Իմ երգը

Գրապահարան-ից
Իմ երգը

հեղինակ՝ Միսաք Մանուշյան

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում
My-song-cover.png

Դեպի Ֆրանսիա

Համայնատարած գիշերի փեշերն ինկեր են լըռին,
Արևեն արբած Միջերկրականի հոլանի մեջքին.
Զերդ բոլորաձև, գըմբեթ տաճարի, երկինքն աստղածիր,
Իջեր է ահա ծովուն վրա հորիզոնն անծիր։

Զեփյուռ մը թեթև կը ժողվե ջուրին բույրերն աղեհամ
Ու կը սըրըսկե մազերուս, դեմքիս վրա հարաժամ․․․
Երկաթ կողերը խըրած ջրերու գաղջ ծալքերուն մեջ,
Նավը լուսավառ՝ կը ճեղքե մութին խավերն անընդմեջ։

Եվ ինչպես նավու միշտ դեպի առաջ սըլացքեն բըխած,
Ծովու գիշերին խորին, համասփյուռ խորհուրդեն գերված,
Ձըրերը փրփրուն խելագար վազքով դեպ ետ կը հոսին՝
Միտքըս այնպես ետ և հոգիս աջաջ կերթա տենդագին։

Ետիս եմ թողած բընությամբ սընած մանկությունս արև,
Եվ թշվառությամբ, զրկանքով հյուսված որբությունն իմ սև.
Դեռ պատանի մ՚եմ թղթի և գրքի երազեն գինով,
Կ՚երթամ հասուննալ գիտակցության ու կյանքի վաստակով։

Բաղձանքս անհուն Է և նշման ծովուն այս անծայրածիր,
Անմեկնելի է՝ ինչպես խավարին խորհուրգն անհարիր․․․
Կ՚ըղձամ ըմբոշխնել լույսն իմաստության, արվեստի գինին,
Եվ խլել կյանքի մեծ պայքարին մեջ դափնիներ անգին․․․

1924-25


Բնության հետ

Վարագուրեր է խավարն համորեն
հորիզոնն անծիր հողին ու ջուրին,
Ու գույներ, ձայնե՜ր՝ կախարդված մութեն,
Գիշերի գաղջ գիրկն իրար կը ձուլվին...

Խավարի պես լուռ, անոր պես խոհուն,
Օվկիանի ափին կանգնած եմ մինակ.
Լույսե հոգնաբեկ խոհերս ալ համակ
Հանձներ եմ ծովու գինով խաղերուն։

Մեղկ հարսի նման, տարփանքով մը հեշտ
Կը փռվի տամուկ ավազին վրա
Ու շրթներով պաղ՝ համբույրներ կուտա
Ինձի, որ իրեն սիրահարն եմ խենթ։

Զեփյուռ մ՚է թեթև, կը շոյե անհուն
Պաստառը ծովուն ու կանանչն հողին,
Կը տարուբերվի ծովը անձկագին՝
Ներդաշնակ ու մեղմ երգ մը շրթներուն։

Լուսինն այս գիշեր, երկչոտ պատանի,
Կը սիրաբանե մութին հետ գաղտնի։
Խավարը տակավ կ՚երկնե իմ չորս դին
Արևը վաղվան, շարժումը կյանքին։

Գինով եմ, ահ, ես գինով ուղխորեն,
Բնության դյութող այս լուռ բարբառեն.
Կյանքե որբացած հոգիիս վրա
Անհունի երգին խուրհուրդը կ՚իյնա...

