու մեր անվան։ Կերպարանք ընդունեց, լքեց, եղավ և նույնիսկ կար, ներքևում նա թաղվեց, կենդանացավ, ինչպես Աստվածի, համբարձվեց, գահակալում է Աստծո աջ կողմում և դատ է իրականացնում, և դատված կլինեն հանգուցյալները, վերջ չկա, հավատում եմ, նրանց հետ է նա, միաժամանակ, ասվեց, հավատում եմ, միասնական սուրբ կաթոլիկ․․․

Ոչ, այստեղ ես միայն կաթոլիցիզմի հոտն էի զգում։ Սակայն այդ հոտն էլ ինձ հարկավոր չէր, ես ծարավ էի այլ բանի․ ես ուզում էի լսել իմ թիթեղին, Հիսուսը պարտավոր էր ինձ համար մի ինչ֊որ բան կատարել, փոքրիկ ցածրաձայն հրաշք։ Պարտադիր չէր, որ նա ողջ թափով առաջ վազող առաջնորդական տեղապահ Ռաշցեյայի հետ նորին բարեկրոնություն Վինկեի հետ միասին, որը հրաշքի ուղղությամբ հնոցով իր ետևից ճրագուի հետ քարշ է տալիս արձանագրությունները դեպի եպիսկոպոսարան, դեպի Օլիվա, եպիսկոպոսյան արձանագրության հետ մեկտեղ Հռոմի ուղղությամբ, դառնալ ամպրոպ, ոչ, այստեղ ես պատվախնդրություն չունեի, և Օսկարը չէր ուզում, որ իրեն սրբերի շարքը դասեն։ Նա սակայն ուզում էր փոքրիկ, զուտ անձնական հրաշք, որպեսզի տեսներ ու լսեր, որպեսզի մեկընդմիշտ որոշեր, թե ինչպես ինքը՝ Օսկարը, թմբկահարի կողմ կամ դեմ, որպեսզի ի լուր ամենքի, թե երկնագույն աչքերով երկու միաձու երկվորյակներից որ մեկը պետք է ապագայում պահպանի Հիսուս համարվելու իրավունքը։

Ես նստել ու սպասում էի։ Ինձ անհանգստացնում էր, որ մայրիկս այդ ընթացքում հավանաբար մտել էր խոստովանարան և արդեն ետևում էր թողել վեցերորդ պատվիրանը։ Մշտապես եկեղեցիներով մեկ ոտքերը քարշ տալով քայլող փոքրիկ ծերունին, ոտքերը քարշ տալով, անցավ գլխավոր զոհասեղանի կողքով և, ի վերջո, նրա կողքով, ինչը որ ձախ կցաշինությունում էր, ողջունեց մանուկի հետ Աստվածամորը, միգուցե, նույնիսկ տեսավ թմբուկը, սակայն չհասկացավ, թե դա ինչ է ու՝ ընթացքի ժամանակ մեծանալով, գնաց առաջ։

Ժամանակը գնում էր, իսկ Հիսուսը թմբուկին չէր հարվածել։ Երգչախմբի կողմից ես ձայներ լսեցի։ Չլինի՞ թե այնտեղ նրանց խելքներին փչի երգեհոնի վրա նվագել, անհանգստացա ես։ Նրանց շատ չկա, նախազատիկային երգչախմբային փորձ կկազմակերպեն, և այն ժամանակ նրանք իրենց ամպրոպով ու որոտով կխլացնեն մանուկ Հիսուսի հենց նոր միայն սկսվելիք թմբկահարումը։

Սակայն նրանք չսկսեցին երգեհոն նվագել։ Հովհաննեսը սկսեց թմբկահարել։ Հրաշք տեղի ունեցավ, և ես ծնկներս ճտտացնելով վեր բարձրացա բարձիկների վրայից և, քարշ գալով, մռայլ ու դժգոհ քայլեցի ուղեգորգի վրայով և քարշ էի գալիս աստիճանից աստիճան, չնայած այս անգամ արդեն նախկին աղոթքները չկրկնելով, բարձրացա ամպերի շղթայի վրա՝ ընդ որում շուռ տալով որոշ քանակությամբ չափավոր գնի ծաղիկներ, նպատակ հետապնդելով այդ մերկ հիմարից վերցնել իմ թմբուկը։

Այսօր ես կարող եմ պարզորոշ ասել և կրկին ու կրկին կրկնում եմ․ ես սխալ թույլ տվեցի, երբ որոշեցի նրան սովորեցնել։ Սակայն ինչը ինձ դրդեց նախ նրա ձեռքից խլել փայտիկները՝ թմբուկը թողնելով նրա մոտ, որպեսզի այդ փայտիկներով սկզբում հազիվ լսելի, հետո, անհամբեր ուսուցչի պես, խրատեի կեղծ Հովաննեսին՝ ինչ֊որ բան նվագելով և հետո կրկին փայտիկները խցկեի նրա ձեռքերի մեջ, որպեսզի նա կարողանար ցույց տալ, թե ինչ սովորեց Օսկարից։

Մինչ ես կհասցնեի, լուսապսակը խնայելով, բոլոր աշակերտներից ամենաընդունակի ձեռքից խլել փայտիկներն ու թմբուկը, իմ թիկունքում հայտնվեց նորին բարեկրոնություն Վինկեն՝ իմ թմբկահարությունը լայնությամբ ու բարձրությամբ լցրել էր եկեղեցին, իմ թիկունքում հայտնվեց առաջնորդական տեղապահ Ռաշցեյան, իմ թիկունքում հայտնվեց մայրիկս։ Իմ թիկունքում հայտնվեց փոքրիկ ծերուկը, և առաջնորդական տեղապահը ինձ թափով քաշեց, և նորին բարեկրոնությունը ինձ ապտակեց, իսկ մայրիկս լաց եղավ ինձ վրա։ Եվ Նորին բարեկրոնությունը ինձ շշուկով կոչ արեց, և ծնկների վրա ընկած առաջնորդական տեղապահը վեր ելավ ծնկաչոք դիրքից, Հովհաննեսի ձեռքից խլեց փայտիկները, փայտիկների հետ ևս մեկ անգամ ընկավ ծնկների վրա, վեր թռավ՝ թմբուկի ետևից, վերցրեց թմբուկը, վնասեց լուսապսակը, կոտրեց ամպի մի կտորը և ծնկների վրա, մեկ անգամ ևս ծնկների վրա աստիճաններով գլորվեց ետ՝ չցանկանալով ինձ վերադարձնել թմբուկս, դարձրեց ինձ ավելի չար, քան ես կայի, ստիպեց ինձ ոտքով հարվածել Նորին բարեկրոնությանը, ամաչեցնել մայրիկիս, որն իսկապես էլ ամաչեց, որովհետև ես հարվածում էի ոտքով, կծում, ճանկռոտում։ Ի վերջո դուրս պրծա Նորին բարեկրոնության, առաջնորդական տեղապահի, մայրիկիս, փոքրիկ ծերունու ձեռքերից, հայտնվեցի գլխավոր զոհարանի դիմաց, զգացի, թե ինչպես է իմ մեջ վարգում սատանան, և ինչպես այն ժամանակ մկրտվելիս լսեցի նրա ձայնը․ «Օսկար, ― շշնջում էր սատանան, ― դու միայն նայիր, ամենուր պատուհաններ են և բոլորը՝ ապակուց, անխտիր ապակուց»։

