Ժամն է միասնության

Գրապահարան-ից
02:22, 6 Հուլիսի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ժամն է միասնության

հեղինակ՝ Կտրիճ Սարդարյան
աղբյուր՝ «Որն է մեր ճանապարհը», «Հայք» 1989 թ․

Հայտնի է, որ 1985֊ից խորհրդային երկրում սկսված տեղաշարժերը Հայաստանին հասան ուշացած։ Ցայսօր աչդ ուղղությամբ ինչ էլ որ կատարվել է, մենք պարտական ենք Համաժողովրդական այն շարժմանը, որն սկսվեց հանրապետությունում 1988 թվականին։ Չեմ հիշում որևէ հարց, որը լուծված չլինի մեծագույն պայքարի գնով, ժողովրդին հալումաշ անելուց հետո։ Ես չեմ խոսում հսկայական թվով այն հարցերի մասին, որոնց լուծմանը ժողովուրդը դեռևս չի հասել և չի հասնի, քանի դեռ չի ստեղծվել ժողովրդապետություն։
Պարզվում է, որ շատերին նման վիճակն էլ ձեռնտու չէ։ Նրանք դժգոհ են նաև կատարված կիսատ-պռատ տեղաշարժերից։ Քանի որ այժմ ժամանակավրեպ է «գիտակից պրոլետարիատի և կոլտնտեսային գյուղացիության դժգոհությունը» շեփորելն ընդդեմ «դաշնակցական-ազգայնական հակումներով տոգորված» մտավորականության, ուրեմն հարկավոր էր գտնել նոր կռվան կամ փաստարկ։ Ասում են՝ «լավ որոնողը կգտնի»։ Ահա և որոնեցին ու գտան, «Սփյուռքահայությունն ըմբռնումով չի մոտենում այն տեղաշարժերին, որոնք կատարվում են հայրենիքում»։ Ղարաբաղյան շարժման սկզբում այս ձայները հասկանալի էին, հեռվից ավելի տեսանելի էր, թե քաղաքական ինչպիսի խաղի մեջ է ներքաշվել մեր ժողովուրդը։ Սակայն միանգամայն անհասկանալի է, որ սկսեցին աղմկել այն ժամանակ, երբ վերականգնվեցին մեր ժողովրդի պատմությանը վերաբերող մի քանի հանգուցային հարցեր։ Արդեն բազում ձայներ են լսվում մոտավորապես հետևյալ ձևակերպումներով, «Գիտեք, մի վտանգավոր միտում կա այս ամենի մեջ։ Հնչտկյանները, ռամկավարներն ու համայնավարները լավ չեն ընդունում կատարվածը»։ Այս ձևակերպումներն ու «սթափեցնող» կոչերը և հիմնազուրկ չեն, և հաստատվում են սփյուռքահայ մի շարք թերթերի հրապարակումներով։ Այսքանից հետո օրինական հարց է առաջանում, արդյոք այս տխուր և մեր ժողովրդի համախմբմանը խանգարող երևույթը սփյուռքահայության մի մասի համոզմունքներով կամ մոլորությամբ է պայմանավորված, թե՞ մի անտես ձեռք կրկին ուղղություն է տալիս նրան։ Կարծում եմ, որ առաջինի դրսևորումը մեծապես պայմանվորված է երկրորդով։ Եվ ահա թե ինչու։ Սկսած 1921 թ, հայրենիք֊սփյուռք կապերը ունեցել են ընդգծված քաղաքական նպատակներ։ Ասածիս հիմնավորումն այն է, որ եթե խորհրդային երկիրր մտահոգված լիներ սփյուռքահայերի մշակութային կյանքով կամ թե ասել է հայապահպանման խնդրով, ապա տրամաբանորեն նա այդ մարդասիրական գործը պետք է սկսեր իր երկրի բազմաթիվ հայկական գաղթօջախներում։ Սակայն նա այդպես չվարվեց։ Ավելին, փակեց Ռուսաստանի հայկական գաղթօջախների մշակութային հաստատություններն ու դպրոցները, որոնք հիմնադրվել էին ցարիզմի օրոք, և դրանով ուծացման ու ձուլման դատապարտեց հայությանը։ Այսօր մենք դրա վկաներն ենք։ Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարող է մի երկիր մտածել և հոգալ իր տարածքներից դուրս ապրող ժողովրդի ազգային նկարագրի պահպանման խնդիրներով և ճիշտ հակառակ վերաբերմունքն ունենալ իր երկրում ապրող նրա արյունակիցների նկատմամբ։ Այս հանգամանքը ևս ապացուցում է, որ հայերն այս երկրի համար «արժեք» ունեն, երբ ապրում են իրենց երկրի սահմաններից դուրս։ Այլապես ինչպե՞ս բացատրել այն խայտառակ երևույթը, որ կատարվեց մեր երկրում 1949 թ. հայրենադարձների հետ։
Տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք տարիներ շարունակ Խորհրդային Միության գաղափարակիրներն էին բուրժուական երկրներում, երբ վերադարձան հայրենիք, միանգամից դարձան «միջազգային իմպերիալիզմի գործակալներ» և աքսորվեցին Սիբիր։ Արդյո՞ք սա հայերի ազգային միասնությունը սեպելու միտումով չէր արվում։ Չէ՞ որ 1920 թվականից անցել էր շուրջ երեսուն տարի, և հարկավոր էր նոր սերնդի «դասակարգային գիտակցությունը» թարմացնել։ Նրան ևս ներարկել այն աննորմալ գաղափարը, որ իր ծանր վիճակի համար մեղավոր է միջազգային իմպերիալիզմը։ Չնայած այս իրողությանը, սփյուռքահայությունը երես չթեքեց խորհրդային երկրից, որովհետև նրա կազմում էր իր փոքրիկ հայրենիքը։ Նրա թերությունները ևս սովորական էին դարձել սփյուռքահայության համար, որի գիտակցության մեջ էլ ակունքվում է առաջին հայացքից անհասկանալի թվացող այս երևույթը։ Նրան թվում է, որ իր սրբավայրը կարող է վտանգվել և ջանում է շրջահայացության դասեր տալ հայրենիքում ապրող իր հայրենակիցներին։ Հոգեբանորեն սա հասկանալի է և շտկելի, եթե մենք այն շահարկելու փոխարեն ընդունենք, թե այդ ամենը տասնամյակների աշխատանքի արդյունք ու հետևանք է։ Այո, այս տառապած հողի վրա ապրողի և սփյուռքահայ նրա եղբայրների սերը առ հայրենիք տարբեր են։
Հայրենիքում ապրողը այն սիրում է նաև բանականությամբ, ասել է թե սիրում է «ատելով» և բնականաբար ցանկանում է վերացնել նրանում եղած թերությունները։ Գրողներից մեկն ասել է, որ «ով ապրում է առանց ցավի ու ատելության, նա չի սիրում իր հայրենիքը»։ Ահա այս հասկացությունն է, որ առայժմ չի կարողանում ըմբռնել զգացմունքներով սիրողը։ Չի կարողանում, որովհետև զգացմունքային սերը միայն նվիրում է և այն կրողի համար սրբապղծության հավասար բան է ատելությունը։ Ուրեմն մեր այսօրվա շարժման գրգիռներր հասկանալու համար պարտադիր նախապայման է հայրենի հողի վրա ապրելը։ Ես սփյուռքահայությանը Խորհրդային Հայաստան վերադառնալու կոչ չեմ անում և ոչ էլ նրան մեղադրում եմ պակաս հայրենասիրության մեջ։ Պարզապես ասում եմ այն, ինչ գոյություն ունի իրականում։ Հնարավոր է, որ ես սխալվում եմ։ Տա Աստված։ Սակայն, ինչպես երևի կռահեց ընթերցողը, իմ խոսքը ոչ այնքան սփյուռքահայության մի մասի այս միանգամայն բնական և հասկանալի հոգեվիճակին է վերաբերում, որքան այն խորացնողներին ու շահարկողներին։ Նրանք յոթանասուն տարի շարունակ սփյուռքահայությանը միալար համոզեցին, և այս տափանող քաղաքականությունը պետք է ունենար, բնականաբար, իր տխուր հետևանքներր։ Տոտալ պրոպագանդան հենց տոտալ է կոչվում այն բանի համար, որ զանգվածներին համոզում է ամենաանտրամաբանական գործընթացի անհրաժեշտությունը։ Հայրենիքում ապրողի ու տանջվողի համար այս քարոզչությունը պետք է ունենար և ունեցավ բումերանգի զորություն, որովհետև ժողովուրդը շնչահեղձ էր լինում բյուրոկրատական մամլիչի ձեռքին։ Ահա թե որն է պատճառը, որ նույն ժողովրդի այստեղ և այնտեղ ապրող զավակները տարակարծիք են մի բանում, որն առաջին հայացքից անտրամաբան է թվում։