13—8—1929 թ․,
Կրնավիլ


Վերապրում

Խռով ծով է հոգիս նորեն,
Հին սև հուշեր տարտամորեն
Մըտքիս մեջ լուռ կը տողանցեն․․․

Կը շղթայվին իղձերս բոլոր,
Թույն կը ծորե անցյալս մոլոր՝
Երազներուս թարմ ավիշեն։

Երեկն այսօր կը վերապրի։
Ինչպե՞ս ըլլալ նոր երազի,
Նոր հույսերու, սիրո ընկեր։

Սևով հյուսված արցունք օրեր,
Կապված, ավա՜ղ, սրտիս հավետ,
Ցավն ալ հերիք, եղեք անհետ։

Մտքիս կապանք, թույն եք սրտիս.
Ես ձեզ կ՚ատեմ․․․ այլ ակամա
Ողնահարն եք կյանքիս հիմա։

1-6-1930 թ.
Փարիզ


Սիրերգ

Գանգիս ներքև հազար հուշեր կան երեկեն,
Ու բյուր խոհեր ամեն րոպե կուտա ներկան․
Հազար երգի, հազար գույնի աստվածորեն
Կը խորասուզիմ ես գաղտնիքին ամեն վայրկյան

Հազար երգեն մեկն ես սրտիս.
Հազար խոհեն մեկը միայն,
Ամեն ուղի ինչո՞ւ, սակայն,
Քե՜զ կը տանի ակամա զիս։

Ես փշրեցի մտածումիս մուրճին ներքև
Հոգիս գերող սիրո կուռքին պաշտումն անհուն
Եվ հուսացի, կաշկանդումե զերծ արդարև,
Թե պիտ՚ կրնամ ղեկը կամքիս ուղղել հեռուն․․․

Ստիպեցի սրտիս թիթեռ
Հիռ գալ շուրջը ծաղիկներուն,
Սակայն իզո՜ւր, նա մռլտուն՝
Սիրո բոցին բոլորն է դեռ։

Օգոստոս 1930 թ,
Փարիզ


Ընդվզում

Երազներս անցյալ տակավ կը մարին․․․
Համայնավեր շունչն անցնող պահերուն
Հոգիս կը նետե բոցին մեջ անհուն՝
Նոր աստվածներու մեծ պաշտամունքին․․․

Մտքիս մեջ հիմա հիշատակներուս
Շղթան ամփոփած՝ կը խոկամ լռին.
Սրտիս երեկի քույրե՜ր անմեկին,
Ի՜նչպես լըքել ձեզ տրտում այս ժամուս։

Կ՚ափսոսամ քե՛զ ալ, անցյալ իմ անտեր.
Այլ անծիր ծովու սառնաշունչ հովին՝
Նոր տեսիլներու իմ սիրտն եմ բացեր․․․

Աչքերս ալ գինով՝ անհունին սևեռ.
Ու ղեկը նավիս փշրած կամովին,
Կ՚երթամ անծանոթ նոր հորիզոններ։

Հոկտեմբեր 1030 թ․
Փարիզ


Չեմ ափսոսում

Չեմ ափսոսում այն օրերին,
Որ անցեր են չար ու բարի.
Մերժում է սիրտս երգերն այն հին,
Որ հուզում են տարիների
Հուշերն արնոտ իմ հոգու մեջ։

Չեմ ափսոսում լույս ու գինով
Խրախճանքի այն պահերին,
Որ ապրել է բյուր երազով.
Որպես թիթեռ վարդի սրտին,
Սիրո ծարավ իմ խենթ հոգին։

Այնքան անձուկ մեր կյանքը սին
Մայր բընության մի ձաղրն է լոկ,
Արժե՞ բառնալ նրա ուսին
Հազար ափսոս, հազար մորմոք։

Չեմ ափսոսա, թեկուզ կորչեմ
Չըքնաղ երազ սա աշխարհից,
Ես տիեզերքն ունիմ իմ դեմ
Մտածումիս իբր ուղեգիծ։

15-11—30 թ.
Փարիզ


Նոր Տարի

Հոգիս տարորեն լո՜ւռ է այս գիշեր.
Ձանձրույթ մը մթին զայն իր գիրկն առեր,
Թախիծե թախիծ կը տարուբերե։