Եվ մարզիկից վեր խաչի վրա, իսկ մարզիկը նույնիսկ չցնցվեց, ես իմ երգով խոցեցի կցաշինության երեք բարձր պատուհանները, որոնք կարմիր, դեղին և կանաչ ֆոնի վրա պատկերում էին տասներկու առաքյալներին։ Սակայն ո՛չ Մարկոսի և ո՛չ էլ Մաթեոսի վրա ես նշան չէի բռնել։ Այլ նշան էի բռնել նրանց գլխավերևի աղավնու վրա, որը կանգնել էր գլխիվայր ու տոնում էր երրորդությունը, և Սուրբ Հոգու վրա էի ես նշան բռնել։ Սկսեցի թռթռացնել, իմ ալմաստով մտա թռչունի դեմ մենամարտի մեջ՝ ե՞ս էի արդյոք պատճառը։ Թե՞ մարզիկը, որը դեմ էր, քանի որ նա չցնցվեց։ Թե՞ կատարվեց հրաշք, սակայն ոչ ոք դա չցանկացավ։ Նրանք տեսնում էին, թե ինչպես եմ ես դողում և անձայն սլանում դուրս։ Բոլորը իմ պահվածքը մեկնաբանեցին, բոլորը, մայրիկիցս բացի, որպես աղոթք, մինչդեռ ես ուղղակի ուզում էի բեկորներ ստանալ։ Սակայն Օսկարը ձախողվեց, նրա ժամանակը դեռ վրա չէր հասել։ Եվ ես ընկա սալիկների վրա և բարձրաձայն լաց եղա, որովհետև Հիսուսը ձախողվեց, որովհետև Օսկարը ձախողվեց, որովհետև Նորին բարեկրոնությունն ու Ռաշցեյան ինձ ճիշտ չհասկացան, սկսեցին ինչ֊որ բան փնթփնթալ զղջման մասին։ Չձախողվեց միայն մայրիկս։ Նա իմ արտասուքները հասկացավ՝ չնայած թվում էր, թե պետք է ուրախանար, որ տեղի ունեցածն ավարտվեց առանց բեկորների։ Եվ այստեղ մայրիկս բռնեց ձեռքիցս, առաջնորդական տեղապահին խնդրեց վերադարձնել թմբուկն ու փայտիկները, Նորին բարեկրոնությանը խոստավավ վնասները փոխհատուցել, իսկ արդյունքում նրանցից ստացավ (ես թույլ չտվեցի, որ նա ավարտեր իր խոստովանությունը) թողություն։ Օսկարին ևս մի քիչ վերին օրհնություն բաժին ընկավ, սակայն դա ոչինչ չէր ասում իմ սրտին։

Մինչ մայրիկս ձեռքերի վրա ինձ դուրս էր բերում եկեղեցուց, ես մատներիս վրա հաշվում էի․ այսօր՝ երկուշաբթի է, վաղը՝ Չարչարանաց երեքշաբթին, չորեքշաբթի, Մաքուր հինգշաբթի, հետո Չարչարանաց ուրբաթը՝ այստեղ էլ նրա վերջը կգա։ Նրա, ով չի կարողանում նույնիսկ թմբկահարել, որն ինձ համար նույնիսկ բեկորները ափսոսաց, որը նման է ինձ և, սակայն, իսկական չէ, որը պետք է իջնի գերեզման, իսկ ես կարող եմ շարունակ թմբկահարել ու թմբկահարել, սակայն այլևս երբեք հրաշք չեմ կամենա։


Հյուրասիրություն չարչարանց ուրբաթ օրը

Երկակի՝ ահա սա է հարմար բառը, որով կարելի է նշանակել Չարչարանաց երկուշաբթու և Չարչարանաց ուրբաթի միջև ընկած ժամանակահատվածում իմ զգացմունքները։ Մի կողմից ես զայրանում էի գիպսից պատրաստված մանուկ Հիսուսի վրա, որը չէր ցանկանում թմբկահարել, մյուս կողմից, այնուամենայնիվ, թմբուկը մնաց ինձ մոտ։ Եթե մի կողմից իմ ձայնը եկեղեցու պատուհանների դեմ անզոր գտնվեց, ապա մյուս կողմից Օսկարը, տեսնելով անվնաս ու խայտաբղետ ապակիները, պահպանեց կաթոլիկական հավատի այն մնացորդները, որոնք դեռ պետք է բավական մեծ թվով հուսահատ սրբապղծությունների դրդեին։

Շարունակենք, սակայն, այդ երկակիության մասին խոսակցությունը, թեկուզ և ինձ մի կողմից բախտ էր վիճակվել եկեղեցուց վերադրձի ճանապարհին փորձի համար երգելով կտրտել մի ինչ֊որ ձեղնահարկի պատուհանը, իմ ձայնի հաջողությունները առօրյայի հանդեպ սաստկացնում էր սրբազան ոլորտում ձախողման դառը գիտակցումը։ Երկակի՝ այսպես ես արտահայտվեցի։ Եվ այդ կոտրվածքը, որը ենթակա չէր բուժման, պահպանվեց և խորը բացված է նաև այսօր, երբ ես այլևս չեմ պատկանում ոչ սրբազանությանը, ոչ առօրեականությանը, այլ հակառակը, մշտապես կենում եմ ինչ֊որ տեղ մի կողմում, հատուկ բժշկական հաստատությունում։

Մայրիկս վճարեց աջ զոհասեղանին հասցված վնասը։ Զատկական առևտուրը բավականաչափ հաջող էր ընթանում՝ չնայած Չարչարանաց ուրբաթ օրը Մացերատը, լինելով բողոքական հավատքի տեր անձ, հրամայեց կրպակը փակել։ Մայրիկը, որը սովորաբար կարողանում էր իր ասածի վրա պնդել, ամեն անգամ Չարչարանաց ուրբաթ օրերին զիջում էր, կրպակը փակում, սակայն փոխարենը, արդեն որպես կաթոլիկ, պնդում էր Քրիստոսի մարմնի տոնի ժամանակ գաղութային ապրանքների կրպակը փակելու։ Նաև պնդում էր պերսիլի, Հաագ սուրճի տուփերը փոխարինել Կույս Մարիամի լուսավորված խայտաբղետ պատկերով, ինչպես նաև Օլիվա շքերթին մասնակցել։

Գոյություն ուներ մի նկար, որի մի կողմում կարելի է ընթերցել․ «Փակ է Չարչարանած ուրբաթ օրվա առիթով»։ Նկարի մյուս կողմը հայտնում էր․ «Փակ է Քրիստոսի մարմնի տոնի առիթով»։ Այն Չարչարանաց ուրբաթ օրը, Չարչարանաց երկուշաբթուն հաջորդած առանց թմբուկի և առանց ձայնի մեջ ալմաստի առաջին ուրբաթը։ Մացերատը ցուցափեղկում կախեց «Փակ է Չարչարանաց ուրբաթ օրվա առիթով» նկարը, և մենք տրամվայով մեկնեցինք Բյորզեն։ Վերը օգտագործած խոսքին ևս մեկ անգամ վերադառնալու նպատակով Լաբեսվիգը ևս երկակի տեսք ուներ․ բողոքականները գնում էին եկեղեցի, իսկ կաթոլիկները նույն ժամանակ լվանում էին պատուհանները և ետին բակերում թափ էին տալիս, թեկուզ մասնակիորեն գորգի նմանվող, ամեն ինչը այնպիսի ուժով և այնպիսի դղրդյունով, որ կարելի էր մտածել, թե եկամտային տների բոլոր բակերով մեկ աստվածաշնչյան ստրուկները միաժամանակ բազմակի անգամ բազմացած Փրկչին մեխում էին բազմակի անգամ բազմացած խաչին։

Իսկ մենք, գորգերի ետևում թողնելով գորգեր թափ տալը, որը տեղեկացնում էր Տերունական կրքերի մոտեցման մասին, սովորական կազմով՝ մայրիկս, Մացերատը, Յան Բրոնսկին ու Օսկարը, նստեցինք 9֊րդ համարի տրամվայը և մեկնեցինք Բրոյզեներվեգի երկայնքով, օդանավակայանի կողքով, հին և նոր բանակային հրապարակի կողքով։ Զասպե գերեզմանատան ուղեփոխ սլաքի մոտ սպասեցինք Նյորֆարվասեր֊Բրյոզենի հանդիպակաց տրամվային։ Մայրիկը սլաքի մոտ սպասումը օգտագործեց, որպեսզի մեզ տեղյակ պահի իր մի շարք նկատառումների մասին, որոնք չնայած արտահայտվեցին ժպիտով, սակայն այնպիսի ոճով, որը վկայում էր կյանքից հայտնի հոգնածության մասին։ Լքված փոքրիկ գերեզմանաքարերը, որտեղ հանգուցանման սոճիների տակ լայնքով ու երկայնքով տարածվել էին անցյալ դարի մամռապատ, քարե սալերը, մայրս անվանեց չքնաղ, ռոմանտիկական և հմայքով լի։

― Ահա թե որտեղ ես կցանկանայի պառկել, եթե մինչ այդ այն չփակեն, ― երազանքներին անձնատուր եղավ մայրս։ Մացերատը սակայն գտավ, որ հողը չափից դուրս ավազոտ է, բացասաբար արտահայտվեց մնացած ողջ բուսականությանը սպանած խուլ վարսակի և կաթնբեկի մասին։ Յան Բրոնսկին իր կողմից ավելացրեց, որ օդակայանից եկող աղմուկը և գերեզմանատան մոտ հանգուցավոր սլաքի վրա բաժանվող տրամվայները անխուսափելիորեն կխանգարեն հովվերգական այս վայրի հանգիստը։