Ո՞վ է ձեզ ներշնչել, թե Մայր Հայրենիքում ապրողները «խելքները թռցրել են», որը կարող է վտանգել ձեր սրբավայրի գոյությունը։ Մենք անչափ շնորհակալ ենք ձեր նյութական օգնության համար։ Այնպես է ստացվել, որ Հայրենիք կոչվածին միշտ դուք եք օգնել և կօգնեք, թեպետ պետք է տրամագծորեն հակառակը լիներ։ Սակայն ինչո՞ւ ձեր տնտեսական օգնությունը բացարձակապես քաղաքական բովանդակություն չի ստանում։ Ինչո՛ւ դուք չեք օգնում Հայրենիքի հոգևոր արթնացման գործին։ Մի՞թե ձեզ բացարձակապես չի հետաքրքրում, թե ի՞նչ պատճառներով տասնամյակներ շարունակ ժողովրդի լավագույն զավակներին հալածել է բյուրոկրատական ապարատը՝ ազգայնական որակումներով։ Ինչո՞ւ մեր ժողովրդի պատմությունը կեղծվել ու թալանվել է անխղճորեն։ Հար ու նման հազարավոր հարցեր կան, որոնք ցանկանում է հասկանալ ու շտկել ժողովուրդը։ Նա սեփական փորձով վերջապես գալիս է այն եզրակացության, որ ազգի գոյատևման հիմնական գրավականը ինքնուրույն պետություն ունենալն է։ Թող անկախության «ուրվականով» ձեզ չվախեցնեն, որովհետև նույնիսկ մարքսիզմը լիարժեք չի համարում այն ժողովրդին, որը չի ցանկանում կամ ձգտում վերականգնել իր կորցրած անկախությունը։ Այնպես, որ վախենալու կամ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա։ Հնարավոր է, որ տասնամյակների կուտակումը մի ծայրահեղությունից մյուսն ընկնելու ժամանակավրեպ դրսևորումներ ունի։ Սակայն դա ոչ մի հիմք չի տալիս ժողովրդական շարժմանը ծայրահեղական որակում տալու։ Պետք է մեր մեջ ուժ գտնենք փշրելու օրիենտացիոն դաստիարակության դարավոր ստրկական շղթաները, որի հետևանքով մեզ դրել ենք անճարակ փոքր ժողովրդի տեղ և մի հեքիաթային տեսություն ենք հյուսել, որ մեր ճակատագիրը ուրիշները պետք է տնօրինեն։ Այս խեղճի ու անճարակի հոգեբանությունը չէ , որ ամեն հանդիպածի պատմում ենք մեր կենսագրությունը այն հույսով, որ նա մեծ ժողովրդի զավակ է և մի դարման կանի մեր ցավերին։ Սեփական սխալները թաքցնելու միտումը չէ արդյոք, որ մեր ճակատագրի համար մեղադրում ենք բոլորին և ամեն մեկին։ Մտածե՞լ ենք արդյոք, թե ինչո՞ւ ենք խղճահարություն հարուցում հանդեպ մեզ։ Չէ՞ որ խեղճերին խղճում են, և միայն այդքան։ Արդյո՞ք մեր խեղճությամբ չի պայմանավորված մեր խղճի գեղարվեստական շեփորումը։ Այս ամենը նաև հոյակապ շղարշ է անցողիկ կրքերի մեր կենսագրգիռները խթանելու համար։ Երբեմն մենք այնպիսի մոլուցքով ենք տրվում անցողիկ կրքերին, որ մոռանում ենք մեր ազգի հավաքական շահերը։
Բնավ պատահական չէ, որ 70 տարի շարունակ մեզ դաստիարակել են զգացմունքներով, որի հետևանքով հայ մարդը միանշանակ պետք է սիրի կամ ատի։ Այլ կերպ չես կարող բացատրել հակաթուրքական այն կամպանիան, որ հալ ու մաշ է անում մեր զգացմունքային ժողովրդին։ Ցավի մեր հիշողությանը տրվելով և ինքնատանջանքով զբաղվելով, մենք այդպես էլ ոչինչ չենք կարող անել կորցրածը վերականգնելու համար։ Զոհերին հարգելով միակ ճանապարհը զգացմունքային զեղումներից բանականության և սթափ գործելակերպի անցնելն է։