Իղձերը պղտոր չեն բերեր ինձի
Հրճվանքն անհուն, որ ամբոխն արդ կ'ապրի
Կը թերթեմ անվերջ հուշերն անցյալի։

Որչափ կ'ըղձայի ըլլալ այս պահուն,
Մեկ վանկը սիրո այն բուխ երգերուն,
Ուր սրտեր ջերմով իրար կը խոսին․․․

Հայելիին մեջ կը ճգնիմ իզուր
Ժըպիտ մը փոխ տալ շրթներուս տխուր,
Ըլլալու ընկեր փողոցի երգին։

Կը նայիմ, խռով՝ պահին, որ կ'իյնա
Կյանքի հարաճեմ անիվին վրա,
Ու շուրջս ամեն իր կարծես կը հիննա։

Հոգիս այս գիշեր փոթորկոտ ծով է․․․
Կյանքի խոլ քամին իզո՜ւր կը հովե
Մտածումներուս առագաստն ավեր․․․

1—1—1931 թ.
Փարիզ


Հողի կարոտ

Լեռներու կրծքեն կ'երկարին մինչ գյուղ,
Հորիզոնի գաղջ կանանչը գըծող
Ճերմակ ճամփաներ... ու զերդ ծով անծիր,
Դաշտեր ծոցվորված ու դաշտեր կարմիր։

Բռներ եմ գյուղի ոլոր ծառուղին.
— Արևն ուսերուս որպես ծիրանի,
Շրթներուս դողդոջ՝ հին երգ մ'արորի,—
Կ'երթամ սիրտս հանձնել լեռներու սրտին...

Ինձ թըթենիներ կ'ուղեկցին աջ, ձախ,
Նըշենիներ մերթ կը ժպտին ուրախ,
Մերթ վարդաստանեն կուգա հըրավեր.
Բուրմունքն համորեն երկիրն է գըրկեր։

Սըրինգն հոտաղին կը կանչե իրեն
Նախիրն, հուլորեն, բերրի սարն ի վեր,
Հորթուկներ նախշուն, դունչերն վեր առեր,
Ու գառներ, ուլեր արև կը չնչեն։

Ծիծառներ տարմով կ'անցնին միջոցեն
Ու մեղմ համերգով գարունը կ'երգեն...
Ճամփաս կ'ոլորվի ու քայլերս հըլու
Կ՚առնե կը տանի ծոցն այգիներու։

Արևին ոսկի ցնցուղն ուղխորեն
Կը բաշխե կյանքի ավիշն որթերուն,
Որոնք բեռնավոր անձկությամբ անհուն
Քաղողներու ժիր ձեռքին կ'սպասեն։

Բույրը խաղողին, երգը ծղրիթին,
Ու դեռ անհամար սրտի ձայներ հին,
Մայրական անուշ բառերուն նման
Կ'օրորեն հոգիս՝ սիրով անսահման։

Այգիեն գինով՝ կ՚երթամ գետակին,
Ուր ձեր ուռիներ հավետ կը պատմեն
Իրենց տրտմության գաղտնիքն անցյալին.
Ջըրերն անտարբեր ու խեռ կը հոսին․․․

Քայլերըս մոլոր, լո՜ւռ կը դեգերին...
Գետակն անհամբեր կ'անձկա վախճանին,
Իսկ ես՝ լեռներու գըրկին մայրական,
Ուր սրտիս համար բյուր հեշտանքներ կան․․․

Ո՜հ, կ'ըղձամ, կ'ըղձամ ըլլալ ես նորեն
Հովերու ընկեր, լեռներու իշխան,
Մանուկ օրերուս հովիվն հավերժ շեն,
Ու լոկ սըրինգով աշխարհը համայն
Գըրավել ինձի, ու սիրե՜լ, սիրվի՜լ․․․

Ըլլալ մարգարե երկնի ամպերուն,
Խոսիլ ծաղիկին, աղբյուրին լեզուն,
Թռչունեն սորվիլ գաղտնիքը սիրո
Ու զայն սիրածիս հձձել ջերմագին,
Աստղերու բերնով, երազի գրկին․․․