Հանդիպակաց տրամվայն անցավ մեր մոտով, մեքենավարը երկու անգամ զանգ տվեց, և մենք, ետևում թողնելով Զասպեն ու զասպենյան գերեզմանատունը, շարժվեցինք Բրյոզենի ծովային առողջարանի կողմը, որն այդ եղանակին, մարտի վերջին մի տեսակ տկարացած և վհատ տեսք ուներ։ Կրպակները խփված են մեխերով, հավաքասրահում մեխված են պատուհանները, կամրջակների վրայից հանված են դրոշակները, լողարանում թվով քսանհինգ դատարկ խցիկներն են։ Ջերմաստիճանը ցույց տվող տախտակի վրա դեռ անցյալ տարվա կավճի հետքերն են․ օդը՝ քսան, ջուրը՝ տասնյոթ, քամին՝ հյուսիս֊արևելյան, կանխատեսումը՝ փոփոխական ամպամածություն։

Սկզբում մենք մտածում էինք ոտքով հասնել մինչև Գլետկաու, սակայն հետո, առանց որևէ քննարկումների, հանկարծ գնացինք ուղիղ հակառակ ուղղությամբ, դեպի ծովապատնեշ, Բալթիկ ծովը լայնորեն ափ էր գլորում ծուլորեն լպստած ավազը։ Մինչև նավահանգստի մուտքը, որտեղ մի կողմում սպիտակ փարոսն էր, իսկ մյուսում՝ նավավարական դիտանցքը, ոչ մի մարդ չէր երևում։ Նախորդ օրը տեղացած անձրևը ավազի վրա հարթ նախշ էր նկարել, և շատ հաճելի էր այն խախտելը՝ նրա վրա բոբիկ որքերի հետքերը թողնելով։ Մացերատը հավաքում էր ծովի կողմից լպստած մետաղադրամի մեծության աղյուսի բեկորները, դրանք նետում, որպեսզի թռչեն կանաչ ջրի վրայով՝ ընդ որում բավական մեծ փառամոլություն ցուցաբերելով։ Յան Բրոնսկին, որն այդչափ հմուտ նետող չէր, նետումների միջև ընկած ժամանակահատվածներում սաթ էր որոնում, գտավ պատահած մի քանի կտորներ, մեկը նույնիսկ բալի կորիզի չափ, ինչը և մատուցեց մայրիկիս, որն ինձ պես ոտաբոբիկ վազում էր կարծես իր հետքերի հանդեպ սիրուց՝ մերթընդմերթ ետ նայելով։ Արևը բավական զուսպ էր տաքացնում։ Եղանակը զով էր, առանց քամու և պարզ, այնպես, որ կարելի էր հորիզոնում տեսնել երիզը, որը նշում էր Հելա թերակղզին, և էլի երկու֊երեք անհետացող ծխի պոչիկներն ու տախտակամածային կառույցները, առևտրական շոգենավը, որը թռչկոտելով հաղթահարում էր հորիզոնի գիծը։

Հերթականությամբ, անհավասարաչափ ժամանակահատվածների ընդմիջումներով, մենք մոտեցանք առաջին գրանիտե մեծաբեկորներին, որոնք ընկած էին ծովապատնեշի լայն հիմքի մեջ։ Մայրիկը և ես կրկին հագանք գուլպաներն ու կոշիկները։ Մայրիկս օգնեց ինձ կապիչները ամրացնել, իսկ Յանը և Մացերատը, արդեն ծովապատնեշի անհարթ մակերեսի վրայով քարից քար թռչելով, գնում էին ծովի ուղղությամբ։ Ջրիմուռների քերված մորուքները անկանոն դուրս էին ցցվել ծովապատնեշի հիմքի վրայի քարերի արանքից։ Օսկարը կցանկանար դրանք սանրել։ Սակայն մայրիկս բռնեց իմ ձեռքը, և մենք վազեցինք տղամարդկանց հասնելու համար, որոնք գնում էին առջևից և աշակերտների պես թռչկոտում էին։ Ամեն քայլափոխին թմբուկը հարվածում էր իմ ծնկին, սակայն նույնիսկ այստեղ ես չէի ցանկանում, որպեսզի այն ինձանից խլեն։ Մայրիկի հագին կար երկնագույն գարնանային վերարկու արքայամորու գույնի թևքածալերով։ Գրանիտե մեծաբեկորները նրա բարձրակրունկ կոշիկների համար բազմաթիվ դժվարություններ էին առաջացնում։ Ինչպես միշտ կիրակի ու տոն օրերին, ես դես ու դեն էի գնում ոսկե խարսխաձև կոճակներով իմ նավաստու վերարկուով։ Գրեթխեն Շեֆլերի հուշանվերների պահուստից «Զայդլից» գրությամբ հին ժապավենը պաստառում էր իմ անհովհար գլխարկը և քամու տակ կկրթկրթար, եթե, իհարկե, գոնե ինչ֊որ չափ քամի լիներ։ Մացերատը արձակեց շագանակագույն վերարկուն։ Յանը, ինչպես միշտ, պերճաշուք էր իր երփներանգ թավշե օձիքով, ուլստերը հագին։

Մենք գրեթե հասանք ծովապատնեշի ամենավերջում գտնվող նավավարական դիտանոցին։ Դիտանոցի տակ նստած էր բեռնակրի գլխարկով ու բամբակե շալվարով մի ծեր տղամարդ։ Նրա կողքին ընկած էր մի պարկ, որն անընդհատ ցնցվում ու շարժվում էր։ Իսկ մարդը, որն ամենայն հավանականությամբ Բրյոզենից կամ Նոյֆարվասերից էր, բռնել էր սպիտակեղենի պարանի ծայրը։ Ծովային խոտով պատված պարանը հեռանում էր դեպի Մոտլաուի նեխահոտ ջուրը, որը դեռ վճիտանալ չհասցրած և առանց ծովի ալիքների օգնության, գետաբերանի մոտ խփվում էր ծովապատնեշին։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է այդ մարդը ձուկ բռնում սովորական սպիտակեղենի պարանի օգնությամբ և ակնհայտորեն առանց լողանի։ Մայրիկս այդ հարցը տվեց բարեհոգի հեգնանքի տոնով և նրան հորեղբայր անվանեց։ Հորեղբայրը՝ թութունից դեղնած ատամները ցույց տալով, խեժով պատված գրանիտե սալիկների ուղղությամբ, ուր փրփուրի տեսքով խաղում էին ալիքները և դրանց գրեթե դիպչելով՝ ճախրում էին ճայերը։

Մենք արդեն պատրաստվում էինք հեռանալ, քանի որ ծովապատնեշի վրա ցուրտ էր, և արևն էլ ամենևին չէր տաքացնում, սակայն այդ պահին բեռնակիրի գլխարկով մարդը սկսեց քիչ֊քիչ դուրս քաշել պարանը։ Միևնույն է, մայրիկս ուզում էր հեռանալ, սակայն Մացերատին հնարավոր չէր տեղից շարժել։ Ինչպես և Յանը, որը սովորաբար ենթարկվում էր մորս բարձրաձայն ասված բոլոր ցանկություններին, այս անգամ համառություն ցուցաբերեց, դե իսկ Օսկարի համար միևնույն էր, կգնա՞նք մենք, թե՞ կմնանք։ Բայց քանի որ մենք դեռ մնում էինք, ես դիտում էի։ Մինչ բեռնակիրը հավասարաչափ ձգումներով դուրս էր բերում պարանը և ամեն անգամ ձգելիս, ծնկների միջև սեղմելով, այն մաքրում էր ջրիմուռներից, ես համոզվեցի, որ առևտրական բեռնանավը, որի վերնակառույցները ընդամենը մի կես ժամ առաջ հազիվ էին երևում հորիզոնի այն կողմից, փոխել էր ընթացքը և այժմ մտնում էր նավահանգիստ։ Քանի որ նա այդպիսի թաղվածք ունի, նշանակում է, հանքաքարով բարձված շվեդ է, կռահեց Օսկարը։