Ամբոխավարությունն ու էժան ժողովրդավարության հակումը չէ, որ արժեքների վերագնահատման մեր օրերում ևս մարդկանց մղում է զբաղվելու ժողովրդի չսպիացած վերքերը քչփորելով։ Իրականում կորցրած հայրենիքի նրանց լացակումած խոսքը հետապնդում է մի նպատակ, այն է՝ ժողովրդին սարսափեցնել աշխարհագրական դիրքով, պատեհ֊անպատեհ գործածելով պանթուրքիզմի հնամաշ զենքը։ Արդյունքում ստացվում է, որ մենք չենք մոռացել և ոչինչ էլ չենք սովորել։ «Պանթուրքիզմի» դեմ պայքարի մեր նորօրյա ջատագովները, եթե տեղյակ լինեին իրենց ժողովրդի պատմությանը, ապա կիմանային, որ հայ ժողովուրդը պանթուրքիզմի և բոլշևիզմի փոխհարաբերությունները իր համար մեկընդմիշտ պարզել է 1920— 21 թթ.։ Այս գլոբալիզմը շատ վտանգավոր խաղ է, որից մեր ժողովուրդը միշտ էլ դուրս է եկել չարաչար պարտված։ Ուստի նույն ջուրը երկու անգամ մտնելն անթույլատրելի է և անլուրջ զբաղմունք։ Ես բնավ չեմ պրոպագանդում սիրո և ատելության տեղերը փոխել։ Դա ևս անլուրջ զբաղմունք է։ Բայց քանի որ իմ հնարավոր ընդդիմախոսներն այդպես են մեկնաբանելու իմ դիտարկումները, ցանկանում եմ կանխելով նրանց ասել, որ չատել չի նշանակում սիրել, և հակառակը։ Երբ ժողովուրդը ձգտում է պետականության, անթույլատրելի է առաջնորդվել անպետական ժամանակների չափանիշներով։Մենք չենք կարող այլևս թույլ տալ, որ «Հայկական խաղաքարտերն» աճուրդ հանի որևէ մեկը։ Հայ ժողովուրդը ինքը պետք է որոշի իր հարաբերությունները հարևան երկրների հետ։ Սա բնավ չի նշանակում, որ ժողովուրդը պետք է մոռանա իր պատմությունը։ Սակայն անթույլատրելի է, երբ այն վերածվում է ինքնանպատակ պատմագեղարվեստական նվնվոցի։ Պատմությունը այն բանի համար է, որ մեկ անդամ թույլ տրված սխալը այլևս չկրկնվի։ մենք այնքան ենք տարվել ուրիշներին մեղադրելով ու քննադատելով, որ մոռացել ենք այն պարզ ճշմարտությունը, թե մենք ենք մեր ճակատագրի տերը։ Մեր ժողովուրդը պետք է վերագտնի իր բարոյական մաքրությունր և հույսը դնելով իր հավաքական կամքի վրա, արժանապատվորեն հաղթահարի իր առջև կանգնած դժվարությունները։ Մեր ձգտումներն ու ցանկությունները դատապարտված են, եթե այս շրջադարձային պահին չմեկտեղվենք։ Սակայն ստացվում է այնպես, որ անցած 70 տարվա ապազգային քաղաքականության ընթացքում դուք լռել էիք (ասենք այն ժամանակ ձեր կարծիքը հարցնող էլ չկար), իսկ այժմ երկմտում եք։ Այս մասին հարկավոր է շատ լուրջ մտածել և միշտ հիշել, թե պատմության տարբեր փուլերում մեր «բազմաստվածությունից», ինչպես են օգտվել մեր բարեկամներն ու թշնամիները։ Հասել է պահը սփյուռքահայ կուսակցություններին հիշեցնելու (և ոչ միայն նրանց), որ կուսակցություններն են ծառայում ժողովրդին, այլ ոչ թե հակառակը։ Մի՞թե պատմության դառը փորձը և մեր ժողովրդի դաժան ճակատագիրը մեզ վերջապես չի ստիպելու սթափվել և մի կողմ թողնել ներկուսակցական ճղճիմ տարաձայնությունները։
Եթե մենք այսօր ազգովին չմեկտեղվենք, և մեր ուժն ու եռանդը մնա պառակտված, սերունդներն անեծքով կհիշեն մեզ և, ամենակարևորը, կշարունակեն իրենց ժառանգություն հասած մոլոր ընթացքը։