25—7—1931 թ.
Շաթընե


* * *

Աղբյուրի գոգն արծաթված
Լուսնի շողին է նման
Աղջիկն այն վառ, աննման,
Որ հոգիես մարմնացած՝
Կը խուսափի անկե հար․․․

Կը հմայվիմ մերթ ծովեն,
Իր աչքերուն ի խնդիր,
Մերթ աստղերուն ծնրադիր։
Կը հայցեմ ես ջերմորեն
Պատկերն իմ խոլ երազին․․․

Բընության մեջ թափառուն
Հարցատուն եմ անձկագին,
Ջուրին, ծառին, ծաղիկին
Ու մտերիմ թռչներուն,
Իմ մոգական անունին․․․

Գիշերային խավարին,
Նույնիսկ հովին գաղտնաբեր՝
Կը պաղատիմ անհամբեր․․․
Ու կը սպասեմ հուսավառ՝
Բաղձանքներուս դիցուհին․․․

1931 թ.
Փարիզ


Նկար

Հողին հակած, կորաքամակ, ամբոխն համայն
Ցրտասարսուռ ու երկյուղած կը դիտե զայն․․․
Ստվերի պես թեթևաքայլ ու գողունի,
Գժգույն աղջիկ մ՚է որ կ՚անցնի.

Իրանը, մեղկ, նոճի նըման, ղեռ պարմանի,
Հանձնած անփույթ՝ իր քայլերու պերճ նազանքին,
Հոգին կրծես աղոթքի մեջ պաղատագին,
Ինքն իր մեջ լույծ․․․ ուրվականի կը նըմանի։

Քունքերն ի վար մինչև ուսերն կը սողոսկի
Իր ծամերուն օձապտույտ հյուսկենն ոսկի,
Աչերն աղու՝ սիրո երկու աղբյուրներ են,
Որ երազին մեջ կը հոսին հավերժորեն․․․

Բայց կրծքին տակ մահը դաժան կը ծիծաղի,
Ու դեմքն երբեմն կընե հայլի մը թախծանքի,
Մինչ կյանքն իզուր իր համբույրով կ՚ուզե տալ դեռ
Շըրթներուն դող ու թըշերուն կարմիր վարդեր․․․

Ո՜հ, համրորեն, հովին տրված մոմի նըման,
Կը մարմըրի աչքերուն մեջ լույսն անսահման,
Ու մահաթույր քող մ՚համորեն կ՚իյնա դեմքին․․․
Բայց խորասույզ՝ տեսիլներու մեջ անմեկին,

Պարմանուհին այդ քրմուհի մըն է կարծես,
Նրբախորհուրդ, հավերժալուռ Սֆինքսին պես
Տիեզերքի անլույծ բանին մըտասևեռ,
Ան կը դիտե ժամանակի խաղն անտարբեր․․․

1—11—31 թ.
Փարիզ


Ինձի կ՚ըսեն

Ինձի կ՚ըսեն․ — «Ո՜հ մռայլ ես, մռա՜յլ,
Մութ ամպեր հավերժ՝ ճակտիդ են փարեր,
Կյանքի պարտեզեն կ՚անցնիս անտարբեր,
Դուն քու մեջ լըռած և միշտ անշըռայլ»։

-- Հոգիս հընոց է, ուր ամեն րոպե
Կյանքը տենդագին՝ իղձեր կը նետե.
Կարոտներ զանոնք կ՚արձարծեն անվերջ
Ու բոցը սիրույս կը պահե անշեջ։

Բազմածավալ հուրն անչափ տենչանքին
Որպես ուզխորեն կը խուժե աչխարհ,
Կ՚ըղձամ բոլորին տալ եղբայրաբար
Համբույրն անարատ սիրույս ջերմագին․․․