Սակայն, երբ բեռնակիրը դանդաղ վեր բարձրացավ քարերի վրայից, ես շվեդից շեղվեցի։

― Հլը մի նայեք, ինչ է դրա հետ։

Նա դա ասաց Մացերատին, որը չնայած ոչինչ չէր հասկանում, սակայն պատրաստականությամբ համաձայնվեց։ Անընդհատ այդ բառերը կրկնելով՝ բեռնակիրը շարունակում էր դուրս քաշել պարանը՝ չնայած այժմ արդեն ճիգ թափելով, այնուհետև նա քարերի վրայով, իջավ ներքև, դեպի պարանը։ Ոտքերը լայնակի տեղադրելով, ձեռքերը գրանիտե մեծաբեկորների արանքով մտցրեց (մայրիկս չհասցրեց ժամանակին շրջվել) ծովախորշի խլթխլթացող ջրի մեջ։ Փնտրեց, շոշափեց, գտավ, բռնեց ու բարձրաձայն պահանջելով մի կողմ քաշվել, ինչ֊որ մի թաց ու ծանր բան նետեց, կյանքով փոթորկվող ինչ֊որ բան մեր դիմաց՝ գետնին․ ձիու գլուխ, թարմ, բացարձակապես իրականի պես, սևաթույր նժույգի գլուխ, այսինքն՝ սևաբաշ ձիու, որը դեռ երեկ չէ առաջին օրը, հնարավոր է, բարձրաձայն խրխնջում էր, որովհետև նա, այդ գլուխը, ամենևին չէր քայքայվել, և գարշահոտ չէր արձակում։ Նրանից թերևս միայն գետաջրի հոտ էր գալիս, սակայն ծովապատնեշի վրա այդ հոտը գալիս էր ամեն ինչից։

Եվ ահա արդեն գլխարկով մարդը կանգնած է՝ լայն բացված ոտքերը դրած ձիու մնացորդների կողքերին, որից մոլեգին դուրս են պրծնում բաց կանաչ փոքրիկ օձաձկները։ Բեռնակիրը ոչ առանց դժվարության բռնում է դրանք, որովհետև օձաձկները արագ ու ճարպկորեն սահում էին ողորկ ու դեռ թաց քարերի վրայով։ Դրան գումարած՝ անմիջապես նրանց գլխավերևում էին հայտնվում ճայերը՝ իրենց սովորական ճիչով։ Նրանք թեթևորեն, երեք֊երեք, չորս֊չորս վրա էին պրծնում, ճանկում էին փոքր կամ միջին չափի օձաձկանը, և նրանց դեն քշելու ոչ մի հնարավորություն չկար, որովհետև ծովապատնեշը նրանց էր պատկանում։ Սակայն բեռնակրին, որը նետվեց ճայերի արանքը, հաջողվեց մոտ 20֊25 օձաձուկ գցել իր պարկի մեջ Մացերատի օգնությամբ, որը սիրում էր ցույց տալ, թե պատրաստ է օգնության հասնել։ Եվ այդ իսկ պատճառով Մացերատը չէր կարող տեսնել, որ մայրիկիս դեմքը հանկարծ դարձավ դեղնասպիտակավուն, որ նա նախ ձեռքը, և հետո ընդհանրապես գլուխը դրեց Յանի թավշյա օձիքի վրա։

Սակայն երբ բոլոր մանր ու միջին օձաձկները իրար ետևից հայտնվեցին պարկի մեջ, իսկ բեռնակիրը, որի գլխից այդ արարողակարգի ընթացքում մի կողմ էր ընկել գլխարկը, սկսեց սատկած գլխի միջից սեղմելով դուրս բերել ավելի մեծ, մգոտ օձաձկների, մայրիկը վերջնականապես ստիպված եղավ նստել։ Յանը նույնիսկ ուզում էր մի կողմ շրջել նրա դեմքը, սակայն նա չընկրկեց, նա շարունակեց անշարժ ու բութ հայացքով աչքերը չռած դիտել այդ օձերի հետ բեռնակրի եռուզեռը։

― Հլը տես, ― տնքում էր նա ժամանակ առ ժամանակ։ ― Հլը ― մի, հլը ― մի։ ― Եվ իր ձկնորսական երկարաճիտք կոշիկի օգնությամբ լայն բաց արեց ձիու բերանը, փայտը դրեց ծնոտների միջև, այնպես, որ կարող էր թվալ, թե իբր ձին է քմծիծաղելով ցույց տալիս անվնաս դեղին ատամները։ Սակայն երբ բեռնակիրը իր երկու ձեռքերը խորը մտցրեց ձիու երախի մեջ և այնտեղից դուրս բերեց առնվազն ձեռքի հաստության, ինչպես նաև երկարության երկու օձաձուկ, միայն այժմ նկատելի դարձավ, որ նրա գլուխը ճաղատ է ու նման ձվի։ Մայրիկս ևս իրարից անջատեց իր ծնոտները, և նա իր միջից դուրս մղեց ողջ նախաճաշը․ հացի կտորների հետ խառնված գնդակերպ սպտակուցն ու դեղնուցի թելիկները կաթով սուրճի շիթի հետ մեկտեղ թափվեցին ծովապատնեշի քարերի վրա։ Դեռ կար ետ տալու ցանկությունը, սակայն նրա միջից այլևս ոչինչ դուրս չեկավ։ Այդքան էլ վատ չէր կերել նա նախաճաշին, քանի որ ուզում էր անպատճառ նիհարել ու հանուն դրա բազմաթիվ դիետաներ էր փորձարկել։ Չնայած դրանցից ոչ մեկը մինչև վերջ չէր պահպանել՝ նա իհարկե թաքուն էր ուտում և միայն մի բանից ոչ մի կերպ չէր կարողանում հրաժարվել՝ կանանց միավորումներում երեքշաբթի օրերի մարմնամարզությունից։ Չնայած Յանը և նույնիսկ Մացերատը ծիծաղում էին նրա վրա, երբ թղթե փաթեթի մեջ դրված մարզահագուստը հետը վերցնելով, հեռանում էր այդ կապույտ, փայլուն հագուստներով ծիծաղելի մորաքույրների մոտ և լախտով վարժություններ էր կատարում, միևնույն է չէր նիհարում։

Ահա այդ անգամ ևս մայրս ծովապատնեշի քարերի վրա ետ տվեց ոչ ավելի քան կես ֆունտ, սակայն ավելի նիհարել նրան չհաջողվեց։ Կանաչ մաղձից բացի, նրա ներսից ոչ մի այլ բան դուրս չէր թռչում, իսկ այդ պահին հայտնվեցին ճայերը, երբ նա նոր էր սկսել խեղդվել։ Ճարպոտ, ողորկ ճայերը պտտվում էին ավելի ու ավելի ցած, ընկնում էին ներքև, կռվում էին մայրիկի նախաճաշի համար, թույլ չէին տալիս իրենց քշել, սակայն ո՞վ պիտի նրանց քշեր, եթե Յան Բրոնսկին ինքն էր նրանցից վախենում և նույնիսկ ձեռքերով փակել էր իր գեղեցիկ երկնագույն աչքերը։

Սակայն Օսկարին ևս, երբ նա փորձեց ընդդեմ ճայերի առաջ քաշել իր թմբուկը, երբ սպիտակ լաքի վրա թմբկահարելով սկսեց ճերմակության դեմ իր պատերազմը, նրանք չենթարկվեցին, նրա թմբուկը իսկի չօգնեց, առավելագույնը այն ճայերին դարձրեց ավելի ճերմակ։ Դե իսկ Մացերատը, նա ընդհանրապես հոգ չէր տանում մայրիկիս մասին։ Նա ծիծաղում էր, քծնում բեռնակրին, իրեն որպես ամուր նյարդերի տեր մարդ էր ներկայացնում, իսկ բեռնակիրը իր գործը գրեթե ավարտեց և վերջում ձիու ականջի միջից մի մեծ օձաձուկ հանեց։ Օձաձկան հետ մեկտեղ դուրս թողեց ձիու ուղեղի սպիտակ շիլան։ Չնայած Մացերատն ինքը սրտախառնոցից դարձավ կանաչավուն, սակայն չդադարեց հոխորտալ և բեռնակրից գրեթե ձրի ետ գնեց երկու օձաձուկ և հետն էլ փորձում էր գինն իջեցնել։

Այստեղ ես չէի կարող Յան Բրոնսկուն չգովել։ Թեև նա ինքը այնպիսի տեսք ուներ, կարծես ուր որ է պետք է լաց լինի, սակայն օգնեց, որ մայրիկս ուղղվի՝ մի ձեռքով գրկելով նրա թիկունքից, մյուսով՝ դիմացից ու տարավ մի կողմ։ Դա կողքից ծիծաղելի էր դիտվում, քանզի մայրիկս իր բարձր կրունկների վրա ծովափի ուղղությամբ ոտքերը քարշ էր տալիս քարից քար, ամեն քայլին նրա ոտքերը ծալվում էին, սակայն նրան հաջողվեց իր ոչ մի տեղը չկոտրել։