Կասկածը մըթին, սակայն, իմ հոգին
Կ՚ընե թշնամի շուրջիս աշխարհին,
Զի բյուր անգամ, ահ, խաբված եմ մարդոց
Հավետ դըրուժան լեզվեն արտառոց։

Սիրո երազին ծարավ է հոգիս․
Լուռ բաղձություններ մինչ կ՚այրեն արդ զիս,
Ու դեմքիս վըրա մըշուշի նըման,
Կը համենա հար ծուխը թախծության։

26—5—1932 թ.
Փարիզ


Ինքնանկար

Հըմայաթափ՝ վայրկյաններու վըհուկեն,
Վայրի տենչեր կը մտրակեն խոլորեն,
Ու կը հանձնեն բազմակարոտ քու հոգին
Կըրքի կախարդ, մեղրալեզու դարբասին․․․

Մոլորությանց պարտեզին մեջ ուռճացած՝
Արմատներդ հար կը սողոսկին դեպի ցած․․․
Ամեն մեղքի կ՚ըմպես պալարն հեշտաբույր
Ու կանգոսնես ժամանակի սանձն հանուր․․․

Խոյանքիդ մեջ ավերումին թույնը կա․․․
Երազանքներդ կ՚ասպատակես անխընա
Եվ իդեալի պատգամներուն սրբազան,
Դուն կամովին կ՚ըլլաս անարգ դավաճան։

Երբեմն հույսի ջահերն իսպառ կը մարին,
Ու խավարը կը գըրկե քեզ լիովին․․․
Ներաշխարհըդ խռովահույզ ու վայրի
Կյանքի ժայռին ընդդեմ անզոր՝ կը փշրի․․․

Հոգիդ, սակայն, ինքզինք այրող փյունիկ մ՚է․
Բեղմնավորված՝ անծանոթ, նոր ուժերե,
Անկումներեն կը վերածնի հաղթական
Ու միշտ լույսին կը բարձրանա անսասան․․․

10—14—1932 թ,
Շաթընե


Խռովք

Ինչպես ամպեր թանձրածավալ, ահարկու
Կ՚ահաբեկեն երկիրն համայն, կըրքերու
Իրենց անզուսպ կատաղությամբ մերձակա,

Ատելության հրդեհն այնպես կսպառնա
Այրել հոգվույս երազները բյուրեղյա,
Ու կյանքս ամբողջ վայրկյանին մեջ կը հևա,

Ամենօրյա զրկանքներուս մեջ հազար,
Սրտիս ընկերն, իմ մոլուցքեն դիվահար,
Թունավորեց սիրո աղբյուրն իմ արտին․․․

Արդ վիրավոր, գազանի պես մոլեգին,
Կը մըռընչեմ անտառին մեջ ոխերու․․․
Սեր կ՚որոնեմ ծարավս անչափ մարելու։

13-5-1933 թ․
Փարիզ


Անծանոթ կանչ

Չը գիտեմ, ով է, որ ամեն գիշեր,
Խավար մ՚անթափանց երբ հողն է գրկեր,
Կը կանչե հոգիս ձայնով մ՚անձկագին
Բընության լըռին, միստիկ խորհուրդին։

Եվ կարծես գիտակ իմ կարոտանքին,
Քայլերս ակամա զիս հար կը տանին
Խավարի կրկնակ փեշերուն ներքև
Վայրերն, որ երբեք չեն տեսեր արև․․․

Խորը կ՚ըլլամ ես միշտ թանձր անտառին,
Ու կ՚ըմպեմ անհագ սարսուռն հեշտագին
Մութի ոգին․․․ և զուր կ՚որոնեմ
Մանկությունս հունող վախերն հակընդդեմ․․․

Կես գիշերային պտույտ ի պահն է․
Հույզերով տարտամ սիրտըս կը հառնե,
Ու երազամոլ զերդ քընաշրջիկ,
Խոհերուս վիհերն կ՚անցնին հպանցիկ։

14—2—1933 թ․,
Շաթընե


Օտարություն

Թշվառության մըսուրին մեջ է ձըներ մայրս ինձի,
Ու փաթթեր է զրկանքի խանձարուրովն իմ օրեր,
Բայց իր սիրո մըշտահոս աղբյուրն հոգվույս է բացեր,
Որն ես անվերջ կը բաշխեմ ծարավ ամեն անցորդի։

Ոսկորներս են զորացեր, միտքս իր թևերն է առեր
Մայր բընության շըռայլած անանձնական շնորհեն,
Մարդիկն համայն կը սիրեմ գիտակցության լույսերեն
Մըտածումներս այլասեր՝ երբ որ վառած չէին դեռ։

Ամենուրեք կը զարնեն, սակայն, անոնք երեսիս
Ինչպես ապտակ մ՚ոխալից «օտարական» բառն
․․․ Եվ կ՚արձակեն մախանքի նետերն իրենց ոճրածին․․․

Ինչպես ցեխի։ գարշության անշնչելի հոսանքներ
Կ՚ապականեն նենգորեն բուրաստան մը սիրաբեր,
Օտարության շունչն այնպես կը պըղծե արդ իմ հոգին․․․

Հուլիս, 1933,
Փարիզ


Գիշերային պահ

Մորփեոսեն խռոված՝ հանձնըվեր եմ բնության
Բալասանող, հոգածու գըգվանքներուն մայրական.
Անկերպարան պատկերներն իմ խոհերուն երերուն,
Կ՚այլափոխվին, կ՚անձնանան տակավ շունչովն իր սիրույն․․․

Խաղաղության համասփյուռ, գինովություն հեշտագին
Կ՚ողջագուրվին խավարին մտածումներն անմեկին․․․
Աստղերն ամբո՜ղջ կը վառին, լուսինն արձաթ՝ զերթ հայլի,
Տնկարանի լճակին ջուրերուն մեջ կը փայլի։

Խնձորենիք, տանձենիք, նըշենիներ հարսնևոր
Ու բյուրանուն ծաղիկներ, բուրաստանին մեջ օրոր՝
Իրենց հոգին հոտևան կը նըվիրեն հովերուն․․․
Շրջապատն է լուռ տաճար՝ խունկ, աղոթքով պարարուն։

Սոխակ մ՚անվերջ կը քամե սիրտն իր՝ սրտիս հանդիման․․․
Պարտեզին մեջ ձըղրիդներ, գորտեր դաշներգ մը կուտան.
Ցողը տակավ կ՚ընդգրկե գաղջ սարսուռները հետին.
Պահեր ցրտին կը տանին գիշերն այդի համբույրին։

Հոգիս մանկան մը նըման դյութանքի մեջ է սուզվեր
Ի տես վառվող աստղերուն, գինով՝ դողեն սիրաբեր.
Գարնան անանց գրգանքին, որ ձառերուն, խոտերուն,
Ծաղիկներուն սրտեն ներս կանցնե ավիշն արևուն․․․

Կ՚իյնան մտքես սահմանյալ պատգամները գիտության
Կ՚իյնա սրտես գրքերուն բառահյուս կյանքն ալ համայն,
Եվ հոգիս արդ մաքրացաձ՝ կ՚երկրպագե բընսւթյան
Զգայախոս նյութերու խորհուրդներուն անսահման․․․

Մայիս 1933 թ.
Շաթընե


* * *

Ինչպես գինով՝ լըքեր եմ զիս հույզերու
Անգիտակից, այլ տիրական պահանջին․․․
Ու մըտքիս հետ կհարցաքննեմ անձկագին՝
Ինձ հետևող շուրջիս իրերն անլեզու,

Որոնք ահա,-- և անհամար պատկերներ,--
Խոհերուս հետ մտերմասաց բառ են գըտեր
Ու կը պատմեն իրենց հեքիաթն ոսկեղեն,
Ուր հոգիս Է հայելացեր տարորեն․․․