Օսկարը մնաց բեռնակրի ու Մացերատի հետ, քանի որ բեռնակիրը, քիչ ավելի շուտ իր գլխարկը երկրորդ անգամ գլխին բարձրացնելով, մեզ մանրամասն բացատրեց, թե ինչու է կարտոֆիլի պարկը լցված կիսով չափ կոպիտ աղացած աղով։ Այսպիսով պարկի միջի աղը ծառայում էր նրան, որ իր մեջ ներծծեր օձաձկների մաշկի լորձը։ Քանի որ աղի մեջ ընկնելիս օձաձկներն անդադար շարժվում են, ողջ լորձը փոխանցվում է աղին այնքան ժամանակ, մինչև իրենք չքնեն։ Այդպես են վարվում, երբ պատրաստվում են հետագայում դրանք ապխտել։ Ճիշտ է, դա արգելում է ոստիկանությունը, և կենդանիների պաշտպանության միությունըը՝ նույնպես, սակայն առանց աղի գործը գլուխ չի գա։ Այլ կերպ ինչպես մաքրել օձաձկները արտաքին ու նաև ներքին լորձից։ Հետո մահացած օձաձկներին, չոր տորֆով տրորելով, ամբողջությամբ մաքրում են և կախում ապուխտի տակառի մեջ այրվող հաճարենու փայտերի վրա։

Այն, որ օձաձկներին խցկում են աղի մեջ, Մացերատը համարեց շատ խելամիտ։

― Չէ՞ որ նրանք ինքներն են ներս մտնում ձիու գլխի մեջ, ― ասաց նա։

― Նաև հանգուցյալների մեջ, ― լրացրեց բեռնակիրը։ ― Աում են, որ Սկագերակի ճակատամարտից հետո օձաձկները առանձնահատուկ յուղոտ դարձան։

Իսկ իմ հատուկ բժշկական հիմնարկության բժիշկը հենղ մոտ օրերս պատմում էր մի ամուսնացած կնոջ մասին, որը մտադրվել էր ժամանակ անցկացնել կենդանի օձաձկան հետ, իսկ օձաձուկը այնպես էր ատամներով նրանից կառչել, որ ստիպված էին կնոջը ուղարկել հիվանդանոց, և նա այլևս երեխաներ չի ունենա։

Բեռնակիրը պինդ կապեց օձաձկներով ու աղով պարկը և այն գցեց ուսին՝ չնայած պարկի մեջ անընդհատ ինչ֊որ բան էր շարժվում։ Նա իր պարանոցի շուրջը փաթաթեց գործածությունից դուրս մնացած պարանը և քայլեց Նոյֆարվասերի ուղղությամբ։ Այդ պահին էլ առևվտրական նավը մոտեցավ։ Այն ուներ մոտավորապես 1800 տոննա ջրատարողություն, և պարզվեց, որ շվեդական չէր, այլ նույնիսկ լավ էլ ֆիննական, և ոչ թե հանքաքար, այլ անտառանյութ էր բերել։ Պետք է ենթադրել, որ պարկով բեռնակիրը «ֆիննի» վրա ծանոթներ ուներ, նա թափահարեց այդ ժանգոտ տաշտակի ուղղությամբ, և ինչ֊որ բան բղավեց։ «Ֆիննից» նույնպես թափահարեցին և բղավեցին ի պատասխան։ Իսկ թե ինչու Մացերատը թափահարեց և թե ինչո՞ւ բղավեց այնպիսի հիմարություն, ինչպես «Հեյ նավի վրա, ախոյան», ես այդպես էլ չկարողացա հասկանալ։ Չէ՞ որ ծնունդով Ռայնլանդից լինելով, նա ընդհանրապես ոչինչ չէր հասկանում ծովային գործից, և ֆինների շրջանում ոչ մի ծանոթ չուներ։ Սակայն հենց այդպիսին էր նրա սովորությունը․ թափահարել, եթե ուրիշներն են թափահարում, գոռալ, ծիծաղել, ծափ տալ, եթե գոռում են, ծիծաղում են, ծափ են տալիս ուրիշները։ Հենց այդ պատճառով էլ նա համեմատաբար շուտ մտավ կուսակցության մեջ, այն ժամանակ երբ դրա համար առանձնակի անհրաժեշտություն չկար, երբ դա դեռ ոչինչ չէր տալիս, միայն կիրակի առավոտներն էր նրանից խլում։

Օսկարը դանդաղ քայլեց Մացերատի, Նոյֆարվասերից բեռնակրի ետևից՝ հայացքով ճանապարհելով չափից ավելի բարձված նավը։ Ժամանակ առ ժամանակ շրջվում էր, որովհետև բեռնակիրը ձիու գլուխը այդպես էլ գցել էր նավագնացության դիտանոցի տակ։ Սակայն բուն գլուխը այլևս չէր երևում, որովհետև ճայերը բոլոր կողմերից կպել էին նրան։ Սպիտակ, հազիվ նշմարելի մի անցք, որը շրջապատված էր շշականաչավուն ծովով։ Թարմ լվացված ամպիկ, որը պատրաստ է ամեն րոպե խնամքով երկինք խոյանալ, բարձր ճիչերով ծածկելով ձիու գլուխը, որն այժմ ոչ թե խրխնջոց, այլ ճիչ էր արձակում։

Կուշտ նայելուց հետո ես փախա և՛ Մացերատից, և՛ ճայերից, և՛ ընթացքի ժամանակ բռունցքով հարվածում էի իմ թմբուկի թիթեղին, հասա֊անցա բեռնակրին, որն այդ ընթացքում ծովապատնեշի սկզբին մոտ հասել էր Յան Բրոնսկուն և մայրիկիս։ Յանը, ինչպես և դրանից առաջ, գրկել էր մայրիկիս, միայն թե նրա ձեռքերից մեկը այժմ գտնվում էր նրա ծոցից ներքև։ Սակայն Մացերատը չէր կարող տեսնել ո՛չ դա և ո՛չ էլ այն, որ մայրիկս ձեռքը մտցրել էր Յանի շալվարի՝ իր կողմի գրպանը․ նա չափից դուրս հեռու էր մեզանից, և հենց այդ ժամանակ քարերի արանքից վերցրած թերթի մեջ փաթաթում էր չորս օձաձուկ, որոնց նրա խնդրանքով բեռնակիրը նախապես քարով ուշաթափ էր արել։ Մեզ հասած Մացերատը թափահարում էր օձաձկներով փաթեթը և պարծենում էր․

― Մեկ ու կես էր ուզում, սակայն ես նրան մեկ գուլդեն տվեցի, դա էլ շատ էր նրան։

Մայրիկն արդեն ավելի լավ տեսք ուներ, և նրա երկու ձեռքերն էլ աչքի առաջ էին, և նա Մացերատին պատասխանեց․

― Միայն մի երևակայիր, որ ես քո օձաձուկը կուտեմ։ Ես ընդհանրապես կյանքումս այլևս ոչ մի կտոր ձուկ չեմ ուտի, իսկ օձաձկների մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։

Մացերատը ծիծաղեց․

― Հերիք է խոսես, աղջիկ։ Չէ՞ որ դու նախկինում էլ գիտեիր, թե ուր են խցկվում օձաձկները, իսկ ինքդ դրանք միշտ ուտում էիր, թարմերը՝ նույնպես։ Այ կտեսնենք, թե դու ինչ կասես, երբ քո խոնարհ ծառան դրանք լավագույնս պատրաստի ընտիր ձևավորման բոլոր կանոններով՝ մի քիչ էլ կանաչեղեն ավելացնելով։

Յան Բրոնսկին, որը ժամանակին էր ձեռքը ետ քաշել մայրիկիս ծոցատակից, ոչինչ չասաց։ Ես սկսեցի թմբկահարել, որպեսզի նրանք չսկսեն կրկին խոսել իրենց օձաձկների մասին և թմբկահարեցի մինչև հասանք Բրյոզեն։ Տրամվայի կանգառում և հետո կցորդ վագոնում ես թույլ չէի տալիս, որ երեք մեծահասակները խոսեն։ Օձաձկները իրենց բավականին հանգիստ էին պահում։ Չասպեի ուղեբաժանքի վրա կանգնելու հարկ չեղավ, որովհետև հանդիպակացն արդեն անցել էր։ Օդանավակայանից անմիջապես հետո Մացերատը, չնայած իմ թմբուկին, սկսեց պատմել, թե ինչ աստիճան է ինքը սովածացել։ Մայրիկս չարձագանքեց և նայում էր մեր կողքով ինչ֊որ տեղ, մինչև որ Յանը իր «Ռեգատ»֊ներից մեկը նրան չառաջարկեց։ Երբ նա նրան կրակ տվեց, մայրիկս ծխախոտի ոսկե մուշտուկը շուրթերով սեղմելով, Մացրատին ժպտաց, քանզի գիտեր, որ նա չի սիրում, երբ ինքը մարդկանց ներկայությամբ ծխում է։

Մենք տրամվայից իջանք Մաքս֊Հալբե֊պլացում, և մայրիկս, հակառակ իմ սպասումների, թևանցուկ արեց ոչ թե Յանին, այլ Մացերատին, Յանը քայլեց իմ կողքով․ նա, ձեռքիցս բռնած, տանում էր ինձ և ծխում մորս կիսատ թողած սիգարետը։

Կաթոլիկական հավատքի տնտեսուհիները Լաբեսվիգ փողոցում դեռ էլի թափ էին տալիս իրենց գորգերը։ Մինչ Մացերատը զբաղված էր կողպեքով, ես տեսա ֆրաու Քատերին, որն ապրում էր ծխնելույզ մաքրող Մայնի հարևանությամբ։ Նա կապտա֊կարմրագույն հզոր ձեռքերով փաթաթված, դարչնագույն գորգը պահում էր ուսի վրա։ Նրա թևատակերին փայլում էին աղի քրտինքից իրար կպած շիկահեր մազերը։ Գորգը կախվել էր առջևից ու ետևից։ Այդ նույն հաջողությամբ նա կարող էր ուսի վրայով գցել, տանել հարբած ամուսնուն, սակայն նրա ամուսինը վաղուց էր մահացել։ Երբ նա իմ կողքով փայլուն նրբադիտակից պատրաստված սև շրջազգեստի տակ տանում էր իր պարարտամարմնությունը, իմ քթին հարվածեցին նրա մարմնի գոլորշիները․ անուշադր, վարունգ, կարբոլաթթու՝ հավանաբար նրա մոտ դաշտան էր։

Շուտով բակից լսվեց գորգերի վրա փայտերով հարվածների այն համաչափ ձայնը, որն ինձ վազեցնում էր բնակարանում, այնպես էր ինձ հետապնդում, որ, ի վերջո, ես ստիպված էի թաքնվել մեր ննջասենյակի հագուստի պահարանի մեջ, քանի որ այնտեղ կախված ձմեռային վերարկուները խլացնում էին նախազատիկյան աղմուկների մեծ մասը։ Սակայն ես պահարանի մեջ միայն գորգեր թափ տվող ֆրաու Քատերից չէ, որ թաքնվում էի։ Դեռ չէին հասցրել Մայրիկը, Յանը և Մացերատը վրաներից դեն նետել իրենց վերարկուները, երբ արդեն վեճ սկսվեց Չարչարանաց ուրբաթ օրվա ճաշի առիթով։ Թեման միմիայն օձաձկներով չէր սահմանափակվում, գործին միացավ նաև իմ հանրահայտ աստիճաններով գլորվելը․ «Դու ես մեղավոր, դու ես ամեն ինչում մեղավոր, այ ես հենց հիմա օձաձկներից ապուր կեփեմ, և բավական է կոտրատվել, կարող ես եփել ինչ ուզես, միայն ոչ օձաձկները, կարծես թե մառանի պահածոները չեն բավարարում, դուրս բեր շիկասունկերով պահածոն, միայն թե հետո կափարիչը փակիր, որպեսզի կրկին դժբախտություն չպատահի։ Դե, հերիք եղավ միապաղաղ նույն բանը խոսես, ճաշին օձաձկներ են լինելու, և վերջ՝ կաթով, մանանեխով, կարտոֆիլով, և՛ դափնու տերև կդնենք այնտեղ, և՛ մեխակ, ոչ, բավական է, Ալֆրեդ, եթե նա չի ուզում, իսկ դու իմիջիայլոց, մի խառնվիր, մի՞թե ես իզուր եմ օձաձկները գնել։ Ես ինչպես հարկն է, դրանց փորոտիքը կհանեմ և ջրի մեջ կպահեմ, ոչ֊ոչ֊ոչ, այ այն ժամանակ, երբ ես դրանք սեղանի վրա կմատուցեմ, այն ժամանակ էլ մենք կտեսնենք՝ ով կուտի, իսկ ով՝ ոչ»։

Մացերատը իր ետևից շրխկացրեց հյուրասենյակի դուռը, անհետացավ խոհանոցում, և մենք լսեցինք, թե զարմանալիորեն որքան բարձր էր նա այնտեղ եփում֊թափում։ Օձաձկներին նա սպանում էր գլխի ետևում լայնակի կտրվածքի միջոցով, իսկ մայրիկս, որը չափից դուրս մեծ երևակայությամբ էր օժտված, իջավ թախտի վրա, ինչը նրանից հետո արեց նաև Յանը։ Եվ ահա նրանք արդեն բռնեցին իրար և սկսեցին կաշուբյան բարբառով շշնջալ։

Երբ մեծահասակները բնակարանում այդ կերպ տեղավորվեցին, ես դեռ պահարանի մեջ չէի նստել, այլ, ինչպես նրանք, նստել էի հյուրասենյակում։ Հաղճաղյուսե վառարանի մոտ դրված էր մանկական աթոռակ։ Ես թափ տվեցի ոտքերս՝ ինձ դնելով Յանի ուշադիր հայացքի տակ ու գերազանց հասկանալով, թե ինչ աստիճան եմ խանգարում երկուսին, չնայած հազիվ թե նրանք կարողանային զբաղվել որևէ լուրջ բանով, երբ թեկուզ այստեղից անտեսանելի, սակայն պատի ետևում լիովին իրական Մացերատը սպառնում էր կիսասատկած օձաձկով, որը թափ տալով վրա էր բերում, ինչպես մտրակը։ Նրանք փաթաթվեցին ձեռքերով, հոդերի մասում ճտտոցի աստիճան սեղմեցին իրենց բոլոր քսան մատները և այդ ճտտոցով ինձ վերջնականապես հանեցին համբերությունից։ Մի՞թե բավական չէին գորգին հասցրած Քաթերիխայի հարվածները։ Մի՞թե դրանք պատերի միջով բակից ներս չէին ներթափանցում, մի՞թե չէին մոտենում՝ չնայած դրանից ավելի բարձր չէին դառնում։

Օսկարը ցած սահեց իր աթոռակից, մի պահ վառարանի մոտ հապաղեց, որպեսզի իր հեռացումը չափից դուրս ցուցադրական չդիտվեր, այնուհետև, ամբողջապես իր թմբուկով զբաղված, անհետացավ ննջարանում։

Ցանկացած կարգի ձայներից խուսափելու նպատակով ես նույնիսկ ննջասենյակի դուռը կիսաբաց թողեցի և հաճույքով արձանագրեցի, որ ոչ ոք ինձ այդպես էլ ձայն չտվեց։ Ես դեռ որոշում էի, թե որտեղ ավելի լավ կլինի, որ Օսկարը մտնի՝ միգուցե մահճակալի տա՞կ կամ գուցե հագուստի պահարանի մե՞ջ։ Ես նախընտրեցի պահարանը, որովհետև մահճակալի տակ կարող էի կեղտոտել իմ կապույտ և շուտ կեղտոտվող կոստյումը։ Ես նաև կարողացա ձգվել֊հասնել բանալուն, այն պտտեցի, իրարից հեռացրեցի հայելու փեղկերը և թմբուկի փայտիկի օգնությամբ մի կողմ շարժեցի վերնաձողից կախված վերարկուներով և այլ ձմեռային հագուստներով կախիչները։ Ծանր կտորին դիպչելու և առավել ևս շարժելու համար ստիպված եղա ոտքերով կանգնել թմբուկի վրա։ Պահարանի մեջտեղում առաջացած խոռատը թեև մեծ չէր, սակայն բայց և այնպես բավականաչափ ընդարձակ էր, որպեսզի կարողանար ընդունել այնտեղ մտած ու պպզած֊նստած Օսկարին։ Ճիշտ է, ոչ առանց դժվարության, ինձ նույնիսկ հաջողվեց իմ ետևից փակել հայելապատ դռները, և փեղկերի միջև այնպես մտցնել շալը, որը հայտնաբերեցի պահարանի հատակին, որ առաջացավ մեկ մատի հաստությամբ ճեղք, որն ապահովում էր ինչպես դիտելու հնարավորությունը, այնպես էլ թարմ օդի հոսքը։ Թմբուկը ես դրեցի ծնկներիս, սակայն չսկսեցի թմբկահարել, նույնիսկ կամաց ձայնով՝ դա էլ չարեցի, այլ հակառակը, ձմեռային վերարկուների գոլորշիներին թույլ տվեցի պարուրելու ինձ և ներթափանցելու իմ մեջ։ Որքան լավ է, որ մենք ունեինք այդ պահարանը և ծանր, կարծես շնչող կտորները, որոնք թույլ էին տալիս գործի դնել իմ ողջ երևակայությունը։ Երևակայական պատկերների հարստությունը մի մեծ պարգև էր, որը ես աշխատում էի ընդունել զուսպ, հազիվ նկատելի ուրախությամբ։