Տեսիլներ զիս խրախճանքի են կանչեր․․․
Ամենուրեք սերն ինձ կուտա հրավեր,
Ու տարիներ կը խոնարհին ջերմագին,
Կուռքին առջև երազաբեր վայրկյանին։

Բայց շրջմոլիկ, մըթին հույզեր զիս նորեն
Կառնեն իրենց դարբասին մեջ քըմաձին
Ու մերթ լույսի դաշտերուն մեջ կը տանին,
Մերթ ալ վիհի մ՚եզերքեն վար կ՚առկախեն․․․

1—2—33 թ․
Փարիզ


Վազք

Մրըրկավար՝ ինչպես նըժույգ մը վայրի,
Հոգիս դժգոհ՝ կարոտավառ հավիտյան՝
Տենչե ի տենչ կը սըլանա անկայան,
Աչքերուն մեջ սիրո հրդեհն հար կ՚այրի։

Հեռու բոլոր ճամփաներեն հասարակ,
Ան մըտեր է ուղին մոլոր ու փըշոտ,
Ու կ՚արշավե դեպ իր երազն անծանոթ,
Որոնելով կյանքի խորհուրդն անհատակ։

Պայքարին մեջ՝ խավարի դեմ առօրյա,
Երբեմն հոգնած՝ կ՚իյնա դարբասն ունայնին,
Եվ իր իղձերն մահվան բույրով կը զգլխին․․․

Բայց կազդուրված կարծես նույն այդ ունայնեն,
Կը վերածնի հույսեն շարժումն համորեն,
Ու դեպ անհուն՝ հոգիս միշտ թև կը բանա․․․

21—10—33 թ․
Ալֆորվիլ


* * *

Թախիծը սրտիս, նստեր է աշնան
Մելամաղձոտ, լուռ երկընքին նըման.
Տերևաթափն է կարծես իմ հոգվույս,
Ու տենչերս անհույս կ'իյնան ոտքերուս։

Պահ մը կը սոսկամ ունայնի ձայնեն,
Կուրծքես սիրտս ընդհուպ կ'առնեմ խոլորեն
Կը դնեմ մըտքիս նըժարին վրան
Ու կյանքին ձեռքով կը կըշռեմ ես զայն․․․

Վայրկյանի անտես ձեռքն է դավաճան,
Հոգսի, տաղտուկի ամպերն են միայն,
Որ պարուրեր են ժըպիտն իմ կյանքին։

Հարկ է ոտնակոխ ընել անընդհատ,
Մութ րոպեներու դարբասը վըհատ,
Եվ հույսով զինված՝ դիմել հար լույսին․․․


* * *

Ա՛լ երազանքի, ոսկի բաղձանքի օրերս անցեր են.
Կ'ընկղմին մեկ-մեկ կյանքի փոթորկոտ ծովուն մեջ արդեն
Մանկությունս անփույթ, արևանըման խինդերս պատանի,
Աղմուկն հիմա զիս այլ հորիզոններ կ'առնե կը տանի․․․

Ո՜վ խիղճ վաղեմի, դուն որ իմ դաժան դատավորս էիր,
Սանձ էիր դըրեր սրտիս նըժույգի բերնին ըղձալիր,
Եվ դուն, ով հոգիս, դուն, որուն միտքը գերին էր դարձեր
Քե՛զ, որ հավիտյան կ'երգեմ աշխարհին առաջ անտարբեր։

Խիղճըս և հոգիս, կյանքին առօրյա հընոցին մեջ վառ
Իբրև հընացաձ իրեր կ'ուզեմ ձեզ այրել խոլաբար․․․
Զի շատ սիրեցի ձեր քըմայքներուն ծարավն ես անհագ,
Կ՛ուզեմ խարանել ձեզ այդ տանջանքին հուրով
Ու ձեր թոքերուն տա՜լ գիտակցության լայն շունչն անխըռով։