Ինչպես յուրաքանչյուր անգամ, երբ ինձ հաջողվում էր կենտրոնանալ և ապրել իմ հնարավորությունների հետ խաղաղության մեջ, ես մտքերով տեղափոխվում էի բժիշկ Հոլլացի Բրունեհյոֆերվեգ փողոցում գտնվող ընդունարանը և նորովի էի վերապրում ամեն շաբաթվա չորեքշաբթի օրերի այցելությունների այն մասը, որն ինձ հրապուրում էր։ Այդ իսկ պատճառով իմ մտքերը սլանում էին ոչ այնքան դեպի բժիշկը, որքան դեպի նրա օգնականը՝ բուժքույր Ինգան։ Նրան էր թույլ տրվում ինձ հանվեցնել ու հագցնել, միայն նրան՝ չափել, կշռել, զննել ինձ, մի խոսքով բոլոր այն փորձառությունները, որոնք իմ գլխին սարքում էր բժիշկ Հոլլացը, քույր Ինգան կատարում էր շատ ճշգրիտ՝ չնայած ոչ առանց ափսոսանքի։ Դրանից հետո չարախինդ երանգավորումով զեկուցում էր հաջողությունների բացակայության մասին, ինչը բժիշկ Հոլլացն իր հերթին հայտնի հաջողություններ էր անվանում։ Քույրի հագուստի մաքուր օսլայված սպիտակության վրա, քույրական շորագլխարկի որակով, քաշից զուրկ կառուցվածքի վրա, համեստ, կարմիր խաչով զարդարված զարդի վրա հաճախ էր հանգստանում իմ հայացքը և մեկ֊մեկ թունավորվող թմբկահարի իմ սիրտը։ Որքան ուրախալի էր նրա քույրական հանդերձանքի դարսվածքների նոր ու նոր դասավորվածություններին հետևելը։ Իսկ կա՞ր, արդյոք, այդ դարսվածքների տակ մարմին։ Նրա ծերացող դեմքը, նրա կոպիտ ձեռքերը, չնայած փութաջան խնամքին, թույլ էին տալիս կռահել, որ քույր Ինգան, այնուամենայնիվ կին է։ Սակայն նրա մարմնական էությունը հաստատող հոտեր, հոտեր, որոնք օրինակ, ներկայացնու էր իմ մայրիկը, երբ Յանը կամ Մացերատը իմ աչքերի առաջ օգնում էին նրան հանել հագուստները, նման տիպի բուրմունքներ քույր Ինգան չէր արձակում։ Իսկ նրանից գալիս էր օճառի և հոգնածություն առաջ բերող դեղորայքի հոտ։ Քանի անգամ, մինչ նա զննում էր իմ փոքրիկ և ինչպես բոլորն էին կարծում, հիվանդ մարմինը, կարող էր ինձ ուժասպառ անել թեթև քունը, որը ծնվել էր սպիտակ կտորի դարսվածքներից, կարբոլաթթվի հոտով համակված քունը։ Քունը առանց երազների, այդ քնի մեջ գուցե միայն նրա զարդն էր, որ գնալով մեծանում էր Աստված գիտե, թե ինչ աստիճան՝ մինչև դրոշակների ծովի, մինչև Ալպերի ձյունածածկ բարձունքների վրա արևածագի արտացոլքի, մինչև վայրի կակաչի դաշտերի աստիճան։ Պատրաստվելով, Աստված գիտե, թե ինչի դեմ ապստամբության․ ընդդեմ հնդիկների, բալերի, քթից եկող արյունահոսությունների, աքլորի կատարների, արյան կարմիր գնդիկների կուտակման, մինչև որ տեսադաշտը լցվում էր կարմրությամբ, արժանի ֆոն ի հայտ բերելով ինչ֊որ մի կրքի համար, որն այն ժամանակ, հավասարապես ինչպես և այսօր, ինձ ներկայանում էր և ներկայանում է լիովին բնական, չնայած նրան անուն տալը շատ դժվար է, քանզի «կարմիր» բառը ինքնուրույնաբար ոչինչ չի նշանակում, քթից հոսող արյունը այստեղ ոչնչով չի օգնի։ Դրոշակների ալ կարմիրը ևս ժամանակի ընթացքում խամրում է, և եթե այնուամենայնիվ ասում եմ «կարմիր», այդ կարմրությունը ինձ չի ընդունում, կարմրությունն իր ծածկույթները շրջել է հակառակ երեսով։ Դեղին գույնը ինձ վախեցնում է, կապույտը՝ խաբում, ես կապույտին չեն հավատում, ինձ չի խաբում ու չի կանաչեցնում կանաչը, կանաչ է դագաղը, որի մեջ ես արածում եմ, կանաչն է ինձ ծածկում, կանաչի հետ ես ինքս սպիտակ եմ։ Դա ինձ կնքում է սև գույնով, իսկ սևը վախեցնում է ինձ դեղինով, իսկ դեղինը խաբում է կապույտի հետ, իսկ կապույտին ես չեմ հավատում, կանաչին, իսկ կանաչը ծաղկում է կարմրով, իսկ Ինգայի զարդը կարմիր գույնի էր։ Նա կրում էր կարմիր խաչ, ավելի ստույգ՝ կրում էր քույրական խալաթի հանովի օձիքի վրա, սակայն նույնիսկ հագուստի պահարանում ինձ հազվադեպ էր հաջողվում կանգ առնել բոլոր տպավորություններից այդ ամենամիագույնի վրա։

Հյուրասենյակից ներթափանցելով, բազմագույն աղմուկը խփվում էր իմ պահարանի դռներին և ինձ արթնացնում արդեն սկսված և քույր Ինգային ձոնված կիսաքնից։ Ես նստել էի լիովին կայտառ, ուռած լեզվով, թմբուկը ծնկներիս վրա, տարբեր գույներով ներկված վերարկուների միջև, շնչում էի մացերատյան կուսակցական համազգեստի հոտը, նստած էի կաշվե սուսերակալի գոտու, կարաբինի համար նախատեսված ծխնու հարևանությամբ։ Քույրական խալաթի սպիտակ ծալքերից այլևս ոչինչ չէի տեսնում, այստեղ վայր էր ընկնում բուրդը, այստեղ կախված էին բրդյա կտորներ, այստեղ վիլվետը ճմռթում էր ֆլանելին, իսկ իմ գլխավերևում վերջին տարիների նորաձև գլխարկների նմուշներն էին, իսկ ոտքերիս մոտ՝ կիսաերկարաճիտք կոշիկներ, կնոջ կոշիկներ, փայլեցված սրնքապաններ, պայտերով ու չպայտած կրունկեր։ Սենյակից ներս թափանցող լույսի երիզը թույլ է տալիս ինձ ամեն ինչ տեսնել․ Օսկարը ափսոսեց, որ պահարանի դռների արանքում ճեղքվածք էր թողել։ Դե, ինչ սպասեմ նրանցից, նրանցից, ովքեր նստած են հյուրասենյակում։ Ընդունենք, թե Մացերատը նրանց թախտի վրա բռնացրեց, ինչը հազիվ թե հնարավոր լինի, քանի որ Յանը միշտ, այլ ոչ միայն սկատ խաղալու ժամանակ, պահպանում էր զգուշության մնացորդները։ Հավանաբար, ինչպես դա ավելի ուշ պարզ դարձավ, Մացերատը հյուրասենյակի մեջտեղում գտնվող սեղանի վրա էր խոյացրել ապուրի մեծ կաթսան՝ օգտագործման համար պատրաստ կարտոֆիլի ապուրով, որը պատրաստված էր փորոտիքները մաքրված, խոնավահարված համեմունքներով եփված օձաձկներից։ Նա նույնիսկ թույլ էր տվել իրեն, քանի որ ոչ ոք սեղանի մոտ չէր նստել, գովաբանել իր եփած֊թափածը՝ թվարկելով բոլոր համեմունքները և բաղադրակազմի իմաստնությունները։ Մայրիկս գոռաց։ Կաշուբյան բարբառով, իսկ կաշուբյանը Մացերատը չէր հասկանում և տանել չէր կարողանում և, սակայն, ստիպված էր լսել և, հավանաբար, նաև հասկացավ, թե ինչ էր նա ասում․ խոսքը կարող էր լինել միայն օձաձկների մասին և ինչպես ամեն անգամ, երբ մայրիկս գոռում էր աստիճաններից իմ ընկնելու մասին, Մացերատը պատասխան տվեց։ Երկուսն էլ լավ էին յուրացրել իրենց դերերը։ Յանը ակնարկներ էր մատուցում։ Առանց նրա, հավանաբար, թատրոնը չէր ստացվի։ Եվ ահա, ի վերջո, երկրորդ արարը, դղրդյունով ետ է գցվում դաշնամուրի կափարիչը, առանց նոտաների, հիշողությամբ, ոտքերը զույգ ոտնակների վրա, ետ ընկնելով, առաջ վազելով, միաձուլվելով՝ «Կախարդական հրաձիգից» որսորդների երգչախմբի դրվագը՝ «Ինչը կարող է աշխարհի վրա ավելի չքնաղ լինել»։ Եվ ամենակենտրոնում, որտեղ «Էհեյ֊էհե֊հեյ»֊ն է, դղրդյունով ընկնում է դաշնամուրի կափարիչը՝ ոտքերը՝ ոտնակներից մի կողմ։ Շուռ է տված պտտվող աթոռակը, մայրիկս մոտենում է, ևս մի հայացք՝ հայելապատ դռներին, և ահա նա արդեն նետվեց, ես իմ ճեղքից ամեն ինչ կարող էի տեսնել, լայնակի նետվեց կապույտ ամպհովանու տակի ամուսնական մահճակալի վրա, հեծկլտում էր և նույնչափ բազմամատ կոտրում ձեռքերը, ինչպես դա անում էր մեղա եկող Մագթաղինացին ամուսնական ամրոցի գլխավերևի ոսկե շրջանակով գունավոր վիմատիպ կտավի մեջ։

Երկար ժամանակ ես կարող էի լսել մայրիկիս հեծկլտոցը, մահճակալի թեթև ճռճռոցը, ինչպես նաև հյուրասենյակից լսվող խուլ շշնջյունը։ Յանը հանգստացնում էր Մացերատին։ Մացերատը Յանին խնդրում էր հանգստացնել մայրիկիս։ Շշնջյունը կամաց֊կամաց սպառվեց, Յանը մտավ ննջասենյակ։ Արար երրորդ․ նա մի քիչ կանգնեց մահճակալի դիմաց՝ հայացքը մայրիկիս վրայից տեղափոխելով մեղա եկող Մագթաղինացու վրա և դեպի ետ։ Զգույշ նստեց եզրին, շոյեց փորի վրա պառկած մայրիկիս թիկունքը և հետույքը, սկսեց հանգստացնող տոնով խոսել կաշուբիներեն, և քանի որ բառերը նրա վրա այլևս չէին ազդում, ձեռքը մտցրեց նրա շրջազգեստի տակ, մինչև, ի վերջո, նա դադարեց հեծկլտալ, իսկ Յանը կարողացավ հայացքը մի կողմ տանել բազմամատ Մագթաղինացուց։ Արժեր տեսնել, թե ինչպես Յանը կատարած աշխատանքից հետո վեր կացավ, թաշկինակով սրբեց մատները և բարձրաձայն, սակայն արդեն ոչ կաշուբերեն, որպեսզի հյուրասենյակում կամ խոհանոցում գտնվող Մացերատը կարողանա լսել ու հասկանալ, արտաբերեց՝ ամեն մի բառը հստակորեն ընդգծելով։

― Դե, Ագնես, գնանք և մոռանանք այս պատմությունը։ Ալֆրեդը արդեն վաղուց օձաձկանը տարել է դուրս և զուգարանում խեղդել։ Իսկ մենք հիմա, յուրաքանչյուրս քառորդ պֆենինգ դնելով, մի լավ սկատ կխաղանք, ես դեմ չեմ, և երբ ամեն ինչ մնա ետևում, ու մենք հանգստանանք, Ալֆրեդը քեզ համար ձվով ու կարտոֆիլով սունկ կտապակի։

Մայրիկս ոչինչ չպատասխանեց, իջավ մահճակալից, ուղղեց դեղին մգդակած վերմակը, հայելապատ դռների առջև կրկին կարգի բերեց իր սանրվածքը և Յանի ետևից լքեց ննջասենյակը։ Ես աչքս ետ տարա ճեղքից և շուտով լսեցի, թե ինչպես են նրանք խառնում խաղաթղթերը։ Փոքրիկ, վախվորած ծիծաղ։ Մացերատը կիսեց խաղաթղթերը։ Յանը բաժանում է խաղաթղթերը, և սկսվեց սակարկությունը։ Իմ կարծիքով, Յանը Մացերատին առաջարկեց խաղը պատվիրել, սակայն վերջինս արդեն Յանի վրա փաս իջավ։ Այդ ժամանակ մայրիկս պատվերը բարձրացրեց մինչև երեսունվեցը, ինչից հետո երեքը ևս ստիպված եղավ անձնատուր լինել, և մայրիկս խաղարկեց գրանդը, որը քիչ էր մնում քամուն տար։ Հաջորդ խաղում հաղթեց Յանը՝ հեշտ ու հանգիստ, հասարակ ագուռի վրա, իսկ նրանից հետո մայրիկս պատվիրեց սիրտ և, չնայած դժվարությամբ, սակայն հաղթեց։ Հաստատ համոզվածություն ունենալով, որ ընտանեկան այս սկատը կշարունակվի մինչև ուշ գիշեր, սունկով ու տապակած կարտոֆիլով ձվածեղի համար մեկ անգամ շեղվելով՝ ես դադարեցի ուշադրություն դարձնել հետագա փուլերի վրա և նույնիսկ՝ առավել ևս, փորձեցի մտքերով վերադառնալ քույր Ինգային և նրա սպիտակ, քուն բերող հագուստներին։ Սակայն բժիշկ Հոլլացի մոտ իմ կատարվելիք այցերը մթագնվեցին։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ կանաչ, կապույտ, դեղին ու սև գույները մերթ ընդ մերթ ներխուժում էին կարմիր խաչի կարմիր գույնի մեջ, այլև այն պատճառով, որ անցած առավոտվա իրադարձությունները սեպի նման խրվեցին նույն տեղը։ Ամեն անգամ, երբ բացվում էր բժշկի ընդունարանի դուռը, դեպի քույր Ինգան, ինձ էր ներկայանում ոչ քույրական խալաթի մաքուր ու թեթև պատկերը․ ոչ, դա բեռնակիրն էր, որը Նոյֆարվասերի ծովապատնեշում նավարկության դիտանոցի տակ օձաձկներ էր դուրս քաշում թաց, կյանքով լի ձիու գլխից։ Իսկ այն, ինչը սպիտակ էր երևում, այն, ինչը ես կամենում էի վերագրել քույր Ինգային, պարզվեց՝ ճայերի թևերն էին, որոնք ինչ֊որ մի ակնթարթ խաբեությամբ ծածկել էին օձաձկներին՝ մինչև վերքը կրկին բացվեր։ Սակայն այն չէր արնահոսում՝ կարմիր գույն առաջացնելով, այլ հակառակը, ձին սև էր, ծովը՝ կանաչ֊շշագույն, ընդհանուր պատկերին մի քիչ ժանգագույն էր ավելացնում անտառափայտով բարձված «ֆիննը» և ճայերը, այլևս մի ասեք ինձ աղավնիների մասին, իրենց ամպով ծածկեցին զոհին, թևերի ծայրերը թացացրին և օձաձկներից մեկը վերևից նետեցին իմ քույր Ինգային։ Իսկ Ինգան ինքը դարձավ ճայ, ընդունեց կերպարը, ոչ, ոչ աղավնու, իսկ եթե նույնիսկ Սուրբ Հոգու, ապա միևնույն է, այն արտաքինով, որը ճայ է անվանվում և ամպի տեսքով թռչում է դեպի միսը ու տոնում Երրորդությունը։

Հրաժարվելով ուժերի լարումից՝ ես այն ժամանակ հրաժարվեցի նաև պահարանից, ներսից տհաճությամբ բացեցի հայելապատ դռները, դուրս եկա արկղից՝ ինձ հայելու մեջ տեսնելով, գտա որ ամենևին չեմ փոխվել։ Սակայն ուրախացա, որ ֆրաու Քաթերը գորգեր թափ տալը չի դադարեցրել։ Ճիշտ է, Չարչարանաց ուրբաթը Օսկարի համար ավարտվեց, սակայն մաքառումների միջով անցումը պետք է սկսվեր միայն Զատկից հետո։









  1. Կյանքի տուն (լատ․)։
  2. Ամուսնական տուն(լատ․)։
  3. Լեհաստանի դրոշի գույնը
  4. Վիսլա գետի գերմաներեն անվանումը։
  5. մետաղադրամ
  6. զինվորական կոչում
  7. Կուսակից ընկերները