ՈՒրախության

Ուրախություն լուսերես, վաղուց Է չեմ տեսեր քեզ․․․
Մտերիմ Է հոգն ինձի, թախիծն հար կախ Է դեմքիս։
Զուր կը դարձնեմ օրերուն ապրված Էջերը բոլոր,
Կորսվեր է հետքդ, ավա՜ղ, իմ անցյալին հետ մոլոր։

Մըտածումին անողոք ափերուն մեջ մի առ մի
Ամփոփված են խնդության խոյանքներըս վաղեմի․․․
Տառապանքին առօրյա զավակն եմ ալ ընտանի,
Ձեռքըս ձեռքին մեջ, Ան զիս ամեն բախտի կը տանի․․․

Սակայն հոգվույս խորերեն, հիշատակի մը պես հին,
Կը վերածնիս մերթ հանկարծ ու կը հառնես դուն ուժգին․․․
Երանության հոսանքներ կուգան Պահին ընդմեջեն
Ու բեղմնավոր հույսերով զիս կը լեցնեն, կ'ողողեն։

Այցելությանդ շնորհիվ կը մաքրանամ հոգերես
Եվ հայլիին մեջ կյանքին դարձյալ կ'ըլլամ մանկան պես․․․
Երախտապարտ եմ քեզի, որ միշտ անմար ես իմ մեջ,
Ինչպես աշխարհն հոլովող ստեղծագործ հուրն անշեջ։

19–Ա—1953 թ.
Փարիզ

Մուսայիս

Մանուկ օրերես ես քեզ սիրեցի,
Դու փայփայեցիր երազներս ոսկի,
Թևերուդ վըրան առիր իղձ-հոգիս․․․
Ուզեցիր միշտ վեր, վե՜ր բարձրացնել զիս։

Սակայն ես ըմբոստ, անառակ ու խև՝
Սուրբ պատգամներուդ եղա անտարբեր,
Երբ մըտա կյանքի տոնավաճառն ես,
Ո՜հ, նույնիսկ հաճախ անարգեցի քեզ։

Լոկ րոպեն ապրիլ տենչացի հանուր
Ու կյանքին բացի մի նոր առագաստ․․․
Բայց անշահ ելա ես այդ վաճառքեն,
Եվ ամենուրեք մարդիկ բրտորեն

Հեգնեցին մըտքիս զարմանքներն արդար
Ըսին․․․ կյանքն իրավ ապրելու համար
Հարկ է սողոսկիլ, ճըկիլ շարունակ,
Հոգին կեղծիքով պատել մինչ հատակ։

Բայց սարսափահար՝ մերժեցի ես այդ,
Հոգվույս ընծայված խորհուրդներն հայրատ,
Ու երբ ոխիս հետ մընացի փակված,
Օրերս եղան լոկ հոգի առեղծված․․․

Մերթ զրկանքն ու մերթ ձանձրույթը մըթին
Սիրտս ունայնության գիրկը նետեցին,
Մահվան մեջ, սակայն, դարձա ես զգաստ,
Ու կյանքին բացի մի նոր առագաստ․․․

Հոգիս խորան մ'էր երազի, իղձի,
Ուր ես ամենուն սեր տալ ուզեցի․
Մինչ արդ՝ հրդեհված անտառ մ'է վայրի,
Եվ ատելությանց մեջ սերըս կ'այրի․․․

Մուսա՛ս, ո՛վ մուսաս, դու սրտիս աստված,
Կյանքի և հոգսի ցավեն հալածված՝
Ներե՛, որ հաճախ ամբարիշտի պես
Կրքերուս ներքև ես պղծեցի քեզ։

Ներե, դավաճան խղճահար հոգվույս,
Տուր իմաստությո՜ւն, շնորհ բառերուս,
Որ բեղմնավորին երգերն իմ բոլոր,
Կռվի, վաստակի երկունքով հըզոր․․․

Դեկտեմբեր 1933
Փարիզ